ՎԵՐՋԻՆ ԳԱՀԸ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Կիլիկյան Հայաստան: 14-րդ դարի վերջին քառորդ: Թագավորությունը թուլացել է ներքին երկպառակություններից և թշնամիների հարձակումներից, հայտնվել Արևելքի ու Արևմուտքի հակասությունների կիզակետում: Մի կողմից՝ Հռոմի Պապը, արևմտաեվրոպական քրիստոնյա պետությունները, իսկ մյուս կողմից՝ Եգիպտոսի Մամլուքյան սուլթանությունը և Իկոնիայի սելջուկյան սուլթանությունը ուզում են իրենց ազդեցությանը ենթարկել Կիլիկիան: Հայոց թագավորների երերացող գահը փրկելու համար հայոց իշխաններն ու կղերականները որոշում են Կիլիկիա հրավիրել Լևոնին, որը ֆրանսիացի ազնվական էր՝ Լուզինյան տոհմից, մոր կողմից՝ ազգական Կիլիկիայի հայոց թագավորներին: Այդ քայլով փորձում են երկրում ավելի մեծացնել ֆրանսիական ազդեցությունը և Ֆրանսիայի ու Հռոմի պապի օգնությամբ փրկել Հայոց թագավորությունը:
Կիլիկյան Հայաստանը թուլացել է թշնամու հարձակումներից, բայց ավելի շատ՝ երկպառակտչական պատերազմներից: Երկրում առաջացած կրոնա-քաղաքական երկու խմբավորումները (Միարարներ և Հակամիարարներ) անհաշտ պատերազմ են մղում իրար դեմ: Նրանց համար քաղաքական հակառակորդ հայն ավելի մեծ թշնամի է, քան սահմանին կանգնած թշնամին: Այդ և ուրիշ շատ առումներով դրաման աղերսներ ունի մեր այսօրվա իրականության հետ:
Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ
Պատմական դրամա
Նվիրում եմ Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Գործող անձինք
ԼԵՎՈՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ, ԱՐՔԱ ՀԱՅՈՑ
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Լևոնի կինը
ԱՆՆԱ — Լևոնի մայրը
ԳԱԲԱՂ ՊԱՅԼ
ԼԻՊԱՐԻՏ — սպարապետ հայոց
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Լիպարիտի կինը
ԿԱԹՈՂԻԿՈՍ
ՄԱՐԻԱՄ ՊԱՅԼՈՒՀԻ
ՍԵՆԵԿԱՊԵՏ
ԹՈՐՈՍ — Սիսի բերդապահը
ԾՈՎԻՆԱՐ
ԾՈՎԻՆԱՐԻ ՄԱՅՐԸ
ՆԱՐԲՈՆ — Պապի լրտեսը, որպես հոգևորական եկել է Լևոնի հետ
ՄԱԼԻՔ — Հալեպի ամիրա
ՕՇԻՆ ԻՇԽԱՆ
ԳԼԱԿ — զորական
ԿՈՐՅՈՒՆ — Թորոսի զինակից
ՍԱՆՈՒԿ — Թորոսի զինակից
ԱՌՆԱԿ (Չալաք) — հետախույզ
1-ԻՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
2-ՐԴ ՍՈՒՐՀԱՆԴԱԿ
1-ԻՆ ԶԻՆՎՈՐ
2-ՐԴ ԶԻՆՎՈՐ
3-ՐԴ ԶԻՆՎՈՐ
4-ՐԴ ԶԻՆՎՈՐ
ԹՇՆԱՄՈՒ 1-ԻՆ ԶԻՆՎՈՐ
ԹՇՆԱՄՈՒ 2-ՐԴ ԶԻՆՎՈՐ
ԾԱՌԱ
ՏԵՍԱՐԱՆ 1
Սենյակ՝ հնամաշ կահույքով: Նստած է Աննա իշխանուհին, մտախոհ է: Քիչ անց սթափվում է, շուրջը փնտրում, գտնում է շյուղերն ու թելի կծիկը: Սկսում է հյուսել: Քիչ անց վեր է կենում տեղից, ուսին է գցում շալը:
ԱՆՆԱ — (սրսփալով): Ցուրտ է կարծես: Դրսում շոգ ամառ է, իսկ ես մրսում եմ:
Ներս է մտնում Լևոնը: Մոտենում, խոնարհվում է մոր աջին:
ԼԵՎՈՆ — Ինչպե՞ս անցկացրիր գիշերը, մարե:
ԱՆՆԱ — Փառք Աստծո, որդի, ինձ նման:
ԼԵՎՈՆ — Ո՞րն է քեզ նմանը:
ԱՆՆԱ — (ժպտում է): Գիտես, բայց ասեմ. քիչ քնելով, շատ արթնանալով, մտածելով ու աղոթելով:
ԼԵՎՈՆ — Ինչի՞ մասին ես մտածում:
ԱՆՆԱ — Ճիշտ կլինի հարցնես՝ ո՞ւմ մասին:
ԼԵՎՈՆ — (ժպտալով): Ո՞ւմ:
ԱՆՆԱ — Քո ու թագավորանալուդ:
ԼԵՎՈՆ — Մտածելու ի՞նչ կա, մայր…
ԱՆՆԱ — Թագավոր դառնալը դժվար է, որդի: Ոչ ոք հենց այնպես գահը չի զիջում որևէ մեկին: Իսկ եթե զիջում են քեզ, նշանակում է…
ԼԵՎՈՆ — (շարունակում է մոր միտքը): Նշանակում է կամ գահն է անհույս վիճակում, կամ ում զիջում են, նա է հուսալի:
ԱՆՆԱ — Հռոմի Պապն ինչո՞ւ է շահագրգռված Կիլիկյան պետությամբ: Աչքերն ուռե՞լ են հայերի համար, հայերին այնքան շա՞տ է սիրում, որ չի ցանկանում՝ անթագ ու անթագավոր մնան, թե՞ գիշերները չի քնում, որ դու գահ չունես:
ԼԵՎՈՆ — (ծիծաղում է թեթև): Չէ, իհարկե, չէ:
ԱՆՆԱ — (նստելով): Հապա՞:
ԼԵՎՈՆ — Պապն ուզում է, որ Իկոնիայի սելջուկների և Եգիպտոսի մամլուքների արանքում հզոր քրիստոնյա երկիր ունենա իրեն հավատարիմ:
ԱՆՆԱ — Քանի՞ դար կար Հայոց քրիստոնյա երկիրը, ինչո՞ւ չթողեցին, որ մնար, ինչո՞ւ չուզեցին, որ հզորանար, ինչո՞ւ չթողեցին, որ շունչ քաշեր: Ինքը մի կողմից, Բյուզանդիան՝ մյուս, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան… Ամեն մեկն իր շահը փնտրեց, ամեն մեկն իր մասին մտածեց ու հիմա Հայոց պետությունը դարձել է թույլ, անօգ, օր ու գիշեր նվնվացող երեխայի նման:
Ներս է մտնում Մարգարիտան: Չկամ խոնարհվում է իշխանուհուն, նստում է նրանից հեռու, ամուսնու կողքին:
ԼԵՎՈՆ — Պապը խոստանում է նոր Խաչակրաց արշավանք կազմակերպել: Նախ ես պիտի Կիպրոսից հասնեմ Կիլիկիա, կազմակերպեմ ժողովրդին…
ԱՆՆԱ — (ընդհատում է): Չհավատա՛ս:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (կասկածանքով): Չհավատա… Պապի՞ն:
ԱՆՆԱ — (ասես չի լսել նրան): Պապին չհավատաս, եվրոպացի թագավորներին չհավատաս, Բյուզանդիային չհավատաս:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (հեգնանքով): Միայն մորդ ու նրա սրտին հավատա:
Լևոնը հայացքով ու ձեռքի շարժումով սաստում է կնոջը:
ԱՆՆԱ — Եթե հաջողես, իրենց օգուտի համար ցույց կտան, թե կողքիդ են, իսկ եթե ձախողես… կհարվածեն կամ ձեռքերը կլվանան:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ անեմ, մարե, չգնա՞մ ուրեմն:
ԱՆՆԱ — Մի հավատա, բայց գնա: Գնա և հաջողիր:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Թե ինձ հարցնես՝ չես գնա: Եթե Հռոմի Պապը չօգնի, եթե եվրոպացիները ձեռք չբռնեն, եթե ժողովուրդն ու իշխանները ոտքի չելնեն… Գնում ենք, ի՞նչ անենք այդ անծանոթ երկրում, գնում ենք՝ ո՞ւր:
ԱՆՆԱ — Հայրենիք, աղջի՛կս:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Գնանք մեռնելո՞ւ: Ձեզ ի՞նչ կա, թե պարտվենք ու մեռնենք, մենք ենք մեռնելու, թե չմեռնենք ու չհաջողենք, իմ օժիտի կալվածքներն են գրավ դրված… Ձեզ ի՞նչ կա: Հայրենիք… Այնտեղ ծնվել ու հասակ եմ առել ես, բայց դա ինձ ի՞նչ հայրենիք: Լևոնն այնտեղ չի եղել բնավ, նրա հայրը լատին-ֆրանկ է: Կիլիկիան նրան ի՞նչ հայրենիք: Գնանք մեռնելո՞ւ, վերանալո՞ւ գնանք, մենք մեզ կրակի մեջ գցենք ո՞ւմ համար…
ԼԵՎՈՆ — Ես հաղթելու եմ գնում: Կհաստատվեմ գահին, կհզորացնեմ երկիրս, զավակներիս ազատ ու հզոր հայրենիք կթողնեմ:
ԱՆՆԱ — (հարսին): Երբ թռչնի բույնն այրվում է, մարին իրեն կրակի մեջ է նետում: Իսկ Կիլիկիան մեր հայրենիքն է, մեր թռչնաբունը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (ծաղրով): Որտեղ նրա թագավորացուն ոչ մի անգամ չի եղել:
ԼԵՎՈՆ — (կրքոտ, պաշտպանվելով): Չի եղել, բայց մանկուց ի վեր լսել է նրա մասին, մտովի քայլել է նրա ճանապարհներով, լողացել ու արևահարվել է նրա ջրերի մեջ, լորի որսի է գնացել ցորենի կծղած արտերը հնձելուց հետո… Սար է բարձրացել: Մայր, իմ ֆրանսիացի կեսն էլ վաղուց հայացրել ես քո պատմություններով:
ԱՆՆԱ — (գոհունակ ժպտալով): Որպեսզի հիմա Հայոց թագավոր դառնաս ու երկիրդ ազատես… (Մարգարիտային.) Իսկ դո՛ւ այրվող բնի վրա թևերը տարածող թռչուն դառնաս:
ՄԱՐԳԱՐԻՏ — Ձեզ ի՞նչ կա… Մայր ու որդի գետնի վրա չեք ապրում: Ձերը երազելն է: Ես ինձ ինչո՞ւ կրակը գցեմ: (Հեգնելով:) Ի՞նչ ես որոշել, թագավոր Հայոց:
ԼԵՎՈՆ — (չնկատելու տալով հեգնանքը): Պապը գումար է խոստացել, բայց մինչև հիմա…
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ցույց տվին՝ չտվի՞ն:
ԼԵՎՈՆ — Հո չի՞ խաբի:
ԱՆՆԱ — Չի խաբի, բայց դժվար քեզ գումար տա: Պապերի ձեռքը վերցնելու է սովոր:
ԼԵՎՈՆ — Բայց ես ուզում եմ հասնել Այաս նավահանգիստ: Կգնամ, հետո կերևա:
ԱՆՆԱ — (հարսին): Իսկ դո՞ւ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Որտեղ Լևոնը, այնտեղ՝ ես:
ԼԵՎՈՆ — Դժվար կլինի, ախր… գուցե մնաք, մորս հետ, հետո…
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Տղամարդու զգեստ կհագնեմ, զենք գործածելը դու ես սովորեցրել:
ԼԵՎՈՆ — (փափկած): Բա որ զարկվե՞մ:
ՄԱՐԱԳԱՐԻՏԱ — Եթե այդպես լինի, աչքերդ փակողը ես կլինեմ, իսկ թե ես զոհվեմ, ինձ թաղողը՝ դու:
ԼԵՎՈՆ — (հուզված նայում է կնոջը, մոտենում, խոնարհվում է մոր աջին): Իսկ դու քո թոռնուհի Զաբելի հետ հետո կգաս, մարե:
ԱՆՆԱ — Ես էլ եմ գալու: Ես քեզ մենակ չեմ թողնի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (այնպես, որ ամուսինը լսի): Գալիս է որպես բե՞ռ… Եթե երկուսով լինենք, թեթև թիկնապահ գնդով, հեշտ կլինի: Իսկ ի՞նքը… (Ընդօրինակում է սկեսրոջը:) «Մենակ չեմ թողնի»… Դու զինվո՞ր ես, ասպե՞տ, թե՞ հերոս, որ մենակ չթողնես:
ԱՆՆԱ — Զաբելը՝ հա, իսկ ես կգամ ձեզ հետ: Քեզ զինվորական կյանքի, թագի ու թագավորանալու մասին խորհուրդ տալ չեմ կարող: Ուրիշ, եթե հայրդ ողջ լիներ: Մի բան ասեմ միայն: Որտեղ հնարավոր է հարցը խոսքով լուծել, սուրդ մի հանիր: Միշտ հիշիր, եթե սուր հանես, պիտի արնոտես այն: Իսկ արյունը ծանր բան է, տղաս: Եվ իմացիր՝ որտեղ ներել չի կարողանում հասարակ մահկանացուն, ներողամիտ պիտի լինի արքան: (Մարգարիտին.) Դու մի դժգոհիր, որ ուզում եմ գալ: Ես զինվոր չեմ, ճիշտ է, զենք գործածել չգիտեմ: Ընդամենը մի առավելություն ունեմ` մայր եմ: (Ժպտալով:) Մի մտածիր, հավերժ չեմ ապրելու: Կգա ժամանակ, երբ… (Փոխում է թեման:) Իսկ դու ուշք մի դարձրու բամբասանքներին ու դրանք ամուսնուդ ականջին մի հասցրու: Այն, ինչ կարող է անել խելացի կինը, չի կարող անել և ոչ մի զորագունդ:
ՏԵՍԱՐԱՆ 2
Սսի արքայական պալատ: Գահադահլիճ: Բեմի կենտրոնական մասում գահն է` վրան սև շղարշ գցած: Պատերին ջահեր են, որոնց մի մասն է վառվում միայն: Կիսախավար է: Աջ կողմում գրակալ է, վրան մագաղաթի անփույթ թափված գալարներ և աշտանակ՝ վառվող մոմով: Գրակալի մոտ կանգնած է Գաբաղ պայլը:
ԳԱԲԱՂ — (կարդում է մագաղաթը, զայրացած գցում է գրակալի վրա, դժգոհ): Գալի՛ս է: Գրո՛ւմ է, ի՞նչ է գրում… (Կարդում է🙂 «Տարւույս ապրիլ ամսի երկուսին, սուրբ Զատիկի օրը հասանք բերդն Կոռիկոս…»: (Մագաղաթը դնում է գրակալին🙂 Հասաք… Ովքե՞ր: (Պատասխանում է նամակի բառերով:) Ես, թագուհին, մայրս և հիսուն ասպետ: (Ծաղրով🙂 Տերդ խնդա, Հայոց թագավոր: Լսել ես՝ Սիսում թագ կա ու կարծել ես՝ միակ պակասը թագակիր գլո՞ւխն է: Մորդ, կնոջդ ու հիսուն ասպետի միջոցով թագավոր դառնալ ու երկիր պահե՞լ ես ուզում: Թշնամին երկու հարյուր տարի ուզում է գրավել Սիսը, վերացնել Հայոց պետականությունը, ատամները սրած հարմար առիթի է սպասում, որ իր կոկորդից հանի այդ փուշը, իսկ դու գալիս ես մորդ ու կնոջդ հետ, գալիս ես ջենովացիներին խոստացած 36 հազար դահեկանի պարտքը պոչիցդ կախ: Տերդ խնդա, Հայոց թագավոր: (Քայլում է դահլիճում: Ամեն անգամ գահի կողքով անցնելիս մի պահ կանգ է առնում ու խեթ նայում գահին, այնպես, ասես մարդ է նստած վրան: Հանկարծ գահն սկսում է շողշողալ:) Չա՛ր սատանա… (Խաչակնքում է:) Չար սատանա, ի՞նչ տեսիլք ես փաթաթում աչքերիս:
Ծափ է զարկում: Ներս է մտնում սենեկապետը:
ԳԱԲԱՂ — (առանց նրա կողմը նայելու): Կանչի՛ր:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ո՞ւմ, տեր իմ:
ԳԱԲԱՂ — Սուրհանդակին: Կոռիկոսից եկած սուրհանդակին:
Սենեկապանը դուրս է գնում: Քիչ անց մտնում է սուրհանդակը:
ԳԱԲԱՂ — Արքան չհրամայե՞ց որևէ բան հայտնել բանավոր:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Արդեն ասել եմ իմ տիրոջը: Պատվիրեց հայտնել, որ շուտով Սիսում կլինի և պատվիրեց դիմավորել ըստ պատշաճի:
ԳԱԲԱՂ — Վաղո՞ւց է հասել Կոռիկոս:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Հասել է ապրիլի սկզբին, խիստ դժվարությամբ, Աննա իշխանուհին վատացել էր ճանապարհին: Ջենովացիներն էին արգելում, նրանց գումար է խոստացել, բայց գումար չունի: Եկավ Կոռիկոս, ուզում էր Տարսոնի բերդը գրավել:
ԳԱԲԱՂ — Տարսո՞նը, եգիպտացիների ձեռքի՞ց:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Բերդն ընդամենը 300 պահապան ուներ:
ԳԱԲԱՂ — (անհամբեր): Իսկ ի՞նքը:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Տարսոնի բնակչության մեծամասնությունը հայեր են:
ԳԱԲԱՂ — (նեղսիրտ): Բերդերը զորքով են գրավում:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Լևոնը օգնական զորք խնդրեց Կիպրոսից՝ չտվեցին, մերժեց նաև Ջենովան: Իսկ հիմա զորք չունի, որ Կոռիկոսից Սիս հասնի:
ԳԱԲԱՂ — (համարյա գոռալով): Իսկ ի՞նչ ունի:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — (անվրդով): Կնոջն ու մորն անվտանգ, բայց երկար ճանապարհով է ուղարկել, իսկ ինքը գալիս է մի քանի ուղեկցի հետ, գաղտնի, գիշերով:
ԳԱԲԱՂ — Լավ, գնա:
Սուրհանդակը գնում է:
ԳԱԲԱՂ — Վա՛յ քեզ, Հայոց աշխարհ, որ քո թագի արժանի գլուխը թողած, աշխարհե աշխարհ ընկած թագավորացու ես փնտրում: (Անտես հակառակորդներին կապկելով:) Թագավորական արյո՛ւն, եվրոպացի ասպե՛տ… Կասես մեր արյունը դեղին է կամ մեր սուրը՝ փայտե: Հռոմի պա՛պ: Հռոմի Պապը ե՞րբ է ձեզ օգնել, որ հիմի օգնի: Վերցրել անզորք ու անհայրենիք մեկին, Կիլիկիա է ուղարկում, թե՝ «Ահա ձեզ թագավոր»: Ի՞նչ ունի էդ թագավորը… (Մտածում է, հետո ուրախացած:) Ասենք լավ է, որ զորք չունի: Ե՛ս ունեմ զորք, իրական իշխանություն ունեմ: Արի, գահին նստիր, բայց տեսնեմ Գաբաղի ձեռքից ո՞նց ես առնում իսկական իշխանությունը: Գահը… Գահը թող մնա սև շորի տակ: Հո հրաման արձակողն աթոռը չէ՞: Մարդն է: (Իրեն է ցույց տալիս:) Մա՛րդը:
Ծափ է զարկում: Ներս է մտնում սենեկապետը:
ԳԱԲԱՂ — Կանչի՛ր:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Սուրհանդակի՞ն:
ԳԱԲԱՂ — Մարիամ իշխանուհուն կանչիր, սպարապետին, կաթողիկոսին նաև:
Սենեկապետը գլուխ է խոնարհում ու դուրս է գալիս:
ԳԱԲԱՂ — Գալի՛ս է, թող գա: Թող հավաքվեն, տեսնենք: Տեսնենք իրենց բրդածը ո՞նց են ուտելու: Երբ թագավորը մեռավ, աչքներին մի խնամակալը քիչ թվաց: Գաբաղը ո՞նց կկառավարի մենակ, մենակ ո՞նց տիրություն կանի երկրին ու գահին: Ու նշանակեցին այլ պայլեր: Մարիամ իշխանուհին՝ մեկ, Ռեմի տիկինը՝ երկու, Բարթողիմեոս իշխանը՝ երեք ու ես՝ չորրորդը: Նշանակեցին, չնայած գիտեին, որ նրանց մեջ մի գլուխ կա՝ Գաբաղ պայլը… Գաբաղը մեկին մի կողմ հրեց, երկրորդին՝ մյուս, մնաց Մարիամը: Բայց Մարիամն՝ ի՞նչ: Չաչանակն անգղի կողքին ի՞նչ պիտի անի:
ՏԵՍԱՐԱՆ 3
Նույն սրահը: Ներս է մտնում Պողոս Սսեցի կաթողիկոսը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (նայում շուրջը՝ սրահում միայն ինքն է): Դարձյալ շտապեցիր: Տակավին չսովորեցիր քո հարգը պահել: Քրիստոսի առաջ խոնարհ լինելն է հարգի, բայց մարդ-արարածը չի հասկանում այդ: Քո խոնարհությունը վնաս է պատճառում եկեղեցուն ու գցում է նրա հեղինակությունը: Շուտ եկար, հիմա ինքդ պիտի սպասես մյուսներին: Այնինչ հարկ էր, որ մի քիչ ուշանայիր, ուրիշները քեզ սպասեին ու երբ ներս մտնեիր, ոտքի ելնեին… Դժվար գահակալություն բաժին ընկավ քեզ, Պողոս Սսեցի, Հայոց աշխարհն անշեն ու անբարվոք է, Հայոց թագավորությունը՝ անշքացած և սահմաններն` անապահով:
Ուզում է դուրս գալ, ներս է մտնում Լիպարիտ սպարապետը:
ԼԻՊԱՐԻՏ — (կաթողիկոսին տեսնելով մոտենում, խոնարհվում է նրա աջին): Աստված օգնական, Վեհափառ տեր:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Աստված պահապան, զորավար, ուստի՞ց է գալդ:
ԼԻՊԱՐԻՏ — Բերդի աջ աշտարակի դիտանոցից: Նախորդ պաշարման ժամանակ քանդվել էր պարսպի ատամներից մեկը: Ամրացնում ենք քո օրհնությամբ: Չգիտե՞ս՝ ինչու է կանչել Գաբաղ պայլը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Տակավին ոչ:
Ներս է մտնում Մարիամ իշխանուհին:
Լիպարիտը կանգնում, գլուխ է խոնարհում: Կաթողիկոսը խաղում է տերողորմյայի հատիկների հետ: Աղոթում է:
ՄԱՐԻԱՄ — (հայացքով Գաբաղին է փնտրում և չգտնելով՝ նստում է կաթողիկոսից հեռու: Անհամբեր): Ո՞ւր է: (Նրան ոչ ոք չի պատասխանում:) Ինչո՞ւ է կանչել… Մարիամ իշխանուհին ուրիշ գործ չունի՞, թե՞ խաղալիք է: Հայկական անտաշություն: (Կիսաձայն:) Գաբաղն՝ ո՜ւր, իշխանությունն ու կնամեծարությունն՝ ո՛ւր:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Այ քեզ չար ժամ, ողորմիր, Տեր:
ՄԱՐԻԱՄ — (արհամարհանքով նայում է կաթողիկոսին): Եթե ոմանք անելիք չունեն, իրենց մորուքը քորելուց բացի, ես…
ԼԻՊԱՐԻՏ — (վիրավորված): Ե՞ս անելիք չունեմ: Բայց թե պետական գործ է, եթե կանչել են…
ՄԱՐԻԱՄ — Խոսքը քո մասին չէ, սպարապետ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (հանդարտ): Զայրույթդ չափավորիր, դո՛ւստր, հանդարտվիր:
ՄԱՐԻԱՄ — Եթե ես դուստր եմ, ուրեմն դու էլ հայր ես, հա՞: Իմացած լինես, որ ես կաթոլիկ եմ ծնված օրից և հոգևոր հայր եմ ճանաչում Հռոմի Պապին:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (բարյացակամ): Ինձ անհայտ բանի մասին չէ խոսքդ, բայց հանդարտվիր:
ԼԻՊԱՐԻՏ — Իմ կարծիքով կաթոլիկ լինելուց առաջ պետք է հայ լինել: Արևմուտքից եկած ամեն բան չէ, որ լավ է:
ՄԱՐԻԱՄ — (կաթողիկոսին ակնարկելով): Իմ անելիքը ես գիտեմ և ծռահավատ մեկը չէ, որ ինձ պիտի ասի:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Քրիստոսն Աստված է բոլոր քրիստոնյաների համար: Մեր Տերն աչառություն չի դնում իր ետևից եկող մարդկանց միջև: Մարդիկ են, որ տարանջատում են: Նրանցից ամեն մեկը Քրիստոսին իրենն է համարում, միայն իրենը… Իսկ Քրիստոս մի է երեկ, այսօր և հավիտյան:
Ներս է մտնում Գաբաղը:
ԳԱԲԱՂ — Ներեցեք կեսգիշերին կանչելուս համար: (Նայում է շուրջը:) Լույս ավելացրեք: Ջահեր ու մոմեր վառեցեք: Որքա՞ն են սիրում խավարը:
Ծառան ներս է բերում վառված մոմերով աշտանակը, դնում է գրակալի վրա ու դուրս է գնում: Լռություն:
Մարիամը անհանգիստ շարժվում է տեղում:
Կաթողիկոսը շարունակում է խաղալ տերողորմյայի հատիկների հետ:
ԼԻՊԱՐԻՏ — (կանգնում է): Տեր պայլին հայտնի լինի, որ գրեթե ավարտել ենք թուլացած աշտարակի ամրացումը:
ԳԱԲԱՂ — Այսօր սուրհանդակ եկավ Կոռիկոսից:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Դարձյալ գո՞ւյժ է բերել:
ԳԱԲԱՂ — Ոչ, այս անգամ՝ լավ լուր: Լևոնը նամակով հայտնում է, որ դուրս է եկել Կոռիկոսից և վաղը կամ մյուս օրը կհասնի Սիս:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Փառք Աստծո, վերջապես Հայոց աշխարհը տեր կունենա, վերջապես կվերցվի սև քողը գահի վրայից:
Բոլորը հայացքներն ուղղում են գահին:
ՄԱՐԻԱՄ — Ուրիշ ի՞նչ է հայտնում արքան:
ԳԱԲԱՂ — Հրամայում է, որ պատրաստ լինենք դիմավորելու:
ԼԻՊԱՐԻՏ — Զորքո՞վ է, մե՞ծ զորքով:
ԳԱԲԱՂ — (քմծիծաղում է): Ոչ, ընդամենը երկու թիկնապահի հետ: Իսկ Աննա իշխանուհին ու թագուհին գալիս են ուրիշ ճանապարհով, ընդամենը հիսուն ուղեկիցներով:
ԼԻՊԱՐԻՏ — (հիասթափված): Ափսո՛ս:
ԳԱԲԱՂ — Նախ իշխանները պիտի հավատարմության երդում տան, հետո զորքը և օծում պիտի լինի: (Գրակալի վրայից վերցնում է արքայի նամակը, շուռումուռ է տալիս և դնում է տեղը🙂
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (անհանգստացած): Եթե այդքան շուտափույթ պիտի լինի օծումը, ուրեմն պետք է հոգևորականաց դասն անհրաժեշտ պատրաստություն տեսնի:
ԳԱԲԱՂ — (սառը): Արքան իր հետ լատին հոգևորական է բերում:
ՄԱՐԻԱՄ — (ուրախացած): Փառք Աստծո:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (չի ընկալել Գաբաղի ակնարկը): Եթե արքան ուզենա մեծ հանդիսավորությամբ օծվել…
ԳԱԲԱՂ — (ընդհատում է): Վեհափառ, նամակում չի գրված, բայց որքան ես եմ հասկանում, Լևոն արքան կաթոլիկ է և պիտի լատին հոգևորականի ձեռքով օծվի:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (խայթվածի պես վեր է թռչում տեղից): Սակայն նա արքան է հայոց և չի կարող արհամարհել հայոց հավատը, Առաքելական եկեղեցին ու ժողովրդին:
ՄԱՐԻԱՄ — (հրճվանքով): Ի՞նչ էիր ուզում հապա, այ սևագլուխ, ուզում էիր, որ արքան դավաճանե՞ր իր ճշմարիտ դավանությանը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Լռիր, հանդուգն կին: Հայոց եկեղեցին նույնքան առաքելահիմն է և ուղղահափառ, որքան Արևմտյանը: Մի՞թե Պետրոսն ավելի շատ առաքյալ է, քան Թադեոսը կամ Բարդուղիմեոսը: Մի՞թե նրա հիմնած աթոռն ու եկեղեցին առավել ուղղահավատ են, քան մյուս առաքյալների հիմնածը:
ԳԱԲԱՂ — (ասես ուրախ է, որ վեճ է առաջացել կաթողիկոսի ու Մարիամի միջև, ծիծաղում է անձայն, բայց ուզում է հանդարտեցնել): Հանդարտվիր, Վեհափառ: Վեճի ժամանակը չէ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (ավելի բորբոքված): Ամեն ինչի մեջ սեփականից ավելի օտարինը գերադասեցինք: Սեփական իշխանավորից ավելի օտար իշխանավորին, յուր հոգևորականից առավել՝ օտարինը, իսկ մեր ունեցածը չգնահատեցինք: Իսկ եթե մարդն իր ունեցածը չի գնահատում, Աստված ետ է վերցնում: Ու դրա համար էլ այս օրին ենք:
ՄԱՐԻԱՄ — Իսկ դու և քո հոգևորականներն ի՞նչ արեցիք: Հոգևորից առավել աշխարհայինով տարվեցիք: Հարստացաք, ճոխացաք, ոսկի ու թանկարժեք քարեր սիրեցիք, նժույգ ձիեր, ու զարմանում եք, թե սեփական ժողովուրդն ինչո՞ւ չի սիրում ձեզ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Լռիր: Աշխարհը գիտի, որ ձեր միարարական շարժումն է երկիրը կործանողը: Հայոց եկեղեցին միացնենք լատինների՛ն, հայոց երկրի գլուխ սեփական իշխան դնելու փոխարեն օտարին գերադասե՛նք: (Վերցնում է գավազանը և քայլում դեպի դուրս🙂
ԳԱԲԱՂ — Ո՞ւր ես գնում, Վեհափառ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Եթե թագավորը լատին ծեսով պիտի օծվի, ուրեմն ես ո՞վ եմ, եթե այս կինը պիտի հրճվի օտարի դավանությունը աչքս խոթելով, ես ի՞նչ գործ ունեմ այստեղ: Ավելի լավ է իմ խուցը մտնեմ ու իմ մեղքերի համար աղոթեմ հանապազ:
ՄԱՐԻԱՄ — (հատու): Այս կինը չէ՛, Մարիամ իշխանուհի՛ն, թագավորության ու գահի չորս խնամակալներից մե՛կը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Եթե այս միարար կինն ամեն առիթով պիտի փորձի նվաստացնել հային ու հայկականը և պալատում ավելի մեծ հարգանք պիտի վայելի, քան Հայ Առաքելական եկեղեցին, ես ի՞նչ անելիք ունեմ այստեղ:
ԳԱԲԱՂ — Մնա, գուցե արքայի հետ բանակցենք ու նա համաձայնի: (Լիպարիտին.) Ի՞նչ կասես, տեր գունդստաբլ:
ԼԻՊԱՐԻՏ — (կանգնում է): Ես զինվորն եմ իմ հայրենիքի և ծառան հայոց արքայի: Ես ամեն ինչ անում եմ վասն հայրենյաց և վասն արքայի: Ես իմ նախնյաց օրենքով պարտավոր եմ արքայի հրամանները կատարել և պաշտպանել հայրենիքս, իսկ եթե հարկ լինի, նաև կյանքս տալ արքայի ու հայրենիքի համար: Իսկ Քրիստոսի բնույթի մասին ես բան չգիտեմ:
ԳԱԲԱՂ — (նենգամիտ): Քրիստոնյա չե՞ս: Հայ քրիստոնյա:
ԼԻՊԱՐԻՏ — Քրիստոնյա եմ: (Խաչակնքվում է🙂 Բայց իմ կարճ խելքով չեմ կարող հասկանալ աստվածային բնությունը: Քաղկեդոնականներն ասում են՝ Քրիստոսի մեջ կա երկու անխառն բնություն` Աստվածային ու մարդկային, մերոնք ասում են՝ այդ երկու բնությունները մի անձի մեջ խառնված են ու անբաժանելի: Ես ի՞նչ գիտեմ: Ես զենքից ու զորքից եմ հասկանում, իսկ Իր բնության մասին մենակ Աստված գիտի և ոչ մարդը: Աստված Աստված է, իսկ մնացած բաներն, իմ կարծիքով, հորինածն են մարդու:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (քթի տակ): Տեր Աստված, նորից մեղք գործեցի՝ բարկանալով ու սրտնեղելով: (Քայլում է դահլիճից դուրս🙂
ԳԱԲԱՂ — (ուզում է ինչ—որ բան ասել, բայց ձեռքը թափ է տալիս, դիմում է Մարիամին): Հավատարմության երդում պահանջելուց բացի արքան նաև հաշիվ է պահանջելու գանձարանի մասին:
ՄԱՐԻԱՄ — (քամահրանքով): Ո՞վ չգիտե, որ գանձարանի հիմնական տնօրինողը Գաբաղ պայլն է եղել:
ԳԱԲԱՂ — Հիմա էլ ե՞ս եմ մեղավոր: Կաթողիկոսը մեղավոր է, գունդստաբլը մեղավոր է, Գաբաղ պայլը մեղավոր է, արդար է միայն իշխանուհին:
ԼԻՊԱՐԻՏ — Ժամը ուշ է, իմ իշխանը թող թույլ տա, որ ես դիրքերը գնամ:
ԳԱԲԱՂ — Գնա, տեր սպարապետ:
Լիպարիտը խոնարհվում է իշխանուհուն ու հեռանում: Մարիամը ևս հեռանում է առանց հրաժեշտի:
ԳԱԲԱՂ – (գնում, կանգնում է գահի դիմաց): Հարկավոր է շտապել: Վաղը կժամանի: Եթե գա, հավատարմության երդում առնի, հետո օծվի՝ ուշ կլինի: Չէ՛, Գաբաղ, պահը ձեռքիցդ բաց չթողնես: (Ուզում է կանչել սենեկապետին, բայց մտափոխվում է: Ինքն իրեն🙂 Խենթ հո չե՞ս: Սենեկապետը չպիտի իմանա, աշխարհում ոչ ոք չպիտի իմանա քեզնից բացի: Թող գա՛, թող ժամանի՛, Հայոց Կիլիկիան անթագ աղքատների ապաստան չէ, ոչ էլ Հայոց գահն է վայելելու համար: Հայոց գահը փորձաքար է: (Դավ որոճալով🙂 Տեսնես ո՞վ է նրա խոհարարը… Ասենք, նա ի՞նչ ունի, որ խոհարար ունենա: (Հայտնագործություն անողի նման🙂 Պալատի խոհարարը…
ՏԵՍԱՐԱՆ 4
Սենյակ: Գաբաղը գրում է, ուղղում է աշտանակը: Խորքում թախտն է հայկական կարպետի ծածկոցով, առաջին պլանում գրակալն է:
ԳԱԲԱՂ — Ինչ անում եմ, լույսը էլի քիչ է թվում: Մոմ եմ ավելացնում, դա էլ չի օգնում: Երևի աչքերիս լույսը քաղվում է տարիքի հետ: (Դիմում է անհայտ մեկին:) Սպասիր, շուտ է, Գաբաղը դեռ անելիք ունի այս աշխարհում: Առանց աչք էլ ի՞նչ Գաբաղ: (Սրտնեղ ու մտահոգ:) Շուտով կեսգիշեր է, իսկ նրանք դեռ չկան: Եթե այս գիշերն էլ բաց թողեցի ձեռքիցս…
Ներս է մտնում Գլակը, հետո՝ Օշինը:
ԳԱԲԱՂ — (ընդառաջ է գնում չափազանցված ուրախությամբ): Ո՞ւր եք, ախր, երկար սպասեցի:
ՕՇԻՆ — (քիչ մեղավոր): Տեր պայլ, օրը տարաժամել էր, երբ սուրհանդակը հասավ: Լուրն առնելուն պես շտապել եմ:
ԳԼԱԿ — (Օշինի միտքը շարունակելով): Ասացի, եթե Գաբաղ պայլը կանչում է շտապ, ուրեմն շատ կարևոր գործ կա:
ԳԱԲԱՂ — Ի՞նչ անի Գաբաղը, եթե նրա հավատարիմները դուք եք: Հարցն իմ անձի մեջ չէ, այլ հայրենիքի փրկության:
ԳԼԱԿ — (տարակուսանքով): Հայրենիքի փրկությա՞ն: Չէ՞ որ նոր արքա է եկել Սիս:
ԳԱԲԱՂ — (դժգոհ): Եկել է, բա ի՞նչ: Իսկ դու գիտե՞ս՝ ինչով կամ ում օգնությամբ պիտի ազատագրի երկիրը հայոց:
ԳԼԱԿ — Ըը… Չէ՛:
ԳԱԲԱՂ — Արքան զինվոր չունի, արքան դրամ չունի, արքան ոչինչ չունի… Նույնիսկ արքայական մաքուր արյուն չունի:
ՕՇԻՆ — Բա ասում են…
ԳԱԲԱՂ — Ես եմ ժամից գալիս, տեր ողորմյան իրե՞նք են ասում: Եթե էսպես գնաց, Հայոց երկիրը կկործանվի, Գլակ:
ԳԼԱԿ — Իսկ ի՞նչ անենք, տեր Գաբաղ:
ԳԱԲԱՂ — (լռում է երկար, ասես զրուցակիցների համբերությունն է փորձում): Պիտի լեզու գտնենք թշնամի հարևանների հետ:
ՕՇԻՆ — (հուսահատ): Ախր… եգիպտական մամլուքները, կարամանները, սելջուկները… էլ ի՞նչ գիտեմ՝ ովքեր, թշնամի ու ոսոխ են դարձել: Ո՞նց լեզու գտնես էդքանի հետ: Միասնացել են մեր դեմ…
ԳԱԲԱՂ — Եվ ո՞վ է մեղավոր: Մենք, իհարկե, մե՛նք: Հիմա եթե դիվանագետ չլինենք, կկործանվենք ու վերջ:
ԳԼԱԿ — Իսկ Հռոմի Պապը՞…
ԳԱԲԱՂ — Միամիտ մի լինիր, տեր Գլակ, Հռոմի Պապը մեր մասին չի մտածում, եվրոպացի իշխանները՝ նույնպես: Նրանց ուղարկած թագավորացուն էլ՝ նրանց նման: Մեզ իսկական թագավոր է հարկավոր:
ՕՇԻՆ — Ո՞ւր է իսկական թագավոր:
ԳԱԲԱՂ — Մեր ճիպոտը մեր քոլից պիտի լինի, որ մեզ լավ հասկանա: (Ցուցամատը դնում է կրծքին:) Մեր ունեցածը թողած՝ աշխարհե աշխարհ ենք ընկել: Դրսինները գալիս, իրենց դրսեցու պես են պահում ու թալանում, ավերում են երկիրը: Մեզ մեր թագավորն է պետք:
ԳԼԱԿ — Հասկացա, Գաբաղ իշխան: Համաձայն եմ:
ԳԱԲԱՂ — Իսկ դո՞ւ, Օշին իշխան:
ՕՇԻՆ — Ես նույնպես միաբան եմ ձեզ: Ի՞նչ պիտի անենք:
ԳԱԲԱՂ — Պետք է հրդեհը հրդեհով հանգցնենք: Պիտի վերացնենք:
ՕՇԻՆ — (կարծես զղջում է): Ախր երիտասարդ է, ուժեղ, եկել է Կիպրոսից, Պապը խոստացել է օգնական զորքեր ուղարկել…
ԳԱԲԱՂ — (չարախինդ): Դու չե՞ս տեսնում, տեր Օշին, որ այս քաղաքականությունը երկիրը տանում է կործանման, տանուլ ենք տալու վերջին գահը, հետո ազգովի հզորներից հզորություն ու գութ ենք մուրալու: Թագավորն այստեղ (իրեն է մատնացույց անում), դուք ընկել, աշխարհից թագավոր ենք խնդրում: Մեր մեջ չկա՞ մի իմաստուն գլուխ, չկա՞ երկրի ու ժողովրդի համար բաբախող մի սիրտ: Ի՞նչ գիտե այդ երիտասարդը, որ չգիտե Գաբաղը: Ի՞նչ է տվել հայրենիքին նա, որ չի տվել Գաբաղը:
ԳԼԱԿ — Հետո՞…
ԳԱԲԱՂ — Կբանակցենք: Չկա այնպիսի մարդ, որ չուզենա թշնամու հետ լեզու գտնել նախքան պատերազմ սկսելը: Կփրկենք փոքրը թեկուզ, հետո ուժ կհավաքենք… Հետո պաշտոնները ոչ թե լատիններին ու նրանց սիրողներին, այլ ձեզ ու ձեր նմաններին պիտի տամ: Դու, օրինակ, Օշին իշխան, կլինես կանցլեր, բանակցողը հենց դու կլինես, իսկ դու՝ Գլակ զորական, կդառնաս մարաջախտը հայոց: Երկրորդը Լիպարիտ սպարապետից հետո: Մի զարմացիր, իշխան, Լիպարիտը լավ զորավար է: Դու նախ մարաջախտ կլինես, հետո…
ՕՇԻՆ — (կասկածանքով ու ինքն իր դեմ կռվելով): Ախր դավը, դավաճանությունը լավ բան չեն, ախր…
ԳԱԲԱՂ — Դա՞վ, դավաճանությո՞ւն… Սա դավաճանություն չէ, իշխան, սա հայրենիքը փրկելու համար է: Ասացի՝ հրդեհը հրդեհով պիտի հանգցնենք: Ուրիշ ճար չկա: (Ավելի շատ ինքն իրեն, քան դիմացիններին համոզելով:) Գաբաղը դավաճան չէ, Գաբաղն ամեն ինչ անում է հայրենիքի ու ժողովրդի համար: Վերևն Աստված կա, չէ՞… Եթե այս գիշեր չանենք, վաղը ուշ կլինի: Վաղը հավատարմության երդում պիտի տանք, գուցեև օծենք թագավորին, իսկ ես օծված թագավորի դեմ ելնել չեմ կարող: Վերևն Աստված կա, չէ՞:
ԳԼԱԿ — Հնարավոր չէ՞ մահվան դեղ տալ:
ԳԱԲԱՂ — Փորձել ենք, իշխան, պարզվում է, Լևոնն իրեն վարժեցրել է թույների: Ամեն դեղ իր դեղթափն ունի: Իսկ նրա հետ եկած Նարբոն եպիսկոպոսը ավելի շատ կախարդ է, քան հոգևորական: Գիտե թույների մասին, գիտե նաև բոլոր հակաթույն-դեղթափների մասին: (Կեղծ ափսոսանքով:) Խոհարարն էր մեղք… Մնում է սրով լուծել հարցը:
ՕՇԻՆ — Մեզ ո՞վ կթողնի պալատ:
ԳԱԲԱՂ — Բա ես ի՞նչ եմ: Հենց այս գիշեր ձեզ համար բաց կլինեն պալատի դռները: Կմտնեք սենյակ: Ձեզ նման ճարպիկ ու քաջ զորականների համար ի՞նչ մի դժվար բան է… Գործը կկատարեք, հետո…
ՕՇԻՆ — Իսկ եթե ձախողե՞նք:
ԳԱԲԱՂ — Եթե ձախողենք, լուռ պիտի լինենք գերեզմանի պես: Իսկ եթե չլռեք, ես կլռեցնեմ:
ՏԵՍԱՐԱՆ 5
Արքայական սենյակում Լևոնն է:
ԼԵՎՈՆ — Այստեղ ուրախ չեն իմ գալու համար: Պարզվում է՝ ոչ միայն մայրս է սխալվել, այլև ես, պարզվում է՝ Մարգարիտան էր ճիշտ: Ես ոչ թե վարդերով լի պարտեզ եմ մտել, այլ մի տեղ, ուր ամեն վայրկյան գարշապարս կարող է օձ խայթել: Խոհարարը մկնդեղ էր խառնել ճաշին… Լավ էր, Նարբոնը ժամանակին հասավ: Ի՞նչ անել: Թողնել-հեռանա՞լ: Դա ամենահեշտ բանն է, որ կարող եմ անել ես: Ո՛չ: Պետք է մնալ, պետք է պայքարել և հաղթել է պետք: Ոչ ոք հենց այնպես գահ չի տա քեզ, որքան էլ ասպետ, հայրենասեր ու արժանի մեկը լինես:
Թեթև աղմուկ: Լևոնը ձեռքը տանում է սրին… Դռան արանքից երևում է Գաբաղի ուրվագիծը՝ արքայի համար աննկատելի: Ներս են վազում Գլակն ու Օշինը, դեմքները փակ, մերկ դաշույններով: Գլակը հարձակվում է Լևոնի վրա, ուզում է դաշույնը խրել նրա թիկունքը, Լևոնը խույս է տալիս: Հարվածը դիպչում է ուսին: Լևոնը ձեռքն է առնում սուրը, խույս է տալիս հերթական հարվածից և սուրը մեխում է Գլակի կուրծքը: Վերջինս ընկնում է մահացած: Մի քանի ճարպիկ շարժումներով Լևոնը պատին է սեղմում Օշինին ու սուրը դնում է նրա կոկորդին:
ԼԵՎՈՆ — Ցած գցիր դաշույնը…
Օշինը շպրտում է դաշույնը:
ԼԵՎՈՆ — Ո՞վ ես, ի՞նչ ես ուզում… (Գլակը լուռ է🙂 Դա՛վ, դա՛վ… Ո՞վ կա այդտեղ, հասե՛ք…
Ներս է վազում կիսահագնված սենեկապետը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ի՞նչ է եղել, արքա, ի՞նչ է պատահել այս տարաժամին…
ԼԵՎՈՆ — (հայացքով մեռած Գլակին և զինաթափված Օշինին ցույց տալով): Պահակ ու պահազոր չկա՞ պալատում: Հարձակվեցին… Եթե Աստված չօգներ…
Գալիս են թագուհին, արքայամայրը, քիչ ավելի ուշ՝ Գաբաղը:
ԳԱԲԱՂ — (կեղծ սրտացավությամբ): Ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել…
ԼԵՎՈՆ — Դա՛վ, Գաբաղ պայլ, դա՛վ, այս էլ երկրորդ անգամ…
ԳԱԲԱՂ — Մեղա Աստծո՛, ո՞վ է համարձակվել:
ԱՆՆԱ — (տեսնելով որդու ուսից հոսող արյունը): Կուրանար քո մայրը, չորանար քեզ հարվածող ձեռքը, որդի…
ԳԱԲԱՂ — Ասա՝ ի՞նչ եք անում: Վերևն Աստված կա, չէ՞… (Հայացքով սաստում է Օշինին:)
Գալիս է Նարբոնը: Մոտենում է Լևոնին, սենեկապետի պահած մոմի լույսի տակ զննում է վերքը:
ՆԱՐԲՈՆ — (հանգիստ): Քերծվածք է, անհանգստանալու կարիք չկա: (Վիրակապ է դնում վերքին🙂
ԼԵՎՈՆ — (մոտենում է Օշինին): Ո՞ւմ հրամանն ես կատարում, ասա՛…
Օշինը լուռ է:
ԳԱԲԱՂ — (մոտենալով Օշինին): Էս ի՞նչ եք արել… Հիմա ի՞նչ անենք, ասա՛… Բա մարդ ձե՞ռք կբարձրացնի սեփական թագավորի վրա…
ՕՇԻՆ — Ամեն ինչի մեղավորը ես եմ: Ինչ արել եմ, հանուն ազգի ու հայրենիքի եմ արել, մնացածը դուք գիտեք… Հայոց Կլինկիան հայերը պիտի փրկեն, իսկ եկվորները… Ինչպես եկել են, այնպես էլ կհեռանան:
ԳԱԲԱՂ — Ի՞նչ անենք, արքա:
ԼԵՎՈՆ — Զնդան նետեք: Վաղը կիմանանք, թե ովքեր են նրանց թիկունքում կանգնածները:
Գաբաղը ձեռքով նշան է անում: Ներս են մտնում 1-ին ու 2-րդ զինվորները, ոլորում են Օշինի թևերն ու տանում են: Գալիս են 3-րդ և 4-րդ զինվորները, Գլակի դիակը տանում են: Իրար ետևից հեռանում են նաև մյուսները:
ՏԵՍԱՐԱՆ 6
Նույն դահլիճն է, բայց ցերեկային լույսի տակ այլ տեսք ունի: Արևի շողը լուսամուտից ընկել է հատակին՝ դեռևս քողով ծածկված գահի մոտ:
Արևի շողի մեջ կանգնած է Լևոն արքան: Անզեն է, գլխաբաց, կիսազինվորական հագուստով: Ուսը դեռևս վիրակապված է:
ԼԵՎՈՆ — Մայր, ինչո՞ւ այդքան պատմեցիր այս երկրի մասին: Պատմեցիր հեքիաթի պես, մանուկ օրերից սրտիս մեջ հայրենիք աճեցրիր: Հայոց երկիրը… նրա ծովերը, բերդերը, հայոց բարձրաբերձ լեռները: Ես ֆրանկ եմ հայրական գծով, բայց ուղն ու ծուծով հայ եմ: Երևի ծնվելուցս առաջ իմ մեջ ծնվել ու ինձանից արագ աճել է Հայոց աշխարհը` Կիլիկիան հայոց: Բայց հիմա տեսնում եմ, որ հեքիաթն ու իրականությունը տարբեր բաներ են:
Ներս է մտնում Մարգարիտան:
ԼԵՎՈՆ — (ընդառաջ է գնում ժպտալով): Տիրուհիս, խաղաղ անցա՞վ գիշերդ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Արդեն քանի՛ գիշեր ինձ խանգարող չկա, եթե չհաշվենք ճանապարհի վտանգները, ավազակների վախը, մորդ թնկթնկոցը և քեզ վրա կատարած մահափորձերը… Իսկ այս գիշեր… քնել եմ: (Երկիմաստ ծիծաղով🙂 Եվ էլի ոչ ոք չի անհանգստացրել ինձ:
ԼԵՎՈՆ — Սիս քաղաքի օդը բարերար ու բարեբեր է, իմ սրտի տիրուհի: Շուտով նաև թագուհի կդառնաս:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (դժգոհ): Մինչև հիմա գահից ու թագից փշեր եմ տեսել ու անհանգստություն:
ԼԵՎՈՆ — Ինչի՞ մասին ես խոսում:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ինչի՞… Նախ ամուսինս պարտքի տակ ընկավ: Ջենովացիք կարծեցին՝ արդեն թագավոր է, երեսունվեց հազար Կիպրոսի դահեկան պահանջեցին, որ թույլ տան անցնի, գնա Կիլիկիա: Ամուսինս չուներ, իմ կալվածքները գրավի տակ դրեց: Հետո հետապնդումից փախչելով, մի կերպ Կոռիկոս հասանք, իսկ Կոռիկոսից գողի նման հազիվ հասանք Սիս ու դեռ չհասած՝ փորձեցին ամուսնուս թունավորել, իսկ անցած գիշեր… Չգիտենք, թե էլի ի՞նչ պիտի ճաշակենք այս վայրենի ու իրասածի երկրում:
ԼԵՎՈՆ — (մահափորձի մասին նրա միտքը շեղելու համար): Քեզ որպես ուղեկից հիսուն զինվոր էի տվել:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Եվ մի պառավ կին, որի ուղեղի մեջ որպես զառանցանք ապրում է իր հորինած Հայոց երկիրը:
ԼԵՎՈՆ — (մթնելով): Այդ ծեր կինը իմ մայրն է:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (ասես չի լսել): Ողջ ճանապարհին խոսեց ու խոսեց իր երազանքի երկրի մասին: Հետո ի՞նչ, որ ես հոգնել էի, հետո ի՞նչ, որ սիրտս դողում էր գերվելու վախից… (Լալիս է🙂
ԼԵՎՈՆ — (գրկում է նրան): Մի մեղադրիր, նրան համարյա երեխա՝ կտրել են իր հայրենիքից ու կնության տվել հորս, որին որքան էլ սիրեր, միևնույն է, օտար ու չհասկացված պիտի մնար:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Գիտեմ, մի պատմիր նորից:
ԼԵՎՈՆ — (նրան է մեկնում ասեղնագործ մետաքսե թաշկինակը): Մի լա, վաղը քեզ թագուհի կդարձնեմ, իսկ պարտքը արքայական գանձարանից կվճարենք:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (արցունքը սրբելով): Իսկ սև շորն ինչո՞ւ չես վերցնում գահի վրայից:
ԼԵՎՈՆ — Արտաքին պատշաճությունը պիտի պահպանենք: Դրա ժամանակն էլ կգա: Նախ իշխանները հավատարմության երդում կտան, հետո օծում կլինի: Երեկվա ընդունելությունից գո՞հ ես:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ըմմ… այո:
ԼԵՎՈՆ — Տեսա՞ր՝ ինչ ցնծություն էր: Նախարարները, հոգևորականները, ժողովուրդը…
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Եվ Նարբոն եպիսկոպոսի դժգոհ մռութը:
ԼԵՎՈՆ — Սո՛ւս: Նա Պապի աչքն ու ականջն է, որ միշտ ուղեկցելու է մեզ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Զզվեցրել է արդեն:
ԼԵՎՈՆ — Լավ բժիշկ է: Համբերիր, նախ կհաստատվենք, կկանգնենք մեր ոտքերի վրա, հետո…
Ներս է մտնում սենեկապետը: Գլուխ է տալիս ու կանգնում է խոնարհ:
ԼԵՎՈՆ — Ասելի՞ք ունես:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Այո, տեր իմ: Վատ լուր:
ԼԵՎՈՆ — Դարձյա՞լ:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Գիշերը խցից փախչել է ուզեցել չարագործ Օշին իշխանը:
ԼԵՎՈՆ — Ե՞վ…
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ինչ-որ մեկը պարան է ուղարկել նրան: Իշխանը կախվել է լուսամուտից, կտրվել է պարանը և նա ջախջախվել է պարսպի տակի քարերի վրա:
ԼԵՎՈՆ — Աստծո վրեժխնդիր աջը նրան ջախջախել է:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Բայց այդ հարցում Աստծուն օգնող մարդ է եղել: Պարան են ուղարկել Օշինին, բայց փտած պարան:
ԼԵՎՈՆ — Պարանն, ասում ես, փտա՞ծ է եղել:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Այո:
ԼԵՎՈՆ — Ուրեմն դավադիրները դիտմամբ վերացրել են Օշինին, որ չխոսի՞: (Մոտենում է սենեկապետին🙂 Ի՞նչ ես կարծում, ովքե՞ր են նրա թիկունքում կանգնածները:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ում ձեռնտու չէ քո թագադրվելը:
ԼԵՎՈՆ — Իսկ ո՞ւմ ձեռնտու չէ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Հակամիարարներին… Նաև նրանց, ում ձեռքին էր իշխանությունը մինչև քո գալը:
ԼԵՎՈՆ — Գաբա՞ղն, ասում ես:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ես հաստատ չգիտեմ, մանավանդ, որ այլևս վկա չի մնացել:
Դադար:
ԼԵՎՈՆ – (այլ տոնով): Պատրա՞ստ են:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Այո, տեր իմ: Նախարարները Գաբաղ պայլի գլխավորությամբ սպասում են, թե արքան ե՞րբ կհաճի նրանց հավատարմության երդումն ընդունել: Իսկ ժողովուրդը…
ԼԵՎՈՆ — Պալատում թող հավատարմության երդում տան պայլերը, գունդստաբլը, սենեկապետը, իսկ մնացածները և ժողովուրդը թող սպասեն:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — (խոնարհ, բայց հաստատակամ): Իմ արքան թող իմանա, որ հայոց օրենքով ու նախնյաց սովորությամբ արքան բոլորի հավատարմության երդումն ընդունում է Ամրոցի հրապարակում:
ԼԵՎՈՆ — (դժգոհ): Նախնյաց օրենքով… Հիմա դժվար օրեր են: Հիմա շուքն ու շքեղությունը պատեհ չեն: Ես այստեղ, որպես ժողովրդի ու հայրենիքի ներկայացուցիչներ, մի քանիսի երդումը կընդունեմ:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ինչպես արքան հրամայի: (Դուրս է գալիս🙂
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (քմծիծաղով): Ֆո՛ւ…Նախնյաց օրենքով: Ասա՝ ո՞ւր է երկիր, ո՞ւր է թագավորություն, որ օրենք լինի: Սիս ամրոցն է մնացել իր շրջակայքով, իսկ սա՝ նախնյաց օրե՜նք:
ԼԵՎՈՆ — Դրա ժամանակը չէ, mon ami: Պիտի լսել ժողովրդի ձայնը:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ժողովրդի ձա՞յնը:
ԼԵՎՈՆ — Այո:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Դու դեռ չե՞ս հասկացել, որ թագավորները ժողովրդի անունից խոսեն պիտի միայն, պիտի ցույց տան, թե լսում են նրան, իսկ իրականում…
ԼԵՎՈՆ — Ի՞նչ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Իրականում… Մարդիկ թագավոր են դառնում իրենց համար: Ցույց են տալիս` իբր ապրում են ժողովրդի համար, բայց…
Լևոնը լռելու նշան է անում: Ներս են մտնում Գաբաղ պայլը, Լիպարիտ գունդստաբլը, Մարիամը, Նարբոնի եպիսկոպոսը և սենեկապետը: Գլուխ են խոնարհում, կանգնում են թագավորի առաջ: Նարբոնը Ավետարանը ձեռքին կանգնում է արքայի կողքին:
ԼԻՊԱՐԻՏ — (սենեկապետին): Ո՞ւր է հապա Վեհափառը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Արքան…
ԼԵՎՈՆ — Ես կաթոլիկ եմ դավանանքով, ահա Նարբոնի եպիսկոպոսը:
ԳԱԲԱՂ — Թող արքային հայտնի լինի, որ մեր երկրի իշխանների ու ժողովրդի գերակշիռ մասը հավատարիմ է նախնյաց դավանությանը:
ԼԵՎՈՆ — (խոժոռվելով): Ե՞վ…
ԳԱԲԱՂ — (հաստատակամ): Եվ իշխաններն ու ժողովուրդը հակամիարարների գլխավորությամբ ո՛չ երդումը կընդունեն, ո՛չ լատինական ծեսով օծումը:
ԼԵՎՈՆ — (դիմում է մյուսներին): Դո՞ւք ինչ կասեք:
ԲՈԼՈՐԸ՝ համարյա միաձայն — Չենք ընդունի:
ԼԵՎՈՆ — (զայրույթով): Ես եմ արքան ու ես եմ որոշում: Դուք դեռևս երդում չտված, արդեն անհնազանդ եք:
ԼԻՊԱՐԻՏ — Մենք միշտ հավատարիմ ծառան ենք եղել թագավորի, իսկ մեր երկրի թագավորը ծառան է եղել Աստծո և ժողովրդի: Միշտ հավատարիմ է եղել նախնյաց ավանդույթին ու հիշատակին:
ՄԱՐԻԱՄ — Մեր երկիրն այն վիճակում չէ, որ հիմա պայման դնենք արքայի առաջ:
ՆԱՐԲՈՆ — Մանավանդ, որ այդ դեպքում Պապը, Ֆրանկաց և Անգլիո թագավորները օգնական զորք չեն ուղարկի:
ԼԻՊԱՐԻՏ — Նրանք արդեն քանի՞ տարի խոստանում են, իսկ զորքը չկա: Եթե ինքներս դավաճանելու ենք մեզ, հրաժարվելու ենք մեր հավատից ու ինքնությունից, ի՞նչ տարբերություն, թե ով կիշխի մեզ:
ԳԱԲԱՂ — Իրավ:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Իսկ եթե երկու հոգևորականն էլ ներկա լինե՞ն:
ԼԵՎՈՆ — (մտածում է, քայլում դահլիճով): Թող լինի:
ԳԱԲԱՂ — (սենեկապետին): Կանչիր կաթողիկոսին:
ԼԵՎՈՆ — Հայտնեմ իշխաններին ու իշխանուհուն, որ գիշերը Սսի պարիսպներից գահավեժ է եղել բանտում գտնվող Օշին իշխանը:
Զարմանք՝ ներկաների դեմքներին:
ԳԱԲԱՂ — Այ քեզ բա՛ն: Դավ դավի ետևից… Իսկ ո՞վ է կանգնած դավադիրների թիկունքում:
ԼԵՎՈՆ — Դժվար է ասել: Հիմա դրա ժամանակը չէ: Նախ երդման ու օծման կարգերը կատարենք, ժամանակն ինքը կբացահայտի ամեն բան: Ժամանակը և՛ բուժել գիտի, և՛ ամեն բան իր տեղը դնել:
Դրսից լսվում են դժգոհության բացականչություններ, ճիչեր.
— Ավելի լավ է միանանք Պապի եկեղեցուն, պրծնենք: Կլինի միասնական եկեղեցի ու կազատվենք այս հակառակությունից: Պապը մեզ կպաշտպանի: Մեզ եվրոպացիները կպաշտպանեն…
- Պապը ե՞րբ է մեզ պաշտպանել, որ հիմա պաշտպանի…
— Մեզ պաշտպանողը մենք պիտի լինենք…
— Ում գտնում, բերում գլխներիս արքա են կարգում: Դրանք էլ գալիս, գանձարանը թալանում, փախչում են…
— Արքա՞ն է ժողովրդի համար, թե՞ ժողովուրդն ու հայրենիքն են թագավորի ծառաները: Վռնդեք լատիններին, ինքներս կպաշտպանենք մեզ…
— Թե մեր հայրերի օրենքով ու մեր եկեղեցու ծեսով չի օծվելու, թող կորչի, գնա: Մինչև հիմա ապրել ենք առանց նրա, այսուհետև նույնպես կապրենք:
— Լռիր, ծռահավատ, դո՛ւք, ձեր կաթողիկո՛սը…
— Գաբաղ պայլի՛ն տվեք գահը: Ինչքան չլինի, մեր անտառից կտրած ճիպոտ է: Որքան էլ դաղի, էլի կխնայի:
ԼԵՎՈՆ — Որքա՛ն անգործ է Սսի ժողովուրդը:
ԳԱԲԱՂ — Ինչո՞ւ:
ԼԵՎՈՆ — Երբ ժողովուրդն աշխատանք է ունենում և բավարար հաց, այնքան էլ չի հետաքրքրվում պալատի ու իշխանների գործերով, չի հաշվում նրանց կերած ամեն մի պատառը:
ԼԻՊԱՐԻՏ — (ժպտալով): Ճիշտ է:
Ներս է մտնում կաթողիկոսը: Նախ Գաբաղը, հետո Լիպարիտը, մյուս իշխանները խոնարհվում են նրա աջին:
Մարիամը, Մարգարիտան և արքան մնում են կանգնած:
Նարբոնը կանգնած է ասես արձան:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Անհանգիստ է ժողովուրդը: Փողոցները հեղեղված են բազմությամբ:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ իմացան՝ ինչ է կատարվում պալատում: Դավադրությունը ներսից չէ՞ արդյոք: (Նայում է Գաբաղին:)
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Թեև պալատների պատերը հաստ ու անթափանց են թվում, բայց ժողովուրդն ամեն բան իմանում է ժամանակին: Իսկ աշխարհի ամենակարճ ճանապարհը պալատից մինչև սահման ընկած ճանապարհն է: Եթե պալատում անհանգստություն եղավ, առաջինը սահմանին կանգնած զինվորի թիկունքն է զգում: Եվ պարսպին կանգնած զինվորի տագնապը, քաղաքի փողոցներում ծովացած ժողովրդի ցասումն ու անհանգստությունն էր, որ ինձ պալատ բերեց:
ԳԱԲԱՂ — Այլապես…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Այլապես չէի գա, բայց քանի որ ես ծառան եմ Աստծո, ասել է՝ ժողովրդի, նրա անհանգստության ժամանակ չեմ կարող հանգիստ մնալ և նույնքան հանգիստ աղոթել Տիրոջը:
ՆԱՐԲՈՆ — Մեզ պատվիրված է հնազանդ ու հանդուրժող լինել:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Բայց ո՛չ Աստծուն ու ժողովրդին դավաճանելու գնով: Ո՛չ ճշմարիտ հավատն ուրանալու գնով: Դու հետևորդն ու ծառան ես Պետրոսի աթոռի, իսկ ես՝ Թադևոսի: Իսկ Քրիսոտս մի և միակ է բոլորի համար:
ԼԵՎՈՆ — (ոտքի է կանգնում, կանգնում են բոլորը): Հոգևոր հայրեր, իշխաններ հայոց և իշխանուհիներ…
Ներս է մտնում Աննա արքայամայրը: Լևոնն ընդհատում է խոսքն ու արագ ընդառաջ է գնում նրան:
ԼԵՎՈՆ – Մայր… կարծեցի՝ ճանապարհից հետո հոգնած ու տկար ես դեռևս և չուզեցի անհանգստացնել:
ԱՆՆԱ — (որդու թևին կռթնած առաջ է գալիս, սենեկապետը նրան աթոռ է մատուցում): Ինձ փողոցի անհանգիստ աղմուկը հանեց մահճից:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ժողովուրդն անհանգիստ է, ժողովուրդը չի հանդուրժի հավատի ոտնահարում, ժողովուրդն իմաստուն է, իզուր չի ասված. «Ձայն բազմաց՝ ձայն Աստուծոյ»:
ԱՆՆԱ — Իմ որդին այսքան նեղություն է կրել, ամեն ինչ թողել ու իր հայրենիք է վերադարձել ժողովրդի համար:
ԼԵՎՈՆ — Ճիշտ ես ասում, մայր, բայց հիմա արդեն գործելու ժամն է: Բոլորս գիտենք, որ Հայոց հայրենիքը վտանգի մեջ է, բոլորս գիտենք, որ եթե իրար չհանդուրժենք ու չմիասնանանք, չենք դիմագրավի մահմեդական հեղեղին: Եգիպտական սուլթանների դարավոր երազանքն է եղել Կիլիկիան կուլ տալը: Նույն երազանքն են փայփայում Հալեպի ամիրան, Իկոնիայի սուլթանը, կարամանները… Հիմա գործելու ժամ է, ուստի եկեք մոռանանք հակասությունները, փակենք մեր միջև առաջացած ճեղքն ու միակամ դառնանք: Ես մոռանում եմ իմ դեմ կատարած մահափորձերը:
ԳԱԲԱՂ — Ավա՜ղ, ճեղքը հեշտ առաջանում ու փակվում է դժվար: Իշխաններն ու ժողովուրդը պառակտված են, երկրի մի մասը` թշնամու ձեռքում (հատուկ շեշտելով), գանձարանը՝ դատարկ:
ԼԵՎՈՆ — Դրա համար եմ ասում, չարժե հապաղել:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — (արքային նայելով): Սկսե՞նք արարողությունը: (Նա համաձայնության նշան է անում: Արքային է մատուցում սուրը:) Ահա հայոց արքաների դրվագազարդ, ոսկեպատյան սուրը, որը նրանց ուղեկցել է դեպի հաղթանակներ:
ԼԵՎՈՆ — (երկու ձեռքով վերցնում է սուրը, համբուրում, հպում ճակատին): Երդվում եմ հավատարիմ լինել հայրենիքին, զենքին և Հայոց թագավորների ու երկրի ավանդույթներին: Երդվում եմ հավատարիմ լինել Քրիստոսին ու Նրա դավանանքին:
Մոտենում են Նարբոնը և կաթողիկոսը: Լևոնը համբուրում է Նարբոնի բռնած Ավետարանը, հետո՝ կաթողիկոսի առաջ մեկնած խաչը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Հիմա իշխանները թող երդում տան արքային:
ԳԱԲԱՂ — (առաջ է գալիս, ծնկի գալիս): Երդվում եմ հավատարիմ լինել Հայոց երկրին, գահին հայոց և արքային: Իսկ եթե դրժեմ երդումս, թող արժանանամ Աստծո դատաստանին և հայրենիքի ու արքայի անողոք պատժին:
Լևոնը սուրը դնում է Գաբաղի ուսին, ձեռքը մեկնում, ոտքի է կանգնեցնում նրան: Գաբաղը ոտքի է կանգնում, համբուրում է արքայի աջը, հետո մոտենում է կաթողիկոսին: Կաթողիկոսը Ավետարանը դնում է նրա գլխին, խաչակնքում ու օրհնում է: Նարբոնը ուզում է օրհնել, բայց Գաբաղը գնում կանգնում է կաթողիկոսի կողքին:
Լիպարիտը կրկնում է նույնը:
Սենեկապետն էլ է երդվում:
Նարբոնը շտապ մոտենում, առաջինն է օրհնում արքային:
Կաթողիկոսը Նարբոնից հետո օրհնում է արքային:
ԼԵՎՈՆ — Իսկ օծումը վաղը կանենք Սսի Մայր տաճարում:
ՏԵՍԱՐԱՆ 7
Արքայի սենյակն ամրոցում: Լևոնը նստած է մտախոհ, կողքին թագուհին է, քիչ հեռու՝ գահավորակին նստած է Աննան:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (դժգոհ): Առաջին իսկ ճնշումից թուլացար:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ կհրամայես, ի՞նչ անեի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Քոնը պնդեիր: Արքան չպիտի այդքան հեշտ զիջի, մանավանդ հավատի հարցում:
ԼԵՎՈՆ — Դեռ արքա չդարձած, դեռ նրանց երդումը չառած ճնշեի՞ ամբոխին, իսկ իշխաններին կաթողիկոսի հետ բա՞նտ նետեի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Այո:
ԼԵՎՈՆ — Իմ ունեցած 50 անհավատարիմ ու անհնազանդ ասպետներո՞վ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Չգիտեմ, արքան դու ես: Այլ միջոց գտնեիր: Հայերին իրար դեմ հանեիր, մի իշխանի ձեռքից պաշտոն ու կալվածք առնեիր, տայիր մյուսին:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ… Երկիրը միավորելու փոխարեն բզկտեի՞, մանավանդ, երբ դեռ չէի օծվել: Թագավորության տակ ռո՞ւմբ դնեի, հա՞: Դրսից թշնամին, ներսից ե՞ս:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Հիմա օծվե՞լ ես:
ԼԵՎՈՆ — Այո, դու էլ ինձ հետ, Սսի Մայր տաճարում, լատին և հայ հոգևորականաց ձեռամբ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Դու դեռ չօծված` սուրհանդակը լուրը տարավ Վատիկան: Պապը ի՞նչ կասի:
ԼԵՎՈՆ — (վեր է կենում տեղից, ձեռքը տանում է գոտուց կախված դաշույնին): Պապը… Պապը նախ թող իր խոստումը կատարի, հետո պահանջի: Ինչպե՞ս հակառակ կանգնեի մի ողջ ժողովրդի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ամեն շրջմոլիկ ժողովուրդ չէ: Ամեն տեղից ելնողը չպիտի ազգից ու հայրենիքից խոսի: Ամեն քրջոտ իրավունք չունի երկրի ճակատագիր որոշելու: Երկրի խնդիրները թագավորն է լուծում և ոչ թե ժողովուրդը: Թագավորը պիտի իր կամքը պարտադրի:
ԼԵՎՈՆ — Ես հայ ժողովրդի թագավորն եմ ու չեմ կարող նրա դեմ ելնել:
ԱՆՆԱ — Իմաստուն է:
ԼԵՎՈՆ — Ի՞նչը, մայր:
ԱՆՆԱ — Վճիռդ: Եթե հակառակվեիր, քո դեմ կհանեիր իշխաններին, ժողովրդի մեծ մասին և հոգևորականությանը: Իսկ քայքայված երկիրը միավորել է պետք և ոչ թե բզկտել:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ախր դրսից օգնություն չեն ուղարկի:
ԱՆՆԱ — Նախ ներսից պիտի օգնություն ստանալ, իսկ դրսինները, եթե օգնելու ցանկություն ունենան, օծմանն ու երդմանը չեն նայի, կօգնեն:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Իսկ Պա՞պը:
ԱՆՆԱ — Պապը հեռու է, դժգոհ իշխաններն ու հակամիարարները՝ մոտիկ:
ԼԵՎՈՆ — Ես Գաբաղից եմ վախենում:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Մի Գաբաղի գլուխ կտրելն ի՞նչ դժվար բան է արքայի համար:
ԱՆՆԱ — Այո, դժվար է: Մի Գաբաղի թիկունքին հազար նրապեսները կան, որ չեն ընդունում կաթոլիկ հավատը: Մանավանդ, որ պայլի գլուխ է և ոչ թե սոխի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Արյուն չտեսնեն՝ չեն վախենա:
ԼԵՎՈՆ — Սսեցինե՞րը… Նրանք արդեն ութ տարի է՝ արյուն են տալիս մամլուքի ու սելջուկի հետ պատերազմում:
ԱՆՆԱ — Արյուն թափելը հեշտ է թվում, բայց մարդու արյունը ծանր է, մանավանդ, մերձավորի արյունը: Հակառակորդից բարեկամ սարքելն ավելի դժվար է:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (դժգոհ ոտքի է կանգնում): Փափուկ, փափուկ, քնքուշ… Հո անոսկոր չե՞ք: Եթե թագավոր ես՝ սկզբից պիտի ցույց տաս, որ կմախք ունես, որ քեզ բախվողը կկոտրվի, կփշրվի, հո անփուշ ձուկ չե՞ս… Թագավոր ես, սեփական խելք ունեցիր, ոչ թե մորդ լսիր: Թագավոր ես, այնպես արա, որ քեզ կուլ տալ փորձողը խեղդվի, թե չէ՝ արյո՛ւն: (Ծաղրով:) Օ՛յ, արյունը կարմի՛ր է, մարդու արյո՛ւն… Տեսե՞լ ես մի հզոր թագավոր, որ արյուն թափելուց վախենա: Առանց դրա ո՞նց կլինի: Իսկ ի՞նչ էիր ուզում: (Գնում է🙂
ԼԵՎՈՆ — Ի՞նչ… Խաղաղություն, բարգավաճող երկիր, ուր ամեն հայ իրեն լավ ու ապահով կզգա: (Ծափ է զարկում🙂 Լո՛ւյս ավելացրեք:
ԾԱՌԱ — (բերում է աշտանակը, կանգնում անկյունում, մեկուսի): Թագավորն ասում է՝ «Ամեն ինչ անում եմ ժողովրդի ու հայրենիքի համար»: Գաբաղ պայլն ասում է՝ «Ամեն ինչ անում եմ հայրենիքի ու հայ ժողովրդի համար», բայց զարմանալի է, որ ամեն բան իրար հակառակ են անում: Կարո՞ղ է՝ տարբեր հայրենիքների կամ տարբեր ժողովուրդների մասին են խոսում… Կաթողիկոսն ասում է՝ «Ծառայում եմ Աստծուն ու նրա ժողովրդին»: Իր ասելով՝ Աստծուն ու ժողովրդին է ծառայում նաև Նարբոնը: Բայց կամ նրանց աստվածներն են տարբեր, կամ մեկնումեկը ստում է: Եթե նույն Քրիստոսին են ծառայում, ինչո՞ւ են իրար հակառակ: Տեսնես չե՞ն հասկանում, որ հայն իր թշնամուն ոչ թե երկրի ներսում պիտի փնտրի, այլ դրսում: Հայի թշնամին սահմանի այն կողմում է, ոչ թե այս: (Դադար:) Է՛, դու ո՞վ ես: Ծառա ես, քո ծառայությունն արա, մնացածը քո խելքի բանը չէ: (Աշտանակը դնում պատվանդանի վրա, գլուխ է տալիս թագավորին ու հեռանում🙂
ՏԵՍԱՐԱՆ 8
Գահադահլիճը: Լևոնը բազմած է գահին:
ԼԵՎՈՆ — (հանում է թագն ու ուշադիր ուսումնասիրում): Ասում են՝ սա Լևոն Մեծագործինն է եղել, որ թագադրվել է 1198 թ. հունվարի 6-ին՝ Տարսոնում: Թանկարժեք քարերը հանեմ, վաճառեմ ու պարտքերս տա՞մ: Չէ, ավելի լավ է համբերեմ: Գաբաղին կանչեմ:
Ծափ է զարկում: Գալիս է սենեկապետը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Լսում եմ, տեր արքա:
ԼԵՎՈՆ — Կանչիր Գաբաղ և Մարիամ պայլերին:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Հրամանքդ: (Դուրս է գնում:)
ԼԵՎՈՆ — (ձեռքն է առնում թագն ու հաշվում ադամանդներն ու մարգարիտները): Թե այդքան պարտք չունենայի, ավելի շատ բանակը զորացնելու մասին կմտածեի, բայց պարտքերը՝ մի կողմից, թշնամիները՝ մյուս, իսկ Պապը… Պապը մի բան գիտի միայն՝ կուլ տալ Հայ Առաքելական եկեղեցին: Միացնել, ասել է՝ կուլ տալ, վերացնել: Ո՞վ չի հասկանում, որ հայերը գոյատևում ու հարատևում են իրենց լեզվի, հավատքի ու ընտանիքի շնորհիվ: Իսկ Պապը… Պապն ինձանից լավ գիտի դա: Օգնությո՞ւն… Օգնություն խոստանում է, բայց ո՞ւր է: Իսկ ինձ ներսից Գաբաղն ու իր նմաններն են ճնշում, դրսից… Իզուր չէ, որ երեկ մարդիկ գոռում էին. «Գաբաղին արքա դարձրե՛ք»: Զգուշացիր, Լևոն, զգուշացիր:
Գալիս է Մարիամ իշխանուհին:
ՄԱՐԻԱՄ — Ողջույն, իմ արքա:
ԼԵՎՈՆ — (ոտքի է կանգնում): Ողջույն, իշխանուհի, նստիր:
Մարիամը մնում է կանգնած, հայացքը՝ խոնարհած:
ԼԵՎՈՆ — (ավելի բարձր): Նստիր:
ՄԱՐԻԱՄ — (սեթևեթանքով): Ես ինչպե՞ս նստեմ, երբ արքան կանգնած է:
ԼԵՎՈՆ — Արքայի սիրտն անհանգիստ է, իշխանուհի, և նման մանր բաները նկատելու ժամանակ չունի: Հազար հոգս կա: Երկրի մեծ մասը՝ կորցրած, բանակը՝ վատ զինված, տնտեսությունը՝ քայքայված, իսկ շուրջը՝ ատամ սրած հազար թշնամի: Արքան անհանգիստ է, արքան մի տեղում նստել չի կարողանում: Դու նստիր, իշխանուհի, մանավանդ, որ խոսելու բաներ կան:
Ներս է մտնում Գաբաղը: Տեսնում է իշխանուհուն, փնչացնում է դժգոհ:
ԳԱԲԱՂ — (մեկուսի): Պայլուհուն պայլից ավելի պատվի են արժանացրել, ինչ է, թե կաթոլիկ է: (Բարձր:) Ողջո՛ւյն արքային: (Չնկատելու է տալիս իշխանուհուն:)
ԼԵՎՈՆ — Ողջույն, Գաբաղ պայլ, հրամեցեք:
ԳԱԲԱՂ — Կանչել է արքան:
ԼԵՎՈՆ — Այո, կանչել եմ, Գաբաղ: Նստիր, մի կանգնիր, ձեզ հարցեր ունեմ:
ԳԱԲԱՂ — (նստում է նախ աթոռի եզրին, հետո հարմարվում է): Հարցե՞ր, ի՞նչ հարցեր…
ԼԵՎՈՆ — (նստում է): Իմ գալուց ի վեր ուրախացանք, անհոգության տրվեցինք, երդում տվինք, երդում առանք, օծվեցինք նաև, բայց ձեզնից ավելի լավ ոչ ոք չգիտե երկրի վիճակը:
ՄԱՐԻԱՄ — Ես, իհարկե, գիտեմ, բայց Գաբաղն՝ ավելի շատ:
ԳԱԲԱՂ — Ես մեղավոր չեմ, որ տղամարդ եմ և ուսերս ավելի լայն են: Ես մեղավոր չեմ, որ չորս պայլից երկուսը ինչ-ինչ պատճառներով հեռացան, իսկ իշխանուհին կին լինելով…
ԼԵՎՈՆ — (ընդհատում է): Ես ուզում եմ ծանոթանալ երկրիս գանձարանին: Իրար մեղադրելու ժամանակը չէ, այլ արքային հաշիվ տալու ժամանակը:
ՄԱՐԻԱՄ — Ես գանձ չեմ տեսել ու չեմ ծախսել նաև: Հաշիվներն ամեն հայտնի են Գաբաղ իշխանին:
ԼԵՎՈՆ — Ուրեմն թող Գաբաղն ասի:
ԳԱԲԱՂ — (Մարիամին): Այդ ե՞րբ եղավ, որ իշխանուհին գործերով հետաքրքրվեց, իսկ ես նրան չհայտնեցի: Բեռն ու պատիժն իմն են եղել, իսկ պատիվը՝ նրանը…
ԼԵՎՈՆ — (նորից ընդհատում է): Գործից խոսենք, Գաբաղ:
ԳԱԲԱՂ — Արքան գիտի, որ Հայոց երկիրը պատերազմի ու արյան մեջ է, կորցրել է եկամուտ բերող նավահանգիստները, կորցրել է երկրի մեծ մասը, պարփակվել Սիս քաղաքով ու նրա շրջակայքով…
ԼԵՎՈՆ — Դա հայտնի է, ուրի՞շ:
ԳԱԲԱՂ — …մայրաքաղաքի դաշտերում ցանք չի արվել ութ տարուց ի վեր: Սովամահ եղող ու իրենց ընտանիքները հազիվ պահող մարդկանցից ի՞նչ հարկ գանձենք:
ԼԵՎՈՆ — Առևտուրը հապա՞…
ԳԱԲԱՂ — Չկան նավահանգիստները, իսկ քարավանները խուսափում են մեր երկրից…
ԼԵՎՈՆ — (անհամբեր): Լավ, ինչքա՞ն գումար ունենք կամ գանձ:
ԳԱԲԱՂ — Չեմ հիշում անգիր: Մագաղաթները նայեմ, գանձարկղը հաշվեմ, ասեմ արքային:
ԼԵՎՈՆ — (զայրացած): Հենց հիմիկ ու հիմա:
ԳԱԲԱՂ — (խոնարհ): Հրամանքդ, արքա: Գնամ, բերեմ: (Գնում է🙂
ՄԱՐԻԱՄ — (քմծիծաղելով): Էլ ի՞նչ Գաբաղ, որ մի մասը տակով չանի: Ժամանակին բոլորիս մի կողմ քշեց, իսկ եթե իր ծախսած գումարների մասին մեզ հայտնում էր, մեկը երկու էր հաշվում: Մուտքը պակաս էր ցույց տալիս, ելքը՝ կրկնակի ավել:
Լևոնը քայլում է անհանգիստ, չի արձագանքում իշխանուհուն:
ՄԱՐԻԱՄ — Եթե ամբողջը չտա, արքա, սեղմիր Գաբաղին, սեղմիր, ու կասի՝ ուր է թաքցրել:
Ներս է գալիս Գաբաղը, երկու կանթից բռնած սնդուկը դնում է արքայի առաջ:
ԳԱԲԱՂ — (հևալով ու փնչացնելով): Հրամեցեք, արքա, աչքիս լույսի պես պահել եմ եղածը:
ԼԵՎՈՆ — Բաց:
ԳԱԲԱՂ — (բացում է սնդուկի կափարիչը): Մի ժամանակ, ես այդ ժամանակ չեմ եղել, ո՛վ գիտե, այս արկղն ու էլի սրա նման շատերը լիքն են եղել Լևոն թագավորի կտրած «թագվորական» տասանոց ոսկիներով ու թանկարժեք քարերով: Այդ ժամանակ հայոց արքաներն են գնացել գանձերի մոտ, քանի որ դրանք շատ են եղել: Հիմա… Իմ ստացածն այս է եղել, արքա, ես այն հանձնում եմ քեզ:
ԼԵՎՈՆ — (մատնացույց անելով մագաղաթի գալարները): Իսկ սրա՞նք ինչ մագաղաթներ են:
ԳԱԲԱՂ — (ժպտալով): Հաշիվներ են, արքա:
ԼԵՎՈՆ — (դժգոհ): Ա՞յս է եղածը:
ԳԱԲԱՂ — Հրամանքդ: Պատերազմ է եղել, արքա, սով, անբերրի տարիներ, հարկերի սակավություն…
ԼԵՎՈՆ — Քանի՞ դահեկան կա:
ԳԱԲԱՂ — Մագաղաթների վրա գրանցվա՞ծ:
ԼԵՎՈՆ — (զայրացած): Ո՛չ, իրականում:
Մարիամը առաջ է եկել, կանգնել արկղի կողքին ու հետաքրքրությամբ նայում է նրա մեջ:
ԳԱԲԱՂ — Իրականո՞ւմ: Հիսունմեկ հազար երկու հարյուր ու մեկ դահեկան, արքան ապրած կենա:
ԼԵՎՈՆ – Paucus… non moltus…
ԳԱԲԱՂ — Ի՞նչ, իմ արքա:
ՄԱՐԻԱՄ — (արհամարհանքով): Արքան ասում է՝ քիչ է, սակավ է:
ԳԱԲԱՂ — Շատ չէ, բայց մենք ավելի վատ օրեր ենք տեսել:
ԼԵՎՈՆ — (մեկուսի): Եթե պարտքերս վճարեմ, տակը ոչինչ չի մնա: Moins… peu nombreox. (Ոտքով հարվածում է, սնդուկը շուռ է գալիս, դրամներն ու սակավաթիվ զարդերը թափվում են🙂
ՄԱՐԻԱՄ — (վախեցած): Օ՛յ: (Ձեռքը դնում է սրտին, նստում է:)
Լևոնը մոտենում է Գաբաղին, նայում աչքերի մեջ: Գաբաղը հայացքը չի փախցնում:
ԼԵՎՈՆ — Ասում են՝ ուզում ես թագավոր դառնալ:
ԳԱԲԱՂ — Ես արքայական արյուն չունեմ, նաև՝ երդում եմ տվել: Իսկ Գաբաղն իր երդումը չի դրժում երբեք:
ԼԵՎՈՆ — Դրա համար մարդասպաններ ես ուղարկում:
ԳԱԲԱՂ — Զրպարտա՛նք է: Ո՞ւր է ապացույցը հապա:
ԼԵՎՈՆ — Ժամանակը գա, դա էլ կլինի: (Այլ տոնով:) Ո՞ւր է մնացածը:
ԳԱԲԱՂ — Ինչ որ կա, այդ է:
ՄԱՐԻԱՄ — Մի հավատա նրան, արքա, Գաբաղի հոգին խորն է: Սեղմիր, և կհանի գանձերը, սեղմիր, և կտա ավելն ավելիով:
ԳԱԲԱՂ — (ատելությամբ նայում է Մարիամին): Գիտեի, որ նենգ ես, գիտեի, որ օձաբարո ես, բայց որ այդքան թույն ունեիր թաքցրած, չգիտեի, ավա՛ղ:
ՄԱՐԻԱՄ — Իբր որ իմանայիր, ի՞նչ…
ԳԱԲԱՂ — Իմանայի՝ կվարվեի այնպես, ինչպես օձերի հետ են վարվում: Ես սխալվեցի:
ՄԱՐԻԱՄ — Թե չէ՝ ի՞նչ…
ԳԱԲԱՂ — Փափուկ ու կլորակ տեղերդ ճիպոտով դաղել կտայի: Այնպես ու այնքան, որ նստել չկարողանայիր ու արյուն միզելով փախչեիր մինչև Անտիոք: Իսկ հիմա, ժամանակը բաց եմ թողել ու դու խոսում ես: Խոսում ես՝ ինչ ուզես և ինչքան ուզես: Լեզու է, չէ՞: Հո ոսկոր չունի՞: Իսկ այն ժամանակ՝ քաղցր, փափուկ, ձևերո՛վ: Խոսիր, հիմա քո խոսելու ժամանակն է, խոսի՛ր, մինչև թագավորը քեզ ճանաչի:
Մարիամը, իբր հուզված, թաշկինակը տանում է աչքերին:
ԼԵՎՈՆ — (անտեսելով Մարիամին, դիմում է Գաբաղին): Լսո՞ւմ ես, ինչ է ասում իշխանուհին: Ասում է՝ գանձերի մի մասը պահել ես:
ԳԱԲԱՂ — Ինչո՞ւ նրանից չես պահանջում: Ասենք, այդ հարցը չեմ տալիս քեզ, արքա, քանզի գիտեմ՝ բեռը նրա մեջքին են դնում, ում թիկունքը լայն է: Ես սիրեցի իմ հող հայրենին և ինչ ունեի, տվեցի նրան: Տվեցի ամենաթանկս: Գաբաղի երկու որդիները զոհվեցին Սսի պարիսպները պաշտպանելիս և այլևս հետնամնա չունեմ, արքա: Ես գանձը պահեմ, ի՞նչ անեմ, ասա՛: Ասում ես՝ թագավոր դառնալ եմ ուզում: Թագը վերցնեմ, ո՞ւմ փոխանցեմ: Դու ինձանից գանձ ես ուզում, դու գանձի համար ես եկել, իսկ ես արդեն իմ անգին գանձերը հայրենիքին եմ տվել:
ՄԱՐԻԱՄ – Ինչպե՞ս ես խոսում Հայոց թագավորի հետ:
ԳԱԲԱՂ – (Մարիամին): Դու քո արածն արեցիր: Քանի ուժդ չէր պատում, ժպտացիր, իսկ հիմա դանակ ես խրում թիկունքս:
ԼԵՎՈՆ — Գաբաղ, թագի հավակնող և ոչ մի գլուխ ես չեմ թողնի ուսերին:
ԳԱԲԱՂ — Կտրիր գլուխս, բայց իմացիր, որ հավատարիմ ու նվիրված գլուխ ես կորցնում: Կորցնելը հեշտ է, էս դժվար ժամանակներում գտնելն է դժվար:
Լևոնը ծափ է զարկում: Ներս է գալիս սենեկապետը:
ԼԵՎՈՆ — (սենեկապետին): Զինվորներ կանչիր: Շղթա զարկեք, թող նստի, մտածի ու խելքը գլուխը հավաքի: Լավ հետևեք, որ նրան էլ պարան չտան, այն էլ՝ փտած պարան:
Գալիս են 1-ին և 2-րդ զինվորները, Գաբաղին տանում են:
ԳԱԲԱՂ — Ես արքայից չեմ նեղանում: Թագավորներն ավելի շատ պատժել գիտեն, քան պատվել: (Մարիամին.) Իսկ քեզնի՞ց… Քեզնից երբևէ լավ բան չեմ սպասել: Բախտի՞ց… Բախտը երբեք երես չի տվել ինձ:
Մարիամը ժպտում է գոհ ու ցուցադրական:
ԼԵՎՈՆ — (Մարիամին չնայելով): Ազատ ես:
Մարիամը ցուցադրական նազանքով դուրս է գալիս:
ՏԵՍԱՐԱՆ 9
Սսի ամրոցի հրապարակը: Ձախ կողմում երևում է պարսպի հատվածը: Աստիճաններ՝ պարսպի վրա բարձրանալու համար:
Պարսպի մոտ կանգնած են Թորոսը, Սանուկը և Կորյունը: Թորոսը ժամանակ առ ժամանակ նայում է ճանապարհին:
ԿՈՐՅՈՒՆ — Երանի խաղաղություն լինի աշխարհում, երանի կռիվ չլինի ու մարդ ապրի իր ուզածի պես: Եթե խաղաղություն լինի, դու ի՞նչ կանես, Թորոս:
ԹՈՐՈՍ — Ե՞ս: Ես զինվորական եմ, Կորյուն, ի՞նչ պիտի անի զինվորականը: Կծառայեմ հայրենիքին, բայց… (Լռում է:)
ՍԱՆՈՒԿ — Առաջ կգնաս պաշտոնիդ մեջ, գունդստաբլ կդառնաս…
ԹՈՐՈՍ — Չէ, չգուշակեցիր:
ՍԱՆՈՒԿ — Հապա՞:
ԹՈՐՈՍ — Եթե խաղաղ լինի, եթե աշխարհում ջրին խառնված արյուն չհոսի, աշնանը պատգամ կուղարկեմ Ծովիկենց տուն:
ՍԱՆՈՒԿ — (ուրախացած): Հարսանիք կանե՛նք:
ԿՈՐՅՈՒՆ — Եթե խաղաղ լինի… Հայոց երկիրը նոր թագավոր ունի, երկիրը խաղաղ կլինի:
ԹՈՐՈՍ — Նոր թագավոր ունի, բայց Հայոց աշխարհն ու նրա Սիս մայրաքաղաքը աշխարհի աչքի փուշն է: Մեկ էլ տեսար, նորից եկան մեզ վրա:
ԿՈՐՅՈՒՆ — Մի ասա, Թորոս:
ԹՈՐՈՍ — Ասեմ-չասեմ՝ մեկ է, կռիվն իմ ասելով չի սկսվի, ոչ էլ կվերջանա իմ ուզելով, բայց եթե ինձ ասեն՝ Սիս քաղաքի պարսպից նայիր երկնքում սավառնող թռչունին, թռիր ու նրա թևից փետուր պոկիր սիրածիդ համար՝ կթռչեմ: Թե ասեն՝ նետդ արձակիր ու հեռու սարերում քարափների վրա ապրող այծյամ որսա՝ կորսամ, միայն թե նա ուզի: Իսկ էս պահին իմ ամենամեծ երազանքը խաղաղությունն է ու Ծովիկս ծովաչ:
Կորյունը ուշադիր նայում է պարսպից անդին:
ՍԱՆՈՒԿ — Թորոս, այ Թորոս, դու նոր թագավորին տեսե՞լ ես:
ԹՈՐՈՍ — Էրկու անգամ, բայց հեռվանց: Մի անգամը Մայր տաճարում՝ օծման ժամանակ, մյուս անգամը, երբ արքան եկել էր քաղաքի ամրություններն ստուգելու:
ՍԱՆՈՒԿ — Իսկ թագուհո՞ւն:
ԹՈՐՈՍ — Հա, էլի մի անգամ, օծման օրը:
ԿՈՐՅՈՒՆ — Սիրո՞ւն է:
ԹՈՐՈՍ — Հա, բայց իմ Ծովիկի չափ չէ:
ՍԱՆՈՒԿ — (ծիծաղելով): Հո չասեցի՞ր… Թագուհի է, ախր: Աչքիդ մենակ Ծովիկն է երևում:
ԹՈՐՈՍ — (բամփում է Սանուկի գլխին): Դու ի՞նչ ես հասկանում, որ…
ԿՈՐՅՈՒՆ — Իսկ շորե՞րը:
ԹՈՐՈՍ — Շորե՞րը… Մետաքս ու ատլաս: Թե աշխարհը խաղաղ լինի ու Ծովիկին առնեմ, թագուհու շորի պես ու նրանից ավելի լավերը պիտի հանգցնեմ: (Նայում է պարսպից🙂 Սպասիր, Սանուկ:
ՍԱՆՈՒԿ — (վախեցած): Ի՞նչ էղավ, Թորոս:
ԹՈՐՈՍ — Նայիր, եկողը ձիավոր է ու սովորական ձիավոր չէ:
ՍԱՆՈՒԿ — Ի՞նչ իմացար:
ԹՈՐՈՍ — Եկողը հայ չէ… ձիավարելը մամլուքի նման է: Սպիտակ դրոշ է պարզել, ուրեմն սուրհանդակ է: Հարկավոր է նշան տալ դարպասի պահակին, գուցե չի տեսել: (Սուլում է՝ ազդանշան տալով: Նույն ձևով պատասխան է ստանում🙂 Տեսել է… Հաստատ սուրհանդակ է: Մեծ դարպասը բացվեց ու ներս առավ նրան…
ՍԱՆՈՒԿ — Տեսնես ի՞նչ լուր է բերել, բարի, թե՞ չար…
ՏԵՍԱՐԱՆ 10
Գահադահլիճը: Լևոնը Նարբոնի եպիսկոպոսի հետ, նաև` Լիպարիտը:
Ներս է մտնում սենեկապետը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Սուրհանդակ, արքա:
ԼԵՎՈՆ — Որտեղի՞ց:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Մամլուք սուլթանից:
ԼԵՎՈՆ — Ներս առաջնորդիր (Նստում է գահին:)
Նարբոնը ուզում է դուրս գնալ: Լիպարիտը ցանկանում է հետևել Նարբոնին:
ԼԵՎՈՆ — Մնացեք, դուք էլ կիմանաք, թե ինչ է ուզում Եգիպտոսի սուլթանը:
Ներս է մտնում սուրհանդակը: Գլուխ է տալիս արքային, ծնկի է գալիս, համբուրում է պապիրուսի փաթույթը, մեկնում է արքային:
ԼԵՎՈՆ — (վերցնում, պահում է ձեռքում): Ինչպե՞ս է մեր բարի հարևան սուլթանը:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Փառք Ալլահին և փառք սուլթանին, որ կամոքն Ալլահի իշխում ու ծաղկեցնում է երկիրը:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ հրամայեց հայտնել:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Ամեն ինչ գրված է նամակում:
ԼԵՎՈՆ — Լավ, սպասիր:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Պատասխանի՞ն, արքա:
ԼԵՎՈՆ — Այո:
Սուրհանդակը խոնարհվում ու դուրս է գալիս:
ԼԵՎՈՆ — (բացում է փաթեթը, նայում գրերին և մեկնում է Նարբոնին): Դու վարժ ես նրանց գրի ու լեզվի մեջ, կարդա ու թարգմանիր:
ՆԱՐԲՈՆ — (վերցնում է փաթեթը, կարդում է նախ մտքում, հետո՝ բարձրաձայն): Սուլթանը ողջույն է հղում հայոց արքային և նրան արևշատություն է մաղթում: (Լռում է🙂
ԼԵՎՈՆ — (անհամբեր): Հետո՞:
ՆԱՐԲՈՆ — (կարդում է): Քո նախորդները չցանկացան բարեկամ լինել մեզ և մեզ վրա թշնամիներ բերեցին: Ուզեցին նրանց միջոցով ծնկի իջեցնել ու ոչնչացնել մեզ: Հայտնի է, թե ինչ եղավ: Եթե դու էլ նրանց գործը շարունակես, երկիրդ կավերենք ու կկործանենք, կհանենք մեր կոկորդում խրված այդ փուշը: Իսկ եթե ձեռք քաշես լատին տիրակալներից և ուզենաս հաշտ ապրել մեզ հետ, թող Ալլահի տված արևը քեզ էլ տաքացնի, մեզ էլ:
Դադար:
ԼԵՎՈՆ — Սպառնո՞ւմ է…
ՆԱՐԲՈՆ — Սպառնալիքը պոզով-պոչով չի լինում:
ԼԵՎՈՆ — (Լիպարիտին): Ի՞նչ ենք անելու:
ԼԻՊԱՐԻՏ — Իմ արքան գիտի, որ Սիսը եռապարիսպ է ու եռադարպաս, զորքերը պատրաստության են բերված, երկարատև պաշարման համար սնունդ ու ջուր է ամբարված, զինագործները գիշեր ու զօր աշխատում են, բայց…
ՆԱՐԲՈՆ — Ի՞նչ բայց, մենք կդիմադրենք, մինչև խաչակրաց ուժերը կհասնեն:
ԼԻՊԱՐԻՏ — (թերահավատ): Լավ կլինի, եթե քո ասածի պես լինի, բայց ես իմ փորձից գիտեմ:
ԼԵՎՈՆ — (խոժոռ): Ի՞նչ գիտես, գունդստաբլ:
ԼԻՊԱՐԻՏ — Գիտեմ, որ Պապն ու եվրոպացիները միայն խոստում տալ գիտեն: Կասեն՝ դիմացեք, գալիս ենք, բայց ո՛չ գումար կուղարկեն, ո՛չ զորք ու զենք, և մենք էլի մենակ կմնանք երկու քարի արանքում:
ՆԱՐԲՈՆ — Պապը և՛ հայերին է սիրում, և՛ հայոց արքային:
ԼԻՊԱՐԻՏ — Աստված տա, ես սուտ դուրս գամ, թող իմ մտածածի մեջ սխալ լինեմ, բայց երկիրը նորից թշնամու կրնկի տակ չընկնի:
ԼԵՎՈՆ — (Նարբոնին): Դու ի՞նչ ես առաջարկում:
ՆԱՐԲՈՆ — Սուլթանի հոխորտանքին ի պատասխան նույնքան ու ավելի խիստ պատասխան գրենք:
ԼԵՎՈՆ — Հը՜մ… Վերցրու գրիչը, թաթախիր մելանի մեջ ու գրիր:
Նարբոնը մոտենում է գրակալին, մագաղաթ պատրաստում, վերցնում է գրիչն ու սպասում:
ԼԵՎՈՆ — Եգիպտացվոց սուլթանին ողջույն և արևաշատություն: Մենք՝ Լևոն արքան հայոց, ստացանք գրությունդ: Մենք խաղաղություն ենք ուզում և ոչ թե պատերազմ: Աստված ձեզ ձեր հայրենիքն ու հողն է տվել, մեզ՝ մերը և պատվիրել է վայելել ու շենացնել: Մենք Քրիստոսով եղբայրներ ենք արևմուտքի թագավորների հետ, բայց ուզում ենք քեզ հետ էլ խաղաղ ու բարի հարևաններ լինել: Մենք ուզում ենք ձեզ հետ առևտուր անել: Թող Աստված պահի ու զորացնի իր բոլոր բարի զավակներին: (Լռում է🙂
ՆԱՐԲՈՆ — Հետո՞:
ԼԵՎՈՆ — Հետո՞: Լևոն Լուսինյան թագավոր Հայոց Կիլիկիո:
ՆԱՐԲՈՆ — (դժգոհ): Սուլթանը սպառնում էր ախր:
ԼԵՎՈՆ — Մենք մեր սուրը միշտ կտրուկ ու պատրաստ պիտի պահենք, բայց պատերազմ չպիտի բորբոքենք:
ՆԱՐԲՈՆ — Պապի զորքերը…
ԼԻՊԱՐԻՏ — (բորբոքված): Ո՞ւր են:
ԼԵՎՈՆ — Երբ Պապի ուղարկած զորքերը կգան, այն ժամանակ ուրիշ կլինի: Հիմա Պապն ինձ ընդամենը հիսուն ասպետ է տվել: Հա, մի նամակ էլ Պապին գրիր: Հայտնիր սուլթանի սուրհանդակի մասին, նկարագրիր երկրի վիճակը և ասա՝ թող փութան: Ասա՝ եթե ցանկանում եք, որ քրիստոնեության վերջին հենակետը չկորցնեք, շտապեք օգնության: Նորից Խաչակրաց արշավանք կազմակերպեք ընդդեմ մահմեդականների:
Նարբոնը գրում է:
ԼԻՊԱՐԻՏ — (անհամարձակ): Մի խնդրանք ունեմ, արքա:
ԼԵՎՈՆ — Ասա, գունդստաբլ:
ԼԻՊԱՐԻՏ — Խոսքս Գաբաղի մասին է, արքա: Լավ կլինի, որ քո բարեկամներին թշնամի չդարձնես քեզ:
ԼԵՎՈՆ — (դժգոհ): Նա խելքի չի գալիս: Գահի հավակնորդ է: Ցույց չի տալիս, բայց ատում է ինձ: Ապացուցել չեմ կարող, բայց վստահ եմ, որ գանձարանի մի մասը տակովն է արել: Չար լեզուներն ասում են՝ նա է կանգնած եղել մեր դեմ կատարված մահափորձերի ետևում:
ԼԻՊԱՐԻՏ — Արքա, Գաբաղը հավատարիմ է հայոց երկրին ու արքային, տվել է՝ ինչ կա: Մարիամ իշխանուհին չի սիրում նրան և ամբաստանել է… Իսկ նրա ոչ մի հանցանքն ապացուցված չէ: Գաբաղը ծեր է և արդեն զնդանում է վեց ամիս: Նա դեռ օգուտ կարող է բերել քեզ: Գաբաղը հմուտ դիվանագետ է:
ԼԵՎՈՆ — (սառը ձայնով): Կմտածենք դեռ: Կարող ես գնալ:
Լիպարիտը գլուխ է տալիս ու հեռանում:
ԼԵՎՈՆ — Սենեկապե՛տ: (Ներս է մտնում սենեկապետը🙂 Կանչիր սուլթանի սուրհանդակին:
Ներս է մտնում սուրհանդակը:
ԼԵՎՈՆ — (նրան մեկնելով մագաղաթի փաթույթը): Բարի ճանապարհ:
ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Արքան ուրիշ բան չունի՞ հայտնելու:
ԼԵՎՈՆ — Ասա՝ Հայոց երկիրը և հայոց արքան բարեկամություն և խաղաղություն են ուզում:
Սուրհանդակը խոնարհվում ու դուրս է գալիս:
ՆԱՐԲՈՆ — (ավարտել է նամակը, մեկնում է Լևոնին): Հրամեցեք, արքա:
ԼԵՎՈՆ — (վերցնում, կարդում է մտքում): Ավելացրու, որ օգնություն է պետք: Դրամ, և հատկապես զորք: Գրիր՝ առանց իրենց օգնության երկիրը չի դիմանա: (Նարբոնը ավելացնում է ասվածը, նայում սպասողական🙂 Ուղարկիր փութով:
ՏԵՍԱՐԱՆ 11
Սսի նույն պարսպի վրա կանգնած է Թորոսը: Գալիս է Լիպարիտը: Թորոսը ձգվում է ու ձայն տալիս:
ԹՈՐՈՍ — Պահախումբ, զգա՛ստ: (Մոտենում է սպարապետին🙂 Ամեն ինչ կարգին է, տեր գունդստաբլ: Այս ընթացքում Ավագ դարպասից երկու ձիավոր է դուրս եկել, հավանաբար, սուրհանդակներ, եթե չհաշվենք ներսուդուրս անող ժողովրդին:
ԼԻՊԱՐԻՏ — Թորոս բերդապահ, բերդն ավելի պիտի ամրացնենք:
ԹՈՐՈՍ — Ուրիշ էլ ի՞նչ անենք:
ԼԻՊԱՐԻՏ — Ներսի աղբյուրներին ու ջրմուղին առավել ուշադիր եղիր, ջրամբարը մի անգամ էլ ստուգիր անձամբ, պահեստները… Զինագործների թիվն ավելացրու:
ԹՈՐՈՍ — Վտանգը ստո՞ւյգ է:
ԼԻՊԱՐԻՏ — Առավել քան ստույգ:
ԹՈՐՈՍ — (սրտնեղ): Տեսնես ինչո՞ւ է այսպես:
ԼԻՊԱՐԻՏ — Մի զարմացիր, Թորոս, մենք թագավորների երկիր ենք: Ամեն հայ թագավոր է համարում իրեն: Չե՞ս հավատում, հարցրու էն սարի վրա ոչխար արածացնող հովվին և կասի՝ թագավորը սխալ է կառավարում: Քո հասարակ զինվորին հարցրու, թե անկեղծանա, կասի՝ բերդապահն ու սպարապետն այս ու այն բանը սխալ են անում:
ԹՈՐՈՍ — (ծիծաղելով): Ախր էս ժողովուրդն ի՞նչ մեղավոր է, որ Աստված իրեն խելացի է ստեղծել:
ԼԻՊԱՐԻՏ — Խելացին՝ խելացի, բայց ամեն մարդ իր գործը պիտի անի ու լավ անի: Մենք մեր ունեցածը չենք գնահատում, մերոնց հետ թշնամու պես ենք վարվում ու թշնամու բերան ենք տալիս:
ԹՈՐՈՍ — Լավ, բա մենք իսկի լավ բան չունե՞նք:
ԼԻՊԱՐԻՏ — Ունենք, չենք գնահատում: Մերը պահելու փոխարեն ուրիշից ենք թագ ու թագավոր խնդրում: Ուրիշի տվածն էլ էս է: Ձեր աչքին միշտ ուրիշի աքաղաղը ձեր արծվից քաջ է թվացել:
ԹՈՐՈՍ — Է՛, զորավար, ասում ես՝ ամեն մեկս մեր տեղում… (Ցույց է տալիս կրծքավանդակի սպին🙂 Էս կուրծքը քանի՞ անգամ եմ թշնամուն դեմ տվել… Մարդ չգիտի՝ ի՞նչ կա մեր երկրի մեջ, որ շնաճանճի նման վրա են տալիս:
ԼԻՊԱՐԻՏ — Քաջությանդ մասին վաղուց գիտեմ, սպիդ չպիտի տեսնեմ, որ իմանամ: Ասում ես՝ ինչո՞ւ: Անմիաբան ենք: Մեզ ու մեր եկեղեցին մեկ Բյուզանդիայի գիրկն ենք նետում, մեկ՝ Հռոմի Պապի, ունիթոր ու հակաունիթոր ենք խաղում, Քաղկեդոնի որոշումներն ընդունում ենք ու մերժում: Աշխարհին ձեն ենք տալիս. «Էկե՛ք, մեր երկրում գործ արե՛ք: Մեր երկիրը լավն է»: Մարդիկ գալիս, մտնում են ներս, կամաց-կամաց տեղավորվում ու սկսում են իրենց տեր զգալ:
ԹՈՐՈՍ — Չգիտեմ, տեր սպարապետ, չգիտեմ, ես մի հասարակ զինվոր եմ:
ԼԻՊԱՐԻՏ — (ծիծաղում է): Լավ է, գոնե մեկը գտնվեց, որ այդ բաները չգիտի: (Տեղից ելնելով🙂 Մարդկանց բան չասես, բայց զգաստ եղիր, պետք չէ խուճապ աճեցնել, բայց հույսդ լատին ասպետների վրա չդնես: Նրանց էլ հանձնարարություն տուր սովորականի նման, բայց… (Հասկացնում է՝ «Չվստահես»: Գնում է:)
ՏԵՍԱՐԱՆ 12
Սենյակ: Պատի տակ թախտն է, պատից կախված կարպետի վրա զենքեր են, կենդանիների եղջյուրներ ու որսորդության պարագաներ: Լիպարիտը պառկած է թախտին: Կողքին սուրն է, աղեղը, կապարճը: Զարմանդուխտը ներս է մտնում, ծածկոց է գցում ամուսնու մեջքին: Լիպարիտը անսպասելի գրկում է կնոջը:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Օ՛յ, վախեցրիր:
ԼԻՊԱՐԻՏ — Բա ասում ես՝ քա՛ջ եմ:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Քաջը դու ես, ես հասարակ ու սովորական կին եմ: (Ափսոսանքով:) Արթնացրի… Քանի՞ գիշեր չես քնել:
ԼԻՊԱՐԻՏ — Այսքանն էլ բավ էր: Ասում եմ…
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Ի՞նչ…
ԼԻՊԱՐԻՏ — Ասում եմ` Սարգսին ու Աշխենին վերցնես, որոշ ժամանակով գնաս Կիպրոս:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Ինչո՞ւ:
ԼԻՊԱՐԻՏ — Ըը… Կիպրոսում ավելի լավ չէ՞:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Լավ է, երբ դու մեզ հետ ես: (Խաղացկուն:) Դու ինչո՞ւ չես գալիս:
ԼԻՊԱՐԻՏ — Ես… Ես ինչպե՞ս գամ:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Դու ստել չգիտես, ասա, ի՞նչ կա:
ԼԻՊԱՐԻՏ — Կարող է Սիսը պաշարվի նորեն:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Հաստա՞տ է:
ԼԻՊԱՐԻՏ — Հաստատ չէ, ես եմ այդպես կարծում:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Պատերազմի ժամանակ զինվորի համար ամենակարևորն ի՞նչն է: Թիկունքը: Իմ էրիկն ինձ սովորեցրել է, որ զինվորի թիկունքն ամուր պիտի լինի: Ո՞վ է Հայոց սպարապետի թիկունքը: Նրա զավակներն ու կինը… Ասա, ինչո՞ւ է այդպես լինում: Մի թշնամուն հաղթում ենք, մյուսն է գալիս: Աստված ինչո՞ւ է երես դարձնում մեզնից:
ԼԻՊԱՐԻՏ- Հայրենիքը, թագավորությունը Աստված է տալիս մարդուն, տալիս է, որ պաշտպանենք, խնամենք, ուրիշին չտանք: Եթե չես պաշտպանում, եթե լա՛վ չես պաշտպանում, ուրիշն առնում է ձեռքիցդ: Ինչո՞ւ: Աստված էլ չի սիրում իր ունեցածը չպաշտպանող մարդուն: Աստված էլ չի սիրում իր հայրենիքը չսիրողին:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Մենք չե՞նք սիրել:
ԼԻՊԱՐԻՏ — Լավ չենք սիրել, բավարար չափով չենք սիրել:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Սիրելն էլ ո՞նց է լինում:
ԼԻՊԱՐԻՏ — Թագավորը պիտի սիրի, իշխանը պիտի սիրի, մտավորը, հոգևորը, հողվորը, հովիվը… բոլորը պիտի միակամ ու միասնական լինեն էդ սիրո մեջ, որ հայրենիք ունենան, որ շեն ու բարվոք երկիր ունենան:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Դու երբեք չես փիլիսոփայել:
ԼԻՊԱՐԻՏ — Հիմա էլ չեմ փիլիսոփայում: Ասում եմ երկար ժամանակ մտածածս: Առանց հողվորի հողն ի՞նչ է` հայրենի՞ք է, թե՞ չէ: Առանց նավաստի ծովն ի՞նչ է` հայրենի՞ք է, առանց բերդապահի բերդն ի՞նչ է՝ հայրենի՞ք է: Հաստատ՝ չէ: Հայրենիքն էդ երկուսի միասնությունն է, իսկ խելացի թագավորը ծառան է իր ժողովրդի:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — (քմծիծաղով): Չէ՛ մի, թագավորները վայելելու համար են գալիս:
ԼԻՊԱՐԻՏ — Եթե թագավորի ականջը չի լսում վար անողի հորովելը և չի տխրում, որ վար ու ցանք չկա, լավ չէ: Եթե արտում հորովել չկա, սարի լանջին նստած հովվի սրինգի ձայն չկա, մեղավորը թագավորն է, իշխանը, զորականը: (Սթափվում է:) Ասենք, ի՞նչ եմ խոսում, քեզ մի անգամ էլ գրկելու փոխարեն խոսում եմ երկար-բարակ: (Գրկում է կնոջը, սեղմում կրծքին ու բաց է թողնում:) Ո՞ւր են զենքերս: Ես գնամ պիտի:
ՏԵՍԱՐԱՆ 13
Սենյակի պատերին տարբեր տեսակի թիրախներ են կպցրած, մեջտեղում՝ մարդակերպ, ծղոտով լի, իր առանցքի շուրջ պտտվող պարկ է: Լևոն արքան մարզվում է:
Համարյա վազքով ներս է մտնում սենեկապետը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Իմ արքա, ներիր խանգարելուս համար, բայց չէի կարող…
ԼԵՎՈՆ — (դադարեցնում է սուսերամարտը): Ի՞նչ է եղել…
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Գո՛ւյժ…
ԼԵՎՈՆ — (մի կողմ դնելով սուսերը): Ի՞նչ գույժ:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Պապի մոտ աճապարող մեր սուրհանդակն ընկել է եգիպտացվոց ձեռքը: Հայտնի է դարձել մեր երկդիմի խաղը և սուլթանի զորավար Աբու Բաքրը դա առիթ դարձնելով՝ զորքով շարժվում է դեպի Սիս:
ԼԵՎՈՆ — (դադարից հետո): Լուրը ստո՞ւյգ է:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Առավել քան ստույգ: Թշնամու զորքը ափ է դուրս եկել ու շարժվում է դեպի Սիս: Երեք օրից կհայտնվի պարիսպների տակ:
ԼԵՎՈՆ — Արքունի խորհուրդ հրավիրիր, կանչիր նաև Գաբաղին:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — (կասկածանքով): Բանտից հանե՞լ տամ:
ԼԵՎՈՆ — Այո, կանչիր բոլորին և որքան հնարավոր է՝ շուտ:
Սենեկապետը գնում է:
ԼԵՎՈՆ — Սպասվածից ավելի արագ եղավ: Մեն ու մենակ ես, թագավոր Հայոց, առանց դաշնակիցների, սակավաթիվ զորքով: Ի՞նչ պիտի անենք… Դիմադրենք պիտի, որքան հնարավոր լինի:
Գահադահլիճում նստած են կաթողիկոսը, Նարբոնի եպիսկոպոսը, Մարիամ պայլուհին, Լիպարիտը, Գաբաղը: Լևոնը ներս է գալիս, նստում գահին:
ԼԵՎՈՆ — Ողջույն աշխարհիկ և հոգևոր իշխանաց:
Պատասխանում են ոչ միաձայն:
— Ողջույն, արքա:
— Ողջույն թագավորին հայոց:
ԼԵՎՈՆ — Պապի մոտ աճապարող մեր սուրհանդակն ընկել է ղպտացվոց ձեռքը: Հայտնի է դարձել, որ մենք Պապից օգնություն ենք խնդրում և առաջարկում ենք նոր Խաչակրաց արշավանք կազմակերպել: Դա առիթ դարձնելով՝ սուլթանը արշավանք է սկսել մեր երկրի դեմ: Ի՞նչ ենք անելու:
ԼԻՊԱՐԻՏ — Ստո՞ւյգ է լուրը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Երեք տարբեր սուրհանդակներ նույն բանն են հաղորդել:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ ենք անելու:
ՄԱՐԻԱՄ — Մի այլ սուրհանդակ ուղարկենք Պապին:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Էլի՞ սուրհանդակ: Չհամոզվեցի՞ք, որ Պապը խոստումից բացի ուրիշ բան չի տա: Արժե՞ մեկ անգամ էլ ձեռքը մրջնաբույնը մտցնել: Արժե՞ ավելի գրգռել մեր թշնամուն:
ՆԱՐԲՈՆ — Պապը սիրում է հայոց Կիլիկիան, անպայման կօգնի:
ԼԻՊԱՐԻՏ — (կրքոտ): Ե՞րբ, արդեն ո՞րերորդ անգամ են խաբում:
ԼԵՎՈՆ — Եթե Պապը նույնիսկ հենց հիմա զորք ուղարկի, ավելի ուշ կհասնի, քան սուլթանի զորքը, մանավանդ, որ սուլթանին օգնության է շտապում Հալեպի ամիրա Մալիքը:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (լացակումած): Չե՛նք դիմանա:
ՄԱՐԻԱՄ — (խեթում է նրան): Եթե կնաբարո վարք ունենանք, չենք դիմանա:
ԼԻՊԱՐԻՏ — Իմ զինվորները կազմ ու պատրաստ են և նրանց մեջ չկա կնաբարո մեկը: Պահեստները լիքն են, զինագործներն աշխատում են զօր ու գիշեր, Սիսը ամուր ու անառ է, բայց…
ԼԵՎՈՆ — Ի՞նչ բայց:
ԼԻՊԱՐԻՏ — Նույնիսկ այդ դեպքում ամրոցը կարող է դիմանալ հինգ, ամենաշատը՝ վեց ամիս:
ԼԵՎՈՆ — Իսկ ի՞նչ կասի Գաբաղ պայլը:
ԳԱԲԱՂ — (գունատ դեմքին անհասկանալի ժպիտ խաղացնելով): Իմ կարծիքով, առանց պատերազմ սկսելու հաշտություն կնքելը ճիշտ է:
ՄԱՐԻԱՄ — Էլի սկսեց կռռալ: Լավ չէ՞ր՝ բանտում էր:
ԳԱԲԱՂ — Բոլորս գիտենք, որ մեզ ոչ ոք օգնության չի հասնի, իսկ մեր բերդապահ զորքը, որքան էլ քաջ լինի…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Մի՞թե ուրիշ հնար չկա:
ԳԱԲԱՂ — (նույն ժպիտով): Կա մի բարակ թել, բայց դա էլ հուսալի չի թվում ինձ:
ԼԵՎՈՆ — (հույսով): Ի՞նչ թել:
ԳԱԲԱՂ — Կահիրեում ապրող Աշոտ Նզրեցին, որ հավատափոխ է թեև, բայց հայ է վերջիվերջո:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (դժգոհ): Եթե մարդը դավաճանել է Քրիստոսին…
ԳԱԲԱՂ — Ի՞նչ անենք, հայ չէ՞: Ասում են՝ հարգանք ունի սուլթանի պալատում, կանգնում է սուլթանի առաջ: Գուցե միջամտի ու սուլթանը հաշտության մեղմ պայմաննե՞ր դնի:
ԼԵՎՈՆ — Անիրական բան է:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — (ցածրաձայն): Ինչո՞ւ այսպես եղավ:
ԳԱԲԱՂ — (զայրացած): Որովետև հույսներդ ձեր վրա դնելու փոխարեն էլի Պապի փեշերից կախվեցիք, իրար հասկանալու, հաշտվելու, միաբանվելու փոխարեն իրար բզկտեցիք, թշնամու դեմ պայքարելու տեղակ իրար կերաք, իսկական թշնամուն թողած՝ ձեր մեջ թշնամի գտաք ու իրար հոշոտեցիք… Ունիթորնե՛ր, հակաունիթորնե՛ր… Էլի՞ շարունակեմ: Նորից սկսեցիք երկու լարի վրա խաղալ՝ Եգիպտոսի ու լատինների միջև խուսանավելով: Ես առաջարկում եմ արյունից խուսափել ու հանձնվել՝ աննկատ հզորանալ, սպասել հարմար առիթի պատասխան հարված հասցնելու համար:
ԼԵՎՈՆ — Ինչպես երևում է, բանտն էլ խելքի չի բերել քեզ: Էլի՞ շղթա զարկենք…
ԳԱԲԱՂ — (հանգիստ ու սառը): Զարկեք, եթե ուզում եք, շուտով դուք էլ եք բանտարկյալ դառնալու: Ի՞նչ տարբերություն՝ բանտը խո՞ւց է, թե՞ Սսի ամրոցը:
ԼԵՎՈՆ — (ձեռքով նշան է անում, որ Գաբաղը լռի: Լիպարիտին): Տեր գունդստաբլ, Սիս քաղաքի բնակչությանը նախապատրաստեք, որ միջնաբերդ տեղափոխվեն, պատրաստ եղեք քաղաքն այրելու: Թշնամուն մոխիր ու փոշի պիտի թողնենք: Թող պատրաստ լինեն կուպր հալեցնելու խարույկները, որ թշնամու գլխին եռման ձյութ լցնենք: Բավարար քանակությամբ քար կուտակեք պարիսպների վրա, որ նետենք գրոհողների վրա:
ՆԱՐԲՈՆ — Պատասխանատու տեղերում ֆրանկ ասպետներին կանգնեցրեք:
ԼԻՊԱՐԻՏ — Թորոս բերդապահի նույնիսկ ամենաերկչոտ զինվորին չեմ փոխի ֆրանկների հրամանատարի հետ:
ԼԵՎՈՆ — Տեր սենեսկալ, շարունակիր հետախուզել թշնամու ամեն մի քայլը: (Նարբոնին.) Իսկ դու, քանի դեռ թշնամին չի հասել Սիս, ավելի ճարպիկ սուրհանդակ ուղարկիր Վատիկան: (Դիմում է ներկաներին:) Կդիմադրենք որքան հնարավոր է երկար: Հայոց արքան առանց կռվի չի հանձնի Սիս քաղաքն ու նրա բերդը: (Բոլորին գնալու նշան է անում:)
Սենեկապետը կանգ է առնում:
ԼԵՎՈՆ — Հը՞…
ՍԵՆԵԿԱՊԵՏ — (շշուկով): Տեր արքա, Գաբաղին էլի զնդա՞ն ուղարկեմ, թե՞…
ԼԵՎՈՆ — Թող ազատ մնա, բայց քո մարդիկ թող աննկատ հսկեն նրան:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Հրամանքդ:
ՏԵՍԱՐԱՆ 14
Բերդի պարսպի մոտ: Գաղտնամուտքի մոտ պահակ են կանգնած Կորյունն ու Սանուկը:
ԿՈՐՅՈՒՆ — Թորոսն ո՞ւր գնաց:
ՍԱՆՈՒԿ — Ի՞նչ իմանամ: Մի Թորոս, մի բերդ: Հազար գործ ունի, նույնիսկ չի հասցնում մի քանի ժամ քնել: Ուտել չի հասցնում:
ԿՈՐՅՈՒՆ — Ախր դու չգիտես, թե նա բերդապահի պարտականությունից բացի ինչ ծանր բեռ ունի ուսերին:
ՍԱՆՈՒԿ — Ի՞նչ:
ԿՈՐՅՈՒՆ — Դավաճաններին պատժելու գաղտնի առաքելություն:
ՍԱՆՈՒԿ — Հո չասացի՞ր… բոլորս էլ դավաճաններին պատժող ենք:
ԿՈՐՅՈՒՆ — Հա, բայց նրանը ժառանգական է: Հին, շատ հին ժամանակներում նրա ապուպապը, որի անունն էլի Թորոս է եղել, պատժել է հույն Մանդալե եղբայրներին: Գիտե՞ս՝ ինչի:
ՍԱՆՈՒԿ — Ինչի՞:
ԿՈՐՅՈՒՆ — Նրանք ժամանակին շատ են նեղել հայոց Գագիկ թագավորին, որն Անիից բյուզանդական կայսրի ձեռքով աքսորվել էր Պիզու, իր կամքից անկախ դարձել հույներին հարևան: Նրանց թշնամանքը շատ էր խորացել… Չերկարացնեմ: Այդ Թորոսն, ուրեմն, սպանել էր Գագիկ արքային սպանած Մանդալեներին:
ՍԱՆՈՒԿ — Է հետո՞:
ԿՈՐՅՈՒՆ — Էդ ժամանակից ի վեր նրանց տոհմի մեջ միշտ լինում է մեկը, որ վրեժ է լուծում ոչ միայն հայի թշնամիներից, այլև հենց Հայոց երկրում գլուխ բարձրացնող դավաճաններից:
ՍԱՆՈՒԿ — Հիմա էդ մեկը Թորո՞սն է:
ԿՈՐՅՈՒՆ — Որ ասում եմ՝ շուտ ես գլխի ընկնո՞ւմ…
Գետնուղուց աղմուկ է լսվում: Սանուկը կանգնում է մուտքի մոտ, բարձրացնում սուրը: Առնակը փաթթոցավոր գլուխը հանում է դուրս, նայում աջուձախ: Սանուկը սուրը դնում է նրա պարանոցին: Առնակը փորձում է ճողոպրել:
ՍԱՆՈՒԿ — (դուրս քաշում, շպրտում է գետնին): Արի, է՛, ի՞նչ ես ձևեր թափում, փաթթոցավոր շուն: Գաղտնի մուտքի տեղը որտեղի՞ց գիտես:
ԿՈՐՅՈՒՆ — (սաստելով Սանուկին): Սպասիր, տեսնենք ո՞վ է:
ՍԱՆՈՒԿ — Չե՞ս տեսնում, թլփատված շուն է:
Կորյունը սուլում է:
1-ին ԶԻՆՎՈՐ – Ի՞նչ է:
ԿՈՐՅՈՒՆ — Ո՞ւր է Թորոսը:
1-ին ԶԻՆՎՈՐ — Թորոսը` չգիտեմ, բայց գունդստաբլը դիրքերն է ստուգում: Ձեր կողմն է գալիս:
ՍԱՆՈՒԿ — (սուրը դնում է Առնակի կրծքին): Ո՞վ ես, էս մուտքի տեղը որտեղի՞ց գիտես:
ԱՌՆԱԿ — Սուրդ ետ քաշի, քիթս կկտրես:
ԿՈՐՅՈՒՆ — Ինչ էլ մաքուր է խոսում հայերեն: Հարցիս չպատասխանեցիր:
ԱՌՆԱԿ — Մուտքը որտեղի՞ց գիտեմ՝ որտեղից որ դու գիտես: Ո՞վ եմ՝ Առնակն եմ, Չալաք Առնակը:
ՍԱՆՈՒԿ — Այ կռտած խոզ, հիմի էլ հա՞յ ես ձևանում:
ԱՌՆԱԿ — Դե հերիք եղավ… Չե՞ք տեսնում, որ հայ եմ:
ԿՈՐՅՈՒՆ — Եթե հայ ես, ինչո՞ւ ես գաղտնի, թշնամու նման գալիս:
Գալիս է գունդստաբլը զինվորների հետ:
ԿՈՐՅՈՒՆ — (զեկուցում է): Գաղտնամուտքից դուրս գալուց ենք բռնել, տեր գունդստաբլ:
ԼԻՊԱՐԻՏ — Առնա՞կ… (Սանուկին.) Սուրդ ետ քաշիր: (Առնակին բարձրացնում է գետնից🙂 Է՞…
ԱՌՆԱԿ — (ծիծաղելով): Որտեղ ասես եղա, տեր սպարապետ, բայց սրանց նման վայրենի չտեսա: Քիչ էր մնում սպանեին:
ԼԻՊԱՐԻՏ — Պատմիր, տեսնեմ:
Առնակը հասկացնում է, որ չի ուզում նրանց ներկայությամբ պատմել:
ԼԻՊԱՐԻՏ — (զինվորներին հեռանալու նշան է անում): Պատմի՛ր:
Զինվորները հեռանում են:
ԱՌՆԱԿ — Թշնամու ափ իջնելուց ի վեր հետևում եմ: Շատ են, տեր սպարապետ, շա՛տ: Ասենք, արդեն դու էլ ես տեսնում պարիսպների վրայից:
ԼԻՊԱՐԻՏ — Լա՞վ են զինված:
ԱՌՆԱԿ — Զինված են շատ լավ, բայց հատկապես պարսպակործան մեքենաներն են շատ:
ԼԻՊԱՐԻՏ — Բաբան շա՞տ ունեն, քարանետ մեքենա՞…
ԱՌՆԱԿ — Շա՛տ-շատ:
ԼԻՊԱՐԻՏ — Քաղցա՞ծ ես, հոգնա՞ծ…
ԱՌՆԱԿ – Հա, բայց ավելի շատ քնել եմ ուզում: Չեմ քնել երեք գիշեր:
ԼԻՊԱՐԻՏ — Հնարավո՞ր է ոչնչացնել տեխնիկան:
ԱՌՆԱԿ — Անհնար ի՞նչ կա աշխարհում: Եթե հրամայես…
ԼԻՊԱՐԻՏ — Հետդ ո՞ւմ տանես:
ԱՌՆԱԿ — Ոչ ոքի, տեր իմ: Ինքս կանեմ դրսի դետքերի հետ: (Կորյունին ու Սանուկին մատնացույց անելով:) Սրանց թեկուզ հարյուր անգամ թլփատես, հազար ասպարեզ հեռվից էլ իրենց կմատնեն: Ես իմ մարդիկն ունեմ:
ԼԻՊԱՐԻՏ — Ուրեմն հանգստացիր ու ետ դարձիր եկածդ ճամփով: Ես շատ եմ ուզում խարույկի կրակ տեսնել:
ԱՌՆԱԿ — Հրամանքդ, տեր:
ԼԻՊԱՐԻՏ – Տես, հա՛, զգույշ կլինես:
ԱՌՆԱԿ — Հո իզուր չէ, որ ինձ ճապուկ ու ճարպիկ անունն են տվել ու չալաք են կոչում: Թող իմ զորավարը հանգիստ լինի:
ՏԵՍԱՐԱՆ 15
Սիս քաղաքի միջնաբերդի եկեղեցին: Տագնապով հնչում են զանգերը: Կաթողիկոսը խորանի առաջ աղոթում է:
Ներս է մտնում Գաբաղը, խաչակնքվում է, կանգնում է կաթողիկոսից մի քանի քայլ ետ:
Կաթողիկոսն ավարտում է աղոթքը, շրջվում ու տեսնում է Գաբաղին:
ԳԱԲԱՂ — (մոտենում, խոնարհվում է նրա աջին): Կհարցնես՝ Գաբաղն ինչո՞ւ է բարեպաշտ դարձել ու եկել է եկեղեցի:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Եկեղեցին Աստծո տունն է և Տիրոջ սրտի նման բաց է ամեն մարդու առաջ:
ԳԱԲԱՂ — (մտահոգ): Քաղաքում մարդ չմնաց, Վեհափառ: Ով թշնամու զենքից ու քարանետներից չի մեռնում, մեռնում է սովից: Ի՞նչ անենք:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Համբերենք: Մեր Տերն ասում է. «Ով համբերե, նա իսպառ կեցցե»:
ԳԱԲԱՂ — Թողնենք՝ բոլորը մեռնե՞ն: Ո՞ւմ համար լավ կլինի` թագավորի՞, եկեղեցո՞ւ, հայրենիքի՞… Ո՞ւմ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Հապա ի՞նչ անենք: Ես աղոթում եմ գիշեր ու զօր:
ԳԱԲԱՂ — (զգուշորեն): Ասում եմ՝ պատվիրակ ուղարկենք, հանձնվենք:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (խայթվածի պես ընկրկում է): Դավաճանե՞նք թագավորին…
ԳԱԲԱՂ — Ժողովրդին փրկելը դավաճանությո՞ւն է:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Կփրկե՞նք որ…
ԳԱԲԱՂ — Եթե նույնիսկ մի մարդու կյանք փրկենք թշնամու սրից, էլի վարձք է: (Մոտենում է նրա ականջին, կիսաձայն🙂 Ասում եմ, դեսպան ուղարկենք Հալեպի ամիրայի մոտ, խոստանանք բերդն իրեն հանձնել և ոչ թե Եգիպտոսի մամլուքներին:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (լռում է երկար): Վրե՞ժ ես լուծում թագավորից:
ԳԱԲԱՂ — Գիտես, որ նրան չսիրելու պատճառներ ունեմ, գիտես, որ նրանից վրեժ լուծելու պատճառներ էլ կան, բայց այս պայմաններում… Հիմա դրա ժամը չէ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Իսկ թագավորի թիկունքում գործելը վրեժ լուժել չէ՞ միթե:
ԳԱԲԱՂ — (ցավով): Ախր բերդում մարդ չի մնացել, ամեն օր մարդիկ են մեռնում թշնամու զարկից ու սովից: Ասենք, մի քանի հարյուր հոգի ավել մեռավ, դրանից ի՞նչ օգուտ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (դադարից հետո): Պայմա՞նը…
ԳԱԲԱՂ — Թե արդարն ասեմ, պայման դնել չենք կարող, բայց գոնե մի պայման առաջարկենք՝ թող չկոտորեն ու չգերեվարեն ողջ մնացածներին: Թե չէ հանձնելու բան էլ չի մնացել: Քաղաքն ավերակ է, մարդիկ…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (խաչակնքվելով): Թող Տիրոջ կամքը լինի:
ԳԱԲԱՂ — (սևեռուն նայում է կաթողիկոսին): Վեհափա՛ռ…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ասա, Գաբաղ:
ԳԱԲԱՂ — Ուզում եմ մեղքերս խոստովանել: Ո՞վ գիտե, գուցե թե վերջին անգամ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — (վերցնում է խաչը): Կրկնիր իմ հետևից:
Գաբաղը ծնկի է իջնում:
- Մեղա Ամենասուրբ Երրորդությանը…
Զանգերի ղողանջն ուժգնանում է, Գաբաղի ձայնը լսվում է ընդհատումներով:
- Մեղա խորհրդով, բանիվ և գործով, կամա և ակամա…
Գաբաղը խոստովանելուց հետո ոտքի է կանգնում, համբուրում խաչը: Կաթողիկոսը աղոթք է շշնջում:
ԳԱԲԱՂ — (վեհերոտ): Մի բան էլ կա, Վեհափառ, բայց դա մեղք չեմ համարում, սակայն պարտավոր եմ քեզ ասել: Ի՞նչ իմանամ, գուցե թե ողջ չմնամ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Կամքը քոնն է:
ԳԱԲԱՂ — Արքան ինձ իրավացի էր ձերբակալել:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Այսի՞նքն…
ԳԱԲԱՂ — Ես եմ մահափորձ կազմակերպել: Գանձերն էլ լրիվ չեմ հանձնել նրան, մի մասը պահել եմ, բայց ոչ ինձ համար: Գիտես, ես ոչ ոք չունեմ: Պահել եմ ազգի համար:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Մեկնիր միտքդ, իշխան, լավ չեմ հասկանում:
ԳԱԲԱՂ — Ախր, եթե արքային տայի, մի մասը պիտի իր պարտքերի տեղակ տար, մյուս մասն էլ թշնամու բաժին պիտի դառնար: Ազգի հարստությունը ազգին պիտի ծառայի: Դրա համար էլ պահել եմ:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Որ ի՞նչ…
ԳԱԲԱՂ — Այս արքան պարտվել է, չէ՞: Արդեն հայտնի է, որ պարտվել է: Կգա մի նոր թագավոր, նախնյաց գանձերը կօգտագործի երկրի բարիքի համար: Թագավորները գալիս ու գնում են, երկիրը մնում է: Հայոց ազգը պիտի ապրի մինչև աշխարհի վախճանը… Ո՞ւմ տեսիլքն է եղել:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Սահակ Պարթևի: Հիմա ի՞նչ ես ուզում անել:
ԳԱԲԱՂ — Հիմա քեզ եմ ասում գանձերի տեղը: Գուցե թե զոհվեմ, ինձ սպանեն, գերեվարեն: Դու հոգևորական ես, քեզ ձեռք չեն տա:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Թող կամքը լինի Բարձրյալի:
ԳԱԲԱՂ — Տեղը միայն քեզ եմ ասում: (Ականջին փսփսում է:)
Դրսից աղմուկ է լսվում. ամբոխի ձայնը, քարանետ մեքենաների արձակած քարե արկերի բամփյուն, աղեղնալարերի ճայթյուն և պատանեկան զիլ ձայն.
— Սպարապետն սպանվե՛լ է, արքան՝ վիրավորվե՛լ…
Տղամարդու բամբ ձայն.
— Ստո՞ւյգ է լուրը:
Պատանու ձայնը.
— Ստույգից ստույգ, ահա բերում են սպարապետի մարմինը և վիրավոր արքային…
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Սուրհանդակի հարցում աճապարել է հարկավոր:
Գաբաղը համաձայնության նշան է անում, դուրս է գալիս:
Զինվորները եկեղեցի են բերում սպարապետի մարմինը պատգարակի վրա: Կողքին սուրն է, կրծքին՝ վահանը:
Գալիս են նաև Թորոսն ու արքան: Արքայի ծնոտը կապված է, արյունը դուրս է տվել վիրակապից:
ԿԱԹՈՂԻԿՈՍ — Ինչպե՞ս պատահեց, արքա…
ԹՈՐՈՍ — Արքան պարսպի դիրքերում էր, թշնամու արձակած պարսաքարի բեկորը հարվածեց ծնոտին, երեք ատամ է կորցրել և շատ արյուն:
ԳԱԲԱՂ — Իսկ սպարապե՞տը…
ԹՈՐՈՍ — Կռվում էր քաջաբար, նետն առավ սրտին… (Ծանր դադարից հետո:) Զորքն ուզում է, որ հայրենիքի համար կյանքը տված զորավարի մարմինն ամփոփվի տաճարի գավթում՝ Տիրոջ ոտքերի մոտ:
Ներս է գալիս Զարմանդուխտը, մազերն արձակ, վշտից խելագար:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Ո՞ւր է իմ զարկված արծիվը, ի՞նչ նետ է նրան վար բերել երկնքից… (Ծնկում է դիակի մոտ, հեկեկում🙂 Դու սիրում էիր, որ մազերս փռեմ քեզ վրա, եկել եմ, զարթնիր… Արծիվ իմ, արծիվ, ինչո՞ւ ինձ անթև թողեցիր, իսկ հայրենի երկինքն՝ անպաշտպան…
Ներս են գալիս Մարգարիտ թագուհին, թագավորամայր Աննան, Մարիամ իշխանուհին: Գալիս է Գաբաղը, մոտենում է կաթողիկոսին, գլխով հաստատական նշան անում:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — (կանգնում է): Իմ էրիկի թուրը ծանր է ինձ համար, նիզակը՝ երկար, սաղավարտը մեծ է գլխիս, որդիս փոքր է տակավին, որ հոր վրեժն առնի: Ինձ զենք տուր, Թորոս բերդապահ:
ԹՈՐՈՍ — Լիպարիտը չկա, բայց Հայոց երկրի տղամարդիկ չեն մեռել տակավին: Մենք կանք ու վրեժ կլուծենք:
ԶԱՐՄԱՆԴՈՒԽՏ — Դուք ձեր տեղում, ես՝ իմ… Ինձ զե՛նք տվեք: Երբ արուն զոհվում է, էգը չի՞ պաշտպանում իր բույնը, արքա: Հրամայիր, որ ինձ զենք ու զրահ տան:
Լևոնը նշան է անում Թորոսին, նա դուրս է գնում, նրան հետևում են Զարմանդուխտն ու մյուս զինվորները, նաև՝ Գաբաղը:
Կաթողիկոսը պարզում է խաչը, սկսում է աղոթել: Տագնապով հնչում են զանգերը:
ՏԵՍԱՐԱՆ 16
Սիս քաղաքի պարսպի մոտ: Լսվում են մարտի ձայները: Պարսպի վրա են Թորոսը, Կորյունը, Սանուկը:
ԹՈՐՈՍ — Տեսե՜ք, տեսե՜ք…
ԿՈՐՅՈՒՆ — Ի՞նչ է…
ԹՈՐՈՍ — Տեսնո՞ւմ ես կրակը… թշնամու բաբաններն են վառվում…
ՍԱՆՈՒԿ — Ո՞վ է հրձիգը…
ԹՈՐՈՍ — Պարզ չէ՞, Առնակն է իր մարդկանցով: Հո իզուր չեն անունը չալաք դրել… չալաք ճարպիկ է նշանակում: Սպարապետի վերջին հրամանն է կատարում:
ԿՈՐՅՈՒՆ — Ետ կգա՞ տեսնես:
ՍԱՆՈՒԿ — Ետ գա, ի՞նչ անի:
ԹՈՐՈՍ — Չալաք Առնակին ի՞նչ ասես, գուցե գնա, իր համար նոր տեղ գտնի, բայց ուր էլ լինի, ազգին կծառայի… Մի կարճ ատենով երթամ ու գամ:
Բոլորը ժպտում են հավանությամբ:
ԿՈՐՅՈՒՆ — Սեր մի ասա, Աստծո կրակ ասա: Վայրի վարուժնակ է զարկել, խորովել, տանում է Ծովիկին:
ՍԱՆՈՒԿ — Երանի հայոց հողին խաղաղություն իջնի, հարսանիք անենք ու ես Կորյունի հետ «Յարխուշտա» պարեմ:
ՏԵՍԱՐԱՆ 17
Սենյակ պալատում: Մահճում պառկած է արքան: Կողքին նստած է թագուհին:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — Ինչպե՞ս ես, mon ami:
ԼԵՎՈՆ — (փորձում է ժպտալ, խոսում է դժվարությամբ): Երեկվա գլխապտույտը չկա, բայց դեռ թույլ եմ… քիչ ցավում է, բայց կանցնի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (սկեսրոջ տոնով): Հայոց թագավո՛ր, հայրենի՛ք, հո՛ղ, փա՛ռք, հարստությո՛ւն: Է՞ս էր: (Լևոնը մատը դնում է շրթունքներին🙂 Չե՞ս ուզում, որ մորդ հասցեին մի թթու խոսք ասեմ: Չե՞ս տեսնում, որ պարտված ենք, շրջապատված, լքված և՛ մարդկանց կողմից, և՛ Աստծո: Ա՛խ, Աստված իմ, ինչպե՞ս կարելի է այդքան հավատալ սեփական երազանքներին: Մի ամբողջ կյանք ես կռվեցի ձեր զառանցանքների դեմ ու հաղթել չկարողացա:
Ներս է մտնում Աննան: Լսել է Մարգարիտայի վերջին խոսքերը:
ԱՆՆԱ — Ասում ես՝ լքված ենք Աստծուց: Մարդիկ լքում են, Աստված չի լքում: (Մոտենում, ձեռքը դնում է որդու ճակատին:) Ինչպե՞ս ես, որդի:
ԼԵՎՈՆ — Լավ եմ, մայր, լավ:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (Աննային): Ուզածիդ հասար, եկանք ու տե՞ս… Արքան՝ վիրավոր, մենք՝ շրջապատված: Ամենալավ բանը, որ սպասվում է մեզ, գերվելն է:
ԱՆՆԱ — Իսկ եթե ամուսինդ հաջողեր, հաղթե՞ր: Շքեղ պալատում ապրեիր, ոսկեթել դիպակից կարած զգեստ հագնեիր, շնորհակալ կլինեի՞ր: Չէի՛ր լինի: Դա քո արժանիքը կհամարեիր: Ո՞վ գիտե, գուցե մի քիչ էլ քիչ երևար աչքիդ:
Դրսից ձայներ են լսվում, աղմկում են, լատիներեն խոսակցություններ: Ներս է գալիս սենեկապետը:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — (Մարգարիտային): Անակնկալ գալուս համար ներող եղիր, թագուհի, բայց…
ԼԵՎՈՆ — (նստում է մահճում): Ասա՛:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Դավ, արքա, դա՛վ…
ԼԵՎՈՆ — Էլի՞ Գաբաղը…
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Չէ՛, այս անգամ լատին զինվորները: Ապստամբել են, ուզում էին դարպասները բանալ, Թորոսը կանխեց:
ԼԵՎՈՆ — Հիմա ո՞ւր են:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Միջնաբերդի աշտարակում պաշարված: Մի քանի հոգու էլ գերի ենք վերցրել: Ֆրանկների առաջնորդ Մատթեոս Շապպը թշնամուն խոստացել է սպանել արքային և դարպասները բացել: Մերոնք վերահասու են եղել:
ԼԵՎՈՆ — (զայրացած վեր է կենում տեղից): Սո՛ւրս:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (հոգատար): Պառկիր, վիրավոր ես:
ԼԵՎՈՆ — Ի՞նչ վերք ու ի՞նչ ցավ, երբ չորս կողմը դավ է ու դավաճան:
ԱՆՆԱ — Լատինը քեզ հավատարիմ չի լինի: Իսկ հայերն անդավաճան են: Ֆրանկներն ու մյուսներն իրենց շահի համար են գալիս այստեղ, իսկ հայերն ապրում են, իրենց ընտանիքներն ու իրենց անձերն են պաշտպանում:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (թունոտ): Գաբաղն է՞լ է լատին:
Լևոնը հագնվում է, վերցնում սուրն ու դուրս է գալիս:
ԱՆՆԱ — Ինը ամիս եղավ, որ պաշարված ենք և Պապի ու Արևմուտքի բոլոր խոստումները մնացին անկատար: Եթե ինքդ քեզ չօգնես, ուրիշը չի օգնի: Թույլին ոչնչացնում են, կամ էլ թողնում են, որ թշնամին հոշոտի:
ՄԱՐԳԱՐԻՏԱ — (թունոտ): Թույլ չլինեի՛ք:
ՏԵՍԱՐԱՆ 18
Ծովինարենց տունն է, հասարակ կահ—կարասիով: Անկյունում նստած է մայրը:
ՄԱՅՐԸ — Աստված, մարդ-արարածի մի բուռ կյանքի մեջ էս ինչքա՞ն ցավ ու վիշտ ես լցրել: Էրկանս տարար՝ դիմացա, սովի ու պատերազմի մատնեցիր՝ դիմացա, հիմի մե մատ էրեխիս տարար… (Ողբում է🙂 Մեծանար, սրազարկ էղներ, լա՞վ էր, թե որ էսպես սովազարկ էղավ…
ԾՈՎԻՆԱՐ — (ականջը մոր լացին, ուշքն ուրիշ կողմ է, մեկուսի): Չեկավ: Զարկվա՞վ տեսնես, սրազա՞րկ էղավ, նետահա՞ր…
ՄԱՅՐԸ — …մեծերը մեղավոր են, հասկացա, Աստված: Մենք հող կկոխինք ու կմեղավորվինք, մենք մեր մեղքերով հողն էլ մեղավոր կդարձնինք, բա մե մատ էրեխեն ի՞նչ մեղք ուներ, Աստված…
Շտապով գալիս է Թորոսը:
ԹՈՐՈՍ — Բարև, մարե: (Մոտենում է Ծովիկին, ուզում է գրկել🙂
ԾՈՎԻՆԱՐ — (չի թողնում, կիսաձայն): Մարե՛ն…
ԹՈՐՈՍ — Լացե՞լ ես, ինչի՞ ես լացել: Աչքունքդ թաց են: Թող Թորոսի գլխուն կրակ մաղվի, բայց քու աչքունքդ չթացվին: Ինչի՞ ես լացած:
ԾՈՎԻՆԱՐ — (գլուխը դնում է տղայի ուսին, հեկեկում): Հովհա՛նը…
ԹՈՐՈՍ — Ի՞նչ…
ԾՈՎԻՆԱՐ — Սովազարկ էղավ, Թորոս, քո բերած վարուժնակի միսն էլ չօգնեց: Կերավ աչքերը փակ, էս ու էն աշխարհների սահմանին: Ծամեց` չիմանալով ու հանգավ…
ԹՈՐՈՍ — Իմ վարդ, լաց մի լինի, Հովհանը հիմի Աստծու մոտ է, իսկ էնտեղ հաստատ լավ է էստեղից: Եկել եմ, որ էլի շուտ էրթամ, բայց եկել եմ, որ գոնե քեզ ու Մարեին փրկեմ: (Ծովինարը հարցական նայում է:) Ուղիղ կեսգիշերին կերթաք Ձորի թաղ, պարսպի մոտ: Էդ ժամին կբացեն ստորգետնյա անցումն ու ողջ մնացած մարդկանց մի մասին կտանեն աննկատ: Թե թշնամին չիմանա, եթե չտեսնի…
ԾՈՎԻՆԱՐ — Իսկ դո՞ւ…
ԹՈՐՈՍ — Ես իմ դիրքս ու բերդս թողնել չեմ կարող:
ԾՈՎԻՆԱՐ — Բա ես ո՞ւր էրթամ առանց քեզ:
ԹՈՐՈՍ — Ես պարտք ունեմ հայրենիքիս առաջ:
ԾՈՎԻՆԱՐ — Էս օրերին պարտքդ չկատարեցի՞ր:
ԹՈՐՈՍ — Իմ Թորոս ապուպապը ժամանակին պատժել է հայոց թշնամի, հային ատող հույն Մանդալե իշխանին ու ես էլ ապուպապիս արյունն ունեմ ու կապված եմ նրա երդումի կապանքով: Ես էլ պիտի պատժեմ ամեն դավ ու դավաճանություն:
ԾՈՎԻՆԱՐ — Դու Թորոսն ես, չէ՞, դու փախչելու իրավունք չունես, չէ՞…
ԹՈՐՈՍ — Հա:
ԾՈՎԻՆԱՐ — Ես էլ Թորոսի դեռևս չնշանադրած հասնացուն եմ: Ասա, իսկ ես փախչելու իրավունք ունե՞մ:
ԹՈՐՈՍ — Եթե ուզես երթալ, չեմ նեղանա: Կեսգիշերին, երբ բվի կռինչ լսես…
ԾՈՎԻՆԱՐ — (կտրուկ): Չէ, Թորոս, չէ…
ԹՈՐՈՍ — Ինչի՞, Ծովս:
ԾՈՎԻՆԱՐ — Մարեն չի գնա, մարեն իր ողբի, Աստծուն փառք տալու ու Աստծուց հաշիվ պահանջելու մեջ է, չի գնա: Մարեն հիմի նույնիսկ իր տանն ապրել չի ուզում, էլ ո՞ւր մնաց՝ թափառական, իր հարազատների գերեզմաններից հեռու: Իսկ ես առանց քեզ ու առանց մարեի…
ԹՈՐՈՍ — Գնա, ես քեզ կգտնեմ:
ԾՈՎԻՆԱՐ — Ես քեզ էստեղ կսպասեմ:
ԹՈՐՈՍ — Բա որ մամլուքը քաղաք լցվի ու ես զարկվե՞մ:
ԾՈՎԻՆԱՐ — Ես թշնամու ձեռքը չեմ ընկնի: Սիս քաղաքի պարիսպները միշտ բարձր են եղել…
Թորոսը համբուրում է, այս անգամ Ծովինարը չի դիմադրում: Թորոսը նրան բաց է թողնում իր գրկից, գնում է:
ԾՈՎԻՆԱՐ — Թորո՛ս… (Թորոսը կանգնում է🙂 Եթե չգաս… եթե ետ չգաս, իմացիր, որ դու չես պարտվել: Ես քեզ պիտի սպասեմ, որ գաս: Թե ետ գաս, Թորոս, Ծովիկը քեզ համար տաս զավակ կունենա: Տասն անգամ ծունկ կչոքեմ ու տասը զավակ կունենամ, որ թշնամուն տասն անգամ տասն հեղ հաղթեմ: Թե ետ գաս, Թորոս… Տասը Թորոս ու Հովհան ունենամ քեզ համար:
ԹՈՐՈՍ — Ամեն բոբիկ ոտ իր քարոտ ճամփեն ունի, Ծով, թե ետ գամ…
ԾՈՎԻՆԱՐ — (ծոցից հանում է թառամած վարդը): Քո նվիրած վարդը քեզ տամ, Թորոս, որ կռվի թունդ ժամին իմանաս՝ հետդ եմ:
ԹՈՐՈՍ — (հոտ է քաշում ծաղկից): Քո ծոցիկի հոտն առնեմ, առյուծ կդառնամ, Ծովո: (Գնում է չուզելով, հետո արագ ու վճռական🙂
ՏԵՍԱՐԱՆ 19
Քաղաքի պալատամերձ հրապարակը: Լսվում են թշնամու ցնծության ձայներ, հայերի լացը: Վազելով գալիս է Թորոսը:
ԹՈՐՈՍ — Ո՞վ բացեց քաղաքի դարպասները, ո՞վ բացեց…
2-ՐԴ ԶԻՆՎՈՐ — (վազելով գալիս է մյուս կողմից): Դա՛վ, Թորոս, դա՛վ…
ԹՈՐՈՍ — Ո՞վ բացեց դարպասները: Լատիննե՞րը դարձյալ…
2-ՐԴ ԶԻՆՎՈՐ — Ոչ, Գաբաղ պայլի հրամանով…
ԹՈՐՈՍ — Յոթգլխանի դև է դավը: Ես Մատթեոս Շարպին պատժեցի, հիմա էլ պա՞յլը… Երկրի ու թագավորի խնամակալն է՞լ է դավ նյութում… Ո՞ւր է հապա Գաբաղը:
2-ՐԴ ԶԻՆՎՈՐ — Պալատում՝ Մալիք զորավարի կողքին:
ԹՈՐՈՍ — (ուզում է գնալ): Լա՛վ…
2-ՐԴ ԶԻՆՎՈՐ — Ո՞ւր:
ԹՈՐՈՍ — Պալատ: Գնամ Գաբաղի հոգին առնեմ…
2-ՐԴ ԶԻՆՎՈՐ — Հոգեառը Գաբրիելն է, դու ի՞նչ գործ ունիս Ասսու գործերուն խառնվիս:
ԹՈՐՈՍ — Ես էս երկրի ու հողի Գաբրիելն եմ: Ես դավաճանի հոգին դժոխք ղրկողն եմ:
Պալատի մուտքը` երկու կողքերին կանգնած մամլուք զինվորներով:
Թորոսը ուզում է ներս մտնել:
1-ԻՆ ՄԱՄԼՈՒՔ — (ճանապարհը կտրելով): Ո՞ւր:
ԹՈՐՈՍ — (ձեռքը տանում է սրին): Հեռո՛ւ, Թորոսի ճամփան փակողը չի ծնվել էս աշխարհում: Հայոց թագավորների պալատ մտնելու իրավունք չունե՞մ:
2-ՐԴ ՄԱՄԼՈՒՔ — (ծաղրով): Թե չգիտես՝ ասեմ: Հիմա էլ հայոց թագ ու թագավորություն չկա՛: Հիմա քաղաքը Մալիք զորավարինն է ու նրա տեր սուլթանինը: Թորոսն ո՞վ է, դո՞ւ…
ԹՈՐՈՍ — Թե չես ճանաչում, ծանոթացնեմ… (Հանում է սուրը:)
1-ԻՆ ՄԱՄԼՈՒՔ — (աննկատ անցնում է նրա թիկունքն ու սուրը դնում է պարանոցին): Սո՛ւրդ:
2-րդ Մամլուքը Թորոսի ձեռքից խլում է սուրը, առնում վահանը: 1-ին Մամլուքը Թորոսին գցում է գետնին, բարձրացնում է սուրը՝ սպանելու:
2-ՐԴ ՄԱՄԼՈՒՔ — (բռնում է նրա ձեռքը): Մի սպանիր…
1-ԻՆ ՄԱՄԼՈՒՔ — (ոտքը Թորոսի կրծքին դնելով): Դու ե՞րբ դարձար հայի պաշտպան: Մի շուն ավել, մեկը՝ պակաս, աշխարհում ի՞նչ կպակասի սրա մահով:
2-ՐԴ ՄԱՄԼՈՒՔ — Հիմա սա արդեն թշնամի չէ, այլ գերի, ստրուկ, իսկ դու սուլթանի ստրուկին սպանելու իրավունք չունես:
1-ԻՆ ՄԱՄԼՈՒՔ — (քինոտ): Լա՛վ: (Ուզում է գնալ, բայց միտքը փոխում է, մոտենում է Թորոսին ու սրի տափակ կողմով հարվածում է մեջքին🙂
Զինվորները մտնում են պալատ: Թորոսը մնում է հրապարակում ընկած: Քիչ անց ուշքի է գալիս:
ԹՈՐՈՍ — Թորոս, Թորոս, դու ի՞նչ Թորոս ես, ի՞նչ բերդապահ… Բերդդ առել են դավով, քեզ զինաթափ արել ու ծեծել շան պես՝ թրի տափակ կողմով… (Գոտուց հանում է դաշույնը🙂 Լավ է, սա չեն տեսել… (Կիսաձայն🙂 Ներիր, սպարապետ, ներիր, որ չկարողացա բերդը պահել, որ չկարողացա դավի դեմն առնել: Ներիր, Զարմանդուխտ տիկին, որ զինավառվեցիր ու զոհվեցիր քո սիրած քաղաքի համար, ներիր, Ծովիկ, իմ Ծով Ծովինար, որ խոստացա ու չեմ վերադառնում, ներիր… (Բարձրացնում է դաշույնը, ուզում է հարվածել կրծքին🙂
Վազելով գալիս է Ծովինարը:
ԾՈՎԻՆԱՐ — Թորո՛ս… (Հասնում, բռնում է ձեռքը🙂 Մի արա, Թորո՛ս, մի արա… Մե՛ղք է, անձնասպան լինելը մե՛ղք է, մի գործիր էդ մեղքը, Թորո՛ս… (Հեկեկալով համբուրում է դաշույն բռնած ձեռքը🙂
ԹՈՐՈՍ – Թող, Ծովո, թո՛ղ, Թորոսն էս աշխարհում ապրելու իրավունք չունի, Թորոսն արդեն մեռած է, Թորոսն արժանի չէ քո սիրուն: Ես ի՞նչ Թորոս եմ, որ իմ բերդը թշնամին առնի: Դեռ զենք կար ու զինվոր կար, Թորոսը չէր զարկվել տակավին ու դավը յոթգլխանի դևի պես զարկեց քո Թորոսին: Ո՞ւր եմ պետք հիմի, անզենք, անզորք ու անբերդ: Անբերդ բերդապա՞հ կլինի, Ծովո…
ԾՈՎԻՆԱՐ — Ո՞ւմ ես պետք… Ինձ: Մեր երազանքի տո՞ւնը հապա ծովի ափին, մեր չծնված երեխե՞քը տաս, մեր սե՞րը հապա:
ԹՈՐՈՍ — Անցավ Ծովո, անցա՛վ: Հիմի մենք ստրուկ ենք: Ես ուրիշի ստրուկ չեմ դառնա, Ծովո: Քո Թորոսին թրի տափակ կողմով են զարկել: Քո Թորոսը զինվոր էր, զինվորին թրի տափակ կողմով զարկելն ամենամեծ անպատվությունն է ու էլ ապրելու իրավունք չունե՛մ: Թշնամին իր ոտքն է դրել իմ կրծքին: Մենք ստրուկ ենք, Ծովո՛:
ԾՈՎԻՆԱՐ — Ստրո՞ւկ… ես էլ ստրուկի կին չեմ դառնա:
ԹՈՐՈՍ — (բարձրացնում է դաշույնը): Տեսա՞ր… Թող ուրեմն ես ինձ վերջ տամ ու էս անպատվությունից ազատվեմ…
ԾՈՎԻՆԱՐ — Դե որ այդպես է, ասա՝ ո՞րն է Սսի ամենաբարձր պարիսպտը, որ ես ինձ ցած գցեմ, ասա՛: Ես առանց քեզ չեմ ապրի, Թորոս…
ԹՈՐՈՍ — Չէ, չէ, դու ո՞ւր մեռնես, Ծովս… Աշխարհում էնքա՛ն լավ տղերք կան… Մեկին կառնես, երջանիկ կլինես, Թորոսին կմոռանաս:
ԾՈՎԻՆԱՐ — (ձեռքով փակում է նրա բերանը): Սո՛ւս… թե պարտության դառնությանը չդիմանաս, Թորոս, հետո հաղթանակ չես տանի:
ԹՈՐՈՍ — (հուսահատ): Էլ ի՞նչ հաղթանակ…
ԾՈՎԻՆԱՐ — Դու չէի՞ր ասում բերդի գաղտնուղու մասին: Էլի կա՞, չէ՞, հո չփակվեց… Գիշերով, Թորոս, գիշերով… (Օգնում, որ վեր կենա🙂
ԹՈՐՈՍ — (ոտքի կանգնելով): Գաղտնուղի՞ն… (Հենվում է Ծովինարի ուսին🙂
Գնում են դանդաղ:
ԾՈՎԻՆԱՐ — Կանցնի, էս խառնաշփոթը կանցնի, նորից զորք կունենաս, կզինավառվես նորից ու կազատես Հայոց հողը: Հայն առանց թագավոր չի մնա ու դու… Դու կլինես էդ թագավորը: Պարտության դառնությունը տեսած թագավորը լավ կիմանա հաղթության գինը: Հո թշնամին հավերժ չի՞ մնա: Թե պարտության դառնությունը չճաշակես… Մենք երկիրն ու մեր ազատությունը հեշտ տալիս ենք ու դժվար առնում, թե մենք իրար չուտենք, մեզ հաղթել չի լինի… Դիմացիր…
ԹՈՐՈՍ — Ինձ հաղթել չէր լինի, թե չդավաճանեին:
ԾՈՎԻԿ — Քեզ չեն դավաճանել, թագավորին ու հողին են դավաճանել, Հայոց Սիս քաղաքին են դավաճանել, իրենք իրենց են դավաճանել: Կանցնի, դու նորից կզինավառվես ու մեկին տաս պատասխանկտաս: Շատ էլ հիմի պարտվել ես, պարտված առյուծն էլի առյուծ է, չէ՞: Կարևորը կյանքն է: Էդ կյանքում կրած պարտությունը հաղթության վերածելու կամք թե եղավ, ամեն ինչ կլինի: Կերթանք, գիշերով կերթանք, ոչ ոք չի իմանա…
Բեմն աստիճանաբար մթնում է:
ՏԵՍԱՐԱՆ 20
Պալատի գահադահլիճը: Հայոց գահին նստած է Մալիք ալ Աշրաֆը: Կողքին կանգնած է Գաբաղը: Զինվորները ներս են բերում Լևոնին: Նրա ձեռքերը շղթայված են, հայացքը՝ հպարտ, բայց բացակա: Դեմքն առանց վիրակապի է:
ՄԱԼԻՔ — Դո՞ւ ես քեզ անպարտ հռչակած Լևոնը: Լևոն առյուծ է նշանակում, չէ՞: Էսպիսի առյուծ տեսած կա՞ք… (Ծիծաղում է, նրան ընդօրինակում են զինվորները: Նաև Գաբաղն է ժպտում: Գաբաղին դիմելով:) Դո՞ւ ինչու ես ժպտում, ուրա՞խ ես, որ քո արքան առյուծից կատվի է վերածվել:
ԳԱԲԱՂ — Ուրախ չեմ, բայց տխուր էլ չեմ:
ՄԱԼԻՔ — Ինչո՞ւ, մի՞թե չես ծառայել նրան:
ԳԱԲԱՂ — Ես ծառան եմ իմ հող ու ջրի: Ժողովրդի՝ նաև:
ԼԵՎՈՆ — (խոսում է՝ ջարդված ատամների պատճառով սվսվացնելով): Ես առյուծ էի, առյուծ եմ նաև հիմա: Եթե դավ չլիներ, եթե սպիտակ դրոշ չպարզեին, եթե հայ իշխաններն ու հոգևորականները չբացեին դարպասները…
ՄԱԼԻՔ — Ինչքա՞ն պիտի դիմանայիր… Թե հիմա մարդկանց մի մասին սովից փրկեցին, այն ժամանակ նրանք էլ չէին լինի ու քո հպարտության պատճառով ավելի շատ մարդ կկոտորվեր… Նրանք քեզնից հեռատես են:
ԼԵՎՈՆ — Ինձանով լիներ, կենդանի չէի հանձնվի: (Դադար🙂 Քեզ մի խնդրանք ունեմ, Մալիք ալ Աշրաֆ:
ՄԱԼԻՔ — Ասա, տեսնենք:
ԼԵՎՈՆ — Սուրդ մեխիր կրծքիս մեջ և առ Հայոց արքայի կյանքը: Ավելի լավ է մեռնեմ, քան գերի լինեմ:
ՄԱԼԻՔ — Օ՛, ոչ, բնավ, այս ձեռքերը արքայական արյուն չեն թափել ու չեն թափի երբեք: (Զինվորներին.) Տարեք: Նաև թագավորի ընտանիքը, իշխաններին նաև, կաթողիկոսին: Զգուշությամբ պահեք և ուղարկեք Հալեպ:
Լևոնին դուրս են տանում:
Մալիքը նստում է գահին ու ծափ է զարկում: Ներս է գալիս սենեկապետը:
ՄԱԼԻՔ — Բեր:
ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ի՞նչը, տեր զորավար:
ՄԱԼԻՔ — (նյարդային): Թագը: Հայոց արքաների այդքան թանկարժեք թագը:
Սենեկապետը դուրս է գալիս ու վերադառնում է թագը ձեռքին: Խոնարհվում, հանձնում է Մալիքին:
ՄԱԼԻՔ — (ուսումնասիրում է ուշադիր, նայում թանկարժեք քարերին, տնտղում): Ծա՛նր է: Ամեն գլուխ չի կարող դիմանալ: (Մեկնում է Գաբաղին🙂 Առ, պահիր, մինչև կասեմ՝ ինչ անես:
Գաբաղը վերցնում է զգուշությամբ, սեղմում կրծքին: Աչքը գցում է գահին, որը շողշողում է աներկրային փայլով: Գաբաղը տրորում է աչքերը, հասկանալով, որ նորից տեսիլք է տեսնում:
ՄԱԼԻՔ — Վրայից մի քար պակասի, գլուխդ ուսերիդ չի մնա:
ԳԱԲԱՂ — Այս թագը և թագակրի իրավունքը մի քանի տարի այս ձեռքերում են եղել և ինչպես տեսնում ես…
ՄԱԼԻՔ — (ներկաներին): Հիմա ժամանակն է, որ մեզ այսքան անհանգստություն պատճառած բերդին ու քաղաքին ծանոթանանք:
Դուրս է գալիս, մյուսները հետևում են նրան: Գաբաղը մնում է մենակ:
ԳԱԲԱՂ — (ձեռքի մեջ ծանրութեթև է անում թագը): Կարևորը թագն է, եթե թագ լինի, թագակիր գլուխ միշտ էլ կգտնվի: (Թագը դնում է գլխին: Այն մեծ է և ընկնում է աչքերը: Շտապով նայում է շուրջը՝ որևէ մեկը չտեսա՞վ:)
ԾԱՌԱ — Հի-հի՛…
ԳԱԲԱՂ — (նայում է շուրջը, տեսնում սյունի տակ կանգնած ծառային, խեթում է թունոտ): Ի՞նչ ես ծիծաղում:
ԾԱՌԱ — Մտածեցիր՝ գահը թափուր է, թագն՝ անտեր, որոշեցիր փորձե՞լ: Ավա՛ղ, ամեն գլուխ թագի արժանի չէ, Գաբաղ պայլ: Պայլության ժամանակ փորձեցիր, չհամոզվեցիր: Արքա չկա, բայց երկիր կա, հող-հայրենի կա, ժողովուրդ կա ու հիշողություն ունի: Քո բարձրացրած սպիտակ դրոշը հիշվելու է հար:
ԳԱԲԱՂ — Աշխարհում ապրող ամեն հայ կարևոր է: Մենք առանց այն էլ քիչ ենք: Մարդկանց փրկելու համար արեցի: Վերևն Աստված կա, գիտի:
ԾԱՌԱ — Իսկ այդ մեկը ոչ ոք չի հիշի:
ԳԱԲԱՂ — Կորի՛ր աչքիցս… (Ձեռքը տանում է սրտին:) Նույնիսկ եթե մի մարդու կյանք փրկվի, արարքս արդարացված կլինի… Իսկ դու…
ԾԱՌԱ — (հանդարտ): Ես՝ ի՞նչ, արքա ու պալատ չկա ու ես հիմա անանուն, անհիշատակ, անտեր ծառա եմ: Աստված ծառաներին պատվիրում է հնազանդ լինել իրենց տերերին, իսկ ես տեր չունեմ: (Խոսելով քայլում է դուրս:) Ես անտեր ծառա եմ: Իսկ անտեր ծառա չի լինում: Անտեր ծառան ազատ է:
ԳԱԲԱՂ — (հոգոցով): Դավաճա՛ն: Աստված գիտե, որ ես դավաճան չեմ և Աստված գիտե, թե հետո ինչ է լինելու: Ես այն ժամանակ սխալվեցի, որ գահն ինձանով չարեցի: Ես պահն ու ժամանակը բաց թողեցի: (Նայում է թագին:) Աստված մեզ արժան չհամարեց սա կրելու: Հիմա ի՞նչ է լինելու: Թշնամին մի մասին կգերի, մյուսին՝ կկոտորի, ինչպես եղել է միշտ, բայց կմնա երկիրը: Կմնա որպես ի՞նչ… Ուրիշի լծի տակ ու ստրո՞ւկ… Հա, մինչև նորից խելքի գանք: Մերն էս է եղել. նախ ինքներս մեր դեմ ենք ելել, բզկտել իրար: Նախ մենք ենք մեր հայրենիքը կերել չորս կողմից, հետո թշնամին է եկել: Ու կորցրել ենք: Հետո խելքի ենք եկել, միասնացել ու հաղթել ենք նորից…
Դավաճա՞ն: Է-հե՛, ժամանակն ամեն բան սրբագրում ու մոռացնել է տալիս:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
02. 12. 2019 թ.