ԾԱՂՐԱԾՈՒՆ կամ ՏՐԱԿՏԱՏ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ / Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Հողածածկ, կիսախավար բեմ։ Կենտրոնում կախված է ծաղրածուի հագուստն ու թասակը։ Հայտնվում է դերասանը` ժամանակակից հագնված։ Զգեստափոխվելով` երգում է։

Կար մի թասակ, որը ուներ

Երկար լեզու, երկու ականջ։

Իսկ աչք չուներ, որովհետև

Այդ թասակը

Սկզբից առաջ վերջը գիտեր։

Կար մի թասակ,

Որը ուներ երկու լեզու, մեկ սուր ականջ։

Բայց աչք չուներ, որովհետև

Այդ թասակը

Սկզբից առաջ վերջը գիտեր։

Կար մի թասակ,

Առանց լեզու, առանց ականջ,

Նաև անաչք, թեև կույր չէր,

Որովհետև այդ թասակը

Վերջից առաջ սկիզբը գիտեր։

Կար ծաղրածու` առանց թասակ,

Չուներ լեզու, աչք ու ականջ,

Խոսելուց էլ նա հոգնել էր,

Որովհետև վերջն ու սկիզբը

Մո-ռա-ցել էր

ԾԱՂՐԱԾՈՒ (նոր հանդերձանքի մեջ ինքն իրեն զննելուց հետո գլխին է դնում թասակը, ինքնահեգնանքով)։ Այ, էսպես, րոպեների ընթացքում կարող ես վերածվել ծաղրածուի… Եթե, իհարկե, բախտդ բերի, ու ռեժիսորն էդ դերի համար քեզ ընտրի։ Արդեն հասկացաք, որ էս անգամ իմ բախտն է բերել։ Ուրեմն, անցնենք գործի…

(Դադարից հետո։) Քանի որ ես Լիր արքայի ծաղրածուն եմ, ավելի ճիշտ` նրա դերակատարը… մեկ վայրկյան… (Գրպանից հանում է ձեռագիրը, գտնում հարկավոր էջը։ Գործնական։) Սկիզբը բաց ենք թողնում, էս տեսարանն էլ, սա նույնպես… Սկսենք երրորդ արարվածից… տեսարան վեցերորդ։ «Մի սենյակ ամրոցին կից ագարակատանը»։ (Արագ, անփույթ թվարկում է։) Գլոստեր, Լիր, Քենտ, Էդգար։ (Կարճ դադարից հետո, հանդիսավոր։) Ծաղրածուի դերում` ե՛ս։ (Շուրջը ցույց տալով։) Ռեգանն ու Գոներիլը դուռը փակեցին արքա հոր առաջ, ու մենք անօթևան թափառումներից հետո թաքնվեցինք էստեղ։ Արքան… (Նայում է շուրջը, ճակատին խփելով։) Ես քո… արքային եմ մոռացել… (Դուրս է վազում, հրելով, դժվարությամբ ներս է բերում դագաղը, հասցնում կենտրոն։ Շունչը տեղը բերելով։) Արքան է… սո՜ւս, քնած է։ (Մի քիչ բացում է կափարիչը, նայում, զգույշ փակում է։ Դահլիճին` հեգնանքով։) Դե, եթե դուք էլ համոզվեցիք, որ արքան քնած է (երկիմաստ) էստե՛ղ, ուրեմն կարող եք պատկերացնել, որ Էդգարն ու Քենտն էլ են էստեղ, մեկը` էս անկյունում, մյուսը` բեմի խորքում… Իսկ Գլոստերը հենց նոր դուրս գնաց… Դե, տեսարանը պարզ է, էստեղից էլ կսկսեմ։

Խաղն սկսված է։

Եվ այսպես` դժբախտ արքաս քնեց։ Թեթևացած շունչ քաշեցի` ինքն էլ կհանգստանա, ես էլ։ Ու սկսեցի գլուխ ջարդել, թե ինչպե՞ս պառկեմ, որ մարմինս ինչքան հնարավոր է` քիչ կպնի պաղ գետնին… Այդ գործի վրա էի, երբ հայտնվեց Գլոստերը։ Պատգարակով։ Ներս մտավ, թե չէ` Քենտին պատվիրեց ծերուկին պառկեցնել պատգարակի վրա, բայց` շտապ, շտապ, շա՛տ շտապ… (Տենդագին իրարանցման մեջ է։) Պիտի Դուվր փախչեինք, կես ժամ էլ ուշանայինք` մեր վերջը նույնքան հստակ կլիներ, որքան արքայի խենթանալն էր։ Հապաղելը մահ էր բոլորիս համար։

Դագաղից հանում է արքայական պատմուճանի մի կտոր, փռում է հատակին, դագաղից հանում է թագ, հանդիսավորշինծու դնում պատմուճանի վրա, բարուրում է, ասես երեխայի։

ԾԱՂՐԱԾՈՒ – (բարուրը որպես պատգարակ ուսին դնելով)։ Քնած արքային զգույշ դրինք պատգարակին, պատգարակը` ուսներիս, ու շարժվեցինք դեպի դուռը։ Դռանը չհասած` հանկարծ լսեցի քնի մեջ ինքն իրեն փնտրող դժբախտի լռությունն ու հասկացա, որ նա այլևս իմ խոսքերի կարիքը չունի։ Ես դեռ շարունակում էի քայլել` ուսիս վրա տանելով իմ արքային, բայց արդեն գիտեի, որ մեր ճամփաները բաժանվեցին, ու ես նրան չեմ հետևի։

Գնում է դեպի կուլիսները։ Ձեռքերի մեջ ճոճելով բարուրը` սահուն փոխանցում, թե շպրտում է կուլիսներից ներս, հետո ինքն է ներս մտնում։

ԾԱՂՐԱԾՈՒ – (կուլիսներից): Իսկ ես անկողին կմտնեմ կեսօրին։ Լսո՞ւմ եք… Եթե Լիր արքան ասաց, որ կընթրի առավոտյան, ուրեմն` ես անկողին կմտնեմ կեսօրին… Հա, հենց այդպես…

Անսպասելի անբնական ոգևորությամբ վերադառնում է բեմի կենտրոն։

ԾԱՂՐԱԾՈՒ – Հիմա կասեք` էլի գիժ-գիժ դուրս եմ տալիս։ Բայց խելացին ասածս հասկացավ։ (Դահլիճին.) Հասկացաք, չէ՞… Իսկ չհասկացողին բացատրեմ` իմ խաղը պրծավ։ Վե՛րջ։ Էլ ես չկամ։ Նկատի ունեմ` պիեսում չկամ։ Ով կարդացել է «Լիր արքան» ու կարդացածը հիշում է (ի՞նչ կա, պատահում է), իմ խոսքը կհաստատի։ Այս տեսարանից հետո պիեսում ծաղրածուն անհետանում է։ Ի՞նչ… վերջին տեսարանո՞ւմ… Իբր արքան ասում է. «Եվ իմ խեղճ խենթը կախված ու խեղդված»… Ո՞վ, ե՞ս, այն էլ` կախված ու խեղդվա՞ծ։ Նրա մթագնած ուղեղում բոլորն էին մեռած։ Չասա՞ց` «Ո՛չ, ո՛չ, կյանք չկա»։ Այդ նրա համար կյանք չկար։ Բայց ես… ես այստեղ եմ։ Ավելին`

Կար մի թասակ, որը ուներ

Երկար լեզու, երկու ականջ;

Իսկ աչք չուներ,

Որովհետև այդ թասակը

Սկզբից առաջ վերջը գիտեր։

Խաղ թասակի հետ. կլոունադաամենաաշխույժ պահին Ծաղրածուն անշարժանում է, իսկ դադարից հետո արդեն հոգնած իմաստունի կերպն ունի։

ԾԱՂՐԱԾՈՒ — Ես մի կողմ քաշվեցի, ուսս ազատվեց պատգարակի ծանրությունից։ Գլոստերը ատամների արանքից շպրտեց. «Քեզ ի՞նչ եղավ»… Քենտն ասաց. «Ետ մի մնա» ու էլ ետ չնայեց։ Խեղճ Թոմը ժպտաց իբր հիմարի ժպիտով, բայց դե… մենք իրար հասկացանք։ Նրանք հեռանում էին, իրենց գլխավերևում ճոճելով պատգարակը, որն ինձ դագաղ թվաց։ (Պտտվելով արկղի շուրջը։ Այլ տոնով։) Թեև դագաղն էլ երբեմն ամեն ինչի նման է` դագաղից բացի… (Նախկին տոնով։) Նրանք հեռանում էին, ու ես սպասեցի, մինչև խավարը կուլ տվեց տիրոջս։ Հետո նորից վերադարձա այստեղ, որովհետև… (Այլ տոնով։) Ես ծաղրածու եմ։ Լիր արքայի ծաղրածուն։ Ար-քա-յի՛… Բայց դա երեկ էր։ Հիմա նա խենթ է։ Իսկ խենթի ինչի՞ն է պետք ծաղրածուն։ (Մոտենալով շրջանակին` խոնարհվում է։) Ձերդ մեծություն, դուք այլևս արքա չեք։ Փոխարենը դուք խենթացաք (ընդունեք անկեղծ շնորհավորանքս), այսինքն` ձեր միտքը պարզվեց, իսկ աչքը` տեսավ։ Ու հիմա ինձնից պակաս իմաստուն չեք, ու չեմ սխալվի, եթե ասեմ, որ արդեն ինձնից լավ եք տեսնում այն, ինչ կա։ Մի խոսքով, հացս ձեռիցս առաք, Ձերդ մեծություն։ Որովհետև երբ արքան դառնում է խենթ, նրա ծաղրածուն վերածվում է այդ խենթության վկայի։ Մի քիչ էլ` դատավորի…

Այս ընթացքում թեթև շարժվում է դագաղը։

ԾԱՂՐԱԾՈՒ — (դագաղին, իբր` մեղավոր)։ Չափն անցա՞… (Անսպասելի չարանալով։) Էլ ո՜նց կլինի` ասացի ճշմարտությունը։ (Երկիմաստ։) Բայց ասացի՞ որ…

Մոտենում, հրում է դագաղը, որն ավելի ուժեղ է շարժվում։

ԾԱՂՐԱԾՈՒ — (դագաղին)։ Հիմա երևի Դուվրին եք մոտենում։ Մի քիչ էլ համբերեք, ևս մի երկու էջ, ու կհանդիպեք ձեր Կորդելիային։

Կար մի թասակ,

Որը ուներ երկու լեզու, մեկ սուր ականջ։

Բայց աչք չուներ,

Որովհետև այդ թասակը

Սկզբից առաջ վերջը գիտեր։

(Դահլիճին.) Տիկնայք և պարոնայք, ես պարտավոր եմ ձեզ տեղեկացնել, որ «Լիր արքա» ողբերգությունը այս պահին մեկ այլ տեղում են խաղում։ Իսկ ինչ հիմա եք տեսնում` պատմություն է հրաժարականի մասին։ Հրաժարական թագից, ունեցվածքից, իշխանությունից։ Չէ, դուք ընդհանրապես պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է դա։ Մարդկության պատմությունը քանի՞ հազարամյակի պատմություն ունի… Իսկ քանի՞ արքա է հրաժարվել գահից։ Անձամբ ես ճանաչում էի մեկին, ով թողեց կայսրությունն ու գնաց կաղամբ աճեցնելու… Հա, բան չունեմ ասելու, կաղամբը լավն էր, բայց էֆեկտը… (Կարծես կշեռքի երկու նժարի վրա կշռում է։) Գահ… կաղամբ… գահ… կաղամբ… Ես, իհարկե, գիտեմ, որ այդտեղ ուրիշ պատճառ էլ կար, բայց քանի որ Դիոկղետիանոսը չակերտները չբացեց` պատմության մեջ մնաց որպես հանուն կաղամբի հրաժարական տված կայսր։ Համաձայնեք, որ ազնիվ է հնչում, բայց ոչ` տպավորիչ։ Դրա համար էլ ես խոնարհվում եմ Էդուարդ 8-րդ թագավորի առաջ. հրաժարվել գահից հանուն սիրած կնո՜ջ… Ու եթե երկրագունդը դեռ իր շառավղից դուրս չի պրծել, նաև նրա սիրող սրտին ենք պարտական։ Բայց պիտի խոստովանեմ, որ այս երկու դեպքը միակ լուսավոր կետն են գահի համար մղվող դարավոր պայքարի մահասարսուռ տարեգրության մեջ։ Ինչ վերաբերում է ներկային… (Կարճ մտորումից հետո։) Ավելի լավ է` լսենք վերջին լուրերը։ (Դագաղի միջից հանում է ռադիո, միացնելուն հընթացս։) Հարգարժան հանդիսատես, գլխի ընկար, որ կարճ ժամանակով տեղափոխվեցինք 21-րդ դար։

Տղամարդ հաղորդավար — Այսօր Թունիսում տեղի է ունեցել պետական հեղաշրջում։ Երկրի նախագահը, որը կառավարել է 23 տարի, լքել է երկիրը։ Բախումների հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ։

Կին հաղորդավար – Ուրբաթ օրը Եմենում կրկին բախումներ են եղել ցուցարարների ու ոստիկանության միջև։ Պահանջը երկրի ղեկավարի հրաժարականն է, որն այս պաշտոնը զբաղեցնում է 33 տարի։ Ցույցերի ալիքը հասել է նաև Հորդանան. այստեղ էլ պահանջը նույնն է` կառավարության հրաժարականը։

Տղամարդ հաղորդավար – Կահիրեում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել նախագահի դեմ. նա կառավարում է երկիրը 30 տարի։ Նախագահի կողմնակիցները կրակ են բացել ցուցարարների վրա։ Կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։

Կին հաղորդավար – Տասնութօրյա ցույցերից հետո նախագահը հրաժարական տվեց։ Եգիպտոսի ժամանակավոր իշխանությունը դիմել է գերտերություններին` սառեցնել նախագահի ու նրա վարչակազմի բանկային հաշիվները, դրանք մի քանի տասնյակ միլիարդ դոլար են կազմում։ (Դադարից հետո, տնավարի։) Վա՜յ, մոռացա ասել… (Նախկին՝ պաշտոնական տոնով։) Նախագահը կոմայի մեջ է։ (Անբնական ծիծաղում է։)

Տղամարդ հաղորդավար – Ցույցերի ալիքը հասել է Լիբիա։ Հազարավոր ցուցարարներ պահանջում են ղեկավարի հրաժարականը, որը կառավարում է երկիրը 40 տարի։ Կառավարական զորքերը պատերազմում են սեփական ժողովրդի դեմ։ Զոհվածների ու վիրավորների ճշգրիտ թիվը հայտնի չէ. արդեն խոսվում է հարյուրավորների մասին…

Լսվում են կրակոցներ, մարդկանց ճիչ, աղմուկուղիղ հեռարձակում է թեժ կետից։ Հիստերիայի հասնող ճիչաղմուկը հասնում է գագաթնակետին։

ԾԱՂՐԱԾՈՒ — Է, հետո՞… Կրա՞կն ընկանք, որ աշխարհում հրաժարականների համաճարակ է բռնկվել։ Աշխարհի պրոբլեմն է, ինձ` ի՞նչ… Ոմանց հաց ու ջուր մի տա, թող, որ հեռուստացույցին ու ինտերնետին կպած` թեժ նորություններ լսեն։ Գրողի՛ տարած ինֆորմացվածներ… (Ռադիոն շպրտում է կուլիսները, լռություն։ Գոհ։) Հարված ճիշտ ժամանակին, ու` վերջին խոսքը քոնն է։ (Կուլիսներից անորոշ արձագանք։) Դրա համար էլ պիտի կարողանաս դիպուկ հարվածել… կամ, գոնե, վարձու դիպուկահար ունենաս։ Իհարկե, չէր խանգարի պրեզիդենտ կամ արքա լինել` վերջին խոսքի իրավունքը նրանց ի վերուստ է տրված։ Իսկ եթե ընտրյալ չես, բայց վերջին խոսքի համար կյանքդ էլ գրավ կդնես, ուրեմն ծնվել ես ծաղրածու դառնալու համար։

(Դագաղին.) Արքա, չգիտեմ, որքանով է ձեզ հաճելի ասածներս… Բայց դուք հիմա Դուվրում եք, իսկ այստեղ` բոլորի կողմից մոռացված ապաստանում` միակ գործող անձը ես եմ մնացել։ Ու վերջապես կարող եմ ասել ու անել` ինչ խելքիս փչի… Այնպես որ, համակերպվիր իրավիճակին կամ բանի տեղ մի դիր, եթե, իհարկե, կարող ես։ Իսկ ես կփորձեմ այստեղ հավաքվածներին բացատրել, թե ինչու օր ծերության հրաժարական տվեցիր։

