Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ

Երբ հետադարձ հայացք եմ գցում անցնող տարվան, ապա կարծում եմ, որ մեր բուհի ամենամեծ ձեռքբերումն այն է, որ պատվով կարողացանք անցնել ինստիտուցիոնալ հավատարմագրման առաջին փուլը և ՈԱԱԿ-ի նախնական զեկույցի համաձայն` դրական արդյունք գրանցել սահմանված բոլոր չափանիշներով: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ մեր բուհը, իր տեսակի մեջ միակը մեր երկրում` թատերարվեստի, կինոարվեստի և հարակից մասնագիտական կրթական ծրագրերով շրջանավարտներ թողարկող, ինքնաբավ է, իսկ նրա շնորհած  որակավորումները` արժանահավատ: Ինչ խոսք, բուհի արժանիքների փաստաթղթային հիմնավորումը սոսկ արդյունքն է այն ձեռքբերումների, որը տեսանելի է նախևառաջ բուհից դուրս, մշակույթի համապատասխան ոլորտներում` մեր շրջանավարտների ակնառու գործունեությամբ:

Մեր հանրապետությունում լավագույն ներկայացումները ստեղծվում են ԵԹԿՊԻ-ի շրջանավարտների ուժերով, լավագույն ֆիլմերը` նույնպես, արվեստի լավագույն կառավարիչները, ովքեր հրաշալի նախագծեր են կյանքի կոչում` դարձյալ մերոնք են, մերոնք են նաև բեմանկարչության, սցենարադրամատուրգիական, թատերագիտության, կինոգիտության, պարարվեստի դաշտում հաջողությամբ գործող երիտասարդները: Եվ երբ մեր բուհին անդրադառնալիս խոցելի տեղեր են փնտրում և հանկարծ գտնում են, որ դերասանների ընդունելության թիվն է մեծ, որ պետք է ընդունել միայն առավել շնորհալիներին, ապա ուզում եմ հակադարձել, որ նախ, առաջին հայացքից հնարավոր չէ այդպիսի հարյուր տոկոսանոց ընտրություն իրականացնել, և հետո, թատրոնը միայն տաղանդավոր դերասանախմբով չէ, որ ապրում է, թատրոնին նաև միջին օժտվածության, իր գործին նվիրված անձնակազմ է պետք: Իսկ պատահական մարդիկ կարող են հանդիպել անգամ որոշակի մասնագիտական օժտվածությամբ հանդերձ:

 Ամենացավոտ խնդիրն այսօր, ոչ միայն մեր բուհում, այլ նաև ամենուր, այդ թվում դպրոցներում` գրագիտության պակասն է: Հայթեքի դարաշրջանի մեր զավակներին ժամանակը չի ներում գրքեր կարդալու, մշակութաճանաչ դառնալու: Սակայն մեղավորներն իրենք չեն, այլ համակարգային մոտեցումներն են: Կարծում եմ, մեր հանրակրթությունը ռեֆորմի կարիք ունի, քանի որ գրագիտության առումով այսօր պատկերն անասելի տխուր է: Երբ հեռուստաալիքներով ուղղագրական սխալներով տիտրեր ես կարդում, մտածում ես, որ կամ մարդիկ իրենց տեղում չեն, կամ ոչ արժանահավատ փաստաթղթերով են աշխատանքի ընդունվել:

