«ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇԻ» ՆՈՐ ՀԱՍՑԵՆ՝ ԹԲԻԼԻՍԻ

Դրամատուրգ Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԻ «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇ» դրաման այս անգամ բեմադրվել է Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական թատրոնում (բեմադրիչ՝ Լյուբով Սահակյան, նկարչական ձևավորումը՝ Աննա Սոփրոմաձեի): Գլխավոր դերում թատրոնի առաջատար արտիստուհի Սնեժանա Յագուբովան էր և երիտասարդ դերասանուհի Վարդուհի Էլբակյանը: 

Մոնոդրաման գրվել է 2006-ին, երկու անգամ մասնակցել է թատերականացված ընթերցումների, 2008-ին տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսում, իսկ 2010-ին՝ Թեհրանում: Պիեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես դերասանուհիների շրջանում. տիկին Սիրանույշի բազմաշերտ կերպարի բացահայտմանը հավելվում է դրամատուրգի՝ հրաշալիորեն ներբերված «խաղը խաղի մեջ», երբ դերասանուհու անձնական ապրումները ընդմիջարկվում են համաշխարհային դրամատուրգիայի կանացի բարդագույն կերպարներից մի քանիսի մարմնավորումներով: Ասվածին հավելենք նաև մոնոդրամայի սյուրռեալիստական տարրերը, հոգեբանական շերտերը, փաստագրական-պատմական հենքը, և ամբողջական կդառնա այս գործի հանդեպ առկա հետաքրքրության բացատրությունը: 

Ն. Դումբաձեի անվան թատրոնի բեմում ընթացող ներկայացումը հաճախ ընդհատվում էր բուռն ծափահարություններով: Թբիլիսյան խստապահանջ հանդիսատեսը բարձր գնահատեց բեմադրությունը: «Հոյակապ աշխատանք էր, ես շատ տպավորված դուրս եկա դահլիճից»,- ներկայացման ավարտին տպավորությամբ կիսվեց ՀԹԳՄ նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանը: 

Ուրախալի իրողություն է, որ Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի խաղացանկում ավելացավ ևս մեկ հայ դրամատուրգի գործ, իսկ «Տիկին Սիրանույշ» պիեսը ամրագրեց իր հերթական թատերական հասցեն, այս անգամ՝ Վրաստանում:

tatron-drama.am

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։