Սիրանույշ ՂՈՒԿԱՍՅԱՆ / ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ ԹԱՏՐՈՆԻ ՀԵՏ

Սիրանույշ ՂՈՒԿԱՍՅԱՆ

ՀՀ մշակույթի վաստկավոր գործիչ

Ավարտվեց 2022 թվականը։ Գյումրիի Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին և բոլոր
թատրոններին՝ բարի երթ։ Եթե կողքիս գյումրեցի մի հանդիսական լիներ, կասեր. «Մեր թատրոնը հսկայի
քայլերով է առաջ գնում»։
Հավատանք, քանի որ հանդիսականը միշտ անսխալ է թատրոնի համար, հանդիսականի աչքից հեռու լարված
ստեղծագործական աշխատանքներ էին ընթանում։ Ծանոթ, սիրված ռեժիսորներն ու դերասանները իրար
ետևից նոր բեմադրություններ, ծրագրեր էին մտմտում, գտնելու է՛լ ավելին, քանի որ գիտեին, պահանջված
էր թատրոնի յուրաքանչյուր աշխատանք։ Փոքրերի և մեծերի թատրոնը հավասարաչափ է ծառայում իր
հանդիսականին։ 
«Մաուգլին» (ռեժ․՝ Լ․ Հարությունյան) դարձավ  փոքր հանդիսականների համար մի լավ փորձ՝
«թատերագիտությամբ» զբաղվելու- չէ, չէ, կինոյում էդպես չէր, իսկ այ․․․ Գնում էր համեմատականը, և
շահում էր թատրոնը։ Լյուդվիգ Հարությունյանը այն ռեժիսորներից է, որ չի սիրում մտքին շատ արագ
բարձրաձայնել, դրա համար էլ բոլորիս համար հաճելի անակնկալ էր Աճեմյանի և Համազգային թատրոնի
համատեղ բենադրությունը. ռեժ․՝ ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյան, գլխավոր
դերակատար՝ ՀՀ. վաստ. արտիստուհի Նարինե Գրիգորյան, «Հրաշագործը»:
Մի քանի տարի է, ինչ Աճեմյանի  թատրոնում գործում է «փոքր» բեմը։ Թատրոնում  մեծ և փոքր բեմերի
մրցույթ է։ Այս տարի փոքր  բեմում 2022 թ. ԵԹԿՊԻ Գյումրիի  շրջանավարտներ Մարիա Ակոպովայի և
Տաթև Հակոբյանի «Բոհեմ» բեմադրությունն էր, որը մեծ սիրով ընդունեց հանդիսականը։ Թատրոնում
բեմադրություն արեց Սաթե Խաչատրյանը։
Թատրոնի ստեղծագործական կազմը հաստատուն է, խաղացանկը՝ բազմաբովանդակ։ Խաղացանկից դուրս
չեն մնում հին բեմադրությունները։ Թատրոնի բոլոր օղակները ծանրաբեռնված, բայց սիրով կատարում են
ամեն ինչ՝ նորը, անսպասելին և ցանկալին։ Սա մեր թատրոնում չգրված օրենք է։
Թատրոնը շատ է շրջում հանրապետությունում։ Սակայն կա մի շրջագայություն, որը երբեք չի ուշանում։
ՀՀ զորամասեր այցելելը հոգու պարտք համարող թատրոնը երբեք չի զլացել, երբեք չի մտածել, որ մեկ
անգամ գնալն էլ բավական է։ Բացի ներկայացումներից, հանդիպումներից,  թատրոնը իր

հնարավորությունների սահմաններում Հայոց բանակի կողքին է։ Նկատել եմ, որ ԵԹԿՊԻ մասնաճյուղերը
թե Գյումրիում, թե Վանաձորում թատրոնի մշտական այցելուներն են, որոնց համար թատրոնները ոչինչ
չեն խնայում։ Չէ՞ որ այսօրվա ուսանողը վաղվա դերասանն է։
Թատերասեր քաղաքը սիրով ընդունեց «Մտորումներ» թատրոնի ծնունդը, որն արդեն երեք տարվա
կենսագրություն ունի։ ՀՀ վաստ. արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը իր անձնական մտորումներին է
կյանք տալիս դասական և ժամանակակից դրամատուրգներով։ Հովհաննիսյանին շրջապատել են ինչպես 
պրոֆեսիոնալ, այնպես էլ ստուդիականներ. սովորել, և ինչու չէ, նաև բեմադրություններով զբաղվել։
Սիրով ուզում եմ նշել և հպարտանալ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի 2022 թ. դերասանա-ռեժիսորական
կուրսի շրջանավարտ Արմեն Արշալուսյանի համարձակ և հեռանկարային քայլը՝ Գյումրիի
«Երիտասարդական» թատրոնի ստեղծումը համակուրսեցիների հետ միասին՝ շարունակելու այն
երազանքները, որոնք ունեին ուսանողական տարիներին։
Արհեստն ու արվեստը բնորոշ են գյումրեցիներին։ Նրանք գիտեն արժեվորել, տեղ տալ նրանց, որոնց
ձգտումները ազնիվ են, էներգիայով լի, նպատակային։
Թատրոնի մարդիկ, իրենց հերթին օգնելով ոգեղեն դաշտում, վստահություն են սերմանում, առաջնորդում
ճիշտ կանգնել, ստեղծել վստահություն, մայրենի լեզուն զենք դարձրած կանգնել ժողովրդի կողքին,
պայքարելով գեղեցիկի համար. պահպանելով սերնդեսերունդ փոխանցված  ազնիվ  արվեստը։
Սիրելի գործընկերներ, հայոց թատրոնի սիրելի  հանդիսական, որ պահում եք թատրոնը, շնորհավորում եմ
Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթում եմ առողջությամբ, ստեղծագործական լիարժեք աշխատանքներով
առլեցուն օրերի շարան։ Նոր տարին դառնա նոր մտքերի իրագործման տարի։ Եղեք առողջ և վստահ։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։