ԺԻՐԱՅՐ ԱՆԱՆՅԱՆ / ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՉՈՐՍԸ
Պիես երկու մասից
ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ՝ ՉՈՐՍ ԵՐԵԽԱՅՈՎ, ՓՈՔՐԸ՝ ԱՂՋԻԿ
ԿԱՇՎԵ ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ
ԿԱՊՈՒՅՏ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆ
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ
ԾԵՐ ՀԱՅՐ
ԾԵՐ ՄԱՅՐ
ՆՐԱՆՑ ԱՎԱԳ ՈՐԴԻՆ
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻՆ
ՆՐԱՆՑ ԱՂՋԻԿԸ
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ
ՆՐԱ ԿԻՆԸ
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ
ՆՐԱ ԿԻՆԸ
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ՝ ՏԿԱՐԱՄԻՏ ՏՂԱՅԻ ՀԵՏ
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ղեկավարի ընդունարան առանձնասենյակի վրա բացվող մեծադիր դռնով: Կից՝ ցուցատախտակ. «Ընդունելության օրը՝ ուրբաթ, ժամը 1400—1800-ը»: Դռան հարևանությամբ գրասեղան՝ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻՈՎ: Պատերի տակ շարված փափուկ աթոռներ և մի բազմոց, որոնք հիմնականում զբաղեցված են: Մի շարքում՝ ԾԵՐ ՀԱՅՐԸ և ԾԵՐ ՄԱՅՐԸ, ԱՎԱԳ ՈՐԴԻՆ, ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆԸ, ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆԸ և նրան հենված տկարամիտ տղան, որ շարունակ ծածանում է ձեռքի դրոշակը, ԿԱՊՈՒՅՏ ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ, ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆԸ և ՆՐԱ ԿԻՆԸ: Բազմոցին՝ ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ՝ չորս երեխաների հետ: Մյուս շարքում՝ ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆԸ և ՆՐԱ ԿԻՆԸ, ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ՝ իրեն չափերով չհամապատասխանող հագուստով, աջ աչքի տակ՝ կապտուկ, ՎԵՏԵՐԱՆԸ՝ շքանշանով և ձեռնափայտով, ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴԸ՝ աչքերը մեծ մասամբ փակ, ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴԸ՝ թղթապանակը սեղմած թևի տակ:
Մի կողմ քաշված, կանգնած է ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆԸ, որ խաղում է ձեռքի պայուսակի շղթայի հետ:
Գլխահակ տղամարդը հանկարծ ցնցվում է՝ նայելով շուրջը: Խլրտում է անցնում շարքերի միջով: Կանգնում է, նորից նստում: Այցելուները աստիճանաբար հավաքում են իրենց:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Կապույտ վերնաշապիկով տղամարդուն) Ներեցեք, ձեզնից առաջ ո՞վ է։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ես եմ:
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ինքն է:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես ձեզնից հետո եմ:
Կապույտ վերնաշապիկով տղամարդը գլխի թեթևակի շարժումով հաստատական նշան է անում:
Հեռախոսի զանգ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Լսափողի մեջ) Ընդունելություն է: (Դնում է լսափողը):
Իրեն կորցրած ներս է ընկնում կաշվե բաճկոնով մի տղամարդ, մղվում է դեպի դուռը: Այցելուները խառնվում են իրար: Քարտուղարուհին փակում է նրա ճանապարհը:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Մի րոպե, մի րոպե…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Հևալով, անզիջում) Չէ՛, չէ՛ , ես պիտի մտնեմ, պիտի մտնեմ։
ՎԵՏԵՐԱՆ — Թույլ չտաք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ոչ մի դեպքում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Մարդիկ նստած սպասում են։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հերթ գոյություն ունի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Սպասեք մի րոպե:
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Չնահանջելով) Չեմ կարող, չեմ կարող։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Չի կարելի, ընկեր։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Հետ, հետ գնացեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Չթողնեք։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Հաստատակամ) Ոչ, պիտի մտնեմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Իսկ ես ձեզ ասում եմ, որ չպիտի մտնեք, պա՞րզ է։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես էլ ասում եմ՝ պիտի մտնեմ։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — (Տարակուսանքով թոթվելով ուսերը) Սա ի՞նչ բան է։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Հիմա էլ էստե՞ղ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Սպասեք, ձեր հերթը կգա, կմտնեք։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հետո ուշ կլինի, ես հիմա պիտի մտնեմ։
ՎԵՏԵՐԱՆ — (Բորբոքված) Իսկ մենք էստեղ ինչի՞ համար ենք նստած։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Եթե ես հիվանդ երեխայիս հետ նստել սպասում եմ, դուք ինչո՞ւ պիտի մտնեք:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ուր գնում ես՝ նույն բանը… Այսինքն չեմ զարմանում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ – (Ակնարկելով Ծեր հորը և Ծեր մորը): Այս մեծահասակ մարդիկ նստած՝ դո՞ւք մտնեք:
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — (Ցույց տալով Պայուսակով տղամարդուն) Չե՞ք տեսնում, մարդը երեխաների հետ նստած սպասում է։
ՆՐԱ ԿԻՆԸ — Նստած սպասում է։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Չեն էլ ամաչում։ Այսինքն ինչո՞ւ եմ զարմանում որ…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Իրեն կտրտելով) Բայց դուք չգիտեք, չգիտեք ես ինչի համար եմ մտնում։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ինչի համար ուզում է լինի, չլսեցի՞ք, հերթ գոյություն ունի։
ՆՐԱ ԿԻՆԸ — (Միշտ կրկնելով ամուսնուն) Հերթ գոյություն ունի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե մարդն իրեն թույլ է տալիս, ի՞նչ ասես, ախր ի՞նչ ասես, ինքն իրեն պիտի թույլ չտա։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Այսքան մարդ այստեղ նստած…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Մեզ են արհամարհում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Կուրծք ծեծելով) Ես չեմ կարող սպասել, ազնիվ խոսք, հետո ուշ կլինի, երդվում եմ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Այդպիսի բան մի ասեք, ի սեր Աստծո։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ի սեր Աստծո, այդպիսի բան մի ասեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Խոսքը մեկը մյուսից խլելով) Ո՞վ է մեղավոր։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ են մեզ ասում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ինչո՞ւ պիտի ձեզ համար ուշ լինի, մեզ համար ուշ չլինի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ախր ի՞նչ ասես, ի՞նչ ասես, ինքն իրեն պիտի թույլ չտա։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Այսինքն ինչո՞ւ եմ զարմանում որ…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Այցելուներին) Բայց մենք չգիտենք, թե ինչ է պատահել։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Դուռը պահպանելով) Ի՜նչ կարևոր է, չպիտի մտնի և վերջ։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հերթ գոյություն ունի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Այո, իհարկե:
ՎԵՏԵՐԱՆ — Հո էդպես չի կարգը։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ – (Դառը հեգնանքով, միշտ դժգոհ) Կարգ…Ի՞՜նչ կարգ…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հետո ուշ կլինի, շենքը փլվում է, ես պիտի մտնեմ։
Խուճապ, հարայ-հրոց, փրկվելու բնազդով փախուստ դեպի դուրս:
ՎԵՏԵՐԱՆ — (Ոտքը քարշ տալով, գնալով դեպի մուտքը) Ո՞ւր է, որ փլվում է։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Խառնված) Հետ եկեք, հետ եկեք։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — (Դեպի դուրս ուղեկցելով ծեր ծնողներին) Ինչո՞ւ մենք չենք զգում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Լացով) Տեղ տվեք՝ երեխաս անցնի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ընդհանուր աղմուկի մեջ բարձրացնելով ձայնը) Հետ եկեք, հետ եկեք, մի՛ գնացեք, սա չի փլվում, մեր շենքն է փլվում, մեր… Որտեղ որ ես բնակվում եմ, դա է փլվում։
Իրարանցումն աստիճանաբար դադարում է: Այցելուները վերադառնում են իրենց տեղերը:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Բաճկոնով տղամարդուն, հանդիմանանքով) Դե էդպես ասեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Հարձակողական) Իսկ ինչո՞ւ եք ուրիշ բան ասում։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Կանոնավորելով շնչառությունը, ինքն իրեն) Ինչ որ տեսել էի՝ մի անգամ էլ տեսա։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — (Բաճկոնով տղամարդուն) Դուք իրավունք չունեք մարդկանց ահաբեկելու, այստեղ երեխաներ կան։
ՆՐԱ ԿԻՆԸ — Այստեղ երեխաներ կան, դուք իրավունք չունեք ահաբեկելու։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ինչո՞ւ եք խուճապ առաջացնում ժողովրդի մեջ։ Հայրիկ, նստիր։ Մամ, նստիր։
ՎԵՏԵՐԱՆ — (Բաճկոնով տղամարդուն, նույն մոլեգնությամբ) Պրովոկացիաներ մի՛ սարքեք:
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուք ինձ չհասկացաք, ես ի՞նչ մեղք ունեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Իսկ ո՞վ ունի, եթե դուք չունեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Քարտուղարուհուն) Ձեզ մոտ վոլեդոլ կլինի՞։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Կարգի բերելով իրեն) Որտեղի՞ց…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես ներողություն եմ խնդրում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Այլևս ուշ է, ավելի լավ է մի՛ խնդրեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Չհանդարտվելով, հեգնալից) Ներողությո՜ւն… Ի՞նչ ներողություն…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Մեր, մեր շենքն է փլվում, հիսուն ընտանիք է բնակվում, հո մենակ իմ ընտանիքը չի բնակվում։ Եթե հիմա չմտնեմ, հետո ուշ կլինի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի փլվի։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ո՞վ ասաց, որ փլվում է։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես եմ ասում, վա՜յ…
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ եք միայն դուք եկել։
ՆՐԱ ԿԻՆԸ — Նրանք ինչո՞ւ չեն եկել։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Բնակիչներից ինչո՞ւ ոչ ոք չի եկել։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Գուցե եկել են, ես չգիտեմ։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե եկած լինեին, կիմանայինք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Պաշտոնական) Ոչ, չեն եկել։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Այստեղ չեն եկել, գուցե նրանք էլ ուրիշ տեղ են գնացել։ Եթե հիմա չմտնեմ, հետո ուշ կլինի, փլվում է, ինչո՞վ երդվեմ, որ հավատաք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Տեղի տալով) Ընկերներ, մարդը երդվում է։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Հարձակողական) Հետո ինչ…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Թերահավատությամբ) Այ քեզ բան…
ՆՐԱ ԿԻՆԸ — Ի՞նչ կապ ունի…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց մենք բարոյական իրավունք չունենք չհավատալու։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Վրա տալով) Իսկ ո՞վ ասաց, որ չենք հավատում:
ՆՐԱ ԿԻՆԸ — Դա ի՞նչ հարց է…
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ պիտի չհավատանք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ինչո՞ւ պիտի չհավատանք, դրա՞ մասին է խոսքը։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բացառության կարգով թույլ տվեք մտնեմ, խնդրում եմ։
ՎԵՏԵՐԱՆ — Ի՞նչ բացառություն, ընկեր, եթե ես չեմ մտնում, դուք ինչո՞ւ պիտի մտնեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Բացառությունս ո՞րն է, բոլորս էլ սպասում ենք։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Այցելուներին) Ես խնդրում եմ, ոչ ոք թող չմիջամտի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Համենայնդեպս, մարդը խնդրում է։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Հանդիմանանքով) Ես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ասում։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ասում եմ՝ մարդը խնդրում է:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Մի ասեք։ Թողեք աշխատենք։ Հերթից դուրս ոչ ոք չպիտի մտնի։
ՎԵՏԵՐԱՆ — (Ակնարկելով Շլյապայով տղամարդուն) Ավելի լավ է ամեն մարդ իր գործով զբաղվի։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Միշտ գտնվում է մեկը…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հիմնական պատը ճաք է տվել, ազնիվ խոսք։ Ես խնդրում եմ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Մի խանգարեք, ընկեր։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես չգիտեմ, թե ինչի համար է այս բոլորը։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Տեսնում եք՝ սպասում ենք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Տեսնում եք՝ սպասում ենք։
ՎԵՏԵՐԱՆ — (Բաճկոնով տղամարդուն) Հանգիստ եղեք, հսկայական շենքը էդպես հեշտ չի փլվի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե չդադարեցնեն, մյուս պատերն էլ կճաքեն։ Քանդում են։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ – Չհասկացա՝ քանդո՞ւմ են, թե՞ փլվում է։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Քանդում են, եթե չքանդեին՝ չէի գա։
ՎԵՏԵՐԱՆ — Դե եթե քանդում են, էլ ինչո՞ւ եք ասում՝ փլվում է։ Ուրեմն քանդում են։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Կարծես նոր միայն ճշտելով) Ախ, քանդո՜ւմ են…
ՆՐԱ ԿԻՆԸ — Դե թող այդպես ասի, էլ ինչո՞ւ է ասում՝ փլվում է։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե չքանդեն՝ չի փլվի:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իզուր եք կարծում, եթե վթարային շենք է՝ առանց քանդելու էլ կարող է փլվել։ Քի՞չ է պատահում, ինչ է…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, վթարային շենք չի, հիմքի պատերը քանդում են, դարձնում են վթարային։
ՎԵՏԵՐԱՆ — Ո՞վ է քանդում, ինչո՞ւ են քանդում, ինչո՞ւ պիտի քանդեն։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ախր ո՞վ կթողնի, որ քանդեն, չեմ հասկանում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Շենքի նկուղային հարկն են ընդարձակում, որ կոոպերատիվ սրճարան բացեն։
ՎԵՏԵՐԱՆ – Է՜, թող բացեն, ո՞ւմ է խանգարում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Մարդկանց հնարավորություն են տվել մի բան անեն, հիմա էլ նրանց դեմ են խոսում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հիմա բոլոր շենքերի նկուղային հարկերն էլ օգտագործում են, ինչո՞ւ չեն քանդվում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Պատերի հաշվին են ընդարձակում։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ – Ընկեր, մեր ի՞նչ գործն է, թե ինչ են անում։
ՆՐԱ ԿԻՆԸ — Մեր ի՞նչ գործն է, թե ինչ են անում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իրենք փող դիզեն, իմ տունը փլվի՞։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Բայց որքան ես հասկացա՝ միայն դուք չեք, ասում եք՝ հիսուն ընտանիք է բնակվում:
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Այո, հիսուն։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Դե ուրեմն ձեզ նրանցից մի՛ առանձնացրեք։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ առանձնացնում, ամենևին, ամբողջ շենքին է վտանգ սպառնում։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ – Է՜, լավ, հարցրեք ով ումից հետո է, ձեր հերթր կհասնի, կմտնեք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ձեր հերթը կհասնի, կմտնեք։
ՎԵՏԵՐԱՆ — Ինչպես բոլորը, այնպես էլ դուք։ Եթե ես չեմ մտնում, դուք ինչո՞ւ պիտի մտնեք, դա ինձ բացատրեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ասում է՝ հետո ուշ կլինի։
ՎԵՏԵՐԱՆ — (Համբերությունից դուրս գալով) Ես լսում եմ՝ ինչ է ասում, իմ լսողությունից ես դեռ չեմ բողոքում, հարգելի ընկեր։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Քանդում են, ինչով ուզում եք, երդվեմ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ եք մեզ ասում։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ինչո՞ւ է մեզ ասում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես ոչինչ չեմ ասում, ես ուղղակի խնդրում եմ։
ՎԵՏԵՐԱՆ — Առանց թույլտվության ինչո՞ւ պիտի քանդեն, ուրեմն թույլտվություն ունեն։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Պարզ չի՞, որ ունեն։
ՆՐԱ ԿԻՆԸ — Պարզ չի՞…
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Եթե չունենան, չեն քանդի։
ՆՐԱ ԿԻՆԸ — Չեն քանդի, եթե չունենան։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Այո, ունեն, փող են տվել, ամեն ինչ օրինական են անում։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Առավել ևս. եթե օրինական են անում, ինչո՞ւ պիտի քանդվի։
ՆՐԱ ԿԻՆԸ — Եթե օրինական են անում, էլ ինչո՞ւ պիտի քանդվի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ասում եմ, փող են տվել:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչ որ չեք տեսել, մի ասեք։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ պարտադի՞ր էր, որ տեսնեի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դե, եթե չեք տեսել, ո՞վ կարող է ապացուցել։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հարցը դա չի՝ կապացուցե՞ն, թե՞ չեն ապացուցի։ Ասում է՝ փլվում է։
ՎԵՏԵՐԱՆ — Ինչի՞ համար են այս պատմությունները։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ես չգիտեմ,
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Թոթվելով ուսերը) Իսկ ո՞վ գիտի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Քարտուղարուհուն) Խնդրում եմ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Հետ գնացեք, իզուր տեղը մի խնդրեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ընկերներ, նա չի կարող սպասել։
ՎԵՏԵՐԱՆ — Ի՞նչ եք առաջարկում, հետաքրքիր է։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Իսկ մենք կարո՞ղ ենք, որ սպասում ենք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Ինչ մի հաճելի բան է…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես ասում եմ…
ՎԵՏԵՐԱՆ — (Ընդհատում է՝ բռնկվելով) Ի՞նչ եք ասում, ախր ինչո՞ւ եք ասում…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Ակնարկելով Շլյապայով տղամարդուն) Ինքն ո՞վ է։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ինչո՞ւ է խառնվում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դա ի՞նչ բան է։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Շլյապայով տղամարդուն) Շատ ներողություն, իսկ ես ի՞նչ ասեմ, որ Աստված քանդեց տունս։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Ընդհատելով նրան) Այդ էր պակաս, որ մտնի։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Երբեք։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Շլյապայով տղամարդուն, շարունակելով): Հիմա փայտից մի տնակ եմ ուզում, դա էլ չեն տալիս։ Ասում են՝ դու մենակ մարդ ես, մի կերպ գլուխդ կպահես, ընտանիք ունեցողներին ենք տալիս։ Իմ մեղքը ո՞րն է, որ կինս, երեխաներս զոհվեցին, ես մնացի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուք տուն եք ուզում, ես տուն չեմ ուզում։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես տուն չեմ ուզում, ես մի քնելու տեղ եմ ուզում, տունն էլ իմ ինչի՞ն է պետք։ Ամեն ինչ մնաց ներսը, հագիս էս մի վերնաշապիկով եմ մնացել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Ակնարկելով Բաճկոնով տղամարղուն) Անհարմար էլ չեն զգում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Լարված) Ազնիվ խոսք, հետո ուշ կլինի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ինչ որ ասելու եք, այնտեղ կասեք, մեզ ինչո՞ւ եք ասում։
ՆՐԱ ԿԻՆԸ — Մեզ ինչո՞ւ է ասում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Քարտուղարուհուն) Խնդրում եմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Հարցրեք ով է վերջինը, ձեր հերթը կհասնի, կմտնեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց նա չի կարող սպասել։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (հրահրելով) Ասեք, խնդրում եմ, ասեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Քարտուղարուհուն) Եթե հիմա չդադարեցնեն, հետո ուշ կլինի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Իմ ի՞նչ գործն է։
ՎԵՏԵՐԱՆ — (Շլյապայով տղամարդուն) Գիտեք ինչ՝ եթե ձեզ համար այդքան հեշտ է, մի կարծեք, թե ուրիշների համար էլ նույնն է։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչ կա որ, երևի ինքը հարց չունի լուծելու։
ՆՐԱ ԿԻՆԸ — Այո, ըստ երևույթին չունի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Եթե ունենա, այդպես չի խոսի։
ՆՐԱ ԿԻՆԸ — Եթե ունենա, ինչո՞ւ պիտի խոսի։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Իհարկե, չի խոսի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Առաջին ամուսնուն) Ո՞վ չունի, ե՞ս… (Փորձում է արձակել թղթապանակի թելերը, մատները դողում են) Բացե՞մ, բացե՞մ ծանոթանաք։ (Մատների դողը գնալով սաստկանում է):
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, նեղություն մի կրեք, դրա կարիքը չկա։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Մի կերպ արձակելով) Այդ ի՞նձ եք ասում, ի՞նձ… (Թղթապանակից թղթեր է հանում, ցուցադրելով) Իսկ սրանք ի՞նչ են, ի՞նչ են, գիտե՞ք։ (Թղթերը տեղավորում է թղթապանակում) Այդ ի՞նձ եք ասում, ի՞նձ…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես ձեզ ոչինչ էլ չեմ ասում, ես ընդհանրապես եմ ասում:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե հարց չունենայի, չէի գա, մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Հիվանդ երեխայիս հետս քարշ եմ տվել բերել։ Եթե հարց չունենայինք, մենք ինչո՞ւ պիտի գայինք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Օրը ցերեկով մտել են բնակարանս, դուրս չեն գալիս, դրան ի՞նչ կասեք։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Թող իմ բնակարանը տան ինձ, ես ձեր բնակարանը տամ ձեզ։ Թող տան, ինչո՞ւ չեն տալիս, թող տան։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ո՞վ տա, ե՞ս տամ։ Փախստական եք, գնացեք ձեր հարցերը ինքներդ լուծեք։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (Խոցված) Ո՞վ է փախստական, տիկին, ինչո՞ւ եք մեզ վիրավորում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Եկել մտել եք բնակարանս, դեռ ե՞ս եմ ձեզ վիրավորում։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (Բորբոքված) Ինչի՞ց եք փախել, ինչի՞ց…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Առանց աղմուկի, ես խնդրում եմ։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (Ինքն իր հետ, դառը հեգնանքով) Փախստակա՜ն…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ընկերուհին ձեզ չէր ուզում վիրավորել, իզուր հուզվեցիք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ուղղակի բառն է վիրավորական։
Բաճկոնով տղամարդն անհանգիստ գնում-գալիս է՝ երբեմն-երբեմն հոգոց արձակելով:
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — (Քարտուղարուհուն) Ներեցեք, ժամը քանսից քանի՞սն է ընդունելությունը։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Երկուսիս վեցը։ (Ձեռքը մեկնած ցուցատախտակի կողմը) Գրված է…
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — (Աչքի անցկացնելով ձեռքի ժամացույցը) Շնորհակալություն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Պայուսակից ուտելիք է հանում, տալիս երեխաներին, վերջում մատնացույց անելով տկարամիտ տղային) Իրեն էլ տվեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Շնորհակալություն, նա դրանից չի ուտում։
ԾԵՐ ՄԱՅՐ — (Ամուսնուն) Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ մրսում։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — (Չխաղաղվելով) Փախստական էլ դառանք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Տղային, որ շարունակ ծածանում է ձեռքի «մուրճ ու մանգաղով» դրոշակը) Մի արա, այ տղա, քամի ես անում։
Երեխաները շրջապատել են տկարամիտ տղային՝ հետաքրքրությամբ դիտելով նրան:
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Ցնցվում է՝ նայելով շուրջը, կանգնում է) Դեմոկրատիան ամենաթողություն չէ։ Պարետային ժամ մտցնել։ Բանակը կպաշտպանի հարազատ ժողովրդին, ժողովուրդը՝ իր հարազատ բանակին։ (Նստում է՝ մի պահ իր վրա դարձնելով շփոթված այցելուների ուշադրությունը):
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Տկարամիտ տղային շրջապատած երեխաներին) Գնացեք, բալիկներ, գնացեք։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եկեք այստեղ, եկեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Երկրորդ ամուսնուն) Սկզբում դո՞ւք պիտի մտնեք, թե՞ մենք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ առանձին-առանձին մտնենք, միասին կմտնենք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ մենք ինչո՞ւ պիտի ձեզ հետ միասին մտնենք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Միասին մտնենք, ես ապացուցեմ, որ ձեր կնոջ ամուսինը ես չեմ, դուք եք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ, ես առանձին կմտնեմ, ես կապացուցեմ, որ ձեր կնոջ ամուսինը ես չեմ, դուք եք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի դուք ապացուցեք, որ իմ ամուսինը ինքն է, դուք չեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿՒՆ — Իսկ ինչո՞ւ պիտի ձեր ամուսինը ապացուցի, որ իմ ամուսինը ձեր ամուսինը չէ։
ԾԵՐ ՄԱՅՐ — Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ – Չէ, չեմ մրսում։
ԱՎԱԳ ՈՐԴՒ — Մամ, մի անհանգստացիր, չի մրսի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ – (Կանգ առնելով Քարտուղարուհու դեմ-հանդիման) Մի րոպեից ավել չեմ մնա։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ոչ, ասացի։ Տեսնում եք, չեն համաձայնում։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բոլորի մասին այդպես մի ասեք, ի սեր Աստծո, մենք դեռ չգիտենք, այստեղ էլի մարդիկ կան, գուցե նրանք կհամաձայնեն մի հոգու բացառություն անել։
ՎԵՏԵՐԱՆ — Մեկին բացառություն արեցիր, երկրորդին էլ պիտի բացառություն անես, հարգելի ընկեր, ինչո՞ւ եք դուք ձերն առաջ տանում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իհարկե։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ- Եթե միայն մեկը լիներ…
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՍԻՆ — Մեկի հարցը հեշտ է, երկրորդին ի՞նչ պիտի ասես։
ՆՐԱ ԿԻՆԸ — Երկրորդին ի՞նչ պիտի ասես։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Երկրորդ չկա, ազնիվ խոսք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Մի անհանգստացեք, իսկապես չկա։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ո՞վ ասաց, որ չկա։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ո՞վ ասաց։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես եմ ասում՝ չկա։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հարցրեք, թող ասեն, չկա։
ՎԵՏԵՐԱՆ – Չկա՝ կլինի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Որտեղի՞ց պիտի լինի, եթե չկա։
ԱՎԱԳ ՈՐԴԻ – Այո, հենց այդ է, որ չկա, բայց կտեսնեք, կլինի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Կարծո՞ւմ եք, չէ, չի լինի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ի՞նչ երաշխիք ունեք, որ չի լինի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ազնիվ խոսք, չի լինի։
ՎԵՏԵՐԱՆ — Ես ձեր ազնիվ խոսքին հավատա՞մ, թե՞ ինձ, հո առաջին դեպքը չի:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց իրոք չկա: (Ակնարկելով Բաճկոնով տղամարդուն) Ճիշտ է ասում։
ՎԵՏԵՐԱՆ — Մենք էլ ենք ճիշտ ասում, մենք հո ուրիշ բան չենք ասում:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Այո, բայց առայժմ փաստորեն չկա:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ – Ա՛յ, տեսա՞ք, տեսա՞ք, ինքներդ ասացիք՝ առայժմ չկա:
ՆՐԱ ԿԻՆԸ — Ինքներդ ասացիք:
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իրոք, առայժմ չկա:
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Առայժմ չկա, որովհետև չկա, իսկ հետո կլինի:
ՆՐԱ ԿԻՆԸ — Իսկ հետո կլինի:
ՎԵՏԵՐԱՆ — Ես մի բան գիտեմ, չէ՞, որ ասում եմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Չի էլ կարող չլինել, եթե չլինի էլ՝ կլինի։
ՎԵՏԵՐԱՆ — Իսկ ձեր կարծիքով իմ ասածն ի՞նչ էր։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ճիշտ եք ասում, բայց առայժմ չկա:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ դուք ի՞նչ գիտեք՝ կա՞, թե՞ չկա։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Փաստորեն չկա։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Այո, փաստորեն չկա, բայց չկա, որովհետև ինքներդ ասացիք, որ առայժմ չկա, իսկ հետո կլինի:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց մենք չգիտենք՝ կլինի՞, թե՞ չի լինի, փաստորեն առայժմ չկա։
ՎԵՏԵՐԱՆ — Նույն բանն ենք ասում, բայց իրար չենք հասկանում։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Լարվելով, ընդգծված) Բայց առայժմ փաստորեն չկա։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Այո, փաստորեն առայժմ չկա, իսկ հետո կլինի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ եթե լինի՞։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Մտահոգ) Եթե լինի…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Վրա տալով) Ես ձեզ հարց եմ տալիս՝ իսկ եթե լինի՞։ Խնդրում եմ, դուք իմ հարցին պատասխանեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ (Արգելակված) Դե եթե լինի…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, կողմնակի բաներ մի ասեք, խնդրում եմ, դուք իմ հարցին պատասխանեք։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ոտ ու ձեռ ընկած) Չկա, չկա, եթե լիներ՝ կլիներ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես էլ գիտեմ, որ չկա, դուք իմ փոխարեն մի պատասխանեք, ես իրեն եմ հարց տալիս։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Հոգուն հասած) Էլի եմ ասում՝ չկա:
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ եթե լինի՞:
ՎԵՏԵՐԱՆ — Նրան, նրան ի՞նչ պիտի ասեք։ Եղա՞վ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Իրեն կորցրած) Բայց մենք չգիտենք՝ կլինի՞, թե չի լինի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Դուք չգիտեք, իսկ ես գիտեմ։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ես էլ գիտեմ։
ՎԵՏԵՐԱՆ — (Շլյապայով տղամարդուն) Այդ ինչպե՞ս է, որ բոլորը գիտեն, դուք չգիտեք։ Դուք էլ գիտեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Իհարկե, գիտի:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Իսկ ո՞վ չգիտի, նորությո՞ւն է, ինչ է…
ՎԵՏԵՐԱՆ — Ինչո՞ւ պիտի մեկին բացառություն անես, իսկ մյուսին՝ ոչ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Եթե մեկին բացառություն ես անում, մյուսին չես կարող չանել։
ՆՐԱ ԿԻՆԸ — Անխոս։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Քամահրանքով) Ինչի՞ մասին է խոսքը։
ՎԵՏԵՐԱՆ — Ավելորդ է անգամ այդ մասին խոսելը։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Իսկ եթե մեկին չես անելու, մյուսին ինչո՞ւ անես։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Բա մեր ասածն ի՞նչ է, մեզ ասածն էլ դա է:
ՆՐԱ ԿԻՆԸ — Մեր ասածն էլ դա է։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Կուրծք ծեծելով) Բայց ես չեմ ասում, թե չի լինի։ Ախր ինչո՞ւ չեք ուզում ինձ հասկանալ։ Ես ասում եմ՝ առայժմ չկա։
ՎԵՏԵՐԱՆ — (Բորբոքվելով) Հենց այդ է, որ առայժմ չկա, բայց հետո կլինի։ Ոչ մի երաշխիք չկա, որ չի լինի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ձեռքից գնալով) Չի լինի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ընկերներ, ընկերներ, իզուր տեղն ինչո՞ւ եք ջուր ծեծում:
ՎԵՏԵՐԱՆ — Իրեն ասեք, ինձ մի ասեք։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Երես թեքելով այցելուներից, Քարտուղարուհուն) Խնդրում եմ… Ես գիտեմ, չի լինի…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Այդ դուք եք ասում, որ չի լինի։ Այս մեծահասակ մարդիկ այստեղ նստած, ինչո՞ւ պիտի ձեզ բացառություն անեն։
ՎԵՏԵՐԱՆ — Մարդ ուղղակի անհարմար էլ է զգում, որ նրանցից առաջ մտնի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Վերջապես խիղճն էլ լավ բան է։
ՆՐԱ ԿԻՆԸ — Գոնե մարդկանց տարիքը հարգեն։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Այսինքն ինչո՞ւ եմ զարմանում որ…
ՎԵՏԵՐԱՆ — Եթե բացառություն անենք՝ նրանց պիտի անենք, ուր էլ ո՞ւմ:
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Շնորհակալություն։ Անկողնուց եմ հանել բերել։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ինչո՞ւ եք ասում, չի երևո՞ւմ, ինչ է:
ԾԵՐ ՄԱՅՐ — Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ մրսում։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես հո չեմ ասում, որ նրանք չմտնեն։ Քանդում են, ես չեմ կարող սպասել, ի՞նչ անեմ։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Դառնալով Պայուսակով տղամարդուն) Այս ընկերը երեխաների հետ նստի սպասի, դո՞ւք մտնեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Մեծահասակներին չենք հարգում, երեխաներին հո պարտավոր ենք հարգել։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ եք դա ասում։ (Ակնարկելով շիկահեր կնոջը) Իսկ այս կինն ի՞նչ ասի։ Ներողություն, տիկին… որ տղայի հետ է եկել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ – Ի՞նչ անեմ, նրան չեմ կարող մենակ թողնել։ (Փղձկում է): Մի ամսվա կարագի տալոնը կերավ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Հանգստացեք, ինչո՞ւ եք հուզվում։
ՆՐԱ ԿԻՆԸ – Ինչո՞ւ եք հուզվում, հանգստացեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Վրան ՛՛կարագ՛՛ չլիներ գրված, չէր ուտի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Կարագի տալոն է հանում ծոցագրպանից, մեկնելով կնոջը) Վերցրեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Շնորհակալություն, հարկավոր չէ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես խնդրում եմ, ինձ պետք չէ, ազնիվ խոսք, վերցրեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Շնորհակալություն։ Չէ, չեմ վերցնի, մի ստիպեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց ես խնդրում եմ։
Շիկահեր կինը բացասաբար օրորում է գլուխը:
Փոքր աղջիկը փսփսում է Պայուսակով տղամարդու ականջին: Պայուսակով տղամարդը նրան դուրս է տանում՝ ձեռքով նշան անելով, որ մյուս երեխաները մնան:
Բաճկոնով տղամարդը անհանգիստ գնում-գալիս է, երբեմն-երբեմն կանգնում, խոր շունչ է քաշում:
ԾԵՐ ՄԱՅՐ — Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ մրսում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — (Հորը) Տաքությունդ հո չբարձրացա՞վ, չէ՞…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ – Մի՛ արա, այ տղա, քամի ես անում։
ՎԵՏԵՐԱՆ — (Ավելի շատ ինքն իրեն) Եթե մտնելու լինի, ես կմտնեմ։ Ես որ իմ իրավունքներից չեմ օգտվում, ուրիշն ինչո՞ւ պիտի օգտվի։ (Ակնարկելով Կապույտ վերանաշապիկով տղամարդուն) Մարդը քնելու տեղ չունի, եկել ինչ են ասում… Եղա՞վ:
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Քնելու տեղ եմ ուզում, բայց հո քնելու համար չեմ ուզում։ Ինձ էլ քնել չկա։ Աչքերս հենց փակում եմ, կինս ու երեխաներս գալիս են, մինչև լույս ինձ հետ են։ Առավոտ շուտ աչքերս բացում եմ, էլի թողնում, գնում են, որ գիշերը գան։ Թողնո՞ւմ են, որ քնեմ։ Գալիս, հարցնում են՝ ի՞նչ եղավ, տնակը տվի՞ն, որ տան, մենք էլ կգանք։ Ասում եմ՝ չէ, դուք էլ չեք գա, ես կգամ։ Ասում են՝ չէ, դու մի՛ արի, դու մնա, որ մենք գանք։ Դու որ չլինես, մենք էլ չենք գա, էլ գանք ի՞նչ անենք, էլ ո՞ւմ մոտ գանք։ Երկու անգամ ասել եմ՝ հա, տվին, արդեն տվել են, դե եկեք, ինչո՞ւ չեք գալիս, բա ասում էիք՝ գալու ենք։ Ասում են՝ սուտ ես ասում, չեն տվել, խաբում ես, գնա ասա, թող տան։
Պայուսակով տղամարդը վերադառնում է աղջկա ձեռքը բռնած:
Ես չեմ եկել, նրանք են ինձ ուղարկել։ Գիտեմ, որ ստանամ էլ, չեն գա, բայց ես հո ինձ համար չեմ ուզում ստանամ, իրենց համար եմ ուզում, որ տեսնեմ հիմա ինչ պիտի ասեն։
Երեխաներից մեկը հատակին խաղալիք-ավտոմեքենա է տանում- բերում:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Բալիկ, չի կարելի, դա պահիր դրսում…
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ձեռքից վերցնելով) Տուր, տուր, ես կպահեմ։
Փոքրիկ աղջիկը փորձում է շրթհարմոն նվագել:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Չեղավ, չեղավ, հիմա պիտի կանչի, ինձ դիտողություն անի։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Աղջկան) Տուր, տուր դա էլ պահեմ։ (Վերցնում է շրթհարմոնը, դնում պայուսակի մեջ):
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Երեխաներին ինչո՞ւ են բերում հետները, չեմ հասկանում։ Թող դուրս գան, դրսում սպասեն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուրս եկեք, միջանցքում սպասեք, ես կգամ:
Երեխաները կառչում են հորից:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Թողեք մնան, էլ չեն անի:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դե խելոք մնացեք, թե չէ դուրս կանեն։
Երեխաները ձեռքները մտցնում են պայուսակի մեջ:
Չլսեցի՞ք, ինչ ասացի։
ԾԵՐ ՄԱՅՐ — Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ մրսում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հայրիկ, վա՞տ ես զգում, չէ՞…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ – Մի՛ արա, այ տղա, քամի ես անում։
Երեխաները նորից հավաքվում են տկարամիտ տղայի շուրջը: Մտնում է մի երիտասարդ: Երիտասարդ կինը նրանից խուսափելով շրջվում է, որ չմոտենա իրեն:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Կնոջ թիկունքից, ականջի տակ, գրեթե շշուկով) Մի րոպեով դուրս արի, բան եմ ասում։
Կինն անհաղորդ է:
Քեզ հետ եմ, դուրս արի մի րոպեով։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (Զուսպ) Չեմ գալիս։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Արի, ասում եմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ – Ասացի՝ չէ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չմտնես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իզուր ես նեղություն կրել: Պիտի մտնեմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ցածր…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Գնա։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չմտնես։
ԵՐԻՏԱՍԱՐն ԿԻՆ – Ասացի՝ պիտի մտնեմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես ուզում էի ամուսնանալ, չէի՞ ուզում, տեսար՝ հորս ինֆարկտ խփեց։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ի՞մ պատճառով, թե՞ քո։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դեմ է, ասում է՝ մեջտեղը երեխաներ կան, կնոջիցդ չպիտի բաժանվես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Երեխաներն ի՞նչ կապ ունեն։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մայրս էլ է դեմ, ասա, ի՞նչ անեմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Իսկ մի տարի առաջ չգիտեի՞ր, որ երեխաներ ունես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իսկ դու չգիտեի՞ր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Գիտեի։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չհամաձայնեիր։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Քեզ չգիտեի։ (Փղձկում է) Քեզ թվում է, թե ես ծնողներ չունե՞մ։ Հորդ քեզ համար չի ինֆարկտ խփել, ոչ էլ երեխաներիդ։ Նա միշտ ապրել է՝ ինչպես ինքն է ցանկացել, հիմա էլ է ուզում ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Նա քո մասին չի մտածում, ոչ էլ քո երեխաների մասին է մտածում: Նրան խաղաղություն է պետք օր ծերության, նրա անդորրը ոչ ոք չպիտի խանգարի, թույլ չի տա, որ խանգարեն: Ինքն ապրել է ուզում, մենք չե՞նք ուզում։ Ինքն արդեն ապրել է իր կյանքը, թող թույլ տա, որ հիմա էլ ուրիշներն ապրեն։ Իհարկե, մայրդ էլ դեմ կլինի։ Հիմա նրանք միայն իրար են պետք։ Նրանք քո կնոջը չեն սիրում։ Քեզ թվում է, թե միայն դու չես սիրում։ Եթե սիրես՝ կթողնեն, որ բաժանվես։ Չես սիրում, դրա համար էլ չեն թողնում։ Նրանց պետք է, որ դու հենց այդպիսի կին ունենաս։ Ունես, նրանց էլ ի՞նչ է պետք՝ ոչինչ։ (Հանկարծակի շրջվելով) Ինչո՞ւ ես եկել, հիմա ի՞նչ ես ուզում ինձնից։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուրս արի՝ դրսում խոսենք։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Ես գիտեմ ինչ ես ասելու։ Այդ չի լինի, չի լինի։ Պիտի ծնվի։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Սպասում եմ, արի։ (Դուրս է գնում):
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Տկարամիտ տղային շրջապատած երեխաներին) Գնարեք, բալիկներ, գնացեք։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եկեք, եկեք ինձ մոտ։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Դադարեցնելով քայլելը, Քարտուղարուհուն) Մինչև հիմա ես արդեն մտել, դուրս էի եկել։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ձեր հերթը կհասնի՝ կմտնեք:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց նա չի կարող այդքան սպասել, քանդում են, պիտի կարգադրություն անեն, որ դադարեցնեն։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Գիտեմ, ինչո՞ւ եք ինձ ասում, ես ի՞նչ կարող եմ անել։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Նորից նույն պատմությունը։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես ձեզնից ոչինչ չեմ պահանջում։ Կարծեմ ես այդքան իրավունք ունեմ, որ իմ հերթը զիջեմ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Եթե նրան ուզում եք բոլորից առաջ գցել, միայն դուք չպիտի զիջեք, ովքեր ձեզնից առաջ են՝ նրանք էլ պիտի զիջեն։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ուրիշ կերպ չի էլ կարող լինել։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ոչ մեկի համար էլ հաճելի չէ այստեղ ժամերով սպասելը։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց նրա հարցը ուրիշ հարց էր:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Իսկ դուք ի՞նչ գիտեք, թե մեր հարցն ինչ հարց է։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց նրանը ժամանակի հետ է կապված։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Իսկ ո՞վ ասաց, որ մերը ժամանակի հետ չի կապված։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Առանց աղմուկի, ես խնդրում եմ, հիմա պիտի կանչի, ձեր փոխարեն ինձ դիտողություն անի։
ԾԵՐ ՄԱՅՐ — Չքնես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ քնում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հայրիկ, չքնես։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ինչո՞ւ են այսքան երկար մնում ներսում, չես հասկանում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Մի արա, այ տղա, քամի ես անում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Կա՜րգ… Ի՞՜նչ կարգ…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Գնացել, բալիկներ, գնացեք։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Եկեք այստեղ, եկեք:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ինքն իր հետ, անհաշտ) Համենայնդեպս այդպես էլ չի կարելի։
Կաշվե բաճկոնով տղամարդը գնում-գալիս է իրեն կորցրած՝ մերթ արագացնելով, մերթ դանդաղեցնելով քայլերը:
Երեխաներն իրար հրմշտելով ձեռքները մտցնում են պայուսակի մեջ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ես խնդրեցի, չէ՞, թող դուրս գան, դրսում սպասեն։ (Ցույց տալով Գլխահակ տղամարդուն) Նրան չեմ կարող դիտողություն անել, ձե՞զ էլ չեմ կարող։ Ինչո՞ւ եք ուզում, որ ինձ վրա խոսեն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուրս եկեք, դուրս եկեք, դրսում սպասեք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Երեխաներ, հապա, շուտ դուրս եկեք:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եկեք: (Գնում է՝ ետևից երեխաներին տանելով դուրս):
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — (Առաջին ամուսնուն) Եթե չեք ուզում միասին մտնենք, առաջինը դուք մտեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ պիտի մենք առաջինը մտնենք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի մենք մտնենք։
ՆՐԱ ԿԻՆԸ — (Առաջին ամուսնուն) Դուք ապացուցեք, որ ես ձեր կինը չեմ, ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ, որ դուք իմ կինը չեք:
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Դուք չեք ուզում մտնել, թող ձեր կինը մտնի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ, որ դուք իմ ամուսնու կինը չեք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ, որ դուք իմ ամուսնու կինը չեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Որովհետև նա իմ կինն է, իսկ ձեր ամուսինը նրա ամուսինը չէ։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Առավել ևս… Եթե ես ձեր կնոջ ամուսինը չեմ, ձեր կինն իմ կինը չէ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Եթե իմ կինը ձեր կինը չէ, ձեր կինն ինչո՞ւ պիտի իմ կինը լինի։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Դա ինձ մի ասեք, ում որ թուղթ է պետք, նրան ասեք։
Պայուսակով տղամարդը վերադառնում է՝ զբաղեցնելով իր տեղը:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Համենայնդեպս, մի հոգու կարելի էր բացառություն անել։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Եկել են՝ ընտանիքս են բնակարանից հանում, ինչի՞ մասին է խոսքը։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Թող ձեզ չհանեն, ինձ բնակարան տան։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ անեի, որ չմտնեի։ Տեսա ազատ բնակարան է՝ մտա։
Երեխաները մի առ մի վերադառնում են:
ԾԵՐ ՄԱՅՐ — Չքնես։
ԾԵՐ ՀԱՅՐ – Չէ, չեմ մրսում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ – Մի՛ արա, այ տղա, քամի ես անում։
Հեռախոսի զանգ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Լսափողի մեջ) Սխալ եք զանգահարել։
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Ցնցվելուց հետո, ինչպես միշտ՝ կանգնելով) Պահպանել հասարակության անդորրը և զոհ չգնալ սադրանքներին։ Կրակողների վրա չկրակել։ Հանդես բերել զսպվածություն և ողջամտություն։ Ամբողջովին ենթարկվել արտակարգ դրության կարգ ու կանոնին։ (Նստում է):
Մտնում են ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻՆ և ԱՂՋԻԿԸ:
ԱՂՋԻԿ — (Այցելուների մեջ գտնելով ծնողներին) Այստեղ են:
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ես գիտեի, չէ։ Հայրիկ, վեր կաց։ Ինչո՞ւ եք եկել։
ԱՂՋԻԿ — (Ակնարկելով Ավագ որդուն) Չեն եկել, բերել են։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — (Ընդգծված) Այո, բերել եմ, ումի՞ց եմ թաքցնում։ Ինչքան ձեր ծնողներն են, այնքան էլ իմ։
ԱՂՋԻԿ — (Լալկան) Մամ, վեր կաց։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, վեր կաց, գնում ենք։
ԱՂՋԻԿ — Մամ, վեր կաց։
Ծնողները բացասաբար օրորում են գլուխները:
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Չեն ուզում ոչ մեկիդ մոտ մնալ, չեն ուզում։ Համոզեցիք, մարդկանց տունը վաճառեցիք, փողը երկուսով կիսեցիք, կերաք, ինչո՞ւ չպահեցիք։ Իրենք ձեզ էլ պետք չեն, պետք չեն։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (Քրոջը) Լսո՞ւմ ես՝ ինչ է ասում։
ԱՂՋԻԿ — Թող ասի, իրեն թվում է, թե մարդիկ պիտի հավատան։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկերներ, առանց աղմուկի, խնդրում եմ։
ԱՂՋԻԿ — Վիրավորական է, չէ՞, չի կարելի, չէ՞։ Փող է ուզում, թող պարզ ասի՝ փող է պետք, փող տանք։ Մամ, վեր կաց։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, վեր կաց։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Չեմ ուզում, ձեզնից ոչ մի կոպեկ չեմ ուզում, դուք չեք պահում՝ թողեք ծնողներիս ես տանեմ պահեմ։
ԱՂՋԻԿ — Եթե ես ծնողներիս չպահեմ, քո կի՞նը պիտի պահի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ընդամենը երկու ամիս դու պահեցիր, երկու ամիս՝ նա։ Հետո մեկդ հորս տարաք, մեկդ՝ մորս։ Այս տարիքում նրանց բաժանեցիք իրարից։ Նրանք առանց մեկը մյուսի չեն կարող ապրել, չեն կարող, ամբողջ կյանքում միասին են ապրել, հիմա էլ պիտի միասին ապրեն։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Սխալ բաներ չխոսես, ժամանակավոր էի թողել, որ մորս քույրս տանի։
ԱՂՋԻԿ — Սխալ բաներ չխոսես, ժամանակավոր էի թողել, որ հորս եղբայրս տանի։ Լսողն էլ պիտի հավատա, դա է ցավը։ (Լեզվով ծլթծլթացնում է):
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք նրանց մասին չեք մտածում, լսողների մասին եք մտածում, թե նրանք ինչ կմտածեն։
ԱՂՋԻԿ — Վիրավորական է, չէ՞, չի կարելի, չէ՞։ Չի էլ ամաչում։ (Շարունակում է լեզվով ծլթծլթացնել):
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, վեր կաց։ Ես գնամ տաքսի բերեմ։
ԱՂՋԻԿ — Մամ, շուտ արա, գնում ենք տաքսի բերենք։ Պատրաստ եղեք, որ չսպասենք։ (Դուրս են գնում):
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Գնում-գալիս է, հանկարծակի բռնկվելով) Ես պիտի մտնեմ։ (Մղվում է դեպի դուոը):
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Փակելով նրա ճանապարհը) Չփորձեք։
Ընդհանուր աղմուկ:
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Երդվյալ) Պիտի մտնեմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկեր, մի ստիպեք, որ ուրիշ միջոցների դիմեն։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Թույլ չտաք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Դուք ումի՞ց եք ավել, հետաքրքիր է։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Փլվում է, չեք հավատում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ո՞վ ասաց, որ չենք հավատում։ Կամ ինչո՞ւ պիտի չհավատանք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Տարրական կուլտուրա է պետք, ուրիշ ոչինչ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ընդհանուր աղմուկի մեջ բարձրացնելով ձայնը) Հայրենակիցներ…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Աղաղակելով) Մի՛ ասեք, ես խնդրում եմ, ոչինչ չասեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց դուք չգիտեք, թե ես ինչ եմ ասելու։
ՄԻՋԱՀԱԱԱԿ ԿԻՆ — Ձեզ է թվում, որ չգիտենք։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Պայուսակով տղամարդուն) Երեխաներին դուրս տարեք, խնդրում եմ։
ՎԵՏԵՐԱՆ — (Համբերությունը հատած, Բաճկոնով տղամարդուն, նախահարձակ լինելով) Դե դուք էլ բավական եղավ, հետ քաշվեք։ (Արմունկով հրում է) Դուք չպիտի մտնեք, ես պիտի մտնեմ։
Քարտուղարանին մարմնով փակում է առանձնասենյակի դուռը:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Թույլ չտաք:
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հերթ գոյություն ունի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Հետ, հետ… Ես խնդրում եմ, հետ գնացեք, ոչ մեկդ չպիտի մտնեք։
ՎԵՏԵՐԱՆ — Պիտի մտնեմ, ես իրավունք ունեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Առաջ մղվելով) Ո՞վ ասաց։
ՎԵՏԵՐԱՆ — (Պարզելով ծոցագրպանից հանած վկայականը) Ես եմ ասում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Հրելով վկայականը) Տարեք էն կողմ, ի սեր Աստծո, հերիք եղավ ամեն տեղ աչքներս խոթեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Դա էստեղ չի անցնում, ուրիշ տեղ ցույց կտաք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ամեն տեղ սրանք…
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ուր գնում ես՝ նույն բանը, հիմա էլ էստեղ…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Սրանք դեռ կա՞ն…
ՎԵՏԵՐԱՆ – Սխա՞լ ենք արել, որ կռվել ենք հայրենիքի համար։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ես շա՞տ գիտեմ՝ կռվել են, թե չեն կռվել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Հայրենիքի համար չեք կռվել, ձեզ համար եք կռվել։
ՎԵՏԵՐԱՆ — (Ձեռքը առաջ պարզած) Ձեզ համար եմ կռվել, ձեզ, ձեզ…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Երեխայիս համար մի տուփ խտացրած կաթ չեմ ճարում։ Իմ երեխային չեն տալիս, ամեն ինչ ձեզ են տալիս։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Էդ ո՞նց է կռվել, որ կենդանի է մնացել:
ՎԵՏԵՐԱՆ — (Բռնկվելով) Ո՞վ չի կռվել, ե՞ս…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Կռվողները նրանք էին, որ հետ չեկան:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Եթե գլուխ պահեին՝ չէին զոհվի։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Չթողնեք մտնի։
ՎԵՏԵՐԱՆ — Ես մեղավո՞ր եմ, որ կենդանի եմ մնացել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ոչ էլ մենք ենք մեղավոր։
ՎԵՏԵՐԱՆ — Չկռվեի՞նք, չհաղթեի՞նք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Չհանդարտվելով) Ո՞վ է հաղթել, դո՞ւք եք հաղթել։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Որ հաղթեցիք՝ ի՞նչ… Որ ի՞նչ, է՜, ի՞նչ…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Լավ էլ հաղթեցիք… Ամեն ամիս երկու տուփ ոսպը ձեզ են տալիս, երկու կիլո միսը ձեզ են տալիս, խտացրած կաթը ձեզ են տալիս, ամեն ինչ ձեզ են տալիս, մեզ չեն տալիս։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ձեզ են տալիս, մեզ չեն տալիս։
ՎԵՏԵՐԱՆ — Թող ձեզ տան։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Կա՞, որ տան: Եղածը դուք եք տանում, որտեղի՞ց տան։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Դառը հեգնանքով) Թող տա՛ն… Դե դուք մի տարեք, որ տան։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Քարտուղարուհուն) Չթողնեք, չթողնեք մտնի։
ՎԵՏԵՐԱՆ — Ես իրավունք ունեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ձեր էդ իրավունքն էստեղ չի անցնում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Սա խանութ չի ձեզ համար։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Այո, խանութ չի, որ գան, ամեն ինչ առանց հերթի առնեն:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Էստեղ բոլորս էլ համահավասար քաղաքացիներ ենք, էդպիսի բան չկա։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ընկերներ… (Աղմուկի մեջ խլանում է ձայնը):
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Չթողնեք, չթողնեք մտնի։
ՎԵՏԵՐԱՆ — Պիտի մտնեմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Չպիտի մտնեք, հետ, հետ գնացեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Չթողնեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Բղավելով) Ընկերներ…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Վետերանին) Ես պիտի մտնեմ, ես չեմ կարող սպասել։
ՎԵՏԵՐԱՆ — Էս ի՞՜նչ է ասում։ Ես չմտնեմ, դո՞ւք մտնեք։
Խառնակ վիճակ, քաշքշուկ, այցելուները վեր են կենում տեղերից, աղմուկ-աղաղակ:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Բարձրանալով աթոռին) Ընկերներ, ընկերներ, անհարմար է, ես ամաչում եմ ձեր փոխարեն, ես ամոթից գետինն եմ մտնում, յոթանասուն տարի հերթ կանգնեցիք՝ հերթ կանգնել չսովորեցի՞ք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ո՞ւմ եք ասում, ո՞ւմ…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բոլորիս եմ ասում, ընկերներ։ (Իջնում է աթոոից):
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իրենց ասեք, բոլորիս մի ասեք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Բոլորիս մի ասեք, իրենց ասեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Շքանշանը կպցրել, եկել է։
ՎԵՏԵՐԱՆ — Ստացել եմ, կպցրել եմ։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Չի ստացել, տվել են, հետո են տվել, բոլորին էլ տվել են։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Չթողնեք մտնի։
ՎԵՏԵՐԱՆ — Բացե՞մ, բացե՞մ տեսնեք։ (Վեր է քաշում շալվարի փողքը, վիրավոր ոտքը ցուցադրելով) Մինչև հիմա արճիճ են հանում, ո՞վ չի կռվել։ Հիմա ո՞ւմ դեմ կռվեմ, հիմա… Էն ժամանակ գիտեի ում դեմ եմ կռվում, հիմա ո՞ւմ դեմ կռվեմ։ (Անցնելով մյուս ոտքին) Սա՞ էլ բացեմ, բացե՞մ։ (Երկու ձեռքով բոնում է պրոթեզ-ոտքը, ամբողջ ուժով հարվածելով հատակին) Ո՞վ չի կռվել, ո՞վ չի կռվել։ (Ուզում է հենվել ձեռնափայտին՝ շրմփոցով փռվում է հատակին: Փորձում են բարձրացնել՝ նորից է ընկնում):
Մեկից բոլորի ուշադրությունը իր վրա է շեղում դրսից լսվող բազմաձայնությունը, որի բնույթից դժվար չէ կռահել, որ ցուցարարներ են անցնում: Անհաղորդ են ընդունարանի կենտրոնում ընկած Վետերանը և իր աթոռին միայնակ նստած Գլխահակ տղամարդը:
ԾԵՐ ՄԱՅՐ — (Խաչակնքելով) Հայր մեր, որ յերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո. Եկեսցէ արքայութիւն Քո, եղիցին կամք Քո որպես յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազօրդ տո՜ւր մեզ այսօր։ Եւ թող մեզ զպարտիս մեր, որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եվ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՜ զմեզ ի չարէ։
Զի Քn է արքայութիւն եւ զորութիւն եւ փառք յավիտեանս.
Ամէն։
ՎԱՐԱԳՈՒՅՐ
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Նույն ընդունարանը: Այցելուներն զբաղեցրել են իրենց տեղերը՝ բացի Վետերանից, որ բացակա է:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Սա ի՞նչ բան է, մտնում են, ժամերով մնում ներսում։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Մինչև վեցն ահագին ժամանակ կա, բոլորիդ էլ հերթ կհասնի, ինչո՞ւ եք անհանգստանում, համբերություն է պետք, ուրիշ ոչինչ։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Ակնարկելով ետ ու առաջ քայլող Բաճկոնով տղամարդուն) Մեզ մի ասեք, ում որ պետք է՝ նրան ասեք։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դրա համար էլ կարգ ու կանոն չկա։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Չի էլ լինի:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Փնթփնթալով) Կարգ… Ի՞՜նչ կարգ…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Համենայնդեպս, այդպես էլ չի կարելի…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Խնդրեմ, թող ոչ մեկը մյուսի հաշվին լավություն չանի։
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Ցնցվելուց հետո) Ուշադրություն. հրամայված է խաղաղ ցուցարարների վրա չկրակել առանց հրամանի։ Բանակն իր ժողովրդի հետ է։ (Նստում է):
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Շարունակելով ընդհատված խոսակցությունը) Դուք մի զիջեք, իմ հերթը կհասնի, ես կզիջեմ ընկերոջը։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դա բոլորովին ուրիշ հարց է, խնդրեմ:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, սխալվում եք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Դուք եք զիջում, իսկ ովքեր ձեզնից հետո պիտի մտնե՞ն… Նրանց էլ պիտի հարցնեք, միայն ձեր զիջելով չի լինի։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ, երբեք…
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Գազազած) Ժամերով սպասում ենք…
ԱՎԱԳ ՈՐԴԻ – (Նույն ձևով) Ոչ, այդպիսի բան չկա:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Դա չի լինի։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ոչ մի դեպքում:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դա իմ իրավունքն է, կարծեմ ես ոչ մեկի չեմ խանգարում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ – Ձեզ է թվում:
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Երբ որ ձեր հերթը հասնի, այն ժամանակ զիջեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, մենք արհեստականորեն հետ կընկնենք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ, ես եմ զիջում, ես ինքս հետ կընկնեմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, հասարակ թվաբանություն է։ Դա նշանակում է, որ նոր մարդ է ավելանում և մի-մի մարդով նա մեզ հետ է զցում։
ՆՐԱ ԿԻՆԸ — Իհարկե։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մի՞թե պարզ չէ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Տարակուսած) Չեմ հասկանում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ներեցեք ինձ, այդտեղ ի՞նչ կա չհասկանալու, որ չեք հասկանում։ Եթե դուք հետ եք ընկնում, նշանակում է, որ ձեզնից հետո եկողն էլ է հետ ընկնում, նրանից հետո եկողն էլ է հետ ընկնում, նրանից հետո եկողն էլ է հետ ընկնում, նրանից հետո եկողն էլ է հետ ընկնում, նրանից հետո եկողն էլ է հետ ընկնում, մեկին զիջելով՝ մյուս եկողներն էլ են հետ ընկնում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Դա լինելու բան չէ, վերջացրեք, ի սեր Աստծո։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Չեմ հասկանում, ես իմ հերթը զիջելու իրավունք չունե՞մ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ունեք, ո՞վ է ասում, որ չունեք։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Այդպիսի բան մի՛ ասեք, չունի։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Իհարկե չունի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ո՞վ է ասում, որ ունի։ Մինչև վերջ լսեք, ես ուրիշ բան եմ ասում։
ՆՐԱ ԿԻՆԸ — Ուրիշ բան է ասում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ – Ինչո՞ւ է ուրիշ բան ասում։ Ուրիշ բան մի՛ ասեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ – Լսեք՝ հետո…
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Տեսնում ենք, թե ինչ պիտի ասեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես էլ ձեր ասածն եմ ասում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ոչ, դուք մեր ասածը չեք ասում, դուք ուրիշ բան եք ասում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես ուրիշ բան չեմ ասում, ես նույն բանն եմ ասում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք նույն բանը չեք ասում, հիմա եք ձեր խոսքը փոխում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես իմ խոսքը չեմ փոխում, բոլորովին։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Թող ոչ ոք միջնորդի դեր չխաղա։
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Հերթական ցնցումից հետո) Վարչա-հրամայական ապարատի աշխատողներ, ժողովրդական պատգամավոր ընտրելու համար կանգ չառնել ոչ մի դժվարության առջև, չխնայել պաշտոնական դիրքը, նյութական և լեզվական սուղ միջոցները… Գործի դնել բոլոր ջանքերը՝ չընտրվելու դեպքում ընտրվելու համար։ Ժողովուրդը կընտրի իր պառլամենտը, պառլամենտը՝ իր ժողովրդին։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Կարճատև դադարից հետո) Զզվեցրին արդեն, քիչ է մնում մարդ թքի, թողնի գնա։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ընկերներ, ինչո՞ւ մինչև վերջ չեք լսում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ – Իսկ ի՞նչ եք ասում, որ լսենք կամ չլսենք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես ասում եմ…
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Ընդհատելով նրան) Ինչո՞ւ եք ասում, մի՛ ասեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ասեմ վերջացնեմ, հետո ասեք՝ մի ասեք։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ինչ որ պետք էր, դուք արդեն ասացիք։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իր ասելո՞վ է, ինչ է…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Առանց աղմուկի, ես խնդրում եմ, թողեք աշխատենք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿիՆ — Մեզ ո՞ւմ տեղն են դրել։
ԱՌԱՋՒՆ ԱՄՈՒՍԻՆ — Թույլ տվեք ասեմ, հետո…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Շնորհակալ ենք, ինչ որ պիտի ասեիք, մի՛ ասեք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Մենք արդեն գիտենք, թե ինչ պիտի ասեք:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Չգիտեք, ես էլ նույնն եմ ասում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք նույնը չեք ասում, դուք ուրիշ բան եք ասում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ուրիշ բան եմ ասում, բայց նույն բանն եմ ասում, մինչև վերջ լսեք, հետո ասեք՝ դեմ ենք:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Այո, դեմ ենք:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ո՞վ է կողմ, որ դուք դեմ լինեք կամ չլինեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Առաջ մղվելով) Հիվանդ երեխայիս քարշ եմ տվել, բերել այստեղ՝ ինչի՞ համար։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե լռում ենք՝ դա դեռ ոչինչ չի նշանակում։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հո չի կարելի մարդկանց հիմարի տեղ դնել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ամեն մեկին թվում է, թե միայն ինքն է հասկանում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Չգիտի, որ իր իմացածը մենք էլ գիտենք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ո՞վ է ասում, որ չգիտեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Մարդուն հնարավորություն տվեք, թող խոսի։ Ես իմ հերթը զիջելու իրավունք ունեմ, ընկերներ, բանն ի՞նչ է։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Այո, ունեք, բայց…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Տեղնուտեղն ընդհատելով) Ո՞վ ասաց, որ ունի…
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Հարձակողական) Ո՞վ ասաց…
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իր ասելո՞վ է, ինչ է…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ինչո՞ւ չեք թողնում ավարտել խոսքս:
ՆՐԱ ԿԻՆԸ — Ինչո՞ւ չեք թողնում…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Այո, ունի, բայց… ֊
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Ընդհատելով) Չունի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Ունեմ:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ – Չունեք:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ունի, բայց ինքը պիտի հերթից դուրս գա։ Վահ, ինչո՞ւ մինչև վերջ չեք ուզում լսել։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Խնդրեմ, դա բոլորովին ուրիշ հարց է։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Անակնկալի եկած, աչքերը լայնացել են) Ես ինչո՞ւ պիտի հերթից դուրս գամ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Պիտի դուրս գաք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Այո, պիտի դուրս գաք։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Անպայման։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Մի՞թե պարզ չէ։ Դուք պիտի դուրս գաք, որովհետև ուրիշին եք զիջում ձեր հերթը։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Զիջում եմ, որ ինքն ինձնից առաջ մտնի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, այդպիսի կարգ չկա, ես բացատրեցի… Եթե ձեզնից առաջ է մտնում, դա հո չի՞ նշանակում, որ միայն ձեզնից է առաջ մտնում: Ովքեր ձեզնից հետո սպասում են, նրանցից էլ առաջ է մտնում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հապա ի՞նչ էիք կարծում։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ո՞վ կհամաձայնի:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ոչ ոք:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Հասարակ տրամաբանություն է. եթե մեկը զիջում է, մյուսներն էլ պիտի զիջեն, պարզ չի՞։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ոչ մի դեպքում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Անկարելի բաներ մի՛ ասեք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ես ձեզ չեմ ասում, ես իրեն եմ ասում։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ընդամենը մի հոգու հարց չի՞։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ասացի, ովքեր ձեզնից հետո են, ստիպված պիտի լինեն առաջվանից ավելի շատ սպասել, որպեսզի մտնեն։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ոչ մի վայրկյան չեմ սպասի, ոչ մի…
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ասենք թե ես սպասեցի (Ցույց տալով ծնողներին), իրենք ինչպե՞ս սպասեն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ոչ մեկի մտքով թող չանցնի, թե կսպասեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Էլ ի՞նչ կուզեիք, իբր քիչ ենք սպասել էլի սպասե՞նք։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Առանց աղմուկի, խնդրում եմ։ Ոչ ոք առանց հերթի չի մտնի, ինքներդ որոշեք ով ումից հետո է,ինչո՞ւ եք խառնվել իրար։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ինչպե՞ս որոշենք, հետաքրքիր է, երբ մարդն ինձնից հետո է, ասում է՝ դուք եք ինձնից հետո:
ՆՐԱ ԿԻՆԸ — (Առաջին ամուսնուն) Մեզ հետ մտեք, դուք ապացուցեք, որ ես ձեր կինը չեմ, ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ, որ դուք իմ կինը չեք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Իսկ ինչո՞ւ պիտի ես ապացուցեմ որ ես ձեր կնոջ ամուսինը չեմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Որովհետև նա իմ կինն է, իսկ դուք նրա ամուսինը չեք։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Առավել ևս, եթե ես ձեր կնոջ ամուսինը չեմ, ուրեմն ձեր կինն էլ իմ կինը չէ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — (Երկրորդ ամուսնուն) Եթե ձեր կինը իմ ամուսնու կինը չէ, իմ ամուսնու կինն էլ ձեր կինը չէ, այդտեղ ի՞նչ կա ապացուցելու։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ես ոչինչ չեմ ուզում ապացուցել, իրենք են ուզում, իրենց ասեք։
Մտնում է Վետերանը՝ պարենամթերքի ցանցով, թևատակին՝ ստվարաթուղթ, քայլերն ուղղելով դեպի առանձնասենյակի դուռը:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Վեր է թռչում տեղից) Ո՞ւր, ո՞ւր, մի րոպե… (Պահպանում է դուռը):
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Թույլ չտաք։
ՎԵՏԵՐԱՆ — (Ցուցամատով բարձրացնում է ցանցը՝ պահելով օդում, խոցված) Սրա՞ համար եմ կռվել, սրա՞… (Գցում է սեղանին):
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ինչո՞ւ գցեցիք, վերցրեք։
ՎԵՏԵՐԱՆ — Ով ուզում է՝ թող վերցնի, ես չեմ վերցնի։ (Ցույց տալով առանձնասենյակի դուռը) Տարեք տվեք իրեն։ Դուք չտաք՝ ես կտանեմ կտամ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Մի րոպե, ընկեր… (Փակում է ճանապարհը):
ՎԵՏԵՐԱՆ — Դե դուք տարեք։ Տարեք, ինչո՞ւ չեք տանում։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Վերցրեք, չի կարելի այստեղ դնել, պիտի տեսնի, ինձ նկատողություն անի։
ՎԵՏԵՐԱՆ — (Դատարկում է ցանցի պարունակությունը՝ զանազան տուփեր, փաթեթներ) Չեմ վերցնի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Հանվածը տեղավորում է ցանցի մեջ՝ դնելով գետնին) Վերցրեք:
ՎԵՏԵՐԱՆ — Չեմ վերցնի, ինձ պետք չի, վերջացավ, վերջ… (Աթոռ է քաշում մի կողմ, առանձնանում բոլորից՝ նստելով առանձնասենյակի դռանը դեմ-հանդիման, վզից կախելով ստվարաթուղթը՝ «հացադուլ» մակագրությամբ):
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ի՞նչ եք անում, այստեղ դրա տեղը չէ:
ՎԵՏԵՐԱՆ — Կնստեմ էստեղ, ոչ մի տեղ չեմ գնա, օրերով կնստեմ, ամիսներով կնստեմ, չեմ գնա։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ինչ որ անում եք, գնացեք դրսում արեք, այստեղ ավելորդ տեսարաններ մի սարքեք, ընկեր։ Հիմա դուրս կգա, կտեսնի, կգան, ձեզ էստեղից կհանեն։
ՎԵՏԵՐԱՆ — Թող գան, թող գան ինձ էստեղից հանեն, տեսնեմ ով պիտի հանի։ Թող գան, էլի, թող գան։ Ո՞վ պիտի գա, ո՞վ, ո՞վ…
Մտնում է Երիտասարդը: Երիտասարդ կինը իր սովորության համաձայն շրջվում է՝ երես առ երես նրան չհանդիպելու համար:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Ինչպես միշտ՝ Երիտասարդ կնոջ ականջի տակ) Չմտնես։ Մայրս թողեց գնաց տնից, հետևից գնում եմ, որ բերեմ, չի գալիս։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (Նույն դիրքում) Չի գա։ Նա քեզ ծնել է իր համար, նա քեզ չի ծնել քեզ համար։ Իր, իր համար, միայն իր… Քեզ համար նա չէր գնա իր տնից, իր համար է գնացել։ Իր և իր ամուսնու։ Նա չի ուզում, որ դու իրենց հոգս պատճառես։ Ուզում է անես այն, ինչ միայն ինքն է ցանկանում, ինքն ու իր ամուսինը։ Նա չի ուզում իր կյանքը նորից սկսել, քեզ ինչո՞ւ պիտի թողնի։
ԾԵՐ ՄԱՅՐ — Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ քնում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Մի արա, այ տղա։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — (Երիտասարդին) Նա իր ամուսնու համար է անում այդ բոլորր, հայրդ էլ անում է իր կնոջ համար։ Նրանք քեզ միշտ երեխայի տեղ են դնելու։ Իրենց երեխա է պետք։
Հեռախոսի զանգ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Լսափողի մեջ) Նա զբաղված է, չի կարող վերցնել։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դու ի՞նչ ես ուզում ինձնից։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Հիմա ես էլ ոչինչ չեմ ուզում։ Պիտի ծնվի։ Իմ ծնողները իրենց տնից չեն թողնում գնում, ինձ են իրենց տնից հանում։
Երիտասարդը դուրս է գնում՝ գլանակ վառելով: Երեխաները լցվում են ներս:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Էլի սրանք եկա՞ն։ Դուրս եկեք, շուտ։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուրս եկեք, ինչո՞ւ եկաք։
Երեխաները փախչում են այս ու այն կողմ:
(Մեկին դուրս է հանում, մյուսն է մտնում): Դուրս եկեք։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Արագացրեք։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ինձ էլ չեն լսում, ես ի՞նչ անեմ։ (Երեխաների ետևից ընկած) Դուրս եկեք, շո՛ւտ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Ուսերը թոթվելով): Հետաքրքիր մարդ է… Որ ձեզ չեն լսում, ինձ պիտի լսեն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուրս եկեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Երեխաներ են, ի՛նչ կա որ, թողեք հանգիստ նստեն, մինչև կմտնեք, դուրս կգաք, հո ժամերով չեք մնալու ներսում։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Գոնե դուք այդպես մի խոսեք։ (Համբերությունը հատած): Որտե՞ղ նստեն, ինչո՞ւ նստեն։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւմ են խանգարում։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀՒ — Դե, իհարկե, ձեզ համար ի՜նչ… Պիտի կանչի, ինձ դիտողություն անի։ Ես չգիտեմ, ոչ մեկին երեխայով ներս չեմ թողնելու։ Իմ պարտքն է զգուշացնել, զգուշացնում եմ։ Հետո չասեք՝ չի ասել։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իրենք ներս չեն մտնելու, ես եմ մտնելու։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Թեկուզ… Թող դուրս գան, դրսում սպասեն, մանկապարտեզ հո չի՞։ Ի՜նչ մարդիկ են…
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Դուրս եկեք, դուրս եկեք, դրսում սպասեք։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Երեխաներին ինչո՞ւ են բերում հետներր, չեմ հասկանում։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Բռնկվելով) Եթե տանը կին լիներ, ինչո՞ւ պիտի բերեի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկեր, դա ինձ վերաբերո՞ւմ է։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բա ո՞ւմ է վերաբերում, ո՞ւմ, է՜, ո՞ւմ… Թող իր փոխարեն ինձ տանեին նստեցնեին, գլխներին լիներ, պահեր։ Հիմա նրա՞ն պատժեցին, թե՞ ինձ։ Թող հարկադիր տային, թող պայմանական տային, թող մի երկու հազար ռուբլի տուգանեին, մարդ ու կին գիշեր-ցերեկ աշխատեինք, տայինք։ Սա անելու բա՞ն է, որ անում են։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկեր, ինչո՞ւ եք ինձ ասում։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բա ո՞ւմ ասեմ։ Սրանց ինչի՞ համար որբացրին, սրանք ի՞նչ մեղք էին գործել։ Մարդ ու կին աշխատեն, չկարողանա՞ն երեխա պահել։ Հասանելիքդ չեն տալիս, որ ապրես, հետո բռնում են, ասում են՝ գող ես։
Երեխաները շրջապատել են տկարամիտ տղային:
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Ցնցվելուց հետո) Անշեղորեն բարձրացնել գները հանուն ժողովրդի բարօրության և նրա կենսամակարդակի է՛լ ավելի բարձրացման։ Խուճապի չմատնվել։
Կաշվե բաճկոնով տղամարդը կանգնում է Քարտուղարուհու առջև՝հարցական նայելով նրան:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Հիստերիկ) Ես ի՞նչ կարող եմ անել:
Բաճկոնով տղամարդը հեռանում է:
Էս ընդունելության օրը որ գալիս է, մարդ քիչ է մնում գլուխն առնի փախչի էստեղից։
ԾԵՐ ՄԱՅՐ — Չքնես։
ԾԵՐ ՀԱՅՐ – Չէ, չեմ մրսում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Աչքի անցկացնելով ժամացույցը) Ամեն մեկը որ մտնի, ժամերով մնա ներսում, մենք ե՞րբ պիտի մտնենք, հետաքրքիր է։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Մի արա, այ տղա։
Մտնում են Կրտսեր որդին և Աղջիկը:
ԱՂՋԻԿ — (Ծնողներին, գործնական) Արդեն պատրա՞ստ եք։ Մամ, գնացինք, տաքսին սպասում է:
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, վեր կաց։
ԱՂՋԻԿ — Մամ, քեզ հետ եմ, գնացինք։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ…
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Գալիս են՝ թող գան, ուզում են՝ թող գան:
ԱՂՋԻԿ — Մամ, գնացինք, տաքսին սպասում է։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, վեր կաց։
ԱՂՋԻԿ — Մամ…
Ծերերը բացասաբար օրորում են գլուխները:
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ…
ԱՂՋԻԿ — (Լալկան) Մամ…
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (Ավագ որդուն) Դո՞ւ ես ասել, որ չգան:
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հա, ես եմ ասել։ Եթե իմ ասելով չեն գալու, թող չգան։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ո՞նց թե չգան։
ԱՂՋԻԿ — Վիրավորական է, չէ՞, չի կարելի, չէ՞։ (Դառնալով դեպի առանձնասենյակի դուռը) Հիմա կմտնենք մոտը,կասենք, թե ինչու ես ուզում իրենց քեզ մոտ գրանցել։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Արի։ (Երկուսով մոտենում են առանձնասենյակի դռանը):
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Տեղից վեր թռչելով) Ո՞ւր, ո՞ւր… (Փակելով նրանց ճանապարհը) Սպասեք, ո՞ւր եք գնում։
ՇՒԿԱՀԵՐ ԿԻՆ — Թույլ չտաք։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ձեր կարծիքով մենք ինչի՞ համար ենք էստեղ սպասում։
Կրտսեր որդին և Աղջիկը հետ են գալիս ծնողների մոտ:
ԱՂՋԻԿ — Մամ, գնանք, երեխաները կարոտել են։
ԾԵՐ ՄԱՅՐ — (Լացակումած) Ես չե՞մ կարոտել։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, մորս վերցրու, գնանք, տաքսին սպասում է ներքևում։
ԱՂՋԻԿ — Մամ… (Ծերերը բացասաբար օրորում են գլուխները):
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (Ավագ որդուն) Ես գիտեմ, թե ինչի համար ես իրենց տանում քեզ մոտ։ Տանում ես երկուսին էլ գրանցես, մի սենյակ ավել ստանաս, որ հետո քեզ մնա էդ մի սենյակը։
ԱՂՋԻԿ — Թող պարզ ասի, էլ ինչո՞ւ է ուրիշ բաներ ասում, որ մարդիկ էլ հանկարծ հավատան։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք ձեզ մոտ գրանցեիք։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ ի՞նչ գիտես, որ չէինք գրանցելու։
ԱՂՋԻԿ — Եթե չգիտի, ինչո՞ւ է առանց իմանալու խոսում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ես չեմ եկել իրենց ձեր տներից բերել իմ տուն, իրենք են իրենց ոտքով եկել։ Առանձին-առանձին չեն ուզում ապրել, միասին են ուզում ապրել։
ԱՂՋԻԿ — (Կրտսեր որդուն) Լսո՞ւմ ես՝ ինչ է ասում… Վիրավորական է, չէ՞, չի կարելի, չէ՞: Մա՜մ…
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Այ հեր, վեր կաց, մորս վերցրու, գնանք։
ԾԵՐ ՀԱՅՐ — (Ափերը շփելով իրար) Չունեմ, չունեմ, ինչո՞ւ եք եկել, ինչ որ կար՝ բոլորը տվել եմ ձեզ, էլ ոչ մի կոպեկ չունեմ։
ԱՂՋԻԿ — Անհարմար է, հայրիկ, այդ ինչե՞ր ես ասում։ Վիրավորական է, չէ՞, չի կարելի, չէ՞։
ԾԵՐ ՀԱՅՐ — (Խոցված) Թաղմանս փողերն էլ տվի, էլ ի՞նչ եք ուզում։
ԾԵՐ ՄԱՅՐ — (Քաշելով թևից, լացակումած) Բալերիս մի՛ նեղացրու։ Իրենք էլ մեղք չունեն։
ԱՂՋԻԿ — Լավ, էլի, հայրիկ… Մամ, էս ի՞նչ է ասում մարդկանց ներկայությամբ։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (Ակնարկելով ավագ որդուն) Ինչ որ ասել են՝ ասա, դա է ասում։
ԱՂՋԻԿ — Վիրավորական է, չէ՞, չի կարելի, չէ՞։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (Ավագ որդուն) Ո՞ւր ես տանում մարդկանց, մտածե՞լ ես, թե ուր ես տանում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իմ տուն։
ԱՂՋԻԿ — Դու տուն չունես, դու մի սենյականոց բնակարան ունես։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Տանում ես, որ խոհանոցո՞ւմ քնեցնես։
ԱՂՋԻԿ — Գազի մո՞տ… Ո՞վ կթողնի։ (Ձայնը բարձրացնելով) Ես թույլ չեմ տա, որ իմ ծնողներին որտեղ ուզեն, էնտեղ քնեցնեն, թույլ չեմ տա։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Կարգի հրավիրելով) Ընկերուհի, ընկերուհի, որտե՞ղ եք գտնվում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հանգիստ եղեք, նրանց խոհանոցում չեմ քնեցնի, խոհանոցում ես կքնեմ կնոջս հետ։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Այդ հիմա ես ասում, որ գրանցես, էլ չես ասի:
ԱՂՋԻԿ — Մամ, եթե հիմա չեք գալիս, մենք գնանք, տաքսին ներքևում կանգնեցրել ենք, եկել։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայրիկ, մենք գնանք, էլի կգանք։
ԾԵՐ ՀԱՅՐ — Էլ մի՛ եկեք։
ԾԵՐ ՄԱՅՐ — (Քաշելով ամուսնու թևից) Մի՛ ասա։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Չէ, չէ, կգանք։
ԱՂՋԻԿ — Մամ, կգանք։ (Դառնալով Ավագ որդուն) Չի կարելի, չէ՞, վիրավորական է, չէ՞։
ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Արի։ (Ավագ որդու նկատմամբ ոխով) Հետո, հետո կխոսենք։
Գնում են:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Թխվածք է հանում պայուսակից, տալիս երեխաներին) Իրեն էլ հյուրասիրեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Շնորհակալություն, մի տվեք, չի ուտի։ Ինչ որ տալիս եմ, թարմ չեղավ՝ չի ուտում։ Միս է սիրում, ես սրան որտեղի՞ց միս տամ։ Ւբր սառեցրած կա՞, որ թարմ տամ։ (Կարճատև դադարից հետո) Ասում են՝ օդը թունավորում է, պիկետներ են կանգնեցրել, գործարանը փակել ենք։ Լավ եք արել, փակել եք, բայց ես հիմա ո՞ւր գնամ։ Ասեք՝գնամ։ Առանց աշխատավարձի ո՞նց ապրեմ՝ օդո՞վ։ Ես մաքուր օդ չե՞մ ուզում, ո՞վ չի ուզում։ (Հեծկլտում է) Օդո՞վ պիտի երեխա պահեմ։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Այցելուներին) Թողեք մտնեմ, խնդրում եմ, բոլորիդ եմ խնդրում։ Ես չեմ կարող սպասել։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հերթ գոյություն ունի, ընկեր։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ինչո՞ւ եք ասում, ինքը չգիտի՞…
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Ցնցվելուց հետո) Վերացնել հերթերը դատարկ վաճառասեղանների առջև։ Ստեղծել մթերքների առատություն համագումարներում և նստաշրջաններում։ Տնտեսությունը դուրս բերել հերթական ճգնաժամից։ Հաստատակամորեն ընթանալ առաջ դեպի նորանոր փակուղիներ:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Կարճատև դադարից հետո, ավելի շատ ինքն իր հետ) Ես այդպես էլ չեմ հասկանում մի՞թե չի կարելի մի հոգու բացառություն անել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ձեր հերթը կհասնի, ինքներդ կանեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Այո, կանեմ։ Եթե մենք իրար չզիջենք, ոչ ոք մեզ չի զիջի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Խնդրեմ, եթե համաձայն եք, որ ինքը ձեզնից առաջ մտնի, այդ դեպքում դուք չեք կարող մտնել:
ՆՐԱ ԿԻՆԸ — Իհարկե, չի կարող։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ինչո՞ւ, ես իրենից հետո կմտնեմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, դուք այլևս չեք կարող մտնել, որովհետև ինքը ձեր փոխարեն պիտի մտնի։
ՆՐԱ ԿԻՆԸ — Դուք զիջում եք ձեր հերթը։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Այո, զիջում եմ, բայց ինչո՞ւ պիտի ես չմտնեմ։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Որովհետև զիջում եք, պարզ չի՞։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Զիջում եմ, որ ինձնից առաջ մտնի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Բայց ինքներդ տեսաք՝ չեն համաձայնում, որ հերթում նոր մարդ ավելանա։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք զիջում եք, բայց ձեզ չեն զիջում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Հետևաբար դուք չպիտի մտնեք, ձեր փոխարեն ինքը պիտի մտնի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Լսեք, ես պիտի մտնեմ, ես չեմ կարող չմտնել։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Խնդրեմ, այդ դեպքում ինքը չի կարող մտնել։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Կամ դուք, կամ՝ նա, երկուսիցդ մեկը։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ինքներդ որոշեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Իրեն կորցնելով) Բայց ես, ես պիտի մտնեմ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Դե գիտեք ինչ՝ և սա եք ասում, և նա։ Պիտի մտնեք՝ մտեք, ո՞վ է ձեզ խանգարում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե այն ընկերը պիտի մտնի, ինքը չի կարող մտնել, այդ ի՞նչ եք ասում։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ – Այո, չի կարող, ես էլ դա եմ ասում։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Չի կարող,
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իհարկե, չի կարող։
ՇԼՅԱՊԱՅՈՎ Տ՚ՂԱՄԱՐԴ — Պիտի մտնեմ, անպայման։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, դուք չպիտի մտնեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե չեմ մտնելու, ինչո՞ւ եմ եկել։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Մենք չգիտենք, թե դուք ինչու եք եկել, դուք պիտի իմանաք, թե ինչու եք եկել։
ՆՐԱ ԿԻՆԸ — Եթե կարող էիք և չգալ՝ չգայիք։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Դե ուրեմն առանձնապես կարևոր հարց չունեք լուծելու։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ չունի, ե՞ս, իսկ սա ի՞նչ է ձեր կարծիքով։ (Փորձում է բացել թղթապանակը, նորից բռնում է մատների դողը) Այդ ի՞նձ եք ասում, ի՞նձ… (Մի կերպ բացելուց հետո, մի առ մի հանելով զանազան թղթեր, որոնք թափահարվում են մատներ դողից) Նայեք, նայեք, սա նայեք, նայեք… Ո՞վ հարց չունի լուծելու, ե՞ս… Երկու անգամ հիվանդանոց եմ ընկել սրանց պատճառով, հաշմանդամության երկրորդ կարգ եմ հանել։ Այդ ի՞նձ եք ասում, ի՞նձ… (Շարունակելով հանել անվերջանալի թվացող թղթերը, որոնք օդում փողփողում են ինչպես քամուց) Նայեք, նայեք… (Թղթերը թափվում են հատակին) Նայեք, նայեք… (Ոտքերի տակ անխնա տրորելով, նորերն է հանում) Նայեք…
Երեխաները հավաքում են ցրիվ տրված թղթերը:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – Ի՞նչ եք անում, ընկեր, ինչո՞ւ եք թափում հատակին։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ինքնամոռաց) Նայեք, նայեք… (Մի կողմից հանում է, մյուս կողմից տրորում ոտքերի տակ) Նայեք… (Սկսելով կակազել) Նննայեք… Այդ իիի՞նձ եք ասում, իիի՜՞նձ…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Մենք ձեզ ոչինչ չենք ասում, մենք ձեզ կարգն ենք բացատրում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (հր սովորական փնթփնթոցով) Կա՜րգ… Ի՜նչ կարգ… (Փղձկում է) Տարիներով բնակարանի հերթի եմ սպասել։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Գնանք, գնանք ազատեմ բնակարանը:
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ – Ազատեք՝ ո՞ւր գնաք, ութսուն տարեկան կնոջն առնեք ո՞ւր տանեք, հինգ-վեց տարեկան երեխային ո՞ւր տանեք, հղի կնոջն ո՞ւր տանեք։ Յոլա եմ գնացել, էլի մի կերպ յոլա կգնամ, մենակ բնակարանի հերթից չհանեն։
ՉՍԱՓՐՎԱԾ ՏՂԱՄԱՐԴ — Կգնամ ընտանիքս կբերեմ, այ, էստեղ թող մնան։ Ամեն մեկը մի առանձնասենյակ է զբաղեցրել, որ ի՞նչ… Ցերեկն իրենցն է, գիշերն էլ թող տան մեզ՝ քնելու տեղ ունենանք։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ինքն իր հետ, էքստազի մեջ, միանգամից պայծառանալով) Եկա՜ն, եկա՜ն, եկա՜ն…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Նստած է նրա կողքին, անակնկալի եկած, ակնապիշ նայելով շուրջը) Ո՞վ եկավ, այ ընկեր:
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Աչքերը տրորելով) Չէ, չեկան, էլի հետ գնացին։ Աչքս մի րոպե փակվեց, ինձ թվաց, թե կինս ու երեխաներս եկան։
Առաջին ամուսինը տարակուսանքով թոթվում է ուսերը:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Երեխաներին, որ իրար հրմշտելով ձեռքները մտցրել են պայուսակի մեջ և ինչ-որ բան են ուզում հանել) Ի՞նչ եք ուզում, այ լակոտներ, ի՞նչ եք ուզում: ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ – Մի՛ հուզվեք,
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Էլի էս երեխաները եկա՞ն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես ներս չեմ մտնի, թող իրենք գնան իրենց մորն ուզեն։ Ինձնից են ուզում։ (Երեխաներին հավաքելով իրար գլխի՝ մոտեցնում է առանձնասենյակի դռանը):
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ի՞նչ եք անում, ես արդեն զգուշացրել եմ՝ երեխայով ոչ մեկին ներս չեմ թողնելու։ Ասում եմ, որ հետո չասեք՝ չի ասել։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ մտնում, թող իրենք մտնեն։ (Մոլորված երեխաներին) Գնացեք, ներս մտեք։ Մտեք, դե մտեք…
Երեխաները լացուկոծ են դնում՝ փաթաթվելով հորը:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Երեխաներն ի՞նչ մեղք ունեն։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ո՞վ ունի, ո՞վ, ե՞ս… Չե՞ք մտնում։ Ձեզ թողնում եմ գնամ։ (Հեռացնելով իրեն կառչած երեխաներին) Դե մտեք, մտեք..
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Հիստերիկ) Ընկեր, ընկեր, ի՞նչ եք անում, ընկեր… Ես ձեզ դուրս եմ հրավիրում, ընկեր։ (Ձեռքերով հարվածելով սեղանին, ոտքերով՝ հատակին): Դուրս եկեք, դո՛ւրս, դո՛ւրս…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ընկերուհի, հանգստացեք։ Ընկերուհի…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Նույն ձևով) Դուրս, դուրս…
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ընկերուհի…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Գազազած) Ի՞նչ է, ի՞նչ եք ասում:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացեք։ Մարդ էր, զայրացավ, հետո՞… Այդպես էլ չի կարելի։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Քարտուղարուհու հասցեին) Իհարկե,ինքն իր համար հանգիստ նստած, իրեն ի՞նչ կա…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ո՞վ է հանգիստ նստած, ձեզ համար միայն այս մի օրն է, դուք կմտնեք, դուրս կգաք, ձեր պատճառով ինչո՞ւ ինձ վրա խոսի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք ձեր պարտականությունն եք կատարում՝ բարի եղեք կատարել, ձեզ ի՞նչ է եղել։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ – (Չհանդարտվելով) Ինձ ոչինչ էլ չի՛ եղել, ձեզ թվում է, թե միայ ձեզ է եղել: Մենք մարդ չենք, միայն իրենք են մարդ։ (Աչքերը լցվում են): Եթե դուք իմ տեղը լինեիք, հիմա այստեղ նստած չէիք լինի։ (Թաշկինակը տանում է աչքերին): Իսկ դուք ի՞նչ գիտեք, թե ինձ ինչ է ելել։ (Հեկեկում է):
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Անցավ, լավ, հանգստացեք։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հանգստացեք, ոչ ոք չէր ուզում ձեզ վիրավորել։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Բոլոր դեպքերում դրա կարիքը չկար։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Պետք չէր վիրավորել աղջկան։
ՆՐԱ ԿԻՆԸ — Իհարկե, պետք չէր։
ԱՌԱՋՒՆ ԱՄՈՒՍԻՆ — Նա իր գործն է անում, ընկերներ։
ՆՐԱ ԿԻՆԸ — Աշխատանքի մեջ է վերջապես, նրան էլ կարելի է հասկանալ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Սրբելով աչքերը, հավաքելով իրեն) Ներեցեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — (Տկարամիտ տղային շրջապատած երեխաներին) Գնացեք, բալիկներ, գնացեք։
ԾԵՐ ՄԱՅՐ — Չքնես,
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ մրսում:
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Դեմքի հանկարծակի պայծառացումով, նորից էքստազի մեջ) Եկա՜ն, եկա՜ ն…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ո՞վ եկավ, այ ընկեր։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Կինս ու երեխաներս եկան: (Գուրգուրանքով) Թողեք, թողեք սիրեմ բալիկներիս։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Ցնցում է նրան) Ընկեր, ընկեր…
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Սթափվելով) Չէ, չեմ քնել, մի րոպե աչքերս փակեցի, էլի եկան։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Դուք ձեր աչքերը չեք փակել, ձեր աչքերը բաց են։
ՎԵՐՆԱՇԱՊԻԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բաց ժամանակ էլ են մեկ-մեկ գալիս, ի՞նչ անեմ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Մտնելով, թիկունքով դեպի ինքը շրջված երիտասարդ կնոջը) Չմտնես։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Պիտի մտնեմ:
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինչո՞ւ պիտի ես քո զոհը դառնամ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿԻՆ — Կարծեմ այդ նույն հարցը ես կարող եմ քեզ տալ։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չես կարող։ Իմ փոխարեն կարող էր և մի ուրիշը լինել, դու էլի դու էիր լինելու։ Ինչո՞ւ հանկարծ որոշեցիր ինձ վրա կանգ առնել։ Այդ ի՞նչն էր, է՛, ի՞ նչը, որ իմ մեջ քեզ այդքան մատչելի թվաց, դա չեմ հասկանում։ Մտնում ես՝ մտիր։ (Քաշում է թևից, փորձում է մոտեցնել առանձնասենյակի դռանը) Մտիր, դե մտիր։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Հանդիմանանքով) Չեղավ, այդ արդեն չեղավ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Երիտասարդին) Չի կարելի, ձեզ չի սազում։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Շարունակում է քաշել Երիտասարդ կնոջ թևից) Մտիր, դե մտիր։
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Անհարմար է, ձեր հարցերը դրսում կլուծեք։
ՆՐԱ ԿԻՆԸ — Երիտասարդ, նա կին է…
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մտիր, դե մտիր։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Նրա հերթը չի, ինչպե՞ս մտնի։
ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կմտնես։ (Թափ է տալիս ձեռքը, բորբոքված դուրս է գնում՝ ոտից գլուխ չափելով Երիտասարդ կնոջը):
Մտնում է զինվորի համազզեստով մի երիտասարդ՝ աջ ձեռքից վիրավոր:
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Քարտուղարուհուն) Բարև ձեզ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Բարև ձեզ:
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ո՞վ կա ներսում:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ասեք, լսում եմ։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Ինչ-nr թուղթ է ցույց տալիս) Ես պիտի մտնեմ, ստորագրի, դուրս գամ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Տեսնում եք՝ սպասում են։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինձ ուղարկել են, ինքը գիտի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ես չգիտեմ՝ ինքը գիտի, թե չգիտի, առանց իր ասելու ես չեմ կարող։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուք իրեն ասեք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Թող կանչի, ասեմ:
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ – Չհասկացա:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ի՞նչ կա չհասկանալու, ասում եմ՝ թող կանչի, ասեմ։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ասում եմ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Դուք չպիտի ասեք, ինքը պիտի ասի։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ընդամենը մի ստորագրություն պիտի դնի, չե՞ք հավատում։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Հավատում եմ, ինչո՞ւ պիտի չհավատամ։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե թողեք մտնեմ, ասեմ:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ես պիտի մտնեմ, որ դուք մտնեք։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դե դուք մտեք:
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Թող կանչի, մտնեմ, առանց կանչելու ո՞նց մտնեմ։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինքը չգիտի, որ սպասում եմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ես ի՞նչ կարող եմ անել։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Պիտի մտնեմ, սա մակագրի, անմիջապես դուրս գամ, մի րոպե չի տևի։ Խնդրում եմ։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Չեմ կարող, տեսնում եք՝ մարդիկ սպասում են։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Երիտասարդ, ձեզնից առաջ էլ խնդրողներ են եղել, մի՛ ասեք։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ոչ մեկն էլ ժամերով ներսում չի մնալու։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ընդամենը մի ստորագրություն պիտի դնի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ձեր կարծիքով մենք ինչի՞ համար ենք սպասում։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դուք ինքներդ պիտի ձեզ թույլ չտաք։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Պատերազմի մասնակից մարդը նստել սպասում է։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես էլ եմ պատերազմի մասնակից, ես էլ եմ կռվել։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — (Ակնարկելով Վետերանին) Ինքն իրավունք ունի, բայց չի մտնում։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես էլ իրավունք ունեմ: (Հանում է վկայականը):
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Այդ դուք եք ասում։
ՎԵՏԵՐԱՆ — (Մոտենալով Համազգեստով երիտասարդին) Ո՞ւր է, տեսնեմ։ (Ձեռքից վերցնում է վկայականը, թեթևակի աչքի անցկացնելուց հետո շպրտում):
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Նախահարձակ է լինում, սպառնալից) Ի՞նչ ես անում։
ՎԵՏԵՐԱՆ — Լավ եմ անում։ Դե գնա վերցրու։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Ինքնատիրապետումը կորցրած) Դու գնա վերցրու։ Գնա, գնա, ասում եմ։
Խառնակ վիճակ, քաշքշուկ, նրանց բաժանում են իրարից:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Հետ պահելով համազգեստով երիտասարդին) Չեղավ, չի կարելի։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Իրեն կարելի է, ինձ չի՞ կարելի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍՆՈՒ ԿԻՆ — Երիտասարդ, նա ձեզնից մեծ է։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Մեծ է՝ թող իրեն մեծի պես պահի։
Երեխաներից մեկը վկայականը բերում, տալիս է Համազգեստով երիտասարդին:
ՎԵՏԵՐԱՆ — (Հևալով) Սրան տես… (Հեգնանքով) Կռվե՜լ եմ… Որտե՞ղ ես կռվել, ո՞ւմ համար ես կռվել։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հայրենիքի համար եմ կռվել, ո՞ւմ համար եմ կռվել…
ՎԵՏԵՐԱՆ — Էդ ո՞ր հայրենիքի համար ես կռվել, է՜…
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Չե՞մ կռվել։
ՎԵՏԵՐԱՆ — Աֆղանստանը աֆղանների՞ց ես պաշտպանել։ (Հեգնանքով) Կռվե՜լ եմ… Չկռվեիր։ Հայրենիքի համար ես եմ կռվել, դու չես կռվել։ Եթե ես չեմ մտնում, դու ինչո՞ւ պիտի մտնես։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բա ես ո՞ւմ համար եմ կռվել, է՜, ո՞ւմ համար եմ կռվել:
ՎԵՏԵՐԱՆ — Դու չգիտես, ի՞նձ ես հարցնում։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինձ հայրենիքը չի՞ ուղարկել։
ՎԵՏԵՐԱՆ — Չէ, հայրենիքը չի ուղարկել։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բա ո՞վ է ուղարկել:
ՎԵՏԵՐԱՆ — Ես չգիտեմ ով է ուղարկել։ Ով որ ուղարկել է, գնա նրան հարցրու։ (Գնում, տեղավորվում է իր աթոռին):
ԵՐԿՐՈՐԴ ԱՄՈՒՍԻՆ — Ճիշտ է:
ՆՐԱ ԿԻՆԸ – Իհարկե:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Երիտասարդ, սխալ բաներ մի՛ ասեք, ոչ ոք չի ժխտում, որ կռվել եք, բայց հայրենիքի համար չեք կռվել։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Հայրենիքի համար չի կռվել, բայց մարդը կռվել է։ Այդպես էլ չի կարելի։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Հետո ինչ, որ կռվել է։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Էհ, թող չկռվեր:
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Որ ուղարկել են, ո՞նց չկռվեր։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Իր ուզելո՞վ է, որ կռվեր կամ չկռվեր։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Որ կռվել է, պիտի գա առանց հերթի մտնի՞ ։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես առանց հերթի չեմ մտնում, ընդամենը մի ստորագրություն պիտի դնի։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ի՞նչ նշանակություն ունի, տեսնում եք՝ պատերազմի մասնակից մարդը չի մտնում։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ես մասնակից չե՞մ։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈԻՍԻՆ — Իսկ ո՞վ է ասում, որ մասնակից չեք։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Դուք եք ասում:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈԻՍԻՆ — Ոչ, մենք այդպիսի բան չենք ասում, մենք ասում ենք՝ կռվել եք, բայց հայրենիքի համար չեք կռվել։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Բա ո՞ւմ համար եմ կռվել, է՜, ո՞ւմ համար եմ կռվել։ Ինձ իմ հայրենի՞քը չի ուղարկել,
ՎԵՏԵՐԱՆ – Չէ, չէ, չէ, ասացի։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ինչպե՞ս թե՝ չէ… Ճիշտ է, հայրենիքը չի ուղարկել, բայց փաստորեն հայրենիքն է ուղարկել:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Հայրենիքը չի ուղարկել։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց մարդը հո իր ոտքով չգնաց կռվելու, ուրեմն մեկն ուղարկել է, որ գնացել է։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Ինձ հայրենիքն է ուղարկել:
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Ոչ, ոչ, չսխալվեք, այդ մեկը դեռ հայրենիք չէ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Բայց հայրենիքի անունից է ուղարկել, ի՞նչ տարբերություն։ Միշտ էլ մեկի հայրենիք է լինում։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Էհ, թող չգնար։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Խփելով ծնկին) Ուր գնում ես, նույն բանն են ասում։ Ես իմ հայրենիքի համար եմ գնացել։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Որ գնացել է, ո՞ւմ է պաշտպանել։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Միևնույն է, եթե ուղարկել են, մարդը չէր կարող չգնալ։
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Եթե չուղարկեին, հո չէր գնա։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իսկ ինչո՞ւ պիտի գնար, հետաքրքիր է։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Ատամները կրճտացնելով, արտասվախառն, պատերը կարծես ճանկռելով) Բա ես ո՞ւմ համար եմ կռվել, ո՞ւմ, ո՞ւմ…
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ընկեր, ընկեր, ի՞նչ եք անում։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Շարունակում է նույն ձևով) Ո՞ւմ համար եմ կռվել, ո՞ւմ, ո՞ւմ…
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Երիտասարդ, չեղավ…
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — Այդ արդեն չեղավ։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Պոռթկալով) Ո՞ւմ… (Դեմքով ծեփվում է պատին, մեջքով դեպի այցելուները, բռունցքը սեղմած ճակատին):
ԾԵՐ ՄԱՅՐ — Չմրսես։
ԾԵՐ ՀԱՅՐ — Չէ, չեմ քնում։
ՀԱՄԱԶԳԵՍՏՈՎ ԵՐԻՏԱՍԱՐԴ — (Աղիողորմ) Ո՞ւմ, ո՞ւմ…
ԾԵՐ ՄԱՅՐ — (Խաչակնքելով) Տեր, ողորմեա, Տեր, ողորմեա, Տուր աշխարհիս խաղաղություն… Տեր, ողորմեա, Տեր, ողորմեա…
ՇՒԿԱՀԵՐ ԿԻՆ — Մի արա, այ տղա, քամի ես անում։
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Ձեռքները պայուսակի մեջ խոթած երեխաներին, պայթելով) Հիմա ի՞նչ եք ուզում, տվի, էլ չկա, չկա։ Կերեք, հիմա էլ ինձ կերեք, կերեք։
Տկարամիտ տղան դրոշակը ծածանելով գնում է դեպի առանձնասենյակի դուռը:
ԱՎԱԳ ՈՐԴԻ – Գնա՜ց, գնա՜ց, մի թողեք, հանկարծ ներս կմտնի։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Չի մտնի, մի՛ անհանգստացեք։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — (Տկարամիտ տղային) Հետ գնա, գնա նստիր տեղդ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Դուք մի՛ ասեք, նա ինքը կգա։ (Տղային) Արի, հետ արի։
Տղան վերադառնում է:
Ես մեղավո՞ր եմ, որ նա այսպես է ծնվել։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Տիկին, ես ձեզ բա՞ն ասացի։ Բերել եք, գոնե ուշադրություն դարձրեք։ Ձեր երեխային ե՞ս պիտի հսկեմ։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Նա ոչ մի անկարգ բան չի անի։
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒՀԻ — Ես չգիտեմ, դուք գիտեք կանի, թե չի անի։ Ես խնդրում եմ, հետներդ հանկարծ ներս չտանեք։ Ասում եմ, որ հետո չասեք՝ չի ասել։
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Չեմ տանի։
ԱՌԱՋԻՆ ԱՄՈՒՍԻՆ — (Քարտուղարուհուն) Հերթից դուրս ոչ մեկին… Ես խնդրում եմ։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե դիմացինին չեն հարգում, թող իրենք իրենց հարգեն։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Բացառություն, ի՞նչ բացառություն…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Եթե մենք էստեղ նստած, ամեն մեկը գա ու մտնի, ո՞ւր կհասնի։
ԳԼԽԱՀԱԿ ՏՂԱՄԱՐԴ — (Ցնցվելուց հետո) Մենք մեր ուղուց չենք շեղվի, մենք կմեռնենք՝ սոցիալիզմը կապրի։
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — (Գազազած, մղվելով դեպի առանձնասենյակի դուռը) Ես պիտի մտնեմ:
Քարտուղարուհու ճիչը: Խառնակ վիճակ: Վեր են կենում տեղերից:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Թույլ չտաք։
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ոչ մի դեպքում։
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ – Երբեք:
Բաճկոնով տղամարդը բացում է դուռը՝ տեղնուտեղն ընկրկելով:
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ո՞ւր է… Մարդ չկա:
Այցելուները պաշարում են առանձնասենյակի դուռը:
ՊԱՅՈՒՍԱԿՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ո՞նց թե…
ՄԻՋԱՀԱՍԱԿ ԿԻՆ — Ո՞վ չկա…
ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ոչ ոք չկա:
ՇԼՅԱՊԱՅՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Սեղանը կա, աթոռը կա, ինքը չկա:
Քարտուղարուհին անտեղյակ թոթվում է ուսերը, որ այնպես էլ մնում են վեր քաշված:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Ո՞նց չկա…
ԲԱՃԿՈՆՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Չկա… Մարդ չկա…
Տեսնելով առանձնասենյակի տիրոջ թափուր աթոռը՝ այցելուները ապշանքից քարացել են: Մեկից շրջվում են՝ անշարժանալով, հայացքներն ուղղած հանդիսատեսին:
ՎԱՐԱԳՈՒՅՐ
1990 թ. փետրվար