ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ԹՌՉՈՂ ԱՓՍԵԻՑ ԻՋԱԾ ՄԱՐԴԸ
Կատակերգություն երկու մասից
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՍԵՆ, ԱՐՈՒՍ — ամուսիններ
ՄՈՒԿՈՒՉ — Արուսի եղբայրը
ՎԱՆՈԻՇ, ԶԱՐԻԿ — ամուսիններ
ՀԱԿՈԲ, ԿԱՐԻՆԵ — ամուսիններ
ՀԱՐԲԱԾ ՏՂԱՄԱՐԴ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ
ՆՐԱ ԱՄՈՒՍԻՆԸ
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂ
ԳԻՇԵՐԱՆՈՑՈՎ ԿԻՆ
ՆՐԱ ԱՄՈՒՍԻՆԸ
ՏԱՐԵՑ ԿԻՆ
Գործողությանը մասնակցում են երկու միլիիցիոներ, ՛՛Շտապօգնության՛՛ բժշկուհին և բուժքույրը, կողմնակի մարդիկ:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Պատկեր առաջին
Սենի բնակարանը: Դռան զանգ:
ԱՐՈՒՍ — (Դեպի դուռը) Հիմա… Ո՞վ է…
ՍԵՆ — (Գոռոցը դրսից) Չբացես։ (Նետվելով ներս, ահաբեկված) Չբացես։
ԱՐՈՒՍ — (Շրջվելով դեպի ամուսինը, ըմբոստացած) Կբացեմ։
ՍԵՆ – (Տագնապով) Չբացես, ասում եմ։ (Փակում է կնոջ ճանապարհը):
Զանգերը շարունակվում են: Խոսում են գրեթե շշուկով:
ԱՐՈՒՍ — Իսկ ի՞նչ գիտես ով է, որ ասում ես՝ չբացես:
ՍԵՆ — Գիտեմ։
ԱՐՈՒՍ — Չգիտես։
ՍԵՆ — Գիտեմ, ասում եմ… Ինքն է…
ԱՐՈՒՍ — Քեզ ո՞վ ասաց, որ ինքն է: Կարող է ուրիշ մարդ է: Հեռու գնա…
ՍԵՆ — (Խուճապի մեջ) Չե՞ս լսում, ինքն է։
ԱՐՈՒՍ — Թող, թող, ինքը չի։
ՍԵՆ — (Սարսափած) Ինքն է։
ԱՐՈՒՍ — Ասում եմ՝ ինքը չի, վայ…
Թակում են դուռը:
ՍԵՆ — Տեսա՞ր, որ ինքն է: (Տեղ է փնտրում թաքնվելու համար): Չբացես։
ԱՐՈՒՍ — Թողնեմ դուռը կոտրի՞: Ասում է՝ չբացես, ո՞նց չբացեմ:
ՍԵՆ – Չբացես:
ԱՐՈՒՍ — Ես չբացեմ, ինքը կբացի:
ՍԵՆ — (Սևեռուն ուշադրությամբ դեպի դուռը, վախվորած) Գնա՞ց:
ԱՐՈՒՍ – Գնաց՝ էլի կգա: Ջարդի՝ հիմա էլ անդուռ մնա՞նք: Երկու ամիս է՝ ապրում ես, փոխեիր։ Ուրիշները դեռ չմտած բերեցին երկաթից դռներ դրին: Բա սա դո՞ւռ է։ Մի քիչ ուժեղ քացի տան՝ կբացվի: Դու էլ փոխեիր:
ՍԵՆ – Ինչո՞վ…
ԱՐՈՒՍ — Ուրիշներն ինչո՞վ են փոխում:
ՍԵՆ – Ունեն՝ փոխում են։
ԱՐՈՒՍ – Դու էլ ունեցիր:
ՍԵՆ – Ո՞նց ունենամ…
ԱՐՈՒՍ — Ուրիշները ո՞նց են ունենում:
ՍԵՆ — (Կասկածանքով նայելով դռան կողմը) Գնա՞ց։
ԱՐՈՒՍ – Գնայիր ստանայիր՝ չգար:
ՍԵՆ – Ո՞նց գնամ որ չեմ կարողանում գնալ:
Լսվում է տեղահան եղող դռան ուժեղ ճռռոց: Սենը թափահարվում է կանգնած տեղում՝ իրեն գցելով դուրս:
ԱՐՈՒՍ — Վայ, ջարդե՜ց, ջարդե՜ց… (Գնալով դեպի դուռը) Սպասիր, բացեմ:
ՄՈՒԿՈՒՉ — (Մտնում է՝ մուտքի հանված դուռը ներս բերելով, հևալով) Քո բացելն ինձ էլ պետք չի: (Դուռը հենում է պատին):
ԱՐՈՒՍ — (Խփելով ծնկներին, լացակումած) Էս ի՞նչ արեցիր:
ՄՈՒԿՈՒՉ — (Փնչացնում է՝ սպառնալից նայելով այս ու այն կողմ) Ո՞ւր է…
ԱՐՈՒՍ – Ո՞վ…
ՄՈՒԿՈՒՉ — (Ձայնը բարձրացնելով) Ով… Չգիտե՞ս ով… Ո՞ւր է, ո՞ւր է հաշվապահ մարդդ… Ախպորդ առաջ է՞լ դուռը չես բացում։ Չգիտե՞ս, որ կհանեմ, կդնեմ տանդ մեջտեղը:
ԱՐՈՒՍ — Խոհանոցում գործ էի անում, զանգի ձայնը ուշ լսեցի:
ՄՈՒԿՈՒՉ — (Հոխորտանքով) Ինչի՞, խլացե՞լ էիր, ականջներիդ մեջ բամբա՞կ էիր խրել։ Ես դռան հետևից լսում եմ ինչ եք խոսում, դու զանգի ձայնը չե՞ս լսում։ Թակում էի, էլի չէի՞ր լսում։ Ո՞ւր է, ո՞ւր է… (Մտնում է կից սենյակը, վերադառնալով՝ Սենի օձիքից բռնած, քաշելով, բերելով ներս) Արի, ի՞նչ ես ծակը մտել։ Դո՞ւ էիր ասում՝ չբացես։ (Ուժեղ թափահարում է, ծեփելով պատին):
ՍԵՆ – Մեջքս…
ԱՐՈՒՍ — (Ընկնելով մեջտեղ, ազատելով ամուսնուն) Լավ, էլի, Մուկուչ, երեխա հո չե՞ս։ Դուռը հանել ես, հարևանները հանկարծ կլսեն։
ՄՈՒԿՈՒՉ — Մարդո՞ւդ ես պաշտպանում։ Հեռու գնա ինձնից, հեռու գնա։
ՍԵՆ — Մեջքս ցավաց:
ՄՈՒԿՈՒՉ — (Հեգնանքով) Ազնիվ խո՞սք… Սրա քիթ ու մռթին նայեք, բա սա մա՞րդ է:
ՍԵՆ — Բա ի՞նչ եմ, որ մարդ չեմ:
ՄՈՒԿՈՒՉ — Բա որ մարդ ես՝ ինչո՞ւ չես գնում փողդ ստանաս:
ՍԵՆ — Ի՞նչ եմ արել, որ ստանամ:
ՄՈՒԿՈՒՉ — Հոր ես փորել:
ՍԵՆ — Ես հոր փորո՞ղ եմ:
ՄՈՒԿՈՒՉ — Դու չես փորել, ես եմ փորել: Քու ի՞նչ գործն է, թե ինչ ես արել: Գնա փողդ ստացիր: Քեզնից ուրիշ բան չեն պահանջում:
ԱՐՈՒՍ — Մի քիչ ցածր, դուռը հանել ես, անցնող-դարձողը հանկարծ կլսի:
ՄՈՒԿՈՒՉ — Լսում են՝ թող լսեն, ումից եմ վախենում։ (Տանում, դուռը կախում է իր տեղում):
ԱՐՈՒՍ — (Սենին հրմշտելով) Դե դու էլ գնա ստացիր, էլի։
ՍԵՆ – Ո՞նց գնամ, է՜, ո՞նց գնամ:
ՄՈՒԿՈՒՉ — (Վերադառնալով) Քանի՞ ամիս առաջ եմ Արուսին ասել՝ երկու հազար ռուբլի եմ ընդհանուր ցուցակի մեջ դուրս գրել Սենի անունով, թող գնա, շինտրեստից ստանա։ Քանի՞ անգամ եմ դրա համար տունդ եկել քո հետևից։ Ինչո՞ւ չես գնում ստանաս, այ ընկեր, ինչո՞ւ չես գնում, որ գալիս հարցնում են։ Ինչո՞ւ ես իզուր տեղը կասկած առաջացնում մարդկանց մեջ, քո պատճառով ես գնամ նստե՞մ։ Ինչի՞… Որ ուզեցել եմ լավ բան անել՝ դրա՞ համար։ Ինչո՞ւ ես ամեն անգամ ինձ խաբում, ասում՝ կգնամ ու չես գնում։ Շատ փող ունե՞ս:
ԱՐՈՒՍ — Որտեղի՞ց ունի… Կոպեկ չկա տանը:
ՄՈՒԿՈՒՉ — (Սենին) Ուրիշի փողերն ես հաշվում, քո փողերը հաշվիր, քո…
ՍԵՆ — Փողն ինձ համար թուղթ է։
ՄՈՒԿՈՒՉ — Գիտես քոնը չի, դրա համար է թուղթ։ Պարզ ասա, էլի, պարզ ասա իմանամ՝ ի՞նչն է քեզ խանգարում, որ չես գնում։
ՍԵՆ — Ոչ մի բան էլ չի խանգարում։
ՄՈՒԿՈՒՉ — Դե որ ոչ մի բան, գնա ստացիր, գնա:
ՍԵՆ — Ո՞նց գնամ։
ՄՈՒԿՈՒՉ — Ո՞նց թե՝ ոնց գնամ։ Էս ի՞նչ է ասում։ Ինձ ես փաստի առաջ կանգնեցրել, այ ընկեր:
ՍԵՆ — Ո՞վ է կանգնեցրել, ե՞ս եմ կանգնեցրել։
ՄՈՒԿՈՒՉ — Բա ո՞վ է կանգնեցրել։ Ե՞ս եմ կանգնեցրել։ Երկու օր է՝ եկել են հիմնարկում նստել, ստուգումներ են անում։ Դրա համար եմ գործս թողել եկել քո հետևից։ Ցուցակում մարդ չի մնացել, բոլորը ստացել են, մենակ դու ես մնացել։ Գալիս ինձ են հարցնում՝ հետաքրքիր է, էդ ո՞վ է, որ չի գալիս իր հասանելիք փողն ստանա, ի՞նչ պատասխան տամ։ Ասա, էլի, ասա… Իմ ստորագրությունից հրաժարվե՞մ։ Էս կոտրված ձեռքով չե՞մ դուրս գրել։ Գնա ստացիր, ինչո՞ւ չես գնում։ Դա էլ իմ լավության փոխարե՞ն… Մարդ ես, իմ դրության մեջ էլ մտիր:
ՍԵՆ — Դե լավ, կգնամ:
ՄՈՒԿՈՒՉ — Էս որերո՞րդ անգամ ես ասում կգնամ ու չես գնում։ Սեն, քեզ էլ հավատացող չկա։ Վեր կաց, միասին ենք գնում:
ՍԵՆ — Ինչի՞ համար, ես կգնամ:
ՄՈՒԿՈՒՉ — Չէ, դու չես գնա, հենց հիմա իմ մեքենայով միասին կգնանք։ Գործս թողել, եկել եմ, շուտ արա։ Իմ ավտոյով կտանեմ, իմ ավտոյով էլ կբերեմ։ Ես դրսում կսպասեմ, դու կմտնես, քո ազգանվան դիմաց կստորագրես, փողդ կստանաս, դուրս կգաս։
ԱՐՈՒՍ — Ավելի լավ, Մուկուչի մեքենայով շուտ կգնաս, կգաս։
ՍԵՆ — Ոչինչ, ես առանձին կգնամ։ Որ ասում եմ կգնամ, ուրեմն կգնամ։
ՄՈՒԿՈՒՉ — Խա՞ղ ենք անում, այ տղա։ Անցած անգամ էլ եկա քո հետևից, ասացիր՝ դու գնա, ես կգամ, էլի չեկար։
ՍԵՆ — Էս անգամ կգնամ, ազնվությամբ, ինչով ուզում ես, երդվեմ։
ՄՈՒԿՈՒՉ — Քո երդումն ինձ պետք չի։ Առաջ ընկիր… Անձնագիրդ վերցրե՞լ ես։
ՍԵՆ — Չեմ վերցրել, կվերցնեմ։
ԱՐՈՒՍ — Սպասեք, մի բաժակ սուրճ խմեք, հետո…
ՄՈՒԿՈՒՉ — Սուրճ խմելու ժամանակ չի։ (Սենին): Անձնագիրդ վերցրու, շուտ արա։ Ինձ մի սպասեցնի, անձնագիրդ վերցրու։
ՍԵՆ — Կվերցնեմ։
ՄՈՒԿՈՒՉ — Դե վերցրու։
ՍԵՆ — Թող Արուսը սուրճ եփի, ես կվերցնեմ։
ՄՈՒԿՈՒՉ — Կգնանք, կգաս, սուրճ կխմես։ Շնորհակալ եմ, ես չեմ խմում։
ՍԵՆ — Ինչո՞ւ, մի բաժակ սուրճ խմենք, գնանք։
ՄՈՒԿՈՒՉ — Չեմ խմում՝ ասացի։
ԱՐՈՒՍ — (Սենին, հանդիմանանքով) Տեսնում ես, չի ուզում։
ՍԵՆ — Ես եմ ուզում:
ԱՐՈՒՍ — Դե որ ինքը չի խմում, դու էլ ինչո՞ւ խմես։
ՄՈՒԿՈՒՉ — Կգնանք, կգաս, հետո կխմես։ Անձնագիրդ վերցրու։
ՍԵՆ — Մի բաժակ սուրճ խմենք, գնանք։
ԱՐՈՒՍ — (Կշտամբանքով) Մարդը սպասում է, վա՜յ…
ՄՈՒԿՈՒՉ — Չեմ հասկանում, չե՞ս ուզում գաս։
ՍԵՆ — Ասում եմ մի բաժակ սուրճ խմենք, գնանք։ Գլուխս ցավից պայթում է։
ՄՈՒԿՈՒՉ — Անձնագիրդ վերցրու։ Ես հո պարապ մարդ չեմ, այ տղա։ Ինչո՞ւ ես ինձ ուշացնում։
ԱՐՈՒՍ — Ինչո՞ւ ես ուշացնում, մարդը գործը թողել, եկել է։
ՍԵՆ — Թող ինքը գնա, ես կգնամ։ Ազնվությամբ…
ՄՈՒԿՈՒՉ — (Բռնկվելով) Էլի՞…
ՍԵՆ — Թող ինքը գնա, ես կգնամ։ Ազնվությամբ…
ՄՈՒԿՈՒՉ — Երեխաների անունը չտաս։
ՍԵՆ — Ազնվությամբ։
ՄՈՒԿՈՒՉ — Իմացիր, չգաս, զոռով կտանեմ։
ԱՐՈՒՍ — Վահ, դե գնա, էլի։
ՍԵՆ — Գնամ, ես ասացի՞ չեմ գնա։
ՄՈՒԿՈՒՉ — (Ձայնը բարձրացնելով) Դու ինձ ձե՞ռ ես առնում, այ տղա։ (Մատ թափահարելով) Սեն, դու Մուկուչին չես ճանաչում։ Դու մենակ քեզ ես ճանաչում, Սեն: Գործս թողել, վեր եմ կացել քո հետևից եկել, որ հիմա էլ չգա՞ս։
ԱՐՈՒՍ — Դե դու էլ ինչ ես ժամանակ կորցնում, կգաս, հետո կխմես։ Գնա։
ՍԵՆ — Գնամ, ես ասացի չե՞մ գնա։ Թող ինքը հիմա գնա, ես կգնամ կստանամ, մարդն ինչո՞ւ գործից կտրվի:
ՄՈՒԿՈՒՉ — Սեն, ես ոչ մի տեղ էլ չեմ գնա, միասին պիտի գնանք։
ՍԵՆ — Գլուխս պայթում է, չե՞ս հավատում։ Գնա, խմեմ, գամ, էլի:
ՄՈՒԿՈՒՉ — (Վրեժխնդիր) Հա՞… Դե լավ։ (Արուսին) Բեր, թող խմի։
ԱՐՈՒՍ — Քեզ համար էլ սարքե՞մ։
ՄՈՒԿՈՒՉ — Չէ, մենակ իրա համար սարքիր:
ԱՐՈՒՍ — Ախր աղացած չկա, պիտի աղամ:
ՍԵՆ — Բեր, ես կաղամ։
ՄՈՒԿՈՒՉ — Բեր, թող աղա։
ԱՐՈՒՍ — Կսպասե՞ս։
ՄՈՒԿՈՒՉ — Հա, կսպասեմ։ (Սենին) Անձնագիրդ վերցրու, չմոռանաս։
ՍԵՆ — Չէ, չեմ մոռանա։
Արուսը սրճաղացը բերում, տալիս է Սենին:
ՄՈՒԿՈՒՉ — Չես կարողանում աղաս՝ տուր ես աղամ։
ՍԵՆ — (Աղալով) Աղում եմ, չե՞մ աղում։
ՄՈՒԿՈՒՉ — Արագացրու, արագացրու, ես ժամանակ չունեմ։
ՍԵՆ — Սրանից արա՞գ…
ՄՈՒԿՈՒՉ — Սեն, շուտ արա։
ՍԵՆ — Որ արագ եմ աղում, լավ չի աղում, խոշոր է աղում։ Ազնվությամբ…
ՄՈՒԿՈՒՉ — (կատաղությունը հազիվ զսպելով) Սեն, համը դուրս է գալու: (Պոռթկալով) Դու ինձ ես աղում, ա՛յ անխիղճ:
ԱՐՈՒՍ — Տուր, է՜, տուր, ինչքան աղացիր, բավական է։ Արդեն մի բաժակ կլինի:
ՍԵՆ — Չի լինի, թող մի քիչ էլ աղամ։
ԱՐՈՒՍ -(Աղացը խլելով ձեռքից) Տուր, ասացի… (Տանում է):
ՄՈՒԿՈՒՉ — (Ետևից) Արուս, շուտ արա, շուտ արա… (Ինքն իրեն): Ում ուզես լավություն անես՝ նա քեզ վատություն անի՞։ (Խփելով ծնկին) Վախ, էս ինչ աշխարհ է։ (Սենին) Անձնագիրդ վերցրու։
ՍԵՆ — Դրան եմ ման գալիս։ Չեմ էլ հիշում, թե որտեղ եմ դրել։
ՄՈՒԿՈՒՉ — Դու ինձ թաղում ես, Սեն։ Սեն, դու ինձ թաղում ես։
ՍԵՆ — Կգտնեմ, տանից ուր պիտի կորչի։
ՄՈՒԿՈՒՉ — Ես չգիտեմ, մենակ թե շուտ արա, շուտ արա։
ՍԵՆ — Ման եմ գալիս, ման չգա՞մ։
ԱՐՈՒՍ — (Սուրճը բերելով) Արի, արի նստիր, սուրճդ խմիր, չուշանաք։
ՄՈՒԿՈՒՉ — Անձնագիրը թող գտնի, հետո…
ԱՐՈՒՍ — Անցած անգամ դրեցիր գրպանդ, որ գնաս ստանաս, գրպաններդ նայիր։
ՍԵՆ — Նայում եմ, էլի… Չկա… Հետո էլ հանեցի, դրեցի մի տեղ։
ՄՈՒԿՈՒՉ — Որտե՞ղ…
ՍԵՆ — Այ, դա չեմ հիշում։ Ոչինչ, խմեմ, հիմա կգտնեմ։
ԱՐՈՒՍ — Դե խմիր, շուտ արա։
ՍԵՆ — (Բաժակը մոտեցնելով շուրթերին) Տաք է, թող մի քիչ սառչի։
ԱՐՈՒՍ — Տաք չի, խմիր։
ՍԵՆ – Խմեմ՝ վառվե՞մ…
ՄՈՒԿՈՒՉ — (Ոխով) Չէ, ես վառվեմ քո պատճառով։ Խմիր, շուտ արա։
ՍԵՆ — Խմում եմ։ (Փչում է, որ սառչի):
ՄՈՒԿՈՒՉ — (Բռունցքով կուրծքը ծեծելով) Վախ, Սեն, Սեն…
ՍԵՆ — Համբերություն… Հենց հիմա… Այս րոպեին…
ՄՈՒԿՈՒՉ — Այ տղա, դե արագ-արագ խմիր։
ՍԵՆ — Խմում եմ, բա չե՞մ խմում։
ԱՐՈՒՍ — Դե լավ, պարտադիր չի, որ մինչև վերջ խմես։
ՍԵՆ — Գլխիս ցավը չանցնի՞։ Պայթում է՝ ասում եմ։ Մի պստլիկ էլ շաքար պիտի գցեիր, շատ ես դառն արել։
ՄՈՒԿՈՒՉ — (Որոտալով) Սեն…
ՍԵՆ — (Վեր թռչելով) Այս րոպեին… Ըհը, վերջացնում եմ։
ՄՈՒԿՈՒՉ — (Բաժակը քաշելով իր առաջ) Տուր, մնացածն էլ ես խմեմ, դու անձնագիրդ վերցրու։ (Խմում է):
ՍԵՆ — (Հանկարծակի ցուցամատը տնկելով օդում) Հիմա… Հիշեցի… Չէ, սխալվեցի, ուրիշ տեղ եմ դրել։ Արուս, Մուկուչի համար էլ մի բաժակ սուրճ սարքիր։
ՄՈՒԿՈՒՉ — Շնորհակալ եմ։ (Բաժակը հրելով մի կողմ) Անձնագիրդ չմոռանաս։
ՍԵՆ — Չէ, չեմ մոռանա, բայց չեմ գտնում, պատկերացնո՞ւմ ես։
ԱՐՈՒՍ — (Փնարելով) Տեղ չմնաց, որ չնայեցի:
ՍԵՆ — Հիշեցի… Չէ, ինձ թվաց, թե հիշեցի։
ՄՈՒԿՈՒՉ — Սեն, ինձ մի՛ սպասեցրու։
ԱՐՈՒՍ — Գրպաններդ նայիր, ասացի…
ՍԵՆ — Նայում եմ, վահ, չե՞մ նայում։
ՄՈՒԿՈՒՉ — (Աչքերը ոլորելով Սենի վրա) Այ տղա, դու ի՞նձ ես մատներիդ վրա խաղացնում։ Ո՞ւմ, ի՞նձ…
ՍԵՆ — Որ չկա, ես ի՞նչ անեմ։
ՄՈՒԿՈՒՉ — Թող ես նայեմ… Մոտ արի։
ՍԵՆ — Վիրավորում ես, այ… Ուրեմն վստահություն չկա՞…
ՄՈՒԿՈՒՉ — Նո՞ր ես իմանում, որ չկա։ Քանի՞ ամիս է, դու, դու ինձ էդ դատարկ բանի համար տանում-բերում ես, չես գնում ստանաս։ Չես ուզում ստանաս, ասա՝ չեմ ուզում։
ՍԵՆ — Չեմ ուզում։
ՄՈՒԿՈՒՉ — (Մռլտալով, խոյանալով նրա վրա) Ո՞նց թե՝ չես ուզում։
ԱՐՈՒՍ — (Սաստող) Մուկուչ…
ՍԵՆ — (Վախեցած ետ-ետ գնալով) Դե, դե… Ձեռքդ գրպանդ չտանես։
ՄՈՒԿՈՒՉ — Չես ուզում՝ ասեիր, դուրս չգրեի։
ՍԵՆ — Իսկ դու ինձ ե՞րբ ես հարցրել, որ ասեմ՝ ուզում եմ կամ չեմ ուզում։
ՄՈՒԿՈՒՉ — Ի՞նչ հարցնեի, ես քո վիճակը չգիտե՞մ։ Սա չի՞ տունդ։ Քո հույսին մնար՝ էս բնակարանն էլ չէիր ստանա։
ԱՐՈՒՍ — Դա էլ եղբորս լավության փոխարե՞ն։
ՍԵՆ — Ինձ էդ տեսակ լավություն պետք չի։
ՄՈՒԿՈՒՉ — Ի՞նչ հարցնեի, իմ մտքով կանցնե՞ր, որ մարդուն փող գրես, չգնա ստանա։ Ում ասես, որ հավատա։
ՍԵՆ — Թող չհավատան։ Չի կարելի, չէ՞…
ՄՈՒԿՈՒՉ — Ի՞նչը չի կարելի։ Լսիր, դու ընդհանրապես նորմա՞լ մարդ ես, թե՞…
ՍԵՆ — Վիրավորում ես, այ, վիրավորում ես։ Արուսը չլիներ իմ կինը, ես գիտեի, թե ինչ կանեի:
ՄՈՒԿՈՒՉ — Ի՞նչ պիտի անեիր, է՛, ի՞նչ պիտի անեիր։
ՍԵՆ — Կբաժանվեի։
ՄՈՒԿՈՒՉ – Է՛, բաժանվիր, ո՞ւմ ես վախեցնում:
ԱՐՈՒՍ — (Սենին) Ինքը չի վիրավորվում, իր փոխարեն դո՞ւ ես վիրավորվում։
ՄՈՒԿՈՒՉ — Բա որ դու նորմալ մարդ ես, ինչո՞ւ չես գնում ստանաս: Նորմալ չես…
UԵՆ — Ես էլ ասում եմ՝ նորմալ եմ։ Դե ապացուցիր, որ նորմալ չեմ։
ՄՈՒԿՈՒՉ — Ո՞վ ապացուցի, ե՞ս ապացուցեմ, է՜, դու ապացուցում ես։
ՍԵՆ — Ես քեզ վիրավորո՞ւմ եմ, որ դու ինձ վիրավորում ես։
ԱՐՈՒՍ — Վիրավորելն էլ ո՞նց է լինում։
ՍԵՆ — Որ չեմ կարողանում՝ ի՞նչ անեմ, իմ դրության մեջ էլ մտեք։
ՄՈՒԿՈՒՉ — (Պոռթկալով) Բա որ ես քո դրության մեջ մտնեմ, իմ դրության մեջ ո՞վ մտնի։ Ուզեցել եմ օգնել՝ վա՞տ եմ արել։ Քույրս է, հո ուրիշ մարդ չի, հիմա անմեղ տեղը ե՞ս տուժեմ։ Ո՞ր մեղքիս համար, ո՞ր, է՜, ո՞ր… Որ ուզեցել եմ լա՞վ բան անել։ Բա որ հիմա սա չգնա ստանա, էդ ստուգողները չե՞ն գալու հարցնեն, թե ո՞ւր է էդ մարդը, որ չի գալիս իր հասանելիք փողը ստանա։ Ի՞նչ պատասխան տամ։ Ուզո՞ւմ ես վրաս գործ բացեն։ Հիմա էլ հազարներ ծախսեմ, որ նրանց բերանը փակե՞մ։ Ասա, դե ասա…
ՍԵՆ — Ես ի՞նչ մեղք ունեմ։
ՄՈՒԿՈՒՉ — Բա ե՞ս ինչ մեղք ունեմ։
ԱՐՈՒՍ — Բա ի՞նքը ինչ մեղք ունի։
ՄՈՒԿՈՒՉ — Չես կարողանում ապրես, այ տղա, չես կարողանում։ Մարդ եմ, խիղճս տանջում է, ուզում եմ օգնեմ, չօգնե՞մ։ Սրան ինչո՞ւ առար, այ քույր։ (Սենին) Դու չե՞ս ամաչում, որ գողերը մտնում են տունդ, բան չեն գտնում տանելու, ստիպված մի թղթի կտորի վրա գրություն են թողնում, թե՝ դու ի՞նչ մարդ ես, մտանք տունդ, բան չկար, որ տանեինք։ (Ձեռքը թափահարելով) Ամոթ է, ամոթ, սա ապրել չի, որ դուք եք ապրում։
ՍԵՆ — Ապրում ենք, չե՞նք ապրում, ի՞նչ է եղել որ…
ՄՈՒԿՈՒՉ — Էդպես ապրելն ո՞ւմ է պետք, տանդ մի կոպեկ փող չունես։ Քեզ համար չեմ դուրս գրել, է՛, երեխաներիդ համար եմ դուրս գրել, նրանք ի՞նչ մեղք ունեն, որ իրենց հերը դու ես։ Ւնչո՞ւ չես ուզում ստանաս։
ՍԵՆ — Ի՞նչ եմ արել, որ ստանամ։
ՄՈՒԿՈՒՉ — Եթե արած լինեիր, էլ ինչո՞ւ էինք էսքան խոսում։ Բոլոր ստացողները, կարծում ես թե, իրենց արածի դիմա՞ց են ստանում։ Եղածը երկու հազար ռուբլի չի՞, գնա ստացիր, էլի։
ՍԵՆ — (Մտահոգ) Գոնե քիչ լիներ։
ՄՈՒԿՈՒՉ — Քեզ թվում է շատ է, հա՞…
ԱՐՈՒՍ — Ես եմ գնում շուկա, ի՞նքն է գնում, որ իմանա:
ՄՈՒԿՈՒՉ — Չե՞ս տեսնում, որ չորս կողմից թալանում են։ Ոչ բարով էսքան տարի աշխատում ես, մինչև հիմա քո հասանելիքի կեսի կեսը դու ստացե՞լ ես։ Տվե՞լ են, որ ստանաս։ Երկու հազար չէ, որ երկու հարյուր հազար էլ լինի, էլի քիչ է: Հասանելիքի քանի՞ տոկոսն են քեզ տալիս, մտածե՞լ ես, ձրի ես աշխատում, այ տղա, դու քեզնից էլ տեղեկություն չունես։ Նայում եմ տանդ, մարդու լաց է գալիս։ Տղամարդ ես, դե տունդ պահիր, պահիր, էլի, պահիր, ինչո՞ւ չես պահում։
ՍԵՆ — Պահում եմ։
ԱՐՈՒՍ — (Լացակումած) Պահում ես, բայց ո՞նց ես պահում… Ստիպում ես, որ բերանս բացեմ։ (Փղձկում է) Չէ, չեմ մնա, էլ հնարավոր չի, իմ ուժերից վեր է։
ՄՈՒԿՈՒՉ — Նստիր տեղդ, ո՞ւր ես գնում։
ԱՐՈՒՍ — Գրողի ծոցը։
ՄՈՒԿՈՒՉ — Նստիր տեղդ, ասում եմ…
ԱՐՈՒՍ — Ես էլ մեղք եմ, չէ՞, հագիս մի շոր չկա։
ՍԵՆ — Ո՞նց չկա, այ կնիկ, բա դա ի՞նչ է, շոր չի՞:
ԱՐՈՒՍ — (Լացով) Չէ, շոր չի, քեզ է թվում, թե շոր է։
ՄՈՒԿՈՒՉ — (Սենին) Դու չես կարսղանում տունդ պահես, թող մենք պահենք։
ԱՐՈՒՍ — Անցած օրը անձնագիրդ էլի վերցրիր գնացիր, որ ստանաս, ինչո՞ւ չստացար։
ՍԵՆ — Ուշ գնացի, դուռը փակ էր։
ԱՐՈՒՍ — Գիտեիր, որ փակ կլինի, ինչո՞ւ գնացիր։
ՍԵՆ — Եթե փակ չլիներ, չէի գնա։
ԱՐՈՒՍ — Շուտ էլ ես գնացել, ստանայիր, ինչո՞ւ չես ստացել։
ՍԵՆ — Դուռը բաց էր, ներս չմտա։
ՄՈԻԿՈԻՉ — (Նախահարձակ լինելով) Ուզում էիր փակ լինե՞ր, որ ներս մտնեիր։ Քե՞զ ես ձեռ առնում, թե՞ մեզ։ Տուր, տուր անձնագիրդ, ինձ էլ պետք չի քո գալը, շնորհակալ եմ։ Ես մարդ կուղարկեմ, քո փոխարեն կգնա, կստանա։ Տուր…
ՍԵՆ – Տեսար՝ չկա, որտեղի՞ց տամ։
ՄՈՒԿՈՒՉ — (Սպառնալից) Ինձ հեքիաթներ մի պատմիր, անձնագիրդ տուր։
ՍԵՆ — Չկա։
ԱՐՈՒՍ — Գրպաններդ նայիր։
ՍԵՆ — Նայեցի, էլի, չկա… քանի՞ անգամ նայեմ:
ՄՈՒԿՈՒՉ — (Մոտենալով) Թող ես նայեմ, կասեմ՝ կա, թե չկա…
ՍԵՆ — (Ետ-ետ գնալով) Չկա, էլի, չկա։
ՄՈՒԿՈՒՉ — Սպասիր, ո՞ւր ես գնում։
ՍԵՆ — Չեմ գնում։
ՄՈՒԿՈՒՉ — Դե որ չես գնում, մի գնա։
ՍԵՆ — Մի արի, չգնամ։
ՄՈՒԿՈՒՉ — (Խոցված մինչև հոգու խորքը) Տեղն է, ինձ տեղն է։ Եթե ուզում ես քեզ վատություն անես, ուրիշի լավություն արա։
ԱՐՈՒՍ — (Սենին) Դե դու էլ տուր, էլի։
ՄՈՒԿՈՒՉ — Դու իմ ձեռքից ո՞ւր պիտի փախչես, է՜, ո՞ւր պիտի փախչես։ (Հասնում, բռնում է օձիքից):
ՍԵՆ — Թող։ Որ մորթես էլ, չեմ ստանա։
ՄՈՒԿՈՒՉ — Կստանաս, կտեսնես, թե ոնց կստանաս։ Աղաչելով կստանաս։
ՍԵՆ — Թող։ Ինչ որ իմն է՝ իմն է, ինչ որ իմը չի՝ իմը չի։ Թող, խեղդում ես։ (Խռխռացնում է):
ԱՐՈՒՍ — (ճչալով մեջտեղ է ընկնում) Մուկուչ… Խեղդում ես։
ՄՈՒԿՈՒՉ — Լավ եմ անում, խեղդում եմ։
ԱՐՈՒՍ — (Լացով) Թող, մարդուս թող։
ՍԵՆ — Թող խեղդի, ավելի վատ իր համար։ (Սենն ազատվում է մի կերպ՝ իրեն պատեպատ տալով, խուճապահար փախչում՝ մտնելով մի սենյակից մյուսը, Մուկուչը՝ ետևից):
ՄՈՒԿՈՒՉ — (Նստում է, շնչառությունը կանոնավորելով) Դու իմ ձեռքից ո՞ւր ես փախչելու, է՜, ո՞ւր… (Դեպի դուրս) Սեն, անձնագիրդ բեր, քո ձեռքով դիր սեղանին։
ԱՐՈՒՍ — (Սենի գնացած ուղղությամբ) Դե դու էլ բեր, էլի, հո դու չես ստանալու, ուրիշն է ստանալու։
ՄՈՒԿՈՒՉ — Չե՞ս բերում։ Մի անգամ էլ եմ ասում։ Էլ չեմ ասելու, բերո՞ւմ ես, թե՞ չէ։ Լսո՞ւմ ես, Սեն, մի անգամ էլ եմ ասում, էլ չեմ ասելու՝ բերո՞ւմ ես, թե՞ չես բերում։ (Որոտալով) Սեն, Սենեքերիմ… (Գնում է հետևից):
ԱՐՈՒՍ — (Ահաբեկված) Մուկուչ…
ՄՈՒԿՈՒՉ — (Վերադառնալով) Էս որտե՞ղ մտավ, դուրս գնա՞ց։ (Արուսին) Դուռը բացեցիր, դուրս գնա՞ց։
ԱՐՈՒՍ — Փակ է, դուռը փակ է, դուրս չի եկել։
ՄՈՒԿՈՒՉ — (Շարունակում է որոնել) Բա որ դուրս չի եկել, ո՞ւր է… Ցնդե՞ց… Դուրս արի, Սեն… Սեն, դուրս արի: Դուրս արի, թե չէ որ բռնել եմ, վատ կլինի, այ, ասում եմ, հետո ինձնից չնեղանաս: Դուրս արի, շուտ արա, եթե դուրս չգաս, այ, իմացիր, կսպանեմ, կգնամ կնստեմ։ Դուրս արի: (Կատաղությամբ իրեն նետում է այս ու այն կողմ, մտնում, դուրս է գալիս՝ ատամները կրճտացնելով) Ի՞նչ եղավ, ի՞նչ եղավ դա, համբարձվե՞ց:
ԱՐՈՒՍ — Չկա, չկա, էլի, չկա, շատ գիտե՞մ ինչ եղավ…
ՄՈՒԿՈՒՉ — (Հևոցով) Սեն… Սեն… Սենեքերիմ… Սեն… Սենեքերիմ… (Աչքերը ոլորելով Արուսի վրա):
ԱՐՈՒՍ — Ինձ ինչո՞ւ ես կասկածանքով նայում:
ՄՈՒԿՈՒՉ — Ասե՞ղ էր, կորավ…
ԱՐՈՒՍ — Ես ի՞նչ մեղք ունեմ։
ՄՈՒԿՈՒՉ — (Խոցված, հեգնալից) Չէ, ես մեղք ունեմ, ես… Սեն, բա որ բռնել եմ… Դու իմ ձեռքից ո՞ւր պիտի փախչես, է՜, ո՞ւր… Ես քեզ էնպես գոլորշիացնեմ, որ չիմանաս էլ՝ եղել ես, թե չես եղել։ Գիտես չէ՞, որ ասացի՝ կանեմ։ Դե հիմա կտեսնես։ Դու քո արածն արիր, ես էլ իմը կանեմ։ Դուրս չգաս, դուրս չգաս, ես հիմա գիտեմ, թե քեզ ինչ կանեմ։ (Կտրուկ ձեռքը տանում է գրպանը):
ԱՐՈՒՍ — (Բռնելով Մուկուչի՝ գրպանը տարած ձեռքը, աղեկտուր) Չհանես…
ՄՈՒԿՈՒՉ — (Կատաղած) Թող, ձեռքս թող, նա ապրելու իրավունք չունի։ (Հրում, գցում է Արուսին, նետվելով կից սենյակը):
ԱՐՈՒՍ — (Հեծկլտոցով, նրա ետևից) Մուկուչ…
ՄՈՒԿՈՒՉ — (ետ է գալիս, փրփրած) Ո՞ւր է ո՞ւր է… Ո՞ւր է…
Պատկեր երկրորդ
Բնակարան: Սենը, ձեռքերը ետևը դրած, քայլում է սենյակի մի անկյունից մյուսը՝ հետաքրքրությամբ աչք ածելով շուրջը:
ՍԵՆ — (Հայացքը պատերին) Լավ պաստառներ են։ (Շոշափում է) Երևակայիր, վատը չեն։ Իմ տան համար էլ կառնեի սրանից, եթե լիներ։ (Հեռախոսի զանգ: Վեր է թռչում: Հայացքը հեռախոսին՝ չգիտի վերցնի, թե չվերցնի լսափողը: Դողդողացող ձեռքը երկարում է դեպի լսափողը: Վերցնում, դնում է տեղը: Նորից է հնչում հեռախոսի զանգը: Էլի վերցնում, դնում է լսափողը: Զանգերը շարունակվում են: Համարձակություն գտնելով իր մեջ՝ վերցնում է լսափողը): Ալլո…
ՁԱՅՆ — Բարև, Վանուշ, ես եմ, Շուշիկն է։
ՍԵՆ — Բարև ձեզ, Վանուշը չի։
ՁԱՅՆ — Ես Զարիկին էի խնդրում։
ՍԵՆ — Զարիկի՞ն…
ՁԱՅՆ — Այո…
ՍԵՆ — (Շփոթված) Խնդրեմ… Բայց տանը մարդ չկա։ Ոչ ոք չկա։
ՁԱՅՆ — Ներեցեք, իսկ դուք ո՞վ եք։
ՍԵՆ — Ե՞ս… Ոչ մեկը… Կողմնակի մարդ եմ։
ՁԱՅՆ — Սխա՞լ եմ զանգահարել։
ՍԵՆ — Չէ, չէ, ես չգիտեմ, գուցե ճիշտ եք զանգահարել։
ՁԱՅՆ – Դա Ղազարյան Վանուշի բնակարանը չի՞։
ՍԵՆ — Գուցե Վանողի բնակարանն է, ես չգիտեմ… Երևի…
ՁԱՅՆ — Բա որ չգիտեք՝ ի՞նչ եք անում այդտեղ։
ՍԵՆ — Ոչ մի բան…
ՁԱՅՆ — Ոնց թե՝ նորոգումը չե՞ն վերջացրել։
ՍԵՆ — Չգիտեմ, կարող է վերջացրել են կամ կարող է՝ չեն վերջացրել… Ես չգիտեմ։
ՁԱՅՆ — Չեմ հասկանում, բա դուք ի՞նչ եք անում այդտեղ։
ՍԵՆ — Ոչ մի բան։
ՁԱՅՆ — Ոնց թե…
ՍԵՆ — Ասում եմ ոչ մի բան էլ չեմ անում։
ՁԱՅՆ — Իսկ դուք ո՞վ եք։
ՍԵՆ — Տո ես գիտե՞մ՝ ով եմ, որ ասեմ՝ ով եմ… Ոչ մեկն էլ չեմ, կողմնակի մարդ եմ։
ՁԱՅՆ — Կողմնակի մարդն ի՞նչ գործ ունի Ղազարյան Վանուշի տանը։
ՍԵՆ — Ընկերուհի, ես էլ չգիտեմ ում տանն եմ, ձեզ ի՞նչ ասեմ:
ՁԱՅՆ — Սխալ եմ զանգահարել, ասեք՝ սխալ եք զանգահարել, էլ ինչո՞ւ եք երկարացնում։ Մեծ մարդ եք, անհարմար էլ չեք զգում։
ՍԵՆ — Ո՞վ ասաց, որ չեմ զգում… Ի՞նչ ասեմ, որ ես էլ չգիտեմ՝ սխալ եք զանգահարել, թե ճիշտ եք զանգահարել։ Ասեմ՝ սխալ եք զանգահարել, կարող է պարզվի, որ ճիշտ եք զանգահարել։ Ասեմ՝ ճիշտ եք զանգահարել, կարող է պարզվի, որ սխալ եք զանգահարել։ Չեմ ուզում ձեզ թյուրիմացության մեջ գցել, կարող է ճիշտ եք զանգահարել։
ՁԱՅՆ — Լսեք, դուք մա՞րդ ՛եք, թե՞ ինչ եք…
ՍԵՆ — (Խոցված) Չէ, մարդ չեմ… Որ մարդ լինեի, ինչ գործ ունեի էստեղ։ Ինչո՞ւ եք վիրավորում, ընկերուհի։
ՁԱՅՆ — Թյու…
Անջատվում է հեռախոսը:
ՍԵՆ — Ասա, ասա, ով լինի քո տեղը, որ ՛՛թյու՛՛ չասի: Թյու… (Դնում է լսափողը՝ արագ դուրս գալով սենյակից):
Հեռախոսի զանգերը նորից են հնչում: Բացվում է մուտքի դուռը, մտնում է Զարիկը՝ շտապ մոտենալով հեռախոսին:
ԶԱՐԻԿ — (Շնչառությունը զգացնել տալով) Ալլո…
ՁԱՅՆ – Զարի՞կ…
ԶԱՐԻԿ — Շուշ, ասա, բարև, ես եմ:
ՁԱՅՆ — Բարև։
ԶԱՐԻԿ — Դրսից զանգի ձայնը լսեցի, դուռը արագ-արագ բացեցի, որ հասնեմ, լսափողը վերցնեմ։
ՁԱՅՆ — Ես էլ վախեցա, թե էլի սխալ տեղ ընկած լինեմ։ Մի քիչ առաջ զանգահարեցի, ուրիշ տեղ ընկա։ Ով էր էդ աննորմալը, չհասկացա։ Ես էլ կարծեցի, թե Վանուշն է:
ԶԱՐԻԿ — Չէ, Վանուշը տանը չի, դեռ չի եկել։
ՁԱՅՆ — Մի խոսքով, ինչ որ ուզում էիր, առել եմ, արի տար։
ԶԱՐԻԿ — Վայ, շնորհակալ եմ, չես պատկերացնի, թե ինչքան ուրախացա։ Եթե էսօր չգամ, վաղր գա՞մ…
Մտնում է Վանուշը՝ պարենամթերքի ցանցը ձեռքին:
ՁԱՅՆ — Վաղն արի։ Ես հիմա դուրս եմ գալիս, հետո կզանգահարեմ:
ԶԱՐԻԿ — Ես տանն եմ։ (Լսափողը դնելուց հետո, Վանուշին) Եկա՞ր։
ՎԱՆՈՒՇ — (Դժգոհ, ինքն իրենից հոգնած) Հա, եկա։ (Ցանցից հանելով փաթեթները) Հարյուր տեղ հերթ եմ կանգնել։
ԶԱՐԻԿ — Կարագն առա՞ր։
ՎԱՆՈՒՇ — Կա՞ր, որ առնեի։
ԶԱՐԻԿ — Երկու օր է մնում, կտրոնները չկորչեն հանկարծ:
ՎԱՆՈՒՇ — Ջհանդամը, թե կկորչեն։
ԶԱՐԻԿ — Ոնց թե. տանը մի գրամ կարագ չկա։
ՎԱՆՈՒՇ — Զզվեցի արդեն… Չկա՝ չենք ուտի։
ԶԱՐԻԿ — Դու չես ուտի, բա երեխանե՞րդ…
ՎԱՆՈՒՇ — (Դառը հեգնանքով) Երեխաներդ… Թող ինձ ուտեն։ Որ չկա՝ ի՞նչ անեմ։
ԶԱՐԻԿ — Ես նրանց մասին եմ մտածում, է՜, մեր մասին չեմ մտածում։ (Գնում է, անմիջապես վերադառնալով): Զուգարանում մարդ կա՞։
ՎԱՆՈՒՇ — Դու ինձնից առաջ ես եկել, ո՞վ կար տանը։
ԶԱՐԻԿ — Բանալիով բացել եմ, մտել ներս, մարդ չկար։ Ոչ ոք չկար։
ՎԱՆՈՒՇ — Դե որ չկար, զուգարանում ինչո՞ւ պիտի լինի։
ԶԱՐԻԿ — (Զարմացած) Կա:
ՎԱՆՈՒՇ — Ո՞վ է։
ԶԱՐԻԿ — Ի՞նչ իմանամ…
ՎԱՆՈՒՇ — Դե սպասիր, թող դուրս գա։
ԶԱՐԻԿ — (Թեթևակի դողով, ծնկները քսելով իրար) Ախր վատ եմ զգում։
ՎԱՆՈՒՇ — Երևի երեխաներից մեկնումեկն է, հիմա դուրս կգա։
ԶԱՐԻԿ — (Ծնկները շարունակ քսելով իրար) Ո՞ւր է, բա ինչո՞ւ չի դուրս գալիս։
ՎԱՆՈՒՇ — Համբերիր, վահ…
ԶԱՐԻԿ — Ո՞նց համբերեմ, որ չեմ համբերում։
ՎԱՆՈՒՇ — Եթե զբաղված է, չհամբերես՝ ի՞նչ պիտի անես։
ԶԱՐԻԿ — Շատ գիտեմ…
ՎԱՆՈՒՇ — Համբերիր, ասում եմ… Ես էլ եմ ուզում… Հիմա դուրս կգա։
ԶԱՐԻԿ — (Սրտնեղած, անհամբեր) Հիմա՝ ե՞րբ…
ՎԱՆՈՒՇ – Կարո՞ղ է, Վահիկն է… էլի գիրքը ձեռքի՞ն է մտել։ Թխկացրու, թող դուրս գա, մնացածն էլ դրսում կարդա։
ԶԱՐԻԿ — (Գնում է, ձայնը դրսից) Վահիկ, դուրս արի, շուտ արա։ Էդտեղ գիրք կարդալու տե՞ղ է, այ տղա։ Վահիկ… (Վերադառնալով, լացակումած) Հիմա ես ի՞նչ անեմ, է՜… Դուրս չի գալիս… Արի, դու ասա…
ՎԱՆՈՒՇ — (Գնում է, ծեծում է դուռը, ձայնը դրսից) Վահիկ, դուրս արի։ Լսո՞ւմ ես, քեզ հետ եմ, այ տղա, շուտ արա։ (Վերադառնում է):
ԶԱՐԻԿ — Դուրս չեկա՞վ:
ՎԱՆՈՒՇ — Ասում է՝ հիմա… Գնա մտիր։
ԶԱՐԻԿ — (Ավելի ու ավելի վատ զգալով) Թող դուրս գա, որ գնամ, վայ…
ՎԱՆՈՒՇ — Գնա, ասում եմ, դուրս է գալիս։
ԶԱՐԻԿ — (Ֆիզիկական ցավ զգալով) Ո՜ւֆ… (Գնում է, դրսից լսվում է ճիչը):
ՎԱՆՈՒՇ — (Ցնցվելով) Ի՞նչ պատահեց:
ԶԱՐԻԿ — (Լեղապատառ, ընդառաջ վազելով ամուսնուն, ընկնում է գիրկը) Ուրիշ մարդ է։
ՍԵՆ — (Մտնելով, մեղավորի կերպարանքով) Ներողություն…
ՎԱՆՈՒՇ — Էս ո՞վ է։
ԶԱՐԻԿ — Շատ գիտե՞մ՝ ով է…
ՎԱՆՈՒՇ — Ո՞վ եք։ Դուռը բանալիով փակ, ո՞նց եք մտել ներս։
ՍԵՆ – Պատշգամբից… Ինձ հետապնդում են:
ՎԱՆՈՒՇ — Հետապնդում են, ուրիշի տուն մտնեիք, ինչո՞ւ եք իմ տուն մտել։
ՍԵՆ — Պիտի մեկնումեկի տուն մտնեի, ձեր տուն մտա, ի՞նչ տարբերություն…
ՎԱՆՈՒՇ — (Տարակուսանքով, ինքն իրեն) Էս ի՞նչ է ասում։ (Զարիկին, հարևանցի) Դու գնա…
ՍԵՆ — Զանգահարեցին, ձեզ էին ուզում։
ՎԱՆՈՒՇ — Ո՞վ…
ՍԵՆ — Մի կին…
ՎԱՆՈՒՇ — Ի՞նչ կին…
ՍԵՆ — Ես չգիտեմ…
ԶԱՐԻԿ — Շուշիկն է եղել։ Նա էլ կարծել է, թե ուրիշ տեղ է ընկել:
ՎԱՆՈՒՇ — (Զարիկին, շշուկով) Դու գնա…
ԶԱՐԻԿ — Չէ, ասացի…
ՎԱՆՈՒՇ – Բայց դուք ո՞վ եք, է՜, դուք… Ասեք, դա իմանանք։
ՍԵՆ — Մարդ եմ։
ՎԱՆՈՒՇ — Տեսնում եմ, որ մարդ եք, բայց ի՞նչ եք ուզում։
ՍԵՆ — Ոչ մի բան։ Ընկել է հետևիցս, որ սպանի։
ՎԱՆՈՒՇ — Ո՞վ է ընկել։
ՍԵՆ — Աներձագս։
ՎԱՆՈՒՇ — Իսկ ի՞նչ եք արել, որ ուզում է սպանի։
