ԱԶԱՏ ՇԱՀԻՆՅԱՆ / ԽՐՏՎԻԼԱԿ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԱՐԱԳԻԼ
ԲԱՐԴԵՆԻ
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ
ԽՐՏՎԻԼԱԿ
ԳԱՄՓՌ
ԾԵՐՈՒԿ
ԲՈՒ
ՃԻԿ և
ՃԻՐԻԿ – փոքրիկ ճնճղուկներ
ԿԱՏՈՒ
ԿԱՂ ԱՌՆԵՏ
ՍՈՒՐՈՒԼԻԿ և
ԵՐԿԱՐԱՊՈՉ — առնետներ
ԾԱՌԵՐԻ ԿԻՆԱՐՄԱՏ ՈԳԻՆԵՐ
ՄԿՆԵՐ
ՄԿՆՈՒՀԻՆԵՐ
…Մենք էլ գիտենք տխրել, գիտենք
ծիծաղել, գիտենք բարկանալ: Չէ որ
մենք էլ շունչ-արարածներ
ենք, հասկացեք մեզ, մարդիկ:
Հարգանքներով,
ձեզ միշտ հավատարիմ՝
Ծեր Գամփռ:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Պատկեր առաջին
Բեմը վարագուրող փայտե բարձր ցանկապատ: Ցանկապատի վրայից երևում են ծառերի սաղարթները, աստղազարդ երկինքը և լուսնի լույսով ողողված Բարդենին՝ արագիլի հարդե բույնը վրան:
Վիրավոր թևը կրծքին սեղմած, արյունաքամ և ուժասպառ, փակ վարագույրի առջևով գալիս է երիտասարդ Արագիլը:
ԱՐԱԳԻԼ — Վերջապե՜ս… Հարազատ երկինք, հարազատ իմ բույն… Վերջապես հասա… (Տնքալով): Բայց վերքս գնալով խորանում է, ցավը ծակում է սիրտս... Մի՞թե չպիտի հասնեմ իմ բնին… (Նվաղած մեկնվում է ցանկապատի մոտ ու մի պահ փակում աչքերը):
Աստիճանաբար աղոտանում են լուսինն ու աստղերը: Լույսը կամաց-կամաց բացվում է: Պոկված ճաղի արանքից, մի ծանր պարկ քարշ տալով, դուրս են պրծնում երկու առնետ Սուրուլիկն ու Երկարապոչը: Չնկատելով ցանկապատի մոտ փռված Արագիլին, կոխկրտելով անցնում են նրա վրայից: Արագիլը վեր է թռչում: Հանկարծակիի եկած մի կողմ են փախչում և առնետները:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ճը՛ստ-ճը՛ստ:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Վը՛ստ- վը՛ստ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ես էլ ասում եմ, ինչ էր ոտքիս տակ ընկավ։ Թափառականի մեկը, թափառական…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Փռվել է ճամփի վրա:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Երևի օձ ու լորտու է ման գալիս։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Էլ ինչ օձ, էլ ինչ լորտու։ Մի տես ինչ օրն է ընկել։ Հիմա գորտերն էլ չեն վախենա նրանից…
Ծիծաղ:
ԱՐԱԳԻԼ — Ավազակնե՜ր…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Մի հարցնող լինի, ո՞ւր ես եկել, ինչի՞ ես եկել։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Բնին է կարոտել:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Մեծ բան, բո՜ւյն… բույնն ինչ է, որ… Որտեղ ապրուստ, էնտեղ էլ բույն։
ԱՐԱԳԻԼ — Դուք ինչ պիտի հասկանաք թևավորներին, թշվառականներ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Մի էս ցանցառ թևավորներին նայիր, է՜: Թողնես դատարկ փորով ժամերով փիլիսոփայեն։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ճախրում են յոթերորդ երկնքում, ամպ կարկատողներ…
Առնետները հռհռալով քարշ են տալիս իրենց ավարն ու հեռանում: Արագիլը վիրավոր թևը կողին սեղմած փորձում է մտնել այգին, բայց ցավից թուլանալով, նորից ծնկում է ցանկապատի առջև:
ԱՐԱԳՒԼ — Այս ի՞նչ մշուշ է աչքերիս առաջ… Արյունաքամ եմ լինում… Չէ՜, երևում է մեռնելու եմ աչքս բնիս հառած…
Ցանկապատի ետևից ինչ-որ զարհուրելի վայնասուն է լսվում: Պոկված ճաղի արանքից «Վայ մամա՜…» կանչելով, ահաբեկված դուրս են թռչում երկու որբուկ, երկու փոքրիկ ճնճղուկ՝ Ճիկն ու Ճիրիկը:
ՃԻՐԻԿ — (եղբորը, շնչասպառ): Սիրտս… Ոնց է թպրտում…
ՃԻԿ — Իմն էլ։
ՃԻՐԻԿ — Քիչ է մնում տեղից դուրս թռչի։
ՃԻԿ — Սարսափելի էր։
ՃԻՐԻԿ — Սա ինչ բան է, ոչ երկնքում հանգիստ կա, ոչ երկրի վրա:
ՃԻԿ — Հերիք ծվծվաս։
ՃԻՐԻԿ — Հեռանանք այս անիծված այգուց, Ճիկ… Ես վախենում եմ…
ՃԻԿ — Սպասի՛ր։
ՃԻՐԻԿ — Ոչ մի սպասել, շատ թռնենք, գնանք։
ՃԻԿ — (հայացքը ծառերի սաղարթներին): Թութը ոնց է քաղցրացել։
ՃԻՐԻԿ — (սարսափով): Պետք չի, պետք չի…
ՃԻԿ — Ես ուտել եմ ուզում։
ՃԻՐԻԿ — Ավելի լավ է քաղցից մեռնենք, քան թե նորից տեսնենք այդ հրեշին…
Տնքոց լսելով, քույր ու եղբայր հանկարծակիի եկած իրար են նայում:
ՃԻՐԻԿ — Ճի՛կ:
ՃԻԿ — Ճիրի՛կ:
ՃԻՐԻԿ — Այս ի՞նչ էր։
ՃԻԿ — (նոր միայն նկատելով, հրճվալից): Վա՜յ , Արագիլը…
Ճնճղուկները ճռվողյունվով նետվում են դեպի Արագիլը:
ԱՐԱԳԻԼ — Ջո՜ւր…
ՃԻԿ — Ի՞նչ է պատահել, Արագիլ։
ԱՐԱԳԻԼ — Մեռնո՜ւմ եմ…
ՃԻՐԻԿ — Նրա թևից արյուն է գալիս, Ճիկ։
ԱՐԱԳԻԼ — Մի կաթիլ ջուր հասցրեք, բարի ճնճղուկներ։
ՃԻԿ — (քրոջը): Ես թռա… (Արագ հեռանում է):
ԱՐԱԳԻԼ — (նվաղած): Ա՜հ…
ՃԻՐԻԿ — Շա ՞տ է ցավում։
ԱՐԱԳԻԼ — Բերան չորանում է, չեմ կարողանում շնչել… Ջո՜ւր…
Վազելով գալիս է Ճիկը: Երկու բուռն իրար սեղմած նա արագ մոտենում է Արագիլին:
ՃԻԿ — Խմի՜ր, Արագիլ, խմի՜ր…
ԱՐԱԳԻԼ — Շնորհակալ եմ։
ՃԻԿ — Մենք քեզ շատ ենք սպասել, Արագիլ։
ՃԻՐԻԿ — Մեր մայր ճնճղուկը միշտ ասում էր. «Առանց արագիլ գարուն չկա, ուրախություն չկա»։
ԱՐԱԳԻԼ — Իմ բարևները հաղորդեք ձեր մայրիկին։
ՃԻԿ — Մայրիկն այլևս չկա։
ԱՐԱԳԻԼ — Ինչպե՞ս թե չկա։
ՃԻՐԻԿ — Գարշելի կատուն լափեց նրան։
ԱՐԱԳԻԼ — Խեղճ որբուկներ…
ՃԻԿ — Ինչո՞ւ այսքան ուշացար, Արագիլ։
ԱՐԱԳԻԼ — Թռչում էի մի բարձր մինարեթի վրայով։ Հանկարծ ցածում օձ տեսա։ Նա սողալով մոտենում էր անմեղ մանկան: Ես թափահարեցի թևերս ու թափով սլացա դեպի օձը։ Մինարեթից դուրս ցցված ցիցը խրվեց թևիս մեջ ու ես թպրտալով ընկա։ Մանուկը փրկվեց, բայց վերքս գնալով խորանում էր… Այս վիրավոր թևով ինչքան ճանապարհ եմ կտրել։ Եգիպտական բուրգերն եմ թողել իմ ճանապարհին։ Արևախանձ անապատների վրայով եմ թռել։ Ծովեր, օվկիանոսներ եմ անցել, եկել, հասել եմ իմ բնին, բայց…
ՃԻՐԻԿ — Մենք կբուժենք քո վերքը, Արագիլ։
ԱՐԱԳԻԼ — Շնորհակալ եմ, բարի ճնճղուկներ… (Դժվարությամբ ոտքի ելնելով): Ձեր ջուրն արդեն ուժ տվեց ինձ… (Շարժում է անում դեպի ցանկապատի պոկված ճաղը):
ՃԻԿ – Ո՞ւր ես գնում։
ԱՐԱԳԻԼ — Իմ Բարդենին սպասում է ինձ։
ՃԻԿ — Մի գնա, Արագիլ։
ՃԻՐԻԿ — Այգի մի մտիր։ Այնտեղ մի սարսափելի հրեշ է կանգնած։
ՃԻԿ — Քրքրված գլխարկով ու ցնցոտիներով։
ՃԻՐԻԿ — Նա ցցվել է այգու մեջ, թափահարում է ձեռքերն ու ոռնում:
ՃԻԿ — Նրա ահից ոչ մի թևավոր չի համարձակվում այգուն մոտենալ։
ՃԻՐԻԿ — Ետ դարձիր, Արագիլ։
ՃԻԿ — Մի գնա։
ԱՐԱԳԻԼ — Չէ, ճնճղուկներ, պիտի գնամ, ինչ էլ լինի պիտի հասնեմ իմ Բարդենուն…
Արագիլը պոկված ճաղի արանքից ներս է մտնում: Ցանկապատի ետևից լսվում է Խրտվիլակի վայնասունը: Ճնճղուկները «Վայ, մամա՜…» բղավելով, սարսափահար այս ա այն կողմ են փախչում:
Պատկեր երկրորդ
Դանդաղ երկու մասի է բաժանվում փայտե ցանկապատը: Այգի: Ձախ կողմում վեր է խոյացել սլացիկ Բարդենին՝ Արագիլի հարդե բնով: Աջ կողմում, իր ամբողջ վեհությամբ կանգնել է հաստաբուն ընկուզենին: Նրա բնին մեխված երկաթյա ցցից սկիզբ է առնում երկար մի շղթա: Այգու խորքում, պարաններից կախված, ճոճվում է խնոցին, որի մեջ ծուլորեն խռմփացնում է Կատուն:
Իրիկնամուտ է: Լսվում է ամպերի գոռոց: Ճայթում է որոտը, որն աստիճանաբար փոխվում է հեքիաթային երաժշտության: Լսվում է սաղարթների խշշոց: Կեսօրյա շոգից թմրած ծառերը կամաց-կամաց արթնանում են: Հայտնվում են ծառերի ոգիները. կանաչավարս մի խումբ աղջիկներ՝ Բալենին, Սալորենին, Խնձորենին և Տանձենին:
ԽՆՁՈՐԵՆԻ — Նայեք, քույրեր, երկինքն ամպոտել է։
ՍԱԼՈՐԵՆԻ — Ոնց են ամպերը գոռում։
ԲԱԼԵՆԻ — Անձրև է գալու:
ՏԱՆՁԵՆԻ — Բալենին ճիշտ է ասում, անձրև պիտի գա։
ՍԱԼՈՐԵՆԻ — Չի գա, ոչ մի կաթիլ էլ չի գա…
Բացվում է ընկուզենու հաստ բունը: Դանդաղ ու վեհորեն, կանաչ, երկար թիկնոցի մեջ փաթաթված, դուրս է գալիս ընկուզենու ոգին՝ Մայր Ընկուզենին:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ եք իրարով անցել։
ԲԱԼԵՆԻ — Երկինքն ամպոտել է, Մայր Ընկուզենի, անձրև է գալու։
ԽՆՁՈՐԵՆԻ — Դե արի, անձրև, պապակ սրտերս քեզ են սպասում։ Էլ մի ուշացիր, արի։
ԲՈԼՈՐԸ — Արի՜… Արի՜… Արի՜…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այդ ինչպես ես կարմրել, Բալենի:
ԲԱԼԵՆԻ — Շոգից է։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այտերդ ճաքճքել են։
ԲԱԼԵՆԻ — Քանի օր է արևը կրակ է թափում։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ոչինչ, քաղցրանում ես։
ԽՆՁՈՐԵՆԻ — Իսկ իմ ճյուղերը ծանրացել, կախ են ընկել։ Վախենում եմ ջարդվեն։
ՍԱԼՈՐԵՆԻ — Եվ կջարդվեն։ Բոլորիս ճյուղերն էլ հերթով կջարդվեն։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ է պատահել, Սալորենի, շարունակ դժգոհ ես, շարունակ թթված։
ՍԱԼՈՐԵՆԻ — Ինչ անեմ, բնույթս է այդպես:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Դիմացեք, քիչ մնաց, ուր որ է անձրև կգա։ (Երկնքին, զայրալից): Ինչ ես մի գլուխ շրախկ, հա շրախկ։ Ամպոտել ես, մթնդել, դե պատռվիր, էլի…
ԲԱԼԵՆԻ — Եկեք, քույրեր, եկեք փառաբանենք երկնքին։
ՏԱՆՁԵՆԻ — Բալենին ճիշտ է ասում…
Ասես оրովելով մեղմ քամուց, ծառերը սկսում են խշշալ ու պարել: Հայտնվում է կանաչավարս Բարդենին: Հայացքը հեռուներին նա դանդաղ մոտենում է: Ծառերը շորորում են ու հետն էլ երգում:
Թափվիր երկնքից կենսատու անձրև,
Թող որ լվացվեն ծառ, ծաղիկ ու խոտ,
Ծարավ կարոտով քեզ ենք սպասում,
Ամեն իրիկուն, ամեն առավոտ…
Երգում են նրանք: Բարդենին է լոկ, որ լուռ ու տխուր քաշվել է մի կողմ: Մայր Ընկուզենին բարձրացնում է ձեռքը և պարը միանգամից ընդհատվում է:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Հերիք է, Բարդենի, լուռ ալեկոծվես։ Եկ դու էլ ուրախացիր, շուտով անձրև պիտի գա։
ԲԱՐԴԵՆԻ — Անձրևն ինչ անի իմ կարոտ սրտին, Մայր Ընկուզենի։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Մի մտածիր, կգա, անպայման կգա քո Արագիլը:
ԽՆՁՈՐԵՆԻ — Եկ պարիր մեզ հետ, Բարդենի։ Դու բոլորից լավ ես օրորվում։
ԲԱԼԵՆԻ — Դու մեզանից լավ ես շորորում, արի…
ԲՈԼՈՐԸ — Արի՜… Արի՜ …
ԲԱՐԴԵՆԻ — Պարեք, քույրեր։ Դուք կարող եք ուրախանալ։ Դուք պտուղ եք տալիս մարդկանց, իսկ ես…
ԲԱԼԵՆԻ — Մարդիկ միշտ էլ հմայվում են քեզ նայելիս։
ՏԱՆՁԵՆԻ — Նրանք երգեր են հյուսել քո մասին։
ԽՆՁՈՐԵՆԻ — Դու մեզանից գեղեցիկ ես ու նազելի։
ԲԱՐԴԵՆԻ — Ես գեղեցիկ եմ այն ժամանակ, երբ ինձ մոտ է իմ Արագիլը։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Կգա, անպայման կգա։ Երբ անձրև լինի, երբ ամեն ինչ մաքրվի նորից, երբ արևը ծիածան կապի կապույտ երկնքում, կգա քո Արագիլը։
ԲՈԼՈՐԸ — Կգա՜… Կգա՜… Կգա՜…
Այգու խորքից աղմուկով ու վայնասունով գալիս է Խրտվիլակը գլխին ծղոտե լայնեզր գլխարկ, որի պատառոտված գագաթից դուրս է ցցվել փայտի երկճյուղանի ծայրը: Նա հագել է ցնցոտիներ: Խրտվիլակին տեսնելով, բոլորը զայրալից օրորվում են:
ԽՐՏՎԻԼԱԿ — Պարո՞ւմ եք, շորորո՞ւմ, անձրև՞ եք ուզում։ Հիմա քամին կցրի ամպերը և դուք կպարեք։ Հի՛, հի՛, հի՛, հի՛…
Եվ իրոք, այգում սկսում է ոռնալ քամին: Ծառերի ոգիները ալեկոծվելով հեռանում են: Մնում են միայն Բարդենին և Մայր Ընկուզենին:
ԲԱՐԴԵՆԻ — Քամին սկսվեց:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Հազիվ ամպել էր, անձրև պիտի գար:
ԽՐՏՎԻԼԱԿ — (խենթի պես թափահարում է ձեռքերն ու վայում): Ու-ո՜ւ-ու…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Անիծվես դու, անիծվես:
ԲԱՐԴԵՆԻ — Ի՞նչ ես ուզում, այլանդակ: Ի՞նչ ես շարունակ կանգնում շնչիս վրա։
ԽՐՏՎԻԼԱԿ — Այո, իմ գեղեցկուհի, շնչիդ վրա, շնչիդ վրա…
Շղթան ետևից քարշ տալով, գալիս է Գամփռը՝ զևսյան կերպարանքով ուժեղ և առնական մի ծերունի: Ձեռքերի ու ոտքերի շղթան միացված են իրար, որոնց մի ծայրն էլ վերջանում է վգին փաթաթված օղակով: Օղակից փականք է կախված:
ԳԱՄՓՌ — Նորի՞ց սկսեցիր վայնասունդ:
ԽՐՏՎԻԼԱԿ — Այո, նորից, նորից…
ԳԱՄՓՌ — (զայրալից): Խրտվիլա՜կ… (Առաջ է նետվում, բայց շղթան ետ է պահում նրան):
ԽՐՏՎԻԼԱԿ — (ցինիկ): Հի՛, հի՛, հի՛, հի՛…
ԳԱՄՓՌ — (կատաղած ետ ու առաջ է անում):
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Հանդարտվիր, Գամփռ, ջղերդ մի քայքայիր իզուր:
ԽՐՏՎԻԼԱԿ — Իզուր, իզուր…
ԳԱՄՓՌ — Լսիր, Խրտվիլակ, վերջին անգամ եմ զգուշացնում, թող մի րոպե աչքս փակեմ: Իմացիր, եթե մեկ էլ վայնասուն ես բարձրացրել, պատվովս եմ երդվում, կկտրեմ էս անիծված շղթան ու…
ԽՐՏՎԻԼԱԿ — Կկտրես, ոնց չէ։ Շղթան նրա համար չեն պատրաստել, որ այդքան հեշտ կտրես։ Ապա փորձիր, փորձիր:
ԳԱՄՓՌ — Չէ՜, ես համբերությունից դուրս եմ գալիս։
ԽՐՏՎԻԼԱԿ — Միևնույն է, ոչինչ անել չես կարող, չես կարող… (Հանկարծ նկատելով): Ի-իի՜նչ, նորի՞ց ճնճղուկներ… ,
ԲԱՐԴԵՆԻ — Ի՞նչ են արել քեզ, հրեշ, որ շարունակ հալածում ես նրանց։
ԽՐՏՎԻԼԱԿ — Նրանք կտցահարում են ծառերի պտուղները։
ԲԱՐԴԵՆԻ — Քեզ ինչ:
ԽՐՏՎԻԼԱԿ — Դուք մոռանում եք, թե ինչի համար են ինձ այստեղ կանգնեցրել։
ԲԱՐԴԵՆԻ — Չոր ու անհոգի փայտի կտոր ես և ուրիշ ոչինչ:
ԽՐՏՎԻԼԱԿ — Ի՞նչ, ի՞նչ։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Երբ պետք է հասկանաս, այլանդակ, որ ամեն շունչ-արարած իր բաժինն ունի այս աշխարհում։
ԽՐՏՎԻԼԱԿ — Բաժի՞ն:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այո, բաժին։ Հենց դրա համար է, որ մենք այսքան շատ պտուղ ենք տալիս։
ԲԱՐԴԵՆԻ — Թևավորներն էլ պետք է իրենց բաժինն ունենան։ *
ԽՐՏՎԻԼԱԿ — Չպետք է ունենան, չպետք է ունենան: Քանի ես կամ ոչ մի թևավոր չպետք է այգուն մոտենա: (Դեպի այգու խորքը): Ճնճղուկնե՜ր…. (Ձեռքերը թափահարելով գնում է):
ԲԱՐԴԵՆԻ — Խեղճ ճնճղուկներ, ոնց լեղապատառ փախան։
ԳԱՄՓՌ — Կատաղությունից խեղդվում եմ։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ասել եմ ու էլի կասեմ. ոչինչ անել չենք կարող։ Մնում է լռել, լռել ու համբերել։
ԳԱՄՓՌ — Համբերե՞լ… Մինչև ե՞րբ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Իզուր ես բարկանում, Գամփռ։ Գնա հանգստացիր։ Ամբողջ գիշեր արթուն ես մնալու։ Դու էլ խաղաղվիր, Բարդենի։
Մայր Ընկուզենին ու Բարդենին ամփոփվում են իրենց քների մեջ: Շղթան ետևից քարշ տալով, մտազբաղ գնում է Գամփռը, բայց կես ճամփին կանգնում, գռմռում է ինքն իրեն:
ԳԱՄՓՌ – Համբերել, բայց ինչպե՞… Չեմ կարող… (Վզից կախ ընկած շղթան զարկում է գետնին ու կոկորդով մեկ բղավում): Չեմ կարո՜ղ…
Շխկոցից խնոցու մեջ խռմփացնող կատուն արթնանում է: Նա մի քանի անգամ ծմրկտում է, հորանջում և ծույլ-ծույլ նայում շուրջը:
ԿԱՏՈՒ — Մյաո՜ւ…
ԳԱՄՓՌ — Գրող ու ցավ։ Էնքան ես զխկտվել ու գիրացել, որ մի կարգին մլավել էլ չես կարողանում։
ԿԱՏՈՒ — Նախանձից տրաքվո՞ւմ ես։
ԳԱՄՓՌ — Ողորմելի կատու։
ԿԱՏՈՒ — Չեմ ուզում քեզ հետ այլևս գլուխ դնել:
ԳԱՄՓՌ — Առնետները քանդում են այգին, կրծոտում ծառերի արմատները։ Նրանք ազատ ելումուտ են անում, թալանում ամեն ինչ։ Ւսկ դու փակում ես աչքերդ, հա՞, քնա՞ծ ես ձևանում։
ԿԱՏՈՒ — Դու քո մասին մտածիր, շուտով սատկելու ես, և այն էլ դատարկ փորով։
ԳԱՄՓՌ — Ախ թե էս շղթան չէր եղել։
ԿԱՏՈՒ — Ի՞նչ պիտի անեիր, ի՞նչ։
ԳԱՄՓՌ — Դու պիտի մաքրես այգին ավազակներից, հա՞։ Վա՜յ մեզ, վայ մեր օրին։
ԿԱՏՈՒ — (արհամարհանքով): Գլուխ չունեմ… (Հորանջում է ու նորից մեկնվելով խնոցու մեջ, խռմփացնում):
Գամփռը հեռանում է: Քիչ անց, այգու խորքից ուրախ խշշոցով գալիս են Բալենին, Խնձորենին, Տանձենին և Սալորենին:
ԲԱԼԵՆԻ — Բարդենի՜, հե՜յ, Բարդենի՜…
ԽՆՁՈՐԵՆԻ — Լսո՞ւմ ես, քույրիկ…
Իրենց բներից դուրս են գալիս Մայր Ընկուզենին և Բարդենին:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ է եղել։
ԲԱԼԵՆԻ — Արագիլն է եկել. Մայր Ընկուզենի։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Արագիլը՞։
ԲԱՐԴԵՆԻ — Ո՞վ ասաց։
ՍԱԼՈՐԵՆԻ — Ճնճղուկները լուր բերին։
ԲԱՐԴԵՆԻ — Ո՞ւր է, ո՞ւր է իմ տարագիրը։
ԲԱԼԵՆԻ — Ահա նա։
ԲԱՐԴԵՆԻ — Օ՜, երկի՜նք…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Վերջապե՜ս…
Այգու խորքից, վիրավոր թևը բռնած, գալիս է Արագիլը:
ԲԱՐԴԵՆԻ — Արագի՜լ…
ԱՐԱԳԻԼ — Բարդենի՜, իմ Բարդենի…
ԲԱՐԴԵՆԻ — Ես շատ եմ տանջվել քեզ սպասելով: Երբ նոր էին ծաղկում ծառերը, ես հարցմունք արի ծիծեռնակներին. «Ո՞ւր է իմ Արագիլը»։ Եկան կռունկները, ես հարցմունք արի նրանց. «Ասացեք, կռունկներ, ի՞նչ խաբրիկ ունեք իմ թևավորից»։ Եվ այսպես, ամեն առավոտ, քո Բարդենին լուսաբացի ցողն աչքերում, կարոտ սրտով սպասում էր։ Գարունը եկել էր, հավք ու ծիծառ եկել էին, բայց դու… Ես էլ մտածում էի մոռացել ես ինձ։ Մտածում էի, ուրիշ բույն ես ճարել քեզ համար։
ԱՐԱԳԻԼ — Ինչեր ես ասում, Բարդենի։ Մի՞թե կարող էի քեզ մոռանալ։ Ես ծառեր եմ տեսել բարձր, այնքան բարձր, որ նրանց վրայով վեր սողացող վիշապ օձն անգամ հոգնում, շնչահեղձ էր լինում կես ճանապարհին։ Ծառեր եմ տեսել մշտադալար ու սլացիկ, որոնց կատարները մինչև աստղերն էին հասնում, սուզվում երկնի կապույտի մեջ: Ծառեր, որ իրենց հեքիաթային խշշոցով կարող էին հմայել ամեն մի թևավորի։ Բայց քո հմայքն ուրիշ է, Բարդենի, քո կարոտն ուրիշ։
ԲԱՐԴԵՆԻ — Ես էլ պահել, պահպանել եմ քո բույնը։ Կարկուտն է խփել, հողմ ու փոթորիկ է եկել ու անցել, բայց ես կանգուն եմ պահել քո բույնը… (Հանկարծ նկատելով): Այս ի՞նչ արյուն է… Վիրավո՞ր ես…
Այգում սուլում է քամին: Վայնասունով գալիս է Խրտվիլակը:
ԽՐՏՎԻԼԱԿ — (Արագիլին): Ի-ի՜նչ… Դու այստե՞ղ, ցանկապատից այս կո՞ղմ… (Ձեռքերը թափահարելով ոռնում է) Ու-ո՜ւու…
ԱՐԱԳԻԼ — (սկսում է գալարվել կանգնած տեղում):
ԽՐՏՎԻԼԱԿ — Էլի եկա՞ր…
ԱՐԱԳԻԼ — Չէի կարող չգալ։ Երբ պատրաստվում էի թռչել, ընկերներս ինձ համոզում էին. «Մի գնա, Արագիլ, արյունաքամ կլինես, տեղ չես հասնի, ճամփին կմնաս»։ Բայց ես լսել անգամ չէի ուզում։ Չէ, ասում էի, չէ։ Պիտի գնամ, պիտի հասնեմ իմ Բարդենուն, գոնե մի անգամ պիտի տեսնեմ իմ բույնը, նայեմ արևին ու աշխարհին և թող հետո ընդմիշտ փակեմ աչքերս։ Ամբողջ ճանապարհը մենակ եմ եկել։ Դիմացիր, ասում էի ինքս ինձ, շուտով կհասնես…
ԽՐՏՎԻԼԱԿ — Դատարկ, անիմաստ խոսքեր։ Չքվի՛ր այստեղից:
ԱՐԱԳԻԼ — Արագիլը իր բնից հեռու չի կարող ապրել։
ԽՐՏՎԻԼԱԿ — Գնա՛, գնա քեզ համար ուրիշ բույն գտիր։
ԱՐԱԳԻԼ — Արագիլի համար ուրիշ բույն չկա։ Արագիլը ուրիշ տեղ բույն չի դնի, չէ…
Խոսքը չավարտած, Խրտվիլակը ծղրտում, թափահարում է ձեռքերն ու զարհուրելի վայնասուն բարձրացնում: Արագիլը գնում, կորչում է այգու խորքում:
ԲԱՐԴԵՆԻ — Այդ ի՞նչ արեցիր, անխիղճ, անհոգի։
ԽՐՏՎԻԼԱԿ — Խի՞ղճ… Ի՞նչ խիղճ… Խիղճ չկա, հոգի չկա, ոչինչ չկա: Հի՛, հի՛, հի՛, հի՛…
Պատկեր երրորդ
Առնետների ապաստարան: Քարե աստիճաններով, լայնարձակ մի խորշ: Աստիճանների գլխին մի մեծ անցք, որտեղից ներս է ընկել լույսի շերտը: Առաստաղից կախ են ընկել ծառերի արմատները: Պատերին՝ զենքեր, ժանիքներ և կիսամերկ մկնուհիների մեծադիր նկարներ պարային զանազան շարժումներով:
Անկյունում, գլխահակ ու մտախոհ նստել է Սուրուլիկը: Նրա առջևով անհանգիստ ետ ու առաջ է անում Երկարապոչը: Դրսից լսվում է կատվի մլավոց:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Քնած թե արթուն այս անիծված մլավոցն է ականջներիս մեջ։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Համբերի, մի օր այլևս չես լսի այդ մլավոցր։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ի՞նչ ես ուզում դրանով ասել։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Կատուն մնում է կատու։ Մի օր էլ տեսար բաց արեց բերանն ու հո՛պ… Գնաս բարով, հոգյակս…
ԱՈՒՐՈՒԼԻԿ — Վերջ տուր:
Դրսից լսվում է Կաչաղակի ձայնը:
ՁԱՅՆ — Ուշադրությո՜ւն, ուշադրությո՜ւն։ Ավազակաբարո առնետները ոչ մի բանից երկյուղ չունենալով, ազատ-անկաշկանդ վխտում են ամենուրեք, թալանում պահեստ ու մառան, քանդում, ապականում ամեն ինչ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ո՞վ է այսպես ճղճղում:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Կաչաղակն, էլ ով։ ,
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Մեր սրտի հետ դա էր պակաս… (Երկարապոչին): Կտրի՛ր դրա ձայնը, շո՛ւտ…
Երկարապոչը դուրս է գնում: Դրսից շարունակում է լսվել Կաչաղակի ձայնը:
ՁԱՅՆ — Թեպետ ամենուրեք թակարդներ են դրված, բայց ինչ օգուտ։ Առնետները միշտ էլ դուրս են պրծնում։ Նրանց փոխարեն թակարդն են ընկնում փոքրիկ, աննշան մկները։ Իսկ երբեմն էլ… Այո՛, այո՛, երբեմն էլ թակարդն են ընկնում կատուները…
Վերևում ինչ-որ իրարանցում է սկսվում: Լսվում է Կաչաղակի ճղճղոցը և հետո ամեն ինչ հանդարտվում է ու լռում: Փնթփնթալով գալիս է Երկարապոչը:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Փախավ: Ախ թե մի ճանկս կընկներ։ Դրան տեսեք, նավթ է լցնում կրակի վրա, չաչանակի մեկը, չաչանակ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (մտատանջորեն): Ի՞նչ է լինելու մեր վերջը:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Չգիտեմ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ամեն անգամ ահով, դողով գնա կանգնիր այդ անիծված կատվի առաջ, ժպտա, ծռմռվիր, բանակցություններ վարիր, ինչ է թե բաժին հանես նրան։ Իսկ երբ այդ սրիկան հորանջելիս բաց է անում երախը, մահվան քրտինք է տալիս վրադ… (Տանջալից): Ե՞րբ, ե՞րբ պիտի վերջ լինի այս ամենին։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Կաղին հարցրու։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Կա՞ղն ինչ գործ ունի այստեղ։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Հրամանները նա է արձակում։ Մենք միայն կատարողներ ենք։ Իսկ երբ թակարդն ընկնենք, նա ձեռքերը կսրբի, մի կողմ կքաշվի։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ի՞նչ կարող ենք անել։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ժամանակն է։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Պարզ խոսիր:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Պետք է մեջտեղից վերացնել Կաղին։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Գժվե՞լ ես։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Դաշույնի մի հարված ծոծրակին և վերջ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Պապանձվիր… (Շուրջը նայելով): Հասկանո՞ւմ ես, թե ինչ ես խոսում:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Վախենո՞ւմ ես։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Նա մեռած ժամանակ էլ սարսափելի կլինի, ավելի քան սարսափելի։ Դու մի նայիր, որ նա այդպես բարեկիրթ է, շարժումները չափած, ձևած, գիտե պահել իրեն քաղաքավարի: Բավական է բեղի տակ թեթևակի ժպիտ հայտնվի և փայլեն դուրս ցցված սպիտակ ատամները, նշանակում է այդ պահին մի նենգ միտք օձի պես սողում է նրա գլխում։ Նշանակում է, որ կատարվելու է ահավորն ու սարսափելին։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Դե ուրեմն սպասիր մինչև կաշիդ քերթի։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ասացի, վերջ տուր։
Աստիճանների գլխին հայտնվում է Կաղ առնետը: Աչքերը կկոցած նա խորամանկորեն նրանց է նայում:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — (չնկատելով նրան, եռանդով շարունակում է): Բոլորս էլ հերթով սատկելու ենք…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (նկատելով Կաղին): Ճը՛ստ-ճը՛ստ…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Վը՛ստ-վը՛ստ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (Երկարապոչին, շշուկով): Լռիր, Կաղը…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Թույլ տվեք իմանալ, մեծարգո առնետներ, ի՞նչ էիք ճստճստում։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Մենք, ըը՜ը…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Մենք պարզապես…
ԿԱՂ ԱՌՆԵՏ- Դավադրությո՞ւն։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ինչե՞ր ես ասում, Կաղ։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Մենք խորհրդակցում էինք, թե ինչ է լինելու Կատվի վերջը։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (աստիճաններից իջնելով): Հըմ, Կատվի վերջը… Դուք լավ կանեիք մտածեիք, թե ձեր վերջն ինչ է լինելու։ Պատկերացրեք, որ այդ հարցը ինձ շատ է մտահոգում։ Ի՞նչ է լինելու ձեր վերջը։ Եթե կուզեք իմանալ, ձեր մռութները վերջերս ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Շարունակ անկյուններն եք քաշվում, փսփսում։ Դավադրությո՞ւն եք պատրաստում իմ դեմ, կատվի փորոտիքներ: Իսկ ես ահա, թե ում համար ոտքս թակարդի տակ թողի… (Կատաղած ֆշշացնում է ու գոտկատեղից դուրս քաշում կատվի կեռ ժանիքը):
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Խնայիր, Կաղ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ոտքերդ ընկած աղաչում ենք, խնայիր…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Փալասփուլուս եք դուք և ոչ թե առնետներ։ (Սուրուլիկին): Ապա վեր կաց։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (վախից դողալով): Ի՞նչ ես ուզում անել, Կաղ։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (ժանիքը տեղը դնելով): Գնա մի տես Կարճլիկն ի՞նչ եղավ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (սրտապնդված ոտքի է կանգնում): Շտապելու բան չունենք։ Իմ կարծիքով նա ուր որ է կգա։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Մի սրան տեսեք, իմ կարծիքո՜վ… Վերջերս դու չափից ավելի ես շեշտում այդ բառը։ «Իմ կարծիքո՜վ…»։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ես ուզում էի ասել…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Լռի՛ր։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ինչպես կուզես։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Դա արդեն ուրիշ բան։ Գնա։
Սուրուլիկը դուրս է գնում: Կաղ առնետը վերցնում է քառածալ քարտեզը, փռում ծնկներին և մի փառահեղ ծխամորճ վառելով, սկսում է ծխել:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (հայացքը քարտեզից չկտրելով): Է՛յ, դու,Երկարապոչ, մոտ արի։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — (մոտենում է):
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (քարտեզի վրա նշվող կետը ցույց տալով): Սա մառանի դուռն է։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Պարզ է։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Դռան վրայի ճեղքը տեսնո՞ւմ ես:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Տեսնում եմ։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ուրեմն այս գիշեր, առանց աղմուկի, պա՞րզ է։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Պարզ է։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Կվերադառնաս ավարով։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Այո, բայց…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Կարող ես հանգիստ լինել, վտանգ չկա։ Կատվին մեզնով ենք արել, իսկ Խրտվիլակն էլ…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Խրտվիլակը խրտվիլակ, բայց այդ շուն շան որդի Գամփռը…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Շղթայակապ է։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Բայց շղթան մինչև մառանի դռան է հասնում։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ուրեմն զգույշ եղիր, ցույց տուր ճարպկությունդ: Հա՛, լավ հիշեցի: Ասում են կատուն նորից սկսել է դժգոհության նշաններ ցույց տալ: Գողացված ավարից բաժին կհանես նրան, թող կշտանա։ Հետո մի քանի ջերմ խոսք ասա, սիրտը առ։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ուր ուզում ես կգնամ, Կաղ։ Ինչ ուզում ես կանեմ, մենակ այդ անիծված Կատվի հետ գործարքի մեջ չմտնեմ։ Փորձանք կբերի գլխիս։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ո՞վ, այդ ալարկոտը՞, այդ ճարպագունդը՞, այդ տգետը՞։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Մոտիկից նա սարսափելի է։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Բավական է, վերջացրինք։ Գնա քնիր, գիշերը գործի ես։
Երկարապոչը ինչ-որ բան է ուզում ասել, բայց թափ է տալիս ձեռքն ու հեռանում: Կաղը վերցնում է օղու շիշը: Շշի պիտակի վրա կատվի գլուխ է նկարված ու տակը նշված է 40%: Մի հայացք գցելով պատին փակցված կիսամերկ մկնուհիների նկարներին, նա շիշը բերանն է տանում ու խմում: Շնչակտուր ներս է ընկնում Սուրուլիկը: Հակառակ կողմից գալիս է Երկարապոչը: Սուրուլիկի սարսափից չռված աչքերը տեսնելով Կաղը վեր է կենում տեղից:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ի՞նչ է պատահել։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — …
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ձայն հանիր։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Վախից լեզուն կապ է ընկել։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ինչ ես պապանձվել, խոսի՛ր։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Գամփռը…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Գամփռը, ի՞նչ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Կարճլիկին սեղմել էր գետնին, խեղդում էր։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Հետո՞։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Էլ ինչ հետո։ Լսեցի Կարճլիկի օրհասական ճստճստոցն ու…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Փախար։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ինչ կարող էի անել։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ասում էի, չէ, որ այդ շուն շան որդու շղթան մինչև մառանի դուռն է հասնում։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Խեղճ կարճլիկ…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Լռիր, վախկոտ։ Դու արժանի չես նրա անունը տալու։ Կարճլիկը հերոսաբար զոհվել է, որպես իսկական առնետ։ Իսկ դու թողել ես ու փախել: Ճիվա՜ղ… (Ուժգին մի հարված է հասցնում Սուրուլիկի մռութին: Վերջինս դատարկ պարկի պես ցած է փռվում: Կաղ առնետը վերցնում է օղու շիշն ու շպրտում նրան): Առ խմիր, ուշքի արի։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Տեսնում ես, Կաղ, ինչ փորձանքներ են գալիս մեր գլխին։ Որ սպանես էս գիշեր ես մենակ չեմ գնա։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Կգնաք երկուսով։ (Դիպչելով վերևից կախ ընկած արմատներին): Սա ինչ բան է: Ձեզ քանի անգամ պիտի ասել, որ կտրեք, դեն գցեք էս անտերները… Իսկ հիմա բարձրանանք վերև, տեսնենք ինչ է կատարվում աշխարհում…
Պատկեր չորրորդ
Փակ վարագույրի առջևով անցնում են Ճիկն ու Ճիրիկը: Լսվում են տերևների սոսափյուն, ծղրիդների ճռռոց, գորտերի կռկռոց:
ՃԻՐԻԿ — Դեռ շա՞տ պիտի գնանք, Ճիկ:
ՃԻԿ — Քիչ մնաց։
ՃԻՐԻԿ — Երևի կորցրել ենք ճանապարհը:
ՃԻԿ — Չենք կորցրել, արի։
ՃԻՐԻԿ — Մայրիկն ասում էր, որ այդ բվերը սարսափելի տեսք ունեն:
ՃԻԿ — Հետո ինչ։
ՃԻՐԻԿ — Վախենում եմ։
ՃԻԿ — Էլի՞ սկսեցիր։
ՃԻՐԻԿ — Սպասիր, Ճիկ, ճիշտ ճանապարհով չենք գնում։
ՃԻԿ — Արի, արի… Մայր Ընկուզենին ի՞նչ ասաց։
ՃԻՐԻԿ — Այո, բայց ո՞ւր է բացատը, ո՞ւր է կաղնին։
ՃԻԿ — (շուրջը նայելով): Հը՞… Գուցե իրոք մենք այնպես չենք եկել, ինչպես պետք է։
ՃԻՐԻԿ — Մոլորվել ենք։
ՃԻԿ — Սպասի՛ր։
ՃԻՐԻԿ — Կկորչենք անտառում, Բվին էլ չենք գտնի։
ՃԻԿ — Վերջ տուր։
ՃԻՐԻԿ — Դեռ ինչեր պիտի քաշենք քո խելքից։
ՃԻԿ — Բավակպն է ծվծվաս, գլուխս տարար։ Թող մի տեսնենք ուր ենք ընկել: (Հեռվում ինչ-որ բան նկատելով, հրճվալից): Վա՜յ…
ՃԻՐԻԿ — Ի՞նչ եղավ։
ՃԻԿ — Այն ի՞նչ է։
ՃԻՐԻԿ — Լճակ։
ՃԻԿ — Իսկ Մայր Ընկուզենին ի՞նչ էր ասում. «Անտառի խորքում լճակ կա, լճակից այն կողմ բացատն է, բացատում կայծակից այրված կաղնին։ Հենց այդ կաղնու փչակում էլ Բուն է ապրում»։ Գնացինք…
Բացատ: Այրված ճյուղերը երկինք կառկառած, կանգնած է կայծակնահար մենավոր կաղնին՝ մեծ փչակով և հողի մեջ մխրճված արմատներով: Լսվում է քամու սուլոց, ամպերի գոռոց: Վախվորած գալիս են ճնճղուկները:
ՃԻԿ — Ահա և կաղնին։
ՃԻՐԻԿ — Իսկ ո՞ւր է Բուն։
ՃԻԿ — Չկա, չի երևում։
ՃԻՐԻԿ — Փչակում կլինի։
ՃԻԿ — (շուրջը նայելով, սարսափած): Կայծակից այրված ծառ, քամու ոռնոց, ամպերի գոռոց։ Ոնց որ հեքիաթում։ Լավ է, չէ՞:
ՃԻՐԻԿ — Սարսափելի է։
ՃԻԿ — Ճիշտ է, մի քիչ սարսափելի է, բայց ոչինչ։
ՃԻՐԻԿ — Հիմա ի՞նչ ենք անելու։
ՃԻԿ — Տեսնենք Բուն փչակում է, թե՞ չէ։
ՃԻՐԻԿ — Չմոտենաս, հեռվից ձայն տուր:
ՃԻԿ — Հե՜յ, ծերուկ Բո՜ւ…
ԲՎԻ ՁԱՅՆԸ — (փչակից): Ո՞վ է։
ՃԻԿ — (կարկամած): Ըը՜ը, մենք ենք…
Կաղնու փչակից, ձեռքերը առաջ մեկնած, դուրս է գալիս ծերուկ Բուն՝ արևից պաշտպանող բոլորաձև խոշոր ակնոցը կեռ քթին:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (խարխափելով): Ովքե՞ր եք, ձայն հանեք…
ՃԻՐԻԿ — (եղբորը, շշուկով): Չի տեսնում։
ՃԻԿ — (քրոջը): Բա որ ասում էի:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Մենք, բվերս գիշերներն ենք տեսնում միայն… Ինչո՞ւ եք լռում… Գիտեմ, շատերդ եք զարհուրում մեր դեմքին նայելիս, բայց մի՞թե այդքան սարսափելի ենք մենք։ Ծերուկ բուն բարի է, նա թշնամի է միայն առնետներին ու մկներին:
ՃԻՐԻԿ — Բա ինչո՞ւ են ձեզ չարագուշակ անվանում:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Տգիտություն։
ՃԻԿ — Ասում են, որ երբ բուն կռնչում է, չար բան է կատարվելու։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Այդ բոլորը մարդիկ են հորինել։ Հեքիաթներ են: Բայց հեքիաթն ուրիշ է, կյանքը ուրիշ։ Այ հիմա, թեպետ Ծերուկ Բուն չի տեսնում ձեզ, բայց նա տեսնում է ձեր հոգիները։ Ասացեք, ովքե՞ր եք։
ՃԻԿ — Մենք ճնճղուկներ ենք:
ՃԻՐԻԿ — Ճիկն ու Ճիրիկը։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Բարի եք եկել։ Իսկ ո՞վ է հիշել ինձ։
ՃԻԿ — Մայր Ընկուզենին։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ընկուզենի՞ն։
ՃԻՐԻԿ — Ձորաբերանի այգու ընկուզենին։ Նա շտապ կանչում է քեզ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ի՞նչ է պատահել։
ՃԻԿ — Եկել է Արագիլը, բայց չի կարողանում ցանկապատից ներս մտնել, իր Բարդենուն հասնել։
ՃԻՐԻԿ — Այգում մարդու կերպարանքով հրեշ է կանգնած։
ՃԻԿ — Նրա ահից ոչ մի թևավոր չի համարձակվում այգուն մոտենալ:
ՃԻՐԻԿ — Միայն առնետները չեն վախենում նրանից։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Առնետնե՞րը։
ՃԻԿ — Այգին լցվել է մկներով ու առնետներով։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (զայրալից կռնչում է): Ավազակնե՜ր…
ՃԻՐԻԿ — Ծառերը խաշվում են ծարավից, ջուր չկա, անձրև չկա։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Առնետներն էլ տակից են քանդում այգին, այնպես չէ՞։
ՃԻՐԻԿ — Այո, քանդում են։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Եվ կրծոտում ծառերի արմատները։
ՃԻԿ — Որտեղի՞ց գիտես։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ես լավ եմ ճանաչում այդ ճիվաղներին։
ՃԻՐԻԿ — Այստե՞ղ էլ առնետներ կան։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Նրանք ամեն տեղ կան։ (Դադարից հետո): Ես շատ եմ ապրել անտառում։ Ապրել եմ մենակ, աշխարհից ու մարդուց կտրված։ Հոգնել են ոսկորներս, հանգստանալ են ուզում, բայց հանգիստ չկա: Թեպետ երդվել էի դուրս չգալ անտառից, բայց որ ասում եք արհավիրք է կախվել այգու գլխին, ծերուկ բուն չի կարող թևերը ծալած նստել: Գնացեք, ասեք Ընկուզենուն, որ հենց մութն ընկնի, ես կգամ…
Պատկեր հինգերորդ
Այգի: Ծառերի սաղարթների միջից երևում են աստղերը: Շրջապատը ողողվել է լուսնի արծաթագույն լույսով: Այգում կանգնած են Մայր Ընկուզենին ու Բարդենին: Խորքում կախված խնոցին դատարկ է:
ԲԱՐԴԵՆԻ — Տեսնես ի՞նչ եղավ, ո՞ւր գնաց։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Բնից զրկված Արագիլը էլ ո՞ւր պիտի գնա։
ԲԱՐԴԵՆԻ — Թևը վիրավոր էր, չէր կարողանում թռչել:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ոչինչ, մի լույս կբացվի։
ԳԱՄՓՌ — (գալիս է այգու խորքից): Բուն չեկա՞վ։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Սպասում ենք։
ԳԱՄՓՌ — Ասել էր, որ մութն ընկնի, կգա, բա ո՞ւր է։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (այգու խորքից): Ես այստեղ եմ։
ԲԱՐԴԵՆԻ — Եկավ:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (ներս է մտնում ու հարգալից գլուխ տալիս): Անտառի ողջույններ Ընկուզենուն:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Բարի տեսանք, Ծերուկ Բու։ Ինչպես ես, ի՞նչ լուր անտառից։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ամեն ինչ նույնն է։ Միայն մի շաբաթ առաջ կաղնին ընկավ։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ո՞րը։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Նա, որ հինգ հարյուր տարի ապրում էր այս հին արևի տակ։ Արմատները դուրս էին մնացել հողից, փոթորիկը տապալեց նրան։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ցավալի է։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ինչ կարող ենք անել։ Հանգստություն նրան։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Գիտե՞ս, թե ինչի համար եմ քեզ կանչել։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Գիտեմ, ամեն ինչ գիտեմ։
ԲԱՐԴԵՆԻ — Դե ուրեմն ասա, իմաստուն Բու, ե՞րբ է վերջ լինելու այս ամենին։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ – Այն, ինչ սկիզբ ունի, պետք է վերջ էլ ունենա։ Դուք հանգիստ մնացեք, ամեն ինչ կլինի այնպես, ինչպես պետք է…
Այգու խորքից գալիս է Խրտվիլակը: Նենգ հայացքով նա զննում է բոլորին և թունավոր ժպիտով տմբտմբացնում գլուխը:
ԽՐՏՎԻԼԱԿ — Խորհրդակցությո՜ւն… Գաղտնի խորհրդակցությո՜ւն…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Սա ո՞վ է։
ԽՐՏՎԻԼԱԿ — Ո՞վ եմ ես, հի՛, հի՛, հի՛, հի՛…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ Սա՞ է այն հրեշը, որի ահից ոչ մի թևավոր չի համարձակվում այգուն մոտենալ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Չի համարձակվում, չի համարձակվում…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Գոնե մի րոպե փակիր բերանդ, անպատիվ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Պատի՞վ, ի՞նչ պատիվ։ (Բվին): Չքվիր այստեղից, թևավոր… (Թափահարում է ձեռքերը և խենթի պես ցատկոտում): Չքվի՛ր, չքվի՛ր…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Եվ սա՞ է ահ ու սարսափ տարածողը։
ԳԱՄՓՌ — Եղած-չեղածը մի փայտի կտոր է, բայց քուն ու դադար չունենք դրա ձեռքից:
ԲԱՐԴԵՆԻ — Կտրեց բոլորիս ուրախությունը։
ԽՐՏՎԻԼԱԿ — Քամին մեղմացել է, ձեզ հանգիստ եք զգում… (Բվին): Իսկ դու համարձակ կանգնել ես իմ դեմ, հա՞, անիծյալ թևավոր։ Սպասիր, դեռ կճանաչես ինձ… (Մաղձոտ): Այո, կճանաչես, կճանաչես… (Հեռանում է):
ԳԱՄՓՌ — (կատաղությունից ետ ու առաջ անելով): Չէ՜, սա արդեն չափից անց է:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Է՜հ, Գամփռ, քո ջղերը բոլորովին քայքայվել են։
ԳԱՄՓՌ – Ջղե՜ր, ջղե՜ր… Շարունակ նույնն ես կրկնում, Ընկուզենի։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ինչ անեմ, քեզ նայելիս սիրտս կտրատվում է։ Ախր, շղթայիդ մի ծայրն էլ իմ կրծքին է մեխված։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Գնա, գնա հանգստացիր, Գամփռ։
ԳԱՄՓՌ — Հեշտ է ասել հանգստացիր։ Քանի դեռ դա էստեղ է, այգում երբեք հանգստություն չի լինելու։
ԲԱՐԴԵՆԻ — Չոքել է խղճներիս վրա, անիրավը։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Մի խոսեք, մի նորոգեք վերքերս։
ԳԱՄՓՌ — Ամեն անգամ էդ այլանդակին տեսնելիս, թվում է նա է կանգնած աչքերիս առաջ։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այ կոտրվեր նրա ձեռքերը, որ դրան չկանգնեցներ այստեղ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ո՞վ է կանգնեցրել։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այգու տերը… Խիղճ ու հոգի չուներ, չարությունից ուտում էր ինքն իրեն։ Թևավորներին ահաբեկելու համար նա իր ցնցոտիները հագցրեց այդ փայտի կտորին, որ հանգիստ հեռանա աշխարհից։
ԲԱՐԴԵՆԻ — Իր ահն ու սարսափը թողեց այգում, իսկ ինքը գնաց, պառկեց հողի տակ։
ԳԱՄՓՌ — Դառնացրեց բոլորիս կյանքը։
ԿԱՏՈՒ — (կուլիսներից): Մյաո՜ւ…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Այգում կատո՞ւ էլ կա։
ԳԱՄՓՌ — Այ ոչ ու փուչ լինի էդպիսի կատուն։ Պատուհաս է մեր գլխին։ Մկներն ու առնետները ազատ ֆռֆռում են քթի տակ, իսկ նրա հեչ պետքն էլ չի: Ցերեկները մրափում է, գիշերները քարշ է գալիս տանիքների վրա, պատերի տակ…
ԿԱՏՈՒ — (հարբած է, գալիս է օրորվելով ու երգելով):
Լուսնյակ գիշեր բոլորովին քուն չունեմ,
Ինձ տեսնողը կարծում է թե
Տուն չունեմ, վա՜յ,
Տուն չունեմ…Մյաո՜ւ…
ԳԱՄՓՌ — Գրող ու ցավ։ Որտե՞ղ ես քարշ գալիս էս ժամին, դատարկապորտ։
ԿԱՏՈՒ — (Անտարբերոիթյամբ թափ է տալիս ձեռքն ու շարունակում երգել):
Տուն էլ ունեմ, տեղ էլ ունեմ,
Յար չունեմ…
ԳԱՄՓՌ — Լակել ես, հա՞։
ԿԱՏՈԻ — (հազիվ ոտքի վրա կանգնելով): Ի՞նչ է նշանակում լակել… Ես պարզապես խմել եմ… Չեք էլ հարցնում, թե ինչ… (Հաճույքից հալվելով): Վալերյանի… Դեֆիցիտ… Բուրմունքից գլուխս պտտվում է:
ԳԱՄՓՌ — Գլուխ պիտի լինի ուսերիդ, որ պտտվի:
ԿԱՏՈԻ — Մի քիչ քաղաքավարի, Գամփռ: Խոնարհաբար խնդրում եմ, մի քիչ քաղաքավարի… Օհո, Բո՞ւն էլ է այստեղ… Ժողո՞վ եք գումարել, ուզում եք ինձ պաշտոնաթող անել, հա՞… Չի հաջողվի… Չի հաջողվի… (Օրորվելով գնում, նստում է խնոցու մեջ ու քնում):
ԳԱՄՓՌ — Մրափեց։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Դուք էլ քնեք, հանգստացեք, ես կհսկեմ…
Մայր Ընկուզենին ու Բարդենին ամփոփվում են իրենց բներում: Գամփռը քարշ տալով շղթան, գնում է այգու խորքը: Մի կողմ է գնում և ծերուկ Բուն: Քիչ անց գողեգող գալիս են Սուրուլիկն ու Երկարապոչը:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ճը՛ստ-ճը՛ստ…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ի՞նչ պատահեց։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ոչինչ։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Բա էլ ո՞ւր ես մի գլուխ ճստճստում, առաջ անցիր։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (շշուկով) Ժամանակին ենք եկել։ Կատուն մրափում է խնոցու մեջ, Գամփռն էլ ցանկապատի տակ։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ուրեմն հիշիր, մառանի ձախ անկյունից… (Խոսքը չավարտած, սարսափով ծղրտում է): Փախիր, Սուրուլիկ, այգում բու կա, փախի՜ր…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ճը՛ստ-ճը՛ստ…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Վը՛ստ-վը՛ստ…
Առնետները խուճապահար դես ու դեն են վազում: Երկարապոչը ծլկում է, բայց վրա հասած Բուն կտրում է Սուրուլիկի ճանապարհը:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Կարծում ես կազատվե՞ս իմ մագիլներից, ավազակ:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Իմ ժանիքը բավականաչափ սուր է կոկորդդ ծակելու համար, կույր սրիկա։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Կոկորդ ես ուզում ծակել, հա՞, դե ստացիր…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Վայ աչքս… Վա՜յ, վա՜յ… (Ճստճստում է ու աչքը բռնած փախչում):
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Դե սրանից հետո մեկ էլ փորձեք մտնել այգին, ավազակներ…
Հանկարծ այգու խորքից լսվում է Գամփռի ցավատանջ ձայնը: Ծերուկ Բուն ցնցվում է: Իրենց բներից դուրս են գալիս Բարդենին ու Մայր Ընկուզենին: Մյուս կողմից գալիս է Խրտվիլակը: Խնոցու մեջ քնած կատուն արթնանում ու ծուլորեն մլավում է:
ԿԱՏՈՒ — Այս ի՞նչ իրարանցում է:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ի՞նչ է պատահել նրան, Ընկուզենի։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Է՜հ, խեղճ Գամփռ, քնի մեջ անգամ հանգիստ չունի։
ԽՐՏՎԻԼԱԿ — Դիվահարի մեկը, դիվահար…
Գլուխը բռնած, տանջալից կաղկանձով գալիս է Գամփռը: Տեսնելով Խրտվիլակին, կատաղած հարձակվում է նրա վրա:
ԳԱՄՓՌ — Սադայե՜լ…
ԽՐՏՎԻԼԱԿ — Ի՞նչ ես ուզում ինձնից, Դիվահար։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Հանգստացիր, Գամփռ։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ եղավ, էլի վատ երա՞զ ես տեսել։
ԳԱՄՓՌ — Նոր էի աչքս փակել, մեկ էլ տեսա նրան, էս այլանդակի կերպարանքով։ Հեռվից գալիս էր դեպի ինձ մի ծանր շղթա ձեռքին։ Շղթան վզիս փաթաթեց ու սկսեց սեղմել։ Խռխռոցը ականջս ընկավ, վեր թռա…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ի՞նչ է պատահել քեզ, Գամփռ։
ԳԱՄՓՌ — Է՜հ, ծերուկ Բու, դու ոչինչ չգիտես… Անցավ, ամբողջ կյանքս անցավ… (Դադարից հետո): Փոքր էի, մորս ետևից ընկած գնում էի սարերը ոչխարի հոտը հսկելու։ Կաթնափրթոշ էի ուտում, խմում աղբյուրների սառը ջրերից, թավալվում փափուկ խոտերի մեջ։ Բայց մի օր էլ մի մարդ եկավ սարը ու ինձ տարավ:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ո՞ւր տարավ:
ԳԱՄՓՌ — Էս այգին բերեց։ Դաժան, շատ էր դաժան իմ տերը։ Խաղում էի երեխաների հետ, ծեծում էր։ Մարդ էի տեսնում, հասնում, գգվում էի, ծեծում էր: Մի առավոտ էլ, երբ այգում կուչ եկած մտաբերում էի սարերը, գլխավերևս կանգնեց նա շղթան ձեռքին։ Փոքր էի, ոչինչ չէի հասկանում։ Առաջ վազեցի, փաթաթվեցի ոտքերին, իսկ նա ծանր շղթան վիզս գցեց։ Աչքերս մթնեցին։ Առաջին անգամ զգացի, թե ինչ բան է շղթան… Անցավ, ամբողջ կյանքս էսպես անցավ, և ինչի՞ համար,,. Մի՞թե մարդիկ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այդպես մի ասա, Գամփռ, մարդիկ սիրում են ձեզ։
ԲԱՐԴԵՆԻ — Մարդիկ բարի են։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ձեռքեր կան բարի և ձեռքեր կան չար։
ԳԱՄՓՌ — Ես սիրում եմ մարդկանց, հասկացեք։ Ես չեմ ուզում մարդուն չար տեսնել։ Բայց նա՝ իմ դաժան ու անսիրտ տերը, թունավորեց հոգիս։ Ի՞նչ է կատարվում ինձ հետ, չեմ հասկանում։ Գազազում եմ, կատաղում, քնիս մեջ կոշմարներ եմ տեսնում, իսկ երբ արթանանում եմ՝ էս անիծված շղթան…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այս ինչ է, դու լա՞ց ես լինում, Գամփռ։
ԳԱՄՓՌ — Սրտիս ցավից, Ընկուզենի, սրտիս ցավից։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ամուր պահիր քեզ։ Ես չեմ ուզում քեզ այդպես նվաստացած տեսնել։ Իմ գլխով էլ շատ փորձանքներ են անցել, բայց ինչպես տեսնում ես, չեմ կռացել, չեմ կախել ճյուղերս։ Մի ժամանակ ես էլ մի դալար տնկի էի։ Նա հանեց ինձ անտառից ու այստեղ բերեց։ Մեծացա, շիվեր արձակեցի, բերք ու բարիք տվեցի։ Բայց այն օրը, երբ տվեցի իմ առաջին պտուղը, նա այս ցանկապատը քաշեց իմ առջև։ Շունչս կտրվում է: Տարիներ են անցել, բայց մինչև այսօր էլ ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե մարդկանց ինչին է պետք ցանկապատերը։
ԽՐՏՎԻԼԱԿ — Հի՛, հի՛, հի՛, հի՛, միամիտներ, ոչինչ չգիտեք։ Այսքան ապրել եք աշխարհում, բայց ոչինչ չգիտեք…
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Պատկեր վեցերորդ
Այգի: Ծառերի տագնապալից խշշոց: Խրտվիլակը հրճվալից պարում է ու թափահարելով ձեռքերը անզուսպ քրքջում: Իրենց բներից դուրս են գալիս Բարդենին և Մայր Ընկուզենին: Այգու խորքից լսվող խշշոցը շարունակվում է:
- Շշշո՜գ է… շշշո՜գ…
- Խաշշշվո՜ւմ ենք, խաշշշվո՜ւմ…
ԲԱՐԴԵՆԻ — Այս ի՞նչ է։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Տոթաբեր քամի է սկսվել։
ԽՐՏՎԻԼԱԿ — Քամի… Տաք քամի… (Կրկնելով հեռանում է):
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ անել, ինչպե՞ս փրկել նրանց։
ԲԱՐԴԵՆԻ — Մեր արմատները խորն են, մենք մի կերպ կդիմանանք, բայց նրանք…
Տարբեր կողմերից գալիս են Բալենին, Սալորենին, Տանձենին և Խնձորենին:
ԲՈԼՈՐԸ — Շշշո՜գ է… շշշո՜գ… Խաշշշվում ենք, խաշշշվո՜ւմ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Օ՜, երկինք, այս ի՞նչ եմ տեսնում։ Բոլորովին դալկացել եք։
ՍԱԼՈՐԵՆԻ — Առուն ցամաքել է, ջուր չկա։
ԲԱԼԵՆԻ — Պապակվում ենք ծարավից, Մայր Ընկուզենի։
ՍԱԼՈՐԵՆԻ — Աղետ է կախվել մեր գլխին։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Մի կերպ դիմացեք։
ՍԱԼՈՐԵՆԻ — Չենք կարող, էլ ուժ չկա:
ՏԱՆՁԵՆԻ — Շունչս կտրվում է, օդ չկա։
ԽՆՁՈՐԵՆԻ — (նվաղած): Ա՜հ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ պատահեց, Խնձորենի։
ԲԱՐԴԵՆԻ — Ի՞նչ եղավ, քույրիկ:
ԽՆՁՈՐԵՆԻ — Առնետները տակից կրծոտում են արմատներս։
ԲԱԼԵՆԻ — Ի՛մն էլ:
ՏԱՆՁԵՆԻ — Ի՛մն էլ:
ՍԱԼՈՐԵՆԻ — Իմ տերևները կանաչ-կանաչ թափվում են։
ԲԱՐԴԵՆԻ — Մի այնտեղ նայեք, Բալենին կարմիր արցունք է լալիս։
ՍԱԼՈՐԵՆԻ — Բոլորս էլ դատապարտված ենք մահվան…
Սկսվում է աղոթքի պես ծոր տվող երաժշտություն: Մայր Ընկուզենին ձեռքերը երկինք պարզած առաջ է գալիս: Բոլորը հետևում են նրան:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Օ՜, ամենակարող բնություն։ Դու, որ զորավոր ես ու գթառատ։ Դու, որ արարեցիր մեզ, էլ ինչո՞ւ ես սպանում մեր բարիքը դեռ մարդկանց չտված։ Խնայի՜ր։
ԲՈԼՈՐԸ — Խնայի՜ր, խնայի՜ր…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Օ՜, արևշատ, կենսատու երկինք։ Դու, որ կարող ես անձրև պարգևել մեզ, էլ ո՞ւր ես այս տոթաբեր քամին ուղարկում։ Տեսնում ես առանց այն էլ խեղդվում ենք ծարավից։ Գոնե մի կաթիլ արցունք թափիր մեզ համար, գեթ մի կաթիլ…
ԲՈԼՈՐԸ — Մի կաթի՜լ… Մի կաթի՜լ…
Ձեռքերը առաջ մեկնած, խարխափելով գալիս է ծերուկ Բուն:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Իզուր է ձեր աղերսը։ Երկինքը խռովել է, չի լսում:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ խորհուրդ կա թաքնված այս ամենի մեջ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Այգում գարուն չկա, ուրախություն չկա։ Կտրվել է երգն ու դայլայլը: Դրա համար երկինքը բարկացել և անձրևի փոխարեն կրակ ու բոց է թափում… (Լսվում է Խրտվիլակի քրքիջը): Մինչև այս Խրտվիլակը, այս ահն ու սարսափը չվերանա այգուց, մինչև Արագիլը չիջնի իր բնին, մինչև Գամփռը չազատվի իր կապանքներից, արհավիրքը շարունակվելու է։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Իսկ ի՞նչ անել։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Պետք է գտնել Գամփռի ազատության բանալին։
ԲՈԼՈՐԸ — Բանալի՞ն…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ – Այո՛, բանալին։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Բայց ինչպե՞ս։
ԲԱՐԴԵՆԻ — Որտեղի՞ց։
ՍԱԼՈՐԵՆԻ — Իսկ եթե բանալի չկա՞։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Եթե շղթային փականք կա, բանալի էլ կլինի: Աշխարհում ոչ մի փականք առանց բանալու չի լինում: Պետք է փնտրել…
Հռհռալով բեմ է ընկնում Խրտվիլակը, իսկ ետևից Գամփռը:
ԳԱՄՓՌ — Ես քեզ հիմա…
ԽՐՏՎԻԼԱԿ — Շոգից լեզուդ կախ է ընկել, փրփրե՞լ ես։
Հեռվից լսվում է Արագիլի երգը: Բոլորը մի պահ անշարժանում են:
ԲԱԼԵՆԻ -Լսո՞ւմ ես, Բարդենի, այդ նա է երգում, քո Արագիլը:
ԱՐԱԳԻԼԻ ՁԱՅՆԸ —
Օտար աստղի տակ, օտար ափերում,
Քո խշշոցն էր միշտ իմ ականջներում,
Քո տաք կարոտն էր, իմ կանաչ հեքիաթ,
Հեռու ափերից քո գիրկը բերում…
Ախ, ինձ հետ ես դու,
Սրտիս մեջ ես դու
Ամեն ակնթարթ,
Քեզնով եմ ապրում,
Իմ կյանք, իմ գարուն,
Իմ կանաչ հեքիաթ…
ԲԱՐԴԵՆԻ – Օ՜, երկինք…
ԽՆՁՈՐԵՆԻ — Ինչ տխուր է երգում։
ԲԱՐԴԵՆԻ — Դա երգ չի, կարոտի կրակ է, այրվող սրտի մորմոք։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այոր բնին չհասած պանդուխտի կանչ է դա։
ԱՐԱԳԻԼԻ ՁԱՅՆԸ —
Թևս վիրավոր ու սիրտս արյուն,
Թռել, եկել եմ մի ամբողջ գարուն,
Եվ հիմա ասա, ո՞ր մեղքի համար
Այսքան մոտ լինենք և այսքան հեռու…
Ախ, ինձ հետ ես դու,
Սրտիս մեջ ես դու
Ամեն ակնթարթ,
Քեզնով եմ ապրում,
Իմ կյանք, իմ գարուն, իմ կանաչ հեքիաթ:
ԽՐՏՎԻԼԱԿ — Իբր հեքիաթ կա՞, որ կանաչ էլ լինի։ Մի դրան տեսեք, օրիգինալ է ուզում երևալ… (Կոկորդով մեկ բղավում է): Մոդեռնի՜ստ… (Վայելով սլանում է այգու խորքը):
ԳԱՄՓՌ — Ե՞րբ պիտի ազատվենք էդ այլանդակից, ե՞րբ պիտի ազատ շունչ քաշենք։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Մի խոսեք, կարծես ինձ անպատվելու համար են դրան կանգնեցրել այստեղ։
ԲԱՐԴԵՆԻ — Ինչ դաժան եղավ մեր ճակատագիրը, Մայր Ընկուզենի:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Խորն է քո ցավը, Բարդենի: Բայց ոչինչ, դիմացիր։ Այ, երբ գտնենք Գամփռի ազատության բանալին, այն ժամանակ…
ԳԱՄՓՌ — Բանալի՞ն… (Վզից կախ ընկած կողպեքին նայելով): Դուք ուզում եք գտնել էս անիծված փականքի բանալի՞ն… Որտեղի՞ց…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Պետք է փնտրել։
ԳԱՄՓՌ — Գտեք, աստծո սիրուն, գտեք։ Ծեր եմ, գիտեմ, մի օր մեռնելու եմ։ Ես մահից չեմ վախենում։ Վախենում եմ շղթան վզիս մեռնեմ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Գնանք, Գամփռ, գնանք։ Թմրեցնող շոգ է, գնանք մի քիչ քնենք։ Գիշերը երկուսով ենք հսկելու… (Գնում է):
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — (Բարդենուն և մյուսներին): Մենք էլ ամփոփվենք մեր մեջ ու սպասենք…
Բոլորը գնում են: Բեմում մնում է միայն Գամփռը: Նա դանդաղ մոտենում, նստում է ընկուզենու մոտ, մեջքը հենում ծառի բնին ու թաղվում հանգիստ չտվող մտքերի մեջ:
ԳԱՄՓՌ — Բանալի՜… Ժանգոտած, փոքրիկ երկաթի կտոր… էդ ինչ սատանայական ուժ կա քո մեջ, որ էսպես տակնուվրա ես անում հոգիս։ Դու, որ աննշան մի պտույտով կարող ես ազատել ինձ էս տառապանքից, էս կապանքից, որտե՞ղ ես ընկած հիմա, ո՞ր գրողի ծոցն ես լքվել… (Երանությամբ): Ախ, գոնե մի անգամ գնայի սարերը, խմեի աղբյուրների սառ ջրերից։ Սար ու ձոր րնկած վազվզեի երեխաների հետ ու հետո… (Տագնապով): Իսկ եթե հանկարծ… (Ինքն իր մտքից սարսափած վեր է թռչում տեղից): Եթե հանկարծ բանալին մնացած լինի նրա գրպանում ու նրա հետ միասին թաղված լինի հողի տա՞կ… (Ինքն իրեն): Ախ, դու, հիմար, քավթառ շուն, շնթռել ու երազում ես, մինչդեռ…
Մկնուհիների թևերն ընկած, օրորվելով ու երգելով գալիս է Կատուն: Գամփռը չհավատալով իր աչքերին, զարմացած ետ-ետ է գնում: Դուրս են ցցվում այգու խորքում թաքնված առնետների գլուխները: Սուրուլիկի մի աչքը սև շորով է կապված:
ԿԱՏՈՒ — (Երգում է):
Դուք մեր այգու սիրուն մկներ
Պոչներդ կամար,
Աշխարհ գիտե, որ ապրում եք
Միայն ինձ համար…
ՄԿՆՈՒՀՒՆԵՐ —
Քեզ պես,
Սև ու հեզ,
Անշառ տեր ունենք…
ԿԱՏՈՒ — (Ոգևորված): Մյաո՜ւ…
ՄԿՆՈՒՀԻՆԵՐ —
Քանի որ կաս
Դու մեր այգում,
Էլ ինչ դարդ ունենք։
ԿԱՏՈՒ — (թևը մտած մկնուհուն): Մռութդ ուտեմ, մկնիկս…
ԳԱՄՓՌ — Վայ ինձ, էս էր մնացել, էս էլ տեսա:
ԿԱՏՈՒ — Մյաո՜ւ…
ԳԱՄՓՌ — Անպատկա՜ռ…
Գամփռի բղավոցից վախվորած մկնուհիները վազում, թաքնվում են ճյուղերից կախված խնոցու ետևում:
ԿԱՏՈՒ — Առանց գռմռոցի, Գամփռ, առանց հիստերիկայի։
ԳԱՄՓՌ — Էլի լակել ես, հա՞:
ԿԱՏՈՒ — Քո ինչ գործն է։
ԳԱՄФՌ — Մի տես ովքեր են թևերդ ընկած քեզ տուն բերում։
ԿԱՏՈՒ — Խնդրում եմ, մի փչացրու տրամադրությունս։
ԳԱՄФՌ — Դու ամոթ ունե՞ս:
ԿԱՏՈՒ — Ի՞նչ է եղել, որ:
ԳԱՄФՌ — Մուկն ու կատու եք խաղում, հա՞:
ԿԱՏՈՒ — Լսիր, Գամփռ, արի գոնե մի անգամ մարդավայել խոսենք: Շարունակ կատաղում, հարձակվում ես վրաս: Ի՞նչ ես ուզում ինձնից, եղբայր:
ԳԱՄФՌ — Սրիկա՜…
ԿԱՏՈՒ — Չբղավես, չբղավես:
ԳԱՄФՌ — Չարժի քեզ նմանի հետ լեզու թրջել, ձրիակեր… (Գռմռալով գնում է):
ԿԱՏՈՒ – (Նրա ետևից): Թյո՜ւ… Հետամնացի մեկը, հետամնաց… (Քթի տակ ինչ-որ երգ մռմռալով գնում, նստում է խնոցու մեջ):
ՄԿՆՈՒՀԻՆԵՐ — (Օրորում են Կատվին ու հետն էլ մեղմաձայն երգում): Ննջիր, մանկիկս, ննջիր…
Թաքստոցից դուրս են գալիս առնետները և գողեգող մոտենում խնոցու շուրջը խմբված մկնուհիներին:
ՄԿՆՈՒՀԻՆԵՐ — (Շշուկով): Քնեց:
ԿԱՂ ԱՌՆԵՏ – Հեռու քաշվեք, ես ինքս…
Պատկեր յոթերորդ
Առնետների ապաստարանը: Կենտրոնում ճոխ սեղան: Սեղանի շուրջը նստել են առնետներ, մկներ և մկնուհիներ:
ԿԱՂ ԱՌՆԵՏ – (Կատվի գլխով պիտակավորված օղու շիշը ձեռքին հանդիսավոր ոտքի է կանգնում): Հարգարժան մկնուհիներ և մկներ, մեծարգո առնետներ: Մենք հավաքվել են այստեղ, այս նշանավոր օրը էլ ավելի նշանավոր դարձնելու համար: Մեր փորձը քննություն բռնեց: Կար կատուն և հիմա չկա: Մենք վերջնականապես մաշկեցինք նրան: Եկեք ուրեմն խմենք այդ թշվառականի հոգու հագստության համար…
Դրսից լսվում է կաչաղակի ձայնը:
ՁԱՅՆ — Ուշադրությո՜ւն, ուշադրությո՜ւն…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Չաչանակն էլի սկսեց։
ՁԱՅՆ — Այսօր կատարվել է անսպասելին, անհավատալին…
Կաղ առնետը նայում է Սուրուլիկին և Կաչաղակին լռեցնելու նշան է անում: Սուրուլիկն արագ դուրս է գնում: Բոլորը լարված սպասում են:
ՁԱՅՆ — Ավազակ առնետները, օրը ցերեկով…
Լսվում է Կաչաղակի ճղճղոցն ու նորից քար լռություն է տիրում: Ձեռքերը մաքրելով ներս է մտնում Սուրուլիկը:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Վերջացրինք…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Միայն այդպես… (Ոգևորված): Սուր են մեր ատամները և բախտներս կտրուկ։ Ոչ մի դուռ չի կարող փակել մեր ճամփան…
Բոլորն ուրախ բացականչում են օղու շշերն իրար զարկելով, խմում:
— Կեցցե՛ս, Կաղ։
— Մենք քեզ հետ ենք։
— Մենք միշտ քեզ հետ կլինենք…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (Օրորվելով բարձրանում ու տիրաբար կանգում է աստիճաններին): Բերեք կատվի մորթին… Փռեք այստեղ, ոտքերիս տակ… (Նա հռհռալով փռվում է մորթու վրա ու բարձրացնում կատվի գլուխը): Է՜, ախպերս, մի ժամանակ կատու էիր, ուժեղ, առնական, սուրդ աջ ու ձախ կտրում էր։ Իսկ հիմա փոստդ է միայն մնացել։ Բեղերդ էլ առաջվանը չեն։ Աչքերդ էլ ոնց որ ապակուց լինեն… Այսպես է աշխարհի բանը, մի օր դու մեզ, մի օր էլ մենք քեզ… (Բացականչում է): Պարեղանա՜կ…
Խնջույքը շարունակվում է: Բոլորը սկսում են պարել:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (Սուրուլիկին): Երկարապոչն ո՞ւր է, աչքիս չի երևում…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Մոոացա՞ր, ինչ է, պահեստների գործով ես ուղարկել։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ա՜հ, հարբել եմ, կատուն ինձ տանի… (Սուրուլիկի ուսին խփելով): Լավ օր է, Սուրուլիկ, հրաշալի օր…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (ձեռքը վնասված աչքին տանելով): Նայած ում համար:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Դե լավ, քիչ ճստճստա։ Աչք է, էլի, մեծ բան… Մի աչքով դու ավելի առնական ես, կատուն քեզ տանի…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Անիծված Բու, որտեղի՞ց լույս ընկար։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ոչինչ, նրա հախից էլ կգանք։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ասում ես, էլի։ Բոլորիս վերջը տվեց։ Հերթով ջնջելու է մեզ այդ կույր սրիկան։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ես հիմարների տերը չեմ։ Քանի անգամ ասացի ցերեկով, միայն ցերեկով… Չէ, ինչպես տեսնում եմ, առանց հրամանների չեք կարող ապրել… (Մկնուհիներից մեկին, որը շտապ մոտենում է և բլոկնոտն ու մատիտը ձեռքին, սպասում): Գրի՛ր: Հրաման 5618։ Իրադարձությունների ոչ բարենպաստ լինելու պատճառով, այսինքն… Բվի անակնկալ հայտնվելու պատճառով, գիշերային օպերացիաները փոխվում են։ Այսուհետև բոլոր օպերացիաները կատարել միայն օրը ցերեկով։ Սույն հրամանը խախտողները կպատժվեն խստագույնս… (Մկնուհուն): Երեք օրինակից…
ՄԿՆՈՒՀԻ – Լսում եմ… (Բլոկնոտը ձեռքին մի կողմ է քաշվում):
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (Սուրուլիկին): Ինչ ես թթվել… Եկ կոնծենք եղբայր, կյանքը անմիտ է ու աշխարհը փուչ… (Ոգևորված վեր է թռչում և օղու շիշը բարձր պահած, սկսում է երգել):
Ավազակներ են մարդիկ մեզ ասում,
Հալածում են մեզ ու միշտ վնասում,
Չար կատուներին լարում են մեր դեմ,
Ամեն տեղ շարում թակարդ, մկնդեղ…
ԲՈԼՈՐԸ — (օղու շշերը իրար զարկելով, ձայնակցում են):
Դե կոնծիր ուրեմն, ավազակ,
Սա կատվի արյուն է սպիտակ,
Սա թունդ է և ուժեղ ավելի,
Քան բոլոր կատուներն աշխարհի։
Հա՛, հա՛…
Հի՛, հի՛…
ԿԱՂ ԱՌՆԵՏ —
Օրը ցերեկով ինչ էլ որ տանես,
Երբեք գողություն դա չհամարես,
Խլիր, թալանիր, ապահով ապրիր.
Այսպես է կյանքը մեր առնետների…
ԲՈԼՈՐԸ —
Դե կոնծիր ուրեմն, ավազակ,
Սա կատվի արյուն է սպիտակ,
Սա թունդ է և ուժեղ ավելի,
Քան բոլոր կատուներն աշխարհի:
Հա՛, հա՛…
Հի՛ հի՛…
Դրսից լսվող ինչ-որ ճիչ ընդհատում է երգը: Սուրուլիկն արագ վեր է բարձրանում աստիճաններով:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ո՞վ է:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (հայացքով դեպի դուրս): Երկարապոչն է: Կոկորդը բռնած օրորվելով այս կողմն է գալիս:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Հարբա՞ծ է:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Չեմ կարող ասել…
Կաղը զայրալից փնչացնում է: Ներս է ընկնում Երկարապոչը: Օձիքը պատառոտված է, շնչում է սոսկալի խռխռոցով:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Օգնեցե՜ք, օգնեցե՜ք…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ի՞նչ է եղել:
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Այրվո՜ւմ եմ… Այրվո՜ւմ…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Օղի՞ ես կոնծել։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Ինչ օղի… Մկնդեղ, մկնդեղ եմ կերել…
ԲՈԼՈՐԸ — (սարսափած): Ի-իի՜նչ…
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Փրկեք ինձ… Խեղդվո՜ւմ եմ…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Տեղն է, սատկիր։ Քեզ գործուղում են պահեստները, իսկ դու փորիդ ետևից ես ընկնում։ Ով կփորձի մենակ խժռել ավարը, միշտ էլ այսպես մկնդեղի բաժին պիտի դառնա։
ԵՐԿԱՐԱՊՈՉ — Իսկ դու, դու ինչի բաժին պիտի դառնաս, կաղ սատանա…
Վերջին ուժերը լարելով, նա գոտկատեղից դուրս է քաշում կատվի կեռ ժանիքը և առաջ նետվում: Բայց տեղ չհասած, ձեռքը թուլանում է, դեմքը ջղաձգվում, և «Օ՜դ… օ՜դ…» բղավելով, անշնչացած տապալվում կաղ առնետի ոտքերի տակ: Մկնուհիները ճչոցով դուրս են նետվում:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ինչ եք ապուշի պես ցցվել, դուրս տարեք…
Ահից պապանձված մկները քարշ տալով դուրս են տանում անկենդան առնետի մարմինը: Կաղը զայրույթից դողալով, օղու շիշը դնում է բերանին ու խմում:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (մռայլ, անտրամադիր): Դե ահա, մնացինք երկուսով։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Այդ թիվը մեկով էլ կկրճատվի, եթե հանկարծ մտքովդ անցնի փոս փորել իմ դեմ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ինչ ես ասում, Կաղ:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Վերջացրինք… Իսկ հիմա ինձ լսիր։ Այգում խլրտում է սկսվել։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Խլրտո՞ւմ։ ՚
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Բուն բոլորին ոտքի է հանել։ Նրանք փնտրում են Գամփռի ազատության բանալին: Բանալու տեղը միայն երկուսով գիտենք։ Եթե հանկարծ գտնվի ուրեմն վերջ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ի՞նչ պիտի անենք։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Հրաշալի միտք։ Կհագնես կատվի մորթին, կգնաս, կնստես խնոցու մեջ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ե՞ս։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Հասկացիր, եթե տեսնեն կատու չկա, նորը կբերեն։ Թող կարծեն, որ ոչինչ չի եղել։ Իսկ դու նայիր, տես ինչ նոր պլաններ է նախագծում այդ կույր սրիկան։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Դե միանգամից ասա գնա ու մեռիր, էլի։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Քիչ ճստճստա։ Ավելի լավ է մլավել սովորիր, որ քեզ չմատնես։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ինչե՞ր ես խոսում, Կաղ, ես մլավե՞լ…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Դժվար բան չէ: Փորձիր, վարժություններ արա։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Իհարկե, քեզ համար ինչ կա… Առոք-փառոք կնստես, կկոնծես, իսկ ես…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Այդ ինչպե՞ս ես խոսում ինձ հետ, կատվի փորոտիք։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Բոլորի գլուխը հերթով կերար, հիմա էլ ի՞նձ…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (դիվային սառնությամբ): Ահա թե ինչ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Այդպես մի նայիր, մեկ է, առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնա:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Շարունակիր, շարունակիր, ինչի՞ լռեցիր։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Լսիր, Կաղ, սատկացրու, բայց լավ իմացիր, իսկական առնետը այդպես չի վարվում: Վիճակ գցիր, ում բաժին ընկնի ագռավի տուզը, թող նա էլ գնա։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Լավ։ Վիճակ, թող լինի վիճակ: Նստիր… (Հանում է խաղաքարտերը, խառնում, ապա կիտուկ դարձնելով, մեկնում Սուրուլիկին): Քաշի՛ր։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (խաղաքարտերից քաշում է մեկն ու ցույց տալիս):Աղյուսի տասնոց:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Խաչի վալետ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Ցույց տուր:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Լսիր, դու այդ երբվանի՞ց ես սկսել չհավատալ ինձ։ (Խաղաքարտերը նրա քթին խփելով): Դե նայիր, ճիվաղ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (կիտուկից քաշում է մեկ ուրիշը և հանկարծակիի եկած ոտքի թռչում):
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ագռավի տո՞ւզ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Գնում եմ, Կաղ, գնում եմ… (Դժկամորեն վերցնում է կատվի մորթին ու աստիճաններով բարձրանում վեր):
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (ինքն իրեն, անհանգիստ): Ի՞նչ է լինելու վերջը… Ա՜հ, հերն էլ անիծած, ինչ ուզում է թող լինի… Եթե չեն կարողանում գլուխներն ազատել այդ անիծված բվերից, թակարդներից ու մկնդեղերից, թող սատկեն… Իսկ եթե ես լինեի, ես անշնչացած փռվեի նրանց ոտքերի մոտ։ Ուրախությունից պար կգային, կծիծաղեին, կծաղրեին։ Նրանք նույնիսկ կախ կտային իմ անշունչ մարմինը, կանարգեին… (Կատաղած բղավում է): Ժանտախտի բաժին դառնաք դուք, ճիվաղնե՜ր… Սատկեք, թեկուզ բոլորդ էլ սատկեք, ինձ համար միևնույն է: Թեկուզ աշխարհը լցվի մկնդեղերով, թակարդներով ու բվերով, ես կամ, կմնամ, կապրեմ: Այսպես կաղին տալով կապրեմ, բայց կապացուցեմ աշխարհին, թե իսկական առնետը ինչպես է լինում…
Պատկեր ութերորդ
Այգի: Խնոցու մեջ, կատվի մորթին վրան առած, նստել է Սուրուլիկը: Բեմի առաջամասում Խրտվիլակն է՝ մկներով ու մկնուհիներով շրջապատված:
ԽՐՏՎԻԼԱԿ — (արտասանում է):
Խրտվիլակ են ինձ ասում
Ու ամեն տեղ բամբասում.—
Ոչ շունչ ունեմ, ոչ հոգի,
Բայց սարսափն եմ ամենքի։
Ես ուժ ունեմ ահագին,
Ի՛մն է, ի՛մն է այս այգին…
Թևեր ունեմ, երազանք,
Գեղեցկություն ու նազանք,
Իսկ ես թեպետ այլանդակ,
Բայց հող ունեմ ոտքիս տակ:
Ես ուժ ունեմ ահագին,
Ի՛մն է, ի՛մն է այս այգին…
Գալիս է Գամփռը: Տեսնելով այս ամենը նա ապշած մեխվում է տեղում:
ԽՐՏՎԻԼԱԿ —
Շորով մարդ եմ, հոգով փայտ,
Չունեմ ամոթ, խղճի խայթ,
Ես էությամբ իմ ամբողջ
Խրտվիլակն եմ իմ տիրոջ:
Ես ուժ ունեմ ահագին,
Ի՛մն է, ի՛մն է այս այգին…
ԱՌԱՋԻՆ ՄԿՆՈՒՀԻ — Բրա՜վո …
ԵՐԿՐՈՐԴ ՄԿՆՈՒՀԻ — Բի՜սս…
ԱՌԱՋԻՆ ՄՈՒԿ — Ինչպիսի բառեր։
ԵՐԿՐՈՐԴ ՄՈՒԿ — Սա ստեղծագործություն չէ, այլ գլուխգործոց:
ԱՌԱՋԻՆ ՄՈՒԿ — Ես, որ կրծոտել եմ գրադարանների համարյա բոլոր գրքերը, այսպիսի ստեղծագործության դեռ չեմ հանդիպել:
ԱՌԱՋԻՆ ՄԿՆՈՒՀԻ — Ես ապշած եմ։
ԵՐԿՐՈՐԴ ՄԿՆՈՒՀԻ — Ես ցնցված եմ։
ԱՌԱԾԻՆ ՄՈՒԿ — Ուղղակի հրաշք է։
ԵՐԿՐՈՐԴ ՄՈՒԿ — Տաղանդ է, տաղանդ…
ԳԱՄՓՌ — Վայ երկինք, փուլ արի գլխիս։ Ով ումն է փառաբանում… (Բարկացած բղավում է): Ողորմելի մկնե՜ր…
Մկներն ու մկնուհիները խուճապահար փախչում են: Այգու խորքից խարխափելով գալիս է ծերուկ Բուն: Խնոցու մեջ կուչ եկած Սուրուլիկը անհանգիստ շարժվում է:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ւ՞նչ է պատահել, Գամփռ։
ԳԱՄՓՌ — Էլ ինչ պիտի պատահի, մկներն էստեղ ժողով են սարքել, իսկ նա… (Խնոցու մեջ պառկած Սուրուլիկին ցույց սալով): Քնած է ձևանում… Վայ, կատու ասողիդ հերն եմ անիծել…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (փորձում է մլավել, բայց): Ճը՛ստ-ճը՛ստ…
ԳԱՄՓՌ — Այ կտրվեր առոգանությունդ, հա… էնքան էդ ավզակների հետ հաց կտրեցիր, մինչև լեզուդ էլ նմանվեց նրանց:
ԽՐՏՎԻԼԱԿ — Հի՛, հի՛, հի՛, հի՛…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Սպասիր, Գամփռ, այստեղ ինչ-որ բան կա… Կարծես նա բոլորովին էլ այն չէ, ինչ կարծում ենք… Այո՛, այո՛, ես կարծես լսում եմ նրա անհանգիստ շնչառությունը… Դե իհարկե, սա ինչ կատու է, որ…
ԳԱՄՓՌ — Ի-իի՞նչ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (խարխափելով աոաջ է նետվում): Ավազա՜կ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (վրայից դեն է գցում կատվի մորթին ու ճստճստալով փախչում):
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (մորթին շոշափելով): Սա ինչ հանելուկ է…
ԳԱՄՓՌ — Վա՞յ, փոստահան են արել։ Ասում էի չէ, որ վերջը մաշկելու են։
ԽՐՏՎԻԼԱԿ — (քրքջում է):
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Եվ դեռ ծիծաղում ես, այլանդակ:
ԳԱՄՓՌ — Ավազակները տակնուվրա են անում ամեն ինչ, իսկ սա…
ԽՐՏՎԻԼԱԿ — Ինձ ինչ, ես ավազակների գործերին չեմ խառնվում։ Նրանցով թող Բուն զբաղվի:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Բուն ինչ անի, Բուն գլուխը ո՞ր քարովը տա, երբ հիմա գողությունը օրը ցերեկով է կատարվում։
ԽՐՏՎԻԼԱԿ — Միևնույն է, ես չեմ կարող ահաբեկել նրանց։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Դու միայն թևավորներին կարող ես ահաբեկել։
ԽՐՏՎԻԼԱԿ — Իսկ ինչ է, կարծում եք ինձ ձևի համա՞ր են այստեղ կանգնեցրել։ Ուզում եք, անկաշկանդ ճախրեք այգու վրա, իսկ ես ապուշ կտրած նայեմ ու հիանա՞մ… Տանել չեմ կարող թևավորներիդ…
ԳԱՄՓՌ — Ինչի՞, որ թևեր ունեն և կարող են թռչե՞լ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Այո՛։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Որ երազանք ունեն, խիղճ ու հոգի՞, որ գեղեցիկ են, գիտեն սիրել ու սիրվե՞լ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Այո՛, այո՛։
ԳԱՄՓՌ — Որ իրենց թևերով գարո՞ւն են բերում մարդուն ու աշխարհին։
ԽՐՏՎԻԼԱԿ — Այո՛, այո՛ , այո՛։
ԳԱՄՓՌ — (զայրալից): Խրտվիլա՜կ…
ԽՐՏՎԻԼԱԿ — (քրքջալով գնում է այգու խորքը):
ԳԱՄՓՌ — (կատաղությունից ծառս է լինում տեղում):
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Հանդարտվիր, Գամփռ։
ԳԱՄՓՌ — Չեմ կարող… Վիրավորված եմ, վիրավորված եմ մարդկանց փոխարեն… Երբ արարիչը ստեղծում էր մեզ, հեշտությամբ գտավ մեր կերպարանքը։ Նա դժվարացավ միայն մարդուն կերպարանք տալիս և ստիպված իր կերպարանքը տվեց նրան։ Զարմանում եմ, դրանից հետո ո՞նց են խրտվիլակներին մարդիկ իրենց կերպարանքով կանգնեցնում։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ցավալի է, բայց ինչ կարող ենք անել։
Նախաբեմով վախվորած գալիս են ճնճղուկները:
ՃԻՐԻԿ — Սպասի՛ր…
ՃԻԿ — Ինչ ես կպել ինձնից, թո՛ղ:
ՃԻՐԻԿ — Վախենում եմ:
ՃԻԿ — Տեսնում ես չի շարժվում, քնած է։
ՃԻՐԻԿ — Կարթնանա… Հիմա կարթնանա…
ՃԻԿ — Հերիք ծվծվաս:
ԳԱՄՓՌ — (ճնճղուկներին): Հը՞, ի՞նչ եղավ։ Գտա՞ք, թե չէ…
ՃԻԿ — Շատ փնտրեցինք, չկա։
ԳԱՄՓՌ — Մութ կասկածներ են պտտվում գլխիս մեջ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ինչ-որ տեղ պահած կլինի: Փնտրեք, ճնճղուկներ, ցերեկները դուք, գիշերները ես…
ՃԻՐԻԿ — Վախենում ենք:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Ինչի՞ց, ումի՞ց… (Այգու խորքը ցույց տալով): Նրանի՞ց, այդ փայտի կտորի՞ց, մարդու շորեր հագած այդ խրտվիլակի՞ց։
ՃԻԿ — Ի-ի՞նչ… Փայտի կտո՞ր…
ՃԻՐԻԿ — Մարդու շորեր հագած խրավիլա՞կ…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Գնացեք, գնացեք ասեք Արագիլին, թող գա: Ասեք բոլոր թևավորներին, թող գան, թող երգ ու դայլայլով լցնեն այգին…
Պատկեր իններորդ
Մառան: Կիսախավար նկուղ: Նկուղի վրա բացվող փայտե խարխուլ դուռ: Անկյունում կավե կարաս և հնամենի մի մեծ սնդուկ: Ճիկն ու Ճիրիկը քափ ու քրտինք մտած փնտրում են բանալին:
ՃԻՐԻԿ — Չկա, Ճիկ։
ՃԻԿ — Ինչ ես մի գլուխ. չկա, հա չկա… Կարասի ետևը նայիր:
ՃԻՐԻԿ — Նայել եմ, չկա:
ՃԻԿ — Խեղճ Գամփռ։ Եթե չգտնենք, նա վշտից կմեռնի։
ՃԻՐԻԿ — Այս ի՞նչ ձայներ են, Ճիկ։
ՃԻԿ — Սպասի՞ր…
Ճնճղուկները ահից սեղմվում են պատին:
ԿԱՂ ԱՌՆԵՏԻ ՁԱՅՆԸ — Ներս մտիր։
ՍՈՒՐՈԻԼԻԿԻ ՁԱՅՆԸ — Դռան ճեղքը փակել են։
ԿԱՂ ԱՌՆԵՏԻ ՁԱՅՆԸ — Մի կողմ քաշվիր։
ՍՈՒՐՈՒԼԻԿԻ ՁԱՅՆԸ — Նայիր, տախտակ են խփել…
ՃԻՐԻԿ — Առնետներն են:
ՃԻԿ — Լռի՛ր։
ԿԱՂ ԱՌՆԵՏԻ ՁԱՅՆԸ — Լուսամուտի ապակին կոտրված էր: Լուսամուտից պիտի ներս մտնեինք։
ՍՈՒՐՈՒԼԻԿԻ ՁԱՅՆԸ — Ետ դառնանք, Կաղ, էսօր երկուշաբթի է, ամեն ինչ ձախ է գնում։
ԿԱՂ ԱՌՆԵՏԻ ՁԱՅՆԸ — Վերջ տուր…
Լսվում է խրթխրթոց և փշրվող փայտի ձայն:
ՃԻԿ — Ուզում են ներս մտնել։
ՃԻՐԻԿ — Հիմա ի՞նչ պիտի անենք։
ՃԻԿ — Թաքնվենք կարասի ետևում։
ՃԻՐԻԿ — Վայ մամա՜…
ՃԻԿ — Սուս…
Մառանի դուռը ճռռոցով բացվում է: Մարած լապտերները ձեռքերին, ներս են մտնում Կաղն ու Սուրուլիկը:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (շուրջը նայելով): Ոչ ոք չկա… Ինչ ես բերանդ բաց կանգնել, առաջ անցիր:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Աչքս խաղում է: Սիրտս վատ բան է գուշակում։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Վերջ տուր քո այդ սնոտիապաշտությանը… (Գոտկատեղից դուրս է քաշում կատվի կեռ ժանիքն ու կաղին տալով մոտենում սնդուկին: Սուրուլիկը գլխիվայր կախվում է կարասի մեջ ու մեծագույն բավականությամբ շփշփացնում): Ի՞նչ ես վրա պրծել կարասին, օգնիր բաց անենք սնդուկը, շո՛ւտ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (գլուխը դուրս հանելով կարասից): Այստեղ հրաշալի գինի կա։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Գինու ժամանակը չի, շտապիր…
Առնետները հարձակվամ են սնդուկի վրա ու սկսում քաշքշել կափարիչը: Կափարիչը ճռնչալով բացվում է: Միմյանց հրմշտելով նրանք տնկվում են սնդուկի մեջ: Սկսվում է գզվռտոցը: Կարասի ետևից անաղմուկ դուրս են գալիս Ճիկն ու Ճիրիկը:
ՃԻԿ — Թռիր, Ճիրիկ, իմ ետևից…
Ճնճղուկները լեղապատառ դուրս են գցում իրենց: Իսկ սնդուկում դեռ շարունակվում է քաշքշուկը:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ձեռքդ…
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Իմն է, թո՛ղ։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Քաշիը ձեռքդ, ասում եմ։
Առնետները կապոցներն ուսերին, մի փոքրիկ պարկից քաշքշելով, գլուխները դուրս են հանում սնդուկից:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Իմն է, թող… Ես եմ առաջինը ձեռքս դրել վրան։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (բաց թողնելով պարկը): Ցած դիր:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Չմոտենաս։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ցած դիր, ասում եմ, եթե չես ուզում, որ սպիտակ շաքարը կարմիրով ներկվի։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Հերիք է, Կաղ, հերիք հոգուս հետ խաղաս: Համբերությունն էլ չափ ու սահման ունի… (Շաքարով լի պարկը գցում է գետին ու գոտկատեղից դուրս քաշում կատվի կեռ ժանիքը): Դե հիմա վերցրու…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Ի-ի՜նչ…
Կատվի կեռ ժանիքները ձեռքերին, օձի պես ֆշշացնելով, նրանք պտտվում են պարկի շուրջը: Լսվում է դռան ճռռոց: Առնետները հանկարծակիի եկած ծեփվում են պատին: Շեմին կանգնում է Ծերուկ Բուն:
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Եկավ:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Վառիր լապտերը, շուտ…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — (թևքով ծածկում է աչքերին ընկած լույսն ու առաջ է գալիս): Ա՜, ուրեմն այդ դո՞ւք եք, ավազակներ։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — (ատամների արանքից ֆշշացնելով): Պատիվ ունենք ներկայանալու, կույր սրիկա:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Պարան հասցրու։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Որտեղի՞ց։
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Պատին կախված է, գլխավերևդ…
Կաղն ու Սուրուլիկը միանգամից հարձակվում են Բվի վրա ու պարանով կապոտում:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Բարբարոսնե՜ր…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Փակիր դրա բերանը։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Դու հեռու քաշվիր, սրա դատաստանը իմ ձեռքով պիտի անեմ։ Ակն ընդ ական… (Կեռ ժանիքը պատրաստ պահած,դանդաղ մոտենում է): Դե հիմա տես, թե աչքը հանելը ոնց է չինում, կույր սրիկա…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — (նրա ձեռքը բռնելով): Գժվել ես, ինչ է… մոռանում ես, թե որտեղ ենք գտնվում։ Սնդուկը քարշ տուր…
Նրանք կապոտված Բվին տանում են դեպի սնդուկը: Դռան արանքից ներս են ցցվում ճնճղուկների գլուխներն ու իսկույն անհետանում:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Օ՜, մայր բնություն, ինչո՞ւ ես ինձ զրկել լույսից, ինչո՞ւ չեմ տեսնում…
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Հիմա կտեսնես։
ՍՈՒՐՈՒԼԻԿ — Սնդուկում մութ է, սնդուկում արդեն կտեսնես…
Նրանք Բվին զցում էն սնդուկի մեջ ու կափարիչը շրխկոցով փակում վրան: Կաղ առնետը բարձրանում, կանգնում է սնդուկի վրա ու դիվային քրքիջով դիմում Սուրուլիկին:
ԿԱՂ ԱՌՆԵՏ — Գինի տուր ինձ։ Ես ուզում եմ խմել այս կույր սրիկայի հոգու հանգստության համար…
Պատկեր տասներորդ
Այգի: Ամպերի գոռոց: Շղթան ետևից քարշ տալով, անհանգիստ ետ ու առաջ է գնում Գամփռը: Իրենց բներից դուրս են գալիս Բարդենին և Մայր Ընկուզենին:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Էլի մթնդել է:
ԲԱՐԴԵՆԻ — Ինչ օգուտ, որոտում է, որոտում, բայց անձրև չկա։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ինչո՞ւ ես այդպես անհանգիստ, Գամփռ։
ԳԱՄՓՌ — Ինչ անեմ, սիրտս կրակն ընկել, վառում է։ Ինձ համար հիմա րոպեն տարի է թվում:
ԲԱՐԴԵՆԻ — Ծանր է սպասելը, մահվան չափ ծանր։
Այգու խորքից լսվում է Խրտվիլակի և Արագիլի ձայնը:
— Էլի՞ հայտնվեցիր…
— Հերիք է, դանակը ոսկորին է հասել, հերիք է…
ԲԱՐԴԵՆԻ — Օ՜, երկինք, այդ նա է, իմ Արագիլը…
Գալիս է Արագիլը, իսկ նրա ետևից Խրտվիլակը:
ԱՐԱԳԻԼ — Բարդենի՜…
ԲԱՐԴԵՆԻ — Արագի՜լ…
ԽՐՏՎԻԼԱԿ — (կանգնելով նրանց միջև): Չեմ թողնի… չեմ թողնի…
ԱՐԱԳԻԼ — Հեռու իմ ճամփից, հեռու ասում եմ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Դու համարձակվում ես ըմբոստանա՞լ իմ դեմ, անիծյալ թևավոր… Ու-ուո՜ւ…
ԱՐԱԳԻԼ — Ոռնա, գալարվիր, մեկ է, քո երգը երգված է ար֊դեն։
ԽՐՏՎԻԼԱԿ — (անզորությունից չարացած): Հեռացիր այստեղից, շո՛ւտ… Հեռացիր…
ԱՐԱԳԻԼ — Դե հերիք եղավ քեզ, հոգիս բերանս բերիր…
Սկսվում է Մենամարտը: Եվ հենց այդ ժամանակ Խրտվիլակի գրպանից ցած է ընկնում բանալին:
ԱՐԱԳԻԼ — Սա ի՞նչ է:
ԲԱՐԴԵՆԻ — Բանալին…
ԳԱՄՓՌ — Տեր աստված… Շղթաներս կապանքող բանալին…
ԲԱՐԴԵՆԻ — (Արագիլին, տագնապով): Վերցրու, շո՛ւտ…
ԽՐՏՎԻԼԱԿ — (հուսահատ): Վերջացա՜վ… Ամեն ինչ վերջացավ… (Ծղրտալով վազում է այգու խորքը):
ԳԱՄՓՌ — Իմ ազատության բանալին այս ողորմելի Խրտվիլակի գրպանո՞ւմ:
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ում մտքով կանցներ։
ԳԱՄՓՌ — Շուտ արեք, աստծո սիրուն, ազատեք ինձ էս կապանքներից…
Ահա և բացվում է շղթայի փականքը:
Մի՞թե սա երազ է, մի՞թե ես իսկապես ազատ եմ… (Շղթան զարկում է գետին և ձեռքերը լայն բացած, խենթի պես պտտվում է այգում): Էհե՜յ, լսո՞ւմ եք… Ես ազա՜տ եմ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Այո, դու ազատ ես, Գամփռ, բայց շղթայիդ ծայրը դեռ կրծքիս մեջ է մեխված։
ԳԱՄՓՌ — Կհանենք, Ընկուզենի, դա էլ կհանենք։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Դժվար է, խորն է, մինչև սիրտս է խրված…
Շնչակտուր բեմ են ընկնում ճնճղուկները:
ՃԻՐԻԿ — Հասիր, Գամփռ, հասիր:
ԳԱՄՓՌ — Ի՞նչ, է պատահել։
ՃԻԿ — Առնետները կապոտել են Ծերուկ Բվին, սնդուկն են գցել։
ԳԱՄՓՌ — Ի-իի՜նչ…
ՃԻՐԻԿ — Հիմա կսպանեն նրան…
Գամփռը, Արագիլը և ճնճղուկները արագ հեռանում են բեմից: Սարսափից դողալով գալիս է Խրտվիլակը:
ԽՐՏՎԻԼԱԿ — Փրկիր ինձ, Մայր Ընկուզենի, փրկիր, հիմա այդ կատաղածը կպատառոտի ինձ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Լռի՛ր։
ԲԱՐԴԵՆԻ — Շարունակ վայում ես։ Բավական է ինչքան գլուխներս տարար։
ԽՒՏՎԻԼԱԿ — Դա քամին է, քամին, քամին…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Հենց ցավն էլ դա է, քամին որ կողմից փչում է, այնպես էլ պարում ես, Խրտվիլակ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Ես ինձ վրա դրված պարտականությունն եմ կատարում, Մայր Ընկուզենի։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Չհամարձակվես ինձ մայր անվանել, լսո՞ւմ ես, չհամարձակվես։ Իմ զավակները արմատներ գցեցին հողում, բերք ու բարիք տվեցին մարդկանց։ Նրանցից շատերը, ի ցավ իմ սրտի, զոհվեցին, բայց մարդկանց համար դուռ ու լուսամուտ դարձան, տուն ու տանիք դարձան։ Դու էիր միայն, որ դարձար ողորմելի Խրտվիլակ։
ԽՐՏՎԻԼԱԿ — Բայց ես…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ձայնդ…
ԽՐՏՎԻԼԱԿ — Ձա՞յն… Ի՞նչ ձայն… Ես ձայն չունեմ…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Լռիր, անարժան։
ԽՐՏՎԻԼԱԿ — Ինչի՞ համար, մի՞թե քո ճյուղը չեմ եղել։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Հենց ցավն էլ դա է, ամոթից չեմ կարողանում գլուխս բարձրացնել։
ԽՐՏՎԻԼԱԿ — Ես ինչ անեմ։ Կտրեցին ինձ քեզնից, չորացրին սիրտս ու հոգիս, խրտվիլակ դարձրին։ Սեփական դեմք էլ չունեմ…
ԲԱՐԴԵՆԻ — Այս ինչ է, նա լա՞ց է լինում։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Իբր երես ունի, դեռ լաց է լինում: (Խրտվիլակին): Գոնե լռիր, երբ լաց լինել չես կարող։
ԽՐՏՎԻԼԱԿ — Ես լաց եմ լինում հենց նրա համար, որ լաց լինել չեմ կարող…
Այգու խորքից գալիս են Ծերուկ Բուն, Գամփռը և Արագիլը: Իսկ նրանց ետևից ճնճղուկները:
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Շունչը փչեց, ավազա՜կ…
ԱՐԱԳԻԼ — Բայց Կաղը փախավ։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Հեռու չի փախչի։
ԳԱՄՓՌ — Դե, հիմա ի՞նչ կասես, Խրտվիլակ։ Հասավ ժամդ։
ԽՐՏՎԻԼԱԿ — (սարսափած ետ-ետ է գնում): Չմոտենաս… չմոտենաս…
ԳԱՄՓՌ — Խեղճացե՞լ ես, դողո՞ւմ ես։ Պարզվում է, կտրիճ ես մենակ հեռվից։ Ախ, հիմա ինչ մեծ հաճույքով պիտի բզկտեմ քեզ…
ԽՐՏՎԻԼԱԿ – Բզկտե՞լ… Չես կարող… Ես առանց այն էլ բզկտված եմ… (Վրայի ցնցոտիները թափահարելով): Բզկտված եմ… բզկտված եմ… (Խեղդվողի օրհասական ճիգերով ետ-ետ է գնում և խռխռալով տապալվում կուլիսներում):
ՃԻԿ — Ընկավ։
ԳԱՄՓՌ — (զարմանքով): Էս ի՞նչ էր…
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Վերջացավ։
ԳԱՄՓՌ — Բայց ես նրան ձեռք չտվի։
ԾԵՐՈՒԿ ԲՈՒ — Խորհուրդ կար ի վերուստ, որ երբ ազատվես քո կապանքներից, չարը պիտի խափանվի…
Ամպերի որոտ, տեղատարափ անձրևի խշշոց, որն աստիճանաբար փոխվում է ուրախ երաժշտության:
ԲԱԼԵՆԻ — Անձրև է գալիս։
ԲԱՐԴԵՆԻ — Վերջապե՜ս…
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Օ՜, գթառատ երկինք…
Այգու խորքից ուրախ խշշոցով գալիս են ծառերի nգիները:
ԲԱԼԵՆԻ — Մենք փրկված ենք, Մայր Ընկուզենի:
ԽՆՁՈՐԵՆԻ — Իմ ճյուղերը կամաց-կամաց շտկվում են։
ՍԱԼՈՐԵՆԻ — Տերևներս էլ չեն թափվում։
ՏԱՆՁԵՆԻ — Անձրևը կյանք տվեց մեզ։
ԲԱՐԴԵՆԻ — (Արագիլին): Դու եկար և ուրախություն բերիր այգին։
ԱՐԱԳԻԼ — Բարդենի՜…
ԲԱՐԴԵՆԻ — Արագի՜լ, իմ ուշացած գարուն։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Թույլ տուր, Արագիլ, ինչպես միշտ, այս անգամ էլ բարի գալուստ մաղթել քեզ, ըստ մեր օրինած աշխարհի: (Կես կատակ, կես լուրջ): Հե՜յ, լագլագո, հաճի Բեգո, ուրկի՞ց կուգաս։
ԱՐԱԳԻԼ — Սև սարերուց։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ի՞նչ ես բերել։
ԱՐԱԳԻԼ — Թուղթ մը սապոն։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Ո՞ւր կտանես։
ԱՐԱԳԻԼ — Սուսկա մամուն։
ՄԱՅ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Որ ի՞նչ անի։
ԱՐԱԳԻԼ -— Լաչակ լվա, թալե գլխուն, ելնե գարուն։
ՄԱՅՐ ԸՆԿՈՒԶԵՆԻ — Բարով եկար, Արագիլ։
ԲՈԼՈՐԸ — Հե՜յ, Արագիլ, բարով եկար:
ԱՐԱԳԻԼ — Բարին արևին, բարին աշխարհին… (Շրջվելով դեպի հանդիսասրահը): Բարին ձեզ, մարդիկ…
Ուրախ երաժշտության տակ, դանդաղ փակվում է վարագույրը:
ՎԵՐՋ
1972 թ.