ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՎՐԱ

Պիես երկու մասից

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՌԵԺԻՍՈՐ

ՔԱՀԱՆԱ

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ՄԻԼԻՑԻՈՆԵՐ

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ԱՆՏԱՌԱՊԱՀ

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ  

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ 

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ 

ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ 

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ ՈՐՍՈՐԴ

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ

ԱՎԼՈՂ ՏՂԱ

ՇՐՋԱԿԱՅՔԻ ԲՆԱԿԻՉ ԵՐԿՈՒ ԵՐԵԽԱՅՈՎ 

ՄԻ ԿԻՆ 

ԵՐԵՔ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ 

ՆԿԱՐԱՀԱՆՎՈՂՆԵՐ

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՆՑՈՐԴՆԵՐ

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Եկեղեցի՝ անտառի եզրին: Ուղղաթիռի մոտեցող ձայն, որ տարածվում է հանդիսասրահի վրա: Սկսվում է ժամհարությունը: Հոսանքով գալիս, դեպի եկեղեցու մուտքն են ուղղվում տարբեր տարիքի հավատացյալներ՝ ծերեր, մայր ու մանուկ, նրանց մեջ՝ խաչակնքողներ:

ՌԵԺԻՍՈՐ — (Ձայնը դրսից, խառնված): Ստոպ։ (Ժամհարությունը մեկից դադարում է: Մարում է ուղղաթիռի ձայնը): Չեղավ, չեղավ, նորից… (Շղթան քանդվում է): Հետ, մասսովկա, հետ գնացեք։ (Գալով)  Էլի հետ, հետ… Աստծուն չեք հավատում, ես խնդրում եմ, որ հավատաք։ Խաչակնքում եք՝ կարգին խաչակնքեք։ Բոլորիդ եմ խնդրում, ձեզ ներշնչեք, որ իրոք հավատում եք։ Մինչև չներշնչեք, ոչինչ չի ստացվի: Ինձ ճիշտ հասկացեք, ես էլ չեմ հավատում, մեղքս ինչ թաքցնեմ, բայց նկարվողը ես չեմ, նկարվողը դուք եք, դուք պարտավոր եք հավատալ։ Այս ֆիլմը մասսովկայի վրա է հիմնված, չեմ ասում, որ որգևորվեք։ Մասսովկան է այս ֆիլմի հերոսը, ֆիլմի հաջողությունը ձեզնից է կախված, սա էլ էս տեսակ ֆիլմ է։ Հավատացիք՝ ֆիլմը կստացվի, չհավատացիք՝ չի ստացվի։ Խնդրում եմ, բոլորիդ եմ խնդրում… (Դուրս է գնում, ձայնը դրսից): Ուշադրություն… Մոտոր…

Նույն տեսարանը: Մեկը մյուսի ետևից գալիս, բոլորը մտնում են եկեղեցի:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆՐ — Ստոպ…

Բեմը դատարկվում է:

Դեմքը ափերով ամուր սեղմած՝ մտնում է ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ. ետևից՝ ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ՝ հարդարելով մերթ իր, մերթ Աղջկա զգեստները:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Նկարահանումից անտեղյակ) Դեռ չեն սկսել։ (Ձեռքը գցում է Աղջկա վզով: Աղջիկը հրում է): Չե՞ս ամաչում… Ախր ի՞նչ է եղել որ… Ի՞նչ է եղել… (Ժեստով՝ ծնկաչոք) Սիրելը մե՞ղք է, մե՞ղք է… Եթե մեղք է, ես ներողություն եմ խնդրում։ Իմ ներողությունը քեզ չի՞ բավարարում։ Ասա, ասա ինչ ես ուզում՝ դա անեմ։ Ասա…

ՌԵԺԻՍՈՐ — (Ձայնը դրսից) Տեղերում…

Քահանայի դերակատարն անակնկալի եկած՝ մեկից ուղղկվւմ է՝ հավաքելով իրեն: Աղջիկն իջեցնում է ձեռքերը: Դուրս են գնում՝ առժամանակ ազատելով նկարահանման հրապարակը: Եկեղեցուց դուրս է հորդում մասսովկան: Տարբեր մուտքերից գալիս են մյուս դերակատարները: Այս ու այն անկյունում հայտնվում են շրջակայքի բնակիչներ, պատահական անցորդներ, որոնց ուշադրությունը մի պահ գրավում է նկարահանումը:

ՌԵԺԻՍՈՐ — (Ձայնը) Տեղերում… Արագ… Միլիցիոներ, կադրից դուրս արի։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Հավաքվածների մեջ, շփոթված) Ո՞վ, ե՞ս…

ՁԱՅՆ — Ոչ, դուք կադրի մեջ չեք։ Միլիցիոների դերակատար, քեզ եմ ասում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ներողություն։ (Գնում է):

ՁԱՅՆ — Դուրս արի, արագ…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Դուրս եկա։

ՁԱՅՆ — Մասսովկա, դուք էլ… Ազատ եք, շնորհակալություն։ Անցեք, մի՛ կանգնեք, խնդրում եմ։ Անտառապահի աղջիկ… (Մտնում է աղջկա դերակատարը): Առաջ, ավելի առաջ… Անտառապահ, հետ գնա։ Դեպի աջ, աջ… Երիտասարդի դերակատար, որտե՞ղ ես…

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Այստեղ եմ, մաեստրո…

ՁԱՅՆ — Անտառապահ, դեպի աջ, աջ գնա… Անտառապահի աղջիկ, պատրաստ… Ուշադրություն… Մոտոր…

Աղջկա դերակատարը փղձկում է՝ փակելով դեմքը:

ՌԵԺԻՍՈՐԻ ՁԱՅՆԸ — Դեմքդ ինչո՞ւ ես փակում, դա ինչ նորություն է։ Իջեցրու ձեռքդ։ Մի՛ կանգնիր, գնա, գնա, ասում եմ։ (Սաստող) Լացը… Բավական է, շատ եղավ, շատ է, շատ է… Գնա, գնա, մի կանգնիր։

Աղջկա դեгակատարը մնացել է անշարժ:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Մաեստրո, լաց է լինում։  

ՁԱՅՆ – Ստոպ… Ի՞նչ է, պիտի ծիծաղե՞ր։

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Իսկականից է լաց լինում: 

ՁԱՅՆ — Հետաքրքիր է, ուրիշ էլ ինչպե՞ս են լաց լինում։

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չէ, իսկապես իսկականից:

ՁԱՅՆ — Ավելի լավ… (Աղջկա դերակատարին) Ինչո՞ւ կանգնեցիր: (Բռնկվելով) Անտառապահի աղջիկ, կադրից դուրս արի, շուտ։ (Աղջկա դերկատարը գնում է): Քահանա, Որսորդի ձեռքից վերցնում ես հրացանը և մտնում եկեղեցի։ Քահանա…

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Գալով) Ես պատրաստ եմ, մաեստրո։ (Վերցնում է հրացանը):

ՁԱՅՆ – Ուշադրություն… Մոտոր…

Քահանայի դերակատարը հրացանի փողը պարզած մտնում է եկեղեցի և տեղնուտեղը հրվում ետ:  Շեմին հայտնվում է ՔԱՀԱՆԱՆ:

ՁԱՅՆ – Ստոպ…

ՔԱՀԱՆԱ — (Քահանայի դերակատարին) Դուրս եկեք, դուրս… Ո՞ւմ վրա եք ուզում պահել փողը:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ոչ մեկի:

ՔԱՀԱՆԱ – Դուրս…

ՌԵԺԻՍՈՐ — (Մտնելով) Ի՞նչ է պատահել:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չի թողնում:

ՔԱՀԱՆԱ — (Դեռ չհանդարտված) Հրացանը ձեռքին եկեղեցի չեն մտնում:

ՌԵԺԻՍՈՐ — Բայց մենք ձեզ տեղյակ ենք պահել, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ – Է՜, հա, գիտեմ…

ՌԵԺԻՍՈՐ- Դե ուրեմն խնդրում եմ թույլ տաք մեր քահանան մի վայրկյանով մտնի ներս և անմիջապես դուրս գա:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Մտնեմ և անմիջապես դուրս գամ:

ՔԱՀԱՆԱ — Հրացանը թողեք դրսում, մտեք: Ես դեմ չեմ: 

ՌԵԺԻՍՈՐ — Առանց հրացանի իմաստ չունի նրա մտնելը: Նա պիտի հրացանով մտնի:

ՔԱՀԱՆԱ — Ոչ, չի կարելի։

ՌԵԺԻՍՈՐ — Եթե առանց հրացանի մտնի, նշանակում է մեր բոլոր մտահղացումները ջուրը լցնենք: Ներսը մեզ չի հետաքրքրում, մեզ պետք է միայն արտաքին տեսքը, թույլ տվեք մի վայրկյանով մտնի ներս և անմիջապես դուրս գա:

ՔԱՀԱՆԱ — Չեմ հասկանում, Աստծո սպասավորի ձեռքին հրացանն ի՞նչ գործ ունի:

ՌԵԺԻՍՈՐ — Նա հո իրական քահանա չի, որ այդպիսի հարց եք տալիս:

ՔԱՀԱՆԱ — Ինքն իրական չէ, բայց իր խաղացած քահանան հո իրական է։ Նա ինչո՞ւ պիտի հրացան վերցներ։ Եթե նա իրական է, ուրեմն ինքն էլ է իրական, տարբերություն չկա:

ՌԵԺԻՍՈՐ — Հրացան է վերցրել, որովհետև անցել է հեղափոխության կողմը:

ՔԱՀԱՆԱ — Ճիշտ չեք ասում, եթե անցներ հեղափոխության կողմը, ՚հեղափոխությունը չէր հաղթի: Եվ այն, ինչ որ եղավ, չէր լինի։

ՌԵԺԻՍՈՐ — Ես դա ձեզ ասում եմ ըստ սցենարի: Ընդունված, հաստատված սցենարը հո չենք փոխելու։ Խնդրում եմ թույլ տաք, մի վայրկյանով մտնի ներս և անմիջապես դուրս գա: 

ՔԱՀԱՆԱ — (Ընդգծված) Այդպիսի կարգ չկա, չկա։ 

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Քահանային) Էդ որտե՞ղ է գրված, որ չկա:

ՔԱՀԱՆԱ — Կանոնագրքում չի գրված, ոչ մի տեղ չի գրված, բայց պատշաճ չէ:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բացառություն արեք, էլի, ո՞վ պիտի իմանա:

ՔԱՀԱՆԱ — Ոչ ոք չպիտի իմանա, ես պիտի իմանամ։ 

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Համարեք, որ դուք էլ չեք իմացել, էդտեղ առանձնապես ի՞նչ մի վատ բան կա, որ մտնեմ, դուրս գամ մի վայրկյանով:

ՔԱՀԱՆԱ — Վայելուչ չէ, ինչո՞ւ չեք ուզում ինձ հասկանալ։ (Ապշած) Իմանամ և համարեմ, որ չե՞մ իմացել։ Ինքս ինձ ինչպե՞ս խաբեմ: Իրեն խաբողը ուրիշի է խաբում, ինքն իրեն չի խաբում։ Ես իմ կամքը չեմ կատարում, ես Տիրոջ կամքն եմ կատարում։ Եթե ինքս ինձ խաբեմ, նշանակում է… Մեղա՜ քեզ, Տեր…

ՌԵԺԻՍՈՐ — (Համբերությունը հատած) Ներողություն, իհարկե, բայց ճիշտն ասած, մի քիչ շատ բարդացրիք, տեր հայր: Ախր մենք ժամանակ չունենք:

ՔԱՀԱՆԱ — Ասում եք՝ ընդառաջեք, ընդառաջում եմ: Բnլորն իրենց զգեստներով են ներս մտնում, դուք ձեր զգեստով չեք մտնում:

ՌԵԺԻՍՈՐ — Մենք ինչո՞ւ պիտի մեր զգեստով մտնենք, մենք ֆիլմ ենք նկարահանում:

ՔԱՀԱՆԱ – Է՜, մտեք, դեմ չեմ հագի փարաջային, թեև հագնողն ինքն է, ես չեմ, ձեռքի հրացանին եմ դեմ: Անհարիր է, մեկը մյուսի հետ չի հաշտեցվի: Հրացանով եկեղեցի չեն մտնում: Ես իրավունք չունեմ ձեզ արգելք լինելու, դուք ինքներդ չպիտի մտնեք: Անկարելին մի պահանջեք ինձնից։ (Մտնում է ներս):

ՌԵԺԻՍՈՐ — (Նրա ետևից) Ցնդա՞ծ է… (Ծիծաղում են): Հաշվետո՞ւ ենք, ինչ է…

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Կեսկատակ) Մաեստրո, կարո՞ղ է սա էլ է…

ՌԵԺԻՍՈՐ — Ի՞նչ…

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Փող ուզում…

Ծիծաղում են:

ՌԵԺԻՍՈՐ — Ընդմիջում մինչև երկուսը:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Ձեռքը փարաջայի տակից տանում է գրպանը, արևածաղկի սերմ է հանում: Չրթելով, փոխանցելով մեկից մյուսին): Ասում է՝ ես այդ իրավունքը չունեմ: Դե որ չունես, թող մտնենք, էլ ի՞նչ ես համը հանում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Մաեստրո, հիմա ի՞նչ պիտի անենք։

ՌԵԺԻՍՈՐ — Պիտի մի կերպ լեզու գտնենք, ինչ պիտի անենք… Լավ չեն բովել, խանձել են: Անտառապահի աղջկան ի՞նչ էր պատահել:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Տեղեկություն չունեմ, մաեստրո:

ՌԵԺԻՍՈՐ — Բան է պատահել, թող ասի, մենք էլ իմանանք:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Հարցրի, ասաց՝ ոչ մի բան չի պատահել:

ՌԵԺԻՍՈՐ — Առավել ևս… Թող ձևեր չթափի, նկարվում է, թող նկարվի, չի ուզում նկարվի, թող մաքրվի, գնա։ Լավ չեն բովել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Փխրուն հոգի ունի: 

ՌԵԺԻՍՈՐ — (Հեգնանքով) Շատ…

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Երեխա է, մաեստրո: 

ՌԵԺԻՍՈՐ — Ի՞նչ երեխա, է՜, դու էլ՝ երեխա է… Զգույշ, մատդ չկծի։ Անմիջապես պաշտպանության տակ եք առնում։ Շատ են խանձել։

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ճիշտ է:

ՌԵԺԻՍՈՐ — (Քահանայի դերակատարին) Մեկին էլ էիր բերել, այ, նա՝ շատ լավն էր։ Ո՞ւր գնաց։ Թող գա ինձ մոտ:

Դուրս են գնում: Վերջում մնում են Անտառապահի դերակատարն ու Երիտասարդի դերակատարը: Մտնում է կաշվե բաճկոնով մի երիտասարդ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Երիտասարդի դերակատարին): Ներողություն, կարելի՞ է մի րոպեով…

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ – Խնդրեմ:

Երիտասարդը շշուկով ինչ-որ բան է հարցնում:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞ւմ է ուզում:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Անտառապահի աղջկան: 

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, դուք ինձ սխալ հասկացաք, ես անտառապահի աղջկան չեմ ուզում:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Գիտեմ, Անտառապահի աղջկա դերակատարին եք ուզում: Ռեժիսորն էլ էր նրան հարցնում: Քիչ առաջ այստեղ էր:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Նայեք, այս կողմերում պիտի լինի:

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Շնորհակալություն: (Գնում է): 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞վ էր։

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Աղջկա հետևից որ եկել հասել է այստեղ, պարզ չի՞ ով պիտի լինի։

Դուրս են գնում:

Ավլելով մտնում է մասսովկայի տղաներից մեկը: Նրան ընդառաջ է գալիս շրջակայքի մի բնակիչ:

ԲՆԱԿԻՉ — Մերոնց չե՞ս տեսել:

ԱՎԼՈՂ — Կինդ երեխաներին առավ, գնաց քիչ առաջ: 

ԲՆԱԿԻՉ — Վերջացրի՞ք:

ԱՎԼՈՂ — Չէ, ընդմիջում է մինչև երկուսը:

ԲՆԱԿԻՉ — Դուք էլ ժողովո՞ւրդն եք:

ԱՎԼՈՂ — Չէ, մենք ժողովուրդ չենք, մենք մասսովկա ենք։ Ինչ որ ասում են՝ արեք, դա ենք անում, այսինքն՝ ոնց որ ժողովուրդ: Գալիս ենք, սուսուփուս մտնում ներս:

ԲՆԱԿԻՉ — Ուրիշ բան չե՞ք անում:

ԱՎԼՈՂ — Չէ, Աստծուն ենք հավատում:

ԲՆԱԿԻՉ — Ինչքա՞ն են տալիս որ…

ԱՎԼՈՂ – Մարդա՝ յոթանասուն-իննսուն… Խաչակնքողներից կարող է հարյուր-հարյուր քսան էլ ստացող լինի:

ԲՆԱԿԻՉ – Լավ է, շատ լավ է, բայց դե որ մշտական գործ չի…

ԱՎԼՈՂ — Ուզո՞ւմ ես՝ դու էլ արի:

ԲՆԱԿԻՉ — Ասում ես՝ Աստծուն պիտի հավատամ…

ԱՎԼՈՂ — Մենք էլ չենք հավատում:

ԲՆԱԿԻՉ — Բա որ չեք հավատում, ո՞նց եք հավատում: 

ԱՎԼՈՂ — Դե մի քանի անգամ տանում-բերում են, հավատում ենք: Եթե չհավատանք, ֆիլմը չի ստացվի: Սա էլ էս տեսակ ֆիլմ է: Պիտի ցույց տաս, որ հավատում ես, դժվար չի:

ԲՆԱԿԻՉ — Եթե չհավատամ, բայց ցույց տամ, որ հավատում եմ, Աստված չի՞ պատժի:

ԱՎԼՈՂ — Դե որ չհավատաս, քեզ հետ էլ ի՞նչ գործ ունի, որ պատժի։ Աստված իրեն հավատացողին է պատժում:

ԲՆԱԿԻՉ — Չէ, դա իմ գործը չի: 

ԱՎԼՈՂ – Դու գիտես…

ԲՆԱԿԻՉ — Անտառում աղջիկ են բռնաբարել:

ԱՎԼՈՂ — Բռնե՞լ են։

ԲՆԱԿԻՉ — Չէ։ Ասում են, տեր հորն են տեսել աղջկա հետ: 

ԱՎԼՈՂ — (Կարկամելով) Տեր հո՞րը…

ԲՆԱԿԻՉ — Մի որսորդ օդ է կրակել, որ աղջկան բաց թողնի:

ԱՎԼՈՂ — Աղջիկն ո՞վ է եղել, որ տեսել են տեր հոր հետ: 

ԲՆԱԿԻՉ — Անտառապահի աղջիկը…

ԱՎԼՈՂ — Անտառապահի աղջի՞կը:

Լսվում է մոտեցող ուղղաթիռի ձայնը: Նայում են վերև:

ԲՆԱԿԻՉ — Ցածրից է թռչում։ Պտտվեց…

ԱՎԼՈՂ — Վերևից էլ են նկարում։ (Շարունակում է ավլել):

Բնակիչը գնում է: Ուղղաթիռի ձայնը մարում է: Մտնում է մի բարձրահասակ երիտասարդ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Չե՞ն սկսում:

ԱՎԼՈՂ — Չէ, դեռ ժամանակ կա։ Վերևից են նկարում: Քիչ առաջ մեկը եկել էր, անտառապահի աղջկան էր հարցնում:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Թեթևակի ցնցվելով) Ո՞վ էր:

ԱՎԼՈՂ – Չասաց:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ո՞ր կողմը գնաց:

ԱՎԼՈՂ — Չտեսա։ Ասում են՝ անտառում աղջիկ են բռնաբարել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ե՞րբ…

ԱՎԼՈՂ – Չիմացա:

Բարձրահասակ երիտասարդը դուրս է գնում: Տղան շարունակում է ավլել: Մտնում է Միլիցիոները:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – Դադարեցրու: Լսիր ինչ եմ ասում։ Ուրեմն գնում, գտնում ես Անտառապահին, աղջկան, մի որսորդ կա, պտտվում է էս կողմերում, որսագող է, մեկ էլ նրան։ Ասում ես գան, ներկայանան։ Գնա, էլ ժամանակ մի կորցրու:

ԱՎԼՈՂ — (Ցախավելը տեղավորելով մի անկյունում) Գնացի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Տեր հայր…

ՔԱՀԱՆԱ — (Դռան արանքում) Ասեք, ասեք տեսնեմ ինչ պիտի ասեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Տեր հայր, ես ներողություն եմ խնդրում, ձեզ պիտի ուղեկցեմ, գնանք մեզ մոտ:

ՔԱՀԱՆԱ — (Դուրս գալով) Իզուր են ձեզ նեղություն տվել, բան ունեն ասելու, թող իրենք գան:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Չէ, դուք պիտի գաք, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ — Ես ոչ մի տեղ չեմ գա:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Չեք գալիս՝ եկեք գնանք, ասեք՝ չեմ գալիս:

ՔԱՀԱՆԱ – Է՜, ասում եմ…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ինձ եք ասում, գնանք պարզենք:

ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ պիտի պարզենք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ինչ որ եղել է, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ — Բայց ի՞նչ է եղել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դուք պիտի իմանաք, ես չգիտեմ:

ՔԱՀԱՆԱ — Եթե չգիտեք, ինչո՞ւ եք եկել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ուղարկել են՝ եկել եմ, չուղարկեին՝ չէի գա:

ՔԱՀԱՆԱ — Միևնույն է, ներս չեմ թողնի, չեմ թողնի: 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ես ներս չեմ գալիս, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ – Ես ձեր մասին չեմ ասում, ես նրա մասին եմ ասում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Նա ո՞վ է, ո՞ւմ չեք թողնի, ես տեղեկություն չունեմ:

ՔԱՀԱՆԱ — Եթե չունեք, ի՞նչ եք ուզում ինձնից:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ոչ մի բան, ես իմ ծառայությունն եմ կատարում: Կանչում են, պիտի գաք:

ՔԱՀԱՆԱ — Ինձ ինչո՞ւ պիտի կանչեն: 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դե երևի գործ կա:

ՔԱՀԱՆԱ — Ասեք, իմանամ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Գնանք, կասեն:

Գալիս է միլիցիոների դերակատարը:

ՔԱՀԱՆԱ — Աստծո տան մեջ հանցավորներ մի փնտրեք, այստեղ մեղք քավելու համար են գալիս, մեղք գործելու համար չեն գալիս։ (Մտնում է ներս):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Ետևից) Ի՞նչ է խոսում, չեմ հասկանում: Ստիպում է, որ զոռո՞վ տանեմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ է եղել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Չգիտեմ, չեն ասել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չի գա:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իր չգալո՞վ է, որ չգա: Օրենքի առաջ բոլորն էլ համահավասար քաղաքացի են:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Մարդուն տանում եք, չիմանա՞ ինչի համար եք տանում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Թող գա, իմանա:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Հավատո՞ւմ եք, որ նա վատ բան արած լինի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իմ հավատալո՞վ է. չէ, չեմ հավատում: 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Եթե չեք հավատում, մի տարեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ի՞նչ իրավունք ունեմ, որ չտանեմ։ Ես իմ ծառայությունն եմ կատարում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Դուք մի տարեք, տեսնեմ ձեզ ի՞նչ պիտի անեն:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ոչ մի բան էլ չեն անի, կասեն՝ ազատ ես, գնա: Բայց ոչ մի տեղ էլ չեն թողնի գնամ: Ուսադիրներս վրայիցս կպոկեն ու…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Պոկում են, թող պոկեն: 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Հետո ո՞նց ապրեմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ազատ…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ազատ լինեմ, որ ի՞նչ անեմ: Ինչ եմ ստանում, որ դա էլ չստանամ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ֆիլմում ես ինքս եմ պոկում, շպրտում ուսադիրներս, երբ փորձում են ինձ կատարող դարձնել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դա ես չեմ անի, դա միայն դուք կարող եք անել:

ՄԻԼԻ՚ՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բայց ես դա ձեր դերում եմ անում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իմ դերում ձեզ համար հեշտ է, ինձ համար է դժվար:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Իզուր եք կարծում, համարյա ամբողջ նկարահանման ընթացքում սկզբից մինչև վերջ տանջվում եմ, որ հագիս համազգեստ չզգամ: Հենց որ հագիս համազգեստ է լինում, ես ինձ մարդ չեմ զգում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – Ընդհակառակը, ես էլ միայն համազգեստով եմ ինձ մարդ զգում, առանց համազգեստի ես ո՞վ եմ… Ինձ վրա նայող էլ չկա: Իսկ երբ որ համազգեստով եմ լինում, տեսնեք այն ժամանակ մարդիկ իմ նկատմամբ ինչ վերաբերմունք են ունենում: Իմ համազգեստը նրանց համար է ինձ պետք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ով որ հանցագործ է, թող նա զգուշանա, մյուսներն ինչո՞ւ են զգուշանում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իրենց հարցրեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Նրանք ի՞նչ ունեն կորցնելու: 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Չգիտեմ, չեմ հասկանում։ Ժողովրդին մի անգամ վախեցրել են, էլ չեն կարողանում վախը բռնել տան:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ով որ վախենում է, կարծում է, թե վախից ավելի վատ բան էլ կա։ Չգիտի, որ չկա: Խորհուրդ չէի տա քահանային տանեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ի՚՞նչ իրավունք ունեմ, որ չտանեմ, ես ծառայության մեջ եմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ձեր դերում ես էլ եմ ծառայության մեջ, բայց ես կատարող չեն դառնում, որովհետև կատարող չեմ ծնվել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ոչ մեկն էլ կատարող չի ծնվում: 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բա էս բոլորն ո՞վ արեց, որ էսպես եղավ… Սխալվում եք, եթե չծնվեն, չեն դառնա։ Դա կատարող ծնվածներն են հորինել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Կարող է պատահել…

Միլիցիոների դերակատարը գնում է: Դուրս է գալիս Քահանան:

ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ է, ի՞նչ եք ուզում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Տեր հայր, ինձ ասել են՝ գնա ասա, թող գա: Խնդրում եմ գաք, գնանք:

ՔԱՀԱՆԱ — Ինչո՞ւ գամ, ասեք, իմանամ, գամ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Որ իմանամ, չե՞մ ասի, ես էլ չգիտեմ:

ՔԱՀԱՆԱ — Գնացեք իմացեք, հետո եկեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Սպասեք, ո՞ւր եք գնում:

ՔԱՀԱՆԱ — Ես արդեն ասացի, ես այլևս ասելիք չունեմ: (Քաշվում է ներս):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Չեղավ, դա արդեն չեղավ, տեր հայր… Մի րոպե… (Ետևից սողոսկում է ներս):

Մտնում է Կաշվե բաճկոնով երիտասարդը: Նրան ընդառաջ է գալիս Երիտասարդի դերակատարը:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Գտա՞ք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Շրջվում է) Չէ, չկա:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Կերևա ուր որ է։ Ո՞ւր պիտի գնա: Ի միջի այլոց, լավ աղջիկ է, ես եմ իրեն սիրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞նց եք դուք իրեն սիրում, որ ես եմ սեիրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Որպես դերակատար… Հո չեմ ասում՝ դերից դուրս եմ սիրում։ Երիտասարդի դերակատարը ես եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դա ուրիշ հարց է։

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինձ կարող եք չխանդել, ես ընդհանրապես ոչ ոքի չեմ սիրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բա ո՞նց եք խաղում:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ նշանակություն ունի, իմ մեջ հիմա ավելի շատ սեր կա։ Ում որ սիրել եմ, հիմա էլ ես ոչ մի րոպե առանց նրա չեմ ապրում, նա է առանց ինձ ապրում։ Մի բան չհասկացա՝ ախր էդ ո՞նց է պատահում, որ ամուսնանում են նրա հետ, ում սիրում են։ Հազարից մեկ պատահաբար հանդիպում ենք՝ իբր թե չենք տեսնում իրար, անցնում, գնում ենք, իբր թե հետ էլ չենք նայում։ Իսկ որ տեսնելիս սարսռում ես, դա ոչինչ, միայն թե հանկարծ հետ չնայես, իրավունք չունես, կքարանաս։ Քար չենք, ի՞նչ ենք… (Հեգնանքով, անկապ): Քարաշատ Հայաստանի քարերը… Ես իմ սերն եմ խաղում, ես ուրիշի սեր չեմ խաղում։ Բայց դե խաղում եմ, հո չեմ սիրում։ Թող մի ուրիշը իմ սերը խաղար, ինչո՞ւ պիտի ես իմ սերը խաղայի:

Մտնում է Բարձրահասակ երիտասարդը:

Ներողություն, Անտառապահի աղջկան չե՞ք տեսել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Անակնկալի եկած) Անտառապահի աղջկա՞ն…

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Այո, դուք մասսովկայից չե՞ք:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ – Չէ:

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Ակնարկելով Կաշվե բաճկոնով երիտասարդին) Իրեն է փնտրում։ (Գնում է):

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ- (Կաշվե բաճկոնով երիտասարդին) Ինչի՞ համար եք իրեն փնտրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Գործ կա:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ- Ի՞նչ գործ,

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Կռվի տոնով) Կարևո՞ր է…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Չէ, բայց իմանանք…

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ի՞նչ կարիք կա, որ իմանաք:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Նույն տոնով) Գիտե՞ք ինքն ով է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չէ, չգիտեմ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ինչո՞ւ եք նեղանում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չեմ նեղանում:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դե մի նեղացեք:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե դուք էլ մի նեղացեք:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ինչո՞ւ պիտի նեղանամ, որ ես եմ նրան սիրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞նց ես դու նրան սիրում, որ նրան ես եմ սիրում:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ – Ո՞նց ես դու սիրռւմ, որ նրան ես եմ սիրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞վ ասաց:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ես եմ ասում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Գնանք, թող ինքն ասի:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Հարձակողական) Է՛, գնանք: (Դուրս են գնում):

Բեմում շարժումը չի դադարում:

Մտնում է Քահանայի դերակատարը՝ արևածաղկի սերմ չրթելով:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Ինքն իրեն) Ո՞ւր գնաց տեր հայրը: Հիմա սա պիտի թողնի՞ նկարահանում անենք, թե՞ չէ:

Աքլորը գրկին մի կին է մտնում՝ երկու երեխաների հետ:

ԿԻՆ — Բարև ձեզ:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բարև ձեզ:

ԿԻՆ — Ուզում ենք մատաղ անենք, տեր հայր, բերել եմ, որ օրհնեք:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Մի րոպե սպասեք, հիմա… (Դուրս է գնում):

Երեխաները հրմշտում են իրար:

ԿԻՆ — Խելոք մնացեք:

ԱՌԱՋԻՆ ԵՐԵԽԱ — Ինքն ուտում է, ինձ չի տալիս:

ԿԻՆ — Իրեն էլ տուր:

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԵԽԱ — Չեմ ուտում, ծամում եմ:

ԿԻՆ — Ծամոնր հանիր բերանիցդ:

Քահանայի դերակատարը վերադառնում է՝ մի գիրք ձեռքին: Բացում է գիրքը, սկսում է օրհնելու արարողությունը: Երգելով եզրափակելուց հետո պարզում է խաչը: Կինն ու երեխաները համբուրում են՝ թղթադրամներ դնելով Քահանայի դերակատարի ավի մեջ:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ընդունելի լինի, տարեք: Վանքի մոտ բմբուլ-մմբուլ չթափեք:

ԿԻՆ — Տեր հայր, ուզում եմ երեխաներին կնքեք:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Մի ժամ հետո կբերեք, հիմա չեմ կարող:

Կինը հեռանում է երեխաների հետ:

Մտնում է Անտառապահի դերակատարը:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Էդ ի՞նչ գիրք է:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — ՛՛Փողոցային երթևեկության կանոնները՛՛:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինչ եղավ, խոսեցի՞ր: 

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Գրպանից արևածաղկի սերմ է հանում, պարզելով նրան) Ո՞ւր է, չկա: Լավ, արի, հետո կգամ:

Դուրս են գնում:

Բեմում շարժումը շարունակվում է, կինոտեխնիկա են տանում-բերում: Ժամանակ առ ժամանակ՝ մոտեցող-հեոացող ուղղաթիռի ձայնը:

Մտնում է Միլիցիոների դերակատարը՝ աչք ածելով եկեղեցու կողմը:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Ինքն իրեն) Տարա՞վ… 

ՈՐՍՈՐԴ(Ընդառաջ վազելով, իրեն կորցրած) Ընկել է հետևիցս, որ հրացանս վերցնի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞վ:

ՈՐՍՈՐԴ — (Շնչակտուր) Անտառապահը… Մի՛ թողեք, էէլի, խնդրում եմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Իմ ի՞նչ գործն է, որ թողնեմ կամ չթողնեմ:

ՈՐՍՈՐԴ — Ասում է՝ որսագող ես… Օդում կրակեցի, որ բաց թողնի… Աղջկան բռնել էր, բաց չէր թողնում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ աղջիկ…

ՈՐՍՈՐԴ — Դուք ինձանից լավ գիտեք։ Չկրակեի՞… Գալիս է, հիմա ես ի՞նչ անեմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Այ ընկեր, դա ինձ վերաբերո՞ւմ է…

ՈՐՍՈՐԴ — (Խուճապի մեջ) Մի՛ թողեք վերցնի, էլի, խնդրում եմ: Ախր ինչո՞ւ իրեն տամ, ինչ որ գինն է՝ ձեզ կտամ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ պիտի տաք:

ՈՐՍՈՐԴ — Ինչքան որ պետք է:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Լսեք, դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել:

ՈՐՍՈՐԴ — (Հետ-հետ գնալով) Մենք նրանց աչքի գրողն ենք, որովհետև խանգարում ենք իրենց:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Սպասեք, իմանամ ինչ եք ասում:

ՈՐՍՈՐԴ — Սպասեմ, որ գա հրացանս վերցնի՞։ (Իրեն դուրս է գցում):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞վ էր, ի՞նչ էր ասում՝ չհասկացա:

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով) Մաեստրոն կանչում է:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐԻ՞նձ… (Դուրս է գնում): 

ԱՆՏԱՌԱՊԱՀ — (Մտնելով, Որսորդի դերակատարին) Մի րոպե…

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Շրջվում է) Ասեք… 

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Տուր, ասեմ:

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Զարմացած) Ինչի՞ համար: 

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Հենց էնպես… (Ձեռքից վերցնում է հրացանը): Ազատ ես։ Դե հիմա ուր ուզում ես, գնա:

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես գնալու տեղ չունեմ, ես նկարահանվում եմ, հրացանս տվեք:

ԱՆՏԱՌԱՊԱՀ — (Չոր) Փաստաթուղթդ…

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՚՞նչ փաստաթուղթ, դուք ո՞վ եք: 

ԱՆՏԱՌԱՊԱՀ – Կիմանաս՝ ով եմ… Փաստաթուղթդ… 

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Հրացանս տվեք… Ես որսորդ չեմ, ի՞նչ փաստաթուղթ:

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Ձեռքդ…

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Տվեք, հրացանս տվեք: 

ԱՆՏԱՌԱՊԱՀ — (Նույն խստությամբ) Ասում եմ՝ փաստաթուղթդ…

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես նկարահանվում եմ, ի՞նչ փաստաթուղթ։ Չեք հավատում՝ գնանք ռեժիսորի մոտ, նրան հարցրեք:

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Ռեժիսորն ո՞վ է:

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բա դուք ո՞վ եք:

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Հետևիցս արի, կասեմ ով եմ։ (Գնում է): 

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Շվարած) Ո՞ւր եք տանում, հրացանս տվեք: (Դեպի դուրս) Մաեստրո, հրացանս տարան: (Վազում է հետևից):

Մտնում է Անտառապահի աղջիկը՝ Բարձրահասակ երիտասարդի ուղեկցությամբ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Լարված) Սպասիր:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — (Մեկից կանգնում է) Ինչի՞ համար:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Նայելով դեպի դուրս) Գալիս է, թող մոտենա:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — (Նայելով նույն ուղղությամբ, տարակուսանքով) Ո՞վ է… 

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Բազմանշանակ) Չե՞ս ճանաչում: 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Չէ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Բա էդ ո՞նց է ինքը քեզ ճանաչում: 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Ի՞նձ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Հա, քեզ…

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Առաջին անգամ եմ տեսնում: Իսկապես, ո՞վ է:

Մտնում է Կաշվե բաճկոնով երիտասարդը:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ(Երիտասարդին, ներկայացնելով Անտառապահի աղջկան): Ի՞նչ էիր ասում, դե հիմա իր ներկայությամբ ասա:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Շփոթված) Ի՞նչ ասեմ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ինչ որ քիչ առաջ էիր ասում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես իրեն չեմ ճանաչում։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Բա էդ ո՞նց է ինքը քեզ սիրում, որ դու իրեն չես ճանաչում:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — (Ապշած) Ո՞վ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դու…

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Ո՞ւմ եմ սիրում:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ – Իրեն:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Ինքն ո՞վ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Բարձրահասակին) Ես իր մասին չեմ ասել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Բա ո՞ւմ մասին էիր ասում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Աղջկա դերակատարի:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ի՞նչ դերակատար, դու չասացի՞ր՝ անտառապահի աղջկան ես փնտրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես էդպիսի բան չեմ ասել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Բա դու ո՞ւմ էիր փնտրում:

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Աղջկա դերակատարին:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Աղջկա դերակատարն ո՞վ է:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կարևո՞ր է…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դե իմացիր ում ես փնտրում, հետո փնտրիր:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես գիտեմ:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դե որ գիտես, էլ ի՞նչ էիր ասում: 

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ոչ մի բան էլ չեմ ասում:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դե մի ասա:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Ի՞նչ է ասել:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Արի, կասեմ։ (Դուրս են գնում):

Կաշվե բաճկոնով երիտասարդը տարակուսանքով թոթվում է ուսերը: Ավլելով մտնում է մասսովկայի տղան:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ներողություն, դուք էստեղ ի՞նչ եք անում: 

ԱՎԼՈՂ — Մասսովկայից եմ։

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Անտառապահի աղջկա դերակատարին չե՞ք տեսել:

ԱՎԼՈՂ — Տեսել եմ:

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ե՞րբ…

ԱՎԼՈՂ — Հենց նոր վերև բարձրացավ մի տղայի հետ: 

ԵՐԻՏԱՍԱՐԴ – Տղայի՞…

Ավլողը շարունակում է ավլել: Երիտասարդը գնում է:

Բեմում կողմնակի մարդկանց միաժամանակյա անցուդարձը չի դադարում:

Մտնում է Աղջկա դերակատարը, հետևից՝ Քահանայի դերակատարը:

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ – Մի՛ եկեք իմ հետևից:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Կրնկակոխ) Մի րոպե լսիր ինչ եմ ասում, հետոԱչքերդ մաքրիր։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինձ ոչինչ մի ասեք, չեմ ուզում չսել:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չափահաս աղջիկ ես, ախր ի՞նչ է պատահել, չես ամաչո՞ւմ, հանկարծ չթողնես գնաս, խնդրում եմ։ Ինչո՞ւ ես ուզում, որ բոլորն իմանան։ Չգնաս։ Եթե իմանան, ավելի վատ քեզ համար։ Ես իմ մասին չեմ մտածում, ես քո մասին եմ մտածում։

Դուրս են գնում Քահանայի դերակատարը և Աղջկա դերակատարը: Եկեղեցուց դուրս են գալիս Միլիցիոները և Քահանան:

ՔԱՀԱՆԱ — Չեմ գա, ասում եմ…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Կգաս, տեր հայր:

ՔԱՀԱՆԱ — Հավատ չունեք, գոնե Տիրոջ սպասավորի նկատմամբ հարգանք ունեցեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ո՞վ է ասում, որ չունենք։ Եթե ուրիշ քաղաքացի լիներ ձեր տեղը, հիմա վաղուց էի տարել։ Ես խնդրում եմ, որ դուք ձեր ոտքով գաք, գնանք:

ՔԱՀԱՆԱ — Չեմ գա, ասում եմ… (Շրջվում, մտնում է ներս):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դե արդեն դա չեղավ, ազնիվ խոսք, չեղավ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Գալով) Մեկ է, չի գա:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ես էլ կնստեմ էստեղ, ոչ մի տեղ չեմ գնա, տեսնեմ ինչ պիտի անի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Եթե ճիշտը դուք եք, ես կհրաժարվեմ իմ դերից:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Թույլ կտա՞ն։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չեմ ուզում, չեմ խաղում, ո՞ւմ ինչ գործն է։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ձեր հիմնական աշխատավարձն ինչքա՞ն է:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Երկու հարյուր հիսուն:

ՄԵԼԻՑԻՈՆԵՐ — Իմն էլԲայց ասեմ՝ իմն ավելի քիչ է, քան ձերը:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չասացի՞ք՝ երկու հարյուր հիսուն, ինչո՞ւ է քիչ, այդքան էլ ես եմ սա անում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դուք իմ դերը խաղալու համար էլ եք ստանում, բայց ես եմ ծառայության մեջ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Հետո ինչ, ձեր դերում ես էլ եմ ծառայության մեջ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Բայց ձեզ վրա եթե կրակում են՝ դուք չեք մեռնում, իսկ եթե ինձ վրա կրակեն, ես պիտի մեռնեմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես միայն ձեր դերը չեմ խաղում, ես հազար տեսակ դեր եմ խաղում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Եթե ձեր սրտովը չի լինում, հրաժարվում եք, իսկ ես ուզեմ թե չուզեմ՝ հրաժարվելու իրավունք չունեմ։ Ես մի դերի վրա եմ։ Ո՞ւր գնաց էս տեր հայրը, վերջը պիտի դուրս գա՞, թե՞ չէ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Պետությունը ճիշտ է անում, որ ձեզ երկու հարյուր հիսուն է տալիս, եթե հազար տար, դուք հիմա նրան վաղուց էիք տարել։ (Գնում է):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ինչքան տալիս են, տվածի չափով էլ աշխատում ենք:

ՔԱՀԱՆԱ — (Դուրս է գալիս պոռթկալով) Չեմ գալիս, չեմ գալիս, ինչո՞ւ եք եկել իմ հետևից:

Մասսովկան աստիճանաբար լցվում է նկարահանման հրապարակ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Բա ո՞ւմ հետևից գնամ, տեր հայր, դեպքի վայրում ձեզ են տեսել:

ՔԱՀԱՆԱ — (Ապշած) Ի՞նչ դեպքի վայր… Ո՞ւմ են տեսել՝ ի՞նձ…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ  — Այո, ձեզ, երկուսիդ միասին:

ՔԱՀԱՆԱ — Երկուսի՞ս…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Այո, աղջկան ու ձեզ:

ՔԱՀԱՆԱ — Աղջիկն ո՞վ է:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ես չգիտեմ, եկեք իմացեք, տեսնողները ձեզ են տեսել: (Մասսովկային) Ցրվեք, մի հավարվեք:

ՔԱՀԱՆԱ — (Դեռ ուշքի չեկած) Աղջիկն ո՞վ է, ի՞նչ աղջիկ…

Մտնում է Բարձրահասակ երիտասարդը՝ պատռելով, անցնելով մասսովկայի միջով:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ(Գազազած, հարձակվելով քահանայի վրա) Ասե՞մ՝ ով է… Ասե՞մ…

Իրարանցման մեջ ձայներ տարբեր տեղերից.

  • Քահանայի դերակատարը չի, Քահանան է…
  • Քահանան չի, Քահանայի դերակատարն է…

Խուճապ: Խառնաշփոթ: Միլիցիոները փակում է Բարձրահասակ երիտասարդի ճանապարհը: Մասսովկայի մասնակիցներից երկուսը Քահանային ազատում են ամբոխի միջից՝ ապահովաբար մոտեցնելով եկեղեցու մուտքին: Քահանան մտնում է ներս:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ցրվեք, ինչո՞ւ եք հավաքվել, անցավ, անցավ, ամեն ինչ անցավ։ Մի հավաքվեք, մի հավաքվեք, ցրվեք:

Ժխոր, բազմություն, խառը բացականչություններ ամբոխի միջից.

  • Քահանան չէր, Քահանայի դերակատարն էր:
  • Քահանան էր, Քահանայի դերակատարը չէր:
  • Քահանայի դերակատարն էր, Քահանան չէր…
  • Երեխայի ոտքը տրորեցիր, այ անխիղճ…
  • Քահանան էր, Քահանայի դերակատարը չէր…
  • Քահանան էր,  Քահանայի դերակատարը չէր…
  • Թափվեց, գետին թափվեց…
  • Քահանայի դերակատարն էր, Քահանան չէր… 
  • Խուլ չեմ, լսում եմ, մի գոռա…

Զանգակատան բարձունքին երևում է Քահանան:

  • Քահանան էր, Քահանայի դերակատարը չէր…
  • Քահանայի դերակատարն էր, Քահանան չէր…

ՔԱՀԱՆԱ — Ջահանան եմ… (Փղձկում է): Քահանայի դերակատարը չեմ…

Ձայներ.

  • Տեր հայր, ինչո՞ւ եք լաց լինում, ձեզ չի սազում:
  • Ձեզ չի սազում, տեր հայր…

ՔԱՀԱՆԱ — Մասսովկա, ես ձեզ համար եմ լաց լինում: Ձեզ կատաղեցրել են: Վճարում են՝ էլի չեք հավատում: Դուք ձեր հավատն եք ուզւմ։ Հիմա բոլոր անհավատները հավատից են խոսում, անօրենները՝ օրենքից, անիրավները՝ իրավունքից, իմաստակներն՝ իմաստությունից, անառակները՝ առաքինությունից։ Խոսողին նայեք, նրա խոսելուն մի նայեք։ Ձեր շուրջը շատ են խաղացողները։ Ուշադիր եղեք։ Ում ինչ դեր տալիս են, նա այն էլ խաղում է, և չես իմանում՝ ով ով է։ Ոչ զգեստով և ոչ էլ խոսքով չխաբվեք: Քահանան եմ, Քահանայի դերակատարը չեմ:

Ներքևում խառնիճաղանջ վիճակ, աղմուկ-աղաղակ: Եկեղեցուց դուրս են գալիս երեք հոգևորականներ՝ խառնվելով ամբոխին: Միլիցիոները Բարձրաճասակ երիտասարդին բռնած դուրս է տանում: Լսվում է մոտեցող ուղղաթիոի ձայնը:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Նկարահանման հրապարակում ոչ nf չկա:

ՌԵԺԻՍՈՐ — (Դրսից) Ուշադրություն… Մոտոր…

Մտնում է Քահանան, քայլերն ուղղում է դեպի եկեղեցու մուտքը:

ՌԵԺԻՍՈՐ (Ձայնը դրսից, Քանանային) Թեթև, թեթև,քայլքը թեթև… Արագ, արագ անցիր…

ՔԱՀԱՆԱ — (Մեկից շրջվում է դեպի ձայնը, անակնկալի եկած): Ի՞նձ եք ասում… Ո՞ւր, ո՞ւր պիտի անցնեմ:

ՌԵԺԻՍՈՐ — (Ձայնը) Ստոպ… Ստոպ, Քահանան է, Քահանայի դերակատարը չի… Ստոպ…

ՔԱՀԱՆԱ — (Խառնված) Ստոպ… Քահանան եմ, Քահանայի դերակատարը չեմ… Քահանան եմ… Ստոպ…

ՌԵԺԻՍՈՐ — (Գալով) Ներողություն, տեր հայր։ (Դեպի դուրս) Քահանայի դերակատար, որտե՞ղ ես, առաջ արի:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով) Ներողություն, տեր հայր։ Մաեստրո, ասիստենտն իմացել է, թե ինքը ես եմ։

ՔԱՀԱԱՆԱ — Ինչպե՞ս թե՝ ինքը ես եմ…

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ – Այսինքն՝ դուք ես եմ։ 

ՔԱՀԱՆԱ — Իսկ ես ո՞վ եմ, եթե դուք ես եմ:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Սխալվել է, տեր հայր:

ՌԵԺԻՍՈՐ — Սխալը դու ես, նա սխալվելու իրավունք չունի։ Ընդամենը երկու հոգի եք, այստեղ հարյուր քահանա չկա, որ սխալվի։ Չէ՞ր տեսնում, որ տեր հայրն է, դու չես։

ՔԱՀԱՆԱ — Դրանով դուք ինձ չէ, որ վիրավորում եք։ Ես՝ ես չեմ, ես չկամ, ինձ հետ գործ ունենալով՝ դուք Տիրոջ հետ գործ ունեք:

ՌԵԺԻՍՈՐ — (Քահանայի դերակատարին) Ճիշտ է ասում, ժամանակին մտնեիր, ո՞ւմ էիր սպասում:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Դե որ հանկարծ ինքը եկավ, միանգամից մտավ կադրի մեջ, մաեստրո, ես ինչ անեմ։

ՔԱՀԱՆԱ — Ես իմ ճանապարհով գնում եմ, ես կադրի մեջ չեմ մտել։

ՌԵԺԻՍՈՐ — Սխալը մերն է, ասիստենտը պիտի կանխեր, դա նրա գործն է։ Ամոթից չի էլ ուզում մոտենա, նա իրենը կստանա։ Եթե անցած անգամ թողնեիք մեր քահանան մտներ եկեղեցի և դուրս գար, մենք մեր գործը հիմա վաղուց վերջացրել, գնացել էինք։

ՔԱՀԱՆԱ — Հրացանով չի, չի կարելի։ Ինչո՞ւ չեք ուզում հավատալ։

ՌԵԺԻՍՈՐ — Հավատում եմ։ Քայց մենք ֆիլմ ենք նկարում, մտեք մեր դրության մեջ, ընդամենը մի կադր է, նկարենք, ձեզ էլ շնորհակալություն հայտնենք, թողնենք գնանք մեր գործին։ Ես ուղղակի խնդրում եմ։ Մենք ուզում ենք մարդկանց մեջ հավատը վերականգնենք։

ՔԱՀԱՆԱ — Ինչպե՞ս պիտի վերականգնեք, երբ դուք ինքներդ հավատ չունեք։

ՌԵԺԻՍՈՐ — Ի՞նչ նշանակութուն ունի, մեզ հո չեն հավատալու, մեր ֆիլմին են հավատալու։

ՔԱՀԱՆԱ — Նկարողը դո՞ւք չեք, դո՞ւք չեք նկարողը… Ձեր ֆիլմին չեն հավատա:

ՌԵԺԻՍՈՐ — Տեր Հայր, սա էլ մեր մասնագիտությունն է՝ մենք գիտենք, էնպես կնկարենք, որ հավատան։

ՔԱՀԱՆԱ — Չեն հավատա։

ՌԵԺԻՍՈՐ — Դե հիմա ինչքան հնարավոր է պիտի աշխատենք, որ հավատան։

ՔԱՀԱՆԱ — Ես չգիտեմ, ես միայն մի բան գիտեմ, որ երկու տիրոջ չեն ծառայում։ Մարդկանց միջից հանել եք հավատը, էլ ի՞նչ կարող եք անել։

ՌԵԺԻՍՈՐ — Անկարելի բան չկա, տեր հայր: Մենք հո չենք հանել, մեր միջից ուրիշներն են հանել, մենք ի՞նչ մեղք ունենք։ Թույլ տվեք մի վայրկյանով մտնի ներս և անմիջապես դուրս գա։ Ես խնդրում եմ։

ՔԱՀԱՆԱ — Ես էլ ձեզ եմ խնդրում, չեմ կա-րող…

ՌԵԺԻՍՈՐ — Ստիպում եք, որ Կաթողիկոսի մոտ գնա՞մ, կգնամ:

ՔԱՀԱՆԱ – Է, գնացեք…

ՌԵԺԻՍՈՐ — (Դեպի դուրս) Նկարահանումը փոխադրվում է վանքի հակառակ կողմը։ (Գնում է):

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Քահանային) Ախր ինչո՞ւ գնա իզուր տեղը, բացառություն արեք, էլի, ի՞նչ կլինի։

ՔԱՀԱՆԱ — Ինչ որ լինելու էր, եղավ։ Հանեք ձեր հագի փարաջան, որ չիմանան դուք ես եմ։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինչո՞ւ հանեմ, տեր հայր, ո՞վ չգիտի, որ դուք ես չեմ։

ՔԱՀԱՆԱ — Իմ գոյությունը պայմանավորված է Աստծո գոյությամբ, ձերն ինչո՞վ։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Իմ գոյությունն էլ պայմանավորված է ձեր գոյությամբ, եթե դուք չլինեիք, ես էլ չէի լինի:

ՔԱՀԱՆԱ — Դուք կարող եք և չլինել։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չեմ կարող, քանի որ դուք կաք:

ՔԱՀԱՆԱ — Ես ձեզ հետ ոչ մի առնչություն չունեմ, դուք ինձ մի կապեք ձեզ հետ։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ճիշտ է, դուք ինձ հետ կապ չունեք, ձեզ հետ ես կապ ունեմ, տեր հայր։ Ես ձեր միջոցով եմ ինձ ճշտում։

ՔԱՀԱՆԱ — Ոչ, դուք պիտի ձեզ ճշտեք ձեր միջոցով։ 

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ – Բայց երբ որ ես դառնում եմ դուք, ես ձեզնից վերանում եմ, ես դառնում եմ «ես»… 

ՔԱՀԱՆԱ — Դուք երբեք էլ «ես» չեք դառնա, որովհետև դուք «ես» չունեք, ձեր «եսը» ես եմ։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Այո, բայց ես ձեզնից փոխ եմ առնում ձեր «եսը» և գոյություն ունեմ անկախ ձեզնից։

ՔԱՀԱՆԱ — Անկախ ինձնից դուք չեք կարող գոյություն ունենալ, որովհետև դուք հավատ չունեք, դուք իմ հավատն եք խաղում։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես հավատ չեմ խաղում, ես դերի մեջ հավատում եմ Աստծուն, դերից դուրս չեմ հավատում։

ՔԱՀԱՆԱ — Ոչ, ոչ, դերի մեջ էլ դուք չեք հավատում:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Հավատում եմ, տեր հայր, երդվե՞մ:

ՔԱՀԱՆԱ — Այդ դուք չէ, որ հավատում եք, այդ ես եմ, որ հավատում եմ, իմ դերի մեջ է, որ հավատում եք, ձեր դերի մեջ չեք հավատում:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ձեր դերը իմ դերը չի՞, տեր հայր, ի՞նչ տարբերություն։

ՔԱՀԱՆԱ — Տարբերությունը մեր հագած փարաջայի մեջ չէ, տարբերությունը իմ ու քո մեջ է։ Միևնույն է, դուք չեք դառնա ես, ես չեմ դառնա դուք:

ԱՎԼՈՂ – (Մտնելով) Ներողություն, ձեզանից ո՞վ է քահանան։

ՔԱՀԱՆԱ — Մեղա քեզ, Տեր։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Երիտասարդ, չի՞ երևում: (Գնում է):

ԱՎԼՈՂ — Չէ…

ՔԱՀԱՆԱ — Փարաջայի տակը նայեք, վրան մի նայեք։ 

Ավլողը գնում է:

Միլցիոների ուղեկցությամբ մտնում է Աղջկա դերակատարը:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – (Քահանային) Խնդրեմ, տեր հայը, սա է…

ՔԱՀԱՆԱ — Չեմ հասկանում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ասում եմ՝ սա է, տեր հայր։

ՔԱՀԱՆԱ — (Հայացքը Աղջկան) Սա ո՞վ է։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ (Բազմանշանակ) Աղջիկը…

ՔԱՀԱՆԱ — Ի՞նչ աղջիկ…

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ – (Շփոթված) Ինձ ինչո՞ւ եք բերել իր մոտ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ընկերուհի, տեսնողներ են եղել։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Նրան ոչ ոչ ոք չի տեսել, նա չի եղել…

ՔԱՀԱՆԱ — Մեղա քեզ, Տեր։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – (Աղջկա դերակատարաին) Ինքը չի եղել, ո՞վ է եղել։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Իրեն կորցրած, հեծկլտոցով) Ոչ ոք…

ՔԱՀԱՆԱ — Պարզ ասեք, իմանամ, ո՞վ է այս աղջիկը։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Տեր հայր, ես ներողություն եմ խնդրում, բայց տեսնողները ձեզ են տեսել։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Նրան ոչ ոք չի տեսել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Եթե իրեն չեն տեսել, ո՞ւմ են տեսելt:

ՔԱՀԱՆԱ – (Դեռ ուշքի  չեկած) Ո՞վ է այս աղջիկը, պիտի ասե՞ք, թե՞ չէ։

Աղջկա դերակատարն իրեն դուրս է գցում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – Ընկերուհի… Մի րոպե… Ընկերուհի, ո՞ւր եք գնում։ Ընկերուհի… (Գնում է նրա ետևից):

ՔԱՀԱՆԱ — Մեղա քեզ, Տեր…

Մտնում է Կինը՝ երկու երեխաների հետ: Երեխաները հրմշտում են իրար:

ԿԻՆ — Տեր հայր, ասացիք՝ մի ժամ հետո արի։ Երեխաներին բերել եմ, որ կնքեք։

ՔԱՀԱՆԱ — Իսկ ինչո՞ւ պիտի ասեի։ Դուք ինձ սխալ եք հասկացել, ես այդպիսի բան չեմ ասել։

Քահանան մտնում է եկեղեցի, հետևից՝ կինը, երեխաների հետ: Սկզբից մինչև վերջ բեմում շարժումը չի դադարում: Գալիս-գնում են մասսաովկայի մասնակիցները, շրջակայքի բնակիչներ, զբոսաշրջիկներ:

Գալիս է Քահանայի դերակատարը՝ նույն գիրքը թևի տակ, արևածաղկի սերմ չրթելով՝ աչք ածելով շուրջը:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ ԵՐԻՏԱՍԱՐԴ – (Մտնելով, լարված) Դո՞ւ ես իրեն տարել անտառ:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Անտա՞ռ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Հա, անտառ… (Դեպի դուրս) Առաջ արի։ 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — (Մտնելով) Ինձ չես հավատում, իրե՞ն ես հարցնում։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Դեռ շփոթված) Երիտասարդ, ի:նչ անտառ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Ակնարկելով Աղջկան) Չե՞ս ճանաչում։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Իսկ որտեղի՞ց պիտի ճանաչեմ, հետաքրքիր է։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Նա մեղք չունի, իրեն ինչ որ ասել են, դա է ասում։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞վ է ասել, բերեք, թող երեսիս ասի։ Եկել եք ինձ ի՞նչ հարցով եք դիմում, անհարմար չե՞ք զգում։ Ինչ էլ անուշ աղջիկ է, աղջկաս է նման։ (Լեզվով ծլթծլթացնելով) Տես, տես ինչեր են տարածում։ Հիմա ես այս երեխայից եմ անհարմար զգում։ Արտիդ մոտ չընդունես, բալիկս։ Անամոթներ…

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Տեղի տալով) Բա ինչո՞ւ է միլիցիան ընկել իր ետևից։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Երիտասարդ, ես դա չգիտեմ, իրեն հարցրեք։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (հարձակողական) Կհարցնենք… (Անտառապահի աղջկան) Արի… (Գնում են):

ԱՎԼՈՂ – (Մտնելով) Տեր հայր, միլիցիայից եկել են, ձեզ են ուզում։ Ասում են՝ թող գա։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բայց ես Քահանայի դերակատարը չեմ, ես Քահանան եմ։ (Արևածաղկի սերմ  է տալիս Ավլողին): 

ԱՎԼՈՂ —  (Վերցնելով) Ներողություն, տեր հայր։ (Գնում է):

Քահանայի դերակատարը արևածաղկի սերմ չրթելով դուրս է գնում: Բեմում ելումուտը շարունակվում է, մտնում, դուրս են գալիս շրջակայքի բնակիչներ, պատահական անցորդներ:

Քահանան դուրս է գալիս եկեղեցուց, հետևից՝ Կինը երկու երեխաների հետ:

ԱՎԼՈՂ — (Վերադառնալով, Քահանային) Միլիցիայից եկել են, ձեզ են հարցնում, տեր հայր։

ՔԱՀԱՆԱ — Բան ունեն ինձ ասելու, թող իրենք գան։

ԱՎԼՈՂ — Ասում են՝ Քահանայի դերակատարին ենք ուզում:

ՔԱՀԱՆԱ — Եթե Քահանայի դերակատարին են ուզում, ինչո՞ւ եք ինձ մոտ եկել։

ԱՎԼՈՂ — Դուք Քահանայի դերակատարը չե՞ք։

ՔԱՀԱՆԱ — (Պայթելով) Ոչ, ես Քահանան եմ, ես Քահանայի դերակատարը չեմ։

ԱՎԼՈՂ — Ներողություն, տեր հայր։

Քահանան մտնում է եկեղեցի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Գալով) ի՞նչ է պատահել:

ԱՎԼՈՂ — Դո՞ւք չասացիք, որ իրեն կանչեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Զարմացած) Ե՞ս… 

ԱՎԼՈՂ – Չէ, դուք չէիք… (Գնում է):

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — (Մտնում է Բարձրահասակ երիտասարդի հետ) Անտառապահի աղջիկը ես եմ։

ՄԻԼԻՑԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Անակնկալ եկած) Ուրախ եմ, խնդրեմ, ասեք։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Նույն լարվածությամբ): Դուք ասեք, դուք եք իրեն կանչել։

ՄԻԼԻՑԻԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ե՞ս… Ես ինչո՞ւ պիտի կանչեի։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Բա ո՞վ է կանչել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Տարակուսած) Ես չգիտեմ։ 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — Մեզ ասել են, որ դուք եք կանչել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինչո՞ւ պիտի կանչեի, չեմ հասկանում:

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դե ուրեմն ձերոնցից են կանչել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ռեժիսորին հարցրեք։ 

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Ռեժիսորն ի՞նչ կապ ունի, որ ռեժիսորին հարցնեմ։ (Աղջկան) Արի։ (Դուրս են գնում):

ՈՐՍՈՐԴ — (Մտնելով, միլիցիոների դերակատարին, խառնված) Սուտ է ասում, ես որսագող չեմ, անտառապահն արձանագրություն է կազմել, չորս հոգու էլ ստորագրել է տվել։ Ինձ ոչ ոք որս անելիս չի տեսել, ինչով ուզում են երդվեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինչո՞ւ եք ինձ ասում, իրեն ասեք։ Եթե չեն տեսել, ինչո՞ւ պիտի ստորագրեին։

ՈՐՍՈՐԴ — Ես որս չեմ արել, ես օդ եմ կրակել, որ աղջկան բաց թողնի։ Բռնել էր, բաց չէր թողնում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞վ…

ՈՐՍՈՐԴ — Քահանան։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ քահանա, ի՞նչ աղջիկ… 

ՈՐՍՈՐԴ — Չեմ կրակել, ես ոչ մի կենդանու վրա չեմ կրակել, ինչո՞վ երդվեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ախր ինչո՞ւ եք ինձ ասում, ում որ պետք է, գնացեք նրան ասեք:

ՈՐՍՈՐԴ — Արձանագրությունը դատախազություն չուղարկեք, խնդրում եմ։ (Փող է խցկում Միլիցիոների գրպանը):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Բռնում  է գրպանը տարած ձեռքը) Ի՞նչ եք անում, ընկեր… Բաց թողեք, հանեք ձեր ձեռքը, ի՞նչ եք անում։

ՈՐՍՈՐԴ — (Դիմադրելով) Խնդրում եմ, շատ եմ խնդրում… (Գրպանից դուրս քաշելով դատարկ ձեռքը՝ իրեն դուրս է գցում):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Փողը հանելով գրպանից, նրա հետևից) Ընկեր, այ ընկե՞ր… Փողն ինչո՞ւ դրեցիք գրպանս… Ընկե՜ր…

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ(Նրան ընդառաջ գնալով) Ո՞ւր ես գնում, մաեստրոն քեզ է սպասում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Գալիս եմ… (Որսորդի հետևից) Ընկեր, այ ընկեր… (Դուրս է գնում):

ԱՎԼՈՂ — (Մտնելով, Քահանայի դերակատարին): Միլիցիան կանչում է, տեր հայր:

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ո՞ւմ…

ԱՎԼՈՂ — Ձեզ…

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինչի՞ համար…

ԱՎԼՈՂ — Չգիտեմ, մի աղջկա հետ է։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Անտառապահի աղջի՞կն է, թե Աղջկա դերակատարը։

ԱՎԼՈՂ — Չիմացա։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Քահանայի՞ն է ուզում, թե՞ Քահանայի դերակատարին։

ԱՎԼՈՂ — Քահանային։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բայց ես Քահանայի դերակատարն եմ։

ԱՎԼՈՂ — Կներեք, տեր հայր։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ասում եմ՝ Քահանայի դերակատարն եմ։

ԱՎԼՈՂ — Մի խոսքով, նրան է ուզում։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Էհ, թող ուզի: (Արևածաղկի սերմ է տալիս):

ԱՎԼՈՂ — (Վերցնելով) Կարո՞ղ է ձեզ է ուզում, գնանք, իրեն ասեք։

ՔԱՀԱՆԱՅԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չեմ կարող, ես հիմա զբաղված եմ։ (Դուրս են գնում տարբեր ուղղություններով):

Բեմում շարունակվում է մասսովկայի մասնակիցների, շրջակայքի բնակիչների, նկարահանվող խմբի անդամների գործնական անցուդարձը:

Մտնում է Միլիցիոները: Աչք է ածում չորս կողմը:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Ինքն իրեն) Մինչև ե՞րբ պիտի խուսափեն։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով) ինձ կանչե՞լ եք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ներողություն, դուք ո՞վ եք։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Անտառապահի դերակատարը…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԵս անտառապահին եմ կանչել, ես ձեզ չեմ կանչել։ Կարո՞ղ է ձեր աղջիկն է։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես աղջիկ չունեմ, ի՞նչ աղջիկ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Կներեք, սխալվել են։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ – Չհասկացա: (Գնում է): 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Ինքն իր հետ) Ում որ կանչում եմ, չի գալիս, ում որ չեմ կանչում՝ նա է գալիս։

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով) Ես որսագողությամբ չեմ զբաղվել, եկել, ասում են՝ որսագողությամբ ես զբաղվել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Լավ, դա իմացանք։ Քանի՞ անգամ ես կրակել, դա ասա։

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Զարմացած) Կրակե՞լ… Ոչ մի անգամ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Արձանագրությունը հենց հիմա դատախազություն եմ ուղարկում։

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ արձանագրություն։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Որսորդական վկայականդ…

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նչ վկայականէ ես վկայական չունեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Բա դու ի՞նչ որսորդ ես, որ վկայական էլ չունես։

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Իրեն կորցրած) Ես որսորդ չեմ, ես Որսորդի դերակատարն եմ։ Ասեք, թող հրացանս տա։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Ընկրկելով) Շուտ ասեիք։

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ե՞րբ հարցրիք, որ չասացի։ 

ԱՎԼՈՂ — (Մտնելով). Սկսում են…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ի՞նչը…

ԱՎԼՈՂ — Նկարահանումը…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Թող սկսեն, ո՞վ է արգելել։

ԱՎԼՈՂ — Ձեզ են ուզում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ- Ո՞ւմ, ի՞նձ…

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ոչ, ոչ, ինձ են ուզում: (Դուրս է գնում):

ԱՎԼՈՂ — (Միլիցիոներին) Չէ, չէ, իրեն չեն ուզում, ձեզ են ուզում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ո՞վ…

ԱՎԼՈՂ — Ռեժիսորը։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ռեժիսո՞րը…

ԱՎԼՈՂ — Հա, ասում է Միլիցիոների դերակատարին ասեք, թող գա։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Միլիցիոների դերակատարին է ուզում, գնա նրան գտիր։

ԱՎԼՈՂ – Ներողություն… (Գնում է):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնում է՝ Միլիցիոներին մեկնելով ձեռքի փողերը): Վերցրեք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – (Հետ-հետ քաշվելով) Դա ի՞նչ է… 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Փող։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Տեսնում եմ, որ փող է, բայց ի՞նչ փող է:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ձեր փոխարեն ինձ են տվել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իսկ ինչո՞ւ պիտի ինձ տային։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ – (Ձայնը բարձրացնելով) Եթե ձեզ չտային, ինձ էլ չէին տա։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ո՞վ է տվել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Որսագողը։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ինչի՞ համար։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Որ արձանագրությունը դատախազություն չուղարկեք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – (Լարված) Ձեզ ինչո՞ւ պիտի տար։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Կարծել է, թե դուք ես եմ: Վերցրեք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ինչո՞ւ պիտի վերցնեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Վերցրեք, կվերադարձնեք նրան, ով որ ձեզ պիտի տար։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դուք վերցրել եք, դուք էլ վերադարձրեք։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ձեր փոխարեն ինչո՞ւ պիտի ես վերադարձնեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իմ փոխարեն ինչո՞ւ եք վերցրել, չվերցնեիք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես չեմ վերցրել, ինքը զոռով խցկեց գրպանս։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Հանեիք, շպրտեիք երեսին։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Կանգնե՞ց, որ շպրտեմ։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Շատ ներողություն, դա արդեն ինձ չի վերաբերում:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Վերցրեք, ասում եմ։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Եթե վերցնեմ, պիտի համարները գրեմ։ Համաձա՞յն եք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Համարներն ինչո՞ւ պիտի գրեք:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Եղա՞վ… Իսկ ես ի՞նչ գիտեմ, որ տվողը չի գրել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Եթե տվել է, ինչո՞ւ պիտի գրեր։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Կարող է չի տալիս։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բայց տվել է։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Տվել է, բայց ինձ չի տվել, ձեզ է տվել։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինձ չի տվել, ձեզ է տվել:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ո՞նց թե… Փաստորեն փողը ձեզ մոտ է։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինձ մոտ է, որովհետև ինձ է տվել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Բա ես ի՞նչ մեղք ունեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Բա ես ի՞նչ մեղք ունեմ, որ ինձ է տվել։ Եթե դուք չվերցնեիք, ինձ չէր տա։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իսկ դուք ի՞նչ գիտեիք, որ ես պիտի վերցնեի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես չգիտեի։ ինքը գիտեր։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ինքն ի՞նչ պիտի իմանար։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Եթե չիմանար, չէր տա:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Հետ-հետ գնալով) Այդ կեղտոտ փողերը հեռու պահեք ինձնից։ Կվերցնեմ, հետո ձեզ համար վատ կլինի։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ինձ համար ինչո՞ւ պիտի վատ լինի:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Բազմանշանակ) Համարները գրված են։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Էհ, թող գրված լինեն։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Քաղաքացի, կաշառք եք վերցրել։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Բորբոքվելով) Ո՞վ… Ես չեմ վերցրել, դուք եք վերցրել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Եթե ես վերցրած լինեի, փողն ինձ մոտ կլիներ։ Զրպարտությամբ մի զբաղվեք, դուք եք վերցրել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Հավասարակշռությունը կորցնելով) Ո՞վ, ե՞ս…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Այո, դուք… (Թղթապանակը բացելով) Հենց հիմա ես գործ եմ բացում ձեզ վրա։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ի՞նձ վրա…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ – Այո, ձեզ վրա, բա ո՞ւմ վրա։ Ինչո՞ւ եք զարմանում։ Բանտերը ձեզ նմաններով լցված են։ Դուք գիտեք, որ անմեղ եք, ո՞ւմ կապացուցեք։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես ոչ ոքի ոչինչ չեմ ուզում ապացուցել։ Ասում եմ՝ եթե դուք չվերցնեիք, ինձ չէր տա։ 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Քաղաքացի, ես ձեզ հետ ի՞նչ կապ ունեմ։ 

ՄԻԼԻՑՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Եթե չունեք, թող մի ուրիշի տար, ինչո՞ւ է ինձ տվել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Համբերությունից դուրս դալով) Հագիդ համազգեստ է տեսել, տվել է։ Ես մեղք ունե՞մ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Սա իմ համազգեստը չի, սա ձեր համազգեստն է։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ի՞մ

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Այո, ձեր (Ցրիվ է տալիս ձեռքի փողերը, կատաղությամբ հանում, շպրտում է համազգեստը: Դուրս է գնում՝ ոտից գլուխ չափելով Միլիցիոներին):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Ահաբեկված) Շա՞ռ է… (Արագ դուրս է գնում):

Ուղղաթիռի մոտեցող ձայնը, որ գնալով դառնում է տիրական: Եկեղեցուց դուրս է գալիս Քահանան, նրա ետևից՝ երեք հոգևորականները: Անհանգիստ նայում են դեպի վեր: Փորձում են խաչակնքել, բայց մեկից իջեցնում են ձեռքները՝ նկատելով ուղղաթիռը:

ՌԵԺԻՍՈՐ — (Մտնելով) Ինձ հարցրե՞լ եք, տեր հայր, ի՞նչ է պատահել։

ՔԱՀԱՆԱ — (Ցուցամատը պարզած վեր) Նրանց ձայնը ներսում խանգարում է մեզ։ Դուք չե՞ք լսում։

ՌԵԺԻՍՈՐ — (Դեպի երկինք, ցույց տալով) Այն մեկը մեզ հետ կապ չունի, մերը, այ, սա է։ Խնդրում եմ ներողամիտ լինեք։

ՔԱՀԱՆԱ — Այդ աղմուկին անկարելի է դիմանալ։ Խռովվել է անդորրը, մենք սովոր չենք։

ՌԵԺԻՍՈՐ — Տեղանքն է այդպիսին, ուրիշ կերպ չենք կարող. լեռների վրա, երկինքն այսքան մոտԿարծում եք հե՞շտ է, տեր հայր… Բոլոր կողմերից նկարել ենք, ՛հիմա վերևից ենք նկարում։ Առանց նկարելու թողնենք գնա՞նք, հազար տարվա եկեղեցի է, վրայից մի քար չի ընկել:

ՔԱՀԱՆԱ – (Պոռթկալով) Որքան ուզում եք, նկարեք, որ կողմից ուզում եք՝ նկարեք, ներքևից, վերևից, բոլոր կողմերից… Ի վերուստ տրվածը հոգու մեջ պիտի փնտրեք, երկրի վրա կորցրածը երկնքում չեք գտնի։ Ձեր ներսում պիտի փնտրեք, որ գտնեք։ Դրսում չեք գտնի։ Ինչո՞ւ պիտի քար ընկներ… Այն, ինչ հավատով է սարքվում, չի քանդվում, ինչ որ առանց հավատի է սարքված, նա է քանդվում…

ՌԵԺԻՍՈՐ — Հիմա ի՞նչ խորհուրդ եք տալիս՝ չնկարե՞նք…

ՔԱՀԱՆԱ — Մեղա քեզ, Տեր…

Քահանան խաչակնքում է, նրան հետևում են երեք հոգևորականները: Մտնում են եկեղեցի:

Ուղղաթիռի մոտեցող ձայնը: Ռեժիսորը ներքևից ձեռքի շարժումներով հասկացնում է, որ ուղղաթիռը հեոանա: Գնալով մարում է նրա ձայնը: Ռեժիսորը դուրս է գնում:

Ավլելով մտնում է մասսովկայի տղան: Նրան ընդառաջ է գալիս Բնակիչը:

ԲՆԱԿԻՉ — Ի՞նչ եղավ, տեր հայրը թողե՞ց, որ հրացանով ներս մտնեն։

ԱՎԼՈՂ — (Ընդհատելով ավլելը) Չէ…

ԲՆԱԿԻՉ — Դե նա էլ թող առանց հրացանի մտնի, էլի:

ԱՎԼՈՂ — Առանց հրացանի ո՞նց մտնի, որ հեղափոխության կողմն է անցել։

ԲՆԱԿԻՉ – (Անակնկալի եկած) Լսիր, էս ո՞վ է էս փողերը շաղ տվել։

ԱՎԼՈՂ – (Ակնապիշ) Ինչ իմանամ…

Սկսում են հավաքել:

ԲՆԱԿԻՉ — Կամաց-կամաց հավաքիր…

ԱՎԼՈՂ — Դե դու էլ կամաց-կամաց հավաքիր։

ԲՆԱԿԻՉ — Ես կամաց-կամաց եմ հավաքում։

ԱՎԼՈՂ — Ես էլ եմ կամաց-կամաց հավաքում։

ԲՆԱԿԻՉ — Քոնն ինչքա՞ն եղավ:

ԱՎԼՈՂ — Առանց հաշվելու ո՞նց ասեմ։

ԲՆԱԿԻՉ — Դու ինձանից շատ հավաքեցիր:

ԱՎԼՈՂ — Բայց քոնը մեծ փողեր են։

ԲՆԱԿԻՉ — Իմ մասում էլ մանր փողեր կան։

ԱՎԼՈՂ — Իմ մանրն ավելի շատ է, իմ մեծը քիչ է։ 

ԲՆԱԿԻՉ — Եթե մեկինս շատ լինի, մեկինս՝ քիչ, խառնենք, հավասար բաժանե՞նք։

ԱՎԼՈՂ  — Նայած ինչքան շատ կլինի։ Եթե քիչ շատ լինի, ինչո՞ւ նորից բաժանենք մի քանի ռուբլու համար։ Արժի՞ որ…

ԲՆԱԿԻՉ – (Հայացքը գետնից չկտրելով) Ես վերջացրի։ 

ԱՎԼՈՂ — Ես էլ… Մի հատ էլ գտա։ (Աչք ածելով շուրջը) Չէ, էլ չկա։

ԲՆԱԿԻՉ — Հաշվե՞նք։

ԱՎԼՈՂ — Կտանենք տուն, տանը կհաշվենք։

ԲՆԱԿԻՉ — Բայց հետաքրքիր է, էս ո՞վ է թափել։

ԱՎԼՈՂ — Ինչ իմանամ…

ԲՆԱԿԻՉ — Օրենք կա, չէ՞, կեսը գտնողինն է։

ԱՎԼՈՂ — Կե՞սը…

ԲՆԱԿԻՉ — Եթե իմանում են…

ԱՎԼՈՂ — Դե գնանք։

ԲՆԱԿԻՉ — Չէ, մի քիչ մնանք, նոր գնանք։

ԱՎԼՈՂ — Բայց շատ չմնանք։

ԲՆԱԿԻՉ — Չէ, մի երկու րոպե…

ԱՎԼՈՂ — Մի անգամ ես երազում էսպես էլի փող էի հավաքում, մեկը եկավ, շատ անպետք մարդ էր, ձեռքիցս խլեց տարավ։

ԲՆԱԿԻՉ — Լավ է, որ տարել է։

ԱՎԼՈՂ֊ — Ինչի՞…

ԲՆԱԿԻՉ — Ասում են՝ երազում փողը վատ է։

ԱՎԼՈՂ – Ինչի՞ պիտի վատ չինի։

ԲՆԱԿԻՉ — Արթնանում ես, տեսնում ոչ մի կոպեկ չունես։ 

ԱՎԼՈՂ — Էնքան էլ շատ էր… Լրիվ հարյուրանոց… Երանի չզարթնեի։

ԲՆԱԿԻՉ — Դե որ ձեռքիցդ խլել, տարել է, իզուր տեղն էլ ինչի՞ համար քնած մնայիր։

ԱՎԼՈՂ — Գնա՞նք։

ԲՆԱԿԻՉ — Ինչի՞ց ես վախենում, հո գողություն չենք արել։ 

ԱՎԼՈՂ – Համենայնդեպս…

ԲՆԱԿԻՉ — Եթե թափած չլինեք, հո չէի՞նք հավաքելու։ 

ԱՎԼՈՂ — Մի մուլտֆփլմ կա, է…

ԲՆԱԿԻՉ — ՛՛Ֆիլմ, ֆիլմ, ֆի՞լմ՛՛…

ԱՎԼՈՂ — Չէ, դա չի, մեկն էլ կա, է՜… Դու ասա, էն ո՞րն էր։

ԲՆԱԿԻՉ — Ասա, որ ասեմ։

ԱՎԼՈՂ — Էն որ արջի բնից մկները փող են գտնում: Մեջները մի պառավ ջադու էլ կար։

ԲՆԱԿԻՉ  — Արջի բնի մեջ փողերն ի՞նչ գործ ունեին։

ԱՎԼՈՂ — Ի՛նչ իմանամ։

ԲՆԱԿԻՉ — Բա մկները ո՞նց են իմացել տեղը։

ԱՎԼՈՂ — Մկներին էլ կասե՞ն ոնց են իմացել։ Ամեն ծակուծուկ մտնում, դուրս են գալիս։ Բա մենք ո՞նց գտանք։

ԲՆԱԿԻՉ — Հիմա մենք էդ մկնե՞րն ենք։

ԱՎԼՈՂ — Մուկ չենք, ինչ ենք։ Բա հո արջ չենք։ Որ ուզեն մուկ սարքեն, մուկ էլ կդառնանք։

ԲՆԱԿԻՉ — Բա որ տեր հայրը չթողնի հրացանով ներս մտնեն, ի՞նչ պիտի անեն։

ԱՎԼՈՂ — Մի բան կանեն, էլի, եսիմ… Որ հեղափոխության կողմն է անցել, առանց հրացանի չի լինի։

ԲՆԱԿԻՉ — Մարդ չթողեցին, բոլորին հեղափոխության կողմն անցկացրին, բա էդ ո՞ւմ են էդքան կոտորել։

ԱՎԼՈՂ — Գիտես թե էն ժամանակ կարգին մարդիկ քի՞չ են եղել։

ԲՆԱԿԻՉ — Հեղափոխությունից հետո էլ հեղափոխության կողմն անցածներին կոտորեցին, էլ ո՞վ մնաց որ…

ԱՎԼՈՂ — Մենք մնացինք, էլի…

ԲՆԱԿԻՉ — (Հանկարծ նկատելով հեռվում ընկած համազգեստը, սարսափահար) Լսիր, էն ի՞նչ է…

ԱՎԼՈՂ – (Ցնցվելով) Միլիցիոների շորեր…

Արագ-արագ դատարկում են գրպանները՝ լեղապատառ փախչելով դուրս:

Մտնում է Միլիցիոների դերակատարը: Վերցնում է համազգեստը:

ՌԵԺԻՍՈՐ — (Մտնելով) Փողերը թող, համազգեստդ հագիր։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չէ, չեմ հագնի:

ՌԵԺԻՍՈՐ — Հագիր, ասում եմ

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չէ, չեմ հագնի:

ՌԵԺԻՍՈՐ — Երեխա հո չես, ումի՞ց ես խռովում, է՛… 

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ոչ մեկից։

ՌԵԺԻՍՈՐ — Մինչև հիմա չգիտեի՞ր, նո՞ր իմացար… Հագիր, որ մարմինդ ընտելանա։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չեմ հագնի։ Որ հագնում եմ, բերում են, կաշառք են տալիս։

ՌԵԺԻՍՈՐ – Է՛, մի վերցրու։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Չեմ վերցնում, բերում են, զոռով գրպանս են խցկում։

ՌԵԺԻՍՈՐ — Քեզ թվում է, թե բոլոր համազգեստավորները վերցնո՞ւմ են։ Սխալվում ես: Դու իրավունք չունեիր այդ քայլին դիմելու։ Մենք պիտի համազգեստի նկատմամբ հարգանք մշակենք։ Համազգեստը չի մարդկանց վիրավորում, մարդիկ են համազգեստը վիրավորում։ Համազգեստը մեղք չունի։ Առանց համազգեստի վերցնողներն ավելի շատ են։ Հագիր։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Հագնելով). Չեմ ուզում, էլի, չեմ ուզում։

Գնում են:

Հակառակ կողմից մտնում է Որսորդը: Հավաքում է թափված փողերը:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Նրա ետևից մտնելով) Այ, էդպեսԴե հիմա քո ձեռքով հավաքիր։ Լավ է արել, քեզ տեղն է։ 

ՈՐՍՈՐԴ — Որ իմանայի, իսկի կտայի՞։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Չես իմացել, դրա համար էլ երկու հոդվածով կդատվես։ Արձանագրությունն ինձ մոտ է, դու տանում, փողը նրա՞ն ես տալիս։

ՈՐՍՈՐԴ — Ներողություն, սխալվել եմ։ (Հավաքած փողը փորձում է դնել Միլիցիոների գրպանը):

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Հետ քաշվելով, կատաղությամբ): Հեռու, հեռու…

ՈՐՍՈՐԴ — Խնդրում եմ, շատ եմ խնդրում, թողեք ես իմ սխալն ուղղեմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ուղղիչ աշխատանքային գաղութում կուղղես։

ՈՐՍՈՐԴ — Խնդրում եմ, էլի, խնդրում եմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Վերջացրու, ես գետնին թափված փող չեմ վերցնում։ Հեռու, հեռու տար ինձնից շրջանառությունից հանված, համարները գրված էդ կեղտոտ փողերը։

ՈՐՍՈՐԴ — Ես ինձ թույլ կտա՞մ, ես էդպիսի մա՞րդ եմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դու չես գրել, կարող է նա է գրել։ Ինչի՞ վրա վստահ լինեմ, ո՞ւմ վրա։ Էդ փողերը չի կարելի օգտագործել, դրանք էլ փող չեն։ Ուզում ես արգելանոցում քեզ համար ազատ որս անես, կանչում են, ժամանակին չես էլ ներկայանո՞ւմ։

ՈՐՍՈՐԴ — Ներկայացել եմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ներկայացել ես, բայց ո՞ւմ ես ներկացել:

ՈՐՍՈՐԴ — Ես ի՞նչ իմանայի… Խնդրում եմ, էլի, խնդրում եմ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Իզուր տեղը մի խնդրիր: Փողերի համարները գրել է, բերել է էստեղ շաղ տվել։ Ինքը վերցրել է, ուզում է ինձ վրա գործ բացի։ Կբացի, ո՜նց չէ… Երկուսիդ էլ նստեցնել կտամ։

ՈՐՍՈՐԴ — Ինչո՞վ երդվեմ, չե՞ք հավատում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Հեգնանքով) Հավատում եմ… Գազան չթողեցիք, կերաք։

ՈՐՍՈՐԴ — Ես օդում եմ կրակել, որ աղջկան բաց թողնի։ Բռնել էր, բաց չէր թողնում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ո՞վ…

ՈՐՍՈՐԴ — Քահանան…

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Աղջիկն ո՞վ էր, ճանաչեցի՞ր:

ՈՐՍՈՐԴ — Չէ, հեռու էր։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով, Միլիցիոներին) Անձնագիրս տվեք, տոմս եմ առել, ես պիտի գնամ։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Հիմա, միասին կգնանք։

ԱՆՏԱՌԱՊԱՀ — (Մտնելով) Արձանագրությունը հանձնել եմ, ինձ ինչո՞ւ եք կանչել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Ակնարկելով Աղջկա դերակատարին) Աղջկադ հարցրու։

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Աղջիկս ո՞վ է։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես նրա աղջիկը չեմ, նա իմ հայրը չէ:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԱՂՋԻԿ — (Մտնելով) Անտառապահի աղջիկը ես եմ:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Աղջկա դերակատարն) Իսկ դուք ո՞վ եք։ Անտառապահի աղջիկը դուք չե՞ք։

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ոչ, ես Աղջկա դերակատարն եմ:

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով) Նա իմ աղջիկն է։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Դուք ո՞վ եք։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ – Անտառապահը… 

ԱՆՏԱՌԱՊԱՀ — Անտառապահը դուք չեք, անտառապահը ես եմ։

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես Անտառապահի դերակատարն եմ, Անտառապահի աղջիկն էլ իմ աղջիկն է։

ԱՆՏԱՌԱՊԱՀ – Նա ձեր աղջիկը չի, նա իմ աղջիկն է։ 

ԱՆՏԱՌԱՊԱՀԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — Ես ձեր աղջկա մասին չեմ ասում, ես իմ աղջկա մասին եմ ասում։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Մտնելով, բորբոքված) Ես գիտեմ, թե ձեզ ինչի համար են կանչել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Երիտասարդ, դուք ո՞վ եք։

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով) Ես չգիտեմ, թե նա ով է, բայց Անտառապահի աղջկա սիրած տղան ես եմ։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — Դու չես, ես եմ։

ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Մտնելով) Ես եմ, դու չես:

Տարբեր կողմերից մտնում են մասսովկայի մասնակիցները, շրջակայքի բնակիչներ, պատահական անցորդներ:

ՈՐՍՈՐԴԻ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Մտնելով, Անտառապահին) Հրացանս տվեք, ես որսագող չեմ, ես Որսորդի դերակատարն եմ։

ԱՆՏԱՌԱՊԱՀ — (Վերադարձնելով հրացանը։ ակնարկելով Որսորդին) Գիտեմ, որսագողը սա է։

ՈՐՍՈՐԴ — Ես որսագող չեմ, ես օդում կրակեցի, որ աղջկան բաց թողնի։ Բռնել էր, բաց չէր թողնում։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Ժողովուրդ, մի  հավաքվեք, ցրվեք։ 

ՁԱՅՆԵՐ ՄԱՍՍՈՎԿԱՅԻՑ – (Միլիցիոներին, նախահարձակ լինելով) Իմացեք ում եք կանչում, հետո կանչեք։ (Ցույց տալով Անտառապահի աղջկան) Նրան չեն բռնաբարել։

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — Բա ո՞ւմ են բռնաբարել։

ԲԱՐՁՐԱՀԱՍԱԿ — (Շրջվելով դեպի Աղջկա դերակատարը) Նրան…

ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ – (Ցնցված) Ո՞վ…

ՈՐՍՈՐԴ — Քահանան…

Կաշվե բաճկոնով երիտասարդը Որսորդի դերակատարի ձեռքից խլում է հրացանը՝ նետվելով եկեղեցուց ներս:

Խուճապ, ճիչ, խլրտում: Նրա հետևից բոլորը լցվում են եկեղեցի: Գալիս են Ռեժիսորն ու Քահանայի դերակատարը: Կաշվե բաճկոնով երիտասարդին Միլիցիոները եկեղեցուց դուրս է բերում: Նրա հետևից դուրս է հորդում մասսովկան:

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Միլիցիոներին, արտասվախառն) Բաց թորեք նրան։ Բաց թողեք…

ՁԱՅՆԵՐ ՄԱՍՍՈՎԿԱՅԻՅ.

  • Կրակե՞ց…
  • Չկրակեց…
  • Կրակեց, հրացանում գնդակ չկար…

ԱՂՋԿԱ ԴԵՐԱԿԱՏԱՐ — (Կաշվե բաճկոնով երիտասարդին, ցույց տալով Քահանայի  դերակատարին) Նրա վրա չպիտի կրակեիր, այ, սրա վրա պիտի կրակեիր։

ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Պոկվելով Միլիցիոների ձեռքից) Ո՞ւմ, սրա՞, սրա՞… (Քաշում, պոկում է Քահանայի դերակատարի կրծքի խաչը, մորուքը, պատառոտում, վրայից հանում է ճղճղված փարաջան՝ Քահանայի դերակատարին գցելով ոտքերի տակ, հարվածելով աջից ու ձախից): 

Քահանան կիսամերկ ճողոպրում է:

ՄԻԼԻՑԻՈՆԵՐ — (Մի ձեռքով Կաշվե բաճկոնով երիտասարդին բռնած) Մասսովկա, ցրվեք…

ՌԵԺԻՍՈՐ — Մասսովկա, հանգստացեք։ Ես խնդրում եմ, բոլորիդ եմ խնդրում, հիմա պիտի սկսենք նկարահանումը: Մասսովկա, հանգստացեք…

ՁԱՅՆԵՐ ՄԱՍՍՈՎԿԱՅԻՑ.

  • Մենք մասսովկա չենք, չենք նկարվում։
  • Չենք նկարվում, մենք մասսովկա չենք։

Աղմուկ, աղաղակ, իրարանցում:

ՔԱՀԱՆԱ — (Զանգակատան բարձունքից) Ո՞վ էր ուզում ինձ վրա կրակել… Թող կրակի… Դուք ոչ մեկդ ձեր դերը չեք խաղում, դուք բոլորդ ուրիշի դեր եք խաղում։ Կարո՞ղ է պատահել, որ քո դերն էլ մեկ ուրիշն է խաղում, Տեր… Մեղա՜, բյուրապատիկ մեզ… Դու այդքան անգութ չէիր լինի, որ փլատակների մեջ թաղեիր պատուհասված ժողովրդիս։ Մեղավորների համար անմեղներին ինչո՞ւ պատժեցիր։ Երիցս ճշմարիտ ես, Վեհափառ, երբ մարդիկ սկսեցին Աստծուն չհավատալ, իրար էլ սկսեցին չհավատալ։ Ոչ մեկդ մյուսին չեք սիրում, բայց ցույց եք տալիս, որ սիրում եք, խաբում եք իրար, շորթում եք իրարից, իրարից փախցնում եք, թաքցնում եք իրարից՝ մեկդ մյուսիդ դեմ եք դուրս եկել։ (Բացում է Աստվածաշունչը, կարդալով) Մոտեցել է ամեն բանի վախճանը։ Զգաստացեք, ուրեմն… Ամեն բանից առաջ ամուր սեր ունեցեք իրար հանդեպ, քանի որ սերը կծածկի մեղքերի շատությունը։ Ոչ ոք երբեք չի տեսել Աստծուն։ Եթե իրար սիրենք, Աստված կբնակվի մեր մեջ, և նրա սերը մեր մեջ կատարյալ կլինի։ Եվ նա, ով կմնա սիրո մեջ, կբնակվի Աստծո մեջ, և Աստված էլ կբնակվի նրա մեջ։  (Փակում է Աստվածաշունչը՝ գլուխը թաղելով ափերի մեջ: Լսվում է հեծկլտոցը) Կարո՞ղ է պատահել, որ քո դերը մեկ ուրիշն է խաղում, Տեր…

Մոտեցող ուղղաթիռի սաստկացող ձայնը:

ԴԱՆԴԱՂ ՓԱԿՎՈՒՄ է ՎԱՐԱԳՈՒՅՐԸ

1989 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։