ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ՍՐԲԱՊԱՏԿԵՐ
Սատիրա՝ ընդմիջումով կամ աոանց ընդմիջման
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՄԻՆԻՍՏՐ
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆ
ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐ
ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏ
Գործողությանը մասնակցում են մինիստրի կինը, վարչության պետի կինը և մի կին:
Մինիստրի ընդարձակ առանձնասենյակը: Երկարավուն սեղանի շուրջ տեղեր են զբաղեցրել մինիստրության բարձրաստիճան պաշտոնյաներ: Գլխամասում՝ մինիստրը:
ՄԻՆԻՍՏՐ — Ընկերներ, ահազանգ է ստացվել, որ քաղցրավենիքի ձեռնարկությունում տեղի են ունենում առանձնապես խոշոր չափի հափշտակումներ։ Թող ուտեն ինչքան ուզում են, բայց առանց փաստաթղթերի ձևակերպման ավտոմեքենաներով դուրս չհանեն պատրաստի արտադրանքը։ Նկատվում են նաև կաշառակերության փաստեր։ Այո, այո, մի զարմացեք։ Կաշառակերն իմ անձնական թշնամին է, երկրի համար մեկ թշնամին է այսօր։ Ոչ մեկի չեմ խնայի, իմացեք։ Կպատժեմ ամենախիստ ձևով։ Ձեր պատճառով ինչո՞ւ պիտի մինիստրի անունը հոլովվի, ո՞ր մեղքիս համար։ Առաջարկություն կա ստեղծել յոթ հոգուց կազմված հանձնաժողով մինիստրի տեղակալ ընկեր Ենգիբարյանի ղեկավարությամբ։ Տասնօրյա ժամկետում ստուգման արդյունքները ներկայացնել մինիստրության կոլեգիայի քննարկմանը։ Ուրիշ առաջարկություններ կա՞ն։ Չկան։ Ազատ եք։ (Հրավիրվածները դուրս են գնում: Անցնում է իր գրասեղանի մոտ: Հեռախոսի զանգ): Այո, լսում եմ։
ԿՆՈՋ ՁԱՅՆ — Ես եմ։ Մարդ կա՞ մոտդ, բան եմ ուզում ասել։
ՄԻՆԻՍՏՐ — Չկա, ասա:
ԿԻՆ — Քիչ առաջ մեկը եկավ, զանգը տվեց, դուռը բացեցի։ Ասաց՝ կարելի՞ է։ Ասացի՝ համեցեք։
ՄԻՆԻՍՏՐ — Արագ, արագ, ես այդքան ժամանակ չունեմ:
ԿԻՆ — Մտավ ներս, ասաց՝ միլիցիայի աշխատող եմ։
ՄԻՆԻՍՏՐ — Ի՞նչ էր ուզում, ինչո՞ւ եք ամեն մեկի առաջ բացում դուռը։
ԿԻՆ — Հանեց վկայականը, ցույց տվեց, գնաց կանգնեց սրբապատկերի առաջ:
ՄԻՆԻՍՏՐ — Հետո՞…
ԿԻՆ — Հետո շուռ եկավ, ներողություն խնդրեց, որ անհանգստացնում է։ Ասացի՝ ոչինչ, ասեք, ի՞նչ է ձեզ հետաքրքրում: Ասաց՝ ուզում եմ իմանալ, թե սա որտեղից եք ձեռք բերել։
ՄԻՆԻՍՏՐ — Դա ի՞նչ հարց է։ Հետո՞…
ԿԻՆ – Ասացի՝ ամուսնուս ծննդյան օրն են բերել։ Հարցրեց՝ ո՞վ… Ասացի՝ ճիշտն ասած, հիմա չեմ հիշում, ահագին ժամանակ է անցել։ Ասաց՝ համենայնդեպս, փորձեք հիշել, ես խնդրում եմ։ Ասացի՝ գուցե ամուսինս հիշի, բայց դա ինչի՞ համար եք հարցնում: Ասաց՝ գողացված է։
ՄԻՆԻՍՏՐ — (Ակամա վրա բերելով) Ի՞նչը…
ԿԻՆ — Սրբապատկերը։
ՄԻՆԻՍՏՐ — Ո՞նց թե…
ԿԻՆ — Ներողություն խնդրեց, դուրս եկավ։ Երևի գա քեզ մոտ։ Հարցրեց՝ քաղաքո՞ւմ է, ասացի՝ այո։
ՄԻՆԻՍՏՐ – Դիր լսափողը, տեսնեմ դա ինչ պատմություն է։
ԿԻՆ – Կզանգահարես՝ իմանամ…
ՄԻՆԻՍՏՐ — (Դնում է լսափողը, շրջվելով դեպի սելեկտորը) Տեղո՞ւմ ես։
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ – Այո:
ՄԻՆԻՍՏՐ — Արի մի րոպեով։
ՏԵՂԱԿԱԼ – Եկա:
ՄԻՆԻՍՏՐ — (Ինքն իր հետ) Այ քեզ բան…
ՏԵՂԱԿԱԼ — (Մտնելով) Լսում եմ։
ՄԻՆԻՍՏՐ — Նստիր։
ՏԵՂԱԿԱԼ — Շնորհակալություն։
ՄԻՆԻՍՏՐ — (Բազմանշանակ) Իմացա՞ր ինչ է եղել…
ՏԵՂԱԿԱԼ — (Լարված) Ի՞նչ…
ՄԻՆԻՍՏՐ — Հիշո՞ւմ ես, մի երկու տարի առաջ, դեռ մինիստրի տեղակալ չէիր, իմ ծննդյան օրը կնոջդ հետ եկար, մի սրբապատկեր էիր բերել, Ենգիբարյան։
ՏԵՂԱԿԱԼ — (Թեթև քմծիծաղով) Այո, բայց ինչի՞ համար եք հարցնում։
ՄԻՆԻՍՏՐ – Քիչ առաջ կինս զանգահարեց… Ինչ-որ մեկը միլիցիայից եկել է, ասել է՝ դա գողացված է եղել։
ՏԵՂԱԿԱԼ — (Ապշած) Եթե գողացված լիներ, ինչո՞ւ պիտի վաճառեին։
ՄԻՆԻՍՏՐ — Որտեղի՞ց էիր առել։
ՏԵՂԱԿԱԼ — Ես չեմ առել, կինս է առել, բայց դա ի՞նչ նշանակություն ունի։ Մի՞թե իրենց թույլ կտան այդպիսի բան անել։
ՄԻՆԻՍՏՐ — Հարցրու, իմացիր որտեղից է առել, խնդրում եմ։ Անհարմար բան չստացվի հանկարծ։
ՏԵՂԱԿԱԼ — (Շվարած) Հարցնեմ, բայց չեմ կարծում… Սխալ հասցեով են եկել։
ՄԻՆԻՍՏՐ — Համենայնդեպս, իմանալը չի խանգարում։
ՏԵՂԱԿԱԼ — Հենց հիմա զանգահարեմ։ Թյուրիմացություն կարող է լինել, ուրիշ ոչինչ։
ՄԻՆԻՍՏՐ — Մի խոսքով, ինձ տեղյակ կպահես։
ՏԵՂԱԿԱԼ — Կինս հիմա ո՜նց պիտի զարմանա… (Դուրս է գնում):
Մինիստրի տեղակալի առանձնասենյակը:
ՏԵՂԱԿԱԼ — (Համար է հավաքում, ազդանշանները հնչում են, վերցնող չկա) Չէ, չի պատասխանում, ուրեմն տանը չի։ (Լսափողը դնելուց հետո, դեպի սելեկտորը): Ստեփանյան, եթե ազատ ես, մի փոքր հարց կա, անցիր ինձ մոտ։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Այս րոպեին։
ՏԵՂԱԿԱԼ — (Ինքն իրեն) Մարդկանց են դնում անհարմար վիճակի մեջ, ցավը դա է։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ — (Մտնելով) Կարելի՞ է:
ՏԵՂԱԿԱԼ — Առաջ արի։ Մոտ նստիր։
ՊԵՏ — Խնդրեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Ստեփանյան, դու մի անգամ մի սրբապատկեր էիր բերել իմ ծննդյան օրը, հիմա եկել, ասում են՝ գողացված է եղել։
ՊԵՏ — (Զարմացած) Ո՞վ է ասում:
ՏԵՂԱԿԱԼ – Միլիցիայից:
ՊԵՏ — (Իրեն կորցնելով) Եթե գողացված լիներ, ինչո՞ւ պիտի դնեին խանութում, վաճառեին։ Ո՞նց կարող է այդպիսի բան լինել։
ՏԵՂԱԿԱԼ — Որտեղի՞ց էիր առել։
ՊԵՏ — Ես չեմ առել, կինս է առել։
ՏԵՂԱԿԱԼ — (Մի պահ ընկրկելուց հետո) Հիշում ես, չէ՞, դա մոտավորապես երբ էր։ Դեռ վարչության պետ չէիր, հետո դարձրինք։
ՊԵՏ — Ուրեմն կարո՞ղ է պատահել, որ ես դա չհիշեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Հիմա մնում է, որ կինդ հիշի, թե որտեղից է առել։
ՊԵՏ — Իսկ ինչո՞ւ չպիտի հիշի, քանի՞ տարի է անցել, որ չհիշի։
ՏԵՂԱԿԱԼ — Ինձ էլ է թվում։ Եթե ինքն է առել՝ կհիշի։ Ինչո՞ւ չպիտի հիշի։
ՊԵՏ — Երբ որ ուզում ենք մի տեղ գնալ, նվերի հարց է լինում, միշտ էլ կինս է առնում։ Կանայք ճաշակի հարցում ավելի ճիշտ են կողմնորոշվում, քան տղամարդիկ։
ՏԵՂԱԿԱԼ — Քո կարծիքով մեր տանն ո՞վ է առնում։ Մեր տանն էլ կինս է առնում։ Դե զանգահարիր, մի իմանանք որտեղից է վերցրել։
ՊԵՏ — Խնդրեմ, բայց ի՜նչ անհարմար բան է ստացվել։ (Գնում է դեպի դուռը):
ՏԵՂԱԿԱԼ — Ո՞ւր ես գնում, այստեղից զանգահարիր։
ՊԵՏ — Ձեզ չե՞մ խանգարի։ Գնամ, իմ սենյակից ազատ խոսեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Ինձ չես խանգարում, այստեղից զանգահարիր։
ՊԵՏ — (Մոտենում է հեռախոսին: Համար հավաքելուց հետո) Չի միանում։ Ոչինչ, ես հիմա կգնամ իմ սենյակից կզանգահարեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Չէ, մի գնա, նորից փորձիր։
ՊԵՏ — (Խուսանավելով) Ի՞նչ տարբերություն, գնամ իմ սենյակը, իմ սենյակից զանգահարեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Ասացի՝ չէ։ Այստեղից զանգահարիր։
ՊԵՏ — Ճիշտն ասած, չեմ ուզում իմանա, որ ձեր մոտից եմ զանգահարում, հիմա էլ կինս պիտի իրեն վատ զգա։
ՏԵՂԱԿԱԼ — Նա ի՞նչ պիտի իմանա, թե դու որտեղից ես զանգահարում։
ՊԵՏ — Ձայնիցս կիմանա։
ՏԵՂԱԿԱԼ — Ձայնիցդ ո՞նց կիմանա։
ՊԵՏ — Կանանց չգիտե՞ք… Իմանում են:
ՏԵՂԱԿԱԼ — Չեմ հասկանում, ինչո՞ւ չես ուզում զանգահարել։
ՊԵՏ — Ուզում եմ, ո՞վ է ասում, որ չեմ ուզում, ընկեր Ենգիբարյան։
ՏԵՂԱԿԱԼ — Դե որ ուզում ես՝ զանգահարիր։
ՊԵՏ — Զանգահարեմ, ես ասացի՞ չեմ զանգահարի։ Տեսաք՝ չմիացավ։
ՏԵՂԱԿԱԼ — Մի անգամ էլ փորձիր։ (Հեռախոսի զանգ): Մի րոպե, մինիստրն է։ (Վերցնում է լսափողը): Լսում եմ։
ՄԻՆԻՍՏՐԻ ՁԱՅՆԸ — Ի՞նչ պարզվեց, խոսեցի՞ր։
ՏԵՂԱԿԱԼ- Չէ, չհաջողվեց, տանից դուրս է եկել։ Զգուշացրել եմ՝ հենց որ գա, ինքն ինձ կզանգահարի։
ՄԻՆԻՍՏՐ — Բարի։
ՏԵՂԱԿԱԼ — (Լսափողը դնելուց հետո, սպասողական) Ստեփանյան…
ՊԵՏ — Դուք իմ բնավորությունը չգիտե՞ք, ընկեր Ենգիբարյան, ինչո՞ւ եք ուզում պարզ ասեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Եթե գաղտնիք չկա, ասա, ումի՞ց ես թաքցնում։
ՊԵՏ — Ոչ մի գաղտնիք էլ չկա, ես ձեզանից ի՞նչ գաղտնիք պիտի ունենամ։
ՏԵՂԱԿԱԼ – Չկա՝ ավելի լավ, դե զանգահարիր, իմանանք, շատ ես երկարացնում։
ՊԵՏ — Չեմ կարող, ընկեր Ենգիբարյան, մի ստիպեք, ուրեմն մի բան կա, էլի, որ չեմ ուզում այստեղից զանգահարել։ Ձեր ներկայությամբ ճնշվում եմ, ախր ո՞նց հարցնեմ։ Կինս էլ պիտի վատ զգա։ Ուղղակի երևույթն է տգեղ։ Ամեն ինչի վրա թող կասկածեն, սրբապատկերի վրա ինչո՞ւ են կասկածում։ Խանութից չառնենք, գնանք որտեղի՞ց առնենք։
ՏԵՂԱԿԱԼ — Ասա, ասա համարը, ես հավաքեմ։ Ո՞րն էր՝ 04-06, թե՞ 06-04…
ՊԵՏ — Ուրեմն դուք իմ տան հեռախոսի համարը մոռացե՞լ եք, ընկեր Ենգիբարյան։
ՏԵՂԱԿԱԼ — Չեմ մոռացել, ասա՝ 04-06, թե՞ 06-04։
ՊԵՏ — Դե որ գիտեք, էլ ինչո՞ւ եք ինձ հարցնում։
ՏԵՂԱԿԱԼ – Ասա, համարը հավաքեմ, տեսնեմ ոնց չի միանում։
ՊԵՏ — Ախր շատ վիրավորական վիճակ է, ես ձեր ասածից դեռ ուշքի չեմ գալիս։ Եթե կինս իմանա, նրա հետ ինչ կկատարվի, պատկերացնո՞ւմ եք։
ՏԵՂԱԿԱԼ — Իսկ եթե միլիցիայից նորից գան, իմ կինն ի՞նչ պիտի ասի, դու էլ դա պատկերացրու։
ՊԵՏ — (Լեզվով ծլթծլթացնելով) Ի՜նչ անհարմար բան է եղել…
ՏԵՂԱԿԱԼ — (Ձեռքը հեռախոսին) Հը՞… Արագացրու։
ՊԵՏ — Չեմ կարող, ընկեր Ենգիբարյան, մի ստիպեք, խնդրում եմ, թողեք ուշքի գամ։
ՏԵՂԱԿԱԼ — Այստեղից չես զանգահարում, դե գնա քո սենյակից զանգահարիր, այ ընկեր։
ՊԵՏ — Գնամ, մենակ թե կինս տանը լինի։ (Դուրս է գնում):
ՏԵՂԱԿԱԼ — (Նրա գնալուց հետո) Իրեն թվում է, թե հետո չեմ իմանալու՝ զանգահարել է, թե չի զանգահարել։
Վարչության պետի առանձնասենյակը:
ՊԵՏ — (Համարը հավաքելուց հետո, լսափողի մեջ) Ոսկերչյանին…
ԳՈՐԾԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԻ ՁԱՅՆԸ — Ես ձեզ սիրով լսում եմ:
ՊԵՏ — Քարտուղարուհիդ ո՞ւր է, որ դու ես վերցնում։
ՏՆՕՐԵՆ — Արձակուրդում է, արտասահման եմ ուղարկել։ Ինչո՞վ կարող ենք ծառայել հայրենիքին։
ՊԵՏ — Ոսկերչյան, ես քեզ խնդրում եմ շտապ գաս ինձ մոտ, եթե զբաղված չես, իհարկե:
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ նշանակություն ունի, ամեն ինչ թողնեմ, գամ, բայց ի՞նչ հարց է։ Ներողություն, որ հարցնում եմ։ Հո նորից նույն պատմությունը չի՞։
ՊԵՏ — Չէ, չէ, հանգիստ եղիր, հեռախոսով ասելու բան չի, կգաս, կասեմ: Միայն թե՝ արագ…
ՏՆՕՐԵՆ — Հինգ րոպեից ձեզ մոտ եմ։
ՊԵՏ — (Դնում է լսափողը, հետո նորից վերցնում: Համար հավաքելուց հետո) Ալլո…
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ – Ասա:
ՊԵՏ — (Խառնված) Ես եմ։
ԿԻՆ — Ձայնիցդ իմացա, որ դու ես։ Ասա։
ՊԵՏ – Մենա՞կ ես։ Հո ուրիշ մարդ չկա տանը։
ԿԻՆ – Չե՞ս տեսնում, որ չկա։ Ի՞նչ է պատահել, ասա։
ՊԵՏ — Հիմա լսիր՝ ինչ եմ ասում։
ԿԻՆ — (Անհամբեր) Վա՜յ, դե ասա։
ՊԵՏ — Մի երկու տարի առաջ, որ գնացինք մեր մինիստրի տեղակալի՝ Ենգիբարյանի ծննդին, հիշո՞ւմ ես…
ԿԻՆ — (Ընդհատելով) Ո՞նց չեմ հիշում, ասա…
ՊԵՏ — Հետներս մի սրբապատկեր էինք տարել, հիշո՞ւմ ես։
ԿԻՆ — Այո, հիշում եմ, վայ, ինչո՞ւ չպիտի հիշեմ։ Ասա։
ՊԵՏ — Եթե հարցնեն` կասես, որ դու ես առել։
ԿԻՆ — Քանիսո՞վ…
ՊԵՏ — Մի երեք-չորս հազարով…
ԿԻՆ — Դե հիմա ստույգ ասա, որ ասեմ։
ՊԵՏ — Երեք հազարով։
ԿԻՆ — Ո՞վ պիտի հարցնի։
ՊԵՏ — Ոչ մեկր, ասում եմ՝ եթե հարցնեն…
ԿԻՆ — Բայց ախր ի՞նչ է եղել, պարզ ասա, որ հասկանամ։
ՊԵՏ — Ոչ մի բան, կգամ, կասեմ, ինքն էր հետաքրքրվում։
ԿԻՆ — Ինչի՞ համար։
ՊԵՏ — Չիմացա, կգամ, կասեմ։
ԿԻՆ — Որտեղի՞ց եմ առել։
ՊԵՏ — Խանութից։
ԿԻՆ — Ո՞ր խանութից։
ՊԵՏ — Դու ես առել՝ դու որոշիր։ Ես չգիտեմ։
ԿԻՆ — Ի՞նքը պիտի հարցնի։
ՊԵՏ — Չէ, պարտադիր չի, եթե մեկնումեկը հարցնի…
ԿԻՆ — Իսկ եթե ոչ մեկը չհարցնի՞…
ՊԵՏ — Չհարցնեն՝ չես ասի, դա ի՞նչ հարց է, որ տալիս ես։
ԿԻՆ — Դրա՞ համար ես զանգահարել։
ՊԵՏ — Հա, հա, կգամ, կասեմ։
ԿԻՆ — Հիմա ասա:
ՊԵՏ — Հեռախոսով ո՞նց ասեմ։ Դիր լսափողը, գծի մեջ հանկարծ ուրիշ մարդ կընկնի։ Քանի չի ընկել, դիր։
ԿԻՆ — Էլ ո՞նց դնեմ, որ անհանգստացա։
ՊԵՏ — Անհանգստանալու բան չկա, դիր։
ԿԻՆ — Չեմ դնում, ասա, ես կհասկանամ։
ՊԵՏ – Դիր, ասում եմ, մոտս մարդ եկավ։
ԿԻՆ — Դե լավ, գոնե երկու բառով ասա։
ՊԵՏ — Դիր, ասում եմ, կգամ, կասեմ։ Ոչ մի բան էլ չի եղել:
ԿԻՆ — Բա որ չի եղել, էլ ի՞նչ պիտի ասես։ Դե դա ասա։
ՊԵՏ — Դիր, ասում եմ, կգամ, կասեմ։ Ոսկերչյանը հիմա պիտի մոտս գա։
ԿԻՆ — Ի՞նչ Ոսկերչյան։
ՊԵՏ — Գործարանի տնօրենը, դիր։
ԿԻՆ — Լավ, էլի, ասա։
ՊԵՏ — Կգամ, կասեմ, ասում եմ՝ դիր:
ԿԻՆ — Ոսկերչյանից հարցրու գինը, ինքը կիմանա։
ՊԵՏ — Կհարցնեմ։ Դիր։
ԿԻՆ — (Մինչև վերջ կառչած) Մի րոպե…
ՊԵՏ — Չէ, ասացի։ Դու չես դնում, ես կդնեմ։ (Դնում է լսափողը):
ՏՆՕՐԵՆ — (Մտնելով) Կարելի՞ է:
ՊԵՏ – Արի, Ոսկերչյա՛ն։
ՏՆՕՐԵՆ — Բարև՛ ձեզ։
ՊԵՏ — Բարև՛, նստիր։
ՏՆՕՐԵՆ — Իմանամ ինչպես եք, հետո…
ՊԵՏ – Շնորհակալությո՛ւն։ Լավ…
ՏՆՕՐԵՆ — Դուք իրավունք չունեք վատ լինելու, իմ արև։
ՊԵՏ — Ոսկերչյան, դու մի սրբապատկեր էիր բերել իմ ծննդին, դա որտեղի՞ց էիր առել։
ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ սրբապատկեր…
ՊԵՏ — Որ նվեր էիր բերել, է՛, չե՞ս հիշում։
ՏՆՕՐԵՆ — (Վերևից, աղայական) Հիշում եմ, բայց դա ախր ի՞նչ հիշելու բան է, որ հիշեմ կամ չհիշեմ։ Մի հատ էլ է պե՞տք։
ՊԵՏ — Չէ, ուրիշ բանի համար եմ հարցնում։
ՏՆՕՐԵՆ — Եթե պետք է, բերեմ, էլ ինչո՞ւ եք հարցնում, ընկեր Ստեփանյան։
ՊԵՏ — Ուղղակի ուզում եմ իմանալ։
ՏՆՕՐԵՆ — Երբ որ կբերեմ, էն ժամանակ էլ կիմանաք։
ՊԵՏ — Չէ, ասացի… Որ բերել էիր, ես նրա մասին եմ հարցնում։ Որտեղի՞ց էիր առել։
ՏՆՕՐԵՆ — Դե հիմա ի՞նչ կարևոր է, թե որտեղից էի առել։
ՊԵՏ — Եթե հարցնում եմ, ուրեմն կարևոր է, էլի, ինչո՞ւ չես ուզում ասել։
ՏՆOՐԵՆ — Էդպիսի բաները որտեղի՞ց են առնում, ընկեր Ստեփանյան, դուք չգիտեք, ի՞նձ եք հարցնում, կոմիսիոն խանութից, ուրիշ էլ որտեղից…
ՊԵՏ — (Զգուշավոր) Դու էիր առել, չէ՞։
ՏՆՕՐԵՆ — Դե հիմա ինչ կարևոր է՝ ես էի առել, թե ով էր առել։
ՊԵՏ — Ինչ ուզում ես ասա, մենակ թե հանկարծ չասես՝ կինդ է առել։
ՏՆՕՐԵՆ – Անցած-գնացած բան է, ախր ինչո՞ւ եք ուզում իմանալ, հետաքրքիր է:
ՊԵՏ — Ուզում եմ, էլի, ուզում եմ, պետք է։
ՏՆՕՐԵՆ — Իսկ եթե կինս առած լինի, ի՞նչ կլինի որ…
ՊԵՏ — Բայց կինդ չի առել, չէ՞։
ՏՆՕՐԵՆ — Չէ, այ մարդ, ես եմ առել: Իմ կինն ի՞նչ գործ ունի, որ էդ տեսակ բաներով զբաղվի, եղա՞վ։
ՊԵՏ — Որտեղի՞ց էիր առել։
ՏՆՕՐԵՆ — (Մեծահոգաբար, դժգոհ) Էէ՜, լավ, էլի, ընկեր Ստեփանյան, հիմա դրա ժամանա՞կն է։ Նախաճաշի ժամ է, վեր կացեք, մի կողմի վրա գնանք։ Նոր տեղ եմ հայտնաբերել, ես էլ դեռ չեմ գնացել, բայց տղերքը գովում են։
ՊԵՏ — Նստիր, բան եմ ասում։
ՏՆՕՐԵՆ — Խնդրեմ, նստեմ, բայց դե գնանք, էլի, տղերքը գովում են։
ՊԵՏ — Ասա որտեղի՞ց էիք առել, հետո կորոշենք…
ՏՆՕՐԵՆ — (Շրթունքները ծփփացնելով) Ուրեմն դրա՞ համար էիք կանչել։ Կիևից եմ առել, պրծա՞նք… Դե վեր կացեք, գնանք, տղերքը գովում են։
ՊԵՏ — Ինչքա՞ն էիր տվել։
ՏՆՕՐԵՆ — Էէ՜հ, դա՞ էլ պիտի հիշեմ, ինչքա՜ն ժամանակ է անցել։ Մենք մեղք չե՞նք, որ մեր հիշողությունը ամեն բանով ծանրաբեռնենք, վեր կացեք, ընկեր Ստեփանյան, ազնիվ խոսք, գովում են։
ՊԵՏ — Դրսում սպասողներ կան, պիտի ընդունեմ, հիմա չեմ կարող, оրվա վերջին զանգահարիր, գնանք։ Սիրով։
ՏՆՕՐԵՆ — Աչքիս վրա, բայց էս ի՞նչ պատմություն էր՝ չհասկացա։
ՊԵՏ — Մոտ նստիր, ասեմ։ Լսիր, խոսքը մեր մեջ, ասում են՝ դա գողացված է եղել։
ՏՆՕՐԵՆ — (Անակնկալի եկած) Ի՞նչը…
ՊԵՏ — Սրբապատկերը։ Դու ինձ ներիր, իհարկե։
ՏՆՕՐԵՆ — Ո՞վ է ասում։
ՊԵՏ — Միլիցիայից են եկել, ասել։
ՏՆՕՐԵՆ — Որտեղի՞ց է գողացված եղել։
ՊԵՏ — Ի՞նչ իմանամ…
ՏՆՕՐԵՆ — Բա որ գողացված է եղել, էդ ո՞նց են գողացված ապրանքը դրել կոմիսիոնում, ծախել… Ո՞վ է իր գլխից ձեռ քաշել, որ էդպիսի բան անի։ (Սրտնեղելով) Էէ՜, թող հեքիաթներ չպատմեն։
Հեռախոսի զանգ:
ՊԵՏ — Ներողություն։ (Վերցնում է լսափողը): Այո…
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ — Ի՞նչ եղավ, Ստեփանյան, խոսեցի՞ր։
ՊԵՏ — (Զգաստանալով) Զանգահարեցի, տանը չէր, ընկեր Ենգիբարյան։
ՏԵՂԱԿԱԼ — (Բազմանշանակ) Պահո՜, քո կինն է՞լ տանը չի։
ՊԵՏ — Շուկա էր գնացել։ Կգա, նորից կզանգահարեմ։
ՏԵՂԱԿԱԼ – Արագացրու:
ՊԵՏ — Անպայման, հենց հիմա։ (Լսափողը դնելուց հետո) Իրոք Կիևի՞ց ես բերել։
ՏՆՕՐԵՆ – Է՛, հա… (Միջանկյալ) Մինիստրի տեղակալ Ենգիբարյա՞նն էր… Հո սուտ չեմ ասում, մեզ կսազի՞ էս տարիքում… Ես զարմանում եմ՝ էդ ո՞նց են եկել առանց իմանալու ասել` գողացված է եղել։ Ո՞ւմ են երեխայի տեղ դրել (Հեգնալից) Գողացված է եղե՞լ… Թող իրենցից բաներ չհորինեն։ Անդորրագիրը պահել եմ։
ՊԵՏ — (Վեր թռչելով տեղից) Իսկապե՞ս…
ՏՆՕՐԵՆ — (Սնապարծ, վերևից) Բա իհարկե՜…
ՊԵՏ — (Դեռ ուշքի չեկած, հիացմունքով) Կեցցե՜ս… Ի՜նչ հեռատես մարդ ես, Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ – Ես իմ մեռնելու օրը գիտեմ, ժամը չգիտեմ։ (Խրախուսված, ձեռքը տարուբերելով օդում) Հե՜յ-հեյ…
ՊԵՏ — Չես պատկերացնի, թե ինձ ինչքան ուրախացրիր։ Հաստատ պահե՞լ ես։
ՏՆՕՐԵՆ – (Ինքնագոհ) Բա ո՜նց… Իմ սովորությունն է, որ մեծ գումար է լինում, ես միշտ պահում եմ։ Իմ արև…
ՊԵՏ — (Խաղաղված) Փառք աստծո… Մեծ, բայց ինչքա՞ն մեծ…
ՏՆՕՐԵՆ — Ճիշտն ասած, չեմ հիշում: Մեծ ասացի, հո էդքան էլ մեծ գումար չի։ Բայց ախր շատ հին սրբապատկեր է, է՛, եսիմ որ դարի է։
ՊԵՏ — Մոտավորապե՞ս էլ չես հիշում։
ՏՆՕՐԵՆ — Չէ։ Կնայեմ, կասեմ։ Չնայած չեմ ասի։ Նվեր է, հո ուրիշ բան չի, որ գինն ասեմ։ Նվերի մեծն ու փոքրը հո փողով չեն չափում, ընկեր Ստեփանյան։
ՊԵՏ — Համենայնդեպս… Եթե հարցը դրան է հասել, դա էլ պիտի իմանանք: Հարցը հո թղթի կտորը չի։
ՏՆՕՐԵՆ — Էդ միլիցիայի աշխատողներին ուղարկեք ինձ մոտ, ես դրանց պատասխանը կտամ, եթե փորձեն մի անգամ էլ գալ։ Չեն էլ ամաչում… Ինչ որ իրենց պետք է, թող ուրիշ տեղ ման գան, որ գտնեն։ Սխալ փողոց են ընկել։ Իրենց անճարակությունն են ցույց տալիս, պարզ չի՞։ Եկել՝ ձեզ են նեղություն տվել։ Նրանց փոխարեն հիմա ես եմ անհարմար զգում ձեր առաջ:
ՊԵՏ — Այդպիսի բաներ մի ասա, ի սեր Աստծո, դու ի՞նչ մեղք ունես։
ՏՆՕՐԵՆ — Բոլոր դեպքերում…
ՊԵՏ — Բայց դու հիշում ես, չէ՞, դա երբ էր, որ բերեցիր։
ՏՆՕՐԵՆ — Ոնց չեմ հիշում, եղա՞վ։ Գլխավոր ինժեներ էի աշխատում, հետո ինձ առաջ քաշեցիք իմ տեղը։
ՊԵՏ — Արժանի չլինեիր՝ առաջ չէինք քաշի, պարզ չի՞։ Ամեն մարդու խելքի բա՞ն է ձեռնարկություն ղեկավարելը։
ՏՆՕՐԵՆ — Ձեր թույլտվությամբ ես հիմա գնամ, մի երկու ժամից կզանգահարեմ, դուրս կգաք։
ՊԵՏ — Եթե անդորրագիրը բերեիր, լավ կլիներ:
ՏՆՕՐԵՆ — Բերեմ։ Բայց արժի՞, որ դրա համար մեկ էլ տուն գնամ։
ՊԵՏ — Վարորդիդ ուղարկիր։
ՏՆՕՐԵՆ — Կուղարկեմ։ Բայց ախր կինս չի իմանա… Իմ դրած բանի տեղը ես գիտեմ։ Մի անհանգստացեք, ընկեր Ստեփանյան, վայ… էսօր չեղավ, վաղը կբերեմ: Եկել, խելքից դուրս մի բան են ասել, գնացել։ Մեկ էլ կգան թե չեն գա՝ հայտնի չի։ Կամ գալիս են՝ թող գան, անդորրագիրը հո կա։ Ես էլ ասացի ինչ է պատահել… Համենայնդեպս, ես ներողություն եմ խնդրում, որ եկել, անհանգստացրել են։ (Կտրուկ անցումով) Գնանք, տեսնենք դա ինչ տեղ է։ Տղերքը շատ են գովում։ Եթե իսկապես կարգին տեղ եղավ, մյուս անգամ մինիստրին էլ կտանենք հետներս։ (Նորից անցումով) Հանգիստ եղեք, ո՜նց թե… Մի քիչ շատ խոսեցինք էդ թեմայով, երկու ժամից զանգահարում եմ։
ՊԵՏ – Զանգահարիր:
ՏՆՕՐԵՆ — Առայժմ։ (Գնում է):
Հեռախոսի զանգ:
ՊԵՏ — Լսում եմ։
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ – Հը՞, ի՞նչ եղավ, Ստեփանյան։ Կինդ շուկայից չեկա՞վ։
ՊԵՏ – (Բարձր տրամադրությամբ) Եկավ, ընկեր Ենգիբարյան, հենց նոր խոսեցի, ես էլ ձեզ էի զանգահարում։
ՏԵՂԱԿԱԼ – Հետո՞…
ՊԵՏ — Կոմիսիոն խանութից է առել, Կիևից, անդորրագիրը պահել է։
ՏԵՂԱԿԱԼ — Ինչ լավ բան ասացիր։ Պահե՞լ է, իրոք։
ՊԵՏ — (Խանդավառված) Ազնիվ խոսք…
ՏԵՂԱԿԱԼ — Ապրես, խելացի կին ունես, Ստեփանյան, ո՜նց է պահել:
ՊԵՏ — Բնավորություն է, ի՞նչ ասեմ… Ես էլ զարմացա: Ասում է, որ խոշոր գումարի գնումներ է անում, միշտ էլ պահում է։
ՏԵՂԱԿԱԼ — Ե՞րբ կբերես, որ մեկ էլ գան, կինս ցույց տա, թողնեն գնան։
ՊԵՏ — Վաղը կբերեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Չմոռանաս։
ՊԵՏ — Չէ, ընկեր Ենգիբարյան, մատիս արդեն նշան եմ արել։ Ուղղակի ձեզնից եմ անհարմար զգում, որ այդպիսի բան է պատահել։
ՏԵՂԱԿԱԼ — Անհարմար զգալու բան չկա։ Պայմանավորվեցինք։
ՊԵՏ — Անպայման։ (Դնում է լսափողը: Հեռախոսի զանգ) Լսում եմ։
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Հիմա չե՞ս ասում՝ ինչ է եղել:
ՊԵՏ — Ոչ մի բան էլ չի եղել, կգամ, կասեմ։
ԿԻՆ — Հիմա ասա, հազար բան եմ մտածում իզուր տեղը։
ՊԵՏ — Հիմա չեմ կարող, վահ…
ԿԻՆ — Կարո՞ղ է Ենգիբարյանը գլխի է ընկել, որ Ոսկերչյանի բերածն ենք տարել։
ՊԵՏ — (Կանխելով) Սուս, սուս, սխալ բաներ չխոսես։ Ես քեզ քանի՞ անգամ եմ ասել, որ հեռախոսով ամեն բան չեն խոսի։ Ոչ մի Ոսկերչյան էլ չի բերել, անձամբ դու ես առել Կիևից, անդորրագիրն էլ պահել ես։ Կբերեմ, ցույց կտամ։
ԿԻՆ — Չհասկացա։
ՊԵՏ — Կգամ, կասեմ, կհասկանաս։
Մինիստրի տեղակալի առանձնասենյակը: Հեռախոսի գանգ:
ՏԵՂԱԿԱԼ — (Վերցնում է լսափողը) Այո…
ՄԻՆԻՍՏՐԻ ՁԱՅՆԸ — (Հանդիմանական) Ենգիբարյան, ձայնդ չի լսվում…
ՏԵՂԱԿԱԼ — Հենց նոր խոսեցի կնոջս հետ։ Լսափողը դրեցի, որ գամ ձեզ մոտ, դուք զանգահարեցիք, ընկեր Մուրադյան։ Կոմիսիոն խանութից է առել, Կիևից, անդորրագիրը պահել է։
ՄԻՆԻՍՏՐ — Ավելի լավ։
ՏԵՂԱԿԱԼ — Բայց ինձ հետաքրքրում է, թե այդ միլիցիայի աշխատողը ով է եղել, որ այդքան համարձակություն է ունեցել մինիստրի տուն մտնի: Ո՜ւր հասանք…
ՄԻՆԻՍՏՐ — Անդորրագիրը պահիր:
ՏԵՂԱԿԱԼ — Անխոս։ Տեղը եկավ՝ աչքն եմ խոթելու։ Չնայած չեմ կարծում, որ նորից գա։
ՄԻՆԻՍՏՐ – Բարի:
Մինիստրի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՄԻՆԻՍՏՐ — (Լսափողի մեջ) Լսում եմ, ասեք…
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Ես եմ։ Էլի եկավ։
ՄԻՆԻՍՏՐ — Ո՞վ եկավ։ Պարզ ասա, արագ…
ԿԻՆ — Միլիցիայի աշխատողը՝ մի լուսանկարչի հետ։ Լուսանկարեցին, ներողություն խնդրեցին, գնացին։
ՄԻՆԻՍՏՐ — Ես քեզ ի՞նչ ասացի… Չասացի՞ դուռը չբացես:
ԿԻՆ – Ասաց՝ էլի ես եմ, ո՞նց չբացեի։ Ասաց՝ չենք ուզում սրբապատկերը տանել, լուսանկարում ենք, որպեսզի լուսանկարի միջոցով իմանանք՝ սա է, թե սա չի։
ՄԻՆԻՍՏՐ — (Սաստկացող ձայնով) Ինչ որ իրենց պետք է, թող գնան ուրիշ տեղ որոնեն անշնորհքները։ Կիևից է գնված, անդորրագիրը պահված է, թող իզուր տեղը համը չհանեն։ Մյուս անգամ եթե գան, չբացես։
ԿԻՆ — (Խառնված, մտահոգ) Հիմա ես դրա մասին չեմ մտածում, մի՛ դիր լսափողը, մի րոպե լսիր, ես ուրիշ բանի մասին եմ մտածում։ Եթե դա չենք տանելու Ահարոնյանի ծննդին, բա ի՞նչ ենք տանելու, դա ասա։
ՄԻՆԻՍՏՐ — Կգամ, կասեմ, հիմա դրա ժամանակը չի։ Դա կտանենք: (Դնում է լսափողը):
Գործարանի տնօրենի առանձնասենյակը: Մտնում է ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐԸ:
ԳԼԽԱՎՈՐ ԻՆԺԵՆԵՐ — Ինձ կանչե՞լ եք, ընկե՜ր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ — Այո, կանչել եմ։ Մինիստրությունից եմ գալիս: Նստիր: Ո՞նց են գործերը։
ԻՆԺԵՆԵՐ — Գիտեք, ի՞նչ ասեմ… Հումք չկա, վերևից էլ սեղմում են՝ պատրաստի արտադրանք են ուզում։ Գլխավոր ինժեները գլուխը ո՞ր քարին տա։ Սա եղավ գո՞րծ…
ՏՆՕՐԵՆ — Ինչ գնով էլ ուզում է լինի՝ կատարողականի ճեղքվածքը պիտի վերացվի։ Դա՝ հետո… Ուրիշ բանի համար եմ կանչել։ Բաբլոյա՛ն, հիշո՞ւմ ես, իմ ծննդյան օրը դու մի սրբապատկեր էիր բերել, դա որտեղի՞ց էիր առել։
ԻՆԺԵՆԵՐ — (Շփոթված) Խանութից… Ինչի՞ համար եք հարցնում, ընկե՛ր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ — Ո՞ր խանութից։
ԻՆԺԵՆԵՐ — (Մտածկոտ) Որ… Էն խանութից, էլի: Խաչմերուկի կոմիսիոն խանութից:
ՏՆՕՐԵՆ — Ո՞ր խաչմերուկի։
ԻՆԺԵՆԵՐ — Մետրոյի կայարանի մոտի։
ՏՆՕՐԵՆ — Կայարանի անունն ասա, որ իմանամ։
ԻՆԺԵՆԵՐ — Դժվար թե հիմա էլ լինի, հավատալս չի գալիս։ Պիտի պատահական մտնես՝ հանդիպի։ Թե չէ որ ասեմ միշտ էնտեղ դրված լինում է, երբ ուզես՝ կգնաս կառնես, սուտ կլինի։ Նոր էին բերել, չթողեցի էլ ձևակերպեն, տեղնուտեղը ձեռքս դրի վրան, վերցրի:
ՏՆՕՐԵՆ — Ինչքանո՞վ։
ԻՆԺԵՆԵՐ — Հիմա դա կարևո՞ր է, ընկեր Ոսկերչյան։ Նվերի գինը չեն հարցնում։
ՏՆՕՐԵՆ — Չէ, ես ուզում եմ իմանալ իմ հետաքրքրության համար։
ԻՆԺԵՆԵՐ — Լավ, էլի, ընկեր Ոսկերչյան, վիրավորվում եմ, այ…
ՏՆՕՐԵՆ — Կարո՞ղ է չես հիշում։
ԻՆԺԵՆԵՐ — Հիշում եմ, ինչո՞ւ չեմ հիշում, ինչո՞ւ պիտի չհիշեմ։
ՏՆՕՐԵՆ — Դե լավ, ասա, ընկերական եմ հարցնում։
ԻՆԺԵՆԵՐ — Ուզո՞ւմ եք հետաքրքրվեմ, եթե ստացած լինեն, ես ձեզ կասեմ։ Կամ ուզո՞ւմ եք, միասին գնանք նայենք։ Վարիչի հեռախոսի համարը ինձ մոտ պիտի լինի։ Իմանամ, ձեզ ասեմ։ (Գնում է դեպի դուռը):
ՏՆՕՐԵՆ — Սպասիր, ո՞ւր ես գնում, նրա համարն ինձ պետք չի։
ԻՆԺԵՆԵՐ — Գնամ զանգահարեմ, գամ ձեզ ասեմ:
ՏՆՕՐԵՆ — Պետք չի, ասում եմ, սպասիր։ Մեկը եկել էր տուն,- մոտիկ մարդ էր,- տեսավ, դուր եկավ իրեն, գինն էր ուզում իմանալ։ Ասացի՝ ճիշտն ասած, նվեր են բերել իմ ծննդյան օրը, ես էլ չգիտեմ, կհարցնեմ, կիմանան:
ԻՆԺԵՆԵՐ — (Քմծիծաղով) Եթե այդքան շատ է դուր եկել, իմ հեռախոսի համարը տվեք, թող ինձ զանգահարի, ես կասեմ:
ՏՆՕՐԵՆ — Եղա՞վ։ Խա՞ղ ենք անում, այ տղա, երեխա հո չես։ Ասա ինչքանով ես առել, ասեմ մարդուն։ Ինչո՞ւ ես իզուր տեղը բարդացնում։ Ինչ է, ես չգիտե՞մ, որ թանկ արժի:
ԻՆԺԵՆԵՐ — Ինձ անհարմար վիճակի մեջ եք դնում, ընկեր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ — Դու ես ինձ անհարմար վիճակի մեջ դնում էն մարդու առաջ։
ԻՆԺԵՆԵՐ – Ո՞վ է, ի՞նչ մարդ, է, չեք ուզում՝ ինքն ինձ զանգահարի, հեռախոսի համարը տվեք, ես զանգահարեմ։
ՏՆՕՐԵՆ — Ախր ինչո՞ւ դու զանգահարես, որ ես կասեմ։ Դու նրան շատ ե՞ս ճանաչում, որ ասես։
ԻՆԺԵՆԵՐ – (Խորամանկ ժպիտով) Խո՞սք եք քաշում, ընկեր Ոսկերչյան։ (Բազմանշանակ) Կարծում եք, թե չգիտե՞մ։ Ինչո՞ւ մինչև հիմա չէիք հարցնում, հանկարծ հիմա հարցրիք։
ՏՆՕՐԵՆ — Մինչև հիմա էդ մարդը չէր եկել իմ տուն, հիմա է եկել, հիմա եմ հարցնում, իրավունք չունե՞մ։
ԻՆԺԵՆԵՐ — Ախր նվերի գինը ո՞վ է ասում, որ ես ասեմ: Ուրեմն մինչև հիմա դուք ինձ չե՞ք ճանաչել, ընկեր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ — Եթե չճանաչեի, քեզ ժամանակին գլխավոր ինժեներ չէի նշանակի, հասկացա՞ր։
ԻՆԺԵՆԵՐ — (Խոցված մինչև հոգու խորքը) Դիմում կտամ, կգնամ, ձեզնից հարազատ ես ուրիշ մարդ ունե՞մ, որ դուք ինձ էդպիսի հարց եք տալիս։ Ուրեմն մինչև հիմա չե՞ք զգացել, որ առանց ձեզ ես գոյություն չունեմ։ Եթե դուք չլինեիք, ես ո՞ւմ եմ պետք: Ինձ պաշտոն պետք չի, ի՜նչ գլխավոր ինժեներ… Ուզում եք՝ որպես ցրիչ պահեք, մենակ թե ձեզ հետ աշխատեմ։
ՏՆՕՐԵՆ — (Նախահարձակ է լինում՝ բարձրացնելով ձայնը) Մենակ դու ես վրա-վրա խոսում, ինձ չես լսում: Բաբլոյան, լսիր՝ ես ինչ եմ ասում։
ԻՆԺԵՆԵՐ — (Խռովված) Չէ, եթե դուք ինձ էդպես եք հասկացել, ես կթողնեմ կգնամ։
ՏՆՕՐԵՆ — (Բռնկվելով) Դերասանություն ես անում, այ տղա։
ԻՆԺԵՆԵՐ — Ո՞վ, ես եմ դերասանություն անում, հա՞… Ո՞ւմ հանդեպ։ Ձե՞ր հանդեպ… Կարծում եք չգիտե՞մ, թե այդ հարցն ինչու եք հիմա ինձ տալիս։ Որովհետև փոխել եք ձեր վերաբերմունքն իմ նկատմամբ։
ՏՆՕՐԵՆ — Եղա՞վ։
ԻՆԺԵՆԵՐ — Դե որ չեղավ, էն ժամանակ հարցնեիք, ինչո՞ւ եք հիմա հարցնում։
ՏՆՕՐԵՆ — Հարցրել են՝ հարցնում եմ։ Քո կարծիքով այդ մարդուն ի՞նչ պատասխանեի։ Կամ եթե դու լինեիր իմ տեղը, ի՞նչ պիտի ասեիր։
ԻՆԺԵՆԵՐ – Ասեիք՝ նվիրել են, չգիտեմ, վերջացավ գնաց։
ՏՆՕՐԵՆ — Եթե մարդը խնդրում է, որ իմանա, դրան ի՞նչ կասես։
ԻՆԺԵՆԵՐ — (Բորբոքվելով) Ուրեմն էդ մարդը չգիտի՞, որ նվերի գինը չեն հարցնում։ Ախր նա ինչո՞ւ պիտի ձեզ էդպիսի բան ասեր։
ՏՆՕՐԵՆ — Դե հիմա որ ասել է, ասեմ՝ չի՞ ասել։
ԻՆԺԵՆԵՐ — Ասենք թե նա հարցրեց, դուք ինչո՞ւ եք ինձ հարցնում, ընկեր Ոսկերչյան։ (Ընդվզելով) Մինչև հիմա ինձ չեք ճանաչել, նո՞ր պիտի ճանաչեք։ (Թափահարելով ձեռքը) Խառնում են մեզ, չեն թողնում աշխատենք, չեն թողնում։
ՏՆՕՐԵՆ — Սխալ բաներ չխոսես:
ԻՆԺԵՆԵՐ — Ես սովո՞ր եմ, որ էսպիսի պայմաններում աշխատեմ:
ՏՆՕՐԵՆ — (Սաստող) Չխոսես, ասում եմ։
ԻՆԺԵՆԵՐ — Եթե ինձ էլ չեք վստահում, ո՞ւմ պիտի վստահեք։ Բա դուք էդ մա՞րդն եք, որ ինձ էդպիսի հարց տաք։ Դուք ինձնից մոտ մա՞րդ ունեք:
ՏՆՕՐԵՆ — (Համբերությունը հատած) Ինչ է, հիմա ուզում ես ներողություն խնդրե՞մ։ Չես ասում՝ մի ասա, էլ ինչո՞ւ ես երկարացնում։ Մի բան ասացինք՝ կրակն ընկանք, տո։
ԻՆԺԵՆԵՐ — (Լարված): Չէ, ես չէի սպասի։ Այսինքն՝ զգում էի որ…
ՏՆՕՐԵՆ — (Պոռթկալով) Ի՞նչ էիր զգում, է՜, ի՞նչ էիր զգում…
ԻՆԺԵՆԵՐ — Զգում էի, էլի, զգում էի…
ՏՆՕՐԵՆ — (Ոխով, աչքերը ոլորելով վրան) Լսիր, Բաբլոյան, քեզնից բաներ մի՛ հորինիր։ Մոտ մարդ է, խոստացել եմ ասել: Չեմ էլ ասել, որ իմ գլխավոր ինժեներն է ծննդիս նվեր բերել։ Հարցրեց՝ բերողր մո՞տ մարդ է, ասացի՝ շատ: Ասաց՝ դե եթե այդքան մոտ մարդ է, գուցե չվիրավորվի, եթե հարցնես։ Հիմա դու ինձ քեզնից հեռացնում ես, այ տղա։
ԻՆԺԵՆԵՐ — Ե՞ս եմ հեռացնում, թե՞ դուք, ընկեր Ոսկերչյան։ Եթե դուք ձեզ ինձնից հեռացնեք էլ, ես ձեզնից կհեռանա՞մ։ Հեռանամ՝ ո՞ւր գնամ… Ես ինձնից հեռանամ՝ ձեզնից ո՞նց հեռանամ։
ՏՆՕՐԵՆ — Դե հիմա դու պատկերացրու, թե ես ինչքան եմ քեզ սրտիս մոտ ընդունում, որ հարցնում եմ՝ քանիսով ես առել։ Եթե ուրիշը բերած լիներ՝ ես կհարցնեի՞։ Էն էլ ո՞վ, ե՞ս հարցնեմ… Ո՞ւմ հարցնեմ… Եղա՞վ։
ԻՆԺԵՆԵՐ — Շնորհակալ եմ, ընկեր Ոսկերչյան։ Ես դեռ ինձ չեմ գտնում, գիտե՞ք։ Ճնշումս մի քիչ բարձրացավ։
ՏՆՕՐԵՆ — Բա որ դու էդքան նրբազգաց մարդ ես եղել, ինչո՞ւ չես ասել, որ իմանանք։
ԻՆԺԵՆԵՐ — Ես նրբազգաց չեմ, նայած ում նկատմամբ…
ՏՆՕՐԵՆ — Երևակայիր՝ մինչև հիմա ես չեմ իմացել, որ դու էդքան փխրուն սիրտ ունես։ (Նախատինքով) Սիրտդ մի՛ բռնիր, լավ… Ինձ թվում է՝ մենք արդեն իրար հասկացանք։ Ընդունում եմ իմ սխալը. ես հյուրիս չպիտի ասեի՝ կհարցնեմ կիմանամ։ Բայց քանի որ արդեն խոստացել եմ՝ երկրորդ սխալը կլինի իմ կողմից, եթե չիմանամ։
ԻՆԺԵՆԵՐ — Չեմ ասի, ընկեր Ոսկերչյան, չեմ ասի, դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել։ Ես իմ առած նվերի գինն ասե՞մ, էն էլ ո՞ւմ՝ ձե՞զ:
ՏՆՕՐԵՆ — Չեղավ, ուրեմն դու էն մարդու առաջ ես ինձ անհարմար վիճակի մեջ դնում։ Բա ես որևէ մեկին՝ ով ուզում է լինի, մի բան խոստանամ ու չանե՞մ:
ԻՆԺԵՆԵՐ — Ո՞նց ասեմ, է՜, ո՞նց ասեմ… Եթե ասեմ, ուրեմն ես էլ ես չպիտի լինեմ։ Էլի վիրավորեիք, բայց այդքան խորը չվիրավորեիք։ Ոնց էի ձեզ հավատում, այսինքն հիմա էլ եմ հավատում, բայց կարծել եմ, թե դուք էլ ինձ եք հավատում: Արժե՞ր, որ մեր մեջ էսպիսի խոսակցություն լիներ։ Շատ եմ վիրավորված, շատ… (Ընկճված) Կարելի՞ է ես գնամ։
ՏՆՕՐԵՆ – Ո՞ւր գնաս, ա՛յ ընկեր: Ասա, իմանամ, նոր գնա: Մարդուն խոստացել եմ, չեմ կարող չասել, հասկացիր: Վերջապես մարդ ես, իմ դրության մեջ էլ մտիր: Տեսար, որ իմ սխալն ընդունեցի, էլ ի՞նչ անեմ, որ հավատաս, վայ… Արագացրու։ Ինձ մինիստրություն են կանչել, ես հիմա պիտի գնամ։ (Սպասողական) Բաբլոյան… Հը՞…
ԻՆԺԵՆԵՐ — (Հոգուն հասած) Քանի տարի է անցել, նո՞ր եք հարցնում, ընկեր Ոսկերչյան։ Ես գիտեմ, թե ով է ձեզ տրամադրել իմ դեմ։ Չէ, ես էլ չեմ աշխատի, չեմ աշխատի, դիմում կտամ, կգնամ։ (Գնում է դեպի դուռը):
ՏՆՕՐԵՆ — (Ետևից, խառնված) Բաբլոյան… Ո՞ւր ես գնում, մի րոպե սպասիր։ Հե՛տ արի, ասում եմ… Բաբլոյան…
Ընդմիջում, որ կարող է լինել կամ չլինել:
Գլխավոր ինժեների առանձնասենյակը: Հեռախոսի զանգ: Լսափողը չի վերցնում: Մտնում է ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏԸ:
ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ՊԵՏ — (Ուշադրություն հրավիրելով) Հեռախոսը, ընկեր Բաբլոյան…
ԻՆԺԵՆԵՐ — Գիտեմ ով է, դրա համար չեմ վերցնում։ (Հնչում է զանգը զանգի ետևից) Դուռը ներսից բանալիով փակիր։ (Արտադրամասի պետը փակում է: Զանգերը դադարում են): Ո՞նց ես։
ՊԵՏ — Դուք ինձնից լավ գիտեք, հումք չկա, պարզ չի՞ ոնց պիտի լինենք:
ԻՆԺԵՆԵՐ — (Հանկարծակի մտաբերելով) Հա, իմիջիայլոց, լավ էր, որ հիշեցի։ Կինս խնդրեց, ասաց՝ Գագոյից հարցրու, նա կիմանա։ Մի անգամ մի սրբապատկեր էիր բերել իմ ծննդյան օրը, որտեղի՞ց էիր առել, կարո՞ղ է հիշես։
ՊԵՏ — Երևի կոմիսիոն խանութներում են ծախում, ինչ ասեմ։ Չէի առել, ես ունեի, ընկեր Բաբլոյան։ Աչքս բացել՝ դա մեր տանն եմ տեսել։ Տատս, ողորմի իրեն, ամեն առավոտ-իրիկուն կանգնում էր դրա առաջ ու մրմնջալով աղոթում։ (Վերարտադրում է տատի աղոթքը՝ «Հայր մերը»): Գիտե՞ք՝ քանի հարյուր տարվա սրբապատկեր է։ Մեր տան թալիսմանն էր։
ԻՆԺԵՆԵՐ — Թալիսմանը բա կնվիրե՞ն, է՜է՜հ, լավ չես արել: Իմանայի՝ չէի վերցնի:
ՊԵՏ — Ի՞նչ տարբերություն՝ մեր տանը, թե ձեր տանը։ Տատս էլ որ չկա՝ ինչի՞ համար մնա, ո՞ւմ համար մնա։ Շատ էի սիրում տատիս, ողորմի իրեն, հազար ողորմի։ Ասացի՝ մի մնայուն բան տանեմ ախպորս ծննդին, որ հիշի:
ԻՆԺԵՆԵՐ — Ինչքան հիշում եմ՝ էլի արտադրամասի պետ էիր, եթե չեմ սխալվում։
ՊԵՏ — Չէ, դեռ իմ հին տեղում էի, դուք էիք արտադրամասի պետ։ Ձեզ գլխավոր ինժեներ նշանակեցին, դուք էլ իմ թեկնածությունը տվիք, ինձ արտադրամասի պետ նշանակեցին։
ԻՆԺԵՆԵՐ — Քեզնից հարմար թեկնածու չկար, բա էլ ո՞ւմ թեկնածությունն առաջադրէի: (Հեռախոսի զանգ): Ոսկերչյանն է… (Վերցնում է լսափողը): Ես եմ…
ՏՆՕՐԵՆԻ ՁԱՅՆԸ — Գիտեմ, որ դու ես։ Բաբլոյան, արի մի րոպեով։
ԻՆԺԵՆԵՐ — Գալիս եմ։ (Լսափողը դնելուց հետո, արտադրամասի պետին) Կանչեց։
ՊԵՏ — Եթե պետք է, ես հետաքրքրվեմ, իմանամ որտեղ են ծախում։
ԻՆԺԵՆԵՐ — Դու մի րոպե նստիր, օրվա թերթերն աչքի անցկացրու, ես հիմա գալիս եմ։ (Գնում է):
ՊԵՏ — (Նրա գնալուց հետո, ձեռք՚ն առնելով թերթերն ու ամսագրերը) Ի՞նչ կա, որ ինչ աչքի անցկացնեմ։
Տնօրենի առանձնասենյակը:
ԻՆԺԵՆԵՐ — (Մտնելով) Կարելի՞ է:
ՏՆՕՐԵՆ — Արի, նստիր։ Երեխա՞ ես, այ տղա, խռովում, թողնում գնում ես։ Զանգահարում եմ՝ չես էլ վերցնում լսափողը։ Եղա՞վ։
ԻՆԺԵՆԵՐ — Ե՞րբ… (Տարակուսանքով) Սենյակում չեմ եղել։
ՏՆՕՐԵՆ — Ես չէի կարծում, որ էդ հասարակ հարցը պատմություն կդարձնեիր։ Էնպիսի մարդ է խնդրել, որ ուզում եմ իմանալ։ Առել ես՝ ասա որտեղից ես առել. դրա մեջ ի՞նչ վիրավորական բան կա, որ թողնում, գնում ես։
ԻՆԺԵՆԵՐ – Դուք ինձ ստիպում եք, որ ձեր առաջ սո՞ւտ խոսեմ։ Չեմ առել, ընկե՛ր Ոսկերչյան, չեմ առել, տանն ունեցել, բերել եմ: Չէի ուզում ասել, ստիպում եք՝ ասում եմ:
ՏՆՕՐԵՆ — (Զարմացած) Իսկապե՞ս։ (Ինքն իրեն, մտահոգ): Լավ չեղավ։ Հարցերը գնալով բարդանում են։ Հիմա ես ի՞նչ պիտի ասեմ: (Ինժեներին) Այդտեղ ի՞նչ մի վատ բան կար, որ չէիր ուզում ասել։ Եղա՞վ:
ԻՆԺԵՆԵՐ — Դե չէի ուզում, նրբություններ կան, էլի, ընկե՛ր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ — Տանը որտեղի՞ց էր հայտնվել։ Մի տեղից բերել են, չէ՞։
ԻՆԺԵՆԵՐ — Չգիտեմ, մանկությունից տեսել եմ մեր պատից կախած։ Ով է բերել, որտեղից է բերել, ինձ հայտնի չի: Մենակ հիշում եմ, որ ողորմածիկ տատս առավոտից իրիկուն կանգնում էր դրա առաջ ու մրմնջալով աղոթք անում։ (Վերարտադրում է Տերունական աղոթքը): Մեր տան թալիսմանն էր։
ՏՆՕՐԵՆ — Չեղավ, չեղավ, լավ չես արել, որ բերել ես:
ԻՆԺԵՆԵՐ — Այ, ես գիտեի, որ դուք դա կասեք։ Դրա համար էլ չէի ուզում ասել։ Ով գիտի, քանի տարի մեր տանն է եղել, հիմա էլ թող ձեր տան թալիսմանը լինի, ընկե՛ր Ոսկերչյան։ Հո կորած տեղ չի։
ՏՆՕՐԵՆ — Բաբլոյան, էնպիսի բան ասացիր, որ հիմա ախր չեմ ուզում քեզ հիասթափեցնել։
ԻՆԺԵՆԵՐ — (Միանգամից, անհանգստացած) Ի՞նչ է եղել։
ՏՆՕՐԵՆ — Միլիցիայից եկել, ասել են՝ դա գողացված է եղել։
ԻՆԺԵՆԵՐ — (Ցնցվելով) Ո՞նց թե… Կարո՞ղ է դա իմ բերածը չի։
ՏՆՕՐԵՆ — Քո բերածն է։ Եղա՞վ։ Հո իմ ծննդին հարյուր սրբապատկեր չեն բերել։
ԻՆԺԵՆԵՐ — (Գլուխը բռնելով) Էդ ի՞նչ ասացիք, ընկե՛ր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ — Դե լավ, լավ, ի՞նչ ես քեզ կորցրել։ Եղա՞վ։ Գուցե թյուրիմացություն է, համբերիր, իմանանք, հետո…
ԻՆԺԵՆԵՐ — (Պայթելով) Ի՞նչն է գողացված, էն սրբապատկե՞րը, որ տատս առաջը կանգնած աղոթել է։ Էդ ի՞նչ ասացիք, ընկե՛ր Ոսկերչյան։
ՏՆՕՐԵՆ – Ինչ որ ինձ ասել են, դա եմ ասում։
ԻՆԺԵՆԵՐ — (Մինչև վերջ խոցված) Չէ, չէ, դուք էդ բանը ինձ չպիտի ասեիք։ Ինչ էլ լիներ, չպիտի ասեիք։
ՏՆՕՐԵՆ – Տեսար՝ չէի ասում, բայց վաղ թե ուշ պիտի ասեի՞, թե չէ։ Ավելի լավ, իմացա, ես էլ հանգստացա։ Մարդ ես, կարող էիր և չիմանալ գողացված է՝ առնել։
ԻՆԺԵՆԵՐ — Ուրեմն ձեր մտքով կարող էր էդպիսի բան անցնե՞լ։ Ես չգիտե՞մ ինչը ուր եմ տանում։
ՏՆՕՐԵՆ — Եղա՞վ։ Մեծ աշխարհ է, ինչ կա որ, ամեն ինչ էլ կարող է պատահել։ Ինչո՞ւ ես դու ուրիշ բան մտածում։ Ասացիր՝ իմացանք, վերջ։ Ուշացա, ես գնում եմ մինիստրություն, ինչ եղավ-չեղավ՝ մոռացիր։ Մի ընկճվիր, այ տղա։ Գլուխդ բարձր… Եղա՞վ։
ԻՆԺԵՆԵՐ — Հե՞տ եք գալու։
ՏՆՕՐԵՆ — Չէ, երևի էլ չհասցնեմ։ Ցե… (Դուրս է գնում, ետևից՝ գլխավոր ինժեները):
Գլխավոր ինժեների առանձնասենյակը: Արտադրամասի պետը օրվա թերթերն ու ամսագրերն է շուռումուռ տալիս: Ամսագրերից մեկում ինչ-nr նկարի է հանդիպում՝ բռնկվում ծիծաղով: Մտնում է գլխավոր ինժեները:
ԻՆԺԵՆԵՐ — Հո չռւշացա։
ՊԵՏ — (Մի կերպ զսպելով ծիծաղը) Չէ։ (Նորից է բռնկվում ծիծաղով՝ հայացքը չկտրելով նկարից):
ԻՆԺԵՆԵՐ — (Կանգնած ակնապիշ նայում է, ժպտալով) Ի՞նչ է եղել:
ՊԵՏ — (Ցույց տալով նկարը, խեղդվելով ծիծաղից) Նրա… (Ուզում է խոսել, չի կարողանում զսպել իրեն):
ԻՆԺԵՆԵՐ — (Վարակվելով նրանից) Ասա՝ ես էլ իմանամ։
ՊԵՏ — Սրա… (Չի հասցնում մինչև վերջ ավարտել խոսքը):
ԻՆԺԵՆԵՐ — (Ծիծաղի միջից) Դրա՝ ի՞նչ… (Ծիծաղում է քահ-քահ):
ՊԵՏ – Սրա… (Չի կարողանում տիրապետել իրեն):
ԻՆԺԵՆԵՐ – Դրա՝ ի՞նչ… (Չհաղթահարելով իրեն՝ նորից միանում է նրան):
ՊԵՏ — (Մի կերպ տիրապետելով իրեն, ցույց տալով նկարը) Սրա վրա եմ ծիծաղում։
ԻՆԺԵՆԵՐ — (Պայթում է ծիծաղից) Դե լավ, հանգստացիր:
Ծիծաղում են մինչև արցունքոտվելը:
ՊԵՏ — (Սրբելով արցունքները) Վայ, արա… Մեջքս ցավեց:
ԻՆԺԵՆԵՐ — Իմն էլ։ Դե լավ, վերջացրու, բան եմ ասում: (Շարունակում է ծիծաղել):
ՊԵՏ — Ներողություն, ընկե՛ր Բաբլոյան։ Ասեք։
ԻՆԺԵՆԵՐ — Գագո, Ոսկերչյանը կանչեց, չհասցրի ասել։ (Ծիծաղի միջից) Հիմա պիտի ասեմ։
ՊԵՏ — Ասեք։
Հռհռում են՝ վերստին բռնկված անզուսպ ծիծաղով:
ԻՆԺԵՆԵՐ — Լրջացիր, այ տղա, բան եմ ասում։
ՊԵՏ — Ասում եմ՝ ասեք։
ԻՆԺԵՆԵՐ — Թողնո՞ւմ ես, որ ասեմ։ Միլիցիայից եկել, կնոջս են ասել… Քո բերած սրբապատկերը, որ տատդ առաջը կանգնած աղոթել է, բանից պարզվում է, գողացված է եղել։
ՊԵՏ — (Ապշանքով) Ի՜…
ԻՆԺԵՆԵՐ — Ազնիվ խոսք:
ՊԵՏ — Օրորոցում աչքս բացել, դա մեր պատին եմ տեսել, իրենց ձե՞ռ են առնում:
ԻՆԺԵՆԵՐ — Ինչ իմանամ, գուցե թյուրիմացություն է։
ՊԵՏ — Ոչ թե գուցե, այլ հաստատ։
ԻՆԺԵՆԵՐ — Դրա համար հարցրի, թե որտեղից ես առել։
ՊԵՏ — Առած լինեի՝ ուրիշ բան, կասեի՝ կարող է գողացված ապրանք են ծախել: (Միամտորեն) Կասկածանքո՞վ են ասել, թե՞…
ԻՆԺԵՆԵՐ — Չգիտեմ, ես իրենց չեմ տեսել։
ՊԵՏ — Թող ինձ կանչեն, տեսնեմ ով է էդպիսի բան ասել։ Չեն կանչի՝ ես կգնամ։
ԻՆԺԵՆԵՐ — Համբերիր, եթե մի անգամ էլ գան, հետո…
ՊԵՏ — Գլխներից ձե՞ռ են քաշել: Դատի կտամ, պատիվ կպահանջեմ:
ԻՆԺԵՆԵՐ — Ես էլ զարմացա։ Ասացի՝ Գագոն է բերել, ո՞նց կարող է էդպիսի բան պատահել:
ՊԵՏ — Մարդկանց հեղինակության հետ են խաղո՞ւմ։ Ինչ որ չէինք տեսել, դա էլ տեսանք։ Ողորմածիկ տատս ողջ լիներ, կգնար, դրանց աչքերը կհաներ։ Նորությո՞ւն է, դրանց համար ոչ մի սրբություն գոյություն չունի։ Հետաքրքիր է, ո՞վ է եղել։ Հեռախոսի համարը տվեք, ես գիտեմ, թե ինչ կասեմ: Դրանց տեսեք… Բոլոր խաղերը խաղացին, դա էր պակաս մնացել:
ԻՆԺԵՆԵՐ – Գագո՛, ի՞նչ անեի, չասեի՞։ Գիտես, զգայուն մարդ եմ, ինձ համար էլ դժվար էր։
ՊԵՏ — Լավ արեցիք՝ ասացիք, ընկեր Բաբլոյան։ (Չհանգստանալով) Իմացեք, էլի, իմացեք հեռախոսի համարը, ես խնդրում եմ։ (Աչքի անցկացնելով ժամացույցը) Չորսն է։ Մեքենաները կգան, պիտի դատարկեն, թե չէ մի վայրկյան չէի մնա։
ԻՆԺԵՆԵՐ — Դու գնա, գործի մեջ ես, եթե նորից գան, ես քեզ իմաց կտամ։ (Համար է հավաքում):
ՊԵՏ — Անպայման։ Ի՜… (Գնում է):
Արտադրամասի պետի առանձնասենյակը:
ՊԵՏ — (Համար հավաքելուց հետո) Ալլո…
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — (Սեթևեթանքով) Այո, լսում եմ։
ՊԵՏ — Լավ ես անում, որ լսում ես։ Բարև ձեզ։ Մենա՞կ ես, թե՞ սխալ եմ զանգահարել։
ԿԻՆ — (Աշխուժանալով) Չէ, չէ, ճիշտ ես զանգահարել։ Գագ…
ՊԵՏ — Հա, ես եմ։
ԿԻՆ — Լավ էր, որ վերջապես հիշեցիր։ Ո՞ւր ես կորել։
ՊԵՏ — Կգամ, կասեմ։
ԿԻՆ — Ո՞նց ես…
ՊԵՏ — (Հեգնալից) Չտեսնված։ Լսիր, ինչ եմ ասում. դու հիշո՞ւմ ես, որ մի անգամ ծննդի էի գնում քո մոտից։ Ձեր պատից կախված մի բան կար, ուզեցի, հանեցիր տվեցիր, տարա:
ԿԻՆ — (Սրտնեղած, կանխելով) Լավ, էլի, դրա մասին մի՛ խոսիր։
ՊԵՏ — Ի՞նչ է եղել որ…
ԿԻՆ — Մինչև հիմա քեզ չեմ ասել, հիմա պիտի ասեմ. քո գնալուց հետո ինքը եկավ… Ինչ լավ էր՝ դու շուտ էիր դուրս եկել… Ասե՞մ, թե՞ չասեմ:
ՊԵՏ — Ասա։ Ի՜…
ԿԻՆ — Նայեց, տեսավ չկա պատին։ Գիտե՞ս ինչ աղմուկ բարձրացրեց։ Մինչև հիմա էլ մեկ-մեկ հիշում է։ Հենց հիշում է՝ գլխի ցավը բռնում է: Քիչ էր մնում բաժանվեինք։ Ասաց՝ էդ ո՞նց պատահեց, է՛, որ մտան տուն, մենակ դա տարան։ Ոսկեղենը չտարան, հարյուրանոցները դարակում թափած, չտարան, մենակ դա տարան։ Երդվեցի, ասացի՝ չգիտեմ, ես եկա, բանալիով բացեցի դուռը, մտա ներս, տեսա չկա պատին։ Ասացի՝ երևի շտապել են, չեն հասցրել ուրիշ բան տանել։ Ասաց՝ բա էդ ո՞նց են, է՛, առանց դուռը ջարդելու մտել ներս։ Մերոնք ասացին՝ երևի բանալի են ունեցել, հանգիստ բացել են, մտել։ Դուռն էլ փոխեցինք, երկաթյա նոր դուռ դրեցինք, դռան վրայի փակերն էլ փոխեցինք։ Փող մուծեցինք, զգուշության համար եկան գծեր անցկացրին։
ՊԵՏ — (Դեռ ուշքի չեկած) Ի՜նչ ես ասում… Այ, էդ մեկը լավ չի եղել։ Եթե իմանայի, չէի տանի։
ԿԻՆ — Դե լավ, չեմ ասում, որ դու էլ դա ասես։ Տարել ես՝ լավ ես արել։
ՊԵՏ — Չե՞ս կարող իմանալ՝ դա որտեղից էր առել։
ԿԻՆ — (Խառնվելով) Սուս, էդ մասին չխոսես։ Հենց հարցնեմ, էլի պիտի սկսի կասկածել իզուր տեղը, գլուխը պիտի ցավի, էլի պիտի թաց սրբիչով կապի ճակատը, մի բուռ դեղ խմի ու պառկի։
ՊԵՏ — Է, լավ, եթե էդպես էր, չտայիր տանեի։
ԿԻՆ — Որ ուզեցիր՝ ո՞նց չտայի, քե՞զ չտայի, չե՞ս ամաչում։ Ասացիր՝ պետքական մարդու համար եմ տանում։ Նրա ծննդին էիր գնում, չէ՞։
ՊԵՏ — Ոչ բարով գնայի։
ԿԻՆ — Ինչո՞ւ, նեղացե՞լ եք իրարից։
ՊԵՏ — Երանի չէր նեղացած լինեի։ Հիմա ի՞նչ ես ասում, իսկապես չե՞ս կարող խոսեցնել, մի կերպ իմանալ, թե որտեղից է առել։
ԿԻՆ — Չէ, ասացի։ Ինչի՞դ է պետք, որ իմանամ: Ինչքան գիտեմ, եթե չեմ սխալվում, իհարկե, ձեռքի վրայից պիտի առած լինի։ (Մտաբերելով) Հա, հա, ձեռքի վրայից էր առել, երևակայիր շատ էլ էժան գնով։ Ով լսում, զարմանում էր։
ՊԵՏ — Պահ, էդ ի՞նչ ասացիր…
ԿԻՆ — Ի՞նչ է եղել, դե պարզ ասա, իմանամ։
ՊԵՏ — Միլիցիայից ինչ-որ մեկը եկել, մտել է մարդու տուն, տեսել է պատից կախված, ասել է՝ սա գողացված է: Եթե գողացված չլիներ, ինչո՞ւ պիտի էդքան էժան գնով ծախեին։ Կորանք։
ԿԻՆ — (Տագնապով) Վայ, հանկարծ չիմանան, որ ես եմ քեզ տվել։ Եթե իմանան՝ ընտանիքս կքայքայվի։
ՊԵՏ — Չէ, ասել եմ՝ իմ պապենական տնից է ինձ ժառանգություն մնացել։
ԿԻՆ — Բա հիմա ի՞նչ պիտի ասես:
ՊԵՏ — Ինչ որ ասել եմ, էլի դա պիտի ասեմ, ուրիշ ի՞նչ պիտի ասեմ, հո խոսքս չեմ փոխելու։
ԿԻՆ — Գծի մեջ ոնց որ թե մարդ կա, չե՞ս զգում։
ՊԵՏ — (Կշտամբանքով) Դու էլ… Ի՞նչ մարդ, է՜…
ԿԻՆ — Մի խոսքով, անունս դուրս չգա հանկարծ։
ՊԵՏ — Քո անունն ինչո՞ւ պիտի դուրս գա։ Էդ որ միլիցիայից եկել հետաքրքրվել է, դրա բերանը պիտի փակեմ։ Երեխա՞ ես, եթե քո անունը դուրս գա, իմ ընտանիքն էլ կքայքայվի։
ԿԻՆ – (Խանդով) Իմիջիայլոց, շատ ես դողում ընտանիքիդ վրա։
ՊԵՏ — Հարցը դա չի, իզուր տեղն ինչո՞ւ իմանան:
ԿԻՆ — Էլի եմ ասում՝ գծի մեջ ոնց որ թե մարդ կա։ Դնեմ՝ նորից զանգահարիր։
ՊԵՏ — Չէ, հիմա չեմ կարող, գործի մեջ եմ, հետո կզանգահարեմ։
ԿԻՆ — Դե երևա, մի՛ կորիր։
ՊԵՏ — Կերևամ։ (Լսափողը դնելուց հետո գլուխն առնում է ափերի մեջ):
Գործարանի տնօրենի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏՆՕՐԵՆ – (Լսափողի մեջ) Ես ձեզ սիրով լսում եմ։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՁԱՅՆԸ — Ոսկերչյան, ես եմ, բարև։
ՏՆՕՐԵՆ — Բարև ձեզ, էդպես էլ գիտեի, որ դուք կլինեք, ընկեր Ստեփանյան:
ՊԵՏ — Ի՞նչ նորություն…
ՏՆՕՐԵՆ — Առանձնապես ոչ մի… Քիչ առաջ չորս ավտոմեքենա եկավ, դատարկում են։ Երեկ լա՞վ հասաք տուն։
ՊԵՏ — Իհարկե, ի՞նչ պիտի լիներ որ… Վերցրի՞ր անդորրագիրը, հո չե՞ս մոռացել։
ՏՆՕՐԵՆ – Չէ, ընկեր Ստեփանյան, ո՞նց կարող եմ մոռանալ։ Գնացի տուն, որտեղ ինչ դրել էի, փաստաթղթերս լրիվ խառնեցի տակից գլուխ, աղեցի-մաղեցի, չգտա, պատկերացնո՞ւմ եք։
ՊԵՏ — Լսիր, դա պիտի գտնես, էդպես չի լինի:
ՏՆՕՐԵՆ — Կգտնեմ, ընկեր Ստեփանյան, բա ոնց… Տնից ուր պիտի կորչի: Երևի էն ժամանակ կնոջս եմ տվել, չի հիշում որտեղ է դրել։ Ասացի՝ իմ գործր չի, ինչ գնով ուզում է լինի, առավոտը պիտի փնտրես, գտնես։ Հենց որ գտավ, ինձ պիտի զանգահարի: Ինքը հենց որ զանգահարի, ես կզանգահարեմ ձեզ։
ՊԵՏ — Ես չգիտեմ, դատարկ բանից չխայտառակվենք հանկարծ։
ՏՆՕՐԵՆ — Չէ, չէ, անհոգ եղեք, հո թև չառավ, թռավ տնից։ Կինս կգտնի, նրա աչքից բան չի վրիպի։ Երեկ ուղղակի որ շատ նստեցինք, ուշ եկա տուն, ասացի՝ լավ, վաղը թարմ ուղեղով նայած տեղերս նորից կնայեմ: Կինս չգտնի, ես կգտնեմ, կորած հո չի մնալու։
ՊԵՏ — Ինչքան շուտ, այնքան լավ, ես խնդրում եմ։
ՏՆՕՐԵՆ — Դուք մի՛ անհանգստացեք, կգտնվի։ Անկարելի բան չկա, ինչ որ պետք է՝ կանենք։ (Դնում է լսափողը):
Վարչության պետի աոանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՊԵՏ — (Լսափողի մեջ) Լսում եմ։
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ — Ստեփանյան, ես տեղում եմ, բեր անդորրագիրը։
ՊԵՏ — Ընկեր Ենգիբարյան, ես շատ ներողություն եմ խնդրում, երեկ բավականին որոնեցի, տանը տեղ չմնաց, որ չնայեմ, չգտա:
ՏԵՂԱԿԱԼ — (Խստանալով) Ի՞նչ է նշանակում՝ չգտա… Բայց դու ասացիր՝ տանն է, կբերեմ։
ՊԵՏ — Տանն է, իհարկե, տանն է, ընկեր Ենգիբարյան, բայց ըստ երևույթին ինչ-որ փաստաթղթերի արանք է ընկել, կնոջս հանձնարարել եմ, որ մեկ առ մեկ նորից նայի, գտնի, զանգահարի ինձ։ Ես հիմա նստած իր զանգին եմ սպասում։ Վարորդին կուղարկեմ, կգնա կբերի:
ՏԵՂԱԿԱԼ – Մի՛ ուշացրու, մի՛ ուշացրու, խնդրում եմ:
ՊԵՏ — Չէ, չեմ ուշացնի: (Դնում է լսափողը):
Մինիստրի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՄԻՆԻՍՏՐ — (Վերցնում է լսափողը): Ես եմ, ասա:
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Երեկ դու ինձ ասացիր՝ դա տանենք Ահարոնյանի ծննդին, էլ չեն գա: Ես լսեցի քեզ՝ տարանք: Մի քիչ առաջ էլի եկավ:
ՄԻՆԻՍՏՐ — Ո՞վ եկավ:
ԿԻՆ — Միլիցիայից, նայեց պատին, տեսավ չկա՝ զարմացավ։ Ասում է՝ ո՞ւր է…
ՄԻՆԻՍՏՐ — (Բորբոքվելով) Ասա՝ քեզ ինչ ուր է։ Անդորրագիրը հանեիր, ցույց տայիր։
ԿԻՆ — Իսկ ո՞վ է ինձ անդորրագիր տվել, որ ես էլ ցույց տայի։
ՄԻՆԻՍՏՐ — Ենգիբարյանի վարորդը չբերե՞ց։
ԿԻՆ — Չէ, չի բերել։
ՄԻՆԻՍՏՐ — Դե ուրեմն կբերի։ Հիմա ինձ մի՛ զբաղեցրու (Դնում է լսափողը):
Մինիստրի տեղակալի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏԵՂԱԿԱԼ — (Լսափողի մեջ) Լսում եմ։
ՄԻՆԻՍՏՐ — Ի՞նչ արիր, դու երեկ ասացիր՝ անդորրագիրը կուղարկես մեր տուն, որ մյուս անգամ գան, կինս հանի, ցույց տա։ Ի՞նչ է պատահել քեզ, ինչո՞ւ ես մոռացել։
ՏԵՂԱԿԱԼ — Չէ, չեմ մոռացել, ընկեր Մուրադյան։ Ճիշտն ասած, երեկ շատ որոնեցի տանը, չգտա։ Ինչ-որ տեղ եմ դրել, հիմա չեմ հիշում, թե որտեղ եմ դրել։ Կինս հենց հիմա նայում է փաստաթղթերի մեջ, իր զանգին եմ սպասում։ Վարորդին կուղարկեմ, կվերցնի, միանգամից կտանի ձեր տուն:
ՄԻՆԻՍՏՐ — Դու ինձ հանգստացրիր, ես էլ ապահով զգացի: Դու գիտե՞ս, որ էլի եկել են:
ՏԵՂԱԿԱԼ — Մի՞թե…
ՄԻՆԻՍՏՐ — Արագացրու: (Անջատվում է հեռախոսը):
Վարչության պետի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՊԵՏ — (Վերցնում է լսափողը) Այո…
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ — (Ավելի ու ավելի ջղային) Ստեփանյան, ի՞նչ եղավ անդորրագիրը, ի՞նչ եղավ…
ՊԵՏ — Շատ ներողություն, ընկեր Ենգիբարյան, ձեռքս հեռախոսին տարա, ես էլ կարծեցի, թե կինս է, րոպե առ րոպե սպասում եմ։
ՏԵՂԱԿԱԼ — Ինքը չի զանգահարում, դու զանգահարիր։
ՊԵՏ — Զանգահարում եմ, զբաղված է ցույց տալիս։ Երևի ինքն էլ ինձ է զանգահարում։
ՏԵՂԱԿԱԼ — (Հանդիմանանքով) Ուշացնում ես, ուշացնում ես…
ՊԵՏ — Հիմա նորից կփորձեմ, հենց հիմա:
ՏԵՂԱԿԱԼ — Ես չգիտեմ, անդորրագիրը լինի սեղանիս:
ՊԵՏ — Կլինի։ (Դնում է լսափողը):
Գործարանի տնօրենի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏՆՕՐԵՆ — Ես ձեզ սիրով լսում եմ։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՁԱՅՆԸ — (Անհամբերությամբ բռնկված) Ոսկերչյան, հը՞, ձայն չես հանում, անդորրագիրը…
ՏՆՕՐԵՆ — (Զարմացած) Այ քեզ զուգադիպություն… Ես էլ ձեզ էի զանգահարում, ընկեր Ստեփանյան։ Գտնվեց…
ՊԵՏ — (Թեթևացած շունչ է քաշում) Փառք Աստծո…
ՏՆՕՐԵՆ — Կինս հենց նոր զանգահարեց։ Վարորդին ուղարկեցի, գնաց բերի:
ՊԵՏ — Ոսկերչյան, մի րոպեն էլ նշանակություն ունի, շուտ ինձ հասցրու։
ՏՆՕՐԵՆ – Մի՛ անհանգստացեք։ Եղա՞վ։ Ուր որ է դուռս կբացի, կուղարկեմ։
ՊԵՏ — Շուտ, շուտ… Սպասում եմ։
ՏՆՕՐԵՆ — Աչքիս վրա։ (Դնում է լսափողը):
Մինիստրի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՄԻՆԻՍՏՐ — (Վերցնում է լսափողը) Ասեք, լսում եմ։
ԿՆՈՋ ՁԱՅՆԸ — Էլի եկել են… Զանգը տալիս են, չեմ բացում։
ՄԻՆԻՍՏՐ — Բարձր խոսիր, իմանամ ինչ ես ասում։
ԿԻՆ — Զանգերը չե՞ն լսվում։ Դիտմամբ եմ ցածր խոսում, որ չիմանան տանը մարդ կա։ Էլի եկել են, դուռը չեմ բացում։
ՄԻՆԻՍՏՐ — Իզուր, բացիր, անդորրագիրը ցույց տուր, թողնեն, գնան։
ԿԻՆ — Չեն բերել, ո՞նց ցույց տամ։
ՄԻՆԻՍՏՐ — (Տարակուսասքով) Ինչ է ասում…
ԿԻՆ — Ազնիվ խոսք։ Ես իմ տան մեջ հո գերի չեմ մնալու։
ՄԻՆԻՍՏՐ — Դիր լսափողը, տեսնեմ դա ինչ բան է… Ո՞նց թե չեն բերել։ (Դնում է լսափողը):
Վարչության պետի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՊԵՏ — (Արագ վերցնում է լսափողը): Լսում եմ, ընկեր Ենգիբարյան։
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ — (Կշտամբանքով) Ես ինչքա՞ն պիտի սպասեմ, Ստեփանյան։ Ի՞նչ եղավ էդ թղթի կտորը։
ՊԵՏ — (Ուրախ) Գտնվեց։ Հենց նոր կնոջս հետ էի խոսում։ Վարորդին ուղարկել եմ, որ բերի։
ՏԵՂԱԿԱԼ – Վերջապես…
ՊԵՏ — Հիմա, հիմա, ընկեր Ենգիբարյան… Հենց որ եկավ, մտնում եմ ձեզ մոտ։
ՏԵՂԱԿԱԼ — Ես շենքից դուրս եմ գալու, արագացրու:
ՊԵՏ — Հինգ րոպե ամենաշատը… Հինգ րոպե էլ չի տևի։
ՏԵՂԱԿԱԼ — Հոգնեցրիր արդեն… Մի անդորրագրի եղածն ինչ է, որ ինձ զբաղեցնում ես։ Հինգ րոպեն շատ է։
ՊԵՏ — Չորս րոպեից, ընկեր Ենգիբարյան։ (Դնում է լսափողը):
Մինիստրի տեղակալի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏԵՂԱԿԱԼ — (Լսափողի մեջ) Լսում եմ։
ՄԻՆԻՍՏՐ — Ենգիբարյան, դու ինձ մի քիչ շատ չզբաղեցրի՞ր։ Ի՞նչ եղավ, չգտնվե՞ց։
ՏԵՂԱԿԱԼ — Գտնվեց։
ՄԻՆԻՍՏՐ — Բա ո՞ւր է, ինչո՞ւ չես ուղարկում, որ կինս րոպեն մեկ զանգահարում է։
ՏԵՂԱԿԱԼ — Վարորդիս եմ սպասում, գնաց բերի, որ ուղարկեմ։
ՄԻՆԻՍՏՐ — Ինձ տեղյակ կպահես։
ՏԵՂԱԿԱԼ — Անմիջապես։ (Դնում է լսափողը):
Գործարանի տնօրենի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏՆՕՐԵՆ — (Վերցնում է լսափողը) Ես ձեզ սիրով լսում եմ։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՁԱՅՆԸ — (Շնչակտուր) Ոսկերչյան, վարորդդ չեկա՞վ։
ՏՆՕՐԵՆ — Եկավ, ընկեր Ստեփանյան։ Ներողություն, քիչ մնաց ձեր ձայնը չճանաչեի:
ՊԵՏ — Ուղարկեցի՞ր ինձ մոտ։
ՏՆՕՐԵՆ – Չէ, չուղարկեցի։
ՊԵՏ — Ում ես սպասում, ուղարկիր, Ոսկերչյան, ուղարկիր, թող բերի։
ՏՆՕՐԵՆ – Բա որ բերած լիներ, չէի՞ ուղարկի:
ՊԵՏ — (Իրեն կորցրած) Ո՞նց թե…
ՏՆՕՐԵՆ — Վերջերս մի դաշնամուր էի առել փոքր աղջկաս համար, դրա անդորրագիրն է բերել։ Չկա, էլի, չկա, չեն գտնում:
ՊԵՏ — (կարկամելով) Ոսկերչյան…
ՏՆՕՐԵՆ — Ասեք, ընկեր Ստեփանյան, ես ձեզ սիրով լսում եմ։
ՊԵՏ — Հիմա էլ հույս չունենա՞մ, որ կգտնվի։
ՏՆՕՐԵՆ — Չկա, էլի, չկա, ցնդեց, տնից գոլորշիացավ, ինչ եղավ, չիմացա։
ՊԵՏ — (Հուսահատ) Էլ չսպասե՞մ։
ՏՆՕՐԵՆ — Թե որ պատահաբար գտնվի… Ի՞նչ ասեմ։
ՊԵՏ — Եթե չկար, ինչո՞ւ ասացիր՝ կա։
ՏՆՕՐԵՆ — Հիմա էլ եմ ասում՝ կա, բայց որ չի գտնվում, ես ի՞նչ կարող եմ անել, Ստեփանյան։ Ո՞վ է դա, է, ո՞վ է, որ եկել է միլիցիայից։ Հիմա էլ մեր ազնվության վրա են կասկածո՞ւմ մի թղթի պատճառով։ Մարդ վիրավորվում էլ է:
ՊԵՏ — Վիրավորվում ես, թե չես վիրավորվում, հիմա դա է ինձ պետք:
ՏՆՕՐԵՆ — Ուղարկեք ինձ մոտ, ես դրա պատասխանը կտամ։ Ես եմ ձեզ նվիրել, ես էլ գիտեմ, թե ինչ կասեմ։ Չեն ամաչում, հիմա էլ եկել, անդորրագիր են ուզում։ Նվերի անդորրագիրը ո՞րն է: Մարդը մարդուն նվեր տալու իրավունք էլ չունի՞։ Ես ձեզ խնդրում եմ, դրան ուղարկեք ինձ մոտ։
ՊԵՏ — (Հոգոցով) Դու ինձ ողջ-ողջ թաղում ես, Ոսկերչյան։ Դու սադիստ ես։ Հիմա ես ի՞նչ անեմ, ի՞նչ… (Ձեռքից ընկնում է լսափողը):
ՏՆՕՐԵՆ — (Անհանգստացած) Ընկեր Ստեփանյան, ալլո… Ալլո, ընկեր Ստեփանյան… Ալլո…
Վարչության պետի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՊԵՏ – (Լսափողի մեջ, վախվորած) Լսում եմ, ընկեր Ենգիբարյան:
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ — Լսիր, ի՞նչ եղավ, չբերե՞ց էդ թղթի կտորը:
ՊԵՏ — Բերեց։
ՏԵՂԱԿԱԼ — (Համբերությունը հատած) Դե բեր:
ՊԵՏ — Բերեց, բայց դա չբերեց։
ՏԵՂԱԿԱԼ — (Կատաղությամբ) Լսիր, հո դու ինձ ձեռ չես առնում։
ՊԵՏ — Ուրիշ անդորրագիր է բերել, ընկեր Ենգիբարյան: Ամբողջ տունը խառնել են իրար, չկա, չեն գտնում։
ՏԵՂԱԿԱԼ — (Բղավելով) Հետո՞…
ՊԵՏ — (Անձնատուր եղած) Ի՞նչ ասեմ…
ՏԵՂԱԿԱԼ — Դու վարչության պե՞տ ես, թե ինչ ես։ Ստեփանյան, ես քեզ մինչև հիմա չեմ ճանաչել, այ տղա։ Ես մինիստրի տեղակալ մարդ, դու ինձ հետ խա՞ղ ես անում: Այդ ոճով էլ աշխատում ես դու, Ստեփանյան։ Անդորրագիրը բեր։
ՊԵՏ — (Թևաթափ) Որ չկա, որտեղի՞ց բերեմ, ընկեր Ենգիբարյան, դուք իմ վիճակը չե՞ք զգում։
ՏԵՂԱԿԱԼ — Տո որ ես քո վիճակն զգամ, իմ վիճակն ո՞վ զգա։ Չկար՝ ասեիր չկա։ Քո պատճառով ինչո՞ւ պիտի ես էլ ուրիշներին թյուրիմացության մեջ գցեմ։
ՊԵՏ — Ներողություն։ Չգիտեի։
ՏԵՂԱԿԱԼ – Չգիտեիր՝ իմանայիր։
ՊԵՏ — Ավելի լավ չէ՞ր գետինը մտնեի, քան ինձ հետ էսպիսի բան պատահեր։ Ես ո՞նց պիտի նայեմ ձեր աչքերին։
ՏԵՂԱԿԱԼ — (Խորշանքով) Քո էդ սիրուն խոսքերը շատ եմ լսել, Ստեփանյան, անդորրագիրը բեր։
ՊԵՏ — Որտեղի՞ց բերեմ։
ՏԵՂԱԿԱԼ — Ես չգիտեմ՝ որտեղից բերես։ Գետնի տակից էլ լինի՝ գտիր, բեր։
ՊԵՏ — Որ լիներ, չէի՞ բերի։
ՏԵՂԱԿԱԼ — (Կուրծք ծեծելով) Ես ի՞նչ պատասխան եմ տալու, դու մտածո՞ւմ ես։ Քեզ ո՞վ էր խնդրում, որ իմ ծննդյան օրը նվեր բերեիր։ Չբերեիր։ Գան ասեն՝ տանդ իրը գողացվա՞ծ է։ Չեք կարողանում նվեր բերել, մի բերեք։ Ինձ էդ տեսակ նվերներ պետք չեն, որ հետո պիտի գլխացավանք պատճառեն։ (Ձայնն ավելի ու ավելի բարձրացնելով) Պետք չեն, ձեզ պահեք։ Ես չգիտեմ, սպասում եմ։
Անջատվում է հեռախոսը:
Մինիստրի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՄԻՆԻՍՏՐ — (Վերցնում է լսափողը) Ասեք, լսում եմ:
ԿՆՈՋ ՁԱՅՆ — (Խառնված) Մինչև հիմա գանգը տալիս էր, դու պատկերացնո՞ւմ ես։ Ականջներս իմը չեն։ Ստիպված դուռը բացեցի, մտավ ներս։ Ասում է՝ ո՞ւր է, որտե՞ղ եք դրել։
ՄԻՆԻՍՏՐ — (Բորբոքվելով) Ասա՝ իմ տան իրն է, որտեղ կուզեմ՝ կդնեմ, ձեզ ի՞նչ… Արդեն չափն անցնում են դրանք։
ԿԻՆ — Վախենում եմ, հիմա էլ Ահարոնյանի տուն գնան հետքերով։
ՄԻՆԻՍՏՐ — Մի անհանգստացիր, չեն գնա։ Եթե գնան էլ, ո՞վ ներս կթողնի։ Դռան մոտ միլիցիոներ է կանգնած: Անդորրագիրը ցույց տայիր։
ԿԻՆ — Ո՞ւր է, անդորրագիր կա՞, որ ցույց տամ։
ՄԻՆԻՍՏՐ — Չեմ հասկանում, չբերեցի՞ն։
ԿԻՆ — Եթե բերած լինեին, ինչո՞ւ պիտի ցույց չտայի, է…
ՄԻՆԻՍՏՐ — Լսափողր դիր, տեսնեմ…
ԿԻՆ — Դե թող բերեն, որ գան, ցույց տամ։ Ես էլ ուրիշ գործ չունե՞մ, դրանո՞վ պիտի զբաղվեմ, ուֆ..
ՄԻՆԻՍՏՐ — Տանը եղիր, կբերեն: (Դնում է լսափողը):
Մինիստրի տեղակալի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏԵՂԱԿԱԼ — (Լսափողի մեջ) Լսում եմ, ընկեր Մուրադյան։
ՄԻՆԻՍՏՐ — (Հանդիմանանքով) Ես եմ քեզ լսում։ Այդքան դժվա՞ր գործ էր մի թղթի կտոր տանելը, որ դեռ չես ուղարկել։
ՏԵՂԱԿԱԼ — Վարորդս գնաց-եկավ, բոլորովին ուրիշ անդորրագիր էր բերել, թե չէ վաղուց ուղարկած կլինեի։
ՄԻՆԻՍՏՐ — Ուրիշն ո՞ւմ է պետք, ինչ որ պետք է, դա թող բերեր։
ՏԵՂԱԿԱԼ — Չկա, տեղ չմնաց, որ չնայեն, հակառակի պես ոչ մի կերպ չի գտնվում։
ՄԻՆԻՍՏՐ — Բայց դու ասացիր՝ գտնվել է։
ՏԵՂԱԿԱԼ — Ես ներողություն եմ խնդրում, կինս ինձ թյուրիմացության մեջ գցեց։ Ուրիշ անդորրագիր էր, կարծել է, թե դա է։ Հիմար բան ստացվեց։
ՄԻՆԻՍՏՐ — Մեր հիմնական գործը թողած, մեզ պատշա՞ճ է, որ հիմա դրանով զբաղվենք։ Չէր գտնվում, ասեիր՝ չի գտնվում։ Դու էլ ինձ թյուրիմացության մեջ գցեցիր։ Եթե համոզված չէիր, քո աչքով չէիր տեսել, ինչո՞ւ էիր ասում, որ գտնվել է։ Սա մինիստրի ու տեղակալի խոսակցության մակարդա՞կ է, Ենգիբարյան։
ՏԵՂԱԿԱԼ — Սխալ եմ արել, կնոջս հավատացի։ Հիմա ձեզնից եմ անհարմար զգում։
ՄԻՆԻՍՏՐ — Չէ, էդպես չի լինի, Ենգիբարյան, պիտի գտնվի՝ ինչ գնով ուզում է լինի, անպայման։ Հո չեմ խայտառակվելու աշխարհով մեկ։ Դու ինձ ներիր, հիմա արդեն ես էլ եմ կասկածում, որ գողացված է եղել։
ՏԵՂԱԿԱԼ — (Խոցված) Ընկեր Մուրադյան, էդ ի՞նչ եք ասում… Ես եմ վիրավորվում։
ՄԻՆԻՍՏՐ — Դե անդորրագիրը բե՛ր, բե՛ր, որ ապացուցենք։ Միլիցիայի աշխատողն ո՞վ է, որ մինիստրի տուն ոտք դնի։ Ի՞նչ վիրավորվելու մասին է խոսքը։ Ես չեմ վիրավորվում, դո՞ւ ես վիրավորվում։ Իմացեք ինչ եք բերում, հետո բերեք։ Սա ի՞նչ բան է… Ո՞վ էր տեսել, որ նվերի հետքերով մարդու տուն գան։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրոք գողացված է եղել, ի՞նչ պիտի ասես։
ՏԵՂԱԿԱԼ — Ո՞նց կարող է էդպիսի բան լինել, ընկեր Մուրաղյան։
ՄԻՆԻՍՏՐ — Դե եթե չի կարող, անդորրագիրը գտիր։ Չէիր գտնելու, ինձ փաստի առաջ չկանգնեցնեիր։ Ես չգիտեմ՝ որտեղից ուզում է լինի, պիտի գտնես, Ենգիբարյան, պիտի գտնես, իմ հեղինակությա՞ն հետ եք խաղում։ Ոչ մեկը չէր խնդրել, որ իմ ծննդին անպայման սրբապատկեր բերեիր։ Ես դրա կարիքը չունեի, հիմա էլ չունեմ։ Պիտի գտնվի անդորրագիրը, ինձ հիմա անդորրագիր է պետք, ուրիշ ոչինչ։ Վտանգը գալիս է այնտեղից, որտեղից չես սպասում։ Անդորրագիրը… (Դնում է լսափողը):
Վարչության պետի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՊԵՏ — Լսում եմ, ընկեր Ենգիբարյան։
ՄԻՆԻՍՏՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՁԱՅՆԸ — (Չոր, պաշտոնական) Ստեփանյան, անդորրագիրը…
Գործարանի տնօրենի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏՆՕՐԵՆ — Ես ձեզ սիրով լսում եմ:
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ — (Խիստ) Ոսկերչյան, անդորրագիրը…
Մինիստրի տեղակալի առանձնասենյակը: Հեռախոսի զանգ:
ՏԵՂԱԿԱԼ — Այո, ես եմ։
ՄԻՆԻՍՏՐԻ ՁԱՅՆԸ — (Տիրական) Ենգիբարյան, անդորրագիրը, ես Ահարոնյանին ի՞նչ պատասխան պիտի տամ, Ենգիբարյան…
ՏԵՂԱԿԱԼ — (Անակնկալի եկած) Ահարոնյանի՞ն…
ՄԻՆԻՍՏՐ – Այո, Ահարոնյանին… Անդորրագիրը…
Իրար հաջորդող հեռախոսազանգերն ընդմիջվում են արդեն արձագանքվող պահանջ-ձայներով:
- Անդորրագիրը…
- Անդորրագիրը…
- Անդորրագիրը…
- Անդորրագիրը…
ՎԵՐՋ
1990 թ.