Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆԸ

Ես միշտ նախընտրել եմ ինքնաբուխ, բուռն ծիծաղ առաջացնող  կատակերգությունները, երբ դահլիճը հանկարծ պայթում ու ալիքվում է, երբ այս ու այնտեղից լսվում  են հրճվանքի ծափեր, երբ ծիծաղը մարելուց հետո ինչ-որ մեկը դեռ չի կարողանում զսպել ծիծաղն ու շարունակում է քրքջալ` հարուցելով մյուսների ծիծաղը` այս անգամ արդեն իր չմարող ծիծաղի վրա… Այս ամենը միայն զվարթ տրամադրություններ ստեղծող չեն, դրանք թուլացնում  են հոգեբանական լարվածությունը, վերացնում` բացասական հույզերը, տրամադրում` լավին ու բարուն, ընտանիք են դարձնում հանդիսականին:

Ես սիրում եմ իմ «Քաղաքացիական ամուսնուն», որովհետև նա այդպիսին է,  ծիծաղկուն է ու լավատես, չպարտադրող ու ինքնաբավ: Այս առումով, երևի, միակ սիրահարն եմ, որ իմ սիրած էակին չեմ խանդում: Ընդհակառակը, կուզեմ, որ նրան շատերը սիրեն, նույնիսկ համոզված  եմ, որ նրան չսիրել չի լինի: Ես ի՞նչ գիտեմ… Ասում են` ագռավին իր ճուտն ավելի գեղեցիկ է թվում և դա, ինքնին, ծիծաղելի է:

Ուրեմն միասին ծիծաղենք: Առա՛ջ:

Կատակերգություն երկու գործողությամբ,

յոթ պատկերով

Գործող անձինք

ԿԱՐԵՆ

ԷԼՅԱ

ՋՈՒԼԻԱ

ԼԵՎՈՆ

Գործողությունը կատարվում է ծովափնյա հյուրանոցի երկրորդ

հարկում գտնվող, միանման կահավորանք ունեցող դիմահայաց

սենյակներում, դրանց միջանցքում և փոքր սպասասրահում:

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Պատկեր առաջին

Կարենի և Ջուլիայի հարկաբաժինը: Սենյակը թափթփված է,

աթոռների թիկնակներին` կրծկալ, տղամարդու վարտիք, սրբիչ,

այսուայնտեղ`ծաղկազարդ հովանոց, ծղոտե գլխարկ, սուզակի

լողակներ,  ձկնորսական կարթ և այլն:

Բաց պատուհանից լսվում է բարձրախոսից հնչող վրացական ուրախ

երաժշտություն: Կարենը շորտերով է, անթև մայկայով:

ԿԱՐԵՆ — (խառնշտելով ճամպրուկը): Ջուլիա՜… Ջուլիա՜…

Լոգարանից դուրս է նայում լողազգեստով Ջուլիան` մարմնին արևայրուքի դեմ մածուկ քսելով:

ՋՈՒԼԻԱ — Էլի ի՞նչ պատահեց:

ԿԱՐԵՆ — Որտե՞ղ է արևային ակնոցս:

ՋՈՒԼԻԱ — Լավ փնտրիր` կգտնես: Անընդհատ մի բան կորցնում ես, մի բան` գտնում, կամ աչքիդ հրեշներ են երևում:

ԿԱՐԵՆ — Ոչ թե հրեշ, այլ կինս: (Ակնոցը գտնելով դնում է սեղանին` սուզակի դիմակի ու շնչափողակի կողքին): Կատակի ես տալիս, բայց հաստատ ինքն էր: Լուսամուտից նկատեցի, հյուրանոց էր մտնում:

ՋՈՒԼԻԱ — Չեմ կարծում` այնքան սրատես ես, որ Բաթումից Երևան նրան տեսնես: (Ետ է քաշվում):

ԿԱՐԵՆ — (ինքն իրեն): Ի՞նչ Երևան, նա Քոբուլեթում է… Թեև մինչև Քոբուլեթ էլ հնարավոր չի տեսնել:

Բարձրախոսից հնչող երաժշտությունն ընդհատվում է, լսվում է հաղորդավարի ձայնը. «Ուշադրությո՛ւն: Հարգելի հանգստացողներ, սուզակով էքսկուրսիայի մասնակիցներին խնդրում ենք հավաքվել կապույտ տաղավարում: Մեկնումը` տասը րոպեից»: Երաժշտությունը շարունակվում է:

ԿԱՐԵՆ — Ջուլիա՛, ուշանում ենք:

ՋՈՒԼԻԱ — (գալիս է): Ես պատրաստ եմ: (Բազմոցին նետված անթև խալաթն է հագնում): Կարող ենք գնալ:

ԿԱՐԵՆ — (նրան զննելով): Կոճակներդ չե՞ս կոճկում:

ՋՈՒԼԻԱ — Ժողովի եմ գնո՞ւմ, թե՞ լողափում եմ, ի՞նչ կոճկել: Գնացինք:

ԿԱՐԵՆ — Սպասիր, լողակներս վերցնեմ: (Զննում է սենյակը): Որտե՞ղ են լողակներս:

ՋՈՒԼԻԱ — Էլի՞… Լավ փնտրիր, կգտնես: Ես գնացի: Դուռը չմոռանաս փակել: (Դուրս է գնում):

Մթություն:

Պատկեր երկրորդ

Միջանցքում:

Դիմահայաց սենյակներից միաժամանակ դուրս են գալիս Էլյան և Կարենը, բանալիով կողպում են դռները:

Էլյան գործնական, ներկայանալի հագուստով է, ձեռքին` թղթապանակ:

Կարենի ձեռքին` սուզակի դիմակ, շնչափողակ, լողակներ:

Կողպելով դռները, շրջվում են ու անակնկալ հանդիպումից քարանում:

ԷԼՅԱ — Կարե՞ն… այստեղ ի՞նչ ես անում…

ԿԱՐԵՆ — (շփոթվում, փորձում է անբռնազբոս լինել): Ներեցեք… (Ուզում է ներողամիտ ժպտալ, բայց հիմարավուն ծամածռվում է): Տիկին… դուք ի՞նձ նկատի ունեք…

ԷԼՅԱ — (զարմացած նրան զննելով): Հա, քեզ… Դու Կիև չե՞ս մեկնել:

ԿԱՐԵՆ — Ինչո՞ւ պետք է Կիև մեկնեմ:

ԷԼՅԱ — Գործուղման:

ԿԱՐԵՆ — Ի՞նչ գործուղում… տիկին, դուք շփոթում եք:

ԷԼՅԱ — Կարեն, կատակ մի արա, դու ինձ հետևո՞ւմ ես… խանդո՞ւմ ես ինձ:

ԿԱՐԵՆ — Ինչո՞ւ պետք է ձեզ խանդեմ, երբ մենք ծանոթ չենք և առաջին անգամ ենք հանդիպում:

ԷԼՅԱ — Ծանոթ չե՞նք… դու ուզում ես ասել, որ ես քո կինը… դու իմ ամուսինը չե՞ս:

ԿԱՐԵՆ — Վերջ տվեք, տիկին: (Փորձում է գնալ): Այս քաղաքում ինչ մարդու ասես չես հանդիպի:

ԷԼՅԱ — (կառչում է նրա շապիկից): Սպասիր… (Ուշադիր զննում է): Կարեն, այս ի՞նչ չար կատակ է:

ԿԱՐԵՆ — Տիկին, ես Կարենը չեմ: Գուցե ինձ շփոթում եք իմ երկվորյակ եղբո՞ր հետ: Նրա անունը, իսկապես, Կարեն է ու նա հիմա…

ԷԼՅԱ — Երկվորյա՞կ… բայց դու… բայց նա երբեք չի ասել, որ երկվորյակ եղբայր ունի:

ԿԱՐԵՆ — Թող ասեր, ես ի՞նչ մեղք ունեմ:

ԷԼՅԱ — (աչքը նրանից չկտրելով` ետ է քաշվում): Ներեցեք:

ԿԱՐԵՆ — Պատահում է: (Ուզում է գնալ):

ԷԼՅԱ — Իսկ, ներեցեք, ձեր եղբայրը Երևանո՞ւմ է ապրում:

ԿԱՐԵՆ — Ըմմ… Երևանում… Իհարկե, Երևանում:

ԷԼՅԱ — Իսկ դո՞ւք:

ԿԱՐԵՆ — Ես… բոլորովին այլ տեղ:

Փութով միջանցք է մտնում Ջուլիան:

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Ի՞նչ եղար, բոլորը հավաքված քեզ են սպասում:

ԿԱՐԵՆ — (Ջուլիային տեսնելով` ձեռքից բաց է թողնում լողակները, կռանում է վերցնելու, ցած է գցում դիմակն ու փողակը): Գալիս եմ… արդեն գալիս եմ…

ՋՈՒԼԻԱ — (մոտենում, զննում է Էլյային): Երևում է` շա՜տ կարևոր հանդիպում է, որ ուշանում ես:

ԿԱՐԵՆ — Չէ, ի՞նչ կարևոր, տիկինը… ծանոթացեք… տիկինը դիմացի սենյակում է ապրում և…

Կանայք սառը, անբարյացկամ ներկայանում են:

ԷԼՅԱ — Էլյա:

ՋՈՒԼԻԱ — Ջուլիա:

ԿԱՐԵՆ — Տիկին Էլյան ինձ շփոթել էր… ավելի ճիշտ` ինձ նմանեցրել էր իմ երկվորյակ եղբորը: Քեզ պատմել եմ նրա մասին:

ՋՈՒԼԻԱ — Պատմե՞լ ես…

ԿԱՐԵՆ — Նրան ասացի, որ ես ոչ թե Կարենն եմ, այլ Լևոնը:

ՋՈՒԼԻԱ — (ավելի զարմացած): Լևո՞նը…

ԷԼՅԱ — (Ջուլիային): Այո՛, Լևոնը: Դուք է՞լ չգիտեիք, որ Կարենն ու Լևոնը եղբայրներ են: (Կարենին.) Նա էլ ճիշտ ձեզ նման աջ ուսին մեծ խալ ունի:

ԿԱՐԵՆ — (դեռ շփոթմունքի մեջ): Ո՞վ…

ԷԼՅԱ — Կարենը:

ԿԱՐԵՆ — Ա-այո, հիշում եմ… մենք ամեն ինչով նման ենք իրար:

ՋՈՒԼԻԱ — Ուսիդ խա՞լ ունես:

ԿԱՐԵՆ — Իհարկե, մոռացե՞լ ես, որ ասում էիր` Լևոն, այդ խալը շատ եմ հավանում: (Պարտադրական): Հիշում ես, չէ՞, ասում էիր, որ այդ խալը շատ ես հավանում:

ՋՈՒԼԻԱ — (տարակուսած, մեքենայորեն): Հիշում եմ…

ԷԼՅԱ — Իսկ ես Կարենին եմ այդ բանը ասել:

ՋՈՒԼԻԱ — Դո՞ւք… (Կարենին.) Քեզ այդպիսի բա՞ն է ասել…

ԿԱՐԵՆ — Նա այդպիսի բան ասել է իր ամուսնուն` Կարենին, իսկ դու ասել ես Լևոնին` քո՛ ամուսնուն:

ՋՈՒԼԻԱ — Իմ ամուսնո՞ւն:

ԿԱՐԵՆ — Քո՛ ամուսնուն:

ՋՈՒԼԻԱ — Լևոնի՞ն:

ԿԱՐԵՆ — Լևոնի՛ն:

ԷԼՅԱ — (նկատում է): Կարենն էլ աջ ծնկի վրա մեծ ու խոր սպի ունի:

ԿԱՐԵՆ — Ճիշտ է: Տասներկու տարեկանում սայթաքեց հարևանի այգու փշալարի վրա:

ԷԼՅԱ — Գիտեմ, ինձ պատմել է այդ մասին:

ԿԱՐԵՆ — Ահա, տեսնո՞ւմ եք…

ԷԼՅԱ — (աչքը սպիից չկտրելով): Դուք է՞լ տասներկու տարեկանում սայթաքեցիք հարևանի այգու փշալարի վրա:

ԿԱՐԵՆ — Ըըըմ… Իհարկե: Մենք երկվորյակներ ենք և… ըմմ… միշտ միասին էինք սայթաքում: Երբ նա սայթաքեց, ես էլ սայթաքեցի… Այ, օրինակի համար, ես թեթև հարբուխ ունեմ, ոտքի վրա եմ տանում, համոզված եմ, որ նա էլ հիմա վարակվել է գրիպով:

ԷԼՅԱ — Այո, երբ Կարենը մեկնում էր Կիև, տառապում էր գրիպով:

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Դու մեկնել ես Կիև՞:

ԿԱՐԵՆ — (նյարդայնանալով, որ Ջուլիան գլխի չի ընկնում): Կիև մեկնել է Կարենը` Էլյայի ամուսինը: Նա գործուղման է մեկնել: Իսկ Լևոնը Ջուլիայի հետ Բաթումում է: Լևոնը նման է իր երկվորյակ եղբորը` Կարենին: Շատ է նման, նա էլ ձախ ուսին խալ ունի, ծնկի վրա` սպի, հարբուխ…

ՋՈՒԼԻԱ — Ծնկի վրա՞…

ԿԱՐԵՆ — Այո, ծնկի վրա:

ՋՈՒԼԻԱ — Հարբո՞ւխ…

ԿԱՐԵՆ — Հարբուխը ոտքի վրա է տանում, իսկ ծնկի վրա սպի է:

ՋՈՒԼԻԱ — Անցած օրը հաղորդեցին, որ վիրուս է տարածված:

ԿԱՐԵՆ — Այո: Վիրուսներն առաջին հերթին վարակում են երկվորյակներին, Կարենին և Լևոնին:

ՋՈՒԼԻԱ — Լևոնին է՞լ…

ԿԱՐԵՆ — Այո, ինձ էլ:

ՋՈՒԼԻԱ — Լևոնը քո երկվորյա՞կն է:

ԿԱՐԵՆ — Ջուլիա՜, Լևոնը ե՛ս եմ, Կարենի երկվորյակը: Երբ նրանք տասնհինգ տարեկան էին, ծնողները բաժանվել են: Լևոնը մոր հետ մեկնել է… ըմմ… Կալուգա: Մեկնել է Կալուգա: Իսկ Կարենը հոր հետ մնացել է Երևանում: Նրանք կապ չեն ունեցել: Եվ ահա պատահմամբ Լևոնը Բաթումում, հյուրանոցում հանդիպում է Կարենի կնոջը` Էլյային…

ԷԼՅԱ — (Ջուլիային): Այո, պատահմամբ:

ԿԱՐԵՆ — Էլյան ապրում է նույն հյուրանոցում, նույն հարկի դիմացի սենյակում:

ԷԼՅԱ — Ճիշտ է:

ԿԱՐԵՆ — Եվ նրանք` Կարենի կինը և Կարենի եղբայրը, պատահմամբ են եկել «Մարիանա»:

ԷԼՅԱ — (Ջուլիային): Այո, պատահմամբ:

ՋՈՒԼԻԱ — Մարիանա՞ն ով է…

ԿԱՐԵՆ — «Մարիանան» մեր հյուրանոցն է:

ՋՈՒԼԻԱ — (իբր հասկանալով): Ա՜…

ԿԱՐԵՆ — (թեթևացած): Փառք Աստծո, հասկացար:

ԷԼՅԱ — (կեղծ զվարթությամբ): Դե, եթե ամեն ինչ հասկանալի է, ես գնամ, սեմինարից ուշանում եմ: (Կարենին.) Կարծում եմ, դեռ կհանդիպենք, հարգելի ազգական: Համեցեք Երևան, կհյուրընկալվեք ձեր երկվորյակ եղբորը, կզրուցեք, կվերհիշեք ձեր սայթաքումները… Ի դեպ, հեղուկ շատ օգտագործեք, հարբուխի բուժմանն օգնում է: Եվ` անկողնային ռեժիմ: (Հեգնանքով): Անկողնայինը պարտադիր է: (Գնում է):

ԿԱՐԵՆ — Շը… շնորհակալություն:

ՋՈՒԼԻԱ — (հայացքով ուղեկցում է հեռացող Էլյային և կտրուկ շրջվում դեպի Կարենը): Սենյակի բանալին տուր:

ԿԱՐԵՆ — Բայց… սուզվելու չե՞նք գնում:

ՋՈՒԼԻԱ — (նրա ձեռքից պոկում է բանալին): Դու արդեն այնքա՜ն սուզվեցիր, որ ջրահեղձ ես եղել: (Նյարդայնացած փորձում է բացել դուռը):

Մթնեցում:

 Պատկեր երրորդ

Հաջորդ պահին` նրանց հարկաբաժինը: Մտնում է Ջուլիան, ետևից` Կարենը:

ՋՈՒԼԻԱ — (վրդովված փլվում է բազմոցին): Կարո՞ղ ես ինձ բացատրել, թե սա ի՞նչ ցիրկ էր:

ԿԱՐԵՆ — (հարձակողական): Ոչ մի ցիրկ էլ չկար, ցիրկն ինքդ սարքեցիր: Ես քեզ հուշում եմ, որ Լևոնը Կարենի երկվորյակ եղբայրն է, նույն խալն ունեն, նույն սպին, նույն հարբուխը, իսկ դու…

ՋՈՒԼԻԱ — Լևոնը ո՛չ խալ ունի ու ո՛չ էլ սպի, եզի պես էլ առողջ է:

ԿԱՐԵՆ — Ախր դու ի՞նչ գիտես, ունի՞, թե՞ չունի:

ՋՈՒԼԻԱ — Ո՞նց թե` ինչ գիտեմ, ես նրա հետ ապրել եմ տասնհի՛նգ տարի:

ԿԱՐԵՆ — (խանդոտ): Ո՞ւմ հետ:

ՋՈՒԼԻԱ — Լևոնի՛:

ԿԱՐԵՆ — Լևո՞նն ով է:

ՋՈՒԼԻԱ — Իմ նախկին ամուսինը:

ԿԱՐԵՆ — Ահա՜ թե ինչ…

ՋՈՒԼԻԱ — Ահա թե ի՛նչ: Իսկ դու պահը չես կորցնում հանուն ինչ-որ թիթիզի ոչ թե Կարեն ներկայանալ, այլ Լևոն: Ի գիտություն քեզ` Լևոնը եղբայր չունի, ո՛չ երկվորյակ ու ոչ էլ կե՛նտ:

ԿԱՐԵՆ — (կողմ շպրտելով սուզակի պարագաները` փլվում է բազմոցի մյուս ծայրին): Տե՜ր Աստված… դերասաններիդ մինչև տեքստ չեն տալիս, մինչև հուշարար չի լինում, ձեր խելքով ոչ մի միտք հասկանալ-ասելու ունակ չեք: Ջուլիա, ուշադիր լսիր ինձ և աշխատիր ըմբռնել ասելիքս:

ՋՈՒԼԻԱ — Լսում եմ: Միայն թե չասես, որ էդ Չեբուռաշկան մորաքրոջդ աղջիկն էր: Միևնույն է, չեմ հավատա:

ԿԱՐԵՆ — Ի՞նչ Չեբուռաշկա…

ՋՈՒԼԻԱ — Նա, էլի, որ քիչ առաջ ուսիդ խալն էր գովերգում, աչքը ծնկիցդ չէր կտրում…

ԿԱՐԵՆ — (հարգալից արտահայտվելու մղելով): Նրա անունը Էլյա է:

ՋՈՒԼԻԱ — Ուզում է Էյֆելյան աշտարակ լինի… դրա՜ն տես, ուսի խալը հավանում է…

ԿԱՐԵՆ — Ջուլիա՜… Էլյան… Էլյան իմ կինն է:

ՋՈՒԼԻԱ — (խայթվածի պես ետ ընկնելով): Ի-ի՜նչ… Ինչպե՞ս թե` քո կինն է…

ԿԱՐԵՆ — Դե, ամուսիններն ինչպե՞ս են լինում, նա էլ իմ կինն է:

ՋՈՒԼԻԱ — Բայց դու ասում էիր, որ եղբորդ կինն է:

ԿԱՐԵՆ — Գրողը տանի… եթե Բաթումի հյուրանոցում հանկարծակի դեմ եմ առնում իմ կնոջը, ի՞նչ պետք է ասեի:

ՋՈՒԼԻԱ — Բայց դու ասում էիր, որ նա մասնակցում է սեմինարի ու նրա ոտքերն այս օրերին կապված են:

ԿԱՐԵՆ — Քո-բու-լե-թո՛ւմ… Նրա սեմինարը պետք է տեղի ունենար Քոբուլեթում:

ՋՈՒԼԻԱ — Իսկ ի՞նչ գործ ունի այստեղ: Կարծեմ մենք Բաթումում ենք:

ԿԱՐԵՆ — Մենք Բաթումում ենք, դա հաստատ է:

ՋՈՒԼԻԱ — (հեգնոտ): Միջանցքից այն կողմ Քոբուլե՞թն է:

ԿԱՐԵՆ — Ես էլ չեմ հասկանում, ինչպես կարող էր այստեղ լինել, երբ անձամբ ես եմ նրան ճանապարհել Քոբուլեթի չվերթով: Ասում էի, չէ՞, որ նրան տեսել եմ…

ՋՈՒԼԻԱ — Լա՜վ կին ունես, խոսք չկա… Թռցնում ես նրան Քոբուլեթ, իսկ նա վայրէջք է կատարում Բաթումում, քո հյուրանոցի, քո հարկի, քո սենյակի դիմաց:

ԿԱՐԵՆ — Հենց հիմա նրան կզանգեմ:

ՋՈՒԼԻԱ — Մի զանգիր, նրա հեռախոսն անջատված է:

ԿԱՐԵՆ — Ի՞նչ գիտես:

ՋՈՒԼԻԱ — Նա սեմինարի է, ուրեմն` անջատել է: Ավելի լավ է երեկոյան զանգես` Կիևից:

ԿԱՐԵՆ — Մի զանգի համար Կիև՞ հասնեմ:

ՋՈՒԼԻԱ — Ինձ ես ասում` առանց տեքստի՜, առանց հուշարարի՜… Հիմա դու որտե՞ղ ես գտնվում:

ԿԱՐԵՆ — Այստեղ, քո կողքին:

ՋՈՒԼԻԱ — (նյարդային հոգոցով, բայց համբերատար, դասը բացատրող ուսուցչի պես): Ապրես, ճիշտ է: Ո՞ր քաղաքում;

ԿԱՐԵՆ — Բաթումում:

ՋՈՒԼԻԱ — Ճիշտ է: Դու պատրաստվում ես զանգահարել կնոջդ և ասել, որ իրենից երկու մետր հեռավորության վրա, սիրուհուդ հետ նստած ես բազմոցին ու նրանից հաշի՞վ պահանջես, թե ինչու ինքը Քոբուլեթում չէ: Երեկոյան կզանգես ու կասես, որ Կիևից ես զանգահարում:

ԿԱՐԵՆ — Ճիշտ որ… (Հեռախոսը մի կողմ է դնում):

ՋՈՒԼԻԱ — (ոտքի ելնելով): Ահա այդպես, բարեկամս, մի շտապիր: (Վերցնում է աթոռի թիկնակին գցած սրբիչը): Վռազողին երեխա չի ծնվում:

ԿԱՐԵՆ — Տղա չի ծնվում:

ՋՈՒԼԻԱ — (հեգնանքով): Քո Էյֆելը աղջիկ էլ չկարողացավ ծնել: (Խալաթը գցելով բազմոցին, մարմնական բարեմասնությունները ցուցադրելով գնում է լոգարան):

Կարենը խորհում է, ապա, ինչ-որ բան հիշելով` վերցնում է հեռախոսն ու պատին փակցված հուշաթերթիկում գտնելով իր ուզած տողը` տենդորեն համար է հավաքում:

ԿԱՐԵՆ — Ալո՞, բարև ձեզ… Հյուրանոցի ադմինիստրատորի հե՞տ եմ խոսում: Ձեզ անհանգստացնում է 281-րդ սենյակի կենվորը` Կարեն Մելքոնյանը: Հարգելիս, հավանական է, որ այսօր ինձ այցելի մի տիկին և, ամենայն հավանականությամբ, կմոտենա ձեզ`

իմ սենյակը ճշտելու համար: Խնդրում եմ, այդ տիկնոջը մի ասեք, որ իմ անունը Կարեն է, այլ անվանեք ինձ Լևոն, հասկանալի՞ է… Չե՞ք կարող… Ինչո՞ւ… (Նյարդային քայլում է սենյակում): Այո, իմ անձնագրում գրված է Կարեն Մելքոնյան, և այս հյուրանոցում այդ անվամբ եմ գրանցված, բայց բոլորն ինձ ճանաչում են որպես Լևոն, հասկանո՞ւմ եք, Լե՛- վո՜ն… Իմ ծնողների մոտ էլ եթե պատահմամբ ինձ անվանեք Կարեն, նրանք կասեն, որ այդպիսի որդի չունեն… Լևոնն իմ գլխավոր… ամենագլխավոր, իմ գերագույն անունն է… Եթե դուք 281 սենյակի կենվորին անվանեք Կարեն, ապա այդ տիկինը չի ցանկանա հանդիպել նրան, այսինքն` ինձ, որովհետև նա ինձ որպես Լևոն գիտի, և կձախողվի անչափ կարևոր մի գործ, միջպետական, միջազգային, համաշխարհային կարգի կարևորագույն գործ, հասկանո՞ւմ եք: Ոչ, ոչ… ոչ մի դեպքում չպետք է ասել, որ ես երկու անուն ունեմ… Պարզապես ասել է պետք, որ 281-րդ սենյակում ապրում է Լևոն Մելքոնյան անունով մեկը` Կալուգայից… Եղբայր, քեզ համար ի՞նչ տարբերություն` ո՛վ որտեղի՛ց է եկել… Գենացվալե, գասպադին, ամխանագեբո, բատոնո, միստր, ընկեր, ախպեր ջան, խնդրում եմ… քո լավության տակից դուրս կգամ, դու գոհ կմնաս: Եկվո՞րը… ոչ, նա իմ բարեկամուհին չէ: Նա… նա Հայաստանի առաջին տիկինն է… Այո, Հայաստանի առաջին տիկինը: Չէ, ի՞նչ պաշտոնական այց, նա ծպտված է գալիս: Նա ամուսնուն ասել է, որ Քոբուլեթ է գնում, բայց հատկապես ինձ հանդիպելու համար եկել է Բաթում, հասկանո՞ւմ եք… Ես նրան պետք է հանձնեմ պարոն Վլադիմիր Պուտինի խիստ գաղտնի և խիստ անձնական նամակը և մեր հանդիպման նշանաբանը իմ անունն է` Լե՜-վո՛ն… Դուք հո չե՞ք ուզի, որ Ամերիկան պատերազմ սանձազերծի Իրանի դեմ, Ռուսաստանը զորք մտցնի Վրաստան: Մենք հանուն տարածաշրջանի անվտանգության ենք հանդիպում, հասկանո՞ւմ եք… հանուն Վրաստանի խաղաղության, նրա կապուտակ երկնքի, որպեսզի վրացի երջանիկ մանուկները… (Երգում է): «Пусть всегда будет солнце!, пусть всегда будет мама!»… Ի՞նչ… լավ, լավ, ես հիմա անձամբ կգամ… Անձնագիրս էլ կբերեմ: Դուք գոհ կմնաք, խոստանում եմ: Գալիս եմ, գալիս… (Հեռախոսը գցում է բազմոցի վրա): Էս վրացիներին մինչև վերադասով չես վախեցնում… (Բազմոցի մոտ դրված «դիպլոմատ» պայուսակից հանում է անձնագիրը, դրամապանակը, ստուգում է պարունակությունը, փողերի մի մասը դնում է անձնագրի մեջ): Կամ մաղարիչ չես խոստանում… (Ականջ է դնում լոգարանում ցնցուղ ընդունող Ջուլիայի երգին, «դիպլոմատը» վերցնելով, ոտնաթաթերի վրա դուրս է գալիս սենյակից):

Առժամանակ սենյակը դատարկ է: Մտնում է հարբած Լևոնը` ճամպրուկով և «Эротический торт» մակագրությամբ տուփով:

ԼԵՎՈՆ — (օրորվելով առաջանում, հենվում է պատին): Էս… էս վրացիներին… մինչև վերադասով չես վախեցնում կամ մաղարիչ չես խոստանում… Мест нету… как нету? արա՜… (Կարդում է ձեռքի թերթիկը): «Го… гостиница «Марианна»… Պա՛հ, աղջիկների անունով է կոչել հյուրանոցը` Մարի, Աննա: (Շարունակում է կարդալ): «2-ой корпус… комната 281…» (Ճամպրուկը գցում է հատակին, տուփը դնում է սեղանին, նկատելով աթոռի թիկնակին գցած կրծկալը` բարձրացնում, զննում է): Էս` լավ է: (Դնում է տեղը, մյուս աթոռից բարձրացնում է տղամարդու վարտիքը, զննում է): Էս` վատ է: (Տեսածը պատրանք ընդունելով` փլվում է բազմոցին, գրպանից հանում է բջջայինը, համար է հավաքում): Մա՞մ… մամ ջան, ես բարեհաջող տեղ հասա: Չմոռանաք Բենժամենին կերակրել… անընդհատ բառաչո՞ւմ է… Կբառաչի, բա ի՞նչ կանի, ո՞վ լինի նրա տեղը, որ չբառաչի: Դրա էգը փախավ, չկարողացանք բռնել… երևի սիրածին ա կարոտել, ոչինչ, կսովորի… Չէ, ի՞նչ խմած: Հոգնած եմ: Եղավ, մա՜մ ջան, ցելույու, ցա՜վդ տանեմ: Պակա՛: (Հեռախոսը դնում է պիջակի գրպանը): Խմա՞ծ… Չի ասում` հարբա՜ծ… (Ինքնահեգնանքով): Խմե՞լս որն է, արաղ փչացնե՞լը… Օ՜ֆ, է… Էս ի՜նչ շոգ է, կրակ է թափվում: (Հանում է փողկապը, պիջակը): Մարի… Աննա… Մարի… (Փակում է աչքերը): Աննա… (Ջուլիայի խալաթը գցում է գլխին ու քնում):

Մերկ մարմնին սրբիչ փաթաթած, լոգարանից դուրս է գալիս Ջուլիան, վերցնում է կրծկալը, նկատում է տորթի տուփը, նախ զարմանում է, ապա բարձրացնում է կափարիչը:

ՋՈՒԼԻԱ — (անակնկալի եկած` ետ է քաշվում): Ա՛հ… Идеал женщины!… (Չդիմանալով գայթակղությանը` մեկ անգամ էլ է նայում: Էրոտիկ երանությամբ): Ա-աա՜հ… (Վերադառնում է լոգարան):

ԼԵՎՈՆ — (քնի մեջ): Բեն-ժա-մեն… Մա-րի… Ան-նա…

Ջուլիայի բջջայինը երկար ու անընդմեջ զանգում է: Սրբիչով փաթաթված, լոգարանից ոստոստալով դուրս է գալիս Ջուլիան, սեղանի վրայից վերցնում է հեռախոսը:

ՋՈՒԼԻԱ — Ալո՞… Այո, ես եմ, Ջուլիա Սողոմոնյանը: Ոստիկանության տեսո՞ւչ… նետ, յա նի տեսուչ… ախ, հա՜, էտօ տի՞ տեսուչ… Լսում եմ: Այո, նա իմ քաղաքացիական ամուսինն է: Նա այդտե՞ղ է… Ի՞նչ է պատահել… Այո, նույն սենյակում ենք ապրում… Ինչպես է իսկական անո՞ւնը… (Լարված զգուշավորությամբ): Իսկ նա ինչպե՞ս է ձեզ ներկայացել: Լևոնը նրա… (Մտաբերելով): Լևոնը ինքն է, Կարենը նրա երկվորյակ եղբայրն է: Ահա թե ինչ… Ուրեմն հակառակը` Կարենը ինքն է, իսկ Լևոնը նրա երկվորյակ եղբայրն է: Եթե նա չի ժխտում, որ Կարենն է, ուրեմն` Կարենն է… Պահանջում է, որ իրեն Լևո՞ն անվանեք… Եթե պահանջում է, ուրեմն ինքը Լևոնն է և, բնականաբար, Լևոնն է իմ քաղաքացիական ամուսինը: Դե ես ի՞նչ իմանամ, կոնկրետ դեպքում ձեզ մոտ Կարե՞նն է, Լևո՞նը, թե՞ Նապոլեոնը… Հարգելիս, ինձ չի հետաքրքրում, թե Հայաստանում ով է առաջին տիկինը: Կարենը երևանցի է, Լևոնը` Կալուգայից… Նապոլեո՞նը… Նապոլեոնը կորսիկացի է: Հարգելիս, մի վիրավորեք, ես բազմամուսնական չեմ: Ես ձեզ հոդաբաշխ լեզվով բացատրում եմ, որ, այո, իմ քաղաքացիական ամուսինը Կարենն է… Կարենը նաև Լևոնն է… Լևոնը նաև Կարենն է, նրանք երկվորյակ են… Ի՞նչ, պատերա՞զմ… (Պատուհանից դուրս է նայում): Ես ոչ մի ռուսական զորք չեմ տեսնում: Իսկ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ եք ինձ հարցաքննում: Ինչո՞ւ է նա ձեզ մոտ… Ներկայանալ ոստիկանի հերթապահության սենյա՞կ… Իհարկե, կարող եմ: Հինգ րոպեից կներկայանամ: (Անջատում է հեռախոսը): Псих ненормальный! (Վերցնում է բազմոցին նետված խալաթը, տեսնում քնած տղամարդուն ու խալաթը նրա դեմքին շպրտելով վախեցած ճչում, ընկրկում է): Ա՜…

ԼԵՎՈՆ — (երանավետ): Մարի… Աննա…

ՋՈՒԼԻԱ — Ի՞նչ Մարի, ի՞նչ Աննա… Դուք ո՞վ եք:

ԼԵՎՈՆ — Իսկ դուք ո՞վ եք, Մարի՞ն, թե՞ Աննան:

ՋՈՒԼԻԱ — Ես Ջուլիան եմ:

ԼԵՎՈՆ — Ուրեմն ես էլ Ռոմեոն եմ:

ՋՈՒԼԻԱ — Ի՞նչ եք անում այստեղ: Ո՞վ է ձեզ թույլ տվել…

ԼԵՎՈՆ — Շը՜շշ… Նախ մի գոռացեք, քնած մարդ կա և, երկրորդ…

ՋՈՒԼԻԱ — Քնած մարդ կա՞…

ԼԵՎՈՆ — Կա:

ՋՈՒԼԻԱ — Որտե՞ղ: (Վախեցած շուրջբոլորն է նայում):

ԼԵՎՈՆ — Այստեղ, բազմոցի վրա: (Խալաթը հեռացնում է դեմքից):

ՋՈՒԼԻԱ — Լևո՞ն…

ԼԵՎՈՆ — (աչքերը չբացելով փորձում է սթափվել): Նույն ինքը: Անձ-նա-պե՛ս:

ՋՈՒԼԻԱ — Դու որտեղի՞ց հայտնվեցիր, ի՞նչ ես անում այստեղ:

ԼԵՎՈՆ — (աչքերը բացում, տեսնելով Ջուլիային` զարմացած ուղղվում է): Ջուլիա՞… որտեղի՞ց հայտնվեցիր, ի՞նչ ես անում այստեղ:

ՋՈՒԼԻԱ — Ես քե՛զ եմ հարցնում` դու որտեղի՞ց հայտնվեցիր և ի՞նչ ես անում այստեղ: (Խալաթը հագնում է, սրբիչը շպրտում աթոռին):

ԼԵՎՈՆ — (դեռ քնատ): Երևանից, կեսօրյա չվերթով… հանգստանալու եմ եկել…

ՋՈՒԼԻԱ — (աթոռը վերցնում, նստում է նրա դեմ-դիմաց): Ուրեմն, ուշադիր ինձ լսիր, հարգելի պարոն նախկին ամուսին: Եթե քեզ թվում է, որ նրան բռնելով քո գործերը հարթ են գնալու, չարաչար սխալվում ես: Հենց հիմա զանգիր, ներողություն խնդրիր ու ասա, որ բաց թողնեն նրան, ասա, որ կատակ ես արել:

ԼԵՎՈՆ — (ակներև`  նրանից վախենալով, զարմացած): Ո՞ւմ զանգեմ:

ՋՈՒԼԻԱ — Նրան, ում քիչ առաջ զանգել ես: Զանգիր և ասա, որ հենց հիմա ազատ արձակեն: Նա իմ քաղաքացիական ամուսինն է, հասկանո՞ւմ ես:

ԼԵՎՈՆ — (լսածին չհավատալով): Մի րոպե… Բենժամենը քո քաղաքացիական ամուսի՞նն է:

ՋՈՒԼԻԱ — Բենժամե՞ն… Նա այդպե՞ս է ներկայացել: Այո՛, նա իմ ամուսինն է:

ԼԵՎՈՆ — (սարսափած): Տե՜ր Աստված… Եվ դու նրա հե՞տ…

ՋՈՒԼԻԱ — Քեզ չի վերաբերում:

ԼԵՎՈՆ — Բան չասի, ուղղակի… դրանից հետո նա բառաչում է ու տեղը չի գտնում:

ՋՈՒԼԻԱ — Քո աննորմալ պահվածքով ուզում ես, որ էլի հիստերիայի մե՞ջ ընկնեմ, մոռացե՞լ ես, ինչ ծանր էի տանում նյարդային ցնցումները:

ԼԵՎՈՆ — (լրջորեն վախեցած): Չէ, Աստծո սիրուն, պետք չէ… չեմ մոռացել…

ՋՈՒԼԻԱ — Ուրեմն զանգիր, շո՛ւտ: Շո՛ւտ արա, ասում եմ… (Հիստերիա է ձևացնում): Ա-աաաա՜հ… բբբ-բըռռ…. դ-դ-դ-դռռռռ… գ-գ-գ-գռռռռ…

ԼԵՎՈՆ — Զանգում եմ, զանգում… (Աչքը Ջուլիայից չկտրելով գրպանից հանում է բջջայինը): Իսկ գուցե պետք չէ՞:

ՋՈՒԼԻԱ — Ահ… ահ… բ-բ-բ-բըռռ… դդ-դ-դռռռռ… գ-գ-գ-գռռռռ…

ԼԵՎՈՆ — (մի վերջին հույսով): Ջուլիա, խնդրում եմ, ախր հինգ հազար դոլար արժե…

ՋՈՒԼԻԱ — Բ-բ-բ-բըռռ…. դ-դ-դ-դռռռռ… գ-գ-գ-գռռռռ…

ԼԵՎՈՆ — (տենդորեն համար է հավաքում): Ալո՜, ալո՛… (Ջուլիային): Ի՞նչ պետք է ասեմ:

ՋՈՒԼԻԱ — (իբր զսպելով դողը): Ասա, որ կատակել ես, այս պահին իսկ թող բաց թողնեն նրան… բռռռռռ…

ԼԵՎՈՆ — Մայրիկ, ես եմ, Լևոնը: Ես կատակել եմ, հենց այս պահին բաց թողեք նրան: Բենժամենին բաց թողեք, լսո՞ւմ ես: (Հեռախոսն անջատելով` Ջուլիային): Ասացի:

ՋՈՒԼԻԱ — (հիստերիան մոռացած): Ոստիկանը քո մա՞յրն է:

ԼԵՎՈՆ — Ի՞նչ ոստիկան:

ՋՈՒԼԻԱ — Հենց նոր մորդ հետ չէի՞ր խոսում:

ԼԵՎՈՆ — Ուրիշ ո՞ւմ հետ խոսեմ, եթե Բենժամենին մայրս է խնամում:

ՋՈՒԼԻԱ — Ոստիկանի սենյակո՞ւմ:

ԼԵՎՈՆ — Ոչ, գոմում: Ինչ է, չգիտե՞ս, որ մայրս Համզաչիման գյուղում է ապրում:

ՋՈՒԼԻԱ — (անզուսպ): Ի՞նչ կապ ունի մայրդ նրա հե՜տ…

ԼԵՎՈՆ — Դե-դե… մորս քեզ հետ չշփոթես, նա բարոյակա՜ն կին է:

ՋՈՒԼԻԱ — (տեղից վեր ցատկելով): Ի-ի՜ի՞նչ… ուրեմն ես անբարոյակա՞ն եմ:

ԼԵՎՈՆ — Այդպիսի բան չասացի, ընդհակառակը… շատ զարմացա, որ Բենժամենը քո ամուսինն է:

ՋՈՒԼԻԱ — Իսկ զարմանալու ի՞նչ կա, քեզ թվում էր, որ մեր բաժանվելուց հետո միանձնուհի՞ էի դառնալու:

ԼԵՎՈՆ — Բան չասի, բայց… անասունի հետ… կարծում եմ…

ՋՈՒԼԻԱ — Չհամարձակվե՛ս: Նա ավելի տղամարդ է, քան դու:

ԼԵՎՈՆ — Ըմմ… չեմ կասկածում, սակայն…

ՋՈՒԼԻԱ — Դու համոզվա՞ծ ես, որ նրան բաց են թողել:

ԼԵՎՈՆ — Հաստատ: (Հեռախոսը մեկնելով): Կարող ես զանգել, ստուգել:

ՋՈՒԼԻԱ — Մորդ հետ չեմ ուզում խոսել, մանավանդ այն բանից հետո, որ որդու ախոյանին գոմում է պահել:

ԼԵՎՈՆ — Ի՞նչ ախոյան, ինչե՞ր ես դուրս տալիս, դա էր մնացել, որ չորքոտանու հետ ախոյան լինեմ, այն էլ` սեռական հարցերում:

ՋՈՒԼԻԱ — Չհամարձակվե՛ս անպատվել: Նա չորքոտանի չէ:

ԼԵՎՈՆ — Պեգա՞ս է, սավառնո՞ւմ է… Սովորական եղջերու է, էլի՜…

ՋՈՒԼԻԱ — Եղջերո՞ւ… Ի՞նչ եղջերու:

ԼԵՎՈՆ — Բենժամենը: Անցած կիրակի ես եմ նրան ցանցով բռնել որս անելիս: Իսկ էգը փախավ:

ՋՈՒԼԻԱ — Բենժամենը եղջերո՞ւ է:

ԼԵՎՈՆ — (հեգնում է): Չէ՛, Պեգա՜ս է…

ՋՈՒԼԻԱ — (կասկածոտ): Լևոն, սա կատակի բան չէ, ճիշտն ասա, դո՞ւ ես բռնել տվել Կարենին:

ԼԵՎՈՆ — Կարենն ո՞վ է:

ՋՈՒԼԻԱ — Իմ քաղաքացիական ամուսինը:

ԼԵՎՈՆ — (անկեղծ զարմանքով): Բա ասում էիր` Բենժամենն է քո քաղաքացիական ամուսինը:

ՋՈՒԼԻԱ — Եթե նրանք նման են, ուրեմն` Բենժամենն է իմ ամուսինը, եթե նման չեն, ուրեմն` Կարենն է կամ Լևոնը:

ԼԵՎՈՆ — Լևո՞նը… Էդ մեկը մտքիցդ հանիր, ետդարձի ճանապարհ չկա:

ՋՈՒԼԻԱ — Կլինի, եթե մտքիս դնեմ:

ԼԵՎՈՆ — Ջուլիա, խոստովանիր, որ բուժման կուրսը մինչև վերջ չես անցել ու փախել ես հիվանդանոցից:

ՋՈՒԼԻԱ — (ճչում է): Դու խոստովանիր, ինչո՞ւ ես մատնել ոստիկանությանը:

ԼԵՎՈՆ — Ի՞նչ ոստիկանություն: Ոստիկանությունը որ իմացավ` տանը կենդանի եղջերու եմ պահում, գիտե՞ս ինձ ինչ կանի:

ՋՈՒԼԻԱ — (սթափվում է): Գրո՛ղը տանի, ախր ոստիկանին պետք է հանդիպեմ, իսկ ես մազերս էլ չեմ սանրել: (Շտապում է լոգարան):

ԼԵՎՈՆ — Դու ոչ մի տեղ էլ չես գնա:

ՋՈՒԼԻԱ — (կեսճամփին շրջվում է): Ինչո՞ւ:

ԼԵՎՈՆ — Հենց այդպես, չես գնա, ու վե՛րջ:

ՋՈՒԼԻԱ — Աչքիդ է երևում: (Գնում է լոգարան):

ԼԵՎՈՆ — Դեռ կտեսնենք, թե ում աչքին ինչ է երևում: (Ոտքի ելնելով): Սրա՜ն տես, ոստիկանի մոտ է շտապում, մտքին ինձ մատնելը կա: Մոռացել է, թե քանի անգամ է եղնիկի միս կերել: Այն ժամանակ չէր մատնում, իսկ հիմա… (Տաբատի գրպանները շոշափելով): Սենյակի բանալի՞ն ինչ արի… (Նկատում է): Հա, դռան վրա է մնացել: (Լոգարանի կողմը): Կմատնես, ո՜նց չէ, խելագարի մեկը… (Մուտքի դուռը կողպում, բանալին դնում է բազմոցի տակ, գոհ չմնալով վերցնում, տեղ է փնտրում բանալին պահելու համար և նույն պահին դուռը ոտքով բախում են): Է՞ս ով է… (Գնում է բացելու):

Լևոնին հրելով ներս է ընկնում զսպաշապիկով փաթաթված Կարենը:

ԿԱՐԵՆ — (սենյակում խուճապահար պտտվում է): Թաքցրե՜ք… թաքցրեք ինձ: Նրանք ինձ հետևում են…

ԼԵՎՈՆ — Դուք… դուք գժանոցի՞ց եք փախել…

ԿԱՐԵՆ — Ոչ, ոստիկանից, բայց եթե չթաքցնեք, նրանք ինձ գժանոց կտանեն:

ԼԵՎՈՆ — Ովքե՞ր` նրանք…

ԿԱՐԵՆ — Ադմինիստրատորը, ոստիկանը, բժիշկը, սանիտարները… թաքցրեք ինձ, խնդրում եմ, հետո կբացատրեմ:

Մտնում է Էլյան:

ԼԵՎՈՆ — (անմիջապես պատսպարում է Կարենին: Խրոխտ): Ես թույլ չեմ տա իմ համերկրացուն տանել, մինչև որ չպարզվեն բոլոր հանգամանքները:

ԷԼՅԱ — (ապշած): Բարև ձեզ:

ԼԵՎՈՆ — Դուք ադմինիստրատո՞րն եք:

ԷԼՅԱ — Ոչ: (Ջանում է տեսնել Կարենին, որը թաքնվում է Լևոնի թիկունքում):

ԼԵՎՈՆ — Ոստիկա՞նը:

ԷԼՅԱ — (չկենտրոնանալով): Ոչ:

ԼԵՎՈՆ — Սանիտարնե՞րը:

ԷԼՅԱ — Ոչ, ոչ: Ես դիմացի սենյակի կենվորն եմ: Դուռը կրնկի վրա բաց էր, ներս մտա իմ տեգրոջը` Լևոնին ու նրա տիկնոջը` Ջուլիային հրավիրելու ինձ մոտ` սուրճ խմելու:

ԼԵՎՈՆ — Լևոնը ես եմ, կինս` Ջուլիան, լոգարանում է, բայց… Բայց ես ձեր տեգրը չեմ այն պարզ պատճառով, որ եղբայր չունեմ ու, բնականաբար, նա էլ կին չունի:

ԷԼՅԱ — (խոսակցությունը ձգելու համար մեծ կարևորություն չի տալիս նրա խոսքերին, շարունակում է «պեղել» խոսակցի թիկունքը): Ձեր կարծիքով ես գոյություն չունե՞մ:

ԼԵՎՈՆ — Բան չասի, իհարկե, գոյություն ունեք, տեսնում եմ, բայց ձեր կարգավիճակն է անորոշ:

ԷԼՅԱ — Իսկ ո՞վ է ձեր թիկունքում:

ԼԵՎՈՆ — Ի՞մ…

ԷԼՅԱ — Այո:

ԼԵՎՈՆ — Թիկունքո՞ւմ:

ԷԼՅԱ — Այո:

ԼԵՎՈՆ — Ըմմ… երևի Կարենը… կամ… Բենժամենը:

ԷԼՅԱ — Չի կարող Կարենը լինել, որովհետև նա Կիևում է:

ԼԵՎՈՆ — Ուզում եք ասել, որ նա Բենժամե՞նն է:

ԷԼՅԱ — Երևի: Եթե այդպես է ձեզ ներկայացել:

ԼԵՎՈՆ — (այս ամենն իր հարբած լինելուն վերագրելով, թափահարում է գլուխը: Շշուկով): Ուշադիր նայեք, խնդրում եմ, եղջյուրներ չե՞ն երևում:

ԷԼՅԱ — Օ՜, ոչ, դա անհնար է: Ինչ անուն էլ որ նա ունենա, նրա կինը բարոյականության տիպար է:

ԼԵՎՈՆ — Եթե անգամ նա Բենժամե՞նն է:

ԿԱՐԵՆ — (Լևոնի թիկունքից` Էլյայի ձայնին նմանեցնելով): Այո, իհարկե, նա անչափ բարոյական մարդ է:

ԼԵՎՈՆ — Մարդ է՞…

ԿԱՐԵՆ — (Էլյայի ձայնին նմանեցնելով): Այո, որպես տղամարդ նա…

ԼԵՎՈՆ — (Էլյային): Ինչ-որ բա՞ն ասացիք:

ԷԼՅԱ — Ոչ:

ԿԱՐԵՆ — (Լևոնի ձայնին նմանեցնելով): Դուք գնացեք, տիկին, մենք անպայման կգանք սուրճ խմելու:

ԷԼՅԱ — (Լևոնին): Ինչ-որ բա՞ն ասացիք:

ԼԵՎՈՆ — Ոչ:

ԷԼՅԱ — (ձգվելով դեպի Կարենը): Դե ի՞նչ, ընդունո՞ւմ եք իմ սուրճի հրավերը:

ԿԱՐԵՆ — (Լևոնի ձայնին նմանեցնելով): Իհարկե, իհարկե…

ԷԼՅԱ — Կսպասեմ: (Դուրս է գնում Լևոնի ոչ անտարբեր հայացքի ուղեկցությամբ):

ԿԱՐԵՆ — Ի՞նչ հիպնոսվեցիր, կապերս քանդիր:

ԼԵՎՈՆ — (դեռ Էլյայի հմայքով): Բայց վատիկը չէր, հը՞…

ԿԱՐԵՆ — Վատիկն է, թե լավիկը` տիրոջ աչքը լույս:

ԼԵՎՈՆ — Հիշիր, բարեկամս, կանայք տեր չեն ունենում: (Քանդում է նրա զսպաշապիկը): Ունենում են սիրած կամ չսիրած տղամարդ:

Մտնում է հարդարված, զգեստափոխված Ջուլիան ու նկատելով զսպաշապիկ հագած Կարենին, նրա շապիկից քաշքշող Լևոնին, հարձակվում է վերջինիս վրա:

ՋՈՒԼԻԱ — Չհամարձակվե՛ս, բա՛ց թող նրան… (Պայուսակով հարվածներ է տեղում): Բա՛ց թող, բա՛ց թող, բա՛ց թող…

ԼԵՎՈՆ — (գլխին տեղացող հարվածներից նահանջելով): Էլի խելագարվեցի՞ր, չե՞ս ուզում` պետք չի: (Նստում է բազմոցին):

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին` ելքը ցույց տալով): Դո՛ւրս մեր սենյակից, այլանդա՛կ:

ԿԱՐԵՆ — (աղիողորմ): Կապերս արձակե՜ք…

ԼԵՎՈՆ — Այլանդակը դո՛ւ ես: Ես իմ սենյակում եմ, բարի եղեք ազատել սենյակը: Ձեր վարձակալման ժամկետը վաղուց ավարտվել է:

ԿԱՐԵՆ — Կապերս արձակե՜ք…

ՋՈՒԼԻԱ — Շա՜տ կերազեիր, մենք մի շաբաթ էլ դեռ ունենք: Դո՛ւրս այստեղից:

ԿԱՐԵՆ — Կապերս արձակե՜ք…

ԼԵՎՈՆ — Կարծում ես ամեն տեղ քո հիստերիան կանցնի՞: (Գրպանից հանում, մեկնում է գրանցման թերթիկը): Առավոտյան ժամը 11-ից ազատած պիտի լինեիք սենյակը:

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Էս ինչե՞ր է ասում:

ԿԱՐԵՆ — Կապերս արձակե՜ք…

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին): Տուր տեսնեմ: (Թերթիկը վերցնում, կարդում է): «Гостиница «Марианна», 2-ой корпус… комната»… Ի գիտություն քեզ, հարգելիս, դու գտնվում ես ոչ թե երկրո՛րդ, այլ առաջի՛ն մասնաշենքի 281 սենյակում: Դու ուրիշ կորպուսից ես, հասկացա՞ր, այնպես որ, փասափուսադ հավաքի՛ր:

ԼԵՎՈՆ — (վերցնելով թերթիկը` կարդում է): Ճիշտ որ…

ՋՈՒԼԻԱ — (դուռը ցույց տալով): Մա՛րշ:

ԼԵՎՈՆ — Բայց ես սուրճի եմ հրավիրված:

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Նրան սուրճի՞ ես հրավիրել:

ԿԱՐԵՆ — Կապերս արձակելո՞ւ եք, գրողը ձեզ տանի…

ՋՈՒԼԻԱ — (պայուսակը կողմ դնելով): Հիմա, հիմա… (Կապերն արձակում է): Դու նրան սուրճի՞ ես հրավիրել:

ԿԱՐԵՆ — (զսպաշապիկից ազատված` հանում է պարանով վզից կախ տված «դիպլոմատը»): Էլյան է հրավիրել:

ՋՈՒԼԻԱ — Նրա՞ն:

ԿԱՐԵՆ — Մեզ` բոլորիս: Նա քիչ առաջ այստեղ էր…

ՋՈՒԼԻԱ — Նրա՞նք են քեզ կապկպել… (Ճանկելով պայուսակը` կրկին հարձակվում է Լևոնի վրա): Էս քեզ` սուրճ… Էս քեզ` Էլյա… էս քեզ` Աննա… էս քեզ` կորպուս, էս քեզ` սենյակ…

ԼԵՎՈՆ — (պաշտպանվելով): Օգնեցե՜ք… (Կարենին.) Ի՞նչ ես աղոթածի պես կանգնել, զսպիր սրան…

ՋՈՒԼԻԱ — Էս քեզ` աղոթած…

ԼԵՎՈՆ — …զսպիր քաղաքացիական կնոջդ…

ՋՈՒԼԻԱ — Էս քեզ` քաղաքացիական…

ԿԱՐԵՆ — Ջո՛ւ-լիա՜… Վե՛րջ տուր: Ինձ զսպաշապիկ են հագցրել սանիտարները:

ՋՈՒԼԻԱ — Սանիտարնե՞րը… ինչո՞ւ…

ԼԵՎՈՆ — (կծու հեգնանքով): Երևի քեզնից է վարակվել` դրա համար:

ՋՈՒԼԻԱ — Ձայնդ կտրի՛ր և մի՛ խառնվիր մեր ընտանեկան գործերին: (Կարենին.) Ինչո՞ւ են կապել…

ԿԱՐԵՆ — Ինձ խելագարի տեղ դրեցին:

ԼԵՎՈՆ — Ասում էի, չէ՞…

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին): Ասացի` ձայնդ կտրի՛ր: (Կարենին.) Էլի երկվորյակային աննորմալ բաներ ե՞ս ասել:

ԿԱՐԵՆ — Ընդհակառակը, խոսում էի ընդդեմ պատերազմի և հանուն խաղաղության…

ԼԵՎՈՆ — Չմոռանամ հիշեցնել, որ մենք սուրճի ենք հրավիրված:

ԿԱՐԵՆ — Ճիշտ է:

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Ուզում ես Էլյայի հետ սո՞ւրճ խմել:

ԿԱՐԵՆ — Անպայման: Բոլորս էլ գնալու ենք, քանի որ նա բոլորիս հրավիրել է:

ՋՈՒԼԻԱ — Խելքդ գլխի՞դ է…

ԿԱՐԵՆ — Ջուլիա, սիրելիս, եթե չգնանք, նա կխորանա իր կասկածների մեջ: Ավելի լավ է գնանք ու ես շարունակեմ նրան ներկայանալ որպես Լևոն:

ԼԵՎՈՆ — Իսկ ե՞ս… Ե՞ս որպես ինչ եմ ներկայանալու:

ԿԱՐԵՆ — Դա քո պրոբլեմն է:

Մթնեցում:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

 Պատկեր չորրորդ

Էլյայի սենյակը նույնանման կահավորանքով, ծաղկամանի մեջ`

դաշտային ծաղիկներ, սեղանիկի վրա` տորթ:

Էլյան սպասքավորմամբ է զբաղված:

Դռան թակոց:

ԷԼՅԱ — Մտեք, դուռը բաց է: (Մտնում են Կարենը, Ջուլիան, Լևոնը): Համեցեք, համեցեք: Ես ձեզ սպասում էի: Տեղավորվեք, խնդրեմ: (Հյուրերը նստում են: Կարենին.) Հարգելի տեգր, դուք տորթը կտրեք, ահա դանակը, ես սուրճը կբերեմ: (Դուրս է գնում):

ԼԵՎՈՆ — (Կարենին): Տե՞գր… քո եղբոր կի՞նն է:

ԿԱՐԵՆ — Այո: Նա իմ երկվորյակ եղբոր` Կարենի կինն է:

ԼԵՎՈՆ — Դրա համա՞ր էիր խանդում:

ԿԱՐԵՆ — Հենց դրա համար:

ԼԵՎՈՆ — Բան չասի… Բայց, ի վերջո, քո իսկական անունն ի՞նչ է:

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին): Մեկընդմիշտ հիշիր` նրա անունը Լևոն է ու նա իմ ամուսինն է:

ԼԵՎՈՆ — Բան չասի… Բայց իմ անունն ի՞նչ է:

ՋՈՒԼԻԱ — Քո անունը… (Տեսնելով սկուտեղը ձեռքին ներս մտած Էլյային` երգում է):

Քո անունը անվերջ

Ինձ շոյում է, շոյում,

Զեփյուռի պես քնքուշ, հոգեթով:

Անվերջ սեր է բուրում,

Անվերջ ինձ փայփայում…

ԷԼՅԱ — Ահա և սուրճը: (Ջուլիային.) Ի՜նչ լավ երգ է, որտեղի՞ց եք սովորել:

ՋՈՒԼԻԱ — Ինտերնետից: Այս երգի տակ ես ու Լևոնը սիրում ենք տանգո պարել:

ԼԵՎՈՆ — Կպարե՜ս, ո՞նց չէ:

ՋՈՒԼԻԱ — Իհարկե, իհարկե կպարենք, բայց նախ սուրճ ենք խմելու:

ԷԼՅԱ — (գավաթները տալով` նկատում է Ջուլիայի մատանին): Շատ գեղեցիկ մատանի ունեք: Ճիշտ այդպիսին Կարենն է ինձ նվիրել այս տարվա մարտի 8-ին:

ՋՈՒԼԻԱ — (մատանիով զմայլվելով): Ճիշտ այդ օրն էլ Լևոնն է ինձ նվիրել:

ԼԵՎՈՆ — (անակնկալի եկած): Մարտի 8-ի՞ն… Այդ օրը որսի եմ եղել Խոսրովի անտառում:

ԷԼՅԱ — Իսկ անցած տարի, նույն օրը, Կարենն ինձ նվիրեց ճիշտ ձեր այս շրջազգեստից:

ՋՈՒԼԻԱ — (կեղծ ծիծաղով): Այդ երկվորյակներից ամեն ինչ սպասելի է: Զգեստը Լևոնն անցած տարի է նվիրել` ճիշտ այդ օրը:

ԼԵՎՈՆ — (ցնցվելով): Բայց կարծեմ, ասացիր, որ սա «Պրինցեսս» սրահից ես գնել:

ԷԼՅԱ — Իսկ նախանցած տարվա մարտի 8-ին նա ինձ արծաթե, ռոդիումապատ ապարանջան նվիրեց` կարմիր ու սպիտակ ցիրկոնե քարերով:

ՋՈՒԼԻԱ — Վեց կարմիր և հիսուներեք սպիտակ ցիրկոն: Շատ գեղեցիկ նվեր էր Լևոնի կողմից:

ԼԵՎՈՆ — Նախանցած տարի՞… Բայց կարծեմ, դա «Շարմ» խանութից էիր գնել:

ԷԼՅԱ — Իսկ դրա նախորդ տարվա մարտի 8-ին Կարենն անակնկալ մատուցեց` նվիրելով թանկարժեք վզնոց բնական ագաթով ու փիրուզով:

ՋՈՒԼԻԱ — (բացատրություն պահանջող հայացքը գամում է Կարենին): Լևո՞ն…

ԿԱՐԵՆ — Ըմմ… այն ժամանակ մենք… մենք դեռ ամուսնացած չէինք… (Լևոնը թեթևացած շունչ է քաշում):

ԷԼՅԱ — Քիչ մնաց մոռանայի… (Կարենին.) Քոբուլեթ մեկնելուց առաջ նկատել էի, որ Կարենի ճիշտ այս կոստյումի պիջակի ետնաստառը մի փոքր քանդվել է: Չհասցրեցի կարել: Համոզված եմ, որ ձեր պիջակի աստառն էլ է քանդված, չէ՞ որ դուք երկվորյակներ եք և երկուսիդ հետ էլ նույն դեպքերն են տեղի ունենում: Հիմա թել ու ասեղ կբերեմ, թող տիկինը կարի: (Դուրս է գնում):

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Պիջակիդ աստառը քանդվա՞ծ է… ստուգիր:

ԿԱՐԵՆ — Եթե ասում է, ուրեմն քանդված է, էլ ի՞նչ ստուգեմ:

ԷԼՅԱ — (թելած ասեղով ներս է մտնում, մեկնում է Ջուլիային): Խնդրեմ, քանի դեռ շատ չի մեծացել, հարկավոր է կարել:

ՋՈՒԼԻԱ — (ստիպված վերցնում է ասեղը: Կարենին): Պիջակդ հանիր:

Կարենը պիջակը տալիս է Ջուլիային, նա սկսում է կարել, մյուսները սրճում են:

ԷԼՅԱ — (Լևոնին տորթ մատուցելով): Այդպես էլ նորմալ չծանոթացանք: Իմ անունը Էլյա է: Կարծեմ, ասացիք, որ ձեր անունը նույնպես Լևո՞ն է, իսկ Ջուլիան ձեր…

ԼԵՎՈՆ — Ոչ, ոչ… (Կարենին ցույց տալով): Լևոնն ինքն է, իսկ Ջուլիան նրա կինն է:

ԷԼՅԱ — (հայացքը չկտրելով Լևոնից ու Ջուլիայի ափսեում տորթ դնելով): Առանց ձեր կնո՞ջ եք եկել հանգստանալու:

ԼԵՎՈՆ — (Ջուլիայից վրեժ լուծելով): Ես կնոջի՛ցս եմ փախել հանգստանալու:

ՋՈՒԼԻԱ — Նախկի՛ն:

ԼԵՎՈՆ — Նախկին` փառք Աստծու:

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին ներկայացնելով): Նրա անունը… ըմմ… Բենժամեն է: Այո, Բեն-ժա-մե՛ն:

ԷԼՅԱ — Հազվադեպ անուն է, ուրախ եմ: (Կեղծ զվարթությամբ): Ի՜նչ պատահականություններ ասես, որ չեն լինում: Մեկնեցի Քոբուլեթ` սեմինարի, բայց հաջորդ օրը պարզվեց, որ գործնական պարապմունքները տեղի են ունենալու Բաթումի բուսաբանական այգում, և մեր խումբը տեղափոխվեց այստեղ: Իսկ այսօր հանկարծ միջանցքում հանդիպում եմ ամուսնուս, ով գործուղման է մեկնել Կիև:

ԼԵՎՈՆ — Զարմանալու ոչինչ չկա: Ես ճանաչում եմ մի կնոջ, ով ամուսնալուծվելուց հետո բոլոր տղամարդկանց կոչում է իր նախկին ամուսնու անունով:

ՋՈՒԼԻԱ — Իսկ ես ճանաչում եմ մի տղամարդու, ով իր կնոջից ավելի հեշտ է բաժանվում, քան եղջերուից:

ԷԼՅԱ — (Լևոնին): Բայց դուք մինչև վերջ լսեք… (Կոտրված ծիծաղով): Պարզվեց, որ նա ոչ թե իմ ամուսինն է, այլ նրա հարազատ երկվորյակ եղբայրը: Նրանք մանուկ հասակից բաժանված են եղել` ընտանեկան հանգամանքներով: Ահա այդպես ծանոթացա Լևոնի և նրա տիկնոջ հետ:

ԼԵՎՈՆ — (ուղղում է): Լևոնի նախկին տիկնոջ հետ:

ՋՈՒԼԻԱ — (սաստելով): Բենժամեն, Լևոնն իր կնոջից չի բաժանվել:

ԼԵՎՈՆ — Բան չասի… ուրեմն Կարե՞նն է բաժանվել:

ԿԱՐԵՆ — (անհանգստացած): Ո՛չ: Կարենը Կիևում է: Նա ամեն օր, երեկոյան Կիևից զանգում է կնոջը: Այսօր էլ կզանգի:

ԼԵՎՈՆ — Դու որտեղի՞ց գիտես:

ՋՈՒԼԻԱ — Ինչպես թե` որտեղից… Նրանք երկվորյակ եղբայրներ են և ամեն ինչով նման են իրար: Սեփական փորձից գիտեմ: Ամեն երեկո ես սպասում եմ Լևոնի զանգին:

ԼԵՎՈՆ — (մեկուսի): Շատ իզուր…

ԷԼՅԱ — (Կարենին): Հյուրասիրվեք, համեղ տորթ է: Համոզված եմ, որ խմորեղեն շատ եք սիրում, որովհետև Կարենի խելքը գնում է տորթի համար:

ԿԱՐԵՆ — Ե՞ս… խմորեղե՞ն… զզվում եմ: Կրեմից ալերգիա ունեմ:

ՋՈՒԼԻԱ — (պիջակը տալով Կարենին): Կարեցի, հագիր:

ԷԼՅԱ — (Կարենին): Լևոն, ինչո՞ւ չեք սրճում, եթե չեմ սխալվում, «Արաբիկա» սուրճ եք սիրում, ինչպես Կարենը:

ԿԱՐԵՆ — (պիջակը հագնելով): Ոչ, դրանից ճնշումս բարձրանում է:

ՋՈՒԼԻԱ — Իսկ Կարենը սիրո՞ւմ է ֆուտբոլ նայել:

ԷԼՅԱ — Օ՜, այո, նա «Բարսելոնայի» թունդ երկրպագուն է:

ՋՈՒԼԻԱ — Լևոնը կյանքում ֆուտբոլ նայած չկա: Իսկ Կարենը ընկերների հետ ձկնորսության գնո՞ւմ է:

ԷԼՅԱ — Ոչ, նա ձկնորսության նկատմամբ սեր չունի:

ՋՈՒԼԻԱ — Իսկ Լևոնի խելքը գնում է ձուկ որսալու համար: Կարենը «Բլոտ» խաղալ սիրո՞ւմ է:

ԷԼՅԱ — Ոչ, նա թղթախաղ չի սիրում:

ՋՈՒԼԻԱ — Իսկ Լևոնին թողնես` ամբողջ օրը բակից տուն չի գա, հարևանների հետ «Բլոտ» կխաղա: Իսկ Կարենը թատրոն սիրո՞ւմ է:

ԷԼՅԱ — Ոչ, նա կինո է նախընտրում` դետեկտիվներ:

ՋՈՒԼԻԱ — Իսկ Լևոնը շաբաթը մի քանի անգամ ինձ հետ թատրոն է գնում և պաշտում է սիրո մասին ներկայացումները:

ԷԼՅԱ — (Կարենին): Տորթ չեք սիրում, «Արաբիկան» չեք նախընտրում, գուցե թե՞յ խմեք:

ՋՈՒԼԻԱ — Իսկ Կարենը թեյ սիրո՞ւմ է:

ԷԼՅԱ — Ոչ, նա թեյ չի սիրում:

ՋՈՒԼԻԱ — Իսկ Լևոնը շատ է սիրում, ուղղակի պաշտում է: Տեսնո՞ւմ եք, թեև նրանք ամեն ինչով նման են իրար, բայց տարբերություններ էլ կան և, այնուամենայնիվ, նրանք օտար անձնավորություններ են:

ԷԼՅԱ — (կոտրված, հաշտվողական): Այո, օտար, շատ օտար… Լավ, ինչ արած, հիմա թեյ կպատրաստեմ:

ԿԱՐԵՆ — Ոչ, պետք չէ… մեր գնալու ժամանակն է: Շնորհակալություն: (Ոտքի է ելնում):

ՋՈՒԼԻԱ — (ոտքի ելնելով): Շնորհակալություն հյուրասիրության համար: Դուք ևս համեցեք մեզ հյուր: Կսրճենք, կթեյենք, կզրուցենք: (Կարենի հետ ուղղվում է դեպի ելքը, Լևոնին, որ դեռ նստած է): Դու չե՞ս գալիս:

ԼԵՎՈՆ — Ե՞ս… ես է՞լ գամ…

ԿԱՐԵՆ — (խանդոտ): Անպայմա՛ն: Վե՛ր կաց:

ԼԵՎՈՆ — Դուք գնում եք` գնացեք, ինձ հե՞տ ինչ գործ ունեք: Ես ձեր կորպուսից չեմ:

ՋՈՒԼԻԱ — (խիստ): Բեն-ժա-մե՛ն, ճամպրուկդ թողել ես մեր սենյակում:

ԼԵՎՈՆ — (չկամ ոտքի է ելնում): Ցավալի է, բայց` փաստ:

Մթնեցում:

 Պատկեր հինգերորդ

Հաջորդ պահին` Կարենենց հարկաբաժինը: Մտնում են Կարենը, Ջուլիան, Լևոնը:

ԿԱՐԵՆ — (վրդովված, Ջուլիային): Քեզ համար հանդիսատես ես գտել ու ստենդափ ե՞ս անում` չմտածելով հետևանքների մասին: Վեց կարմի՜ր, հիսուներեք սպիտա՜կ… արծա՜թ, ցիրկո՜ն… (Փլվելով բազմոցին` Լևոնին): Դու էլ պակասը չես` Խոսրովի անտա՜ռ, «Պրինցե՜սս»…

ԼԵՎՈՆ — Դեռ մի բան էլ ե՞ս եմ պարտք մնում: Կնոջս հետ ֆռֆռում ես, քիչ չէ…

ՋՈՒԼԻԱ — Նախկի՛ն, նախկին կնոջ հետ:

ԼԵՎՈՆ — Բան չասի… Բայց պարզվում է, մինչև նախկին դառնալդ նա քեզ համար նվերներ է առել:

ՋՈՒԼԻԱ — Փոխանակ շնորհակալ լինես, որ կնոջդ զարդարել է…

ԿԱՐԵՆ — Ճիշտ է:

ԼԵՎՈՆ — Տոնածա՞ռ ես, ի՞նչ ես, որ զարդարել է:

ՋՈՒԼԻԱ — Էլի՞ մորդ հիշեցիր: Մնում-մնում, պառավը դիտողություն էր անում` հո տոնածառ չե՞ս, որ այդքան զարդարվում ես: Իսկ ես արտի՜ստ եմ, տաղանդավոր արտիստ, ես պարտավոր եմ զարդարված լինել:

ԿԱՐԵՆ — Ճիշտ է:

ԼԵՎՈՆ — Լա՜վ արտիստ ես, խոսք չկա, տանը կնոջ դեր էիր խաղում, դրսում` սիրուհու: Երե՜ք տարի, երե՜ք տարի դու կոտոշներ ես դրել գլխիս, իսկ ես անտեղյակ եմ եղել…

ՋՈՒԼԻԱ — (քինոտ): Որովհետև ինձ պես եղնիկին չէիր գնահատում, իսկ տունը եղջերուների կոտոշներով ես լցրել: Մի կոտոշ էլ ավել լիներ…

ԼԵՎՈՆ — Եղնի՞կ… դու սովորական կով ես, պատահած ցուլի ետևից վազ տվող կո՛վ:

ԿԱՐԵՆ — Այդ ե՞ս եմ պատահածը…

ԼԵՎՈՆ — (ձեռքը թափ տալով): Դու դժբախտ պատահար ես:

ՋՈՒԼԻԱ — (աթոռին փլվելով` հիստերիա է ձևացնում): Ա-աաաա՜հ… բ-բ-բ-բըռռ…. դ-դ-դ- դռռռռ… գ-գ-գ-գռռռռ… (Լևոնը ցուցադրաբար անտարբեր շրջվում է նրանից): Ախ այդպե՜ս… Քեզ արդեն չի հետաքրքրում, հա՞, որ նոպայի մեջ եմ, որ կարող եմ մեռնել քո անտարբերությունից: Հենց հիմա գրություն կթողնեմ, որ իմ մահվան մեջ քե՛զ մեղադրեն, որսագողի՛ մեկը:

ԼԵՎՈՆ — Քո հարցում լրիվ անմեղսունակ եմ, ինչ քեֆդ տա` գրիր:

ՋՈՒԼԻԱ — Անմեղսունակ լինում են միայն հոգեկան հիվանդները:

ԼԵՎՈՆ — Ես էլ էտ եմ ասում, էլի՜… Դու բոլորին հասցնում ես այդ վիճակին: (Ցույց տալով հատակին ընկած զսպաշապիկը): Խնդրեմ` факт на лицо:

ՋՈՒԼԻԱ — Ես քեզ լիցո ցույց կտամ, լիցեմե՛ռ:

ԿԱՐԵՆ — (նյարդային քայլելով): Դե, ձեզ ի՞նչ կա, դուք կարող եք կռվե՜լ, իրար անպատվե՜լ, բաժանվե՜լ… Ե՜ս, ե՛ս ի՞նչ եմ անելու…

ՋՈՒԼԻԱ — Ի՞նչ պիտի անես… Երեկոյան կզանգես կնոջդ, կասես, որ Կիևից ես զանգում, մեկ շաբաթից էլ ետ կգնաս ու «Կիևյան տորթ» կտանես: Դրանից էլ լավ ալիբի՞:

ԿԱՐԵՆ — Աջարիայից` «Կիևյան տո՞րթ»:

ԼԵՎՈՆ — Դու էլ խաչապուրի տար, մեկ է` տորթ չես սիրում:

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին): Ձայնդ կտրի՛ր…

ԼԵՎՈՆ — Բան չասի…

ՋՈՒԼԻԱ — (Կարենին): Օնլայն կպատվիրենք, ինքնաթիռով կուղարկեն:

Մթնեցում:

 Պատկեր վեցերորդ

Սպասասրահը: Նստած է Լևոնը, տորթի տուփը` սեղանիկին, Ճամպրուկը` բազկաթոռի մոտ:

ԼԵՎՈՆ — (բջջայինով խոսում է): Չէ, ի՞նչ լողալ, դեռ սենյակս էլ չեմ մտել… Մամ, շփոթել էի մասնաշենքն ու ուրիշ սենյակ էի մտել… (Թերմոսը ձեռքին մտնում է Էլյան: Տեսնելով Լևոնին` ոտքը կախ է գցում: Լևոնը նրան չի նկատում): Մամ, պատահում է… համաձայն եմ, համաձայն եմ, որ եթե խմած չլինեի` չէի շփոթի, բայց չկա չարիք առանց բարիքի: Այստեղ հանդիպեցի մի հրաշալի կնոջ… Չէ, այդ սենյակում չարիքն էր, իսկ բարիքը դիմացի սենյակում է ապրում: (Տրտմությամբ): Ափսոս, որ նա ամուսնացած է… Չէ, մամ, չէ, այդպիսի բան չեմ անի, ուղղակի կիսվեցի քեզ հետ… Դեղերդ խմե՞լ ես: Դե լավ, հետևիր ռեժիմիդ, էլի կզանգեմ: Համբուրում եմ: (Հեռախոսը գրպանը դնելիս նկատում Էլյային` ոտքի է կանգնում):

ԷԼՅԱ — Ներեցեք, Աստծո սիրուն, ականջ չէի դնում… Պարզապես տեսա, որ նստած եք…

ԼԵՎՈՆ — Ոչինչ, ոչինչ… Մայրիկիս հետ էի խոսում: Նստեք, խնդրեմ: (Նստում են):

ԷԼՅԱ — (նեղ զգալով): Ներեցեք, Բենժամեն…

ԼԵՎՈՆ — Լևո՛ն:

ԷԼՅԱ — Լևո՞ն…

ԼԵՎՈՆ — Այո, իմ անունը Լևոն է:

ԷԼՅԱ — (հոգոցով): Լավ, թող լինի Լևոն: Ես ուզում եմ ձեզ հարցնել… Իհարկե, կարող եք չպատասխանել… Ուզում եմ հարցնել, իրականում ո՞վ է: Դուք վստա՞հ եք, որ նա… մի խոսքով, կարծում եմ, հասկացաք ինձ: (Լևոնը չի շտապում պատասխանել, այդ ընթացքում շրջում է տորթի տուփը, որ մակագրությունը Էլյան չտեսնի): Լևոնին լա՞վ եք ճանաչում:

ԼԵՎՈՆ — Լևոնի՞ն… (Վճռելով): Լևոնին լավ եմ ճանաչում: Նա գլխավոր մասնագետ է գիտահետազոտական հիմնարկում: Ունի գյուղում ապրող ծեր մայր, ով չցանկացավ տեղափոխվել Երևան, որդու հետ ապրել, պատճառաբանեց, որ գյուղում իրեն ավելի լավ է զգում: Իսկ իրականում նրա հարսը` Լևոնի կինը, տանել չի կարողանում սկեսուրին և ամեն մի առիթ օգտագործում է նրան նվաստացնելու համար: Կինն արտիստուհի է, ինքնասիրահարված մի տիկնիկ, ով տառապում է աստղային ու նյարդային հիվանդություններով ու նաև դավաճանում է ամուսնուն: Նրանք վերջերս ամուսնալուծվեցին: Այսքանը: Կարծես թե այսքանը…

ԷԼՅԱ — Պարզ է: (Ոտքի է ելնում): Կներեք: Շնորհակալություն: (Ուզում է գնալ):

ԼԵՎՈՆ — (ոտքի ելնելով): Չգնա՛ք…

ԷԼՅԱ — Չգնա՞մ…

ԼԵՎՈՆ — (շփոթվում է): Ներեցեք:

Էլյան Լևոնի հայացքի ուղեկցությամբ հասնում է իր դռանը, բանալիով բացում է դուռը: Շրջվում, նայում է Լևոնի կողմն ու ներս է մտնում:

Լևոնը չկամ վերցնում է ճամպրուկը, ձեռքը մեկնում տորթի տուփին… տուփը թողնելով սեղանիկին` հեռանում է:

Լևոնի գնալուն պես Էլյան դուրս է գալիս սենյակից, չտեսնելով Լևոնին` շվարած կանգնում է: Նկատելով տուփը մոտենում, կարդում է մակագրությունն ու կոտրված ժպիտով նստում է Լևոնի բազկաթոռին:

Ռադիոընդունիչից լսվում է հաղորդավարի ձայնը. «Հարգելի հանգստացողներ, ցանկացողներին հրավիրում ենք կորտ` մեծ թենիսի մրցումների: Հաղթողներին կտրվեն անակնկալ մրցանակներ»: Հնչում է երգ` կանացի կատարմամբ.

Բաժանման պահին

            արցունքներ պետք չեն,

Խոսքեր էլ պետք չեն

            բաժանման պահին,

Միայն կամրջեք

            հայացքները ձեր,

Միայն զգացեք րոպեն

            այդ վերջին

Իր բոլո՜ր, բոլոր

            մանրամասներով:

Այդպես դուք հետո-

Հիշելու համար շատ

             բան կունենաք:

Ոչ խոսքեր են պետք,

Ոչ էլ արցունքներ

            բաժանման պահին:

Բաժանման պահին

            հուշերը պետք չեն,

Հուշելը պետք չէ

            բաժանման պահի,

Պահն ինքը կգա ու կբաժանի,

Պահն ինքը կգա, մեկին կտանի:

Այդպես դուք հետո-

Հանդիպելու դեռ պահեր

            կունենաք:

Բաժանման պահի

            հուշելը պետք չէ,

Պահն ինքը կգա ու կբաժանի:

Էլյան երգի ներգործության տակ է:

Իր սենյակից դուրս է գալիս Ջուլիան` մարզական հագուստով, թենիսի ռակետով: Նկատելով Էլյային, հեգնական նայում է մեկ նրան, մեկ` տորթի տուփին:

ՋՈՒԼԻԱ — Նվե՞ր եք ստացել:          

ԷԼՅԱ — Ոչ… Այո, Բենժամենը նվիրեց:

ՋՈՒԼԻԱ — (ծուռ ժպտում է): Ի՞նչ կա որ… Ճաշակին ընկեր չկա:

ԷԼՅԱ — Ի՞նչ նկատի ունեք:

ՋՈՒԼԻԱ — (կեղծ զվարթությամբ` տեղի տալով): Իհա՛րկե Բենժամենին:

ԷԼՅԱ — Վաղո՞ւց եք նրան ճանաչում:

ՋՈՒԼԻԱ — Տասնհինգ տարի: (Տեսնելով, որ Էլյան ավելիին է սպասում): Ձախողակ գիտնական է, հաջողակ որսագող: Սկզբում էրոտիկ տորթ է նվիրում, հետո` եղջյուրներ, սմբակներ, մորթի:

ԷԼՅԱ — Բայց, որքան գիտեմ, հենց նրան են եղջյուրներ դրել:

ՋՈՒԼԻԱ — Օ՜, դուք բավականին տեղեկացված եք:

ԷԼՅԱ — Ցավոք, այո:

ՋՈՒԼԻԱ — (երգում, կոտրատվելով գնում է): Не надо печалиться, вся жизнь впереди, вся жизнь впереди, надейся и жди…

Մթնեցում:

 Պատկեր յոթերորդ

Կարենի և Ջուլիայի հարկաբաժինը: Ջուլիան բջջայինով «Քենդի քռաշ» է խաղում, Կարենը, սուզակի լողակները հագած, խառնշտում է ճամպրուկը:

ԿԱՐԵՆ — Որտե՞ղ է սուզակի դիմակը:

ՋՈՒԼԻԱ — (խաղից չկտրվելով): Լավ փնտրիր, կգտնես:

ԿԱՐԵՆ — Գրողը տանի, երեկ այստեղ էր, իսկ այսօր չկա ու չկա:

ՋՈՒԼԻԱ — (բազմանշանակ): Սուզվել պրծել ես, էլ ինչի՞դ է պետք:

Դռան թակոց:

ԿԱՐԵՆ — Մտե՜ք:

Մտնում է Լևոնը:

ՋՈՒԼԻԱ — (տեղից վեր ցատկելով): Էլի դո՞ւ: Կրակն ընկա՞նք… Ծովափ ես եկել` գնա լող տուր, ի՞նչ ես կպել մեզնից:

ԼԵՎՈՆ — (Ջուլիային անտեսելով, Կարենին): Հեռախոսս չե՞ս տեսել, այստեղ եմ թողել:

ՋՈՒԼԻԱ — (իր խաղին վերադառնալով): Նա իսկի իր իրերը չի գտնում, ուր մնաց քո՞նը:

ԿԱՐԵՆ — Կարծեմ, երեկ բազմոցին էիր նստած: Տակն ընկած կլինի: Նայիր:

ՋՈՒԼԻԱ — (կծու հեգնանքով): Խեղճը մի ամբո՜ղջ օր սիրելի մայրիկին չի կարողացել զանգի:

ԿԱՐԵՆ — Ահա, գտա:

ԼԵՎՈՆ — (զարմացած): Գտա՞ր… չի կարող պատահել…

ԿԱՐԵՆ — Գտա: (Ճամպրուկից դուրս է բերում սուզակի դիմակը, մոտենալով հայելուն` հագցնում է գլխին):

ԼԵՎՈՆ — (օգտվելով առիթից, որ իրեն չեն նայում, գրպանից հանում է բջջայինը): Ես էլ գտա: Բազմոցի տակ էր ընկել:

ՋՈՒԼԻԱ — Փա՜ռք Աստծո…

ԼԵՎՈՆ — (ուղղվում է դեպի դուռը, բայց ոտքը կախ է գցում): Հա… Էլյան դեռ չի՞ եկել սրճելու:

ՋՈՒԼԻԱ — Կարող է՞ սա սրճարան է, ես էլ` մատուցողը:

ԼԵՎՈՆ — Բան չասի… Ուղղակի երեկ իրեն հրավիրեցիք… Մտածեցի…

ՋՈՒԼԻԱ — Շատ իզուր մտածեցիր: Նա էրոտիկ տորթ ուտելուց հետո սուրճ չի խմում:

ԼԵՎՈՆ — (անտեսելով Ջուլիայի խայթոցը, պատճառ է փնտրում չգնալու: Կարենին): Կարող է՞ լիցքավորման սարք ունենաս: (Հեռախոսն ակնարկելով): Մի ամբողջ օր չի լիցքավորվել ու…

ԿԱՐԵՆ — (հայելու առջև սուզորդի շարժումներ անելով): Ջուլիա, իմ լիցքավորման սարքն ո՞ւր է:

ՋՈՒԼԻԱ — (ոտքի ելնելով, Լևոնին): Ասեմ` ուր է… Հիմա այստեղից դուրս ես գալիս, շենքից դուրս ես գալիս, թեքվում ես ձախ ու երկրորդ խաչմերուկի վրա խանութ կա…

Բոլորի համար անսպասելի մտնում է սևազգեստ Էլյան, դեմքին` քող, գլխահակ, տխուր:

ԷԼՅԱ — Ներեցեք, որ առանց դուռը թակելու… Եկա հրաժեշտ տալու: Մեկնում եմ:

ՋՈՒԼԻԱ — Մեկնո՞ւմ եք… ո՞ւր…

ԷԼՅԱ — Կիև:

ԿԱՐԵՆ, ՋՈՒԼԻԱ, ԼԵՎՈՆ — (միասին): Կիև՞…

ԷԼՅԱ — Այո, դժբախտություն է պատահել: Ամուսինս, Կարենը, Վենետիկյան կամրջի տակ լողալիս խեղդվել է… (Հեծկլտում է):

ԿԱՐԵՆ — Բայց ես… բայց նա… բայց մենք լողալ չգիտենք:

ԷԼՅԱ — Հենց այդ պատճառով էլ խեղդվել է: Նա միայն հաջողակ սուզվում էր: (Հեծկլտում է):

ՋՈՒԼԻԱ — Փչո՜ց է, Վենետիկն Իտալիայում է, ոչ թե Ուկրաինայում:

ԿԱՐԵՆ — (Ջուլիային): Կիևում այդպիսի կամուրջ կա, նա ճիշտ է ասում:

ՋՈՒԼԻԱ — Ճիշտ է ասո՞ւմ… Այսինքն` ո՞նց… Այսինքն` դու… Այսինքն` նա… Այսինքն` դուք… խեղդվե՞լ եք…

ԼԵՎՈՆ — Մարդը որ ասում է, ուրեմն մի բան գիտի: (Էլյային.) Ցավակցում եմ:

ՋՈՒԼԻԱ — Ցավակցում եմ:

ԿԱՐԵՆ — Ցա… ցավա… (Մի կերպ թուքը կուլ տալով): …կցում եմ…

ՋՈՒԼԻԱ — (Կարենին, վշտալից): Քեզ լավ եմ հասկանում, սիրելիս: Քեզ համար էլ հեշտ չէ, ի վերջո, հարազատ եղբայր ես կորցրել: (Թաշկինակը հպում է աչքերին): Այսօր իսկ կգնանք ու մոմ կվառենք հանգուցյալ Կարենի հոգու հանգստության համար:

ԿԱՐԵՆ — Կարենի՞…

ՋՈՒԼԻԱ — Այո, սիրելիս, Կարենի:

Կարենը փլվում է աթոռին:

ԼԵՎՈՆ — (վատ քողարկված հեգնանքով): Ասա` իր գլխին էլ չգա, երկվորյակ եղբայրներ են…

ՋՈՒԼԻԱ — Լեզուդ քեզ պահիր:

ԼԵՎՈՆ — (Կարենին): Իսկ դու չե՞ս գնալու եղբորդ թաղմանը:

ԷԼՅԱ — Ա՜խ… թաղում չի լինելու: Ջրասուզակները չեն հայտնաբերել նրան:

ԼԵՎՈՆ — Չե՞ն հայտնաբերել…

ԷԼՅԱ — Կամրջից միայն ծաղկեպսակ եմ նետելու ջրի մեջ:

ՋՈՒԼԻԱ — Ջուրը թեթև լինի նրա վրա:

ԷԼՅԱ — Ներեցեք ինձ, բայց մտածեցի` ի վերջո հարազատ եղբայրներ են, գուցե Լևոնը ցանկանա՞ գալ վերջին հրաժեշտին:

Կարենը լուռ է:

ԼԵՎՈՆ — (Կարենին): Չե՞ս գնալու ծաղկեպսակ նետես…

ԿԱՐԵՆ — (անելիքը չիմանալով` դիմակն աչքերին է քաշում): Ինքնաթիռով կպատվիրենք, հեռախոսով կուղարկեն…

ՋՈՒԼԻԱ — (Լևոնին): Ի՞նչ ես կպել` չես գնալո՜ւ, չես գնալո՜ւ… Մարդը հազար տարի եղբորը չի տեսել, հարազատներին անծանոթ է, գնա` ի՞նչ ասի, ի՞նչ անի…

ԼԵՎՈՆ — Բան չասի… Բայց տիկին Էլյային այս վիճակով մենակ ճանապարհելը մարդկային չէ: (Վճռական` Էլյային.) Ձեզ հետ կգամ:

ՋՈՒԼԻԱ — Շատ էլ ճի՛շտ կանես: Իմ և Լևոնի կողմից էլ ցավակցիր հարազատներին:

ԿԱՐԵՆ — Սպասե՛ք… Այդ… այդ ինչպե՞ս…

ԼԵՎՈՆ — «Այդ ինչպե՜ս»… Երկուսից մեկը` կամ դու ես գնալու, կամ` ես:

Դադար: Բոլորը սպասում են Կարենի վճռին:

ԿԱՐԵՆ — (գլխահակ): Թող Էլյան վճռի:

ԷԼՅԱ — (բարձրացնում է քողը, Լևոնին): Ուղեկցեք ինձ, Լևոն: (Դուրս է գնում: Լևոնը հետևում է նրան):

ԿԱՐԵՆ — (խուճապով): Բայց… բայց նա սխալ հասկացավ, Լևոնը ես եմ, ե՛ս եմ Լևո՜նը… (Մղվում է նրանց ետևից, բայց լողակներով չկարողանալով քայլել` փռվում է հատակին ու փորձում սողալ` սուզորդի շարժումներ անելով): Ես… ե՛ս եմ Լևո՜նը…

ՋՈՒԼԻԱ — (ճանկելով կարթը, նետում է նրա վրա ու ճախարակը պտտելով ձգում է իրեն): Սիրելիս, դու Կարենն ես, Կա՛-րե՛-նը՜… Քո անունը անվե՜րջ ինձ շոյում է, շոյո՜ւմ, զեփյուռի պես քնքուշ, հոգեթո՜վ…

ԿԱՐԵՆ — (փորձելով ազատվել կարթից` պտտվում, թելով փաթաթվում, կաշկանդում է նաև ձեռքերն ու մղվելով դեպի ելքը` կարթը պոկում է Ջուլիայի ձեռքից, ետևից քարշ տալով, լողակների վրա թռչկոտելով դուրս է գնում): Էլյա՜… Էլյա, սպասիր… Էլյա՜…

ՋՈՒԼԻԱ — Ախ, այդպե՜ս… ստո՛ր, դավաճա՛ն… ջրահե՛ղձ… Բենժամենի մեկը, սա դու չես մարսի… (Նկատելով բազկաթոռին թողած բջջայինը` համար է հավաքում: Նվաղկուն): Լևո՜ն… ա՛հ… ա՛հ… Լևո՜ն… ես… ես մեռնում եմ… ա՛հ… Աստված իմ… օգնեցե՜ք… օգնեցե՜ք… (Անջատում է բջջայինը, պայուսակից հանելով դեղի սրվակը` հաբերը շաղ է տալիս, մազերը գզգզում ու փռվում է հատակին): Օգնեցե՜ք…

Խուճապով ներս մտած Լևոնը մի կողմ է նետում ձեռքի ճամպրուկն ու մղվում դեպի Ջուլիան:

ԼԵՎՈՆ — Ջուլիա՜… ի՞նչ պատահեց, Ջուլիա… (Նստեցնում է բազկաթոռին): Դեղդ խմե՞լ ես… Բժիշկ կանչե՞մ…

ՋՈՒԼԻԱ — Օդը… օդը չի հերիքում… (Գրկում է Լևոնին): Առանց քեզ օդը չի հերիքում… սիրելիս…

ԼԵՎՈՆ — Ջուլիա, սթափվի՛ր…

Փութկոտ մտնում է սուզակի հանդերձներից ազատված Կարենը, նրա ետևից` Էլյան:

ՋՈՒԼԻԱ — Ես մեռնում եմ, Լևոն… առանց քեզ ես մեռնում եմ… (Գրկից բաց չթողնելով` ոտքի է ելնում, փարվում է նրան): Ներիր, որ քեզ մենակ եմ թողնում…

Բարձրախոսից հնչում է երգը.

Քո անունը անվերջ,

Ինձ շոյում է, շոյում,

Զեփյուռի պես քնքուշ, հոգեթով

Անվերջ սեր է բուրում,

Անվերջ ինձ փայփայում,

Ու տալիս երջանկություն…

Ջուլիան Լևոնին տանում է պարի, Լևոնն ակամա ենթարկվում է: Էլյան շրջվում է գլխահակ կանգնած Կարենին:

ԷԼՅԱ — Չե՞ք ցանկանում ինձ պարի հրավիրել, պարոն:

Կարենը կոտրված ժպտում, անհամարձակ գրկում է Էլյային:

Կանայք գլուխները հենելով տղամարդկանց ուսերին,

երանավետ ժպտալով, ռիթմ են հաղորդում պարին:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։