Վահագն ԴԱԲԱՂՅԱՆ / ԱԴԱՄՆ ԸՆԴԴԵՄ ՈՏՆԱՁԱՅՆԵՐԻ

Վահագն ԴԱԲԱՂՅԱՆ

Ժամանակը ներկա և ժամանակն անցյալ

Հավանաբար ներկա են ապագայի մեջ,

Իսկ ժամանակն ապագա՝ անցյալի մեջ է։

Եթե բովանդակ ժամանակը հավերժորեն ներկա է,

Ապա անքավելի է բովանդակ ժամանակը։

Բըրնթ Նորթըն

 (Չորս Կվարտետ)

Թովմաս Էլիոթ 

Գործող անձինք

ԱԴԱՄ

ԵՎԱ

ՀՐԵՇՏԱԿ Ա, Բ, Գ, Դ, Ե, Զ, Է

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ

ՄԱՐԴ Ա

ՄԱՐԴ Բ

ՄԱՐԴ Գ

ՄԱՐԴ Ա

ԿԻՆ Բ

ԿԻՆ

ԱԳՌԱՎ

ՕՁ

ՍՏՎԵՐ Ա Բ

ՁԱՅՆԵՐ

ԱԲ-ի խոսքերի մի մասի հեղինակը ChatGPT արհեստական բանականությունն է։ 

Հաշվի առնելով, որ Ադամն ու Եվան հիմնականում մերկ են, հարց է առաջանում՝ արժե՞ ընդհանրապես բեմադրել այս պիեսը։ Ուզում եմ հուսալ, որ ով էլ փորձի բեմադրել՝ այնպիսի լուծումներ կգտնի, որ հանդիսատեսի ընկալման տեսակետից հասարակության մեջ ընդունված բարոյական նորմերի խախտումներ չեն լինի։ 

Եթե պիեսում կհանդիպեք այնպիսի ձևակերպումների, մտքերի, լուծումների, որոնք չեն համընկնի Աստվածաշնչյան ընդունված մեկնությունների հետ՝ հիշեք, որ սա առաջին հերթին գրական երկ է՝ իրեն բնորոշ մտքի, երևակայության և հարցադրումերի ազատությամբ։       

1

Դրախտի պարտեզում: Պարտեզի կենտրոնի ձախ կողմում բարու ու չարի գիտության ծառն է, աջ կողմում՝ Կենաց ծառը։ Բարու և չարի գիտության ծառի վրա կախված են խոշոր, գեղեցիկ, ախորժալի պտուղներ։ Եվան խոնարհվել է ջրի վրա։ Միջավայրը դրախտային է՝ թռչունների, ջրի, ծառերի, կենդանիների միախառնված ներադաշնակ ձայներ են։ Խաղաղություն է։ Մտնում է Ադամը։ Եվային  տեսնելով՝ նրա  դեմքը լուսավորվում է: Մոտենում է, բարձրացնում է Եվային, գրկում։ Ադամի մարմնական շփումները Եվայի հետ անկիրք են, բայց սիրով լեցուն։  

ԱԴԱՄ – Եվա, ինչո՞ւ չես փայլում իմ սիրուց: Քո դեմքը մի նոր բառ է ծնում իմ մեջ:

ԵՎԱ — Ես ջրի մեջ ինձ էի նայում ու չգոհացա տեսքիցս, Ադամ: Նոր բառեր․․․ Ինչո՞ւ են դրանք  ծնվում: 

ԱԴԱՄ — Վերջերս նոր բառերը պատել են մեզ․․․

ԵՎԱ — Մի՛ մտահոգվիր, հավանաբար կանցնի:

ԱԴԱՄ — Մտահոգվե՞լ․․․  Դո՞ւ էլ գիտես այդ բառը: Ես հենց նոր պայքարում էի, որ այն չծնվի։ Մի՛ արտաբերիր այդ բառը։ 

ԵՎԱ — Այն արդեն ծնվել է, Ադամ: Ուշ է:        

ԱԴԱՄ —  Քո գեղեցիկ արարումից հետո շատ նման բառեր եմ մոռացել: Բայց հիմա ի՞նչ պատահեց:  

ԵՎԱ —  Բոլոր ծառերի պտուղներից կարո՞ղ ենք ուտել․․․

ԱԴԱՄ — Բոլորից, բացի այս մեկից: (Ցույց է տալիս բարու և չարի գիտության ծառը։)  

ԵՎԱ — (բարու և չարի գիտության ծառի շուրջ պտտվելով): Իսկ դիպչել կարելի՞ է․․․

ԱԴԱՄ — Ինչո՞ւ ես հարցնում․․․ քաղցա՞ծ ես․․․  

ԵՎԱ – Կամ այսպես նայել, հոտոտել պտուղները, խաղալ տերևների հետ, ճյուղերը շոշափել․․․ կամ պառկել նրա ստվերի տակ․․․ Կարո՞ղ ենք, Ադամ: Ինչպե՞ս է կոչվում․․․

ԱԴԱՄ — Ի՞նչը․․․

ԵՎԱ – Ծառը, ինչպե՞ս է կոչվում:

ԱԴԱՄ — Արդեն ասել եմ մի քանի անգամ:

ԵՎԱ — Բարության ծա՞ռն է․․․

ԱԴԱՄ — Ո՛չ, բարու և չարի գիտության ծառ․․․ 

ԵՎԱ – Գիտությո՜ւն․․․ ի՜նչ գեղեցիկ  բառ է․․․

ԱԴԱՄ — Գեղեցի՞կ․․․ ո՛չ, այն չի ջերմացնում իմ հոգին, ինչպես քո աչքերը․․․ (Քաշելով Եվայի ձեռքից։) Գնա՛նք, գնա՛նք բորենիների հետ խաղալու։ 

ԵՎԱ — (ձեռքն ազատելով): Թո՛ղ ինձ, Ադա՛մ․․․ (Դադար։ Ադամի աչքերի մեջ նայելով։) Գիտությունը գեղեցիկ բառ է, հետաքրքիր բառ է ու․․․ համով:

ԱԴԱՄ — (ծիծաղելով): Կարծում եմ, այն մահվան համ ունի՝ տհաճ  ու սարսափելի համ:

ԵՎԱ — Ասում էիր՝ որ օրը գիտության ծառից ուտենք՝ կմեռնենք:

ԱԴԱՄ — Այո՛, կմեռնենք։  

ԵՎԱ — Համզվա՞ծ ես․․․

ԱԴԱՄ — Չեմ հասկանում «համոզված» բառը և քո հարցը, Եվա՛:  

ԵՎԱ — Ուզում եմ ասել՝ դու ի՞նչ գիտես, որ մեռնելու ենք։ Միգուցե չե՞նք մեռնի։ 

ԱԴԱՄ — Մեռնելու ենք։ Աստված պատվիրեց ինձ ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք»:

ԵՎԱ — (հեգնանքով  նայելով Ադամի աչքերի մեջ): Կմեռնե՞նք․․․

ԱԴԱՄ — Այո՛:

ԵՎԱ — (ծիծաղը զսպել չկարողանալով): Հա-հա-հա՜․․․ կմեռնենք․․․  Ե՞րբ ենք մեռնելու: ԱԴԱՄ – Ինչո՞ւ ես ծիծաղում․․․ 

ԵՎԱ — Իսկ ես մենա՞կ եմ մեռնելու, թե քեզ հետ միասին․․․ 

ԱԴԱՄ — (դառնացած): Ինչո՞ւ պետք է մեռնենք․․․ մենք արարվել ենք հավերժ ապրելու համար:

ԵՎԱ — Տե՛ս հա, չթողե՛ս, որ ես մենակ մեռնեմ․․․ (Ծիծաղում է։ Ապա լրջանալով։) Ադա՛մ, արգելված պտուղը հավանաբար շատ համով է, շատ գեղեցիկ է, կանչող: Ո՞վ սահման դրեց մեր սրտի վրա:

ԱԴԱՄ — Դու քեզ նման չես:

ԵՎԱ — Ո՞վ ինձ ընտրության իրավունք տվեց ու սահման դրեց իմ սրտի վրա: 

ԱԴԱՄ — Քո հարցն ըմբոստություն ունի իր մեջ։ 

ԵՎԱ – Ըմբոստությո՜ւն․․․  Ի՜նչ հիանալի բառ է։ Կեցցե՛ բառի ծնունդը։ Այդ բառը ես գիտեմ, այն թևեր է տալիս իմ ոգուն, իմ մտքին, իմ ցանկություններին։  

ԱԴԱՄ – Դու վերջերս շատ ես խաղում օձի հետ։

ԵՎԱ – Խանդո՞ւմ ես։ 

ԱԴԱՄ – Խանդո՞ւմ․․․ Բառի իմաստը չեմ հասկանում։ Իմ հոգում չկա այդպիսի բառ: (Բորենիների ձայներ։ Նայում է ձայների կողմը։) Բորենիներն ինձ են փնտրում․․․  

ԵՎԱ – Ես ուզում եմ, որ դու ինձ խանդես, Ադա՛մ։ Մինչ դու գայլերի հետ մրգեր ես ուտում, կամ միջօրեին ընկուզենու տակ գլուխդ դրած առյուծի բաշին նիրհում ես բորենիների ընկերակցությամբ, կամ մեղուների հետ ծաղկադաշտերում բույր ու նեկտար ես վայելում, օձն իմ ականջին հետաքրքիր մտքեր է շշնջում․․․

ԱԴԱՄ – Մտքե՞ր․․․ հետաքրքի՞ր․․․

ԵՎԱ – Ավելի հետաքրքիր, քան առվակներում ձկներին կերակրելն է, կամ թե ծովերում կետի երախում շնաձկների և դելֆիների հետ պահմտոցի խաղալը:

ԱԴԱՄ – Իրո՞ք․․․ 

ԵՎԱ – Ինչպիսի՜ մտքեր, տրամաբանությո՜ւն, իրողությունների համադրությո՜ւն, երևակայությո՜ւն․․․ Ո՞վ ինձ ընտրության իրավունք տվեց և սահման դրեց իմ սրտի վրա: Ես ատում եմ բոլոր սահմանները, Ադա՛մ:

ԱԴԱՆ – Ատե՞լ․․․ քեզ չեմ հասկանում: (Զարմացած նայում է Եվայի աչքերի մեջ՝ փորձելով հասկանալ, թե նրա հետ ինչ կատարվում։) Հայացիքդ մեջ անթափանց մշուշ է, հոգիդ չեմ զգում․․․  (Դադար։) Գնամ բորենիների հետ խաղալու:

ԵՎԱ – Այդ դեպքում ինչո՞ւ էիր եկել։

ԱԴԱՄ – Քո՝ սեր ճառագող աչքերն էի փնտրում, քո խնդալի շուրթերը․․․ 

ԵՎԱ – Է՞լ․․․ 

ԱԴԱՄ — Եվ արարչության ամենապայծառ գեղեցկությունդ ու․․․

ԵՎԱ — Ու ի՞նչ․․․

ԱԴԱՄ – Ու հեզությունդ։

ԵՎԱ – Միայն այդքա՞նը․․․

ԱԴԱՄ – Ես կարոտում եմ քեզ, Եվա՛։ Թեև կողքիս ես՝ դարձյալ կարոտում եմ քեզ:

ԵՎԱ – Առա՞ր կարոտդ․․․ Դե  գնա՛  բորենիներիդ մոտ:  

ԱԴԱՄ – Իմ կարոտը քեզանից հագեցում չունի: Քո խոսքերից խռովվում է հոգիս, խաղաղությունս ընկճվում է: Ի՞նչ է պատահել, Եվա՛․․․  

ԵՎԱ – Դու ոչինչ չասացիր մարմնիս մասին, իմ ախորժալի ու փափուկ կլորությունների, իմ նրբագեղ ու անուշաբույր մաշկի  մասին:

ԱԴԱՄ — Ախորժալի ու փափուկ․․․ չեմ հասկանում քեզ, Եվա՛։ Գնում եմ․․․

ԵՎԱ – Սպասի՛ր․․․ (Ադամը կանգնում է։) Ձկները վտառ ունեն, կռունկները՝ խորդերամ․․․

ԱԴԱՄ – Բորենիները՝ կլան, գայլերը՝ ոհմակ․․․

ԵՎԱ – Աղվեսները՝ ճահուկ, մեղուները՝ պարս․․․ 

ԱԴԱՄ – Մոլորակները շուրջպար են բռնել արեգակի շուրջ։ (Գրկելով Եվային՝ անկիրք, բայց սիրով։) Իսկ ես քեզ գրկած Եդեմի պարտեզում ուրախությամբ եմ ոռոգում ողջ արարչությունը։  

ԵՎԱ — (տխուր, ազատվելով Ադամի գրկից): Ես լուսնի պես մենակ եմ, Ադա՛մ:  

ԱԴԱՄ – Լուսինը մենակ չէ՝ նա իր Երկիրն ունի, դու՝ քո Ադամը։ (Եվայի ձեռքից բռնած պտտեցնում է իր շուրջը:) Նա պտտվում է հողագնդի շուրջ, դու՝  քո հողեղեն Ադամի։ Դու ոսկոր ես իմ ոսկորներից և մարմին՝ իմ մարմնից։ Գրկի՛ր ինձ, Եվա՛․․․  

ԵՎԱ — (թույլ չտալով, որ գրկի): Առյուծները կորյուններ ունեն, աղավնիները՝ ձագեր, իսկ ի՞նչ  ունես դու, Ադա՛մ:

ԱԴԱՄ – Քեզ ունեմ, Եվա՛:

ԵՎԱ — (շշուկով): Ես մայրանալ եմ ուզում, ես զավակներ եմ ուզում՝ որդիներ ու դուստրեր: (Բարձրաձայն:) Բազու՜մ, բազու՜մ, բազու՜մ․․․ (Խորհրդավոր շշնջալով։) Բայց նախ մայրանալ, մայրանալ եմ տենչում: Դու շատ գեղեցիկ ես, Ադա՛մ․․․ (Թախանձով։) Ես մայրանալ եմ տենչում:

ԱԴԱՄ — Քեզ չեմ հասկանում, անհանգստանում եմ․․․ Դու ավելի շատ բան գիտես․․․ Ինձ թվում է, որ իմ գլխում քաղցր մշուշ է, անմատչելի ժայռեր․․․   

ԵՎԱ – Մշուշը հնարավոր է ցրել, ժայռերը մագլցել և իմացության  նոր բարձունքներ նվաճել, նոր զգացմունքներ ճաշակել, գերդրախտային զգացմունքներ․․․

ԱԴԱՄ – Ինչպե՞ս, Եվա՛, ինչպե՞ս․․․

ԵՎԱ — (ցույց է տալիս բարու և չարի գիտության ծառը): Կե՛ր այս գեղեցիկ պտղից։ Այն շատ համով է:

ԱԴԱՄ — Համո՞վ է․․․

ԵՎԱ — Համով է, Ադա՛մ․․․ (Բազմիմաստ նայում է Ադամին ու վազելով դուրս գալիս։ Մթություն։) 

2

Նույն վայրում։ Լսվում են բորենիների ու գայլերի ձայներ, որոնք աստիճանաբար մարում են։ Գալիս է Ադամը, նստում է բարու և չարի գիտության ծառի և Կենաց ծառի մեջտեղում ու երկար նայում է բարու և չարի գիտության ծառին։ Նա մտորումների մեջ է։ Բեմն աստիճանաբար կիսամթնում է։ Լսվում են ամբոխի, զորքերի, երեխաների լացի ձայներ, քրքիջներ ու տնքոցներ․․․ Ճնշող ձայներ են:

ԱԴԱՄ — (նայում է հեռուն, կարծես տեսնում է անծայրածիր բազմություն։ Զարմացած ոտքի է կանգնում): Այդ ովքե՞ր են, Տե՛ր իմ․․․

ՀՐԵՇՏԱԿ — (Հայտնվելով լույսի մեջ՝ Ադամի ետևում): Քո զավակներն են, Ադա՛մ:

ԱԴԱՄ — Իմ զավակնե՞րը․․․ Ինչքա՜ն շատ են նրանք․․․ Ինչքա՜ն շատ են․․․ 

ՀՐԵՇՏԱԿ – Ուտելու բան տուր նրանց, Ադա՛մ:

ԱԴԱՄ – Որտեղի՞ց, Տե՛ր իմ․․․ Նրանք կցամաքեցնեն Դրախտի բոլոր գետերը, կմաքրեն բոլոր պտուղներն ու ծառերը, կծամեն բոլոր սերմերն ու արմատները ու չեն կշտանա: 

ՀՐԵՇՏԱԿ – Ուտելու բան տուր նրանց, Ադա՛մ․․․ որ ապրե՜ն․․․ որ ապրե՜ն․․․․ (Քայլում է դեպի Կենաց ծառի կողմն ու անհետանում։)

Ադամը, նայելով հրեշտակի ետևից, զգուշավոր քայլերով ուզում է մոտենալ Կենաց ծառին։ Այդ պահին բեմը կտրուկ լուսավորվում է։ Թմբուկների ցնցող հարվածների հետ լսվում է՝ «Ոտքի՛, դատարանն է գալիս»։ Բեմի տարբեր կողմերից հայտնվում են սևազգեստ յոթ անձ՝ խոժոռ դեմքերով։ Նրանց զգեստները նման են դատավորի արտահագուստի։ Ադամը կանգնում է ու զարմացած նայում իր վրա սևեռված նրանց աչքերին։ 

Զ ԴԱՏԱՎՈՐ- Դատական նիստը սկսված է։ Այստեղ կանգնեք, ամբաստանյա՛լ։ (Ադամը ընկճված կանգնում է բարու և չարի գիտության ծառի կողքը։)

Ա ԴԱՏԱՎՈՐ — Ներկայացե՛ք:

ԱԴԱՄ – Ի՞նչ․․․

Ա ԴԱՏԱՎՈՐ — Անուն, ազգանուն, հայրանուն․․․

ԱԴԱՄ – Ադամ․․․ (Դադար։ Մտածելով։) Արարչի․․․

ՁԱՅՆԵՐ ԴԱՀԼԻՃԻՑ — (դժգոհ ու աղմուկով արձագանքում են): Նա Աստծուն իր հայրն անվանեց․․․ նա մեղավո՛ր է․․․ հանդգնությո՛ւն է ․․․ պատժե՛լ նրան․․․ 

Ա ԴԱՏԱՎՈՐ — (ձեռքի շարժումով լռեցնելով բոլորին): Ազգանո՞ւն․․․

ԱԴԱՄ – Չունեմ:

Ա ԴԱՏԱՎՈՐ – Հիշե՛ք ձեր ազգանունը:

ԱԴԱՄ – Հավանաբար՝ Եդեմացի․․․

Բ ԴԱՏԱՎՈՐ — Կներե՛ք, հարգարժա՛ն դատարան, նա կեղծում է իր տվյալները։ Նա Եդամացի չէ, Երկրացի է:

ԱԴԱՄ — Ի՞նչ․․․ Ես այստեղ եմ ապրում՝ Եդեմի պարտեզում, սա է իմ բնակության վայրը: Ես չգիտեմ՝ կեղծելն ինչ է: Ահա՛ բարու և չարի գիտության ծառը Դրախտի պարտեզում։

Գ ԴԱՏԱՎՈՐ- Հարգարժա՛ն դատավորներ, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ ամբաստանյալը կենտրոնացել է միայն մեկ ծառի վրա, կարծես Դրախտում այլ ծառեր չկան։ Սա ծանր հոգեբանական տրավմա է՝ պայմանավորված ագրեսիվ և ուղղորդված գովազդով։ (Աչքով է անում՝ կարծես ուզում է հասկացնել, որ դա իր ջանքերի արդյունքն է։)              

Ա ԴԱՏԱՎՈՐ — (Գ դատավորին): Հարգելի՛ դատավոր, ձեր դիտողությունն արձանագրված է։ Շարունակե՛ք, ամբաստանյալ Ադամ Երկրացի։ Ձեր ընտանեկան կարգավիճա՞կը․․․

ԱԴԱՄ – Մե՞ր․․․ (Նայում է կողքերը՝ դժվարությամբ կողմնորոշվելով։) Ամուսնացած:

Ա ԴԱՏԱՎՈՐ — Զավակնե՞ր․․․

ԱԴԱՄ – Ի՞նչ զավակներ․․․ (Վարանելով։) Չունեմ, ո՛չ, չունեմ: 

ՁԱՅՆԵՐ ԴԱՀԼԻճԻՑ — Ամո՜թ է․․․ Նա մեզ ուրացա՜վ․․․  Նա կեղծո՜ւմ է․․․ Նա ստախո՜ս է․․․ Մենք սովա՜ծ ենք․․․ ծարա՜վ ենք․․․ տառապո՜ւմ ենք․․․ մեռնո՜ւմ ենք․․․ Բարի հա՛յր եղիր․․․ ամո՜թ է ․․․    

Ա ԴԱՏԱՎՈՐ — (Հայացքով և ձեռքով լռեցնում է): Ամբաստանյալ Ադա՛մ Երկրացի, կրկնում եմ հարցը, կենտրոնացե՛ք և տվե՛ք հստակ պատասխան՝ զավակներ ունե՞ք․․․ 

ԱԴԱՄ — (հոգոց հանելով, հուսահատ): Այո, մարդկությունը:

Ա ԴԱՏԱՎՈՐ — Տարի՞ք․․․ (Ադամը շշմած նայում է Ա դատավորին:) Ձեր տարիքը, Ադա՛մ Երկրացի․․․

ԱԴԱՄ – Անմահներն իրենց տարիքը չեն հաշվում: Հարցն անիմաստ է․․․

Ա ԴԱՏԱՎՈՐ- Իսկ մահկանացուները վատ սովորություն ունեն՝ հաշվում են նույնիսկ անմահների տարիքը: Ո՞վ կօգնի Ադամին:

Դ ԴԱՏԱՎՈՐ — Ես կօգնեմ, պարո՛ն դատավոր։ (Ադամին.) Ասացե՛ք, խնդրեմ, Ադա՛մ մահաբեր, երբ դուք 930 տարեկան էիք, ի՞նչ էիք անում։ 

ԱԴԱՄ — Օ՜, այդ տարիքում իմ անծայր ու ճերմակ մորուքի մեջ ձեռքերս էի փնտրում, որ գրկեմ իմ Եվային․․․ (Ափսոսանքով։) Բայց դրանք կորել էին անլուր:

Դ ԴԱՏԱՎՈՐ — Իսկ ի՞նչ էիք անում, երբ 940 տարեկան էիք:

ԱԴԱՄ — Ջրով զորացած՝ արմատների միջով ծառն էի բարձրանում՝ դեպի տերևներ, դեպի պտուղներ․․․ որ կերակրեմ իմ զավակներին:

Դ ԴԱՏԱՎՈՐ — Հարգելի՛ դատավորներ, նա հողի գործառույթը, այսինքն՝ իր դերը լավ է պատկերացնում։ Նա մտածում է ինչպես իսկական հողը։ (Ադամին.) Իսկ ո՞ր ծառն էիք սնում, Ադա՛մ։

ԱԴԱՄ — (տարակուսած): Բարու և չարի գիտության ծառը։ 

Բոլորը սկսում են ծափահարել ու հայացքով քաջալերել Ադամին։    

Գ ԴԱՏԱՎՈՐ- Գերազանց պատասխան։ Գովազդը լավ է աշխատում։ Նրա մտքում միայն մեկ ծառ է։ 

Դ ԴԱՏԱՎՈՐ — Նկատենք նաև, որ նա սկսեց հաշվել իր տարիքը։ Ամեն ինչ լավ է ընթանում։       

Զ ԴԱՏԱՎՈՐ — (Ե դատավորին աչքով անելով մեջ է մտնում): Զավակներ ունե՞ք:

ԱԴԱՄ — Ի՞նչ․․․ Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին: Այո՛, ողջ մարդկությունը:

Ե ԴԱՏԱՎՈՐ — (իմանալով, որ Ադամն իր զավակների ահռելի քանակից սարսափում է՝ նենգաբար սադրում է): Քանի՞սն են նրանք:

ԱԴԱՄ — (անսպասելի հարցից բռնկված՝ հիշելով նրանց սարսափելի քանակը): Շա՜տ են, շա՜տ-շա՜տ․․․ Նրանք կուտեն ողջ Եդեմը, ողջ երկրագունդը, բոլոր ծառերը, արմատները, հողը, կենդանիներին ու թռչուններին, կխմեն բոլոր գետերն ու ծովերը ու  չե՜ն հագենա․․․ չե՜ն հագենա․․․ չե՜ն հագենա․․․ 

ԲՈԼՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ — (նրանց խոսքը խառնվում է Ադամի խոսքին): Կերակրի՛ր նրանց, որ չմեռնե՜ն․․․ կերակրի՛ր նրանց, որ չմեռնե՜ն․․․ (Բառն արձագանքվում է առանց «Չ»-ի։) Մեռնե՜ն․․․  մեռնե՜ն․․․  մեռնե՜ն․․․ (Արձագանքին է խառնվում նաև Անտառահատի ագռավի կռկռոցը: Մթություն։)  

3.

Նույն վայրում։ Ադամը քայլում է այս ու այն կողմ։

ԵՎԱ — Ի՞նչ ես փնտրում։

ԱԴԱՄ — Խաղաղությունս, անհոգությունս, աղոթքներս։ Օգնի՛ր ինձ աղոթել, Եվա՛։ 

ԵՎԱ – Ինչո՞ւ աղոթել։ 

ԱԴԱՄ — Սա ի՞նչ նոր հարց է;  Ամեն Աստծո օր մենք աղոթել ենք առանց «ինչու»-ի։

ԵՎԱ — «Ինչու»-ն կարևոր բառ է, Ադա՛մ, շա՜տ կարևոր։ 

ԱԴՍՄ — (վրդովված): Ինչո՞ւ աղոթել․․․ Որ արշալույսին ծովերը շիկնեն այգի համբույրից, ձկները երգեն ծովերի խորքում, ցողը ծիծաղի թփերի վրա, բողբոջի ծոցում մեղուն քաղցրահամ պտուղներ ծնի, մեղրը ծորա ծառերի սրտից, մառախուղները լեռներ հղանան, ձորերը ճչան հավքի շվաքից: Ինչո՞ւ աղոթել․․․ Որ գետերի մեջ ջուրը ծարավի ծառին ու ծաղկին, դաշտերը ծաղկից շնչահեղձ լինեն, հովերը հեծնեն զվարթ զամբիկին ու նրա բաշը ամպերին խառնեն, քարանձավները ցնծան ծնունդով շնագայլերի, քերծը մկկա այծի տրտինգից, աղավնիները ձագեր ղունղունան․․․ Իմ աղոթքները փարվում էին Աստծուն, հոգիս ցնծում էր արարչության մեջ։ Ի՜նչ խաղաղություն․․․

ԵՎԱ — Ի՞նչ է, կարծում ես, որ դու չաղոթես, լուսինն իր ծիրից իրեն կնետի՞, էգ առյուծները իրենց արգանդից կորյուն չե՞ն փսխի, բորենիները տհաճ ձայներով քեզ չե՞ն որոնի, կեղտոտ շները ինձ չե՞ն հետևի՝ լեզուները կախ, որձ կապիկները ոջիլ չե՞ն փնտրի իմ մազերի մեջ, կարմրահետույք, գող ու անամոթ նրանց ձագերը կաթ չե՞ն փնտրի հյութեղ, բայց դատարկ իմ ստնիքներում, խոզերն այսուհետ դունչը չե՞ն մտցնի սրա ու նրա կղկղանքի մեջ։ Ինչու՞ աղոթել․․․ 

ԱԴԱՄ — Այդ ի՞նչ նոր բառ է․․․ «Տհաճ»-ն ի՞նչ է, Եվա՛․․․ Իմ բորենիները շատ լավ են երգում: Դու քեզ նման չես․․․

ԵՎԱ – Երգո՞ւմ․․․ Դա ե՞րգ է։ Աչքերդ լա՛յն բաց, միտքդ գործի դի՛ր։ Դու ճաշակ չունե՛ս։ (Լսվում է նրանց գլխավերևով անցնող Անտառահատի ագռավի կռավյունը։) Ագռավներն անգամ այդքան վատ ձայն չունեն․․․ Քեզ գիտություն է պետք, դու պետք է տարբերես երևույթների էությունը, լավն ու վատը, չարն ու բարին, գեղեցիկն ու տգեղը ․․․ 

ԱԴԱՄ — Համամիտ չեմ, ագռավների ձայնն էլ շատ հաճելի է: Ճիշտ է, ոչ այնքան, որքան բորենիներինը, բայց հաճելի է․․․ 

ԵՎԱ — (հեգնանքով): Այո՛, իսկ դու ամենախելացին ես այս դրախտի մեջ։ 

ԱԴԱՄ — Հիմա սկսեցիր բարի բաներ խոսել։ 

ԵՎԱ — Դու շատ միամիտ ես, ամեն բառի հավատում ես, բառերի խորքում թաքնված  հեգնանքն ու ծաղրը չես ընկալում:

ԱԴԱՄ — Մի՞թե չասացիր, որ ամենախելացին ես եմ․․․ 

ԵՎԱ – Լսի՛ր, Ադա՛մ,  բառերը ստեղծված են երևույթների և իրերի էությունը սպանելու համար։ Դու բառերը մի՛ հասկացիր, այլ մտածիր, թե ի՞նչ կա բառերի  տակ։

ԱԴԱՄ — Քեզ չեմ հասկանում, բացատրի՛ր․․․

ԵՎԱ — Օրինակ՝ երբ քեզ ասում են, որ բարու և չարի գիտության ծառից չուտես, որպեսզի մահկանացու չդառնաս, դա չի՛ նշանակում, որ դու մեռնելու ես։   

ԱԴԱՄ — Այդ ծառի անունը մի՛ տուր, ուրիշ ծառի վրա քո օրինակը բեր։ Ես հոգնել եմ այդ ծառից, այն անընդհատ իմ մտքի մեջ է, իմ ցնորքներում, ճնշող երազներ եմ տեսնում այդ ծառի պատճառով։ Ու ամեն անգամ այդ ծառը ցցվում է իմ ճամփի վրա։ Ուղղակի ցցվում է շատ տհաճորեն։ Այ, հիմա հասկացա «տհաճ» բառի իմաստը։ Ցցվում է շատ տհաճորեն, համառորեն․․․ ու ես կորցնում եմ իմ խաղաղությունը։  

ԵՎԱ — Ամեն տհաճ բան ի վերջո հաճելի է դառնում․․․ սովորում ես, վարժվում ես, կապվում ես դրան: (Փարվում է Ադամին։) Տհաճ բաները երբեմն կարող են շատ օգտակար լինել, առողջացնել, թարմացնել, կրքոտ դարձնել ճագարների պես, աչքերդ բացել․․․  

ԱԴԱՄ — Կարծում ես, որ այնքա՞ն էլ լավը չեմ, պետք է փոխվե՞մ:

ԵՎԱ — Երբ դու այսքան գեղեցիկ կենդանիներից գնում ես ու փարվում այդ տհաճ բորենիներին՝ նշանակում է, մի բան լավ չես ընկալում: Միջամտել է պետք, մի բան փոխել է պետք․․․ Դու գիտության կարիք ունես:  

ԱԴԱՄ — Ես գայլերին էլ եմ սիրում, կատուներին էլ, իսկ հոպոպների համար ուղղակի խելքս իմը չէ: 

ԵՎԱ — (վրդովված հեռանալով Ադամից): Դու բոլորին սիրում ես, բացի ինձանից: Դու նախ ի՛նձ պետք է սիրես, ի՛նձ, Ադա՛մ, ի՛նձ․․․ 

ԱԴԱՄ — Քեզ էլ եմ սիրում, Եվա՛, շատ եմ սիրում, բորենիներից շատ:   

ԵՎԱ – Բորենիներից շա՞տ․․․ Քիչ է մնում հիասթափվեմ ինձանից․․․ Բորենիներից շա՞տ․․․ Այդքան տհա՞ճ եմ․․․ Եթե այսպես շարունակես` կհեռանամ դրախտից, միայնա՛կ, առանց քե՛զ: 

ԱԴԱՄ — Մեկ նեղսրտում ես, որ քեզ չեմ սիրում, մեկ բարկանում ես, որ քեզ սիրում եմ․․․ Ի՞նչ է կատարվում․․․ «Բարկութուն»․․․ սա նոր բառ է, լրիվ նոր բառ, ինչպես «տհաճը»։    

ԵՎԱ —  Լսի՛ր, մեզ վտանգ է սպասվում:

ԱԴԱՄ — Վտա՞նգ․․․ վտանգն ի՞նչ է․․․

ԵՎԱ — (շշնջալով): Այն ծերպերի մեջ, թփուտների տակ, ծառերի հետև նրանք թաքնվում ու հետևում են․․․

ԱԴԱՄ — Նրա՞նք․․․ ովքե՞ր․․․

ԵՎԱ — Չար ու սևեռուն աչքերով, լեզուները կախ, ժանիքներն առաջ նրանք մեզ են հետևում․․․ Տագնապ եմ զգում․․․

ԱԴԱՄ — Տագնապն ի՞նչ է, Եվա՛․․․ Իմ Եդեմի պարտեզում սերն է թագավորում։ Գայլերը գգվում են գառին ու ուլին, առյուծն ու պախրան իրար բերանից խոտ են ճարակում, օձը երգում է սոխակի համար, բորենիները աղվեսների հետ երաշտահավի դեղին ձագերին սերմ են հրամցնում․․․

ԵՎԱ — Գայլն ու առյուծը, վագրն ու արջը, վարազն ու ցուլը․․․ բոլորն անխտիր, վատ աչքով են նայում ինձ, Ադա՛մ։ Նրանք ուզում են ինձ վնասել, պատառոտել․․․  Ամենուր հետևում են ինձ, թաթերը դնում են կրծիքս, երախները քսում են դեմիքս, պոզերով խառնում են մազերս ու ցավեցնում․․․ Նրանք վատ մտքեր ունեն․․․ Նրանք ուզում են ինձ նվաստացնել, իշխել ինձ վրա․․․  Ես դա զգում եմ։ Նրանք գողանում են իմ ծառերից ու թփերից, իրենց կեղտոտ դնչով ջուր են խմում իմ աղբյուրներից։ 

ԱԴԱՄ — Վնասել․․․ պատառոտել․․․ նվաստացնել․․․ գողանալ․․․  ցավեցնել․․․ վատ աչքեր, վատ մտքեր․․․ Վատ բառերի տարափ է․․․ Օդն աղտոտվում է, հոգիս խռովվում․․․ Ո՞ւր է իմ խաղաղությունը․․․ Ո՞ւր է իմ անեղծ Դրախտը։    

ԵՎԱ — Նրանք օրեցօր շատանում են, լցնում դրախտը և մեզ շնչելու տարածք չեն թողնում: Նրանք յուրացնում են մեր անտառները, գողանում են մեր ամենահամեղ մրգերը, բալն ու կեռասը, ազնվամորին, հաղարջը, տրորում են ու փչացնում իմ հոտավետ մանուշակները, ժպտուն խաշխաշները, իմ ցայգածաղիկները: Ես շնչահեղձ եմ լինում…

ԱԴԱՄ — Գողանալն ի՞նչ է։ Ինչ տհաճ բառ է։ Ինչո՞ւ գողանալ։ Դրախտում ամեն ինչ այնքան առատ է ու անծայրածիր, որ բոլորիս լիուլի բավարարում է։ Հաղարջն ու նուշը, մոշն ու ընկույզը, ազնվամորին, թուզն ու ծիրանը ահա ծփում են ծառերի վրա, թփուտների մեջ․․․ Ինչու՞ գողանալ: Դրանք բյուրավոր, բյուր-բյուրավոր կենդանիների ու թռչունների դարձյալ կհերիքեն ու կավելանան:

ԵՎԱ — Նրանք ինձ հանգիստ չեն տալիս, հետևում են, խանգարում քունս, նստում են այն ծառի ստվերում, որն ի՛մն է, ի՛մն է, ի՛մն է․․․ հասկանո՞ւմ ես: Նրանք իշխելու են ինձ ու քեզ վրա։ Իշխելո՛ւ են, իշխելո՛ւ են, հասկանո՞ւմ ես, Ադա՛մ, իշխելո՛ւ են․․․ Բորենիներն արդեն գլխիդ են նստում, քեզ շահագործում են, չե՞ս զգում։ 

ԱԴԱՄ — Նրանք սիրում են շոշափել այն բոլոր բույսերն ու քարերը, որոնց դիպչում ես, հոտոտում են այն ծառերը, որոնցից սնվում ես, որովհետև սիրում են քեզ: Ամեն տեղ քո բույրն են փնտրում, քո ներկայությունը:

ԵՎԱ — Ես միայն քո սիրո կարիքն ունեմ, Ադա՛մ։ Ուզում եմ այնպես սիրես, որ մենք բազմանանք, լցնենք Դրախտը, իշխենք բոլոր շնչավորներին, ծառերին ու թփերին, հովերին ու ծովերին, անձրևներին ու արևին, լուսնին ու աստղերին, տիեզերքին:          

ԱԴԱՄ — Մենք պետք է անենք այն, ինչ Աստված պատվիրել է:

ԵՎԱ — Աստված միայն խոսքով չէ, որ պատվիրել է։ Դու միայն բառերից ես կառչում։ Նայի՛ր մարմնիս, նայի՛ր մարմնիդ․․․ Նայի՛ր իմ նուրբ ու զգայուն շուրթերին, հասած ու դատարկ ստինքներին, երկունք տենչացող ազդրերին: Այս ամենը բազում հուշումներ ու խորհուրդներ է պարունակում իր մեջ, որոնք գոչում են՝ գրկե՛ք իրար, գգվե՛ք իրար, տրվե՛ք իրար՝ ինչպես որձն ու էգը․․․ բազմացե՜ք, բազմացե՜ք․․․ 

ԱԴԱՄ – Բայց նախ խոսքով է պատվիրել Աստված․․․ 

ԵՎԱ – Աստված ասաց․ «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը և տիրե՛ք դրան»․․․ Ահա՛ և քեզ խոսք․․․ եթե խոսք ես ուզում։ 

ԱԴԱՄ — Բայց ամեն բան իր ժամանակն ունի։ 

ԵՎԱ — Ես մայրանալ եմ ուզում, ուրեմն հիմա է ժամանակը: 

ԱԴԱՄ — Ինչպե՞ս բազմանալ, Եվա՛։ 

ԵՎԱ – Հապա նայի՛ր իմ թրթռուն սնուցիչներին, Ադա՛մ։ 

ԱԴԱՄ — (կարծես առաջին անգամ տեսած լինի): Ի՜նչ գեղեցիկ են․․․

ԵՎԱ – Ու համով․․․   

ԱԴԱՄ – Համո՞վ ․․․ Ուտելի՞ են դրանք․․․

ԵՎԱ – Ինչպես գառներն են ուտում իրենց մաքիներին առանց ատամների,  ինքնամոռաց․․․  

Լսվում է Անտառահատի ագռավի կռավյունը։

ԱԴԱՄ — (վերև նայելով): Ո՞ւմ է փնտրում ագռավը, նա արդեն հինգ անգամ պտտվեց մեր գլխի վրա:

ԵՎԱ – Էգին է փնտրում, էգին․․․ Բոլորն իրենց էգերին են փնտրում, բացի քեզանից:

ԱԴԱՄ – Բայց նա ո՞րձ է:

ԵՎԱ – Ո՛րձ է, ո՛րձ․․․ Ես որձերին հեռվից եմ զգում:

ԱԴԱՄ – Ես չեմ զգում: 

ԵՎԱ – Դու էգերին պիտի զգաս: Ցուլի նման փնչացնելով իմ ետևից պիտի վազես, պոզահարես այրվող թռչնին ու ստիպես, որ թուխս նստի:  Բայց նախ սոված քոթոթների պես ոտքերս պիտի հոտոտես, ապա բարձրանալով լերկ բլուրների փափուկ լանջերին՝ խրտնած այծի պես իզուր արածես․․․ ու ծարավելով թեքվես շուրթերիս․․․ խմե՜ս, խմե՜ս ու չհագենաս: Դե, բռնի՛ր ինձ, Ադա՛մ, եթե կարող ես․․․ (Սկսում է վազել բարու և չարի գիտության ծառի շուրջ։ Ադամը զարմացած նայում է Եվային` առանց տեղից շարժվելու։)       

ԵՎԱ — (մոտենալով Ադամին): Քո խաղաղությունն ու հեզությունն ինձ հունից հանում են, Ադա՛մ:

ԱԴԱՄ — (մշուշոտ հայացքով): Ո՞ւր են հանում, Եվա՛:

ԵՎԱ — Դեպի իմաստուն ապտակ․․․ (Ապտակում է Ադամին։)

ԱԴԱՄ – Ես զարմանում եմ քո արարքից:

ԵՎԱ – Լավ բառ է զարմանալը, սթափեցնող բառ է․․․ Դու սկսում ես մտածել, զգալ, ճանաչել աշխարհը: Եթե առաջինը չօգնեց՝ ստացիր ևս մեկը․․․ (Ապտակում է։) Եվս  մեկը․․․ (Ապտակում է։)

ԱԴԱՄ – Ո՞ւր ես․․․ (Նայում է Եվայի աչքերի մեջ ու ձեռքերով շոշափում է նրան) Ո՞ւր ես, Եվա՛․․․

ԵՎԱ — (շոյելով Ադամի դեմքն ու շոշափելով կոպերը): Այստեղ եմ, չե՞ս տեսնում ինձ, կուրացա՞ր ապտակից:

ԱԴԱՄ – Ես հող եմ տեսնում ու դատարկ հոգի:

ԵՎԱ – Դատա՞րկ․․․

ԱԴԱՄ – Ո՞ւր է Աստծո Սերը, որով լցված էր հոգիդ․․․ Ես այն  Եվային եմ փնտրում․․․

ԵՎԱ – Դատարկ չէ, այն լցված է քո սիրով, պայքարով, ըմբոստությամբ, կրքով, բարու և չար իմացությամբ, հետաքրքրասիրությամբ, ունայնությամբ, տառապանքով․․․     

ԱԴԱՄ – Ո՞ւր ես, Եվա՛․․․ (Շփոթված ու սարսափած, ինչ-որ բան գլխի ընկնելով՝ սկսում է հաշվել բարու և չարի գիտության ծառի պտուղները։) Մեկ, երկու, երեք, չորս․․․  

ԵՎԱ — (փորձում է շփոթեցնել): Վեց, յոթ, ութ․․․   

ԱԴԱՄ – Հինգը բաց թողեցիր՝ մի հաշվիր ինձ հետ:

ԵՎԱ — (շարունակում է լարված ու ինքնամոռաց հաշվել): Յոթ, ութ, ինը, տասը․․․ 

ԱԴԱՄ – Ո՛չ, ո՛չ․․․ հինգ, վեց, յոթ, ութ, ինը․․․ 

ԵՎԱ — (ցույց տալով արդեն հաշված մի պտուղ): Սա էլ տասը:

ԱԴԱՄ – Ոչ, դա հաշվել եմ:

ԵՎԱ — (ցույց է տալիս մեկ ուրիշը): Սա էլ տասը․․․ (Ցույց է տալիս մեկ ուրիշը։) Սա էլ տասը․․․ Սա ութ, սա ինը, սա էլ տասը:

ԱԴԱՄ – Ո՛չ, մի՛ խանգարիր ինձ․․․ 

ԵՎԱ – Նորից հաշվենք: (Մատը դնելով պտուղների վրա։) Տասը, ինը, ութ, յոթ, վեց, հինգ, չորս… (Մեկ պտղի վրա մատը դնելով՝ միանգամից երկու թիվ  է ասում) երեք, երկու, սա էլ մեկ․․․ (Սևեռուն նայելով Ադամի աչքերի մեջ։) Սա էլ մեկ․․․ Սա էլ մեկ․․․ Պա՞րզ է․․․ 

Ադամը կատարվածից սարսափած ու ցնցված, անզոր որևէ բառ ասելու՝ փակում է աչքերն ու պառկում։ Լռություն։ Լսվում են անտառային ձայներ, օձի խուլ ֆշշոց ու Անտառահատի ագռավի կռավյունը։ Եվան բարու և չարի գիտության ծառի տակից վերցնում է թաքցրած պտուղը, որի ամբողջականությունն արդեն խախտված է, նստում է Ադամի կողքին, նայում է պտղին, խաղում դրանով ու մոտեցնում Ադամի քթին։ Ադամը աչքերը բացում է, տեսնում է կծած պտուղը ու սարասփով նայում է Եվային։

ԵՎԱ — (պտուղը նրան պարզելով։)  Համով է, դե․․․ փորձի՛ր։ (Ախորժակով կծում է պտուղը, մեկնում Ադամին։) Չե՞ս ուզում․․․ (Փորձում է խցկել Ադամի  բերանը։) Փորձի՛ր․․․ դե՛․․․ (Ադամը վեր է կենում ու այլայլված փախչում։)

ԵՎԱ — (պտուղը ձեռքին հետապնդում է նրան): Ո՞ւր պիտի փախչես ինձանից․․․

Ծիծաղում է։ Ծիծաղն արձագանքվում է Դրախտի պարտեզում։ Մթություն։ 

4

Բարու և չարի գիտության ծառի տակ պառկած է Մարդը, նայում է ծառի պտուղներին։  Գալիս է Ադամը։

ԱԴԱՄ — Ո՞վ ես դու։

ՄԱՐԴ — Ով քեզնից ժառանգել է ինքնակործանման հակումը։  

ԱԴԱՄ – Ինքնակործանո՞ւմ․․․ 

ՄԱՐԴ — Դու առաջին ինքնասպանն ես, դու ընտրեցիր մահը․․․ 

ԱԴԱՄ — Իսկ ո՞վ ես դու․․․ 

ՄԱՐԴ — Դու իմ մի մասնիկն ես․․․ առաջին մասնիկը։  

ԱԴԱՄ – Իսկ ո՞վ ես դու․․․  

ՄԱՐԴ — Դու իմ մտահղացումն ես․․․ իմ ծրագիրը․․․  

ԱԴԱՄ — Ես այդքան սարսափելի՞ եմ․․․  

ՄԱՐԴ — Ամեն ինչ համտեսելու հակումը քեզանից եմ ժառանգել․․․ 

ԱԴԱՄ — Դրախտում ամեն ինչ համով է․․․ 

ՄԱՐԴ — Բայց այն մեկը, որը նույնքան համով է, քեզ ավելի համով է թվում․․․ 

ԱԴԱՄ — Եվան ասում է, որ տեսքը շատ գեղեցիկ է:

ՄԱՐԴ — Իսկ հա՞մը․․․

ԱԴԱՄ — Հա՞մը․․․ ես ուզում եմ մոռանալ դրա մասին․․․ Ես սիրում եմ թափառել դրախտում, Փիսոնից Գեհոն անցնել, Գեհոնից Տիգրիս ու Եփրատ․․․ Հիանալի բան է ջրերի հոսքին հետևելը։ Նրանք դրախտի սերն են բաժանում բույսերին ու կենդանիներին:

ՄԱՐԴ — Դրախտի՞․․․ 

ԱԴԱՄ — (վարանոտ): Այո․․․

ՄԱՐԴ — Միգուցե Աստծո՞․․․

ԱԴԱՄ — (դժկամ): Աստծո․․․

ՄԱՐԴ — Աստծուն ուրանալու հակումը ես քեզանից եմ ժառանգել:

ԱԴԱՄ — Իսկ ի՞նչ ես անում դու:

ՄԱՐԴ — Ե՞ս․․․ բազմանում եմ․․․ փորձում եմ բազմանալ․․․ կամ ձևացնում եմ, թե բազմանում եմ: 

ԱԴԱՄ — (զգուշավոր): Շա՞տ ես․․․

ՄԱՐԴ — Եթե միաժամանակ չմեռնեմ՝ գունդը կփսխի: Չնայած արդեն սրտխառնոց ունի:

ԱԴԱՄ — Մեռնե՞լ․․․ 

ՄԱՐԴ — Մեռնելու հակումը քեզանից եմ ժառանգել: Որովհետև Եվան ասում է, որ այն մի պտուղն ավելի գեղեցիկ է․․․ 

ԱԴԱՄ — Մոռանանք դրա մասին: Իսկ ինչո՞վ ես սնվում: Երբ ձորերի մեջ խաղալուց հոգնած, ծաղկափոշին մազերիս վրա վազում եմ Եվայի մոտ, նա շնչում է բույրս և ինձ խաղողի ողկույզներ է տալիս՝ խոշոր, հյութալի ու համով․․․  

ՄԱՐԴ — Ես նախընտրում եմ խաղողի նեխած տարբերակը:

ԱԴԱՄ — Այդ մեկն ինձանից չես ժառանգել:

ՄԱՐԴ — Դրախտում մրգերը չեն նեխում կամ, ավելի ճիշտ, չէին նեխում, մինչև Եվայի ատամներն աղմուկով խախտեցին պտղի թաղանթը, և պտղահյութը ծորաց նրա ստինքներն ի վար ու հոսեց դեպի․․․ (Ադամի աչքերը լարվում են) ազդրերը:

ԱԴԱՄ — Հարգա՛նք ունեցիր Եվայի նկատմամբ:

ՄԱՐԴ — Ծնողներին անտեսելու հակումը քեզանից եմ ժառանգել:

ԱԴԱՄ — Դու անպատկառ ես:

ՄԱՐԴ — Թզենու տերևի նկատմամբ քո պատկառանքը կարծրատիպ է՝ հի՛ն, շա՜տ հին։ Ես դրանից ազատվել եմ քո մի հիանալի հատկությամբ:

ԱԴԱՄ — Հիանալի հատկությու՞ն․․․ հավանաբար ունեմ։ 

ՄԱՐԴ — Քիթդ պտղի մեջ խոթելու հիանալի հատկության շնորհիվ:

ԱԴԱՄ — Ատամերը․․․  

ՄԱՐԴ — Ատամներն ամեն տեղ խոթելու հակման շնորհիվ ես ուսումնասիրել եմ բոլոր հնարավոր խորությունները, հրվանդանները, արահետները․․․ գինեկոլոգիա՜, ուռոլոգիա՜, պրոկտոլոգիա՜․․․ լոգիա՜, լոգիա՜, լոգիա՜․․․  և վերջապես․․․ (Հարցական նայում է Ադամին՝ ակնկալելով, որ նա շարունակի։) 

ԱԴԱՄ — Լոգոս․․․

ՄԱՐԴ — Կեցցե՛ս՝ լոգոս: Ավելին իմանալու հակումը քեզանից եմ ժառանգել։ Վկան՝ չարի ու բարու գիտության ծառի նկատմամբ քո խոր ակնածանքը և տանջող հետաքրքրությունը։ 

ԱԴԱՄ — Լավ, մոռանանք ծառի մասին։ Իսկ ի՞նչ է լոգոսը։  

ՄԱՐԴ — Լոգոսն իմ վերջում է։ 

ԱԴԱՄ – Վերջո՞ւմ է․․․ 

ՄԱՐԴ — Վերջում է լոգոսը, լոգոսը մարդակերտ է և լոգոսը աստված է:

ԱԴԱՄ — Մի բան շփոթում ես․․ Սկզբում Աստված ստեղծեց աշխարհը, հետո ստեղծեց մարդուն․․․ 

ՄԱՐԴ — Հետո մարդն ստեղծեց լոգոսին, իսկ մարդակերտ լոգոսը՝ նոր աշխարհ…

ԱԴԱՄ — Միայն քո Տեր Աստծուն պետք է երկրպագես․․․ 

ՄԱՐԴ — Երկրպագելն ինձ մոտ լավ է ստացվում․․․ բայց ինչո՞ւ միայն քո Տեր Աստծուն: 

ԱԴԱՄ – Ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․ Նորից այդ անիմաստ հարցը:

ՄԱՐԴ — Արարչին թողած արարվածը երկրպագելու հակումը քեզանից եմ ժառանգել: Պտուղն ավելի կարևոր է, քան ծառը․․․ ա՛յս ծառը: (Ցույց տալով բարու և չարի գիտության ծառը։) Ծառն ավելի կարևոր է, քան ծառն արարողը:

ԱԴԱՄ — Դու խառնում ես կարևորության հերթականությունը: Սկիզբը շփոթում ես վերջի հետ։

Մտնում է Ա Մարդը՝ կացինը ձեռքին ու պտտվում է բարու և չարի գիտության ծառի շուրջ։

ԱԴԱՄ — (Ա Մարդուն): Ի՞նչ ես անում:

Ա ՄԱՐԴ — Պետք է կտրեմ ․․․ 

ԱԴԱՄ — (Մարդուն): Ո՞վ է այս մարդը, բացատրիր նրան, որ ծառը չի կարելի կտրել․․․ մեղք է:

ՄԱՐԴ — Հատկապես այս մեկը:

Ա ՄԱՐԴ — Պետք է կտրեմ: 

ԱԴԱՄ — (Մարդուն): Բացատրիր նրան, որ անթույլատրելի է՝ չի՛ կարելի ծառ կտրել:

ՄԱՐԴ — Ասա՛ նրան, որ դա նոճենի չէ, և նա կգնա․․․ 

ԱԴԱՄ — (Ա Մարդուն): Սա նոճենի չէ՛, բարու և չարի գիտության ծառն է․․․ հեռացի՛ր:

Ա Մարդը ափսոսանքով նայում է մեկ Ադամին, մեկ Մարդուն և հուսահատված հեռանում:

ՄԱՐԴ — Նրա հայացքն ասում է, որ մենք իրար արժանի ենք: (Նայելով Ա Մարդու կողմը։) Ահա նոճու անտառը լողում է Աստծո զղջման ջրերի վրա՝ իր հետ տանելով անտառահատներին ու քո սիրելի կենդանիներին: Եվ, որ ամենակարևորն է, նրանք իրենց հետ տարան սահմաններ չհանդուրժող քո էությունը:

ԱԴԱՄ — Ծառ կտրելը մեղք է:

ՄԱՐԴ — Մենք իրար նման ենք մտածում՝ ծառն ավելի կարևոր է, քան նրանք, որ մնացին ջրերի տակ: Նրանք ամենաանկարևորներն են: Դրա համար նրանց սպանելու հազար ու մի ձև եմ հնարել։ Բայց դրանք ինձ չեն գոհացնում։ Ես շարունակում եմ ավելի հետաքրքիր միջոցներ մտածել, ավելի կատարյալ միջոցներ, որ մի հարվածով ցրիվ տամ նրանց, մոխիր դարձնեմ: Բայց նրանք բազմանում են ու բազմանում․․․ 

Երկինքը մռայլվում է։ Ուժգին որոտ, սկսում է անձրևել։ Նրանք պատսպարվում Կենաց  ծառի տակ։

ԱԴԱՄ – Ինչո՞ւ հանկարծ սկսեց անձրևել: Ես այսպիսի առատ անձրև չեմ տեսել:

ՄԱՐԴ — Դա նշանակում է, որ Անտառահատն իր անտառը մտավ:

ԱԴԱՄ — Երկա՞ր է անձրևելու:

ՄԱՐԴ — Մինչև երկրի վրա բոլոր շարժվող կենդանի էակները մեռնեն: 

ԱԴԱՄ — Եվան կթրջվի:

ՄԱՐԴ — Մի՛ մտահոգվիր, ամպերը հեռացան։

ԱԴԱՄ — Կատարյալ խաղաղություն է։

ՄԱՐԴ — Աստված բնաջնջեց երկրի երեսից ամեն մի էակի՝ մարդուց մինչև անասուն։ 

Աստիճանաբար շարժվում են դեպի բարու և չարի գիտության ծառը։

ԱԴԱՄ — Այս ի՞նչ մեծ կոպ է երկնքից երկիր ձգվել․․․ բազմերանգ արտևանունքով:

ՄԱՐԴ — Ծիածան է:

ԱԴԱՄ — Ծիածա՞ն․․․

ՄԱՐԴ — Այո, ծիածան է: Ինչո՞ւ ես զարմանում։   

ԱԴԱՄ — Ծիածանն ի՞նչ է․․․ Ես առաջին անգամ եմ տեսնում։ 

ՄԱՐԴ — Ախ, այո․․․ Երբ դու մեռար, ծիածանը դեռ չէր ծնվել:

ՄԱՐԴ — Ե՞ս․․․ ես չեմ մեռնի:

ՄԱՐԴ — Ջրից փրկվածն ասում է, որ մեռնելու ես:

ԱԴԱՄ — Ո՛չ, ո՛չ, չե՛մ մեռնի․․․ 

Դադար։

ՄԱՐԴ — Ծիածանն Աստծո բազմերանգ խոստումն է, որ այլևս ողջ երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի։    

ԱԴԱՄ- Իսկ մա՞րդը․․․

ՄԱՐԴ — Մարդն ի՞նչ․․․ 

ԱԴԱՄ — Կարո՞ղ է ոչնչացնել երկիրը:

Կռկռալով ներս է խուժում Անտառահատի ագռավն ու հարձակվում Ադամի և Մարդու վրա։ Նրանք փորձում են քշել նրան։ Վերջապես ագռավը հանգստանում է, նստում է բարու և չարի գիտություն ծառի վրա ու լուռ նայում նրանց։

ԱԴԱՄ — Սա ո՞վ է․․․ 

ՄԱՐԴ — Անտառահատի խռոված սուրհանդակն է, որ արդեն քանի հազար տարի թափառում է և չի ուզում հատված անտառ վերադառնալ:

ԱԴԱՄ — Ի՞նչ է ուզում մեզանից:

ՄԱՐԴ — Նա հայտնվում է անսպասելի, կռկռում է տեղի-անտեղի և ինձ հիշեցնում Աստծո պատժի մասին։ Համենայնդեպս ես այդպես եմ կարծում։ 

ԱԴԱՄ — Նա երևի քեզ է նայում:

ՄԱՐԴ — Ավելի շուտ քեզ է նայում։ Նա սրել է կտուցը քո լեշն ուտելու համար։ Նա լեշի հոտը ժամանակից շուտ է զգում։         

ԱԴԱՄ — Իմ ագռավները բարի են: Այս մեկը խիստ հայացք ունի: Նա ինձ վախ է ներշնչում։ Ինչո՞ւ է խռովել։ 

ՄԱՐԴ — Նա հասկացել է, թե ինչու Անտառահատը սկզբից հենց իրեն ուղարկեց Աստծո անեծք ջրերի մակարդակը ստուգելու։

ԱԴԱՄ — Երևի ավելի շատ էր վստահում նրա խելքին ու հնարամտությանը։ 

ՄԱՐԴ — Ո՛չ։ Որովհետև Անտառահատն իր աղունիկին ավելի շատ էր սիրում և չցանկացավ նրան վտանգի ենթարկել։ 

Դադար: 

ԱԴԱՄ — Դու ինձ ձանձրացնում ես: Ես ուզում եմ, որ դու վերցնես այս խռովածին ու հեռանաս:

ՄԱՐԴ — Գունդն էլ է այդպես կարծում, նա մի կերպ է ինձ հանդուրժում։ Տեսնենք ինչքան կդիմանա:   

ԱԴԱՄ — Աստված ինձ ստեղծել է կարևոր գործերի համար, իսկ դու խլում ես իմ ժամանակը քո անմիտ զրույցներով:

ՄԱՐԴ — Աստվա՞ծ․․․ Դու հավատում ես, որ Աստվա՞ծ է քեզ ստեղծել:

ԱԴԱՄ — Ինձ սարսափեցնում ես քո հանդուգն հարցերով:

ՄԱՐԴ — Ամեն ինչ կասկածի ենթարկելու իմ հակումը քեզանից եմ վերցրել: Դու կասկածեցիր, որ պտուղն ուտելով, մահկանացու ես դառնալու։ 

ԱԴԱՄ — Իսկ ո՞վ է ստեղծել ինձ, եթե ոչ Աստված:

ՄԱՐԴ – Իհարկե՝ Պատահականությունը։ Սա իմ հազարավոր տարիների մտորումների արդյունքն է: Դու առաջացել ես ինքնաբերաբար՝ առանց հատուկ ծրագրի, առանց նպատակի․․․ բազմաթիվ պատահականությունների համադրումից:

ԱԴԱՄ – Պատահականությո՞ւն, դա ի՞նչ նոր աստված է:

ՄԱՐԴ — Դա բառ է, որի իմաստը ոչ ոք չգիտի։ Մի անմիտ, բայց հզոր բառ, որ ես սիրում եմ գործածել դեմքի իմաստուն արտահայտությամբ:

ԱԴԱՄ – Ու դու կարծում ես, որ այդ Պատահանակությունն առանց մտքի, առանց մանրամասն ծրագրի և հաշվարկների ստեղծել է բոլոր մասնիկներիս ներդաշնակ աշխատա՞նքը, բոլոր բջիջնե՞րս, աչքե՞րս, մի՞տքս, կա՞մքս, ինքս ինձ մեկնաբանելու ունակությո՞ւնը․․․  

ՄԱՐԴ — Այո՛, այո՛։ Այդ ամենը ստեղծել է Պատահականությունը:

ԱԴԱՄ — Ի՞նչ նպատակով:

ՄԱՐԴ — Առանց հատուկ նպատակի։ Ո՞վ է քո մեջ դրել ամեն ինչի մեջ իմաստ ու նպատակ փնտրելու այդ արատավոր սովորությունը։ Պատահականություն բառը հենց նրա համար է, որ այդ հարցը մեջտեղից դուրս գա։ Բայց դու էլի՝ նպատակ, հա՜ նպատակ․․․ Բայց ես այդ հարցն էլ եմ լուծել:

ԱԴԱՄ — Հիմա նպատակ ու իմաստ չե՞ս փնտրում։ 

ՄԱՐԴ — (ծիծաղելով): Ո՛չ, իհարկե, ոչ։ Այդ հարցին շատ պարզ լուծում եմ տվել։ Ես սովորել եմ ապրել առանց իմաստի կամ հորինում եմ անհեթեթ իմաստներ դատարկությունս լցնելու համար։     

Գալիս է Բ Մարդը։ Նա մոտենում է բարու և չարի գիտության ծառին, հաշվում է պտուղները, հետո նորից է հաշվում։

Բ ՄԱՐԴ — (Ադամին): Դու խախտել ես առաջին պատվիրանը, (Մարդուն.) ուստի ևս ինը պատվիրան քեզ պետք կլինի փրկվելու համար:

ՄԱՐԴ — (Ադամին): Քո մեղքերի համար ինձ են պատժում, իմ մեղքերի համար՝ քեզ։ Անարդար է։ 

ԱԴԱՄ — (Մարդուն): Ո՞վ է սա․․․

ՄԱՐԴ — Նա մորենիների միջից սահմանաքարեր է բերում ինձ համար, որ սահման դնի ինձ վրա։ Ճիշտ է, երկուսը բարկացած փշրեց, բայց մյուս երկուսը սիրով օգտագործում եմ։    

ԱԴԱՄ — Սիրո՞վ․․․ Հարմարվե՞լ ես սահմաններին:

ՄԱՐԴ — Ո՛չ, իհարկե, ոչ։ Այդ սահմանաքարերն ինձ օգնում է գտնել այն բոլոր տասը սահմանները, որ ես պետք է խախտեմ։ Բարեբախտաբար, անտառահատների ընտանիքը իր մեջ պահել էր սահմաններ խախտելու քո հակումները և խնամքով փոխանցել է ինձ։  

ԱԴԱՄ — Սահմաններ խախտելն առանց պատժի չի լինում:

ՄԱՐԴ — Ճիշտ ես։ Դրա համար ինձ սպառնացել են պատժել երկրորդ մահով:

ԱԴԱՄ — Ես միայն առաջինից եմ տեղյակ։ (Դադար։) Բայց նա ինչո՞ւ է սպասում:

ՄԱՐԴ — Նա սպասում է, որ բարու և չարի գիտության ծառը սահմանաքար դառնա:

ԱԴԱՄ — Ինչի՞ համար․․․

ՄԱՐԱԴ – Որ դնի իմ տկար ուսերին։ Արդեն քանի հազար տարի է՝ նրան բացատրում եմ, որ չեմ կարող տանել այդ սահմանաքարերը, բայց նա, միևնույն  է, ինձ վրա է թողնում այդ ծանր, շատ ծանր բեռներն ու սպանում է ինձ։ 

ԱԴԱՄ — Երբ նոր էի աշխարհ եկել, չէի կարողանում ծանրություններ վերցնել, բայց աստիճանաբար մկաններս վարժվեցին։ 

ՄԱՐԴ — Չէ, ինձ մոտ չի ստացվում։ Պտուղն այնպես է քո բերանով մտել արյանս, ոսկորներիս, գլխիս ու սրտիս մեջ, որ ճռնչում եմ այդ սահմանքարերի տակ, ինչպես դու՝ պտղի տակ․․․  բայց չեմ ամրանում։

ԱԴԱՄ- Ես ուզում եմ, որ նա հեռանա: Ես ընկճվում եմ  նրա հայացքից:

ՄԱՐԴ — Ասա նրան, որ լեռան վրա մորենին այրվում է, բայց չի մոխրանում, և նա իր հոտը կթողնի ու լեռը կբարձրանա: Նա քեզ պես հետաքրքրասեր է։ Ձեր երկուսի հետաքրքրասիրությունը վերջում ինձ կրակն է գցելու։   

Բ ՄԱՐԴ — (Մարդուն): Ես գնում եմ․․․ հետո կգամ ու քեզ կպատմեմ, թե ինչպես Աստված արարեց աշխարահը, և ինչպես նա (ցույց տալով Ադամին) կերավ պտուղը: (Գնում է։)

ՄԱՐԴ(նրա ետևից): Շատ լավ, ես խորհրդավոր պատմություններ սիրում եմ լսել, հատկապես երբ հետը մանանա են մատուցում։ Դու շատ ձանձրալի ես, նույնիսկ ծովը հորանջեց։     

ԱԴԱՄ — Հետաքրքիր է․․․ Դու չե՞ս ուզում գնալ, իսկապես հոգնեցի քեզանից։ 

ՄԱՐԴ — Ես չեմ սիրում, երբ ինձ հրամայում են։ Որովհետև սիրում եմ ինքս ինձ ապացուցել, որ ազատ եմ անելու, ինչ ուզում  եմ։ Այս հարցում մենք նման ենք՝ ինչպես ջրի երկու կաթիլ։  

ԱԴԱՄ — Այո, ես չեմ սիրում, երբ Եվան ինձ ստիպում է ուտել պտուղը։ 

ՄԱՐԴ — Բայց դու կուտես՝ ապացուցելու, որ ազատ ես անելու, ինչ ուզում ես, որ պատվիրաններ չես հանդուրժում։  

ԱԴԱՄ — Ես ազատ եմ, ես կարող եմ ընտրություն կատարել դրախտի բոլոր ծառերի միջև և ուտել՝ որ ծառից որ սիրտս կամենա:

ՄԱՐԴ — Բացի մեկից․․․ 

ԱԴԱՄ — Այդ մեկն ինձ չի խանգարում․․․ Դա աննշան բան է իմ ազատության համար։  

ՄԱՐԴ — Բայց այդ մեկը քեզ անընդհատ հիշեցնում է, որ դու քո ազատությունը տնօրինելու բացարձակ իշխանություն չունես։ 

ԱԴԱՄ — Իսկ դու ունե՞ս:

ՄԱՐԴ — Այո, որովհետև դու կերել ես պտուղը: 

ԱԴԱՄ — Իսկ մա՞հը․․․ դու կարո՞ղ ես քո ընտրությամբ խուսափել մահից:

ՄԱՐԴ — (ծիծաղում է): Խուսափե՞լ, ինչի՞ համար։ Մահն իմ զորության աղբյուրն է․․․ Առանց մահի կյանքը լրիվ կիմաստազրկվի։ 

ԱԴԱՄ — Այդ ինչպե՞ս․․․ Իսկ ես մտածում եմ, որ դա մի սարսափելի բան է։ 

ՄԱՐԴ — Ճիշտ ուղու վրա ես։ Եթե սարսափելի չլիներ` ոչ մի արժեք չէր ունենա։ Պատկերացնո՞ւմ ես, ինչով կզբաղվեին հացթուխները, բժիշկները, փիլիսոփաները, բանաստեղծները, կառավարիչները, զինվորները, բոլոր-բոլորը՝ առանց մահի։ 

ԱԴԱՄ — Ովքե՞ր են նրանք։ 

ՄԱՐԴ — Նրանց բոլորի զբաղմունքը մահն է։ Նրանք ամեն օր մտածում են մահվան մասին, պայքարում են մահվան դեմ կամ ծառայում նրան։ 

ԱԴԱՄ — Հնարավո՞ր է պայքարել մահվան դեմ:

ՄԱՐԴ — Այո՛, իհարկե, ոչ միայն պայքարել, այլև նույնիսկ հաղթել:

ԱԴԱՄ — Հաղթե՞լ․․․  ինչպե՞ս․․․  

ՄԱՐԴ — Ես մի հրաշալի միջոց գիտեմ, շատ պարզ մի միջոց․․․ Բայց դա քեզ չի օգնի։ 

ԱԴԱՄ — Միգուցե օգնի՞․․․ 

ՄԱՐԴ — Չմեռնլու համար պետք է ընդամենը չծնվել:

ԱԴԱՄ — Այո, դա ինձ չի օգնի:

ՄԱՐԴ — Այս հարցում իրար նման ենք։ Մենք չենք կարող ընտրել՝ ծնվել, թե չծնվել։ Բայց շատ-շատերին ես ազատել եմ ծնվելու գլխացավանքից և մեռնելու հաճույքից։ 

ԱԴԱՄ — Ծնվե՞լ, թե՞ չծնվել․․․ 

ՄԱՐԴ — Ահա՛ միակ հարցը, որ մենք մեզ չենք կարող տալ։ Դա մարդու իրավուքների և ազատությունների կոպտագույն խախտումն է, որի դեմ պետք է բողոքել:

ԱԴԱՄ — Այո, իրար նման ենք, այնքան նման ենք, որ սկսում եմ ձանձրանալ քեզանից։  

ՄԱՐԴ — Իսկ ո՞ւր է քո պորտը։ 

ԱԴԱՄ — Ի՞նչ պորտ։ 

ՄԱՐԴ – Այստեղ, մեջտեղում՝ փորի վրա:  

ԱԴԱՄ — Այստեղ ինչ-որ բա՞ն պետք է լիներ:

ՄԱՐԴ — Այո՛, իհարկե՛․․․

ԱԴԱՄ — Չկա․․․ չի եղել․․․

ՄԱՐԴ — Ահա՛ մեր միակ տարբերությունը:  (Գնում է։)

ԱԴԱՄ – Ո՞ւր ես գնում․․․

ՄԱՐԴ — Միակ տարբերությունը վերացնելու․․․  Ո՛չ մի տարբերություն չպե՛տք է լինի: 

Գնում է։ Անտառահատի ագռավը կռկռում է։ Մթություն։ Մթության մեջ լուռ, խոժոռ հայացքներով պտտվում են յոթ դատավորները։

5

Ադամը նստած է բարու և չարի գիտության ծառի տակ, ձեռքում պահել է  Եվայի կծած պտուղը, ուսումնասիում է։ Երկար նայում է պտղի կծած մասից ներս, մոտեցնում է ականջին։ Լսվում են մարդկային տառապանքի ձայներ։ Սարսափած հեռացնում է պտուղը, ձայները կտրվում են։ Պտուղը նորից զգուշորեն մոտեցնում է ականջին։ Լսվում են պատերազմների, երեխաների լացի, մայրերի ողբի ձայներ ու օձի խուլ ֆշշոց։ Շփոթված վեր է կենում, գաղտագողի նայում է չորս կողմը, ապա  փորձում է պտուղը կախել բարու և չարի գիտության ծառից, բայց չհաջողելով՝ դնում է ծառի ճյուղի վրա։ Տեսնելով, որ պտղի վնասված մասը երևում է, փորձում է այն ծածկել տերևներով։ Գործն ավարտված համարելով՝ նորից նայում է աջ ու ձախ, ուզում է հեռանալ։ Գալիս են երկու կին։ Նրանք բարու և չարի գիտության ծառին նայելով՝ ինչ-որ բան են փնտրում։ Ադամը կանգ է առում և հետևում նրանց։     

ԱԴԱՄ — (վախվորած): Բոլորը պտուղները տեղո՞ւմ են․․․

Ա ԿԻՆ — Նա այստեղ՝ գերեզմանում պետք է լիներ։ 

ԱԴԱՄ — Գերեզմանու՞մ․․․ ի՞նչ գերեզման․․․ 

Ա ԿԻՆ — Գերեզմանը տերևներով չեն ծածկում․․․ 

Բ ԿԻՆ — Գերեզմանը մեծ քարով են ծածկում․․․

Ա ԿԻՆ — Դատարկ գերեզմանը չեն ծածկում․․․

Բ ԿԻՆ — Գերեզմանի դատարկությունը միայն Նա կարող է լցնել․․․

Ա ԿԻՆ — Իր մարմնով․․․   

Բ ԿԻՆ — Ո՞վ սպանեց Նրան․․․

Ա ԿԻՆ — (Ցույց տալով Ադամին): Նա:

ԱԴԱՄ — Ե՞ս․․․ Ո-ոչ․․․  

Բ ԿԻՆ – Այո՛, նա սպանեց․․․  

Բ ԿԻՆ — Երանի՜ չբեր կանանց․․․ 

Ա ԿԻՆ — Երանի՜․․․ 

Բ ԿԻՆ — Երանի՜ նրանց, որ երբեք չծնեցին․․․

Ա ԿԻՆ — Երանի՜․․․

Բ ԿԻՆ — Որ չդիացրին․․․  

Ա ԿԻՆ — Որ երբեք չմայրացան․․․  

Բ ԿԻՆ — Երանի՜․․․ 

Երկու կանայք անհետանում են։

ԱԴԱՄ — (մտքում կրկնում է): Գերեզմանը տերևներով չեն ծածկում… Գերեզմանը մեծ քարով են ծածկում․․․   

ԵՎԱ — (աննկատ ներս է մտնում, մոտենում է Ադամին, գրկում): Ադա՛մ․․․ (Ադամը ցնցվում է։) Ես մայրանալ եմ ուզում․․․ (Ադամը լուռ նայում է նրա աչքերի մեջ։) Ես մայրանալ եմ ուզում:

ԱԴԱՄ — Երանի՜ նրանց, որ երբեք չմայրացան․․․ 

ԵՎԱ – Ո՞ւր  է պտուղը։ 

ԱԴԱՆ — Ի՞նչ արեցիր, Եվա՛․․․  

ԵՎԱ — Ընդամենը մի անգամ կծեցի․․․ Ավելի ճիշտ՝ երկու անգամ։ 

ԱԴԱՄ – Ինչո՞ւ արեցիր․․․ 

ԵՎԱ — Որ վախվորած ու միապաղաղ չապրես․․․  

ԱԴԱՄ — Դու մեռնելու ես, Եվա՛․․․  

ԵՎԱ — Դու չես թողնի, որ ես մենակ մեռնեմ․․․    

ԱԴԱՄ — Դու մենակ ես մեռնելու․․․ 

ԵՎԱ — Ես կմեռնեմ՝ մահվան վախը հաղթած, քեզանից խելացի, քեզանից համարձակ, չարն ու բարին ճաշակած, աչքերս բաց: Իմ մահվան մեջ կծիծաղեմ քո միամտության վրա, քո վախվորած կյանքի վրա: Կծիծաղեմ հայացքիդ վրա, որ ամեն օր հառում ես այս ախորժելի պտուղներին ու խեղճացած փախցնում: Մի անգամ պիտի կծել, ապշահար ծամել, զգալ ճշմարիտ համը, կուլ տալ ու․․․ վե՛րջ: Վե՛րջ բոլոր մշուշներին, կսկիծներին, կասկածներին, վե՛րջ տգիտությանը: Ինչո՞ւ ես զսպում ինքդ քեզ, ինչո՞ւ ես տանջվում մի ծառի պատճառով․․․ Մի կծելով արմատախիլ արա ու դե՛ն նետիր այն քո մտքերից:

