ԱԶԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ / ԻՄ ՍԻՐԵԼԻ ՓՈՔՐԻԿԸ
ՊԻԵՍ ԵՐԿՈՒ ՄԱՍԻՑ՝ ՅՈԹԻՑ ՄԻՆՉԵՎ ՅՈԹԱՆԱՍՈՒՆ
ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մասնակցում են
ՓՈՔՐԻԿ — որը եթե հարյուր անգամ քնի ու վեր կենա, յոթ տարեկան կդաոնա:
ՀԱՅՐԸ — նկարիչ:
ՄԱՐԿՈՍ — նույն բակում ապրող տղա, որը Փոքրիկից վեց տարի շուտ է հայտնվել աշխարհում:
ՇԵԿՈ — Մարկոսի արբանյակը:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — որին ոչ nf դանակ կամ մկրատ չի բերում սրելու:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — որը գիտե սքանչելի բաներ ցուցադրել:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — որը ապրում է փշալարերով և պարսպով պատված բակում:
ՃԱԿԱՏԻ ՄԱԶԵՐԸ ԿԱՐՃ ԿՏՐԱԾ ԱՂՋԻԿ — սրա տասնյոթ տարեկան աղջիկը:
ՏՂԱ — որը երազում է լսել իր ձեռքով հավաքվող մոտոցիկլետի ձայնը և դրանով ճակատի մազերը կարճ կտրած աղջկա հետ գոնե մի անգամ գնալ հեռու, հեռու…
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — որը երազում է այն օրը, երբ բոլորը կճաշակեն իր ձեռքով աճեցրած խաղողից:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ ԵՎ ՆՐԱ ԿԻՆԸ — որոնց համար հինգերորդ հարկից մինչև երկինք երկու քայլ է միայն:
ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐ — որի համար աշխարհում ոչ մի որդի չի մեռնում:
ՓՈՍՏԱՏԱՐ — որը ցանկանում է միայն լավ լուր բերել մարդկանց:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ
ԿԱՐՄՐԱՔԻԹ – Բարի թզուկներ, որոնք ապրում են հեքիաթներում միայն:
Գործողությունը տեղի է ունենում Երևանում, կամ որևէ սքանչելի քաղաքում:
Ժամանակը՝ քսաներորդ դարի երկրորդ կես:
ՆԱԽԱԲԱՆ
Վարագույրը կիսով չափ բացվում է: Բացվածքից երևում է շոկոլադի մի հսկա տուփ՝ նկարազարդված երեք թզուկներով: Թզուկների վերևում և ներքևում խոշոր տառերով գրված է. «ՆԱԽՇԱՎՈՐ ՇՈԿՈԼԱԴ»: Երազային երաժշտության տակ դանդաղ բացվում է շոկոլադի հսկա տուփը և նրա միջից դուրս են ցցվում երեք թզուկների գլուխները ճաղատ ու մորուքավոր: Նրանք դանդաղ դուրս են գալիս տուփից:
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Մենք թզուկներս, եղբայրներ ենք։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Մենք նկարված էինք շոկոլադի տուփի վրա։ Բայց նկարչի փոքրիկ տղան, որը չէր կարողանում տարբերել մեզ իրարից, վերցրեց հոր վրձիններից մեկը և մեր ճերմակ մորուքները ներկեց տարբեր գույներով։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Իմ մորուքը ցորենի հասած արտերի, լեռների ու արևի շողերի գույնով ներկեց և անվանեց ինձ Դեղնամորուք:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Իսկ ինձ ոչ միայն ակնոց նկարեց, այլև մորուքս ներկեց նորածիլ խոտերի և հավիտյան դալար եղևնու գույնով ու անվանեց Կանաչամորուք։ Դրանից հետո նրա երազներում ես միշտ այսպես կանաչ մորուքով եմ երևում։
ԿԱՐՄՐԱՄՈՐՈՒՔ — Բայց ահա… Հա՜, հա՜… (Փռշտում է): Ես չեմ կարող ինձ այնպիսի սքանչելի համեմատություններով ներկայացնել, ինչպես իմ եղբայրները։ Պատճառն, իհարկե, իմ այս այլանդակված քիթն է։ Նկարչի այդ փոքրիկ տղան վերցրեց վրձինը և մորուքս կապույտ գույնով ներկելուց բացի, կարմիր գույնով ներկեց քիթս։ Ինչպիսի խայտառակություն։ Կարմիր քի՜թ… Բոլորը երևի կմտածեն, որ ես հարբեցողի մեկն եմ։ Բայց ավելի լավ է հարբուխով հիվանդ լինել, քան հարբեցող։ Եվ ահա այդ օրվանից սկսած նա ինձ միշտ Կարմրաքիթ է կանչում։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Մենք թզուկներս ապրում ենք հեքիաթներում։ Դա այդպես է։ Բայց այդ փոքրիկ տղան չի հավատում, որ մենք ապրում ենք միայն հեքիաթներում։ Նա չի ուզում, որ մենք միայն հեքիաթներում ապրենք:
ԿԱՐՄՐԱՄՈՐՈՒՔ — Նա ուզում է, որ մենք իրենց տանն ապրենք։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Դե ահա, մենք նրանց տանն ենք: Փոքրիկի բարձի տակ դրված շոկոլադի տուփի մեջ…
Թզուկները ներս են մտնում կիսով չափ բացված տուփի արանքից: Փակվում է կափարիչը: Երաժշտություն: Մթություն: Բեմահարթակը պտտվում է և հսկա տուփը գնում, կորչում է բեմի խորքում: Կիսով չափ բացված վարագույրը դանդաղ բացվում է և բեմը լուսավորվում արևային գույներով:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Բակ: Աջ կողմում բազմահարկ շենքի պատշգամբներից մեկը: Մնացած հարկերի պատշգամբները չեն երևում: Առաջին հարկի պատշգամբի մոտ խաղողի նորատունկ վազեր և մի նստարան: Բակի ձախ կողմում դարբաս իր փոքրիկ դռնակով: Դարբասից սկիզբ է առնում քարե մի բարձր ցանկապատ, որը զրահավորված է փշալարերով: Ցանկապատի վրայից դեպի ընդհանուր բակը թեքված թթենու մի մեծ ճյուղ:
Թթենու ճյուղի տակ կանգած են Մարկոսն ու Շեկոն: Նրանք գերագույն հաճույքով ուտում են քաղցր, հյութալի թթերից: Պատշգամբում կանգնել է Փոքրիկը մանկան անմեղ ժպիտը դեմքին: Նա եռանդով սապնափուչիկներ է բաց թողնում օդի մեջ: Պատշգամբի մոտ, դույլը ձեռքին կանգնել է Երրորդ հարկի հարևանը, տարիքն առած մի մարդ ալեհեր, թավ բեղերով: Նա ջրում է նորատունկ վազերը, քնքշանքով մաքրում փոշուց կանաչ, մատղաշ տերևները և ինչ-որ մոռացված մի երգ դնդնում քթի տակ: Իսկ բակի խորքից գալիս է Փոստատարը: Ցանկապատի ետևից լսվում է շան հաչոց և մեկի բարկացած ձայնը: Մարկոսն ու Շեկոն բաց են թողնում ճյուղը, փախչում: Այն միջոցին, երբ Փոստատարը թերթերը ձեռքին մոտենում է դարբասին. ՛՛Հերիք չեղավ ձեզ…՛՛ բղավելով նրան է բախվում դարբասից դուրս թռչող Առանձնատան տերը:
ՓՈՍՏԱՏԱՐ — Վերցրեք ձեր թերթերը։
Առանձնատան տերը բարկացած վերցնում է թերթերը ու դռնակը իր ետևից շրխկացնելով, ներս գնում: Փոստատարը գլուխը տարուբերելով հեռանում է:
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — (խաղողի վազերով հիացած): Ոնց էլ բոյ եք քաշել, տերևներով ծածկվել…
ՓՈՔՐԻԿ — Ում հետ ես խոսում, պապի։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Հենց այնպես… Ինքս ինձ հետ… Սրանց հետ…
ՓՈՔՐԻԿ — Սրանք հո մարդիկ չեն, որ խոսեն։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Խոսում են։ Եթե շնչում են, ջուր են խմում, մեծանում են, ուրեմն խոսում են։ Այ երբ շոգ է լինում, ես լսում եմ, թե սրանք ոնց են գանգատվում ծարավից: Իսկ երբ ցուրտ է լինում, սառնամանիք, ես լսում եմ սրանց սրսփոցը։ Սրանք նույնիսկ լաց էլ են լինում:
ՓՈՔՐԻԿ — Լաց են լինո՞ւմ:
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Գարնանը, երբ կտրում են խաղողի մատը, կտրած տեղից ջուր է կաթկթում արցունքի պես զուլալ, զուլալ…
ՓՈՔՐԻԿ — Իսկ սրա՞նք։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Սրանք փոքրիկ մատեր էին, երբ բերեցի մեր բակը։ Հիմա արդեն մեծացել են, թփակալել, բայց էլի գանգատվում են։
ՓՈՔՐԻԿ — Ինչի՞ համար։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Հողը քիչ է, ասում են, ասֆալտը խեղդում է մեզ։
ՓՈՔՐԻԿ — Քանդենք, բահը բերենք ու քանդենք։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Աճեցնել է պետք և ոչ թե քանդել:
ՓՈՔՐԻԿ — Չէ, պապի, ասֆալտն եմ ասում քանդենք։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Չի կարելի, ասֆալտը քանդել չի կարելի։
ՓՈՔՐԻԿ — Որ քանդենք հողը կշատանա։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Էհ, տղաս, ասֆալտը քանդելով հողը չես շատացնի, քար է չորս կողմը։ Խնամել է պետք։ Թե որ խնամեցիր, էս մի թիզ հողում էլ սրանք կաճեն, կզորանան։ Էդպես է, տղաս, ինչը որ քաղցր պտուղ է տալիս, անպայման պետք է աճի, զորանա… (Մի հայացք գցելով վազերին, հեռանում է):
Բակով անցնում է Երիտասարդ հարևանը, տոնականորեն հագնված, թղթապանակը թևի տակ: Նա շարունակ ուղղում է փողկապը: Նկատելի է, որ այն անսովոր կերպով նեղում է իրեն: Փոքրիկը հիացմունքով նայում է նրան: Իսկ վերջինս ուրախ ժպտալով մոտենում, քնքշորեն տպտպացնում է տղայի այտին:
ՓՈՔՐԻԿ — Գնո՞ւմ ես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Գնում եմ։
ՓՈՔՐԻԿ — Ո՞ւր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (թևատակի թղթապանակը ցույց տալով): Տանում եմ, որ կինո հանեն։
ՓՈՔՐԻԿ — Իսկակա՞ն։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (երազկոտ): Իսկական…
ՓՈՔՐԻԿ — (հրճվալից): Ի՞նչ լավ է…
Երիտասարդ հարևանը խառնում է նրա մազերը ու հեռանում բակից: Նորից թթենու ճյուղին են մոտենում Մարկոսն ու Շեկոն։ Նրանց է մոտենում Փոքրիկը, բայց որովհետև ձեռքը չի հասնում ճյուղին, սկսում է գետին ընկնող թթերից ոսոել:
ՄԱՐԿՈՍ — (ճյուղը ձեռքից բաց չթողնելով): Ուխ, ինչ թութ է…
ՇԵԿՈ — Էսպիսի համեղ թութ աշխարհում չկա։
ՓՈՔՐԻԿ — Շատ քաղցր է, հայրիկիս գնած թթից էլ քաղցր է:
ՄԱՐԿՈՍ — Շուկայի թութն ինչ է որ…
ՇԵԿՈ — Դուրս թափելու բան։
Շան հաչոց լսելուն պես տղաները փախչում են: Բարկացած դուրս է գալիս Առանձնատան տերը և տեսնելով, որ ոչ ոք չկա, քթի տակ մրթմրթալով նորից ներս է մտնում: Բակի խորքից գալիս է Ծերունի վարպետը, ճերմակամորուք մի մարդ, անիվավոր մեքենան ուսից կախ:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (հայացքը շենքի պատշգամբներին հառած): Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ...
Տեսնելով, որ մարդ չկա, նա ուսից ցած է բերում մեքենան, ձեռքն է վերցնում սրաքարերն ուղղող պողպատյա թիթեղը ու անիվը թափով պտտեցնում: Բակի ծայրից գալիս են Մարկոսն ու Շեկոն: Նրանք իրար հրմշտելով ձեռքերը պահում են փայլփլուն կայծերի դեմ: Թաքստոցից դուրս է գալիս Փոքրիկը:
ՓՈՔՐԻԿ — (գլուխը տղաների արանքից ներս խցկելով): Ինչ կլինի, Մարկոս… Ինչ կլինի, Շեկո, մի քիչ էլ ես, հա…
ՇԵԿՈ — Էն կողմ գնա։
ՄԱՐԿՈՍ — Քո խելքի բանը չի, հեռու քաշվիր։
ՓՈՔՐԻԿ — Ինչ կլինի, Մարկոս, ես մենակ մի անգամ, հա՞…
Մարկոսը շրջվում ու մատով թրխկացնում է Փոքրիկի քթին: Փոքրիկը շփում է քիթը ու վիրավորանքը շրթունքների տակ սեղմած, քաշվում մի կողմ: Ծերունին կանգնեցնում է անիվը:
ԾԵՐՈԻՆԻ ՎԱՐՊԵՏ — Բա չեք ամաչում։ Ապա մի հեռու քաշվեք, շուտ…
ՄԱՐԿՈՍ — Պա՜հ…
ՇԵԿՈ — Կարծես մեծ բան է, էլի։ Գնանք Մարկոս:
Տղաները ձեռքերը ուս-ուսի գցած, հեռանում են:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (Փոքրիկին): Մոտ արի, որդի։ Ոնց ես։
ՓՈՔՐԻԿ — (մոտենալով): Լավ եմ, բա դու ո՞նց ես:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Լավ եմ, բայց որ գործ լինի, ավելի լավ կլինեմ… (Նա նորից պտտեցնում է անիվը պողպատյա թիթեղը ամուր սեղմելով սրաքարին: Տղան ձեռքի ափը պահում է կայծերի դեմ, որոնք խուրձերով թռչում և ասես հալվում են Փոքրիկի ափի մեջ: Նա դրանից տարօրինակ մի խուտուտ է զգում ու սկսում է ծիծաղել, քրքջալ): Քանի՞ տարեկան եu:
ՓՈՔՐԻԿ — Որ հարյուր անգամ քնեմ ու վեր կենամ յոթ տարեկան կդառնամ։ Բա դու քանի՞ տարեկան ես։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ – Է՜հ, որդի, ես որ յոթ հարյուր անգամ էլ քնեմ ու վեր կենամ, էլ յոթ տարեկան չեմ դառնա։
ՓՈՔՐԻԿ — Ես էլ պտտեցնե՞մ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Պտտեցրու, որդի, պտտեցրու։
ՓՈՔՐԻԿ — (շտապ մոտենում ու ոտքը դնում է ծերունու ոտքի կողքին): Իսկ սա ինչի՞ համար ես սրում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Չեմ սրում, սրանով սրաքարերն եմ ուղղում։
ՓՈՔՐԻԿ — Ես էլ ուղղե՞մ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Չես կարող, ձեռքիդ կխփես։
ՓՈՔՐԻԿ — Չեմ խփի։ Թող էլի, ինչ կլինի։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դե լավ… (Փայտի վրա ամրացված պողպատե թիթեղը տալով տղային): Մենակ թե ամուր բռնիր, այ այսպես… Պինդ սեղմիր…
Անիվը սլտտվում է, սրաքարերը գլորվամ, կայծերը թռչում են, իսկ Փոքրիկը ասես լողում է երանության մեջ:
ՓՈՔՐԻԿ — (հրճվանքով): Ինչ լա՜վ է…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ – Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ…
ՓՈՔՐԻԿ — (երգեցիկ): Որ մեծանամ, դանակ-մկրատ սրող կդառնամ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Պետք չի… դանակ-մկրատ սրող պետք չի…
ՓՈՔՐԻԿ — Բա կայծե՞ր։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Կայծեր միշտ էլ կլինեն։ Կարևորն էստեղ է… (Ցույց է տալիս սիրտը): Էստեղ որ կրակ լինի, կայծեր միշտ էլ կլինեն… Չէ՛, չէ՛, դանակ-մկրատ սրող պետք չի։ Դու ավելի խելոք մարդ կդառնաս։ Դու շատ մեծ մարդ կդառնաս: Իսկ իմ բանն ուրիշ էր… (Ծանր մտքերից սթափվելով): Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ…
ՓՈՔՐԻԿ — Սրի հա՞։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Որ բերեն, կսրեմ։
ՓՈՔՐԻԿ — Բա ինչի՞ չեն բերում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Էհ, որդի, հիմի ամեն մարդ իր դանակը իր չարխի վրա է սրում։ (Ձեռքը մեկնում է գլխավերևը կախված ճյուղին և մի քանի հասած թութ սլոկելով, բերանն է տանում): Այ օրհնվի տնկողիդ ձեռքերը…
ՓՈՔՐԻԿ — Քաղցր է, չէ՞։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Էն էլ ոնց։
ՓՈՔՐԻԿ — Գիտե՞ս, պապի, աշխարհում սրանից քաղցր թութ չկա։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Արի դու էլ կեր։
ՓՈՔՐԻԿ — Ես գետնի վրայինն եմ ուտում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ծառի վրայինն ուրիշ է։
ՓՈՔՐԻԿ — Ախր ձեռքս չի հասնում, է։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Որ պարզես, կհասնի։ Մոտ արի… (Գրկում է տղային, բարձրացնում ցանկապատից էլ վեր: Բակից լսվում է շան հաչոց):
ՓՈՔՐԻԿ — Իջեցրո՜ւ, իջեցրո՜ւ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (ցած իջեցնելով): Ի՞նչ պատահեց, որդի։
ՓՈՔՐԻԿ — (ծերունու քաթանե գոգնոցից քաշելով): Փախիր, պապի, գալիս է…
Պարսպի երկաթյա դուռը ճռռոցով բացվում է և բարկացած դուրս է գալիս Առանձնատան տերը:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Լսեք, վերջ պիտի լինի, թե՞ չէ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ի՞նչ է պատահել։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Ինչ պիտի պատահի, գնացող-եկող այս անտեր ճյուղից է կախ ընկնում։ Չի էլ ջարդվում, հոգիներս ազատվի։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ – Ինչի՞ ջարդվի, թող ուտեն։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Պատերն են քանդում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ծառի ճյուղը պատերի մեջ չես պահի, դուրս է եկել, թող ուտեն։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Շանն են հաչացնում, գլուխներս գնաց։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ոչինչ, շուն է, կհաչի, կհաչի, կլռի։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (բղավում է): Չի լռի։ Գործիքդ վերցրու, գնա այստեղից։ Ինչ ես մի գլուխ դռանս մոտ ՛՛Դանակ-մկրատ սրե՜մ՛՛: Գլուխներս տարար, գնա ուրիշների դռների մոտ կանչի։ (Ներս է մտնում դուռը ետևից շրխկացնելով):
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (Փոքրիկին): Բա, ախպերս, էսպես էլ է լինում… (Հոգոց հանելով): Է՜հ, ես գնացի… (Անիվով մեքենան նորից ուսն է գցում ու գնում բակի խորքը կանչելով): Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ֊մկրա՜տ…
Դարբասից դուրս է գալիս Առանձնատան տերը մի սանդուղք և մի սղոց ձեռքին:
ՓՈՔՐԻԿ — (սարսափած): Ինչի՞ համար, քեռի…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Կկտրեմ, կանաչ-կանաչ կկտրեմ, որ համ ձեր հոգին ազատվի, համ էլ իմը…
Նա սանդուղքը հենում է ցանկապատին ու բարձրանում: Փոքրիկը ապշահար ետ-ետ է գնում, հայացքը չկտրելով թթենու ճյուղից, որն արդեն անզոր ցնցվում էր սղոցի տակ: Ահա մի խուլ ճթթոց է լսվում ու թթենու ճյուղը խշշոցով ընկնում է ցած: Փոքրիկը ճչալով նետվում է դեպի պատշգամբ, մոռանալով, որ հայրը տանը չէ:
ՓՈՔՐԻԿ — Պապա՜… Պապա՜…
Հենց այդ պահին բակ է մտնում Հայրը ինչ-որ ծանրոց գրկին:
ՀԱՅՐ — Ի՞նչ է եղել։
ՓՈՔՐԻԿ — (այլայլված): Կտրեց, պապա, կտրե՜ց…
ՀԱՅՐ — Ինչը՞։
ՓՈՔՐԻԿ — Թթի ճյուղը, տես։
ՀԱՅՐ — Ես էլ ասեմ ինչ է եղել։
ՓՈՔՐԻԿ — Աշխարհի ամենաքաղցր թթի ճյուղն էր, պապա:
ՀԱՅՐ — Ոչինչ, տղաս, նորից կաճի։
ՓՈՔՐԻԿ — Իսկ որ կտրում են, չի՞ ցավում։
ՀԱՅՐ — Ցավում է, ինչ էլ որ կտրում են, ցավում է։
ՓՈՔՐԻԿ — Ծառն էլ է հիմա լաց լինում։
ՀԱՅՐ — Ծառերը լաց չեն լինում։
ՓՈՔՐԻԿ – Չէ, լա՜ց են լինում, լա՜ց են լինում, լա՜ց են լինում… (Իրար ետևից բղավում է նա ու բռունցքներով ծեծկոտում պատշգամբի բազրիքը, կարծես իր հոգու ամբողջ զայրույթը դնելով այդ հարվածների մեջ):
ՀԱՅՐ — Դե լավ, լավ, գնանք… Գնանք, տեսնենք մայրիկը ինչ է ուղարկել։ (Դռնակը բանալով մտնում է պատշգամբ: Իսկ Փոքրիկը կանգնած դեռ երկար նայում է ճյուղի կտրված մասին: Ի վերջո դանդաղ գնում է պատշգամբ, որտեղ հայրը աքցանով արդեն բաց է անում ծանրոցի կափարիչը):
ՓՈՔՐԻԿ — Բա մաման ե՞րբ է գալու, պապ։
ՀԱՅՐ — Ասացի երեք ամիս հետո։
ՓՈՔՐԻԿ — Ինքնաթիռո՞վ պիտի գա։
ՀԱՅՐ — Ինքնաթիռով։
ՓՈՔՐԻԿ — Ես էլ եմ ուզում ինքնաթիռ նստել։
ՀԱՅՐ — Կնստես, մի օր էլ դու կնստես… (Ծանրոցից ինչ-որ իրեր հանելուց հետո): Օհո՜, այ թե ինչ է ուղարկել քեզ մայրիկը… (Ծանրոցից հանում է երեք թզուկներով նկարազարդված թիթեղյա մի տուփ):
ՓՈՔՐԻԿ — (հրճվալից թռչկոտելով կանգնած տեղում): Ի՜նչ սիրուն տուփ է, պապա… Վա՜յ, ինչքան լավն է,..
ՀԱՅՐ — Նախշավոր շոկոլադ… Վերցրո՜ւ…
ՓՈՔՐԻԿ — (ուտելով): Դու էլ վերցրու, պապա, շատ համեղ են։
Հայրը հավաքում է ծանրոցի իրերը, ներս է գնում և քիչ անց դուրս է գալիս պատշգամբ մոլբերտն ու ներկատուփը ձեռքին:
ՀԱՅՐ — Ինձ չխանգարես, ես պետք է աշխատեմ… (Կտավն ամրացնում է մոլբերտին և վերցնելով ներկապնակը սկսում է նկարել):
ՓՈՔՐԻԿ — (կախարդված նայելով իր տուփին): Ինչ պստլիկ ծերուկներ են նկարված այստեղ, պապա։
ՀԱՅՐ — (վրձնելով): Դրանք այն թզուկներն են, տղաս, որոնք շատ են սիրում երեխաներին և ամեն բանով օգնության են հասնում նրանց։
ՓՈՔՐԻԿ — Օգնությա՞ն են հասնում… Պատմիր, պապ, պատմիր թզուկների մասին, հա՞:
ՀԱՅՐ — Հետո, մի ուրիշ անգամ։
ՓՈՔՐԻԿ – Լավ էլի, պապ, ինչ կլինի։
ՀԱՅՐ — Ախր ի՞նչ պատմեմ է… (Հանպատրաստից հորինելով): Աշխարհում ապրում էին մի փոքրիկ քույր ու մի փոքրիկ եղբայր: Մի անգամ քույր ու եղբայր գնում են անտառ սունկ հավաքելու։ Նրանք, իհարկե, ոչ մի սունկ էլ չեն գտնում: Եվ երբ ուզում են տուն վերադառնալ, նոր միայն նկատում են, որ կորցրել են ճանապարհը։ Իսկ երբ մութը վրա է տալիս, նրանք կծկվում են մի հաստաբուն ծառի փչակում ու սկսում են լաց լինել։ Այնքան են լաց լինում, որ նրանց արցունքներից ծառի բնի մոտ մի սունկ է բուսնում, իսկ սունկի տակ երեք փոքրիկ թզուկներ ճաղատ ու մորուքավոր։ Եվ ահա, այդ բարի թզուկները, որ երեխաների արցունքներից էին ծնվել, օգնում են նրանց և տուն հասցնում։ Եվ հիմա էլ, ասում են, որ երբ հողագնդի որևէ անկյունում երեխա է լալիս, նրանք իսկույն օգնության են հասնում։ Չէ որ այդ բարի թզուկները երեխաների արցունքներից են ծնվել և շատ լավ են հասկանում, թե ինչքան դառն են նրանց արցունքները։
ՓՈՔՐԻԿ — Իսկ որտե՞ղ են նրանք ապրում, պապ։
ՀԱՅՐ — (հայացքը կտավից չկտրելով): Հեքիաթներում, տղաս, միայն հեքիաթներում։
ՓՈՔՐԻԿ — Բա ինչո՞ւ միայն հեքիաթներում:
ՀԱՅՐ — Դե, որովհետև… հարմար է, որ նրանք ապրեն հեքիաթներում։
ՓՈՔՐԻԿ — Իսկի էլ հարմար չի… Չեմ ուզում… Ես չեմ ուզում հեքիաթներում ապրեն։ Ես ուզում եմ մեր տանն ապրեն… (Հայրը լուռ ժպտում է և շարունակում նկարել): Ինչ լավ է… Սրանից հետո տուփը ես իմ բարձի տակ կպահեմ ու թզուկները միշտ մեր տանը կլինեն։ (Նստում և ուտելով տուփի միջի շոկոլադներից, ձեռքն է վերցնում հոր վրձիններից մեկը: Կարծես դիմելով տուփի վրայի թզուկներին): Բոլորիդ մորուքներն էլ իրար նման են՝ սպիտա՜կ-սպիտա՜կ…. Ոչինչ, ես հիմա… (Սկսում է ներկել: Հետո վեր է կենում ու տուփը ցույց տալով, մոտենում է նորը): Էլ իրար նման չեն, չէ՞, պապ…
ՀԱՅՐ — (խիստ): Ինչի՞ ներկոտեցիր տուփը։
ՓՈՔՐԻԿ — Ախր…
ՀԱՅՐ — (ընդհատելով նրան): Սպասի՛ր… (Լռություն: Սենյակից լսվում է հեռախոսի անընդմեջ զանգը: Հայրը ցած է դնում վրձինը ու շտապ գնում ներս):
Փոքրիկը նստում ու նորից ձեռքն է վերցնում վրձինը: Բակ են մտնում Մարկոսն ու Շեկոն: Մոտենալով առանձնատան ցանկապատին նրանք հանկարծակիի եկած կանգ են առնում:
ՇԵԿՈ — Կտրել են:
ՄԱՐԿՈՍ — Պահ, կարծես իրենց թթին էինք կարոտ, էլի։ Իսկի էլ քաղցր չէր, չէ՞, Շեկո։
ՇԵԿՈ — Ինչ քաղցր: Էդպիսի անհամ թութ ես դեռ չէի կերել:
ՄԱՐԿՈՍ — Ի՞նչ անենք։ Արի շանը հաչացնենք, հա՞:
ՇԵԿՈ — Գործ չունես, գնանք… (Գնում են):
ՓՈՔՐԻԿ — (նրանց ետևից): Էհե՜յ, Մարկոս, էհե՜յ, Շեկո… (Դուրս է թռչում պատշգամբից թզուկներով նախշազարդված տուփը ձեռքին): Տեսեք…
Տղաները հիացմունքից մեխվում են տեղերում:
ՄԱՐԿՈՍ — (հայացքը չկտրելով տուփից): Այդ ի՞նչ է:
ՓՈՔՐԻԿ — Սրանք բարի թզուկներն են, Մարկոս, սրանք շատ են սիրում երեխաներին։
ՇԵԿՈ — Իսկ մեջն ի՞նչ կա, մեջը։
ՓՈՔՐԻԿ — Շոկոլադ… (Տուփը բանալով): Այս երկուսն էլ ձեզ համար եմ պահել… Վերցրու, Շեկո… Վերցրու, Մարկոս… Շատ համեղ են…
Երկու նախշավոր շոկոլադներն իսկույն հալվում են տղաների բերաններում: Մարկոսը խորամանկորեն նայում է Շեկոյին ու ձեռքը դնում Փոքրիկի ուսին:
ՄԱՐԿՈՍ — Դու լավ տղա ես, գիտե՞ս։
ՓՈՔՐԻԿ — Որ լիներ, էլի կտայի։
ՄԱՐԿՈՍ — Ես շոկոլադ չեմ սիրում։
ՇԵԿՈ — Ես էլ… բայց այ, եթե տուփը տայիր ինձ… տեսնեմ…
ՄԱՐԿՈՍ — (Շեկոյին սպառնալից): Դե, դե, տուփը ինձ է տալու… (Խլում է այն Փոքրիկի ձեռքից): Ինձ ես տալիս, չէ՞…
ՓՈՔՐԻԿ — (աղերսագին): Չէ՛, Մարկոս։ Այ, nւզում ես սուլիչս վերցրու: Ուզում ես հայելիս տամ։ Ուզում ես գնամ հոլս բերեմ, մենակ թե տուփը մի վերցրու, լա՞վ…
ՄԱՐԿՈՍ — Ուրեմն չե՞ս տալիս։
ՓՈՔՐԻԿ – Չէ՛, Մարկոս, ինչ ուզում ես կտամ, մենակ թե…
ՄԱՐԿՈՍ — Որ էդպես է, ոչ ինձ, ոչ էլ քեզ, ըհը… (Իբր շպրտում է նկուղը, բայց իրականում՝ տուփը թաքցնում է մեջքի ետևում): Դե հիմա գնա նկուղից հանի…
ՓՈՔՐԻԿ — (զայրույթով և լացակումած): Ինչ արեցիր, հը՞… (Գլխապատառ նետվում է դեպի նկուղը):
ՇԵԿՈ — Լսիր, Մարկոս, ինչքա՞ն նամականիշ տամ էդ տուփին։
ՄԱՐԿՈՍ — Ոչ մի հատ։
ՇԵԿՈ — Հարյուր հատ արտասահմանյան տամ, ավստրալիական կենգուրուն էլ վրան, կտա՞ս։
ՄԱՐԿՈՍ — Խելքս հո հացի հետ չեմ կերել: (Գնում է):
ՇԵԿՈ — Լսիր, այ ուզում ես… (Էլի ինչ-որ բան առաջարկելով, գնում է նրա ետևից):
Տղաները հեռանում են: Լալով գալիս է Փոքրիկը: Բակում երկար շրջելուց հետո ետ է վերադառնում Ծերունի վարպետը: Տեսնելով լաց լինող Փոքրիկին, անհանգիստ մոտենում է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ի՞նչ է պատահել, որդի, ո՞վ է քեզ նեղացրել։
ՓՈՔՐԻԿ — Բա ի՞նչ եղավ, հը՞… Ո՞ւր կորավ, հը՞…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ինչը՞ կորավ։
ՓՈՔՐԻԿ — Իմ թզուկների տուփը։ Նկուղում ման եկա, չկա։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Իսկ ի՞նչ գործ ուներ քո այդ տուփը նկուղում։
ՓՈՔՐԻԿ — Շպրտեցին։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ովքե՞ր։
ՓՈՔՐԻԿ — Մարկոսն ու Շեկոն:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Այ ես ձեր, աղվեսներ… Ոչինչ, որդի, սիրտդ իզուր շուռ մի տուր։ Արի, արի մի պտտեցրու: (Ուսից ցած է բերում անիվավոր մեքենան ու նստում մոտիկ նստարանին):
ՓՈՔՐԻԿ — (արցունքը մաքրելով, մոտենում, պտտեցնում է անիվը): Ինչ ծանր է։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ – Պարապ տեղն է պտտվում:
ՓՈՔՐԻԿ — (ծանրորեն պտտելով): Բա դու չե՞ս հոգնում:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ – Որ գործ լինի, չեմ հոգնի։
ՓՈՔՐԻԿ — Իսկ ինչի՞ է ճռռում:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Կճռա, բա՜… (Տնքալով շտկում է մեջքը ու գրպանից հանում քթախոտի տուփը): Աշխատել է, շատ է պտտվել։ Հալից ընկել է, որդի, դրա համար էլ ճռռում է։ Մարդուս բախտի անիվն էլ էդպես է. պտտվում է ու ճռռում, պտտվում է ու ճռռում… Դե ոչինչ, չի յուղվել: Կյուղվի, կուղղվի… (Քիթը քաշելով քթախոտի փոշուց):
ՓՈՔՐԻԿ — Այդ ի՞նչ է, պապի։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Քթախոտ։
ՓՈՔՐԻԿ – Ինչի՞ ես հոտ քաշում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Գլուխս խախուտացել է, որդի, հենց ցուրտ է դիպչում, ցավում է։ Որ քրտնում եմ, հոգնում, էլի է ցավում։
ՓՈՔՐԻԿ — Իսկ դա լավացնո՞ւմ է։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Էն էլ ոնց… (Ոտքի է կանգնում): Էհ, ես գնամ։
ՓՈՔՐԻԿ — Ո՞ւր ես գնում, մի քիչ էլ մնա, հա՞։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Չէ, որդի, գնամ մի երկու բակ էլ ման գամ ու գնամ տուն։ (Պատշգամբներին նայելով): Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ…
ՓՈՔՐԻԿ — Չեն լսում, պապի, որ մի քիչ բարձր կանչես, կբերեն։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Է՜հ, որդի, աշխարհում ասես վերջացել են դանակ-մկրատները։ Աշխարհում ասես էլ բան չկա սրելու…
Նա ուսովն է գցում մեքենան և քարշ տալով հոգնած ոտքերը, գնում: Փոքրիկը կանգնած լուռ նայում է նրա ետևից: Հանկարծ, ինչ-որ բան մտաբերելով, նա թռչում է պատշգամբ ու վերցնելով իրենց հացի մեծ դանակը, սկսում է զայրույթով հարվածել պատերին, քարերին և ուր պատահի: Պատշգամբ է ելնում Հայրը:
ՀԱՅՐ — Ի՞նչ ես անում: Ինչի՞ ես դանակի բերանը քարերին խփում, այ տղա… (Փոքրիկը շարունակում է հարվածել): Տան միակ սուր դանակը… Գժվե՞լ ես, ինչ է… Ապա այստեղ տուր, շո՛ւտ…
ՓՈՔՐԻԿ – Թո՛ղ… Թո՛ղ… (Լացակումած կրկնում է նա ու շարունակում դանակի բերանով հարվածներ տեղալ քարերին: Իսկ բակի խորքից դեռ լսվում է ծերունու հեռացող ձայնը):
— Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ֊մկրա՜տ…
Մթություն
Նույն տեսարանը: Անցել է մի շաբաթ: Ուշ երեկո է, ամառային խաղաղ երեկոներից մեկը: Փոքրիկը պառկած է պատշգամբում դրված իր մահճակալին, իսկ Հայրը պատշգամբի ճաղին կռթնած լուռ ծխում է: Ամենավերին հարկի պատշգամբից, որը մենք չենք տեսնում, լսվում են կիթառի մեղմ ելևէջները և հետն էլ ինչ-որ մեկի երգը:
ՓՈՔՐԻԿ — (որ գլուխը մի կողմ թեքած ականջ էր դնում): Էլի երգում է, պապ:
ՀԱՅՐ — Քնի , քնի՛ր, նա քեզ չի խանգարում, իր համար երգում է։
ՓՈՔՐԻԿ – Չէ՛, պապ, իր համար չի երգում։ Ճակատի մազերը կարճ կտրած աղջկա համար է երգում: Այ տես… (Մատնացույց է անում ցանկապատը):
Պարսպի վրայի փշալարերի ետևում հայտնվում է ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը: Հայացքը վերին պատշգամբին հառած, նա հիացմունքով ականջ է դնում: Նվագն ու երգը ընդհատվում են: Վազելով բակ է ընկնում նվագող տղան: Բակ է ելնում և աղջիկը: Լռություն, բայց այնպիսի մի լռություն, որ ասես լսվում են նրանց սրտերի անհանգիստ զարկերը:
ՏՂԱ — Հը՞…
ԱՂՋԻԿ — Ի՞նչ։
ՏՂԱ — Ոչինչ:
ԱՂՋԻԿ — Ինչի՞ ընդհատեցիր։
ՏՂԱ — Ընդհատեցի՞։ Ինչը՞։
ԱՂՋԻԿ — Լավ էիր երգում։
ՏՂԱ — Չէի երգում, կանչում էի քեզ։
ԱՂՋԻԿ — Բայց հենց դուրս եկա, ընդհատեցիր։
ՏՂԱ — Քեզ տեսա, դրա համար։
ԱՂՋԻԿ — Բա ասում էիր քեզ համար եմ երգում։
ՏՂԱ — Երգում էի, որ դուրս գաս։
ԱՂՋԻԿ — Դուրս եմ եկել, դե…
ՏՂԱ — Ի՞նչ։
ԱՂՋԻԿ — Ոչինչ… Ասում եմ, ինչի՞ ես լռում։
ՓՈՔՐԻԿ — (պատշգամբի ճաղին կռթնած հորը): Պա՜պ…
ՀԱՅՐ — Ի՞նչ է։
ՓՈՔՐԻԿ — Ի՞նչ են նրանք խոսում։
ՀԱՅՐ — Իրենց համար խոսում են։ Քնիր, ուշ է արդեն… (Հանգցնում է ծխախոտը ու գնում ներս):
ԱՂՋԻԿ — Քո սիրտը խփո՞ւմ է։
ՏՂԱ — Չգիտեմ։ Երևի։
ԱՂՋԻԿ — Ապա՞… (Գլուխը թեքում է Տղայի կրծքին, ականջ է դնում): Ինչի՞ է այսպես արագ խփում:
ՏՂԱ — Չգիտեմ։
ԱՂՋԻԿ — Իմն էլ է խփում։
ՏՂԱ — Դա լավ է։
ԱՂՋԻԿ — Եվ ինչքան էլ արագ, տես…
ՏՂԱ — Լավ է… (Շփոթված): Այդպես ավելի լավ է…
ԱՂՋԻԿ — Ինչ լավ է, որ մենք միևնույն բակում ենք ապրում։
ՏՂԱ — Իրարից հեռու ապրողների սրտերն էլ կարող են այսպես արագ խփել։
ԱՂՋԻԿ — Բայց մերը ուրիշ տեսակ է խփում… (Լռություն): Ինչի՞ տխրեցիր։
ՏՂԱ — (խանձված ձայնով): Հորդ ասա, թող ձեր ցանկապատի փշալարերը քանդի։
ԱՂՋԻԿ — Իսկ ձեր պատշգամբին նայելիս ծոծրակս ցավում է։
ՏՂԱ — Շուտով կքանդեն։
ՏՂԱ — Բետոնից են կառուցելու:
ԱՂՋԻԿ — Չգիտեմ ինչու, բայց փայտե պատշգամբը ինձ ավելի է դուր գալիս։
ՏՂԱ — Փայտե պատշգամբը հրդեհի բուն է։
ԱՂՋԻԿ — Ձեր պատշգամբից քաղաքը շատ գեղեցիկ է երևում, չէ՞։
ՏՂԱ — Գիշերները միայն։
ԱՂՋԻԿ — Իսկ ցերեկնե՞րը։
ՏՂԱ — Փշալարերով է պատած։
ԱՂՋԻԿ — Կատակում ես։
ՏՂԱ — Չեմ կատակում։ Հորդ ասա, ձեր ցանկապատի փշալարերը քանդի։
ԱՂՋԻԿ — Ինչի՞ համար։
ՏՂԱ — Չգիտեմ: Չեմ կարող ասել։
ԱՂՋԻԿ — Չէ, գիտես և կարող ես ասել։ Ասա ինչի՞ համար…
ՏՂԱ — (մի փոքր լռությունից հետո, տխուր): Փշալարեր տեսնելիս ես միշտ հորս եմ հիշում… (Ծանր, ճնշող լռություն): Վաղը ժամը յոթին կինոյի մոտ կսպասեմ, կգա՞ս:
ԱՂՋԻԿ — Կգամ։ (Շշուկով): Բարի գիշեր։
ՏՂԱ — Բարի գիշեր։
ԱՂՋԻԿ — Դե գնա, ուշ է արդեն։
ՏՂԱ — Դու գնա։
ԱՂՋԻԿ — Դու գնա, նոր հետո ես։
ՏՂԱ — Չէ, ավելի լավ է դու, նոր հետո ես…
Երկաթյա դարբասի դռնակը աղմուկով բացվում և շեմին կանգնում է Առանձնատան տերը:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (Աղջկան, շատ խիստ): Ապա իսկույն ներս անցիր։ (Աղջիկը գլխահակ ներս է գնում): Իսկ ձեզ, երիտասարդ, մյուս անգամ իմ դռների մոտ չտեսնեմ։
ՏՂԱ — Խոսելն արգելվո՞ւմ է, ինչ է։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Ոչ, ինչո՞ւ… Այդ մեզ է արգելվում խոսել, մեզ։ Սանձներդ բաց են թողել… Ռոմեո Ջուլիետ… Ամբարտավան սերունդ… (Ներս է գնում, դռնակը ետևից շրխկացնելով):
Տղան ձեռքերը գրպաններում, լուռ ու գլխահակ հեռանում է: Բակը մի պահ մթնում է: Լուսնի մի շող լուսավորում է Փոքրիկին, որը քնած է արդեն: Վերին պատշգամբից նորից լսվում է կիթառի նվագը:
ՓՈՔՐԻԿ — (աչքերը փակ, քնի մեջ): Չէ, Մարկոս… ուզում ես սուլիչս վերցրու, ուզում ես հայելիս տամ, մենակ թե տուփը մի վերցրու, լա՞վ…
Կիթառի ձայնը միանգամից փոխվում է երազային երաժշտության: Բեմը վերստին լուսավորվում է երազային գույներով: Պատշգամբից ցած է իջնում Փոքրիկը:
ՓՈՔՐԻԿ — Բա ինչ եղավ, հը՞… Ո՞ւր կորավ, հը՞… (Ինչ-որ երազային ծլնգոցների տակ, բակում հայտնվում են երեք թզուկները: Տեսնելով նրանց, տղան ուրախ ընդառաջ է վազում): Բարի թզուկնե՜ր…
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Դու մեզ էի՞ր փնտրում, դե ահա, մենք այստեղ ենք։
ՓՈՔՐԻԿ — Ինչ լավ է այստեղ եք, ինչ լավ է գտա ձեզ։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Մենք լսեցինք քո լացը և… և… (Փռշտում է):
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Նորի՞ց։ Լսիր, Կարմրաքիթ, ինչ ես մի գլուխ հափչի, հա հափչի։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Ինչ անեմ։ Ես ուղղակի հարբուխ ընկա այդ խոնավ նկուղում։ (Փռշտում է):
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Դու գոնե թաշկինակով փակիր բերանդ, թե չէ կվարակես տղային։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Մի այստեղ նայեք, եղբայրներ: Այս ի՞նչ փայլուն բաներ են թափված մեր ոտքերի մոտ։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Տղայի արցունքներն են:
ԴԵՂՆԱՄՈՐՈԻՔ — Զգույշ, չտրորեք Փոքրիկի արցունքները… (Հավաքելով ափի մեջ): Մենք սրանցից սքանչելի ուլունքներ կպատրաստենք։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Անպիտաններ, նրանք շպրտեցին մեզ մութ նկուղը և լացացրին այս տղային։ (Ակնոցն ուղղելով): Լսե՛ք, եղբայրներ, պետք է մի լավ պատժել այդ չար և խորամանկ Մարկոսին ու Շեկոյին։
ՓՈՔՐԻԿ — Սպասեք, հայրիկս ասում էր, որ դուք բարի եք և շատ եք սիրում երեխաներին։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Մենք սիրում ենք բարի երեխաներին։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Իսկ նրանք չար են, որ այդպես վատ են վարվում քեզ հետ։
ՓՈՔՐԻԿ — (աղերսագին): Նրանք չար տղաներ չեն, մի պատժեք նրանց, բարի թզուկներ։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Դե լավ, եթե չես ուզում պատժենք նրանց, ապա ի՞նչ կուզեիր, որ մենք անեինք քեզ համար։
ՓՈՔՐԻԿ — Ես եղբայր չունեմ։ Կուզեի, որ Մարկոսն ու Շեկոն իմ եղբայրները լինեին:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Հասկանալի է։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — (ձեռքը ճաղատին տանելով, նայում է վեր): Այս ի՞նչ էր։ Այս պարզ եղանակին անձրև՞…
ԿԱՐՄՐԱՔԻԹ – Այո, կարծես իմ ճաղատին էլ ինչ-որ բան կաթեց… Դե, իհարկե, անձրև է գալիս։
ՓՈՔՐԻԿ – Չէ, անձրև չի, բարի թզուկներ, ծառն է լաց լինում։ Նայեք, ճյուղը կտրեցին, դրա համար էլ ծառը լաց է լինում։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Ոչինչ, Փոքրիկ, մենք հիմա այնպես կանենք, որ ծառը էլ լաց չի լինի։ (Նա գրպանից հանում է հայելին և շողքը գցելով ծառի կտրված մասի վրա, մի քանի անգամ կրկնում է): Դիլի-բոբի, Բոբի-բոբ…
Պարսպի վրայից դանդաղ դուրս է գալիս թթենու կտրված ճյուղը: Փոքրիկը ուրախ թռչկոտում է տեղում:
ՓՈՔՐԻԿ — Ինչ կլինի, Կանաչամորուք, տուր ինձ այդ հայելին, հա՞… Դա ինձ շատ է պետք, շա՛տ, շա՛տ…
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Դե լավ, որ այդքան շատ ես ուզում, վերցրու։ Վերցրու, սրանով արև գցիր աշխարհի վրա, ասա, Դիլի-բոբի, Բոբի-բոբ և բարին կկատարվի:
ՓՈՔՐԻԿ — Շնորհակալ եմ, բարի թզուկներ։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — (կուրծքը բռնելով): Սիրտս… Սիրտս նորից սկսեց բաբախել…
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Իմն էլ։ Եվ ինչքան էլ արագ է խփում։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — (իր զարկերակը բռնելով, մի քանի անգամ փռշտում է): Րոպեում յոթ հազար զարկ… Պարզ է, ուրեմն էլի ինչ-որ տեղ երեխայի են վշտացրել և նա լաց է լինում։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Շտապենք, եղբայրներ։ Պետք է իսկույն օգնության հասնել նրան։
ՓՈՔՐԻԿ — Գուցե նա հենց այնպես է լաց լինում։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Սխալվում ես, Փոքրիկ, հենց այնպես լաց չեն լինում։ Աշխարհում ոչ ոք հենց այնպես լաց չի լինում։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Մնաս բարով:
ՓՈՔՐԻԿ — Գնո՞ւմ եք։
ԹԶՈՒԿՆԵՐ — Գնում ենք։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Բայց որ կանչես, էլի կգանք:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Իմ ետևից, եղբայրներ…
Թզուկները անհետանում են: Ահա ձեռք-ձեռքի բռնած, ուրախ ծիծաղով բակ են մտնում ճակատի մազերը կարճ կտրած աղջիկն ու տղան: Դարբասից դուրս է գալիս Առանձնատան տերը սղոցը ձեռքին:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Նորի՞ց միասին… Դե ես հիմա երկուսիդ էլ…
ՓՈՔՐԻԿ — (հայելու շողքը թրթռացնելով նրա դեմքին): Դիլի-բոբի, Բոբի-բոբ…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (միանգամից մեխվում է տեղում և դառնում արտակարգ ջերմ ու սիրալիր): Էխ ջահելներ, ջահելներ… Զվարճանալ չգիտեք։ Գնացեք զբոսնեք, ինչ եք կանգնել… (Աղջիկն ու տղան մի պահ զարմացած նայում են իրար և ապա ուրախ քրքիջով դուրս վազում բակից): Հե՜յ, Փոքրի՜կ, արի թութ կեր։ Կանչիր բակի բոլոր երեխաներին, թող գան ուտեն, թե չէ իզուր տեղը թափվում, տրորվում է ոտքերի տակ… (Սկսում է սղոցով կտրել փշալարերն իրար կապող սյուները):
ՓՈՔՐԻԿ — Այդ ի՞նչ ես անում, քեռի։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Փշալարերն եմ կտրում։ Փշալարերը տխրեցնում են մարդկանց։
Ահա դանդաղ ու հոգնաբեկ գալիս է ծերունի վարպետը: Նա կանգնում, անձայն ա լուռ ուսից ցած է բերում անիվավոր մեքենան և նստելով շունչ առնում մի պահ:
ԾԵՐՈԻՆԻ ՎԱՐՊԵՏ — (հոգնած ձայնով): Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ…
Դարձյալ բակում ոչ ոք չի հայտնվում դանակ կամ մկրատ ձեռքին: Այդ տեսնելով, Փոքրիկը հայելու շողքը ուղղում է վերին հարկերի պատշգամբներին ու մի քանի անգամ կրկնում. «Դիլի-բոբի, Բոբի-բոբ…» և հանկարծ վերևից ինչ-nr ձայներ են լսվում:
- Դանակ֊մկրատ սրողն է եկել։
- Ի՞նչ ես ասում…
- Աղջի, մի էն հացի մեծ դանակը տուր…
Ահա բակ են վազում հարևանները. ամեն մեկի ձեռքին մի դանակ, մի մկրատ և կամ մի այլ բան: Նրանք հերթի են կանգնում: Ահսւ տնքալով բակ է դուրս գալիս Փոքրիկի հայրը դանակ-մկրատներով լի ցանցը ձեռքին:
ՀԱՅՐ — (հերթի կանգնածներին): Ո՞վ է վերջինը։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿԻ ԿԻՆԸ — Ես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Հերթի կանգնեք, ո՞ւր եք խցկվում…
Պտտվում է անիվլը և Ծերունի վարպետը սրում է ու սրում: Թեպետ նա հաճախակի մաքրում է ճակատի քրտինքը, բայց ուրախ է, շատ ուրախ: Իսկ Փոքրիկը ձեռքը պահում է թռչող կայծերի դեմ ու ծիծաղում ամենաերջանիկ մարդու քրքիջով: Բեմը մի սլահ մթնում է: Մթության մեջ լսվում է Փոքրիկի ձայնը, «Դիլի-բոբի, Բոբի-բոբ…»: Բեմը վերստին լուսավորվում է և մենք տեսնում ենք բակը առավոտյան արևի շողերով ողողված: Իսկ թթենու ճյուղը չկա:
ՓՈՔՐԻԿ — (վեր է թռչում և նստելով անկողնու մեջ, տրորում է քնաթաթախ աչքերն ու ինչ-որ բան փնտրում բարձի տակ): Ո՞ւր է… Ո՞ւր է…
ՀԱՅՐ — Ի՞նչը։
ՓՈՔՐԻԿ — Հայելին, պապ...
ՀԱՅՐ — Նախ վեր կաց, հագնվիր, լվացվիր նոր հետո հայելի կնայես։ (Հավաքելով տղայի անկողինը ներս է տանում):
Փոքրիկը անհամբերությամբ պրպտում է շալվարի գրպանները և դուրս քաշելով հայելու կտորը, ժպտում է: Բակ է մտնում Փոստատարը: Մի քանի թերթ առանձնացնելով, նա մոտենում է դարբասին ու հրում դռնակը: Շան կատաղած հաչոց: Հավանաբար իր վրա հարձակվող շնից հանկարծակիի եկած, նա շտապով փակում է դռնակը ու ետ քաշվում:
ՓՈՍՏԱՏԱՐ — (ինքն իրեն): Ես միշտ մոռանոմ եմ, որ այս բակում շուն կա… (Դուրս է գալիս Առանձնատան տերը): Այ մարդ, ամբողջ բակը պարսպել, փշալարերով եք պատել հերիք չի, շանն էլ բաց եք թողել մարդկանց վրա՞։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Դա ձեր ինչ գործն է, ընկեր փոստատար։
ՓՈՍՏԱՏԱՐ — Իսկ թերթերը ինչպես ձեզ հանձնեմ։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Դռան արանքից ներս գցեք:
ՓՈՍՏԱՏԱՐ — Թերթերը չի կարելի բակում շաղ տալ, փոստարկղ կախեք։
ՓՈՔՐԻԿ — (ինքն իրեն, անհանգիստ): Ինչի՞ են նրանք կռվում, հը՞, ինչի՞…
ՓՈՍՏԱՏԱՐ — Ես կհրաժարվեմ ձեզ թերթեր բերել։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Իսկ ես կբողոքեմ։ Դուք վատ և անբարեխիղճ փոստատար եք:
ՓՈՍՏԱՏԱՐ — Բա դուք, դուք…
ՓՈՔՐԻԿ — (հայելու շողքը թրթռացնելով նրանց դեմքին, մի քանի անգամ շշուկով կրկնում է): Դիլի-բոբի, Բոբի-բոբ…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (բղավում է Փոքրիկի վրա): Ես քո ականջները կկտրեմ, անդաստիարակ:
ՓՈՍՏԱՏԱՐ — Մենք քո խաղընկերներն ենք, ինչ է։
ՓՈՔՐԻԿ — (շփոթված): Ախր ես…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Վերջ տուր։
ՓՈՔՐԻԿ — (թևքով սրբում է հայելին, ինքն իրեն): Ինչի՞ է այսպես, հը՞։
Առանձնատան տերը թերթերը ձեռքին ներս է գնում: Բակ են մտնում Ձեռնափայտով ծերուկն ու նրա կինը:
ՓՈՍՏԱՏԱՐ — Բարև ձեզ, ես այստեղ կարծեք ինչ-որ բան ունեմ ձեզ համար, մի րոպե… (Ինչ-որ ծրար հանելով տալիս է Ձեռնափայտով ծերունուն):
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒՆԻ — Շնորհակալ եմ, տղաս:
ՓՈՍՏԱՏԱՐ — Խնդրեմ, հայրիկ։ (Գնում է):
Ծերուկն ու նրա կինը նստում են նստարանի վրա ու բաց անում ծրարը: Ծերուկը ակնոցը ուղղելով սկսում է կարդալ: Կինը անհամբերությամբ հետևում է նրան:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Հըմ, իսկ ես ինչ էի ասում… (Նամակը կնոջը տալով): Խնդրեմ, կարդա։
ՆՐԱ ԿԻՆԸ — (արագ աչքի անցկացնելով նամակը): Ոչ, սա դեռ ամենևին էլ մերժում չի:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Հապա ի՞նչ է, աղավնյակս։
ՆՐԱ ԿԻՆԸ — Այնուամենայնիվ նրանք խոստանում են հետագայում մեզ ցած իջեցնել։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Հետագայո՜ւմ… Հետագայում, սիրելիս, առանց դիմումի էլ մեզ ցած կիջեցնեն…
ՆՐԱ ԿԻՆԸ — Սխալվում ես։ Եթե քո ոտքերը դավաճանում են քեզ, ապա իմը դեռ բավականաչափ ամուր են կանգնած գետնի վրա։ Այո՜, այո՜, ես դեռ կշարունակեմ բախել դռները։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Բախիր, սիրելիս, բախիր։ Դռները նրա համար են ստեղծված, որ բախեն… Իսկ հիմա, թույլ տուր մի փոքր շունչ առնենք, որ կարողանանք հինգերորդ հարկ բարձրանալ…
ՓՈՔՐԻԿ — (ինքն իրեն): Հինգերորդ հարկ… Դժվար է նրանց համար։ Ոչինչ, ես հիմա այնպես կանեմ, որ էլ դժվար չլինի… (Հայելու շողքը ուղղում է նրանց դեմքին): Դիլի-բոբի, Բոբի-բոբ…
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — (կկոցելով աչքերը, բարկացած): Ի՞նչ ես անում, այ տղա։
ՆՐԱ ԿԻՆԸ — Չկա… Ոչ մի հարգանք չկա հանդեպ մեծերը… (Ոտքի ելնելով, ամուսնուն): Գնանք…
ՓՈՔՐԻԿ — Սպասեք։ Մի քիչ էլ որ սպասեք, ես հիմա… (Դարձյալ հայելու շողքը թրթռացնում է նրանց աչքերին):
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — (բարկացած ոտքի է ելնում): Նորի՞ց… Դե սա ինչ բան է վերջապես… (Թևանցուկ անելով կնոջը): Մի կարգին երեխա էր մնացել բակում, նրան էլ փչացրին… (Գնում են):
ՓՈՔՐԻԿ — (ինքն իրեն): Ես ուզում եմ, որ նրանք… Բայց… (Գլխահակ ու մտազբաղ գալիս է Երիտասարդ հարևանը: Տղան ընդառաջ է վազում): Հը՞, ի՞նչ ասացին։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Չգիտեմ, ոչինչ չգիտեմ։ Տանում են ու բերում, բայց դեռ չեն պատասխանել։
ՓՈՔՐԻԿ — Ոչինչ, կպատասխանեն, անպայման կպատասխանեն…
Երիտասարդ հարևանը սեղմում է Փոքրիկի քիթը ու ժպտալով գնում: Հանկարծ բակի խորքից լսվում է նրա համար այնքան նվիրական ձայնը. «Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ…»: Փոքրիկը գլխապատառ ներս է վազում և քիչ անց դուրս թռչում իր ձեռքով փչացրած հացի մեծ դանակը ձեռքին: Գալիս է Ծերունի վարպետը:
ՓՈՔՐԻԿ — Բարև, պապի:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Բարի լույս, որդի։ Ո՞նց ես։
ՓՈՔՐԻԿ — Լավ եմ: Առ սրի, հա՞…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (մեքենան ուսից ցած բերելով): Սրեմ, որդի, սրեմ։
ՓՈՔՐԻԿ — Սա էլ տասնհինգ կոպեկ, մեր պահարանի տակից հանեցի։ Հոլիս թելն էի ման գալիս, գտա։ Վերցրո՛ւ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵS — (ժպտալով): Փող պետք չի, պահիր քեզ համար պաղպաղակ կառնես…
Ծերունին սկսում է պտտեցնել անիվը, դանակի բերանը սեղմելով սրաքարին: Տղան ձեռքը պահում է թռչող կայծերի դեմ:
ՓՈՔՐԻԿ — Ինչի՞ չէիր գալիս, հը՞: Սպասում էի, սպասում, բայց դու չէիր գալիս:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Նկուղն էր գցել, դուռը կողպեքով փակել էր վրան։
ՓՈՔՐԻԿ — Ո՞ւմ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (մեքենան ցույց տալով): Սրան։
ՓՈՔՐԻԿ — Ո՞վ էր կողպել:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Իմ տղան։ Ինժեներ է, շենքեր է կառուցում, իսկ ինձ ասում է, ամոթ է։ Ասում է, ինչդ է պակաս, որ մեքենան ուսիդ գցած շրջում ես թաղից թաղ։ Հերիք է ինչքան աշխատեցիր։ Հիմա, ասում է, քո հանգստանալու ժամանակն է, ման արի քեզ համար, բուլվար գնա… Դու հասկանո՞ւմ ես, իմ հանգստանալու ժամանակն է… Ասել է թե… (Ձայնը դողում է, սրաքարերը մի պահ կանգ են առնում, ապա սկսում պտտվել ավելի ուժգին, ավելի թափով): Մի շաբաթ է սրան գցել էր նկուղը ու դուռը կողպեքով փակել վրան։ Ամեն առավոտ նա բանալին գրպանն էր դնում, գնում աշխատանքի, բայց ես… Ամեն անգամ մոտենում էի նկուղի պատուհանին ու ճաղերի արանքից ներս նայում։ Նայում էի ու սիրտս մղկտում էր։ Նայում էի ու մտածում, ախր տարիներ շարունակ ախպոր պես աշխատել ենք իրար հետ։ Իսկ հիմա արի տես, որ մեզ ստիպում են ժանգոտել՝ սրան նկուղի մեջ, իսկ ինձ դրսում… (Երանելի ժպիտով): Հարսս լավն է։ Նա ինձ հասկացավ։ Էս առավոտ նկուղի բանալին թաքուն տվեց ինձ ու ասաց. ՛՛Վերցրու, տեսնում եմ առանց նրան չես կարողանում ապրել…՛: Դու հասկանո՞ւմ ես, բաց արի նկուղի դուռը, գժի պես վրա պրծա, ուսովս գցեցի սրան ու հայդա, ուղիղ քեզ մոտ…
ՓՈՔՐԻԿ — (հայացքր պատշգամբներին): Դանակ-մկրատ սրե՜նք, դանակ-մկրա՜տ… (Հանում է գրպանից հայելին ու շողքը գցելով պատշգամբներին, կրկնում է): Դիլի-բոբի, Բոբի-բոբ… (Աստիճանաբար նրա ձայնը դառնում է հուսահատ ու տագնապալից: Եվ ահա տեսնելով, որ ոչ nf դանակ կամ մկրատ չի բերում սրելու, հայելին խփում է գետնին, ջարդ ու փշուր անում): Չի ստացվում, չի ստացվում…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ինչի՞ համար։ Արևը լավ բան է, որդի, արևը գետին չեն խփի։
ՓՈՔՐԻԿ — Բա թզուկները ինչի՞ էին ասում. Դիլի-բոբի, Բոբի-բոբ…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (սրած դանակը տալիս է տղային): Շուտ տուն տար, ձեռքդ չկտրես… Սպասի՛ր… (Բարձրացնում է քաթանե գոգնոցը և գրպանից երկու չաղլիկ ծիրան հանելով, մեկնում նրան): Վերցրո՜ւ, որդի, կե՜ր…
ՓՈՔՐԻԿ — Բա քե՞զ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դու կեր, որ շուտ մեծանաս։
ՓՈՔՐԻԿ — Որ մենք էլ ծիրան առնենք, ես էլ քեզ կտամ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (հուզված գրկում է Փոքրիկի գլուխը և ամուր, շատ ամուր սեղմում կրծքին): Ես շուտով թոռնիկ կունենամ, որ ծիրան առնեք, դու էլ նրան կտաս։
ՓՈՔՐԻԿ — (երկար նայելով ծերունուն, ինքն իրեն): Կանաչամորուքն է, իմ Կանաչամորուքը… (Սթափվելով): Բա քո մորուքը ինչի՞ կանաչ չի, պապի։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (ժպտալով): Որ նորից ջահելանամ, որդի, կկանաչի… (Համբուրում է Փոքրիկի ճակատը, ուսովն է գցում մեքենան և գնում ուրախ ու առույգ քայլերով):
ՓՈՔՐԻԿ — (նայելով հեռացող ծերունու ետևից, ինքն իրեն): Բա հայրիկը ինչի՞ էր ասում, որ բարի թզուկները ապրում են հեքիաթներում միայն…
Մթություն
Կեսօր է: Առանձնատան ցանկապատին սավան է փակցված: Սավանի առջև նստել են Մարկոսը, Շեկոն և Փոքրիկը: Կինոապարատին փոխարինում է երիտասարդ հարևանը, որը երեխաների ետևում կանգնած, ոգևորությամբ կարդում է իր նոր գրած սցենարը: Թեպետ արև է և ցանկապատին փակցված սավանի վրա ոչ մի պատկեր էլ չկա, բայց երեխաները բերանները բաց, ակնապիշ նայում են սավանին ու տեսնում ամեն ինչ, նույնիսկ ավելին, քան գրողն է կարդում: Քիչ հեռու, դույլն ու բրիչը ձեռքին, կանգնել է Երրորդ հարկի հարևանը: Նա նայում է այս ամենին ու բարեհոգաբար ժպտում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (ոգևորված և փոքր-ինչ խորհրդավոր): Մռայլ երկինքը պարզվում է և երբ իրիկնացող պայծառ լազուրում փայլատակում են ադամանդյա աստղերը, տղան հասնում է Սառցե արքայի ապարանքին… (Երեխաներին): Ինչպե՞ս է։
ԲՈԼՈՐԸ — Լավ է, շատ լավ է…
ՇԵԿՈ — Հետո ի՞նչ եղավ։
ՄԱՐԿՈՍ — (հայացքը սավանից չկտրելով): Սուս, մի խանգարի…
ՓՈՔՐԻԿ — Շարունակեք, քեռի, ինչ կլինի, շարունակեք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (կարդում է): Ահա ֆոսֆորափայլ աստիճաններով նա դանդաղ բարձրանում է վեր, բարձրանում մինչև մուտքն ապարանքի, որի ետևում ով գիտե, թե ինչ մութ ու խորհրդավոր գաղտնիքներ կան պահ… (Նկատելով Երրորդ հարկի հարևանին, շփոթված ժպտում է): Դե դուք հասկանո՞ւմ եք… Ես պարզապես… Ես ուղղակի ինձ ստուգելու համար…
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Հասկանում եմ, տղաս, դու քո գործին նայիր։
Դարբասից դուրս է գալիս Առանձնատան տերը:
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (շարունակում է կարդալ): Ահա խուլ ծլնգոցով բացվում են սառցե դռները։ Ահա տղան մտնում է նեղ, երկայնաձիգ սրահ մի պայծառ։ Ոչ մի մարդկային էակ, ոչ մի շունչ արարած։ Լռությունն է միայն թագավորում այդ սառ պատերի ներսում։ Բայց ահա հանկարծ մի ձայն արձագանքում է դատարկ սրահում։ (Երգեցիկ): Ետ դարձիր, տղա։ Ահավոր է սառցե արքայի ապարանքը և անողոք է նա։ Ետ դարձիր, քանի դեռ իր ցուրտ շնչով չի սառեցրել քո սիրտը…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (Երրորդ հարկի հարևանին): Զարմանում եմ, ինչի՞ համար է այս բոլորը: Ի՞նչ են տեսնում սրանք այդ դատարկ սավանի վրա։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Շատ բան։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Անմտությունից բացի ես ոչինչ չեմ տեսնում:
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Այո, դուք ոչինչ չեք տեսնում, իսկ նրանք տեսնում են։ Նրանք ամեն ինչ տեսնում են։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Իզուր չեն ասում, ով սկսում է գրել… (Մատով ցնորվելու նշան է անում): Խանգարվում է… (Հեռանում է բակից):
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (նրա ետևից, բարկացած): Այ հենց այսպիսիներն են, որ թևաթափ են անում մարդու, այսպիսիներն են, որ չեն տեսնում լավ գործը։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Ոչինչ, տղաս, մեծ աշխարհ է։ Մարդիկ կան տեսնում են, մարդիկ կան չեն տեսնում, մարդիկ էլ կան չտեսնելու են տալիս իրենց։ Դու քո գործին նայիր: Գրիր, լավ գործեր գրիր և չտեսնողները մի օր ստիպված կլինեն տեսնելու։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Այ հիմա, թեպետ նրանց առջև սպիտակ սավանն է միայն, և հանդիսականներս էլ մի քանի հոգի ենք, բայց ինձ թվում է, թե իմ գործը բոլորն են տեսնում, բոլորը։ Ամբողջ աշխարհն է տեսնում։ Ծիծաղելի է, չէ՞։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ – Չէ՛, տղաս, ծիծաղելի չի։ Էդպես է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Ես պատմվածքներ եմ գրում։ Ընթերցողներս ասում են, որ իմ պատմվածքները ավելի շուտ կինոսցենարներ են… Ես երազում եմ գոնե մեկն ու մեկը դրանցից տեսնել էկրանների վրա։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Բոլորն էլ ուզում են իրենց աշխատանքը տեսնել։ Այ ես խաղողի վազեր կարող եմ տնկել, խնամել, քաղցր, շատ քաղցր խաղող աճեցնել։ Ես երազում եմ այն օրը, երբ տեսնեմ, թե ինչպես են մարդիկ ճաշակում իմ ձեռքով աճեցրած խաղողը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (կարծես մի հրաշալի հայտնագործություն կատարելով): Ես երազում եմ այն օրը, երբ մարդիկ կճաշակեն իմ ձեռքով աճեցրած խաղողը… (Հարևանին): Լավ ասացիք։ Դուք ուղղակի սքանչելի ասացիք։ Շնորհակալություն, հարևան… (Երեխաներին): Դե, հերոսներ, այսօր այսքանը…
ՇԵԿՈ — Ինչ կլինի, էլի ցույց տվեք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (սավանը պատից պոկելով): Շարունակությունը մի ուրիշ անգամ…
Տղաներլւ ափսոսանքով հեռանում են: Կանգնած է մնում միայն Փոքրիկը:
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — (երիտասարդին): Ա՜յ, նայիր, ինչ տերևներ է տվել։ Լավ վազեր են։ Կմեծանան, մի քանի տարուց հետո բերք կտան։ Առաջին հարկի ապրողները կուտեն այդ խաղողից։ Հետո էլի կբարձրանան, երկրորդ հարկում էլ կուտեն, նույնիսկ իրենց հյուրերին էլ կուտեցնեն։ Իսկ հետո կհասնի իմ պատշգամբին, լավ, չի հասնի, ոչինչ։ Ես էն աշխարհում էլ գոհ կլինեմ, երբ մարդիկ ուտեն իմ ձեռքով աճեցրած խաղողը։
ՓՈՔՐԻԿ — Ես էլ կուտեմ։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Դու էլ կուտես, Փոքրիկ։ Բոլորդ էլ կուտեք։ Դա էլ իմ երազանքն է… (Երիտասարդ հարևանի հետ զրուցելով գնում է):
Հոգնաբեկ ու հևասպառ գալիս է Ձեռնափայտով ծերուկն ու թուլացած փլվում նստարանին: Փոքրիկի ժպտուն հայացքը դառնում է կարեկցող և տանջալից:
ՓՈՔՐԻԿ — Ի՞նչ է պատահել, պապի։ Վա՞տ ես զգում։ Ջուր բերե՞մ…
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — (քմծիծաղով): Հարթ ասֆալտի վրա էլ արդեն չեմ կարողանում քայլել։
ՓՈՔՐԻԿ — Բա ո՞նց պիտի աստիճաններով հինգերորդ հարկ բարձրանաս:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Շնչելով ու արտաշնչելով, տղաս։
ՓՈՔՐԻԿ — Ուզում ես բռնեմ քո ձեռքից ու բարձրացնեմ։
ՁԵՌՆԱՓԱՏՈՎ ԾԵՐՈՒԿ – Ո՜չ, ո՛չ, դու կախ կընկնես իմ ձեռքից։ Ես իմ ձեռնափայտն էլ հազիվ եմ ինձ հետ տանում։
ՓՈՔՐԻԿ — Ներքևի հարկում ապրի, պապի, ներքևում աստիճաններ չկան։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈԻԿ — Շուտով, տղաս, շուտով։ Առաջին հարկի ընտանիքը նոր բնակարան է տեղափոխվելու: Նրանք ինձ ասացին, որ դիմում գրեմ։ Ասացին, որ իրենց բնակարանն իջնեմ։ Դե, ես էլ դիմել եմ, շուտով կիջնեմ… (Ոտքի ելնելով): Թե որ չիջնեմ էլ, ոչինչ, հինգերորդ հարկից մինչև երկինք երկու քայլ է միայն… (Ձեռնափայտին կռթնած գնում է):
Բակով անցնում է Փոստատարը մտքերի մեջ խորասուզված: Փոքրիկը վազում է նրա ետևից:
ՓՈՔՐԻԿ — Քեռի փոստատա՜ր, քեռի փոստատա՜ր…
ՓՈՍՏԱՏԱՐ – Ա-աա՜… Դո՞ւ ես…
ՓՈՔՐԻԿ — Ես եմ: Չկա՞։
ՓՈՍՏԱՏԱՐ – Աչքներս լույս: Եթե դու էլ սկսեցիր նամականիշեր հավաքել, աշխարհի բոլոր ծրարները առանց նամականիշի կմնան։
ՓՈՔՐԻԿ — Լավ էլի, քեռի փոստատար, մենակ մի հատ, հա՞…
ՓՈՍՏԱՏԱՐ — Այ տղա, քեզ ասացին չկա։ Եվ հետո ինձ մի զբաղեցրու, ես դեռ շատ նամակներ ու թերթեր պիտի բաժանեմ…
Փոստատարը հանկարծ նկատում է բակի խորքից եկող որդեկորույս մորը, որը տուն էր գալիս բանջարեղենով ու մրգերով լի ցանցը ձեռքին: Փոստատարը ետ է դառնում, փորձում է աննկատ հեռանալ, բայց…
ՈՐԴԵԿՈՐՈՒՅՍ ՄԱՅՐ – Սպասիր, տղաս:
ՓՈՍՏԱՏԱՐ — (շփոթմունքն ու հուզմունքը մի կերպ թաքցնելով): Ա՜, բարև ձեզ, մայրիկ։ Ինչպե՞ս եք։
ՄԱՅՐ — Շնորհակալ եմ, տղաս։ Դու ինչպե՞ս ես։
ՓՈՍՏԱՏԱՐ — Ինչպես տեսնում եք, էլի թերթեր, նամակներ…
ՄԱՅՐ — Իմ հին տան դիմացի ընկուզենին հիշո՞ւմ ես։
ՓՈՍՏԱՏԱՐ — Հիշում եմ, ինչպես չէ։
ՄԱՅՐ — Տան տեղը հիմա կինոյի մի մեծ շենք են կառուցել։ Իսկ ընկուզենին մնում է։ Մեկ-մեկ գնում, կանգնում եմ կինոյի շենքի առջև ու նայում եմ ընկուզենուն։
ՓՈՍՏԱՏ՛ԱՐ — (հառաչանքով): Այո… Տարիներ են անցել...
ՄԱՅՐ — Տարին անցնող է, տարին կանցնի… (Հանկարծ արտակարգ ուրախ և երանելի ժպիտով): Գիտես, տղաս, իմ հին բակավորներից մեկը լուր է ստացել իր զոհված որդուց։ Բանից պարզվում է, որ որդին ողջ է։
ՓՈՍՏԱՏԱՐ — Պատահում է, մայրիկ, պատահում է։
ՄԱՅՐ — Մի քանի օր առաջ որդուս դաշնամուրը լարել տվեցի։
ՓՈՍՏԱՏԱՐ — Դուք էլի սպասո՞ւմ եք:
ՄԱՅՐ — Հապա ինչպե՞ս: Ուրիշ էլ ինչպե՞ս…
ՓՈՍՏԱՏԱՐ — Այո, բայց…
ՄԱՅՐ — Պետք չի, տղաս, պետք չի։ Ընկուզենին մեծացել է, շատ է մեծացել։ Այդ ընկուզենին նրա տարիքին է։
ՓՈՔՐԻԿ — (որ մինչ այդ բերանը բաց լսում էր): Նա հիմա քանի՞ տարեկան է, տատի։
ՄԱՅՐ — Ո՞վ։
ՓՈՔՐԻԿ — Քո տղան։
ՄԱՅՐ — (Փոստատարին): Լսեցի՞ր, դու լսեցի՞ր թե նա ինչ ասաց… Քանի տարեկան է… Ես էլ այս Փոքրիկի պես եմ։ Ես երբեք չեմ մտածում, թե նա քանի տարեկան կլիներ: Ես միշտ մտածում եմ, թե նա հիմա քանի տարեկան է… (Համբուրում է Փոքրիկի գլուխը ու դառնում Փոստատարին): Ես քեզ շատ զբաղեցրի, տղաս, գործից գցեցի:
ՓՈՍՏԱՏԱՐ — Ինչ եք ասում, մայրիկ:
ՄԱՅՐ — Թե որ նամակ լինի, փոստարկղը չգցես, ուղղակի ինձ տուր։ Թե որ տանն էլ չլինեմ, պահիր հետո կտաս, մենակ թե փոստարկղը չգցես։ Ցտեսություն, տղաս… (Գնում է):
ՓՈՍՏԱՏԱՐ — (որ արձանացած նայում էր նրա ետևից, դանդաղ փլվում է նստարանին): Տեսնում ես, ինչ դժվար բան է փոստատար լինելը։ Կարծում ես իմ գործը մենակ գույնզգույն նամականիշերով ծրարներ բաժանելն է։ Էհ, ասենք դու ինչ ես հասկանում, որ… Կյանքը դեռ քեզ համար մի փակ ծրար է գույնզգույն նամականիշերով զարդարված… (Մտազբաղ): Քսան տարի է անցել, բայց էլի սպասում է։ Չի հավատում, որ տղան չկա ու սպասում է։ Նա այնպես հավատով է սպասում, որ ինձ թվում է նրա որդին ողջ է։ Թվում է, թե պատերազմում զոհված բոլոր որդիներն էլ ողջ են, որ աշխարհում ոչ մի որդի չի մեռնում։ Ես չեմ կարողանում նրա աչքին երևալ։
ՓՈՔՐԻԿ — Ինչի՞ համար։
ՓՈՍՏԱՏԱՐ — Ախր նրա որդու սև թուղթը ես եմ բերել, էս կոտրած ձեռքով:
ՓՈՔՐԻԿ — Սև թուղթն ի՞նչ է, քեռի։
ՓՈՍՏԱՏԱՐ — Լավ է, որ չգիտես։ Լավ է, երբեք էլ չիմանաս:
ՓՈՔՐԻԿ — (հայացքը նրա պրոտեզե ձեռքից չհեռացնելով): Իսկ քո ձեռքը ո՞վ է կոտրել։
ՓՈՍՏԱՏԱՐ — Պատերազմը, տղաս, պատերազմը… (Դադար): Ամեն անգամ, երբ հանդիպում եմ այդ կնոջը, չեմ իմանում ուր փախչեմ։ Ինչ-որ բան ծանրանում է հոգուս վրա։ Նա միշտ հարցնում է, նամակ, հեռագիր կա՞։ Դե արի պատասխան տուր։ Ի՞նչ պատասխանեմ։ Ասա տեսնեմ, ի՞նչ ասեմ նրան։
ՓՈՔՐԻԿ — Ասա կլինի։
ՓՈՍՏԱՏԱՐ – Է՜հ, խաբել պետք չի։ Խաբելը լավ բան չի։
ՓՈՔՐԻԿ — (նկատելի է, որ ինչ-որ բան է ուզում ասել, բայց չի կարողանում): Չէ, քեռի փոստատար, մի խաբի, ասա կլինի։
ՓՈՍՏԱՏԱՐ — (ձեռքը թափ տալով, վեր է կենում տեղից ու հեռանում, բայց կես ճանապարհին կանգնում, նայում է տղային): Դու ի՞նչ ասացի՞ր… (Կրկնելով Փոքրիկի խոսքերը, մոտենում է): Ասա կլինի՞…
ՓՈՔՐԻԿ – Ըհը՛։
ՓՈՍՏԱՏԱՐ – Այո՛, իհարկե… Ես փոստատար եմ, թերթեր, հեռագրեր, նամակներ եմ բաժանում մարդկանց, որոնցում և ուրախություն կա, և տխրություն։ Մարդիկ սպասում են ինձ անհամբերությամբ, սպասում են հավատով, ուրախ լուր ստանալու հույսով են սպասում։ Եվ ես մարդկանց չսլետք է ասեմ ՛՛չկա՛՛։ Պետք է ասեմ ՛՛կա՛՛: Իսկ եթե կյանքը մեկ-մեկ չի թողնում, որ այդպես ասեմ, ապա պետք է ասել մարդկանց գոնե «կլինի»։ (Նա հանկարծ հուզմունքից դողացող միակ ձեռքով, արագ բաց է անում պայուսակը, հանում է այնտեղից ծրարները և նամականիշերը պոկելով տալիս տղային): Բռնիր, Փոքրիկս, սա եգիպտական է… Սա հունգարական… Սա ֆրանսիական… Սա իտալական… Սա՜, սա՜, սա՜… (Իրար ետևից հուզված թվարկում է նա, նամականիշերը դնելով տղայի ափի մեջ):
Հետո ուսն է գցում թերթերով ու նամակներով լի պայուսակը և քթի տակ ինչ-nr երգ դնդնացնելով, գնում: Գնում է այնպես թեթևացած, որ ասես աշխարհի բոլոր ուրախ լուրերն է տանում իր պայուսակով: Նրա երգը շարունակում է Երաժշտությունը: Իսկ Փոքրիկը նամականիշերով լի ափը պարզած, զարմանքով նայում է նրա ետևից: Դանդաղ, շատ դանդաղ փակվում է վարագույրը:
ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Անցել է երկու ամիս: Կիրակնօրյա առավոտ է: Պատշգամբում, երեքանիվանի հեծանիվը ղեկի վրա շուռ տված, նստել է Փոքրիկը: Նա շարունակ պտտեցնում է առջևի մեծ անիվը ու բարալիկ ձայնով կանչում. «Դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրատ»: Պատշգամբի մոտ կանգնած է Երրորդ հարկի հարևանը; Նա խաղողի նորատունկ վազերն է մշակում: Բակի խորքում նստել է կիթառ նվագող տղան և յուղից սևացած ձեռքերով իր քանդուքարափ եղած մոտոցիկլետն է հավաքում: Առանձնատան սլարսպի փշալարերի ետևից հայտնվում է ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը և մի հայացք գցելով մոտոցիկլետով զբաղված տղային, իսկույն անհետանում: Փողկապը կապելով պատշգամբ է ելնում Փոքրիկի հայրը:
ՓՈՔՐԻԿ — Բա ե՞րբ է գալու դանակ-մկրատ սրող իմ Կանաչամորուքը։
ՀԱՅՐ — Քեզ ասացին, որ նրա մորուքը բոլորովին էլ կանաչ չի։
ՓՈՔՐԻԿ — Չէ, կանաչ է, կանաչ է, կանաչ է։
ՀԱՅՐ — Դե լավ, լավ, կանաչ է, պրծա՞նք։
ՓՈՔՐԻԿ — Բա ե՞րբ է գալու։
ՀԱՅՐ — Կգա, մի օր կգա։
ՓՈՔՐԻԿ — Քանի՞ անգամ քնեմ ու վեր կենամ, որ գա:
ՀԱՅՐ — Չգիտեմ։
ՓՈՔՐԻԿ — Պապ, այ պապ։
ՀԱՅՐ — Ի՞նչ է։
ՓՈՔՐԻԿ — Դժվա՞ր է յոթ տարեկան դառնալը։
ՀԱՅՐ — Նայած ում համար։
ՓՈՔՐԻԿ — Դանակ-մկրատ սրող պապիկը ասում էր, որ ինքը յոթ հարյուր անգամ էլ քնի ու վեր կենա, էլ յոթ տարեկան չի դառնա։
ՀԱՅՐ — Այդպես է, տղաս, այդպես է։
ՓՈՔՐԻԿ — Բա ինչի՞ է այդպես։
ՀԱՅՐ — Դու հանգիստ թող քո այդ ծերուկին ու մի բանով զբաղվիր։ Փողոց դուրս չգաս, լսում ես, ես հիմա կգամ։ (Գնում է):
Բակ է դուրս գալիս Առանձնատան տերը, ճիշտ այն պահին, երբ մոտոցիկլետով զբաղված տղան մուրճով հարվածներ էր տեղում ինչ-որ ծռմռված մասի:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Սկսվեց։ Այս կիրակի էլ շխկութխկից գլուխներս պիտի գնա։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱն — Ոչինչ, ջահել է, թող շխկացնի։ Քանի ուժ կա ձեռքին, թող շխկացնի:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Բոլոր ջահելներն էլ մի սանրի կտավ են։ Նրանց բոլորի խելքն էլ գնում է այդ մոտոցիկլետի համար։ Չգիտեն, որ մի օր գրողի ծոցն է տանելու նրանց… (Փնթփնթալով հեռանում է: Երրորդ հարկի հարևանը գլուխը տարուբերելով շարունակում է իր գործը: Փշալարերի արանքից դարձյալ նայում է ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը):
ԱՂՋԻԿ — (մոտոցիկլետով զբաղված տղային): Չի ստացվում, հա՞:
ՏՂԱ — Հա, չի ստացվում, չի ստացվում։
Աղջիկը հեռանում է: Երկու ժանգոտ պտուտակ ձեռքին բակ է վազում Փոքրիկը:
ՓՈՔՐԻԿ — (տղային): Այ, որ սրանք էլ դնես քո մոտոցիկլետի վրա, կաշխատի:
ՏՂԱ — (սրտնեղած): Հարկավոր չի։ Գնա, գլխիս վրա մի կանգնի, դու խանգարում ես ինձ։
Փոքրիկը քիթը կախ քաշվում է մի կողմ: Նրա ձեռքից ցած են ընկնում պտուտակները: Տղան նայում է գետին ընկած պտուտակներին, նայում է Փոքրիկին ու ժպտում քթի տակ:
ՏՂԱ — Դե լավ, քիթդ մի կախի, տուր ինձ պտուտակներդ։
ՓՈՔՐԻԿ — (ուրախ և ոգևորված): Վերցրո՛ւ։ Որ էլի գտնեմ, կբերեմ… (Պպզում է նրա մոտ):
Տղան շարունակում է իր գործը: Առանձնատան փշալարերի ետևում նորից հայտնվում է ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը:
ԱՂՋԻԿ — (տղային): Լսիր, արի Քարանձավով լիճը գնանք։ Նավակ կնստենք։
ՏՂԱ — Չեմ կարող։ Մի ուրիշ անգամ, հիմա չեմ կարող:
ԱՂՋԻԿ – Էլի՞ չես կարող։ Էլի՞ ուրիշ անգամ…
ՏՂԱ — Տեսնում ես զբաղված եմ։
ԱՂՋԻԿ — Դու վերջերս շարունակ զբաղված ես։ Դու ամեն ինչով զբաղված ես, մենակ…
ՏՂԱ — Հասկացիր, մինչև գլուխ չբերեմ, ոչ մի տեղ էլ չենք գնա:
ԱՂՋԻԿ — (վրդովված շրջվում է ու կտրուկ շարժումով հեռանում ցանկապատից):
ՓՈՔՐԻԿ — (մոտոցիկլետը ցույց տալով): Բա ե՞րբ ես գլուխ բերելու։
ՏՂԱ — Շուտ կբերեի եթե ժամանակ լիներ։ Սրանով զբաղվելու ժամանակ չկա։ Ես միայն կիրակի օրերը, հասկանո՞ւմ ես։
ՓՈՔՐԻԿ — Ոչինչ, կաշխատի։ Այ կտեսնես, կաշխատի…
Դարբասից դուրս է գալիս ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը մածնով լի շշերով ցանցը ձեռքին: Նա քիթը վեր ցցած անցնում է տղայի մոտով ու ցույց տալիս իբր ուշադրություն չի դարձնում:
ՓՈՔՐԻԿ — (Աղջկան): Այդ ո՞ւր ես գնում։
ԱՂՋԻԿ — Խանութ, մածուն առնելու։
ՓՈՔՐԻԿ — Ի՞, մածունն առել ես արդեն։
ԱՂՋԻԿ — (նոր միայն նկատելով մածնով լի շշերը, շփոթված): Դա քո գործը չի, իմացա՞ր…
ՏՂԱ — (քթի տակ ժպտալով, աղջկան): Լսիր, մի քիչ նավթ բեր։
ԱՂՋԻԿ — Մենք նավթ չունենք։
ՏՂԱ — Դե լավ, գնա բեր։
ԱՂՋԻԿ — Իզուր մի խոսեցնի, մենք նավթ չունենք։
ՏՂԱ — Մերդ քիչ առաջ մահճակալի կողերին էր քսում։
ԱՂՋԻԿ — Դա քո գործը չի, իմացար։ Քեզ ասացին ինձ մի խոսեցրու։ Դու ինձ հետ գործ չունես, լսո՞ւմ ես։ Դու խելքդ այդ ժանգոտ մոտոցիկլետին ես տվել, շարունակ դրանով ես զբաղված։ Դու դրան ավելի ես սիրում… (Միանգամից պոռթկալով): Ախ, ոնց քանդուքարափ կանեի քո այդ մոտոցիկլետը… (Կտրուկ շարժումով ետ է դառնում ու մտնում իրենց բակը, դռնակը ետևից շրխկացնելով):
ՓՈՔՐԻԿ — (Տղային): Ի՜, դու այս մոտոցիկլետը նրա համար ես պատրաստում, չէ՞։
ՏՂԱ — (ժպտում է):
ՓՈՔՐԻԿ — Գիտեմ, որ աշխատի դու նրան կնստեցնես քո ետևում ու դուք կգնաք հեռո՜ւ, հեռու…
ՏՂԱ — Քեզ էլ հետներս կտանենք։
ՓՈՔՐԻԿ — Չեմ ուզում։ Դու ինձ առջևում կնստեցնես, չեմ ուզում։ Ես հիմա էլ փոքր չեմ, մեծ մարդ եմ արդեն: Ես չեմ ուզում առջևում նստել։
ՏՂԱ — (քնքշանքով): Լսիր, մեծ մարդ, դու ավելի լավ է գնա քթիդ մուրը մաքրի, թե չէ հայրիկդ մի լավ կհասցնի դրա համար…
Հենց այս խոսքի վրա բակ է մտնում Փոքրիկի հայրը ինչ-որ փաթեթներ և գունավոր մի փուչիկ բռնած: Բակի խորքից լսվում է ավտոմեքենայի հռնդյուն: Շնչակտուր բակ է վազում Մարկոսը՝ շուրջը նայելով:
ՓՈՔՐԻԿ — (հոր ձեռքի փուչիկը տեսնելով, ուրախ թռչկոտում է): Վա՜յ, փուչի՜կ, փուչի՜կ…
ՄԱՐԿՈՍ — (Փոքրիկին): Լսիր, Շեկոյին չե՞ս տեսել։
ՓՈՔՐԻԿ — Չէ։
ՄԱՐԿՈՍ — (Անհանգիստ): Էս ո՞ւր կորավ է… (Նորից ետ է վազում):
ՀԱՅՐ — (գնում են պատշգամբ): Հիմա մենք սրան կկապենք թելի կծիկից ու բաց կթողնենք, և քո փուչիկը կսլանա հեռո՜ւ, հեռու…
ՓՈՔՐԻԿ — Մինչև ո՞ւր։
ՀԱՅՐ — Մինչև ամպերը։
ՓՈՔՐԻԿ — Ո՜ւխ…
ՀԱՅՐ — Պահարանի դարակում հաստ թելի կծիկ կա, բեր:
Փոքրիկը գլխապատառ ներս է վազում: Բակում հայտնվում են Ձեռնափայտով ծերուկն ու նրա կինը:
ԿԻՆԸ — Շտապիր, այ մարդ, նրանք տեղափոխվում են արդեն, շտապի՛ր։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Կհասցնենք, ի՞նչ ես իրար խառնվել:
ՆՐԱ ԿԻՆԸ — Ախ, քո այդ դանդաղկոտությունը… Ախ, քո այդ անտարբերությունը.. (Արագ հեռանում են):
ՓՈՔՐԻԿ — (պատշգամբ է ելնում թելի կծիկը ձեռքին): Վերցրու, պապա… Ամուր կապիր, հանկարծ չպոկվի։
ՀԱՅՐ — Մի վախեցի, չի պոկվի։ (Սկսում է կապել):
ՓՈՔՐԻԿ — (երազկոտ): Այ եթե փուչիկը մեծ լիներ, պապա, շատ մեծ: Կկախվեի նրանից ու կբարձրանայի բարձր, բարձր, մինչև ամպերը… Իսկ հետո կսլանայի շենքերի վրայով, ամբողջ աշխարհի վրայով… Բոլոր մարդիկ զարմացած կնայեին, իսկ ես երկնքից ձեռքով կանեի նրանց ու հետո…
Հանկարծ փուչիկը դիպչում է հոր ձեռքի մխացող ծխախոտին և ուժգին ճայթյունով պայթում: Հայր ու որդի իրար են նայում: Հայրը մեղավոր ու շփոթված, իսկ տղան այլայլված ու սարսափով:
— Ի՞նչ արեցիր, հը՞… (Լալով): Ի՞նչ արեցիր…
ՀԱՅՐ — Լավ, լավ… Լաց մի լինի, նորը կառնեմ։
ՓՈՔՐԻԿ — (լալով): Չեմ ուզում։ Ես իմ փուչիկն եմ ուզում։
ՀԱՅՐ — Նորը կբերեմ, ավելի մեծը, ավելի լավը… Պայթե՜ց… էլ ոնց կլիներ, կարծես աշխարհ պայթեց… Ինչի՞ համար ես լալիս, այ տղա… Մի հասարակ փուչիկի համա՞ր…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏԻ ՁԱՅՆԸ — (բակի խորքից): Դանակ-մկրատ սրե՜մ, դանակ-մկրա՜տ…
ՀԱՅՐ — (Փոքրիկին): Ըհը, սա էլ քո Կանաչամորուքը…
Փոքրիկը բարձրացնում է գլուխը, բռունցքներով մաքրում է այտերից հոսող արտասուքը և ժպտում իրեն այնքան սազող պայծառ ժպիտով: Հետո ցած է թռչում պատշգամբի ճաղի վրայից ու վազում ծերունուն ընդառաջ: Բայց նա միանգամից մեխվում է տեղում: Չհավատալով իր աչքերին նա զարմացած ետ-ետ է գալիս: Ժպտալով բակ է մտնում Ծերունի վարպետը, բայց այս անգամ արդեն դանակ-մկրատ սրող մեքենայի փոխարեն նա մի գեղեցիկ, անիվավոր սայլակ է բռնել: Փոխվել է նաև Ծերունու հագուստը: Ձեռքին գունավոր թելով կապված մրգով լի մի մեծ փաթեթ կա: Փոքրիկի հայրը ժպտալով ներս է մտնում:
ՓՈՔՐԻԿ — (մատնացույց անելով սայլակը): Սա ո՞վ է։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Թոռնիկս է։ Երկու ամիս է ինչ լույս աշխարհ է եկել… (Կարոտով նայում է տղային): Մեծացել ես, մեծ մարդ ես դարձել… Դե ասա տեսնեմ, ո՞նց ես…
