Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԱՆԱՆՈՒՆԸ
«Անանունն» ավարտեցի: Դրված է վերջին նախադասության վերջակետը, բայց, թատրոնի լեզվով ասած, դերից դեռ չեմ կարողանում դուրս գալ: Դա նրանից չէ, որ ինքս իմ նոր գրվածքով հիացած եմ ու ստեղծագործողիս վայելքն եմ ուզում երկարացնել: Ես տխրում եմ:
Մոլորակի բազմաթիվ ազգեր ու ժողովուրդներ էլ են ունեցել ողբերգական անցքեր, բայց անհամեմատ տևական են եղել նրանց հպարտության, հաղթանակների, բարեկեցության ժամանակաշրջանները, որոնք իրենց արտացոլումն են գտել իրենց ստեղծած գեղարվեստում: Մենք ենք, որ մեր ուրախությունները, հպարտությունները, հերոսությունները մեծ մասամբ պարփակում ենք ապառնի ըղձականում:
Դար ու դարերով հայ գրողը դատապարտված է իր ժողովրդին պատուհասած ողբերգություններն արտահայտելուն: Եվ աշխարհի ժողովուրդներից հասկացված լինելու հույսը մնում է այն, որ նրանք էլ այս կամ այն չափով ունեցել են այդպիսի պատուհասներ:
Խոսքը հենց այս կամ այն չափի մասին է, որը մեզանում գոյություն չի ունեցել և խորապես ներազդել է ոչ միայն մեր հոգևոր մշակույթի, այլև մեր իսկ ազգային ժառանգական որակի վրա:
Ֆրանսիացի նշանավոր գեղագետ Հիպոլիտ Տենը դեռևս նախանցած դարում է նկատել, որ մարդկային մտքի արտադրությունները բացատրվում են միայն իրենց միջավայրով, և որ յուրաքանչյուր ստեղծագործող իր ժամանակի բարքերի ու հասարակական մտքի արտահայտողն է:
Այդպես եղել է, այդպես կա և վկայագրերից մեկն էլ, ահա, «Անանունն» է:
(դրամա մեկ գործողությամբ, չորս պատկերով)
Գործող անձինք
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
ԹԱԳՈՒՀԻ (ձայնը)
ԳԼԱԴԻԱՏՈՐ (ԱՆԱՆՈՒՆ)
ՄԻՈՏԱՆԻ
ԿԻՆ
ԳՆԴԱՊԵՏ
ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ (ձայնը)
Առաջին ՍՏՎԵՐ (ձայնը)
Երկրորդ ՍՏՎԵՐ (ձայնը)
Երրորդ ՍՏՎԵՐ (ձայնը)
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Գերեզմանոց: Թաց, ցուրտ երեկո: Ստվերներ են անցնում:
ԱՌԱՋԻՆ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Մեր հայրերն այստեղ են:
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Նրանք չհասցրեցին հայրանալ:
ԵՐՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Մենք չծնվեցինք:
Կնգուղով թիկնոց հագած Գերեզմանափորը բորբոքում է օջախի կրակը, որի վրա թեյնիկ է հարմարեցրած: Նրա դեմքը չի երևում:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ցրտերն սկսվեցին: Հողն ամրանալու է, փորելը կդժվարանա: (Փչում է կրակի վրա): Մեռածին ի՞նչ կա, նա իր փոսի տերն է: Պատերազմն ավարտվեց, բայց դեռ բերում են ու բերում… Տեսնենք, տեսնենք… (Ականջ է դնում: Հետզհետե բարձրաձայն շշնջոցներ են լսվում, բազմության ձայներ՝ պաղատագին, բողոքող, պահանջող): Ձախակողմյան լանջն սկսեց իր ելույթը: Ոչ ոք չի ուզում դավաճանի խարանով մեռնել: Թե՝ ի՞նչ տարբերություն, բոլորդ էլ անանուն թաղված եք: (Ուսապարկից ալյումինե ջրաման է հանում, պատրաստվում թեյելու): Աջակողմում էլ հերոսներն են, մահարձաններո՜վ, ծաղկեպսակներո՜վ… Ի՞նչ տարբերություն… (Անհասկանալի շշնջոցներից առանձնանում է մեկը՝ աստիճանաբար մոտենում. «Ես ինքնասպան չեմ եղել… Ես դավաճան չեմ եղել…»):
Ուրվագծվում է մոտեցող Գլադիատորը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես ինքնասպան չեմ եղել… Ես դավաճան չեմ եղել… (Մոտենում, կքանստում, ափերը մեկնում է կրակին: Գերեզմանափորին): Ես ինքնասպան չեմ եղել: (Սրսփում է): Ես դավաճան չեմ եղել…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ինձ սպանեցին: Դավաճանաբար, դեմ առ դեմ: Իմ հրամանատարն ինձ սպանեց:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Նրանք ինձ որպես ինքնասպանի թաղեցին՝ առանց պատիվների, որպես մի վախկոտի…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ջրամանում թեյ լցնելով): Երեկ էլ մեկն էր եկել՝ հաղթանդամ, մորուքով: Ասաց՝ կամավոր է մեկնել ու հենց առաջին մարտում սրտից խոցվել է… Ի՞նչ տարբերություն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Սրտի՞ց:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այդպես էր ասում: Թեյ խմիր՝ կտաքանաս: (Մեկնում է ջրամանը):
ԳԼԱԴԻԱՏՈՐ — (վերցնում է): Շա՞տ կան այդպիսիները:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Կամավորնե՞ր:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Սրտից խոցվածներ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նձ ես հարցնում: Ձախակողմյան լանջը պատերազմի ժամանակ նրանցով լցվեց: Բոլորը սրտից են խոցված, ինչպես դու:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Նրանք բոլորը դավաճա՞ն են համարվել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բոլորը, քանի որ վախկոտությունից ինքնասպան են եղել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես ինքնասպան չեմ եղել, ես չեմ դավաճանել: Ես չեմ պարտվել: Ինձ սպանել են… դեմ առ դեմ, հրամանատարը՝ դեմ առ դեմ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Իսկական հերոսները՝ խեղված են, անճանաչելի խեղված… անգլուխ, անձեռք, անոտք, պատահում է՝ աղիները դուրս թափված… Այնքան խեղված, որ մայրը որդուն չի ճանաչում: Նրանք մարտնչել են մինչև վերջին շունչը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես էլ էի մարտնչում, խիզախաբար էի մարտնչում: Ես չեմ պարտվել: Բայց հրամանատարը ձայն տվեց, ետ կանչեց ու հարցրեց՝ արդյոք չե՞մ վիրավորվել, արյուն չե՞մ կորցրել: Ես պարծանքով ասացի, որ քերծվածք անգամ չունեմ և նա… Նա մերկացրեց դաշույնն ու խրեց սրտիս մեջ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Չեմ ուզում քեզ վշտացնել, բայց բոլորը նույնն են ասում: Կարելի է կարծել, թե մեր քաջարի հրամանատարն ավելի շատ է յուրային սպանել, քան՝ թշնամին:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Թքա՛ծ բոլոր տեսակի կարծիքների վրա: Այսօր ես թաղված եմ դավաճանների գերեզմանոցում, պարտվածների գերեզմանոցում՝ առանց մի հուշաքարի, անպատիվ, նզովված… Բայց ես չեմ պարտվել: Եթե հրամանատարը ինձ ձայն չտար, ետ չկանչեր, ես մխրճված կլինեի թշնամու ջոկատի մեջ ու բոլորին սրախողխող կանեի, ինչպես երեք տարի առաջ արենայում սրատեցի հովազների ոհմակի: Դու ինձ չե՞ս ճանաչում: Ես Անպարտ Գլադիատորն եմ: Ես չեմ ընկրկել և ոչ մի ախոյանի առջև…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ես ճանաչում էի այդպիսի մեկին: Նրանով հիացած էր Թագուհին:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես եմ: Համոզված եմ, որ Թագուհին, լսելով իմ սպանվելու լուրը, շատ վշտացած կլինի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Չեմ կարծում: Նրան կզեկուցեն, որ վախկոտաբար ինքնասպան ես եղել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ե՞ս… Ե՞ս՝ վախկոտաբար… Թագուհին ինձ անձամբ ճանապարհեց ռազմաճակատ, ես նրա կամքով գնացի, նրա հանձնարարությամբ՝ հերոսի դափնի բերելու պատվիրանով:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խմիր թեյդ, տիրակալները զինվորներին միշտ ռազմաճակատ են ճանապարհում՝ նրանց հերոսության կոչելով:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Մի՞թե հերոսություն չէ հանուն հայրենիքի թշնամու դեմ կռվելը, հանուն հայրենիքի զոհվելը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հերոսություն է… ապրողների համար:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ նահատակվածների՞, զոհվածների՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Նրանք իրենց հուշարձաններով ոգեշնչում են նոր սերնդին՝ զոհվելու համար:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ ես նույնիսկ շիրմաքար չունեմ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խմիր թեյդ, բարեկամ: Դուք բոլորդ, ի վերջո, հերոս լինեք, թե դավաճան, անանուն եք, անհայտ զինվոր: Ի՞նչ տարբերություն: Փոխվում է սերունդը՝ հիշողությունը խամրում է, մինչև որ նոր հերոսների և դավաճանների շիրիմներ են ավելանում: Միայն այդքանը: Գերեզմանն անվան համար չէ: Դամբարանն է անուն ունենում:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ինձ դամբարան պետք չէ, բայց ես չեմ էլ ուզում դավաճանների հետ պառկել՝ թեկուզ մեկ սերնդի հիշողության համար… Ես չեմ պարտվել: Ես դավաճան չեմ, ես ինքնասպան չեմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Կատարվել է ահավոր հանցագործություն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Պատերազմն ինքնին հանցագործություն է ու հազարավոր, միլիոնավոր հանցագործությունների վայր:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես հանուն հայրենիքի էի գնացել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բոլորն են հանուն հայրենիքի գնացել, բայց պարտվեցինք:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես չեմ պարտվել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մի պահ լռիր ու ականջ դիր:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ասա, ես քեզ լսում եմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ չէ, ականջ դիր ձախակողմյան լանջից լսվող ձայներին:
Լռում են: Հեռվից լսվում է բողոքող, պահանջող բազմաձայն շշնջոցը, որն արդեն ընկալելի է. «Ես ինքնասպան չեմ եղել… Ես չեմ պարտվել… Ես դավաճան չեմ…»:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Լսեցի՞ր: Բոլորդ նույն բանն եք ասում:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — (ջրամանը դնելով գետնին՝ ոտքի է ելնում): Թագավորը, Թագուհին պետք է իմանան, որ հրամանատարն է մեզ սպանել: Նա դավաճան է: (Գնում է):
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հե՛յ, բարեկամ, դու ճիշտ ճանապարհով չես գնում, քո գերեզմանն այս թևի վրա է:
Գերեզմանափորը դատարկում է ջրամանը, ճյուղեր է ավելացնում օջախին:
Ցածր, հետզհետե բարձրաձայն շշնջոցներ են լսվում, բազմության ձայներ՝ խրոխտ երանգներով:
Ուրվագծվում է մոտեցող Միոտանին՝ հենակով, դեմքին՝ փակ սաղավարտ:
ՄԻՈՏԱՆԻ — Ես հերոսաբար զոհվեցի… Ես հերոսաբար զոհվեցի… (Մոտենում, կքանստում, ափերը մեկնում է կրակին: Գերեզմանափորին): Ես հանուն հայրենիքի զոհվեցի, հերոսաբա՛ր: (Սրսփում է): Ինձ զինվորական պատիվներով թաղեցին… Դու տեսար, չէ՞, թե ինչքան ճոխ էր իմ թաղումը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ՄԻՈՏԱՆԻ — Պատվո պահակախումբը յոթ համազարկ տվեց…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ՄԻՈՏԱՆԻ — Հրամանատարները, գեներալները, բոլորն այստեղ էին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ջրամանում թեյ լցնելով): Երեկ էլ մեկն էր եկել՝ աղիները դուրս թափված: Ասաց, որ իրեն հետմահու հերոսի կոչում է շնորհվել… Ի՞նչ տարբերություն:
ՄԻՈՏԱՆԻ — Հերոսի՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այդպես էր ասում: Թեյ խմիր՝ կտաքանաս: (Մեկնում է ջրամանը):
ՄԻՈՏԱՆԻ — (վերցնում է): Շա՞տ կան այդպիսիները:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հերոսնե՞ր:
ՄԻՈՏԱՆԻ — Չէ, աղիները դուրս թափված:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նձ ես հարցնում: Աջակողմյան լանջը պատերազմի ժամանակ հերոսներով լցվեց:
ՄԻՈՏԱՆԻ — Նրանք բոլորը հերո՞ս են համարվել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բոլորը, քանի որ հերոսաբար են զոհվել:
ՄԻՈՏԱՆԻ — Ես էլ հերոսաբար զոհվեցի: Ոտքս կորցրի և գլխիս մի մասը: Այլանդակ տեսք ունեմ: Դրա համար էլ սաղավարտ եմ դնում: Կողքիս թաղվածները դժգոհում էին իմ այլանդակ տեսքից, ես էլ սաղավարտ դրեցի: Բայց ինչո՞ւ ինձ հերոսի կոչում չշնորհեցին, հետո՞ ինչ, որ իմ աղիները դուրս թափված չեն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Իսկական հերոսները խեղված են, անճանաչելի խեղված… Այնքան խեղված, որ մայրը որդուն չի ճանաչում: Նրանք մարտնչել են մինչև վերջին շունչը:
