ԲԵԱՏՐԻՉԵ / Դավիթ ԽԱՉԻՅԱՆ

Անտիկ տրագիկոմեդիա՝ 3 արարով և անախրոնիզմի տարրերով

Գործող անձինք՝

ԴԱՆՏԵ

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ

ԲԵԱՏՐԻՉԵ

ԲԵՄԱԿԱՆ ԲԱՆՎՈՐՆԵՐ

ԱՐԱՐ 1

Տարբեր կողմերից մտնում են Դանտեն և Վերգիլիուսը: Զարմացած իրար են նայում, ապա՝ հանդիսատեսին: Գնում են բեմի տարբեր կողմերը: Դանտեն ինչ-որ բան է ցանկանում ասել, բայց հայտնվում են բեմական բանվորները, իրենց հետ դեկոր բերում, այդ թվում՝ մի քար, և աղմուկով ու անկանոն շարում բեմում: Մի անկյունում Մելպոմենեի արձանն են դնում: Դանտեն և Վերգիլիուսը լուռ հետևում են բանվորների աշխատանքին: Վերգիլիուսը գրպանից մանրադրամ է հանում ու նետում բանվորներին: Վերջիններս ուրախացած հավաքում են դրամներն ու, իրար հետ գռեհիկ կատակներ անելով, հեռանում: Դանտեն և Վերգիլիուսը մնում են մենակ: Վերջինս նստում է: Դանտեն մոտենում է քարին, ոտքով ստուգում ամրությունը և բերում-տեղադրում բեմի կենտրոնում՝ հանդիսատեսին մոտիկ: 

Երաժշտությունը՝ ըստ բեմադրիչի հայեցողության:

ԴԱՆՏԵ — (բարձրանալով աթոռին, բանաստեղծական պաթոսով).

Կիսաճամփին մեր այս կյանքի նախընթաց

Ես կորցըրի ճանապարհը ճշմարիտ

Եվ ինձ գտա մի անտառում մթամած:

Օ՜, դժվար է արտահայտել, թե որքան

Վայրի, դժնի ու մռայլ էր անտառն այդ.

Պակուցիչ է հիշելն անգամ սոսկական…

Նա դառնաշունչ ու ահեղ էր մահվան պես,

Բայց ցույց տալու համար բարիքն իմ գտած՝

Կպատմեմ, թե ինչեր տեսա այնտեղ ես:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ծափահարելով): Դե պատմիր՝ տեսնեմ ինչեր տեսար քո այդ դժնի անտառում:

ԴԱՆՏԵ — (զարմացած նկատելով Վիրգիլիոսին): Ո՞վ ես դու, իմ հանդիսատես: Ականջ դնողները շատ են, իսկ լսողները՝ քիչ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (բազմանշանակ ժպիտով).

Ինձ Մանտուան ծնեց, փախցրին կալաբրացիք, պահում է արդ

Պարթենոպեն: Երգել եմ արտ, արոտ, քաջեր…

ԴԱՆՏԵ — (մտածկոտ): Կարծես թե մի տեղ կարդացել եմ այդ տողերը: Աստվածներն ինձ հիշողություն տան… Deus ex machina! Նեապոլ քաղաքում, մի դամբարանում… Մեջբերումդ լավն է: Իսկ անո՞ւնդ: Անունդ կասե՞ս:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (երկմտանքով): Ընկերներս և մի կայսր ինձ Վիրգիլ են անվանում:

ԴԱՆՏԵ – Մի կա՞յսր:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Այո, միայն մեկը: Բայց՝ երանելի՜…

ԴԱՆՏԵ – Երանելիները շատ են: Անունը կասե՞ս:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ես կակնարկեմ՝ նա հավերժական քաղաքում է իշխում: Եվ սերում է Հուլիուսների տոհմից: Նա ինձ նաև Մեծ Վարպետ էր ասում:

ԴԱՆՏԵ – Մի՞թե… Չգիտեմ… Ասում ես՝ Վարպե՞տ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ընդհատելով): Լավ բան էիր արտասանում: Շարունակիր, խնդրում եմ:

ԴԱՆՏԵ – Ո՞ւր հասա… Հա, հիշեցի: Ահավասիկ՝

Նախաժամն էր արշալույսի վաղորդյան,

Եվ արևն այն աստղերի հետ էր ծագում,

Որոնց հետ էր այնժամ, երբ Սերն աստվածյան

Շարժում տվեց մարմիններին գեղատես:

Գտնելով պահն ու եղանակն հուսալի,

Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես

Այն գազանից պատած մորթով գույնզգույն,

Բայց ես նորից համակվեցի սոսկումով,

Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն:

Դանտեն դադար է տալիս: Վիրգիլիոսը սպասում է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ե՞վ: Այդքա՞նը միայն:

ԴԱՆՏԵ – Առայժմ այսքանը: Մնացածի վրա աշխատում եմ: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Քո պոեմին անուն մտածե՞լ ես:

ԴԱՆՏԵ – Այդ առթիվ մտորումների մեջ եմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Միգուցե առաջ չի գնում, քանի որ անուն չունի՞: 

ԴԱՆՏԵ – Ասում ես՝ անո՞ւն: Անուն… Կանվանեմ՝ «Էնեական»: Ասա՛, որ լավ է հնչում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հրաշալի է հնչում, բայց պիտի հիասթափեցնեմ քեզ: Այդ անունով պոեմ արդեն գոյություն ունի: Քեզ կմեղադրեն գրագողության մեջ:

ԴԱՆՏԵ — (շփոթված): Իրո՞ք: Չգիտեի… Երբեք չեմ կարդացել: Կամ էլ կանվանեմ «Կատակերգություն», թեև ծայրից ծայր ցավ ու տառապանք է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ամեն կատակերգություն էլ ցավ ու տառապանք է:

ԴԱՆՏԵ – Հիրավի… Սպասի՜ր, մի րոպե… Լավ չլսեցի: Տեսնում ես՝ աղմուկ է: Ասացիր՝ անունդ… Անունդ ի՞նչ է: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Կարող ես ինձ պարզապես Վիրգիլ անվանել: Կամ էլ՝ Էնեաս…

ԴԱՆՏԵ — (ակնածանքով): Բայց ինչպե՞ս… (Իջնում է քարից:) Դո՛ւ, Մեծագո՛ւյն Վարպետ: Դու, որ «Էնեականն» ես կերտել… (Հիացմունքով և ակնածանքով:) Պաբլիո՞ւս… Պաբլիուս Վերգիլիո՞ւս… Պաբլիուս Վիրգիլիուս Մարո՞…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ձեռքը թափ տալով): Վա՜զն անցիր: Քանի՜ դար է անցել: Գրեթե մոռացել եմ: 

ԴԱՆՏԵ – Եթե անգամ դու մոռանաս…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դե լա՜վ: Գաղափարն իմը չէր: Օգոստոսը հուշեց: Էնեասի կերպարը՝ Հոմերոսի ոճով: 

ԴԱՆՏԵ — (հիացմունքով): Եվ շա՜տ էլ ճիշտ արեց:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ուզում էի ոչնչացնել պոեմս, բայց… Մի խոսքով, կայսրն ինձնից թաքուն հրամայեց հրատարակել այն: Ես կիսատ-պռատ բաներ չեմ սիրում: Դեռ շատ պիտի աշխատեի պոեմիս վրա, որ կատարելության հասցնեի, բայց ժամս հասել էր… Դե նա էլ հավաքեց Հռոմի լավագույն բանաստեղծներին, որ ավարտին հասցնեն իմ պոեմը: Ինչևէ: Ի դեպ, քո անունը ես տակավին չգիտեմ:

ԴԱՆՏԵ — (խոնարհվելով): Ֆլորենցիայում ինձ Il Sommo Poeta էին անվանում: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Գերագույն պոետ… Շատ վեհ է հնչում: Բայց, անկեղծ ասած, ոչ այնքան համեստ: Իսկ ավելի պարզ տարբերակ չկա՞:

ԴԱՆՏԵ – Քեզ համար պարզապես՝ Դանտե: Ալեգիերի տոհմից: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դանտե… Ինչ-որ տեղ, կարծեմ, լսել եմ արդեն: Բայց ինչո՞ւ կիսատ թողեցիր արտասանությունդ: Ես մեծ հաճույքով ականջ էի դրել:

ԴԱՆՏԵ – Հիմա կհասկանաս: (Մոտենում է քարին:) Իմ հայրենի Ֆլորենցիայում մի գեղեցիկ փողոց կար: Մարդիկ հիմնականում այդ փողոցով էին անցուդարձ անում: Ամենաշատը գինետան առաջ էին խմբվում: Այդտեղ մի քար կար: Երևի հիմա էլ կա: Չգիտեմ: (Ցույց է տալիս քարը:) Սրա պես մի բան: (Կանգնում է քարին:) Կանգնեցի այդ քարին ու կարդացի պոեմիս տողերն առաջին: Դու պիտի տեսնեի՜ր… Մարդիկ վազեցին, շուրջս խմբվեցին: (Ներս են գալիս բեմի բանվորներն ու շուրջանակի կանգնում Դանտեի մոտ:) Է՛լ արհեստավորներ, է՛լ հարբեցողներ, վաճառականներ ու գեղանի տիկնայք… Անգամ ձուկ և բանջարեղեն վաճառողները թողեցին իրենց շուկան ու մոտ եկան, որ լսեն ինձ: Մայրամուտի արևը շողում էր փողոցի երկայնքով ու հասնում մինչև Առնո գետը: Տերցիններն իրենք իրենց էին ծնվում: Ես պարզապես բերանս էի բացուխուփ անում: Մի՞թե դա հավերժական մուսաների շնորհը չէ, Վարպետ: Իսկ մարդիկ, Ֆլորենցիայի բնակիչները՝ բերանները բաց, քարացել ու լսում էին ինձ: Եվ այդ պահին ես ինձ աստված զգացի: (Բարձրացնում է ձեռքերը և նայում վերև:)

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (քմծիծաղով): Շա՜տ համեստ է հնչում:

ԴԱՆՏԵ – Հասկանում եմ հեգնանքդ, Մեծ Վարպետ, հասկանո՜ւմ եմ: Իրավունք ունե՜ս… Բայց, երբ մեծ գործ ես բռնում, քայլերդ էլ պիտի մեծ և հաստատ լինեն: Ոչինչ այնքան թև չի տալիս մարդուն, որքան ոտքերի տակի ամուր հողը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Միգուցե… Հողը կամ քարը: Հետո՞: Երկա՞ր արտասանեցիր:

ԴԱՆՏԵ – Ոչ: Այդ պահին հրաշք պատահեց: Հին կամուրջի մոտից մի դեռատի կին հայտնվեց: Ես չտեսա նրան, բայց զգացի նրա գրեթե անձայն քայլերը սալաքարերի վրա: Եվ նրա քայլերի նրբին արձագանքը համրացրին ինձ: Ասես ջուր առա բերանս: Վստահ եմ, որ ինձ ոգեշնչող մուսաներն էլ այդ պահին պապանձվեցին: (Մատնացույց է անում Մելպոմենեի արձանը:) Անգամ Մելպոմենեն… Քար լռություն տիրեց: Բոլորս շրջվեցինք ու ապշահար նայում էինք այդ գեղեցկուհուն, որը նազանքով առաջանում էր դեպի մեզ: Բայց ի՞նչ եմ ասում: Նրա ողջ մարմինն էր շնչում թարմությամբ ու գեղեցկությամբ: Ու ամեն շնչի հետ նրա կուրծքը բարձրանում էր ու իջնում՝ վաղորդայնի ծովի ալյակների պես…

Դանտեն դադար է տալիս: Լուսերը թուլանում են: Հոգեպարար երաժշտություն: Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով: Դանտեի մոտ կանգ է առնում, մի ժպիտ պարգևում վերջինիս, ուղղում գլխաշորն ու շարունակում քայլել: Վերգիլիուսին ուշադրություն չի դարձնում: Անցնում և անհետանում է բեմի մյուս անկյունում: Դանտեն և Վերգիլիուսը լուռ հետևում են նրան մինչև անհետանալը: Դանտեն իջնում է քարից, մի քանի անվստահ քայլ անում Բեատրիչեի ետևից, ապա վերադառնում Վերգիլիուսի մոտ: Վերգիլիուսն ուշադիր նայում է Դանտեին:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դու շանթահարվեցիր, Մեծն Դանտե:

ԴԱՆՏԵ – Հիրավի, շանթահարվեցի… (Դադար:) Դու երևի գիտես՝ մարդն ապրում է, ընտանիք կազմում, քաղաքականությամբ զբաղվում, շփվում ամեն տեսակ սրիկայի հետ (ցույց է տալիս բեմական բանվորներին), փորձում փող աշխատել ու փրկել իր տունն ու սիրելի քաղաքը… Երազներ ես տեսնում ու պոե՜մ ես գրում աստվածների մասին: Ու հանկարծ քո կյանքում հայտնվում է նա… Նա՛ – նորին մեծություն Կի՜նը: Ու հասկանում ես, որ ողջ կյանում ենթագիտակցորեն հենց նրան ես սպասել: Հենց նրա՜ն ես փնտրել ու գաղտագողի սիրել: Այդ պահին անգամ հոգուդ աչքերն են սառչում ու քարանում… Ու հասկանում ես մի պարզ բան: Որ հենց նա՛ է քո ողջ կյանքի մուսան: Որ այսքան տարի ապրել ես այդ մի հատիկ պահի համար: (Դադար:) Դու գիտե՞ս՝ ինչի մասին եմ ես խոսում: Միտքդ այլ տեղ է: Որտե՞ղ ես, Վարպետ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (կենտրոնանալով): Այստեղ եմ, այստեղ…

ԴԱՆՏԵ – Դու գիտե՞ս ինչ է սերը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (տխուր հոգոցով): Գիտեմ… Առաջին սերը:

ԴԱՆՏԵ – Առաջին և վերջին:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Գիտեմ… (Կիսաձայն:) Առաջինը հենց վերջինն է, որ կա:

ԴԱՆՏԵ – Բարեբախտաբար, քիչ անց, երբ նա արդեն շրջվել էր հարևան փողոց, խելքս տեղն եկավ: Ճեղքեցի մարդկանց ամբոխն ու պատանու խանդավառությամբ վազեցի նրա ետևից… (Վազում է դուրս:)

Բանվորները աճապարանքով վազում են Դանտեի հետևից: Վերգիլիուսը կանգնում, նայում Դանտեի կողմը, որը շուտով գլխահակ վերադառնում է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դե ասա՛: Գտա՞ր նրան: Հասա՞ր ետևից:

ԴԱՆՏԵ – Չգտա… Ձուլվել էր Ֆլորենցիայի մթնշաղին: Բայց հիշեցի, որ տեսել էի նրան տարիներ առաջ: Այդ ժամանակ նա ութ տարեկան էր, իսկ ես՝ ինը: Պատկերացնո՞ւմ ես: Այն ժամանակ էլ սիրահարվել էի նրան, բայց հետո կորցրեցի: Միայն անունն էի հիշում՝ Բեատրիչե: (Դադար: Հոգոցով:) Պորտինարի տոհմից: Ու տարիներ անց նա կրկին հայտնվում ու խելքահան է անում ինձ: Կամ էլ հակառակը՝ խելքս ետ է բերում: Ու հիշեցի, որ ես նրա մասին երազ եմ տեսել: Չքնաղ մի երազ…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Կպատմե՞ս:

ԴԱՆՏԵ – Ասում ես՝ պատմե՞մ: Իհարկե, սիրելիդ իմ Վիրգիլ: Քեզ կպատմեմ: Միայն քեզ: Ու թող խլանան նախանձ ու չար մարդկանց ականջները: Երազներ կան, որ տեսիլքի պես են: Այդ մեկը, հաստատ, այդպիսին էր: Հատկապես, որ երազս տեսել եմ նրան հանդիպելուց առաջ: Դու իսկապե՞ս ուզում ես լսել:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Վառվո՜ւմ եմ հետաքրքրությունից:

Լուսերը թուլանում են: Հոգեպարար երաժշտություն: Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն, դանդաղ նազանքով անցնում բեմով ու անհետանում կուլիսներում: Լույսի շողը հետևում է նրան: Վերգիլիուսը և Դանտեն անշարժ և ապշահար նրան են հետևում: Երաժշտությունը մարում է: Լույսերը կրկին ուժեղանում են: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Աստվածային երազ…

ԴԱՆՏԵ — (մի կերպ իրեն հավաքելով): Լսի՜ր երազս: Ես քայլում էի Ֆլորենցիայի դատարկ փողոցներում ու հանկարծ տեսա նրան՝ տանից դուրս գալիս: Այլայլված էր ու տխուր: Ձեռքին էլ՝ մի ծանր պայուսակ: Տան պարզ հագուստով էր, բայց անգամ այդ անպաճույճ հանդերձանքի մեջ անզուգական էր, իսկ նրա տխրությունն իմ մեջ նրան պաշտպանելու անհագուրդ ցանկություն արթնացրեց: Մոտեցա և առաջարկեցի իմ օգնությունը: Զարմացած նայեց ինձ ու հարցրեց, թե իրո՞ք ցանկանում եմ օգնել իրեն: Ասացի՝ այո: Միասին բարձրացանք նրա տուն: Տարօրինակ տուն էր: Դրսից՝ եռահարկ, իսկ ներսում՝ բազմահարկ: Ահագին մարդ կար տանը՝ հայրը, մայրը, մեծ ու փոքր երեխաներ, մի պառավ կին… Բեատրիչեն ինձ խնդրեց սպասել, մինչ կհավաքեր իր համեստ ապրուստն, ու մի սենյակ մտավ: Այդ պահին ինձ մոտեցավ նրա հայրը: Տխուր բարևեց ու ասաց՝ «Դանտե, խնդրում եմ քեզ, տիրությո՛ւն արա աղջկաս: Նա հիվանդ է, իսկ ես անգամ փող չունեմ, որ նրան բժշկի տանեմ: Սիրահարվել է… Մելպոմենեին: Ինքը որոշեց առանձնանալ, որ հոգս չլինի ինձ համար… Խնդրում եմ քեզ, Դանտե… Մենակ չթողնես նրան…»: (Դադար:) Հետո ես և Բեատրիչեն իջանք փողոց: Ասաց, որ գնալու տեղ չունի: Պարզապես եկել էր այն պահը, երբ պիտի թողներ հայրական տունը: Ես նայեցի նրա աչքերին ու ասացի, որ կարող է իմ տանն ապրել: Բեատրիչեն զարմացած նայեց ինձ, ու միասին քայլեցինք դեպի իմ տուն: (Լռություն:)

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Այդքա՞նը:

ԴԱՆՏԵ – Այդքանը…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Քո տուն չհասա՞ք:

ԴԱՆՏԵ – Օ՜, ոչ, ավա՜ղ: Ես արթնացա ճամփի կեսերին…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Իսկ հետո նա քեզ ոչինչ չասա՞ց: Երբ նրան կրկին տեսար Ֆլորենցիայում:

ԴԱՆՏԵ – Ասաց, որ ամուսնացած է: Փորձեցի կատակի տալ ու պատասխանեցի, որ ես էլ եմ ամուսնացած: Հետո խոժոռ հայացքով երկու տարեց կին մոտեցան, ու նա հեռացավ այդ ջադուների հետ: Մի անգամ էլ շրջվեց ու մի ժպիտ պարգևեց ինձ: Ու ես կրկին խելքահան եղա… 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ես նկատեցի: Նա խելքահան անող կին է:

ԴԱՆՏԵ – Դու ճիշտ ես: Կանայք կան, որ փորձում են քեզ խելքահան անել: Բայցև կան կանայք, որ դո՛ւ ես երազում, որ քեզ խելքահան անեն: Այսքան տարի նա իմ մուսան է եղել ու մուսաս էլ կմնա: Իմ երկնային հրեշատակ Բեատրիչեն… Ականջներումս նրա քայլերի ձայնն է Ֆլորենցիայի փողոցներում: Երևի երբեք այդ ձայնն իմ հոգու ականջներից դուրս չի գա:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ձեռքը դնելով Դանտեի ուսին): Il Sommo Poeta, իմ ռոմանտիկ ընկեր… Դու Magnum Opus ունես ստեղծելու: (Ցույց է տալիս Մելպոմենեի արձանը:) Տե՛ս, մուսաները քեզ են սպասում: 

ԴԱՆՏԵ — (մոտենալով Մելպոմենեի արձանին և ուսը շոյելով): Այո, գիտեմ… Կանե՜մ: Մերժված սերը մեծագույն արարումների ակունքն է: Դու ինքդ բանաստեղծ ես: Երևի գիտես…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (տխուր ժպիտով՝ դեպի հանդիսատեսը): Գիտե՜մ… 

Վերգիլիուսը քայլում է բեմով: Դանտեն մտամոլոր կանգնած է Մելպոմենեի արձանի մոտ: Ներս են խուժում բեմական բանվորները և սկսում փնթիաբար ու աղմուկով հավաքել դեկորները և դուրս տանել:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (բարկացած): Ովքե՞ր են… Այս ի՞նչ են անում այս անաստվածները:

ԴԱՆՏԵ – Քաղաքագլխի զինվորներն են: Իմ տունն են քանդում: Իմ տոհմական ապարանքը: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Չե՛ն համարձակվի: Ես անձամբ Կայսրին կդիմեմ:

ԴԱՆՏԵ – Պետք չէ, եղբա՛յր: Նեղություն մի՛ կրիր: Ո՞ւմ է պետք ապարանքն առանց տիրուհու: Դա նույնն է, թե մարմինն առանց հոգու… (Մոտենալով Վերգիլիուսին:) Իսկ գիտե՞ս, ինձ համար ինչ պատիժ է սահմանել մեր քաղաքագլուխը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (բարեկամական հեգնանքով): Մի՞թե ավարտին հասցնել քո պոեմը աստվածների մասին:

ԴԱՆՏԵ — (ծիծաղում է): Նման մի բան՝ այրել մարմինս կրակի վրա, մինչև մահանամ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հա՞… Դա դեռ ոչինչ: Իմ ասածն ավելի սարսափելի էր:

ԴԱՆՏԵ – Ճիշտ ես: Հետո ինձ արտաքսեցին: Թողեցի իմ սիրելի քաղաքը, ավերված տունս և… Բեատրիչեին: Ու գնացի չգիտեմ ուր… (Մտամոլոր դադար: Սթափվում է:) Ինչևէ, գնանք, իմ գրչակից եղբայր: Գնանք և ավարտին հասցնենք մեր պոեմը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Փայլուն գաղափար է: Գնացինք:

Դանտեն և Վերգիլիուսը դուրս են գալիս:

ԱՐԱՐ 2

Բեմում Դանտեն և Վերգիլիուսն են: Զարմացած իրար են նայում, ապա՝ հանդիսատեսին: Հետո գնում բեմի տարբեր կողմերը: Մի անկյունից ներս են խուժում բեմական բանվորները: Կոպիտ ու գռեհիկ պահվածքով անցնում են կուլիսներ: Դանտեն և Վերգիլիուսը լուռ հետևում են նրանց, մինչև որ մնում են մենակ: Վերգիլիուսը փորձում է նստել, սակայն աթոռ չի գտնում: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Անգամ մի աթոռ չեն թողել… Այ թե Կայսրն այստեղ կլիներ… Նա չէր սիրում, երբ ընչազուրկ պլեբեյներն իշխանություն էին ստանում: Որովհետև դրանք դառնում են իշխանությամբ օժտված և հարուստ… պլեբեյներ: Նրանց էությունը չի փոխվում: (Դադար:) Ի դեպ, իմ Օգոստոսին կայսրին որտե՞ղ ես տեղավորել: Հույս ունեմ՝ ոչ Դժոխքում: 

ԴԱՆՏԵ – Փաստորեն խոսքդ Օգոստոսի մասին էր՝ Հուլիուսների տոհմից: Ես նրան Քավարան կտանեմ: Համենայնդեպս, մի բարի գործ արել է՝ տպագրել է քո պոեմը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Բարի գործեր նա շա՜տ է արել… Հռոմի Ոսկեդարը նա է հետ բերել: Իսկ պոեմս… Այո, իրավացի ես, թեև այնքա՜ն դեմ էի դրան… Ես չհասցրեցի… Ապուլիայի դաժան արևը մոտեցրեց իմ տարաբախտ ժամը: Կատարելությա՜ն էի ձգտում… Երևի հենց դա զայրացրեց աստվածներին, քանի որ հավերժությունն ու կատարելությունը աստվածային հատկանիշներ են: Մահկանացուին վայել չէ ոտք գցել նրանց հետ:

ԴԱՆՏԵ – Բայց ես այնքա՜ն երախտապարտ եմ Կայսերը: Այլապես այսօր ո՞վ պիտի կիսեր իմ անձկությունն ու վիշտը: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ցույց տալով կուլիսների կողմը): Իսկ այս սև ամբոխին որտե՞ղ ես տեղավորելու:

ԴԱՆՏԵ – Դժոխքի իններորդ պարունակում: Իսկը դրանց տեղն է: Դրանք կերել են իմ կյանքը: Այս զազրելի պլեբեյները գողանում են մեր սերն ու մուսաները: (Դադար:) Եվ դրանք քանդեցին իմ տունը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Քաղաքագլխի հրամանն էին կատարում:

ԴԱՆՏԵ – Հրամա՜ն… Դու պիտի տեսնեիր, թե ի՜նչ հաճույքով էին կատարում այդ հրամանը: Ոչ թե ստիպված, այլ երանության թեժ մոլուցքով… Չէ՜, միմիայն իններորդ պարունակում: Այլ տեղ չունեմ ես դրանց համար:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Բոլորին անխտի՞ր:

ԴԱՆՏԵ – Հականե հանվանե: Ճաղատից մինչև ճաղատ: Կարող ես ստուգել:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դանտե, մի բան էլ չե՞ս արտասանի ինձ համար: Դա քեզ կօգնի, որ մի քիչ ցրվես քո դժնի մտքերից:

ԴԱՆՏԵ — (ուշքի գալով ու մոտենալով բեմեզրին): Այո, իհարկե: Մի քիչ քնարական զեղումներին տրվեցի ու շեղվեցի: Ահավասիկ, լսի՛ր.

Ինձանով են գնում գեհենն ահավոր,

Ինձանով են գնում հոգվոց հարատանջ,

Ինձանով են գնում մարդկանց ախտավոր:

Արդարությունն առաջնորդեց արարչիս,

Ինձ հաստեցին զորությունը գերագույն,

Իմաստությունը վեհ և սերն առաջին:

Ինձնից առաջ ստեղծվել են միմիայն

Հավերժ գոյերն, և ես հավետ կտևեմ:

Ո՜վ մտնողներ, թողեք ձեր հույսը համայն

Դանտեն դադար է տալիս, նայում հեռուները, ապա շրջվում է դեպի Վերգիլիուսը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դաժա՜ն խորհուրդ է, բայց ես հույսս չեմ թողնի: Քեզանով կգնամ Գեհենն ահավոր: Բայց դեմ չե՞ս լինի, եթե ես ուղեկցեմ քեզ: Դժվարին փորձությունների միջով պիտի անցնես: Ես էլ քեզ հետ կգամ: Շատերին կտեսնենք: Մեծ մասին դու անգամ չես ճանաչում: Ես քեզ կծանոթացնեմ: Եվ հույսս կվերցնեմ մեզ հետ: Դա մեզ լավ ուղեկից կլինի: 

ԴԱՆՏԵ – Ես վախենում եմ, Վիրգիլ…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Թոթափիր վախերդ, ո՜վ Գերագույն պոետ: Վախն ամենավատ առաջնորդ է, երբ դժվարին ճամփա ես բռնում: Ճակատագիրն ուժեղներին է օգնում:

ԴԱՆՏԵ – Իրավացի ես… Բայց դու գիտե՞ս, թե մենք ուր ենք գնում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ես գիտեմ, թե դո՛ւուր ես ինձ տանում: Հոժարությամբ կընկերակցեմ քեզ:

ԴԱՆՏԵ – Գիտե՞ս:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Գիտեմ: Ես անցել եմ դժոխքի բոլոր պարունակներով: Մանրամասները «Էնեականում» կարող ես կարդալ… 

ԴԱՆՏԵ – Եվ որտե՞ղ ես հիմա:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Չգիտեմ: Դա դու՛ պիտի ասես:

ԴԱՆՏԵ – Լսի՛ր, ես կարդացել եմ քո գործերը, բայց ոչինչ չգիտեմ քո մասին: Պատմի՛ր ինձ, խնդրում եմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ասում ես՝ կարդացե՞լ ես: Ամե՞ն ինչ:

ԴԱՆՏԵ – Կարծեմ՝ ամեն ինչ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ուրեմն ամեն ինչ էլ գիտես իմ մասին: Ես այն եմ, ինչ գրել եմ: Էնեասն եմ ես:

ԴԱՆՏԵ – Բայց… Բայց ինչո՞ւ դադարեցիր գրել: Դադարեցիր ու… (Դադար:)

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ավարտի՛ր խոսքդ:

ԴԱՆՏԵ – Դադարեցիր գրել ու… մահկանացուդ կնքեցիր:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Աստվածների կամքն էր: Բայց իմ պատմությունը քոնի հակապատկերն է: 

ԴԱՆՏԵ – Քեզ չեմ հասկանում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հիմա կհասկանաս:

Լուսերը թուլանում են: Հոգեպարար երաժշտություն: Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով: Լույսի շողը հետևում է նրան: Վերգիլիուսի մոտ կանգ է առնում, մի ժպիտ պարգևում վերջինիս, ուղղում գլխաշորն ու շարունակում քայլել: Դանտեին ուշադրություն չի դարձնում: Անցնում և անհետանում է բեմի մյուս անկյունում: Դանտեն և Վերգիլիուսը լուռ նայում են նրա ետևից, մինչև որ անհետանում է: Երաժշտությունը մարում է: Լույսերն ուժեղանում են: 

ԴԱՆՏԵ — (կարկամած): Սա երա՞զ էր:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Եթե ուզում ես՝ այդպես ընկալիր: Այո, Բեատրիչեն երազ է՝ իմ և քո երազը: Անիրական երազը… Կայսրն այդպես էլ ասաց՝ «Էնեականիդ» համար ես քեզ երկու բան կտամ՝ մարդկային փառք և աշխարհի ամենագեղեցիկ կնոջը՝ Բեատրիչեին: Իսկ երրորդ պարգևդ իմ ձեռքին չէ, սիրելիդ իմ Վիրգիլ: Անմահություն քեզ աստվածները կտան: Միգուցե ինձ հիշեն միայն նրա համար, որ ես, քեզնից թաքուն, տպագրության եմ տվել քո անմահական պոեմը:

ԴԱՆՏԵ — (այլայլված): Ի՞նչ, փաստորեն Բեատրիչեն քո կի՞նն է եղել: Բայց… ինչպե՞ս: Ես նրան տեսել եմ Ֆլորենցիայի հարուստ տներում: Մի անգամ նույնիսկ փողոցում տեսա: Իր զզվելի ու բամբասկոտ ընկերուհիների հետ էր: Այդ սրիկաները նկատեցին իմ սիրատոչոր հայացքն ու քրքջացին: Բեատրիչեն շիկնեց: Ես ահավոր կատաղեցի և երդվեցի, որ այլևս նրան ոչ կգրեմ, և ոչ էլ կտեսնեմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ծիծաղելով): Նաև երդվեցիր այդ ընկերուհիներին նվազագույնը դժոխքի յոթերորդ պարունակում փակել: Կռահեցի՞:

ԴԱՆՏԵ – Վեցերորդ: Դու ինձանից դաժան ես: Ինչևէ: Բայց երդումս մեկ օր էլ չտևեց: Հաջորդ երեկո դուքսի կազմակերպած մեծ դիմակահանդեսն էր: (Առյուծի դիմակ է հագնում:) Մի դիմակ հագա ու վազքով գնացի: Հեռվից տեսա նրան, բայց չմոտեցա: Գրեթե աննշմար մի շարժում արեց՝ հասկացնելով, որ չհամարձակվեմ իրեն մոտենալ: Բայց տարօրինակ է, քեզ այնտեղ չտեսա:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ծիծաղում է): Տարօրինակ բան չկա: Ես, բոլորի նման, դիմակով էի: Արդեն մոռացա՞ր, որ դիմակահանդես էր:

ԴԱՆՏԵ — (ձեռքը ճակատին խփելով և դիմակը հանելով): Իրոք որ: Մտքովս չէր անցել: Իսկ ես խանդից հալումաշ էի լինում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Իզուր: Խանդելու պատճառ չկա: 

ԴԱՆՏԵ – Ինչպե՞ս թե՝ չկա: Երբ քո երազների կինը, քո կյանքի՜ մուսան, ուրիշի կինն է…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հանգստացիր, եղբայրս: Ասում եմ քեզ՝ խանդելու հիմք բնավ դու չունես:

ԴԱՆՏԵ – Ես ոչինչ չեմ հասկանում: Օ՜, հավերժական մուսաներ, խե՜լք տվեք ինձ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ձեռքերը դնում է Դանտեի ուսերին և նայում աչքերին): Սիրելիդ իմ Դանտե: Անհոգ եղիր: Բեատրիչեն երբեք իմ անկողնում չի եղել: Երևի թե ճիշտ են իմ տարեգիրները, որոնք պնդում են, թե ես երբեք ամուսնացած չեմ եղել:

ԴԱՆՏԵ – Դա հնարավո՞ր բան է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Միանգամայն: Նա շա՜տ վաղուց Մելպոմենեի սպասուհին էր: Ութ տարեկանից, երբ նրան առաջին անգամ տեսար: Նրա ամուսինը թատրոնն էր: Եվ նա իմ տանն իր առանձին ննջարանն ուներ: Նա երբեք իմ կինը չի եղել որպես այդպիսին: Խանդելու հիմքեր բնավ դու չունես:

Վերգիլիուսը շրջվում է և անձայն արտասվում: Դանտեն մտամոլոր է: Մոտենում է և թիկունքից գրկում Վերգիլիուսին:

ԴԱՆՏԵ – Դու լա՞ց ես լինում: (Դադար:) Դու լա՜ց ես լինում…

ՎԻՐԳԻԼԻՈՍ – Սիրտս է արտասվում… Ես տխուր եմ, եղբայր…

ԴԱՆՏԵ – Ես գիտե՜մ… Ես հասկանո՜ւմ եմ քեզ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հասկանո՜ւմ ես… Իսկ դու գիտե՞ս՝ ինչ է նշանակում ամեն օր արթնանալ սեփական արցունքներիցդ թրջված բարձը գրկած: Դու գիտե՞ս՝ ինչ է նշանակում ամբողջ գիշեր նրա մարմնի բույրը երազել, գեթ մի հայացքը տենչալ… Փորձել գաղտագողի նրա մազերին դիպչել: Այնպես, որ չնկատի… Ես ամեն ինչի պատրաստ էի, միայն թե նա կողքիս մնար… Իմ տան մեջ, իմ կողքին, թեկուզ ինձանից այդքան հեռու… 

ԴԱՆՏԵ – Բայց ինչո՞ւ… Ասա ինձ, խնդրում եմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (սրբելով աչքերը): Որովհետև… Դու գիտե՜ս…

ԴԱՆՏԵ – Որովհետև… Ես չգիտե՜մ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Որովհետև ես սիրում էի նրան: Եվ հիմա էլ սիրում եմ: Որովհետև նա ոչ միայն քո, այլև իմ մուսան է եղել: Հիմա հասկացա՞ր…

ԴԱՆՏԵ – Քո մուսա՞ն:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Եվ ոչ միայն իմ: Ֆլորենցիան դարձել է Տոսկանայի ամենագեղեցիկ քաղաքը շնորհիվ նրա: Որքա՜ն արվեստի գործեր են կերտվել նրա ներշնչանքով: Եվ որքա՜ն իմաստուն է մեր երկնամերձ Բեատրիչեն, որ մերժել է հողեղեն էակներիս սերը, որ «Էնեականն» ու «Աստվածային կատակերգությունը» լույս աշխարհ գան: Աստվածային գեղեցկությունը նաև աստվածային միտք և բնազդներ է ենթադրում: Իսկ մենք, սիրահարված տղամարդիկս, ի՞նչ ենք տենչում:

ԴԱՆՏԵ – Ի՞նչ ենք տենչում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Անկողի՜ն… Դու հասկանո՞ւմ ես… Նա ուզում է, որ մենք, որպես մերժված սիրո ասպետներ, ճերմակ մարմարից «Դավիթ» ու «Հիսուս» կերտենք, «Ոդիսական» ու «Իլիական» երգենք, Պրոմեթևսի պես աստվածների կրակը բերենք մարդկանց, իսկ մենք… Բարեբախտաբար, ես դա շուտ հասկացա: Օգոստոսը Երանելին, աստվածները նրան քո պարունակներից հեռու պահեն, գլխի գցեց ինձ ինձ: Հիրավի մեծ մտածող էր իմ կայսրը:

ԴԱՆՏԵ – Հիմա որտե՞ղ է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Օգոստո՞սը: Ինձանից լավ գիտես:

ԴԱՆՏԵ – Դե ո՜չ, Բեատրիչեն: Հիմա որտե՞ղ է նա:

ՎԻՐԳԻԼԻՈՍ – Որտե՞ղ պիտի լինի Սիրո հավերժահարսը: Ազատ թռչունները բույն չեն հյուսում: Նա ամենուր է…

Լուսերը թուլանում են: Հոգեպարար երաժշտություն: Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով: Լույսի շողը հետևում է նրան: Վերգիլիուսի մոտ կանգ է առնում, ժպտում և նրբորեն շոյում նրա այտը: Ապա նույնն է անում նաև Դանտեի հետ:  Ուղղում գլխաշորն ու մեղմաքայլ հեռանում: Դանտեն և Վերգիլիուսը լուռ նայում են նրա ետևից, մինչև որ անհետանում է: Երաժշտությունը մարում է: Լույսերն ուժեղանում են: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հիմա հասկացա՞ր:

ԴԱՆՏԵ – Հիմա հասկացա…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հասկացա՞ր, որ նրա հարցում քո խանդը ունայն է:

ԴԱՆՏԵ — (հոգոցով): Խանդ այլևս չկա: Միայն ափսոսանք… Ափսոսանք ու ցավ, որ չի անցնի երբեք…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Լսի՛ր, իմ Դանտե: Մի առաջարկ ունեմ: Հիմա մենք միասին պիտի անցնենք Դժոխքի կրակներով և Քավարանի սրտաճմլիկ ունայության միջով… 

ԴԱՆՏԵ — (սրտի կսկիծով): Վստա՞հ ես: Ամբողջ կյանքս հենց այդ ճանապարհով եմ անցնում: Եվ այս կյանքի դժոխքն ինձ այնքա՜ն է հյուծել, որ Դրախտի տեղ Քավարանն եմ տենչում: Եվ դու ուզում ես, որ ես Դժոխքով կրկի՞ն անցնեմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Կրկին ու կրկին: Եվ սին հուսեր չունենաս, թե մի օր հանգստություն ես գտնելու երկրային քո Դրախտում: Դա ունայն փափագ է, դատարկ մտայնություն:

ԴԱՆՏԵ – Երևի թե ճիշտ ես…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Արդեն ասացի, որ հույսս ինձ հետ եմ վերցնելու՝ իբրև ուղեկից: Բայց արի նրան էլ վերցնենք:

ԴԱՆՏԵ – Բեատրի՞չեին:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Բեատրիչեին:

ԴԱՆՏԵ — (ժպտում է): Նա միշտ էլ իմ մեջ է: Այլապես վաղուց էր դադարել բաբախելուց սիրտն իմ գարշելի: Եվ, եթե նա ինձ… մեզ հետ լինի, ապա գոնե ինձ համար բնավ էական չէ, թե ես որտեղ եմ՝ Դժոխքում, թե Դրախտում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Օ՜, դաժան ֆլորենտացի: Մի՞թե թույլ կտաս, որ երկնածին Բեատրիչեն քո Դժոխքով ու Քավարանով անցնի:

ԴԱՆՏԵ – Անգթությունն ու վրեժի ծարավը կուրացրել են ինձ: Դո՞ւ ինչ ես ասում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Նա մեզ կուղեկցի Դրախտում միայն:

ԴԱՆՏԵ – Դրախտում միայն: Իմ երկրային Դրախտում… Եվ իմ սրտում կլինի նա:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Այո, ես էլ իմ սրտի մեջ կտանեմ նրան: Առանց նրա մենք կկորչենք: Թե կա մի բան, որը չի թողնում, որ այս աշխարհը վերջնականապես ապականվի ու թաղվի խավարի մեջ, սերն է:

ԴԱՆՏԵ – Բեատրիչեի սերը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Բեատրիչեի սերը:

ԴԱՆՏԵ – Վիրգիլ, բայց դու ինձ չպատմեցիր, թե ինչպես ես հանդիպել նրան: Ինչպե՞ս է նա քո կինը դարձել:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Մի՞թե դա հետաքրքիր է:

ԴԱՆՏԵ – Մի՛ մոռացիր, որ քո տարեգիրն եմ: Գոնե պարտավոր եմ իմանալ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (քմծիծաղով): Որ իմ մահից հետո հրատարակե՞ս: 

ԴԱՆՏԵ – Քա՛վ լիցի: Դա իմ և քո գաղտնիքը կմնա: (Մատը դնում է շուրթերին ու նայում հանդիսատեսին՝ որպես գաղտնիքը պահելու նշան:) Ոչ ոչ երբեք չի էլ կասկածի:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Լավ համոզել գիտես, հա՜… Դե լա՜վ, բայց ես մանրամասները բաց կթողնեմ: Միայն բուն էությունը կպատմեմ:

ԴԱՆՏԵ – Համաձայն եմ:

Վերգիլիուսը բարձրանում է քարին՝ դեմքով դեպի հանդիսատեսը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Երբ բացվեցին աչքերս և մայրս ինձ կրծքից կտրեց, ես ճամփա ելա ու նայեցի վեր: Ու տեսա Արեգակը երկնքում: Հարբեցի նրա լույսով ու մանկան բյուրեղյա անկեղծությամբ հարց տվեցի ինքս ինձ` ինչու՞ է ծագում Արեգակը ու լուսավորում ամեն ինչ: Ապա ներսումս ջերմություն զգացի, նայեցի ներս ու տեսա, որ Լույսն իմ ներսում է: Արեգակը ծագել ու լուսավորում է աշխարհը, քանի որ իմ միջի արեգակն է ծագել ու լուսավորում աշխարհը:

Երբ Արեգակը մայր մտավ, երկնքում ծնվեցին աստղերը: Ու մինչ ես, պատանու ռոմանտիզմով ոգեշնչված, աստղերից սիրո բառեր էի հյուսում ու ճախրում նրանց զմրուխտե վեհության մեջ, հարց տվի ինքս ինձ` ինչո՞ւ են փայլում աստղերն ու պատմում Սիրո մասին: Ապա, ինքս ինձ ուշադիր զննելով, տեսա, որ աստղերն իմ ներսում են փայլում: Եվ դա է պատճառը, որ երկնակամարը ժայթքել է աստղահեղուկով:

Հետո ես ոսկեկուռ զրահով ու սաղավարտով գնում էի փոշոտ ճանապարհով, խեղդվում փոշուց ու այն հավերժական հարցից, թե ինչու են մեր կյանքի ճամփաններն այդքան տատասկոտ: Եվ, իմաստությամբ զննելով ներսս, տեսա, որ իմ ներսում էլ ճանապարհները տատասկով ու փշերով են պատված: 

Ապա ես՝ սուրս պարզած, մտա կռվի դաշտ ու, իբրև մի Այաքս ու Աքիլես, սկսեցի կոտորել աջ ու ձախ: Եվ զինվորի կորովով հարց տվեցի ինքս ինձ, թե ինչից են սկիզբ առնում պատերազմները: Այդ պահին իմաստության ճաճանչը լուսավորեց ներսս ու ես տեսա այն ահավոր պատերազմն ու զարհուրելի սպանդը, որ իմ մեջ էին: Եվ այս դրսի ճակատամարտն իմ ներսում հարատևող պատերազմի խամրած արձագանքը թվաց միայն:

Ամառվա կեսերին հանդիպեցի… Նրան…

ԴԱՆՏԵ – Նրա՞ն:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (խեթ հայացք նետելով Դանտեի կողմը): Խենթացա նրա գեղեցկությամբ ու վառվեցի ցանկության հրով: Ու մինչ խառնվում էին իմ ու նրա ակունքները, ես հարց տվեցի ինքս ինձ` ո՞վ է արարել գեղեցկագույնը գեղեցիկների մեջ, ո՞վ է քանդակել բնության այս հրաշքը: Եվ ենթագիտակցությունս պատասխանեց, որ ես նրան նախ իմ մեջ եմ ծնել, և դրանից հետո է նա միայն փառավորվել դրսի աշխարհում: Եվ աստվածները նրա պատկերը հոգուս գույներից, սրտից կրակից ու մարմնիս հևքից են կերտել:

Հետո իմ ներսում ամպեր հավաքվեցին ու ծածկեցին երկնքի աստղերը: Ու երբ ամպերը շատացան ու խժռեցին երկինքը, անձրևի կաթիլները հոսեցին քունքերիս վրայով: Սիրտս սարսռաց, ու ես նայեցի վեր, որ տեսնեմ, թե որտեղ են ծնվում անձրևի կաթիլները: Ու տեսա, որ դրանք իմ ուղեղում են ծնվում ու թափվում ցած: Ու իմ ներսում տեղացող անձրևից վարարեցին այս աշխարհի գետերը: 

Հետո ձյուներ եկան, երբ ես, կորացած մեջքով ու ձեռնափայտս գրկած, քայլում էի դեպի Վերջը: Ու ես տասնամյակների պարգևած իմաստությամբ հարց տվեցի ինքս ինձ, թե որտեղի՞ց է այս ձյունը: Ու թեև աչքերիս լույսն արդեն խամրում էր, բայց տեսա, որ ձյունն իմ մեջ է նստում: Իջնում է իմ երկինքներից ու իր լուռ հպումով պաղեցնում բջիջներիս թրթռոցը: Եվ իմ ներսում տեղացող ձյունն է պատճառը, որ ոտքերիս տակի ճանապարհն էլ ծածկվում է ձյան ճերմակ մերկությամբ: (Կարճ դադար: Մոտենում է Դանտեին:)

Երբ ճանապարհիս վերջում հանդիպեցի Թանատոսին, հարց տվեցի նրան, թե որտեղից է եկել: Նա հոգոց հանեց, ժպտաց ու ասաց. «Այն օրը, երբ մայրդ կտրեց քեզ կրծքից ու ճամփա դրեց, ես արդեն քո մեջ էի: Բայց մի՛ վհատվիր, Այաքս, չէ՞ որ դու քո մեջ նաև Դրախտն ես ստեղծել»:

Լռություն է տիրում: Վերգիլիուսը մոտենում է բեմեզրին՝ դեմքով դեպի հանդիսատեսը: Դանտեն ետևի կողմից զգուշորեն մոտենում է նրան: Լուսերը թուլանում են: Հոգեպարար երաժշտություն: Բեմի անկյունից հայտնվում է ճերմակազգեստ Բեատրիչեն ու անշտապ նազանքով անցնում բեմով: Լույսի շողը հետևում է նրան: Մեղմաքայլ անցնում է Վերգիլիուսի և Դանտեի հետևով: Մի պահ կանգնում է, ուղղում գլխաշորն ու ժպտում: Ապա մեղմաքայլ հեռանում է և չքանում:

ԴԱՆՏԵ – Ո՜վ իմ զույգ եղբայր Այաքս… Հիմա եմ հասկանում Օգոստոսին: Հազարապատիկ ճիշտ էր Մեծն Օկտավիանոսը՝ անգամ քո վերջին ցանկությանը չանսալու գնով: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Չգիտեմ… (Կարճ դադար:) Բայց դու մի բան լավ չհասկացար:

ԴԱՆՏԵ – Ես շատ բան չեմ հասկանում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (մոտենում է Մելպոմենեի արձանին): Կայսրը սիրահարված էր Բեատրիչեին: Կայսրը, որը կարող էր աշխարհի բոլոր կանանց տիրանալ, անհույս սիրահարված էր մեր ֆլորենտացի դիցուհուն: 

ԴԱՆՏԵ – Կա՞յսրը… Սիրահարվա՞ծ…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Այո: Մինչ ականջների ծայրը: Սրտացավի մեջ մի անգամ խոստովանեց ինձ, երբ բոլորից թաքուն նրան իմ պոեմն էի ընթերցում: Եվ գիտե՞ս՝ ինչ արեց նա:

ԴԱՆՏԵ – Ասա ինձ, խնդրում եմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Օգոստոսը նրան ազատություն շնորհեց: Աստվածային վարքն ամեն ինչի մեջ է աստվածային: Երանելին անգամ տավիղի վրա երգեց՝

Բեատրիչե, հրեշտա՜կ, բաց թևերդ և ճախրի՜ր

Երկնքի ու խենթ երկրի արանքում…

ԴԱՆՏԵ – Հիրավի, նման մեծահոգությունը աստվածատուր շնորհք է: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հետո կայսրն ականջիս ասաց՝ զգուշացիր սիրող կնոջից…

ԴԱՆՏԵ – Սիրող կնոջի՞ց: Ես միշտ սարսափել եմ ատող կնոջից: Ես չեմ հասկանում… 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դեռ կհասկանաս… Հրեշտակին հնարավոր չէ վանդակում պահել… Հենց այդ ժամանակ էր, որ Բեատրիչեն թողեց Հռոմն ու եկավ Ֆլորենցիա: Հիրավի, մի տեղ «երկնքի ու խենթ երկրի արանքում»: Կայսեր հրամանով ես դիմավորեցի նրան՝ Հին կամուրջի մոտ: Մնացածը, շատ թե քիչ, դու արդեն գիտես… 

ԴԱՆՏԵ — (խորամանկ ժպիտով): Դու մի բան թաքցնում ես, ծպտյալ իմաստուն…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (թեքվում է դեպի Դանտեն): Խորն է տեսնում աչքդ, Գերագույն պոետ… Այո, նա երբեք չներեց ինձ իմ հուսահատ խոստովանությունը: Մի գարնանային առավոտ ասացի նրան. «Բեատրիչե, քեզ շա՜տ եմ սիրում: Նույնքան շատ, որքան իմ ազատությունն ու անկախությունը»: (Դադար:) Եվ նա ինձ երբեք դա չներեց: Կինն ամբողջական սեր է պահանջում: Եվ նա ինձ ասաց՝ գնա, Վիրգիլ, և վայելիր ազատությունդ: Բեատրիչեն չի կարող պարզապես կին, սիրուհի կամ կողակից լինել: Եվ նա երբեք երկրորդ տեղում չի կարող լինել, եթե առաջին տեղում անգամ ազատությունն է: Նրան պետք է նաև քո մուսան լինել և քո ազատության տերը…

ԴԱՆՏԵ – Իմ և քո մուսան…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ճիշտ ես՝ մեր մուսան… Մեր երազը…

ԴԱՆՏԵ — (տխուր): Թող հավերժական աստվածները տնօրինեն աշխարհի բախտը: Ապավինենք նրանց ողջամտությանը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դու զարմացնում ես ինձ, Գերագույն պոետ: Մի՞թե կարծում ես, թե աստվածները կամ մուսաներն են կառավարում այս աշխարհն անցողիկ:

ԴԱՆՏԵ – Միգուցե դու ա՞յլ տեսակետ ունես:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Նշաններն ու խորհրդանիշներն են ղեկավարում աշխարհը: Լինի Դրախտում, Դժոխքում կամ էլ անգամ՝ Քավարանում: Երազդ հիշիր… Եվ հանգիստ թող մարդկանց և աստվածներին:

ԴԱՆՏԵ – Ինչքա՜ն եմ հոգնել այս ամենից: Ասում ես՝ Deus ex machina՞: Ես ճի՞շտ հասկացա:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Միանգամայն: Ամենաանելանելի պահին հայտնվում են աստվածներն ու անհավանական մի լուծում բերում: Հաճախ այն խնդիրներին, որ հենց իրենք են մոգոնել: (Կարճ դադար:) Բայց մենք խոսքով ընկանք ու մոռացանք մեր գործը: Քարոնն արդեն սպասում է մեզ: Մանրադրամ ունե՞ս՝ նրան կաշառենք:

ԴԱՆՏԵ – Մի բան կգտնեմ: Ուրեմն՝ գնա՞նք:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Հարկավ: Գնացինք:

Արագ դուրս են գալիս բեմից:

ԱՐԱՐ 3

Բեմը դատարկ է: Հետնամասում շղարշավոր վարագույր է, որից անդին Բեատրիչեն է՝ գահավորակի վրա թագուհու կերպարով, հրեշտակի թևերով և դեմքով դեպի հանդիսատեսը բազմած՝ թույլ լուսավորության մեջ: Ժամանակ առ ժամանակ ըմպում է ձեռքի բաժակից: Մտնում են Դանտեն և Վերգիլիուսը:

ԴԱՆՏԵ — (հոգնած): Ահավոր էր…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Բայց դեռ մինչև վերջ չենք անցել մենք: 

ԴԱՆՏԵ – Այո, դեռ մի պարունակ էլ կա: Վերջինը, կարծեմ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Արի մի քիչ հանգստանանք: Խմելու բան ունե՞ս:

ԴԱՆՏԵ — (ծոցից շիշ հանելով): Ահավասիկ: Վերջին պահին Ստիքսի ջրերից մի թաս գողացա:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ստիքսի՞: Եվ դա պատրաստվում ես խմե՞լ:

ԴԱՆՏԵ – Միանշանակ: Ավելի վատ հաստատ չի լինի:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ես ձեռնպահ կմնամ: Դո՛ւ էլ մի խմիր: Մենք դեռ կարևոր անելիք ունենք: 

ԴԱՆՏԵ — (խորամանկ տոնով): Լսի՛ր, Վիրգիլ, մի խաղ չխաղա՞նք: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Խա՞ղ: Այսքանից հետո դեռ խաղալու տրամադրությո՞ւն ունես:

ԴԱՆՏԵ – Դե՜… Մի փոքրիկ բեմականացում: Հենց այսպես՝ հանպատրաստից: Մի քիչ կցրվենք իններորդ պարունակ մտնելուց առաջ: Կամ էլ երևակայենք, թե այնտեղ ենք արդեն: Դու Մեծ վարպետ ես, Վիրգիլ: Հաստատ մի հետաքրքիր բան կմոգոնես:

ՎԻՐԳԻԼԻՈՍ — (ոգևորված՝ ձեռքերն է շփում): Ասում ես՝ փորձե՞նք:

ԴԱՆՏԵ – Կորցնելու բան չունենք: Երկու Այաքս՝ պատերազմի պատրաստ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ուրեմն՝ թատրո՜ն:

ԴԱՆՏԵ – Ուրեմն՝ թատրո՜ն: 

Բեմ են մտնում բանվորներն՝ իրենց հետ աթոռներ ու վանդակաճաղ բերելով: Վանդակաճաղը հարմարեցնում են բեմեզրին ուղղահայաց՝ այնպես, որ մի կողմում Դանտեն է մնում, իսկ մյուս կողմում՝ Վերգիլիուսը: Վանդակաճաղի կենտրոնում դռնակ է: Դանտեն բանվորներին մանրադրամ է նետում: Բանվորները հավաքում են դրամը և, գռեհիկ խոսքեր փոխանակելով, դուրս գալիս: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ինչպե՞ս ասացիր՝

(Պաթոսով.) Արդեն այնքան երկյուղ չէի զգում ես

Այն գազանից պատած մորթով գույնզգույն,

Բայց ես նորից համակվեցի սոսկումով,

Երբ երևաց ինձ մի առյուծ հանկարծույն:

Դանտեն առյուծի դիմակ է հագնում, մռնչում և քայլում դեպի հանդիսատեսը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Սպասի՜ր մի րոպե… Մուսաների ձայնը լսելու համար ինձ նախ պետք է օտարվել ամբոխից:

ԴԱՆՏԵ – Զգույշ եղիր, Վարպե՛տ, որ ամբոխից տարանջատվելով՝ չհայտնվես հենց այդ ամբոխից անջատվածների օձաջերմ գրկում:

ՎԵՐԳԻԼԻՈՍ – Էլ ի՞նչ ունեմ կորցնելու: Հուշերս, գուցե…

ԴԱՆՏԵ – Մարդիկ չեն սիրում նրանց, ովքեր տարբերվում են իրենցից:

ՎԵՐԳԻԼԻՈՍ — (հեգնանքով): Մի կերպ կդիմանամ նաև այդ ցավին:

ԴԱՆՏԵ – Ես զգուշացրեցի: Ուրեմն՝ թատրո՜ն:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (բարձրանալով քարին, Հիստրիոնի կեցվածքով): Այո՜, ես մեղսագործ եմ: Իմ մե՞ղքը… (Դառնությամբ ծիծաղում է:) Օ՜, արյունս է սառում երակներումս, երբ փորձում եմ մտաբերել անգամ: Աշխարհն իր արարման օրից ոչ լսել էր և ոչ էլ տեսել նման խայտառակ հանդգնություն: (Դադար:) Ես սափրել էի մարմինս, որ տարբերվեմ ամբոխից: (Կարճատև դադար:)

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Նույնիսկ Տոլեդոյից ժամանած հավատաքննիչները հանձն չառան դատել ինձ և թշվառականիս հանձնեցին (մատնացույց է անում Դանտեին) Դանտե անունով ֆլորենտացի դահճի ձեռքը: Այդ անգութ հրեշը լա՜վ գիտեր իր գործը: Նա ինձ բերեց ուղիղ այստեղ՝ իր ստեղծած իններորդ պարունակը և մի այնպիսի ահավոր պատիժ մոգոնեց հեք տարաբախտիս համար, որ ես նախանձով հիշեցի Սիզիփոսին ու դանայուհիներին: (Մոտենում է ճաղերին և մատներով անցնում դրանց վրայով՝ մետաղական ձայներ հանելով:) Ֆլորենտացին անծայրածիր անապատի կենտրոնում մետաղե ճաղերից երեսուներեք քայլ երկարությամբ բարձր մի պատ կանգնեցրեց, որի կենտրոնում դռնակ բացեց: Նա ինձ տեղադրեց այդ թափանցիկ պատի մի կողմում, իսկ մյուս կողմում արձակեց մի քաղցած առյուծ: Ու չքվեց դահիճս` ինձ հանձնելով անապատի, երկաթե ճաղերի և Առյուծի քմահաճույքին: Եվ դժոխային մի խաղ սկսվեց իմ, Առյուծի և երկաթե ճաղերի միջև…

ԴԱՆՏԵ – Քաղցն ինձ մոլեգին ու կատաղի է դարձրել: (Մռնչում է, ցնցում ճաղերը:) Եվ միայն այս մահապարտի արյունն ու միսը փոքր-ինչ հանգստություն կպարգևեն ինձ: Ես զգում եմ ռունգերս լցնող նրա քաղցր հոտը…

Դանտեն կատաղորեն փորձում է շրջանցել ճաղերը և հարձակվել Վերգիլիուսի վրա, սակայն վերջինս կարողանում է խույս տալ՝ բացում է դռնակն ու անցնում ճաղերի մյուս կողմը: Այս պատկերը կրկնվում է մի քանի անգամ, մինչև որ Դանտեն հոգնում է և նստում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ա՜խ, եթե հիրավի զերծ լինեի ինձ այդքան ատելի մարդկային արժեքներից, որոնք ցանկացել էի թոթափել մարմինս սափրելով, ապա ձեռաց կհաշտվեի անխուսափելիին, կվանեի ինձանից ապրելու և մաքառելու անիմաստ մղումը ու իմ արյունով կմեղմեի Առյուծի վայրենի քաղցը: Բայց ո՜չ, խորամանկ էր իմ դահիճը, որ ամեն ինչ հաշվարկել էր կատարյալ նրբությամբ ու հետևողականորեն: Մարդկային փոքրոգի բնազդներս գործեցին իրենց ողջ զորությամբ: Ես վայրկյանապես գտա իմ միակ հնարավոր քայլը: 

Դանտեն ցատկում է նստած տեղից, ցնցում ճաղերն ու մռնչում վիրավոր ցասումով: Դարձյալ փորձում է շրջանցել պատը և հասնել Վերգիլիուսին, բայց վերջինս բացում է դռնակն ու անցնում մյուս կողմը: Դանտեն անկարողությունից դարձյալ ցասումով մռնչում է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Այս խաղը շարունակվեց ժամեր ու օրեր, շաբաթներ ու ամիսներ… Մարմինս դարձյալ ծածկվեց մազերով, ու ես այդ պահին լացակումած մտածեցի, որ առավել մարդացած եմ, քան առաջ էի, չէ՞ որ հիմա ինձ երկու ամենանողկալի մարդկային բնազդներն էին առաջնորդում` վախը մահվան հանդեպ և մազածածկ մաշկս: Բայց, մյուս կողմից, չէ՞ որ հենց մահը կարող էր փրկել ինձ այդ անվերջանալի հոգեկան ու ֆիզիկական հալածանքից… Ես անկարող էի հեռանալ ճաղերից (այդ դեպքում Առյուծը կլափեր ինձ), ուստի մնում էի ճաղերին կառչած, որոնք միաժամանակ իմ բանտն ու փրկությունն էին այդ դժնի պարունակում:

Դանտեն դարձյալ կատաղորեն մռնչում է ու վազում դուրս: Վերգիլիուսը մենակ է մնում: Նայում է հետնաբեմում նստած Բեատրիչեին, մի քանի քայլ է անում դեպի նա: Բեատրիչեն իր հերթին բարձրանում է և մոտենում շղարշին: Բայց Վերգիլիուսը վախեցած վերադառնում է ճաղերի մոտ ու հոգնած նստում աթոռին: Բեատրիչեն տխուր հետևում է Վերգիլիուսին և ինքն էլ վերադառնում իր գահին:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Մի օր Առյուծը վազեց հեռու, այնքան հեռու, որ կորավ իմ տեսադաշտից: Ես նախ ուրախացա` մտածելով, որ ազատվեցի իմ բանտից, բայց հաջորդ պահին աննկարագրելի ափսոսանքով գլխի ընկա, որ անհնար է հեռանալ ճաղերից. չէ՞ որ կարող էի անապատում Առյուծին հանդիպել: Այդ դեպքում, ճաղերից այդքան հեռու, ի՞նչը կփրկեր ինձ: (Բարձրանում է, մոտենում ճաղերին:) Այս ճաղերը ոչ միայն իմ բանտն են, այլև իմ միակ ապավենը… Օ՜, հավերժական աստվածներ, ի՜նչ դժվար է առանց ճաղերի ապրելը…

Դանտեն դանդաղաքայլ ու հոգնած մտնում է բեմ ու տեղավորվում իր տեղում: Վերգիլիուսն ուշադիր հետևում է նրան:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (սիրով դիմելով Դանտեին): Դու վերադարձար, իմ սիրելի դահիճ: Ես քո աչքերում ալևետ ծով եմ տեսնում, որի ալյակների վրայով մի գեղեցկուհի է քայլում: Թեթև, ինչպես վաղորդայնի քամին…

ԴԱՆՏԵ – Դու իմ երազն ես պատմում: Չլինի՞ թե ականջ ես դրել:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ի՞նչ ես ասում… Ինչի՞ համար… Բայց… Թույլ կտա՞ս ես էլ տեսնեմ այդ երազը:

ԴԱՆՏԵ – Ես դեմ չեմ, բայց երազները աստվածների պարգևն են: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ուրեմն՝ ես կքնեմ: Եթե աստվածները բարեհաճ են իմ հանդեպ, ապա կտեսնեմ քո երազը: Կամ էլ՝ իմը: Բայց ես ուզում եմ ծովը տեսնել և այդ գեղեցկուհուն: Դու ինձ չես ուտի, չէ՞:

Դանտեն տխուր ժպտում է: Վերգիլիուսը պառկում է և անշարժանում: Դանտեն մտնում է դռնակով, անտարբեր անցնում Վերգիլիուսի կողքով ու մոտենում շղարշին: Բեատրիչեն ևս մոտենում է շղարշին: Դանտեն, առանց Բեատրիչեին դիպչելու, նրա մազերն ու ձեռքը շոյելու շարժում է անում: Հետո վերադառնում է իր տեղը: Վերգիլիուսն արթնանում է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Երկա՞ ր եմ քնել:

ԴԱՆՏԵ – Մի քանի օր: Կամ էլ՝ մի քանի շաբաթ… հաշիվը կորցրել եմ: 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (զննելով մարմինը): Տե՛ս, մարմինս կրկին մազերով է պատվել: Ուրեմն, հաստատ, երկար եմ քնել: 

ԴԱՆՏԵ – Իսկ երազ տեսա՞ր:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ոգևորված): Ասում ես՝ երա՞զ… Այո, զարմանալի մի պատկեր տեսա: Մի սիրամարգ տեսա, որն ամբողջովին աչքերով էր ծածկված: Այդ աչքերը նայում էին ինձ ու ցողվում արցունքներով…

ԴԱՆՏԵ – Լավ երազ է… Սոմնուսին կհարցնես, թե ինչ է նշանակում: Դա պատահական երազ չէ:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Կհարցնեմ, երբ հանդիպեմ:

ԴԱՆՏԵ – Շուտով կհանդիպես:

Լռություն է տիրում: Յուրաքանչյուրն իր մտքերի հետ է:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Լսի՜ր, եղբայր իմ Դանտե, վերադարձիր քո ծովերին: Լքի՜ր այս անիծյալ ճաղերը: (Ցույց է տալիս Բեատրիչեի կողմը:) Ախր նա քեզ է սպասում…

ԴԱՆՏԵ – Եթե հեռանամ` կդադարեմ Դանտե լինելուց: Չէ՞ որ ոչ միայն անապատում ու ծովերում եմ ապրում, այլև քո հուշերում: Եթե ես հեռանամ` ինչ-որ տեղ կմեռնեմ` քո մեջ կամ էլ մի ուրիշ տեղ: Մինչդեռ ո՛չ ես, ո՛չ գեղեցկագույնը կանանց մեջ և ո՛չ էլ ինձ սպասող ծովերը իմ մահը չենք փնտրում… Մի անգամ ես արդեն փորձել եմ տարբերվել մյուս առյուծներից, բայց ի՞նչ եմ շահել դրանից… Լոկ այս ճաղերի և քո մելամաղձոտ հարևանությունը: Օ՜, ոչ, Մեծ վարպետ, բավական է, բավական… Հոգնել եմ ես…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — Բայց ես չեմ ուզում, որ դու տառապես… Ես սիրում եմ քեզ…

ԴԱՆՏԵ – Սիրո՞ւմ ես դու ինձ… Ուրեմն՝ մարմինս սպանի՛ր: Եվ ազատիր ինձ այս ահավոր տվայտանքներից:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (կատաղի ցասումով): Դո՛ւ, ֆլորենտացի հրեշ… Ես կհոշոտեմ քեզ, որ անգամ քո գարշելի երազներում ինձ այսպիսի կտտանքների չենթարկես: Ես այդքան մեղք չե՜մ գործել:

Վերգիլիուսը ցատկում է նստած տեղից, ցնցում ճաղերն ու մռնչում վիրավոր ցասումով: Փորձում է շրջանցել վանդակաճաղը և հասնել Դանտեին, բայց վերջինս բացում է դռնակն ու անցնում մյուս կողմը: Վերգիլիուսն անկարողությունից գրկում է ճաղերն ու մռնչում: Երկուսն էլ ուժասպառ փռվում են հատակին: Լռություն է տիրում: Բեատրիչեն մոտենում է շղարշին, ապա դանդաղաքայլ վերադառնում իր տեղը:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (հանդարտ ձայնով): Բայց դու… Դու ինչո՞ւ վերադարձար:

ԴԱՆՏԵ – Եթե հեռանամ և լքեմ քեզ ու ճաղերը` կկորչի թե՛ քո, թե՛ նրանց գոյության իմաստը: Մենք կկորցնեք մեր ազատությունը, քանզի ես հիմա իրական առյուծ եմ, և դու հստակ գիտես, թե որն է քո վախը: Իսկ եթե ես հեռանամ, կդառնամ քո մշտնջենական մղձավանջը: Ինձ դու առերես չես տեսնի, բայց ամեն ինչում ինձ ու կառափնարան ես տեսնելու: Ես ու այս խայտառակ ճաղերը ոչ միայն քո բանտն ենք և բանտապահը, այլև քո ազատությունը… 

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (ցույց է տալիս Բեատրիչեին): Իսկ միգուցե կարո՞տը:

ԴԱՆՏԵ – Չէ՜, կարոտը չէր պատճառը: Կարոտը ես վաղուց եմ սպանել` ծվատելով իմ մագիլներով ու ժանիքներով: Մի՛ մեղադրիր ինձ, Մեծ վարպետ, այլ հասկացիր, որ ես չեմ կարող հեռանալ: Ես էլ քեզ պես զոհ եմ: Դու դա գիտե՛ս: Քանի դեռ դու մարդ ես, և ես՝ առյուծ, մեր միջև պիտի շարունակվի այս զազրելի խաղը, որում երկուսս էլ թե՛ շահող ենք, և թե՛ պարտվող: Եվ ոչ էլ դու կարող ես հեռանալ կամ մեռցնել ինձ: Եթե դա այդքան հեշտ լիներ, ինչո՞ւ պիտի տառապեին Սիզիփոսն ու դանայուհիները: Տեսնո՞ւմ ես, ինչպես են գլորում քարը դեպի Օլիմպոսի բարձունքը: Որքան էլ սափրես գլուխդ և մարմինդ` չես կարող ազատվել այն մազերից, որ քո երազներում են… Ավելի լավ է` մտածիր, որ ես, դու, գեղեցկուհի Բեատրիչեն և այս ճաղերը մի ամբողջություն ենք, որին տրված չէ տարանջատվել: Իսկ ծովերն ունայն են, մեր երևակայության անիրական հեշտանքը, անուրջ ու տեսիլք… Ավելի լավ է՝ դո՛ւ հեռացիր: Չէ՞ որ դու էլ ունես քո փափագած ծովերը: Ես չեմ ուզում, որ դու տառապես…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ — (հուսահատ): Ես փորձեցի և ձախողվեցի: Ես չեմ կարող հեռանալ: Սա իմ վերջին հանգրվանն է: Եվ պատահական չէ, որ հիմա ես ու դու Դժոխքի ու Դրախտի սահմանագծին ենք հասել… Դու սա ի՞նչ ես անվանել: Կյա՞նք:

ԴԱՆՏԵ – Քավարան…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Քավարան… (Դադար: Լացակումած:) Ների՛ր ինձ, խնդրում եմ, ես անկարող եմ քեզ օգնել: Ների՜ր ինձ, Առյուծ, ների՛ր ինձ…

Դադար և լռություն: Վերգիլիուսը լաց է լինում:

ԴԱՆՏԵ – Իսկ դու հիշո՞ւմ ես` երբ փոքր էիր, հայրդ քեզ ինչո՞վ էր կերակրում:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Իհարկե, հիշում եմ: Ինձ առյուծի սիրտ էր տալիս, որ նրա պես քաջակորով ու ամեհի լինեմ:

ԴԱՆՏԵ — (դառը ժպիտով): Իսկ ինձ համար հայրս մարդու սիրտ էր բերում, որ նրա պես ուժեղ ու հաստատակամ լինեմ… Լսի՜ր, Մեծ վարպետ, ասա՛ ինձ և խոստովանի՛ր՝ դու վախենո՞ւմ ես ինձանից:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Վախենո՞ւմ: Շա՜տ մեղմ է ասված: Ես սարսափո՜ւմ եմ… Ես նայում եմ քո ամեհի ժանիքներին ու մագիլներին, ու տագնապի սառը քրտինքն է պատում ինձ: Ականջներումս քո մռնչոցի արձագանքն է ու փշոտ լեզվիդ խշխշոցը ձյունափայլ մաշկիս վրա:

ԴԱՆՏԵ — (քմծիծաղով): Բայց չէ՞ որ իմ դաժանությունն արտաքուստ է: Իմ ժանիքներն ու մագիլներն հենց այնպիսին են, ինչպիսին դրանց էությունն է, մինչդեռ ո՞վ գիտե՝ ինչ դավեր են թաքնված քո արտաքուստ չքմեղ ատամների և տավիղի վրա նրբացած եղունգներիդ ետևում: Իսկ քո լեզուն և շուրթերը…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Իմ լեզուն և շուրթերը Բեատրիչեին սիրելու համար են:

ԴԱՆՏԵ — (դառը ժպիտով): Իսկ դու տեսե՞լ ես իմ Առյուծուհու երազները… Նա հիմա իմ փշոտ լեզվի քնքուշ գգվանքն ու ժանիքներիս ու մագիլներիս սիրախտիտ խաղն է կարոտում: Եվ նա չի կարող սպանել իր կարոտը, քանի որ նրա սերն ավելի ուժեղ է, քան մարդը, քան առյուծը, քան ճաղերն ու ֆլորենտացի դահիճը: Եթե ես ու դու էլ կարողանայինք այդպես սիրել, մեր երազի ծովերը վաղուց մեր կողքին կլինեին…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Ուրեմն՝ վե՞րջ:

ԴԱՆՏԵ – Ուրեմն՝ վերջ: Երևի քնենք… Ու թող երազեն…

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Այո, ի՜նչ ճիշտ ես դու: Քունը հիմա միակ փրկությունն է:

ԴԱՆՏԵ — (ցույց տալով Բեատրիչեի կողմը): Իսկ նա՞:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Նա՞… Նա՜… Դու պարզապես երազիր, թե ինչպես է նա ճեմում քո սիրելի Ֆլորենցիայի երկար փողոցով, և այդ պահին անգամ տաճարի ժամացույցը կանգ է առնում: Երևի՝ խանդից: Քաղաքը լռում է: Եվ սալաքարերից հասնող նրա քայլերի նրբին ձայնն է միայն պարուրում օդը:

ԴԱՆՏԵ — (երազկոտ): Դու, հիրավի, Մեծ վարպետ ես: (Կարճ դադար:) Վիրգիլ, դու դե՞մ չես, եթե մենք միասին նույն երազը տեսնենք:

ՎԵՐԳԻԼԻՈՒՍ – Դա է փափագն իմ երկնային… Կհանդիպենք կրկին մեր կամ էլ Բեատրիչեի երազներում… Տո՛ւր ինձ քո ջրից, որ Ստիքսից ես վերցրել:

Դանտեն մեկնում է շիշը: Հերթով խմում են, փռվում գետնին և անշարժանում: Ներս են մտնում բեմական բանվորները: Առանց շտապելու հավաքում են դեկորը, ճաղերը, Բեատրիչեի գահը, միջնորմ-շղարշը և տանում կուլիսներ: Վերադառնում են, նայում քնած Վերգիլիուսին և Դանտեին: Մի քիչ մտածելուց հետո նրանց ևս բռնում են ձեռքերից ու ոտքերից և դեկորի պես տանում դուրս: Ապա հին հունական ոճի երկու արձանագլուխ են բերում և տեղադրում աթոռների վրա՝ այն տեղում, որտեղ Վերգիլիուսի և Դանտեի մարմիններն էին: Մելպոմենեի արձանը տեղափոխում են կենտրոն: Բանվորները դուրս են գալիս: Բեմում մնում է միայն Բեատրիչեն: Լույսերը թուլանում են: Հոգեպարար երաժշտություն: Լույսի շողը հետևում է Բեատրիչեին: Նա դանդաղաքայլ ճեմում է բեմով, հանում և մի կողմ է դնում հրեշտակի թևերը, կանգ առնում արձանագլուխների մոտ, ժպտում և սիրով շոյում երկու գլուխները: Հետո մոտենում է Մելպոմենեի արձանին և համբուրում շուրթերը: Բեատրիչեն նազանքով ու դանդաղաքայլ դուրս է գալիս՝ վերջին պահին մի ժպիտ պարգևելով դահլիճին:

ՎԱՐԱԳՈՒՅՐ

31 մարտի, 2023

Երևան

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։