ՓՈՔՐԻԿ — (նայելով Ծերունու ուսին, կարծես աշխատելով տեսնել այնտեղ իր համար այնքան նվիրական մեքենան): Լավ եմ, դու ո՞նց ես։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (կռահելով նրա հայացքի իմաստը): Թոռնիկովս եմ զբաղված, էլ դանակ-մկրատ չեմ սրում: Ես հենց էնպես կանչեցի, որ իմանաս եկել եմ, որ իմանաս շատ եմ կարոտել քեզ… (Նստում է նստարանին, ձեռքի փաթեթը տղային տալով): Վերցրու, իմ այգուց է… Քո բաժինն եմ բերել:
ՓՈՔՐԻԿ — (փաթեթից մի խնձոր հանելով ուտում է և ապա ցույց տալիս սայլակի մեջ քնած երեխային): Բա սրա՞ն…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դու կեր, որդի։ Նա դեռ փոքր է: Որ մեծանա, նա էլ կուտի:
ՓՈՔՐԻԿ — Վա՜յ, ծիծաղում է։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Քնի մեջ է։
ՓՈՔՐԻԿ — Սա երազ տեսնո՞ւմ է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Երազ բոլորն են տեսնում, որդի։ Մարդ ասածը տարիներով քնած է լինում ու մենակ մի անգամ է երազ տեսնում։ Հետո էլի տարիներով քնում է, բայց էլ երբեք երազ չի տեսնում։
ՓՈՔՐԻԿ — Ես տեսնում եմ։ Ես միշտ լավ երազ եմ տեսնում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դսւ և սա պետք է, որ լավ երազ տեսնեք։
ՓՈՔՐԻԿ — Բա դո՞ւ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Երեկ գիշեր, երազումս մի սիրուն, մի նախշուն նավակ նստած գնում էի… (Անհոգ և երանելի մի պայծառությամբ): Չէի գնում, ջուրը տանում էր ինձ…
ՓՈՔՐԻԿ — (ափսոսանքով): Բա ես քեզ հետ չէի՞։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Պետք չէր, որ ինձ հետ լինեիր: Դու կանգնած էիր ափին, կանաչների մեջ ու ձեռքով կանչում էիր ինձ: Էդ ես էի ուզում քեզ մոտ գալ, բայց չէի կարողանում, ջուրը քշում, տանում էր։
ՓՈՔՐԻԿ — Իսկ վատ երազ լինո՞ւմ է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Լինում է, որդի, լինում է։ Նայած ում, ինչ է բաժին ընկնում։
ՓՈՔՐԻԿ — Բաժի՞ն։ Իսկ ո՞վ է բաժանում այդ երազները։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Սպիտակամորուք մի ծերունի։
ՓՈՔՐԻԿ — Քե՞զ նման։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (ժպտում է):
ՓՈՔՐԻԿ — Որտե՞ղ է երազներ բաժանող պապիկը։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ – Էնտեղ: Վերևում։
ՓՈՔՐԻԿ — (նայելով նրա ցուցամատի ուղղությամբ): Երկնքո՞ւմ…
Սայլակում պառկած երեխան արթնանում ու լալիս է:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Պրծանք։ Մինչև սրան տուն հասցնեմ, հոգիս կհանի։
ՓՈՔՐԻԿ — Ես էլ գա՞մ:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Մեկ էլ որ եկա քեզ հետս կտանեմ։
ՓՈՔՐԻԿ — Այ, կգաս, հա՞, կսպասեմ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Կգամ, անպայման կգամ… (Գնում է):
Փոքրիկը հայացքով ուղեկցում է նրան: Շնչասպառ բակ է վազում Մարկոսը:
ԿԱՆԱՑԻ ՄԻ ՁԱՅՆ — (բակի խորքից): Մարկո՜ս… Այ տղա, ո՞ւր կորար…
ՄԱՐԿՈՍ — (ինքն իրեն): Էս Շեկոն ո՞ւր կորավ, է… Հիմա գալիս եմ, մամ… (Նկատելով Շեկոյին): Շեկո, հե՜յ, Շեկո…
ՇԵԿՈՅԻ ՁԱՅՆԸ — Ի՞նչ է։
ՄԱՐԿՈՍ — Շուտ արի… Տո վազիր, ի՞նչ ես կանգնել։
ՇԵԿՈ — (բակ ընկնելով): Ի՞նչ կա:
ՄԱՐԿՈՍ — Տեղափոխվում ենք։ Արի տան տեղը իմացիր, որ գաս։
ՓՈՔՐԻԿ — Ո՞ւր ես գնում, Մարկոս։
ՄԱՐԿՈՍ — Նոր բնակարան։
ՓՈՔՐԻԿ — Մի գնա, Մարկոս… Ինչ կլինի, մեր բակից մի գնա…
ՄԱՐԿՈՍ — Էլի կգամ։ Ես ամեն օր կգամ։
ՓՈՔՐԻԿ — Բոլոր նամականիշերս քեզ կտամ, մենակ թե չխաբես, հա՞, կգաս։
ՄԱՐԿՈՍ — (Ինչ-որ բան հիշելով, կանգնում և ծոցից դուրս է քաշում թզուկներով նկարազարդված տուփը): Ոնց էի մոռացել… Վերցրո՛ւ, բերել էի, որ քեզ տամ… Վերցրու, նամականիշերդ մեջը կդնես…
ՓՈՔՐԻԿ — (տուփը տեսնելով հրճվալից ճչում է ու փաթաթվում Մարկոսի պարանոցով): Մարկո՜ս…
ՄԱՐԿՈՍԻ ՄՈՐ ՁԱՅՆԸ — Այ տղա, Մարկո՜ս…
ՄԱՐԿՈՍ — Գալիս եմ, մամ… (Վազելով գնում են):
Ավտոմեքենայի հռնդյունը ուժգնանում է: «Մարկոս» կանչելով դեպի բակի խորքն է վազում Փոքրիկը: Գալիս են Ձեռնափայտով ծերուկն ու նրա կինը: Ամուսինները թուլացած փլվում են նստարանին: Հեռվից լսվում է Փոքրիկի կանչը. «Մարկո՜ս…»:
ՄԱՐԿՈՍԻ ՁԱՅՆԸ — (հեռացող մեքենայի հռնդյունի հետ մեկտեղ): Ետ դարձիր… Փողոց դուրս մի գա, մեքենայի տակ կընկնես… (Հռնդյունը մարում է):
ՓՈՔՐԻԿ — (գալիս է ու շնչակտուր դիմում ամուսիններին): Ինչ եք նստել։ Շուտ արեք, իջեցրեք իրերը, Մարկոսենք արդեն գնացին…
Ամուսինները լուռ իրար են նայում:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Շնորհակալ ենք, տղաս։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ուշացել ենք:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Բնակարանը ինչ-որ երիտասարդի են հատկացրել։
ՆՐԱ ԿԻՆԸ — Մի երիտասարդի։
ՓՈՔՐԻԿ — Բա դո՞ւք։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Մենք ինչ։ Մենք նորից պետք է վեր ու վար անենք աստիճաններով։
ՓՈՔՐԻԿ — Ինչպե՞ս։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Շնչելով ու արտաշնչելով, տղաս, շնչելով ու արտաշնչելով…
ՆՐԱ ԿԻՆԸ — Ոչ, սիրելիս, ես այս սխալը այսպես չեմ թողնի։ Ես նորից կշարունակեմ դռները բախել։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Բախիր, աղավնյակս, բախիր, բայց իմացիր, որ մեր դիմումի վրա մակագրողները ավելի խելոք են գտնվել, նրանք մտածել են, իզուր ինչու չարչարվել, երբ հինգերորդ հարկից մինչև երկինք երկու քայլ է միայն… (Բանալով թղթի մեջ փաթաթված հացն ու երշիկը, սկսում է դանդաղ ծամել):
Օրորվելով բակ է մտնում Երիտասարդ հարևանը: Նա հարբած է: Դա երևում է նրա երերուն քայլերից, մի կողմ թեքված փողկապից, թղթապանակի արանքից երևացող ցաքուցրիվ թղթերից: Փոքրիկը, որ երբեք նրան այդ վիճակում չէր տեսել, զարմացած մոտենում է:
ՓՈՔՐԻԿ — Հը՞…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱն — (ձեռքը հուսահատորեն թափ տալով): Մերժեցին…
ՓՈՔՐԻԿ — Ինչի՞ համար։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Չեն տեսնում… Ոչինչ չեն տեսնում…
ՓՈՔՐԻԿ — Աչքեր չունե՞ն, ինչ է։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ – Ունեն, բայց չեն տեսնում։
ՓՈՔՐԻԿ — Իսկ դու էլի ցույց տուր, կտեսնեն։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — Պետք չի… Նրանց պետք չի… Նրանք չեն ուզում տեսնել, հասկանո՞ւմ ես, չեն ուզում… Այ դու… Դու ամեն ինչ կարող ես տեսնել, բայց նրանք… (Համբուրում է Փոքրիկին և քթի տակ ինչ-nr բառեր կրկնելով գնում տուն):
Մթություն
Երեկո է: Պատշգամբը ողողվել է լուսնի կաթնագույն լույսով: Փոքրիկը պառկած է անկողնում: Հայրը նստել ու եռանդով պտտեցնում է «Սպիդոլա» ռադիոընդունիչի կոճակը: Աշխարհի տարբեր ծայրերից լսվում են երգ, ջազային երաժշտություն և տարբեր լեզուներով տրվող հադորդումներ: Փոքրիկը զբաղված է իր թզուկների տուփով և նամականիշերով: Նրա գլխավերևում, պատշգամբի սյունից կապված օրորվում է նոր գնված մեծ փուչիկը: Ահա ռադիոընդունիչից լսվում է մեր հաղորդավարի. «…Փորձնական պոլիգոնում կատարվել է ջերմամիջուկային ստորգետնյա երկու նոր պայթեցում, սա հերթական…»: Հայրը վրդովված անջատում է ընդունիչը և ոտքի կանգնում:
ՀԱՅՐ — Բարբարոսներ, երկրագունդն էլ մի օր կպայթեցնեն…
ՓՈՔՐԻԿ — Երկրագունդը հո փուչիկ չի, որ պայթի:
ՀԱՅՐ — Փուչիկ… Հրաշալի փուչիկ, միայն մեծ, շատ մեծ…
ՓՈՔՐԻԿ — Ուրեմն մենք այդ մեծ փուչիկի վրա՞ ենք ապրում:
ՀԱՅՐ — Քնիր, տղաս, քնիր… (Ծխախոտ է վառում ու սկսում է լուռ ծխել: Վերին հարկից դարձյալ լսվում է մոտոցիկլետ երազող տղայի կիթառի նվագը:
ՓՈՔՐԻԿ — (որ նամականիշերն էր շարում բարձի վրա): Պապ, այ պապ…
ՀԱՅՐ — Ի՞նչ է։
ՓՈՔՐԻԿ — Փոստատարը նրա տղայից լավ լուր կբերի՞։
ՀԱՅՐ — Ո՞ւմ տղայից։
ՓՈՔՐԻԿ — Երկրորդ հարկում ապրող տատիկի։
ՀԱՅՐ — Չգիտեմ։
ՓՈՔՐԻԿ — Իսկ պատերազմի ժամանակ զինվորները սպանվո՞ւմ են:
ՀԱՅՐ — (այդ անսպասելի հարցից հանկարծակիի եկած երկար նայում է տղային): Պատերազմը ամեն ինչ է սպանում։ Քնիր, տղաս, քնիր…
Բակի երեկոյան լռության մեջ լսվում են ձեռնափայտի խուլ տկտկոցներ: Ահա Փոքրիկենց պատշգամբի առջևով թևանցուկ անցնում են Ձեռնափայտով ծերուկն ու նրա կինը: Նրանք ինչ-որ տեղից տուն են վերադառնում: Փոքրիկը հենվում է պատշգամբի բազրիքին ու երկար նայում նրանց ետևից: Հեռվից դեռ շարունակվում են լսվել շքամուտքով վեր բարձրացող ծերունու ձեռնափայտի դանդաղ ու համաչափ տկտկոցները:
ՓՈՔՐԻԿ — (ականջը այդ տկտկոցներին): Պա՜պ…
ՀԱՅՐ — (մտազբաղ): Ի՞նչ է:
ՓՈՔՐԻԿ — Հինգերորդ հարկից մինչև երկինք քանի՞ քտյլ կլինի։
ՀԱՅՐ — Շա՜տ։ Նայած թե ինչքան ես բարձրանում և ինչով։
ՓՈՔՐԻԿ — Ձեռնափայտով։
ՀԱՅՐ — Ձեռնափայտով երկինք բարձրանալ չի լինի, քնիր… (Մոտենում, ուղղում է նրա գլխատակի բարձը): Քնի՛ր…
ՓՈՔՐԻԿ — (սարսափած նայելով նրա բերանի վառված ծխախոտին): Հեռու տար ծխախոտդ… Կպայթեցնես, դու էլի կպայթեցնես իմ փուչիկը։
ՀԱՅՐ — Չեմ պայթեցնի, քնիր…
ՓՈՔՐԻԿ — Պապ, որ երրորդ հարկի պապիկի խաղողի ծառերը մեծանան, շատ մեծանան, երրորդ հարկ կհասնե՞ն։
ՀԱՅՐ — Որ տեղում թողնեն, կհասնեն։
ՓՈՔՐԻԿ — Իսկ եթե…
ՀԱՅՐ — Քեզ ասացի քնիր, ուշ է արդեն։
ՓՈՔՐԻԿ — (հայացքը աստղոտ երկնքին): Իսկ ինչքա՞ն աստղ կա երկնքում։
ՀԱՅՐ — Չգիտեմ, չեմ կարող հաշվել։
ՓՈՔՐԻԿ — Ինչի՞ չես կարող հաշվել։
ՀԱՅՐ — Որովհետև շատ են։
ՓՈՔՐԻԿ — Ինչքա՞ն շատ։
ՀԱՅՐ — Դե ինչպես ասեմ… Ինչքան մարդ կա երկրի վրա, այնքան էլ աստղ կա երկնքում… (Կատակով): Ամեն մարդ մի աստղ ունի երկնքում:
ՓՈՔՐԻԿ — Ուրեմն ե՞ս էլ աստղ ունեմ։
ՀԱՅՐ – Ունես, ունես, քնիր…
ՓՈՔՐԻԿ — Իսկ ո՞րն է իմ աստղը։
ՀԱՅՐ — Այ, այն մեծը, այն ամենից պայծառը։
ՓՈՔՐԻԿ — Այս մեկը քո աստղն է, իսկ այն մեկը՝ մայրիկի… Մնացածն էլ բոլոր մարդկանց աստղերն են… Մեկ, երկու, երեք, չորս… Չէ, չեմ կարող հաշվել։ Դու էլ չես կարող, չէ՞, պապ։
ՀԱՅՐ — Ոչ ոք չի կարող հաշվել։
ՓՈՔՐԻԿ – Չէ, կարող է, դանակ֊մկրատ սրող պապիկը կարող է։ Նա ամեն ինչ կարող է։ Նա կարող է հաշվել ինչքան աստղ կա երկնքում ու ինչքան մարդ երկրի վրա։
ՀԱՅՐ — Եթե շատ խոսես անկողինդ պատշգամբից տուն կտանեմ։
ՓՈՔՐԻԿ – Չէ՛, չէ՛, տուն մի տար, քնում եմ։
ՀԱՅՐ — Դե շուտ քնիր… (Հանգցնում է պատշգամբի լույսը և բեմը թաղվում է խավարի մեջ: Լույսի մի բարակ շերտ լուսավորում է քնած տղայի դեմքը):
ՓՈՔՐԻԿ — (աչքերը փակ): Պատշգամբում քնելը լավ է։ Պատշգամբից երևում է երկինքը։ Իսկ երկնքում աստղերն են, շա՜տ, շա՜տ, աստղերի չափ շատ… (Մարում է և այդ լույսի բարակ շերտը):
Երազային երաժշտություն: Պտտվում է բեմահաթակը և մեր աչքերի առջև պատկերվում է միայն շենքի տանիքի ընդհանուր տեսարանը: Տանիք իր երեք աղյուսաշար ծխնելույզներով և հրշեջային պատուհանով: Ահա այդ պատոուհանից տանիք է ելնում Փոքրիկը՝ հիացմունքից լայն բացված աչքերով: Նա ուրախ թռչկոտում է տանիքի մի ծայրից մյուսը:
ՓՈՔՐԻԿ — Ինչ լավ է տանիքի վրա, ինչ լավ է… Այստեղից ամբողջ աշխարհն է երևում, և ինչքան լույսեր կան… Այ, եթե ուզեմ, հիմա, հենց հիմա կթափահարեմ ձեռքերս ու վըզզ, կթռչեմ տանիքների վրայով, ամբողջ աշխարհի վրայով։ Չէ, ավելի լավ է դեպի աստղերը թռչեմ… (Ձեռքերը թռչունի պես թափահարելով պատրաստվում է թռչել, երբ հանկարծ… Աստիճանաբար լուսավորվում է երկնքի մի փոքր հատվածը և այնտեղ, աստղերի մեջ նա տեսնում է Ծերունի վարպետին: Ահա կանգնել է նա՝ ալեհեր գլուխը փոքր-ինչ առաջ թեքած, ակնոցն աչքերին, առջևը անիվավոր մեքենան: Բայց այս անգամ անիվը մեծ է, շատ մեծ: Երկինքը լցվել է նրա ճռռոցով): Նա է… (Ուրախությունից շնչանեղձ լինելով): Նա է… Է-հե-հե-հե՜յ… Պապի՜…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (մի պահ ընդհատելով պտտելը նայում է ցած): Ա՜, այդ դո՞ւ ես, որդի:
ՓՈՔՐԻԿ — Ես եմ: Այդ ի՞նչ ես անում։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Պտտում եմ, անիվն եմ պտտում։
ՓՈՔՐԻԿ — (ծոր տալով): Ինչ մեծ անիվ է…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Մարդուս բախտի անիվն է, որդի։
ՓՈՔՐԻԿ — Իսկ ինչի՞ է ճռռո՜ւմ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Կճռա, բա՜… (Պտտվում է անիվը, սրաքարերից կայծեր են թռչում): Նայիր, որդի՛, տես ոնց են կայծերը խուրձերով չորս կողմ թռչում ու դառնում փայլուն, փայլփլուն աստղեր:
ՓՈՔՐԻԿ — Ուրեմն այս կայծե՞րն են աստղեր դառնում։ (Հիացմունքով): Ինչքան էլ շա՜տ են…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Լավ է, որ շատ են։ Թող շատ լինեն կայծերը, որդի, որ երկնքում աստղերը շատ լինեն, որ ամեն մարդ իր աստղն ունենա:
ՓՈՔՐԻԿ — Իսկ ո՞րն է իմ աստղը, պապի՜։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Նայի՜ր… (Դանդաղ բարձրացնում է ցուցամատը); Այ, այն մեծը, այն պայծառը… Տեսնո՞ւմ ես։
ՓՈՔՐԻԿ — Տեսնում եմ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Հենց դա էլ քո աստղն է։
Լսվում են ժամացույցի զանգերը. «դի՜նգ… դո՜նգ…»
— Այս ի՞նչ է…
ՓՈՔՐԻԿ — Քաղաքի մեծ ժամացույցն է, պապի։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Կարծեմ տասներկու անգամ զարկեց:
ՓՈՔՐԻԿ — Ըհը, տասներկու անգամ։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ուրեմն ժամանակն է։ Մարդկանց երազներ բաժանելու ժամանակն է… (Ցած նայելով ձայն է տալիս): Էհե՜յ, արթնացեք բարի թզուկներ, արթնացե՜ք։ Քնել է աշխարհը, քնել են մարդիկ, նրանց երազներ բաժանելու ժամն է հասել, արթնացե՜ք…
Տանիքի աղյուսաշար ծխնելույզներից, փնչալով ու փռշտալով դուրս են ցցվում թզուկների գլուխները:
ՓՈՔՐԻԿ — Բարի թզուկնե՜ր…
ԹԶՈՒԿՆԵՐ — (միաբերան): Դիլի֊բոբի, Բոբի֊բոբ…
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Ի՞նչ ես անում այստեղ։
ԿԱՐՄՐԱՔԻԹ – Այս ժամին դու պետք է քնած լինեիր… (Բերանն աստիճանաբար բանալով փռշտում է, բայց այնպես ուժգին, որ քիչ է մնում ծխնելույզի անցքով նորից ցած գլորվի):
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (որ մինչ այդ ձեռքը ճակատին դրած նայում էր քնած աշխարհին): Հե՜յ, թզուկնե՜ր, ժամանակն է արդեն, պատրա՞ստ եք։
ԹԶՈՒԿՆԵՐ — (պատասխանի փոխարեն միաբերան փռշտում են):
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Այս ի՞նչ է, հարբո՞ւխ եք ընկել:
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Այո, ընկել ենք… (Փոշտում է):
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Կարմրաքիթն է վարակել բոլորիս։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Հազար անգամ ասացին, երբ փռշտում ես թաշկինակով փակիր բերանդ։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Երևի ծխնելույզների մրից եք այդպես փռշտում։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Հըմ, ծխնելույզների մրից…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Վիճելու ժամանակը չի։ Մարդիկ ձեզ են սպասում, բայց դուք ավելի շուտ հարբուխ կբաժանեք նրանց, քան թե երազներ։ Շտապեք ազատվել այդ հիվանդությունից։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Իսկ ինչպե՞ս։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Ես մի առաջարկ ունեմ, եղբայրներ։ Եկեք մի քանի ասեղ պինիցիլին սրսկվենք։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Նորի՞ց… Ոչ մի դեպքում…
ՓՈՔՐԻԿ — Չէ՛, չէ՛, սրսկվել պետք չի։ Այ մեր շենքում մի տատիկ է ապրում, նա լավ դեղեր գիտի պատրաստել։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Իսկ ո՞րն է նրա բնակարանի ծխնելույզը։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Կարծեմ հենց քո ծխնելույզն է։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ – Որ այդպես է, ես գնացի… (Իսկույն անհետանում է ծխնելույզում):
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Եղբայր, ձեռք քաշեք այդ պառավական դեղերից, գլխներիս մի փորձանք կբերենք…
Եվ ահա, ջրում սուզված իշխանի պես, դուրս է թռչում Կանաչամորուքը, սպիտակ հեղուկով լի մի մեծ շիշ ձեռքին: Պիտակի վրա գրված է «Հարբուխաճար» և նշված է 40 տոկոս:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ – Բերեցի…
Դեղաշշի պիտակը ցույց տալով, թզուկները վանկարկելով կարդում են. «Հար-բսւ-խա-ճար»: Նրանք ձեռքերը պարզած խնդրում, աղերսում են Կանաչամորուքին, իրենց էլ բաժին հասցնել այդ հրաշագործ դեղից:
ԿԱՐՄՐԱՔԻԹ – Ի՛նձ, ի՛նձ: Իմ վիճակը ավելի ծանր է:
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Հերթով եղբայրներ, հերթով: Վրա մի տվեք:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Դեղնամորուքը ճիշտ է ասում, բոլորիս էլ բաժին կհասնի:
Թզուկները ձեռքից ձեռք փոխանցելով ագահաբար խմում են:
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Շիշը դատարկվեց։ Կարծես ես այլևս չեմ փռշտում… (Մի քանի անգամ փնչացնելով): Հա էլի, իմ հարբուխը վերջապես անցավ։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Իմն էլ անցավ... Բայց սպասեք, եղբայրներ, այս ինչո՞ւ գլուխս սկսեց պտտվել։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Ագահությունից, այ թե ինչու։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Շուտ արեք, գիշերն անցնում է, իսկ դուք մարդկանց դեռ երազներ չեք բաժանել։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Մենք գնացինք, Փոքրիկ, բարի գիշեր:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ – Դիլի-բոբի, Բոբի-բոբ... Իմ ետևից…
ՓՈՔՐԻԿ — Սպասեք, բարի թզուկներ, սպասեք։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Ի՞նչ է պատահել։
ՓՈՔՐԻԿ — Մեր բակում մի տղա է ապրում ու ճակատի մազերը կարճ կտրած մի աղջիկ։ Այդ տղան մի հին, փչացած մոտոցիկլետ ունի: Ինչ կլինի, այնպես արեք, որ նրա մոտոցիկլետը շուտ աշխատի, որ ճակատի մազերը կարճ կտրած աղջկան նստեցնի իր ետևում և գնան հեռու, հեռու…
Թզուկները հարցական նայում են միմյանց, ապա գլխով հավանության նշան անում:
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Շատ բարի։ Մենք նրան այս գիշեր սքանչելի մոտոցիկլետ կուղարկենք։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Սայլակավոր մոտոցիկլետ:
ՓՈՔՐԻԿ — Հետո ուզում եմ, որ փոստատար քեռին երկրորդ հարկում ապրող տատիկին տեսնելիս էլ չփախչի բակից, որ նրա տղայից ուրախ լուր բերի։
ԹԶՈՒԿՆԵՐ — (Դարձյալ նայում են միմյանց ու խմբով ասում): Թող քո ուզածը լինի, Փոքրիկ։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Թող բոլոր մայրերն էլ ուրախ լուր ստանան իրենց որդիներից։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Էլ ուրիշ ի՞նչ ես ուզում, ասա։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Շտապիր, Փոքրիկ, մեզ քիչ ժամանակ է մնացել։
ՓՈՔՐԻԿ — Թող երրորդ հարկի պապիկի խաղողի ծառերը շուտ մեծանան, որ երրորդ հարկ հասնեն, որ նա էլ ուտի իր աճեցրած խաղողից։ Հետո, թող հինգերորդ հարկի Ձեռնափայտով պապիկը ներքևում ապրի, որ էլ չտնքա աստիճաններ բարձրանալիս։ Իսկ մյուս մուտքում ապրող քեռին, որ գիտի ամենալավ բաները ցույց տալ, թող տեսնի իր գրածները իսկական կինո դարձած։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Լսեցի՞ք, բարի թզուկներ։
ԹԶՈՒԿՆԵՐ — Լսեցինք։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դե հիմա շուտ արեք։ Մարդիկ սպասում են, մարդիկ երազում են, թող ուրեմն ոչ մի երազանք անկատար չմնա, շտապեք…
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Դիլի-բոբի, Բոբի-բոբ, իմ ետևի՜ց…
Թզուկները անհետանում են ծխնելույզների մեջ: Փոքրիկը ներս է մտնում հրշեջային պատուհանից: Տանիքը պատկերող բեմահարթակը պտտվում է, երազը շարունակվում:
Ահա բակի ձախ կողմում, երկաթե դարբասի մոտ կանգնել է մոտոցիկլետ երազող տղան, ձեռքերը գրպաններում, գլխահակ ու տխուր: Քիչ հեռու ընկած է նրա ավերված, քանդուքարափ եղած մոտոցիկլետը: Ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը գործիքը ձեռքին, եռանդով քանդում է մոտոցիկլետի մասերը ու բաժանում գլխավերևում կանգնած Մարկոսին ու Շեկոյին: Հեռվից լսվում են կիթառի մեղմ ելևէջները: Ուրախ բակ է ընկնում Փոքրիկը և տեսնելով այս ամենը միանգամից արձանանում է տեղում:
ԱՂՋԻԿ — (արցունքախառն զայրույթով): Բռնիր, Մարկոս… Սա էլ քեզ, Շեկո…
ՓՈՔՐԻԿ — (մոտոցիկլետ երազող տղային): Այս ի՞նչ է…
ՏՂԱ — Ես էլ երբեք չպիտի լսեմ իմ մոտոցիկլետի մոտորի ձայնը։
ՓՈՔՐԻԿ — (Աղջկան): Այս ի՞նչ ես անում… Ի՞նչ ես անում…
ԱՂՋԻԿ – Թո՛ղ… Նա շարունակ սրանով էր զբաղված։ Նա ինձ բոլորովին մոռացել էր։
ՏՂԱ — (Փոքրիկին): Ես այդ մոտոցիկլետը նրա համար էի պատրաստում: Ես երազում էի այն օրը, երբ նրան կնստեցնեմ իմ ետևում և մենք միասին գոնե մի անգամ կգնայինք հեռո՜ւ, հեռու։ Իսկ հիմա…
ԱՂՋԻԿ — (Տղային): Հիմա ոտքով կգնանք։ Ոտքով ավելի լավ է, ոտքով ամեն տեղ կարելի է գնալ։
ՓՈՔՐԻԿ – Ինչի՞ համար… Ես խնդրեցի իմ թզուկներին… Ախր նրանք խոստացան…
Ահա Մարկոսն ու Շեկոն մրջյունների պես քարշ տալով տանում են նահատակված մոտոցիկլետը: Իսկ Տղան փշրված հայացքով կանգնել է պատի տակ ու ոտքով խաղում է առջևը ընկած ինչ-որ մասի հետ: Կիթառի նվագը շարունակվում է: Ահա տնքալով ու փնչացնելով գալիս են Հինգերորդ հարկում ապրող Ձեռնափայտով ծերուկն ու նրա կինը: Նրանք հրելով ու քաշելով բերում են գեղեցիկ, սայլակավոր մի մոտոցիկլետ: Ծերուկը իր ձեռնափայտի կեռով կառչել է ղեկից և քափուքրտինքի մեջ կորած, քաշում է: Նրա ոտքերը դողում են, գլուխը պտտվում: Իսկ կինը սայլակից կպած ամբողջ ուժով հրում է ու տնքում:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Մի հարցնող լինի, մեր ինչին էր պետք մոտոցիկլետը։ Ամբողջ քաղաքը մեզ վրա էր ծիծաղում: Ավելի լավ չէր սրա փոխարեն գումարը վերցնեինք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Գումար, գումար։ Գումարով, սիրելիս, հեռու չես գնա։ Մենք հալից ընկած մարդիկ ենք, մեզ մոտոռ է հարկավոր, մոտոռ…
ՓՈՔՐԻԿ — Ի՞նչ ես ասում, տատիկ, սա ձերը չի։ Ես այս մոտոցիկլետը նրանց համար… (Ցույց տալով տղային ու աղջկան):
ՆՐԱ ԿԻՆԸ — Ոչ, մերն է։ Վիճակախաղի տոմսով ենք շահել։ Սերիան 647 816, համարը 45։
ՓՈՔՐԻԿ — Ճիշտ չի, ճիշտ չի։ Պապիկը ինչպես կարող է մոտոցիկլետ քշել։
ՆՐԱ ԿԻՆԸ — Կսովորի։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ – Ի՞նչ…
ՆՐԱ ԿԻՆԸ – Այո՛, այո՛։ Վարորդական կուրսեր կգնաս և կսովորես։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Վարորդական կուրսե՞ր, այս տարիքո՞ւմ։ Խենթացել ես, ինչ է։ Դու ուզում ես աշխարհով մեկ ծաղր ու ծանակ անել ինձ։
ՓՈՔՐԻԿ — (գլուխը բռնած դես ու դեն է վազում): Ի՞նչ է կատարվում… Ի՞նչ է կատարվում
Հանկարծ ուժգին քամին շխկշխկոցով բաց ու խուփ է անում շենքի պսսոուհանների փեղկերը, որոնք մենք չենք տեսնում: Լսվում են ջարդվող, ցած թափվող ապակիների ձայներ: Երկինքը կատաղած որոտում է: Վերևից, թռուցիկների պես, ինչ-որ գրված էջեր են թափվում ու ցիրուցան լինում բակում: Ձեռնափայտով ծերուկը վերցնում է նրանցից մեկը և ակնոցը դնելով աչքերին մտովին կարդում:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Սա ի՞նչ է։ Այստեղ հրաշալի մտքեր կան գրված։
ՆՐԱ ԿԻՆԸ — Դրանք մեր շենքում ապրող երիտասարդի գրվածքներն են։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (վազում է բղավելով): Օգնեցեք, բարի մարդիկ, Օգնեցե՜ք… Տարա՜վ… անիծված քամին քշեց տարավ իմ անքուն գիշերների աշխատանքը…
Նա հուսահատ փռվում է գետնին շաղ եկած ձեռագրերի վրա, աշխատելով բռնել նրանց, բայց քամին, կատաղած քամին ոռնում է ու ոռնում: Հանկարծ ավտոմեքենայի հռնդյուն է լսվում:
ՓՈՔՐԻԿ — (տղային ու աղջկան): Փախե՜ք, շուտ փախեք… ճյուղ կտրող քեռին…
ԱՂՋԻԿ — Հայրի՜կս… (Վազում է դեպի իրենց դարբասը):
ՏՂԱ — (Աղջկան): Սպասիր, բա դու ասում էիր քարանձավով լիճը գնանք։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (գալիս է հպարտ կեցվածքով: Նկատելով դարբասից ներս մտնող աղջկան, նա բարկացած դառնում է տղային): Լսե՛ք, երիտասարդ, վերջին անգամ եմ զգուշացնում։ Եթե մեկ էլ քեզ տեսնեմ իմ աղջկա հետ, այն ժամանակ արդեն ձեզ երկուսիդ էլ ուղղակի սղոցով… (Տրորելով ոտքերի տակ թափված թղթերը, գնում է):
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Ի՞նչ ես անում, այ մարդ, ո՞ւր ես տրորում: Չէ՞ որ ոտքերիդ տակ անքուն գիշերների աշխատանք կա թափված։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Ո՞ւր է, ես ոչինչ չեմ տեսնում… (Մտնում է դարբասից ներս):
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — (Փոքրիկին): Չի տեսնում։ Իրենից բացի նա ոչինչ չի տեսնում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (գլուխն առած ձեռքերի մեջ): Պետք չեկան… Ոչ ոքի պետք չեկան իմ գրվածքները…
ՓՈՔՐԻԿ — (վազելով նրա մոտ): Ես խնդրել էի, որ ձեզ համար…
Հանկարծ պարսպապատված բակից աղմուկ-աղաղակ է լսվում և շան հաչոց: Ահա երկաթե դարբասի դռնակը մի քանի անգամ անզոր ցնցվում է ու հանդարտվում: Հանկարծ ճեղքվում է առանձնատանը շրջափակող քարե ցանկապատը և ճեղքվածքից, բոբիկ ոտքերով դուրս է թռչում ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը և հեկեկալով նետվում դեպի տղան:
ԱՂՋԻԿ — (զայրալից և ահաբեկված): Փախչենք… Գնանք, գնանք հեռու։ Հեռու այս փշալարերից, այս սուր-սուր ապակիներով ցանկապատից, այս բանտից…
ՏՂԱ — (նետվելով դեպի ծերուկ ամուսինների մոտոցիկլետը): Խնդրում եմ ձեզ, թույլ տվեք…
Հենց այս խոսքի վրա, ցանկապատի ճեղքվածքում հայտնվում է Առանձնատան տերը սղոցը ձեռքին: Պատը սեղմվում է և նա կեսը դուրս, կեսը ներս բղավում է սղոցը թափահարելով:
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Չեմ թողնի՜… Կկտրեմ, կանաչ-կանաչ կկտրեմ… (Աղջկան): Ետ դարձիր, ետ դարձիր ասում եմ… (Նորից ներս է քաշվում):
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿՒ ՀԱՐԵՎԱՆ — Հենց ցավն էլ դա է, որ նրա սղոցը ամեն տեղ կտրում է։
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — (դուրս է թռչում սղոցը ձեռքին): Կկտրեմ…
ՓՈՔՐԻԿ — (ահաբեկված ճիչով): Կտրե՜ց… Կտրե՜ց…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Երկուսիդ միանգամից…
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿՒ ՀԱՐԵՎԱՆ — (բռնելով Առանձնատան տիրոջ օձիքից): Ինչ ես անում, հրեշավոր մարդ... Չեմ թողնի… Չեմ թողնի, որ կտրես։ (Ցույց տալով տղային ու աղջկան): Նրանք էս մի թիզ հողում էլ պիտի աճեն ու զորանան…
ԾԵՐՈԻԿԻ ԿԻՆԸ — (ամուսնուն): Հավաքիր ուժերդ, որ մոտոցիկլետը տուն տանենք:
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Հասկացիր, ուժ չկա… Ես իմ ձեռնափայտն էլ հազիվ եմ հետս տանում։
ՆՐԱ ԿԻՆԸ — Քո կարծիքով մոտոցիկլետը պիտի բակո՞ւմ թողնենք։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Իսկ ինչ է, աստիճաններով հինգերորդ հա՞րկ պիտի բարձրացնենք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Այո, մինչև բակում մի հարմար ապաստարան կառուցենք սրա համար։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Տեր աստված, իբր մեզ շատ էինք կարողանում հինգերորդ հարկ հասցնել, սա էլ պոչներիցս կապեցինք։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — (Առանձնատան տիրոջը): Նայի՛ր… (Ցույց տալով Փոքրիկենց պատշգամբի մոտ տնկած իր խաղողի վազերը, որոնք այս տեսարանում արդեն աճել ու լարերի վրայով գնացել են Առանձնատան տիրոջ այգին): Տնկեցի, խնամեցի, որ աճեն, բերք տան, որ բոլորը ուտեն իմ ձեռքով աճեցրած խաղողից, իսկ հիմա… Տես, թե ինչ ես արել, անկուշտ…
ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՏԵՐ — Մի մոռացեք, որ ձեր այս շենքը իմ հողամասում է կառուցվել։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — (որ մինչ այդ վիճում էր իր կնոջ հետ): Այս ինչ փորձանքի մեջ ընկանք, տեր աստված։
ՆՐԱ ԿԻՆԸ — Շատ մի փնթփնթա, օգնիր վեր բարձրացնենք։
ՁԵՌՆԱՓԱՅՏՈՎ ԾԵՐՈՒԿ — Չեմ կարող։ Այլևս ոչ մի քայլ չեմ կարող։ Կընկնեմ այստեղ ու կմեռնեմ։
ԵՐՐՈՐԴ ՀԱՐԿԻ ՀԱՐԵՎԱՆ — Ոչինչ, ես էլի կտնկեմ, էլի կաճեցնեմ և բոլորը կուտեն իմ աճեցրած խաղողը։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՐԵՎԱՆ — (տրորված թղթերը ձեռքին): Գրեցի տառապանքով, անքուն գիշերներով գրեցի, որ մարդիկ կարդան, սիրեն, փայփայեն իրար, բայց տես թե ինչ ստացվեց…
Փոքրիկը, որ այս ամբողջ խառնաշփոթի ժամանակ մերթ վազում էր մեկի մոտ, մերթ մյուսի. ցնցված փակում է ականջները և «բարի թզուկներ» կանչելով փախչում բակից դուրս: Բեմահարթակը պտտվում է և բակն ու մարդիկ գնում, կորչում են բեմի խորքում:
Դարձյալ շենքի տանիք: Ահա տագնապով ու սոսկահար հրշեջ պատուհանից տանիք է ելնում Փոքրիկը «բարի թզուկներ» կանչելով: Իսկ հեռվից շարունակվում են լսվել մարդկանց աղմուկն ու աղաղակը: Աստղերի մեջ դարձյալ իր անիվն է պտտում Ծերունի վարպետը:
ՓՈՔՐԻԿ — Է-հե-հե-հե՜յ… Այս ի՞նչ ես անում…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (վերից): Ի՞նչ կա, որդի։ Ի՞նչ է պատահել։
ՓՈՔՐԻԿ — Ես խնդրեցի իմ բարի թզուկներին, որ նրանք… Բայց տես թե ինչ ստացվեց…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (ցած նայելով): Այս ի՞նչ եմ տեսնում…
ՓՈՔՐԻԿ — (ձեռքերը թռչունի թևերի պես թափահարելով, տանիքի վրայից դանդաղ բարձրանում է վեր ու կանգնում Ծերունի վարպետի կողքին): Վա՜յ, երկրագունդը, ինչ սիրուն է։ Հայրիկը ճիշտ է ասում, որ երկրագունդը կլոր է իմ փուչիկի պես, միայն մեծ, շատ մեծ… Ինչ լավ է այստեղ: Այստեղից ամեն ինչ երևում է։ Վա՜յ, ինչ գունավոր է երկրագունդը… Այս ի՞նչ կապույտներ են, պապի՜…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դրանք գետերն են, որդի, ծովերն ու օվկիանոսները:
ՓՈՔՐԻԿ — Իսկ կանաչը՞, դեղի՞նը։
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Դրանք անտառներն են, ծառ ու ծաղկունքը։ Դրանք լեռներն են, ցորենի հասած արտերը… Դա կյանքն է, որդի, կյանքը…
ՓՈՔՐԻԿ — Եվ այս բոլորը գտնվում են այդ մեծ փուչիկի վրա՞:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Այո, այդ մեծ փուչիկի վրա… Բայց սպասիր, այս ի՞նչ է… Ի՞նչ է կատարվում այնտեղ…
Լսվում է ծանր ու ճնշող երաժշտություն: Թմբուկների դղրդյուն է դա, թե՞ քայլող զինվորների ոտնաձայներ: Լսվում են ռումբերի խուլ պայթյուններ: Բեմահարթակը պտտվում է պատկերելով բակը: Ահա դատարկ, ամայացած բակով ծանրորեն քայլում է Փոստատարը ուսին թղթի մի հսկա կծիկ: Ահռելի ծանրության տակ կքած, նա տնքում, մաքրում է ճակատի քրտինքը ու հազիվ փոխելով հոգնած ոտքերը, քայլում առաջ:
ՓՈՍՏԱՏԱՐ — Բարբարոսներ, այս ի՞նչ եք անում…
ՓՈՔՐԻԿ — (վերևից ձայն է տալիս): Քեռի փոստատար… Քեռի փոստատար…
ՓՈՍՏԱՏԱՐ — (մի պահ կանգնում ու ծանրորեն նայում վեր): Ա՜, այդ դո՞ւ ես։
ՓՈՔՐԻԿ — (հայացքով դեպի կուլիսները): Ետ դարձիր, քեռի փոստատար, ետ դարձի՜ր…
ՓՈՍՏԱՏԱՐ — Ինչի՞ համար։
ՓՈՔՐԻԿ — Գալիս է։
ՓՈՍՏԱՏԱՐ — Ո՞վ է գալիս:
ՓՈՔՐԻԿ — Երկրորդ հարկում ապրող տատիկը, նա, որ լուր էր ուզում ստանալ իր տղայից։ Տես, գալիս է…
Ահա բակի խորքից գալիս է Որդեկորույս մայրը, այնպես հանդիսավոր ու պատկառելի, որ ասես վշտից ձուլված մի քայլող արձան է նա: Փոստատարը հսկա կծիկից պոկում է սև թղթի մի կտոր ու լուռ մեկնում կնոջը: Կինը ցնցված ճչում է ու պատռելով թուղթը, դեն շպրտում:
ՄԱՅՐ — (ցածրաձայն, բայց զայրացած ու դառնացած աշխարհից): Ո՛չ, ո՛չ… Նա ողջ է… Նա կգա… Նա պիտի գա…
ՓՈՍՏԱՏԱՐ — (խոսքն անիրավ աշխարհին ուղղելով): Բարբաբոսնե՜ր, գազաննե՜ր… (Ծանր քայլերով գնում է դեպի նախաբեմ) :
ՓՈՔՐԻԿ — (սարսափած): Ետ դարձիր… Բավական է, ետ դարձիր…
Տարբեր կողմերից գալիս են բակի բնակիչները: Փոստատարը սև ձեռնոց հագած իր պրոտեզե ձեռքով հսկա կծիկից պոկում է մի-մի սև թղթի կտոր ու տալիս նրանց: Բոլորը սարսափով, բայց անձայն ճչում են:
ՓՈՔՐԻԿ — (Փոստատարին): Այդ ի՞նչ ես անում։
ՄԱՅՐ — (բոլորի ձեռքից վերցնելով ու սլատռելով սև թղթերը): Չեմ հավատում… Նրանք բոլորն էլ ողջ են… Բոլոր որդիներն էլ ողջ են… Աշխարհում ոչ մի որդի չի մեռնում…
ՓՈՔՐԻԿ — Հերիք է, ետ դարձիր, քեռի Փոստատար։
ՓՈՍՏԱՏԱՐ — Չեմ կարող, ես դեռ շատ պիտի բաժանեմ սրանից։
ՓՈՔՐԻԿ – Դա ի՞նչ է։
ՓՈՍՏԱՏԱՐ — Սև թուղթ։
ՓՈՔՐԻԿ — Սև թուղթն ի՞նչ է։
ՓՈՍՏԱՏԱՐ — Լավ է, որ չգիտես։
ՓՈՔՐԻԿ – Չէ, գիտեմ, գիտեմ… Դա շատ վատ բան է, գիտեմ… (Թախանձագին ու սոսկահար): Մի տա՜ր… Մի տա՜ր…
ՓՈՍՏԱՏԱՐ — Չեմ կարող։ Նրանք ուզում են, որ բոլորին էլ բաժին հասնի։ Տես, նրանք նորից խաղում են քո փուչիկի հետ…
Փոստատարը ինչ-որ բան ցույց տալով, լուռ հեռանում է բեմից: Բեմահարթակը պտտվում է դարձյալ պատկերելով շենքի տանիքն ու երկինքը: Լսվում է տագնապալից երաժշտություն: Ցածում երևում են ինչ-որ մարդկային ստվերներ ծխախոտները բերաններին: Նրանք խաղում են ստվեր փուչիկի հետ, որն այս ու այն կողմ է թռչում:
ՓՈՔՐԻԿ — Նրանք խաղում են փուչիկի հետ… Տես, պապի, մեծ-մեծ քեռիներ են, բայց խաղում են իմ փուչիկի հետ… Էհե՜յ, ի՞նչ եք անում, կպայթի՜…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — (որոտացող ձայնով): Էհե՜ յ, որտե՞ղ եք, բարի թզուկներ։
Տանիքի աղյուսաշար ծխնելույզներից դուրս են ցցվում թզուկների զլուխները, շփոթված ու այլայլված հայացքներով:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Այստեղ ենք։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Մենք կանք։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Մենք եկանք:
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Ի՞նչ է կատարվում հողագնդի վրա։ Ինչո՞ւ եք խառնել մարդկանց երազները։ Ո՞ւմ ձեռքին եք թողել երեխայի փուչիկը։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Սխալվել ենք։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Շփոթել ենք։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Ամեն ինչ խառնել ենք իրար։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Բոլորը այդ պառավական դեղից էր։ Ախր ասում էի, չէ՞, որ գլխներիս մի փորձանք կբերենք։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ – Դեղնամորուքը ճիշտ է ասում, հարբուխն անցկացրեց, բայց այստեղ… (Ճլթացնելով իր ճաղատին): Այստեղ ինչ-որ պտուտակներ խառնվեցին իրար։
ԴԵՂԱՄՈՐՈՒՔ — Ես նույնիսկ չէի կարողանում հիշել… (Ցույց տալով իրեն և ընկերներին): Թե մեկին գումարած երկու ինչի է հավասար…
ԹԶՈՒԿՆԵՐ — (միաբերան): Սխալվել ենք…
ԾԵՐՈՒՆԻ ՎԱՐՊԵՏ — Իսկ դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ կարող է լինել այդ սխալից։ Ուղղեք սխալը։
ՓՈՔՐԻԿ — Ուղղեք, բարի թզուկներ, շուտ արեք ուղղեք, հիմա կպայթի…
Տագնապալից դղրդյունն ավելի է ուժգնանում: Մոլեգնորեն ճայթում է որոտը: Որպես ազդանշան, տանիքի, երկնքի ու աշխարհի վրա, շարունակ վառվում ու հանգչում է կարմիր լույսը:
ԹԶՈՒԿՆԵՐ – Մի վախեցիր, Փոքրիկ, չի պայթի, մենք հիմա…
ՓՈՔՐԻԿ — (սոսկումով): Չէ, կպայթի… Նրանց բերաններին ծխախոտ կա…
Թզուկներն անհետանում են ծխնելույզներում: Հանկարծ ստվեր-փուչիկը դիպչում է մարդ-ստվերներից մեկի վառված ծխախոտին ու ահռելի դղրդյունով պայթում, այնպիսի դղրդյունով, որ կարծես տակնուվրա են լինում երկինքն ու աստղերը: Բեմը միանգամից մթնում է: Խավարի մեջ շարունակում է լսվել Փոքրիկի սարսափած ճիչը:
— Պայթե՜ց… Պայթե՜ց… Պայթե՜ց…
Բեմը միանգամից լուսավորվում է արևային գույներով: Լույսը վաղուց բացվել է: Փոքրիկի մահճակալի մոտ նստել է Հայրը և վրձնում է կտավակալի վրա ամրացված կտավին: Տղան վեր է թռչում ու տրորում քնաթաթախ աչքերը:
ՓՈՔՐԻԿ — Պայթե՜ց…
ՀԱՅՐ — (սյունից կապված փուչիկը ցույց տալով): Չի պայթել, փուչիկդ իր տեղում է։
Փոքրիկը ցրված հայացքով նայում է փուչիկին, նայում շուրջը: Երկինքը ողողվել է պայծառ արևով: Ոչ մի պայթյուն, ոչ մի դղրդյուն: Նա պարզապես քնի մեջ լսել էր տղայի մոտոցիկլետի ձայնը, որն այժմ եռանդով հռնդում է բակում:
ՓՈՔՐԻԿ — (վեր է թռչում տեղից ու ձեռքերը թափահարելով, կոկորդով մեկ բացականչում): Ինչ լավ է… Աշխատում է… Մոտոցիկլետն աշխատում է, ուռա՜ա…
Դարբասից ուրախ ծիծաղով դուրս է գալիս ճակատի մազերը կարճ կտրած աղջիկը և նստում տղայի մոտոցիկլետի ետևում:
ՏՂԱ — (Փոքրիկին): Հեյ, մեծ մարդ, արի, գնում ենք։
ՓՈՔՐԻԿ — Ո՞ւր եք գնում:
ԱՂՋԻԿ — Քարանձավով լիճը։ Դու էլ մեզ հետ արի…
Փոքրիկը հարցական հայացքով նայում է հորը և նրա լուռ համաձայնությունը ստանալով, անհամբեր ցած է նետվում պատշգամբի բազրիքի վրայից, զլխապատառ վազում դեպի Աղջիկն ու Տղան: Նա արագ տեղավորվում է նրանց մեջտեղում և ուրախ թափահարելով ձեռքը հրաժեշտ է տալիս հորը: Հայրը պատասխանում է նույնպիսի շարժումով: Մոտոցիկլետը, որ դրված է պտտվող բեմահարթակի եզրամասում, հռնդալով գնում, կորչում է խորքում: Բեմահարթակի հակառակ կողմում դրված շոկոլադի հսկա տուփը գալիս, կանգնում է երկու կողմից դանդաղ առաջ եկող վարազույրների մեջտեղում:
ՎԵՐՋԱԲԱՆ
Երաժշտության տակ դարձյալ կիսով չափ բացվում է շոկոլադի տուփը: Տուփի միջից հաջորդաբար դուրս են գալիս երեք թզուկները:
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Ահա և ամբողջ պատմությունը:
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Ինչպես տեսաք, այս ամենը բոլորովին էլ հեքիաթ չէր, թեպետ մենք, թզուկներս ապրում ենք հեքիաթներում միայն։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Լույսը վաղուց բացվել է, նշանակում է, որ մեր քնելու ժամանակն է արդեն։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Ցերեկները պիտի քնենք, հանգստանանք, որ գիշերները երազներ բաժանենք մարդկանց։
ԿԱՆԱՉԱՄՈՐՈՒՔ — Մնաք բարով, Դիլի-բոբի, Բոբի-բոբ…
՛՛Սպասե՜ք…՛՛ կանչելով բեմ է ընկնում Փոքրիկը:
ՓՈՔՐԻԿ – (հևասպառ): Բարի թզուկներ, գնո՞ւմ եք։
ԿԱՐՄՐԱՔԻԹ — Գնում ենք։
ԴԵՂՆԱՄՈՐՈՒՔ — Բայց որ կանչես, էլի կգանք…
ԹԶՈՒԿՆԵՐ — Մնաք բարով, բարի երազներ…
Թզուկները կրկին մտնում են տուփի մեջ: Փակվում է կափարիչը
և դանդաղ ու ծանրորեն փակվում է նաև վարագույրը: