ԳԵՎՈՐԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ/ ԱՍՏՎԱԾՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
(Երկու մաս, 12 պատկեր)
Գործող անձինք
ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԿՐԱՍՈՍ
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԱՐՏԱՇԵՍ
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԹԻԿՆԱՊԱՀ
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — ՆԱԵՎ ԼՅՈՒԴԻԱ
ՀԵՂԻՆԱԿ — ՆԱԵՎ ԾԱՂՐԱԾՈՒ
ՉՈՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ՊԱԼԱՏԱԿԱՆ
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
ՎԵՑԵՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — ՆԱԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ
ՊԱՐՈՂ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՈՒ ՏՂԱՆԵՐԻ ԽՈՒՄԲ, ԾԱՌԱՆԵՐ ԵՎ ԱՅԼՆ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ
Աղբարկղ քաղաքի ծայրամասում, շուրջը թափթփած ավնաոդողերի մնացորդներ, ավտոմեքենայի մաշված պահեստամասեր: Ջարդված ու փշրված զանազան կենցաղային իրեր, լվացքի մեքենա և այլն: Դերասանները քաշքշելով բերում են հեղինակին:
ՀԵՂԻՆԱԿ — Թողեք ինձ, թողեք, ի՞նչ եք ուզում: Առանց պետական հոգացության լիարժեք մշակույթ չի կարող կայանալ: Անգամ շրջիկ թատրոն դառնալու հնարավորություն չունեք:
ԴԵՐԱՍԱՆ — Գրեք առանց հոնարարի: Մի՞թե ոգու սովը կլանեց ամենքին:
ՀԵՂԻՆԱԿ — Մի խղճուկ ներքնահարկի չկարողացաք տիրանալ: Չարչիների նախիրը ձեր ունեցած փոքրիկ նկուղից էլ վտարեց, իսկ պաշտոնական մարմինները չարչիների կողմն անցան և ոչ թատրոնի: Խաղացեք շոու, այսօրվա էժանաճաշակ պաշտոնյաներից, որ դրամ մուրաք: Էժանագին կրքեր ճամարտակեք, մերկապարանոց զգացումներ շամփրեք, նմանվեք մյուսներին: Այսօրվա բեմերը հեղեղված են էկզոտիկ ու էրոտիկ հաճույքների գովազդներով: Կրքերի թավայում թավալվող մարմնավաճառ կանանց հետ, փողատերերի պոռնկության բիզնեսի ցանկությունների արժեքները փայլեցրեք:
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — Ոչ, եթե դուք գրեք պատմական մի որևէ պատմություն…
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — Ես չեմ ուզում հնաոճ գեղագիտություն որոճանք, եթե հրաժարվում եք նորովի բան գրել, կխաղանք Ժան Պոլ Սարտր, Բեքեթ, Արթուր Ադամով…
ՀԵՂԻՆԱԿ — Բայց ազգապահպանման խնդիրն է մեր նորաստեղծ պետության առաջին
հարցը: Թողեք մշակույթի տեսությունից ցայտած հորինովի մարդուն…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Խաղանք Հռիփսիմե, Փառանձեմ, Գայանե, կամ նման մի բան…
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ — Հանպատրաստի՞… Երբեք: Ամեն տեսակ գարշահոտություն կարող եմ տանել ինքնագործունեությունից բացի… (Հեղինակին.) Եթե դուք մեր ազգային պատմությունից մի որևէ բան հորինեք, այստեղ փորձելուց հետո, կնետվենք մայրաքաղաքային բեմերը և…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ – (Հեղինակին): Խնդրում եմ, ընդառաջեք մեզ: Բոլոր ժամանակներում էլ թատերագիրներն են սեփական կերպարանքով թատրոն ստեղծել: Թող մեր խումբը կոչվի սովյալների թատրոն, իսկ դուք՝ սովյալ թատրոնի թատերագիր: Աղաչում եմ, գրեք այն սիրահար կնոջ դերը, որն անհունորեն սիրում է իր հավանած տղամարդուն:
ՀԵՂԻՆԱԿ — Դուք ինձ կաշառում եք, գեղեցկուհի…
ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ — Տվեք ինձ սիրելու հնարավորություն և ես ձեզ կսիրեմ այնպես, ինչպես Սառա Բեռնարն իր ծերուկ Հյուգոյին…
ՀԵՂԻՆԱԿ — Սերն Աստված է, նա կփրկի ամենքիս… Սկսում ենք խաղը: Դերասաններ,
աղբարկղը բերեք բեմի կենտրոն, այն գահի տեղ պիտի ծառայի, իսկ այս քրքրված ավտոդողերը կլինեն պալատական աթոռակներ… Խաղում ենք պարաբոլա, պրիտչա, տրագիկոմեդիա, կամ էլ առակ, միևնույնն է: (Դերասանին.) Դու Կրեսոսն ես… (Երկրորդ դերասանին.) Իսկ դու՝ Արտաշեսը: (Դերասանուհուն.) Դու Լյուդիան ես՝ թագուհին: (Երկրորդ դերասանին.) Դու՝ թիկնապահը: Մյուսներինն էլ ընթացքում մի դեր կճարվի: Դե հիմա գնացեք ու ձեր ճաշակով ձևափոխեք զգեստները, իսկ ես ինձ համար այստեղից մի հարմար փալաս կգտնեմ: (Բոլորը դուրս են գնում: Աղբարկղի միջից գտնում է մի տոպրակ, թիկնոցի նմանեցնելով գցում է ուսերին:)
ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, ՆԵՏՎՈՒՄ է ՆԱԽԱԲԵՄ
Կարծեմ իմ տեսքից իսկույն հասկացաք, որ ավանդական հին ծաղրածուի դերն առա վրաս… О, Տեր, ինձ օգնիր, որ խաղս ուրախ, կիրթ խոսքով հյուսեմ և ընդունելի մակարդակներով այն տանեմ առաջ… (Գլուխկոնծի է տալիս ու փռվում նախաբեմում:) Ինձ է վստահված այս ներկայացման շարժումը մանել և ես կաշխատեմ ճշմարիտ խոհեր ձեր հոգում ցանել, պատվովս եմ երդվում, ճշմարտության դեմ դավեր չեմ լարի: Բանասացի պես ձեզ հետ կխոսեմ պարզ, մարդավարի… (Ոտքի է կանգնում:)
Աշխարհում չկա որևէ արքա,
Որ աչք չտնկի իր հարևանի հողերի վրա,
աշխարհում թե կա, կամ էլ եղել է ու պիտի լինի
ազնիվ տիրակալ, գեթ մեկ եզակի,
նվաճողները բոլոր դարերի նման են իրար…
(Բացում է վարագույրը:)
Է՜հեյ, շեփորներ զարկեք,
ողջ արևելքը ոտնատակ տալով գալիս է հզոր Կրեսոսը,
Պարթևների ռազմատենչ ոգին ծաղրեց, ծանակեց,
նրանց անպարտելիության առասպելները հօդս ցնդեցրեց:
Մտավ Հայաստան և անհնազանդ հայերից շատերին գերեց,
իսկ երկչոտներին ստրուկ դարձրեց…
(Խորքից հանդարտ քայլերով առաջանում է
Լյուդիան: Ծաղրածուն ծնկի է իջնում նրա առջև:)
Չքնաղ թագուհի, հաղթանակներով վերադառնում է հզոր Կրեսոսը
ԼՅՈՒԴԻԱ
Հրամայում եմ,
արքա ամուսնուս մուտքը զարդարեք տոնական երգով,
պալատի բոլոր շքամուտքերին, աստիճաններին ծաղիկներ սփռեք,
գահը զարդարեք դափնեպսակով, անգին քարերով:
Աղբարկղի վրա փալասներ են փռում, որպես գորգեր: Հնչում է քայլերգային երաժշտություն: Գալիս է Կրեսոսը՝ թիկնապահներով: Թագուհին մոտենում է ու խոնարհաբար գլուխ տալիս: Կրեսոսը վերցնում է թագուհու ձեռքը, առաջ պարզած գնում է դեպի գահը:
ԿՐԵՍՈՍ
Ես միշտ սովոր եմ տուն վերադառնալ հաղթանակներով,
Լյուդիան պիտ դառնա ողջ արևելքի ահն ու սարսափը,
Իմ առջև ոչ միայն ծունկի պիտ իջնեն հարևաններս,
այլև հարևանիս հարևանները…
ԾԱՂՐԱԾՈՒ
(Պտտվելով Կրեսոսի շուրջը):
Արքան տիրում է երկիրը,
Գերուն դարձնում ջրկիր,
Աշխարհի հետ կատակում,
Ոսկի, գանձեր կուտակում:
Արքան ունի նպատակ
Անվանում է այն կատակ,
Համայն աշխարհը տիրել
Բոլոր, բոլորին գերել…
ԿՐԵՍՈՍ
Իսկ այժմ բերեք գերիներին,
Թող թագուհին տեսնի լյուդիական բանակի փառքն անպարտելի…
Բերում են շղթայակապ գերիների, որոնք դանդաղ քայլերով շարժվում են դեպի հանդիպակած կողմը: Քանդակագործ Արտաշեսը գերիների խմբից մի քայլ առաջ է գալիս:
ԱՐՏԱՇԵՍ
Տիրուհի, մեծահոգի եղեք, հրամայեք սպանեն ինձ:
ԼՅՈՒԴԻԱ
Ահա թե ինչ… Մահդ ուզում ես փառքով զարդարել,
Թագուհուց ստանալ մահավճիռը:
ԿՐԵՍՈՍ
Թշնամիներիս նվաստացած տեսնելն ինձ հաճույք է պատճառում, բայց չեմ կարող չգնահատել վեհանձնությունդ, զինվոր:
ԼՅՈՒԴԻԱ
Մարտադաշտում ունեիր այդ հնարավորությունը:
ԱՐՏԱՇԵՍ
Մարտնչում էի, չէի հավատում…
ԹԱԳՈՒՀԻ
Փոխարեն ցանկանում ես աննշան մահդ զարդարե՞լ…
ԱՐՏԱՇԵՍ
Ատում եմ պատերազմներն ու նրանց հորինողներին,
ես բերդեր ու տաճարներ կառուցող եմ, շինարար, քանդակագործ,
Տաճարներս դարձրել եմ վեհաշուք իմ ստեղծած արձաններով…
ԾԱՂՐԱԾՈՒ
Արքա, եղեք բարեպաշտ, այս Հայաստանցին
թող իր հորինած խաղին զոհ դառնա,
հենց այս վայրկյանին թող գնա կերտի
թագուհու և քո արձանը,
Եթե այն պատիվ ունեցավ համեմատվելու
բնական ձեր կերտվածքի հետ, այնժամ…
ԿՐԱՍՈՍ
Հրաշալի միտք, ծաղրածու: (Արտաշեսին.)
Ես կպարգևեմ քո մահը, զինվոր, բայց մի պայմանով,
Թե կարողանաս իմ և թագուհու արձանը կերտել,
Իմ փառքին արժան, թագուհու գեղեցկությանն արժանավայել…
ԼՅՈՒԴԻԱ
Ճշմարիտ է Կրեսոսը:
ԿՐԵՍՈՍ
Այն պետք է լինի երաժշտության պես զուլալ, թափանցիկ…
ԱՐՏԱՇԵՍ
Երաժշտությունից հեռու էակը զուրկ է կարոտից
ու նմանվում է անթև թռչունի,
որը զրկված է ճախրելու ունակությունից…
Պատրաստ եմ, արքա:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ինչքան հանճար ու իմաստուն
Այս աշխարհից լուռ հեռացան,
Ինչքան ուսյալ, կոչյալ գիտուն
Տիրակալին ծառա դարձան…
ԱՐՏԱՇԵՍ
Իմաստության լուծը
արնոտում է տառապյալների պարանոցը…
ԿՐԱՍՈՍ
Քո խաղը, զինվոր, կպարգևի քեզ ողբագին ավարտ,
իսկ ինձ զվարճանք, հեշտագին ծիծաղ…
Տանե՛լ:
(Արտաշեսին տանում են:)
ԾԱՂՐԱԾՈՒ
Ակնթարթ է կյանքը մի,
Մենք խեղկատակ ու չնչին,
Որոնում ենք ո՞ւմ, ի՞նչը,
Հավերժական ոչինչը:
Որոնում ենք ու փնտրում,
Թեև ոչինչ չենք գտնում,
Խաղ է աշխարհը համայն,
Ողջն անցողիկ է, ունայն: (Գնում է:)
ԹԱԳՈՒՀԻ
Կրեսոս, կարոտել եմ քեզ, ամուր ինձ գրկիր…
(Գրկախառնվում են:)
ԿՐԵՍՈՍ
Հետաքրքիր է, այս աշխարհի համար
տառապող առաջին սիրահարներն
իրար ի՞նչ են ասել:
Ուզում եմ քեզ ասել այդ բառերը,
գրկել մարմինդ, անվերջ հմայվել,
կոնքերիդ պարը, հևքն իրանիդ
հայացքիս խեժով ներծծել իմ մեջ…
Ծառանե՛ր, գինի՛…
(Պալատականը սափորով զույգ գավաթի հետ գինի է բերում ու հեռանում:)
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, ուզում եմ հարբել, լցրու գավաթս:
(Կրեսոսը լցնում է գավաթը, Լյուդիան խմում է, ապա վրայի զգեստները հանում, դեն նետում ու սկսում խենթացած պարել:)
ԿՐԵՍՈՍ
(Լյուդիայով հիացած):
Օհ աստվածներ, ամեն անգամ տեսնելով այս գեղեցկությունը,
Հպարտանում եմ, որ ձեռքերն արծաթափետուր,
մեջքը երգեցիկ, մոմե իրանը, ձայնը դյութական,
այն բոլորը, որոնք կնոջը ընտրյալ են դարձնում, իմն են…
Երբեմն համակ այս գեղեցկությունն ուզում եմ ցույց տալ,
ցուցադրել ամբողջ աշխարհին, որ տերը ես եմ…
Լյուդիան պարը վերջացնելով, նետվում է դեպի Կրեսոսը, կրքոտ համբուրվում է, ապա վերցնում զգեստներն ու դուրս փախչում: Կրեսոսը հիացած նայում է նրա ետևից:
ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Արտաշեսը փոքրիկ սենյակում շրջապատված է կանացի գեղեցիկ արձաններով: Խոսում է արձանների հետ:
ԱՐՏԱՇԵՍ
Լյուդիա, երկնային պատիժ, այս ի՞նչ արեցիր,
մի՞թե ինձ մնաց կորցրած օրերիս հուշը որոնել –
ու ընդմիշտ տանջվել ստրկության մեջ, մահս գտնել,
իսկ աստվածների խիղճն ո՞ւր էր կորել,
չպարգևեցին պատվավոր մի մահ,
ինչո՞ւ չխոցվեցի մարտադաշտում, ինչո՞ւ,
որպեսզի հոգիս կերակուր դառնա անարժաններին…
Ամեն գիշեր երազներիս մեջ
ճախրում եմ հողն իմ Արարատյան,
Երկրիս հարազատ հիշատակներին կարոտով փարվում…
Հայտնվում է հոր ուրվականը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Տարաբախտ, որդիս,
արյունս է ցավում քո մարմնի մեջ,
այդ ի՞նչ ես անում,
հայրենիք ունեն անգամ աստղերը,
սնկերն են բսնում ցանկացած վայրում,
ցանկացած գույնով ու զգեստներով:
Լքիր ամեն ինչ ու վերադարձիր հողդ հայրենի,
Հայոց հինավուրց աստվածները քեզ օրհնանք կմաղթեն,
օտարի սերը որոգայթ է մի, նիհրդ փայփայող,
վայելքներն իրավունք չունեն ցանկապատելու հոգուդ աչքերը…
ԱՐՏԱՇԵՍ
Ծննդիս համար երախտապարտ եմ Արարատյան կապույտ Երկնքին…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Իսկ քո հինավուրց ծագումը Հայկյան ու հողիդ ձայնին ինչո՞ւ չես լսում:
Իշխող ազգերը միշտ ցանկանում են
Փոքր ազգերի ամենաընտիր զավակին տանել,
կրկնակի վարձով իրենցը դարձնել…
ԱՐՏԱՇԵՍ
Հայր, մի պահ հանգիստ թող,
Լյուդիայի սերը բանտել է հոգիս,
կապված շան նման հաչում եմ շուրջս,
տենչում եմ կրծել կապերը հոգուս:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Բանական մարդն իր զգացումից
պիտ կարողանա միշտ վերև կանգնել,
ոչ թե կրքերին խաղալիք դառնալ:
Տղամարդու մեջ կինը փնտրում է
առաջին հերթին իր գալիք փառքը,
իսկ դու Լուդիայի ծառան ես միայն,
եթե հարկ լինի խաղալիքի պես նա քեզ կլարի,
որպեսզի նայի քո շարժումներին ու լոկ քրքջա,
կինը լավ գիտե իր սարքած խաղի
ողջ սահմաններն ուր են վերջանում:
ԱՐՏԱՇԵՍ
Մեռնեմ երկնքիդ, հողիդ ու ջրիդ, իմ սուրբ Հայաստան,
Արցունքն աչքերիս աղաչում եմ, ինձ ներող լինես,
հենց որ մի ոտքս երկարում եմ քեզ,
դավաճանում է մյուս ոտքս ինձ,
Լյուդիան կանացի իր թովչանքներով կանգնում է ճամփիս…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Լյուդիան պատկանում է արյունարբու Կրեսոսին,
հանգիստ մահվանդ ես ընդառաջ գնում,
մոռացիր նրան դժբախտ հողածին
ու ամբողջովին քո տերը դարձիր,
Լյուդիայի սերը հոգուցդ հանիր, անաղմուկ թաղիր,
Կրեսոսը քանի այդ չի իմացել:
ԱՐՏԱՇԵՍ
Եթե հարկ լինի ես միշտ պատրաստ եմ
չքնաղ Լյուդիայի համար մեռնել…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ահա քո ցեղի անբուժելի հիվանդությունը,
զգացմունքներին միշտ ծառա դառնալ,
ապա կործանվել…
ԱՐՏԱՇԵՍ
Օձիքս ազատիր, թույլ տուր ինքնուրույն վիշտս օրորեմ…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Դու ցեղիդ վերջին շառավիղն էիր, այդ ի՞նչ ես անում:
Ուշքի եկ, որդիս, հայրդ է ետ կանչում,
հավատա թրծված իմ տանջանքներին,
թե չէ շատ շուտով այդ էգ մատակի
խարդավանքներին զոհ ես դառնալու
ու այնժամ ավաղ, անցյալը շտկել,
ետդարձի բերել զուր կցանկանաս…
ԱՐՏԱՇԵՍ
Ախ, ինչպե՞ս ասեմ, որ կարողանամ ինքս ինձ հաղթել
ու վերադառնալ իմ կեղևի մեջ…
(Դուռը թակում են: Հոր ուրվականն անհետանում է. Կարծես արթնանում է նիհրից):
Մի՞թե արքան է եկել գործի ընթացքը տեսնի,
ոչ, ոչ, նա գոռոզամիտ է, իրեն թույլ չի տա…
իսկ ո՞վ կլինի…
Այս արձաններն անխիղճ են, անգութ,
իսկույն կպատմեն իմ սիրո մասին…
(Կրկնվում է դռան թակոցը:)
Ի՞նչ անեմ, այս արձանները որտե՞ղ թաքցնեմ…
ԾԱՂՐԱԾՈՒ
(Դրսից):
Բաց արա դուռը,
թագուհին է ինձ քեզ մոտ ուղարկել,
նա ցանկանում է արձանն իր տեսնել: ՜ ,
ԱՐՏԱՇԵՍ
Ի՞նչ անեմ…
Ծաղրածուները կարողանում են կյանքը տեսնել
և երբեք նրանք մատնիչ չեն լինում…
(Բացում է դուռը: Գալիս է ծաղրածուն, արձանները տեսնելով` մերթ մեկին է նայում, մերթ մյուսին, ապա ապշած նայում է Արտաշեսին:)
ԾԱՂՐԱԾՈՒ
Խեղճ լաստով ինչո՞ւ բաց ծով դուրս եկար,
բիրտ ալիքները չեն թողնի նորեն ափ վերադառնաս…
Ես եմ մեղավոր, միայն, միայն ես, որ խորհուրդ տվի Կրեսոսին…
Հենց մութն ընկնի, լքիր ամեն ինչ, անցիր սահմանը,
այս արձաններն արքայի հոգին քիչ կմեղմացնեն
և քո փախուստը նա չի համարի անօրինական…
ԱՐՏԱՇԵՍ
Գեղեցկության արժանավորը պարտավոր է
հավատարիմ լինել իր հոգու արժանիքներին…
ԾԱՂՐԱԾՈՒ
Մի՞թե հենց այնպես, հեշտ ու հասարակ
ապրել չեք կարող, ինչո՞ւ եք կյանքը այդքան բարդացնում:
Չէ՞ որ որոշեցինք խաղալ մի ավանդական ծանոթ պատմություն,
Ես էլ արքային խորհուրդ տվեցի կատակի քեզ հետ, իսկ դու…
Լյուդիայի հանդեպ քո սիրո թեման
չեմ նախատեսել և, անկեղծ ասած, հարմար չեմ գտնում:
Ես չեմ ցանկանում բեմը հեղեղվի խոր ողբերգությամբ:
Լյուդիան պետության առաջին կինն է,
արքան չի կարող զվարճանքների սահմանում մնալ…
Աղաչում եմ, այս արձանները դարձրու պաղ ու չոր,
թագուհու նման գոռոզ ու դաժան:
Քո փխրուն սերը
հանիր անարժան այս արձանների ոգու կեցվածքից
կամ էլ հեռացիր դերին ոչ հարմար դերասանի պես
և մի մոռացիր՝ հեղինակն է այդպես պահանջում…
ԱՐՏԱՇԵՍ
Ամեն ոք կյանքում իր դերն է կրում.
Ճակատագրիս մտրակներն ինձ ինչքան հարվածեն,
ես պիտի տոկամ, ոչ թե տկարի դիմակներ հագնեմ…
Ներիր, ծաղրածու,
ես մի հասարակ արձանագործ եմ
և իմ ձեռքերի, մատների աղը
աստվածներն են քարին պատվաստել…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ախ մարդիկ, մարդիկ, դուք միշտ ձեր գլխին ծնում եք չարիք,
հասկացեք մտքով, ոչ թե փուչ կրքով,
ձեր սիրո տենչին լինում եք գործիք,
զգացումներդ կդառնան անսանձ, չափ չեն ճանաչի…
Սիրո հրկեզը կարող է հոգուց քար ու ժայռ պոկել,
Չորուկ հուշերի տափաստաններում հեղեղներ ծնել
և ապառաժի ողորկ դեմքի մեջ աճեցնել ծաղիկ, բայց…
Ես արգելում եմ մահը, այն լինի կյանքում, թե բեմի վրա…
(Թուլացած ընկնում է հատակին:)
ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պալատ: Ճեմասրահ: Գալիս է Կրեսոսը, ապա՝ թիկնապահը:
ԿՐԵՍՈՍ
Դու էլ ես գտնում՝ լիիրավ արժանի է մահվա՞ն, կարծում ես, որ իր ցասումն ու վրեժն է դրել իմ արձանի մեջ… Ոչնչացնել արձանը պատիվ չի բերի ինձ, կմեծարեմ նրա հաղթանակը, կկատարեմ այդ նենգ արձանագործի ցանկությունը:
ԹԻԿՆԱՊԱՀ
Մեծն տիրակալ, այդ անարժանն հանդգնեց անարգել ու ծաղրել ձեզ…
ԿՐԵՍՈՍ
Օգտագործեց իր հնարավորության առավելագույնը…
Ես թույլ չեմ տա, որ խորամանկ ստրուկի ցանկալի իղձը կատարվի…
ԹԻԿՆԱՊԱՀ
Նա քանդակել է նաև թագուհու արձանը…
ԿՐԵՍՈՍ
Արդե՞ն… Հետաքրքիր է, նույնքա՞ն չարությամբ:
ԹԻԿՆԱՊԱՀ
О՜ ոչ, տեր արքա, ընդհակառակը…
ԿՐԵՍՈՍ
Ուզում ես ասել, կերտել է բարի, ազնիվ ձևերո՞վ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Ուզում եմ ասել, չափից ավելի մեծ պատվի նրան արժանացրեցիք, իսկ նա…
ԿՐԵՍՈՍ
Իր ամբողջ կյանքում ստրուկ կմնա,
մահն ակնթարթում կազատի նրան չարչարանքներից…
ԹԻԿՆԱՊԱՀ
Տիրակալ, ներիր, չեմ կարող չասել,
նա քանդակել է տասից ավելի արձանների խումբ
տարբեր կեցվածքով ու գեղեցկությամբ…
ԿՐԵՍՈՍ
Պարզ խոսիր, լեզուդ մի պահիր ատամներիդ տակ:
ԹԻԿՆԱՊԱՀ
Նա օր ու գիշեր, անվերջ, անդադար
քարից մաքրում է առօրյա խիճը,
անբացատրելի զգեստ հագցնում իր ձգտումներին…
ԿՐԵՍՈՍ
Հարցիս ուղղակի չես պատասխանում.,
Ո՞վ է հանդգնել նրան պատվեր տալ:
ԹԻԿՆԱՊԱՀ
Իր ցանկություններին է միայն ենթարկվում…
ԿՐԵՍՈՍ
Ատելությունն արքայի հանդեպ
նրան մղում է բուռն գործողությա՛ն…
ԹԻԿՆԱՊԱՀ
О՜ ոչ, տեր արքա, նա կերտել է չքնաղ թագուհո՝ւ Լյուդիայի արձանները…
ԿՐԵՍՈՍ
Լյուդիայի միջոցով է փորձում գութս տնտղել…
ԹԻԿՆԱՊԱՀ
Կարծում եք միայն այդքա՞նը…
Ես վախենում եմ, որ կգա մի օր՝
Արքան կջարդի խանդի դռները…
ԿՐԵՍՈՍ
Սպասիր, թիկնապահ, ի՛նչ ես զառանցում,
ուզում ես ասել՝ ծառան սիրո՞ւց է արձաններ կերտում…
Էհ, բնական է, գեղեցկության դատապարտված է ամեն մի էակ,
չնչին բզեզին եկ մեղադրանք տանք,
որ ցանկանում է արծվի նմանվել,
ինքդ էլ լավ գիտես,
իմ պետության մեջ չկա գեթ մի այր,
որ չերկրպագի Լյուդիայի գեղեցկությունը…
ԹԻԿՆԱՊԱՀ
Ծառայի հոգին հանդուգն է լինում, մի օր կփորձի…
ԿՐԵՍՈՍ
Ի՞նչ ես բարբաջում, ընտրյալ բթություն… Դո՛ւրս…
(Թիկնապահը սարսափած փախչում է:)
Ստորածինն ամեն ինչի մեջ իրեն է տեսնում,
աշխարհին նայում՝ ինչպես ինքը կա…
Նա ցանկանում է Լյուդիայի խիղճն ու գութը շարժել,
որ վերջինիս միջնորդությամբ արքան բարեգութ վճիռ արձակի…
Գուցե սիրում է…
Արվեստագետին սերը թելադրում է վեհագույն ճաշակ,
գեղեցկության ընկալումների խոր զգայարան…
Խենթ զվարճանք է, առակ մի ընտիր՝
տեսնել ինչպես է ստրուկը տանջվում սիրուհու համար…
Ծաղրածուն զգայուն ու նուրբ աչք ունի,
նա հիացած էր արձանագործի արվեստից խոսում,
կանչեմ թող մի քիչ ինձ զվարճացնի…
(Ծափ է տալիս, ներս է մտնում թիկնապահը:)
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ, տեր իմ:
ԿՐԵՍՈՍ
Կանչիր ծաղրածուին:
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսվում եմ, տեր իմ:
(Գնում է:)
ԿՐԵՍՈՍ
Ուրեմն սերն է արարման եռանդ պարգևել նրան,
ծիծաղելի է ու զավեշտական…
(Գալիս է ծաղրածուն:)
ԾԱՂՐԱԾՈՒ
Ապրում էր մի երգասաց
Արքայի ճոխ պալատում,
Արքան սիրուց էր նրան,
Բոլորից շատ հավատում:
Ոմանց համար նա միայն
Խեղկատակ էր մի անմիտ,
Խոհեր ուներ ամենայն
Ու առակներ սրամիտ:
ԿՐԵՍՈՍ
Սպասիր, սպասիր,
սիրո քառյակներ կարդա, որ զվարճանամ…
ԾԱՂՐԱԾՈՒ
Հաճույքով, արքա…
Սերն է աշխարհի սկիզբն ու վերջը իրար միացնում,
բարին ու չարը անգամ հաշտեցնում… ֊/
ԿՐԵՍՈՍ
Իրա՞վ… Նորություններ ես ասում, ծաղրածու…
ԾԱՂՐԱԾՈՒ
Օվկիանոսների հանդարտությունը բամբասեց քամին,
արքայի հոգին ո՞վ է պղտորել այս տարաժամին:
Պատիվ է արել խեղճ ծաղրածուին գիշերով կանչել…
Արդյոք կարո՞ղ է նվաստս նրան բարի միտք հուշել:
ԿՐԵՍՈՍ
Ես քեզ կանչեցի՝ խոպոպավոր տողեր հորինես,
ոչ թե չափից դուրս լրջությամբ խորհես…
Քառյակներ կարդա մեծ սիրո մասին,
արվեստիդ ուժով զմայլեցրու ինձ,
ասում են՝ սերն արմատ է ձգում ամենքի սրտում…
ԾԱՂՐԱԾՈՒ
Սերը թռչուն է, պիտ ազատ ճախրի,
Որ իր սիրելի բունը նա դառնա,
Ու ով էլ փորձի սերը բանտարկել,
նա կբանտարկի կարոտն իր հոգու…
ԿՐԵՍՈՍ
Հիանալի է… Խոսիր, ծաղրածու…
ԾԱՂՐԱԾՈՒ
Եթե սիրում ես, ուրեմն ընտրյալդ նմանը չունի,
Եվ քեզ թվում է՝ այս մոլորակն առաջին անգամ
Ու գուցե վերջին՝ կինն է արարել, որ նվիրի քեզ,
Քանզի ընտրածդ նմանը չունի…
ԿՐԵՍՈՍ
Իրոք ծաղրածու,
ոչ ոք պալատում քո մտքերի նմանը չունի…
Դե հիմա ասա,
ի՞նչ զգացումներ են հոգուդ մեջ ծնվել
արձանս տեսնելիս…
ԾԱՂՐԱԾՈՒ
Նա ձեզ կերտել է վեհ, խստաբարո,
ձեր հզորությունն է տեղագրել քարի շարժումների մեջ…
ԿՐԵՍՈՍ
Իսկ դու չե՞ս կարծում՝
մարմնավորել է ատելությունն իր…
ԾԱՂՐԱԾՈՒ
Երբեք, տեր արքա…
ԿՐԵՍՈՍ
Ծաղրածու, այդ արձանի մեջ
բարձր խոսում է չնչին ստրուկի
արհամարհանքը դեպի իր տերը…
ԾԱՂՐԱԾՈՒ
Երբեք, երբեք, տեր արքա, այդպես չեմ կարծում…
ԿՐԵՍՈՍ
(Աոանձին):
Մարդկանց դեմքից ժպիտն ու սերը
խայտաբղետ վարագույր է մի պահի դիմակը…
(Բարձր):
Իսկ ինչպիսի՞ն է Լյուդիային ձոնված խումբն արձանների…
ԾԱՂՐԱԾՈՒ
(Առանձին):
Ի՜նչ արագությամբ մատնությունն արդեն իր գործն արել է…
(Բարձր):
Ես մեկն եմ տեսել, պալատ բերեցին…
ԿՐԵՍՈՍ
Իսկ ես տեսել եմ նաև երկրորդը…
ԾԱՂՐԱԾՈՒ
Նույնչափ գեղեցի՞կ է, ինչպես այս մեկը…
ԿՐԵՍՈՍ
Երրորդ արձանն էլ տեսնող է եղել,
Չէ՞ որ ես նրան պատվիրել էի մեկը…
ԾԱՂՐԱԾՈՒ
Իրավ, մեկն էիք պատվիրել…
ԿՐԵՍՈՍ
Գնա, ծաղրածու…
Իրավ, մե՞կն էի պատվիրել…
Գնա…
(Ծաղրածուն գնում է:)
Ձևացնում է, իբրև ոչինչ չգիտի:
Թագավորներին պատիվ չի բերում
խեղկատակներին, երգասացներին,
ծաղրածուներին ու գուսաններին սպանդի տանեն,
հենց դրա համար էլ չափ չեն ճանաչում…
Հոգուս մեջ բույն դրեց մի անասելի վայրի ցանկություն՝
Գնալ, թագուհու արձանը տեսնել…
(Գնում է:)
ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Լյուդիան նստած է գահավորակին, առջևը քանդակն է, կողքին ծունկի է իջել Արտաշեսը:
ԼՅՈՒԴԻԱ
О՜, աստվածներ, ինչի՜ է ունակ մարդկային ձեռքը,
Քարի վրայից ոգին մաքրել է անդորրն օրերի
ու աստվածային զգեստ հագցրել,
մարդու ապրածն ու ողջ կեցվածքը
սեղմել վայրկյանի տարողության մեջ…
(Հիացած պտտվում է արձանի շուրջը:)
Գեղեցկության այս զգացումը
կյանքը դարձնում է անթարգմանելի,
ինչպես հայելում
լույսի տարածքն է անվերջանալի:
Արձանից բեկվող խորհրդավոր մի ուժ գգվում է սիրտս,
ես հիացած եմ…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրուհի, երախտապարտ եմ ու շնորհակալ,
որ անարժանիս ձեռքով ստեղծած
այս փոքրիկ ընծան ձեզ դուր է գալիս…
(Խորքի դռների մեջ երևում է թիկնապահը, նկատելով թագուհու մոտ Արտաշեսին` թաքնվում է վարագույրի մեջ:)
ԹԻԿՆԱՊԱՀ
(Առանձին):
Խանդից պայթում եմ,
ինչ հաճույքով այդ արձանագործին մահ կպարգևեի…
Ողջ կյանքում, Լյուդիա, ես սիրել եմ քեզ,
գիշեր ու ցերեկ անհույս տենչացել ձայնդ,
մարմինդ, արեգակնածին կրծքներդ խարույկ,
լուռ հետևել եմ, որ մարտի դաշտում հարմար պահ ընտրեմ,
անմիտ Կրեսոսին անձայն վերջացնեմ:
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոսի արշավանքներից բերված ամբողջ ավարը,
ողջ արևելքի արծաթն ու ոսկին,
հաղթանակների անմարմին փառքը,
բազմիցս չնչին, ողորմելի են այս արձանի մոտ,
դու նվաճեցիր ոչ միայն կյանքդ, այլև իմ սիրտը, Արտաշես…
ԱՐՏԱՇԵՍ
Հասանելիք հրամանին…
Երախտապարտ եմ, թագուհի,
այժմ կատարեք ձեր խոստումը, սպասում եմ, ինձ:
ԼՅՈՒԴԻԱ
Ոչ, ոչ, երբեք, անկարող եմ, իմ սիրտը խեղդել, այժմ տար այս քանդակն ու իմ սենյակում դիր, որ աստվածներից պարգև ստացած շռայլ կերտվածքն այս միշտ լինի ինձ հետ, որպես մենության, հավատարմության ջերմ զրուցակից…
ԱՐՏԱՇԵՍ
Թագուհի, ազատեք ճակատագրի հալածանքներից…
ԼՅՈՒԴԻԱ
Ոչ, այլևս անկարող եմ… Տար քանդակն այս,
թագուհին է քեզ հրամայում:
(Արտաշեսը գրկում է արձանն ու գնում: Թագուհին հմայված հետևում է նրան: Թաքստոցից դուրս է գալիս թիկնապահը:)
ԹԻԿՆԱՊԱՀ
Սերը կարող է հրաշքներ գործել… Պետք է Կրեսոսին իսկույն իմաց տալ, թույնով բորբոքել… Թե կրիայի պես հանկարծ սայթաքեմ ու մեջքի ընկնեմ՝ խանդիցս ծնված գորշ առնետներն ինձ կտրորեն, իսկ եթե հապճեպ արքան հավատա, կույր խանդին հեծնի, հեշտ կխճճեմ կծիկի ծայրը, որ վերջ չգտնի… Կրեսոս, մի՞թե քո չնչին ցանկությունների կամակատարն եմ, երբեք, եթե այդպես է, ես մեծ գործերի համար չեմ ծնվել:
Պտտվիր, անիվ, արքան վերևից պիտի գլորվի, որ ես բարձրանամ,
Լյուդիան վերջիվերջո իմը պիտ լինի,
Արքայական փառք, դու մղում ես ինձ փորձությունների,
անձ, հարստություն, անիրավ ոսկի,
կլինի՞ մի օր, որ ձեր կարոտը հոգիս փարատի:
Շատ է պատահել՝ գոռոզ արքայի ոտքերն եմ ընկել,
որպես հատուցում ոսկու մի բեկոր նետել է դեմքիս…
Ես Լյուդիայի հետ պիտի տիրանամ թագավորական գանձարաններին
և վերջիվերջո անգամ թագուհին շռայլ կրքերով
թագավորական գանձերից մեկն է և ոչ բոլորը:
Ամենակարող, ամենահզոր, ամենաիմաստ,
անիրավ ոսկի, դու ընդունակ ես ամեն ինչ փոխել,
կույրի աչքերին լուսատու դառնալ,
իմաստակներին իմաստասերի կոչում ընծայել,
հոգին վաճառող անդեմ պոռնիկին
կոչել հավատի ընտրյալ մարգարե,
պոռնկատունը զարդարող բոզին՝ աստվածավախ կույս…
Դու ընդունակ ես ամեն ինչ փոխել ամենայն հիմքից
և այս բոլորը ես ձեռք կբերեմ,
Երբ որ թագուհին սիրուհիս լինի…
(Դադար:)
Իսկ եթե փորձի արքան երկուսին մահվան ենթարկե՞լ,
ոչ, ոչ, անհնար է այդ… Կվարկաբեկի առաջինն իրեն,
թագուհու մահով նա կհաստատի ստրուկի սերն ու իր պարտությունը…
Պետք է ամբոխի երախը նետել արձանագործի սերը խելահեղ,
որ Կրեսոսի պատիվը դառնա լաթի մի կտոր…
Ահա, ահա, գալիս է արքան…
(Գալիս է Կրեսոսը):
Ներիր, տիրակալ, ես անկարող եմ,
լուռ մասնակից եմ հանցագործության, եթե թաքցնեմ:
ԿՐԵՍՈՍ
Սեթևեթանքդ նետիր աղբանոց, խոսիր, թիկնապահ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Չեմ համարձակվում…
Հրաման տվեք բութ աքցաններով
լեզուս դուրս քաշեն, նետեն շներին…
ԿՐԵՍՈՍ
Հերիք ծռմռվես, խոսիր, բարբաջիր…
ԹԻԿՆԱՊԱՀ
Արքա, արքա, այդ արձանագործը… Այդ նենգ սրիկան…
Գուցե աչքերս պիտի փակեի, ձեզ տածած սերս որ չաղավաղվեր…
Նա հանցագործ է, նա չճանաչեց վերն ու ներքևը…
Թույլ տվեք, ես իմ ձեռքերով հենց այս վայրկյանին…
ԿՐԵՍՈՍ
(Առանձին):
Այս գորշ մարդուկի չափից ավելի ոգևորությունը
մեկ ուրիշ բան է լոկ հետապնդում…
ԹԻԿՆԱՊԱՀ
Հզոր տիրակալ, ինչո՞ւ անարժան սեզին
պարտեզի ընտրյալ բույս համարեցինք…
ԿՐԵՍՈՍ
Հերիք կոտրատվես, մտքինդ ասա…
ԹԻԿՆԱՊԱՀ
Եկա ու տեսա չքնաղ թագուհին, ձեր հոգու գանձը…
ԿՐԵՍՈՍ
Լյուդիա՞ն…
ԹԻԿՆԱՊԱՀ
Արձանագործի գրկի մեջ…
ԿՐԵՍՈՍ
Լռի՛ր, բանսարկու,
հենց այս վայրկյանին անմիտ գլուխդ պոկված պիտ տեսնեմ
նետված Լյուդիայի ոտքերի առջև…
(Քարշ տալով տանում է:)
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Թագուհին իր սենյակում, իր առջև արձանն է, կողքին՝ Արտաշեսը: Թիկնապահին քարշ տալով գալիս է Կրասոսը, նկատելով Արտաշեսին ու թագուհուն մեկտեղ՝ թաքնվում է, իր հետ թաքցնելով թիկնապահին:
ԼՅՈՒԴԻԱ
Արքան կարող է աշխարհներ տիրել, բայց հոգի՝ երբեք,
արքան կարող է պետություն ու կարգ քանդել, կործանել,
արքան կարող է անհաշիվ օրենքներ կեղծել, խափանել,
բայց այն, ինչ աստվածներն են քեզ շնորհել,
այն, ինչ քո ձեռքերն են կերտել, արարել,
անկարող է այդ…
ԿՐԵՍՈՍ
(Թիկնապահին:)
Մի՞թե ոսկե մակույկս խարիսխ է ձգել ճահիճների մեջ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Թույլ տվեք, արքա, հենց այս վայրկյանին այդ անարժանի հաշիվը մաքրել…
ԿՐԵՍՈՍ
Սպասիր, նա պիտի ապրի, որ արձանները լեգենդ չհագնեն, եթե նա մեռնի՝ մարդիկ յոթերորդ զգայարանով կպեղեն նրա ոգեղեն տեսքը, փառք կդարձնեն, արվեստագետին անմահացնելու ճանապարհն է այդ, նրան սպանել…
ԼՅՈՒԴԻԱ
(Արտաշեսին): Այս արձանը ստեղծողին ոչ ոք իրավունք չունի դատապարտել մահվան…
ԿՐԵՍՈՍ
(Թիկնապահին):
Մի՞թե արքային խանդը կարող է այդքան փոքրացնել…
ԼՅՈՒԴԻԱ
(Արտաշեսին):
Ովքեր պատահական են ծնվել,
նրանց անհոգությունը թմբկահարվում է
գինու գավաթների մեջ…
ԿՐԵՍՈՍ
(Թիկնապահին): Ի՞նչ է ակնարկում…
նոր եմ սկսել հասկանալ` ինչու այդ արձանը
հոգուս մեջ վայրի բնազդ արթնացրեց…
ԹԻԿՆԱՊԱՀ
Արքա, թույլ տվեք սրախողող անել…
ԿՐԵՍՈՍ
Ոչ, պիտ ազատ թողնես այդ դիմակավորին,
որտեղ ցանկանա` ելումուտ անի,
թագուհին կին է, եթե ինքնախաբկանքն է մղել հեշտասիրության…
ինչեր եմ խոսում…
ԱՐՏԱՇԵՍ
Թագուհի, աղաչում եմ, չէ՞ որ խոստացաք…
ԼՅՈՒԴԻԱ
Այժմ հակառակն եմ ցանկանում, դու պիտի ապրես…
ԱՐՏԱՇԵՍ
Դուք անչափելի գեղեցիկ եք, գեղեցկությունը բարի է լինում…
ԼՅՈՒԴԻԱ
Այլևս անկարող եմ քո կյանքին դիպչել,
Դու ինձ կերտել ես ինձնից ավելի,
դու ստեղծել ես քո աստվածուհուն,
իսկ ո՞ր աստվածը պաշտամունք չի սիրել…
Ես այն ձեռքերը, որոնք նրբորեն
խաղացին հոգուս նուրբ լարերի հետ, կտրել չեմ կարող,
գնա, գնա, Արտաշես ու ինձ մենակ թող…
(Արտաշեսը ոտքի է կանգնում ու քայլում դեպի բեմի խորքը: Թագուհին հիացած պտտվում է արձանի շուրջը:)
Ուզում եմ գնալ նրա ետևից, գրկել համբուրել,
մարմինս փարել նրա մարմնին, դառնալ իրենը…
Տրվել եմ պահի գայթակղությանը,
բայց այս ի՞նչ է, թռչում է հոգիս միայն նրա մոտ…
Ծաղրածու, հե՜յ, ծաղրածու…
Գուցե ծաղրածուն փորձի
ինձ իմաստուն խորհուրդներ տալ,
էհե՜յ, ծաղրածու… (Գնում է:)
ԹԻԿՆԱՊԱՀ
Այս բոլորն արեց արձանագործը դիտավորությամբ…
ԿՐԵՍՈՍ
Գնա, թիկնապահ… Գնա՛, ասում եմ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ, արքա… (Գնում է:)
ԿՐԵՍՈՍ
(Մենակ):
Մի շաբաթ առաջ նա պալատ բերեց և իմ արձանը,
քարից կերտել է նա աստվածուհի թագուհու կերպով,
իսկ ինձ զառամած, դանդալոշ մի ձի, քարի մեջ բսնած…
Ամեն ինչ սուտ է, հաղթանակ ու փառք,-
ճարտասանների կոկորդից ցայտող պճնված բառերը
ցեխում թավալվող ավանակներին կարող են թվալ օրորոցային:
Կա օրինաչափ անհեթհեթություն.
ամեն արքայի կողքից քայլել է իր խեղկատակը,
դրամաշորթը, հարգի կավատը ու շողոքորթը…
Պատերին դաջված անշուք սարդոստայն,
ստվերից գործված իշաբեռ սապատ,
կյանքից ծաղրված գերված մի ստրուկ,
սեփական պատվի, արժանապատվության պատյան չկրող
մահն իր տենչացող չնչին մի մարդուկ…
Օձը չի կարող մի գծով սողալ ու չծռմռվել,
բայց ճակատագրի խաղը չէ՞ արդյոք,
որ այդ խղճուկի մարմին կոչեցյալ պղտոր ճահիճում
սիրո շնորհ են ուժգին ներարկել,
այն էլ ում հանդեպ, Լյուդիայի, թագուհու,
արյունն է սառչում երակներիս մեջ…
(Հայտնվում է թիկնապահը:)
ԹԻԿՆԱՊԱՀ
Թույլ տվեք, հզոր տիրակալ:
ԿՐԵՍՈՍ
Խոսիր:
ԹԻԿՆԱՊԱՀ
Նա գնաց պանդոկ…
Վարագույրի մեջ երևում է ծաղրածուն:
ԿՐԵՍՈՍ
Ե՞րբ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Հենց նոր, տեր արքա, պատմում են,
որ նա պանդոկում երգում է, պարում,
խաղաղություն է մարդկանց քարոզում,
բազում այլախոհ մտքեր է կիսում զինվորնեի հետ…
ԿՐԵՍՈՍ
Իմ պարգևած ազատությունը վայելում է թռչունի նման:
Գնա, մտիր ամբոխի մեջ, գաղտնի հետևիր,
տես, ի՛նչ է դուրս տալիս…
ԹԻԿՆԱՊԱՀ
Պատրաստ եմ, արքա…
ԿՐԵՍՈՍ
Աշխատիր ծպտվել, որ չճանաչի…
ԹԻԿՆԱՊԱՀ
Իհարկե, տեր իմ, այդպես էլ կանեմ..
(Գնում է:)
ԿՐԵՍՈՍ
Կոկռոշի թփին խաղողի ողկույզ չի կարող աճել,
մի՞թե կարող է բնությունն այդքան ապիկար լինել,
որ զանազանել չի կարողանում առնետն աղավնուց,
ինչպե՞ս կարող է չնչին մի ծառայի հոգում բուն դնել,
սիրո տառապանք ու սքանչելի համարձակություն…
Գնում է: Ծաղրածուն թաքստոցից դուրս է գալիս:
ԾԱՂՐԱԾՈՒ
Բացվեցին ողբերգության ճանապարհները,
բայց ես չեմ թողնի,
ես եմ այս խաղի տերը, սյուժեն հյուսողը,
առաջարկեցի սկիզբ, շարունակություն հուշեցի,
ինքս էլ պիտի տանեմ իմ ցանկացած քայլով ու վերջաբանով:
Գնացին պանդոկ, որ Արտաշեսի ազատության մեջ
արքայի հոգու բանտերը տեսնեն,
ես կվիժեցնեմ այդ հանդիպումն, այն չի կայանա:
Որտե՞ղ է լսված՝ հերոսն ընդվզի հեղինակի դեմ:
Ես արգելում եմ, դերասանները կեղծ,
հնարովի սյուժե են խաղում,
նրանք խախտում են դասական վարքը պատմական անձի,
և լավ գիտեի՝ ավանդույթային կրքերի տեր են դերասանները,
հրապուրված են կյանքի հետամետ հնագեղ փայլով,
որի վերջնական վարագույրները մահվան դռներն են…
Ոչ, ոչ, երբեք թույլ չեմ տա,
իրենց ճակատագրի առագաստները ես պիտ օրորեմ,
որ փոթորկի երախը չընկնեն…
ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պանդոկ: Սեղաններ, ճրագի լույսերով լուսավորված: Կենտրոնում բեմահարթակ: Սեղանների շուրջ նստած են արհեստավորներ, զինվորներ, երիտասարդներ: Բեմահարթակում հայտնվում են երգող ու պարող աղջիկների ու տղաների խումբը:
ԱՂՋԻԿՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Ոնց գինու փրփուր կյանքն անցողիկ է,
իսկ սերը սրսուռ ճերմակ ծաղիկ է,
Աշխարհում հավետ ոչինչ չի մնում,
Գինու հուրն է ջինջ հոգսը փարատում:
ՏՂԱՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Կյանքը ծիծաղ է ու չնչին կատակ,
Օրերն անցնում են զուր, աննպատակ,
Պահի մեջ փնտրենք կորած մեր վաղը,
Իզուր չէր արդյոք մեր աշխարհ գալը:
Ծափահարությունների ներքո նստում են սեղանների շուրջ: Այդ պահին բեմահարթակում հայտնվում է Արտաշեսը դիմակով և երգասացի զգեստներով:
ԱՐՏԱՇԵՍ
Մի փանդիռահար եմ, հա, հա, հա, հի, հի, հի,
Կյանքը դառն է ոնց գինի,
Մարդկանց սրտում սեր լինի,
Գինին ընդմիշտ կլինի…
Ծափերի ներքո նստում անկյունի սեղանին ու դատարկում գավաթով լի գինին: Գավաթը ձեռքին նրան է մոտենում մի երիտասարդ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Ինչ լավ է եկար, անչափ կարոտել էինք մարդու…
ԱՐՏԱՇԵՍ
Մարդը կապված է առօրյա տանջանքին, հոգսին,
նրան միշտ պետք է՝ իր նման մեկը իր վշտից խոսի…
Նստում է երիտասարդ զույգի սեղանի մոտ: Գալիս է թիկնապահը մի պալատականի հետ ու նստում հեռավոր մի անկյունում:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Հանուն սիրո ես մերժեցի
իշխանական տոհմի բոլոր հարսնացուներին,
հրաժարվեցի հարստությունից, հայրական ժառանգությունից անգամ…
ԱՐՏԱՇԵՍ
Սերը ազատություն է, երազ,
սիրո թևերով անհաս,
ճախրիր երկնքում ազատ
ու փարվիր քո աստղին հարազատ,
ԹԻԿՆԱՊԱՀ
(Պալատականին):
Ինչեր է դուրս տալիս, քաջալերում է օրենքներն ու բարքերը ոտնահարողին…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Թույլ տվեք մոտենալ նրան…
ԹԻԿՆԱՊԱՀ
Աշխատիր լինել չափից դուրս զգույշ…
Պալատականը մոտենում է Արտաշեսին:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Արդյոք բարձր տոհմից սերվածը
իրավունք ունի՞ հասարակ խավից հարսնացու ընտրել:
ԱՐՏԱՇԵՍ
Ոչ: Հարուստները զրկված են անկաշառ սիրուց,
սրտի փոխարեն նրանց ջերմացնում է դրամի քսակը…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Պարզվում է, անկաշառ սիրով միայն կարող են սիրել աղքատները:
ԱՐՏԱՇԵՍ
Հարուստների համար սերը վայելք է, փառք ու մեծարանք,
աղքատի համար սերն արցունք է, վիշտ ու սփոփանք…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Բայց հարուստն իրավունք ունի
իր սիրո համար զոհաբերել անկարելի բաներ,
հարուստի սերը փառաբանելու համար
ծառա կարող են դառնալ բազում բանաստեղծներ, քանդակագործներ…
ԱՐՏԱՇԵՍ
Էշը մտավ ծաղկած պարտեզ
Ու ողջ վարդերը կերավ,
Չնկատեց, որ իր կողքին
Վշտից սոխակը մեռավ:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Ուզում ես ասել, այսօր վարդերին ավանակնե՞րն են տիրանում…
(Թողնում է Արտաշեսին ու հեռանում:)
ԹԻԿՆԱՊԱՀ
(Պալատականին):
Այդ խեղկատակին գլխատելն անգամ չնչին պատիժ է…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Ճապաղ է դառնում իմաստությունը բերանբացների երախն ընկնելով…
ԹԻԿՆԱՊԱՀ
Կրեսոսը համայն աշխարհն էլ տիրի
ներքևի կյանքը մնում է թերի…
Արտաշեսին է մոտենում ծաղրածուն:
ԾԱՂՐԱԾՈՒ
Լեզուդ անմիտ բառեր է աղում,
Կրեսոսի թիկնապահն է քեզ լուռ հետևում…
ԱՐՏԱՇԵՍ
Անհանգիստ իմ բարեկամ,
ամեն ժամանակն ունի զոհն իր ու տիրակալը…
ԾԱՂՐԱԾՈՒ
Սպասեք, հերիք է, դու իմ հորինած դերը չես խաղում…
Սարդոստայնի մեջ ընկած մի ճանճ
բզզալուց բացի ոչինչ չի անում…
ԱՐՏԱՇԵՍ
Բայց ես չեմ կարող ապրել քեզ նման կամ մեկ ուրիշի…
(Մոտենում է թիկնապահի ու պալատականի սեղանին:)
Օրը կատակ է, ջարդված խաղալիք խմողի համար,
Չխմող մարդուն օրը չարիք է ձմեռ թե ամառ…
(Իբրև նոր է ճանաչում:)
Օ՜, դուք էլ եք այստեղ…
Ծաղրածուն արագ մոտենում է ու կանգնում Արտաշեսի ու թիկնապահի միջև:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ես թույլ չեմ տալիս, արգելում եմ,
իմ քերթվածքներում նմանօրինակ դրվագ չեմ գրել ու չեմ գրելու,
ես պահանջում եմ խաղն ընթանա իմ ցանկացածով,
դրամատիկ կրքեր խաղալու համար
աշխարհում լիքն են ավարտուն գործեր
Էպիդոս, Շեյլոկ, Համլետ, Օթելլո… Ես արգելում եմ…
Ձեր հանդիպումը չպետք է կայանա,
ձեր երկխոսությունները, անհամոզիչ են,
կեղծ են ու շինծու
ԹԻԿՆԱՊԱՀ
(Ծաղրածուին): Շինական եղբայր, խոփն ու արորը թողել ես դաշտում
եկել ես այստեղ, թատրոնի մարդկանց խորհուրդ ես տալիս,
վայելուչ բան չէ մշակույթի մեջ գլուխը խցկել,
Երբ չեք հասկանում… (Արտաշեսին):
Այս գրամոլին ուշադրություն մի դարձրու, մտքինդ ասա…
ԱՐՏԱՇԵՍ
Ինչպե՞ս են ապրում ձեր գրաստներն ու իշամայրերը,
ձեր ջորիներն ու ավանակները…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
(Թիկնապահին): Ինչե՞ր է խոսում…
ԱՐՏԱՇԵՍ
(Պալատականին): Մի՞թե իմ գիտցած կառապանը չէ,
որ այծի կաթ էր շուկայում ծախում…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Ինչե՞ր ես խոսում…
ԹԻԿՆԱՊԱՀ
(Պալատականին): Խցկվիր կեղևիդ մեջ,
տեսնենք էլի ի՞նչ է դուրս տալիս…
(Բարձր):
Էլ ժողովուրդն առաջվանը չէ,
այծի կաթ խմել հեչ չի ցանկանում…
ԱՐՏԱՇԵՍ
Ով գիտե, թե դու ինչ ես վաճառում,
Այծինը ծախիր կովի անվան տակ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Բայց գնորդներն ինձ կքարկոծեն…
ԱՐՏԱՇԵՍ
Թե գնորդները վաղուց քեզ գիտեն,
ձեր նոր վարք-բարքին շուտ կենթարկվեն,
նրանք կգնեն քո առաջարկած էշի կաթն անգամ…
ԾԱՂՐԱԾՈՒ
(Նորից է մեջ ընկնում):
Վերջացրեք, այդ հիմար վեճը`
պիեսիս ընթացքն է փոխվում…
Զինվոր, դուրս արի պանդոկից,
այս տեսարանում քո մասին ոչինչ չեմ գրել…
ԹԻԿՆԱՊԱՀ
Լռիր, խեղկատակ… (Արտաշեսին):
Միգուցե ճիշտ ես, ես վաղուց է կաթ չեմ վաճառել…
ԱՐՏԱՇԵՍ
Ավելի հարմար գործի ես անցել…
Հեչ չեմ մոռանում, քո հոտում ինչքան գրաստ, ջորի կար,
ինչքան վարժ էին հրամաններիդ նրանք ենթարկվում…
ԹԻԿՆԱՊԱՀ
Չեմ հիշում…
ԱՐՏԱՇԵՍ
Այն է՞լ չես հիշում, ինչպես մեկ անգամ էշից վայր ընկար…
ԹԻԿՆԱՊԱՀ
Չէ, այդ էլ չեմ հիշում…
ԱՐՏԱՇԵՍ
Մի ժամանակ այնքան բնական ավանակի պես զռռալ գիտեիր, անլեզու, անլեզու, անբան խոտակերները լսում էին քեզ, քո շուրջը խմբվում…
ԹԻԿՆԱՊԱՀ
(Բարկությունը զսպելով): Այդ էլ չեմ հիշում…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ո՞վ է թույլ տվել զինվորականի հետ այդ ձևով խոսել, եղբայրներ, հարբած է մի քիչ, ինքներդ եք տեսնում, ոտքի վրա հազիվ է կանգնում… (Արտաշեսին առանձին:) Չքվիր այստեղից, անմիտ ուղտի պես պարդ բռնել է կամրջի վրա…
ԹԻԿՆԱՊԱՀ
(Ծաղրածուին): Լռիր, շինական, դուք շատ եք սիրում
ձեր քիթը խոթել ամեն ինչի մեջ,
ձեր տեղը գյուղն է, արոտն ու հանդը,
ո՞վ է թույլ տվել քաղաքային բարքով,
լեզվիդ կոշտուկը անընդհատ քորես,
զինվորական պատվովս եմ երդվում, հեռացիր, թե չէ…
ԾԱՂՐԱԾՈՒ
Սա անմիտ մարդ է, չգիտե որտեղ ինչ է դուրս տալիս…
ԱՐՏԱՇԵՍ
(Թիկնապահին): Եթե ունակ ես,
բնական հատկություններդ իսկույն մոռանալ,
նշանակում է բնորոշ մի ուժ քեզ ձեռք է մեկնել,
պաշտոն պարգևել…
ԹԻԿՆԱՊԱՀ
Ես մանկությունից պաշտոնի վրա աչքս չեմ տնկել…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ինչքան ձեզ ասեմ՝
սխալ հունով է գնում ամեն ինչ…
ԱՐՏԱՇԵՍ
Բայց առանց պաշտոն մարդն ինչի՞ է պետք,
զուր ես կատակում, ես լավ եմ հիշում,
չէ՞ որ մեկ անգամ էշից վայր ընկար՝ պաշտոն ստացար
ու թե նույն բանը նորից կրկնվի՝
քեզանից անգամ արքա կծնվի…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Խելագարվել է, ինչե՞ր է խոսում:
ԹԻԿՆԱՊԱՀ
Ինչպես տեսնում եմ, ինձ լավ ես հիշում:
ԱՐՏԱՇԵՍ
Այո, դու մի օր արքա կդառնաս…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Ի՞նչ ես դուրս տալիս,
արքան զինվորից չես զանազանում…
ԹԻԿՆԱՊԱՀ
Շարունակում ես ծիծաղել հասարակ զինվորի վրա, ծաղրանքի դիմաց ես կպահանջեմ դաժան հատուցում…
ԾԱՂՐԱԾՈՒ
Խեղկատակի դերն ինքս վերցրեցի, բայց իմ փոխարեն դուք եք խեղկատակություն անում, ես հրամայում եմ ու պահանջում, որ իմ գրական հորինվածքի մեջ մտնեք, ես կդիմեմ հեղինակային պաշտպանությանը… Ձեր արածը կեղծիք է, չեմ հավատում…
ԱՐՏԱՇԵՍ
Չգիտեմ ինչն է դրդել ձեզ այսօր,
որ հայտնվել եք օտար հողի մեջ,
արքայի կամքով, որ խաղաք կատակ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Լռիր:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ինչո՞ւ սիրողների հետ ես գործ բռնեցի, նրանք ծննդյան օրից արվեստագետ են, ամեն ինչ գիտեն, մշակութային ոչ մի վարք ու կարգ հարգել չգիտեն… Ժողովուրդ, սիրելի հանդիսատես, սրանք հակաթատրոնային արհեստավորներ են, իրական կյանքն առանց մշակման բեմ են փոխադրում…
(Գնում է: Նրան են հետևում սեղանակիցներից մի քանիսը:)
ԹԻԿՆԱՊԱՀ
(Պալատականին): Ինչո՞ւ են մարդիկ տագնապած փախչում,
ՊԱԼԱՏԱԿԱՆ
(Թիկնապահին): Նրանք սիրուց են քեզ մենակ թողնում,
արդյոք կարո՞ղ է խեղճ մահկանացուն
արքայի առաջին թիկնապահի կողքին իրեն լավ զգալ…
(Արտաշեսն ուզում է գնալ, պալատականը կանգնում է նրա դիմաց:)
Քիչ առաջ բերկրանք կար դեմքիդ, ի՞նչն է ստիպում լքես պանդոկը…
ԱՐՏԱՇԵՍ
Թույլ տվեք գնալ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Չե՞ս ուզում խոսել…
ԱՐՏԱՇեՍ
Թույլ տվեք գնալ…
ԹԻԿՆԱՊԱՀ
(Նետում է թիկնոցն ու կեղծամը):
Կառափնարանում լեզուդ կբացվի,
ԱՐՏԱՇԵՍ
Գերին ու տերը կանգնած են այժմ առանց դիմակի…
Մենք մեր հոգսերին կառչած մարդիկ ենք,
իզուր եք իջել դուք այս պանդոկը,
ավելի լավ է վերևում մնաք, ոչինչ չտեսնեք,
միևնույնն է, ոչինչ չի փոխվի ու չի փոխվելու…
ԹԻԿՆԱՊԱՀ
Այս կույր ամբոխին բացատրիր, ասա,
որ արքաներս, պալատականներն էլ են
ծնվում մարդկային ցեղից…
ԱՐՏԱՇԵՍ
Պալատականները վաղ մանկությունից
փառասիրության արմատն են ջրում,
ամեն միջոցով պաշտոն ստանում…
Զարմանալի է, որ դուք պալատը,
ձեր միջավայրի փայլուն դեմքերը
փոխել եք այսօր հատակում ապրող խաժամուժի հետ,
գուցե ուզում եք ամբոխի աչքին ինչ-որ թոզ փչել,
Գահի անունից բարեկեցիկ կյանք,
հարկի զիջումներ նրանց խոստանալ,
կամ գուցե արկա՞ծ…
Ոչ, ոչ, հեռավոր նպատակներ եք այստեղ որոնում…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Հանդուգն, լռիր…
ԹԻԿՆԱՊԱՀ
(Արտակարգ քնքշանքով):
Լսում եմ, ստրուկ, միտքդ ավարտիր…
ԱՐՏԱՇԵՍ
Թիկնապահ, տեսնո՞ւմ ես, քո դիրքի առջև
ծունկի է գալիս ու շողոքորթում
ցածրաստիճան խեղճ ծառայողդ…
Երբ ագահ շունը ուզում է ավել պատառ ստանալ,
նա քնքշությամբ հարազատ տիրոջ ձեռքերն է լիզում,
նույնն անում ես դու արքայի հանդեպ…
Պալատի մարդիկ բութ տիկնիկներ են ճոխ շորերի մեջ…
Ձեր ներկայությունից ամեն ինչ փոխվեց,
ամեն ոք կծկեց սեփական վիշտն ու անձայն հեռացավ,
իզուր եք փորձում մոտենալ հասարակ մարդկանց:
ԹԻԿՆԱՊԱՀ
Ուզում ես ասել՝ հասարակ մարդկանց
մտերմանալու իրավունք չունե՞մ…
ԱՐՏԱՇԵՍ
Հասարակ մարդիկ մոռացել են քեզ…
Թագավորներն աշխարհ են տիրում,
պալատականներին պաշտոնն է գերում,
որպեսզի ապրեն փափկասուն կյանքով և չեն նկատում,
որ լքվում են մարդկային բարքից և օտարանում…
Հայտնվում է ծաղրածուն, մտնում նրանց միջև ու այս ու այն կողմ հրում նրանց:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ինչե՞ր եք խոսում, անդաստիարակներ,
Գրաքննությունը վաղը ի՞նչ կասի,
կարծում եք ժողովրդական ժամանակնե՞ր են,
բացախոսությո՞ւն է, միամիտնե՜ր…
Այսօրվա խորհրդականներն ու նախարարները
իրենց աթոռների փոշին չեն փոխի
ձեր պայծառ ճակատների հետ…
Այսօրվա պաշտոնյա խավը սիրում է բեմից լսել
էստրադնիկների բերանից ռաբիսային ծղրտոցներ,
ինչքան էլ մտավոր խավը դոլարից այլասերված ընչաքաղցների
պճնված վերմակների կարերը քանդի,
որ ծռմռված բարքերի բորբոսը հանի ջրի երես…
Դուք, որ մի նկուղի չարժանացաք
քաղաքի հեռավոր աղբանոցում,
այս երկրի բարոյականությո՞ւնն եք որոնում…
Աղբանոցը մնում է աղբանոց, այն երբեք չի դառնա թատրոն…
ԹԻԿՆԱՊԱՀ
Վաղուց գիտեի, անսանձ գրողի համառությունը
չափ, սահման չունի,
մերկապարանոց ճշմարտությունն իր բեմում կցանի:
Պալատական, տանել, մորթազերծ անել այլախոհ այս հեղինակին…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Խորին հաճույքով…
Պալատականը փորձում է բռնի ուժով ծաղրածուին քարշ տալ:
ԾԱՂՐԱԾՈՒ
Թողեք ինձ, ես հեղինակն եմ այս ներկայացման,
գործող անձիք, դուք միայն անպետք մտքերս եք խաղում, ես պահանջում եմ մշակույթ առանց քաղաքականության, խաղացեք, պարաբոլա-պրիտչա և ոչ ողբերգություն, թե չեք ուզում մաֆիաների մատաղացուն դառնալ…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Այդ բոլորը կասեք կառափնարանում:
(Նորից է քաշքշում ծաղրածուին, ուժով կամենում տանել:)
ԾԱՂՐԱԾՈՒ
Թողեք ինձ, փակեք վարագույրը,
հրաժարվում եմ այս պիեսի շարունակությունը հեղինակել…
ԹԻԿՆԱՊԱՀ
Տանել, առանց դատ ու դատաստանի, կառափնարան…
(Պալատականը գրկում է ու տանում:)
ՅՈԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Կրեսոսը մենակ, պալատում:
ԿՐԵՍՈՍ
Իզուր եմ սանձել իմ ժամանակի օրերի վազքը,
կաղնու նման ձգվել եմ երկինք,
որ ամբոխն իր չնչիությունը տեսնի, հասկանա`
ինչքան մոտենամ չքնաղ Լյուդիային,
նա ողջ էությամբ կփախչի հեռո՞ւ…
Խեղկատակ, հեյ խեղկատակ…
(Գալիս է թիկնապահը:)
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ, արքա:
ԿՐԵՍՈՍ
Կանչիր ծաղրածուին:
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ, արքա: (Գնում է:)
ԿՐԵՍՈՍ
Ոչխարի հոտը լեռներից հորդած գետի նման,
կգնա այնտեղ, ուր կառաջնորդի ճակատագիրը…
(Գալիս է ծաղրածուն:)
Խեղկատակ, ինչո՞ւ է մարդն իր մահը ծաղրում:
ԾԱՂՐԱԾՈՒ
Պահն անցողիկ է, գոյության խաբկանք,
Մահը՝ հավերժական լռություն,
Կյանքի զարդարանքն է մահը,
Կյանքը՝ ծաղկավոր հնություն:
ԿՐԵՍՈՍ
Մի՞թե այդ էր հարցիս պատասխանը,
այստեղ կանչիր այդ սրիկային…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ո՞ւմ, տիրակալ…
ԿՐԵՍՈՍ
Այդ արձանագործ երկտակ բորենուն…
ԾԱՂՐԱԾՈՒ
Լսիր, բարեկամ, կրակն ընկա՝
գլխավոր դերը վստահեցի քեզ,
հորինովի ողբերգական սյուժե եք խաղում,
կատակի մեջ ասված լուրջ միտքը
մարսվում է հանգիստ ու աղերս չունի ենթատեքստերի…
ԿՐԵՍՈՍ
Էհեյ, ծառաներ, այստեղ…
(Ներս են ընկնում թիկնապահն ու պալատականը:)
Տարեք, ծաղրածուին նետեք զնդանը…
ԾԱՂՐԱԾՈՒ
Իրավունք չունեք, այս ներկայացումը
շարունակություն չպետք է ունենա…
(Թիկնապահն ու պալատականը ձեռքերից ու ոտքերից բռնում են, շալակած տանում:)
ԿՐԵՍՈՍ
Կարճ ժամանակում ինչպե՞ս հասցրեց արձանագործը
անմիտ ամբոխի սիրելին դառնալ,
այսքանից հետո պարզամտություն է սպանել նրան:
Հասարակ մարդուն վայել պատիժը կառափնարանն է,
քեզ պես բազմատակ ծալքավոր օձին ոտքով տրորել
պատիվ չի բերի ոչ Կրեսոսին, ոչ նրա գահին.
ձուկը ջրի մեջ երբեք չի խեղդվում…
Երևում է Արտաշեսը:
ԱՐՏԱՇԵՍ
Դուք ինձ կանչե՞լ եք:
ԿՐԵՍՈՍ
Ամբոխի սիրած երգերից երգիր:
ԱՐՏԱՇԵՍ
Թույլ տվեք գնալ…
ԿՐԵՍՈՍ
Ասում եմ՝ երգիր, կամ երգելու տեղ մի բան մտմտա…
ԱՐՏԱՇԵՍ
Մարմնիս բոլոր մասերը միշտ էլ ենթարկվել են հոգուս թովչանքին…
ԿՐԵՍՈՍ
Դու ինձ չե՞ս լսում…
ԱՐՏԱՇԵՍ
Երազիս մեջ մի պատկեր
Ինձ շշնջաց սուրբ խոսքեր,
Բայց ինձ թողեց հեռացավ
Ու երազս մոռացավ…
ԿՐԵՍՈՍ
(Քրքջում է): Ահա բնության խաղերից մեկը.
բնույթով ստրուկ այս նենգ խաբեբան
գիտե տառապել ու կանանց սիրել:
Քո ամբողջ կյանքում ամենաչքնաղ կին արարածը
որտե՞ղ ես տեսել:
ԱՐՏԱՇԵՍ
Այն կինն է եղել, որին սիրել եմ պատանեկության վաղ տարիներին:
ԿՐԵՍՈՍ
Ծիծաղից քիչ է մնում ուշագնաց լինեմ,
մի՞թե աշխարհում կարող է լինել եզակի մի կին,
որը քեզ նման հոգով անճոռնի
խաբեբայի հանդեպ զգացմունք տածեր… (Հռհռում է:)
Եվ ո՞վ է եղել այն երջանիկը, որ սիրել է քեզ…
ԱՐՏԱՇԵՍ
Բայց ես խոսեցի իմ սիրո մասին,
նա հենց նույն ձևով ծաղրեց իմ սերը…
ԿՐԵՍՈՍ
Ստում ես…
Իսկ ես կարծում եմ՝ մեր մոլորակում
թագուհուց չքնաղ արարած չկա…
ԱՐՏԱՇԵՍ
Չկա, տեր արքա,
թագուհին երկնքից իջած ասուպ է,
նա ծովահարս է, նա…
ԿՐԵՍՈՍ
Գեղեցկությունն աստված է ստեղծել,
որպեսզի տեսնի իր թուլությունը…
ԱՐՏԱՇԵՍ
Այո, քեզ աստվածներն ամենավսեմ պարգևն են տվել:
ԿՐԵՍՈՍ
Ի՞նչ ես բարբաջում, խենթ, թշվառական,
նա իմ շնորհիվ վեհություն հագավ…
ԱՐՏԱՇԵՍ
Բայց տիրակալն էլ կոչված է վերուստ
իր սիրո առջև գլուխ խոնարհել…
ԿՐԵՍՈՍ
Աշխարհում չկա այնպիսի մի կին,
որի վրայից հայացքս քաշեմ՝ նա չվերջանա…
(Առանձին):
Համարձակվում է
զգացումների փտած աստառը ինձ մոտ կարկատել…
(Բարձր):
Գեղեցկությունը վերափոխում է ամեն էակի,
որպեսզի ոգիդ խցկվի հին պատյանի մեջ,
ներդաշնակությամբ համազոր դառնա անտաշ մարմնիդ,
հենց այս երեկո կտեսնես նրա գեղեցկությունը…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրակալ, երբեք չեմ փորձել
ձեր բարկության արմատը փնտրել,
դուք խոստացել եք ինձ մահ պարգևել:
ԿՐԵՍՈՍ
Զուր ես ծռմռվում, ծառա, ապրել ես ուզում:
ԱՐՏԱՇԵՍ
Քեզ նման եղիր, տիրակալ ես դու…
ԿՐԵՍՈՍ
О՜, նենգ սրիկա,
սիրուց աղճատված մնացյալ կյանքդ,
որպեսզի լրիվ ավերակ դառնա,
հենց այս երեկո կտեսնես նրա գեղեցկությունը…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրակալ, քեզ չեմ հասկանում…
ԿՐԵՍՈՍ
Հրամայում եմ, այսօր երեկո
իմ խրախճանքի կատաղի պահին
թաքնված լինես պատուհանների վարագույրի մեջ,
այնտեղից տեսնես Լյուդիայի մարմինը…
ԱՐՏԱՇԵՍ
Այդ ի՞նչ եք ասում,
հրամայեք, տանեն ինձ կառափնարան,
տանջամահ անեն, մարմինս հոշոտեն,
ապա նոր կախեն, անկարող եմ ես…
ԿՐԵՍՈՍ
Իսկ իմ վրե՞ժը…
Դու ցանկանում ես պատվով հեռանալ,
իսկ իմ պատիվը թագավորական՝ թքել ես վրա՞ն,
և եթե վաղը ողջ Հայաստանն էլ ես սրի քաշեմ,
բոլոր այրերին խոտորնակել տամ,
հոգուս բողոքը չեմ կարող մարել…
ԱՐՏԱՇԵՍ
Արքա, պատրաստ եմ ինքս զոհվելու…
ԿՐԵՍՈՍ
Եթե գլուխդ փորձել ես խոթել
աստվածների արքուվարքի մեջ,
հենց քո սեփական ցանկությունների զոհը կդառնաս…
(Առանձին):
Ես իմ նժարին նոր խաղ եմ բեռնում,
որ ճակատագրի կշեռքը ճոճվի…
(Բարձր):
Կրեսոսն իր հրամանը գիտե մեծարել:
Դե հիմա գնա…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրակալ…
ԿՐԵՍՈՍ
Գնա, դու դեռ այստե՞ղ ես… Գնա:
(Արտաշեսը գնում է):
Այն պահին, երբ թշվառն այս տեսնի
մարմար մարմինը չքնաղ Լյուդիայի,
այնժամ նոր կզգա՝ իզուր է ապրել,
իր ամբողջ կյանքում նա կչարչարվի,
մի՞թե կարող է որևէ մեկը սրանից բարձր պատիժ սահմանել…
ՈՒԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Սենյակով մեկ ցրված են Լյուդիայի մեծ ու փոքր արձանները: Ուղիղ կենտրոնում մեծ, վերջին քանդակն է:
ԱՐՏԱՇԵՍ
Անխիղճ տիրակալ,
վերջն ինձ նետեցիր մահվան թակարդը,
բանականություն կոչված հրեշը
սարդոստայն հյուսեց տկարիս համար,..
(Գլուխն առնում է ափերի մեջ:)
Երբ որ երաշտն է մետաղե թաթով կանաչ տերևին
գրկում ու այրում, սիրո ցողունն է տենդից մոխրանում…
(Դադար):
Քանի-քանի անքուն գիշերներ եղել եմ պատկերիդ հետ,
քո ստվերն է երազներս գունավորել ու մտքերիս թևեր տվել,
Ժպիտդ ու թովչանքիդ լույսով եմ մանել
նազանքները արձաններիս, ապա հոգուս սնարից կախել
նայել, նայել ու լուռ արտասվել…
Ամեն օր արարել եմ մասնիկը քո գոյության,
գեղեցկության աստվածահաճո հայացքիցդ սփոփվել…
(Գրկում է արձաններից պատահածը):
Ես քեզ սիրում եմ, նույնիսկ ավելին,
ինչքան արքայի ատելությունն է իմ անձի հանդեպ,
ես քեզ սիրում եմ ատելության չափ…
Խորքում հայտնվում է ուրվականը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Բոլոր ժամանակների տերերն էլ
հաղթվում են ու պարտվում նույնկերպ,
օրենքներից դուրս ապրում են միայն խելագարները…
ԱՐՏԱՇԵՍ
(Արձաններին): Դուք, միշտ եղել եք իմ մեջ, իմ ծննդյան պահից…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Աշխարհից, հայրենական հողից լքված
մի օտարական էր ապրում, որ միայն երազել գիտեր,
բայց երբ փորձեցին խլել երազները
առանց երազանք ապրել չկամեցավ,
մանրեց իր ապրած բոլոր տարիների հուշերը,
արարեց արձանների մի համաստեղություն,
որ սեփական պատմությունից օտարանա…
ԱՐՏԱՇԵՍ
Ի՞նչ անեմ, ի՞նչ անեմ, սիրտս փոխվել էր թեժ խառնարանի,
նրա աչքերից հոսում էր սիրո հրեղեն լափան մարմինս այրում…
(Դիմում է արձաններին): Սիրելիներս,
իմ սիրո, վշտի խոսուն վկաներ,
ամեն լուսաբացին դուք արթնանում եք,
որ սիրտս ու հոգիս ներդաշնակվի
մանկան անաղարտ ցանկություններով…
Ինչ պաղ եք անձայն, գեթ մի պահ խոսեք,
պատառ գութ չունե՞ք,
ախր ես ձեզնից ո՞նց հրաժարվեմ,
որ պատժեցիք ինձ ձեր սիրո դիմաց…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Անմիտ մոլորյալ, արթնացիր քնից…
ԱՐՏԱՇԵՍ
(Ինքնամոռաց): Ուրեմն սերս վարձատրվեց կառափնարանո՞վ…
Պատրաստ եմ, Կրեսոս…
(օրորվելով մի քանի քայլ է անում, նրա առաջ կանգնում է հոր ուրվականը):
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Գնա ծնկաչոք ներում խնդրիր,
փարատիր նրա կասկածները,
քո գոյատևման ողջ պատմության մեջ
մեկ անգամ գոնե դիվանագետի փարաջա հագիր,
ցեղակիցներիդ համար շահեկան վարքով առաջնորդվիր…
ԱՐՏԱՇԵՍ
Ուշ է, ինչ լինելու է, այն պիտի լինի…
Գնում է: Ուրվականն անհետանում է:
Խրախճանք: Թագուհին մերկացած պարում է: Կրեսոսը հիացած գավաթներ է դատարկում:
ԿՐԵՍՈՍ
Անբացատրելի կորովն ու ուժը
տղամարդու մեջ կինն է սերմանել,
որ թուլությունն ու իր եսը փնտրի իրենից հեռու,
կանանց բնության ձայնը սրտաքեր
տռփանքն է անվերջ տենչում հագեցնել
ակնթարթ հետո, որ հեշտ մոռացվի
հարդարանքները պճնված պահի…
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, սիրելիս,
այս մոլորակը քեզնից կատարյալ այր չի ստեղծել,
այդ է պատճառը, որ հենց իմ կողքից
հեռանում ես դու
օր ու գիշեր քո ճամփան պահած
փարվում եմ գահիդ, անունդ եմ շրշում՝
տեսիլքդ ամուր փաթաթած սրտիս…
ԿՐԵՍՈՍ
Ասում են, եթե ուժգին սիրում ես,
պիտի հավատալ…
ԼՅՈՒԴԻԱ
Ի՞նչ ես ակնարկում, պարզ խոսիր, Կրեսոս:
ԿՐԵՍՈՍ
Գետի առնական կողերի միջով
ջրերն են հոսում,
գետի քայլերն ու ճամփաները
ճակատագիրն է հստակ որոշել
ու թե խենթանա գետն, ափից ելնի,
ջրերին տանի նոր ճանապարհո՞վ…
Լյուդիան նկատում է, որ շարժվում է լուսամուտի վարագույրը:
ԼՅՈՒԴԻԱ
Սպասիր, տեր իմ,
ինչ-որ կատու է վարագույրների ստվերը ճանկռում,
մարմնիս վրա օտար հայացքի եռոցք եմ զգում,
հոգիս սեղմվում է անբացատրելի շրջանակի մեջ…
ԿՐԵՍՈՍ
Լցրու գավաթս,
կատուն ծնվել է, որ լոկ մլավի,
հարբել եմ ուզում…
Լյուդիան զարմացած նայում է Կրեսոսին, ապա լցնում գավաթը:
ԼՅՈՒԴԻԱ
Տարօրինակ է, սիրելիս, Կրեսոս,
որ կատուներ են խուժել արքայի գաղտնարանները,
բայց թե գիշերվա վկան է կատուն,
նա կխճճվի իր ստվերի մեջ…
(Վերցնում է արքայի գավաթը, խմում մինչև վերջ, ապա սկսում կատաղի պարել);
ԿՐԵՍՈՍ
Սիրո հնոցում թե անկողնային բարիքդ ծամվեց,
ծնիր երեխա, որ շարունակվի
տառապանքներդ նմանակիդ մեջ,
ահա թվացյալ կատարելություն…
Լյուդիան ընդհատում է պարն ու դուրս փախչում: Կրեսոսը գնում է նրա ետևից: Հայտնվում է Արտաշեսը, հեկեկալով ընկնում հատակին:
ԱՐՏԱՇԵՍ
Այնքան չնչին եմ ու ողորմելի,
որ իմ սեփական մահը չեմ ընտրում,
ախոռում կապված չորքոտանու պես
երկինք եմ նայում ու լուռ որոճում…
Հայտնվում է հոր ուրվականը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ամեն արարած ծննդից հետո իր կոչումն ունի,
տակառագործն իր մոր արգանդում մուրճն է երազում,
իսկ կոշկակարը հենց իր սեփական կաշին է թրծում…
Տարաբախտ որդիս,
զգացմունքներիդ մրրիկը պոկեց բախտիդ մակույկը,
բաց ծովից արդեն ետ վերադառնալ,
կրկին ափ հասնել անկարող ես դու…
(Անհետանում է):
ԱՐՏԱՇԵՍ
Իմ սիրո դիմաց ոչ ոք, ոչ մի մարդ
իրավունք չունի ինձնից առավել պատիժ սահմանել,
արքա կոչեցյալ ոմն իմաստակ չի կարող հոգիս լրիվ խաթարել…
(Ուզում է գնալ, նրա դիմաց ելնում է ծաղրածուն):
ԾԱՂՐԱԾՈՒ
Ինքնահավաններ, քիչ առաջ աղաչում էիք,
որ ձեզ թատերգական որևէ նյութ հյուսեմ,
սկիզբն էր կարևորը,
ձեր խաղացած բանավոր բոլոր էջերը կհնձեմ կրկին,
իսկ քեզ համար շարունակություն չեմ գրելու…
ԱՐՏԱՇԵՍ
Արքաներն են պատմությունը ծռում, ծռմռում,
մշակույթը ծառայում է անաղարտ մարդկանց…
(Գնում է):
ԾԱՂՐԱԾՈՒ
Սպասիր, սպասիր, Արտաշես…
Գնաց, ի՞նչ անեմ,
ի՞նչ միջոցներով իմ սյուժեն փրկեմ,
ինչպե՞ս համոզեմ այս սիրահարին,
որ գոնե ճամփից ետ դառնա,
վրեժի, խանդի մոլուցքով տարված դերասանները
գայթակղված են սուր-սուր վիճակներ,
ողբերգական կրքեր խաղալու հիվանդությամբ,
սեր ու տառապանք, վրեժ-մատնություն, ընտիր նյութեր են
հանդիսատեսի փխրուն արցունքով կոկորդ քերելու…
(Գալիս է Լյուդիան):
ԼՅՈՒԴԻԱ
Ծաղրածու, ի՛նչ լավ է այստեղ ես,
գուցե արքան է քեզ իր մոտ կանչել:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ոչ, հայտնվել եմ սեփական կամքով,
ոչ ոք չէր կարող արքայից բացի համարձակվել
հայտնվել լուսամուտների վարագույրի մեջ,
անհավատալի, չափից դուրս շինծու, սուտ տեսարաններ:
Քննադատները վաղն ինչ ցանկանան, այն էլ կգրեն.
և լավ էլ կանեն:
Հերոդոտոսի պատմությունից դրվագ եք խաղում,
ես այդ չեմ գրել, հարգեք պիեսիս թեման ու սյուժեն:
ԼՅՈՒԴԻԱ
Ապրես, ծաղրածու,
քո մատն էլ է խառն այդ պատմության մեջ,
իսկույն ինձ ասա, ո՞վ է հանդգնել .
Խոսիր, ո՞վ էր թաքնվել վարագույրի մեջ:
ԾԱՂՐԱԾՈՒ
Նա չէր հանդգնի, բռնի ուժով, քաշքշելով բերեցին նրան…
ԼՅՈՒԴԻԱ
Ո՞վ… Ու՞մ… Անունն ասա…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ոչինչ չգիտեմ:
ԼՅՈՒԴԻԱ
Չե՞ս ուզում ասել…
ԾԱՂՐԱԾՈՒ
Անգին դերասանուհի,
թագավորական ծաղրածուի դերը վերցրեցի
և դուք խոստացաք ինձ սիրահարվել,
այնժամ կոմիկական մի բան կստացվեր:
Այս ներկայացումը սկիզբ ունեցավ՝ վերջ չի ունենա…
ԼՅՈՒԴԻԱ
Ուրեմն այդպե՜ս,
դու իմ վրեժի դռներն ես ուզում իմ դեմքին փակել,
թե չգիտեիր՝ քո սարքած խաղն ինչ էր դառնալու,
ինչի՞ մեջ մտար… Թատերգուի փառքը քեզ խաբեց,
մի՞թե չգիտեիր, դարերով պետությունը կորցրած ազգը
պետություն դառնալու ողբերգական ինչ տենչանք ունի…
Գնա, ծաղրածու,
և այսօրվանից էլ մի խառնվիր այն գործերի մեջ,
որը մինչև վերջ չես հասկանալու,
ի՞նչ ես զարմացած աչքերդ չռել, գնա, ասում եմ…
էհեյ, ծառաներ…
(Ներս են ընկնում թիկնապահն ու պալատականը):
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում ենք, չքնաղ տիրուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Տարեք այս խեղկատակին կենդանաբանական այգի
և կապիկների վանդակում տեղ հատկացրեք…
Թիկնապահն ու պալատականը ուժով քարշ են տալիս ծաղրածուին:
ԾԱՂՐԱԾՈՒ
Թողեք, թողեք ինձ,
միևնույն է, այս ներկայացումը չի շարունակվի…
(Տանում են):
ԼՅՈՒԴԻԱ
(Մենակ): Կրեսոս, դավադիր հոգի… Վիրավորված եմ…
Պալատում վխտող ինչ-որ շողոքորթ,
երկերեսանի ինչ-որ մի ծառա,
փառքից կուրացած իգամոլ մի որձ,
կամ տարիներով երազը ջրող
կիրքն երկրպագող ոմն հեշտամոլ…
Թագուհի չկա,
նրա մարմինը տեսնելուց հետո
չնչին մի ծառա պիտի երազում մեծարի նրան…
Անմիտ Կրեսոս,
երբեմն սերը երկրպագողին կույր է դարձնում,
ուրեմն արքայի դռան ետևում
ինչ-որ նենգ հոգի զգացմունքների արմատն է ջրում,
որ գիշերային պիղծ երազներում հագուրդ ստանա,
ոչ, սարդն իր շուրջն է լոկ ոստայն գործում…
Վիրավորված եմ, վիրավորված, անարժան Կրեսոս…
Հեյ, ո՞վ կա այդտեղ… Ծառաներ…
(Ներս է ընկնում պալատականը):
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Տիրուհի, դուք ինձ կանչեցի՞ք…
ԼՅՈՒԴԻԱ
Հրամայում եմ, հերթով ինձ մոտ գան
պալատում ապրող այն տղամարդիկ,
որոնք ջահել են ու դեռ չեն հասել կյանքի կեսօրին…
Գնա, ի՞նչ ես զարմացած իմ առջև ցցվել… Չքվիր:
(Ահաբեկված փախչում է):
Թե կյանքիդ հյութն որդն է խմել,
պիտի մաքրվել ու իմաստնանալ,
հեշտանքի հանդեպ չունենալ հակում,
թե չէ մարմինդ հապճեպ կփոխվի գոլ ցեխակույտի
ու ամեն մի պիղծ անարժանավոր
կենարար լանջիդ հայացք կնետի…
Գալիս է թիկնապահը:
ԹԻԿՆԱՊԱՀ
Ինձ կանչե՞լ եք, չքնաղ տիրուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Որտեղի՞ց գիտես հենց քեզ եմ կանչել:
ԹԻԿՆԱՊԱՀ
Ես մինչև այսօր ինձ չեմ շփոթել ուրիշների հետ:
ԼՅՈՒԴԻԱ
Այնքան կուզեի, որ դու լինեիր,
այնժամ ես երբեք քեզ չեմ շփոթի ուրիշների հետ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Ես կլինեմ այն, ինչ ցանկանում եք…
ԼՅՈՒԴԻԱ
Նայիր աչքերիս, չե՞ս համարձակվում…
Մարմինս ծածկող վարագույրները…
Ո՞վ, հարցնում եմ, ո՞վ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Թույլ տվեք խորհել, գտնել պատճառը,
ինչը քո բարկությանը սնունդ է տվել…
ԼՅՈՒԴԻԱ
Հեռացիր իսկույն,
բութ ավանակին նժույգ կարծեցի…
(Թիկնապահը սարսափած փախչում է):
Երբ կնոջ հոգուն կառչած է վիշտը,
նա մոռանում է անգամ կոչումն իր,
այն ավանդույթը, որ կեցվածք դարձած նա գործածում է
դեն է նետում հին կարգն ինչպես…
Ոչ, ոչ, Կրեսոսը պիտի տա ճիշտ պատասխանը…
Ծառանե՛ր… Հեյ, ծառանե՛ր, ինձ մոտ…
(Ներս է մտնում պալատականը):
Հայտնիր Կրեսոսին՝ թագուհու հոգին սաստիկ ցավում է…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Հիմա, տիրուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Կասես՝ թագուհին չափից ավելի գունատ տեսք ունի…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Ինչպես կամենաք, չքնաղ թագուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Զարմանքդ ծածկիր հայացքիդ անխոս մեռյալ դիմակով…
համբերությունս էլ մի որոճա, գնա…
(Պալատականը սարսափած փախչում է):
Ես տրորում եմ իմ թուլությունը,-
չափից ավելի մեծարանքները նման են ստի
թույլ տղամարդն է կնոջ չոքերին խոստումներ փռում,
որ անլիարժեք սարսափը կոծկի,
վերջիվերջո կոտրվում է խաբկանքով հյուսված անիվն օրերի
ու ճշմարտության սյուների վրա փլվում է սուտը:
(Դադար):
Մի՞թե բառերը նրա համար են, որ լաթերի պես
պիղծ հոգիները սուտը կարկատեն,
որ դիմացինի ապրումն ու միտքը
խճճեն խավար հանգույցների մեջ,
արդյոք արքայի պատուհանի տակ
կարո՞ղ էր խցկվել որևէ մեկն առանց գիտության…
Երբե՛ք,
հիմա մարմնիս տեսիլքը գրկած ինչ-որ անարժան
գովքն է անում՝ եփվելով կրքից…
Վրեժ… Վրեժ…
Գալիս է Կրեսոսը:
ԿՐԵՍՈՍ
Լյուդիա, իրավ, գունատ է տեսքդ:
ԼՅՈՒԴԻԱ
Ես անհանգիստ եմ, ամուսինս, արքա,
վիրավոր հոգուս միայն դու կարող ես բալասան դնել:
ԿՐԵՍՈՍ
Ամեն մի ծնունդ իրեն արժանի վարք է ժառանգում,
ով որ ծնվել է թռչելու համար, նա պիտի թռչի…
ԼՅՈՒԴԻԱ
Լավ այգեպանը գիտե պահպանել իր սիրո բերքը:
ԿՐԵՍՈՍ
Ինչո՞ւ այս պահին հարկ համարեցիր սերդ վերհիշել..
Աչքերդ այսօր կարծես շաղված են:
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, վիրավորված եմ,
աղբյուրի ակում քար է գլորվել ու պղտորվել է
հոգուս անդորրն ու խաղաղությունը,-
արքայի պատուհանի վարագույրի մեջ արդյոք
կարո՞ղ էր որևէ մեկը ստվերը խցկել…
ԿՐԵՍՈՍ
Եռացող ջուրը ուժգին ճողփում է ամանի կողքին,
Պալատում ո՞վ է արքայից բացի
իր վերմակից դուրս ոտքերը ձգում…
ԼՅՈՒԴԻԱ
Կատուն…
Ես պահանջում եմ կատվի մարմինը
կախաղան հանվի աչքերիս առջև…
ԿՐԵՍՈՍ
Բայց նա իր պատիժն արդեն ստացավ…
ԼՅՈՒԴԻԱ
Ուրեմն արքայի իմացությամբ է ողջը կատարվել…
ԿՐԵՍՈՍ
Նաև թագուհու…
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, պարզ խոսիր…
ԿՐԵՍՈՍ
Դու ցանկանում ես կախել մի մարդու,
որն ողջ էությամբ երկրպագում է ու երազում է քեզ,
բայց դա պատիժ չէ չափը կորցրած երկրպագողին…
ԼՅՈՒԴԻԱ
Իսկ ո՞վ է, ո՞վ է այդ երևելի հպարտ սրիկան:
ԿՐԵՍՈՍ
Նա, որ կերտեց թագուհու արձանը Ֆիդիասին վայել:
ԼՅՈՒԴԻԱ
Արձանագո՞րծը… Այդ թշվառ մա՞րդը,
որ օր ու գիշեր ինձ ծունկի իջած գովեստ է ձոնում…
Ուրեմն նա՞ է մարմինս տեսել:
Բայց չեմ հասկանում, ի՞նչն է ստիպել
հզոր Կրեսոսին այդքան մանրանալ…
Ոչ, դու ճիշտ չես ասում, չեմ հավատում…
ԿՐԵՍՈՍ
Այդ չորքոտանի չնչին մարդուկը
իր զգացումների ճահճից հղփացել ու տենչում է քեզ:
Հասարակ մարդու ցանկությունները սանձարձակ են միշտ
նրանք սահմաններ, չափ չեն ճանաչում:
ԼՅՈՒԴԻԱ
Մի՞թե արքան իրավունք ուներ
իրեն չափելու գերված ու ծաղրված արձանագործի հետ…
ԿՐԵՍՈՍ
Արձանագործ չկա, նա մեռավ արդեն,
փետուրը պոկված սիրամարգի պես պիտի տառապի
իր սիրո առջև ընկած գլխատված…
ԼՅՈՒԴԻԱ
Ի՜նչ դաժանություն է…
ԿՐԵՍՈՍ
Խղճո՞ւմ ես նրան… Ահա, ահա, կծիկի ծայրը…
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, նա մեղավոր չէ, որ մարդ է ծնվել ու սիրել գիտե…
ԿՐԵՍՈՍ
Ոչ, ոչ, սիրելիս, ես եմ մեղավոր,
որ միշտ թագուհուն նայել եմ գահի բարձունքից…
ԼՅՈՒԴԻԱ
Թե նրա անզուսպ երազանքները փոխվել են սիրո,
պատժվել է իր իսկ ձեռքերով,
նրան նկատել, կրկին պատիժ տալ
նշանակում է մեծարել նրա ցանկություններն ու սերը տկար…
ԿՐԵՍՈՍ
Բայց ես լավ գիտեմ, ամեն մի սկիզբ հասնում է վերջին…
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, ծաղրելով ծառայի սերը,
դու տրորել ես քո կին թագուհու հպարտությունը,
դու քո ծառայից ծառայի լեզվով վրեժ ես լուծել,
իսկ ես, ես… Վիրավորված եմ…
ԿՐԵՍՈՍ
Դու մոռանում ես կարևոր մի բան.
հոգուս օվկիանի ջուրն են պղտորել,
որ ինչ-որ մեկը պղտոր ջրի մեջ իր ձուկը որսա,
ինչ-որ խրտվիլակ համարձակվել է մոռանալ իրեն,
արդյոք ավելորդ քո վարմունքը չէ՞ եղել պատճառը…
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, դու մոլորված ես
և ինձ հասցրած վիրավորանքներդ
մահվանից էլ ծանր, մեծ կշիռ ունեն,
շնորհակալ եմ, որ արժանացա նման ծաղրանքի,
բառեր չեմ գտնում ինձ սփոփելու,
շնորհակալ եմ, շնորհակալ եմ…
ԿՐԵՍՈՍ
Ի՞նչ է պատահել,
խաղի դեմ խաղ եմ ես առաջարկել
ու թե հարկ լինի…
(Գնում է):
ԼՅՈՒԴԻԱ
(Մենակ):
Նվաճողի մեջ միշտ էլ մեռնում է մարդ արարածը,-
մի՞թե պալատում չկա գեթ մեկը,
որ ինձ խորհուրդ տա կամ էլ սփոփի…
Ապիկար Կրեսոս,
հեշտանքի պահին ունակ ես աշխարհ խոստանալ…
Պարզվում է՝ սերս պալատում ընկած իր էր աննշան,
կամ ոսկուց ձուլված չնչին խաղալիք՝
պալատի մի խուլ անկյունում ընկած գոյատևում էր…
Վրե՜ժ… Վրե՜ժ…
Անարժան Կրեսոս,
հոգիս վերածեցիր աղտոտ ախոռի,
խանդիցդ ծնված ճիվաղ կենդանին որ կապես այնտեղ…
Ո՞վ էր մեղավոր, արձանագործը, ոչ, Կրեսոսը…
Հեյ, ո՞վ կա այդտեղ, ծառանե՛ր…
(Հայտնվում է պալատականը):
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Լսում եմ, տիրուհի:
ԼՅՈՒԴԻԱ
Արձանագործին շուտ այստեղ կանչիր…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Լսում եմ…
(Գնում է):
ԼՅՈՒԴԻԱ
Արդյոք սե՞րն է նրան մղել խելացնոր համարձակության,
գուցե կյանքից ավելին արժե այն ակնթարթը,
որ նրան Կրեսոսի զոհը դառնալով դրժել է մա՞հը,
խախտել մտքի չափն ու սահմանը,
չէ՞ որ ճշմարիտ սերն արհամարհում է պատժի ամեն չափ…
(Դադար):
Ինձանից հետո չի մնա ոչինչ,
բացի այս քարե կերտված բեկորից,
որը հագել է հպարտությունն իմ, որի դեմքի մեջ
սիրո անսպառ երազանքներ կան ու երանություն…
Արարիչ ձեռքեր,
ի՞նչ իրավունքով դուք ինձ կերտել եք
ինձնից հմայիչ, որ վարձատրվեք կառափնարանո՞վ…
(Գալիս է Արտաշեսը):
Եկա՞ր,
անմեղ հրեշտակի կերպարանք հագած դավադիր էակ…
ԱՐՏԱՇԵՍ
Ինձ կանչե՞լ եք…
ԼՅՈՒԴԻԱ
Զուր ես գորովանքով հայացքդ մաշում,
Չէ՞ որ աշխարհում ամեն ինչ սուտ է,
ծայրեծար խաբկանք…
(Քննելով Արտաշեսին, կարծես առաջին անգամ է տեսնում):
Քո սիրո ձեռքին չափից ավելի կամակոր դարձար,
որ հանդգնեցիր արքայի կամքին խաղալիք դառնալ՝
թագուհու կամքը հաշվի չառնելով…
ԱՐՏԱՇԵՍ
Արքայից առավել եմ մեղավոր:
ԼՅՈՒԴԻԱ
Ոչ, դու ընդամենը նետվել ես
արքայի սարքած խաղի մեջ
ու քո տեսիլքն ես աչքով շոշափել
ու թե Լյուդիային սիրում ես, իրա՞վ,
պետք է թագուհու ցանկությամբ միայն խաղը ավարտես…
ԱՐՏԱՇԵՍ
Թույլ տվեք գնալ…
ԼՅՈՒԴԻԱ
Ապա մոտեցիր,
Չէ՞ որ գեղեցիկ է ու հրապուրիչ թագուհու մարմինը…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Ի՞նչ ես քարացել, իսկույն երազիդ պարտեզը մտիր…
ԱՐՏԱՇԵՍ
Նա բռնի կերպով…
ԼՅՈՒԴԻԱ
Ես թույլատրում եմ, երազանքներիդ հզոր արվեստով,
նույնիսկ ուզում եմ
ցանկացածի պես ինձ բռնաբարիր,
դու նվաճել ես սիրտը թագուհու…
Եկ, ի՞նչ ես կանգնել, գրկիր, համբուրիր,
ի՞նչ ես քարացել, նետվիր դեպի ինձ,
քո արարչագործ մատներով փշրիր մարմինս կավե
ու էությունդ խենթացնող գինին խմիր մինչև վերջ…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Ստրկամիտ հոգի, տիրոջդ ձեռքը չե՞ս ուզում խածել,
բայց նա քեզ վերջին պոռնիկի նման
վարագույրի մեջ պահակ էր կարգել:
Մահվան փոխարեն առաջարկում եմ՝
տիրիր թագուհուն, վրեժդ լուծիր
ու ողջը կոչիր սիրո հաղթանակ,
սինլքոր ծառա, ո՞ւմ ես սպասում:
ԱՐՏԱՇԵՍ
Մահվան փոխարեն դու ուրիշ մահ ես ինձ առաջարկում..
ԼՅՈՒԴԻԱ
Դու մերժու՞մ ես ինձ
և չես կամենում քո սիրո զոհը Կրեսոսը դառնա:
Եթե այդպես է, ես քեզ չեմ ների,
իսկույն արքային իմաց կտամ,
կասեմ հանդուգն արձանագործը
այրված կրքերի վայրի մոլուցքից ոտնձգեց ինձ…
Դե, սպասում եմ, գրկիր մարմինս,
արյունս է եռում վրեժի տենդից…
ԱՐՏԱՇԵՍ
Ես միշտ պատրաստ եմ մահվան վճիռը քեզնից ստանալ
ԼՅՈՒԴԻԱ
Ոչ, դու պիտի ապրես, քանզի այս պահին ես սիրում եմ քեզ,
ամեն հաղթանակ յուրատեսակ պարտություն է մի…
Արքան ճախրում է հոգուս երկնքում,
դու նրա տկար հոգին ավերող
զգացմունքների թևերը պոկեցիր
նետեցիր մեկ-մեկ իմ ոտքերի տակ,
որ առանց չնչին այլևայլության նրանց տրորեմ…
Դու ինձ հուշեցիր՝ գրաստն ունակ է լոկ դոփել հողում,
ինչքան էլ պեգաս փորձի ձևանալ՝
օրերից մի օր կպարզվի, իրոք, գրաստ է ծնվել:
Էշից ընկածին, վարկաբեկվածին չեմ կարող ներել,
այս երեկո նույն վարագույրի մեջ դու կթաքնվես
ես խրախճանքի կատաղի պահին
ձեռքի շարժումով քեզ իմաց կտամ,
դու խուժելով ներս՝ նրա հարցերը հապճեպ կլուծես,
վերցրու այս սուրը…
(Ծոցից դաշույն է հանում ու դնում Արտաշեսի առջև):
Իսկ եթե դրժես իմ հրամանը,
մոլեռանդ արքան քեզ չի հավատա
չէ՞ որ նա գիտե. ամեն տղամարդ
երբ որ տեսնում է իր երազների մարմնեղեն ցոլքը,
կրքից կուրացած ուզում է իսկույն շոշափել նրան…
ԱՐՏԱՇԵՍ
Ես ավելի շուտ հենց այս դաշույնով ինձ կխոցեմ…
ԼՅՈՒԴԻԱ
Լռիր: Վերցրու դաշույնը:
Ես ասելիքս արդեն վերջացրի,
երբ մենակ մնաս
աշխատիր խորհել մեր սիրո մասին,
դե, հիմա գնա…
ԱՐՏԱՇԵՍ
Տիրուհի…
ԼՅՈՒԴԻԱ
Գնա, ասում եմ…
(Արտաշեսը վեցնում է դաշույնը ու օրորվելով հեռանում):
Վրեժ… Վրեժ… Վրեժ…
Գարի ցանողը ցորեն չի հնձի… Վրեժ…
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Վարագույրի առջև հայտնվում է ծաղրածուն:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ստիպված ենք շարունակելու ձախողված խաղը,
ընդմիջմանը ժողով հրավիրվեց, որոշում հանվեց,
որ ոչ մի դերասան իրավունք չունի
հեղինակային խոսքը ցանկացածի պես փոխել, ծռմռել.
Շատ էլ թատրոնն արվեստ արտադրող գործարան է,
մերթ թողարկում է ռոմանտիկ հույզով քնքուշ Ռոմեո,
մերթ շահին գերի ժամանակակից Շեյլոկ, Ֆիգարո,
ցեխոտ կրքերով կաշառակերներ,
փուչիկ բառերով հայրենասերներ,
որոնք ճառերով սիրում են միայն մեր հողն ու ջուրը,
բայց բարեկեցիկ այլ վայր գտնելով,
լքում են իսկույն հայրենի տունը:
Դոլար պաշտող սուտի կեցվածքով ազգայնականներ,
որն ընդամենը ձայներ է գնում, դեպուտատ դառնում
և մեր հնավիժտ սրբություններն են առնում ու ծախում…
Մենք այս երեկո ազգադավներին, գող տզրուկներին
նետեցինք մի կողմ, որ խաղաղության կարևոր թեման
այստեղ մեծարենք, իսկ արտիստները, խոսքը մեկ արած,
նույնն ասացին. Շ
՛՛Հեղինակն ո՞վ է, որ խառնվում է
իր հերոսների ճակատագրին,
ինչո՞ւ այսօրվա թատերգուները
սիրում են տանել հերոսին այնտեղ,
ուր հերոսն երբեք, երբեք չի գնա՛՛:
Իսկ ես ասացի՝ դերասանները կատարողներ են,
պետք է ենթարկվեն հեղինակների ցանկություններին:
Կրեսոսը պետք է իր երկրում մնա,
չգնա, օտար աշխարհներ տիրի,
որպեսզի դերից ազատման համար դիմում չգրի:
Այս ի՞նչ զանգեր են զորահավաքի,
ինչ անես-չանես՝ ոչինչ չի ազդում…
ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԲԱՑՎՈՒՄ է
ՏԱՍԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պալատ, Կրեսոսը շրջապատված է զինվորականներով:
ԿՐԵՍՈՍ
Ուրեմն այդ էր պատասխանը նախկինում պարտված թշնամիներիս:
ԾԱՂՐԱԾՈՒ
Արքա Կրեսոս, մեծահոգի եղեք,
թող ապրեն իրենց երկրում, ինչպես կամենան…
ԲԱՆԲԵՐ
Հզոր տիրակալ, նրանք այլևս մեզ չեն ընդունում,
ապստամբել են…
ԿՐԵՍՈՍ
Ես պարթևների ամբողջ երկիրը նորից կավերեմ,
Իսկ Հայաստանը ոտքի տակ կտամ…
ԲԱՆԲԵՐ
Ձեր նշանակած հսկիչ գնդերը նրանք ցրեցին,
մեր զորապետներին ծաղրուծանակ անելուց հետո
իրենց աշխարհի սահմաններից դուրս վռնդեցին:
ԿՐԵՍՈՍ
Հրամայում եմ, շեփոր հնչեցրեք,
գնդերս կանչեք զինավարժության,
որ հենց վաղը պատրաստ լինեն ռազմավարության…
ԲԱՆԲԵՐ
Լսում ենք, տեր իմ…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Կեցցե Կրեսոսը…
Պալատականն ու բանբերը գնում են:
ԿՐԵՍՈՍ
Ճակատագիրն ինձ նորեն ժպտաց
և ես իմ փառքի անմար ծիրանին նորից կհագնեմ,
բազում երկրներ ոտքիս տակ կտամ,
որ կրկին ցնծա հինավուրց փառքս…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ոչ մի դեպքում…
Մի՞թե ոչինչ չի ազդում ձեզ վրա,
խեղճուկրակ, քաղցած փորով դերասաններ,
ի՞նչ եք ձեզ Հաննիբալ ու Մակեդոնացի երևակայում,
պայմանավորվեցինք, չէ՞,
Քաջ Նազարի նման մեծ-մեծ պիտ խոսեիք,
բայց ոչ մի տեղ չպիտի գնայիք…
ԿՐԵՍՈՍ
Ծառաներ, այստեղ…
(Գալիս է թիկնապահը):
Թագավորական կենդանաբանական այգու դռներն
ո՞վ է բաց թողել.
ինքնասիրահարված այս կապիկին տարեք իր վանդակը:
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ, տեր իմ…
ԾԱՂՐԱԾՈՒ
Չմոտենաք ինձ, այլևս համբերությունն էլ իր սահմանն ունի,
ընդմիջմանը ձեզ գրավոր նոր դերեր բաժանեցի…
Թողեք ինձ, ձեզ պետք է վանդակի մեջ փակել…
ԹԻԿՆԱՊԱՀ
Գնանք, ձեր հարևան վանդակի կապիկներին
շարունակությունը կպատեք…
(Գրկում է ու տանում):
ՕԱՂՐԱՕՈՒ
(Դրսից): Ինքնասիրահար անուղղելիներ.,.
Գալիս է Լյուդիան:
ԼՅՈՒԴԻԱ
Սիրելիս, Կրեսոս, ամբողջ պալատը ցնծության մեջ է,
զինվորական երգեր են երգում ու քեզ մեծարում:
ԿՐԵՍՈՍ
Իմ չքնաղ Լյուդիա, գնա սենյակդ,
չեմ կարող առանց հրաժեշտ տալու քեզնից բաժանվել…
ԼՅՈՒԴԻԱ
Կսպասեմ, անգինս…
(Գնում է, բայց թաքնվում է վարագույրների մեջ):
ԿՐԵՍՈՍ
(Առանձին): Պարապությունն ինձ հունից հանեց,
ծույլ ու ալարկոտ խեղճ կատվի նման
պալատի ինչ-որ անկյունում ընկած՝
իջա ծառայի խոսք ու զրույցի փուչ մակարդակին…
Գալիս է թիկնապահը:
ԹԻԿՆԱՊԱՀ
Հզոր տիրակալ, հրամանատարները ժամանեցին…
ԿՐԵՍՈՍ
Գնա հաղորդիր, քիչ հետո կգամ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ…
(Գնում է):
ԿՐԵՍՈՍ
(Ինքն իրեն): Զինվորականները թող միշտ սպասեն,
որ ինձ տեսնելիս լինեն հոգեկան սարսափների մեջ,
տիրոջը միշտ էլ անդավաճան է միայն այն ծառան,
որ սարսափում է ու ահաբեկվում նրան տեսնելիս…
ԼՅՈՒԴԻԱ
(Առանձին, թաքստոցից):
Տեսնես շարունակ ի՞նչ է որոնում,
ես վախենում եմ արձանագործին…
ԿՐԵՍՈՍ
(Ինքնամոռաց գոռում է):
Լյուդիա… Լյուդիա… Հրեշից անգամ խարդավելի ես…
(Գնում է: Լյուդիան թաքստոցից դուրս է գալիս):
ԼՅՈՒԴԻԱ
Արտաքին փայլը կեցվածք է թվում սնամեջ անձին…
(Դադար):
Ախ, այդ արձանը սֆինքսի նման կախվել է իմ մեջ,
հառաչանքներ է հոգուցս շորթում՝
ամուր սեղմելով լռության սեմին…
— Հիմար, չհամարձակվեցիր անգամ մարմինս շոյել,
գուցե դրա համար է նա ինձ դուր գալիս…
Գալիս է պալատականը:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Տիրուհի, նա պալատում չէ…
ԼՅՈՒԴԻԱ
Էլի պանդոկ է իջել…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Այո, տիրուհի:
ԼՅՈՒԴԻԱ
Գնա, երբ վերադառնա, իսկույն հայտնիր ինձ.
(Պալատականը գնում է):
Այնպես եմ ուզում ես տեսնել նրան,
իմ մեջ ծվարած խելագար կինը
կարողացավ հաղթել թագուհուն,
գուցե արվեստի ուժն ինձ վայր բերեց,
որպեսզի գերվեմ ստրուկի կողմից,
որպեսզի բոլոր իմ երազները նրանը դառնան,
ի՞նչ անեմ, ես մեղավոր եմ, որ կին եմ ծնվել:
Երեկ փորձեցի արձանն իմ մոտից մի պահ վտարել,
բայց նա ավելի ինձ մտերմացավ, մոտիկից խոսեց:
Ինչ գնով լինի, ինչ էլ պատահի` պանդոկ կգնամ,
որպեսզի տեսնեմ` ինչով է ապրում,
ի՞նչ է երազում, որտե՞ղ է նրա հոգու սահմանը…
(Գնում է: Հակառակ կողմից գալիս է թիկնապահը, հմայված նայում է թագուհու ետևից):
ԹԻԿՆԱՊԱՀ
Լյուդիա, ինձ ամբողջովին հունից հանեցիր,
այս անգամ երբեք ես ինձ չեմ ների, թե Կրեսոսին…
Ախ, Լյուդիա, Լյուդիա, սերս քեզ համար
դարձավ թաշկինակ,
ցանկացած պահին քիթդ ես սրբում ու դեն շպրտում…
Աչքերի շոյանք, թովչանք կանացի, սեր, գեղեցկություն,
թե դուք իմը չեք, գոյություն չունեք…
Լյուդիա, դու գանձ ես,
փառքի, վսեմ գոյության շքեղ վերելակ,
ես քո մարմինը նմանեցնում եմ
մարգարտով լեցուն փակ կացարանի,
որի դռները մի օր պիտ ջարդեմ ու խցկվեմ ներս
հոգիս հագեցնեմ շոյիչ զարդերի կախարդանքներով…
(Գալիս է ծաղրածուն):
Ծաղրածու, ի՞նչ է մարդուն պետք,
որ լոկ ակնթարթ երջանիկ լինի…
ԾԱՂՐԱԾՈՒ
Նայած որ մարդուն…
(Հեգնանքով):
Արքային պետք է հարևան երկրի հողերը տիրել,
ոսկով տարվածը մատնությամբ է լոկ հոգին սփոփում,
սիրահարվածն երազում անգամ
մրջյուն տրորել չի կարողանում,,.
ԹԻԿՆԱՊԱՀ
Հասարակ մարդուն ի՞նչ է հարկավոր:
ԾԱՂՐԱԾՈՒ
Ամենօրյա հաց ու խաղաղություն
Պատերազմները մարդուն դարձնում են կոշտ ու անբարո…
ԹԻԿՆԱՊԱՀ
Սոխակի նման նուրբ դայլայլում ես, ազնիվ ծաղրածու,
բայց մոլորակում սոխակից բացի
ինչքան բազմերանգ թռչուններ էլ կան…
ԾԱՂՐԱԾՈՒ
Բայց դու հարցրեցիր երջանկության ու բարության մասին:
ԹԻԿՆԱՊԱՀ
Դու գիտես բոլոր-բոլոր հարցերի ճիշտ պատասխանը
ու քո խորհրդով ապրել փորձողը իրեն կգտնի ժամանակից դուրս,
իսկ ով ապրում է միայն անցյալով,
նա ինչ-որ մեկի հիշողությունն է,
գալիքի մեջ է ապրողի ձայնը,
ինձ հաջորդ անգամ քիչ էլ գալիքից խորհուրդներ կտաս…
(Գնում է:)
ԾԱՂՐԱԾՈՒ
Ի՞նչ է ակնարկում,
ի՞նչ նշան ունի գալիքի ձայնը այս մարդու հոգում,
գալիք ասելով ի՞նչ է հասկանում…
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պանդոկ, սեղաններ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Երրորդ օրն է չի երևում,
նրա համար պալատը բանտ է, ուր որ է կգա:
ԶԻՆՎՈՐ
(Լցնում է գավաթները):
Հիշո՞ւմ ես, ինչպես էր նզովում պատերազմ հորինողներին:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Օրեր առաջ նա ասաց. եթե մեկը տխուր է,
ուրեմն մեկ ուրիշի ձեռքով վատ գործ է կատարվել…
Հայտնվում է Արտաշեսը:
ԱՐՏԱՇԵՍ
Պատերազմ… էլի մարդիկ կատաղել են,
էլի ցանկանում են հոշոտել իրենց նմաններին,
գերանդու փոխարեն զենքեր են կռում,
նորից մութ ուժերն աշխարհը մղում են ապականության…
ԶԻՆՎՈՐ
(Մոտենում է, գավաթ առաջարկում Արտաշեսին):
Խմիր, բարեկամ,
աշխարհում պատերազմներ միշտ էլ եղել են ու կլինեն,
հաղթողներ ու պարտվողներ եղել են ու կլինեն,
ի՞նչ կարող ենք անել…
Հայտնվում է հոր ուրվականը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Երկիր հայրենիդ վտանգի մեջ է,
իսկ դու պանդոկում կյանքդ ես մսխում:
ԱՐՏԱՇԵՍ
(Ինքնամոռաց):
Ի՞նչ ես ուզում ինձնից, մի պահ հանգիստ թող…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Տիրակալները նախրի մեջ քայլող ցուլերի նման
վայելում են հոտի բարիքը,
որբ է ամբոխը մենակ ու մերժված,
մենության սարսափն է ստիպում նրան,
որ կույր բնազդով ետևից գնան տիրակալների…
ԱՐՏԱՇԵՍ
Հայր, ես չեմ ծնվել ինչ-որ մեկի զոհը դառնալու…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ուրեմն, ունկնդրիր հորդ,
թշնամին խուժելու է հողդ, որ յուրայիններիդ ստրկացնի,
թե օրհասի առջև չփորձես կանգնել՝
անարժան զավակն ես Հայրենյաց:
Այս պահին Հայաստան վերադառնալու
իրավունք չունես,
ամեն տեղ խոսիր, համոզիր բոլորին,
որ պատերազմը խեղաթյուրում է հենց առաջինը
պատերազմ սանձարձակողներին…
ԱՐՏԱՇԵՍ
Աշխարհի բոլոր ազնիվ մարդիկ ատում են պատերազմը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Անհնարինն անել իմացիր,
թե հարկ է, զոհվիր, միայն հողիդ փրկության համար
արյանդ հիշողությունը կիմաստավորի ճանապարհդ, որդիս…
(Անհետանում է):
ԱՐՏԱՇԵՍ
Մարդն աշխարհ է գալիս սիրելու համար…
(Գալիս է ծպտված զգեստներով Լյուդիան ու տեղավորվում հեռավոր սեղաններից մեկում):
Անմեղ զոհերը դաշտը կներկեն բոսոր արյունով,
որ տիրակալի փառքը մեծարեն,
պատերազմները մարդուն տանում են այլասերության…
ԼՅՈՒԴԻԱ
(Ինքն իրեն): Ինչե՞ր է խոսում…
ԱՐՏԱՇԵՍ
Աշխարհը շեղվեց, երբ մարդը գերեց իր նմանակին,
առաջին մարդն երբ աշխարհ եկավ՝
վեհ էր, թափանցիկ,
ակնթարթ հետո, երբ արհամարհեց իր նմանակին,
տիրակալ դարձավ…
(Հանկարծ նկատում է թագուհուն):
Օ աստվածներ, նա է… Ինչո՞ւ է եկել…
(Առանձին):
Սիրո արցունքներ, հերիք է ցայտեք
բզկտված հոգուս աշտանակից վեր…
(Բարձր):
Լուսնի եղջյուրը կախվել է երազողների լուսամուտներից..
ԼՅՈՒԴԻԱ
(Ինքն իրեն): Ինչո՞ւ է անկապ օդը թրատում…
ԱՐՏԱՇԵՍ
(Ինքնամոռաց): Ես բանտարկված եմ
նրա պատկերի նուրբ շրջանակով…
ԼՅՈՒԴԻԱ
(Առանձին):
Մտքով ինչ անցնի՝ ասում է բարձր, առանց երկչելու…
ԱՐՏԱՇԵՍ
Փղոսկրե մարմնից մատները՝ ձյունե փաթիլներ,
ընկնում են հանդարտ կարոտիս վրա…
ԼՅՈՒԴԻԱ
Խելագար…
(Բոլորը զարմացած նայում են Լյուդիայի կողմը):
Շատ ես նմանվում բեմին դեռ անփորձ այն դերասանին,
որ իր սեփական ապրումներով է անվերջ զարմանում…
ԱՐՏԱՇԵՍ
Ուզում ես ասել, սիրելու համար
նախ տաղանդ է պետք
և հետո՞ բառեր…
ԼՅՈՒԴԻԱ
Ուզում եմ ասել, ամեն մի սիրող
պիտ արժան լինի իր սիրեցյալին…
ԱՐՏԱՇԵՍ
Սերը ծնվում է ոգու անսպառ երաժշտությունից,
սիրահարները երգում են մարմնի բոլոր մասերով,
իսկ թե սիրողը հոգու մեջ գույն-գույն նվագներ չունի
նա ընդունակ է գերեզման փորել
ու հանգիստ թաղել վեհն ու ազնիվը…
Սրտիս քնարի քնքուշ լարերին մերկ մատներ դիպան…
(Առանձին): Մի՞թե ճանաչեց…
ԱՐՏԱՇԵՍ
Առաջին քայլն՝ երազանքներս են միշտ տանում առաջ,
իսկ երկրորդ քայլը՝ խորտակված կյանքիս
կորուստներն են անդունդը նետում…
Ահա, ահա, ձայնդ եմ լսում, նրանք ցայտում են
մունջ արձանների մերկ կեցվածքներից…
Ահ, ականջներս, ականջներս…
Մահացողի ճիչն էլ ուշքի չի բերում,
ո՞վ է փորձում սովորեցնել, ծնվելուց առաջ մեռնել…
(Անկապ այս ու այն կողմ է ընկնում):
Մեր արյան մեջ կա կուռք ստեղծելը,
առանց պաշտմունքի չենք կարող ապրել…
Օհ, Լյուդիա, աստվածուհի,
ես անհիշատակ քուրմ եմ արվեստի…
(Ներս է խուժում արձանների խումբը, Արտաշեսին առնում օղակի մեջ):
ԱՐՁԱՆ
Մենք կվերադառնանք մի օր,
ժամանակի հուշն ենք փայփայում…
ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆ
Խոսենք միայն արվեստի ձայնով…
ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆ
Դու քո գոյությամբ խանգարում ես մեզ…
ԱՐՏԱՇԵՍ
(Արձանին): Ես քեզ իմ հոգու ձեռքերն եմ տվել…
(Երկրորդ արձանին): Ես քեզ իմ մտքի աչքերն եմ տվել…
(Երրորդ արձանին): Ես քեզ իմ սիրո արցունքն եմ տվել…
(Արձաններին): Ես ձեզ իմ երկրի գեղեցկությունը, խիղճն եմ պարգևել:
ԱՐՁԱՆ
Հենց դրանից էլ քո զավակները
քեզնից առավել բարձր են, կատարյալ…
ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆ
Նրանք ծնվել են դարերի համար…
ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆ
Նրանք ուզում են միայնակ մնալ…
ԱՐՏԱՇԵՍ
Բայց ես դեռ ոչինչ չեմ ապրել,
մի՞թե զավակը ծնվում է, որ դրժի հորը…
Բեմի հեռավոր անկյունում հայտնվում է հոր ուրվականը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Խաբված սիրահար,
զավակի կյանքը հոր ճանապարհի կրկնությունն է,
վայելքին տրված շեղվեցիր հունից,
քո ժառանգավոր ճանապարհներից նետեցիր քեզ դուրս…
ԱՐՁԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Դու պիտի մեռնես,
որ մենք ինքնուրույն կյանքով մեծանանք…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ապագա կոչված օրերի վազքը
հնից առավել արմատներ չունի…
ԱՐՁԱՆՆԵՐԻ ԽՈՒՄԲ
Մեզ ստեղծեցիր, որ քեզ այպանենք…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ինքդ երկնեցիր քեզ մերժողներին,
քանզի ծնվեցին օտարության մեջ…
ԱՐՁԱՆ
Քո ճանապարհը վերջացել է…
ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆ
Մտիր կեղևիդ տակ,
որ քո փոխարեն հայտնվենք մենք…
ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆ
Դու ավարտվել ես մեր մեջ…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ինչ փառասեր են եսդ օտարող այդ արձանները…
(Անհետանում է):
ԱՐՏԱՇԵՍ
(Արձաններին): Բայց դուք սիրով եք այս աշխարհն եկել…
(Արձանների ճերմակ ձեռքերը մեկնվում են դեպի Արտաշեսի կոկորդը: Մատների խուրձ է գալարվում նրա կոկորդին: Վերջինս փորձում է ազատվել մատների հալածանքից):
Օգնեցեք, օգնեցեք, այդ նա է, նա է…
(Ճիչ է արձակում ու արթնանում նիրհից: Արձաններն անհետանում են):
ԼՅՈՒԴԻԱ
Ահա թե ինչու է նա պանդոկ գալիս:
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Այստեղ ոչ մեկը մյուսին հրամայելու իրավունք չունի…
Լյուդիան նետում է վրայից կեղծ զգեստները: Բոլորը զարմանքից քարանում են, ապա սկսում են լքել պանդոկը:
ԼՅՈՒԴԻԱ
Խղճուկ զինվորներ, կյանքից ծաղրված մեղկ գինեմոլներ,
թագուհու ներկայությունն ատելի՞ է ձեզ,
վաղը բոլորդ էլ մարտի կգնաք,
որպեսզի զոհվեք, հանուն ոչնչի..
Գալիս է ծաղրածուն, ժամանակակից զգեստներով է:
ԾԱՂՐԱԾՈՒ
Հարգարժան Լյուդիա,
ո՞վ է քեզ թույլ տվել պանդոկ հաճախել,
դուք խախտում եք թատերգությանս կառուցվածքը,
գեղարվեստական ձևը,
պանդոկի տեսարան իմ երկում չկա,
իսկ դու, արձանագործ, քո եսից բացի ոչինչ չես տեսնում,
ես ձեզ դերից կազատեմ:
Դուք մտածում եք երևի՝ տաղանդավոր եք
ու ամեն ինչ անելու իրավունք ունեք:
Թատրոնը խմբային արվեստ է,
մեկը գրում է, որ մյուսները խաղան,
խմբով պիես չեն գրում:
Դուք խաղում եք՝ ինչ կամենաք,
ո՞վ է թույլ տվել…
ԼՅՈՒԴԻԱ
Զինվորներ, այս խելագարը,
ի՞նչ միջոցներով է արգելանոցի դռները կոտրել,
գուցե կաշառել է արքայական բանտի պահակներին…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ես բանտարկյալ չեմ, ազատ ու անկախ երկրի գրող եմ:
ԼՅՈՒԴԻԱ
Բոլոր խենթերն էլ
իրենց նշանավոր անհատ են կարծում,
գուցե իմ դիմաց Թութանհամոնն է,
կամ մեծ Ռամզեսը,
կամ Հոմերոսի ոգին ես կրում:
Տանե՛լ, բանտարկե՛լ մեծ Հոմերոսին…
(Երիտասարդը բռնում է ծաղրածուին):
ԵՐԻՏԱՍԱՐԴ
Դե, առաջ անցիր, երգերի արքա, մեծն Հոմերոս…
ԾԱՂՐԱԾՈՒ
Թողեք ինձ… Այս ի՞նչ փորձանք էր պիես գրելը:
Բանաստեղծների գործը դյուրին է,
նրա հերոսները բեմ չեն բարձրանում,
թողեք ինձ, վաղը ես ձեր դեմ հոդված եմ գրելու…
(Քաշքշելով տանում են ծաղրածուին):
ԼՅՈՒԴԻԱ
Սիրելու համար իրավունք է պետք և հետո՝ տաղանդ…
(Գնում է):
ԱՐՏԱՇԵՍ
(Առանձին): Թեև ուշացած,
բայց սխալն ուղղելն էլ հերոսություն է:
Գիշերը կիսվի՝ ճանապարհ կընկնեմ
դեպի երկիրն իմ, հողն Արարատյան…
Հայտնվում է հոր ուրվականը:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Տարաբախտ որդիս, չենթարկվեցիր քո ներքին ձայնին,
հիմա ուզում ես՝ Կրեսոսն իր վրեժը կրկնապատկելով
Հայաստան խուժի…
Ուշացած միտքը քամու նման է,
մերթ հայտնվում է, զովացնում հոգիդ ու մերթ հեռանում,
պարտված սիրահար,
դու արդեն ծածուկ հեռանալու իրավունք չունես…
ԱՐՏԱՇԵՍ
Ճշմարիտ, նա հարյուրավոր մարդկանց կխեղի,
ոչ, պատանդի նման կմնամ այստեղ, կմեռնեմ, բայց,..
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Իսկ գերված յուրայիններիդ ու քո վրեժը…
Սիրուց մոլեգնած արքայի ձեռքին խաղալիք դարձար,
թագուհու կամքով թե խաղն ավարտես…
ԱՐՏԱՇԵՍ
Ես ընդունակ չեմ թիկունքից խոցել,
թեև հաղթողին ոչ ոք չի դատում:
Արյան դեմ արյուն, բայց ոչ ետևից,
նրա դեմ կելնեմ ինձ պես բացճակատ:
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Իսկ նա հայրենի հողդ ներխուժեց գողի պես թաքուն:
ԱՐՏԱՇԵՍ
Պատերազմների վարքը տարբեր է,
մեկն հարձակվում է, որ մյուսն անհույս պաշտպանվի, գերվի…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
Ցեղակիցներդ անձնազոհությամբ ու արյան գնով
և անհաշվելի կորուստ կրելով չստրկացան,
հիմա Կրեսոսին նոր առիթ է պետք,
որ իր կոտրված փառքը մեծարի նոր ավարներով:
Լսիր թագուհուն ու դարձիր նրա կամակատարը
և թուլությանդ արդարացումը լոկ քո մեջ փնտրիր…
ԱՐՏԱՇԵՍ
Ոչ, ոչ, չեմ կարող…
ՀՈՐ ՈՒՐՎԱԿԱՆ
ճակատագրիդ հետ դու խաղ խաղացիր
գեթ վերջին անգամ իմ ձայնը լսիր ու գնա պալատ,
որ քո թագուհու խաղը ընթանա իր ուզած հունով…
ԱՐՏԱՇԵՍ
Ես կգնամ դեպի իմ մահը…
Կարոտս որպես թանկ մատյանագիրք
Մինչ վերջին շունչս կմղի առաջ,
դե, մնաս բարյավ…
(Գնում է, անհետանում է հոր ուրվականը):
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ
Պալատ: Կրեսոսը մենակ է ու անհանգիստ:
ԿՐԵՍՈՍ
Ուրմն նա պանդո՞կ է իջել… Օ խելագար կին…
(Դադար):
Ինչ-որ խեղկատակ ոտնձգեց իմ սիրեցյալին:
Թագուհին իրավացի էր,
իջա երկնային իմ բարձունքներից
ընկա ամբոխի դաժան երախը, ասեկոս դարձա,
հպարտությունն է փառքի հենակը, իսկ ես ի՞նչ արի…
Պետության շահը թելադրում է վերացնել նրան,
հենց ամբոխն էլ այդ է ցանկանում:
Ոչ, նրան սպանելով՝ կրկնակի անգամ
կհաստատեմ իսկությունը նրա մեծ սիրո:
Ես սահմանեցի այնպիսի պատիժ,
որ օրինականացրեցի ծառայի սերը,
հիմա ամեն տեղ բերանբացներն անունս են մաշում…
Պարապությունն ինձ հունից հանեց…
Գալիս է թիկնապահը:
ԹԻԿՆԱՊԱՀ
Արքա, ամեն տեղ փնտրեցի, չկա ու չկա:
ԿՐԵՍՈՍ
Պանդոկում եղա՞ր…
ԹԻԿՆԱՊԱՀ
Իհարկե, տեր իմ,
գինեմոլները շարունակ նրա անունն են տալիս:
ԿՐԵՍՈՍ
Հետո՞… Միայն այդքա՞նը…
ԹԻԿՆԱՊԱՀ
Նրանք պատմում են՝ իբրև թագուհին…
Ոչ, ոչ, զրպարտություն է, ես չեմ հավատում:
Նա է ամբոխի ականջների մեջ զանգուլակ կախել,
որ իր անունը զնգա, զնգզնգա:
Իրավունք տուր ինձ, ես նրա լեզուն երախից պոկեմ
ու այդ պանդոկի շներին նետեմ:
ԿՐԵՍՈՍ
(Առանձին): Նշանակում է՝ արար աշխարհին ես ապացուցեմ,
որ նա թագուհուն ոտնձգել է:
(Բարձր):
Եթե հաջողվի գինեմոլներից մեկին կաշառել
և նա հորինի թունդ վիրավորանք իր անձի հանդեպ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Աղաչում եմ, այդ գինեմոլի պատվավոր դերը
վստահիր դու ինձ…
ԿՐԵՍՈՍ
Մեկ ուրիշը պետք է նրան վերացնի, իսկ դու՝ այդ մեկ ուրիշին:
ԹԻԿՆԱՊԱՀ
Հենց այսօր նրան կվերացնեմ, որ չկարողանա էլ ոչինչ պատմել…
ԿՐԵՍՈՍ
Պատմե՞լ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Այո, ինչն երկուսս գիտենք…
ԿՐԵՍՈՍ
Բայց մենք ի՞նչ գիտենք…
ԹԻԿՆԱՊԱՀ
Ոչինչ, տեր արքա…
ԿՐԵՍՈՍ
Սպասիր, երևում է դու ավելին գիտես…
ԹԻԿՆԱՊԱՀ
Ինքդ էլ լավ գիտես, միայն ես գիտեմ…
ԿՐԵՍՈՍ
Եվ համոզված ես, որ քեզնից բացի պալատում ոչ ոք…
ԹԻԿՆԱՊԱՀ
Իհարկե, տեր իմ…
ԿՐԵՍՈՍ
Հասկանալի է: Շնորհակալ եմ, թիկնապահ,
դահիճներին շուտ այստեղ կանչիր:
ԹԻԿՆԱՊԱՀ
Ուզում ես նրան հենց այս վայրկյանի՞ն…
Հիանալի է… Իսկույն, տեր արքա, նրան կգտնեմ…
ԿՐԵՍՈՍ
Նախ կանչիր դահիճներին…
ԹԻԿՆԱՊԱՀ
Լսում եմ…
(Գնում է):
ԿՐԵՍՈՍ
Ինձնից բացի ոչ ոք չպետք է գիտենա,
Լյուդիայի գաղտնիքն, որն միայն ինձ է պատկանում…
Թիկնապահը վերադառնում է դահճների հետ:
ԹԻԿՆԱՊԱՀ
Կանչե՞մ արձանագործ նենգ սրիկային…
ԿՐԵՍՈՍ
Կարծեմ ասացիր՝ քեզանից բացի ոչ ոք չգիտե, ինչն ես գիտեմ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Այո, տեր արքա, կարող եմ երդվել…
ԿՐԵՍՈՍ
(Դահիճներին): Տանել, գլխատել թիկնապահին,
հնարավորին չափ շուտ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Արքա, այդ ի՞նչ եք ասում…
ԿՐԵՍՈՍ
Կան շատ գաղտնիքներ, որ պալատում պետք է
միայն ու միայն արքան իմանա…
ԹԻԿՆԱՊԱՀ
Արքա, խնայեք, աղաչում եմ, ես ոչինչ չգիտեմ…
ԿՐԵՍՈՍ
Տանե՛լ…
ԹԻԿՆԱՊԱՀ
Մարդակեր, հրեշ…
(Հարձակվում է Կրեսոսի վրա, բայց դահիճներն ետևից սրախողող են անում):
Ամեն ինչ կորավ… Անիծյալ լինես, Լյուդիա… (Անշնչանում է):
ԿՐԵՍՈՍ
Տանե՛լ…
(Դահիճները քարշ տալով տանում են թիկնապահի մարմինը):
Պետական շահը բարձր պիտ դասվի միշտ անձնականից:
Հարկ եղած դեպքում ամբողջ պալատը սրի կքաշեմ,
միայն վերջանան Կրեսոսի շուրջը ծավալվող ասեկոսները…
Գալիս է պալատականը:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Արքա, թագուհին ցանկանում է քեզ հետ տեսակցել:
ԿՐԵՍՈՍ
Ասա, գալիս եմ…
(Պալատականը խոնարհվում է ու հեռանում):
Մի՞թե իշխողն արածների համար
որևէ մեկին պիտի հաշիվ տա…
Ճակատագիրն ինձ հունից հանեց,-
խաղողի որթի ստվերի ներքո
հաճախ որթնում է հենց իր ողկույզը…
թե անհրաժեշտ է, ամենքն էլ հերթով
թող նահատակվեն, նույնիսկ թագուհին,
միայն թե փրկվի իմ արքայական բարձր պատիվը…
Գալիս է ծաղրածուն:
ԾԱՂՐԱԾՈՒ
Պաթետիկ կրքեր, բարձրագոչ խոսքեր, վերընթաց պոզա,
հնացած ոճերի նմանակություն, արվեստի պատրանք:
Ձեր խոպոպավոր միզանսցենները, որոնք կանգնած են
կլասիցիզմի արխայիկ ռելսերի վրա,
այսօրվա համար անցյալից բերված կարկատաններ են:
Նոր Բուալո եք բեմում հայտածում և երեք դարով
ետ նահանջելով…
ԿՐԵՍՈՍ
Ո՞վ եք… Ի՞նչ եք զառանցում…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ժամանակից դուրս ոչ մի հորինվածք չի դառնում պատում,
անցյալ թատրոնի փալաս-փուլուսով
ողբերգի շապիկ ես տենդագին փինում…
Չե՞ս տեսնում՝ երկրիդ գահի փոխարեն,
ամբոխի մարսած մնացորդներով արկղն ես պահպանում,
աղբարկղին հեծած Ներո՞ն ես խաղում,
թե՞ աղբից ուզում ես սերել մի նոր Ստալին կամ Կալիգուլա…
ԿՐԵՍՈՍ
Ծառաներ, ինձ մոտ…
(Ներս են ընկնում ծառաները):
Այս խենթի առջև ո՞վ է պալատի դռները բացել…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Նա յուրատեսակ բանալի ունի, որով բացում է բոլոր դռները…
ԾԱՂՐԱԾՈՒ
Աղբի թագավոր, հերիք ձևավոր կրքեր հորանջես,
աղբի մեքենան եկել է, վարորդն ուզում է աղբը դատարկել,
ինչքան փորձեցի քեզ կարգի բերել, ոչինչ չստացվեց,
դուք անհուսալի բեամոլներ եք,
ողբերգակ երևալու բարդույթով հիվանդ,
մեծ- մեծ գաղափար ու զգացում ճմրթող ինքնապաշտ..
ԿՐԵՍՈՍ
Ծառաներ, սա լրտես է, զբաղված է մեր տերության դեմ
այլախոհ գաղափարներ տարածելով,
իսկույն տարեք ու սրախողող արեք…
ԾԱՂՐԱԾՈՒ
Ինքնասիրահարված փառամոլներ,
աղբանոցում ներկայացում չկայացավ, հեռացեք,
թույլ տվեք աղբը տանեն թափելու,
թե չէ ուր որ է ոստիկանները կհայտնվեն…
ԿՐԵՍՈՍ
Ինչպես երևում է, ուզում ես անձամբ վերջ տամ կյանքիդ…
(Հանում է սուրը):
Դե, ընդունիր մահդ…
(Հարձակվում է ծաղրածուի վրա, վերջինս սարսափահար փախչում է: Կրեսոսն ընկնում է ծաղրածուի ետևից: Հակառակ կողմից երևում է Լյուդիան):
ԼՅՈՒԴԻԱ
Որտե՞ղ է արքան:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Քիչ առաջ այստեղ էր, հիմա կկանչեմ…
(Գնում է):
ԼՅՈՒԴԻԱ
Չի բարեհաճում ինձ հետ տեսակցե՞լ…
Երևի նա էլ ինձ նման դավեր է լարում:
Անմիտ ամբոխի երախում դարձա նյութ բամբասանքի.
արձանագործի սիրուց մերժվելով՝ գոռոզ թագուհին
արհամարհելով արքունական դիրքն ու պատիվը, պանդոկ էր իջել:
Արքան սեփական նախաձեռնությամբ զրկվեց իր պատվից,
իսկ ես ծաղրուծանակի առարկա դարձա,
ջորիից երբեք զավակ չի ծնվում, իսկ ես ի՞նչ արի…
(Գալիս է Կրեսոսը: Լյուդիան ժպտալով մոտենում է նրան):
ԿՐԵՍՈՍ
Լյուդիա…
ԼՅՈՒԴԻԱ
Կրեսոս, սիրելիս, այսօր ողջ օրը սպասել եմ քեզ…
ԿՐԵՍՈՍ
Ներիր, անգինս, մի քանի ժամից բաժանվելու ենք…
ԼՅՈՒԴԻԱ
Արքա ամուսինս, կարոտել եմ, ինձ այնպես գրկիր,
որ բոցավառվի կանացի հոգիս,
որ քո գրկի մեջ կրկին նորոգվեմ ու ջահելանամ…
ԿՐԵՍՈՍ
Ծառաներ, գինի…
ԼՅՈՒԴԻԱ
Ես աստվածների խոնարհ ծառան եմ…
ԿՐԵՍՈՍ
Եթե աստվածդ եմ, տիրուհիս եղիր ինձ փառաբանող…
ԼՅՈՒԴԻԱ
(Գավաթների մեջ գինի է լցնում ու մատուցում):
Խմիր, իմ աստված…
ԿՐԵՍՈՍ
Ուզոում եմ խմել, որ ողջ աշխարհը հրկիզվի աչքիս…
(Խմում են: Լյուդիան գավաթը նետում է մի կողմ ու սկսում խենթորեն պարել: Պարի ժամանակ հանում է զգեստներն ու այս ու այն կողմ նետում: Այդ պահին շարժվում են վարագույրները):
Սպասիր Լյուդիա… Կատուն, կատուն… ճիշտ էիր ասում,
վերջում այդ կատուն խճճվելու է իր ստվերի մեջ,
կատուն, կատուն…
(Վարագույրների միջից հայտնվում է Արտաշեսը):
ԱՐՏԱՇԵՍ
Գոռոզ Կրեսոս, պատրաստ եմ, որտե՞ղ է սուրդ,
ես սպասում եմ…
ԿՐԵՍՈՍ
(Հանում է սուրը): Հողմացրիվ կանեմ,
դե, կարո՞ղ ես, պաշտպանվիր, ստրուկ…
ԼՅՈՒԴԻԱ
Սիրելիս, Կրեսոս, ինձ տուր քո սուրը,
ուզում եմ դրա դատն իմ ձեռքով…
(Խլում է Կրեսոսի սուրը):
ԿՐԵՍՈՍ
Լյուդիա, սպասիր…
(Առաջ է նետվում: Լյուդիան ետևից սուրը խրում է Կրեսոսի թիկունքը: Կրեսոսը տապալվում է գետնին):
Ահ, դավադիր հոգի,
իմ ձեռքով հյուսած թակարդն ընկա…
(Սարսափած Արտաշեսի ձեռքից ընկնում է սուրը):
Ահ, պիղծ թագուհի, մեռնում եմ…
(Անշնչացած փակում է աչքերը):
ԱՐՏԱՇԵՍ
Այս ի՞նչ կատարվեց…
Ոչ, ոչ, չեմ հավատում, դու չէիր կարող,
գուցե մեկ ուրիշն է քո կերպարանքով…
ԼՅՈՒԴԻԱ
Նա քո ձեռքերով իր արժանի պատիժը ստացավ…
ԱՐՏԵՇԵՍ
Լյուդիա, ուզում եմ ես քեզ ճանաչել, մի՞թե այդ դու ես…
ԼՅՈՒԴԻԱ
Պետք չէ կոտրատվել, ճարպիկ մարդասպան…
ԱՐՏԱՇԵՍ
Իմ այս ձեռքերով, թովիչ նազանքդ, հոգուդ զարկերն
արձանների մեջ ես վերծանեցի…
Մի՞թե դու ես այդ, դեն նետիր քողը…
ԼՅՈՒԴԻԱ
Քո սիրո համար վրեժ լուծեցիր,
կարծելով թագուհին կրքերիդ զոհն է դառնալու…
ԱՐՏԱՇԵՍ
Խլուրդներ են աչքերիս թվում պալատի մարդիկ,
ամբողջ կծիկն այնպես խճճվեց, որ թելի ծայրը
լույս աշխարհ չգա:
Արքայի խաղը չնչին կատակ էր քո խաղի հանդեպ:
ԼՅՈՒԴԻԱ
Քո սիրո տերը դառնալու համար դարձար մարդասպան…
ԱՐՏԱՇԵՍ
Ես զարմանում եմ, գեղեցկությունն ինչպես կարող է լինել
աններող ու այդքան դաժան,
ամբողջ աշխարհը խաթարվեց աչքիս…
ԼՅՈՒԴԻԱ
Նա իր արժանի պատիժը ստացավ, ստացար և դու…
ԱՐՏԱՇԵՍ
Սպասիր, սպասիր, ուզում եմ ես քեզ մեկ անգամ ևս
նայել, համոզվել… Այո, դու ես, դու,
բայց զանազանել չեմ կարողանում, դև՞ ես դու, թե կին,
գուցե վհուկ ես, որի հորինած ճշմարտությունը
արգահատելի է ու անքննելի, ինչպես մահն ինքը…
Հեքիաթս ընկավ, մաս-մաս փշրվեց,
արժանապատիվ մեռնելու փառքս խլեցիր ինձնից,
դե մնաս բարյավ…
(Գնում է):
ԼՅՈՒԴԻԱ
(Արագ-արագ հագնում է զգեստները):
Օգնեցեք… Հեյ, ծառաներ… Զինվորներ, օգնեցեք,
վիրավոր հոգուս մրմուռն եմ քամում… Ծառաներ, այստեղ…
(Բեմ են ընկնում պալատականները, ապշած շրջապատում Կրեսոսի դիակը):
Սիրելիս, հուշերիս միջով սահում են սխրանքները քո,
ոգիդ ճախրում է արցունքներիս մեջ,
հիմա ինձ մենակ ինչո՞ւ ես թողնում և ո՞ւր ես գնում…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Հանցագործն ո՞վ է…
Լյուդիայի փառքը վաղաժամ մարեց…
ԼՅՈՒԴԻԱ
Հիմա մենակ եմ և իմ աչքերը, որ քեզ են սիրել,
դարձել են թափուր, իրենց սիրելի թռչունին կորցրած
ավերակ բներ…
(Ծնկի է իջնում, սկսում ցուցադրաբար հեկեկալ):
Ինչպե՞ս խոցվեցիր մահացու վերքով,
դու որ գիտեիր պատերազմներով փառքդ մեծարել,
անգինս, Կրեսոս, անփառունակ վախճան ունեցար…
(Պալատականներին):
Պալատում սգո շեփոր հնչեցրեք, ապա որոնեք արքայասպանին..
Նա… Նա մեր Երկրի արևը մարեց…
Զարթնիր, սիրելիս, առանց քեզ ինչպե՞ս, ես ինչպե՞ս ապրեմ…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Տիրուհի, ասացեք,
Ո՞վ էր այդ սրբապիղծը,
այդ ուրացողն, այդ դավաճանը…
ԼՅՈՒԴԻԱ
(Իբր չի լսում):
Իմ միակ Կրեսոս, ինչքան էիր դու մարդկանց հավատում,
արյունս է հեծկլտում խորախոր ցավից,
ոչ ոք գութ չունի, անխիղճ են մարդիկ,
գտեք դավադիր մարդասպանին,
արքա ամուսնուս վրեժն ես իմ ձեռքերով…
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Ազնիվ տիրուհի, խեղդվում են վշտից…
ԼՅՈՒԴԻԱ
Ինչքան անգութ եք,
որ սիրող կնոջ ցավն ու կորուստը չեք կարող զգալ,
գտեք Արտաշես կոչված այդ չարագործին…
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ
Արձանագո՞րծը… Նա՞ է սպանել…
Ինչերի է ունակ գերված ստրուկը,
գետնի տակ թաքնված լինի՝ իսկույն կգտնեմ…
(Գնում է):
ԼՅՈՒԴԻԱ
(Կանգնում է Կրեսոսի գլխավերևում):
Քիչ առաջ կայիր, իսկ հիմա անցվոր պատմություն ես մի,
բայց հանուն իմ լավ ու վատ օրերի, ես քեզ կթաղեմ
վերջիվերջո իմ վերջին պարտքը պարտավոր եմ սիրով կատարել:
Հեյ, ծառաներ, տարեք արքային,
միջանցքում բարձր պատգարակ դրեք
ու նրա շուրջը՝ ողբի սեղաններ…
Ննջեցյալների հանդեպ ես ունեմ գութ ու պատկառանք,
նույնիսկ եթե նա իմ ամուսինն է,
Նրանց դեմքներին ոչ մի հանցանքի հետք ու գիծ չկա,
բոլորի տեսքն էլ անմեղ ու հարթ…
(Ծառաները բարձրացնում են Կրեսոսին ու տանում):
Եթե ուժեղն իր սուրն է ճոճում թույլերի վրա,
առաջին հերթին նա իր սեփական մահն է որոնում…
(Ներս է ընկնում զինվորականը):
ԶԻՆՎՈՐ
Տիրուհի, ամբողջ պալատում անկյուն չմնաց,
նրան փնտրեցինք, չկա ու չկա…
ԼՅՈՒԴԻԱ
(Իբր չի լսում):
Կրեսոս, անգին ամուսինս,
ես քո փոխարեն թշնամիներիդ կոչնչացնեմ,
որ հիշատակդ ապրի Լյուդիայի սրտում…
Ներս է ընկնում պալատականը:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Տիրուհի, երբ ծառաներին հրամայեցի
արձանագործի սենյակի դռները կոտրել,
հրաշք կատարվեց, բառերը չեն կարող տեսածս պատմել,
նրա սենյակը թանգարան էր մի, ահա, ծառաները բերում են
այդ զարմանալի հանցագործի հարստությունը…
(Ծառաները բերում են թագուհու տարբեր կեցվածքներով արձանները: Լյուդիան մերթ մեկի շուրջն է պտտվում, մերթ մյուսի):
ԼՅՈՒԴԻԱ
Մեկը մյուսից խիստ են ու դաժան,
մեկը մյուսից վեհ են, գեղեցիկ,
աստվածների մատը խառն էր այս գործում…
Ո՞ւր է նա հիմա,
մի՞թե ես կյանքի կողքով քայլեցի, ոչինչ չտեսա…
Ոչ, կատակերգությունը դեռ չի ավարտվել,
զինվորականներ, նա մեղավոր չէ,
սուտ է ամեն ինչ, սուտ է աշխարհը, ստում էի ես:
Արքան իր ձեռքով իրեն դավ հյուսեց
ու իր հորինած թակարդն ընկավ…
Հեյ, լսո:ւմ եք, նրան ձեռք չտաք,
նա մեղավոր չէ,
նա անգամ մրջյուն չէր կարող կոխել…
Թողեք ինձ մենակ…
(Ծառաներն ու պալատականը գնում են):
Ծառաներ, ես սարսափում եմ,
արձանների հետ մենակ մնալ չեմ համարձակվում,
ահաբեկվում եմ…
Ասացեք, խնդրեմ, ո՞վ է ձեզանից այն մոլագարը
որն ընդունակ է Աստծո կերտածը դաշույնով ճեղքել,
ոչ ոք, ոչ մի մարդ իրավունք չունի
արձանագործի գլխին սուր ճոճել,
նա իր արվեստի վսեմ գոյությամբ
այլևս հար է դարերի համար:
Գեթ մեկ անգամ թող պատմությունն իր ճամփից շեղվի
ու բիրտ օրենքն ազատ արվեստին պատան չկարի,
բացառություն թող այս մեկը լինի պատմության համար…
Պալատի մարդիկ, դե համեմատեք, մարմար սյուները,
շքեղ գորգերը, ոսկյա պատերը գորշ են երևում
այս անձեռակերտ արձանների մոտ…
Նա պիտի ապրի դարերի համար,
ինձնից բացի ոչ ոք, ոչ մի մարդ իրավունք չունի
ինձնից առավել արցունքներ թափել արքայի համար…
Ներս է ընկնում պալատականներից մեկը:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Թագուհի, նա այնտեղ է, նա չենթարկվեց ձեր հրամանին:
ԼՅՈՒԴԻԱ
Ի՞նչ ես դուրս տալիս:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Դուք հրամայեցիք կախել, սպանել արձանագործին:
ԼՅՈՒԴԻԱ
Ոչ, հրամանս ետ եմ վերցնում, նա պիտի ապրի:
ՊԱԼԱՏԱԿԱՆ
Արդեն ուշ է, մենք չհասցրեցինք, կախվել էր վաղուց…
Արձանները բացում են աչքերը: Լյուդիան սարսափից ճչում է ու փռվում հատակին:
ԼՅՈՒԴԻԱ
Ահ, այս ի՞նչ կատարվեց,
ես իմ հողային եսին տրվելով աստված մորթեցի…
Խոսեք արձաններ,
կարո՞ղ եք ելնել ու պատերազմել ողջ աշխարհի դեմ,
կարո՞ղ եք հողեր, երկիր նվաճել,
կարո՞ղ եք մարդկանց խեղել, սպանել, մորթազերծ անել,
ասեք, կարո՞ղ եք…
Առանց թևերի արծիվը ճախրել չկարողացավ:
Մեր ժամանակի խիղճը տրորող այս արձանները
ապրած օրերը ոտնահարելով,
ժամանակի ճահիճն ու ցեխը արհամարհելով կճախրեն առաջ,
որ մտերմանան գալիքի մարդկանց…
Իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ,
մարդ արարածը ապրել գիտե միայն մի ձևով,
ամուր կառչած է սեփական եսին,
իրենից բացի ոչինչ չի տեսնում…
Սայլի մեջ ծեփված բութ խեղկատակներ, պալատի մարդիկ,
իմաստուններին, տառապյալներին
հերիք բռնությամբ խեղեք, սպանեք,
ձեր չնչին շահը գգվելու համար աստվածներ մորթեք…
(Ծունկի է իջնում, սկսում հեկեկալ):
Հրամայում եմ,
ծունկի իջեք բոլորդ արձանների առջև:
(Բոլորը ծունկի են իջնում):
Եթե մինչ այսօր պատերազմելու ու խոշտանգելու
և մոլորակը սարսափների մեջ լարված պահելու,
բազում ազգերի տեսքը գոնջելու
վայրի բնազդն արհամարհեիք,
այնժամ կհասկանայիք այս արձանների հավերժող լեզուն:
Այս արձանների հայացքի միջից նրան եմ տեսնում,
միշտ անօգնական վեհ կառուցողի անաղարտ ոգին,
որ խաղաղություն է մեզնից աղերսում…
Օհ, չեմ կարողանում էլ նրանց նայել,
նա նզովում է, անիծում է ինձ… Օգնեցեք… Օգնեցեք…
(Խելագար այս ու այն կողմ է նետվում, ապա ընկնում արձանների շրջանի մեջ: Ներս է ընկնում ծաղրածուն):
ԾԱՂՐԱԾՈՒ
Անիրավ մարդիկ, ա՞յս էիք ուզում, այս ի՞նչ արեցիք,
Ինչո՞ւ սպանեցիք գրողիս մուսան,
հոգուս Պեգասին ինչո՞ւ կախեցիք
ձեր ողբերգության վարագույրներից:
Դուք ամբողջովին բացեցիք հոգուս ճշմարտությունը,
ընդունված կարգն ինչո՞ւ մերժեցիք,
չէ՞ որ խնդրեցիք, որ պարաբոլա, պրիտչա խաղանք,
անիրավ մարդիկ, այս ի՞նչ արեցիք…
Արձանագործը… Նրա նմանը
հարյուր տարին մեկ, հազար տարին մեկ
հազիվ է ծնվում,
մի երեկոյի հաճույքի համար նրան զոհեցիք…
Փակեք այս ներկայացման վարագույրները,
մորթված իղձերս ու երազներս, որ հուշեր դառնան,
շուտափույթ փակեք, ես սարսափում եմ,
չեմ ուզում կոչվել այս թատերգության
խեղճ հեղինակը, որ ներկայացման ամբողջ ընթացքում
չկարողացավ մահվանից փրկել իր հոգու մուսան՝
արվեստագետին…
ՎԱՐԱԳՈՒՅՐԸ ԻՋՆՈՒՄ Է: