ԱԶԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ/ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
Գործող անձինք
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ
ԲԺԻՇԿ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ
ԱՂՋԻԿ
ԲԱՆՏԱՊԵՏ
ՔԱՀԱՆԱ
ՇՂԹԱՅԱԿԱՊ ՄԱՐԴ
ԲԱՆՏԱՊԱՆ
ՄՈՆԹ
Գործողությունը տեղի է ունենում Հայաստան աշխարհում, 1920 թվի գարնանը:
ՆԱԽԱԲԱՆ
Փակ վարագույրի ետևից լսվում է տղամարդու թավ ձայն:
— Երբ մահվան հրեշտակը փչե յուր փողը խիստ,
Ահեղ դատաստանին կանչե տղա ու ծեր,
Այդ ահասաստ օրը՝ հիշի՛ր ամենքին, տե՛ր,
Հիշիր մեռյալներին, որ քնած են հանգիստ…
Վարագույրի առջևով համրաքայլ անցնում է ծեր Քահանան, ետևից՝ Մոնթը կաշեկազմ մի գիրք կրծքին սեղմած: Վարագույրի ետևից լսվող ձայնը շարունակում է:
— Գաղտնյաց գիրքը բացած, երբ բազմես դու ի նիստ,
Երբ վերջին սարսափանքից դողան տղա ու ծեր,
Այդ ահասաստ օրը՝ հիշի՛ր ամենքին, տե՜ր,
Հիշի՛ր մեռյալներին, որ քնած են հանգիստ…
Քահանան մի պահ կանգնում ու ցածրաձայն դիմում է իր ետևից եկող Մոնթին:
ՔԱՀԱՆԱ – Որդյակ իմ, ժամն է պատարագի, ժամկոչին ասա թող զանգերը տա:
ՄՈՆԹ – (խոնարհ գլուխ տալով): Լսում եմ, տեր հայր…
Նրանք գնում են տարբեր ուղղություններով: Խորքից լսվող եկեղեցու զանգերի ուղեկցությամբ, դանղաղ բացվում է վարագույրը:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
Քաղաքային բանտ: Բանտի բակի վրա բացված վանդակապատ լուսամուտ: Լուսամուտից դուրս է նայում երիտասարդ մի բանտարկյալ: Դրսում, բանալիների խուրձը թևքին գցած, ետ ու առաջ է անում ծեր բանտապանը: Մոտակա եկեղեցուց լսվող զանգերի ձայնը շարունակվում է:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Հե՜յ, ծերուկ…
ԲԱՆՏԱՊԱՆ — (չի պատասխանում):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Լսիր, քիչ առաջ արագիլ իջավ բանտի տանիքին, դա լա՞վ նշան է, թե՞ վատ…
ԲԱՆՏԱՊԱՆ — (դարձյալ լուռ է):
ԲԱՆԱՐԿՅԱԼ — Լուսահոգի հայրս միշտ ասում էր, որտեղ արագիլ իջավ, էնտեղ հաջողություն կլինի։
ԲԱՆՏԱՊԱՆ — (եկեղեցու զանգերը լսելով, մի պահ կանգնում, խաչակնքում է):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բանտի բանալիները ձեռքիդ խաչակնքում ես: Խաչակնքիր, խաչակնքիր, թե կարող ես ինձ համար էլ խաչակնքիր… (Երգում է, բայց ձայնի մեջ տագնապ կա, անհանգստություն): «Կանչե, կռունկ, կանչե, քանի գարուն է…» (Բանտապանին, համբերությունից դուրս գալով): Լսիր, դու մարդ ես, չէ՞: Տեսնում ես սիրտս պայթում է, գոնե մի բերան խոսիր…
Բանտապանը հեռանում է: Բանտի բակով անցնում է տասնութ-տասնինը տարեկան մի աղջիկ. դույլերը ձեռքին, մազերը ուսերին շաղ տված: Բանտարկյալ տղան ձայնում է նրա ետևից:
Հե՜յ, աղջի…
ԱՂՋԻԿ — (թեթևակի մի hայացք է գցում Բանտարկյալին ու լուռ շարունակում իր ճամփան):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Լսիր, այդ ի՞նչ ես տանում։
ԱՂՋԻԿ — (դույլերը մի պահ ցած դնելով): Մածուն։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Տեսնում եմ, որ ջուր է։
ԱՂՋԻԿ — Որ տեսնում ես, էլ ո՞ւր ես հարցնում:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ուզում եմ ջուրը շաղ տաս, խշշոցը լսեմ։
ԱՂՋԻԿ — Մի սրան տես, է՜։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Լսիր, դու այu որտեղի՞ց լույս ընկար։
ԱՂՋԻԿ — Սարերից։
ԱՆՏԱՐԿՅԱԼ — Սարերում սինձը հիմա դուրս է եկել։
ԱՂՋԻԿ – Է՜, քեզ ինչ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Կգնայինք միասին սինձ քաղելու:
ԱՂՋԻԿ — (հեգնորեն ծոր տաlով): Միասի՜ն…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Սպասի՛ր։
ԱՂՋԻԿ — Ի՞նչ ես ուզում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչ լավիկն ես, գրողը տանի։ Լսիր, մերդ ինձ փեսա չի՞ ուզի։
ԱՂՋԻԿ — Հարսանիքը ճաղերի ետևո՞ւմ պիտի անես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ախ, եթե հիմա իմ կողքին լինեիր։
ԱՂՋԻԿ — Իսկ քեզ ինչի՞ համար են թառեցրել այդտեղ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Քեզ համար։
ԱՂՋԻԿ — Արդեն երևում է ինչ պտուղն ես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՛նչ պտուղն եմ։
ԱՂՋԻԿ — Այդ քո մասի՞ն են բոլորը խոսում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ են խոսում…
ԱՂՋԻԿ — (վերցնում է դույլերը, պատրաստվում է գնալ):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Սպասի՛ր, մի գնա… Մի րոպե սպասիր… (Բռնում է փորն ու դեմքը ցավատանջ կծկում): Ա՜հ…
ԱՂՋԻԿ — (դույլերը ցած դնելով, անհանգիստ): Ի՞նչ եղավ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (տնքալով): Անիծվածն էլի բռնեց… Երկու օր է ներսս տակն ու վրա է լինում, ինչի՞ց է, չգիտեմ…
ԱՂՋԻԿ — Միևնույն է, դա քեզ չի փրկի։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչի՞ց:
ԱՂՋԻԿ — Դու լավ գիտես, թե ինչի՞ց։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Լսիր, դու կարծեմ այստեղ, բանտի հիվանդանոցում ես աշխատում, չէ՞:
ԱՂՋԻԿ — Ասենք թե, հետո՞։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հիվանդանոցում ի՞նչ ես անում։
ԱՂՋԻԿ — Երգում եմ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չէ, ճիշտ, բժշկուհի՞ ես, թե՞ գթության քույր։
ԱՂՋԻԿ — Գթության քույր։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իսկապե՞ս։ Բա ինչի՞ ես այդքան անգութ…
Նախաբեմով անցնում է Բանտապանը՝ բանալիների խուրձը ձեռքին: Առջևը գցած նա տանում է շղթայակապ մի մարդու: Շղթայակապի շորերը պատառոտված են, մազերը գզգզված, դեմքը տանջահար ու արյունոտ: Բանտարկյալ տղան ու Աղջիկը հայացքով ուղեկցում են նրան: Եկեղեցում սկսվում է ժամերգությունը:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (հայացքը նրանց գնացած ուղղությամբ, Աղջկան): Լսիր, դու կիմանաս, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են բոլորն իրար անցել:
ԱՂՋԻԿ — Չգիտեմ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ասում են բանտարկյալ է փախել հիվանդանոցից, ճի՞շտ է։
ԱՂՋԻԿ — (հարցից խուսափելով): Չգիտեմ, ես ոչինչ չգիտեմ…
ԲԱՆՏԱՊԱՆ — (որ նորից երևում է բեմում): Հե՜յ, աղջի, դու դեռ էստե՞ղ ես։ Գործիդ գնա, արգելված է…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Տանջեք մարդկանց, չարչարեք, խաչեք։
ԲԱՆՏԱՊԱՆ — Սատկացնել է պետք բոլորիդ, սատկացնել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչո՞ւ ես հոգուդ մեղք անում, ծերուկ։
ԲԱՆՏԱՊԱՆ — Անիծվածներ, մեր ու մանուկ ուրացաք, երկիրը սոդոմգոմոր դարձրիք։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մոլորեցրել են քեզ, ծերուկ: Դու, ավելի լավ է, խաչակնքիր… (Եկեղեցուց լսվող ժամերգությունը շարունակում է): Լսո՞ւմ ես, պատարագը սկսվեց։ Մարդիկ եկեղեցում աղոթում են, իսկ դու…
ԲԱՆՏԱՊԱՆ — Քեզ նմանների հոգու փրկության համար են աղոթում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հոգու փրկության համար… (Քրքջում է, ապա միանգամից լրջանալով, մտազբաղ ավելացնում): Մարմինս ձեզ, իսկ հոգիս Աստծո՞ւն…
ԱՂՋԻԿ — (ապշահար նայում է տղային):
ԲԱՆՏԱՊԱՆ — Անհավատներ, կքանդեք բոլոր եկեղեցիները։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Զանգերը կպահենք: Հա՛, հա՜, ծերուկ, կպահենք զանգերը, թող միշտ զանգեն, թող խլացած աշխարհն իմանա, որ Հիսուսները միշտ էլ խաչվելու են… (Վանդակն ընկած վագրի նման ծառս լինելով, կոկորդով մեկ բղավում է): Մի՜շտ, մի՜շտ, մի՜շտ, մի՜շտ…
Նրա այս կրկնվող բառերը դառնում են արձագանք և գնում, խառնվում եկեղեցուց լսվող ժամերգությանը: Աղմուկի վրա բակ է ընկնում կատաղած Բանտապետը և բռունցքները սեղմած, սպառնալից նայում Բանտարկյալին:
Տեսարան երկրորդ
Բանտի հիվանդանոց: Բժշկի սենյակ: Դիմացը մի մեծ լուսամուտ, որտեղից երևում է բանտի մի մասը և նրա մոտ գտնվող եկեղեցին: Սենյակի անկյունում լծակավոր մի մեծ ժամացույց և դեղորայքով ու բժշկական գործիքներով լի պահարան: Լուսամուտի գոգին կանգնել է նույն աղջիկը, որին տեսանք բանտի բակով ջուր տանելիս: Աղջիկը ապակիներն է լվանում: Նա լուսամուտից մի պահ նայում է ցած և իսկույն փեշերը հավաքում ոտքերի արանքում:
ԱՂՋԻԿ — (ինքն իրեն, սրտնեղած): Ոնց է աչքերը տնկել վերև։ Անամոթ… (Իջնում է լուսամուտի գոգից ու դույլի ջուրը շփում դեպի դուրս):
ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — (դրսից): Լսիր, հե՜յ, ի՞նչ ես անում:
ԱՂՋԻԿ — (լուսամուտից դեպի ցած): Իսկ դու ի՞նչ ես այդտեղ ցցվել։ Մի դրան տեսեք, լուսամուտների տակ է պահակություն անում։ Թրջած հավ…
Մտնում է Բժիշկը, քառասունին մոտ, բարեկիրթ դեմքով մի մարդ՝ պենսնեն աչքերին: Բաց թողած սպիտակ խալաթի տակից երևում է նրա սպայական համազգեստը: Բժիշկը ինչ-nr բանից սաստիկ վրդովված ետ ու առաջ է անում սենյակում: Աղջիկը հայացքը չկտրելով նրանից, սկսում է հավաքել դես ու դեն թափված իրերը: Հնչում են սենյակում գտնվող հնամենի ժամացույցի զանգերը:
ԲԺԻՇԿ — (այլայլված): Նորի՞ց… (Աղջկան): Քեզ քանի անգամ են ասել, որ այս անտեր զանգերն ազդում են ջղերիս վրա։ Ինչո՞ւ ես նորից լարել ժամացույցը։
ԱՂՋԻԿ — Իսկ ի՞նչ անել, ինչո՞վ լցնել այս անտանելի լռությունը։
ԲԺԻՇԿ — Վերջ տուր։
ԱՂՋԻԿ — Ի՞նչ է պատահել, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Քիչ առաջ, բակից ջուր բերելիս, դու խոսե՞լ ես բանտարկյալի հետ…
ԱՂՋԻԿ — (լուռ է):
ԲԺԻՇԿ — Քեզ եմ հարցնում, խոսե՞լ ես։
ԱՂՋԻԿ — Խոսել եմ, իսկ ի՞նչ կա որ…
ԲԺԻՇԿ — Դե իհարկե, քեզ համար ինչ կա որ… Քեզ համար ամեն ինչ կատակ է, խաղ ու պար… (Խիստ): Ի՞նչ էր խոսում բանտարկյալը քեզ հետ։
ԱՂՋԻԿ — Ոչինչ, նա ասում էր, որ ես շատ եմ դուր եկել իրեն։
ԲԺԻՇԿ — Դու քեզ չափից ավելի ազատ ես պահում։
ԱՂՋԻԿ — Ես բանտարկյալ չեմ։
ԲԺԻՇԿ — Բայց բանտն էլ կարծեմ բուլվար չէ, օրիորդ, որ ամեն մեկի հետ կանգնեն, ժամերով ջուր ծեծեն:
ԱՂՋԻԿ — Հետո ի՞նչ։
ԲԺԻՇԿ — Դու երևի չես հասկանում, թե ինչ է նշանակում խոսել մեկի հետ, որը դատապարտված է մահվան։
ԱՂՋԻԿ — Մենք բոլորս էլ դատապարտված ենք մահվան…
Մտնում է Բանտապետը մի սև կատու գրկին: Աղջիկը վերցնում է դույլերն ու արագ դուրս գնում, տանելով իր ետևից Բանտապետի հայացքը:
ԲԱՆՏԱՊԵՏ — (հայացքը աղջկա գնացած ուղղությամբ): Կարող եմ ուրախացնել ձեզ, բժիշկ։
ԲԺԻՇԿ — Ինչի՞ մասին է խոսքը, չեմ հասկանում։
ԲԱՆՏԱՊԵՏ — Կարծեմ քեզ օգնական էր հարկավոր։
ԲԺԻՇԿ — Պահանջը ես վաղուց եմ ներկայացրել։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ձեր պահանջը հարգված է, բժիշկ։ Խնդրեմ, կարդացեք… (Մի բաց ծրար է մեկնում նրան և օրորվելով գալիս, տիրաբար փլվում բազմոցին):
ԲԺԻՇԿ — (աչքի անցկացնելով գրությունը): Ալիս… Ալիս…
ԲԱՆՏԱՊԵՏ — Հուսով եմ, որ այդ գեղեցիկ կնոջ ներկայությունը շատ բան կփոխի այստեղ։
ԲԺԻՇԿ — Ո՞վ է այդ Ալիսը։
ԲԱՆՏԱՊԵՏ — Բարձրատոհմիկ մի կին, որը գեղեցիկ է ու հրապուրիչ։
ԲԺԻՇԿ — Իսկ ի՞նչն է ստիպում այդ բարձրատոհմիկ կնոջն աշխատանքի անցնել այս մռայլ պատերի մեջ:
ԲԱՆՏԱՊԵՏ — Կարծեմ նա բժշկուհի է։
ԲԺԻՇԿ — Ինչ արած, ավելի լավ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Դուք չնաշխարհիկ օգնական եք ունենալու, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Ինչո՞ւ օգնական։ Նա կարող է լիովին փոխարինել ինձ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Փոխարինել ձե՞զ։
ԲԺԻՇԿ — Հոգնել եմ, ժամանակն է, որ ես թողնեմ այս բանտը:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ինչի՞ համար են այդ խոսքերը։
ԲԺԻՇԿ — Ես զինվոր եմ, բանտապետ, ազգին ու հայրենիքին զինվորագրված բժիշկ։ Ես բուժել եմ թշնամու դեմ կռվող վիրավոր զինվորներին, որոնք իրենց վերջին կաթիլ արյունը չէին խնայում ազգի փրկության համար։ Իսկ հիմա, ինչո՞վ եմ զբաղված ես հիմա։ Ո՞ւմ եմ բուժում, ինչի՞ համար եմ բուժում…
ԲԱՆՏԱՊԵՏ — Ձեր ներվերը բոլորովին թուլացել են։
ԲԺԻՇԿ — Դուք իրավունք չունեք այդպես տանջել մահապարտին։
ԲԱՆՏԱՊԵՏ — Իրավո՞ւնք։ Բանտում իրավունքից խոսում են միայն բանտարկյալները։
ԲԺԻՇԿ — Ես բժիշկ եմ, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ – Այո, բայց մի մոռացեք, որ բանտն էլ իր օրենքներն ունի…
Լսվում է Աղջկա ձայնը, որ հավանաբար միջանցքում վեճի է բռնվել պահակներից մեկի հետ:
- Ինչ ես դուռը բռնել, կանգնել, ապուշ։
- Դե՛, դե՛, լեզուդ քեզ քաշի։ Ինձ ոնց կարգադրել են, էնպես էլ անում եմ։
- Քեզ կարգադրել են հիվանդանոցի դռանը պահակություն անել և ոչ թե այստեղ…
ԲԺԻՇԿ — Ահա ձեր օրենքները, բանտապետ, հիացեք: Հիվանդանոցը լցրել եք պահակներով։ Միջանցքում, դրսում, ամեն տեղ պահակ… շնչել չես կարող։
ԲԱՆՏԱՊԵՏ — Մի մոռացեք, որ երկու օր առաջ բանտարկյալ է փախել հիվանդանոցից… (Կատվին շոյելով, նենգորեն): Եթե փախստականը չբռնվեց…
ԲԺԻՇԿ — Ի՞նչ եք ուզում ասել։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ոչինչ, պարզապես դուք ավելի կարևոր բանով պետք է մտահոգվեք, քան այդ մահապարտով, որի կողերը մենք մի փոքր շոյեցինք։
ԲԺԻՇԿ — Շոյեցի՜ք։ Ինչպես հիմա ձեր կատվին…
ԲԱՆՏԱՊԵՏ — Ինչ է, դժգո՞հ եք։
ԲԺԻՇԿ — Մահվան դուռը հասցնել բանտարկյալին, իսկ հետո, բժիշկ, արի ու փրկի:
ԲԱՆՏԱՊԵՏ — Դուք գուցե մետաքսե անկողին կպահանջեիք նրա համար, շքեղ մոմակալներով վառվող մոմեր, որ գիշերները պառկած Կոմս Մոնտե Քրիստո կարդա։ Սա բանտ է, բժիշկ, բանտ։
ԲԺԻՇԿ — Բայց մի մոռացեք, որ բժիշկ դառնալուց առաջ ես սրբազան երդում եմ տվել մարդու համար:
ԲԱՆՏԱՊԵՏ — Հըմ, մա՜րդ… Դուք գուցե ուզում էիք ասել անատոմիական կառուցվա՞ծք, որի երակներով ինչ-որ հեղուկ է հոսում։
ԲԺԻՇԿ — Վերջ տվեք, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ – Այո, բժիշկ, մի հեղուկ, որով շնչում ու ապրում են աշխարհի բոլոր արժան ու անարժան արարածները…
ԲԺԻՇԿ — Վերջ տվեք։
ԲԱՆՏԱՊԵՏ — (համառորեն շարունակելով): Մի հեղուկ, որը տեսնելիս այս թշվառ կենդանին անգամ զզվանք է զգում։
ԲԺԻՇԿ — Դուք հարբած եք, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Հարբա՞ծ։ Այո, հարբած… Իսկ ո՞վ չի հարբած գրողի տարած այս աշխարհում… (Վեր է թոչում ու խեղդված ձայնով բղավում): Ձեզ եմ հարցնում, ո՞վ… Գիտեմ, դուք ատում եք ինձ։ Դուք բոլորդ էլ ատում եք ինձ, ինձ, բանտապետիս։ Ատում ու արհամարհում… Աստիճանավորների առաջ ծռմռվում եք, գլուխ խոնարհում, իսկ ինձ արհամարհում։ Քահանայի աջը համբուրում եք, իսկ ինձ արհամարհում։ Թագավորներ են եկել ու անցել, բժիշկ։ Եկեղեցիներ են շինվել ու քանդվել, բայց բանտ ու բանտապետ միշտ էլ եղել են աշխարհում։
ԲԺԻՇԿ – Չէ՜, երևի այդ անիծվածները ճիշտ են, որ որոշել են հիմքից քանդել այս աշխարհը։
ԲԱՆՏԱՊԵՏ — Աշխարհը կքանդեն, բայց բանտերը կպահեն։ Բանտերն իրենց էլ պետք կգան։
ԲԺԻՇԿ — Նրանք բանտերն էլ կքանդեն։
ԲԱՆՏԱՊԵՏ — Պատերը կքանդեն, բժիշկ, բանտը չեն կարող քանդել։ Բանտը մարդու հոգու մեջ է։
ԲԺԻՇԿ — Արյուն կա ձեր աչքերում, բանտապետ, արյուն:
Բանտապետը քահ-քահ ծիծաղում է ու նորից տիրաբար փռվում բազմոցին: Աղջկա ուղեկցությամբ ներս է մտնում սլացիկ կազմվածքով, նուրբ, գեղեցիկ դիմագծերով երիտասարդ մի կին: Բանտապետը նրան տեսնելուն պես, արագ ոտքի է կանգնում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Բարև ձեզ, պարոնայք։
ԲԱՆՏԱՊԵՏ — Տիկին Ալիս…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես ձեզ չխանգարեցի՞։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ընդհակառակը, դուք ճիշտ ժամանակին եկաք։ Ծանոթացեք, բժիշկ։ Ահա այն տիկինը, որի մասին քիչ առաջ խոսում էինք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (ձեռքը հպարտորեն առաջ մեկնելով): Ալիս:
ԲԺԻՇԿ — (սեղմելով նրա ձեռքը): Ներեցեք, ձեր դեմքը կարծես ծանոթ է ինձ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Շատ հնարավոր է։
ԲԺԻՇԿ — Եթե չեմ սխալվում, դուք քաղաքի գլխավոր դատախազի կինն եք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք ճանաչո՞ւմ եք իմ ամուսնուն։
ԲԺԻՇԿ — Այո, իհարկե, բայց… Նստեցեք, խնդրեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (նստելով): Շարունակեք, բժիշկ, կարծեմ դուք ինչ-որ բան էիք ուզում ասել։
ԲԺԻՇԿ — Ես ուզում էի ասել, չափից ավելի շռայլություն չէ՞ ձեզ նման տիկնոջ ներկայությունը բանտային մեր այս խղճուկ հիվանդանոցում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք լավ գիտեք, որ բժիշկներս զինվորներ ենք։ Երբ ազգն ու հայրենիքը վտանգի մեջ է, զինվորը չի հարցնում, թե ուր են ուղարկում իրեն։
ԲԺԻՇԿ — Շատ ուրախ եմ, տիկին։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել ձեզ հետ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Զգացված եմ, բժիշկ… (Նոր միայն նկատելով դռների մոտ կանգնած Աղջկան զննող հայացքով): Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում, օրիորդ։
ԱՂՋԻԿ — Օ՜հ, դուք սքանչելի եք, տիկին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ահա թե ինչ։ Իսկ ես կնախընտրեի քո այս վայրի գեղեցկությունն, օրիորդ։ (Աղջկա կզակից բռնած, զննող հայացքով): Ապա նայեք, պարոնայք, ինչ կրակ կա այս աչքերում:
ԱՂՋԻԿ — Օ՜հ… (Շփոթված ժպտում է և արագ դուրս գնում):
ԲԺԻՇԿ — Նա հրապուրված է ձեր գեղեցկությամբ:
ԲԱՆՏԱՊԵՏ — Պատկերացնում եմ մեր բանտարկյալների վիճակը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ինչպե՞ս դա հասկանալ, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ — (կատվին շոյելով): Շատ պարզ։ Նրանք ձեզ տեսնելով, հեղափոխական երգերի փոխարեն, կսկսեն սերենադներ երգել բանտի պատուհաններից:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ինչպես տեսնում եմ, բանտապետ, դուք կատու շատ եք սիրում։
ԲԱՆՏԱՊԵՏ — Սիրո՞ւմ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք հիշեցնում եք միջնադարյան այն բարեգութ կարդինալներին, որոնք սիրում էին իրենց ձեռքերը կատուներով մաքրել։
ԲԺԻՇԿ — Այո, տիկին, երբ պարոն բանտապետի ձեռքերը պարապ են մնում, սկսում են զբաղվել կատվին շոյելով։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ես խղճում եմ այս թշվառ արարածներին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Խեղճ բանտարկյալներ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Կատուն կատու է, տիկին, բանտարկյալը բանտարկյալ…
Շնչակտուր ներս է ընկնում Աղջիկը:
ԱՂՋԻԿ — Շուտ արեք, բժիշկ։
ԲԺԻՇԿ — Ի՞նչ կա։
ԱՂՋԻԿ — Ծեր բանտարկյալի նոպան բռնել է։
ԲԺԻՇԿ — Սրսկում կատարեցի՞ր։
ԱՂՋԻԿ — Թողնո՞ւմ է մոտ գնաս։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ձևացնում է, բժիշկ, նրան ոչինչ էլ չկա։
ԲԺԻՇԿ — Հասկացեք, բանտապետ, նա անբուժելի հիվանդ է։ Նրան չի կարելի բանտում պահել։ (Արագ դուրս է գնում. Աղջիկը նրա ետևից):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (մոտենալով բաց լուսամուտին, հայացքով դեպի դուրս): Դե, ի՞նչ կասեք, բանտապետ, հրաշալի տեսարան է, չէ:
ԲԱՆՏԱՊԵՏ — Գարուն է արդեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Լայն բացված լուսամուտ, արևով ողողված երկինք, իսկ երկնքի ֆոնին եկեղեցի։ Ո՞ր նկարիչն արդյոք չէր նախանձի այս տեսարանին։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ներեցեք, ես ձեզ չհասկացա։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ինչպես հասկանաք, երբ խմիչքը բթացրել է ձեր ուղեղը։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ինչի՞ համար են այդ կշտամբանքները, տիկին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք շատ շուտ եք մոռանում երկու օր առաջ կատարված փախուստի խայտառակ դեպքը, որի համար դեռ պատասխան պիտի տաք։ Վաղը ևեթ ճաղապատված տեսնեմ այս լուսամուտը… (Խիստ): Դե բավական է շոյեք այդ կատվին, գրողը տանի։
ԲԱՆՏԱՊԵՏ — Լսում եմ, տիկին…
Տեսարան երրորդ
Բանտախուց: Գիշեր է: Առաստաղից կախված մրոտ լապտերը հազիվ լուսավորում է բանտախցի անկյունում գտնվող ցածրիկ փայտամածը, որի վրա բերանքսիվայր փռվել է բանտարկյալ տղան: Նա խուլ տնքում է ու դժվարությամբ շարժում ծեծված մարմինը:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (աչքերը փակ, քնի մեջ): Կայծե՜ր… կայծե՜ր…
Նրա աչքերի առջև պատկերվում է Բանտապետը՝ կատուն գրկին: Կատվին շոյելով նա դանդաղ մոտենում է:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ասում են, երբ մթնում շփում ես կատվին, նրա մորթուց կայծեր են թռչում։ Նայի՜ր…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (գլուխը բռնած սեղմվում է պատին ու խեղդված ձայնով բղավում): Բավական է… Չեմ ուզում… Ես այլևս չեմ ուզում տեսնել այդ ամենը…
ԲԱՆՏԱՊԵՏ — Դու երազ ես տեսնում, բանտարկյալ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Երա՞զ… Չէ՜, չէ՜, աա երազ չի, չէ… Երազում բանտարկյալներն իրենց միշտ դուրսն են տեսնում, իսկ ես ինչի՞ եմ այստեղ, այս անիծված պատերի մեջ:
ԲԱՆՏԱՊԵՏ — Այդ խոսքերը դու երազում ես ասում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իսկ դու ի՞նչ գործ ունես իմ երազում, բանտապետ։ Դու և այդ գարշելի կատուն։
ԲԱՆՏԱՊԵՏ — Կատու, սև կատու։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (կուրծքը տրորելով): Շո՜գ է… Այրվո՜ւմ եմ… ջո՜ւր… ջո՜ւր…
ԲԱՆՏԱՊԵՏ — (գրպանից հանում է տափաշիշը ու մեկնում նրան): Ա՛ռ, խմի՛ր…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (ձեռքը մեկնում է տափաշշին ու խայթվածի պես ետ քաշում): Ա՜հ…
ԲԱՆՏԱՊԵՏ — Ի՞նչ եղավ քեզ, բանտարկյալ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (հայացքը տափաշշին): Արյո՜ւն…Արյո՜ւն…
ԲԱՆՏԱՊԵՏ — Կատուն կշտացել է մկներից, բայց ես…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ եք ուզում ինձնից, ի՞նչ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Որտե՞ղ են ընկերներդ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ…
ԲԱՆՏԱՊԵՏ — Լուսաբացին դու շանսատակ կլինես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ստում ես, բանտապետ, դու շարունակ նույնն ես կրկնում։ Բայց ինչպես տեսնում ես, ես դեռ ողջ եմ, նույնիսկ երազ եմ տեսնում։
ԲԱՆՏԱՊԵՏ — Սա քո վերջին երազն է, բանտարկյալ… (Դիվային քրքիջով գնում, կորչում է խավարում):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (հենվելով պատին, տանջալից): Չեք կարող… Դուք ինձ սպանել չեք կարող…
Դանդաղ գալիս է նույն շղթայակապ մարդը, որին տեսանք բանտի բակում: Շորերը պատառոտված են, մազերը գզգզված, դեմքը՝ տանջահար ու արյունոտ:
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Կարող են։ Նրանք ամեն ինչ կարող են։ Նայի՜ր, շղթան ձեռքերիս մնաց։ Անիրավները մոռացան նույնիսկ շղթան հանել:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Սարսափելի է։
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Երևում է առաջին անգամ ես բանտում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Երանի չէր առաջին անգամ լինեի։
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Ուրեմն էլ ինչի համար է այդ սարսափը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես ապրել եմ ուզում։
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Բոլորն էլ ուզում են ապրել։ Քանի՞ տարեկան ես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես ապրել եմ ուզում։
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Ինչ կա որ, սրանք էլ են ապրում։ Այ սրանք, բանտախցում վխտող այս միջատները։ Սրանց համար ոչ շղթա կա, ոչ անցաթուղթ։ Երբ ուզեն դուրս կելնեն, երբ ուզեն ներս կգան։ Չեն էլ զգում, որ բանտում են ապրում, բայց ապրում են։ Սա էլ կյանք է։ Այսպես էլ կարելի է ապրել:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես չեմ ուզում մեռնել, հասկանո՞ւմ ես, չեմ ուզում։
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Երևում է շատ ես վախենում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Շա՜տ:
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Ամեն ինչ սկսվում է վախից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ ես ուզում ասել։
ՇՂԹԱՅԱԿԱՊ – Աքաղաղը երեք անգամ դեռ չկանչած դու կուրանաս քո ընկերներին։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Չէ՛, չէ՛, այդ մեկը չի չինի, չէ… Ասա, դժվա՞ր է մեռնելը։
ՇՂԹԱՅԱԿԱՊ — Ծնկաչոք ապրելն ավելի է դժվար: Նրանք սպանեցին ինձ։ Վաղը, ո՞վ գիտե, գուցե սպանեն և քեզ։ Բայց այն, ինչի համար մեռնում ենք մենք, չեն կարող սպանել…
Այս խոսքերն ասելով, նա դանդաղ գնում, ձուլվում է խավարին: Բանտարկյալը մի պահ շփում է դեմքը և ձեռքը դեպի ջրամանը տանում: Ջրամանը դատարկ է: Նա մի կողմ է շպրտում դատարկ ամանն ու թուլացած հենվսւմ պատին: Նրա աչքերի առջև, այս անգամ արդեն, պատկերվում է ջուր տանող աղջիկը՝ դույլերը ձեռքին: Նա դանդաղ գալիս, անցնում է նախաբեմով:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Սպասիր։ Այդ ի՞նչ ես տանում։
ԱՂՋԻԿ – Ջո՜ւր:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Գոնե մի կաթի՜լ։
ԱՂՋԻԿ – Ծարա՞վ ես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բերանս ոնց որ ավազով ծեփված լինի։
Աղջիկը մոտենում և դույլերից մեկը տալիս է նրան: Բանտարկյալը վերցնում է դույլն ու մոտեցնում շուրթերին:
ԱՂՋԻԿ — Քեզ շա՞տ տանջեցին:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչինչ, վաղն արդեն ամեն ինչ կվերջանա։
ԱՂՋԻԿ — Վախենո՞ւմ ես:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չգիտեմ։
ԱՂՋԻԿ — Դրսում գարուն է արդեն: Դրսից ծաղկած փշատենու հոտ է գալիս, զգո՞ւմ ես։ Ինչո՞ւ ես այդպես նայում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Որտե՞ղ եմ քեզ տեսել։
ԱՂՋԻԿ — Կեսօրին, երբ ջուր էի տանում բակով։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չէ, ավելի շուտ։ Ինչ-որ տեղ ես պետք է որ քեզ հանդիպած լինեմ։
ԱՂՋԻԿ — Առաջին անգամ մենք հանդիպեցինք բանտի դռանը, երբ քեզ տանում էին հարցաքննության։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Չէ՛, չէ՛։ Ես քեզ տեսել եմ վաղուց, շատ վաղուց, տարիներ առաջ։ Մենք միշտ հանդիպել ենք։
ԱՂՋԻԿ — Հանդիպե՞լ ենք։ Որտե՞ղ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ծովափին։
ԱՂՋԻԿ — Ես դեռ ծով չեմ տեսել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դա կարևոր չէ։ Ես էլ չեմ տեսել։ Բայց նա ինձ միշտ հանդիպում էր ծովափին։ Դու շատ նման ես նրան։
ԱՂՋԻԿ — Ո՞ւմ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այն աղջկան, որին շարունակ տեսնում էի իմ երազներում։
ԱՂՋԻԿ — Դու հիմա էլ երազ ես տեսնում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իմ տեսածը վաղուց էր, շատ վաղուց։ Երազում ես ինձ միշտ տեսնում էի ծովափին, ավազի վրա փռված։ Նա դուրս էր գալիս ալիքների միջից, մոտենում, պառկում էր կողքիս, ջրախոտի պես փափուկ, թաց մազերը փռում էր կրծքիս և ես նրա մարմնից ծովի բուրմունք էի առնում… Նա մի վերջին անգամ էլ երևաց ինձ ու ասաց. «Էլ չես տեսնի ինձ քո երազներում։ Եվ եթե երբևէ կյանքում դու հանդիպես մի աղջկա, որը նման լինի ինձ, իմացիր, որ այդ աղջիկը ես եմ»։
ԱՂՋԻԿ — Դու ուզում ես ասել, որ ես… (Ծիծաղում է):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Հա՛, հա՛։ Դու հենց այն աղջիկն ես, որ կաս։ Նույն ծիծաղը, նույն հայացքը, նույն մազերը… (Ձեռքերը պատին տարածած, դեմքը աղջկա ստվերին քսելով): Ես գտա քեզ, գտա…
ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ ես դեմքդ քսում այդ կոշտ քարերին:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ուզում եմ մազերիդ փափկությունը զգալ։
ԱՂՋԻԿ- Գնանք։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ո՞ւր:
ԱՂՋԻԿ — Դուրս գանք այստեղից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բանտի՞ց։
ԱՂՋԻԿ — Գնանք հեռու, գնանք այնտեղ, ուր միշտ հանդիպել ես քո երազների աղջկան։ Ասում են ծովում արևը ուշ է մայր մտնում, իսկ երկինքն այնքան մոտ է երկրին, որ կարող ես մատներով շոշափել լուսինն ու աստղերը։ Գնա՛նք։
Աղջիկը տղայի ձեռքից բռնած մոտենում է բանտախցի պատին: Պատը ճեղքվում, բաժանվում է երկու մասի: Երկփեղկված պատերը հեռանում են և նրանց առջև բացվում է գիշերային ծովափը իր աստղոտ երկնքով: Լսվում է ալիքների շառաչ: Տղան գլուխը կորցրած, խենթի պես պտտվում է տեղում, թվում է ուրախությանից ուր որ է սիրտը կանգ կառնի:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես նորից տեսնում եմ աստղերը։ Իմ գլխավերևում երկինքն է։ Օ՜, աստված, մի՞թե այս բոլորը երազ է…
ԱՂՋԻԿ — Երա՜զ, սքանչելի մի երազ։ Գուցե ամենալավագույնը քո տեսած բոլոր երազներից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Վախենում եմ։
ԱՂՋԻԿ — Ինչի՞ց:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Վախենում եմ արթնանամ և մշուշի պես ցնդի այս երազը: Վախենում եմ արթնանամ և այլևս չտեսնեմ քեզ։ Չտեսնեմ քո ծիծաղը, քո հայացքը, չզգամ քո մազերի փափկությունը, քո շունչը։
ԱՂՋԻԿ — Ես քեզ հետ եմ, քո հոգում, քո աչքերի մեջ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այո, դու ինձ հետ ես։ Ողջ լինեմ թե մեռած, դու միշտ կմնաս ինձ հետ:
ԱՂՋԻԿ — Մեր դեմը ծովն է, նայիր, երկինք ու աստղեր: Իսկ հիմա փորձիր բռնել ինձ… Դե փորձիր..
Նրանք սկսում են վազվզել իրար ետևից, երջանկությունից գլուխները կորցրած թավալ տալ ավազների վրա, ծիծաղել, քրքջալ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Սպասիր, ո՞ւր ես փախչում:
Աղջիկը քրքջալով փախչում է դես ու դեն: Տղան հասնում, ամուր սեղմում է նրան իր կրծքին:
ԱՂՋԻԿ – Թո՜ղ…. Դու հիմա ինձ շնչահեղձ կանես, գի՜ժ…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ուզում եմ հավատալ, որ դու հիմա իմ գրկի մեջ ես։ Ուզում եմ հավատալ, որ ոչ ոք չի կարող խլել քեզ ինձնից: Ես ուզում եմ մոտիկից զգալ քո տաք շունչը։
ԱՂՋԻԿ — Սպասիր, նրանք նայում են մեզ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ովքե՞ր։
ԱՂՋԻԿ — Աստղերը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (հայացքը երկնքին ձայն է տալիս): Էհե՜յ, աստղե՜ր… Ինչո՞ւ եք այդպես զարմացած թարթում ձեր աչքերը։ Ես գտել եմ իմ երազների աղջկան: Այս գիշեր մենակ ենք մենք, երկուսով։ Այս գիշեր հարսանիքն է մեր։
ԱՂՋԻԿ — Լռիր… Մի խոսիր… Ոչինչ մի ասա, եկ լռենք ու լսենք ծովի ձայնը… Լսո՞ւմ ես…
Ալիքների շաոաչը գնալով ուժգնանում է: Ամպերի գոռոց: Ինչ-որ տեղ պայթում է որոտը:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Կատաղել է ծովը, փոթորիկ է սկսվում։
ԱՂՋԻԿ — Իսկ ճանապարհը՞։ Ո՞ւր է տանում այս ճանապարհը, անդունղի եզրով ձգվող այս ճանապարհը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դու ծովին նայիր։ Տես ոնց են ալիքները փրփուր կտրած գալիս, զարնվում ափին։ Շուտով ծով ու երկինք, երկինք ու երկիր խառնվելու են իրար: Լսո՞ւմ ես, ճայերն են ճչում… Էհե՜յ, ճայե՜ր… Ինչ կլինի, տվեք ինձ այս գիշեր ձեր թևերը: Ես ուզում եմ թռչել ալիքների վրայով։ Ուզում եմ թռչել խորքը ծովի: Ես ուզում եմ ձեզ նման ծովում մեռնել, ճայեր… Ո՞ւր եք թռչում։ Ինձ էլ տարեք… Ես ազատ եմ, լսո՞ւմ եք, ազատ եմ…
Հենց այս խոսքի վրա, հեռվից արձագանքում է մեկի կոշտ ձայնը, որը գնալով մոտենում է և ուժգնանում:
ՁԱՅՆ – Հե՜յ, Բանտարկյա՜լ… Բանտարկյա՜լ… Բանտարկյա՜լ…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (երկու ձեռքով ամուր սեղմում է ականջներն ու տանջալից մռնչում): Նորի՞ց…
ԱՂՋԻԿ — Ի՞նչ պատահեց։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բանտ է, ամեն տեղ բանտ է։
ԱՂՋԻԿ — Գնանք։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բայց ո՞ւր։
ԱՂՋԻԿ — Հեռանանք այստեղից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (ցավատանջ կծկում է դեմքը): Ա՜հ…
ԱՂՋԻԿ — Ի՞նչ եղավ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այս ի՞նչ դժժոց է ականջներիս մեջ։ Այս ի՞նչ մշուշ է աչքերիս առաջ։
Տեսարանն աստիճանաբար մթնում է: Խավարից շարունակում է լսվել Բանտարկյալի ձայնը:
Աչքերս… Չեմ տեսնում… Ոչինչ չեմ տեսնում…
Բեմը վերստին լուսավորվում է: Բանտախուց: Հատակին գալարվում է Բանտարկյալ տղան: Նրա մոտ ծնկել է Բանտապանը բանալիների խուրձը ձեռքին: Նա ցնցում է տղայի ուսն ու կրկնում:
ԲԱՆՏԱՊԱՆ — Հե՜յ, Բանտարկյա՜լ… Ուշքի արի, Բանտարկյա՜լ…
Ներս են մտնում Բժիշկն ու Բանտապետը: Բժիշկն արագ մոտենամ է հատակի վրա գալարվող տղային:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ի՞նչ է պատահել:
ԲԱՆՏԱՊԱՆ — Մեռնում է, պարոն բանտապետ:
ԲԱՆՏԱՊԵՏ — (հանկարծակիի եկած): Ի՞նչ:
ԲԱՆՏԱՊԱՆ — Ներսից տնքոց լսեցի։ Բաց արի դուռն ու ինչ տեսնեմ։ Թավալ է տալիս գետնին ու գոռում։ Ոչ մի կերպ ուշքի չի գալիս։
ԲԱՆՏԱՊԵՏ — Մենակ թող մեզ։
ԲԱՆՏԱՊԱՆ — (դուրս է գնում):
ԲԱՆՏԱՊԵՏ — Ի՞նչ է կատարվում նրա հետ, բժիշկ։
ԲԺԻՇԿ — (դանդաղ ոտքի կանգնելով): Կարծեմ նա դատապարտված է գնդակահարության, այնպես չէ՞:
ԲԱՆՏԱՊԵՏ — Հետո ինչ։
ԲԺԻՇԿ — Ոչինչ, պարզապես բանտարկյալը զրկեց ձեզ մահապատիժն ի կատար ածելու հաճույքից:
ԲԱՆՏԱՊԵՏ — (խայթվածի պես): Ի՞նչ… Ինքնասպանությո՞ւն…
ԲԺԻՇԿ — Ոչ, բանտապետ, պերֆորացիա:
ԲԱՆՏԱՊԵՏ – Ոչինչ չեմ հասկանում:
ԲԺԻՇԿ — Ստամոքսի պատռվածք։
ԲԱՆՏԱՊԵՏ — Գուցե վիրահատել է պետք:
ԲԺԻՇԿ — Ուշ է։ Ոչինչ այլևս չի կարող փրկել նրան։
ԲԱՆՏԱՊԵՏ — Փորձեք, բժիշկ, փորձեք։
ԲԺԻՇԿ — Մեկ է, վիրահատման սեղանին կմնա։
ԲԱՆՏԱՊԵՏ — Դուք պիտի փրկեք նրան, բժիշկ։ Դուք պիտի կատարեք այդ վիրահատությունը։ Ինձ կարգադրված է պահպանել նրա կյանքն այնքան ժամանակ, մինչև…
Ներս է մտնում Երիտասարդ կինը սպիտակ խալաթը հագին:
ԲԺԻՇԿ — Տիկին Ալիս, բանտարկյալին այնուամենայնիվ պատրաստեք վիրահատության։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Լսում եմ, բժիշկ… (Հայացքը հանկարծ գամվում է գալարվող Բանտարկյալի դեմքին: Նա անակնկալի եկած մի թույլ ճիչ է արձակում ու հենվում պատին):
ԲԺԻՇԿ — Ի՞նչ եղավ ձեզ, տիկին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (հուզմունքն ու շփոթմունքը մի կերպ թաքցնելով): Ոչինչ… Ոչինչ…
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան չորրորդ
Գորշ, անհրապույր սենյակ բանտի հիվանդանոցում: Դիմացը դուռ ճաղածածկ պատուհանիկով: Աջ կողմում մետաղյա կոպիտ մահճակալ, որի վրա աչքերը փակ պառկած է Բանտարկյալ տղան: Նրա մոտ նստել է Բժիշկը: Բժշկի գլխավերևում կանգնել են Աղջիկն ու Երիտասարղ կինը:
ԲԺԻՇԿ — (տղայի զարկերակը ստուգելուց հետո): Սրտի աշխատանքը սկսել է կարգավորվել։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք ուղղակի հրաշք գործեցիք։
ԲԺԻՇԿ — Ոչ մի հրաշք, պարզապես նա չուզեց մեռնել և ուրիշ ոչինչ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Այո, բայց այդքան բարդ վիրահատություն այսպիսի պայմաններո՞ւմ։
ԲԺԻՇԿ — (մտազբաղ): Ո՞ւմ էր պետք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Եվ դա դո՞ւք եք ասում, դուք, որ չարչարանքով փրկեցիք նրա՞ն։
ԲԺԻՇԿ – Փրկեցի՞: Ինչի՞ց։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Այնուամենայնիվ նա ապրում է։
ԲԺԻՇԿ — (դառնորեն ծոր տալով): Այնուամենայնիվ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք հոգնած եք, բժիշկ, ձեզ հանգստանալ է պետք։
ԲԺԻՇԿ — Գլուխս պայթում է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Գնացեք տուն, ես կմնամ։
ԲԺԻՇԿ — (ոտքի ելնելով): Եթե պետք լինի, ինձ իմաց տվեք…
Բժիշկն ու Երիտասարդ կինը դուրս են գնում: Հիվանդասենյակում մնում է Աղջիկը: Լռություն: Լսվում է միջանցքում ետ ու առաջ քայլող պահակի ոտնաձայնը:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ- (խուլ տնքում է ու աչքերը փակ շշնջում): Չեք կարող… Չեք կարող…
ԱՂՋԻԿ – Ի՞նչ։
ԲԱՆՏԱԲԿՅԱԼ — Կատաղել է ծովը… Լսո՞ւմ ես, ճայերն են ճչում… Ջուր…
ԱՂՋԻԿ — (մի քանի կաթիլ ջուր է կաթեցնում տղայի շրթունքներին):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (աչքերը փակ): Այս ի՞նչ է… Ծովի ջո՞ւր ես բերել…
ԱՂՋԻԿ — Ի՞նչ ծովի ջուր, ինչե՞ր ես խոսում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (բաց է անում աչքերը, դժվարությամբ բարձրացնում է գլուխը ու զարմանքով շուրջը նայում): Որտե՞ղ եմ ես…
ԱՂՋԻԿ — Քեզ չի կարելի շարժվել, պառկիր։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Որտե՞ղ եմ ես:
ԱՂՋԻԿ — Հիվանդանոցում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հիվանդանո՞ց… Ի՞նչ հիվանդանոց։
ԱՂՋԻԿ — Քեզ բերեցին առավոտյան, գիտակցությունդ կորցրած։ Վիրահատությունը շատ երկար տևեց։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Ա՜, վիրահատե՞լ են։
ԱՂՋԻԿ — Բժիշկը դժվարությամբ կարողացավ քեզ փրկել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Ինչո՞ւ։ Ի՞նչ էր պատահել։
ԱՂՋԻԿ — Ստամոքսի պատռվածք։ Դա շատ բարդ բան է։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես էլ ասում եմ ինչի էր այս քանի օրը ներսս այդպես տակն ու վրա լինում։
ԱՂՋԻԿ — Եթե բժիշկը չլիներ, դու հիմա…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չէի տեսնի քեզ։
ԱՂՋԻԿ — Էլի՞ սկսեցիր։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Հա՛, հա՛, իմ բախտը բերեց։ Եթե այս հիվանդությունը չլիներ, ես հիմա այստեղ չէի լինի, չէի տեսնի քեզ։ Չէ, դու իրոք լավիկն ես, գրողը տանի։
ԱՂՋԻԿ — Քեզ ինչ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Կփախցնեմ:
ԱՂՋԻԿ — Ի՞նչ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Հա՛, հա՛, կփախցնեմ։
ԱՂՋԻԿ — Էստեղ են ասել, մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից են կապում… Ինչո՞ւ ես ծիծաղում… Մի սրան տես, է՜, դեռ ծիծաղում էլ է։ Երևի մոռանում ես, թե քեզ ինչ է սպասում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Ա՛հ, հերն էլ անիծած, ինչ լինելու է կլինի։ Կարևորն այն է, որ դու հիմա այստեղ ես, իմ կողքին։ Երբ դու իմ կողքին ես, ինձ համար այլևս ոչինչ սարսափելի չէ։ Այս ի՞նչ ոտնաձայն է:
ԱՂՋԻԿ — Պահակն է միջանցքում քայլում:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Սրիկանե՜ր, վախենում են անկողնուց ելնեմ ու փախչեմ։ (Տնքում է): Ջո՜ւր…
ԱՂՋԻԿ — Ջրի անուն չտաս։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բերանս ոնց որ ավազով ծեփված լինի:
ԱՂՋԻԿ — Դիմացիր։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դու խիղճ ունե՞ս, թե չէ։
ԱՂՋԻԿ — Ի՞նչ ես ուզում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Գոնե մի կաթիլ…
ԱՂՋԻԿ — Քեզ ջուր չի կարելի, հասկացիր։ Եվ հետո այդպես կտրուկ շարժումներ մի արա։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ծիծաղելի է։
ԱՂՋԻԿ — Ի՞նչն է ծիծաղելի։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հոգ եք տանում մեկի համար, որը մահվան է դատապարտված։
ԱՂՋԻԿ — Մի տեսնեիր բանտապետը ոնց էր ձեռք ու ոտք ընկել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մարդակերի մարդասիրություն։
ԱՂՋԻԿ — Կարծում ես կյանքիդ համա՞ր են դողում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Գիտեմ, ես շատ լավ գիտեմ, թե սրանց ինչ է պետք։ Վախեցել են մեռնեմ ու գաղտնիքը տանեմ հետս։
ԱՂՋԻԿ — Իսկ ճի՞շտ է, որ դու քո ընկերներով…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իմ ընկերներով ի՞նչ։
ԱՂՋԻԿ — Կողոպտել եք զինապահեստը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իսկապե՞ս։
ԱՂՋԻԿ — Իզուր ինչո՞ւ ես կյանքիդ հետ խաղում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչինչ, թե որ մեռնելու եմ, թող մեռնեմ։ Ես գոնե գիտեմ, ինչի համար եմ մեռնում, բայց դու, դու գիտե՞ս, թե ինչի համար ես ապրում։ Ասա, գիտե՞ս…
ԱՂՋԻԿ — Մի շարժվիր, պառկիր։ Հանգիստ պառկիր։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Կյանքդ իզուր քարշ ես տալիս այս պատերի մեջ և ո՞ւմ համար, ինչի՞ համար։
ԱՂՋԻԿ — Կարծում ես շատ մի սրտովս է։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Վաղո՞ւց ես այստեղ։
ԱՂՋԻԿ — Երկու տարի է։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Երկու տարի…
ԱՂՋԻԿ — Կարծում ես հե՞շտ է ամեն օր լսել մարդկանց հառաչանքը, շղթաների ձայնը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Խելագարվել կարելի է։
ԱՂՋԻԿ — Ես դեռ դիմանում եմ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դուրս արի, դուրս արի այս դժոխքից։ Դու այստեղ անելիք չունես։ Թքիր ամեն ինչի վրա ու գնա։
ԱՂՋԻԿ- Հեշտ է ասելը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Լսիր, դու աստծուն հավատո՞ւմ ես։
ԱՂՋԻԿ — Հավատում եմ թե չեմ հավատում, դա քո գործը չի:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իմ օրերը հաշված են արդեն։ Այսօր կամ վաղը թրխկացնելու են։ Մեռնելուց առաջ մի բան էի ուզում խնդրել քեզնից։ Մի մոմ վառիր եկեղեցում հոգուս փրկության համար։
ԱՂՋԻԿ- Մի սրան տես, է։ Իբր հավատ ունեն, դեռ մոմ էլ ուզում են վառել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Եկեղեցում սպասավոր մի տղա կա, տուր նրան, թող իր անմեղ ձեռքով վառի։
ԱՂՋԻԿ – Դե՛, դե՛։ Ինձ այնդպիսի բաների մեջ չքաշես։ Դու գիտե՞ս, թե այդպիսի բաների համար ինչ են անում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Գիշերը դու ինձ դուրս բերեցիր բանտից։
ԱՂՋԻԿ — Ե՞ս։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մենք վազում էինք ծովափով, թավալ տալիս ավազների վրա։ Զգում էի, որ երազ է, բայց վախենում էի աչքերս բանամ։
ԱՂՋԻԿ — Ախ երա՞զ ես տեսել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Վախենում էի արթնանամ ու այլևս չտեսնեմ քեզ։ Երբ աչքերս բացեցի, թվաց նորից երազում եմ քեզ տեսնում, մինչդեռ… Ես գտա քեզ, գտա՜… Ամբողջ կյանքում քեզ էի փնտրում և ահա գտա…
ԱՂՋԻԿ — Քանի՞ աղջկա ես այդ խոսքերն ասել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Միայն քեզ։
ԱՂՋԻԿ — Ստում ես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չե՞ս հավատում։
ԱՂՋԻԿ — Իսկ ինչո՞ւ միայն ինձ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Դու ուրիշ ես:
ԱՂՋԻԿ – Ի՞նչ գիտես, թե ինչպիսին եմ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Դու հենց նա ես, որին շարունակ տեսնում էի իմ երազներում: Դու հենց նա ես, որին փնտրում, բայց չէի կարողանում գտնել: Դու միշտ ինձ հետ ես եղել, իմ մտքում, իմ հոգում, և միշտ ինձ հետ կմնաս: Ողջ լինեմ, թե մեռած, դու միշտ կմնաս ինձ հետ…
Աղջիկը արցունքների միջից ժպտում է: Տղան սրբում է նրա արցունքները ու հազիվ շշնջում:
- Ես գտա քեզ, գտա, բայց ինչո՞ւ այստեղ, այս անիծված պատերի մեջ…
Ներս է մտնում Երիտասարդ կինը: Աղջիկը շփոթված վեր է կենում տեղից ու շտապով ընդառաջ գնում նրան:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Ինչպե՞ս է:
ԱՂՋԻԿ – Լավ է, խոսում է արդեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Դույլերը դատարկ են, ջուր չկա: Դու գնա, ես այստեղ եմ:
Աղջիկը գնում է: Երիտասարդ կինը մոտենում և լուռ կանգնում է տղայի գլխավերևում:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – (նկատելով նրան, հանկարծակիի եկած): Դո՞ւ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Չէի՞ր սպասում:
Տեսարան հինգերորդ
Նույն պատկերը, ինչ նախորդ տեսարանում: Անցել է մի շաբաթ: Մահճակալի եզրին նստել է բանտարկյալ տղան: Նրա դիմաց նստել է Բժիշկը: Երիտասարդ կինը քանդում է տղայի վիրակապը:
ԲԺԻՇԿ – (վիրահատված տեղը զննելով): Ինչպես տեսնում եմ, երիտասարդ, առողջ օրգանիզմ ունեք: (Նորից վիրակապելու նշան է անում): Մի շաբաթ է անցել վիրահատությունից և արդեն սկսել եք քայլե՞լ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Շտապում եմ, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Շտապո՞ւմ եք: Ո՞ւր։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Իհարկե, ոչ այն աշխարհը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Երևում է իր բանտախցին շատ է կարոտել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ընդհակառակը, տիկին, բանտախուցն է կարոտել ինձ։
ԲԺԻՇԿ — Սրամտո՞ւմ եք։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ամենևին: Ես պարզապես ուզում եմ ասել, որ բանտախցերը միշտ էլ կարոտով են սպասել նրանց, ովքեր ազատություն են փնտրել այս աշխարհում։
ԲԺԻՇԿ — Ազատությո՜ւն…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իսկ որտե՞ղ է ձեր այդ ազատությունը, որտե՞ղ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այս պատերի մեջ, տիկին, դժվար թե գտնեք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Մեռնում եք հարյուրներով, հազարներով և ինչի՞ համար։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Կարծում եք պահմտոցի՞ ենք խաղում։
ԲԺԻՇԿ — Մի խոսքով, որոշել եք հիմքից քանդել այս աշխարհը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այդպիսի մի մտադրություն ունենք։
ԲԺԻՇԿ — Եվ երկիրը անապատ դարձնել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչո՞ւ անապատ։ Հայաստանում քար շատ կա։ Այդ քարից տապանաքարեր են պատրաստում և այդ նույն քարից տներ։ Նայած ում ինչ է հարկավոր:
ԲԺԻՇԿ — Վերջացավ, երիտասարդ, ձեր միսիան ավարտված է արդեն։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Կարծո՞ւմ եք։ Չէ՜, բժիշկ, ձեր այս մգլած պատերը երկար չեն դիմանա։ Ոնց էլ լինի, մենք դուրս կգանք այստեղից։
ԲԺԻՇԿ — Դուրս կգաք, ոնց չէ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դուրս կգանք։ Ողջ լինենք թե մեռած, մեկ է, դուրս կգանք, բայց դուք կմնաք այստեղ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Կգնդակահարեն, բոլորիդ կգնդակահարեն։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չեն կարող։ Բոլորին գնդակահարել չեն կարող։ Բոլորին գնդակահարելու համար հարկավոր է, որ մեկին Հուդա դարձնեք:
ԲԺԻՇԿ — Այդպիսին միշտ էլ կգտնվի։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այդ հույսո՞վ էիք փրկում կյանքս։
ԲԺԻՇԿ — Ես նշտարի մի հարվածով շանսատակ կանեի քեզ նմաններին, մինչդեռ…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այդ խոսքերը ձերը չեն, բժիշկ։ Ձեր փոխարեն խոսում են ձեր ուսադիրները։
ԲԺԻՇԿ — Ինչ արած… (Ոտքի ելնելով): Գլորեք անիվը, տեսնենք թե մինչև ուր եք գլորելու… (Գնում է):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (երկար լռությունից հետո): Շրջո՞ւմ ես դեմքդ…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (համառորեն մնում է նույն դիրքով):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Խուսափում ես ինձնից, չես ուզում խոսել:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — (դարձյալ լուռ է):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Մի՞թե ամեն ինչ վերջացած է։ Մի՞թե ոչ մի կայծ չի մնացել քո հոգում։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչ, տիկին, մոխիր է, սառը մոխիր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իսկ ես կարծում էի…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ էիր կարծում։ Որ քեզ տեսնելուն պես վեր կթռչեմ տեղից, ոտքե՞րդ կընկնեմ։ Դու երևի շփոթում ես ինձ այն գիմնազիստ տղայի հետ, որը մի ժամանակ խենթի պես սիրում էր քեզ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Մի ժամանա՜կ…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Այո, տիկին, տարիների հեռավորություն կա իմ և նրա միջև։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իսկ ինձ թվում էր, որ այդ հեռավորությունը կրճատվել, դարձել է մի քայլ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մի քա՜յլ։ Շատ չէ՞։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Օրեր, ամիսներ, տարիներ շարունակ սպասել եմ։ Սպասել եմ հավատալով, որ մի օր կհանդիպեմ քեզ։ Հավատալով, որ քո հոգում մի փոքրիկ անկյուն պահած կլինես ինձ համար։ Եվ ո՞վ կմտածեր, որ պիտի գտնեմ քեզ այսքան սառն ու անտարբեր, այսքան դաժան և օտար։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Երանի չէր, որ միայն օտար լինեինք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Եվ դա դո՞ւ ես ասում, դո՛ւ, որ մի րոպե չէիր կարողանում ապրել առանց ինձ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես նա չեմ, տիկին։ Նա, որին կուզեիր տեսնել, չկա։ Նա մեռավ։ Մեռավ հենց այն գիշեր, երբ գտավ իր ծեր ուսուցչին փողոցում, սպանված։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Լռի՛ր…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հենց այդ գիշեր նա ճանաչեց քեզ, քաղաքագլուխ հորդ, ձեր ողջ դավանանքը և այն ստոր մարդասպանին, որը հետո դարձավ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Լռի՛ր, աղաչում եմ քեզ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչպես մեղսակից եղար մի մարդու սպանության, որն աստծո չափ պաշտելի էր քեզ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Այդպես էր պահանջվում:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բայց նա քո ուսուցիչն էր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իմ ուսուցիչը մեկն է, իմ դավանանքը։ Ուրիշ ուսուցիչ ինձ համար չկա։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մոռացե՞լ ես, ինչպիսի ոգևորությամբ էիր կրկնում Շնորհալու այն նշանավոր տաղը, որ ծերուկը սիրում էր հաճախ արտասանել…
Գաղտնյաց գիրքը բացած, երբ բազմիցս դու ի նիստ,
Երբ վերջին սարսափանքից դողան տղա ու ծեր,
Այդ ահասաստ օրը՝ հիշի՛ր ամենքին, տե՛ր,
Հիշի՛ր մեռյալներին, որ քնած են հանգիստ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Բոլոր նրանք, ովքեր ուզում են մեզ անտուն և անհայրենիք դարձնել, վերջը այդ օրն են ընկնելու։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ախ, այդպես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Նա գնում էր այն ճանապարհով, որին հետևեցիր դու։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Էլ ինչո՞ւ ես եկել։ Ի՞նչ ես ուզում ինձնից։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դու ինձ այդպես էլ չհասկացար։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հասկացա, բարեբախտաբար շուտ հասկացա։ Ինձ համար անհայտ մնաց միայն մի բան, թե ինչպես ամուսնացար այդ սրիկայի հետ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես ուրիշ կերպ չէի կարող։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իհարկե, չէ որ հայրդ նրան փայլուն ապագա էր գուշակում։ Եվ դու բախտդ կապեցիր մի ավազակի հետ, որը մարդասպանից հասել էր մինչև գլխավոր դատախազի աստիճանին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես նրան չէի սիրում և երբեք էլ չէի կարող սիրել:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Եվ չսիրելով էլ ամուսնացա՞ր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես դա արեցի քեզ համար։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինձ համա՞ր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես զոհաբերեցի իմ սերը, որպեսզի փրկեմ քեզ: Այո՛, այո՛, քեզ… Դու երբևէ մտածե՞լ ես, թե ինչ հրաշքով փախար բանտից։ Ի՞նչ հրաշքով ողջ մնացիր, երբ ընկերներդ լուսաբաց անգամ չտեսան։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ահա թե ինչ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես խոստացա ամուսնանալ նրա հետ միայն մի պայմանով, եթե փրկի քո կյանքը, կազմակերպի քո փախուստը բանտից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Եվ դու ստիպված կատարեցիր խոստումդ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես ուրիշ կերպ չէի կարող, թեպետ գիտեի, որ ընդմիշտ կորցնում եմ քեզ, որ այրում եմ քեզ ետ դարձնելու բոլոր կամուրջները։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Պարզվում է, տիկին, որ դուք շատ թանկ եք վճարել ինձ փրկելու համար։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ծաղրո՞ւմ ես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչ, ինչո՞ւ, թեպետ, ինչպես ասում են, սա ծիծաղելի կարող էր լինել, եթե տխուր չլիներ այսքան։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես արեցի այն, ինչ թելադրում էր իմ սիրտը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բայց ինչի՞ համար, ինչի՞… Որ թեթևացնե՞ս խիղճդ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (տառապալից, բայց հպարտ): Ո՛չ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Գուցե նրա համար, որ ստիպես ինձ ծնկաչոք ե՞տ դառնալ դեպի քեզ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Ո՛չ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ուրեմն ինչի՞ համար էր այդ զոհաբերությունը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (գլուխը հպարտորեն վեր պահած, խանձված ձայնով): Ես ինձ զոհաբերեցի հանուն իմ սիրո։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իսկ ես, եթե իմանայի, ավելի շուտ կհամաձայնեի գնալ մեռնելու, քան թե կփրկվեի մեկի կողմից, որի ձեռքերը իմ ընկերների արյունով են ներկված… Նրանք լուսաբաց չտեսան, մինչդեռ ես կամ, ապրում եմ… (Ատամները սեղմած, զայրալից): Ինչո՞ւ եկար.. Ինչո՞ւ նորից կանգնեցիր իմ ճանապարհին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Մի՞թե սա է ճանապարհը։ Շարունակ քարշ գալ բանտերում, երկրորդ անգամ կանգնել մահվան առաջ… Ետ դարձիր, ետ դարձիր, քանի ուշ չէ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մահապարտի համար ուշ կամ շուտ չկա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ասում են մի շաբաթ առաջ բանտարկյալ է փախել հիվանդանոցից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ ես ուզում ասել։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Նույնը կարող է հաջողվել և քեզ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ է մտքինդ, պարզ ասա։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դու պետք է փախչես բանտից։ Դա քեզ կհաջողվի, եթե կամենաս։ Ես նորից կկազմակերպեմ քո փախուստը։ Ես այդ կարող եմ անել։ Միայն մի խոսք, և ես նորից պատրաստ եմ քեզ համար զոհել ամեն ինչ։ Մենք կփախչենք, կգնանք հեռու… Հեռու այս անիծյալ քաղաքից, այս թոհուբոհից։ Կապրենք միասին, միշտ միասին։ Միայն թե երդվիր, երդվիր, որ դարձի կգաս: Երդվիր, որ ետ կկանգնես այդ ճանապարհից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հրաշալի միտք։ Ուրիշ էլ ինչ է պետք ինձ նման մեկին, որը մահվան է դատապարտված. կյանք, հարստություն, գեղեցիկ կին… Դու ճիշտ ես, պետք է փախչել։ Պետք է թքել ամեն ինչի վրա ու հեռանալ, միայն թե…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Միայն թե ի՞նչ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Նրանց ինչպես պիտի հետներս տանենք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ո՞ւմ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Նրանց, որ ընկան ձեր դավադիր գնդակներից։ Ընկան հավատալով, որ իրենք կապրեն նրանց հոգիներում, ովքեր ողջ կմնան։ Տրորել նրանց հիշատակը, թողնել և ժողովուրդ, և հայրենիք։ Սեփական մաշկը փրկելու համար գլուխն առնել ու փախչե՞լ… Ինչի՞ տեղ ես դրել ինձ։ Մի՞թե դու կարող էիր սիրել մեկին, որն ընդունակ է այդքան ստոր ու ողորմելի լինել։ Չէ, տիկին, դու ավելի լավ է գնա և դատախազ ամուսնուդ ասա, որ նրա գործած ուռկանը շատ ցանցառ է նոր ձկներ որսալու համար։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Ինչե՞ր ես խոսում։ Ուրեմն դու կարծում ես, որ ես…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչինչ էլ չեմ կարծում։ Մեր ճանապարհները տարբեր են: Դու քո ճանապարհով, ես՝ իմ։ Միայն մի բան կխնդրեի։ Եթե դու իրոք նա ես, որը մի ժամանակ արժանի է եղել իմ սիրուն, ապա գնա և ամուսնուդ ասա, թող արագացնի իմ մահապատիժը։ Այդպես ավելի հեշտ կլինի և ինձ համար, և քեզ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես խոսում:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հանգիստ թող ինձ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Հանգի՞ստ ես ուզում։ Իսկ ես, ես ինչպե՞ս…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Մենակ թող ինձ, թող գոնե մի քիչ ինքս ինձ հետ մնամ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (սկզբում ցածր, հետո ձայնն աստիճանաբար բարձրացնելով): Ես ատում եմ ձեզ, բոլորիդ։ Ատում եմ ձեր դավանանքը, ձեր ցնորամիտ երազանքներր, ձեր նողկալի գաղափարները, որ խլեցին քեզ ինձնից։ Ատում եմ քեզ, որ այս կրակը սիրտս գցեցիր, որից ոչ մի կերպ չեմ կարողանում ազատվել…
Ներս է մտնում Աղջիկը:
ԱՂՋԻԿ — Ներեցեք, տիկին, բժիշկը ձեզ շտապ կանչում է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (լուռ նայում է տղային և արագ դուրս գնում):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ի՞նչ է պատահել։
ԱՂՋԻԿ – Ոչինչ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչո՞ւ ես նոթերդ կիտել, ճիշտն ասա։
ԱՂՋԻԿ — Ուզում են քեզ բանտախուց տեղափոխել:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ո՞վ ասաց։
ԱՂՋԻԿ — Քիչ առաջ բժիշկն ու բանտապետը վիճում էին։ Բժիշկը համաձայն չի։ Նա ասում էր, որ դու դեռ ապաքինված չես և ինքը չի կարող քեզ դուրս գրել հիվանդանոցից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հետո՞։
ԱՂՋԻԿ — Բժիշկը երեք օրով բացակայելու է քաղաքից։ Նա ասում էր, որ մինչև ինքը չվերադառնա, քեզ բանտ տեղափոխելու մասին խոսք լինել չի կարող:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բա էլ ինչի՞ ես քիթդ կախել։
ԱՂՋԻԿ — Կանցնի այդ երեք օրը և…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Հիմար:
ԱՂՋԻԿ — Նրանք կսպանեն քեզ, կսպանեն։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Չհավատաս։ Հենց հավատացիր, կսպանեն։
ԱՂՋԻԿ — (նետվելով դեպի տղան): Չեմ թողնի… (Տագնապով ու սոսկահար): Ես սիրում եմ քեզ…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Քո սերը կփրկի ինձ։
ԱՂՋԻԿ — Կարծո՞ւմ ես։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իհարկե… (Հանկարծ մտաբերելով): Եկեղեցում եղա՞ր։
ԱՂՋԻԿ — Եղա։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Եվ ի՞նչ։
ԱՂՋԻԿ — Սպասավոր տղան ասաց, որ մի քանի օր հետո արագիլ կիջնի բանտի տանիքին։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հենց այդպես էլ ասա՞ց:
ԱՂՋԻԿ — Այո։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես փրկված եմ։
ԱՂՋԻԿ — Նա ասաց, որ վաղը նորից հանդիպեմ իրեն։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դե տեսնում ես։ Ուրեմն տղաները գործի են անցել։ Չէ՜, ես դուրս կպրծնեմ այստեղից… Մենք կապրենք, մենք կտեսնենք նոր ծագող արևը, որ պիտի բարձրանա այս հոգնած լեռների վրա… (Աղջկա գլուխը ամուր սեղմելով կրծքին): Կանցնեն տարիներ, աշխարհը կխաղաղվի, կմոռանանք և ցավ, և տանջանք, բայց միշտ կհիշենք, թե որտեղ մենք գտանք իրար, թե ինչպես մեր սերը փրկեց մեզ…
Ներս է մտնում Երիտասարդ կինը: Նրանց գրկված տեսնելով, շանթահար մեխվում է տեղում:
Տեսարան վեցերորդ
Բժշկի սենյակ: Լուսամուտի ճաղերին ծեփված կանգնել է Երիտասարդ կինը: Աննկարագրելի մի ցավ կրծում է նրա սիրտը: Նրա հոգում և ատելություն կա, և սեր, և տանջանք, և վիրավորված ինքնասիրության ճիչ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Սա՞ էր հատուցումը, իմ տառապանքների միակ հատուցումը։ Ծաղրել, ստորացնել ինձ։ Այսքան խեղճ ու ողորմելի դարձնել մի կնոջ, որի առջև պատրաստ է ամենաուժեղ տղամարդն անգամ ծնկի իջնել… Դու հասար քո նպատակին։ Դու իմ հպարտությունը մաշված լաթի պես փռեցիր այդ աղջնակի ոտքերի տակ։ Դու անգթորեն տրորեցիր իմ սերը… (Շրջվում է ու դեմքը լուսամուտի ճաղերին քսելով, տանջահար շարունակում): Կարծում ես կոռնա՞մ ցավից, կգալարվե՞մ, պատե՞րը կճանկռեմ… Ո՜չ, սիրելիս, ո՜չ… Իմ երակներով ուրիշ արյուն է հոսում…
Մտնում է Բանտապետը կատուն գրկին: Երիտասարդ կինը վիրավորանքի ցավը սրտում դեռ շարունակում է գալարվել լուսամուտի ճաղերին կպած:
ԲԱՆՏԱՊԵՏ — Տիկին…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (պատասխան չկա):
ԲԱՆՏԱՊԵՏ — Ի՞նչ է պատահել ձեզ, տիկին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (մի կերպ տիրապետելով իրեն շրջվում է ու գլուխը ետ գցելով, աչքերը փակ շշնջում): Ոչինչ… ոչինչ…
ԲԱՆՏԱՊԵՏ — Վա՞տ եք զգում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Խոսեք, ես լսում եմ ձեզ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Նորից կարգադրություն է եկել։ Պետք է անմիջապես բանտախուց տեղափոխել նրան։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Քանի անգամ պետք է ասել, որ բժիշկն այստեղ չէ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Այլևս սպասել չենք կարող, տիկին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Շատ եք շտապում, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Ես կատարում եմ այն, ինչ կարգադրում են։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Այո, կատարում եք այն, ինչ կարգադրում են… (Խանձված ձայնով): Իսկ ես, ես ինչպե՞ս անեմ…
ԲԱՆՏԱՊԵՏ — (ձեռքի գրությունը դնելով սեղանին): Ստորագրեք և ուրիշ ոչինչ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (դառնորեն): Եվ ուրիշ ոչինչ…
ԲԱՆՏԱՊԵՏ — Կարծեմ դուք այդ իրավունքն ունեք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք շա՞տ եք սիրում այդ կատվին, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ – Ի՞նչ գործ ունի այստեղ կատուն։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ամբողջ օրը գրկած ման եք գալիս, շոյում, փաղաքշում։
ԲԱՆՏԱՊԵՏ — Միակ բանը, որ աշխարհում մնացել է ինձ՝ մեկ այս կատուն է և մեկ էլ այս բանտը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Եվ եթե այդ կատվի ոտքը հանկարծ փուշ մտնի, ցավից կոռնաք, այնպես չէ՞:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ես ձեզ չեմ հասկանում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Մենակ թողեք ինձ։
ԲԱՆՏԱՊԵՏ – Բայց…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Մենակ թողեք ինձ, բանտապետ:
ԲԱՆՏԱՊԵՏ — (թոթվում է ուսերն ու դուրս գնում սենյակից):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (դանդաղ գալիս, նստում է սեղանի մոտ ու երկար նայում առջևը դրված թղթի կտորին): Դե ահա, ձեռքի մի փոքրիկ շարժում և վերջ… Կանցնեն տարիներ, կգան մարդիկ, բաց կանեն փոշոտ մատյանները, անտարբերությամբ կթերթեն այս գրությունը, և նրանցից ոչ մեկի մտքով չի անցնի, թե ինչ դաժան ճակատագիր կար այս թղթի կտորի վրա… Ինչ արած, թող լինի այն, ինչ լինելու է։ (Ձեռքն է վերցնում գրիչը, բայց և իսկույն սարսափած մի կողմ շպրտում): Օ՜, աստված, այս ինչ եմ անում, ինչ եմ անում…
Ներս է մտնում Աղջիկը և կաշկանդված կանգնում դռների մոտ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (բարձրացնում է գլուխը ու այլայլված հայացքը սևեռում աղջկան): Ի՞նչ եք կամենում, օրիորդ:
ԱՂՋԻԿ — Ես իմացա, որ քիչ առաջ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ի՞նչ իմացար։
ԱՂՋԻԿ — Նրան պատրաստվում են բանտախուց տեղափոխել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Շատ շուտ ես սկսել ամեն ինչ իմանալ։
ԱՂՋԻԿ — Եթե տեղափոխեն, ամեն ինչ վերջացած է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իսկ դու ինչու ես այդպես ձեռք ու ոտք ընկել: Քո ի՞նչն է։
ԱՂՋԻԿ — Փրկեք նրան, տիկին: Դուք այդ կարող եք անել: Ձեր ամուսինը քաղաքի գլխավոր դատախազն է:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Հարկավոր է ջրի գնալ, օրիորդ, դույլերը դատարկ են։
ԱՂՋԻԿ — Դուք գեղեցիկ եք, գեղեցիկը չի կարող բարի չլինել։ Աղաչում եմ, փրկեք նրան։ Գոնե մի քանի օրով հետաձգեք բանտախուց տեղափոխել:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք վաղո՞ւց եք ճանաչում իրար։
ԱՂՋԻԿ — Ես նրան գտա այստեղ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Ուրիշի կորցրածը միշտ էլ կարելի է գտնել։
ԱՂՋԻԿ — Ես ամեն ինչ գիտեմ, տիկին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ի՞նչ գիտես, օրիորդ։
ԱՂՋԻԿ — Դուք սիրել եք իրար։ Ես կհեռանամ այստեղից։ Գլուխս կառնեմ, կկորչեմ… Կգնամ հեռու, այնքան հեռու, որ այլևս չհանդիպեմ նրան։ Միայն թե փրկեք, միայն թե նա ողջ մնա…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ինչ վեհանձնություն, ինչպիսի զոհաբերություն։ Քանի՞ տարեկան ես, օրիորդ։
ԱՂՋԻԿ — Փրկեք նրան, տիկին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Երևի առաջին անգամն ես ճաշակում սիրո դառնությունը, այնպես չէ՞։
ԱՂՋԻԿ — …
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Երևի սերը նրա համար է այդքան տանջալից, որ նրա մեջ ավելի շատ դառնություն կա, քան ուրախություն։
ԱՂՋԻԿ — Ուզում եք, ես հենց հիմա կգնամ, թեկուզ առանց նրան տեսնելու, միայն թե…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Ինչո՞ւ գնալ, օրիորդ։ Ինչո՞ւ կորցնել գտած երջանկությունը: Դու դեռ ջահել ես։ Դու դեռ պիտի սիրես, իսկ սիրելու համար մարդ պետք է… (Խանձված ձայնով): Գնա…
ԱՂՋԻԿ — Ես այդպես էլ գիտեի: Դուք բարի եք, դուք ամեն ինչ կանեք, որ նա ողջ մնա։ Շնորհակալություն, տիկին: Ես ձեզ չեմ մոռանա… (Դուրս է գնում):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (նրա գնալուց հետո, կատաղի): Ես հիմա այնպես կանեմ, որ դու ինձ երբեք չմոռանաս… (Սեղանի վրայից վերցնում է գրությունը): Մի՞թե դու պիտի լինեիր իմ բախտը, իմ ճակատագիրը, իմ խաչը… Զորեղ ես դու, զորեղ: Բանտի մեջ անգամ կարողանում ես սիրել ու սիրվել… «Մեր ճանապարհները տարբեր են, տիկին…»: Ինչ արած, թող այդպես լինի… (Վերցնում է գրիչը, տանջալից): Դու քո ճանապարհով, ես իմ… (Ինչ-որ բան է գրում, հետո երերալով ելնում է տեղից: Գրիչը ձեռքից վայր է ընկնում և նա մահապարտի պես գնում է դեպի դուռը):
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ
Տեսարան յոթերորդ
Բժշկի սենյակ: Առավոտ է: Վանդակապատ լուսամուտից երևում է արևոտ երկինքը: Գլուխը գրասեղանին դրած, քնել է Աղջիկը: Ներս է մտնում Բժիշկը ճամպրուկը ձեռքին: Աղջիկն արթնանում ու նկատելով նրան, իսկույն ոտքի է կանգնում:
ԱՂՋԻԿ – Վերադարձա՞ք, բժիշկ։
ԲԺԻՇԿ — (ճամպրուկը մի կողմ դնելով): Ամբողջ գիշեր ճանապարհ եմ եկել։
ԱՂՋԻԿ — Հոգնել եք։
ԲԺԻՇԿ — Հազիվ եմ ոտքի վրա կանգնում։
ԱՂՋԻԿ — Ուղղակի ճանապարհի՞ց:
ԲԺԻՇԿ — Այո, չուզեցի մեկ էլ տուն գնալ… (Հագնում է խալաթն ու հոգնատանջ փլվում բազմոցին):
ԱՂՋԻԿ — Նրան տարան, բժիշկ։
ԲԺԻՇԿ — Ինչպե՞ս թե տարան։
ԱՂՋԻԿ — Բանտախուց տեղափոխեցին։
ԲԺԻՇԿ — Առանց իմ ստորագրությա՞ն։
ԱՂՋԻԿ — Ձեր փոխարեն ստորագրեց ձեր այդ տիկին Ալիսը:
ԲԺԻՇԿ — Ինչպե՞ս… Ի՞նչ իրավունքով։
ԱՂՋԻԿ — Օ՜հ, բժիշկ, նա բոլորովին էլ այն չի, ինչ կարծում եք։
ԲԺԻՇԿ — (մտազբաղ): Ես էլ ասում եմ, ինչ էր կորցրել բանտային մեր այս խղճուկ հիվանդանոցում։
ԱՂՋԻԿ — Չգիտեմ, ինչ կարող է լինել ինձ հետ, եթե նրան հանկարծ…
ԲԺԻՇԿ — Հանկա՜րծ, հանկա՜րծ… Ասում էի, չէ՞, իսկ դու… Քեզ համար ամեն ինչ կատակ էր, խաղ ու պար…
Լռություն: Աղջիկն անխոս դուրս է գնում: Բժիշկը սկսում է մտատանջորեն ետ ու առաջ անել սենյակում:
ԲԺԻՇԿ — (մոտենալով լուսամուտին, ինքն իրեն): Եվ ո՞ւմ մտքով կանցներ… ո՞ւմ մտքով կանցներ, որ նա… Ախ կին, կին, գեղեցիկ, դիվային արարած…
Ներս է մտնում Երիտասարդ կինը ինչ-որ գրություն ձեռքին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Բարի գալուստ, բժիշկ:
ԲԺԻՇԿ — (հայացքով դեպի դուրս): Ի՞նչ կա:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք իրավացի էիք։ Այդ ծեր բանտարկյալին այլևս անհնար է բանտում պահել: Իրոք, որ նա անբուժելի հիվանդ է:
ԲԺԻՇԿ — (նույն դիրքով): Սպանեք, թող վերջանա։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դուք ինձ չհասկացաք, ես ուզում էի ասել…
ԲԺԻՇԿ — Ո՞վ եք դուք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես ձեզ չեմ հասկանում։
ԲԺԻՇԿ- Ես ձեզ հարցնում եմ, ո՞վ եք դուք:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ինչի համար է այդ հարցը, բժիշկ։
ԲԺԻՇԿ — Հանեք դիմակը, տիկին, ներկայացումն ավարտված է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Այդ ի՞նչ ձևով եք խոսում, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Բանտապետն իրոք ճիշտ էր ասում, որ ձեր ներկայությունը շատ բան կփոխի այստեղ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ինչ արած։ Քանի որ խաղաքարտերը բացված են, ուրեմն խոսենք բացեիբաց։ Զինվորին ոչ վայել ձեր սենտիմենտալ զգացումները, վերջերս հիվանդանոցից կատարված փախուստի այդ խայտառակ դեպքը, կասկածի տեղիք տվեցին։ Ինձ ուղարկեցին հսկելու այս բանտի վրա, որն ավելի շուտ բալագան է հիշեցնում, քան բանտ։
ԲԺԻՇԿ — Կասկածի տակ առնել ի՞նձ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Որպես բժիշկ, մենք գնահատում ենք ձեզ:
ԲԺԻՇԿ — Այդքա՞նը միայն։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ցավոք սրտի, այո։
ԲԺԻՇԿ — Ուրեմն էլ ինչո՞ւ եմ այս ուսադիրները կրում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Հենց ցավն էլ դա է, որ այդ ուսադիրները այնքան էլ ամուր չեն նստած ձեր ուսերին։
ԲԺԻՇԿ — Ահա թե ինչ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Հայրենիքի փորձության այս ծանր պահին, ազգին ոչ միայն բժիշկ է պետք, զինվոր։ Կարծեմ մենք իրար շատ լավ ենք հասկանում։ Ավելորդ բացատրությունների հարկ չկա։ Անցնենք գործի… Ուրեմն այսպես, բժիշկ, այդ հիվանդ ծերունուն պետք է ազատել բանտից։ Նրա նկատմամբ եղած քաղաքական մեղադրանքն անհիմն է։
ԲԺԻՇԿ — Արեք ինչ ուզում եք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Բժշկական եզրակացությունը պատրաստ է, մնում է ստորագրել։
ԲԺԻՇԿ — Ստորագրեք ինքներդ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ե՞ս։
ԲԺԻՇԿ — Այո, դուք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ի՞նչ իրավունքով:
ԲԺԻՇԿ — (կտրուկ շրջվելով դեպի նա): Նույն այն իրավունքով, տիկին, ինչ իրավունքով որ դուրս էիք գրում երիտասարդ բանտարկյալին հիվանդանոցից։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (մի պահ երերում է կանգնած տեղում):
ԲԺԻՇԿ — Դուք գիտե՞ք, թե ինչ է սպասում նրան։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (հազիվ ոտքի վրա կանգնելով): Գիտեմ։
ԲԺԻՇԿ — Փաստորեն դուք ստորագրել եք նրա մահապատիժը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իսկ դուք գիտե՞ք, բժիշկ, թե ում մահապատիժն եմ ես ստորագրել… (Ինքնամոռաց): Շատ եմ փորձել սրտիցս քերել նրա պատկերը, բայց միայն քերծվածքներ եմ ավելացրել, ցավ ու կսկիծ։ Եվ ահա, տարիներ հետո, ես գտա նրան այստեղ, այս դաժան պատերի մեջ, բանտախցի հատակին, ցավից գալարվելիս…
ԲԺԻՇԿ — Ինչպե՞ս։ Ուրեմն դուք սիրո՞ւմ էիք նրան։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Էի՞։ Իսկ ինչո՞ւ «էի»։ Ես հիմա էլ սիրում եմ նրան։
ԲԺԻՇԿ — Ոչինչ չեմ հասկանում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես պատրաստ էի նրա համար զոհել ամեն ինչ, մինչդեռ… Նրան խլում էին ինձնից։ Կսպանեն նրան և նա կմնա ինձ հետ… (Սիրտը ցույց տալով): Կմնա այստեղ… Այստեղից այլևս ոչ ոք չի կարող խլել, ոչ ոք… Ոչ ազգ, ոչ հայրենիք, և ոչ որևէ էգ… (Կատաղած մռնչալով): Օ՜հ, արյունոտ է լինելու այս մայիսը, բժիշկ, արյունոտ…
ԲԺԻՇԿ — Դուք հրեշ եք, գեղեցիկ կնոջ կերպարանք առած հրեշ… (Ձեռքը տանում է դեպի ատրճանակի պատյանը): Դուք հենց ինքը մահն եք կնոջ կերպարանքով… (Արագ դուրս է քաշում ատրճանակը, բայց ձեռքը մի պահ քարանում է):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Դե, կրակեք, բժիշկ… Հանած զենքը նորից տեղը չեն դնում, կրակեք, վերջացրեք այս խեղկատակությունը… Հոգնել եմ…
Հնչում են անկյունում դրված ժամացույցի զանգերը: Բժիշկը կրակում է ժամացույցի վրա: Պոկվում, ցած է ընկնում լծակը: Դրսից խուլ աղմուկ է լսվում: Հարբած ու այլայլված ներս է ընկնում Բանտապետը պատառոտված շորերով:
ԲԱՆՏԱՊԵՏ — (սիրտը բռնած, մռնչալով): Բժի՜շկ…
ԲԺԻՇԿ – Ի՞նչ եք ուզում։
ԲԱՆՏԱՊԵՏ — (օձիքը ձգելով, շնչահեղձի պես): Կաթիլներ… Ինչպե՞ս էր, գրողը տանի… Ա՜հ, հիշեցի… Վալերյանի կաթիլներ…
ԲԺԻՇԿ — Թողեք ինձ հանգիստ։
ԲԱՆՏԱՊԵՏ – Չկա՜… Հանգստություն չկա… Բանտը լցվել է առնետներով… Իսկ իմ կատուն մուկ անգամ չի բռնում… (Շշուկով): Կշտացել է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Այս ի՞նչ է ձեր վիճակը, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ — (պատասխանի փոխարեն քրքջում է և օրորվելով գալիս, փլվում բազմոցին):
Դրսից լսվող խուլ աղմուկը գնալով սաստկանում է:
ԲԺԻՇԿ — Այս ի՞նչ աղմուկ է:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ախ ես ձեր, շներ… (Նետվում է դեպի լուսամուտը ու ճաղերը ցնցելով, կատաղած բղավում): Փակեք դրանց բերանները, շո՜ւտ…. Կախ կտամ… աշնան տանձերի պես բոլորիդ կախ կտամ բանտի պատուհաններից…
Դրսից լսվում են բանտարկյալների ձայները:
- Մարդասպաննե՜ր…
- Սա բանտ չէ, այլ դժոխք։
- Խեղդեք բոլորիս, դահիճներ…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Այս ի՞նչ իրարանցում է, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ — (կանգնած տեղում օրորվելով): Վերջացա՜վ… Ես չէի ուզում… Նա ինքը, ինքը նետվեց ձեռքերիս մեջ… Հիմար ծերուկ… Ինքս էլ չիմացա, թե ինչպես այս մատներով…
ԲԺԻՇԿ — Ի՞նչ…
ԲԱՆՏԱՊԵՏ — Բանտախուց մտա, թե չէ, դիվահարը հարձակվեց վրաս: Սկսեց քաշքշել, ծվատել շորերս… Դուք վատ էիք բուժել նրան, բժիշկ… (Շշուկով): Իսկ ես նրան, հիմնովին…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ցնորվե՞լ եք, ինչե՞ր եք խոսում։
ԲԱՆՏԱՊԵՏ — Չեղավ, տիկին, չեղավ… Մի՞թե կարելի է այդպես խոսել բանտապետի հետ… Ես դաստիարակություն ունեցող մարդ եմ… Ես չէի կարող իմ անմեղ կատվի աչքերի առաջ արյուն թափել… Ես նրան ուղղակի մատներով…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Խելագա՜ր… (Արագ դուրս է գնում):
ԲԺԻՇԿ — Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք արել:
ԲԱՆՏԱՊԵՏ — Ես հիմար չեմ, բժիշկ։ Ես խելք ունեմ։
ԲԺԻՇԿ — Հենց ցավն էլ դա է։ Երբ խելքը միանում է չարությանը, սկսում է ահավոր ավերմունք գործել։
ԲԱՆՏԱՊԵՏ — Մի անհանգստացեք, նրա տեղը դատարկ չի մնա։ Փոխարենը տասը կբերեն, քսանը, հարյուրը…
ԲԺԻՇԿ — Այդ ի՞նչ եք արել, հրեշավոր մարդ։ Չէ որ ծերունու ազատման թուղթը ստորագրված էր արդեն։
ԲԱՆՏԱՊԵՏ — Իսկ ես ազատեցի նրան առանց թղթի։ Ընդմիշտ… Նա շատ էր ծեր այս բանտի համար։ Նրան հանգիստ էր պետք…
ԲԺԻՇԿ — Դուք պատասխան կտաք, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ – (ցինիկ քրքրջում է): Պատասխան… Այսինքն դատաստան… Ինձ, բանտապետիս… Իսկ ո՞վ պիտի դատի ինձ, բժիշկ, դո՞ւք… (Լուսամուտը ցույց տալով): Սրա՞նք… (Ձեռքը վեր տնկելով կատաղած մռնչում է): Թե նա, ձեր այն մեծ բանտապետը, որ երկնքում թառած ծիծաղում է բոլորիդ վրա…
ԲԺԻՇԿ — Վերջ տվեք։
ԲԱՆՏԱՊԵՏ — Այո, բժիշկ, դուք բոլորդ էլ նրա բանտարկյալներն եք: Ողորմելի ճիճուների պես սողում եք նրա ոտքերի տակ, գալարվում, պատեպատ խփում ձեզ։ Իսկ նա երկնքից նայում է ու ծիծաղում ձեզ վրա։
ԲԺԻՇԿ – Չէ՜, կկործանեք երկիրը։
ԲԱՆՏԱՊԵՏ — Թքա՜ծ։
ԲԺԻՇԿ — Կգան այդ անիծվածները։ Եվ լավ էլ կանեն, որ գան, սրբեն ամեն ինչ։
ԲԱՆՏԱՊԵՏ — Թքած նրանց վրա էլ, ձեզ վրա էլ: Ինձ մարդ տվեք, որ բանտս դատարկ չմնա… (Դադար): Օ՜հ, բժիշկ, եթե ձեր նշտարը իմ ձեռքին լիներ, ես մարդկանց արյունից մի այնպիսի հեղեղ կսարքեի, որ աշխարհը ծածկվեր նրա տակ։
ԲԺԻՇԿ – Որտեղի՞ց այդքան ատելություն։
ԲԱՆՏԱՊԵՏ — (խայթվածի պես): Ի՞նչ ասացիք… Որտեղի՞ց… (Փշրված ու թևաթափ փլվում է բազմոցին): Ինչի՞ տվեցիք ինձ այդ հարցը, բժիշկ։ Ինչի՞ քանդեցիք օձ ու կարիճներով լցված այն բույնը, որ տարիներ շարունակ խնամքով ծեփել էի ես… Որտեղից, ասում եք… (Մի փոքր լռելուց հետո): Ես չգիտեմ ով եմ ես, և ինչ վիժվածքի ծնունդ։ Չգիտեմ ով է եղել իմ մայրը, կամ ով՝ իմ հայրը։ Գիտեմ միայն, որ մի մութ գիշեր ինձ շպրտել են ինչ—որ պատի տակ, իրենց մեղքը պարտակելու համար։ Աշխարհ գալուց առաջ, ձեզ, բախտավոր ծնունդներիդ ապահովել են անուններով։ Սպասել են ձեզ սրտի դողով, անհամբերությամբ, իսկ ինձ… Ինձ ոչ ոք չի սպասել։ Ես անուն անգամ չեմ ունեցել։ Իմ անունը մի բառ է եղել միայն, որ դեռ չծնված խարանել են ճակատիս. ՛՛շպրտված՛՛: Իմ սաղմնավորման պահից սկսած, ես սնվել եմ միայն անեծքով ու ատելությամբ։ Ես անեծք եմ եղել, բժիշկ, շպրտված այս գարշելի մարդկության դեմքին։
ԲԺՒՇԿ — Դուք իրավունք չունեիք մարդկանց մեջ ապրելու։
ԲԱՆՏԱՊԵՏ — Երանի չէր, որ ինձ շպրտած լինեին գազանների մեջ: Երանի չէր, որ իմ փոքրիկ, թույլ ու անօգնական մարմինը գայլերն ու բորենիները պատառոտեին։ Բայց չէ, չէ, նրանք կպահեին, կպահպանեին, կգուրգուրեին ինձ իրենց գայլային քնքշությամբ։ Եվ ես, փոքրիկ մարդագայլս, կքայլեի նրանց հետ չորեքթաթ, բայց գլուխս վեր պահած։ Ես երջանիկ կլինեի, որ չէի հասկանա մարդկանց լեզուն։ Չէի հասկանա այն խոսքերը, որ տարիներ շարունակ հալածել են ինձ… Որտեղից, ասում եք… որտեղից…
ԲԺԻՇԿ — Բայց չէ՞ որ այնուամենայնիվ մարդիկ են ձեզ պահել, պահպանել:
ԲԱՆՏԱՊԵՏ — (հեգնորեն ծոր տալով): Պահե՜լ, պահպանե՜լ… Իսկ ինչի՞ համար, ինչի՞… Որ առջևս գցած ամեն մի պատառի համար անտեր շուն անվանեն… Տաս տարեկան չկայի, փախա այդ տնից: Կուչ էի գալիս պատերի տակ, մարդկանց տեսնելիս սարսափած փախչում էի։ Իսկ լակոտները քաշքշում էին ինձ, ծաղրում, ծիծաղում, ետևիցս քարեր շպրտում։ Նրանք շան նման կատաղեցնում էին ինձ, որ հետո բաց թողնեն իրենց նմանների վրա… Ի՞նչ էր կատարվում ինձ հետ, չէի հասկանում։ Զգում էի միայն, որ օրեցօր ինչ-որ բան կոշտանում էր այստեղ… Ատելությամբ լցված ես փնտրում էի ինձ աշխարհ բերողներին։ Ամեն մեկի մեջ կարծես նրանց էի տեսնում: Այնքան էր ատելություն կուտակվել իմ մեջ, որ գիշերները, երազում, կավից մարդկանց խրտվիլակներ էի պատրաստում ու հետո կատաղած ջարդում նրանց գլուխները… (Դադար): Մի օր էլ գլուխս առա, փախա այդտեղից։ Գնացի ուրիշ քաղաք։ Եվ ահա, ինձ անծանոթ այդ քաղաքում, ես հանդիպեցի մի աղջկա։ Նրա հայացքը նման չէր ոչ մեկին։ Նա նայում էր ինձ անսովոր կարեկցանքով ու ջերմությամբ։ Իմ կյանքում առաջին անգամ ես ինչ-որ մտերիմ բան զգացի։ Ինչ-որ բան փլվեց իմ մեջ։ Ես փրկվում էի, բժիշկ, բայց… Մի երեկո, երբ միասին շրջում էինք քաղաքում, հանկարծ նորից դեմս ելան նրանք։ Նորից սկսեցին ծաղրել, ծիծաղել, ստորացնել ինձ։ Իսկ երբ նրանցից մեկը սկսեց քաշքշել աղջկան, աչքերս միանգամից մթնեցին։ Էլ չիմացա, թե ինչպես դանակը խրեցի մինչև ողնաշարը։ Հետո բանտ, աքսոր, երկար, տառապալից մի ճանապարհ… Որտեղից, ասում եք… Ես մորս արգանդից հո բանտապետ չեմ ծնվել, բժիշկ։ Մարդիկ, մարդիկ են իրենց բանտն ու բանտապետը ստեղծում։ Բանտ, ահա միակ տեղը, որտեղ կտրող էի իմ վրեժը լուծել մարդկանցից։ Ես շատ գրքեր եմ կարդացել։ Այդ գրքերում ես փնտրել եմ իմ կյանքի պատմությունը, իմ ճակատագիրը։ Նման պատմությունների շատ եմ հանդիպել, բայց ոչ մի գրքում չեմ գտել այն, ինչ ապրել եմ իմ ամբողջ կյանքում… Մարդիկ ինձնից խլեցին իմ արցունքները։ Ես մոռացել եմ ինչ բան է արցունքը։ Կենդանիները, ծառը, բույսը, շունը, կատուն, մուկը, բոլորը, բոլորը արցունք ունեն, իսկ ես… Ասում են, արցունքը աղի համ ունի, բժիշկ, իսկ ես երազում անգամ չեմ զգացել այդ համը…
ԲԺՒՇԿ – Բայց դուք լաց եք լինում, բանտապետ։
ԲԱՆՏԱՊԵՏ — (հանկարծակիի եկած): Ի՞նչ… (Ձեռքն արագ դեպի աչքերն է տանում և թաց մատները տեսնելով, սկսում է խելագարի պես քրքջալ):
Տեսարանը դանդաղ մթնում է: Մթության մեջ երկար ժամանակ շարունակվում է Բանտապետի դիվային քրքիջը և հետո մարում:
Տեսարան ութերորդ
Բեմն աստիճանաբար լուսավորվում է: Վանդակապատ լուսամուտից երևում է նոր լուսացող երկինքն ու եկեղեցին: Կիսախավարի մեջ հազիվ նշմարվում են սենյակում գտնվող իրերն ու բազմոցին քնած Բժիշկը: Լսվում են շարքով քայլող զինվորների ոտնաձայները, որոնք գնալով մոտենում են և ուժգնանում: Զինվորների տագնապալից ոտնաձայներին հաջորդում է ինչ-որ մեկի խռպոտ ձայնը. «Կանգ առ»: Ոտնաձայները միանգամից դադարում են:
ՁԱՅՆ — Տեր հայր, սկսիր…
ՔԱՀԱՆԱՅԻ ՁԱՅՆԸ — (երգեցիկ): «Մեղա ամենասուրբ երրորդության, Հոր և Որդվո, և Հոգվույն սրբո… Մեղացյալ եմ աստծո… » (Մի պահ լռելուց հետո): Այս ինչ է, սոսկահա՞ր ես, որդյակ իմ… (Լռություն): Ունայն է այս աշխարհը: Այնտեղ, երկնքում է միայն արդարն ու մեղավորը զատվում։ Աղոթիր, որդյակ իմ և հոգիդ կթեթևանա։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ՁԱՅՆԸ — (անհանգիստ ու տագնապով): Աղո՜թք… աղո՜թք… (Ձայնն աստիճանաբար բարձրացնելով): Գաղտնյաց գիրքը բացած, երբ բազմես դու ի նիստ է… Երբ վերջին սարսափանքից դողան տղա ու ծեր…
ՁԱՅՆ – Կրա՛կ…
Լսվում է համազարկ և մի պահ ամեն ինչ հանդարտվում է ու լռում: Հանկարծ այդ ծանր լռության մեջ պայթում է Աղջկա ճիչը: Բազմոցին պառկած Բժիշկը վեր է թոչում քնից: Ահաբեկված ու սոսկահար ներս է ընկնում Աղջիկը և լուսամուտը ցույց տալով, մատներն ատամների տակ սեղմած, խեղդված ձայնով բղավում է:
- Բժի՜շկ…
Բժիշկը խալաթի թևքերը կոճկելով, արագ մոտենում է լուսամուտին ու ճաղերի արանքից նայում ցած:
ԲԺԻՇԿ — (թևաթափ ու տանջալից): Գազաննե՜ր…
Տեսարան իններորդ
Նույն սենյակը: Անցել է մի քանի օր: Բազմոցին, գլուխը ձեռքերի մեջ առած, նստել է Բժիշկը: Ներս է մտնում Աղջիկը: Նա լուռ ու վշտաբեկ մոտենում է անկյունում դրված պահարանին և սկսում ինչ-nր բան փնտրել: Բժիշկը բարձրացնում է գլուխն ու փշրված հայացքով նայում աղջկան:
ԲԺԻՇԿ — (հոգնած, խանձված ձայնով): Նշանակված սրսկումները կատարե՞լ ես։
ԱՂՋԻԿ — Այո։
ԲԺԻՇԿ — Իսկ բանտ տեղափոխված հիվանդների քարտե՞րը…
ԱՂՋԻԿ — Սեղանի վրա են։
ԲԺԻՇԿ — (ոտքի ելնելով): Չէ՜, այսպես շարունակել այլևս հնարավոր չէ։ Հեղեղը բարձրացել, քշում, տանում է ամեն ինչ…
ԱՂՋԻԿ — (անթարթ աչքերը դահլիճի խորքը հառած): Առավոտյան, բուլվարի մոտ, ոստիկանները քարշ էին տալիս մի մարդու։ Նրա ճակատից արյուն էր հոսում։ Մեկը ինչ-որ բան բղավեց։ Բոլորն իրարով անցան։ Մի երեխա ճչաց, կպավ մորը։ Կրակոց, ծեծ, ջարդ… Ի՞նչ է կատարվում, տեր աստված։ Ի՞նչ են ուզում մարդիկ իրարից։
ԲԺԻՇԿ — Խելագարվել են։ Բոլորն էլ խելագարվել են։
ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ բերեցիք ինձ այստեղ, բժիշկ։ Ինչո՞ւ գցեցիք ինձ այս անիծված պատերի մեջ։ Ամեն առավոտ ես լսում եմ բակ դուրս եկած բանտարկյալների ոտնաձայները, տեսնում եմ պատուհանների ճաղերից դուրս նայող նրանց դեմքերը: Նրանց աչքերում կատաղություն կա, ցավ ու տանջանք…
ԲԺԻՇԿ — Գնա, գնա հանգստացիր։
ԱՂՋԻԿ — Գնա՞լ… Ո՞ւր գնալ… Ո՞ւր կորչել այս անիրավ աշխարհից։
ԲԺԻՇԿ — Դու գիտեիր, դու շատ լավ գիտեիր, որ այսպես պիտի վերջանա։
ԱՂՋԻԿ — Նա այնպես ուզում էր ապրել։
ԲԺԻՇԿ — Բայց դու գիտեիր, որ մահապարտի ես սիրում և այդ սերը շատ դաժան է լինելու քեզ համար։
ԱՂՋԻԿ — Ես հավատում էի։
ԲԺԻՇԿ — Ինչի՞ն էիր հավատում։
ԱՂՋԻԿ — Հավատում էի, որ մի հրաշք կկատարվի:
ԲԺԻՇԿ — Հրաշքներ չկան։
ԱՂՋԻԿ — Կան, հրաշքներ միշտ էլ կան, բայց մարդիկ սպանում են այդ հրաշքները։ Ինչո՞ւ գնացիք, բժիշկ։ Ինչո՞ւ այս երկու օրը բացակայեցիք բանտից։
ԲԺԻՇԿ — Գործ է, ի՞նչ կարող ես անել։
ԱՂՋԻԿ — Եթե չգնայիք…
ԲԺԻՇԿ — Միևնույն է, վաղ թե ուշ դա լինելու էր։ Պարզապես ես ուզում էի… Ախ կին, կին, դիվային արարած…
ԱՂՋԻԿ — Ես կսպանեմ նրան։
ԲԺԻՇԿ — Հիմար բաներ ես խոսում։
ԱՂՋԻԿ — (բռունցքները սեղմած, կատաղի): Ես կսպանեմ նրան, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Վերջ տուր։
ԱՂՋԻԿ — Չե՞ք հավատում, ավելի լավ… Դուք շուտով կլսեք, շատ շուտով…
ԲԺԻՇԿ — (Աղջկա ուսերից բռնելով, թափով շրջում է դեպ իրեն): Ապա ինձ նայիր… նայիր աչքերիս… Խելագար աղջիկ, դու հասկանո՞ւմ ես, թե ինչ ես խոսում։
ԱՂՋԻԿ — Ես քարշ էի տալիս օրերս այս մռայլ բանտում։ Օրեր, որոնք տարվա չափ երկար էին, մահվան չափ ծանր: Եվ որպեսզի չխելագարվեմ, որպեսզի ինձ պատեպատ չխփեմ, ես ինձ շրջապատել էի սուտ պատրանքներով ու սպասումներով։ Հանկարծ լույսի մի շող փայլեց այս ցուրտ պատերի մեջ։ Կյանքը միանգամից լցվեց ու ջերմացավ։ Սրտի դողով ես փայփայում էի հրաշքով գտնված լույսի այդ շողը, բայց… (Հոգնած ու թևաթափ): Դատարկվե՜ց… Ամեն ինչ դատարկվեց…
ԲԺԻՇԿ – Լսիր: Մի րոպե սթափվիր ու լսիր: Գիտեմ, դժվար է քեզ հաշտվել այս ամենի հետ։ Իսկ ինձ համար կարծում ես հե՞շտ է։ Կան բաներ, որ ավելի թանկ են, քան սեփական որևէ զգացում: Դու կորցրիր քո սիրած տղային, իսկ ես կորցրի ավելին, հավատս… (Նստում է ու գլուխը վերստին առնում ձեռքերի մեջ): Ամբողջ կյանքս դրեցի ազգի փրկության համար։ Ես ուզում էի, որ իմ տանջված, տրորված հայրենիքը լինի ազատ ու անկախ, մինչդեռ…
ԱՂՋԻԿ — Հայրենի՜ք… Էլ ինչ հայրենիք, երբ բզկտում են իրար, իրար կոկորդ պատռում, սպանում, ավերում…
ԲԺԻՇԿ – Լռի՛ր։
ԱՂՋԻԿ — Թող ավերվի, թող քանդվի ամեն ինչ։ Թող քարը քարին չմնա…
ԲԺԻՇԿ – Լռի՛ր, քեզ ասում են։
ԱՂՋԻԿ — Ասում եք լռե՞մ։ Ինչ կա որ… Ես այդ կարող եմ անել։ Ցավը ատամներիս տակ սեղմած, շրթունքներս կրծոտելով կստիպեմ ինձ լռել։ Մեռածները չեն կարող բղավել, ողջերն էլ պիտի լռեն, բայց մեկն ու մեկը պիտի ճչա՞ այս ամենի համար, թե՞ ոչ… Հայրենի՜ք… (Հեկեկալով դուրս է գնում):
ԲԺԻՇԿ — (ինքն իրեն, մտազբաղ): Մեռածները չեն կարող բղավել, ողջերն էլ պիտի լռեն…
Նրա հոգնած ուղեղում հնչում է բանտարկյալ տղայի ձայնը:
ՁԱՅՆ — Սխալվում ես, բժիշկ, մեռածները կարող են բղավել։ Նրանք բղավում են ձեր հոգիներում։ Միայն պետք է լսել նրանց ձայնը…
Բժիշկը վեր է կենում, մոտենում պահարանին, հանում է սպիրտով լի սրվակը, լցնում է բաժակն ու խմում: Լսվում են եկեղեցու զանգերը: Դրսում պատկերվում է բանտարկյալ տղան: Նրա դեմքը գունատ է, աչքերը պաղ են ու անփայլ: Սպիտակ շապիկի վրա երևում են գնդակների ծակոտած տեղերը: Նա դանդաղ մոտենում է վանդակապատ լուսամուտին ու ճաղերից բռնած նայում ներս:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Խմո՞ւմ ես:
ԲԺԻՇԿ — (հայացքը մի կետի, մտազբաղ): Ուրիշ էլ ի՞նչ է մնում ինձ անել:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչ արած… Կենացդ… ողջերիդ կենացը…
ԲԺԻՇԿ — Դու ազատվեցիր կապանքներից, բայց ես…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ -Ասում էի, չէ՞, որ ես դուրս կգամ այստեղից։ Ողջ լինեմ թե մեռած, մեկ է դուրս կգամ, բայց դու կմնաս այստեղ:
ԲԺԻՇԿ — Վերջացավ։ Իմ միսիան ավարտված է արդեն։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ուրեմն ի՞նչ։ —
ԲԺԻՇԿ — Թողնել, հեռանալ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հեռանա՞լ։ Ումի՞ց։
ԲԺԻՇԿ — Այս բանտից, մարդկանցից, ինքս ինձնից։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինքդ քեզնից հեռանալու մի ճանապարհ կա միայն։
ԲԺԻՇԿ — (տանջալից): Քունքերս պայթում են… (Նորից է խմում):
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Հեշտ ճանապարհ ես ընտրել, բժիշկ:
ԲԺԻՇԿ — Ուզում եմ թմրեցնել այս անիծված ուղեղը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչ, դու ուզում ես թմրեցնել քո խիղճը։
ԲԺԻՇԿ — Այո, ամպուտացիա, ուղեղի և սրտի ամպուտացիա։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Բայց առանց ցավի զգացման։
ԲԺԻՇԿ — Ի՞նչ ես ուզում:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես այդպես էլ չհասկացա, ինչի՞ համար էր այս բոլորը։
ԲԺԻՇԿ — Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դու արեցիր ավելին, քան կարող էիր։
ԲԺԻՇԿ — Ես աշխատում էի ձգձգել, հնարավորին չափ երկարացնել քո կյանքը։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչի՞ համար, որ երկրո՞րդ անգամ սպանեք։
ԲԺԻՇԿ — …
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Կյա՜նք.. Մի քանի օրվա կյանք հիվանդանոցի այս գորշ պատերի ներսում և մի դաժան լուսաբաց։
ԲԺԻՇԿ — Գազաննե՞ր..
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ես զգացի թաց խոտի բույրը, տեսա նոր ծագող արևը ու հետո մթնեց, ամեն ինչ մթնեց։
ԲԺԻՇԿ — Բավական է։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչո՞ւ փրկեցիր իմ կյանքը, բժիշկ, երբ կարող էիր վիրահատության ժամանակ, նշտարի մի հարվածով վերջ տալ ամեն ինչին։ Ո՞ւմ էր պետք այդ կյանքը, եթե նորից պիտի ետ վերցնեիք։ Մի խոսքով, նշտարով վիրահատում եք, դեղորայքով բուժում և հրացանով սպանում…
Եկեղեցու զանգերը շարունակվում են:
ԲԺԻՇԿ — (օձիքը քանդելով): Այս ինչ է, խաչելությո՞ւն…
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ոչ, բժիշկ… (Դանդաղ հեռանալով լուսամուտից): Քրիստոս հարյավ ի մեռելոց…
Զանգերը աստիճանաբար մարում են: Պատրանքը չքանում է:
Տեսարան տասներորդ
Եկեղեցու ներսը: Խորքում քարակոփ պատ կաղնե ծանր դռնով: Դռան երկու կողմերում վառվող մոմեր, որոնք աղոտ լուսավորում են պատին փակցված սրբապատկերները: Բեմի առաջամասում հսկա խաչելություն, իսկ քիչ հեռու գրակալ: Բեմում ոչ ոք չկա: Խորքից լսվում է Մոնթի երգը: Նրա վճիտ, զրնգուն ձայնը արձագանքում է եկեղեցու կամարների տակ, միաձուլվելով դրսից լսվող տեղատարափ անձրևի խշշոցին: Դուռը բացվում, ներս է մտնում Աղջիկը թաց մազերը ուսերին շաղ տված: Երգն ընդհատվում է: Եկեղեցու խորքից գալիս է Մոնթը:
ՄՈՆԹ — Այս ինչպե՞ս եղավ։
ԱՂՋԻԿ — (անթարթ աչքերը խաչելության հառած): Երեկ, լուսաբացին…
ՄՈՆԹ — Ամեն ինչ այնպես արագ կատարվեց։
ԱՂՋԻԿ — Վերցրու։
ՄՈՆԹ — Սա ի՞նչ է։
ԱՂՋԻԿ — Բանտախուց տեղափոխելուց առաջ, նա տվեց ինձ այս գրությունն ու ասաց, եթե չհաջողվի դուրս պրծնել, կհանձնես տղաներին։
ՄՈՆԹ — Տղաները խնդրեցին, որ դու կապ պահպանես մեզ հետ:
ԱՂՋԻԿ — Ես այլևս չեմ կարող այդ դժոխքում մնալ։
ՄՈՆԹ — Նրանք խնդրեցին, որ դու շարունակես աշխատել բանտում: Դա պետք է, հասկանո՞ւմ ես, պետք է…
Ներս է մտնում Քահանան: Աղջիկը խոնարհ գլուխ է տալիս և արագ հեռանում:
ՄՈՆԹ — (շփոթված մոտենալով քահանային): Եկա՞ր, տերհայր… (Օգնելով վերարկուն հանել): Թրջվել ես։
ՔԱՀԱՆԱ — Ողբացյալ անձրև, գալիս է ու գալիս, վերջ չունի։
ՄՈՆԹ — Իրա՞վ է, որ բանտապետը մարդ է խեղդել բանտի մեջ:
ՔԱՀԱՆԱ — Լռիր, որդյակ, ոչինչ մի հարցրու, լռիր… (Սարսռած): Այս ի՞նչ ցուրտ է փչում։
ՄՈՆԹ — Կրակարանը վառե՞մ։
ՔԱՀԱՆԱ — Պետք չէ։ Դուռը կողպիր, կիսաբաց է երևի:
ՄՈՆԹ — Դուռը փակ է, տեր հայր։
ՔԱՀԱՆԱ — Երևի պատուհանն է բաց։
ՄՈՆԹ — Ամեն տեղ փակ է։
ՔԱՀԱՆԱ — Ուրեմն հոգիս է, որ կմրսի, հոգիս։
ՄՈՆԹ — Ասում են նորից սկսվել են ձերբակալությունները։
ՔԱՀԱՆԱ — Նորից ձերբակալություններ, նորից մահ ու ավեր։ Ւ՞նչ է լինելու այս ամենի վերջը, տեր աստված: (Դադար): Գնա, որդյակ, գնա ժամերգությունդ կրկնիր։
ՄՈՆԹ — Կրկնել եմ արդեն։
ՔԱՀԱՆԱ — (հոգեխով և հուզված): Նորից կրկնիր, հարյուր անգամ կրկնիր, հազար անգամ կրկնիր:
Մոնթը գնում է: Քահանան երերուն քայլերով գալիս, կանգնում է խաչելության առջև և ալեհեր գլուխը հակում գրակալին: Եկեղեցու խորքից նորից լսվում է Մոնթի երգը. «Տեր ողորմյա… Տեր ողորմյա…»: Քահանան դանդաղ բարձրացնում է գլուխը և հայացքը խաչելությանն ուղղելով, ցածրաձայն մրմնջում: Դուռը բացվում, ներս է մտնում Բժիշկը անձրևանոցի օձիքը վեր բարձրացրած: Նա մռայլ է, հոգին ալեկոծ: Չցանկանալով ընդհատել Քահանային, նա հենվում է դռանը ու մնում այդպես կանգնած:
ՔԱՀԱՆԱ — Մոմի լույսի տակ, խորանիստ մութից, աղոթքներս քեզ եմ ուղղել, տեր: Չարչարանաց փշե պսակդ գլխիս, անապատներ եմ անցել, փուշ ու տատասկներ եմ անցել, քեզ որոնելու, քեզ գտնելու, տեր։ Եվ երբ չեմ գտել, երբ հուսահատ ետ եմ դարձել, մի ձայն է դուրս թռել սրտես։ Դա քո ձայնն է եղել, տեր, որ երկնքի լույս խորանից արարող մատիդ պես ինձ ես ուղղել…
ԲԺԻՇԿ — Խեղճ մարդ, քեզնից դուրս ո՞ւր ես փնտրում նրան։ Քեզնից դուրս նա չկա:
ՔԱՀԱՆԱ — (սթափվելով): Որդյակ ի՞մ..
ԲԺԻՇԿ — Ներիր, տեր հայր, խանգարեցի մենությունդ։
ՔԱՀԱՆԱ — Ներող է աստված։ Առաջ եկ, որդի, ինչո՞ւ ես շեմին կանգնել։
ԲԺԻՇԿ — Այս ո՞վ է երգում։
ՔԱՀԱՆԱ — Եկեղեցուս փոքրավորն է։
ԲԺԻՇԿ — Ինչքան աղերս կա ձայնի մեջ, հազարամյակներից եկող աղերս։
ՔԱՀԱՆԱ — Աստված ողորմած է։
ԲԺԻՇԿ — Խլացել է քո աստվածը, չի լսում։
ՔԱՀԱՆԱ — Աղոթիր, որդյակ, աղոթիր և հոգիդ կխաղաղվի։
ԲԺԻՇԿ — Նույն խոսքերը. և ապրողին, և մեռնողին, և սպանողին, և սպանվողին։ Աղոթիր և հոգիդ կխաղաղվի… Այդ ի՞նչ աղոթք է, որ պիտի խաղաղեցնի ինձ։ Այդ ի՞նչ աղոթք է, որով կարողանում ես խաղաղեցնել զառամյալ հոգիդ, մահապարտին այն աշխարհն ուղարկելուց հետո… Սուտ է, խաբեություն…
ՔԱՀԱՆԱ — Լսիր, որդի։ Ես ծեր եմ, տկար, շուտով գնալու եմ, տիրոջ կանչին եմ սպասում։ Ես
չեմ կորցնի իմ հոգին, ճիշտը կասեմ։ Այ դու ասում ես սուտ է, խաբեություն։ Մեղա քեզ, տեր… Ասենք թե այդպես է, ասենք թե սուտ է, բայց մարդուն պետք է այդ սուտը։ Չէ որ նա մահվան առաջ է կանգնած… (Դադար): Ասա, բժիշկ, ի՞նչ ես ասում դու այն հիվանդին, երբ գիտես, որ նրան փրկելը անհնար է։ Ասո՞ւմ ես, որ մեռնելու է։ Ոչ, խաբում ես, հույս ես տալիս։ Չես ուզում սպանել հավատը։
ԲԺԻՇԿ — Այո, դժվար է առանց հավատի։ Բայց ո՞ւմ հավատալ, ինչի՞ն հավատալ։
ՔԱՀԱՆԱ — Խղճիդ հավատա, որդի, խղճիդ։ Թող նա լինի քո միակ դատավորը։ (Խանձված ձայնով): Այ քիչ առաջ մարդ էր մեռնում, մի մոլորյալ, որ սրտից հանել էր հավատը, կորցրել էր հոգին և այլևս ոչինչ չուներ բարձրյալին տալու, տանջվում էր։ Երկու օր շարունակ վեր է թռել մահվան մահճից ու սոսկահար բղավել. «Խաբել են, դատարկել են… Չկա, ոչինչ չկա…»: Նվաստս հազիվ կարողացավ խաղաղեցնել նրան։ Մի արեք, որդի, մի դատարկեք մարդուն։ Եթե ողջերին չեք խղճում, գոնե մեռնողներին գթացեք…
Բժիշկը ոչինչ չի լսում. մտազբաղ աչքերը հառել է մի կետի: Ահա նորից նա, գնդակներից ծակոտված շապկով: Նրա ոտնաձայնը ասես արձագանքում է ոչ թե բժշկի գլխում, այլ եկեղեցու կամարների տակ:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Դու այստե՞ղ…
ԲԺԻՇԿ — Ի՞նչ ես ուզում, ինչո՞ւ ինձ հանգիստ չես տալիս։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Եկել ես մեղավոր հոգի՞դ փրկելու։
ԲԺԻՇԿ — Իսկ ի՞նչ անել։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Պետք է ապրել, ապրել նոր կյանքով։
ԲԺԻՇԿ — Առանց հավատի՞։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Պետք է հավատալ վաղվա օրվան։
ԲԺԻՇԿ — Չկա, ինձ համար այլևս վաղվա օր չկա։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ – Կա՛։
ԲԺԻՇԿ — Կա միայն անցյալ, կորած մի անցյալ, որն այլևս ետ դարձնել չեմ կարող։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Անցյալը ետ դարձնել չես կարող, բայց հիշել կարո՞ղ ես։ Հիշի՛ր, տարիներ առաջ, երբ օտար երկնքի տակ դու տալիս էիր բժշկի քո սրբազան երդումը։
ԲԺԻՇԿ — Հուզմունքից բառերը շաղախվում էին, արցունքը խեղդում էր ինձ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ինչո՞ւ։ Ինչի՞ համար։
ԲԺԻՇԿ — Ես մտքով իմ ժողովրդի հետ էի, իմ տառապած ժողովրդի հետ։
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Իսկ հիմա՞։ Ո՞ւմ հետ ես դու հիմա։
ԲԺԻՇԿ — Բավական է:
ԲԱՆՏԱՐԿՅԱԼ — Ո՞ւր է բժշկի քո հպարտությունը, պատիվը, խիղճը։ Դու քոնն ես կրկնում, քահանան իրենը, իսկ ժողովուրդը… Քո տառապած ժողովուրդը, որն այլևս չի ուզում ծնկաչոք ապրել։ Ո՞վ գիտե, գուցե ես սպանվեցի նրա համար, որ բանտն ու եկեղեցին իրար մոտ են կառուցել: (Պատրանքը չքանում է):
ՔԱՀԱՆԱ — (Բժշկին): Որդյակ իմ… Հոգիդ խռովյալ է, ի՞նչ է պատահել:
ԲԺՒՇԿ — Ասա ինձ, տեր հայր, ինչո՞ւ են բանտն ու եկեղեցին իրար մոտ կառուցել, ինչո՞ւ։ Որ այստեղ աղոթենք հոգու փրկության համար, իսկ այնտեղ սպանենք և մարմինը, և հոգի՞ն…
ՔԱՀԱՆԱ — Այդ ի՞նչ մռայլ մտքեր են պտտվում գլխիդ մեջ, որդյակ իմ։
ԲԺՒՇԿ — Երկար տարիներ ապրել ես այս մեղավոր աշխարհում։ Տեսել ես և արհավիրք, և ցավ, և տանջանք։ Փորձություններից իմաստնացել է միտքդ։ Ասա, ի՞նչ է լինելու այս ժողովրդի վերջը։
ՔԱՀԱՆԱ — Պետք է ապավինել աստծուն։
ԲԺԻՇԿ — Ի՞նչ կարող է անել քո այդ աստվածը, երբ մեր խաչը ինքներս ենք մեր ձեռքով պատրաստում։ Դարեր շարունակ, այս տանջահար Հիսուսի պես, խաչին գամված, փշե պսակը գլխներիս… Մինչև ե՞րբ…
ՔԱՀԱՆԱ — Խառնաշփոթ է գլխիդ մեջ, որդյակ իմ։ Հեռու այդ խառնաշփոթից, հեռու։
ԲԺԻՇԿ — Ճռնչալով ծովի խորքն է իջնում մեր նավը։ Մնացել է մի բուռ նավաբեկյալ ժողովուրդ։ Ինչ անել, ո՞ւր գնալ։ Խորտակվող նավի ետևի՞ց, թե՞ նավաբեկյալների:
ՔԱՀԱՆԱ — Դու ազգիդ և հայրենիքիդ զավակն ես։
ԲԺԻՇԿ — Ա՜զգ, հայրենի՜ք… Իսկ ի՞նչ ենք անում մենք այդ հայրենիքը փրկելու համար, ի՞նչ։ Նշտարով վիրահատում ենք, դեղորայքով բուժում և հրացանով սպանում։
ՔԱՀԱՆԱ — Ես եկեղեցու սպասավոր եմ։
ԲԺԻՇԿ — Դե, իհարկե, դու եկեղեցու սպասավոր ես։ Դու ոչինչ չունես այս ամենի հետ, իսկ ես…
Եկեղեցու դուռը շրխկոցով ծեփվում է պատին: Շնչակտուր ներս է ընկնում ծեր բանտապահը:
ԲԱՆՏԱՊԱՆ — (սոսկահար): Բժի՜շկ…
ԲԺԻՇԿ — Ի՞նչ կա:
ԲԱՆՏԱՊԱՆ — Բանտապետը…
ԲԺԻՇԿ — Ի՞նչ է պատահել։
ԲԱՆՏԱՊԱՆ — Բանտապետը կախվեց, բժիշկ…
Քաhանան սարսափահար խաչակնքում է դեմքը:
ՎԵՐՋԱԲԱՆ
Բանտի բակը: Բակում նորից ետ ու առաջ է անում ծեր բանտապանը, նորից Աղջիկը ջուր է տանում, նորից լսվում են մոտակա եկեղեցու զանգերը: Աղջիկը մի պահ կանգնում, նայում է ճաղապատ, դատարկ պատուհանին: Նրա գլխում վերստին կենդանանում են անցած ձայները:
- Սպասի’ր…
Աղջիկը ցած է դնում դույլերը:
— Այդ ի՞նչ ես տանում:
— Ջուր։
— Գոնե մի կաթիլ…
— Ծարա՞վ ես։
— Ինչ լավիկն ես, գրողը տանի: Լսիր, դու այս որտեղի՞ց լույս ընկար, հը՞։
— Սարերից։
— Ասում են, սարերում սինձն արդեն դուրս է եկել:
— Է՜, քեզ ինչ։
— Կգնայինք միասին սինձ քաղելու։
— Միասին…
Զանգերի ձայնը շարունակվում է: Աղջիկը նայում է Բանտապանին, որը լուռ ետ ու առաջ է անում:
— Անհավատներ, կքանդեք բոլոր եկեղեցիները։
— Զանգերը կպահենք։ Հա՛, հա՛, ծերուկ, կպահենք զանգերը։ Թող միշտ զանգեն, մի՜շտ, մի՜շտ, մի՜շտ…
Աղջիկը երկու ձեռքով փակում է ականջները: Ձայները միանգամից լռում են: Բակով անցնում է Բժիշկը ճամպրուկը ձեռքին, անձրևանոցը թևին գցած:
ԱՂՋԻԿ — Գնո՞ւմ եք։
ԲԺԻՇԿ — Գնում եմ։
ԱՂՋԻԿ — Ո՞ւր։
ԲԺԻՇԿ — Այնտեղ, որտեղ ավելի եմ պետք մարդկանց։
ԱՂՋԻԿ — Իսկ ես մնում եմ… (Զայրույթը ատամների տակ սեղմած): Ես հիմա գիտեմ ինչի համար եմ մնում։
ԲԺԻՇԿ — (սրտնեղած): Նորից այս զանգերը…
ԱՂՋԻԿ — Թող ղողանջեն, բժիշկ… Թող ղողանջեն… Թող այս քնած աշխարհն արթնանա… (Լացը կոկորդում սեղմած, խեղդված ձայնով բղավում է): Ղողանջե՜ք… Ավելի ուժգին… Ավելի՜… ավելի՜…
Զանգերը շարունակվում են: Դանդաղ փակվում է վարագույրը:
ՎԵՐՋ
1970-71 թթ.