Քնարիկ ՄԻՐԶՈՅԱՆ / ԱՎԵԼՈՐԴԸ

Ըստ Դ. Դեմերճյանի ՛՛Ավելորդը՛՛ պատմվածքի

Գործող անձինք

ՀԱՃԻ ԱՂԱ — 50-60տարեկան

ՀԱՃԻ ՄԱՐ — 50տարեկան

ՍՐԲՈՒՆ — աղայի քույրը, 40-45տարեկան, անդամալույծ, անկողնային

ԵՂԻՇ — հարևան, 40-45 տարեկան

ՇՄԱՎՈՆ — աղայի ավագ որդին, 25-30 տարեկան

ՇՈՂՈ — աղայի թոռնուհին, 15 տարեկան

ՀԱԿՈԲ — աղայի կրտսեր որդին, 23-25 տարեկան

ՇՈՒՇԱՆ — հարևան, 55 տարեկան

ՏԵՐ ՀԱՅՐ – 40 տարեկան

ԱՂԱՅԻ թոռները — 8, 9 տարեկան տղա և աղջիկ

ԷՍԹԵՐ — ավագ հարսը

ԱՐԱՐ 1

Ձիերի սմբակների ձայները:  

Բեմում դուռ է: Բեմ է գալիս այլայլված Հաճի աղան: Բացում է դուռը, հայացքը շրջելով բեմով՝ քայլերն ուղղում է բեմի անկյունում գտնվող խանութի կողմը: Խանութում Շմավոնը եռանդով կտորների թոփերը դասավորում է իրար վրա՝ դարձնելով  կապոցներ: Աղան շնչակտուր մտնում է խանութ, արագ հավաքում է մնացած կտորների թոփերը: 

ԱՂԱ — Թուրքէն պրծում չկա~… Թուրքը կոտորէլով հո~ս կուգա: Հերթը մէրն է: Վա~յ մէզ… Փախչէլը  կփրկէ… Փախչէ~լը…

Լսվում են կրակոցների, ձիերի սմբակների արձագանքվող ձայներ: 

ԱՂԱ – (Շմավոնին): Աս ի՞նչ փորձանք եկավ մեր գլխին…

ՇՄԱՎՈՆ — Հոն Եղիշի խանութն է բոցերուն մեջ… Վա՜յ մե՛զ…

Բեմը լցվում է թույլ ծխով: Հեռվից լսվում Եղիշի ձայնը:

ԵՂԻՇ — Թո՛ղ վառվէ՜… հող ու փոշի՛ դառնա, համա թէ թուրքին մատը չառնէ  էղածիս… սուգ էլնէ, թուրքի գլուխ… Աս ի՞նչ էրեց մէզ….

Կրակի բոցերի մեջ ուրվագծվում է ծնկաչոք Եղիշի կերպարը:

ԱՂԱ – (բղավում է): Եղի՛շ, աս ի՞նչ կըսէն թէ թուրքը  զոռիր է…

Եղիշը լուռ, գլուխը ձեռքերի մեջ առած ողբում է:

ԱՂԱ – (շրջվելով որդու կողմը): Տղա՛ս, դուն ապրանքը ժողվէ, ամուր կապէ, երկար ճամփա պիտի էրթանք: Հավքէ՜, արա՛գ հավքէ… Ուր որ է, թուրք շունէրը մէ՛զ կհասնին… Ես էդոնց հոգին… կուզին ջնջիլ, հոշոտիլ: Չէն թողէր մարդ իր հողին վրա հանգիստ ապրէ: Հավքէ, հավքէ՜… օչինչ չթողնիս էտ շունէրուն բաժին դառնա…

ԵՂԻՇ – (զարմացած նայում է Հաճու սարսափած դեմքին, այլալված): Էդպէս բա՞ն էղած է… համա չէ՛մ գիտէր:  Հա, մեր բակի ֆետպեպիլը ըսավ` ահ չկա: Ատա, ի՞նչ օր ուրիշնէրուն կըլլա, ան ալ թող մէզի ըլլա: Աշխըրհովի չէ՞…

ԱՂԱ — Ինձ աշէ: Հազրվէ՛… կամէնդանթը քէզի համար կառէ՞թ պիտի ղրկէ, որ փախչիս… (Հեգնական ծիծաղ:) Շմավո՛ն, կապոցները թող, ես կդարսեմ, դու գնա կամենդանթից ֆուրղոն բեր:  Էլ մի սպասե՛…

ԵՂԻՇ — Կառէթը զանգինէրուն համար է, սաղ ըլլան ոտքէրս: Հաճի աղա՛, խանը ինչֆուրղուն որ կա՝ հատը հարյուր հիսուն մանէթով բռնէր էն:

ԱՂԱ — Շմավոն, կըսէն ֆուրղուն չկա: 

ԵՂԻՇ — Մէր Միսաքը հոն էր:  Հո~ն էր, հո~ն չէր, հմա չկարցավ բռնէլ:

ԱՂԱ – (կապոցները իրար վրա դնելով, քրտնաթոր, կարմրած աչքերը չռելով դիմում է Շմավոնին): Ի՞նչ էս ըրէր… Ֆուրղոնները ձէռքէ բա~ց էս թողէր… (Նստում է աթոռին, գլուխը առնելով ձեռքերի մեջ:) Գերդաստանս մնա~ց… Վա~յ մեզ…

Այս խոսքերի վրա Շմավոնը հայացքը գցում է հոր վրա: Նրա դեմքից ծորում է քրտինքը: Նրանց սառած հայացքները հանդիպում են իրար:

ԱՂԱ – (չարագուշակ ժպիտով): Ֆուրղո~ն փնտրէ, տղա՛ս, ընտանիքս ձէռքէ կէրթա՜… Տո~ւնս… Հարստությո~ւնս… Ես ադոնց նվերներ էմ բաժնիլ, մեծ լավություն ըրած  եմ: Մէ ֆուրղոնն ի՞նչ է: Գնաաաաաա~… Գնա~ ու բէ~ր:

Աղա Հաճին գլուխն առնելով ձեռքերի մեջ, մնում է նստած: Լսվում են ձիերի դոփյունը:

ԱՐԱՐ 2.

Աղայի տունը: Երեկո: Ծխապատ տարածք:

20-րդ դարասկզբի Բայազեթին համապատասխան բեմական կահավորանք: Դռան զանգ: Ներս է մտնում հարսը, բացում դուռը:

ՀԱՐՍ — Շողո~, Հաճի աղայի համար մի ղայֆա բեր:

ԱՂԱ – (ներս մտնելով, զայրացած): Հարա՛մ ըլնի ղայֆան:

Գալիս է Հաճի մարը:

ՀԱՃԻ ՄԱՐ — Ի՞նչ պատահած է, աղա: Ինչո՞ւ այդպես զայրացած ես: Խո բան մը պատահած չէ՞: (Մոտենում է աղային, ձեռքը դնում ճակատին:) Ամա՜ն… քրտինքին մեջ կորած էս…

ԱՂԱ — Էլ ի՞նչ պիտի ըլլա… հազրվէցէ՛ք, թշնամին կուգա~… Տո՛ւնս քանդվեցավ… Սպասելու ճար չունինք: Ունեցվածքս շուներուն բաժի՛ն դարձավ… Կհասկնա՞ք, թշնամու համա՞ր աշխատած եմ… Էս ի՞նչ անեծք է՜, Տե՛ր Աստված…

ՀԱՃԻ ՄԱՐ — Օ~ֆ, ամա~ն, Հաճի աղա, թշնամուց մի վախեցիր… Քաղաքում շատ զինվորներ կան: 

ԱՂԱ — Գլխէդ շատ մի դուրս տա՛… հազրվեք՛… Ձէ՛զի կըսէմ հազրվեք… Կկործանվինք թուրքին ձեռքով: Անիծյալ ըլլաք, շա՛ն ծնունդներ, շան կաթ կերածներ: Ժողվէ՜ք, հավքէք իմ ողջունեցվածքը: Թշնամի՞ն պետք է վայէլէ  ունեցվածքս… ավերէ՞, ջարդէ՞ ու վառէ՞՜: Ես է՛տ ասկյարներու… մարը… Հիսուն տարի շարունակ խաղաղ ու երջանիկ  ապրէլ էմ էս տանը և էսօր  քանդվում է… (Քայլում է բեմի մի ծայրից, մյուս ծայրը`տեղը չգտնելով:)

ՀԱՃԻ ՄԱՐ — Ձմէռ, գարուն իմ տանը տոն էր, հարսանիք և այդ տունը  քանդվում է: Իմ տունը, հի~ն տունը…(Բարձրաձայն սկսում է հեկեկալ:)

ԱՐԱՐ 2

Խառնաշփոթ: Լսվում են կրակոցներ:

ՀԱԿՈԲ – (բարձրաձայն, մտնելով բեմ): Թշնամին եկա~վ … Փախչէլ է պէտք…

ԱՂԱ – (կապոցները կապելով): Կառք  բռնէցի՞ք…

ՀԱԿՈԲ — Ֆուրղոն չկա… Մսագործ Սարգիսին խնդրեցի, տիկնոջ հետ էս կողմ կուգա, խնդրեցի մեզ ալ վերցունէ, կառքի մեջ ազատ տեղեր ունին… Ամէնապէտքականը, կարևորը  տէղավորէ՛ք…

ԱՂԱ — Կառք փնտրէ, տղա՛ս, ընտանիքս ձէռքէ կէրթա՜… Տունս… Հարստությունս… Ես ադոնց նվերներ էմ բաժնիլ, մեծ լավություն ըրած եմ ամենքին:Մէ ֆուրղոննի՞նչ է: Գնա~… Գնա~ ու բէր:

Լսվում է ձիերի դոփյունը: Հաճի մարը հավաքում է սպասքի իրերը:

ԱՂԱ — Խէլքդ մի~ կորցնէ, ինչ որ պէտքական է ան էլ ժողվէ~… Ամէնն ալ պէտքական բանէր են… ժողվէցէք~… Տէսէք` ճամփին  կմնանք: 

Բեմի անկյունից  լսվում է Սրբունի նվազ ձայնը:

ՍՐԲՈՒՆ — Աղայիս  գուլպանէրը վէրցրէ՛ք, քո՛ւրքը, դո՛շակը… հանկարծ  չմրսի

ՀԱՐՍ – Աման, մեր  Սրբունն է: Սրբունն էլ պիտի պատրաստվի: Գնամ օգնիմ: Խեղճը անճար է, մենակ չի կըրնա պատրաստվել:

ԱՂԱ — Դուք հազրվիք՛, ձէզի կըսէ՛մ… Սրբունի ժամանակը չէ՛… Պետքականնե՜րը… պէտքականնէ՜րը… Աստըծու սիրուն…  հասկցէք~…

Լսվում է կառքի դռան փակվելու ձայնը: 

ՀԱԿՈԲ — Զուլումը տեսա՞ք… խանութի ապրանքը մնաց: Էլ ֆուրղոն չկա~… հազիվ տեղավորվինք: Դէ՛, Հաճի աղա,  էրթանք: 

ՍՐԲՈՒՆ – (հիվանդ ձայնով, մահճակալին նստած, աչքերը սրբելով): Լա~վ նայեք Հաճի աղիս, ճամփին չմրսի~…

ՀԱՃի ՄԱՐ — Հաճի աղան չի մրսի, անհոգ էղի՛, քույրս: Մի~ վախնար, նրա հագուստն ապահով է, քո գործած գուլպաները կըհագնե, չի մրսէ:

ԱՂԱ – Ի՞նչ է: Ի՞նչ  կճեմիք…

ՀԱՃԻ ՄԱՐ — Սրբո՛ւնը կուլա…

ԱՂԱ – Նա ի՞նչ է ձէռք ու ոտք ընկէր… ո՞ւր պիտի գա…

ՀԱՃԻ ՄԱՐ – (մոտենում է բեմի անկյունում մահճակալին նստած Սրբունին): Սրբունին պիտի թողնի՞նք… Քո հարազատ քո՛ւյրն է, աղա… (Մոտենում է աղային:) Քա ձո՛ւնը   գլխիս… 

ԱՂԱ — Է~, խանումս, տէսնինք ես ու դուն կրրնա՞նք գնալ: Ես ե՞մ թողնողը, կառքին  մեջ  տէղ կա՞:

ՀԱՃԻ ՄԱՐ — Տէղ կան ի՞նչ խոսք է Հաճի՛ աղա: Էդքան մարդս որ կերթանք, ան էլ   թող  ըլլա մեզի հետ:  

Հարսը մոտենում է անդամալույծի անկողնուն, բռնում Սրբունի ձեռքը: Լսվում է Սրբունի խուլ հեկեկոցը:

ՀԱՃԻ ՄԱՐ — Սրբուն, քույրս, ինչո՞ւ կուլաս, կվախնա՞ս…

Վազելով ներս են մտնում երեխաները, մոտենում են Սրբունին: Աղջիկը թաշկինակով մաքրում է Սրբունի աչքերը, տղան գլուխը դնում է ծնկներին:

ԿԱՐՈ — Սրբուն ջան, թուրքերեն կվախնա՞ս…

Լռություն:

ՍՐԲՈՒՆ — Թշնամուց չե՛մ վախնար, ձեզի համար կմտածիմ: Ձե՛զ չվնասին: Շատ կմտածիմ:  Աղաս շատ վախկոտ է, վախենամ ճանփին մի ցավի գա: 

ՀԱՃԻ ՄԱՐ – Ադոր համա՞ր կուլաս… Ջա՜նմ, դու մեր դարդը մի քաշեր, հազրվէ~: Ես առանց քեզ չե՛մ գնար:

ՍՐԲՈՒՆ — Ես չե՛մ գար…

ՀԱՃԻ ՄԱՐ – Ինչպե՞ս թե չե՛ս գար…

ՍՐԲՈՒՆ — Դուք ձեր հոգիներն ազատեցեք, ես իմ տանեն ո՛չ մի տեղ չեմ գնար: Ես անդամալույծ եմ: Ինձ հետ ճանփեն դժվար է: Ավելորդ բեռ կլլամ ձեզի համար: Հանգիստ գացե՛ք: Ես կաղոթեմ ձեզի համար, որ հաջողությամբ ազատվիք:

ՀԱՃԻ ՄԱՐ — Անդամալույծն ի՞նչ բան է, ջանը~մ, հոգին՝ հոգի է, հազրվէ՛:

ԱՂԱ – Վերջացրեք ձեր նվնվոցները, քրոջս թո՛ղ… դրա ժամանակը չէ: (Վերջին բառերը  ասում է կիսախեղդ ձայնով:)

ՀԱՃԻ ՄԱՐ — Թշնամին ավերելով գալիս է: Ի՞նչ կէլնե խեղճ քրոջդ հետ: Աղա, արի բեռներից պակսեցնենք…

ԱՂԱ — Է~, բեռըտ օր պակսեցրիր, տղաքդ ի՞նչով պիտի պահիս:

Աղան սկսում է բեմի մի ծայրից մյուսը անհանգիստ քայլել՝ բաճկոնի կոճակները կոճկելով: Աչքի տակով նայում է Սրբունի կողմը:

ՀԱՃԻ ՄԱՐ – (զայրացած): Հեչ կմտածի՞ս թէ ի՞նչ կսէս…

ԱՂԱ – (գլուխն առնելով ձեռքերի մեջ՝ բղավում է): Տեղ չկա… կհասկնա՛ս… տեղ չըկա~…

ՍՐԲՈՒՆ – (աչքերը սրբելով): Ջանը՛մ, ինձի համար մի՛ վիճէք… իմ պատճառով մի՛ ուշացեք: Հաճի աղաս ինչպես կուզէ, թող էդպես վարվէ…

ՀԱՃԻ ՄԱՐ — Սրբո՛ւն, քույրս, էդպեսի բան չկա: Եթե մենք գնում ենք, դուն ալ մեզի հետ պիտի երթաս: Մենք բոլորս միասին կերթանք:

ԱՂԱ – (մոտենում է, գրկում Սրբունին, համբուրում է ճակատը): Նորեն ետ կգամ, քեզ տանելու: Մի վախնար, քույրս: Թուրքերը քեզ չեն վնասի…

ՍՐԲՈՒՆ – (բարձի  տակից հանում է գործած ձեռնոցները): Ձեռքէրուդ անցու, ճանփին չմրսես: Քոռնա լուսըս… տղոց համար չհասցրեցի գործիմ…

ԱՂԱ — Բան չկա, Սրբուն, դարդ մի էնե, նորից ետ կուգամ…

ՇՄԱՎՈՆ — Թուրքին ըսէ, ինչ կուզիք՝ տարէք, համա ինձ խնայէք… (Համբուրում է Սրբունին:)

ԱՂԱ – Էհ, Սրբուն… մնաս բարո՛վ:

Աղան մոտենում է կապոցներին, վերցնում մի կապոց և դուրս գալիս: Բոլորը մոտենում,  համբուրում են Սրբունին: Աչքերը սրբելով դուրս  են գալիս:

ԱՐԱՐ 3

Մեկնում:

Լսվում են  խառնաշփոթ  լացի ձայներ: 

Բեմի հետնամասից լսվում է՝

— Արագացրե~ք….

— Ի՞նչ եք կանգնել, աղա, անդամալույծ քրոջ մասի՞ն կհոգաս…

— Էլ ի՞նչ եք կանգնել, անդամալույծի տանելու ճար չկա…

— Ի՞նչ եք կանգնե~լ, թշնամին ուր որ է կհասնի…

— Անդամալույծ  քրոջը թողնին ու գնա՞ն…

ԿԱՌԱՊԱՆ — Արագացրեք… 

Կառքերից լսվում են դժգոհ ձայներ.

  • Առա՜ջ  շարժվեք, կուզիք կոտորվի՛նք…
  • Անդանալույծին տանելու վախտն ի՞…
  • Քիչ մը հետո ան կրակները մեզ կհասնի~ն…
  • Առաջ շարժվիք, առա՜ջ…
  • Ի՞նչ է պատահել, ինչու առաջ չե՛ք շարժվե…

Վախճան

Բեմում Սրբունը հեծկլտալով լալիս է: Մթության մեջ ճրագ է վառվում, լուսավորում կիսախավար բեմը: Խավարի մեջ արտացոլվում է Սրբունի դեմքը: Լսվում են խառը խոսակցություններ, կոտրվող իրերի աղմուկ և Սրբունի ճիչը… Լռություն:

Բեմը պատվում է թանձր ծխով:

Վարագույը փակվում է:

Բեմում հայտնվում են բեռնավորված մարդիկ: Հոգնած երեխաները, գլուխները դրած մայրերի ծնկներին, քնած են: Շնչակտուր բեմ է մտնում Եղիշը:

ԵՂԻՇ — Վառեցի՜ն… Սպանեցի՜ն… Անաստվածները  չխնայեցին անդամալույծին…

Բեմը դատարկվում է: Բացվում է վարագույրը:

Բեմը ժամանակին բնորոշ լավ կահավորված է: Հաճի աղան տաք մուշտակով, ձեռնափայտով, քաղցրավենիքի տոպրակը ձեռքին մտնում է բեմ: Դռան զանգ: Դուռը բացում է մեծ հարսը: Մտնում է ներս, հանում մուշտակը, տալիս հարսին: Նստում է թախտին, սեղանից վերցնում ծխամորճը, վառում և հևալով լուռ ծխում է: Դռան զանգ: Շողոն ընդառաջ է գնում:

ՇՈՒՇԱՆ — Բարև, Շողեր ջան: Հաճի մարը տա՞նն է:

ՇՈՂԵՐ — Հիմա կանչեմ: Համեցեք…

Ներս է մտնում Հաճի մարը:

ՀԱՃԻ ՄԱՐ – (ձեռքերը գոգնոցով մաքրելով): Բարով եք եկել, Շուշան ջան: Աս ի՞նչ լավ է, որ եկել ես: Վաղուց ծանոթներու չենք հանդիպեր… Համեցիր նստէ: Շողեր ջան, մի ղայֆա պատրաստիր մեզի համար: Դե, Շուշան ջան, պատմիր, լավ տեղավորվեցա՞ք…

Հաճի աղան լուռ, մտախոհ, լուռ ծխում է, հայացքը անորոշ կետի հառած:

ՇՈՒՇԱՆ — Է~հ, քույրս, համա լավ բաներ չունիմ ձեզի ըսելու: Էն, ինչ մէնք քաշեցինք թուրքի ձեռքեն, Աստված կարոտ պահէ…

Ներս է մտնում Շողերը սուրճի սկուտեղը ձեռքին, սուրճ է հյուրասիրում:

ՇՈՒՇԱՆ – (վերցնելով սուրճի բաժակը): Հա… ասում են, անդամալույծ մի կին կար: Անաստված թուրքերը անոր մորթած են, անոր ետը այրել են տունին հետ…

Հաճի աղան վեր է թռչում, սուրճի բաժակը ձեռքից ընկնում է:

ԱՂԱ – (այլայլված): Ի՞նչ… անդամալույծին այրե՞լ են… (Թուլացած ընկնում է հատակին:)

Շուշանն ու Հաճի մարը շփոթված մոտենում են նրան:

ՇՈՒՇԱՆ – Ջանը՛մ… Հաճի աղա… դարդ չունիս: Հարազատներդ, տղաքդ, թոռներդ աղեկ ըլլան… Դու կըսեիր անիկա անդամալույծ է, ֆայտոնին մեջ տեղ չկա… ավելորդ է…

ԱՂԱ – (աչքերը բացում է): Սո՜ւս… ավելորդ մարդ չկա, աստծու առջև հոգին հոգի է։ Գնա, սատկող շանը հարցուր, թե սատկելը հե՞շտ բան է։

Շուշանի և Հաճի մոր օգնությամբ ոտքի է կանգնում: Սիրտը բռնած՝ նրան տանում են դուրս:

Ավարտ

Բեմում մահճակալին պառկած Հաճի աղան է:

ԱՂԱ — Հաճի մա~ր…

ՀԱՃԻ ՄԱՐ — (ներս մտնելով): Հաճի աղա, ի՞նչ եղած է: Ի՞նչու  էլար էդպես թէզ…

ԱՂԱ – (նստում է անկողնում): Ջուր հազրէ, լվացվիմ… Ուշացել եմ…

Դողդողալով սկսում է դանդաղ հագնվել: Կինը ջուր է բերում սափորով: Աղան լվացվում է, սրբվում  մոտենում, մի կերպ հայելու առջև սանրվում է:

ԱՂԱ — Ձեռնափա~յտս տուր… ձեռնափա~յտս…

ՀԱՃԻ ՄԱՐ — Աս ո՞ւր կերթաս էսպես կանուխ…

ԱՂԱ – (կիսաձայն): Ժամ պիտի երթամ…

Հաճի մարը զարմացած բերանը ձեռքով փակում է, վերցնում է շալը, գցում ուսերին, աղայի հետ դուրս են գալիս:

Բեմը եկեղեցու խորան է: Կենտրոնում դրված է Սուրբ գիրքը: Անկյունում վառվում են մոմեր: Եկեղեցու զանգերի հետ ներս են մտնում մարդիկ: Խաչակնքվում են, մոտենում են վառվող մոմերին՝ նորից խաչակնքվում: Աղան մոտենում, համբուրում է Սուրբ գիրքը: Լսվում է Տերունական աղոթքը: Աղան առանձնացած բեմի անկյունում՝ ծնկաչոք աղոթում է: Աստիճանաբար բոլորը դուրս են գնում: Աղան շարունակում է աղոթել  առանց տեղից շարժվելու: Կինը մոտենում է, փորձում  աղային տեղից բարձրացնել, ապարդյուն: Կինը շալն ուսերից հանում, գցում  է աղայի ուսերին:

Քահանան մոտենում է հյուծված աղային:

ՔԱՀԱՆԱ — Խաղաղությո~ւն ամենեցո՜ւն… (Խաչով խաչակնքում է:)

Աղան գլուխը բարձրացնում, նայում է շուրջը՝ իրենից ու քահանայից բացի ոչ ոք չկա: Համբուրում է խաչը, քահանայի աջը: Դողդոջուն ձեռքով գրպանից հանում է քսակով ոսկին, տալիս քահանային:

ԱՂԱ — Աս քսակը վերցուր, տե՛ր հայր: Բոլորը կբաժնիս աղքատներուն ու հիվանդներուն… Ավելորդին հոգուն համար…

ՔԱՀԱՆԱ – (խաչակնքելով): Տէր ողորմեա, տէր ողորմեա…

Ձեռնափայտին հենված Հաճի աղան դուրս է գնում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։