Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՎԵՐԱԴԱՐՁ Ց’ՊԱՀԱՆՋ

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

ԱՐՄՄՈՆՈ 2023

Գործող անձինք

ՋԵՆՆԻ

ԺԻՐԱՅՐ

Յուրաքանչյուրի բնակարանը միայնակ ապրող երիտասարդի թեթև կահավորված միջավայր է, պարտադիր են սեղանիկը, բազմոցը, բազկաթոռը: Ջեննիի բնակարանում՝ մեծ չափսի տղա առլեկին-տիկնիկ, Ժիրայրի բնակարանում, նույն  ոճով՝ աղջիկ առլեկին, պատին՝ Արարատի նկարը:

ՋԵՆՆԻ

ՋԵՆՆԻ — (հմայիչ է, 22 տարեկան, խնամված, վարդագույն, կիսաթափանց կարճ գիշերազգեստով, որի բացվածքները թույլ են տալիս ցուցադրել նրա գեղեցիկ կազմվածքն ու կանացի գրավչությունը: Մտնում է՝ մի ձեռքին պիեսը, մյուսին՝ չիպսի փաթեթ, հեռախոսն ուսով ականջին հպած): Ի՞նչ պետք է անեմ, պիես եմ կարդում… Իսկ դո՞ւ… Երանի քեզ: Հայկական պիես է, սիրահարների բաժանման մասին: Հայ-կա-կա՛ն, հնագույն ազգ է՝ Կովկասից հարավ… Հա, Ժոզեֆի հայրենիքը… (Նստում է, սեղանիկին դնում թղթերն ու փաթեթը:)  Զգացմունքային գործ է, բայց այդ հայերը լալկան են: (Չիպս ուտելով:) Ժոզեֆը հայ դրամատուրգներից մի քանիսի գործերից տվեց, կարդացի, որպեսզի հայկական միջավայրն ըմբռնեմ: Ամեն գործի մեջ ինչ-որ գաղափար են դնում, պայքար, կարծես մարդկային կյանքը զօր ու գիշեր միայն պայքար է ու չարին հաղթելու մաքառում: Արևելքցիների մեջ, երևի, այդպես է: Իսկ լիրիկան՝ մի լա՜ց, կո՜ծ, աղե՜րս… (Հեգնական պաթետիկայով:) «Սերը մի ծո՜ւխ է, որը բարձրանում է հառաչանքների գոլորշիներից: Երբ նա անբիծ է` հոտ է շողշողան սիրահարների աչքերի միջին, իսկ երբ սրտաբեկ է` մի ծո՜վ է լցված սիրահարների արտասուքներով»… Չէ, ի՞նչ հայկական, «Ռոմեո-Ջուլիետից» է՝ 16-րդ դար, որտեղ հայերը կանգ են առել ու մնացել տեղում… Ալենն է հավանել, որոշել է բեմադրել: Ժոզեֆին տղամարդու դերը տվեց՝ որպես հայի, կնոջ դերն էլ ինձ՝ որպես Ժոզեֆի սիրելին: Սիրահարված բանաստեղծուհու կերպար է: Պրեմիերան շուտ չի լինի, նոր ենք սկսել: Պայմանավորվել ենք այսօր օնլայն փորձել, որ վաղը մի քիչ պատրաստ ներկայանանք: Չգիտեմ, չգիտեմ, Սոֆի, սիրելիս, այս պիեսն ինձ չի ձգում, զուտ Ժոզեֆին չնեղացնելու համար համաձայնեցի… Դե, լավ: Բա՜յ: (Հեռախոսը կողմ դնելով՝ վերցնում է պիեսը, կարդում:) «Վարդան, սիրելիս, դու հո գիտես… գիտես, որ քո նկատմամբ  սերս արտահայտում եմ իմ բանաստեղծություններով… Բանաստեղծությունն է հորինված, իսկ զգացմունքներն ի՛մն են, ի՛մ ապրումները…»: (Նայում է բջջայինին:)  Ո՞ր ժամն է: Չի զանգում պարոնը: Ուզում է, որ առաջինը ես զանգեմ: Չե՛մ զանգելու: Լորանսը խելքը տարել է: Աչքը նրանից չէր կտրում, բա քաղցրածոր ժպտա՜լը… Լի՛րբը: Տեսավ, որ Պատրիկը ճանկը չընկավ, Ժոզեֆին է հմայում: Խորամանկ է՝ աղվեսի պես: Ժոզեֆին դիմում է հայերենով՝ Ժիղա՜ղ… Լավ է գլուխն այնքան չէր պտտվել, Լորանսի հիպնոսից ուշագնաց չեղավ, ուղղեց՝ ոչ թե՝ Ժիղա՛ղ, այլ՝ Ժի՛ռ-ա՛յռ: Լավ, չշեղվենք, անցնենք Նվարդին… Գոնե տեքստին ծանոթանամ, ուր որ է կզանգի: Կիրակի օրերին քնում է արջի պես… (Շարունակում է:)  «Քեզ հետ ինչ որ բան է կատարվում և դու չես կիսվում ինձ հետ… Ինքնաներշնչում չէ: Դու գնացիր պատերազմ ու չվերադարձար… Վարդանը ետ չեկավ, նախկի՛ն Վարդանը, ի՛մ Վարդանը… Ես զօր ու գիշեր աղոթում էի քեզ համար: Աստված իմ, կխելագարվեի, եթե քեզ մի բան պատահեր: Փառք Աստծո, ետ եկար: Բայց եկավ մի ուրիշ Վարդան, անտարբեր… Այնքան անտարբեր, ասես մեր միջև, մեզ հետ ընդհանուր ոչինչ չէր եղել, ո՛չ հուշ, ո՛չ սեր և ոչ էլ այն անմեղ հրեշտակը, որին կրում եմ կրծքիս տակ… Մի՞թե դու կլքես մեզ… Ծանր վիրավորվելու, կոնտուզիայի ախտանիշներում այսչափ օտարացումը բացառված է,  կարդացել եմ, բժիշկների հետ եմ խորհրդակցել… Մինչդեռ, դու հրաժարվում ես մեզնից, հեռանում ես՝ փախչելու պես…  Ասում ես՝ «Նյութապես կօգնեմ, ամեն ինչ կանեմ, որ որևէ բանի պակաս չզգաք»… Մի՞թե դա է կարևորը, Վարդան, չէ՞ որ նա մեր սիրո պտուղն է… մե՛ր, մե՛ր, մե՜ր սիրո… Գուցե ուրիշի՞ն ես սիրում, տղամարդավարի ասա, մի խնայիր»… (Պիեսը կողմ է դնում, ոտքի ելնում:)   Ո՜ւֆ, սա ի՞նչ հեղեղ է… Ալենին ի՞նչը գրավեց, չեմ հասկանում: Երևի ուզում է հայկական տարբերակով Ռոմեո-Ջուլիե՞տ բեմադրի: Շեքսպիրն ո՜ւր, սա ուր… Ժամը քանի՞ս է: (Տիկնիկին.) Չեմ կարծում, թե մինչև հիմա քնած լինես: Կարո՞ղ է Լորանսի հետ ես շաղակրատում… Ճիշտն ասա, զանգե՞լ է քեզ… Դե լավ, ինչ եմ ինձ տանջում (առլեկինի քթին խփելով),  գնում ես՝ գնա, այնքան Ժոզեֆներ կա՜ն…  (Տիկնիկին գրկելով:) Չէ՜, ճիշտ չասիր, Ջեննի, Ժոզեֆն ուրիշ է… Ուրիշ ես, չէ՞… (Հեռանում է՝ հայացքը  նրանից չկտրելով:):  Դե գնա, ի՞նչ ես ցցվել: (Շրջվում է,   իբր անտարբեր, չիպս է ուտում:) Մեր միջև սեր չի եղել, երեխա չկա, որ Նվարդի պես մղկտա՜մ, ետ կանչեմ: Ֆլիրտ էր, զբաղվեցինք, պրծանք: Սեր չի եղել: (Ճչում է:) Սեր չի եղել, գնա՜… Չի՛ եղել, չի՛ եղել… (Փլվում է բազմոցին: Դադար:) Խոստովանիր, Ջեննի, դու  սիրում ես նրան… Երբ առաջին անգամ համբուրվեցինք, ինձ համար դա սովորական ֆլիրտ էր: Օրեր անց, երբ այդ (հեգնորեն՝ չակերտի ժեստով) «ֆլի՜րտը» կրկնվեց, զգացի, որ սիրտս անհանգիստ է… Այ քեզ բա՜ն, Ջեննի, քեզ հետ ի՞նչ է կատարվում, չլինի՞ սիրահարվեցիր էմիգրանտին… Եվ նույն պահին էլ ինձ դիտողություն արեցի՝ այդ երբվանի՞ց ազգամոլ դարձար, Ջեննի՜… (Դադար: Մտախոհ, թախծոտ ժպտում է:) Հետո սկսեցի կարոտել, սպասել նրա զանգին… (Սթափվում է:) Ահ, անկախ ինձնից Նվարդ  եմ դառնում, երևի ճիշտ պահն է դերը կարդալու:  (Վերցնում է պիեսը, զգացմունքով:) 

« Մի վերջին անգամ անունդ եմ տալիս,

Ուր որ է հիմա դուռը կբացես,

(Ախր, ասում են` շա՜տ ցանկանալիս,

Երազանքներիդ դու շուտ կհասնես):

Բայց… դարձյալ չեկար… գուցե, սիրելիս,

Քեզ չկանչեցի ողջ հոգո՜վ, սրտով,

Նորից ու նորից անունդ եմ տալիս,

Եվ սպասում եմ կարոտիս բոցով… 

Չլինի՞ եկել, կանգնել ես շեմին

Ու նազ ես անում խաղով սեթևեթ,

Դուռը մեղմորեն հրիր, սիրելիս,

Շրջվում եմ, իբրև` չեմ տեսել ես քեզ»… 

(Հեռախոսի զանգ: Անակնկալի եկած ցնցվում է:) Ժոզեֆն է… (Ճանկում է հեռախոսը:) Ալո՞… ո՜ւֆ… լսում եմ, Սոֆի, խոսիր… Ասացի՝ պիեսն եմ փորձում: Լորա՞նսը… Ի՞նչ էր ասում… Թող փորձի, Ժոզեֆը նրան բանի տեղ չի դնում… Հետո՞ ինչ, որ քնքշորեն է գրկել: Տանգո պարելիս  բոլորն էլ քնքշորեն են գրկում… Ո՜ւֆ, Սոֆի, բան գտար անհանգստանալու, գնում է՝ թող գնա, այնքան Ժոզեֆներ կա՜ն… Լավ, լավ: Բա՛յ: (Անջատում է:)  Դո՞ւ ինչ ես խառնվել իրար, չեմ հասկանում: Այդ երբվանի՞ց քո հարազատը դարձա… (Պիեսը վերցնելով՝ փորձում է շարունակել, բայց, ոտքի ելնելով, նյարդային քայլում է:)  Ո՛չ մի դեր, ո՛չ մի Նվարդ, ո՛չ մի «սիրելի՜ս»… (Թղթերը տիկնիկի ձեռքում խցկելով:)  Վե՛րջ: Եթե դու այնքան հիշաչար ես, որ իմ թեթև խանդը պատճառ բռնելով այրում ես կամուրջները, ուրեմն… ուրեմն, ում հետ կուզես՝ գնա՛, ում կուզես՝ թող կատարի Նվարդիդ դերը… (Տիկնիկի դեմքը շրջում է պատին:)  Վե՛րջ: (Խոր արտաշնչում, շփում է ճակատը:) Բայց ի՞նչ ասացի, որ նեղացել է… Չասեի՞, որ անտարբեր է դարձել, չզգուշացնեի՞, որ Լորանսը կուլ է տալիս իրեն… Վրդովվե՜ց, զայրացա՜վ… Եվ նույն երեկոյան իրեն գցել է բար՝ նրա հետ պարելու… Քնքշորե՜ն է գրկել… Ի՜նչ աստիճանի  ես զմայլվել, որ նույնիսկ Սոֆին է դա նկատել…  Բայց ինչո՞ւ ես տաքանում, Ջեննի, նա երբևէ ասած կա՞, որ սիրում է քեզ… Նոր էր եկել: Երկրին անծանոթ, քաղաքին անծանոթ, ամեն ինչին ու բոլորին՝ անծանոթ: Ապրե՛ս, աղջիկ, օգնեցիր նրան, ընկերացար: Օգնեցիր, որ հարմար մի տուն վարձի, օգնեցիր, որ դեր պատրաստի, ներկայացրիր Ալենին, միջնորդեցիր, որ ընդունեն թատերախումբ, բարեխնամ կենտրոնում աշխատանք տան, թեկուզ՝ ցածր աշխատավարձով: Մտերմացաք… Դե, եղան պահեր, որ…  Բայց դա ոչինչ չի նշանակում: Նրան օգնելով՝ քո մարդկային պարտքն ես կատարել, նրան ինքդ ես հրավիրել քո տուն, գրկել ու համբուրվել՝ ինքդ ես ցանկացել: Շնորհակալություն քեզ, խորին շնորհակալություն և՝ բա՜յ… ծամոնի պես կպչելով սիրտը չես շահի: (Հուզվում, փլվում է բազմոցին:)  Ասելը հեշտ է… Դու սիրում ես նրան, աղջիկ, սիրում ես ու չես կարողանում ինքդ քեզ խոստովանել… (Մոտենում, ուղղում է տիկնիկին:)  Ասենք, թե խոստովանեցի, դրանից ի՞նչը փոխվեց… Դե ասա, խոսիր, դրանից ի՞նչը փոխվեց… լռում ես… Լռելը տղամարդու զրահն է…  Իսկ գուցե ինձ պետք էր հայուհու պե՞ս սիրել… Ի՞նչ իմանամ… (Վերցնում է պիեսը, ինքնաբերաբար թերթում:)  Ասում էր, որ հայրենիքում սիրել է մեկին… ի՞նչ էր անունը… Սյուզի… Սյուզան… Հա՝ Սյուզան: Հետո նրան երբեք չհիշեց: Մի անգամ հարցրի՝ չե՞ս զանգահարում: Ասաց, որ մոռացել է նրա գոյության մասին: Մի քիչ մեղավոր ասաց, երևի խիղճը տանջեց: Ես անմիջապես ներողություն խնդրեցի, իսկ ինքը ծիծաղեց՝ «Նա չկարողացավ ինձ իր մոտ պահել»:  Փաստորեն, հայուհին չի կարողացել իրենով անել, ես ինչպե՞ս հայուհու պես սիրեմ… Ինչ եմ ազգային պեղումներ սկսել: Բոլորս էլ մարդ ենք, հետո ինչ, որ տարբեր ազգեր ու սովորույթներ կան: Զգացմունքը՝  մեկն է, նույնը: «Նա չկարողացավ ինձ իր մոտ պահել»… Տես, է, իր մասին ինչ մեծ կարծիք ունի: Կանա՜յք պետք է նրան իրենց կողքին պահեն: Թե՞ հակառակը պիտի լինի… (Տիկնիկին:) Իսկ ո՞ւր մնաց  ասպետականությունը, պարոն… Քո հայրենիքում երևի այդպես է, կանայք են զոհողության գնում: Ահա, այս Նվարդը, թեև սենտիմենտալ է, բայց  և՛ուժ և կանացի թուլություն ունի: Ուժը միայն իրեն է պատում, իսկ Վարդանի մոտ մուրացիկ է: (Կարդում է:)  

     Մեր փողոցով է՛լ մի անցնի դու, սիրելիս,

     Էլ մի նայիր պատուհանիս,

     Ուրիշին եմ արդեն սիրում,

     Եվ ուրիշն է լուռ հետևում վարագույրիս:

     Մեր փողոցով զուր մի անցնի դու, սիրելիս,

     Մի ձևացրու, թե փնտրում ես քո բանալին,

     Մեկ ուրիշն է մեր փողոցով արդեն գալիս,

     Ու գտնում է կորցրածդ պատուհանիս:

     Մեր փողոցով, ախ, մի անցնի դու, սիրելիս,

     Թե իսկապես ինձ սիրում ես` էլ մի անցնի,

     Մի ստիպիր ինձ արտասվել քո ետևից,

     Չեմ սիրում քեզ… չեմ սիրում քեզ…

     չեմ սիրում քեզ…

     իմ միա՜կս, իմ սիրելիս…         

(Պիեսը կողմ է հրում:) Արդյո՞ք Ժոզեֆն ինձ համար միակն է, ինչպես Նվարդի համար՝ Վարդանը… Հը՛մ… համենայնդեպս, հիմա՝ միակն է: Ահա՜, բռնվեցիր, աղջիկ: Նվարդի համար Վարդանն իր միակ սերն է, իսկ քո համար, մադմուազել, Ժոզեֆը՝ միակ տղամարդը: Հասկացա՞ր տարբերությունը՝ քո և Նվարդի միջև: Իսկ ինչո՞ւ հենց՝ Նվարդի, նրանք հո բոլորը մի չե՞ն… Նվարդներ էլ կան, Սյուզաններ էլ, գուցե, նաև՝ Ջեննիներ… Բայց Նվարդը Ջեննի չէ, փխրուն է, լալկան… Ո՛ւֆ, դերասանի խառնվածք է, սկսեցիր դերդ քո արշինով չափել, այնինչ, հարկավոր է պարզել, թե որքանո՞վ են են խորացել Լորանսի հետ նրա հարաբերությունները: Լորանսը օձ է, կարողացավ Վերոնիկից Անդրեին խլել… (Կարճ դադար:) Հեչ պե՜տքս է… Սա իմ պարտությունը չէ, պարզապես, վիրավորական է, որ այդքանի մեջ հենց այդ վհուկն է նրան ինձնից խլում… Իսկ դու… Դու նրա համար աշնանային վերարկու ես գնել ու սպասում ես անձրևները սկսվեն, որ անակնկալ մատուցես՝ հագի՛ր, սիրելիս, քեզ շա՜տ կսազա… (Հուզվում է: Սթափվում:)  Ի՞նչ ես ողբերգություն սարքում, Ջեննի, հա՛, պարել են, գրկել է, հետո՞ ինչ, հետո՞ ինչ… (Հեռախոսը վերցնում, համար է հավաքում:)  Սոֆի՞, ես եմ, Ջեննին: Գիտեի՞ր, որ կզանգեմ… Դե լավ, քեզ հոգեբանի տեղ մի դիր, դա այդպես չէ, ինչպես ինքդ ես կարծում: Պարզապես, ուզում էի հարցնել, դա… այդ ամենը, որ պատմեցիր… շա՞տ էր ակնհայտ, թե՞… քեզ թվացել է… Սպասիր, սպասիր, ո՞վ հրավիրեց պարի, Ժոզե՞ֆը, թե՞ Լորանսն առաջարկեց… Դուք նույն սեղանի՞ն էիք… Լավ, Սոֆի, լավ… Շնորհակալ եմ, բա՛յ: (Մտազբաղ:)  Լորանսն է հրավիրել… Լորանսը… Կրծքաբաց, բարձիկներ դրած, որ իբր գրավիչ կրծքեր ունի… (Տիկնիկին:)  Պատկերացնում եմ, թե ի՜նչ հիասթափություն ես ապրելու, երբ մերկացնես ու տեսնես, որ բշտիկներ են… Ախր, մեղք ես, ինչո՞ւ ես թողնում, որ քեզ հետ սեր խաղան, բանեցնեն քեզ… (Դռան զանգ: Ցատկում է:) Ժոզեֆն է… մեղքերի թողության է եկել… (Շտապում է դուրս, միջանցքից լսվում է նրա ձայնը՝ «Շնորհակալություն, պարոն, հիմա փողը կբերեմ»: Մտնում է, պիցցայի տուփը դնում սեղանին, ետ է գնում, վերադառնում դրամապանակը պայուսակի մեջ տեղավորելով:) Մոռացել էի, որ նախաճաշ եմ պատվիրել: Ուֆ, ուտելու ցանկություն էլ չկա… (Մի կողմ է հրում տուփը, պայուսակից փոքր հայելի, պարագաներ հանելով շպարվում է:) Աստված իմ, երբեք մտքովս չէր անցնի, որ կսիրահարվեմ: Ինքն է մեղավորը: Հա, հենց ինքը՝ իր ասիական զգացմունքայնությամբ: Բոլորովին նման չէր իմ ճանաչած և ոչ մի տղամարդու: Չէ, ճիշտ չձևակերպեցի: Բոլորովին նման չէ մյուս տղամարդկանց… Չէ սա էլ չի… Մտածիր Ջեննի, գտիր, թե ինչո՞վ նա քեզ գերեց… Եթե գտար, կիմանաս՝ ինչպես պայքարես, զսպես զգացմունքներդ: Սպասիր, սպասիր… Բեր Նվարդին դիմենք: Նա անցել է այդ ճանապարհը: (Պիեսը վերցնում, թերթում, գտնում է հատվածը:)  Ահա: «Գնա, Վարդան, գնա…» (քմծիծաղում է:) Ճիշտ ինձ պես…«…գնա, բայց, եթե փոշմանես, իմացիր, որ ետդարձի ճանապարհ չունես, ես քեզ չեմ ների, երեխան էլ չի ների այն տառապանքի համար, որը մեզ տվեցիր… Կդիմանանք: Երեխան կօգնի ինձ, որ դիմանամ…»: (Ծաղրալից՝ առլեկինին:) Ի՞նչ խորհուրդ կտաս, պարոն,  քեզնից երեխա՞ ունենամ… «Նա կասի, որ իր հայրը չի վերադարձել պատերազմից: Նրան կխղճան, բայց ապօրինածին չեն ասի: Այսուհետ դու ինձ համար միֆ ես, իմ կողմից հնարված առասպել: Այդպես ինձ համար հեշտ կլինի»… (Պիեսը կողմ է դնում:)   Միֆ… միֆ… (Պիեսին դիմելով:) Քեզ համար հեշտ է այդպես մտածելը, կգնա ու էլ չեք հանդիպի: Իսկ ե՞ս ինչպես վարվեմ, երբ ամեն օր այդ միֆն իմ կողքին է և դեռ դառնալու է իմ Վարդանը… Գուցե նույնիսկ՝ Ռոմեոն, Տրիստանը: Նրանցից ո՞րն է նա… Ոչ մեկը: (Ինքնահեգնանքով:)  «Ժոզեֆ և Ջեննի»: Վատ վերնագիր չի դրամայի համար, մնում է դրամատուրգին  գտնել, որ մեր սիրավեպը գրի… Եվ դա կլինի աշխարհի միակ պիեսը, որը նախ բեմադրվել է և հետո է գրվել… Ի՞նչ օգուտ: (Շարունակում է շպարվելը:)  Բայց նրան մոռանալը քո համար հեշտ չի լինի,  Ջեննի, կուզես միֆ դարձրու, կուզես՝ ուրվական… Գոնե կարողացիր արժանապատվորեն բաժանվել:  Սուտ բան է արժանապատվորեն բաժանվելը, եթե դու ես լքվածը… Իսկ ի՞նչ բան է այդ արժանապատվորենը: Քիթդ վեր ցցած բաժանվել ու նրա մասին այլևս չմտածե՞լն է… Հեշտ է ասելը: Նրա մեջ, ախր, մի ուրիշ լիրիկա, մի ուրիշ պոեզիա կա… մի դուրեկան կոպիտ կիրք, վայրենի կիրք… Նա քեզ սովորեցրեց և ստիպեց, որ իր կողքին հայուհի լինես, շրջապատում, որտեղ էլ որ լինեք, միշտ զգաս, որ կողքիդ տղամարդ կա և նա է իրադրության տերը: Որ եթե վիճում եք՝ վերջին խոսքն ու վճիռն իրենն է: Որ նա միշտ տեղյակ պետք է լինի, թե որտե՞ղ էիր և ո՞ւմ հետ: Որ նա է քո արքան, սուլթանը, կայսրը: Քո հուսալի պաշտպանն է՝ եթե հնազանդ ես, դահիճը՝ եթե դավաճան… Տեր Աստված, այդ ամենը սկզբում ինձ վայրենի բարքեր թվացին, իսկ հետո՝  խաղ էր, թատրոն, և ինքս էլ չզգացի, թե ինչպես հնազանդորեն վերափոխվեցի, մտա կերպարի մեջ և նույնիսկ հաճելի էր այդպիսին լինելը… Դա, երևի, իրեն էլ էր զարմացրել, որ  մի օր հարցրեց՝  քո նախնիների մեջ հայեր չե՞ն եղել: Ասացի՝ չեն եղել, բայց ինձնից ծնվածների մեջ կլինեն… Ուրախացավ, հուզվեց… Տղամարդն է՞լ այդքան զգացմունքային լինի: Իր երկիրը, լեռը այնպես է կարոտում, ինչպես երեխան՝ մորը: Ջերմում էր: Ասացի՝ Գնանք բժշկի: Թախծոտ ժպտաց,  համաձայնեց, նստեց իմ մեքենայի ղեկին ու տարավ հայկական սրճարան: Թե դրա ի՞նչն էր հայկական: Տերն էր հայ: Իրենց լեզվով ինչ-որ բան խոսեցին, ապա կանխավ վճարեց ու այնպիսի տեսք ընդունեց, կարծես մի մեծ, շա՜տ նշանավոր իրադարձություն է լինելու: Լսվեց մելամաղձոտ երաժշտություն: Ձեռքս առավ ափերի մեջ ու հազիվ լսելի շշնջաց՝ Դուդուկ է… Նայեցի նրան, աչքերն արցունքոտվել էին: Ինձ հարցնում է՝ կապրե՞ս Հայաստանում:  Չպատասխանեցի, բայց իմ տեսքից, երևի, գուշակել էր, թե  ինչ եմ մտածում: Ժոզեֆ, սիրելիս,- ասում էի մտքումս,- դու քո հայրենիքը թողել, եկել ես, ինձ հարցնում ես՝ կապրե՞ս Հայաստանում… Էհ, Ջեննի, Ջեննի, դու էլ պակաս զգացմունքայինը չես: Լսեցի դուդուկը, փորձեցի դրա ելևեջներում, ծանոթ մի բան պեղել ու հանկարծ, անկախ ինձնից, խոր թախիծ պատեց ինձ, դուդուկի թախիծը…  Նա զգաց դա և ասաց՝ Շնորհակալություն: (Դադար): Ահա, այսպիսին է քո Ժիռա՛յռ-Ժոզեֆը, սիրելիս … Ի՞մ, թե՞ Լորանսի Ժոզեֆը… (Տիկնիկին:) Քո հետ եմ, ի՞մն ես, թե՞ Լորանսի, վայրենի արարա՜ծ… հրե՜շ… (Արցունքոտվում է, ափի կողով, անփույթ, սրբում  աչքերն ու ներկը լղոզում դեմքին) Ինչո՞ւ եկար, քեզ ո՞վ խնդրեց գաս ու խցկվես իմ կյանքի մեջ, հեղափոխես ինձ… Մավրը կատարեց իր գործը և կարող է հեռանա՞լ… (Տենդորեն վերցնում է հեռախոսը, միացնում  «Ֆլամենգո», առաջին իսկ հնչուններից կրքոտ մենապարելով դուրս է գնում, անմիջապես վերադառնում՝ աշնանային վերարկուն գրկած, որը մեկ շալ է դարձնում, մեկ՝ թիկնոց, մեկ պարընկեր, պարում է ի ցույց տիկնիկի, ապա թիկնոցը գցում  նրա ուսերին:) Հագի՜ր, սիրելիս, քեզ շա՜տ կսազա… (Նրան պարընկեր դարձնելով՝ պարում է խելահեղ, կրքոտ, խանդոտ, տիրական:)  

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

ժԻՐԱՅՐ

ԺԻՐԱՅՐ — (գրավիչ տղամարդ է, 25 տարեկան: Բազկաթոռին նստած, ոտքերը՝ սեղանիկին, պիեսը կարդալով՝ դերն է պարապում, երբեմն, կում անում վիսկիի բաժակից):  «Ինձ համար էլ հեշտ չի, Նվարդ, հավատա, որ հեշտ չի: Բայց ուրիշ հնար չկա… Ի՞նչ սիրահարվել, հո դու գիժ չե՞ս… Ես չեմ լքում ո՛չ քեզ, ոչ էլ հայրենիքը: Ինձ բուժվել է պետք: Մեր երկրում հնարավոր չէ, ստիպված եմ… Ախր, ո՞ւր գաս, այն էլ՝ հղի վիճակում: Ոչ մի դեպքում… Հա՛, ասել եմ… ասացի և հիմա էլ եմ ասում՝ երկարատև է լինելու, որը չգիտեմ, թե ինչով կավարտվի՝ կվերադառնա՞մ, թե՞ ետ կբերեն… Տրամադրվիր ամենավատթարին… Պարզ չե՞մ ասում»… (Հորանջում է, թղթերը սեղանին գցում:)   Ռաբիս պիես է: Հրաժարվել չարժեր, հազարից մեկ՝ գլխավոր դեր են տվել: (Հեռախոսով համար է հավաքում:)  Մա՞մ… մամ ջան, ո՞նց ես: Ուղարկածս դեղերը խմեցի՞ր… Փոփոխություն զգո՞ւմ եսՔիչ էլ համբերիր, քաղաքացիությունս ստանամ,  քեզ կկանչեմ: Այստեղ լավ կլինիկաներ կան:  Ես, իհարկե, կարող եմ գալ, կեցության իրավունքն ստացա, երկրից կարճ ժանակով կարող եմ բացակայել, բայց հիմա ծանրաբեռնված եմ… Ի՞նչ փոխարինող, մամ, ես հո Կոմեդի ֆրանսեզո՞ւմ չեմ աշխատում, որ դերակատարը փոխարինող ունենա, բարեգործական կենտրոնի թատերախումբ է,  քեզ ասել եմ այդ մասին: Սուսանի՞ն… զանգեմ՝  ի՞նչ ասեմ… Էլի՞ այցելեց… քեզ խնամո՞ւմ է… Ինչքա՞ն ես վճարում, ես կուղարկեմ նրա փողը… Մամ ջան, կներես, այստեղի վրա գնացի… հըմ… Բան չունեմ ասելու՝ համակրել ենք,  գուցեև՝ սիրահարված էինք, բայց… տարածությունը, ժամանակը… մի խոսքով… Այդ ինչե՞ր ես ասում, չկա այդպիսի տարածություն ու ժամանակ, որ ես քեզ… Մամ, դու նրա հետ մի համեմատվիր… լավ, համաձայն եմ, ուղղում եմ սխալս՝ քո նկատմամբ իմ սերը նրա սիրո հետ մի համեմատիր, մանավանդ,  չգիտեմ էլ՝  դա սե՞ր է եղել, թե՞ հրապուրանք… Իհարկե,  քեզ կարոտում եմ, Երևանն էլ, Արարատն էլ, հայրենիքն էլ… Էլի՞ Սուսան: Ախր… համամիտ եմ, նա շատ լավ աղջիկ է, լավ կին կլինի, համոզված եմ, բայց… բայց  ո՞նց ասեմ… նա լավ կին կարող է լինել միայն Հայաստանում ապրող ամուսնու համար՝ մեր բարքերով, մեր կենցաղով: Այստեղ լիովին ուրիշ է, գլխիվայր: Արդեն քանի՜ տարի այստեղ եմ, բայց էլի վրայիցս հայի հոտ են առնում… Դե, չէ՛, չէ՛, ասածս ուղղակիորեն մի հասկանա, մի վիրավորվիր: Ուզում եմ ասել, որ այսքան ժամանակ, երբ այստեղ եմ, տիրապետում եմ լեզվին, ընդունել եմ բարքերը և նույնիսկ ինձ  գլխավոր դեր են վստահել, բայց դեռ օտար եմ նրանց համար, հասկանո՞ւմ ես… Բացի դա, մամ, մա՛մ ջան, ես արվեստագետ եմ, դերասան… (Վհատված:) Անջատեց… բարկացավ…  Սա էլ՝ ջոկ: Լավ, հնարավոր չի՞ առանց նյարդայնանալու ապրել, առանց պրոբլեմներ ստեղծելու… (Անհանգիստ քայլում է, Արարատի նկարի մոտ կանգնում, կարոտով նայում, արտասանում:)

Ես անջատված եմ հայրենի հողից,

Հայրենի տունս՝ իմ սրտին օտար.

Ինձ այրում է միշտ մի անհագ թախիծ,

-Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ…

Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,

Մագլցում վերև և թավալվում ցած,

Զմրուխտե ջրեր, ձեզ ո՞վ վրդովեց,

Հայրենական տուն, հավետ մոռացված…

Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ,

Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,

Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.

Հավիտյան օտար, հայրենակա՛ն տո՜ւն… Լավ է գրել Տերյանը: (Կարճ դադար:) Բա՞, Արարատ ջան, հեչ մտքովդ կանցնե՞ր, որ քո և զավակներիդ միջև սահման է լինելու ու նրանց մեջ էլ՝ աշխարհի բոլոր սահմանները: Որ հարազատներն իրենց կարոտն առնելու են ամսական հարյուր եվրո տալ-առնելով… (Նկարը հանում է պատից, ափով սրբում շրջանակը, հենում վիսկիի շշին, նստում դիմացը:) Մորս չեմ ասել, բայց քեզ կասեմ: Դու քար ես, կդիմանաս: Արի, ասում է, Սուսանի հետ զագսավորվիր, հետդ տար… Հեշտ է ասելը: Գա՝ ի՞նչ անի, ինձ պես, ծերանոցում, տակդիրնե՞ր փոխի: Աստված չանի իմանան, որ պառաված ֆրանսուհիների, հոլանդուհիների, նույնիսկ հարավաֆրիկացի օրիորդ Աշիրայի տակդիրն եմ փոխում ու դիմանում նրանց փնթփնթոցին՝ ինչո՞ւ ուշացաք, ինչո՞ւ մատներդ սառն են… Էս գործն էլ մի կերպ վստահեցին՝ իմանալով դերասան լինելս, պայմանով, որ իրենց թատերախմբում բարեգործաբար խաղամ: Նոր էի աշխատանքի անցել, ու չգիտեի էլ՝ հավաքարա՞ր եմ, ծերերին խնամո՞ղ, բեմի բանվո՞ր, թե՞ հոծախմբի դերասան: Ամեն ինչ էի՝ Ժոզեֆ տար, Ժոզեֆ բեր… (Հեռախոսին:)  Մտքովդ կանցնե՞ր, որ քո տղան՝ Ժիրայրը, Ժոզեֆ է դառնալու…  Երբ Ժոզեֆ էին կանչում, կարծում էի ուրիշի հետ են, չէի վարժվում, որ այլևս Ժիրայրը չեմ՝ Երևանի պետական թատրոնի խոստումնալից, երիտասարդ դերասան Ժիրայր Ասրյանը: Լսած կա՞ք, որ Հայաստանում Միշելին Միքայել ասեն, Իվանին՝ Հովհաննես, կամ Ջորջին՝ Գևորգ… Այստեղ իրենց արշինով են չափում: Առաջին հանդիպման ժամանակ Ալենն ինձ մանրամասն հարցուփորձ արեց Հայաստանի մասին, ապա  դիմեց Պատրկին՝ «Պատկերացնո՞ւմ ես, նրանց երկրում երեք միլիոն հայ է ապրում, իսկ վեց միլիոնը ցրված են  տարբեր երկրներում, ճիշտ՝ իր պես: Ասում է՝ հնագույն  քաղաքակրթություն  ունենք, բայց, պարզվում է, որ նրանց տաղանդավոր գրողների գրքերը լույս են տեսնում ընդամենը 300 տպաքանակով… պատկերացնո՞ւմ ես»: Սևամորթը քմծիծաղեց՝ «Պատկերացնում եմ, երկու օր առաջ, ճիշտ այդքան այցեքարտ պատվիրեցի»… Հազիվ ինձ զսպեցի, որ չկարմրացնեմ նրա սև մռութը: Վիրավորանքից շնչահեղձ էի լինում… Սուսան ջան, կդիմանա՞ս  նվաստացումներին… Ավելի վատթար վիճակներ եղան, որ մարդ ամաչում է նույնիսկ ինքն իրեն խոստովանի: Իհարկե, նրանք վատ մարդիկ չեն, պարզապես, մտքներով չի անցնում, որ իրենց խոսքը կամ վերաբերմունքը օտարի համար կարող է վիրավորական լինել: Նրանց  հասկանալու համար ժամանակ ու ամուր նյարդեր են պետք… Ամեն մեկն իր գործի տերն է, ոչ ավել, ոչ պակաս… Կնստեն մթության մեջ, ինչ է, թե լամպ փոխելը տնտեսվարի գործն է, կսպասեն, որ նա գա, փոխի:  Լվացարանի պնդоղակը խափանվել էր, նոր պնդօղակ ու գործիք գնեցի, որ նորոգեմ:  Ջեննին քիչ էր մնում հիստերիայի մեջ ընկնի՝ ինչո՞ւ ես ծախս արե՜լ, ո՞նց ես փոխելո՜ւ, դու ծորակի մասնագետ չե՜ս… Տնտեսվար կոչեցյալն էլ՝ մյուս կողմից. «Պարոն, սա իմ գործն է, եթե ծորակը փչացնեիք, ո՞վ էր պատասխանը տալու»… (Նկարը խնամքով տեղն է կախում:)  Դու մերոնց, Արարատ ջան, հասկացրու, որ իրենք ջուրը գրաֆիկով ունենալու աշխարհից են: Ծնողական ժողովի, կոմունալ բաժնում հերթ կանգնելու, Վարդանի ու Նվարդի աշխարհից: Ճիշտ է, էդ աշխարհն իմ հայրենիքն է, բայց… Էլ ի՞նչ՝ բայց, չլինի՞ ես էլ … Չէ, Աստված չանի: Երկրիցդ օտարացար՝ ուրացող ես: Իսկ Սուսանի՞ց… Սուսանը… Մեկ օր չտեսնեի, օդը չէր հերիքում: Ասաց՝ փախչում ես, գնաս՝ ինձ մոռանալու ես: Իսկ ես համոզված էի, որ մարդավայել կյանքի համար եմ գալիս: Կգնամ, մտածում էի, կտեղավորվեմ, կվաստակեմ այնքան, որ իրեն ու մորս էլ տեղափոխեմ ու դառը հուշ կդառնան պատերազմն էլ, խանութում ապառիկների ցուցակն էլ, միտինգներն էլ, թատրոնում տիրող ֆավորիտությունն էլ… Միամի՜տ երազող՝ Դոն Կիխոտից էլ վատթար: (Դադար:)  Լավ, զեղումների ժամանակը չի, դերս մնաց: (Նստում, բաժակից կում է անում, թերթում է պիեսը:) Որտե՞ղ էր մոնոլոգը… Ալենն ասում է Վարդանի ողբերգությունն ու ներքին կոնֆլիկտը մենախոսության մեջ է, պետք է հավաստի երանգներ փնտրել: (Կարդում է:)  « Չկարողացա համոզել: Նվարդը զգաց, որ ինչ որ բան թաքցնում եմ… Ահավոր է, երբ քո սիրած մարդուն տառապանք ես պատճառում, այն էլ՝ գիտակցաբար: Ես գիտեի, չէ՞, որ նա ողբերգություն է ապրելու… Գիտեի, բայց ուրիշ հնար կա՞ր: Գուցե կար, ես շտապեցի… հաշվի չառա, որ նա հղի է ու հիմա երկուսին էլ տառապանք եմ պատճառում… Տեր Աստված, ներիր իմ մեղքը:  Հանուն նրանց ես պատրաստ էի զոհվել, բայց ճակատագիրն ավելի դաժան վարվեց, ետ եկա… «Մի ուրիշ Վարդան ետ եկավ»: Ճիշտ է ասում, մի ուրիշ Վարդան, որ ծանր վիրահատությունից հետո այլևս ունակ չէ կողակից լինել… Բժիշկն ասում՝ հնարավոր է ապաքինվելը, դեպքեր եղել են, երկարատև բուժում է պետք, արտասահման մեկնիր, գուցե բուժվես… Գուցե:  Ի՞նչ անեի, Նվարդ, ասեի, որ այլևս ունակ չե՞մ… Երբե՛ք: Այդ ո՞ր տղամարդն է դա խոստովանում, այն էլ՝ մի քանի ամսվա ամուսնացածը:  Համոզված եմ, կմխիթարեիր, կասեիր, որ դա չէ գլխավորը, կասեիր, որ արդեն ունենք մեր սիրո պտուղը, գնա՛, կասեիր, գնա՛ բուժվիր, կսպասեմ: Իսկ եթե բուժումն արդյունք չտա՞… էգոիստաբար քեզ ինձ մո՞տ պահեմ: Ես իրավունք ունե՞մ դատապարտել քեզ այդպիսի կյանքի: Նվա՜րդ, սիրելի Նվարդ, միակս,  ինքնազոհության կգնայիր, բայց երկա՞ր կտևեր դա… Դու երիտասարդ ես, սիրով, կրքով լի… Մի օր, երկու օր, մի տարի, երկու տարի… Հետո՞… Իսկ ես՝ միշտ տագնապի ու կասկածների մե՞ջ… Միակ ճիշտ քայլը, որ ես կարող եմ անել, թողնել ու հեռանալն է, անհայտանալը՝ թեկուզ նախատինք կրելով…»: (Ընդհատում է ընթերցելը, խորհում կարդացածի մասին:)  Տրամաբանական է, բայց մի բան, շատ կարևոր բան պակասում է… Ի՞նչը: Չի համոզում… Չի համոզում, հնարովի է, հեղինակի հնարանք: Հեղինակին հանդիպելը չէր խանգարի: Գնամ, զրուցեմ հետը, գուցե մի բան հուշի: Ալենն ասում է՝ մեր շահառուներից է, քսան տարի առաջ է գաղթել, աշխատել տպագրատանը, տպած գրքեր ունի: Միջակ գրող է: Դիմել է հոգաբարձուների խորհրդին, խնդրել, որ իր պիեսը բեմադրեն: Սրանք էլ համաձայնել են՝ զուտ գովազդի համար, որ ծերանոցի համար մեկենասներ գրավեն: (Պիեսին:) Հը՞, հարգելի հայ գրող, երկիրդ թողեցիր, եկար, որ այստե՞ղ կայանաս, նվաճե՞ս Պառնասը… բայց մնացիր  քարքարոտ ստորոտին ու ապաստանել ես խնամքի կենտրոնում: (Դառնությամբ:)  Դու իմ ապագան ես: Հաստատ: Ճակատագիրն է հուշում: Թե չէ՝ ինչո՞ւ պիտի հենց ինձ հասներ քո պիեսը՝ երկիրը լքողի դերով: (Ինքնաբերաբար վերցնում է թիկնակին գցած փողկապը, փորձում է կապել, չի ստացվում:)  Ոչ մի կերպ չսովորեցի պարանոցիս վրա կապելը: Սուսիկը լավ էր կապում … Ասում է՝   «Փոխվել ես, տղաս, մեծամտացել ես»: (Դարձյալ կապում, չի հավանում, արձակում, մի կողմ է գցում:)  Չեմ փոխվել, մամ, հարմարվել եմ… Չլիներ Ջեննին, ես հիմա բոմժի վիճակում էի,  կամ սատկել էի աղբանոցներից մեկում: Ես նրան շատ եմ պարտական: Հյուր էի: Գնալուս ժամն էր ու հորդ անձրև սկսվեց: «Սպասիր, տաքսի պատվիրեմ»,- ասաց: «Պետք չէ, ես նախապես պատվիրել եմ, երևի արդեն ինձ է սպասում»,- խաբեցի: Ամաչեցի ասել, որ փող չունեմ: Եվ ո՞ւր պիտի գնայի, գիտե՞ս… անօթևանների կացարան, որտեղ գրանցվել էի ու երեք օրից ավելի չէի կարող գիշերել: Կարգն է այդպես: Երեք գիշեր մնալուց հետո՝ մեկ այլ կացարանում էի գրանցվում: Դուրս եկա: Կծկված, պատերին քսվելով քայլում եմ, մեկ էլ՝ մի մեքենա կանգնեց: Ջեննին էր: «Նստիր: Ես պատուհանից տեսա, որ տաքսին չի եկել ու ոտքով ես գնում»: Նստեցի: Մրսելո՞ւց, թե՞ հուզվելուց, իսկ գուցե իմ խեղճ վիճակը գիտակցելուց՝ դողացնում էի: Առանց հասցես հարցնելու առաջ սլացավ: Նեղլիկ փողոցներով շրջադարձեր կատարեց ու դարձյալ իր տուն բերեց, հրեց լոգարան, դուռը ծերպելով հագուստներ տվեց, որոնք իմ չափսերից այնքան փոքր էին, որ ոչ թե հագա, այլ կապկպեցի ինձ: Ադյալ տվեց, տաք թեյ… Տարեդարձիս երկու տիկնիկ բերեց՝ Ժոզեֆ և Ջեննի: Այդպես էր անվանել: «Ջեննին՝ քեզ, Ժոզեֆն՝ ինձ: Երբ կողքիդ չեմ լինի, նրա հետ կզրուցես…»: Մտերմացանք: Հանդիպումները հաճախակի դարձան: Հանդիպելիս թեթևակի համբուրվում էինք, իբրև՝ ողջույնի նշան: Չզգացի էլ, որ այդ ողջույնը վերածվեց սիրած էակին հանդիպելու համբույրի: Ամեն օր մորս, Սուսանին զանգում էի, բայց դա էլ հազվադեպ դարձավ: Չզարմացան, չբողոքեցին: Մայրս միայն մեկ անգամ, նրբանկատորեն, մայրաբար ակնարկեց. «Երևում է շատ ես զբաղված տղաս, գոնե կարգին սնվո՞ւմ ես…»: Ասացի՝ հա, շատ եմ զբաղված, շա՜տ: Հո չէի՞ ասի, որ Ջեննին իմ ազատ ժամերի տիրուհին է դարձել: Ջեննին… Այնքան հայկական բան կա նրա մեջ, որ մի օր հարցրի՝ արդյո՞ք նրա նախնիների մեջ հայ չի եղել: Երեխայի պես քրքջաց  ու ասաց՝ չի եղել, բայց ինձնից ծնվածների մեջ կարող է լինի: Հետո լրջացավ՝ կուզեի՞ր լինի: Կուզեի,- անմիջապես արձագանքեցի ես: Հաջորդ օրը, հիշելով այդ մասին, ինքս ինձ հարցրի՝ իսկապե՞ս ուզում եմ… Եվ խուսափեցի պատասխանից, չցանկացա լրջորեն մտածել: Ինչո՞ւ… չգիտեմ: Բայց մի օր գալու է, չէ՞, այդ պահը, ի՞նչ եմ վճռելու… (Նայում է հեռախոսի ժամացույցին:)  Մեր խռովկանն ինչո՞ւ չի զանգում: (Տիկնիկին:) Ինչո՞ւ չես զանգում, խռովե՞լ ես, ուզում ես առաջինը ե՞ս զանգեմ: Գլխիս մի Նվարդ էլ դու ես դարձել… Խանդում ես՝ «Լորանսից աչքդ չէի՜ր կտրում»… Էլ ո՜նց կլիներ, ժպտալով եմ խոսել հետը: Մեկ մտածեցի՝ ամեն ինչ ասել, բայց իրականությունն  իմանաս՝  ավելի կկատաղես: Ասում ես՝ «Լորանսը քեզ կուլ է տալիս»: Միամի՜տ աղջիկ, մտքովդ չի էլ անցնում, որ հենց  քո խանդը բորբոքող Սոֆին է ուզում ինձ կուլ տալ և Լորանսն ընդամենը խայծ է: Ընկերուհիներդ դավ են նյութում քո դեմ, իսկ դո՞ւ…  Լորանսն է, որ արդեն երեք ամիս ինձ համոզում է թողնել քեզ ու Սոֆիի հետ ֆլիրտ անել՝  հայրը ձեռնարկատեր է, միլիոնատեր, իր ընկերությունում քեզ պաշտոն կտա… Գտել են՝ ում վրա ձթեն գիշերային ակումբներից տուն չգնացող թմրամոլ  օրիորդին: Հա, ճիշտ ես, իմացա, որ Լորանսը բարում է և անմիջապես գնացի: Հրավիրեցի պարի, որ մեր զրույցը լսող չլինի: Ասացի, որ քեզ հանգիստ թողնեն, վերջ տան կանացի  դավերին, որ եթե անգամ քեզ խելքից հանեն, գժտվես ինձ հետ, միևնույն է, Սոֆին ինձ դուր չի գալիս և անհնար է, որ ես նրա հետ ընկերություն անեմ, առավել ևս՝ ամուսնանամ:  Այս մասին քեզ չեմ ասել, չեմ ցանկացել, որ մեծ աղմուկ լինի: Լորանսն Ալենի զարմուհին է: Նա վրեժխնդիր կլինի: Էլի՞ սոցիալականի դռները թակեմ, աշխատանք փնտրեմ… (Շոյում է տիկնիկին:) Ոչինչ, փոքրիկս, դիմացիր, այս փորձությունն էլ կանցնի… (Նյարդային նստում, շփում է ճակատը:) Էս ինչ օրն ընկար, Ժիրայր, քեզ պե՞տք էր էս թատրոնը… Աշխարհի ամենադժվար դերն է, երբ ստիպված ես բոլորովին ուրիշ կերպարով ինքդ քեզ խաղալ: Սարսափելին այն է, որ էությանս մեջ փոքրոգի, հարմարվող մարդու գծեր եմ հայտնաբերում և հանուն ինչի՞… Հանուն թշվառ գոյությունս մարդավայել դարձնելու: (Դադար:)  Չկարողացա ոչ անցյալից կտրվել և ոչ հաստատվել ներկայի մեջ: Մաքառում ես հանուն ապագայի, ինքդ էլ չիմանալով, ինչպիսին է լինելու դա: Սովորեցիր քեզ անընդհատ արդարացնել, ինքդ քեզ խորամանկել, կորցրիր ինքնավստահությունդ: Ապրում ես այն կյանքով, որը բոլորովին քոնը չէ, հարմարվում ես ուրիշների սպասելիքներն արդարացնելու տագնապով… Ու վախենում ես, վախենում ես անգամ քեզ խոստովանել այդ մասին: (Դադար: Ոտքի է ելնում՝ քմծիծաղ տալով:) Ահա և այն հավաստի երանգները, պարոն դերասան, որոնք ուզում էիր գտնել Վարդանի կերպարում: Հեռու մի գնա, ինքդ քո կերպարը խաղա և կծափահարեն… Եվ հեղինակն էլ գոհ կմնա, չէ՞ որ ինքն  էլ է այդպիսին՝ փուչ պատվախնդրությամբ հարազատներից, սերերից բաժանվող  հայ տղամարդու եսասեր կերպար: Իսկ կանա՞յք… տե՛ս, որքա՜ն ներողամիտ է Նվարդը, սիրող կնոջ ի՜նչ մեծահոգություն ունի:  (Պիեսը թերթում, գտնում, կարդում է:)

«Սիրելիս, եթե հանկարծ

Հիշես ինձ, թեկուզ հարբած ժամի,

Եթե Աստված կամի, 

(թեկուզ հարբած),

Գտիր փողոցը քո մոռացած

Ու տուն արի:

Սիրելիս, շքամուտքը մեր հին,

Գիտես, նույնն է մնացել,

Մի քիչ բազրիքն է հնացել

Ու խամրել են մի քիչ

Վառ գույները նախկին,

Իսկ պատերի վրա

Ժիր տղերքը թաղի

Խոսքեր են ավելացրել

Քո բառերի կողքին:

Սիրելիս, եթե գաս,

Հանկարծ գաս

Ու տանը չլինեմ,

Ու դուռս լինի քո առջև փակ,

Դու գիտես, սիրելիս,

Չէ՞ որ դու գիտես,

Բանալին պահում եմ

Փալասի տակ»…

(Տիկնիկին:) Լսիր, զարմանալի չէ՞, որ հայ գրականության մեջ կանանց նկարագիրն ավելի հաստատակամ, լիարժեք է, քան տղամարդկանցը: Լավ, մի տանջվիր, դրա պատասխանը մեկն է՝ կյանքում էլ է այդպես: Այ, օրինակ, հայ տղամարդը կարող է կնոջից գաղտնի սեր ունենալ ու տարուբերվել երկուսի միջև, իսկ ամուսնացած կինը, եթե սիրեց մեկին, կգնա նրա հետ… Տղամարդիկ հարմարվող են, անվճռական: Ահա՝ ես, իմ պակասավոր էությամբ: Հա՛, հա՛, գոնե մի անգամ խոստովանելո՞ւ եմ, թե՞ չէ: (Խոսքի այլ երանգով, իբրև 2-րդ ԵՍ:) Դե, եթե հասել ես անկեղծության այդ աստիճանին՝ տղամարդավարի խոստովանիր, ո՞ւմ ես սիրում Սուսանի՞ն, թե՞ Ջեննիին… Դժվա՞ր հարց տվեցի, պարոն Ժիրայր Ասրյան: Կարող ես չպատասխանել, ես կասեմ քո փոխարեն: Ժիրայրը Սուսանին է սիրում, մորն է սիրում, հայրենիքն է սիրում, իսկ, ահա, Ժոզեֆը… Դե խոսիր, ինչո՞ւ ես լռում: Շարունակիր՝ իսկ Ժոզե՞ֆը… (Ի պատասխան:)  Չգիտեմ… Մի տանջեք, պարոն, իսկապես՝ չգիտեմ: Արվեստները Աստծուն և Սերը սոսկ խորհրդանիշներով են ներկայացնում, նրանք դեմք չունեն: Դրա համար էլ չենք ճանաչում նրանց, երբ նույնիսկ պարուրում են էությունդ: Ես… ես Ջեննիին էլ եմ սիրում: Գուցե աբսուրդ է, երկու Աստված չես կարող ունենալ, իսկ սե՞ր… Չգիտեմ, բայց Ջենիին էլ եմ սիրում: (2-րդ ԵՍ:)  Սիրո՞ւմ ես, թե՞ երախտագիտությունդ է ստիպել ներշնչել քեզ: Խոստովանի՛ր, Ժիրայր, խոստովանի՛ր: (Երկմտում է: Ընկճված:)  Եթե դրան հասանք, ապա… ես այնքա՜ն հեռացա ինձանից, որ հիմա, քահանայի փոխարեն ապաշխարում եմ առլեկինի առջև… (Տիկնիկին:)  Դու մի վիրավորվիր: Մի առլեկին էլ ես եմ: Մենք միասին ենք խաղում այս ներկայացումը, մե՛ր ներկայացումը: (Գրկում է տիկնիկին:) Իսկ այն դեռ ավարտված չէ, հեղինակը չի գտել հանգուցալուծումը և գուցե երրորդ գործողությունը գրի… (Մեղմ, աստիճանաբար բարձրանալով, հնչում է տանգո: Տիկնիկին գրկից բաց չթողնելով, ձեռքը մեկնում, վերցնում է հեռախոսը, համար հավաքում:)  Բարի լույս, սիրելիս… Մայրս էր զանգել, նրա հետ էի խոսում… Չի ապաքինվում, հիվանդությունն ավելի է խորացել: Երևի հարկ լինի մեկնել, նրա կողքին լինել…  Չէ, հիմա չէ, պրեմիերայից  հետո… Ի՞նչ իմանամ, թե որքան ժամանակով… Իսկ մինչ ա՞յդ… մինչ այդ… պարելու եմ, Ջեննի, պարելու եմ և միայն քեզ հետ… 

Տիկնիկի հետ պարում է՝ շարունակելով հեռախոսով խոսել:

 (Պիեսում բերված են Վահան Տերյանի և Սամվել Խալաթյանի բանաստեղծություններից):

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։