Զարուհի ԽԱՉԱՏՐՅԱՆ / ԱՅՍՊԵՍ ԷԼ Է ՊԱՏԱՀՈՒՄ
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ԳԱՍՊԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպարի կինը
ՍԵԴՐԱԿ — հարևան
ԲԺԻՇԿ
ԲՈՒԺՔՈՒՅՐ
ՎԱՂՈ
ԳԱԳՈ
ՔԱՀԱՆԱ
ՀԱՅԿԱԶ
ՍԵԴԱ
ՄՈՍՈ
Երկու թիկնապահ, մեկը՝ առջևից, մյուսը՝ ետևից, մեջտեղում՝ Գասպար Գալուստիչը, շնչակտուր բարձրացել են աստիճաններով:
ԳԱՍՊԱՐ – (հևում է): Ես ձեր ինչն եմ ասել, հա՜, բա ես ոտքով բարձրացո՞ղ եմ, որ բարձրացա… Էս վերելակը ո՞վ է փչացրել, Վաղո, Գագո, մի հատ տեսեք՝ ինչ եք անում, շուտ, էդ հարցը լուծե՛ք, գնացե՛ք:
ՎԱՂՈ, ԳԱԳՈ — Եղավ, Գասպար Գալուստիչ: (Գնում են:)
Գասպարն ուզում է դուռը բացել, այդ պահին հարևան բնակարանից դուրս է գալիս Սեդրակը:
ՍԵԴՐԱԿ — Բարև ձեզ, Գասպար Գալուստիչ:
ԳԱՍՊԱՐ – (շատ չոր): Բարև…
ՍԵԴՐԱԿ – (տեսնում է, որ Գասպարը լավ չի զգում): Ձեզ վա՞տ եք զգում:
ԳԱՍՊԱՐ — Տո քե՞զ ինչ, վատ եմ, լավ եմ, ամեն ինչ պիտի իմանա՞ս…
ՍԵԴՐԱԿ — Ես՝ ներողություն… (Ուզում է գնալ, բայց Գասպարը դուռը բացում է, բայց չի հասցնում ներս մտնել, ուշագանց ընկնում է:) Վա՜յ, էս ի՞նչ եղավ, հիմա ես ի՞նչ անեմ, մոտենա՞մ, թե՞ չէ, բա որ նորից վրաս գոռա, ասի՝ քո ի՞նչ գործն է… Բայց չի շարժվում, աման, մեռած չլինի՞… Գասպար Գալուստիչ… Գասպար, Գասպար… օգնեցե՛ք, օգնեցե՛ք, ո՞վ կա…
Դուրս է գալիս Գեղանուշը:
ԳԵՂԱՆՈՒՇ — Վայ, Գասպար ջան… Գասպար… Սեդրակ, էս ի՞նչ ես արել…
ՍԵԴՐԱԿ — Ես բան չեմ արել, տեսա՝ շունչը կտրվում է, ասացի ՛՛վա՞տ եք զգում՛՛, վրաս մունաթ եկավ, ուշքը գնաց, ընկավ…
ԳԵՂԱՆՈՒՇ — Այ մարդ, բժիշկ ես, մի բան արա, իմ թառլան մարդը ձեռքիցս գնում է…
ՍԵԴՐԱԿ – (ապտակում է, որ ուշքի գա, ջրի փոքր շիշը բացում, լցնում է վրան, բռնում է զարկերակը, տխուր տարուբերում է գլուխը): Տիկին Գեղանուշ, ոնց որ էլ հույս չկա…
ԳԵՂԱՆՈՒՇ – (լացով): Վա՜յ, Գասպար ջան, վա՜յ, իմ անգին մարդ ջան…
ԳԱՍՊԱՐ – (աչքերը բացելով): Այ կնիկ, ի՞նչ ես ողբում:
ԳԵՂԱՆՈՒՇ – (ուրախացած): Վա՜յ, Գասպար ջան…
ՍԵԴՐԱԿ – (դեռ բռնած է զարկերակը): Չի կարող պատահել, չէ, այսպես չի լինում…
ԳԱՍՊԱՐ — Ի՞նչ է եղել:
ՍԵԴՐԱԿ — Գասպար, զարկերակդ չի խփում, սպասիր մի սիրտդ լսեմ:
ԳԱՍՊԱՐ — Ո՞նց թե չի խփում, բա որ չի խփում, ո՞նց է, որ ողջ եմ:
ՍԵԴՐԱԿ — Հա, էլի, չի խփում, սրտիդ զարկերն էլ չկա…
ԳԵՂԱՆՈՒՇ — Վա՜յ, քոռանամ ես, այ տղա Սեթո, էդ ի՞նչ ես ասում..
ԳԱՍՊԱՐ — Հիմա քո ասելով ես մեռա՞ծ եմ, ուրեմն դուք էլ ե՞ք մեռած, թե չէ ո՞նց կլինի, ես մեռած, դուք ողջ ու իրար հետ խոսո՞ւմ ենք…
ՍԵԴՐԱԿ – (բռնում է իր զարկերակը): Իմը խփում է… (Ստուգում է Գեղանուշի զարկերակը:) Ձերն էլ է խփում, ես բան չեմ հասկանում, էս ի՞նչ ֆոկուս է…
ԳԱՍՊԱՐ — Տո՛դու էդ ի՞նչ տեսակ բժիշկ ես, որ բան չես հասկանում…
ՍԵԴՐԱԿ — Լսեք, ես անասնաբույժ եմ, կարող է ինչ որ բան չեմ հասկանում, ինչ կա որ, կենդանիների մոտ աննորմալ բաներ չեն լինում… Եղբայր, շտապ օգնություն կանչեք, թող գան, բացատրեն, ես գործ չունեմ…
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, հիմա դու վա՞տ ես զգում…
ԳԱՍՊԱՐ — Այ Գեղանուշ, չես լսո՞ւմ ինչ է ասում, ասում է՝ սիրտս չի խփում: (Ձեռքը դնում է սրտին:) Հա՛ էլի, չի խփում…
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, արի ներս գնանք, պառկի բազմոցին, շտապ օգնություն կանչեմ, գա, նայի: Սեթո, օգնի… (Ներս են տանում, Գասպարը պառկում է բազմոցին:) Սեթո, զանգի, դու բացատրի…
ՍԵԴՐԱԿ – (զանգում է): Ալո, բարև ձեզ, կանչ գրեք, խնդրում եմ… Գասպար Գալստյան… 50 տարեկան, գիտակցությունը կորցրեց, ուշքի է եկել, բայց սիրտը չի խփում… արդեն կես ժամ… չէ, կատակ չեմ անում… չէ, չի մեռել… խոսում է, լսեք, քույրիկ ջան, ես ինքս բժիշկ եմ, ճիշտ է, անասնաբույժ, բայց համենայնդեպս, սրտի խփել-չխփելը կարողանում եմ տարբերել… Ասում եմ՝ չի խփում, չեք հավատում, եկեք, տեսեք… Ասում է՝ ծանրաբեռնված ենք, մի քիչ համբերեք, կգանք…
ԳԱՍՊԱՐ — Ասա՝ Գասպար Գալուստիչի համար է, շուտ կգան…
ՍԵԴՐԱԿ — Լսե՛ք, Գասպար Գալուստիչի համար է, շուտ եկեք… տան տեղն էլ գիտեք: (Անջատում է:) Հիմա կգան…
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, կարո՞ղ է սոված ես, կարո՞ղ է հաց ուտես, մի բաժակ էլ խմես, սիրտդ աշխատի…
ԳԱՍՊԱՐ — Բեր, բեր, էն սև խավիարից բեր, մի բաժակ էլ կոնյակ, կոնյակը սրտին լավ է: (Գեղանուշը գնում է խոհանոց:)
ՍԵԴՐԱԿ — Գալուստիչ, բա որ ուտես՝ ավելի վատանաս…
ԳԱՍՊԱՐ — Բայղուշի պես քիչ կռա, սրանից վատ էլ ո՞րն է, բա մարդու սիրտ էլ չխփի՞, էդ վերելակն էր պատճառը, ես ոտքով բարձրացո՞ղն էի, որ բարձրացա, հա, մեկ էլ դու էիր պատճառը, քո երեսը լավ երես չի…
ՍԵԴՐԱԿ — Լավություն անողի գլուխը ծակ է, ես քեզ օգնեմ, դու էլ ինձ վիրավորես, ես գնացի…
ԳԱՍՊԱՐ — Սեթո, տեղ չգնաս, տեղիցդ չշարժվես, մինչև շտապ օգնությունը գա:
ԳԵՂԱՆՈՒՇ – (սկուտեղի վրա բուտերբրոդ և կոնյակով բաժակ է բերում): Գասպար ջան, վերցրու, կեր… (Սեդրակը սոված է, նայում է Գասպարի ախորժակով ուտելուն:)
Ներս են մտնում բժիշկը և բուժքույրը:
ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ — Բարև ձեզ…
ԲԺԻՇԿ — Ի՞նչ է պատահել, ո՞վ է հիվանդը, Գասպար Գալուստիչ, ասացին՝ ձեզ համար է, բայց երևում է, դուք շատ լավ եք:
ԳԱՍՊԱՐ – (ուտելով): Լավ չեմ…
ԲԺԻՇԿ — Ինչի՞ց եք բողոքում…
ԳԱՍՊԱՐ – (խմելով): Սրտից…
ՍԵԴՐԱԿ — Սիրտը չի խփում…
ԲԺԻՇԿ, ԲՈՒԺՔՈՒՅՐ – (ծիծաղում են): Կատակելու ժամանակը չի, մեզ հիվանդներ են սպասում:
ՍԵԴՐԱԿ — Ոչ մեկ չի կատակում, սրտագրություն կատարեք, համոզվեք…
ԳԱՍՊԱՐ — Սեթո, սրտագրությունը ո՞րն է…
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, կարդյոգրամման…
ԲԺԻՇԿ — Պարզ է, ալկոհոլի, ծխախոտի չարաշահում, ճարպոտ ուտելիք, խոլեստերին, ավելորդ քաշ, քիչ ֆիզիկական ակտիվություն, մի խոսքով…
ԳԱՍՊԱՐ — Գլխիս քարոզ մի կարդա… Դու ասա՝ ի՞նչ է ինձ հետ կատարվում:
ԲԺԻՇԿ — Տվեք ձեր ձեռքը… ինչքա՞ն ժամանակ է, որ կորել է ձեր զարկերակը:
ԲՈԼՈՐԸ — Արդեն մի ժամ…
ԲԺԻՇԿ — Բուժքույր, ջերմաչափ… սա դրեք բերանի մեջ… (Զննում է աչքերը, լսում է սրտի աշխատանքը, ճնշումն է չափում, նայում բուժքրոջը:)
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Վայ, ճնշումը… (Վախեցած ձայնը կտրում է:)
ԲԺԻՇԿ — Հավաքեք ադրենալին…
ԲՈՒԺՔՈՒՅՐ — Քանի՞ գրամից…
ԲԺԻՇԿ — Հինգ: Տվեք ջերմաչափը… Այ քեզ բան, 34-ից չի բարձրանում, Նարինե, արագացրու, տուր, մենք կորցնում ենք հիվանդին: (Բուժքույրը տալիս է:) Հանգիստ պառկեք, հիմա ներարկում պիտի անեմ սրտի մեջ…
ԳԱՍՊԱՐ — Լսիր, հետս մի բան պատահի՝ ոտքով ձեռքով կորած ես:
ԲԺԻՇԿ — Հասկանում եմ, հանգիստ պառկեք, չշարժվեք, Նարինե, ոտքերը բռնի: (Սեդրակին:) Դուք էլ՝ ձեռքերը: (Ներարկում է:) Հիմա սպասենք, պիտի որ խփի, թեև բոլոր օրենքներով դուք վաղուց մեռած պիտի լինեիք:
ԳԱՍՊԱՐ — Ո՞նց թե…
ԲԺԻՇԿ — Մի խոսեք, թողեք լսեմ… չէ, էլի չկա, այ քեզ բան, ես էլ ոչինչ չեմ կարող անել, Աստված գիտի, թե ինչ է կատարվում ձեր սրտի հետ, ներեցեք, բայց դուք սիրտ չունեք: Նարինե, մենք գնացինք:
ՍԵԴՐԱԿ — Ես էլ գնացի:
Գնում են: Գասպարն ու Գեղանուշը իրար են նայում:
ԳԱՍՊԱՐ — Տո, քո բժիշկ ասողի հերն եմ անիծել, էս ի՞նչ արեց, թող մի լավանամ, ես դրա հարցերը կլուծեմ:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, էրեխեքին զանգեմ, թող գան…
ԳԱՍՊԱՐ — Արդե՞ն…
ԳԵՂԱՆՈՒՇ — Դե, թող գան, էլի, կարող է մի բան անեն:
ԳԱՍՊԱՐ — Մինչև էրեխեքը Փարիզից գան, էհե՜յ, ՛՛մի բան անեն՛՛՛… Մինչև հիմա ես եմ իրենց համար արել, նրանք ի՞նչ պիտի անեն:
ԳԵՂԱՆՈՒՇ — Վայ, արի մեր կողքի մուտքի Վարդուշին կանչենք, էքաստրասենս է, ասում են շատ բան գիտի, հը՞…
ԳԱՍՊԱՐ — Վարդո՞ւշը, տո չէ, նա խաբեբայի մեկն է…
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար, գույնդ հեչ դուրս չի գալիս, ոնց որ կապտում ես:
ԳԱՍՊԱՐ — Էդ է, կնիկ, մահս մոտենում է:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, ցավդ տանեմ, էդպիսի բան մի ասա, հիմա սիրտս կկանգնի:
ԳԱՍՊԱՐ — Գործ չունես, իմ կանգնել է, հերիք է:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, գուցե քահանա կանչենք, գա աղոթի, կարող է աչքով են տվել…
ԳԱՍՊԱՐ — Հա՜, էն Շմավոնի աչքը կլինի, էն օբյեկտիս վրա աչք ունի…
ԳԵՂԱՆՈՒՇ — Ո՞րի, էն որ Ռուբոյի ձեռքից վերցրի՞ր…
ԳԱՍՊԱՐ — Չէ՛, էդ հեչ, էն վետերանների տան վրա աչք ունի…
ԳԵՂԱՆՈՒՇ — Դու վետերանների տուն էլ ունե՞ս…
ԳԱՍՊԱՐ — Ա՛յ Գեղանուշ, բա նոր ռեստորանը որտե՞ղ եմ սարքել…
ԳԵՂԱՆՈՒՇ — Հա՜, բայց լավ բան չես արել, էդ խեղճերի ձեռքից առել ես:
ԳԱՍՊԱՐ — Տո, դու քիչ խոսիր, կանչիր, ո՞ւմ ես կանչում, կանչիր թող գա, մի հատ լավ աղոթի, էն Վաղոյին ու Գագոյին զանգի, ասա՝ թող գնան…
ԳԵՂԱՆՈՒՇ – (զանգում է): Եկեք, Գասպարը լավ չի, կանչում է:
Վաղոն, Գագոն անմիջապես ներս են մտնում:
ՎԱՂՈ — Գասպար Գալուստիչ ջան, ի՞նչ է պատահել…
ԳԱԳՈ — Շեֆ ջան, վերելակի հարցերը լուծել ենք…
ԳԱՍՊԱՐ — Դրա ժամանակը չի…
ԳԵՂԱՆՈՒՇ — Տղաներ, գնացեք քահանա բերեք:
ԳԱԳՈ — Գասպար Գալուստի՞չ, թե վատ եք՝ բժիշկ բերենք:
ՎԱՂՈ — Էդ տերտերների հետ ի՞նչ գործ ունեք, շեֆ ջան:
ԳԱՍՊԱՐ — Այ հաստագլուխներ, ձեզ ինչ ասում են, էն էլ արեք, բժիշկներն եկան, գնացին, դրանց խերը չտեսանք, հիմա գնացեք քահանայի ետևից, բայց նորմալ քահանա կբերեք, իսկական, հասկացա՞ք… (Գնում են:) Գեղանուշ, ոնց որ վատ եմ:
ԳԵՂԱՆՈՒՇ — Ի՞նչ է լինում, Գասպար ջան:
ԳԱՍՊԱՐ — Սիրտս ոնց որ կանգնի:
ԳԵՂԱՆՈՒՇ — Է հա՛, էդ գիտենք, նորություն ասա, ոչ թե՝ ոնց որ կանգնի, այլ կանգնել է, վայ քոռանամ ես, բերանս ոնց է բռնում էդպիսի բան ասեմ… Ոչինչ, դիմացիր, Գասպար ջան, հիմա քահանան կգա… (Ներս են մտնում Վաղոն, քահանան, Գագոն:)
ԳԵՂԱՆՈՒՇ — Օրհնեցեք, Տեր Հայր…
ՔԱՀԱՆԱ — Աստված օրհնի, զավակս… Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել:
ԳԱՍՊԱՐ — Բարև, Տեր Հայր… սիրտս վատ է:
ՔԱՀԱՆԱ — Բժշկի դիմե՞լ եք:
ԳԱՍՊԱՐ — Բժիշկն ասաց, որ ես արդեն մեռած պիտի լինեմ:
ՔԱՀԱՆԱ — Բացատրեք, ի՞նչ է պատահել:
ԳԱՍՊԱՐ — Սիրտս չի աշխատում, ինձնից հոգնել, կանգ է առել, բայց դեռ ողջ եմ, էս ի՞նչ հաշիվ է, չեմ հասկանում, բժիշկները չկարողացան բացատրել, կինս ասում է՝ կարող է աչքով են տվել, որ մի հատ լավ աղոթեք, կարող է անցնի: Որ լավանամ, Տեր հայր ջան, ձեր պատվին եկեղեցի եմ կառուցելու:
ՔԱՀԱՆԱ — Իմ պատվին եկեղեցի կառուցելու հարկ չկա, եկեղեցին Աստծո տունն է, ես ով եմ, որ իմ պատվին եկեղեցի կառուցեք, ես ընդամենը Աստծո ծառան եմ, իսկ ինչ վերաբերում է ձեր սրտին, կարծում եմ, Տերը այս երևույթով ձեզ ինչ որ բան է ասում, դուք որևէ մեկի նկատմամբ անարդարություն թույլ տվե՞լ եք:
ԳԱՍՊԱՐ — Էս ի՞նչ եք խոսում, ես շա՜տ արդար մարդ եմ:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպա՞ր…
ԳԱՍՊԱՐ — Հա, ի՞նչ…
ԳԵՂԱՆՈՒՇ — Մի հատ լավ մտածի…
ԳԱՍՊԱՐ — Չի՞ լինի մի հատ աղոթեք ՝լավանամ
ՔԱՀԱՆԱ — Աղոթելը, իհարկե, կաղոթեմ, բայց նախ դուք պետք է ապաշխարեք, ամբողջ հոգով զղջաք այն անարդարության համար, որ թույլ եք տվել որևէ մեկի նկատմամբ, այն, ինչ կարելի է ուղղել՝ ուղղեք, ինչը՝ ոչ, ներում հայցեք Տիրոջից, զղջացեք, այլևս մի կրկնեք և բարեգործությամբ զբաղվեք, այդ դեպքում մեր Տերը ողորմած է, ձեզ կբժշկի, մտածեք:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, զղջա, թե չէ ի՞նչ իմանաս, ինչքա՞ն կձգես առանց սրտի:
ՔԱՀԱՆԱ — Եթե համաձայն եք, պետք է խոստովանեք ձեր մեղքերը և ապաշխարեք:
ԳԱՍՊԱՐ — Ով իմանա, կմտածի՝ գժվել եմ, լսիր, Տեր Հայր, մի հատ եկեղեցի կառուցեմ՝ դրանով պրծնեմ, էլի, էլ ինչ զղջալ-մղջալ…
ՔԱՀԱՆԱ — Երևում է ձեր մեղքերը շատ են, որ դժվարանում եք խոստովանել, դուք գիտեք: Աստված մեզնից թեթև բան է պահանջում մեղքերին թողություն պարգևելու համար. «Խոստովանի՛ր,- ասում է,- Անօրինություններդ» ավելի դժվարին ոչինչ չսահմանեց` սարեր կտրել-անցնել, օտար երկրներ գնալ, ծովի վրայով քայլել կամ երկնքով թռչել, ինչն ի վիճակի չէ կատարելու մեր բնությունը: Քանի որ, եթե մեղքերի թողության համար այսպիսի օրենքներ սահմաներ, ապա մենք բոլորս էլ անհույս կկորչեինք: «Նախ դու խոստովանի՛ր անօրինություններդ, որպեսզի արդարացվես»:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, գույնդ լրիվ գցել ես, ոնց որ կապտում ես, էլ ժամանակ մի կորցրու, համաձայնվիր…
ԳԱՍՊԱՐ – (վախեցած): Ասում ես` կապտում եմ… ի՞նչ պիտի անեմ, Տեր Հայր:
ՔԱՀԱՆԱ — Սկսենք ապաշխարության աղոթքով՝ ՛՛Ողորմի՛ր ինձ, Աստվա՛ծ, քո մեծ ողորմությամբ և քո գթառատությամբ ջնջի՛ր իմ հանցանքները։ Առավել ևս լվա՛ ինձ իմ անօրենությունից և իմ մեղքերից մաքրի՛ր ինձ։ Իմ անօրենություններն ես ինքս գիտեմ, և մեղքերն իմ միշտ առջևս են։ Քո դեմ միայն մեղանչեցի, Տե՛ր, և չարիք գործեցի քո առջև, իմ բոլոր հանցանքները ջնջի՛ր ինձնից։ Իմ մեջ մաքուր սիրտ հաստատի՛ր, Աստվա՛ծ, և արդար հոգի նորոգի՛ր իմ որովայնում։ Մի՛ գցիր ինձ, Տե՛ր, քո երեսից և սուրբ Հոգիդ մի՛ հանիր ինձնից։ Փրկի՛ր ինձ արյունից, Աստվա՛ծ, իմ փրկությա՛ն Աստված. լեզուս թող ցնծա քո արդարությամբ։ Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո՛՛։
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Գասպարի բնակարանը: Ներս են մտնում Վաղոն, Գագոն, ուժով բերելով վետերան Հայկազին:
ՀԱՅԿԱԶ — Բաց թողեք, ասում եմ, էս ո՞ւր եք ինձ բերել:
ՎԱՂՈ — Ասացինք՝ քեզ հանգիստ պահի:
ԳԱԳՈ — Ի՞նչ ես առյուծ կտրել:
Աղմուկի վրա հազիվ քայլելով գալիս է Գասպարը ՝Գեղանուշի թևին հենված, նստում է:
ԳԱՍՊԱՐ — Բաց թողեք ու ռադ եղեք (Թիկնապահները կատարում են հրամանը:)
ՀԱՅԿԱԶ — Ինչի՞ եք ինձ բերել, էլ ի՞նչ եք ուզում, ինչ վատություն կա՝ արեցիք, էլ ոչինչ չունենք, որ խլեք…
ԳԵՂԱՆՈՒՇ — Համեցեք, նստեք…
ԳԱՍՊԱՐ — Ներողություն եմ խնդրում իմ անտաշների կոպիտ վերաբերմունքի համար, մի ժամանակ փափուկ էին՝ սովորեցրի կոպիտ լինել, հիմա էլ հակառակը՝ պիտի սովորեցնեմ մարդկանց հետ քաղաքավարի և բարի լինեն:
ՀԱՅԿԱԶ — Հերթական թակարդ եք լարո՞ւմ…
ԳԱՍՊԱՐ — Գեղանուշ, մի կում ջուր տուր:
ԳԵՂԱՆՈՒՇ — Հիմա բերեմ…
ԳԱՍՊԱՐ — Մի քիչ հետո կբերես… (Հասկացնում է, որ մենակ է ուզում խոսել, Գեղանուշը դուրս է գալիս:) Հայկազ, ուզում եմ քեզնից սկսել…
ՀԱՅԿԱԶ — Հա, ուզում ես ինձ վերացնել:
ԳԱՍՊԱՐ — Ես զղջում եմ այն ամենի համար, ինչ արել եմ, հիմա ասա, ինչպե՞ս քավեմ իմ մեղքը:
ՀԱՅԿԱԶ — Լու՞րջ… հավատալս չի գալիս:
ԳԱՍՊԱՐ — Փորձիր հավատալ, ինձ քիչ ժամանակ է մնացել:
ՀԱՅԿԱԶ — Այսինքն…
ԳԱՍՊԱՐ — Հայկազ, լսիր ինչ եմ ասում, ցուցակ կազմիր, որտեղ լինեն բոլոր վետերանների, ազատամարտիկների անունները և ով ինչի կարիք ունի, մանրամասն ու բեր ինձ, խնդրում եմ… Կարո՞ղ ես:
ՀԱՅԿԱԶ — Հետո՞…
ԳԱՍՊԱՐ — Հետո կտեսնենք՝ ում ինչպես օգնել… հիմա գնա գործով զբաղվիր, հա, շնորհակալ եմ, որ եկար:
Հայկազը զարմացած դուրս է գալիս, Գասպարը ձեռքը տանում է սրտին, ստուգում է, խորը հոգոց է հանում, ստուգում զարկերակը, տխուր օրորում է գլուխը:
Միջանցքում աղմուկ է՝ Վաղոյի, Գագոյի և կնոջ ձայներ:
ՍԵԴԱ – (ձայնը՝ միջանցքից): Թողեք, ասում եմ, թողեք… (Մտնում է, ետևից՝ Վաղոն, Գագոն:)
ՎԱՂՈ, ԳԱԳՈ — Շեֆ ջան, սրա վրա չենք կարողանում…
ԳԱՍՊԱՐ — Ինչի՞ ես եկել, հը՞…
ՍԵԴԱ — Դե, դու չես գալիս, որոշեցի ես գամ:
ԳԱՍՊԱՐ — Շուտ արա, գնա…
ՍԵԴԱ — Հա, թե չէ ի՞նչ պիտի անես…
ԳԱՍՊԱՐ — Վաղո, Գագո, տարեք սրան:
ՍԵԴԱ — Ձեռք տվեցին՝ կգոռամ:
ԳԱՍՊԱՐ — Ա՛յ աղջիկ ջան, ուզածդ ի՞նչ է, քեզ չե՞ն բացատրել, որ էլ չեմ ուզում քեզ տեսնել, հո զոռով չի…
ՍԵԴԱ — Դեռ չի ծնվել էն տղամարդը, որ Սեդային լքի, Սեդան ինքն է լքում:
ԳԱՍՊԱՐ — Հա, լավ ես անում, համարիր, որ դու ես ինձ լքել: (Վաղոյին, Գագոյին:) Դուրս տարեք: (Ուզում են տանել:)
ՍԵԴԱ – (ձայնը բարձրացնելով): Ես հենց էնպես չեմ լքում, շատ հարցեր կան, որ պիտի պարզվեն, անսիրտ մարդ… Կինդ ո՞ւր է…
ԳԱՍՊԱՐ — Քե՞զ ինչ, ձայնդ կտրիր, ուզածդ ի՞նչ է, գրիր, տուր տղաներին, բոլորը կկատարվի, հիմա գնա…
Ներս է մտնում Գեղանուշը ջրի բաժակը ձեռքին:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար, բերե՞մ ջուրը… Բարև ձեզ:
ՍԵԴԱ — Բարև… Գասպարիկ, կինդ գիտի՞, թե ես ով եմ:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպա՞ր…
ԳԱՍՊԱՐ — Գեղանուշ ջան, սա մեր հարևան Սեթոյի ընկերուհին է, եկել է տեսնի՝ ոնց եմ…
ԳԵՂԱՆՈՒՇ — Հա՜, Սեթոն ընկերուհի ունի, լավ է, լավ, բա ինչո՞ւ է նոր հայտնվել այդ ընկերուհին, մինչև հիմա ո՞ւր էր և ինչո՞ւ է այդ ընկերուհին քեզ Գասպարիկ ասում:
ՍԵԴԱ — Հա՜, ճիշտ որ, ինչո՞ւ եմ քեզ Գասպարիկ ասում և ո՞վ է էդ Սեթոն:
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, երևում է՝ սրտիդ հետ խելքդ էլ է կանգ առել: (Ջուրը շփում է Գասպարի դեմքին:)
ԳԱՍՊԱՐ — Ներող եղիր, ղալաթ է՝ արել եմ, էլ չեմ անի, ախր, գիտես, որ չեմ անի…
ԳԵՂԱՆՈՒՇ — Ի՞նչ իմանամ, գուցե հենց լավանաս, նորից նույն անսիրտը կդառնաս:
ՍԵԴԱ — Անսիրտ, համ ինձ էիր խաբում, համ էլ կնոջդ… Ասում էիր՝ կբաժանվեմ, քեզ հետ կամուսնանամ, հույսեր էիր տալիս, ես էլ էսքան տարի չեմ ամուսնացել, քեզ եմ սպասել:
ԳԵՂԱՆՈՒՇ — Հա՞, շա՜տ հետաքրքիր է, հետո՞, հետո՞…
ԳԱՍՊԱՐ — Այ՛ քեզ լրբի շառ, մի երկու անգամ բարև տվինք՝ կրակն ընկանք, քեզ ո՞վ է հույսեր տվել:
ՍԵԴԱ — Մոռացա՞ր, ասացի ամուսնության առաջարկ են արել, սկսեցիր օձի լեզու թափել, թե համբերիր, շուտով ամեն ինչ կփոխվի, ես էլ մերժեցի մի հրաշալի մարդու, ինչի համար ամեն օր զղջում եմ:
ԳԱՍՊԱՐ — Զղջում ե՞ս, ասա՝ ով է, տղաները գտնեն, բերեն, հարսանիքդ ծախսն էլ կանեմ, տուն էլ կտամ, մեքենա էլ, հասկացիր, ես իմ մեղքերից ետ եմ կանգնել…
Ներս է մտնում Սեդրակը:
ՍԵԴՐԱԿ — Ներեցեք, դուռը բաց էր, կարելի՞ է, Գասպար Գալուստիչ, ո՞նց եք… (Տեսնում է Սեդային:) Բարև:
ՍԵԴԱ – (զարմացած): Բարև… (Վաղոն, Գագոն իրար են նայում:) Դու էստեղ ի՞նչ ես…
ՍԵԴՐԱԿ — Ես… ապրում եմ… այսինքն, ոչ այստեղ… կողքի բնակարանում, ես…
ԳԵՂԱՆՈՒՇ — Սեդրակը մեր հարևանն է:
ԳԱՍՊԱՐ — Հա, Սեթոն մեր հարևանն է, բա դու որտեղի՞ց… չլինի՞ քո… (Բոլորը իրար են նայում:) Ուրեմն, հա՜… Սեթո, բա ինչի՞ չես ասել, որ ընկերուհի ունես, կարող է մի բանով էլ մենք օգնեինք, գործը գլուխ գար, թե չէ շատ զարմանալի է, որ մինչև հիմա չես ամուսնացել, հը՞…
ՍԵԴԱ — Ուրեմն հարևան Սեթոն՝ Սեդրակն է:
ՍԵԴՐԱԿ — Սեդա, դու ճանաչո՞ւմ ես Գասպար Գալուստիչին ու…
ԳԵՂԱՆՈՒՇ — Սեդրակ ջան, Սեդան քեզ էր ման գալիս, Գասպարն էլ իմացել էր, տղաներին խնդրել էր գտնեն, բերեն… Ուզում էինք քեզ անակնկալ անել:
ԳԱՍՊԱՐ — Հա, ճիշտ է ասում Գեղանուշը, Սեթո ջան, սրանից հետո միայն լավություն պիտի անեմ, քեզ պիտի պսակեմ, Սեթո ջան, հարսանիքիդ ծախսն էլ ես պիտի անեմ, եկեք, մոտ եկեք, ձեռք-ձեռքի տվեք, միասին մի բարձի ծերանաք… Դե հիմա գնացեք: Վաղո, Գագո, ամեն ինչ բարձր մակարդակով կազմակերպեք…
ՍԵԴՐԱԿ — Գասպար, բա սիրտդ ո՞նց է…
ԳԱՍՊԱՐ — Դեռ չի խփում… (Գլխով է անում տղաներին, որ ուղեկցեն, նրանք էլ համարյա ուժով տանում են, մնում են երկուսով, Գասպարը մեղավոր նայում է կնոջը:) Շնորհակալ եմ, որ Սեթոյի մոտ խայտառակ չարեցիր ինձ: Գեղանուշ, հավատա, շատ բան է փոխվել:
ԳԵՂԱՆՈՒՇ — Կարծում եմ, սա առաջինը չէր, բայց ուզում եմ հավատալ, որ վերջինն էր:
ԳԱՍՊԱՐ — Էլ ոչ սիրտ ունեմ, ոչ էլ հավես… Մոտ արի, մոտ արի, կնիկ ջան, ուզում եմ քեզ խոստովանություն անել, ի՞նչ իմանամ՝ ինձ ինչքան է մնացել, ուզում եմ, որ իմանաս՝ քո մի մազը չեմ փոխի ոչ ոքի հետ, իմ երեսուն տարվա անդավաճան ընկեր, գիտեմ, հոգիդ շատ եմ ցավեցրել, ներիր…
ԳԵՂԱՆՈՒՇ — Լավ, լավ, քեզ հուզվել չի կարելի, առանց էդ էլ սիրտդ կանգնել է, սխալական մարդիկ ենք, ամեն ինչ էլ կպատահի, մենակ ասա՝ քանի՞ անգամ ես դավաճանել, անկեղծ…
ԳԱՍՊԱՐ — Լավ, էլի, քո ինչի՞ն է պետք…
ԳԵՂԱՆՈՒՇ — Վա՜յ, ինձ ես դավաճանել, բա չիմանա՞մ՝ գլխիս քանի կոտոշ կա:
ԳԱՍՊԱՐ — Ինչ կոտոշ, ինչ բան, լավ, էդպես մի նայիր, դե… ըըը… յոթ անգամ:
ԳԵՂԱՆՈՒՇ — Հա, ուրեմն՝ յոթ, դե, մի խոսքով հաշիվը ոչ ոքի է:
ԳԱՍՊԱՐ — Չհասկացա, ի՞նչ հաշիվ, ի՞նչ ոչ ոքի, Գեղանուշ, էդ ի՞նչ ասացիր, ո՞նց թե, հիմա կսպանեմ քեզ, ուրեմն էսքան տարի չեմ իմացել՝ ում հետ եմ ապրել… Չէ, չեմ հավատում, ասա, որ ճիշտ չես ասում…
ԳԵՂԱՆՈՒՇ — Ցավա՞ց, ի՞նչդ ցավաց, սիրտ էլ չունես, որ ցավար, բա ինձ հե՞շտ էր՝ ամեն անգամ սիրուհիներդ զանգեին ասեին, ՛՛Տես, քո ամուսինը ինձ է գերադասել՛՛: Քանի անգամ ուզել եմ թողնել, գնալ, բայց երեխաների խաթր մնացել եմ, հիմա էլ երեխաները մեծ են, ամեն մեկը իր կյանքով, ու էս տարիքին էլ դեռ սիրուհի ունես, բա մի քանի անգամ էլ ես չդավաճանեի՞, որ սիրտս հովանար, մենակ թե էդ մարդը չեմ:
ԳԱՍՊԱՐ — Ներիր, Գեղանուշ ջան… իմ տանջված կնիկ…
ԳԵՂԱՆՈՒՇ — Լավ, անցած լինի:
Ներս է մտնում Վաղոն:
ՎԱՂՈ — Գասպար Գալուստիչ, էն հարիֆին գտել ենք, Գագոյի մոտ է, ի՞նչ անենք:
ԳԱՍՊԱՐ — Քեզ քանի՞ անգամ ասեմ, կարգին խոսիր, ո՞ւմ մասին է խոսքը:
ՎԱՂՈ — Մոսոյի, էն, որ ջերմոցներ ուներ ու բիզնեսը ձեռից առանք:
ԳԱՍՊԱՐ — Լավ, ասա թող գա:
ՎԱՂՈ – (ձայն է տալիս): Գագո, բեր:
ԳԵՂԱՆՈՒՇ — Ես խոհանոցում եմ, պետք լինեմ, ձայն տուր: (Դուրս է գալիս:)
Մտում են Գագոն ու Մոսոն:
ԳԱՍՊԱՐ — Բարև: (Ձեռքը մեկնում է, Մոսոն չի սեղմում, խեթ է նայում:) Ճիշտ ես անում, ես էլ չէի սեղմի էն մարդու ձեռքը, ով իմ հացը կտրեց, տարիներիս քրտինքը հողին հավասարեցրեց, բայց… Սա քեզ, վերցրու: (Թղթեր է տալիս:) Էսօրվանից ջերմոցները քոնն են, սա սեփականության վկայականը, սրանք էլ այն խանութների պայմանագրերը, որտեղ պիտի իրացնես ապրանքը: Հերիք է ներկրված զիբելով լցնենք խանութները, և ուզում եմ իմանաս. շատ եմ ափսոսում, որ տմարդի եմ վարվել, գիտեմ, ներման արժանի չեմ, բայց խնդրում եմ, որ ներես…
Բոլորը լուռ են, Գասպարը թղթերը մեկնած սպասում է, Մոսոն լուռ վերցնում է թղթերը, նայում հերթով, շրջվում է, որ դուրս գնա, սեղմում Գասպարի ձեռքը, դուրս է գալիս: Գասպարը օրորվում է, այն է՝ ընկնելու է, Վաղոն ու Գագոն բռնում են:
ՎԱՂՈ, ԳԱԳՈ — Շեֆ ջան, ի՞նչ եղավ:
ԳԱՍՊԱՐ — Ուժերս լքում են, էս փողը տվեք մեր դիմացի շենքի էն հիվանդ երեխայի մորը, թող երեխային վիրահատի, փրկի:
ԳԱԳՈ — Էն, որ ամեն օր գալիս-խնդրում էր ու մենք էլ…
ԳԱՍՊԱՐ — Հա, ու ներողություն կխնդրեք ձեր վարմունքի համար, հասկացա՞ք, էս բանալիներն էլ վերցրեք՝ տան սեփականաշնորման վկայականի հետ կտաք մեր պահակ Սահակին, հինգ երեխայի հետ մի սենյակում են ապրում, ազգին էլ երեք զինվոր է տվել, եղա՞վ, լավ հասկացա՞ք… Հա, էս էլ էն ցուցակը, թե ում ինչ պիտի տաք, դե գնացեք:
ՎԱՂՈ — Հալալ է ձեզ, շեֆ ջան, մեր ազգի մեջ ձեզ պես մի քանիսը լինեն, էլ դարդ չենք ունենա:
ԳԱՍՊԱՐ — Գնացեք: (Գնում են:) Ես ու իմ պեսները արդեն դարդ ենք ազգի համար, մեղա, Տեր, ողորմիր… (Շունչը կարծես կտրվում է, ձեռքը տանում է սրտին, գոչում է:) Գեղանուշ, խփեց, խփեց…
Մթություն, Սեդրակի ձայնը. ՛՛Օգնեցե՜ք, օգնեցե՜ք՛՛:
Լուսավորվում է: Առաջին տեսարանն է: Գասպարն ընկած է գետնին, Սեդրակը օգնություն է ցույց տալիս, դուրս է գալիս Գեղանուշը:
ԳԵՂԱՆՈՒՇ — Վա՜յ, Գասպար ջան, Գասպար… Սեդրակ, էս ի՞նչ ես արել…
ՍԵԴՐԱԿ — Ես բան չեմ արել, տեսա շունչը կտրվում է, ասացի՝ ՛՛Վա՞տ եք զգում՛՛, վրաս մունաթ եկավ, ուշքը գնաց, ընկավ…
ԳԵՂԱՆՈՒՇ — Այ՛ մարդ, բժիշկ ես, մի բան արա, իմ թառլան մարդը ձեռիցս գնում է…
Սեդրակը ապտակում է, որ ուշքի գա, ջրի փոքր շիշ բացում, լցնում է վրան, Գասպարը ուշքի է գալիս:
ԳԱՍՊԱՐ – (աչքերը բացելով): Խփեց, խփեց..
ԳԵՂԱՆՈՒՇ — Ո՞վ խփեց, Գասպար ջան, Սեթո՞ն…
ՍԵԴՐԱԿ — Տիկին Գեղանուշ, ի՞նչ եք ասում…
ԳԱՍՊԱՐ — Սիրտս խփեց, մի ամբողջ օր չէր խփում:
ԳԵՂԱՆՈՒՇ — Ի՞նչ ես խոսում, Գասպար ջան:
ՍԵԴՐԱԿ — Գասպար Գալուստիչ, դուք հենց նոր վատ զգացիք և կորցրեցիք ձեր գիտակցությունը, մի քանի վայրկյան, երևի ճնշման տատանում էր:
ԳԱՍՊԱՐ — Մի քանի վայրկյա՞ն… ուրեմն շտապ օգնություն չի՞ եկել:
ԳԵՂԱՆՈՒՇ — Չէ, հենց նոր Սեդրակը ձայն տվեց, ես դուրս եկա:
ԳԱՍՊԱՐ — Ոչ էլ քահանա՞…
ԳԵՂԱՆՈՒՇ — Գասպար ջան, ի՞նչ քահանա, ի՞նչ բան, երա՞զ ես պատմում:
Գալիս են Վաղոն ու Գագոն:
ՎԱՂՈ, ԳԱԳՈ — Շեֆ ջան, վերելակի հարցերը լուծեցինք… Էս ի՞նչ է եղել, շեֆ ջան:
ԳԱՍՊԱՐ — Հեչ, վատ երազ էի տեսել, ինչ լավ է շուտ ավարտվեց… Դուք ի՞նչ արեցիք, տարածքի հարցերը լուծեցի՞ք:
ԳԱԳՈ — Գալուստիչ ջան, շատ չոր կող դուրս եկավ, չի համոզվում…
ԳԱՍՊԱՐ — Լսիր, քեզ նո՞ր պիտի սովորեցնեմ համոզելու ձևերը: Վաղը էդ հարցը լուծեք:
ՎԱՂՈ — Շեֆ ջան, դասական կարգով կարվի…
ԳԱՍՊԱՐ — Վերելակի վրա էլ բանալի կդնեք ու կտաք ինձ, դա էլ է իմը…
ՎԱՂՈ, ԳԱԳՈ — Եղավ, շեֆ ջան: (Գնում են:)
ՍԵԴՐԱԿ — Բա մե՞նք, բա մյուսնե՞րը…
ԳԱՍՊԱՐ — Ի՞նձ ինչ…
Գասպարը մտնում են տուն՝ չտեսնելու տալով Սեդրակի ապշահար հայացքը:
Վերջ
10. 05. 2017 թ.
Երևան