Արմենուհի ՍԻՍՅԱՆ
Եվս մեկ պտույտ գործեց երկրագունդը արեգակի շուրջ: Վստահ եմ՝ արեգակը ևս դժգոհ է, որ այն
սովորականից ավելի արագ կատարվեց: Թե ո՞ւր է շտապում Երկիր մոլորակը: Ես կասեի՝ սա պտույտ չէր,
գլխապտույտ էր: Ու հիմա գիտեմ երբեմն-երբեմն գլխապտույտներիս պատճառը. այդ երկրագունդն է ինձ
պատիվ անում պտտվել իր հետ: Գոհ եմ ու շնորհակալ: Կարիք չկա: Ես ինքս՝ հուշիկ քայլերով: Եթե այսպես շարունակվի՝ իր առանցքից դուրս կընկնի այս խելահեղը: Հույսս Արևն է: Նա՛ է, որ կկարողանա նորից հունի մեջ գցել անկարգությունը: Երկնային լուսատուն գիտի՝ ինչպես: Արևի լույսն ամենակարողն է: Նա է փրկիչն ու ուղղորդողը երկնային գործերի, ինչպես որ նրա լույսն է ուղղորդողը մեզ՝ երկրային բնակիչների շարքային մահկանացուներիս:
Հեշտ չէ ամեն բան հասցնելը, երբ երկրագունդն արագացրել է իր պտույտները. նա վազում է, իսկ ես չեմ
ուզում վազել նրա ետևից: Նա շտապեցնում է ինձ, իսկ ես չեմ սիրում հապշտապ ապրել: Չգիտեմ՝ մինչև ուր կհասցնի ինձ մեր միջև ստեղծված այս տարաձայնությունը, բայց 2023 թվականի շեմին կարծես արդեն հասցրել է: Հարկ է դադար տալ, շունչ առնել մի պահ: Ի՞նչ է արվել, ի՞նչ հետագիծ եմ թողել երկրային այս մրցավազքում, եթե թողել եմ… Գիտակցում եմ, որ 2020 թվականի աշնանից հետո այդ հետագիծը ավելի շուտ սրտի կարդիոգրամմայի թողած դատարկ գծի է նման, երբ սիրտը դադարում է աշխատել: Համենայնդեպս, մի քանի տարի է, ինչ հոգուս օրացույցը մերժել է Նոր տարվա տոնական ընկալումը՝ համարելով այն ամոթալի:
Դժվար է լինել զվարթ ու խնդուն, երբ շուրջդ որդեկորույսներ, այրիներ ու որբուկներ կան: Չէ, դժվար չէ,
սոսկալի ծանր է ու ցավագին: Դժվարը թերևս այն է, որ այդ գիտակցումը ոչ միայն Նոր տարվա շեմին է
արթուն, այլ դրան հաջորդող ու նախորդող ողջ միջակայքում: Ձեռքիս գրիչը անհանգիստ սահում է թղթի
ճերմակ երեսի երկայնքով ու շիկանում մատներիս միջև: Ասել է ուզում, որ ինքն անգործ չի մնացել, չնայած իր տիրոջ դժվարահաճ ձեռնարկումներին: Էսսեներ ու պատմվածքներ է գրել, դրանցից որոշ բաներ տպագրվել են «Գրական թերթում», «Մշակութային հրապարակում», «Art Collage» մշակութային կայքում:
Բանաստեղծություններ են թարգմանվել և տպագրվել արտասահմանյան մի քանի գրական ամսագրերում՝ անգլերեն, իսպաներեն, մալայերեն, պորտուգալերեն, չինարեն, իտալերեն, 1 պատմվածք տեղ է գտել ժամանակակից միջազգային mycro story անթոլոգիայում՝ անգլերեն:
Դրսից լսվում է ագռավի կռինչը. «Բա ե՞ս,- ասում է,- ինձ էլի մոռացա՞ր»…
«Չէ, Ագռա՛վ ջան, ի՞նչ ես ասում»,- փորձում եմ սիրաշահել նրան, որովհետև նախ՝ չեմ ուզում
հարաբերություններս փչացնել նրա հետ, որ նորից չսկսկի վախեցնել ինձ և հետո, մարդկային բոլոր
չափանիշներով՝ դրա իրավունքը չունեմ… Ասենք՝ նա չի էլ թողնի: Հենց կարծես թե պիտի մոռանայի նրան, անսպասելի վրա եկավ՝ նոր մարդկային կերպարանքով՝ (դերասան՝ Գոռ Համբարձումյան), նոր
բեմականացմամբ (բեմադրիչ՝ Տաթևիկ Մելքոնյան): Անցավ որոշ ժամանակ, վերցրեց իր առաջին՝ անդավաճան մարդկային դեմքը (դերասան՝ Աշոտ Սիմոնյան) և իր ուղղորդողի հետ (բեմադրիչ՝ Արմեն Բայանդուրյան) երկու անգամ հեռվից թռավ եկավ ավելի մոտ: «Չփորձե՛ս ինձ մոռանալ, լսեցի՞ր, նեվըռմո՜ռռ!»,- համարյա դեմքիս կռռաց Ագռավս… «Չէ՛, չէ՛, երբե՛ք, nevermore»,-կրկնեցի: Եվ Ագռավի կռռոցից խուսափելու հարցում ինձ տեր է կանգնում Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը: Այս տարի 2 անգամ հյուրախաղերով թատրոնը եկավ Հայաստան, Ագռավին իր ողջ ագռավափայլով ներկայացրեց Երևանում, Գյումրիում, Էջմիածնում, Իջևանում, Սպիտակում, Հրազդանում, Արտաշատում: Ամենուրեք Ագռավը հյուրընկալվեց ծափահարություններով ու գովեստով, ջերմ ընդունելության արժանացավ ու սիրվեց բոլորի կողմից: Էլ ի՞նչ է ուզում ինձանից: Ինձ էլ, նրա թիկունքում, երբեմն հիշել են, թեև ես ի՞նչ, ինչ ասել է՝ ինքն է ասել, Ագռավի՛ն շնորհակալություն, հատկապես, որ բեմում իրեն հանդիպելուց հետո սկսեցի հասկանալ նրան նորովի ու ձերբազատվեցի ագռավի հանդեպ իմ ունեցած հիվանդագին վախերից… Բայց խոստովանեմ. ինչքան էլ համակրում եմ իրեն, կուզեի, որ իր փայլուն թևերով ինձ չծածկեր-պահպաներ միայն իր ամար, չպարփակեր ինձ միայն իր տիրույթներում: Կուզեի ճանապարհը բացեր նաև ուրիշների համար: Չէ՞
որ ես միայն իրեն չեմ ստեղծել, միայն իրեն չեմ պատկանում… Օրինակ՝ այս տարի երկու նոր պիես ունեմ ու եթե Ագռավը բարեհաճ գտնվի իմ հանդեպ ու չկռռա, գուցե և բեմական կյանքի կոչվեն դրանք, ո՞վ գիտի…