ՄԻՈՏԱՆԻ — Ես էլ եմ մարտնչել, խիզախաբար եմ մարտնչել՝ մինչև վերջին շունչս:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ես չեմ ուզում քեզ վշտացնել, բայց բոլորը նույնն են ասում:
ՄԻՈՏԱՆԻ — Մի՞թե հերոսություն չէ հանուն հայրենիքի թշնամու դեմ կռվելը, հանուն հայրենիքի զոհվելը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հերոսություն է… ապրողների համար:
ՄԻՈՏԱՆԻ — Իսկ նահատակվածների՞, զոհվածների՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Նրանք իրենց հուշարձաններով ոգեշնչում են նոր սերնդին՝ զոհվելու համար:
ՄԻՈՏԱՆԻ — Իմ շիրմի վրա շքեղ հուշարձան է դրված:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Խմիր թեյդ, բարեկամ: Դուք բոլորդ, ի վերջո, հերոս լինեք, թե դավաճան, անանուն եք, անհայտ զինվոր: Ի՞նչ տարբերություն: Փոխվում է սերունդը՝ հիշողությունը խամրում է, մինչև որ նոր հերոսների ու դավաճանների շիրիմներ են ավելանում: Միայն այդքանը: Գերեզմանոցը անունների համար չէ: Դամբարաններն են անուններ ունենում:
ՄԻՈՏԱՆԻ — Ինչու մեր վրա դամբարան չկառուցվեց, ինչո՞ւ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Դամբարանը տիրակալների համար է:
ՄԻՈՏԱՆԻ — Դա արդարացի չէ, տիրակալները իրենց մահով են մեռնում՝ ճոխ ու երանավետ կյանք ապրելուց հետո:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ՄԻՈՏԱՆԻ — Մենք հերոսաբար էինք մարտնչում, բայց դավադրաբար պարտվեցինք: Կատարվել է ահավոր հանցագործություն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Պատերազմն ինքը հանցագործություն է ու հազարավոր, միլիոնավոր հանցագործությունների վայր:
ՄԻՈՏԱՆԻ — Ես հանուն հայրենիքի էի գնացել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բոլորն են հանուն հայրենիքի գնացել, բայց պարտվեցինք:
ՄԻՈՏԱՆԻ — Երկիրը դավադրաբար պարտվեց: Բայց զինվորը չի պարտվել, նա խիզախորեն, մինչև վերջին շունչը մարտնչել է: Ես չեմ պարտվել, չե՛մ պարտվել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մի պահ լռիր և ականջ դիր:
ՄԻՈՏԱՆԻ — Ասա, ես քեզ լսում եմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ չէ, ականջ դիր աջակողմյան լանջից լսվող ձայներին:
Լռում են: Հեռվից լսվում է բազմաձայն շշնջոցը, որն արդեն ընկալելի է. «Ես հերոսաբար զոհվեցի, հանուն հայրենիքի… Ես հերոսաբար զոհվեցի…»:
ՄԻՈՏԱՆԻ — (ջրամանը դնելով գետնին՝ ոտքի է ելնում): Ես մեր տուն եմ ուզում գնալ: Մորս կարոտել եմ, գոնե երազով կտեսնվենք: (Գնում է):
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հե՛յ, բարեկամ, դու ճիշտ ճանապարհով չես գնում, քո տունն այլևս չկա, ավերված է:
Գերեզմանափորը դատարկում է ջրամանը, ճյուղեր է ավելացնում օջախին:
Ստվերներ են անցնում:
ԱՌԱՋԻՆ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Հիմա մենք ո՞ւր գնանք:
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Այնտեղ, ուր մեր հայրերն են:
ԵՐՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Հերոսնե՞ր, թե՞ դավաճաններ…
Լսվում է անհասկանալի շշնջոց, մոտեցող սևազգեստ կնոջ առաջանալու հետ ընկալելի է դառնում նրա խոսքը:
ԿԻՆ — Որտե՞ղ ես, որդիս… զավակս, որտե՞ղ ես… (Մոտենում, կքանստում, ափերը մեկնում է կրակին: Գերեզմանափորին): Ես իմ որդուն եմ փնտրում:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հիմա բոլորն են իրենց որդիներին փնտրում:
ԿԻՆ — Նա գեղեցիկ էր, հաղթանդամ…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բոլորն էին գեղեցիկ ու հաղթանդամ:
ԿԻՆ — Նա խիզախ էր, հայրենասեր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն: (Ջրամանում թեյ լցնելով): Այս լանջերին բոլորն են խիզախ, հայրենասեր… Դու հաղթանդա՞մ ասացիր… (Մեկնում է ջրամանը): Թեյ խմիր՝ կտաքանաս:
ԿԻՆ — (վերցնում է): Այո, նա հաղթանդամ էր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Դու քո որդուն չես գտնի: Եթե հաղթանդամ էր՝ ձախակողմյան լանջին է թաղված, առանց դագաղի, առանց հուշաքարի:
ԿԻՆ — Բայց ինչո՞ւ առանց դագաղի, փայտ չկա՞ր… Ինչո՞ւ առանց հուշաքարի, քար չկա՞ր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մինչև պատերազմը ձախ սարալանջին մայրիների պուրակն էր: Ծառերը հատեցին՝ խիզախ ու հերոսաբար զոհվածների համար դագաղներ պատրաստեցին, իսկ ինքնասպան դավաճաններին թաղեցին առանց դագաղի:
ԿԻՆ — Իմ որդին խիզախ էր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բայց հաղթանդամ էր, ասում ես:
ԿԻՆ — Հաղթանդամ էր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Զուր մի փնտրիր: Բոլոր հաղթանդամները ձախակողմում են՝ առանց դագաղի, առանց հուշաքարի: Նրանք պարտվածներն են, դավաճանները: Թեև ի՞նչ տարբերություն:
ԿԻՆ — Պարտվածնե՞րը… դավաճաննե՞րը… Բայց այդ մեղադրանքն ապրողներիս են ասում, մե՛զ, որ ռազմաճակատում մարտնչող զինվորների համար գիշեր-ցերեկ գուլպաներ էինք գործում, պարեն ու միջոցներ էինք հայթայթում…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ԿԻՆ — Մի՞թե այստեղ միայն հերոսները չեն, նրանք, ովքեր զոհվեցին հանուն հայրենիքի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ի՞նչ տարբերություն:
ԿԻՆ — Մի՞թե հերոսություն չէ հանուն հայրենիքի թշնամու դեմ կռվելը, հանուն հայրենիքի զոհվելը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հերոսություն է… ապրողների համար:
ԿԻՆ — Իսկ նահատակվածների՞, զոհվածների՞…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Նրանք իրենց հուշարձաններով ոգեշնչում են նոր սերնդին՝ զոհվելու համար:
ԿԻՆ — Ուրեմն… ուրեմն զոհվելու համա՞ր ենք որդիներ ծնում և իմ դուստրն է՞լ է որդեկորույս մայր լինելու:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Քո դուստրն էլ: Խմիր թեյդ, որդիներն ի վերջո անանուն զինվորներ դառնալու համար են: Հերոս լինեն, թե դավաճան, ի՞նչ տարբերություն: Փոխվում է սերունդը՝ հիշողությունը խամրում է, մինչև որ նոր հերոսների և դավաճանների շիրիմներ են ավելանում:
ԿԻՆ — Իմ որդին հանուն հայրենիքի է զոհվել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Բոլորն են հանուն հայրենիքի զոհվել, բայց պարտվեցինք:
ԿԻՆ — Կատարվել է ահավոր հանցագործություն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Պատերազմն ինքը հանցագործություն է ու հազարավոր, միլիոնավոր հանցագործությունների վայր:
ԿԻՆ — Իմ որդին դավաճան չէ, նա չի պարտվել:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մի պահ լռիր և ականջ դիր:
ԿԻՆ — Ասա, ես քեզ լսում եմ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ինձ չէ, ականջ դիր լանջերից լսվող ձայներին:
Լռում են: Աջ ու ձախ կողմերից՝ միաժամանակ, լսվում են բազմաձայն շշնջոցներ.
— Հանուն հայրենիքի ես հերոսաբար զոհվեցի… ես հերոսաբար զոհվեցի…
— Ես ինքնասպան չեմ… ես դավաճան չեմ… Ես չեմ պարտվել…
ԿԻՆ — (ջրամանը դնելով գետնին՝ ոտքի է ելնում): Ես գնամ… Որդիս երևի տուն է գնացել: Գոնե երազում կտեսնվենք:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ո՞ւր պիտի գնաս, դու քո տունն այրեցիր, որ թշնամուն չթողնես:
ԿԻՆ — Իմ տան հիմքերը կան…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Քո տան հիմքերի վրա թշնամին է նստած:
ԿԻՆ — Ես այդ հիմքերի վրա զավակ կծնեմ, անմահ զավակ: (Գնում է):
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հե՛յ, բարեկամ, դու ճիշտ ճանապարհով չես գնում, քո երկիրն արդեն այդտեղ չէ: (Դատարկում է ջրամանը, ճյուղեր է ավելացնում օջախին):
Ստվերներ են անցնում:
ԱՌԱՋԻՆ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Վերադառնա՞նք Երկինք:
ԵՐԿՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Բայց նա մեզ ուղարկեց ծնվելու…
ԵՐՐՈՐԴ ՍՏՎԵՐ — (մանկան ձայնով): Մենք կեսճամփին մնացինք:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Մեծադիր էկրան, որի վրա եկեղեցու խորան է պատկերված և Աստվածամայրը՝ շրջապատված բազմաթիվ մանուկներով, մանուկ Հիսուսին գրկած:
Բեմի վրա՝ խորանի առջևում, մկրտության ավազան կա, որի մեջ լույս է մլմլում:
Կինը, հառված սրբապատկերին, աղոթում է:
Խմբային աղոթք է արձագանքվում, որի բառերը պարզ չեն ընկալվում:
Մանուկների պատկերները մեկ առ մեկ ճառագայթում, էկրանից անէանալով՝ լույսի շիթով ծորում են ավազանի մեջ: Երբ մնում է միայն Հիսուսին գրկած Աստվածածինը՝ աղոթքը մարում է:
ԿԻՆ — (խաչակնքվելով՝ սրբապատկերին): Սուրբ Մարիամ Աստվածածին, օգնիր ինձ կրկին զավակ ունենամ:
ՄԱՐԻԱՄ — (ձայնը): Դու ունեիր զավակ և նա զոհվեց:
ԿԻՆ — Ինձ անմահ զավակ տուր:
Գմբեթից ավազանի վրա լույսի շեղբ է ծորում:
ՄԱՐԻԱՄ — (ձայնը): Քո աղոթքն ընդունելի եղավ: Վերցրու: (Նույն պահին մանուկ Հիսուսն անէանում է նրա գրկից):
Կինը շրջվում, դուրս գնում: Նրա գրկում նորածնի բարուր կա:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Էկրանի վրա՝ թագավորական պալատի սրահ:
Մեծադիր հայելու առջև կանգնած Գնդապետը հիանում է կրծքի շքանշանով:
Մտնում է Գլադիատորը:
ԳՆԴԱՊԵՏ — Օ՜, բարեկամ, առաջ արի: Քեզ հրավիրել են հետմահու պարգևատրելո՞ւ համար:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ոչ: Ինքս եկա:
ԳՆԴԱՊԵՏ — Իսկ ինձ հրավիրել էին: Անձամբ թագավորն էր հրավիրել: Քո շնորհիվ բարձրագույն պարգևի արժանացա:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ի՞մ շնորհիվ…
ԳՆԴԱՊԵՏ — Այո: Ահա՝ «Հայրենիքի փառք» 2-րդ աստիճանի շքանշանս:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ի՞մ շնորհիվ…
ԳՆԴԱՊԵՏ — Ճիշտ այդպես: Չէ՞ որ դու ամենահայտնի, ամենանշանավոր գլադիատորն էիր: Ես քո հրամանատարը լինելու պատիվն եմ ունեցել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ ինչո՞ւ 1-ին աստիճանի շքանշան չտվեցին:
ԳՆԴԱՊԵՏ — Դու վատ մի զգա, մեղքը իմն է:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Իսկ ի՞մ մեղքը որն էր, երբ դու, դեմ առ դեմ…
ԳՆԴԱՊԵՏ — Սպասիր, սպասիր: Դու կարծես չես հաշտվել այն մտքի հետ, որ զոհվել ես հանուն թագուհու:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ես հանուն հայրենիքի եմ ռազմաճակատ գնացել:
ԳՆԴԱՊԵՏ — Ճիշտ է, դու հանուն հայրենիքի ես ռազմաճակատ գնացել, բայց զոհվել ես հանուն թագուհու:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Թագուհուն վտա՞նգ էր սպառնում:
ԳՆԴԱՊԵՏ — Մեծ վտանգ: Նա կորցնում էր իր գեղեցկությունը, թարմությունը, կիրքը… Ինքդ դատիր, ո՞ւմ է պետք խորշոմած, կնճիռների մեջ թաղված, կուզը դուրս գցած թագուհին, որը նույնիսկ արտաքնոց գնալիս նաժիշտների օգնության կարիքն ունի:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Բայց ի՞նչ կապ ունեմ դրա հետ, մի՞թե իմ ապրելը ծերացնում էր նրան:
ԳՆԴԱՊԵՏ — Քո ապրելը նրան չէր ծերացնում, բայց մեռնելդ նրան երիտասարդ ու թարմ կյանք ապահովեց:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Անհասկանալի բաներ ես խոսում, հրամանատար, փորձում ես քո հանցագործությունը կոծկել հնարովի պատմություններով:
ԳՆԴԱՊԵՏ — Ամենևին: Հիմա, երբ արդեն դու մեռած ես, ես կարող եմ քեզ ասել գաղտնիքը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Ասա, լսում եմ:
ԳՆԴԱՊԵՏ — Վաղուց ի վեր հայտնի է, որ առողջ, հաղթանդամ, խիզախ գլադիատորների արյունը երիտասարդացնում է մարդուն: Տիրակալները դա խիստ գաղտնի են պահում: Թագուհին արդեն խորշոմելու վտանգի մեջ էր, իսկ թագավորի գանձարանում այնքան գումար չկար, որ հարևան երկրներից հաղթանդամ առողջների արյուն գներ, այն էլ՝ մեծ քանակով, միշտ թարմ… Եվ մեր տիրակալը հանճարեղ միտք հղացավ՝ գանձարանը լցնելու համար պատերազմի հրավիրել դարավոր թշնամուն ու ռազմաճակատ զորակոչել նաև երկրի հաղթանդամ գլադիատորներին:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Բայց մենք պարտվեցինք…
ԳՆԴԱՊԵՏ — Հենց դա է թագավորի մտքի հանճարեղությունը: Պարտվեցինք թշնամուց մեծ գումար կորզելու պայմանով: Թագավորը միանգամից հարստացավ, իսկ թագուհին ապահովվեց գլադիատորներից արյան մեծ պաշար վերցնելով:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Բայց ինչո՞ւ մեզ՝ գլադիատորներիս դավաճան անվանեցին, վախկոտ, ինքնասպան:
ԳՆԴԱՊԵՏ — Եթե այդպես չլիներ՝ գաղտնիքը կբացահայտվեր, չէ՞ որ հազարավոր գլադիատորներ պետք է խոցվեին միմիայն սրտից, քանի որ սրտից հորդող արյունն ամենամաքուրն է:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Դու ուզում ես ասել, որ իմ արյունը…
ԳՆԴԱՊԵՏ — Այո, այո, քո արյունը ես հասցրեցի թագուհուն՝ մի մեծ անոթով: Ցավոք, մի քանի կաթիլ ծորաց վերնաշապիկիդ վրա ու դրա համար էլ ինձ տվեցին 2-րդ աստիճանի շքանշան և ոչ թե առաջին աստիճանի:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Հանցագործություն է կատարվել…
ԳՆԴԱՊԵՏ — Ինչո՞ւ այդքան խիստ, բարեկամ, ինչո՞ւ այդքան խիստ… Ընդամենը իմ անփութության արդյունքն էր, որ ամբողջ արյունդ չկարողացա վերցնել:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Հանցագո՜րծ… (Սրարձակ հարձակվում է Գնդապետի վրա):
ԳՆԴԱՊԵՏ — (սուրը մերկացնելով պաշտպանվում է): Ինքդ ես հանցագործը… Քո ահեղ հայացքը գամվեց աչքերիս մեջ ու ահից ձեռքս դողաց…
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Սրիկա՜… (Մահացու հարված է հասցնում):
ԳՆԴԱՊԵՏ — (օրորվում է): Զգուշացի՜ր զոհվածների վրեժից… (Անշնչացած տապալվում է):
Մթնեցում:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Գերեզմանոց: Օջախի մոտ նստած Գերեզմանափորը շարունակում է բորբոքել կրակը:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Հերթով գալիս են ու գնում… Ապրում են հավերժանալու հույսով, մեռնում են հավերժանալու հավատով: Ու ոչ մեկը չի գիտակցում, որ կյանքում հավերժականը, միակն ու վերջինը գերեզմանափորն է: Այն միա՜կ վերջինը, որն ինքը՝ գերեզմանափոր չի ունենալու…
ԱՆԱՆՈՒՆ — (ձայնը): Վերջինը դու չես, գերեզմանափոր, զուր հույսեր մի փայփայիր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ո՞վ է խոսողը… հե՛յ, ո՞վ կա այդտեղ:
ԱՆԱՆՈՒՆ — Ես եմ՝ Անանունը: (Թիկնոցով փաթաթված մոտենում է):
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այս գերեզմանոցում բոլորն են անանուն:
ԱՆԱՆՈՒՆ — Ես նրանց չապրած կյանքն եմ ու ապրողների ոգին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (ոտքի ելնելով, զգուշավոր ետ է քաշվում): Ոգին աներևույթ է լինում:
ԱՆԱՆՈՒՆ — Ու երևութանում է մեկի կերպի մեջ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Եվ ո՞ւմ կերպի մեջ ես դու հիմա:
ԱՆԱՆՈՒՆ — Գլադիատորի: Նա քիչ առաջ սրախողխող արեց դավաճան հրամանատարին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մեծ կորուստ չէ, մանավանդ պատերազմն ավարտվել է:
ԱՆԱՆՈՒՆ — Պարտությամբ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Այս պատերազմում պարտվողներ չեն եղել: Բանակն ու ժողովուրդն անպարտ էին, իսկ տիրակալները հաղթանակ տոնեցին յուրովի:
ԱՆԱՆՈՒՆ — Բայց ժողովուրդը սգավոր է:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Կորուստների ցավն է նրանց պատել, ժամանակը կբուժի:
ԱՆԱՆՈՒՆ — Կբուժի, բայց չի ների:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Ո՞ւմ…
ԱՆԱՆՈՒՆ — Դավաճաններին:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Դավաճան հրամանատարն արդեն սպանված է:
ԱՆԱՆՈՒՆ — Օձի պոչն է կտրված, գլուխը կենդանի է:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (անսպասելի՝ բորբոքված): Անմիտ բաներ ես ասում: Քեզ չի հաջողվի ըմբոստություն սերմանել:
ԱՆԱՆՈՒՆ — Մարդիկ արդարության ծարավ ունեն:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — (տիրական): Վերջ տուր կեղծ բարոյականություն քարոզելուն: Արդարության ծարա՜վ… Մարդկության պատմությունը լի է այդ աղբով ու ոչ մի անգամ և ոչ մեկին չի հաջողվել դրանով հաղթանակ տոնել:
ԱՆԱՆՈՒՆ — Հանուն արդարության մարդկության պայքարը չի ավարտվել, գերեզմանափոր, դա սերունդների պայքար է:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մոլորվածնե՜ր: Ունակ չեղաք հասկանալու, որ արդարությունը, հավատարմությունը, հայրենասիրությունը ամբոխի համար ստեղծված աղանդներ են, թույլերի, անճարների համար հորինված կտակարաններ: Չգիտակցեցիք բնության իրական էությունը:
ԱՆԱՆՈՒՆ — Եվ ո՞րն է այդ իրական էությունը, գերեզմանափոր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Տիեզերքին նայիր: Կործանումների անդադար ու մոլագար ընթացք է, անողոք պայքար: Եվ չկա մեկը, որ ողբա կամ գոնե ափսոսա միլիոնավոր աստղախմբերի խավարումը: Չկա մեկը, որ դատապարտի ահեղակործան այդ հավերժական ընթացքը: Ուրեմն ինչո՞ւ պիտի նույն Տիեզերքի ստեղծած մարդուկներս հնարովի գաղափարներով սնվենք:
ԱՆԱՆՈՒՆ — Դու շիրմափոսից վեր ոչինչ չես գիտակցում, գերեզմանափոր, այնպես, ինչպես գերեզմանի որդը, որ երկնքում սավառնող արծվին նայելով զարմանում է, թե ինչո՞ւ է վերևում սողացող այդ կենդանու գետինը կապույտ:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Վե՛րջ տուր, ասացի, խռովարա՛ր: Անհեթեթ մտքեր, որ սոսկ համեմունք են դառը պատառը կուլ տալու համար: Արծվին ճախրելու ուժ է տալիս մո՜ւկը, որին իր ճիրաններով որսում և խժռում է գիշատիչ թռչունը: Կյանքը պայքար է, գոյամարտ, և այդ գոյապայքարում մարդու ճիրանները նենգությունն են, խաբեությունը, նախանձն ու ոխակալությունը, փառասիրությունն ու դավադրությունը, դավաճանությունն ու բռնությունը, ավազակությունն ու թալանը, մարդասպանությունն ու անարդարությունը: Չկա պայքար՝ չի լինի ոչինչ:
ԱՆԱՆՈՒՆ — Դու տիրակալի պես ես դատում, գերեզմանափոր…
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Տիրակալներն են առաջնորդում փառավոր այդ գոյամարտը, Անանուն, տիրակալնե՜րը… Նրանց և միայն նրանց է հասու կյանքի ճիշտ ընթացքի գաղտնիքը: Ահա թե ինչու չի եղել մի տիրակալ, որ դեղի հետ թույն չունենա, հրուշակի հետ՝ լեղի:
ԱՆԱՆՈՒՆ — Ուրեմն, չկա՞ մի տիրակալ, որ գերեզմանափոր չլինի:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Կյանքը մեծ զոհասեղան է, Անանուն, որի ճարտարապետը տիրակալներն են:
ԱՆԱՆՈՒՆ — Կյանքի ընթացքը չի կարող մահ տարածելով լինել, գերեզմանափոր:
ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ — Մահը վերջնակետն է: Նրան հասնելու ճանապարհը սարսափներով պետք է պատել, որ ամբոխը հնազանդ լինի: Այլ ելք չկա: Ճարտասանի լեզուն կտրելով, ճախրողի թևերը կոտրելով, սիրո փոխարեն ատելություն, վշտացողի վրա՝ ծիծաղ, բարոյականին՝ հեգնանք, գիտունին՝ ծաղր, լույսի դեմ խավար, խավարի մեջ ահ, ահի մեջ սարսափ տարածելով է պահպանվում պատմության ընթացքը:
ԱՆԱՆՈՒՆ — Հանիր քաթանե թիկնոցդ, արքա, առանց դրա էլ դու գերեզմանափոր ես:
Երկուսն էլ մի կողմ են նետում թիկնոցները: Սրամարտ:
Գլադիատորը կտրուկ հարվածով կտրում է ախոյանի գլուխը:
Լսվում է Թագուհու դիվային քրքիջը:
ԳԼԱԴԻԱՏՈՐ — Թագուհի՞… (Չորս կողմն է նայում): Որտե՞ղ ես, վհուկ, դուրս արի թաքստոցից:
Անգլուխ թագավորի մարմինը, կտրուկ շրջվելով, փախչում է:
ԹԱԳՈՒՀԻ — (հեռվից): Ես անմահ եմ, Գլադիատո՜ր, քանի դեռ քո արյունն է իմ մեջ…
Ժխոր: Ետնավարագույրի վրա պատկերվում են ոտքի ելնող բազմաթիվ նահատակների ուրվապատկերները:
Նրանք դանդաղ առաջանում են:
Գլադիատորը, դիմավորելով նրանց,
տարածում է ձեռքերը՝ խաչվածի տեսքով:
Օջախի կրակը բարձրանում, ծավալվում,
բոլորին ձուլում է իր մեջ: