ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԵՏՐԸ
Տպագրում ենք (որոշ կրճատումներով) հայ նշանավոր դերասան Գևորգ Չմշկյանի (1834-1915) հուշատետրից մինչև այժմ անտիպ հատվածը, որը վերաբերվում է դերասանի պատանեկան տարիներին և գրված է, ինչպես վկայում է հեղինակը, Գաբրիել Սունդուկյանի հորդորով։
Սույն հատվածը Գ․ Չմշկյանը գրել է իր ծանոթներից մեկի՝ Լիդիայի միջոցով, մեծ դրամատուրգից ստացած ալբոմում։
Ալբոմը գտնվում է Երևանի թատերական թանգարանում, որը և սիրով ընդառաջել է խմբագրությանը՝ տրամադրելով ձեռագիրը՝ հրապարակելու համար։
ԽՄԲ․
ՄԱՍՆ Ա
I
1815 կամ 16 թվականներին, հայրս Մշուց Թոփրազ գալու անվանված երկրից գաղթել է յուր հոր և նրա ամբողջ ցեղի հետ։ Այդ գաղթականությունը առաջ է եկած՝ հայտնի բան է՝ քրդական ճնշումից։ Պապս մյուսներից հասակով՝ գաղթականների պարագլուխ է եղել, ինչպես երևում է։ Նրանք գաղթել են դեպի «հյուսիս», ինչպես ավանդված է եղել ամբողջ այդ ազգատոհմի մեկ ցեղի մեջ հեղինակություն ունեցող ծերունուց։
Անցնելով Ալեքսանդրապոլից, որը այդ ժամանակ անվանվում էր «Գյումրի», ցեղի ընտանիքներից մեկը միանում է այնտեղ քահանայի, կարծեմ, պաշտոնով, մյուսները շարունակելով իրենց ընթացքը դեպի «ավետական» հյուսիսի ուղղությամբ, թողնում են մեկ ուրիշ ընտանիք «Դարալագյոզի» ստորոտիքներում։ Վերջապես պապս չորս ընտանիքով հասնում է Թիֆլիզ։
Հայրս այստեղ պսակվում է իմ՝ գեղեցիկ օրիորդ՝ մորս հետ, ծագումով վաղարշապատեցի և այդ ամուսնության ութերորդ պտուղը լինում եմ ես։
Հայրս հյուսնի արհեստականության պարապմունքից դառնում է Հովհաննես կաթողիկոսի «փոքրավոր», հետո քահանա և այդ ժամանակամիջոցին աշխարհ եմ գալիս ես՝ երրորդ արական զավակը, 1834-ին մարտի 1-ին ուրբաթ։
Իմ երեխայության հասակիցս այնքան եմ ես մտաբերում, որ նախ ինձ շատ քաղցր թվաց հացի ճաշակը և երկրորդ, երբ զգացի ինձ Ս. Սարգիս անվանված եկեղեցու Հովհաննես տիրացուի բարեկարգված ծխական ուսումնարանում, մոտավորապես 1844-46 թվականներին, ուր զատ երկու հսկայադեմ աշակերտներ, «Ղարամանյան» վրացերեն ձեռագիր հաստ գիրքը ձեռներին, դևերի էությունը բացատրելիս փոքրիկ մանուկներին։ Այդ հսկայադեմ անձնավորություններից մեկի անունը «չոլախ» Սարգիս էր, մյուսը նորանից վիթխարի, մոտավորապես 22 տարեկան անձնավորություն, որից սարսափում էին ամենքը․․․
Ուսումնարանի միակ կառավարիչ և ուսուցչի պաշտոնակատար անձն էր Օհաննես անունով մեկ մեծաքիթ տիրացու, որ և ուսուցանում էր «այբժեճեսա» և «ազ-բուկի-վեդի-գլագոլ» — ռուսերեն, այբբենարանը, աջ ու ձախ «խնչալով» և հարվածելով սորան-նորան, բացի երկու հսկայադեմ վիթխարիներին, որոնց վերա միայն նա նայում էր պատկառանքով։
II
Ահա իմ սկզբնական ( ćlćmentaire ) կրթության պարագայքը։
Հետո, վերոհիշյալ հսկաներից «Ղարամանյանի» առիթով (որի պատմությունը ես անգիր գիտեի իմ բիձա քեռորդի Խեչոյից), վրացերեն «անա-բանա» և «վեդի-գլագոլ» սովորելուց հետո, հայրս ինձ տարավ Ներսիսյան ուսումնարան։
Այդտեղ «վեդիգլագոլի» փոխանակ մեկ ինչ որ ռուսաց լեզվի ուսուցիչ Գասպարյանց տիտուլյարնի սովետնիկի պատահեցա, ահագին ծանրակշիռ քանոնը ձեռքին։
Ինչքան իմաստության տեր դառա այդ սքանչելի «Տիրացու Օհաննեսի» «Ղարամանյան» և «վեդի-գլագոլ» Գասպարյանցի ազդեցությանց ներքո՝ չեմ հիշում, բացի այն, որ 47 մոտավորապես թվականներին, պատահեցի միևնույն Ներսիսյան ուսումնարանում, երեք անհասկանալի ինձ համար ուսումնական ուսուցիչների, որից մեկը սովորացնելով գաղղիերեն «սիրկոնֆլեքս և կոնկոմբր» ծաղրալի ինձ համար արտասանություններով էր խեղդում ամբողջ դասարանը, ինքը գերմանացի Բիբոն ազգանուն կրելով, մյուսը «Կիրիլենկո» անունով պատկառելի ուսուցիչը, որը սուրբ պարտականություն էր համարում յուր համար դասարան մտնելու պես, պահանջել նախ՝ «ռոզգի», հետո Չիմիշկով, այսինքն ինձ։ Այս պարոնը նախ հարցնում էր ինձանից «что такое остров?». ես (կղզի) բառի նշանակությունը այնքան էի հասկանում, ինչքան ներկայումս ռուս թերթի «Тифлисская об’явления» խմբագրապետ Ալիխանովը ռուսերեն, կամ չինացին – հայերեն։
Հետևապես աշխարհագրության պրոֆեսոր Կիրիլենկոն ինձ պառկացնում էր դասատան մեջ հատակի վրա և ռոզգիի «լուսավորող հարվածները» թափվում էին քամակիս վերա։
«Օոտրովի» հետ հրապարակ եկավ «պոլուոստրով» (թերակղզի)։ Ես բթացա, Կիրիլենկոն կրկնապատկեց ռոզգու հարվածների քանակությունը։
Ես բողոքեցի մորս, նա կարեց ինձ համար հաստ արխալուխ, որի հովանավորության տակ և ես «օստրով եստ պոլուօստրով» արտահայտելով, հայի նման չսպասելով նորա հրամայական «լոժիս» (պառկի՛ր), ձգվում էի հատակի վրա և հերոսությամբ առանց որևիցե ցավ զգալու տանում էի ռոզգիի հարվածները, թեև ցույց տալու համար պրոֆեսոր Կիրիչենկոյին, որ «ցավում է» – աղաղակում էի…
Այդ ժամանակ այդ ամեն բան կատարվում էր մեկ հաղթանդամ հայ մարդու հոգաբարձության իրավասության ներքո, որին անվանում էին իշխան Արգուտինսկի։
III
Հետո քառասունութ թվականին, եթե չեմ սխալվում, տեսուչ նշանակվեց նույն Ներսիսյան ուսումնարանում Պետրոս Շանչիանցը։
Հիշում եմ, որ մենք բոլոր աշակերտներս «ռեվոլթմը ըրինք»)։
Մենք խմբով (շատ-շատ էինք) գնացինք իշխան Արգուտինսկու տան առաջ, նա, երևի, պահվեց… հետո… ոչինչ չեմ հիշում, մինչև հայր Գաբրիել Պատկանյանցի տեսչությունը։
Այդ անցքը պատահեց Ներսիսյան ուսումնարանի ամենաանարխիական ժամանակամիջոցին։ Շանչիանցին հեռացրել էին, կարծեմ, Հակոբ Կարինյանցի և Միքայել Պատկանյանցի լարված ինտրիգները դեպի այդ լուսավոր անձնա-վորությունը։
Հայր Գաբրիելը տեսուչ լինելով հանձն էր առել և անցնել պատմությանը բարձր դասատան աշակերտների հետ, որի թվում գտնվում էի և ես 1848 թվականին։
Այդ թվականից սկսած մինչև իմ վերջնական ուսում ավարտելը «межевая школа» (երկրաչափական ուսումնարան) անվանված փակ ուսումնարանում 1855 թվականին, երբեք ես չէի պատահել այդպիսի մեկ հռետոր ուսուցչի, որ կարողանար գրավել այնքան աշակերտների ուշադրությունը առանց շինծու արհեստական միջոցների։
Նա պատմում էր մեզ Տրոյացվոց պատերազմը, բայց ինչպե՜ս էր պատմում… Նորա պատմելու ժամանակ մենք ամեն մեկս զգում էինք մեզ այդ հին անցած հոմերոսական առասպելական դարում։ Զգում էինք մեզ այն երկրի վրա, Միջերկրական ծովի ափը հելենական երջանիկ ցեղերի շրջանում, ապրում էինք նորանց կյանքով, տխրում կամ զվարճանում՝ նայելով ինչ անցք էր բացատրում մեզ ճարտար հռետորը…
IV
Հայր Գաբրիել Պատկանյանցին հեռագրին, թե ինքը հեռացավ, ինձ հայտնի չէ, միայն ես ևս կարճ միջոցում հեռացա Ներսիսյան ուսումնարանից, ձգտելով ըստ ցեղական ավանդությանս «դեպի հյուսիս» – Մոսկվա, Պետերբուրգ, այդ ժամանակ իմ երեխայական երևակայության համար մեկ տեսակ ավանդական աշխարհ էր, ուր գիտությունը և կյանքի ամեն տեսակ հաջողություններ պիտի զետեղվեին իմ գլխիս, ուր ես շատ, մեծ և շատ լավ մարդ պիտի դառնայի։
- Այնտեղ արևը ավելի լավ է փայլում, երևակայում էի ես․․․
— Այնտեղ մարդիկ երջանիկ…
— Այնտե՜ղ, այնտե՜ղ․․․
Երևակայությունս սկսել էր հոգնել քաղցր հույսով լի ապագայի նախատեսու-թյունից և ես օր բառ, օր առավել գրգռվելով, վերջապես ստիպեցի խեղճ հորս ուղարկել
ինձ դեպի այդ «ավետյաց» երկիրը։
V
Հիշում եմ ինչպես խեղճ հայրս հանձնեց մեկ լեհացի աստիճանավորի 60-70 ռուբլի, ձեռք բերված ով գիտե ինչ տխուր միջոցներով և օրհնելով ինձ ճանապարհ գցեց այդ լեհացու հետ, որը երեք մատաղահաս երեխաներով՝ երկուսը իր սեփական զավակներն էին և մեկը մեկ որբիկ, դեպի Պետերբուրգ, ուր հույսով էր հայրս՝ ես կգտնեմ իմ ավագ եղբայր Գրիգորին, կամ նորա բարեկամներին, որ կարող են ինձ «տերություն» անել։
Երեսուն օր ճանապարհորդում էինք։
Մտանք այդ քաղաքը լուսնյակ գիշեր։ Հունիսի սկիզբն էր։
Ի՞նչ փառավոր գիշեր էր և ինձ համար բնության նոր արտահայտություն․․․ ես չնկատեցի «ցերեկը» դեպի «երեկո» փոխվելը, այնպես լույս էր, որ 12 ժամին գիշերվա մեր մտած ժամանակը Պետերբուրգ, ինձ թվում էր, որ լույս ցերեկ է։ Քաղաքը մտնելիս մենք անցանք մեկ անտառով։
Ես, որ արթուն նստած էի իմ լեհացի պատրոնիս դիմացը, որի մանուկները քնել էին, աչքերս ու ականջներս սրած դես ու դեն էի նայում, լսեցի մեկ սոսկալի՝ օգնություն կանչող ձայն և ներդաշնակ նորա հետ խուլ հարվածներ՝ նման կացնի բութ հարվածի…
— О, чисто европейский город,- բացականչեցի ես սովորած Միքայել Պատկանյանցից Վասասկովի քերականական ռուս լեզվի կանոնադրության համեմատ։ Երբ մտանք Օբուխովսկի անվանված պրոսպեկտը, հավասարվելով մեկ մեծ շինության առաջ կանգնած արձանի մոտով, որի ստորոտիքում իրարու գրկած մեկ տղա ու մեկ աղջիկ տեսա։
— Դու լոթը, հիմար գլուխ, վճռեց լեհացի պարոնս, այս քո Թիֆլիզը չէ։
Ես վիրավորվեցի ու այնուհետև մինչև մեր մեկ հյուրանոց իջնելը ոչնչով այլևս չը հափշտակվեցի։
Առավոտը կանուխ ես դուրս թռա հյուրանոցից, վերցրի մեկ «Վանկա» և քշեցի ուղղակի Նեվսկի պրոսպեկտ, ուր իմ երեխայական երևակայությանս վերա հիմնվելով, ես պիտի իսկույն ամեն տեսակ հաջողություն զանեի։
Երբ մոտեցանք այդ հռչակավոր փողոցին, Վանկան ինձ հարցրեց թե ո՞ւր եմ կամենում իջնել։
Ես մատնացույց արի հայոց եկեղեցին։
Կանգ առանք մեկ մեծ շինության առաջ, որի հայաթի մեջտեղ գտնվում էր մեկ եկեղեցի։
Ես իջա և վճարեցի կառապան Վանկային, եթե չեմ սխալվում 30 կոպ., մտա այդ մեծ շինության հայաթը։ Վանկան հեռացավ։ Նայեցի բոլոր շուրջս և զգացի, որ ես որբ եմ, անտեր, մենակ, առանց ապավենի, առանց ծանոթի, մեծի, որ կարողանար ինձ բացատրել, թե ո՞ւր եմ ես և ո՞ւր պիտի դիմեմ, որ հոգան իմ մասին։
Հինգ րոպեի չափ ես մնացել էի անշարժ։ Դարձյալ նայեցի բոլոր շուրջս և նկատեցի եկեղեցու մուտքը։
Այստեղ երևի մղդսի (ժամկոչ) կա, մտածեց ես, նա ինձ կբացատրե… վազեցի դեպի այդ մուտքը — դուռը կողպած է։
Դարձյալ նայեցի բոլոր շուրջս, ոչ ոք․․․
Արտասուքը վազեց աչքերիցս, ես սկսեցի լալ և ընկա հուսահատ սանդուղա-ների վրա…
Թիֆլիզ, պատկառելի քահանա հայրս, եղբայրներս, քույրս, դասակից ընկերներս, ֆանդասմագորիայի նման անցան աչքիս առաջ իրարու ետևից։
— Ա՛խ աստվա՜ծ, աստվա՜ծ,- բացականչեցի ես և թմրեցի հուսահատությունիցս։
Մեկը մոտեցավ ինձ։ Մոտեցավ, որովհետև նորան գրավեց, կարծեմ, իմ հագուստս։ Մոռացա ասել սկզբում, որ Թիֆլիզից դուրս գալուս օրիցս ես չերքեզ անվանված հագուստով էի, այսինքն Դաղստանի լեռնաբնակ ժողովրդի հագուստով, շալե բաճկոն, բրդե զլխարկ, փափախ, մեջքիցս կախած փոքրիկ խանչալ։
Ես սթափվեցի և կանգ առա:
— Ո՛վ ես, ո՞ւմն ես ուզում, — հարցրեց ինձ կիսախիստ, կիսամեղմ ոճով մեկ եվրոպական հագուստով երիտասարդ։
— Իմ ազգս Չմշկյան է, քահանայի որդի եմ, — պատասխանեցի ես արտասվելով։
— Չմշկյա՞ն․․․ իմ դասակից Ալեքսանդրի եղբայրը…
-Այո՛…
-Որը Լազարյանց ճեմարանում ավարտեց յուր ուսումը։
-Այո՛…
— Իսկ դու ինչո՞ւ համար ես եկել այստեղ…
Պատասխանեցի հայացքով, աչքերս լի արտասունքով… Պարոնը հասկացավ։
— Արի գնանք ինձ մոտ, տեսնենք․․․ ասավ պ. Աղափիրյանց, երբեմնի Դորպադի համալսարանի ուսանող, այժմ, տողերիս գրելու ժամանակ հալածված մեկ եպիսկոպոս, որի՝ այդ ծայրագույն հոգևորական աստիճանի մեջ գտնված ժամանակ ոչ անունը գիտեմ և ոչ էլ ուր լինելը։ Գնացինք պարոնի հետ, բարձրացանք շատ սանդուղաներով և մտանք երկու իրարու հետ կից լուսավոր և մաքուր սենյակներ։
Առաջին սենյակը մտնելու պես, Աղափիրյանցը ձայն տվեց, դիմելով դեպի մյուս սենյակը։
— Դոդոխ․..
— Ո՞վ է, հարցրեց մեկ կիսաբուն մտած ձայն և մեկ քանի րոպեից հետո դուրս եկավ մեկ լավ կազմվածքի տեր հաստ և պինդ միջահասակ երիտասարդ։
Նա նայեց ինձ համարձակ, ես նայեցի նորան և իսկույն աչքերս գետին գցեցի մահապարտի նման։ Աղափիրյանցը բացատրեց պարոնին գերմաներեն իմ ով լինելը և ես հասկացա… հասկացա, որովհետև նա շատ անգամ կրկնեց «Չմշկյան»․․․ «Չմշկյան»․․․
Մինչև նոքա զբաղված էին իրանց, կարծեմ, կիսաուսում գերմաներենով, ես աչքիս տակ առա մտած սենյակիս որպիսությունը և գտա, որ այդ սենյակի մեջ շատ հայերեն գրքեր կային։
— Ո՞ւմ հետ եկար դու այստեղ,- վճռեցին հարցնել ինձ հայերեն պ. պ. Աղափիրյանց և Դոդոխյանց գերմանագետ երիտասարդները։
— Դուսնիվսկու հետ,- պատասխանեցի ես, համոզված, որ նորանք գիտեն պ. Դուսնիվսկու ինչ լինելը։
— Բայց ո՞րտեղ իջաք…
— Չեմ գիտե, պատասխանեցի ես վրդովված և լռեցի։
— Բայց ում մոտ ես եկել, — տանջեց ինձ Աղափիրյանցը․․․
— Չեմ գիտե, ես ունիմ նամակներ, և մի բան գիտեմ վստահությամբ,- շարունակեցի ես, որ այստեղ կա մեր նախկին տեսուչ Շանչիանցը և որ իմ եղբայր Գրիգորը այստեղ շատ բարեկամներ ունի․․․
— Ա՜, բացականչեց Աղափիրյանցը և սկսվեց գերմանական գիգլագաբանու-թյունը։
Իմ աչքերը միշտ ուղղված էին դեպի գեղեցկակազմ Վենետիկի տպագրության հայերեն գրքերը։
Շատ երկար խոսելուց հետո երկու նորագյուտ բարեկամներս հանկարծ սկսին սանդրվիլ, զարդարվիլ և դուրս գնացին սենյակից, պինդ կողպելով դրսից դուռը բանալիքով։
Ես մնացի մենակ չորս պատի մեջ, ուրեմն պետք էր, որ հետաքրքրվեի իմ շրջակայքովս, նկարած կարմիր կազմով հայերեն գրքերով, որի մեջ ես հույս ունեի գտնել հայր Գաբրիելի Տրոյական պատմությունից ավանդած մեզ, Ներսիսյան ուսումնարանի աշակերտներիս, անցքերի մասին տպված տեղեկություններ։ Իսկույն բանալիքի վերջին շրխկոցը լսելուց հետո դրսից, ես հարձակվեցի կարմրակազմ գրքույկի վրա և գտա իմ ցանկացած ստուգությունները՝ վերաբերյալ հոմերոսական պատմության։
Գրքույկի առաջին և իսկ հաղթանդամ նկարված պատկերի տակ ես կարդացի՝
Լիցիս և դու որպես և ես
Քաջ Տրոյացոց յուր ազգի։
ուրեմն սա, վճռեցի ես Հեկտորն է, քաջ ազնիվ միշտ հաղթող, յուր կրտսեր եղբոր Պարիսի անբարոյական ընթացքի հետքերի զոհ գնացող հերոսը, հանուն տրոյական ցեղի սերունդի պատվին։
Այսպես հափշտակվելով այդ գրքույկով եւ նորա միջի պատկերներով չնկատեցի թե ինչպես անցավ ժամանակը, որը մոտ էր կեսօրին…
Փորս քաղցեց, բանաստեղծական հափշտակությունս անցավ, ես մոռացել էի որ դուռը վրես կողպել էին, մոտեցա որ բանամ և ձեռքս չհասցրած դռան, հիշեցի որ ես կողպված եմ սենյակի մեջ։
Ընկա տխուր մտածմունքների մեջ․․․
— Ինչո՞ւ են ինձ բանտարկել,- մտածեցի ես,- միթե՞ կարծում են այդ երիտասարդները, որ ես անբարոյական երեխայի մեկն եմ, որ կարող եմ օգուտ քաղելով նորանց հյուրասիրությունից, կողոպտել նորանց… և ի՞նչ պիտի կողոպտեի, ուր տանեի կողոպուտը․․․
Սկզբում շվարեցի, հետո հուսահատվեցի և հապա անիծեցի իմ Թիֆլիզից դուրս գալու օրս։
Ինչքան ժամանակ մնացի դռան առաջ կանգնած այդ տեսակ մտատանջության մեջ չեմ հիշում, միայն վերջապես դուռը բաց արին դրսից և մտան ինձ բանտարկող բարեկամներս և հրավիրեցին գնալ նորանց հետ ճաշելու։
VI
Այդ երկու բարեկամներս շատ տարօրինակ մարդիկ էին։
Երկուսն ևս մի տեսակ հասկացողության, կարծիքի և ըստ երևույթին, մի բնավորության տեր մարդիկ էին, երկուսն ևս Լազարյան ճեմարանի աշակերտ, Դորպատի համալսարանի կիսավարտ ուսանողներ էին, բայց հաստատ բնավորության՝ հայ երիտասարդներ Աղափիրյան, Դոդոխ, երբեք ես ձեզ չեմ մոռանա։
Վերջապես ինձ տարան ճաշելու երկար բանտարկությունիցս հետո:
Նախ ես շատ ափսոսալով հեռացա այն բանտարկության սենյակիցս, ուր մնաց իմ «Հոմերոսիս» կարմրակազմ գրքույկը։
Երկրորդ՝ ուրախացա կարծելով, որ նորագյուտ բարեկամներս լավ կհյուրասիրեն ինձ, երկար ժամանակ անոթի թողնելուց հետո յուրանց ուսումնազարդ սենյակում։ Sie Transit gloria mundi: O~, բարեկամներ։
Երկար պտտելուց հետո զանազան ծուռ ու մուռ փողոցներով, մտցրին մեկ սենյակ, ուր և միայն մեկ պախլյոբկա (շոքրա) ուտացրին։
Հայտնի բան է՝ լավ է ուշ, քան երբեք։ Այս տեղից ընկերներս ինձ առաջարկեցին գնալ տեսակցության իմ վաղեմի՝ Ներսիսյան ուսումնարանի տեսուչ Շանշիանցին, որին ես սաստիկ ցանկանում էի տեսնել հուսալով, որ նա կհոգա իմ մասին: Այդպես էլ եղավ։
Պետրոս Շանշիանցը ինձ տեսնելու պես գրկեց, փայփայեց և շնորհակալություն անելուց հետո իմ նորագյուտ բարեկամներիս, որ ինձ տարան նորա մոտ, տեղավորեց մեկ սիրուն փոքրիկ սենյակի մեջ, լի զանազան զարդարուն կազմերով գրքերով։
— Մնացիք այստեղ, զավակս,- ասավ նա ինձ,- մինչև կհոգանք քո մասին։
Ո՛հ, ինչ լավ էր այդ փոքրիկ սենյակում, որի երկու պատուհանը նայում էր մաքուր հայաթին։ Տուն մտնելուս պես ես վերցրի փոքրիկ գրադարանից մեկ հաստ պատկերազարդ ֆրանսերեն գիրք և սկսեցի թերթել, երբեմն ուշադրություն դարձնելով մեկ քանի նախադասությունների վրա, հիշելով Բիրոնից ավանդած ինձ ի շարս կոնկոմբը բառի և mere, pere, fils բառերի նշանակությունը։
Մի քանի օրից հետո Շանշիանցը իմ նորագյուտ բարեկամներիս հետ միասին խորհրդակցելուց հետո, որոշեցին տալ ինձ ուսումնասիրելու մեկ որևիցէ արհեստ, որովհետև արքունական ուսումնարանը մտնելու համար ես չունեի ծննդական վկայական։ Մյուս առավոտը Աղափիրյանցը տարավ ու հանձնեց ինձ Նևսկի պրոսպեկտի վերա մեկ հարուստ ոսկերչի գործարան։ Սկզբում այդ գործարանը ինձ դուր եկավ, բայց երբ ինձ երեկոյան ցույց տվին իմ քնելուս տեղը, ուր պիտի մեկ սաժեն բարձրության, առանց սանդուխի բարձրանայի մեկ հաստակազմ չուխոն ընկերոջս օգնությամբ և հետո մտնեի կատարյալ մեկ հավաբուն կամ արջի բնակարան, որտեղ կարելի էր միայն նստել և քնել, իսկ ոչ կանգնել և ուր պիտի մեկ-մեկ հատ չոր տախտակների քնեինք երկուսովս, ես անիծելով Պետերբուրգն էլ, ոսկերչությունն էլ և ամեն տեսակ լուսավորությունն էլ, թողի գործարանը և փախուստ գնացի Շանշիանցի մոտ։
— Չէ, պարոն տեսուչ,- ասացի,- այդ իմ տեղը չէ, ես այդտեղ ոչինչ արհեստ չեմ կարող սովորել։
Հետո իմ ննջարանս նկարագրելուց հետո, ես հայտնեցի, որ Պետերբուրգ ես բան չեմ կարող շինել, ուրեմն լավ կլիներ, որ դառնայի հայրենիքս, ուր կարող էի մեկ ելք գտնել ինձ համար։
Վերջապես փախուստս Պետերբուրգից, այդ իմ կարծված երկնային դրախտից, ուր կամենում էի գտնել երկրորդ եդեմը։
Եկա Մոսկվա։ Այստեղ ես ուզեցի փորձել վիճել իմ բախտիս դեմ։
— Եթե ինձ չհաջողվեց մտնել արքունական ուսումնարան, չհաջողվեց ոսկերչություն սովորել– մտածեցի ես, մեկ խոսքով եթե ինձ չհաջողվեց Պետերբուրգում, կհաջողվի մեկ ելք գտնել Մոսկվայում։
Մոսկվան իմ երևակայությանս մեջ ստեղծված եդեմներից երկրորդն էր, առավելապես որ այնտեղ էր Լազարյանց ճեմարանը, այդ հայ երիտասարդության ուսման կատարյալ շտեմարանը, որտեղ ավարտել էր իր ուսումը իմ եղբայրս և նորա մի քանի ընկերները, որոնք համարվում էին այդ ժամանակ Թիֆլիզում ամենակատարյալ ուսումնականները։
Ընկա ես մեկ բախդախնդիր տիրացուի ձեռքը, որը իմ ցանկությունս լսելուց հետո, որ ես կամենում եմ ուսումնական մարդ լինել և որ ուզում եմ այդ բարձր ուսումը անպատճառ ստանամ Լազարյանց ճեմարանում, նա ինձ խորհուրդ տվեց դիմել ուղղակի նորին գերազանցության, չգիտեմ որ Լազարեվին, որ այդ ժամանակ գտնվում էր Մոսկվայում, ամեն օր համարյա այցելում էր ճեմարանը։
— Նա շատ բարի մարդ է,- ասաց ինձ տիրացուն– ազգասեր, գնա ճեմարան, վաղը ժամը 10–ին նա այնտեղ կլինի, աղիողորմ ձևով խնդրիր, նա կընդունի քեզ։
— Ինչպես թե աղիողորմ,- ասացի ես,- միթե ճշմարիտ իմ դրությունս լավ է։
-Բան եմ ասում,- ասաց տիրացուն, կրկնելով միշտ, որ «ես աղիողորմ ձևով» պիտի խնդրեմ։
Մյուս օրը ուղիղ տասը ժամին ես ներկայացա ճեմարանի դահլիճը, ուր գտա հինգ թե վեց, մեկը մյուսից կարճաբոյ վեց մունդիրներ հագած մարդիկ։ Այդ կարճաբոյ մարդկերանցից, երկու ամենակարճերը միմյանց մոտ էին նստած և իսկույն նկատելի եղավ որ այդ երկուսից մեկը իշխողն է, մյուսը նորա հրամանակատարը։ Եվ ես գնացի իսկույն իմ երեխայական հոգովս, որ մեկը ինքը Լազարեվը պիտի լինի, մյուսը ճեմարանի տեսուչ Էմինը։
Էմինը մոտեցավ ինձ և բան հարցուց թե ոչ, չեմ հիշում, միայն լավ միտս է, որ ազգանունս արտասանելուն պես նա խոժոռ դեմք ստացավ և հայտնեց մյուս կարճ, իշխող մարդուն, որը հետաքրքրված մոտենում էր ինձ, որ «տեղ չկա»։ Դու նորա եղբա՞յրն էս,- հարցրեց Էմինը։
— Այո, ասի ես, խնդրում եմ ի սեր աստծո ու արտասունքը վազեց աչքերիցս։
— Տեղ չկա, սիրելիս, տեղ չկա,- վճռական ձևով հայտնեց ինձ Էմինը և դառնալով Լազարեվին, որ կարծես սկսել էր կարեկցել ինձ «նելզյա», «նելզյա» (չի կարելի) բացականչելով դուրս գնացին կորիդորը։
Ես հետևեցի նորանց, խեղդվելով արտասունքից, ես չէի ուզում դուրս գնալ ճեմարանից, ես կամենում էի մնալ այստեղ, ես կամենում էի ուսում ստանալ, շատ բան սովորել․․․ բայց մերժեցին․․․
VII
Պետք էր դառնալ Թիֆլիզ։ Մտածեցի, վճռեցի և սկսեցի որոնել միջոցը։ Իմ բախտիցս հենց այդ միջոցում ժամանեց Մոսկվա իմ տեսչիս եղբայրը։
Բախդախնդիր տիրացու բարեկամս, հաղորդելով այդ լուրը ինձ, շատ որոշ ձևով առաջարկեց այսուհետև հանգիստ թողնել նորան և դիմել տեսչիս հարուստ կալվածատեր եղբորը, որը կհոգա իմ Թիֆլիզ վերադառնալու մասին և ավելացրեց, տիրացու բարեկամս, որ նա, տեսչիս եղբայրը, Ն․ Շ․ իջել է «Կուզնեցկի մոստ» անվանված փողոցի վերա գտնված մեկ շքեղ հյուրանոցում, եթե չեմ սխալվում «Hotel de France» անունով։
Առավոտ վաղ ես համարյա ամբողջ Մոսկվան պտտելուց հետո, գտա «Կուզնեցկի մոստը», հետևապես և Hotel de France։
Գտա ապագա բարերարիս համարը, մտա և տեսա երկու միջահասակ, գեղեցիկ կազմվածքով մարդիկ, որոնք, ինչպես երևում էր, նոր էին վեր կացել անկողնից և տեղավորելով իրանց պայուսակները, միևնույն ժամանակ մեծ ախորժակով ուտում էին սեխ, աղ ու պղպեղ արած վրան։ Առավոտյան կանուխ սեխ ուտել և այն էլ աղով ու պղպեղով, դա տարօրինակ բան էր ինձ համար…
Բայց ինձ ինչ փույթ… ինձ հարկավոր էր դիմել տեսչիս եղբոր պ․ Ն․ Շ․ օգնության, որին և իսկույն ճանաչեցի՝ սեխը ձեռքին, իսկ դիմացս կանգնած բաճկոնով մարդուն, որին արդեն պատահել էի Պետերբուրգ մոտենալուս․․․ նա ևս իսկույն ճանաչեց ինձ։
-Ինչպես դու հասար այդպես շուտով Պետերբուրգից,- հարցրեց ինձ պ. Ն․ Շ․։
-Այո, պարոն, պատասխանեցի ես լալագին ձևով։
-Եղբայրս չկարողացա՞վ քեզ համար բան շինել։
Մեկ քանի խոսքով ես բացատրեցի գլխիս եկածը։
-Ուրեմն դու կամենում ես Թիֆլիզ վերադառնալ։
-Ուրիշ միջոց չունեմ:
-Լավ, ընդմիջեց բարի մարդը, ուրեմն ես կկարգադրեմ, դու վաղը դիմիր Իլինկա անվանված փողոցը Ս․ Ջ․ մագազինը և այնտեղ կստանաս Թիֆլիզ դառնալու պատվերը։
Ճշմարտությամբ մյուս առավոտը դիմեցի ես պատվիրած ինձ համարը, որի դռների մեջ իսկ գտա անվրդով ձևացած մեկ կարճահասակ մարդու։ Ինչպես երևում էր՝ նա տերն էր այն խանութի, կամ մագազինի։
Ինձ տեսնելուն պես նորա առաջին հարցն եղավ,- Դո՞ւ ես Չմշկյանը։
Այդ մարդը շատ կարճահասակ էր, նիհար, նման էր «բադաղխանու» անվանված խանութներում գտնված այն տեսակ պրիկազչիկներին (գործակալներին), որ այդ հիսունական թվականներին երթևեկելով Ռուսաստան–Նիժնի-Նովգորոդից Մոսկվա և այլ տեղերը զանազան տեսակ տրակտիրներ (հյուրանոցներ) ուսումնասիրելուց հետո միայն մեկ լուսավորության ձև էին ըմբռնել, այն է «չայկա» անվանված խալաթաձև վերնազգեստ հագնելը։
-Այո, պատասխանեցի ես։
-Ինչո՞ւ ես դու նեղություն տալի մարդկերանց․․․
Ես շվարեցի…
-Ինչպես, հարցրի ես։
-Ինչու համար ես Մոսկվա եկել, ուրիշներին ծանրություն պատճառելու համար․․․
Ես թեև վիրավորվեցի, բայց խոսք չգտա պատասխանելու ու մնացի քարացած․․․
-Գնա, հեռացիր այստեղից, վաղը ես կհանձնեմ փողը Շոլկովին, նա քեզ կհասցնև Նիժնա (Նիժնի — Նովգորոդ), իսկ այնտեղից գնա ուր կուզես, միայն այլևս չդառնաս Մոսկվա։
Ասավ, և թողնելով ինձ ինչպես ասի շվարած՝ դուրսը տրատուարի վրա։ Պարոնը ներս մտավ յուր խանութը։
Փոքր ինչ արձանացած մնալուց հետո, ես վերջապես սթափվեցի և դարձյալ անիծելով իմ Թիֆլիզից դուրս գալու օրը, հեռացա չույկասեր երիտասարդի խանութից։
Տիրացուի մոտ դառնալը ինձ անհնարին թվաց, որովհետև նա ինձ արդեն ճանապարհ էր ցույց տվել, ուրիշ ոչ ոք մտերիմ մարդ չունէի Մոսկվայում․․․
Ուր գնամ, հարցնելով ես ինքս ինձ, մեքենայաբար քայլելով հասա մեկ ինչ որ քարվանսարայի կիսաօթելի պես մեկ բան, ուր իջնում էին միշտ հայ վաճառականները և որին անվանում էին Ալեքսանդրովսկի Պոդվորիե։
Բարձրացա սանդուխներով, մտա կորրիդորը, և ընկա առաջին պատահած նստարանի վրա:
-Գուցե մեկ ծանոթ մարդ պատահի ինձ, մտածեցի ես, որը և մեկ ինչ բարի խորհուրդ կտա։
Հանդեպս բացվեց մեկ դուռ, որտեղից դուրս եկավ Թիֆլիզի տեղական հագուստով մեկ մարդ, որը ինձ տեսնելուն պես կանգ առավ և հարցրեց իմ ով լինելս։
Ես պատասխանեցի։
-Ա՛, դու Տեր Արությունի որդին ես, ասաց անծանոթը ու ներս հրավիրեց ինձ յուր սենյակը․ դա մեկ մեծ սենյակ էր, որի մեջտեղը դրած էր մեկ մեծ սեղան և նորա շուրջ երեք կին մարդ էին նստած, որոնք զբաղված էին թիֆլիզաձևի հագուստների կարով։
Իսկույն ինձ հասկանալի եղավ, որ այդ մարդը Թիֆլիզի դերձակներից մեկն է, որ եկել է Մոսկվա ինձ պես բաղտ որոնելու:
Այդ մարդը ինձ մեկ քանի օր հյուրասիրելուց հետո, վերջապես համեմատ տեսչիս եղբոր կարգադրության՝ ճանապարհ ձգեց ինձ մեկ ինչ որ պ․ Շոլկովի հետ Նիժնի– Նովգորոդի վաճառահանգեսը, որտեղից ես պետք է մեկ որևիցե ծնողացս ծանոթ մարդու հետ դառնայի հայրենիքս։
VIII
Այս տեղից սկսվում է իմ այլ տեսակ ոդիսականս։ Պ․ Շելկովը մեկ բարձր ու նիհար ծուռտիկ հայացքով մարդ էր։ Նորա տարանտառ անվանված կառքի մեջ Մոսկվայից իսկ տեղավորվեցինք չորս մարդ, երեքս հայ, մեկ ռուս։ Մենք թափված էինք այդ կառքում ինչպես ապրանք, իրարու կողքին դարսված ճանապարհորդում էինք անդադար, գիշեր ու ցերեկ։ Քանի եղանակը լավ էր, այնքան արգելք չէինք միմյանց, բայց երբ երրորդ գիշերը սկսեց անձրևել, այն ժամանակ պետք եղավ ծածկել տարանտառի բաց կողմը և չորրորդ անձնավորությունը այդ դեպքում արգելք էր դառնում այդ բանին։
Ընկերներս խորհուրդ կազմեցին և վճռեցին, որ ես իբրև դեռահաս կարող եմ առավել դիմացկուն լինել և վճռեցին նստացնել ինձ դուրսը՝ կառապանի կողքին։
Այդպես էլ արին, նստեցրին դուրսը սաստիկ անձրևի տակ, առանց որևիցե վերարկուի, կոպիտ կառապանի մոտ, որ ամեն մեկ ձեռքը շարժելուն, անպատճառ մեկ բռունցք էր հասցնում կողքիս։ Ներսը ընկերներս սկսեցին քնանալ տաք ծածկված տարանտառի մեջ։ Իմ քունս էլ սկսեց տանել։
Շալկովը, որ ինչպես ասի, տերն էր տարանտառի, և մի տեսակ հրամանատար էր մեր ամենքիս վերա, նաև ինձ վերա, իբրև մեկ անպաշտպան էակի, հանձնված նորա հովանավորությանը, սկսեց վրդովվել և անհանգստանալ, արտահայտելով այդ յուր զգացմունքը այնպիսի մեկ բազարային հիշոցներով, որ քիչ էր մնում թռչեմ գետին և մնամ միայն անապատի մեջ։
Նա նկատեց, որ ես տատանվում եմ նստած տեղս և կարծելով, որ կարող եմ քուն մտնել և հետևապես անզգալի կերպով կարող եմ կառքից վեր ընկնել, սաստկացրեց իր անվայել հիշոցները և հանկարծ հարձակվեց հետևիցս, սկսեց ինձ պինդ կապկպել մեկ չվանով նստարանիս շուրջի երկաթներից։
-Էդենց, այ քու հերն․․․ որ վեր ընկնես իսկ կուսատկիս, իժում ինչ պատասխան տամ քու ինձ պահ տվողին։
Եվ այդպես կապկպած, անքուն, թրջված վերջապես հասանք Նիժնի, որի զաստավի մոտ միայն ազատվեցա կապանքներիցս։
***
Նիժնի մտնելուս, այնտեղից դուրս գալու օրից, ես փակում եմ տխուր անցյալս սև և մութ վարագույրով։
Ես մանուկս զզվեցի այդտեղ ինձ ամենամերձ շրջապատող հայ թե ծեր, թե երիտասարդ վաճառականությունից։
Նորից դառա Մոսկվա, որտեղից արդեն դառա բոլորովին զգաստացած Թիֆլիզ անիծելով իմ երեխայական ձգտումներս։
ՄԱՍՆ Բ
Վերադարձա հայրենիքս և այդ վերադարձը թվաց ինձ այնպես, ինչպես կթվար այդ դեպքը մեկ այնպիսի հարբեցողին, որ առաջին բաժակ գինին շրթունքներուն մոտ տանելու միջոցին երբեք չի մտածել, թե նորան մյուս օրը հարբած դրության մեջ կգտնեն։
Վերադարձիս առաջին օրը Թիֆլիզ մտնելուս ինձ թվաց, թե ես երբեք Թիֆլիզից դուրս չեմ եղել, և թե երեվի հեռացել եմ այդ քաղաքից անգիտակցաբար, հրապուրված որևէ ընկերական զվարճմունքի ազդեցության ներքո։
***
Երբ հարբեցողը զարթնում է և գտնվում է յուրան անպատշաճ դրության մեջ, նա անմիջապես աշխատում է զգաստանալ։
Այդպես էլ պատահեց, ներկայացա ծնողներիս: Նորա դեռ ցույց տվեցին, որ ուրախ են վերադարձիս․․․ հետո ես զղջացի արածիս համար, նորա անպայման սիրեցին ինձ և ներեցին արածս սխալմունքները։
Հիսուն ու մեկ թվականն էր… ես արդեն մտել էի իմ տասն և հինգերորդ պատանեկան հասակս, հետևապես և պիտի մտածեի, որ այնուհետև այնքան ծախսերի ենթարկելուց հետո իմ խեղճ հորս, որ գրոշներ գանձանակ ստանալով կարողացավ մի ահագին գումար վաթսուն ռուբլի (այո, 1850 թվականին 60 ռ․ մեծ գումար էր) յուր ընտանիքյան պահանջի բյուջեից, իմ երեխայական ցնորքներիս համար զոհել, մտածեցի, որ այլևս ես պիտի մի ելք գտնեմ, որով կարողանամ օգնության հասնել հորս։
Անմիջապես մի քանի օր տատանվելուց հետո, ես հայտնեցի այդ իմ միտքս հորս… Հայրս խորհրդակցեց մեծ եղբորս հետ և վճռեցին, որ ես կարող եմ այդ ժամանակվա գիտեցած ռուսերենովս չինովնիկ դառնալ, հետևապես և օգտավետ անգամ մեր ընտանիքին:
Չափեցին, ձևեցին և վճռեցին, որ ես կարող եմ մտնել «Կազիոնայա պալատա» անվանված տերունական հիմնարկությունը, ուր մի ոմն «Գրիգոր Պավլիչ» չինովնիկի ստորագրության ներքո կարող եմ ժամանակով երեվելի չինովնիկ դառնալ։
Սկզբում ես փոքր ինչ բողոքեցի այդ ընտանեկան վճռի դեմ, հայտնելով իմ ձգտումս դեպի զինվորական ասպարեզը, բայց վերջ ի վերջո մտա «Կազիոննի պալատ»-ը և սկսեցի, հմուտ չինովնիկ Գուբերնսկի սեկրետար մի շատ դատարկագլուխ պարոնի իշխանության ներքո «ելից» և «մտից» թղթերի հաշվապահությունը։
Երկու թե երեք ամիս կարծեմ կարողացա միայն այդ անհասկանալի ինձ համար պարապմանքը շարունակելու, մինչև որ պատահմամբ տեղեկացա, որ նոր գոյություն ունեցող Թիֆլիզում երկրաչափական ուսումնարանում հերթ կա մի նոր հռչակավոր աշակերտ ընդունելու։