ՍԵՆ — Ոչ մի բան։
ՎԱՆՈՒՇ — Ձեր վրայի փոշին թափ տվեք։ Բա որ ընկնեիք, մեռնեիք…
ՍԵՆ — Ի՞նչ տարբերություն… Սպահելու էր:
ՎԱՆՈՒՇ — Հիմա ի՞նչ եք ուզում։
ՍԵՆ — Ոչ մի բան։
ՎԱՆՈՒՇ — Եթե ոչ մի բան չեք ուզում, բա ի՞նչ եք ուզում։
ՍԵՆ — Մի քիչ մնամ, հետո գնամ, եթե կարելի է։ Խնդրում եմ։
ՎԱՆՈՒՇ — Մնաք ի՞նչ անեք։
ՍԵՆ — Ոչ մի բան։
ՎԱՆՈՒՇ — Էս ո՞վ է։
ԶԱՐԻԿ — Շատ գիտե՞մ ով է, որ ինձ ես հարցնում։
ՎԱՆՈՒՇ — Բա ո՞ւմ հարցնեմ։
ԶԱՐԻԿ — Իրեն հարցրու։
ՎԱՆՈՒՇ — Հարցնում եմ, չի ասում։
ՍԵՆ — Ասում եմ…
ՎԱՆՈՒՇ — Լավ, հասկացանք, հիմա ի՞նչ եք ուզում։
ՍԵՆ — Ոչ մի բան, մի քիչ մնամ, գնամ։
ՎԱՆՈՒՇ — Մնաս, որ ի՞նչ անես։
ՍԵՆ — Ոչ մի բան։
ՎԱՆՈՒՇ — Գլուխ չեմ հանում։ Դե որ ոչ մի բան, գնա։
ՍԵՆ — Ո՞ւր գնամ։
ՎԱՆՈՒՇ — Լսեք, դուք տուն չունե՞ք։
ՍԵՆ — Ունեմ, ունեմ, իմ տնից եմ փախել: Գնամ, որ սպանի՞:
ՎԱՆՈՒՇ — Չհասկացա, դուք այս շենքի բնակիչ ե՞ք։
ՍԵՆ — Այո, իհարկե։
ԶԱՐԻԿ — Էդ ո՞նց եք մեր շենքի բնակիչ, որ մենք ձեզ չենք ճանաչում:
ՍԵՆ — Նոր հանձնված շենք է, ով է ում ճանաչում, որ դուք ինձ ճանաչեք։
ՎԱՆՈՒՇ — Ո՞ր մուտքից եք։
ՍԵՆ — Առաջին։
ՎԱՆՈՒՇ — Բայց սա երրորդ մուտքն է։
ՍԵՆ — Չգիտեմ։
ՎԱՆՈՒՇ — Փողոցի վրա նայող պատշգամբի՞ց եք անցել։
ՍԵՆ – Այո:
ՎԱՆՈՒՇ — Դե որ էդպես է, երկրորդ մուտքի բնակարանը մտնեիք, ինչո՞ւ մերը մտաք։
ՍԵՆ — Նրանց դուռը փակ էր։
ՎԱՆՈԻՇ — (Զարիկին) Լսո՞ւմ ես… Քանի՞ անգամ եմ ասել, որ տանից դուրս եք գնում, պատշգամբի վրա բացվող դուռը փակեք։ Ասա, չե՞մ ասել։
ԶԱՐԻԿ — Ե՞ս եմ բաց թողել, որ ինձ ես ասում, երեխաներն են բաց թողել։
ՎԱՆՈՒՇ — Հարևան, դե հիմա ասեք, ինչո՞վ կարող ենք ձեզ օգնել։
ՍԵՆ — Շնորհակալ եմ, ոչ մի բանով։
ՎԱՆՈՒՇ – Զարիկ, սուրճ պատրաստիր։ (Սենին) Քաղցր, կիսաքաղցր…
ՍԵՆ — Շնորհակալ եմ։ Քիչ առաջ խմել եմ։
ՎԱՆՈՒՇ — Ոչինչ, սրճից վնաս չկա, մի բաժակ էլ կխմեք։
Դռան զանգ:
ՍԵՆ — (Ցնցվելով՝ թափահարվում է կանգնած տեղում) Չբացեք, խնդրում եմ։
ՎԱՆՈՒՇ — Հեռու գնա, այ ընկեր… Ո՞նց թե՝ չբացեք։
ՍԵՆ — (Տագնապով) Ինքն է, ինքը…
ԶԱՐԻԿ — Ինքն ո՞վ է, ի՞նչ է նշանակում՝ չբացեք։ Իմ տան դուռն էլ դո՞ւք պիտի ասեք՝ բացեմ, թե չբացեմ։ (Վանուշին) Չբացե՞մ։
ՍԵՆ — (Ոտուձեռ ընկած) Չբացեք, էլի, չբացեք, խնդրում եմ…
ՎԱՆՈՒՇ — Ի՞նչ եք խնդրում, ինչի՞ համար եք խնդրում։ Իսկ դուք ի՞նչ իմացաք ով է, որ ասում եք՝ չբացեք։ Եթե ձեր տան զանգը տան, դուք մի բացեք։ Այս տան տերն առայժմ ես եմ։
ՍԵՆ — (Խուճապահար) Չբացեք… Ես փախա… (Նետվում է դուրս):
Զարուհին բացում է դուռը: Մտնում է Մուկուչը:
ՄՈՒԿՈՒՉ — (Իրեն կորցրած, կատաղությամբ) Ո՞ւր է, ո՞ւր է… (Իրեն գցում է այս ու այն կողմ):
ՎԱՆՈՒՇ — Ո՞ւմ եք ուզում, ընկեր:
ՄՈՒԿՈՒՉ — Ո՞ւր է, ո՞ւր է…
Աղմուկ-աղաղակ, բնակարանով մեկ խելակորույս վազում են մեկը մյուսի ետևից:
Պատկեր երրորդ
Բնшկшгшն: Դռան զանգ: Սենը պատեպատ խփվելով վազում է այս ու այն կողմ՝ թաքնվելու տեղ որոնելով: Մտնում է զգեստապահարանը՝ իր վրա ծածկելով դուռը: Զանգերը շարունակվում են:
ԿԱՐԻՆԵ — (ձայնը) Գալիս եմ։ (Մտնում է՝ կիսամերկ, սրբիչով փաթաթված, դեպի դուռը): Հակոբ, դո՞ւ ես։
ՀԱԿՈԲ — (Ձայնը դռան ետևից) Ես եմ։
ԿԱՐԻՆԵ — Մենա՞կ ես, հո մարդ չկա քեզ հետ։
ՀԱԿՈԲ — Չէ, ասացի։
ԿԱՐԻՆԵ — (Բացելով դուռը) Հագնված չեմ, դրա համար եմ հարցնում։
ՀԱԿՈԲ — (Մտնելով) Մի ժամ է զանգը տալիս եմ, ինչո՞ւ չես բացում։
ԿԱՐԻՆԵ — Չե՞ս տեսնում… (Սանրելով թաց մազերը): Ջրի ձայնը թողնո՞ւմ էր, որ լսեմ։
ՀԱԿՈԲ — Վրադ մի բան գցիր, չմրսես։ (Գնում է):
Կարինեն բացում է զզեստապահարանը՝ ճչալով փռվում հատակին:
ՍԵՆ — (Դուրս գալով զգեստապահարանից, իրեն կորցրած) Տիկին…
ՀԱԿՈԲ — (Ընկնելով ներս) Կարինե, Կար… (Փորձում է բարձրացնել ուշագնաց կնոջը, արտասվախառն): Կար, Կարինե… Ջուր… Կար, Կարա…
ՍԵՆ — (Մատուցելով ջրով լի բաժակը) Խնդրեմ…
ՀԱԿՈԲ — (Նայելով Սենին): Տվեք։ (Շփելով կնոջ դեմքը): Կար, Կարա…
ԿԱՐԻՆԵ — (Բացելով աչքերը) Գող է մտել տուն։ (Նկատելով գլխավերևում կանգնած Սենին՝ նորից է նվաղում):
ՀԱԿՈԲ – Գո՞ղ… (Բռնում է դողը: Ետ-ետ նայելով՝ գնում է դեպի հեռախոսը):
ՍԵՆ — Ես գող չեմ, ընդհակառակը… Դրեք, դրեք լսափողը, այ, հետո կզղջաք, ուշ կլինի։
ՀԱԿՈԲ – Թույլ կտա՞ք կնոջս մոտենամ։
ՍԵՆ — Մոտեցեք, ես չեմ խանգարում։ Մի վախեցեք, մի վախեցեք։
ՀԱԿՈԲ — (Դնելով լսափողը) Իսկ դուք ո՞վ եք։
ՍԵՆ — Ոչ մեկը… Մարդ եմ… Մի վախեցեք ինձնից։
ՀԱԿՈԲ — (Չդադարող դողէրոցքով) Ինչ որ ձեզ պետք է՝ վերցրեք։
ՍԵՆ — (Խառնված) Պետք չի, պետք չի, ինձ ոչինչ պետք չի։
ՀԱԿՈԲ — Վերցրեք, էլի, խնդրում եմ։
ՍԵՆ — Ի՞նչ վերցնեմ։
ՀԱԿՈԲ — Ինչ որ հարմար կգտնեք։ Միայն թե վատ բան չլինի հանկարծ… Կնոջս զարդերը վերևի դարակում են, ներքևի դարակում հազար ռուբլի փող կա։
ՍԵՆ — Ես գող չեմ, գող չեմ, դուք ինձ վիրավորում եք։ Ես մեղք չունեմ, ինքը վախեցավ։ Տիկին, ես ներողություն եմ խնդրում։
ԿԱՐԻՆԵ — (Բացելով աչքերը) Եթե գող չեք, ի՞նչ գործ ունեք ուրիշի պահարանում։ (Ամուսնուն): Պահարանից դուրս եկավ։
ՍԵՆ — Ինձ հետապնդում են։ Զանգը տվին, ես կարծեցի, թե ինքն է։ Մտա, որ թաքնվեմ։
ՀԱԿՈԲ — Հավատում եմ, բայց ինչ որ ձեզ պետք է, վերցրեք, խնդրում եմ։
ՍԵՆ — Ինձ ոչ մի բան պետք չէ, ես գող չեմ։
ՀԱԿՈԲ — Համենայնդեպս… Ես միանգամայն անկեղծորեն… Միայն թե վատ բան չլինի։ Ձեր ձեռքը ձեր գրպանը մի տարեք, խնդրում եմ։
ՍԵՆ — Ինձ մոտ զենք չկա, մի անհանգստացեք։ Ուղղակի խնդրում եմ, որ հեռախոսին չմոտենաք։
ԿԱՐԻՆԵ — (Ամուսնուն, լացակումած) Տարավ, ձեռքը էլի տարավ գրպանը։
ՍԵՆ — Բայց դուք չգիտեք, թե ես ինչու եմ տանում։
ՀԱԿՈԲ — Մի տարեք, երեխաներ ունենք։ Մենք մեր մասին չենք մտածում, մեր երեխաների մասին ենք մտածում։
ՍԵՆ — Դուք ինձնի՞ց եք վախենում։ Ինձնից մարդ կվախենա՞…
ՀԱԿՈԲ — Երբ որ ձեր ձեռքը տանում եք ձեր գրպանը, կինս իրեն վատ է զգում, ազնիվ խոսք։ Կարա, ձեռքն էլի տանում է գրպանը։
ՍԵՆ — Դեղ եմ հանում, որ դնեմ լեզվիս տակ։
ՀԱԿՈԲ — Մի հանեք, էլի, խնդրում եմ։
ՍԵՆ — Իսկ ես էլ խնդրում եմ, որ հեռախոսին չմոտենաք։ Զգուշացնում եմ, հետո կզղջաք։
ՀԱԿՈԲ — Չեմ մոտենա։ Համենայնդեպս, փողի կարիք չունե՞ք։
ՍԵՆ — Ունեմ, ունեմ, շատ ունեմ։
ՀԱԿՈԲ — Փո՞ղ…
ՍԵՆ — Չէ, կարիք… Փողի կարիք շատ ունեմ, փող չունեմ։
ԿԱՐԻՆԵ — (Սարսափով) Տարավ, տարավ, էլի ձեռքը տարավ գրպանը։ (Ամուսնուն) Ինչո՞ւ ես պարապ կանգնել, ձայն տուր, թող հարևաններն իմանան։
ՀԱԿՈԲ — (Հանկարծակի, ինքնամոռաց թակելով պատերը) Օգնությո՜ւն, օգնությո՜ւն, տունս գող է մտել։
ԿԱՐԻՆԵ — (Միանալով ամուսնուն) Օգնությո՜ւն, օգնությո՜ւն…
Սենը ճողոպրում է: Հնչում է մուտքի զանգը, որին միախառնվում են ամուսինների աղաղակները:
Պատկեր չորրորդ
Բնակարան: Սենը վախվորած դիտում է չորսբոլորը: Մտնում է միջին տարիքի մի հարբած տղամարդ:
ՀԱՐԲԱԾ — (Ձեռքերը հանդիսավոր բարձրացրած, գնալով դեպի Սենը, խանդաղատանքով) Ախպերս… (Փաթաթվում է՝ համբույրներ տեղալով աջից ու ձախից): Ես քո ցավը տանեմ։ Հերս ասում էր՝ Սուրո… (Փղձկում է՝ չզսպելով լացը):
ՍԵՆ — (Շփոթված) Հանգստացեք… Լավ, լավ, հանգստացեք։
ՀԱՐԲԱԾ — (Դեպի պատը, իբր թե հոր լուսանկարին) Ողորմի քեզ, այ հեր… (Մաքրելով արցունքները, Սենին) Արի, արի նստիր։ (Պիջակի գրպանից օղու շիշ է հանում, դնելով լրագրասեղանին): Նստիր։ (Բաժակներ է բերում): Ախպերս… Նստիր, նստիր։ (Տեղավորվում են լրագրասեղանի շուրջ դրված զույգ բազկաթոռին) Ես քո ցավը տանեմ։ (Լցնում է բաժակները): Վերցրու։
ՍԵՆ — (Դեռ ուշքի չեկած) Շնորհակալ եմ, ես չեմ խմում:
ՀԱՐԲԱԾ — Ո՞նց չես խմում։ Ի՞նձ հետ չես խմում։ (Բաժակ մատուցելով): Վերցրու, վերցրու, տեսնեմ ոնց չես խմում։ (Ձեռքը գցելով վզովը): Ախպերս…
ՍԵՆ — (Վերցնելով բաժակը) Ազնիվ խոսք, չեմ խմում։ Իսկապես, չեմ խմում։ (Ցած է դնում):
ՀԱՐԲԱԾ — Խմիր, հետո կասես՝ չեմ խմում։
ՍԵՆ — Ես դեղ եմ խմում։ (Ցույց է տալիս գրպանից հանած հաբը):
ՀԱՐԲԱԾ — Եթե արաղը կա, դեղն էլ ինչի՞ ես խմում։ Տուր, տուր տեսնեմ։ (Վերցնում, շպրտում է մի կողմ): Էդ էր պակաս, որ ախպերս դեղ խմի, վերցրու, բաժակդ վերցրու։
ՍԵՆ — (հարկադրված վերցնելով) Ախր որ չեմ խմում, ո՞նց խմեմ։ (Ցած է դնում բաժակը):
ՀԱՐԲԱԾ — Ո՞ւմ հետ չխմես, ի՞նձ հետ։ Քո խմելո՞վ է, որ խմես կամ չխմես։ (Հրամցնելով բաժակը) Որ վերցնում են, էլ ցած չեն դնում։ Ախպերս…
ՍԵՆ — Ախր վատ եմ զգում։
ՀԱՐԲԱԾ — Դրա համար եմ ասում՝ խմիր։ Ամեն մարդ իրավունք չունի խմելու, իմ արև… Ով որ մարդ չի, նա իրավունք չունի խմելու։ Խմիր, եթե մի բաժակից լավ չզգաս, կասես՝ Սուրո, ամոթ քեզ, ամոթ քեզ, Սուրո: Ես էլ եմ վատ զգում։ Դրա համար եմ խմում։ Եթե լավ զգամ, ինչի պիտի խմեմ։ Խմում ենք՝ իսկի լավ չենք զգում, որ չխմենք ո՞նց լավ կզգանք։ Առանց խմելու էս երկրում կապրվի՞։ Էս ամեն ինչին ո՞նց դիմանաս։ Երկրին դիմացար, Հունանյանին ո՞նց դիմանաս, Հունանյանին դիմացար, կնոջդ ո՞նց դիմանաս։ Չխմեմ, որ մեռնե՞մ։ Ինչի՞… Ինքը իմ կնիկն է, գիտի թե ես եմ իրա կնիկր։ Ինչի՞… Խմիր, ախպերս, բաժակը մի սառեցրու։
ՍԵՆ — Վախենում եմ ազդի։
ՀԱՐԲԱԾ — Ինչի՞ պիտի ազդի, ի՞նչ է եղել, որ ազդի։ Եթե չազդի, էլ ինչի՞ համար ենք խմում։ Կի՞ն ես, որ ազդի։ Կանայք են առանց խմելու դիմանում, մենք տղամարդ ենք, մենք պիտի խմենք, որ դիմանանք, ախպերս…
ՍԵՆ — Վախենում եմ…
ՀԱՐԲԱԾ — (ձեռքերը տարածած) Էլ ինչի՞ց ես վախենում, այ քո հոր Աստծուն մատաղ։ Էլ ինչի՞ց վախենանք։
ՍԵՆ — Խմելուց եմ վախենում…
ՀԱՐԲԱԾ — Դե խմիր, որ չվախենաս, ախպերս… Ես քեզ տեսել եմ, ուզում եմ խմեմ, դու ինձ տեսել ես, չե՞ս ուզում խմես։ (Նախահարձակ է լինում՝ բռնելով օձիքից):
ՍԵՆ — (Հանձնվելով) Ուզում եմ, ուզում եմ…
ՀԱՐԲԱԾ — (Բաց թողնելով) Դե որ ուզում ես, խմիր։
ՍԵՆ — Սրտիցս եմ վախենում։
ՀԱՐԲԱԾ — Մենք մեր սրտից ենք վախենում, մեր սիրտը մեզնի՞ց է վախենում։ Սրտիցդ ինչի՞ ես վախենում, սիրտդ ուտեմ, խմիր, խմիր, ախպերս։
ՍԵՆ — Ազնիվ խոսք, սիրտս վատ է։
ՀԱՐԲԱԾ — Ի՞նչ գիտես, որ վատ է, կարող է լավ է…
ՍԵՆ — Արագ է խփում։
ՀԱՐԲԱԾ — Բա ուզում ես դանդա՞ղ խփի։ Ավելի լավ… Մեղք ես, ախպերս, խմիր։ (Բռնկվելով) Խմիր, խմիր, ասում եմ։ (Հարվածում է սեղանին) Խմիր, թե չէ հիմա ասել էի, այ…
ՍԵՆ — Չէ, մի ասեք, մի ասեք, խնդրում եմ, կխմեմ։
Խփում են բաժակ-բաժակի, խմում են:
ՀԱՐԲԱԾ — Հերս ասում էր՝ Սուրո… (Փղձկում է) Ողորմի քեզ, այ հեր…
ՍԵՆ — Հանգստացեք։
ՀԱՐԲԱԾ — (Դառնալով դեպի դատարկ պատը, նայելով վերև՝ իբր թե հոր լուսանկարին): Ողորմի քեզ, այ հեր։ (Մաքրում է արցունքները): Գլուխս իմս չի, չգիտեմ ում գլուխն է, բայց հաստատ իմը չի… Կարո՞ղ է քոնն է:
ՍԵՆ — Ինչո՞ւ պիտի իմր լինի։
ՀԱՐԲԱԾ — Ախպերս… (Շփում է ճակատը):
ՍԵՆ — Ցավո՞ւմ է։
ՀԱՐԲԱԾ — Չէ, չի ցավում, ախպերս, ինչի՞ պիտի ցավա։ Ի՞նչ է եղել, որ ցավա։ Վերցրու մի կտոր բան կեր։ Ինչքան ուրախացա, որ քեզ տեսա, բա մարդ մարդուն տեսնի՝ չուրախանա՞… Ինչ մարդ չինի, որ չուրախանա։ (Մրթմրթալով քթի տակ): Հունանյան, Հու-նա-նյան… (Լցնում է բաժակները): Վերցրու։ Հու-նան-յան… Վերցրու։
ՍԵՆ — Կվերցնեմ։
ՀԱՐԲԱԾ — Առանց խոսքի… Իմ արև… (Խմում են՝ խփելով բաժակ-բաժակի): Կեր։
ՍԵՆ — Ուտում եմ։
ՀԱՐԲԱԾ — Իմ արև… (Երգում է՝ «Ամեն մի գիշեր ունի լուսաբաց»):
ՍԵՆ — (Լցնելով բաժակները) Կարելի՞ է մի բան ասել։
ՀԱՐԲԱԾ — Չէ, ոչ մի բան էլ չասես։ Առանց խոսքի… Իմ արև… (Երգում է՝’ «Սարեր, կաղաչեմ, իջեք, ցածրացեք, գնում եմ յարիս, մի ճամփա բացեք»):
ՍԵՆ — (Բաժակը ձեռքին) Դուք լավ մարդ եք։ Էս բաժակով ես ուզում եմ…
ՀԱՐԲԱԾ — (Տեղնուտեղը փակելով Սենի բերանը) Ոչ մի բան էլ չես ուզում։ Ինձ վիրավորում ես, այ… Իմ արև… Ուրեմն ես քեզ համար օտա՞ր մարդ եմ, որ ուզում ես իմ կենացը խմես։ Ես մարդ չեմ։ Ինչ լավ մարդ… Տո ես ի՞նչ մարդ… Կնոջս հարցրու՝ կասի իսկի մարդ էլ չեմ։ Հունանյանն է մարդ… Հու-նան-յան… Ամեն մարդ մարդ չի։ Իրենք են մարդ, ես մարդ չեմ։ Չեմ ուզում, զոռո՞վ է… Նրանք էլ մարդ լինեն, ե՞ս էլ… Ինչի՞… Ես մարդ չեմ, իմ արև… Հու-նան-յան…
ՍԵՆ — (Լցնելով բաժակները) Դուք լավ մարդ եք, դրա համար եք ասում՝ ես մարդ չեմ։
ՀԱՐԲԱԾ — Ես վատ մարդ եմ, իրենք են լավ մարդ։ Բա ինչի՞ պիտի իրենք էլ լավ մարդ լինեն, ես էլ… Եթե իրենք լավ մարդ են, ուրեմն ես վատ մարդ եմ։ Եթե իրենք խելոք են, ես անխելք եմ։ Եթե խելոքը դրանք են, ես անխելք եմ, իմ արև… Բա նրանք էլ մարդ լինեն, ե՞ս էլ… Ինչի՞… (Երգում է, նրան միանում է արդեն գինովցած Սենը): Իմ արև…
ՍԵՆ — (Ինքն իր հետ) Կարծում են իրենք մարդ են, ես մարդ չեմ։ Ինչի՞…
ՀԱՐԲԱԾ — Իմ արև… (Երգում է, Սենը ձայնակցում է):
ՍԵՆ — Եթե իրենք խելոք են, ես անխելք եմ։ Եթե խելոքը դրանք են, ես անխելք եմ։ Իմ արև… Բա մենք մե՞ղք չենք, որ իրենք էդքան խելոք են։ (Խմում են):
ՀԱՐԲԱԾ — Աստված մի բաժակը շատ չհամարի։ Իմ արև… (Երգում է՝ «Լուսնյակ գիշեր բոլորովին քուն չունեմ»):
ՍԵՆ — (Վեր է թռչում, բռնելով Հարբածի բերանը): Մի երգիր, էդ երգը մի երգիր, խնդրում եմ։
ՀԱՐԲԱԾ — Ինչի՞…
ՍԵՆ — Էդ իմ երգն է։
ՀԱՐԲԱԾ — Քոնը չի, իմն է։
ՍԵՆ — Ախր ես փաստորեն տուն չունեմ, չնայած ունեմ։
ՀԱՐԲԱԾ — Բա էս ո՞ւմ տունն է, որ քո տունը չի։
ՍԵՆ — Չէ, քո տունն է։
ՀԱՐԲԱԾ – Կնեղանամ, այ… Բա որ իմ տունը քո տունը չի, ո՞ւմ տունն է։
ՍԵՆ — Քո։
ՀԱՐԲԱԾ — Ո՞նց թե, ձե՞ռ ես առնում ինձ: Ախպերս… Ինձ ո՞ւմ տեղն ես դրել։ (Բռնելով օձիքից) Իմ տունը քո տունը չի՞։
ՍԵՆ — Չէ, իմ արև…
ՀԱՐԲԱԾ — (Թափահարելով Սենի օձիքը) Բա որ իմ տունը քո տունը չի, ի՞նչ գործ ունես իմ տանը:
ՍԵՆ — Ներողություն, ես չգիտեի, որ սա քո տունն է։
ՀԱՐԲԱԾ — Էլի ասում է՝ սա քո տունն է։ Բա սա ի՞մ տունն է։
ՍԵՆ – Բա ո՞ւմ տունն է։
ՀԱՐԲԱԾ — Քո տունն է, ում տունն է: Ի՞նձ ես հարցնում:
ՍԵՆ — Եթե թողնես գիշերը էստեղ քնեմ, շնորհակալ կլինեմ։ Իմ արև…
ՀԱՐԲԱԾ — Բա դու էլ որտե՞ղ ես քնելու, եթե էստեղ չքնես։
ՍԵՆ — Չգիտեմ։ Իմ արև…
ՀԱՐԲԱԾ — Ախպերս, դու քո տանը պիտի քնես։
ՍԵՆ – Այսինքն՝ թողնեմ գնա՞մ:
ՀԱՐԲԱԾ — Ո՞ւր գնաս, սա է քո տունը։ Դու քո տունը թողնես ո՞ւր գնաս։ Տեղ ունե՞ս գնալու, որ գնաս։
ՍԵՆ — Չունեմ, դրա համար եմ ասում… Ուրեմն էստեղ պիտի քնե՞մ։
ՀԱՐԲԱԾ — Բա էլ որտե՞ղ…
ՍԵՆ — (Համբուրում է) Շատ, շատ շնորհակալ եմ։
ՀԱՐԲԱԾ – Վայ, ես քո ցավը տանեմ։ Ախպերս… Ոնց էի կարոտել…
ՍԵՆ — Ո՞ւմ, ի՞նձ։
ՀԱՐԲԱԾ — Չէ, մի կարգին մարդու։ Իմ արև… Հերս ասում էր՝ Սուրո… (Հեկեկում է):
ՍԵՆ — Լավ, լավ, հանգստացիր։
ՀԱՐԲԱԾ — (Դառնալով դեպի նույն պատը) Ողորմի քեզ, այ հեր…
ՍԵՆ — Հանգստացիր։
ՀԱՐԲԱԾ — Ինչի՞… (Երգում է՝ «Լուսնյակ գիշեր…»):
ՍԵՆ — Դա իմ երգն է։ Իմ արև… Թող ես երգեմ: (Միանում է նրան):
ՀԱՐԲԱԾ — (Ընդհատելով երգելը) Ո՞նց է քո երգը, որ իմ երգն է։ Իմ արև… (Շարունակում է երգել):
ՍԵՆ — Ո՞նց է քո երգը, որ իմ երգն է։ Իմ արև…
Երգի տողերը մեկը մյուսից խլելով՝ իրար օձիքից բռնած քաշքշում են: Բարձրանում են սեղանին՝ ձայնակցելով իրար:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Պատկեր հինգերորդ
Նույն բնակարանը: Հարբածն արթնացել է: Սենը դեռ քնած է:
ՀԱՐԲԱԾ — (Միանգամայն սթափ, ապշանքով զննում է չորսբոլորը՝ ժամանակ առ ժամանակ զարմացած նայելով Սենին: Ինքն իր հետ) Էս որտե՞ղ եմ…
ՍԵՆ — (քնի մեջ) Չեմ ստանա, սպանեն էլ՝ չեմ ստանա։ Կմեռնեմ՝ չեմ ստանա։ (Ձայն է տալիս) Արո՜ւս…
ՀԱՐԲԱԾ — (Թեթևակի հպումով) Բաց-բաց քնել ես, այ ընկեր, վեր կաց, չմրսես։
ՍԵՆ — Ի՞նչ եմ արել, է՜, ախր ի՞նչ եմ արել, որ ստանամ։ Արո՜ւս…
ՀԱՐԲԱԾ — (Տարակուսանքով թոթվում է ուսերը) Երազի մեջ է։ Կմրսես։ Ի՞նչ Արուս… Քեզ հետ եմ, վեր կաց։
ՍԵՆ — (Աչքերը տրորելով արթնանում է) Բարև ձեզ։
ՀԱՐԲԱԾ — Բարև… Ներողություն, ես որտե՞ղ եմ։
ՍԵՆ — (Ակնապիշ նայելուց հետո) Ե՞ս…
ՀԱՐԲԱԾ – Չէ, ես…
ՍԵՆ — Ես չգիտեմ, թե ես որտեղ եմ, բայց դու քո տանն ես։
ՀԱՐԲԱԾ — Ո՞նց… (Նայելով չորս կողմը) Սա իմ տունը չի։
ՍԵՆ — Բա ո՞ւմն է։
ՀԱՐԲԱԾ — Քո տունը չի՞:
ՍԵՆ — Չէ, իմը չի, քոնն է։
ՀԱՐԲԱԾ — Լավ, էլի, քո տունն է։
ՍԵՆ — Իմ տունը չի, քո տունն է:
ՀԱՐԲԱԾ — (Նայելով պատին, տարակուսանքով) Բա որ իմ տունն է, հորս նկարն ո՞ւր է։
ՍԵՆ — Ի՞նչ իմանամ…
ՀԱՐԲԱԾ — (Ձայն է տալիս) Դեղձանի՜կ… (Ինքն իրեն, մտահոգ): Հորս նկարն ո՞վ է պատից հանել։ Դեղձանի՜կ…
ՍԵՆ — (Ձայն է տալիս) Դեղձանի՜կ։
ՀԱՐԲԱԾ — Կինս չկա, բա տղաներս ո՞ւր են։ (Ձայն է տալիս): Աշո՜տ…
ՍԵՆ — Աշո՜տ…
ՀԱՐԲԱԾ — Գառնի՜կ… Գառ…
ՍԵՆ — Գա՜ռ…
ՀԱՐԲԱԾ — Գառնի՜կ…
ՍԵՆ — Գառնի՜կ… Գա՜ռ…
ՀԱՐԲԱԾ — Չէ, մարդ չկա։
ՍԵՆ — Ուրեմն գնացել են։
ՀԱՐԲԱԾ – Ո՞ւր են գնացել, այ ընկեր։ Բոլորը միասի՞ն գնացին։ Հորս նկարը չկա։ Բա թոռներս ո՞ւր են։ (Ձայն է տալիս): Ժոժո՜…
ՍԵՆ – Ժոժո՜…
ՀԱՐԲԱԾ — Սուրո՜…
ՍԵՆ – Սուրո՜…
ՀԱՐԲԱԾ — Բա ասում ես՝ քո տունն է։
ՍԵՆ — Բա ո՞ւմն է։
ՀԱՐԲԱԾ — (Ձայն է տալիս) Ժոժո՜…
ՍԵՆ — Ժոժո՜…
ՀԱՐԲԱԾ — Հորս նկարը չկա։ Չէ, սա իմ տունը չի։ Եթե իմ տունը լիներ, հորս նկարը ինչի՞ պիտի հանեին պատից։ Ո՞վ ռիսկ ուներ, որ հաներ։ Կարո՞ղ է՝ քո տունն է, չես հիշում։
ՍԵՆ — Չէ, իմը չի։
ՀԱՐԲԱԾ — Իմն էլ չի։ Բա ո՞ւմն է։
ՍԵՆ — Ի՞նչ իմանամ…
ՀԱՐԲԱԾ — Բա որ չգիտես, ինչո՞ւ ես մտել ուրիշի տուն։
ՍԵՆ — Չեմ մտել, մտցրել են։ Չմտնեի, պիտի բռներ սպաներ։
ՀԱՐԲԱԾ — Ո՞վ…
ՍԵՆ — Աներձագս։
ՀԱՐԲԱԾ — Կարգին մարդ ես, ինչո՞ւ պիտի սպաներ։
ՍԵՆ — Ինքն էլ է կարգին մարդ, ուղղակի իրար չենք հասկանում։
ՀԱՐԲԱԾ — Ի՞նքը չի քեզ հասկանում, թե՞ դու չես իրեն հասկանում։
ՍԵՆ — Ես իրեն հասկանում եմ, ինքը չի ինձ հասկանում։
ՀԱՐԲԱԾ — Եթե ինքը քեզ չի հասկանում, ուրեմն դու էլ իրեն չես հասկանում։ Եթե դու իրեն հասկանայիր, ինքն էլ քեզ կհասկանար։
ՍԵՆ — Ո՞նց հասկանամ, որ փող է դուրս գրել իմ անունով, ասում է՝ գնա ստացիր։
ՀԱՐԲԱԾ — Եթե քո անունով է դուրս գրել, դու պիտի ստանաս, բա էլ ո՞վ ստանա։
ՍԵՆ — Ի՞նչ եմ արել, որ ստանամ։ Բան չեմ արել։
ՀԱՐԲԱԾ — Բա որ բան չես արել, ինչի՞ է դուրս գրել։
ՍԵՆ — Ասում է՝ կարիքի մեջ ես։
ՀԱՐԲԱԾ — Սխա՞լ է ասում:
ՍԵՆ — Չէ, ճիշտ է ասում։
ՀԱՐԲԱԾ — Դե որ ճիշտ է ասում, գնա ստացիր։
ՍԵՆ — Ո՞նց գնամ, որ բան չեմ արել։
ՀԱՐԲԱԾ — Է՜, անեիր…
ՍԵՆ — Ասե՞լ է, որ անեմ։
ՀԱՐԲԱԾ — Ինչքա՞ն է։
ՍԵՆ — Երկու հազար։
ՀԱՐԲԱԾ — Գործազո՞ւրկ ես։
ՍԵՆ — Չէ, հաշվապահ եմ աշխատում։
ՀԱՐԲԱԾ — Քի՞չ ես ստանում։
ՍԵՆ — Չէ, շատ եմ ստանում։
ՀԱՐԲԱԾ — Բա որ շատ ես ստանում, ինչի՞ ես կարիքի մեջ։
ՍԵՆ — Թանկություն է։ Չի հերիքում։
ՀԱՐԲԱԾ — Ամսական աշխատավարձդ ինչքա՞ն է։
ՍԵՆ — Երկու հարյուր հիսուն։
ՀԱՐԲԱԾ — Վայ, քո տունը շինվի, օրն եմ էդքան ստանում, չի հերիքում։ Խելքդ գլուխդ հավաքիր, գնա, գնա փողդ ստացիր։
ՍԵՆ — Ո՞նց գնամ։
ՀԱՐԲԱԾ — Ո՞նց թե՝ ոնց գնամ… Մարդը քեզ լավություն է անում, դու իրեն վատությո՞ւն ես անում։ Փողի նման բան լինի, ով չի ստանա, որ դու չես ուզում ստանաս։
ՍԵՆ — Ուզում եմ։
ՀԱՐԲԱԾ — Դե որ ուզում ես, գնա ստացիր։ Մարդուն ես դնում անհարմար վիճակի մեջ։ Եղա՞վ… Նա քեզ հասկանում է, դու, դու իրեն չես հասկանում։
ՍԵՆ — (Անօգնական) Ի՞նչ ասեմ… Կարող է պատահի։ Շնորհակալ եմ, որ դուք գիշերը ինձ տեղ տվիք ձեր հյուրընկալ հարկի տակ։
ՀԱՐԲԱԾ — Ի՞նչ հյուրընկալ հարկ, այ ընկեր, եա ասում եմ՝ սա իմ տունը չի, դու ասում ես՝ հյուրընկալ հարկի տակ…
ՍԵՆ — Եթե ձերը չի, բա ո՞ւմն է։
ՀԱՐԲԱԾ — Ի՞նձ ես խոսեցնում… Քո տունն է, ումն է։ Ես եմ շնորհակալ։
ՍԵՆ — Իմ տունը չի։
ՀԱՐԲԱԾ — Բա ո՞ւմն է:
ՍԵՆ — Քոնն է։
ՀԱՐԲԱԾ — Էլի ասում է՝ քոնն է… Բա հորս նկարն ո՞ւր է։ Ուրեմն ես իմ տունը չե՞մ ճանաչում, եղա՞վ։ (Դուրս է գնում, անմիջապես վերադառնալով) Սա չորս սենյականոց է, իմը երեք է։ Երանի չէ՞ր՝ իմը լիներ։ Սա կարգին բնակարան է։ Ես գնում եմ, դու մնո՞ւմ ես։
ՍԵՆ — Ես գնալու տեղ չունեմ, ո՞ւր գնամ։
ՀԱՐԲԱԾ — Ի՞նչ գործ ունես, որ մնաս ուրիշի տանը, գան շառ անեն։ Գնա փողդ ստացիր, այ ախմախ։
ՍԵՆ — Ո՞նց ստանամ, որ չեմ կարողանում ստանամ։
ՀԱՐԲԱԾ — Դու գիտես… Ես քեզ համար եմ ասում, ուզում ես՝ հեչ էլ մի ստացիր, ավելի վատ քեզ համար։ Ասա, իմանամ, նոր գնամ՝ հիմա սա քո տունը չի՞։
ՍԵՆ — Չէ, ազնվությամբ… Չե՞ս հավատում։
ՀԱՐԲԱԾ — Իմ առաջ դուռը դո՞ւ չբացեցիր, որ ես ներս մտա։
ՍԵՆ — Չէ, դու բացեցիր։
ՀԱՐԲԱԾ — Ինչո՞վ բացեցի:
ՍԵՆ — Չիմացա, երևի բանալիով…
ՀԱՐԲԱԾ — Ինձ մոտ բանալի չկա, բանալիով ո՞նց կբացեի։ Ուրեմն բաց է եղել։
Հեռախոսի զանգ:
ՀԱՐԲԱԾ — Վերցրու, երևի քեզ են ուզում։
ՍԵՆ — Էստեղ ինձ ինչո՞ւ պիտի ուզեն։
ՀԱՐԲԱԾ — Բա ի՞նձ ինչու պիտի ուզեն։
Դուրս են պրծնում հակառակ ուղություններով:
Պատկեր վեցերորդ
Բնակարան: Անցքի մեջ խաղացվող բանալու ձայն: Բացվում է մուտքի դուռը: Զգուշությամբ մտնում են մի երիտասարդ տղամարդ և մի երիտասարդ կին:
ԿԻՆ — (Դիտելով անծանոթ բնակարանը) Կողպեցի՞ր ներսից։
ՏՂԱՄԱՐԴ – Իհարկե:
ԿԻՆ — Բանալիո՞վ:
ՏՂԱՄԱՐԴ — Բա էլ ինչո՞վ:
ԿԻՆ — Ես ինչ գիտեմ, հանկարծ մեկնումեկը չգա:
ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ պիտի գա։ Տերը քաղաքում չի։
ԿԻՆ — Բա ումի՞ց ես վերցրել բանալին։
ՏՂԱՄԱՐԴ — Ընկերոջիցս։ Իր բարեկամի տունն է։ Բանալին նրան է տվել, որ մեկ-մեկ գա, ուշադրություն դարձնի տանը: (Կոնյակի շիշ, բաժակներ, ուտելիք է բերում, դասավորում սեղանին):
ԿԻՆ — (Ծխախոտի տուփ նկատելով) Ես սրանից կծխեմ։
ՏՂԱՄԱՐԴ — (Փողկապը հանելով) Որից կուզես… (Տեղավորվում են անկյունում դրված սեղանի շուրջ): Մոտ նստիր։ Վերցրու բաժակդ։
ԿԻՆ — Ինչո՞ւ ես շտապում։
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ շտապում, վերցրու։ (Բաժակը խփելով կնոջ քթին՝ խմում է):
ԿԻՆ — Ի՞մ կենացն է։
ՏՂԱՄԱՐԴ — Բա էլ ո՞ւմ…
ԿԻՆ — (Խմելուց հետո, նայելով տղամարդու դատարկված բաժակին) Ինչո՞ւ մինչև վերջ խմեցիր։
ՏՂԱՄԱՐԴ — Հա՞… Չզգացի։ (Միացնում է մագնիտաֆոնը):
ԿԻՆ — Այ, էսպես վայելելով պիտի խմես։
Տարածվում են վալսի հնչյունները:
ՏՂԱՄԱՐԴ — Շամպայն կուզե՞ս։
ԿԻՆ — Վերջում։
Պարում են:
ՏՂԱՄԱՐԴ — (Լցնում է բաժակները) Ինչո՞ւ ես ձեռքդ դրել բաժակին, թող լցնեմ։
ԿԻՆ — Մատներիս արանքից լցրու, կարո՞ղ ես։
ՏՂԱՄԱՐԴ — (Լցնելով) Ինչո՞ւ չէ: (Համբուրվում են):
ԿԻՆ — Կենացդ։
ՏՂԱՄԱՐԴ — (Ձեռքը գցում է կնոջ վզով) Քո կենացը։
ԿԻՆ — Իմը խմեցինք։
ՏՂԱՄԱՐԴ — Մի անգամ էլ եմ ուզում խմել։ (Բաժակը հպում է կնոջ քթին):
ԿԻՆ — Ուզում ես՝ խմիր։
ՏՂԱՄԱՐԴ — Միասին… (Խմում են: Պատի ետևից հայտնվում է Սենի գլուխը, որ անմիջապես ետ է քաշվում): Մի բան վերցրու։
ԿԻՆ — Ուտել չեմ ուզում։
ՏՂԱՄԱՐԴ – Ֆիստաշկա վերցրու։ Հայերեն՝ գետնանուշ…
ԿԻՆ — Դու կեր։
ՏՂԱՄԱՐԴ — Կոնյակի և գարեջրի մեջ սնունդ կա, օղու մեջ չկա։ (Լցնում է բաժակները):
ԿԻՆ — Սպասիր, մատներս դնեմ, հետո լցրու։
ՏՂԱՄԱՐԴ – Դիր: (Լցնում է մատների արանքից):
ԿԻՆ — Լավ, բավական է, կթափվի։
ՏՂԱՄԱՐԴ — Տեսնում եմ, մի՛ անհանգստանա, Կենացդ, բեր քիթդ:
ԿԻՆ — Քո կենացը: (Խմում են): Խմում ես, դե մի բան կեր:
ՏՂԱՄԱՐԴ — (Գինովցած) Մի բան… Ի՞նչ մի բան… Ես քեզ եմ ուզում ուտել: (Համբուրվում են):
Սենի խուլ հազի ձայնը:
ԿԻՆ — (Միանգամից ետ քաշվելով) Թող:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ եղավ:
ԿԻՆ — Ձայն լսեցի:
ՏՂԱՄԱՐԴ — Ձայն չկա, ի՞նչ ձայն:
ԿԻՆ — Դուռը ստուգիր:
ՏՂԱՄԱՐԴ — (Գնում է դեպի մուտքի դուռը, վերադառնալով) Քեզ է թվացել։
Պարում են: Կինը գլուխը դրել է Տղամարդու ուսին:
ԿԻՆ — Էսօր ինչո՞ւ ուշ զանգեցիր:
ՏՂԱՄԱՐԴ — (Համբուրելուց հետո) Հեռախոսն էր անջատվել, դուրս եմ եկել, ավտոմատից եմ զանգահարել։ Հոգնեցի՞ր…
ԿԻՆ – Բոլորովին:
ՏՂԱՄԱՐԴ — (Կնոջը գրեթե ձուլված) Արի։ (Տանում Լ դեպի բազմոցը):
ԿԻՆ — Չեմ գալիս։
ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ:
ԿԻՆ — Ժամացույցդ հանիր։
ՏՂԱՄԱՐԴ — (Անակնկալի եկած) Ինչի՞ համար:
ԿԻՆ – Հանիր:
ՏՂԱՄԱՐԴ — (Հանում է) Բայց չիմանա՞մ՝ ինչի համար։
ԿԻՆ — (Վերցնելով ժամացույցը, դնելով մի կողմ) Ամեն անգամ վերջում նայում ես ժամացույցին, որ շուտ գնաս։
ՏՂԱՄԱՐԴ — Էլ չեմ նայի։
Իրար կառչած՝ գզվում են բազմոցին:
Պատի ետևից հայտնվում է Սենի գլուխը:
ԿԻՆ — Թող…
ՏՂԱՄԱՐԴ – Հանիր…
ԿԻՆ — Թող, դե թող… (Հանվում է):
Սենը գլուխը ետ է քաշում:
ՏՂԱՄԱՐԴ — Շուտ արա։
Կինը հանվում է: Երևում է Սենի գլուխը: Փռշտում է՝ ետ քաշվելով: Տղամարդն ու Կինը ցնցվում են՝ արագ-արագ հագնվելով:
ԿԻՆ — (Հևալով) Ո՞վ էր։
ՏՂԱՄԱՐԴ — (Իրեն կորցրած) Չիմացա:
Խոսում են շշուկով:
ԿԻՆ — Մի գնա, ո՞ւր ես գնում։
ՏՂԱՄԱՐԴ — (Ընկրկելով) Նայեմ գամ… տեսնեմ ով է… կինս հանկարծ չիմանա:
ԿԻՆ — Եթե քո կինն իմանա, իմ ամուսինն ավելի շուտ կիմանա։ Մի գնա։
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ գնում, նայեմ գամ: (Վերադառնալով, փողկապը պիջակի տակից կախված) Մարդ չկա:
ԿԻՆ — Ո՞նց չկա, գլուխը տեսա։
ՏՂԱՄԱՐԴ — Կարո՞ղ է աչքիդ է երևացել։
ԿԻՆ — Փռշտաց, լսեցի՞ր։
ՏՂԱՄԱՐԴ — (Շշմած) Լսեցի:
ԿԻՆ — Կրծկալս ի՞նչ եղավ։
ՏՂԱՄԱՐԴ — (Հանելով գրպանից) Վերցրու։
Դռան զանգ: Քարացել, մնացել են: Զանգերը շարունակվում են: Տղամարդը գնում, բացում է դուռը:
ՄՈԻԿՈԻՉ — (Խուժելով ներս, գազազած) Ո՞ւր է… Ո՞ւր է… (Անցնում է մի սենյակից մյուսը):
Տղամարդն ու Կինը գողեգող իրենց դուրս են գցում:
Պատկեր յոթերորդ
Բնակարան: Սենը բազմոցին պառկած թերթ է կարդում: Ծածկված է դեմքը: Մտնում է միջահասակ մի կին, պահարանից սպասք է տանում:
ԿԻՆ — (Դեպի Սենը, հարևանցի): Դե վեր կաց: Վեր կաց, քանի դեռ ճաշը չի սառել։ Եկա տեսա, բաց-բաց քնել էիր: (Գնում է):
Սենը թերթը մի փոքր հեռացնում է դեմքից՝ կնոջը չափելով ոտից գլուխ, վերստին ծածկելով դեմքը:
ԿԻՆ — (Վերադառնալով) Շուտ արա։ (Պահարանից ինչ-որ բան է հանում): Հետո պիտի ասես՝ չեմ ուտում, նորից տաքացրու։ Վեր կաց, քանի դեռ չի սառել։ Լցնում եմ։ Դե վեր կաց (Գնում է):
Սենը դեմքից հեռացնում է թերթը՝ նայելով կնոջ ետևից: Նորից ծածկում է դեմքը:
ԿԻՆ — (Գալով, հանդիմանանքով) Վարդգես, քեզ հետ եմ… (Թերթը մեկից քաշում, հեռացնում է Սենի դեմքից՝ ձեռքերը վեր պարզած, սարսափահար ետ-ետ գնալով): Մամա՜… (Կորցնելով խոսելու ընդունակությունը): Մա՜, մա՜, մա , մա՜, մա՜, մա՜, մա՜…
Սենը ցատկում է, բռնելով ընկնող կնոջը:
ՍԵՆ — Տիկին, հանգստացեք, խնդրում եմ։ Տանը մարդ չկար, հոգնած էի, պառկեցի մի փոքր հանգստանամ։ Ես ներողություն եմ խնդրում, ես ստիպված եմ մտել ձեզ մոտ, ինձ հետապնդում են։ Տիկին, հանգստացեք, խնդրում եմ։ Եթե ձեզ մի բան պատահի, ինձ պիտի մեղադրեն։ Տիկին… Այ, տեսեք, տեսեք, ես գնում եմ։ Մի անհանգստացեք։
ԿԻՆ — (Տիրապետելով իրեն) Ներեցեք, իսկ դուք ո՞վ եք։
ՍԵՆ — (Ետ է գալիս) Ոչ մեկը, կողմնակի մարդ եմ։ Եթե դուք ձեզ լավ զգաք, ես էլ ինձ լավ կզգամ։
ԿԻՆ — Ո՞ւր եք գնում, դուռն այս կողմն է:
ՍԵՆ — Գիտեմ, բայց եթե դռնից դուրս գամ, ինձ կբռնեն, հետապնդում են։
ԿԻՆ — Իսկ ի՞նչ եք արել, որ հետապնդում են։
ՍԵՆ — Ոչ մի բան։ Երանի չէր, արած լինեի։ Ես թաքնվելու համար եմ ձեզ մոտ մտել։ Ես ձեզ ոչ մի վատ բան չեմ անի։ Ես ընդհանրապես ոչ մեկի ոչ մի վատ բան անել չեմ կարող։ Ես մի մրջյուն անգամ չեմ տրորի։ Ինչպե՞ս եք, հիմա արդեն լա՞վ եք։ (Հուսադրելով) Լավ եք, լավ եք… Տիկին, շնորհակալություն, որ լավ եք։
ԿԻՆ — Բայց դուռն այս կողմն է։
ՍԵՆ — Գիտեմ, գիտեմ, ես ձեզ արդեն ասացի. եթե դռնից դուրս գամ, ինձ կբռնեն։ Ես պատշգամբներից եմ օգտվում։ Փառք Աստծո, մեր այս շենքի ճարտարապետն այնպես է նախագծել, որ մեկից մյուսին անցնելն առանձնապես դժվար չլինի։ (Ցույց է տալիս անցնելու ձևը) Աջ ոտքդ բարձրացնում, դնում ես մյուս պատշգամբում, հետո բարձրացնում ես ձախ ոտքդ՝ հոպ, արդեն մյուս պատշգամբում ես։ Հոպ, հետո մյուս պատշգամբում ես։
ԿԻՆ — Տեր իմ Աստված, զգույշ եղեք, բազմահարկ շենք է, հանկարծ ձեզ մի բան չպատահի։
ՍԵՆ — Ինձ համար մի՛ անհանգստացեք։ Ինչ էլ որ պատահի, հո ավելի վատ բան չի պատահի։ Ավելի լավ է մեռնեմ, քան սպանեն։ Մինչև ինձ չսպանեն՝ ես չեմ մեռնի։ Ցտեսություն:
Մտնում են երկու երիտասարդ գող՝ գուլպաներ հագցրած դեմքներին:
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — (Հանելով ատրճանակը, փողն ուղղելով Սենին) Չշարժվես։
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂ — (Հանելով ատրճանակը, Կնոջը): Դու էլ…
ԿԻՆ — (Սարսափած): Մա՜… (Փռվում է հատակին):
Երկրորդ գողը շոր է խցկում կնոջ բերանը՝ կապելով ձեռքերն ու ոտքերը:
ՍԵՆ — (Տագնապած) Ի՞նչ եք անում։
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ – Սուս… (Հարվածում, տապալում է գետին: Երկրորդ գողին): Կնոջ գործը վերջացրիր, հիմա մարդու հարցը լուծիր։
Երկրորդ գողը շոր է խցկում Սենի բերանը:
ՍԵՆ — (Խռխռացնելով): Նրան բաց թողեք, կին է…
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — Դու մեր գործերին մի խառնվիր։ (Կապոտում է Սենին): Մենք մեր գործը գիտենք։ Քեզ խելոք չպահես՝ կկրակեմ։ (Երկրորդ գողին) Ապեր, մաքուր աշխատիր։
Սենը դիմադրության փորձ է անում:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂ — Հորս արև, սա արդեն համը հանում է։
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — (Ատրճանակի փողը սեղմելով Սենի դեմքին) Քեզ կարգին պահիր։ (Ոտքով հարվածում է) Կնոջիցդ օրինակ վերցրու։ (Երկրորդ գողին) Ապեր, մաքուր աշխատիր։
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂ — (Մի պահ հանելով կնոջ բերանի շորը) Ոսկեղենիդ տեղն ասա։
ԿԻՆ — (Նվաղած) Պահարանում…
Երկրորդ գողը տակնուվրա է անում պահարանը:
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — Փողերը որտե՞ղ են։ Երեք տոկոսանոցիդ տեղն ասա։
ԿԻՆ — Պահարանում…
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՂ — Հորս արև, չեմ գտնում։
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — (Կնոջը) Պահարանում… որտե՞ղ…
ԿԻՆ — Շորերի տակ…
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — Տարին երկու անգամ արտասահման եք գնում-գալիս… Վիդեո-միդեո… դոլար-մոլար…
ԿԻՆ — Ննջարանում…
Շորը նորից խցկում են կնոջ բերանը:
ԱՌԱՋԻՆ ԳՈՂ — Ապեր, մաքուր աշխատիր: (Լցնում են ճամպրուկները): Էս գործը շտապել չի սիրում, փալասփուլուս չբերես, թող իրենց էլ մի բան մնա: Հագած շորեր են, դրանց գին տվող չկա: (Դեպի ընկածները) Մարդ ու կին կգնաք մոմ կվառեք, որ կենդանի եք մնացել։ Երկիրը թալանեցիք-կերաք։ Գիտեն, թե մենակ իրենք են մարդ, մենք մարդ չենք։ (Սենին) Չշարժվես, ասացի, թե չէ ճակատիդ կշարեմ։ Կնոջիցդ օրինակ վերցրու։ Ապեր, մաքուր աշխատիր։ Էն խլամ մագնիտաֆոնը միացրու, թող նվագի, չտխրեն։ (Երկրորդ գողը միացնում է): Ցե…
Ծանր ճամպրուկներն առած դուրս են գնում:
Սենը թավալվում է, փորձելով ազատվել կապկպված վիճակից: Գլորվելով մերձենում է Կնոջը: Կինը նույն կերպ հեռանում է նրանից: Անշարժանում են՝ փրկվելու ելք չգտնելով:
Մուտքի դռան զանգ: Հնչում է զանգ-զանգի ետևից: Մտնում է կնոջ ամուսինը, ընկրկում է՝ տեսնելով հատակին ընկած կնոջն ու անծանոթ տղամարդուն:
ԱՄՈՒՍԻՆ — (Տագնապած) Լալա՜… (Մղվում է դեպի կինը՝ հանելով բերանը խցկած շորը, արձակելով կապերը) Ի՞նչ է եղել։
Կինը բացուխուփ է անում բերանը, փորձում է խոսել, չի կարողանում: Ամուսինը ջրով լի բաժակը մոտեցնում է կնոջը՝ բարձրացնելով գլուխը:
ԱՄՈՒՍԻՆ — Խմիր։ (Կինը կում է անում): Գո՞ղ է մտել տուն։
Կինը գլխով հաստատական նշան է անում: Ամուսինը կնոջը փոխադրում է բազմոցին:
ԱՄՈՒՍԻՆ – (Ակնարկելով Սենին) Բա սա ո՞վ է։
Կինը թոթվում է ուսերը: Ամուսինը Սենի բերանից հանում է շորը:
ՍԵՆ — (Թեթևացած) Շնորհակալություն։
ԱՄՈՒՍԻՆ — (Կնոջը) Ո՞վ է, այս մարդն ո՞վ է։
ԿԻՆ — (Նվաղած) Չգիտեմ։
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞նց թե՝ չգիտեմ… Դու որ չգիտես, բա ո՞վ գիտի։
ՍԵՆ — Ձեռքերս էլ արձակեք, խնդրում եմ։
ԱՄՈՒՍԻՆ — (Արձակելով, կնոջը) Ասա, իմանամ, սա ով է։ (Սենին) Ո՞վ եք:
ՍԵՆ — Ոչ մեկը, կողմնակի մարդ եմ:
ԱՄՈՒՍԻՆ — Կողմնակի մարդն ի՞նչ գործ ունի իմ տանը։ (Հեռախոսի համար է հավաքում) Ալլո, միլիցիա…
Սենը ծլկում է:
Պատկեր ութերորդ
Ննջասենյակ: Փոքրիկ միջանցքով բաժանված է խոհանոցը: Ննջասենյակը լուսավորված է գիշերային աղոտ լույսով: Խոհանոցը մթության մեջ է: Ննջասենյակում մարդ ու կին քնած են կողք-կողքի: Քիչ անց ամուսինը երկարում է ձեռքը՝ վառելով պատին ամրացված ջահը:
ԿԻՆ — (Բացում է աչքերը) Ինչո՞ւ վառեցիր, հազիվ էի աչքս փակել։
ԱՄՈՒՍԻՆ — (Նստում է անկողնում) Տանը մուկ կա՞։
ԿԻՆ — (Քնաթաթախ) Չէ, ի՞նչ մուկ։
ԱՄՈՒՍԻՆ — (Պառկում է) Ձայն լսեցի։
ԿԻՆ — Հանգցրու։
ԱՄՈՒՍԻՆ — Բա ինչո՞ւ ինձ թվաց։
ԿԻՆ — Լույսն աչքերիս է ընկնում, հանգցրու։
ԱՄՈՒՍԻՆ — (Ականջը ձայնի, սպասողական) Սուս, մի րոպե…
ԿԻՆ — (Դժգոհելով) Վայ, հանգցրու, ոչ մի ձայն էլ չկա։
ԱՄՈՒՍԻՆ — Բա որ չկա, ես ինչո՞ւ եմ լսում։
ԿԻՆ — Եթե լիներ, ես էլ կլսեի։
ԱՄՈՒՍԻՆ — (Լույսը մարելուց հետո) Թերթում գրել էին, որ Սիբիրում մի փոսից սատանա է դուրս եկել։
ԿԻՆ — Իսկակա՞ն…
ԱՄՈՒՍԻՆ — Սատանայի իսկականը ո՞րն է, որ դու էլ հարցնում ես։
ԿԻՆ — Եթե իսկական չլիներ, թերթում ինչո՞ւ պիտի գրեին։
ԱՄՈՒՍԻՆ — Մարդ եղած կլինի, սատանաս ո՞րն է…
ԿԻՆ — Չէ, չէ, ասում են՝ սատանա է եղել։ Ես էլ եմ լսել։ Բռնե՞լ են։
ԱՄՈՒՍԻՆ — Բռնել են, երևի էլի բաց են թողել, ինչ իմանամ։
ԿԻՆ — Եթե մարդ լիներ, բաց չէին թողնի։ Էլ ինչո՞ւ են իզուր տեղը Սիբիր տանում, որ բաց թողնեն։ Կամ էլ մարդ է եղել, սատանա է դառել, բաց են թողել։
ԱՄՈՒՍԻՆ — Մինչև սատանա չդարձնեն, բաց չեն թողնի, երբեք։
ԿԻՆ — Մեր հիմնարկում ասում էին՝ մարդ է եղել, հետո է սատանա դառել։
ԱՄՈՒՍԻՆ — Որ չդառնար էլ, կդարձնեին։ Դե որ տեսել է՝ չեն թողնում մարդ մնա, նա էլ ստիպված սատանա է դառել, բա ի՞նչ աներ: Իբր մենք ի՞նչ ենք, որ սատանա չենք։ Եթե սատանա չլինեինք, մարդ լինեինք, էս երկրռւմ ո՞նց կապրեինք։
ԿԻՆ — Քունս լրիվ փախցրիր։ (Կարճատև դադարից հետո) Ասում են՝ մարդ է իջել շենքի վրա։
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞ր շենքի։
ԿԻՆ — Մեր։
ԱՄՈՒՍԻՆ — Ի՞նչ մարդ։
ԿԻՆ — Այլմոլորակային։
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞վ է ասում։
ԿԻՆ — Հարևաններն էին ասում։ Մտել է Հռիփսիկենց տուն։
ԱՄՈՒՍԻՆ — Էհ, հեքիաթներ մի պատմիր։ Ուրիշի տուն ինչո՞ւ պիտի մտներ։
ԿԻՆ – Վայ, դե մտել է, էլի։
ԱՄՈՒՍԻՆ — Նրանք ասացին, դու էլ հավատացի՞ր։ Որտեղի՞ց է մտել։
ԿԻՆ — Երևի դռնից, էլ որտեղի՞ց պիտի մտներ։
ԱՄՈՒՍԻՆ — Դռնից ո՞նց կմտներ, ներսից բանալիով չե՞ն փակել։
ԿԻՆ – Եսիմ… Ասում են՝ նրանց առաջ փակ դռները բացվում են։
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞վ է ասում։
ԿԻՆ — Հարևանները։
ԱՄՈՒՍԻՆ — Իրենց աչքով տեսե՞լ են, որ ասում են։
ԿԻՆ — Եսիմ… Երևի տեսնող է եղել: Ասում են՝ գալիս են, իրենց հետ մարդ են տանում։
ԱՄՈՒՍԻՆ — Թող գան, ինձ տանեն։
ԿԻՆ — Ո՞ւր տանեն։
ԱՄՈՒՍԻՆ — Ուր ուզում են, տանեն, մենակ թե տանեն։
ԿԻՆ — Ինձ թողնեն, քեզ տանե՞ն։
ԱՄՈՒՍԻՆ — Հա, ինձ տանեն։
ԿԻՆ — Ինձնի՞ց ես փախչում։
ԱՄՈՒՍԻՆ — Չէ, ինձնից, մենակ թե տանեն, էս ամեն ինչից պրծնեմ։
ԿԻՆ — Ասում են՝ տանում են, բայց մի քսան-երեսուն տարի հետո էլի հետ եմ բերում։ Բայց դու էլ դու չես լինում, ուրիշ մարդ ես լինում։ Այսինքն՝ նույն մարդն ես լինում, բայց լրիվ նույն մարդը չես լինում, ասում են՝ ուրիշ մարդ ես լինում։
ԱՄՈՒՍԻՆ — Ավելի լավ։ Ինչքա՞ն կարելի է նույն մարդը լինել, հերիք չեղա՞վ։ Հոգնեցի, զզվեցի, հիմի էլ թող ուրիշ մարդ լինեմ, ես էլ չեմ ուզում ես լինեմ։
ԿԻՆ — Իբր ես ուզո՞ւմ եմ, ես էլ չեմ ուզում։ Տան հոգսը դու չես քաշում, ես եմ տանում էս բեռը։ Գիտես, թե ես չե՞մ հոգնել։ Հենց քո՞ չափ եմ հոգնել։ Կին լինեիր, նոր կզգայիր։
ԱՄՈՒՍԻՆ — Սուս… Մի րոպե սպասիր, չխոսես։
ԿԻՆ — Չեմ խոսի, էլի՞…
ԱՄՈՒՍԻՆ — Համբերիր։
ԿԻՆ — Ուֆ, դու էլ… Նյարդերդ լրիվ քայքայվել են։ (Գիշերանոցով կեր է կենում, գնում վառում է խոհանոցի լույսը, փորձում է մտնել ներս, վարանում է, տեսնելով պատառաքաղը ձեռքին նստած Սենին, որ դադարեցնում է ուտելը): Վարո՜ս…
Սենը զգուշությամբ ցած է գնում պատառաքաղը:
ԱՄՈՒՍԻՆ — (Ննջասենյակից) Ասա:
ԿԻՆ — (Քարացած, խոհանոցի շեմին) Աչքիս մարդ է երևում։
ԱՄՈՒՍԻՆ — Մուկ չէ՞ր։
ԿԻՆ — Չէ, մարդ է։
ԱՄՈՒՍիՆ — (Վեր կենալով անկողնուց) Երա՞զ ես տեսել, մարդն ի՞նչ գործ ունի խոհանոցում։ (Գնում է կնոջ ետևից, տեսնելով Սենին՝ ընկրկում է):
ԿԻՆ — Մարդ չի՞։
ԱՄՈՒՍԻՆ — Մարդ է, բա ինչ է…
ԿԻՆ — (Կառչելով ամուսնուն) Չմոտենաս։
ԱՄՈՒՍԻՆ — Ընկեր, ի՞նչ եք անում այստեղ։
ՍԵՆ — (Հնազանդ) Ներողություն։ Երկու օր է՝ մի կտոր բան չէի դրել բերանս։ Ինձ հետապնդում են։
ԿԻՆ — (Ավելի ու ավելի փարվելով ամուսնուն) Չմոտենաս։
ԱՄՈՒՍԻՆ — Դուռը փակ է, դուք ո՞նց եք ներս մտել:
ՍԵՆ — Չեմ մտել, իջել եմ։
ԱՄՈՒՍԻՆ — Որտեղի՞ց։
ՍԵՆ — Վերևից։
ԿԻՆ — Չմոտենաս։
ԱՄՈՒՍԻՆ — Սպասիր, իմանանք ով է, հետո… Դուք ո՞վ եք։
ՍԵՆ — Ոչ մեկը, կողմնակի մարդ եմ։ Մտեք իմ դրության մեջ, խնդրում եմ։ Ինձ հետապնդում են։
ԿԻՆ – (դողալով) Նա է, նա է… Չմոտենաս, կտանի։
ՍԵՆ — Ո՞ւմ պիտի տանեմ, ինչո՞ւ պիտի տանեմ։ Ներողություն, ես ստիպված եմ մտել ձեզ մոտ։ Ինձ հետապնդում են։
ԿԻՆ — Չմոտենաս։
ԱՄՈՒՍԻՆ – Ինչո՞ւ են հետապնդում։ Իջել եք, որ ձեզ հետ մարդ տանեք վերև։
ՍԵՆ — Ի՞նչ մարդ… Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում։
ԱՄՈՒՍԻՆ — Բա էդ ո՞նց եք հայերեն խոսում, որ չեք հասկանում, թե ինչ եմ ասում։
ՍԵՆ — Ազնիվ խոսք, չեմ հասկանում։
ԿԻՆ — (Ամուսնուն) Տեսնո՞ւմ ես, ասում է՝ չեմ հասկանում։
ԱՄՈՒՍԻՆ — Թող, դու մի խառնվիր, բա ո՞նց է խոսում, որ չի հասկանում։
ՍԵՆ — Ինչով ուզում եք երդվեմ, չեմ հասկանում։
ԱՄՈՒՍԻՆ — Չե՞ք հասկանում, թե ինչ եմ ասում։
ՍԵՆ — Չէ, չեմ հասկանում։
ԱՄՈՒՍԻՆ — Բա որ չեք հասկանում, ո՞նց եք հասկանում, որ չեք հասկանում։ Ախր հայերեն եք խոսում։
ՍԵՆ — Խոսում եմ, բայց չեմ հասկանում, թե ինչ եք ասում։
ԿԻՆ — Կարո՞ղ է ինքը չգիտի, որ հայերեն է խոսում։
ՍԵՆ — Եղա՞վ…
ԱՄՈՒՍԻՆ — Բա որ հայերեն գիտեք, ինչո՞ւ չեք հասկանում, թե ինչ եմ ասում։
ՍԵՆ — Չեմ հասկանում։
ԱՄՈՒՍԻՆ — Ես էլ քեզ չեմ հասկանում, ընկեր, գիշերվա կեսին ի՞նչ գործ ունես իմ տանը, դա ասա։
ՍԵՆ — Գնա՞մ։
ԱՄՈՒՍԻՆ — Ո՞ւր գնաք։
ՍԵՆ — Չգիտեմ։
ԿԻՆ — (Ամուսնուն) Հեռու կանգնիր, դուռը բացեմ, թող գնա։ (Գնում, բացում է մուտքի դուռը):
ԱՄՈՒՍԻՆ — Բա չիմանա՞նք ով է:
ԿԻՆ — Մենք իրեն հասկանում ենք, ինքը մեզ չի հասկանում, պարզ չի՞ ով է։ Էլ ի՞նչ ես ուզում իմանալ: (Սենին) Անցեք… (Ամուսնուն կառչած) Հեռու կանգնիր, թող գնա։ Հեռու, հեռու…
ԱՄՈՒՍԻՆ — Քաղաքացի, դուռն այս կողմն է։
Սենը գնում է հակառակ ուղղությամբ:
ԿԻՆ – (Խուճապահար) Ո՞ւր գնաց, ո՞ր կողմը գնաց, հիմա երեխաներին լեղաճաք կանի քնած տեղը։
ԱՄՈՒՍԻՆ — Թող, թևս թող, ինձ ինչո՞ւ ես բռնել։
ԿԻՆ — Չգնաս, չգնաս ետևից, կտանի։ (Նայում է Սենի գնացած ուղղությամբ):
ԱՄՈՒՍԻՆ — Այ կին, կարո՞ղ է երազում ենք։
ԿԻՆ — Չէ, չէ, մարդ էր, պատշգամբից դուրս եկավ գնաց։
Հնչում են ազդանշանային համակարգի շարունակական զանգեր:
ԱՄՈՒՍԻՆ — Էս ի՞նչ ձայն է։
ԿԻՆ – Ինչ-որ մեկի սիգնալիզացիան միացավ։
Կանգնել-մնացել են անշարժացած, ազդանշանային զանգերը գնալով շարունակում են ավելի ու ավելի տագնապալից հնչել գիշերային լռության մեջ:
Պատկեր իններորդ
Բնակարան: Ճաշասենյակի կենտրոնում դույլ է դրված: Ինչ-որ դռան ետևից՝ շան կատաղի հաչոցներ: Սենը ահաբեկված իրեն զցում է ներս: Փորձում է նորից դուրս պրծնել բնակարանից: Մեկ մղվում է առաջ, մեկ՝ նորից ետ: Շան հաչոցները ամեն անգամ նրան ետ են պահում: Ներս է մտնում տարեց մի կին: Սենը փորձում է տիրապետել իրեն:
ՏԱՐԵՑ — Ինչ լավ է, որ եկել եք։ Բարև ձեզ։
ՍԵՆ — (Անհուսալի ժպիտով) Բարև ձեզ։
ՏԱՐԵՑ – (Դեպի շունը) Լավ, հասկացանք։ (Սենին): Դուք մի անհանգստացեք, նա իր սենյակից դուրս չի գա, դուռը կողպել եմ վրան։ Համեցեք, նստեք։ (Դեպի շունը): Ջեննի, դու արդեն քեզ վատ ես պահում, գիտե՞ս։ (Սենին): Տեսնո՞ւմ եք մեր բնակարանի վիճակը։
ՍԵՆ — Տեսնում եմ, իհարկե։
ՏԱՐԵՑ — Ամեն անգամ վերևից այսպես ջուր են թողնում գլխիս։ Խեղճ կենդանին էլ այնտեղ է թրջվում։ Դուռը ձեզ համար էի բաց թողել, որ գաք, դրսում չմնաք։
ՍԵՆ — Շնորհակալություն։
ՏԱՐԵՑ — Բարձրացա վերև, էլի զգուշացրի։ Արդեն ո՞րերորդ անգամ։ Անշնորհք մարդիկ են։ Եթե առաջին անգամ լիներ, ես չէի բողոքի։ Ինքներդ որոշեք, ես չգիտեմ։
ՍԵՆ — (Անակնկալի եկած) Խնդրեմ… Բայց ես ի՞նչ կարող եմ անել։
ՏԱՐԵՑ — Եթե դուք չեք կարող, ուրիշ էլ ո՞վ է կարող։ Դուք եք շենքի տերը։
ՍԵՆ — Ոչ, ցավոք սրտի, դուք սխալվում եք, ես դրա համար չեմ մտել ձեզ մոտ։
ՏԱՐԵՑ — (Ինչ-որ գրքույկ բերելով) Նայեք, բնակարանային վարձը բարեխղճորեն մուծել եմ։ (Թերթում է): Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր… Տարին վաղուց եմ փակել:
ՍԵՆ — Ինձ մի՛ ասեք, ես ձեզ հավատում եմ։
ՏԱՐԵՑ — Թոշակիցս կտրում եմ, խեղճ կենդանու բերանից անգամ կտրում եմ, որպեսզի ժամանակին մուծեմ։ Եթե դուք էլ չեք պաշտպանելու բնակիչների շահերը, ասացեք, խնդրեմ, ուրիշ ո՞ւմ դիմեմ։ (Դեպի ժամանակ առ ժամանակ հաչող շունը) Ջեննի, ես խնդրում եմ քեզ մի քիչ զսպես։ (Սենին): Եթե ճիշտ չեմ ասում…
ՍԵՆ — (Ընդհատելով) Համաձայն եմ, այո, իհարկե, ճիշտ եք ասում, բայց, ցավոք, ես այդ հարցում չեմ կարող ձեզ օգտակար լինել։
ՏԱՐԵՑ — Իսկ ինչո՞ւ եք դուք նրանց հավատում։
ՍԵՆ — Ես ձեզ եմ հավատում, նրանց չեմ հավատում:
ՏԱՐԵՑ — Դիտավորյալ են անում, ամեն անգամ հենց շանս վրա են բաց թողնում ջուրը։ Ասում են՝ իբր թե իրենց անհանգստացնում է։
ՍԵՆ — Ինչո՞ւ պիտի անհանգստացնի։
ՏԱՐԵՑ — Ընդհակառակը, իրենք են վերևից անհանգստացնում։ Իրենց պատճառով մի անգամ հիվանդացավ թոքերի բորբոքումով, հազիվ փրկեցին։ Նորի՞ց նույն բանը… Ասում են՝ տանը շուն մի պահիր։ Իսկ որտե՞ղ պահեմ, հետաքրքիր է։ Իրենից բացի ես ուրիշ հարազատ չունեմ։ Նա էլ ինձնից բացի ոչ ոք չունի այս աշխարհում։ Երկուսս ենք մնացել։ (Լացակումած) Վիրավորում են, ասում են՝ վատ շուն է։ Չգիտեն, որ վատ շուն չի լինում։ Մարդը կարող է լավ կամ վատ լինել: Իսկ նա մարդ չի, նա շուն է։ Ես ի՞նչ անեմ, որ դուք ինձ հավատաք, ոչ թե նրանց։
ՍԵՆ — Ես նրանց չեմ հավատում, ես ձեզ եմ հավատում։ Բայց ախր ես ի՞նչ կարող եմ անել։ Դիմեք իրավասու մարմիններին։
ՏԱՐԵՑ — Դիմել եմ, ձեզ եմ դիմել։
ՍԵՆ — Դուք ինձ շփոթում եք, ես նա չեմ, ում որ դուք սպասում եք։
ՏԱՐԵՑ — Իսկ դուք ո՞վ եք։
ՍԵՆ — Ոչ մեկը, ես կողմնակի մարդ եմ։
ՏԱՐԵՑ — Իսկ ի՞նչ հարցով եք մեզ մոտ եկել։
ՍԵՆ — Ոչ մի… Ինձ հետապնդում են։ Մտել եմ ձեզ մոտ, որ պատսպարվեմ։ Ներողություն եմ խնդրում անհանգստացնելու համար։
ՏԱՐԵՑ — Աստված իմ… Մի՞թե հիմա էլ որևէ մեկը չի գալու։ (Թուլացած ձեռքերը կախ են ընկնում բազկաթոռի երկու կողմից: Աչքերը փակ, դեպի շունը, անօգնական) Ջեննի…
Բնակարանը մեկից լցվում է իրեն կտրատող շան հաչոցներով: Մտնում են երկու միլիցիոներներ: Սենն ինքնամոռաց իրեն դուրս է գցում եկած ճանապարհով: Միլիցիոներները նրան հետամուտ՝ մեկ մղվում են առաջ, մեկ՝ նորից ետ, զգուշանալով շնից: Միաժամանակյա ցատկով ի վերջո հաղթահարում են արգելաշերտը՝ նետվելով Սենի ետևից: Հաչոցները շարունակվում են:
Պատկեր տասներորդ
Շենքի բակը: Չերևացող ինչ-nr մեկի շուրջ խռնված բազմություն, նրանց մեջ՝ շենքի ծանոթ բնակիչները, երկու միլիցիոներները, սպիտակ խալաթավորներ՝ «Շտապօգնության» բժշկուհին և բուժքույրը, հետաքրքրությունից մղված՝ բակ շտապող կողմնակի մարդիկ:
ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ցրվեք, մի հավաքվեք։
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ես խնդրում եմ, բոլորիդ եմ խնդրում, բժշկական անձնակազմին մի խսնգարեք։
Պատգարակ են բերում:
ՁԱՅՆԵՐ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՑ
- Ի՞նչ է եղել։
- Ոչ մի բան, վերևից մարդ է ընկել։
- Խմա՞ծ է եղել։
- Ի՞նչ իմանամ։
- Երկրորդ հարկից է ընկել։
- Բախտը բերել է, որ իններորդ հարկից չի ընկել։
- Մեռե՞լ է։
- Չէ, կենդանի է դեռ։
Բարձրացնում են պատգարակը, վրան՝ վիրակապված Սենը:
ԱՐՈՒՍ — (Խփելով ծնկներին, աղիողորմ) Սե՜ն, Սենեքերի՜մ, Սե՜ն…
Սենը բարձրացնում է գլուխը:
ՄՈՒԿՈՒՉ — Տեղն է, տեղն է, ում ինչ որ լինում է, իր խելքից է լինում: Դե գնա, գնա թող դատեն, որ խելքդ գլուխդ գա:
Սենը իջեցնում է գլուխը:
ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՄԵԿԸ — Գո՞ղ է։
ՄՈՒԿՈՒՉ — Չէ, գող չի, բայց մարդ էլ չի:
ԵՐԿՐՈՐԴ ԲՆԱԿԻՉ — Մարդ է, վերևից է իջել:
ՁԱՅՆԵՐ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՑ.
- Գող են բռնել։
- Չէ, գող չի, ասում են՝ վերևից է իջել։
- Ուրիշ մոլորակներից գալիս են, էստե՞ղ են գողություն անում։
- Գողության համար չեն գալիս, գալիս են, իրենց հետ մարդ են տանում։
- Թող ինձ տանեն։
- Թող գան տանեն, գոնե մեր երեխաները փրկվեն։
- Տարեք, տարեք, մենակ թե տարեք։
ԱՌԱՋԻՆ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ժողովուրդ, հետ քաշվեք։
ԵՐԿՐՈՐԴ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ճանապարհ բացեք, հետ, հետ գնացեք։
ԱՐՈԻՍ — (Պատգարակի ետևից, թաշկինակը մերթընդմերթ աչքերին սեղմելով, խփելով ծնկներին) Սե՜ն, Սենեքերի՜մ, Սե՜ն…
Սգո մեղեդու ուղեկցությամբ, դանդաղ, համրաքայլ տանում են դագաղ հիշեցնող պատգարակը: Սենը նստում է. աջ ձեռքը տնկած ժպտալով թափահարում է՝ ողջույններ հղելով իրեն ուղեկցող թափորշքահանդեսին:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
1991 թ.