ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ԻՐԱՐԱՆՑՈՒՄ

Պիես երկու մասից

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ — մինիստր

ՄԵՀՐԱԲՅԱՆ — շինարարական վարչության պետ

ՔԱՋՎՈՐՅԱՆ — գլխավոր ինժեներ

ՄԱՐԳՈ — կինը

ՓԻՐՈԻԶ — աղջիկը

ՀՈԻՍԻԿ — տղան

ՑՈԼԱԿ — աշխղեկ

ՄԱՏԻՆՅԱՆ — արտադրական բաժնի պետ 

ԵՂՈՅԱՆ – գլխավոր հաշվապահ

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ

ԱՆԾԱՆՈԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ 

ԵՆԳՈՅԱՆ — մինիստրի տեղակալ 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ, ԳԱԼՍՏՅԱՆ, ՇԵԿՈՅԱՆ, ՂԱԶԱՐՅԱՆ, ՔՐՄՈՅԱՆ, ԵՆՈՔՅԱՆ – մինիստրության պատասխանատու աշխատողներ (նրանցից երկուսը կանայք՝ Սուփրիկյան, Ղազարյան)

Գործողությունը՝ Երևանում:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Պատկեր առաջին

Քաջվորյանի բնակարանը: Հեռախոսի զանգ:

ՀՈՒՍԻԿ — (Մտնում է կից սենյակից) Ալլո…

ՑՈԼԱԿ — (Ձայնը հեռախոսով) Հուսիկ, բարև, ես եմ, Ցոլակն է:

ՀՈՒՍԻԿ — (Դժկամ) Ո՞վ…

ՑՈԼԱԿ — Ցոլակը:

ՀՈՒՍԻԿ — (Հեգնանքով) Ախ, Ցոլակը… Եթե Ցոլակն ես, մինչև հիմա ո՞ւր էիր, ընկեր…

ՑՈԼԱԿ — Դեպք էր պատահել։ Գլուխս խառն է, ես մեղք չունեմ, կգամ, կասեմ։ Փիրուզը տա՞նն է։

ՀՈՒՍԻԿ — Չէ, տանը չէ։

ՑՈԼԱԿ — Տանն է։ Մի րոպեով լսափողը տուր իրեն։ 

ՀՈՒՍԻԿ — (Ձայն է տալիս դեպի կից սենյակը) Փիրուզ, Ցոլակն է, քեզ է ուզում։

ՓԻՐՈՒԶ — (Մտնում է՝ ետևից Մարգոն) Ինչո՞ւ է ուզում։ 

ՄԱՐԳՈ — Մի ամիս է՝ չէր զանգահարում, հիմա ի՞նչ պատահեց։

ՀՈՒՍԻԿ — (Փիրուզին) Վերցրու։

ՓԻՐՈՒԶ – Ասա՝ իզուր ես նեղություն կրել։

ՀՈՒՍԻԿ — Վերցրու, ինքդ ասա։

ՄԱՐԳՈ — Վերցրու, բայց կարճ կապիր։

Մարգոն և Հուսիկը գնում են՝ նրան թողնելով մենակ:

ՓԻՐՈՒԶ — (Հեռախոսով) Լսում եմ:

ՑՈԼԱԿ — Բարև, Փիրուզ, ո՞նց ես։

ՓԻՐՈՒԶ — Շատ լավ։ Ինչո՞ւ ես զանգահարել։

ՑՈԼԱԿ — Փիրուզ, ես ներողություն եմ խնդրում։ Ախր դու չգիտես, թե ինչ էր պատահել։ Կհանդիպենք, կասեմ։ Ժամը յոթին… Նույն տեղը…

ՓԻՐՈՒԶ — Չեմ կարող։

ՑՈԼԱԿ — Փիրուզ, խնդրում եմ։

ՓԻՐՈՒԶ — Այսքան ժամանակ եթե չես զանգահարել, հիմա էլ կարող էիր չզանգահարել:

ՑՈԼԱԿ — Ախր դու չգիտես, թե ինչ է եղել: Ես քեզ պիտի տեսնեմ, պիտի տեսնեմ, անպայման։ ժամը յոթին, նույն տեղը…

ՓԻՐՈՒԶ — Չեմ կարող, այսօր հայրիկի ծննդյան օրն է։

ՑՈԼԱԿ — Շնորհավորում եմ, սրտանց, ես նվեր կուղարկեմ։

ՓԻՐՈՒԶ — Չուղարկես։

ՑՈԼԱԿ — Ես մեղք չունեմ, ազնիվ խոսք, կգամ, հետո կիմանաս։

ՓԻՐՈՒԶ — Չգաս։ (Դնում է լսափողը):

ՄԱՐԳՈ- (Վերադառնալով) Ի՞նչ էր ասում։ (Սեղան է պատրաստում):

ՓԻՐՈՒԶ — Ինչ ուզում է ասի, ինձ համար այլևս ոչ մի նշանակություն չունի։ Ասում է՝ բան է պատահել։

ՀՈՒՍԻԿ — (Գալով) Նրան ոչինչ չի պատահի։ Նրանց ոչինչ չի պատահում։ Նա ո՞վ է, որ իզուր տեղր հուզվում ես։ Ո՞վ է այդ քառակուսի գլխով մարդը… Կարծես մեր կուրսի Վալեսյան Աշոտի գլուխը լինի։ Մամ, մի անգամ մաթեմատիկայի ժամին այդ Վալեսյան Աշոտին Ղևոնդյանը հարցրեց՝ ի՞նչ է նշանակում կոմբինացիա։ Այդ Վալեսյան Աշոտն էլ ասաց՝ որ հագնո՞ւմ են։

ՓԻՐՈՒԶ — (Ժպիտի միջից, սրբելով արցունքները) Գնա, է՜…

ՄԱՐԳՈ — Փիրուզ, արի ինձ օգնիր։

ՓԻՐՈՒԶ — Հիմա։ (Մոտենում է սեղանին, դեռևս հեռախոսային խոսակցության տպավորության տակ, պատառաքաղները գցում է ձեռքից):

ՄԱՐԳՈ — (Կշտամբանքով) Փիրուզ…

ՀՈՒՍԻԿ — Ոչինչ, ես կօգնեմ։ (Հավաքում է):

Դռան զանգ:

ՄԱՐԳՈ — Հայրիկը եկավ։

ՀՈՒՍԻԿ — Գնում եմ դուռը բացեմ։

ՄԱՐԳՈ – Սպասիր, Փիրուզ, շուտ արա, նվերները…

Մտնում է ՔԱՋՎՈՐՅԱՆԸ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ինչո՞ւ չէիք բացում։

ՀՈՒՍԻԿ — Պարապում էի։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մարգո՞…

ՄԱՐԳՈ — Բագրատ, նստիր։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Բան է պատահե՞լ։

ՀՈՒՍԻԿ — Հայրիկ, այսօր ի՞նչ օր է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Երկուշաբթի։

ՓԻՐՈՒԶ — Ամսի քանի՞սն է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Քսանիննը։

ՄԱՐԳՈ — Ո՞ր ամսի:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հունիսի։ Վայ, եռամսյակի վերջն է։ 

ՄԱՐԳՈ — Այսօր քո ծննդյան օրն է։ Այսօր ղու դարձար ուղիղ հիսուներկու տարեկան։

Թափվում են վրան՝ սկսում համբուրել:

Իսկ հիմա նվերները…

ՓԻՐՈՒԶ — Հայրիկ, սա իմ կողմից։ Վերնաշապիկ, տեղական չէ։

ՀՈՒՍԻԿ — Հայրիկ, սա էլ իմ կողմից՝ փողկապ, տեղական չէ։

ՄԱՐԳՈ — Բագրատ, սա էլ իմ կողմից… Պիջակը հագիր, տեսնեմ վրադ ինչպե՞ս է նստում, տեղական չէ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Սա տեղական չէ, սա տեղական չէ, սա տեղական չէ. դարձրիք քաղաքական մեկնաբան։

ՄԱՐԳՈ — Դե, նստեք ճաշենք։

Տեղավորվում են սեղանի շուրջը:

ՀՈՒՍԻԿ — Հիմա պայթեցնում ենք… շամպայն։

Լույսերը մարում են:

ՄԱՐԳՈ — Լույսերն ինչո՞ւ հանգան։

ՓԻՐՈՒԶ — Ինչ վատ եղավ։

ՄԱՐԳՈ — Գնամ մոմ բերեմ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հուսիկ, նայիր, տես շենքում լույս կա՞:

ՀՈՒՍԻԿ — (Նայելով դուրս) Ոչ մի տեղ չկա: 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դե լավ է, ուրեմն շուտ կվառեն:

Դուռը թակում են:

ՄԱՐԳՈ — (Գնալով դեպի դուռը) Եկա։

ԱՆԾԱՆՈԹ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Մտնում է հսկայական տորթով՝ վառվող մոմերը վրան) Ընկեր Քաջվորյանի բնակարանը սա՞ է։

ՄԱՐԳՈ — Այո։

ԱՆԾԱՆՈԹ — Ինքը տա՞նն է։

ՄԱՐԳՈ — Այո, այո, համեցեք։

ԱՆԾԱՆՈԹ — Քաջվորյանը դո՞ւք եք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ես եմ։

ԱՆԾԱՆՈԹ — Ամբողջ սրտով շնորհավորում եմ ձեր գեղեցիկ ծննդյան հիսուներկուամյակը։ Թող այս հիսուներկու մոմերը կրկնապատկվեն, դառնան հարյուր չորս։ Ինչ որ ինձ ասել են՝ ասա, դա եմ ասում։ Իմ կողմից էլ… (Երգում է): 

Հուսիկը փռթկում է, մյուսները զսպում են իրենց՝ հասկացնելով, որ լռի:

(Երգելուց հետո) Էսքան բան։ Սրանք էլ երգի բառերը, ես եմ գրել։ (Մոմերի արանքից հանում է թուղթը, դնում Քաջվորյանի գրպանը):

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Շնորհակալ եմ, նստեք։

ԱՆԾԱՆՈԹ – Չէ, ինձ կներեք, խնդրում եմ, ես պիտի գնամ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ո՞վ է ուղարկել։

ԱՆԾԱՆՈԹ — Դե հիմա ո՞նց ասեմ, որ ասել է՝ չասեք։ 

ՄԱՐԳՈ — Ներեցեք, լույսերն էլ հանգան։

ԱՆԾԱՆՈԹ — Մայրիկ, ես որ գնամ, լույսերը կվառվեն: Ցե(Գնում է):

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Բայց հետաքրքիր է, թե ով է ուղարկել։

ՄԱՐԳՈ — Մութ տեղը նստել ենք, մարդուն չկարողացանք էլ հյուրասիրել։

Լույսերը վառվում են:

ՀՈՒՍԻԿ – Ուռռա՜… Միասին փչենք։ Երեք ու չորս

Փչում, հանգցնում են մոմերը:

ՄԱՐԳՈ — Սա հո տորթ չի, արվեստ է։ (Սկսում են ուտել): 

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Հասկացա, ով է ուղարկել՝ Աբրահամը։ 

ՄԱՐԳՈ — Ո՞ր Աբրահամը։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Իմ դպրոցական ընկերներից, հրուշակագործ է։ Փիրուզ, հեռախոսը բեր, շնորհակալություն հայտնեմ։

ՓԻՐՈՒԶ – Հայրիկ, նա չի ուղարկել։

ՔԱՋՎՈՐՅԱՆԻսկ ո՞վ է ուղարկել։

ՓԻՐՈՒԶ — Ցոլակը։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Կտրուկ) Չուտեք։ (Հավաքում է բոլորի առջև դրված ափսեները):

Հեռախոսի զանգ:

Այո

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ձայնը հեռախոսով) Ընկեր Քաջվորյան, ընկեր Մեհրաբյանը ձեզ շտապ կանչում է վարչություն։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Այս ժամի՞ն…

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Եռամսյակի վերջ է, աշխատում են։ 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Գալիս եմ։ (Լսափողը դնելուց հետո) Ձեռք չտաք։ (Թղթապանակն է որոնում):

ՄԱՐԳՈ — Ի՞նչ պատահեց։

ՀՈՒՍԻԿ — Ի՞նչ եղավ, հայրիկ։

ՓԻՐՈՒԶ — Ի՞նչ է եղել, հայրիկ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ամեն ինչ պիտի թունավորեն, ամեն ինչ։ (Հանկարծ որոշելով վերցնել տորթը՝ գնում է դեպի դուռը): 

ՄԱՐԳՈ — (Ետևից) Տորթն ո՞ւր ես տանում։ (Քաջվորյանի գնալուց հետո, Փիրուզին) Դու որտեղի՞ց գիտես, որ նա է ուղարկել:

ՓԻՐՈՒԶ — Ինքն ասաց հեռախոսով։

ՀՈՒՍԻԿ — Ո՞ւր տարավ։

ՄԱՐԳՈ — (դժգոհ) Շատ գիտե՞մ։

ՀՈՒՍԻԿ — Մամ, քիչ առաջ մեր մոտի այգով գալիս էի, մի տղա ու մի աղջիկ համբուրվում էին։ Մի ծեր մարդ էր անցնում, ասաց՝ չեն էլ ամաչում։ Մի մարդ էլ դիմացից էր գալիս, ասաց՝ հայրիկ, նախանձո՞ւմ ես։ Ծեր մարդն էլ ասաց՝ բա դուք հա՞յ եք։ Թքեց ու գնաց։ Հորս ծննդյան օրը ինչո՞ւ փչացրիք։

ՄԱՐԳՈ — Ո՞վ փչացրեց, ե՞ս… Հետաքրքիր մարդ է… (Դուրս է գնում):

ՀՈՒՍԻԿ — (Փիրուզին) Դե դու էլ չասեիր, որ նա է ուղարկել։

ՓԻՐՈՒԶ Հետո իմանար՝ ավելի վատ… (Գնում է մոր հետևից):

Դռան զանգ:

ՀՈՒՍԻԿ — Համեցեք։

ՑՈԼԱԿ — (Մտնելով) Բարև, Հուսիկ, Փիրուզը տա՞նն է։

ՀՈՒՍԻԿ — Վերջապես հայտնվեցի՞ր։

ՑՈԼԱԿ — Կարևոր ասելիք ունեմ, կանչիր, խնդրում եմ։ 

ՀՈՒՍԻԿ — (Ձայն է տալիս) Փիրո՜ւզ…

Մտնում է Փիրուզը:

ՑՈԼԱԿ — Բարև, Փիրուզ։

ՓԻՐՈՒԶ — Ինչո՞ւ ես եկել։

ՑՈԼԱԿ — Փիրուզ, ես քեզ հետ լուրջ խոսելիք ունեմ։ 

ՓԻՐՈՒԶ — Մենք արդեն խոսել ենք։

ՑՈԼԱԿ — Հուսիկ, խնդրում եմ, մի քանի րոպե մեզ մենակ թող:

ՓԻՐՈՒԶ – (Հուսիկին) Չգնաս։

ՑՈԼԱԿ — Փիրուզ, երկու բառ ասեմ, գնամ։

ՓԻՐՈՒԶ — Լավ, Հուսիկ, գնա։

Հուսիկը գնում է:

Ինչո՞ւ ես եկել։

ՑՈԼԱԿ — Եկել եմ, որ տեսնեմ քեզ։

ՓԻՐՈՒԶ — Մի ամիս է չկաս։ Ինչո՞ւ հանկարծ հիշեցիր։ 

ՑՈԼԱԿ — Չէի գալիս, որովհետև չէի ուզում, որ դու իմանաս… Գործերս շատ խառն են հիմնարկում։

ՓԻՐՈՒԶ — Պարզ է… Հիմա հասկացա, թե ինչու ես եկել։ Հայրիկը տանը չէ, իսկ ես ոչնչով չեմ կարող օգնել։ Ցտեսություն։ (Փորձում է գնալ):

ՑՈԼԱԿ – (Բռնելով ձեռքը) Միայն մի րոպե, խնդրում եմ։

ՓԻՐՈՒԶ — Թող ինձ, չեմ ուզում լսել։

ՑՈԼԱԿ — Չէի գալիս, որովհետև գործերս վատ են, շատ վատ։ Հայրդ վրաս գործ է բացել, ուզում է հանձնել դատախազություն։

ՓԻՐՈՒԶ — Դատախազությո՞ւն… Ինչի՞ համար։

ՑՈԼԱԿ – Հորդ ոչինչ չասես, պիտի կարծի, թե միջամտում ես։ Ես եկել եմ քեզ հրաժեշտ տալու։ Մենք իրար գուցե չտեսնենք տասը տարի։

ՓԻՐՈՒԶ֊ — Ի՜՞նչ ես ասում, Ցոլակ։

ՑՈԼԱԿ — Առանց քեզ ես չեմ կարող ապրել, դու առանց ինձ կարող ես։

ՓԻՐՈՒԶ — (Փարվելով) Քեզ թվում է։

Հեռախոսի զանգ:

ՑՈԼԱԿ — Ինձ են ուզում։ Համարը թողել էի։ (Լսափողը վերցնելով) Ալլո…

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ձայնը հեռախոսով) Ցոլակ, ընկեր Մեհրաբյանն ասում է՝ թող գա։

ՑՈԼԱԿ — Հենց հիմա։ (Դնում է լսափողը):

ՓԻՐՈՒԶ — Ո՞վ էր:

ՑՈԼԱԿ — Վարչության քարտուղարուհին։ Սկսվեց… Խնդրում եմ, հորդ ոչինչ չասես։

ՓԻՐՈՒԶ — Չմտածես, լավ կլինի։

ՑՈԼԱԿ — Ես իմ մասին չեմ մտածում, ես քո մասին եմ մտածում։ Ժամը յոթին… Նույն տեղը… Կսպասեմ։ (Գնում է):

ՓԻՐՈՒԶ — (Հետևից) Կգամ։

Պատկեր երկրորդ

Մեհրաբյանի աշխատասենյակը:

ՑՈԼԱԿ — Կարելի՞ է։ 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Արի։

ՑՈԼԱԿ — (Խառնված) Խախտում չես անում՝ շենք չի սարքվում, խախտում ես անում՝ գալիս գլխիդ վերևը կանգնում են։ Քաջվորյանը վրաս գործ է բացել, ուզում է հանձնել դատախազություն։ Ախր ի՞նչ եմ արել, է՜, ի՞նչ եմ արել։ Ամեն ինչ օրինական, փաստաթղթով, բանով…

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Մի րոպե…

ՑՈԼԱԿ — Չթողնեք հանձնի։ Հո չեմ գնալու ոտով-գլխով կորչեմ։ ՚

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ցոլակ, ինչ որ պետք է ասեիր, ասացի՞ր… Դե թող գա, տեսնեմ ինքն ինչ է ասում։

ՑՈԼԱԿ — Ախր գործի մեջ բան չկա։

ԵՂՈՅԱՆ — (Մտնելով) Բարև ձեզ։ Սա չե՞ք ստորագրի։ 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընդմիջումից հետո կգաս։

ԵՂՈՅԱՆ — Սիրով։ (Դեպի քարտուղարուհու թափուր աթոռը) Չգիտե՞ք, աղջիկս ուր է։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Բռնկվելով) Ես ինչ գիտեմ ուր է։ 

ԵՂՈՅԱՆ — Սիրով։ (Գնում է):

ՑՈԼԱԿ — Ախր գործի մեջ բան չկա, Սենո Քերոբիչ, ազնիվ խոսք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Մտահոգ) Չգիտեմ, չգիտեմ, մինչև հիմա ինչ որ գիտեի, էլ չգիտեմ։

ՑՈԼԱԿ — Բան չկա, երդվում եմ:

ՄԱՏԻՆՅԱՆ — (Մտնելով) Ներեցեք, ես անձնական գործով… (Նկատելով Ցոլակին) Լավ, հետո կանցնեմ։ (Գնում է): 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Լսիր, հիմա մարդ փրկելը դժվարացել է, ամեն մեկն իր աթոռից է վախենում։ Չե՞ս տեսնում, մինիստրներ են հանում, դատի տալիս։ Համբերիր, տեսնենք սրա վերջն ինչ է լինելու, հետո։ Ազնիվ, անազնիվ՝ բոլորն էլ ազնվությունից են խոսում։ (Դեպի սելեկտորը) Սուսաննա… 

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ներկայանալով) Լսում եմ: 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ինձ սպասող կա՞։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկեր Քաջվորյանը…

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Ցոլակին) Դու դուրս գնա, այս դռնից, այս… (Ցոլակի գնալուց հետո, քարտուղարուհուն) Ներս հրավիրիր։

Հեռախոսի զանգ:

(Վերցնում է լսափողը) Գլխավորը որակն է, ո-րա-կը։ Ցեմենտի տեղը՝ ցեմենտ, ավազի տեղը՝ ավ… (Նկատելով տորթը ձեռքին ներս մտած Քաջվորյանին) Շենքում ջուր չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Ես չգիտեմ, արագացրեք, արագացրեք, մարդկանց համար եք կառուցում, խիղճ ունեցեք, վերջ։ (Լսափողը դնելուց հետո) Բարև, Բագրատ։ Դա ի՞նչ է։ 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Կաշառք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ո՞ւմ, ի՞նձ…

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Ինձ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ումի՞ց:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ցոլակ Շատվորյանից։ (Տորթը դնելով մի կողմ, ինչ-nr թղթեր է հանում թղթապանակից) Ծանոթացեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Սա ի՞նչ է:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Զեկուցագիր։ Ցեմենտը, երկաթը, ամեն, ամեն ինչ ապրանքագրով մի թիվ է, փաստացի՝ ուղիղ կեսը։ Պատվիրատուի հետ լեզու է գտել՝ չարվածն արվածի տեղ է անցկացրել այդ Ցոլակ Շատվորյանը։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Մինչ այդ զննում էր տորթը, մատով համտես անելուց հետո, մեկից ճառային տոնով) Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե կխուսափի պատասխանատվությունից։ (Անցնելով իր սովորական տոնին) Իրենց ձե՞ռ են առել։ Շնորհավորում եմ։ (Սեղմում է ձեռքը):

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Շնորհակալ եմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ինչի՞ համար ես շնորհակալ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ծննդյանս օրը չե՞ք շնորհավորում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ծննդյանդ о՞րը… Քանի՞ տարեկան դարձար։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հիսուներկու։ Չհասկացա, իսկ ի՞նչն էիք շնորհավորում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Աշխատավարձդ ենք բարձրացրել։

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Ի՞մ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Այո, քո։ Մինչև ե՞րբ պիտի երկու հարյուր ռուբլի ստանաս։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Շնորհակալ եմ։ Ինչո՞ւ հանկարծ ինձ հիշեցիք:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Հիշեցինք, որովհետև երկրին այսօր քեզ նման անկաշառ, ազնիվ, սկզբունքային ղեկավարներ են պետք, որ հարցերը դնեն կուսակցական դիրքերից և կուստոմսով էլ պատասխան տան։ Թե չէ, որ հույսներս դնենք մարդկանց ինքնագիտակցության վրա, հայ-հո՜ւյԼսիր, որ այսքան ասում են դեմոկրատիա հա դեմոկրատիա, տո ի՞նչ դեմոկրատիա. պետը պիտի պետ լինի, ինժեները՝ ինժեներ, աշխղեկը՝ աշխղեկ, բանվորն էլ պիտի բանվոր մնա, ինչքան էլ ուզում է պատգամավոր լինի: Ճի՞շտ չեմ ասում: Դե գնա, տնեցիներին էլ ուրախացրու:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Զեկուցագիրը մակագրեք, որ գնամ:

Մեհրաբյանը հապաղում է՝ նայելով Քաջվորյանի աչքերի մեջ:

Չլինի՞ կարծում եք՝ սխալվել եմ հաշիվների մեջ: Այդ դեպքում խնդրում եմ, կանչեք արտադրական բաժնի պետին և գլխավոր հաշվապահին։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Մարդ ես, կարող ես և սխալվել, ես կստուգեմ։ (Դեպի սելեկտորը) Սուսաննա

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Մտնելով) Լսում եմ, ներողություն։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Էլի ներողությո՞ւնՍուսաննա, մի քիչ արագ խոսիր, արագ շարժվիր, արագ մտածիր։ Հին ձևով ես աշխատում, մինչև հիմա ինչ որ եղել է, չի եղել, մոռացիր։ Ազատ ես, գնա:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մոռացաք ասել

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Հա, Սուսաննա, տես ինչ եմ ասում, շտապ երկու սուրճ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չեմ հասկանում, ինչո՞ւ չեք կանչում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Պետք չի, Բագրատ, ես քեզ վստահում եմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դե ուրեմն մակագրեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Հեգնալից) Մակագրե՜ք, մակագրե՜քԲագրատ, ինչո՞ւ ես ինձ հետ «դուքով» խոսում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չհասկացա, առաջին անգա՞մն է…

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ախր մենք ուսանողական ընկերներ ենք եղել, հետո ինչ, որ նույն կուրսում չենք սովորել։ Դու ինձ հիշո՞ւմ ես ինստիտուտից։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հիշում եմ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Մի անգամ էլ ինձ համար գծագիր ես արել, ՛՛հինգ՛՛ եմ ստացել։ Հիշո՞ւմ ես։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չեմ հիշում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Չես հիշի, մենակ ինձ համար չես արել։ Լավ տղա էիր, բայց որ գերազանցիկ էիր… Չնեղանաս, ես ընդհանրապես դպրոցում էլ գերազանցիկների հետ չունեի։ Ասում էի՝ չե՞ն ամաչում դրանք, մի մարդ բոլոր առարկաներից ո՞նց ՛՛հինգ՛՛ կստանա։ Կարծեմ անվանական թոշակառու էիր։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Եղել եմ։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Սուրճը բերեցի, բերե՞մ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Դե որ բերեցիր, բեր։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Գնա՞մ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Գնա։ (Քաջվորյանին) Դու ջուր չէիր խմո՞՜ւմ, հաց չէիր ուտս՞՜ւմ, աղջիկների հետ ման չէիր գալի՜՞ս… (Ափսոսանքով): Ուրեմն քո ուսանողական ամենալավ տարիները դու սովորելով ես անցկացրել։ (Քմծիծաղով) Ինչի՞դ էր պետք, որ այդքան չարչարվում էիր։ Դե խմիր, սուրճդ խմիր։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չեմ խմում։ Մակագրեք, խնդրում եմ։ 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Չեմ մակագրում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չեք մակագրում, որովհետև Ցոլակ Շատվորյանին եք ուզում փրկել։

ՄԵՀԲԱԲՅԱՆ – Ո՞վ, ե՞ս, ե՞ս փրկեմ, վարչության պե՞տը… Դու այստեղ ավելորդ բաներ չխոսես։ (Անցնելով ճառային տոնին) Ինչ որ օրենքով է, դա կարվի։ Գործը տապալել է, վերջ։ Բանվորից մինչև մինիստր, ով ուզում է լինի, իր արժանի պատիժը պիտի ստանա։ Դա է կուսակցության պահանջը։ (Սովորական տոնով) Բայց մի քիչ մարդասիրություն ունեցեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Ի՞նչ մարդասիրություն, այդպես արեցիք, էլի, որ ձեռից գնացինք:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ձեզ որ թողնեն, բոլորին կդատեք։ Մարդուն կործանելուց հեշտ բա՞ն։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Առաջին եռամսյակում պատճառաբանեցին, որ ձմեռ է, եղանակները խանգարում են, հետո կանենք, կհասցնենք, կփակենք ճեղքվածքը։ Ես էլ հավատացի, կատարողականի տակ ստորագրեցի։ Հիմա էլ չեմ ստորագրում։ Ահազանգում եմ, չահազանգե՞մ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ահազանգիր։ Արտադրական բաժնի պետ էիր, ես եմ չորս ամիս առաջ իմ համաձայնությունը տվել, որ քեզ գլխավոր ինժեներ նշանակեն։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Տվել եք, որ հետո ամեն ինչ ի՞նձ վրա փշրեք։ Չորս ամիս չկա, որ աշխատում եմ, նախկին գլխավոր ինժեների արածների համար ե՞ս պիտի պատասխան տամ։ Կատարողականի վճարման գումարը տասնութ տոկոսից բարձրացրել եք քսանութ տոկոսի. ինչի՞ համար, որ աշխղեկ Ցոլակ Շատվորյանը ավելի շա՞տ փող դնի իր գրպանը։ Մեղավորը միշտ պաշտպաններ ունի, ազնիվներն են անպաշտպան։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Սխալ բաներ մի՛ խոսիր։ Ազնիվները պաշտպանվելու կարիք չունեն, նրանց պաշտպանն օրենքն է։ Օրենքից ուժե՞ղ պաշտպան։ Ցոլակ Շատվորյանը որտե՛ղ է աշխատում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մեր վարչությունում։

ՄԵՀՐԱԲЗԱՆ — Վարչության գլխավոր ինժեներն ո՞վ է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ես եմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Իսկ ինչո՞ւ է քո վարչությունում նման վիճակ տիրում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Վարչությունում չի տիրում, մի կառույցում է տիրում։ Ես եմ այդ վիճակը բացահայտել։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Բացահայտել եսԻսկ ինչո՞ւ չես կանխել: (Ճառային տոնով) Կուսակցությունը մեզնից ի՞նչ է պահանջում՝ ամենօրյա վերահսկողություն։ (Սովորական տոնով) Իսկ ո՞ւր է քո վերահսկողությունը։ Ուրեմն դու վերահսկում ես, ես չեմ թողնում, հա՞։ Դու կանխում ես, չթողնողն էլ ես եմ, հա՞։ Ե՞ս եմ չթողնողը։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Այո, դուք։ Փրկողներին էլ փրկություն չկա, իմացեք։ Չե՞ք տեսնում երկրում ինչ է կատարվում։ Մինչև ե՞րբ պիտի շարունակվի, մի օր պիտի վերջ տրվի՞ գողությանն ու ավազակությանը, թե՞ չէ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Գլխավոր ինժեները դու ես, դու էլ վերջ տուր, ո՞ւմ ես ասում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դե զեկուցագրին ընթացք տվեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընթացք չեմ տալիս, գնա վերև բողոքիր՝ մինիստրություն, շրջկոմ, քաղկոմ։ Դու այդ ճանապարհները լավ գիտես։ Ինձ զեկուցագիր պետք չէ, ինձ հանձնման-ընդունման արձանագրությունն է պետք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Վաղր չէ մյուս օրը հանձնաժողովը կավարտի իր գործը, կբերեմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Այ, երբ որ կբերես, այն ժամանակ էլ կխոսենք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Կխոսենք։ (Գնում է դեպի դուռը):

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Բռնելով նրա ձեռքը) Դե լավ, մի՛ տաքացիր, Բագրատ, ուսանողական ընկերներ ենք եղել, ինչո՞ւ ենք իրար նեղացնում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դա ոչ մի կապ չունի գործի հետ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Դե որ այդպես է, լսիր ասեմ, թե ինչու չեմ ուզում մակագրել։ Ցոլակ Շատվորյանի հերն էլ անիծած։ Մի րոպե նստիր իմ տեղը, խնդրում եմ, նստիր։ (Քաջվորյանը դժկամությամբ նստում է Մեհրաբյանի բազկաթոռին) Ասենք թե ես բանվոր եմ, եկել եմ քեզ մոտ, դու էլ Սենո Մեհրաբյանն ես։ (Բանվոր խաղալով) ՛՛Ընկեր Մեհրաբյան, մի ամիս չկա, փոխանցիկ դրոշ ենք նվաճել, ահագին մարդկանց կառավարական պարգևների ենք ներկայացրել, հարյուր վաթսուն բանվորի էլ դրամական պարգև ենք տալու, ինչքան մարդ էլ շքանշան ու մեդալ պիտի ստանա։ Քաջվորյանի զեկուցագրի մասին եթե իմանան, բոլորին հետ կտան՛՛։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Շքանշաններն ու մեդալները շատ չեղա՞ն։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — ՛՛Մարդիկ արժանի են՝ ստանում են, դա էլ չստանա՞ն։ Մենք՝ բանվորներս, ի՞նչ մեղք ունենք»։ Դե պատասխան տուր։ (Դեպի սելեկտորը) Սուսաննա, Ցոլակ Շատվորյանին ինձ մոտ, շուտ։

ՑՈԼԱԿ — (Մտնելով) Կարելի՞ է։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Արի, արի, Շատվորյան Ցոլակ։ Արի, արածներիդ համար պատասխան տուր։ Այնտեղ նստիր, տորթիդ մոտ:

ՑՈԼԱԿ — (Շփոթված) Այս տորթն ինչո՞ւ եք բերել, ընկեր Քաջվորյան։

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Կեր:

ՑՈԼԱԿ — (Մեհրաբյանին) Մարդու ծննդյան օրը տորթ նվիրելու իրավունք չունե՞մ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ի՞նչ տորթ… Երկու հարյուր տոննա ցեմենտ ես ստացել, հարյուր տոննան ո՞ւր է։

ՑՈԼԱԿ — Կերել եմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Այո, կերել ես, վաճառել ես օրը ցերեկով:

ՑՈԼԱԿ — Առանց փաստաթղթի հիմա ո՞վ է շինանյութ առնում, որ ես էլ վաճառեմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դու ինձնից լավ գիտես. առաջ թուղթն են ձեռք բերում, հետո՝ շինանյութը։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Լավ, չես վաճառել, ո՞ւր է հարյուր տոննա ցեմենտը։ Երկու հարյուր տոննա ես ստացել, չէ՞։

ՑՈԼԱԿ — Երկու հարյուր տոննա դուրս ենք գրում, բայց հարյուր յոթանասուն, հարյուր ութսուն տոննայից ավել չեն լցնում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Իհարկե չեն լցնի, իրար հասկացել եք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Չեն լցնում, պահանջեք, թող լցնեն։

ՑՈԼԱԿ — (Կռիվ տալով) Ումի՞ց պահանջենք, ո՞նց պահանջենք, պահանջեմ՝ մի գրամ չեն լցնի, է՛, մի գրամ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Լավ, երկու հարյուր տոննա չի եղել, ենթադրենք հարյուր ութսուն տոննա է եղել, հարյուր յոթանասուն տոննա է եղել, յոթանասուն տոննան ո՞ւր է։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Դե պատասխան տուր մարդուն։

ՑՈԼԱԿ — Բաց մեքենայով ենք բերում, մի մասը ճանապարհին քամին վրայից տանում է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Քամին չէ տանում, դու ես տանում, դու։

ՄԵՀՐԱԲՅԱՆ – Քամին յոթանասուն տոննա ցեմենտ կտանի՞, այ տղա։

ՑՈԼԱԿ — Թղթե պարկերով ենք բերում, պատառոտված են, ծակ են, ցեմենտը թափվում է, անձրևը գալիս է վրան, քարանում է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հազար հատ ծածկ ես դուրս գրել, հինգ հարյուր հատն ո՞ւր է։

ՑՈԼԱԿ — Հազար հատ դուրս եմ գրել, ութ հարյուր հատ են տվել։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Լրիվ չեն տալիս, մի՛ ստացիր։

ՑՈԼԱԿ — Շինարարությունը կանգ առնի՞։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Թող կանգ առնի, պատասխան տվողը ես եմ։

ՑՈԼԱԿ — Առանց փողի ոչ ծածկ են տալիս, ոչ ցեմենտ, ոչ տախտակԴուք ինձանից լավ գիտեք. չես տալիս՝ չեն տալիս։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Վերակառուցումը քեզ չի վերաբերում, ընկեր։

ՑՈԼԱԿ — Որ վերակառուցում է, չկառուցե՞նք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Շենքում ընդամենը տասը-տասներկու հոգի է աշխատում, օրական հիսուն-վաթսուն մարդու փող ես դուրս գրում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ո՞ւր են այդ մարդիկ։

ՑՈԼԱԿ — Վաթսուն կոպեկով հիմա ո՞վ է գաջ քսում։ Մինչև մեկ ու հիսուն, երկու ռուբլի չտաս, ո՞վ կքսի։ Շուկայում հազար գին է փոխվել։ Բա մարդ ամբողջ օրը արևի տակ շինարարությունում աշխատի, երկու խառը կանաչու գին էլ չտա՞ս։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Տասնհինգ հոգու ռուբլիներ ես տալիս, հիսուն-վաթսուն հոգունը գրպանդ ես դնում։

ՑՈԼԱԿ — Ո՞ւմ գրպանն եմ դնում՝ ի՞մ… Չես տալիս, չեն աշխատում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Թող չաշխատեն։ Վերակառուցում է։ 

ՑՈԼԱԿ — Դե որ վերակառուցում է, թող հիմքից վերակառուցեն։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հենց հիմքից էլ սկսված է, ուղիղ հիմքից:

ՑՈԼԱԿ — (Պայթելով) Շինանյութ չեն տալիս, մինչև գնում ես հետները լեզու ես գտնում բերում, հիմա էլ շենքի վրա մարդ չի մնում, թող դրա մասին մտածեն։ Ստացածս հարյուր ութսուն ռուբլի չի՞։ Կեսը բենզինի եմ տալիս, որ իմ սեփական մեքենայով գնամ, գյուղերից մարդ հավաքեմ, բերեմ։ Գալիս են, ասում են՝ այսքան կտաս՝ կանենք, չես տա՝ չենք անի։ Եթե խախտում չանեմ, որտեղի՞ց տամ, իմ գրպանի՞ց։ Իմ արած խախտումները օրինական խախտումներ են, ես անօրինական խախտում չեմ անում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ինչ էլ տերմիններ են գտել՝ օրինական խախտում, անօրինական խախտումԾեփագործներին, որմնադիրներին, բետոն թափող կանանց կոպեկներ ես տալիս, հազարները գրպանդ ես դնում: Ո՞ւմ հաշվին։

ՑՈԼԱԿ — Հիմա էլ գող դարձրի՞ք։ Ես գող չեմ, ես պատիվ կպահանջեմ։ (Թուղթ է վերցնում Մեհրաբյանի սեղանից՝ քաշվելով մի կողմ):

ՔԱՋՎՈՐՅԱՆ — ԿպահանջեսՎաղը չէ մյուս օրը, երբ արձանագրությունը կդնեմ մինիստրի սեղանին, այն ժամանակ կպահանջես։

Հեռախոսի զանգ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Լսում եմ։

ՄԻՆԻՍՏՐ — (Ձայնը հեռախոսով) Մեհրաբյա՞ն… Ուրիշ սյուրպրիզ չէի՞ք կարող անել։ Ո՞վ է Ցոլակ Շատվորյանը, ո՞վ է այդ աշխղեկը, որ նրա համար էլ ինձ Կենտկոմ կանչեն։ Վաղը չէ մյուս օրը ես ձեզ հետ խորհրդակցությունում կխոսեմ։ Գլխավոր ինժեները որտե՞ղ է։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Այստեղ է:

ՄԻՆԻՍՏՐ — Շտապ ինձ մոտ ուղարկեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Շատ լավ: (Լսափողը դնելուց հետո) Քաջվորյան, զեկուցագիրը տուր։ (Մակագրելուց հետո, վերադարձնելով) Գնա մինիստրի մոտ, քեզ է սպասում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Ինչի՞ համար։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Չգիտեմ։ 

Քաջվորյանը մոտենում է մուտքին:

Տորթը, տորթը վերցրու։

Քաջվորյանը կտրուկ շարժումով վերցնում է տորթը և արագ դուրս գնում:

ՑՈԼԱԿ — (Հետևից) Ընկեր Քաջվորյան, տորթն ո՞ւր եք տանում։ (Քաջվորյանի գնալուց հետո) Ինչո՞ւ մակագրեցիք, հիմա ես ի՞նչ պիտի անեմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ինչ ուզում ես արա, իմ ուժերից վեր է։ Վատ ժամանակ ես ինձ փաստի առաջ կանգնեցրել։ Երկու օր ժամանակ ունես, գնա գլխիդ ճարը տես։

ՑՈԼԱԿ — Երկու օրում այս գործը գլուխ բերելու համար ինձ մեծ գումար է պետք:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Ոտքից գլուխ չափելով նրան՝ գրասեղանի դարակից հանում է փողի կապոցներ, շպրտելով): Առ… Վերցրու…

ՑՈԼԱԿ — (Հատակից հավաքելով) Կարծեմ ես ձեզ այսպես չտվեցի։

Պատկեր երրորդ

Քաջվորյանի բնակարանը: Անընդմեջ հնչում է մուտքի գանգը:

ՄԱՐԳՈ — (Դուրս գալով կից սենյակից, շտապելով դեպի դուռը): Գալիս եմ, գալիս եմ, ինչ անհամբեր տղա է։

Մտնում է Հուսիկը:

ՀՈՒՍԻԿ — Մամ, հայրիկը տա՞նն է։

ՄԱՐԳՈ — Ո՞ւր էիր։

ՀՈՒՍԻԿ — Հայրիկը տանը չի՞։

ՄԱՐԳՈ — Դու իմ հարցին պատասխանիր։

ՀՈՒՍԻԿ — Դու իմ հարցին պատասխանիր, որ ես էլ քո հարցին պատասխանեմ:

ՄԱՐԳՈ — Ես քեզ կես ժամ ժամանակ տվեցի, որ գնաս թարմանաս։ Գնացիր ու էլ չեկար։ Նայիր, ժամը քանի՞սն է։

ՀՈՒՍԻԿ — Ո՞ւմ ժամացույցով, ի՞մ։

ՄԱՐԳՈ — Դու ժամացույց պահեցի՞ր, որ ունենաս։

ՀՈՒՍԻԿ — (Փռվելով բազմոցին, ցույց տալով թևին կապած ժամացույցը) «Սեյկո»։

ՄԱՐԳՈ — Որտեղի՞ց։

ՀՈՒՍԻԿ — Ցոլակը նվիրեց։

ՄԱՐԳՈ – Ցոլա՞կը… Եվ դու վերցրի՞ր։

ՀՈՒՍԻԿ — Չէ, չվերցրի, բերեց կապեց թևիս։

ՄԱՐԳՈ — Կտանես, կտաս իրեն։

ՀՈՒՍԻԿ — Ո՞նց տամ, որ արդեն ասել եմ՝ մեղսի։

ՄԱՐԳՈ — Լավ է, ֆրանսերեն գոնե մի բառ գիտես։

ՀՈՒՍԻԿ – Օ Քեյ… Ինչ մեծ բան է որ, ժամացույց է, էլի։ Ձեզ համար է մեծ բան։ Հարյուր ռուբլին Ցոլակի համար մի ոուբլի է։ Իսկ մի ռուբլին ինչքա՞ն կլինի, եթե հարյուր ռուբլին մի ռուբլի է։ Ես թվաբանությունից թույլ եմ, դու ասա… մի կոպեկ… Իսկի մի կոպեկ էլ չի լինի։ Ցոլակն ասում է՝ ճապոնացիները ժամացույցները լցնում են ցանցերի մեջ ու քարշ տալիս օվկիանոսի ջրերի միջով։ Ճապոնացիները գի՞ժ են։

ՄԱՐԳՈ — Խելոք, փորձարկում են։

ՀՈՒՍԻԿ — Մամ, հիմա չե՞ս ասում, հայրիկը տա՞նն է։

ՄԱՐԳՈ — Տանը չէ, բայց շուտով կգա։

ՀՈՒՍԻԿ — (Վեր է կենում, սուլում է դեպի դուրս) Մամ… (Ինչ-որ բանալի է ցույց տալիս):

ՄԱՐԳՈ — Այդ ի՞նչ բանալի է։

ՀՈՒՍԻԿ — (Թավալվելով բազմոցին) Իմ անձնական օգտագործման ավտոմեքենայի։

ՄԱՐԳՈ — Վերջացրու, դու մտածիր քննություններիդ մասին։

ՀՈՒՍԻԿ — Չե՞ս հավատում։ Ցոլակն իր մեքենան նվիրեց ինձ։

ՄԱՐԳՈ — Լավ արեց։ Դու պարապիր, որ դուրս չմնաս։

ՀՈՒՍԻԿ – Վայ, չի հավատում։ Դե որ քեզ կնստեցնեմ կողքիս, կտանեմ քաղաքից դուրս, այն ժամանակ կտեսնես։

ՄԱՐԳՈ — Լավ կանես:

ՀՈՒՍԻԿ — Չե՞ս հավատում, մի հավատա։ (Գրպանից ինչ-nր թուղթ հանելով) Տես, լիազորագիր։

ՄԱՐԳՈ (Կարդում է) ՛՛Քաջվորյան Հուսիկ Բագրատի՛՛…

ՀՈՒՍԻԿ – Այդ ես եմ։

ՄԱՐԳՈ — Դու հո չե՞ս գժվել։ Նա տվեց, դու ինչո՞ւ վերցրիր։

ՀՈՒՍԻԿ — Չէի վերցնում, ստիպեց։ Ասում է՝ նվերը չեն մերժում, եթե չվերցնես, կնեղանամ: Փիրուզն ասաց՝ վերցրու, ես էլ վերցրի։

ՄԱՐԳՈ — Քանի դեռ հայրդ չի իմացել, կտանես և անմիջապես կվերադարձնես։

ՀՈՒՍԻԿ — Կվերցնի՞ որ… (Սուլում է դեպի դուրս): 

ՄԱՐԳՈ — Քեզ ասացի սենյակում մի սուլիր։ Կվերադարձնես, անպայման։

ՀՈՒՍԻԿ — Վայ, նոր գլխի ընկա, սխալ եմ սուլում։ Եղանակները խառնել եմ իրար, պիտի կարծեն, թե տանն է։

ՄԱՐԳՈ — Ո՞վ։

ՀՈՒՍԻԿ – Հայրիկը: (Սուլում է ֆուտբոլային քայլերգը) Մամ, ո՞նց են գարեջուր խմում, դառն է։

ՄԱՐԳՈ — Իսկ դու որտեղի՞ց գիտես։

ՀՈՒՍԻԿ — Ցոլակը խմեցրեց։

ՄԱՐԳՈ — Խմա՞ծ ես, այ տղա։ Աչքերիս նայիր։

ՀՈՒՍԻԿ — Ո՞վ։

ՄԱՐԳՈ — Ասենք թե նա խմեցրեց, դու ինչո՞ւ խմեցիր։ Քանի՞ բաժակ։

ՀՈՒՍԻԿ — Երկու։ Առաջին բաժակը դառն էր, քիչ մնաց մինչև վերջ չխմեի։

ՄԱՐԳՈ — Երկրորդն ինչո՞ւ խմեցիր, եթե դուր չէր գալիս։ 

ՀՈՒՍԻԿ — Երկրորդը դառը չէր։ Սրանից հետո էլ առաջին բաժակը չեմ խմելու, երկրորդ բաժակն եմ խմելու։

ՄԱՐԳՈ — Քո գարեջուր խմելու ժամանա՞կն է։ Ո՞վ է պարապելու քո փոխարեն։

ՀՈՒՍԻԿ — Շամպայնը դառը չի, շամպայն խմե՞մ։ Այսինքն՝ շամպայն էլ եմ խմել։ Ցոլակը Փիրուզի հետ ինձ էլ տարավ ռեստորան։

ՄԱՐԳՈ — Ի՞նչ գործ ունեիք ռեստորանում, նա ինչո՞ւ է տարել։

ՀՈՒՍԻԿ — Ասե՞մ… Այսօր Փիրուզը և Ցոլակը… (Դռան զանգ) Թող գան, իրենք ասեն։

Մտնում են Ցոլակն ու Փիրուզը:

ՑՈԼԱԿ — Այդ ի՞նչ էիր սուլում։

ՀՈՒՍԻԿ — Խառնել էի։

ՄԱՐԳՈ — Ցոլակ, սա անելու բա՞ն է, որ արել եք։ Ինչո՞ւ եք խմեցրել։

ՓԻՐՈՒԶ — Մամ, կարող ես շնորհավորել։

ՄԱՐԳՈ — Ինչի՞ համար։

ՓԻՐՈՒԶ — Ցոլակ, դու ասա։

ՑՈԼԱԿ — Չէ, դու ասա։

ՀՈՒՍԻԿ — (Համբերությունը հատած) Դու ասա, դու ասա… Մամ, նրանք ամուսնացել են։

ՄԱՐԳՈ — Դու ի՞նչ ես հիմա-հիմար խոսում։

ՓԻՐՈՒԶ — Ցոլակ, վկայականը ցույց տուր։

ՄԱՐԳՈ – (Աչքի անցկացնելով) Դուք հո չե՞ք խելագարվել։ Առանց հորդ համաձայնությա՞ն։

ՓԻՐՈՒԶ — Մամ, դա վաղուց էր որոշված։ Չե՞ս շնորհավորում։

ՄԱՐԳՈ — Շնորհավորում եմ, բայց հորդ ի՞նչ պատասխան պիտի տաս։ Հետևանքների մասին չե՞ք մտածում։

ՑՈԼԱԿ — Տիկին Մարգո, եթե սիրում են, հետևանքների մասին չեն մտածում։ Մի օր պիտի գնայինք, ի՞նչ տարբերություն։

ՓԻՐՈՒԶ — Մամ, կամ Ցոլակը, կամ՝ ոչ ոք։

ՑՈԼԱԿ — Մամ(Ուղղելով) Տիկին Մարգո, կամ Փիրուզը, կամ՝ ոչ ոք։

ՀՈՒՍԻԿ — (Կատակով) Մամ, կամ մեր կուրսի Աիդան, կամ՝ ոչ ոք։

Դռան զանգ:

ՓԻՐՈՒԶ — (Տագնապով) Հայրիկը եկավ։ Մամ, մի բան մտածիր։

ՄԱՐԳՈ — (Խառնված) Գնացեք, առայժմ գնացեք քո սենյակը։ Հուսիկ, դուռը բաց։ Չէ, սպասիր, հայրիկին ի՞նչ պիտի ասենք։

ՀՈՒՍԻԿ — Մամ, հանգստացիր, հիմա, հիմա… (Հինգերորդ աթոռն է մոտեցնում սեղանին) Մեկ, երկու, երեք, չորս, հինգՀիմա գնամ բացեմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Մտնելով) Մարգո՞… Ինչո՞ւ չեք բացում, հը, չլինի՞ բան է պատահել։

ՄԱՐԳՈ — Չէ, ոչ մի բան… նստեք ճաշենք:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Քաղցած եմ գայլի պես։ (Տեղավորվում են սեղանի շուրջը):

ՄԱՐԳՈ — (Հաշվում է աթոռները՝ ասես անելանելի վիճակից դուրս գալու համար) Մեկ, երկու, երեք, չորս, հինգ…

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Տարակուսանքով, շուտասելուկի պես) Վեց, յոթ, ութ, ինը, տասը…

ՀՈՒՍԻԿ — (Կատակի վերածելով) Տասնմեկ, տասներկու, տասներեք, տասնչորս, տասնհինգ…

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հետո՞… Փիրուզն ո՞ւր է։

ՄԱՐԳՈ – Ը, ը՜… Գնամ ճաշը բերեմ։

ՀՈՒՍԻԿ — Դե լավ, էլի, մամ, ումի՞ց ես թաքցնում։ (Դեպի կից սենյակը) Ներս եկեք։

Մտնում են Ցոլակն ու Փիրուզը: Քաջվորյանն անակնկալի եկած, հանդիմանական նայում է Մարգոյին:

ՄԱՐԳՈ — (Ուսերը թոթվելով) Ի՞նչ…

ՔԱՋՎՈՐՅԱն — (Ցոլակին) Ինչո՞ւ եք եկել։ Այդ հարցն արդեն փակված է։ Վաղը մինիստրությունում կորոշեն։

ՑՈԼԱԿ — Ինչ ուզում են, թող որոշեն։ Ես հո դրա համար չեմ եկել։

ՓԻՐՈՒԶ — Հայրիկ, ինչո՞ւ այդքան խիստ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Եթե փաստաթղթերը ցույց տամ, այն ժամանակ կիմանաս։

ՓԻՐՈՒԶ – Հայրիկ, չտանես։

ՄԱՐԳՈ — Բագրատ, գուցե այդ փաստաթղթերը մինիստրություն չտանես։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հիմա էլ ձեզ է խնդրել, հա՞, որ միջամտեք։

ՑՈԼԱԿ — Ո՞վ։ Ես ոչ մեկի ոչինչ չեմ խնդրել։

ՄԱՐԳՈ — Նա չի խնդրել, մենք ենք խնդրում։

ՓԻՐՈՒԶ — Հայրիկ, ես եմ խնդրում։

ՑՈԼԱԿ — Տիկին Մարգո, Փիրուզ, ես էլ խնդրում եմ, որ չխնդրեք։

ՓԻՐՈՒԶ — Ոչ, չպիտի տանի։ Հայրիկ, խնդրում եմ։ 

ՄԱՐԳՈ — Լավ, լավ, դա հետո։ Նստեք, ճաշենք։ Ցոլակ, նստիր:

ՓԻՐՈՒԶ — Նստիր, Ցոլակ:

Ցոլակը նստում է:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Կտրուկ վեր է կենում, գնում նստում է բազմոցին՝ թերթն առնելով ձեռքը) Իզուր հույսեր չփայփայեք։ 

ՄԱՐԳՈ — Մարդ է եկել տունդ, Բադրատ, անհարմար է։ 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Սա ուրիշ հարց է։ Դուք ինձնից հյուրասեր չլինեք:

ՓԻՐՈՒԶ – Հայրիկ, բայց Ցոլակը հյուր չէ մեր տանը։  

ՑՈԼԱԿ — (Շշուկով) Փիրուզ, ասա։

ՓԻՐՈՒԶ — Դու ասա։

ՀՈՒՍԻԿ — Դե դուք էլ ի՞նչ եք՝ դու ասա, դու ասաՆրանք ամուսնացել են։

Քաջվորյանի ձեռքից սահում, ընկնում է թերթը:

ՄԱՐԳՈ — Զագսից են գալիս։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Դեռ ուշքի չեկած) Փիրո՞ւզ…

ՓԻՐՈՒԶ — Հայրիկ, ես ուզում էի

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Բռնկվելով) Ոչ մի հայրիկ։ Այն ժամանակ են հայրիկ ասում, երբ հաշվի են առնում հորը։ Հայրիկ չկա, գոյություն չունի և չի էլ ունեցել։ Կգնաս, դիմումդ հետ կվերցնես, քանի դեռ ուշ չէ։

ՄԱՐԳՈ — Բագրատ, արդեն ուշ է, գրանցվել են։ 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Նախահարձակ լինելով) Աղջկաս հետ ի՞նչ գործ ունես։ Վերջին հնարավորությո՞ւնն ես օգտագործում։

ՑՈԼԱԿ — Մենք փոխադարձ համաձայնությամբ ենք գնացել։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Իսկ ինչո՞ւ էիր հիմա՛, հիմա՛ գնում։ Դու չգիտե՞ս, որ գործդ դատախազություն է հանձնվելու։

ՑՈԼԱԿ — Հանձնեք: Եթե մեղավոր եմ, թող դատեն: Հիմա գնացի, որ Փիրուզն իմը լինի։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Փիրուզը երբեք քոնը չի լինի։

ՑՈԼԱԿ — Եթե սիրում եմ, ամուսնանալու իրավո՞ւնք էլ չունեմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ո՞ւմ ես սիրում, ինչո՞ւ ես սիրում, հանուն ինչի՞ ես սիրում։

ՓԻՐՈՒԶ — Ինձ է սիրում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Իսկ դու գիտե՞ս, թե նա ով է։

ՓԻՐՈՒԶ — Գիտեմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չգիտես։ Գող է, ահա… (Ցույց է տալիս փաստաթղթերը) Տես, տես, նա պիտի նստի։

ՓԻՐՈՒԶ — Հայրիկ…

ՄԱՐԳՈ — Բագրատ…

ՑՈԼԱԿ — (Խոցված) Եթե ես նույնիսկ գող լինեի, դուք հիմա դա չպիտի ասեիք։ Ես դիմանում եմ, դիմանում եմ հանուն Փիրուզի։ Թող ձեզ չթվա, որ ես արժանապատվություն չունեմ։ Նույնիսկ գողերն արժանապատվություն ունեն, իսկ ես գող չեմ, ես կոնսերվատորիա եմ ավարտել, մեկի փոխարեն երկու դիպլոմ ունեմ։

ՄԱՐԳՈ — Ճիշտ է ասում, Բագրատ, եթե ուզենար գող դառնալ, երկու դիպլոմ կունենա՞ր։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Հիմա բոլոր գողերն էլ դիպլոմ ունեն։ Քի՞չ գողեր կան, որ կուսակցական տոմս ունեն գրպանում։

ՑՈԼԱԿ — Դուք ինձ վիրավորում եք, ընկեր Քաջվորյան, անընդհատ վիրավորում եք։ Բոլորը միանգամից գող դառա՞ն։ Դարձրին՝ դառան։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չորս հարյուր հազարանոց շենքից վաթսուն հազար ռուբլի ուտե՞ն։

ՄԱՐԳՈ – Լավ, էլի, Բագրատ, չեմ հավատում։ Ինչպե՞ս են կերել։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մասնագիտորեն։ Դու բուսաբան ես, Մարգո, ինձնից լավ գիտես, բույսերի ցողունները ո՞նց են սղոցում կրծողները, ծառերի բները ո՞նց են ծակծկում թրթուրները՝ մասնագիտորեն։ Մեկ էլ նայում ես, տեսնում հսկայական ծառի բունը փուչ է։ Օդում տարածված կանաչ ճյուղերով չխաբվեք, փչակին նայեք, թե ներսում քանի մարդ կտեղավորվի: Մենք բոլորս էլ ներսում ենք, կրծողներն են դրսում։ 

ՑՈԼԱԿ — Նորից վիրավորում եք։

ՓԻՐՈՒԶ — Քո մասին հո չի ասում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Խոսքը հենց նրա մասին է։ Փիրուզ, աղջիկս, դու կոնսերվատորիա ես ավարտել, լավ դաշնակահարուհի ես, ո՞ւմ հետ ես ուզում կապել կյանքդ։

ՓԻՐՈՒԶ – Հայրիկ, Ցոլակն էլ է կոնսերվատորիա ավարտել։

ՀՈՒՍԻԿ — Փողային գործիքներիՓողային… Մեջն էլի փող կա։

ՄԱՐԳՈ — Այդպիսի ֆակուլտետ գոյություն չունի։  

ՀՈՒՍԻԿ — Ունի։

ՓԻՐՈՒԶ — Չունի։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ունի։ Ճիշտ ես, տղաս։ Ամբողջ երկիրը ոտքի է կանգնել, որ այդ ֆակուլտետը փակի, դուք ասում եք՝ չունի։ Տարիների ընթացքում այդ ֆակուլտետը երկրին հազարավոր, հարյուր հազարավոր շրջանավարտներ է տվել։ Դրա համար է փակելն այսքան դժվար։ Բայց ինչո՞ւ պիտի այս երկրում բացվեր, դա չհասկացանք։ Եթե գոյություն չունի, որտեղի՞ց այսքան գող։ Դու նրա կինը չես դառնա։ Մնացածը վաղը, մինիստրությունում։ (Մտնում է կից սենյակը):

Դադար:

ՑՈԼԱԿ — (Մատանի է դնում Փիրուզի մատին, ականջօղեր ամրացնում, Մարգոյին մատուցում ապարանջան՝ տուփով, Փիրուզի հետ կանգնելով կողք կողքի) Սա էլ մեր կյանքի ամենաերջանիկ օրը։

Փիրուզը հեծկլտում է: Մարգոն գնում է ամուսնու ետևից:

ՀՈՒՍԻԿ — (Լարված) Այդ ի՞նչ ես արել, Ցոլակ, ի՞նչ ես գողացել, այդ ի՞նչ է ասում հայրս:

ՑՈԼԱԿ — (Մի կողմ քաշված, նստել է բազմոցի ծայրին, կարծես ավելի շատ ինքն իր հետ) Ոչ մի բան։ Շենք եմ կառուցում, ասում են՝ մի կառուցիր։ Չեն ուզում՝ չեմ կառուցի։ Իզուր էլ արվեստը թողեցի։ Բայց դե շինարար ժողովուրդ ենք՝ արյուն կա, բան կա, ձգում է, ես մեղք ունե՞մ։ Ժամանակին Զվարթնոց են կառուցել, Գառնի, Գեղարդ են կառուցել, Հռիփսիմե են կառուցել, չեն թողնում, որ մենք էլ մերը կառուցենք: Նրանք տաղանդ են ունեցել, մենք չունե՞նք: Նույն ժողովուրդը չե՞նք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Գալիս է՝ հետևից Մարգոն) Ես այլևս ասելիք չունեմ։

ՄԱՐԳՈ — Մինչև վերջ լսիր, հետո։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մարգո, թողնեմ գնա՞մ այստեղից։ 

ՄԱՐԳՈ — Դու չես գնա, ես կգնամ։

ՑՈԼԱԿ — Ոչ մեկդ էլ մի՛ գնացեք, խնդրում եմ, ես կգնամ։ Ինչո՞ւ դուք ձեր տնից թողնեք գնաք իմ պատճառով:

ՓԻՐՈՒԶ — Մայրիկ… (Մոր ականջին ինչ-nր բան է ասում):

Մարգոն ցնցվում է՝ կորցնելով ինքնատիրապետումը:

ՀՈՒՍԻԿ — (Նետվելով դեպի մայրը) Մամ…

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մարգո…

ՄԱՐԳՈ — (Փորձելով տիրապետել իրեն) Լավ, լավ… (Մոտենում է ճաշասեղանին, մեքենաբար ամաններն է հավաքում, ուժ չգտնելով իր մեջ, հանկարծակի փղձկում է՝ փլվելով աթոռին):

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Նոր միայն հասկանալով, մղվելով աոաջ) Ի՞նչ է ծնվելու, ինչո՞ւ է ծնվելու, որպես ի՞նչ է աշխարհ գալու։ Ապօրինաբար ապրում եք, ապօրինաբար էլ ծնո՞ւմ եք։ 

ՀՈՒՍԻԿ — (կատաղությամբ) Ցոլակ, գնա այստեղից։ 

ՓԻՐՈՒԶ — Քո գործը չէ, դու մի՛ խառնվիր։ Սպասիր, Ցոլակ։ (Ձեռքն առնելով հոր՝ քիչ առաջ ցույց տված փաստաթղթերը) Հայրիկ, այս թղթերն ինձնից թա՞նկ են քեզ համար։ Թանկ են, հա՜… (Պատառոտում է) Թա՞նկ են…

ՄԱՐԳՈ – Փիրո՜ւզ…

ՑՈԼԱԿ — Փիրուզ, ի ՞նչ ես անում։

ՀՈՒՍԻԿ – Փիրո՜ւզ…

ՓԻՐՈՒԶ — (Ինքնամոռաց) Թա՞նկ են, հա՞, թա՞նկ են…

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ինձ համար աշխարհում քեզնից թանկ ոչինչ չկա։ (Ապտակում է):

ՄԱՐԳՈ – Բագրա՜տ...

Փիրուզը վերցնելով պայուսակը՝ նետվում է դուրս:

ՀՈՒՍԻԿ — Փիրո՜ւզ…

ՓԻՐՈՒԶ — Թող ինձ։

ՑՈԼԱԿ — Փիրուզ, սպասիր։ (Գնում է հետևից):

ՄԱՐԳՈ — (Ամուսնուն) Աղջկաս բախտի հետ ես խաղո՞ւմ: Ես էլ չեմ մնա այս տանը։ (Գնում է):

ՀՈՒՍԻԿ — (Հետևից) Մամ, դու ո՞ւր ես գնում։ (Նստելով հոր կողքին, կարճատև դադարից հետո) Ճաշը տաքացնե՞մ: Քաղցած մնացիր։

Հեռախոսի զանգ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ես տանը չեմ:

ՀՈՒՍԻԿ — (Վերցնելով լսափողը) Լսում եմ: 

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ձայնը հեռախոսով) Ընկեր Քաջվորյանի բնակարա՞նն է։

ՀՈՒՍԻԿ — Այո։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկեր Քաջվորյանին ասեք, որ վաղը արձանագրությունը փաստաթղթերի հետ միասին լինի ընկեր Մեհրաբյանի սեղանին։

ՀՈՒՍԻԿ — Կասեմ։ (Դնում է լսափողը):

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ո՞վ էր:

ՀՈՒՍԻԿ — Մեհբարյանի քարտուղարուհին։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ի՞նչ էր ասում։

ՀՈՒՍԻԿ — Ասում էր՝ վաղը արձանագրությունը փաստաթղթերի հետ միասին լինի Մեհրաբյանի սեղանին։

Քաջվորյանը, հայացքը սահեցնելով հատակին թափված թղթերին, անցնում է կից սենյակը: Հուսիկը հավաքում է պատառոտված թղթերը, փորձում է վերականգնել, չի հաջողվում: Ճմռթելով բռան մեջ՝ շպրտում է:

Վարագույր

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Պատկեր չորրորդ

Մեհրաբյանի աշխատասենյակը:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Մտնելով) Բարև ձեզ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Բ արև։ «Ձեզը» մեջտեղից հանիր։ Նստիր: 

ՄԱՏԻՆՅԱՆ — (Մտնելով) Ներեցեք…

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ի՞նչ կա:

ՄԱՏԻՆՅԱՆ — (Նկատելով Քաջվորյանին) Ոչինչ… Ես հետո կգամ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (հետևից) Մատինյան, մի րոպե… 

ՄԱՏԻՆՅԱՆ — (Խուսափելով) Հիմա, հիմա կգամ (Գնում է): 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Բագրատ, դու ի՞նչ մարդ ես։ Ափսոս, երևի դու էլ չգիտես։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Գնո՞ւմ ենք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Կգնանք, դեռ կես ժամ կա։ Եթե ես քեզ նման անկաշառ, ազնիվ, անաղարտ, սկզբունքային մի տասը հոգի ունենայի, գիտե՞ս ինչեր կանեի։ Ուրեմն դեռ քեզ նման մարդիկ էլ կա՞ն։ Երկու գիշեր է չեմ քնում, քո մասին եմ մտածում։

ԵՂՈՅԱՆ — (Մտնելով) Ներեցեք, չե՞ք ստորագրի։ 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Վաղն առավոտյան կբերես։

ԵՂՈՅԱՆ — Սիրով։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Հետևից) Ընկեր Եղոյան, մի րոպե… 

ԵՂՈՅԱՆ — (Խուսափելով) Հիմա, հենց հիմա գալիս եմ: (Գնում է):

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ի՞նչ էի ասում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Երկու գիշեր է, չեք քնում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Հա, երկու գիշեր է չեմ քնում, քո մասին եմ մ տածում։ Մինիստրն ի՞նչ էր ասում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Առանձնապես ոչինչ:

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Իսկ ինչո՞ւ էր կանչել:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Կենտկոմ էին ահազանգել: Չե՞նք գնում։ 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Դե լավ, արձանագրությունը տուր։ 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Տալով) Խնդրեմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Աչքի անցկացնելուց հետո) Ստորագրություններն ո՞ւր են։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Արձանագրությունը չկա, նորն եմ կազմել։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ինչպե՞ս թե՝ չկա։ Նորն ես կազմել, տայիր, թող ստորագրեին։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Տվել եմ, չեն ստորագրում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ինչո՞ւ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Փաստաթղթերը կորցրել եմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ի՞նչ է նշանակում՝ կորցրել եմ… Որտե՞ղ ես կորցրել։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չգիտեմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Հիմա մենք մինիստրություն ենք գնում, դու պատկերացնո՞ւմ եսՍա մինիստրության համար փաստաթուղթ չի։ Հիմա մենք ի՞նչ ենք անելու։ (Դեպի  սելեկտորը) Սուսաննա, արտադրական բաժնի պետին և գլխավոր հաշվապահինՇտապ թող գան։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չեն ստորագրի։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Թող փորձեն չստորագրել։ Վարչության հեղինակության հետ են խաղո՞ւմ։ Խնդրելով կստորագրեն։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Եթե նույնիսկ չստորագրեն, կարիք չկա անհանգստանալու, ես ամեն ինչ հիշում եմ։ Մինիստրությունում կասեմ ճշմարտությունը։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ի՞նչ ճշմարտություն… (Թուղթ ծածանելով օդում) Արձանագրությունն է պետք, փաստաթղթերն են պետք։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ձայնը դրսից) Ընկեր Մատինյան… Հայրիկ… Արագացրեք:

ԵՂՈՅԱՆ — (Մտնելով, հետևից Մատինյանը) Եկա, բալաս։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — (Բռնկվելով) Վերջ տվեք, սա հիմնարկություն է, ի՞նչ հայրիկ, ի՞նչ բալա։ Ինչո՞ւ եք հրաժարվում ստորագրելուց։

ՄԱՏԻՆՅԱՆ — Չենք հրաժարվում, խնդրեմ, ստորագրենք, հարցը դա չի։

ԵՂՈՅԱՆ — Հարցը դա չի, սիրով։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ժամանակ մի կորցրեք, մեր րոպեները հաշված են։ (Քաջվորյանին) Հիմա տես ոնց են ստորագրում։ Ստորագրեք, ո՞ւմ եք սպասում։

ՄԱՏԻՆՅԱՆ — Ինչի՞ հիման վրա ստորագրենք։ Փաստաթղթերը չկան։

ԵՂՈՅԱՆ — Ինչի՞ հիման վրա ստորագրենք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Վստահություն էլ չկա՞։ Դեպք է, պատահել է, մարդը կորցրել է։ Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, ստորագրեք։ (Ձայնը բարձրացնելով): Հը, Մատինյան, ո՞ւմ ես սպասում, ստորագրեք։

Մատինյանը փորձում է ստորագրել, Մեհրաբյանը Քաջվորյանից աննկատ բռնում է ձեռքը:

ՄԱՏԻՆՅԱՆ — (Հասկանալով Մեհրաբյանին) Ձեզ շատ եմ հարգում, բայց չեմ ստորագրի:

ԵՂՈՅԱՆ — Անձամբ ես ավելի շատ եմ հարգում, բայց չեմ ստորագրի։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ինձ ձեր հարգանքը պետք չի, ստորագրեք, ասում եմ։

ՄԱՏԻՆՅԱՆ — Շատ ներողություն, բայց դուք իրավունք չունեք ստիպելու։

ԵՂՈՅԱՆ — Իրավունք չունեք, մենք կբողոքենք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Գնացեք, ուր ուզում եք բողոքեք։ Տասնհինգ րոպե հետո  մինիստրություն ենք մտնում, դատարկ ձեռքերով գնա՞նք։

ՄԱՏԻՆՅԱՆ — Չէ, ես չեմ ստորագրի։

ԵՂՈՅԱՆ — Ես էլ չեմ ստորագրի։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Մինիստրությունում պատասխան կտաք։

ՄԱՏԻՆՅԱՆ — Կտանք։ Անցան այդ ժամանակները

ԵՂՈՅԱՆ — Անցա՞ն որ…

ՄԱՏԻՆՅԱՆ — Այո, անցան։

ԵՂՈՅԱՆ — Դե որ անցան, մինչև հիմա ինչ որ արել ենք, էլ չենք անի։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ձեզ թվում է, թե մարդկությունը վերացա՞վ, մարդուն կործանելուց հեշտ բա՞ն։ Սխալ եք հասկացել կուսակցության գիծը։ (Ճառային տոնով) Հիմա ամեն ինչ արվում է մարդու համար։ (Անցնելով սովորական տոնի) Բայց դուք մարդ չեք։

ՄԱՏԻՆՅԱՆ — Խնդրեմ, առանց անձնական վիրավորանքի։

ԵՂՈՅԱՆ — Առանց անձնական վիրավորանքի։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Լեզու են առել, սպառնում էլ են, ահա դեմոկրատիայի արդյունքը։ (Քաջվորյանին) Դե հիմա դու ասա, ես ի՞նչ անեմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ինչ որ պետք է, դուք արդեն արել եք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ի՞նչ եմ արել։ Տեսա՞ր չստորագրեցին։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չեն էլ ստորագրի, որովհետև դուք չեք ուզում։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ո՞վ, ե՞ս… Սխալ բաներ ես խոսում։ Գնացինք:

ԵՂՈՅԱՆ — Սուսաննա, ես գնում եմ մինիստրություն, մորդ ասա, որ շուտ չեմ գա։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Հետևից) Հայրի՜կ…

ԵՂՈՅԱՆ — Ջանա՜…

Գնում են:

Պատկեր հինգերորդ

Մինիստրի ընդարձակ առանձնասենյակը: Մինիստրի տեղակալը և մինիստրության պատասխանատու աշխատողները հավաքվում են խորհրդակցության: Նկատելով տորթը՝ համտես են անում: Մտնում են Մեհրաբյանը, Քաջվորյանը, Եղոյանը, Մատինյանը:

ԳԱԼՍՏՅԱՆ — Մինիստրը… (Բոլորն զգաստանում են՝ զբաղեցնելով իրենց տեղերը):

ՄԻՆԻՍՏՐ — (Մտնելով) Բարև ձեզ, ընկերներ։ (Նկատելով ոտքի կանգնած Մեհրաբյանին) Նստեք, ընկեր Մեհրաբյան։ (Կարճատև դադարից հետո) Մեր մինիստրության համակարգում մեկ տասնամյակ առաջ ստեղծված շինարարական վարչության երկրորդ կառույցում տեղի ունեցած հափշտակումների և չարաշահումների մասին։ Զեկուցող՝ մինիստրի տեղակալ Ենգոյան։

ԵՆԳՈՅԱՆ — Շինարարական վարչության երկրորդ կառույցից հափշտակվել է վաթսուն հազար երկու հարյուր վաթսունհինգ ռուբլի գումար։

ԵՆՈՔՅԱՆ — Ես ներողություն եմ խնդրում՝ որքա՞ն…

ԵՆԳՈՅԱՆ — Վաթսուն հազար երկու հարյուր վաթսունհինգ ռուբլի։ Գաղտագողի ճանապարհով շինանյութերի զգալի մասը պետական ավտոմեքենաներով պարբերաբար վաճառվել է ամառանոց կառուցողներին։ Կատարված շինարարական աշխատանքների դիմաց փող է դուրս գրվել տասնապատիկ ավելի, քան նախատեսված է ԽՍՀՄ շինարարության մինիստրության կողմից հաստատված վարձատրության դրույքներով։ Շինարարությունում աշխատող տասնհինգ բանվորի փոխարեն աշխատավարձի ցուցակում գրանցված է վաթսունհինգ մարդ։ Այսպես կոչված հիսուն մեռյալ հոգիներ մի ամբողջ տարի վարձատրվել են չկատարված աշխատանքի դիմաց։

ՇԵԿՈՅԱՆ — (Բազմանշանակ) Դա-ա՜…

ԵՆԳՈՅԱՆ — Խախտումներ են տեղի ունեցել նախագծի իրականացման գործում։ Աշխղեկ Ցոլակ Շատվորյանը լեզու է գտել պատվիրատուի հետ՝ շատ դեպքերում չարվածը ներկայացրել արվածի տեղ: Արհեստականորեն թանկացել է կառուցվող շենքի ինքնարժեքը։ Հափշտակումները և չարաշահումները տեղի են ունեցել շինվարչության ղեկավարության թույլ վերահսկողության և հանցագործ անտարբերության հետևանքով։ Ընդամենը մեկ ամիս առաջ գլխավոր ինժեներ Բագրատ Քաջվորյանը մինիստր ընկեր Բաբաջանյանին ներկայացրել է զեկուցագիր համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։ Մինիստրը զեկուցագրի վրա մակագրել է՝ անձամբ մանրամասն ստուգել, կազմել հանձնաժողով և ստուգման արդյունքները պաշտոնապես ներկայացրել մինիստրության կոլեգիայի քննարկմանը։ Այսքանը։

ՄԻՆԻՍՏՐ — Ընկեր Քաջվորյան…

ՔԱՋՎՈՐՅԱՆ – (Կանգնում է) Ընկերներ, չորս ամիս առաջ ինձ նշանակել են գլխավոր ինժեներ։ Քանի անգամ եմ բողոքել, որ աշխղեկ Ցոլակ Շատվորյանը խայտառակ խախտումներ է անում, բայց ի՞նչ օգուտ, վարչության պետը զեկուցագրերիս ընթացք չի տալիս։ Ձուկը գլխից է հոտած, ո՞ւմ եք մեղադրում։

Իրարանցում, աղմուկ:

ՄԻՆԻՍՏՐ — Ավելորդ արտահայտություններ միխ թույլ տվեք։ Ընթացք չէր տալիս, իրենից վերև բողոքեիք՝ մինիստրություն գոյություն ունի, քաղկոմ կա, շրջկոմ կա։ Զեկուցագրերով եք բավարարվել։ Դա ի՞նչ հաշտվողականություն է, դա ի՞նչ լիբերալիզմ է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Բողոքել եմ, ձեզ եմ բողոքել, ընկեր Բաբաջանյան։

ՄԻՆԻՍՏՐ — Բողոքել եք, բայց ե՞րբ… Մի ամիս առա՞ջ։ 

ԵՆՈՔՅԱՆ — Ընդամե՞նը։

ՄԻՆԻՍՏՐ — Շարունակեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Գործը դատախազություն էի հանձնում, վարչության պետը զեկուցագիրը չէր մակագրում։ Ամենամեծ հանցավորը ոչ թե գողն է, այլ նրան հովանավորողը։ Հովանավորողներն ավելի շատ են, քան գողերը, որովհետև նրանք էլ ունեն իրենց հովանավորողները։

Իրարանցում, աղմուկ:

ԳԱԼՍՏՅԱՆ — Անպատասխանատու հայտարարություններ մի՛ արեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Եվ ընդհանրապես, այդ ինչպե՞ս է պատահում, որ պետին ենթականերն ավելի լավ են ճանաչում, քան նրա ղեկավարները։

ՄԻՆԻՍՏՐ — Դուք ձեր մասին խոսեք, ընկեր գլխավոր ինժեներ։ Շարունակեք:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ես ընդունում եմ իմ սխալները։

ՄԻՆԻՍՏՐ — Հենց այդտեղից էլ պիտի սկսեիք։ Շարունակեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Որպես գլխավոր ինժեներ ես էլ մեղք ունեմ։

ՍՈՂՈՅԱՆ — Այ, ապրեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Բայց եթե շարունակենք այսպես աշխատել, սուտ է, ոչինչ չի փոխվելու, չի փոխ-վե-լ ու։

ՄԻՆԻՍՏՐ — Դուք վերջացրի՞ք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ Այո:

ՇԵԿՈՅԱՆ — Դա-ա՜…

ՄԻՆԻՍՏՐ — Ընկեր ՄեհրաբյանԽնդրեմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընկերներ, ես այսօր անկեղծ պիտի խոսեմ։ Կարելի՞ է, ընկեր Բաբաջանյան։

ՄԻՆԻՍՏՐ — Ոչ թե կարելի է, այլ արդեն պարտադիր է։ Շարունակեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ճիշտն ասած, սկզբում երբ իմացա, որ ընկեր Քաջվորյանն առանց ինձ տեղյակ պահելու զեկուցագիր է ներկայացրել ձեզ, առանձնապես լավ չզգացի։ Հետո մտածեցի, որ դա իր իրավունքն է։

ՄԻՆԻՍՏՐ — Գլխավոր ինժեները ճիշտ է վարվել։ Ձեզ նման վարչության պետին պետք էր շրջանցել։

Գլխով հավանության նշաններ են անում:

Շարունակեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Այո, ընկերներ, ես ընդունում եմ. վարչության ղեկավարությունը պետք է ավելին իմանար, քան գիտեր։ Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Ցոլակ Շատվորյանի գործը կհանձնվի դատաքննչական օրգաններին։ Եթե իրոք նա մեղավոր է, կստանա իր արժանի պատիժը։ Պետությանը հասցված նյութական վնասը կհատուցվի։

ՔՐՄՈՅԱՆ — Ասենք թե նյութական վնասը հատուցվեց, իսկ բարոյական վնա՞սը, ընկեր վարչության պետ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մենք ձեզ փոխանցիկ դրոշ ենք տալիս, կառավարական պարգևների ենք ներկայացնում, տասնյակ մարդիկ շքանշաններ ու մեդալներ պիտի ստանանԻնչի՞ համար՝ գողությա՞ն: (Հարվածում է սեղանին):

ՄԻՆԻՍՏՐ — (Զարմանքով) Ընկեր Սուփրիկյան, ի՞նչ պատահեց։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ներեցեք, ես հուզվում եմ։

ՄԻՆԻՍՏՐ — Մի հուզվեք, մի հուզվեքնստեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընկերներ, ես ամբողջովին ընդունում եմ վարչության ղեկավարության հասցեին, անձամբ իմ հասցեին ասված ծանր խոսքերը։ Մենք արժանի ենք ավելի ծանր խոսքերի։ Անձամբ ինձ՝ իմ թույլ տված լուրջ վրիպումների և սխալների համար ինչ պատիժ էլ տաք, քիչ կլինի։ Ես դա ասում եմ ամենայն անկեղծությամբ։ Ինչ որ եղել է, իհարկե, կարող էր չլինել։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Չէր կարող, քանի դուք կաք։

ԳԱԼՍՏՅԱՆ — Ընկեր, խորհրդակցությունում եք գտնվում։

ՔՐՄՈՅԱՆ — Թող խոսի, ի՞նչ է եղել։ (Քթի տակ) Հետո էլ ասում են՝ հրապարակայնություն:

ՄԻՆԻՍՏՐ — Ընկեր Քրմոյան, հրապարակայնություն՝ դա դեռ չի նշանակում, որ ով ինչ ուզի, որտեղ ուզի ասի։ (Մեհրաբյանին) Շարունակեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ես շնորհակալություն եմ հայտնում մինիստրության ղեկավարությանը, անձամբ ձեզ, ընկեր Բաբաջանյան, կատարված չարաշահումներն ու հափշտակումները բացահայտելու, մեր ձեռքը վարչության ամենացավոտ տեղի վրա դնելու համար։ Սա մեծ, շատ մեծ դաս է մեզ համար: Մենք պետք է լուրջ հետևություններ անենք և մեր հետագա աշխատանքը վերակառուցենք կուսակցության նոր պահանջների ոգով։

ՄԻՆԻՍՏՐ — Խոսքո՞վ, թե՞ գործով։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — ԽոսքովՆերեցեք, գործով։

ՄԻՆԻՍՏՐ — Դուք միանգամայն ճիշտ նկատեցիք, ձեր գործը խոսքն է։ Նստեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ես դեռ չեմ վերջացրել։

ՄԻՆԻՍՏՐ — Դե ուրեմն շարունակեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընկերներ, այստեղ արձանագրվեց, որ հափշտակվել է վաթսուն հազար երկու հարյուր հիսունվեց ռուբլի։

ԵՆՈՔՅԱՆ — Ներեցեք, որքա՞ն…

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Վաթսուն հազար երկու հարյուր հիսունվեց ռուբլի։

ՂԱԶԱՐՅԱՆ — (Կանգնելով, կտրուկ) Ոչ, զեկուցագրում գրված է վաթսուն հազար երկու հարյուր վաթսունհինգ ռուբլի։ Եթե ինր ռուբլին ձեզ համար փող չէ, ապա պետության համար

ՄԻՆԻՍՏՐ — Նստեք, ընկեր Ղազարյան։

ՂԱԶԱՐ ՅԱՆ — Ես բավարարված եմ։

ՄԻՆԻՍՏՐ – (Մեհրաբյանին) Շարունակեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընկերներ, մեղավորը մենք ենք, որ ժամանակին չենք բռնել Ցոլակ Շատվորյանի ձեռքը։ Բայց ո՞վ բռներ…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դուք։

ՍՈՂՈՅԱՆ — Գլխավոր ինժեները։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Բայց ինչպե՞ս կարող էր գլխավոր ինժեները բռնել Ցոլակ Շատվորյանի ձեռքը, երբ նույն Ցոլակ Շատվորյանն արդեն երկու օր է, ինչ գլխավոր ինժեների փեսան է։

Շշուկներ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դուք նրան դարձրիք իմ փեսան։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ավելորդ բաներ մի խոսեք։

ՇԵԿՈՅԱՆ – Դա-ա՜…

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ո՞ւր են գնացել այդ հազարները, երբ կուսակցությունը, երկիրը, մենք բոլորս պայքարում ենք անաշխատ եկամուտների դեմ։ Ընկեր Քաջվորյան, ես կարող եմ ասել, թե ուր են գնացել։ Մինիստրության ղեկավարությունից թաքցնելու ոչինչ չունեմ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ասեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Գնացեք հարցրեք ձեր կնոջը, ձեր աղջկան, ձեր տղային, նրանք կասեն։ Ընկերներ, նվերի անվան տակ երկու հազար ռուբլիանոց ապարանջան չեն ստանում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Տեղից պոկվելով) Ի՞նչ ապարանջան, Մեհրաբյան։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Հազար ռուբլիանոց ականջօղեր չեն ստանում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Իրեն կորցրած) Մեհրաբյան, ի՞նչ ականջօղ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Երեք հազար ռուբլիանոց ադամանդե մատանի չեն ստանում, ավտոմեքենա, «Սեյկո» ժամացույց չեն ստանում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Ուշքի չեկած) Ի՞նչ ես ասում, ի՞նչ մեքենա, ի՞նչ մատանի, ինչե՞ր ես խոսում

ՄԱՏԻՆՅԱՆ — (Հուշում է) Տորթը

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Այո, նվերի անվան տակ հարյուր քսան ռուբլիանոց տորթ չեն ստանում ծննդյան օրը։ Դուք տորթը բերել հասցրել եք մինիստրի առանձնասենյակը, իսկ մնացա՞ծը

Իրարանցում, աղմուկ:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Ցնցված) Ընկեր Բաբաջանյան, ընկեր Բաբաջանյան…

ՄԻՆԻՍՏՐ — Նստեք։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընկերներ, դուք գիտե՞ք, որ արձանագրությունն ստորագրված չէ։

ԵՆՈՔՅԱՆ — Ներեցեք, իսկ ո՞վ պետք է ստորագրեր։ 

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Գլխավոր հաշվապահը, արտադրական բաժնի պետը։

ՄԻՆԻՍՏՐ — Ինչո՞ւ չեք ստորագրում։

ՄԱՏԻՆՅԱՆ — Փաստաթղթերը չկան, ինչի՞ հիման վրա ստորագրենք, ընկեր Բաբաջանյան։

ԵՂՈՅԱՆ – Ինչի՞ հիման վրա ստորագրենք։

ՄԻՆԻՍՏՐ — Ո՞ւր են փաստաթղթերը։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Կորցրել եմ։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Ընկեր Բաբաջանյան, մի՞թե պարզ չէ. փեսան է դարձել, փաստաթղթերը ոչնչացրել է:

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Ինքնատիրապետումը կորցրած) Ինչե՞ր ես ասում, Մեհրաբյան… Ընկեր Բաբաջանյան

ՄԻՆԻՍՏՐ — Նստեք։

ՇԵԿՈՅԱՆ – Դա-ա՜…

ՄԻՆԻՍՏՐ — Վերջ, վերջ, վերջացավ… Ընկերներ, ի՞նչ է նշանակում վաթսուն հազար երկու հարյուր վաթսունհինգ ռուբլու հափշտակում։ Դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Ո՞ւր հասանք, ընկերներ… Սրանից այն կողմ էլ տեղ կա՞:

ՍՈՂՈՅԱՆ – Չկա:

ՄԻՆԻՍՏՐ — Երկրի համբերությունն էլ իր սահմանն ունի Գլասնոստ…

ՔՐՄՈՅԱն – (Քթի տակ) Հրապարակայնություն…

ՄԻՆԻՍՏՐ — Ես դիտավորյալ եմ ռուսերեն օգտագործում այդ հիանալի բառը, որն այսօր ի պատիվ մեզ դարձել է միջազգային տերմին։ Առանց հրապարակայնության, առանց գլասնոստի մենք չենք կարող գործ անել, ընկերներ։ Նախևառաջ դա է վերակառուցման պահանջը։

Գլխով հավանության նշաններ են անում:

Դուք գիտե՞ք, որ մինչև հիմա սխալ ենք ապրել։ Այլևս սխալ ապրելու իրավունք չունենք։

Գլխով հավանության նշաններ են անում:

Մեզնից վերցված է այդ իրավունքը, վերցված է մեկընդմիշտ։ Մտածեք, մտածեք ապրել և աշխատել նորովի, նոր ձևով։ Սպասում եք, որ վերևից գան մեզ ստուգեն։ Ինքներդ ձեզ ստուգեք։ Ի՞նչ է, ես չէի՞ կարող մինիստրության կողմից ստեղծել հեղինակավոր հանձնաժողով։ Կարող էի, բայց նպատակահարմար չգտա։ Մարդիկ իրենք իրենց ստուգում են, ինչո՞ւ միջամտել։ Առաջին մարդը, որ եկել ու բացել է իմ դուռը՝ ոչ անձնական հարցով, ոչ պաշտոնի, բնակարանի, ավտոմեքենայի և կամ չգիտել էլ ինչի համար, այլ հանուն գործի, ընդդեմ խարդախության, հափշտակումների, խաբեության, գիտե՞ք ով էր…

Մեհրաբյանը կանգնում է:

Քաջվորյանն էր։

Մեհրաբյանը նստում է:

Եվ ես հոգուս խորքում շատ ուրախացա նրա այդ քայլի համար։ Մտածեցի՝ մարդիկ, իրոք, վերակառուցվում են։

ԳԱԼՍՏՅԱՆ – Բռավո՜…

ՄԻՆԻՍՏՐ — (Ձայնը բարձրացնելով) Ի՞նչ բռավո, ի՞նչ բռավոԵվ հիմա խնդրեմ, երկու հազար ռուբլիանոց ապարանջան, հազար ռուբլիանոց ականջօղեր, երեք հազար ռուբլիանոց ադամանդե մատանի, նվեր ավտոմեքենա, ՛՛Սեյկո՛՛, մեյկո… (Հարվածում է սեղանին):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մի հուզվեք։

ՄԻՆԻՍՏՐ — (Պոռթկալով) Լավ եմ անում, հուզվում եմ։ Բոլորիդ կցրեմ, մարդ չեմ թողնի։ Ընկեր Մեհրաբյան, այդ ինչպե՞ս է, որ այդքան լավ գիտես, թե ինչ է կատարվում ուրիշի տանը և չգիտես, թե ինչ է կատարվում քո, քո սեփական տանը, քո ղեկավարած վարչությունում։ Ցոլակ Շատվորյանը միանգամի՞ց հափշտակեց այդ հազարները։ Իսկ գլխավոր ինժեները որտե՞ղ է եղել, ընկեր Քաջվորյան։ Նստել նայե՞լ էԻ՞նչ է, մինիստրին չեք վստահել, Կենտկոմ եք ահազանգել։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ո՞վ, ե՞սԱռաջին անգամ եմ լսում։

ՄԻՆԻՍՏՐ — Վաթսուն հազարի հափշտակում է կատարվել, մինիստրն է մեղավո՞ր։ Ձեզ թվում է՝ մինիստրներ հանելով ամեն ինչ տեղը կընկնի՞։ Ես չլինեմ, իմ փոխարեն մեկ ուրիշը լինի, ի՞նչ տաբերություն։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ոչ մի։

ՄԻՆԻՍՏՐ — Ղեկավարներ փոխող ժողովուրդ եք, կարծում եք մեղքը ղեկավարների մեջ է, դուք ինչի՞ համար եք, դուք։ Միայն ահազանգելո՞ւ։ Գալիս էիք ինձ մոտ՝ ժամանակին գայիք։ (Բռնկվելով) Արձանագրությունն ո՞ւր է, ո՞ւր է արձանագրությունը։ Փաստաթղթերը կորցրե՜լ ենԻհարկե, կկորցնեիք։ Այդ ի՞նչ հեքիաթներ եք պատմում։ Սա ի՞նչ տնավարություն է։ Տեսնո՞ւմ եք, ընկերներՓորձեցինք առաջին անգամ առանց նախնական մշակման, առանց հարդարումների հարցը քննել, պարզվեց, որ չի կարելի։ Քարացածությունը հաղթե՞ց։

Գլխի շարժումով հավանություն են տալիս:

Հաղթեց։ Էլ ի՞նչ նորովի մտածել, ի՞նչ նորովի գործել։ (Դեպի հրավիրվածների աթոռաշարը) Ումո՞վ, ձեզնո՞վԱյսքան տարվա մինիստր եմ, ազնիվ խոսք, առաջին դեպքն է, ես այսպիսի խորհրդակցություն չեմ վարել: Ամոթ եմ զգում ինքս ինձնից, ձեզնից և ընդհանրապես ամեն ինչից:

ՇԵԿՈՅԱՆ – Դա-ա՜…

ՄԻՆԻՍՏՐ — (Պայթելով) Դե դու էլ՝ ի՞նչ դա, ի՞նչ դա… Ի՞նչ դա… ընկեր Շեկոյան։

ՇԵԿՈՅԱՆ — (Կանգնելով շփոթված) Ընկեր Բաբաջանյան, ես պարզապես…

ՄԻՆԻՍՏՐ — Նստեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Կարելի՞ է…

ՄԻՆԻՍՏՐ — Ոչ, չի կարելի։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ձայնը սելեկտորից) Ներեցեք, ընկեր Բաբաջանյան, աշխղեկ Ցոլակ Շատվորյանը խնդրում է իրեն հիմա ընդունել։

ՄԻՆԻՍՏՐ — Թող գա։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Լսում եմ։

ՑՈԼԱԿ — (Մտնելով) Բարև ձեզ։

ՄԻՆԻՍՏՐ — Բարև ձեզ։ Ուրեմն դո՞ւք եք աշխղեկ Ցոլակ Շատվորյանը։

ՑՈԼԱԿ – Այո, ես եմ։

ՄԻՆԻՍՏՐ — Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ մեղադրանքներ են ներկայացված ձեզ։

ՑՈԼԱԿ — Գիտեմ, բայց դրանք անհիմն մեղադրանքներ են, ընկեր Բաբաջանյան։ Խնդրեմ, սրանք էլ փաստաթղթերը… 

ՄԻՆԻՍՏՐ — (Աչքի անցկացնելուց հետո) Ընկեր Քաջվորյան, ծանոթացեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Թերթում է, տարակուսանքով) Ոչինչ չեմ հասկանում։

ՄԻՆԻՍՏՐ — Ինչպես երևում է, միայն շինարարությունից չէ, որ չեք հասկանում։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (սթափվելով) Նոր են ձեռք բերել՝ հին ամսաթվերովՆոր կազմված փաստաթղթեր ենհետին թվով…

ՑՈԼԱԿ – Ի՞նչ հետին թվով, ի՞նչ հին ամսաթվերով… Խնդրեմ, ընկեր Բաբաջանյան, կարող եք հանձնաժողով ուղարկել՝ դռները, լուսամուտները, պարկետը, ցեմենտը, ամեն ինչ տեղում է։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Նախահարձակ լինելով) Նոր ես բերել, նոր ես տեղադրել։

ՄԵՀՐԱԲՅԱՆ — Պարզվում է, որ դուք ձեր կառույցից էլ գաղափար չունեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ընկեր Բաբաջանյան, միասին են բերել… Հին ամսաթվերով, հետին թվով կազմված նոր փաստաթղթեր են։

ՄԻՆԻՍՏՐ — Լռեք, վերջ տվեք։ Նստեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Ես ճշմարտությունն եմ ասում։

ՄԻՆԻՍՏՐ — Ինձ ձեր ճշմարտությունը պետք չէ, ինձ փաստաթուղթ է պետք։ (Ենգոյանին) Կոլեգիայի հարց նախապատրաստել: (Գնում է):

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Ընդհանուր աղմուկի մեջ՝ խորհրդակցության մասնակիցներին, որոնք դուրս են գնում) Դրանք հին ամսաթվերով, հետին թվով կազմված փաստաթղթեր են։ Ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք խոսում։ Դե խոսեք, խոսեք։ Հիմա էլ հո դեմոկրատիա է, հիմա ինչի՞ց եք վախենում, դե խոսեք։ Բոլորդ մի մարդու երեսի եք նայում ու գլխով անում։ Եթե սա ձեր երկիրն է՝ իմը չէ։ Եթե իմն է՝ ձերը չէ։ Ձերը չէ: (Անորոշ հասցեով) Մարդ ճշմարիտ լինի ու չկարողանա՞ ապացուցել ճշմարտությունը։ (Երերում է՝ ուր որ է պիտի ընկնի, հասնում է Ցոլակը՝ նեցուկ լինելով նրան):

Պատկեր վեցերորդ

Մեհրաբյանի աշխատասենյակը՝ ընդունարանով: Քարտուղարուհին մեքենագրում է: Մտնում է Քաջվորյանը՝ Ցոլակի ուղեկցությամբ:

ՑՈԼԱԿ — Հանգստացեք, ընկեր Քաջվորյան։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Իրեն կորցրած) Մինիստրությանը ճշմարտություն պետք չէ, մինիստրությանը փաստաթուղթ է պետք։

ՑՈԼԱԿ — Հանգստացեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Նստելով բազկաթոռին) Ես քո զոհն եմ, Ցոլակ։

ՑՈԼԱԿ — Բա ես ո՞ւմ զոհն եմ։ Ես ո՞վ եմ, որ դուք իմ զոհը լինեք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դու, դու Ցոլակ Շ ատվորյանն ես, Ցոլակ: (Ձեռքերը տարածելով) Շա՜տ-վորյանը…

ՑՈԼԱԿ — Ես ձեր փեսան եմ։

ՀՈՒՍԻԿ — (Իրեն գցելով ներս, տագնապով) Հայրի՜կ… 

ՑՈԼԱԿ — Հուսիկ, դեղ…

ՄԱՐԳՈ — (Մտնելով՝ ետևից Փիրուզը) Բագրատ…

ՓԻՐՈՒԶ — Հայրիկ…

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Մինիստրությանը ճշմարտություն պետք չէ, մինիստրությանը փաստաթղթեր են պետք։ Ինչո՞ւ եք եկել։ 

ՄԱՐԳՈ — Ուշացար, եկանք։

ՑՈԼԱԿ — Հանգստացեք։ (Դեղ մատուցելով) Խմեք։ 

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Դուք չէի՞ք հարցնում, թե այս մարդուն որտեղից այդքան փող, որ ընդունում էիք նվերները։ Մինիստրությունն իմանա ինչ է կատարվում իմ տանը, ես չիմանա՞մ։

ՄԱՐԳՈ — Նրանք որտեղի՞ց իմացան, ախր ի՞նչ ենք արել։ 

ՑՈԼԱԿ — Նվերի գինը չեն հարցնում։ Փիրուզից թանկ ինձ համար ոչինչ չկա։ Դա՞ էլ մինիստրության հետ համաձայնեցնեմ։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — Գնա այստեղից, Ցոլակ։

ՀՈՒՍԻԿ — (Վերադարձնելով նվերները, կատաղի) Վերցրու, վերցրու, դուրս գնա, դուրս գնա։

ՑՈԼԱԿ — Գնամ, բայց ո՞ւր գնամ։ (Գնում է):

ՔԱՋՎՈՐՅԱՆ – Ի՞նչ կա, Սուսաննա, ինչո՞ւ են ինձ կանչել:

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Դուք պետք եք։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Հեգնանքով) Ես դեռ պետք եմ, հա՞… (Կարծես հաղթանակած): Ուրեմն Քաջվորյանները դեռ պետք են։

ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ավարտելով մեքենագրելը՝ պարզելով ձեռքի թուղթը) Սա ձեզ…

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Վերցնելով) Թուղթ… էլի թուղթ… (Կարդում է) ՛՛Շինվարչության գլխավոր ինժեներ Բագրատ Քաջվորյանին…»

Թուղթը սահում, ընկնում է:

ՀՈՒՍԻԿ — (Վերցնում է գետնից, կարդում է) «Շինվարչության գլխավոր ինժեներ Բագրատ Քաջվորյանին հեռացնել աշխատանքից պաշտոնական դիրքը չարաշահելու համար՝ գործը հանձնելով դատաքննչական օրգաններին։ Դիմել կուսկոմիտեին՝ քննելու նրա հարցը»։

ՔԱՋՎՈՐՅԱՆ — (Հեգնալից) Բա՜… (Ընկնում է):

ՄԱՐԳՈ — (Ճչալով) Բագրա՜տ…

ՓԻՐՈՒԶ — Հայրի՜կ…

Մթնեցում:

ՀՈՒՍԻԿ — (Լուսավորվելուց հետո, նախաբեմում, մենակ) Եթե իմ հայրն անազնիվ է, ազնիվն ո՞վ է… Ո՞վ… Եթե հորս մի բան պատահի… Հայրս ասում էր՝ այսպես չի կարող մնալ, ինչ-որ բան պիտի փոխվի… Այսպես չի կարող շարունակվել… Հայրս ասում էր… Հիմա էլ է ասում՝ չի կարող… Չի կա-րող…

ՎԱՐԱԳՈՒՅՐ

1987 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։