ԵՐՋԱՆԻԿ ԱՐՔԱՅԱԶՆԸ / ԱԶԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ 

ՀԵՔԻԱԹ ԵՐԿՈՒ ՄԱՍԻՑ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱՐՔԱ

ԱՐՔԱՅԱԶՆ — նրա միակ ժառանգը:

ԱՂՋԻԿ — որի հոգին հետագայում հայտնվում է թռչնի կերպարանքով:

ԾԵՐ ԾԱՂՐԱԾՈԻ

ԳԵՂԱԳԻՏՈԻԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐ — որի համար հակագեղագիտական է այն ամենը, ինչ մարդկային է:

ՃՇԳՐԻՏ ԶԳԱՑՄՈԻՆՔԱԲԱՆՈԻԹՅԱՆ ԴՈԿՏՈՐ — որը տանել չի կարող, երբ երեխաները երազներ են տեսնում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԿԱՐԻՉ

ՆԿԱՐՉԻ ԿԻՆԸ

ՓԱՅՏԵ ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ ԱՂՋԻԿ

ԱՂՋԿԱ ՀԱՅՐԸ

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ

ԳՐԱԳԻՐ

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ 

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ

ՊԱԼԱՏԱԿԱՆ ԽՈՀԱՐԱՐ

ՊԱԼԱՏԸ ՀՍԿՈՂ ԶԻՆՎՈՐ 

ԵՎ ՄԻ ՈՍՏԻԿԱՆ

Պալատականներ, անցորդներ:

ՆԱԽԱԲԱՆ

Վարագույրի առջև հայտնվում է ծեր ծաղրածուն:

ԾԱՂՐԱԾՈՒ —

Ապրում էր մի խեղկատակ,

Փշեր ուներ լեզվի տակ,

Որ ազատվեն նրանից

Լեզուն տարան բերանից,

Տրյա-լյա-լյա,

Տրյա-լյա-լյա,

Որ ազատվեն նրանից,

Լեզուն տարան բերանից…

Անիծյալ արքան խախտեց իր նախնիների օրենքը, նա հրամայեց դահճին կտրել իմ լեզուն։ Իսկ թե ինչու, այ հենց այդ մասին եմ ուզում պատմել ձեզ հիմա…

Իր շքեղ դղյակում ապրում էր Երջանիկ Արքայազնը։ Գեղեցիկ էր մանուկ արքայազնը և այնքան նուրբ ու զգայուն, որ տագնապով էր լցրել հայր արքայի սիրտը: Արքան վախենում էր, որ մարդկանց ցավն ու տառապանքը, վիշտն ու արցունքը խաթարեն որդու արքայական հպարտությունը, պղտորեն նրա միտքն ու հոգին։ Ո՛չ, ո՛չ, նա չպետք է իմանա՝ ինչ բան է արցունքը։ Որպեսզի իր որդին դառնա հզոր և անողոք, խղճմտանքը չպետք է տեղ գտնի նրա հոգում…

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Տեսարան առաջին

Պալատի այգու տաղավարներից մեկը: Տաղավարի ճաղին թառել է տասներկուամյա Արքայազնը և ոտքերը օդում տարուբերելով, շուրջն է նայում: Այստեղ են Արքայազնի պալատական ուսուցիչները՝ ճշգրիտ զգացմունքաբանության դոկտորն ու Գեղագիտության պարոն պրոֆեսորը մշտական թաց ժպիտը դեմքին:

ԴՈԿՏՈՐ — (ձեռքերը մեջքին, ետ ու առաջ անելով): Այսպես ուրեմն, իմ Արքայազն, այսօրվա մեր դասի թեման է՝ ՛՛Երազները և նրանց վնասները»։ Ճշգրիտ զգացմունքաբանության դասագիրք, առաջին մաս, յոթերորդ գլուխ, ութերորդ ենթագլուխ…

ՊՐՈՖԵՍՈՐ — (բազկաթոռի մեջ ընկղմած, հորանջելով): Թողեք ձեր այդ գլուխները և անցեք բուն խնդրին։

ԴՈԿՏՈՐ — Իսկ դուք մի հորանջեք։ Եվ վերջապես, մի շեղեք, մի խեղեք, թողեք դասը շարունակեմ, ժամս անցնում է։ Ուրեմն այսպես, իմ Արքայազն, նրանք, ովքեր հաճախ են երազ տեսնում, սկսում են երազել։ Երբ երազում են, սեփական կոշիկները չափից ավելի նեղ են թվում իրենց։ Իսկ երբ կոշիկները նեղ են ու սեղմում են ոտքերը, բնականաբար, նրանք սկսում են ապրել ոչ ճշգրիտ զգացմունքներով…

Գեղագիտության պրոֆեսորը, որ մինչ այդ ախորժակով հորանջում էր, գլուխը կիսադատարկ բարձի պես մի կողմ է թեքում և քթածակերից երկարատև սուլոցներ արձակելով, սկսում եռանդով խռմփացնել;

ԴՈԿՏՈՐ — Իսկ նրանք, ովքեր…

ՊՐՈՖԵՍՈՐ — (խռմփոց):

ԴՈԿՏՈՐ — (քնած պրոֆեսորին): Մեջ մի ընկեք… (Թեպետ խռմփոցները շարունակվում են, բայց նա այլևս ուշադրություն չդարձնելով, ոգևորված վրա է տալիս): Իսկ նրանք, ովքեր ապրում են ոչ ճշգրիտ զգացմունքներով, գիտականորեն ապացուցված է, որ այդպիսիների համար գահ և գավազան, օրենք և իշխանություն դառնում են ավելորդ ատրիբուտներ…

ԱՐՔԱՅԱԶՆ — (իջնում է ճաղի վրայից և աննկատ գնում կորչում այգու խորքում):

ԴՈԿՏՈՐ — (ոչինչ չնկատելով, շարունակում է): Հետևություն։ Այդպիսիների ուղեղից պետք է դուրս մղել երազները, լուսաբանելով դրանց վնասները. և պարտադրել, որ նրանք ապրեն միայն ճշգրիտ զգացմունքներով… Ուրեմն այսպիսով, մենք ի՞նչ սովորեցինք, իմ Արքայազն… (Շուրջը նայելով, երգեցիկ): Արքայա՜զն

ՊՐՈՖԵՍՈՐ — (աչքերը փակ): Աու-ո՜ւու…

ԴՈԿՏՈՐ — Բավական է քնի մեջ մլավեք, արթնացեք:

ՊՐՈՖԵՍՈՐ — (տեղից վեր թռչելով): Ի՞նչ պատահեց։

ԴՈԿՏՈՐ — Որտե՞ղ է Արքայազնը, ո՞ւր գնաց տղան։

ՊՐՈՖԵՍՈՐ — (քնաթաթախ): Դուք արթուն, ես քնած

ԴՈԿՏՈՐ — Ցավոք սրտի, դուք միշտ քնած եք…

Քթի տակ երգելով անցնում է պալատական խոհարարը:

Եփած ճաշս հավանում,

Ինձ անխելք են անվանում.

Ախր խելքն ինչ եմ անում,

Երբ որ խելոք ու անխելք

Եփվում են մի ամանում…

ԴՈԿՏՈՐ – Հե՜յ, խոհարա՜ր:

ԽՈՀԱՐԱՐ — Լսում եմ, Ձերդ պալատական անմտություն:

ԴՈԿՏՈՐ — Ինչեր ես դուրս տալիս, ապուշ:

ԽՈՀԱՐԱՐ — Խոնարհաբար ներողություն եմ խնդրում։ Ես ուզում էի ասել «Ձերդ պալատական իմաստություն՛՛, բայց հակառակը ստացվեց։ Ախ այս լեզուն, անիրավը վերջերս սկսել է չտեղավորվել բերանիս մեջ:

ՊՐՈՖԵՍՈՐ — Դու նորի՞ց հարբած ես։

ԽՈՀԱՐԱՐ — Ինչ եք ասում, ձերդ պալատական իմաստություն, ի՜նչ հարբած… Պարզապես, մառանի տակառներից այսօր այնքան գինի եմ քաշել, որ հոտից գլուխս պտտվում է։

ԴՈԿՏՈՐ — Որտե՞ղ է Արքայազնը։

ԽՈՀԱՐԱՐ — Ախ, Արքայազնը… Դե հենց այդպես էլ կասեիք… Նա այգում է, ձերդ իմաստություն։ Նա կերակրում է իր առյուծի ձագին։

ԴՈԿՏՈՐ ԵՎ ՊՐՈՖԵՍՈՐ — (միաբերան): Կեցցե առյուծի ձագը…

Տեսարան երկրորդ

Պալատի այգում, սաղարթախիտ ծառերի տակ դրված ոսկեզօծ վանդակի առջև, իր ծեր ծաղրածուի հետ կանգնել է Արքայազնը: Նա զարմանքով դիտում է վանդակի խորքում մռնչացող առյուծի ձագին, որին չենք տեսնում:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ասա ծերուկ, ինչո՞ւ է նա այդպես պատեպատ խփում իրեն։

ԾԱՂՐԱԾՈՒ — Վանդակվածին էլ ի՞նչ է մնում անել, իմ Արքայազն։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ես նրան պահում եմ ոսկեզօծ վանդակում։ 

ԾԱՂՐԱԾՈՒ — Այո, բայց վանդակում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Թանկարժեք շղթայով եմ զարդարել նրա պարանոցը:

ԾԱՂՐԱԾՈՒ — Թանկարժեք շղթա՜…

ԱՐՔԱՅԱԶՆ — Արքայական խոհանոցի ուտելիքներով եմ կերակրում, բայց չի ուտում, շարունակ մռնչում է։

ԾԱՂՐԱԾՈՒ — Վանդակում բոլորն էլ մռնչում են, ոմանք բարձրաձայն, ոմանք լռությամբ…

Հեռվից լսվող կանչեր:

— Աու-ո՜ւու… Արքայա՜զն…

— Իմ Արքայա՜զն.

ԾԱՂՐԱԾՈՒ — Ահա և նրանք, պալատական քո ուսուցիչները. տգիտության չափ համառ, համառության չափ տգետ:

Շնչակտուր գալիս են ճշգրիտ զգացմունքաբանության դոկտորն ու Գեղագիտության պարոն պրոֆեսորը:

ԴՈԿՏՈՐ — Այս ինչո՞վ ես զբաղված, Արքայազն։

ՊՐՈՖԵՍՈՐ — Նորի՞ց այդ առյուծի ձագը։

ԴՈԿՏՈՐ — Առյուծի ձագը՝ առյուծի ձագ, իսկ դասը՝ դաս։ 

ԱՐՔԱՅԱԶՆ — (ձեռքը սրին տանելով, սպառնալից): Ի-ի՞ինչ…

ԴՈԿՏՈՐ — Ըը՜ը, ոչինչ… Ես ուզում էի ասել… (Առյուծի մռնչյուն): Ի՜նչ հրաշալի նվեր է ուղարկել հայր արքան: 

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչ էլ գեղեցիկ է անիրավը։ Կրակ է թափվում աչքերից:

ԴՈԿՏՈՐ — Մի մոռացեք, որ նա ծնվել է անապատի այրող ավազի վրա։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչպես, ուղղակի ավազի վրա՞…

ԴՈԿՏՈՐ – Այո՛, ուղղակի։

ՊՐՈՖԵՍՈՐ — Այդպիսի բան լինել չի կարող։

ԴՈԿՏՈՐ — Իսկ ինչո՞ւ չի կարող։

ՊՐՈՖԵՍՈՐ — Նա ազնվազարմ առյուծի ձագ է։

ԴՈԿՏՈՐ — Հետո ինչ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ազնվազարմ առյուծի ձագն իրեն թույլ չի տա պատահական ավազների վրա ծնվել։

ԴՈԿՏՈՐ — Ոչ թե պատահական, այլ անապատի ավազների վրա։

ՊՐՈՖԵՍՈՐ — Միևնույն է, դա հակագեղագիտական է։ 

ԴՈԿՏՈՐ — Վերջ տվեք։

ՊՐՈՖԵՍՈՐ(զսպված զայրույթով): Դե գիտեք ինչ… 

ԴՈԿՏՈՐ — (մարտահրավերի պատրաստ): Ի՞նչ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ոչի՛նչ։

ԾԱՂՐԱԾՈՒ —

Երկու ոչինչ,

Եվ ինչի՞ց.

Գործ են ստեղծում

Ոչնչից։

Հի՛, հի՛, հի՛, հի՛…

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչ ես հռհռում, խեղկատակ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Պատկերացնում եմ, թե ինչ կենդանաբանական այգի կլիներ այստեղ, եթե ձեզանից ամեն մեկն իր վանդակն ունենար։

ԴՈԿՏՈՐ — Այդ քեզ պետք է վանդակը գցել, քեզ։

ՊՐՈՖԵՍՈՐ — (հեգնանքով): Գցել նրան այս ոսկեզօծ վանդա՞կը… Օ՜, դա արդեն շռայլություն է:

ԾԱՂՐԱԾՈՒ — Ես այդ տեղը կարող եմ ձեզ զիջել, մեծապատիվ պարոններ։ Հավատացնում եմ, առյուծի ձագի համար անչափ հետաքրքիր կլինի ձեզ հետ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Հրաշալի միտք։

ԴՈԿՏՈՐ — (սաստող տոնով): Արքայա՜զն…

ԱՐՔԱՅԱԶՆ — (հրճվալից): Իմ առյուծի ձագի համար շատ զվարճալի կլինի։ Վանդակը մտեք։

ԴՈԿՏՈՐ — Այդ ի՞նչ ես ասում, Արքայազն:

ԱՐՔԱՅԱԶՆ — Վանդակը մտեք, ասում եմ։

ՊՐՈՖԵՍՈՐ — (ինքն իրեն): Փշաքաղվել կարելի է։

ԴՈԿՏՈՐ — Ուշքի եկ, Արքայազն, չէ որ նա այնուամենայնիվ գիշատիչ է։

ԱՐՔԱՅԱԶՆ — Դուք համարձակվում եք հակառակե՞լ ինձ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ո՛չ, ո՛չ, մենք ուրախությամբ… Մենք կամովին կգնանք ինքնախոշտանգման, եթե դա այդքան հաճելի է քեզ…

ԴՈԿՏՈՐ — Իսկ դու պատասխան կտաս սրա համար, խեղկատակ։

ԾԱՂՐԱԾՈՒ — (կծու և հեգնող ծիծաղով): Հի՛, հի՛, հի՛, հի՛…

Իրար հրմշտելով նրանք վախվորած մտնում են վանդակը: Լսվում է թույլ մռնչյուն:

ԴՈԿՏՈՐ — Այդ ի՞նչ ես անում, Արքայազն…

ՊՐՈՖԵՍՈՐ – Ապասի՛ր…

Արքայազնը շտապով փակում է վանդակի դուռը և Ծաղրածուի ձեռքից քաշելով, հեռանում:

ԴՈԿՏՈՐ — (ձայն է տալիս): Էհե՜յ, Արքայա՜զն…

ՊՐՈՖԵՍՈՐ — Գնաց… Դուռը կողպեց մեզ վրա ու գնաց…

ԴՈԿՏՈՐ — Սա արդեն չափազանց է…

Առյուծի մռնչյուն: Վանդակում փակվածները սարսափած ծեփվում են ճաղերին:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ա՜հ… Սիրտս…

ԴՈԿՏՈՐ — Հանգիստ, պրոֆեսոր, հանգիստ։

ՊՐՈՖԵՍՈՐ — (հայացքը վանդակի խորքից չկտրելով): Ո՜նց է ժանիքները կրճտացնում։

ԴՈԿՏՈՐ — Երևի ուզում է ինչ-որ բան պատառոտել։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ոչ թե ՛՛ինչ-որ բան՛՛, այլ մեր թշվառ մարմինները:

ԴՈԿՏՈՐ — Առանց խուճապի։ Սա այն պահն է, որ պետք է գործել տրամաբանված ու սառնասրտորեն… (Ուշագնաց ցած է փռվում):

ՊՐՈՖԵՍՈՐ – Ի՛նչ եղավ ձեզ։

ԴՈԿՏՈՐ – Անապա՜տ… Ծո՜ւխ… Մառախո՜ւղ…

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչեր եք խոսում, մարդ աստծո… (Ջանում է ապտակելով ուշքի բերել): Սթափվեք, ուշքի եկեք…

ԴՈԿՏՈՐ — Գլուխս… (Նստատեղը շոշափելով): Որտե՞ղ է գլուխս…

ՊՐՈՖԵՍՈՐ — Եղբայր, տվյալ դեպքում դա ինչ կարևոր է։

ԴՈԿՏՈՐ — (գյուտ արածի պես ոտքի է թռչում): Գտա՜… Մեր զգեստները գցենք նրա առջև, թող պատառոտի:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչի՞ համար։

ԴՈԿՏՈՐ — Պետք է զբաղեցնել, մինչև մի ելք գտնենք այս անիծված վանդակից դուրս գալու…

Նրանք իրենց զգեստները հերթով շպրտում են վանդակի խորքը:

ՊՐՈՖԵՍՈՐ — Մնացինք ներքնազգեստով… Խայտառակություն, ստոր վիճակ…

ԴՈԿՏՈՐ — Սպասեք, նա կարծես պատրաստվում է հարձակվել մեզ վրա.. (Կոշիկը օդում թափահարելով բղավում է): Նողկալի գիշատի՜չ… Գարշելի գազա՜ն…

