ԱԼՊԻԱԿԱՆ ՊԱՐ / ՍԱՂԱԹԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՄԵԼՈԴՐԱՄԱ 2 ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՄԲ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՆՈՐԻԿ
ԼԱԼԱ
ԱԳԱԹ
ՊՐԵԶԻԴԵՆՏ
ԹԱՄԱՐ
ՋՈՒԼԻԵՏ
ԴԵՐԵՆԻԿ
ՆՈՒՇԻԿ
ՀՈԼՈ
ՊՐՈՖԵՍՈՐ
Գործողությունը կատարվում է մեր օրերում
ՆԱԽԵՐԳ,
ՈՐ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ԷՐ ԼԻՆԵԼ ՎԵՐՋԵՐԳ
Միջնադարյան կիսավեր մատուռ՝ գրեթե սարի գագաթին:
Վաղ առավոտ է: Մատուռի պատի տակ՝ քարի վրա, նստած է պրեզիդենտը: Մի երկար փայտի կտոր կա ձեռքին, որով նա, հենց այնպես, խփում է գարնանային դալար խոտերին, ինչպես կաներ ամեն մի պարապ մարդ:
Բայց նրա կեցվածքում, շարժումների մեջ կա մի լարված սպասողականություն, չսքողված տագնապ: Հայտնվում է Հոլոն և նկատելով պրեզիդենտին՝ հեռու կանգնած երկար նայում է նրան ու գլուխը հանդիմանությամբ օրորում: Պրեզիդենտը սթափվելով՝ նկատում է Հոլոյին:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Աա՜, դու՞ ես:
ՀՈԼՈ. Էլի եկե՞լ ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չեմ գնացել:
ՀՈԼՈ. Վայ, քոռանամ ես. գիշերը դու՞րսն ես մնացել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հովիվների հետ էի (դադար): Լավ տղաներ են, ուրախ… Նորիկն էլ, ոչինչ, կարգին տղա է երևում:
ՀՈԼՈ. Բա իմ ասածն ի՞նչ է, շատ լավ տղա է, (ձայնը ցածրացնելով) Լալային էլ շատ կսիրե:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Չոր). Շա՜տ կսիրե… ինչ-որ չի երևում: Որ սիրում է, ինչու՞ չի ամուսնանում:
ՀՈԼՈ. Ի՞նչ իմանամ… ասում է պատրաստ չէ, տուն չունի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Աղջկա անունն է միայն հանել… Չէ, Հոլո, դրա մտքին մի բան կա… Սիրտս վկայում է, որ դրանց ջուրը մի առվով չի գնա, Լալան կհեռանա Նորիկից:
ՀՈԼՈ. Տա Աստված, տա Աստված… վա՜յ, լեզուս չորանար, էս ի՞նչ ասացի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էլ ինչու՞ վախեցար:
ՀՈԼՈ. Բա ո՞նց կլինի, ջահել տղա աղջիկ են, մուրազ ունեն…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Դադարից հետո). Գյու՞ղ էիր իջել:
ՀՈԼՈ. Ահա՛… Հարսանիք էր…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լալային տեսա՞ր:
ՀՈԼՈ. Տեսա, բա չտեսա՞ (տատանվելով): Լավ չտեսա… էնպես կանցներ, հարցուցի ինչպե՞ս է, ինչպե՞ս չէ: Է, լավ էր…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Սար չի՞ գալու:
ՀՈԼՈ. Հերը կթողնի՞, որ գա… հերը չի ուզում, որ Նորիկին հանդիպի: Ասում ես ինչու՞ չի ամուսնանում… ախր վախենում է, թե հերը չի տա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հիմա ո՞վ է դրանից վախենում… Հերը չի տա՝ կփախցնի (Լռություն): Գյուղապետին տեսա՞ր…
ՀՈԼՈ. (Խուսափողական). Գյուղապետ կբռնես… Մի օր մարզկենտրոն կերթա, մեկել օր՝ Երևան (դադար): Տեսա, բա չտեսա՞… ասում է դեմ չէ… ասում է թող գա գյուղացիներից տուն առնի, ինչ ուզում է կառուցի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ուրեմն դեմ չի… հենց այսօր կիջնեմ գյուղ… կենտրոնում տուն ծախողի տեղ չգիտե՞ս…
ՀՈԼՈ. Տղա, դու հաստա՞տ որոշել ես գյուղ գալ (դադար): Ինչն է շատ՝ տունը, բոլորն ուզում են գյուղից փախչել…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էնպիսի մի խանութ սարքեմ, որ բոլորի աչքը ծակի, Լալայինն էլ հետը… տեսնենք Լալան կդիմանա՞…
ՀՈԼՈ. …Ախր Լալան Նորիկին կսիրե, շատ կսիրե (ցույց է տալիս մատուռը). Էս սուրբ վկա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մեկ է, Հոլո, մեկ է… Կարծում ես, թե ես հույս շա՞տ ունեմ… բայց որոշել եմ հաստատ… կգամ գյուղ… Մոտիկ կլինեմ իրեն, շուտ-շուտ կտեսնեմ… Բացի այդ, Հոլո… Մենակ Լալայի համար չեմ գալիս… ամբողջ ձեր մարզը կլցնեմ իմ խանութներով… տես, թե ինչեր եմ անելու: Ախր ես Երևանում տասնհինգ խանութ ունեմ: Փողը գալիս է, բայց ինչի՞ս է պետք…
ՀՈԼՈ. Էս ի՞նչ սովդա կպավ քեզի, տղա, դարձել ես մի բուռ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Արի մոտս նստիր, Հոլո՛…
ՀՈԼՈ. (Նստելով). Քիչ մնաց, էս երկու օր կիջնենք գյուղ… Ֆերմայի նոր տերը… Հիմի տեր է, վարիչ չկա, առել է: Էդ նոր տերը ապսպրեց, որ բոլորին ասեմ… Արդեն ցրտերն ընկան (դադար). Մի քիչ հաց կեր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Ձեռքով արգելում է կապոցը քանդել). Պետք չի, չեմ ուտի:
ՀՈԼՈ. Տղա, բա դու սովա՞ծ չես: Ե՞րբ ես կերել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ինքս էլ չգիտեմ… Ուտում եմ, Հոլո, մի վախեցիր, բա հո քաղցած չեմ մնում: Հիմա ախորժակ չունեմ:
ՀՈԼՈ. Ինձնից քեզ խորհուրդ չի հասնի, համա պիտի ասեմ, մեծի խոսք է, լսիր… Գնա քո քաղաքը, տուն ունես, տեղ ունես… քաղաքին սովոր մարդ գյուղ չի կարող մնալ… Գնա քո տուն-տեղին տեր եղիր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տուն-տեղ… Կուզես իմանալ՝ ես այս չոլերի մեջ ինձ ավելի քիչ եմ մենակ զգում, քան իմ տանը, այս ձորերն ավելի լիքն են, քան իմ երեք սենյականոց բնակարանը… Ձանձրացել եմ պատահական տանտիրուհիներից, որոնց չգիտեմ, թե ինչն է հետաքրքրում, ոմանք դեռ կարծում են, թե պրեզիդենտ կդառնամ: Կդառնամ բա չէ՜… ես ձանձրացել եմ… Հոլո, ես հիմա շատ բան եմ հասկացել, հիմա ես ուրիշ եմ… Կյանքս կես եղավ նոր գլխի ընկա, որ ինքս ինձ այրել եմ, մսխել պարապ տեղը, կյանքս զրկել եմ իմաստից…
ՀՈԼՈ. Խոր-խոր բաներ կխոսիս, տղա, ես բան չեմ հասկանա (դադար). Քանի՞ ամիս եղավ դու էս սարերն ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չգիտեմ, Հոլո, չգիտեմ… ես օրերի հաշիվը կորցրել եմ:
ՀՈԼՈ. Համբարձման օրերն էին, հունիսին…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Օրհնվի այն օրը:
ՀՈԼՈ. Ես բանջար կքաղեի… Չէ՛, զոխ… արև նոր դուրս կուգար, կհիշեմ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Օրհնվի այն լուսաբացը… օրհնվի…
Հոլոն ապշած երկար նայում է պրեզիդենտին… Հետո հարցնում է…
ՀՈԼՈ. Տղա հարցըմ տամ… քեզի ինչու՞ պրեզիդենտ կսեն… անու՞նդ է էդպես…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մի պահ լռելուց հետո). Անունս Վարազ է… Վարազդատ… Պրեզիդենտ… Խելքս մտել էր, որ պրեզիդենտ դառնամ… կպել էին օձիքիցս, թե դարձի, փող ունես… նախորդ պրեզիդենտի հետ քվեարկվեցի… Դե, ես էլ առանձնապես հույս չունեի, բայց հարամություն էլ շատ եղավ… Մեր կուսակցությունը նոր էր ստեղծվել, այնքան կողմնակիցներ չունեի… Լավ եղավ, հիմա այդ կեղտից հեռու եմ: Հիմա իսկապես պրեզիդենտ եմ, սարերը չափչփողների միություն են ստեղծել… ինձ էլ դարձրել են պրեզիդենտ… Հոլո, գյուղում եկեղեցի ունե՞ք:
ՀՈԼՈ. Եղել է, անաստվածներ կոլեկտիվացումին քանդել են:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հաա՜… Հիմի էլ անաստվածները քանդում են, շատ բան են քանդում: Կշինեմ… գյուղում եկեղեցի էլ կշինեմ…
ՀՈԼՈ. Տղա, քեզի էդքան փող որտեղի՞ց… կարող է Դունդուկովի թոռն ես:
Պրեզիդենտը ծիծաղում է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չէ՛, Դունդուկովի թոռը չեմ… Հը;, Դունդուկո՜վ… էդ ո՞վ է եղել…
ՀՈԼՈ. Ես գիտե՞մ, որ քեզի ըսեմ… խոսք է կսեն…
ՄԹՆԵՑՈՒՄ:
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ՍԱՐԱԼԱՆՋ
Սարալանջ: Ալպիական մարգագետին: Այնտեղ, ուր վերջանում է սարալանջը, սկսվում է կաթնակապույտ, աստղերից դեռևս չազատված երկինքը: Կանաչ սարալանջին մի երկու թուփ կա միայն և մի ժայռաբեկոր՝ մասրենին ուսին: Աջ կողմում դեպի բլրի խորքն է ձգվում վաղորդյան մշուշով պատած բլրաշարքը, իսկ ավելի հեռվում երևում են լեռների ճերմակ գագաթները: Նախ ոչխարի մայուն է լսվում, ապա տրանզիստորի ձայնը, իսկ հետո, ուղղակի կապույտի միջից հայտնվում է Նորիկը: Նրա պարանոցից կրծքի վրա միջին չափի մի տրանզիստոր է կախված: Հովվի փայտը դրել է ուսերին ու ձեռքերը գցել վրան, ասես թե կախված է փայտից: Նա մի քանի բացականչություն է ուղղում սարալանջի մյուս երեսին ենթադրվող հոտին, ապա համոզվելով, որ ամեն ինչ կարգին է, նստում է ժայռաբեկորի տակ, գլուխը հենում քարին: Տրանզիստորի աղմուկը չի թողնում, որ նա լսի Լալայի ոտնաձայնը: Վերջինս ուղիղ գալիս է դեպի ժայռաբեկորը և ձեռքը պարզեւով, անջատում է ընդունիչը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այս ամենը կրկնվել է շատ անգամ:
ՆՈՐԻԿ. (Առանց գլուխը շուռ տալու). Ինչու՞ ես այդքան շուտ հայտնվել: Ես ուզում էի քնել:
ԼԱԼԱ. Ինչքան ժամանակ է գյուղ չես իջնում, քո հերթն էր:
ՆՈՐԻԿ. Գործ շատ կա, չեն թողնում:
ԼԱԼԱ. Առաջ էլ գործ շատ կար, գալիս էիր… և կարծեմ, ոչ ոքից թույլտվություն չէիր խնդրում:
ՆՈՐԻԿ. (Ձեռքը մեկնում է Լալային). Արի՛…
ԼԱԼԱ. (Վիրավորված). Գնա՜…
Նորիկը հանկարծ վեր է թռչում և Լալային բռնելով մոտեցնում է իրեն:
ՆՈՐԻԿ. Արի՛…
ԼԱԼԱ. Թո՛ղ…
ՆՈՐԻԿ. Չե՞ս կարոտել:
ԼԱԼԱ. Քունդ տանում է, քնիր:
ՆՈՐԻԿ. Ես էլ քեզ էի կարոտել:
ԼԱԼԱ. Գիտեմ:
ՆՈՐԻԿ. Ի՞նչ գիտես… (դադար). Լավ է, որ եկար:
ԼԱԼԱ. (Մի քիչ չար). Հայրիկն ուղարկեց:
ՆՈՐԻԿ. (Զարմացած շուռ է գալիս). Իի՞նչ…
ԼԱԼԱ. Ասաց՝ գնա մորդ կանչիր, տանը գործ կա:
ՆՈՐԻԿ. (Գոհ). Հայրիկդ գիտեր, որ կարոտել եմ:
ԼԱԼԱ. Ոչինչ էլ չգիտեր: Երեկոյան հյուրեր են գալու, մայրիկը տանը պիտի լինի:
Նորիկը մի քիչ կոպիտ հրում է աղջկան:
ՆՈՐԻԿ. Էլի նրա՞նք են:
ԼԱԼԱ. Ի՞նչ իմանամ… Երևի ուրիշներ են:
ՆՈՐԻԿ. Ես դրանց բոլորին կսպանեմ…
ԼԱԼԱ. Հա՛, դու կսպանես… անցյալ տարի քանիսին սպանեցիր:
ՆՈՐԻԿ. Թող մի համաձայնությունդ տայիր, կտեսնեիր:
ԼԱԼԱ. Ես այսօր իմ համաձայնությունը կտամ, կտեսնես:
ՆՈՐԻԿ. (Հանգիստ). Չես տա:
ԼԱԼԱ. Ինչու՞ ես այդքան ինքնավստահ:
ՆՈՐԻԿ. Դու ինձ սիրում ես:
ԼԱԼԱ. Իսկ դու՞…
ՆՈՐԻԿ. Պարզ չէ՞:
ԼԱԼԱ. Ոչինչ էլ պարզ չի… Ինչքա՞ն պիտի քեզ սպասեմ, մի օր էլ, տեսար, փախցրեցին:
ՆՈՐԻԿ. Դու որ չգնաս, ո՞նց կփախցնեն:
ԼԱԼԱ. Ես էլ կվերցնեմ ու կգնամ:
ՆՈՐԻԿ. (Նույն հանգստությամբ). Չես գնա… դու ինձ սիրում ես…
ԼԱԼԱ. Ո՞վ գիտի, գուցե սիրում եմ, գուցե չեմ սիրում:
ՆՈՐԻԿ. Կորչի «գուցեն»:
ԼԱԼԱ. (Ոգևորված). Թող կորչի (ընկնում է Նորիկի գիրկը):
ՆՈՐԻԿ. Ե՞րբ ես տանից դուրս եկել, որ այսքան շուտ հասել ես:
ԼԱԼԱ. Գիշերն ո՞վ է քնել որ. ժամը չորսից ճանապարհ եմ ընկել:
ՆՈՐԻԿ. Ես էլ չեմ քնել, գայլերը վրա էին տվել: Սպասիր մենակ ո՞նց ես եկել:
ԼԱԼԱ. Մենակ չեմ եկել, հետս մի տղա կար:
ՆՈՐԻԿ. Ի՞նչ տղա էր… (Գլուխը բարձրացնում է). Ի՞նչ տղա, որտեղի՞ց:
ԼԱԼԱ. (Ծիծաղում է). Ամբողջ ճանապարհին երկու բառ չասաց: Տարօրինակ տղա էր, տխուր աչքեր ուներ:
ՆՈՐԻԿ. Գիտենք այդ չխոսկաններին… վաղը մարդ կուղարկի ձեր տուն:
ԼԱԼԱ. Ավելի լավ, թող ուղարկի… սիրուն տղա էր: Քաղաքավարի էր, օգնում էր, որ առուներն անցնեմ… մենակ թե տարօրինակ էր, ոնց որ հետինը աղջիկ չլիներ:
ՆՈՐԻԿ. Ի՞նչ է, տխրել ես դրա համար… (դադար), քունս տանում է:
ԼԱԼԱ. Իմ աչքերն էլ են փակվում: Ախր համարյա չեմ քնել (կուչ է գալիս Նորիկի գրկում). Նոր…
ՆՈՐԻԿ. Հը՞…
ԼԱԼԱ. Ինձ սիրու՞մ ես…
ՆՈՐԻԿ. Բարև ձեզ… կարծես չես լսել:
ԼԱԼԱ. Ուզում եմ, որ էլի ասես…
ՆՈՐԻԿ. (Քնած). Չեմ ասի… Դու գիտես…
ԼԱԼԱ. Գիտեմ, որ գիտեմ, բայց դու էլի ասա…
ՆՈՐԻԿ. Կասեմ, Լալա, էլի կասեմ… բայց մի քիչ քնեմ, հա՞… չէ, արի երկուսս էլ քնենք:
ԼԱԼԱ. Գժվե՞լ ես, ինչ է, ո՞նց քնենք:
ՆՈՐԻԿ. Ասում ես քունդ տանում է. իմն էլ է տանում, ուղղակի աչքերս փակվում են:
ԼԱԼԱ. Հետո՞ ինչ:
ՆՈՐԻԿ. Արի այսպես անենք (նայում է ժամացույցին), տիեզերագնացների նման… քնում ենք ուղիղ քսան րոպե և արթնանում ճիշտ ժամը յոթին: Համաձա՞յն ես:
ԼԱԼԱ. Էէ՜… ես որ քնեցի, էլ արթնացողը չեմ:
ՆՈՐԻԿ. Ես քեզ կարթնացնեմ… դեհ, մե՜կ, երկո՜ւ…
Նորիկն անջատում է տրանզիստորը: Միառժամանակ երկուսն էլ լուռ են: Լալան գլուխը դրել է Նորիկի կրծքին, աչքերը փակել:
ԼԱԼԱ. Նո՜ր…
Պատասխան չկա: Տեսնելով, որ Նորիկը քնած է, ինքն էլ է անշարժանում: Արդեն կուլ գնացող աստղերը, վաղորդյան հովը, հեռվում կապույտին տվող լեռները հովվերգությամբ են շնչում: Լռությունը ընդհատվում է Ագաթի մուտքով: Ծանր ուսապարկի տակ կքած, սա մի պահ կանգ է առնում, խորը շունչ է քաշում և սրբում ճակատի քրտինքը: Մյուս կողմից ներկատուփը ուսից կախած հայտնվում է Դերենիկը:
ԱԳԱԹ. Չէի սպասում, թե այս ժամին այստեղ մարդ կլինի:
ԴԵՐԵՆԻԿ. Իսկ ես սպասում էի… Գիտեի, որ հենց ձեզ եմ տեսնելու:
ԱԳԱԹ. Ի՞նձ… Մինչև երեկոյան ժամը տասը հայտնի էր, որ ես չեմ գալու:
ԴԵՐԵՆԻԿ. Գիտեմ:
ԱԳԱԹ. Տեսնում եմ, որ դու ամեն ինչ գիտես:
ԴԵՐԵՆԻԿ. Ինչու՞ դու… այդ ի՞նչ մտերմիկ տոն է:
ԱԳԱԹ. Օ՛հ, օ՛հ, օ՛հ… մտերմի՜կ… մարդ ենք, խոսում ենք, էլ մտերմիկս ո՞րն է: Ի դեպ, կարծեմ դու էլ չէիր գալու:
ԴԵՐԵՆԻԿ. Իմը ուրիշ է, ես մենակ եմ եկել, ես իմ գործն ունեմ: Մյուսներն ու՞ր են:
ԱԳԱԹ. Կգան, մի վախեցիր, չեն կորչի:
ԴԵՐԵՆԻԿ. Կորչելը՝ չեն կորչի, գիտեմ… Նրանց առաջնորդն այստեղ ամեն մի քար գիտի:
ԱԳԱԹ. Էդ մեկը ճիշտ է… Պրեզիդենտն այստեղ ամեն քար գիտի… (ծիծաղում է) և ամեն ոչխար: Ինչու՞ ես եկել: Դու հո գիտես, որ Նուշիկը հալվում է նրա համար:
ԴԵՐԵՆԻԿ. Գիտեմ: Բայց ես ուրիշ բան էլ գիտեմ, որ դուք չգիտեք:
ԱԳԱԹ. Օհո, տեսնում եմ, որ դու այստեղ պատահաբար չես հայտնվել:
ԴԵՐԵՆԻԿ. Դրանից դուք չեք վնասվի… ընդհակառակը, դուք դրանից միայն օգուտ կքաղեք… եթե իհարկե ցանկանաք:
ԱԳԱԹ. Այսինքն ո՞վ:
ԴԵՐԵՆԻԿ. Դուք անձամբ… ինչպես դուք եք ասում՝ դու…
ԱԳԱԹ. Ես մենա՞կս… տես է, ինչքան բարի մարդիկ կան աշխարհում… Մենակ թե քեզ նման բարիներից ես շատ եմ տուժել… դե հիմա ասա ի՞նչ ես ծամծմում:
ԴԵՐԵՆԻԿ. Դժբախտաբար դեռ իրավունք չունեմ… մեկին խոսք եմ տվել առայժմ լռել… ինչևէ, պրեզիդենտից զգույշ եղեք:
ԱԳԱԹ. Այդ մասին ինձ պետք չէ զգուշացնել… Ես նրան գիտեմ:
ԴԵՐԵՆԻԿ. Դուք ինձ չհասկացաք…
ԱԳԱԹ. Երբ շան հետ ընկերություն ես անում, փայտը միշտ ձեռքիդ պահիր:
ԴԵՐԵՆԻԿ. Վախենում եմ մինչև գլխի ընկնեք ուշ լինի:
ԱԳԱԹ. Օֆ, չեմ սիրում, երբ հանելուկներով են խոսում (ուսապարկը ցած է իջեցնում), հոգնեցի…
ԴԵՐԵՆԻԿ. (Ներկատուփը իջեցնելով). Եթե դեմ չեք, ես ձեզ կնկարեմ… յուղաներկով չէ, մատիտով (հանում է նկարչական ալբոմը, որ ամրացված է ներկատուփին):
ԱԳԱԹ. Այստեղ գալիս են հանգստանալու, իսկ դու աշխատում ես: Թող ներկերդ, ուրախացիր մեզ հետ, այդ կմնա… Հիմա Նուշիկն էլ կգա… եթե պրեզիդենտը թույլ տա իհարկե:
ԴԵՐԵՆԻԿ. Դուք ուղտի ականջում քնած եք… Պրեզիդենտը վաղուց է Նուշիկից ձեռ քաշել… հերթական զոհը ուրիշ է լինելու… Նա հիմա ուրիշ տեղ է նշանը բռնել… Վախենում եմ, որ նետը ձեզ դիպչի:
ԱԳԱԹ. Համա թե ասացիր, հա՜… աղջի՞կ եմ, ի՛նչ է… հետո, նրա նետը ինձ վաղուց է դիպել, է՛, տասնութ տարի առաջ:
ԴԵՐԱՆԻԿ. Հին ընկերներ եք երևում…
ԱԳԱԹ. Շատ հին… ընկերնե՜ր… հը՛, ընկերնե՜ր (նայում է ձախ)… գալիս են, հազիվ քարշ են գալիս… Եվ դեռ ինձ են ծերուկ ասում:
ԴԵՐ ԵՆԻԿ. (Նկարելով). Ի՞նչ ծերուկ, դուք դեռ բավական երիտասարդ եք:
ԱԳԱԹ. Եղել եմ… Աստված վկա ես էլ եմ երիտասարդ եղել:
Ուսապարկով, պլաստմասայե ջրամանով ու մագնիտոֆոնով ծանրաբեռնված մտնում է պրեզիդենտը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ծերուկ, տեսնում եմ, որ նստել ես: Ասում եմ չէ, որ մեզ հետ դու չես կարող ոտ պարզել: Տես է՛, նկարիչն էլ է այստեղ… Դու ինչ է հենց երեկոյան էլ ճանապա՞րհ ես ընկել… Քեզ մեկը… մի օրիորդ, կարծեմ ասաց, որ չգաս:
ԴԵՐԵՆԻԿ. Այնպես եք ինձ հետ խոսում, ոնց որ քավորս լինեք:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ, չհասկացա:
ԴԵՐԱՆԻԿ. Ասում եմ կնքահայրս չեք, ինչու՞ եք «Դու»-ով խոսում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հիմա հասկացա… հալա մի փախիր էստեղից…
ԴԵՐԵՆԻԿ. Ես նկարում եմ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հավաքիր փասափուսեդ:
ԴԵՐԵՆԻԿ. Ի միջի այլոց, ես այստեղ էի, որ դուք եկաք, կարող եք ձեր ճանապարհը շարունակել (վեր է կենում, ներկատուփը ուսը գցած մի քանի քայլ իջնում է ցած և նկատում քնածներին): Այս ովքե՞ր են…
ԱԳԱԹ. (Առաջ գալով). Տես է՛…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդ ու՞ր եք այդպես նայում (առաջ գալով). Օհո, ինչպիսի՜ հովվերգություն:
ԱԳԱԹ. Սս՜… քնած են… սրա մեջ մի սիրուն բան կա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տեսնում եմ, որ հիացած ես:
ԱԳԱԹ. Կարելի է նաև հիանալ, ի՞նչ կա որ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ջահելությունդ ես մտաբերել… Դու այս էտապն անցած կլինես. քո ժամանակ սա դեռ մոդա էր:
ԱԳԱԹ. Կարծես մեր ժամանակների տարբերությունը մեծ է, մի հինգ տարի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Վեց… (Դերենիկին). Երիտասարդ դու դեռ այստե՞ղ ես: Ասացի չվիր… քշում են գնա, էլի՛…
ԴԵՐԵՆԻԿ. Ի՞նչ իրավունքով եք քշում…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մոտենում բռունցք է ցույց տալի). Այ, այս իրավունքով…
ԴԵՐԵՆԻԿ. Ձեզ հետ գլուխ դնել չարժե… և դեռ պրեզիդենտի թեկնածու եք եղել… (դուրս է գալիս):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Աներեսն է:
ԱԳԱԹ. Սիրահարված է տղան:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ասենք, թող մնար, ի՞նչ վնաս էր տալիս… (դադար) վեց տարի՜… վեց տարին քիչ բան չէ… եթե դու այն ժամանակ չփախչեիր…
ԱԳԱԹ. Դու անամոթ մարդ ես, Վարազ… չփախչեի՜ր… եթե մնայի՝ քո փոխարեն ինձ կուղարկեիր բանտ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Շատ-շատ մի երեք տարի տային, իսկ դու փախար… քանի՞ տարի է կորած էիր, տասնյո՞թ… Դե հիմա համեմատիր տասնյոթն ու երեքը:
ԱԳԱԹ. Չխոսենք… չխոսենք ասացի…
Լռություն:
— Ինչ ուզում ես ասա, սիրուն բան է սա (ցույց է տալիս քնածներին):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու երբեմն սենտիմենտալ ես դառնում… հասկանալի է:
ԱԳԱԹ. Ոչինչ էլ հասկանալի չէ…
Գալիս են Թամարը, Ջուլիետը, Նուշիկը, նրանց հետ նաև Դերենիկը…
ԹԱՄԱՐ. Հասա՞նք:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Քիչ մնաց, Թամար:
ՋՈՒԼԻԵՏ. Տեսեք, թե ում ենք գտել (ցույց է տալիս Դերենիկին):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Նա՛ է մեզ գտել:
ՋՈՒԼԻԵՏ. Ես գիտեմ, որ նա խելոք տղա է:
ՆՈՒՇԻԿ. Երեկ ասացինք մի արի:
ԴԵՐԵՆԻԿ. Ես ձեզ հետ մնալու միտք չունեմ… ես եկել եմ նկարելու:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տղան եկել է նկարելու… ի՞նչ կա որ… Հալա արի էստեղ… արի, մի ամաչի:
ԴԵՐԵՆԻԿ. (Մոտենալով). Ասենք թե եկա, հետո՞…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մտածելով). Հետո այն, որ ճիշտ ես արել… Կատակ չեմ անում… Դու ինձ ներիր, ես առանց մտածելու…
ԴԵՐԵՆԻԿ. (Մտածելուց հետո). Ես ձեզ հետ գործ չունեմ:
ՆՈՒՇԻԿ. Ճիշտ է ասում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ունի՛, ունի՛, գործ ունի… Մնա ախպեր ջան, դու մեզ վնաս չես տա… ընդհակառակը:
Դերենիկը առանց խոսքի հեռանում է պրեզիդենտից:
ԹԱՄԱՐ. (Նստելով). Էլ չեմ կարող շարժվել, թեկուզ սպանեք: Հոգնել եմ:
ՋՈՒԼԻԵՏ. Իսկ ես չէ, ես դեռ կարող եմ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու ի՛նչ, դու միշտ էլ կարող ես: Իսկ այսպես կարո՞ղ ես (ցույց է տալիս քնածներին):
ԹԱՄԱՐ. (Հետաքրքրված վեր է կենում). Վա՞յ, այս ովքե՞ր են:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չէէ՜, այդպես դու չես կարող…
Բոլորը մոտենում և կիսաշրջան կազմած կանգնում են քնած Նորիկի և Լալայի գլխավերևում: Պրեզիդենտը ձեռքը մեկնում և միացնում է տրանզիստորը: Լալան ու Նորիկը վեր են թռչում:
ՆՈՐԻԿ. Աա՜, դու՞ք եք: Վաղուց չէիք բարեհաճել (նայելով Թամարին ու Դերենիկին). Տեսնում եմ, որ նորեկներ էլ կան: Բերել եք մեր սարերը ցույց տալու՞:
ԱԳԱԹ. Ինչու՞ ձեր սարերը… սարերը մերն են: Դուք այստեղ ապրում, աշխատում եք, իսկ մենք… վայելում ենք:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դուք էլ եք մերը, ամեն ինչ մերն է… այս աղջիկն էլ: Ի դեպ. անունն ի՞նչ է, առաջին անգամ եմ տենում:
ՆՈՐԻԿ. Ես ձեր աղջիկների անունը չեմ հարցնում:
ԱԳԱԹ. Հարցրու, կասենք. Թամար, Նուշիկ, Ջուլիետ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու չես հարցնում, մենք հարցնում ենք. անունդ ի՞նչ է, գեղեցկուհի (ձեռքը մեկնում է դեպի Լալան):
ՆՈՐԻԿ. (Դագանակը բարձրացնելով). Է՛յ, է՛յ, է՛յ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հապա մի փախիր ոչխարներիդ մոտ… տես, թե ուր են հասել: Հովվիս նայիր:
ՆՈՐԻԿ. (Ձգում է Լալայի թևից). Գնանք, Լալա՛:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ահա, ուրեմն Լալա (Կտրում է Լալայի ճանապարհը):
ՆՈՐԻԿ. Ճանապարհ տուր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկ եթե չտա՞մ (Լալային): Ի՞նչ ես գտել այս անտաշ չոբանի մեջ (բռնում է աղջկա թևից: Վերջինս թևն ազատելու համար այնպես է հրում, որ պրեզիդենտը հավասարակշռությունը կորցրած ցած է ընկնում):
ԼԱԼԱ. Գնացինք, Նոր…
Ու նրանք առանց ետ նայելու գնում են դեպի ձախ: Լսվում է Նուշիկի անզուսպ, մի քիչ հիստերիկ ծիծաղը:
ԴԵՐԵՆԻԿ. Այ աղջի՜կ… չէ՛, չէ՛, տեսա՞ք:
Ագաթը վախեցած նայում է պրեզիդենտին, ըստ երևույթին սպասում է, թե սա մի բան անելու է, բայց վերջինս լուռ վեր է կենում, շորերն է թափ տալիս և նկատելով, որ բոլորը իրեն են նայում, գոռում է բարկացած:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ եք նստել, գնանք, արևն ուր որ է դուրս կգա:
Բայց ինքն էլ է նստում և գրպանից ծխախոտ հանելով, ծխում է մտազբաղ:
ԱԳԱԹ. Տեսա՞ր դրան:
ՋՈՒԼԻԵՏ. Ես էլ կարող եմ այդպես, որ ուզենամ կարող եմ:
ԹԱՄԱՐ. Մի քիչ հանգստանայինք…
ԱԳԱԹ. Ճիշտ է ասում Թամարը, ես էլ եմ ուզում հանգստանալ:
Նստում է Թամարի կողքին, բայց սա անմիջապես տեղը փոխում է, գնում է Դերենիկի մոտ:
— Այծուկս, ինչու՞ ինձանից փախար, ես քեզ ի՞նչ եմ արել: Դե լավ, որ չես ուզում, ես էլ Ջուլիկի մոտ կնստեմ, մանավանդ, որ Ջուլիկը բարի է (գնում նստում է Ջուլիետի մոտ):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Անտարբեր). Կինը չպիտի բարի լինի:
ԱԳԱԹ. Օհո՛… սա ինչ նորություն է քեզ մոտ… Իսկ ես, ախպերս, կարծում եմ, որ կինը պիտի բարի լինի, շատ բարի:
ՋՈՒԼԻԵՏ. Բարի և առատաձեռն…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ավելի լավ ոչ ոք չէր կարող քեզ բնորոշել:
ՋՈՒԼԻԵՏ. Ես իմ մասին չասացի:
ԱԳԱԹ. Մնաց Նուշիկի կարծիքը:
ՆՈՒՇԻԿ. Ես համաձայն եմ:
ԴԵՐԵՆԻԿ. Ի՞նչ ես խոսում, Նուշ, ու՞մ հետ, ինչի՞ն ես համաձայն:
ՆՈՒՇԻԿ. Բոլորի հետ, ամեն ինչին… Ես հոգնել եմ, ինձ համար մեկ է. ես չար եմ…
ԱԳԱԹ. Եվ էլի առատաձեռն:
ԴԵՐԵՆԻԿ. Լսիր, Ագաթ ես, ինչ բրածո ես… Տեսնու՞մ ես կիրճը:
ԱԳԱԹ. Սրան տեսեք, կիրճ… Հետո՞ ինչ… հետաքրքիր է որտեղից լույս ընկար… առանց քեզ էլ մենք մեզ լավ էինք զգում…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Բոլորդ էլ ձանձրալի եք դարձել: Նուշիկի կարծիքը գոնե նորություն է ձեր այս համատարած բարության մեջ… գոնե նա չար է:
ԱԳԱԹ. Չար և էլի առատաձեռն:
ԴԵՐԵՆԻԿ. Լսիր, դու… այդ մեկը նա չասաց:
ԱԳԱԹ. Չասաց… բայց ո՞վ չգիտի:
ԴԵՐԵՆԻԿ. Նուշ, պատասխանիր այդ բրածոյին:
ՆՈՒՇԻԿ. (Ջղային). Ինձ հետ չխոսես:
Դերենիկը մի կողմ է քաշվում և բաց է անում նկարչական ալբոմը, սկսում է նկարել:
ԹԱՄԱՐ. Մի բան չհասկացա, այս անտիկ մարդը ի՞նչ է անում ձեզ հետ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդպես մի խոսիր, Ագաթանգեղոսը շատ ժամանակից մարդ է… այնքան էլ մեծ չէ, հազիվ քառասուն տարեկան լինի: Պատմաբան է, աշխարհ տեսած մարդ:
ԹԱՄԱՐ. Երևի պատմության ֆակուլտետի դռանն է կպել միայն:
ԱԳԱԹ. Իի՞նչ… (մոտենում նստում է Թամարի կողքը). Ի՞նչ ասացիր…
ԹԱՄԱՐ. Հենց միայն անունն ամեն ինչ արժի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ագաթանգեղո՛ս… Ագաթը կրճատ ձեն է… այդպես նրան պատմության ֆակուլտետում էին ասում… իսկական անունը չի… Ջուլիետ. քեզ համար մեկ չի՞ թե անունն ինչ է:
ՋՈՒԼԻԵՏ. Ես ձանձրացել եմ բոլորիցդ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մի՞թե բոլորից… սովորաբար տղամարդկանց հետ դու քեզ վատ չես զգում…
ՋՈՒԼԻԵՏ. Ես նրանցից վերցնում եմ այն, ինչ կարող են տալ: Ինչպես պարզվում է, նրանք քիչ բան կարող են տալ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու քոնը միշտ էլ կվերցնես, դու ամաչողներից չես:
ԱԳԱԹ. Այդ դեպքում ինչու՞ ես մեզ հետ գալիս, կնստեիր տանը էլի՛:
ՋՈՒԼԻԵՏ. Ես տանից եմ փախչում… տանը հեղձուկ է: Հապա մի փորձիր խնամել նեվրաստենիկ մորդ, աննորմալ եղբորդ, որն ամբողջ տունը արհեստանոց է դարձրել ու հանգստանալու մի անկյուն չես գտնի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Համոզեցիր:
ԱԳԱԹ. Համոզեցիր, համոզեցիր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Բայց դու դրա համար չես գալիս:
ՋՈՒԼԻԵՏ. Դու էլ առաջ այդպես չէիր խոսում: Ես էլ կարող եմ ասել, թե դու ինչի համար ես գալիս:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ասելու կարիք չկա, բոլորը գիտեն, մաքուր օդի համար, մաքուր օդի… դու ուրի՞շ բան գիտես:
ՋՈՒԼԻԵՏ. Չենք խոսում:
ԹԱՄԱՐ. Ավելի լավ է արևածագը նայենք… տեսեք, թե ինչ է կատարվում… մենակ սրա համար արժեր գալ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Թամարը քանի գնում ինձ դուր է գալիս: Սիրուն Թամարը…
ԹԱՄԱՐ. Շոյված եմ…
ՆՈՒՇԻԿ. (Արհամարհական). Սիրո՜ւն…
ԴԵՐԵՆԻԿ. Արևածագը Նորքի բարձունքից էլ կարելի է դիտել:
ՆՈՒՇԻԿ. (Բռնկված), նախ Նորքի բարձունքից մայրամուտ են դիտում, երկրորդ՝ ումի՞ց ես դժգոհում, ինքդ ես եկել:
ՋՈՒԼԻԵՏ. Գոհ է, կարող ես վստահ լինել:
ԱԳԱԹ. Իսկապես, որ գեղեցիկ է… արևի կարմիր գունդը փետրավոր ամպերի մեջ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու բանաստեղծ ես դարձել:
ԱԳԱԹ. Մենք բոլորս էլ բանաստեղծ ենք… մի բան ստեղծում ենք չէ…
ՆՈՒՇԻԿ. Դու ոչինչ էլ չես կարող ստեղծել… այո, չես կարող, դու ամուլ ես:
ԹԱՄԱՐ. (Անտարբեր). Ստեղծել է, կարող ես չկասկածել:
ԴԵՐԵՆԻԿ. Ստեղծել է, ստեղծել… Թամարը ճիշտ է ասում:
ԹԱՄԱՐ. Լավ, շատ մի տարածվիր…
ԱԳԱԹ. Ստեղծողիս նայիր… հրեն ստեղծում ես, տեսնում ենք (ձեռքը մեկնում է): Մի ցույց տուր տեսնենք ի՞նչ ես խզմզել:
ԴԵՐԵՆԻԿ. Ճանկդ քաշիր (ծալում է ալբոմը): Սա քո հասկանալու բանը չէ: Դու դատարկապորտ մարդ ես, ծույլ ու ավարա: Հասկանալի՞ է… դու ախր…
ԹԱՄԱՐ. (Երգում է). Դերենիկ Դի՛կ-դի՛կ, Դերենիկ Դի՛կ-դի՛կ…
ԴԵՐԵՆԻԿ. Լավ, լռում եմ… Նուշ, արի ինձ մոտ:
ԹԱՄԱՐ. Ես գա՞մ, Դերո (գնում է Դերենիկի մոտ):
ԱԳԱԹ. Էլի՞ ինձանից փախար, աղավնյակս:
ԹԱՄԱՐ. Եթե իմանայի, որ այս ծերուկն էլ է գալու, կմնայի տանը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մի՞թե երեկ չիմացար… Բայց դու խելոք ես, լավ ես արել, որ եկել ես… Դու լավ աղջիկ ես:
ՋՈՒԼԻԵՏ. Աղջիկ ջան, ախար այս արշավը քեզ համար կազմակերպվեց, միթե գլխի չընկար… Պրեզիդենտը սիրում է նորերին միանգամից խամից հանել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դրանց մի լսիր, Թամար, տարիքի հետ սկսել են չարանալ, իսկ դու լավ աղջիկ ես:
ԴԵՐԵՆԻԿ. Ինչ շո՛ւտ եք մարդկանց ճանաչում:
ՆՈՒՇԻԿ. Օ, մեր պրեզիդենտի աչքը սուր է:
ՋՈՒԼԻԵՏ. Թամար, դու իրավացի չես… Ագաթը դեռ ջահել է և միանգամայն պիտանի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկ դու, ջահել, լավ կլինի քո գործերով զբաղվես… հրեն Նուշիկը ձանձրանում է:
ԴԵՐԵՆԻԿ. (Նուշիկին). Մոտ արի, Նուշ, ես առանց այն էլ պիտի գայի էտյուդի, հավատա, տեսնու՞մ ես, յուղաներկերն էլ եմ վերցրել: Դե լավ, Նուշ, մի նեղացիր… ուզու՞մ ես ներողություն խնդրեմ:
ՋՈՒԼԻԵՏ. Աստված իմ, դեռ կան ներողություն խնդրող տղամարդիկ… կարելի է դեռ ապրել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լավ, հերիք է պարապ խոսենք, գնա՛նք (վեր է կենում): Տեսեք ինչ գեղեցկուհի է գալիս:
ԹԱՄԱՐ. Ո՞ւր է, ես ոչինչ չեմ տեսնում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Անցավ ժայռի ետևը, հիմա կերևա:
ԱԳԱԹ. Աա՜, Հոլոն է… (ձայն է տալիս): Հոլո՜, օրիորդ Հոլո՜…
Ներս է մտնում Հոլոն, գոգնոցով, շալը պինդ կապած, ձեռքին մի հողոտ շեղբ:
ԹԱՄԱՐ. Սա՞ է ձեր գեղեցկուհին:
ՀՈԼՈ. Էլի եկե՞լ եք, բազրգյաններ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էդ ինչու՞ հանկարծ բազրգյան դարձանք:
ՀՈԼՈ. Շատ ման կուգաք (նստում է Թամարի ու պրեզիդենտի կողքը):
ԱԳԱԹ. Հոլոն նստեց սիրածի կողքը:
ՀՈԼՈ. (Ծուռ նայում է Ագաթին). Աղվեսի պես պոչով իզը կկորցնե… այ քոփակ, բա դու աբուռ չունե՞ս… հալա երես ունես ինձ հետ խոսելու՞… (Մյուսներին). Անցյալ կիրակի եկել մտել էր վրանս… կհոտոտեր (ծիծաղում է):
ԴԵՐԵՆԻԿ. Ո՞վ, Ագաթանգեղո՞սը…
ՀՈԼՈ. Աման, էդ ինչ մեղքս էր… էս քաչալի մասին եմ ասում: Անունն ինչ է ասացի՞ր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ագաթանգեղոս… պատմաբան է, համալսարանի պատմության ֆակուլտետի…
ՀՈԼՈ. (Իբր հասկացավ). Հաա՜…
ԱԳԱԹ. Իսկ դու, դու՞ որ կուրսից փախար… ասենք, դու ավարտեցիր… իբր թե ավարտեցիր… իրավաբանիս տեսեք… Քեզ իսկի դատական կատարածու էլ չեն վերցնի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Կվերցնեն, եթե գնացող լինի… քննիչ էլ կարող եմ լինել, բայց դա իմ գործը չէ… Դատավոր որ տան, կգնամ…
ԱԳԱԹ. Դատավոր քեզ չեն տա… քննիչ էլ… ասենք, մի ժամանակ պրեզիդենտ էլ առաջադրեցին, բայց զրո ամբողջ զրո մեկ տոկոսի ձայն ստացար… Հոլոն էլ այդքան կստանար… Դատավո՜ր… ինչիդ է պետք, այդքան խանութներ ունես… կարծում եմ ցեխ էլ ունես, շպիլկա ես արտադրում…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լավ, լավ… (Հոլոյին). Էդ ի՞նչ է փեշինդ, Հոլո:
ՀՈԼՈ. (Փեշից մի տրցակ զոխ է հանում). Զոխ է, կուզե՞ք ուտել: Լավն է (ճարպկորեն մաքրում է և ինքն է ուտում):
ՋՈՒԼԻԵՏ. Չէ, մենք հիմա իրար ենք ուտում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հոլո, ունենք մի վականսիա…
ՀՈԼՈ. Ի՞նչ, ի՞նչ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Բաց տեղ, այսինքն, մեր աղջիկները Ագաթանգեղոսի համար շատ են ջահել… արի մեզ հետ, հիմա մի լավ խորոված կանենք:
ՀՈԼՈ. Բան դուրս չի գա… ես դրան գիտեմ, զոխս կուտի, թողնի կգնա (ծիծաղում է):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հա, լավ ես նկատել, դա Ագաթին նման է:
ԱԳԱԹ. Ախր դու իսկի ատամ էլ չունես:
ՀՈԼՈ. Հա-հա՜… Իմ ատամներ քանց բրինձ՝ մի հատ փտած չկա (մատը կեռ արած մտցնում է բերանը և ցույց է տալիս սպիտակ ատամնաշարը):
ԱԳԱԹ. Իսկապես որ բոլոր ատամները տեղն են:
ՀՈԼՈ. Իմ ամեն ինչն է տեղը, բաա՜…
ՋՈՒԼԻԵՏ. Քանի գնում, հետաքրքիր է դառնում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չէ, ձեռ չես տալիս. Ագաթը հրաժարվեց, մյուսների համար էլ պառավ ես: Լալային ենք ուզում:
ՀՈԼՈ. Լալա՞ն ով է… Մեր Լալա՞ն… Նա էնպես մի թառլան սիրած ունի ո՜ր…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տեսանք քո էդ թառլանին, էստեղ էին քիչ առաջ, լկրտվում էին էս քարի տակ:
ՀՈԼՈ. Հա, էս մեր Լալայի ու Նորիկի քարն է, էդ մեկը դուզ է… մենակ թե դուք բոլորին ձեր արշինով մի չափեք: Նրանք, ուրիշ են, սիրում են իրար (մատը վեր տնկելով). Իսկականից…
Թամարը վեր է կենում և սկսում է շալվարը հանել: Հոլոն հանկարծ այդ նկատելով մի պահ քարանում է:
— Աղջի, էդ ի՞նչ ես անում:
ԹԱՄԱՐ. Շալվարս եմ հանում, չե՞ս տեսնում:
ՀՈԼՈ. Վայ քոռանամ ես… տեսնելը կտեսնիմ, քոո չեմ… Ընչի՞ կհանես, աղջի…
ԹԱՄԱՐ. Արևի վաննա եմ ուզում ընդունել: Այս ժամին ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ են:
ՀՈԼՈ. (Վիզը երկարացնելով). Վա՛յ, վա՛յ, վա՛յ… աղջի, գոնե տակը մի բան կա՞:
ՋՈՒԼԻԵՏ. Մի վախեցիր, կգտնվի:
ՀՈԼՈ. (Լողազգեստը տեսնելով). Էլի փառք Աստծու:
Թամարը սև ակնոց է դնում և լողազգեստով մեկնվում կանաչների վրա:
— Աղջի, էդ որ ամեն բան բացեցիր, աչքե՞րդ ինչի կծածկես: Երևի ամաչում ես հա՞:
ԱԳԱԹ. Ամոթս որն է, Հոլո, էսքան տարի է ապրում եմ, չեմ հասկացել:
ԹԱՄԱՐ. Չես էլ հասկանա… դու չես հասկանա:
ՋՈՒԼԻԵՏ. Թամարը ծերուկին տոչկա է բռնել:
ՀՈԼՈ. Աղջիկը ճիշտ է ասում… դու էդ չես հասկանա, քանի որ էսքան ջահելներին թողած, եկել մտել էիր իմ վրանը:
ՋՈՒԼԻԵՏ. Իսկապե՞ս… իսկ ես կարծում էի կատակ եք անում:
ՀՈԼՈ. Ի՞նչ կատակ (ձեռքը թափ է տալիս). Դեռ ուզում են Լալայի հետ չափվեն… էն աղոթարանի պես զուլալ է նրանց սերը…
ՋՈՒԼԻԵՏ. Ի՞նչ բան է սերը, սա՞ (գնում նստում է Ագաթի մոտ, հենվում նրա վրա):
ՀՈԼՈ. Աղջի, անաբուռ, առաջ դու ուրիշի հետ էիր (պրեզիդենտին) տղա, էդ ո՞նց ես համբերում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չի պակասի, մի վախեցիր…
ՀՈԼՈ. Էս ի՞նչ ա ասում էս տղեն… (Ջուլիետին). Աղջի փոխս ես գցել սիրածիդ:
ՋՈՒԼԻԵՏ. Հետո… ինչ, ես էսօր սրան եմ սիրում (համբուրում է Ագաթին):
ԱԳԱԹ. Տեսա՞ր…
ՀՈԼՈ. Չէ, ես կգժվեմ…
ՆՈՒՇԻԿ. (Հոգնած, անտարբեր). Նրա համար մեկ է, մայրիկ, ուզում եք ձեր չոբաններից մեկին ուղարկեք մոտը՝ ոչինչ չի փոխվի:
ՋՈՒԼԻԵՏ. Ի՞նչ ես քեզ արդար յուղի տեղ դնում: Դու էլ պակասը չես, կրակին չմոտեցած՝ ճրթճրթում ես… դրա համար էլ էդ օրն ես ընկել:
ՆՈՒՇԻԿ. (Վախեցած). Ի՞նչ օրը:
ՋՈՒԼԻԵՏ. Դե բերանս բացել մի տուր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հերիք է, զզվացրեցիք:
ՋՈՒԼԻԵՏ. Դու որ ձայնդ կտրիր (նկատում է, որ Դերենիկը իրեն է նկարում). Է՛յ, է՛յ, է՛յ, հրեն գնա Նուշիկի վրա մատիտդ փորձիր, ես քեզ համար բնորդ չեմ…
ԴԵՐԵՆԻԿ. (Ալբոմը ծալում է). Ես արդեն վերջացրել եմ:
ՋՈՒԼԻԵՏ. Ասենք, ճիշտ են ասում, մայրիկ, մի լավ չոբան որ գար՝ դեմ չէի լինի:
ՀՈԼՈ. (Աչքերն է ցուցադրաբար տրորում). Քնած հո չե՞մ…
ԴԵՐԵՆԻԿ. Քնած եք, բա ինչ եք ու ամբողջ կյանքն էլ քնած եք անցկացրել, իսկ սրանք արթուն են… շատ արթուն… ազատ սեր, սեքսուալ հեղափոխություն, լսած կա՞ք:
ՀՈԼՈ. Դե՛, դե՛, դուք հեղափոխությանը հանգիստ թողեք, էդ ո՞ր օրվանից եք լրբության անունը հեղափոխություն դրել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չէ, Հոլո, էս տղան էլ քո խելքին է, մենակ թե ուշ է ծնվել… տեսնում եք այս բնությունը… այստեղ ամեն ինչ ազատ է՝ ծառերը, խոտը, ոչխարները, ա՜յ, այս զատիկը տեսնու՞մ եք (խոտի վրայից մի զատիկ է վերցնում ու բաց թողնում)… սրանք ինչ ուզում են վերցնում են բնությունից: Չեմ հասկանում’ ինչու՞ պիտի մենք մեզ կաշկանդենք… Մենք բնության մի մասն ենք: Պետք է օգտվենք մեզ տված հնարավորությունից, մեզ տված այս լույսից… միշտ չէ, որ լույս է լինելու:
ԴԵՐԵՆԻԿ. Էլի պիտի մթնեցնե՞ք… քանի տարի է մթության մեջ էիք պահում մեզ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես որ ընտրվեի մթություն չէր լինի… բայց մթությունը չի պատճառը: Քի՞չ հայտնի բաներ կան, որ անհասանելի են մնում մեզ: Ինչու՞, որովհետև մեզ համար սահմանափակումներ ենք հորինել, ինչ-որ նորմեր՝ բարոյական էտիկետներ… իսկ այդ ամենը զրոյի արժեք չունեն մահվան առաջ… Ուրեմն ապրիր այնպես, ինչպես ստեղծվել ես, բնության կամքին հակառակ մի գնա:
ՋՈՒԼԻԵՏ. Ով, ով, դու դրանից բողոքել չես կարող… միայն թե մի բան պակաս ասեցիր, միջոցների մեջ էլ խտրություն չես դրել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դրանք իրար չեն հակասում: Ես ազատ եմ եղել, բայց այդ չի նշանակում, թե եղել եմ անհոգ… աշխատել եմ…
ԱԳԱԹ. Այստեղ վերջակետ ենք դնում… ոմանք գիտեն, թե ով ինչպես է աշխատել:
ՋՈՒԼԻԵՏ. Ճիշտ է, Ագաթ, վերջակետ ենք դնում, կարծում եմ, որ այդ վերջակետի համար ամենից շատ շահագրգռված պիտի լինի հենց ինքը:
ԴԵՐԵՆԻԿ. Նա լրացնելու բան էլ չունի կարծեմ, ամեն ինչ ասաց, բացվեց, ինչպես ինքն է ասում, այս բնության նման:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկ դու ձեռ մի առ… կարծեմ դու բիոլոգ ես, վաղը, մյուս օրը ուսուցիչ ես դառնալու…
ԴԵՐԵՆԻԿ. Ես բիոլոգ չեմ, բիոլոգը Թամարն է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ասենք, հա, անընդհատ խզբզում ես, նկարիչ կլինես… բայց դրանից ոչինչ չի փոխվում, Դարվինից փախչել հո չես կարող… դե ասա, խոսիր, դասախոսիր…
ԹԱՄԱՐ. Դասախոսությունից ենք փախել, ի սեր Աստծու, թողեք կարգին արևի վաննա ընդունենք… ձեր խոսքերից ուլտրամանուշակագույն ճառագայթները պակասում են… թողեք հանգստանանք:
ՋՈՒԼԻԵՏ. Ով ինչպես ուզում է:
ԱԳԱԹ. Ով ինչպես կարող է:
ՋՈՒԼԻԵՏ. Անընդհատ խզմզում է… Լսիր, փոխանակ մեզ վրա մատիտդ փչացնելու, հրեն Թամարին նկարիր, տես թե ինչ հարմար պոզա է ընդունել:
ԹԱՄԱՐ. Մենք հարևաններ ենք, նա ինձ շատ է նկարել… ոնց որ ասում են՝ ինձ անգիր գիտի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Օհո, ուրեմն, անգի՞ր գիտի… ի՞նչ իմաստով:
ԹԱՄԱՐ. (Նստելով). Ձեզ ի՞նչ… գուցե բոլոր իմաստներով էլ…
ՆՈՒՇԻԿ. Շատ շուտ մերվեցիր…
ԹԱՄԱՐ. Լավ, լավ, խոսում ենք էլի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Բոլոր իմաստներով… չեմ հավատում… Լսիր, նկարիչ, բեր մի տեսնենք խզբզածդ:
ԴԵՐԵՆԻԿ. Կարիք չկա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Քո գործն է… (ցույց է տալիս Հոլոյին). Լսիր, այ այս օրիորդին նկարիր, ինչպես ասում են «հեռացող բնություն է», հարկավոր է հավերժացնել:
ՀՈԼՈ. Այդ ե՞ս եմ օրիորդը:
ԱԳԱԹ. Ի՞նչ է, դե՞մ ես:
ՀՈԼՈ. Չէ, ինչու՞… մենակ թե վախենամ հավատաս ու էլի քեզ իմ վրանը գցես:
ՋՈՒԼԻԵՏ. Ճիշտն ասա՛, Հոլո մամ, էն որ եկել էր մի բան եղա՞վ:
ՀՈԼՈ. Եղավ բա չեղա՞վ… կոշիկիս թայը շպրտեցի վրան՝ ընկավ ձորը: Հա, ճպըլ, դու ինձ մի զույգ կոշիկ ես պարտք:
ԱԳԱԹ. Մյուս անգամ ինչքան էլ խնդրեք, էլ աղ բերելու չեմ գնա: Այսպես էլ բա՞ն կլինի, խնդրեցին, որ գնամ աղ բերեմ, հիմա էլ վրաս բաներ են մոգոնում:
ՋՈՒԼԻԵՏ. (Մատով խփում է Ագաթի քթիս). Մի թաքցրու, ծերուկ, դա երևի հետաքրքիր եղած լինի…
ՀՈԼՈ. Չէ, սրանք ձեռից գնացել են:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ են ասում որ… բարձրաձայն ասում են այն, ինչ դու մտածում ես: Դե բավական է սուրբ ձևանաս:
ՀՈԼՈ. Մտածել ուրիշ բան է: Ես շատ բան կմտածեմ, իմ մտածածն ով կտեսնի, ո՞վ կլսի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էդ մեկը ճիշտ է. իմ մտածածն ո՞վ գիտի, թե ինչ է (մոտենում է Թամարին, զննում է). Ամեն մարդ մտքում մի բան ունի…
ՋՈՒԼԻԵՏ. Քո մտքինը բոլորը գիտեն… դու թաքցնելու մեջ մեծ վարպետ չես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չեմ էլ ուզում թաքցնել, ճիշտն ասած: (Թամարին). Թամար, հագնվիր գնանք, թե չէ սրանք որոշել են մնալ այստեղ:
ԹԱՄԱՐ. Այստեղ ինձ դուր է գալիս:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես ավելի լավ տեղեր գիտեմ… (դադար). Երեկ լավ էիր խմում:
ԹԱՄԱՐ. Հա, շատ խմեցի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Բայց գիտակցությունդ տեղն էր:
ԹԱՄԱՐ. Օ, իմ գիտակցությունը միշտ տեղն է…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ափսոս… (ծիծաղում է):
ՋՈՒԼԻԵՏ. Ճիշտն ասա, Հոլո մամ, մինչև ամուսնանալդ փեսացուիդ տեսե՞լ էիր:
ՀՈԼՈ. (Ոգևորված). Հա-հուո՜ւ… ես իմ Կարոյի հետ սիրահարված էի, երկու տարի, բաա՜…
ՆՈՒՇԻԿ. Մտքու՞մդ:
ՀՈԼՈ. Ընչի՞ մտքումս… կարգին էլ սիրահարված էինք:
ՋՈՒԼԻԵՏ. Այ, սա արդեն հետաքրքիր է: Պատմեք, Հոլո մամ, իսկի հանդիպու՞մ էիք:
ՀՈԼՈ. Բա ո՜նց… սրանց տեսեք, ձվից նոր են ելել, երկաթե հավկիթ կածեն: Կարոս, որ տավար կտաներ հանդ, ես էլ կուժ կառնեի, կերթայի աղբյուր ջրի: Կգար աղբյուրի մոտ, «ծարավ եմ,- կասեր- մի պուտ ջուր տուր»: Ես էլ կասեի. «հրեն աղբյուրը, խմիր ինչքան քեֆդ տա»: Նա էլ թե. ես քո ջրից եմ ուզում»: «Դու իմ ջրի խարջը չես»- ասում էի ու կամաց աչքով անում: «Աչքերիդ մեռնեմ»- ասում էր և ուրախ-ուրախ հասնում տավարին… Աշունքն էլ գիշերները ձավար կծեծեինք, մի վարսանդը իմ ձեռքին, մեկել իրա: Խփում էինք ու խփում, խփում էինք ու խփում, էնքան, մինչև թևերս ցավեին:
Բոլորը ծիծաղում են:
ՋՈՒԼԻԵՏ. Էդքան բա՞ն…
ՆՈՒՇԻԿ. Քեզ համար դա, իհարկե, քիչ է:
ՋՈՒԼԻԵՏ. Քեզ համար էլ է քիչ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լավ. լավ… Բոլորի համար էլ դա քիչ է… Չէ՞, Թամար:
ԹԱՄԱՐ. Ինչու՞ եք մեզանով չափում, դուք Հոլո մորաքրոջը հարցրեք:
ՀՈԼՈ. Ինչի՞ էդքան, էլի բաներ են եղել… Դե՛, դե՛, դե՛, ինձ հետամնացի տեղ մի դրեք: Կարոս, որ ինձի տուն տարավ, ամեն բան էլ եղավ… ձեր նման մինչև պսակվելը չէինք լկրտվում (նայում է Թամարին). Թուո՜ւ… հալա էս չլութին… Կարոյիս հետ քսան տարի ապրեցինք, ծնկներիցս վեր էդպես էլ չտեսավ…
ՆՈՒՇԻԿ. Էդ ո՞նց կլինի:
ՀՈԼՈ. Հենց էդպես էլ կլինի, էլ ոնց… Հետո գնաց բանակ, չեկավ… Կյանքը տվեց ձեզ համար:
ԱԳԱԹ. Եվ դեռ ասում ես հետամնաց չեք եղել… ծնկից վեր… չէ՛, չէ՛, Հոլո, էդ մեկը փչեցիր:
ՀՈԼՈ. Իմ կարճ խելքով հետամնացությունն ուրիշ բան է… հետամնացությունը սրա արածն է (ցույց է տալիս Թամարին): Դուք էլ գիտեք շատ զարգացած է, դրա՞ համար է շորեր հանել… չէ (Դերենիկին). Տղա, էդպես չլութ էլ կնկարե՞ս…
ԴԵՐԵՆԻԿ. Այսպես հետաքրքիր է նկարելը:
ՀՈԼՈ. Էդ մեկ ճիշտ ասիր, հետաքրքիր կլինի, բա ո՜նց… Տղա դու ինձի կարա՞ս բացատրես, հետամնացություն ասածդ ի՞նչ բան է, ինչո՞վ կուտվի…
ԴԵՐԵՆԻԿ. Ո՞նց ասեմ, դժվար է: Հոլո մամ, ավելի լավ է, ես ձեզ նկարեմ:
ՀՈԼՈ. Էլի հետաքրքիր ձևո՞վ…
ԴԵՐԵՆԻԿ. Չէ, չէ, հենց այդպես:
ՀՈԼՈ. Էլի փառք Աստծու, ապարատ ունի՞ս…
ԴԵՐԵՆԻԿ. Չէ, ես ձեռքով կնկարեմ:
ՀՈ ԼՈ. Ը՛հը, սաղ խալխը ապարատով կնկարե, ինքը ձեռքով, բա սա հետամնաց չէ՞…
Ծիծաղում են:
— Ընչի կծիծաղեք, բացատրեք տեսնեմ, էդ ի՞նչն է հետամնացությունը, բացատրեք իմանամ: Ասա՛, տղա:
ԴԵՐԵՆԻԿ. Դժվար է… Հիմա գլուխ չես հանի, ոնց որ ձեռքով ու ապարատով նկարելը: Մենք հարևաններ ունենք, իրենց շատ զարգացած են համարում… Հա՛, հետները խոսել չի լինում… Հեր ու տղա, մեր ու աղջիկ իրար հետ «դուք»-ով են խոսում… Մեզ վրա էլ ծիծաղում են. ասում են իբր մենք «այո»-ին «հա» ենք ասում, «ոչ»-ին՝ «չէ»: Բայց արի ու տես, որ հեր ու տղա, մեր ու աղջիկ, մարդ ու կին փողը իրար պարտքով են տալիս և ամեն երեկո էլ հաշիվ են մաքրում իրար հետ: Շատ քաղաքավարի ձևով: Օրինակ, տղան ասում է. «Ներեցեք, մայրիկ, բայց ես ուրբաթ օրը տանը չեմ ճաշել, այնպես որ ինձանից ութսուն դրամ պակաս պիտի վերցնել»: Իսկ մայրը թե. «Օյ, թանկագինս, ես այդ հանգամանքը մոռացել էի. ահա ձեր ութսուն դրամը»: Առաջադիմություն է, բաաա՜…
ՀՈԼՈ. Էս չլութը (նորից ցույց է տալիս Թամարին) ինձանից հետամնաց է: Ասենք թե ես մի հիսուն կամ հարյուր տարով ետ եմ մնացել, բա սա՞… սա ախր միլիոն տարով է ետ մնացել: Հրեն տելեվիզորով, տղա տելեվիզորին հայերեն ի՞նչ կասեն…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հեռուստացույց…
ՀՈԼՈ. Հա՛… Հեռուստացույցով ցույց են տալիս… միլիոն տարի առաջ բոլորը սրա նման չլութ են ման եկել… էն ժամանակ էլ էսօր մեկին են սիրել, մեկել օր՝ մյուսին… մենակ աչքերը չեն ծածկել… էն ժամանակ սև ակնոց չի եղել (ծիծաղում է). Կերա՞ք…
ԴԵՐԵՆԻԿ. Տասով զրո…
ԹԱՄԱՐ. (Նստում է). Ես չեմ հասկանում այս անիմաստ վեճը: Մարդկությունն առաջ է գնում: Այն ինչ այս տարիքի համար տարօրինակ է, մեզ համար նորմալ բան է: Ես աչք եմ բաց արել, հեռուստացույցը եղել է, իսկ տատս ասում է, երբ լսել է հեռուստացույցի մասին՝ չի հավատեցել: Դուք, Հոլո տատ, հավատու՞մ էիք, որ Մոսկվայում երգող մարդուն ձեր տան մեջ կտեսնեք… չէ, տեսնու՞մ եք… Եվ բնական է, որ մենք էլ փոխվենք, մեր արարքները փոխվեն, հարմարեցվեն հեռուստացույցին, օդանավին, տիեզերանավին… Մի՞թե ես սխալ բան եմ ասում Դերենիկ…
ԴԵՐԵՆԻԿ. Ես համաձայն եմ քեզ հետ, բայց, ինձ թվում է, կան բաներ, որնք նույնն են եղել և նախամարդու մոտ և հույների ու հռոմեացիների մոտ… բարոյական նորմեր կան…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Վերջ տվեք… բարոյական նորմեր… այդ նորմերը մարդն է ստեղծում, այսօր իրեն այսպիսի նորմեր են պետք, վաղը մի այլ տեսակի. ամեն անգամ նա իրեն է հարմարեցնում նորմերը: Ցիվիլիզացիայի հետ մարդկությունը շատ է առաջ գնացել, հիմա պիտի վերադառնալ ակունքներին:
ՀՈԼՈ. Հա՞… դե իրար կերեք, այն ժամանակ էլ իրար կերել են:
ՋՈՒԼԻԵՏ. Էլ ուտելը պոզով-պոչո՞վ է լինում:
ՆՈՒՇԻԿ. Գլուխս չի մտնում, էդ ո՞նց է, որ ծնկից վեր չի տեսել:
ԱԳԱԹ. Դրա համար էլ երեխա չեն ունեցել:
ՀՈԼՈ. Թուո՜ւ… դու հեչ մարդ չես եղել, այ ճպըլ… (ընկճված). Աստված չուզեց՝ չեղավ (դադար). Է, դու ունե՞ս… դու էլ չունես… Դուք որ չլութ-չլութ ընկել եք սարերը՝ ունե՞ք:
ԹԱՄԱՐ. Պապաշա, ինչու՞ լռեցիր, խոսիր, է՛…
ԱԳԱԹ. Հոլո, կներես, բերանիցս թռավ:
ՀՈԼՈ. Խոսքն ասվեց պրծավ, էլ ներելս ո՞րն է:
ՋՈՒԼԻԵՏ. Ես էլ չեմ հասկանում, էդ ո՞նց է լինում:
ԹԱՄԱՐ. Ի՞նչը:
ՋՈՒԼԻԵՏ. Որ ծնկից վեր չի տեսել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հա, դա քեզ համար պիտի որ մեծ հանելուկ լինի:
ՀՈԼՈ. Չլինի՞ դու էլ սրա պես շորերդ կհանես:
ՋՈՒԼԻԵՏ. Որ պետք լինի՝ ինչու՞ չէ:
ՀՈԼՈ. Վայ, ես ձեր զարգացած ջանին մեռնեմ… աղջի, ո՞նց թե՝ որ պետք լինի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ինչ անհասկացողն ես եղել, Հոլո:
ՀՈԼՈ. Հա էլի, վայթե իսկապես անհասկացող եմ… հողը մեր գլխին, մենք էլ գիտենք, թե կյանք ենք արել: Խոսքը մեր մեջ, մի քիչ ես ձեզ կնախանձիմ… մեր օրը կտրվեր, մերը ի՞նչ էր որ, մի աչքով անել էր էլի՛…
ՆՈՒՇԻԿ. Հոլո մամ, գիտե՞ս թե արևի վաննան ինչքան օգուտ է: Լավ արև է, ես էլ կհանվեի:
ՋՈՒԼԻԵՏ. Դու երբեք չես հանվի, իզուր ես պարծենում:
ՆՈՒՇԻԿ. Ես էլ կվերցնեմ ու կհանվեմ:
ԴԵՐԵՆԻԿ. Նո՛ւշ…
ՆՈՒՇԻԿ. Ի՞նչ է, ի՞նչ ես ուզում: Հայրս չես: Եկար, որ վրաս փնթփնթա՞ս: Հսկի՞չ ես, ի՞նչ է…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Որ վերցրել է Դերենիկի ալբոմը ու թերթում է). Ասում ես չի նկարում… ահա, խնդրեմ… լսիր, տղա, մեր հարևանի երեխան քեզանից լավ է նկարում… էս ո՞վ է… էէ՜… կարելի է կարծել, թե սա Թամարն է, իսկ սա, Հոլո, դու ես, հապա մի նայիր…
ԴԵՐԵՆԻԿ. (Ուզում է ալբոմը խլել). Տուր այստեղ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չէ՛, չէ՛… իսկապես, սա ո՞վ է… Ջուլիկ, սա երևի դու ես… ենթադրում եմ, ուրիշ կերպ չի կարելի…
ՀՈԼՈ. (Մոտենում նայում է). Ո՞ւր է էստեղ մարդ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Որ ասում են հետամնաց ես, չես հավատում, սա Ջուլիկն է, իսկ սա դու ես, լավ նայիր… հը, դուրդ չեկա՞վ:
ԴԵՐԵՆԻԿ. Տվեք, ես դեռ չեմ ավարտել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ավարտելու բան չկա, ամեն ինչ պարզ է… դու, ախպերս, բանից պարզվում է ժամանակաից մարդ ես… էլ ու՞ր էիր Հոլոյին պաշտպանում: Այո, դու իրավացի ես, հիմա այնպես պիտի նկարես, որ ոչ ոք ոչինչ չհասկանա… Դարի ոգին է այդպես… աբստրակցիոնիզմ… գիտենք…
ԴԵՐԵՆԻԿ. Ձեզ թվում է, թե ամեն բան հասկանում եք, իսկ սա նկարչություն է:
ԱԳԱԹ. Ճիշտ է ասում, ամեն մարդ նկարչությունից չի հասկանա (նայում է ալբոմին). Ահա, սա Հոլոն է, սա ներքևի աղբյուրի մոտի ժայռը, էս էլ մասրենիները:
ԴԵՐԵՆԻԿ. (Խլում է ալբոմը). Սա ձեր հասկանալու բանը չէ:
ՋՈՒԼԻԵՏ. Իմացա՞ք, դա ձեր հասկանալու բանը չէ:
ՆՈՒՇԻԿ. Ձանձրալի է… սա ի՞նչ բան է, ինչու՞ է ամեն ինչ ձանձրալի դարձել: Ես չէի կարծում, թե աշխարհն այսքան դատարկ է, անհետաքրքիր:
ԱԳԱԹ. Եկեք հետաքրքիր դարձնենք, մեր ձեռքը չի՞:
ՋՈՒԼԻԵՏ. Երեխա եմ ուզում ունենալ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տեսնու՞մ եք, կան ցանկություններ, կան պայմաններ:
ՋՈՒԼԻԵՏ. Երեխա եմ ուզում ունենալ… աղջիկ: Մի աղջիկ որ ունենայի, կթքեի բոլորիդ վրա: Միայն թե ունենայի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ասում եմ, չէ՞, դու ամեն բան կարող ես, միայն թե այդ մեկը չէ… դա միակ բանն է, որ դու չես կարող:
Ջուլիետը վեր է կենում, մոտենում պրեզիդենտին, երկար նայում է վերջինիս աչքերին:
— Կատակ արեցի, լավ: Դե լավ, ի՞նչ ես վայրի կատվի պես աչքերդ չռել վրաս. Ես ուրիշ իմաստով ասացի, ոչ այն, ինչ դու կարծում ես… լավ, սխալվեցի, եղա՞վ: Մարդը սխալական է…
ՋՈՒԼԻԵՏ. Կարծում էի դեռ մարդկություն մնացել է մեջդ, բայց ինչպես տեսնում եմ՝ նորից եմ սխալվել…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չպիտի չոքեմ առաջդ… նեղանալու բան էլ չկա, տարիքի հարց է: Հրեն Թամարը կարող է, եթե ուզենա իհարկե:
ԹԱՄԱՐ. Չէ՛, չէ՛, չէ՛… Աստված չանի:
ՀՈԼՈ. Ի՞նչ պատահեց, աղջի, ինչի՞ վախեցար… Աստված չանին ո՞րն է, բերանդ խերով բաց, հետո գլխիդ կտաս:
ՆՈՒՇԻԿ. Քեզ համար ինչ, դու երեխա չես ունեցել, իսկ գիտե՞ս ինչ է դա. արթուն գիշերներ, կեղտոտ շորեր, լվացք, լվացք, լվացք…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տեսնու՞մ ես, Հոլո, ինչքան դժվարություններ կան: Եվ պե՞տք է, որ երեխա ունենա այսօրվա աղջիկը: Ասում են՝ մուկը ծակը չի մտնում ցախավելն էլ ետևից է կապում:
ՆՈՒՇԻԿ. Խոսքերից մի բռնի… միայնակ աղջկա համար իհարկե դժվար կլինի… Իսկ եթե ամուսին, տուն ունենաս…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լվացքն ավելի կշատանա:
ՀՈԼՈ. Իմ օղորմածիկ Կարոյի հետ հազար բժշկի, հազար սրբի դուռ ընկանք. երևի ճակատներիս էդպես էր գրված, չխղճաց մեզ Աստված:
ԹԱՄԱՐ. Շատ մի ափսոսա, մամ, թե չէ ինձ նման մեկին որ ունենայիր (ցույց է տալիս Ջուլիետին). կամ էլ սրա…
ՀՈԼՈ. Թող դրա նման լիներ, քեզ նման, մեկ է… թե չէ ես ի՞նչ եմ՝ պուպու: Աղջի էդ արևը քեզ չվնասի:
ԹԱՄԱՐ. Ընդհակառակը՝ կօգնի… մաշկը առողջ է պահում, ջահելացնում, հոդերը չեն ցավում… մի խոսքով՝ բժիշկներն են խորհուրդ տալիս, շատ օգտակար է:
ՀՈԼՈ. Տելեվիզորով մի անգամ ծովի ափ ցույց կուտային, ափ չէր, ջանդակնոց էր:
ՋՈՒԼԻԵՏ. Հիմա ինչ է, այստեղ էլ մնու՞մ ենք:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Գնա հետախուզության, Ագաթ, տես մատուռի մոտ մեր տեղը հո չեն գրավել, թե մարդ կա՝ իջնենք ձորը… կիրակի է, հիմա շատերն են քաղաքից դուրս գալիս:
ԱԳԱԹ. Գնում ենք՝ գնանք, թե չէ՝ հետախուզություն: Պետք եղավ՝ այնտեղից կիջնենք ձորը… հետո ջահելներ կան, թող գնան:
ՋՈՒԼԻԵՏ. Անցյալ անգամ էլ գնաց՝ չերևաց… մոռանում եմ հարցնեմ՝ ու՞ր կորար:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չլսեցի՞ր Հոլոն ինչ պատմեց:
ՀՈԼՈ. Վրանների բոլոր կպտտեր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մոտ է կանչում Ագաթին). Գնա, չլսեցի՞ր ինչ ասաց հովիվը, գիշերը գայլերը վրա են տվել, նրանց համար մի ոչխար տալը ի՞նչ է որ:
ԱԳԱԹ. Ասացի շուկայից միս առնենք, իսկ դու թե՝ թարմ ոչխար, թարմ ոչխար, դե գնա բեր… ես քեզ համար ի՞նչ եմ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Փողը ես եմ տալիս, դու էլ բեր:
ԱԳԱԹ. Աա՜, փողը… ճիշտ է փողը դու ես տալիս:
ՋՈՒԼԻԵՏ. Հերիք է փսփսաք, մի բան ասեք հասկանանք, արևը բարձրանում է… ես պարել եմ ուզում:
ԹԱՄԱՐ. Իսկապե՞ս, Ջուլ, կպարե՞ս…
ՋՈՒԼԻԵՏ. Ինչու՞ չէ… դու ինչ է, չե՞ս պարում:
ԹԱՄԱՐ. Պարում եմ, բայց բնության մեջ չի պատահել:
ՋՈՒԼԻԵՏ. Դու դեռ երեխա ես, բնության մեջ քեզ ի՞նչ է պատահել որ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մեր պատմաբանն համաձայնեց գնալ մատուռ, տեղ պատրաստել:
ՋՈՒԼԻԵՏ. Ես էլ գնամ հետը, թե չէ անցյալ անգամվա նման կկորչի… ինչքան չլինի տղամարդ է… և դեռ ջահել է, քառասունը տղամարդու համար ի՞նչ է որ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ուզում է մենակ գնալ… առանձնանալ հին քարերի և Աստծու հետ:
ԴԵՐԵՆԻԿ. Կարելի է կարծել, թե հնագետ է:
ԱԳԱԹ. Հնագետ եմ, թե հնագետ չեմ, ձեզ համար ձրի բնորդ էլ չեմ:
ԴԵՐԵՆԻԿ. Ես ձեզ չեմ նկարում: Ձեր ի՞նչը նկարեմ:
ԱԳԱԹ. Չեմ ստուգում, հանկարծ իմ փոխարեն մի ծառանման բան կլինի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լսիր, տղա, գալիքի նկարիչ, եթե քո սրտովը չենք, ինչու՞ եկար: Ես քեզ ասացի մնա, որ մեզ ամեն րոպե պախարակե՞ս…
ԴԵՐԵՆԻԿ. Ուզում էի տեսնել, թե ինչն է ձգում այս աղջիկներին:
ՋՈՒԼԻԵՏ. Ուզում ես ասել՝ Նուշիկին:
ԴԵՐԵՆԻԿ. Թեկուզ Նուշիկին, կարծում եք պիտի թաքցնե՞մ:
ՋՈՒԼԻԵՏ. Այ. հիմա իմ դուրն եկար… թե չէ ձևացնում ես, թե նկարելու ես եկել, հենց այնպես: Լսիր, անկեղծությամբ որ սկսեցիր, անցնենք անկեղծության… իսկ ինչու՞ չամուսնանաս Նուշիկի հետ… շուտ էլ երեխա կունենաք:
ՆՈՒՇԻԿ. (ճչում է). Իմ անունը չտաս… քո գործը չէ, դու ո՞վ ես ախր…
ԴԵՐԵՆԻԿ. Ի՞նչ պատահեց, Նուշ, ի՞նչ եղավ…
ՆՈՒՇԻԿ. (Հարձակվում է Դերենիկի վրա). Ի՞նչ ես ուզում ինձանից, ինչու՞ ես ընկել իմ ետևից…
ԱԳԱԹ. Մարդը լուրջ մտադրություն ունի, ամուսնանալ է ուզում, մի՞թե դա վատ է… նման ցանկությունները հարգել է պետք:
ՆՈՒՇԻԿ. Ամուսնանալ… շատ կուզենայի, եթե իմանայի, թե կլցվի այս դատարկությունը: Ախր հույս չկա, թե կլցվի, ախր…
ՀՈԼՈ. (Վեր է կենում, մինչ այդ նա լուռ մի կողմ նստած մաքրում էր հավաքած զոխը: Գոգնոցը կապելով). Չէ, ես գնամ, ոնց որ վայրենիների մեջ ընկած լինեմ: Ձեր ամեն մի խոսքը մի փութ մեղրով չի ուտվի (գնում է):
ԴԵՐԵՆԻԿ. Լավ պառավ էր:
ՋՈՒԼԻԵՏ. Օհո, ծերուկ, մրցակից ունեցար:
ԱԳԱԹ. Ինձ դու ես դուր գալիս:
ՋՈՒԼԻԵՏ. Երբվանի՞ց:
ԱԳԱԹ. Ո՞նց ասեմ (զննում է Ջուլիետին). Մի երկու ժամ կլինի:
ՆՈՒՇԻԿ. Օ, դա երկար ժամանակամիջոց է:
Սարալանջի ետևից երևում է պրոֆեսորը:
ՊՐՈՖԵՍՈՐ. Բարին ընդ ձեզ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ասում եմ՝ բարև ձեզ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հիմա հասկացանք, թե չէ շատ բարդ էիք խոսում:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ես ի՞նչ բարդ բան ասացի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ուզում եմ ասել, մարդավարի պիտի խոսել:
ՊՐՈՖԵՍՈՐ. Չէի՞ք ասի, որտեղից կարելի է ջուր վերցնել:
ԱԳԱԹ. Ներքևից… ներքևում կիրճ կա, կիրճում՝ գետակ: Շատ մաքուր խմելու ջուր է, աղբյուրի ջուր:
ՊՐՈՖԵՍՈՐ. Գետակի տեղը ես էլ գիտեմ:
ԱԳԱԹ. Էլ ինչու՞ եք հարցնում:
ՊՐՈՖԵՍՈՐ. Մինչև իջնեմ, օրը կանցնի: Իսկ ես շտապում եմ:
ԱԳԱԹ. Ո՞ւր եք շտապում:
ՊՐՈՖԵՍՈՐ. Չգիտեմ, անընդհատ շտապում եմ, թե ուր՝ ես էլ կարգին չգիտեմ…
ԴԵՐԵՆԻԿ. Այդ դեպքում՝ պրեզիդենտի ջրամանից:
ՊՐԵՏԻԴԵՆՏ. Պրեզիդենտը ես եմ, բայց ջուր չեմ տա:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ուրեմն այս մեկն էլ չեղավ… ուրիշ որտե՞ղ կա:
ՋՈՒԼԻԵՏ. Հովիվների մոտ, ա՛յ, այնտեղ:
ՊՐՈՖԵՍՈՐ. Դե այդ արդեն ոչինչ, շատ հեոու չէ:
ՊՐԵՏԻԴԵՆՏ. Իսկ ի՞նչ եք անում այս կողմերում:
ՊՐՈՖԵՍՈՐ. Կիրակի եմ կարճացնում, այս կողմերում շատ հուշարձաններ կան:
ՊՐԵՏԻԴԵՆՏ. Իսկ գրքերն ինչի՞ համար են:
ՊՐՈՖԵՍՈՐ. Կարդում եմ… պառկում եմ ծառի տակ ու կարդում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Երևի շատ գրքեր եք կարդացել:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ինչպես ասեմ… գիրք շատ կա, դժվար թե հասցնեմ բոլորը կարդալ: Իսկ դուք ինչ է, չե՞ք կարդում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ (Ցույց է տալիս աղջիկներին, ծիծաղելով). Ես, այ, այսպիսի գրքեր եմ կարդում:
ՊՐՈՖԵՍՈՐ. (Զննում է աղջիկներին). Ինչ կա որ, վատ գրքեր չեն:
ՆՈՒՇԻԿ. Չհավատաք դրան, փչում է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ (Երկար զննում է Նուշիկին, բայց չի պատասխանում). Լսեցեք, պրոֆեսոր… դուք դեմ չե՞ք, որ ձեզ պրոֆեսոր եմ ասում:
ՊՐՈՖԵՍՈՐ. Չէ, ինչու՞… մենակ թե… մի քիչ շտապում եք: ՎԱԿ-ը դեռ չի հաստատել:
ԹԱՍԱՐ. ՎԱԿ-ը ո՞վ է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ուրեմն, պրոֆեսոր, դուք բոլո՞ր գրքերն եք կարդում, որը պատահի՞:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ինչպե՞ս կարելի է… ընտրությամբ, ընտրությամբ եմ կարդում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մատը վեր տնկած). Լսեցի՞ք, ընտրությամբ է կարդում: Ամեն մի գիրք իր ընթերցողն ունի: Եվ հետո՝ գիրքը մեկ անգամ կկարդան, երկրորդ անգամ ձանձրալի կլինի:
ՊՐՈՖԵՍՈՐ. Նայած ինչ գիրք:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդ էլ ճիշտ է, նայած ինչ գիրք:
ՆՈՒՇԻԿ. (Ճչում է). Ատում եմ, ատո՜ւմ… զզվում եմ բոլորիցդ (նետվում է դեպի դուրս. Դերենիկը վազում է նրա ետևից):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Խելագար:
ՋՈՒԼԻԵՏ. (Մոտենում է ժայռաբեկորին, նայում է դուրս). Ի՞նչ է անում, ի՞նչ է անում, հիմա կընկնի ձորը…
Բոլորը մոտենում են ժայռաբեկորին և այնտեղից նայում Նուշիկի ու Դերենիկի կողմը: Մինչ նրանք տարված են բեմի ետևում կատարվածով, պրոֆեսորը վերցնում է պրեզիդենտի ջրամանը ու ջուրը լցնում իր թեյամանի մեջ, միաժամանակ նայելով դուրս:
ԱԳԱԹ. Հարկավոր է գնալ օգնել Դերենիկին, նա ոչինչ չի կարող անել մենակ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Պետք չի…
ՊՐՈՖԵՍՈՐ. Նման բանե՜ր (հեռանում է):
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
ՄԱՏՈՒՌ
Նախերգի մատուռը: Թեքությամբ երևում է դուռը, որի կամարի տակ Քրիստոսին գրկած աստվածածնի բարձրաքանդակն է: Աջ կողմում թեք ընկած մի քանի մամռոտ խաչքար կա, իսկ ձախ կողմում՝ հսկա մի ծառ, որի տակ մրոտ քարերով մի օջախ: Օջախի վրա պրոֆեսորը թեյ է պատրաստում: Մինչ թեյը կեփվի, ինքը մի կողմի վրա թեքված գիրք է կարդում: Գալիս են պրեզիդենտն ու Ագաթը:
ԱԳԱԹ. Օհո, մեր տեղը գրավել են:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Պրոֆեսո՞րն է… պրոբլեմ չկա, դրա հարցը հեշտ է լուծել: Պրոֆեսոր, այս ի՞նչ է, ամեն տեղ դուք եք:
ՊՐՈՖԵՍՈՐ. (Գրքից կտրվելով). Աա՜, դու՞ք եք:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այ-յո՜… և սա մեր տեղն է:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ինչի՞ց իմացաք:
ԱԳԱԹ. Մեր հետքերը դեռ անցյալ կիրակի օրվանից մնացել են:
ՊՐՈՖԵՍՈՐ. Օ, դա ես նկատեցի:
ԱԳԱԹ. Նկատեցիր, մի ուրիշ տեղ կրակդ վառեիր:
ՊՐՈՖԵՍՈՐ. Մատիցս հոտ չէի առել, ի՞նչ իմանայի այստեղ եք գալու:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Ուսից իրերը իջեցնելով). Եկեք ճշտենք մեր հարաբերությունները, պրոֆեսոր… Դուք չեք իմացել, եկել գրավել եք մեր տեղը, հիմա իմացաք և… չքվում եք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ինչ եմ անու՞մ, լավ չհասկացա:
ԱԳԱԹ. Այսինքն, փասափուսեդ հավաքում ես:
ՊՐՈՖԵՍՈՐ. Իսկ ավելի կարգին չի՞ կարելի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Որտեղի՞ց… մեր գործերը դեռևս ՎԱԿ չեն ուղարկել: Մենք գիտությունից հեռու մարդիկ ենք: Ասենք, չէ, ընկերս գիտության հետ շփվել է…
ԱԳԱԹ. (Ընդհատում է). Լավ էլի, Վարազ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տեսնու՞մ եք ինչքան համեստն է, ես նրան ուզում եմ ներկայացնել ինչպես հարկն է, իսկ նա… այնպես որ, պրոֆեսոր, օջախը մենք ենք սարքել… է՜, դեռ անցյալ տարի:
ՊՐՈՖԵՍՈՐ. (Իրերն հավաքելով). Տեսնում եմ, հաճախ եք դուրս գալիս որսի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մենք որս չենք անում… պարզապես բնության սիրահարներ ենք… մաքուր օդը լավ բան է:
ՊՐՈՖԵՍՈՐ. (Վերցնում է թեյամանը և հեռանում բեմի խորքը, տեղավորվում մի քարի մոտ). Ես այստեղ ձեզ չեմ խանգարի:
ԱԳԱԹ. Եթե դա ձեզ բավարարում է…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մե՛նք ձեզ կխանգարենք… մենք շատ անհանգիստ մարդիկ ենք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Այո, ես դա էլ նկատեցի… դե ինչ արած, ստիպված մատուռից պիտի ձեռ քաշեմ (վեր է կենում):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Գիտեմ, որ դու շատ խելոք պրոֆեսոր ես… անտառում տեղ շատ կա…
ՊՐՈՖԵՍՈՐ. Հա, իհարկե… (դուրս է գալիս):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Նրա ետևից ձայն է տալիս). Պրոֆեսոր, անտառում լուսան կա, զգույշ եղեք:
ՊՐՈՖԵՍՈՐԻ ՁԱՅՆԸ. Ոչինչ, ես գազաններ արդեն տեսել եմ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Պրոֆեսորից ազատվեցինք և բավական բարձր մակարդակով:
ԱԳԱԹ. Այո, քշեցինք… բայց պե՞տք էր որ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ ասացիր:
ԱԳԱԹ. Ասում եմ կարիք կա՞ր որ… չէ՛, չէ՛, արի մտածենք, մեկ-մեկ էլ մտածել է պետք, չէ՞…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Պարզ չի՞ միթե… ազատ կզգանք մեզ:
ԱԳԱԹ. Հետաքրքիր մարդ էր, կխոսեինք հետը, էլի թարմություն էր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Վերջերս սկսել ես արարքներդ վերլուծել, խե՞ր լինի:
ԱԳԱԹ. Իսկ ի՞նչ վատ բան կա դրա մեջ. չէ՞ որ մենք մարդ ենք… երբեմն արժի որ մեր արարքներին հեռվից նայենք, կողմնակի աչքով:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու գիտե՞ս երբ պիտի կարողանայիր այդ անել… է՜, տասնյոթ տարի առաջ, երբ թողեցիր փախար սատանան գիտի, թե ուր… կնոջդ ու երեխայիդ թողեցիր փախար:
ԱԳԱԹ. Նախ, քիչ առաջ պայմանավորվեցինք, որ այդ մասին չենք խոսում, երկրորդ՝ արդեն ասացի, որ դու չլինեիր ես չէի գնա: Այստեղ են ասել՝ սայլը ճռռալու տեղ, սայլվորն է ճռռում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Երեք ամիս է վերադարձել ես՝ այդ մասին չէիր խոսում: Ուրեմն ե՞ս եմ մեղավոր քո կորցրած տասնյոթ տարվա համար:
ԱԳԱԹ. Ես չէի ուզում քո փոխարեն պատասխան տալ: Ճաշը եփել պրծել էիր՝ վերջում շերեփն ուզում էիր իմ ձեռքը տալ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հիմար մարդ, դա ի՞նչ բան էր որ… ինձ համար էր վտանգավոր, ես պայմանական ունեի այն ժամանակ, իսկ քեզ ոչինչ չէր լինի: Որ լինեիր քեզ որպես անփորձ երիտասարդի կներեին, իսկ եթե չներեին էլ՝ ես դրսում էի, քեզ ի՞նչ կպատահեր… շատ-շատ մի վեց ամիս նստեիր: Ասենք, դու երևի ուրիշ պատճառ էլ ունեիր փախչելու համար:
ԱԳԱԹ. Մյուս պատճառը անփորձությունն էր: Կասեի՝ չէ և վերջ, դու ինձ ի՞նչ պիտի անեիր… Բայց չէ, դու ավելի վտանգավոր էիր: Ամբողջ Կրիվոյի խուլիգանները քո մի նշանով ինձ կջնջեին… Ես ավելի շատ նրանցից փախա: Լավ, եղածն եղել է, ի՞նչ օգուտ անցյալը փորփրելուց: Մենք հիմա այն չենք, կարծես թե մի քիչ խելք ենք հավաքել: ՊՐԵԶԻԴԵՆՏ. Որտեղի՞ց է երևում:
ԱԳԱԹ. Եվ ընդհանրապես, ինձ թվում է, թե մենք վաղուց այն չենք, բայց շարունակում ենք իներցիայով գնալ… ախր մի հարցնող լինի ի՞նչ ենք անում այս սարերում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մի շաբաթ շան պես չարչարվելուց հետո մարդը իրավունք ունի՞ մի օր հանգստանալու, թե չէ:
ԱԳԱԹ. Այդ ի՞նչ ես անում, որ շան պես չարչարվում ես… դու թաց տեղ պառկողը չես, միշտ էլ տռուզ տեղերում ես աշխատել… (ծիծաղում է). Ինչ եք սարքու՞մ… կանացի կրծկալի ճարմանդ… թո՛ւ… հսկա տղամարդիկ նստել ու ճարմանդ են դակում…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու ծիծաղիր, իսկ փողը գալիս է… ասացի արի դու էլ մեզ հետ՝ փող կունենաս, կարգի կընկնես…
ԱԳԱԹ. Չէ, դա իմ բանը չէ… և հետո, ես քեզ գիտեմ, կեղտոտ գործերը ինձ վրա պիտի դնես, մի բան էլ պատահի՝ ինձ պիտի դատի տան:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Նախ՝ հիմա ժամանակները փոխվել են… Հիմա հարկդ տվեցիր՝ փափախդ շուռ տուր: Հետո՝ ի՞նչ պիտի անես… երեք ամիս է… լավ, ես չեմ ուզում ասել, թե մեր հաշվին ես… վերջը, վերջը ինչ պիտի անես: Մինիստրի ազատ տեղ չկա, իմիջիայլոց:
ԱԳԱԹ. Ուզում եմ գնալ մերոնց գտնել… Բայց ինչպե՞ս գնամ… գնամ ի՞նչ ասեմ… ախր երեսատեղ իսկի չունեմ: Հը, իբր եկա Երևան, որ աշխատանք ճարեմ, տուն վարձեմ, գնամ նրանց ետևից… ու փախա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Պիտի որոշես անելիքդ… եթե պետք է, ամեն ինչ սկսես սկզբից… Կարծում ես Սիրուշը նստել քե՞զ է սպասում, սիրուն աղջիկ էր…
ԱԳԱԹ. Դու ի՞նչ գիտես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ինչ է, չե՞մ ասել… Քո գնալուց հետո հոր հետ եկան ինձ գտան, հետքերդ էին փնտրում… է, ես ի՞նչ գիտեի, որ ինչ ասեի:
ԱԳԱԹ. Հոր հե՞տ, ասում ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հոր հետ… չոր մարդ էր երևում:
ԱԳԱԹ. Մեծ պաշտոն ուներ, շրջսովետի նախագահ էր… կուզես իմանալ, իմ փախչելու պատճառներից մեկն էլ նա էր: Նա դեմ էր մեր ամուսնությանը… Ասում են պաշտոնից հանել են, խելոքացած կլինի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դուք սիրու՞մ էիք իրար:
ԱԳԱԹ. Ինչ սեր, կրակի նման վառվում էինք… ամեն ինչ մի երկու շաբաթում որոշվեց… ես քսան տարեկան էի, նա՝ տասնյոթ: Մեզ թվում էր, թե աշխարհում ուրիշ մարդ չկա, որ եթե մի տարի էլ սպասենք՝ աշխարհը փուլ կգա: Ամուսնացանք… գնացինք Դիլիջանում գրանցվեցինք: Հայրը անընդհատ երես էր տալիս, որ իր հացն եմ ուտում, որ ես պարապ մարդ եմ: Որոշեցի գալ Երևան, մի գործի անցնել, ապացուցել այդ մարդուն, որ ես կարող եմ տուն պահել, ընտանիք կերակրել… եկա ու ընկա քո ձեռքը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Եվ եթե ինձ լսեիր՝ նպատակիդ կհասնեիր:
ԱԳԱԹ. (Ձայնը բարձրացնում է). Ինչպե՞ս լսեի… նրա հորն էլ հենց այդ էր պետք, որ աղջկան բաժանել տար… նույնիսկ երեխան ծնվելուց հետո՝ դրան էր ձգտում (դադար). Ասում ես հոր հե՞տ էր եկել… ի՞նչ էր ասում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ո՞վ է հիշում, այնքան ժամանակ է անցել… միայն հասկացա, որ հայրը նույնիսկ ուրախ էր, որ դու չքվել ես:
ԱԳԱԹ. Վաղը մյուս օրը կգնամ Իջևան… կնոջը շատ բան պետք չէ, մի ներողությունը բավական է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այնպես ես ասում, կարծես տասնյոթ օր ես բացակայել, տասնյոթ տարին մի ամբողջ կյանք է: Գնա փորձիր:
ԱԳԱԹ. Կգնամ, բա ի՜նչ, ապագայի մասին պիտի մտածել… դու հեչ, դու ձեռից գնացել ես, նույնիսկ պատգամավոր ես ուզել դառնալ, պրեզիդենտ… Տես է, երեք ամիս է ձայն չէիր հանում, թե եկել են քեզ մոտ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Շա՞տ էի հիշում… ասում ես իմ ապագայի մասին է՞լ ես մտածում:
ԱԳԱԹ. Բա ո՜նց… ընկեր ես (քմծիծաղով), ընկե՜ր, ոնց էր ուզում ինձ իր տեղն ուղարկել…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու մուռ ես պահել, տեսնում եմ:
ԱԳԱԹ. Թեկուզ այդպես, բայց ձեռքս ի՞նչ կա… Հրես եկել եմ, էլի պոչիցդ քարշ եմ գալիս: Եվ հետո, որ մտածում եմ՝ խղճում եմ քեզ: Վերջդ ի՞նչ է լինելու:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ոչխարը նստել գայլի դարդն է քաշում: Իմ ապագան թող քեզ չանհանգստացնի, ամեն բան պարզ է, տասնհինգ խանութ ունեմ… ֆաբրիկա…
Գալիս է Պրոֆեսորը:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ներեցեք, որ ընդհատեցի ձեզ… այստեղ բան եմ մոռացել (ծառի տակից վերցնում է քաթանը): Ահա, այստեղ է:
Մտնում են Ջուլիետն ու Թամարը:
ԹԱՄԱՐ. Հիմա գոնե հասա՞նք:
ՋՈՒԼԻԵՏ. Ես կարող եմ էլի գնալ, սարերում բոլորովին չեմ հոգնում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ կասես, պրոֆեսոր, գուցե այս աղջկա հետ սուրբ Ստեփանո՞ս գնաք, շատ դիմացկուն աղջիկ է:
ՋՈՒԼԻԵՏ. Օ, պրոֆեսոր, ես ձեզ չնկատեցի:
ԹԱՄԱՐ. Նա իսկապե՞ս պրոֆեսոր է:
ՋՈՒԼԻԵՏ. Չլսեցի՞ր դեռ ՎԱԿ-ը չի հաստատել:
ԹԱՄԱՐ. Այո, այո… իսկ ի՞նչ բան է ՎԱԿ-ը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդպիսի հիմնարկ կար Մոսկվայում, հաստատում էր մեր կոչումներն ու աստիճանները… Ի՞նչ է մեզ մոտ էլ են ՎԱԿ ստեղծել:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ուրիշ անուն ունի, բայց բոլորը ՎԱԿ են ասում, ի՞նչ տարբերություն:
ԱԳԱԹ. ՎԱԿ-ը ի՞նչ կարևոր է, կարևորն այն է, որ ամուրի է:
ՋՈՒԼԻԵՏ. Իսկապե՞ս:
Պրոֆեսորն ուզում է գնալ:
ԹԱՄԱՐ. Սպասեցեք պրոֆ… դուք դեմ չե՞ք եթե ես կրճատ ասեմ, այդպես ինձ ավելի է դուր գալիս:
ԱԳԱԹ. Դե ՚իհարկե, կիսատ ավելի լավ է, չէ՞ որ ինքն էլ դեռ կիսատ պրոֆեսոր է, ՎԱԿ-ը դեռ չի հաստատել:
ՊՐՈՖԵՍՈՐ. Սրամիտ չէր (ուզում է գնալ):
ԹԱՄԱՐ. Պրոֆ. գուցե ես ձեզ հետ գամ… չնայած հոգնած եմ, բայց կգամ, դուք երևի լավ տեղեր գիտեք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ես հեռու պիտի գնամ, շատ հեռու… մեր ճանապարհները տարբեր են, այո… (դուրս է գնում):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկապես ձեր ճանապարհները տարբեր են, դուք պիտի անտառ գնաք, ցախի:
ԹԱՄԱՐ. Իսկ ինչի՞ համար:
ՋՈՒԼԻԵՏ. Ամեն ինչից երևում է, որ խորոված պիտի ուտենք, եթե, իհարկե հովիվները գայլի տարածից մեզ էլ բաժին հանեն:
ԹԱՄԱՐ. Ես ոչինչ չեմ հասկանում, բայց եթե պետք է՝ հավաքենք: Իսկ որտե՞ղ ցախ կա:
ԱԳԱԹ. Անտառում ինչն է շատ՝ չորուկը: Դե գնացինք, Թամար, Ջուլ…
ՋՈՒԼԻԵՏ. Իսկ պրեզիդենտը:
ԱԳԱԹ. Նա ձորը պիտի իջնի… գործ ունի: Խորովածացուն դեռ ձորում է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես դեռ վրան պիտի խփեմ:
Ագաթն ու Թամարը դուրս են գալիս: Ջուլիետը ոտքը կախ է գցում: Բեմի ետևից լսվում է Թամարի ձայնը:
ԹԱՄԱՐ. Ջուլ, ինձ այս բրածոյի հետ մենակ մի թողնի…
ՋՈՒԼԻԵՏ. Գալիս եմ (պրեզիդենտին). Դու Նուշիկին ինչու՞ վիրավորեցիր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես նրան խոստումներ չեմ տվել (սկսում է խփել վրանի ցցերը):
ՋՈՒԼԻԵՏ. Նրա համար ամեն ինչ մեկ չէ, ինչպես ինձ համար: Դու ինձ աջ ու ձախ վիրավորում ես, բայց ես քեզնից այլևս սպասելիք չունեմ, ինձ համար մեկ է: Հետո՝ ես գիտեմ, որ դու ցինիկ ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Քեզ համար էլ մեկ չէ, կարծում ես չե՞մ հասկանում:
ՋՈՒԼԻԵՏ. Օհո, դու սկսում ես խորաթափանցության նշաններ ցույց տալ. Դե, ուրեմն, լսիր, որպեսզի քիթդ շատ չտնկես, իմացիր ճշմարտությունը: Քեզ կորցնելը մի մեծ դժբախտություն չէ: Այդ Նուշիկը կարող է չհասկանալ, իսկ ինձ համար պարզ է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այ, տեսնու՞մ ես, ուրեմն ամեն ինչ կարգին է, դու ոչինչ չես կորցրել:
ՋՈՒԼԻԵՏ. Էդ մեկը չեղավ: Ես ասացի, որ քեզ կորցնելը դժբախտություն չէ, բայց քո պատճառով ես շատ բան եմ կորցրել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Օրինակ:
ՋՈՒԼԻԵՏ. Այն որ դու այսօր ինձ երեսով տվեցիր. «Ամեն ինչ կարող ես, բացի այդ մեկից»: Դու անպատկառ մարդ ես, չես հասկանում, որ կնոջն այդ մասին չի կարելի ասել… Այո, չեմ կարող, բայց ինչու՞: Եթե դու այն ժամանակ երեխայից չհրաժարվեիր, ես չէի կորցնի այն, ինչ կնոջ երջանկությունն է հենց (լալիս է):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես ներողություն խնդրեցի:
ՋՈՒԼԻԵՏ. Աստված իմ, նա՛ ներողություն է խնդրել… չէ՛, դու անկրկնելի ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ինձ թվում էր, որ դու նույնիսկ ուրախ ես դրա համար:
ՋՈՒԼԻԵՏ. Ես էլ էի առաջ այդպես կարծում, բայց մի՞թե մենք գիտենք, թե ինչ ենք ուզում: Մի՞թե մենք մեզ ճանաչում ենք… մենք ամեն ինչով հետաքրքրվում ենք, ուզում ենք ամեն բան հասկանալ, բայց մեր ներսը չենք նայում… վախենում ենք… Մենք անում ենք այն, ինչ մեր էությանը հակացուցված է… ամենալավ բաները զոհում ենք չնչին հաճույքների համար… իսկ կյանքը գնում է… Աստված, ինչ էի երազում, ինչ ստացվեց, կարծում էի, թե բալետի աստղ կդառնամ, իսկ դարձա փալաս, ուղղակի փալասի կտոր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հանգիստ, հանգիստ… ժամանակը չէ, չնայած ինչ-որ բաներ ճիշտ ես ասում… ինչ վերաբերում է Նուշիկին, ես նրան իր ուզածը տալ չեմ կարող… Դերենիկը, ահա թե ով է նրան պետք… սիրում է նրան այդ փսլնքոտը, երևում է:
ՋՈՒԼԻԵՏ. Դերենիկը նրան այնքան է պետք, ինչքան Ագաթը՝ ինձ… այո, այո… կարծում ես չե՞մ հասկանում ինչու ես ինձ կանչում… Ագաթը… փորձում եմ վարժվել դրան, բայց… ուժերիցս վեր է… Լավ, ես հաշվի մեջ չեմ, Նուշիկից էլ ձեռ ես քաշում, չլինի՞ այն երեխային ես աչք ցցել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Երեխա՞ն ով է:
ՋՈՒԼԻԵՏ. Թամարը… չհամարձակվես… բավական է քեզ: ,
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկ ինչու չէ, Թամարը լավիկն է երևում… իսկ քեզ համար, ես ինչ է… (մոտենում է). Մի՞թե ես քեզ բոլորովին պետք չեմ (փորձում է գրկել):
ՋՈՒԼԻԵՏ. (Հրում է պրեզիդենտին). Թող, կարծես քեզ չեմ ճանաչում… երբ դու խոսում ես, մի բան ես ասում, կամ անում, ես միշտ մտածում եմ, որ քո միտքն ուրիշ է… քո ուղեղը միշտ լարված է… Դու պլաններ ես կազմում, քո ամեն մի շարժումը հաշված է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ջուլիետ, թեև քեզ թվում է դու ինձ լավ ես ճանաչում, բայց ազնիվ խոսք, սխալվում ես, ես էլ եմ հոգնել… քանի ապրում ենք, պիտի ապրենք, երևի կյանքը հենց սա է որ կա, ուրիշ ի՞նչ է պետք մարդուն… ուտում ենք, խմում, աշխատում ենք… հանգստանում… թող հանգստանանք, Ջուլ…
Մտնում է Ագաթը:
ԱԳԱԹ. Ջուլիկ, այդ աղջիկն ինձ այնպես է նայում, ինչպես շունը սոխին, գնա մոտը:
Ջուլիետը դուրս է գալիս:
— Չէ, զգում եմ, որ խումբը քայքայվում է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ժամանակն է երևի… արի վրանը կանգնեցնենք (լուռ աշխատում է միաժամանակ): Երևի ժամանակն է… իմ մեջ էլ ինչ-որ բան կոտրվել է: Միակ հետաքրքրությունը աղջիկներն են, այն էլ… տեսնում ես…
ԱԳԱԹ. (Օգնում է պրեզիդենտին). Անհետաքրքիր է անցնում: Ոչ Ռայան եկավ, ոչ Անիկը… ո՞վ է փոխարինել նրանց՝ Նուշիկը, Թամարը: Մեկը նեվրաստենիկ, մյուսն անընդհատ խայթում է, չնայած բոլորովին չի ճանաչում ինձ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Քեզ ճանաչելու համար շատ ժամանակ պետք չի… Պիտի գնացվի ոչխարի ետևից:
ԱԳԱԹ. Արի Դերենիկին ուղարկեք… Ջահել է, ոնց էլ լինի՝ կբերի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մի կողմից ուզում ես խորոված ուտել, մյուս կողմից՝ մաքուր մնալ: Մի վախեցիր, վտանգավոր բան չկա: Հիմա մասնավոր է, ծախում են, մենք էլ առնում ենք… Մենակ թե գողացված չլինի:
ԱԳԱԹ. Ի՞նչ մաքուր… ոտից գլուխ կեղտոտված եմ… Չէ, ես կամազուրկ մարդ եմ. վերադարձա, որ նոր կյանք սկսեմ, և նորից ընկա քո ցանցը: Ճիշտ է, դու հիմա ուրիշ գործ ես անում, բայց մի՞թե տարբերություն կա: Այն ժամանակ էլ էիր մասնավոր մարդկանց գրպան մտնում, հիմա էլ: Մենակ թե այն ժամանակ կոպեկներ էիր առնում, հիմա՝ հազարներ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես հիմա ազնիվ կյանքով եմ ապրում… Մի ծիծաղիր… այն ինչ այն ժամանակ օրինական չէր, հիմա օրինական է… Է, ասենք, դու դեռ շատ բան չես հասկանում… բոլորն էլ մի գործ անում են, բա ոնց… Չե՞ս գնալու:
ԱԳԱԹ. Չէ, Նազարն էլ կռիվ գնացող չի: Գիտե՞ս ինչու, անկեղծ եմ ուզում ասել: Ինձ թվում է, թե դու էլի մի բան ես ուզում սարքել իմ գլխին… Պատճառ չեմ գտնում դրա համար ախր, թե չէ կհավատայի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Խեղճ տղա, ինչքա՞ն ես վախեցել այն ժամանակ… Լավ, պետք չի ես ինքս կգնամ, բայց կհիշեցնեմ սա քեզ:
ԱԳԱԹ. Կարիք չկա, ես ինքս միշտ կհիշեմ:
Մտնում է Դերենիկը:
— Ահա, էս էլ Դերենիկը… Նուշիկին ու՞ր թողեցիր:
ԴԵՐԵՆԻԿ. Ներքևում է, գետափին:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Տանեիր քաղաք:
ԴԵՐԵՆԻԿ. Չի գալիս… և ընդհանրապես՝ քշեց ինձ: Աղջիկները գոնե գնային մոտը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Փսիխ է քո այդՆուշիկը:
ԱԳԱԹ. Ի՞նչ փսիխ, ուղղակի սիրահարված է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Երիտասարդ է, բռնկուն, թե չէ սեր… սերս ո՞րն է, չհասկացա:
ԴԵՐԵՆԻԿ. Չեմ հավատում, խաղում ես: Իսկ ինչու՞ աղջիկներից պոկ չես գալիս:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Նրանք ինձնից պոկ չեն գալիս… ես ինչ, ես միշտ պատրաստ եմ պոկվելու:
ԱԳԱԹ. Կապանքներ պետք չեն… դրանց մեջ կան կպչունները, այդ է վատը:
Չոր ճյուղերը գրկած մտնում է Ջուլիկը, նրան հետևում է Թամարը՝ չորացած մի մեծ ճյուղ քարշ տալով:
ԹԱՄԱՐ. Ես իմ բաժինը բերի:
ՋՈՒԼԻԵՏ. Ես էլ իմը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ջուլիետ, դու էլի կարող ես, չէ՞ որ դու…
ՋՈՒԼԻԵՏ. Այո, բայց էս մեկը էլ չեմ անի, վախենում եմ օձից (նկատում է Դերենիկին). Դերենի՞կ… բա Նուշիկը ու՞ր է:
ԴԵՐԵՆԻԿ. Ձորում, աղբյուրի մոտ… գնայիք մոտը:
ԹԱՄԱՐ. Ինչու՞ ես նրան թողել մենակ:
ԴԵՐԵՆԻԿ. Ես չթողեցի, ինքը քշեց… ասաց, որ չի ուզում երեսս տեսնել:
ԹԱՄԱՐ. Ես կգնամ մոտը, գուցե հանգստացնեմ:
ՋՈՒԼԻԵՏ. Դրա համար պրեզիդենտը պիտի գնա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Է, չէ, նա ինձ էլ չի ուզում տեսնել:
ՋՈՒԼԻԵՏ. Հիմա ամենից շատ դու ես նրան պետք:
ԴԵՐԵՆԻԿ. Նրան ոչ ոք պետք չի… ինքն էլ չգիտի, թե ով է պետք, ինչ է պետք:
ՋՈՒԼԻԵՏ. Գեղեցիկ է Նուշիկը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Գեղեցիկ է, բայց էն չի:
ՋՈՒԼԻԵՏ. Հետաքրքիր է, թե ով է «էնը»:
ԱԳԱԹ. Դու էլ էն չես:
ՋՈՒԼԻԵՏ. Ուրեմն Թամարը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Թամա՞րը: Թամարը լավն է, բայց էլի էն չի:
ՋՈՒԼԻԵՏ. էլ ու՞ր եք մեզ հետ քարշ գալիս, եթե «էն» չենք:
ԱԳԱԹ. (Լպիրշ ծիծաղելով). Դուք մատչելի եք:
ՋՈՒԼԻԵՏ. Չհասկացա, դա առավելությու՞ն ես համարում, թե՞ պակասություն:
ԱԳԱԹ. Առավելություն, նապաստակս, առավելությո՜ւն (դուրս է գալիս):
ԹԱՄԱՐ. Ցինիկ:
ՋՈՒԼԻԵՏ. Ինչու՞ չսիրեցիր նրան, Թամար, պատկառելի մարդ է:
ԹԱՄԱՐ. (Մտածկոտ). Չգիտեմ… ես նրան կարծեմ ճանաչում եմ:
ՋՈՒԼԻԵՏ. Երևի սխալվում ես… նա տասնութ, թե տասնյոթ տարի Հայաստանում չի եղել… Միջին Ասիայից է եկել:
ԹԱՄԱՐ. Իսկ ավելի առաջ որտե՞ղ է եղել:
ՋՈՒԼԻԵՏ. Իսկ ավելի առաջ դու ինքդ չես եղել, կարծեմ:
ԹԱՄԱՐ. Այդ մեկը ճիշտ է… ավելի առաջ ես չեմ եղել:
Մատուռի ետևից լսվում է Հոլոյի ձայնը:
ՀՈԼՈՅԻ ՁԱՅՆԸ. Խելառ անտեր, ուր կերթամ՝ ետևիցս կուգա: Ա՛ռ քեզ, ա՛ռ…
ԱԳԱԹԻ ՁԱՅՆԸ. Այ կնիկ, ի՞նչ ես անում, սպասիր, յա՜…
Շփոթված բեմ է մտնում Ագաթը: Մի պահ նույնիսկ չի կարողանում խոսել:
ԱԳԱԹ. Խելագար է, ինչ է… քարերն առել ընկել է ետևիցս:
ԹԱՄԱՐ. Ո՞վ է:
ԱԳԱԹ. Չե՞ք լսում, Հոլոն է (չի իմանում ծիծաղի, թե զայրանա). Անցա այն կողմ, տեսնեմ հեռվում խոտերի մեջ մի բան է երևում, սպիտա՜կ, սպիտա՜կ… ասի տեսնեմ ինչ է: Մոտեցա՝ մարդ է պառկած խոտերի մեջ բոլորովին մերկ… գլուխը փաթաթված, ոնց որ սատանա:
ՋՈՒԼԻԵՏ. Ո՞վ էր մերկ պառկած:
ԱԳԱԹ. Հոլոն, ասում եմ… չե՞ս լսում ձայնը:
ԹԱՄԱՐ. Ոնց թե մերկ:
ԱԳԱԹ. Մերկ, էլի, տկլոր…
ՀՈԼՈ. (Շալը կապելով բեմ է մտնում). Սարերն էլ հարամ էրիք մեր վրա… տղա, դու ընչի՞ կընկնիս իմ ետևից…
ԱԳԱԹ. Ի՞նչ իմանայի, այ պառավ, որ դու ես… (ծիծաղում է). …Շորե՞րդ ինչի էիր հանել… դու հո ցիրկ չես:
ՀՈԼՈ. Արև կընդունեի… ինչ է, արև մենակ ձեզ համա՞ր է: Իմ ոտներ գիշեր կտքան… է, դուք չասի՞ք կօգտե:
ԹԱՄԱՐ. Աա՜… տես, է, մեզ վրա խոսում է, իսկ ինքը…
ՀՈԼՈ. Ասի էսքան մարդ սուտ չեն ասի, կարող է կօգտե, արի փորձեմ: Է, տելեվիզորով էլ եմ տեսել:
ԱԳԱԹ. Այնպես էլ սպիտակ մարմին ունի, ոնց որ թուղթ:
ՀՈԼՈ. Ասա, ճպըլ, դու իմ մարմի՞ն որտեղ տեսար: Ոտի ձեն առա, շոր գցի իմ վրա:
ԹԱՄԱՐ. Ախր մաշկդ կվառվի… աոաջին անգամ, այն էլ այս ժամին…
ՀՈԼՈ. Էդ ինչի՞ քեզ չի վառի, ինձ կվառի… իմ կաշին քոնից հաստ է:
ԱԳԱԹ. Դեռ Թամարի վրա էր խոսում:
ՀՈԼՈ. Թամարը բոլորիդ մոտ էր հանվել… ես՝ Աստծու առաջ: Աստծու մոտ մերկանալ մեղք չի, նա բոլորին էլ մերկ կտեսնի, նրա համար շոր-մոր չկա: Աստված մարդուն կտեսնի էնպես, ինչպես ինքն է ստեղծել: Ես մատիցս հո՞տ էի քաշե, ի՞նչ իմանայի էս քաչալ կգար… էստեղ ամիսներով մարդու ոտ չի դիպնի:
Նախ՝ ձայներ են լսվում, հետո Նռւշիկի թևերից բռնած մտնում են Լալան ու պրոֆեսորը:
ՊՐՈՖԵՍՈՐ. Քիչ էր մնում ձորն ընկնի, կախվել էր ժայռից:
ԴԵՐԵՆԻԿ. Նուշ…
ԼԱԼԱ. Հազիվ ետ պահեցինք:
ՆՈՒՇԻԿ. Իզուր, իզուր պահեցիք… ես միևնույն է, ցած կգցեմ ինձ:
ՊՐՈՖԵՍՈՐ. Գրգռված է աղջիկը… մենակ չպիտի թողնել:
ՀՈԼՈ. (Գլխաշորով Նուշիկի արնալվիկ երեսը սրբելով). Փշեր երեսը ճղճղել են… արի, արի գնանք ֆերմա կաթի սեր քսեմ, թե չէ լավ չի լինի:
ԼԱԼԱ. Մատուռի ետևը հով է, պառկեցրեք թող հանգստանա:
ՋՈՒԼԻԵՏ. (Թև բռնելով). Գնանք, Նուշ ջան, էստեղ մենակ ես եմ քեզ հասկանում, գնանք:
Նուշիկին դուրս են տանում: Բոլորը գնում են նրա ետևից: Պրեզիդենտը կտրում է Լալայի ճանապարհը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Սպասիր:
ԼԱԼԱ. Ի՞նչ կա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Քեզ չեմ ուտի:
ԼԱԼԱ. Գիտեմ, որ գազան չես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ (Քնքշագին բռնում է աղջկա ձեռքը). Դե մնա, լա՜վ…
ԼԱԼԱ. Ախր ի՞նչ ես ուզում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ուզում եմ հետդ խոսել… ինչ է, չի՞ կարելի:
ԼԱԼԱ. Խոսելու բան պիտի լինի՞, թե չէ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես այս կողմերում լինում եմ, ո՞նց է որ քեզ չեմ տեսել:
ԼԱԼԱ. Երեի պետք չի եղել, որ տեսնես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ուրեմն հիմա պետք ես, որ հանդիպեցինք:
ԼԱԼԱ. Իսկ դու ինձ պետք չես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդպես մի ասա, լավ չի… դու գեղեցիկ ես:
ԼԱԼԱ. Ի՜նչ ես ասում…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ձեռ մի առ, ես լուրջ եմ խոսում:
ԼԱԼԱ. (Փորձում է գնալ). Իսկ ես լուրջ ուզում եմ գնալ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես քեզ կգտնեմ:
ԼԱԼԱ. Ես կորած չեմ, ի միջիայլոց: Հետո՝ գտնողն արդեն գտել է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Լավ չի գտել:
ԼԱԼԱ. Ի՞նչ (դադար). Տարօրինակ մարդ ես երևում (ուզում է գնալ):
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Սպասիր:
ԼԱԼԱ. Դու սպասիր, իսկ ես գնացի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մի րոպե էլ սպասիր… ես իսկապես բան ունեի ասելու:
ԼԱԼԱ. Ախր ի՞նչ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Չգիտեմ… գլխիցս թոավ… ինձ թվում է հիմա պիտի հիշեմ… բայց որ նայում եմ քեզ՝ ամեն ինչ գլխիցս թռչում է:
ԼԱԼԱ. Զգույշ խելքդ չթռցնես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու ծիծաղում ես, բայց դա անհնար բան չէ… Ախր դու ուրիշ ես, ուրիշ տեսակ… ոնց ասեմ, հիմա կհիշեմ…
ԼԱԼԱ. Դե որ կհիշես՝ հեռագիր կտաս, ես գնացի (գնում է):
Պրեզիդենտը մի պահ մնում է շվար կանգնած: Մտնում է Ագաթը…
ԱԳԱԹ. Ասե՞չկա…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էնպես կհասցնեմ որ…
ԱԳԱԹ. Ոնց որ թե մի քիչ լավ է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ո՞վ է լավ…
ԱԳԱԹ. Օհո… դու նույնիսկ չես հիշում: Նուշիկի մասին եմ ասում…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Աա՜…
ԱԳԱԹ. Դու չգիտե՞ս քո արած գործերը…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ինչ գործ:
ԱԳԱԹ. Աղջիկը հղի է: Կարծում ես չե՞նք հասկանում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկ ինչու՞ չի կարող հղի լինել: Իր գործն է:
ԱԳԱԹ. Բայց դու ես պատճառը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Հայտնի չէ:
ԱԳԱԹ. Հայտնի է: Նուշիկն այն աղջիկներից չէ, որոնք… մի խոսքով, դու ինձանից լավ գիտես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ենթադրենք… բայց ես նրան խոստումներ չեմ տվել, նրան չեմ համոզել… դու գիտես, որ ես բռնանալ չգիտեմ: Հասած աղջիկը պիտի իմանա ինչի է գնում: Աստված, այս ինչ բան է, վարվում ես, ինչպես իրենք են ուզում, հետո էլ պիտի դայակություն անես: Եվ վերջապես մենակ ինքը չի, բոլորն էլ դրությունից ելք են գտնում, հազար ճանապարհ կա երեխայից ազատվելու:
ԱԳԱԹ. Անխելք մարդ, նա էլ գիտի այդ ճանապարհները, բայց չի ուզում ազատվել… ես կարծում եմ… Ախր նա քեզ սիրում է… ինչպե՜ս է սիրում… մեղք է այդպիսի սերը կորցնելը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Դու այսօր ինչ-որ շատ ես սենտիմենտալ դարձել… այո՛, այո՛, ես դեռ առավոտյան այդ նկատեցի… ով, ով գոնե դու չպիտի այդ մասին խոսես…
ԱԳԱԹ. Ես սխալվել եմ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Ձայնը բարձրացնելով). Դե թող, ուրեմն, որ ես էլ սխալվեմ: Մենակ դու՞ կարող ես սխալվել: Այ, հիմա Լալային տեսա և զգացի, որ մինչև օրս միշտ սխալվել եմ: Քեզ ի՞նչ էր եղել… Դուք էլ հո չէիք սխալվել…
ԱԳԱԹ. Մենք տասնութ-քսան տարեկան էինք, տաքգլուխ ջահելներ… այդ տարիներին հափշտակությունն էլ սեր է թվում: Հանդիպեցինք ու այլևս չկարողացանք պոկ գալ… Այդ հասակում դժվար է զգացմունքները ջոկել:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իզուր ես կարծում, թե հիմա հեշտ ենք մեր զգացմունքները հասկանում… Ի՞նչ է փոխվել որ, ես էլի ինձ քսան տարեկանի նման եմ զգում: Սիրտը հո չի ծերանում:
ԱԳԱԹ. Այն էլ ո՜նց է ծերանում… բայց ինչքան գիտեմ, քո սիրային գործերին սիրտդ բոլորովին չի մասնակցում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդ ոնց է որ, ես մարդ չե՞մ:
ԱԳԱԹ. Թիթեռի պես շատ ես մի ծաղկից մյուսը թռչում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ . Ես ընդհանրապես ծաղիկ շատ եմ սիրում… ամեն տեսակի:
ԱԳԱԹ. Բա ես ինչ եմ ասում… Բայց ամեն մարդ իր ծադիկը պիտի գտնի, որքան շուտ՝ այնքան լավ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Իսկ դու՞, դու քո ծաղիկը գտե՞լ ես…
ԱԳԱԹ. Ես, ախպերս, հոտառությունս կորցրել եմ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այ, տեսնու՞մ ես…
Գալիս է Ջուլիետը:
ՋՈՒԼԻԵՏ. Ի՞նչ եղավ գեղեցկուհին (տղամարդիկ լուռ են), կատակ չեմ անում, սիրուն աղջիկ է… ինչու՞ սիրուն, գեղեցկուհի է: Ճիշտ է, մեջը կոպտություն կա, վանող մի բան… (պրեզիդենտին). Մի խոսքով, քո բանը չէ (պրեզիդենտը մի կատաղի հայացք է գցում Ջուլիետի վրա). Օհո, չեմ խոսում, լավ… չեմ խոսում… ինչպես տեսնում եմ, արդեն… Գուցե գնաս Նուշիկի մո՞տ… սպասում է. մի խոսք և կհանգստանա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Անսպասելի կատաղած). Ի՞նչ եք ուզում ինձանից, գրողի ծոցըՆուշիկն էլ, դուք էլ… թողեք ինձ հանգիստ (դուրս է գալիս):
ԱԳԱԹ. (Սուլում է). Երևում է բանը բանից անցել է:
ՋՈՒԼԻԵՏ. Աչքովս տեսնեմ չեմ հավատա… ասենք, նրանից ամեն բան սպասելու է: Ես նրան լավ եմ ճանաչում:
ԱԳԱԹ. Ո՞վ չի ճանաչում:
ՋՈՒԼԻԵՏ. Ոչ այնպես, ինչպես ես, Ագաթ: Օրինակ դու. երևի մտքովդ էլ չես կարող անցկացնել, որ նա, չնայած այս բոլորին, լավ մարդ է:
ԱԳԱԹ. Ի՞նչ…
ՋՈՒԼԻԵՏ. Տեսնում ես… Նա այդքան պարզ մարդ չէ, նրան հասկանալը դժվար է… Ես կարծում եմ, որ մի օր ինքը դուրս կգա այս ջրապտույտից… Վաղ թե ուշ՝ դուրս կգա, կտեսնես:
ԱԳԱԹ. Առաջ որ դուրս էինք գալիս քաղաքից, ինչ-որ հանգստություն էր գալիս վրաս, ուրախ էի զգում ինձ, իսկ հիմա ամեն ինչ անհամացել է:
ՋՈՒԼԻԵՏ. Ինչու՞, ի՞նչ պատահեց, որ հանկարծ անհամացանք… թե՞ դու էլ պրեզիդենտի նման նոր հետաքրքրություններ ես որոնում… Լսիր, Ագաթ… իսկական անունդ ինչպե՞ս է, այդպես էլ չասացիր, Ագաթ, հա Ագաթ ենք ասում… Մի թանկարժեք քար էլ լինես:
ԱԳԱԹ. Ի՞նչ տարբերություն, դիմիր ոնց ուզում ես… Իսկ ընդհանրապես, անուն ունեմ, Վարազդատ է անունս, ես ու պրեզիդենտը, այսպես ասած, ադաշներ ենք… Համալսարանում սովորելիս…
ՋՈՒԼԻԵՏ. Դու իսկապե՞ս համալսարանում սովորել ես:
ԱԳԱԹ. Երկրորդ կուրսի կեսից թողեցի… դասախոսներից մեկը սկսեց ինձ Ագաթանգեղոս կանչել… Ագաթանգեղոսի մասին մի հարց էի տվել… այդպես էլ կպավ, բոլորն սկսեցին Ագաթանգեղոս ասել, կրճատ՝ Ագաթ:
ՋՈՒԼԻԵՏ. Ամուսնացիր ինձ հետ, Ագաթ… հավատա, ես լավ կին կլինեմ:
ԱԳԱԹ. (Շփոթված). Բայց… ես ամուսնացած եմ:
ՋՈՒԼԻԵՏ. Փչում ես… ասա, որ չես ուզում ինձ նմանին կնության վերցնել… և լավ էլ անում ես, ինձանից ի՞նչ կին. լվացքի անուն լսում եմ թե չէ՝ ալերգիա եմ ունենում:
ԱԳԱԹ. Իսկ ես քո մասին այդպես չեմ մտածում: Դու կյանքի փորձ ունես, դու շատ բան ես տեսել… Դու լավն ես, Ջուլ…
ՋՈՒԼԻԵՏ. Ես լա՞վն եմ… (ծիծաղում է) ասում ես, որ ես լավն եմ: (Հուզված սեղմում է Ագաթի ձեռքը) Շնորհակալ եմ… Հը՛, այսօր ձեզ ի՞նչ է պատահել, խորաթափանց եք դարձել… ուրեմն ի՞նչն է խանգարում:
ԱԳԱԹ. Ես սխալ եմ ապրել, հարկավոր է ուղղել, գոնե ինչ-որ բաներ… ես կփորձեմ գտնել կնոջս:
ՋՈՒԼԻԵՏ. Ուրեմն ճի՞շտ է… թե չէ՝ ես կամ, միշտ հիշիր:
ԱԳԱԹ. Տասնյոթ տարի է անցել, գիտեմ որտեղ է, բայց սիրտ չեմ անում մոտը գնալ… ես երեխա էլ ունեմ, աղջիկ…
ՋՈՒԼԻԵՏ. Կան, էլի՜, երջանիկ մարդիկ… լսիր, ծերուկ, քանի՞ տարեկան ես…
ԱԳԱԹ. Չգիտեմ… երևի մի քառասուն կամ մի քիչ ավել…
ՋՈՒԼԻԵՏ. Ասա քառասուն, էլի՛… տղամարդու համար քառասունն ի՞նչ է որ: Իսկ մենք՝ ծերուկ, հա ծերուկ… դու էլ ձայն չես հանում: Դու դեռ շատ բանի ես ընդունակ, նույնիսկ ընդունակ ես կապանքների տակ մտնելու, թեև հակառակն ես ասում:
ԱԳԱԹ. Հասկանու՞մ ես, Ջուլ, ես երբեմն դեռ խոսում եմ այնպես, ինչպես տարիներ առաջ, մինչդեռ շատ բան է փոխվել իմ մեջ: Տասնյոթ տարիները ինձ ինչ-որ բան սովորեցրել են այնուամենայնիվ: Լավ, վատ շատ մարդկանց հանդիպեցի, շատ մտածեցի իմ վիճակի վրա և հիմա եկել եմ այն մտքին, որ ես դավաճան եմ… այո, այո… ես դավաճանել եմ ինձ, ինքս ինձ… ես այդ արել եմ տարիներ շարունակ… ինձ թվում է, թե ինձ մի կողմ թողած՝ տարիներ շարունակ ուրիշի դեր եմ խաղացել… այնինչ մարդը իր դերը պիտի խաղա, սատանան տանի… օրինակ դու…
ՋՈՒԼԻԵՏ. (Ձայնը բարձրացնելով). Իմ մասին մի՛ խոսիր (ավելի հանգիստ). Մի՛ խոսիր, խնդրում եմ… եթե դու մի ուրիշի դեր ես խաղացել, ես տարբեր դերեր եմ խաղացել… լա՜վ ասացիր… ես վախեցել եմ իմ սեփական դերը խաղալուց… ինչու՞… ինչու՞ է այդպես, Ագաթ, մենք աշխատում ենք ուրիշներին հասկանալ, ճանաչել նրանց, բայց ոչինչ չենք անում, որ հասկանանք մեզ… Այս ի՞նչ բան է… Ագաթ, ուզում եմ իմ դերը խաղալ, ուզում եմ պարել… մագնիտոֆոնն ու՞ր է, միացրու, ծերուկ, սիրելիս, միացրու ես ուզում եմ պարել… իմ սեփական պարը… բեր մագնիտոֆոնը, Ագաթ, խնդրում եմ:
ԱԳԱԹ. Բայց… խնդրեմ… աչքիս վրա (դուրս է գալիս, անցնում մատուռի ետևը):
Մտնում է պրոֆեսորը:
ՊՐՈՖԵՍՈՐ. Աղջիկը հանգստացավ, կարելի է գնալ:
ՋՈՒԼԻԵՏ. Պրոֆեսոր, մնացեք մեզ հետ, ես հիմա կոնցերտ եմ տալու… Մի զարմացեք, ուզում եմ պարել… այստեղ, այս ալպիական ծաղիկների մեջ… կարծում եք վա՞տ կոնցերտ կտամ… Կարծում եք վա՞տ կլինի: Միջնադարյան մատուռի մոտ, ալպիական մարգագետնի վրա՝ ժամանակակից շեյկ…
ՊՐՈՖԵՍՈՐ. Դուք պարուհի՞ եք:
ՋՈՒԼԻԵՏ. Մի՞թե նման չեմ:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ոչ, ինչու՞… ես հենց սկզբից հասկացա, որ դուք արվեստի մարդ եք… ի՞նչ եք անում այս խմբում… ինչ-որ…
ՋՈՒԼԻԵՏ. Դուք լավ աչք ունեք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ես չէի ասի… եթե լավ աչք ունենայի, որևէ մեկին կտեսնեի, այսպես մենակ չէի մնա… գիտե՞ք ինչ բան է մենակությունը… անցնում ես սարից սար, իջնում ես ձորերը և մեկը չկա, որ հետը խոսես, սիրտդ բաց անես, քո ուրախությունը կիսես հետը:
ՋՈՒԼԻԵՏ. Օ, այդ մեկը կարծես թե ես շատ լավ գիտեմ… մենակություն: Ի՞նչ բան է մենակությունը: Մի՞թե մենակ մնալը: Մենակ, երբ շուրջդ մարդ չկա, դա, պրոֆեսոր, սարսափելի չէ… դու ես ու դու, ինքդ քեզ հետ… բայց երր մենակ ես մարդկանց մեջ՝ ահավոր է…
ՊՐՈՖԵՍՈՐ. Երևի հենց այդ պատճառով էլ ես փախչում եմ սարերը… այստեղ էլ մենակ եմ, բայց ոչ այնքան, ինչքան մարդկանց մեջ եղած ժամանակ… Դուք խելոք աղջիկ եք:
ՋՈՒԼԻԵՏ. Եվ այսպես, պրոֆեսոր, ես հասկացա, որ դուք էլ մենակ եք… Ինչու՞:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ասացի վատ եմ տեսնում երևի… Ես, օրինակ, չեմ գտնում, թե շուրջս ամայություն է տիրում… ոչ, լավ մարդիկ շատ կան… ուղղակի ինձ համար դժվար է գտնել նրանց սիրտը տանող ճանապարհը. երևի իմ բնավորությունից է… այդպես է որ կա: Ես եմ մեղավորը, իմ անհամարձակությունը… չէ, ճիշտ չարտահայտվեցի, ես այնքան էլ անհամարձակ չեմ, բայց… մի տեսակ վախ կա մեջս… ես չեմ կարողանում բացվել մարդկանց մոտ, ահա, ինչպես հիմա ձեզ մոտ եմ բացվել… ինձ միշտ թվում է, որ չեմ հասկացվի: Ես էլ գրքերն առնում ու փախչում եմ լեռները… գրքերը լավ բան են, բայց նրանցում նույնպես մարդկանց մասին է գրված: Ինչպե՞ս է, որ մարդիկ գրքերում լավ են, իսկ կյանքում՝ ոչ… այդպես չի իհարկե… մտածել է պետք: Երևի մարդը շատ բան պիտի կարողանա հաղթահարել:
ՋՈՒԼԻԵՏ. Օյ, պրոֆեսոր, պրոֆեսոր, դուք շատ հետաքրքիր մարդ եք երևում… ամուսնացած եղե՞լ եք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ինն օր… այո, այո, ինն օր… Հետո նա գնաց և գիտե՞ք ինչու, ասաց, որ ամուսնանալուց առաջ ես նախ պիտի փողկապ կապել սովորեի… ասաց ու գնաց: Հետո ջազից մեկին գտավ, ամուսնացավ… Բայց կարծեմ չերջանկացավ… հիմա կա, մեկ-մեկ հանդիպում ենք, ուզում է ետ գալ… ես նրան ասում եմ, որ փողկապ կապել դեռ չեմ սովորել:
ՋՈՒԼԻԵՏ. Գուցե արժե ներել… գիտեք, կինն էլ մարդ է, իսկ մարդը սխալական է:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ես դեմ չեմ, սխալը կարելի է ներել: Բայց նրա արածը սխալ չէր, նա ճիշտ էր նկատել, ես փողկապ կապել չգիտեի:
ՋՈՒԼԻԵՏ. Հետաքրքիր մարդ եք դուք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Դուք այդպե՞ս եք կարծում:
ՋՈՒԼԻԵՏ. Ձեզ ոչ ոք չի՞ ասել:
ՊՐՈՖԵՍՈՐ. Չգիտեմ, ինստիտուտում ինձանով հետաքրքրվում են միայն շախմատ խաղացողները: Դա միակ ասպարեզն է, որտեղ ես հաղթում եմ (ծիծաղում է):
ՋՈՒԼԻԵՏ. Մի ծիծաղեք… դա էլ է բան… ես օրինակ ոչ մի ասպարեզում չեմ հաղթում: Մի անհաջողությունը հաջորդում է մյուսին… բայց ոչ, ես էլ մի ասպարեզ ունեմ, որտեղ հաջողակ եմ: Կայո՞ղ եք ասել որտեղ…
ՊՐՈՖԵՍՈՐ. Ը՜ը… ոչ… որտե՞ղ:
ՋՈՒԼԻԵՏ. Խոհանոցում… այնպիսի խմորեղեն եմ պատրաստում, որ շատերը առանց մատների են մնացել… Լվացք անել չեմ սիրում, բայց խոհանոցը՝ շա՜տ…
ՊՐՈՖԵՍՈՐ. Չի կարող պատահել… գիտե՞ք ես ինչքան եմ խմորեղեն սիրում: Ը՜ը, դուք այս կողմերում եղե՞լ եք, այստեղ շատ հուշարձաններ կան…
ՋՈՒԼԻԵՏ. Եղել եմ, բայց հուշարձաններ չեմ տեսել… բացի այս մեկից (ցույց է տալիս մատուռը): Մենք այստեղ խորոված ենք ուտում և տափակություններ ասում իրար:
ՊՐՈՖԵՍՈՐ. Սա էլ հետաքրքիր հուշարձան է, տասներեքերորդ դար է, և գիտեք, իր պատմությունն ունի:
ՋՈՒԼԻԵՏ. Պատմությու՞ն, ի՞նչ պատմություն… կպատմե՞ք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Կպատմեմ, իհարկե… իսկ հիմա, եթե դեմ չեք, իջնենք ձորը, այնտեղ նախապատմական մարդու հետքեր կան:
ՋՈՒԼԻԵՏ. Այդպիսի մա՞րդ է եղել:
ՊՐՈՖԵՍՈՐ. Այո և բավական երկար ժամանակ:
ՋՈՒԼԻԵՏ. Իսկ ինչպիսի՞ն է եղել նա:
ՊՐՈՖԵՍՈՐ. Երկար, ամուր ձեռքեր է ունեցել, շատ երկար:
ՋՈՒԼԻԵՏ. Երկար ձեռքե՜ր… վատ չի, հը՞… առանց շատ մոտենալու կարելի է մարդուն գրկել… դա հետաքրքիր է:
ՊՐՈՖԵՍՈՐ. Շատ օրիգինալ տեսանկյունից գնահատեցիք երկար ձեռքերը… Հը՞, գնա՞նք (մտնում է Ջուլիկի թևը):
ՋՈՒԼԻԵՏ. Գնանք, պրոֆեսոր, գնանք դեպի նախապատմական երկար, ամուր ձեռքերով մարդը (ուզում է գնալ, բայց կանգ է առնում մի պահ մտածելով): Սպասեցեք պրոֆեսոր, ես ուզում եմ ձեզ սյուրպրիզ անել… (մոտենում է իրերի կույտին, զամբյուղի միջից հանում է թղթի մի փաթեթ): Ահա, պրոֆեսոր, թող նրանք իրենց խորովածն ուտեն, իսկ մենք կփորձենք խոհարարական իմ շնորհքը:
ՊՐՈՖԵՍՈՐ. Մի՞թե խմորեղեն է:
ՋՈՒԼԻԵՏ. Այո, պրոֆեսոր և սա մեզ լիուլի կբավականացնի և դեռ նախապատմական մարդուն էլ բաժին կհանենք:
Գնում են:
Երաժշտություն է լսվում: Մագնիտոֆոնը ձեռքին մտնում է Ագաթը: Գալիս են նաև պրեզիդենտը, Թամարը:
ԹԱՄԱՐ. Ոչ ոք չկա, ո՞վ է պարելու:
ԱԳԱԹ. Այստեղ էր, ու՞ր չքվեց (ձայն է տալիս): Ջուլի՜կ…
ԹԱՄԱՐ. Ջուլիե՜տ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Փախցրել են:
ԱԳԱԹ. Ուր էր թե… Ջուլիկն ուրախ կլիներ:
ԹԱՄԱՐ. Ջուլիկը լավ աղջիկ է, խնդրում եմ նրա մասին վատ բան չասեք…
ԱԳԱԹ. Համոզեցիր, նրա մասին չենք խոսում (երաժշտությունը ուժեղացնում է), իսկ ո՞վ պիտի պարի… Թամար այս երաժշտությունն ափսոս է որ կորչի, արի պարենք:
ԹԱՄԱՐ. Ես կպարեմ, բայց առանց քեզ (առաջ է գալիս): Էլի, էլի ուժեղացրեք (սկսում է պարել: Սկզբում ոչ այնքան եռանդով, հետո ոգևորված):
ԱԳԱԹ. Էէ՜խ… (մտնում է պարի մեջ): Դժվար է համբերելը:
ԹԱՄԱՐ. (Պարելով). Ինչու՞ է դժվար, ծերուկ:
ԱԳԱԹ. Ախր քեզ նման աղջկա հետ ո՞նց չպարես:
ԹԱՄԱՐ. (Մատով խփում է Ագաթի քթին). Ախր ես ի՞նչ տեսակի եմ որ:
ԱԳԱԹ. Լավ տեսակի, Թամար, լավ տեսակի:
Մատուռի ետևից դուրս են գալիս Նուշիկն ու Դերենիկը և հենց վերևում էլ մնում են կանգնած:
— Էյ, Վարազ, Նուշիկին վերցրու արի պարենք… դուք իրար հետ լավ եք պարում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ոչ այնքան լավ… նույնիսկ վատ ենք պարում:
ԱԳԱԹ. Չէ, ինչու՞, մի ժամանակ լավ էիք պարում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Մի ժամանակ դու էլ քսան տարեկան էիր:
ԱԳԱԹ. Էդ մեկը ճիշտ է (շունչը կտրվում է): Ես քսան տարեկան եղել եմ. ազնիվ խոսք… հը՞, գուցե պարեք, Նուշ…
ՆՈՒՇԻԿ. Ես նրա հետ իմ պարն ավարտել եմ:
ԴԵՐԵՆԻԿ. Այո, նա իր պարն ավարտել է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Արդե՞ն… ախր ես գիտեմ, որ դու խելոք աղջիկ ես… պարիր ուրեմն Դերենիկի հետ:
ՆՈՒՇԻԿ. Թե ում հետ կպարեմ՝ իմ գործն է արդեն:
ԴԵՐԵՆԻԿ. Այո, դա իր գործն է:
ՆՈՒՇԻԿ. Դու՞ ինչ ես թութակի նման կրկնում:
ԴԵՐԵՆԻԿ. Նուշ…
Պրեզիդենտը ծիծաղում է:
ԱԳԱԹ. Էէ՜, ես քո թափին չեմ դիմանա… կրակ ես, ինչ ես:
ԹԱՄԱՐ. (էքստազի մեջ է). Որ մտել ես պարի մեջ մի թնկթնկա… ես միշտ երազել եմ քեզ հետ պարելու մասին… եթե այդպիսին չլինեիր…
ԱԳԱԹ. Ինչպիսի՞ն…
ԹԱՄԱՐ. Վատը, շա՜տ վատը…
ԱԳԱԹ. Ախր ի՞նչ ես ուզում ինձանից… դու ինձ չես ճանաչում:
ԹԱՄԱՐ. Ցավն էլ այդ է, որ ճանաչում եմ:
ԱԳԱԹ. Շունչս կտրվեց…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ծերացել ես…
ԱԳԱԹ. Այո… և ես գիտեմ այդ մասին, դու էլ որ իմանայիր քո ինչ լինելը՝ վատ չէր լինի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ լինելը:
ԱԳԱԹ. (Կանգ է առնում). Չէ, ես փաս:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մոտենում է Ագաթին). Ի՞նչ լինելը:
ԱԳԱԹ. Դատարկապորտությունը քի՞չ բան է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Բռնում է Ագաթի օձիքից). Ձորը տեսնու՞մ ես…
ԱԳԱԹ. Իսկ դու քո փորը տեսնում ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ի՞նչ ես ուզում ասել:
ԱԳԱԹ. Շատ է մեծացել, իսկ ես դանակ ունեմ:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Քո դանակը իսկի քո փորին չի հասնի:
ԱԳԱԹ. Այդպե՞ս ես կարծում: Քեզ թվում է, թե ատամներս հաշվել ես, բայց դու դեռ լավ չես ճանաչում ինձ: Կարծում ես քեզ կներե՞մ իմ կորցրած տարիները… սխալվում ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Բռնում է Ագաթի օձիքը). Ուրեմն իսկապես մուռ ես պահել: Ահա, վերջապես բացվեցիր:
ԱԳԱԹ. (Ուզում է ազատվել պրեզիդենտից). Թող, թող ինձ, ավազակ…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ախ այդպես, դե առ (ուժեղ խփում է Ագաթի կողքին, այնտեղ, որտեղ լյարդն է՝ սա կողքը բռնած երկուտակվում է). Կերա՞ր (հրում գցում է ցած. մի պահ Ագաթը մնամ է անշարժ):
ԹԱՄԱՐ. Ինչու՞ խփեցիր, տականք (մոտենում է անսպասելիորեն ապտակում է պրեզիդենտին, վերջինս զարմանքից նույնիսկ շփոթվում է):
Թամարը ընկնում է Ագաթի վրա, ցնցում ուսերը:
— Ի՞նչ եղավ, ինչո՞վ խփեց (տեսնելով, որ Ագաթը չի շարժվում ճչում է). Հայրի՜կ, հայրի՜կ…
Բոլորը զարմացած մեկ Ագաթին են նայում, մեկ պրեզիդենտին, մեկ Թամարին:
ԱԳԱԹ. (Ուշքի գալով). Այ, սատանա… ոնց խփեց… (Հանկարծ գիտակցությանն են հասնում Թամարի խոսքերը). Այն ո՞վ էր, ո՞վ էր հայրիկ կանչում:
ԴԵՐԵՆԻԿ. (Թամարին). Իսկ ինձ ասում էիր, որ երբեք չես ասելու… ես գիտեի… Ագաթը Թամարի հայրն է…
ԱԳԱԹ. Ի՞նչ… ի՞նչ ասացիր:
ԹԱՄԱՐ. (Կոպիտ). Ինչ որ լսեցիր:
ԱԳԱԹ. (Ծիծաղելով). Էէ՜… (պրեզիդենտին) երկաթ է ձեռքդ, ի՛նչ է:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ես կամաց խփեցի, հենց այնպես, որ դաս լինի քեզ: Ինձ հետ կատակ չի կարելի անել, իմացիր:
ԱԳԱԹ. Իմացա… բայց դու էլ դեռ կիմանաս:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էլ ի՞նչ մնաց իմանալու… աղջիկդ ամեն բան արդեն ասաց:
ԱԳԱԹ. Ի՞նչ աղջիկ… կատակ են անում, դու էլ հավատում ես:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Կատակ չկա… լավ նայիր, ոնց որ Շուշիկի քթից թռած լինի: Ես էլ ասում եմ որտե՞ղ եմ տեսել այս աղջկան…
ԱԳԱԹ. Թամար, ես բան չեմ հասկանում…
ԹԱՄԱՐ. Ճիշտ ասացիր, ես կատակ արեցի:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Բան չի դուրս գա… ամեն ինչ պարզ է արդեն…
Թամարը հեկեկալով ընկնում է Ագաթի գիրկը և իր փոքրիկ բռունցքներով խփում է կրծքին:
ԹԱՄԱՐ. Հայրի՜կ, հայրի՜կ, հայրի՜կ…
ՆՈՒՇԻԿ. Անհավատալի է…
Գալիս են Ջուլիետն ու պրոֆեսորը: Ուրախ տրամադրության ունեն: Ջուլիետի ձեռքին ալպիական կակաչներ կան:
ՋՈՒԼԻԵՏ. (Ուրախ). Ճանապարհորդները վերադարձան… օյ, տեսնեիք թե ինչեր կան այնտեղ, ներքևում… այնտեղ ուր վերջանում է անտառը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Մատը շրթունքներին դնելով ցույց է տալիս հորն ու աղջկան). Սսս՜…
ՋՈՒԼԻԵՏ. Օհո, սա ի՞նչ է, ցուցադրական սե՞ր… ես զգում էի, որ սրանց մոտ այսպես է վերջանալու: Չափից ավելի էին իրար կծոտում:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ոչինչ էլ դու չէիր զգում… Թամարն Ագաթի աղջիկն է… հարազատ…
Երկարատև լռություն: Բոլորը նստում են: Դերենիկն ու Նուշիկը մատուռի պատի տակ, Ջուլիետն ու պրոֆեսորը ձորի պռնկի քարերին, իսկ Թամարն ա Ագաթը դեռ կենտրոնում են:
ԱԳԱԹ. Ինչու՞ չէիր ասում:
ԹԱՄԱՐ. Ջղայնացած էի քեզ վրա… Մայրիկն ամեն ինչ պատմել է:
ԱԳԱԹ. Ինքն էլ է մեղավոր:
ԹԱՄԱՐ. Չխոսենք այդ մասին, հա՞:
ԱԳԱԹ. Ինչպե՞ս ճանաչեցիր:
ԹԱՄԱՐ. Ես չճանաչեցի, ես գիտեի, մայրիկն էր ցույց տվել:
ԱԳԱԹ. Մայրի՞կդ, ե՞րբ, որտե՞ղ…
ԹԱՄԱՐ. Կինոյում, «Ոսկե հորթ» էինք նայում:
ԱԳԱԹ. Տես, է՛… Երկու ամիս առաջ էր… Ինչպե՞ս է, որ ես ձեզ չեմ տեսել: Սովորում ես Երևանու՞մ:
ԹԱՄԱՐ. Ահա՛…
ԱԳԱԹ. Հանրակացարանու՞մ ես:
ԹԱՄԱՐ. Ինչու՞ հանրակացարանում, մենք տուն ունենք, մայրիկն է ստացել:
ԱԳԱԹ. Ուրեմն Իջևանից տեղափոխվե՞լ եք:
ԹԱՄԱՐ. Վաղուց, արդեն տասնհինգ տարի է:
Լռություն:
ՋՈՒԼԻԵՏ. Անտառապահին հանդիպեցինք, ասաց խարույկ չվառեք:
ՊՐԵԶԴԵՆՏ. Այսօր մեր խարույկը հազիվ թե վառվի:
ԴԵՐԵՆԻԿ. Ավելի լավ է իջնենք քաղաք:
ՆՈՒՇԻԿ. Ամեն տեղ նույնն է, ոչինչ չի փոխվում:
ԱԳԱԹ. Իսկ ես թափառում էի, որտեղ ասես, որ չեմ եղել, հոգնել եմ:
ՊՐՈՖԵՍՈՐ. (Ջուլիետին). Վիշապը տեսա՞ր… սարալանջի վիշապը… մոռացա ասել, որ ուզում են քաղաք տանել… Այնտեղ էլի կա…
ՋՈՒԼԻԵՏ. Դե որ վիշապներն իջնում են՝ մենք էլ ինջնենք:
ՊՐՈՖԵՍՈՐ. Կիջնենք էլ, կբարձրանանք էլ… ես բնություն սիրում եմ:
ՋՈՒԼԻԵՏ. Ես էլ եմ շատ սիրում, եթե իհարկե մենակ չեմ: Ես մենակ վախենում եմ: Պրոֆեսոր, իսկ լվացքի մասին ես հենց այնպես ասացի, օրգինալության համար:
ՊՐՈՖԵՍՈՐ. Միասին կգանք… եթե, իհարկե, ուզում եք:
ՋՈՒԼԻԵՏ. Ուզում եմ, շա՜տ եմ ուզում:
ԱԳԱԹ. Եթե ես տուն գամ… ձեզ մոտ…
ԹԱՄԱՐ. Տու՞ն (կտրուկ վեր է կենում)… չգա՛ս, չգասս… կարծում ես մայրիկի համար հե՞շտ է եղել, կարծում ես հե՞շտ եմ մեծացել:
ԱԳԱԹ. Այո, իհարկե, հասկանում եմ:
ՋՈՒԼԻԵՏ. Վիշապը քաղաքում ի՞նչ գործ ունի:
ՊՐՈՖԵՍՈՐ. Գիտությանը դեռ հայտնի չէ, թե ինչի համար են այդ քարե հսկաները… կան ենթադրություններ, բայց դրանք միայն ենթադրություններ են:
ԱԳԱԹ. Թամար, արի մոտիկ, էլի՞ ես փախչում:
ԹԱՄԱՐ. Ես չեմ փախչում… ես չգիտեմ, թե ինչ անեմ:
ԱԳԱԹ. Ե՛ս էլ, ե՛ս էլ չգիտեմ:
ՊՐՈՖԵՍՈՐ. Այո, վիշապներն իջնում են քաղաք… չգիտեմ դա լա՞վ է, թե վատ:
Գալիս է Հոլոն:
ՀՈԼՈ. Ո՞ւր է էն աղջիկ (նկատելով Նուշիկին). Աղջի, քեզ համար կաթի սեր եմ բերել:
ՆՈՒՇԻԿ. Պետք չէ, արդեն չորացել է:
ՀՈԼՈ. (Մոտենալով). Չորացե՞լ է… ավելի լավ, հիմա իսկական սեր քսելու ժամանակն է… կաթի սեր կփափկացնե, չի թողնի որ երեսդ ձգե (մոտենում չոքում է Նուշիկի առաջ, սերը քսում է երեսին): Աղջիկ պիտի սիրուն լինի, որ գեշացավ առնողն ո՞վ է…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Խոր մտածմունքի միջից). Նայած ինչ աղջիկ:
ՀՈԼՈ. Բոլոր աղջիկներ մեկ են… աղջիկ նազուք է, աղջիկ մեղք է… Դուք աղջկա ղադր գիտե՞ք… չէ՛, չգիտե՜ք, իմ օղորմածիկ Կարոն…
ԴԵՐԵՆԻԿ. Էլի Կարոն…
ՀՈԼՈ. Հա, բա էլ ո՞վ… Կարոս չգիտեր ինչ աներ, որ ինձ համար լավ լիներ… Սարի չոբան էր, համա եղնիկի սիրտ ուներ… ինձի էնպես ձեռ կուտար, ինչպես վարդին… բա՜… տղին ի՞նչ, տղի պսակվել իր ձեռքն է, աղջիկ կսպասե, աղջկա բախտ էդպես է, պիտի նստե ու սպասե:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Այդ ո՞ր ժամանակվա աղջիկներն էին այդպես… հիմա ուրիշ է, հիմա իրենք են որոշում: Հիմա տղա աղջիկ բոլորն էլ մեկ են:
ՀՈԼՈ. Մեկ չեն…
ՊՐԵԶԻԴԵՆՏ, Լավ, մեկ են, մեկ չեն, բոլորն էլ մեղք են… հա՛, հա՛… (մի կողմ է քաշում Հոլոյին). Հոլո, չգիտե՞ս Լալան գնա՞ց գյուղ, թե էստեղ է դեռ:
ՀՈԼՈ. Էլի կպավ Լալային… էստեղ աղջիկ քի՞չ կա… տղա չեղնի՞ սիրտդ կպավ… վա՜յ, վա՜յ, էդ լավ բան չի, սիրտ որ կպավ, էլ չի պոկվի…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Ավելի լավ…
ՀՈԼՈ. Բա առավոտ ի՞նչ կասեիր…
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Շատ բան էի ասում… մենք ի՞նչ գիտենք, թե ինչ ենք ուզում… խոսում ենք, էլի՛, պարապությունից: Մենք ոնց որ ջրի երեսին ընկած տաշեղը, որտեղ որ ալիքը խփեց, այնտեղ էլ տնկտնկում ենք… բայց ձեռնտու է, որ հավատանք, թե մենք այդպես էինք ուզում… ասենք, գիտենք էլ, որ այդպես չէ, բայց էլի հավատում ենք:
ՀՈԼՈ. Տղա, խոր-խոր բաներ կասես, կզգամ, բայց խելքիս չի հասնի, ես կնիկ արմատ եմ, կիսագրագետ կթվոր:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Կնիկ արմատ… լավ խոսք է… ասում են կինը երջանկություն է:
ՀՈԼՈ. Հա, էդ մեկ ճիշտ կասեն… մենակ կին չէ, մարդն էլ կնկա համար բախտավորություն է: Կնիկ մարդու համար է, մարդը՝ կնկա… բայց էս խոսքեր քեզի համար չեն, քեզի համար էսօր մեկն է, էգուց մեկ ուրիշը:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. Էսօր Լալային տեսա, Հոլո, աչքիս էլ բան չի երևում:
ՊՐՈՖԵՍՈՐ. Հետաքրքիր խոսք է՝ կնիկ-արմատ… ինչու՞ են ասում կնիկարմատ… որովհետև ընտանիքի արմատը կինն է, հիմքը:
ԴԵՐԵՆԻԿ. Մատրիարխատից է գալիս այդ արմատը:
ՀՈԼՈ. Տղա, էդ ի՞նչ բարդ-բարդ խոսքեր կխոսես:
ՊՐՈՖԵՍՈՐ. Երիտասարդը ճիշտ է ասում…
ԹԱՄԱՐ. Ես քաղցած եմ:
ՊՐՈՖԵՍՈՐ. Ինձ մոտ ուտելիք կա, հաց, պանիր, կանաչի… հա, Ջուլիետ, խմորեղենս էլ մնաց… ինչ խմորեղե՜ն, աստվածային…
ԴԵՐԵՆԻԿ. Սրանք խորովածի են սովոր:
ԱԳԱԹ. Այսօր խորոված չի լինի, գառը մնաց ձորում: Հաց ու պանիր, բանջարեղեն մենք էլ ունենք, Վարազ, պաշարները բաց արա:
ՊՐԵԶԻԴԵՆՏ. (Գոռում է). Դե գրողի ծոցը դուք էլ, պաշարներն էլ:
Հենց այդ ժամանակ էլ, վերևում, մատուռից վերև սարի լանջին երևում է Լալան, մի կնոջ հետ: Նրանք առանց մոտենալու խմբին գնում են դեպի ձախ… Պրեզիդենտը նկատում է նրանց, ոտքի է կանգնում ու կարծես հմայված գնում է դեպի ձախ…
ՀՈԼՈ. Լալան է, մոր հետ գյուղ կիջնե…
Լալան ու մայրը լուռ շարունակում են իրենց ճանապարհը մինչև որ դուրս են գալիս բեմից: Պրեզիդենտը դանդաղ գնում է նույն ուղղությամբ և նույնպես դուրս է գալիս: Երկարատև լռություն:
ՋՈՒԼԻԵՏ. Խելագարվե՞ց, ինչ է:
ԴԵՐԵՆԻԿ. Խելագարվածն էլ ինչպե՞ս է լինում:
ՀՈԼՈ. Սս՜… Հոգիներիդ մեղք մի էրեք… Բութա է, է՛ն աստված, կսիրե:
ՋՈՒԼԻԵՏ. Գուցե առաջին անգամ իր կյանքում:
Հեռվից լսվում է պրեզիդենտի ձայնը.
ՎԱՐԱԶԻ ՁԱՅՆԸ. Լալա՜, Լալա՜… Լալա՜…
ՊՐՈՖԵՍՈՐ. Մի վիշապ կմնա լեռներում:
ՎԱՐԱԳՈՒՅՐ