Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ / ԿԱՌԱՓՆԱՐԱՆԻՆ  ԻՋԱԾ  ԱՂԱՎՆԻՆ

ՏՐՈՐԵԼՈՎ ԴԱՀՃԻ ՈՏՔԵՐԸ

/ազգային-քաղաքական դրամա 9 տեսիլով/

Գործող անձինք.

Փայլակ Զինք՝ հրապարակախոս եւ պատգամավոր,

Մանկավարժ Զարեհ

Սեպուհ արքեպիսկոպոս Մաթյան՝ պատրիարք, Մայր Արաքսի

Նաթան արքեպիսկոպոս,

Ռուբեն՝ Մայր Արաքսիի որդին

Տեր-Կորյուն՝ քահանա,

Բագրատ Չամչյան

Սարկավագ 

Էրխան Աքճամ՝ թուրք գրող

Մեհմեդ 2՝ սուլթան,

Լեյլա՝ Է.Աքճամի կինը

Մեհթի՝ սուլթանի պալատական կառավարիչ,

 Խորհրդարանի նախագահ

Դատախազ,

Հավատացյալներ                                                        

Սրբուհի՝ Զինքի կինը, 

Պատգամավորներ

Զոհրապ՝ Զինքի որդին /15 տարեկան/, 

Ժանդարմներ

Մելինե՝ Զինքի դուստրը /17 տարեկան/, 

Գործակալներ

Գործարար Մուրադ, 

Չարագործներ

Բժիշկ Հակոբ

 Մարդասպան

ՏԵՍԻԼ 1

/1453թ. հուլիս,Կոստանդնուպոլիս: Սուլթանը շրջում է բյուզանդական շքեղ ոճով հարդարված իր նոր կեցավայրում, զննում ու տնտղում կահկարասին ու պատերի նախշազարդերը եւ իբր իմիջայլոց ՝զրուցում իրեն ուղեկցող պալատական կառավարչի հետ/:

Սուլթան — Այ թե նրբաճաշակ են էս բյուզանդացիք… ո՜նց են ձեւավորել արքունական պալատը… /Դադար/ Շատ են երեւակայել, անթիվ գույներ, պատկերներ ու գծեր են միախառնել… Խոսք չունեմ՝ մեծ տաղանդով են արել էս ամենը, բայց ինձ դուր չի գալիս… Մի ամիս է անցել, իսկ ես դեռ չեմ հարմարվել էս միջավայրին. պիտի փոխել տանք էս զիզի-բիզի բաները, օսմանյան ոճ կներդնենք էստեղ՝ ավելի հարազատ… բարձր ու ազդեցիկ… չէ՞, Մեհթի…

Կառավարիչ – Իհարկե, մեծն սուլթան, մերն ավելի բարձրակարգ ու հոյակապ պետք է լինի, այնպես, որ բոլորն իմանան՝ նոր տերերը առավել քաղաքակիրթ ու զարգացած են, չկասկածեն, որ հենց նրանք իրավունք ունեն տիրելու էս քաղաքին ու երկրին:

Սուլթան — Այ թե մեծամիտն ես, Մեհթի… դու ինքդ քո խոսքերին չես հավատում, բայց փորձում ես լսողությունս գրավել… /Դադար/ Որպեսզի ասածդ կատարվի, պիտի երկար դարեր տքնենք, ու դեռ հայտնի չէ՝ կհաջողվի՞ լիովին օսմանացնել Բյուզանդիան ու հարակից տարածքները, թե՞… /Լռություն/  Լավ, ասում ես՝ ինչպե՞ս վարվենք էդ հայերի հետ… Գիտես՝ ամենից ուժգին նրանց ջոկատներն էին դիմադրում իմ ասկյարներին… Բոլորին սրի՞ քաշեմ, թե՞ աքսորեմ անապատները… Նրանք հիմա կարող են լռել ու հնազանդվել, բայց թաքուն կքայքայեն դժվարությամբ նվաճած տերությունս:

Կառավարիչ – Մեծն սուլթան, կարծում եմ՝ պետք է ավելի հեռատես լինենք եւ ավելի խորամանկ. առայժմ պետք չէ կոտորել ոչ հայերին, ոչ հույներին, ոչ ասորիներին ու հրեաներին, նրանց արդարանալու հնարավորություն պետք է տալ: Պոլիսը նրանց քաղաքն էր երեկ, հիմա արդեն մերն է. նրանք ցանկացել են պաշտպանել իրենց քաղաքը. իսկ դա նշանակում է, որ պոլիսցիները սեփական ունեցվածքի գինը գիտեն:

ՍուլթանԹեեւ շատ ապիկար դուրս եկան էդ հարցում, չէ՞… Փորձեցին պաշտպանել իրենց քաղաքը, բայց պարզվեց, որ նրանք առանձնապես ընդունակ չեն մեր դեմ կռվելու… Պոլիսի ամբողջ ունեցվածքը հիմա իմն է, մերն է, այսինքն՝ նրանք հիմա ոչինչ են, ոչի՜նչ…

Կառավարիչ— Իմ ասածն էն է, մեծն սուլթան, որ կարիք չկա միանգամից ամենքի աչքին ջարդարար ու ելուզակ երեւալ, աչքի ընկնել իբրեւ գերեվարող ու զավթիչ, ինչպես նրանք են ասում… Պետք է ցույց տալ, որ մենք ազատարարների պես ենք մտել Պոլիս, եկել ենք ավելի ծաղկեցնելու էս քաղաքը, եկել ենք նրանց հետ միասին նոր կյանք կառուցելու… Բայց քաղաքը կվերակառուցենք որպես… օսմանյան վեհափառ մայրաքաղաք…

Սուլթան — Եւ այն կկոչվի այսուհետ… Ստամբուլ… Կջնջենք Կոստանդնուպոլիս անունը պատմության էջերից, այն ոչ ոք չպետք է բարձրաձայնի հիմա, վաղը եւ հավիտյանս…

Կառավարիչ— Մարդկության հիշողությունը դժվար է ջնջելը, մեծն սուլթան, գուցեեւ անհնարին, բայց հարկ է ջանք թափել էդ ուղղությամբ…

Սուլթան – Հա, գիտեմ: /Դադար/ Բայց ձեռքերս քոր են գալիս, Մեհթի, ուզում եմ մի լավ դաս տալ էդ հայերին, հետո անցնել Ստամբուլի ու իմ կայսրության վերաշինությանը…

Կառավարիչ – Մեծն սուլթան, արի էս անգամ էդ դասը տանք առանց արնահեղության. մեր հերոսական զորքը արդեն պոլիսցիների շատ արյուն է թափել քաղաքը գրավելու ժամանակ, շատերին էլ գերեվարել ենք: Ներկա պահին հարկ է այլ կերպ նվաճել տեղացիների կամքն ու հարգանքը:

Սուլթան – Հարգա՞նք… ինչ-որ վերացական ես խոսում. միանգամից ասա՝ ի՞նչ ես առաջարկում… եւ ընդհանրապես՝ մի ծամծմիր խոսքդ, Մեհթի, սովորիր կարճ ու դիպուկ խոսել:

Կառավարիչ— Մեր զինվորները, մեծն սուլթան, շատ ավերածություններ են գործել Պոլիսը… Ստամբուլը գրավելիս. պետք է վերակառուցել այն: Առաջարկում եմ վերակառուցման հիմնական աշխատանքներում ներգրավել հայ արհեստավորներին ու վարպետներին, ինչպես եւ՝ հրեաներին…

Սուլթան— Ի հակակշիռ հույների, չէ՞…

Կառավարիչ— Այո-այո, տիրակալ:

Սուլթան/գոհունակ ծիծաղում է/ — Այ թե խորաթափանց միտք ունես, Մեհթի…

Կառավարիչ/շողոմալից ժպտում է սուլթանին/— Թող օտար արհեստավորները իրենց ձեռքերով մեզ համար վերակառուցեն Պոլիսը, վերակառուցեն որպես Ստամբուլ: Դա այլազգիների համար ավելի խիստ պատիժ կլինի, քան նրանց սպանելն ու աքսորելը:

Սուլթան— Եվ նրանց որոշ արտոնություն ու ազատություն կտանք, ասենք… ձեռք չենք տա նրանց կրոնին, թող պաշտեն իրենց Աստծուն, բայց թաքուն կդրդենք, որ հակվեն դեպի մահմեդականություն… Երբ պետք լինի, ուժով դավանափոխ կանենք:

Կառավարիչ— Մեծն սուլթան, արտոնությամբ մենք կմեղմացնենք պոլիսցիների՝ մեր հանդեպ արդեն սրված ատելությունը եւ նրանց կդարձնենք մեր գործակիցները:

Սուլթան/քահքահ ծիծաղում է/ — Այ թե պատմական թատրոն պիտի խաղանք, հա՜… Ուրեմն խաղանք էդ թատրոնը, Մեհթի… /ԴադարԲայց ես լրիվ բավարարված չեմ լինի, եթե միայն այդպես գործենք. գոնե մի քանիսին պատժել է պետք… հրապարակայնորեն… Կսկսենք հայերից:

Կառավարիչ— Բայց ու՞մ պատժենք, սուլթան, նրանք գրեթե բոլորը նույն մեղքի ու անմեղության տակ են…  

Սուլթան— Նախ, կպատժենք մեր դեմ կատաղի կռված հայկական ջոկատի հրամանատարին… Հը՞… /Սեւեռուն նայում է Մեհթիին. վերջինս լարված սպասում է սուլթանի վերջնական որոշմանը/: Չէ՜, կասեն՝ օսմանները տեղի լավ ռազմիկներից վախենում ու վերացնում են նրանց… Կպատժենք… ը՜մմմ… էն հայ քահանային, որ ասում էր, թե թուրք զավթիչներին քրիստոնյա աստված մի օր սրբել-տանելու է… Դու էիր էդ լուրը հայտնել ինձ:

Կառավարիչ— Քահանա Սահակի՞ն… Բայց նա էդ խոսքն ասել է վիրավորանքի ու ցասման պահին, երբ մեր ասկյարները ծեծել են նրան իր վանքում. դրա համար չարժե մահապատժի ենթարկել խեղճ քահանային, սուլթան…

Սուլթան— Արժե, արժե, Մեհթի… Նա խեղճ չէ, նա ըմբոստ է, նա անիծել է մեզ… Իսկ եթե նրա անեծքը մեր դեմ սկսի գործե՞լ մի օր…

Կառավարիչ— Դուք երբեք սնահավատ չեք եղել, մեծն սուլթան, հիմա ինչու՞ հանկարծ կարեւորում եք մի ինչ-որ փոքր, բանավոր ըմբոստություն… /Դադար/   Պիտի զգուշացնեմ ձեզ, որ քահանա Սահակը մեծ հեղինակություն ունի Պոլիսի քրիստոնյաների շրջանում եւ նրա մահապատիժը խորը վրդովմունք կառաջացնի հայերի եւ նրանց հավատակիցների շրջանում… Հնարավոր է՝ էդ կրակը երկար ժամանակ չկարողանանք մարել…

Սուլթան— Դա կահաբեկի բնիկ պոլիսցիներին, նրանք երկար ժամանակ կապրեն վախի մեջ, իսկ վախի կրակում տապակվողներին կառավարելն ավելի հեշտ է, Մեհթի. վերջապես հասկացիր կառավարման նախնական օրենքները… Լավ, պատրաստիր հրովարտակ էդ անիծյալ քահանային կախաղան հանելու մասին… Մահապատիժը՝ Պոլիսի… Ստամբուլի կենտրոնում:

Կառավարիչ/փոքրինչ չոր/— Հրամանդ, սուլթան… /Ուզում է դուրս գնալ/:

Սուլթան Սպասիր, Մեհթի. մյուս հրովարտակով հայ եւ հրեա վարպետների համախմբում ենք ազադարարում Ստամբուլում… հանուն նրա վերակառուցման… /Լռություն/  Ստամբու՜լ… Չէ մի չէ՝ Կոստանդնուպոլիս… երկար ու անճոռնի անուն է… Պատմության փոփոխությունն անուններից է սկսվում:

/Կառավարիչը գլուխ է խոնարհում եւ շարժվում դեպի ելքը, ապա կտրուկ շրջվում է եւ փութով վերադառնում ու ծնկի գալիս սուլթանի առջեւ/:

Կառավարիչ/աղերսալից ձայնով/— Մեծն սուլթան, աղաչում եմ, Պոլիսը… Ստամբուլը արյան մայրաքաղաք չդարձնենք, դա շատ ծանր է նստելու մեր տերության ու օսմանցիների վրա… Մեր սուրը նաեւ բարեգթությամբ պիտի պսակենք, մենք միայն էդպես կարող ենք երկար իշխել այստեղ:

Սուլթան/զարմանքով/— Էդ ի՞նչ բարի սատանա է մեջդ մտել, Մեհթի… Հո քրիստոնյա չե՞ս դարձել…

Կառավարիչ— Չէ-չէ, սուլթան, ես մուսուլման եմ, էսպես էլ կմեռնեմ, բայց ասում եմ իմ երկար տարիների փորձից ելնելով՝ ուժն ու բռնությունը տեւական իշխելու համար բավական չեն…

Սուլթան— Հասկացա. դու բարի եւ ուժեղ օսմանցի մուսուլման ես ուրեմն, եւ նմաններով ես տեսնում մեր ապագան…

Կառավարիչ— Սուլթանը անսահման ճիշտ է:

Սուլթան— Կխորհեմ դրա վրա, սակայն նախապես ասեմ, որ հազիվ թե իմ մտապատկերում որեւէ արմատական փոփոխություն կատարվի… Քո առաջարկած վարքագծով մենք չենք կարող Եվրոպան նվաճել. դու չես մոռացել, չէ՞, Մեհթի, որ մենք նման նվիրական ծրագիր ունենք… Օսմանյան կայսրությունը դեռ իր լրումին չի հասել: Եթե մենք էդ ծրագիրը չիրագործենք, մեզ շուտով կվտարեն Պոլիսից… ողջ Անատոլիայից կվտարեն… դեպի մեր սիբիրյան ելման դիրքերը: Հիշիր դա, /կիսածաղրական տոնով/ բա-րե-հոգի Մեհթի: Խղճահարությամբ… բարեգթությամբ կայսրություն չես ստեղծի…  Իսկ հիմա աճապարիր ու հրամանս կատարիր: /Կառավարիչը խոնարհվում ու հեռանում է: Երբ հասնում է մուտքին, սուլթանը կանչում է նրա հետեւից/. Հետ արի, Մեհթի…

 /Կառավարիչը վերադառնում է սուլթանի մոտ/:

Կառավարիչ— Լսում եմ, մեծն սուլթան:

Սուլթան— Հրովարտակում ավելացրու, որ կպատժվի մի հույն եւս… Նա կկախվի հայ քահանայի հետ…

Կառավարիչ/դժվարությամբ արտաբերելով բառերը/— Բայց… հույնին ինչի՞ կախենք, սուլթան…

Սուլթան/մի կարճ պահ մտածելով/— Հա, նաեւ հրեայի ավելացրու… Ինքդ էլ ընտրիր հույն եւ հրեա կախաղանահանվողներին… /Դադար/  Այսպիսով… /խստացնելով ձայնը/ այդ երեքի՝ հայի, հույնի եւ հրեայի պատիժը նշանակում ենք հաջորդ կիրակի, այսինքն՝ վեց օր անց, Ստամբուլի կենտրոնական հրապարակում. պա՞րզ է, Մեհթի…

Կառավարիչ/կմկմալով/— Պարզ է… հրամանդ ի կատար… մեծն սուլթան…

Սուլթան— Դե գնա հրովարտակները պատրաստիր ու… ճաշից հետո բեր, որ կնքեմ… իմ այս աջով… /աջ ձեռքը բռունցք է անում, ձախով շոյում աջ մատնեմատին հագցված ուսկեհուռ ու խոշոր կնքամատանին: Կառավարիչը խոնարհվում ու դուրս է գալիս: Սուլթանը շարունակում է զննել պալատի ինտերիերը, ապա կրկնում է րոպեներ առաջ արտասանած խոսքը՝ ասես ստուգելով իր իրավացիությունը/. Բարեգթությամբ կայսրություն չես ստեղծի… Եւ չես պահի:

ՏԵՍԻԼ 2

/1895թ. սեպտեմբեր, Ստամբուլ: Դատարկ ու կեղտոտ նրբանցք: Քիչ հեռվից լսվում  են կատաղի ծեծուջարդի աղմուկաղաղակ, տնքոցներ ու հայհոյանքներ, ավելի հաճախ կրկնվում է «Իրավու՞նք եք ուզումդե ստացեք» մոլեգին խոսքը: Ձայնային այդ չարագուշակ խառնակչությունը խորհրդանշում է թուրք ժանդարմիեայի ու խուժանի արյունալի բռնությունը հայ ցուցարարների նկատմամբ:

Բեմում հազիվհազ տեղաշարժվելով հայտնվում է Բագրատ Չամչյանը՝ արնաշաղախ ու ծանր վիրավոր: Նա դժվարությամբ նստում է գետնին՝ հետ նայելով, ահաբեկված ու այլայլված: Բ.Չամչյանն ուզում է պարզել՝ արդյո՞ք իրեն հետապնդում են/.

Չամչյան/հեւալով, բառերը հատհատ ու դժվարությամբ արտաբերելով/- Կարծես թե… էդ… գազաններից… պրծա…

/Վայրկյաններ անց հայտնվում են 4-5 չարագործներ՝ մահակներով ու երկաթե ձողերով զինված: Չամչյանը փորձում է կանգնել ու փախչել, բայց ուժասպառ փլվում է գետնին/:

Չարագործ1/առաջինը մոտենալով Չամչյանին, սատանայաբար խնդմնդալով/— Նա ուզում է փախչել, տեսե՜ք… /ծանրորեն հարվածում է վիրավորին/:

Չարագործ2— Չի՜ փախչի… նա մեր որսն է: /Ուժգին հարվածում է Չամչյանին, նա վերջնականապես փռվում է գետնին/:

Չարագործ3/ուզում է իր բաժին հարվածը հասցնել զոհին. բարձրացնում է երկաթե ձողը, սակայն ձեռքն օդում քարանում է/— Մեր հարեւան վարժապետ Բագրատ Չամչյանն է… Մեր ընտանիքի հետ լավ բարեկամություն էր անում… Ինձ տառերն է սովորեցրել… Չէ, ես նրան չեմ խփի:

Չարագործ4/իրենց խմբի ավագը/— Դե ի՞նչ եղավ քեզ, օղուլ, խփիր-սպանիր դրան…

Չարագործ3— Չէ, ինձ հանգիստ թողեք, ես նրա սպանությանը չեմ մասնակցի: /Հետհետ է գնում, ապա վազելով հեռանում/:

Չարագործ4- Դու գիտես… /Հարվածում է արյան մեջ կորած Չամչյանին, հետո ուշադիր ու դիվային քմծիծաղով նայում հոգեվարքի մեջ գտնվողին/: Լավ, վերջ տանք սրան: /Մեկ անգամ եւս հարվածում է Չամչյանին. նա դադարում է շնչել/:

Չարագործ1— Վերջապես սատակեց… Գնացինք, դեռ էլի գործեր ունենք անելու…

/Չարագործներն արագ հեռանում են: Խոշտանգված ու սպանված Բ.Չամչյանը անշարժ փռված է գետնին, իսկ արնաշունչ աղմուկաղաղակը դեռ շարունակվում է/:

ՏԵՍԻԼ 3

/1915թ. ապրիլ, Ստամբուլ: Աուրբ Աստվածածին եկեղեցում ժամերգություն է: Ներկա հավատացյալները ինքնասույզ ունկնդրում են ՏերԿորյուն քահանայի երգեցիկ խոսքը/:

ՏերԿորյուն— «Լցաք առաւոտու ողորմութեամբ քով, ցնծացաք եւ ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց… Ուրախ եղաք փոխանակ աւուրցն՝ յորս խոնարհ արարեր զմեզ եւ ամացն՝ յորս տեսաք զչարչարանս…»

/Ներս են մտնում երեք թուրք ժանդարմ, որոնցից երկուսը հրացաններով են: Ժամերգությունն ընդհատվում է, բոլորը տագնապալից նայում են անկոչ համազգեստավորներին: Ընդհուպ խորանին է մոտենում անզեն ժանդարմը՝ ներխուժածների գլխավորը/:

 Ժանդարմ— Քահանա Կորյուն, այստե՞ղ է գրող Վարուժանը…

ՏերԿորյուն/մի պահ հայացքը պտտեցնելով ներկաների վրա/- Ոչ…

Ժանդարմ— Իսկ որտե՞ղ է նա…

ՏերԿորյուն— Չգիտեմ… Ինչու՞ եք փնտրում նրան…

Ժանդարմ/չլսելու տալով քահանայի հարցը, դիմելով բազմությանը/- Ձեզնից որեւէ մեկը գիտի՞, թե որտեղ կարող ենք գտնել գրող Վարուժանին… /Լռություն/  Լավ, նրան հետո կգտնենք… Բայց էս պահին պետք է մեկին տանենք…

ՏերԿորյուն եւ ներկաներ— Ու՞մ պիտի տանեք… Ու՞ր եք տանում…

Ժանդարմ— Դուք իմ հարցին չպատասխանեցիք, բայց ուզում եք, որ ես ձեզ պատասխանեմ. չի լինի… Ուրեմն մենք հիմա կտանենք… /քմծիծաղելով ու մի կարճ պահ տնտղելով ներկաներին/ կտանենք… քահանա Կորյունին…

Առանձին ներկաներ— Ինչու՞ քահանային… ինձ տարեք… ինձ տարեք…

ՏերԿորյուն— Սպասեք, իմ սրբասուն հավատացյալներ, նրանց ես եմ պետք… ես էլ կգնամ: /Իջնում է խորանից եւ մոտենում ժանդարմներին/:

Ժանդարմ— Քահանա Կորյուն, մենք քեզ միառժամանակ կկալանավորենք…

Ներկաներ— Ինչու՞… Նա հանցանք չի գործել… /Հավատացյալները խմբվում են ժանդարմների մոտ, որ կանխեն քահանայի կալանավորումը: Հրացանակիր ժանդարմները զենքը ուղղում են հավատացյալների վրա/:

ՏերԿորյուն/տագնապով/— Հետ քաշվեք, պետք չէ, կկրակեն ձեզ վրա… Ինձ շուտով բաց կթողնեն, սա թյուրիմացություն է… ընդամենը…

Ժանդարմ/քմծիծաղով/— Դուք միշտ էլ թյուրիմացության զոհ եք եղել, քահանա… /հրամայաբար/ Գնացինք:

/Հրացանակիր ժանդարմները թեւանցուկ են անում ՏերԿորյունին եւ մյուս ժանդարմի գլխավորությամբ նրան տանում դեպի ելքը: Կես ճանապարհին ՏերԿորյունը գլուխը ետ շրջելով՝ բարձրաձայնում է/.

ՏերԿորյուն— Եթե սխալ դատ են սկսել իմ դեմ, ապա մեր աստված սրանց դաժանորեն պատժելու է, հավատացե՜ք… Եվ շարունակեք աղոթել, սիրելիներս…

Ժանդարմ/ՏերԿորյունին հրելով/— Գնա-գնա, մի հոխորտա. դեռ չգիտես ձեր գլխին գալիքը… Էս օրը դեռ շատ երկար եք հիշելու…

Հավատացյալ1/կամաց, կողքին կանգնածին/— Էսօր ի՞նչ օր է…

Հավատացյալ2— Ապրիլի 24-ը…

/Ժանդարմներն ու ՏերԿորյունը դուրս են գալիս: Մի պահ քար լռություն է տիրում եկեղեցում, ապա սարկավագը վերսկսում է ժամերգությունը/.

Սարկավագ— «Հայեա, Տէր, ի ծառայս քո եւ ի գործս ձեռաց քոց, եւ առաջնորդեա որդւոց նոցա, եղիցի լոյս Տեռան Աստուծոյ ի վերայ մեր: Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, ՏԷր, եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ…»

/Հավատացյալներն արձագանքում են՝ «Ամեն» եւ խաչակնքում/:

 ՏԵՍԻԼ 4

/2017թ. հունիս, Ստամբուլ: Դատախազն իր առանձնասենյակում մտասույզ կարդում է «Ակոս» թերթը: Մի անկյունում նստած են սեւազգեստ երկու գործակալները: Ներս է մտնում Փայլակ Զինքը՝ թղթապանակը թեւի տակ: Նա փոքրինչ տարակուսած կանգ է առնում՝ նայելով մերթ դատախազին, մերթ անկյունում նստածներին/:

Դատախազ/իբր ուշացումով նկատելով Զինքի հայտնվելը/— Ա՜, պարոն Զինք, եկաք ուրեմն… /Վեր է կենում եւ կեղծավոր ժպիտով ընդառաջ գնում նրան, մեկնում է ձեռքը եւ բարեւում/: Բարով տեսանք, նստեք… /Իր հսկա գրասեղանին կից սեղանիկի մոտից աթոռ է հրամցնում Զինքին, ինքն էլ տեղավորվում նրա դիմաց՝ թափուր թողնելով իր մեծ բազկաթոռը/:

Զինք/նստելով/— Մենք պայմանավորվել էինք առանձնազրույց ունենալ, դեմ առ դեմ, բայց այստեղ ներկա այլ մարդիկ կան /գլխով ցույց է տալիս անկյունում նստած երկու հոգուն/:

Դատախազ— Դե, ուշադրություն մի դարձրեք, նրանք իմ… օգնականներն են. համարեք, որ դա արարողակարգային պահանջ է, որից չեմ կարող խույս տալ:

Զինք— Ես նման օգնականների հաճախ եմ հանդիպում վերջերս… Նրանք ինչ-որ շատ են նման իրար…

Դատախազ— Պարոն Զինք, խնդրում եմ՝ ուշադրություն մի դարձրեք, համարեք, որ մենք երկուսով ենք, նրանք չկան:

Զինք— Ուղղակի ես ասում եմ, որ մենք պայմանավորվածություն ունեինք… ուրիշ ոչինչ:

Դատախազ— Մենք կարող ենք զրուցել անկաշկանդ ու ընկերավարի… Դուք խորհրդարանի պատգամավոր եք եւ հայտնի հրապարակախոս-խմբագիր, ինչպես ասում են՝ հանրային մարդ եք, այսինքն՝ ձեզ համար խնդիր չի կարող լինել երեք մարդու ներկայությամբ ազատ արտահայտվելը:

Զինք— Ոչ մի խնդիր: /Նկատելի սարկազմով/ Կարող եք ձեր ամբողջ անձնակազմին եւս հրավիրել մեր զրույցին, պարոն դատախազ:

Դատախազ/չլսելու տալով, գրասեղանից վերցնելով թերթը/— Պարոն Զինք, ես կարդացի ձեր հերթական հոդվածը հայկական թեմայով, եւ ինձ համար հարցականներն ավելացան… Դուք գրում եք, որ Թուրքիայում բազմաթիվ ծպտյալ հայեր կան, նշում եք երկու հարյուր հազար թիվը… Փաստական ի՞նչ տվյալներ ունեք նման հայտարարություն անելու համար, պարոն Զինք…

Զինք— Անկասկած ունեմ, պարոն դատախազ: /Բացում է թղթապանակը եւ առանձին թղթեր հանձնում դատախազին/: Ահա, կարող եք ծանոթանալ… Ես երկար ուսումնասիրել եմ այդ հարցը, տասնյակ տեղեկությունների վրա համադրումներ ու եզրահանգումներ եմ արել… Ես ոչինչ չեմ հորինում, պարոն դատախազ. իմ էլեկտրոնային փոստը լեցուն է հարյուրավոր ծպտյալ հայերի նամակներով, ամեն օր նոր նամակներ եմ ստանում… Ծպտյալ հայերի նախնյաց գերակշիռ մասը բռնությամբ դավանափոխ է եղել 1915-ին. այդկերպ ֆիզիկապես փրկվել են:

Դատախազ/թռուցիկ նայելով ստացած թղթերը/— Լավ, ես սրանք հետո կկարդամ, եւ երեւի կարիք լինի դարձյալ հանդիպելու…

Զինք— Դե դուք ինձ տեւական հարցաքննության տակ եք ուզում վերցնել…

Դատախազ— Ոչ-ոչ, պարոն Զինք, սա հարցաքննություն չէ, ես նման իրավունք չունեմ. դուք պատգամավոր եք եւ օգտվում եք անձեռնմխելիության իրավունքից: Ձեզ հարցաքննելու համար իրավական առանձին արգելքներ պիտի հաղթահարել: Ես հիմա ձեզ հետ ընկերական-բարեկամական զրույց եմ վարում, որ փարատեմ իմ որոշ կասկածներ ու մտահոգություններ… Այս զրույցին դուք ներկայացել եք ձեր հոժար կամքով, ձեզ ոչ ոք չի պարտադրել: Կարող էիք եւ չներկայանալ:

Զինք— Ես գիտեմ, թե այս երկրում ինչ ձեւերով են պարտադրում… /Դադար/ Լավ, պարոն դատախազ, շարունակենք մեր, այսպես կոչված՝ ընկերական-բարեկամական զրույցը:

Դատախազ Շարունակենք… Պարոն Զինք, դուք հայտարարում եք, որ Թուրքիայի նախկին հայաբնակ շրջաններում գանձագողերը ակտիվացել են եւ պղծում են հայկական հին գերեզմանատեղիները. իսկապե՞ս…

Զինք— Այո, ահա… /թղթապանակից հանում եւ դատախազին է փոխանցում լուսանկարներ/  Մեր թուրք ընկերներն են լուսանկարել… Գանձագողերը շրջում են ոչ միայն գերեզմանավայրերով, պարոն դատախազ, նրանք վայրագ պեղումներ են անում նաեւ հայերի նախկին տնամերձ տարածքներում, որ հիմա թուրքերին ու քրդերին են պատկանում. պատկերացրեք՝ դա դուր չի գալիս նաեւ ներկայիս տերերին:

Դատախազ— Ահա թե ինչ… Իսկ ինչու՞ ոստիկանությունը նման տեղեկություններ չի հաղորդում…

Զինք— Ոստիկանությունը տեղյակ է, բայց լռում է. ինքներդ եզրակացրեք, թե՝ ինչու…

Դատախազ— Պետք է փաստերով խոսել:

Զինք— Իրավապահներին զգուշացրել են գանձագողերի ասպատակությունների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկում:

Դատախազ— Ես կզբաղվեմ այդ հարցով, պարոն Զինք. գանձագողերին կսաստենք:

Զինք— Տեսնենք…

Դատախազ— Անհոգ եղեք, իմ խոստումն ապարդյուն չի լինում… /Գրասեղանից վերցնում է «Ակոս» թերթի մի այլ համար ու բացում/.  Պարոն Զինք, ձեր նախկին հոդվածներից մեկում բառացիորեն գրում եք. մեջբերում եմ /կարդում է թերթը/՝  «Ոչ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ոչ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր՝ անգամ ապագայիս մեջ փոխադրելու»: Պարոն Զինք, չե՞ք կարծում, որ դուք՝ հայերդ, անհարկի շահարկում եք ապրիլի 24-ը…

Զինք— Ոչ, ես այդպես չեմ կարծում, ճիշտ հակառակը. մենք, ինչպես հարկն է, չենք կարողանում այս հարցը բարձրացնել իր ողջ խորությամբ ու ընդգրկումով… Դա միայն հայկական ողբերգություն չէ, դա համամարդկային ողբերգություն է, որի ոչ միայն հեղինակը, այլեւ կրողն է Թուրքիան:

Դատախազ— Մի՞թե…

Զինք— Այո, պարոն դատախազ. ընդհանրապես դահիճն էլ իր ներքին աղետն ունի, որ երկար ժամանակ մնում է չգիտակցված: Իսկ ճշմարտությունից ոչ ոք չի կարող թաքնվել: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմության հետ, հակառակ դեպքում նա կհայտնվի ապագայի լուսանցքում…

Դատախազ— Ես մտադիր չեմ ձեզ հետ բանավիճելու, բայց ապագան հանգիստ թողնենք. մենք չգիտենք, թե ապագայում ինչ է լինելու… /Սեղանին դրված շշից ջուր է լցնում իր եւ Զինքի համար: Թափով խմում է եւ շարունակում հարցաքննել/: Դուք նույնպես աշակերտական երդում եք տվել դպրոցում, չէ՞… «Թուրք եմ, շիտակ եմ, աշխատասեր եմ»:

Զինք— Այո…

Դատախազ— Ի՞նչ էիք զգում այն ժամանակ, երբ արտասանում էիք այդ խոսքերը…

Զինք— Չեմ հիշում այն ժամանակվա զգացածս, սակայն հիմա ասում եմ՝ «Շիտակ եմ, աշխատասեր եմ, հայ եմ»: Թուրք չեմ:

Դատախազ— Չե՞ք կարծում, որ այդ խոսքերը կարող են դիտվել որպես վիրավորանք թրքությանը…

Զինք— Դա չափազանց սխալ մեկնաբանություն կլիներ: Իմ նպատակը թուրքերին ստորացնելը չէ, խնդիրը հոգեվիճակս նկարագրելն է:

Դատախազ— Ես ձեզ հասկանում եմ, բայց բոլորը չէ, որ ճիշտ կըմբռնեն ձեզ… /Լռություն/ Հիմա այսպիսի հարց, պարոն Զինք, կարող եք նաեւ չպատասխանել: /Կանգնում է, մի երկու քայլ կատարում դեպի Զինքի թիկունքը/: Դուք շատ համարձակ ելույթներ եք ունենում, չե՞ք վախենում, չէ՞ որ մեր մոլեռանդ ազգայնականները երբեմն անվերահսկելի են դառնում…

Զինք/նույնպես վեր է կենում, կանգնում դատախազի դեմդիմաց/— Ես կենդանի մարդ եմ, բնականաբար՝ վախենում եմ… Ես գրել եմ, դա էլ պետք է որ կարդացած լինեք. ես այս երկրում ինձ աղավնու պես եմ զգում, դողում եմ օտար մարդկանց ներկայությամբ, բայց եւ հավատում եմ, որ աղավնիներին ձեռք չեն տա… Իսկ եթե մեռնել է պետք, ապա իմ մահը պետք է լինի ոտքի վրա՝ կանգնած, ոչ թե պառկած՝ անկողնում:

Դատախազ/սեւեռուն նայում է Զինքին, ապա շրջվում ու մի փոքր հեռանում է/ — Մենք պարտավոր ենք հոգալ ձեր անվտանգությունը, դուք պետք է մեր երկրում ձեզ ապահով զգաք… Բայց դա կախված է նաեւ ձեզնից, պարոն Զինք: Ուստի խնդրում եմ՝ մի արեք այնպիսի հանդուգն հայտարարություններ ու քայլեր, որ կարող են գրգռել մեր ազգայնականներին…

Զինք/քմծիծաղ տալով/— Պետք չէ ինձ զգուշացնել, պարոն դատախազ, հատկապես, որ ձեր խոսքն առավելս սպառնալիքի պես է հնչում:

Դատախազ— Ես չեմ սպառնում, պարոն Զինք, հավատացեք: Ավելին. ես կարող եմ ոստիկանությունից պահանջել, որ ձեր անվտանգության համար թիկնապահ տրամադրեն ձեր տեղաշարժերի ժամանակ…

Զինք— Շնորհակալ եմ, պետք չէ: Ես լավ գիտեմ իրավիճակը, գիտեմ մեր ու ձեր պատմական վարքը: Ես գիտեմ՝ ինչպես ու դեպի ուր եմ գնում…

Դատախազ— Դեպի ու՞ր, պարոն Զինք, չե՞ք ասի…

Զինք/ցույց տալով սեղանիկին դրված թղթապանակը/- Այդ թղթապանակի մեջ շատ հետաքրքիր ու կարեւոր փաստագրություն կա մեր երկու ժողովուրդների անցյալի ու փոխհարաբերությունների մասին. կարդացեք, պարոն դատախազ, այդ տեղեկատվությանն արժե տիրապետել, դա ձեզ կօգնի իմանալ, թե իրենց պատմությանն ու իրավունքին տեր կանգնել կամեցող մարդիկ դեպի ուր են պարտավոր շարժվել… Մինչ նոր հանդիպում, պարոն դատախազ: /Սեղմում է դատախազի ձեռքը եւ հեռանում/:

Դատախազ— Ցտեսություն, պարոն Զինք: /Նայում է հեռացող Զինքի հետեւից: Նրա գնալուց հետո մի պահ մտախոհ անշարժանում է, ապա վերցնում թղթապանակն ու ընկղմվում իր բազկաթոռի մեջ: Մտածում է, ապա բացում թղթապանակն ու  փորձում կարդալ, բայց ինչոր բան հիշելով՝ բարձրացնում է գլուխը եւ նայում անկյունում նստած գործակալներին/. Դե ինչ, ամեն ինչ լսեցիք ու ձայնագրեցիք. կարող եք գնալ:

/Գործակալները ոտքի են կանգնում/:

Գործակալ1— Այո, պարոն դատախազ, շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար, մենք գնանք:

Դատախազ— Բայց իմ կողմից զգուշացնում եմ՝ նայեք, որ ոչ մի բռնություն չկիրառվի նրա հանդեպ, ձեր հետախուզական ծառայությունը հաճախ է չափն անցնում: Դուք՝ գործակալներդ, նույնպես պատասխանատու եք նրա անվտանգության համար:

Գործակալ1— Պարզ է:

Դատախազ— Մենք նոր գլխացավանքի մեջ չպետք է ընկնենք, դեռ չենք ձերբազատվել փաստաբան Ժիրայր Մամուլյանի սպանության տհաճ հետեւանքներից…

Գործակալ2— Հետախուզությունը նրա սպանության մեջ մեղք չունի, պարոն դատախազ:

Դատախազ/ջղային տոնով/— Ձայնդ, գործակալ… բոլորս մեղք ունենք: /Դադար/ Դրսի աշխարհը մեզ մեղադրում է ազգային խտրականության, ժողովրդավարական արժեքների ոտնահարման մեջ: Մենք այդ քաղաքակրթական վայրիվերումների մեջ պետք է կարողանանք խուսափել այն ամենից, ինչը չի խոցում մեր ազգային արժանապատվությունը… եւ մեր պետության կայունությունը. հասկացա՞ք…

Գործակալներ— Հասկացանք, պարոն դատախազ… Ցտեսություն ձեզ:

Դատախազ/ձեռքը թափ տալով՝ դուրս գալու կիսաարհամարհական նշան է անում/— Գնացեք… գնացեք ու լրտեսեք՝ ինչպես հարկն է: /Գործակալները դուրս են գալիս: Դատախազն իր խոսքը շարունակում է միայնության մեջ/. Բայց լրտեսեք մեր իրական թշնամիներին: /Վեր է կենում, մոտենում պատուհանին եւ մի րոպե մռայլ նայում դուրս: Ապա վերադառնում է իր տեղը եւ խորասուզվում  թղթապանակի ընթերցանության մեջ/:

ՏԵՍԻԼ 5

/2017թ. օգոստոս, Ստամբուլ: Փ.Զինքի բնակարանի հյուրասենյակը: Պատուհանի մոտ մտախոհ կանգնած է Սրբուհին: Ներս է մտնում Զինքը՝ մի փոքրիկ ծաղկեփնջով/:

Զինք— Բարի երեկո, սիրելիս. կներես, որ այսքան ուշացա /մոտենում, գրկումհամբուրում է կնոջը եւ ծաղկեփունջը տալիս նրան/: Քո սիրած զանգակածաղիկներն են:

Սրբուհի/ծաղկեփնջից հոտ է քաշում մեղմ ժպտալով, ապա հուշիկ ազատվում է Զինքի գրկից/— Ինչու՞ ուշացար այսքան, Փայլակ, մենք պայմանավորվել էինք ընտանյոք գնալ ծովափին ընթրելու, չէ՞…

Զինք— Այո-այո, սիրելիս, ես էլ շատ էի ուզում, բայց անհետաձգելի ու շատ կարեւոր գործ բացվեց, չէի կարող զանց առնել…

Սրբուհի— Ի՞նչ գործ, Փայլակ, դու վաղուց անկարեւոր գործերով կարծես թե չես զբաղվում, բայց դրանից մեր ընտանեկան կյանքը չպիտի տուժի… Մի՞թե ճիշտ չեմ…  

Զինք— Ճիշտ ես, ճիշտ ես, սիրելիս, բայց եթե իմանաս, թե այսօր ինչ հյուրեր եմ ունեցել իմ գրասենյակում, ինձ չես նախատի…

Սրբուհի— Ի՞նչ հյուրեր…

Զինք— Էրզրումի կողմերից ծպտյալ հայեր էին ինձ այցի եկել, մոտ տաս հոգի… Նրանք ուզում էին, որ ես լսեի իրենց պատմությունները եւ այդ ամենի մասին թերթում գրեի… Շիտակ, իրենք իրենց վերգտնող ու հարգող իսկական հայեր են: Մոտ հինգ ժամ ես նրանց լսում էի ու ձայնագրում… Ի՜նչ պատմություններ են՝ մեկը մեկից սրտահույզ ու հիշարժան… Ուզում են իրենց նախնյաց հավատքին դառնալ, բայց նրանք նաեւ զգուշավոր են, ասեմ՝ վախեցած… Նրանք գիտեն, որ իրենց համար հեշտ չի լինի վերահայացման ուղին…

Սրբուհի— Ասում ես՝ Էրզրումի կողմերի՞ց են…

Զինք— Այո, Սրբուհի, որտեղից քո պապերն են: /Կրկին գրկում է կնոջն ու բաց թողնում/: Գիտե՞ս՝ ինչ եմ մտածում. պետք է ստեղծել մի կազմակերպություն… մի հիմնադրամ, որը կզբաղվի դավանափոխ ծպտյալ հայերի իրավունքների վերականգնման հարցերով… Նրանց իրավական ու բարոյական լուրջ աջակցություն է պետք:

Սրբուհի— Քեզ վրա ավելի ուժգին կհարձակվեն թուրք ազգայնականները, Փայլակ… Դու մտածե՞լ ես այդ մասին…

Զինք— Մտածել եմ, Սրբուհի, անհոգ մնա… Որպեսզի մենք միանգամից ուժեղ գրոհի տակ չընկնենք, սկզբնական շրջանում այդ հիմնադրամը կզբաղվի նաեւ Թուրքիո ազգային մյուս փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ. դու գիտես, թե այդ ասպարեզում որքան ահռելի աշխատանք կա անելու… Դու կօգնես ինձ, կլինես այդ կազմակերպության հիմնական համակարգողներից մեկը. չէ՞ որ դու էլ նման տուժյալներից մեկի ժառանգն ես, այդ ցավին դու քաջածանոթ ես առաջին ձեռքից: Ի՞նչ կասես, սիրելիս, ե՞րբ սկսենք աշխատանքը… վաղը՞…

Սրբուհի— Փայլակ, ես ուզում էի քեզ հետ ուրիշ… ավելի կարեւոր հարց քննարկել…

Զինք— Ի՞նչ հարց, սիրելիս…

Սրբուհի/մի պահ լռում է՝ ասելիքն ընդգծելու եւ արժեւորելու համար/— Մեր ընտանիքն ուզում է, որ մենք… թեկուզ մի որոշ ժամանակով, Ամերիկա տեղափոխվենք… Մեր բարեկամները խոստացել մեզ օգնել այնտեղ գտնվելու ժամանակ:

Զինք— Ի՞նչ… Այսինքն՝ մեր ընտանիքը առանց ինձ որոշել է Ամերիկա տեղափոխվելու հա՞րց լուծել, Սրբուհի…

Սրբուհի— Դե, առանց քո համաձայնության մենք նման որոշում չենք կարող կայացնել. ուզում էի ասել, որ մենք երեքով այդ կարծիքին ենք… Մենք վախենում ենք, Փայլակ, մենք քեզ… բոլորիս համար սարսափելի վախենում ենք:

Զինք— Այդ երբվանի՞ց ես վախին անձնատուր եղել, Սրբուհի ջան. ես քեզ գիտեմ որպես արիակամ կնոջ, ով պատրաստ է ինձ հետ քայլել ամենուր… Մի՞թե փոխվել է քո վարքագիծը… քո վերաբերմունքը իմ հանդեպ…

Սրբուհի— Դե չէ, ես նույնն եմ, պարզապես իրավիճակը ստիպում է ավելի սթափ նայել մեր շուրջ կատարվող դեպքերին… եւ համարժեք եզրակացություններ ու քայլեր կատարել:

Զինք— Իմ հեռատես կի՜նը… /Մտածում է՝ ակնդետ նայելով Սրբուհուն/: Ուրեմն՝ դուք երեքով արդեն նույն մտքին եք… Զոհրապին էլ ես արդեն մտափոխել, հա՞… Կանչիր երեխեքին, ընտանեկան խորհուրդ կանենք:

Սրբուհի— Լավ, բայց հիշեցնում եմ՝ քանի որ դու քեզ ժողովրդավար ես համարում, ուրեմն մեծամասնության կարծիքը կլինի որոշիչ, համաձա՞յն ես…

Զինք/տարակուսած նայելով կնոջը/— Լավ, համաձայն եմ…

Սրբուհի— Բարի, հիմա երեխեքին կանչեմ: /Դուրս է գալիս եւ քիչ անց վերադառնում Զոհրապի ու Մելինեի հետ: Զավակները ողջագուրվում են հոր հետ/:

Զինք— Դե, ո՞նց եք, երեխեք ջան…

Մելինե եւ Զոհրապ— Լավ ենք, հայրիկ, դու ո՞նց ես…

Զինք— Քոլեջում պարապմունքները հաջո՞ղ են անցնում…

Մելինե— Այո, հայրիկ…

Զոհրապ Դե, ոչինչ, հայրիկ, ուղղակի շատ ավելորդ առարկաներ են մեզ պարտադրում, գլխացավանք է…

Զինք— Բան չկա, պիտի հաղթահարել… /Մեկմեկ նայելով ներկաներին/: Հիմա մենք ընտանեկան խորհուրդ կանցկացնենք, եղեք առավելագույնս անկեղծ ու համարձակ: Մեր այս որոշումից, հնարավոր է՝ կախված լինի իմ… մեր ընտանիքի ապագան: Դե, խորհրդի օրակարգը թող հրապարակի մայրիկը… Զգուշացնեմ, որ միանգամից կքվեարկենք, քանի որ մենք բազմիցս քննարկել ենք այս հարցը, նոր ավելացնելու բան հազիվ թե լինի, բայց եթե կա՝ խնդրեմ: Պարզապես ուշ ժամ է, չեմ ուզում դարձյալ բանավեճերի մեջ խրվենք ու մեր գիշերային հանգիստը փչացնել… Բարի՞…

Ներկաներ— Այո…

Զինք— Խոսքը քոնն է, Սրբուհի:

Սրբուհի— Օրակարգում մի հարց ունենք. ովքե՞ր են համաձայն, որ մեր ընտանիքը տեղափոխվի Ամերիկա…

/Սրբուհին անվարան բարձրացնում է ձեռքը, նրան հետեւում է Մելինեն: Զոհրապը տատանվում է. նախ, դանդաղ բարձրացնում է ձեռքը, ապա հոր զարմացական հայացքը տեսնելով՝  իջեցնում է: Բոլորն իրար են նայում/:

Զինք— Ձայները կիսվեցին: Ուրեմն այս խնդրին կանդրադառնանք մեկ անգամ եւս… երկու ամիս անց, երբ որոշ հարցեր ինձ ու ձեզ համար շատ ավելի հստակ կլինեն. եղա՞վ…

Զոհրապ եւ Մելինե— Այո, հայրիկ:

Զինք— Սրբուհի ջան, ինքդ տեսար, որ մեծամասնությունը որոշեց հարցին նորից անդրադառնալ երկու ամիս անց… Այսպիսով՝ ընտանեկան խորհուրդն ավարտված է: Երեխեք ջան, դուք գնացեք քնելու, իսկ ես ու մայրիկը դեռ մի քիչ կզրուցենք… Ես, թեեւ ուշ ժամ է, նաեւ մի փոքր կընթրեմ, ահավոր քաղցած եմ… /Սրբուհուն/ Գնանք, խոհանոց, սիրելիս, տեսնենք՝ քո խոհարարական տաղանդն ինչ նոր փայլատակումներով կարող է մեզ զարմացնել… Հա, ծովափնյա ընթրիքն էլ տեղափոխում ենք վաղը…

Սրբուհի— Եթե, իհարկե, քեզ հաջողվի ժամանակին ազատվել վերահաս գործերից…

ԶինքԿարծում եմ՝ վաղը բախտս կբերի…

/Զինքը գրկում է Սրբուհու ուսը եւ նրա հետ դուրս գալիս: Դուրս են գալիս նաեւ Զոհրապն ու Մելինեն: Անմարդ սենյակի լույսը մեկեն անջատվում ու միանում է, այդպես՝ 3-4 անգամ: Խոհանոցից լսվում է Սրբուհու դժգոհ ձայնը. «Մեր լույսն ուզում են կտրել, ի՞նչ է… »/:

ՏԵՍԻԼ 6

/2017թ. սեպտեմբեր, Ստամբուլ: Հայոց թեմի պատրիարքարանում թեժ քննարկվում է Փայլակ Զինքի գործունեությունն ու հասարակական վարքը՝ նրա ներկայությամբ: Պատրիարքի եւ առանձին թեմականների հետ հավաքին ներկա են նաեւ համայնքային խորհրդի մի շարք անդամներ/:

Պատրիարք/դիմելով Զինքին/— Որդիս, մեկ անգամ եւս տագնապով կրկնում եմ, որ թուրքերը չեն ներելու քո հանդուգն ու հայանվեր պահվածքը… Աղաչում եմ, ավելի զուսպ եղիր քո հրապարակումներում ու ելույթներում, մենք քո ապահովության համար ենք դողում:

Ներկաներ— Այո… այո…

Զինք— Իսկ այստեղ ներկաներից ո՞վ ունի ապահովություն… Ընդհանրապես Թուրքիայում ապահովություն եղե՞լ է վերջին վեց հարյուր տարվա ընթացքում, նույնիսկ թուրքերի համար… Հիմա դուք ասում եք՝ թուրքերը ինձ չեն ների… Այսինքն՝ ինձ կչեզոքացնեն՝ կբանտարկեն կամ կգյուլլեն, չէ՞…

Ներկաներ— Այո…

Զինք— Դե հերն էլ անիծած, թող… Հո առաջին անգամ չեն հայ մտավորական ոչնչացնում… Գոնե պետք է տրորել դահճի ոտքերը… Ես չեմ ասում՝ զենք պարզենք նրանց դեմ: /Ինչոր բան հիշելով/. Սպասեք, մոռացա հարցնել. սրբազան հայր, այս հավաքը կնոջս՝ Սրբուհու հորդորո՞վ եք նախաձեռնել…

Պատրիարք— Ոչ-ոչ, որդիս, սա մեր թեմական խորհրդի նախաձեռնությունն է: Գաղափարը Նաթան արքեպիսկոպոսինն է /նայում է Նաթան արքեպիսկոպոսին/, ինձ էլ նրա հետ համահեղինակ համարեք: Մենք գուցե ավելին գիտենք քո կացության մասին, քան տիկին Սրբուհին… Մենք պարտավոր ենք կանխել քեզ սպառնացող ամեն մի չարիք. մենք չենք հաշտվի այն մտքի հետ, թե քեզ կարող են բանտարկել կամ… գնդակահարել: Մենք չենք կարող նման կորուստ թույլ տալ մեր համայնքում, որն առանց այն էլ դանդաղ մարում է:

Զինք— Հարգելիներս, ես պատգամավոր եմ, ես օգտվում եմ անձեռնմխելիության իրավունքից, ինչու՞ եք այդքան տագնապում…

Նաթան արքեպիսկոպոս— Էհ-էհ, մի՞թե դու այդքան դյուրահավատ ես… Հիշեցնեմ քեզ, որդիս, որ ձեր խորհրդարանի պատգամավորներից 10 հոգու… ակտիվ ընդդիմադիրներին զրկել են անձեռնմխելիությունից ու բանտարկել. քեզ էլ նույնը կանեն… Հա, ի դեպ հիշեցնեմ, որ քեզ անցյալ տարի արդեն 6-ամսյա բանատարկության են դատապարտել:

Զինք— Դե, դատարկ բան է…

Նաթան արքեպիսկոպոս— Ոչ, նրանք քեզ դրանով արդեն նախազգուշացրել են, պարոն Զինք: Դու նրանց համար այս պահին ամենամոլի ընդդիմադիրն ես. իշխանություններին ուղղակի չես քննադատում, բայց հարցեր ես բարձրաձայնում, որոնք ուղղակի ցնցում են թուրքական պետության հիմքերը… Քո դեմ որսն արդեն սկսված է… Աղաչում ենք, Զինք, հետ կանգնիր քո հանդուգն ելույթներից, խնայիր քեզ ու մեզ…

Զինք Սրբազան հայրեր, իմ հոգու ձայնն է մղում այդ քայլերին, իմ Աստված է հուշում, թե ինչպես ապրենք այս երկրի վրա…

Բժիշկ Հակոբ— Պարոն Զինք, մենք քեզ շատ ենք սիրում, գիտես, դու մեր խիղճն ես, մեր ձայնը, մեր երազանքը… բայց կրակի հետ ես խաղում: Կգա ժամանակը, երբ դու, մենք ազատորեն կխոսենք մեր ցավից ու պահանջներից…

Զինք— Բայց ե՞րբ կգա այդ ժամանակը, բժիշկ Հակոբ, ո՞վ կբերի մեզ այդ ժամանակը… Դա ինքնիրեն չի գալիս: Եկեք բացի սպանողներից ու սպանվողներից, մի քիչ էլ ապրողների, կենդանի մնացածների մասին մտածենք. նրանք արժանի են դրան:

Գործարար Մուրադ— Համամիտ ենք, պարոն Զինք. ուրեմն ապրողներից՝ մեր հայկական համայնքը Ստամբուլում, առավել վտանգվում է, երբ քո խրոխտ ու արժանապատիվ ձայնն է հնչում… Այդ իրավիճակը ցավալի պարադոքսի պես է, բայց դա է փաստը… Եթե դու վտանգված ես, նշանակում է վտանգված ենք նաեւ մենք: Դու մեզ փորձության չես ուզում մատնել, չէ՞, սիրելի Զինք…

Զինք Իհարկե՝ ոչ, պարոն Մուրադ. ավելին՝ ես ուզում եմ այնպիսի միջավայր ստեղծել, որ ամենքս ապահով լինենք բոլոր առումներով, ասենք՝ քո գործարարության ընթացքում խոչընդոտների չհանդիպես, նոր կապիտալ ձեռք բերես, որի մի մասը միշտ էլ հատկացրել ես մեր համայնքի կարիքներին…

Գործարար Մուրադ— Իմ կապիտալը հանգիստ թող, պարոն Զինք. անկեղծորեն եմ ասում՝ այդ հարցն ինձ բնավ չի մտահոգում՝ կապիտալ կկորցնեմ, թե նորը կշահեմ… Հիմա ինձ ու մեզ անհանգստացնողը քո ապահովության խնդիրն է… Գիտես, թե նրանք /ձեռքով դուրսն է ցույց տալիս/  հարցերը ոնց են լուծում. մի խուլիգան կուղարկեն քո հետեւից եւ /ձեռքով կրակելու նշան է անում/ … թըխկ… Իսկ այդ խուլիգաններին նախօրոք լավ պատրաստում են. հաշվեհարդարի վճիռներն էլ վերեւներում են կայացվում…

Ներկաներ— Այո- այո…

Բժիշկ Հակոբ— Քո գրասենյակի պատուհաններն անցած ամիս քարկոծել են, չէ՞, եւ ոստիկանությունը հայտարարել է, թե խուլիգաններն են արել… Լավ է, որ գրասենյակում ոչ ոք չկար, թե չէ վիրավորներ կարող էին լինել…

Գործարար Մուրադ— Եվ բժիշկ Հակոբը /ցույց տալով նրան/ պիտի աճապարեր ձեզ վիրակապելու… թողնելով իր կլինիկայի հիվանդներին… /Թույլ ծիծաղ ներկաների մոտ/:

Բժիշկ Հակոբ— Բան չկա, ես միշտ պատրաստ եմ բոլորիդ վիրակապելո… Բայց Աստված մի արասցե, որ գործը հասնի դրան:

Մանկավարժ Զարեհ— Պարոն Զինք, գուցե միառժամանակ դադար տաս, հը՞՛… Գիտենք՝ գրեթե օր չի լինում, որ քեզ բացատրությունների համար չկանչեն իրավապահ մարմիններից… Քո խորհրդարանական սուր ելույթներն ու հրապարակումները գրգռում են թուրքերին /ձայնը մի փոքր իջեցնելով եւ նայելով Է.Աքճամին/, բորենին ուզում է նորից հոշոտել /Աքճամը գլխով է անում՝ որպես համաձայնություն/… Պետք է խույս տալ դրանից: Քո ֆիզիկական ներկայությունն անգամ մեզ համար շատ ոգեւորիչ է… Դադար տուր միառժամանակ, պարոն Զինք, հետո գուցե ուրիշ ձայներ էլ միանան քեզ…

Զինք— Եթե լռեմ, կասեն՝ ես սխալվել ու մեղա եմ գալիս, կամ էլ՝ վախեցել եմ… /Դադար/ Հուսամ՝ բոլորդ հասկանում եք՝ ես մեր ազգակիցների ազատ, իրավահավասար գոյության ու բարօրության համար եմ պայքարում… Ես սնափառ ու արկածախնդիր չեմ, ես խորապես չեմ ուզում, որ ձեզնից որեւէ մեկի մազն անգամ պակասի… Շարունակ գլխումս է մեր մեծ պոետի խոսքը՝ «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»: /Կանգնում եւ դանդաղ քայլում է ներկաների առջեւով/: Ես ձեզնից հատուկ աջակցություն չեմ ուզում՝ ոչ հրապարակայնորեն, ոչ էլ մասնավոր կարգով: Բայց գոնե ինձ մի սանձեք ձեր տեղի ու անտեղի մտավախություններով ու սրտապատառ հորդորներով… Դուք ճիշտ եք, բայց ես ավելի ճիշտ եմ:

Մայր Արաքսի— Ախ-ախ, որդիս, որքան համառն ու պայծառն ես, որքան ազնիվն ու զոհանվերը… /Վեր է կենում եւ գնում գրկում Զինքին/ Ես աղոթում եմ քեզ համար ամեն Աստծո օր, աղոթում եմ քո լուսավոր ու բաղձալի նպատակների համար… Մենք բոլորս այստեղ քեզ նման ենք խորհում ու երազում, մենք բոլորս թաքուն երանի ենք տալիս քեզ, որ այդքան արիություն ունես ամբարած քո մեջ… Թող օրհնյալ լինի քո ուղին, որդիս: Բայց… /հեկեկալով՝ վերադառնում, նստում է տեղը/  սիրտս վատ բան է գուշակում, որդիս, իմ աննման Փայլակ…

Զինք/Մայր Արաքսիին փորձում է հանգստացնել/— Դե-դե, Մայր Արաքսի, այդքան շուտ արցունքներ մի հեղիր ինձ համար, հանգստացեք… /Մայր Արաքսին հանդարտվում է: Զինքը շարունակում է քայլել/: Դուք գիտեք իմ տոհմի պատմությունը. մեր տոհմական զոհերի շղթան գրեթե երբեք չի ընդհատվել… Մեր ամեն սերնդի ժամանակ օսմանցիք մահապատիժներով ու լլկանքներով հիշեցրել են մեզ, որ մեր նորկայությունը իրենց համար բնավ ցանկալի չէ… Այդպես է՝ եկվորները միշտ ատելությամբ են լցվում բնիկների հանդեպ… /Նայում է Աքճամին/ Դե, իհարկե, խոսքս բոլորին չի վերաբերում, թուրքերի մեջ միշտ էլ գտնվել են վեհանձն մարդիկ…  Ցավոք, ատելությունն ուժ է հաղորդում, բայց եւ, բարեբախտաբար, ատողներին խոցելի ու քստմնելի է դարձնում աշխարհի առաջ: Ինչ որ դուրս է մարդկայնության շրջանակից, այն պատմության ահեղ դատաստանին է արժանանում:

Պատրիարք— Ե՞րբ կգա այդ ահեղ դատաստանը, որդիս… մենք պետք է ՝կարողանանք ապրել մինչեւ այդ ժամանակները, չէ՞… Ուստի լրացուցիչ խոհեմությունը չի խանգարի, որ մենք միամտորեն չգրգռենք բո-… նրանց /հետ է նայում՝ դեպի սենյակի խորքը, ասես ինչոր մեկից զգուշանալով՝ իջեցնում է ձայնը/.  Մենք շատ-շատ կորուստներ ունեցանք անցյալում նաեւ մեր անհեռատեսության հետեւանքով… Որդիս, անտեղի մի հրապուրվիր նոր ժամանակների բերած գաղափարներով… Գաղափարները գալիս ու գնում են, իսկ մեր ախոյանը շարունակ մեր կողքին է /դարձյալ հետ է նայում/  իր բաց երախով… Զուսպ եղիր, որդիս, մեր խնդիրների մեջ հրապարակավ դեռ այդքան մի խորացիր, մենք բոլորս մահացու վտանգի առաջ ենք…

/Ներս է մտնում մի երիտասարդ՝ Ռուբենը, եւ կամաց բարեւելով ու ներողություն խնդրելով՝ հանգիստ կանգնում մուտքի մոտ/:

Մայր Արաքսի/ուրախացած, ինքնաբուխ/— Տղաս է՝ Ռուբենը… /Կողքին նստածին/. Երեւի անհանգստացել ու եկել է իմ հետեւից… Սրտի նոպաներ եմ ունենում…

/Ռուբենը մորը հեռվից ձեռքով ողջունում է: Ներկաները մի պահ սեւեռվում են Ռուբենի վրա, ապա կարճ դադարից հետո շարունակում քննարկումը/:

Նաթան արքեպիսկոպոս— Գուցե կգան ժամանակներ, երբ մենք թուրքերի հետ կկարողանանք հաշտություն կնքել ու խաղաղ ապրել կողք-կողքի, սակայն դրա համար դեռ երկար ճանապարհ պիտի անցնել… Դեռեւս այս երկիրը մի հսկայական կառափնարան է հիշեցնում, ու եթե անգամ հանդգնում ես տրորել դահճի ոտքերը, դա սփոփանք չէ, դա նպատակ լինել չի կարող… Սիրելի Զինք, դու նման ես այդ կառափնարանին իջած աղավնու, որի վրա ընկած է հսկայական յաթաղանի ստվերը: Թռիր, Զինք, փրկիր քեզ, փրկիր քեզ ու մեզ՝ դա ենք ասում քեզ…

Ներկաներ— Այո-այո…

Նաթան արքեպիսկոպոս— Առայժմ հարկ է խելացիորեն դիմակայել մեր գոյության դեմ ծառացած, չանհետացող մարտահրավերներին, մինչեւ բարի ժամանակներ… Մենք դարձյալ մտահոգ ենք մեր ֆիզիկական գոյության խնդրով: Եթե մեզ այստեղ ֆիզիկապես ոչնչացրին վերջնականապես, ապա ոչ մի գերարդար ելույթ այլեւս մեզ անհրաժեշտ չի լինի:

Զինք— Ես կոկորդս պատռում եմ հենց դրա համար, որ նրանք նոր պատրվակ չգտնեն մեզ ոչնչացնելու. ի լուր աշխարհի եմ աղաղակում, որ մենք վտանգված ենք… /Դադար/ Չեմ կարծում, թե նրանք կհամարձակվեն մեզ ձեռք տալ այսքանից հետո, աշխարհի աչքի առաջ; Հիմա Թուրքիան առաջվա փակ ու ինքնագլուխ երկիրը չէ, ուր ինչ ուզենան՝ անեն, հիմա մոլորակի չորս ծագերից բոլորն են տեսնում, թե ինչ է կատարվում այստեղ… /Ներկաներից շատերը գլուխներն օրորում են/: Չէ, սրբազան հայրեր, լռելն այլեւս մեզ համար ապահովություն չէ… Նայեք մեր համայնքին, տեսեք՝ որքան ենք մնացել այժմ. վերջին հարյուր տարում այստեղ մեզնից ոչ ոք չի աղաղակել մեր ցավերի մասին, եւ ի՞նչ, ապահո՞վ էինք… Եթե՝ այո, ապա ինչու՞ են մեր եղբայրներն ու քույրերը շարունակ հեռանում այս երկրից… Որովհետեւ միշտ տեսնում ու զգում են, որ հագուստի տակից դաշույն կա իրենց դեմ ուղղված… /Ներկաներից ոմանք գլխի շարժումով հաստատում են ասվածը/: Բայց սա նաեւ մեր երկիրն է, եւ մենք այստեղ էինք նրանցից առաջ, մենք պետք է շարունակենք ապրել այստեղ նրանցից ոչ պակաս իրավունքներով ու ազատությամբ… Ես ընդամենը սա եմ ուզում ասել ամենքին:

Ռուբեն/խանդավառված/— Հոյակա՜պ է… կեցցեք, պարոն Զինք…

/Ներկաների մի մասը կշտամբանքով նայում է Ռուբենին, Զինքը, Մայր Արաքսին եւ այլոք խրախուսական ժպտում են երիտասարդին/.

Պատրիարք/մտահոգ/— Արդեն երիտասարդներն էլ են վարակվել Զինքի կամքով. սա էլ նոր տագնապ է մեզ համար: /Կանգնում է՝ խոսքն ուղղում Զինքին/. Որդիս, մենք քեզ հետ ենք հոգով ու մտոք, եւ մենք /ցույց տալով ներկաներին/… երեւի բացառությամբ մեկի /նայելով Ռուբենի կողմը, ապա ուղղվելով դեպի Զինքը/ մի թախանձանք ունենք քեզ. մի փոքր դադար վերցրու… մի քանի ամիս, գուցե մի տարի, որոշ ժամանակով մի բորբոքիր հայկական խնդիրը… Մի քանի ամսով հանգստացիր արտերկրում… Հայաստան մեկնիր, մոտիկից ճանաչիր մեր հայրենիքի վերջին պատառը… Հիմա դու նրանց /հետ է նայում/  թիվ մեկ թիրախն ես, քեզ հետ ամեն ժամ կարող են հաշվեհարդար տեսնել… Մենք ուզում ենք ապահովագրել քեզ ակնհայտ վտանգից: Խոստացիր, սիրելի Զինք, որ միառժամանակ դադար կվերցնես, հանուն քեզ, հանուն մեզ, հանուն մեր Աստծո… Դա խնդրում եմ քեզնից որպես պատրիարք, որպես հայ մարդ, որպես այս համայնքի համար պատասխանատու, որպես քո բարեկամ…

Զինք/մի պահ խորհում է, ապա մոտենում պատրիարքին ու համբուրում նրա աջը/- Սրբազան հայր, ես խոնարհվում ձեր, մյուսների իմաստության ու սրտակցության առաջ… բայց… բայց այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող… Ես խոստում ունեմ մեր ժողովրդին ու մեր Աստծոն… Թաքուն ուխտ ունեմ, այն չեմ դրժի…

Ռուբեն/ոգեշնչված/- Պարոն Զինք, ես ձեզ հետ եմ, ես ձեր կողմնակիցն եմ, ես ձեր զինակիցն եմ… Ես ձեզ հետ կգամ՝ ուր կասեք… /Մյուսներին/ Հասկացեք՝ նա մեր ուղեվարն է, նա մեր ապագան է…

Պատրիարք/սաստ ձայնով/— Բայց նախ պետք է ներկան ապրել, պարզամիտ… /Ձայնը մեղմացնելով/ Ախ ջահելներ, ջահելներ, երանի ես էլ ձեր տարեկիցը լինեի ու երազանքով լեցուն ձեզ նման…

Զինք/նայելով ժամացույցին, պատրիարքին/— Սրբազան հայր, ներեցեք, ես պետք է գնամ, միջազգային համաժողով է ընթանում, ելույթ պիտի ունենամ…

Պատրիարք— Դարձյալ մեր մասի՞ն պիտի խոսեք…

Զինք— Բայց մի՞թե մեզ համար այս պահին կա ավելի հրատապ թեմա, սրբազան հայր… Դե ես գնամ, ողջություն եմ մաղթում բոլորիդ, ամենայն բարիք ձեզ… Ցտեսություն… /Համբուրում է պատրիարքի աջը, ձեռքը օդում թափահարելով՝ ոտքի կանգնած ներկաներին հրաժեշտ Է տալիս ու հեռանում: Անմիջապես անտեսանելի անկյունից հայտնվում են այն նույն սեւազգեստ երկու գործակալը, որոնք ներկա էին դատախազի հետ Զինքի հանդիպմանը: Գործակալները հընթացս, իմիջայլոց հաջողություն են մաղթում սենյակում գտնվողներին եւ աճապարանքով դուրս գալիս/:

Առանձին ներկաներ/զարմացած նայելով գործակալների հետեւից/— Ովքե՞ր են էս անկոչ մարդիկ…

Պատրիարք— Վաղօրոք եկան ու պնդերեսորեն մնացին… Ասացին՝ վերեւից հրահանգ է: /Մտահոգ/  Չգիտեմ՝ ով է նրանց տեղյակ պահել մեր հավաքի մասին: Բայց մեծ հաշով՝ թքած նրանց վրա, մենք գոնե մեր տանը ազատ պիտի խոսե՞նք, թե՞ չէ…

Գործարար Մուրադ— Նրանք բոլորիս հետեւում են…

Բժիշկ Հակոբ/քմծիծաղով/— Հա, վիրահատարան էլ են խցկվում…

Ռուբեն/փութաջան մոտենալով մորը/— Մայրիկ, լա՞վ ես…

Մայր Արաքսի— Հա, զավակս… Ինչու՞ եկար, ես տուն կգայի մենակ…

Ռուբեն— Որ էդպես է, մայրիկ, դու հանգիստ տուն գնա, իսկ ես շատ չեմ ուշանա…

Մայր Արաքսի— Հասկացա, որդիս, գնա… Նայիր՝ Փայլակին բան չպատահի:

Ռուբեն— Անհոգ մնա, մայրիկ… դե ես շտապեմ… Ցտեսություն ձեզ, հայրենակիցներ:

Առանձին ձայներ— Ցտեսություն, Ռուբեն:

/Ռուբենը աճապարանքով դուրս է գալիս: Մայր Արաքսիին է մոտենում պատրիարքը/:

Պատրիարք— Հարաշալի որդի ունես, քույր Արաքսի… Աստված նրան պահապան:

Մայր Արաքսի— Շնորհակալ եմ, սրբազան հայր:

Պատրիարք— Երեւի եկել է ժամանակը, որ մենք Զինքից, Ռուբենից, նրանց համախոհներից սովորենք… Բայց հոգուս մեջ մեծ ահ կա, քույր Արաքսի, ես քեզ նման վատ կանխազգացում ունեմ…

Բժիշկ Հակոբ— Ես էլ…

Մանկավարժ Զարեհ— Ես էլ…

Նաթան արքեպիսկոպոս— Ես էլ…

Գործարար Մուրադ— Ես էլ…

Մայր Արաքսի— Իսկ ես կարծում էի, թե միայն իմ կանացի հոգին է շատ զգայուն… Դե որ այդպես է, եկեք նորից խելք-խելքի տանք, բայց առանց ավելորդ հույզերի…

/Ներկաները շրջապատում են պատրիարքին ու Մայր Արաքսիին եւ գաղտնախորհուրդ, կամացուկ խորհրդակցում միմյանց հետ/:

ՏԵՍԻԼ 7

/2017թ. հոկտեմբերի սկիզբ, Ստամբուլ: Է.Աքճամի առաձնատան պարտեզում ընտանեկանբարեկամական խնջույքից հետո նարդի են խաղում Զինքը եւ Աքճամը, իսկ նրանց կանայք՝ Սրբուհին ու Լեյլան, տղամարդկանցից փոքրինչ հեռու թեւանցուկ շրջում են եւ մտերմիկ զրուցում: Անկյունում երեւում է տարբեր ուտեստներով ու խմիչքներով ծանրաբեռնված սեղանը/:

Աքճամ/մի քիչ նյարդայնացած/— Էլի չի տալիս էս անտեր զառը… փոքր թվերով ու՞ր պիտի հասնեմ…

Զինք— Դե դու զառերից էդքան մի դժգոհիր, էրխան, դրանք անշունչ առարկաներ են, չգիտեն՝ ինչ են անում եւ ինչու…

Աքճամ— Բայց էս զառերն իրենց անշունչ տեղով էսօր թաքուն պայմանավորվել են, որ քեզ հաճախ բարձր զույգեր նվիրեն, էն էլ իմ հարկի տակ… Սա դավադրություն չէ՞…

Զինք/իբր լուրջ տոնով/— Իսկական դավադրություն է… Պարզիր՝ հո հատուկ ծառայությունները չե՞ն կազմակերպել…

Աքճամ/մի պահ դադարեցնելով խաղը, լրջանալով/- Ի դեպ, Փայլակ, նրանք նաեւ ինձ չեն հանգիստ տալիս, ինձ էլ են հետեւում:

Զինք— Սպասելի է…Նրանք կարծում են, թե դու հայերի օգտին քարոզչություն ես անում…

Աքճամ— Բայց եթե քարոզչություն եմ անում, ապա միայն հանդուրժողականության ու համերաշխության, երկխոսության ու համատեղ ապրելու օգտին…

Զինք— Միանգամայն ճիշտ է, բարեկամս, բայց այդ ամենն իշխանություններն ընկալում են որպես հակաթուրքական գաղափարներ. դա շատ տխուր ու մտահոգիչ երեւույթ է… Համենայն դեպս, չի խանգարի, որ դու էլ զգուշավոր լինես. հորդորում եմ, ընկեր:

Աքճամ Ինչքան դու ես զգուշավոր… /Զառերը նետում եւ վերսկսում է խաղը/. Երկու շաբաթ անց իմ նոր գրքի շնորհանդեսն է Ամերիկյան համալսարանում, չմասնակցե՞մ, լսարանի առաջ չխոսե՞մ այդ հարցերի մասին, որոնք գրքիս առանցքային թեմաներն են…

Զինք— Անշուշտ պիտի խոսել, ոչ մի ազնիվ մարդ չպետք է խուսափի  համամարդկային գաղափարները հրապարակավ արծարծելուց ու պաշտպանելուց. թե չէ առաջ գնալու փոխարեն դարձյալ կհայտնվենք միջնադարյան բարքերի կործանարար ճահճում…

Աքճամ— Մենք հիմա էլ ճահճում ենք:

Զինք— Լավ, առայժմ թողնենք այս ծանր թեմայով խոսակցությունը, մեր գեղեցիկ կիրակին չփչացնենք… Դու հիմա հաշիվն ասա, էրխան:

Աքճամ— Երեք- երեք:

Զինք/զառերը վերցնում ու մի պահ գնահատող հայացքով նայում է խաղադաշտին/— Տեսնու՞մ ես՝ ինչ է կատարվում, ընկերս… ես քեզ մարս անելու հիանալի շանս ունեմ:

Աքճամ— Իրո՞ք… /ուշադիր նայում է խաղաքարերին/ Հա, մարս հնարավոր է, բայց ո՞վ գիտե, թե զառերն ինչ անակնկալ կարող են մատուցել…

Զինք Ես առաջարկում եմ խաղն այսպես էլ ընդհատել, թող լինի ոչ ոքի, հակառակ դեպքում ընդհանուր հաղթանակն իմը կլինի 5:3 հաշվով… Համաձա՞յն ես…

Աքճամ— Թող լինի այդպես. խելամիտ առաջարկություններից հրաժարվելը հիմարություն է… /Փակում է նարդու խաղատախտակը/: Գնանք գարեջուր խմելու…

/Վեր են կենում/:

Զինք— Մեր գնալու ժամանակն է, Էրխան. երկու օր անց ես կարեւոր ելույթ ունեմ խորհրդարանում, պիտի նախապատրաստվեմ…

Աքճամ Գիտեմ. այնպես կանես, որ քո խոսքի տոնայնությունից շատ չգրգռվեն:

Զինք— Կփորձեմ…

Աքճամ— Գիտե՞ս, Փայլակ, թե մերոնք ինչու են ամեն գնով փորձում հրաժարվել ցեղասպանության ճանաչումից…

Զինք— Ասա:

Աքճամ— Մերոնք գիտեն, որ ցեղասպանությունը սարսափելի վատ բան է, դրա համար չեն ուզում, որ նման ծանր մեղքը խոստովանեն ու պատասխան տան. ամաչում են սաստիկ:

Զինք— Գրեթե համամիտ եմ մեկնաբանությանդ… Բայց էլի մտանք կնճռոտ հարցերի քննության մեջ. զերծ մնանք: /Դադար/ Կուզենայի էլի մնալ քո հիանալի պարտեզում, վայելել ձեր ընտանիքի ընկերակացությունը, բայց ժամանակին գնալը նույնպես կարեւոր է:

Աքճամ— Գարեջուր կխմենք՝ նոր կգնաք:

 /Թեւանցուկ նրանց են մոտենում Սրբուհին ու Լեյլան/:

Լեյլա Դե, ինչպե՞ս ավարտվեց ձեր մենամարտը, պարոնայք…

Աքճամ— Խաղաղ դաշն կնքեցինք… Փայլակի առավելությամբ:

Սրբուհի Այսինքն ի՞նչ՝ ոչ ոքի՝ հօգուտ Փայլակի՞…

Զինք— Խաղն ավարտեցինք խաղաղասիրական արդյունքով՝ երեք-երեք: Պաշտոնական արդյունքը դա է: /Կատակով/ Տիկին Լեյլա, Էրխանին չպատժես, որ ջախջախիչ առավելության չի հասել իմ նկատմամբ. ոչ ոքին էլ վատ չէ:

Լեյլա/ծիծաղելով/— Դե, ի՞նչ եք ասում, պարոն Զինք… Ես նրան կպարգեւատրեմ, որ կարողացել է ձեզնից ոչ ոքի կորզել: /Մոտենում եւ համբուրում է Աքճամի այտը եւ սեթեւեթում/. Շնորհավորում եմ, ամուսնյակս…

/Բոլորը ծիծաղում են/:

Լեյլա— Ուրեմն եկեք ամուսնուս հաջողությունը նշենք սեղանի մոտ… Համեցեք: /Ձեռքը մեկնում է դեպի խնջույքի սեղանը/:

Զինք— Տիկին Լեյլա, ես արդեն ասացի Էրխանին, որ մեր գնալու ժամանակն է:

Սրբուհի- Ինչու՞ ենք շտապում, Փայլակ ջան, երեխեքը դեռ ծովափին են, թող կարգին լոգանք ընդունեն, մենք էլ…

Զինք— Դու գիտես, սիրելիս, որ ես կարեւոր ելույթի պիտի նախապատրաստվեմ… Զանգիր, թող երեխեքը գան:

Սրբուհի/մի փոքր տրտմած/- Լավ… /հանում է հեռախոսը եւ զանգում/:

Աքճամ— Մինչ երեխեքը կվերադառնան, անցնենք սեղանի մոտ:

/Բոլորը շարժվում են դեպի թերավարտ խնջույքի սեղանը/:

ՏԵՍԻԼ 8

/2017թ. հոկտեմբերի 6, Անկարա: Թուրքական խորհրդարանում նիստ է/:

Խորհրդարանի նախագահ— Այժմ ելույթի իրավունք ենք վերապահում պատգամավոր Փայլակ Զինքին:

/Ամբիոնին է մոտենում Փ.Զինքը, ձեռքին՝ մեծ թղթապանակ: Նիստերի դահլիճում քար լռություն է տիրում/:

Զինք— Հարգելի գործընկերներ… Ես այսօր կրկին պիտի անդրադառնամ ինձ համար, իմ ժողովրդի համար ամենացավոտ հարցին՝ հայերի ցեղասպանության ճանաչմանը… /Հայացքը պտտեցնում է դահլիճով մեկ՝ ասես ստուգելու ներկաներից յուրաքանչյուրի ռեակցիան/: Վերջին ժամանակներս տարածում է գտել այն միտքը, թե պատմությունը չի կարող էական ու որոշիչ փաստարկ լինել ներկայիս քաղաքական հիմնախնդիրները լուծելու համար. ձեզ ասում եմ վստահաբար, հակադարձելով այդ մտայնության կողմնակիցներին. առանց պատմության հետ առերեսվելու եւ առանց պատմական անուրանալի փաստերը հաշվառելու չի կարելի եւ հնարավոր չէ վարել արդյունավետ, արդար ու ժողովրդավարական քաղաքականություն, ուղենիշեր, որոնց կարծես թե հետամուտ է ուզում լինել ժամանակակից Թուրքիան… Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել իմ տոհմի պատմության առանձին դրվագների մասին, որպեսզի ձեզ համար պարզ լինի, թե ես ինչու եմ երիցս շահագրգիռ այս խնդիրը հանրայնացնելու եւ այն պետականորեն լուծելու համար… /Ջուր է խմում ամբիոնին դրված բաժակից/:  Դրվագ առաջին. 1453թ. հուլիսին, երբ օսմանյան թուրքերը դեռ նոր էին գրավել Կոստանդնուպոլիսը… Պոլիսը, ինպես մենք՝ հայերս ենք սիրում ասել, Մեհմեդ 2-ի հրամանով քաղաքի կենտրոնական հրապարակում կախաղան է հանվել իմ ապուպապ Տեր-Սահակ քահանան… նրա հետ նաեւ հույն եւ հրեա երկու հոգեւորական. հանիրավի, ցուցադրական մահապատիժներով բնիկ պոլիսցիներին վախի ու հնազանդության ճիրաններում պահելու նպատակով: Ես քահանա Տեր-Սահակի արյունակից ժառանգորդներից եմ եւ այսօր ուզում եմ խնկարկել նրա հիշատակը այստեղ՝ խորհրդարանում /խաչակնքում է/: Դրվագ երկրորդ. 1895 թվականի սեպտեբերի 18-ին, Պոլիսի Բաբը Ալի հրապարակում, խաղաղ ցույցի ժամանակ խուժանը սպանել է իմ ապուպապ Բագրատ Չամչյանին… Ես նրա կոռն եմ, Աստված նրա հոգին լուսավորի: Դրվագ երրորդ. 1915-ի ապրիլի 24-ին, Պոլիսի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում, առավոտյան ժամերգության պահին ձերբակալվել, ապա մի շաբաթ անց, աքսորի ճանապարհին, խոշտանգվելուց հետո սպանվել է Տեր-Կորյուն քահանան, քանի որ նա հրաժարվել էր կրոնափոխ լինել… Տեր-Կորյունը համեստ ու մաքուր հայ հոգեւորական էր, թուրքական իշխանությունների դեմ բողոքական չէր. նրան սպանել են միայն իր ազգային ինքնության ու քրիստոնեական հավատքի համար… Տեր-Կորյուն քահանան իմ պապն էր, ես նրա ծոռն եմ: /Հայացքը կրկին պտտեցնում է դահլիճով մեկ/: Նմանօրինակ եւ ավելի ահասարսուռ դրվագներ կարող է հիշատակել յուրաքանչյուր հայ, որի նախնիք հրաշքով ողջ են մնացել 1915-ի ողբերգական իրադարձություններից հետո… Սա մի պատմություն է, որ չես կարող մոռանալ, սա մի պատմություն է, որ պետք է պետական մակարդակով դատապարտվի, նախ, Թուրքիայում, ապա ամբողջ աշխարհում:

Ձայն դահլիճից/խոսողը չի երեւում, բղավելով/— Դե հերիք է ձեր հին երգը երգեք… Սպանեցիք թողիք…

Զինք— Դու սուս մնա, Ահմեդ Քուչօղլի, դու պատմություն սովորիր, հետո նոր ձայն հանիր… Եվ չխանգարեք այլեւս իմ ելույթի պահին: /Խիստ հայացքով նայում է երեւացող ու չերեւացող ներկաներին/: Շարունակեմ. 1908-1915 թվականներին ձերբակալվել ու ոչնչացվել են թուրքական խորհրդարանի յոթ հայ պատգամավոր. նրանք են՝ Գրիգոր Զոհրապը, ով նաեւ անվանի գրող էր ու իրավաբան /թղթապանակից հանում եւ ցույց է տալիս Զոհրապի դիմանկարը, նույնը անում է այլ անուններ հիշատակելիս/…  Պետրոս Հալաջյանը… Նազարեթ Տաղավարյանը… Կարապետ Փաշայանը… Հովհաննես Սերենկյուլյանը… Օնիկ Դերձակյանը… Համբարձում Բոյաջյանը… Նրանք մեր գործընկերներն էին, նրանք խորհրդարանում պաշտպանում էին ոչ միայն հայերի, այլեւ Թուրքիո բոլոր քաղաքացիների իրավունքները… 1915-ի ապրիլի 24-ին ձերբակալվել, ապա դաժանաբար սպանվել են նաեւ հայ մեծանուն բանաստեղծներ /ցույց տալով դիմանկարները/ Դանիել Վարուժանը… Սիամանթոն… Ռուբեն Սեւակը… եւ շատ ուրիշ հայ մտավորականներ… Աստված նրանց հոգիները լուսավորի… /Կարճ դադար/ Ես ի լուր ամենքիդ հայտարարում եմ՝ հայ-թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է դուրս բերել 1915 մետր խորություն ունեցող ջրհորից: Ուստի, որպես առաջին քայլ, առաջարկում եմ ստեղծել խորհրդարանական հանձանժողով՝ հետաքննելու հիշատակածս զոհերի սպանության հանգամանքները… Առայժմ իմ պահանջն այսքան է: /Լռություն: Զինքը թղթապանակը վերցնելով՝ շարժվում է դեպի պատգամավորական դահլիճի իր նստատեղը/:

Խորհրդարանի նախագահ— Մենք դեռ կքննարկենք նման հանձնաժողով ստեղծելու նպատակահարմարության հարցը… Անցնենք մյուս ելույթներին… Ահմեդ Քուչօղլի, խնդրեմ…

ՏԵՍԻԼ 9

/2017թ. հոկտեմբերի 7, Ստամբուլ: Փողոցում Զինքը թերթ կարդալով՝ դանդաղ մոտենում է հնաշունչ, բայց նորոգ շենքի շքամուտքին: Նրան կես քայլ հեռավորության վրա ուղեկցում է Ռուբենը, ով ստեպստեպ աջ ու ձախ է նայում/:

Զինք/ընդհատելով ընթերցումը՝ կանգնում ու հետ է նայում/— Դե, երկու քայլ մնաց, ես հասա խմբագրություն, Ռուբեն. շնորհակալ եմ, գնա տուն, եւ իմ անունից բարեւիր Մայր Արաքսիին…

Ռուբեն— Անպայման, պարոն Զինք, կբարեւեմ. հա, մայրիկն ինձ է սպասում, դեղ պիտի տանեմ…

Զինք Ուրեմն աճապարիր, եղբայր… Օգնության կարիք կա՞… /Ձեռքը տանում է գրպանը/:

Ռուբեն— Չէ-չէ, պարոն Զինք, շնորհակալ եմ, ամեն ինչ կարգին է, ես արդեն աշխատում եմ, աշխատավարձ եմ ստանում… Դե, ցտեսություն ձեզ: /Ձեռքով հրաժեշտ է տալիս Զինքին եւ հեռանում/:

Զինք— Ցտեսություն, Ռուբեն ջան: /Նրա հետեւից, Ռուբենի համար արդեն անլսելի, մենախոսում է/. Ի՜նչ հրաշալի երիտասարդներ ունենք, նրանց հետ կարելի է համազգային ամենակնճռոտ հարցերը լուծել…

 /Զինքը մի երկու քայլ առաջ է շարժվում՝ նորից թերթ կարդալով: Կանգնում է, սեւեռվում ինչոր հրապարակման վրա: Անաղմուկ նրան է մոտենում սպորտային հագուստով մի երիտասարդ՝ մարդասպանը, նա վերնաշորի տակից հանում ատրճանակը եւ երկու անգամ կրակում Զինքի ծոծրակին: Զինքը ընկնում է/:

 Մարդասպան/Փախչելու պես հեռանալով՝ գոչում է/- Գյավուր…

/Հայտնվում են երկու գործակալները եւ մոտենում ընկած Զինքին. նրանցից մեկը շոշափում է սպանվածի քներակը/:

Գարծակալ1— Մեռած է… գնացինք…

/Գործակալներն արագորեն լքում են բեմը: Բայց Գործակալ2-ը փութով վերադառնում է, Զինքի գրպանից հանում նրա ձեռքի հեռախոսը եւ վազելով դուրս գալիս: Շտապ ներս է մտնում Ռուբենը, տեսնելով ընկած Զինքին՝ անակնկալից քարանում է/:

Ռուբեն/հասկանալով կատարվածը՝ մեկեն ողբաձայն գոռում է/- Պարոն Զի՜նք… Աստված իմ, էս ի՞նչ արին ձեզ… /Մոտենում, ծնկի է գալիս դիակի առաջ, ձեռքը դնում սպանվածի գլխին/— Ինչու՞ շուտ հեռացա… Պիտի սպասեի, մինչեւ դուք մտնեիք շենք… /Գլխիկոր նստում Է/: Չկարողացա կանխել ձեր սպանությունը… ներեցեք, պարոն Զինք… Ես ետ եկա, որ թերթի վերջին համարները տանեմ մայրիկին… Հիմա ի՞նչ պիտի ասեմ նրան. ձեզ չկարողացա պաշտպանել… Ներիր, մայրիկ, ներիր, Զինք՝ իմ մեծ եղբայր…

/Ռուբենը պառկում է Զինքի կողքին: Լռություն: Մի աղավնի է իջնում սպանվածի մոտ, հետո, ասես լսելով ինչոր ձայներ՝ վախեցած թռչում է դուրս: Հայտնվում են պատահական անցորդներ, որոնք տեսնելով գետնին փռվածներին՝ գլխահակ կանգնում են, հետո իրենք եւս պառկում են նրանց կողքին: Քիչ անց փողոցը ծածկվում է պառկած մարդկանցով: Այդպես նրանք իրենց նույնացնում են Զինքի հետ: Բեմի խորքում լուսավորվում է մեծ էկրանը, որի վրա երեւակվում է անխոս շարժվող մարդկանց մեծ բազմությունը՝ միանման գրությունպլակատներով՝ «Ես էլ եմ Զինք»: Հետո բազմության միջից աղավնիների երամ է թեւածում երկինք՝ ծածկելով նրա կապույտը: Էկրանն անջատվում է, բեմը՝ մթնում: Մի ճրագ է վառվում հեռավոր անկյունում, որ դանդաղ մոտենում ու հեռանում է, մոտենում ու հեռանում է: Լսվում է աղավնիների ղունղունոցը/:

                                                   սեպտեմբեր, 2019

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։