Ռազմիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔ

(Դրամա հինգ գործողությամբ)

Գործող անձինք

ԳԵՆԵՐԱԼ – 50-ին մոտ տղամարդ 

ԿՏՐԻՃ  – համայնքապետ, 40-ին մոտ տղամարդ 

ՔԱՀԱՆԱ – 50-ն անց տղամարդ 

ԱՆՆԱ – երիտասարդ աղջիկ 

ՍՈՆԱ – Աննայի մայրը, ուսուցչուհի

ԱՐՄԵՆ – Բանաստեղծ, ով չի խոսում

ԿԱՐԵՆ – հոգեբան 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐ

Գործողություն առաջին

Համայնքապետի աշխատասենյակը, սեղան (ցանկալի է, որ այն լինի անիվների վրա), աթոռներ, անպայման պատուհան` սեղանի կողքին, պահարան, դուռ, որից ներս են մտնում մեկ այլ սենյակ, որտեղ դրված է բիլիարդի սեղան՝ կրկին անիվներով։ Գեներալն ու Կտրիճը նստած են վերջինիս աշխատասենյակում։

 ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ արեցիր։

ԿՏՐԻՃ – Իրավաբանին հանձնարարել եմ, ուսումնասիրում է, տեսնենք՝ ինչպես կարող ենք դասավորել։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ կա ուսումնասիրելու։

ԿՏՐԻՃ – Ոնց դասավորենք, փաստաթղթավորենք, որ գործը առաջ գնա։ 

ԳԵՆԵՐԱԼ – Չեն թողնում՝ մարդ լավ բան անի, մենք չլինեինք՝ էս գյուղը վաղուց կործանված կլիներ։

ԿՏՐԻՃ – Տո, ոչ միայն գյուղը, նաև երկիրը, ես կասեի։ 

ԳԵՆԵՐԱԼ – Մնում փտում ա, է՛, ասա՝ տվեք, առնենք, մի բան սարքենք, մարդիկ գան, աշխատեն, ընտանիք պահեն։

ԿՏՐԻՃ – Էրեկ մարզպետարանում ձեր մասին էի խոսում, ասում եմ՝ եթե Գեներալը չլիներ, հիմա գյուղում մարդ չէր մնացել, ասում են՝ ի՞նչ է արել որ, ասում եմ՝ բոլոր հողերն առել է, մարդը ցանում է, մշակում, գյուղում խանութ սարքեց, էս յոթանասուն ընտանիքն էլ որ մնացել են, իր շնորհքն է։ Ասում եմ՝ պատկերացրեք, մարդն էնքան է սիրում իր գյուղը, էնքան սրտացավ է, որ հողերն առավ, գյուղի հիվանդանոցը սեփականաշնորհեց, հիմա էնտեղ արտադրամաս է, մարդիկ աշխատում են։ Չեն հասկանում․․․

ԳԵՆԵՐԱԼ – Չգիտեմ, անհայրենիք մարդիկ են, էլի։

ԿՏՐԻՃ – Հա, դա էլ եմ ասել։ Ասում եմ Գեներալը էս երեսուն տարի է՝ իր մեքենայի ապակու վրայից Արցախի դրոշը չի հանում, պատկերացնո՞ւմ եք։ Չկա մի ուրախություն, որ Գեներալը էնտեղ լինի ու հերոսների կենացը հոտընկայս չխմի․ էս տեսակ մարդու արժեքը ինչպե՞ս կարելի է չիմանալ։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ողջ կյանքս նվիրեցի էս երկրին։ Մի օր երևի կգնահատեն։ 

ԿՏՐԻՃ – Հուսանք։ Որ գործը գլուխ բերենք, մի քսան քառակուսի տուր ինձ, կինս ուզում է վարսավիրանոց բացել, ինքը կաշխատի, մեկ-երկու հոգի էլ գյուղից թող հետն աշխատեն։ 

ԳԵՆԵՐԱԼ – Քսան չէ, քառասուն էլ կտամ, էդ ինձ պետք չի, ես դրա կարիքը չունեմ, ուղղակի  սիրտս ցավում է, աչքիս դիմաց էդ հսկա շենքը փտում է։

ԿՏՐԻՃ – Ոչ մի հարցի ընթացք չեն տալիս, ուզում եմ՝ գյուղի դպրոցը քո անունով կոչեմ, էս մի տարի էդ հարցը օդի մեջ մնում է, քիչ խանգարողներ կային, հիմա էլ էն լակոտն է հայտնվել։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ո՞վ։

ԿՏՐԻՃ – Սոնայի աղջիկը։

ԳԵՆԵՐԱԼ – Դա դրսերում չէր սովորո՞ւմ։

ԿՏՐԻՃ – Հա, ավարտել, եկել է։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ինչի՞ համար  է եկել։ 

ԿՏՐԻՃ – Ասում է՝ եկել եմ իմ գյուղում մշակութային կյանքը վերականգնեմ։  

ԳԵՆԵՐԱԼ – Ո՞րտեղ էր սովորում։ 

ԿՏՐԻՃ – Քեմբրիջի համալսարանում։ 

ԳԵՆԵՐԱԼ – Էդ Ռուսաստանո՞ւմ է գտնվում։ 

ԿՏՐԻՃ – Չէ, ոնց որ Անգլիայում է, էրեկ հաշվապահը ասեց։ 

ԳԵՆԵՐԱԼ – Լրտես են սարքել, ուղարկել գյուղ, էլի։

ԿՏՐԻՃ – Վաղը կանչել եմ մոտս, տեսնեմ դրա ուզածն ինչ է։

ԳԵՆԵՐԱԼ – Ինչպես բոլորինը, փող, էլ ի՞նչ պիտի ուզի, մի հինգ հազար դոլար խոստացիր, թող ձենը կտրի, մարշը քաշի, թողնի՝ երկիր սարքենք։ 

ԿՏՐԻՃ – Հա, կխոսեմ, տեսնեմ ինչ փորացավ ունի։

ԳԵՆԵՐԱԼ – Մոտը շատ բան չխոսես, դրանք վտանգավոր մարդիկ են, հայրենիք, սրբություն չունեն։ 

ԿՏՐԻՃ – Չէ, միայն էդ գործից, տեսնեմ ինչ է ուզում, ինչ է մտածել։ 

ԳԵՆԵՐԱԼ – Բոլոր առումներով զգույշ եղիր ամեն դեպքում։

 Ներս է մտնում Քահանան, ձեռքին՝ թղթեր, ձեռքով բարևում է Գեներալին, ապա՝ համայնքապետին։

 ԳԵՆԵՐԱԼ – Գնա պարապիր, գալիս եմ։ 

ՔԱՀԱՆԱ – Պարապել եմ, էրեկ բախտդ բերեց։

ԳԵՆԵՐԱԼ – Բախտի վրա մի գցիր, խաղալ սովորիր։ 

ՔԱՀԱՆԱ – (թղթերը տալիս է համայնքապետին): Բերել եմ։ 

ԿՏՐԻՃ – (նայում է թղթերին): էս երկու օրը կհաստատենք, ավագանու նիստ կանենք, խնդիր չկա։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչը։

ՔԱՀԱՆԱ – Տանս դիմացի հողը, մի հազար քառակուսի մետր ուզում եմ սեփականաշնորհեմ, պարիսպը առաջ տամ։

ԳԵՆԵՐԱԼ – Ոչ միայն խաղալ չգիտես, գործ անելուց էլ ես թույլ։ Տարին մեկ հազար քառակուսի վերցնում ես ու ծախս անում, մեղք ես, էդքան աշխատում, փողը տալիս ես, որ պարիսպ առաջ տաս։ Միանգամից հինգ հազար քառակուսի վերցրու, պրծի, էլի՛։ 

ՔԱՀԱՆԱ – Էդպես զինվորականներն են անում։ 

ԳԵՆԵՐԱԼ – Բարձրաստիճան զինվորականները։ 

ՔԱՀԱՆԱ – Այո, բարձրաստիճան զինվորականները։ 

ԳԵՆԵՐԱԼ – Դուք մաս-մաս եք գնում առաջ, մենք՝ միանգամից։ 

ՔԱՀԱՆԱ – Աղոթել չգիտեք, դրանից ա։

ԳԵՆԵՐԱԼ – Դա ձեզ համար է միայն կայուն եկամտի աղբյուր, դրա համար անգիր գիտեք։ 

ՔԱՀԱՆԱ – Գնացինք։ 

Գեներալը, Քահանան ու Կտրիճը մտնում են այն սենյակը, որտեղ դրված է բիլիարդի սեղանը։ 

Գեներալն ու Քահանան սկսում են բիլիարդ խաղալ։ 

Կտրիճը կանգնած հետևում է նրանց խաղին։ 

Ներս է մտնում Արմենը, գլխով բարևում, ձեռքով սկսում է ինչ-որ բան հասկացնել։ Գեներալն ու Քահանան մի պահ նայում են Արմենի կողմը և շարունակում են խաղը։ Արմենը խոսում է Կտրիճի հետ, սակայն Կտրիճը նրան չի նայում, ուշադիր հետևում է խաղին։ 

ԳԵՆԵՐԱԼ – (Կտրիճին): Ի՞նչ է ուզում, է՜, էլի գիրք է գրել, ասում է՝ օգնեք տպեմ։ 

ԿՏՐԻՃ – Չէ, էրեկ լույսն ու գազն անջատել են, ասում է՝ օգնեք, միացնեն։ 

ՔԱՀԱՆԱ – Մեռանք օգնելով, էրեկ էլ կինը ինձ մոտ էր եկել։

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ էր ասում։ 

ՔԱՀԱՆԱ – Ասում էր՝ ասա խանութում ինձ պարտքով ապրանք տան, նպաստը ստանամ, կտամ։ 

ԳԵՆԵՐԱԼ – Արդեն ամաչում են ինձ դիմեն, հարյուր հազար պարտք ունեն։ 

Այդ ընթացքում Արմենը փորձում է ժեստերով ինչ-որ բան ասել մե՛կ Քահանային, մե՛կ Գեներալին, մե՛կ Կտրիճին, որոնք ուշադրություն չեն դարձնում նրան։

 ԳԵՆԵՐԱԼ – Սրա հերն էլ էր խելագար, հիշո՞ւմ եք։

ԿՏՐԻՃ – Հա, հիշում եմ, էն ժամանակ որ հայրս համայնքապետ էր, երկու օրը մեկ գալիս էր մեր տուն, ասում էր՝ հայոց լեզվի հոմանիշների մասին գիրք եմ գրել, օգնեք, հրատարակեմ։ 

ՔԱՀԱՆԱ – Հետո համալսարանը հրատարակեց կարծեմ։ 

ԿՏՐԻՃ – Հա, մեր տանը կա, կանաչ գույնի գիրք է։ 

ԳԵՆԵՐԱԼ – Հա, կոչում էլ էին տվել, ասում էր՝ բանասիրական գիտությունների դոկտոր եմ, ծաղրի առարկա էր դարձել գյուղում։

ՔԱՀԱՆԱ – Բայց պարգևատրել էին, շքանշան ուներ, ինձ ցույց է տվել։ 

ԳԵՆԵՐԱԼ – (հեգնանքով): Շքանշա՜ն… տոնական համազգեստիս վրա տեղ չկա, լրիվ շքանշաններ են, մենակ տասը շքանշան ստացել եմ զինված ուժերից դուրս գալուց հետո։ 

ԿՏՐԻՃ – Դե, դու ուր, նա ուր, պարոն Գեներալ, քեզ էդ խելագարի հետ ես համեմատո՞ւմ։

Արմենը շարունակում է նրանց շուրջը պտտվել։ Գեներալը ջղաձիգ շարժումով բռնում է Արմենի թևից ու հասկացնում, որ լռի։ 

ԳԵՆԵՐԱԼ – Որքա՞ն է սրանց կոմունալը։ Ներվերս չեն հերիքում արդեն։

ԿՏՐԻՃ – Մի տաս հազար դրամ կարծեմ։ 

ԳԵՆԵՐԱԼ – Տուր էդ փողն ու սրան էստեղից դուրս հանիր, մթնոլորտը փչացնում է։ 

ԿՏՐԻՃ – Ամեն անգամ տալիս ենք, սովորում է ախր։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ավելի լավ է տաս հազար դրամ տաս, թող գնա, թե չէ ինձ շեղում է խաղից, սրան հենց էստեղ կսպանեմ։

ԿՏՐԻՃ – Լավ, ինչպես ասես։ 

Կտրիճը բացում է դուռը, Արմենի թևից բռնած հանում է դուրս։ Գեներալն ու Քահանան շարունակում են խաղը։

 ՔԱՀԱՆԱ – Նորություն չկա՞։

ԳԵՆԵՐԱԼ – Դեռ չէ, ասում է՝  իրավաբանին եմ հանձնարարել։ 

ՔԱՀԱՆԱ – Կօգնենք, չմտածես։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ի՞նչ գործ ունես հետս։ 

ՔԱՀԱՆԱ – Ինչի՞ ես հարցնում։ 

ԳԵՆԵՐԱԼ – Օգնություն առաջարկեցիր, դրա համար։ 

ՔԱՀԱՆԱ – Ամռանը քրոջս տղային բանակ են տանում։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ապա՞։

ՔԱՀԱՆԱ – Դասավորես՝ դիրքեր չգնա, էլի։ 

ԳԵՆԵՐԱԼ – Որտե՞ղ ես ուզում, որ ծառայի։

ՔԱՀԱՆԱ – Ցանկալի կլինի Երևանում։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ցանկալի կլինի, մի՛ մտածիր։

Գործողություն երկրորդ

Աննայի բնակարանը։ Հին վերանորոգում, հնամաշ սեղան, աթոռներ, մեծ գրադարան, որը ուշադրություն է գրավում։ Պատին փակցված է զինվորական համազգեստով տղամարդու նկար։ Սոնան գրավոր աշխատանքներն է ստուգում։ Ներս է մտնում Աննան, սկուտեղով երկու բաժակ սուրճը դնում է սեղանին, նստում է Սոնայի կողքին։

 ՍՈՆԱ – (ստուգված տետրը կողքի դնելով): Քեզ էնտեղ նորմալ կպահես։

ԱՆՆԱ – Էդ ո՞րն է։

ՍՈՆԱ – Հետները չվիճես, չհակաճառես, ինչ կասեն՝ լսիր։

ԱՆՆԱ – Ծիծաղս եկավ։ Այո՛, իհարկե, ծնկաչոք ներս կմտնեմ, վերջում էլ  կխաչակնքվեմ, եկեղեցուց դուրս գալու պես։  

ՍՈՆԱ – Էդ քո անգլիաներում ու եվրոպաներում սովորածը թող, սա գյուղ է, հասկացի՛ր, դու անզոր ես։ 

ԱՆՆԱ – Ինչի՞ց ես վախենում, մամ։ 

ՍՈՆԱ – Քեզ կորցնելուց։ 

ԱՆՆԱ – Դա անգիր ես արել։ 

ՍՈՆԱ – Հեգնո՞ւմ ես։

ԱՆՆԱ – Ո՛չ։ Դու վախենում էիր, երբ պետք է գնայի Երևան սովորելու, հետո սկսեցիր վախենալ, որ դրսում պետք է քննություն հանձնեի, հետո՝ որ Անգլիայում պետք է սովորեի։

ՍՈՆԱ – Դա հիմա չես հասկանա։ 

ԱՆՆԱ – (հեգնանքով): Կհասկանաս այն ժամանակ, երբ երեխա ունենաս, դու էլ մայր լինես։ Ճի՞շտ եմ հիշում բառերդ։

ՍՈՆԱ – Այո, ամեն ինչ հիշում ես, բացի հարգանքից։

ԱՆՆԱ – Ես դա թույլ չեմ տալու, մամ, իզուր մի համոզիր։ Ու մի փորձիր ազդել զգացմունքներիս վրա։

ՍՈՆԱ – Ախր դու ո՞վ ես, որ թույլ չտաս։ Գոնե գիտե՞ս՝ ում դեմ ես դուրս գալիս ու պատկե րացնո՞ւմ ես, թե հետո ինչ կարող է լինել։

ԱՆՆԱ – Վստահ եմ, որ մարդիկ կկանգնեն իմ կողքին, եթե հավատան, որ ճիշտ եմ ասում։

ՍՈՆԱ – (հեգնական ժպտում է): Մարդի՞կ։ Այ, դա չգիտես, ոչ մեկը չի էլ փորձի նրա դեմ անգամ թթու խոսք ասել։ Գիտես՝ էս գյուղում չկա մեկը, ում լավություն արած չլինի, ո՞վ պետք է նրա դեմ դուրս գա։ Բոլորը պաշտում են նրան։

ԱՆՆԱ – Մա՞մ… կարծես դու չլինես ինձ հետ զրուցողը։ 

ՍՈՆԱ – Ինչո՞ւ, քեզ պես չեմ մտածում կամ կարծիքդ չեմ կիսում, դրա համա՞ր։

ԱՆՆԱ – Ոչ, ոչ։ (Վեր է կենում:) Մեկ րոպե։ Ես ճիշտ լսեցի՞, դու ասացիր, որ բոլորը պաշտում են նրան։ Դո՞ւ էլ, մամ։

ՍՈՆԱ – Թո՛ղ դերասանի վարպետությունը, կեղծ է, բնական չես խաղում։ 

ԱՆՆԱ – (նստում է բազմոցին): Բոլորը պաշտում են նրան։ Իսկ ինչո՞ւ բոլորիս տներում չկա նրա նկարը։ Ա՜խ, ապերախտ ժողովուրդ, ինչպե՞ս չեն գնահատում նրան․․․

ՍՈՆԱ – Լռի՛ր։ Ես պատահական բաներ չեմ ասում։ Երեսուն տարի ես դպրոցում մանկավարժ եմ։ 

ԱՆՆԱ – Հետո՞։ Մանկավարժ լինե՞լն է քեզ ստիպում ասել, որ բոլորը նրան պաշտում են, հա՞։ 

ՍՈՆԱ – Հենց հիմա ստուգում եմ 7-րդ դասարանի աշակերտների շարադրությունները։

ԱՆՆԱ – Հետո՞։ 

ՍՈՆԱ – Վերնագիրն է՝ «Ո՞ր հերոսին կուզեիր նմանվել»։ 

ԱՆՆԱ – Հետո՞։

ՍՈՆԱ – Ութ աշակերտից վեցը գրել է, որ կուզեր նմանվել նրան։ 

ԱՆՆԱ – (տեղից ելնում, մոտենում է Սոնային) Կատակո՞ւմ ես, մամ։ Տեսնեմ։ (Ուզում է տետր վերցնել:)

ՍՈՆԱ – Ձե՛ռք չտաս։ Հեռո՛ւ գնա։

ԱՆՆԱ – Ինչո՞ւ։ 

ՍՈՆԱ – Հիմա էլ երեխաների տետրերը պատռես, վաղը դպրոցում խայտառակ լինեմ։ 

ԱՆՆԱ – Ուզում եմ համոզվել։

ՍՈՆԱ – Հեռո՛ւ գնա, ես կկարդամ։

 Աննան նստում է բազմոցին։ Սոնան բացում է տետրերից մեկը։

ՍՈՆԱ – (կարդում է): Կարապետյան Գևորգ։ Ես կուզեի նմանվել գեներալ Վասակ Սուլթանյանին, քանի որ մեր պատմության մեջ շատ քիչ են այնպիսի հերոսները, ինչպիսին նա է։ Նա Արցախյան շարժման առաջամարտիկներից է, և եթե չլինեին  նրա հերոսական սխրանքները, գուցե մենք չկարողանայինք հաղթել այդ պատերազմում։ Եվ ես հպարտ եմ, որ նա իմ գյուղում է ծնվել և մինչև հիմա ապրում է իմ գյուղում։ Մինչև այսօր նա շարունակում է իր ազգանվեր գործունեությունը․ օգնում է բոլոր կարիքավորներին, ալյուր ու ձեթ է տալիս տարեցներին․․․ (Տետրը դնում է մի կողմ, վերցնում է մյուսը:) Մանուկյան Սևակ Կարենի։ Ես կցանկանայի նմանվել փառապանծ գեներալ Վասակ Սուլթանյանին։ (Նկատում է արտասվող Աննային, փակում է տետրը, սուրճ է խմում:)

ԱՆՆԱ – (սրբելով արցունքները)։ Թվում է, չեմ ճանաչում քեզ, մամ։ Ինչպե՞ս ես մտնում դպրոց, ինչպե՞ս ես բացում այդ տետրերը։

ՍՈՆԱ – Ինձ չճանաչելը ոչինչ, դու փորձիր իրականությունը ճանաչել։ Զսպիր երիտասարդական կիրքդ, հասկացիր, կշռադատիր, վերլուծիր․․․

ԱՆՆԱ – Ո՞ւր կորավ հպարտությունդ, մամ։

ՍՈՆԱ – Հպարտություն… գեղեցիկ է հնչում, հատկապես երիտասարդների շուրթերից, որոնք սիրում են խոսել հպարտությունից, քանի դեռ չեն ապրել դա։ Հարցնում ես՝ ուր կորավ հպարտությունս, ասեմ․․․ Իմ մեջ ապրող մայրը ժամանակին սպանեց այդ հպարտությանը։ Այն ժամանակ, երբ օրորոցի մեջ լալիս էիր, իսկ դռան ետևում ոռնում էր բուքը, երբ տանը ինչ ունեինք՝ վաճառել էի, գրքերից բացի, ու ոչ թե  որ գրքերը չէի ուզում կամ պատրաստ չէի վաճառել, այլ որ գիրքը գնորդ չուներ․․․ Ամեն օր մեռնում էի մտքից, որ շուտով փայտը կվերջանա ու դու օրորոցում ցրտից կմեռնես: Այդ օրերին Վասակը զորամասում էր աշխատում, զինված ուժերին պատկանող մեքենաներով փայտ բերեց ու բաժանեց վառելիք չունեցողներին, այդ թվում՝ մեզ։ (Մոտենում, գրկում է Աննային:) Այդ օրվանից դադարեցի հպարտ լինել, որպեսզի մնայի մայր։ Ու դրանից հետո ընտրում էի նրան, ում ասում էր Վասակը, դպրոցում նրան նվիրված մի քանի միջոցառում եմ կազմակերպել․․․ Դե գոռա՛, մեղադրիր ինձ ստրուկ լիեելու համար, աղջի՛կս, ասա՛, որ թույլ եմ, հպարտ չեմ․․․

ԱՆՆԱ – (գրկելով մորը): Կներես, մամ, չէի ուզում քեզ ցավեցնել։

ՍՈՆԱ – (ժպտում է արցունքների միջից): Նույն չարաճճին ես մնացել։

ԱՆՆԱ – Գիտե՞ս, ինչն եմ միշտ հիշում։

ՍՈՆԱ – Ի՞նչը։ 

ԱՆՆԱ – Որ ինձ համար հեքիաթ էիր կարդում։ 

ՍՈՆԱ – Որ լալիս էիր, որպեսզի հեքիաթ կարդայի քեզ համար, բայց երբ սկսում էի կարդալ, լալիս էիր ու ասում, որ չկարդամ։

ԱՆՆԱ – Գիտե՞ս, Անգլիայում սովորելու տարիներին՝ չորսը տարի, ոչ մի օր չեմ արտասվել։ 

ՍՈՆԱ – Հնարավոր չէ, դու արտասվել սիրում ես։ 

ԱՆՆԱ – Երբ տաք ուս է լինում, որի վրա գլուխս դնեմ ու արտասվեմ… Քո ու պապայի մոտ միշտ լալիս էի․․․

ՍՈՆԱ – Ինչո՞ւ են մարդիկ տաք ուս փնտրում լաց լինելու համար։ 

ԱՆՆԱ – Երևի պաշտպանված լինելու համար․․․ Երբ պաշտպանված ես, լացն ավելի գեղեցիկ է, ավելի հանգստացնող․․․

ՍՈՆԱ – Իսկ երբ պաշտպանված չե՞ս։

ԱՆՆԱ – Երբ պաշտպանված չես, լացը բոլոր չասված բառերի հետ միասին ծամում ու սեպի պես խրում ես կոկորդիդ մեջ, որ ոչ ոք չնկատի հանկարծ․․․

Գործողություն երրորդ

Համայնքապետարան։ Կտրիճի աշխատասենյակը։ 

ԿՏՐԻՃ – Շնորհավորում եմ, որ ավարտել ես, ուրախ եմ, որ եկել ես գյուղ։ Իմացիր, որ ինչով կարող ենք, պատրաստ ենք օգնել քեզ։

