Կա­րի­նե ԽՈ­ԴԻԿ­ՅԱՆ / ՋՈՒՐ

Ֆան­տաս­տիկ աբ­սուրդ

Գոր­ծող ան­ձինք

ԿԻՆ

ՏՂԱ­ՄԱՐԴ

ՌՈ­ԲՈՏ ՆԵ­ՌՈ՛

Գոր­ծո­ղութ­յան տե­ղը՝ ցե­լո­ֆա­նե սև վա­րա­գույր­նե­րով մաս­նատ­ված տա­րածք, ո­րը ժա­մա­նա­կա­վոր կա­ցա­րա­նի զգա­ցո­ղութ­յուն պի­տի ա­ռա­ջաց­նի՝ ցա­քուց­րիվ ի­րեր, հա­տա­կին թափ­ված պլաս­տի­կե տու­փեր…  Տա­րած­քի տե­սա­նե­լի մա­սում ռո­բոտ-վա­հա­նակն է՝ կա­նաչ ու կար­միր լամ­պե­րով սարք:

ՏԵ­ՍԱ­ՐԱՆ. Բե­մում ան­թա­փանց խա­վար է: Դռան զանգ: Կարճ դա­դար: Զան­գը կրկնվում է մի քա­նի ան­գամ, հե­տո ան­դա­դար հնչում է՝ դռան թա­կոց­նե­րի ու­ղեկ­ցութ­յամբ: Ան­հո­դա­բաշխ հնչյուն­ներ են լսվում՝ աս­տի­ճա­նա­բար ճիչ-գո­ռո­ցի վե­րած­վե­լով: Անս­պա­սե­լի՝ կտրուկ լռութ­յուն: Կող­պե­քի մեջ պտտվող բա­նա­լու ձայն: Դռան բաց­վե­լը զգաց­վում է կու­լիս­նե­րից բեմ ուղղ­ված կու­րաց­նող լույ­սից: Այդ լույ­սի մեջ հայտն­վում է մե­կը (Կի­նը) ան­սո­վոր հան­դեր­ձան­քով, ո­րը տիե­զե­րագ­նա­ցի հա­մազ­գեստ է հի­շեց­նում: Նա ներս է խու­ժում, դուռն աղ­մու­կով փա­կում է: Բե­մը կրկին թաղ­վում է խա­վա­րի մեջ: Լռութ­յուն: Կի­նը ան­հո­դա­բաշխ հնչյուն­ներ է ար­ձա­կում,  ին­տո­նա­ցիա­յից պի­տի հաս­կաց­վի՝ հարց է տա­լիս: Ու նո­րից՝ լռութ­յուն: Հե­տո լսվում է, ինչ­պես է խա­վա­րի մեջ շարժ­վում՝ ինչ-որ ի­րե­րի դիպ­չե­լով: Տե­ղում լռվում է: Կարճ լռութ­յուն:

Հա­զիվ լսե­լի, հե­տո աս­տի­ճա­նա­բար ուժգ­նա­նում է մե­տա­ղա­կան խզզոց հի­շեց­նող ձայն, միա­ժա­մա­նակ կար­միր լամպն է վառ­վում ռո­բոտ-վա­հա­նա­կի վրա՝ ա­ղոտ նկա­տե­լի դարձ­նե­լով Կնո­ջը:

Ռո­բոռ-վա­հա­նա­կը ո­րոշ ժա­մա­նակ է գոր­ծող անձ: Ի­րա­կան Նե­ռո՛-դե­րա­սա­նը նստած է դռան հա­կա­ռակ անկ­յու­նում:

ՆԵ­ՌՈ՛ — Ու­շա­ցել ես:

ԿԻՆ(սկա­ֆանդ­րից ան­հաս­կա­նա­լի ձայ­ներ են լսվում):

ՆԵ­ՌՈ՛ — 42 րո­պե:

ԿԻՆ(սկա­ֆանդ­րից ան­հաս­կա­նա­լի ձայ­ներ են լսվում):

ՆԵ­ՌՈ՛ — Այս­քան ու­շա­ցած չկա­յիր:

ԿԻՆ(ձեռ­քե­րի շար­ժու­մով փոր­ձում է ինչ-որ բան հաս­կաց­նել):

ՆԵ­ՌՈ՛ — 42 րո­պեն ար­դեն շատ լուրջ է:

ԿԻՆ(ձեռ­քե­րի շար­ժու­մով փոր­ձում է ինչ-որ բան հաս­կաց­նել):

ՆԵ­ՌՈ՛ — Նյար­դերդ բա­նի պետք չեն:

ԿԻՆ(ոտ­քով դեն է շպրտում ինչ-որ իր):

ՆԵ­ՌՈ՛ — Քա­նի նոր­մալ խո­սել չես կա­րող՝ ա­սեմ, ինչ մտա­ծում եմ: Ստիպ­ված եմ օգտ­վում ա­ռի­թից՝ ռո­բո­տին միշտ չէ, որ լսվե­լու հնա­րա­վո­րութ­յուն է տրվում: Ես կա­սեի՝ ընդ­հան­րա­պես չի տրվում այդ հնա­րա­վո­րութ­յու­նը:

ԿԻՆ(հեր­թա­կան իրն է շպրտում պա­տին):

ՆԵ­ՌՈ՛(անվր­դով): Բայց հի­մա իմ աս­տե­ղա­յին ժամն է, ձեր հո­րի­նած փքուն ար­տա­հայ­տութ­յունն, այդ­պես չէ՞…

­ԿԻՆ(տե­ղում քա­րա­նում է՝ չա­րա­գու­շակ լռութ­յուն):

ՆԵ­ՌՈ՛(տո­նը փո­խե­լով, ա­սես զգա­լով, որ չափն ան­ցավ): Դու ա­ռանց պատ­ճա­ռի ու­շա­ցո­ղը չես:

ԿԻՆ(դան­դաղ մո­տե­նում է նրան):

ՆԵ­ՌՈ՛(շտապ, չքմե­ղա­նա­լով): Ա­սե­լիքս ա­վար­տե­ցի: Անց­նում եմ ան­մի­ջա­կան պար­տա­կա­նութ­յանս:

Վա­հա­նա­կի վրա մա­րում է կար­մի­րը, կա­նաչ լամպն է վառ­վում, հնչում են «Շնա­յին վալ­սի» ա­ռա­ջին ա­կորդ­նե­րը, նույն պա­հին բե­մը, որ Կնոջ բնա­կա­րանն է, լու­սա­վոր­վում է: Բայց որ ան­սո­վոր ա­րա­րա­ծը կին է՝ դեռ չի երևում՝ սկա­ֆանդր, կոմ­բի­նե­զոն…

ԿԻՆ(զգու­շո­րեն հա­նում է սկա­ֆանդ­րը, բայց գոր­ծած գլխար­կը թող­նում է գլխին: Եփ գա­լով): Քա­նի՞ ան­գամ եմ ա­սել…

ՆԵ­ՌՈ՛ — Ա­սել ես… (Կնո­ջը ձայ­նը նույ­նութ­յամբ նմա­նա­կե­լով:) Տա­նե՛լ ­չեմ կա­րող շնե­րին:

ԿԻՆ(ու­շա­դիր ու զգույշ զննում է սկա­ֆանդ­րը, թվում է՝ լիո­վին այդ գոր­ծին է տրված, բայց խո­սե­լու տո­նը պի­տի հու­շի՝ ներ­քին կռիվ կա Նե­ռո­յի ու իր միջև: Ինքն ի­րեն:) Ա­պա­կին խամ­րել է… միայն դա էր ինձ պա­կաս… (Սկա­ֆանդ­րը կա­խում է կե­ռի­կից, իր իսկ շպրտած ի­րերն է հա­վա­քում՝ ա­վե­լաց­նե­լով ի­րա­րան­ցու­մը: Այլ տո­նով:) Գի­տես ու չե՛ս ­փո­խում այդ ա­պու­շութ­յու­նը: (Հիս­տե­րիկ ճի­չով:) Էլ չլսե՛մ:

ՆԵ­ՌՈ՛(անվր­դով): Բո­ղո­քիր ինձ նա­խագ­ծո­ղին: Հա­մա­ձայն եմ, տա­փակ վալս է, բայց այդ գի­տու­նի­կը հա­մոզ­ված էր, որ պո­զի­տիվ տրա­մադ­րութ­յուն կա­ռա­ջաց­նի: Միայն հաշ­վի չէր ա­ռել, որ շնե­րին տա­նել չես կա­րող:

ԿԻՆ – ­Կա­տու­նե­րից է՛լ­ եմ զզվում:

ՆԵ­ՌՈ՛ — Հա­մե­նայն­դեպս հի­շեց­նեմ. ես կա­տու չեմ:

ԿԻՆ – Մ­խի­թար­վիր այդ մտքով: (Մո­տե­նում, ա­վե­լի ու­շա­դիր է զննում սկա­ֆանդ­րը, ինքն ի­րեն:) Վա­ղը ստու­գել տամ: (Դա­դա­րից հե­տո՝ անս­պա­սե­լի չա­րութ­յամբ:) Դու պար­տա­վոր ես ա­ռա­ջին զան­գից հե­տո ան­մի­ջա­պես, լսո՞ւմ­ ես, ան-մի-ջա-պե՛ս ­դու­ռը բա­ցել ու լույ­սե­րը վա­ռե­լը, ան­կախ նրա­նից, թե ե՛րբ կ­վե­րա­դառ­նամ:

Մո­տե­նում, ձեռ­քը բարձ­րաց­նում, թվում է՝ հար­վա­ծե­լու է վա­հա­նա­կին, Նե­ռո՛ն ­կան­խում է:

ՆԵ­ՌՈ՛(դան­դաղ ու ցա­վա­կից): Ձախ աչքդ կարմ­րե՜լ­ է:

ԿԻՆ(չա­րութ­յու­նը մո­ռա­ցած): Իս­կա­պե՞ս… (Ա­րագ մո­տե­նում է հա­յե­լուն, զննում, մտա­հոգ:) Կարմ­րել է… Հա­կա­ռա­կի պես, ճա­ռա­գայ­թումն այ­սօր շատ բարձր էր:

ՆԵ­ՌՈ՛(նույն տո­նով): Կոմ­բի­նի­զոնդ է՜լ…

­ԿԻՆ – Վ­նաս­վե՞լ­ է… (Հա­մար­յա սար­սա­փած՝ փոր­ձում է հա­յե­լու մեջ տես­նել՝ որ­տեղ, շու­ռու­մուռ է գա­լիս:)

ՆԵ­ՌՈ՛(խիստ): Ան­ճոռ­նի է: Շա՛տ­ ան­ճոռ­նի է:

ԿԻՆ – ­Տա­փա՛կ:

ՆԵ­ՌՈ՛ — Փոր­ձում եմ թու­լաց­նել լար­վա­ծութ­յունդ, մի քիչ էլ՝ ու սեն­յա­կում կայ­ծեր կթռչեն:

ԿԻՆ –­ Ես լար­ված չե՛մ: (Հե­ռա­նում է հա­յե­լուց, մո­տե­նում է դռա­նը, ա­կանջ է դնում:)

ՆԵ­ՌՈ՛ – Դ­րա հա­մա՞ր­ ես կպել դռա­նը:

ԿԻՆ(զգա­լով, որ բռնվեց): Դու­ռը չբա­ցե­ցիր, ստիպ­ված ստու­գում եմ, գո­նե փա­կե՞լ­ ես:

ՆԵ­ՌՈ՛ –­ Իսկ դու ի՞նչ­ ես կար­ծում…

ԿԻՆ – ­Վա­ղը քեզ հանձ­նեմ լիկ­վի­դա­ցիոն կենտ­րոն, մյուս օ­րը կդա­դա­րեց­նեն գո­յութ­յունդ: Ի՞նչ­ ես կար­ծում, կա­տա­կո՞ւմ­ եմ:

ՆԵ­ՌՈ՛ — Չեմ կար­ծում: Իսկ դու կա­տա­կե­լու սո­վո­րութ­յուն չու­նես, թեև ու­նես հու­մո­րի զգա­ցում:

ԿԻՆ(թվում է՝ հի­մա կպայ­թի, բայց… անս­պա­սե­լի ծի­ծա­ղում է): Ե­րե­սա­ռա՛ծ…

­ՆԵ­ՌՈ՛(ռո­բո­տա­յին միօ­րի­նա­կութ­յամբ): Ե­րե­սա­ռած, ե­րեստ­ված, ե­րես­փո­խած, ե­րես­հար­ված, հա­րատևած, հա­մա­տա­րած, ջրի բե­րած, ջրի տա…

ԿԻՆ – ­Ձա՛յնդ…

­ՆԵ­ՌՈ՛ — …րա՛ծ:

ԿԻՆ – ­Չա­սե՛ս:

ՆԵ­ՌՈ՛ — Ո՞ր ­մե­կը: Ե­րե­սա­ռա՞ծը, թե ջրի…

ԿԻՆ – Չ­հա­մար­ձակ­վե՛ս… (Կոտր­ված:) Խնդրում եմ…

ՆԵ­ՌՈ՛ — Հա­սա կոն­սեն­սու­սի: Ինձ չես լիկ­վի­դաց­նի, ո­րով­հետև բար­դույթ չու­նեմ այդ բա­ռից: Ու կշա­րու­նա­կեմ տա­փակ կա­տա­կել, ո­րով­հետև…

­ԿԻՆ (գո­ռում է): Ա­սա­ցի՝ խնդրում եմ:

ՆԵ­ՌՈ՛ — Ո­րով­հետ ջուր ա­սե­լուց հե­տո կա­րող եմ շա­րու­նա­կել՝ սա­ռը ջուր, մա­քուր ջուր, լեռ­նա­յին ա­նա­պա­կան ջուր… շա՜տ ­ջուր…

Կի­նը փլվում է հա­տա­կին: Դա­դար:

ՆԵ­ՌՈ՛(մե­ղա­վոր): Վե՛րջ: Էլ չեմ ա­սի… Այ­սօ՛ր ­չեմ ա­սի: Ինչ­քան չլի­նի՝ ու­շա­ցել ես, սկա­ֆանդ­րը վնաս­վել է… (Խիստ:) Թե՞ վնա­սել են:

ԿԻՆ(տե­ղից վեր է թռչում, կռվա­զան): Վնաս­վել է, հաս­կա­ցա՞ր, վնաս­վել է՛: Ու չհա­մար­ձակ­վե՛ս­ ինձ հետ խո­սել այդ տո­նով:

ՆԵ­ՌՈ՛(իբր՝ մե­ղա­վոր): Հաս­կա­ցա, վնա­սել են… (Դա­դար: Ա­վե­լի խիստ:) Ու հե­րիք է այդ ան­ճոռ­նիութ­յու­նը վրադ պա­հես: Հա­մա­ձայն հրա­հան­գի՝ փակ տա­րած­քում 10 րո­պեից հե­տո կոմ­բի­նի­զո­նը կսկսի ներ­սից քե՛զ ­ճա­ռա­գայ­թել:

ԿԻՆ (թու­նոտ): Վա­խե­նում եմ պատ­կե­րաց­նել, թե ի՞նչ­ էի ա­նե­լու ա­ռանց քեզ: (Գնում է վա­րա­գույ­րի ետևը, զգես­տա­փոխ­վում է:)

ՆԵ­ՌՈ՛ — Դեռ չես ա­սել՝ ին­չու ու­շա­ցար:

ԿԻՆ(իբր ան­հոգ): Հենց էն­պես:

ՆԵ­ՌՈ՛ — Ե­րեկ էլ ու­շա­ցար:

ԿԻՆ –­ Ի՜նչ­ էլ հի­շում ես:

ՆԵ­ՌՈ՛ — 32 րո­պե:

ԿԻՆ – ­Տես, է՛…

­ՆԵ­ՌՈ՛ — Իսկ ան­ցած հինգ­շաբ­թի այն­պես ներս ըն­կար, ա­սես հե­տապն­դում էին:

ԿԻՆ –­ Այս­քա­նից հե­տո մնում է ա­սես՝ ո՛վ­ էր հե­տապն­դում:

ՆԵ­ՌՈ՛ — Հա­մե­նայն­դեպս, քո ան­ճոռ­նի կոմ­բի­նի­զո­նով հմայ­ված ան­հույս ա­պուշ չէր:

Վա­րա­գույ­րի ետևից դուրս է գա­լիս Կի­նը: Գլխար­կը չի հա­նել: Հա­գին անձև կտրված­քով եր­կար զգեստ է՝ վիզն ու դաս­տակ­նե­րը փակ:

ՆԵ­ՌՈ՛ — Ի դեպ, ան­հույս ա­պու­շը այս տես­քովդ էլ չի հմայ­վի:

ԿԻՆ (ինք­նա­հեգ­նան­քով): Մի կերպ կդի­մա­նամ: (Հաշտ): Նե­ռո՛, գու­ցե վեր­ջա­պես հի­շես ան­մի­ջա­կան պար­տա­կա­նութ­յուն­նե­րիդ մա­սի՞ն: 

ՆԵ­ՌՈ՛ — Ախ, սո­վա՜ծ­ է իմ տի­րու­հին: Զե­կու­ցում եմ՝ սնուն­դը ու­ղար­կել են ժա­մա­նա­կին, մեն­յուն ան­ժամ­կետ նույնն է՝ ան­համ, ան­հոտ: (Դա­դար:) Լսիր, ան­կեղ­ծո­րեն, տեսքդ այս­պես էլ ա­հա­վոր է:

ԿԻՆ – ­Տեսքս հան­գիստ թող, ա­սա­ցի… (Դա­րա­կից հա­նում է պլաս­տի­կե տար­բեր գույ­նե­րի տու­փեր, զզվան­քով:) Է­լի՛ նույ­նը:

ՆԵ­ՌՈ՛ — Նույն ա­պուր-շի­լա-խնձո­րը: Այ­սինքն՝ դրանց փո­խա­րի­նիչ­նե­րը:

Կի­նը ա­ռանց նա­յե­լու բա­ցում է տու­փե­րից մեկն ու մե­քե­նա­բար կուլ է տա­լիս ինչ-որ զանգ­ված:

ԿԻՆ –­ Ու բո­լո­րը՝ նույն հա­մի: (Այլ տո­նով:) Ա­սում ես՝ տեսքս ա­հա­վոր է… (Մի պահ կենտ­րո­նա­նում, հե­տո գլխի է ընկ­նում:) Սպա­սիր, հա­գուս­տիս մա­սին ակ­նարկ­ներդ… (Խիստ:) Այ­սօ՞ր­ ինչ ես փորփ­րել ար­խիվ­նե­րում, դու հենց այն­պես չես խայ­թում, քեզ լավ եմ ճա­նա­չում: Դե՞… ­խոս­տո­վա­նիր:

ՆԵ­ՌՈ՛ — Ի՜նչ­ էլ բա­ռեր ես գտնում՝ խոս­տո­վա­նիր… խայ­թոց­ներ… Ըն­դա­մե­նը անց­յալն եմ քրքրել՝ ան­մեղ զբաղ­մունք է:

ԿԻՆ(տե­ղի չտա­լով): Ո՞ւմ­ եմ ա­սում, դե՞, ի՞նչ­ ես փորփ­րել:

ՆԵ­ՌՈ՛(ոգևոր­ված): Հա, փորփ­րել եմ ու գտել եմ… Փա­րի՛զ:  Նո­րաձևութ­յո՛ւն — 2027, գա­րուն, ա­մառ: Իսկ ի՜նչ ­կա­նայք… շի­կա­հեր, փար­թամ մա­զե­րով, ատ­լա­սե մաշ­կով, հա­մար­յա մերկ… շի­ֆոն, թա­վիշ, թա­փան­ցիկ, օ­դե­ղեն հա­գուստ­ներ…

ԿԻՆ(մո­տե­նում է հա­յե­լուն, չնա­յե­լով իր ար­տա­ցո­լան­քին): Ար­դեն չեմ հա­վա­տում, որ այդ ա­մե­նը ե­ղել է:

ՆԵ­ՌՈ՛ — Ինչ­պե՞ս ­հա­վա­տաս՝ դրսում 2036 թիվն է: Դու էլ՝ ան­ճոռ­նի կոմ­բի­նի­զո­նով ու…

ԿԻՆ(հոգ­նած): Ին­չո՞ւ­ ես հո­գիս քրքրում:

ՆԵ­ՌՈ՛ — Հո­գիդ ինձ ի՞նչ… ­Ժա­մե­րով մե­նակ եմ մնում, մտա­ծում եմ: Ա­վե­լի շատ զար­մա­նում եմ՝ ին­չից ին­չի եք վե­րած­վել…

ԿԻՆ – ­Հի­մա միայն զար­մանքդ էր պա­կաս… (Ինչ-որ բան հի­շե­լով:) Ամ­սի քա­նի՞սն­ է:

ՆԵ­ՌՈ՛(չա­րա­խինդ): Դե ե­թե ա՛յս­ օրն ես մո­ռա­ցել, ու­րեմն ա­մեն ինչ ա­վե­լի քան լուրջ է:

Կի­նը ու­շադ­րութ­յուն չդարձ­նե­լով նրա խայ­թո­ցին՝ տե­ղից վեր է թռչում- պլա­տի­կե տու­փե­րը ցրիվ են գա­լիս,- հա­մար­յա վազ­քով մո­տե­նում է դա­րակ­նե­րից մե­կին, մի պահ հա­պա­ղում է՝ ա­սես վա­խե­նում է, թե՞ եր­կա­րաձ­գում է պա­հը, հե­տո դան­դաղ ձեռ­քը մտցնում է ներս ու դուրս է բե­րում ա­պակ­յա փոք­րիկ սրվակ՝ ան­գույն հե­ղու­կով: Նա­յում է, հոտ է քա­շում, լույ­սին է դեմ տա­լիս՝ դեմ­քը բաց­վում է, ժպի­տի նման մի բան է հայտն­վում…

ԿԻՆ(կա­մաց): Ջուր… ջուր… Ջո՜ւր…

ՆԵ­ՌՈ՛ — Ինչ-որ մե­կը քիչ ա­ռաջ ինձ ար­գե­լում էր այդ բառն ա­սել:

ԿԻՆ –­ Ես կա­րող եմ ա­սել.. (Շատ զգույշ դնում է սե­ղա­նի­կին, շրջվում է՝ կող­քի սեն­յակն է գնա­լու:) Դու ի­րա­վունք չու­նես:

ՆԵ­ՌՈ՛ — Փո­խա­րե­նը տես­նում եմ:

ԿԻՆ(կանգ է առ­նում, զգու­շա­վոր): Ի՞նչ­ ես տես­նում:

ՆԵ­ՌՈ՛(իբր՝ ինքն ի­րեն): Մարդ ինչ­քան պի­տի ու­րա­խա­նա մի քա­նի գրամ ջրի հա­մար, որ չնկա­տի…

ԿԻՆ(շրջվում է, տագ­նա­պով): Է­լի՞…

­ՆԵ­ՌՈ՛ — Սրվա­կը փոք­րա­ցել է, 250-ի փո­խա­րեն էլ 230 գրամ ջուր է:

ԿԻՆ (շփո­թա­հար): Ին­չո՞ւ…

­ՆԵ­ՌՈ՛ — Ի՞նձ­ ես հարց­նում:

ԿԻՆ – ­Չէ՞ որ չեն զգու­շաց­րել:

ՆԵ­ՌՈ՛ — Դո՛ւ ­չես լսել: Հի­մա միաց­նեմ…

ԿԻՆ – ­Միայն ոչ հե­ռա­տե­սի­լը:

ՆԵ­ՌՈ՛ — Լավ, հին ու բա­րի ռա­դիոն գոր­ծի դնենք:

ՀԱ­ՂՈՐ­ԴԱ­ՎԱՐ 1(կեն­սա­խինդ քայ­լեր­գի ու­ղեկ­ցութ­յամբ): Նոր ատ­րակ­ցիո՛ն, անն­կա­րագ­րե­լի զգա­ցո­ղութ­յուն­նե՛ր, ֆան­տաս­տիկ հա­ճո՛ւյք: Ատ­րակ­ցիոն՝ «Գար­նա­նա­յին անձրև ամպ­րո­պով ու կայ­ծա­կով»… (Ամպ­րո­պի ձայն:)

ԿԻՆ(փոր­ձե­լով խլաց­նել ձայ­նը): Փո­խի՛ր­ ա­լի­քը:

ՀԱ­ՂՈՐ­ԴԱ­ՎԱՐ 2 – ­Փոր­ձա­րա­րա­կան լա­բո­րա­տո­րիան նոր պա­տենտ է գրան­ցել՝ ա­պու­րից, շի­լա­յից ու խնձո­րից բա­ցի ստեղծ­վել է պաղ­պա­ղակ՝ վա­նի­լա­յի՛ն, ո­րը նույն կերպ ու նույ­նիսկ քիչ ա­վե­լի վե­րաց­նում է ջրի պա­հանջն ու ծա­րա­վի զգա­ցու­մը…

ԿԻՆ – Կտ­րի՛ր դ­րա ձայ­նը:

Լռութ­յուն: Կի­նը կա­տա­ղած ոտ­քով դե­սու­դեն է նե­տում հա­տա­կին ցի­րու­ցան ի­րե­րը:

ՆԵ­ՌՈ՛ — Ի՞նչ­ ես ա­նում:

ԿԻՆ – ­Փոր­ձում եմ չգժվել:

ՆԵ­ՌՈ՛ — Դու չես գժվի:

ԿԻՆ(քա­րա­նում է): Ին­չո՞ւ…

­ՆԵ­ՌՈ՛ — Նույ­նիսկ դժբախտ չես:

ԿԻՆ(նստում է, նա­յում սրվա­կին): Փո­խա­րե­նը դու եր­ջա­նիկ ես:

ՆԵ­ՌՈ՛ — Ես ռո­բոտ եմ:

ԿԻՆ – ­Դու եր­ջա­նիկ ռո­բոտ ես:

ՆԵ­ՌՈ՛ — Հիմ­նա­վո­րիր:

ԿԻՆ — Ստիպ­ված չես ա­մեն ան­գամ կուլ տալ ա­պուր-շի­լա-խնձոր զզվանքն ու հեր­թա­կան ան­գամ մեռց­նել ծա­րա­վի զգա­ցու­մը: Քնե­լուց ա­ռաջ ան­պայ­ման պի­տի հա­բեր խմես, որ ե­րա­զում գետ, ծով, ջրհե­ղեղ… անձրևի կա­թիլ տես­նե­լուց կաթ­ված չստա­նաս քնիդ մեջ:

ՆԵ­ՌՈ՛ — Երևի դա­ժան բան ես ա­սում: Երևի ի­րոք եր­ջա­նիկ եմ: Բայց լսե­ցիր, չէ՞, գի­տա­կան կենտ­րոն­նե­րը փրկութ­յան ել­քեր են փնտրում: Ճիշտ է, մինչև հի­մա չեն հաշ­վել, թե քա­նի մի­լիարդ մարդ մե­ռավ, մինչև ջրի պա­հան­ջը ձեր մեջ մեռց­նե­լու մի­ջո­ցը գտան այդ ա­պուր-շի­լա-խնձո­րով: Հե­տո քա­նի մի­լիար­դը այր­վեց, ո­րով­հետև ծանր կա­պա­րի վե­րած­ված ծո­վերն ու օվ­կիա­նոս­նե­րը անձրև ու ձյուն չէին կա­րող դառ­նալ, ու միայն ա­րե­գակն է երկն­քի տերն ու տի­րա­կա­լը… Բայց դե ո­չինչ, ան­ճոռ­նի, բայց պաշտ­պա­նա­կան կոմ­բի­նի­զոնն ու սկա­ֆանդ­րը ստեղ­ծե­ցին, ու մարդ­կա­յին կեր­պա­րան­քից զրկվե­ցիք վերջ­նա­կա­նա­պես: Իսկ հի­մա այն­քան են ե­րես ա­ռել, որ պաղ­պա­ղակ են ստեղ­ծել…

ԿԻՆ – ­Վա­նի­լա­յին… Հա, ոնց որ ձեռ առ­նեն: (Զննե­լով սրվա­կի պա­րու­նա­կութ­յու­նը:) Բայց ին­չո՞ւ 230 գրամ:

ՆԵ­ՌՈ՛ — Հի­մա կմիաց­նեմ վեր­ջին հրա­հան­գը՝ կի­մա­նաս:

ՀԱ­ՂՈՐ­ԴԱ­ՎԱՐ –­ Այ­սօր­վա­նից ա­մի­սը մեկ ան­գամ տրվող 250 գրամ ջրի փո­խա­րեն մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րը կստա­նան 230 գրամ, բայց ար­դեն՝ եր­կու ա­մի­սը մեկ ան­գամ: Մո­լո­րա­կի միաց­յալ գի­տա­կան կենտ­րո­նը հրա­ժար­վել է բա­ցատ­րութ­յուն տա­լուց…

ԿԻՆ –­ Ան­ջա­տի՛ր… (Անս­պա­սե­լի փո­փո­խութ­յուն է տե­ղի ու­նե­նում նրա հետ՝ ա­սես ու­րիշ մեկն է՝ խո­սում է ինքն իր հետ՝ ի­րա­կա­նութ­յու­նից վե­րա­ցած:) Չի՛ ե­ղել… այդ օ­րը չի՛ ե­ղել… Ե­թե ան­գամ ե­ղել է, ե՛ս­ այն­տեղ չեմ ե­ղել… Ե­թե ան­գամ ե­ղել եմ՝ միայն հեռ­վի՛ց­ եմ նա­յել… Ես չէի… ինչ-որ մե­կը մո­տե­ցավ, սեղ­մեց դե­ղին կո­ճա­կը: Իսկ ես հեռ­վում էի… ես այն­տեղ չէի…  Ես՝ ես չէի…

ՆԵ­ՌՈ՛(կա­մաց): Է­լի՜ սկսվեց… (Բարձր, վատ թաքց­րած ծաղ­րով:) Այդ օ­րը կա­պույտ, է­լե­գանտ կոստ­յում էիր հա­գել ու եր­կար, կա­պա­րի պես սև մա­զերդ ա­մուր կա­պել էիր ծոծ­րա­կիդ, դրան, կար­ծեմ, ձիու պոչ են ա­սում: Դու այն­տեղ էիր, դե­ղին կո­ճա­կի կող­քին…

ԿԻՆ(սթափ­վում է, նեղ է զգում): Բա՞րձր­ էի խո­սում:

ՆԵ­ՌՈ՛(իբր՝ ան­տար­բեր): Էն էլ ո՜նց, բո­ղո­քում էիր, ա­սում էիր՝ ին­չո՞ւ 230, ին­չո՞ւ­ եր­կու ա­մի­սը մեկ ան­գամ, բա իմ Խա­տու­տի՞կը…

ԿԻՆ – ­Խա­տու­տի՜կը… (Վա­զում է վա­րա­գույր­նե­րից մե­կի ետևը, դան­դաղ վե­րա­դառ­նում է՝ զգու­շո­րեն բե­րե­լով ակ­վա­րիում, մե­ջը՝ մի ձկնիկ:) Ջու­րը քչա­ցել է… Փոք­րիկս, հի­մա, համ­բե­րիր, ես հի­մա…

Ակ­վա­րիու­մը դնում է սե­ղա­նի­կին, վերց­նում է սրվա­կը, բա­ցում է, մո­տեց­նում է շուր­թե­րին, այն է՝ կում է ա­նե­լու, բայց վեր­ջին վայրկ­յա­նին կա­րո­ղա­նում է ի­րեն ստի­պել սրվա­կը հե­ռաց­նել:

ՆԵ­ՌՈ՛(փնթփնթան): Գո­նե մի կում խմիր, մի գրա­մի չափ…

ԿԻՆ (սրվա­կի ջու­րը լցնում է ակ­վա­րիու­մը, սրվա­կը դնում վա­հա­նա­կին: Ձկա­նը): Լավն է, չէ՞, ջու­րը, թարմ, հա­մեղ… Տես, Նե­ռո՛, միան­գա­մից կեն­դա­նա­ցավ, ոնց է պո­չի­կը թա­փա­հա­րում: Նե­ռո՛, լավն է, չէ՞, մեր Խա­տու­տի­կը:

ՆԵ­ՌՈ՛(է­լի՝ փնթփնթան): Նախ՝ քո՛ Խա­տու­տի­կը, ինձ մի խառ­նիր մութ գոր­ծե­րիդ մեջ: Ըստ հրա­հան­գի ես պի­տի զե­կու­ցեմ՝ ուր հարկն է: Մար­դիկ մի գրամ ջրի հա­մար ի­րար են սպա­նում, իսկ դու…

ԿԻՆ(աչ­քը չկտրե­լով ձկից): Միայն փոր­ձիր զե­կու­ցել…

ՆԵ­ՌՈ՛ — Մո­լո­րա­կի բնա­կիչ­նե­րը… հա­մե­նայն­դեպս, նրանց 99, 99 տո­կո­սը սպա­սում է այդ 250… ­չէ, ար­դեն 230 գրամ ջրին, որ ա­մի­սը… չէ, ար­դեն եր­կու ա­մի­սը մեկ ան­գամ մար­դա­վա­րի ջուր խմի, իսկ դու…

ԿԻՆ(բա­րե­հո­գի): Վերջ տուր…

ՆԵ­ՌՈ՛ — Չէ, ե­թե ի­մա­նամ, որ ա­նում ես ի սեր այդ չնչին ա­րա­րա­ծի, նեյ­րո­հան­գույց­ներս ի­զուր չեմ լա­րի, բայց ես սկսել եմ գլխի ընկ­նել, թե ի՛նչն­ է անտ­րա­մա­բա­նա­կան ա­րար­քիդ պատ­ճա­ռը:

ԿԻՆ(անս­պա­սե­լի խստութ­յամբ ու վա­խով): Ին­չե՞ր­ ես հո­րի­նում:

ՆԵ­ՌՈ՛(ինք­նա­գոհ): Ու­րեմն կաս­կած­ներս հիմք ու­նեն: Ու չգո­ռաս, տե­ղիցդ վեր չթռնես, ակ­վա­րիու­մը պլաս­տի­կե տուփ չէ, կփշրվի: Ձու­կը՝ հեչ, ջու­րը և-ևս կ­լի­նի:

ԿԻՆ(թվում է՝ ձկնի­կին է դի­մում, ի­րա­կա­նում՝ Նե­ռո­յին): Սկզբում շա­բա­թը մեկ էի ջուրդ թար­մաց­նում, իսկ ինձ մեկ բա­ժակ ջուր էր մնում: (Աչ­քե­րը փա­կում է, ա­սես զգա­լով այդ բա­ժա­կը:) Հե­տո շա­բա­թը դար­ձավ եր­կու, բա­ժա­կը՝ ե­րեք քա­ռորդ… Հե­տո՝ ե­րեք շա­բաթ, իմ բա­ժա­կը կիս­վեց… Հի­մա ար­դեն եր­կու ա­միս ջուր չի լի­նի: Կդի­մա­նա՞ս, Խա­տու­տիկս:

ՆԵ­ՌՈ՛ — Միայն ի­մա­նամ՝ ին­չիդ է պետք ան­բե­րան, ան­լե­զու ա­րա­րա­ծը:

ԿԻՆ – ­Պետք չէ, որ ի­մա­նաս:

ՆԵ­ՌՈ՛ — Բայց ին­չո՞ւ…

­ԿԻՆ – ­Կա­րող է չդի­մա­նաս:

ՆԵ­ՌՈ՛ — Ե՞ս… 

ԿԻՆ – ­Դու՝ ռո­բոտ Նե­ռո՛ն:

ՆԵ­ՌՈ՛ — Հի­մա ա­մեն ինչ կա­նեմ՝ ի­մա­նա­լու հա­մար:

ԿԻՆ — Փոր­ձիր, տես­նեմ՝ ուր կհաս­նես:

ՆԵ­ՌՈ՛ — Հաս­նե­լու խնդիր չկա, ես իմ տե­ղում եմ, ջրի կա­րիք էլ չու­նեմ: Իսկ դուք, որ մի բուռ եք մնա­ցել մո­լո­րա­կի վրա՝ ուր կհա­սեք ու ե՛րբ կ­հաս­նեք…

Դռան թա­կոց: Դա­դար: Նո­րից՝ թա­կոց:

ԿԻՆ – ­Քո տա­փակ օ­յին­նե՞րն­ են:

ՆԵ­ՌՈ՛ — Ի­մա՞ստը…

Թա­կոց:

ԿԻՆ(ձեռ­քե­րով փա­կե­լով ակ­վա­րիու­մը): Ու­րեմն ո՞վ­ է:

ՆԵ­ՌՈ՛ — Գու­ցե… Բայց ի՞նչ­ եմ ա­սում, դու ե՞րբ­ ես հյուր ըն­դու­նել…

Թա­կոց՝ բարձր:

ԿԻՆ – Չ­գի­տի զան­գի տե­ղը, թա­կում է… Ու­րեմն՝ օ­տար է: (Ա­հա­բեկ­ված:) Դու պար­տա­վո՛ր­ ես ի­մա­նալ…

ՆԵ­ՌՈ՛ — Պար­տա­վո՜ր­ եմ… Ե­թե դա հի­շե­ցիր, բա­րի ե­ղիր նաև լսել հրա­հանգ­ներս: (Խիստ:) Սսկվի՛ր­ ու դռա­նը չմո­տե­նա՛ս:

Ան­կա­նոն թա­կոց­ներ:

ԿԻՆ (այլևս ­չի թաքց­նում վա­խը): Կա­րող է ներս խու­ժել…

ՆԵ­ՌՈ՛ — Հան­գի՛ստ: Դու­ռը գաղտ­նագր­ված է:

ԿԻՆ –­ Իսկ ես վա­խե­նում եմ…

ՆԵ­ՌՈ՛ — Ու­շա­ցում­ներդ վա­խիդ հետ կապ ու­նե՞ն: Գո­նե հի­մա մի կեղ­ծիր… Կապ կա՞:

Ա­նընդ­մեջ թա­կոց­ներ:

ԿԻՆ – ­Կապ էլ լի­նի, դու պար­տա­վո՛ր­ ես ա­պա­հո­վել իմ անվ­տան­գութ­յու­նը:

ՆԵ­ՌՈ՛ — Ե­թե մինչև հի­մա ներս չի խու­ժել, իմ շնորհքն է: Թեև…

­ԿԻՆ –­ Ի՞նչ…

­ՆԵ­ՌՈ՛ — Ե­թե դու չբա­ցես դու­ռը:

ԿԻՆ(ակ­վա­րիու­մը տա­նում է իր տե­ղը, հըն­թացս): Զսպիր երևա­կա­յութ­յունդ, ե­թե ու­րիշ բա­նի ըն­դու­նակ չես: (Վե­րա­դառ­նում է, դա­րա­կից հա­նում է խնձո­րան­ման գուն­դը, նստում հա­տա­կին ու մե­քե­նա­յո­րեն կծում է:) Ին­չո՞ւ ­պի­տի բա­ցեմ:

Դրսից՝ տղա­մար­դու ձայն. «Օգ­նե՛ք… ­մեռ­նում եմ»…

­ԿԻՆ – ­Մեռ­նում է, ե­թե հա­վա­տանք ճի­չե­րին: Բայց հի­մա ո՞վ­ է հա­վա­տում ճչա­ցող­նե­րին:

ՆԵ­ՌՈ՛ — Ի­րոք մեռ­նում է:

ԿԻՆ – ­Պա­տից այն կողմ տես­նո՞ւմ­ ես:

ՆԵ­ՌՈ՛ — Տրա­մա­բա­նում եմ: Լսո՞ւմ­ ես ձայ­նը:

ԿԻՆ(իր վա­խի հետ է, ցրված): Հե­տո՞ ինչ…

ՆԵ­ՌՈ՛ — Ա­ռանց սկա­ֆանդ­րի է:

ԿԻՆ (կենտ­րո­նա­նա­լով): Հա­մո­զիչ էր: Հե­տո՛…

­ՆԵ­ՌՈ՛ — Ու­րեմն կմեռ­նի:

ԿԻՆ(հա­զում է, խնձո­րի կտո­րը խեղդ է գնա­ցել: Շուն­չը ետ բե­րե­լով): Իմ դռան ա­ռա՞ջ…

­ՆԵ­ՌՈ՛ — Պա­տա­հա­կա­նութ­յուն է… Գու­ցե:

Դրսից՝ «Օգ­նեք, սկա­ֆանդրս… վնաս­վել է»:

ԿԻՆ –­ Այ­սօր վնաս­ված հա­կա­գա­զե­րի մի­ջազ­գա­յին օ՞րն­ է:

ՆԵ­ՌՈ՛ — Ա­սածդ կա­տա՞կ­ էր… Ա­վե­լի լավ է գնա այս­տե­ղից, մինչև ա­մեն ինչ ա­վարտ­վի:

ԿԻՆ(խնձո­րը շպրտե­լով): Ո՜նց­ եմ զզվում…

ՆԵ­ՌՈ՛ — Չմո­տե­նաս դռա­նը:

ԿԻՆ(տե­ղից բարձ­րա­նա­լով): Մտքո՛վս­ էլ չի անց­նում:

ՆԵ­ՌՈ՛ — Չմո­տե­նա՛ս դ­ռա­նը:

ԿԻՆ(գնում է վա­րա­գույ­րի ետևը, այն­տե­ղից): Խա­տու­տի՜կս, քեզ հա­մար նոր հե­քիաթ եմ պատ­մե­լու…

ՆԵ­ՌՈ՛(բարձր՝ խլաց­նե­լով ա­նընդ­մեջ թա­կոց­նե­րը): Հա­մոզ­ված էի, որ չես մո­տե­նա դռա­նը:

ԿԻՆ(վե­րա­դառ­նում է, ջրի սրվա­կը դնում գրպա­նը): Լա՜վ­ ես սադ­րում: (Մո­տե­նում է դռա­նը:)

ՆԵ­ՌՈ՛(հրճվան­քով): Այդ­պես էլ գի­տեի…

ԿԻՆ(ըն­թաց­քից՝ քա­մահ­րան­քով): Սադ­րի՛չ: (Քիպ հպվե­լով դռա­նը:) Ո՞վ­ ես:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Օգ­նե­ցեք…

ԿԻՆ –­ Ո՞վ­ ես:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Բա­ցեք դու­ռը:

ԿԻՆ – Ս­կա­ֆանդ­րիդ ա­պա­կի՞ն­ է վնաս­վել:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Եր­կու կես է ե­ղել:

ԿԻՆ –­ Ինչ­պե՞ս­ ես հա­ջո­ղաց­րել:

ՏՂԱ­ՄԱՐԴ (լսվում է գետ­նին փլվող մարմ­նի ձայ­նը):

ԿԻՆ(Նե­ռո­յին): Դե ա­սա… Ի՞նչ­ ա­նեմ:

ՆԵ­ՌՈ՛–­ Ար­դեն ա­սել եմ՝ դու­ռը չբա­ցես:

 ԿԻՆ – ­Վա՛ղը քեզ կլիկ­վի­դաց­նեն, ո­րով­հետև այ­սօր քեզ կհանձ­նեմ:

Կի­նը բա­ցում է դու­ռը, ան­տա­նե­լի, ան­սո­վոր լույս է: Ա­րագ դուրս է գնում, քարշ տա­լով ներս է բե­րում Տղա­մար­դուն, հա­մար­յա շպրտում կող­քի:

ԿԻՆ (ծանր հ­ևա­լով): Կա­րող էիր զգու­շաց­նել, որ սկա­ֆանդր հագ­նեի:

ՆԵ­ՌՈ՛ — Նախ՝ վնաս­ված է, իսկ մինչև հագ­նեիր՝ կմեռ­ներ վերջ­նա­կա­նա­պես ու ան­վե­րա­դարձ:

ԿԻՆ(զննե­լով ըն­կա­ծին): Հի­մա ո՞ր ­փու­լում է:

ՆԵ­ՌՈ՛ — Ան­վերջ վե­րա­դար­ձի: Խո­սե­լու փո­խա­րեն հա­նիր կոմ­բի­նի­զո­նը: Ե­թե կեն­դա­նա­նա՝ շնոր­հա­կա­լութ­յուն կհայտ­նի… Գու­ցե:

Կի­նը հա­նում է ան­ծա­նո­թի սկա­ֆանդ­րը, ստու­գու­մէ՝ մեջ­տե­ղից կիս­ված է, մի կերպ հա­նում է կոմ­բի­նի­զո­նը, նա դեռ ան­գի­տա­կից է: Ստու­գում է զար­կե­րա­կը: Դա­րա­կից հա­նում է ռե­տի­նե կա­պիչ ու ան­սո­վոր գոր­ծիք: Կա­պի­չով կա­պում է ձեռ­քերն ու գոր­ծի­քով ինչ-որ մա­նի­պուլ­յա­ցիա­ներ ա­նում գլխի շրջա­նում:

ՆԵ­ՌՈ՛ — Փաս­տո­րեն օգ­նել կա­րող ես…

ԿԻՆ (ան­տե­սե­լով ա­սա­ծը): Մի քա­նի րո­պե էլ դրսում մնար…

Այդ պա­հին տղա­մար­դը ուժ­գին ցնցվում, նստում է տե­ղում ու դեռ լրիվ ուշ­քի չե­կած՝ կա­պած ձեռ­քե­րով այն­պես է հրում, որ Կի­նը շպրտվում է մի կողմ ու հար­վա­ծից ու­շա­թափ­վում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հե­ռո՛ւ­ ինձ­նից…

ՆԵ­ՌՈ՛(քրթմնջում է): Որ ա­սում էի՝ շնոր­հա­կա­լութ­յուն կհայտ­նի՞…

Տ­ՂԱ­ՄԱՐԴ –­ Որ­տե՞ղ­ եմ…

ՆԵ­ՌՈ՛ — Դժոխ­քում:

ՏՂԱ­ՄԱՐԴ (ի­զուր փոր­ձե­լով ոտ­քի կանգ­նել): Ին­չո՞ւ… դ­ժոխ­քում:

ՆԵ­ՌՈ՛ — Ջու­րը դրախ­տում է:

ՏՂԱ­ՄԱՐԴ (նկա­տե­լով, որ Կի­նը ու­շա­թափ է): Ո՞ւմ ­հետ եմ խո­սում:

ՆԵ­ՌՈ՛ — Ռո­բոտ ո­ւի­վեր­սալ Նե­ռո՛: Նե­րո­նի հետ չշփո­թե՛լ: Չհարց­նե՛լ՝­ ինչ է նշա­նա­կում Նե­ռո՛՝­ ան­պայ­ման շեշ­տով: Չե՛մ­ ա­սի:

ՏՂԱ­ՄԱՐԴ (ան­տե­սե­լով նրան ու ու­շա­դիր զննե­լով Կնո­ջը): Իսկ նա՞…

­ՆԵ­ՌՈ՛ — Բնա­կա­րա­նի տան­տերն է ու իմ տի­րու­հին: (Հո­գո­ցով:) Գու­ցե ար­դեն՝ է՛ր: Ի դեպ, նա քեզ փրկեց:

Տղա­մար­դը մի կերպ ձեռ­քերն ա­զա­տում է կա­պան­քից ու հա­տա­կի վրա սո­ղա­լով հաս­նում է Կնո­ջը, ստու­գում է զար­կե­րա­կը, հե­տո… ապ­տա­կում է: Կի­նը բա­ցում է աչ­քե­րը:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հի­մա ես փրկե­ցի:

ՆԵ­ՌՈ՞ — Հա­շի­վը հա­վա­սար­վեց:

ԿԻՆ(մի պահ զննում է նրան, հի­շում՝ ով է, հե­տո, շփե­լով այ­տը): Նե­ռո՛, զան­գիր ար­ձա­գանք­ման կենտ­րոն: Ա­րա՛գ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Պետք չէ, ինձ լավ եմ զգում:

ԿԻՆ –­ Ե՛ս­ ինձ վատ կզգամ, ե­թե այս­տե­ղից չգնաք: Նե­ռո՛, ո՞ւմ­ ա­սա­ցի, զան­գիր:

ՆԵ­ՌՈ՛(մե­լան­խո­լիկ): Նա չի ու­զում:

ԿԻՆ –­ Ե՛ս­ եմ ու­զում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նե­ռո՛ն ­ճիշտ է ա­սում, պետք չէ զան­գել:

ԿԻՆ(կծու հեգ­նան­քով): Ձեր սկա­ֆանդ­րը կիս­վե՞լ­ է, իսկ գու­ցե դա­նա­կո՞վ­ են հար­վա­ծել, կամ կաց­նո՞վ… ­Կոմ­բի­նի­զոնն էլ վնաս­ված է… Իմ գոր­ծը չէ՝ ին­չու են ու­զում ձեզ սպա­նել: Ում որ պետք է՝ նա կպար­զի:

ՆԵ­ՌՈ՛ — Կար­ծում եմ, մո­տեր­քում նրան սպա­սում են:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նե­ռո՛, դու հրաշք ես, թեև չգի­տեմ, թե ին­չու են այդ ա­նու­նը քեզ տվել: (Կնո­ջը.) Ինձ կսպա­նի, ե­թե շրջա­պատ­ված լի­նեմ շտապ ար­ձա­գանք­ման ա­մե­նապ­րո­ֆե­սիո­նալ գոր­ծա­կալ­նե­րով:

ԿԻՆ –­ Ո՞վ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նա: Ա­վե­լին ա­սել չեմ կա­րող, միայն ու­շա­դիր նա­յեք՝ հան­ցա­գոր­ծի նմա՞ն­ եմ:

ԿԻՆ(իր մտքի հետ): Ա­սում եք՝ նա՞… ­Կա­րո՞ղ­ եք նկա­րագ­րել…

ՆԵ­ՌՈ՛ –­ Ինչ­պե՞ս… ­բո­լորդ նույնն եք՝ նույն ան­ճոռ­նի հան­դեր­ձան­քով:

ԿԻՆ – ­Հան­ցա­գոր­ծին միշտ էլ կա­րե­լի է տար­բե­րել:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հան­ցա­գոր­ծի նմա՞ն­ եմ:

ԿԻՆ –­ Երկ­րորդ ան­գամ եք հարց­նում:

ՆԵ­ՌՈ՛ — Է­լի կհարց­նի, մինչև պա­տաս­խա­նես:

ԿԻՆ — Նե­ռո՛, քեզ զսպիր: (Տղա­մար­դուն.) Բա­ցար­ձակ ազ­նիվ մար­դու նման չես:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հենց գտնեք բա­ցար­ձակ ազ­նիվ մարդ կամ գո­նե ռո­բոտ՝ կա­սեք: (Կա­մաց:) Ինձ ժա­մա­նակ է պետք:

ԿԻՆ –­ Ինչ­քա՞ն:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Զան­գեմ ըն­կե­րոջս, օգ­նութ­յան կգա:

ԿԻՆ –­ Ե՞րբ կ­գա:

ՆԵ­ՌՈ՛ — Կես­գի­շե­րից ոչ շուտ: (Կան­խե­լով Կնո­ջը.) Չեմ մո­ռա­ցել, պի­տի զե­կու­ցեմ տա­րած­քում ան­ծա­նո­թի հայտն­վե­լու մա­սին:

ԿԻՆ – ­Միայն խոս­տա­նում ես… Զե­կու­ցի՛ր:

ՆԵ­ՌՈ՛ – ­Թեև… շ­տա­պել չար­ժե, հաշ­վի առ­նե­լով ի­րա­վի­ճա­կի նմա­նութ­յու­նը. եր­կու­սիդ էլ հե­տապն­դում են ու…

ԿԻՆ(կան­խե­լով): Չշա­րու­նա­կե՛ս:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ին­չո՞ւ, թող խո­սի: Նե­ռո՛, շա­րու­նա­կիր:

ԿԻՆ –­ Այս­տեղ ե՛ս­ եմ հրա­մա­յում:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ըն­դա­մե­նը ու­զում եմ ի­մա­նալ՝ ձեզ է՞լ­ են հե­տապն­դում:

ԿԻՆ(դա­դա­րից հե­տո): Ու­մի՞ց­ եմ պա­կաս:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հա­մա­ձայն եմ: Քա­նի՞սն­ են:

ԿԻՆ(դա­դա­րից հե­տո): Չգի­տեմ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Թույլ տվեք չհա­վա­տալ:

ԿԻՆ – ­Թույլ եմ տա­լիս:

ՆԵ­ՌՈ՛ –­ Ան­ծա­նո՛թ, ճիշտ տոն եք վերց­րել, շա­րու­նա­կեք հար­ցաքն­նել:

ԿԻՆ և ՏՂԱ­ՄԱՐԴ(միա­սին): Ձա՛յնդ… (Շփո­թա­հար, ա­ռա­ջին ան­գամ ու­ղիղ նա­յում են ի­րար:)

ՆԵ­ՌՈ՛(մե­կու­սի): Սկսվե՜ց… (Բարձր:) Ինչ­պես ա­սեք, բայց այս պա­հից լսո­ղի դե­րում եմ:

ԿԻՆ – ­Վա­ղուց պի­տի սսկվեիր: (Հա­յաց­քը Տղա­մար­դուց չկտրե­լով:) Ու­րեմն՝ հար­ցաքն­նում եք…

ՏՂԱ­ՄԱՐԴ(ա­վե­լի մեղմ): Ըն­դա­մե­նը հե­տաքրքր­վում եմ՝ պատ­ճա­ռը գի­տե՞ք:

ԿԻՆ(հար­ձակ­ման է անց­նում): Ե­թե ա­սեմ, որ եր­կու­սիս պատ­ճառն էլ նույնն է՞:

ՏՂԱ­ՄԱՐԴ(ակն­հայտ սպա­սում էր այդ պա­տաս­խա­նին, գոհ): Կհա­վա­տամ, ի­րա­վի­ճա­կը լար­ված է:

ՆԵ­ՌՈ՛ – ­Կա­սեի՝ պայ­թու­նավ­տանգ է:

ԿԻՆ –­ Է­լի խո­սե­ցի՞ր:

ՆԵ­ՌՈ՛ — Ստիպ­ված:

ԿԻՆ(Նե­ռո՛յին, զննող հա­յաց­քը չկտրե­լով Տղա­մար­դուց): Հիմ­նա­վո­րիր:

ՆԵ­ՌՈ՛ – Զ­գու­շաց­նում եմ, իսկ հատ­կա­պես ո՛ւմ, գու­շա­կեք: 

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նե­ռո՛, շա­րու­նա­կիր զար­մաց­նել: (Կնո­ջը.) Ձեզ ին­չո՞ւ­ են հե­տապն­դում:

ԿԻՆ(զննու­մից հետևութ­յուն ա­նե­լով՝ «փակ­վում» է, կո­պիտ): Էլ ի՞նչ ­կու­զեիք, որ ա­սեի:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հա­նում եմ հարցս: Հա­վա­տա­ցեք, թքա՛ծ­ ու­նեմ ձեր պրոբ­լեմ­նե­րի վրա:

ԿԻՆ –­ Ա­րագ կողմ­նո­րոշ­վե­ցիք:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Այդ մե­կը կա­րող եմ: (Դա­դա­րից հե­տո՝ ինչ-որ բան ո­րո­շե­լով:) Վա­րա­գույ­րի ետևում կսպա­սեմ: (Գլու­խը շփե­լով:) Չմո­ռա­նամ… շնոր­հա­կա­լութ­յուն, մա­հից փրկե­ցիք:

ԿԻՆ –­ Ու դեռ զղջա­լու եմ:

ՆԵ­ՌՈ՛ — Շատ ես զղջա­լու: (Տղա­մար­դուն.) Չզան­գես ըն­կե­րոջդ, զան­գով քեզ կգտնեն: Ես կզան­գեմ:

ՏՂԱ­ՄԱՐԴ(ա­նակն­կա­լի գա­լով): Նե­ռո՛, ինչ­պե՞ս­ են շնոր­հա­կալ լի­նում ռո­բո­տից:

ՆԵ­ՌՈ՛ — Հար­ցեր չտա­լով:

ՏՂԱ­ՄԱՐԴ – Տ­րա­մա­բա­նա­կան է: Իսկ ըն­կե­րոջս հե­ռա­խո­սա­հա­մա­րը… (Նե­ռո՛յի կա­մաց ծի­ծա­ղը:) Դե հա, ար­դեն ճշտել ես:

ԿԻՆ(Նե­ռո­յին): Նո­րաձևութ­յան բա­ցի դե­տեկ­տի­վով է հե­տաքրքր­ված:

ՏՂԱ­ՄԱՐԴ(տե­ղից բարձ­րա­նա­լով): Ա­գա­թա Քրիս­տի՞:

ՆԵ­ՌՈ՛ — Էդ­գար Պո՛:

ԿԻՆ – Լ­ռե՛ք ­վեր­ջա­պես: Եր­կուսդ էլ: (Տղա­մար­դուն վա­րա­գույ­րը ցույց տա­լով:) Այն կողմ:

Տղա­մարդն անց­նում է վա­րա­գույ­րի ետևը:

ԿԻՆ  — (սպա­սե­լով, մինչև Տղա­մար­դը գնա, կա­մաց): Նե­ռո՛, ո՞վ­ է… Ա­րա­գաց­րու, նրա  տվյալ­ներն են պետք, բո­լո՛րը: Ու միաց­րու վեր­ջին նո­րութ­յուն­նե­րը: Միայն կա­մաց, չլսի…

Միա­նում է ռա­դիոն:

ՀԱ­ՂՈՐ­ԴԱ­ՎԱՐ –­ Այս նո­րույ­թը կթեթևաց­նի ծան­րա­գույն պրոբ­լե­մը, այ­սինքն՝ կդան­դա­ղեց­նի մաշ­կա­յին ծած­կույ­թի թե­փու­կաց­ման պրո­ցե­սը: Քսու­քի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րութ­յունն ար­դեն սկսված է, շու­տով դե­ղա­մի­ջո­ցը կհայտն­վի վա­ճառ­քում: Իսկ այժմ՝ քրեա­կան քրո­նի­կոն. Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան ան­մար­դաբ­նակ կղզի­նե­րից մե­կում հայտ­նա­բե­րել են Յոթն­յա­կից հին­գե­րոր­դի դիա­կը՝ քուն­քին ար­ձակ­ված գնդա­կով:

Վա­րա­գույ­րի ետևից զգույշ դուրս է գա­լիս Տղա­մար­դը և քա­րա­նում:

ՀԱ­ՂՈՐ­ԴԱ­ՎԱՐ – Ս­պան­վա­ծը Հզոր Յոթն­յա­կից էր, որն ի­րա­կա­նաց­նե­լով հա­մաշ­խար­հա­յին նվաճ­ման ոճ­րա­գործ ծրա­գի­րը՝ մո­լո­րա­կը մատ­նեց ան­դառ­նա­լի ա­ղե­տի: Ինչ­պես հա­ղոր­դում է մեր հա­վաս­տի աղբ­յու­րը, մար­դաս­պա­նը վրի­ժա­ռու խմբի ան­դամ է: Հի­շեց­նենք, որ խմբի նպա­տա­կը Յոթն­յա­կին վե­րաց­նելն է: Սպան­վա­ծը խմբի հեր­թա­կան զոհն է: Յոթն­յա­կից այս պա­հին ողջ են մնա­ցել եր­կու­սը: Ինչ­պես ան­հա­ջող, բայց շատ տե­ղին կա­տա­կեց գոր­ծըն­կեր՝ դե՛ռ­ ողջ են մնա­ցել եր­կու­սը: Այժմ՝ ե­ղա­նա­կի մա­սին…

ԿԻՆ – ­Նե­ռո՛, ան­ջա­տիր:

Ռա­դիոն ան­ջատ­վում է: 

ՆԵ­ՌՈ՛ –­ Իսկ ե­ղա­նա­կի տե­սութ­յո՞ւնը…

ԿԻՆ(կծու): Ի՞նչ ­նոր բան պի­տի ա­սեն՝ մշտա­կան թթվա­յին տե­ղում­ներ, ռա­դիա­ցիոն մրրիկ­ներ… Բայց եր­կին­քը՝ ա­նամպ: Որ­տե­ղի՞ց­ ամպ լի­նի, ամ­պի հա­մար գո­լոր­շիա­ցող ջուր է պետք: Իսկ ջու­րը քա­րան­ձավ­նե­րից են հա­նում՝ տասն­յակ կի­լո­մետ­րեր հո­րա­տե­լով, և ա­մեն օր՝ ա­վե­լի ու ա­վե­լի քիչ: (Չշրջվե­լով Տղա­մար­դու կող­մը:) Ին­չո՞ւ ­դուրս սո­ղա­ցիր, կես­գի­շե­րին ժա­մա­նակ կա: Քնիր, ծանր օր էր…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Գի­շերն էլ պա­կաս ծանր չի լի­նի:

ԿԻՆ – Վս­տահ ես ա­սում: Կամ ան­կեղծ ես:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ան­ցաք դու-ի՞:

ԿԻՆ – ­Նույ­նիսկ ու­շաց­րել եմ: Վե­րա­դար­ձի՛ր ­տեղդ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Քիչ ա­ռաջ, գի­տե՞ք, ինչ էի մտա­ծում:

ԿԻՆ – ­Չի հե­տաքրք­րում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Փոր­ձում էի հի­շել, թե վեր­ջին ան­գամ երբ եմ հյուր գնա­ցել:

ԿԻՆ – Չ­հի­շե­ցի՛ր:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Դո՞ւք… 

ԿԻՆ – ­Խոս­տո­վա­նութ­յա՞ն­ ես սպա­սում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Ձե­զա­նի՞ց… ­Բան էր՝ ա­սա­ցի: 

ԿԻՆ – ­Հա­վա­տամ, որ հենց այն­պես հարց­րի՞ր:

ՏՂԱ­ՄԱՐԴ(հաշ­տութ­յան փոր­ձով): Ու­րեմն պատ­կե­րաց­րեք, որ ձեզ հյուր եմ ե­կել:

ԿԻՆ(շրջվում, ս­ևե­ռուն նա­յում է): Ա­ռանց ծաղ­կեփն­ջի ու շո­կո­լա­դի, բայց՝ կիս­ված հա­կա­գա­զով:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Բայց հյուր, թե­կուզ՝ ան­կոչ:

ԿԻՆ – Հ­յուր չեմ ըն­դու­նում, հյու­րի չեմ սպա­սում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – Հ­յու­րա­սի­րութ­յան հույս չու­նեմ, պար­զա­պես…

ԿԻՆ –­ Ի՞նչ…

Տ­ՂԱ­ՄԱՐԴ – ­Ռա­դիոն միաց­րեք:

ԿԻՆ –­ Ի՞նչ­ ես ու­զում լսել:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Թե­կուզ… ե­ղա­նա­կի մա­սին:

ԿԻՆ(ան­թա­քույց հեգ­նան­քով): Քիչ ա­ռաջ խոս­տա­ցան անձրև՝ ­կայ­ծա­կով, ո­րո­տով, հա­մար­յա հե­ղեղ, չէ՝ ջրհե­ղեղ…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ինք­նա­տիպ հու­մոր ու­նեք, միա­ժա­մա­նակ սա­դիս­տա­կան ու մա­զո­խիս­տա­կան:

ԿԻՆ –­ Ինք­նա­տիպ հու­մո­րից ա­վե­լի գու­շա­կե­լու շնորհք ու­նեմ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Միայն բախտս չգու­շա­կեք:

ԿԻՆ – Դ­րա ժա­մա­նակն էլ կգա: Իսկ քեզ ե­ղա­նա­կը չի հե­տաքրք­րում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Շա­րու­նա­կեք, ինձ դուր է գա­լիս ձեր մտքե­րի ըն­թաց­քը:

ԿԻՆ – Ս­պան­վա­ծի մա­սին ման­րա­մաս­նե՞ր­ ես ու­զում լսել: Չէ՞ որ այդ պա­հին հայտն­վե­ցիր:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Ծոծ­րա­կին ա՞չք­ ու­նեք:  

ԿԻՆ –­ Ոչ միայն: Վե­րա­դառ­նանք սպան­վա­ծին…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ինձ ողջ մնա­ցած­ներն են հե­տաքրք­րում:

ԿԻՆ(գո­հու­նակ): Վեր­ջա­պե՛ս­ ա­սա­ցիր, ինչ մտա­ծում ես: Ու դա խոս­տո­վա­նութ­յու­նից շատ ա­վե­լին է:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Չա­փա­զանց­նում եք… Ո՞վ ­չի հե­տաքրք­վում այդ պատ­մութ­յամբ, կա՞ մի մարդ, ով ողջ է մնա­ցել ու չի սպա­սում հան­գու­ցա­լուծ­մա­նը:

ԿԻՆ – ­Կա՛:

ՆԵ­ՌՈ՛(հո­գոց հա­նե­լով): Կա…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ու­զում եք ինձ հա­մո­զել, որ դո՞ւք…

­ԿԻՆ — Ե՛ս:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Անհ­նար է:

ԿԻՆ –­ Ին­չո՞ւ, ես թքած ու­նեմ և՛ սպան­ված­նե­րի, և՛ նրանց սպա­նող­նե­րի վրա:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ա՛ն-­հը՛-նա՛ր­-է՛: 

ԿԻՆ –Ի՛ն-­չո՛ւ:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ո­րով­հետև պի­տի հի­շես, չես կա­րող մո­ռա­նալ, թե ինչ­պես յոթ մարդ կա­րո­ղա­ցան սպա­նել մեր կա­նաչ մո­լո­րա­կը:

ԿԻՆ –­ Ըն­դա­մե­նը մի քա­նի­սի ամ­բի­ցիա­նե­րը հա­սել էին այն­պի­սի աս­տի­ճա­նի, որ այդ բա­նը պի­տի պա­տա­հեր ուշ թե շուտ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Դու չես կա­րող այդ­պես խո­սել, կամ ան­մեղ­սու­նակ ես, կամ…

ԿԻՆ(սադ­րե­լով): Հա­պա, հա­պա՞…

Տ­ՂԱ­ՄԱՐԴ – Հ­րեշ:

ԿԻՆ –­ Ա­վե­լի կոշտ բնո­րոշ­ման էի սպա­սում… Ե՞րբ­ ան­ցար դու-ի:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Երբ ա­սա­ցի, ինչ մտա­ծում եմ:

ԿԻՆ – ­Լուրջ փաս­տարկ է, ստիպ­ված ենք շա­րու­նա­կել մեր զրույ­ցը: Հրեշ­նե­րից հինգն ար­դեն սպան­ված են… Կա­սե՞ս, ի՛նչն­ է զա­վեշ­տը:

ՏՂԱ­ՄԱՐԴ – Ն­րանք ձգտում էին հա­մաշ­խար­հա­յին տի­րա­կա­լութ­յան, բայց ջրա­յին ա­ղե­տից հե­տո թաքն­վե­ցին մո­լո­րա­կի խուլ անկ­յուն­նե­րում՝ ծպտված, ու­րի­շի ա­նու­նով… Ի­զուր: Ա­ռա­ջին սպան­վա­ծին գտան ալպ­յան լեռ­նե­րում, որ­սոր­դա­կան ան­շուք կա­ցա­րա­նում: 

Այս պա­հից նրանց երկ­խո­սութ­յու­նը հի­շեց­նում է սու­սե­րա­մար­տիկ­նե­րի սրըն­թաց հար­ված­ներ:

ԿԻՆ –­ Երկ­րոր­դը մեք­սի­կա­կան խուլ գյու­ղում էր թաքն­վել…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Եր­րոր­դը հա­սել էր մինչև Գրեն­լան­դիա…

ԿԻՆ – ­Չոր­րոր­դը ի­ջել էր չի­նա­կան ա­մե­նա­խոր ձորն ու ճգնա­վոր էր խա­ղում…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հին­գե­րոր­դի մա­սին քիչ ա­ռաջ ա­սա­ցին…

ԿԻՆ – Մ­նա­ցին եր­կու­սը:

Դա­դար:

ԿԻՆ –­ Ին­չո՞ւ լ­ռե­ցիր…

ՆԵ­ՌՈ՛ — Վա­ղուց պինգ-պոնգ երկ­խո­սութ­յուն չէր լսել: Չէ, եր­բեք չէի լսել:

ԿԻՆ – ­Նե­ռո՛…

ՆԵ­ՌՈ՛ — Դե հա, մո­ռա­ցել եմ պար­տա­կա­նութ­յուն­նե­րիս մա­սին, բայց… խոս­տո­վա­նեք, թե­ման շատ ինտ­րի­գա­յին է:

ԿԻՆ –­ Ար­դեն պար­զած պի­տի լի­նեիր, թե ով է այս սուբ­յեկ­տը, վեր­ջա­պես ի՞նչ­ է ա­նում այս­տեղ:

ՏՂԱ­ՄԱՐԴ(խաղ է սկսում): Ներ­կա­յութ­յունս այդ աս­տի­ճա՞ն­ է հու­զել երևա­կա­յութ­յունդ… Նե­ռո՛, նկա­տի առ, որ չճշտե­ցի՝ տի­րու­հուդ ո՛ր­ երևա­կա­յութ­յու­նը:

ՆԵ­ՌՈ՛ — Կզգու­շա­նամ գու­շա­կել…

ԿԻՆ – Չ­լի­նի՞ սեք­սո­ւալ երևա­կա­յութ­յանս մա­սին է ակ­նարկդ: Գե­րագ­նա­հա­տում ես քեզ:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ին­չո՞ւ­ ոչ, ա­մեն օր ձեռ­քիդ տակ տղա­մարդ չի հայտն­վում…

ԿԻՆ – Լ­սիր, դո՛ւ…

­ՆԵ­ՌՈ՛ — Break! Կրքե­րը ժա­մա­նա­կից շատ շուտ բոր­բո­քե­ցիք… (Կնո­ջը.) Սադ­րան­քի ես տրվում… Վե­րահս­կիր հույ­զերդ: (Տղա­մար­դուն.) Իսկ դու վեր­ջաց­րո՛ւ ­խաղդ ու սկսիր խո­սել:

Դա­դար: Կինն ու Տղա­մար­դը ա­նակն­կա­լի են ե­կել: Կի­նը նստում է հա­տա­կին՝ դեմ­քին ան­թա­փանց դի­մակ: Տղա­մար­դը ա­սես տե­ղը չի գտնում:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նե­ռո՛, շշե­ցի՛ր, ինչ­պես ա­սում է ըն­կերս: (Դա­դա­րից հե­տո: Կնո­ջը.) Ին­չո՞ւ­ են փնտրում, ի՞նչ ն­պա­տա­կով… Խու­ճապն ար­դեն քո մեջ է: Ին­չո՞ւ ­չես մտա­ծում, որ ես էլ կա­րող եմ հայտն­վել նման պատ­մութ­յան մեջ: Ինչ­պես դու:

ԿԻՆ –­ Ես ու դո՞ւ… ­մենք շատ տար­բեր ենք նույն պատ­մութ­յան մեջ հայտն­վե­լու հա­մար:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ու­րեմն ա­սա, որ այս օ­րե­րին չես զգա­ցել, ինչ­պես է թի­կունքդ սկսում այր­վել ինչ-որ մե­կի հա­յաց­քից:

ԿԻՆ(իբր անվր­դով): Դրսում ա­մեն ինչ հնա­րա­վոր է:

ՏՂԱ­ՄԱՐԴ(հիպ­նո­սող հա­յաց­քը չկտրե­լով Կնո­ջից, նստում է հա­տա­կին՝ նրա դի­մաց): Խոս­տո­վա­նիր, որ վա­խե­նում ես շրջվել, բայց գի­տես, որ հետևում է՝ ա­վե­լի ու ա­վե­լի մո­տե­նա­լով… Ու երբ ձեր բա­ժա­նում է մի քա­նի քայլ, սկսում ես վա­զել: Սկզբում դան­դաղ, հե­տո աս­տի­ճա­նա­բար ա­րա­գաց­նում ես քայ­լերդ, և ար­դեն սլա­նում ես՝ չտես­նե­լով՝ ուր, իսկ վախդ ստի­պում է՝ փախ­չե՛լ, փրկվե՛լ…

­ԿԻՆ – Լ­ռի՛ր…

ՆԵ­ՌՈ՛ — Չի՛ լռի, ո­րով­հետև վեր­ջա­պես հա­սել է քեզ: Այդ­պես չէ՞, ան­ծա­նոթ:

ՏՂԱ­ՄԱՐԴ(տե­ղից բարձ­րա­նա­լով): Այդ­պես է:

ԿԻՆ –­ Ի՞նչ­ ես քրթմնջում, Նե­ռո՛:

ՆԵ­ՌՈ՛ — Ե­կել է քեզ սպա­նե­լու:

ԿԻՆ(տե­ղից բարձ­րա­նում, մո­տե­նում է հա­յե­լուն, ուղ­ղում գլխար­կը, իբր՝ հու­սա­խաբ): Բաց­բե­րա՛ն, ի՜նչ­ ա­նակն­կալ փչաց­րիր:

ՆԵ­ՌՈ՛ — Հա­մա­ձայն եմ, բայց դու վե­ցե­րորդն ես:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Ռո­բո­տը եր­բե՛ք ­չի սխալ­վում: Չէ, մի ան­գամ սխալ­վեց, երբ ինձ ներս թո­ղեց:

ԿԻՆ(որ տեն­դա­գին հա­վա­քում է ցրված ի­րե­րը): Ե՛ս­ եմ քեզ ներս թո­ղել… քարշ տա­լով:

ՆԵ­ՌՈ՛ — Իսկ ես չխան­գա­րե­ցի:

ԿԻՆ (ի­զուր փոր­ձե­լով դո­ղա­ցող ձեռ­քե­րով ի­րար վրա դար­սել պլաս­տի­կե տու­փե­րը): Բայց կա­րո՛ղ­ էիր:

ՆԵ­ՌՈ՛ – ­Դու էլ գի­տես, որ այս­պես եր­կար շա­րու­նակ­վել չէր կա­րող:

ԿԻՆ – ­Դե­մա­գո՛գ: (Քիպ մո­տե­նում, զննում է Տղա­մար­դուն): Ծա­նոթ­նե՞ր­ ենք: Պա­տա­հա­կան հան­դի­պո՞ւմ… հ­պան­ցիկ զրո՞ւյց…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ա­ռա­ջին ան­գամ ենք հան­դի­պում: Հանգս­տա­ցիր, մենք ընդ­հա­նուր անց­յալ ու­նե­նալ չենք կա­րող:

ԿԻՆ(վա­րա­գույ­րի ետևից բե­րում է ա­թոռ, նստում, ա­սես գա­հի վրա է): Երբ մեզ­նից ա­ռա­ջի­նին սպա­նե­ցին, իսկ նա հզո՛ր տ­ղա­մարդ էր, նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար մորն ան­գամ կու­րա­նար, մտա­ծե­ցի՝ պա­տա­հա­կա­նութ­յուն է, կամ գու­ցե նյար­դե­րը տե­ղի են տվել, ինք­նաս­պան է ե­ղել, ի՞նչ­ ի­մա­նամ… Երկ­րոր­դը ճլուզ, զզվե­լի մեկն էր՝ սպան­վե­լու լու­րը հա­ճույ­քով լսե­ցի… Մշտա­պես ազ­դում էր նյար­դե­րիս վրա: Եր­րոր­դը ա­մե­նաազն­վա­կան ըն­տա­նի­քի տի­կին էր՝ ե­րա­զում էր թա­գադր­վել աշ­խար­հի տի­րու­հի… Ա՛յ, նրա մա­հից հե­տո  սկսե­ցի մտա­ծել, թե վրի­ժա­ռու­նե­րին ի՞նչն­ է մո­տի­վաց­նում: Կար­ծում ես, հենց այն­պե՞ս ­քեզ ներս թո­ղե­ցի, կա­րող էի կան­չել, ում հարկն է, ու վերջ: Քե՛զ՝ ­վերջ: Բայց ոչ միայն քարշ տվե­ցի այս­տեղ, նույ­նիսկ փրկե­ցի: Կա­սե՞ս, հա­նուն ին­չի:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Իմ խոս­տո­վա­նութ­յան:

ԿԻՆ – ­Բի՛նգո: Սկսի՛ր: Չէ, սպա­սիր, թող ես գու­շա­կեմ: Հա­մաշ­խար­հա­յին ա­ղե­տից մա­հա­ցել է ըն­տա­նիքդ, ծնող­ներդ, բո­լոր-բո­լոր ըն­կեր­ներդ, ծա­նոթ-ան­ծա­նոթ­նե­րը… Ու դու նախ նրանց վրեժն ես լու­ծե­լու, հե­տո նոր միայն՝ կոր­ծան­վող մո­լո­րա­կի վրե­ժը: (Ինք­նա­գոհ քմծի­ծա­ղով:) Գու­շա­կե­ցի՞…

ՏՂԱ­ՄԱՐԴ(գնում, վա­րա­գույ­րի ետևից ա­թոռ է բե­րում, նստում է Կնոջ դի­մաց): Երբ ծնվեց աղ­ջիկս, ժա­մե­րով նստում էի օ­րո­րո­ցի կող­քին ու նա­յում՝ ինչ­պես է շնչում, քնի մեջ ժպտում… Տե­սած կա՞ս, ինչ­պես են ե­րե­խա­նե­րը ժպտում ե­րա­զում:

ԿԻՆ(չոր): Ժա­մա­նակ չեմ ու­նե­ցել:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ի՜նչ­ ես կորց­րել: Տատս ա­սում էր, որ ե­րա­զում նո­րա­ծին­նե­րը ի­րենց հրեշ­տա­կին են տես­նում, խո­սում են նրանց հետ… Ես կա­րող էի ժա­մե­րով նա­յել իմ քնած հրեշ­տա­կին:

ԿԻՆ(իբր՝ ինքն ի­րեն): Աշ­խար­հում ինչ­քա՛ն ­պա­րապ ժա­մա­նակ ու­նե­ցող կա, գրո՛ղը տա­նի:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հաս­կա­նում եմ, ին­չու ես խայ­թում, բայց պի­տի ա­վար­տեմ պատ­մութ­յունս: Ա­չո­նիկս շատ ա­րագ ոտ­քի ե­լավ, մեկ տա­րե­կան ար­դեն քայ­լում էր ու ծի­ծա­ղում՝ իր քայ­լե­րի վրա ու­րա­խա­ցած… Լսած կա՞ս, ինչ զրնգուն է մեկ տա­րե­կան ե­րե­խա­յի ծի­ծա­ղը: Ախ, հա՜, ժա­մա­նակ չես ու­նե­ցել: Դու քո ժա­մա­նա­կը ծախ­սել ես, որ­պես­զի մա­հա­նար իմ ա­չո­նի­կի հրեշ­տա­կը, որ­պես­զի սպան­վեր իմ աղջ­կա ծի­ծա­ղը:

ԿԻՆ(ինք­նա­գոհ): Քեզ անձ­նա­կան վրեժն է ա­ռաջ մղում, ոչ թե…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Այդ­պես էլ պի­տի լի­ներ. սկզբում իմ ցա­վը, ի՛մ ­ցա­վը, որ մի վայրկ­յան հան­գիստ չի թող­նում: Ե­թե չլի­ներ անձ­նա­կան ցա­վը, ինչ­պե՞ս ­պի­տի զգա­յի կոր­ծան­ված մո­լո­րա­կի ցավն այն աս­տի­ճան, որ մո­ռա­ցած ա­մեն ինչ, ար­դեն ո­րե­րորդ տա­րին, որս­կան շան պես հետքդ փնտրեմ, գի­շե­րեմ՝ որ­տեղ պա­տա­հի, ա­մեն վայրկ­յան ծա­րա­վից կամ ճա­ռա­գայ­թու­մից մեռ­նե­լը աչ­քիս ա­ռաջ… Ու մեզ­նից ա­մեն մե­կը իր ցա­վի, կո­րուստ­նե­րի վրեժն է լու­ծում, ո­րը կոր­ծան­վող աշ­խար­հի ցա­վի ծան­րութ­յան հետ հա­վա­սար է ու գու­ցե՝ ա­վե­լի:      

ԿԻՆ – (տե­ղից բարձ­րա­նա­լով): Մի րո­պե… (Գնում է վա­րա­գույ­րի ետևը, ա­նո­րոշ աղ­մուկ, ջարդ­վող ա­պա­կու ձայն, վե­րա­դառ­նում է՝ ձեռ­քին մուգ հե­ղու­կով լի­քը բա­ժա­կով): Շա­տո Լա­ֆի­տի վեր­ջին բա­ժակն է, ա­սենք, ե­թե վեր­ջինն էլ չլի­ներ, է­լի չէի ա­ռա­ջար­կի: (Չա­փա­զանց­ված հա­ճույ­քով կում է ա­նում:) Գե­ղե­ցիկ ապ­րե­լու հա­մար եր­բեք ուշ չէ:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Բայց դու ու­զում էիր ա­սել՝ գե­ղե­ցիկ մեռ­նե­լու հա­մար:

ԿԻՆ(բարձ­րա­ձայն մտո­րում է): Հեր­թա­կան ան­գամ պի­տի փախ­չեմ, թաքն­վեմ նոր ան­վան տա՞կ… ­Հեր­թա­կան ռո­բո­տը պատ­վի­րեմ… (Դա­դա­րից հե­տո, դժվար է խո­սե­լը:) Զգում էի՝ ինչ­պես է օ­ղա­կը սեղմ­վում շուրջս, օր օ­րի հա­մոզ­վում էի, որ գտել ես ինձ… Կար­ծում էի, կհասց­նեմ այս ան­գամ էլ մաք­րել հետ­քերս… (Դա­դա­րից հե­տո:) Ինչ­պե՞ս գ­տար:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հեշտ չէր: Դու հի­մա շար­քա­յին ծա­ռա­յող ես, ապ­րում ես բո­լո­րի նման՝ ար­դեն 230 գրամ ջրի հույ­սին, դրսում՝ ան­ճոռ­նի հան­դեր­ձան­քով, ներ­սում էլ բա­նի նման չես: Ա­սեմ, որ շատ ես փոխ­վել:

ԿԻՆ(բարձ­րաշ­խար­հիկ ան­հո­գութ­յամբ): Դե, մի քա­նի պլաս­տիկ վի­րա­հա­տութ­յուն, և…

Տ­ՂԱ­ՄԱՐԴ – ­Ծե­րա­ցել ես:

ԿԻՆ(չոր): Ծպտվել՝ բո­լոր հնա­րա­վոր մի­ջոց­նե­րով, նշա­նա­կում է նաև ծե­րա­նալ…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­…այն աս­տի­ճան, որ նույ­նիսկ քո կրկնակ-ռո­բո­տը չի­մա­նա՝ ով ես: Թեև… ­Նե­ռո՛, ո՞վ­ է տի­րու­հիդ:

ՆԵ­ՌՈ՛ –­ Իմ տի­րու­հին է:

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Դեռ հա­վա­տար­մութ­յուն ես խա­ղում… ի­հար­կե, չէ՞  որ նա ոչ մե­կից չի տար­բեր­վում, դրսում ան­ճոռ­նի հան­դեր­ձան­քով է, ներ­սում՝ ինքդ ես տես­նում: Գի­տե՞ս՝­ ին­չու:

ՆԵ­ՌՈ՛ –­ Ո­րով­հետև մնա­ցած­նե­րի պես է… Խո­նա­վութ­յան լիա­կա­տար բա­ցա­կա­յութ­յուն ու է­լի լի­քը այլ հետևանք­ներ…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Հի­մա­րի դե­րը քո­նը չէ, Նե­ռո, դու նրա կրկնութ­յունն ես, իսկ նրան հի­մար չես ա­սի:

ՆԵ­ՌՈ՛ –­ Ա­յո, եր­կու տա­րի ա­ռաջ ստեղծ­վել եմ նրա պա­րա­մետ­րե­րին հա­մա­պա­տաս­խան ու դժգո­հե­լու ա­ռիթ չի ե­ղել:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Իսկ եր­կու տա­րի ա­ռա՞ջ…

­ԿԻՆ – Ն­րան հե­տաքր­քիր չէ՛:

ՆԵ­ՌՈ՛(քրթմնջո­ցով): Պետք չէ այդ­քան վստահ լի­նել…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Վեր­ջա­պես ան­կեղ­ծա­ցար, ազ­նի՛վ ­ռո­բոտ:

ԿԻՆ(վեր­ջին կումն է ա­նում, բա­ժա­կը փշրում հա­տա­կին): Ռո­բոտ, թե­րագ­նա­հա­տել եմ քեզ, այդ մե­կը ինձ չեմ նե­րի: (Ինչ-որ բան ո­րո­շե­լով:) Դե ինչ, կար­ծես նա­հան­ջե­լու տեղ չմնաց:  Ու­րեմն՝ լսեք: Եր­կո՛ւսդ­ էլ… Եր­կու տա­րի ա­ռաջ Եվ­րո­պա­յում էի, թեև Եվ­րո­պա ա­սա­ծը… հա­մա­տա­րած ա­նա­պատ է, բայց Ալպ­յան լեռ­նե­րում մի քա­նի անկ­յուն մնա­ցել էր, որ­տեղ կա­րող ես գո­յութ­յունդ քարշ տալ…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նե­ռո՛, լսո՛ւմ­ ես, և սա ա­սում է նա, ով Յոթն­յա­կից մեկն է ե­ղել: Իմ դյու­րա­հա­վատ ռո­բոտ, գի­տե՞ս, ինչ էր ժա­մա­նա­կին այդ Յոթն­յա­կը:

ՆԵ­ՌՈ՛ – Լ­րի՞վ ­հի­մա­րի տեղ ես դրել… Ջուրն է ան­հե­տա­ցել, բայց թեր­թեր, ամ­սագ­րեր մնա­ցել են, էլ չեմ ա­սում ար­խիվ­նե­րի մա­սին: Յոթ մարդ՝ հինգ տղա­մարդ ու եր­կու կին…,

ԿԻՆ – ­Նե­ռո՛ այս­տե­ղից սկսվում է ի՛մ ­պատ­մութ­յու­նը: Սսկվի՛ր: (Դա­դար:) Մենք՝ հինգ տղա­մարդ ու եր­կու կին, միա­վո­րել էինք մեր ահ­ռե­լի հարս­տութ­յու­նը ա­մե­նահ­զոր գի­տա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի հետ: Դա ե­րա­զի էր նման, ա­մե­նա­հա­մար­ձակ ե­րա­զը, որ մարդ ա­րա­րա­ծը երբևէ փոր­ձել էր տես­նել գո­նե ե­րա­զում:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Աշ­խար­հը բա­ժա­նե­ցիք յոթ մա­սի և ա­մեն մեկդ իր մա­սում ստեղ­ծեց կա­ռա­վար­ման իր կենտ­րո­նը:

ԿԻՆ –­ Այդ կենտ­րոն­նե­րը ի­րենց պի­տի են­թար­կեին մո­լո­րա­կի ըն­դեր­քը՝ բո­լոր հարս­տութ­յուն­նե­րով՝ նավթ, գազ, ոս­կի, ու­րան, ար­ծաթ…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Կարճ՝ Մեն­դելևի աղ­յու­սա­կը:

ԿԻՆ — Ա­մեն ինչ հաշ­վարկ­ված էր՝ ա­մենչն­չին անս­պա­սե­լիութ­յու­նից մինչև վայրկ­յա­նի մի­լիո­նե­րոր­դա­կան մա­սը…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Իքս ժա­մին յոթ կենտ­րոն­նե­րում ձեզ­նից ա­մեն մե­կը սեղ­մեց կո­ճա­կը, ըն­դա­մե­նը մի փոք­րիկ կո­ճակ…

ԿԻՆ –­ Ի­մը դե­ղին էր: Յոթ գույն ու­նեին այդ կո­ճակ­նե­րը՝ ծիա­ծա­նի պես…

ՆԵ­ՌՈ՛  –­ Ինչ­պի­սի՛ ցի­նիզմ…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Նույ­նիսկ ռո­բո­տը հաս­կա­ցավ:

ԿԻՆ –­ Ի՞նչ ­կա­րող է հաս­կա­նալ նեյ­րո­հան­գույց­նե­րի կծի­կը կամ դո՛ւ, չնչի՛ն ­մար­դուկ…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Փո­խա­րե­նը հզոր­ներդ ա­րե­ցիք այս ա­պո­կա­լիպ­սի­սը:

ԿԻՆ(պայ­թում է): Ո՞ւմ մտ­քով կանց­ներ, որ ա­մեն ինչ մեզ են­թարկ­վեց, բայց ջու­րը, այդ ա­նիծ­յա՛լ H2O-ն ­կա­րո­ղա­ցավ ան­հե­տա­նալ… Սկզբում ա­մեն ինչ հարթ ան­ցավ, մենք ցնծում էինք, ես շամ­պայն էի խմում ու հսկա­յա­կան էկ­րան­նե­րի վրա տես­նում մնա­ցած վե­ցին՝ ինձ պես հաղ­թա­նա­կից ու խմիչ­քից հար­բած…

ՏՂԱ­ՄԱՐԴ – ­Ձեր հաղ­թա­նա­կը կարճ տ­ևեց: Նե­ռո՛, լավ է, որ գո­նե դու չես տե­սել՝ ինչ­պես դա ե­ղավ:

ՆԵ­ՌՈ՛ — Կար­դա­ցել եմ:

ԿԻՆ – Չ­հա­մար­ձակ­վե՛ս­ ա­սել, որ իմ օ­րագ­րում ես կար­դա­ցել:

ՆԵ­ՌՈ՛ –­ Ա­վաղ… Ան­ծա­նոթ, երևի սար­սափ է, երբ ջու­րը ձեր աչ­քի ա­ռաջ վե­րա­նում էր՝ իր հետ տա­նե­լով մի­լիո­նա­վոր կյան­քեր…

ԿԻՆ(ան­հաշտ): Բայց մեր գի­տա­կան կենտ­րոն­նե­րը կա­րո­ղա­ցան ա­րագ կողմ­նո­րոշ­վել, ել­քեր մշա­կել…

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ու քա­նի՞ մի­լիոն մարդ մնաց մո­լո­րա­կի վրա… թե՞՝ ­քա­նի հա­զար: Մնա­ցող­ներս էլ ապ­րո՞ւմ­ ենք… (Անս­պա­սե­լի չա­րութ­յամբ:) Հա­նի՛ր բ­լուզդ: Ի՞նչ­ ես նա­յում, հա­նիր գլխարկդ: Կին ես վեր­ջա­պես, չէ՞, ու­զում եմ տես­նել, ինչ տեսք ու­նի ժա­մա­նա­կին աշ­խար­հի ա­մե­նա­հա­րուստ կա­նան­ցից մե­կը, ո­րը նաև գե­ղեց­կու­հի է ե­ղել, շքե­ղութ­յան մեջ է լո­ղա­ցել, իսկ հի­մա վեր­ջին հան­ցա­գոր­ծի պես եր­կու տա­րին մեկ փո­խում է որջն ու մեզ նման չնչին մար­դուկ­նե­րի պես կուլ է տա­լիս զզվե­լի շի­լա-ա­պու­րը… Հան­վի՛ր…

­Կի­նը, հա­յաց­քը չկտրե­լով Տղա­մար­դուց, հա­նում, շպրտում է գլխար­կը՝ ան­մազ գլխի մաշ­կը թե­փուկ­նե­րով է պատ­ված…

ՏՂԱ­ՄԱՐԴ(սահմռ­կած): Ծած­կիր, շո՛ւտ…­ ո՞ւր­ է… (Գտնում է գլխար­կը, կոպ­տո­րեն դնում գլխին:) Չգի­տեմ՝ երբ, վա­ղը, գու­ցե տա­րի­ներ անց, կվե­րած­վենք թե­փու­կա­վոր ա­րա­րած­նե­րի, կդա­դա­րենք մարդ լի­նե­լուց, ո­րով­հետև կկա­րո­ղա­նանք ապ­րել ա­ռանց ջրի… Սա՞ էր քո ե­րա­զած ե­րա­զը:

ԿԻՆ(վրա­յից գցում է զգես­տը՝ մնա­լով մար­մի­նը գրկած սահմռ­կե­ցու­ցիչ տրի­կո­յով: Վե­րա­նա­լով ի­րա­կա­նութ­յու­նից, իր տե­սիլ­քի հետ): Միայն ի­մա­նաք՝ ինչ­պես եմ ու­զում հագ­նել թեթև սա­րա­ֆան ու վա­զել դաշ­տի մի­ջով… Հե­տո պառ­կել գե­տի ա­փին ու բռե­րով ջուր խմել, հե­տո մտնել գետն ու թրջվել ո­տից-գլուխ, ու թող սա­րա­ֆա­նը կպնի մարմ­նիս՝ հարթ, ատ­լա­սի նման մաշ­կիս… (Դա­դար: Սթափ­վե­լով՝ սա­ռը:) Ինչ­պե՞ս­ ես սպա­նե­լու:

ՏՂԱ­ՄԱՐԴ(գրպա­նից հա­նում է ատր­ճա­նա­կը, պա­հում ձեռ­քում:) Դու վա­ղուց ես մե­ռած:

ԿԻՆ(չա­րա­խինդ): Վեր­ջա­պես հաս­կա­ցար, որ երբ ձեզ­նից մե­կը հա­սել է մեզ­նից մե­կին, ոչ թե կյան­քից է զրկել, այլ փրկել է տա­ռա­պան­քից:

ՏՂԱ­ՄԱՐԴ – Գ­րո՛ղը տա­նի, ձեզ հա­մար նույ­նիսկ պա­տի­ժը պարգև է: Իսկ ես սպա­սել եմ, թե  երբ աչ­քե­րիդ մեջ ա­նաս­նա­կան վախդ կտես­նեմ:

ԿԻՆ –­ Այս­տեղ էլ պարտ­վե­ցիր, չնչին մար­դուկ: Ինձ, թե­կուզ այս շան օ­րին հա­սած, դու չէ, որ պի­տի պատ­ժես:

Զգա­լով իր հաղ­թա­նա­կը՝ հա­տա­կից վերց­նում է կի­սատ խնձորն ու իբր հա­ճույ­քից նվա­ղե­լով՝ աղ­մու­կով կծում է, խրթխրթո­ցով ծա­մում է՝ սկզբում կա­մաց, հե­տո՝ հիս­տե­րիկ ծի­ծա­ղով: Տղա­մար­դը ան­զոր չա­րութ­յամբ նա­յում է նրան:

ԿԻՆ – ­Դու չե՛ս ­կա­րող ինձ պատ­ժել: Ըն­դա­մե­նը՝ սպա­նել:

Տղա­մար­դը, ա­սես չի­մա­նա­լով ա­նե­լի­քը, պա­տե­պատ է խփվում՝ Կնոջ ծա­վալ­վող քրքի­ջի տակ: Անս­պա­սե­լի վառ­վում են ռո­բոտ-վա­հա­նա­կի բո­լոր լամ­պե­րը: Տղա­մար­դը քա­րա­նում է, Կի­նը՝ համ­րա­նում:

ՆԵ­ՌՈ՛ –­ Ան­ծա­նոթ, դու կա­րող ես նրան պատ­ժել:

ԿԻՆ(ա­ռա­ջին ան­գամ ինք­նա­տի­րա­պե­տու­մը կորց­րած): Չհա­մար­ձակ­վե՛ս…

­ՆԵ­ՌՈ՛ – ­Նույ­նիսկ ա­մե­նահ­զո­րը, որ շան օ­րի է հա­սել, մի թույլ կետ ու­նի հո­գու հե­ռու անկ­յու­նում պա­հած:

ԿԻՆ – ­Հի­շի՛ր, դու պար­տա­վոր ես ինձ ծա­ռա­յել: Ի՛նձ: Միայն ի՛նձ:

ՆԵ­ՌՈ՛ –­ Ինձ ծրագ­րա­վո­րել են, որ ծա­ռա­յեմ մար­դուն: Դու մա՞րդ­ ես:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Այս հրե­շը թույլ տեղ ու­նի՞…

ԿԻՆ – ­Դա քո վերջն է: Դու կմոխ­րա­նաս, իմ խեղճ Նե­ռո՛: (Տղա­մար­դուն.) Նե­ռո՛ — նշա­նա­կում է ջուր, ես եմ այդ ա­նու­նը նրան տվել: Նե­ռո՛, վեր­ջա­պես ա­սա, որ սրա­միտ է:

ՆԵ­ՌՈ՛ –­ Այդ­պես էլ սրամ­տել չկա­րո­ղա­ցար: Ա­սենք, ե­թե մի փշուր հու­մո­րի զգա­ցում ու­նե­նա­յիր՝ կու­զե­նա­յի՞ր­ աշ­խար­հը նվա­ճել: Ան­ծա­նոթ, նա ձուկ է պա­հում, ակ­վա­րիու­մում:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Որ­տե՞ղ…

­ՆԵ­ՌՈ՛ – Նն­ջա­րա­նում:

Տղա­մար­դը տե­ղից թռչում, ատր­ճա­նա­կը թող­նե­լով սե­ղա­նին, սլա­նում է ներս, Կի­նը ու­զում է խան­գա­րել, Տղա­մար­դու հար­վա­ծից շպրտվում է հա­տա­կին:

ՏՂԱ­ՄԱՐԴ(բե­րում է ակ­վա­րիու­մը, Կնո­ջը, ո­րը փոր­ձում է ոտ­քի կանգ­նել): Ան­հա­վա­տա­լի է, դու, և այս ա­րա­րա՞ծը…

ՆԵ­ՌՈ՛ –­ Այ­սօր­վա ջու­րը, 230 գրա­մը լցրեց ակ­վա­րիու­մը:

ՏՂԱ­ՄԱՐԴ(ակ­վա­րիու­մը դնե­լով սե­ղա­նին, Կնո­ջը): Ին­չո՞ւ…

­ԿԻՆ –­ Ե­թե ի­մա­նա­յի՜… (Անս­պա­սե­լի ճարպ­կութ­յամբ հա­տա­կից վերց­նում է ատր­ճա­նակն ու ուղ­ղում քուն­քին: Տղա­մար­դը քա­րա­ցել է:)

ՆԵ­ՌՈ՛ — Պե՞տք­ է հի­շեց­նել, որ մար­դու հո­գին կշռում է 23 գրամ:

ԿԻՆ – 23 թե 230…­ ի՞նչ ­կարևոր է: (Կրա­կում է: Ան­շունչ փլվում է հա­տա­կին:)

ՆԵ­ՌՈ՛(հա­զիվ լսե­լի): Ան­ծա­նոթ, Խա­տու­տի­կին կպա­հես…

Վա­հա­նա­կի լամ­պե­րը մա­րում են: Մե­տա­ղա­կան խզզո­ցը մի պահ դառ­նում է սրտխփոց… լռութ­յուն:

ՏՂԱ­ՄԱՐԴ(ոտ­քով հրում-ստու­գում է՝ Կի­նը մե­ռած է: Գրպա­նից հա­նում է հե­ռա­խո­սը, հա­մար է հա­վա­քում): Լիկ­վի­դաց­վեց: Մնա­ցած­նե­րի պես՝ ինք­նաս­պան ե­ղավ: Ես ըն­դա­մե­նը նրա կող­քին էի… Մնաց յո­թե­րոր­դը: Հե­տո՞…­ Ոչ ոք չգի­տե: Ան­ջուր մո­լո­րա­կի վրա ապ­րո­ղի հա­մար «հե­տո» բառ չկա: Ինչ եմ ա­նե­լո՞ւ… ­Մինչև հաս­նի ա­վար­տը, պարզ­վեց, դեռ ա­նե­լիք ու­նեմ:

Հե­ռա­խոսն ան­ջա­տում, շպրտում է հա­տա­կին: Ակ­վա­րիու­մը գրկում, նստում է:

ՏՂԱ­ՄԱՐԴ –­ Ու­րեմն՝ Խա­տու­տիկ… Տխո՞ւր­ է ապ­րել ան­ջուր մո­լո­րա­կի վրա: Լավ է, որ չես կա­րող պա­տաս­խա­նել: Գու­ցե դրա հա­մար էր քեզ պա­հում: Ո­րով­հետև ան­ջուր մո­լո­րա­կի վրա պա­տաս­խան փնտրե­լը ա­մե­նա­մեծ պա­տիժն է: Ի՞նչ­ ես այդ­պես նա­յում… Հի­մա, համ­բե­րիր…

Ծո­ցագր­պա­նից զգույշ հա­նում է ջրի իր սրվա­կը, նա­յում է լույ­սին, հիա­նում, մո­տեց­նում շուր­թե­րին, բայց չի խմում, լցնում է ակ­վա­րիու­մի մեջ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։