(Դահլիճին.) Դեռ չծնված` նա արքա էր։ Այսինքն` լեգիտիմ էր ի սկզբանե։ Հայրը` թագավոր։ Մայրը` թագուհի։ Պապը` թագավոր։ Տատը` թագուհի։ Պապի պապը… տատի տատը… նույնը։ Ծնվելուց հետո նրան մնում էր ընդամենը մի բան հասկանալ` սակավներին է հաջողվում արքա ծնվել։ Իսկ ընտրյալներին հաջողվում է արքա մեռնել։ (Դագաղին` հանդիմանանքով։) Քանի՞ անգամ եմ ասել, զգուշացրել… լսողն ո՞վ էր։ (Դահլիճին.) Ի տարբերություն Լիր արքայի, ոմանք ոչ միայն արքա ծնվելու, այլև այդ երազանքը փայփայելու իրավո՛ւնք անգամ չունեն։ Բայց արի ու տես, որ հիմնականում հենց այդ տեսակին է հաջողվում արքա դառնալ։ Այս ինքնակոչ տեսակը, որ գահին է հասնում ամեն գնով ու ոչնչի առաջ չկանգնելով` երբեք չի զիջի, էլ չեմ ասում կամավոր հրաժարվելու մասին։ Այդ պատճառով էլ ինքնակոչին երբեմն հաջողվում է արքային կապկող խաղեր տալ, բայց նա երբե՛ք արքայավայել մահ չի ունենա։ Ասածս փորձված ու ստուգված է դարերի ընթացքում։ (Դագաղին` տնավարի։) Ձերդ մեծություն, վատ չստացվեց, չէ՞… Անցնենք առաջ։ (Դահլիճին.) Բայց մի բան կա, որ միավորում է ընտրյալ արքային ու ինքնակոչին` իշխանությունը երկուսին նույն չափով ու նույն կերպ է այլասերում։ (Դագաղին.) Ձեր թույլտվությամբ, բերեմ ձեր կոնկրետ օրինակը։ Տասնյակ տարիներ իշխելով` դուք լրիվ կորցրիք իրականության զգացողությունը. սուտը, կեղծիքը, քծնանքն ու ստորաքարշությունը ընդունում էիք որպես միակ ճշմարտություն։ Միայն ես իրավունք ունեի ասելու ճշմարտությունը, բայց դուք չէիք լսում։ Թա՛գը թույլ չէր տալիս։ Հա, այդ ոսկու կտորը… եթե միայն իմանայիք` ինչպես էի ատում դրան… Հիմա ցույց կտամ… (Դագաղից հանում է թղթե թագ, կտորկտոր է անում։) Դուք լսում էիք այս ոչնչությանը, իսկ ես… ես ընդամենը հաչող շուն էի։ Դրա համար էլ սկսեցիք ցանկալին իրականության տեղ ընդունել` անասելի շռայլություն անգամ արքայի՛ համար։ (Դահլիճին.) Ժողովուրդ, ես խոսում եմ իմ արքայի մասին, իսկ դուք ձեր զուգահեռներն անցկացրեք` ում հետ ուզում եք։ Փառք Աստծո, օրինակներ Աստված տվել-չի խնայել։ (Դագաղին.) Լավ, լսողությունը՝ հասկացանք, բայց ինքնապաշտպանական բնա՞զդը ոնց կորցրիք։ Բա մարդ իր կամքով իր ունեցածից հրաժարվի՞… Ի՞նչ անենք, որ հարազատ աղջիկներդ էին… Հա, քո միսն ու արյունը։ Համաձայն եմ, այդ միսն ու արյունը ծանր են կշռում, բայց իշխանության ծանրությունը դեռ ոչ մեկին չի հաջողվել կշռել… Իսկ եթե այդքան վստահում էիր աղջիկներիդ, ինչո՞ւ այդ խոստովանաթատրոնը սարքեցիր…

(Կապկելով). Բայց ասացեք ինձ, իմ աղջիկներս,

                   (Քանի որ շուտով թոթափելու ենք

                   Թե իշխանություն, թե երկրի շահեր

                   Եվ թե պետության հոգածություններ)։

                   Ձեզնից ո՞ր մեկը, կարող ենք ասել,

                   Ունի դեպի մեզ ավելի մեծ սեր,

                   Որ մենք էլ սփռենք ավելի բարիք,

                   Ուր որ արժանիքն առավել չափով

                   Հանդիսանում է բնության մրցակից։

Ինչի՞ համար էիր նրանցից սեր պահանջում, այն էլ` բոլորի աչքի առաջ։ Դա՞ ինչ առևտուր էր` դու ինձ` սիրո խոստովանություն, ես քեզ` իշխանություն։ Մի նժարին դնելով գահդ` մյուսի վրա սիրո կշի՞ռն էիր չափել ուզում, երբ վաղուց կորցրել էիր ճիշտը ստից տարբերելու կարողությունդ, որը երբեք էլ չես ունեցել, քանզի արքա ես ծնվել։

(Այլ տոնով։) Բայց, չէ, դու մեղավոր չէիր։ Ամբողջ կյանքդ քծնանք ես տեսել ու շողոքորթ խոսք լսել, որոնք ուղղված են եղել ոչ թե քեզ, այլ քո գահին։ (Դրամատիկ։) Իմ կարծիքով, ամենամեծ անեծքը սա է` ճիշտը ստից չտարբերես, կեղծն անկեղծից գերադասես։ Ի՜նչ ծանր գին` արքա մնալու համար։ Լսիր, չփորձե՞մ, հը՞… մի անգամ փորձեմ արքա խաղալ… Մի կողմ քաշվիր, ես այսօր անկառավարելի եմ…

(Կանգնում է դագաղին, որպես արքա Լիր)։ Մնացածը` բոլորն են։ Բոլո՛րը՝ մնացածն են։ Միայն ես եմ` Ե՛Ս։ Միայն ե՛ս կարող եմ երջանկացնել ու դժբախտացնել, սպանել կամ ապրեցնել։ Միայն ե՛ս կարող եմ որոշում ընդունել։ Ու մնացած բոլորը, լավ իմանալով, որ միայն ես կարող եմ երջանկացնել ու դժբախտացնել, սպանել կամ ապրեցնել, և, ամենակարևորը, որոշում ընդունել, ատո՛ւմ են ինձ։ Խորշո՛ւմ են ինձնից։ Ու նախանձո՛ւմ են, ո՜նց են նախանձում… այնպես են նախանձում, ինչպես կխեղդեին սեփական ձեռքերով` մտքում փայփայելով իմ տեղը գրավելու հույսը։ Դրա համար դո՛ւ պիտի խեղդես, և առաջինը, նրանց այդ հո՛ւյսը…

Սթափվելով, իջնում է դագաղից, ինքն էլ շփոթահար իր պոռթկումից։ Դագաղին.