ՊՐՈՖԵՍՈՐ — Քնքուշ խոսեք, խնդրում եմ… Եվ հետո, այդպես կտրուկ շարժումներ մի արեք։ Դուք գազազեցնում եք նրան… (Դիմելով վանդակի խորքում կուչ եկած առյուծի ձագին): Դու իմ գեղեցիկ, իմ սքանչելի… Ինչո՞ւ ես ուզում հոշոտել մեր անհամ մարմինները։ Ախր մենք ի՞նչ ուտելու բան ենք…

ԴՈԿՏՈՐ — Իզուր ինձ մի նայիր, ես իսկի ուտվելու բան չեմ. կաշի և ոսկոր, մումիա, ուղղակի դուրս թափելու բան։

ՊՐՈՖԵՍՈՐ — Իսկ ես, ես… Գեղագիտական ոչ մի հաճույք. թթված խմորի գունդ, շան առաջ գցես, շունը չի ուտի…

ԴՈԿՏՈՐ — Կարծես հանդարտվեց։

ՊՐՈՖԵՍՈՐ — Հապա ինչ էիր կարծում… (Վերամբարձ ու երգեցիկ): Օ՜, դու իմ ազնվազարմ առյուծի ձագ, որպես գեղագիտության պրոֆեսոր, ես հիացած եմ քո գեղեցկությամբ: Այո, գեղեցիկ ես, բայց վաղը, վաղը դու կդառնաս էլ ավելի գեղեցիկ ու վեհաշուք, ինչպես Զևսը ամպրոպաշունչ Օլիմպոսի։ Քո գլուխը կծածկվի արքայական բաշով: Իսկ աչքերդ, աչքերդ կդառնան էլ ավելի հրացայտ…

ԴՈԿՏՈՐ — Վերջ տվեք, կանգնել ճառ եք ասում:

ՊՐՈՖԵՍՈՐԻսկ ի՞նչ անել։

ԴՈԿՏՈՐ — Պետք է մի հնար գտնել այստեղից դուրս պրծնելու… (Դուրս է նայում վանդակից): Այգում էլ հակառակի պես ոչ ոք չկա։

ՊՐՈՖԵՍՈՐ – Այո, բոլորը կարծես գետնի տակն են անցել։

ԴՈԿՏՈՐ — Ախ Արքայազն, Արքայազն… Մի՞թե սա կատակ է, հը՞…

ՊՐՈՖԵՍՈՐ — Նա սկսել է այնպիսի արարքներ թույլ տալ, որոնք դեմ են գեղագիտության բոլոր կանոններին։

ԴՈԿՏՈՐ — Թողեք ձեր այդ կանոնները։ Եվ վերջապես, մի՞թե չեք զգում, որ ձեր այդ կանոններն այլևս չեն հետաքրքրում նրան։ Արքայազնին պետք է դաստիարակել ճշգրիտ զգացմունքներով և ոչ թե, թույլ տվեք ասել, ձեր այդ անհեթեթ ու անօգուտ գեղագիտությամբ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչպես եք համարձակվում արատավորել իմ ուսմունքը:

ԴՈԿՏՈՐ — Գեղագիտությունը բոլորովին էլ ուսմունք չէ, քանզի ճշգրիտ չէ։ Իսկ այն ինչ ճշգրիտ չէ, ոչ ոքի հարկավոր չէ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչպես թե, չէ։

ԴՈԿՏՈՐ – Չէ՛։

ՊՐՈՖԵՍՈՐ — Դե գիտեք ինչ… Ձեր այդ ՛՛չէ՛՛-ն բանի նման չէ:

ԴՈԿՏՈՐ – (բղավում է): Բավակա՛ն է։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ոչ մի դեպքում։

ԴՈԿՏՈՐ — Բավական է ականջիս տակ կռկռաք, Դոդոշ։

ՊՐՈՖԵՍՈՐ – Ի-ի՜ինչ… Որակավորել ի՞նձ, գեղագիտության պրոֆեսորի՞ս… (Ծղրտում է): Փետրաթափ ջայլամ…

Վանդակում սկսվում է գզվռտոցը: Հեռվից լսվում է երգի ձայն:

Դուք մի նայեք իմ դեմքին, 

Նայեք իմ շենք-շնորհքին,

Ճաշերին ու թխվածքին,

Կերակրում եմ ամենքին.

Խելոքին ու անխելքին…

ԴՈԿՏՈՐ – Խոհարարն է…

Երգն աստիճանաբար մոտենում է:

Առավոտից իրիկուն,

Ուտում, խմում ու թափում,

Իրարու միս են լափում,

Օրենք, մարդ ու մարդկություն 

Իրենք փորով են չափում…

ԽՈՀԱՐԱՐ — (հանկարծակիի եկած կանգ է առնում): Սա ի՞նչ է…

Վանդակում փակվածներն իրենց շերտավոր ներքնաշորերով հարբած խոհարարի աչքին զեբրեր երևացին:

ԽՈՀԱՐԱՐ — (օրորվելով): Պարզ է… Առյուծի ձագին սկսել են զոլավոր ավանակներով կերակրել…

ԴՈԿՏՈՐ — Ապուշ, այնքան ես կոնծել, որ չես կարողանում տարբերել զոլավոր ավանակը պալատական ուսուցչի՞ց:

ԽՈՀԱՐԱՐ — Մեղա քեզ, տերԱյդ դո՞ւք եք, ձերդ պալատական իմաստություն։ 

ԴՈԿՏՈՐ — Ուրիշ էլ ով կարող էր լինել, հաստագլուխ։ 

ԽՈՀԱՐԱՐ — (ծիծաղից թուլանալով): Վայ ձեր մարդ ասողի… 

ՊՐՈՖԵՍՈՐԻ՞նչ ես հռհռում, անկիրթ։

ԽՈՀԱՐԱՐ — Ախր ոնց չհռհռամ, ձերդ պալատական իմաստություն։

ԴՈԿՏՈՐ — Վերջ տուր։ 

ԽՈՀԱՐԱՐ — Լավ, էս ինչի՞ եք վանդակը մտել։ 

ՊՐՈՖԵՍՈՐ — Մենք հենց այնպես…

ԴՈԿՏՈՐ — Արքայազնին զվարճացնելու համար։

ՊՐՈՖԵՍՈՐ — Իսկ նա բանալին…

ԴՈԿՏՈՐ — Ինչ ես ծնոտդ թուլացրել, գնա, գտիր նրան, շո՛ւտ…

ԽՈՀԱՐԱՐ – Գնում եմ, ձերդ պալատական իմաստություն, գնում եմ… (Քթի տակ ծիծաղելով հեռանում է: Լսվում է նրա կանչը): Էհե՜յ, Արքայա՜զն…

ՊՐՈՖԵՍՈՐ — Այս ինչ փորձանքի մեջ ընկանք։ Հիմա նա մեզ պալատով մեկ խայտառակ կանի…

Հեռվից լսվում է Արքայազնի ուրախ քրքիջը: Նախաբեմի մի անկյունում վերստին հայտնվում է ծաղրածուն:

ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ այսպես, մեծանում էր Արքայազնը երջանիկ ու անհոգ, մարդկային ցավին ու տառապանքին անտեղյակ։ Բայց մի օր…

Տեսարան երրորդ

Պալատի այգում խրախճանք է, գինարբուք, հրավառություն: Լսվում են ցնծագին բացականչություններ:

  • Լցրեք գավաթները։
  • Կեցցե՜ Արքայազնը…
  • Խմենք Արքայազնի կենացը…
  • Հե՜յ, Խեղկատա՜կ, հերիք ծամածռություններ անես…
  • Ցնդել է ծերուկը…

Ծեր ծաղրածուն, որ Արքայազնին զվարճացնելու համար, ցատկոտում, կատակներ էր անում, հանկարծ սայթաքում ու բերանքսիվայր փռվում է գետնին:

— Դե սա ինչ ծաղրածու է…

— Փտած տակառ է արդեն։ Խարխլվել, փուլ է գալիս…

Հարբած պալատականները գավաթներում լցված գինին շփում են Ծաղրածուի դեմքին և անզուսպ քրքիջով հեռանում: Ցավն ու վիրավորանքը ատամների աակ սեղմած, պալատականների հռհռոցների ուղեկցությամբ, նա տարտամ քայլերով գալիս ու թևաթափ փլվում է նստարանին: 

ԾԱՂՐԱԾՈՒ — (ինքն իրեն): Հեյ վա՜խ, պառաված ձի, խրխնջացիր քո ամբողջ կյանքում և ահա… Ողորմելի խեղկատակ, քամուն տվեցիր ողջ կյանքդ։ Պետք չես… Դու այլևս ոչ ոքի պետք չես, ոչ ոքի… անգամ ինքդ քեզ… (Երկու ձեռքով ծածկում է խորշոմած դեմքն ու հեկեկում):

Այգու խորքից լսվում է Արքայազնի կանչը:

Հեյ, ծերո՜ւկ, որտե՞ղ ես…

Ծաղրածուն բարձրացնում է ալեհեր գլուխը ու լուռ նայում այգու խորքը: Շնչակտուր բեմ է ընկնում Արքայազնը:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ի՞նչ ես անում այստեղ։

ԾԱՂՐԱԾՈՒ — … 

ԱՐՔԱՅԱԶՆ — Ինչո՞ւ են շրթունքներդ դողում։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ներիր, Արքայազն… Ներիր հիմար ծերուկիս… 

ԱՐՔԱՅԱԶՆ — Այդ ի՞նչ կաթիլներ են կախվել քո աչքերից։ 

ԾԱՂՐԱԾՈՒ — (շփոթված): Կաթիլնե՞ր… Ի՞նչ կաթիլներ… (Փորձում է արդարանալ): Ա-ա՜-ա… Պատահում է… Մարդու հետ երբեմն պատահում է…

ԱՐՔԱՅԱԶՆ — Պատահո՞ւմ է…

ԾԱՂՐԱԾՈՒ — Իմ Արքայազնը տեսել է ծաղիկներին ու թփերին իջած վաղորդայն ցողը:

ԱՐՔԱՅԱԶՆ — Հետո ի՞նչ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ուզում եմ ասել, հենց այդ ցողն է, որ հայտնվում է և մարդկանց աչքերում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Դու ինձ չես խաբի… չես խաբի… Ինչո՞ւ ես լռում…

ԾԱՂՐԱԾՈՒ — (ավելի շուտ ինքն իրեն): Ո՛չ, ո՛չ, դու այդ չպետք է իմանաս։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ի՞նչ ասացիր:

ԾԱՂՐԱԾՈՒ — Ըըը՜, ոչինչ… Ցնդել է քո ծաղրածուն։ Ինքն էլ չի հասկանում, թե ինչ է խոսում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Դու ինչ-որ բան ես թաքցնում ինձնից:

ԾԱՂՐԱԾՈՒ — …

ԱՐՔԱՅԱԶՆ — Ինչո՞ւ ես լռում։

ԾԱՂՐԱԾՈՒ — (դարձյալ լուռ է):

ԱՐՔԱՅԱԶՆ – Խոսի՛ր։

ԾԱՂՐԱԾՈՒ — Խնայիր ծերուկիս։

ԱՐՔԱՅԱԶՆ — Խոսիր, քեզ ասում են։

ԾԱՂՐԱԾՈՒ — Մի ստիպիր, Արքայազն… Մի ստիպիր ասել այն, ինչ չեմ կարող…

ԱՐՔԱՅԱԶՆ — Հրամայում եմ:

ԾԱՂՐԱԾՈՒ — Ինչ արած… (Մի պահ լռելուց հետո): Կաթիլները, որ տեսար իմ աչքերում, բոլորովին էլ այն չեն, ինչ ասացի։ Ճիշտ է, նրանք փայլուն են ինչպես վաղորդյան ցողը, բայց աղի ու դառն են քանց ջուրը ծովի։ Մարդիկ դրանց արցունք են անվանում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Արցո՞ւնք…

ԾԱՂՐԱԾՈՒ — Կամաց, Արքայազն, կամաց, տղաս։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ինչո՞ւ կամաց։

ԾԱՂՐԱԾՈՒ — Հանկարծ չլսեն։

ԱՐՔԱՅԱԶՆ — Չլսե՞ն… Ովքե՞ր… ինչի՞ համար…

ԾԱՂՐԱԾՈՒ — Դու չգիտես, թե ինչ պատիժ է սպասվում նրան, ով կհանդգնի արցունք թափել քո պալատում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ի՞նչ բան է արցունքը։

ԾԱՂՐԱԾՈՒ — Արցունքը մարդու հոգուց է քամվում, տղաս։ Նա հայտնվում է այն ժամանակ, երբ դժվար է լինում շնչելը… (Այգու խորքից լսվում է երաժշտություն և ծիծաղ): Պարում են, զվարճանում, քրքջում, մինչդեռ երկիրը լիքն է արցունքով… Քո հայր արքան հրամայել է, որ այս ճաղերից ներս չթափանցեն վիշտն ու արցունքը։ Նա հրամայել է կառափնարան քարշ տալ նրան, ում աչքերում արցունք նկատեն։ Բոլորը քեզ Երջանիկ Արքայազն են անվանում, բայց դու երջանիկ չես, իմ Արքայազն։

ԱՐՔԱՏԱՅՆ – Ի-իի՜նչ…

ԾԱՂՐԱԾՈՒ — Դու աղքատ ես, անչափ աղքատ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ինչպես ես համարձակվում ինձ աղքատ անվանել, ստրուկ…

ԾԱՂՐԱԾՈՒ — Ձեռքդ սրի՞դ ես տանում։ Ինչ արած, հանիր սուրդ և կտրիր այն լեզուն, որով քո ծաղրածուն համարձակվեց ճշմարտությունն ասել… Այո, դու աղքատ ես, իմ Արքայազն։ Քեզնից խլել են ամենաթանկ բանը, որ երկնքից է շնորհված մարդուն։ Դու չգիտես ինչ բան է արցունքը… Եվ ով գիտե, գուցե նրա համար է աշխարհն այսքան անիրավ, որ արքաները արցունք չունեն…

Արքայազնը մի պահ լուռ նայում է Ծաղրածուին, ապա մտազբաղ ու գլխահակ գնում ծառուղիով: Իսկ այգու խորքից շարունակում են լսվել պալատականների անհոգ ծիծաղն ու բացականչությունները:

  • Կեցցե՜ Արքայազնը…
  • Փա՜ռք երջանիկ Արքայազնին…

Տեսարան չորրորդ

ԾԱՂՐԱԾՈՒ — Այդ օրվանից ինչ-որ բան փշրվեց Արքայազնի հոգում: Օրեցօր նա դառնում էր մտախոհ ու լռակյաց: Մեն-մենակ շրջում էր այգում կամ ժամերով կառչում երկաթե ցանկապատի ճաղերից ու մտազբաղ նայում դուրս։ Եվ ահա մի օր էլ…

Պալատի այգու ծառուղիներից մեկը: Խորքում երկաթե բարձր ցանկապատ, որի ճաղերի արանքից երևում է թագավորական հրապարակը:

Կեսօր է: Ցանկապատի ճաղերի արանքից պլշած ներս է նայում կարճլիկ հյուսքերով մի աղջիկ: Այգու խորքից լսվում է երաժշտություն, ծիծաղ, ուրախ աղմուկ: Աղջիկը որոնող հայացքը այգու խորքից չկտրելով, ձգվում է ոտքի թաթերի վրա, նայում աջ ու ձախ: Աննկատ նրան է մոտենում պալատը հսկող զինվորներից մեկն ու բռնում աղջկան:

ԶԻՆՎՈՐ — Ի՞նչ ես անում այստեղ:

ԱՂՋԻԿ — Թողե՜ք…

ԶԻՆՎՈՐ — Ես քեզ հարցնում եմ, ի՞նչ ես անում այստեղ։

ԱՂՋԻԿ — Հենց այնպես, նայում եմ։

ԶԻՆՎՈՐ — Ախ հենց այնպես նայում ես… Պարզ է… Ապա առաջ անցիր։

ԱՂՋԻԿ — Ինչի՞ համար։

ԶԻՆՎՈՐ — Ես քեզ ցույց կտամ, թե ինչ կնշանակի թագավորական այգու ցանկապատից ներս նայել։

ԱՂՋԻԿ — Ես ոչ մի վատ բան չեմ արել, թողե՜ք…

ԶԻՆՎՈՐ — Ի՞նչ էիր ճիկվիկ անում։

ԱՂՋԻԿ — Ուզում էի տեսնել նրան։

ԶԻՆՎՈՐ — Ո՞ւմ:

ԱՂՋԻԿ — Երջանիկ Արքայազնին։

ԶԻՆՎՈՐ — Ասացեք խնդրեմ, ուրիշ էլ ինչ կուզեիք։

ԱՂՋԻԿ — Ինչ կլինի, թողեք գոնե մի անգամ, հեռվից…

ԶԻՆՎՈՐ — Հիմար աղջիկ, դու գիտե՞ս թե դրա համար ինչ են անում։

ԱՂՋԻԿ — (սարսափած): Թողեք ինձ, թողեք…

ԶԻՆՎՈՐ — Առաջ անցիր… Ահ, կատաղած շուն, ոնց կծեց ձեռքս… Դե ես հիմա քեզ…

ԱՐՔԱՅԱԶՆ — Հե՜յ, զինվո՜ր, ի՞նչ է պատահել:

ԶԻՆՎՈՐ — Իմ Արքայազն, այս աղջիկը համարձակվել է ներս նայել քո պալատի ցանկապատից։

ԱՐՔԱՅԱԶՆ – Թող նրան:

ԶԻՆՎՈՐ — Բայց նա համարձակվել է…

ԱՐՔԱՅԱԶՆ — Քեզ ասացին, բաց թող:

ԶԻՆՎՈՐ — Լսում եմ, իմ Արքայազն… (Ցածրաձայն): Բախտդ բերեց, անպիտան աղջիկ։ Չքվիր այստեղից, շո՛ւտ… Քեզ հետ չե՞ն…

Աղջիկը ապշահար մեխվել է տեղում: Ցանկապատից այն կողմ, իր ծերուկ Ծաղրածուի հետ կանգնած է նա՝ Երջանիկ Արքայազնը, ոսկեգույն գիսակներն ուսերին թափած, ադամանդակուռ սուրը գոտկից կախ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ինչո՞ւ ես ինձ այդպես նայում։

ԱՂՋԻԿ – Ողջույն, Արքայազն։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ո՞վ ես դու։

ԱՂՋԻԿ — Ես շատ էի ուզում քեզ տեսնել։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ի՞նչ ես կամենում, աղջիկս։

ԱՂՋԻԿ — (լուռ է):

ԱՐՔԱՅԱԶՆ – Խոսի՛ր։

ԱՂՋԻԿ — Քո մասին հրաշքներ են պատմում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Հրաշքնե՞ր։

ԱՂՋԻԿ — Ասում են, որ դու գիշերները շրջում ես քաղաքում, ոսկե կառքով, բայց մինչև այսօր դեռ ոչ ոք չի տեսել քեզ։ Ասում են, ով գոնե մի անգամ տեսնի քեզ, թեկուզ երազում, ինքն էլ երջանիկ կլինի։ Քնելուց առաջ ամուր փակում էի աչքերս, որպեսզի տեսնեմ քեզ, բայց դու ոչ մի անգամ չէիր հայտնվում իմ երազներում…

Կանչեր հեռվից:

  • Աու-ու՜ու, Արքայա՜զն…
  • Իմ Արքայա՜զն…

ԾԱՂՐԱԾՈՒ — Նորից նրանք…

Շնչակտուր բեմ են ընկնում Արքայազնի պալատական ուսուցիչները:

ՊՐՈՖԵՍՈՐ — Վերջապե՜ս…

ԴՈԿՏՈՐ — Մենք քեզ ենք փնտրում, իսկ դու ահա թե ինչով ես զբաղված։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ո՞վ է ցնցոտիավոր այս դքսուհին։

ԴՈԿՏՈՐ — Որտե՞ղ են մեր պահապան զինվորները։

ԱՂՋԻԿ — (վախեցած ետ է քաշվում ճաղերից): Մնաս բարով, Արքայազն։

ԱՐՔԱՅԱԶ — Սպասիր։

ԱՂՋԻԿ – Ո՛չ, ո՛չ, ես գնամ։ Ես շատ էի ուզում քեզ տեսնել և ահա տեսա։ Դու իրոք գեղեցիկ ես, գեղեցիկ, ինչպես հրեշտակը։

ԴՈԿՏՈՐ — Իսկ դու որտե՞ղ ես հրեշտակ տեսել, ամբարտավան աղջիկ։

ԱՂՋԻԿ — Երազում, պարոն, միայն երազում։

ԴՈԿՏՈՐ — Մի սրա համարձակությանը նայեք, երազում…

ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ եք բարկանում, պարոն, ես ոչ մի վատ բան չասացի։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ինչպես չբարկանա, աղջիկս։ Չէ որ պարոնը ճշգրիտ զգացմունքաբանության դոկտոր է և տանել չի կարող, երբ երեխաները երազներ են տեսնում։

ԴՈԿՏՈՐ — Եվ այո, երազները աղավաղում են ճշգրիտ զգացմունքները, դարձնում երեխաներին զգայուն և թուլակամ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Գնանք, Արքայազն, քեզ վայել չէ խոսել այս ցնցոտիավոր աղջկա հետ։ Դա նույնիսկ հակագեղագիտական է։

ԱՐՔԱՅԱԶՆ — Սկսվե՜ց…

ԴՈԿՏՈՐ — Ի՞նչը սկսվեց։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ձեր կռկռոցը։

ԴՈԿՏՈՐ — Արքայազն…

ՊՐՈՖԵՍՈՐ — Փշաքաղվել կարելի է։

ԴՈԿՏՈՐ — (Պրոֆեսորին): Լսեցի՞ք։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ոչ միայն լսեցի, այլև ցնցվեցի։

ԴՈԿՏՈՐ — Ի՞նչ է պատահել, Արքայազն, դու ուղղակի անճանաչելի ես դարձել։

ՊՐՈՖԵՍՈՐ — Իսկ ես համարձակվում եմ նկատել, որ դու վերջերս բոլորովին աչքաթող ես արել քո դասերը։

ԱՐՔԱՅԱԶՆ — Գրողի ծոցը կորչեն ձեր դասերը։

ԴՈԿՏՈՐ — Դու մոռանում ես, իմ Արքայազն, որ հաշված օրեր են մնացել հայր արքայի գալուն։

Շուտով նա կվերադառնա ուղևորությունից, իսկ մենք պարտավոր ենք հաշիվ տալ նրան, թե ինչ

ենք ուսուցանել քեզ, այլապես, մենք այստեղ դառնում ենք ավելորդ ատրիբուտներ, քամի, պղպջակ, ֆիկցիա…

ԱՐՔԱՅԱԶՆ — Հանգիստ թողեք ինձ։

ԴՈԿՏՈՐ — Բայց, Արքայազն…

ԱՐՔԱՅԱԶՆ — (սուրը քաշելով, բղավում է): Թողեք ինձ հանգիստ…

ՊՐՈՖԵՍՈՐ – Լա՜վ, լա՜վ, գնում ենք, գնում…

ԴՈԿՏՈՐ — Իսկ դու պատասխան կտաս այս ամենի համար, ծեր աղվես։

ԾԱՂՐԱԾՈՒ — (նրանց ետևից): Շտապեք, պարոններ, խլուրդն իր ապահովությունը հողի տակ է փնտրում, բանսարկուն՝ իր լեզվի։

ԱՂՋԻԿ – Գնացին:

ԱՐՔԱՅԱԶՆ — Թող կորչեն գրողի ծոցը։

ԾԱՂՐԱԾՈՒ — Անունդ ի՞նչ է, աղջիկս։

ԱՂՋԻԿ — Ծիծեռնակ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ծիծեռնա՞կ։ Դա ի՞նչ անուն է։

ԱՂՋԻԿ — Բոլորն ինձ այդպես են կանչում։ Երևի նրա համար, որ ես շարունակ տանիքների վրա եմ և միշտ մրոտ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ի՞նչ ես անում տանիքների վրա։

ԱՂՋԻԿ — Ծխնելույզներն եմ մաքրում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ինչպե՞ս։

ԱՂՋԻԿ — Պարանի մի ծայրը կապում եմ մեջքիս, պապիկս բռնում է մյուս ծայրից ու ես իջնում եմ ծխնելույզի մեջ։ Եվ այսպես ամեն օր։ Մաքրում ենք, մաքրում, բայց վերջ չկա, էլի մրոտվում են։ Պապիկս ինձ միշտ ասում է. ՛՛Մի սրտնեղիր, Ծիծեռնակ։ Ճիշտ է, մեր գործը մրոտ է, բայց մենք տանիքների վրա ենք, մենք ավելի մոտ ենք երկնքին ու աստծուն՛՛: Իսկ դու տանիքների վրա եղե՞լ ես։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ոչ։

ԱՂՋԻԿ — Տանիքների վրայից քաղաքն ուրիշ տեսակ է երևվում։ Բոլորը քնած են, բայց ես ու պապիկս դեռ լույսը չբացված արդեն ոտքի վրա ենք։ Առաջինը մենք ենք տեսնում նոր ծագող արևը։ Կեսօրին, երբ ոտաբոբիկ վազում ես արևից տաքացած տանիքի վրայով, կղմինդրները այնպես են խուտուտ տալիս ոտքերդ: Իսկ երբ մեջքի վրա պառկած նայում ես երկնքին, թվում է ոչ թե երկինքն է քո վերևում, այլ դու ես կախված երկնքի վրա: Նայում ես ու թվում է ծովերի վրայով լողում ես հեռո՜ւ, հեռո՜ւ…

ԱՐՔԱՅԱԶՆ — (հրճվալից): Ինչ լա՜վ է…

ԱՂՋԻԿ — Ես ճանաչում եմ տանիքներին թառող բոլոր աղավհիներին։ Նրանք էլ ինձ են ճանաչում։ Հենց տեսնում են, չորս կողմից թռչում, գալիս, հավաքվում են շուրջս։ Պեպեն ինձ համոզում էր, որ իր համար աղավնիներ բռնեմ, բայց ես այնպես հասցրի նրա վզակոթին։

ԱՐՔԱՅԱԶՆ — Պեպեն ո՞վ է։

ԱՂՋԻԿ — Մեր թաղում ապրող դեղագործի տղան։

ԾԱՂՐԱԾՈՒ — Դե լավ, աղջիկս, քեզ չի կարելի այստեղ երկար կանգնել։

ԱՐՔԱՅԱԶՆ – Ո՛չ, ո՛չ, սպասիր… Ասա, որտե՞ղ ես ապրում:

ԱՂՋԻԿ — Քաղաքից դուրս, ձորաբերանի հողմաղացների մոտ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Հողմաղա՞ց։ Ի՞նչ բան է հողմաղացը։

ԱՂՋԻԿ — Մի՞թե չգիտես։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ես դեռ ոչ մի անգամ հողմաղաց չեմ տեսել։

ԱՂՋԻԿ — Հողմաղացների թևերը նման են հսկա թռչունի թևերին։ Հենց քամին փչում է, սկսում են ճռռոցով պտտվել։ Պապիկս ասում է. ՛՛Հողմաղացները երգում են, տարին առատ կլինի…՛՛։

Լռություն:

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ դու ինչո՞ւ ես այդպես։

ԱՂՋԻԿ — Ինչպե՞ս…

ԱՐՔԱՅԱԶՆ — Առանց կոշիկների։

ԱՂՋԻԿ — Այսպես լավ է։ Երեկ, անձրևի ժամանակ, ոտաբոբիկ վազում էինք ձորաբերանով։ Ուխ, ոնց էինք վազում… Ոչ ոք չէր կարողանում ինձ հասնել։ Իսկ երբ ոտքից գլուխ թրջված տուն վերադարձա, պապիկս մի լավ հասցրեց։ Բոլոր մեծերն էլ այդպես են, նրանք չեն ուզում հասկանալ, թե ինչ լավ է անձրևի ժամանակ ոտաբոբիկ վազելը։ Իսկ դու փորձե՞լ ես անձրևի ժամանակ ոտաբոբիկ վազել։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ինչե՞ր ես ասում, աղջիկս, նրան չի կարելի։

ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ:

ԾԱՂՐԱԾՈՒ  Արքայազներին ամեն ինչ չէ, որ կարելի է։

ԱՂՋԻԿ — Ո՞վ կարող է նրան արգելել։

ԱՐՔԱՅԱԶՆ — (զայրալից պոռթկում է): Արգելում են, ամեն ինչ արգելում են: Հենց արթնանում եմ, սկսվում է։ Շարունակ ետևիցս ընկած ման են գալիս։

ԱՂՋԻԿ — Ասում են, առավոտից մինչև գիշեր քո պալատում չի դադարում երգն ու զվարճությունը:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ձանձրալի է, ամեն ինչ այնպես ձանձրալի է, որ քիչ է մնում սիրտս պայթի։

ԱՂՋԻԿ — Իսկ ինչո՞ւ էին ասում, որ դու գիշերները շրջում ես քաղաքում, ոսկե կառքով։ Որ առավոտից մինչև ուշ գիշեր անհոգ ծիծաղում ես, որ քո ծիծաղից բացվում են ծաղիկներն ու երբեք, երբեք չեն թառամում… (Լացը կոկորդում սեղմած): Ինչո՞ւ էին ասում, որ դու… որ դու աշխարհի ամենաերջանիկ արքայազնն ես…

ԱՐՔԱՅԱԶՆ — Սուտ է: Ես ամենադժբախտ արքայազնն եմ, որ երբևէ եղել է աշխարհում:

ԾԱՂՐԱԾՈՒ — Այս ինչ է, աղջիկս, դու լա՞ց ես լինում… (Տագնապով): Սրբիր աչքերդ, շո՛տ…

ԱՐՔԱՅԱԶՆ — Գիտեմ, ես հիմա գիտեմ ինչ բան է արցունքը։ Նրանք փայլուն են ինչպես վաղորդյան ցողը, բայց աղի ու դառն են քանց ջուրը ծովի։

ԱՂՋԻԿ — Ես կարծում էի, որ դու… որ դու…

ԾԱՂՐԱԾՈՒ — (շուրջը նայելով, անհանգիստ): Գնա աղջիկս, գնա… Հիմա կգան, կտեսնեն։

ԱՂՋԻԿ — Մնաս բարով, Արքայազն։

ԱՐՔԱՅԱԶՆ — (նրա ետևից): Սպասի՜ր… Մի գնա, լսո՞ւմ ես, մի գնա՜… (Թևաթափ): Գնաց… (Ծաղրածուին, զայրալից): Ինչո՞ւ այդպես արիր, ինչո՞ւ…

ԾԱՂՐԱԾՈՒ — Պետք չէ, Արքայազն, պետք չէ, տղաս… Գնա՛նք…

Նորից հայտնվում են ճշգրիտ զգացմունքաբանության դոկտորն ու Գեղագիտության պարոն պրոֆեսորը:

ԴՈԿՏՈՐ — Շտապիր, Արքայազն:

ՊՐՈՖԵՍՈՐ — (հևասպառ): Հրա՜շք… Մի հրաշք ձեռնածու է հայտնվել: Նա ուզում է քեզ ցույց տալ իր բոլոր հրաշագործությունները։

ԴՈԿՏՈՐ — Նա կարող է միանգամից սրախողխող անել հարյուր հոգու և հետո մաթեմատիկական ճշգրտությամբ նորից կենդանացնել, եթե իհարկե Արքայազնը կամենա։

ՊՐՈՖԵՍՈՐ — (վերամբարձ ու երգեցիկ): Նա գալիս է հեռավոր Նեղոսի զմայլացունց ափերից, ուր աստղացոլք լոտոսներն ու կոկորդիլոսները…

ԾԱՂՐԱԾՈՒ — Ասում են, վերջերս մեր քաղաքի լճակներից մեկում ապրող ինչ-որ գորտ սովորել է մարդկային լեզվով խոսել։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ի՞նչ ես ուզում դրանով ասել, խեղկատակ:

ԾԱՂՐԱԾՈՒ — Ոչինչ, պարզապես խորհուրդ կտայինք ձերդ պալատական իմաստությանը օրինակ վերցնել այդ գորտից, թեպետ դա այնքան էլ գեղագիտական չէ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Թունավոր իժ։

ԴՈԿՏՈՐ — Թողեք նրան, կոլեգա։ Գնանք, Արքայազն, հրաշք ձեռնածուն սպասում է քեզ։

ԱՐՔԱՅԱԶՆ — (ճաղերից կառչած, հայացքը աղջկա գնացած ուղղությամբ): Կորեք այստեղից…

ԴՈԿՏՈՐ – Արքայազն…

ԱՐՔԱՅԱԶՆ — Կորեք այստեղից, լսո՞ւմ եք։ (Ճաղերը թողնելով, կտրուկ շրջվում է դեպի իր պալատական ուսուցիչները): Դուք բոլորդ էլ գարշելի ագռավներ եք… (Կոկորդով մեկ բղավում է): Դադարեցրեք երաժշտությո՜ւնը…

Տեսարան հինգերորդ

Նույն ծառուղին: Գիշեր է: Խավարի մեջ առկայծում են այգու լապտերները: Տեղատարափ անձրև, ամպերի որոտ: Հովանոցները գլխներին պահած, գալիս են Արքայազնի պալատական ուսուցիչներն ու դայակները:

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Տեր աստված, ո՞ւր կարող է լինել։

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Ամբողջ պալատը տակնուվրա արեցինք, չկա ու չկա։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ախ Արքայազն, Արքայազն… (Սայթաքում ու հովանոցը ձեռքին թրմփում է ցեխաջրի մեջ): Ա՜յ…

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Ի՞նչ եղավ։

ԴՈԿՏՈՐ — (Պրոֆեսորին): Ինձ էլ ձեզ հետ ցեխակոլոլ արեցիք, անշնորհք։

ՊՐՈՖԵՍՈՐ — Գետինն այնպես լպրծուն է դարձել… Տվեք ձեր ձեռքը, խնդրում եմ:

ԴՈԿՏՈՐ — Սա ինչ բան է, եղբայր։ Մի անգամ էլ փորձեք հենվել սեփական ոտքերին։

ՊՐՈՖԵՍՈՐ — (երերալով ու փնթփնթալով մի կերպ ոտքի է կանգնում):

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — (Պրոֆեսորին): Ձեր անդրավարտիքը ամբողջովին ցեխոտվել է։

ԴՈԿՏՈՐ — Ինչ անդրավարտիքի ժամանակն է։ Ավելի լավ է ասացեք, որտե՞ղ է վերջապես Արքայազնը։

ՊՐՈՖԵՍՈՐ — Այո, այս ժամին նա վաղուց պետք է քնած լիներ:

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Իզուր ենք այստեղ փնտրում:

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Դե իհարկե, ինչ գործ ունի նա այգում, այս տեղատարափ անձրևին։

ԴՈԿՏՈՐ — Իսկ որտե՞ղ է Խեղկատակը։

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Նա էլ է փնտրում։

ԴՈԿՏՈՐ — Պետք է ոտքի հանել պալատը հսկող գինվորներին:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչի՞ համար։

ԴՈԿՏՈՐ — Արքայազնն էլի փախուստ է տվել պալատից։ 

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Դե ոչ, նա ուղղակի թաքնվել է ինչ-որ տեղ և մեր հոգու հետ է խաղում… (Ձայն է տալիս): Արքայա՜զն…

ՊՐՈՖԵՍՈՐ — Աու-ու՜ու…

ԴՈԿՏՈՐ — Ինչ ՛՛Աու-աու՛՛, ամեն տեղ փնտրեցինք, չկա։

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ – Վա՜յ…

ՊՐՈՖԵՍՈՐ – Ի՞նչ պատահեց։

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Կոշիկներն այստեղ են։

ԴՈԿՏՈՐ — Մեզ կոշիկներն հարկավոր չեն, տիկին, մեզ Արքայազնն է պետք։

Հեռվից լսվում է Արքայազնի ուրախ քրքիջը:

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Մի այնտեղ նայեք…

Բոլորի հայացքը ուղղվում է վեր:

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Աստված իմ…

ՊՐՈՖԵՍՈՐ — Ի՞նչ գործ ունի տանիքի վրա: 

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Այս անձրևին, ոտաբոբիկ…

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Ոնց է վազվզում, հիմա կընկնի։ 

ԱՐՔԱՅԱԶՆԻ ՁԱՅՆԸ — (հրճվալից): Ինչ լա՜վ է… Ինչ լա՜վ է… Ինչ լա՜վ է…

ՊՐՈՖԵՍՈՐ — Էհե՜յ, Արքայազն…

ԴՈԿՏՈՐ — Կամաց, մի բղավեք: Նա կարող է շփոթվել, կարող է ընկնել տանիքից։

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Ոտքից գլուխ ջուր է դարձել։

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Նա կհիվանդանա, անկողին կընկնի։ 

ԴՈԿՏՈՐ — Վերջ տվեք, կանգնել ջուր եք ծեծում։ Հարկավոր է անմիջապես ցած բերել նրան:

ՊՐՈՖԵՍՈՐ – Այո, բայց ինչպե՞ս։

ԴՈԿՏՈՐ — Մի րոպե, սա այն պահն է, որ պետք է գործել տրամաբանված ու սառնասրտորեն…

Մինչ հավաքվածները որոշում կկայացնեին, շնչակտուր գալիս է Ծաղրածուն:

ԾԱՂՐԱԾՈՒ — (տագնապահար առաջ է նետվում): Մի վազիր, Արքայա՛զն, մի վազիր, տղա՜ս։ Կսայթաքե՜ս, կընկնե՜ս…

ԱՐՔԱՅԱԶՆԻ ՁԱՅՆԸ — Չեմ ընկնի, ծերո՜ւկ… Այստեղ լա՜վ է… Նայիր, ինչպես է կայծակը ճայթում, ինչպես են գոռում ամպերը…

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Ի՞նչ է կատարվում նրա հետ, տեր աստված։

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Նա խելքը կորցրել է։

ԴՈԿՏՈՐ — Աղետ է կախվել մեր գլխին։

ՊՐՈՖԵՍՈՐ — Շուտով կժամանի Արքան, ի՞նչ պատասխան պիտի տանք։

ԴՈԿՏՈՐ — Ինչ ենք կանգնել, ոտքի հանենք բոլոր պահապան զինվորներին։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ցած իջիր, տղա՜ս… Աղաչում եմ, ցած իջի՜ր…

ԱՐՔԱՅԱԶՆԻ ՁԱՅՆԸ — Ո՜չ, ո՜չ, ես ուզում եմ տանիքների վրա լինել… Ուզում եմ ծխնելույզ մաքրող լինե՜լ: Ուզում եմ մոտիկ լինել երկնքին ու աստծո՜ւն…

Ամպերի գոռոց: Ինչ-որ տեղ ճայթում է որոտը:

Տեսարան վեցերորդ

Պալատի սրահներից մեկը: Գահի վրա խոժոռադեմ բազմել է Արքան: Քիչ հեռու կանգնել են պալատականները:

ԱՐՔԱ — Ի՞նչ է կատարվել իմ բացակայության ժամանակ։

ԴՈԿՏՈՐ — (ահաբեկված ու սոսկահար): Տեր Արքա՜…

ԱՐՔԱ — Ի՞նչ է պատահել իմ որդուն։

ՊՐՈՖԵՍՈՐ — Մենք ամեն ինչ արել ենք, տեր իմ, բայց…

ԱՐՔԱ — Ես ձեզ հարցնում եմ, ի՞նչ է պատահել իմ որդուն։

ԴՈԿՏՈՐ — Բժիշկները սկզբում կարծում էին, մելամաղձոտություն է և կանցնի…

ՊՐՈՖԵՍՈՐ — Շարունակ ուզում էր դուրս գալ պալատից:

ԴՈԿՏՈՐ — Մի անգամ նույնիսկ փորձ է արել փախչել։

ԱՌԱՋԻՆ ԴԱՅԱԿ — Երկու օր է փակվել է իր սենյակում և ոչ ոքի չի ընդունում։

ԵՐԿՐՈՐԴ ԴԱՅԱԿ — Ուզում ենք դուռը բանալ, բայց նա ներսից սպառնում է, որ ցած կգցի իրեն պատուհանից։

ԱՐՔԱ — Մռայլ մտքեր են պտտվում գլխիս մեջ։ Ինչ-որ մեկը պղտորել է նրա միտքն ու հոգին։

ՊՐՈՖԵՍՈՐ — Համարձակվում եմ հայտնել, լուսապայծառ տեր, որ Արքայազնը քնի մեջ միայն Ծաղրածուի անունն էր տալիս։

ԴՈԿՏՈՐ — Եվ շարունակ կրկնում էր. ՛՛Գիտեմ, ես հիմա գիտեմ ինչ բան է արցունքը…՛՛:

ԱՐՔԱ — (շանթահար): Ի-իի՞նչ… (Կատաղությունը ատամների տակ սեղմած): Այստեղ կանչեք այդ խեղկատակին:

ԾԱՂՐԱԾՈՒ — (ներս մանելով): Ես այստեղ եմ, տեր իմ։ 

ԱՐՔԱ — Դե, սկսիր…

ԾԱՂՐԱԾՈՒ — Ի՞նչը, տեր իմ։

ԱՐՔԱ — Ծիծաղեցրու, զվարճացրու արքայիդ։

ԾԱՂՐԱԾՈԻ — …

ԱՐՔԱ — Լռո՞ւմ ես։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ծովի չափ բան ունեմ ասելու, բայց ձկան պես բերանս ջրով է լցված։

ԱՐՔԱ – Ի՞նչ սև օձ էր սողոսկել հոգուդ մեջ, որ այսպես տակնուվրա արեցիր ամեն ինչ… Պատասխան տուր, շո՛ւտ…

ԾԱՂՐԱԾՈՒ – Կասեմ, այլևս լռել չեմ կարող, ամեն ինչ կասեմ… Այդ դու տակնուվրա արեցիր ամեն ինչ: Դու զավակիդ փակեցիր  այս շքեղ դղյակի մեջ, որ չիմանա ինչ է կատարվում դրսում: Դու վախենում էիր մարդկանց արցունքներից:

ԱՐՔԱ — (մռնչալով): Օ, երկի՜նք…

ԾԱՂՐԱԾՈՒ — Դու ուզում էիր նրան դարձնել այնպիսին, ինչպիսին դու ես։ Իսկ վաղամեռիկ թագուհին երազում էր, որ իր զավակը գահ բարձրանա ոչ թե աշխարհին նոր մեղքեր ավելացնելու, այլ թեթևացնի մարդկանց ցավն ու տառապանքը, բայց…

Արցունքն աղի ծով դարձավ,

Արքան մեջր լողացավ…

ԱՐՔԱ — Ես քո ոսկորները կփտեցնեմ բանտում, ստրուկ։

ԾԱՂՐԱԾՈՒ – Հի՛, հի՛, հի՛, հի՛…

Արքան ուներ պառավ ձի,

Մեկ-մեկ տալիս էր քացի, 

Եվ այդ կապը կտրածին ,

Այս մեծ բանտից հանեցին,

Մութ ախոռում կապեցին,

Հետո վերջը ինչ դարձավ.

Բանտը մի քիչ փոքրացավ…

ԱՐՔԱ — Ես կպոկեմ քո այդ օձեղեն լեզուն… (Ոտքի է ելնում ու կատաղած ձայն տալիս): Դահի՜ճ…

Իր սենյակից ոտաբոբիկ դուրս է թռչում Արքայազնը  և նետվում դեպի Ծաղրածուն, ճչալով:

ԱՐՔԱՅԱԶՆ — Չհամարձակվե՜ք…

ԱՐՔԱ — Որդյակ իմ։

ԱՐՔԱՅԱԶՆ — (փարվելով իր ծաղրածուին): Չհամարձակվեք ձեռք տալ նրան…

Տեսարանն աստիճանաբար մթնում է: Լուսավորվում է միայն Ծաղրածուն:

Տեսարան յոթերորդ

ԾԱՂՐԱԾՈՒ — Արքայազնի վիճակը գնալով ծանրանում էր: Ինչ էր կատարվում նրա հետ, ոչ ոք չէր կարողանում հասկանալ: Անբացատրելի ինչ-որ բան վիրավոր թռչունի պես թպրտում էր նրա ներսում, ինչ-որ բան քանդում, տակնուվրա էր անում նրա մանուկ հոգին…

Նախաբեմով անցնում է դայակներից մեկը մատուցարանը ձեռքին: Նրա ետևից գալիս են Արքայազնի պալատական ուսուցիչները:

ԴՈԿՏՈՐ — (դայակին): Ինչպե՞ս է։

ԴԱՅԱԿ — Վատ է։

ՊՐՈՖԵՍՈՐ — Բժիշկներն ի՞նչ են ասում: 

ԴԱՅԱԿ — Ոչ մի հույս։

ԱՐՔԱՅԱԶՆԻ ՁԱՅՆԸ — Դուրս… դո՜ւրս…

Տեսարան ութերորդ

Բեմը վերստին լուսավորվում է: Կենտրոնում դրված մահճակալին պառկած է Արքայազնը: Նրա մոտ, մռայլ ու գլխահակ նստել է Արքան: Արքայազնը փորձում է վեր կենալ, բայց աներևույթ մի ուժ սեղմում, գամում է անկողնուն: Հանկարծ նրա դալուկ դեմքին ժպիտ է փայլում: Նրա մշուշված աչքերի առջև հայտնվում են ծխնելույզ մաքրող աղջիկն ու Ծեր ծաղրածուն:

ԱՂՋԻԿՈղջո՜ւյն, Արքայազն…

ԱՐՔԱՅԱԶՆ — (հրճվալից): Ծիծեռնա՜կ…

ԾԱՂՐԱԾՈՒ – Ինչպե՞ս ես, տղաս:

ԱՐՔԱՅԱԶՆ — Այդ դո՞ւ ես, ծերուկ։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ես եմ, քո ծաղրածուն։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ո՞ւր էիր, ինչո՞ւ թողեցիր ինձ մենակ: 

ԾԱՂՐԱԾՈՒ —

Ապրում էր մի խեղկատակ,

Փշեր ուներ լեզվի տակ,

Որ ազատվեն նրանից.

Լեզուն տարան բերանից…

Տրա-լյա-լյա,

Տրա-լյա-լյա,

Որ ազատվեն նրանից,

Լեզուն տարան բերանից։

ԱՐՔԱՅԱԶՆ — (զարմանքով): Ինչպե՞ս։

ԾԱՂՐԱԾՈՒ – Քո հայր արքան դրժեց իր նախնիների օրենքը։ Նա կտրեց իմ լեզուն։ Եթե ծաղրածուի լեզուն էլ կտրեցին, վա՜յ աշխարհին…

ԱՂՋԻԿ — Վեր կաց, Արքայազն, գնանք, վազենք ձորաբերանով։

ԱՐՔԱՅԱԶՆ — Չեմ կարող։

ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ:

ԱՐՔԱՅԱԶՆ — Վերմակս շատ ծանր է։

ԱՂՋԻԿ — Բայց դու ուզում էիր տանիքների վրա լինել, ուզում էիր մոտիկ լինել երկնքին ու աստծուն։ Լսո՞ւմ ես, հողմաղացները նորից երգում են…

Նրանք դանդաղ հեռանում են և մշուշվելով, անհետանում:

ԱՐՔԱՅԱԶՆ — (նրանց ետևից): Սպասեք, ո՞ւր եք գնում… ես ուզում եմ… ուզում եմ…

ԱՐՔԱ — (անհանգիստ վեր է կենում տեղից): Ինչ ես կամենում, զավակս։ Ասա, քո հայր արքան պատրաստ է քեզ համար անել ամեն ինչ, նույնիսկ անկարելին։

ԱՐՔԱՅԱԶՆ — Թողե՜ք… բաց թողեք ի՜նձ… Հողմաղացները երգում են… ինչ լավ է տանիքի վրա, ինչ լավ է… (Սարսափած): Ա՜հ…

ԱՐՔԱ — Ի՞նչ եղավ, տղաս։

Չորս կողմից ներս են գալիս սևազգեստ պալատականները:

ԱՐՔԱՅԱԶՆ – Ագռավները…

ԱՐՔԱ — Ի՞նչ ագռավներ, ինչե՞ր ես խոսում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Փախիր, ծերուկ… Փախիր, Ծիծեռնակ, ագռավները… (Նվաղած): Ագռավնե՜ր…

Նրա կանչը ձուլվում է հեռվից լսվող գանգերի ղողանջին:

ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ եղավ այն, ինչ լինելու էր…

ԱՐՔԱ — (պալատականներին, խանձված ձայնով): Դուրս տարեք իմ որդուն պալատից, նա այնքան ուզում էր դրսում լինել։ Քաղաքի կենտրոնական հրապարակում, մարմարյա բարձր պատվանդանին կանգնեցրեք նրա արձանը։ Ոսկե թերթիկներով պատեք նրա բրոնզաձույլ մարմինը։ Սուրը զարդարեք այն շքեղ ադամանդով, որ իմ նախնիներն ու ես մինչև այսօր կրել ենք մեր թագին։ Եվ որպեսզի այսուհետև ոչ մի արցունք չխռովի իմ որդու հավիտենական անդորրը, երկրով մեկ հրամայում եմ, կին լինի թե տղամարդ, ծեր լինի թե նորածին, կառափնարան քարշ տալ բոլոր նրանց, ում աչքերում արցունք հայտնվի…

Զանգերի ուժգնացող ղողանջների տակ տեսարանը դանդաղ մթնում է:

Տեսարան իններորդ

ԾԱՂՐԱԾՈՒ — Այդ օրվանից մայրերը սարսափած փակում էին իրենց երեխաների բերանները, երբ նրանք համարձակվում էին, քնի մեջ անգամ, լաց լինել: Նկարիչների վրձինները քարանում էին կտավների վրա, երբ փորձում էին պատկերել մարդկային վիշտը: Բանաստեղծները համրանում էին սարսափից, երբ գրիչ էին վերցնում մարդկանց ցավն ու տառապանքը պատմելու։ Երկրի վրա մի կաթիլ կապարե արցունք էր կախվել…

Նախաբեմով, մտազբաղ ու խոժոռադեմ, անցնում է Արքան: Շնչակտուր բեմ է ընկնում պալատականներից մեկը:

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Տեր Արքա՜…

ԱՐՔԱ — Ի՞նչ է պատահել։

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Լեզուս չի պտտվում…

ԱՐՔԱ – Խոսի՛ր։

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Ամբողջ քաղաքում լուր են տարածել, որ Արքայազնի արձանը…

ԱՐՔԱ — Արձանն ի՞նչ։

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Լալիս է, տեր իմ։

ԱՐՔԱ — Ի-ի՞ինչ… Ստում ես, թշվառական։

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Պատվովս եմ երդվում։

ԱՐՔԱ — Ո՞վ է տեսել, որ արձանը լաց լինի։

ՊԱԼԱՏԱԿԱՆ — Չգիտեմ, տեր իմ։

ԱՐՔԱ – (մռնչալով): Կայրե՜մ, մոխիր կդարձնեմ ամեն ինչ…

Տեսարան տասներորդ

ԾԱՂՐԱԾՈՒ — Եվ այսպես, որքան էլ սարսափը մոլեգնում էր քաղաքում, որքան էլ բանտերը լցվում էին մարդկանցով, դարձյալ պալատն անզոր էր լռեցնելու այն շշուկները, որ հասնում էին տիրակալի ականջին։ ՛՛Այս ի՞նչ չար կատակ է…՛՛- մռնչաց Արքան ու նետահարված հովազի նման ծառս ելավ տեղից։ Իսկ երբ գիշեր իջավ երկրին ու աշխարհին, նա մեն-մենակ դուրս եկավ պալատից և քտյլերն ուղղեց դեպի հրապարակ… Ահա, գալիս է նա, սև թիկնոցի մեջ փաթաթված, հոգին խռով ու ալեկոծ…

Ամպերի խուլ որոտ, որը գնալով ուժգնանում է: Լույսի մի շերտ լուսավորում է Արքայի դեմքը:

ԱՐՔԱ — (շանթահար մեխվում է տեղում): Օ, երկի՜նք… (Հայացքը լույսից չկտրելով): Ինչի՞ համար, զավակս… Ինչի՞ համար… Դու իմ միակ ժառանգն էիր, իմ նախնիների միակ շառավիղը, ես ուզում էի, որ երբ գահ բարձրանաս, լինես այնքան հզոր, որ երկիրը տնքա ոտքերիդ տակ…

ԾԱՂՐԱԾՈՒ — Դե ահա, տնքում է… Թեպետ կապարե սիրտ ես դրել նրա կրծքի տակ, բայց տնքում է

ԱՐՔԱ — (հանկարծակիի եկած): Ո՞վ է… (Շուրջը նայելով): Ո՞վ կա այդտեղ…

ԾԱՂՐԱԾՈՒ — Չէիր հավատում, ասում էիր՝ եթե ճշմարիտ լինի, ուրեմն ավաղ, վախճանս մոտ է։ Դե հիմա նայիր, տես, ինչպես են նրա բրոնզաձույլ այտերի վրայով գլորվում արցունքները։

ԱՐՔԱ — Ո՞վ ես, թշվառական, որ համարձակվում ես այս տարաժամին կանգնել իմ առջև։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ինչո՞ւ ես եկել… Այս կեսգիշերին, առանց շքախումբ և անթիկնապահ… Եկել ես փրկելո՞ւ գեհենոտ հոգիդ… 

ԱՐՔԱ – Լսիր, մարդ աստծո, չքվիր աչքիցս, ժամն անպատեհ է և հոգիս խռով։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ասում էի, չէ, կհասնի ժամը և դու ցավագին կոռնաս արածիդ համար։

ԱՐՔԱ — Ես մոխիր կդարձնեմ քո այդ դիվահար հոգին…

ԾԱՂՐԱԾՈՒ — Չես կարող, հոգին մոխրացնել չես կարող։

ԱՐՔԱ — Ես քեզ հիմա իմ ձեռքերով(Առաջ է նետվում, բայց…): Այս ինչ է… (Որոտն ուժգնանում է: Լսվում է ահռելի դղրդյուն): Օ, երկի՜նք… (Ջղաձգորեն քանդում է օձիքը):

ԾԱՂՐԱԾՈՒ — Դու մոռացել էիր դատաստանն աստծո։ Դե ահա, հասավ ժամը…

ԱՐՔԱ — Արյունը կարծես լերդանում է երակներիս մեջ… Գետինը փուլ է գալիս ոտքերիս տակ…

(Մռնչալով առաջ է նետվում և անշնչացած տապալվում գետնին):

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ԾԱՂՐԱԾՈՒ — Չկա այլևս ահեղ տիրակալը, չկա նրա թագավորությունը։ Բայց քաղաքի հրապարակներից մեկում, մարմարյա բարձր պատվանդանին, դեռ կանգնած է նա՝ Երջանիկ Արքայազնը, ոսկեզօծ մազերն ուսերին թափած, ադամանդակուռ սուրը գոտկից կախ…

Տեսարան առաջին

Հրապարակ: Բարձր պատվանդանին, անթարթ աչքերր հեռուները հառած, կանգնել է Արքայազնը: Ցածում, երկնքի կապույտ ֆոնին, ուրվագծվել են հրապարակը շրջափակող շենքերի տանիքները:

ԾԱՂՐԱԾՈՒ — (որ դեռ կանգնած է նախաբեմի անկյունում դրված լապտերասյան տակ): Աշուն է: Քամին ավլում է քաղաքի կղմինդրածածկ տանիքները։ Թռչունները չվում են հարավ։ Մի ծիծեռնակ պոկվեց իր երամից և սրընթաց իջավ արձանի մոտ գտնվող տանիքներից մեկին…

Տանիքի վրա հայտնվում է ծխնելույզ մաքրող աղջիկը ծիծեռնակի կերպարանքով:

ԾԻԾԵՌՆԱԿ — Նա է… (Արձանին): Ողջույն, Արքայազն…

ԱՐՔԱՅԱԶՆ — (խուլ, մետաղյա ձայնով): Ո՞վ է։

ԾԻԾԵՌՆԱԿ — Դե իհարկե, այդ դու ես… Իսկ ես կարծում էի դեռ ապրում ես քո պալատում ուրախ ու երջանիկ, մինչդեռ մենակ ու լուռ կանգնած ես այստեղ, մարմարյա այս սառը պատվանդանին։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ձայնդ ծանոթ է, ո՞վ ես։

ԾԻԾԵՌՆԱԿ — Հիշո՞ւմ ես ծխնելույզ մաքրող այն աղջկան, որ մի օր համարձակվեց ներս նայել քո պալատի ցանկապատից

ԱՐՔԱՅԱԶՆ — (հրճվալից): Ծիծեռնա՞կ…

ԾԻԾԵՌՆԱԿ — Ես եմ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Վերջապե՜ս…

ԾԻԾԵՌՆԱԿ — Սպասո՞ւմ էիր:

ԱՐՔԱՅԱԶՆ — Ես գիտեի, գիտեի, որ կգաս, բայց այսպես… թռչունի կերպարանքով։

ԾԻԾԵՌՆԱԿ — Ծխնելույզ մաքրելիս ես ընկա աշտարակի բարձր տանիքից։ Պապիկս ճիշտ էր ասում, որ ես չեմ մեռնի, որ ընկնելիս կփակեմ իմ աչքերը, իսկ հոգիս թռչուն դարձած կսլանա երկինք։ Եվ հիմա, ինչպես տեսնում ես, ես թևեր ունեմ և կարող եմ թռչել։

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ ես դատապարտված եմ օր ու գիշեր կանգնել այստեղ և հեռվից դիտել աշխարհն ու մարդկանց։ Մարդիկ հավաքվում են պատվանդանիս մոտ, երանությամբ նայում։ Նրանք համարում են ինձ երջանկության խորհրդանիշ։ Ծիծաղելի է, չէ՞:

ԾԻԾԵՌՆԱԿ — Բոլորովին էլ ծիծաղելի չէ։ Դու գեղեցիկ ես, գեղեցիկ ու շքեղ։

ԱՐՔԱՅԱԶՆ – Այո, իհարկե։ Ինձ զարդարել են ոսկով, թանկարժեք քարերով, դարձրել ոսկեզօծ տիկնիկ(Պոռթկում է): Իմ ինչին են պետք այս զարդերը, երբ շուրջս…

ԾԻԾԵՌՆԱԿ — Այս ինչ է, դու լա՞ց ես լինում։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ես չեմ կարողանում զսպել արցունքներս, երբ նայում եմ իմ քաղաքին ու տեսնում, թե ինչ է կատարվում այնտեղ… Ինչ լավ է, Ծիծեռնակ, ինչ լավ է, որ եկար։ Վերջապես կկատարվի իմ ցանկությունը։

ԾԻԾԵՌՆԱԿ — Այո, բայց ես ստիպված եմ հրաժեշտ տալ քեզ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Հրաժե՞շտ։

ԾԻԾԵՌՆԱԿ — Աշուն է արդեն։ Իմ ընկերները չվում են հարավ։ Ես պետք է գնամ, հասնեմ նրանց։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ափսոս, իսկ ես ուզում էի…

ԾԻԾԵՌՆԱԿ — Ի՞նչ է ուզածդ, ասա, ես լսում եմ քեզ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Գիտեմ, դժվար է քեզ համար, բայց ինչ կլինի, Ծիծեռնակ, մի օր էլ մնա, խնդրում եմ։

ԾԻԾԵՌՆԱԿ — Մնա՞մ, ինչի՞ համար։

ԱՐՔԱՅԱԶՆ — Այստեղից ամբողջ քաղաքն է երևում. փողոցները, տների պատուհանները, պատուհանների ետևում ապրող մարդիկ։ Ես տեսնում եմ և նրանց, որոնք իմ արցունքների պատճառով բանտերն ընկան։ Ես ուզում եմ ինչ-որ բանով օգնել նրանց, բայց ինչպե՞ս։ Ես ոչինչ չունեմ, բացի այս զարդերից, որոնք հազիվ թե թեթևացնեն նրանց դառնացած հոգիները։ (Մատնացույց անելով հեռուն): Այն նեղլիկ փողոցի խարխլված շենքը տեսնո՞ւմ ես։

ԾԻԾԵՌՆԱԿ — Ո՞ր մեկը:

ԱՐՔԱՅԱԶՆ — Այ նա, որի տանիքին լվացք կա փռված։ 

ԾԻԾԵՌՆԱԿ — Տեսնում եմ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ձեղնահարկի պատուհանից մի կին է երևում։ 

ԾԻԾԵՌՆԱԿ – Այո՛, այո՛, նա թեքվել է մանկան օրոցքին ու ինչ-որ բան է խոսում երեխայի հետ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Նկարչի կինն է։ Այդ ձեղնահարկում մի երիտասարդ նկարիչ է ապրում։ Նա օր ու գիշեր նկարում է, բայց ոչ ոք չի գնում նրա նկարները։ Թեպետ կարիքն ու հոգսը խեղդում են նրան, բայց նա շարունակում է ստեղծել գեղեցիկն ու բարին… Լսիր, Ծիծեռնակ, մի բան եմ ուզում խնդրել…

ԾԻԾԵՌՆԱԿ — Խնդրե՞լ, ինչո՞ւ խնդրել, հրամայիր և ես կկատարեմ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Դու թևեր ունես և կարող ես թռչել։ Հանիր իմ վզից ադամանդե այս մեդալյոնը և տար նրան։ 

ԾԻԾԵՌՆԱԿ — Այդ ի՞նչ ես ասում, Արքայազն։

ԱՐՔԱՅԱԶՆ — Եթե ուզում ես, որ ես իսկապես երջանիկ լինեմ, կատարիր իմ խնդրանքը…

Տեսարան երկրորդ

Մի հին, խարխլված սենյակ ձեղնահարկում: Դիմացը թեք լուսամուտ: Լուսամուտի աջ ու ձախ կողմերում, պատերի տակ և ամենուրեք՝ յուղաներկ կտավներ, կավե սափորների մեջ դրված վրձիններ, փայտե դատարկ շրջանակներ: Սենյակի անկյունում մի մեծ նկարակալ՝ շորով ծածկված կտավը վրան: Մյուս անկյունում՝ երեխայի փայտե օրորոց: Օրորոցի մոտ նստել է Նկարչի կինը: Քիչ հեոու բոցկլտում է թիթեղյա մի հին վառարան:

Նախաբեմի անկյունում, փողոց պատկերող լապտերասյան մատ կանգնած են Սիրահարված աղջիկն ու Սիրահարված տղան: Տղան շրթհարմոն է նվագում, իսկ աղջիկը երանավետ հայացքը դեմքին լսում է:

Ձեղնահարկի տանիքում սուլում է քամին: Փտած տախտակներն իրենց ճռռոցով ձայնակցում են նրան: 

ՆԿԱՐՉԻ ԿԻՆ — (Օրորոցում պառկած երեխային, որին չենք տեսնում): Քնի՜ր, բալիկս, քնի՜ր… Ինչո՞ւ ես այդպես նայում… Մի վախեցիր, տղաս, այդ քամին է երգում ծխնելույզի մեջ։ Փակիր աչքերդ և նա քեզ կպատմի սքանչելի մի հեքիաթ, գուցե և լավագույնը իմ պատմած բոլոր հեքիաթներից։ Նա քեզ կպատմի Երջանիկ Արքայազնի մասին, թե ինչպես ամեն գիշեր, երբ քնում են աշխարհն ու մարդիկ, նա իջնում է իր պատվանդանից, շրջում քաղաքով մեկ, նայում պատուհաններից ներս: Ասում են, երբ Արքայազնը ներս է նայում որևէ պատուհանից, այդ տունը լցվում է ջերմությամբ ու երջանկությամբ։ Քնի՛ր, տղաս, քնի՛ր, որ շուտ գա Երջանիկ Արքայազնը: Քնի՛ր։ Իմ բալիկ, քնի՛ր, իմ թագավորություն…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — (Սիրահարված տղային): Ես ուզում եմ, որ կեսգիշերին հայտնվես մեր փողոցում և քարերով ջարդուփշուր անես մեր լուսամուտների ապակիները։ Ուզում եմ, որ հայրս կատաղած դուրս թոչի տնից, թեկուզ հրացանը ձեռքին: Ուզում եմ, աղմուկ-աղաղակ բարձրանա, որ հարևանները արթնանան քնից, թափվեն փողոց և իմ արցունքները տեսնելով, բղավեն հորս վրա. ՛՛Անխիղճ մարդ, բավական է սպանես աղջկան…՛՛: Փախցրու ինձ, աղաչում եմ, փախցրու…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Այ թե քամիներ են պտտվում գլխիդ մեջ…

Նախաբեմով անցնում է երիտասարդ նկարիչը՝ վերարկուի օձիքը վեր բարձրացրած, կտավները թևատակին:

ՆԿԱՐԻՉ — (լապտերասյան տակ կանգնած տղային ու աղջկան): Ողջույն, շրջմոլիկներ:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ողջույն, մաեստրո։

ՆԿԱՐԻՉ — Էլի աստղե՞րն եք հաշվում։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Չենք հաշվում, փնտրում ենք։

ՆԿԱՐԻՉ — Բավական է այս ցուրտ քամուն լապտերի սյունը գրկեք ու կանգնեք, գնանք մեզ մոտ։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Քիչ առաջ ձեր տանն էինք:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ինչ լավ բալիկ ունեք։ Որ մեծանա, նա՞ էլ պիտի նկարիչ դառնա։

ՆԿԱՐԻՉ — Չգիտեմ։ Դեռ չենք որոշել… Լսեք, իսկ ինչ կլինի, որ գաք, առժամանակ ապրեք մեր տանը։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ինչ եք ասում, առանց այն էլ նեղվածք է ձեզ մոտ։

ՆԿԱՐԻՉ — Ոչինչ, բոլորիս էլ տեղ կլինի: 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Դուք հրաշալի մարդ եք, մաեստրո։ 

ՆԿԱՐԻՉ — Բայց այսպես… 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Մի մտահոգվեք, երբ հարկ լինի, մենք անպայման կթակենք ձեր դուռը։

ՆԿԱՐԻՉ — Դե տեսեք, ինչպես հարմար է ձեզ… Բարի գիշեր… (Գնում է):

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Բարի գիշեր…

Փողոցը նորից լցվում է շրթհարմոնի նվագով: Ձեզնահարկում շարունակում է սուլել քամին: Քիչ անց դուռը ճռռոցով բացվում, ներս է մտնում Նկարիչը:

ՆԿԱՐԻՉ — Քամին քիչ է մնում պոկի տանիքները:

ԿԻՆ — Վերարկուիդ թեքը քանդվել է, հանիր կարեմ։

ՆԿԱՐԻՉ — (թևատակի կտավները ցած դնելով): Ինչ տաք է մեզ մոտ։

ԿԻՆ — Այո, մեր վառարանը նորից երգում է։

ՆԿԱՐԻՉ — Որտեղի՞ց փայտ գտար։

ԿԻՆ — Այն խենթ սիրահարները բերեցին, մի ամբողջ կապոց։ Ասացին, փոքրիկ ունեք տանը։

ՆԿԱՐԻՉ — Իսկ նրանք դեռ կանգնած են փողոցում։ 

ԿԻՆ — Ովքե՞ր։

ՆԿԱՐԻՉ — Քո այդ սիրահարները։ Լապտերի սյունը գրկել են ու կանգնել։

ԿԻՆ — Աստված իմ, այս ցրտին։ Ինչո՞ւ ներս չկանչեցիր։ 

ՆԿԱՐԻՉ — Չեկան։ Ասացին, առանց այն էլ նեղվածք է ձեզ մոտ։

ԿԻՆ — Մի կերպ կապրեինք։

ՆԿԱՐԻՉ — Մի կե՜րպ…

ԿԻՆ — Լավ, մինչև երբ պետք է այդպես թափառեն փողոցներում…

Տղան ա աղջիկը իրար գրկած լուռ հեռանում են:

ՆԿԱՐԻՉ — Նրանք սիրում են միմյանց, բայց վախեցած են, որովհետև տանիք չունեն գլխներին։ Նրանք ուզում են իրենց սիրով ազնվացնել մարդկային ցեղը, բայց անիրավությունը պղտորում է նրանց արյունը, որից կարող էին աշխարհի ամենասքանչելի արարածները ծնվել: Եվ ինչո՞ւ, ինչու պետք է սերն այսպես անապահով լինի ու վախեցած այս անիրավ աշխարհից:

ԿԻՆ — Նկարներդ այդպես էլ չգնեցին։

ՆԿԱՐԻՉ — Հարբուխից փռշտացող գայլեր են սրանք, որ ընդունակ են միայն պատառներ փախցնել երեխաների ձեռքից:

ԿԻՆ — Հանիր վերարկուդ։

ՆԿԱՐԻՉ — Նկարում ես, կտավի վրա դնում ես և խիղճ, և սեր, և տառապանք, բայց…

ԿԻՆ — Ոչինչ, կգա օրը և մարդիկ կզգան այն լավը, որ կա քո կտավներում։

ՆԿԱՐԻՉ — Կարծո՞ւմ ես։ Ո՛չ, սրանց ուրիշ բան է պետք։ Սրանք ընդունակ չեն զգալու գեղեցիկն ու բարին…

ԿԻՆ — Կամաց, երեխան կարթնանա։

ՆԿԱՐԻՉ — Վաղո՞ւց է քնել։

ԿԻՆ — Վախենում էր քամու ձայնից, հազիվ աչքերը փակեց։ 

ՆԿԱՐԻՉ — Ժպտում է։

ԿԻՆ — Շըշշ, մի խանգարի…

Դռան տագնապալից թակոց:

ՆԿԱՐԻՉ — (ձայն է տալիս): Ո՞վ է։

Դրսից լսվում է Փայտե խաղալիքներ վաճառող աղջկա ձայնը:

ԱՂՋԻԿ — Ես եմ, պարոն, բաց արեք, խնդրում եմ…

ՆԿԱՐԻՉ — Ներս արի, աղջիկս…

Այլայլված ներս է գալիս Փայտե խաղալիքներ վաճառող աղջիկը:

ԿԻՆ — Ի՞նչ է պատահել:

ԱՂՋԻԿ – Հայրիկս… (Հեծկլտում է):

ՆԿԱՐԻՉ — Հայրդ, ի՞նչ։

ԱՂՋԻԿ — Նա սպառնում է ջարդել իր ձեռքով պատրաստած խաղալիքները, օղի է ուզում։ Իսկ տանտիրուհին ասաց, որ մեզ դուրս կշպրտի նկուղից, եթե հայրս շարունակի այդպես հարբել ու գոռգոռալ։

ՆԿԱՐԻՉ — Տանտիրուհին իրավունք չունի այդքան խոզ լինելու: Նա պետք է հասկանա, որ քո հայրը վատ մարդ չէ, որ նա, պարզապես, չափից ավելի հոգնած է ու դառնացած։

ԱՂՋԻԿ — Այո, պարոն, հայրիկս մեղավոր չէ, օղին է մեղավոր։ Եթե իմանաք այդ ամենից հետո ինչպես է տանջվում։ Ամեն առավոտ, ես տեսնում եմ նրան գլխավերևս կանգնած։ Կարծելով քնած եմ, նա կամաց շոյում է մազերս ու մրմնջում. ՛՛Ներիր, զավակս, և թող հրեշտակները փրկեն քեզ բոլոր փորձանքներից…՛՛:

ՆԿԱՐԻՉ — Դու մնա այստեղ, ես հիմա կիջնեմ, կխոսեմ նրա հետ։

ԱՂՋԻԿ — Ոչ, ոչ, պետք չի, խոսել պետք չիՄի բաժակ օղի չէ՞ր լինի ձեր տանը:

ԿԻՆ — Օղի՞։

ՆԿԱՐԻՉ — Դու ուզում ես օղի՞ տալ նրան:

ԿԻՆ – Ինչպե՜ս կարելի է։

ՆԿԱՐԻՉ — Դրանից նա էլ ավելի կբորբոքվի։

ԱՂՋԻԿ — Չէ, չի բորբոքվի։ Հենց խմեց թե չէ, կքնի։ Նա միշտ այդպես է։

ՆԿԱՐԻՉ — Դե ինչ, կարծեմ այստեղ, շշի մեջ պետք է մնացած լինի… Ահա, վերցրու…

ԱՂՋԻԿ — Վաղը, երբ վաճառեմ խաղալիքները, անպայման կվերադարձնեմ:

ԿԻՆ – Ինչե՜ր ես խոսում։

ՆԿԱՐԻՉ — Գնա, աղջիկս, գնա, և թող հրեշտակները փրկեն քեզ բոլոր փորձանքներից։

ԱՂՋԻԿ – Շնորհակալություն…

Աղջիկն աչքերը սրբելով դուրս է գնում: Նկարիչը, որ լուռ ու մտազբաղ կանգնել էր, արագ մոտենում է անկյունում դրված նկարակալին: Նա հանում, մի կողմ է շպրտում կտավը ծածկող շորը: Կտավի վրա պատկերված է Արքայազնը ժպիտը դեմքին:

ՆԿԱՐԻՉ — Ժպտում ես, իմ Արքայազն։ Ոսկեգույն գիսակներն ուսերիդ թափած, հպարտ կանգնել ու ժպտում ես, մինչդեռ…

Նա վերցնում է վրձինն ու մի մեծ արցունքի կաթիլ է նկարում նրա դեմքին: Սենյակի լռության մեջ արձագանքում է Արքայազնի ձայնը, որը լսելի է միայն Նկարչին ու հանդիսականին:

ՁԱՅՆ — Այդ ի՞նչ ես անում, ինչո՞ւ ես խախտում իմ հավիտենական անդորրը։

ՆԿԱՐԻՉ – Ներիր, Արքայազն, ես ուրիշ կերպ չէի կարող։

ՁԱՅՆ — Ծանր է, շատ ծանր արցունքի այս կաթիլը:

ՆԿԱՐԻՉ — Հազարավորների արցունք կա քո աչքերում, իսկ ես, հիմարս…

ՁԱՅՆ — Դու մոռանո՞ւմ ես, թե ով եմ ես։

ՆԿԱՐԻՉ — Բոլորը քեզ Երջանիկ Արքայազն են անվանում, բայց ամեն անգամ, երբ նայում եմ քո արձանին, չգիտեմ ինչու, ինձ թվում է, թե գիշերային լռության մեջ ես լսում եմ քո խուլ հեծկլտոցը… Եվ վերջապես, գրողը տանի, մեր այս գարշելի բարքերին նայելիս, չէր կարող քեզ նման ազնիվ արարածը լաց չլինել…

Կատաղի քամին շրխկոցով բաց է անում պատուհանի փեղկերը: Նկարակալի մոտ դրված լապտերը թրթռում է ու մարում: Սենյակը թաղվում է խավարի մեջ:

ՆԿԱՐԻՉ — (խավարից): Լուցկին… Որտե՞ղ է լուցկին…

ԿԻՆ — Պատուհանը, պատուհանը փակիր, քամին հիմա ապակիները կջարդի…

Մինչ պատուհանը կփակվեր, խավարը ճեղքելով ներս է մտնում Ծիծեռնակը: Թանկարժեք քարերով զարդարված ոսկե շղթայով մեդալյոնը նա զցում է նկարակալին և շտապով դուրս թոչում բաց պատուհանից: Իսկ երբ Նկարիչը վառում է լապտերը…

ՆԿԱՐԻՉ — Սա ի՞նչ է…

ԿԻՆ — Ի՞նչ եղավ։

ՆԿԱՐԻՉ — Մի այստեղ նայիր։

ԿԻՆ — Աստված իմ, որտեղի՞ց…

ՆԿԱՐԻՉ — Ոչինչ չեմ հասկանում։ Այսպիսի հազվագյուտ զարդ իշխաններն անգամ չէին կարող ունենալ:

ԿԻՆ — Սիրտս վատ բան է գուշակում։

ՆԿԱՐԻՉ — Ամուր պահիր քեզ, և ընդհանրապես, փորձիր դիմանալ կյանքի բոլոր հարվածներին։

ԿԻՆ — Անմիջապես տար։

ՆԿԱՐԻՉ – Ո՞ւր տանեմ։

ԿԻՆ — Չգիտեմ, տար, հանձնիր ուր որ պետք է։

ՆԿԱՐԻՉ — Գժվել ես, ինչ է… Բայց սպասիր, երբ քամին հանգցրեց լապտերը, դու ոտնաձայն չլսեցի՞ր։

ԿԻՆ — Ի՞նչ ոտնաձայն, ինչե՞ր ես խոսում։ ,

ՆԿԱՐԻՉ — Ինձ թվաց ինչ-որ մեկը…

ԿԻՆ — Ուզում ես ասել, դիտմամբ են նետել այստեղ, որ մեզ փորձանքի մե՞ջ գցեն։

ՆԿԱՐԻՉ – Ընդհակառակը… Բայց, սպասիր, ինչո՞ւ չենք մտածում… Դե, իհարկե, այդպես է որ կա… (Ինքն իր հայտնագործությունից ոգևորված): Դու ճիշտ էիր, հասավ օրը: Գրողի տարած այս քաղաքում վերջապես գտնվեց հարուստ մի բարերար, որը կարողացավ զգալ ու արժեքավորել իմ արվեստը։

ԿԻՆ — Այո, բայց ինչո՞ւ գաղտնի։

ՆԿԱՐԻՉ — Ով իմանա, երևի մտածել է, որ մեզ նմանները միշտ էլ հպարտ են լինում։ Ինչևէ, ես անպայման կգտնեմ նրան ու կասեմ. ՛՛Դուք իմ փրկարարն եք։ Դուք օգնեցիք, որ ես կարողանամ իմ նկարներով փափկացնել մարդկանց կոշտացած հոգիները՛՛։ (Ձայնն աստիճանաբար բարձրացնելով): Ես կշարունակեմ օր ու գիշեր նկարել, իմանալով, որ այլևս քարշ չեմ գա փողոցներում, ինչ է թե չնչին կոպեկներով վաճառեմ իմ կտավները, որոնցից այնպես դժվար է բաժանվել։ Մենք կգնենք այս ամբողջ ձեղնահարկը։ Մեզ մոտ կբերենք խաղալիքներ վաճառող աղջկան ու նրա հորը։ Իսկ այդ տանտիրուհուն կսովորեցնենք այլևս խոզություն չանել և հասկանալ, որ մարդ իրավունք ունի երբեմն հարբել ու ցավից ոռնալ, գրողի տարած այս աշխարհում։ Մեզ մոտ կբերենք և այդ խենթ սիրահարներին։ Մենք տանիք կտանք նրանց և կստիպենք նորածինների սքանչելի ճիչերով լցնել այս ձեղնահարկը։ Իսկ երեկոները, բոլորս միասին կնստենք սեղանի շուրջը, կխմենք ամենաընտիր գինին և հրաշալի երգերով կջերմացնենք մեր հոգիները…

ԿԻՆ — Երեխան արթնացավ։

ՆԿԱՐԻՉ — Թող արթնանա, թող իմանա, որ տառապանքների միջով անցած իր հայրը մեծ նկարիչ է, գուցե և ամենամեծագույնը, որ երբևէ եղել է աշխարհում…

Տեսարան երրորդ

Փողոց: Լապտերասյան մոտ վերստին կանգնած են Սիրահարված աղջիկն ու Սիրահարված տղան:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Լավ, հիմա ի՞նչ ենք անելու: 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Չգիտեմ, ես սիրում եմ քեզ։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Դու պետք է տուն գնաս։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Իմ տունն այնտեղ է, որտեղ դու ես։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Իսկ որտե՞ղ եմ ես, ասա, որտե՞ղ: 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Այստեղ, ինձ հետ, իմ կողքին։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Դու կարող էիր ավելի երջանիկ լինել։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Երբ դու ինձ հետ ես, ինձ այլևս ոչինչ հարկավոր չէ։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ես հիմա գիշերելու տեղ էլ չունեմ։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ինչպե՞ս…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Այս առավոտ, խանութի տերը ինձ գտավ կոշիկների արկղի մեջ քնած։ Նա դուրս քաշեց ինձ արկղից ու կոկորդով մեկ բղավեց. ՛՛Անպետք արարած, դու հանդգնել ես քնե՞լ պահակության ժամին՛՛: Իսկ ես ամենայն քաղաքավարությամբ ասացի. ՛՛Լսեք, պարոն, բավական չէ ձեր այս քնձռոտ խանութը լցնում եմ իմ սքանչելի երազներով և դեռ համարձակվում եք բղավե՞լ ինձ վրա՛՛։ Այստեղ նա բարկությունից կապտեց և օձիքիցս բռնած, դուրս շպրտեց խանութից… Դե ահա, այսօրվանից իմ տանիքը բաց երկինքն է լինելու։ Ես պետք է գիշերեմ ուր պատահի, այգու նստարաններին, մրոտ նկուղներում…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Միևնույն է, ես սիրում եմ քեզ։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Իսկ ես չեմ ուզում, որ նկուղները խլեն քո գեղեցկությունը։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Բայց մենք աշխարհ ենք եկել, որ միասին լինենք։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ուրեմն գնա և սպասիր, ես հավատում եմ մեր բախտին։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ես այլևս տուն չեմ գնա։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Հասկացիր, ես չեմ ուզում, որ հայրդ…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Նա ավելի շուտ կսպանի ինձ, քան կհամաձայնի…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Որ դու կյանքդ կապես ինձ նման կորած մի հիմարի հետ։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Նա հենց այդպես էլ ասաց:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Դե ինչ, ուրեմն գնա և ասա, դու ճիշտ էիր, սիրելի հայրիկ, ես իմ կյանքը չպետք է կապեմ մի ցնդած շրջմոլիկի հետ, որը ոչինչ չունի, բացի վաղվա հանդեպ ունեցած հավատից, որով նա թքել է ձեր բոլոր անիրավությունների վրա:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ավելի լավ է, հանիր շրթհարմոնդ ու նվագիր։ Միևնույն է, աշխարհում ոչ ոք չի կարող բաժանել մեզ իրարից։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Որ այդպես է, գնանք։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ո՞ւր։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Մի ուրիշ քաղաք։ Ես գործ կգտնեմ և ինձ համար, և քեզ, կաշխատենք, կապրենք։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Իսկ մեր այս լապտերը: 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Լապտերն, ի՞նչ։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ինչպես կարող ենք թողնել նրան։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Բոլոր քաղաքներում էլ լապտերներ կգտնվեն։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Մերն ուրիշ է։ Քանի գիշեր մենք կանգնել ենք այս լապտերի տակ։ Նրա լույսերին մենք պահ ենք տվել մեր սրտերի բաբախյունը, մեր տագնապները, մեր երազները, մեր հոգին… Կանցնեն տարիներ, երեխաներ կունենանք։ Սրտերը լցված սիրով ու երջանկությամբ, նրանք էլ կկանգնեն այստեղ և մտքներով երբեք չի անցնի, որ այս լույսերից են ծնվել իրենք… (Հանկարծակիի եկած): Վա՜յ…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ի՞նչ պատահեց։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Տարվա այս եղանակին ծիծեռնա՞կ։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ինչե՞ր ես խոսում։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ – Նայի՛ր, նայի՛ր, տես ոնց է պտտվում լապտերի շուրջը…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Տարօրինակ է։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ինչ-որ բան գցեց…

Տղան առաջ է նետվում և զգուշորեն բարձրացնում լապտերասյան մոտ ընկած փայլփլուն առարկան:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Երազ է, թե՞… Ապա խփիր դեմքիս…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Խենթացա՞ր, ինչ է։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Խփիր, ջարդուփշուր արա քիթ ու մռութս, միայն զգացնել տուր, որ այս ամենր երազ չէ… Դու հասկանո՞ւմ ես, թե ինչ է սա…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Ադամա՞նդ։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Այն էլ ինչպիսին…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Այս ի՞նչ հրաշք է:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Այսպիսի հրաշքներ հեքիաթներում էլ չեն պատահում:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Այո, բայց…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ոչ մի ՛՛բայց՛՛։ Ասում էի չէ, որ հավատում եմ մեր բախտին… Գնանք, մենք աշխարհ ենք եկել, որ միասին լինենք, ուրեմն թքած բոլոր նրանց վրա, ում հոգին լցված է թույնով և ատելությամբ…

Գալիս է Խաղալիքներ վաճառող աղջիկը՝ հնամաշ շալի մեջ փաթաթված, խաղալիքներով զամբյուղը թևքից կախ:

ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ ԱՂՋԻԿ — Պարոննե՜ր, գնեցեք այս փայտե մարդուկին։ Նայեք ոնց է գլուխկոնծի տալիս…

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ապա տուր տեսնեմ… 

Տղան խաղացնում է փայտե մարդուկը և ուրախ քրքջում: Սիրահարված աղջիկը նույնպես:

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — (խաղալիքով տարված): Պտտվիր, ցատկոտիր, գլուխկոնծի տուր, թող մարդիկ ծիծաղեն, թող մարդիկ քրքջան։ Դու զգուշացիր նրանցից, ովքեր ծիծաղ չունեն, ովքեր անտարբեր անցնում են քո կողքից ու նայում քեզ արհամարհանքով և ատելությամբ… (Գրպանից ոգևորված հանում է ունեցած բոլոր դրամները և տալիս խաղալիքներ վաճառող աղջկան): Վերցրու…

ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ ԱՂՋԻԿ — Այսքան շա՞տ։ 

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԱՂՋԻԿ — Վերցրո՜ւ, վերցրու։

ԽԱՂԱԼԻՔՆԵՐ ՎԱՃԱՌՈՂ ԱՂՋԻԿ — Հայրիկս ասում է, որ այս խաղալիքները երջանկություն են բերում։

ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ՏՂԱ — Ճիշտ է ասում, այս փայտե լարախաղացն իրոք որ կարող է երջանկություն բերել մարդուն…  Մնաս բարով…

Նրանք գնում են իրար գրկած՝ փայտե մարդուկը խաղացնելով: Խաղալիքներ վաճառող աղջիկը դրամները գրպանն է դնում, և հավանաբար, անցորդներ տեսնելով, վազում ընդառաջ: Հեռվից լսվում է նրա կանչը. ՛՛Պարոննե՛ր, գնեցեք այս փայտե մարդուկին…՛՛:

Հակառակ կողմից, բեղիկները սղալելով անցնում է հրապարակը հսկող մի ոստիկան, որն ավելի շատ հիացած է իր համազգեստով, քան այն գործով, որի համար կոչված է ինքը:

Ոստիկանի ետևից ականջը շփելով գալիս է տասներեք տարեկան մի տղա՝ կոշիկ փայլեցնելու արքուսարքը ուսից կախ, խոզանակները ձեռքին: Դա Կոշիկ մաքրող տղան է, մեկն այն չարաճճի ու հանդուգն երեխաներից, որոնք իրենք են վաստակում իրենց հացը և մի յուրահատուկ անհոգությամբ ծիծաղում իրենց բաժին ընկած անողոք բախտի վրա:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Իմ ականջները ձիու սանձ չեն, պարոն ոստիկան:

ՈՍՏԻԿԱՆ – Ձայնդ:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Սա էլ քանի անգամ…

ՈՍՏԻԿԱՆ — Վերջ տուր, ասացի:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Գործ եմ արել, վճարեք։ Ես պարտավոր չեմ շարունակ ձրի փայլեցնել ձեր կոշիկները։ 

ՈՍՏԻԿԱՆ — Այդ ինչպե՞ս ես խոսում։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Իսկ ինչպե՞ս կուզեիք, որ խոսեի։

ՈՍՏԻԿԱՆ — Դու քեզ չպետք է թույլ տաս այդպես խոսել մի ոստիկանի հետ, որը քաղաքապետարանի ներկայացուցիչն է:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Պա՜, մեծ բան… (Խոսքի եղանակը փոխելով): Իսկ նա ձեզ շա՞տ է դուր գալիս, պարոն ոստիկան։

ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Կարծում եք չգիտե՞մ, որ աչք եք տնկել հացթուխի աղջկան։

ՈՍՏԻԿԱՆ — Ինչե՞ր ես խոսում, այ աղա։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (ակնհայտորեն շողոքորթում է): Նա էլ ձեզնով է հիացած։

ՈՍՏԻԿԱՆ — Իսկապե՞ս։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Խեղճը օր ու գիշեր հալումաշ է լինում ձեզ համար, իսկ դուք…

ՈՍՏԻԿԱՆ — Դու լավ տղա ես, գիտե՞ս, բայց մի քիչ ամբարտավան ես և մի քիչ էլ երես առած։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Ինձ արդեն ասել են։ Դուք ավելի լավ է փողը ցնծացեք:

ՈՍՏԻԿԱՆ — Նորի՞ց: Հեռացիր, այ տղա։ Ես հերթապահության մեջ եմ և իրավունք չունեմ խոսքի բռնվել ամեն մեկի հետ… (Բեղերը սղալելով գնում է):

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (նրա ետևից, վրդովված): Ինչքան ուզում եք կոտրատվեք, կոկվեք, սսկվեք, միևնույն է, բան դուրս չի գա… (Կոկորդով մեկ բղավում է): Հացթուխի աղջիկը սիրեկա՜ն ունի… (Ինքն իրեն): Ախ, թեփով լցված գլուխ, դու չգիտեի՞ր, որ նա քեզ փող տվողը չի: Եվ դեռ կառապանի պես քաշքշում է ականջներդ, որոնք առանց այն էլ բանի նման չեն… (Կոշիկ փայլեցնելու արքուսարքը ցած դնելով, նստում է փոքրիկ աթոռակին ու կանչում): Կոշիկ մաքրե՜մ, կոշի՜կ…

Գալիս է Խաղալիքներ վաճառող աղջիկը փայտե մարդուկը ձեռքին, զամբյուղը թևքից կախ:

ԱՂՋԻԿ – Պարոննե՜ր, գնեցեք այս ուրախ մարդուկին… 

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Դու որտեղից բսնեցիր։

ԱՂՋԻԿ — Քո գործը չի։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Ապա մի չքվիր այստեղից։

ԱՂՋԻԿ — Իսկ դու չե՞ս կարող մի քիչ քաղաքավարի խոսել։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Չքվիր, ասում եմ։ Գնա ուրիշ փողոցում կանչիր, դու խանգարում ես ինձ։

ԱՂՋԻԿ — Փողոցը քո՞նն է, ինչ է։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Ապրես, ճիշտ կռահեցիր։ Եթե այստեղ եմ փող վաստակում, ուրեմն իմ փողոցն է… Ի՞նչ ես այդպես նայում… Հա՛, հա՛, կգա մի օր, որ իմ անունը մեծ-մեծ տառերով կգրեն այս փողոցի ճակատին։ Ա՜խ, մենակ թե շուտ մեծանայի…

Հայտնվում է մի անցորղ: Աղջիկը խաղալիքը ձեռքին մոտենամ է նրան:

ԱՂՋԻԿ — (աղերսալից): Գնեցեք այս ուրախ մարդուկի՜ննայեցեք ոնց է գլուխկոնծի տալիս

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (խոզանակները ճարպկորեն ֆռացնելով օդում, կարծես մրցման մեջ մտնելով աղջկա հետ): Կոշիկ մաքրե՜մ, կոշի՜կ… (Ի լուր աշխարհի): Ցեխոտ թե մրոտ, մրոտ թե կրոտ, նոր թե պատռտված, միևնույն է փայլեցնում եմ առաջին կարգի…

Անցորդը, nr գլուխը կախ գնում էր, մի պահ կանգնում, ժպտում է քթի տակ ու մոտենում Կոշիկ մաքրող տղային:

ԱՆՑՈՐԴ — Ցույց տուր շնորհքդ, տեսնենք։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Խնդրեմ, պարոն, այնպես փայլեցնեմ, որ ձեր դեմքը շողա այդ փայլից… (Խոզանակում է նրա կոշիկներն ու հետն էլ երգում):

Կոշիկներ, կոշիկներ, 

Իմ սիրուն մաշիկներ,

Ճամփեքով, այս երազ աշխարհում,

Ախ, ո՞ւր եք ինձ տանում…

Մի հայացք գցելով Խաղալիքներ վաճառող աղջկան:

Կոշիկ մաքրե՜մ, կոշի՜կ…

ԱՆՑՈՐԴ — Ինչո՞ւ ընդհատեցիր։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Ընդհատեցի՞, ի՞նչը։

ԱՆՑՈՐԴ — Լավ էիր երգում։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Քեզ դո՞ւր եկավ։

ԱՆՑՈՐԴ — Հոյակապ էր, շարունակիր։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Չեմ կարող։

ԱՆՑՈՐԴ — Ինչո՞ւ։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Վախենում եմ իմ երգը թանկ նստի ձեզ վրա։

ԱՆՑՈՐԴ — Ինչպե՞ս։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Շատ պարզ։ Դուք ստիպված կլինեք կոշիկ փայլեցնելու վարձին ավելացնել նաև իմ երգի վարձը։

ԱՆՑՈՐԴ — (ժպտում է և խառնում տղայի մազերը):

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (գործն ավարտելով): Պատրաստ է, պարոնԻնչո՞ւ եք այդպես նայում…

ԱՆՑՈՐԴ — Եթե տերը կամենար ինձ հրաշքով նորից երեխա դարձնել, ապա ես կուզեի լինել միայն քեզ նման։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ – Խնդրեմ, պարոն, նորից համեցեք…

Անցորդը վճարում է դրամը և մի քանի քայլ անելուց հետո կանգնում, նայում է կոշիկներին ու գլուխը տարուբերելով, հեռանում: Խաղալիքներ վաճառող աղջիկը, որ ապշած մեխվել էր տեղում, մոտենում է տղային:

ԱՂՋԻԿ – Լսիր, դու այդ ինչպե՞ս ես կարողանում…

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (քիթը վեր ցցած): Հասարակ բան է։ 

ԱՂՋԻԿ — Իսկ ես կանչում եմ, կանչում, բայց ոչ ոք չի ուզում գնել:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Եվ չեն էլ գնի։

ԱՂՋԻԿ — Ինչո՞ւ։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Այնպես ես կանչում, որ մարդու լացն է գալիս… Ապա տուր այստեղ… (Փայտե մարդուկը խաղացնելով): Ալլե հո՛պ… Ալլե հո՛պ… (Աղջկան): Ո՞վ է

պատրաստում այս խաղալիքները։

ԱՂՋԻԿ — Հայրիկս։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Եվ դու չես կարողանում համոզել մարդկանց, որ սա աշխարհի ամենալավ խաղալի՞քն է

Նախաբեմով անցնում է շքեղ հագնված մի պառավ: Տղան ճարպիկ ոստյունով հայտնվում է նրա առջև:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Նայիր, տատիկ, այս ուրախ մարդուկին։ Նայիր ոնց է գլուխկոնծի տալիս… Ալլե հո՛պ… Ալլե հո՛պ…

ՊԱՌԱՎ — Հետո ինչ։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (իր ողջ հնարամտությունը գործի դնելով): Ճիշտ է, սա հասարակ փայտից է սարքված, բայց բոլորովին էլ հասարակ չէ… (Շշուկով, որպես հայտնագործություն): Սա Մովսես մարգարեն է, տատիկ, Սողոմոն իմաստունըԱլլե հո՛պ… Ալլե հո՛պ… Քո թոռնիկները շատ կուրախանան։ Նրանք կծիծաղեն և քո հոգնած, ծերացած սիրտը կլցվի բերկրանքով։ Գուցե կհարցնեիր, թե ինչ արժե այս սքանչելի խաղալիքը։ Չնչին կոպեկներ, տատիկ, չնչին կոպեկներ քո այն ահագին հարստությունից, որ զավակներդ անխղճորեն քամուն տվեցին։

ՊԱՌԱՎ — Այդպես է, տղաս, այդպես է…

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Մի հուզվիր, տատիկ։ Այս փայտե մարդուկը կստիպի նրանց հասկանալ, թե ժամանակին ինչ գեղեցկուհի է եղել տատիկը և ինչ բան է ծերությունը այս անիրավ աշխարհում:

ՊԱՌԱՎ — Ապա մի տուր տեսնեմ քո այդ Մովսես մարգարեն:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ – Քանի՞ թոռնիկ ունես, տատիկ: 

ՊԱՌԱՎ — Երեքն են:

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Կռվախնձոր մի սարքիր:

ՊԱՌԱՎ — Դե լավ, թող քո ասածը լինի… Բայց ինչո՞ւ ես չորսը տալիս։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Այդ մեկն էլ քեզ համար։

ՊԱՌԱՎ — (զարմանքով): Ինձ համա՞ր։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Երբ հուսահատությունը պատի քեզ, դու կխաղացնես այս ուրախ մարդուկին, և նա քո ծերացած սիրտը կլցնի ջահելության գեղգեղանքներով։

ՊԱՌԱՎ — Ապրես, տղաս, ապրես… (Համբուրում է նրա ճակատը, տալիս է դրամները, և մի հայացք գցելով ձեռքի խաղալիքներին, շարունակում իր ճամփան):

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (դրամները տալով աղջկան): Վերցրու…

ԱՂՋԻԿ — Օ՜հ, դու իսկական կախարդ ես…

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Դու էլ բան ասացիր։

ԱՂՋԻԿ — Որտեղի՞ց ես հորինում այդ բոլորը։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Հորիցս եմ ժառանգել… Դե լավ, ես գնացի, ուշ է արդեն: Վաղը դու նորից կարող ես գալ այստեղ և վաճառել քո խաղալիքները։

ԱՂՋԻԿ — Իսկ դու ասում էիր…

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Հենց այնպես ասացի։ Հորս փողո՞ցն է, ինչ է։ Պարզապես, անցնում էի այստեղով…

ԱՂՋԻԿ — Վաղը նորից կանցնե՞ս։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Չգիտեմ, գուցե կանցնեմ, գուցե ոչ… Իսկ դու շա՞տ կուզեիր, որ անցնեի։

ԱՂՋԻԿ — Շա՜տ։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ – Լավ, շատ ես ուզում, կանցնեմ…

(Հավաքում է կոշիկ մաքրելու արքուսարքը և քթի տակ սուլելով, գնում: Նա հանկարծ բախվում է առջևը ելած ոստիկանին: Վերջինս բռնում է տղայի ականջից):

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — Բաց թողեք։

ՈՍՏԻԿԱՆ — Ճչվլում էիր, աղավնյակս։ Դե հիմա էլ ճլվլա։ 

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (զարմանքից չոված աչքերով): Այդ ի՞նչ է կատարվում ձեր քթի հետ, պարոն ոստիկան։

ՈՍՏԻԿԱՆ — (ձեռքն ինքնաբերաբար քթին տանելով): Ի՞նչ է կատարվում, այ տղա։

ԿՈՇԻԿ ՄԱՔՐՈՂ ՏՂԱ — (որն արդեն ազատվել էր նրա ճանկերից): Ախր ինչո՞ւ եք այս ցրտին դուրս գալիս, ձեր քիթը շատ նուրբ է, կսառչի… (Փախչում է):

ՈՍՏԻԿԱՆ — (նրա ետևից): Ավազա՜կ… (Գնում է):

ԱՂՋԻԿ — (անցորդներ տեսնելով, զամբյուղից վերցնում է խաղալիքներից մեկն ու վազում ընդառաջ): Պարոննե՜ր, գնեցեք այս ուրախ մարդուկին։ Սա Մովսես մարգարեն է, Սոդոմոն իմաստունը… Ալլե հո՛պ… Ալլե հո՛պ…

Կանչում է աղջիկը, բայց մարդիկ անտարբեր անցնում են, ուշադրություն չդարձնելով նրա աղերսալից կանչին: Հենց այդ պահին, նախաբեմի անկյունում դրված խաղալիքներով լի զամբյուղի մոտ հայտնվում է Ծիծեռնակը: Նա ադամանդակուռ ճարմանդը գցում է զամբյուղի մեջ ու արագ հեռանում: Իսկ երբ աղջիկը մոտենում է զամբյուղին…

ԱՂՋԻԿ — Վա՜յ… Այս ի՞նչ է այսպես շողշողում…

Գալիս է աղջկա հայրը:

ՀԱՅՐ — Ինչո՞վ ես զբաղված։

ԱՂՋԻԿ — Եկա՞ր, հայրիկ։

ՀԱՅՐ — Փոխանակ գնորդներ կանչես, խաղալիքներ վաճառես, բերանդ ջուր ես առել ու կանգնել… Այդ ի՞նչ է ձեռքիդ…

ԱՂՋԻԿ — Չգիտեմ, հայրիկ, զամբյուղում գտա։

ՀԱՅՐ — Զամբյուղո՞ւմ… (Աղջկա ձեռքից խլելով): Չի կարող պատահել… չի կարող պատահել…

ԱՂՋԻԿ — Մայրիկի սուրբ հոգին վկա։

ՀԱՅՐ — Դու իմ աչքին թոզ մի փչիր: Այսպիսի թանկարժեք զարդեր զամբյուղներում շաղ չեն տալիս… Չլինի թե՞…

ԱՂՋԻԿ — (սաստող տոնով): Հայրի՛կ…

ՀԱՅՐ – Ո՛չ, ո՛չ, դու այդպիսի բան չէիր անի։ Դու այդպիսի բանի ընդունակ չես։ Գնանք, աղջիկս, գնանք այստեղից, շո՛ւտ…

ԱՂՋԻԿ — Ի՞նչ եղավ քեզ, հայրիկ։

ՀԱՅՐ — Գնանք, ասում եմ։

ԱՂՋԻԿ — Սպասիր զամբյուղը վերցնեմ։

ՀԱՅՐ — Պետք չէ, մեզ այլևս զամբյուղը պետք չէ… (Հայտնվում է մեզ ծանոթ ոստիկանը): Մենք փրկված ենք, աղջիկս: Սա աստծո օրհնությունն էր, որ հասավ մեզ օգնության.., Օ՜, գթառատ տեր, ներիր մեղավորիս։ Կարծում էի երես ես թեքել մեզանիցԲայց ո՛չ, ո՛չ, դու կաս, դու փրկեցիր իմ խեղճ որբուկին…

ՈՍՏԻԿԱՆ — (մոտենալով նրանց): Մի րոպե…

Տեսարան չորրորդ

Քաղաքապետարան: Թեք լուսամուտ, որտեղից երևում են հրապարակը շրջափակող շենքերի տանիքները: Լուսամուտի մոտ, վեհաշուք գրասեղանի ետևում նստել է սմքած դեմքով Քաղաքագլուխը: Նրա գլխավերևում կախված է քաղաքի խորհրդանշանը, որտեղ պատկերված է Երջանիկ Արքայազնը՝ ձեռքը ադամադակուռ սրին:

Քաղսւքագլուխը խոշորացույցով ինչ-որ միջատներ է զննում ու խնամքով տեղավորում առջևը դրված փոքրիկ տուփերի մեջ: Ներս են մտնում Ճշգրիտ զգացմունքաբանության դոկտորն ու Գեղագիտության պարոն պրոֆեսորը: Քաղաքագլուխը այն աստիճան է տարվել իր միջատների հավաքածուով, որ ոչ միայն չի նկատում ներս մտնողներին, այլև չի լսում նրանց ձայնը:

ԴՈԿՏՈՐ — Պարոն Քաղաքագլուխ…

ՊՐՈՖԵՍՈՐ — (զգուշորեն ծոր տալով): Ձերդ ազնվությո՜ւն…

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (նոր միայն ՛՛նկատելով՛՛): Ա՜, այդ դուք եք, պարոնայք խորհրդականներ։ Կարող եք ինձ շնորհավորել, պարոնաք: Իմ հավաքածուն հարստացավ ևս երկու հազվագյուտ միջատներով։

ՊՐՈՖԵՍՈՐ — Այո, Ձերդ ազնվություն, բայց…

ՔԱՂԱՔԱԳԼՈԻԽ — Ի՞նչ բայց։

ԴՈԿՏՈՐ — Քիչ առաջ մեզ հայտնեցին, որ այս անգամ էլ արձանի վրայից անհետացել է Արքայազնի գոտու ադամանդակուռ ճարմանդը։ 

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Խիստ հսկողություն սահմանել:

ԴՈԿՏՈՐ — Ոստիկանությունը օր ու գիշեր հերթապահում է հրապարակում, բայց թե ինչպես են զարդերը անհետանում արձանի վրայից, չենք կարողանում հասկանալ։

ՊՐՈՖԵՍՈՐ — Օրը ցերեկով կողոպտվում է մեր երջանկությունը։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։

ՊՐՈՖԵՍՈՐ — Ինչո՞վ ենք զբաղված, Ձերդ ազնվություն։ 

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ես ձեզ եմ հարցնում։

ԴՈԿՏՈՐ — Բայց պարոն Քաղաքագլո՛ւխ…

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (ծղրտում է): Ոչ մի գլուխ… Եվ ընդհանրապես, ձեր ուսերի վրա կա՞ որևէ շոշափելի բան, որ գոնե հեռավոր կերպով հիշեցնի մարդկային գլխին, ձե՛զ եմ հարցնում, կա՞… (Խոշորացույցը բարկացած խփում է սեղանին և անզգուշաբար ցած գցում միջատներով լի տուփը): Միջատնե՜րս… (Բոլորը ծնկաչոք սկսում են հավաքել հատակին շաղ եկած միջատները): Խնդրում եմ, զգո՜ւյշ, չտրորեք հանկարծ… (Միջատները տուփի մեջ տեղավորելով): Որքան շատ եմ ճանաչում մարդկանց, այնքան հարգանքով եմ լցվում այս փոքրիկ արարածների նկատմամբ… Երախտամոռնե՛ր… Ես լայն բացեցի բանտերի դռները… (Պրոֆեսորի ձեռքից միջատը վերցնելով): Մերսի… Ես տվեցի նրանց շնչելու և ապրելու իրավունք… Մերսի… Իսկ փոխարենը…

ՊՐՈՖԵՍՈՐ — Այո, Ձերդ ազնվություն, սա շարունակությունն է այն անպատվության, որ անհայտ հանցագործը իր սև ձեռքով հասցնում է մեր քաղաքապետարանի մռութին։

ԴՈԿՏՈՐ — Այս ամենի պատճառն այն է, որ մարդիկ սկսել են ապրել ոչ ճշգրիտ զգացմունքներով։

ՊՐՈՖԵՍՈՐ — (դեմքը թթվեցնելով): Սկսվե՜ց…

ԴՈԿՏՈՐ — Այո, պարոն Քաղաքագլուխ, նրանք, ովքեր հաճախ են երազ տեսնում, սկսում են երազել։ Երբ երազում են, սեփական կոշիկները չափից ավելի նեղ են թվում։ Իսկ երբ կոշիկները նեղ են և սեղմում են ոտքերը, բնականաբար նրանք սկսում են ապրել ոչ ճշգրիտ զգացմունքներով…

ՊՐՈՖԵՍՈՐ — (ինքն իրեն): Եթե ուղեղի ցնցում չստանամ, հրաշք կլինի:

ԴՈԿՏՈՐ — Իսկ նրանք, ովքեր ապրում են ոչ ճշգրիտ զգացմունքներով, գիտականորեն ապացուցված է, որ այդպիսիների համար օրենք և իշխանություն, քաղաք և քաղաքագլուխ, դառնում են ավելորդ ատրիբուտներ։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ի-իի՜նչ… (Փլվում է բազկաթոռին: Սկսվում է շնչարգելությունը, որն ավելի շատ աքլորականչ է հիշեցնում):

ՊՐՈՖԵՍՈՐ — Ի՞նչ եղավ ձեզ, Ձերդ ազնվություն: 

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (Ոսկրոտ ձեռքը սլարզելով): Ջո՜ւր…

ՊՐՈՖԵՍՈՐ — Ասում էի, չէ, որ ձեր այդ դոկտրինան մի օր կսպանի մարդկանց։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (շունչը տեղը բերելով): Իսկ ինչպե՞ս դեմն առնենք այդ ահավոր աղետի։

ԴՈԿՏՈՐ — Այդպիսիների ուղեղից պետք է դուրս մղել երազները, լուսաբանելով դրանց վնասները, և ստիպել, որ նրանք ապրեն միայն ու միայն ճշգրիտ զգացմունքներով:

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Այսինքն…

ԴՈԿՏՈՐ — Պետք է օրենք հրապարակվի. ՛՛Այսուհետև խստիվ արգելվում է երազներ տեսնել՛՛:

ՊՐՈՖԵՍՈՐ — Օրենսգրքում այդ կետը պետք է ձևակերպվի այսպես. ՛՛Ոչ թե մարդկանց արգելել երազներ տեսնելը, այլ պարտադրել, որ նրանք միայն չքնաղ երազներ տեսնեն՛՛:

Դրսից ինչ-որ աղմուկ է լսվում:

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Այս ի՞նչ իրարանցում է։ 

(Ներս է մտնում Գրագիրը):

ԳՐԱԳԻՐ — Պարոն Քաղաքագլուխ, պատիվ ունեմ հայտնելու ձեզ, որ հանցագործը բռնված է:

ՊՐՈՖԵՍՈՐ — Վերջապե՜ս…

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Որտե՞ղ է նա։

ԳՐԱԳԻՐ — Այստեղ, քաղաքապետարանում:

ՊՐՈՖԵՍՈՐ — Ներս բերեք։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ոչ, սպասեք… Հանցագործին ներս բերեք վնասազերծված վիճակում։

ԳՐԱԳԻՐ — Լսում եմ։ (Դուրս է գնում):

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (խորհրդականներին): Պետք է զգույշ լինել։ Այսպիսի հանցագործները չափազանց վտանգավոր են լինում…

Բացվում է դուռը: Բոլորը ձգվում են տեղերում: Կապկպված ներս է գալիս Խաղալիքներ վաճաող աղջիկը, նրա ետևից մեզ ծանոթ ոստիկանը՝ զամբյուղը ձեռքին: Աղջիկը լալիս է:

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ – Սա՞ է հանցագործը։

ՈՍՏԻԿԱՆ — (ոտքը ոտքին շրխկացնելով): Ճիշտ այդպես, պարոն Քաղաքագլուխ: Արքայազնի ադամանդակուռ ճարմանդը ես բռնեցի այն պահին, երբ այս փոքրիկ ավազակը փորձում էր թաքցնել։ (Թանկարժեք զարդը հանդիսավորությամբ դնում է սեղանին և ոտքը ոտքին շրխկացնելով, մի կողմ քաշվում):

Բոլորը խմբվում են սեղանի շուրջը:

ԴՈԿՏՈՐ — Ինչպես է շողշողում:

ՊՐՈՖԵՍՈՐ — Այ սա գանձ է…

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ձեր կարծիքով, ի՞նչ կարժենա այս ադամանդակուռ ճարմանդը:

ՊՐՈՖԵՍՈՐ — Չենք կարող ասել, Ձերդ ազնվություն։ Մեզ հայտնի է միայն, որ այս հազվագյուտ զարդը ահեղ տիրակալը ժառանգություն էր ստացել իր հորից, նրա հայրն էլ իր հայր արքայից, նրա հոր հայրն էլ…

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ – Պարզ է: Իսկ հիմա ասա ինձ, աղջիկ, որտեղի՞ց է հայտնվել քեզ մոտ այս զարդը:

ԱՂՋԻԿ — (հեծկլտալով): Զամբյուղում գտա…

ԴՈԿՏՈՐ — Զամբյուղո՞ւմ…

ՊՐՈՖԵՍՈՐ — Սպասեք, պարոնայք, սպասեք։ Այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ես էլ եմ այդպես կարծում։

ՊՐՈՖԵՍՈՐ – Իհարկե, Ձերդ ազնվություն: Թե չէ սա հո չէր կարող կատվի ձագի նման մագլցել այդ հսկա պատվանդանն ի վեր։ Երևի խուճապի մատնված հանցագործը, հետքը կորցնելու համար, ճարմանդը աննկատ գցում է աղջկա զամբյուղն ու փախչում։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Դու ի՞նչ կասես, աղջիկ:

ԱՂՋԻԿ — (լալով): Ես տուն եմ ուզում գնալ…

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (ոստիկանին): Արձակեք ձեռքերը թող կորչի, գնա…

Ոստիկանն արձակում է կապկպված աղջկան ու զամբյուղը տալով, հրում դուրս:

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (խորհրդականներին): Իսկ այս զարդը, պարոնայք, կգնա պետական գանձարան… (Գցում է գրասեղանի ետևում կախված իր վերարկուի գրպանը):

Տեսարան հինգերորդ

ԾԻԾԵՌՆԱԿ — Մի տեսնեիր, Արքայազն, այն հրճվանքն ու ուրախությունը, երբ հայր ու աղջիկ նորից գտան ճարմանդն իրենց զամբյուղում։ Պատկերացնում եմ, թե քաղաքագլուխն ու խորհրդականները հիմա ինչպես են բզկտում իրար:

ԱՐՔԱՅԱԶՆ — Շնորհակալ եմ, Ծիծեռնակ, շնորհակալ եմ: 

ԾԻԾԵՌՆԱԿ — Ինչի՞ համար։

ԱՐՔԱՅԱԶՆ — Դու կատարեցիր իմ խնդրանքը և ես հիմա ինձ այնպես լավ եմ զգում։ Ես երբեք այսպես լավ չեմ զգացել… (Մի պահ լռելուց հետո): Իսկ հիմա, հանիր իմ վրայից այս ոսկյա թերթիկները և տար, բաժանիր բոլոր նրանց, ում արցունքը փայլուն է ինչպես վաղորդյան ցողը, բայց աղի ու դառն է քանց ջուրը ծովի։

ԾԻԾԵՌՆԱԿ — Հիմա էլ ոսկյա թերթիկները։ Ինչե՞ր ես խոսում, Արքայազն:

ԱՐՔԱՅԱԶՆ — Մի մերժիր, խնդրում եմ։

ԾԻԾԵՌՆԱԿ — Բայց այդպես. դու բոլորովին կկորցնես քո տեսքը։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ես չեմ կարող հանգստանալ, քանի դեռ շուրջս…

ԾԱՂՐԱԾՈՒ — Արքայազնն այնպես թախանձագին էր խնդրում, որ Ծիծեռնակը չկարողացավ մերժել…

Տեսարանն աստիճանաբար մթնում է:

…Եվ նա մեկիկ-մեկիկ հանեց ոսկյա թերթիկներն ու տարավ, բաժանեց բոլոր նրանց, ում համար արևը վաղ էր դուրս գալիս, բայց չէր ջերմացնում։ Նրանց, ում հոգին բզկտվել էր անիրավության անողոք ճանկերից, և նրանց, որոնց աչքերում ծվարել էր երեկվա սարսափը։ Իսկ մարդիկ անտեղյակ այս ամենին, իրենց գտածը երկնային պարգև համարելով, փառաբանում էին ամենակարող աստծուն…

Տեսարանը վերստին լուսավորվում է, և մենք տեսնում ենք պատվանդանի վրա կանգնած Արքայազնին՝ ցնցոտիների մեջ:

ԾԻԾԵՌՆԱԿ — Դե ահա, դու բաժանեցիր մարդկանց ամեն ինչ և քեզ այլևս ոչինչ չմնաց։

ԱՐՔԱՅԱԶՆ — Իմ ծերուկ ծաղրածուն ասում էր, որ ես երջանիկ կլինեմ, երբ կարողանամ որևէ բանով թեթևացնել մարդկանց ցավն ու տառապանքը… (Հրճվալից): Վա՜յ…

ԾԻԾԵՌՆԱԿ — Ի՞նչ եղավ, Արքայազն։

ԱՐՔԱՅԱԶՆ — Տեր աստված, մի՞թե ես նորից… (Լսվում են խուլ, ռիթմիկ զարկեր, որոնք գնալով ուժգնանում են): Լսո՞ւմ ես…

ԾԻԾԵՌՆԱԿ — Տրոփում է, և ինչ էլ ուժգին…

ԱՐՔԱՅԱԶՆ — Այդ իմ կապարե սիրտն է տրոփում։ 

ԾԻԾԵՌՆԱԿ — Կապարե սի՞րտ։

ԱՐՔԱՅԱԶՆ — Երբ ինձ կանգնեցրին այստեղ, իմ հայր արքան հրամայեց կապարե սիրտ դնել կրծքիս տակ, որ անհաղորդ մնամ մարդկանց ցավին ու տառապանքին։ Իսկ հիմա, երբ ազատվեցի մարմինս կապանքող ոսկյա զարդերից, սիրտս կենդանացավ։ Չե՞ս հավատում։ Ուզո՞ւմ ես երգեմ քեզ համար…

Նրա սրտի ուժգնացող զարկերը միաձուլվում են երաժշտության հետ:

ԾԱՂՐԱԾՈՒ — Արքայազնի երգը թռավ, անցավ քաղաքի գիշերային փողոցներով, բակերով, սահեց պատուհաններից ներս, և բոլոր մանկիկները ժպտացին քնի մեջ…

ԱՐՔԱՅԱԶՆ — Իսկ հիմա, թռիր, Ծիծեռնակ, թռիր հասիր քո ընկերներին։ Ճիշտ է, նրանք վաղուց ճանապարհ են ընկել, բայց դեռ ուշ չէ, դու կարող ես հասնել նրանց։

ԾԻԾԵՌՆԱԿ — Ոչ, Արքայազն, չեմ կարող:

ԱՐՔԱՅԱԶՆ — Դու պետք է գնաս, պետք է հասնես քո երամին: Իսկ երբ նորից գարուն բացվի, դու կվերադառնաս և կպատմես ինձ հեռու հարավից:

ԾԻԾԵՌՆԱԿ — Ես ոչ մի տեղ չեմ գնա։

ԱՐՔԱՅԱԶՆ — Ցրտերը օրեցօր սաստկանում են։

ԾԻԾԵՌՆԱԿ — Թող սաստկանան։

ԱՐՔԱՅԱԶՆ — Տեսնո՞ւմ ես, ինչ սառը քամի է փչում։ 

ԾԻԾԵՌՆԱԿ — Ինչքան ուզում է, թող քամին սուլի ծխնելույզներում, ինչքան ուզում է թող բուքը ոռնա, միևնույն է, ես կմնամ քեզ հետ: Ես ընդմիշտ կմնամ քեզ հետ…

Տեսարան վեցերորդ

Հրապարակ: Բեմի խորքում երևում է շղթաներով շրջափակված պատվանդանի ներքևի մասը: Հայտնվում է Քաղաքագլուխը իր գրագրի և խորհրդականների հետ:

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — (ձեռքը մեկնելով վեր): Եվ սա՞ է մեր քաղաքի երջանկության խորհրդանիշը։

ԴՈԿՏՈՐ – Այո, պարոն Քաղաքագլուխ։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Բայց սա մուրացիկի արձան է և ոչ թե… 

ՊՐՈՖԵՍՈՐ — Դուք իրավացի եք, Ձերդ ազնվություն։ Եթե արձանը ինչ-ինչ պատճառներով զրկվել է շքեղ զարդերից, ուրեմն դադարել է և գեղագիտական արժեք լինելուց։ Հետևապես նա չի կարող մեր քաղաքի երջանկության խորհրրդանիշը համարվել։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ի՞նչ եք առաջարկում, պարոնայք։ 

ԴՈԿՏՈՐ — Ես, որպես քաղաքապետարանի ավագ խորհրդական և ճշգրիտ զգացմունքաբանության դոկտոր, առաջարկում եմ արձանն ուղարկել ձուլարան:

ՊՐՈՖԵՍՈՐ — Բայց պատվանդանը թափուր կմնա։

ԴՈԿՏՈՐ — Ի՞նչ եք ուզում դրանով ասել։

ՊՐՈՖԵԱՈՐ — Տեղը, տեղն ի՞նչ ենք դնելու։

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Ինչո՞ւ եք ինձ այդպես նայում, պարոնայք։ Չլինի թե կարծում եք, որ ես…

ՊՐՈՖԵՍՈՐ — Ի՞նչ ասել է ՛՛կարծում ենք՛՛։ Դուք հենց ծնվել եք այդ պատվանդանի համար։

ԴՈԿՏՈՐ — Եվ այո… նկատի ունենալով ձեր վերափոխիչ աշխատանքը մեր քաղաքի բարգավաճման և առաջադիմության գործում, ես առաջարկում եմ…

ՊՐՈՖԵՍՈՐ — Մենք առաջարկում ենք…

ԴՈԿՏՈՐ — Պարոն Գրագիր, բաց արեք հրամանագիրքը։ 

ՔԱՂԱՔԱԳԼՈՒԽ — Սպանեք, պարոնայք, սպասեք։ Իսկ ի՞նչ կմտածի ժողովուրդը։

ԴՈԿՏՈՐ – (գրագրին): Գրեք… Ժողովրդի պահանջով… 

ՊՐՈՖԵՍՈՐ — Եվ աստծո օրհնությամբ…

ԴՈԿՏՈՐ — (թելադրում է): Քաղաքապետարանը որոշեց, թափուր մնացած մարմարյա բարձր պատվանդանին, որպես քաղաքի երջանկության խորհրդանիշ, կանգնեցնել մեծարգո Քաղաքագլխի ոսկեզօծ արձանը…

ԳՐԱԳԻՐ — (գրի առնելով): Արձանը…

ՊՐՈՖԵՍՈՐ — Ողջ հասակով մեկ։

ԴՈԿՏՈՐ — Այո, ողջ հասակով մեկ:

ՊՐՈՖԵՍՈՐ — Խորաթափանց հայացքը դարերին հառած…

Լապտերասյան մոտ վերստին հայտնվում է Ծաղրածուն:

ԾԱՂՐԱԾՈՒ — (դահլիճին): Ահա այսպես էլ վերջացավ այս պատմությունը։ Եվ ամեն անգամ, երբ երեխաներն ինձ հարցնում են, թե որտեղ է Երջանիկ Արքայազնի արձանը, ես նրանց ասում եմ՝ փնտրեք ձեր մեջ։ Եվ որտեղ էլ որ լինեք, պահեք նրան ձեր հոգում, որ ոչ մի ծռմռված քաղաքագլուխ չհանդգնի ոտք դնել այդ մաքուր պատվանդանին։

ՎԵՐՋ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։