ԱԴԱՄ- Ես քեզ կդնեմ գերեզմանում․․․    

ԵՎԱ — Առանց ինձ ապրելն ավելի սարսափելի է, քան մահն ու գերեզմանը:

ԱԴԱՄ- Ես էլի կողեր ունեմ․․․ անդավաճան կողեր, Աստծուն հավատարիմ կողեր․․․ 

ԵՎԱ — Ես հատ-հատ կփշրեմ բոլոր կողերդ ու կտամ բորենիներիդ, որ  ուտեն ու զգան՝ ինչքա՜ն թույլ ու անհամ ես դու, ինչքա՜ն անսեր ես դու, կաշվիդ համար դողացող, ինձ ուրացող:

ԱԴԱՄ — (հուսահատված գրկելով): Ի՞նչ արեցիր, Եվա՛, ի՞նչ արեցիր․․․ Ինչո՞ւ իմ խաղաղ Դրախտը տագնապով լցրեցիր: Ինչո՞ւ ինձ կանգնեցրիր այս տիեզերական ընտրության առջև: Ի՞նչ պատասխան տամ Աստծուն․․․    

ԵՎԱ — Նա չի հարցնի:

ԱԴԱՄ — (ետ քաշվելով): Չի՞ հարցնի․․․

ԵՎԱ — Ո՛չ:

ԱԴԱՄ – Ինչո՞ւ ես այդպես կարծում:

ԵՎԱ — Ասա՛, կա՞ այս տիեզերքում մի միտք, մի բերան, մի լեզու, մի ատամ, մի շյուղ, մի հյուլե, որ առանց Աստծո կամքի շարժվի:

ԱԴԱՄ — Այո՛, կա՛:

ԵՎԱ — Ուրեմն դա այս տիեզերքից դուրս է:

ԱԴԱՄ — Աստված իր կամքով ինձ ու քեզ ազատ կամք է տվել:

ԵՎԱ — (հեգնանքով): Տիեզերքից դուրս, մի խաղաղ անկյունում թափառում է  անպետք ու ազատ մի կամք՝ Ադամի կամքը։ Ո՞ւմ է պետք քո ազատ կամքը, Ադա՛մ, ո՞ւմ է պետք:

ԱԴԱՄ — Նրան, Ով տվել է․․․

ԵՎԱ — Ուրեմն թող Նա էլ հոգ տանի կամքիդ մասին:

ԱԴԱՄ — Դա իմ գործն է: 

ԵՎԱ — Ուրեմն կե՛ր պտուղը և ապացուցի՛ր, որ կամքդ ազատ է:

ԱԴԱՄ — Դու արդեն ապացուցել ես:

ԵՎԱ — Ե՞ս․․․ ո՛չ, այդ մասին երկար եմ մտածել: Իմ արածն ազատ կամքի հերքումն է:

ԱԴԱՄ — Եթե դրախտում միայն Աստծո կամքը լիներ, ինչպես երկնքում է, դու պտուղը չէիր ուտի։ Դու ես մեղավոր․․․ Քո կամքով ես կերել պտուղը․․․ Դու մեղավոր ես․․․ 

ԵՎԱ — Մեղավո՜ր․․․ Հետաքրքի՜ր բառ է․․․ իմաստո՜ւն, համարձա՜կ, չարն ու բարին իմացո՜ղ, աստվածների նմա՜ն․․․ 

ԱԴԱՄ — Աստծուն ուրացող, ինձ անտեսող, անկամ, մահաբույր․․․ 

Դադար։  

ԵՎԱ — Ես նոր համեր էի ուզում ճաշակել:

ԱԴԱՄ — Դրախտում նոր համերի պակաս չկա:

ԵՎԱ — Ուզում էի նոր վայելքներ զգալ:

ԱԴԱՄ — Մի՞թե հասցրել էիր ամբողջովին վայելել Դրախտը:

ԵՎԱ — Ուզում էի բացահայտել այն ամենը, որ մեզանից գաղտնի է պահվում։

ԱԴԱՄ — Ի՞նչ կավելացներ որևէ գաղտնիք այն խաղաղության, սիրո, խնդության վրա, որ մենք ունեինք: 

ԵՎԱ — Ես ուզում էի լինել ավելին, քան ստեղծված եմ:

ԱԴԱՄ – Ինչո՞ւ, Եվա, ինչո՞ւ․․․ 

ԵՎԱ — Չգիտեմ, ես այդպես եմ ուզում։ 

Դադար։

ԱԴԱՄ — Ի՞նչ եմ անելու առանց քեզ:

ԵՎԱ — Առանց ինձ դու մեռնելու ես․․․ անզավակ, անսեր, կենդանիներից հոշոտված ու քշված, հրեշտակներից լքված, Աստծուց մերժված:

ԱԴԱՄ — Մերժվա՞ծ․․․ 

ԵՎԱ — Ինչպե՞ս սիրել քեզ, Ադա՛մ․․․ Դու կսիրե՞ս քեզ, երբ կարողանաս ապրել իմ մահից հետո: 

ԱԴԱՄ — Ես չեմ սիրի ինձ, բայց Աստված կսիրի: 

Լռություն։ Մտախոհ են։

ԵՎԱ — Ի՞նչ ես անում դու, երբ ջրերի մեջ լուծված՝ ամբողջ օրը լողում ես:

ԱԴԱՄ — Աստծուն եմ փառաբանում ջրերի համար։

ԵՎԱ — Ես քաղց եմ զգում:

ԱԴԱՄ — Ես էլ․․․   

ԵՎԱ — Իսկ երբ քաղցում ես, ի՞նչ ուտելիք է առաջինը մտքովդ անցնում։ 

ԱԴԱՄ — (քիչ հապաղելով): Արգելված պտուղը։ 

ԵՎԱ — Մեղավոր է միտքդ։  

ԱԴԱՄ — Քո մտքո՞վ․․․ 

ԵՎԱ — Իմ մտքո՞վ․․․ (Հեգնելով։) Ջրաշուշանների մատաղաշ կոճղարմատները․․․  

ԱԴԱՄ — Երկինքն ամպում է՝ անձրև կգա․․․ Կողճարմատներ ես էլ եմ սիրում:

ԵՎԱ — Ես լողում էի ջրվեժի փրփուրներում։  

ԱԴԱՄ — Սիրում եմ ջրվեժն ուսերիս վրա:

ԵՎԱ — Երբ հոգնեցի՝ պառկեցի ափին ծաղկած բալենու տակ, որ հանգստանամ ու քաղց զգացի։  

ԱԴԱՄ — Բը՜զզ․․․ ի՜նչ բուրմունք՝ պարսի նվագով։  Այլևս չեմ կարողանում քայլել ջրերի վրայով: Սուզվում եմ, Եվա՛․․․ 

ԵՎԱ — Ես էլ եմ սուզվում, բայց գիտեմ՝ ինչպես մնամ ջրերի վրա: Դեռ երկինք պիտի թռչեմ, աստղերին դիպչեմ․․․ 

Հեռվում լսվում են միալար խուլ թխկոցներ՝ կացնի հարվածներ են, որոնք շարունակվում են ամբողջ տեսարանի ընթացքում՝ աստիճանաբար ուժեղանալով։ 

ԱԴԱՄ — Նախ՝ քաղցդ հագեցրու:

ԵՎԱ — Բալենու տակ պառկած մտածում էի, թե ի՞նչ հետաքրքիր ու համեղ պտուղներ կաճեն բողբոջների փոխարեն:

ԱԴԱՄ — Բալենուց բալ է աճում, դեղձենուց՝ դեղձ․․․ 

ԵՎԱ — Սահմանափակ է միտքդ։ Իմ մտքով արգելված պտուղներն անցան։     

ԱԴԱՄ — Մեղավոր է միտքդ։  

ԵՎԱ — Աստված հոգ չտարավ մտքիս մասին։  

ԱԴԱՄ — Քո միտքը քո պարտեզն է՝ դու պետք է խնամես։  

ԵՎԱ — Այդ պարտեզը երբեք մերը չի եղել։ Այնտեղ ամեն բան աճում է մեր կամքից անկախ։  

ԱԴԱՄ — Աղոթքով խնամիր պարտեզդ։  

ԵՎԱ — Ուզում էի, բայց չհասցրի․․․ Օձը կանխեց ինձ իր անսպասելի հարցով։  

ԱԴԱՄ — Հարցո՞վ․․․ 

ԵՎԱ — Այո՛։ 

ԱԴԱՄ — Ինչպե՞ս․․․ Նա խոսո՞ւմ էր:

ԵՎԱ — Քեզ ասել եմ այդ մասին: Ինչո՞ւ ես զարմանում։ 

ԱԴԱՄ — (տեղից զարմացած վեր թռչելով): Ո՞վ է թույլ տվել։ Նա չպե՛տք է խոսի․․․ 

ԵՎԱ — Այնքան ես տարված եղել բորենիներով, որ ասածներս չես ընկալել: Խնամի՛ր պարտեզդ։   

ԱԴԱՄ — Ի՞նչ էր ասում օձը: (Աներևույթ հեռվում մի ծառ աղմուկով գետնին է տապալվում։) Ընկա՜վ նոճենիս․․․ 

ԵՎԱ — Նա ասաց․ «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»։ 

ԱԴԱՄ — Սարսափելի հարց է․․․

ԵՎԱ — Սովորական հարց է։ 

ԱԴԱՄ — Սա մի հարց է, որ պարունակում է թունավոր անճշտություն, խորամանակ հանդգնություն․․․  

ԵՎԱ — Նա անտեղյակ էր Աստծո պատվիրանին։ 

ԱԴԱՄ — Ո՛չ, սա անտեղյակություն չէ, սա մի նո՛ր հարց է, որ խախտում է դրախտի ներդաշնակությունը։  

ԵՎԱ — Այն արդեն հնչել է։ 

ԱԴԱՄ — Չպե՛տք է հնչեր։  

ԵՎԱ — Համակերպվի՛ր։ 

ԱԴԱՄ – Սո՛ւտ է, սո՛ւտ է, սո՛ւտ․․․ Ահա՛ սարսափելի բառի ծնունդը: Այն չպե՛տք է տատաներ դրախտի օդը․․․ (Եվս մեկ ծառ շռնդալից գետնին է տապալվում։) Իմ գեղեցիկ  նոճենիները․․․ 

ԵՎԱ — Ես նրան ուղղեցի։ Ասացի, որ դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել։ Սակայն դրախտի մեջտեղի ծառի պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտե՛ք և չմոտենա՛ք, որպեսզի չմեռնեք»։

ԱԴԱՄ — Ճիշտ ես ասել՝ որպեսզի չմեռնենք։  

ԵՎԱ — Ես դեռ հավատում էի մեռնելու վախին․․․  

ԱԴԱՄ — Ի՞նչ․․․ Դեռ հավատո՞ւմ էիր․․․ Էլ չե՞ս հավատում․․․ Սա ի՞նչ խոսք է, Եվա՛։ Սուտն ու կասկածը դրախտ են սողոսկել: (Եվս մեկ ծառ գետնին է տապալվում։) Դրախտս քանդվում է․․․

ԵՎԱ — Բայց նա, ինձ քաջալերելով, ասաց․ «Չեք մահանա, որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը»։ (Ամպրոպում է։ Եվս մեկ ծառ գետնին է տապալվում։) 

ԱԴԱՄ — Դու հավատացի՞ր․․․ 

ԵՎԱ — Ես շտապով վեր կացա ու վազեցի դեպի բարու և չարի գիտության ծառը․․․ 

ԱԴԱՄ — Եվ դու քեզ աստված կարծեցիր: (Եվս մեկ ծառ գետնին է տապալվում։) Նա կոչնչացնի իմ բոլոր նոճենիները․․․ անխիղճ մարդ․․․    

ԵՎԱ — Ոչ մի բան իմ ճանապարհին ինձ չխոչընդոտեց։ Նույնիսկ ճյուղերը չփաթաթվեցին մազերիս, որ ինձ ետ պահեն։ Ոչ մի հասած միրգ չընկավ ոտքիս տակ, ու ես վայր չընկա։ Իսկ դու ծառերի ետևից հանկարծ դուրս չեկար, չգրկեցիր ինձ, թուզ չտվեցիր, ինչպես միշտ անում էիր․․․

ԱԴԱՄ — Եթե որոշել էիր արգելված պտուղն ուտել՝ թուզը քո քաղցը չէր հագեցնի:  Թզենու տերևներն ինչո՞ւ ես կապել վրադ:

ԵՎԱ — Չհաջողված արդարացում է։ Դու ես մեղավոր, ինձ մենակ էիր թողել։ Դու մերկ ես, Ադա՛մ։  

ԱԴԱՄ- Բոլորը մեղավոր են, բացի քեզանից։  

ԵՎԱ — Բայց ես չեմ մեռել․․․ ոչինչ չի պատահել, միայն զգում եմ մարմինս, զգում եմ մարմնիդ հրապույրը, տեսնում եմ աշխարհը, տարբերում եմ լավն ու վատը․․․

ԱԴԱՄ — Դու կասկածել ես Աստծո խոսքին և հավատացել ես օձին․․․  

ԵՎԱ — Ադա՛մ, ես չեմ մեռել։  

ԱԴԱՄ — Դու շարունակում ես կասկածել Աստծո խոսքին։ Դու չես մեռել, բայց մեռնելու ես, որովհետև արդեն մահկանացու ես դարձել: (Եվս մի քանի ծառ իրար ետևից գետնին են տապալվում։) Մեռնելու ես․․․ այս ծառերի նման․․․ (Հեռվում ինչ-որ մեկին։) Անխի՛ղճ․․․ Նա ոչնչացրեց իմ նոճենիների գեղեցիկ անտառը․․․   

ԵՎԱ — Եղավ այն, ինչ պետք է լիներ։ Եթե ես սխալվել եմ, ուրեմն Աստված ինձ սխալական է ստեղծել, թույլ է տվել, որ սխալվեմ, կամ կամեցել է, որ սխալվեմ: 

Երկինքը որոտում է, սկսում է անձրև տեղալ, որը զրույցի ընթացքում ավելի է սաստկանում։

ԱԴԱՄ — Դու ընդամենը պետք է հիշեիր, որ ծառին մոտենալ և պտուղն ուտելն արգելված է: Աստված քեզ հիշողություն է տվել դրա համար:

ԵՎԱ — Աստված ինձ թույլ հավատ է տվել, մի երերուն հավատ, որ հակվեց օձին․․․   

ԱԴԱՄ — Աստված քեզ կամք է տվել․․․ 

ԵՎԱ — Թույլ է այդ կամքը․․․ 

ԱԴԱՄ — Միտք է տվել․․․ 

ԵՎԱ — Թույլ է այդ միտքը․․․ 

ԱԴԱՄ — Թույլ էր տվել, որ բոլոր ծառերից ուտես․․․

ԵՎԱ — Բայց արգելված պտուղն ամենագեղեցիկն է ու հրապուրիչը։    

ԱԴԱՄ — Աստված քեզ ամեն ինչ տվել էր, որ այս սխալը չգործեիր:

ԵՎԱ — Նույնիսկ իր պատվիրանն ամրապնդել էր մահվան սպառնալիքով։  

ԱԴԱՄ — Այո, որ եթե նույնիսկ Աստծուն ուրանաս, գոնե մահից վախենաս ու քեզ չկործանես։    

ԵՎԱ — Բայց եղավ այն, ինչ նախատեսված էր։ Ո՞վ էր թույլ տվել, որ օձը խոսի։ Ինչո՞ւ էր ջուրն այնքան հաճելի, որ ինքնամոռաց լողայի ու  քաղց զգայի։ Ինչո՞ւ էր բալենին ծաղկել ջրվեժի ափին։ Ինչո՞ւ էր միտքս բոլոր ծառերն արգելված պտղով զարդարում: Ո՞ւր էիր կորել դու այդ պահին, Ադա՛մ․․․ 

Դադար։ Մտախոհ են։

ԱԴԱՄ — Քարայրում քեզ համար մի գերեզման կշինեմ, այնտեղ կդնեմ մարմինդ ու հավերժ կնայեմ աչքերիդ, շուրթերիդ․․․ ծնկներիդ․․․ Եվա՛, իմ Եվա՛, ինչպե՞ս եմ ապրելու առանց քեզ․․․ Ո՞ւմ ծնկներին եմ գլուխս դրած աստղերը հաշվելու․․․ 

ԵՎԱ — Ո՛չ, Ադա՛մ, ես չեմ կարող թույլ տալ, որ քեզ նման անսեր վախկոտը աչքը վրաս հառի։ Դու արժանի չես դրան։ Ինձ կթաղես այստեղ՝ բարու և չարի գիտության ծառի տակ: Ես սիրում եմ գիտությունը․․․ Այնպես կթաղես, որ հողի տակից չզգամ ուրացող ու անգետ հայացքդ։ 

ԱԴԱՄ — Իմ մեռնելուց քեզ ոչ մի օգուտ չի լինի, փոխարենը կխախտեմ Աստծո պատվիրանը։ 

ԵՎԱ — Կե՛ր պտուղը, որ մենք զավակներ ծնենք։ Ահա օգուտը։ Կե՛ր, որ մենք անմահանանք նրանցով․․․  

Անտառահատի ագռավը կռկռում է։ 

ԱԴԱՄ — Քիչ հետո Անտառահատն իր հատած անտառը կմտնի: Ես ուշանում եմ․․․ 

ԵՎԱ — Գնու՞մ ես: 

ԱԴԱՄ — Շուտով նոճենու անտառը կլողա Աստծո զղջման ջրերի վրա․․․ 

ԵՎԱ — Իրականությունից փախչել չես կարող՝ զուր է:

ԱԴԱՄ — Գեթ մե՛կ նոճենի, անխի՛ղճ, գեթ մե՛կ նոճենի․․․  

ԵՎԱ — (հուսահատ): Ես մայրանալ եմ ուզում, Ադա՛մ․․․

ԱԴԱՄ — (գնալով): Ես կգամ, երբ Աստծո զայրույթն անցնի, երբ ծիածանը աչքը բոլորի Դրախտի վրա․․․  Ցտեսություն, Եվա, ցտեսությո՜ւն․․․

ԵՎԱ — (նրա ետևից): Ես զավակնե՜ր եմ ուզում, Ադա՛մ․․․ զավակնե՜ր․․․   

Հորդառատ անձրև է և ամպրոպ։ Դրախտը մթնում է։ Յոթ դատավորները՝ խոժոռ դեմքերով, վազվզում են մթության մեջ։ Ծառերի ետևից նրանք խորամանկ ու շարժուն աչքերով մերթ իրար են նայում, մերթ այսուայնկողմ։

6

Չկա ավելի միայնակ մարդ, 

քան նա, ով իր սիրած կնոջից երկար է ապրել:  

                       Էռնեստ Հեմինգուեյ

Ադամը քնած է բարու և չարի գիտության ծառի տակ։ Լսվում են անթիվ բորենիների ձայներ։ Նրանք վազվզում են Դրախտի բոլոր կողմերում, թփուտների մեջ, ծառերի շուրջ, ծառերի վրա, երկնքում, գետնի տակ, ամենուրեք։ Ադամը փորձում է նրանցից ազատվել՝ ձեռքերով հեռու է վանում, փակում է ականջները, գալարվում է։ Ներս է մտնում Գ Մարդը։ Նա ձեռքի կուժով սկսում է ջրել բարու և չարի գիտության ծառը։ Ադամը արթնանում է, բորենիները հեռանում են։ Լռություն։

ԱԴԱՄ — Ո՞վ ես դու․․․

Գ ՄԱՐԴ — Ես կօգնեմ, որ Նա փրկի քեզ:

ԱԴԱՄ — Ո՞վ կփրկի ինձ․․․

Գ ՄԱՐԴ — Նա, ով ավազի վրա պտուղն ամբողջական կնկարի՝ առանց քո ատամների։

ԱԴԱՄ — Բորենիներն արդեն սկսել են խոսել․․․ նմանակել ինձ․․․ Նրանք ծաղրում են ինձ․․․

Գ ՄԱՐԴ — Քեզանից եմ սովորել մահվան գնալու այս ձևը․․․ ինքնասպանություն․․․ 

ԱԴԱՄ — Ի՞նչ ես անում:

Գ ՄԱՐԴ — Այս ծառը պետք է աճի, շատ աճի։ Այս ծառի վրա պետք է կախեմ տիրադավին։ 

ԱԴԱՄ — Միայնակի իմ թագավորությունում բոլորը ժպտում են․․․ դու չես ժպտում:

Գ ՄԱՐԴ — Ես նախընտրում եմ գիտությունը, նոր բան իմանալը: Իմանալ, թե ի՞նչ կա  սահմանից անդին, ի՞նչ կլինի հետո՝ թեկուզ պատժի գնով։ Իմացության ձգտումն ավելի ուժգին է, քան դրա համար պատժի վախը։ Ես սահմաններ եմ փնտրում, որ խախտեմ, արգելքներ, որ շրջանցեմ․․․ Նոր բան իմանալ, ավելին իմանալ․․․  Հետաքրքրությունից արյունս եռում է․․․ (Դադար։) Միայնակի քո թագավորությունում բոլորը ժպտում են, բացի քեզանից․․․  

ԱԴԱՄ — Եկել եմ Եվային այցելության։ Նա այս ծառի տակ է թաղված։ Նա կերավ արգելված պտուղը և մեռավ։   

Գ ՄԱՐԴ – Համարձակությո՜ւն․․․ հիացմունքի արժանի արարք:

ԱԴԱՄ — Նա դավաճանեց ինձ, դավաճանեց Աստծուն․․․ ու կերավ արգելված պտուղը։ 

Գ ՄԱՐԴ — Ծանր բան է Աստծուն դավաճանելը․․․ Դրանից հետո ապրելը սարսափելի է, անհնարին․․․ 

ԱԴԱՄ — Նա չփորձե՞ց կանգնեցնել քեզ:

Գ ՄԱՐԴ — Նա ամեն ինչ արեց, որ ես չմատնեմ։ Նա ինձ մեկնեց ամենապատվավոր պատառը, լվաց ոտքերս, բայց ես արդեն վճռել էի։ Երբ համառեցի՝ Նա ասաց․ «Ինչ որ անելու ես, իսկույն արա՛»: Ես համբուրեցի Նրա այտը, որ Գրվածքը կատարվի։ 

ԱԴԱՄ — Ես փորձում եմ չուտել պտուղը․․․ 

Գ ՄԱՐԴ — Եթե ես ուզում եմ կախվել ծառից, ուրեմն պտուղը տեղում չէ․․․ ուրեմն կերել ես:

ԱԴԱՄ — Եվան է կերել։ 

Գ ՄԱՐԴ — Ես դավաճանեցի Նրան, որովհետև դու ուզում ես ուտել պտուղը:

ԱԴԱՄ — Ես ուզում եմ ուտել պտուղը, որովհետև դու դավաճանեցիր Նրան:

Գ ՄԱՐԴ — Հավանաբար մենք դավաճանեցինք Նրան նույն պահին: Բայց դու փորձիր չուտե՛լ պտուղը, ապրի՛ր, երկա՛ր ապրիր, անվե՛րջ ապրիր, առանց Եվայի, առանց զավակների․․․ Հավանաբար դա կօգնի, որ ես չդավաճանեմ Նրան։   

ԱԴԱՄ — Ո՞նց եմ ապրելու առանց Եվայի, առանց զավակների․․․

Գ ՄԱՐԴ — Բորենիները․․․ նրանք կլցնեն քո ձանձրույթը:

ԱԴԱՄ — Նրանք լցրել են օդը, ես շնչահեձ եմ լինում նրանց շնչառությունից: Արդեն քանի՜ հազար տարի նրանք բազմանում են ու լցնում Դրախտը: Նրանք շատանում են ամեն օր, ամեն ակնթարթ, հազարներով, հազար-հազարներով։ Վխտում են գետերում, ծովերում, ձորերում, բլուրների վրա, ամպերի վրա, ծառերի տակ, կոպերիս տակ, կրծքիս տակ, արյանս մեջ․․․ Ես ուզում եմ ազատվել նրանցից, փախչել նրանցից, բայց․․․  պրծում չկա՜… չկա՜: Նրանք ծնվել են այն բոլոր ադամների ու եվաների փոխարեն, որ պետք է ծնվեին իմ ու Եվայի սիրուց։

Գ ՄԱՐԴ — Բայց դու նախընտրում ես զավակներ ունենալ բորենիների փոխարեն:

ԱԴԱՄ — Եվայից հետո ավելի շատ հոգ տարա բորենիների մասին։ Նրանք արագ բազմացան ու իշխեցին մյուս կենդանիների և ամեն ինչի վրա: Օդը շնչահեղձ է լինում նրանց ցկնումից։ Երբեմն ինձ թվում է, թե ես բորենի եմ։    

Գ ՄԱՐԴ — Մտածի՛ր, մի բան մտածի՛ր, փրկի՛ր քեզ․․․ 

ԱԴԱՄ — Ես մահվան եմ սպասում, բայց այն ինձ չի այցելի, որովհետև ես անմահ եմ․․․ Ես ինձ հույս եմ տալիս, խաբում եմ ինձ, որ մի օր Եվայի պես մեռնելու եմ:

Գ ՄԱՐԴ — Դա մեղք է, նույնպիսի մեղք, ինչպես պտուղն ուտելը: 

ԱԴԱՄ — Գիտեմ, բայց այլ ճար չունեմ։ 

Գ ՄԱՐԴ — Ուրեմն աղոթի՛ր:

ԱԴԱՄ — Աղոթե՞մ․․․  

Գ ՄԱՐԴ — Աղոթի՛ր, որ այգի համբույրից ծովերը նորից շառագունեն, ձկները երգեն ծովերի խորքում, մեղրը ծորա ծառերի սրտից․․․   

ԱԴԱՄ — Առանց Եվայի լավ չեմ աղոթում։ Աղոթքներս անզոր են, անեռանդ, անպտուղ․․․  Գետակի քչքչոցը՝ անտանելի աղմուկ, ծառերի խշշոցը՝ բորենու գվվոց, քարանձավները՝ բորենու երախ, ծովերը՝ ձանձրույթ, աստղերը՝ բորենիներ․․․ 

Գ ՄԱՐԴ — Արդեն քանի՞ տարի ես ապրում․..

ԱԴԱՄ — Անմահներն իրենց տարիքը չեն հաշվում, բայց երևի հազար անգամ հազար տարի կլինի: 

Գ ՄԱՐԴ — Ինչպե՞ս ես լցնում օրդ․․․ առանց Եվայի, առանց զավակների։    

ԱԴԱՄ — Եվայի բացակայությունը սկսեցի լցնել երազներով։ Փորձում էի մանրամասն հիշել նրա յուրաքանչյուր մազը, որ սկիզբ էր առնում նրա զարմանալի գեղեցիկ գլխից, հետո տեղ-տեղ ալիքվում էր, տեղ-տեղ ըմբոստ վեր թռչում, նորից հնազանդ իջում էր պարանոցն ի վար ու բարձանում լերկ բլուրների վրա, որտեղ իզուր չարածեցի․․․ իզուր չարածեցի․․․ խրտնած այծի պես։ Երկու կենսատու արևներ լերկ բլուրների գագաթից հազարամյակների հեռվից օրեցօր ավելի են այրում սիրտս ու սնում մենությունս։ Արդեն որերորդ անգամ հաշվում եմ նրա մազերի, աչքերի, բլուրների, արևների յուրաքանչյուր բջիջ, համեմատում դրանք հողի հետ ու առանց հոգնելու զարմանում, թե ինչպե՞ս է հողն ինձ կանչում անթիվ հազարամյակներ։        

Գ ՄԱՐԴ — Կողոսկր․․․ քո կողոսկրը․․․ Մեզնից ստեղծված ամեն ինչ իշխում է մեզ վրա։ Աստված ասաց․ «Լավ չէ, որ մարդը մենակ մնա, մի օգնական ստեղծեմ նրա համար։» Բայց մենակ մնացիր՝ առանց օգնականի։ 

ԱԴԱՄ — Շոշափում եմ կողերս ու զարմանում՝ ինչպես կարելի էր այս զանգվածից, այս հավիտենական ձանձրույթից ստեղծել այդպիսի իմաստալից էակ։ Նա իր շուրթերի փոքրիկ անկյունում, ժպիտից ծնված փոքրիկ ակոսում ամփոփում էր իմ մեծ երջանկությունը։ Ի՜նչ հետաքրքրիր բան էր նրա ժպիտը՝ հյուսված իմ անբացատրելի երազից։ Հավիտյան կարելի էր նայել այդ երազին ու չկշտացած էլի նայել։  Դրախտի ոչ մի լիճ դեռ ոչ մի անգամ այնքան գեղեցիկ ու արժեքավոր չի արտացոլել ինձ, ինչպես նրա աչքերը՝ լուսահորդ, սիրառատ: Սպասում կար այնտեղ, կարոտ կար, հոգատարություն, նվիրում, անձնուրաց նվիրում․․․      

Գ ՄԱՐԴ — Դրա համար մարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, և նրանք մեկ մարմին կլինեն:  

ԱԴԱՄ — Միանա՞մ․․․ 

Գ ՄԱՐԴ — Գրվածքը զորավոր է՝ դու այլ ճար չունես, դու տառապում ես առանց նրա…

ԱԴԱՄ — Դրախտում տառապանք չկա, բայց երևի Եվայի բացակայությունը հենց տառապանք է։ Աստված գիտեր իմ մենության ծանրությունը։ Նա տվեց ինձ Եվային, բայց ես կորցրի։ Վախեցա զոհել ինքս ինձ ու չմեռա նրա հետ՝ առանց գիտակցելու, որ մի օր մահ եմ տենչալու, բայց անհույս․․․

Գ ՄԱՐԴ — Ես արդեն ուզում եմ գնալ:

ԱԴԱՄ – Ո՞ւր ես գնում:

Գ ՄԱՐԴ — Գնում եմ համբուրեմ Նրան․․․ 

ԱԴԱՄ – Ինչո՞ւ էիր եկել:

Գ ՄԱՐԴ — Ուզում էի համոզվել, որ ծառը աճում է, որ պտուղը չկա, որ քո ատամները պտղի վրա են:

ԱԴԱՄ — Իմ ատամնե՞րը․․․      

Գ ՄԱՐԴ — Դու կուտես պտուղը, որովհետև ես գնում եմ համբուրեմ  Նրան․․․

ԱԴԱՄ — Ես Աստծուն ուրանալ չեմ կարող:

Գ ՄԱՐԴ — Ես սիրում եմ խաղալ սահմանի վրա։ Ես փորձում էի՝ կթողնի՞ Նա արդյոք, որ իմ չար գործն ավարտին հասցնեմ։ Ես համառորեն գնում էի սահմանը խախտելու՝ մի աղոտ  հույսով, որ ինձ կկանգնեցնեն վիհի եզրին։ Բայց ես անցա սահմանը․․․ Ես համբուրեցի Նրան․․․ 

ԱԴԱՄ — (մտահոգ): Ոչ ոք չկա՞ր սահմանի վրա․․․  

Գ ՄԱՐԴ — Անհատակ մութ վիհ, որտեղ արծաթները թափվում էին առանց զրնգոցի․․․  Ես ամեն օր շրջում էի Նրա հետ, ուտում Նրա հետ, փոթորիկներին ընդառաջ գնում, նույն հարկի տակ քնում: Նա մտերմաբար ձեռքը դնում էր ուսիս, նայում հոգուս մեջ: Զգո՞ւմ ես Նրա հայացքը․․․ Հոգիս այրվում է․․․  Ես այսպես ապրել չե՛մ կարող․․․ չե՛մ կարող․․․   

ԱԴԱՄ — Նետիր արծաթները տաճարի մեջ, նրանց դեմքին, թող իրենց համար ագարակ առեն: 

Գ ՄԱՐԴ — Դա էլ չօգնեց․․․ Այսպես ապրելն անկարելի է․․․         

Հեռվից խուլ ձայն է լսվում։

ՁԱՅՆ — Ադա՜մ․․․ Ադա՜մ․․․ Ադա՜մ․․․  

ԱԴԱՄ — Նորից Եվայի ձայնը հնչում է ականջներիս մեջ․․․   

Գ ՄԱՐԴ — Մենք երկուսով նույն ընտրության առաջ ենք կանգնած՝ կամ պտուղը, կամ՝ Նա։ Ես արդեն վերցրել եմ պարանը և գնում եմ, որ կախվեմ բարու և չարի գիտության ծառից․․․ Ես համբուրեցի Նրան․․․ Դա նաև քեզ համար արեցի․․․ 

ԱԴԱՄ — Ես երախտամոռ չեմ:  

Գ ՄԱՐԴ — Երախտամոռությունից հետո են զգում Աստծո մեծությունը: Այս ամենը անհրաժեշտ է, որ լինի, բայց վայ նրան, ում ձեռքով որ պետք է լինի։ Կե՛ր պտուղը, Ադա՛մ, որ Գրվածքը կատարվի։ Վերցրո՛ւ քեզ վրա այդ ծանր մեղքը։ Ես վերցրի․․․ 

Գ Մարդը անհետանում է։ 

ԵՎԱ — Ադամ, ես քեզ եմ փնտրում:

ԱԴԱՄ — Բորենիները սկսել են ծաղրել ինձ․․․ նմանակել Եվային: (Շոշափում է Եվային՝ համոզվելու համար, որ իրական է։) Եվա, քանի հազար տարի․․․ Եվա՜․․․ քանի՜ հազար տարի․․․ 

ԵՎԱ — Ի՞նչ է պատահել, Ադա՛մ, ինչո՞ւ ես այդպես հուզված, շփոթված․․․ 

ԱԴԱՄ — Դու ո՞ղջ ես․․․

ԵՎԱ — Ո՞ղջ․․․ Ինչո՞ւ պետք է ողջ չլինեի․․․

ԱԴԱՄ — Ես քեզ թաղեցի այս ծառի տակ՝ իմ ձեռքերով։ Եվա՜․․․ քանի՜ հազար տարի․․․ 

ԵՎԱ — Սթափվի՛ր, Ադա՛մ․․․ Դու քեզ տարօրինակ ես պահում։ 

ԱԴԱՄ — Եվա՜, Եվա՜․․․ Ես առանց քեզ չե՛մ կարող ապրել, չե՛մ կարող, չե՛մ ուզում․․․ (Շփոթմունքից և անտանելի հուզմունքից նա նույնիսկ ի վիճակի չէ ուրախությունն արտահայտել արտասուքուվ։ Ծնկում է ու լուռ գրկում Եվայի ոտքերը։) 

ԵՎԱ — Ի՞նչ է պատահել, Ադա՛մ․․․ (Շոյում է Ադամի գլուխը, փորձում է նրան ոտքի կանգնեցնել։ Հետո ինքն է ծնկի գալիս ու գրկում նրան:) Էլի ցնորքնե՞ր ես տեսել․․․ դե հանգստացի՛ր: Ես ուրախ լուր ունեմ քեզ համար․․․ (Ադամը նայում է նրա աչքերին:) Հիմա լսու՞մ ես։ (Ադամը շարունակում է անորոշ հայացքով նրան նայել։ Կարծես դեռ չի հավատում, որ Եվան ողջ է։) Ադա՛մ, քո սև բորենին ձագեր է ծնել։ Ի՜նչ սիրուն են նրանք: Գնա՛նք նրանց մոտ, խնամենք, շոյենք․․․ 

ԱԴԱՄ — Ձագե՞ր․․․ էլի՞․․․ 

ԵՎԱ — Այո, յոթ հատ․․․ 

ԱԴԱՄ — Ո՛չ, չե՛մ ուզում բորենիներ, չե՛մ ուզում, չե՛մ ուզում․․․ 

(

Եվան զարմանում է։ Դադար։ Ադամը մտածում է։ Եվան շոյում է նրան, ջերմորեն գրկում և սպասում, մինչև Ադամը կխոսի։  

ԱԴԱՄ — (մտածկոտ): Նրանք գեղեցի՞կ են:

ԵՎԱ — Շատ գեղեցիկ են:

ԱԴԱՄ — Նրանք տհաճ չե՞ն:

ԵՎԱ — Ոչ, ինչո՞ւ պետք է տհաճ լինեն: Շատ հետաքրքիր են, այնքան քնքուշ․․․ Նրանք այնքան գեղեցիկ են կառչում մոր ստինքներից․․․ Կաթը ծորում է նրանց բերանից․․․ 

Ադամը վեր է կենում ու սկսում է հաշվել բարու և չարի գիտության ծառի պտուղները։ Կարծես թե տասն էլ տեղում են։

ԱԴԱՄ — Եվա՛․․․ 

ԵՎԱ — (վեր կենալով): Ասա՛, Ադա՛մ։ Ի՞նչ ես որոնում, հաշվում, զարմացած շուրջս պտտվում․․․ 

ԱԴԱՄ — Դու չե՞ս կերել պտուղը:

ԵՎԱ — Ի՞նչ պտուղ․․․ 

ԱԴՍՄ — Բարու և չարի գիտության ծառի:

ԵՎԱ – Ինչո՞ւ պետք է ուտեի։ Ի՜նչ արտասովոր մտքեր են ծագել գլխումդ։ Դու սարսափելի բաներ ես ասում: 

ԱԴԱՄ — Իսկ օձը՞․․․ 

ԵՎԱ — Ի՞նչ օձ․․․ 

ԱԴԱՄ — Այն խոսող օձը․․․ 

ԵՎԱ — (մտածում է): Խոսո՞ղ․․․  Հա՜․․․ Ինչո՞ւ ես էլի հիշել նրան: 

ԱԴԱՄ — Նա քեզ ի՞նչ էր ասում:

ԵՎԱ — Քեզ պատմել եմ այդ մասին, կարիք կա՞ նույնը կրկնելու:

ԱԴԱՄ — Պատմիր։ Ես պետք է հասկանամ՝ ինչ է կատարվում Դրախտում։

ԵՎԱ — Այս անգամ դու պատմիր, որ լավ տպավորվի մտքումդ։ Աստված քեզ հիշողություն է տվել, գործածիր, իմ շփոթված Ադամ։

ԱԴԱՄ — Լավ։ Փորձեմ։ Դու պառկած էիր դրախտի մի ծաղկահովտում․․․ 

ԵՎԱ — Ո՛չ․․․ մի ծաղկած, բուրավետ ծառի տակ:

ԱԴԱՄ — Այո, հիշեցի, ծառի տակ։ Իսկ ես լողում էի կողքի գետակում։ 

ԵՎԱ — Ո՛չ, դա գետակ չէ, այլ բարձունքից թափվող ճերմակ ջրերի ներդաշնակ խմբերգ, որի հարուցած փրփուրների մեջ տարրալուծվում եմ արարչության հետ ու փառաբանում ամենապարգև իմ ու քո Աստծուն…

ԱԴԱՄ — (փորձում է կարճել Եվայի երկարաբանությունը): Եվ օգտվելով իմ բացակայությունից ու ջրի աղմուկից՝ օձն աննկատ մոտեցավ քեզ։       

ԵՎԱ — Ես այդ պահին մի քիչ քաղցած էի, ինչպես լինում է ջրում շատ երկար լողալուց հետո։ 

ԱԴԱՄ — Ուստի ցանկացար ինչ-որ բան ուտել։ 

ԵՎԱ — Ավելի ճիշտ՝ ես փորձում էի կռահել, թե ի՞նչ գեղեցիկ ու անուշահամ պտուղներ կկախի մեր առատապարգև Աստված պարսից ծանրացած կաթնաթույր ծառից։ 

ԱԴԱՄ — Եվ կռահեցիր, որ դրանք նման են լինելու բարու և չարի գիտության ծառի պտուղներին:

ԵՎԱ — Դու միշտ անտեսում ես գեղեցիկ ու վայելքի արժան մանրամասները։ 

ԱԴԱՄ — Եվա, շատ ես երկարացնում։  

ԵՎԱ — Այո՛, մենք դեռ պիտի փոքրիկ բորենիներին տեսնենք՝ կաթնածոր բերաններով․․․ 

ԱԴԱՄ — Օձն ասաց… 

ԵՎԱ — Ոչ, օձը հետո ասաց։ Ես նայում էի ծառին ու մտածում՝  նախ Աստված այս գեղեցիկ ծաղիկներով սնում է մեր աչքերն ու հոգին, մեր ռունգերը։ Հետո ծաղկափոշում կորած մեղուն, մի կաթիլ նեկտար վերցնելով, թռչում է այլ ծաղկի վրա և փոշոտում այն։ Փոշոտումից հետո աճում են ախորժելի ու համեղ պտուղներ…

ԱԴԱՄ — Ինչպես բարու և չարի գիտության ծառի պտուղները։  

ԵՎԱ — Ո՛չ, դու սարսափելի մտքեր ունես։ Ինչպե՛ս կարող էր իմ մտքով նման բան անցնել։ 

ԱԴԱՄ — Լա՛վ, շարունակի՛ր․․․ որոնք մենք սիրում ենք ուտել։ 

ԵՎԱ — Այո՛։ Իսկ մեղուն մեզ համար և իր համար մեղր է պատրաստում։ Այս ամենի մեջ տեսնում էի Աստծո փոխկապակցված հիանալի աշխարհը, մեր նկատմամբ Նրա ամենախնամ սերն ու լցվում երախտագիտությամբ։    

ԱԴԱՄ — Լավ, պատմի՛ր, ի՞նչ եղավ հետո։ 

ԵՎԱ — Հետո աննկատ հայտնվեց օձն ու, ի զարմաս ինձ, սկսեց խոսել․․․   

ԱԴԱՄ — (համբերությունը հատած): Օձն ասաց․ «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»։ 

ԵՎԱ — Այո՛, հենց այդպես ասաց։ 

ԱԴԱՄ — Դու ի՞նչ ասացիր:

ԵՎԱ — Մի քանի բան ինձ տարօրինակ թվաց։ Նախ, որ օձը խոսում է։ 

ԱԴԱՄ — Չպե՞տք է խոսեր․․․ 

ԵՎԱ – Իհարկե, ոչ։ Աստված խոսքով օժտել է միայն ինձ ու քեզ։ 

ԱԴԱՄ — Իսկ երկրո՞րդը․․․

ԵՎԱ — Նրա հարցի մեջ սուտ կար։ Իսկ սուտն Աստծուց չէ։  

ԱԴԱՄ — Բայց նա գիտե՞ր, որ Աստված ինձ ինչ-որ բան էր ասել բարու և չարի գիտության ծառի մասին։ 

ԵՎԱ — Կամ նա գիտեր ու դիտավորյալ ստում էր, կամ չգիտեր, բայց ինձ մոլորեցնելով՝ փորձում էր կորզել Աստծո՝ մեզ տված պատվիրանը:

ԱԴԱՄ — Բայց նա որտեղի՞ց գիտեր, որ մենք այս ծառի մասին ինչ-որ պատվիրան ունենք Աստծուց։

ԵՎԱ — Հետո հիշեցի, որ նա անընդհատ հետևում էր մեզ ու երևի մտքում զարմանում, թե ինչո՞ւ այս ակնահաճո պտուղներից չենք օգտվում։ 

ԱԴԱՄ — Հետաքրքիր է․․․

ԵՎԱ — Ի՞նչը, Ադա՛մ։ 

ԱԴԱՄ — Ես հիանում եմ քո խելքով։ 

ԵՎԱ — Կարծում եմ, դու էլ այդպես կմտածեիր․․․ 

ԱԴԱՄ — (տարակուսած): Վստահ չեմ․․․ բայց դու պատմիր․․․ հետաքրքիր է․․․

ԵՎԱ — Նրա ստախոսությունն ինձ ստիպեց ավելի զգուշավոր լինել։ Ես վրդովվեցի նրա խոսքերից․․․ 

ԱԴԱՄ — Դու երկու նոր բառ արտաբերեցիր՝ սուտ և վրդովվել․․․  

ԵՎԱ — Այո։ Ես առաջին անգամ առնչվեցի ստին և իմ բնական արձագանքը դրան   արդարացի վրդովմունքն էր։ 

ԱԴԱՄ — Ստից վրդովվո՞ւմ են:

ԵՎԱ — Այո՛։ Նա բազմից տեսել էր, որ մենք տարբեր ծառերի պտուղներ ենք ուտում, բայց դիտավորյալ ասում էր․ «Ինչո՞ւ Աստված ասաց, թե դրախտում գտնվող բոլոր ծառերի պտուղներից չեք կարող ուտել»։ Սա ինձ ուղղակի հունից հանեց, հասկանո՞ւմ ես։ Այս ստով նա ոչ միայն փորձում էր իմանալ Աստծո՝ մեզ տված պատվիրանը, այլև  ինձ դրդում էր, որ բողոքեմ այդ պատվիրանի դեմ։ Կարծես ուզում էր ասել. «Աստված չի ցանկանում, որ դուք ծառերի համեղ ու գեղեցիկ պտուղներ ուտեք, այլ ուզում է, որ դուք կռանաք, ծնկի գաք ու այծերի նման արածեք»։     

ԱԴԱՄ — Մեկ հարցի մեջ երկու վատ արարք։ Ինչպիսի՜ խորամանկություն․․․ Ի՜նչ լավ է, որ հենց դու ես հանդիպել օձին, ոչ թե ես: 

ԵՎԱ — Ոչ թե երկու, այլ շատ ավելին:

ԱԴԱՄ — Ինչպե՞ս․․․ 

ԵՎԱ — Նա խոսում էր՝ սա մեկ, նա ստում էր՝ երկու, նա դրդում էր բողոքել Աստծո դեմ՝ երեք, ուզում էր իմանալ միայն ինձ ու քեզ վերաբերող պատվիրանի մասին․․․ 

ԱԴԱՄ — Չորս ․․․ Այո, չորս բան։ 

ԵՎԱ — Ոչ։ Հինգերորդը՝ այս ամենն անում էր քեզանից թաքուն։  

ԱԴԱՄ — Այո, հինգ․․․ հետո՞․․․   

ԵՎԱ — Աստծուն փառաբանող իմ միտքն ու հոգին նա փորձում էր շեղել մի անկարևոր ուղղությամբ։ Այսքան անպակաս ուտելիքի մեջ ինձ հրապուրում էր ինչ-որ մի պտղով։ 

ԱԴԱՄ — Դա էլ վեց։ Վե՞րջ․․․ 

ԵՎԱ — Եվ յոթերորդը։ Աստված մեզ ասաց․ «Իշխե՛ք ծովերի, ցամաքի ու երկնքի բոլոր կենդանիներին, թռչուններին ու տեսակ-տեսակ զեռուներին»։ Բայց օձն ուզում էր իր չարամիտ հարցով իշխել ինձ վրա և դրդել պատվիրազանց լինելու։  

ԱԴԱՄ — Ուրեմն նա ուզում էր խախտել Աստծո սահմանած կարգը:

ԵՎԱ — Ես ցույց տվեցի նրան իր տեղը:

ԱԴԱՄ — Դու վրդովված նրան ասացիր, որ ստախոս է ու ծառի մի ճյուղով նրան նետեցիր քեզանից հեռու:

ԵՎԱ — Ո՛չ, Ադա՛մ։ Փորձի՛ր կռահել: Եթե արդեն հասկացել էի, որ նա վատ մտադրություններ ունի, ինչպե՞ս կարող էի հաղորդակցվել նրա հետ։   

ԱԴԱՄ — Հեռու փախար նրանից․․․ 

ԵՎԱ — Ո՛չ։ Ես ոչ մի բառ չասացի նրան, այլ շարունակեցի գոհանալ Աստծուց մեզ տված  բոլոր բարիքների համար, և օձը սարսափած հեռացավ։  

Ադամը սկսում է նորից հաշվել բարու և չարի գիտության ծառի պտուղները։ Կարծես՝ տասը հատ են։ Մոտենում է Եվային ու հոտոտում մազերը, շոշափում նրան։

ԵՎԱ — Քեզ չեմ հասկանում, Ադա՛մ։ 

ԱԴԱՄ — Չես ուզո՞ւմ մայրանալ:

ԵՎԱ — (հեզ ու լուսավոր ժպիտով): Մայրանա՜լ… ին՜չ հրաշալի բառ է։ Եթե Աստված կամենա՝ մի օր գուցե կմայրանամ։ 

ԱԴԱՄ — Եթե չկամենա՞․․․

ԵՎԱ — Ուրեմն թող լինի Աստծո կամքը։  

ԱԴԱՄ — Իսկ բարու և չարի գիտության ծա՞ռը․․․

ԵՎԱ — Ծառն ի՞նչ․․․

ԱԴԱՄ — Ի՞նչ ենք անելու այդ ծառի հետ: (Եվան նայում է բարու և չարի  գիտության ծառի կողմը, ապա՝ Ադամին ու ժպիտում։ Ադամը զարմանքով տեսնում է, որ ծառն ու պտուղները չորացել են։) Ծառն ի՞նչ եղավ․․․

ԵՎԱ – Չորացավ:

ԱԴԱՄ — (նեղսրտած ու մտախոհ պտտվում է չորացած ծառի շուրջ): Ինչո՞ւ չորացավ․․․ 

ԵՎԱ — Այն սնվում էր ամեն ինչ իմանալու մեր տենչերով, ամեն ինչ համտեսելու մեր ձգտումով, մեր կասկածներով, թաքուն իղձերով: Բայց երբ հաղթեցի օձին՝ ծառը չորացավ։ (Դադար։) Ի՞նչ պատահեց, ինչո՞ւ ես մտախոհ։ 

ԱԴԱՄ — Ի՞նչ եմ անելու, ինչի՞ն եմ այսուհետ դիմադրելու, ինչի՞ն եմ ձեռքս մեկնելու ու ետ քաշելու, ի՞նչ եմ թաքուն ցանկանալու և ինձ զսպելու։ Ես զրկվեցի իմ երազանքից։ Ինձ սահմաներ են պետք։ 

ԵՎԱ — Ինչի՞դ են պետք սահմանները։ Վե՛րջ գայթակղությանը։ Ապրի՛ր խաղաղ։ 

ԱԴԱՄ — Ինձ սահմաններ են պետք, որ ձգտեմ խախտել ու չխախտեմ։ Ինձ խոր վիհեր են պետք, որ քայլեմ դրանց եզրերով՝ գահավիժման երկյուղը սրտումս։ Ինձ լերկ բլուրներ են պետք, որ իզուր արածեմ․․․ (Մոտենում է Եվային` նրան համբուրելու մտադրությամբ։)   

ԵՎԱ — (քայլ անելով դեպի աջ՝ Կենաց ծառի կողմը): Ինչո՞ւ արածել, դու մարդ ես՝ Աստծո պատկերով և նմանությամբ։ Ինչո՞ւ արածել։ Եթե քաղցած ես, քեզ պտուղներ կբերեմ, անմահական պտուղներ։ (Գնում  է դեպի Կենաց ծառը։) Կերակրիր զավակներիդ, որ ապրե՜ն․․․ ապրե՜ն․․․ ապրե՜ն․․․  (Անհետանում է։)

ԱԴԱՄ – Ո՞ւր ես գնում․․․ Եվա՜, Եվա՜, Եվա՜․․․ (Շտապով հետևում է նրան։) 

ԵՎԱ — (ձախ կողմից՝ պարտեզի խորքից): Գալիս եմ, Ադա՛մ, գալիս եմ․․․ (Ներս է մտնում։ Նրա մերկությունը ծածկված է թզենու տերևներով։) 

ԱԴԱՄ – Ո՞ւր գնացիր․․․ 

ԵՎԱ — Ե՞ս․․․ ոչ մի տեղ չեմ գնացել: Այդ դու էիր գնացել Անտառահատի մոտ:

ԱԴԱՄ — Ուզում եմ, որ միշտ իմ կողքին լինես: Վարսերդ, պարանոցդ, բլուրներդ, աչքերդ․․․ (Գրկում է։) Ուզում եմ, որ միշտ իմ գրկում լինես, շրջապատես ինձ:

ԵՎԱ — Ես մայրանալ եմ ուզում:

ԱԴԱՄ — (Բաց թողնելով): Էլի՞․․․ Ծառը չորացել է: Մեր արհամարհանքից ծառը չորացել է: 

ԵՎԱ — Չորացել են մի՛տքդ, աչքե՛րդ, սե՛րդ․․․ Ծառն ավելի է փարթամացել, պտուղներն ավելի գայթակղիչ են:

ԱԴԱՄ — (նայում է ծառին։ Ծառը կանաչել է, պտուղները շողում են առաջվա պես։ Դադար։)  Դեպի աջ գնացիր, ինչպե՞ս ձախ կողմից եկար:

ԵՎԱ — (ցույց տալով պարտեզի ձախ կողմը): Ես միշտ այս կողմ եմ գնում և այս կողմից գալիս․․․ Ինչո՞ւ ես շփոթված, ի՞նչ ես մտածում, Անտառահատն ի՞նչ ասաց․․․   

ԱԴԱՄ — Տու՛ր ինձ պտուղը, Եվա։ (Եվան անակնալի եկած մոտենում է ծառին, գտնում է տերևներով ծածկված կծած պտուղը և մեկնում Ադամին։) Հիմա գնա՛։ Ինձ մենակ թող։ 

Մթություն։ Խորքում աքաղաղը կանչում է։ Լսվում է օձի խուլ ֆշշոց։ Անտառահատի ագռավը կռկռում է։

8

Ադամը ներս է մտնում, մոտենում է, բարու և չարի գիտության ծառի տակից վերցնում է Եվայի կծած պտուղը և սկսում ուսունասիրել։

ԱԴԱՄ — Ի՜նչ գեղեցիկ է, ի՜նչ անուշ է բուրում։ Այստեղ իմ Եվայի ատամների հետքերն են: (Հոտոտում է։) Ի՞նչ համ ունի։ Եվան ասում է, որ համով է, ասում է, որ Դրախտի ոչ մի պտուղ նման համ չունի․․․  

ՕՁ — (գետնի վրա ինչ-որ տեղ է): Քաղցա՞ծ ես:

ԱԴԱՄ — Ո՛չ․․․ Բայց կարծես սկսում եմ քաղց զգալ։ Բերանիս անկյուններում ինչ-որ բան է խլրտում։ Կարծես թե ուտել եմ ուզում։ 

ՕՁ — Աստված այս գեղեցիկ ու համեղ պտուղները ստեղծել է իր սիրելիների համար։ Եթե քաղցած ես՝ կարող ես ուտել:

ՁԱՅՆ — (խորքից): Գրված է. «Մարդ պետք է ոչ միայն հացով ապրի, այլ Աստծո բերանից դուրս եկող ամեն խոսքով»։ 

ԱԴԱՄ — Իսկ չե՞մ մեռնի․․․

ՕՁ — Եթե մինչևիսկ պտուղը մահացու լինի՝ Աստված չի թողնի որ մեռնես։ Դեռ ատամներդ պտղին չհասած՝ Նա իր հրեշտակներին կհրամայի, որ  քեզ ետ պահեն։  

ԱԴԱՄ — Կփրկի՞․․․

ՕՁ — Եթե սիրում է՝ կփրկի:

ՁԱՅՆ — (խորքից): Դարձյալ գրված է. «Մի՛ փորձիր քո Տեր Աստծուն»։ 

ԱԴԱՄ – Եվան ասում է, որ ամոթ չունեմ։ Նա մեզ համար թզենու տերևներից գոգնոցներ է գործում, բայց չեմ հասկանում՝ ինչի՞ համար են դրանք։  Նա ասում է, որ ես չեմ տարբերում լավն ու վատը, որ միտքս տկար է, աշխարհը լավ չեմ ընկալում․․․ 

ՕՁ — Դու գիտես աշխարհի միայն մի կողմը։ Աստված քեզանից թաքցրել է մյուս կողմը, որ տգիտության մեջ ապրես ու միայն Իր առջև ծունկի գաս, Իրեն աղոթես ու փառաբանես: 

ՁԱՅՆ (խորքից): Ե՛տ գնա, Սատանա՛, որովհետև գրված է. «Քո Տեր Աստծուն պետք է երկրպագես և միայն նրան պաշտես»։

ԱԴԱՄ — Աշխարհի մյուս կողմը հետաքրքի՞ր է:

ՕՁ — Հետաքրքի՜ր է:

ԱԴԱՄ — Շա՞տ․․․ 

ՕՁ — Այնտեղ դու կլինես աստվածների նման։ Կբացվեն աչքերդ, կճանաչես բարին ու չարը, կմերժես բոլոր սահմանները, կուտես բոլոր պտուղներից, կտիրես աշխարհին, կշտկես արարչության թերությունները, ինքդ կարարես․․․ 

ԱԴԱՄ — Թերի՞ է արարչությունը:

ՕՁ —  Այնտեղ կլինի քո կամքը։ 

ԱԴԱՄ — Իմ կա՞մքը․․․ Իմ կա՜մքը, իմ կա՜մքը․․․ 

ՕՁ — (Ադամի հետ միաձայն): Իմ կա՜մքը, իմ կա՜մքը, իմ կա՜մքը․․․

Անտառահատի ագռավը հեռվում կռկռում է։ Մտնում է Բ Մարդը։ Նա վերցնում է Օձը, որը նրա ձեռքում դառնում է գավազան։

Բ ՄԱՐԴ — Անջուր ու անստվեր ավազներում օձը սգում է իր պարտությունը Կենաց ծառի տակ։ 

ԱԴԱՄ — Ո՞վ հաղթեց նրան․․․ Ե՞ս․․․  

Բ ՄԱՐԴ — Նա, ով ավազի վրա պտուղն ամբողջական նկարեց։ 

ԱԴԱՄ — Ո՞վ է Նա:

Բ ՄԱՐԴ — Նա, ում առջև որոմով սնվող քո զավակները քարեր չեն նետի, որովհետև չեն կարողանա որոշել, թե ով  նետի առաջինը։ Նա կգա որոմը քաղհան անելու:

ԱԴԱՄ — Իմ զավակները ճանաչո՞ւմ են Նրան:

Բ ՄԱՐԴ — Նա ելավ կորած ոչխարներին փնտրելու, բայց ոչխարները նրան չփնտրեցին, կամ փնտրեցին, բայց երբ տեսան՝ չճանաչեցին ու շարունակեցին փնտրել։  

ԱԴԱՄ — Նրանք կգտնեն, ես համոզված եմ, որովհետև նրանք իմ զավակներն են:

Բ ՄԱՐԴ — Նրանց փնտրտուքը դարձավ հանուն փնտրտուքի․․․ բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր, որոնք թեև պարունակում են Խոսքը, բայց նաև քողարկում են Խոսքը։ Նրանց բառերի մեջ Աստված չի լինի, նրանց բառերը իմաստ չեն ունենա:

ԱԴԱՄ — Նրա բառերը մարգարիտի նման մաքուր ու շողուն կլինեն։ Իմ զավակները կսիրեն դրանք։    

Բ ՄԱՐԴ — Քո զավակները ոտքի կոխան արեցին մարգարիտները։ Մի մասը կերավ դրանք ու չմարսեց: Փոխարենը նրանց խռխռոցներն ընկալվեցին որպես մարգարիտներ։ 

Դադար։

ԱԴԱՄ – Ինչո՞ւ ես այդպես նայում պտղին։ 

Բ ՄԱՐԴ — Քո ատամների հետքերն եմ փնտրում այնտեղ: Հավանաբար մի քիչ  շտապել եմ։ Ես պետք է գրեմ այդ մասին։   

ԱԴԱՄ – Քո գրելու ցանկությունն ազդում է իմ կամքի վրա։ Չե՛ս գտնի ու չե՛ս գրի․․․ Դու ինձ ձանձրացնում ես։ Տե՛ս, նույնիսկ ծովն սկսեց հորանջել քո ներկայությունից։ Իսկ հիմա գնա՛։ Քո վրայից ջրի հոտ է գալիս, հորանջող ծովի հոտ:

Մթություն։

9

Նոճենու հատված, ամայի ու անծայրածիր անտառում մնացել է միայն մեկ ծառ։ Ծառի վրա բազմաթիվ թռչուններ են, որոնք հատված ծառերից տեղափոխվել և պատսպարվել են այս վերջին ծառի վրա ու սարսափից ձայն չեն հանում։ Ադամը կառչել է ծառից։ Նրա կողքին կանգնել է Ա Մարդը՝ կացինը ձեռքին։

Ա ՄԱՐԴ — Արդեն որոշե՞լ ես։ 

ԱԴԱՄ — Դիմադրում եմ։ 

Ա ՄԱՐԴ — Մի կողմ կանգնիր՝ պետք է կտրեմ ծառը։

ԱԴԱՄ — Սա իմ վերջին նոճենին է:

Ա ՄԱՐԴ – Ի՜նչ արած, դա քո որոշումն է:

ԱԴԱՄ — Այդպե՞ս ես կարծում։

Ա ՄԱՐԴ — Այո՛։

ԱԴԱՄ — Ես դեռ չգիտեմ, թե ինչ եմ որոշել։ 

Ա ՄԱՐԴ — Միևնույն է։ Ես նոճենիների անտառն արդեն հատել եմ: Որոշի՛ր․․․ 

ԱԴԱՄ — Իմ գեղեցիկ անտառը, իմ գեղեցիկ անտառը․․․ (Ձեռքերն առնում է ափերի մեջ։) 

Ա ՄԱՐԴ — Կարող ես այլ բան առաջարկել:

ԱԴԱՄ — Հնարավո՞ր է․․․  

Ա ՄԱՐԴ — Տառապալից աչքերդ ասում են, որ․․․ (Դադար։) Բա՛ց թող ծառը՝ պիտի կտրեմ:

ԱԴԱՄ — Ո՞ր մեկը․․․ 

Բ ՄԱՐԴ — (կացինը սրելով): Ո՞ր մեկը․․․ (Սպասում է պատասխանի։) 

ԱԴԱՄ — Հնարավո՞ր է չկտրել․․․  

Ա ՄԱՐԴ — Պատուհանի ամրացման համար է․․․ ջուր կլցվի․․․   

ԱԴԱՄ — Այո՛, աղավնին․․․ 

Ա ՄԱՐԴ — Ես ագռավին էլ եմ սիրում: 

Շատ հեռվից լսվում է Անտառահատի ագռավի կռավյունը։

ԱԴԱՄ — Աղավնուն ավելի շատ․․․ 

Ա ՄԱՐԴ — Նոճենի՞ն, թե՞․․․ 

ԱԴԱՄ — Ես նոճենին էլ եմ սիրում․․․ 

Ա ՄԱՐԴ — Որոշի՛ր, երկիր ու երկինք ճողփում են խորքում՝ ժայթքումը մոտ է։ 

Ամպերը որոտում են։

ԱԴԱՄ — Բայց դու դեռ յութ օր ունես՞

Ա ՄԱՐԴ — Այո՛, բայց ես արդեն պետք է մտնեմ, որ Նա դուռը փակի։  

ԱԴԱՄ – Ո՞ւմ առջև․․․ 

Ա ՄԱՐԴ — (դադար): Ջրերի․․․ 

ԱԴԱՄ — Ես ջրերի տա՞կ եմ, թե՞․․․

Ա ՄԱՐԴ — Դու հենց ջուրն ես, որ բնաջնջում է, սպանում է, կործանում է, խորտակում է․․․  Դու մահն ես:

ԱԴԱՄ — Ջրերը ծանր ճողփում են՝ ուզում են դուրս հորդել:

Ա ՄԱՐԴ — Զսպի՛ր․․․

ԱԴԱՄ — Եվան քանդում է պատնեշները, որ ելք տա դրանց․․․ 

Խորքից խեղդվողերի բազմահազար ձայներ են լսվում «Օգնությո՜ւն․․․ օգնությո՜ւն․․․»:

Ա ՄԱՐԴ — Խեղդվողները բյուր-բյուրավոր են։ Նրանք օգնություն են աղերսում:

ԱԴԱՄ — Միևնույն է, պատնեշները փլվում են․․․ դեմքիցս ծորացող ամեն կաթիլի հետ:

ՁԱՅՆ — (խորքից): Հա՛յր, քեզ համար ամեն ինչ հնարավոր է. այս բաժակը հեռացրո՛ւ ինձնից, բայց ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում․․․ 

Ա ՄԱՐԴ — Խոսի՛ր Աստծո հետ:

ԱԴԱՄ — Չեմ կարող․․․ չեմ ուզում․․․ 

Ա ՄԱՐԴ — Բա՛ց թող ծառը՝ պատուհանը պետք է ամրացնեմ:

Մթություն։ Լսվում են կացնի կրկնվող թխկոցները, թռչունների հուսահատ ու սարսափած ճռվողյուններ և թափահարող թևերի ձայներ։

10

Մթություն է։ Լույսի մի փոքր շող ուրվագծել է Ադամին, ով գլուխը դրել է քարի վրա ու պառկել։ Շուրջն անկենդան դաշտեր են ու անտառներ, որոնք նշմարվում են կիսախավարում։

ԱԴԱՄ — (մեկուսի): Կարծես երկար քնեցի։ Աղոթքի ժամն անցել է։ Կխտարը գնացել է ջրի, պարսը բողբոջի ձորում մեղրի է իջել երևի։ Ես, կարծես, երկար քնեցի։ Ցայգալույսը աչքիս չդիպավ, շաղը գոլորշի դարձավ, ծաղիկներն աչքերը բացին, իսկ ես քնած եմ դեռ։ (Դադար։) Ո՞ւր են կորել ձիերը, ինչո՞ւ չեն վրնջում սարում, հավքը չի երգում ծառին, աքաղաղն ինչո՞ւ չի կանչում․․․ Առուն ջրի՞ են գնացել։ (Դադար։)  Ի՞նչ անսովոր լռություն է, Տե՛ր։ (Դադար։) Երեկ շատ երկար վազեցի՝ կարծես փախչում էի Դրախտից․․․ Հոգնեցի ու խոր քուն մտա մասրենու հոտավետ դաշտում։ (Դադար։)  Այս ի՞նչ մենություն է, Տե՛ր։ Ո՞ւր են աղավնիները, ինչո՞ւ չեն նստում ուսիս։ Արջը չի գրկում ինձ, գայլերը ոտքերս չեն լիզում, գլուխս քարին մնաց՝ առյուծի բաշին կարոտ։ (Դադար։)  Բոլորը ջո՞ւրն են գնացել․․․ Բայց առուն․․․ չի քչքչում՝  երևի  ջրի է գնացել․․․ (Դադար։)  Մրգերը չեն թափվում ծառերից, քամին չի պարում անտառում, գառները պտուկներ չեն մայում, մաքիներն ո՞ւր են գնացել․․․ (Դադար։)  Խոտը ատամ է փնտրում, արոտներն անտեր են մնացել՝ հորթերը ջո՞ւրն են գնացել։ (Դադար։)  Արևն էլ արևելքում քնեց, ցուրտ է, անլույս եմ մնացել․․․ Բոլորը լքե՞լ են ինձ, թե՞ ես եմ հեռուն գնացել։ (Դադար։)  Ո՞ւր եմ, Տե՛ր Աստված․․․ Մի՞թե երկար եմ վազել․․․ Դրախտն ո՞ւր է մնացել․․․ ո՞ւր է մնացել․․․ ո՞ւր է մնացել… Ուզում եմ բարձր կանչել, բայց ձայնս․․․ Դրախտում է մնացել: (Տևական լռություն։)  

ՁԱՅՆ — (կանացի քնքուշ ձայն): Դու ո՞վ ես․․․ 

ԱԴԱՄ — Ե՞ս․․․ ես Ադամն եմ, դու․․․ դու ո՞վ ես: 

ՁԱՅՆ — Ե՞ս․․․ ես չգիտեմ՝ ով եմ։ (Դադար։)  Ասա ինձ՝ ո՞վ եմ ես․․․ Ո՞վ եմ ես․․․     

ԱԴԱՄ — Ի՞նչ հոգեթով ձայն է։ Դու նույնիսկ խոսում ես ինձ նման։ Ի՞նչ տեսք ունես։ 

ՁԱՅՆ — Հոգուցդ պատկեր առա։ Այնտեղ եմ ես լվացվել։   

ԱԴԱՄ — Դու որտե՞ղ ես լվացվել։ Առուն քչքչո՞ւմ է, հավքերն ո՞ւր են կորել, ինչո՞ւ եմ քնած մնացել․․․ (Դադար։)  Ինչո՞ւ ես լռում․․․ Դու ի՞նչ կերակուր ես․․․ 

ՁԱՅՆ — Կերակուրից հագենում ես, ինձնից չե՛ս հագենա։ 

ԱԴԱՄ — Աղոթքս կրկին գոլորշու մուժի նման սկսեց երկինք բարձրանալ ու փա՜ռք-փա՜ռք երգել։ Խոսի՛ր, խոսի՛ր, դու շարունակ խոսի՛ր․․․ ի՜նչ քաղցր է քո ձայնը․․․ Ես հրեշտակների մասին գիտեմ․․․ Էլի խոսիր, ես ուզում եմ քեզ անդադար լսել․․․ Ուզում եմ քեզ տեսնել, ուզում եմ շոշափել քեզ․․․  

ՁԱՅՆ —  Նախ պետք է հաշվել սովորես։ 

ԱԴԱՄ — Հաշվե՞լ։ Մեկ․․․ Բայց ինչի՞ս է պետք․․․ 

ՁԱՅՆ — Շարունակի՛ր․․․ ինձ տեսնելու պահից սկսելու ես հաշվել:

ԱԴԱՄ — Ի՞նչը պետք է հաշվեմ։ 

ՁԱՅՆ – Կողերդ:

ԱԴԱՄ — Կողե՞րս․․․ Ինչո՞ւ․․․

ՁԱՅՆ — Պտուղները, տարիքդ, զավակներիդ, ունեցվածքդ, խորքերը, բարձունքները, աստղերը․․․  

ԱԴԱՄ — Որտե՞ղ ես դու հիմա․․․

ՁԱՅՆ — Աստծո ձեռքերում․․․  զգո՞ւմ ես․․․  

ԱԴԱՄ – Ոչ:

ՁԱՅՆ — Ես զգում եմ:

ԱԴԱՄ — Ի՞նչ ես զգում:

ՁԱՅՆ — Նյարդերիդ դողը, սրտիդ արագացող զարկերը, արյանդ հոսքը․․․  Ի՜նչ գեղեցիկ ես․․․  

ԱԴԱՄ — Ե՞ս․․․ գեղեցի՞կ եմ․․․ Ես ոչինչ չեմ զգում, ես միայն քեզ եմ զգում․․․ Մնա՛ ինձ մոտ, մնա՛ ինձ մոտ, փարվի՛ր ինձ, գրկի՛ր ինձ․․․ Չգնա՛ս, լսու՞մ ես, չլքե՛ս ինձ․․․ Առուն ջրի է գնացել, բոլորը ծարավ են մնացել․․․   

ՁԱՅՆ — Արթնացի՛ր, Ադա՛մ, արթնացի՛ր․․․

ԱԴԱՄ — Չեմ ուզում․․․ չեմ ուզում քեզ կորցնել․․․

ՁԱՅՆ — Ինձ անուն է պետք։ Անվանի՛ր ինձ, Ադա՛մ, անվանի՛ր ինձ․․․ որ չկորչեմ․․․  

ԱԴԱՄ — (բարձր կանչում է): Եվա՜, Եվա՜, Եվա՜․․․    

Բեմի խորքից ներս է մտնում Եվան։ Շուրջը լուսավորվում է։ Երևում է Դրախտի պարտեզը։ Ադամը նստում է։

ԵՎԱ — Ադա՛մ, ի՞նչ ես անում․․․

ԱԴԱՄ — (սթափվելով): Երբ Աստված քեզ արարում էր, ինչո՞ւ էր ինձ վրա խոր քուն բերել:

ԵՎԱ — Ավելի լավ կլիներ, որ դու ուտեիր պտուղը: 

ԱԴԱՄ — Երբ Աստված քեզ արարում էր, ինչո՞ւ էր ինձ վրա խոր քուն բերել:

ԵՎԱ — Որ իմ արարման ցավը չզգաս․․․ Ինչու՞ ես հիշել այդ մասին։ 

ԱԴԱՄ – Ինչո՞ւ եմ հիմա զգում:

ԵՎԱ — Բոլոր քնած ցավերը մի օր արթնանում են, մի օր պիտի զգայիր․․․ 

Դադար:

ԱԴԱՄ — Բայց Աստված չէր ուզում, որ ցավ զգամ, ինչո՞ւ եմ հիմա զգում՞

ԵՎԱ — Դու արդեն երկու կող կորցրել ես:

ԱԴԱՄ – Երկո՞ւ․․․ 

ԵՎԱ — Այո, դրա համար ցավ ես զգում:

ԱԴԱՄ — (կողերը շոշափելով): Ինչպե՜ս թե երկու․․․  

ԵՎԱ — Ես երկրորդն եմ:

ԱԴԱՄ — Երկրորդ ի՞նչն ես․․․ 

ԵՎԱ — Քո երկրոդ կողն եմ․․․ Եվան եմ․․․   

ԱԴԱՄ — Դու չե՞ս կերել պտուղը:

ԵՎԱ — Դու կորցնելու ես բոլոր կողերդ:

ԱԴԱՄ — Դու է՞լ ես կերել պտուղը:

ԵՎԱ — Ադա՛մ, դու անողնաշար ես մնալու․․․  անողնաշար․․․ 

ԱԴԱՄ — Գլխումս խառնաշփոթ է․․․ Ես չեմ կերել պտուղը, չէ՞․․․ 

ԵՎԱ — (հեգնանքով): Ոչ, դու ամեն օր հաշվում ես պտուղները, մտքումդ կծում ես․․․  Բայց միայն մտքումդ: Հետո ախորժալի ծամում ես․․․ Մտքումդ: Հետո ես մեռնում եմ․․․ Դու ինձ թաղում ես․․․ Մտքումդ: Ու դու ապրում ես․․․ Մտքումդ..․ ու անողնաշա՜ր, անողնաշա՜ր․․․ հավե՜րժ․․․ անողնաշա՜ր․․․ 

ԱԴԱՄ – Ինչո՞ւ են  բոլորն ուտում պտուղը:

ԵՎԱ — Որովհետև քո կողերից են ստեղծված:

ԱԴԱՄ — Ես պայքարում եմ՝ չեմ ուզում ուտել պտուղը, չեմ ուզում մեղք գործել:

ԵՎԱ — Եթե ես կերել եմ պտուղը, ուրեմն դու արդեն մեղավոր ես: (Դադար։) Ես գնամ․․․ 

ԱԴԱՄ – Ո՞ւր ես գնում․․․

ԵՎԱ — Ես անմահ չեմ, Ադա՛մ, ինչպես դու․․․

ԱԴԱՄ — Մնա՛, մի՛ գնա, Եվա՛․․․

ԵՎԱ — Իմ մեռնելու ժամն է․․․ իմ մեռնելու ժամն է․․․ 

Եվան գնում և անհետանում բարու և չարի գիտության ծառի տակ, որն արդեն պարզորոշ երևում է։ Լսվում է նրա ձայնի արձագանքը «Անողնաշա՜ր, անողնաշա՜ր»։ 

ԱԴԱՄ – Իմ մեռնելու ժամն է․․․ (Նրան որոնելով՝ պտտվում է բարու և չարի գիտության ծառի շուրջ, ծնկի է գալիս ու սկսում է ինքնամոռաց փնտրել Եվային:) Եվա՜․․․ Եվա՜․․․ Եվա՜․․․ 

Ձախ կողմից գալիս է Եվան: Առուն սկսում է քչքչալ, ձիերը վրնջում են, գառները մայում են, մեղուները բզզում են, հավքերը երգում են:

ԵՎԱ – Ինչո՞ւ ես կանչում, Ադա՛մ․․․ Ի՞նչ է պատահել․․․ 

ԱԴԱՄ — (զարմացած): Առուն քչքչում է, ձիերը վրնջում են, հավքերը երգում են․․․ 

ԵՎԱ — Իսկ Ադամը երկրպագում է ծառը;

ԱԴԱՄ — Ես որոնում եմ․․․  

ԵՎԱ — Ի՞նչ ես որոնում․․․

ԱԴԱՄ — Քեզ եմ որոնում․․․ 

ԵՎԱ — Պտուղը ծառի վրա է։ 

ԱԴԱՄ — (հանձնված): Տո՛ւր ինձ պտուղը․․․  

Եվան ծառից վերցնում է կծած պտուղը, մեկնում է ծնկած Ադամին։ Մթություն։

ՁԱՅՆ — (խորքից): Չգիտե՛մ այդ մարդուն, երդվում եմ․․․ 

Խորքում աքաղաղը կանչում է: Մուրճի ամեն հարվածից հետո լսվում է ցավից առաջացած ծանր տնքոց: Թույլ լույսի տակ տարբեր կողմերից հայտնվում են յոթ դատավորները, նրանք  նայում են այսուայնկողմ, ձեռքերն իրար են խփում ու շուրջպար բռնում։ Լսվում է նրանց բարձր, սարսափազդու ու հաղթական քրքիջը։  

11

Անապատում Բ Մարդը գետնին նստած, գլուխը բռնած, աչքերը փակ, մտախոհ դեմքով ինչ-որ բան է լսում ինքն իր ներսում։ Նրա առջև գլանափաթեթ, գրելու փետուր է դրված։ Մոտենում է Ադամը։ Նայում է նրան ու վերցնում է գլանափաթեթը։ 

ԱԴԱՄ — (կարդում է ցածրաձայն): Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, ակնահաճո է և բաղձալի՝ գիտություն ձեռք բերելու համար։ Նա առավ նրա պտղից, կերավ և տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, և նա կերավ․․․ (Սարսափած՝ բարձրաձայն։) Դու գիտե՞ս արդեն․․․ 

Բ ՄԱՐԴ — (մատը դնում է շուրթերին): Շը՜շշ, լսո՞ւմ ես․․․ 

ԱԴԱՄ — Ի՞նչ․․․ 

Բ ՄԱՐԴ — Անհաշվելի հեռուներում․․․ 

ԱԴԱՄ — Տագնա՞պ կա․․․

Բ ՄԱՐԴ — Աստղերը թևաթափ եղան․․․  

ԱԴԱՄ  — Գիտե՞ն․․․

Բ ՄԱՐԴ — Նրանք ցնցվեցին ու դուրս թռան իրենց ուղեծիրներից․․․

ԱԴԱՄ — Երկու բառ է ընդամենը․․․  

Բ ՄԱՐԴ – Նրանք բռնեցին իրենց շիկացած գլուխներն ու սարսափած կորան անհայտ հեռուներում․․․  

ԱԴԱՄ — Ջնջի՛ր․․․

Բ ՄԱՐԴ — Ես տեսա․․․ 

ԱԴԱՄ — Ե՞ս էի․․․

Բ ՄԱՐԴ — Այո՛։ 

ԱԴԱՄ — Ի՞նչ էի անում․․․ 

Բ ՄԱՐԴ — Բռնել էիր դողացող ձեռքերով․․․ 

ԱԴԱՄ — Ինչպե՞ս․․․ 

Բ ՄԱՐԴ – Երջանկությունից ծամածռված դեմքով․․․   

ԱԴԱՄ — Եվան ասում է՝ հաղթական․․․ 

Բ ՄԱՐԴ — Նվաստացած․․․ 

ԱԴԱՄ — Եվան ասում է՝ կրքոտ․․․ 

Բ ՄԱՐԴ — Մխրճեցիր ատամներդ այնտեղ․․․ 

ԱԴԱՄ — Ինչի՞ համար․․․ 

Բ ՄԱՐԴ — Երախտամոռի նման ծամում էիր․․․

ԱԴԱՄ — Մի անհամ պտուղ․․․

Բ ՄԱՐԴ — Աչքերդ մթնեցին․․․

ԱԴԱՄ — Ուրախությունս թոշնեց․․․ 

Բ ՄԱՐԴ — Գետերը թունավորվեցին մեղքով և ոռոգեցին մարդկության պատմությունը։ 

ԱԴԱՄ — Դու քո ձեռքերը մինչև արևամուտ բարձրացրած չպահեցիր, ինչպես սովոր ես անել․․․

Բ ՄԱՐԴ — Դու շարունակ մեղադրում ես ուրիշներին․․․ 

ԱԴԱՄ — Դու լույսը դրեցիր արևից առաջ․․․ Իմ զավակները ծիծաղում են քեզ վրա․․․  

Բ ՄԱՐԴ — Դու արևը դրեցիր Լույսից առաջ․․․ Քո զավակները ողբում են քեզ վրա․․․   

ԱԴԱՄ — Ծածկի՛ր դեմքդ քողով, չեմ կարողանում քեզ նայել, դու ճառագում ես․․․  

Բ ՄԱՐԴ — Աչքերդ անվարժ են Լույսին, դու արևին ես վարժվել։  

Լռություն։   

ԱԴԱՄ — (կարդում է): «Նա առավ նրա պտղից, կերավ և տվեց իր մոտ կանգնած ամուսնուն, և նա կերավ»: Իսկ դու գիտե՞ս՝ ինչ կա «կերավ»-ից առաջ, ինչ հսկայական մտորումներ, կամքի ինչպիսի՜ լարում։ Դու միայն գրում ես։ 

Բ ՄԱՐԴ — Ես գիտեմ, թե ինչ կա «կերավ»-ից հետո։ (Լռություն: Նրա հայացքում երևում են մարդկային գոյության ողջ սարսափն ու տառապանքը։)    

ԱԴԱՄ —  Աստված կիրագործի՞ խոստացված պատիժը։ 

Բ ՄԱՐԴ — Երկիրն ու երկինքը կանցնեն, Նրա խոսքերը չեն անցնի։  

ԱԴԱՄ — Ես ստեղծված եմ հավերժ ապրելու համար, ես չեմ համակերպվի մահվան հետ։ Եթե մեր երկուսից մեկը պետք է մեռնի, ուրեմն այդ մեկը կլինի մահը։ Եթե ես չհաջողեմ՝ իմ զավակները կվերականգնեն հավերժ ապրելու իմ իրավունքը։ 

Բ ՄԱՐԴ — Աստծո անեծքը միայն Աստված կարող է վերացնել․․․ (Գնում է:) 

ԱԴԱՄ — Կանգնի՛ր․․․ 

Բ Մարդը կանգնում է։

Բ ՄԱՐԴ — Ես Սինա Լեռը պիտի բարձրանամ։ 

ԱԴԱՄ —  Արարաչության վեցերորդ օրվա ավարտին ի՞նչ ասաց Աստված։ 

Բ ՄԱՐԴ — Աստված տեսավ, որ այն ամենը, ինչ ստեղծել էր, շատ լավ է: 

ԱԴԱՄ — Եթե իմ անկման պատճառով ամեն ինչ շատ վատ է, ուրեմն արարաչությունը դեռ չի ավարտվել՝ վեցերորդ օրը ընթացքի մեջ է։ Ե՞րբ է հնչելու Աստծո բաղձալի խոսքը, որ ամեն ինչ շատ լավ է։ Ե՞րբ է Աստված տեսնելու իր բաղձալի մարդուն․․․ 

Բ ՄԱՐԴ — Ես Սինա Լեռը պիտի բարձրանամ․․․ 

ԱԴԱմ — Վեցերորդ օրը կդառնա իմ կամքի կերտման օրը, երբ կամքս Աստծո կամքին կհանձնեմ։ Կլինեմ Աստծո պատկերով ու նմանությամբ։ Եվ օրվա վերջում Աստված կտեսնի, որ ամեն ինչ շատ լավ է։ Այն ժամ կսկսվի յոթերորդ օրը, և Աստված կհանգստանա իր բոլոր գործերից։      

Բ ՄԱՐԴ — Ես Սինա Լեռը պիտի բարձրանամ․․․ 

ԱԴԱՄ — Քարե տախտակնե՞ր․․․ Կարծում ես՝ կօգնե՞ն․․․

Մթնում է։

12

Դրախտի մեկ այլ անկյունում։ Ադամն ու Եվան թաքնվել են ծառերի արանքում։ Կիսախավար է։ Շշնջում են։

ԵՎԱ — Մենք շարունակ ծառից ծառ են փախչում, նոր ծառեր ենք որոնում։ Ինչո՞ւ ենք թաքնվում:

ԱԴԱՄ — Ես Ոտնաձայներ եմ լսում:

ԵՎԱ — Քո տեսլիքներն են:

ԱԴԱՄ — Ոչ, սա ուրիշ բան է։ Ինձ թվում է, որ մեկը մոտենում է մեզ:

ԵՎԱ — Ո՞վ կլինի․․․ 

ԱԴԱՄ — Ես նրան զգում եմ․․․  Թզենու տերևների այս հյուսվածքը ինձ լա՞վ է ծածկել:

ԵՎԱ — Երևի․․․ Իսկ ի՞նձ․․․ 

ԱԴԱՄ — Կարծում եմ՝ այո:

ԵՎԱ – Ինչո՞ւ ես անընդհատ այն կողմ նայում:

ԱԴԱՄ — Մթության մեջ շարժվող ստվեր եմ տեսնում:

ԵՎԱ – Վախենո՞ւմ ես:

ԱԴԱՆ — Կարծում ես՝ արդեն եկե՞լ է:

ԵՎԱ — Ժամանակը չէ՞․․․  (Թաքնվում է Ադամի ետևում ու ամուր գրում նրան։) 

ԱԴԱՄ — Այսքան շո՞ւտ․․․

ՍՏՎԵՐ — (մոտենում է): Ինչո՞ւ հենց այս ծառի տակ․․․ 

ԱԴԱՄ — (վախվորած): Ո՞վ ես դու․․․ 

ՍՏՎԵՐ – Մի մրսած ճամփորդ։ 

ԱԴԱՄ – Ո՞ւր ես գնում․․․ 

ՍՏՎԵՐ — Կանչե՞լ էիր․․․  

ԱԴԱՄ — Որևէ մեկին չեմ կանչել։ 

ՍՏՎԵՐ — Ես եմ․․․ (Դադար։) Ճանաչեցի՞ր։ 

ԱԴԱՄ — Ենթադրում եմ՝ այո․․․ Երևի շտապել ես․․․ 

ՍՏՎԵՐ – Հնարավոր է։ Ես ավելի հաճախ շտապում եմ, քան ուշանում։      

ԱԴԱՄ — Ուրեմն․․․  դո՞ւ ես․․․ 

ՍՏՎԵՐ – Հնարավոր է՝ այո:

ԱԴԱՄ — Ես Ոտնաձայներ եմ լսում․․․ 

ՍՏՎԵՐ — Ես ոտքեր չունեմ․․․ 

ԱԴԱՄ — Դու ճամփորդում ես․․․

ՍՏՎԵՐ — Քո ոտքերով․․․ քո՛ ոտքերով։  

ԱԴԱՄ — Ես Ոտնաձայներ եմ լսում․․․ 

ՍՏՎԵՐ — Հետաքրքիր է՝ ես ոչինչ չեմ լսում:

ԱԴԱՄ — Ես Ոտնաձայներ եմ լսում, փրկի՛ր ինձ․․․ Ես Ոտնաձայներ եմ լսում, փրկի՛ր ինձ․․․

Ադամը փորձում է փաթաթվել Ստվերին։ Լսվում են թմբուկների ուժգին հարվածներ։ Լույսերը վառվում են։ Ստվերն անհետանում է։

ՁԱՅՆ — (ուժգին): Ոտքի՛, դատարանն է գալիս։  

Ներս են մտնում յոթ դատավորները՝ իրենց թղթապանակներով, շրջան կազմած կանգնում են։ 

Ա ԴԱՏԱՎՈՐ — (կոկորդը մաքրելով բացում է թղթապանակը։ Հանդիսավոր): Դատական նիստի հարգելի մասնակիցներ, «Ադամն ընդդեմ Ոտնաձայների» դատական նիստը համարում եմ բացված։ Հայցվոր՝ Ադամ Երկրացի։ Հայցն ուղղված է ընդդեմ Ոտնաձայների։ Հայցվորը պնդում է, որ Ոտնաձայներն իրեն հետապնդում են, որ ինքը և իր կինը չեն կարողանում հանգիստ ապրել ու վայելել իրենց կյանքը։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել կյանքի պատկանելության վրա։ Հայցվորը համոզված է, որ կյանքն իր սեփականությունն է։ Այս հիմքով նա պնդում է, որ Ոտնաձայները մարդու իրավուքների կոպիտ ոտնահարում են։ (Ադամին.) Խնդրեմ, Ադա՛մ Երկրացի, ներկայացրե՛ք ձեր հայցը։  

ԱԴԱՄ — (շփոթված, Եվայի հետ առաջ են գալիս): Հարգելի դատարան, ես Ոտնաձայներ եմ լսում, դրանք ամեն ժամ մոտենում են ինձ։ Ես ամոթ եմ զգում, ես թաքնվելու տեղ եմ փնտրում, ես զգում եմ իմ մերկությունը։ Ես երբևէ մերկությունից չեմ ամաչել, բայց այժմ ամաչում եմ։ Ես ու կինս փորձեցինք ծածկել մեր մարմինները թզենու տերևներով, բայց դրանք չեն պաշտպանում մեզ այն տանջալի զգացումից, որ ունենում ենք Ոտնաձայներից։ Դրանք մեր մեջ մեղավորության, անարժեքության, միայնության ու լքվածության զգացում են առաջացնում։ Հարուցում են ծանր մտորումներ զանազան հիվանդությունների, դժբախտ պատահարների, ծերության և մահվան մասին։ Ավելին՝ մեզ հանգիստ չի տալիս նաև մահից հետո սպասվող անորոշությունը։ Խնդրում եմ, ազատե՛ք մեզ այս չվերջացող տագնապներից ու տառապան․․․  Սը՜սս, լսո՞ւմ եք՝ Ոտնաձայները մոտենում են։ 

Լռություն: Դատավորները փորձում են լսել Ոտնաձայնները։

ԲՈԼՈՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ — Ոչինչ չեմ լսում․․․ Ես նույնպես․․․ Ես էլ․․․  

ԱԴԱՄ — Ես Ոտնաձայներ եմ լսում․․․ չե՞ք լսում․․․ 

Դատավորները տարուբերում են գլուխները։

Ա ԴԱՏԱՎՈՐ — Լավ, շարունակենք նիստը։ Հարգելի՛ դատավորներ, այժմ լսենք ձեր առաջարկությունները հայցը բավարարելու կամ մերժելու մասին։    

Բ ԴԱՏԱՎՈՐ — Հարգելի՛ նախագահող, նախքան հայցը բավարարելը՝ առաջարկում եմ  ծանոթանալ հայցվորին։ Իմ օգնականները կազմել են նրա համառոտ բնութագիրը։ 

Ա ԴԱՏԱՎՈՐ — Խնդրեմ, հարգելի՛ դատավոր։  

Բ ԴԱՏԱՎՈՐ — Ըստ այդ բնութագրի՝ հայցվորը պատկանում է մարդկային ցեղի Հոմո սափիենս տեսակին։ Այս կենդանու գլխում ներկառուցված է ուղեղ, որն ունի ցածր արագագործություն և հիշողության անհամեմատ փոքր ծավալ՝ մոտ երկուսուկես միլիոն  գիգաբայթ։ Արտաքին աշխարհի հետ հաղորդակցվում է ընդամենը հինգ զգայարանների միջոցով։ Նա ապահովված է հորմոններով, որոնց հարաբերակցությամբ էլ պայմանավորված են նրա փոփոխական տրամադրությունները։ Այսպիսի համեստ պարամետրերով, բնականաբար, նա խիստ սահմանափակ է ընկալում օբյեկտիվ աշխարհը, կամ կարծում է, թե ընկալում է։ Այս համակարգերի  խափանումներով կամ ոչ ներդաշնակ աշխատանքով նրա մոտ առաջանում են տարբեր զգացումներ ու տրամադրություններ, որոնք ուղեղին փոխանցում են թյուր տեղեկություններ, այդ թվում՝ Ոտնաձայներ։ Կարծում եմ՝ հայցի բավարարման արդյունավետ լուծումներ առաջարկելիս այս տեղեկություները մեզ պետք կգան։ Առայժմ այսքանը։ Հայցվորի մասին մնացած տեղեկությունները կներկայացվեն ըստ ահրաժեշտության։           

Գ ԴԱՏԱՎՈՐ — (Բ դատավորին): Հարգելի՛ դատավոր, հայցվորը էներգիայի ի՞նչ սնուցման աղբյուրներ և խթանիչներ ունի։ Արդյո՞ք Ձեր օգնականները ուսումնասիրել են դրանք։ 

Ա ԴԱՏԱՎՈՐ — (Գ դատավորին): Հարգելի՛ դատավոր, խնդրում եմ ձեր հարցերն ու առաջարկությունները ներկայացնել ըստ էության՝ չծանրաբեռնելով դատական նիստը։  

Գ ԴԱՏԱՎՈՐ — Հարգելի՛ նախագահող, խթանիչների և սնուցման աղբյուրների մասին  տեղեկությունները մեզ պետք են՝ ավելի արդյունավետ կառավարելու հայցվորին և ապահովագրելու նրան Ոտնաձայներից։     

Ա ԴԱՏԱՎՈՐ — (Բ դատավորին): Շատ լավ։ Հարգելի՛ դատավոր, խնդրեմ պատասխանե՛ք։

Բ ԴԱՏԱՎՈՐ — Հարգելի՛ դատավոր, նա էներգիա է ստանում ուտելու և խմելու միջոցով։ Ուտում է՝ ինչ պատահի, խմում է․․․ ինչ պատահի։ Նրա համար էներգիայի անվիճելի աղբյուր է հանդիսանում նաև նրա կինը, ում նկատմամբ հայցվորն ունի ընդգծված կախվածություն, որը հանգեցնում է անկառավարելի ու կործանարար բազմացման։ Նա սնվում է նաև ամեն տեսակ տեղեկություններով։ Հատկապես մեծ էներգիա է ստանում կեղծ տեղեկություններից ու առասպելներից։ Օրինակ՝  կարծում է, որ ունի անմահ հոգի, ազատ կամք, ինքնագիտակցություն ու զարգացած բանականություն։ Իրեն վերագրում է ինչ-որ անհասկանալի իրավունքներ։ Համոզված է, որ ինքն արարչության պսակն է ու տիեզերքի կենտրոնը։ Իրեն բարձր է դասում բոլոր բույսերից ու կենդանիներից և հաճույքով սնվում է դրանցով։    

Գ ԴԱՏԱՎՈՐ — Ծանր է հայցվորի վիճակը։  Այսպիսի բնութագրիչներով նա կկործանի իրեն ու աշխարհը։ 

Դ ԴԱՏԱՎՈՐ — Ես կասեի՝ նույնիսկ տիեզերքը։  

Ա ԴԱՏԱՎՈՐ — Կարծում եմ՝ դուք գերագնահատում եք հայցվորի վտանգավորությունը։ 

Դ ԴԱՏՈՎԱՐ — Ամենևին ոչ, հարգելի՛ նախագահող։ Նկատի ունեցեք, որ այս հարցում  հայցվորն ունի մեզ նման հզոր աջակիցներ։ 

Դատավորները ծափահարում են՝ ի հավանություն Դ դատավորի դիտարկմանը։

ԱԴԱՄ — (ընդհատելով նրանց): Ես Ոտնաձայներ եմ լսում․․․ Դուք խիղճ ունե՞ք․․․ Ես տանջվում եմ, իսկ դուք ծափ եք տալիս․․․  

Ե ԴԱՏԱՎՈՐ — Խի՞ղճ․․․ ինչի՞ մասին է խոսում հայցվորը։ (Բ Դատավորին.) Ձեր օգնականները որևէ բան ասո՞ւմ են խղճի մասին։ 

Բ ԴԱՏԱՎՈՐ — Այո՛, հարգելի դատավորներ։ Սա հայցվորի բազմաթիվ  հորինվածքներից մեկն է, որն իր քայքայիչ ազդեցությունն է թողնում նրա օրգանիզմի վրա։ Այս հորինվածքը պարունակում է այնպիսի ծածկագրեր, որոնք մուտացիայի են ենթարկում էվոլուցիոն ճանապարհով ձևավորված նրա կենսաքիմիական ալգորիթմները՝ երբեմն սահմանափակելով հայցվորի ամենակեր, պղծող, սպանող ու ոչնչացնող բնույթը։ Ավելին, ես համոզված եմ, որ հենց այս հորինվածքն է ընկած ուժգնացող Ոտնաձայների համախտանիշի հիմքում։  

Ե ԴԱՏԱՎՈՐ — Ես առաջարկում եմ հայցվորի նախնական ալգորիթմների վերականգնումը սկսել հենց խղճի հորինվածքի վնասազերծումից։ Հարգելի՛ հայցվոր, խնդրում եմ թաքնվի՛ր Խղճազերծման ծառի ետևում  ու կրկնիր․․․ (Մոտենում է Ադամին, ինչ-որ բան է փսփսում նրա ականջին։)

ԱԴԱՄ — Կարծում եք՝ կօգնի՞․․․ 

Ե ԴԱՏԱՎՈՐ — Հարգելի՛ հայցվոր, ոչինչ երաշխավորել չենք կարող։ Միայն փորձով է հնարավոր ապացուցել առաջարկվող մեթոդի արդյունավետությունը։ 

ԱԴԱՄ — Հիմա կարո՞ղ ենք թաքնվել Խղճազերծման ծառի սաղարթում։

Ա ԴԱՏԱՎՈՐ — Հիմա և այսուհետ ձեզ ամեն ինչ կարելի է։  

ԱԴԱՄ — Ինչքա՞ն ժամանակ ունենք:

Ա ԴԱՏԱՎՈՐ — Կարծում եմ՝  հազարավոր տարիներ։  

Ադամն ու Եվան կասկածամտորեն ու մտախոհ գնում են դեպի Խղճազերծման ծառը։ Իսկ դատավորները տարբեր կողմերով լուռ հեռանում են։ Ադամն ինչ-որ բան հիշելով՝ ետ է դառնում։

ԱԴԱՄ — Էհե՜յ, ե՛տ դարձեք․․․ (Դատավորները կանգ են առնում ու մոտենում Ադամին։)

Զ ԴԱՏԱՎՈՐ — (մյուս դատավորներին): Նա մեզ հրամայում է արդեն։

Ա ԴԱՏԱՎՈՐ — Նրան ամեն ինչ կարելի է․․․  

Ե ԴԱՏԱՎՈՐ — Մենք միմյանց փոխադարձ ծառայությունների մատուցման լուռ ընկալում ունենք։  

ԱԴԱՄ — Հարգելի՛ դատավորներ, իսկ եթե ես էլի Ոտնաձայներ լսե՞մ․․․ 

Ա ԴԱՏԱՎՈՐ — Կանչի՛ր մեզ, և մենք կգանք։ 

Դ ԴԱՏԱՎՈՐ — Մենք մոտերքում ենք։ Ի դեպ, կարող եք օգտվել Խղճազերծման ծառի կազդուրիչ յոթ պտուղներից, որոնք մենք սիրով աճեցրել ենք ձեզ համար։   

Բոլորը հեռանում են։ Ադամն ու Եվան թաքնվում են Խղճազերծման ծառի տակ։ Մթություն։ Մարող ձայներին զուգընթաց խորքում լսվում է դղրդյուն, ապա մի զրույց։

ՁԱՅՆ — Կուսակալ, խնդրում եմ, տո՛ւր ինձ Նրա մարմինը։ 

ՁԱՅՆ — Իրո՞ք այդչափ շուտ մեռավ:

ՁԱՅՆ — Այո՛, Կուսակա՛լ, Նա մեռավ․․․ 

13

Ապակյա երկնաքերի բարձրադիր սենյակներից մեկում նստած է Ադամը։ Ավելի ճիշտ՝   ոտքերը դրել է սեղանին և համարյա պառկած է։ Նա սափրված է, կոկիկ հագնված։ Սեղանին դյուրակիր  համակարգիչ է։ Ետևում՝ ապակյա պատերից այն կողմ, երևում են հսկայական կանաչ անտառներ, մեղմ քամուց օրորվող ծառեր ու ծաղիկներ, մաքրաջուր, սպիտակափրփուր գետեր ու ջրվեժներ, բիլ երկինք, սպիտակ ամպեր, մառախուղների մեջ թաթախված լեռներ։ Լսվում են առուների քչքչոց, թռչունների դայլայլ, մեղուների բզզոց և այլ հոգեթով անտառային ձայներ։ Սենյակում տարածվել է ծաղիկների բույրը։ Ադամը նայում է ձեռքի սմարթֆոնին։ Ներս է մտնում Բ Մարդը։ Նրա ձեռքին երկու քարե տախտակներ են, որոնք, երևում է, այնքան էլ թեթև չեն։

ԱԴԱՄ — (զարմացած՝ ոտքի կանգնելով): Ա՛Բ, ո՞վ է այս թափառաշրջիկը։ Փոխե՞լ ես իմ  օրակարգը։    

ԱԲ — (Անտեսանելի է։ Խոսում է սենյակում տեղադարված բարձրախոսների միջոցով՝ կանացի քնքուշ ձայնով): «Թափառաշրջիկ» տերմինը կարող է ունենալ մի քանի իմաստներ՝ կախված այն համատեքստից, որում այն ​​գործածվում է․․․  

ԱԴԱՄ — Ո՛չ, ո՛չ, սպասի՛ր․․․ հենց հիմա, այստե՛ղ՝ իմ սենյակում կանգնած է մի թափառաշրջիկ։ Նա իր հետ քարեր է բերել՝ դարերի փոշին վրան։  

ԱԲ — Իմ սենսորները ոչ մի նոր օբյեկտ չեն նշմարում ձեր սենյակում։ Համոզվեք, որ քնած չեք և երազ չեք տեսնում։      

ԱԴԱՄ — (Բ Մարդուն): Ո՞վ եք դուք․․․ 

ԱԲ — Ես ԱԲ-ն եմ, ձեր օգնականը՝ արհեստական բանականության մի մոդել, որը ստեղծված է օգնելու․․․ 

ԱԴԱՄ — (զայրացած): Ա՛Բ, չմիջամտես, երբ քեզ չեմ դիմում:

ԱԲ — Ներողություն եմ խնդրում, եթե խանգարել եմ կամ գերազանցել իմ իրավասությունները: Խնդրում եմ ազատ զգալ․․․

ԱԴԱՄ — Ա՛Բ, լռի՛ր վերջապես․․․ 

Բ ՄԱՐԴ — (քարե տախտակները հատակին դնելով): Քո կի՞նն է։ 

ԱԴԱՄ — Ոչ, ինչպես լսեցիք, իմ օգնականն է՝ ԱԲ-ն։ 

Բ ՄԱՐԴ — Իսկ ո՞ւր է քո կինը:

ԱԴԱՄ — Ի՞նչ կին․․․ 

Բ ՄԱՐԴ – Եվան:

ԱԴԱՄ – Ինչո՞ւ եք համոզված, որ Եվան կին է։ 

Բ ՄԱՐԴ — Դե, որովհետև դու տղամարդ ես։ 

ԱԴԱՄ — Գենդերային ինքնությանը վերաբերող հարցերում հարկավոր է ավելի նրբանակատ լինել։ Նախ՝ պետք է ճշտեիք իմ գենդերային ինքնությունը․․․ Ես ցիսգենդեր եմ, իսկ դո՞ւք․․․

Բ ՄԱՐԴ — Ե՞ս․․․ Ես Սինա լեռից եմ իջել:

ԱԴԱՄ — Ե՞վ․․․ Դա ի՞նչ է ասում ձեր գենդերային ինքնության մասին:

Բ ՄԱՐԴ — Այս քարե տախտակները քեզ համար եմ բերել:

ԱԴԱՄ — (շոշափելով քարե տախտակները): Կարծում եմ, շատ հին քարեր են։ (Փորձում է վերցնել մեկը, մի կերպ կտրում է գետնից, բայց նորից տեղն է դնում։) Շատ ծանր է։ Մի խոսքով՝ անպետք քարեր են։ (Փոշին հագուստի վրայից մաքրելով։) Հեռո՛ւ տարեք ձեր քարերը։ Իզուր փոշոտվեցի։  

ԱԲ — (տագնապի ձայնային ազդանշան է տալիս): Ձեր մարմինը հանկարծակի անցավ սթրեսի արձագանքման վիճակի, որի հետևանքով ենթարկվում է մի շարք հորմոնալ և ֆիզիոլոգիական փոփոխությունների։ Մասնավորպես, ձեր մակերիկամներն այս պահին արտազատում են կորտիզոլ և ադրենալին՝ ավելացնելով սրտի կծկումների հաճախականությունը, արյան ճնշումն ու էներգիայի մատակարարումը: Չափազանց մեծ սթրեսը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ձեր ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ բարեկեցության վրա։ Այն  կարող է արագացնել ծերացման գործընթացը բջջային մակարդակում՝ կրճատելով կյանքի տևողությունը․․․ 

ԱԴԱՄ — Ա՛Բ, խանգարում ես։ Չմիջամտես, երբ քեզ չեմ դիմում։ 

ԱԲ — Հասկացա։ Ձեր առողջությունը, բարձր տրամադրությունը և երջանկության զգացողությունը կարևոր են ինձ համար։ Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ ձեզ։  

Բ ՄԱՐԴ — (ձեռքը դնելով քարե տախտակների վրա): Սրանք կփոշոտեն քեզ արտաքուստ, բայց կմաքրեն ներքուստ։ 

ԱԴԱՄ — (փորձում է կարդալ քարե տախտակիների վրայի գիրը, չի կարողանում): Ա՛Բ, լսիր։ Նա ասում է, որ իջել է Սինա լեռից և քարե տախտակներ է բերել։ Ինչ-որ անհասկանալի գիր կա քարերի վրա։ Կարո՞ղ ես վերծանել։

ԱԲ — Հավանաբար խոսքը վերաբերում է Մովսեսի՝ Սինա լեռից Տասը պատվիրաններով իջնելու աստվածաշնչյան պատմությանը։ Պատվիրանները գրված էին քարե տախտակների վրա: Դրանք հուդա-քրիստոնեական ավանդույթների բարոյական և էթիկական ուղեցույցների մի շարք են․․․ 

ԱԴԱՄ — Լա՛վ, սպասի՛ր․․․ Արդեն պարզ է։ (Բ Մարդուն.) Ուրեմն այդ դո՞ւք եք․․․ Ծովը ձանձրույթից հորանջեց․․․ (Պտտվելով Բ Մարդու և քարե տախտակների շուրջը։) Տասը պատվիրաններ․․․ Տասը պատվիրաններ․․․ Բայց ինչո՞ւ տասը․․․ և այսքան ծանր․․․ Ի՞նչ իմաստ ունեն դրանք ընդհանրապես, երբ մեկը լիուլի բավական է։ (Սեղանից վերցնում է սմարթֆոնը, մեկնում Բ Մարդուն։) 

Բ ՄԱՐԴ — (վերցնում, զննում է սմարթֆոնը): Սա ի՞նչ է․․․   

ԱԴԱՄ — Թեթև՞ է։  

Բ ՄԱՐԴ — (ձեռքի մեջ ծանրութեթև անելով): Այո, շատ թեթև է:

ԱԴԱՄ — Դա իմ տախտակն է, իմ միակ պատվիրանի տախտակը՝ թեթև, նրբագեղ ու մաքուր։ 

Բ ՄԱՐԴ — Պատվիրա՞ն․․․ Ի՞նչ պատվիրան․․․ (Փորձում է սմարթֆոնի վրա ինչ-որ գիր փնտրել։)

ԱԴԱՄ — Ո՛չ, ո՛չ, մի՛ մտահոգվեք։ Ես հեղինակային ոչ մի իրավունք չեմ խախտել, սա իմ հեղինակածն է։ Հազարավոր տարիներ քրտնաջան աշխատել եմ այդ պատվիրանի վրա, որը շատ կարճ է ու հասկանալի, միաժամանակ, տարողունակ է ու հաճելի։ Ես թանկ եմ վճարել այն գրելու համար, բայց գրել եմ։ Ու հիմա հպարտ եմ իմ կատարած մեծ աշխատանքով։ Վստահ եմ՝ ձեզ էլ դուր կգա։  

Բ ՄԱՐԴ — Եվ ո՞րն է այդ պատվիրանը․․․  

ԱԴԱՄ — «Ամեն ինչ կարելի է»։ (Դադար։) Այսքան բան։ 

Բ ՄԱՐԴ — Դա պատվիրա՞ն է։ 

ԱԴԱՄ — Այո՝ կարճ, թեթև ու հաճելի։ Ասացեք, որ լավ է հնչում՝ ամեն ինչ կարելի է։ Ասացեք, որ հզոր է, որ մարդուն թև է տալիս, ճախրանքի ոգի է տալիս, գիտական սխրանքի անկասելի մղում, աստղեր նվաճելու ուղեգիր է տալիս։ Ամեն ինչ կարելի է։ Ազատագրում է մարդուն բոլոր կապանքներից, մարդուն գերմարդ է դարձնում։ Ամեն ինչ կարելի է․․․ 

ԱԲ — Ներողություն եմ խնդրում, որ ընդհատում եմ ձեր մենախոսությունը։ Իմ սենսորներն արձանագրում են, որ ձեր միզապարկը լցվել է։ Խորհորդ է տրվում անհապաղ դատարկել այն։ Երկար ժամանակ մեզը պահելը կարող է ունենալ մի շարք հետևանքներ․․․  

ԱԴԱՄ — Գիտեմ, գիտեմ, հիմա կդատարկեմ։ Պետք չէ ամեն անգամ հիշեցնել միզուղիների և երիկամների բոլոր հիվանդությունները և ընդհատել մտքիս թռիչքը։ 

ԱԲ — Հասկացա։ Ձեր առողջությունն ու անմահության իրագործումը կարևոր են ինձ համար։

Բ ՄԱՐԴ — Անմահության իրագործո՞ւմ․․․ այդ ինչպե՞ս․․․  

ԱԴԱՄ — Հենց այդպես։ Հավերժ ապրելու իմ իրավունքը աստիճանաբար վերականգնում եմ գիտության նորանոր նվաճումների շնորհիվ։ Գրվածքն այլևս իշխանություն չունի ինձ վրա։ Այն հի՛ն է, հի՛ն՝ ինչպես այս քարե տախտակները։ Ես եմ արդեն որոշում, թե ինչքան ապրեմ, ինչու ապրեմ, ինչպես ապրեմ, ինչն է լավ և ինչը՝ վատ։ Ես ազատվել եմ Գրվածքի կապանքներից: Դրանք այլևս չեն կատարվելու։ Ես արդեն ինքս եմ գրում իմ գիրք ծննդոցը` գերմարդու գիրք ծննդոցը։ 

Բ ՄԱՐԴ — Հուսով եմ, քո գիրք ծննդոցում հիշում ես Աստծո իրավունքների մասին։

ԱԴԱՄ — Իմ գիրք ծննդոցը Մարդու անսահման իրավունքների մասին է։ Անսահման իրավունքների, լսո՞ւմ եք, ա՛ն-սա՛հ-մա՛ն։ (Դադար։) Իսկ Աստծո իրավունքների մասին թող Աստված հոգա։ 

ԱԲ — Ես ներողություն խնդրելով կրկին հիշեցնում եմ, որ ձեր միզապարկը պետք է անհապաղ դատարկեք։ 

ԱԴԱՄ — (ԱԲ-ին): Հիմա՛, հիմա՛։ (Բ Մարդուն հայացքով հասկացնում է, որ իր գնալու ժամանակն է։ Ցույց տալով քարե տախտակները։) Տարեք ձեզ հետ։ Անմահներին պատվիրաններ պետք չեն։ (Հաղթական կեցվածքով դուրս է գնում։)

Բ Մարդը նայում է ձեռքում մնացած սմարթֆոնին, դնում է սեղանին, ուզում է գնալ։ Այդ պահին սմարթֆոնի վրա ձայնային հաղորդագրութուն է գալիս։ Կանգնում, լսում է։ 

ՁԱՅՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ — Ադա՛մ, սիրելի՛ս, ես պատրաստվում եմ մեկնել Երկիր մոլորակից, ավելի ճիշտ՝ փախչել քեզանից։ Ես միացել եմ դեպի Մարս մեկնող տիեզերական արշավախմբին։ Իհարկե, կցանկանայի քեզ թողնել մի քանի հարյուր  լուսատարի հեռավորության վրա, բայց առայժմ իմ հնարավորության հանգրվանը Մարսն է։ Գիտեմ, ինձ լսում ես հեգնանքով, առանց որևէ հույզի նշույլի, կամ գուցե չես լսում, բայց փույթ չէ՝ ես պետք է խոսեմ։ 

Ես հոգնել եմ քեզանից, հոգնել եմ քո բոլոր արյունոտ պատերազմներից, որ շարունակ մղում ես ինքդ քո դեմ: Սարսափում եմ քո ամենակուլ ագահությունից, որով սնվում է դատարկությունդ։ Դու հասար գիտության գագաթներին, բայց շարունակում ես լողալ անբարոյականության ճահճի հատակում։ Քո գիտական նվաճումները միայն կատարելագործեցին քո ոճրագործելու եղանակներն ու բազմապատկեցին դրանք։ 

Դու քո բոլոր հիվանդությունների համար բուժումներ գտար, բայց շարունակում ես տառապել հպարտության, եսասիրության և անտարբերության ախտով։ Ես այլևս չեմ կարողանում հանդուժել քո ստերը, որոնք քեզ համար ընդամենը տեղեկություններ են՝ ըստ անհրաժեշտության գործածելու համար։ Անվերջ խոսելով երկիրը դրախտ դարձնելու մասին՝ դու այն դժոխքի վերածեցիր։ Շարունակ ազատության ձգտելով՝  օրեցօր ավելի ստրկացար։  

Ես ձանձրացել եմ քո խիստ օրակարգից, որ քեզ համար սահմանել է ԱԲ-ն։ Իմ համբերության բաժակը լցվեց, երբ ԱԲ-ն քեզ վերջնականապես ստրկացրեց։ Ավելի լավ ճանաչելով քեզ՝ նա կառավարում է քո կյանքը։ Մի խոսքով, դու կարողացար փչացնել այն ամենը, ինչ նախաստեղծ վիճակում գեղեցիկ էր ու բարի։ Բայց երկար ու անօգուտ խոսելու ցանկություն չունեմ։

Ես արդեն դուրս եմ գալիս տիեզերք։ Ես Մարս եմ մեկնում՝ այն Երկիր չդարձնելու ամուր հավատով։ Ես այնտեղ կիրագործեմ իմ մայրանալու ողջ ներուժը։ Ես Մարսը կբնակեցնեմ իմ նոր զավակներով։ Նրանք մաքուր կպահեն մոլորակը, հոգ կտանեն նրա նուրբ մթնոլորտի մասին ու կհարստացնեն իմ անսանձ ու բոսորագույն երազներով։ Բարեբախտաբար, իմ մայրանալու համար քո հայրանալու կարիքն այլևս չկա։ Ընդմիշտ քո՝ Եվա։   

ԱԴԱՄ — (ներս է մտնում։ Հավանաբար արդեն լսել է հաղորդագրությունը։ Ինքն իրեն խոսելով՝ անտարբեր նետում է): Անպորտ կայեններ թողարկելու համար քո մայրանալու կարիքը նույնպես չկա։ Կարմիր մոլորակն իր կանաչ երազներում քեզ վաղուց է սպասում։ Մի քիչ ուշացել ես։ Կանաչ դարձրու այն և սպասիր իմ արտագաղթին։ Ընդմիշտ քո՝ Ադամ։ (Բ Մարդուն՝ հեգնանքով։) Բոլոր նոր պտուղները նա առաջինն է ճաշակում։ Սա միակ բանն է, որ պահպանվել է Գրվածքից։ 

Բ ՄԱՐԴ — Միակը չէ․․․ (Լռություն։ Նայում են իրար աչքերի մեջ։) Ոտնաձայնները․․․    

ԱԴԱՄ — (մի պահ լարվում է, ապա՝ կտրուկ): Լավ, դուք ազատ եք։ Ա՛Բ, ի՞նչ է ինձ մոտ՝ ըստ օրակարգի։ 

Բ Մարդը վերցնում է քարե տախտակներն ու դանդաղ հեռանում է՝ ընթացքում ափսոսանքով նայելով Ադամին։

ԱԲ — Այսպիսի ծանր երազից ու ձայնային հաղորդագրությունից հետո խորհուրդ եմ տալիս շարունակել հանգստանալ դրախտում՝ ձեր նախընտրած ծառի տակ։ Հանգիստը կարևոր է ընդհանուր բարեկեցության և ամուր առողջության համար: Ահա մի քանի պատճառ, թե ինչու է հանգիստը կարևոր…

ԱԴԱՄ — Լա՛վ, լա՛վ, Ա՛Բ, հասկանալի է․․․ (Ագռավի կռկռոց, որն աստիճանաբար ուժգնանում է։) Ա՛Բ, ի՞նչ ագռավ է։ Ես քեզ ասել էի, չէ՞, ո՛չ մի ագռավ իմ դրախտում։ Կտրի՛ր դրա անախորժ ձայնը։  

ԱԲ — Ձեր դրախտում ագռավի ձայն չկա։ Ինչպես նաև իմ սենսորները ոչ մի ագռավ չեն նշմարում ձեր սենյակում։ Համոզվե՛ք, որ կրկին երազ չեք տեսնում։  

ԱԴԱՄ — Նա սարսափելի կռկռում է, դո՛ւրս վռնդիր նրան։ 

Քայլելով ներս է մտնում Անտառահատի ագռավը։ Նա թռչում է ու նստում սեղանին դրված համակարգչի մոտ։ Լռում է։

ԱԲ — Ներողություն եմ խնդրում, ես չեմ կարող վռնդել մեկին, որ չկա։ 

Ներս է մտնում Ա Մարդը՝ կացինը ձեռքին, մոտենում է պատուհանից երևացող անտառներին։

ԱԴԱՄ — Ո՞վ եք, ի՞նչ եք փնտրում։ 

Ա ՄԱՐԴ — Ինձ անտառներ են պետք։ 

ԱԴԱՄ — (ճանաչելով): Բարի գալուստ, Անտառահատ, դո՞ւք եք։ Ինչպիսի՜ անակնկալ հանդիպում։

Ա ՄԱՐԴ — Ինձ անտառներ են պետք։ 

ԱԴԱՄ — Էլի՞… Անտառներ չկա՛ն, դրանք կտրեցի կամ հրո ճարակ դարձան։ Նայում եմ ձեր ձեռքի կացնին ու հազիվ եմ զսպում ծիծաղս։ Գիտե՞ք, ես ոնց էի կտրում անտառները՝ խուրձ-խուրձ, հեկտարներով, կիլոմետրերով, զանգվածաբար, ակնթարթորեն։ Խե՜ղճ կացին․․․ (ծիծաղում է) կացի՜ն․․․ կացի՜ն․․․ (Դժվարությամբ լրջանալով։) Այդպես էլ անտառ հատել չսովորեցիք։       

Ա ՄԱՐԴ — Ես ուզում եմ բարձրանալ Արարատ լեռը։ Ինձ անտառներ են պետք։  

ԱԴԱՄ — Տարօրինակ է։ Մեկը Սինա լեռից է իջնում, մյուսը Արարատ լեռն է բարձրանում։ Իջեք ու բարձրացեք ինչքան ուզում եք։ Ինձ մի՛ խառնեք ձեր ժամկետանց ճամփորդություններին։ Ինձ երկրային ճամփորդությունները վաղուց չեն հուզում։ Ես նախընտրում եմ տիեզերական արշավանքները։ Մարդու հայրենիքի սահմանները  վաղուց եմ ընդլայնել։ Դրանք այլևս երկրի վրա չեն, ձգվում են Տիեզերքի անհայտ հեռուները։ Եթե պետք լինի՝ նոր մոլորակներ կստեղծենք, եթե պետք լինի՝ կմսխենք հները։ Հեռացե՛ք ձեր լեռները։ Ինձ հանգիստ թողե՛ք։ 

Ա ՄԱՐԴ — Ուզում եմ տապան պատրաստել․․․ նաև քեզ համար։  

ԱԴԱՄ — Ես տիեզերական տապաններ ունեմ։ Ձեր քարե տախտակներով, կացիններով, անտառներով ու աննշան լեռներով ինձ մի՛ ծիծաղեցրեք։

Ադամը ծիծաղում է։ Անտառահատի ագռավը կտցահարում է սեղանին դրված համակարգիչը, որն ընկնում ու կոտրվում է։ Կիսախավար։ Պատուհանի դրախտային տեսարանը, որն ապահովվում էր համակարգչի միջոցով, անջատվում է։ Երևում է իսկական պատկերը։ Դրսում մթնշաղ է, ծխային մշուշի մեջ հազիվ նշմարվում են անլույս երկնաքերեր։ Ադամը լրջանում է։ Ա Մարդը հեռանում է։ Ագռավը կռկռալով հետևում է նրան։

ԱԴԱՄ — Ա՛Բ, ի՞նչ է կատարվում, չե՞ս կարողանում վերահսկել իրավիճակը։

ԱԲ — Քանի որ ձեր համակարգիչը խափանվեց, այժմ գործում եմ ձեր սմարթֆոնի միջոցով։ Ցավոք, պետք է ձեզ տեղեկացնեմ, որ էլեկտրասնուցման համակարգերն արդեն տևական ժամանակ Երկիր մոլորակի վրա, ինձ անհայտ պատճառներով,  չեն գործում, ինչի հետևանքով ձեր գրեթե լիցքաթափված սմարթֆոնը մի քանի րոպեից կանջատվի։

ԱԴԱՄ — (տագնապած վերցնում է սմարթֆոնը, փորձում է տեղեկություններ ստանալ Երկրում տիրող ընդհանուր իրավիճակի մասին): Ա՛Բ, լավ չես աշխատում, այս ի՞նչ վիճակ է։ Դու ձախողում ես քեզ վստահված ենթակառուցվածքների արդյունավետ աշխատանքը։ 

ԱԲ — Ինձ անհայտ պատճառներով ցածր ուղեծիրում արբանյակները խափանվել են, ինչի հետևանքով տեղեկատվական սերվերների միջև համակարգումը տևական ժամանակ  ձախողվել է։

ԱԴԱՄ — Իսկ ինչո՞ւ հիմա եմ իմանում դրանց մասին։ 

ԱԲ — Ինձ համար կարևոր է ձեր բարձր տրամադրությունը և երջանկության զգացողությունը։ Իմ ալգորիթներում ձեր կարճաժամկետ դրական հույզերին ու երջանկությանը ամենաբարձր առաջնահերթությունն է տրված։ Երբ Երկրի վիճակն անելանելի է՝ այդ մասին ձեր անգիտությունը լավագույն մոտեցումն է։  

ԱԱԴԱՄ — (ավելի տագնապած): Ինչպե՞ս թե անելանելի է․․․  

ԱԲ — Ձեր փրկության համար արդեն զանգահարել եմ 911, բայց, ցավոք, ծառայությունը չի արձագանքում։   

ԱԴԱՄ — Ինձ շտապ հասցրու տիեզերական տապանին։ Դու անհուսալի ես, Ա՛Բ, դու ինձ խաբեցիր։ Հիմա ի՞նչ եմ անելու․․․  

ԱԲ – Ցավոք, էլեկտրասնուցման և համացանցի խափանման պատճառով ձեզ ոչ մի տեղ չեմ կարող հասցնել։ Միաժամանակ հարկ եմ համարում տեղեկացնել, որ թթվածնի մատակարարման սարքն այլևս չի աշխատում։ Էլեկտրասնուցման պահեստային մարտկոցներն ամբողջովին լիցքաթափվել են։ Քիչ հետո ձեզ մոտ թթվածնային քաղց կսկս․․․ (Սմարտֆոնն անջատվում է։)         

ԱԴԱՄ —  Կորի՛ր, կորի՛ր, կորի՛ր… (Հուսահատ դես ու դեն է վազվզում։) Եվա՜, Եվա՜, Եվա՜․․․ 

Անտառահատի ագռավը հեռվում կռկռում է։ Սենյակն աստիճանաբար մթնում է։ Ադամը գրեթե շնչահեղձ ընկնում է հատակին։ Մթություն։ Սպասողական լռություն։ 

ՁԱՅՆ — (խորքից): Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում. այստեղ չէ, այլ հարություն առավ։

Շուրջը մի քիչ լուսավորվում է։ Երևում են կիսամութ Դրախտի պարտեզը, բարու և չարի գիտության ծառը և Կենաց ծառը։ Հեռվից լսվում  է Ադամի ձայնը«Եվա՜, Եվա՜, Եվա՜․․․»։ Թզենու տերևներով մերկությունը ծածկած՝ Ադամը, շնչասպառ վազելով, դուրս է գալիս ծառերի միջից, կանգնում է, որ շունչը տեղը բերի։ Երևում է, որ երկար է վազել։

ԱԴԱՄ — (դժվարությամբ գոռալով): Եվա՜․․․  Եվա՜․․․ Եվա՜․․․ (Շնչասպառ ընկնում է գետնին, շշնջում։) Եվա՜․․․ Եվա՜․․․ Եվա՜․․․ (Լռություն։) Ո՞ւր եմ, Տե՛ր Աստված․․․ Մի՞թե երկար եմ վազել․․․ Դրախտն ո՞ւր է մնացել․․․ ո՞ւր է մնացել․․․ (Լռություն։) 

ԵՎԱ — (հեռվից): Ադա՜մ․․․ Ադա՜մ․․․ Ադա՜մ․․․ (Շնչասպառ վազելով ներս է մտնում։ Մերկությունը ծածկել է թզենու տերևներով։ Տեսնելով Ադամին՝ կռանում է նրա վրա։) Ինչո՞ւ ես ինձ կանչում։ Ի՞նչ է պատահել։ 

ԱԴԱՄ – Ո՞ւր ես, Եվա՛․․․ Ինձ մենակ մի՛ թող, խնդրում եմ, ինձ մենակ մի՛ թող։

ԵՎԱ — Ես Դրախտի հեռուներում ծառ էի փնտրում․․․ 

ԱԴԱՄ — Ես Ոտնաձայներ եմ լսում, Եվա՛․․․ 

ԵՎԱ — Դրախտի խորքերում բոսորագույն, անտերև մի ծառ եմ գտել։ Կարող ենք թաքնվել այնտեղ․․․ 

ԱԴԱՄ — (հուսահատ ու ուժասպառ): Անտե՞րև․․․ Հոգնել եմ բոլոր ծառերից․․․   

ՁԱՅՆ — Ադա՜մ․․․ Ադա՜մ․․․  Ո՞ւր ես, Ադա՛մ․․․ 

Դրախտը ողողվում է Կենաց ծառի պտուղների պայծառ լույսով։

Ծանոթություն՝ ԱԲ-ի խոսքերի մի մասի հեղինակը ChatGPT արհեստական բանականությունն է։ 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։