Ի՜նչ սարսափ է արքա լինելը… Ես միշտ էլ ասել եմ, որ ձեր արյան բաղադրությունը ուրիշ է… Նույնիսկ դու, իմ ազնիվ արքա, երբեք մինչև վերջ անկեղծ չես եղել… Հա, կարող եմ կոնկրետ օրինակով ասածս պնդել։ Մի փոքրի՜կ, պստի՜կ կասկած մտավ մեջս, երբ սիրո հարցաքննության էիր ենթարկում աղջիկներիդ։ (Մտերմաբար։) Անցած-գնացած բան է, խոստովանիր… դու մինչև վերջ չհրաժարվեցիր, չէ՞… Հա, ունեցվածքդ տվեցիր, բայց` թագդ պահեցիր։ Գլխի՛դ։ Բանակդ տվեցիր, բայց թիկնազորդ էլ պահեցիր։ Կողքի՛դ։ Այսինքն` իշխանությանդ ատրիբուտները պահեցիր քեզ։ Միամի՜տ մարդ, ի՞նչ իշխանություն առանց… (Փող ակնարկող մատների բնորոշ ժեստ։) Ասել եմ, չէ՞, զգուշացրի… լսո՞ղն էիր… Ի՞նչ… խոսքս անկա՞պ է… նախկին լեզվանին չե՞մ… Բայց դու մոռանում ես, որ քո կողքին չեմ… (Ցավով։) Արքա, հիմա, հենց այս պահին կարթնանաս Դուվրում… ըհը, բացեցիր աչքերդ, զննում ես շուրջդ… այս ի՞նչ հրաշք է, ցնցոտիների փոխարեն նորից արքայական հանդերձանք… Ու հիմա կտեսնես Կորդելիային։ Այ, հենց այդ պահին եմ սպասում, դրա համար էլ խոսքս անկապ է… Որովհետև ինչ էլ իմանամ իշխանության սատանայական ուժի մասին, ինչքան էլ վստահ լինեմ, որ այդ իշխանությունը մարդուց խլում է մարդկայինը, միևնույն է, չեմ հասկանա, թե ինչպե՞ս կարողացար չհավատալ միակ անկեղծ, մաքուր, սիրող սրտի ազնվությանը։(Դաժան։) Փոխարենը ի՜նչ հաճույքով հավատացիր նրա կեղծավոր քույրերին։ Քո Կորդելիան, քո փոքրիկ, ամենասիրելի, բարի աղջիկը… Լավ, արքային մի կողմ թողնենք, բա ո՞ւր մնաց հոր սերը։ Հա՜, նա մեռած էր ու մեռած էլ կմնար, եթե շարունակեիր արքա մնալ։

Հիմա դու այնտեղ՝ Դուվրում, քո արքայական տեսքը վերագտած, միտքդ` պայծառացած, բայց խենթի ազնիվ զղջումով ծնկի կիջնես աղջկադ առջև, մեղավոր կխոնարհես ալեհեր գլուխդ ու վերջապես կտեսնես… Դու կտեսնես կյանքը։ Բայց դրան հասնելու համար ի՜նչ դժոխքի միջով անցար, դժբախտ տերս…

Կար մի թասակ,

Առանց լեզու, առանց ականջ։

Նաև անաչք, թեև կույր  չէր,

Որովհետև այդ թասակը

Վերջից առաջ սկիզբը գիտեր։

Քանի՜ տարի եմ ծառայել քեզ… ինքդ էլ գիտես` ինչ հավատարմությամբ։ Քանի՞ անգամ եմ արժանացել գովասանքիդ… լռո՞ւմ ես։ Իսկ քանի՜ անգամներ վիրավոր գազանի պես լիզել եմ ինքնասիրությանս չսպիացած վերքերը, որ ստացել եմ քո անտարբերությունից։ Չփորձես հաշվել` հաշիվ չկա։ Ես եղել եմ ստվերդ ու չեմ ամաչում ասել այդ մասին, որովհետև մնացած բոլորը պառկել են քո առաջ` ոտքերիդ տակ, ու միայն ես` քո թիկունքում, բայց կանգնած եմ մնացել։ Քանի՞ անգամ խելքս ու իմաստությունս փաթաթել եմ կատակի մեջ ու մատուցել քեզ… Իսկ քանի՞ անգամ եմ ասել ճշմարտությունը բաց, ուղիղ տեքստով` վաստակելով թշնամիներիդ երևացող ատելությունն ու չերևացող հարվածները։ Ես եղել եմ քո ծաղրածուն, որի միակ արտոնությունը ճշմարտությունը ասելն է։ Դա մեր միակ արտոնությունն է… Մե՛ր։ Այսինքն` ծաղրածուների։ Մենք, ախպերս, մի ուրիշ ծառի պտուղ ենք։ Որովհետև…

(Դահլիճին, հանդիսավոր)։ Կարճ ընդմիջարկում։ Նվիրվում է աշխարհի բոլո՛ր ծաղրածուներին։

ՁՈՆ ԾԱՂՐԱԾՈՒՆԵՐԻՆ

Մենք կատակում ենք, որովհետև վախենում ենք լուրջ երևալ ու ծիծաղում ենք, որ ցավից չվնգստանք։ Ու ոչ մեկին չի հաջողվել հիմար տեսքով ասել ամենախելացի մտքերը, ինչպես մեզ։ Իմ բախտակից ընկերները, նկատի ունեմ շեքսպիրյան ծաղրածուներին, ասածիս լավագույն ապացույցն են։ Հիշո՞ւմ եք, ինչ էր սիրում կրկնել Օսելոկը «Ինչպես ձեզ դուր կգա» պիեսում։ (Որպես Օսելոկ։) «Հիմարը կարծում է, որ խելացի է, իսկ խելացին գիտե, որ ինքը հիմար է»։ Իսկ Ֆեստե՞ն… դե, դուք նրան գիտեք «Տասներկուերորդ գիշերից», Ֆեստեն համոզված էր, որ (որպես Ֆեստե). «Այն խելոքները, որ կարծում են, թե սրամիտ են, հաճախ են հիմարի դերում հայտնվում, իսկ ես, որ հավատացած եմ, թե զուրկ եմ դրանից, կարող եմ իմաստուն համարվել, որովհետև ինչ է ասում Կվինաբալոսը. «Լավ է իմաստուն հիմարը, քան թե հիմար իմաստունը»։ (Դահլիճին.) Հիմա վերհիշեք «Թիմոն Աթենացին»։ Հիշեցի՞ք, ապրե՛ք. ծառայի հարցին` «Իսկ դու այնքան էլ հիմար չես», ծաղրածուն ի՞նչ պատասխանեց… (Որպես ծաղրածու։) «Նույնքան, որքան դու իմաստուն ես։ Քեզ պակասում է ճիշտ այնքան խելք, որքան իմ ունեցած հիմարությունն է»։ Իմ բարեկամ Լավաշն էլ… ձեր լավաշի հետ չշփոթեք, խոսքը «Լավ է, ինչ լավ է ավարտվում» պիեսի ծաղրածուի մասին է… ուրեմն` իմ Լավաշը Պարոլին հո չասա՜ց… (Որպես Լավաշ։) «Ուրեմն` դու խելո՞ք ես։ Որովհետև հաճախ մարդու լեզուն դուրս է տալիս ի վնաս իր տիրոջ։ Ոչինչ չասել, ոչինչ չանել, ոչինչ չիմանալ ու ոչինչ չունենալ` ահա ձեր գլխավոր արժանիքները, որոնք մոտավորապես հավասար են զրոյի»։ (Դահլիճին.) Բարեկամներս, առաջարկում եմ այս խոսքերին հատուկ ծափահարել, սա բոլոր ժամանակների չակերտավոր խելոքների ամենադիպուկ գնահատականն է, դե՞… (Պիտի հասնի դահլիճի համապատասխան արձագանքին։) Կեցցե՛ք։ Իսկ որպեսզի շեքսպիրյան ծաղրածուների սրամտության շքահանդեսը արժանի ավարտ ունենա, առաջարկում եմ լսել Սպիդի… ձեր իմացած սպիդը չէ, նկատի ունեմ «Երկու վերոնացի» պիեսի ծաղրածուին… ուրեմն` ի՛մ Սպիդի միտքը. (Որպես Սպիդ։) «Նա ավելի շատ մազ ունի, քան խելք, ավելի շատ թերություն, քան մազեր և ավելի շատ փող, քան թերություն»։ (Դահլիճին.) Տեղ հասա՞վ… իսկ դուք ասո՜ւմ եք…

Դագաղից ինչոր ձեռագիր է հանում, սկսում է թերթել։

ԾԱՂՐԱԾՈՒ – Երազահան է։ Ընտանեկան։ Սերնդեսերունդ փոխանցում ենք իրար։ Ծաղրածու պապիս` պապից… հիմա իմն է։ Ըհը, գտա… լսեք, իմանալը չի խանգարի։

«Ծաղրածու տեսնել երազում` կանխագուշակում է անախորժ սխալներ ու անհեթեթ պատահարներ»։

«Ծաղրածուին խփել, նրան կամ նրա կատակների վրա ծիծաղել – պայքար սեփական խղճի դեմ»։

«Ծաղրածուի հետ խոսել – ինչ-որ իմաստություն կտրվի քեզ շատ տարօրինակ ձևի մեջ»։

«Վառ, գունագեղ զարդարված ծաղրածուն զգուշացնում է, որ չպետք է տրվեք սին ցանկություններին ու մոռանաք ավելի կարևոր գործերը»։

«Ինքներդ եք ծաղրածու — ամաչում եք ձեր արարքից»։

Իմացա՞ք… դե, սրանից հետո երազում ծաղրածու տեսնելուց առաջ յոթը չափեք, հետո… երազ տեսեք։

Մենք միշտ ենք եղել. մարդկության արշալույսին` որպես քուրմեր, հետագայում հագանք այս թասակն ու անվանվեցինք ծաղրածու, դերվիշ, շաման… Անգամ քսանմեկերորդ դարում դեռ պահանջարկ ունենք. Տոնգոյի թագավոր Տաուֆաախաու Տուպոու Առաջինը պաշտոնապես ծառայության էր վերցրել ծաղրածուի։ Ջես Բոգդանոֆը ընդամենը երկու տարի դիմացավ, լքեց թագավորությունն ու թագավորին։ Պատճա՞ռը… ստիպված եմ խոստովանել, որ ճշմարիտ խոսքը չէր զայրացրել թագավորին, ոչ էլ սուր լեզուն… Բոգդանոֆը միաժամանակ թագավորի ֆինանսական հարցերով խորհրդականն էր… անհարմար եմ զգում, բայց հանուն ճշմարտության պիտի ասեմ… մեծ գումար էր հափշտակել… Օ՜, ժամանակներ, օ~ ծաղրածուներ… Ասենք ու մխիթարվենք։

Իսկ իմ համեստ ձոնն ուզում եմ եզրափակել քսաներորդ դարի ամենահակասական հանճարի` Սալվադոր Դալիի հարցով. «Եթե այդքան շատ են ծաղրածուները, ովքեր ցանկանում են իմաստուն դառնալ, ինչո՞ւ իմաստունը չի կարող ծաղրածու լինել»։ Այսքա՛նը։

(Դագաղին։) Համոզված եմ, որ ժպտում ես իմ այս միամիտ, բայց անկեղծ ինքնագովության վրա, արքա… Ուրեմն, թույլ տուր ասել, որ շնորհակալ եմ իմ բախտից, որովհետև քո թագավորության մեջ միայն ե՛ս եմ ասել մտածածս։ Ի՜նչ շռայլություն… նույնիսկ քեզ համար։ Շատ-շատ` կարող էիր քեզ թույլ տալ լսել ասածս ու… մոռանալ նույն պահին։ Խոստովանիր, քանի՞ անգամ ես լսել խորհուրդս, հետևել խրատիս։ Շատ ճիշտ ես` ոչ մի անգամ։ Ոչ-մի-ան-գա՛մ։ Ահա իմ կյանքի իրական արժեքը։ Դրա համար էլ բնական է, երբ ծիծաղում են ծաղրածուի վրա։ Ճակատագրական է, երբ ծիծաղում են արքայի վրա։ (Զղջումով։) Ներիր… չէ, ծանր խոսքերիս համար ներողություն չեմ խնդրում։ Ներիր, որ չհետևեցի քեզ, մնացի այստեղ, որովհետև այստեղից ավելի ճիշտ է երևում վախճանդ։ Թեև դու դեռ չես մտածում այդ մասին, չէ՞ որ հենց հիմա վարձատրվեցիր տառապանքիդ համար։ Դու գտար… Պարզվում է, այս անարդար, անմաքուր աշխարհում կա անշահախնդիր սիրող սիրտ, ու նա քո աղջիկն է, քո Կորդելիան… Գրո՛ղը տանի, արքա, քիչ է մնում` ես էլ քեզ նախանձեմ… Բայց նախանձելու բան է, որովհետև այս աշխարհում կարելի է գնել ամեն ինչ` բացի այդ սիրուց։ Դրա համար էլ բանտ տանող ճամփան քեզ դրախտ է թվում։ Այնպես որ, գրկիր աղջկադ ու մտիր բանտ, որովհետև միամիտ ես ու ինքնավստահ, հզոր ես ու խղճուկ, այդքան ապրել ես ու չես հասկացել, որ կորցնողը այլևս ոչ մեկին պետք չէ։ Որ պիտի կառչես քո ունեցածից, պիտի վրան դողաս, եղածը տասնապատկես, դավեր նյութես` թշնամուդ ու չեղած բարեկամիդ նույն բաժակում խեղդելու համար, պիտի ձեռքդ չդողա` մեկին, տասին կամ հազարին մահվան դատապարտելու համար, պիտի կամքդ չերերա, երբ հրաման ստորագրես` քնած քաղաքդ արյան մեջ խեղդելու համար, պիտի չկասկածես, որ մենակ ես իշխելու կրքի հետ ու այդ կրքից բացի ոչինչ չես տեսնում, ոչինչ չես լսում ու հոգիդ մեկ անգամ էլ կծախես սատանային, այս էլ որերոդ անգամ` քեզնից հրաժարական սպասող հազարների ձայնը չլսելու համար։ Թե չէ` ծե՜ր եմ, հոգնե՜լ եմ… հարազատներիս բաժանեմ ունեցածս ու վայելեմ փառքիս հուշե՜րը…

                        Կար ծաղրածու` առանց թասակ,

                        Չուներ լեզու, աչք ու ականջ,

                        Խոսելուց էլ նա հոգնել էր,

                        Որովհետև վերջն ու սկիզբը մոռացել էր

(Մեկուսի, դժգոհ)։ Չէ, ոչ մի բան էլ չեմ մոռացել։ (Դագաղին.) Ի՞նչ մոռանամ… երկուսիս ապրած կյա՞նքը, որը ոչ մեզ դաս եղավ, ոչ` ուրիշներին։ Հա, նկատի ունեմ ոմանց կարծիքը, իբր Շեքսպիրը լավատեսորեն է ավարտում պիեսը։ Ճիշտ ես անում, որ ժպտում ես։ Որովհետև ես ծիծաղից մեռնում եմ։ Հա, ծիծաղից ուշքս գնում է, նայիր… շունչս կտրվում է… ըհը, աչքերս էլ արցունքոտվեցին… (Այլ տոնով։) Ի դեպ, ծաղրածուի աչքից եկածը արցո՞ւնք է, թե՞… (Նախկին տոնով։) Այ, հիմա կհայտնվես` անշունչ Կորդելիային գրկած։ Դու նորից խենթացած կկանչես բնության ամեհի ուժերին, անսանձ տարերքին, նրանց կապավինես, որովհետև այլևս մարդ արարածից սպասելիք չունես։ Որովհետև կյանքի ամենամեծ հարցն է` «Ինչպե՞ս ապրել մարդկանց մեջ»։ Չէ, մի նայիր նրա դեմքին, իզուր մի հուսա, որ Կորդելիան շունչ քաշեց… Նա չկա։ Չի կարող լինել։ Նա չի կարող ապրել այս մեղավոր երկրի վրա, որովհետև…

Որովհետև… դու կորցրիր ամեն ինչ։ Ամեն ինչը ունեցվածքը, անգամ իշխանությունը չէ։ Ամեն ինչը հավատն է։ Մարդու, մարդկանց, աշխարհի հանդեպ։ Ու երբ կորցրիր այդ ամենը, աչքերդ բացվեցին։ Դու տեսար։ Տեսար, տեր իմ, վերջապե՜ս տեսար, որ ես, քո հավատարիմ ծաղրածուն, որ անապատում էլ քեզ մենակ չի թողել, միայն ծաղրածու չէ։ Մա՛րդ է։ Խեղճ տղա՛։ Դու առաջին անգամ մտածեցիր ուրիշի մասին։ Ի՛մ մասին։ Հենց նոր այպանում էիր դավաճան աղջիկներիդ, քո վիշտն էիր լալիս ու բողոքում, որ միտքդ թուլանում է։ Ու հանկարծ… դու նայեցիր ու տեսար, որ ես թրջվել ու դողում եմ ցրտից։ Այդ պահին դու մարդ դարձար։ Դրանից հետո կարողացար տեսնել աշխարհի անարդարությունը, որի պատճառն ու պատասխանը չի գտնվել ու չի գտնվելու երբեք։ Քո դժբախտության գնով արժանացար ուրիշի ցավը տեսնելու աստվածային պարգևին։  Կորդելիային այդ պարգևն ի վերուստ էր տրված։ Դրա համար էլ դուք պիտի մեռնեիք, որովհետև կյանքը դա չի ներում։

Եվս մի քանի վայրկյան, ու քո հոգնատանջ աչքերը հավիտյան կփակվեն, որովհետև չի՛ կարող լինել ուրիշի ցավով ապրող արքա։ Եվ այստեղից շատ հեռու կմահանա հերթական Լիր արքան, հաստատելու համար, որ աշխարհը ծուռ եկել ու ծուռ գնում է։ Իսկ ինչ վերաբերվում է այստեղ ընթացող ներկայացմանը` հրաժարականի մասին, պիտի փաստեմ, որ բռնակալները օրերից մի օր հրաժարական են տալիս` կամա թե ակամա։ Ոմանց բախտը բերում է` միանգամից ընկնում են կոմայի մեջ։ Մյուսները պակաս բախտավոր են` նրանց սպասում է սեփական ժողովրդի դատը։ Եթե ոմանց հաջողվում է խուսափել դատաստանից, ապա սեփական ժողովրդի անեծքից ոչ մեկը փրկություն չունի։ (Սարկաստիկ։) Մարդ կա` հավատում է դրան…

Իմ արքան հրաժարական տվեց ու մեռավ վերջին արքայի պես։ (Դահլիճին.) Իսկ ձեր արքաները հրաժարական տալի՞ս են… Եթե «այո», ապա ի՞նչ է հաջորդում այդ հրաժարականին։ Ազատությո՞ւն… եղբայրությո՞ւն… հավասարությո՞ւն… Ազնիվ ծաղրածուի ազնիվ խոսք, շատ կուզեի լավատեսական շեշտով ավարտել խոսքս, բայց գիտեմ, որ ընկածի տեղը կգրավի հաջորդը, ով շատ արագ նույնպես կվերածվի բռնակալի, և ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՇՔԱՀԱՆԴԵՍԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ… ՀԱՎԵՐԺ։

Ի՞նչ, դուք կասկածո՞ւմ եք։ Իսկ ես համոզված եմ։ Դրա համար էլ ինձնից անբաժան է այս դագաղը, որտեղ… այո, արքան է, բայց… միայն ինքը չէ։

Տիկնա՛յք և պարոնա՛յք, այս դագաղում բոլորի երազած ու փնտրված ճշմարտությունն է։ Այստեղ Եզովպոսն է, նաև Տերսիտը, Տրիբուլեն ու Դագոնետը, Առլեկինն ու Պյերոն, Յան դ’Ակոստան ու խոջա Նասրեդդինը, Իվան Բալակիրևն ու Թիլ Ուլենշպիգելը, Պոլոզ Մուկուչն ու Ծիտրոն, Չառլի Չապլինն ու Ենգիբարյանը և, իհարկե, Շեքսպիրի բոլոր ծաղրածուները… ու էլի շատերը, ովքեր փորձել են այս կեղծավոր աշխարհում անկեղծ խոսք ասել։

(Կարճ մտորումից հետո։) Եթե դահլիճում գտնվողներից գոնե մեկը համոզված է, որ երբևէ, օրերից մի օր հաղթելու է ճշմարիտ խոսքը` նրան եմ նվիրում դագաղը` վերցրե՛ք, ձե՛զ լինի։ Նվիրում եմ… անվարձահատո՛ւյց։ (Սկսում է խաղառաջարկ։) Ի՞նչ, ցանկացող չկա՞… ոչ մեկը չի՞ ուզում, բայց մտածեք, թե ձեզ ի՜նչ է առաջարկվում… ախր, փնտրում եք, չէ՞, բողոքում եք, որ արդարություն չկա, չկա ճշմարիտ խոսք… հիմա իր ոտքով այդ բարիքը ձեր դուռն է եկել… սա չէ՞ ձեր ուզածը, այդ դեպքում ինչո՞ւ եք լռում… ինչի՞ց եք վախենում…(Տխուր հեգնանքով։) Ի՜նչ իրատես, ես կասեի` պրագմատիկ հասարակություն է հավաքվել… նաև այս դահլիճում։ Ուրեմն, էլի ես մնացի այս բեռի տակ։ Արքա, մենք իրարից անբաժան ենք։ (Գլխին է դնում թասակը։ Դագաղի պարանը գցում է վիզը։) Գնանք, տեր իմ, գնանք… Այստեղ էլ մեր ապրանքը գնորդ չունեցավ։ Այստեղ էլ մեզ չհասկացան։ Իսկ ի՞նչ ես կարծում, գոնե հասկացա՞ն, որ այս ամենը հրաժարականի մասին էր… Ես էլ եմ համոզված, որ չհասկացան, բայց… Գոնե փորձեցինք…

Քարշ տալով տանում է դագաղը։ …+

Հ.Գ. Դագաղը ինքնադրսևորվելու, տեղիանտեղի  ներկայությունը հիշեցնելու անսահմանափակ հնարավորություն ունի։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։