ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ / ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ

Պիես երկու մասից

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՎԻԳԵՆ 

ՎԱՀԱՆ — հայրը 

ՎԱՍՊՈՒՐ — պապը 

ՎԱՐԱԶԴԱՏ — եղբայրը 

ՆՈՅԵՄ — մայրը 

ՄԱՐՈ — կինը 

ՎԵՐԳՈՒՇ — քույրը 

ՊԱՐԳԵՎ — քրոջ ամուսինը 

ԶԱՎԵՆ — աները 

ՎԱՐԴԻԹԵՐ — զոքանչը 

ՂԱՐԻԲՅԱՆ

Գործողությունը՝ 1989-ին, Երևան

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Մանուկյանների բնակարանը: Ճաշասենյակում ոչ ոք չկա: Կից սենյակից՝ ծեծկռտուքի ձայներ: Շրխկոցով բացվում է դուռը: ՎԻԳԵՆԸ շպրտվում է ներս՝ ծեփվելով հատակին:

Տարբեր մուտքերից իրենց ներս են գցում տնեցիները:

ՆՈՅԵՄ — (Խփելով ծնկներին) Բալա՜ս…

ՎԱՀԱՆ — (Հևալով) Ի՞նչ պատահեց։

ՄԱՐՈ — (Փղձկում է) Վիգեն…

ՎԱՍՊՈՒՐ — (Հատակին ոիթմիկ թխկթխկացնելով ձեռնափայտը, կատարվածին անհաղորդ) Էհե՜յ, էհե՜յ, էհե՜յ… 

ՎԱՀԱՆ — (Զգացնել տվող մշտական հևոցով) Ո՞վ արեց։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — (Դուրս գալով կից սենյակից, ցուցամատին խաղացնելով բանալու շղթան, միանգամայն հանգիստ, կարծես ինքնագոհ) Ես արեցի։

ՎԱՀԱՆ — Ամոթ է, երեխա հո չե՞ք։

ՆՈՅԵՄ — Հարևանները հանկարծ կլսեն։

ՎԱՀԱՆ — (Բռնելով Վիգենի թևից, որ արդեն նստել է) Վեր կաց:

ՎԻԳԵՆ — Թող… (Կանգնում է):

ՄԱՐՈ — Շորերդ թափ տուր։ (Խոզանակում է):

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես Մարոյից եմ ներողություն խնդրում, իրենից չեմ խնդրում։ Ուզեմ՝ կծեծեմ էլ… Բա էլ ո՞ր օրվա փոքր ախպերս է։ (Վիգենին համբուրելով) Մռութդ ուտեմ։ 

ՎԻԳԵՆ — (Հրելով) Հեռու գնա ինձնից։

ՎԱՐԱԶԴԱՏ – Վիգ, ճիշտ չե՞մ ասում։ Որ ուզեմ՝ չե՞մ ծեծի։ Դու ասա։ Իրավունք ունեմ, չէ՞։ (Համբուրում է): Մռութդ ուտեմ։

ՎԻԳԵՆ — Փոքր ժամանակ ինչքան ծեծել ես, հերիք է։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Չէ, բանից պարզվում է, հերիք չի:

ՎԱՀԱՆ — Նա քո ուժը չունի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե որ չունի, թող իր ունեցածի չափով գործ բռնի։ (Վիգենին) Մեծը դու լինեիր, դու ծեծեիր։ Այ մեր, Նոյեմ, առաջ սրան բերեիր, հետո՝ ինձ։

ՆՈՅԵՄ — Ախ, Վարազ, Վարազ, կոպիտ ես, տղա ջան։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչո՞ւ, մամ ջան, ինչո՞ւ եմ կոպիտ։ Ախպորս մազին դիպչե՞ն… Ո՞վ… Կջնջեմ:

ՎԻԳԵՆ — (Հանկարծակի բռնկվելով, հորը). Դու ես մեղավոր, դու…

ՎԱՀԱՆ — (Զարմացած) Ե՞ս…

ՎԻԳԵՆ — Հա, դու։ Էս բոլորը քո արածն է։ Կարծում է, թե չգիտեմ։

ՎԱՀԱՆ — Հայրդ ի՞նչ է արել, տղաս։

ՎԻԳԵՆ — Ինչո՞ւ ես զանգահարել, իրեն կանչել։

ՎԱՀԱՆ — Մեծ եղբայրդ է, ո՞ւմ կանչեի:

ՎԱՐԱԶԴԱՏ — Լավ է արել։ Մեծ ախպերդ ես եմ, ինձ է կանչել։ Դու ուրիշ մեծ ախպեր էլ ունե՞ս, արա։

ՎԻԳԵՆ — Ինձ հետ «արայով» չխոսես։

ՎԱՐԱԶԴԱՏ — Որ «արայով» չխոսեմ, բա ինչո՞վ խոսեմ, արա:

ՆՈՅԵՄ — Ցածր, հարևանները կլսեն։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Մտածո՞ւմ ես՝ ինչ ես անում, թե՞ առանց մտածելու ես անում։

ՎԻԳԵՆ — Մեկ է, տանելու եմ, հետ եմ տալու։ (Վանկարկելով) Հետ եմ տա-լու։

ՄԱՐՈ — (Հանդիմանանքով) Վիգեն, լավ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Է՛, տար, հետ տուր, ո՞ւմ ես վախեցնում։ Ավելի վատ քեզ համար։

ՎԻԳԵՆ — Թող վատ լինի:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞ւմ ազդեցության տակ ես ընկել, է՜, չի լինի՞ մի ասես։

ՎԻԳԵՆ — Ոչ մեկի։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Առարկություն չընդունող տոնով) Էսօր սեպտեմբերի քանի՞սն է, դա ասա։

ՎԻԳԵՆ – Ինը:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞ր թվի:

ՎԻԳԵՆ – Ութսունինը:

ՎԱՐԱԶԴԱՏ — (Մատ թափահարելով) Հիշիր, լավ հիշիր էսօրըԵս քեզ հետ հետո, հետո կխոսեմ

ՎԱՍՊՈՒՐ — (Նստում, վեր է կենում, գնում-գալիս է՝ ձեռնափայտը թխկթխկացնելով միշտ նույն ձևով, ներկաների ուշադրությունից դուրս) Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Էդ հետ տվողներին էլ գիտենք։ Իրենց ճղելով մտնում էին, հիմա էլ իրենց ճղելով դո՞ւրս են գալիս: Դուրս եկող էին, թող մինչև հիմա դուրս գային։ Հիմա պապս էլ դուրս կգա։ (Պապին) Ճիշտ չե՞մ ասում, Վասպուր։ (Պատասխանի չսպասելով) Բա՞ն է հասկանում, որ ասի:

ՎԱՀԱՆ — (Վիգենին) Պապդ ամբողջ կյանքում կուսակցության մեջ վերականգնվելու համար պայքարեց, դու տանես տոմսդ հետ տա՞ս։ Դա անելո՞ւ բան է, տղաս։

ՎԻԳԵՆ — Որոշված է, մի ասա։

ՎԱՀԱՆ — (Ակնարկելով Վասպուրին) Եթե հանկարծ դո՞ւ լինեիր իր տեղը…

ՄԱՐՈ — (Ավելի շատ բորբոքելու նպատակով, քան՝ հանգստացնելու): Հայրիկ, քեզ հուզվել չի կարելի։

ՎԱՀԱՆ – Ո՜նց էլ դիմացել է այս մարդը…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հայացքը՝ Վասպուրին) Ո՞ւր է, որ դիմացել է:

ՎԱՀԱՆ — Բայց հո նպատակին հասավ, արդարացվեց, տոմսը դրեց գրպանը։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ինչպես միշտ՝ հեգնանքով, վերևից) Էս ամեն ինչը սրա արածը չի՞։ Սրա նմանները չարեցի՞ն, որ էսպես եղավ… Մի բարի պտուղն էլ Վասպուրը չի։ Ուրիշների մոտ որ պարծենում ենք, ասում ենք՝ կարմիր պարտիզան է եղել, իրա բերած երկիրը չի՞։

ՆՈՅԵՄՆ ու ՄԱՐՈՆ ներս ու դուրս են անում ամբողջ ընթացքում։

ՎԱՀԱՆ — Վառվում էր ամեն ինչի համար, մինչև վերջ հավատում էր…

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե թող հիմա էլ հավատա։ (Ցուցամատը տնկած, շեղ նայելով Վասպուրին) Երջանիկ ապրեց, երջանիկ կմեռնի։ Սրան ի՞նչ կա…

ՎԱՀԱՆ — Անդամավճարը մի օր ուշացնե՞ր… Կռիվ էր անում, եթե հանկարծ ժամանակին չէի տանում։ Իմն ուշացնում էի, իրենը՝ ոչ մի օր։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Տեսնո՞ւմ ես՝ ի՜նչ ընտանիքից ես։

ՎԻԳԵՆ — Ձեռ ես առնում, չէ՞։ Լավ ես անում, ինձ տեղն է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դու տարար հետ տվիր, իսկ հե՞րդ, իսկ Վասպո՞ւրը։

ՎԻԳԵՆ — Դա՞ էլ է ինձ վերաբերում։

ՎԱՐԱԶԴԱՏ – Բա ո՞ւմ է վերաբերում։ Նրա՞նք էլ տանեն հետ տան։

ՎԱՀԱՆ — Ասա, ասա, իմ ասածն էլ դա է, կխայտառակվենք։

ՄԱՐՈ — Հայրիկ, քեզ հուզվել չի կարելի։

ՎԻԳԵՆ — (Հորը) Դուք ինչո՞ւ պիտի խայտառակվեք, ես ի՞նչ կապ ունեմ ձեզ հետ։

ՎԱՀԱՆ — Դու ես այդպես ասում, իսկ ի՞նչ գիտես, թե իրենք, իրենք ի՞նչ պիտի մտածեն։

ՎԻԳԵՆ — Ինչ ուզում են՝ թող մտածեն, դա ինձ չի հետաքրքրում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Քեզ չի հետաքրքրում, մեզ է հետաքրքրում։ Տոմս հետ տվողիս տեսեք, ամբողջ տունը խառնել է իրար։ Հետ էիր տալիս, սուսուփուս հետ տայիր, էլ ինչո՞ւ էիր գալիս ասում։

ՎԻԳԵՆ — Ասել եմ թե չեմ ասել՝ դա իմ գործն է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Քեզ ծեծելն էլ մեր գործն է։ Կներես, Մարո ջան։ (Նորից Վիգենին) Հետ էիր տալիս, տղամարդու նման տանեիր հետ տայիր, աշխարհով մեկ հայտարարությո՞ւն ես տալիս, արա։

ՎԻԳԵՆ — Ինձ հետ «արայով» չխոսես։

ՎԱՀԱՆ — (Վարազդատին) Առանց աղմուկի, խնդրում եմ, տղաս։

ՄԱՐՈ — Հայրիկի վրա ազդում է, ազնիվ խոսք։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Մեծ ախպերդ եմ, գայիր, մի բերան էլ ինձ ասեիր։ Ինչո՞ւ պիտի մեր հերը զանգահարեր, ինքն ասեր։ Դու ասեիր։ Հաշվի առնեիր, որ մեծդ ես եմ: Ծնողներիցդ հետո փաստորեն ես եմ քո ծնողը։ Ասեիր, էլի, ասեիր։ Ամբողջ աշխարհն իմանում է, հետո ես եմ իմանում։ 

ՎԻԳԵՆ — Ասեի՜ր, ասեի՜ր… Ի՞նչ ասեի, գիտեի, որ դեմ ես։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Թող էլի դեմ լինեի, դու քո պարտքը մեծիդ առաջ կատարեիր։ Ուզում ես՝ տար հետ տուր, բայց դու ինձ ես թաղում, Վիգ։ Հիմա ասա, իրավունք ունեի՞ որպես մեծ քեզ ծեծելու, թե՞ չէ։ Մի թեթև կպա, ընկար, հետո՞… Ես Մարոյից եմ ներողություն խնդրում։ Ես իմ փոքր ախպոր նկատմամբ ամեն ինչի իրավունք էլ ունեմ։ Էս տեսակ աղջկա ամուսինն էլ ոչ բարով դու ես։ Հարսս չլիներ, հետո քեզ հետ կխոսեի։

ՄԱՐՈ — Ես միայն իմ մասին չեմ մտածում, հորս մասին էլ եմ մտածում, ազնիվ խոսք։

ՎԻԳԵՆ — Գիտեմ, դու նրա մասին ես մտածում։

ՄԱՐՈ — (Արտասվախառն) Հա՞, ես քո մասին չե՞մ մտածում։ Չե՞մ մտածում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Աղջկան չլացացնես, թե չէ…

ՄԱՐՈ — (Վիգենին) Մինչև հիմա դու ինձ էդպես ես հասկացել, հա՞… (Հեծկլտում է):

ՎԱՀԱՆ — Մարո, աղջիկս…

ՄԱՐՈ — Չլսեցի՞ք ինչ ասաց։

ՆՈՅԵՄ — Հանգստացիր, բալաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Խոսքդ հետ վերցրու, շուտ արա։ Դու էս ո՞ւմ ես նեղացնում, արա։

ՄԱՐՈ — (Արցունքների միջից) Վիգ, ուզում ես, տար հետ տուր, բայց էդ խոսքը չպիտի ասեիր: (Չզսպելով լացը) Ո՞ւմ ես ասում՝ ի՞նձ

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Ճիշտ է անում, հոր մասին է մտածում։

ՄԱՐՈ — Ես միայն հորս մասին չեմ մտածում։ Ես իր մասին եմ մտածում։

ՎԱՐԱԶԴԱՏ  — Էլ ի՞նչ աղջիկ, որ հոր մասին չմտածի։ (Վիգենին) Կկանչեն ու տեղնուտեղը… Դու չգիտե՞ս նա որտեղ է աշխատում։

ՎԻԳԵՆ — Ի՞նչ անեմ, որ գիտեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Կինդ է, հո ուրիշ մարդ չի: Հորն ես անմեղ տեղը քաշում էս գործի մեջ։ Նրան էլ ով էնտեղ կթողնի։ 

ՎԱՀԱՆ — Առանց խոսքի, տղաս։

ՄԱՐՈ — (Վիգենին, լացով) Եթե միայն հորս մասին եմ մտածում, տար հետ տուր, ես համաձայն եմ, ազնիվ խոսք։ Չե՞ս հավատում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Լսո՞ւմ ես, բախտդ բերել է, էս տեսակ կին ունես։ (Ձեռք բարձրացնելով Վիգենի վրա) Էսպես թարս որ տվել եմ, չէ՞

ՄԱՐՈ — Տար, տար, ես համաձայն եմ, ազնիվ խոսք, Վիգ։ Տար, տար, որ ուրիշ բան չմտածես: Տար, էլի, տարՏար, խնդրում եմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Վայ, ես քո ցավը տանեմ, ի՜նչ աղջիկ է… Թող փորձի տեղից շարժվի, էլի, թող մի փորձի։

ՎԱՀԱՆ — (Վիգենին) Զավենին էնտեղ չեն թողնի, առանց խոսքի, տղաս։

ՆՈՅԵՄ — Դե դուք էլ ի՞նչ եք չորս կողմից վրա տվել, նա էլ մարդ է, չէ՞: (Վիգենին) Բալաս…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Զարմացած) Նոյե՞մ… Քեզ ի՞նչ պատահեցՄենք ախպորս թշնամին ենք, դու էլ եղար իրա պաշտպա՞նը, արա։

ՆՈՅԵՄ — Չե՞ս տեսնում, իրեն ուտում է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Թող ուտի, դու մի խառնվի։ (Սաստող) Մի խառնվի, ասում եմ։ Գու գնա գործդ արա։

ՆՈՅԵՄ — (Հնազանդ) Գնամ։

ՎԻԳԵՆ — (Վարազդատին) Դու մի խառնվիր, դու։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Անակնկալի եկած) Վի՞գ… Ես Վարազն եմ, արա, մեծ ախպերդ եմ, դու էդ ո՞ւմ ես ասում

ՎԱՀԱՆ — (Վիգենին) Մեզ չես լսում՝ Վարազին լսիր, մեծդ նա է, նրա խոսքը օրենք պիտի լինի քեզ համար։ Մեր մեծերը մեզ այդպես են դաստիարակել։

ՎԻԳԵՆ — Լսեմ, բայց նայած ինչ հարցում լսեմ։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Թող չլսի, այ մարդ, ինձ պետք չի նրա լսելը, շնորհակալ եմ։ Բայց, Վիգ, ինչ որ անում ես, մտածիր, հետո արա։

ՎԱՀԱՆ — Զուր չեն ասում՝ տասը չափիր, մեկ՝ կտրիր։ 

ՎԻԳԵՆ — Տասը չէ, տասը հազար անգամ եմ չափել, հարյուր հազար անգամ եմ չափել…

ՆՈՅԵՄ — Հանգիստ, բալաս, հանգիստ… (Փղձկում է): 

ՎԻԳԵՆ — (Կշտամբանքով) Մամ

ՎԱՐԱԶԴԱՏ(Աչքերը ոլորելով մոր վրա) Նոյեմ… 

ՆՈՅԵՄ — (Իրեն հավաքելով) Ըհը, անցավ, անցավ, բալաս:

ՎԱՐԱԶԴԱՏ — Վիգ ջան, պստիկ ջան, մռութդ ուտեմ, էլի տար հետ տուր, քո ձեռքը բռնող չկա, բայց մեր մորը մի չարացնի, ցավդ տանեմ։ Մոռանո՞ւմ ես, որ նա իմ մերն էլ է, գիտես, թե մենակ քո մե՞րն է։ Նոյեմ, եթե քեզ չես կարողանում զսպես, գնա էստեղից։

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՄԱՐՈ — Վիգ, եթե հետո պիտի ինձ մեղադրես, տար հանձնիր, ազնիվ խոսք։

ՎԱՐԱԶԴԱՏ — Հարսիս տրամադրությունն ինչո՞ւ գցեցիր։ Հետո ի՞նչ, որ քո կինն է։ Արա, իմ հարսն է

ՎԱՀԱՆ — Ախ, ախ, ախ… Չգիտեմ, ոչինչ չգիտեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Հորս էս ի՞նչ օրն ես գցել։ Իբր մի լավ օրի էր, հիմա լրիվ է շունչը կտրում։ Թող քո հոր շունչը կտրի, արա, իմ հոր շունչը ինչի՞ պիտի կտրի, կարո՞ղ ես հարցիս պատասխանես։ Լակոտներ ունես, լակոտներիդ մասին մտածիր։

Կից սենյակից երեխայի լացի ձայն:

ՄԱՐՈ — Գալիս եմ։ (Գնում է):

ՎԱՐԱԶԴԱՏ — Վաղը, մյուս օրը պիտի ասեն՝ սրանք էն տոմս հետ տվողի՞ տղերքն են։

ՎԱՀԱՆ — Կասեն, այն էլ ինչպե՜ս կասեն

ՎԻԳԵՆ — Ինչ ուզում են՝ թող ասեն: Ասողներն ովքե՞ր են լինելու։

ՎԱՐԱԶԴԱՏ — Երեխաներիդ ճամփեն ինչի՞ համար ես փակում։ Ես ինձ չեմ հաշվում, մի կերպ կապրեմ։

ՎԱՀԱՆ – Մի՛ ասա, քեզ վրա էլ ստվեր կընկնի, տղաս, հապա ինչպե՞ս…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ընկնում է՝ թող ընկնի։ (Վիգենին) Իմ ստվերները առանց քեզ էլ ինձ հերիք են։ Սրանք մենակ քո մասին չեն մտածում, իրենց մասին էլ են մտածում։ Միանգամից քանի՞ մարդու բախտի հետ ես խաղում, քեզ հաշի՞վ ես տալիս։

ՎԻԳԵՆ — Հա, տալիս եմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Մեր մեջ, ըհը… (Ցույց տալով Վասպուրին): Մենակ պապիս բախտն է բերել՝ ոչ լսում է, ոչ տեսնում։ Երնեկ քեզ, մեծ հեր։ Էս երկրում Վասպուրի պես պիտի ապրես։ (Վիգենին) Հերդ խառնված զանգահարել է, գործս թողել եմ եկել։ Ասում եմ՝ այ հեր, ի՞նչ է պատահել, Վահան։ Ասում է՝ հեռախոսով ասելու չի։ Ասացի՝ այ մարդ, տեսնես ինչ է պատահել, որ հեռախոսով ասելու չի։ Խախտում խախտումի հետևից անելով եմ եկել։ Մի տասը տեղ երևի համարս գրել են։ Ասացի՝ շուտ գնամ հասնեմ, հորս մի բան չպատահի։ Դու ինչո՞ւ էիր հեռախոսի մեջ խռխռացնում, այ հեր։ 

ՎԱՀԱՆ — Շունչս ուղղակի…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ, է՛, ի՞նչ…

ՎԱՀԱՆ — Կտրում էր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Տանում էր հետ տար, թող տաներ, շունչդ ինչի՞ համար էր կտրում, արա։

ՎԱՀԱՆ — Խայտառակ լինե՞նք աշխարհով մեկ. պապը կոմունիստ, հայրը կոմունիստ, որդին տոմսը տանում, հետ է տալիս:

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԻԳԵՆ — Չեմ ուզում՝ զոռո՞վ է… Մտնել կա, դուրս գալ չկա՞:

Մարոն վերադառնում է:

ՎԱՐԱԶԴԱՏ — Էլի մի ուզիր, բայց ինչո՞ւ տանես հետ տաս:

ՄԱՐՈ – Վիգ, ճիշտ է ասում, էլի մի ուզիր, ո՞վ է քեզ խանգարում։

ՎԻԳԵՆ — Նոր դո՞ւ չէիր ասում՝ ես համաձայն եմ, տար հետ տուր։

ՄԱՐՈ — Ասում էի, որ չասես՝ հորդ մասին ես մտածում։ Ես քո մասին եմ մտածում, Վիգ:

ՎԱՀԱՆ — Նախ և առաջ քո, տղաս, դու, հետո՝ բոլորը… 

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Քեզ թվում է, թե էս երկրռւմ անկուսակցական մարդ կա՞։ Տոմսով լինի անտոմս լինի, բոլորս էլ կուսակցական չենք, բա ի՞նչ ենք։

ՎԻԳԵՆԸ գնում է դեպի դուռը, ՎԱՐԱԶԴԱՏԸ կանգնում է նրա առաջ: 

ՎԻԳԵՆ — Ճանապարհս մի՛ փակիր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ուրեմն էսքան որ խոսեցինք՝ հե՞չ… Նստիր տեղդ։

ՎԻԳԵՆ — Ես ուրիշ տեղ եմ գնում, թող։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ոչ մի տեղ էլ չես գնում, նստիր տեղդ։ 

ՄԱՐՈ — Վարազդատն եկել է, անհարմար է՝ նրան թողնես գնաս։

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Վիգ, նստիր, բան եմ ասում։

ՎԻԳԵՆ – (Գործնական) Ասա, ի՞նչ ես ասում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Տո մի հարցնող լինի, որ պիտի դուրս գայիր, էն ժամանակ ինչի՞ էիր խառնվել, որ ընդունվես։

ՎԻԳԵՆ — Էն ժամանակ չգիտեի։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Լարվելով) Ի՞նչ չգիտեիր, է՛, ի՞նչ չգիտեիր։ Չգիտեի՞ր որ երկրռւմ ես ապրում, նոր իմացա՞ր։

ՎԻԳԵՆ — Հա, նոր իմացա։ Դու գիտեի՞ր։ Ո՞վ գիտեր։ Ոչ մեկն էլ չգիտեր։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Բամփելով գլխին) Վայ, միամիտ… Այ հեր, Վահան, սրան էս ո՞նց ես դաստիարակել։

ՎԻԳԵՆ — Իմ տոմսը չի՞, չեմ ուզում՝ հետ եմ տալիս, ում ինչ գործն է։

ՆՈՅԵՄ — (Մտնելով) Հանգիստ, բալաս, հանգիստ… Հանգիստ, բալաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Նոյեմ, դու գնա։

ՆՈՅԵՄ — (Նույն խոնարհությամբ) Գնամ:

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Ներվային ե՝ս գնա ներվերդ բուժիր, տոմս հետ տալը ո՞րն է։ Ասա, իմանանք պատճառը, էլի տար։

ՎԻԳԵՆ — (Բազմանշանակ, խոցող) Չգիտես, հա՞… 

ՎԱՐԱԶԴԱՏ — Չէ, չգիտեմ։ Ասե՞լ ես, որ իմանամ։ 

ՎԱՀԱՆ — Ասա, տղաս։ ասա, պատճառն իմանանք։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե ասա…

ՎԻԳԵՆ — (Պոռթկալով) Դուք չեք տեսնում, ե՞ս պիտի ասեմ։ Էլ ի՞նչ էիք ուզում, որ լիներ։ Էլ ի՞նչ էիք ուզումԱյսքանից հետո էլ հետ չտա՞մ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Կռվով) Քեզ ի՞նչ, էս անտեր երկրի տերը դո՞ւ ես։ Պատճառն ասա՝ պատճառն իմանանք։ Արտասահմա՞ն ես ուզում գնաս։

ՎԻԳԵՆ — Ոչ մի տեղ էլ չեմ ուզում գնալ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Որ չես գնում, տոմս հետ տված՝ էս երկրում էլ ո՞նց պիտի մնաս։

ՎԻԳԵՆ — Դու ո՞նց ես մնում, ուրիշները ո՞նց են մնում։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Եկել է, ո՛ւմ հետ է համեմատվումԵս տոմս եմ ունեցե՞լ, որ տոմս հետ տամ։ Երկրի դեմ ես դուրս գալիս, արա։ Սա երկրի դեմ է դուրս գալիս։

ՄԱՐՈ — Փաստորեն էդպես է ստացվում, Վիգ։

ՎԱՀԱՆ — Ասեք, ասեք, ես ասում եմ, ինձ չի հավատում։ 

ՎԻԳԵՆ — Ես իմ երկրի թշնամի՞ն եմ, որ իմ երկրի դեմ դուրս գամ։

ՎԱՀԱՆ — Դու քեզ երկրի թշնամի չես համարում, երկիրը քեզ թշնամի կհամարի։ Դու ինձ լսիր, տղաս։ Այս երկրում ապրում ես, երկիրը չես ճանաչում: (Ներքուստ այրվելով) Պապիդ նա թշնամի համարեց, պապիդ, այ, սրանՈ՞ւր մնաց՝ քեզ…

ՎԻԳԵՆ – Համարում է՝ թող համարի։ Թքել եմ այն երկրի վրա, որ դրա համար պիտի թշնամի համարի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էլ ինչի՞ համար… Եղածը մի կուսակցություն է, քեզ նման բոլորը թողնեն դուրս գան, երկիրն առանց կուսակցության մնա՞:

ՎԻԳԵՆ — Էհ, թող ուրիշ կուսակցություն էլ լիներ՝ առանց կուսակցության չմնար։

ՎԱՐԱԶԴԱՏ — Իբր մեկը քիչ է, էլի լինի՞։ Ի՜նչ է խոսում… Իմ արև, ես կցնդեմ։ Էս երկրում ո՞վ կթողնի, որ ուրիշ կուսակցություն էլ լինի։ Քե՞զ ես ձեռ առնում, թե՞ մեզ։ Դա լինելու բա՞ն է, որ դու ասում ես։ Դու չգիտե՞ս, որ սա կոմունիստական երկիր է։ Սիստե՞մն ես ուզում փոխես։ Անկուսակցական տեղովս ե՞ս պիտի բացատրեմ։ Սրան էս ո՞նց են ընդունել, ես կցնդեմ։ Ուրիշը իրա լավ երկիրը պիտի տա՞ քեզ, սիրում ես՝ քո երկիրը սիրի։

ՎԻԳԵՆ — Եթե չսիրեմ՝ հետ չեմ տա։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչ ասում եմ՝ շուռ է տալիս, հակառակն է ասում, արա։ Սրանք որ հետ չեն տալիս, գիտես, թե չե՞ն սիրում։ Հենց իմ ու քո՞ չափ են սիրում։ Ձեռները ճար չկա, ի՞նչ անեն։ Երկիր է, ապրում ենք, էլի, մինչև տեսնենք գլխներիս ինչ է գալու։ (Նոյեմին, որ աննկատ մտել էր ներս) Նոյեմ, դու գնա։

ՆՈՅԵՄ — Գնամ։ (Դուրս է գնում՝ ականջները փակելով):

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ետևից) Ականջներդ մի փակիր, տեսնում ես՝ զսպում եմ ինձ, որ էն խոսքը չասեմ։ (Դեմառդեմ կանգնելով Վիգենի առջև):

ՎԻԳԵՆ — Ճանապարհս մի փակիր, չեմ գնում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Նստիր տեղդ, ասում եմ։ Դու գիտես, թե բոլորը քեզ նմա՞ն են, որ մենակ իրենց մասին մտածեն։

ՎԱՀԱՆ – Հարկավ, հետևանքների մասին են մտածում։

ՎԻԳԵՆ — Ի՞նչ հետևանք, է՜, ի՞նչ հետևանք, առանց վախենալու չե՞ք կարող ապրել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞վ է վախենում, ե՞ս… Լավ էլ վախեցող գտար։ Օր-ծերության հորդ ու մորդ չես խնայում՝ երեխաներիդ խնայիր։ Մեծին չես խնայում՝ էն ծծկերին խնայիր։ Մարո, լաց եղավ, դու գնա։ Որ մեծանա, կարծում ես, թե քեզ պիտի ների՞:

Մարոն գնում է:

ՎԻԳԵՆ — Չի ների, եթե հետ չտամ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էլի շուռ տվեց… Հիմա չի խոսի, հետո նա քեզ հետ կխոսի։

ՎԻԳԵՆ — Նրա ներել-չներելուն պիտի նայե՞մ։ Ես ինձ չեմ ներում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ ես արել, մա՞րդ ես սպանել, որ չես ներում։

ՎԻԳԵՆ – Հա, մարդ եմ սպանել:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞ւմ։

ՎԻԳԵՆ — Ինձ։ Ամեն օր էլ սպանում եմ: Ինչո՞ւ պիտի ես ես չլինեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ – Է՜, եղիր։

ՎԻԳԵՆ — Դե թողեք հետ տամ, որ լինեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դրանո՞վ…

ՎԻԳԵՆ — Հա, դրանով, հենց դրանով։

ՎԱՐԱԶԴԱՏ — Վիգ, դու էդ ի՞նչ ձևով ես խոսում, է՜, արա, դու քո երկրի թշնամի՞ն ես։

ՎԻԳԵՆ — Ես իմ երկրի թշնամին չեմ, իմ երկիրն է իմ թշնամին։ Ինձ հետ «արայով» չխոսես։

ՆՈՅԵՄ – (Գալով) Հանգիստ, բալաս, հանգիստ։

ՎԱՀԱՆ — Ախ, ախ, ախ… Չգիտեմ, ոչինչ չգիտեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Տեղն է, տեղն է, ախր ինչի՞ պիտի ազատություն տար, որ կատաղեն։ (Հանկարծակի բորբոքվելով) Արա, երկիրն ի՞նչ մեղք ունի, որ տակից քանդել են։ Կարծում ես, եթե ուրիշ երկիր լիներ, կդիմանա՞ր։ Գոհ չե՞ս, որ էսքան էլ դիմացել է։

ՎԱՀԱՆ — Երկիրն ո՞վ է, երկիրը մենք չե՞նք, տղաս։

ՎԻԳԵՆ — Չէ, մենք չենք։

ՎԱՐԱԶԴԱՏ — Բա ո՞վ է:

ՎԻԳԵՆ — Ես չգիտեմ՝ ով է։

ՎԱՀԱՆ — (Զգուշավոր) Դե որ չգիտես, ավելորդ բաներ մի՛ խոսիր։

ՆՈՅԵՄ — Ցածր, հարևանները կլսեն։

ՎԱՀԱՆ — Ինձ մի՛ ասա, իրեն ասա։

ՎԻԳԵՆ — Ինչ որ մտածում եմ, դա եմ ասում։

ՎԱՀԱՆ — Մենք էլ ենք շատ բան մտածում, ինչո՞ւ չենբ ասում, տղաս։

ՎԻԳԵՆ – Տա՞նն էլ ասելու իրավունք չունեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ինքն իրեն) Էս ինչե՜ր է խոսում, արա, ես կցնդեմ։

ՆՈՅԵՄ – Վարազ…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինձ մի հանգստացրու, է՜, նրան հանգստացրու։

ՎԻԳԵՆ — Ես հանգիստ եմ։

ՎԱՐԱԶԴԱՏ – Արա, դե թող մենք էլ հանգիստ լինենք։ Ո՜նց եմ տրաքվում սրանից, ո՜նց եմ տրաքվում… Վիգ, բայց լավ չես անում։ Երկրորդ ինֆա՞րկտն ես ուզում տանեմ։ Արա, տասը ինֆարկտ էլ կտանեմ, բայց չեմ թողնի տոմսդ տանես հանձնես։ Ապրիր, էլի, էս երկրից ի՞նչ ես ուզում։ Ինժեներ տեղովդ որ գնացել ես 150 ռուբլու վրա նստել, դու 150 ռուբլով տո՞ւն ես պահելու։ Արի տանեմ մոտս։ Արի, արա: Քանի անգամ եմ ասել։ Օրվա մեջ արի մի երկու րոպե երևա, գնա՝ ամիսը 500 ռուբլի փող տամ, 600 տամ, 700 տամ… Արա, մի՛ տար, էլի, մի՛ տար հանձնի։

ՎԻԳԵՆ — Հո փողի համար չեմ տանում։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հոգուն հասած). Բա ինչի՞ համար ես տանում, այ քո հոր Աստծուն մատաղ։ Ասա, էլի, ասա։ Ես կտրաքեմ, արա, ես կտրաքեմ։ Ձեռիցդ գալի՞ս է՝ ապրիր, ի՞նչ ես ուզում էս երկրից, ի՞նչ ես ուզում։ (Բռունցքներով սկսում է հարվածներ տեղալ սեղանին):

ՆՈՅԵՄ — (Ականջները փակած) Բալաս, սիրտդ, սիրտդ… Ի՞նչ ես անում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Լավ եմ անում, լավ եմ անում։

ՎԱՀԱՆ – Վարազ…

ՄԱՐՈ — (Մտնելով, տագնապով) Ի՞նչ եղավ։ (Վարազդատին) Հանգստացեք։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Սա՞ էիր ուզում, սա՞ էիր ուզում(Գլուխն առնում է ափերի մեջ, ցնցվելով հաղթ մարմնով): Ես կյանքում եմ լաց եղե՞լ, որ դու ուզում ես ինձ լացացնել։ Ի՞նչ ես ուզում ինձնից։ Քեզ համար ի՞նչ չեմ արել, ասա, ի՞նչ չեմ արել: Պապդ նստած, հերդ նստած, ամոթ էլ է ասելը, գրպան էլ եմ մտել, բա դու գետինը չե՞ս մտնում։ Մտել եմ, որ քեզ համար պաղպաղակ առնեմ, աշխարհագրության գիրք առնեմ։ Ուզում ես երեսով տա՞մ։ Ինչի՞ ես ինձ իմ աչքից գցում։ Ես քեզ բան ասեմ, դու ինձ չլսե՞ս։ Վիգ, գիտես թե ես դպրոցը կթողնեի՞, որ պայմաններ լինեին։ Քեզնից լավ չէի՞ սովորում, ասա։ Եթե ես էլ սովորեի։ դու էլ, ո՞վ գրպան մտներ։ Գիտես թե ինստիտուտը հենց քեզ նման կավարտեի՞: Մաթեմատիկայից ես քեզնից ուժեղ չէի՞, ինչի՞ չես ձայն հանում։ Մարկոսյանը քանի՞ անգամ է հետևվիցս եկել տուն, որ նորից համոզի, տանի դպրոց, այ մեր, Նոյեմ, դու ասա՝ էն չախկալ Մարկոսյանն ի՞նչ էր ասում։ Չէ՞ր ասում՝ դասարանում Վարազից ուժեղ մաթեմատիկա իմացող աշակերտ չունեմ։ Չէ՞ր ասում։

ՆՈՅԵՄ — (Տանջահար) Ասում էր, ասում էր, բալաս, ի՞նչ օգուտ, որ չսովորեցիր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Բա որ ես սովորեի, սա ի՞նչ աներ: Վիգ, դու բարձրագույն ես ավարտել, ես իսկի դպրոց էլ չեմ ավարտել, հետո ի՞նչ, որ ատեստատ չունեմ, փողով ամեն ինչ էլ կառնեմ, բայց ախպեր չեմ առնի։ Ինձ տոմսդ չի պետք, է՛, ինձ քո հարգանքն է պետք։ Քեզնից բացի աշխարհում ես ուրիշ բան ունե՞մ, Վիգ։ Ի՜նչ երեխա, ի՜նչ կին, ի՜նչ հեր, ի՜նչ մեր… Չնեղանաք, ոչ մեկիդ ախպորս հետ չեմ փոխի։

ՆՈՅԵՄ — Քրտինք ունես վրան, բալաս, քրտինք ունես։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ոչ մի բան էլ չունեմ։ (Վիգենին) Կրծքիս վրա ի՞նչ է գրված։ Բացե՞մ, բացե՞մ՝ կարդաս։ Մարոյից եմ անհարմար զգում։ Կներես, հարս ջան։ (Վիգենին) Բացե՞մ։ (Մեկից քաշում, բացում է վերնաշապիկը՝ դաջված կուրծքը մղելով առաջ): Մայր Հայաստանի կողքին՝ սրտիս վրա, ո՞ւմ անունն է գրված։ Ի՞մ անունն է, թե՞ քո։ Դե ասա, ասա, էլի, ասա… Երանի էն ժամանակ, որ ծեծելիս կրծքիցս արյուն էր գնում։ Հիմա սրտիցս է արյուն գնում։ Նրանք իրենց կրծքին իրենց անունն էին ծեծում, ես՝ քո։ «Վեչնի լյուբով» էին ծեծում, իրենց սիրածի անունն էին ծեծում, ես՝ քո։ Ասա, հիմա սա էլ ո՞նց ջնջեմ։ (Իրեն կտրատելով) Կջնջվի՞, որ ջնջեմ։ 

ՎԻԳԵՆ — (Փարվելով եղբորը) Չես ուզում՝ չեմ տանի… 

ՎԱՐԱԶԴԱՏ — (Խոցված) Չէ, տար

Տնեցիների աչքերն արցունքոտվում են: Կից սենյակից լսվում է երեխայի լացը: Եղբայրներն անջատվում են:

ՎԱՐԱԶԴԱՏ — Մարո, դու գնա… Վասպուրս… Այ հեր, Վահան, էդ երեխայի անունն ինչի՞ համար Վասպուր դրեցիք:

Մարոն դուրս է գնում, հետևից՝ Նոյեմը՝ հանդիպակաց մուտքով:

ՎԱՀԱՆ — Վիգենն ուզում էր Վահան դներ, ես էլ ուզեցի հորս անունը դնի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Վասպուր, Վահան, Վարազդատ, Վիգեն, Վերգուշ… Էլի մի Վասպուր… Էլ ուրիշ տառ չկա՞ր, բոլորիս մի թելի վրա եք շարել։

ՎԻԳԵՆ — Չեք ուզում՝ չեմ տանի։ Բայց որ չտարա՝ ի՞նչ… Որ ի՞նչ, այսինքն

ՎԱՀԱՆ — Անհատական թոշակ պիտի ստանամ, թոշակիս վրա ինչո՞ւ ես քար գցում։ Կարծում ես փո՞քր բան է։ Օր-ծերության ինչո՞ւ պիտի նյութապես տուժեմ, ո՞ր մեղքիս համար։ Այսքան տարվա կուսակցական ստաժս հենց այնպես գնա կորչի՞։ Ի՞նչ եմ ստացել այս երկրից, որ դա էլ չստանամ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Բռնկումով) Ստանայիր… Ո՞ւմ ես ասում, է՛, ո՞ւմՎասպուրը չի ստացել, դու չես ստացելԲա ի՞նչ էիք անում, է՜, ի՞նչ էիք անում։

ՎԱՀԱՆ — Ինչ որ անում էինք, երկրի համար էինք անում, տղաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էդ ո՞րն է, է՜, ձեր արածը, որ չտեսանք։ Էդ ի՞նչ եք արել, է՜… Մենակ քանդել եք, էլի… Սա չի՞  տունդ… Ստանայիր…

ՎԱՀԱՆ — Ստանալու մասին չեմ մտածել, տալու մասին եմ մտածել:

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե որ տալուլ մասին եք մտածել, ստանալու մասին չեք մտածել, մե՞նք էլ ստանալու մասին չմտածենք, մեր երեխաներն էլ ստանալու մասին չմտածե՞ն, նրանց երեխաներն էլ ստանալու մասին չմտածե՞ն։ Ինչի՞…

ՎԱՀԱՆ — Տղաս, մենք այդպես ենք եղել, չասե՞նք։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դուք էդպես եք եղել, էլի, որ մենք էլ էսպես եղանք։

ՎԱՀԱՆ — Փոխարենն առողջությունս եմ տվել, հիմա էլ անհատական թոշակս տա՞մ։

ՎԻԳԵՆ — Դու էլ քո մասին ես մտածում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Իսկ ո՞ւմ մասին մտածի։

ՎԱՀԱՆ — Քանի՞ տարվա կյանք է ինձ մնացել, որ չմտածեմ։ Ամբողջ կյանքում չեմ մտածել, հիմա՞ էլ չմտածեմ։ Տվածիս դիմաց ի՞նչ եմ ստացել, որ դրանից էլ զրկվեմ իմ այս տարիքում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էլի բերանս բացել է տալիս… (Որոտալով) Ստանայիր… Հո մենք գերի չենք ընկել ձեր ձեռքը։

ՎԱՀԱՆ – Ե՞րբ տվին, որ չստացա։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Խաղաղվելով) Ապրես… էլ ի՞նչ ես ասում։

ՎԱՀԱՆ — Ծառայություններս միանգամից ջնջվե՞ն, գնան կորչե՞ն։

ՎԱՐԱԶԴԱՏ — Հա, թող գնան կորչեն։ Ծառայություն էլ որ չեն ասում… Ուրեմն ես մեռած եմ, հա՞, որ հերս իրենց տված թոշակով ապրի… Թքած… Ինձ ինչի՞ տեղ ես դրել, այ հեր, էդ էր պակաս…

ՎԱՀԱՆ — Հապա բարոյական կո՞ղմը… Ինչո՞ւ չստանամ:

ՎԻԳԵՆ — Ես իմ տոմսն եմ հանձնում, դու հո քո տոմսը չես հանձնում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Մենք մեր հորը հո չենք սպանելու քո տոմսի պատճառով, Վիգ։

ՎԱՀԱՆ — (Վիգենին) Ի՞նչ տարբերություն՝ դո՞ւ, թե՞ ես։

ՎԻԳԵՆ — Հայրիկ, դու առանձին մարդ ես, ես՝ առանձին, ի՞նչ է պատահել։

ՎԱՀԱՆ — Շատ ներողություն, իսկ ես ո՞վ եմ։

ՎԻԳԵՆ — Իմ հայրը։

ՎԱՀԱՆ — Իսկ դու ո՞վ ես։

ՎԻԳԵՆ — Մանուկյան Վիգենը։

ՎԱՀԱՆ – Անուն-ազգանունդ ասում ես, հայրանունդ էլ ասա; Մանուկյան Վիգենն ո՞վ է…

ՎԻԳԵՆ — Քո տղան։

ՎԱՀԱՆ — Էլ ինչի՞ մասին է խոսքը։

ՎԻԳԵՆ — Հետո ի՞նչ…

ՎԱՀԱՆ Այդ դու ես այդպես ասում, նրանք չեն ասի, ես գիտեմ։ Հորս աքսորեցին, հետո ինձ կանչեցին։ Հորիցս հրաժարվեի՞։ Ասեի՝ նա իմ հայրը չի՞։ Ասողներ էլ եղան, տղաս։

ՎԻԳԵՆ — Քեզ ո՞վ է ասում, որ ասեիր։

ՎԱՀԱՆ — Չասացի։ Հորս պատճառով ինձ էլ մեղադրեցին։ Նույն երկիրր չի՞։ (Հևոցը գնալով ավելի ու ավելի է իրեն զգացնել տալիս): Ես ի՞նչ մեղք էի գործել։ Հիմա էլ որդուս համար… Շատ չեղա՞վ։ Ես էլ մեղք եմ, չէ՞։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Զգալով, որ հայրը վատանում է) Նոյեմ…

Մտնում է Մարոն, ապա՝ Նոյեմը:

ՆՈՅԵՄ — (Խալաթի գրպանից հանելով դեղը) Վահան…

ՎԻԳԵՆ — (Տագնապած) Հայրիկ…

ՎԱՐԱԶԴԱՏ — Վահան, կուլ տուր։

ՄԱՐՈ — Հայրիկ, քեզ լավ զգա, խնդրում եմ, երեկվա նման Շտապ օգնություն չկանչենք։

ՎԱՐԱԶԴԱՏ – Ո՞նց թե… Ուրեմն երեկ Շտապ օգնություն եք կանչել, ինձ չե՞ք ասում։ Հորս մի բան պատահեր, գիտե՞ք ձեզ ինչ կանեի։ (Վիգենին) Էս մարդուն էս ի՞նչ օրը գցեցիրը, արա։

ՎԻԳԵՆ — Ո՞վ է գցել, ե՞ս եմ գցել, տասը տարի նույն բանը չի՞։

ՎԱՀԱՆ — (Դալկացած) Զուր ապրեցի, զուր…

ՎԱՐԱԶԴԱՏ — Այ հեր, աչքիցս չընկնես, մեզ նման տղերք ունես, քեզ ի՞նչ է եղել։ Նոյեմը գլխիդ, Մարոյի նման հարս ունես:

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վահանին) Այ, հորիցդ օրինակ վերցրու։ Տեսնո՞ւմ ես… Բողկի պես մարդ է Վասպուրը։ Այ մեր, Նոյեմ, հիշո՞ւմ ես, որ դպրոցից դեռ դուրս չէի եկել, Մարկոսյանը Վիգենին ասում էր՝ մեծ եղբորիցդ օրինակ վերցրու։ 

ՆՈՅԵՄ — Ոնց չեմ հիշում, բալաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Վիգ, հիշո՞ւմ ես: (Վիգենը գլխով է անում): Երնեկ ինձ, ես էլ իմ հույսը քեզ վրա էի դրել, ասում էի, ախպորս առաջ կքաշեն, նա էլ մեզ տիրություն կանի։ Էլի անտեր մնացինք։

ՎԻԳԵՆ — Ինձ առաջ չեն քաշի:

ՎԱՐԱԶԴԱՏ — Բա էդ բ.-ի տղերքին ո՞նց են առաջ քաշում, է՜, որ ամառվա շոգին պինդ հագած-կապած նստած են իրենց աթոռներին՝ կոնդիցիոներները միացրած։ Մտնում ես, գլուխներն էլ չեն բարձրացնում, որ նայեն երեսիդ։ Դռան զանգը…

Մարոն ընդառաջ է գնում: Մտնում են Պարգևն ու Վերգուշը: 

ՎԵՐԳՈՒՇ — (Ահաբեկված, շնչակտուր) Ի՞նչ է եղել, բա՞ն է պատահել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ ես քեզ կորցրել։ Ինչ կա, որ ինչ պատահի։

ՊԱՐԳԵՎ — Բարև ձեզ:

ՎԱՐԱԶԴԱՏ — Բարև։ Առաջ արի։

ՎԻԳԵՆ — Հայրիկ, իրենց ինչո՞ւ ես կանչել, ժողո՞վ է, ես ժողովներից եմ փախչում։

ՎԵՐԳՈՒՇ — (Դեռ իրեն կորցրած) Ասեք, շուտ արեք։ 

ՄԱՐՈ — Ոչ մի բան, հայրիկի սովորական նոպան էր։ 

ՎԵՐԳՈՒՇ — (Համբուրելով հորը) Անցա՞վ, հեր ջան։ Վիգ, քեզ ի՞նչ է եղել։

ՎԻԳԵՆ — Ոչ մի բան:

ՄԱՐՈ — Ուզում է տոմսը տանի հանձնի։

ՎԵՐԳՈՒՇ — (Զարմանք խաղալով) Կուստո՞մսը: 

ՎԱՐԱԶԴԱՏ — Բա էլ ո՞ր

ՎԵՐԳՈՒՇ — Դա էլ նո՞ր մոդա է։ Ճի՞շտ են ասում, Վիգ։

ՎԻԳԵՆ — Երևի։

ՎԵՐԳՈՒՇ — (Կեսկատակ, մատ թափահարելով եղբոր վրա) Դե, դե… Ո՞վ կթողնի որ… (Համբուրում է): Վասպուրս ո՞ւր է, կարոտել եմ։ (Մտնում է կից սենյակը, ետևից՝ Նոյեմն ու Մարոն):

ՎԱՐԱԶԴԱՏ — Այ հեր, իսկապես, էս մարդկանց ինչո՞ւ ես նեղություն տվել, մեծ ախպորը չլսի՝ քրո՞ջը պիտի լսի կամ փեսային։ Դու էլ էս ի՞նչ պատմություն ես սարքել, Վիգ։ Ուզում էիր դուրս գաս՝ անդամավճար չմուծեիր, իրենք կհանեին։ Անունդ դուրս չէր գա, որ դու չես ուզում։ Պարգև, ի՞նչ կասես։

ՊԱՐԳԵՎ — Դու ինձ ներիր, բայց ես այդ խաղերին դեմ եմ: Ո՞ւմ խաբի, ինչո՞ւ խաբի, եղա՞վ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչո՞ւ չեղավ, է՛, ինչո՞ւ չեղավ։ Նպատակը դուրս գալը չի՞։ Դա չի՞ ուզածը։

ՎԻԳԵՆ — Չէ, դա չի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Բա ո՞րն է, դու ասա։

ՎԻԳԵՆ — Ինձ չպիտի հեռացնեն, իրավունք չունեն։ Թող փորձեն։

ՎԱՐԱԶԴԱՏ — Չհասկացա։

ՎԻԳԵՆ — Իրենք չպիտի հեռացնեն, ես պիտի դուրս գամ։ 

ՎԱՐԱԶԴԱՏ – Վայ, ես քո էքստրեմիստ… Զոռով գո՞րծ ես բացում վրադ, արա։ Թող հեռացնեն, էլի։

ՊԱՐԳԵՎ — Անդամավճար չմուծելու համար չեն հեռացնի, ուզում է՝ թեկուզ մի տարի չմուծի։ Խիստ նկատողություն կանեն՝ գրանցելով անձնական քարտում։ Եթե այդպես հե՜շտ լիներ հեռացնելը… Այնքա՜ն մարդ կա, որ ուզում է հեռացվի։ Մինչև չդատվես, չեն հեռացնում։ Էհ, ով կուզի նստի որՄինչև ազատազրկման վայրում չլինե, հույս չունենաս։

ՎԻԳԵՆ — (Բորբոքված) Ազատազրկման վայրում ենք, էլի, բա որտե՞ղ ենք։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ձայնը մեկից բարձրացնելով) Սուս, բերանս բացել չտաս։ Դու ազատազրկման վայրից գաղափար ունե՞ս, որ խոսում ես։ Ինձ հարցրու, ինձԷս երկիրն էլ է ձեզ շատ։ Որ դուք շնորհք չունեք, երկի՞րն է մեղավոր։ Շնորհք ունեցեք, ապրեք, ո՞վ է ձեզ խանգարում։ Սրանից լա՞վ երկիր եք ուզում, արա: Էդ ինչի՞ է ինձ համար լավ, ձեզ համար վատ, է՜, կարո՞ղ եք բացատրեք։

ՊԱՐԳԵՎ — Վարազ, ես խնդրում եմ, դու մեզ մի համեմատիր քեզ հետ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչի՞, ոնց որ դուք, էնպես էլ ես։

ՊԱՐԳԵՎ — Դու շատ լավ գիտես, թե ես ինչ եմ ասում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Պարզ ասա, իմանամ։ Ինքը չի նստել, է՛, ես եմ նստել։ Ես էս երկրի դեմ չեմ խոսում, ինքն է խոսում։ Էս երկրի հացի մեջ իսկի աղ չկա, մարդու մեղք էլ է գալիս, արա։ Վասպուրը քանի՞ տարի է նստել։ Նրանից շատ նստող կա՞։ Խելքը տեղը լիներ, կթողնե՞ր, որ մեկնումեկը իրա մոտ էդպես խոսեր։ Փետը կջարդեր գլխին։ Նա էլ ինձ նման հո քրեական չի նստել, մարդը քաղաքական է նստել։ Նա ինչի՞ էր պաշտպանում, հը՞…

ՎԻԳԵՆ — Նա իրեն, իրեն էր պաշտպանում, երկիրը չէր պաշտպանում։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ակնարկելով Վասպուրին) Ինչ որ արել է, սա է արել, սրա նմաններն են արել, երկրի հետ ի՞նչ գործ ունես: Էս հին բոլշևիկներին որ ժամանակին չբռներ, հիմա լրիվ էին քանդել։ Էնքան մեծահոգի էր, որ սրա նմաններին էլի բաց թողեց։

ՎԱՀԱՆ — Ախ, ախ, ախ… Չգիտեմ, չգիտեմ, ոչինչ չգիտեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Այ հեր, Վահան, քո անունը չտվի, որովհետև դու քիչ ես նստել, քոնը հաշվի մեջ չի։

ՎԱԱՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հեգնանքով, նմանակելով) Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՀԱՆ — Բայց դու չթողեցիր, որ Պարգևն իր խոսքր ասի:

ՊԱՐԳԵՎ — Խնդրեմ, ես միայն մի բան կարող եմ ասել. հանձնելուց առաջ թող մի լավ կշռադատի, հետո դիմի այդ քայլին։ Իմ խորհուրդը դա է, ես ուրիշ բան չեմ կարող ասել։

ՎԱՐԱԶԴԱՏ  — Վիգ, լսո՞ւմ ես, մեր աղա փեսան ինչ է ասում, լսո՞ւմ ես։

ՎԻԳԵՆ — (Կռվի տոնով) Հա, լսում եմ։

ՎԱՀԱՆ — Զավակս, Պարգևին լսիր, Պարգևն ինչ որ կասի, ճիշտը դա է։

ՎԵՐԳՈՒՇ — (Գալով) Վիգ, Վիգ ջան, դու քո քրոջը չե՞ս սիրում։ Մի՛ տար հանձնի, էլի, խնդրում եմ։ (Համբուրում է):

ՎԻԳԵՆ — (Վանվելով) Լավ, թող։

ՎԱՀԱՆ — Պարգևը կարծեմ չվերջացրեց։

ՊԱՐԳԵՎ — Իմ ասածը դա է։ Սկզբունք գոյություն ունի։ Խնդրեմ, թող չտանի հանձնի, բայց եթե տարավ՝ վերջ:

ՎԱՐԱԶԴԱՏ — Չհասկացա, հիմա դու ի՞նչ խորհուրդ ես տալիս։

ՎԻԳԵՆ — Ինձ խորհուրդ պետք չի, պետք չի, ես խորհրդի կարիք չեմ զգում։

ՎԱՀԱՆ — Դու մի զգա, մենք ենք զգում, տղաս։ Մարդն իր մտքինը չասի՞։

ՊԱՐԳԵՎ — Էլի եմ ասում. եթե տարավ հանձնեց՝ վերջացավ, էլ չպիտի հետ ուզի, երբեք։ Եմ կարծիքը դա է։

ՎԱՐԱԶԴԱՏ — «Եթեով» մի խոսիր, այ ընկեր։ Հետ վերցնելու մասին չենք հարցնում, է՛, հետ տալու մասին ենք հարցնում քեզ։

ՊԱՐԳԵՎ — Բայց դա իմ կարծիքն է։

ՎԱՐԱԶԴԱՏ  — Էլի թող լինի քո կարծիքը, բայց ախր բան չես ասում, որ բան հասկանանք։ Հիմա թողնենք տանի հանձնի՞, թե՞ չհանձնի, դա ենք հարցնում։

ՎԻԳԵՆ — Ինչո՞ւ պիտի դուք թողնեք կամ չթողնեք։ Ես ո՞վ եմ, է՜, ես։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դու սուս, ես իրեն եմ հարցնում։

ՎԻԳԵՆ — Ինչո՞ւ ես իրեն հարցնում, ինձ հարցրու։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Համբերիր մի րոպե։ Պարգև, ասա:

ՊԱՐԳԵՎ — Ես ի՞նչ կարող եմ ասել, դա ինքը պիտի որոշի, ինքը, միմիայն ինքը:

ՎԱՐԱԶԴԱՏ — Որ ինքը պիտի որոշի՝ մենք ինչացո՞ւ ենք, մենք ո՞վ ենք, որ հավաքվել ենք էստեղ։

ՎԵՐԳՈՒՇ – Ինքն էլ է դեմ, Պարգևն էլ է դեմ, որ տանի հանձնի, դու իրեն չհասկացար։

ՎԱՐԱԶԴԱՏ — Վերգուշ, դու էլ մարդո՞ւդ ես պաշտպանում։

ՎԵՐԳՈՒՇ — (Խառնված, աննկատ շարունակ բզելով Պարգևին) Ազնվությամբ, ինքն էլ է դեմ, իրեն հարցրու: Վայ, չի հավատում։

ՊԱՐԳԵՎ — Ես դեմ չեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վերգուշին) Լսեցի՞ր։

ՎԵՐԳՈՒՇ — (Պարգևին) Կո՞ղմ ես, որ տանի հանձնի։ 

ՊԱՐԳԵՎ — Ոչ էլ կողմ եմ:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ոչ կողմ ես, ոչ էլ դե՞մ, արա:

ՊԱՐԳԵՎ — Վարազդատ, ես խնդրում եմ, շատ եմ խնդրում, միայն թե առանց «արայի»։ Ես ժարգոնի նկատմամբ ալերգիա ունեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Որ ոչ կողմ ես, ոչ էլ դեմ, բա ի՞նչ ասեմ։ (Ակնարկելով Վիգենին) Էս մարդը մի հարազատ չունի, արա։ Վիգ, ես քո լավը չուզողի… Նոյեմ, չգնաս։

ՎԵՐԳՈՒՇ — (Անհանգստացած) Վարազ, իսկ դու ինչո՞ւ ես կարծում, որ մենք Վիգենի լավը չենք ուզում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես ոչ մի բան էլ չեմ կարծում, դուք եք կարծում։

ՊԱՐԳԵՎ — Վարազ, մինչև վերջ լսիր, հետո… 

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես Վարազ չեմ, ես Վարազդատ եմ՝ դե որ չես ուզում «արա» ասեմ…

ՊԱՐԳԵՎ — Ներողություն։

ՎԱՀԱՆ — Պարգև, ես քեզ կանչել եմ, որ քո ծանրակշիռ խոսքը ասես, տղաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ասաց, էլի, ասելն էլ ո՞նց է լինում։ 

ՎԱՀԱՆ — Ոչ, նա դեռ իր խոսքր չի ասել։

ՎԻԳԵՆ — Ի՞նչ պիտի ասի, ինչո՞ւ պիտի ասի, դո՞ւք պիտի որոշեք, թե՞ ես։ Ձե՞ր տոմսն է, թե՞ իմ։

ՆՈՅԵՄ — Ցածր, հարևանները կլսեն։

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հակակրանքով) Էհեյ, էհեյ, էհեյ… 

ՎԱՀԱՆ — (Սպասողական) Պարգև…

ՎԵՐԳՈՒՇ — (Սեղմելով Պարգևի ոտքը) Ասա…

ՊԱՐԳԵՎ – Ինչ որ պիտի ասեի, կարծեմ ես արդեն ասացի։ 

ՎԵՐԳՈՒՇ — Պարզ ասա, որ սխալ չհասկանան։ Ասա, էլի,  ասա… Կարծես մենք եկել ենք, որ եղբորս կործանենք։

ՊԱՐԳԵՎ — Ո՞վ կարող է նրա մազին դիպչել, անցան այդ ժամանակները։

ՎԱՀԱՆ – Մի՛ հավատա, Պարգև, խաղ է։ (Հոգու խորքից): Մի՛ հավատա։

ՎԻԳԵՆ — Դե ապրեք այդպես վախեցած։

ՎԱՀԱՆ — Էսպես չի մնա, մի՛ խաբվեք, դուք ինձ լսեք։ 

ՊԱՐԳԵՎ – Ի՜նչ եք ասում. երբեք պատմության անիվը ետ չի պտտվում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Նայած ով է պտտեցնողը։

ՎԱՀԱՆ — (Պարգևին) Մեկ ետ է պտտվում, մեկ՝ առաջ: Միայն առաջ չի պտտվում, միայն ետ էլ չի պտտվում, ետ ու առաջ է պտտվում, ետ ու առաջ։ Դու ինձ հավատա։

ՊԱՐԳԵՎ — Հավատում եմ, բայց անցան, անցան այդ ժամանակները:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ձեզ համար անցան, դասատու Պարգև, մեզ համար չեն անցել։

ՊԱՐԳԵՎ — Ես մեղավո՞ր եմ, որ դասատու եմ, ինչո՞ւ ես երեսով տալիս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Չէ, մենք ենք մեղավոր, որ մեր երեխաներին դպրոց ենք ուղարկում։ Քո դաստիարակած երեխան ի՞նչ պիտի լինի: Էս երկրի դասատուն դո՞ւ պիտի լինեիր։ Փոխանակ ասես՝ ինչո՞ւ ես հետ տալիս, ասում ես՝ հետ տալուց հետո էլ հետ չվերցնես։ (Վերգուշին) Էս ո՞ւմ հետ ես, արա, ամուսնացել։ Պարտադի՞ր է… Ով ուզում է լինի՝ մենակ թե մարդ ունենա՞ք։

ՎԵՐԳՈՒՇ — (Այլայլված) Վարազ…

ՎԱՀԱՆ – Վարազ…

ՊԱՐԳԵՎ – Նա ինձ չի վիրավորում, նա իր քրոջն է վիրավորում։

ՎԵՐԳՈՒՇ — Վարազ

ՎԱՐԱԶԴԱՏ — Երեխա եք ուզում ունենաք՝ ունեցեք։ Պիտի անպայման մարդ ունենա՞ք։

ՆՈՅԵՄ — Հարևանները կլսեն, բալաս։

ՎԵՐԳՈՒՇ — (Վարազդատին) Հանկարծակի քեզ ի՞նչ պատահեց, է՜, ի՞նչ պատահեց։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինձ չի պատահել (ակնարկելով Պարգևին), իրեն է պատահել։ Իրա նեղ օրը բա մարդ մի հարազատ չունենա՞։

Վերգուշը հեծկլտում է:

ՆՈՅԵՄ — Աղջիկս, բալաս։

ՎԱՀԱՆ – Վերգուշ…

ՎԵՐԳՈՒՇ — Չլսեցի՞ք ինչ ասաց, չսեցի՞ք։

ՊԱՐԳԵՎ — Ես չեմ վիրավորվում, դու ինչո՞ւ ես քեզ վատ զգում։ Նոր եմ ճանաչո՞ւմ, ինչ է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե որ էդքան լավ բան է տոմս հետ տալը, դու քոնը հետ տուր, ինչի՞ ես նրան խորհուրդ տալիս։ Դու տար։ Էդքան ռիսկ ունե՞ս՝ տար: Ինչի՞ չես տանում։ Դե տար։

ՊԱՐԳԵՎ — Սիրով, բայց ես կուսակցական չեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Անակնկալի եկած) Դրա՞ համար է ձենդ տաք տեղից գալիս։ Քո ինչի՞ն է պետք, որ լինես, դու քեզ համար առանձին կուսակցություն ես, էլի։ Որ լինեիր էլ՝ հետ չէիր տա։ Հետ չէիր տա։ Դրա՞ համար ես «սիրով» ասում։ Բախտդ բերել է՝ հերո՞ս ես խաղում։ Մի ժամանակ էլ առանց տոմսի բոլշևիկ էիր, չէ՞։

ՎԵՐԳՈՒՇ — Չթողեցիք մարդը մինչև վերջ խոսի, միանգամից վիրավորում եք։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Խոցված) Լավ, շա՜տ լավ խոսեց։

ՊԱՐԳԵՎ — Ես իմ կարծիքն եմ ասում, չեք ուզում՝ չեմ ասի։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հեգնանքով) Ուզում ենք, ո՜նց չենք ուզում, շատ ենք ուզում։

ՎԵՐԳՈՒՇ — Բայց չիմացար ինքն ինչ է ասում։ Ասում է՝ թող ոչ տանի հանձնի, ոչ էլ գնա հետ ուզի։

ՊԱՐԳԵՎ — Ես այդպիսի բան չեմ ասել։

ՎԵՐԳՈՒՇ — Փաստորեն դա ես ասում, էլի, ուրիշ ի՞նչ ես ասում։

ՊԱՐԳԵՎ — Վահ, քանի՞ անգամ կարելի է նույն բանն ասել։ (Ընդգծված) Ասում եմ՝ եթե տանի հանձնի, հետո չպիտի գնա հետ ուզի։

ՎԵՐԳՈՒՇ — Դե դա ես ասում, էլի: Ւմ ասածն էլ դա էր, հո ես ուրիշ բան չեմ ասում։ Ասում ես՝ չպիտի տանի հետ տա, որ հետո չգնա հետ ուզի։

ՊԱՐԳԵՎ — (Կաշվից դուրս գալով) Այո, բայց եթե տանի հանձնի, չպիտի գնա հետ ուզի։

ՎԵՐԳՈՒՇ — Հա, էլի, ես էլ եմ դա ասում։ (Վարազդատին) Լսեցի՞ր…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ ասաց, որ լսեմ կամ չլսեմ։

ՎԱՀԱՆ — Վերգուշ, քեզ հասկանում ենք, իրեն չենք հասկանում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Տո շատ լավ էլ հասկանում ենք։

ՎԵՐԳՈՒՇ — Լավ, էլի, կռի՞վ ես ուզում, ինչքան քո եղբայրն է, այնքան էլ՝ իմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Մղվելով առաջ) Ի՞նչ… Խոսքդ հետ վերցրու։

ՎԵՐԳՈՒՇ — Ինչո՞ւ, քույրը չե՞մ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Քույրն ես, բայց ախպերը չես։

ՎԵՐԳՈՒՇ — Ի՞նչ տարբերություն։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե որ մինչև հիմա էդ հասարակ բանը չգիտես, ես քեզ էլ ինչ բացատրեմ։ Ախպերը ախպեր է, քույրը՝ քույր, հիմա հասկացա՞ր։ Դրա՞ համար ես կաշվից դուրս գալիս, որ մարդուդ պաշտպանես։

ՎԵՐԳՈՒՇ — Իսկ նա ի՞նչ վատ բան ասաց, որ պաշտպանեմ կամ չպաշտպանեմ։

ՊԱՐԳԵՎ — Ես իմ կարծիքն եմ ասում: Կընդունեք թե չեք ընդունի՝ դա էլ ձեր գործն է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էլ չենք խոսում:

ՎԵՐԳՈՒՇ — (Իրեն պատռտելով) Հասկացեք, հասկացեք, նա հո չի ասում՝ թող տանի հետ տա: Ասում է՝ եթե տանի, հետո էլ չգնա հետ ուզի: Հետ տալուն ինքն էլ է դեմ։

ՊԱՐԳԵՎ — Ոչ, հետ տալուն ես դեմ չեմ, նորից հետ վերցնելուն եմ դեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Պայթելով, Վերգուշին) Լսեցի՞ր, քո ականջներով լսեցի՞ր…

ՊԱՐԳԵՎ — Ես իմ կարծի…

ՎԵՐԳՈՒՇ — (Անմիջապես փակելով ամուսնու բերանը) Սուս, սուս, սխալ բաներ չխոսես։

ՎԻԳԵՆ — Թող խոսի, ինչ ուզում է թող ասի, ես ոչ մեկիդ չեմ լսում, չեմ լսում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Հարցը քո լսելը չի, է՛, հարցը նրա ասելն է։ Այ հեր, Վահան, էս մարդուն ինչի՞ համար ես կանչել։ 

ՎԱՀԱՆ — (Ազդված) Պարգև, ես քեզնից չէի սպասի։ 

ՄԱՐՈ — (Պարգևին) Դուք այդպիսի բան չպիտի ասեիք։ 

ՊԱՐԳԵՎ — Ինչո՞ւ… Ախր ես ի՞նչ վատ բան եմ ասել, ես իր օգտի համար եմ ասում։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հարձակողական) Իր օգտի համար ի՞նչ ես ասում։

ՊԱՐԳԵՎ — Մենք տարբեր մարդիկ ենք, դու ինձ չես հասկանա։

ՎԱՐԱԶԴԱՏ — Բան ասա՝ բան հասկանամ, արա։

ՊԱՐԳԵՎ — Առանց անձնական վիրավորանքի։

ՄԱՐՈ — (Վերգուշին, թախանձանքով) Թող չխոսի, խնդրում եմ։ Ազնիվ խոսք

ՆՈՅԵՄ — Մարդու բերանը փակում եք, հետո ասում եք՝ ասա։ Ո՞նց ասի։ Մարդը կարող է ուզում էր լավ բան ասի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ամեն մարդ չի կարող լավ բան ասել, այ մեր, դա ամեն մարդու գործ չի։

ՎԻԳԵՆ — Ինչո՞ւ եք խառնվել իրար։ Չե՞ք տեսնում՝ ոչ մեկիդ չեմ լսում, չեմ լսում։

ՊԱՐԳԵՎ — Ես իմ կարծի…

ՎԵՐԳՈՒՇ — (Նույն ձևով փակելով բերանը) Սուս, սուս, ասում եմ, չխոսես։

ՄԱՐՈ — Խնդրում եմ, էլի, ասեք, թող չխոսի։

ՊԱՐԳԵՎ — (Մի կերպ ազատելով բերանը) Ես իմ կարծիքն եմ ասում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Արա, սա զարմացրեց իրա կարծիքով, գիտի, թե մենակ ինքը կարծիք ունի, մենք չունենք։ (Իրեն կտրատելով) Ինչի՞ համար տանի հանձնի, այ քո հոր Աստծուն մատաղ, չի՞ լինի մի բացատրես։

ՊԱՐԳԵՎ — Մարդը չի ուզում։

ՎԵՐԳՈՒՇ — (Սաստող) Պարգև…

ՊԱՐԳԵՎ — Ես չեմ ասում, ինքն է ասում։

ՎԻԳԵՆ — (Պոռթկալով) Այսքանից հետո էլ հետ չտա՞մ:

ՊԱՐԳԵՎ — Այսքանից հետո էլ հետ չտա՞։ Խնդրեմ, ինքն է ասում…

ՎԱՐԱԶԴԱՏ — Մինչև հիմա որտե՞ղ էիք, մինչև հիմա խոսեիք։ Լեզուներդ ինչի՞ միանգամից բացվեց։

ՎԻԳԵՆ — Չեմ ուզում՝ հետ եմ տալիս:

ՊԱՐԳԵՎ — Ինչո՞ւ եք մարդու վրա ճնշում գործադրում: Դեմոկրատիա է, չի ուզում՝ հետ է տալիս։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Պայթելով) Ի՞նչ դեմոկրատիա, արա, դու հո խելքդ չես թռցրել։ Տանկերով դեմոկրատիա է լին՞ում։

ՊԱՐԳԵՎ — Թող տանկեր չհանեն, ո՞վ է մեղավոր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դու իրա դեմ ես դուրս գալիս, ուզում ես՝ ինքը քո դեմ դուրս չգա՞։ Ուրիշ բան չունի, էդ ունի՝ էդ է հանում, արա, բա ի՞նչ հանի։

ՊԱՐԳԵՎ — Ես իմ կարծի… (Չի շարունակում, զգուշանալով կնոջից):

ՄԱՐՈ — (Վերգուշին) Մի թողեք խոսի, էլի, խնդրում եմ:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես կտրաքեմ, արա, էս ինչ է ասում։

ՎԱՀԱՆ — (Կանխելով) Պարգև…

ՎԵՐԳՈՒՇ — (Պարգևին) Հայրիկը քեզ հետ է, չե՞ս լսում:

ՊԱՐԳԵՎ — (Դեպի Վահանը) Լսում եմ։

ՎԱՀԱՆ — Ավելի լավ է՝ դու մի խոսիր, տղաս, լռիր, մի՛ խոսիր։

ՊԱՐԳԵՎ — Խնդրեմ, չեք ուզում՝ չեմ խոսի։

ՎԻԳԵՆ — Ինչ նշանակություն ունի՝ կխոսի թե չի խոսի։ Չեմ ուզում՝ հանձնում եմ՝ ում ինչ գործն է։ Ես իմ դեմ գնա՞մ։

ՊԱՐԳԵՎ — (Վարազդատին) Լսո՞ւմ ես ինչ է ասում։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Հա, լսում եմ։ Բա մենք ինչացո՞ւ ենք, մենք… Աներձագդ է, հո ուրիշ մարդ չի։ Փոխանակ համոզես, եկել ես կրակի վրա յուղ ես լցնո՞ւմ։ (Բռնկվելով) Դուրս արի էստեղից, դուրս արի:

ՎԱՀԱՆ — (Հանդիմանական) Վարազ…

ՎԵՐԳՈՒՇ — (Լացով) Վարազ…

ՊԱՐԳԵՎ — Իմ ինչ գործն է, որ համոզեմ կամ չհամոզեմ։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Դուրս արի։

ՎԻԳԵՆ — (Պարգևին) Չգնաս։

ՎԱՀԱՆ — Վարազ, չեղավ, չեղավ, տղաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Չհանդարտվելով) Շուտ արա։ 

ՆՈՅԵՄ — Բալաս…

ՊԱՐԳԵՎ — Կգնամ, բայց լավ իմացիր, որ այստեղ այլևս  ոտք չեմ դնի։

ՎԻԳԵՆ — Ոչ մի տեղ էլ չես գնա: (Վարագդատին) Սա քո տունը չի։ (Պարգևին) Չգնաս։

ՎԵՐԳՈՒՇ — (Փակում է ճանապարհը) Պարգև… 

ՊԱՐԳԵՎ — Թող… (Գնում է):

ՎԵՐԳՈՒՇ — (Լացով) Ո՞ւր… (Գնում է ամուսնու ետևից): 

ՎԻԳԵՆ — (Վարազդատին, նախահարձակ լինելով) Չեմ ուզում՝ հետ եմ տալիս, ձեր ինչ գործն է, ի՞նչ եք ուզում ինձնից, ի՞նչ եք ուզում։ (Գնում է դեպի դուռը):

ՆՈՅԵՄ — Բալաս, բալաս…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Հետ արի։

ՎԱՀԱՆ — Վիգեն…

ՎԻԳԵՆ — Ի՞նչ է, ասա։

ՎԱՀԱՆ — Եթե քոնը պիտի հանձնես, մերն էլ տար… Ինչո՞ւ մնան։ Տար, զավակս, տար…

ՎԻԳԵՆ — Ես իմ տոմսն եմ տանում հանձնեմ, ձեր տոմսերի հետ ես ի՞նչ գործ ունեմ։

ՆՈՅԵՄ — (Անզոր) Բալաս…

ՄԱՐՈ — (Փղձկում է) Վիգ

ՎԱՀԱՆ — (Մինչև դուռը գնալով ետևից) Վիգեն…

ՎԱՐԱԶԴԱՏ — Այ հեր, Վահան, հետ արի։

ՎԱՀԱՆ — (Շաղված, կարծես ուր որ է պիտի ընկնի, ինքն իրեն, անօգնական) Գնաց…

ՎԱՐԱԶԴԱՏ — Գնում է, թող գնա: (Ծոցագրպանից հանում է Վիգենի կուստոմսը, թափահարելով օդում) Թող տանի հետ տա՝ տեսնեմ ինչը պիտի հետ տա։

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Մանուկյանների նույն հարկը:

ՄԱՐՈ — (Դուրս է գալիս կից սենյակից, տագնապալից, հանդիսավոր) Գալիս է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Գալիս է՝ թող գա։ Հանգիստ նստեք տեղներդ: (Ֆիդայական երգ է երգում) Վահան, միացիր:

ՎԱՀԱՆ — Էհ, սի՞րտ է մնացել, տղաս:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես որ սրտից չեմ խոսում, ոչ մեկդ իրավունք չունեք: (Շարունակում է) Վահան, միացիր։ Նոյեմ, դու էլ: (Շարունակում է) Դու էլ, այ մեր, երկիրդ հիշիր: (Շարունակում է): Մարո… (Շարունակում է երգել, ձայնակցում են տնեցիները):

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ — Վասպուր, մի՛ խանգարիր: (Շարունակում են երգել):

ՄԱՐՈ — (Երգի ավարտից հետո) Մերոնք ինչո՞ւ ուշացան։

ՎԱՐԱԶԴԱՏ — Իզուր էլ նեղություն ես տալիս կանչում: Մեծ ախպորր չլսի, աներո՞ջը պիտի լսի կամ զոքանչի՞ն:

ՎԻԳԵՆ — (Իրեն գցելով ներս, ցնորվածի պես) Ո՞վ է հանել:

ՎԱՐԱԶԴԱՏ — Էս ի՞նչ է ասում: Ի՞նչ է եղել, արա, ի՞նչ ես կորցրել:

ՎԻԳԵՆ — (Հայացքը սահեցնելով մեկից մյուսին) Ո՞վ է հանել: (Բարձրացնելով ձայնը) Ո՞վ է հանել:

ՎԱՐԱԶԴԱՏ – Լսիր, հո դու շա՞ռ  չէս: Ի՞նչ արիր, տարար տվի՞ր։

ՎԻԳԵՆ — (Մարոյին, սպառնալից) Ո՞վ է հանել։

ՄԱՐՈ – Վիգ, ես տեղեկություն չունեմ։

ՎԻԳԵՆ — (Մարոյին) Ասա, ասա, շուտ արա։

ՄԱՐՈ — Ինչո՞վ երդվեմ, որ հավատաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ են հանել, է՜, ասա մենք էլ իմանանք։ 

ՎԻԳԵՆ — (Մարոյին) Չե՞ս ասում, չե՞ս ասում…

ՄԱՐՈ — Որ չգիտեմ ի՞նչ ասեմ։

ՎԻԳԵՆ — Իմ կինը դու ես, դու որ չգիտես, ո՞վ պիտի իմանա։ Շուտ արա, ասա, ասա։

ՄԱՐՈ — (Լացակումած) Չգիտեմ, ես չգիտեմ, Վիգ։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — (Մարոյին, քաշելով) Դու արի էս կողմ։ (Վիգեևին): Ի՞նչ ես աղջկան խեղդում, արա: Բան ունես ասելու՝ ինձ ասա։ Հարսիս հետ ի՞նչ գործ ունես։

ՎԻԳԵՆ — (Ահաբեկելով) Մարո…

ՄԱՐՈ – Վայ, չի հավատում, որ չգիտեմ։

ՎԻԳԵՆ — (Լարված) Հիշիր, հիշիր էս օրը, դու ինձնի՞ց թաքցնես։

ՄԱՐՈ — Ես մեղք ունե՞մ, որ չգիտեմ։

ՎԻԳԵՆ — Չգիտես, հա՞, չգիտե՞ս, հետո կիմանաս, բայց ուշ կլինի, ուշ կլինի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ են հանել, արա, զզվեցրիր, ասա՝ իմանանք։

ՎԻԳԵՆ — Հայրիկ, դո՛ւ ես հանել։

ՎԱՀԱՆ — Վիգեն, տղաս, ես ինչո՞ւ պիտի հանեի, եղա՞վ։ Ես ինձ թույլ կտա՞մ։ Մինչև հիմա հորդ չե՞ս ճանաչել։

ՎԻԳԵՆ — Ճանաչել եմ, հայրս ինձ չի ճանաչել։

ՎԱՀԱՆ — Եղա՞վ:

ՎԻԳԵՆ — Չէ, չեղավ։ (Նոյեմին) Ո՞վ է հանել։

ՆՈՅԵՄ — (Անտեղյակ) Բալաս, ի՞նչ իմանամ, բալաս։ 

ՎԻԳԵՆ — Մամ, դո՞ւ էլ… (Փղձկում է՝ ափերով ծածկելով դեմքը):

ՆՈՅԵՄ — Որ իմանամ, չե՞մ ասի, բալաս։ (Տնեցիներին): Ասեք։ (Լացով) Ով գիտի՝ թող ասի։ Ասեք։

ՎԱՐԱԶԴԱՏ – Ա՛յ մեր, նստիր տեղդ։

ՆՈՅԵՄ — (Իրեն կորցրած) Չէ, պիտի ասեք, պիտի ասեք։ (Լաց է լինում):

ՎԱՐԱԶԴԱՏ — (Սաստելով) Նոյե՞մ…

ՆՈՅԵՄ — Նոյեմ չկա, չկա, էլ չկա։

ՎԱՀԱՆ — (Հանդիմանանքով) Նոյեմ…

ՎԻԳԵՆ — (Բռունցքներով հարվածելով սեղանին) Ո՞վ է հանել։ (Գազազած) Ո՞վ է հանել։

ՄԱՐՈ — Վիգ…

ՆՈՅԵՄ — (Շարունակելով նարվածներ տեղալ սեղանին) Ո՞վ է հանել, ո՞վ է հանել։

ՎԱՀԱՆ — Տղաս, հանգիստ, հանգիստ։

ՎԻԳԵՆ — (Ինքնատիրապետումը կորցրած) Ո՞վ է հանել։ (Շարունակում է հարվածները):

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ավելի շատ ինքն իրեն) Էս ի՞նչ է անում։

ՎԱՀԱՆ — Տիրապետիր քեզ, տղաս, անհարմար է, Վիգեն։

ՎԱՐԱԶԴԱՏ — Արա, էս ի՞նչ է անում։

ՄԱՐՈ — Վիգ, լավ, էլի, Վիգ։

ՆՈՅԵՄ — Դուք խիղճ չունե՞ք, տվեք, էլի, տվեք։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Կատաղությամբ) Հետ քաշվեք, բոլորդ էլ հետ քաշվեք։ (Ատամները կրճտացնելով) Մի գազան ընկներ ձեռքս, հիմա կբռնեի, բերանն էսպես կպատռեի։ Էս ի՞նչ է անում։

ՎԻԳԵՆ — Ասեք։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էս ի՞նչ է անում՝ ո՞ւմ մոտ, ի՞նձ մոտ։ Վիգ, ի՞նձ մոտ… Արա, ես Վարազն եմ, մեծ ախպերդ եմ։ Դու ինձ թաղո՞ւմ ես, թաղո՞ւմ ես, Վիգ։

ՎԻԳԵՆ — Ասեք, շուտ արեք: (Չդադարեցնելով հարվածները) Ո՞վ է հանել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե էսպես որ թարս տվել եմ, կմտնես սեղանի մեջ, էլ դուրս չես գա, (Նախահարձակ է լինում):

ՎԱՀԱՆ – Վարազ…

ՆՈՅԵՄ – Բալաս…

ՄԱՐՈ – Վարազդատ…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞ւմ ես թաղում, արա: (Շրջում է սեդանը՝ շրխկոցով ջարդուփշուր է լինում եղած-չեղածը):

ՎԱՀԱՆ – Վարազ…

ՄԱՐՈ — Վիգեն…

ՎԱՀԱՆ — Խայտառակ եղանք ամբողջ շենքում։

ՆՈՅԵՄ — Հարևանները…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Չհանդարտված, Վիգենին, որ գլուխն առել է ափերի մեջ) Դու իրավունք ունե՞ս ինձ մոտ թխրտալու։ Մեծդ ե՞ս չեմ։ Առաջ ինձ կսպանեմ, հետո՝ քեզ։ Դու քեզ ո՞նց ես պահում իմ ներկայությամբ։ Ուրեմն էլ մեծ ու փոքր չկա՞։

Բարձրացնում, ուղղում են սեղանը:

ՆՈՅԵՄ — Վարազ

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ է, ի՞նչ ես ուզում, Նոյեմ։ Դուք իմ ախպորն ինձնից շա՞տ եք սիրում։ (Վիգենին) Բարձրացրու գլուխդ, բարձրացրու, թե չէՀիմա ասել էի, հա… Վիգ, դու ինձ թաղեցիր էսօր։ Ես քեզ համար եմ ապրում, դու ինձ թաղո՞ւմ ես։ Ախպորիցս թանկ ես ուրիշ բան ունե՞մ աշխարհիս երեսին։ Ի՞նչ են հանել, մարդավարի ասա, իմանանք։ Եկել ես, ձենդ գլուխդ ես գցել, մի գլուխ գոռում ես խեղճ մարդկանց վրա։ Դե ասա, ասա, ի՞նչ են հանել, ասա:

ՎԻԳԵՆ — Ի՞նձ ես միամիտի տեղ դնում, թե՞ քեզ։ Դու շատ լավ գիտես, թե ինչ են հանել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Գիտեմ, կարող է սխալ գիտեմ, ասա՝ ճիշտն իմանամ։

ՆՈՅԵՄ – Ի՞նչ են հանել, բալաս։

ՎԻԳԵՆ — Ինքը գիտի։

ՄԱՐՈ — Ասա, մենք էլ իմանանք։

ՎԻԳԵՆ — Դու էլ գիտես, բոլորդ էլ գիտեք։ Ի՞նձ եք ձեռ առնում։ Գնացել, կանգնել եմ մարդու առաջ, ասում եմ՝ բերել եմ, որ հանձնեմ։ Ձեռքս տանում եմ ծոցագրպանս, նայում, տեսնում եմ՝ չկա։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչը չկա։

ՎԻԳԵՆ — Տոմսը չկա։ Դու չգիտե՞ս՝ ինչը չկա։

ՎԱՐԱԶԴԱՏ — Որտե՞ղ են հանել։

ՎԻԳԵՆ — Տանն են հանել, որտեղ են հանել։

ՄԱՐՈ — Կարո՞ղ է՝ տանը չեն հանել, դրսում են հանել։ 

ՎԻԳԵՆ — Հա, դրսում են հանել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Վիգ ջան, դե էդպես հանգիստ խոսիր, բան հասկանանք։ Իսկ ի՞նչ գիտես, որ հանել են, կարող է կորցրել ես։

ՎԻԳԵՆ — Դու ես հանել։

ՎԱՐԱԶԴԱՏ – Որտեղի՞ց եմ հանել։

ՎԻԳԵՆ — Դու շատ լավ գիտես, թե որտեղից ես հանել։ Ծոցագրպանիցս ես հանել, որտեղից ես հանել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Լավ ես անում, իրավունք ունես, ինձ կբռնի…

ՎԻԳԵՆ — (Մարոյին) Չե՞ս ասում:

ՄԱՐՈ — Տեղեկություն ունե՞մ, Վիգ։

ՎԻԳԵՆ – (Ակնարկելով Վարազդատին) Ես գիտեմ, որ ինքը չի ասի։ Իրենից վախենում եք, հա՞։ Դուք էլ չե՞ք ասում։

ՎԱՀԱՆ — Տղաս, եթե իմանանք, ինչո՞ւ չպիտի ասենք։ Գուցե ինչ-որ տեղ ես դրել։

ՎԻԳԵՆ — Հա, ինչ-որ տեղ եմ դրել։

ՆՈՅԵՄ — Չկա, չկա, ամբողջ տունը քանդեցի, տեղ չմնաց, որ չնայեմ։

ՎԻԳԵՆ — Դրել էի ձախ կողմի ծոցագրպանս, ուրեմն ես չե՞մ հիշում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Կարող է տանն է ընկել, տանը ման արի։ Չե՞ս ամաչում, ուրեմն ես ինձ թույլ կտա՞մ։ Ասե՞ղ է, որ կորչի, չգտնենք։ Կամ ուրիշ տեղ ես դրել։

ՎԻԳԵՆ — Դրսում չեմ կորցրել։ Մի ժամ առաջ ձեռքիս էր։ 

ՆՈՅԵՄ — Ախր ո՞ւր պիտի ընկած լինի, բալաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Այ մեր, դու նստիր տեղդ։ Նոյեմ, քեզ հետ եմ, դու իզուր ման մի՛ արի, ինքը կիմանա իր դրած բանի տեղը։

ՎԻԳԵՆ — (Նայելով դեսուդեն) Ո՞ւր է, ո՞ւր է, ախր ձեռքիս էր, ձեռքիս էր։

ՄԱՐՈ — Ես էլ նայեցի, Վիգ, չկա ոչ մի տեղ:

ՆՈՅԵՄ — (Ներս ու դուրս է անում, Վիգենին) Չգտա՞ր, բալաս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչի՞ համար գտնի, է՜, գտնի, որ ի՞նչ անի։ Լավ է եղել, կորել է։ Մեկ է, հետ չի՞ տալու։ Կասի՝ կորցրել եմ, թող հեռացնեն։

ՎԻԳԵՆ — Այդ էր պակաս։ (Հեգնանքով) Հեռացնեն… Ո՞ւմ հեռացնեն:

ՎԱՐԱԶԴԱՏ — Միտքդ փոխե՞լ ես, Վիգ, էլ չե՞ս ուզում դուրս գաս։

ՄԱՐՈ — (թԶրմացած) Վի՞գ…

ՎԱՀԱՆ — (Թրթռալով) Տղա՞ս…

ՎԻԳԵՆ — Հա, էլ չեմ ուզում դուրս գամ, հանգստացեք։ Նա ասաց, դուք էլ հավատացի՞ք։ Ես գիտեմ ձեր ուզածն ինչ է։

Մուտքի զանգ:

ՎԱՐԱԶԴԱՏ — Դուռը

Մարոն ընդառաջ է գնում: Մտնում են Զավենը, Վարդիթերը, Ղարիբյանը:

ԶԱՎԵՆ — Կարելի՞ է։ Հարգանքներս

ՎԱՀԱՆ — Համեցեք, բարև ձեզ։

ԶԱՎԵՆ — (Ներկայացնելով Ղարիբյանին) Ընկերս է, ծանոթացեք։ (Ղարիբյանին, ակնարկելով Վիգենին) Փեսաս է։

ՂԱՐԻԲՅԱՆ — Իմացա։ (Կասկած հարուցող հայացքով սկսում է ամբողջ ընթացքում նայել Վիգենին):

ՎԱՐԴԻԹԵՐ — Ի՜նչ լավ է՝ ուրիշ հյուրեր չկան։

ՎԻԳԵՆ — (Մարոյին) Դու ինչո՞ւ ես մարդկանց կանչել:

ԶԱՎԵՆ — Ինքր չի կանչել, մենք ենք եկել։ Իրավունք չունե՞նք։

ՎԱՐԱԶԴԱՏ — Լավ եք արել, եկել եք։ Ո՞վ լիներ ձեր տեղը, որ չգար։

ՎԻԳԵՆ — Չեմ ուզում, հետ եմ տալիս՝ ում ինչ գործն է։ 

ՎԱՀԱՆ — Չեղավ, տղաս, ախր էդպես չի, է՜…

ՎԻԳԵՆ — (Կռվի տոնով) Բա ինչպե՞ս է, է՜…

ՎԱՐԱԶԴԱՏ — Լավ, հասկարանք, տունդ մարդ է եկել, հիմա դրա ժամանակը չի։

ԶԱՎԵՆ — Ինչի՞ մասին է խոսքը, մենք չգիտենք։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Ավելի լավ է իսկի չիմանաք։ Տեղավորվեք։ 

ԶԱՎԵՆ — Խնդրեմ, եթե օգնել է պետք…

ՎԱՐԱԶԴԱՏ — Չէ, օգնելու բան չկա, ով գիտի որտեղ է դրել, չի հիշում։

ԶԱՎԵՆ — Ի՞նչը։

ՎԱՐԱԶԴԱՏ Տոմսը։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ի՞նչ տոմս։

ՎԱՐԱԶԴԱՏ — Կուստոմսը։

ԶԱՎԵՆ — Ինչո՞ւ չպիտի հիշի։ Դա էլ հո ուրիշ բան չի, որ չհիշի, կուստոմս է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Կգտնվի, կորած հո չի մնալու։

ՎԱՐԴԻԹԵՐ — Երևի շտապ պետք է, հա՞…

ՎԻԳԵՆ — Հա, շտապ պետք է։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ինչի՞ համար։

ԶԱՎԵՆ — Դու էլ հետաքրքիր հարց ես տալիս, ուրեմն չիմանա՞ որտեղ է։

ՎԱՐԴԻԹԵՐ — Չէ, ես ուղղակի…

ԶԱՎԵՆ — Երևի անդամավճար է մուծելու։

ՎԱՐԱԶԴԱՏ – (Վիգենին) Դե լավ, հետո ման կգաս, կգտնես։

ԶԱՎԵՆ — Ինչո՞ւ, մենք չենք խանգարում, թող գտնի, որ ինքն էլ հանգիստ լինի։

ՎԻԳԵՆ — Ես հանգիստ եմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Եթե ուզում եք ճիշտն իմանալ, իսկի պետք էլ չի, որ գտնի։

ԶԱՎԵՆ — (Զարմանքով) Վարազ…

ՎԱՐԱԶԴԱՏ — Դուք էլ հո ուրիշ մարդ չեք, որ չասեմ։ Մենակ ընկերոջը չեմ ճանաչում։

ԶԱՎԵՆ — Ինչպես ինձ գիտես, այնպես էլ նրան իմացիր։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — Ուզում է տանի հանձնի։

ՎԱՐԴԻԹԵՐ — (Գրեթե ճչալով) Ի՞նչ… (Բերանը բաց է մնում):

ԶԱՎԵՆ — Չհասկացա, ի՞նչը հանձնի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Տոմսը։

ԶԱՎԵՆ – Ո՞ւմ հանձնի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Հանձնի, էլի, ընդհանրապես հանձնի, պրծնի։

ԶԱՎԵՆ — Կատա՞կ ես անում։ Պետք չի…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ կատակ, լուրջ եմ ասում։

ԶԱՎԵՆ — (Խաղալով, որ չի հավատում, դժգոհ) Է՜հ… 

ՎԱՐԱԶԴԱՏ — Քո արև։

ԶԱՎԵՆ — (Հարցական) Վիգեն

ՎԻԳԵՆ — Ասեք, լսում եմ։

ԶԱՎԵՆ — Էս ի՞նչ է ասում, հավատա՞մ։

ՎԻԳԵՆ — Ի՞նչ է, իրավունք չունե՞մ։

ԶԱՎԵՆ — Ո՞վ է ասում՝ չունես։ Բայց ի՞նչ է եղել։

ՎԻԳԵՆ — Ոչ մի բան։

ԶԱՎԵՆ — (Վահանին): Իսկապե՞ս…

ՎԱՀԱՆ – Ախ, ախ, ես չգիտեմ, չգիտեմ, ոչինչ չգիտեմ։ 

ԶԱՎԵՆ — (Վիգենին) Բայց մի բան եղել է, չէ՞, որ ուզում ես հանձնես։

ՎԻԳԵՆ — (Դառը քմծիծաղով) Մի բան… (Լարվելով) Ի՞նչ մի բան… Մի բան… (Բռնկվելով) Դուք չգիտեք, ի՞նձ եք հարցնում։ Էլ ի՞նչ էիք ուզում, որ լիներ։

ԶԱՎԵՆ — Ինձ ոչինչ չեն ասել, ես տեղեկություն չունեմ, առաջին անգամ եմ լսում, չե՞ս հավատում։

ՎԻԳԵՆ — Հավատում եմ։

ԶԱՎԵՆ — Ազնիվ խոսք… Բա՞ն է պատահել։

ՎԻԳԵՆ — Հա, բան է պատահել։

ԶԱՎԵՆ — Բայց ի՞նչ, եթե, իհարկե, գաղտնիք չի։

ՎԻԳԵՆ — Գաղտնիք է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Մարդը հարցնում է, ասա։

ՎԻԳԵՆ — Ինքը չգիտի, ե՞ս պիտի ասեմ։

ԶԱՎԵՆ — Ի՞նչը։

ՎԻԳԵՆ — Էս ամեն ինչը։

ԶԱՎԵՆ — Ես կոնկրետ քո մասին եմ հարցնում։ Մարդ ես, ասա, գուցե աշխատանքի վայրում զայրացրե՞լ են, զբաղվենք:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես հարցրել եմ, ոչ մի բան էլ չի պատահել։

ՎԻԳԵՆ — (Հանկարծակի պոռթկալով) Դուք հայ չե՞ք։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հեգնանքով) Չէ, մենակ դու ես հայ։

ՎԻԳԵՆ — Չե՞ք տեսնում ինչ են անում… Չե՞ք տեսնում… Չե՞ք տեսնում

ՎԱՐԱԶԴԱՏ — Պիտի անպայման կոտորեի՞ն, որ իմանաք հայ եք։ Մինչև հիմա որտե՞ղ էիք, է՜, չգիտեիք, նո՞ր իմացաք։

ՎԻԳԵՆ — Հա, նոր իմացանք(Իրեն կտրտելով) Չեն ուզում, որ իմանանք, չեն ուզում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞վ չի ուզում(Ատամները կրճտացնելով) Չուզողի մայրիկը կլացացնեմ, ո՞նց չեն ուզում, իրենց ուզելո՞վ է, որ չուզեն։

ՎԱՀԱՆ — (Վիգենին) Միշտ է այդպես եղել, միշտ, ժամանակը լրացել է՝ էլի պիտի կռվենք, որ ապրենք։ Էլի, էլի ու միշտԾանր գործ է հայ լինելը, տղաս, մի շտապիր

ԶԱՎԵՆ — (Վիգենին, սևետուն նայելով աչքերի մեջ) Ճակատագրիդ հետ մի՛ խաղա, խորհուրդ չեմ տա։

ՎԻԳԵՆ — (Բռնկվելով) Թողնենք ազգի ճակատագրի հետ խաղա՞ն։ Դրել՝ կոտորում են օրը ցերեկով՝ ձեռքները բռնող չկա։ Էս անտեր երկրի մեջ ամենաանտերը մե՞նք ենք։ Մենք ապրելու իրավունք ունե՞նք, թե՞ ապրելու իրավունք չունենք ընդհանրապես։ Լավ եմ անում, հետ եմ տալիս։ Էս կուսակցության երկիրը չի՞։ Այսքանից հետո էլ հետ չտա՞մ։

ԶԱՎԵՆ — Քո այդ քայլի համար մենակ դու չես պատասխան տալու, Վիգեն, մենք էլ ենք պատասխան տալու։

ՎԻԳԵՆ – Դուք՝ ո՞վ

ԶԱՎԵՆ — Անձամբ ես, իսկ ի՞նչ ես կարծում։

ՎԻԳԵՆ — Դուք ինչո՞ւ պիտի իմ փոխարեն պատասխան տաք։

ՎԱՐԱԶԴԱՏ — Աներդ է, արա, հո ուրիշ մարդ չի։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ամուսինս այնպիսի տեղ է աշխատում որ… Պարզ չի՞։ Բայց հետաքրքիր է, գիտե՞ք… Ուրեմն տուժողը մենք լինե՞նք, ինչո՞ւ, նրա ո՞ր հանցանքի համար, իսկ նա ի՞նչ է արել։

ԶԱՎԵՆ — Մի րոպե

ՎԱՐԴԻԹԵՐ — Չեմ լռի, ինչո՞ւ պիտի լռեմ։ (Լացակումած) Չեմ լռի։

ԶԱՎԵՆ — Դե խոսիր։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ինչո՞ւ պիտի ես խոսեմ, դու խոսիր։ 

ԶԱՎԵՆ — Դե թող խոսեմ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Հանուն ինչի՞… Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ՄԱՐՈ — Մամ, թող հայրիկը խոսի։

ՎԱՐԴԻԹԵՐ — Որ ինքը չի խոսում, ես մե՞ղք ունեմ։ 

ՎԻԳԵՆ — Չեմ հասկանում, հիմա ես իմ դրության տերը չե՞մ։

ԶԱՎԵՆ — Ո՞վ է ասում, որ չես։ Բայց հանգամանքներ կան, որոնց հետ պիտի հաշվի նստենք։

ՎԻԳԵՆ — Հիմա դուք ձե՞ր մասին եք մտածում, թե՞ իմ։ 

ԶԱՎԵՆ — Ես քեզ ինձնից չեմ անջատում, ոչ էլ ինձ եմ քեզնից անջատում։

ՎԻԳԵՆ — Մի անջատեք, բայց ես՝ ես եմ, դուք՝ դուք։ 

ԶԱՎԵՆ — Համենայնդեպս, բայց դու ո՞վ ես։

ՎԻԳԵՆ — Ձեր աղջկա ամուսինն եմ, դա՞ եք ուզում ասեմ։ Բայց մենք հո նույն մարդը չենք։

ԶԱՎԵՆ — Նույն մարդը չենք, բայց ուրիշ մարդ էլ չենք, հարազատներ ենք, չէ՞ , ինչի՞ մասին է խոսքը, հո կարող ենք իրար հասկանալ, հարազատներն էլ ո՞ր օրվա համար են։

ՎԻԳԵՆ — Ես ձեզ հասկանում եմ, դուք էլ ինձ հասկացեք։ Ցույց տամ, որ ես՝ ե՞ս չեմ, ցույց տամ, որ ես ուրի՞շ մարդ եմ։ (Հոգուն հասած) Ցույց եմ տվել, էլ չեմ ուզում, չեմ ուզում, զզվել եմ, հոգնել եմ ուրիշ մարդ լինելուց։ Հոգնել եմ։ Ինչո՞ւ ես ես չլինեմ, երբ որ ես ես եմ։ Ես ատում եմ այդ ուրիշ մարդուն, որ ես չեմ։ Ինչո՞ւ ես այն մարդը լինեմ, որին ատում եմ, որը ոչ մի կապ չունի ինձ հետ, բայց ինքը ես եմ։ Նա իմ մեջ վռնդել է ինձ, իմ փոխարեն ինքն է ապրում իմ մեջ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ… Ոչ մեկին չեմ ուզում ժպտալ,  չեմ ուզում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Արա, մարդավարի բան ասա, բան հասկանանք, Վիգ: Չես ուզում ժպտաս՝ մի ժպտա։ Մենք էլ շատ բան չենք ուզում, բայց անում ենք։ Չես ուզում՝ մի արա:

ՎԻԳԵՆ — Տոմսս տուր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչ որ կորցնես, պիտի գաս ինձնի՞ց ուզես, Վիգ։

ՎԻԳԵՆ — Չեմ կորցրել, վերցրել եք:

ԶԱՎԵՆ — Ո՞վ է վերցրել։

ՎԻԳԵՆ — Չեն ասում։ (Հարցական) Մամ…

ՆՈՅԵՄ — Բալաս, կարո՞ղ է ես քեզանից բան թաքցնեմ: Տար, տար հետ տուր, հոգիդ ազատիր, դու էլ մեղք ես։

ՎԱՐԴԻԹԵՐ — (Զավենին) Մա՞յրն էլ է այդ կարծիքին, տեր իմ Աստված։ Բայց հետաքրքիր է, գիտե՞ք

ՎԱՐԱԶԴԱՏ — Այ մեր, Նոյեմ, քեզ ի՞նչ պատահեց։ Արա, հերթով ցնդում են սրանք։

ՎԻԳԵՆ — Մարո…

ՄԱՐՈ — Ինչով ուզում ես երդվեմ, չե՞ս հավատում, Վիգ։ 

ԶԱՎԵՆ — Վերցրել եք, վերադարձրեք, տոմս պահելը ո՞րն է:

ՂԱՐԻԲՅԱՆ – Իհարկե:

Բոլորը նայում են նրա կողմը՝ առաջին անգամ լսելով ձայնը:

ՎԻԳԵՆ — Հայրիկ…

ՎԱՀԱՆ — Անգամ հորդ վրա ես կասկածում, եղա՞վ, տղաս:

ՎԻԳԵՆ — Վարագ, դու ես վերցրել:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ճիշտ է, ես եմ վերցրել, լավ էլ գտար։ Եթե վերցրած լինեի, մինչև հիմա ինչո՞ւ պիտի պահեի (Ղարիբյանին) Կներեք։

ԶԱՎԵՆ — Ոչինչ, մոտ ընկերս է։

ՎԻԳԵՆ — (Վարազդատին) Տուր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչը տամ:

ՎԻԳԵՆ — Տոմսը։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ տոմս, ես ասացի, դու էլ հավատացի՞ր։ Վերցնեմ ի՞նչ անեմ, ինչի՞ս է պետք, որ վերցնեմ։

ՎԻԳԵՆ — Դու ես վերցրել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ո՞վ ասաց։ Երա՞զ ես տեսել։

ՎԻԳԵՆ — Ես հետո զգացի, որ շոշափում ես։

ՎԱՐԱԶԴԱՏ — Անցավ, դա վաղուց էր, հիմա ես էլ ուրիշի գրպան չեմ մտնում, ուրիշներն են իմ գրպանը մտնում։ Մեր տարածն ի՞նչ էր՝ տասը-քսան ռուբլի, ժողովուրդն էլ փող չուներ։ Հիմա իմ գրպանից հազարներ են տանում։ Իմ գրպանը հո իմ գրպանը չի, օրգանի գրպանն է։

ԶԱՎԵՆ — (Բազմանշանակ) Վարազ

ՎԱՐԱԶԴԱՏ — Ձեր օրգանի մասին չեմ ասում։

ԶԱՎԵՆ — Թող գամ, փաստի վրա բռնեմ, զբաղվեմ։ Ո՞վ է մեղավոր, որ չես համաձայնում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դու որ նրանց բռնես, ես էլ ո՞նց աշխատեմ։ Եկողին չտամ, ինձ էլ կբռնեն։

ԶԱՎԵՆ — Քեզ ինչո՞ւ պիտի բռնեն։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե երևի մի գործ էլ մենք ենք անում։ Հիմա ում ուզես, որ չբռնես։

ՎԻԳԵՆ — (Սպասողական) Վարազ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Վիգ, ուրեմն կարո՞ղ է պատահի…

ՎԻԳԵՆ — Տուր, շուտ արա, դու ես հանել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ե՞րբ եմ հանել։

ՎԻԳԵՆ — Որ եկար, փաթաթվեցիր ինձ, այ, էն ժամանակ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էն ժամանակ, ո՞ր ժամանակ։

ՎԻԳԵՆ ճ Համբուրելու ժամանակ։ Որ ինձ համբուրեցիր։

ՎԱՐԱԶԴԱՏ – Տեսար՝ ձեռքս բռնեիր։

ՎԻԳԵՆ — Բռնեցի, բայց արդեն հանել էիր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Սա ինձ ֆոկուսնիկ էլ կսարքի։ Լավ եմ արել՝ հանել եմ, հենց էդպես էլ իմացիր,

ՎԻԳԵՆ — Տուր։

ԶԱՎԵՆ — Եթե հանել է՝ կտա, բայց մտածիր, հո չի կարելի էդպես միանգամից։

ՎԻԳԵՆ — Սուք մի անհանգստացեք։

ՎԱՐԴԻԹԵՐ — Զարմանալի է, գիտե՞քԱսում է՝ մի՛ անհանգստացիր։ Ամուսինս ամբողջ կյանքում ազնիվ աշխատել է, հիմա ինչո՞ւ տուժի։

ՄԱՐՈ — Հայրս ի՞նչ մեղք ունի, Վիգ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Եթե տանի հանձնի, հորդ պիտի մեղադրեն, պարզ չի՞:

ՎԻԳԵՆ — Ես եմ հանձնում, հո ինքը չի հանձնում, որ իրեն մեղադրեն։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ոչ մի տարբերություն՝ դուք եք հանձնում, թե ամուսինս։ Ուրիշ հարց է, եթե բաժանված լինեիք։ Կասեինք՝ իրար հետ կապ չունենք։ Հիմա ի՞նչ ասենք։ Ես չգիտեմ, Մարո, մնացածը քո գործն է:

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ… ,

ՎԱՐԱԶԴԱՏ — Շատ ներողություն, մի բան ասեմ, չնեղանաք, տիկի՛ն Վարդիթեր։ Տղամարդկանց գործերին դուք մի խառնվեք։

ՎԱՐԴԻԹԵՐ — Բայց զարմանալի է, գիտե՞քԻմ ամուսինն է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Էլի թող քո ամուսինը լինի, հետո՞… 

ԶԱՎԵՆ — (Վարդիթերին) Դու առայժմ լռիր։

ՎԱՐԴԻԹԵՐ — Լռում եմ, ես չե՞մ լռում:

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե որ լռում եք, ինչո՞ւ եք ասում՝ մնացածը քո գործն է։ Մենք եկել ենք էստեղ տո՞ւն սարքենք, թե՞ ընտանիք քայքայենք։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ես չեմ քայքայում, քայքայողն է քայքայում։

ԶԱՎԵՆ — (Կշտամբանքով) Վարդիթեր…

ՎԱՐԴԻԹԵՐ — Չես ուզում՝ չեմ խոսի, դե դու խոսիր։ 

ԶԱՎԵՆ — Կխոսեմ թե չեմ խոսի, դա քեզ չի վերաբերում, վահ…

ՎԱՐԴԻԹԵՐ — Չի վերաբերում, չեմ խոսի։

ՄԱՐՈ — Մամ, մի խոսիր։

ՎԱՐԴԻԹԵՐ — Չեմ խոսի։ (Ծխում է):

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես չգիտեմ, մեկս մյուսիս ահ տալ չլինի։ (Վարդիթերին) Ես ախպեր եմ կորցնում, դուք եկել ի՞նչ եք ասում։

Կից սենյակից երեխայի լացի ձայն:

Ջան, մռութդ ուտեմ։

ԶԱՎԵՆ — Արթնացա՞վ։ (Ղարիբյանին) Արի, արի տես ինչ թոռ ունեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ – Եկեք:

ՎԻԳԵՆ — (Ետևից) Վարազ…

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

Մտնում են կից սենյակը: Մնում են Վարդիթերը, Մարոն և Վասպուրը:

ՎԱՐԴԻԹԵՐ — (Վարազդատի հասցեին) Ինչ անկուլտուրական մարդ է։ Դա ինչ խոսելու ձև է։ Քիչ է մնում, թողնեմ գնամ:

ՄԱՐՈ — Լավ, էլի, մամ, դու իրեն չգիտե՞ս։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ես իրեն գիտեմ, ինքն ինձ չգիտի։ Ինչո՞ւ պիտի իմ ամուսինը տուժի անմեղ տեղը, իսկ ես լռեմ, ինչո՞ւ։

ՄԱՐՈ — Ինձ չի լսում, ի՞նչ անեմ, չի լսում, մամ։ 

ՎԱՐԴԻԹԵՐ — Ուրեմն դու քեզ լավ չես դրել։ Ի՞նչ է նշանակում՝ ամուսինը կնոջը չի լսում։ Եթե քեզ չի լսում, էլ ո՞ւմ պիտի լսի։ Ես լուրջ եմ ասում, հարց դիր՝ կամ՝ կամ…

ՄԱՐՈ — Բաժանվե՞մ, մամ, սիրում եմ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ես չգիտեմ, դա քո գործն է, բայց ինչո՞ւ պիտի մենք նրա զոհը դառնանք։ Դու չե՞ս զգում, որ նրա հետ ինչ-որ բան է կատարվում։

ՄԱՐՈ — Ոչ մի բան, ի՞նչ ես խոսում, մամ:

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԴԻԹԵՐ — (Վեր է թռչում) Օյ, ինչպես վախեցա… Մոռացել էի, որ սա էստեղ է։

ՄԱՐՈ — Ուշադրություն մի դարձրու։

ՎԱՐԴԻԹԵՐ — Ես քեզ էլ չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում՝ սիրում եմ… Քեզ թվում է, թե մենք չե՞նք սիրել։ Ես էլ իմ ամուսնուն եմ սիրում, հետո ինչ, թողնենք, որ հայրդ կործանվի՞։ Ո՞ր մեղքի համար։ Նա պիտի քեզ սիրի, ոչ թե դու նրան։ Դրա համար էլ չի լսում, պարզ չի՞։ (Ավելի շատ ինքն իրեն) Հենց ձե՜զ նման ենք սիրել… Ասացեք, խնդրեմ… Իսկ ինչ է՝ հորդ չե՞ս սիրում։

ՄԱՐՈ — Հորս բոլորից շատ եմ սիրում։

ՎԱՐԴԻԹԵՐ — Չի երևում, բոլորովին չի երևում։

ՄԱՐՈ — (Լացով) Մամ, ի՞նչ անեմ, որ երևա։ Ես ի՞նչ մեղք ունեմ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Դու մեղք չունես, նա մեղք չունի, իսկ ո՞վ ունի։

ՄԱՐՈ — Ես չգիտեմ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Իսկ ես գիտեմ։ Դու չես պատկերացնում, չես պատկերացնում, թե հետո ինչ կլինի։

ՄԱՐՈ — Ինչ ուզում է՝ թող լինի, ես ի՞նչ անեմ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Խելագար է այս աղջիկը։ Եթե դու չանես, ո՞վ անի։

Կից սենյակից վերադառնում են Զավենն ու Ղարիբյանը:

ՄԱՐՈ — Արի, արթնացել է։

ՎԱՐԴԻԹԵՐ — Իմ աչքին հիմա երեխա՞ է գալիս։ (Հարևանցի բզելով ամուսնուն) Չես ուզում խոսեմ՝ դու խոսիր։

ԶԱՎԵՆ — Դու գնա, գնա։

ՎԱՐԴԻԹԵՐ — Պահ, կգնամ։ (Ոտից գլուխ չափելով ամուսնուն՝ Մարոյի հետ մտնում է կից սենյակը):

ԶԱՎԵՆ — Բժիշկ, լսում եմ։

ՂԱՐԻԲՅԱՆ — Դժվարանում եմ։

ԶԱՎԵՆ — Ինչո՞ւ։

ՂԱՐԻԲՅԱՆ — Հիվանդության և ոչ մի նշան։

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ… (Մտնում է կից սենյակը):

ՂԱՐԻԲՅԱՆ — Միանգամայն առողջ մարդ է։

ԶԱՎԵՆ — Ես խոսել եմ գլխավոր բժշկի հետ։

ՂԱՐԻԲՅԱՆ — Ես հենց դրա համար էլ եկել եմ։

ԶԱՎԵՆ — Ճիշտն ասած, կինս ինձ այնպես էր նկարագրել, որ ստիպված էի։

ՂԱՐԻԲՅԱՆ — Երդվում եմ, դուք ինձ հավատացեք, դա թաքցնելու բան չէ։ Միանգամայն առողջ է դատում։ Դուք կհամաձայնեք, թե չեք համաձայնի իր հետ, դա ձեր գործն է։

ԶԱՎԵՆ — (Մտատանջության մեջ) Իսկ ինչո՞ւ է ասում՝ ես ես չեմ։

ՂԱՐԻԲՅԱՆ- Բայց հո չի ասում՝ ես Նապոլեոնն եմ կամ Ալեքսանդր Մակեդոնացին։ Ասում է՝ ես ես չեմ, որովհետև չեն թողնում, որ ես ես լինեմ։ Ես էլ ես չեմ։

ԶԱՎԵՆ — (Ապշած) Ի՞նչ…

ՂԱՐԻԲՅԱՆ —  Ներեցեք ինձ՝ դուք էլ դուք չեք։

ԶԱՎԵՆ — (Դեռ ուշքի չեկած) Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում։

ՂԱՐԻԲՅԱՆ — Մինչև հիմա կարծել ենք, թե մենք մենք ենք։ Այնինչ չեն թողել, որ մենք մենք լինենք։

ԶԱՎԵՆ — Ո՞վ չի թողել։

ՂԱՐԻԲՅԱՆ — (Բորբոքվելով) Ինչո՞ւ եք ուզում ինձնից իմանալ, դուք չգիտե՞ք։ Ես ձեր հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ես ես չեմ, հենց որ պատասխանեմ, ես ես կլինեմ, բայց չեն թողնում, որ ես ես լինեմ։

ԶԱՎԵՆ – Բայց դուք ոչ մի հարց չեք տալիս նրան։

ՂԱՐԻԲՅԱՆ — Դրա անհրաժեշտությունը չկա: Խնդրեմ, տամ։

Վերադառնում են կից սենյակից՝ առանց Նոյեմի և Վասպուրի:

ՆՈՅԵՄ — (Մտնելով, ցնցված) Պապը խոսեց, խոսեց…

ՎԱՀԱՆ — Ի՞նչ ասաց։

ՆՈՅԵՄ – Ասաց՝ թող տանի, հետ տա։

ՎԱՀԱՆ — Հետո՞…

ՆՈՅԵՄ — Հետո հայհոյեց։

ՎԱՀԱՆ — Ո՞ւմ:

ՆՈՅԵՄ — Չիմացա։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Քամահրանքով) Ասա՝ էսքան տարի որ չէիր խոսել, իբր հիմա ինչի՞ խոսեցիր։

ՎԱՍՊՈՒՐ — (Գալով) Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ ես ասել, Վասպուր, բա՞ն ես ասել։ Դե ասա, ասա, մենք էլ իմանանք։

Վասպուրն անհաղորդ է սովորականի պես:

Այ մեր, սա խոսող չի, քեզ է թվացել։

ՆՈՅԵՄ — (Դեռ տպավորության տակ) Բալաս, իմ ականջով լսեցի, խոսեց, խոսեց։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե որ խոսեց, հիմա էլ թող խոսի։

ԶԱՎԵՆ — Եթե խոսեր էլ, նա այդպիսի բան չէր ասի։

ՎԱՀԱՆ — Չէր ասի, չէ, նա այդպիսի բան չէր ասի։ 

ՆՈՅԵՄ – Վայ, ես լսեցի։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե լավ, ինչ որ է…

ՂԱՐԻԲՅԱՆ – (Վիգենին) Շատ ներողություն, եթե կարելի է

ՎԻԳԵՆ — Ասեք, խնդրեմ։

ՂԱՐԻԲՅԱՆ — Դուք չե՞ք գտնում, որ ձեզ կմեղադրեն։ 

ՎԻԳԵՆ — Մեղադրում են՝ թող մեղադրեն, մեղադրողներն ովքե՞ր են։ Ներողություն, դուք ո՞վ եք։

ՂԱՐԻԲՅԱՆ — (Անակնկալի եկած) Ե՞ս…

ՎԻԳԵՆ — Այո, դուք, ուղիղ մի ժամ է, դուք ինձ ուրիշ ձևով եք նայում։

ՂԱՐԻԲՅԱՆ — Ես չեմ նայել։

ՎԻԳԵՆ — Համենայնդեպս, դուք ո՞վ եք:

ԶԱՎԵՆ — Ընկերս է, վահ… Որ մտանք, չներկայացրի՞։ 

ՎԱՀԱՆ — Տղաս, դա ի՞նչ հարց է։

ՎԻԳԵՆ — Բայց ո՞վ է, իմանանք ով է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ով ուզում է լինի՝ մարդը մտել է տունդ, էլ մի հարցրու։

ՎԻԳԵՆ — Չէ, ես պիտի իմանամ:

ՎԱՐԴԻԹԵՐ — (Ներքուստ խառնված, սեթևեթանքով). Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ՄԱՐՈ — Լավ, էլի, Վիգ։

ՎԻԳԵՆ — Չէ, պիտի իմանամ։

ՎԱՐԴԻԹԵՐ – Հիմա դա կարևո՞ր է, չեմ հասկանում։ Զավենն ասաց ով է: Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ԶԱՎԵՆ — Ասում եմ՝ ընկերս է։

ՂԱՐԻԲՅԱՆ — (Վիգենին) Ասում է…

ՎԻԳԵՆ — Չէ, ես պիտի իմանամ՝ դուք ով եք:

ՂԱՐԻԲՅԱՆ — Ղարիբյանն եմ։

ՎԻԳԵՆ — Բայց ո՞վ եք։

ՎԱՀԱՆ — Տղաս, հյուրին այդպիսի հարց չեն տա։ 

ՎԱՐԴԻԹԵՐ — Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԻԳԵՆ — Չէ, պիտի իմանամ:

ՆՈՅԵՄ — Բալաս, ինչի՞ համար ես հարցնում:

ՂԱՐԻԲՅԱՆ — Մարդը հետաքրքրվում է, ի՞նչ կա որ… 

ՎԻԳԵՆ — (Համբերությունը հատած) Ասեք։

ՂԱՐԻԲՅԱՆ — Խնդրեմ, ես հո չեմ թաքցնում։

ԶԱՎԵՆ — Ինչ անհարմար բան ես անում, Վիգեն։

ՎԻԳԵՆ — Անհարմար բանը դուք եք անում։ Ես պիտի իմանամ ով է։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչի՞դ է պետք, որ իմանաս։ Մարդ է, էլի, իսկի ոչ մեկն էլ չի։

ՂԱՐԻԲՅԱՆ — Ես հո չեմ թաքցնում։

ՎԻԳԵՆ — Ի՞նչ մասնագիտության մարդ եք՝ դա ասեք։

ՂԱՐԻԲՅԱՆ — Բժիշկ եմ:

ՎԻԳԵՆ — Եթե բժիշկ եք, այստեղ հիվանդ չկա, ձեզ ինչո՞ւ են բերել։

ԶԱՎԵՆ — Հանդիպեցինք, միասին եկանք, ի՞նչ է, չի՞ կարելի։ Ո՞վ է բերել։

ՎԻԳԵՆ — Դուք եք բերել։

ԶԱՎԵՆ — Միասին ենք եկել, ես չեմ հրաժարվում։ 

ՎԱՐԴԻԹԵՐ — Չեմ հասկանում, թե ինչի համար է այս բոլորը։

ՎԻԳԵՆ — (Ղարիբյանին) Ինչի՞ բժիշկ եք, քիթ-կոկորդի՞, լյարդի՞, թոքերի՞…

ՂԱՐԻԲՅԱՆ — Ոչ, ոչ, ուղղակի բժիշկ եմ, դա ինչ կարևոր է։ 

ՎԻԳԵՆ — Շատ կարևոր է։

ՄԱՐՈ — (Կշտամբանքու|) Վիգ…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Քեզ ի՞նչ պատահեց։

ԶԱՎԵՆ — Ինձ է անհարմար վիճակի մեջ դնում։

ՎԱՐԴԻԹԵՐ — Վայ, ինչ սխալ արեցինք, եկանք։ Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ՄԱՐՈ — (Աղերսանքով) Վիգ…

ՆՈՅԵՄ — Բալաս…

ՎԻԳԵՆ — (Ղարիբյանին) Ասեք։ Ասեք, ասում եմ։

ՎԱՀԱՆ — Տղաս, քեզնից չէի սպասի:

ՎԻԳԵՆ — Ես գիտեմ ինչ եմ անում։

ՂԱՐԻԲՅԱՆ — Գուցե ինչ-որ մեկի հետ է ինձ շփոթում։ Բայց ես, ճիշտն ասած, ձեզ առաջին անգամ եմ տեսնում։ 

ՎԻԳԵՆ — Ես էլ…

ԶԱՎԵՆ — (Անհանգիստ) Դե լավ, գնացինք:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ով կթողնի, որ գնաք, հազիվ ենք իրար տեսել։ Վիգեն, վերջացրու էս գործը։

ՎԱՐԴԻԹԵՐ — Տեր իմ, Աստված… Տեր իմ, Աստված… Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ԶԱՎԵՆ — Ղարիբյան, դու ինձ ներիր, խնդրում եմ։ Գնա, մենք կգանք։

ՎԻԳԵՆ — Մինչև չիմանամ, նա ոչ մի տեղ չի գնա։ (Փակում է ճանապարհը):

ՎԱՐԴԻԹԵՐ — Այ քեզ բան… Գերի՞ է ընկել մարդը: Բայց հետաքրքիր է, գիտե՞ք…

ՄԱՐՈ — (Նույն ձևով) Վիգ…

ՂԱՐԻԲՅԱՆ — Բայց ես չգիտեմ, թե էլ ինչ եք ուզում իմանալ։

ՎԻԳԵՆ — Բժիշկ եք, բայց ի՞նչ գծով եք բժիշկ:

ՂԱՐԻԲՅԱՆ — Դա՞ եք ուզում իմանալ։

ՎԻԳԵՆ — Հա, դա եմ ուզում իմանալ, դա, հենց դա։ 

ՂԱՐԻԲՅԱՆ — (հանձնվելով) Հոգեբույժ եմ։

ՎԻԳԵՆ — Բերել են, որ ի՞նձ բուժես։ (Պայթելով) Բուժող ես՝ երկիրդ բուժիր։

ՂԱՐԻԲՅԱՆ — Հիվանդությունները, երբ դառնում են խրոնիկական, այլևս չեն բուժվում։

ԶԱՎԵՆ — (հանդիմանանքով) Ղաիբյան…

ՂԱՐԻԲՅԱՆ — Ես իմ մասնագիտությունից ելնելով եմ ասում։

ԶԱՎԵՆ — Ինչ որ ասում ես՝ գնա քո տանն ասա, իմ ներկայությամբ դու իրավունք չունես։

ՂԱՐԻԲՅԱՆ — Եվ ոչ էլ դուք իրավունք ունեիք ինձ այս վիճակի մեջ դնելու։

ԶԱՎԵՆ — Դուք մեղք չունեք, չէ, դուք մեղք չունեքՈվ որ լեզու դրեց ձեր բերանը, մեղավորը նա է, նա։

ՎԱՀԱՆ — Ընկերներ եք, ինչո՞ւ եք վիճում։

ՂԱՐԻԲՅԱՆ — Ես նրա ընկերը չեմ։

ԶԱՎԵՆ — Եվ չես էլ կարող լինել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Եթե ընկերդ չի, իրեն ինչո՞ւ ես բերել։ 

ՎԻԳԵՆ — Բերել է, որ ինձ բուժի։

ՎԱՐԱԶԴԱՏ – Ո՞նց թե, գիժը դուք եք, ախպո՞րս եք գժի տեղ դրել։

ՂԱՐԻԲՅԱՆ — (Ահաբեկված) Ես մեղավոր չեմ, երդվում եմ։

ՎԱՐԴԻԹԵՐ — Զավեն, վեր կաց, վեր կաց։ Բայց հետաքրքիր է, գիտե՞ք

ՎԻԳԵՆ — (Հեգնանքով) Շատ, շատ հետաքրքիր է։ 

ՎԱՐԴԻԹԵՐ — Սիրտս կանգնում է։

ՄԱՐՈ — Մամ

ԶԱՎԵՆ — Ղարիբյան, գնա, գնա այստեղից։

ՂԱՐԻԲՅԱՆ — Դե ասեք, թողնեն, որ գնամ։

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհեյ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Ո՞ւբ գնաս. եկել ես ախպորս տանես, տար։ 

ՂԱՐԻԲՅԱՆ — Ես ուղղակի…

ՎԱՐԱԶԴԱՏ — (Ձայնը բարձրացնելով) Դու ուղղակի ի՞նչ…

ՂԱՐԻԲՅԱՆ — (Ցույց տալով Զավենին) Ինձ մի ասեք, իրեն ասեք։

ՎԻԳԵՆ — (Վարազդատին) Թող, թող գնա, ինքը մեղավոր չի:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինքը մեղավոր չի, բա ո՞վ է մեղավոր։ Վիգ, քեզ գժի տեղ դնե՞ն, արա։ (Ինչ որ ձեռքն է ընկնում, շպրտում է Ղարիբյանի վրա):

Խառնաշփոթ, ձայներ տարբեր կողմերից:

ՎԱՀԱՆ – Վարազ…

ԶԱՎԵՆ – Վարազ…

ՄԱՐՈ — Վիգ, մի թող… 

ՆՈՅԵՄ – Բալաս…

ՎԱՐԴԻԹԵՐ — Այս ո՞ւր ենք եկել, տեր իմ Աստված։ Բայց հետաքրքիր է, գիտե՞ք

Ղարիբյանը մի կերպ իրեն դուրս է գցում:

ՆՈՅԵՄ — Կամաց, հարևանները

ՎԱՐԱԶԴԱ — Գան, ախպորս գժի տեղ դնե՞ն։

ՎԻԳԵՆ — Նա մեղավոր չի. ով որ նրան բերել է իր հետ, նա է մեղավոր։

ԶԱՎԵՆ — Ե՞սԵս նրան այդ նպատակով չեմ բերել։ 

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հեգնալից, կռվի տոնով) Իսկ ի՞նչ նպատակով ես բերել։ Վախենում ես տոմսը տանի հետ տա, քե՞զ պաշտոնից հանեն։ Ուրիշ բան չէի՞ր կարող մտածել։ (Նախահարձակ լինելով) Ախպորս դիակի վրայով ես ուզում քեզ փրկե՞ս։

Վարդիթերի ճչոցը:

ՎԱՀԱՆ — Վարազ, հետ արի։

ՎԱՐԴԻԹԵՐ — Բայց հետաքրքիր է, գիտե՞ք… Հարձակվում է ամուսնուս վրա։ (Զավենին) Դուրս արի, դուրս արի, ի սեր Աստծո:

ԶԱՎԵՆ — (Վարազդատին) Ես ինձ չեմ ուզում փրկել, ես իրեն եմ ուզում փրկել։

ՎԻԳԵՆ — Շնորհակալ եմ, դուք ինձ ձեզնից փրկեք: 

ԶԱՎԵՆ — Ձեզ չթվա, թե էսպես պիտի մնա։ (Ոխով) Հիշեք, հիշեք, չի մնալու, չի մնալու։

Զավենն ու Վարդիթերը դուրս են գնում: Մարոն հեծկլտում է՝ իրեն նետելով կից սենյակը:

ՎԱՐԱԶԴԱՏ — Ամեն մարդ իր մասին է մտածում, ինչի՞ փախան։ Թող մնային։ Վիգ, ես քո լավը չուզողի…

ՎԻԳԵՆ — Տուր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ի՞նչ ես ուզում, ի՞նչը տամ։

ՎԻԳԵՆ — Տոմսս տուր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դու ինձ տոմս ես տվե՞լ, որ ինձնից տոմս ես ուզում։

ՎԻԳԵՆ — Տուր։

ՎԱՐԱԶԴԱՏ — Չեմ տալիս:

ՎԻԳԵՆ — (Բռնկվելով) Տուր, տուր, ասում եմ։

ՆՈՅԵՄ – Բալա՜ս, բալա՜ս…

ՎԻԳԵՆ — Տուր, տուր, ասում եմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Հոգուն հասած) Առ։ Զզվեցրեց։ (Գրպանից հանում է տոմսը, ծեփում սեղանին):

Վիգենը վերցնում, դնում է ծոցագրպանը:

Դե տար, տար հանձնիր, ինչո՞ւ ես նստել։

ՎԻԳԵՆ — Կտանեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Տար։ Վիգ, դու ինձ թաղում ես։ Տար, տար, ինչո՞ւ ես նստել։ Տար, շուտ արա։ Ասում եմ՝ տար, որ ասես՝ չեմ տանում։ Վիգ, տարՉե՞ս ասում: 

ՎԻԳԵՆ — Չէ, չեմ ասում։

ՎԱՐԱԶԴԱՏ — Դե տար։ Տար

ՎԻԳԵՆ — Կտանեմ։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ե՞րբ…

ՎԻԳԵՆ — Հենց հիմա։ (Գնում է դեպի դուռը, վերադառնալով) Ո՞վ է փակել։

ՎԱՐԱԶԴԱՏ — Ես եմ փակել։ Արի, արի բացեմ։ (Գնում է դեպի դուռը: Հետ գալով) Բացեցի, դե տար։ Տար…

ՄԱՐՈ — (Երեխան գրկին խուժում է կից սենյակից) Տար… Կգնաս, կգաս ու ինձ չես տեսնի տանը։ (Գնում է դեպի մուտքը):

Փակում են ճանապարհը:

ՎԱՍՊՈՒՐ — Էհեյ, էհեյ, էհե,…

ՆՈՅԵՄ — (Լացակումած, Մարոյին) Վասպուրիս ո՞ւր ես տանում:

ՎԱՀԱՆ — Ձեզ դուրս թողնող չկա, աղջիկս։

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիգենին) Ընտանի՞ք ես քայքայում, արա։ Երեխա՞ ես որբացնում։ (Երեխային) Պուպուլդ ուտեմ։ (Վիգենին): Մենք անտեր մեծարել ենք, սա՞ էլ անտեր մնա, արա։

ՎԻԳԵՆ — (Մարոյի հասցեին) Վախեցնո՞ւմ է: Ուր ուզում է՝ թող գնա։

ՄԱՐՈ — (Արցունքների միջից) Եվ կգնամ:

ՎԻԳԵՆ — Ոչ մի տեղ էլ չես գնա։

ՄԱՐՈ — Կգնամ։

ՎԻԳԵՆ — (Դիմադրելով) Չես գնա, ասում եմ։

ՄԱՐՈ — Ձեռքս…

ՎԻԳԵՆ — Գնում ես՝ դու գնա, երեխային թող։

ՄԱՐՈ — Մտքովդ չանցնի։

ՎԻԳԵՆ — Ասում եմ՝ թող երեխային։

ՄԱՐՈ — Չեմ թողնում:

ՎԻԳԵՆ — Թող։

Քաշքշում են իրար, Վիգենն ուզում է խլել երեխային: Երեխայի աղեկտուր լացը, խառը ձայներ, ճիչ, խառնաշփոթ:

ՎԱՐԱԶԴԱՏ — Սա՞ էիր ուզում։ (Կարճատև դադարից հետո) Դե տար։ Տար հետ տուր։

ՎԻԳԵՆ — Թող…

ՎԱՐԱԶԴԱՏ — Տար, տար հետ տուր։

ՎԻԳԵՆ (Պոռթկալով) Հետ չեմ տալիս… Չեմ տալիս… Հետո՞, հետո՞… Էսպես ապրել կլինի՞… Հա՞, հա՞… Դե ապրեք… Ապրեք… Ապրեք… (Դեպի հանդիսատեսը) Ապրեք… Ապրեք… Ապրեք…

Վերջին խոսքերի վրա դանդաղ փակվում է վարագույրը:

1989 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։