Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆ
Եվս մի քանի օր, և 2022 թվականն էլ կդառնա պատմական օրացույցի հերթական էջը: Ի՞նչ և ինչպիսի՞ տարի եղավ 2022-ը մեզանից յուրաքանչյուրի և բոլորիս համար…
Ի՞նչ ակնկալիք, ծրագրեր ու պահանջներ ունենք գալիք 2023-ում…
tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է
Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրեն Վահագն ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
2022 թվականը Հրազդանի դրամատիկական թատրոնի համար բուռն ստեղծագործական տարի էր՝ լեցուն նաև բազմաժանր միջոցառումներով: Թատրոնը տարին սկսեց նոր ներկայացման առաջնախաղով՝ Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա», բեմադրությունը՝ Տիգրան Գյուլումյանի: Ներկայացումը սահմանի մոտ ապրող և հավերժ պայքարող հայ ընտանիքի և նրա առօրյա հոգսերի մասին է: Գլխավոր հերոսուհու կերպարի միջոցով մարմնավորվել է հայ ժողովրդի կորստյան անդառնալի ցավը և այդ ցավից սեփական հայրենիքում ապրելու և արարելու յուրաքանչյուր հայի պարտավորության գաղափարը: Դահլիճը լեփ-լեցուն էր` հագեցած հանդիսատեսի ջերմ ծափողջույններով: Այս ներկայացումը Հրազդանի դրամատիկական թատրոնի սեփական խաղացանկի առաջին ներկայացումն է: Ի դեպ, հունիսի 30-ին Հ. Պարոնյան անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հրավերով հանդես եկանք երևանյան հանդիսատեսի առջև և այս անգամ էլ ներկայացումը ջերմ ընդունելության արժանացավ:
2022 թվականը հիշարժան և իրադարձային էր Հրազդան համայնքի համար, քանզի Հրազդանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում ճանաչվեց տարվա երիտասարդական մայրաքաղաք: Ընթացիկ տարում այս ծրագրի բացման և փակման արարողությունները տեղի ունեցան թատրոնում, նաև բազմաթիվ այլ միջոցառումներ, որոնց մասնակցում էին ինչպես հրազդանցիները, այնպես էլ հանրապետության տարբեր համայնքներից ժամանած հյուրերը:
Հրազդանի դրամատիկական թատրոնի նկուղային հարկում «Նկուղ 41» անվամբ բարեկարգված և կահավորված անկյուն ստեղծվեց, որտեղ առաջին հանդիպումը կայացավ փետրվարի 21-ին: Նախաձեռնության նպատակն է միավորել արվեստագետներին ու մտավորականներին` մշակութային շփումների ընդհանուր դաշտ ստեղծելու համար: «Նկուղ 41»-ի դռները բաց են երիտասարդ ստեղծագործողների, հասարակական կազմակերպությունների, արվեստագետների համար:
Ապրիլի 8-16-ը Հրազդանի համայնքապետարանը Հայաստանի թատերական գործիչների միության հետ համատեղ թատրոնում անցկացրեց Հանրապետական երիտասարդական թատերական փառատոն: Հանրապետության 11 թատրոններ իրենց ներկայացումներով իրական թատերական տոն պարգևեցին Հրազդանի, ինչպես նաև տարածաշրջանի բնակավայրերի հանդիսատեսին:
Նոր թատերաշրջանը բացվեց Հակոբ Ղազանչյանի «Թվացյալ երկրի բնիկները» ֆանտազիա-կատակերգությամբ, հեղինակ՝ Սամվել Խալաթյան: Ջերմ ծափողջույնները փաստեցին, որ Հրազդանի դրամատիկական թատրոնի նոր ներկայացումը կայացել է և սիրվել հանդիսատեսի կողմից: Հրազդանի դրամատիկական թատրոնի խաղացանկում ավելացավ ևս մեկ ներկայացում, որը կնպաստի թատերական կյանքի աշխուժացմանը:
Հրազդանի դրամատիկական թատրոնի նախաձեռնությամբ տրվել է նոր ծրագրի մեկնարկը՝ փոխադարձ հյուրախաղեր կազմակերպել հանրապետության թատրոնների հետ: Առաջին փոխադարձ հյուրախաղը կայացավ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում, նոյեմբերի 17-ին՝ Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա» ներկայացմամբ:
Նոյեմբերի 19-ին աբելյանցիները հյուրընկալվեցին Հրազդանում՝ հանդես գալով «Մոխրոտը» (բեմադրությունը` ՀՀ վաստ. արտիստ Արամ Մխիթարյանի) և
«Չար ոգի» (բեմադրությունը` ՀՀ ժող. արտիստ Վահե Շահվերդյանի) ներկայացումներով:
Փոխադարձ հյուրախաղերի շրջանակներում կայացավ նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի հյուրախաղը Հրազդանի դրամատիկական թատրոնում:
Այժմ թատրոնի անձնակազմը պատրաստում է «Բուրատինոյի ամանորյա արկածները» ներկայացումը՝ Իշխան Ղարիբյանի բեմադրությամբ:
2023 թվականը ևս բուռն ստեղծագործական տարի է լինելու թատրոնի համար, արդեն իսկ նախատեսված մի քանի նոր բեմադրություններ և նախաձեռնություններ կան, որոնք պետք է կյանքի կոչվեն:
Մաղթում ենք մեր երկրին, մեր ժողովրդին խաղաղ, ստեղծագործ ու երջանիկ տարի: