ԶԳՈ՛ՒՅՇ, ԴՌՆԵՐԸ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գործող անձինք

ԿԻՆ

1-ին Գրագիր

2-րդ Գրագիր

Գրասենյակ հիշեցնող տարածք: Կենտրոն-խորքում գրասեղան, վրան՝ անկանոն դարսված թղթապանակներ: Համակարգչի ետևում նստածը չպիտի երևա: Աջ կողմում ևս մի գրասեղան, նրա երկու կողմերում` աթոռներ: (Գրասեղանը դրված է կողքանց): Պատի ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը 10-ը:

Ձախից աղմուկով բացվում է դուռը, ինչ-որ մեկը Կնոջը ներս է հրում այնպիսի ուժով, որ նա հազիվ է պահում հավասարակշությունը: Դուռը փակվում է: Կինը ուշքի չի եկել, անգամ չի նկատել սենյակում գտնվողին:

ԿԻՆ — (շփելով ցաված ուսը, դռան ուղղությամբ): Անասո՛ւն… անասո՛ւն-անասո՛ւն-անասո՛ւն… տակա՛նք… (Նետվում է դեպի դուռը, փորձում է բանալ): Պատասխան կտաս… (Ապարդյուն քաշքշում է դուռը): Բաց, ասում եմ…

1-ին ԳՐԱԳԻՐ — Չի բացի:

ԿԻՆ – (անակնկալի եկած շուրջն է նայում` բաց չթողնելով դռնակը): Ի՞նչ…

1-ին ԳՐԱԳԻՐ – Իզուր է:

ԿԻՆ – Ի՞նչը…

1-ին ԳՐԱԳԻՐ — Ասում եմ` բացողը չէ: Իզուր է: Իսկ դու բռնակը կպոկես:

ԿԻՆ – (հայացքը նրա կողմը` ավելի ուժեղ է քաշում բռնակը): Դեռ կտեսնենք…

1-ին ԳՐԱԳԻՐ – Կջարդես:

ԿԻՆ – Կբացեմ: (Բռնակը մնում է ձեռքում):

1-ին ԳՐԱԳԻՐ — Ասում եմ` կպոկես… (Ասես նոր նկատելով): Արդե՞ն… վատ է:

ԿԻՆ – (նայելով մեկ նրան, մեկ` բռնակին): Հիմա ավելի վատ կլինի: (Մոտենում է` ձայնի մեջ սպառնալիք): Դո՛ւ կբացես դուռը:

1-ին ԳՐԱԳԻՐ – Չեմ կարող:

ԿԻՆ – (այն է` բռնակով խփելու է): Իսկ հիմա՞…

1-ին ԳՐԱԳԻՐ – Իսկ հիմա չեմ ուզում:

Կինը փորձում է խփել: Գրագիրը տեղից ցատկում, անսպասելի ճարպկությամբ այնպես է ոլորում նրա դաստակը, որ Կինը ճիչով փլվում է հատակին: Դադար: Կինը ապշած նայում է Գրագրին, իսկ նա, ասես ոչինչ չի եղել, կոստյումն ուղղելով նստում է իր տեղը:

ԿԻՆ – (դադարից հետո): Ո՞ւր են ինձ բերել:

1-ին ԳՐԱԳԻՐ – Չե՞ն ասել:

ԿԻՆ — Ասել են, բայց…

1-ին ԳՐԱԳԻՐ — Եվ ուրեմն՝ ո՞ւր են ձեզ բերել:

ԿԻՆ — Բաժանմունք:

1-ին ԳՐԱԳԻՐ — Էլ ինչո՞ւ եք հարցնում:

ԿԻՆ – (նստած տեղում հարմարվում է` շփելով դաստակը): Կարծում ես, սա նորմա՞լ է բաժանմունքի համար:

1-ին ԳՐԱԳԻՐ – Նայած` ի՛նչ բաժանմունքի:

ԿԻՆ – Ոստիկանական:

1-ին ԳՐԱԳԻՐ – Նախ` սա քո իմացած բաժանմունքը չէ, երկրորդ…

ԿԻՆ — Բա ի՞նչ է:

1-ին ԳՐԱԳԻՐ – (ասես չլսելով): …երկրորդ` ինչո՞ւ ձեզ այստեղ… (Կտրուկ փոխելով տոնը):  Լսեք, ես «դուք»-ով եմ խոսում ձեզ հետ, իսկ…

ԿԻՆ – Քո տեսակի հետ «դուք»-ով խոսելու սովորություն չունեմ:

1-ին ԳՐԱԳԻՐ – Հասկացա… Եվ ուրեմն` քեզ ինչո՞ւ այստեղ բերեցին:

ԿԻՆ – Չգիտեմ:

1-ին ԳՐԱԳԻՐ – (առաջին անգամ ձայնի մեջ վերաբերմունք է լսվում՝ թունոտ): Դու` և չիմանա՞ս…

Դադար: Սևեռուն նայում են իրար: Իրավիճակի փոփոխություն. կինը ներքուստ «հավաքվում է», ձայնի հիստերիկ երանգը փոխարինվում է լարումով: Նա բարձրանում է` աշխատելով չկորցնել կանացիությունը (դա նրան հաջողվում է), ուղղում է զգեստն ու սանրվածքը, մոտենում է 1-ին Գրագրին:

ԿԻՆ – (թունոտ քաղցրությամբ): Ուրեմն գիտեք` ով եմ:

1-ին ԳՐԱԳԻՐ – (հայացքը` համակարգչի էկրանին): Ո՞վ ես:

ԿԻՆ – (աթոռի տակից վերցնում է պայուսակը, միջից հանում է հայելին, թարմացնում է շրթներկը): Հիմա՛ր: (Գրպանից հանում է բջջային հեռախոսը, համար հավաքում` հայացքը չկտրելով Գրագրից, որը հայացքը չի կտրում էկրանից): Հիմա ով պետք է` կգա այստեղ, ու կտեսնեմ, թե ուր կչքվի քո… Ալո՞… ես եմ…

1-ին ԳՐԱԳԻՐ – (նույն անսպասելի ճարպկությամբ նրա ձեռքից խլում է հեռախոսը, խփում է հատակին, ոտքով տրորում է: Հետո, ասես ոչինչ չի եղել, վերադառնում է տեղը, հանգիստ): Չասիր` ով ես:

ԿԻՆ – (փորձելով թաքցնել վախը): Դա թանկ հեռախոս է… Կարո՞ղ ես վնասը հատուցել…

1-ին ԳՐԱԳԻՐ – Վնա՞սը… (Հատակից վերցնելով բռնակը): Իսկ դու սրա վնասը կհատուցե՞ս: Դեռ հարց է` մեզնից ով տակ կտա: (Կինն արհամարհանքով շրջվում, գնում է դեպի դուռը): Նը՛ս-տե՛լ:

Կինը, վերջնականապես վախեցած, քարացել է տեղում` պայուսակն անբնական ձեռքում պահած: Գրագիրը նրան կոպտորեն բերում-նստեցնում է մյուս գրասեղանի աթոռին, դեմքով դեպի դահլիճը, ձեռքից խլում է պայուսակը, շպրտում բեմի խորքը, նստում է տեղում:

Դադար:

Անաղմուկ բացվում է դուռը: Ներս է մտնում 2-րդ Գրագիրը: Շեմին կանգնած` գնահատում է իրավիճակը: Սպասում է այնքան, մինչև Կնոջ նյարդերը տեղի են տալիս, ու նա շրջվում է: 2-րդ Գրագիրն ասես այդ շարժումին էր սպասում` գոհ ժպտում է: Զգալով, որ վրիպել է, Կինն ընդունում է նախկին դիրքը` անշարժ նայում է դահլիճ: 2-րդ Գրագիրը 1-ին Գրագրի սեղանից վերցնում է թղթապանակը, նստում է Կնոջ դիմացը, կիսադեմով դեպի դահլիճը: Համր խաղ` ում նյարդերը թույլ կգտնվեն:

ԿԻՆ – (նայելով դահլիճ): Ձերբակալվա՞ծ եմ:

Երկուսը լուռ, անշարժ են:

ԿԻՆ – (հասկանալով, որ պատասխան չի ստանալու, սկսում է կորցնել ինքնատիրապետումը): Ես ուշանում եմ… ոմանց պես անգործ չեմ… հանդիպում ունեմ, գործեր… (Լսում է լռությունը, ժպտում` այլ բան չէր սպասում: Լպիրշ՝ 2-րդ Գրագրին): Այն մեկը անասուն էր` հասկացա… բայց դո՞ւ…

Լռություն: Երկուսը նրա սադրանքին չեն տրվում: Կինը սեղանին դրված բաժակը խփում է հատակին: Լռություն: Բարձրանում, մոտենում է դռանը, բռունցքներով խփում է դռանը, հետո` նաև ոտքերով: Խփում է լուռ, անողոք այնքան, մինչև ուժասպառ հենվում է դռանը` հընթացս խոսելով:

ԿԻՆ – Տնից դուրս եմ գալիս… Մեքենային չմոտեցած` երկու համազգեստավոր ինչ-որ փաստաթուղթ հեռվից իբր ցույց տալով հրամայում են հետևել իրենց… Ես հապաղեցի: Նրանք ինձ շպրտեցին մայթին մոտեցած մեքենայի մեջ… (Ձեռքով դռանը հասցրած հերթական հարվածից դեմքն աղճատվում է ցավից): Ճանապարհին լուռ էին: Հայտնվեցինք ինչ-որ շքամուտքում… հետո` այստեղ: (Զննելով ցաված ձեռքը): Կկապտի… կապտած մի շաբաթ կմնա: (Փորձում է շարժել մատները): Գուցե ջարդվել է… (Շրջվում, հենվում է դռանը): Գիտեք` ով եմ, ինչով եմ զբաղվում… բանկային հաշվիս էլ տեղյակ եք: Ուրեմն, ի՞նչ եմ անում այստեղ: Մինչև չասեք` տեղիցս չեմ շարժվի: (Դանդաղ փլվում է հատակին, փակում է աչքերը: Խավար):

Կարճ դադար: Երբ լուսավորվում է, բեմում ոչինչ չի փոխվել, միայն ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը 12-ը: Կինը բացում է աչքերը, շարժվում` մարմինն ընդարմացել է, կարճ երկմտանքից հետո բարձրանում է, փորձում է բացել դուռը: Իզուր: Անվստահ քայլերով գալիս-նստում է 2-րդ Գրագրի դիմաց: Հիմա երկուսն էլ կիսադեմով են դահլիճին: Նա սիգարետ է պարզում Կնոջը, նախապես վառելով իր վառիչից:

ԿԻՆ – Շնորհակալ եմ… (Ծուխը խորը ներս քաշելով): Նոր հասկացա ծխելու հաճույքը: (Փորձում է նրա դեմքի արտահայտությունից ինչ-որ բան կռահել): Կարո՞ղ է` ինչ-որ մեկը խաղ է խաղում գլխիս… որոշել է կատակել, հը՞… Թեև իմ շրջապատում այդքան հումորազուրկ արարած չկա: Գուցե… թշնամինե՞րս: Իսկ թշնամիներ ունեմ… Ինձ նմանը չի կարող նախանձ չարթնացնել այդ անհաջողակների հիվանդ ուղեղներում… Այո, ուղեղներում, էլ որտե՞ղ… Իսկ ես ամեն ինչ կապում եմ ուղեղի հետ: Չեմ ընդունում, որ սիրտն է զգում… սիրտը ոչինչ չի կարող զգալ, ուր մնաց` հասկանալ… դա ընդամենը արյուն տեղափոխող մխոց է: Իսկ ամեն ինչ, այդ թվում նաև նախանձը, ծնվում է ուղեղում: Ուրեմն ո՞վ… հը՞, թշնամինե՞րս… Ո՞չ… (Փորձում է գուշակել պատասխանը): Դու ապուշ ես… ա-նա-սուն… Այսինքն` խոսելու ունակությունից զուրկ: (Հիստերիկ` 1-ին Գրագրի կողմը): Էդ գարշանքին ի՞նչ եղավ, լեզուն կո՞ւլ տվեց… ձայն հանի, քիչ առաջ լա՜վ էլ վայրահաչում էիր…

Լռություն: Կինը սեղմում է քունքերը, լարված` բռնվում է դողով: Ու… պայթում է:

ԿԻՆ – (հայացքով ցույց է տալիս 1-ինին): Նա ասաց, որ սա բաժանմունք է, բայց` ոչ ոստիկանական: Այդ դեպքում` ի՞նչ… Թե՞ սա բարքերի կամ քրեական բաժանմունք է… Դե, մի բան ասեք, անասուններ… Ի՞նչ եմ արել, հը՞… Հարկե՞րը չեմ մուծել: Մուծել եմ: Իսկ թե մի բան թաքցրել եմ` չեք գտնի: Քաղաքի լավագույն փաստաբանները իմ շներն են: Չէ՞… տնտեսական հանցանք չե՞մ գործել… այդ դեպքում… (Փորձում է մտքերն ի մի բերել, ինչը դժվարությամբ է նրան հաջողվում): Իսկ գուցե… նրա մա՞հն է ձեզ հետաքրքրում… Հա, նրա՞… Իզուր: Թեև… դժբախտ պատահարը ոմանց մոտ կասկած է հարուցում… Այո, նա խմած չէր, ճանապարհը չոր էր… ոչ էլ գիշեր էր: Իսկ նա` բա՛խ… գլորվեց կիրճը: Չգիտե՛մ, չհարցնե՛ք… ես չեմ կարող իմանալ, որովհետև վթարից կես ժամ առաջ նրան ասացի, որ ինձ հանգիստ թողնի: Ես հոգնել էի նրանից, հասկանո՞ւմ եք… Չե՞ք հասկանում: Չեք կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է հոգնել քեզ սիրող մարդո՞ւց… Եթե անգամ բացատրեմ` չեք հասկանա… անիմաստ է: Ասենք, ես էլ չեմ հասկանում, բայց հոգնել էի: Հը՞, դա՞ է, այդ կասկա՞ծը… Հիմարությո՛ւն: Իմ փաստաբանները ուզածդ դատավորին կապացուցեն, որ ես ընդհանրապես նրան չեմ ճանաչել, իսկ նա… նա հիվանդ էր: Այդ հիվանդության անունը գիտեմ, բայց… չեմ ասի:

1-ին ԳՐԱԳԻՐ — (ծոր տալով): Ի՜նչ մի գաղտնիք է…

ԿԻՆ – (շրջվելով նրա կողմը): Հա, նա սիրո հիվանդ էր: Ու դա միակ հիվանդությունն է, որ ուղեղի հետ կապ չունի: Ուրեմն և` կապ չունի ինձ հետ: (Փակում է աչքերը, դեմքն աղճատվում է ցավից, բայց երբ բացում է աչքերը, ինքնատիրապետումը վերագտած Կինն է: Սառը, գործնական տոնով): Դրա համա՞ր եմ այստեղ:

Երկուսը լռում են: Կինը վաղուց հանգած սիգարետը նետում է հատակին, պարզում է ձեռքը: 2-րդ Գրագիրը նրան սիգարետ է մեկնում-վառում` ասես ռոբոտ լինի: Կինն այս մեկը ծխում է ագահաբար, իրար վրա, մինչև հազը խեղդում է: 2-րդը նրա ձեռքից վերցնում, հանգցնում է սիգարետը: Կինը` անտարբեր դրան, վեր է թռչում տեղից, վերցնում է պայուսակը, տենդագին փնտրտուքից հետո դուրս է բերում ճմրթված ծրար: Դնում է սեղանին, դանդաղ, խնամքով հարթեցնում է` հընթացս խոսելով:

ԿԻՆ — Սա է… Սա՞ է: Մանկության ընկերուհուս նամա՞կը… ամուսինը սնանկացել է… երեխաները փողոցում են մնացել… Ինձ ի՞նչ… ի՞նչ անեմ: Միլիոննե՞ր ունեմ: Երեխաները… Է՛, չբերեի՛ր, ես այդ գործին մասնակից չեմ եղել, ուրեմն և` պատասխանատու չեմ: (Նույն խնամքով կտոր-կտոր է անում ծրարը): Երեկ պատահաբար իմացա, որ պատուհանից դուրս է նետվել… Հիմա՛ր: (Թղթի կտորտանքը օդ է նետում): Սա է՞լ չէր… (Հոգնած, անօգնական ձայնով): Չգիտեմ… ոչինչ չեմ հասկանում: (Գլուխն առնում է ձեռքերի մեջ, հակվում սեղանին):

Խավար: Բեմում կարճ դադար է: Երբ լուսավորվում է, բոլորը նույն դիրքում են: Միայն ժամացույցի սլաքները ցույց են տալիս ժամը 6-ը:

ԿԻՆ – (դանդաղ ուղղվում է, մոտենում է դռանը, վախվորած հրում` փակ է: Ծնկի է գալիս բանալու անցքի առաջ, դեպի դուրս գոռում): Ինձ ոչ ոք չի՞ հարցրել… եկող, հարցնող չի՞ եղել… (Ոտքի է ելնում): Պետքները չէ… քանի ժամ է` այստեղ եմ… փնտրող չկա: Եվ ինչո՞ւ պիտի լինի… (Կտրուկ մոտենում է 1-ին): Իսկապե՞ս ոչ ոք չի հարցրել… զանգող է՞լ չի եղել… (Գալիս-նստում է 2-ի դիմաց: Հուսաբեկ): Ինձ փնտրող չկա: Չկա՛ ու… չի՛ լինի… Դու գիտե՞ս` ինչ է ազատությունը: Ասենք, քեզ պես նեպուկը ի՞նչ պիտի իմանա ազատության մասին: Լսիր, դու ընդհանրապես այդ բառը լսած կա՞ս… Ազատություն… ա-զա-տու-թյուն… Երբ քեզ ոչ ոք չի զանգում: Սիգարետ տուր:

2-րդ Գրագիրն անշարժ է:

ԿԻՆ – Ոչ ոք պարտավոր չէ ինձ զանգել: Բայց դու պարտավոր ես սիգարետ տալ, երբ ես եմ ուզում: Լսո՞ւմ ես, նեպո՛ւկ, սիգարետ վառիր ու ինձ տուր:

Լռություն:

ԿԻՆ – Հետաքննությունը շարունակվո՞ւմ է… Իսկ ես ասելու բան չունեմ: Ձեզ ասելու բան չունեմ: Միայն ինձ կարող եմ ասել` ինչ ուզենամ… բայց դուք ի՞նչ գործ ունեք իմ ու իմ միջև… Հա՛, դա արել եմ, ես սպանել եմ… Ե՛ս եմ սպանել: Որոշեցի ու… Նա ի՛մն էր, ի՛նձ էր պատկանում, ե՛ս էի նրան կյանք տալու, ես էլ կյանքից զրկեցի… Իմ երեխան… (Փորձում է կենտրոնանալ): Բայց դա այնքան վաղուց էր… Դա՞ էիք ուզում լսել… Ո՞չ… (Աղերսանքով նայում է նրանց անթափանց դեմքերին):       

Լռություն: Երկուսն իրենց անշարժ լռությամբ հասկացնելու են` դա չէ: Կինը գալիս է բեմառաջ. այս պահից նրա խոսքն ուղղված է դահլիճին:

ԿԻՆ – Մտքերս խառնվում են… ուղեղս մթնում է… իսկ իմ ուղեղը միշտ սթափ պիտի լինի… այլապես ես` ես չեմ լինի… սկսում եմ հիշել… դա վատ է, ես ինձ վարժեցրել եմ չհիշելուն… ես չպիտի հիշեմ… հիշողությունը թուլացնում է… ես ատում եմ թույլերին… գլուխս պայթում է, ուղեղս մթնում է… արդեն ասել եմ այդ մասին, ինչո՞ւ եմ կրկնում… հիշեցի` ինչքան վաղուց է` չեմ արտասվել… ինչո՞ւ հիշեցի, չէ՞ որ երդվել էի… ես չե՛մ կարող լաց կինել… ես չպիտի՛ լաց լինեմ… (Վերջին բառերից ասես պարզվում է նրա միտքը): Հա՜, այստեղ եք բերել, որ լա՞ց լինեմ… ձեր ներկայությա՞մբ… ե՞ս… (Սկսում է ծիծաղել, ծիծաղը վերածվում է հիստերիկ քրքրջոցի): Դուք իմ լացը չե՛ք տեսնի: Չե՛ք տեսնի… Լսո՞ւմ եք… (Նրա ծիծաղը մարում է խավարի մեջ):

Խավար: Երբ լուսավորվում է, բեմում միայն Կինն է` նույն դիրքով: Այն երկուսը չկան, պատից անհետացել է նաև ժամացույցը: Հեռախոսազանգ` համառ ու երկար: Կինը սթափվում է, գրպանից հանում է հեռախոսը:

ԿԻՆ — Այո… չեմ մոռացել… ոչ, հանդիպումից չեմ ուշանա… հիմա կգամ… արդեն գալիս եմ…

Վերցնում է պայուսակը, մոտենում է դռանը: Բռնակը տեղում է: Պտտում է` դուռն անաղմուկ բացվում է: Կինը անշարժանում է` հայացքը դռնից դուրս: Հետո զգույշ փակում է դուռը: Շրջվում է… նա արտասվում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։