Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՊՍԵՎԴՈՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿՈՐՈՒՍՏ ԵՄ
ՄԱՂԹՈՒՄ ՄԵՐ ԵՐԿՐԻՆ
Տարին թատերական կտրվածքով օրինաչափորեն աչքի չէր ընկնում սկանդալային, մասնագիտական վեճեր
հարուցող ներկայացումներով: Ինչևիցե, պիտո է նշել, որ քիչ թե շատ ուշահարույց ներկայացումներն այս
տարի ավելի շատ բրեխթյան հոգեզգացական մոդելին էին միտված: Առաջնահերթ՝ հանդիսատեսի միտքը,
ապա նոր հուզական աշխարհն էին թիրախավորում: Ասածիս առաջին օրինակը կարող ենք համարել Հակոբ
Պարոնյանի անվան Երաժշտական կոմեդիայի թատրոնում Հակոբ Ղազանչյանի ‹‹հեղինակած›› ‹‹Քաջ
Նազար›› ներկայացումը՝ Դերենիկ Դմեիրճյանի համանուն ստեղծագործության հիման վրա: Այն ուրույն
կերպով մեկնելով իշխանություն երևույթի մտազգացական կազմաբանությունը՝ հետևողին դրդում էր դրա
պատճառահետևանքային դիալեկտիկան քննել, վերլուծել ու եզրահանգումներ անել, որից հետո էլ այդ
մտքերից առաջացած հույզերի բնականոն ընթացքին տրվել: Հաջորդը Մայր թատրոնում Արմեն Էլբակյանի
բեմադրած ‹‹Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր›› ներկայացումն էր՝ ըստ Բերթոլդ Բրեխթի
համանուն պիեսի: Այստեղ մտքի առաջնահերթության գաղափարն ընդհանրապես կոնցեպցիոն կարգավիճակ
ուներ, և դա իբրև թեզ (‹‹Արթնացրու միտքդ, հետո նոր հոգիդ››) երկու անգամ բեմից հնչեցվում էր:
2023-ի համար թատերական սպասելիքներս առանձնապես հուսադրող չեն, քանի որ մեր հասարակությունն
ու դրա մասնիկ թատերական գործիչները չեն փոխել իրենց կացութաձևն ու կենսամշակույթը: Ուրեմն
նրանց լեզվահոգեկանն ու ստեղծագործական հոգեբանությունն էլ նշանակալից փոփոխություններ չի կրել:
Ուստի մեծ հույս չունեմ, թե կհանդիպեմ մի ներկայացման, որը բաց տեքստով կխոսի և համարձակորեն
կմեկնաբանի մեր երկրի օրինակ՝ դատաիրավական համակարգի երեսնամայա այլանդակությունը կամ էլ
մունիցիպալ կառույցների, ևս երեսնամյա, բազում տխեղծություններից որևիցե մեկը:
Այսքանից հետո Ամանորի անկեղծ մաղթանքը, որ ձևավորվում է ինձանում, առաջին հայացքից նզովքի
ժանրին է մերձենում, բայց բուն բնույթին ուշադիր հայելիս նշմարելի է դառնում դրա երկարաժամկետ
նպատակը: Այսպիսով ներկայումս միակ բանը, որ կարող եմ մաղթել, դա այսպես կոչված
‹‹պետականության›› կորուստն եմ մաղթում մեր երկրին, որովհետև այն իրականում կարծես միայն ֆորմալ
առումով՝ լոկ թղթի վրա է գոյություն ունեցել: Այնու, որ շարքային քաղաքացու սահմանադրական
իրավունքները եղած-չեղած մի հաշիվ են եղել ու կան մեր բնակավայրի ղեկին հայտնվածների համար:
Այսինքն՝ գործել և գործում է անիշխանությանը բնորոշ անպատժելիությունը, ասել է թե՝ անարխիան: Այս
իրավիճակը ամենաուղղակի հակապատկերն է պետության և պետականության, ինչը վկայում է, որ այդ
երկուսի իմիտացիան է եղել (ու կա) ընդամենը: Իսկ նման նմանակեղծողական պետականությունների
պահպանումը, որպես կանոն, սերունդների արյան զոհաբերություն է պարտադրում: Հետևաբար, 2020 թ.
եռանիշ ողբերգությունը սերիալային շարունակականությունից ապահովագրելու համար նմանօրինակ
մաղթանքս եմ հղում ամենքիս: