ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ԿԱՐՈՒՍԵԼ

Կատակերգություն երկու մասից

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ՇՄԱՎՈՆ

ՀՐԱՆՈՒՇ 

ԲԵՆԻԿ

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ, ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — տարբեր մինիստրությունների պատասխանատու

աշխատողներ 

ՎԱՐՈՍՅԱՆ — ավտոպարկի տնօրեն

ՔԵՐՈԲՅԱՆ — միավորման գլխավոր տնօրեն

Գործողությունը՝ Երևանում

ԱՌԱՋԻՆ Մ Ա Ս

Պատկեր առաջին

Սուփրիկյանի աշխատասենյակը: Հեռախոսի զանգ:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆԱլլո

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Ես ընկեր Սուփրիկյանին եմ խնդրում։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ես եմ, Սուփրիկյանն է, ասեք, լսում եմ։ 

ՁԱՅՆ — Ընկեր Սուփրիկյան, Եփրեմյանն է։ Ցուցակները կազմել ենք, բայց այդքան գումար չունենք, որ վաթսուն հոգու պարգև-հավելում տանք քառասուն ռուբլու չափով։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Հանդիմանանքով) Եփրեմյան, Եփրեմյան, ինչո՞ւ եք խառնվել իրար, ի՞նչ է պատահել, մարդիկ աշխատել են, պիտի վարձատրվեն, ինչի՞ մասին է խոսքը։ Բարոյական խրախուսանքի ձև գոյություն ունի, մի մասին էլ պատվոգրեր տվեք անբասիր աշխատանքի համար։

ՁԱՅՆ — Քանի՞ հոգու։

ՇՄԱՎՈՆ — (Անհամարձակ, զգուշությամբ մտնելով) Կարելի՞ է, ընկեր Բալաբեկյան։ (Մնում է դռան տակ կանգնած):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Ուշադրություն չդարձնելով, կարծես չնկատելով էլ, որ մարդ մտավ) Ես չգիտեմ, դա արդեն դուք որոշեք։

ՁԱՅՆ — Մե՞նք…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Այո: 

ՇՄԱՎՈՆ — (Կարծելով «այոն» իրեն է վերաբերում) Կարելի՞ է, ընկեր Բալաբեկյան։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Այո, դուքԵթե փողը չի բավականացնում, երեսուն հոգու պարգև-հավելում տվեք, երեսուն հոգու՝ պատվոգիր կամ հակառակր

ՁԱՅՆ — Պատվոգիր չեն ուզում, փող են ուզում։ 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մեղավորը դուք եք, գաղափարական-դաստիարակչական աշխատանք չեք տանում մարդկանց հետ։ Իրենց ուզելո՞վ է…

ՁԱՅՆ — Պատվոգրերն էլ են վերջացել, մի քանի հատ է մնում։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մարդ ուղարկեք ինձ մոտ, թող գա մինիստրությունից տանի։ (Լսափողը դնելուց հետո: Շմավոնին) Լսում եմ։

ՇՄԱՎՈՆ — (Պարտադրված երկյուղածությամբ, հարգալից) Բարև ձեզ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Բարև… Ասեք:

ՇՄԱՎՈՆ — (Հավատով) Ես եմ, եկել եմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Լավ ես արել, որ եկել ես, հետո՞…

ՇՄԱՎՈՆ — (Դռան կողմը նայելով, վախվորած) Շատ ներողություն… (Ծրար է հանում ծոցագրպանից, դնում սեղանին):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Անակնկալի եկած, մեկից բղավելով). Ընկեր, ի՞նչ եք անում…

ՇՄԱՎՈՆ — (Առաջին իսկ հնչյունից վեր է թռչում, ընկրկելով) Կներեք… Սխալվեցի…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Կշտամբանքով) Ինչո՞ւ եք դնում սեղանին։

ՇՄԱՎՈՆ — (Նոր միայն հասկանալով նրան, մտերմիկ) Որտե՞ղ դնեմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չեմ հասկանում…

ՇՄԱՎՈՆ — Ես եմ, եկել եմ:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Տեսնում եմ։

ՇՄԱՎՈՆ — (Պատրաստակամ) Ձեզ հետ խոսել են, դուք եք ասել, որ գամ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Հա, բայց չեն բերում ու այդպես միանգամից դնում սեղանին։

ՇՄԱՎՈՆ — Ներողություն… (Շփոթված) Չգիտեի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ(Ծրարը դնելով դարակում) Ոչինչ… Ես արդեն խոսել եմ, գնացեք, կանի…

ՇՄԱՎՈՆ — (Կերպարանափոխվելով, թեթևացած) Շատ, շատ շնորհակալ եմ, հոգաչափ…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Թեև ցանկացողները շատ են, մինիստրի մակագրությամբ էլ դիմումներ կան, դա էլ ասեմ։

ՇՄԱՎՈՆ — (Արթնացող կասկածանքով) Կարո՞ղ է հանկարծ…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆՉէ, արդեն որոշված է։ Ուրիշ թեկնածու չի մնացել, դու ես։

ՇՄԱՎՈՆ — (Հուզված) Շատ, շատ շնորհակալ եմ, հոգաչափ…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մյուսների գործերը հետ են տվել տարբեր պատճառներով։ Բնավորություն է՝ խոսք եմ տվել, պիտի անեմ։ Կգնաս, հենց այսօր էլ հրամանդ կտան։

ՇՄԱՎՈՆ — (Աչքերը փայլում են ուրախությունից) Կտա՞ն… 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Իսկ ինչո՞ւ պիտի չտան։ (Ակնարկելով ծրարը) Լրիվ չէ՞ր։

ՇՄԱՎՈՆ — Լրիվ էր:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Բա էլ ինչո՞ւ ես կասկածում։

ՇՄԱՎՈՆ — (Զարմացած) Ուրեմն կարո՞ղ է պատահի… Ուզո՞ւմ եք, հաշվեք, նոր գնամ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Անհարմար չե՞ս զգում, հիմա ես պիտի նստեմ փող հաշվե՞մ։ Ինձ ինչի՞ տեղ ես դրել։

ՇՄԱՎՈՆՉէ, չէ, հաշվեք, էլի, խնդրում եմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Վերջացրու, ասում եմ… Եթե մարդկային հավատն էլ վերացավ, էլ ինչո՞ւ ենք ապրում։

ՇՄԱՎՈՆ — (Կաշկանդվելով) Ախր… Ամոթ էլ է ասելը… 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչ է պատահել։ Ասա, ինչո՞ւ ես քաշվում։ Օգնել է պետք՝ օգնենք։

ՇՄԱՎՈՆ — (Ամոթից կախելով գլուխը) Ընտանիք չեմ կարողանում պահել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Քմծիծաղով) Իբր մենք կարողանո՞ւմ ենք… Հիմա կպահես։

ՇՄԱՎՈՆ — Երկու տեղ եմ աշխատում, որ երկուսը միասին մի աշխատավարձ դառնա։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Անհաղորդ) Պարզ է:

ՇՄԱՎՈՆ — Գիշերները տանը չեմ, ցերեկներն էլ գալիս եմ քնում, էլի թողնում գնում գործի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Անհաղորդ, նույն ձևով) Հասկանալի է։ 

ՇՄԱՎՈՆ — Մի օր չի, երկու օր չի…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Նույն ձևով) Դժվար է, իհարկե։

ՇՄԱՎՈՆ — Կինսլավ կին է, բայց խեղդում է։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Բոլոր կանայք էլ խեղդում են, ուշադրություն մի դարձրու։

ՇՄԱՎՈՆ — Ասում է՝ մի կարգին տեղ էլ դու աշխատիր, որ մենք էլ ապրենք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Կանայք ինչ որ ասում են՝ ճիշտ են ասում։ Տղամարդու գործն է դժվար։ Դե գնա, էլ մի՛ ուշացրու։ 

ՇՄԱՎՈՆ — Ուրեմն հարյուր տոկոսով հանգիստ լինե՞մ։ 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Երկու հարյուր տոկոսով։ Ես ինչ որ անում եմ, անում եմ իմ հոգեկան բավականության համար նախ և առաջ։ Բոլոր դեպքերում մարդը պիտի մարդ մնա։ Դա էլ ասեմ։

ՇՄԱՎՈՆ — (Երջանիկ) Շատ, շատ շնորհակալ եմ, հոգաչափ:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Տեղյակ կպահես, իմանամ ինչ եղավ։ 

ՇՄԱՎՈՆ — (Լրջանալով) Կարո՞ղ է…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չէ, այ մարդ, ասում եմ, ուրեմն՝ վերջ։ 

ՇՄԱՎՈՆ — Ներողություն…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Բայց եթե հանկարծ որևէ հարց ծագի… 

ՇՄԱՎՈՆ — (Տագնապով) Ի՞նչ հարց…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ոչ մի հարց… Օրինակի համար եմ ասում… Եթե ծագի, թող ինձ զանգահարի։

ՇՄԱՎՈՆ — Կծագի՞ որ…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չէ, չէ, չի ծագի, հանգիստ գնա։ Ասել է՝ ժամը մեկին լինես իր մոտ։

ՇՄԱՎՈՆ — Որ ժամին որ ասեք… Մեկին է պետք, մեկին լինեմ։ .

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ազատ ես, կարող ես գնալ։

ՇՄԱՎՈՆ — Ներողություն, մի բան էլ հարցնեմ… 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Հարցրու։

ՇՄԱՎՈՆ — Հետո էլի հետ գա՞մ ձեզ մոտ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Եթե պետք լինի, արի։

ՇՄԱՎՈՆ — Բայց պետք չի լինի, չէ՞…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Չէ, հեռախոսով տեղյակ կպահես։ 

ՇՄԱՎՈՆ — Շնորհակալ եմ, շատ, շատ, հոգաչափ… (Ինքն իրեն) Փրկվեցի… (Գնում է):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Հետևից, տնկելով մատը) Ի՜նչ մարդու համար ասես միջնորդում են։ (Վեր է կենում, գնում է ներսից բանալիով կողպում դուռը: Վերադառնալով իր տեղը՝ դարակից հանում է ծրարը, սկսում հաշվել): Այս մանր փողերր որտեղի՞ց է հավաքել բերել… Սա ձեռ է առնո՞ւմ ինձ… (Շարունակում է հաշվել):

Պատկեր երկրորդ

Վարոսյանի աշխատասենյակը ավտոպարկում:

ՎԱՐՈՍՅԱՆ — (Դեպի սելեկտորը) 0161-ի վարորդին ասեք պարկից դուրս չգա։ Ժամը երկուսին՝ ինձ մոտ… Տուժած քաղաքացու հետ միասին։

Մտնում է Շմավոնը:

ՇՄԱՎՈՆ — Կարելի՞ է։

ՎԱՐՈՍՅԱՆ — (Առանց գլուխը բարձրացնելու) Ասեք։ 

ՇՄԱՎՈՆ — Բարև ձեզ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Բարև… Լսում եմ։

ՇՄԱՎՈՆ — (Համարձակություն ձեոք բերելու մղումով) Ինչպե՞ս եք։

ՎԱՐՈՍՅԱՆ — Շնորհակալություն։ Ասեք, լսում եմ։

ՇՄԱՎՈՆԴիսպետչերի տեղի համար…

ՎԱՐՈՍՅԱՆ — Այսի՞նքն

ՇՄԱՎՈՆ — (Նույն հավատով) Ես եմ, եկել եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Չհասկացա։

ՇՄԱՎՈՆ — (Մտածելով, որ չի կենտրոնանում, մտերմաբար, ասես գլխի գցելով) Դիսպետչերի տեղի համար…

ՎԱՐՈՍՅԱՆ — Ի՞նչ եք ուզում, այ ընկեր, պարզ ասեք, հասկանամ։

ՇՄԱՎՈՆ — (Նույն ձևով, ավելի ընդգծված) Դիսպետչերի տեղի համար…

ՎԱՐՈՍՅԱՆ — Դիսպետչերի տեղի համար՝ ի՞նչ…

ՇՄԱՎՈՆ — (Մտածելով, որ ուր որ է հիմա կնասկանա) Ես եմ, եկել եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Բայց դուք ո՞վ եք։

ՇՄԱՎՈՆ — (Զարմացած, որ դեռ չի կռահում) Ես եմ…

ՎԱՐՈՍՅԱՆ — Էլի ասում է՝ ես եմ… (Բռնկվելով) Ես էլ ես եմ, հետո՞…

ՇՄԱՎՈՆ — (Իրեն կորցրած) Ասում եմ՝ ես եմ, եկել եմ։ 

ՎԱՐՈՍՅԱՆ — Տեսնում եմ, որ դու ես, բայց դու ո՞վ ես։ 

ՇՄԱՎՈՆ — (Հուսահատ) Ասում եմ՝ ես եմ, ընկեր Վարոսյան։

ՎԱՐՈՍՅԱՆ — Մարդ կխելագարեցնի այս մարդը… Գիտեմ, որ դու ես, բայց դու ո՞վ ես։

ՇՄԱՎՈՆ — (Մոլորված) Շմավոնն եմ։

ՎԱՐՈՍՅԱՆՈ՞ր Շմավոնը։

ՇՄԱՎՈՆ — Գինոսյան։

ՎԱՐՈՍՅԱՆ — Գինոսյան Շմավոնն ո՞վ է։

ՇՄԱՎՈՆ — (Շվարած) Ես եմ…

ՎԱՐՈՍՅԱՆ (Համբերությունը հատած) Այ ընկեր, այ ընկեր, գիտեմ, որ դու ես, բայց դու ո՞վ ես։

ՇՄԱՎՈՆ — (Հլու-հնազանդ) Գինոսյան Շմավոնը… 

ՎԱՐՈՍՅԱՆ — (Կատաղությամբ) Ինձ անուն-ազգանուն-հայրանուն մի ասա, դրանք ինձ պետք չեն։ Գինոսյան Շմավոն, Գինոսյան Շմավոնն ո՞վ է…

ՇՄԱՎՈՆ — (Ասես ինքն իրենից վերացած) Ես եմ… 

ՎԱՐՈՍՅԱՆ — (Փրփրած) Այս մարդն ի՞նչ է ուզում ինձնից… Ի՞նչ եք ուզում ինձնից։ Ներկայացեք, տեսնեմ ով եքԻնչո՞ւ եք զբաղեցնում ավելորդ տեղը։

ՇՄԱՎՈՆ — (Թևաթափ) Ասում եմ՝ Գինոսյան Շմավոնը ես եմ…

ՎԱՐՈՍՅԱՆ — Լավ, հասկացա, դու ես, բայց ի՞նչ ես ուզում ինձնից, ինչո՞ւ ես եկել:

ՇՄԱՎՈՆ — Ժամը մեկն է, եկել եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Նախ և առաջ մեկին հինգ է պակաս, բայց դա ի՞նչ կապ ունի…

ՇՄԱՎՈՆ — Իմ ժամացույցը կարո՞ղ է սխալ է։ Գնամ, հինգ րոպեից գա՞մ։ (Մոտենում է դռանը):

ՎԱՐՈՍՅԱՆ — Սպասեք, ո՞ւր եք գնում, ես պայմանավորվածություն չունեմ ձեզ հետ։

ՇՄԱՎՈՆ — Իմ մասին խոսել են, ասել եք՝ ժամը մեկին թող գա։

ՎԱՐՈՍՅԱՆ – Ասել եմ գաք, որ ի՞նչ անեմ։

ՇՄԱՎՈՆ — Դիսպետչեր նշանակեք, աշխատեմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — (Հարվածելով սեղանին) Վերջ տվեք… Բոլորդ անազնիվ, հեշտ աշխատանքի եք վազում։

ՇՄԱՎՈՆ — (Կարկամելով) Խոսել են, ազնիվ խոսք։ 

ՎԱՐՈՍՅԱՆ – Մի դիսպետչերի տեղ է, օրը հարյուր մարդ է գալիս։

ՇՄԱՎՈՆ — Ես չեմ եկել, դուք եք կանչել ժամը մեկին: 

ՎԱՐՈՍՅԱՆ — Ես ոչ ոքի չեմ կանչել։ Ես գիտեմ ձեր ուզածն ինչ է… Որ նստած տեղը ամեն մի վարորդ մի ռուբլի խոթի ձեր գրպանը։

ՇՄԱՎՈՆ — Ես դրա համար չեմ եկել, ինձ ցերեկային աշխատանք է պետք։

ՎԱՐՈՍՅԱՆ – Ասացի՝ ես տեղ չունեմ։

ՇՄԱՎՈՆՔսանհինգ տարի գիշերային հերթապահ եմ տարբեր հիմնարկներում, մեկի փոխարեն երկու տեղ եմ աշխատում, որ երկուսը միասին մի աշխատավարձ դառնա։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ինձ կենսագրություն մի՛ պատմեք։

ՇՄԱՎՈՆ — (Լարված) Մի գիշեր մի տեղ եմ, մի գիշեր մի տեղ եմ… Տան երես չեմ տեսնում, տաք անկողնու կարոտ եմ, ազնիվ խոսք, ամոթ էլ է ասելը…

ՎԱՐՈՍՅԱՆ – Ինչի՞ համար են այդ պատմությունները, չեմ հասկանում։

ՇՄԱՎՈՆ — Բա ո՞ւմ ասեմԿինս կռվում է ինձ հետ, լաց է լինում, գոռում է, բղավում է, ասում է՝ մի գիշեր տանը պիտի մնա՞ս, թե՞ չէ…

ՎԱՐՈՍՅԱՆ — Էհ, մնա…

ՇՄԱՎՈՆ — Ո՞նց մնամ, որ գիշերներն եմ աշխատում։ Որ հնարավորություն լինի, բա չեմ մնա՞։ Եթե իմ կնոջ տեղը ձեր կինը լինի, կարծում եք, թե կտանի՞։ Շատ ներողություն, երկուսով ենք, դրա համար եմ ասում, ամոթ էլ է ասելը, ազնիվ խոսք, երկուսս էլ տղամարդ ենք. եթե մարդը կնոջ մոտ չքնի, էլ ի՞նչ ամուսին… Երկուսով ենք, դրա համար եմ ասում։ Մարդ ենք, ախր մի անգամ ենք աշխարհ գալիս։ Երկրորդ անգամ եկողի հերն եմ անիծել։

ՎԱՐՈՍՅԱՆ — Վերջացրի՞ր։

ՇՄԱՎՈՆ — (Չհանդարտվելով) Բա ամիսը մի գիշեր էլ տանս չքնե՞մ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Էհ, քնիր….

ՇՄԱՎՈՆ — (Հուզմունքից կերկերվող ձայնով) Ո՞նց քնեմ, որ գիշերներն եմ աշխատում։

ՎԱՐՈՍՅԱՆ — Անհարմար է, քեզ տղամարդու պես պահիր, ինչո՞ւ ես հուզվում։

ՇՄԱՎՈՆ — Չեմ հուզվում, լացս է գալիս… Ամոթ էլ է ասելը, ազնիվ խոսք։

ՎԱՐՈՍՅԱՆ — Գինոսյան, բայց դու հետաքրքիր մարդ ես, գիտե՞ս։

ՇՄԱՎՈՆ — Հետաքրքիր չեմ, վիճակս վիճակ չի։

ՎԱՐՈՍՅԱՆ – Չէ, հետաքրքիր ես, ես հետաքրքիր մարդկանց սիրում եմ։ Բայց հենց որ տեսնում եմ՝ մարդն անազնիվ է, գալիս է միայն փող փախցնելու համար, դառնում է իմ անձնական թշնամին։ Եթե քեզ իսկապես ցերեկային աշխատանք է պետք, արի բանվոր ընդունեմ, ավտոմեքենա լվա։ Դժվար գործ չի։

ՇՄԱՎՈՆ — Հիվանդության երկրորդ կարգ ունեմ, ախր ես ո՞նց բանվոր աշխատեմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Իմ հնարավորությունը դա է, ես ուրիշ ազատ տեղ չունեմ:

ՇՄԱՎՈՆ — Ունեք, ես իմացել եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ումից որ իմացել ես, սխալ ես իմացել։ Տնօրենը ես եմ, ասում եմ՝ չունեմ։

ՇՄԱՎՈՆ — Ունեք, ինձ ձեր դիսպետչերն է ասել, որ երկու օր առաջ աշխատանքից դուրս է եկել: Բա ինչո՞ւ եք ասել, որ ժամը մեկին գամ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ես այդպիսի բան չեմ ասել։ (Հարվածելով սեղանին) Ո՞վ է այդ ստորը, ո՞վ է այդ խաբեբան, որ իմ անունից խոստումներ է տալիս։

ՇՄԱՎՈՆ — (Ցնցվելով) Ո՞՜նց թե… Ո՞՜նց թե… (Գլուխը բռնած՝ դուրս է գնում):

Պատկեր երրորդ

Շմավոնի բնակարանը: Մտնում է՝ ընկճված կերպարանքով:

ՀՐԱՆՈՒՇ — (Ընդառաջ գնալով, անհամբեր) Ի՞նչ եղավ, դե ասա

Շմավոնը լռում է:

Հը՞, քեզ հետ եմ… Ասա, շուտ արա, սիրտս կանգնում է:

ՇՄԱՎՈՆ — Ուղարկեց, գնացի, չընդունեց, ասում է՝ ազատ տեղ չունեմ։

ՀՐԱՆՈՒՇ — (Անակնկալի եկած) Չե՞ս տվել։

ՇՄԱՎՈՆ — Տվել եմ։

ՀՐԱՆՈՒՇ — Որ տվել ես, ո՞նց չունի։

ՇՄԱՎՈՆ — Ասում է՝ դու ես եկել, ես չեմ կանչել, ո՞վ է այդ խաբեբան, որ իմ անունից խոստումներ է տալիս։

ՀՐԱՆՈՒՇ — (Ապշած) Բալաբեկյանի՞ մասին էր ասում։

ՇՄԱՎՈՆ — Ի՞նչ իմանամ… Բա էլ ո՞ւմ…

ՀՐԱՆՈՒՇ — Բալաբեկյանն իմացա՞վ։

ՇՄԱՎՈՆ — Աշխատանքի վերջն է, վաղն առավոտ կգնամ, կասեմ։

ՀՐԱՆՈՒՇ — Իրենց ձե՞ռ են առել։ Հիմա պիտի գնաս։ 

ՇՄԱՎՈՆ — Հիմա ուշ է, վաղը կգնամ։

ՀՐԱՆՈՒՇ — (Ոտքը զարկելով գետնին, լացակումած) Չէ, չէ, հիմա պիտի գնաս։ Գժվե՞լ ես… Գնա, իմացիր, ինչ է եղել։ Տարել տվել ես, հիմա էլ չե՞ս ուզում գնաս։ Տանը մի կոպեկ չկա, քանի՞ հոգուց եմ պարտք արել, տվել ձեռքդ, որ տանես տաս, դու գիտե՞ս։

ՇՄԱՎՈՆ — (Զայրացկոտ) Չանեիր:

ՀՐԱՆՈՒՇ — Հիմնարկ թողեցի՞ր, որ չմտնես… Քանի՞ տարի խաբեցին, տարան ու բերին։ Ինչո՞ւ չարեցին… Առանց փողի գործ չեն անում, չեն անում, չհասկացա՞ր։

ՇՄԱՎՈՆ — Չեն անում, թող չանեն… Մինչև հանեցի տվեցի իրեն, կես մարդ դառա։

ՀՐԱՆՈՒՇ — Պիտի տայիր, հո չէիր թողնելու։

ՇՄԱՎՈՆ — Բա որ չվերցնե՞ր…

ՀՐԱՆՈՒՇ — Ինչո՞ւ պիտի չվերցներ։ Հիմա չվերցնող կա՞: Բա ուրիշները ո՞նց են անում…

ՇՄԱՎՈՆ-  (Բռնկվում է՝ խայթվածի պես վեր թռչելով) Էլի ուրիշները… Ուրիշների հերն էլ անիծած, ուրիշների հետ ես ի՞նչ գործ ունեմ։ Այդքան փողը որտեղի՞ց ես տալու, մտածե՞լ ես…

ՀՐԱՆՈՒՇ — Գործդ թող լինի, գիշեր-ցերեկ կաշխատեմ, կտամ։

ՇՄԱՎՈՆ – (Հեգնանքով) Լավ էլ կտաս…

ՀՐԱՆՈՒՇ — Հա, կտամ… Սա կյա՞նք է… Գիշերները տանը չես, ցերեկներն էլ գալիս ես քնում, էլի թողնում գնում։ Էն տունը տուն չի, որտեղ գիշերը քնած տղամարդ չկա։ Մի գիշեր տանդ պիտի մնա՞ս, թե՞ չէ… (Լացով) Ո՞վ կտաներ… Ո՞ր կինը կտանի, որ ես այսքան տարի տանում եմ։

ՇՄԱՎՈՆԷդպես արեցիր, էլի, որ տարա տվի։ Ես էդ բանն անո՞ղ էի, որ արեցի։

ՀՐԱՆՈՒՇ — (Արցունքները սրբելով) Սովոր ես, որ ամեն ինչ ես անեմ։ Գնա, շուտ արա, գնա իմացիր…

ՇՄԱՎՈՆ — Մի վայրկյան աչք չեմ փակել, գոնե կես ժամ քնեմ, գնամ։

ՀՐԱՆՈՒՇ – Ասացի՝ չէ… Հիմա պիտի գնաս։

ՇՄԱՎՈՆ — Գնամ, բայց ախրշշմած եմ։ 

ՀՐԱՆՈՒՇ — Ինչո՞ւ եկար, ուղիղ գնայիր Բալաբեկյանի մոտ։

ՇՄԱՎՈՆ — Եկա, որ քեզ ասեմ։

ՀՐԱՆՈՒՇ — Ինձ որ ասացիր, ես ի՞նչ պիտի անեմ։ 

ՇՄԱՎՈՆ — Ախր ինչո՞ւ ինձ գցեցիր դրանց դռները… Ո՞նց գնամ…

ՀՐԱՆՈՒՇ — Տղամարդը դո՞ւ ես, թե՞ ես…

ՇՄԱՎՈՆ — (Մինչև հոգու խորքը խոցված) Ես եմ, ես եմԻնձ նման տղամարդու հերն եմ անիծել… Ես եմ… 

ՀՐԱՆՈՒՇ — Երեխաներիդ, թոռներիդ մասին դեռ չեմ խոսում, վաղը, մյուս օրը թոշակի ես անցնելու, աշխատանքիդ տեղը չփոխե՞ս, որ գոնե մի քանի ռուբլի ավել ստանաս։

ՇՄԱՎՈՆ – Չէ… Թոշակի էլ չեմ գնա, իրենց լինի իրենց տված թոշակը, չեմ ուզում։

ՀՐԱՆՈՒՇ — Բա ինչո՞ւ այդքան փող պարտք արեցի, տվեցի ձեռքդ, որ գնաս, գաս, ասես՝ էլի չեղա՞վ…

ՇՄԱՎՈՆՈր չընդունեց, ես ի՞նչ անեմ։

ՀՐԱՆՈՒՇ — Դե դու էլ գնա, Բալաբեկյանին ասա՝ չընդունեց։

ՇՄԱՎՈՆ — Վաղն առավոտ կգնամ, հիմա ուշ է։

ՀՐԱՆՈՒՇ — Ուշ չի, դեռ մի ժամ կա… Գնա… (Լացով) Այ, իմացիր, ես քեզ հետ չեմ ապրի, չեմ ապրի…

ՇՄԱՎՈՆ — Լավ, լավ, գնում եմ։ (Դուրս է գնում):

Պատկեր չորրորդ

Սուփրիկյանի աշխատասենյակը:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Հեռախոսով) Քերոբյան, իմ ուղարկած մարդը եկա՞վ, հրամանը տվի՞ր։

ՔԵՐՈԲՅԱՆԻ ՁԱՅՆԸ — Չէ, չի եկել:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Տարակուսանքով) Չի եկե՞լԱսել եմ՝ ուղիղ ժամը մեկին լինի քեզ մոտ։ Կարո՞ղ է պատահի տեղում չես եղել, եկել գնացել է։

ՁԱՅՆ – Չէ, ընկեր Սուփրիկյան, մի րոպե չեմ բացակայել: Այդ տեղի համար քանի հոգի եկավ՝ բոլորին հետ տվի: Ո՞ւր է, բա ինչո՞ւ չի գալիս։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Տեղո՞ւմ ես։

ՁԱՅՆ — Հիմա դուրս եմ գալիս։ Եթե կարող է, թող կես ժամից գա։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Լավ: (Դնում է լսափողը):

Մտնում է Շմավոնը՝ այլայլված կերպարանքով:

ՇՄԱՎՈՆ — (Հևալով) Կարելի՞ է:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Արի, հենց նոր քո մասին էի խոսում։ Ի՞նչ է պատահել, ինչո՞ւ չես գնացել։

ՇՄԱՎՈՆ — (Շնչառությունը կանոնավորելով, զարմացած) Ո՞վ չի գնացել… Իր մոտից եմ գալիս…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ —  (Ակնապիշ) Ի՜նչ է խոսում… Մարդն ասում է՝ չի եկել, դու ասում ես՝ իր մոտից եմ գալիս։ 

ՇՄԱՎՈՆ — Իր մոտից եմ գալիս։ (Ապշած) Վա՜յ…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մի րոպե… (Հեռախոսի համար է հավաքում) Չկա… Դուրս եկավ… Քարտուղարուհին ո՞ւր է, նա էլ չի վերցնում… Ալլո… Չէ, դուրս եկավ… (Դնում է լսափողը): Որ գնացիր, ի՞նչ ասաց։

ՇՄԱՎՈՆ — Ասում է՝ ես ազատ տեղ չունեմ:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մոտը ուրիշ մարդ կա՞ր։

ՇՄԱՎՈՆ – Չէ, մենակ էր։ Ասում է՝ ուզո՞ւմ ես՝ բանվոր ընդունեմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Քմծիծաղով) Չի իմացել, որ դու ես։ 

ՇՄԱՎՈՆ – Ո՞նց չի իմացել, գնացի, ասացի ում համար որ խոսել են, այդ մարդը ես եմ, եկել եմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ժամը քանիսի՞ն ես իր մոտ եղել։

ՇՄԱՎՈՆ — Մեկին հինգ էր պակաս։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ես քեզ չասացի՞՝ ուղիղ մեկին լինես։ 

ՇՄԱՎՈՆ – Ասացի՝ ուզո՞ւմ եք դուրս գամ, հինգ րոպեից հետո գամ։ Ասաց՝ չէ, ես քեզ հետ պայմանավորվածություն չունեմ:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չի ճանաչել։

ՇՄԱՎՈՆ — Ասում եմ, ախր դուք եք կանչել։ Ասում է՝ ես ոչ մեկի չեմ կանչել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չէ, չի ճանաչել։ Այդ տեղի համար ով եկել է՝ բոլորին հետ է տվել, որ քեզ ընդունի։ Պարզ ասեիր, որ ես եմ ուղարկել։

ՇՄԱՎՈՆ — Թողե՞ց, որ ասեմ։ Ձեռքը սեղանին խփեց, ասաց՝ ո՞վ է այդ ստորը, ո՞վ է այդ խաբեբան, որ իմ անունից խոստումներ է տալիս։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ասում եմ՝ չի ճանաչել։

ՇՄԱՎՈՆ — (Դժվարանալով) Չէ, եթե…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչ…

ՇՄԱՎՈՆ — Եթե չի լինելու…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչը չի լինելու…

ՇՄԱՎՈՆ — Իմ գործը…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ո՞նց չի լինելու…

ՇՄԱՎՈՆ — (Բազմանշանակ) Չէ, եթե չի լինելու… Ամոթ էլ է ասելը, ազնիվ խոսք…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Վերջացրու, խա՞ղ ենք անում… Չի իմացել, որ դու ես…

ՇՄԱՎՈՆ(Բռնկվելով) Եթե խոսել եք, ո՞նց չի իմացել։ 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ուրեմն կասկածո՞ւմ ես… Ես իմ հեղինակության հետ եմ խաղո՞ւմ։

ՇՄԱՎՈՆ — (Հույսը կորցրած) Չէ, եթե չի լինելու, ես գնամ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ո՞ւր գնաս։

ՇՄԱՎՈՆ — Տուն գնամ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Տուն գնաս, ի՞նչ անես։

ՇՄԱՎՈՆ — Դե որ չի լինում…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ասում եմ, չի իմացել, որ դու ես։ Կարծել է, թե դու չես։

ՇՄԱՎՈՆ – (Կռիվ տալով) Ո՞նց է կարծել, որ մտա ասացի՝ ես եմ, եկել եմ:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Ախր դու ո՞վ ես, է՛, որ իմանար դու ով ես… Հետո՞ ինչ, որ ասել ես… Պարզ ասեիր ով է ուղարկել, որ մարդն իմանար:

ՇՄԱՎՈՆ – Էլ ի՞նչ ասեի, որ ասում է՝ ինձ հետ ոչ ոք չի խոսել:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Իսկ ինչո՞ւ պիտի ասեր՝ խոսել են, եթե չգիտի դիմացինն ով է։ Հաշվետո՞ւ է։ Մեղավորը դու ես։ Հիմա կգնաս, կտեսնես, որ մարդը ներողություն կխնդրի։

ՇՄԱՎՈՆ — Էլի գնա՞մ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Այո:

ՇՄԱՎՈՆ — Ախր…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ  Ի՞նչ ՛՛ախր՛՛… Ասում եմ՝ քիչ առաջ իր հետ խոսեցի, չէ՞։

ՇՄԱՎՈՆ — Ախր ես էլ եմ խոսել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Խոսել ես, բայց քո խոսելը քանի՞ կոպեկ արժի, երբ մարդը չի իմացել դու ես։ Նա ուրիշ թեկնածու չունի, բոլորին հետ է տվել, քեզ էլ է հետ տվել, որ քեզ ընդունի։ Հարգանք կա, բան կա, հո հենց էնպես չի։ Գնա, էլ ժամանակ մի կորցնի։ Մինչև դու գնաս, նա եկած կլինի։

ՇՄԱՎՈՆ — (Ավելի շատ ինքն իր հետ) Գլուխ չեմ հանում։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դա հասարակ հարց է, ախր ինչո՞ւ ես բարդացնում։

ՇՄԱՎՈՆ(Պայթելով) Տուն չեմ կարողանում պահել, ընտանիքս քայքայվում է, բա դա հասարակ հա՞րց է։ Եթե սա էլ չեղավ, բաժանվում ենք, բա ամոթ չի՞, իմ տարիքում մարդ կբաժանվի՞։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դու այդ քայլին չես դիմի, դու այդպիսի մարդ չես։

ՇՄԱՎՈՆ — Ես չեմ դիմի, է՜, կինս կդիմի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Նա էլ չի դիմի, հանգիստ եղիր։ Դե էլ մի ուշացրու։

ՇՄԱՎՈՆ — (Շաղված) Ո՞նց գնամ, է՜, ախր ո՞նց գնամ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Վա՞տ ես զգում։

ՇՄԱՎՈՆ – Չէ… Քսանհինգ տարի, որ գիշերները չեմ քնել, ցհրեկներն եմ քնել, չեմ դիմանում։ Շշմած եմ… (Դուրս է գնում):

Սուփրիկյանը խառնված՝ հեռախոսի համար է հավաքում:

Պատկեր հինգերորդ

Վարոսյանի աշխատասենյակը:

ՎԱՐՈՍՅԱՆ – (դեպի սելեկտորը) Արագացրեք, արագացրեք… Հարյուրի փոխարեն քսանչորս մեքենա է դուրս եկել երթուղի։ Արագացրեք, ես չգիտեմ…

Մտնում է Շմավոնը:

ՇՄԱՎՈՆ — Կարելի՞ է։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ոչ։

ՇՄԱՎՈՆ — (Զարմացած) Ընկեր Վարոսյան, ես եմ…

ՎԱՐՈՍՅԱՆ — Ես ձեզ մի անգամ արդեն ընդունել եմ։

ՇՄԱՎՈՆ — Բայց չեք իմացել, որ ես եմ…

ՎԱՐՈՍՅԱՆ — Շմավոն Գինոսյանը չե՞ք…

ՇՄԱՎՈՆ — Գինոսյան Շմավոնն եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Էլ ինչո՞ւ եք ասում, որ չգիտեմ։ 

ՇՄԱՎՈՆ — Չէ, գիտեք, բայց չգիտեք, որ… գիտեք։ 

ՎԱՐՈՍՅԱՆ — Համառ մարդ ես երևում, Գինոսյան։ 

ՇՄԱՎՈՆՀամառ չեմ, ընկեր Վարոսյան, վիճակս վիճակ չի։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ընկեր, միաժամանակ երկու տեղ գիշերային հերթապահ չես աշխատո՞ւմ։

ՇՄԱՎՈՆ — Աշխատում եմ, ես եմ

ՎԱՐՈՍՅԱՆԵրկու տեղից քնելու համար աշխատավարձ ես ստանում, էլ ի՞նչ ես ուզում։

ՇՄԱՎՈՆ — Հեռախոսները կողքս դրած, ժամը մեկ Մելիքսեթյանր գալիս ստուգում է, կթողնե՞ն, որ մի րոպե քնեմ։ Քսանհինգ տարի է գիշերները չեմ քնում, ցերեկներն եմ քնում։ Գալիս եմ տուն, տանն եմ քնում։

ՎԱՐՈՍՅԱՆՑերեկային քնի վարժված մարդ ես, չեմ հասկանում, ախր դու ինչպե՞ս կարող ես դիսպետչեր աշխատել։ Ընդունեմ, որ աշխատանքի ժամին քնե՞ս։

ՇՄԱՎՈՆ — Չեմ քնի, ինչով ուզում եք երդվեմ… (Իրեն կտրատելով) Չեմ քնի։

ՎԱՐՈՍՅԱՆ — Կքնես։

ՇՄԱՎՈՆ — Չեմ քնի:

ՎԱՐՈՍՅԱՆ — Կքնես,

ՇՄԱՎՈՆ — Չեմ քնի:

ՎԱՐՈՍՅԱՆ — Հիմա ե՞ս գիտեմ, թե՞ դու…

ՇՄԱՎՈՆ — Դուք գիտեք, բայց չեմ քնի։

ՎԱՐՈՍՅԱՆ — Որ ասում եմ՝ կքնես, կքնես, էլիԻնչո՞ւ ես վիճում։

ՇՄԱՎՈՆ — Չեմ վիճում, ազնիվ խոսք։ Բայց ախր ինչո՞ւ պիտի աշխատանքի ժամին քնեմ։ Երեխա՞ եմ։ Աշխարհում ինչքան գիրք կա, կարդացել եմ, ուրեմն ես այդքան բան չեմ գիտակցո՞ւմ, որ աշխատանքի ժամին քնեմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Գիտակցության հետ կապ չունի։ Անկախ քո կամքից կքնես, ես գիտեմ։

ՇՄԱՎՈՆ — Չեմ քնի, ազնիվ խոսք։

ՎԱՐՈՍՅԱՆ — Մեկին էլ քեզ նման ընդունել էինք, շատ էլ գիտակից մարդ էր, քեզ նման ամբողջ համաշխարհային գրականությունը մարսել էր, իրեն պատռտում էր, որ չի քնի, բայց նստած տեղը անընդհատ գլուխը կախում էր։

ՇՄԱՎՈՆ — Ես չեմ կախի, ընկեր Վարոսյան։

ՎԱՐՈՍՅԱՆ — Եկան բողոքեցին, որ դիսպետչերը քնում է։ Մարդը տեսավ, որ անհնար է, իր ուժերից վեր է, ազնիվ, ինտելիգենտ մարդ էր, դիմում տվեց, էլի գնաց գիշերային աշխատանքի։

ՇՄԱՎՈՆ — Չեմ քնի, ընկեր Վարոսյան։

ՎԱՐՈՍՅԱՆ — Քունը որ ընկավ գլուխդ, դիմադրել կլինի՞, աչքերդ իրենք իրենց կփակվեն, ի՞նչ ես խոսում։ Պայմանական ռեֆլեքս գոյություն ունի։

ՇՄԱՎՈՆ — Գիտեմ, գիտեմ, բայց ես չեմ քնի։

ՎԱՐՈՍՅԱՆ — Քսանհինգ տարի շարունակ ցերեկները քնել ես, հիմա ինչպե՞ս կարող ես չքնել, չեմ հասկանում։

ՇՄԱՎՈՆ – (հոգուն հասած) Մի թուղթ տվեք, էլի, խնդրում եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Անկարելի բան է, Շմավոն, մի՛ վիճիր։ 

ՇՄԱՎՈՆ — Չեմ վիճում, ազնիվ խոսք, մի թուղթ տվեք, էլի, խնդրում եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Թուղթն ի՞նչ ես անում։

ՇՄԱՎՈՆ — Գրեմ, տակն էլ ստորագրեմ… Մի թուղթ տվեք, էլի, խնդրում եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Վերջացրու, այ տղա։

ՇՄԱՎՈՆ — Բա ի՞նչ անեմ, որ հավատաք։

ՎԱՐՈՍՅԱՆ — Քո ուզելո՞վ է, որ չքնես։

ՇՄԱՎՈՆ — Հիպնոսացնեն էլ, չեմ քնի, չեմ քնի։

ՎԱՐՈՍՅԱՆ — Կքնես թե չես քնի, դա ինձ չի հետաքրքրում։ Վերջացրինք։ Հիմա ես ազատ տեղ չունեմ։

ՇՄԱՎՈՆ — Եթե ազատ տեղ չունեք, ինչո՞ւ եք զանգահարել, ասել՝ չի եկել, սպասում եմ, թող գա։

ՎԱՐՈՍՅԱՆ – (Խստանալով) Հեքիաթներ ես պատմում, ընկեր…

ՇՄԱՎՈՆ — Հիմա էլ հո եկել եմ։ Չեմ եկե՞լ, դե ասեք։

Հեռախոսի զանգ:

ՎԱՐՈՍՅԱՆ — Ալլո…

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Վարոսյան, Ենգիբարյանն է։ 

ՎԱՐՈՍՅԱՆ — Լսում եմ, ընկեր Ենգիբարյան։

ՁԱՅՆ — Կանգառներում մարդիկ ժամերով սպասում են, ինչո՞ւ եք դժգոհություն առաջացնում բնակչության մեջ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Բենզին չկա, ընկեր Ենգիբարյան, ի՞նչ կարող եմ անել։

ՁԱՅՆ — Կանգառներում սպասողներին բոլորովին չի հետաքրքրում՝ կա, թե չկա։ Մարդիկ պիտի ժամանակին աշխատանքի հասնեն։ Հարյուր մեքենայի փոխարեն քսանչորս մեքենա է պարկից դուրս եկել։ Ո՞վ պիտի պատասխան տա։

ՎԱՐՈՍՅԱՆԲենզին չկա, ի՞նչ անեմ։

ՁԱՅՆ — Պահանջիր, թող տան: 

ՎԱՐՈՍՅԱՆ — Պահանջում եմ, չկա, չեն տալիս:

ՁԱՅՆ — Չեն տալիս՝ զեկուցագիր գրիր մինիստրին։ Շտապ…

ՎԱՐՈՍՅԱՆ — (Լսափողը դնելուց հետո) Գրել եմ, էլի, քանի՞ անգամ գրեմ։ (Նկատելով նստած տեղը քնած Շմավոնին): Սա՞ էր, որ ասում էր՝ չեմ քնի։ Արթնացեք, ընկեր, սա ձեզ համար ննջասենյակ չի։ Ընկեր, այ, ընկեր… Շմավոն… Գինոսյան… Գինոսյան Շմավոն…

ՇՄԱՎՈՆ — (Ձեռքը տանելով ականջին) Ալլո, ես եմ, ընկեր Մելիքսեթյան։

ՎԱՐՈՍՅԱՆ — Քնա՞ծ ես, այ ընկեր…

ՇՄԱՎՈՆ — (Ձեռքը դեռ ականջին) Չէ, չէ, քնած չեմ, ընկեր Մ ելիքսեթյան։ (Ձեռքը թուլացած կախ է ընկնում):

ՎԱՐՈՍՅԱՆ – Գինոսյան… ՇմավոնԳինոսյան Շմավոն…

ՇՄԱՎՈՆ — (Վեր է թռչում՝ փաթաթվելով Վարոսյանին) Չեմ քնել, ընկեր Մելիքսեթյան, ազնիվ խոսք։ (Աչքերը լայն բացելով, տեսնելով իր առջև կանգնած Վարոսյանին): Էս որտե՞ղ եմ:

ՎԱՐՈՍՅԱՆ — Լուսնի վրա…

ՇՄԱՎՈՆ — Ներողություն, ես որտե՞ղ եմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Դո՞ւ էիր, որ ասում էիր՝ չեմ քնի։

ՇՄԱՎՈՆ — (Սթափվելով) Աչքերս էի փակել, ես քնած չէի, ընկեր Վարոսյան։

ՎԱՐՈՍՅԱՆ — Թուղթ էիր ուզո՞ւմ, հա՞, որ գրես, տակն էլ ստորագրես։

ՇՄԱՎՈՆ — Հեռախոսով խոսում էիք, լսում էի, ասում էիք՝ բենզին չկա։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ազատ ես, գնա։

ՇՄԱՎՈՆ — Ախր չեմ քնել, ինչի՞ համար…

ՎԱՐՈՍՅԱՆ — Իզուր ես երկարացնում։

ՇՄԱՎՈՆ — Հիմա ինձ դիսպետչեր չե՞ք ընդունում: 

ՎԱՐՈՍՅԱՆ — Ոչ, ես ազատ տեղ չունեմ։

ՇՄԱՎՈՆ — Ունեք, Բալաբեկյանն է ինձ ուղարկել։ 

ՎԱՐՈՍՅԱՆ — (Անակնկալի եկած) Ո՞վ…

ՇՄԱՎՈՆ – Բալաբեկյանը…

ՎԱՐՈՍՅԱՆ — Եթե Բալաբեկյանն ուղարկեր, ինձ կզանգահարեր։

ՇՄԱՎՈՆ — Զանգահարեց, տեղում չէիք։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ես միշտ տեղում եմ եղել։

ՇՄԱՎՈՆ — Չե՞ք հավատում՝ իրեն զանգահարեք։ 

ՎԱՐՈԱՅԱՆ — (Համար հավաքելուց հետո) Ընկեր Բալաբեկյան, Վարոսյանն է անհանգստացնում… Բարև ձեզ։ 

ՁԱՅՆ Բարև։

ՎԱՐՈՍՅԱՆ — Դուք ինձ մոտ մարդ եք ուղարկե՞լ դիսպետչեր աշխատելու համար։

ՁԱՅՆ — Ոչ, ինչո՞ւ ես հարցնում։

ՎԱՐՈՍՅԱՆ — Ինչ-որ մեկը եկել է…

ՇՄԱՎՈՆ — (Հուշում է) Ասեք՝ Գինոսյան Շմավոնը…

ՎԱՐՈՍՅԱՆ — Գինոսյան Շմավոնը… Ասում է, դուք եք իրեն ուղարկել դիսպետչերի տեղի համար։

ՁԱՅՆ — Ո՞ վ է այդ աֆերիստը: 

ՎԱՐՈՍՅԱՆ — Ներեցեք, խնդրում եմ։

ՁԱՅՆ — Վարոսյան, դու չգիտե՞ս, եթե ես ուղարկեի, քեզ կասեի, հո առաջին անգամ չի՞։

ՎԱՐՈՍՅԱՆ — Իհարկե, ես էլ զարմացա։

ՁԱՅՆ — Պարզիր, ո՞վ է այդ տիպը, որ շահագործում է անունս։

ՎԱՐՈՍՅԱՆ — Շատ լավ, ներեցեք։ (Լսափողը դնելուց հետո) Ուրեմն Բալաբեկյանն է քեզ ուղարկել, հա՞…

ՇՄԱՎՈՆ — Այո, Բալաբեկյանը։

ՎԱՐՈՍՅԱՆ — Հիմա ես միլիցիա եմ զանգահարում։ 

ՇՄԱՎՈՆ — (Ահաբեկվելով) Ինչի՞ համար։

ՎԱՐՈՍՅԱՆ — Մարդն անտեղյակ նստած, եկել ես նրա հեղինակության հետ ես խաղո՞ւմ։

ՇՄԱՎՈՆ — (Խառնված) Ո՞վ ասացՈ՞վ ասաց… Իր մոտից եմ գալիս, ինչով ուզում եք երդվեմ։ Ինքն ասաց, որ ասեմ Բալաբեկյանն է ուղարկել։

ՎԱՐՈՍՅԱՆ – Լսիր, հենց նոր ես ո՞ւմ հետ էի խոսում։ 

ՇՄԱՎՈՆ — Չեմ հավատում, չեմ հավատում… Թողեք ես զանգահարեմ, չեմ հավատում։

ՎԱՐՈՍՅԱՆ – Հանգիստ, հանգիստ նստիր տեղդ։

ՇՄԱՎՈՆ – Չէ, պիտի զանգահարեմ։

ՎԱՐՈՍՅԱՆ — Դու գիտե՞ս, որ քրեական օրենսգրքում խարդախության համար հատուկ հոդված կա։

ՇՄԱՎՈՆ — (Իրեն պատռտելով) Ինչո՞վ երդվեմ, որ հավատաքԻնչո՞վ երդվեմ

ՎԱՐՈՍՅԱՆ — Լսիր, քո ներկայությամբ ես ի՞ր հետ չէի խոսում(Հեռախոսի համար է հավաքում) Ալլո, միլիցիա…

ՇՄԱՎՈՆ(Իրեն կորցրած) Քի՞չ եմ տվելԴրանից ավելի ես հնարավորություն չունեմ… (Կուրծք ծեծելով) Չունեմ, չունեմ(Գնում է դեպի դուռը):

ՎԱՐՈՍՅԱՆ — (Հետևից) Ընկեր, հետ դարձեքՀետ դարձեք

Պատկեր վեցերորդ

Շմավոնի բնակարանը:

ՀՐԱՆՈՒՇ — (Հեռախոսով) Ներողություն, որ ուշացնում ենքՇմավոնն ախր նոր է տարել տվելԷսօրՀենց գործի ընդունվեց, կտանքԱզնիվ խոսքՉէ, չէ, մի անհանգստացեք, չենք ուշացնիԱնպայման, անպայման(Դնում է լսափողը):

ՇՄԱՎՈՆ — (Մտնում ՝ հևալով) Վայ, ես ձեր հերն եմ անիծել

ՀՐԱՆՈՒՇ – Ի՞նչ եղավ, հրամանդ տվի՞ն։

ՇՄԱՎՈՆ — (Բորբոքված) Հա, տվինՄիլիցիա էր կանչում, որ բռնել տա։

ՀՐԱՆՈՒՇ — Ինչի՞ համար։

ՇՄԱՎՈՆ — Զանգահարեց Բալաբեկյանին, Բալաբեկյանն ասաց՝ ես քեզ մոտ մարդ չեմ ուղարկել, պարզեք դա ով է, որ եկել ձեզ խաբում է իմ անունից։

ՀՐԱՆՈՒՇ — (Ապշահար) Ո՞վ, Բալաբեկյա՞նը…

ՇՄԱՎՈՆ — Հա, Բալաբեկյանը…

ՀՐԱՆՈՒՇ — Նրան չե՞ս տվել։

ՇՄԱՎՈՆ — Բա ո՞ւմ եմ տվել։

ՀՐԱՆՈՒՇ — Ինքը չէ՞ր ուղարկել։

ՇՄԱՎՈՆ — Բա ով էր ուղարկել։

ՀՐԱՆՈՒՇ — Բա ինչո՞ւ էր ասում՝ չեմ ուղարկել։

ՇՄԱՎՈՆ — Շատ գիտե՞մ…

ՀՐԱՆՈՒՇ — Փողը վերցնեն, գործը չանեն և դեռ միլիցիա կանչեն, բռնել տա՞ն…

ՇՄԱՎՈՆ — (Պոռթկալով) Հա, թող բռնել տան… Ինձ տեղն է, տեղն է, թող բռնել տան՝ գնա՜մ, գնամ հանգստանամՔանի անգամ ասացի՝ պետք չի, պետք չի, մենք էդ մարդը չենք, պետք չի, չլսեցիր… Թող տանեն նստեցնեն, որ խելքդ գլուխդ գա։

ՀՐԱՆՈՒՇ — Ի՞նչ ես արել, է՜, ի՞նչ ես արել, որ նստեցնեն։ 

ՇՄԱՎՈՆ — Կաշառք եմ տվել, էլ ի՞նչ անեի… Իբր չգիտես…

ՀՐԱՆՈՒՇ — Թող չվերցներ…

ՇՄԱՎՈՆ — Որ տալիս եմ, ո՞նց չվերցնի…

ՀՐԱՆՈՒՇ — Նա վերցնի՝ քե՞զ դատեն… Էս ո՞ր երկիրն է, գլխներից ձե՞ռ են քաշել… Բոլորին մեկ-մեկ նստեցնել կտամ… Բոլորին… Գնա ասա՝ դո՞ւ չես ինձ ուղարկել, որ ասում ես՝ ես չեմ ուղարկել։

ՇՄԱՎՈՆ — (Վանվելով) Ի՞նչ… Ե՞ս գնամ

ՀՐԱՆՈՒՇ — Դու տվել ես, ե՞ս գնամ։

ՇՄԱՎՈՆ – Չէ, ես էլ չեմ գնա… Չեմ գնա… Իմացիր… 

ՀՐԱՆՈՒՇ — Գժվե՞լ ես, տվածդ փողը գնա կորչի՞…

ՇՄԱՎՈՆ — (Ցասկոտ) Հա, թող կորչի…

ՀՐԱՆՈՒՇ — (Տարակուսանքով) Ի՜նչ է ասում… Խելքդ հո չե՞ս թռցրել։ Ո՞ւմ փողը կորչի, մենք փող ունե՞նք, որ կորչի… Պարտքատերերդ իրար հետևից ձայն-ձայնի տված զանգահարում, ուզում են, տեղեկություն ունե՞ս… քիչ առաջ էլ Հռիփսիկը զանգահարեց

ՇՄԱՎՈՆ — Դու վերցրել ես, դու էլ տուր։

ՀՐԱՆՈՒՇ — Որտեղի՞ց տամ… Ի՞նձ համար եմ վերցրել, որ տամ… Գործդ չի լինում, գնա փողը հետ ուզի, բեր տանեմ տամ մարդկանց։

ՇՄԱՎՈՆ — Ո՞նց հետ ուզեմ, է՜, ո՞նց…

ՀՐԱՆՈՒՇ — Ոնց որ տվել ես, էնպես էլ գնա ուզի։

ՇՄԱՎՈՆ — (Երդվյալ) Չէ՛, չէ՛, ես էլ չեմ գնա…

ՀՐԱՆՈՒՇ — Դու ինչի՞ց ես վախենում, թող իրենք վախենան։ Ասում եմ՝ մարդիկ ուզում են… Գնա, շուտ արա… (Լացով) Այսքան տարի ո՞նց եմ քեզ հետ ապրել… Էլ չեմ ապրի, չեմ ապրի, կբաժանվեմ։ Գնա, շուտ արա…

ՇՄԱՎՈՆ — (Վառված) Չէ, չեմ գնա…

ՀՐԱՆՈՒՇ — (Արցունքները սրբելով, հատու) Դու չես գնա՝ ես կգնամ… (Գնում է):

ՇՄԱՎՈՆ — (Տեղավորվելով բազմոցին՝ բարձը դնելով գլխի տակ) Ես ձեր հերն եմ անիծել… (Ականջը ձայնի՝ թվում է դուռն է) Ո՞վ է, ո՞ւմ եք ուզում… (Ինքն իր հետ) Ես ձեր հերն եմ անիծել, քունս փախցրին… (Վեր թռչելով, ձայն է տալիս դեպի դուռը) Ո՞վ է, ո՞ւմ եք ուզում…

Պատկեր յոթերորդ

Բալաբեկյանի աշխատասենյակը:

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Հեռախոսով) Բալաբեկյանն է… Ի՞նչ եղավ, Վարոսյան, ես սպասում եմ։

ՎԱՐՈՍՅԱՆԻ ՁԱՅՆԸ — Զանգահարում էի միլիցիա, գնաց, ընկեր Բալաբեկյան։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ւզուր ես բաց թողել, պիտի ուղարկեիր ինձ մոտ, տեսնեի դա ով է, որ այդքան համարձակություն ունի։ (Դնում է լսափողը):

Մտնում է Հրանուշը:

ՀՐԱՆՈՒՇ — (Հարձակողական) Բալաբեկյանի աշխատասենյակը սա՞ է։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ – Այո:

ՀՐԱՆՈՒՇ — Դո՞ւք եք Բալաբեկյանը:

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ես եմ:

ՀՐԱՆՈՒՇ — Բա դուք չեք ամաչո՞ւմ, որ դուք եք Բալաբեկյանը։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Այդ ի՞նչ ձևով եք խոսում, տիկին։

ՀՐԱՆՈՒՇ — Իսկ ի՞նչ ձևով էիք ուզում, որ ես խոսեմ ձեզ հետ։ (Սպառնագին պարզելով ձեռքը) Տուր, տուր… 

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ի՞նչ տամ:

ՀՐԱՆՈՒՇ — Ինչ որ վերցրել ես, դա տուր։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ի՞նչ եմ վերցրել:

ՀՉԱՆՈՒՇ — Դու գիտես, թե ինչ ես վերցրել: Տուր, շուտ արա, թե չէ հենց հիմա բարձրանում եմ մինիստրի մոտ:

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Տիկին, դուք ո՞վ եք։

ՀՐԱՆՈՒՇ — Տուր, ասում եմ… Հետո կիմանաս՝ ով եմ… Տուր…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Անհանգիստ) Ես չգիտեմ, թե դուք ինչ եք ուզում։

ՀՐԱՆՈՒՇ — Ամուսինս ծրարով ինչ որ տվել է, դա եմ ուզում։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Ներքուստ խուճապի մեջ) Ձեր ամուսինն ո՞վ է։

ՀՐԱՆՈՒՇ — Դու չգիտե՞ս իմ ամուսինն ով է, ինձնի՞ց ես ուզում իմանալ։ Փողը տուր, փողը…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ – Ի՞նչ փող…

ՀՐԱՆՈՒՇ — Որ տվել է քեզ։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Իրեն կորցնելով) Տիկին, ցածր, կլսեն… 

ՀՐԱՆՈՒՇ — (Լարված) Դու ուղարկում ես նրա մոտ, նա ուղարկում է քեզ մոտ, նա ուղարկում է քեզ մոտ, դու ուղարկում ես նրա մոտ… Տուր, տուր…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ես ոչ մեկից ոչինչ չեմ վերցրել։

ՀՐԱՆՈՒՇ — Վկա չի եղել, հրաժարվո՞մ ես։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ես այդ մարդը չեմ, ում որ տվել է, գնացեք նրանից ուզեք։

ՀՐԱՆՈՒՇ — Ես չգիտեմ, մինչև չստանամ, այստեղից գնացողը չեմ։ 

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ես ձեզ ասում եմ, որ չեմ վերցրել, ես այդ մարդը չեմ։

ՀՐԱՆՈՒՇ — Դատի կտամ, դատարանով կառնեմ։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Լսեք, ձեր ամուսինն է տվել, թող նա էլ գա, ում տվել է, նրանից վերցնի։

ՀՐԱՆՈՒՇ — Նա չի ուզում ձեր երեսը տեսնել, չի ուզում։ Հենց հիմա բարձրանում եմ մինիստրի մոտ։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ – (Ընկրկելով) Տիկին, մի րոպե…

ՀՐԱՆՈՒՇ — Չէ, պիտի բարձրանամ։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Փակելով ճանապարհը) Մի րոպե…

ՀՐԱՆՈՒՇ — Ճանապարհս չփակես։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Մի րոպե… (Ծոցագրպանից ծրար է հանում): Վերցրեք…

ՀՐԱՆՈՒՇ — (Վերցնելով) Լրի՞վ է:

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Իրեն կորցրած) Ուրեմն ես ինձ թույլ կտա՞մ…

ՀՐԱՆՈՒՇՀավատ եք թողե՞լ, որ հավատամ… (Գնում է):

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Հեռախոսի համար է հավաքում, խուճապի մեջ) Բարև, Բենիկ… Ես եմ, Բալաբեկյանն է…

ԲԵՆԻԿԻ ՁԱՅՆԸ — Բարև ձեզ, ընկեր Բալաբեկյան, ինչպե՞ս եք։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Շատ լավ… Ես քեզ չասացի՞, որ գործդ ձգձգվում է, բայց անպայման պիտի լինի, անպայման։ Չասացի՞։

ՁԱՅՆ — Ասացիք։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ Չհավատացի՞ր։

ՁԱՅՆ — Հավատացի։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Էլ ինչո՞ւ էիր կնոջդ ուղարկում ինձ մոտ։

ՁԱՅՆ — Ո՞վ է ուղարկել… Ե՞ս…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ինչ որ տվել էիր, եկավ տարավ:

ՁԱՅՆ — Ե՞րբ…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Հենց նոր։

ՁԱՅՆ — (Զարմացած) Ի՜… Իմ կինն արտասահմանում է, ընկեր Բալաբեկյան։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Լսափողն ընկնում է ձեռքից) Բա այդ կինն ո՞վ, այ մարդ… 

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Պատկեր ութերորդ

Սուփրիկյանի աշխատասենյակը: Մտնում է Շմավոնը:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Արի, ես էլ քեզ էի սպասում։

ՇՄԱՎՈՆ — (Ծոցագրպանից դրամ է հանում՝ դնելով սեղանին, վիրավորված արժանապատվությամբ) Շատ ներողություն, էս հինգ հարյուր ռուբլին մեզ պետք չի…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Անակնկալի եկած) Ի՞նչ հինգ հարյուր ռուբլի:

ՇՄԱՎՈՆ — Հաշվեցինք, ավել էր…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչ հաշվեցիք, ի՞նչն էր ավել…

ՇՄԱՎՈՆ – Փողը:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչ փող…

ՇՄԱՎՈՆ — Որ հետ եք տվել կնոջս…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Ուշքի չեկած) Ի՞նչ կին… Ո՞վ է հետ տվել…

ՇՄԱՎՈՆ Դուք… Կինս եկել է ուզել, հետ եք տվել։ Հաշվեցինք, հինգ հարյուր ռուբլին ավել էր։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչ հինգ հարյուր ռուբլի, ի՞նչ կին, ինձ մոտ կին չի եկել։ Վերցրու այս փողն, ի սեր Աստծո… Վերցրու…

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ վերցնի… Շատ ներողություն, մեզ ավել փող պետք չի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ես ոչ մեկի փող չեմ տվել։ Վերցրու, անհարմար է։ Վերցրու, մարդ կմտնի հանկարծ… Վերցրու…

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ վերցնի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Իրեն կորցրած) Վերցրու, ասում եմ։ 

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ վերցնի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Վերցրու

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ վերցնի… (Գնում է դեպի դուռը):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ – Սպասիր… Ես ոչ մեկի փող չեմ տվել, ինձ մոտ ոչ ոք չի եկել։ Հավատա, երդվում եմ։ (Թերթով ծածկում է փողը): Վերցրու, ծածկեցի, որ չերևա։

ՇՄԱՎՈՆ — Ո՞նց վերցնեմ, որ ավել է։ (Արագ դուրս է գնում):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Խառնված, հեռախոսի համար հավաքելուց հետո) Պահակին… Հովսեփ, մաշված կանաչ շլյապայով մարդուն չթողնես դուրս գնա շենքից, չթողնես։ Սուփրիկյանն էՀետ կուղարկես ինձ մոտ, շտապ…

Պատկեր իններորդ

Բալաբեկյանի աշխատասենյակը: Բալաբեկյանը նստած է՝ գլուխն առած ափերի մեջ:

ԲԵՆԻԿ — (Փքուն) Հիմա ես ի՞նչ պիտի անեմ, ընկեր Բալաբեկյան։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Համբերիր։ Եթե ազնվություն ունենա, կվերադարձնի։

ԲԵՆԻԿ – Դժվար…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Իմ պրակտիկայում սա առաջին դեպքն է։

ԲԵՆԻԿ — Ախր իմանայիք ով է, նոր տայիք։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ես որտեղի՞ց իմանայի, որ քո կինն արտասահմանում է։

ԲԵՆԻԿ — (Պարծենկոտ) Իբր որ էստեղ լիներ, իմ կինն էդպիսի բան կանե՞ր… Ի՜… Իմ կինը…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Քեզ ճանաչում եմ, կնոջդ չեմ ճանաչում։

ԲԵՆԻԿ — Եթե ինձ ճանաչում եք, ուրեմն կնոջս էլ եք ճանաչում։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Դեռ հավատում եմ մարդկանց, Բենիկ, հավատում եմ։ Մեկն էլ գնացել է պարկ, իմ անունից ասել՝ ինձ Բալաբեկյանն է ուղարկել։ Անազնիվ մարդիկ քիչ կա՞ն։ Կարծում ես բոլորը քեզ նմա՞ն են։ Դու ես մեղավոր, դու, բարձր աշխատավարձով տեղ ուղարկեցի, չգնացիր:

ԲԵՆԻԿ — Ես ցածր աշխատավարձով տեղ եմ ուզում։ Ի՜… 

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Մի տեղ էր, տեսար, մինիստրը մարդ ուղարկեց։ Առայժմ ազատ տեղ չկա. Ի՞նչ անեմ։

ԲԵՆԻԿ – Չկա՝ չկա… Աշխարհի վե՞րջն է…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆՔեզնից եմ անհարմար զգում:

ԲԵՆԻԿ — Եղա՞վ…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Մարզիկ տղա ես, դու ինձ կհասկանաս: 

ԲԵՆԻԿ — (Զարմանքով) Ընկեր Բալաբեկյա՞ն… Ի՜… Արժի՞ դրա համար տրամադրություն փչացնեք։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ներող եղիր, էլի, խնդրում եմ։

ԲԵՆԻԿ — Ինչի՞ համար… Ի՞նչ է եղել որ…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Գործդ շատ ձգձգվեց։

ԲԵՆԻԿ — Ինչ անենք… Սպասել եմ՝ էլի կսպասեմ։ 

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Բայց դու մի անհանգստացիր, քո գործը կլինի:

ԲԵՆԻԿ — Չեմ անհանգստանում, թեկուզ չլինի… Ի՜… 

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Չի լինի՝ իմ գրպանից կվերադարձնեմ։ 

ԲԵՆԻԿ — Ես ձեր փողը կվերցնե՞մ… Ի՜…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Դու ի՞նչ մեղք ունես,

ԲԵՆԻԿ(Նորից զարմանքով) Ընկեր Բալաբեկյա՞ն… Ի՜… Ինձ փող պետք չի, գործս պիտի անեք։ Կանեք՝ կանեք, չեք անի՝ դուք ողջ լինեք։ Ես գնացի։ (Գնում է):

Հեռախոսի զանգ:

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ալլո…

ՁԱՅՆ — Բալաբեկյան, մինիստրի մոտ…

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Իրեն կորցրած) Եկա…

Պատկեր տասներորդ

Սուփրիկյանի աշխատասենյակը: Մտնում է Շմավոնը:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — նչառությունը կանոնավորելով) Նստիր, ասեմՔո տված փողն ինձ մոտ է, ես ոչ մեկի չեմ տվել: Եթե պետք է, հիմա հանեմ տամ։ Քո բերած հինգ հարյուր ռուբլին էլ առայժմ դնենք մի կողմ։ Բոլոր դեպքերում մարդը պիտի մարդ մնա։ Ի՞նչ եղավ, ասա դա իմանամ, հրամանդ տվե՞ ց։

ՇՄԱՎՈՆ — Չզանգահարե՞ց ձեզ հետ խոսեց։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Զարմացած) Ոչ, ինձ հետ ոչ ոք չի խոսել։

ՇՄԱՎՈՆ — Բա ո՞ւմ հետ էր խոսում։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մի րոպե(Հեռախոսի համար հավաքելուց հետո) Ես եմ, Ռաֆիկ, այս ի՞նչ խաղ ես խաղում։

ՔԵՐՈԲՅԱՆԻ ՁԱՅՆԸ — Ի՞նչ է պատահել, ընկեր Սուփրիկյան։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մարդուն երկրորդ անգամ եմ ուղարկում, ասում ես՝ ազատ տեղ չունեմ։ Չունեիր, ինձ ասեիր։

ՁԱՅՆ — Այդպիսի բան չի եղել, չի եղել, երդվում եմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Հրամանն ինչո՞ւ չես տվել։

ՁԱՅՆ — Ւսկ ո՞վ է եկել ինձ մոտ, որ չեմ տվել

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մարդը երկրորդ անգամ է գալիս, դու ասում ես՝ ինձ մոտ մարդ չի եկել։ Դա էլ նո՞ր մեթոդ է, Ռաֆիկ։

ՁԱՅՆ — Չի եկել, էլի եմ ասում՝ չի եկել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մարդը առաջս կանգնած, ասում է՝ գնացել եմ, դու ասում ես՝ չի եկել, հիմա ես որի՞դ հավատամ։

ՇՄԱՎՈՆ — Ինձ, ինձ

ՁԱՅՆ — Չի եկել, ինձ մոտ մարդ չի եկել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դե լավ, լավ, հասկացանք։

ՁԱՅՆԱմբողջ օրը նստած իրեն եմ սպասում, ես ուրիշ գործ չունեմ, քարտուղարուհուն էլ եմ զգուշացրել, չի եկել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Լավ բան չի, մի խոսքով

ՁԱՅՆ — Հիմա ձեզ մո՞տ է, մեքենաս ուղարկում եմ, թող գա, իրեն բերի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Կարիք չկա։

ՁԱՅՆ — Չէ, չէ, հենց հիմա ուղարկում եմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մի ուղարկի, ինքը կգա։ (Դնում է լսափողը): 

ՇՄԱՎՈՆ — Ո՞վ, ե՞ս գնամ… Չէ, ես էլ չեմ գնա: 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Կարո՞ղ է պատահի իրեն չես տեսել, տեղակալի մոտ ես մտել։

ՇՄԱՎՈՆ — (Դժգոհ) Ուրեմն ես իրեն չեմ ճանաչո՞ւմ։ 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մեքենան ուղարկեց, 60—05 համարն է, սպիտակ «Վոլգա» է։ Կնստես, կգնաս, նույն մեքենայով էլ քեզ կբերեն, հետ կգաս։

ՇՄԱՎՈՆ — Ե՞ս գնամ… Չէ, էլ չեմ գնա…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դու ինձ լսիր, նա իմ ասածը չի կարող չանել, իրավունք չունի։ Ինչո՞ւ ես ստիպում, որ ամեն ինչ պարզ ասեմ։

ՇՄԱՎՈՆ — (Հոգուն հասած) Դեռ չպրծա՞…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ես քեզ խնդրում եմ, հեղինակության հարց է…

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ զնա։

ՍՈԻՓՐԻԿՅԱՆ — Այս անգամ քեզ համար չես գնում, ինձ համար ես գնում։

ՇՄԱՎՈՆ — (Հուսահատ) Չեմ ուզում, չեմ ուզում… Չեմ ուզում այդ մարդու երեսը տեսնել, չեմ ուզում։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դու չես ուզում, նա է ուզում քեզ տեսնել։ (Դուրս նայելով) Իջիր, մեքենան եկավ…

ՇՄԱՎՈՆ — Չէ, ես նրա մեքենան չեմ նստի։ 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Հո նրանը չի, պետական մեքենա է, ի՞նչ է եղել։

ՇՄԱՎՈՆ — Էն ժամանակ ձեզ զանգահարեց, դուք էլ ասացիք, որ ես այդպիսի մարդ չեմ ուղարկել։ Հիմա նորից ուղարկո՞ւմ եք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Այդպիսի բան չի եղել, չի եղել, հավատա։ Գնա, արի, կպարզենք։ Գնա, խնդրում եմ, մեքենան սպասում է, 06 — 05, սպիտակ «Վոլգա» է…

ՇՄԱՎՈՆ — Գնամ, բայց ախր ո՞նց գնամ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Հետևից) Փողը… Հինգ հարյուր ռուբլին… Փողը վերցրու։

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ վերցնի։ (Գնում է): 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Սա ի՞նչ պատմություն է։

Պատկեր տասնմեկերորդ

Քերոբյանի աշխատասենյակը:

ՇՄԱՎՈՆ — (Ընկնելով ներս, հուզված) Ձեր վարորդն ի՞նչ է ուզում ինձնից։ Ասում եմ՝ կանգնիր, իջնեմ, կանգնիր, չեմ գալիս, էլի քշում է։

ՔԵՐՈԲՅԱՆ — Ախ, այդ դուք եք, հա՞… Առաջ եկեք, առաջ եկեք, կիմանաք։

ՇՄԱՎՈՆ Բարև ձեզ։

ՔԵՐՈԲՅԱՆ (Ակնապիշ) Բարև ձեզ։ Ես առաջին անգամ եմ ձեզ տեսնում։

ՇՄԱՎՈՆ — Ես էլ

ՔԵԲՈԲՅԱՆ — Իսկ ինչո՞ւ եք գնացել ասել՝ երկրորդ անգամ եմ գնում, մերժում է։ Ես ձեզ մերժե՞լ եմ, սիրելի ընկեր։ Ես ձեզ երբևէ տեսե՞լ եմ։

ՇՄԱՎՈՆ — (Շփոթված) Չեք տեսել։

ՔԵՐՈԲՅԱՆ — Դե որ չեմ տեսել, ինչո՞ւ եք այդպիսի բաներ ասում։

ՇՄԱՎՈՆ — Ես ձեր մասին չեմ ասել, ես Վարոսյանի մասին եմ ասել։

ՔԵՐՈԲՅԱՆ — Կարծեմ ես Վարոսյանը չեմ, ես Քերոբյանն եմ… Չի կարելի, չէ՞, ես էլ ամբողջ օրը նստած ձեզ եմ սպասում, որ ուղարկեմ բաղնիք։

ՇՄԱՎՈՆ — Ի՞նձ

ՔԵՐՈԲՅԱՆ — Այո, ձեզ, բա էլ ո՞ւմ…

ՇՄԱՎՈՆ — Բաղնի՞ք…

ՔԵՐՈԲՅԱՆ — Այո, բաղնիք, բա էլ ո՞ւր…

ՇՄԱՎՈՆ – Ինչի՞ համար…

ՔԵՐՈԲՅԱՆ (Հեգնանքով) Լողանալու… Այնպես եք հարցնում՝ ինչի համար, կարծես չգիտեք։ Կոլեկտիվն սպասում է։

ՇՄԱՎՈՆ — (Լրիվ մոլորված) Ի՞նձ…

ՔԵՐՈԲՅԱՆ — Այո, ձեզ…

ՇՄԱՎՈՆ Ի՞նչ կոլեկտիվ…

ՔԵՐՈԲՅԱՆ — 116-ի, իմ ամենահարմար օբյեկտն է։ Կգնաք և կտեսնեք, որ գոհ կլինեք։

ՇՄԱՎՈՆ — Ւնչի՞ց պիտի գոհ լինեմ։

ՔԵՐՈԲՅԱՆ — Ամեն ինչից… Եվ սպասարկող անձնակազմից, և՛ մաքրությունից… Ձեր բախտից էլ նորոգումը նոր ենք ավարտել։ Ինչքան փտած խողովակ կա, բոլորը, բոլորը փոխել ենք։ Դժգոհելու առիթ չեք ունենա, մնում է, որ ձեզ արդարացնեք։

ՇՄԱՎՈՆ — (Հավասարակշռությունից դուրս գալով) Ախր ես ի՞նչ գործ ունեմ բաղնիքում, ի՞նչ պիտի անեմ, որ ինձ արդարացնեմ կամ չարդարացնեմ… Իմ տանը բաղնիք չկա՞… Էս ո՞ւր են ինձ բերել, այ մարդ… (Դուրս է գնում):

ՔԵՐՈԲՅԱՆ — (Հետևից) Ընկեր, հետ դարձեք… Չթողնեք գնա… Այդ ընկերոջն ասեք, թող հետ գա… Հետ եկեք, ընկեր, հետ եկեք… Չթողնեք գնա…

ՇՄԱՎՈՆ — (Վերադառնալով, համբերությունը հատած) Ի՞նչ եք ուզում ինձնից։

ՔԵՐՈԲՅԱՆ — Ընկեր, դո՞ւք չեք, որ ուզում եք բաղնիքի վարիչ աշխատել։

ՇՄԱՎՈՆ — Չէ, ի՞նչ վարիչ, ես կուսակցական չեմ։

ՔԵՐՈԲՅԱՆ — Նշանակություն չունի, հիմա կարելի է։ Կգնաք և հանգիստ կաշխատեք։ Հենց հիմա հրամանը տալիս եմ:

ՇՄԱՎՈՆ — (Դաղված) Չեմ ուզում, չեմ ուզում, ի՞նչ բաղնիք, ի՞նչ վարիչ… Ես դիսպետչեր եմ ուզում աշխատել… Դիս-պետ-չեր…

ՔԵՐՈԲՅԱՆ Ի՞նչ դիս-պետ-չեր… Բաղնիքում դիսպետչերն ի՞նչ գործ ունի…

ՇՄԱՎՈՆ — Ես բաղնիքի անուն չեմ տվել, ես բաղնիքում չեմ ուզում աշխատել։

ՔԵՐՈԲՅԱՆ — Բաղնիքի վարիչ չես ուզում, դիսպետչե՞ր ես ուզում…

ՇՄԱՎՈՆ — Այո, դիսպետչեր եմ ուզում…

ՔԵՐՈԲՅԱՆ — Դե որ դիսպետչեր ես ուզում, էլ ինչո՞ւ ես եկել ինձ մոտ:

ՇՄԱՎՈՆ — Չեմ եկել, բերել են, բերել են, Բալաբեկյանն է ուղարկել։

ՔԵՐՈԲՅԱՆ — (Անակնկալի եկած) Բալաբեկյանն ո՞վ է: 

ՇՄԱՎՈՆ — (Զարմացած) Բալաբեկյանը…

ՔԵՐՈԲՅԱՆ — Հա, բայց ո՞վ է…

ՇՄԱՎՈՆԲալաբեկյանը…

ՔԵՐՈԲՅԱՆ – Ի՞նչ Բալաբեկյան, Բալաբեկյանն ո՞վ է, ինձ հետ Սուփրիկյանն է խոսել։

ՇՄԱՎՈՆ — (Հազիվ տիրապետելով իրեն) Ի՞նչ Սուփրիկյան, Սուփրիկյանն ո՞վ է…

ՔԵՐՈԲՅԱՆ — (Զարմացած) Սուփրիկյանը…

ՇՄԱՎՈՆ – Ի՞նչ Սուփրիկյան…

ՔԵՐՈԲՅԱՆ — Ուրեմն դուք չգիտե՞ք՝ ով է Սուփրիկյանը… 

ՇՄԱՎՈՆ — Որ դուք չգիտեք Բալաբեկյանն ով է, ես որտեղից իմանամ Սուփրիկյանն ով է։

ՔԵՐՈԲՅԱՆ — (Համար հավաքելուց հետո) Ալլո, ընկեր Սուփրիկյան…

Շմավոնը դուրս է թռչում:

Պատկեր տասներկուերորդ

Շմավոնի բնակարանը: Մտնում է՝ հոգնածի կերպարանքով:

ՀՐԱՆՈՒՇ — Տվի՞ր:

ՇՄԱՎՈՆ — (Գազազած) Հա, տվի… Ասում է՝ քո կինն ինձնից փող չի վերցրել, ինձ մոտ կին չի եկել, քո տված փողն ինձ մոտ է։ Հինգ հարյուր ռուբլին հետ էր տալիս, ինչ արեց, չարեց, չվերցրի, ասացի՝ չէ, մեզ ավել փող պետք չի։

ՀՐԱՆՈՒՇ — Վախեցել է։

ՇՄԱՎՈՆԶանգահարեց, ես էլ իմացա, թե Վարոսյանի հետ է խոսում։ Գնացի, մեքենա նստեցրին, քշեցին տարան ուրիշ մարդու մոտ։

ՀՐԱՆՈՒՇ — Ո՞ւմ մոտ։

ՇՄԱՎՈՆ — Չիմացա… Նա էլ ասում է՝ ամբողջ օրը նստած քեզ եմ սպասում, որ ուղարկեմ բաղնիք։

ՀՐԱՆՈՒՇ — Բաղնիք ուղարկի, որ ի՞նչ անես…

ՇՄԱՎՈՆ — (Բորբոքված) Լողանամ… Շատ գիտե՞մ, ինչ անեմ։

ՀՐԱՆՈՒՇ — Բոլորին մեկ-մեկ կլողացնեմ, իրենց ձե՞ռ են առել։

ՇՄԱՎՈՆ — Վարիչ էր ուզում ուղարկի, ի՞նչ լողանալ… 

ՀՐԱՆՈՒՇ — Բաղնիքի վարի՞չ։

ՇՄԱՎՈՆ — Բա էլ ինչի՞…

ՀՐԱՆՈԻՇ — Դիսպետչեր չի կարողանում նշանակել տա, հիմա էլ բաղնիք է ուղարկո՞ւմ։ Ի՞նչ ասացիր։

ՇՄԱՎՈՆ — Ասացի, ուրեմն Բալաբեկյանը ինձ դրա՞ համար է ուղարկել։ Ասում է՝ Բալաբեկյանն ո՞վ է։

ՀՐԱՆՈՒՇ — Ո՞նց թե՝ Բալաբեկյանն ով է… Բա որ չգիտեր Բալաբեկյանն ով է, ո՞նց էր վարիչ նշանակում:

ՇՄԱՎՈՆ — Ասում է՝ ինձ հետ Սուփրիկյանն է խոսել։ 

ՀՐԱՆՈՒՇ — Ի՞նչ Սուփրիկյան, Սուփրիկյանն ո՞վ է։ 

ՇՄԱՎՈՆ — Շատ գիտե՞մ ով է…

ՀՐԱՆՈՒՇ — Բա որ չգիտես, ո՞նց է խոսել։

ՇՄԱՎՈՆ — Ի՞նչ իմանամ…

ՀՐԱՆՈՒՇ — Կարո՞ղ է ուրիշ ավտո ես նստել։

ՇՄԱՎՈՆ — Չէ, Բալաբեկյանի ասած ավտոն էր՝ 0605… Համարը նայեցի, նոր նստեցի, սպիտակ «Վոլգա» էր: 

ՀՐԱՆՈՒՇ — Բան չեմ հասկանում։

ՇՄԱՎՈՆ — Ես հասկանո՞ւմ եմ, որ դու հասկանաս։ 

ՀՐԱՆՈՒՇ — (Գյուտ արածի պես) Լսիր, կարո՞ղ է պատահի էդ Սուփրիկյանը Բալաբեկյանն է։

ՇՄԱՎՈՆ — Բա Բալաբեկյանն ո՞վ է։

ՀՐԱՆՈՒՇ — Սուփրիկյանը…

ՇՄԱՎՈՆ — Բալաբեկյանը Սուփրիկյանն է, Սուփրիկյանը՝ Բալաբեկյա՞նը…

ՀՐԱՆՈՒՇ — Չէ, Սուփրիկյանն է Բալաբեկյանը, Բալաբեկյանը չի Բալաբեկյանը։

ՇՄԱՎՈՆ — Ես Սուփրիկյանի հետ ի՞նչ գործ ունեմ, ես Սուփրիկյան եմ ճանաչո՞ւմ, ես Բալաբեկյանի մոտ եմ գնացել:

ՀՐԱՆՈՒՇ — Հա, էլի, Սուփրիկյանի մոտ ես գնացել։

ՇՄԱՎՈՆ — Էլի ասում է՝ Սուփրիկյանի մոտ ես գնացել… Բա դու փողն ումի՞ց ես հետ վերցրել։

ՀՐԱՆՈՒՇ — Բալաբեկյանից։

ՇՄԱՎՈՆ — Բա ումի՞ց պիտի վերցնեիր։

ՀՐԱՆՈՒՇ — Սուփրիկյանից։

ՇՄԱՎՈՆ — Ի՞նչ Սուփրիկյան, Բալաբեկյանին եմ տվել, Բալաբեկյանից էլ պիտի վերցնեիր։

ՀՐԱՆՈՒՇ – Բալաբեկյանին չես տվել, է՜, Սուփրիկյանին ես տվել:

ՇՄԱՎՈՆ — Ես Սուփրիկյան եմ ճանաչո՞ւմ, որ Սուփրիկյանին փող տամ։

ՀՐԱՆՈՒՇ — Այսքան բացատրում եմ, էլի չես հասկանո՞ւմ: Փ ոխանակ Բալաբեկյանի մոտ մտնես, մտել ես Սուփրիկյանի մոտ, կարծել ես, թե Բալաբեկյանը նա է, նրան ես տվել։ Դու Բալաբեկյանի երես չես տեսել։ Ես եմ գնացել Բալաբեկյանից փողը հետ վերցրել։

ՇՄԱՎՈՆ — Եթե ես Բալաբեկյանին փող չեմ տվել, Բալաբեկյանն ինչո՞ւ պիտի քեզ տար։

ՀՐԱՆՈՒՇ — Չէր տալիս, ասացի՝ բարձրանում եմ մինիստրի մոտ, վախեցավ, տվեց։

ՇՄԱՎՈՆ — Եթե ինձնից փող չի վերցրել, ինչո՞ւ պիտի վախենար։

ՀՐԱՆՈՒՇ — Էլի չի հասկանում։ Նա էլ քեզնից չի վերցրել, ուրիշից է վերցրել:

ՇՄԱՎՈՆ — Ումից վերցրել է, նրա կնոջը կտար, քեզ ինչո՞ւ պիտի տար։

ՀՐԱՆՈՒՇ — Իմացել է, թե էդ ուրիշի կինը ես եմ։ Հիմա իմացա՞ր ինչու էր հինգ հարյուր ռուբլի ավել

ՇՄԱՎՈՆ — Ուրեմն ես ում մոտ որ գնացել եմ, դա Բալաբեկյանը չի՞ եղել։

ՀՐԱՆՈՒՇ — (Խառնված) Չէ՛, չէ՛… (Ծնկներին խփելով): Հիմա ի՞նչ պիտի անենք։

ՇՄԱՎՈՆ — (Գլուխը բռնելով) Անցավ գլուխդ ինչո՞ւ ցավի տակ դրեցիր, Շմավոն։

Պատկեր տասներեքերորդ

Սուփրիկյանի աշխատասենյակը: Մտնում է Շմավոնը:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Գնացի՞ր, եղա՞վ։

ՇՄԱՎՈՆ — Գնացի, բայց սխալ տեղ տարավ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ի՞նչ է նշանակում՝ սխալ…

ՇՄԱՎՈՆ — Ուրիշ մարդու մոտ տարավ։ Նա էլ ասում է` ամբողջ օրր նստել, սպասել եմ, որ քեզ ուղարկեմ բաղնիք։ Ասացի՝ ի՞նչ բաղնիք, ուրեմն ընկեր Բալաբեկյանը դրա՞ համար է ձեզ հետ խոսել։ Ասում է՝ Բալաբեկյանն ո՞վ է։ 

ՍՈԻՓՐԻԿՅԱՆԲալաբեկյանն ո՞վ է…

ՇՄԱՎՈՆ — (Օտարոտի, կասկածանքով) Ընկեր Բալաբեկյան…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ասում եմ, Բալաբեկյանն ո՞վ է, ի՞նչ Բալաբեկյան։

ՇՄԱՎՈՆ — Ընկեր Բալաբեկյան, դո՞ւք չեք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Բա որ Բալաբեկյանը ես եմ, Սուփրիկյանն ո՞վ է։

ՇՄԱՎՈՆ — Ի՞նչ Սուփրիկյան, Սուփրիկյանն ո՞վ է։ Ընկեր Բալաբեկյանը դո՞ւք չեք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ոչ։

ՇՄԱՎՈՆ — Բա որ դուք չեք, ինչո՞ւ չէիք ասում, որ դուք չեք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Իսկ դուք ե՞րբ եք ինձ Բալաբեկյանով դիմել, որ ես ասեմ՝ ես չեմ։

ՇՄՍՎՈՆ — Մոռացե՞լ եք, ընկեր Բալաբեկյան… 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Բորբոքված) Էլի Բալաբեկյան… 

ՇՄԱՎՈՆ — Մոռացե՞լ եք, ընկեր Սուփրիկյան… Առաջին անգամ որ մտա ձեզ մոտ, չհարցրի՞՝ կարելի՞ է, ընկեր Բալաբեկյան։ Դուք էլ ասացիք՝ ասեք…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ընկեր, ես հեռախոսով չէի խոսո՞ւմ, երբ դուք մտաք։

ՇՄԱՎՈՆ — Խոսում էիք:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դռան տակ մնացել էիք կանգնած, հեռախոսային խոսակցությունն ավարտեցի, ասացի՝ ասեք։ Քանի՞ մարդու ես կարող էի միաժամանակ լսել։ Խոսում էի, չէ՞…

ՇՄԱՎՈՆ — Հա, խոսում էիք

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դե ուրեմն չեմ լսել, պարզ չի՞, մարդը եթե մտել է ինձ մոտ, կանգնել, սպասում է, ուրեմն ինձ մոտ է եկել։ Ի՞նչ իմանայի, որ Բալաբեկյան ես ուզում։

ՇՄԱՎՈՆ — Բա դուք ո՞վ եք, ընկեր Բալաբեկյան… Ներողություն, էլի Բալաբեկյան ասացի…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ընկեր, ես Սուփրիկյանն եմ։ (Ոտքով հարվածում է հատակին): Բալաբեկյանը տակն է, երրորդ հարկում։ Այս շենքում երեք մինիստրություն կա։ Իմացեք որ դուռն եք բացում, հետո բացեք։ (Հանում է փողր, գրեթե նետելով): Վերցրեք։ Սա էլ ձեր հինգ հարյուր ռուբլին։ Ումից վերցրել եք, դա էլ նրան տվեք։

ՇՄԱՎՈՆ — Ինչո՞ւ եք նեղանում: (Հաշվում է փողը):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Անհանգստացած) Դրեք ձեր գրպանր, ի՞նչ եք անում։

ՇՄԱՎՈՆ — Հաշվում եմ։

ՀՐԱՆՈՒՇ — (Մտնելով) Դռները մեկ-մեկ բացում եմ, որ քեզ գտնեմ։ Իրե՞ն ես տվել։

ՇՄԱՎՈՆ — Հա… Թող հաշվեմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Վերջացրեք, ընկեր։

ՇՄԱՎՈՆ — Հիմա…

ՀԻԱՆՈՒՇ — Բա որ Բալաբեկյանը չէր, ինչո՞ւ էիր տալիս։

ՇՄԱՎՈՆ — Էն ժամանակ չի ասել, որ ինքը Բալաբեկյանը չի, հիմա է ասում։

ՀՐԱՆՈՒՇ — Հաշվիր, հանկարծ պակաս չլինի։ Բալաբեկյանի հինգ հարյուր ռուբլին էլ տվե՞ց։

ՇՄԱՎՈՆ — Հա… (Շարունակում է հաշվել):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Անհարմար է, ընկերներ, դրսում կհաշվեք:

ՀՐԱՆՈՒՇ — Վերցնելիս չեք ամաչում, հետ տալիս եք ամաչո՞ւմ։ (Շմավոնին): Հաշվիր։

ՇՄԱՎՈՆ — Հաշվում եմԱխր խոսում եք, սխալվում եմ, նորից եմ հաշվում։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Տարեք, տանը կհաշվեք։

ՀՐԱՆՈՒՇ — Պակաս լինի, հետո ումի՞ց ստանամ։ (Շմավոնին) Հաշվիր…

ՇՄԱՎՈՆ — Թողնո՞ւմ եք, որ հաշվեմԷլի հաշիվը կորցրի, պիտի նորից հաշվեմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ընկերներ, ես ձեզ ուղղակի խնդրում եմԱյստեղ փող հաշվելու տեղ չէ։

ՀՐԱՆՈՒՇ — Դուք եք առանց հաշվելու վերցնում, մենք պիտի հաշվենք, նոր վերցնենք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ինչ որ տվել եք, նույնությամբ վերադարձնում եմ, չե՞ք վստահում։

ՀՐԱՆՈՒՇ – Չէ, փողը հաշվել է սիրում։ (Շմավոնին) Հաշվիր…

ՇՄԱՎՈՆ — (Բռնկվելով) Լավ, էլի, խառնեցի, պիտի նորից սկսեմ։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Անհանգիստ ետ ու առաջ է քայլում) Արագացրեք…

ՀՐԱՆՈՒՇ — Հը՞, պակա՞ս էր…

ՇՄԱՎՈՆ — (Ականջին) Չէ, ավել է…

ՀՐԱՆՈՒՇ — Ինչքա՞ն…

ՇՄԱՎՈՆ — Երկու հարյուր…

ՀՐԱՆՈՒՇ — Երկու հարյո՞ւր… (Իրար են նայում):

ՇՄԱՎՈՆ — Հա…

ՀՐԱՆՈՒՇ — Գնա՞նք…

ՇՄԱՎՈՆ — Եսիմ…

ՀՐԱՆՈՒՇ — Դե վեր կաց…

ՇՄԱՎՈՆ — (Կասկածանքով) Գնա՞նք…

ՀՐԱՆՈՒՇ — Դու ասա…

ՇՄԱՎՈՆ — Դու ասա…

ՀՐԱՆՈՒՇ — Չէ, դու ասա…

ՇՄԱՎՈՆ — Գնա՞նք…

ՀՐԱՆՈՒՇ — Դե որ հաշվեցիր պրծար, պիտի գնանք, հո չե՞նք մնալու.. Դե մենք գնացինք, ընկեր Բալա… (Շմավոնին) Ազգանունն ինչյա՞ն էր…

ՇՄԱՎՈՆ — Սուփրիկյան…

ՀՐԱՆՈՒՇ — Դե մենք գնացինք, ընկեր Սուփրիկյան: Շնորհակալ ենք…

ՇՄԱՎՈՆ — Շնորհակալ ենք… Գնացինք… Ցտեսություն…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Հաջողություն… Ներեցեք, խնդրում եմ, թյուրիմացության համար, ես էլ մեղք չունեմ:

ՀՐԱՆՈՒՇ — Ոչինչ, պատահում է…

ՇՄԱՎՈՆ — (Հրանուշին) Գնացինք…

ՀՐԱՆՈԻՇ — Գնացինք…

ՇՄԱՎՈՆ — Դե դուրս արի…

ՀՐԱՆՈՒՇ — Չէ, առաջ դու դուրս արի, հետո ես… 

ՇՄԱՎՈՆ — (Պայթելով) Ախր ես ո՞նց դուրս գամ, որ ոտքս ոտքիս առաջ չեմ կարողանում դնել: Ես հարամ փող կուտե՞մ…

ՀՐԱՆՈՒՇ — Ո՞վ կուտի, որ դու ուտես… Քեզ թվում է, թե ես կուտե՞մ…

ՇՄԱՎՈՆ — (Սուփրիկյանին) Վերցրեք էս երկու հարյուր ռուբլին:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Զարմացած) Ինչի՞ համար…

ՇՄԱՎՈՆ — Ավել էր…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չի կարող պատահել…

ՀՐԱՆՈՒՇ — Հազարից մեկ պատահում է, վերցրեք:

ՇՄԱՎՈՆ — Վերցրեք, հանգիստ խղճով թողնենք, գնանք:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ինչ որ տվել եք, ես նույնությամբ վերադարձնում եմ: Գուցե դո՞ւք եք տվել ավել:

ՀՐԱՆՈՒՇ — Մենք ավել փող ունե՞նք, որ ավել տանք: Վերցրեք:

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Չէ, ես չեմ վերցնի, տվել եք, վերադարձնում եմ։

ՇՄԱՎՈՆ — Չեք վերցնի, մենք էլ չենք գնա։

ՀՐԱՆՈՒՇ — Հա, չենք գնա

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ես ձեզ հավատացնում եմ, որ ինչպես տվել եք, այնպես էլ վերադարձնում եմ։ Ավել թող լինի, չեմ ուզում։

ՇՄԱՎՈՆ — Մենք էլ չենք ուզում։

ՀՐԱՆՈՒՇ — Չի վերցնի, կդնենք սեղանին, կգնանք։ 

ՇՄԱՎՈՆ – Ըհը, դրեցի…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Մի րոպե սպասեք, սպասեք մի րոպե։ Ախր նորից հետ եք գալու… Վերցրեք, ի սեր Աստծո…

ՀՐԱՆՈՒՇ — (Շմավոնին) Լսիր, կարո՞ղ է դու ես սխալ հաշվել։

ՇՄԱՎՈՆ — Հարյուր անգամ չհաշվեցի՞…

ՀՐԱՆՈՒՇ — Չեմ հավատում, չեմ հավատում, եթե պակաս չտա, ավել չի տա։ Մի անգամ էլ հաշվիր։

ՇՄԱՎՈՆ — Կարող է ուրիշի փողերից է խառնվել։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Հանդիմանանքով) Ինչե՞՜ր եք խոսում, ինչե՞՜ր եք խոսում, չի կարելի, չէ՞…

ՀՐԱՆՈԻՇ — (Շմավոնին) Հիմա քեզ համար դժվա՞ր է, մի անգամ էլ հաշվիր։

ՇՄԱՎՈՆ – (Հոգուն հասած) Ինչքան ուզում ես հաշվեմ՝ ավել է, ավել է… Երկու հարյուր ռուբլի ավել է։ (Սկսում է հաշվել):

ՀՐԱՆՈՒՇ — Կարգին հաշվիր.,,

ՇՄԱՎՈՆ — (Հաշվելով) Չխոսես…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ընկերներ, ընկերներ, ախր ինչո՞ւ չեք ուզում հավատալ։

ՀՐԱՆՈՒՇ — Ո՞ւմ հավատանք, քե՞զ հավատանք։ (Շմավոնին) Հաշվիր…

ՇՄԱՎՈՆ — Հաշվում եմ…

ՀՐԱՆՈՒՇ — Չշփոթվես…

ՇՄԱՎՈՆ — Չէ, չեմ շփոթվի…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ավելորդ ժամանակ եք կորցնում…

ՇՄԱՎՈՆ — Էհ, էլի շփոթվեցի…

ՀՐԱՆՈՒՇ — Ես քեզ չասացի՞՝ չշփոթվես…

ՇՄԱՎՈՆ — Մի ասա, մի ասա, որ ասում ես՝ չշփոթվես, ավելի եմ շփոթվում։ Չխոսես…

ՀՐԱՆՈՒՇ — Լավ, էլ չեմ խոսի։

ՇՄԱՎՈՆ — Դե չխոսես։

ՀՐԱՆՈՒՇ — Չեմ խոսում, դու հաշվիր։

ՇՄԱՎՈՆ — Բա որ չես խոսում, ինչի՞ ես խոսում։ 

ՀՐԱՆՈՒՇ — Վերջ, ասում եմ, էլ չեմ խոսի…

ՇՄԱՎՈՆ — (Բռնկվելով) Թյու, էլի սխալվեցի. խելք են թողե՞լ գլխիս

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Անհարմար է, այ ընկերներ, անհարմար է։ 

ՀՐԱՆՈՒՇ — Հաշված տվել ենք, հաշված էլ պիտի ստանանք, անհարմարս ո՞րն է։ (Շմավոնին) Հը՞, ճիշտ էր։ 

ՇՄԱՎՈՆ — Ոնց որ թե՝ չէ… Հարյուր հիսուն պակաս է։ 

ՀՐԱՆՈՒՇ — (Հարձակողական) Ի՞՜նչ, ինչքա՞՜ն…

ՇՄԱՎՈՆ — (Մոլորված) Հարյուր հիսուն…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Այդ ի՞նչ եք ասում, ի՞նչ պակաս… Ինչպե՞ս կարող է պատահել

ՀՐԱՆՈՒՇ — Մի կոպեկ չեմ թողնի, մի կոպեկ… (Սուփրիկյանին): Տուր, տուր, հարյուր հիսուն ռուբլին տուր։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Տիկին, ես լրիվ վերադարձրել եմ, թող նորից հաշվի։

ՀՐԱՆՈՒՇ — (Շմավոնին) Հաշվիր, շուտ արա։

ՇՄԱՎՈՆ — Ի՞՜նչ հաշվեմ, մի անգամ ավելանում է, մի անգամ պակասում։ (Սկսում է հաշվել):

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դուրս եկեք, խնդրում եմ, դուրս եկեք, դրսում կհաշվեք, ես ուշանում եմ…

ՀՐԱՆՈՒՇ Մինչև չհաշվեք, ճիշտը չիմանանք, մենք այստեղից գնացողը չենք։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Բայց ես ուշանում եմ:

ՀՐԱՆՈՒՇ — Ոչինչ, կսպասեք։

ՇՄԱՎՈՆ — (Վեր թռչելով) Էլի խառնեցի։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Դուրս եկեք, դուրս եկեք, դուք իմ նյարդերի հետ եք խաղում։ Դուք չեք գնա, ես կգնամ։ (Դուրս է գնում):

ՀՐԱՆՈՒՇ — (Հետևից) Սպասիր, ո՞ւր ես գնում, սպասիր… Որ պակաս եղավ, ումի՞ց ստանանք։ (Շմավոնին): Հետևից հասիր, գնաց…

ՇՄԱՎՈՆ — (Վազելով հետևից) Ընկեր Բալաբեկյան… Ընկեր Սուփրիկյան… Ընկեր Բալաբեկյան…

Գնում են:

Պատկեր տասնչորսերորդ

Միջանցք: Մտնում է Սուփրիկյանը: Դիմացից՝ Շմավոնը:

ՇՄԱՎՈՆ — Սպասիր, է՜, ո՞ւր ես գնում, ընկեր Սուփրիկյան։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Խառնված) Մի փակեք ճանապարհս… 

ՀՐԱՆՈՒՇ — (Մտնելով) Չթողնես… Չթողնես գնա… 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Համբերությունը հատած) Տիկին, ի՞նչ եք ուզում ինձնից… Ի՞նչ եք ուզում, ինչո՞ւ եք միջանցքում մարդկանց հավաքում ձեր գլխին։

ՀՐԱՆՈՒՇ — (Շմավոնին) Չթողնես գնա

ՇՄԱՎՈՆ – Չէ, չեմ թողնի…

ՔԵՐՈԲՅԱՆ — (Մտնելով, անակնկալի եկած) Ընկեր Սուփրիկյա՞ն…

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Գալիս եմ…

ՔԵՐՈԲՅԱՆ — Ի՞նչ եք ուզում այս մարդուց, ընկերներ…

ՇՄԱՎՈՆ — (Հրանուշին) Սա էր, այ… Սա էր ինձ բաղնիք ուղարկողը։

ՀՐԱՆՈՒՇ — Հա… (Առաջ մղվելով, Քերոբյանին) Իմ ամուսինը բաղնիքի կարիք չունի… Ձեզ պիտի ուղարկեն, ձեզ… 

ՔԵՐՈԲՅԱՆ — Ի՞նչ է պատահել, ընկեր Սուփրիկյան… 

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — (Հևալով) Չգիտեմ, ինչ-որ Բալաբեկյանի հետ են ինձ շփոթել։

ՀՐԱՆՈՒՇ — Քեզ չենք նրա հետ շփոթել, է՜, նրան ենք քեզ հետ շփոթել։ Բոլորիդ մեկ-մեկ դատարան եմ քարշ տալու, բոլորիդ…

ՔԵՐՈԲՅԱՆ — Ընկերներ, բայց նա Սուփրիկյանն է, նա Բալաբեկյանը չի։

ՀՐԱՆՈՒՇ — Նշանակություն չունի, բոլորն էլ բալաբեկյան են...

ՔԵՐՈԲՅԱՆ — Բայց ո՞վ է այդ Բալաբեկյանը։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Մտնելով) Բալաբեկյանը ես եմ…

ՀՐԱՆՈՒՇ — Բա որ Բալաբեկյանը դու ես, Բալաբեկյանն ինչո՞ւ չի ասել, որ ինքը չի Բալաբեկյանը… Ներողություն, Սուփրիկյանն ինչո՞ւ չի ասել, որ ինքը չի Բալաբեկյանը։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Հիմա համոզվեցի՞ք, տիկին, որ ես եմ Բալաբեկյանը։

ՎԱՐՈՍՅԱՆ — (Մտնելով) Շմավոն Գինոսյա՞ն… Ընկեր Բալաբեկյան, այ, այս ընկերն էր եկել ձեր անունից

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Գիտեմ։ (Ցույց տալով Սուփրիկյանին) Այ, այս ընկերն է նրան ուղարկել իմ անունից։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Ես ձեր անունից չեմ ուղարկել, որտեղ որ պետք է, ես իմ անունից եմ ուղարկել, ինքն է գնացել ձեր անունից

ՇՄԱՎՈՆ — (Հոգուն հասած, պոռթկալով) Ախր որ վերցնում եք, իմացեք ումից եք վերցնում, նոր վերցրեք։

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Ախր որ տալիս եք, իմացեք ում եք տալիս, նոր տվեք։

ԲԵՆԻԿ — (Մտնելով, խոժոռված) Ընկեր Բալաբեկյա՞ն… 

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — Տիկին, վերադարձրեք իրեն։

ՀՐԱՆՈՒՇ — (Վերադարձնելով) Քեզնից վերցրել եմ, իրեն տա՞մ։

ԲԵՆԻԿ — (Ծրարը դնում է գրպանը, ոտից գլուխ չափելով Հրանուշին) Սա այն կի՞նն է, որ կարծել եք, թե իմ տիկինն է։

ՇՄԱՎՈՆ — Նա ոչ մեկի տիկինն էլ չի, նա իմ կինն է։ 

ԲԵՆԻԿ — Դո՞ւ ում էիր տվել, որ կինդ Բալաբեկյանից էր հետ վերցրել։

ՇՄԱՎՈՆ — Բալաբեկյանին… Ներողություն, Սուփրիկյանին։

ՍՈՒՓՐԻԿՅԱՆ — Պրովոկացիաներ մի՛ սարքեք։

ԲԵՆԻԿ — (Հարձակողական) Ումի՞ց ես փող վերցրել… (Հայացքը Շմավոնին և Հրանուշին, խղճահարությամբ) Սրանցի՞ց: (Ապտակում է Սուփրիկյանին):

ԲԱԼԱԲԵԿՅԱՆ — (Ցնցվելով) Բենի՜կ…

ՔԵՐՈԲՅԱՆ — (Ընկնելով մեջտեղ, ահաբեկված) Ի՞՜նչ եք անում… Ի՞նչ եք անում…

ՎԱՐՈՍՅԱՆ — (Խառնված, սաստելով) Չեղա՜վ… Դա արդեն չեղա՜վ… Չեղա՜վ…

Խուճապ, իրարանցում: Սուփրիկյանը դեմքը բռնած դուրս է գնում: Մյուսները հետևում են նրան: Մնում են Շմավոնն ու Հրանուշը՝ շվարած, անօգնական: Հրանուշը բարձրացնում է գլուխը, նայում է Շմավոնին, ուզում է ինչ-nr բան ասել: Զգալով, որ պահը հարմար չէ, կախում է գլուխը:

Մտնում է Բենիկը:

ԲԵՆԻԿ — (Ծոցագրպանից հանում է քիչ առաջ իրեն վերադարձված ծրարը, փորձում է տալ Շմավոնին, մտերմիկ) Շատ ներողություն… Չե՞ս նեղանա…

ՇՄԱՎՈՆ — (Առանց նայելու) Կնեղանամ…

ԲԵՆԻԿ — (Բարձրացնում է ձեռքերը՝ հանձնվելով) Ես ներողություն… (Գնում է):

ՇՄԱՎՈՆ — (Կարճատև դադարից հետո) Դե ես գնացի… 

ՀՐԱՆՈՒՇ — Ո՞ւր…

ՇՄԱՎՈՆ — Բա որ ասում էիր…

ՀՐԱՆՈՒՇ — Ե՞ս… Ես բաժանվե՞մ… Մինչև հիմա երկու տեղ ես աշխատել… Ոչինչ, ոչինչ… (Գտնելով ելքը) Սրանից հետո մի տեղ դու կաշխատես, մի տեղ ես…

Մնում են անշարժացած, ասես անհաղորդ:

ԴԱՆԴԱՂ ՓԱԿՎՈՒՄ է ՎԱՐԱԳՈՒՅՐԸ

1987 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։