Սակայն դառնանք մեր բուհին և ասենք, որ մենք էլ ունենք խնդիրներ, որոնք դպրոցական լիբերալ ուսուցման և թերի ուսումնառության արդյունքում իջեցնում են նաև մեր պահանջների նշաձողը: Տասնութ տարեկան պատանին Թումանյանից որևէ գործ չիմանա՞, կամ դժվարանա ասել, թե Օպերայի շենքի բակում ո՞ւմ արձաններն են տեղադրված, էլ չեմ ասում` պիես վերլուծելու մասին: Նման անհուսալիները, ինչ խոսք, ինչպես ոտք են դնում մեր բուհ, այնպես էլ դուրս են գնում` իրենց դատարկությունն իրենց հետ տանելով: Սակայն ընդունելության մրցույթն ընթանում է այդ ֆոնի վրա: Առանց սեթևեթանքի ուզում եմ հիշել սովետական դպրոցն ու ասել, որ ամենաչսովորող աշակերտը գիտեր՝ ով է Թումանյանը, որովհետև առանց նրա գործերի անգիր իմացության հաջորդ դասարան չէր փոխադրվի, էլ չեմ ասում, որ դպրոցը նրան տանում էր Թումանյանի գործերի հիման վրա ֆիլմեր, ներկայացումներ դիտելու, նույնիսկ օպերաներ լսելու, այցելությունը Թումանյանի տուն-թանգարան պարտադիր էր, նույնիսկ էքսկուրսիաներ էին կազմակերպվում Թումանյանի ծննդավայր` Դսեղ:

Եվ պատկերացրեք, թե ինչպիսի գերբնական ջանքեր են պահանջվում մեր դասախոսներից, կուրսի ղեկավարներից, իրենց ուսանողների գիտելիքների բացը լրացնելու, աշխարհընկալումը լայնացնելու, միտքը խորացնելու համար, որպեսզի զուգահեռաբար նաև դասավանդվող առարկան ընկալելի լինի և մասնագիտական պոտենցիալը համապարփակ զարգանա, ուսանողի մոտ սեր արթնանա գիտելիքի հանդեպ, այլ ոչ՝ սովորելու պարտադրանք: Այդպիսի ջանքերի արդյունքում, լրացնելով բացթողումները, մենք հաղթող ենք դառնում: Հաղթում են նաև մեր ուսանողները, որոնք մասնակցում են ոչ միայն տեղական, այլ նաև միջազգային տարբեր փառատոների, մրցույթների, նախագծերի և միշտ վերադառնում են հաղթանակներով ու շնորհակալագրերով: Նույնիսկ ներկայացումների լեզվական պատնեշը խոչընդոտ չի դառնում ընկալելի լինելու և հետաքրքիր ներկայանալու համար: Սա նշանակում է, որ համաշխարհային ասպարեզում մեր կադրերը մրցունակ են, որ մեր թատրոնի ու կինոյի վաղվա օրը հուսալի ձեռքերում է: Մրցունակ են նաև մեր դասախոսները` իրենց ստեղծագործական աշխատանքներով, վարպետության դասերով, հրատարակված հոդվածներով ու գրքերով: Ավագ սերնդին միացել են նաև տաղանդավոր երիտասարդ մասնագետներ, որոնք դարձյալ մեր բուհի շրջանավարտներն են:

Նոր տարուց ակնկալում ենք, որ մեր երկրում և Արցախ աշխարհում խաղաղություն  տիրի, որ հրաշքով լուծվեն մեր չարչրկված երկրի խնդիրները, որպեսզի մենք ոչ թե երկրի ցավերով տառապենք, այլ կենտրոնանանք մասնագիտական, կրթական խնդիրների վրա: Չէ՞ որ 2024 թվականին լրանում է մեր բուհի  80-ամյակը և մենք բոլորս 2023 թվականին լրջորեն պետք է նախապատրաստվենք մեր սիրելի ու միակ Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հոբելյանին` ջերեռանդ ու խոնարհումով:

Սիրելի գործընկերներ, նախկին ու ներկա ուսանողներ, մեր բուհի բոլոր տարիների շրջանավարտներ, արվեստի նվիրյալներ, մեր խիզախ ու անձնվեր երիտասարդության հետ մեկտեղ, ովքեր Արցախի դարպասներն էին փորձում անձնազոհաբար չզիջել, դուք մեր ժամանակի հերոսներն եք, որ կարևորում եք մտքի գործուն ընթացքն ու սրտի տաք արձագանքը: Դուք կարևոր գործի եք լծվել և ձեր արարումով է շարունակվելու մեր ազգի մշակութային հետագիծը, որ եկել է դարերից ու գնալու է դարեր:

 Ես հավատո՛ւմ եմ;

Շնորհավո՜ր Նոր տարի:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։