ԱՆՆԱ – Շնորհակալ եմ։ 

ԿՏՐԻՃ – Ի դեպ, լավ նորություն ունեմ, Գեներալը որ իմացավ՝ եկել ես գյուղ, ուզում ես ապրել էստեղ, շատ ուրախացավ, երևի գիտես, թե որքան է նա սիրում այս երկիրը ու գրագետ երիտասարդներին, ովքեր ուզում են իրենց գիտելիքները ծառայեցնել մեր հայրենիքի հզորացման և զարգացման գործին։ Նա ուզում է քեզ հինգ հազար դոլար գումար նվիրել, որպես օգնություն քո ծրագրերին, և ասաց, որ քեզ փոխանցեմ, եթե ինչ-որ հարց ունենաս, կարող ես դիմել իրեն, սիրով կօգնի։ 

ԱՆՆԱ – Շնորհակալ եմ, ես գումարի կարիք չունեմ։ 

ԿՏՐԻՃ – (անհանգիստ, ասես ավարտվեցին անգիր արած բառերը, և էլ խոսելու ոչինչ չունի): Սուրճ կուզե՞ք։

ԱՆՆԱ – Ոչ, շնորհակալ եմ։ 

ԿՏՐԻՃ – Թե՞յ։

ԱՆՆԱ – Ոչ։

ԿՏՐԻՃ – Իսկ ի՞նչ ծրագրեր ես ուզում իրականացնել մեր գյուղում, մի քիչ պատմիր։

ԱՆՆԱ – Ուզում եմ մշակութային կյանքն ակտիվացնել, պատրաստվում եմ մշակութային խմբակներ բացել գյուղում, օրինակ՝ պարի, երգի, նկարչության, նաև՝ դերասանական, գրական։

ԿՏՐԻՃ – Աշոտը քեզ կարող է օգնել, ճանաչո՞ւմ ես։

ԱՆՆԱ – Աշոտն ո՞վ է։

ԿՏՐԻՃ – Շինարարությամբ էր զբաղվում մի ժամանակ, հիմա երգիչ է, գյուղում բոլորի հարսանիքներին ինքն է երգում, շատ լավ երգիչ է, երգի խմբակի հարցում քեզ կօգնի,  կասեմ իրեն։ 

ԱՆՆԱ – Իսկ ո՞ր ոճում է ստեղծագործում։

ԿՏՐԻՃ – Չգիտեմ, սպասիր, միացնեմ լսիր։ (Հեռախոսի մեջ գտնում է՝ արաբա- մուղամային երգ)

Ա՜խ, ուր գնացիր, ո՛ւր, ո՛ւր, ո՛ւր,

Վերադարձիր, սերդ ինձ տո՛ւր, տո՛ւր, տո՛ւր․․․

ԱՆՆԱ – Բավական է, խնդրում եմ։ 

ԿՏՐԻՃ – (անջատում է): Լավն էր, չէ՞։ Կուզե՞ս, զանգեմ, Աշոտը գա, ձեզ ծանոթացնեմ, որ աշխատեք միասին, արդեն կողքի գյուղերն էլ հարսանիքներին իրեն են կանչում, մեկ-մեկ էլ հրավիրում են դպրոցում երեխաների հետ հանդիպման․․․

ԱՆՆԱ – Չեմ ուզում, շնորհակալություն, զանգել, կանչել պետք չէ։ 

ԿՏՐԻՃ – Ամենակարևոր բանը չասեցի։ Երևի գիտես, Գեներալն ուզում է մեր գյուղի մշակույթի տունը սեփականաշնորհել, վերանորոգել ու վերադարձնել գյուղին, ասաց, որ սեփականաշնորհումից հետո քեզ կարող է անվճար սենյակներ տալ․ ինչ ուզում ես՝ արա։

ԱՆՆԱ – Մշակույթի տունը չի սեփականաշնորհվելու, օրենքն արգելում է։ Ես, իհարկե, իմ ծրագրերը կարող եմ ու պետք է մշակույթի տանը անեմ, բայց ոչ սեփականաշնորհվածի կարգավիճակում․․․

ԿՏՐԻՃ – Ինչի՞ ես վատ տրամադրված, ուզում ենք այդ գեղեցիկ շենքը փրկել, ու դա միայն Գեներալը կարող է անել։ Մենք սեփականաշնորհման գործընթացը սկսել ենք, ու դա գյուղի համար շատ լավ է լինելու, բոլորը համաձայն են, կարող եմ ցույց տալ գյուղացիների ստորագրությունները․․․

ԱՆՆԱ – Վատ տրամադրված չեմ, ես կբողոքեմ, ու, եթե հարկ լինի, դատարանում կհանդիպենք․․․

ԿՏՐԻՃ – Աննա ջան, ընկերական մի խորհուրդ եմ ուզում տալ, քանի որ հայրդ իմ հոր ընկերն էր, իրար ճանաչում ենք երկար տարիներ, ի՞նչ դատարան, ուր ուզում ես՝ գնա, որտեղ ուզում ես՝ բողոքիր, ոչինչ չես կարող փոխել, իզուր վատամարդ ես լինելու, բոլորը ստորագրել են, որ համաձայն են, որովհետև փլվում է․․․

ԱՆՆԱ – Ինչո՞ւ համայնքային բյուջեից միջոցներ չեք տրամադրում, որ վերանորոգեն շենքը, որպեսզի չփլվի․․․

ԿՏՐԻՃ – Համայնքը բյուջե չունի․․․

ԱՆՆԱ – Եթե չունի, ի՞նչ միջոցներով եք գնել ձեր բակում կանգնած տրակտորները․․․

ԿՏՐԻՃ – Դու եկել ես վիճելո՞ւ, քեզ դատավորի տեղ մի դիր ու էլ հարցեր մի չտաս,  քեզ իմ օգնությունը առաջարկեցի, մնացածը դու որոշիր, եթե ուզում ես բողոքել՝ բողոքիր, դուրս արի գյուղացիների դեմ, տեսնեմ ինչ ես շահելու։ Քեզ համար ի՞նչ տարբերություն՝ մշակույթի տունը սեփականաշնորհվա՞ծ է, թե՞ ոչ, կարևորը՝ փրկենք  շենքը․․․

ԱՆՆԱ – Եթե անգամ այնտեղ վաղը պահածոների արտադրամաս հիմնվի, չէ՞, ինչպես գյուղի հիվանդանոցը…

ԿՏՐԻՃ – Հենց հիմա գնա, էն մարդկանց կարծիքը հարցրու, ովքեր էնտեղ աշխատում են, ընտանիք են պահում, ուտելու հաց ունեն, սոված չեն․․․

ԱՆՆԱ – Գյուղի գրադարանում քանի՞ գիրք կա, գիտե՞ք։

ԿՏՐԻՃ –  (կտրուկ): Չկա, գրադարանի կտուրը վնասված է, անցած տարի անձրևաջուրը լցվել էր գրքերի վրա, բոլորը փտել էին, դուրս գրել, տարել թափել ենք։

ԱՆՆԱ – Բայց գրադարանավար ունե՞ք։

ԿՏՐԻՃ – Այո, կինս է, կուզե՞ք՝ կնոջս գործից հանեմ, ձեզ նշանակեմ այդ հաստիքին հենց վաղը։

ԱՆՆԱ – Ոչ, շնորհակալ եմ։ Բա ինչո՞ւ նոր գրքեր չեք գնում։ 

ԿՏՐԻՃ – Աննա ջան, մեր գյուղը սահմանամերձ է, թշնամու քթի տակ ապրում ենք, գիրքն առնենք՝ ի՞նչ անենք: Եթե գումար է ավելանում, մարդկանց հաց ենք տալիս կամ ալյուր, գիրքն առնեմ որպես ի՞նչ, կասե՞ս։

ԱՆՆԱ – Այսօր գիրք առնեք, որ վաղն այդ մարդիկ կարողանան իրենք իրենց համար հաց առնել։ 

ԿՏՐԻՃ – Գեղեցիկ խոսում ես, էդ քո եվրոպաներում ամեն ինչ ուրիշ է, ես ամեն տարի գնում եմ հանգստանալու, տեսնում եմ, էդ երկրները մի համեմատիր մեր երկրի հետ։ Ի դեպ, ինչո՞ւ Արցախի դրոշով կրծքանշան չունես։

ԱՆՆԱ – Դա պարտադի՞ր է։

ԿՏՐԻՃ – Այո, բա հայրենասիրությունից ես խոսում, իհարկե, պարտադիր է։ (Դարակից կրծքանշան է հանում, տալիս է Աննային:) 

Ներս է մտնում Քահանան։

ՔԱՀԱՆԱ – Բարև ձեզ։

ԿՏՐԻՃ – Բարև ձեզ։

ԱՆՆԱ – Բարև ձեզ։

ՔԱՀԱՆԱ – Կներեք, երկու րոպեով խանգարեմ ձեզ։

ԿՏՐԻՃ – Չեք խանգարում, Տեր հայր, համեցեք, նստեք։

ՔԱՀԱՆԱ – (նստում է Աննայի դիմաց): Անցնում էի, ասի տեսնեմ՝ ինչ եղավ։

ԿՏՐԻՃ – Արել ենք, երեկ ավագանու նիստ էր, հաստատել ենք: (Թղթեր է տալիս Քահանային:)

ՔԱՀԱՆԱ – Շնորհակալ եմ։

ԿՏՐԻՃ – Խնդրեմ։ Աննային հիշո՞ւմ եք, Տեր հայր, Սոնայի աղջիկն է։ 

ՔԱՀԱՆԱ – Իմացել էի, որ եկել է։ (Աննային.) Բարով ես եկել, շատ ես փոխվել, մեծացել։

ԱՆՆԱ – Շնորհակալություն։ 

ՔԱՀԱՆԱ – Ինչպե՞ս ես, կարճ ժամանակով ես եկե՞լ։   

ԱՆՆԱ – Լավ եմ, շնորհակալ եմ։ Ոչ, ավարտել եկել եմ։ 

ԿՏՐԻՃ – Աննան ուզում է մեր գյուղում մշակութային խմբակներ բացել, Տեր հայր։

ՔԱՀԱՆԱ – Օ՜, ապրի Աննան, ինչ գովելի նախաձեռնություն է։ Դե, ուրեմն արագացրեք շենքի հարցը, որ Գեներալը կարողանա օգնել Աննային։

ԿՏՐԻՃ – Աննան դեմ է։

ՔԱՀԱՆԱ – Ինչի՞ն։

ԿՏՐԻՃ – Մշակույթի տունը սեփականաշնորհելուն։

ՔԱՀԱՆԱ – Այ, դա չեղավ արդեն, դա փրկություն է, և ամենից կարևորը, որ դա ուզում է անել մի մարդ, ով բոլորիս պարծանքն է։ Նա ապրում է այս երկրի հոգս ու ցավով։ Գուցե Աննան նոր է եկել, դեռ չի ընտելացել իրականությանը, դա կանցնի շուտով․․․

ԱՆՆԱ – Չի անցնի, Տեր հայր։ Օրենքն արգելում է։

ՔԱՀԱՆԱ – Օրենքը մենք ենք, որդյակ իմ, մենք պետք է կառուցենք մեր տունը, նաև պետք է օգնենք և օրհնենք կառուցողներին։ Ինչի՞ համար խանգարել նրանց։

ԱՆՆԱ – Ես չեմ խանգարում, Տեր հայր, պարզապես ասել եմ, որ կբողոքեմ բոլոր հնարավոր միջոցներով բոլոր ատյաններում։

ՔԱՀԱՆԱ – Դու հիմա մոլորված ես, որդյակ, գուցե հոգեբանական խնդիրներ ունես, փորձիր մի փոքր հանգստանալ, հետո սառնասրտորեն նորից կմտածես, ծանր ու թեթև կանես ու կհամոզվես, որ պետք չէ էդպես վարվել սեփական երկրի ու հայրենիքի հետ, նաև՝ հերոսների, որովհետև նա հերոս է․․․

ԱՆՆԱ –  (վեր է կենում): Ես պետք է գնամ։

ԿՏՐԻՃ – Մտածիր գործելուց առաջ։

ԱՆՆԱ – Մտածել եմ։ 

ՔԱՀԱՆԱ – (Կտրիճին): Պրոբլեմը հոգեբանական է, կանցնի կարծում եմ։ 

ԱՆՆԱ – Ցտեսություն։ (Դուրս է գնում:)

ԿՏՐԻՃ – Լեզուն երկու մետր է, ո՛չ հերոսին հարգել գիտի, ո՛չ հոգևոր հորը։

ՔԱՀԱՆԱ – Զգույշ եղիր հետը խոսելիս։ Գրեթե վստահ եմ, որ սա լրտես է։

ԿՏՐԻՃ – Ես էլ եմ էդպես կարծում, միայն լրտեսը կարող է ասել՝ կգնամ, հերոսի դեմ կբողոքեմ։ 

ՔԱՀԱՆԱ – Թող բողոքի, իր իրավունքն է, մի փորձիր սահմանափակել, թե չէ դրա համար էլ առանձին բողոք կգրի։

ԿՏՐԻՃ – Ասեցի՝ բողոքիր, եթե ուզում ես։                   

Գործողություն չորրորդ

Աննայի բնակարանը։ Աննան բազմոցին նստած գիրք է կարդում։ Ներս է մտնում Սոնան, լուռ մոտենում, պայուսակը դնում է աթոռին։ 

ԱՆՆԱ – Ինչո՞ւ այսքան շուտ եկար, վա՞տ ես զգում։

ՍՈՆԱ – Ոչ, շատ լավ եմ, ասեմ՝ դու էլ քեզ լավ զգա, ուրախացիր, ինձ հեռացրել են դպրոցից։

ԱՆՆԱ – Նրանք դրա իրավունքը չունեն, կբողոքեմ՝ կվերականգնեն։

ՍՈՆԱ – (գոռում է): Այլևս իմ ներկայությամբ էդ իրավունք և բողոք բառերը չասես։ Ինձանից հրաժարվել են երեխաները, տնօրենը, բոլոր երեխաների ծնողների ստորագրությամբ բողոքը ինձ ցույց տվեց։

ԱՆՆԱ – Եվ ի՞նչ ասաց։

ՍՈՆԱ – Ասաց՝ ցտեսություն, դիմում գրիր, ես ոչինչ չեմ կարող անել, ես էլ գրեցի։ (Նստում է սեղանի մոտ, գլուխն առնում ձեռքերի մեջ:)

ԱՆՆԱ – Իսկ չասա՞ց՝ իրականում ո՛րն է երեխաների ու նրանց ծնողների բողոքի պատճառը։ 

ՍՈՆԱ – Ծաղրո՞ւմ ես ինձ։ Իբր չգիտե՞ս։ Պատճառը մարզպետարան ուղարկած քո դիմում-բողոքն է՝ էդ անտեր շենքի հետ կապված: Ավելին, տնօրենն ասաց, որ եթե դիմում-բողոքը ետ վերցնես, հնարավոր է՝ նորից կարողանան վերականգնել աշխատանքս։ (Կարճ դադարից հետո, ավելի հանգիստ տոնով:) Ինչի՞ համար եկար, մնայիր էնտեղ, աշխատեիր, էլի։ Քո երազանքն էր դրսում սովորելը, չէ՞, գնացիր, սովորեցիր, ի՞նչը քեզ ստիպեց ետ գալ ու էս խայտառակությունը սարքել․․․ Վաղվանից խանութ գնալ-գալն է դժվար լինելու ինձ համար, հասկանո՞ւմ ես։

ԱՆՆԱ – Ինչո՞ւ։

ՍՈՆԱ – Բոլոր գյուղացիների վերաբերմունքը միանգամից փոխվեց իմ հանդեպ, այսօր գայիր դպրոց, տեսնեիր այդ հայացքները, որոնք դաշույնի պես ծակում էին մարմինս։ Մեզ համար ապրում էինք, հարևանություն կար, հարազատություն, հարգանք, պատիվ։ Ի՞նչ արեցիր, առաջամարտիկ ես դարձել։ Մշակույթ, մշակույթ, դե վաղվանից կզգաս էդ վերաբերմունքը, կգնաս խանութ, կգաս, դուրս կգաս փողոցում տասը րոպե կքայլես, հետո կգաս տուն՝ կխոսենք։ 

ԱՆՆԱ – Ես ոչ մեկի հանդեպ վատ բան չեմ արել, մամ։

ՍՈՆԱ – Իմ հանդեպ ես վատ բան արել, ինձ խայտառակել ես, քեզ հազար անգամ բացատրեցի, որ սա գյուղ է, քո ասած արժեքները, իրականությունը էս գյուղի համար չեն։ Արդեն սկսել են խոսել ետևիցս․․․ 

ԱՆՆԱ – Ի՞նչ են ասում։ 

ՍՈՆԱ – Ասում են՝ հերը գլխին լիներ, աղջիկն էսպես չէր լինի, հարգանք, շնորհք կունենար, դուրս չէր ընկնի, եսիմ՝ ում մոտ ինչպես է ապրել էսքան տարի, ինչ է արել, ո՞վ է տեղյակ։ Ու էս ամենի դիմաց կանգնած եմ ես՝ մեն-մենակ, դու չես հասկանա, քանի որ վեհ արժեքների կրող ես, դու Եվրոպայում ես սովորել, քո արժեքներն այլ են, դու հանգիստ կարող ես ասել՝ թող խոսեն, թող ասեն, ինչ ուզում են, դու թքած ունես այդ կարծիքների վրա, հասարակության կարծիքը քեզ չի հետաքրքրում: Իսկ ինձ հետաքրքրում է, լսո՞ւմ ես, որովհետև ես ապրում եմ այս հասարակության մեջ և ապրելու եմ։ (Գոռում է:) Ինձ հետաքրքրում է, լսո՞ւմ ես, հասկանո՞ւմ ես, հետաքրքրում է։ Ե՞րբ էսքան հեռացար, օտարացար ինձանից․․․

ԱՆՆԱ – Ինչե՞ր ես խոոսում, մամ, ի՞նչ հեռանալ․․․

ՍՈՆԱ – Անկեղծ եղիր, ասա երեսիս, ինչ կա ու էնպես, ինչպես ուզում ես։ Դու թքած ունես ինձ վրա, քեզ համար ես նրանցից մեկն եմ, հասարակության սովորական անդամ, որոնց մասին խոսելիս սիրում ես կրկնել, որ թքած ունես նրանց կարծիքի վրա։ Դե՛, անկեղծ եղիր, կանգնիր դիմացս ու ասա, որ թքած ունես նաև իմ կարծիքի ու ինձ վրա։ Վախենո՞ւմ ես, քեզ չե՞ն օգնում քո բարձր արժեքները, մշակույթը, ուսումը, որ կանգնես ու ասես այդ մեկ նախադասությունը։ Դե՛, ասա՛, մի՛ լռիր․․․

ԱՆՆԱ – (ոտքի է կանգնում, սրբում է արցունքները): Կասեմ, մամ, կյանքում առաջին անգամ հասկացա իմ ավելորդ լինելը, ու որքան էլ դա ցավոտ է, դա հասկացա իմ տանը։ Այսօր կգնամ մարզպետարան, դիմումս ետ կվերցնեմ, թող քո աշխատանքը վերականգնեն, շարունակիր հանգիստ ապրել հարևաններիդ հետ։ Ես կգնամ, կաշխատեմ ու կապրեմ այլ տեղ ու խոստանում եմ չվերադառնալ ու չխանգարել քեզ։ Բավական է, դու արդեն շատ ես ամաչել ինձ համար, ու երևի ամենը չէր, որ ասացիր: Խոսում են նաև, որ մարմնավաճառ եմ, որովհետև Երևանում սովորելու տարիներին ինձ տեսել են գիշերը հյուրանոցում աշխատելիս, չէ՞, երբ հյուրընկալ էի աշխատում․․․ Ես կգնամ, դու էլ ասա, որ ինձ տանից վռնդել ես, և բոլորի հարգանքը մեկ րոպեում կվերականգնվի քո հանդեպ, ասա, որ հերոսին չհարգելու համար աղջկադ տանից վռնդել ես, ու բոլորը կխոսեն քո մասին միայն լավը․․․ Ինձ կներես, մամ, ես հենց այսօր կգնամ մարզպետարան․․․ (Գնում է դեպի դուռը:)

ՍՈՆԱ – Ե՛տ արի։ Դու ոչ մի տեղ էլ չես գնա։

ԱՆՆԱ – Գնալու եմ։

ՍՈՆԱ – Արի էստե՛ղ, ասացի։ 

Աննան մոտենում է, մայրը գրկում է նրան։

ԱՆՆԱ – Կներես ինձ, մամ։ Դիմումս ետ կվերցնեմ, ու եթե պետք լինի, բոլորից ներողություն կխնդրեմ։

ՍՈՆԱ – (կտրուկ): Ոչ մի տեղ չես գնա ու ոչ մեկից ներողություն չես խնդրի։

ԱՆՆԱ – Ինչո՞ւ։

ՍՈՆԱ – Չեմ ուզում՝ ինքդ քեզ դավաճանես ու ստորացնես․․․

ԱՆՆԱ – Քեզ չցավեցնելու համար կանեմ դա։

ՍՈՆԱ – Ինձ ավելի կցավեցնես էդպես․․․

ԱՆՆԱ – Խղճում եմ էս մարդկանց, պետք է գոնե մեկն ասի նրանց ճշմարտությունը։

ՍՈՆԱ – Այդ մեկին իսկույն կոչնչացնեն։ 

ԱՆՆԱ – Այսօր այդ մեկը կասի՝ կոչնչացնեն, վաղը մեկ ուրիշը կասի՝ նրան էլ կոչնչացնեն, մյուս օրը ուրիշ մեկը կգա ու կասի, ու գուցե նրան արդեն չկարողանան ոչնչացնել։ Կարևորը, որ միշտ լինի գոնե մեկը, ով կասի կամ գոնե կփորձի ասել։ 

ՍՈՆԱ – Կուզե՞ս, տունը վաճառենք, գնանք գյուղից։

ԱՆՆԱ – Մա՞մ, փոշմանել ե՞ս, այն ժամանակ կտրականապես դեմ էիր։

ՍՈՆԱ – Հիմա դեմ չեմ։ 

ԱՆՆԱ – Հիմա ես եմ դեմ։ Դու հիմա ավելի շատ ուզում ես փախչել էստեղից։

ՍՈՆԱ – Երբեմն փախուստը միակ փրկությունն է դառնում։

ԱՆՆԱ – Կա նման բան, բայց ինքդ քեզանից փախուստը դատարկ բան է, միևնույն է, չես կարող, դա անհնար է։ 

ՍՈՆԱ – Նոր մարդիկ, նոր միջավայրը կստիպեն մոռանալ էն տհաճ պահերը, որ ապրել ես այստեղ։

ԱՆՆԱ – Կարճ ժամանակ անց նորից կհիշես այդ պահերը ու կհամոզվես, որ դրանցից  ազատվելու միակ ու ամենակարճ ճանապարհը ոչ թե փախուստն է, այլ տեղում մնալն ու նրանց դեմ կռվելը․․․

ՍՈՆԱ – Մտածում էի՝ ավարտելուց հետո կմնաս, կաշխատես էնտեղ, էլ չես գա, լավագույն դեպքում՝ մահիցս հետո… Էն շատերի նման կգայիր, թանկ ծաղկեպսակ կբերեիր, թանկ սգո սրահ կվարձեիր՝ ապացուցելու համար, թե որքան շատ ես սիրում մորդ։ Հետո մի քանի օր անց կվերադառնայիր ու նորից կանցնեիր քո առօրյա հոգսերին․․․

ԱՆՆԱ – Ասել էի, չէ՞, որ կգամ։

ՍՈՆԱ – Չէի հավատում, մտածում էի՝ բարեկեցիկ կյանքը չես թողնի։

ԱՆՆԱ – Ինձ թվում է՝ դու երբեք ինձ լուրջ չես ընդունի և չես հավատա։ 

ՍՈՆԱ – Միշտ մտածում եմ, էն փոքր աղջիկն ես՝ չարաճճի ու լացկան, որը չգիտեր՝ ինչ էր ուզում, ինչի համար ու երբ։ 

ԱՆՆԱ – Սրճե՞նք։

ՍՈՆԱ – Այո։ 

Աննան վեր կենում։ Դուռը թակում են, Աննան բացում է դուռը, ներս է մտնում Կարենը։

ԿԱՐԵՆ – Բարև ձեզ։

ԱՆՆԱ – Բարև ձեզ։ 

ԿԱՐԵՆ – Սա 22 տո՞ւնն է։

ԱՆՆԱ – Այո։ Ո՞ւմ եք ուզում։

ԿԱՐԵՆ – Աննային։

ԱՆՆԱ – Աննան ես եմ։ 

ԿԱՐԵՆ – Տունը 22-ն է, Աննան դուք եք,  ուրեմն ճիշտ եմ եկել։ Ներկայանամ, ես Կարենն եմ, հոգեբան եմ։

ԱՆՆԱ – Ես Աննան, իմ մայրն է՝ Սոնան, և մենք հոգեբանի կարիք չունենք։ 

ԿԱՐԵՆ – Հոգեբանի կարիք բոլորն ունեն, բայց ոչ ոք չգիտի դրա մասին, հոգեբաններից բացի։

ԱՆՆԱ – Դե, որպես հոգեբան իմացեք, որ մենք բացառություն ենք ու ձեր կարիքը չունենք, ցտեսություն։

ԿԱՐԵՆ – Մեկ րոպե, խնդրում եմ։ Ինձ ասել են, որ դուք ընգծված ագրեսիվ վերաբերմունք եք դրսևորում մեր կողքին ապրող հերոսների հանդեպ, ասել է թե՝ հայրենիքի հանդեպ, ասել է թե՝ պետության և պետականության հանդեպ։ 

ԱՆՆԱ –  (հեգնական ժպիտով): Ո՞վ է ասել։ 

ԿԱՐԵՆ – Կարևոր չէ, բայց ովքեր որ ասել են, նրանք ձեզ իսկապես սիրում են և իմ այստեղ գտնվելը մեկ նպատակ ունի՝ օգնել, որպեսզի հաղթահարեք այն հոգեբանական խնդիրները, որոնք ձեզ այս վիճակին են հասցրել։ 

ԱՆՆԱ – Շնորհակալություն և՛ ձեզ, և՛ նրանց, ովքեր իմ մասին ինձանից ավելի շատ են մտածում ու ձեզ էստեղ են ուղարկել, բայց պետք է ասեմ, որ արդեն գնալու ժամանակն է։

ԿԱՐԵՆ – Ո՞ւր գնալու։

ԱՆՆԱ –  (կտրուկ): Դուրս։ 

ԿԱՐԵՆ – Ես ուզում եմ ձեզ հետ զրուցել, դա իմ աշխատանքն է։ 

ԱՆՆԱ – Ասեք, զրուցում եմ։ 

ԿԱՐԵՆ – Ի՞նչ հոգեվիճակում եք եղել ձեր դիմում-բողոքը գրելու պահին ։

ԱՆՆԱ – Այն կայուն հոգեվիճակում, որով հիմա ձեզ դուրս եմ հրավիրում իմ տանից։ 

ԿԱՐԵՆ – Դուք իսկապես ագրեսիվ եք։ Դուք հիվանդ եք, Աննա։

ԱՆՆԱ – Այո, համամիտ եմ, միայն հիվանդը կարող է ձեզ այսքան հանդուրժել։

ԿԱՐԵՆ – Ես կարող եմ ձեզ օգնել, լսեք ինձ, խնդրում եմ։ 

ԱՆՆԱ – Ո՛չ։

ԿԱՐԵՆ – Բայց ես․․․

ՍՈՆԱ –  (գոռում է): Դո՛ւրս իմ տանից։ Մեր համբերությունն էլ սահման ունի։

Կարենը արագ դուրս է գհնում։ Աննան փակում է դուռը, ժպտալով նայում է Սոնային։ 

ԱՆՆԱ – Տրամադրությունս բարձրացավ։

ՍՈՆԱ – Մտածված քայլ է։

ՍՈՆԱ – Ի՞նչը։

ՍՈՆԱ – Այս ամենը: Ուզում են քեզ հոգեկան հիվանդություն վերագրել, որ դիմում-բողոքդ ուժ չունենա, սա առաջին դեպքը չէ։ 

ԱՆՆԱ – Բայց դա ապացուցելը դժվար չէ։

ՍՈՆԱ – Ի՞նչը։

ԱՆՆԱ – Որ հոգեկան ոչ մի խնդիր չունեմ։

ՍՈՆԱ – Զգույշ եղիր, նրանք քեզ հոգեկան հիվանդ կդարձնեն։ 

ԱՆՆԱ – Սա պայքար է, մամ, երկու կողմերից մեկը անպայման կհաղթի, իրենք իրենց հաղթանակի համար միշտ ինչ-որ կեղծ բաներ պետք է հորինեն, իսկ ես չունեմ դրա կարիքը, հանգիստ եղիր։ 

ՍՈՆԱ – Գիտե՞ս, քանի սեփական դատավոր ու դատախազ ունի։

ԱՆՆԱ – Արդարությունն էլ հո իր ձեռքում չի՞։

ՍՈՆԱ – Արդարությունը մուրճ է ուժեղի ձեռքին, որով նա պետք եկած պահին խփում է թույլի գլխին։

ԱՆՆԱ – Հիմա այդ ժամանակները չեն, մամ։ Միջազգային իրավունք կա, միջազգային դատարաններ կան։ 

ՍՈՆԱ – Էյնշտեյնն ասում էր․ «Միջազգային իրավունքը միջազգային իրավունքի մասին գրքերում է միայն»։

ԱՆՆԱ – Հավատո՞ւ ե՞ս Էյնշտեյնին։

ՍՈՆԱ – Այո։

ԱՆՆԱ – Տեսնո՞ւմ ես, նրան հավատում ես, իսկ ինձ՝ ոչ։ 

ՍՈՆԱ – Դու թույլ ես։

ԱՆՆԱ – Ինչո՞ւ, որ տղամարդ չե՞մ։

ՍՈՆԱ – Որ մենակ ես։ Հորդ զոհվելուց հետո ինձ համար ամենից սարսափելին դա էր՝ մտածելը, որ դու մենակ ես։ Չգիտեմ ինչու, բայց միշտ մտածել եմ, որ դու անպաշտպան ես, թույլ, ու դու միշտ ինձ հակառակն ես ապացուցել։

ԱՆՆԱ – Եվ դու շարունակում ես ինձ չհավատալ։

ՍՈՆԱ – Հորիցդ հետո բոլորի ու ամեն ինչի հանդեպ հավատս կորավ։ 

ԱՆՆԱ – Տրամադրությունդ մի՛ գցիր, մամ։

ՍՈՆԱ – Վախենում եմ։

ԱՆՆԱ – Ինչի՞ց։

ՍՈՆԱ – Քեզ կորցնելուց։ Արի գնանք գյուղից, ուրիշ, ավելի ապահով ու հանգիստ տեղ ապրենք։

ԱՆՆԱ – Արի մնանք մեր տանը, որտեղ հանգիստ ու ապահով է, և մեր սուրճը խմենք։ Համ էլ ինձ հետ մի վիճիր, ես ագրեսիվ եմ ու հոգեկան խնդիրներ ունեմ, չլսեցի՞ր՝ հոգեբանն ինչ ասաց։

Աննան գնում է խոհանոց։ Սոնայի հեռախոսը զանգում է:

ՍՈՆԱ – Լսում եմ, տիկին Պետրոսյան։ Լավ եմ, դո՞ւք ինչպես եք, դե, ես էլ եմ ափսոսում, բայց ինչ արած, եղածն եղած է, ունենք էն, ինչ ունենք։ Հա, խոսեցի, ոչ մի կերպ չի համաձայնում, ոչ, իմաստ չունի, ձեր գալու կարիքը չկա, եթե ես չկարողացա համոզել, դժվար ինչ-որ մեկին դա հաջողվի… Ասաց՝ ետ չեմ վերցնի դիմումս․․․ (Աննան բերում է սուրճը սկուտեղի վրա: Աննկատ ականջ է դնում:) Այս պահին ոչինչ չենք կարող փոխել, արդեն համակերպվել եմ, ինչ արած․․․ Ես էլ ձեզ եմ շատ սիրում… հա, ոչինչ, մեզ ալյուր պետք չէ, ունենք, կա ամեն ինչ․․․ Ձեր գալու կարիքը չկա, մեկ անգամ էլ կփորձեմ խոսել, եթե ինչ-որ բան փոխվի, անպայման ձեզ կասեմ… Շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ շատ սիրում, լավ եղեք։ (Անջատում է հեռախոսը:)

ԱՆՆԱ – (սկուտեղը դնելով սեղանին): Ի՞նչ էր ասում։

ՍՈՆԱ – Մեկ անգամ էլ խոսիր հետը, թող դիմումը ետ վերցնի՝ աշխատանքդ վերականգնենք։ Ստիպված ասացի՝ կխոսեմ: Ասում էր՝ ուսուցիչներով գանք ձեր տուն, խոսենք Աննայի հետ։

Գործողություն հինգերորդ

Համայնքապետարան։ Գեներալն ու Կտրիճը բիլիարդ են խաղում։ Քահանան հետևում է նրանց խաղին։ Արմենը ինչ-որ  բան է փորձում ասել նրանց, նրա վրա ուշադրություն չեն դարձնում։

ԿՏՐԻՃ – Սահմանին անհանգիստ է ոնց որ, հա՞։

ԳԵՆԵՐԱԼ – Միշտ էլ անհանգիստ կլինի, էդքան խնդրեցինք, թող հրաման տան, մեր նման տղերքը մեկ ամսում էդ հարցը կլուծեն։ 

ՔԱՀԱՆԱ – Քեզ որ լսեին, հիմա մեր երկրի տարածքը երկու անգամ ավելի մեծ կլիներ։ 

ԳԵՆԵՐԱԼ – Էդ հարցը պետք է պատերազմով լուծել, մենք պատրաստ ենք կռվելու ամեն վայրկյան, իմ ջոկատը պատրաստ է, ու էլի կան մարդիկ, որ մեզ հետ կռվի կգան։ 

ԿՏՐԻՃ – Բոլորս էլ պատրաստ ենք, քեզ հետ ո՞վ կռվի չի գնա։ Ուղղակի հրաման տալ է պետք, թող ասեն՝ առաջ գնացեք, բոլորս մի մարդու պես ձեր ետևից կգանք։  

ԳԵՆԵՐԱԼ – Էն Վաչոյից տեղեկություն ունե՞ք, որ այգի ուներ իմ հողի կողքին։

ԿՏՐԻՃ – Չէ, հողի հարկն էլ չի տվել վեց տարի, ոչ մի տեղեկություն չկա, որ կապ հաստատենք հետը։ 

ԳԵՆԵՐԱԼ – Ուզում եմ եկող տարի դրա այգին միացնեմ իմ հողին, մշակեմ միանգամից, մնաց-չորացավ։

ԿՏՐԻՃ – Միացրու, հետո որ հանկարծ հայտնվի, կասենք՝ հողի հարկ ես պարտք, տուր կամ էլ հողդ վաճառի: Ինձ չի թվում, որ կմերժի։ 

ԳԵՆԵՐԱԼ – Մի օր գյուղից ով գնացել է, բայց հող ունի ու չի մշակում, բոլորի տվյալները հանիր, բեր, նայենք, էլի։ 

ԿՏՐԻՃ – Եկող շաբաթվա մեջ կլինի. վերցնենք ձեռքներից, մենք մշակենք։

Արմենը փորձում է ժեստերով ինչ-որ բան ասել, չեն լսում։ Գեներալը նրան դուրս է հանում սենյակից, շարունակում խաղը։ Կտրիչի հեռախոսը զանգում է։ 

ԿՏՐԻՃ – Հա, Մարտիրոսյան, հարմար է, ասա։ Լավ եմ, հա, աշխատում եմ, ոչ մի ձև չկա համոզելու, հա՞։ Իսկ փորձեցի՞ր՝ դու գնաս կամ մարդ ուղարկես… Լավ, հասկացա… Չէ, մի անջատիր, հիմա հարցնեմ՝ ասեմ։ (Գեներալին.) Մարտիրոսյանն է, ոչ մի կերպ չի համոզվել, որ ետ վերցնի դիմումը: Հարցնում է՝ Սոնայի հարցը ի՞նչ անենք։ 

ԳԵՆԵՐԱԼ – Սոնան ո՞վ է։

ԿՏՐԻՃ – Մայրը դրա։ Մարտիրոսյանը հարցնում է՝ ազատե՞մ աշխատանքից, թե՞ չէ։

ԳԵՆԵՐԱԼ – Թող ազատի։

ԿՏՐԻՃ – (հեռախոսի մեջ): Մարտիրոսյան, լսո՞ւմ ես, հանիր աշխատանքից, ասում է։ Լավ, շնորհակալություն, հաջողություն։  

Արագ սենյակ է մտնում Արսենը։

ԱՐՍԵՆ –  (Գեներալին): Ասում են՝ պատերազմ է սկսվել, սահմանի ողջ երկայնքով հարձակում է։

ԳԵՆԵՐԱԼ – Մի՛ մտածեք, երկու օրից կկանգնեցնեն։ 

ԿՏՐԻՃ – Բա որ լայնամասշտաբ սկսվի՞։

ԳԵՆԵՐԱԼ – Չեմ կարծում։ Քաղաքական խաղեր են։ 

ՔԱՀԱՆԱ – Ես էլ եմ այդպես մտածում։ 

ԿՏՐԻՃ – Ես էլ։ 

ԳԵՆԵՐԱԼ –  (Արսենին): Մեքենայի միջից էն վիսկին ու բաժակները բեր, էլի։ Հոգնեցի։ 

Արսենը դուրս է գնում, Գեներալը ձողը հենում է բիլիարդի սեղանին։ 

ԿՏՐԻՃ – Ի՞նչ կարելի է անել։

ԳԵՆԵՐԱԼ – Դեռ ոչինչ, էս երկու օր հետո կկանգնեցնեն, չնայած որ լայնամասշտաբ սկսվի՝ ավելի լավ, վերջապես ձեռքներս ազատ կլինի ու էդ հարցը վերջնականապես կլուծենք։ 

Արսենը ներս է մտնում, վիսկիի շիշն ու բաժակները դնում է բիլիարդի սեղանի վրա, հեռանում է։ Գեներալը բացում է շիշը, երեք բաժակ վիսկի է լցնում։ 

ԳԵՆԵՐԱԼ – (բաժակը ձեռքին): Ի՞նչ ասեմ, մեզ առողջություն։ Ինչպես ասում են՝ չաղ ու բախտավոր։ 

Բաժակները խփում, խմում են։ Գեներալը նորից է լցնում բաժակները։ 

ԿՏՐԻՃ – (վերցնում է բաժակը) Քո կենացը, Գեներալ ջան, մեր գլխից անպակաս լինես։ Միշտ առողջ լինես, դու որ կաս, մենք ապահով ենք։

ՔԱՀԱՆԱ – Ամեն ինչ ասեց մեր եղբայրը, Աստված թող օրհնի քեզ․ Գեներալ, մեր սահմանների անառիկության երաշխավորն ես, առողջ եղիր միշտ։

Բաժակները խփում են, խմում։ Պատերազմի ձայներն ահագնանում ու մոտենում են։ Քահանան դուրս է գալիս բիլիարդի սենյակից, մտնում է կողքի սենյակի պահարանի մեջ՝ փակելով պահարանի դուռը։ Գեներալնն ու Կտրիճը մտնում են բիլիարդի սեղանի տակ։ Զինվորական հագուստով բեմ է մտնում Աննան, ապա՝ Արմենը,  Սոնան, զինվորական քայլքով դուրս գնում։ Պատերազմի ձայները շարունակում են հնչել, բայց ավելի ցածր։ Քահանան բացում է պահարանի դուռը, դուրս է գալիս, հանում է համայնքապետարանի պատուհանը, վերցնում է համակարգչի մոնիտորն ու պատուհանից ծլկում է։ Կտրիճը դուրս է գալիս բիլիարդի սեղանի տակից, նայում է շուրջը, վերցնում է իր աթոռը, դնում է սեղանի վրա և քարշ տալով դուրս է տանում։ Գեներալը դուրս է գալիս բիլիարդի սեղանի տակից, պոկում է պատերը և այն ամենը, ինչ կա, խնամքով դասավորում է այդ ամենը բիլիարդի սեղանի վրա։ 

Այդ ընթացքում բեմի վերևի հատվածը լուսավորվում է, երևում են Աննան՝ զինվորական համազգեստով, Արմենը՝ ճակատը վիրակապված և Սոնան: Նրանց ֆոնին, ներքևում Գեներալը բիլիարդի սեղանը հրելով դուրս է հանում բեմից։ 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։