ԴՐԱՄԱՅԻ ԿԵՆՍՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՎՈՒՄ Է ՆՐԱ ԲԵՄԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ… / Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆ
Ուրիշ որևէ մեկը իմ փոխարեն չի դժգոհի, այսպես ասած, իր դրամատուրգիական ճակատագրից. ինչո՛ւ, որովհետև գրեթե բոլոր տպագիր ու անտիպ պիեսներս բեմադրվել են՝ բացի մի հեքիաթ-պիեսից, որն էլ բեմադրվեց քովիդի տարում՝ ոչ ավել, ոչ պակաս «օնլայն թատրոնի» ձևաչափերից մեկով՝ Zoom-ով (ՀԹԳՄ Լոռու մարզային դրամատիկական ստուդիա): Պիեսներ կան, որ գրվում են նաև ընթերցելու համար, բայց դրաման հոգի է ստանում բեմադրվելիս, իսկ թատերգության կենսունակությունն էլ որոշվում է բեմականությամբ, դրա համար էլ պետք է թատրոն լավ իմանաս և այլն…
Այդ հեքիաթ-պիեսը զետեղվել է իմ «Թեթև տարեք» պիեսների գրքում։ Հայ ռեժիսորների մեծ մասը դեռ չեն կարդացել, իսկ կարդացողներն արդարացան, որ սա պետք է բեմադրվի միայն 3D էֆեկտներով (իրենք ճիշտ էին): Ուրախ եմ, որ չի բեմադրվել հանուն բեմադրվելու, բայց՝ վատ: Սա այն գերմաներեն թարգմանված գործն էր, որի շնորհիվ Բեռլինում և Պոտսդամում ստացա դրամատուրգիայի ու սցենարի միջազգային վարպետության կարևոր դասեր: Օրինակ՝ տեսարան կա. 7 հարկանի քաղաք, 2-րդ հարկում՝ կանաչ ծով, որտեղ կան գործողություններ: Հեղինակին չի հետաքրքրում՝ բեմադրողն ինչպես կտանա պատկերը, բայց պետք է ստանա… Մի նուրբ ԲԱՅՑ խցկեմ այստեղ. թատրոն կա՝ մեծ ծախս է անում բեմադրելու դասական մուլտֆիլմ դարձած կամ համաշխարհային հայտնի հեքիաթներից: Իրենց չեմ դիմել, որովհետև «8-րդ» զգայարանով զգում եմ՝ պտուղ չի տա. հանդիսատեսն աֆիշայի վրա կկարդա «Սիրո ջերմաչափը» անծանոթ վերնագիրը (այդ հեքիաթիս արձակ տարբերակը կա, ու տեսա դպրոցականների և ուսուցիչների վերաբերմունքը), գուցե վախենան, որ «հանդիսատես չի գա» անծանոթ վերնագրի պատճառով, բայց որ գրեն «ծանոթ» վերնագրերը, կգան, տոմս կառնեն, ու «թատրոնին կլորիկ եկամուտ կգա»: Թեպետ հեղինակի համար մահ է, երբ տեսնում է՝ ինչպես են տապալում հայտնի հեքիաթները որոշ թատրոններում, իսկ քաղքենի բեմադրիչը պատասխանում է 150 տոկոս վստահությամբ. «երեխեքը գալիս են երգ, պար դիտելու, իսկ հեքիաթում լոգիկա չկա»։ Այս դեպքում արդեն ժպտում ես և բնավ չես ցանկանում մասնագիտական դաշտում ջրափոսին օվկիանոս անվանող գերհզոր բեմադրիչի հետ լեզու թաթախել: Ամեն «խելառություն» կարելի է անել, եթե այն արվեստով լինի ու արդարացված, իսկ ինքնատիպության մարմաջը կարող է հենակներ դնել թևատակիդ, եթե վազքի պատրաստ չես… Մյուս կողմից՝ կան ռեժիսորներ, որոնք ի սրտե (երբեմն իբրև ազգի մասին մտածող, բայց ներքուստ ցուցադրանքի համար) բեմադրում են ազգային դրամատուրգիա, այնուամենայնիվ, արժանի են շնորհակալության, երբեմն էլ, այո՛, խոնարհումի: Որպես նաև ոլորտի մասնագետ կամ ընթերցող՝ նշեմ, որ այսօր հայ գրականության մեջ գոնե մեկ տասնյակ դրամատուրգներ ունեն առնվազն մեկ-երկու բարձրարժեք գործ, որոնցով հանգիստ կարող են ներկայանալ աշխարհին: Սա էլ պատասխան նրանց, ովքեր չեն կարդացել հայ դրամատուրգիա, բայց ամբողջ հայ ժամանակակից դրամատուրգիան մարսած գրականագետի դիրքերից «մասնագիտական» կարծիք են հայտնում:
Առանձին սատիրայի թեմա են մեկ-երկու դրամատուրգիական մրցանակաբաշխությունները. նախ՝ պետք է նայել՝ բեմադրվո՞ւմ են այդ հեղինակի գործերը, մասնագիտական տիրույթում ունի՞ արժեքավոր երկեր և, իհարկե, բուն պիեսը, այնինչ մեկ կամ առավելագույնը 2 հոգի կարող են ընթերցել գործը և հարց է, եթե, օրինակ, նորարարություն կա գործում, կաղապարված հայացքներով ժյուրիի անդամը կընկալի՞, թե՞ ոչ:
Հայաստանում դանդաղորեն, բայց հաստատուն ստեղծվում է ռեժիսոր-դրամատուրգ համագործակցության մշակույթը: Ավելի երիտասարդ սերնդի բեմադրիչները չունեն բարդույթ՝ աշխատելու Եվրոպայում կամ նույն ԱՄՆ-ում մեծ համարում ունեցող դրամատուրգի հետ, եթե նա ողջ է: Հավատում եմ, որ պրոֆեսիոնալիզմը կհաղթի դիլետանտիզմին…