Նինա ՄԱԶՈՒՐ / ԱԳՆԵՍԸ՝ ՈՒԻԼԼԻ ԿԻՆԸ
Ագնեսը՝ Վիլյամ Շեքսպիրի կինը, ինքը եկավ ինձ մոտ: Այո, այո, հենց այդպես: Մի անգամ, մթնշաղին էր, «գայլի ու շան» ժամին, ֆլեյտայի ձայն լսեցի՝ միայնակ ու զուլալ: Չգիտեմ՝ ով էր այդ երաժիշտը, դրանից հետո այլևս չկրկնվեց, բայց ես պարզ տեսա, որ այդ երաժշտությունը ինչ-որ կին է լսում: Նրա դեմքը լուսավոր էր ու թախծոտ, սենյակում խոտաբույսերի բուրմունքն էր ու ֆլեյտայի ձայնը նրա համար էր նախանշված:
Իսկ հետո երևի թե աշխատեց «ֆլեյտա-Համլետ» զուգորդումը… Ու ես հանկարծ հասկացա, որ փոքրիկ Համլետը՝ Շեքսպիրի որդին է դիմում մորը այն աշխարհից, որտեղից չկա վերադարձ: Ու քանի որ պատահական ոչինչ չի լինում, հասկացա, որ Ագնեսը թակում է իմ երևակայության դուռը: Ու ես նրան ներս թողեցի:
Շատ բան հայտնի չէ այդ կնոջ մասին, բայց որոշ նյութեր կան ու ես օգտվեցի դրանցից:
Այդպես ծնվեց «Ագնեսը՝ Ուիլլի կինը» մոնոպիեսը: Այն մասին, որ ամեն մի մեծագույն տղամարդու թիկունքին հավատարիմ ու իմաստուն կնոջ հանդարտ ստվերն է: Հանճարի ուժը այդ կնոջ սիրո մեջ է:
Նինա ՄԱԶՈՒՐ
ԱԳՆԵՍԸ՝ ՈՒԻԼԼԻ ԿԻՆԸ
Բեմում համեստ, կոկիկ հագնված կին է, նա 16-րդ դարին բնորոշ քաղաքային բնակչուհու արտաքին ունի: Տարիքը դժվար է որոշել՝ նիհարակազմ է, շարժումները՝ թեթևասահ, ոտաբոբիկ է, կոշիկները անկյունում են: Շուրջը բուժիչ խոտաբույսերի խրձիկներ են չորանում, կինը վստահ ընտրում է պետքական բույսերն ու սկսում է բուժիչ թուրմ պատրաստել. անհրաժեշտ ամեն ինչ նրա ձեռքի տակ է: Հանկարծ, գործը թողնելով, ականջ է դնում:
ԱԳՆԵՍ — Դո՞ւ ես: Դե, վերջապես…
Հիմա մենք էլ ենք լսում ֆլեյտայի ձայնը:
Կինը դիմում է մեզ, գուցե և՝ ինքն իրեն.
ԱԳՆԵՍ — Տարօրինակ է, ախր երբեք ֆլեյտա չի նվագել, իսկ հիմա…
Երաժշտությունը լռում է:
ԿԱՆԱՑԻ ոչ երիտասարդ ձայն – Է՛նն: Է՛նն…
ԱԳՆԵՍ — Այստե՛ղ եմ: Կեսուրս է: Բոլորն ինձ այդպես են անվանում: Իսկ ընդհանրապես ես Ագնես եմ, և՛ վկայականով, և՛ մայրս ու հայրս էին այդպես ասում: Ուիլլը՝ նույնպես: Իսկ մնացած բոլորը՝ Էնն ու Էնն: Գուցե այդպես նրանց հարմար է… (Բարձրաձայն:) Դեղ եմ պատրաստում միսսիս Գրենսթոունի համար: (Մեզ.) Ինքը կարգուկանոնի համար է կանչում… չի խանգարի: Մերին չար չէ: Չեմ ասի, որ սիրում է ինձ, ասենք, նրան կարելի է հասկանալ՝ նրա խելացի տղան՝ Ուիլլը տուն է բերել գեղջկուհու՝ հերիք չէ, մի բան էլ՝ հղի: Իսկ տունը քաղաքային է, ամեն մեկն էլ ճանաչում է ձեռնոցագործ Ջոնին, չնայած նրա վատ համբավին՝ տաքգլուխ կռվազան, ձեռքն էլ՝ ծանր: Մերիի կյանքը շաքար չէր՝ աչքդ վրան պահիր, հանկարծ մարդդ երեխաներին չհաշմի: Ու մեկ էլ ես՝ վրադիր… բազեն էլ ձեռքիս: (Ծիծաղում է:) Այո, այո, մի ձեռքում իրերով կապոցս էր, մյուսի վրա բազեն էր թառել: Իսկ որպես վերջաբան՝ աչքիս տակի կապտուկը, խորթ մորս հրաժեշտի պստիկ նվերը… (Ականջ է դնում:) Նվագո՞ւմ է: Չէ, ինձ թվաց…
Մեր ֆերման անտառի եզրին է: Հանգուցյալ մայրս ամեն ինչ գիտեր անտառի մասին, զգում էր նրա հոգին: Պատահում էր, եղբորս կապում էր մեջքին, ես ավագն էի՝ բռնվում էի մորս փեշից ու ամբողջ օրն անտառում ենք: Խոտաբույսեր է հավաքում, ծառերի հետ է զրուցում… Անտառի փերու պես… Մայրս ուրիշ էր, առանձնահատուկ էր… Ասում են՝ նրան եմ քաշել: Իսկ թե հա՜յրս ոնց էր նրան սիրում: Մազին կպնել թույլ չէր տալիս: Իսկ երբ մահացավ երրորդ ծննդաբերության ժամանակ, տեղը չէր գտնում, կորցրել էր իրեն: Դե, ամուսնացավ հետո, պարզ բան է… Բայց ֆերման կտակեց ոչ թե խորթ մորս ու իրենց ընդհանուր երեխաներին, այլ ինձ ու եղբորս: Հարուստ ֆերմա է… Այնպես որ ամուսնուս տունը անօժիտ չմտա: Ու կեսրարս՝ Ջոնը, մի անգամ ձեռք չբարձրացրեց վրաս: Իսկ Ուիլլը նեղացնում էր… (Մտախոհ:) Ախր Ուիլլը հսկա չէ… ոչ… իսկ եղբորս կողքին՝ համեմատելու չէ: Բարձրահասակ, նիհարակազմ, քաղաքային հագուստով, աչքերը՝ մուգ, ուշադիր զննող: Որպես դասուսույց եկավ մեր ֆերման, դպրոցական եղբայրներիս լատիներեն սովորեցնելու, հոր պարտքը մարելու: Նրա հայրը մեզ պարտք էր, իսկ վերադարձնել պարտքը չէր ուզում, ահա և Ուիլլին առաջարկեց որպես ձրի դասուսույց: Չգիտեմ էլ՝ ինչ գտավ իմ մեջ Ուիլլը… Երևելի գրագետ չեմ… (Ժպտում է:)
Իսկ ես գիտեմ՝ ինչ գտա: Բռնեցի նրա ձեռքը, այ, այստեղ՝ մեծ մատի ու ցուցամատի միջև, ինչպես մայրս էր ցույց տվել՝ նրա էությունը տեսնելու համար: Եվ այնպիսի՜ մի խորություն բացվեց: Ես գուցե բոլորի պես չեմ, բայց Ուիլլին այնքա՛ն է տրված, ես՝ ո՜ւր, ինքը՝ ո՜ւր… Նրա ճանապարհն առանձնահատուկ է: Այնպես որ, ես գիտեի՝ ինչ էի անում, երբ խնձորի ամբարում հղիացա Սյուզանով:
Ու գիտեի, որ երկու երեխա կունենանք: Այդպես էլ ասացի Ուիլլին՝ երբ վրա կհասնի իմ ժամանակը, անկողնուս մոտ կանգնած կլինեն երկու դուստրերս: Նա ժպտաց ու գլուխն օրորեց՝ իբր, քեզ շուտ է մահվան մասին մտածել: Իսկ ես չեմ մտածում… պարզապես տեսնում եմ…
ԱՂՋԿԱԿԱՆ ձայն – Մայրիկ, միսսիս Գրենսթոունն է եկել: Իրենք հարցնում են՝ պատրա՞ստ է դեղը:
ԱԳՆԵՍ — Ասա նրանց, Սյուզաննա, որ հենց ավարտեմ՝ ինքս կբերեմ: (Մեզ:) Աղջիկս է՝ ավագը: Գիտե, որ չեմ սիրում, երբ սենյակ են մտնում, գործից շեղում են: Խոտաբույսերը ուշադրություն են պահանջում: Մայրս էլ, պատահում էր, ինձ ու եղբորս թույլ չէր տալիս խանգարել, երբ դարման էր սարքում:
Ասենք, ով կարող է ինձ խանգարել… Տունը մեր սեփականն է: Այ, երբ Ուիլլի ծնողների հետ էինք ապրում, մշտապես իրարանցում էր՝ ջահելները, պստիկները, ծառաները, պատվիրատուները… Փառահեղ տուն էր, ոչինչ չես ասի: Դե, ինչ խոսք, սրա հետ չես համեմատի, սա երևի ամենալավն է Ստրատֆորտում: Ուիլլն այնպես էր հպարտանում, որ կարող է իրեն թույլ տալ այսպիսի տուն ունենալ: Ախր, նա Լոնդոնում ոտքի կանգնեց, լավ փողեր է վաստակում: Ջուդիթը՝ մեր կրտսեր աղջիկը, մեկ էլ տեսար՝ հարցնում է. «Իսկ հայրիկն ի՞նչ է անում Լոնդոնում»: Իսկ ես չգիտեմ էլ… Թատրոնում է աշխատում, ինչ-որ բան է գրում: Ու որ այստեղ է գալիս, էլի գրում ու գրում է…
Ֆլեյտայի կամաց ձայնը
ԱԳՆԵՍ — Ահա՛: Փառք Աստծո: Բայց ինքը ինձ չի երևում… Մի անգամ հարցրի Ուիլլին. «Ինչո՞ւ է նա թաքնվում, մեր Համլետը: Մի՞թե չգիտե, ինչպես եմ իրեն կարոտում»: Իսկ Ուիլլը սևեռուն ինձ նայեց, ուղիղ աչքերիս մեջ… ու տխրամած խոնարհեց գլուխը: Ոչինչ չասաց:
Ու ես մտածում եմ՝ իսկ Ուիլլը լսո՞ւմ է այս ֆլեյտայի ձայնը: Աղջիկներս հաստատ չեն լսում: Նրանց դա չի տրված: Իսկ նա… պարտավոր է…
Չէ, Ջուդիթն էլ պիտի լսի: Ախր եղբոր հետ այնպես էին իրար կապված, ասելու չի: Պարզ բան է՝ երկվորյակներ էին:
Ես չգիտեի, որ զույգ եմ բերելու: Երկրորդ աղջկաս էի սպասում: Ու հանկարծ տղա է ծնվում առաջինը: Դե, մտածում եմ, նախազգացումս երբեք ինձ չի խաբել, իսկ հիմա, փաստորեն, խաբեց: Մեկ էլ տատմերը գոռում է. «Աստված իմ, էլի երեխա կա…»: Ու հայտնվեց Ջուդիթը: Ուրեմն, էլի որ երկու աղջիկ: Իսկ ինչո՞ւ որդուս մասին ոչինչ չէի կանխազգում: Չհասկացա այն ժամանակ, որ նա իմ հյուրն էր՝ եկավ ու կգնա…
Ընդհատում է գործը, փակ աչքերով ճճոճվում է մեղեդու տակտին համահունչ: Ֆլեյտան լռում է: Ագնեսը բացում է աչքերը, ասես քնից արթնացավ:
ԱԳՆԵՍ — Գնա՞ց: Ասես մեկը կանչեց նրան, իբր՝ հերիք է նվագես: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ նա միայն նվագում է, իսկ ինձ հետ չի խոսում: Գուցե պատժո՞ւմ է: Որ չփրկեցի: Ջուդիթին փրկեցի, իսկ իրեն՝ ոչ: Ուշ հասկացա, որ անիծված ժանտախտը նրան էլ է բռնել: Իսկ ինքը չէր բողոքում, համբերում էր, քրոջ մասին էր միայն մտածում:
Իսկ ես… չնկատեցի… Դե չէ, նա բարի հոգի է… քեն չի պահի: Այդ ես ինձ չեմ ներում… Առավոտից գիշեր խոտաբույսերի հետ եմ, ինձ համոզում եմ, որ երբ մարդկանց ցավերն եմ դարմանում, այնտեղ հեշտ է նրա համար…
Իսկ Ուիլլը Լոնդոնում էր, երբ մեր տղան մահացավ: Անմիջապես եկավ՝ երեսին գույն չկար: Հասավ թաղմանը: Մարդիկ չէին ճանաչում, ասես ոչ թե Համլետի հայրն էր, այլ նրա ուրվականն էր հայտնվել: Ինձ գրկեց, իսկ ձեռքերը՝ սառույց, ու շուրթերն են շարժվում, ասես աղոթում է: Բայց դա աղոթք չէր, ոչ, աղոթք չէր… Ուրիշ բան էր… Բառերը չէին հասկացվում… «Մնաս բարով, մնաս բարով»-ի պես մի բան: Ու էլի ինչ-որ բան… Կարծես՝ «Հիշիր իմ մասին», բայց այդ մեկը՝ դժվար թե… Դա Ուիլլը պետք է հիշեր, ոչ թե մեր փոքրիկ տղան:
ՊԱՏԱՆԵԿԱՆ ձայն — Մայրիկ, կարելի՞ է քեզ մոտ գալ:
ԱԳՆԵՍ — Ջուդիթ, գիտես, որ չի կարելի: Սպասիր, կավարտեմ ու դուրս կգամ:
ՆՈՒՅՆ ձայնը – Հայրիկից նամակ է եկել:
ԱԳՆԵՍ — Նամակն էլ կսպասի: (Մեզ.) Նոր բան գրած չի լինի: Կարևոր բան՝ նույնպես: Եղանակի մասին, տոմսերի վաճառքի ու այստեղ՝ Ստրատֆորդում հող գնելու մասին: Արդեն բավական գնված է:
Թաղումից հետո Ուիլլն ասաց. «Իրերդ հավաքիր, Ագնես: Աղջիկներինը՝ նույնպես: Գնում ենք Լոնդոն»: Իսկ ի՞նչ ենք անելու այնտեղ՝ Լոնդոնում: Այդպես էլ իրեն ասացի. «Քեզ,- ասում եմ,- այստեղ անելու բան չկա, իսկ մեզ՝ այնտեղ»: Իմ Ուիլլը այնտեղ իր կյանքն ունի, իսկական կյանքը:
ԿԱՆԱՑԻ ձայն – Էնն, հոգյա՛կս: Անցնում էի այստեղով, մտածեցի՝ ներս մտնեմ, ախր օտարներ չենք: Իսկ Սյուզանը ներս չի թողնում, մայրիկը զբաղված է, ասում է:
ԱԳՆԵՍ — Ճիշտ է ասում, զբաղված եմ: Գուցե մյուս անգամ տեսնվենք: Դու էլ երևի լիքը գործեր ունես: (Մեզ.) Խորթ մայրս է, Ջոանը: Ժամանակին երեսս տեսնել չէր ուզում, իսկ հենց Ուիլլն սկսեց վաստակել, այս տունը գնեցինք, զայրույթը փոխարինեց սիրալիրությամբ ու մեկ էլ տեսար՝ հայտնվում է: Հետաքրքրությունից դրդված: Աչքերով պատերն է զննում-քննում… Դե, նաև գիտե, որ առանց երեխաների համար նվերների չի գնա:
Մի անգամ եկավ ու ասում է. «Ո՞նց ես դու, հիմարիկդ, մարդուդ Լոնդոն թողել: Մարդիկ ասում են, էնտեղ սիրուհիներին հաշիվ չկա»: Իսկ ինքը նայում է ինձ չարախինդ, իբր, կարո՞ղ է, սիրտդ ցավում է:
Չեմ ասի, որ չի ցավում: Բայց ոչ՝ նրա խոսքերից: Առանց նրա ասելուն էլ ամեն ինչ հասկանում էի: Այնտեղ Ուիլլը մենակությանը չի դիմանա, արյունը եռում է: Բայց մի բան էլ գիտեմ՝ մարմինը մարմին, իսկ հոգին այստեղ է, ինձ հետ, մեր աղջիկների հետ, գերեզմանի, որտեղ մեր տղան է քնած: Ես եմ նրան Լոնդոն թողել, այնտեղ է նրա ճանապարհը… Իսկ այստեղ նա կվերադառնա, հաստատ գիտեմ: Ընդմիշտ կվերադառնա, երբ իր ժամը գա: Եվ այդ ժամը նա կդիմավորի ինձ հետ:
(Նայում է դահլիճ:) Գնաց Ջոանը… ըհը, գնում է… զամբյուղները դատարկ են՝ վաճառել է, ինչ շուկա էր բերել: Ինձնից չի նեղանա, գիտե, որ քեն չեմ պահում: Պետք է ֆերմա գնալ, փոքրիկներին նվերներ տանել, ծնողներիս գերեզմաններին այցելել: Եղբորս հետ տեսնվեմ:
Մի անգամ եկավ՝ աչքերը փայլում են, զամբյուղից ինչ-որ փաթեթ է հանում: «Ահա,- ասում է,- Էնն, տես, ինչ է ինձ տվել մեր հարևանը Լոնդոնից վերադառնալուց հետո»: Նայում եմ՝ թատերական աֆիշա է: Ուիլլի անունը կա գրված: Եվ,- Աստվա՛ծ իմ,- ներքևում, որտեղ ներկայացման վերնագիրն է, մեր տղայի անունն է գրված: Այդպես էլ մեծ տառերով գրված է. Համլետ: Դե, մտածում եմ, սիրելիս, ինչո՞ւ ես մեր ցավն աշխարհով մեկ անում:
Բայց զգացածս ցույց չեմ տալիս ու ասում եմ խորթ մորս. «Շնորհակալ եմ, Ջոան: Կարո՞ղ եմ աֆիշան ինձ վերցնել»: Իսկ նա՝ «Դե իհարկե, թանկագինս, ախր քեզ նվեր եմ բերել»: Իսկ ինքը հո չի՜ ժպտում, հո չի՜ ժպտում…
Լոնդոն մեկնելու պատրաստություն տեսա: Այդ պրեմիերային, ուրեմն… Բայց եղբայրս ինձ մենակ չթողեց, հետս եկավ: Սկզբում Ուիլլի բնակարանը գնացինք: Բարձրացանք ձեղնահարկ, դուռը թակեցինք, հարևանուհին դուրս եկավ: «Տանը չէ,- ասում է,- օրերով թատրոնում է, իսկ պահուստ բանալին ինձ մոտ է, կարող եմ դուռը բացել, դուք սպասեք նրան»: Եղբորս հետ ներս մտանք: Աղքատիկ սենյակ է՝ աթոռ, սեղան ու մահճակալ: Աթոռին կամզոլն է կախված: Մահճակալին ձեռագրերն են դարսված: Իսկ սեղանին կիսատ թողած նամակ. «Թանկագին Ագնես…»: Չսպասեցինք Ուիլլին, ձիերն արձակեցինք ու ուղևորվեցինք թատրոն: Գետի այն ափը:
Դժվարությամբ տեղ գտանք, նստեցինք: Աղմուկը լռեց: Սկզբում չհասկացա՝ մարդիկ բեմում ինչի մասին են խոսում, ինչի համար է այդ դղյակը:
Հետո հայտնվեց ուրվականը՝ միանգամից ճանաչեցի Ուիլլին: Ու հանկարծ լսում եմ. «Հա՛մլետ: Հա՛մլետ»: Այդ մարդիկ տալիս են իմ որդու անունը: Ինչո՞ւ, ինչպե՞ս են համարձակվել:
Իսկ հետո բեմ եկավ պատանին: Ոսկեգանգուր, ինչպես տղաս, բայց ավելի տարիքով: Նույն շարժուձևերը, գլխի նույն թեքելը, նույն քաջությունն աչքերում…
Ու ես հասկացա՝ Ուիլլը մեր տղայի հետ փոխվել է տեղերով: Վերածվել է ուրվականի, որպեսզի հարություն տա զավակին: Ու կարևոր չէ, որ այդ պատմությունը մեր Համլետի կարճատև տղայական կյանքի մասին չէ: Իմ Ուիլլը նրան նոր կյանք է նվիրել: Որպեսզի միշտ կողքին լինի:
Հագնում է կոշիկները, վերցնում դեղերով զամբյուղը:
ԱԳՆԵՍ — (բարձր:) Ջուդիթ, ես դուրս եմ գալիս: Որտե՞ղ է նամակը: (Գնում է, շրջվում, ետ է նայում:) Ես որ գիտեմ՝ ինչու Ուիլլը գնաց Լոնդոն: Փառքի ետևից: Դե ինչ, նրա փառքը բոլորիցս երկար կապրի …
Լսվում է ֆլեյտայի մեղեդին:
ԱԳՆԵՍ — Նվագի՛ր, նվագի՛ր, Հա՛մլետ: Մենք քեզ լսում ենք…
Ռուսերենից թարգմանեց Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԸