ՎԵՐՆԱԳԻՐՆ ԸՍՏ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ / Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ
Մանվել ՊՈՂՈՍՅԱՆ
Գործող անձինք
ԱՐՄԵՆԱԿ
ԱՐԱՔՍԻ
ԱՐԱՄԱՅԻՍ
ԱՆԱՀԻՏ
ԱՎԵՏԻՔ
ԱՐԱՅԻԿ
ԱՇԻԿ
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
Տեսարան առաջին
Սենյակ:
ԱՐՄԵՆԱԿ — (գալով): Սկսվա՜վ…
ԱՐԱՔՍԻ — (նույնպես գալով): Անիծվեր ժաժքը, օր իմ քրոջս տունը քանդեց, Անահիտին
անդեր թողեց ու քու լիզուդ վրես երգրցրեց:
ԱՐՄԵՆԱԿ — Ժաժքը քիչ էր՝ հմի էլ դո՞ւ:
ԱՐԱՔՍԻ — Անգջիդ օղ էրա, Արմենակ, խռոված կնիգը ժաժքից էլ գեշ է։
ԱՐՄԵՆԱԿ — Քառսուն տարի էղավ՝ ես ըդիկ գիդեմ։
ԱՐԱՔՍԻ — Ախր մե քանիմ դրամն ի՞նչ է, օր չտվիր:
ԱՐՄԵՆԱԿ — Հլը հեչ մեկն էլ չիդե٫ թե ինչքան է կնգա ուզած ՛՛մե քանիմ դրամը՛՛։
ԱՐԱՔՍԻ — Հորումոր գերեզմանին ծաղիկ բդի տաներ, ժամը մոմ բդի վառեր։ Քու խնայողությունդ էդ խեղճ որբի վշտի վրե՞ն բռնեց: Խիղճ չկա՞ մեջդ։ Առանց էն էլ սիրտը կոդրած է: Քանի՞ անգամ ըսեմ՝ մեծ աղջիկ է դառե, էլ առաջվա էրեխեն չէ, սրտին շուտ կառնի:
ԱՐՄԵՆԱԿ — Կաշվիցս դուս գուկամ, օր ծերը ծերին հասցնեմ ՝ձեր հեչ պետքն էլ չէ. փո՛ղ հա փո՛ղ:
ԱՐԱՔՍԻ — Քառսուն տարի է ինչ գիդեմ, օր քու փողերդ սրտիցդ զորավոր են։
ԱՐՄԵՆԱԿ — Գլխուս քարոզ կարդալու տեղը՝ մեկիմ գդի, քրոջդ աղջկան նշանե հեդը։
ԱՐԱՔՍԻ — (թևաթափ): Անդեր մնային ժաժքն ու կռիվը , օր փեսացուների դեֆիցիդ գցին էս քաղաքը:
ԱՐՄԵՆԱԿ — Էդ դեֆիցիդը մենակ քու քրոջդ աղջկա հմար է ընգե, որդև իրա էշը նստած իրա իդեալի եդևից կերթա: (Վերամբարձ տոնով): Բոյո՜վ էղնի٫ սիրո՜ւն էղնի…
ԱՐԱՔՍԻ — Անահիտը կարճերին ու չաղերին չի՜ սիրե:
ԱՐՄԵՆԱԿ — …քա՜ջ էղնի…
ԱՐԱՔՍԻ — Մեր հարևան Արամայիսի պատմած ֆիդայու պես, օր նռնակը վզից կախած է կռվե ու թուրքը լեղապատառ փախել է ընուր տեսնելուց٫ ինչխօր՝ մահից։
ԱՐՄԵՆԱԿ — Տեսնիս մեկմ բդի էղնի՞, օր հավնի էդ խելքի փեշը վեր քաշածին:
ԱՐԱՔՍԻ — (նեղսրտած): Դե, դե, ոգևորությունդ զսպե, պարոն վաճառական: Անահիտն իմ քրոջս աղջիկն է, համարյա իմ աղջիկս, ու ես հեչ մեկիմ չեմ թողնի իրան նեղեցնե: Անգամ՝ քեզի:
ԱՐՄԵՆԱԿ — Կարդացած սիրային գրքերն ու Արամայիսի պատմությունները լվացել են էդ աղջկա խելքն ու գլուխը քամիներո՛վ է լցվե։
ԱՐԱՔՍԻ — Էս երգրին, պարոն վաճառական, սիրահարներ են պետք, ինչխօր երգնքին՝ աստղերը։
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞։
ԱՐԱՔՍԻ — Որդև սիրահարներն էլ երգրի աստղերն են. խամրիգը կյանքը, թե իրանք չեղնին։
ԱՐՄԵՆԱԿ — Եգուց օր հետը բանմ էղավ՝ չըսես, օր վախտին չեմ ըսե։ Աչքդ վրեն պայե, որդև քու քրոջդ աղջիկն էլ, քեզի պես, էրազի մեջը կապրի։
ԱՐԱՔՍԻ — Հա, մեր հոգում առևտուր չկա՜։
ԱՐՄԵՆԱԿ — Ձեր ինչ խելքի բանն է առևտուրը։ Առևտուրը խելոք մարդկանց հմար է, ոչ թե ձեզի պես սիպտակ ագռավների։
ԱՐԱՔՍԻ — Ըդուր հմար էլ երգիրդ մե հադմ մե՜ծ խանութ է դառե՝ ինչ կա-չկա ծախենգը քու խանութչի-իշխանավորները։
ԱՐՄԵՆԱԿ — Երեկ, եսօր, եգուց՝ միշտ էլ առևտրի վախտն է, Արաքսի: Ու առևտուրը պատերազմի պես հզոր բան է, որդև փողն անաղմուկ զենք է: Կմտածեմ`էս ազգի էրազը կատարողները, վայթե, առևտրականներն էղնին։
ԱՐԱՔՍԻ — (զարմացած): Ի՞նչըխ:
ԱՐՄԵՆԱԿ — Կդոր-կդոր հողերն առնին թուրքից, ետ բերեն կորցրած հայրենիքը։
ԱՐԱՔՍԻ — Հմի Անահիտի՞, թե՞ քու գլուխդ է քամիներով լցվե:
ԱՐՄԵՆԱԿ — Հերիք է ամբախ-զամբախ խոսաս։
ԱՐԱՔՍԻ — Թուրքին հաղթելու էրկու զենք ունի հայը. իրա կնիգն ու հրացանը։ Թե գուզեք
թուրքին հաղթեք, հողերը ետ բերեք՝ բդի ձեր կնգան սիրեք։
ԱՐՄԵՆԱԿ — Քու ուշքդ ու միտքդ էլ, քրոջդ աղջկա պես, սիրել-սիրվելն է։
ԱՐԱՔՍԻ — Է, առանց ըդուր էրեխա կեղնի՞, ազգդ, զինվորդ կշատնա՞ն։
ԱՐՄԵՆԱԿ — Դու ի՞նչ կհասկնաս առևտրից, փող հաշվելու հաճույքից, եբ օր էդ թղթերը
ճռճռանգը մատներիդ արանքը։ Հնար էղներ՝ մե հադմ փողատուն բացեի, ուրդեղ մարդիկ գային, սրտերի ուզածի չափ փող հաշվեին։ Հաստատ կյանքը լավնագը, մարդիկ բարի դառնանգը, չոռ ու ցավը քչնագը։ Փող հաշվելու հաճույքից վեր բան չկա։ Հբը փողի հոտը։ Ինչխօր վարդն ու բլբուլը՝ ըդպես էլ մարդն ու փողը:
ԱՐԱՔՍԻ — Հա, դու քու փողերովդ էիր տարվե, ընձի հմար ժամանակ չունեիր, ըդուր հմար էլ էրեխա չունեցանք:
ԱՐՄԵՆԱԿ — (դժգոհ, որ իրեն կտրեցին երազանքից): Էրեխա չունեցանք քու չբերությանդ պատճառով:
ԱՐԱՔՍԻ — Չծաղկա, որդև քեզի հմար սիրուց կարևոր էր փող հաշվելու հաճույքը: Թե Անահիտը չհայտնվեր մեր կյանքում՝ դու չէիր էլ տեսնի, օր էրեխա չունինք։
ԱՐՄԵՆԱԿ — Ես զահլա չունիմ քու զավզակություններիդ անգաջ կախեմ:
ԱՐԱՔՍԻ — Ըսպես վախտերը միշտ փոշմնիմգը, օր քեզի առա, ոչ թե լուսամուտիս տակը կայնողին։ Իրան օր առնեի՝ բախտս ուրիշ կեղներ։ Իմ ու իրա մեջը հաշիվ ու առևտուր չէր էղնի: Ինքն ընձնից հաճույք կառներ՝ ոչ թե իրա փողերից:
ԱՐՄԵՆԱԿ — Ախր տեսնիս ուրդեղ է էդ խեղճը՝ էրթամ բերեմ, կդորմ էլ ինքը տանջվի քու ձեռդ։ Չէ, դու չես փոխվի, Արաքսի: Ու քրոջդ աղջիկն էլ քու կդորդ է:
ԱՐԱՔՍԻ — Ախ, հլը ուրիշի աչքով կռնանաս Անահիտին նայես՝ էռնեկ կուդաս տիրոջը։ Քուկդ է՝ աչքիդ չի՜ էրևա: (Լույսը մարում է:) Ըհը, էլի պետությունդ իրան զգացնել տվավ: (Ձայնում է:) Անահի՜տ, մե հադմ մոմ բեր: Ծովից ծով Հայաստան խոստացան էս երիտհայերը, եբ օր իշխանության գուկային, բայց ծովից ծով թշվառություն բերին: Ճերմակ աղավնիները թուրքի հետ կռվին մատաղ էղան հայրենիքին, իսկ էս սև ղառղառները թափվել են իշխանության վրեն։ Էս խեղկատակներին բդի հեռու քշել իշխանությունից:
ԱՐՄԵՆԱԿ — Թե օր քեզի լսեն՝ օրը մեկ բդի հեղափոխություն էնեն: Առանց էն էլ էս ազգը միաբան չէ, որդև տիրասե՜ր չէ: Հայը կամ թագավոր է, կամ՝ հեչ բան, հայը կամ հանճար է, կամ՝ հեչ բան։ Ըդուր հմար էլ մե ծայրահեղությունից մեկելը գընկնի: Ու քեզիպեսներն են խանգարողը, օր էս երգրում պետություն ստեղծվի, օր էս ժողովրդից քաղաքացի սարքվի: Իրեք միլիոն քիթ կա էս երգրում ու էդ իրեք միլիոն քիթն ամեն օր էս իշխանության գործերի մեջն է խոթած։
ԱՐԱՔՍԻ — Հա, բա չէ՝ իշտահիդ քացախ։ Էս երիտհայերը, եբ օր նստան աթոռներին՝ ընպես կպան աթոռներից, օր հմի մտածեմգը՝ աթոռնե՞րը, թե՞ ըսոնք են չորքոտանի։
ԱՐՄԵՆԱԿ — Այ թե ըսիր՝ չորքոտանի՜:
ԱՐԱՔՍԻ — Ըսոնց օրոք լավ բան չի էղնի: Դարդ ու ցավի հետ մնացած մարդիկ տուն- տուն պոգվինգը պետությունից՝ թուլցնելով էս երգիրը, իսկ իրանց պետքն էլ չէ: Մարդիկ մկներ են ըսոնց հմար, որոնց վրեն փորձեր կենեն: Ժամանակն է, օր հայի ձեռը բռունցք դառնա ըսոնց դեմը՝ ոչ թե մուրացկանի ափ մնա: Ինչխօր բռունցքվիգը թուրքի դեմը: Հայը մատներն իրար միացնելուց բդի ձեռը բռունցք սարքե, ոչ թե՝ մուրացկանի ափ:
ԱՐՄԵՆԱԿ — Այ թե բողոքի գիրք ես, Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Էս համատարած խավարի մեջը կռնա՞ս մե լուսավոր կեդմ ցույց տաս:
ԱՐՄԵՆԱԿ — Քու Անահիտդ: (Եկող Անահիտը մի ձեռքին վառած մոմ ունի բռնած٫իսկ մյուսին՝ գիրք: Մոմը դնում է սեղանին ու լուռ ետ է գնում:) Մթի մեջն անգամ գիրքը ձեռից վար չի դնե:
ԱՐԱՔՍԻ — Գրքերը գրվինգը, օր մութը ցրեն, պարոն վաճառական:
ԱՐՄԵՆԱԿ — Հա, եբ օր վառենգը: Քանի անգամ եմ տեսե՝ մարդիկ զիբլի միջից, որպես վառելիք, գիրք կհավաքեն:
ԱՐԱՔՍԻ — Էս երգրում ուսումը որբի պես անդեր է մնացե՝ ըդուր հմար էլ սերունդն անգրագետ մեծնագը։ Մերս օր Դեր-Զորի ավազների վրա էր տառերը սորվե՝ ըսոնցից գրագետ էր։ Ըսոնք մեր լիզուն փչացնենգը, իսկ լիզվի մեջն ազգի ոգի՜ն է։ Հմի մեր լիզվից, մեր էրգրի պես, տասներորդ մասն է մնացե։ Իսկ եբ օր մեր լիզուն կփչանա՝ վտանգվիգը մեր հայրենիքը, մեր ծնողների գերեզմանը, մեր աստվածը։ Ու մեր դուռը հայտնվիգը կամ թուրքի յաթաղանը, կամ՝ ռսի սապոգը:
ԱՐՄԵՆԱԿ — Էդ էլ թազա զե՞նք է՝ սապոգը։
ԱՐԱՔՍԻ — Զենք չէ՝ հբը ի՞նչ է։ Քու երգիրդ էդ սապոգի տակից, հլը լսե, անկախությո՜ւն կճվա։
ԱՐՄԵՆԱԿ — Ջանըմ, քու ի՞նչ խելքիդ բանն է ըդիկ։ Խելքդ էլ ոտներիդ պես վերմակիդ չափով երգրցրա։
ԱՐԱՔՍԻ — Բոյիս չափով հայրենիք էլ չթողին մեզի։ Եգուց օր մեռա, ոտներս գերեզմանիցս դուս կմնան։
ԱՐՄԵՆԱԿ — Մեղայասսո՜ւ, պզդիկ մարդ ես, պզդիկ երգիր ես՝ պզդիկ խոսա։
ԱՐԱՔՍԻ — Պզդիկ երգրի պատմությունը Աստվածաշնչից էն կողմ կձգվի՞։
ԱՐՄԵՆԱԿ — Ավելի լավ է, Արաքսի, դու սիրուց ու իդեալից խոսա։
ԱՐԱՔՍԻ — Հըմի ո՞ւրդեղ տեսնիսգը սէր ու իդեալ, Արմենակ։ Փողը ճիճվի պես կերել է սէրն ու էս երգրի իդեալը։
ԱՐՄԵՆԱԿ — Հբը քու Անահի՞տդ։
ԱՐԱՔՍԻ — Իզուր կխնդաս, Արմենակ։ Աղջիկս ձեզի պես չէ՝ ըդուր հմար էլ մատով ցույց կուդաք։ Բայց մե օրմ Անահիտը սէրը կբերե ձեզի, ինչխօր քիչմ առաջ վառած մոմը բերեց ու կփրգե մոլրածներիդ։
ԱՐՄԵՆԱԿ — Այ թե մոգոնիր՝ փրկի՜չ: Արաքսի, ընչի՞ չեք ուզե հասկնա, օր մարդիկ խնդանգը ձեր վրեն։ Հասկցեք, ախր, կյանքն ու գրքերը տարբե՜ր բաներ են: Դուք չեք կռնա ըստեղ էղնելով ուրիշ ժամանակում ապրիք: Ըդպես մենակ խելռնոցը կեղնի:
ԱՐԱՔՍԻ — Հմի սէրն էլ մե որբմ է, ինչխօր Անահիտը: Ջուխտ որբեր իրար են գդե։
ԱՐՄԵՆԱԿ — Ասպետների վախտերն անցել են, ուշքի՛ արեք։ Հերիք է իդեալի պոչը բռնած ապրիք: Իդեալը ռումբի պես վտանգավոր է. պայթիգը, թե հետն անզգույշ վարվար:
ԱՐԱՔՍԻ — Ոչ թե մենք՝ դո՜ւք բդի ուշքի գաք։ Մեզի պես սիպտակ ագռավներ են պետք, օր ձեր կյանքը լուսավորվի: (Դիմում է լուսամուտից դուրս, որը դահլիճն է:) Ձեր հոգու լուսը ո՞վ մարեց, օր ճիշտ ճամփեն կորցրիք։ Ասսու տան տեղ՝ ձեր քայլերը ձեզի բոզանոցներ կտանին: Ուրդե՞ղ է հմի էն տղամարդը, օր կնգան սիրելով կտիրեր. հմի փողով կշինեք ձեր գործերը: Սէրը ձեր զգացմունքի կույր աղիքն է դառե։ Ուրդե՞ղ է ձեր կարեկցանքը, օղորմածությունը՝ թափվել են աշնան դեղնած տերևների պես։ Դուք դառել եք այլանդակ ստվերով չորցած ծառեր: Ձեր արմատները հողի տակը գուլան՝ ձեր հերումերը, ձեր մամուպապը։ Ձեր անդեր թողած էրգիրը գուլա։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցե. ետ արի լուսամուտից: Հմի մարդիկ կլսեն, էլի վրեքդ կխնդան։ (Աղմուկ ետնաբեմում:) Ախր ըսի, չէ՞, օր ետ գաս լուսամուտից։
ԱՐԱՔՍԻ — (հետևելով փողոցում կատարվող դեպքերին): Զինվորները զինակոչիկ կբռնեն։ Էս պետությունը զգացվիգը, եբ օր պատժիչ մարմինների հետ շփվիսգը. մնացածը լռությո՜ւն է:
ԱՐՄԵՆԱԿ — Սո՜ւս մնա, դու հո փորձանք չե՞ս։ Ձենդ կդրե։
ԱՐԱՔՍԻ — (ետ գալով): Էս իշխանությունն էս երգիրը ոչ թե մենակ աղքատության մեջ՝ նաև վախի մեջ է խեղդե։ Ձեր միջի ստրուկն է ձեր տերը հմի։ Ռիսկով չեք, վախկոտ եք՝ ըդուր հմար էլ ձեր միջի տականքը ձեզի տեր է դառե, ձեր կատու հարևանն էլ առյուծ է կդրե։
ԱՐՄԵՆԱԿ — Իյա՜, չեղնի՞ էն թազա խելառն է քու հոգուցդ ստրուկին հանե, օր հրապարակը նստացույց կենե՝ գլխու վերևն էլ մե լոզունգմ գրած՝ յանի մարդկանց հոգիներից ստրկությունը կհանե։
ԱՐԱՔՍԻ — Ընիկ խելառ չէ, ընիկ իրա միջի ստրուկին է հաղթե, օր ձեր մեջը թագավոր է։
ԱՐՄԵՆԱԿ — Ինչխօր Քաջ Նազարն էղնի։ Մենակ էշը կպակսի, օր զռա տիրոջ էշության վրեն։
ԱՐԱՔՍԻ — Արմենակ, կռնա՞ էն տղեն, օր զինվորներն եդևից էին ընգե՝ իմ աղջկաս եդևից եկողն է էղե։
ԱՐՄԵՆԱԿ — (ոգևորված): Ի՜-ի՞նչ ըսիր։ Անահիտի եդևից եկո՞ղ է էղե։
ԱՐԱՔՍԻ — Հբը՜, մոռցել էի քեզի ըսել։ Աղջիկս սաղ ճամփին ետ չի նայե՝ վախենալով‚ թե էրազ է, ցնդի վայթե: Սիրտը կրծքից պոկվե ու կոկորդի մեջը կզարգեր, եբ օր իրան մեր բակը գցեց։ Ըդուր երեսից ՛՛Հայր մեր՛՛-ը կիսատ թողե ու դուս է փախե ժամից:
ԱՐՄԵՆԱԿ — (հետաքրքրված): Է, հետո՞։
ԱՐԱՔՍԻ — Փողոց ելա, եբ օր պատմեց, օր տեսնիմ էդ տղուն։
ԱՐՄԵՆԱԿ — (անհամբեր): Դե՞։
ԱՐԱՔՍԻ — Աստղիկին հանդիպա։ Էդ ի՞նչ էր էղե Անահիտին, ըսավ, ինքն իրանից խրտնած փախներգը։
ԱՐՄԵՆԱԿ — (հուսախաբված): Ինչքա՞ն կրկնեմ՝ ցած իջեք երգնքից։
ԱՐԱՔՍԻ — Հբը էս տղեն, օր քիչմ առաջ զինվորները գուզեին բռնեն։
ԱՐՄԵՆԱԿ — Էդ խեղճը, վայթե, չի գիդեցե, օր էս փողոցը փակուղի է ու փախնելուց ըստեղ է մդե։ (Գնում է՝ ձեռքը թափ տալով։)
ԱՐԱՔՍԻ — (ձեռքով, մտքի հետ, ինչ-որ շարժումներ անելով): Հա, էլի՛, փակուղի է։ Փաստորեն փակուղու մեջ կապրինք։ Ինչխօր էս երգիրը, որդև իշխանության էկած էս երիտհայերն էս երգիրը կտանին հեչմետեղմ։
Տեսարան երկրորդ
Պարտեզը փողոցի կողմից:
ԱՐԱՅԻԿ — (գալով): Հմի ուրդեղ օր է պարտեզ գուկա ու ես էլի չբդի կռնանամ Անահիտին ըսեմ, օր սիրեմգը իրան։ (Նայելով երկնքին:) Ընչի՞ ես ընձի ըսպես գեշ ստեղծե, ըսի՞կ է քու պատկերդ: (Աղմուկ ետնաբեմում։) Ըսիկ ո՞վ է, օր հոս գուկա։
Գալիս է Ավետիքը։ Նա այնքան է կլանված, որ չի նկատում Արայիկին։ Կպնում է ցանկապատին ու աչքը տանից չկտրելով՝ սպասում է։
ԱՎԵՏԻՔ — (խոսում է ինքն իրեն): Հասա։
ԱՐԱՅԻԿ – Է. շուդուց ես հասե։
ԱՎԵՏԻՔ — (չլսելով): Երեկ էս տունը մտավ, եբ օր եդևից գուկայի։
ԱՐԱՅԻԿ — Ո՜-ո՞վ։
ԱՎԵՏԻՔ — (շարունակելով չլսել): Ի՜նչըխ սիրուն էր։ Ինչխօր երգնքից իջած հրեշտակ էղներ։ Չիդեի օր իրականությունը կռնա երազից սիրուն էղնի։ Իրա պատկերն ընձի ստիպեց ջնջեմ հոգուս մեջն էղած իդեալիս, ինչխօր ծույլիկ աշակերտը գրատախտակից շուդմ ջնջեգը սխալ գրածը… Էկավ։
Տանից դուրս է գալիս Անահիտը՝ գիրքը ձեռքին։
ԱՐԱՅԻԿ — Անահի՜-ի՞տը։ (Քաշում է Ավետիքի թևից։) Լսե, ծօ…
ԱՎԵՏԻՔ — (կլանված հետևելով պարտեզ մտնող Անահիտին:) Սո՜ւս՝ չչքվի հանկարծ։
ԱՐԱՅԻԿ — Ըսիկ ուրդի՞ց հայտնվավ՝ էն էլ արդեն սիրահարված։ Ես չեմ թողնի Անահիտին հեչ մեկմ մոտիկնա, ինչխօր մինչև հմի չեմ թողե։ Անահիտն իմս բդի էղնի։ (Գնալով։) Դու քեզի պես մեկիմ էլ Արցախում կտեսնիս։ Գնում է։
Տեսարան երրորդ
Տանից դուրս է գալիս Արաքսին և սկսում է բակն ավլել։ Գալիս է Արամայիսը։
ԱՐԱՔՍԻ — Էդ ի՞նչ աղմուկ է, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Զինվորները զինակոչիկ բռնենգը։
ԱՐԱՔՍԻ — (սրտնեղած): Տո, կարգին իշխանություն է, թող մկից ազադե մեզի՛, մկի՜ց։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի՞նչ է էղե, Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Էն անդեր մկներն էլի հայտնվել են, Արամայիս։ Իսկ ես ըդոնցից վախենամգը։ Հմի օր դեմս ելնին՝ լեղիս կճաքի։
ԱՐԱՄԱՅԻՍ — Արմենակը տունը չէ՞։
ԱՐԱՔՍԻ — Քաղաքապետարան գնաց:
ԱՐԱՄԱՅԻՍ — Խանութի հմա՞ր։
ԱՐԱՔՍԻ — Հա։ Էս էլ ինչքան էղավ կերթա-գուկա անօգուտ տեղը։ Հմի քաղաքապետարան ավելի շատ մարդ կերթա աղաչանքով, քան թե ժամ կերթան։ Էդ քաղաքապետարանին մե խաչմ կպակսի, օր մեր օրերի ժամ դառնա: (Լսվում է եկեղեցու զանգերի ձայնը:) Ամեն օր ժամի զանգերը զարգենգը՝ դարձի կանչելով։ Բայց ո՞վ է անգաջ դնողը: Էս քաղքից, ուր ամեն մե տունն անխաչ ժամ էր, ուր հավատը գերադասեինգը հացից, հմի քիչ-քիչ պակսիգը ասսու ներկայությունը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Լավ բանի չի տանի մարդու ու ասսու կապի կդրելը: Ամեն օր մարդը բդի վառե իրա բաժին մոմն ու աղոթե իրա ՛՛Հայր մեր՛՛-ը, ինչխօր Անահիտը։ Ամեն մարդ բդի իրա լիզուն մաքուր պայե, օր էս աշխարը չկեղդոտի, որդև արտասանած չար խոսքը կրակած փամփուշտի պես է՝ կռնա սպանե։
ԱՐԱՔՍԻ — Անահիտը երգնքի աստղերի չափ մոմեր է վառե Յոթ Վերքը, բայց թե հեչ մե բանմ չի փոխվի, Արամայիս:
ԱՐԱՄԱՅԻՍ — Չի կռնա չփոխվի։
ԱՆԱՀԻՏ — (դուրս փախչելով պարտեզից): Մորքո՜ւր …
ԱՐԱՔՍԻ — (ընկնելով Արամայիսի գիրկը): Մո՞ւկ է:
ԱՆԱՀԻՏ — Մուկ չէ‚ մորքուր, մեղու է: Պարտեզը կարդայիգը‚ մեկ էլ յասամանը թողեց, վրես նստավ: (Ձեռքերով‚ իբր թե‚ քշում է մեղվին:) Այ‚ այ՝ եդևիցս է ընգե։
ԱՐԱՔՍԻ — (պոկվելով Արամայիսի գրկից): Որդև յասամանից լա՜վն ես դո՛ւ:
ԱՐԱՄԱՅԻՍ — (ինքնաբերաբար): Որդև յասամանից լա՜վն ես դո՛ւ:
ԱՆԱՀԻՏ – Օգնեք, մե բանմ էրեք՝ մորքուր‚ քեռի Արամայիս:
Անահիտը տուն է մտնում՝ փախչելով մեղվից:
ԱՐԱՔՍԻ — Ինչըխ սիրուն է իմ Անահիտս‚ օր մեղուն յասամանը թողե՝ իրա եդևից է ընգե։ Մտածել է՝ քելող ծաղիկ է:
ԱՐԱՄԱՅԻՍ — Մե օրմ էլ մեկմ գուկա էդ մեղվի պես։
ԱՐԱՔՍԻ — Աստված բերնիդ խոսքը կատարե‚ Արամայիս:
ԱՐԱՄԱՅԻՍ — Սուրբն իրա աղոթողը կունենա:
ԱՐԱՔՍԻ — Շնորհակալ եմ, Արամայիս:
Ցանկապատի այն կողմից երևում է Արայիկը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Կամ էլ՝ արդեն էկել է։
ԱՐԱՔՍԻ — Արայի՞կը։ Էդ աճպատեսն էր պակաս գլխներիս։ Աղջիկս չի ուզե ըդուր սիրելով խայտառակ էղնի քաղքի աչքին։ Երեկ կբողոքեր, օր իրա ստվերն ու էդ Արայիկին արդեն խառնեգը իրար հետ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Արայիկն ապահովված ընտանիքից է։
ԱՐԱՔՍԻ — Տասնութ տարին չլրացած աղջկա ռոմանտիկ սիրտը թքած ունի հասուն կնիգ դառած իրա իսկ խելքի վրեն, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Էդ տղեն սիրեգը։ Հաց ու ջուրը մոռցած սաղ օրը կպած է ձեր ցանկապատին։
ԱՐԱՔՍԻ — Արայիկի մեջը ջայելությո՞ւնդ վայթե կտեսնիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — (քիչ խռոված): Ես էրթամ, Արաքսի: Թերթերը հլը չեմ բաժնե պրծե։
ԱՐԱՔՍԻ — Հո՞ սրտիդ չառար։
ԱՐԱՄԱՅԻՍ — Չէ։
Արամայիսը գնում է:
ԱՐԱՔՍԻ — Խեղճ մարդ։ (Պարտեզի բաց մնացած դռնից նկատում է ծաղկած յասամանը:) Տես, է՜‚ ինչըխ սիրուն է ծաղկե յասամանը: Էհ, ո՞վ է գարունին հասկցնողը, օր կռիվ է٫ օր էս երգրում կարգը խախտվել է, օր հերերը կթաղեն իրանց տղեքին: Բայց ըդիք գարունին ինչ՝ ձմեռից հետո իրա հերթն է` ինքը էգել է, ծաղկել է ու բուրեգը: Իսկ մարդը գուլա. մեկի հերը, մյուսի՝ մերը, մեկելի՝ կնիգը։ Խնդալը, օր էս քաղքի խորհրդանիշն է‚ ճմռթած թաշկինակի պես մե կողմ է շպրդե կռիվը։ (Երկինք նայելով։) Տեր, պատերազմը հեռու տար էս երգրից՝ հերիք է: (Հուսահատ անզորությամբ:) Մենակ մարդը չէ՝ երգիրն էլ բդի բախտ ունենա: Երգրի հմար խաղաղության կորուստը նման է մարդու հմար արուն կորցնելուն: (Դարձյալ երկինք նայելով:) Ինչքան արուն ու խաղաղություն կորցրինք՝ հերիք է‚ տեր:
ԱՆԱՀԻՏ — (ետ գալով): Հազիվ մեղուից պրծա: Քեռի Արամայիսն ուրդե՞ղ է:
ԱՐԱՔՍԻ — Գնաց թերթերը բաժնե:
ԱՆԱՀԻՏ — Հբը դու ո՞ւմ հետ խոսայիրգը։
ԱՐԱՔՍԻ — Գարունի ու ասսու:
ԱՆԱՀԻՏ — (տարակուսած): Ի՜-ի՞նչ: Դու խե՞նթ ես‚ մորքուր:
ԱՐԱՔՍԻ — Մենք սաղս էլ խենթեր ենք, աղջիկս: Եբ օր խենթնանքգը՝ սիրահարվինքգը‚ կամ ասսու ու գարունի հետ կսկսենք խոսալ: Մեղուն էլ‚ օր խենթնագը, յասամանն ու քեզի՝ իմ քելող ծաղիկ‚ խառնեգը իրար հետ: (Անահիտը ժպտում է:) Քու խենթնալու ժամն էլ գուկա. մեծցել ես արդեն‚ հարսնացու ես դառե: Ափսոս, օր քու մերդ չտեսավ: Բայց թե ինքը երգնքից հմի կաշե քեզի ու միշտ հետդ կեղնի: Քու մերդ քեզի շատ կսիրեր: Բայց մենք էլ մորիցդ պակաս չենք սիրե քեզի՝ ես ու Արմենակը։
ԱՆԱՀԻՏ — Արմենա՜-ա՞կը: Չէ‚ մորքուր‚ Արմենակը գուզե մեկիմ գտնի, ընձի նշանե հետը: Իրան չի՜ հետաքրքրե իմ երջանկությունս՝ ինքը ընձնից ազադվել գուզե:
ԱՐԱՔՍԻ — Էդ ինչե՞ր կըսես, աղջիկս: Արմենակն էլ սիրեգը քեզի: Մենակ թե էս դժվար օրերին ծերը ծերին հազիվ հասցնեգը՝ ջղայնացած է:
ԱՐՄԵՆԱԿ — (ետնաբեմից): Արաքսի՜…
ԱՐԱՔՍԻ — Արմենակն էկավ։
ԱՆԱՀԻՏ — Ես երթամ, մորքուր: Գիրքս պարտեզը մնաց։
Անահիտը պարտեզ է մտնում: Գալիս է Արմենակը:
ԱՐՄԵՆԱԿ — Արամայիսն ըսավ‚ օր Անահիտի եդևից մեղու է ընգե: Ըդիկ ճի՞շտ է‚ Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Հբը՜‚ գիտեցել է քելող ծաղիկ է՝ եդևից էր ընկե:
ԱՐՄԵՆԱԿ — Չեղնի՞ փեսացու է հայդնվե։ Վայթե ձեր ուզած իդեալն է էկե։
ԱՐԱՔՍԻ — Իյա՜:
ԱՐՄԵՆԱԿ — Ախր‚ ինքն էլ ձեզի պես երգինքը կապրի:
ԱՐԱՔՍԻ — Է‚ հետո՞:
ԱՐՄԵՆԱԿ — Իսկ դու‚ Արաքսի‚ տեսա՞ր՝ բոյո՞վ էր‚ սիրո՞ւն էր: (Քթի տակ ժպտում է:)
ԱՐԱՔՍԻ — Վե՛րջ տուր, Արմենակ: Ես հանաքի հավես չունիմ:
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞։
ԱՐԱՔՍԻ — Որդև էն անդերներն էլի հայդնվել են։ Խաղաղությունս վերջացավ։ Էլի բդի վախենալով ապրիմ: Հազիվ էի միամտե, մոռցե ըդոնց։
ԱՐՄԵՆԱԿ — Թյո՜ւ‚ սրիկաներ: Ըսա՝ վեր ընգեք տեղերդ‚ էլի:
ԱՐԱՔՍԻ — Ախր շատ զզվելի են‚ է՛‚ իրանց պոլոզ գլխով ու պզդիկ աչքերով:
ԱՐՄԵՆԱԿ — Չէ‚ Արաքսի‚ հմի ըդպես չեն: Իրանց ճամփին սաղ սիրուններին փախցրին՝ սիրունցան: Հմի շատերը կսիրեն իրանց:
ԱՐԱՔՍԻ — Ֆո՜ւհ. շանը‚ կատվին‚ բայց ոչ ըդոնց։
ԱՐՄԵՆԱԿ — Շատերին կձգե իրանց թալնած հարստությունը:
ԱՐԱՔՍԻ — Ես էլ եմ լսե, օր օսկու սեր ունին էդ զզվելիները:
ԱՐՄԵՆԱԿ — Կովն իրա կաշվից‚ թուրքն իրա դաժանությունից դուս չեն գա‚ Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Ի՞նչ թուրք‚ Արմենակ‚ ես մեր տան մկների մասին կխոսամ։ Էդ անդերներն են էլի հայդնվե:
ԱՐՄԵՆԱԿ — Մկնե՞րը: Վայ քու տունդ շինվի, Արաքսի։ Ես էլ մտածի‚ թե թուրքերն են հրադադարը խախտե ու էլի կռիվ է սկսվե։
ԱՐԱՔՍԻ — Այ սատկին մկներն էլ, թուրքերն էլ։ Թուրքերն էլ մեր տուն-հայրենիքի մկներն են, էլի։ Մկները մեր ցորենը գողնանգը‚ թուրքերը մեր ցորենի արտերը գողցան‚ մկները մեր տնից մեզի հանենգը, թուրքերը մեզի մեր էրգրից հանին։
ԱՐՄԵՆԱԿ — Թուրք – մկներ՝ ա՜յ թե ըսիր, Արաքսի:
ԱՐԱՔՍԻ — Լավ կենես մե կդորմ մկնդեղ ճարես։
ԱՐՄԵՆԱԿ — (ժպտալով): Թուրքերի՞ հմար։
ԱՐԱՔՍԻ — Մկների հմար, Արմենակ, մկների։ Իսկ թուրքերի հմար հայը իրա կնգան բդի սիրե՝կրկնակի, եռակի, յոթնակի։ Արդեն կրկնակի, եռակի ու յոթնակի ըսել եմ ըդիկ քեզի։
ԱՐՄԵՆԱԿ — (տուն մտնելով): Էռնեկ էդ մկների չափ իշխանություն ունենայի քու վրեդ։
ԱՐԱՔՍԻ — (Արմենակի ետևից գնալով ու փնթփնթալով): Տղամարդու ուշք ու միտքն իշխե՜լն է: Ըդուր հմար էլ էս անդեր երգիրը չի շտկվի: Սաղ իշխող են՝ սիրող չկա։
Բեմը մի պահ դատարկ է մնում։ Ետ է գալիս Ավետիքը։
ԱՎԵՏԻՔ – Զինվորները, որոնցից փախա, մենակ մարմինս կռնան բռնեն, իսկ դու, չքնաղ էակ, հոգիս ձեռբակալիր։ Տեսնիս ուրդե՞ղ է հմի. երգինք ելավ, թե՞ հլը պարտեզն է։
Մտնում է պարտեզ։ Պարտեզից լսվում է Անահիտի ճիչը։ Տանից դուրս է գալիս Արաքսին։
ԱՐԱՔՍԻ — Չէղնի՞ Անահիտը պարտեզը մուկ է տեսե: (Գոռում է:) Արմենա՜կ… (Վախվորած ծիկրակում է ցանկապատից:) Աստված իմ՝ էրա՞զ է: (Ետ գալով ձայնում է:) Արմենա՜կ…
ԱՐՄԵՆԱԿ — (գալով): Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցե: Մկիմ հմար ըդպես կճվա՞ն։
ԱՐԱՔՍԻ — (ուրախ): Ինքը մեր պարտեզն է‚ Արմենակ:
ԱՐՄԵՆԱԿ — Մո՞ւկը:
ԱՐԱՔՍԻ — Բոյո՜վ է…
ԱՐՄԵՆԱԿ — (ավելի զարմացած): Մո՞ւկը:
ԱՐԱՔՍԻ — …սիրո՜ւն է…
ԱՐՄԵՆԱԿ — (առավել զարմացած): Մո՞ւկը:
ԱՐԱՔՍԻ — Արի‚ արի աշե:
Արմենակը ծիկրակում է ցանկապատից:
ԱՐՄԵՆԱԿ — Վերջապես կազադվինք էդ աղջկանից:
ԱՐԱՔՍԻ — (երկինք նայելով): Շնորհակա՜լ եմ‚ տեր:
Գալիս է Աշիկը` Անդրանիկի պես բեղերով, զինվորական շորերով և ձեռնափայտով։ Նա կաղում է։
ԱՇԻԿ — (դես ու դեն նայելով): Արաքսի, ըստեղ մեկմ չեկա՞վ։ Բռնի՝ ճամփի կեսից փախավ։ Էս կաղ ոտովս ետևից չհասա։
ԱՐԱՔՍԻ – Չէ, չեկավ։
ԱՇԻԿ — Դո՞ւ էլ մարդ չես տեսել, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ես էլ չեմ տեսել։
ԱՐԱՔՍԻ — Իշխանությունը փողոցներն ընկած էլի զինվո՞ր կհավաքաբռնե։
ԱՇԻԿ — Դասալիք, Արաքսի, դասալիք։ Անահիտն ո՞ւրա՝ կռնա ինքն է տեսե։
ԱՐԱՔՍԻ — Գիտես ի՞նչ, Աշիկ, քու պետական գործերին բարեկամական կապերդ մի խառնե։ Էդ գործերի հմար դու ես փող ստացողը, ոչ թե մենք։
ԱՇԻԿ — Չեք տեսե՝ չեք տեսե ուրեմն։
ԱՐԱՔՍԻ — Արցախի կռվին, հիշեմգը, ինչքա՜ն կամավորներ կային: Յոթ էրեխա ունեիր դու, օր գնացիր կռվելու: Վերջում էլ հաղթանակի պարը պարեիրգը քու մնացած մե ոտով: Ուրդե՞ղ է հմի էդ հերոսական ոգին: Իշխանության էկած երիտհայերը թաղին էդ հերոսական ոգին էս ջահելների մեջը, որոնք հմի դասալիք են դառե։ Ու դու ծառայեսգը ըդոնց։
ԱՇԻԿ — Ես ըդոնց չեմ ծառայե, Արաքսի, ես ծառայեմգը հայրենիքիս։ Հմի ի՞նչ էնեմ՝ խռովի՞մ հայրենիքիցս, ինչե թե ըսո՞նք են իշխանության։ Ես խռովիմ, դու խռովիս, սաղս խռովինք ու հայրենիքն անդե՞ր թողնինք։ Առանց էն էլ մեր հայրենիքի մեծ մասը հարուր տարի էղավ՝ անդեր ենք թողել։ (Ցույց է տալիս երկինքը։) Այ, տեսնիսգը էն սև ամպը, օր լողագը կապույտ երգնքում։ Ըդիկ իշխանությունն է՝ սև ու անցողիկ։ Իսկ հայրենիքն երգինքն է՝ մաքուր ու հավերժ։ Իսկ պատմությունն, Արաքսի, կհիշե ոչ թե էս դասալիքներին‚ այլ հերոսներին‚ որոնք հողեր ետ գրավին‚ հաղթին թուրքին՝ ոչ թե բարոյական հաղթանակ տարան‚ ինչխօր Ավարայրն է էղել‚ օր պարսիկների պատմության մեջը‚ վայթե‚ մե մոռացված կռիվմ է: Հերիք է բարոյական հաղթանակների ետևը պայենք մեր խեղճությունը‚ օր մեզի կստիպե նայել Մասիսին‚ ոչ թե՝ Մասիսից։
ԱՐԱՔՍԻ — Բայց հայ ազգը գոյատևել է իրա քրիստոնյա հավատով։
ԱՇԻԿ — Ո՜վ գիտե‚ կռնա ըդիկ է պատճառն‚ օր մենք կորցրինք մեր հողերը։ Ժամի դուռ կամ ՛՛Մշո ճառընտիր՛՛ շալկած փախանք՝ հո՜ղը թողած‚ խաչ ու գիրք պաշտինք՝ զե՜նքը թողած: Իսկ աշխարն‚ ի տրիտուր‚ մեզի շպրդեց իրա գրոշ չարժեցող կարեկցանքը: Հազար տարի էղավ, մեր խաչն ու թաշկինակն առած ըսուր-ընուր դռներն ընկած կաղաչենք, գուլանք՝ ի՞նչ օգուտ: Խաչով ու թաշկինակով հայրենիքի հարց չեն լուծե: Արունով ու զենքով սահման կգծեն։ Թանաքով գծած մեր հայրենիքը‚ տիա‚ հարուր տարի էղավ՝ անդեր կմնա: Բդի զենքի մարդ էղնիս‚ օր մատաղի գառ չդառնաս ուրիշների հմար: Սարդարապատում ի՞նչը կայնցրեց թուրքին. մեր խա՞չը‚ մեր թաշկինա՞կը, չէ՛, մեր զե՜նքը կայնցրեց թուրքին։ Այ… (Պարզում է ձեռքը՝ առաջ պարզած ցուցամատը։)
ԱՐԱՔՍԻ — Էդ ցուցամատդ ընչի՞ ես տնկել, էդ ի՞նչ ցույց կուդաս։
ԱՇԻԿ — Ըսիկ ցուցամատ չէ, Արաքսի, ըսիկ ձգամատ է, զենքի ձգանը ձգող մատ է։ Հայը ըսուրից հետո էս մատին բդի ձգամատ ըսե։ Թուրքի մահն է հայի էս մատը։
ԱՐՄԵՆԱԿ — Ինչ էլ ոգևորվել ես‚ ծօ: Չէղնի՞ գիտես, թե դեմդ զինակոչիկներ են։ Մեր հարևան Արամի տղուն հիշե՞սգը, եբ օր զոհված բերին, խեղճ մարդն իրան մեկուճարի գերեզմանափոսը գցեց։ Ընձի էլ թաղեք,- ճվարգը,- ես էլ չմեռած մեռել եմ։ Ըդպես մեռած էլ կապրի տղուց հետո։
ԱՇԻԿ — Արամը ժամանակ անց եբ օր հաղթահարե իրա վիշտը‚ կհասկնա՝ որդին սիրելի է‚ հայրենիքը՝ առավել։ Աշխարում ամենաբարձր բանը‚ գլխիդ վերևը փռված երգնքից էլ բարձր‚ ոտիդ տակի հողն է՝ հայրենի՜քը:
ԱՐՄԵՆԱԿ — Ամենաթանկ բանը‚ ծօ‚ մարդու կյանքն է: Արունը չի՛ փոխվի հեչ մե բանովըմ։
ԱՇԻԿ — Հողով:
ԱՐՄԵՆԱԿ — Իսկ ո՞վ բդի տեր կայնի էդ հողերին՝ երգիրդ լքողնե՞րը: Տիա‚ իրար կրունկ կոխենգը էս երգրից փախնողները: Մարդիկ կերթան‚ որդև էլ չեն ուզե զրկանք կրեն‚ չեն ուզե տառապին՝ ապրել գուզեն‚ վայելել գուզեն: Հլը նայե հայի երեսին՝ հոգս ու ցավ կաթագը: Մարդը բդի երջանիկ էղնի‚ օր երգիրն ապահով էղնի։ Ուժեղ է էն պետությունը‚ ուրդեղ շատ են երջանիկ‚ հարուստ ընտանիքները: Թե չէ ծնողների գերեզմանով ու հայրենիքի սիրով ամեն անգամ մե բուռմ խենթեր մենակ կհավաքվին թշնամու դեմը:
ԱՇԻԿ — Էս ազգին‚ Արմենակ, Նժդեհ է պետք‚ ոչ թե՝ նժդեհներ: Ֆիդայու ոգին ամեն անգամ կհառնի‚ եբ օր էս երգրին վտանգ սպառնա։ Արաբոն կկոչվի Մոնթե‚ Գևոր Չաուշը՝ Բեկոր‚ Աղբուր Սերոբը՝ Կոմանդոս. ու կհավերժի հայի հայրենիքը:
ԱՐՄԵՆԱԿ — Թշվառ երգրներն են, օր իրանց հույսը հերոսների վրեն կդնեն։ Ուժեղ երգրները հերոսների կարիք չունին։ Հայի հույսը հլը հերոսների վրեն է՝ փոխանակ իրա վրեն էղնի։ Ոչ աստված, ոչ հերոսները։ Ըդպես կկործանվի էս երգիրը։
ԱՐԱՔՍԻ — Տեսնիմգը‚ օր անընդատ մե ոտիցդ մեկելին կհենվիս կայնածդ տեղը: Վայթե ոտդ ցավագը‚ հա՞:
ԱՇԻԿ — Էդ լագոտի ետևից վազեցի՝ ըդուրից է։
ԱՐԱՔՍԻ — Էրթամ աթոռ բերեմ, քիչմ նստիս։
Արաքսին գնում է։
ԱՇԻԿ — Տեսնիս ո՞ւր փախավ, հը՞, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Եսիմ։
Արաքսին աթոռ է բերում։
ԱՐԱՔՍԻ — Առ, նստի, օր Արամայիսի պես մե օյինմ էլ դու չենես գլխիս։
ԱՇԻԿ — (նստելով): Ի՞նչ օյին։
ԱՐԱՔՍԻ — Եբ օր առաջի անգամ մեզի թերթ բերեց՝ ծունկ չոքավ դեմս: Ա՜յ թե լեղաճաք էղա։ Բայց ըսավ‚ օր ոտների ցավից է‚ օր կռվից է մնացե ռեմատիզմը:
ԱՇԻԿ — Կռվի վախտն ո՞վ էր առողջության մասին մտածողը։ Մեռնելու մասին էլ չէինք մտածե։ Մեր ուշքն ու միտքը հայրենիքն էր։
ԱՐԱՔՍԻ — Ու ինչի՞ հասաք: Ձեզիպեսներն էս իշխանությանը պետք են կռվի ժամանակ, իսկ խաղաղության օրերին ձեզի կյանքի լուսանցքը կգցեն: Հա‚ մեկ էլ‚ վայթե‚ շքերթի վախտը ձեզի հիշեն, ինչխօր իրանց մեդալները կհիշեն։ Որդև իրանց հմար հայրենիքը տոն օրերի հմար է‚ ոչ թե բոլոր օրերի: Դու‚ Արամայիսը լուսանցքի մարդիկ եք: Ինչխօր Արմենակը: Էս ժամանակը ձեզի կյանքի լուսանցքն է շպրդե։
ԱՇԻԿ — Մեկ է‚ եբ օր վախտը գա‚ մենք էլի պետք գուկանք հայրենիքին:
ԱՐՄԵՆԱԿ — Ու ի՞նչ բդի էնեք դուք:
ԱՇԻԿ — Մենք, հեչ օր չէ‚ կկայնինք թշնամու գնդակի դեմը՝ հայրենիքի վրա կրակած փամփուշտները կպակսցնենք մեկով:
ԱՐԱՔՍԻ — Ձեզիպեսներինն էս երգրի հմար մատաղվելն է:
ԱՇԻԿ — Հայրենիքի հմար մատաղվելը հայի արունի մեջն է, Արաքսի։ Վերցրա որ հային գուզես, թափ տուր՝ բռնած հոգուց‚ զարթնցրա իրա երակների մեջ քնած արունը ու տեսնիսգը‚ օր մեջը Մասիս սար կա, Վանա լիճ ու Մշո դաշտ ու Սասնա սարեր: Ու էդ անթեղված կարոտը մե օրմ կհամախմբե հային ու Ծիծեռնակաբերդի ողբի տեղը կզարթնի Սարդարապատի միասնությունը‚ կշտկվի ողբի ու ցավի տակ ծռած հայը։ Ու հայն էլ չի փախնի‚ օր ողբ գրե‚ հայն էլ չի փախնի‚ օր փոքրնա՝ հոգով ու հայրենիքով: Ու բդի գա էն երանելի օրը‚ եբ մենք նորից մանանա բդի հավաքենք մեր Մշո դաշտում ու գազպել բդի քաղենք մեր Սասնա սարերում:
ԱՐՄԵՆԱԿ — Քու ոտներիդ տակը ամպ է‚ ծօ‚ ոչ թե հող: Քու ու քու պեսներիդ երակների մեջն արո՞ւն է, թե՞ էդ կորցրած հայրենիքը: Հերիք էղավ։ Հերիք է կորցրած հայրենիքի հմար լաք ու ողբաք: Մեղք եք‚ ախր. ցավի ու կարոտի տակը մե օրմ կճզմվիք: Հանգիստ թողեք մեռելներին ու կորցրած հայրենիքը: Հերիք է էդ խաչը փոխանցեք սերնդեսերունդ։
ԱՇԻԿ — Արմենակ, դու արուն չես տվել հայրենիքի հմար, ըդուր հմար էլ ըդպես կխոսաս։
ԱՐՄԵՆԱԿ — Հա, ես արուն չեմ տվել հայրենիքի հմար, ես հարկեր եմ տվել էս պետությանը։ Ո՞ւմ է պետք հայրենիքն ու քու լացկան երգերը։ Պետություն ունեցի՝ բոլորի գլխին կախված օրենք-սրով։ Ու մարդավարի ապրեք‚ շենացրեք էս երգիրը: Էս ենք ունեցե‚ էն ենք էղե՝ հերիք չեղա՞վ: Հարուր տարի նույն երգն է: Մտածեք՝ ո՞վ եք հմի. մեռելներին մեծարող ապրողներ ու ապրողներին մոռցած մեռելներ եք դառե: Թե՞ հեշտ է սիրել էն երգիրը‚ օր կարիք չկա պաշպանել‚ մշակել, կառուցել: Հմի էս երգիրն ունիք՝ էս շենացրեք‚ կառուցեք: Մե մաքուր փողոցը‚ մե քանիմ աշխատատեղն ավելի լավ է‚ քան թե էդ անցյալը՝ թեկուզև փառավոր: Մե անգամ‚ ախր‚ աշխար գուկաք՝ վայելե՜ք կյանքը: Մարդը՝ ըդիկ է միակ արժեքը:
ԱՇԻԿ — Թե արևից կռնացար պոկել տաքությունը‚ արունից՝ գույնը‚ հայի հոգուց էլ կպոկես իրա կորցրած հայրենիքը:
ԱՐՄԵՆԱԿ — Հերիք է էդ հողերին աչքերդ պաղի՝ թուրքինն է։
ԱՇԻԿ — Աստված է մեզի էդ երգիրը տվե՝ թուրքն ո՞ւմ շունն է, օր իրանն էղնի։ Թուրքի տիրելը Մասիս սարի վրայի ամպի պես է՝ էսօր-էգուց կանցնի կերթա։
ԱՐՄԵՆԱԿ – Արամայիս, 560 տարի էղավ։
ԱՇԻԿ — Հայի ու աշխարհի ցավերը սկսվան, եբ օր թուրքը հայտնվավ դրախտում, մեր դրախտ հայրենիքում։ Թե գուզենք օր աշխարը մաքրվի՝ բդի թուրքերին քշենք էդ դրախտից։
ԱՐԱՔՍԻ — Հայի հոգին իրա էրազի մեջն է:
ԱՇԻԿ — Էրազ չունեցող ազգերը վերացել են ու կվերանան: Իսկ հայը, Արաքսի, հլը կհասնի իրա էրազին՝ իրա թշնամիների ինադու։
ԱՐՄԵՆԱԿ — Ձեր անցյալի ու հիշողության մեջն եք‚ ինչխօր հաշմանդամն՝ իրա սայլակի, ընդուր պես թույլ ու անզոր‚ բայց էլի հույսերդ չեք կդրե:
ԱՇԻԿ — Մեր ՛՛Հայր մեր՛՛-ը բդի էղնի Չարենցի ՛՛Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՛՛-ն: Էս կոչը բդի գրվի երգնքին‚ օր ամեն օր հայը երգինք նայելուց ըսիկ աղոթե։
ԱՐՄԵՆԱԿ — Տիա‚ Արաքսի, թե էս մարդն ինչով է պղդորե իրա հոգին։ Անցյալն, ինչխօր Քրիստոսն իրա խաչը‚ առել է ուսերին ու տառապելով առաջ կերթա: Իսկ ընձիպեսները‚ օր գուզեն առևտրով զբաղվին‚ լավ ապրին‚ ըսոր աչքին‚ վայթե‚ Հուդա են: Եվ‚ հետաքրքիր է‚ ե՞բ բդի ըդիկ էղնի:
ԱՇԻԿ — Մե օրմ կզարգեն Սարդարապատի զանգերը ու մենք կերթանք մեր հայրենիքը:
ԱՐՄԵՆԱԿ — Քարե՞ զանգերը։
ԱՇԻԿ — Քարցա՜ծ զանգերը։ Էդ զանգերը մեր զարթնելուն կաշեն‚ ինչխօր հեքիաթի մեջը քար դառած մարդիկ կաշեն կյանքի ջուրը բերող հերոսին‚ հրեշի գլուխը կտրող հերոսին: Ու էդ զանգերը մեզնից շատերի հոգիների մեջն արդեն կզարգեն մեր էս նորօրյա ոսկեդարում‚ եբ օր պետություն ունինք‚ բանակ ունինք‚ որը ետ բերեց մեր Արցախը՝ շտկելով հայի հոգեբանությունն ու հայրենիքի սահմանները:
ԱՐԱՔՍԻ — Խոշորացույցով էլ ման գաս՝ հմի ոչ էդ հաղթական ոգին կգտնիս‚ ոչ էլ հաղթանակի հետքը‚ որի հմար քարը քարին անգամ չդրին‚ մե հաղթակամարմ էլ չշինին:
ԱՇԻԿ — Մեր հայրենիքի փոխված չափն է էդ հաղթակամարը‚ Արաքսի։ Մնացածը մանրունք է‚ օր ժամանակը կտանի հետը:
ԱՐԱՔՍԻ — Էդ մանրունքը մեր կյանքն է‚ ախր:
Լսվում է զանգերի ձայն:
ԱՐՄԵՆԱԿ — Էս ի՞նչ զանգի ձեն է։
ԱՇԻԿ — Արմենակ, հոգուդ ղուրբան էղնիմ, դո՞ւ էլ լսեցիր հոգուդ մեջը զարգող զանգերը։
ԱՐՄԵՆԱԿ — Ծօ, ժամի զանգեր կզարգեն։
Ավելի լսելի է դառնում զանգերի ձայնը։
ԱՇԻԿ — Բայց էս ժամին էս ի՞նչ զանգեր են: Էրթամ տեսնիմ։
Աշիկը գնում է։ Զանգերն անկանոն են դառնում։ Գալիս է Արամայիսը։
ԱՐՄԵՆԱԿ — Էս զանգերն ընչի՞ կզարգեն։ Դու գիդե՞ս, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Տեր Ավետիսն է։ Ժամի զանգերը կզարգե ու կճվա՝ ժողովո՜ւրդ‚ մեզնից ժողովուրդ կգողնան:
ԱՐՄԵՆԱԿ — Խելռե՞լ է։
ԱՐԱՄԱՅԻՍ — Եսիմ։
ԱՐԱՔՍԻ – Չէ, չի խելռե՝ խենթցե՜լ է։ Ժաժքը, կռիվն, արտագաղթը քիչ էր, հմի էլ էս աղանդները գումարվան, օր հոգևո՜ր արտագաղթ է։ Եբ օր մարդը փակուղու կհանդպի‚ բդի խենթնա‚ օր ճամփա գտնի: Մեծ հավատն էլ մեծ սիրու պես, կխենթցնե մարդուն։
Պարտեզից աղմուկ է լսվում։
ԱՐԱՄԱՅԻՍ — Նոր Աշիկին տեսա՝ ըսավ դասալիքի ման գուկա։ Չեղնի՞ ձեր պարտեզն է պայ մտե։
ԱՐԱՔՍԻ — Հա, մեր պարտեզն է, բայց դասալիք չէ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հբը ո՞վ է։
ԱՐԱՔՍԻ — Սիրահա՜րը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՐԱՔՍԻ — Հբը՝ գիտեին աղջկաս եդևից գալող բդի չեղնի: Շուտով աղջկաս հարսնիքն էլ, իրանց ինադու, կլուսավորե էս խուլ ու տխուր փողոցը։
ԱՐՄԵՆԱԿ — Հերիք է լիզվիդ տաս, գնա սեղանը դիր՝ կդորմ հաց ուտենք։ Քելե, Արամայիս, քելե։
Գնում են։
Տեսարան չորրորդ
Գալիս են Արամայիս ու Արմենակը։ Վերջինս քաշում է մի սայլակ:
ԱՐՄԵՆԱԿ — Լսի՞ր՝ խանութ բդի սարքեն: (Գոռում է:) Արաքսի՜… Հմի ով քնից զարթնիգը՝ առևտուր կենե: Իսկ ես՝ վաճառական Արմենակս‚ էս սայլակս քաշելով հազիվ ծերը ծերին հասցնեմգը փողոցային առևտրով: Արաքսի՜… Չէ‚ էս տունն ընձի հասկցող չկա՛. մենակ փող տուր իրանց: (Խեղճացած:) Է՜հ‚ թե մե խանութմ ունենայի:
ԱՐԱՄԱՅԻՍ — Աստված քեզի հմար‚ Արմենակ‚ մե դուռմ կբանա:
ԱՐՄԵՆԱԿ — Աստված մենակ իրա մոտն էրթալու դուռը բանագը‚ Արամայիս: (Համարյա ջղայնացած գոռում է:) Արաքսի՜…
ԱՐԱՔՍԻ — (գալով): Ի՞նչ է էղե‚ Արմենակ:
ԱՐՄԵՆԱԿ — Ուրդե՞ղ էիր՝ կոկորդս պատռավ ճվալով:
ԱՐԱՔՍԻ — Աստղիկ մայրիկին ճամփի։ Գերեզմանոցից գուկար։ Խեղճ կնգան էս կյանքին կապողը ժաժքին մեռած յոթ հարազատների գերեզմաններն են։ Էս երգրից խեղճերին մենակ գերեզմանները հասան: (Հուսահատ:) Էս երգիրը գերեզման խնամելու համար հո՞ չէ մենակ:
Պարտեզից լսվում է Անահիտի ծիծաղը:
ԱՐՄԵՆԱԿ — Մարդ կա՝ ըդիկ էլ է մոռցե:
ԱՐԱՔՍԻ — Անահիտը սիրահարվել է ու ըդիկ ավելի կարևոր է:
ԱՐՄԵՆԱԿ — (փաթեթ տալով): Առ, մկնդեղ է, հազիվ ճարի: Մկնդեղի պակասություն կա էս երգրի մեջը: (Ինչ-որ բան հիշելով:) Եվ էլի բաների պակասություն կա‚ օր ջղայնացնեգը ընձի:
ԱՐԱՔՍԻ — (վերցնելով փաթեթը): Էդ խեղճ էրեխեն, ախր, ի՞նչ է էրե քեզի. սիրահարվել է։ Ուրախնալու տեղը՝ մե գլուխ բողոքեսգը։
ԱՐՄԵՆԱԿ — (ջղայնացած): Զահլես տարաք դուք ձեր սիրով։
ԱՐԱՔՍԻ — Ախր ի՞նչ է էղե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Փողոցի ծերը չափ ու ձև կենեն: Ինչ օր օլիգարխ էս տարածքն առել է ու խանութ բդի սարքե: Ըդիկ է Արմենակին ջղայնացրե։
ԱՐԱՔՍԻ — Հբը ըդտեղ ապրողներն ի՞նչ բդի էղնին։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ըսին՝ հլը օր էրկու դոմիկ է խանգարողը։
ԱՐԱՔՍԻ — Ո՞ւմը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Մեկը հենց Աստղիկինն է։
ԱՐԱՔՍԻ — Խեղճ կնիգ. սիրտը վկայել էր։ Քիչմ առաջ ըսավ, օր դոմիկի դուռը ծածկեգը դագաղի կապարիչի պես։ Ընիգ էլ ընձի պես, ըսավ, պառվցե-կռացել է. ուր է՝ մե օրմ փլվեր գլխուս՝ իրան էլ, ընձի էլ ազադելով անօգուտ ապրելուց։ Ըհը՝ կեղնի, էլի։ (Հուսահատ ջղայնությամբ փնթփնթում է անհասցե։) Անիծվիք‚ օր էս երգրում մարդու էրազը մեռնելը դարձրիք: Հբը երկրո՞րդն ում դոմիկն է։
ԱՐԱՄԱՅԻՍ — Երկրորդն Արամի դոմիկն է։ Խեղճ մարդու գլխին կրակ էր վառե: Զարմացած ու միամիտ հա կրկներգը՝ տունս անմեղ նստած էի‚ մեկ էլ էկան‚ թե՝ քու տունդ էլ քու տունդ չէ՝ մերն է: Ախր‚ ըդպես բան կեղ նի՞՝ հարցներգը ըսուր- ընուր՝ օգնություն ման գալով:
ԱՐԱՔՍԻ — Կռնա՞ս ըսես ընձի, Արամայիս։ Էս իշխանությունն ինչո՞վ տարբերվիգը թուրքից: Թուրքն էլ մե օրմ չեկա՞վ մեր հայրենիքն ու ըսավ՝ էս ձեր երգիրը չէ‚ իմս է՝ գնացեք: Ըսոնք էլ կհասնին իրանց ուզածին: Ամեն արգելքի դեմը մե մեշոկմ փող ունին: Իսկ փողի դեմն ո՞վ բդի առնի։ Խիղճը‚ մարդկությունը հմի նահանջել են փողի դեմը: Էս երգրի իսկական տերերը կուչ են էկե երգիրը թալնած մե քանիմ դոդերի դեմը: Հույսը‚ օր կյանքի ծաղիկն է‚ չորցել է‚ չի ծաղկի էս երգրում։ Ու ըդիկ դոդերն էրին իրանց փողերով: (Փողոցի կողմը շրջվելով:) Անիծվի՛ ձեր փողը‚ օր այլանդակեց կյանքը‚ խեղճցրեց մարդուն:
ԱՐՄԵՆԱԿ — Անխելք կնիգ՝ հբը մարդ կանիծե՞ փողը: Սաղ աշխարը երկրպագեգը փողին, ասսու տեղ պաշտեգը‚ ըսիկ՝ անիծեգը: Խելքի աշեք:
ԱՐԱՄԱՅԻՍ — Հմի մարդը մե քիչմ մոլրել է: Բայց ես հավատամգը‚ օր մե օրմ մարդը կսթափվի ու կարգի կբերե իրա գործերը: Եբ օր հայտնվիգը նպատակը՝ մեռնիգը քաոսը:
ԱՐԱՔՍԻ — Ու ե՞բ էս երգրում բդի զարթնի մարդը‚ օր շտկվի էս երգրի գործերը:
Ձայն ետնաբեմից — Էս ի՞նչ կենեք‚ անաստվածներ: Օր ծերության մենք ուրդե՞ղ բդի ապրինք։
ԱՐԱՔՍԻ — Արամի ձենն է։ Չեղնի՞ դուս կենեն տնից։
Բոլորը դուրս են գնում:
Տեսարան հինգերորդ
Բակում:
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի՞նչըխ են սիրահարները:
ԱՐՄԵՆԱԿ — Սաղ օրը‚ աղավնիների պես‚ կղունղունան իրար հետ: Ըդոնց գործը սիլիբիլին է, իմս՝ աշխատելը:
ԱՐԱՄԱՅԻՍ — (անսպասելի): Արի անգաջ դնենք: Վայթե անուշ բաներ կխոսան: Մենք մեզի էլ չենք կռնա ըդպես շքեղություն թույլ տանք:
ԱՐՄԵՆԱԿ — Ծօ‚ խելռա՞ր: Հանգիստ թող ըդոնց: Չեղնի տեսնին‚ օր անգաջ դնեսգը ու խռովին իրարից: Թեև ջղայնացնեգը ընձի իրանց դանդաղ սէրը‚ բայց ես դողամգը էդ սիրու վրեն‚ որդև էդ աղջկանից բդի ազադվիմ: (Արամայիսն արդեն ականջ է դրել:) Տարիքիցդ չե՞ս ամչնա‚ ծօ… Է‚ ձեն հան… Էդ ի՞նչ խոսանգը‚ օր ըդպես կլանվել ես‚ հը՞:
Արմենակն էլ է ականջ դնում:
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Քեզի քանի՞ անգամ ըսեմ‚ օր հեդս գաս, եբ օր հորումորս գերեզմանին կամ ժամ կերթամ: Քու մտքովդ չի՞ անցնի‚ օր ընձի հետ մե փորձանքմ կռնա էղնի:
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Ի՞նչ փորձանք:
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Կսեմ‚ չէ՞‚ օր ընձի դուր գուկան զինվորները: Հբը՞ օր մեկիմ սիրահարվիմ։ (Լսվում է Անահիտի ծիծաղը:)
ԱՐՄԵՆԱԿ — 18 տարին շուտով լրանագը՝ հավի չափ խելք չունի:
ԱՐԱՄԱՅԻՍ — Սիրահարներին հասկնալը դժվար է٫ որդև սէրը կռիվ է խելքի ու սրտի մեջը՝ իրանց բդի հավատաս:
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Գիտե՞ս‚ Անոս‚ օր եդևիցդ ընկած մեղուն ես էի‚ օր գուզեի շուրթերիցդ, որպես նեկտար‚ համբույր հավաքեի:
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Ի՜-ի՞նչ ըսիր:
ԱՐՄԵՆԱԿ — Գիդեի՝ մենակ գործի մեջ է ուշահաս‚ բայց արի տես‚ օր սիրու մեջ էլ է ըդպես։
ԱՐԱՅԻԿ — (ետնաբեմից՝ կախվելով ցանկապատից): Էդ համբույրից ես էլ գուզեմ:
ԱՐԱՔՍԻ — (ետնաբեմից՝ կախվելով լուսամուտից): Ծօ‚ Արայիկ‚ ընչի՞ քիթդ ամեն տեղ կխոթես: Դու ֆայմ չունի՞ս։ Կայնի Արմենակին ըսեմ՝ մենձ կդորդ անգաջդ թողնի:
ԱՐԱՅԻԿ — Պա՜հ՝ վախեցա քու Արմենակիցդ:
ԱՐԱՔՍԻ — (գոռում է): Արմենա՜կ…
ԱՐՄԵՆԱԿ — (բարձրանալով տեղից): Ծօ‚ լածիրակ…
ԱՐԱՅԻԿ — Ըհը՝ էս էլ Արմենակդ: Թատրոնի բեմ է էս պարտեզը: Ես գիդեի‚ թե մենակ ես եմ անգաջ դնողը:
ԱՐՄԵՆԱԿ — Քեզի հմի թատրոն ցույց կուդամ‚ լագոդ:
ԱՐԱՄԱՅԻՍ — (փորձելով չթողնել Արմենակին): Գործ չունիս‚ Արմենակ:
ԱՐԱՔՍԻ — Դո՞ւ էլ էս ըդտեղ‚ Արամայիս:
Անահիտն ու Ավետիքը մնում են զարմացած՝ մեկ Արաքսիին ու Արամայիսին‚ մեկ էլ փողոցով վազող Արմենակին ու Արայիկին նայելով:
Տեսարան վեցերորդ
Բակում։ Դատարկ բեմը։ Պարտեզից լսվում է Անահիտի և Ավետիքի խոսակցությունը։
ԱՆԱՀԻՏ – Կզգուշացնեի, չէ՞, կզգուշացնեի քեզի։
ԱՎԵՏԻՔ — Ի՞նչ է էղել, Անոս։
ԱՆԱՀԻՏ – Կսեի, չէ՞,٫ օր ընձի մենակ մի թող։ Էնքան տեր չէղար, օր եսօր մեկմ կդրեց ճամփես։
ԱՎԵՏԻՔ — Ո՜-ո՞վ։
ԱՆԱՀԻՏ — Էդ Ավոն, ըսավ՝ ժամանակ կանցնե հետդ ու միտքը ծուռ է։
ԱՎԵՏԻՔ — (ջղայնացած): Ո՞վ է, ախր։
ԱՆԱՀԻՏ — Արմենակն էլ կկասկածե։ Երեկ երեսովս տվեց մեր սէրը։ Ըսավ՝ սիրեր՝ շուդմ կնշանվեր հետդ։
ԱՎԵՏԻՔ — Իրո՜-ո՞ք։
ԱՆԱՀԻՏ — Բա՜٫ պարոն սիրահար։ Ու ես համաձայն եմ Արմենակի հետ։ Թերևս՝ էս մե անգամը։
ԱՎԵՏԻՔ — Գուզե՞ս՝ հենց եգուց նշանվինք։
ԱՆԱՀԻՏ — Ես համաձա՜յն եմ, Ավոս։
ՁԱՅՆ — Ամե՜ն։
ԱՆԱՀԻՏ — Ո՞վ էր։
ԱՎԵՏԻՔ — Վայթե մեզի հետևող ոգիներից մեկը, օր ցանկապատի կամ վարագույրի եդևից կաշե։
Անահիտն ու Ավետիքը դուրս են գալիս պարտեզից։
ԱՆԱՀԻՏ — Մարդ չկա։ Վայթե մորս ոգին էր, օր երգնքից մեզի օրհնեց։ Մորքուրս կըսե, օր ինքը միշտ ընձի հետ բդի էղնի։
ԱՎԵՏԻՔ — Մորդ ոգին էր, թե մեզի անգաջ դնողներից մեկը՝ չիդեմ, բայց մե բանմ հաստատ գիդեմ. սէրը կզաբնցնե սիրահարին։ Օր օրի շորերս կմեծնան հագիս։
ԱՆԱՀԻՏ — Ավելի լավ՝ ես չաղերին չե՜մ սիրե։
ԱՎԵՏԻՔ — Աչքերիս դեմը սկսել է սևնալ։
ԱՆԱՀԻՏ — Սոված մնալուց է։
ԱՎԵՏԻՔ — Սիրո՜ւց է։
ԱՆԱՀԻՏ – Առ, կեր։ (Ինչ-որ բան է գրպանից հանում տալիս։) Մենակ թե շուտ-շուտ կեր, օր Արմենակը չտեսնի։ Երեկ հարց ու փորձ կեներ իրա պակսած քաղցրավենիքից։
ԱՎԵՏԻՔ — (ուտելով): Քեզի տեսնելուց ետ, Անոս, խելքս խելռել է, հմի սիրտս կմտածե իրա տեղը։
ԱՆԱՀԻՏ — (ծիծաղելով): Ճիշտ օր։ Հբը խելքը գլխին մարդը քաղցրավենիքը մենա՞կ կուդե։
Ավետիքը լալկվում է։ Անահիտը փռթկում է։ Ետնաբեմից աղմուկ է լսվում։
ԱՐԱՔՍԻԻ ձայնը — Ներող կեղնիս, փեսա ջան, չտեսա քեզի։
ԱՎԵՏԻՔ — Էդ ի՞նչ էր։
ԱՆԱՀԻՏ – Մորքուրս, վայթե, միզաջուր լցեց Արայիկի գլխուն։
ԱՎԵՏԻՔ — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՆԱՀԻՏ — Բա՜, քառասուն տարի առաջ էդ ձևով է ազադվե մեկիցմ, եբ օր նշանված է էղե Արմենակի հետ։ Ընձի խոստացավ, օր ըդուր կքշե ցանկապատի տակից։
ԱՎԵՏԻՔ — Ուրեմն Արայի՞կն է էղե եդևիցդ էկողը։
ԱՆԱՀԻՏ — Ինքը։
ԱՎԵՏԻՔ — (դեպի փողոցի կողմը գոռալով): Քու սիրուդ պատասխանը մեզն է, ծօ Արայիկ։
Տեսարան յոթերորդ
Փողոցի կողմից բակ են մտնում Արամայիսն ու Արմենակը։ Վերջինս քաշում է իր սայլակը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Էդ ի՞նչ է էղե, Արմենակ, օր մե տեսակմ ես։
ԱՐՄԵՆԱԿ — Էս օրս կորավ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի՞նչըխ։
ԱՐՄԵՆԱԿ — Կորած է էն օրս, եբ օր ձեռքերիս փող չի կպնի։ Իսկ եսօր փողոցները մարդ չկար, առևտուր չեղավ։ Էրթալով օր օրի վատնագը առևտուրս։ Գիտե՞ս, Արամայիս, արդեն կարոտնամգը փողին։ Մարդկանց ձեռը փող չկա։ Իսկ ըդիկ արդեն ահազանգ է։ Առևտուրը մարդկային հարաբերությունների արունն է։ Եբ օր մե տեղմ առևտուր չկա՝ նշանակեգը կյանքը մեռնիգը ըդտեղ։ Էս քաղաքը քիչ-քիչ կմեռնի, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ – Չէ, Արմենակ, պարզապես եսօր զինակոչիկների հավաք էր, ըդուր հմար էլ մարդ չկար փողոցները։ Սաղ զինկոմի դուռն էին հավաքվե։
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞։
ԱՐԱՄԱՅԻՍ — Կսեն՝ թուրքերը հրադադարն են խախտե ու հավաքած ջահելներին Արցախ բդի տանին։ Շենքը ոստիկաններով շրջապատված էր, եբ օր տեղ հասա։ Քիչ մնաց կռիվ սկսվեր ոստիկանների ու զինակոչիկների հարազատների մեջը, եբ օր հրաժարվան մե նամակմ փոխանցեն բռնված տղաներից մեկին։
ԱՐՄԵՆԱԿ — Է٫ հետո՞։
ԱՐԱՄԱՅԻՍ — Բայց ժողովուրդը սիրուն մե ելքմ գտավ. մեկը կարդաց նամակը, մյուսներն էլ բերնեբերան փոխանցին գրածը ներսը փակված տղայի հմար։ Էն մասին էր, օր սիրեգը ու կսպասե, օր իրա սէրը, հրեշտակի պես, սիրածի հետ կեղնի ու պաշտպանեգը իրան։ Չես պատկերացնե, Արմենակ, թե էդ նամակն ինչըխ ազդեց մարդկանց վրեն։ Սաղ թեթևցած շունչ քաշին, եբ օր իմացան, օր զինկոմը թողել է նամակագիր աղջկան սիրածի հետ հանդիպի։ Ժողովուրդն ու ոստիկաններն էրկու մասի բաժնվան՝ ճամփա բացելով ու ծափերով ողջունեցին սիրահարների տեսակցությունը։ Ես էլ էի նամակը բերանացի փոխանցողների մեջը։
ԱՐՄԵՆԱԿ — Կսեն՝ մե սէրմ էլ քու հոգուդ մեջը կա, օր հանգիստ չի տա քեզի։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ասսու ստեղծած էակների մեջը մենակ մարդն է, օր կռնացել է իրար մեջ էղած կապը բարձրցնե մինչև սիրու աստիճան։ Ու ըդիկ հրաշք է։ Մենակ ըդուր հմար արժե, օր էս աշխարում մարդ ծնվիս՝ էդ հրաշքը վայելես։
ԱՐՄԵՆԱԿ — Հբը դու ընչի՞ էիր զինկոմ գնացե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Արաքսին խնդրեց, օր ճշտեմ՝ հո չեն բռնե Ավետիքին, որդև էդ տղեն մինչև հմի պարտեզ չի էկե։
ԱՐՄԵՆԱԿ — Ո՞ւ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ավետիքին չէին բռնե, բայց բռնածների մեջը տեսա Արսենի տղուն։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՜-ի՞նչ։ (Մի տետր է հանում ծոցագրպանից։) Ուրեմն էս փողերս էլ կորա՞ն։ (Թերթում է տետրը։) Ըսիկ էլ Արամի Արցախում զոհված տղու պարտքն է։ Չիդեմ ինչըխ ուզեմ։ Կսեմ՝ հորը չսե՞մ, օր տղեդ ընձի պարտք է մնացե, հը՞, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ – Է, կսվի՞։
ԱՐՄԵՆԱԿ — Ես՝ վաճառական մարդ, կռվից հեռու, բայց արի ու տես, օր ես էլ վնասներ կրեմգը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հա՜-ա՞։
ԱՐՄԵՆԱԿ — Հա՛։ Ես քեզի պես սիրու կրակի վրեն օսկոռներս տաքցնել չիդեմ։
Պարտեզից լսվում է Անահիտի ծիծաղը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ավետիքն է էկե։
ԱՐՄԵՆԱԿ — Մեկ-մեկ ընձի կթվա, օր Անահիտն ու Արաքսին քու ընտանիքդ են٫ Արամայիս, ոչ թե իմս, էնքան օր ուշադիր ես։
ԱՐԱՄԱՅԻՍ — (անպատասխան թողնելով): Էրթանք անգաջ դնենք։
ԱՐՄԵՆԱԿ — Ես զահլա չունիմ։ Թե մինչև հմի մենակ Անահիտն էր գլխուս ու փողերիս փորձանք, հմի էդ Ավետիքն էլ գումարվավ։
Արամայիսն ականջ է դնում։ Արմենակն իր պարտքերի տետրն է թերթում։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Կսեմ՝ Արայիկն է քեզի ծեծել տվողը։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Ուրեմն ես շնորհակալ եմ իրանից։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը – Օ, Անոս, հրաշքի պես մե բանմ է էղե։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Օր ծեծ ուտելուց ետ տունն ես մնացել ու քեզի չե՞ն բռնե ու կռիվ տարե։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Ըդիկ չէ, Անոս։ Դու վերջը լսե։ Կսես՝ Արայի՞կն է ընձի ծեծել տվողը։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Ինքը կեղնի։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Բդի անպայման շնորհակալություն հայտնեմ իրան։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Բայց ընչի՞ հմար։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը – Չէ, չես կռնա գուշակե ընձի հետ էղածը։
ԱՐԱՔՍԻ — (ետ տանելով վարագույրը): Հոգիս բերանս բերիր ձգձգելով՝ ըսա տեսնիմ հետդ էղածը։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — (ուրախ): Փորիցս ճիճո՜ւ է թափել։
ԱՐԱՔՍԻ — (վախեցած գոռում է): Արմենա՜կ…
ԱՐՄԵՆԱԿ — Ի՞նչ է։
ԱՐԱՔՍԻ — Լսի՞ր, Արմենակ, Ավետիքի փորից ճիճու է թափե։ Թե ընձի հետ էղներ՝ վախիցս կմեռնեի։
ԱՐՄԵՆԱԿ — Հմի պարզվավ, թե ընչի էր միշտ սոված ու ընչի ապրանքներիս միջից քաղցրեղեն կպակսեր։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Հբը՜, իմ սնունդս էդ ճիճուներն էին ուտողը, ըդուր հմար էլ կզաբնեի։
ԱՐԱՔՍԻ — Հբը կսեիր՝ սէ՞րն է քեզի զաբնցնողը, օր Անահիտի սիրուց հալումաշ կեղնիս։
ԱՐԱՅԻԿ — (կախվելով ցանկապատից): Պարզվիգը՝ ստախոսի մեկն է։ Ու ճիճուներն էլ ուժեղ են իրա սիրուց։
Ավետիքը վազում է Արայիկի ետևից։
ԱՎԵՏԻՔԻ ձայնը — Կայնի՝ կսեմ։
ԱՐԱՅԻԿԻ ձայնը – Ծօ, հբը կսեիր շնորհակալություն բդի հայտնես ընձի։
Անահիտը տուն է փախնում։
ԱՐՄԵՆԱԿ — Հբը ըդպես բա՞ն կսեն։
ԱՐԱՔՍԻ – Լիզվիցս թռավ։ Համ էլ, օր ըդտեղ էիր՝ ընչի՞ բերանս չփակիր։
Արաքսին լուսամուտից ետ է գնում։
ԱՐՄԵՆԱԿ — Տեսա՞ր, մեղավորը ես դուս էկա, օր իրա բերանը չեմ փակե։ Ըսա՝ քու բերանդ փակել կեղնի՞։ Իսկ դու հլը կափսոսա՞ս, Արամայիս, օր կնիգ չունիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Օր չկա, օր չափսոսամ, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞։
ԱՐԱՄԱՅԻՍ — Կնգան աստված է ստեղծե, Արմենակ, իսկ տղամարդուն՝ սատանեն։ Ու մենք մեր սատանայական էությունով ձգտինքգը արժանանալ ասսու ստեղծած էդ էակին՝ ու հլը կես ճամփին ենք։
ԱՐՄԵՆԱԿ — Ըդպես մտածեսգը, օր կես ճամփին էլ մնացել ես։
Տեսարան ութերորդ
Գալիս է Արամայիսը և չնկատելով Արմենակին՝ ծիկրակում է ցանկապատից։
ԱՐՄԵՆԱԿ — Եսօր սիրո մասին թատրոն չի էղնի։
ԱՐԱՄԱՅԻՍ — (հեռանալով ցանկապատից) : Ճիճվի պատմությունից ետ հլը չե՞ն հաշտվե։
ԱՐՄԵՆԱԿ — Չէ։ Երեկ ըսի, օր իրան հազիվ էր բախտ վիճակվե սիրե մեկիմ, էն էլ վայթե փուչ դուս գա, տեսնեիր քիթն ինչըխ տնկեց։ Ոչ թե ընձի, ըսավ, այլ իրան էր բախտ վիճակվե սիրե ընձի։
ԱՐԱՄԱՅԻՍ — Էկան։ Հմի կիմանանք։
Արամայիսն Արմենակին քաշում է թաքստոց։ Գալիս են Անահիտն ու Ավետիքը։
ԱՆԱՀԻՏ – Դահիճը, կսեն, կերթա հոն, ուրդեղ ոճիր է գործել։
ԱՎԵՏԻՔ — Սիրահարը գուկա իրա սիրածի քովը։
ԱՆԱՀԻՏ — Իզուր էլ էկել էս՝ ես քեզի հետ լիզու թաթխողը չե՜մ։
ԱՎԵՏԻՔ — Ախր՝ ընչի՞։
ԱՆԱՀԻՏ — Որդև սրտիս մեջը վարդի պես ծաղկած սէրը, թյուրիմացաբա՜ր, քեզի տվի։ Իսկ դու, փոխանակ բույրից հարբեիր, կեղտի ու բամբասանքի մեջը շպրտիր։ Գիտես, օր որբ եմ, կռնաս ընձի հետ դաժա՞ն վարվիս։
ԱՎԵՏԻՔ — Ե՞ս։
ԱՆԱՀԻՏ — Քաղաքը հազարավոր կոդրած սրտեր կան՝ ժաժքից ու պատերազմից, որի դուռը գուզես բաց՝ ընձի պես դժբախտ երկրորդը չկա։ Ավելի լավ էր դանակով զարգեիր սրտիս, քան թե էն, օր դու էրիր ընձի հետ։
ԱՎԵՏԻՔ — Ախր…
ԱՆԱՀԻՏ — Էս քաղաքում մարդկանց երակների մեջն արունի տեղը հումոր կֆռա. սերս էլ անեկդոտ շինին։ Հորումորս գերեզմանից ժամ ու ժամից տուն՝ ճամփին էրեխեքը եդևիցս կվազեն ու գուզեն ճշտեն, թե սիրո հմար հատկապես որ որդերն են վտանգավոր՝ տափակնե՞րը, թե՞ կլորները։ Էլ չեմ կռնա հորումորս գերեզմանին ու ժամ հանգիստ էրթամ՝ չորս կողմից ձեռ կառնին։
ԱՎԵՏԻՔ — Արայիկն է մեղավորը։ Ինքն է աջ ու ձախ ափեղցեփեղ տարածել։ Էդ լագոտներին էլ ինքնը ըսած կեղնի։
ԱՆԱՀԻՏ — Դու ես մեղավորը. քու մեղքդ ուրիշի վրեն մի՛ քից։ Արայիկին չուզի, օր խայտառակ չեղնիմ քաղաքի աչքին, այնինչ դու նույնն էրիր ընձի հետ։
ԱՎԵՏԻՔ — Ներե ընձի, Անոս։
ԱՆԱՀԻՏ — Ընձի քաղքով մեկ խայտառակ էնողի՞ն ներեմ։ Երբե՛ք։
ԱՎԵՏԻՔ — Առանց քեզի չեմ ուզե ապրիմ։
ԱՆԱՀԻՏ — Սո՜ւտ է։ Արայիկը ճիշտ կսե՝ դու ընձի հետ ժամանակ կանցնես։
ԱՎԵՏԻՔ — Կռնամ երդվիմ։
ԱՆԱՀԻՏ — Ու ես հավատացի քու ստերիդ։
ԱՎԵՏԻՔ — Թե չեմ սիրե քեզի՝ թող աստված պատժե ընձի, թող մեռնիմ, թե…
ԱՆԱՀԻՏ — (փակում է Ավետիքի բերանը): Պետք չէ, պետք չէ, օր երդվիս։ Երդումն անեծքի պես է՝ միշտ կախված կմնա գլխուդ վերևը։ Չէ, չէ… (Երկինք նայելով:) Մի՛ կատարե իրա երդումը։ Ինքն իմ Ավոս է՝ ես իրան սիրեմգը և առանց երդումի։ (Գգվում է Ավետիքին։) Ներե ընձի, Ավոս, լիզվիս վրեն չեմ կռնա։ Քեզի սիրելուց հետո սիրտս ու լիզուս իրար թշնամի են դառել։
ԱՐԱՔՍԻԻ ձայնը — Անահի՜տ…
ԱՆԱՀԻՏ — Մորքուրս է։ (Ուզում է գնալ, բայց Ավետիքն ուժով պահում է։) Կամաց՝ կողերս ջարդիր։
ԱՎԵՏԻՔ — Բա՜, ճիճուներից ետ, եբ օր կերածս էլ գողցող չկա՝ ուժս տեղն է էկել, ախորժակս բացվել է։
ԱՆԱՀԻՏ — (պոկվում է Ավետիքի գրկից): Ի՜-ի՞նչ ըսիր։ Ուրեմն ըսուրից հետո բդի չաղնա՞ս։ Մենակ ըդի՜կ էր պակաս։ Ես չաղերին չե՜մ սիրե՝ հասկցա՞ր։ Եգուց փորդ կէղնի հղի կնգա փորի պես՝ քելել էլ չես կռնանա։ (Քայլում է՝ ոտքերը լայն բացած, ձեռքերով էլ, իբր թե, փորը բռնած։) Ահա քու եգուցը։ (Լացակումած։) Չհամարձակվի՛ս չաղնաս։
ԱՎԵՏԻՔ — Հանգստացի. չես ուզե՝ չեմ չաղնա։
ԱՐԱՅԻԿ — (կախվում է ցանկապատից): Ծօ, քու ձե՞ռդ է, ինչ է, ուզել-չուզելը։
ԱՎԵՏԻՔ — (ակամա): Հբը ո՞ւմ ձեռն է։
ԱՐԱՅԻԿ — (խորհրդավոր): Ճիճուների՜…
Դադար։ Ու Արայիկի փռթկոցը։ Ավետիքը վազում է Արայիկի ետևից։ Անահիտը պարտեզ է մտնում։ Թաքստոցից դուրս են գալիս Արամայիսն ու Արմենակը։
ԱՐՄԵՆԱԿ — Տեսա՞ր՝ էլի մե թարս բանմ ստացվավ։ Ախր ի՞նչ մե դժվար բանմ է էդ սիրելը, օր ըսոնց մոտը չի ստացվի։ Հը՞, Արամայիս։ Ես ու Արաքսին էլ սիրահարվանք, ամուսնացանք ու՝ պըրծ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Սիրահարվինգը սաղ, սիրենգը քչերը։ Ըդուր հմար էլ ձերը պրծել է։
ԱՐՄԵՆԱԿ – Հա, մերը պոզ ու պոչով չի էղե։ Էդ քու ու Անահիտի սէրն է, օր թավաքյալի է։ Մե հարցնողմ էղնի՝ հբը ուրդե՞ղ է քու էդ սէրդ հմի, ընչի՞ էս մենակ։ (Դադար։ Արամայիս անխոս գնում է։) Ծօ, չեղնի՞ նեղեցար։ Հլը կայնի։ (Գնում է նրա ետևից։)
Տեսարան իններորդ
Պարտեզը փողոցի կողմից։ Գալիս են Արայիկն ու Ավետիքը։
ԱՎԵՏԻՔ — Կսես՝ ընձի տեսնել չի՞ ուզե։
ԱՐԱՅԻԿ — Ըդպես ըսավ։
ԱՎԵՏԻՔ — Հբը ի՞նչ էնեմ հմի։
ԱՐԱՅԻԿ — Ընձի՞ հարցնեսգը։ Ծօ, ես օր գիդենայի`քեզնից առաջ ցանկապատից էն կողմ կեղնեի։ Հբը գիդեիր հեշտ բան է սիրելը։ Էղավ քանի տարի է էդ գործը կենեմ էս ցանկապատին կպած` հոգիս դուս է էգե։
ԱՎԵՏԻՔ — Բայց մե բանմ բդի էղնցվի։
ԱՐԱՅԻԿ — Արի դուռակի խաղանք։
ԱՎԵՏԻՔ — Ծօ, ձեռ կառնի՞ս։
ԱՐԱՅԻԿ — Ես չէ՝ ինքը ձեռ կառնի երկուսիս։ Ինքը մեր իդեալն է, իսկ մենք՝ իրա դուռակները։ (Խորամանկորեն։) Այ, թե իրա իդեալն էղնեինք…
ԱՎԵՏԻՔ — Ի՞նչ գուզես ըսես։
ԱՐԱՅԻԿ — Կնիգմարդն ավելի շուտ կհրաժարվի կյանքից, բայց ոչ իրա իդեալից։ Իսկ Անահիտի իդեալը հայրենիքի հմար կռվող զինվորն է։
ԱՎԵՏԻՔ — Գիդեմ։ Ախր կսես հետս չի ուզե խոսա, թե չէ իրան կսեմ, օր որոշել եմ բանակ էրթամ։
ԱՐԱՅԻԿ — Ճի՞շտ։
ԱՎԵՏԻՔ — Հա։
ԱՐԱՅԻԿ — Թե չի ուզե լսել անգջներով, կլսե աչքերով։
ԱՎԵՏԻՔ — Ի՞նչըխ։
ԱՐԱՅԻԿ — Նամակ գրե։ Կհիշե՞ս ինչըխ էր ոգևորվել էն նամակի պատմությամբ, օր Արամայիսը պատմեց, եբ օր զինկոմ էր գնացե քեզի ման գալու։ (Դադար։) Ծօ, էլ ի՞նչ կմտածես։ Քու սիրուդ ճակատագիրը քու ձեռդ է։ Էրթանք՝ էդ նամակը շուդմ գրե։
Համարյա զոռով տանում է Ավետիքին։ Պարտեզի կողմից Անահիտը կախվում է ցանկապատից։
ԱՆԱՀԻՏ — Չկան։ Արայիկը խոստացավ, օր կգդնի, կբերե Ավետիքին։ (Ետ է գնում։ Քիչ անց նորից կախվում է ցանկապատից։) Կռնա՞ էդ Արայիկը խաբեց ընձի՝ ոչ էլ գնացել է Ավետիքի ետևից։ (Դարձյալ ետ է գնում։)
Գալիս է Արայիկը՝ ձեռքին ինչ-որ թուղթ։
ԱՐԱՅԻԿ — Խորամանկությունն էլ մե տեսակմ հանճար է, եբ օր կռնաս մեկիմ քթից բռնած ման բերես, ինչխօր մե հիմար այծիմ։ Ըդպես էլ ես վարվա Ավետիքի հետ։ Եգուց զինկոմում բդի սպասե Անահիտին, ում ես, յանի բդի ըսեմ, օր իրան Արցախ տանինգը ու, որպես ապացույց, էս նամակը բդի տամ։ Տեսնիս ի՞նչ է գրե։ (Բացում է նամակը։) Տես, է, ամեն տողի վրեն «սիրեմգը» կա։ (Պահում է մի պահ, ծիծաղում։) Վերջապես քեզի էլ հեռցրի ճամփիցս, Ավետիք տղա, ինչխօր էն մեկին։ Էրկու տարին քիչ չէ։ Արցախում թեև հրադադար է, բայց թե շուտ-շուտ կխախտվի։ Կռնա ըդոնցից մեկիմ վախտն էլ… Օ, ես սաղ աշխարը կզոհեմ, մենակ թե Անահիտն իմս էղնի։ (Գնում է։)
Տեսարան տասներորդ
Բակում։ Մի կողմից գալիս են Արաքսին ու Արայիկը, մյուս կողմից՝ Արմենակն ու Արամայիսը։
ԱՐԱՔՍԻ – Արմենակ, Արամայիս, լսեք, թե ինչ կսե Արայիկը։
ԱՐՄԵՆԱԿ — Չէղնի՞ անգաջ դրածներից էլի անեկդոտ է շինե։
ԱՐԱՔՍԻ — Էրնեկ անեկդոտ էղներ, էրնեկ անեկդոտ էղներ…
ԱՐԱՅԻԿ — …Ավետիքի բաժանվելն է Անահիտից։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՜-ի՞նչ ըսիր, ծօ։
ԱՐԱՅԻԿ — Կսեր՝ իրանց մեջն ավելի շատ կռիվ էր, քան թե սէր։
ԱՐԱՔՍԻ — Աղջիկ է, ախր, կփոխվի, օր կնիգ դառավ։
ԱՐԱՅԻԿ – Ըսավ, օր ինքն արդեն տեսել է էդ փոխված, կնիգ դառածին։
ԱՐԱՔՍԻ — (ինչ-որ բան գլխի ընկնելով): Էդ տղեն գուշակ է էղե՝ չենք էլ գիդեցե։
ԱՐՄԵՆԱԿ – Ծօ, կռնա՞ խաբեսգը մեզի։ Չէ՞ օր ըդուր հմար դու պատճառ ունիս։
ԱՐԱՅԻԿ — Խաբե՞մգը։ Տիա։ (Հանում է մի թուղթ։) Ավետիքի նամակն է, օր բդի տամ Անահիտին։ Անգաջ դրեք։ (Կարդում է։) ՛՛Իմ անունից էս թղթի կդորը բդի խոսա քեզի հետ, Անահիտ…՛՛։
ԱՐԱՔՍԻ — (ընդհատելով): Առաջ Անոս կսեր։
ԱՐԱՅԻԿ — (շարունակում է կարդալը): ՛՛…քանի օր չես ուզե խոսաս հետս։ Կցավամ, օր բդի չհասկնաս ու բդի մեղադրես ընձի, քանի օր կնիգմարդը, մեծամասամբ, սրտի խելքով կմտածե։ Բանականության կայացրած վճիռը, էն էլ սիրող աղջկա հմար, բդի օր անհասկնալի ու ցավալի էղնի՛՛։
ԱՐԱՔՍԻ — Մե ժամանակմ Անահիտին աղի պես լիզերգը, հմի փիլիսոփա՜ է դառե գլխուս։
ԱՐԱՅԻԿ — (կարդում է): ՛՛Ես շնորակալ եմ ճիճուներից, օր ախորժակիս հետ աչքերս էլ բացին։ Մեր կապի մեջն աստված էր մեղավորը՛՛։
ԱՐԱՔՍԻ — Ասսուն հասավ էդ լագոտը։
ԱՐԱՅԻԿ — ՛՛Հասունացման ու սիրո հասակն աստված մեկտեղել է ու մենք մեր առաջի սերը խոստովանելուց ավելի շատ կրքի ազդեցության տակ ենք, քան թե զգացմունքի։ Նպատակս քեզի…՛՛։ Շարունակությունը զզվելի բաների մասին է, օր Անահիտին կսպանե։ (Պատռում է նամակը։) Ես չեմ կռնա էս նամակն իրան տամ։
ԱՐՄԵՆԱԿ — Էս էլ ձեր իդեալը։
ԱՐԱՔՍԻ — Բդի խոստովանեմ, օր էդ տղեն իմ վրես էդ տպավորությունը չի թողե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ես էլ չէի սպասե ըսպես բան։
ԱՐԱՅԻԿ — Որդև էդ Ավետիքը լավ խաբել գիտեր, օր հասներ իրա նպատակին։
ԱՐԱՔՍԻ – Չէ, չէ՝ ի՞նչ նպատակին հասնել։ Իրանց մեջը հեչ բան չի էղե, հեչ բան։ Չէ՞ օր ընձի պես դու էլ միշտ անգաջ ես դրե ու ամեն ինչ գիդես։ Էդ գրած ստորությանը մի՛ հավատա։ Աղջիկըս անմեղ է, մաքուր։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՞նչ ես կպե էդ տղուց։ Մտածե՝ ինչ բդի էնես։
ԱՐԱՅԻԿ — Դուք մտածեք՝ ինչըխ բդի Անահիտին ըսեք։ Ես չեմ կռնա իրան ցավ պատառեմ։
Արայիկը գնում է։
ԱՐԱՔՍԻ — Հբը հըմի ի՞նչ բդի ըսենք Անահիտին՝ Արմենակ, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Թե չենք ուզե, օր Անահիտը տանջվի, չէ օր իրեքս էլ գիտենք, թե ինքն ինչըխ կսիրե Ավետիքին, ուրեմն բդի մե սուտմ հորինենք, օր ցավը սրտից շեղենք, մինչև օր ժամանակն ամեն ինչ իրա տեղը դնե։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՞նչ սուտ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Օր ճշմարտանման էղնի՝ բդի Անահիտին ըսենք, օր Ավետիքը գնացել է Արցախ ծառայելու, քանի օր ըդիկ էր Անահիտի իդեալը։
ԱՐՄԵՆԱԿ — Էրազներից ու իդեալից պրծաք՝ հմի էլ ստի պոչի՞ց բռնիք։ Դուք ըդուրով կործանեքգը իրան, դուք՝ էրկուսդ։
ԱՐԱՔՍԻ — Հբը ի՞նչ ըսենք, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ճիշտը։
ԱՐԱՔՍԻ — Մեկ-մեկ ընձի պատմերգը իրա սիրուց՝ մոռնալով, օր էդ բոլորը ես լսել եմ՝ վարագուրի եդևը պայ մտած։ Հմի ի՞նչ կեղնի, թե ճիշտն իմանա։ Վախենամ՝ փորձանք բերե գլխուն։
ԱՐՄԵՆԱԿ – Հա, էրազը երգնային էր, իսկ ցավը երգրային կէղնի։ Վերջապես վար թող ընկնի երգնքից։ Գետնին քելող միլիոնները մե վախտմ օդն են էղե։
ԱՐԱՔՍԻ — Էդ վայրէջքը կջարդե իրա թևերը։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՞նչ կռնաս էնես՝ հերթն իրանն է։
ԱՐԱՄԱՅԻՍ – Արմենակ, թող ցավը մեղմենք։ Առանց էն էլ որբ է։
ԱՐՄԵՆԱԿ — Իմ վրես հույս չդնեք։ (Գնում է։)
ԱՐԱՔՍԻ – Արամայիս, դու լավ սուտ հորինիր, ապրիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Կռնա՞ Արմենակը ճիշտ կըսե, հը՞, Արաքսի։ Հետո, վայթե, ավելի վատ էղնի։
ԱՐԱՔՍԻ – Չէ, չէ, չէ։ Մենք չբդի թողնինք, օր աղջիկս տանջվի։ Ըդիկ է կարևորը։ (Երկինք նայելով։) Տեր, ներե մեզի էս ստի հմար։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան առաջին
Բակում։ Տանից դուրս է գալիս Արմենակը և ծիկրակում է ցանկապատից՝ չնկատելով Արամայիսին։
ԱՐՄԵՆԱԿ — Գրքերից պրծավ՝ հմի էլ խելքը թերթերին տվեց։
ԱՐԱՄԱՅԻՍ — Դժգոհ կերևաս, հո՞ բան չի էղե։
ԱՐՄԵՆԱԿ – Է, պատերազմից էլ գե՞շ բան։ Առավոտը՝ նախաճաշին, ցերեկը՝ ճաշին, իրիկունն՝ ընթրիքին, ամեն անգամ ուտելիքի հետ մե կդորմ պատերազմ կուլ կուդամ։ Օր օրի պատերազմը խցկվիգը հոգիս։ Ու ձեր շնորհիվ՝ քու և Արաքսիի։ Անահիտը սաղ օրն անհամբեր քեզի կաշե, թե եբ բդի թերթ բերես։ Հմի ագահորեն էդ թերթերը կարդագը, ինչխօր մե վախտըմ սիրային գրքերը կարդարգը։ Ու օրերը կհաշվե՝ երջանկությունից գլուխը կորցրած, քանի օր մտածեգը, թե Ավետիքն Արցախ է գնացե, ինչխօր ըսել եք իրան դու ու Արաքսին։
ԱՐԱՄԱՅԻՍ — Խե՜ղճ աղջիկ, իրա երջանկությունը մեր հորինած ստի մեջն է։
ԱՐՄԵՆԱԿ — Չէ՞ օր խոստացաք ընձի՝ դու ու Արաքսին, օր իրան կըսեք ճիշտը։
ԱՐԱՄԱՅԻՍ – Ըդիկ, ախր, սպանելու պես բան է։
ԱՐՄԵՆԱԿ — Իսկ ձեր խաբելը երջանկությո՞ւն է։ Եգուց, եբ օր ճիշտն իմացավ, ձեզի չի՜ ներե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Որբի հերն ու մերն աստված է։
ԱՐՄԵՆԱԿ — Դու էլ իրանց պես չես փոխվի, Արամայիս։ Ձեզի հետ խոսալն անօգուտ է։ Էրթամ՝ գործերս մնաց։ (Գնում է։)
Երևում է Արայիկը՝ ցանկապատի մյուս կողմում։
ԱՐԱՅԻԿ — Քեռի Արամայիս, ընձի էլ մե հադմ թերթ տուր։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի՞նչ է էղե։
ԱՐԱՅԻԿ — Կսեն՝ կռիվ է Արցախում։ Գուզեմ տեսնիմ։
ԱՐԱՄԱՅԻՍ — (թերթ տալով): Արդեն ինչքան վախտ էղավ հրադադար է։
ԱՐԱՅԻԿ — (թերթն աչք անցկացնելով): Գտա՝ հրադադարի խախտում սահմանին։ (Կարդում է։) ՛՛Երեկ ռազմաճակատի հյուսիս արևելյան ուղղությամբ կատարվել է հակառակորդի դիվերսիոն հետախուզական ջոկատի ներթափանցման փորձ։ Տեղի է ունեցել փոխհրաձգություն…՛՛։ (Ընդհատում է կարդալը։) Հբը՞ կսեն կռիվ չկա։ Իրար վրա են կրակե։ Շարունակությունը տեսնինք։ Բայց…
ԱՐԱՄԱՅԻՍ — Հը՞, ի՞նչ էղավ։
ԱՐԱՅԻԿ — Գրած է՝ առանց զոհերի։ Ի՞նչըխ ըդպես կեղնի։ Էս երգրի մեջն օր-օրի կավելնան սգացող մերերը, անմարդ կնիգները, իսկ ըսոնք՝ զոհեր չկան։ Ճշմարտությունն ընիկ է, օր թեև հրադադար է, բայց թե շատ զոհեր կան։ Ու մեկ-մեկ կբերեն մեռածներին, օր հուզումներ չէղնի էս երգրի մեջը, օր մարդիկ անտեղյակ էղնին, ինչխօր Անահիտը։ Իսկ եբ օր զոհեր կան, ըդիկ հրադադար չէ՝ պատերա՜զմ է։ Ճիշտ է՝ ոչ լրիվ, բայց պատերազմ է։ Ըսենք՝ զրոյական պատերազմ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Զրոյական պատերազմը ո՞րն է, ծօ։
ԱՐԱՅԻԿ — Օր խաղաղություն է, բայց թե մարդիկ զոհվինգը։ Իսկ էս իշխանությունը կպայե՝ չի ըսե ժողովրդին։
ԱՐԱՄԱՅԻՍ — Պատերազմը հո ասեղ չէ, օր պայե՝ մարդ չիմանա։
ԱՐԱՅԻԿ — Էս իշխանությանը օր պետք էղնի՝ երգինքն էլ կծածկե մեզնից օր չտեսնինք։
ԱՐԱՄԱՅԻՍ — Այ թե մոգոնել գիտես՝ զրոյակա՜ն պատերազմ։
Արամայիսը գնում է:
ԱՐԱՅԻԿ — Մե ամիսմ կեղնի՝ ինչ էդ Ավետիքն Արցախ գնաց, բայց թե հմի ավելի շատ է կայնած ճամփիս։ Իրա ներկայությունը, խոսքերն ինչ օր տեղ հույս էր, օր կռնա սխալվի, իսկ հմի տարածությունն ու ժամանակը կմաքրեն իրան։ Հմի ավելի դժվար է ընձի հմար։ Բայց բդի մե բանմ էնեմ։ Բայց՝ ի՞նչ։ (Բացում է ձեռքի թերթը։) Հրադադարի խախտում սահմանին… Ահա՛ առիթը։ Պատերազմում ու սիրո մեջ կանոններ չկան։ Ժամանակն է, օր էդ Ավետիքը վերջապես չքվի ճամփիցս։ (Գնում է։)
Տեսարան երկրորդ
Բակում։ Գալիս է Արմենակը՝ ընկճված։
ԱՐԱՔՍԻ — Էդ ի՞նչ է էղե, Արմենակ։ Հո ապրանքներդ չե՞ն գողցե։
ԱՐՄԵՆԱԿ — Չէ։
ԱՐԱՔՍԻ — Մե տեսակմ ես։ Ինչխօր մարդ մեռած էղնի։
ԱՐՄԵՆԱԿ — Առևտուրս։
ԱՐԱՔՍԻ — Ինչ մեր էս կողքի խանութը բացվավ՝ էլ տեղդ չես գդնի։
ԱՐՄԵՆԱԿ — Հնար էղներ, Արաքսի, ընձի կայնցնեի իմ դեմս ու մե սիլեմ հասցնեիգը վզակոթիս։ Էդ խանութից հետո սկսել եմ ես ընձի խղճալ։ Սաղ կյանքս առևտրով եմ զբաղվե ու հմի ըդոնք ընձնից առաջ են անցե։ Ինչխօր ընձի թալնած էղնին։ Ըդոնց երեսից ճամփես հմի փոխել եմ, օր էդ խանութի կողքով չանցնիմ, ես իմ աչքիս չխեղճնամ։
ԱՐԱՔՍԻ — Աստված մեծ է, Արմենակ, մե օրմ էլ քեզի հմար…
ԱՐՄԵՆԱԿ — Մե քիչմ շատ չե՞նք հույս դնե ասսու վրեն, Արաքսի։ Ու ըդիկ մեր խեղճությունի՜ց է։ Խեղճ ենք՝ ըդուր հմար էլ խեղճությունն ամեն օր թափիգը գլխներիս։ Դու փողատեր խեղճ մարդ տեսե՞լ ես, Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Չէ։
ԱՐՄԵՆԱԿ – Է, ուրդի՞ց տեսնիս։ Տեսա՞ր ինչ արագությամբ խանութ սարքեց։ Որդև իրա փողերի վրեն հույսը դրավ, ոչ թե ասսուն դիմեց՝ խեղճերի պես, որոնք եսօր իրար հրմշտելով դուս թափան ժամից։
ԱՐԱՔՍԻ — Ընչի՞։
ԱՐՄԵՆԱԿ — Ընտրություն է շուտով։ Ժամի կողքն էս խանութի տերը շտաբ է բացե ու օգնություն բաժներգը։ Մե քանիմ րոպեի մեջը ասսու տունը դարդըկվավ։ Բա՜, Արաքսի։ Աստված ի՞նչ կռնա տա էդ խեղճերին. դրախտի խոստո՞ւմ, իսկ ըսիկ՝ փո՜ղ։ Փողով ամեն մեկը կռնա իրա դրախտը սարքե էս երգրի վրեն։ Գիտե՞ս որն է ասսու թերությունը, Արաքսի, առևտո՜ւր չիդե։ Իսկ մարդու կյանքն առնել ու տալ է՝ առևտո՜ւր է։
ԱՐԱՔՍԻ — Գիտե՞ս ընչի աստված մարդուն թևեր չի տվե, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞։
ԱՐԱՔՍԻ — Օր առևտրի կեղտոտ հարաբերությունները մնան երգրի վրեն, մարդը չկռնանա երգինք հանե։
ԱՐՄԵՆԱԿ — Քու ըսածդ էդ ՛՛կեղտոտ հարաբերությունները՛՛, Արաքսի, կյանքը շինենգը վայելք٫ ոչ թե տառապանք։ Ու էս նոր հայերն ըդիկ լավ են հասկցե։
ԱՐԱՔՍԻ — Նո՜ր հայեր. համա թե մոգոնել են։ Մենք էլ հինն ենք, հա՞։
ԱՐՄԵՆԱԿ — Հին ենք, հբը ինչ ենք, օր քաշ գուկանք պոչից։
ԱՐԱՔՍԻ — Ախր ըդոնց ի՞նչն է նոր. իրա՞նք, թե՞ իրանց գործը։ Նույն առևտրականը չե՞ն, ինչ հազար տարի առաջ։ Մենակ թե հմի բիզնեսմեն կոչվինգը ու դրամի տեղը դոլար հավաքենգը։ Էս էլ քեզի սաղ տարբերությունը։
ԱՐՄԵՆԱԿ – Չէ, Արաքսի, ըդոնք էս երգրի տերերն են։ Էռնեկ կռնանամ իրանց հասնիմ՝ սայլակս մե խանութովմ փոխելով։
ԱՐԱՔՍԻ – Չէ, Արմենակ, ըդոնք չեն էս երգրի տերերը։ Ըդոնք կվազեն մենակ փողի, ինչխօր թիթեռը՝ ճրագին ու կվառին՝ ավելի շատ ունենալով։ Ըդոնց հոգու մեջը սէր չկա, իդեալ չկա։ Փողը ճիճվի պես կերել է ըդոնց սր տերը։ Ըդոնք մեռած սրտերով մարդիկ են։ Ըդոնց ոտների տակը օր ազգի ցավերը շաղ տաս՝ տրորենգը ու կանցնին։ Էդ անասունների հմար հայրենիքն… արոտավա՜յր է. իրանք կուշտ էղնին։ Ըդպեսների մեջը մեռնիգը ազգը։ Ինչխօր անասունին մորթենգը, ըդպես էլ ըդոնք հայրենիքը կմորթեն։ Իսկ էս երգրի տերերը սովորական մարդիկ են, օր գլուխները կախ իրանց գործը կենեն: Բանվորը, օր ամեն օր քարը դնեգը քարին, մշակը, օր ամեն օր հողը մշակեգը, զինվորը, օր ամեն օր հայրենիքը պաշտպանեգը, հավատացյալը, օր ամեն օր իրա ՛՛Հայր մեր՛՛-ը կըսե։ Էս երգիրն անգամ մկներ բռնող կատվինն է ու օդի մեջը մլակներ որսացող ծիծեռնակինն է էս երգիրը, բայց ո՜չ իրանցը։
ԱՐՄԵՆԱԿ — Է՜-է՛, Արաքսի, հո էրեխա չեմ, օր գլխուս քարոզ կարդասգը։ Հասկնա՞սգը՝ մեկ-մեկ մտնիմգը էդ խանութն ու անկախ ընձնից մտքիս մեջը կսկսեմ բաներ շշնջալ, ինչխօր ժամ մտած էղնիմ ու աղոթեմ։
ԱՐԱՔՍԻ – Ափսոս, օր կեղտոտել ես երազանքդ։ Թե ըդքան շատ գուզես էդ նոր հայերին հասնիս՝ քաղաքական ապրանքներ ծախե. գործդ կծաղկի, եկամուտներդ կավելնան։
ԱՐՄԵՆԱԿ — Քաղաքական ապրանքներն ո՞րն է։
ԱՐԱՔՍԻ — Հուսալքվածներին մե կդորմ հույս ծախե, օր էս երգիրը չդարդկվի։ Տիա, իրար կրունկ կոխենգը հայրենիքից փախնողները։ Վախենամ եգուց էս հողակտորն էլ հայի պատմական հայրենիքը դառնա, որդև կեղծ հայրենասերներն են շադցե, օր իրանց հայրենիքը սիրենգը խոսքով, երգով, բաժակաճառով, բայց ո՜չ իրանց փողով ու քաղաքացի էղնելով։ Մոլրածներին մե կդորմ հավատ ծախե, թե չէ աղանդներից խեղդվող մեր հավատի խռխռոցը լսվիգը արդեն։ Էս ժողովրդին միասնություն ծախե, օր իրան պառակտելն ըդքան հեշտ չէղնի. քանի դար էղավ էդ ապրանքի դեֆիցիդ է էս ազգի մեջը։ Խելռելու բան է՝ հային մենակ թուրքը կռնա միաբանե։ Իշխանավորներին էլ ժողովրդավարություն ծախե, օր իրանց հմար աթոռը խա՜չ էղնի, ոչ թե՝ գահ։
ԱՐՄԵՆԱԿ — Էդ ի՞նչ ցնդաբանություն է, Արաքսի։ Է՜-է՛հ։ (Տուն է մտնում՝ ձեռքը թափ տալով։)
ԱՐԱՔՍԻ — (ձայնում է Արմենակի ետևից): Հա, մոռցա. սէր, սէր ծախե՝ խլխլե՜նգը։ Էդ ապրանքի դեֆիցիդը միշտ կա ու կա։
ԱՆԱՀԻՏ — (գալով: Մորքուր…
ԱՐԱՔՍԻ — Ի՞նչ է էղե, աղջիկս, ընչի՞ ես ըդպես հուզված։
ԱՆԱՀԻՏ — (լացակումած): Ավետիքը…
ԱՐԱՔՍԻ — Ավետիքը՝ ի՞ նչ։
ԱՆԱՀԻՏ — … զոհվել է։
ԱՐԱՔՍԻ — Քոռնամ ես՝ սիրտդ հմի աչքերիցդ դուս գուկա։ Հանգստացի։ Քեզի ո՞վ ըսավ։
ԱՆԱՀԻՏ — Արայիկը։ Ժամից տուն գուկայի՝ ճամփես կդրեց ու էդ բոթը թույնի պես անգաջներս լցեց։
ԱՐԱՔՍԻ — Այ քրքրվի ըդուր լիզուն։ Տես՝ ինչե՜ր է մոգոնե։
ԱՆԱՀԻՏ — (լալով): Ես եմ մեղավորը, ես։ Ավոս գնաց, օր իրականանա իմ էրազը, բայց մահս իրականացավ։
ԱՐԱՔՍԻ — (ջղայնանալով): Էդ ի՞նչ հիմարություն ես մտցրե գլուխդ։ Դու հեչ մե մեղքմ էլ չունիս։ Հասկցա՞ր։
ԱՆԱՀԻՏ — Ես ընձի վիպական հերոսուհի կերևակայեի՝ այնինչ հիմարի մեկն եմ։ Ու հմի (խփում է կրծքին), էս սիրտս կցավա (խփում է գլխին), էս ուղեղս կխելռի։ Հա٫ ճիշտ օր, ապուշի մեկն եմ։
ԱՐԱՔՍԻ — Ուրդե՞ղ է զոհվե Ավետիքը։
ԱՆԱՀԻՏ — Արցախում՝ հրադադարի խախտման ժամանակ։
ԱՐԱՔՍԻ — Տեսա՞ր, օր սուտ է։ Ավետիքը Արցախում զոհված չի կռնա էղնի։
ԱՆԱՀԻՏ — Ընչի՞։
ԱՐԱՔՍԻ — Որդև մարդը չի կռնա զոհվի ընտեղ՝ ուրդեղ օր չէ։
ԱՆԱՀԻՏ – Չէ, դու կխաբես ընձի։
ԱՐՄԵՆԱԿ — (գալով): Էս ի՞նչ ձեներ են։ Ի՞նչ է էղե։
ԱՐԱՔՍԻ – Այ, Արմենակն էլ կռնա հաստատե ըսածներս։ Արմենակ, ըսա, օր Ավետիքը Արցախում չէ։ Ես կսեմ, իսկ աղջիկս ընձի չի հավատա։ Էն անաստված Արայիկն Անահիտիս ըսել է, օր Ավետիքը Արցախում զոհվել է։
ԱՐՄԵՆԱԿ — Ախր կսեի, չէ՞, չլսիք։
ԱՐԱՔՍԻ – Արմենակ, հմի վիճելու վախտը չէ։ Ըսա, օր Ավետիքը Արցախում չէ։
ԱՆԱՀԻՏ — Իզուր մի ջանա, մորքուր։ Ես եմ մեղավորը՝ դուք ի՞նչ մեղք ունիք։ Ու ես ապրել չե՜մ ուզե։
ԱՐԱՔՍԻ — Ուշքի արի, աղջիկս։ Քեզի ի՞նչ էդ Ավետիքը։ Էդ տղեն լքել է քեզի։
ԱՆԱՀԻՏ — Ի՜-ի՞նչ ըսիր։
Երկարաձգվող դադար։
ԱՐԱՔՍԻ — Էդ մենք էինք հորինե իրա Արցախ էրթալը։
ԱՐՄԵՆԱԿ — Մենք չէ՝ դու ու Արամայիսը։
ԱՆԱՀԻՏ — Ըդիկ ճի՞շտ է, մորքուր։
ԱՐԱՔՍԻ — Ներե մեզի, աղջիկս։ Մենք չէինք ուզե, օր դու տառապիս։
ԱՆԱՀԻՏ — Կյանքը երազ է‚ մորքուր, թե սուտ էր էդ բոլորը:
ԱՐԱՔՍԻ — Էրազները մեկ-մեկ կատարվինգը‚ աղջիկս:
ԱՆԱՀԻՏ — Մեկ-մեկ՝ մորքուր։
Անահիտը տուն է մտնում:
ԱՐԱՔՍԻ — (երկինք նայելով): Որբի էրազների տերը դու ես‚ տեր:
Տեսարան երրորդ
Երեկո։ Բակ է գալիս Անահիտը՝ ձեռքին ինչ-որ փաթեթ։
ԱՆԱՀԻՏ — (երկինք նայելով): Երգինքն էլ քիչ-քիչ կմթնի՝ ճիշտ իմ հոգուս պես։
Բացում է ձեռքի փաթեթն ու սկսում ուտել պարունակությունը։ Կուրացուցիչ լույս ամբողջ բեմով մեկ։ Բեմը վերածվում է մի կողմից կիսաքանդ եկեղեցու, մյուս կողմից՝ կիսաքանդ բագինի։ Անահիտը ծնկաչոք է։ Նրա թիկունքում կանգնած է Ավետիքը։ Նրանք աղոթում են։
ԱՆԱՀԻՏ — Հայր մեր, որ յերկինս ես…
ԱՎԵՏԻՔ — Ո՜վ Անահիտ՝ սիրո աստվածուհի…
ԱՆԱՀԻՏ — Սուրբ եղիցի անուն քո…
ԱՎԵՏԻՔ — Որ փառաբանվում է անունդ դարեդար…
ԱՆԱՀԻՏ — Եկեսցէ արքայութիւն քո…
ԱՎԵՏԻՔ — Բագինիդ դուռն եմ եկել…
ԱՆԱՀԻՏ — Եղիցի կամք քո…
ԱՎԵՏԻՔ — Թող լինի կամքդ…
ԱՐՄԵՆԱԿԻ ձայնը – Արաքսի, մկնդեղն ի՞նչ էղավ։
ԱՐԱՔՍԻԻ ձայնը — Ըստեղ էի դրե, բայց թե չկա։
Դարձյալ կուրացուցիչ լույս ամբողջ բեմով մեկ։ Վերստին բակն է։ Անահիտը շարունակում է ինչ-որ բան ուտելը՝ պարտեզ մտնելով։
ԱՐՄԵՆԱԿ — (գալով): Անահիտն ուրդե՞ղ է՝ կռնա ինքը գիտե։ (Մտնում է պարտեզ։) Անահի՜տ٫ Անահի՜տ…
ԱՐԱՔՍԻ — (գալով): Ընչի՞ կճվաս խեղճ աղջկա վրեն։ Ես եմ մոռացե դրածս տեղը։ (Չգտնելով Արմենակին։) Արմենա՜կ…
ԱՐՄԵՆԱԿ — (պարտեզից դուրս է գալիս՝ Անահիտին գրկած): Արաքսի՜…
ԱՐԱՔՍԻ — (վախեցած): Էդ ի՞նչ է էղե, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ – (պառկեցնելով Անահիտին): Մկնդեղն, Արաքսի, էս սայլուկը կուդեր։ Մե կդորմ էլ ուշ հասնեի՝ հայտնի չէ, թե ինչ կէղներ հետը։
ԱՆԱՀԻՏ — Ընչի՞, ընչի՞ ընձի փրկիր, ես ապրել չե՜մ ուզե։
ԱՐՄԵՆԱԿ — Քանի օր փսխիր՝ փրկվար։ Հաշվե, օր նորից ծնվար։
ԱՐԱՔՍԻ — (վախեցած ու քնքշանքով): Ի՞նչըխ ես, աղջիկս։
ԱՆԱՀԻՏ — Վատ եմ, վատ։ Ժաժքին փլատակների տակը չմնացի՝ էրազիս փլատակի տակը մնացի։ Օգնե ընձի, մորքուր։ Ներսս ինչխօր կրակ էղնի։
ԱՐՄԵՆԱԿ — Թեև վտանգն անցավ, բայց լավ կէղնի, օր շտապօգնություն կանչեմ։ Կռնա պետք էղնի ստամոքսի լվացում էնեն։
Արմենակը գնում է։
ԱՐԱՔՍԻ — Կսես՝ ինչքա՞ն թույն կերար։
ԱՆԱՀԻՏ — Մե բուռմ, մե բուռմ կերա։
ԱՐԱՔՍԻ – Հանգստացի, աղջիկս, ըդքանով մուկ էլ չի սատկի։
ԱՆԱՀԻՏ — Ես տեսա, թե ինչըխ սատկած մկներին Արմենակն զիբլնոցը գցեց։
ԱՐԱՔՍԻ — Հմի ուրդեղ օր է շտապօգնությունը գուկա։ Մենք չենք թողնի, օր քեզի հետ մե բանմ էղնի։
ԱՆԱՀԻՏ — Ավելի լավ է չգա։ Ես գուզեմ մեռնիմ։ Ես չեմ ուզե, օր ցավը փշալարի պես սրտիս բոլորը փաթթվի։ Համ էլ՝ կազատվիք ընձնից։
ԱՐԱՔՍԻ — Էդ ինչե՞ր կսես, աղջիկս։ Ըդոնք գլխիցդ մե կողմմ շպրդե։ (Քնքշանքով՝ արցունքների միջից։) Մկնդեղ մե կդո՞րմ կերար, կսես, մե կդո՞րըմ։
Հեռվից լսվող շտապօգնության ազդանշանները։
Տեսարան չորրորդ
Բակում։ Արաքսի և Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Անահիտն ի՞նչըխ է հմի։
ԱՐԱՔՍԻ — Փառք ասսու՝մկնդեղն ուտելուց ետ թուլությունն անցել է, քիչ-քիչ լավնագը։ Բայց աչքերը պաղ են մնացե, Արամայիս, աշնան արևի պես պաղ։ Կխելռի, թե իրան չփոկենք էդ վշտից։
ԱՐԱՄԱՅԻՍ — Մենք բդի մե բանմ էնենք։
ԱՐԱՔՍԻ — Ի՞նչ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Չիդեմ։
ԱՐԱՔՍԻ — Անահիտի էս վիճակի հմար Արմենակը մեզի կմեղադրե։ Կսե՝ մեր ջանքերով է, օր Անահիտն էրազն ու իրականությունը խառնեց իրար։ Էլ ոչ ժամ կերթա, ոչ՝ ծնողների գերեզմանին։ Սաղ օրն իրա սենյակը փակված կմնա։ Երեկ լացի ձեն առա ու նես մտա։ Գուլար։ Մորքուր, ըսավ, գլուխս ցավագը հուշերիցս։ Գլխուս մեջն, ըսավ, ինչխօր ժաժք էղնի։ Իսկ ես հեչ մե բանովմ չկռնացա օգնել, Արամայիս, հեչ մե բանովմ։
ԱՐԱՄԱՅԻՍ – Հա, մենք բդի մե բանմ էնենք։
ԱՐԱՔՍԻ — Եսօր պարտեզն ավլելուց տերևների տկից գտա իրա գիրքը։ Էլ ոչ կարդագը٫ ոչ էլ պարտեզ կմտնի։ Արմենակը վայթե ճիշտ էր. չիրականացած էրազը ռումբի պես պայթիգը ու սպանեգը մարդուն։ Աղջիկս էլ առաջվանը չէ՝ տարօրինակ է դառե։
ԱՐԱՄԱՅԻՍ – Հա, ես էլ եմ տեսե. հա թքեգը՝ թյո՜ւ հա թյո՜ւ։
ԱՐԱՔՍԻ — Չի թքե, չէ, այլ թուրք բառն է٫ օր բերնից կթքե. թյո՜ւրք٫ թյո՜ւրք։ Ընձի թվագը՝ ըդպես վրեժ կլուծե իրա Ավոյի հմար։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հլը սիրեգը էդ տղուն։ Բդի շուդմ մե բանմ էնենք։ Չբդի թողնինք, օր Անահիտն ըդպես տանջվի։
ԱՐԱՔՍԻ — Էռնեկ Արմենակն էլ քեզի պես անհանգստանար Անահիտի հմար։ Բայց էդ մարդու սիրտը հեչ չտաքցավ Անահիտի վրեն։ Շանը, կատվին օր մարդը բերե պայեգը՝ սիրտը տաքնագը վրեքը։ Իսկ էս մարդու պետքը չէ։ Ընչի՞ է ըդպես՝ չիդեմ։ Ուրդե՞ղ է մեր հոգու զոհաբերությունը մեր մոտիկին։ Միթե՞ մենք մենակ հեռվից սիրել գիտենք՝ հեռվից ու հեռավորին. մեր կորցրած հայրենիքը, մեր ավերված տաճարն ու խաչքարը, մեր մեռած հարազատը, որոնց հմար էլ կարիք չկա, օր հոգ տանինք, չարչրվինք։ Առաջի քրիստոնյա ազգն էղնելով՝ հմի վերջի շարքերն ենք։ Քրիստոսը մեզի հմար առասպելի հերոս մնաց, մեր վարք ու բարքը չփոխվա՜վ։ Ու ես կասկածեմգը մեր հավատի անկեղծության վրեն։ Աշիկը ռազմի աստված գուզե, Արմենակի աստվածը փողն է, Անահիտն էլ վերջերս կրկնեգը, թե էս աստվածը սիրո աստված չէ։ (Խորհրդավոր շշուկով։) Ես հայի հոգու մեջը վեր հառնող հեթանոսի ձենը կլսեմ, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ – Տեր, ներե քու ծառա Արաքսիիդ։
ԱՐԱՔՍԻ – Ամեն, կսեմ իմ ամբողջ հոգով, բայց ոչ բանականությամբ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ներե ծառայիդ, տեր, ինքը չի հասկնա, թե ինչեր կխոսա։
Լսվում է եկեղեցու զանգերի ձայնը։
ԱՐԱՔՍԻ — Տեր Ավետիսն է։ Չիդեմ՝ աստծո՞ւն կզարթնցնե մեր մեջը, թե՞ մեզի գուզե զարթնցնե աստծու հմար։
Տեսարան հինգերորդ
Փողոց։
ԱՇԻԿ — Էս էլ երրորդ ծանուցագիրն եսօր անդեր մնաց. մեկն Ամերիկա է, մյուսը՝ Ռուսաստան, երրորդը՝ Եվրոպա։ (Դեպի բեմեզր գալով՝ ավելի շուտ հանդիսականներին դիմելով:) Արտագաղթն էս ազգի հմար անզոհ եղեռն է։ Ամեն գնացող, շագրենի կաշվի պես, պզդկցընեգը էս երգրի անվտանգությունը٫ բարօրությունը, հողը՝ ի վերջո, էն մե բուռմ հողը, օր ինքը բդի դառնա, խառնվի մայր հողին։ Թե իշխանություն ունենայի՝ էդ գնացողների վրեն հայրենիքի հարկ կդնեի։ կապրին, կբանցնեն էս երգիրն ու մեկ էլ տեսար՝ մնաս բարով, հայրենիք։ Ըդպես կվարվին բոզի հետ։ Վերջինին գոնե կվճարեն։ Հայրենիքն էլ բոզի վերածողները թող վճարեն։
ՁԱՅՆ ԵՏՆԱԲԵՄԻՑ — Էդ ինչե՞ր կսես, մարդ ասսու։
Գալիս է սևազգեստ մի կին։
ԱՇԻԿ — Ի՞նչ է էղել, մայրիկ։
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Տեր Ավետիսն էր, ձեռը շորեր կար։ Ըսավ՝ փողոցից է հավաքե։ Իբր մեկմ դեմից էրթալուց է էղե ու մեկ էլ շորերի միջից չքացել է։ (Դեռ տպավորության տակ է։) Ըսավ՝ վշտիցս ուրդեղ օր է հալումաշ կեղնիմ, շորերիս միջից կչքվիմ։ Ինքն էլ եդևես գուկա, օր իմ շորերս էլ հավաքե։
ԱՇԻԿ — Խեղճը խելռելե`բանի տեղ մի դիր։
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Մեկուճարս մե աղջկամ էր սիրահարվե։ Մե օրմ էլ էկավ, թե՝ սիրածիս իդեալը հայրենիքի պաշտպան զինվորն է։ Ու գնաց Արցախ։ Կսեն` կռիվ է էղե ու…
ԱՇԻԿ — Պատմել ես արդեն, մայրիկ։
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Խաբար չկա՞, տղա ջան։
ԱՇԻԿ — Չկա։ Բայց հրադադարի էդ խախտմանը զոհեր չեն էղե։ Թուրքերը բարձունքը չեն կռնացե գրավեն։ Եբ օր օգնական ուժերն էկել են՝ իրանք նահանջել են։
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Հբը ի՞նչ էղավ բալես։
ԱՇԻԿ — Կռվողներն իրանք էլ չեն կռնացե բացատրեն՝ ընչի՞ թուրքերն առաջ չէին գա, այլ հեռվից մենակ կկրակեին։ Ըդտեղ ինչ օր բանմ է էղե, օր անհայտ կմնա։ Դու հույսդ մի կորցրա, մայրիկ, մինչև ամեն ինչ պարզվի։ Սպասե ու հուսա։
ՍԵՎԱԶԳԵՍՏ ԿԻՆ — Արունի տեղը հմի իմ երակներիս մեջը հույսը կֆռա։ Մե օրմ օր էդ հույսը կդրավ էդ հույսի հետ, ես էլ կչքվիմ էս շորերի միջից։ Տեր Ավետիսը, վայթե, ճիշտ կսեր՝ մե հադմ սև գլխաշոր ու մե շորմ կռնա մեկմ գտնի ճամփին ընգած։
Սևազգեստ կինը գնում է։
ԱՇԻԿ — Հայ տղամարդու մե ձեռը հրացան է էղե՝ հայրենիքն է պաշտպանե, մյուս ձեռը բահն է էղե՝ հայրենիքն է շենացրե։ Հայ կնգա մե աչքը լացի մեջն է էղե՝ կռիվ գնացածի մարդու հմար, մյուս աչքը ծիծաղի մեջն է էղե՝ օրորոցի մեջը մեծացող տղու հմար։ Ու հեչ բան չի փոխվե։ Մենակ ժամանակը։ (Գնում է։)
Տեսարան վեցերորդ
Բակում։ Արմենակը ցանկապատն է քանդում։ Երևում է բացված պարտեզը՝ ծաղկած յասամանը և մի նստարան։
ԱՐԱՄԱՅԻՍ — (գալով): Էդ ի՞նչ կենես, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ցանկապատը քանդեմգը, օր պարտեզի տեղը խանութ սարքեմ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հբը՞ Անահիտը։
ԱՐՄԵՆԱԿ — Անահիտն՝ ի՞նչ։ Արաքսին էլ քեզի պես ոգևորվավ, իսկ գիտե՞ս Անահիտն ի՞նչ ըսավ։ Օր էս պարտեզն իրան պետք չէ, որդև ըստեղ իրա սիրո ու երջանկության գերեզմանն է։
ԱՐԱՄԱՅԻՍ — Սիրո տաճարն առևտրի վայր չեն շինե, Արմենակ։
ԱՐԱՔՍԻ — (որ եկել էր): Էս մարդը չի ուզե մեզի լսե՝ հազար անգամ էլ ես եմ ըսե։
ԱՐՄԵՆԱԿ — Չեղնի՞ ուրիշի սիրո վրեն օսկորներդ էլի տաքցնել գուզես, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — (նամակ հանելով): Ահա։
ԱՐՄԵՆԱԿ — Էդ ի՞նչ է։
ԱՐԱՄԱՅԻՍ — Նամակ է էկե Անահիտին։
ԱՐԱՔՍԻ — Ումի՞ց է, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Չիդեմ։ Ծրարի վրեն ձեր հասցեն է ու Անահիտի անունը։ Էլ բան չկա։
ԱՐԱՔՍԻ — Չէղնի՞ Ավետիքից է։ Կռնա՞ ինչ խաբել էինք Անահիտին՝ իրականացա՞վ։
ԱՐՄԵՆԱԿ – Հա, իհարկե, Արաքսի ու Արամայիս մարգարենե՛րն եք դուք։
ԱՐԱՔՍԻ — (վերցնելով նամակը): Տանիմ աղջկաս տամ։
Արաքսին գնում է։
ԱՐԱՄԱՅԻՍ — Կսեմ՝ ցանկապատն ետ իրա տեղը բդի դրվի։
ԱՐՄԵՆԱԿ — Չէ՛, ես էս տարածքն էլ հեչ մեկիմ չեմ զիջե։
Արմենակը գնում է։
ԱՐԱՅԻԿ — (փողոցի կողմից): Էդ ի՞նչ նամակ էր, քեռի Արամայիս։ Ումի՞ց էր։
ԱՐԱՄԱՅԻՍ — Չիդեմ։ Մենակ էն գիդեմ, օր ջահել աղջկան սիրային նամակ գրենգը։
Արամայիսը գնում է։
ԱՐԱՅԻԿ — Տեսնիս ո՞վ է էդ նամակը գրողը։ Մենակ իմանամ՝ ըդուր էլ կհեռցնեմ ճամփիցս, ինչխօր մյուսներին։ Ո՞վ, ո՞վ ես դու, օր կաս ու չկաս։ Երդվիմգը՝ թեկուզ ոգի էղնիս, մեկ է, դու էլ Անահիտին չես հասնի։ Անահիտն իմս բդի էղնի։ Ես հեչ մեկիմ չեմ տա իրան։ (Գնում է։)
Տեսարան յոթերորդ
Պարտեզում։ Ծաղկած յասամանի տակ մի նստարան։ Արաքսին նստած է՝ նոր շրջազգեստով٫ մազերը հավաքած։ Գալիս է Արամայիսը և նստում է կողքը՝ ձեռքին նամակ։
ԱՐԱՔՍԻ — Էլի նամա՞կ ես բերե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հա։
ԱՐԱՔՍԻ — Արդեն որերորդ նամակն է, բայց թե հեչ բանմ չի փոխվի, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ժամանակ է պետք։ (Ակնարկելով Արաքսիի շրջազգեստն ու սանրվածքը։) Համ էլ ինչ օր բանմ փոխվել է։
ԱՐԱՔՍԻ — (թախծոտ ժպիտով): Մտածեիգը, թե էդ նամակները լավը չեն, օր Անահիտին չեն կռնա փոխե։ Սկսեցի կարդալ, օր ստուգեմ։ Իմ պառավ արունը փոթորկվավ, Արամայիս։ Ժամանակին ընձի նամակ չեն գրե։ Մե կարգին սէր խոստացողմ էլ չի էղե։ Սիրային ժամադրություն էլ չեմ ունեցե։ Տասնութ տարեկան ջահել աղջիկ էի, օր Արմենակն էկավ աչքերս քոռցրավ իրա օսկե զարդերով ու իրանց տուն տարավ։ Էդ է էղե իմս։ Կռնա ըդուր հմար է, օր էդ նամակները կարդալուց սիրտս քիչ մնաց խելռեր էս հասակիս։ Լավ է, հայլին խելքի բերեց ընձի, եբ օր կողքով անցնելուց աչքս իրան ընգավ։ Ու եբ օր խելքի էգա, հմի էլ քիչ մնաց խելռիմ, օր խելքի եմ էգե։ Թազա շոր հագա, սանդրվա ու հնդկահավի պես փքված կայնա հայլու դեմը՝ վրեժ լուծելով հայլուց ընձի քիչմ առաջ նայող ճերմակ մազերով, արդեն պառվցած կնգանից։ Հմի էլ էգե նստել եմ ըստեղ՝ չիդեմ ընչի։
ԱՐԱՄԱՅԻՍ — Էս շորը քեզի շատ կսազե։
ԱՐԱՔՍԻ — Գիտե՞ս, Արմենակն էլ տեսավ, օր թազա շոր եմ հագե, բայց մենակ հիշեց, օր ինքն է առե ու շատ թանգ արժե էս շորը։ Ինքը միշտ իրա փողերը տեսնիգը մարդու վրեն կամ մարդկանց հետ հարաբերությունների մեջը։ Ըդուր հմար էլ չտեսավ հոգուս մեջը կատարվողը, ինչխօր չի տեսե, օր իրար հետ ապրա, բայց ըդպես էլ երջանիկ չեղա։ Իսկ երջանկությունը շուն չէ, օր բերեմ դուռս կապեմ, կերցնեմ, օր վրես սորվի, ընձնից չփախնի։ Հմի ըդպես էլ չի տեսնի Անահիտի հետը կատարվողը։ Ախր էս նամակներն ընձի պես հանգած հրաբխին կռնացան կենդանացնեն, հբը Անահիտին ընչի՞ չեն հուզե, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Եսիմ։
ԱՐԱՔՍԻ — Գոնե էս նամակագիրը հայդնվեր՝ կռնա էդ ժամանակ մե բանմ փոխվեր։
ԱՐԱՄԱՅԻՍ — Իսկական սէրը, Արաքսի, վախկոտ է։ Հուսանք, օր էդ տղեն մե օրմ հաղթեգը իրա վախն ու գուկա։
ԱՐԱՔՍԻ — Գուկա՞ օր։
ԱՐԱՄԱՅԻՍ — Չի կռնա չգա։ (Ոգևորվելով։) Կռնամ ըսեմ, թե ինչըխ կեղնի։
ԱՐԱՔՍԻ — Հա՞-ա՜։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ուրեմն՝ էդ տղեն գուկա, կբռնե Անահիտի ձեռը, այ, ինչխօր հմի ես քու ձեռդ բռնի, ծունկ կչոքի դեմը… (Ծունկ է չոքում։)
ԱՐԱՔՍԻ — Էդ ի՞նչ կենես՝ ոտներդ ցավագը, ախր։
ԱՐԱՄԱՅԻՍ — Բան չկա, Արաքսի։ Էդ տղեն ըսպես բդի էնե։ Ու եբ օր ծունկ չոքած կեղնի արդեն, կսե՝ ներե ընձի, քանի օր ընձի պես ապուշ աշխարը չկա, օր ըսքան վախտ հեռու եմ մնացե քեզնից, օր առանց քեզի շան օրի կյանք եմ ապրե։
ԱՐԱՔՍԻ — Քեզի ի՞նչ էղավ, Արամայիս։ Դու էլ հուզվար։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ներե ընձի, Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Ընչի՞ հմար ներեմ քեզի, Արամայիս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Որդև… Եսիմ։
ԱՐԱՔՍԻ – Ել, ել, ոտներդ կցավցնես։ Համ էլ ոչ թե քեզի ես բդի ներեմ, այլ շնորակալություն գուզեմ հայտնեմ քեզի։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ընչի՞ հմար։
ԱՐԱՔՍԻ — Ըսիկ ինչխօր սիրային հանդիպում էղներ, օր ես չեմ ունեցե։ Գոնե էս կերպ ունեցա։ Հբը իզո՞ւր եմ զուգվե զարդարվե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ժամանակը մեզի ձեռ կառնի, Արաքսի։
ԱՐԱՔՍԻ – Տուր, տուր էդ նամակը տանիմ Անահիտին տամ։ (Արամայիսի ձեռքից վերցնում է նամակը։) Կռնա էս մեկն Անահիտիս սաղցնե։ Իսկ դու գնա, գնա թերթերը բաժնե։ (Արամայիս գնում է։) Խե՜ղճ մարդ։ (Գնում է։)
Տեսարան ութերորդ
Բակում։ Արմենակն ինչ-որ մեկին է փնտրում՝ ցանկապատից այն կողմ։ Տանից դուրս է գալիս Արաքսին։
ԱՐՄԵՆԱԿ – Արաքսի, ընձի էս ընթացքում հարցնող չի՞ էղե։
ԱՐԱՔՍԻ — Չէ։
ԱՐՄԵՆԱԿ — Տեսա՞ր առածներս։ Բդի խոստովանեմ, օր վրես շատ թանգ նստավ ըդոնք առնելը։ Հատկապես Անահիտի շորը։
ԱՐԱՔՍԻ — Անահիտի հանդեպ անտարբեր էղնելով՝ ընչի՞ հանկարծ ըդպես առատաձեռ էղար, հը՞, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ախր տասնութ տարին կլրանա, հո սիրտը չենք կոդրե։ Համ էլ`հմի փողից առաջվա պես խեղճ չենք, ինչ էս թազա խանութը գործի մտա։
ԱՐԱՔՍԻ — Եսօր որբությունը մեր տնից գնաց։ Հմի իրոք օր ընտանիք ենք։ Շնորհակալ եմ, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Կսես՝ Արայի՞կն էլ ընձի չի հարցրե։
ԱՐԱՔՍԻ — Կդորմ առաջ մեր ցանկապատի բոլորը կպտտվեր։ Ի՞նչ է էղե։
ԱՐՄԵՆԱԿ – Հեչ, առևտրական գործեր են։
ԱՐԱՔՍԻ — Առևտրի հետ ես գլուխ չունիմ։
ԱՐՄԵՆԱԿ – Իհարկե, առևտուրն իմ գործս է։
Արմենակը գնում է։
ԱՐԱՄԱՅԻՍ — (գալով): Ըդիկ ճի՞շտ է, Արաքսի։ Արմենակն ըսավ, օր Անահիտի 18-ամյակը բդի նշեք։
ԱՐԱՔՍԻ — Պատկերացնե՞սգը։ Ես էլ չիդեմ, թե հետն ինչ կատարվիգը։ Հլը Անահիտին էլ շոր է առե՝ ճերմակ-սիրուն, ինչխօր հարսի շոր էղնի։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հբը էդ ո՞ւր կերթար։
ԱՐԱՔՍԻ — Հենց նոր Արայիկին հարցրեց։ Առևտրական գործեր ունիմ էդ տղի հետ՝ ըսավ։
Ձայն ետնաբեմից — Արաքսի՜…
ԱՐԱՔՍԻ — Արամենք են: Կողքի մայլեն հմի քիրով կապրին։ Մարդն իրա հայրենիքը քիրո՜վ կապրի։ Էրթանք դիմավորենք։
Արաքսին ու Արամայիսը դուրս են գնում։ Փողոցի կողմից բակ են մտնում Արմենակն ու Արայիկը։
ԱՐՄԵՆԱԿ — Կսեմ քեզի՝ ամեն օր կարդագը էդ նամակները։ Աչքն էլ միշտ ճամփին է։ Կսպասե նամակագրին։
ԱՐԱՅԻԿ — Ախր տեսքս…
ԱՐՄԵՆԱԿ — Արաքսին կսե՝ ժաժքն ու կռիվն էս քաղաքը փեսացուների դիֆիցիդ են գցե։ Տղամարդը հմի օսկու գին ունի։ Իսկ առևտրի մեջը կանոն կա. թե ապրանքի դեֆիցիդ է՝ որակին նայող չկա։
ԱՐԱՅԻԿ — Ուրեմն շանս ունի՞մ։
ԱՐՄԵՆԱԿ — Դու հույսդ իմ վրես դիր ու տեսնիսգը, օր Արմենակն էրազդ իրականություն կշինե։
ԱՐԱՅԻԿ — Հավատալս չի գա՝ Անահիտն իմ հարսնացուս։
ԱՐՄԵՆԱԿ – Դե, գնա պարտեզ։ Չմոռնաս ըսածներս՝ կսես, օր դու ես էդ նամակները գրողը։ Ես Անահիտին արդեն պարտեզ եմ ղրկե։
Արայիկը պարտեզ է մտնում։ Տանից٫ որտեղից լսելի է երգի ձայն, դուրս է գալիս Արաքսին։
ԱՐԱՔՍԻ — Ինչ օր լուր պտտվիգը հյուրերի մեջը։ Կսեն՝ Արմենակն ինչ օր բան է խոստացե։ Էդ ի՞նչ է, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Կդորմ համբերե։
ԱՐԱՔՍԻ — Անահիտին չե՞ս տեսե։ Ինչքան վախտ էղավ դուս էկավ ու հլը եդ չի էկե։
ԱՐՄԵՆԱԿ — Հլը երկար չի գա։
ԱՐԱՔՍԻ — (անհանգստացած): Հո՞ անցած անգամվա պես մկնդեղ չի կերե, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Մկնդեղ չէ, բայց թույնի պես հզոր բան է։
ԱՐԱՔՍԻ — (վախեցած): Ի՞նչ է։
ԱՐՄԵՆԱԿ — Սէ՜ր։ Նամակներ գրողն է հայդնվե։ Իրար հետ հմի պարտեզն են։
ԱՐԱՔՍԻ – (դեպի պարտեզ գնալով): Նամակներ գրո՞ղը… (Ծիկրակում է ցանկապատից։) Արմենա՜կ…
ԱՐՄԵՆԱԿ — Քեզի ի՞նչ էղավ, Արաքսի, չեղնի՞ մուկ տեսար։
ԱՐԱՔՍԻ — (ետ գալով): Արայիկն է։
ԱՐՄԵՆԱԿ — Է հա, էդ տղեն է փաստորեն աղջկադ նամակները գրե։
ԱՐԱՔՍԻ — Ախր ըդուր…
ԱՐՄԵՆԱԿ — Դու բոյին ու տեսքին մի աշե, Արաքսի։ Հիշե՝ անգամ կեղտաջուր լցիր գլխուն, բայց էդ տղեն իրան տղամարդավարի պայեց՝ չհրաժարվավ իրա սիրուց։
ԱՐԱՔՍԻ — Բայց…
Ներսից լսվում է տղամարդու բամբ ձայնով կատարվող երգ։
Պիտի զարկես՝ ինքը սգա՝
Նենգ է թուրքը٫ շնամիտ٫
Բազկիդ ուժը պիտի զգա٫
Որ վախենա թշնամիդ։
ԱՐՄԵՆԱԿ — Աշիկն է։ Էլի սկսեց։
Գալիս է Արամայիսը՝ ձեռքին բաժակ։ Նա մի քիչ գինով է։ Այդ ընթացքում լսվում է երգի շարունակությունը։
Թեկուզ անցնի հարյուր տարի
Նույնն է թուրքը՝ դահիճ լոկ։
Հայն է միակ հույսը հայի٫
Մեկ էլ զենքն իր՝ էլ ոչ ոք։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հյուրերի հետ խմի Անահիտի կենացը٫ իսկ ինքը չկա, օր շնավորեմ։ Ուրդե՞ղ է Անահիտը։ Կդորմ առաջ դու, Արմենակ, իրան դուս տարար՝ հյուրերի դժգոհությունը հարուցելով։ Բոլորը բերանները բաց իրան կաշեին։
ԱՐՄԵՆԱԿ — Ա՜٫ սիրուն շո՞րը նկատի ունիս։
ԱՐԱՄԱՅԻՍ – Իրան, Արմենակ, իրան։ Էնպիսին է դառե, օր առաջը մարդ գուզե մոմ վառե։ Ճիշտ նման է ընուր, որին կորցրի։ Ուրդե՞ղ է Անահիտը։
ԱՐՄԵՆԱԿ — Պարտեզն է՝ Արայիկի հետ։
ԱՐԱՄԱՅԻՍ — (անակնկալի եկած): Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՐՄԵՆԱԿ — Հմի սրտիդ ուզածի չափ, Արամայիս, կռնաս անգաջ դնես։ Դու չէ՞ օր սիրո կրակի վրեն օսկոռներդ տաքցնել կսիրես։ Իսկ ես էրթամ հյուրերին ըսեմ, օր Անահիտի տարեդարձը նշանդրեքի կփոխվի։
ԱՐԱՔՍԻ — Չեղնի՞ ըդիկ է քու խոստացածդ անակնկալը, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Հա, ըդիկ է։ Էրթամ, թե չէ քու բարեկամ Աշիկը ֆիդայական քեֆ կշինե։
Արմենակը գնում է։
ԱՐԱՔՍԻ — Ահա թե ընչի էր Անահիտի հմար ճերմակ շոր առե, ահա թե ընչի միշտ Արայիկի հետ վերջերս կառանձնանար։ Պարզվիգը՝ Արմենակը հենց սկզբից էլ գիդեցել է ամեն ինչ։ Աղջիկս էլ չիդեր՝ մեզի պես։ Ու սիրահարվավ՝ չտեսած իրա սիրու ով էղնելը։ Իսկ եբ օր տեսավ՝ արդեն կուրացած էր էդ սիրային նամակներով։ Իսկ ես կմտածեի, թե էդ նամակներն աղջկաս վրեն չեն ազդե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՐԱՔՍԻ — Արմենակն ըսավ, օր Արայիկն է Անահիտին նամակներ գրողը։
ԱՎԵՏԻՍ — Արայի՞կը։
ԱՐԱՔՍԻ — Արմենակն ըդպես ըսավ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Արմենա՞կը։
ԱՐԱՔՍԻ – Դու ինչ օր բա՞ն գիդես… Ընձնից դու բա՞ն կպայես։
ԱՐԱՄԱՅԻՍ — Նամակներն էդ տղեն չի գրե։
ԱՐԱՔՍԻ — Արայիկը չի՞ գրե։ (Ուրախացած։) Իսկ դու գիդե՞ս, թե ով է նամակները գրողը։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հա։
ԱՐԱՔՍԻ — Ուրեմն Արմենակը խաբե՞ց ընձի։ Ա՜… (Ինչ-որ բան հիշելով։) Էդ մարդը, վայթե, խելքին մոդիկ է ընդունե իմ ըսածներս ու Արայիկի վրեն սէր է ծախե իմ Անահիտին՝ էն անտեր խանութի հմար։ Արմենա՜կ… (Գնում է, բայց կիսաճամփից ետ է գալիս։) Բայց չսիր, Արամայիս٫ թե ո՞վ է նամակները գրողը։
Դադար։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ե՜…ես։
ԱՐԱՔՍԻ — Դո՞ւ։ Խելռա՞ր, Արամայիս։ Տարիքիդ աշե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Անահիտն ինչխօր դու եղնիս՝ ջահել վախտդ։
ԱՐԱՔՍԻ — Դու ուրդի՞ց գիտես, թե ես ինչըխ եմ էղե ջահել վախտս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ըսքան տարի ձեն չհանի՝ էլ չեմ ուզե լռեմ։ Իզուր ճզմի սիրտս ու սաղ կյանքս ապրա արնոտ սրտով։
ԱՐԱՔՍԻ — Էդ ինչե՞ր կխոսաս, մարդ ասսու։
ԱՐԱՄԱՅԻՍ — Հերիք է, Արաքսի, հերիք է էղնիմ մարդ ասսու, մարդ պատերազմի, մարդ տառապանքի։ Գուզեմ սիրու մարդ էղնիմ կդորմ էլ։
ԱՐԱՔՍԻ – Արամայիս, դու խմա՞ծ ես։
ԱՐԱՄԱՅԻՍ — Էդ նամակները քեզի չգրած իմ նամակներս են, Արաքսի։
ԱՐԱՔՍԻ — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՐԱՄԱՅԻՍ — Եբ օր նշանվար Արմենակի հետ՝ հոգիս տակնուվրա էղավ։ Հետո ժաժքը քարուքանդ էրավ քաղաքը ու ես աչքերովս տեսա, թե ինչ է էղե իմ հոգուս հետ։ Գնացի Արցախ, օր մե քոռ գնդակմ վերջ տա կյանքիս։ Բայց էդ կռվից ընձի 9 գրամ արճիճ էլ չհասավ։ Եբ օր ետ էկա՝ փոստատար դառա ու մեկ-մեկ ըսկսի ծեծել դռները՝ հավատալով, օր կգդնիմ քեզի։ Եբ օր ձեր դուռը ծեծի՝ երեսուն տարի էր անցե արդեն։
ԱՐԱՔՍԻ — Աստված իմ՝ ահա թե ով է էղե իմ լուսամուտիս տակը կայնողը, ահա թե ով է նռնակը վզից կախած կռվողը։ Իսկ ես էն վախտը հավատացի, օր ոտներիդ ցավից ծունկ իջար դեմս։
ԱՐԱՄԱՅԻՍ – Հա, ես եմ։ (Գնալով։) Ու հմի Արմենակին ամեն ինչ կսեմ։
ԱՐԱՔՍԻ — (գնալով): Արամայի՜ս…
Գալիս են Արմենակն ուԱրայիկը՝ տարբեր կողմերից։
ԱՐԱՅԻԿ — Քեռի Արմենակ, Անահիտն իրան տարօրինակ պայեգը, միշտ կխնդա, դեմքը կծռմռե՝ ինչխօր ընձի ձեռ առնի։
ԱՐՄԵՆԱԿ – Չէ, չէ, ըդպես բան չկա։ Երջանկությունը տգեղ դեմք ունի, եբ օր մարդը չի կեղծե, իրան բնական կպայե։ Անահիտը իրան երջանիկ կզգա՝ ըդուրից է։
ԱՐԱՅԻԿ — Աչքերը մե տեսակմ պաղ են։ Ճերմակ շորն էլ իրան դարձրել է օդեղեն ինչ-օր տեսիլք։ Ես կխոսամ, կխոսամ, իսկ ինքն ընձի չի էլ լսե։
ԱՐՄԵՆԱԿ — Շուդմ գնա պարտեզ, թե չէ ըսածդ հրեշտակը համբառնագը ու դու մենակ մնասգը։
Արմենակն Արայիկին հրում է պարտեզ։
ԱՐԱՄԱՅԻՍ — (գալով): Ահա և գտա քեզի։
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞ ես ըդպես հուզվե, Արամայիս։ Բա՞ն է էղե։
ԱՐԱՄԱՅԻՍ — Էկա քեզի ըսեմ, օր Անահիտին նամակներ գրողն Արայիկը չէ։
ԱՐՄԵՆԱԿ — Հբը ո՞վ է։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ես։
ԱՐՄԵՆԱԿ — Ա՜٫ ինչըխ էլ ճիշտ էի գլխի ընկե։ Ախր քու սրտիդ մեջն էլ մե սէրմ կթոզոդի։ Ու դու վերջը գտար քու հոգուդ մեջը էղածը դուս հանելու ձևը. նամակներ գրիր։ Բայց ըդիկ հմի հեչ մե նշանակությունմ չունի, Արամայիս։ Անահիտին ըսել եմ, օր Արայիկն է էդ նամակները գրողը։ Ու ես քեզի չեմ թողնի իրան ուրիշ բան ըսես։
ԱՐԱՄԱՅԻՍ — Դու ընձի չես կայնցնե։
ԱՐՄԵՆԱԿ — Մենակ փորձե։
Արամայիսը գնում է դեպի պարտեզ։ Արմենակը փակում է նրա ճամփան։ Սկսում են իրար քաշքշել։
ԱՐԱՄԱՅԻՍ – Թող, Արմենակ։
ԱՐՄԵՆԱԿ — Ընչի՞ քու քիթդ խոթեսգը քեզի չվերաբերվող գործերի մեջը։
ԱՐԱՄԱՅԻՍ – Չէ, ըդիկ հենց ընձի վերաբերվիգը։
ԱՐՄԵՆԱԿ — Դու խմած ես٫ Արամայիս։ Լավ կէղնի էրթաս տուն՝ մե կդորմ հանգստանաս։
ԱՐԱՄԱՅԻՍ — Ի սէր ասսու, հեռու գնա, Արմենակ։ Դու մե անգամմ արդեն կայնել ես ճամփիս։
ԱՐԱՔՍԻ — (գալով): Արմենա՜կ… Արամայի՜ս… Տեր աստված, օր ծերության խելռա՞ք էրկուսդ էլ, օր ջահելների պես իրար կքաշքշեք սիրածի հմար։ Իսկ դու, Արամայիս, ուշացել ես։ Քառասուն տարի առաջ բդի պայքարեիր, ոչ թե հմի։
Արմենակն ու Արամայիսը դադարում են իրար քաշքշել։
ԱՐՄԵՆԱԿ — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՐԱՔՍԻ — Ի՞նչըխ՝ դու չիդեի՞ր, Արմենակ։ Հբը ընչի՞ կռվեիքգը իրար հետ։
ԱՐՄԵՆԱԿ — Իսկ ի՞նչ բդի ես գիդենամ։
ԱՐԱՄԱՅԻՍ — Մե հադմ թոզոդած սիրու պատմություն, ինչխօր քիչմ առաջ ըսիր։ Էդ նամակները քառասուն տարի առաջ Արաքսիին չգրած իմ նամակներս են։
ԱՐՄԵՆԱԿ — Ահա թե ինչ գուզեիր ըսել՝ ՛՛դու մե անգամըմ արդեն կայնել ես ճամփիս՛՛ ըսելով։ Իսկ ես մտածի, թե խմած ես։
Հարվածում է Արամայիսին։ Նրանք էլի սկսում են իրար քաշքշել։
ԱՐԱՔՍԻ — Արմենա՜կ… Արամայի՜ս…Աստված իմ, էս տղամարդիկ, առանց կնգա, մենակ կռվել գիտեն։ Արմենա՜կ… Արամայի՜ս…
Արմենակն ու Արամայիսը իրար քաշքշելով դուրս են գնում։ Արաքսին գնում է նրանց ետևից։ Պարտեզից դուրս է գալիս Անահիտը։
ԱՆԱՀԻՏ — Մորքուր…
Արաքսին ետ է գալիս։
ԱՐԱՔՍԻ — Ի՞նչ է էղե, աղջիկս։
ԱՆԱՀԻՏ — Ընձի ամուսնության առաջարկ էրին։
ԱՐԱՔՍԻ — Արայի՞կը։
ԱՆԱՀԻՏ — Ինքն ընձի կսիրե, մորքուր։ Կռնա ի՞նքն է էն միակը, որի հետ ես երջանիկ կեղնիմ։
ԱՐԱՔՍԻ – Չիդեմ, աղջիկս։
ԱՆԱՀԻՏ — Մենակ տեսնիս ի՞նչ նամակներ է գրե։ Աչքերս վառեինգը կարդալուց։
ԱՐԱՔՍԻ — Էդ նամակներն Արամայիսն է գրե։
ԱՆԱՀԻՏ — Քեռի Արամայիսն ընձի՞ է սիրահարվել։
ԱՐԱՔՍԻ — Չէ՝ ընձի։
ԱՆԱՀԻՏ — Ի՜-ի՞նչ ըսիր։
ԱՐԱՔՍԻ — Կհիշե՞ս, պատմել եմ քեզի, օր մեգմ կայներգը լուսամուտիս տակը, եբ օր նշանվել էի արդեն։ Արամայիսն է էղե։
ԱՆԱՀԻՏ — Հբը ընչի՞ էդ նամակներն ընձի կուդայիր։
ԱՐԱՔՍԻ — Չիդեի, օր իմս են։
ԱՆԱՀԻՏ — Սաղդ կխաբենք ընձի։ Ես ձեզի, ախր, ի՞նչ եմ էրե։
Անահիտը գնում է։
ԱՐԱՔՍԻ — Չէ, աղջի՛կս, չէ…
Գալիս է Արմենակը։
ԱՐՄԵՆԱԿ — Սիրեկանիդ հմա՞ր գուլաս։
ԱՐԱՔՍԻ — Խելռա՞ր, այ մարդ։ Չէղած տեղն էդ ինչե՞ր մոգոնեսգը։
ԱՐՄԵՆԱԿ — Չեղած տե՞ղը։ Հմի կհասկնամ, թե էն օրն ընչի էիր թազա շոր հագե։ Պարտեզն էլ հետը հանդիպել ես։ Ըդիկ օր սիրային տեսակցություն չէ՝ հբը ի՞նչ է։ Իրար ձեռ բռնի՞ք… պռոշտի էղա՞ք։
ԱՐԱՔՍԻ — Ամոթ է, ամոթ։ Տարիքիդ աշե ու խոսքերիդ։
ԱՐՄԵՆԱԿ — Դու տարիքիդ աշե ու էրածիդ։ Կամ էլ էդ, էդ… սիրեկանդ։
ԱՐԱՔՍԻ — Ուշքի արի, այ մարդ։ Քիչ էր մարդկանց քովը խայտառակ էրիր`անմեղ տեղն էլ Արամայիսի քիթն արնոտիր։
ԱՐՄԵՆԱԿ — Պաշտպանե սիրեկանիդ։ Ինքն օր իմ հոգիս է արնոտե՝ ըդիկ հեչ, հա՞։ Ըսքան տարի, տզի պես, կպած է էղել իմ կյանքիս, իսկ ես իրան ընկեր եմ հաշվե, հետը հացս կիսե։ Իսկ ինքը… Ախր մեկ-մեկ զգայգը, թե ինչ ուշադիր է Անահիտի ու քու հանդեպ… ինչխօր իրա ընտանիքն էղնեիք։ Անաղուհաց…
ԱՐԱՔՍԻ — (գնալով): Ես զահլեդ չունիմ։
ԱՐԱՅԻԿ — (գալով): Քեռի Արմենակ, Անահիտին տեսե՞լ ես։ Հեչ մե տեղմ չկա։
ԱՐՄԵՆԱԿ — Գնա լավ աշե՝ կգտնիս։
ԱՐԱՅԻԿ — Սաղ տեղերն աշել եմ՝ չկա։ Արաքսի մորքուր ըսավ, օր գնացել է ոստիկան բերե, օր ընձի ձերբակալեն, քանի օր խաբել եմ իրան, թե ես եմ նամակները գրե։
ԱՐՄԵՆԱԿ — Ծօ, չե՞ս հասկնա՝ Արաքսին ձեռ է առե քեզի։
ԱՐԱՅԻԿ — Քեռի Արամայիսն էլ ըսավ, օր ինքը տեսել է, թե Անահիտն ինչըխ է երկինք ելե, քանի օր հրեշտակի պես սիրուն է։
ԱՐՄԵՆԱԿ — Արամայիսը հարբած էր՝ աչքին է էրևացե։ (Ինչ-որ բան հիշելով։) Արամայի՞սն ըսիր։ Ուրդե՞ղ էր Արամայիսը։
ԱՐԱՅԻԿ — Արաքսի մորքուրի հետ էր։
ԱՐՄԵՆԱԿ — Իրար հե՞տ էին՝ կսես։ (Գնալով): Արամայիս…
Ետնաբեմից լսվում է եկեղեցու անկանոն զանգերը։
ԱՐԱՅԻԿ — Տեր Ավետիսն է` խելռե ժամի զանգերը հա կզարգե։ Խելռե կորցրել է իրա աստծուն։ Ճիշտ ընձի պես։ Տեսնիս ուրդե՞ղ է Անոս։
Արայիկը պարտեզ է մտնում։
Վերջ
1983թ. — 2008թ.