Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԵՐԵՍՆԱՄՅԱ «ՓՈՔՐԻԿԻ» ՀՈԲԵԼՅԱՆԸ
Վանաձորի Տիկնիկային թատրոն ՀՈԱԿ-ը հանդիսավոր կերպով նշեց իր 30-ամյա հոբելյանը:
Խոստովանենք, որ մշակույթի օջախներն անվանելիս ՀՈԱԿ, ՊՈԱԿ հապավումները, որոնք նշում են տվյալ հիմնարկության վարչական պատկանելության կարգավիճակը, այնքան էլ բնութագրական ու էական չեն արվեստի կամ մշակույթի օջախների համար: Այդուամենայնիվ, այս դեպքում շեշտեցինք այդ հանգամանքը, քանզի սոցիալական ցանցերում և այլուր եղած կարծիքներում, թյուրիմացաբար, Վանաձորի տիկնիկային թատերարվեստի տարեգրությունն ամփոփվում է այդ 30 տարիների մեջ: Մինչդեռ, դա այդպես չէ:
Հայաստանի խորհրդայնացման երկրորդ տասնամյակում արդեն, Ղարաքիլիսայում՝ ապագա Կիրովական-Վանաձորում, տիկնիկային թատերարվեստը ներկայանում էր Թբիլիսիից, Երևանից եկած ինքնագործ թատերախմբերի, երեսնական թվականներին՝ Երևանի տիկնիկային թատրոնի հյուրախաղերով:
Մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության գործում մեծ ազդեցություն ունեցող թատերարվեստը տեղի ուժերով մեկնարկեց 50-ականների առաջին կեսում, երբ Հովհ. Աբելյանի անվան թատրոնում սկսեց աշխատել երիտասարդ, ապագա ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը, ով իր տիկնոջ՝ Կատարինայի հետ կազմավորած խմբով, Կուլտուրայի մինիստրության թույլտվությամբ ու Հայաստանի թատերական ընկերության ուղեգրերով կանոնավոր ելույթներ կազմակերպեց ոչ միայն Կիրովականի դպրոցներում ու մանկապարտեզներում, այլև Լոռու քաղաքներում ու գյուղերում: Շատ չանցած քաղաքային կուլտուրայի տանը սկսեց գործել տիկնիկային թատերախումբը՝ Սեյրան Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Տարին տարվա վրա հասունանում էր հանրապետության երրորդ քաղաքում պրոֆեսիոնալ տիկնիկային թատրոն ունենալու խնդիրը և 1992 թվականին, պատերազմի դժվարին պայմաններում քաղաքային իշխանությունը, ընդառաջելով կուլտուրայի բաժնի վարիչ Լաերտ Մկրտչյանի, Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դերասան Սերգեյ Մելիքյանի առաջարկին, որոշում է կայացնում ստեղծել տիկնիկային թատրոն, ծաղկի սրահի ընդարձակ տարածքը՝ հարկավոր վերափոխումներ կատարելով, դարձնել թատրոնի շենք: Հիմնադիր տնօրենը Սերգեյ Մելիքյանն էր:
1994 թվականին թատրոնը բացում է վարագույրը՝ ներկայացնելով Հովհ. Թումանյանի «Շունն ու կատուն»: Այդուհետ ոչ միայն Վանաձորի, այլև Լոռու բնակավայրերի մանուկ հանդիսատեսի մի քանի սերունդ հաճախակի է հաղորդակցվում տիկնիկների զարմանահրաշ աշխարհին, շուրջ երեք տասնամյակ դիտելով 50-ից ավել նոր բեմադրություն, որոնց մեծ մասը տիկնիկային թատերարվեստի նվիրյալ Ս. Մելիքյանի բեմադրություններն էին, որը նաև դրանց տիկնիկագործն ու նկարչական ձևովորողն էր: Զուր չէ, որ վանաձորցի փոքրիկները նրան կոչում են Հեքիաթ Պապիկ:
Վանաձորի տիկնիկային թատրոնը հյուրախաղերով հանդես եկել եվրոպական մի քանի երկրներում, մեծ հաջողություններ է ունեցել հանրապետական, միջազգային փառատոներում:
Վերջին երկու տարիներին թատրոնի գեղարվեստական ու վարչական ղեկավարումը վստահվել է Սևակ Սարգսյանին, նրան այս ընթացքում հաջողվել է համայնքապետարանի և հովանավորների օգնությամբ շենքում անհրաժեշտ վերանորոգումներ կատարել, թարմացնել խաղացանկը՝ նոր բեմադրությունների համար հրավիրելով ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Բարսեղյանին և Արամ Մխիթարյանին:
Տարիներ ի վեր Վանաձորի տիկնիկային թատրոնի բարեկամն ու խորհրդատուն են ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ միջազգային «Յունիմա Հայաստան» տիկնիկային գործիչների միության հայկական ասոցիացիայի նախագահ Արմեն Սաֆարյանն ու Երևանի Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:
Նկատենք, որ երիտասարդ ղեկավարին կարճ ժամանակամիջոցում հաջողվեց հին ու լավագույն ավանդույթները պահպանելով թարմ շունչ հաղորդել ստեղծագործական մթնոլորտին, ի նպաստ տեղի տիկնիկային թատերարվեստի թատրոնի շուրջը համախմբել Վանաձորի արվեստի և մշակույթի գործիչների, հովանավորների, որոնցից ամենաակնառուն, թերևս, Գուգարաց թեմի առաջնորդարանն է՝ ի դեմս թեմակալ առաջնորդ տեր Հովհան Եպիսկոպոս Հակոբյանի:
ԿԳՍՄ նախարարության դրամաշնորհի, Վանաձորի համայնքապետարանի ցուցաբերած օգնությամբ նոյեմբերի 11-ին Վանաձորի տիկնիկային թատրոնի 30-ամյա հոբելյանը նշվեց արժանվույն հանդիսությամբ՝ Գուգարաց թեմի առաջնորդ, Սրբազան Հովնան Հակոբյանի օրհնությամբ ու ջերմ, բնութագրիչ առաջնախոս ելույթով: Շնորհավորական խոսք ասացին և թատրոնի երախտավորներին շնորհակալագրեր հանձնեցին ԿԳՍՄ փոխնախարար Արա Խզմալյանը, Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը: Հոբելյարին ողջունեցին և նրա 30-ամյա տարեգրությունն արժեվորեցին Արմեն Սաֆարյանը, Ռուբեն Բաբայանը, Արմեն Բարսեղյանը, դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանը: Ջերմ ընդունելության արժանացան թատրոնի հիմնադիր տնօրեն Սերգեյ Մելիքյանի և այժմյան ղեկավար Սևակ Սարգսյանի ելույթները: Վերջինս հոբելյանի առթիվ հատված հուշամեդալներ հանձնեց Հեքիաթ Պապիկ — Ս. Մելիքյանին և տեղի տիկնիկային թատերարվեստին ակնառու օժանդակություն ցուցաբերած անձանց: Նա, հուրախություն բոլորի, հայտնեց, որ եկող տարի թատրոնի շենքը հիմնովին վերանորոգվելու է սուբսիդավորման միջոցով:
Երաժշտական ողջույններ հղեցին Վանաձորի կամերային նվագախումբը (գեղ. ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Ասատրյան) և «Հորովել» երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար, մեներգիչ Արմեն Ներսիսյանը:
Ջերմ ընդունելության արժանացան հաղորդավարները՝ մանչուկ Տիկը և աչոնիկ Նիկը, որոնք ծնվել էին այդ օրը՝ տիկնիկային թատրոնի 30-ամյա հոբելյանի առիթով և, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հավաստիացմամբ, այսուհետ լինելու են տիկնիկային ընտանիքի մշտական ու գործուն անդամները: