ՊԻԵՍՆԵՐ / Վահագն ԴԱԲԱՂՅԱՆ

Վահագն ԴԱԲԱՂՅԱՆ

ԱՐԾԻՎԸ

(պիես երեք գործողությամբ)

Գործող անձինք

ԲՐՈՒՏ 

ՏՐԴԱՏ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ

ՊՌՈԲՈՍ 

ԱՐՁԱՆ

ԶԱՐԵՀ

ՕՏԱ

ՕՏԱՐԱԿԱՆ

ԳՈՒՇԱԿ

ԳՐԻԳՈՐ

ՄԱՅՐԱՊԵՏ

ՀՌԻՓՍԻՄԵ

ԿՈՒՅՍԵՐ

ՇՈՒԿԱՅԻ ԿԱՆԱՅՔ

ՆԱՆԵ

ՎԱՐՈՒԺԱՆ

ՑՈՒԼ

ՔՐՄԵՐ

ԳՈՒՍԱՆ

ԱՇԽԵՆ

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ

ՄՈԿԱՑ ԻՇԽԱՆ

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ

ՍԵՆԵԿԱՊԵՏ

ՄԱՌԱՆԱՊԵՏ

ՀԱՐՃ

ՊԱՀԱԿՆԵՐ

ԴԱՀՃԱՊԵՏ

ԴԵՏՔ

ՔՐԻՍՏՈՆՅԱ ԾԵՐՈՒՆԻ 

ԶԻՆՎՈՐՆԵՐ

ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐ

ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

ՄՈՒՆԵՏԻԿ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Հռոմ։ 298 թ։ Գալիս են Հռոմի կայսր Դիոկղետիանոսը, hայոց թագավոր Տրդատ Գ-ն և Հռոմի արքունիքի սպասավորներ։

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Այստեղ` Հռոմում, հաղթանակի լուրն առնելուց ի վեր ողջ արքունիքը ցնծության մեջ է։ Եվ շատ ուրախ եմ, որ քո գալուստով մասնակից եղար ու լրացրիր մեր խնդությունը։ Սակայն շատ վաղ ես հրաժեշտ տալիս։ Հասկանում եմ քեզ. շատ գործեր ունես կարգավորելու այն նոր աշխարհում, որի եզերքը գծված է ահա այս դաշնագրում։ (Ինքնագոհ Տրդատին է փոխանցում ձեռքի փաթեթը։ Տրդատը վերցնում, սկսում է կարդալ): Սասանյան Պարսկաստանի գոռոզ թագավորը, որն իրեն արքայից արքա էր կոչում, այժմ Տիզբոնի իր արքունիքից աղերսում է ինձ դաշնագիր կնքել` իր համար խայտառակ, մեզ համար ձեռնտու պայմաններով։ (Սպասավորներին.) Երբ Պռոբոսը պատրաստ կլինի Մծբին գնալու, ինձ իմաց տվեք։ (Սպասավորները դուրս են գնում։ Տրդատին.) Կայսրությունը գնահատում է, Տրդա՛տ, այն մեծ վաստակը, որ ունես անձամբ այս հաղթության մեջ և երախտագետ է լինում ոչ միայն դատարկ խոսքերով, այլև` տարածքներով։ Գալերիոսն արդեն ինձ հաղորդել է քո խիզախության, մարտավարական արվեստի մասին և այն ջանքների, որոնց արդյունքն է այս հաղթանակը։  

ՏՐԴԱՏ — Գալերիոսը մեծ զորավար է, կա՛յսր, և այն ընտրությունը, որով այս գործը նրան ես հանձնել, քո հեռատեսության վկայությունն է։ Եթե նա անձամբ, կաղամբավաճառ շինականի կերպարանք առած, հանձն չառներ հետախուզելու պարսկական բանակը, գուցե հաղթանակն այնքան հեշտությամբ ձեռք չբերեինք։   

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Գալերիոսի վաճառած կաղամբները պարսկական զորքը գուցե այդպես էլ չի հասցրել մարսել, կամ էլ մարսել է սանդարամետում… (Ծիծաղում է):

ՏՐԴԱՏ — (փաթաթելով և կայսրին վերադարձնելով դաշնագիրը): Իսկ նրանց արքան             հանգիստ կմարսի… այս դաշնագրից հետո։ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — (լրջանում է): Ի՞նչ ես ակնարկում, Տրդա՛տ։

ՏՐԴԱՏ — Պատերազմի դաշտից Հռոմ եմ եկել ոչ նրա համար, որ վարձատրվեմ քո գովեստներով և այն փառահեղ ընդունելությամբ, որով պատվեցիր։ Մեր երկարամյա բարեկամությանը փոխադարձ գովեստները չեն պատշաճում, կա՛յսր։ Պարտավորված եմ զգացել ինձ միշտ քո կայսրության հովանու ներքո նոր հաղթանակներ տոնելու ընդդեմ քո ոսոխների, որ իմն են նաև։ Հայաստանը թողած այստեղ եմ հասել քեզ փոխանցելու այն երկյուղները, որ ունեմ ինքս այդ դաշնագրից։    

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Ես կարծում էի, որ բարեկամս պիտի գոհ մնար… Բայց թույլ տուր զարմանալ… Լսում եմ, Տրդա՛տ։

ՏՐԴԱՏ — Ես համոզված եմ, որ Տիզբոնի դեմ պատերազմը պետք է շարունակել։ Դա են թելադրում Հռոմի և Հայաստանի շահերը։ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Հռոմի շահերից ես էլ ինչ-որ բան հասկանում եմ, Տրդա՛տ, սակայն կարծում եմ, որ դաշնագիրը պետք է կնքվի։ Այս դաշնագրով Հռոմին կանցնեն Անդրտիգրիսյան երկրները, իսկ Հայաստանին կմիավորվեն Մեծ Հայքի թագավորության հարավային երկրամասերը և Միջագետքի Ծավդեք գավառը։ Դու ավելի՞ն ես ակնկալում, Տրդա՛տ։ 

ՏՐԴԱՏ — Բայց, կա՛յսր, Ներսեհը մեկ անգամ չէ, որ խախտել է պայմանագրերը։ Հենց որ Տիզբոնը այս պարտությունից քիչ ուշքի եկավ, Աքեմենյան մեծ Պարսկաստանի երազը նրան հանգիստ չի թողնի և նա կձգտի նոր պատերազմի։ Իսկ այդ ժամանակ դժվար է ասել, թե ինչ վիճակում կլինեն Հռոմն ու Հայաստանը։ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Իսկ դու ի՞նչ ես առաջարկում, Տրդա՛տ։ 

ՏՐԴԱՏ — Շարունակել պատերազմը, հասնել մինչև Տիզբոն, ծնկի բերել գոռոզ Ներսեհին և…  

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — (բարձրացնելով ձայնը): Եվ սրի քաշել Սասանյանների ողջ տո՞հմը… (Լռություն։ Նայում է Տրդատի աչքերի մեջ): Ես համոզված չեմ, որ դու խոսում ես լոկ որպես հետնորդ Արշակունիների, որ դրդված է Սասանյաններից վրեժ լուծելու սրբազան պարտքից, թեև դա էլ կա։ Եկ անկեղծ լինենք, Տրդա՛տ, քո նպատակը Արշակունիներին Պարսից գահին վերահաստատելն է։ Իսկ դա Հռոմի շահից չի բխում։ Նա չի ցանկանա իր կողքին ունենալ երկու այնպիսի պետություններ, թեկուզ և կախյալ, որտեղ թագավորեն Արշակունիները, որովհետև այդ պետությունները մի օր իր դեմ են ելնելու, Տրդա՛տ… (Դադար): Միգուցե հենց քո գլխավորությամբ։

ՏՐԴԱՏ — Թող պարսից գահին ձեր մարդիկ իշխեն։ Ես երաշխավորում եմ Պարսկաստանը մաս դարձնել Հռոմեկան կայսրության, միայն թե Սասանյանների դինաստիան թող ոչնչանա։  

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Աշխարհի ներկա վիճակը, Տրդա՛տ, կայսրության ավելի մեծ չափ չի կարող հանդուրժել։ Պարսկաստանը գինու այն քանակությունն է, որից կարող է մեր կայսրության տիկը պատռվել, նաև խցանն է և թույլ չի տալիս, որ տիկում եղած գինին դուրս հոսի։ Իսկ եթե գահին Սասանյաններից զատ այլ մարդիկ իշխեն, Պարսկաստանն իր խցանի դերը լավ չի կատարի, և Հայաստանը կարող է մի օր դաշնակցից դառնալ մեզ համար ոսոխ։ Հռոմն ուզում է ապահով զգալ և՛ Պարսկաստանից, և՛ հյուսիսային լեռնական ցեղերից։ Իսկ դրա համար մեզ հարկավոր է, որ Հայաստանը լինի դաշնակից մեր կայսրության, նաև թշնամի Պարսից տերության ու լինի հզոր…  

ՏՐԴԱՏ — Սակայն ոչ այնքան, որ կարողանա միայնակ դուրս գալ Պարսկաստանի դեմ, այլ միայն Հռոմի օգնականությամբ։  

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Այո՛, այդպես է։ Հայաստանն ստիպված է իր շահը փնտրել ավելի հզոր տերությունների շահերում, Տրդա՛տ։ 

ՏՐԴԱՏ — Նժույգիս սանձը քո ձեռքում է, Դիո՛ս, վարում եմ նրան այն արագությամբ, որով թույլ կտաս և այն ուղղությամբ, որով կամենաս։ Ա՛ռ նաև սուրս։ Շուրջ քսան տարի ես այն պահել եմ, գործածել հանուն մի նպատակի, որը երեկ այնքան մոտ էր թվում ինձ, իսկ այսօր արդեն` թշվառ մի երազ։ Սուրհանդակիդ հետ սուրն ինձ կուղարկես, երբ մի օր դարձյալ կզգաս կարիքը իմ ծառայության։ Իսկ այժմ այն ինձ համար ավելորդ մի բեռ է, Դիո՛ս։ Թույլ տուր հրաժեշտ տամ քեզ։  

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Տրդա՛տ, ես գիտեմ, որ հոգով նույնքան հզոր ես, որքան մարմնով և մտքով։ Ջնջի՛ր այս փոքրիկ տխրությունը այն մեծ խնդությամբ, որ պիտի զգաս` միացյալ Հայաստանի արքայից արքա թագադրվելով։ Հայոց աշխարհը հիմա ցնծությամբ սպասում է իր ազատարարին։ Ամրապնդի՛ր երկիրը ներսից։ Դե՛, գնաս բարով։ Պռոբոսը քեզ Վաղարշապատում մեծ հանդիսությամբ կթագադրի։

Տրդատը գլուխ է տալիս և գնում։ Ներս է մտնում սպասավորը։

ՍՊԱՍԱՎՈՐ — Պռոբոսն արդեն այստեղ է, կա՛յսր։ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Թող ներս գա։ (Զննում է Տրդատի թողած սուրը):

ՊՌՈԲՈՍ — (ներս է գալիս): Իմ թիկնազորը, կա՛յսր, պատրաստ է Մծբին գնալու, թե հրամայես, ճանապարհ կընկնենք։ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — (սուրը Պռոբոսին մեկնելով): Պռոբո՛ս, քեզ ծանո՞թ է այս սուրը։

ՊՌՈԲՈՍ — (զննելով): Այո, կա՛յսր։ Սա այն սուրն է, որը տարիներ առաջ, ի նշան երախտագիտության և անխախտ բարեկամության, դու նվիրեցիր երիտասարդ Տրդատին, երբ նա, Հռոմի կայսերական ծիրանին ուսերին գցած, քո փոխարեն, իբրև թե կայսր, մենամարտեց գոթերի թագավորի դեմ և հաղթանակեց` փրկելով Հռոմը կործանարար պատերազմից։  

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — (Պռոբոսի ձեռքից վերցնելով սուրը և նրան մեկնելով դաշնագրի փաթեթը): Կարծում եմ, նույնքան մանրամասն ես հիշում Մծբինի դաշնագրի պայմանները և այն, ինչը պատվիրել եմ հաղորդել Ներսեհին։

ՊՌՈԲՈՍ — Այո՛, կա՛յսր։ 

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — Տրդատին կթագադրես հնարավորինս շուքով։ Ի գիտություն բոլոր նախարարների, կհայտնես, որ Տրդատ արքան գտնվում է Հռոմի կայսեր բարձր հովանավորության ներքո, թող զգուշանան և հնազանդորեն օգնեն Տրդատին` վերացնելու Պարսից տերության թողած հետքերը։ Տրդատը քեզ է սպասում, Պռոբո՛ս։ Բարի ճանապարհ։

ՊՌՈԲՈՍ — Ցտեսություն, կա՛յսր։  

ԴԻՈԿՂԵՏԻԱՆՈՍ — (դեն նետելով սուրը)։ Ի՞նչ էիր ուզում սրանով ասել, Տրդա՛տ։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Տեսարանում խտացված կերպով երևում է Հայաստանի ընդհանուր վիճակը երեքհարյուր թվականի հայոց տոմարի Ավելյաց ամսին։ Մի քանի օր հետո սկսվելու են Նավասարդյան տոները։ Հայաստանի տարբեր վայրերից ուխտավորները՝ ժողովուրդը, զորքը, արքունիքը, իշխանական տները, հոգևորականությունը, շարժվում են դեպի Տարոն և Բագրևանդ գավառների սահմանագլուխ` Արածանի գետի և Նպատ լեռան շրջակայք։ Այս ամբողջ շարժը կատարվում է կիսամութի մեջ։ Բեմը երբեմն-երբեմն լուսավորվում է կայծակների փայլատակումներից, որոնք ուղեկցվում են խուլ որոտներով։ Տեսարանը խորհրդավոր է և տագնապահարույց։ Այս ընդհանուր ֆոնի վրա երևում են դրամայի որոշ գործող անձինք։ Բեմի ձախ կողմի վերևի մասում նստած է Օտարականը։ Նա մտասույզ հայացքով հետևում է կատարվող անցուդարձին։ Գալիս է կանանց մի խումբ, որին առաջնորդում է մի երիտասարդ։ Կանայք իրենց հետ ունեն կապոցներ ու բեռներ։ 

ԵՐԻՏԱՍԱՐԴ — Կանգ առեք։ Մայրապե՛տ, հեռվից ձիերի վրնջոց է լսվում։ Պետք է 

ստուգեմ։ Եթե զորախումբ եղավ, ստիպված կլինենք հեռու քաշվել ճանապարհից։ Այս օրերին զինվորները սովորաբար գինովցած են լինում և ընդունակ ցանկացած անկարգության։ Մի քանի օրից Հայաստան աշխարհում Նավասարդյան տոներն են։ Բոլորը շարժվում են դեպի Բագրևանդ, իսկ մենք` հակառակ ուղղությամբ։ Հարկավոր է զգույշ լինել, որպեսզի ուշադրություն չգրավենք։ Իսկ հիմա դուրս եկեք ճանապարհից և նստեք։ Ես քիչ հետո կվերադառնամ։ (Գնում է):

 ՄԱՅՐԱՊԵՏ — Աստված քեզ զորավիգ, զավա՛կս։ 

Դուրս են գնում։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Գալիս են երկու քուրմ։

Ա. ՔՈՒՐՄ — Իմ հաշվարկով մինչև լուսաբաց նա այստեղ կլինի։ Քրմապետի լավագույն սուրհանդակն է։

Բ. ՔՈՒՐՄ — Այո՛, եթե ճանապարհին անակնկալներ չլինեն։

Ա. ՔՈՒՐՄ — Ի՞նչ անակնկալներ։

Բ. ՔՈՒՐՄ — Հարբած ուխտավորներ, զինվորներ… ի՛նչ իմանաս։

Ա. ՔՈՒՐՄ — Միևնույն է, քաջ տղա է, բացի այդ` քրմապետական զինանշանը կհարգեն։

Բ. ՔՈՒՐՄ — Ասում են` ճանապարհներն աննախադեպ մարդաշատ են։ Արքայի կարոտ ժողովուրդը Հայաստան աշխարհի բոլոր ծայրերից շարժվում է Բագրևանդ։ Մարդիկ հույս ունեն, որ գոնե հեռվից կտեսնեն արքայից արքա թագադրված Տրդատին։ 

Ա. ՔՈՒՐՄ — Ինչ ուզում ես ասա` թագավոր ունենալը լավ բան է։

Բ. ՔՈՒՐՄ — Այն էլ` Տրդատի պես թագավոր։

Ա. ՔՈՒՐՄ — Այս տոնին գուսաններն իրենց երգերի մեծ մասը կնվիրեն նրան։

Բ. ՔՈՒՐՄ – Ոչի՛նչ, աստվածները չեն նեղանա։

Ա. ՔՈՒՐՄ — Քրմապետի որդուն խնդրել եմ, որ Տրդատին դիմավորելու գնալիս, ինձ էլ իր հետ տանի։ 

Բ. ՔՈՒՐՄ — Ի՞նչ ասաց։

Ա. ՔՈՒՐՄ — Համաձայնվեց։ Եթե կամենում ես` դու էլ դիմիր, հոգու կտոր տղա է, չի մերժի։

Բ. ՔՈՒՐՄ — Համոզվա՞ծ ես։

Ա. ՔՈՒՐՄ — Այո՛, հարմար պահ գտի՛ր և մոտեցի՛ր։ Քրմապետը սպասում է սուրհանդակին. հենց տեղ հասավ, գնալու ենք, այնպես որ չուշացնես։

Բ. ՔՈՒՐՄ — Սրանից լավ պահ չկա, գնում եմ…

Ա. ՔՈՒՐՄ — Սսսս․․․ (Լսվում է ձիու հանգիստ քայլք): Կարծես թե եկավ։   

Բ. ՔՈՒՐՄ — Ոչ, սուրհանդակը չէ։

Ա. ՔՈՒՐՄ — Նա է։

Բ. ՔՈՒՐՄ — Արքայի գալուստը քրմապետին ավետող սուրհանդակի ձին քառատրոփ կվազեր։ Հավանաբար հոգնած ճամփորդ է։

Ա. ՔՈՒՐՄ — Էհե՜յ, ո՞վ ես դու։ 

Ձիավորը, առանց խոսելու, շարունակում է մոտենալ։

Բ. ՔՈՒՐՄ — Համենայնդեպս, աղեղդ լարի՛ր։

Ա. ՔՈՒՐՄ — Էհե՜յ, ձայն հանի՛ր, ո՞վ ես դու, խոսի՛ր, թե ոչ` կարձակեմ նետը։

Ձիավորը մոտենում է, և կիսալույսի մեջ ուրվագծվում է նրա դեմքը։

Ա. ՔՈՒՐՄ — Վարազդա՞տ, այդ դո՞ւ ես։ Ինչո՞ւ ես լռում։ Ի՞նչ լուր արքայից։

Մի պահ լռություն։ Հարցական նայում են սուրհանդակի սառը հայացքին։

Բ. ՔՈՒՐՄ — Խոսի՛ր, Վարազդատ։ Քրմապետը քեզ է սպասում․․․

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Հայտնեք նրան, որ արքան չի գալու․․․

 Բ. ՔՈՒՐՄ — Ինչպե՞ս թե չի գալու․․․

Սուրհանդակը ձիով շարժվում է բեմից դուրս։

Ա. և Բ ՔՐՄԵՐ — Պատճառն ասա՛, Վարազդա՛տ, պատճա՜ռը… սպասի՜ր… պատճա՜ռը…

Սուրհանդակի ետևից վազելով` դուրս են գնում։

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Բրուտի արհեստանոց։ Կիսաբաց դռնից ներս են ընկել այգաբացի շողերը։ Սյան վրա կախված են սուր, վահան, աղեղ և նետերով լի կապարճ։ Բրուտի հաստոցը դրված է սյան կողքին։ Բրուտը տարեց մարդ է` դեռևս ոչ լրիվ ճերմակած։ Նա նստած հաստոցի առջև՝ նիրհում է։ Նրա աջ կողմում կոճղ է, որի վրա մեխված է կացինը, շուրջը թափված են կոտրված փայտեր։ Ջրի միալար կաթոց։  Դռնից գլուխը ներս է մտցնում Օտարականը։ Նա զննում է ներսը և դանդաղ առաջ գալիս։

ՕՏԱՐԱԿԱՆ — (սարսափազդու ձայնով բղավում է): Էհե՜յ…

ԲՐՈՒՏ — (վեր է թռչում, բնազդաբար ձգվում դեպի սյունը): Ո՞վ է սրտաճաք արեցիր, ա՛յ մարդ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում մարդ չե՞ս, օջախ չունե՞ս սիրտս տեղից փախչում է դև հո՞ չես հա՞ց ես ուզում, ջո՞ւր ես ուզում ի՞նչ ես աչքերդ վրաս չռել, խոսիր, ա՛յ մարդ , ի՞նչ ես ուզում (Զարմանքով): Վա՜հ,  չլինի՞ թե խելագար ես  ա՛յ գրողի բաժին դառնաս, հա՜ էս գժերը մեր գլխից անպակաս են դուրս կորիր էստեղից, դե շուտ, հայդե՛, չքվի՛ր աչքիցս

Օտարականը, նայելով բրուտի աչքերի մեջ, դանդաղ մոտենում է կոճղին ու դուրս քաշում կացինը։ Այդ պահին Բրուտը սյունից ցած է բերում սուրը և պատրաստ պահում։ Օտարականը դեն է նետում կացինը և հոգնած ընկնում կոճղին։ Ապա,  գլուխը կախ գցելով, կարծես նիրհում է։ Դեմքը արտահայտում է խոր մտահոգություն։ Բրուտը շարունակում է ուշադիր զննել Օտարականին։ Օտարականը մի քիչ այդ դիրքում մնալուց հետո հանկարծ սկսում է ցածր, ապա` ջղաձգորեն բարձր ձայնով քրքջալ։ Բրուտը զարմացած հետևում է նրան։ Օտարականը լռում է ու խիստ տրտմած տեսք ընդունում, կարծես ուր որ է՝ աչքերից արցունքներ կթափվեն։ Նրա դեմքը խոժոռ ու չարացած արտահայտություն է ընդունում, մտքերով հեռվում է։ Վերջապես հայացքը դանդաղ հառում է Բրուտին։

ՕՏԱՐԱԿԱՆ — Մի քիչ ջուր տուր, խնդրում եմ

Բրուտը, հայացքը Օտարականից չկտրելոո, կասկածամտորեն  սուրը մի կողմ է դնում,  կժով ջուր է տալիս: Օտարականը ագահորեն խմում է` թրջելով մորուքն ու կուրծքը, մի քիչ ջուր է լցնում ձեռքը և քսում դեմքին։ Հետո, հագեցած, նորից մտածմունքի մեջ է ընկնում։

ՕՏԱՐԱԿԱՆ — Մինչև ջրից և հոգուց չծնվեք, չեք մտնի Աստծո արքայությունը։

ԲՐՈՒՏ — Ի՞նչ, բա՞ն ասացիր

Օտարականը հայացքը հառում է Բրուտին, մեղմ ու դառը քմծիծաղում և նորից ընկնում մտածմունքի մեջ։ Հայացքն ընկնում է ձեռքին մնացած կժին։

ՕՏԱՐԱԿԱՆ — Բրու՛տ…

ԲՐՈՒՏ — Ի՞նչ է։

ՕՏԱՐԱԿԱՆ — Էս կուժը դո՞ւ ես շինել։

ԲՐՈՒՏ — Եթե բրուտ ես ասում, ուրեմն ես եմ շինել։ Կուժ ու կուլա եմ շինում, գինու կարաս եմ շինում։ Շինում եմ, գժություն չեմ անում, օջախ մտնելիս խենթի պես չեմ բղավում… Սոված կլինես, ճամփորդ  մարդ ես երևում։ (Խոսելու ընթացքում  պարկի միջից հաց է բերում, կավե սկուտեղից՝ խաղող և մի գավաթ գինի): Կեր, հաց կեր, գինի խմիր, կե՛ր ու պատմի՛ր` ի՞նչ նորություն աշխարհից, որտեղի՞ց ես գալիս, ո՞ւր ես գնում։    

ՕՏԱՐԱԿԱՆ — Բրուտ, դու լավ մարդ ես, բայց ինչո՞ւ ես նույն կավից տարբեր անոթներ շինում. մեկը` պատվի և մյուսը` անարգության։ 

ԲՐՈՒՏ — Որովհետև դու կամ խենթ ես կամ փիլիսոփա։ (Դադար): Նրա համար, որ 

ջուր ուզես, կարասով չտամ։ (Մտազնին նայում է Օտարականին): Չէ՜, քո խենթությունից գլուխ չեմ հանում հաց կեր և հետո` կավն էլ է իմը, կամքն էլ, ինչ ուզում եմ, էն էլ շինում եմ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Իսկ եթե կուժը բողոքի ու ասի` ինչո՞ւ ես ինձ կուժ շինել և ոչ թե կարաս։

ԲՐՈՒՏ — Մի՞թե բրուտը իշխանություն չունի հողի վրա, որ միևնույն զանգվածից մեկը 

կուժ շինե և մյուսը՝ կարաս։ Դա նույնն է, որ դու քո ստեղծողին հարցնես, թե ինչո՞ւ է քեզ խենթ ստեղծել։ (Օտարականը աչքերը չռում է ու լարվում): Բայց դու ո՞վ ես, մա՛րդ, որ նման հարց տաս։ (Օտարականը, սարսափած, դժվարությամբ ոտքի է կանգնում): Ո՞վ ես։ (Օտարականը ձեռքից բաց է թողնում կուժը, որը Բրուտը մի կերպ օդի մեջ որսում է։ Օտարականը ետ-ետ գնում է դեպի դուռն ու փախչում։ Բրուտը, զարմացած, տարուբերում է գլուխը): Չէ, գլուխ չհանեցի։ 

ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Բագրևանդ։ Անահիտի մեհյանում Գուշակ քուրմը սթափվում է տեսիլքից։

ԳՈՒՇԱԿ ՔՈՒՐՄ — Սև արծվի ձվից ճերմակ աղավնի Ի՞նչ տեսիլք է սա և ի՞նչ է գուժում Թող դա որոշի քրմապետն ինքը Սակայն իմ հոգում հիմա տագնապ է՝ ահագնացող տագնապ. խոլ նժույգների բյուր երամակներ վրնջում են զիլ, դոփում մոլեգին ու ծառս են լինում՝ կանխազգալով ահագնացող քայլքը ինչ-որ մի ուժգին երկրաշարժի։ Նրանց սրտամաշ խուճապ-խրխինջի գուժկան մեղեդին թափանցում  է մինչ հոգուս  խորքերի հեռու-հեռավոր մութ անձավները ու արձագանքում. Եղո՜ւկ ու վա՜յ քեզ, հեթանո՛ս աշխարհ, եղո՜ւկ ու վա՜յ քեզ

Դուրս է գնում։

ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

Մեհյանի մեկ այլ սենյակ։ Գալիս են Արձանը, Վարուժանը, Ցուլը, Զարեհը, Սուրհանդակը և այլ քրմեր։

ԱՐՁԱՆ Դու անձա՞մբ տեսար արքային, Վարազդա՛տ։

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ – Ո՛չ, մե՛ծ քուրմ, պահակազորը ինձ թույլ չտվեց մտնել նրա մոտ։ 

ԱՐՁԱՆ — Իսկ Խոռխոռունի՞ն                 

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Դիմեցի, մե՛ծ քուրմ, ասաց, որ արքան հրամայել է` ոչ ոքի ներս չթողնել։ 

ԱՐՁԱՆ — Բայց դու ոչ ոք չես, անբա՛ն ողորմելի, այլ քրմապետի սուրհանդակն ես, արքայի մեծագույն բարեկամի պատվիրակը, աստվածների կամագետի շուրթերն ես

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Եթե աստվածների բագիներն արքունիքում փշրում են, նրանց կամագետի շուրթերն իսկապես ողորմելի են, մե՛ծ քուրմ

ԲՈԼՈՐԸ — (զարմացած): Փշրո՞ւմ են

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Այո՛ և դուրս շպրտում որպես սովորական աղբ։  

ԲՈԼՈՐԸ – Սրբապղծություն… ինչպե՞ս թե սարսափելի է

ՎԱՐՈՒԺԱՆ — Ի՞նչ էր կատարվում Վաղարշապատում, մեզ հերթով պատմիր։

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Արքունիքից դուրս ամեն բան նույնն էր։ Մարդիկ, տեսնելով քրմապետական զինանշանը, գլուխ էին տալիս և ճամփա բացում։ Միայն մի ծանոթ սպասավորից իմացա, որ արքան խիստ տրտմած է և իրեն տվել է գինարբուքի։ Իսկ շուկայում փսփսում էին, որ իբր արքան այդպես էր ասում մի ծեր ձիապան մի փոքրամարմին գինեվաճառի, որ իբր արքան…

ԱՐՁԱՆ — (համբերությունը հատած): Արքան իբր ի՞նչ։                                                                                                                                            

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Խելագարվել է 

ԲՈԼՈՐԸ — Խելագարվե՞լ է

ՍՈՒՐՀԱՆԴԱԿ — Այդպես էր ասում մի ծեր ձիապան։

Մի պահ լռություն։

ԱՐՁԱՆ — Ինչ որ լսեցիք, չհամարձակվեք նույնիսկ կրկնել մտքներիդ մեջ։ Իսկ նա, ով փորձի բարձրաձայն կրկնել այստեղ լսածը, թող լեզուն պոկի ու հանձնի Ցուլին և սպասի իր մահվան վճռին։

ՔՐՄԵՐ — Երդվում ենք, մե՛ծ քուրմ։

ՑՈՒԼ — Երախտապարտ եմ, որ հրամայում ես, մե՛ծ քուրմ։

ԱՐՁԱՆ — Հիմա բոլորդ կարող եք գնալ և պատրաստվել։ (Բոլորը դուրս են գնում):   Վարուժա՛ն, մնա՛։ (Վարուժանը վերադառնում է): Դե, ասա՛, Վարուժա՛ն։

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես կարծում եմ, որ անհապաղ պետք է Վաղարշապատ մեկնես ու անձամբ տեսնես արքային։

ԱՐՁԱՆ — Նավասարդյան տոների կառավարումը հանձնում եմ որդուս։ Չթողնես նրան 

առանց խորհրդի։ Երիտասարդ է և անփորձ է դեռ` մարդկանց իրարից զանազանելու։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Մե՛ծ քուրմ, դու մի գաղտնիք էիր ուզում ինձ ասել, բայց երկմտում էիր

ԱՐՁԱՆ — Այո՛, կարծում եմ հիմա ժամանակն է

ՎԱՐՈՒԺԱՆ — Ես էլ եմ այդպես կարծում, մե՛ծ քուրմ։ Քո ասելիքը առնչվո՞ւմ է արքային 

ԱՐՁԱՆ — Հե՜յ, ո՞վ կա այդտեղ (Ներս է մտնում սպասավոր քուրմը): Պոկե՛ք նավասարդյան ողջ արդուզարդը իմ ձիակառքից և այն պատրաստե՛ք Վաղարշապատ մեկնելու։ Թո՛ղ սուրհանդակը առջևից գնա և կայաններում ձիեր պատրաստի, որ առանց կանգառ արքունիք հասնեմ։ (Սպասավոր քուրմը գլուխ է տալիս և հեռանում): Այո, Վարուժա՛ն, առնչվում է արքային 

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ արքայի մռայլությունը առնչվո՞ւմ է քո ասելիքին

ԱՐՁԱՆ — Վախենում եմ, որ այդպես է Ինչո՞ւ է ուշանում Գուշակը  

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինչ-որ բան տարօրինակ է ամբողջ աշխարհը մտածում է, որ Տրդատ 

արքան ցնծության մեջ է, որովհետև տխուր լինելու պատճառներ չունի Հաղթանակած զորավար, միացյալ Հայաստանի թագադրված արքա, Արշակունյաց վերականգնված թագավորություն, առնված վրեժ։ Այս բոլորը նրանն են` այն մեծ սիրո հետ` Տրդատ անունով, որ ամեն մի հայ ունի իր սրտում Դե ասա՛, մե՛ծ քուրմ, ունի՞ Տրդատը տխրելու պատճառ Այս վաստակներից յուրաքանչյուրը, առանձին վերցրած, կբավեր ուրիշ մի թագավորի մինչև կյանքի վերջ տոնելու համար։ 

ԱՐՁԱՆ — Նա չի ընդունել իմ սուրհանդակին։ Ժամանակավոր քմահաճու՞յք է վախենում եմ` ոչ։    

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինչի՞ց ես վախենում, մե՛ծ քուրմ։

ԱՐՁԱՆ — Հանդգնությունից, անկաշկանդ մտքից, ցանկության թափից Ես վախենում 

եմ, երբ այս բոլորը աստվածները վերցնում ու սերմանում են մի հաղթ մարմնում ու վրան ցողում ոգու կորովը Ես վախենում եմ Մի երազ տեսա, որ Տրդատ արքան հեծել էր ճերմակ ու սեգ մի նժույգ և քառատրոփ սուրում էր դեպի արևածագը։ Նրա ետևից իրենց ձիերով գալիս էին և ուրիշ արքաներ։ Բայց մեր արքայի ձիու սլացքը այնքան թեթև էր և այնքան դյուրին, որ ինձ թվում էր, թե ձին գնում է ոչ թե վարգելով, այլ պեգասի պես թռչում է առաջ դա մի ինքնատիպ մրցույթ էր, Վարուժա՛ն, որի առջևից գնում էր հայոց թագակիր արքան, որն էլ իր գլխին առավ արևը և ճերմակ հագավ` ճառագող ճերմակ Ու ես արթնացա` կարծես կուրացած ճերմակի լույսից։ Կարո՞ղ ես մեկնել, փորձի՛ր, ի՞նչ է գուշակում իմ այս երազը։

ՎԱՐՈՒԺԱՆ — Երազների և տեսիլների մեկնաբանությունը, աստվածների կամոք, վերապահված է քեզ, մե՛ծ քուրմ, բայց այդ երազում ես տեսա միայն փառավոր բաներ` վախի պատճառներ, համենայնդեպս, չնշմարեցի։     

ԱՐՁԱՆ — Ես էլ չտեսա բայց տեսա հետո` երբ որ երազը պատմեցի նրան։ Պատերազմից առաջ, Եփրատի ափին, երբ նա կարգավորել էր բոլոր պատրաստությունները և զորքին հանգիստ էր տվել դաշտի մեջ, հոգնած էր մի քիչ և մտազբաղ։ Նա ինձ խնդրեց, որ պատերազմի ելքը գուշակեմ։ Ես էլ պատմեցի նրան երազը։ Նրա աչքերը իսկույն լարվեցին, տեղից վեր կացավ, սկսեց անհանգիստ ետ-առաջ քայլել, ապա կանգ առավ ու  ինձ խնդրեց, որ մեկնաբանեմ երազի միտքը

ՎԱՐՈՒԺԱՆ — Եվ ի՞նչ ասացիր։

ԱՐՁԱՆ — Ես ասացի այն, ինչ որ կասեի, եթե հենց հիմա նորից նա խնդրեր մեկնել երազը։ Ասացի նրան, որ պատերազմից հետո իր տերությունն առաջինն է լինելու աշխարհում 

ՎԱՐՈՒԺԱՆ — Հավատա՞ց։

ԱՐՁԱՆ — Այդ հուժկու և բիրտ մարդը ցնցվեց, նրա աչքերը բոցավառվեցին, սրտի զարկերից շնչառությունը բեկբեկուն դարձավ։ Լուսնյակ գիշեր էր։ Նրա աչքերում առաջին անգամ տեսա արցունքներ։ Դեմքը շուռ տվեց, որ ծածկի ինձնից չսանձահարվող իր հրճվանքը։ Հետո հասկացա, որ խոսքիս կայծը կպել էր սրտին ու հրդեհել էր պահված գաղտնիքը։

ՎԱՐՈՒԺԱՆ — Նրան նայելիս` միշտ սարսափել եմ` զգալով   հուժկու հորձանքը ոգու, որ տարափում է նրա աչքերից ու չի ընդունում ոչ մի արգելանք։ 

ԱՐՁԱՆ — Երբ հանգստացավ, ինձ խոստովանեց, որ իմ ասածը իր թաքուն իղձի արտացոլանքն է, և ինքն իրական ուղիներ գիտի, որոնք թույլ կտան մի օր կատարված տեսնել երազը։ Ապա, գրկելով, ավելացրեց, որ միակ մարդն եմ, ով իմանում է իր նպատակը։ Ես շատ գոհ էի բարեկամության այդ ջերմ զեղումից։ Բայցև հասկացա, որ ես ակամա վկան եմ դարձել նրա թուլության, որն ինձ չի ներվի Վաղարշապատում, երբ Պռոբոսը կայսեր ուղարկած ոսկեձույլ թագը դնում էր Տրդատ արքայի գլխին, նրա խոնարհված դեմքը խոժոռվեց։ Դա ոչ թե թագ էր Տրդատի համար, այլ մի նշավակ, ամոթի խարան։ Նա մռայլ, ծակող ու երկարատև մի հայացք գցեց իմ աչքերի մեջ Ես չդիմացա, շուռ տվի դեմքս` ձևացնելով, իբր նայում եմ ցնծացող զորքին ու թագադրված հայոց արքայի փառքը գովերգող հանդիսականին բայց աչքս ընկավ մտնող արևին, ու ես սարսափով հանկարծ հիշեցի ծագող արևը

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ հիմա ի՞նչ ես ասելու նրան, եթե հանդիպես։

Դանդաղ քայլերով և հետազոտող հայացքով մոտենում է Գուշակ քուրմը։

ԱՐՁԱՆ — Սպասում էի, բայց հույս ունեի, որ կշրջանցի, կբավարարվի իր ձեռք բերածով։ Սակայն հիշում եմ, որ նաև ասաց. ՛՛Եթե երազը չիրականանա, ուրեմն մայրս զուր է երկնել ու ցավեր կրել, ուրեմն հայրս զուր է ցնծացել` արու զավակի լույս աշխարհ գալով, ուրեմն ամեն, ամեն ինչ զուր է ու մեռնելն անգամ զուր է և ամոթ՛՛… (Տեսնելով գուշակ քրմին): Ինչո՞ւ ես լռում, ասա՛, Գուշա՛կ եթե մինչևիսկ ասածդ գույժ է, ես այն կընդունեմ սառնասրտությամբ։ 

ԳՈՒՇԱԿ ՔՈՒՐՄ — Սև արծիվն ո՞ւմ է խորհրդանշում

ԱՐՁԱՆ — Արքայական թռչուն է, ուրեմն խորհրդանշում է արքային։

ԳՈՒՇԱԿ — Բայց հնուց ի վեր և՛ հայոց արքան, և՛ քրմապետը կարծեմ սերել են նույն ընտանիքից 

ԱՐՁԱՆ — Այո, սերել են, բայց դու տեսիլքը չե՞ս ուզում պատմել

ՎԱՐՈՒԺԱՆ — Եթե տեսիլքդ ավետիս չէ, ուրեմն պետք չէ։ Դեռ հնուց ի վեր հայտնի է եղել քրմապետերին. գուշակությունը հենց ինքն է առթում իրագործումը գուշակված նյութի։ 

ԳՈՒՇԱԿ ՔՈՒՐՄ — Մե՛ծ քուրմ, սև արծվի ձվից ճերմակ աղավնի ծնվո՞ւմ է կյանքում

ՎԱՐՈՒԺԱՆ — Մե՛ծ քուրմ, խնդրում եմ, մի՛ լսիր նրան։     

ԱՐՁԱՆ — Կա՛ց, Վարուժա՛ն, նաև հայտնի է, որ գուշակության իրագործումը հաճախ կանխվել է, երբ այն ճիշտ է մեկնաբանվել։ Խոսի՛ր, Գուշա՛կ։    

ԳՈՒՇԱԿ — Ես տեսա, մե՛ծ քուրմ, որ մի սև արծիվ թուխս էր նստել մի ձվի վրա։ Բայց ձվից ելած փոքրիկ ձագուկը ոչ թե արծիվ էր, այլ մի աղավնի, որ, մեծանալով, թև առավ գնաց ու իր ճերմակը խառնեց երկնքում ուրախ թևածող աղավնիների ճերմակ երամին։ Նրա ետևից երկինք սլացավ և սև արծիվը։ Խաբված կենդանին չուզեց հավատալ, որ իր ձագուկը աղավնի է մի։ Փորձեց ետ բերել, զատել երամից, բայց անփութորեն վնասեց նրան ու ցած գլորեց։ Ու կսկծալով ձագուկին տված մահացու վերքից, գնաց, հեռավոր մի ժայռի վրա թևերը փռեց ու շունչը փչեց։                

ԱՐՁԱՆ — Խաբված արծիվը արքան է անշուշտ, ձուն` նպատակը` գաղտնի փայփայված։ Ձվից ելածը այն պետությունն է, որ հիմա ունենք, որի չափերը չի գոհացնում, սակայն, արքային։ Բայց վտանգավոր մի գուշակություն։ Արքան կարող է իր անփույթ վարքով վտանգել և այն, որ հիմա ունենք Գնացի, Վարուժա՛ն, որդուս թողնում եմ քո խնամքի տակ Արքան կարող է իր անփութությամբ իրեն էլ զոհել Ես հապաղելու իրավունք չունեմ

Դուրս են գնում:

ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ

Արքունիքի սենյակներից մեկում։ Շուրջբոլորը թափված են Անահիտի, Վահագնի, Արամազդի կոտրտված արձանները։ Գալիս է Տրդատ արքան` գինու գավաթը ձեռքին։

ՏՐԴԱՏ — (մեկուսի): Եկել եմ, ասե՛ք, ո՞վ է ինձ կանչել,

                             Ի՞նչ լուրջ գործով եք զբաղված այստեղ,

                             Դուք այս անիծված աշխարհի վրա,

                             Որ առանց անձիս տաղտուկ գոյության 

                             Ձեր անելիքը թերի կմնար։

                             Մի՞թե կանչել եք ինձ նրա համար, 

                             Որ ագռավների լեշակեր ցեղը սովից չսատկի,

                             Կամ թե աշխարհում դեռ կա ձեզ անհայտ 

                             Ինչ-որ մի ոճիր, որը պետք ունի հայտնագործողի։

                             Եկել եմ, ասե՛ք, ո՞վ է ինձ կանչել

                             Եթե կանչել եք ինձ սրանց համար, 

                             Նախապես ասեմ, զուր կանցնեն բոլոր

                             Որոնումները, չկա այլևս այդպիսի ոճիր,

                             Իսկ ագռավներն էլ փսխում են արդեն։

                             Այդ դեպքում ասե՛ք` 

                             Ինչի՞ համար է այս հավաքույթը,

                             Ինչո՞ւ է սարքված

                             Մարդկային ամբողջ այս պատմությունը

(Դադար):

                            Լռո՞ւմ եք

                            Մարդկային ամբողջ այս պատմությունը

                            Նրա համար է, որ չափենք մեղքի

                            Եվ տառապանքի ողջ խորությունը  

(Դադար):

                            Բայց ձեզ չի՞ թվում, որ այդ գործն արդեն

                            Կատարել ենք մենք ոսկի կշռողի 

                            Բծախնդրությամբ

                            Այո՛, այդպես է, 

                            Ուստի և ժամն է մեր հեռանալու։

                            Եվ ես էլ, որպես այս հավաքույթի

                            Թագակիր անդամ, առաջարկում եմ` 

                            Թողնել-հեռանալ,

                            Եվ առաջինը ինքս եմ հետևում 

                            Իմ առաջարկին

                            Բայց դե ո՞ւր գնամ

                            Հյուր գնամ մահի՞ն։

                            Ո՛չ, 

                            Հաճելի բան չէ անկոչ հյուր լինել,

                            Ավելի լավ է սպասեմ նրա 

                            Հյուրընկալ կանչին և ընթացքում էլ 

                            Գինի կխմեմ

                            Իսկ դո՞ւք

                            Դուք էլ կարող եք, եթե չեք հոգնել,

                            Նորից ու նորից չափումներ անել

                            Նույն տառապանքի ու մեղքի գծով։

                            Իսկ ես հոգնել եմ այդ զբաղմունքից,

                            Սաստիկ հոգնել եմ։

(Փորձում է գինի խմել, բայց գավաթը դատարկ է):

  • Սենեկապե՜տ…

ՍԵՆԵԿԱՊԵՏ — (ներս է մտնում): Հրամայի՛ր, սիրելի՛ արքա։ 

ՏՐԴԱՏ — Առանց «արքայի» և առանց «սիրո»։ Արքաներն այնտեղ` կռվի դաշտերում 

արյուն են ըմպում մարդ-անոթներով և դավեր նյութում մեկը մեկի դեմ 

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Տե՛ր իմ, դու մի մեծ թագավոր ես, ում նմանը

ՏՐԴԱՏ — (ջղային): Այո՛, ես մի մեծ թագավոր եմ, որովհետև դու մի քսու արարած ես։ 

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Շնորհակալ եմ, տե՛ր, լավ ես վարձատրում այսքան տարիների իմ հոգնությունը, շնորհակալ եմ։ 

ՏՐԴԱՏ — Ավելին կվարձատրեմ, թե սրանից ետ նման լուրջ կեցվածք ընդունես իմ դեմ։ Խորշում եմ ամեն մի լրջությունից։ Իսկ վիրավորված այդ կերպարանքը ընդունիր այնտեղ, որտեղ կարծում են, որ ավելին ես` քան ոչնչություն։ Իսկ հիմա` գինի։ (Տրդատի համար աննկատ ներս է մտնում Օտան): Ո՞ւր է հազարապետը, այդ ծերուկին այստեղ կանչիր 

ՕՏԱ — Այստեղ եմ, Տրդա՛տ։ 

Սենեկապետը դուրս է գնում։

ՏՐԴԱՏ — Մի՞թե այստեղ է հայոց տերության հույսն ու պաշտպանը։ 

ՕՏԱ — Այո, այստեղ է։ Այստեղ էր նաև իմ գալուց առաջ և այստեղ կլինի իմ գնալուց հետո։ Ի՞նչ ես մտածում, Տրդա՛տ, և մինչև ե՞րբ ես մտածելու։ 

ՏՐԴԱՏ — Փորձում եմ հանճարեղ ստեր հորինել։

ՕՏԱ — Իսկ մեր ազգին հանճարեղ արքաներ են պետք, Տրդա՛տ։

ՏՐԴԱՏ — Այդ հանճարեղ արքաները սովից կսատկեն, եթե չլինեն հանճարեղ ստերը։ Ես ուզում եմ, որ մարդիկ ասեն` ահա ազդեցիկ է այս հանճարը, կարելի է նրա ստին հավատալ։ Ահա նա գեղեցիկ ու խորհրդավոր է խաբում, եկե՛ք նրան հավատանք և հանճարեղ կոչենք։ Ինչ-որ փոթորիկ կա նրա աչքերում և ուղեղդ ծակող բան` նրա հայացքում 

ՕՏԱ — Շատ հիմար զբաղմունք է, Տրդա՛տ, մեր ժամանակների համար

ՏՐԴԱՏ — Ո՛չ, ծերո՛ւկ, այս տիեզերական անորոշության մեջ մեզ հույսեր են պետք, հետևաբար պետք են հանճարեղ խաբողներ, որոնք կստեղծեն կեղծ հույսեր։ Բայց դե ինչ արած, կեղծ հույսն էլ հույս է, եկե՛ք հավատանք։ 

Սենեկապետը գինի է բերում ու հեռանում։

ՕՏԱ — Ե՛կ թողնենք դրանք իմաստուններին և իմաստակներին, մենք ավելի լուրջ գործեր ունենք։

ՏՐԴԱՏ — Ո՛չ, ծերու՛կ, մեզ հանճարեղ ստեր են պետք, որպեսզի չվերծանվեն, կամ վերծանվեն բյուրակերպ, լինեն խորհրդավոր և ունենան անհամար ենթատեքստեր

ՕՏԱ — Ա՜խ, Տրդա՛տ

ՏՐԴԱՏ — Մեզ պետք են չճաշակված ստեր, և փառք դրանց ստեղծողներին, նրանք հանճարներ են։ Մեզ առեղծվածներն են պետք, իսկ թե չկան դրանք, ուրեմն գինի է պետք… (գինի է խմում) և որքան հին, այնքան լավ։  

ՕՏԱ — Մի՛ շարունակիր, Տրդա՛տ։ 

ՏՐԴԱՏ — Մեզ ստեր են պետք, որոնք բուրեն ճշմարտության հանգունակ։ Այնպիսի մի սուտ, որին կպչի մարդկային սիրտը, իսկ ինչի այն կպավ, կդարձնի ճշմարտություն։ Իսկ երբ դադարի ճշմարտություն բուրելուց, կամ զգան դրա խաբեությունը` նորը ի հայտ կգա` ավելի կատարյալ, ավելի ճարպիկ, ավելի խորհրդավոր, ավելի խաբող կամ ինչ-որ մի հինը` նոր կաղապարով 

ՕՏԱ — Ուրեմն ճիշտ են ասում, որ խելագարվել ես

ՏՐԴԱՏ — Խելագա՞ր… Այո՛, շատ լավ է ասված` դա մի մեծ հայտնագործություն է։ Սրանից հետո խենթ ենք խաղալու։ Դա ամենալավ վիճակն է` աշխարհում ապրելու համար։ Մոռացի՛ր, ծերու՛կ, ի՜նչ հայրենիք, ի՜նչ թագավոր, գինի խմի՛ր, գինի և խենթ խաղա՛ ինձ հետ

ՕՏԱ — Իսկ ժողովո՞ւրդը

ՏՐԴԱՏ — Նրանք էլ թող գինի խմեն, հայոց աշխարհը հարուստ է խաղողով, մինչև ճշմարտությունը կգտնվի Արտասու՞ք, ո՛չ, ծերու՛կ, իզուր մի՛ վատնիր։ Դրանք պահիր. երաշտ տարիներին պետք կգան` խաղողի այգիներ ջրելու համար, իսկ հիմա գինի խմիր և խենթ խաղա ինձ հետ։ Պատվիդ մասին մի՛ մտահոգվիր և ոչ էլ փառքիդ։ Մի՞թե կարծում ես չի գտնվի մի պատմագիր` դրանք կերտելու համար։ Վերցրու և խմիր, խմե՛նք միասին։ (Օտային է պարզում գինու գավաթը): Խմենք քո այդ սիրելի ժողովրդի կենացը։ Խմի՛ր, ծերու՛կ, խմի՛ր, այնքան խմի՛ր այդ կենացը, մինչև որ մոռանաս նրանց Ի՞նչ է, գնո՞ւմ ես Կանգնիր, ծերո՛ւկ (Օտան գնում է` առանց ետ նայելու): Դու Տրդատի՞ն էիր հարցնում հա՜, հա՜, հա՜, հա՜ (Ջղաձիգ ծիծաղում է, ապա գլուխը հենում է սյուներից մեկին ու խիստ հայացքով խորհում։ Դեմքը արտահայտում է հուսակորուսություն): Ո՞վ ինձ դուրս կհանի ունայնության այս լաբիրինթոսից

ՁԱՅՆ — Հանդարտվի՛ր, փոթորկահույզ հոգի, պատրաստիր բանականությունդ և լարի՛ր լսելիքդ։ 

Ահա, այստեղ է նա, ում հուսախորտակ ու թախանձագին փափագում է Ունայնության ապրումի բավիղներում դեգերող աշխարհասաստ հոգիդ։

Հոգեպնդվի՛ր, որովհետև այստեղ եմ ես։ 

Ունկերդ ռունգեր և միտքդ հոտոտելիք դարձրու՛. ըմբոշխնի՛ր բալասաններիս կենարար բուրմունքը։

Ուրախացի՛ր, որովհետև սուրբ է քո տրտմությունը. 

Ոգեվառվի՛ր, որովհետև ապրում ես աստվածամերձ սուրբ հոգեվիճակ.

Ցնծա՛, որովհետև մահն իր մահը պիտի տեսնի։ 

Ո՜վ Տրդատ, ասպնջական է քո անձը,

Որովհետև այնտեղ պիտի հանգրվանեն իմաստնությունն իր վեհությամբ

Եվ փառքն իր անկրկնելիությամբ։

Ունայնության սուր զգացողություն. 

Ահա սկիզբը յուրաքանչյուր ճշմարիտ մեծության,

Ահա սկիզբը ամեն մեծ գործի, 

Ահա սկիզբը և անմահության։

Ունայնության սուր զգացողություն.

Ասել է` մարդկային ստրուկ ցեղին տրված միակ ու ճշմարիտ ազատություն,

Ասել է` ազատ ու անկախ բանականություն, 

Ասել է` ընտրության իրավունքի գերակա իրացման հնարավորություն։

Հնարավորություն, որով օծում են ընտրյալներին կամ որով օծվում են ընտրյալները։

Ո՜վ Տրդատ, երանելի է քո անձը, 

Որովհետև, ահա, ընտրյալ ես և դու,

                    ահա, ընտրյալ ես և դու

                    ահա, ընտրյալ ես և դու

Լռություն։ Տրդատը, որը Ձայնի խոսելու ամբողջ ընթացքում հենված էր սյանը` դեմքով դեպի հանդիսատեսը, ուշադիր լսում էր Ձայնին, սկսում է դանդաղ քայլելով պտտվել սյան շուրջը։ Այդ ընթացքում սյան հակառակ կողմից ետ-ետ քայլելով, մեջքը դեպի հանդիսատեսը, դուրս է գալիս Օտարականը և, քիչ հեռանալով սյունից, ավելի մոտենալով բեմառաջքին` մեջքով դեպի հանդիսատեսը, կանգնում է։ Տրդատը, որ արդեն դանդաղ քայլելով դուրս է գալիս 

սյան ետևից, նկատում է նրան։

ՏՐԴԱՏ — Ո՞վ ես դու։    

ՕՏԱՐԱԿԱՆ — Ես նա եմ, ով ծիծաղում է։

ՏՐԴԱՏ — Շատ մռայլ տեսք ունես` ծիծաղելու համար։ Իսկ ո՞ւմ վրա ես ծիծաղում։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Ես նա եմ, ով քեզ հետ միասին պետք է ծիծաղի։ 

ՏՐԴԱՏ — Իսկ ո՞վ է ծիծաղել քեզ հետ միասին։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Ինձ վրա ծիծաղել է այն, ինչին սնում է տառապանքը և ինչով սնվում է տառապանքը։ Բայց դու ես նա, ում հետ որ պետք է ծիծաղեմ։ 

ՏՐԴԱՏ — Հանելուկ է։

ՕՏԱՐԱԿԱՆ — Կամուրջ է` ձգված անդունդի վրա կամ կուրություն` անդունդն անփորձանք անցնելու համար։ 

ՏՐԴԱՏ — Իսկ ո՞ւմ վրա պետք է ծիծաղենք։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Ծիծաղի՛ր աշխարհի վրա, և նա կհիանա ու կփառաբանի քեզ։

ՏՐԴԱՏ — Աշխարհի վրա լացել է պետք, ոչ թե ծիծաղել։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Լացողները թո՛ղ լացեն, և ծիծաղողները թո՛ղ ծիծաղեն, մենք պետք է ծիծաղենք։ 

ՏՐԴԱՏ — Ահա մարդ, որը հանճարեղ ու խորհրդավոր է խաբում և փոթորիկ կա նրա աչքերում, ահա հանճարեղ խաբող։  

ՕՏԱՐԱԿԱՆ — Բոլոր հանճարեղ խաբողները, նախ և առաջ, հանճարեղ խաբվածներ են. ես ավելին եմ. ես գիտակցում եմ իմ խաբվածությունը։

ՏՐԴԱՏ — Լավ, իսկ ինչպե՞ս այստեղ ընկար։  

ՕՏԱՐԱԿԱՆ — Քո ձեռքի գինին կարող է այդ մասին պատմել։ 

ՏՐԴԱՏ — Այո՛, բայց, ավաղ, լեզու չունի։  

ՕՏԱՐԱԿԱՆ — Այդ դեպքում գնացե՛ք գինու հետքերով, բայց խաղողին մի հասեք։ Իսկ գյուղացին ոչնչով մեղավոր չէ։

ՏՐԴԱՏ — Այդ նկատի կունենանք։ Ամեն դեպքում քո գաղափարն ինձ դուր եկավ. ծիծաղի՛ր աշխարհի վրա, և նա կհիանա ու կփառաբանի քեզ։ Այո, բայց դրա համար նախ և առաջ հարկավոր է ծիծաղել սովորել։ Քեզ, որ աշխարհի մի մասնիկն ես, բախտ է վիճակված առաջինը ճաշակել ծիծաղիս դառնությունը կամ գաղափարիդ` մասամբ իրագործման քաղցրությունը։ (Կանչում է): Սենեկապե՜տ…

ՍԵՆԵԿԱՊԵՏ — (ներս մտնելով): Լսում եմ, տե՛ր իմ (Տեսնելով Օտարականին` չռում է աչքերը): 

ՏՐԴԱՏ – Ճանաչո՞ւմ ես սրան։ (Սենեկապետը զարմացած և վախեցած տարուբերում է գլուխը): Այստեղ կանչիր պահակներին և մառանապետին։   

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Այս պահին, արքա՛ (Շտապ դուրս է գնում):

Անմիջապես ներս են մտնում երկու զինված պահակներ։

Ա ՊԱՀԱԿ — Հրամայի՛ր, արքա՛։

ՏՐԴԱՏ — Տարե՛ք մեր հյուրին և հարգե՛ք ու պատվե՛ք իր կոչմանը համապատասխան։

ՕՏԱՐԱԿԱՆ – Մեծագո՛ւյն արքա, այն հարգանքն ու պատիվը, որ արդեն ինձ տվել ես, չափազանց է։ Ամեն մի ումպը` արված քո ձեռքի սափորից, մեծ պատիվ է ինձ համար, և ավելին չեմ սպասում։ Թեև փոշով ներծծված քրտինքը կարող է նողկալի թվալ արքայական քիմքին, բայց, դե, ինչ արած, սովորություն է, սկզբից կիսատ տակառն են դատարկում, հիմար սովորություն է հա՜, հա՜, հա՜, հա՜  

ՏՐԴԱՏ — Տարե՛ք դրան։

Պահակները տանում են Օտարականին։ Ներս են մտնում 

Սենեկապետն ու Մառանապետը։

ՄԱՌԱՆԱՊԵՏ — Հրամա՛նքդ, արքա՛։

ՏՐԴԱՏ — Որտեղի՞ց է այս գինին։  

ՄԱՌԱՆԱՊԵՏ — Այսօր հարկահավաքն է երեք տակառ բերել մի գյուղացուց։ 

ՏՐԴԱՏ — Իսկ բերելուց առաջ ստուգե՞լ եք տակառները։   

ՄԱՌԱՆԱՊԵՏ — Ո-ոչ, միայն մառանում տեղավորելուց հետո, գինու որակը ստուգելու համար, բաց արեցինք մի տակառի բերանը։ 

ՏՐԴԱՏ — Այս գինին այդ տակառի՞ց է։

ՄԱՌԱՆԱՊԵՏ — Ո՛չ, արքա՛։

ՏՐԴԱՏ — Իսկ ո՞ր տակառից է։

ՄԱՌԱՆԱՊԵՏ — Երբ սենեկապետը գինի ուզեց, ես ներս մտա և տեսա, որ մյուս տակառի բերանը բաց է։ Այդ տակառից է քո ձեռքի գինին։ 

ՏՐԴԱՏ — Իսկ ինչո՞ւ այնտեղից լցրեցիր։ 

ՄԱՌԱՆԱՊԵՏ — Որովհետև կիսատ էր։ Դե, մենք էլ սկզբից կիսատ տակառն ենք դատարկում, սովորություն է

ՏՐԴԱՏ — Հիմար սովորություն է։ (Ձեռքի սափորը խփում է գետնին): Կորեք աչքիցս։

ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ

Նպատ լեռան ստորոտում Նավասարդյան տոնախմբություն է։ Թմբուկներ և փողեր։ Երիտասարդ աղջիկներն ու տղաները, գույնզգույն տարազներ հագած և դիմակավորված, պարում են։ 

ԳՈՒՍԱՆՆԵՐ — (երգելով անցնում են)։

                     Ո տայր ինձ զծուխ ծխանի 

                     Եվ զառավոտն Նավասարդի 

                     Զվազելն եղանց

                     Եվ զվարգելն եղջերուաց,

                     Մեք փող հարուաք

                     Եվ թմբկի հարկանէաք,

                     Որպես օրեն է թագավորաց1։ 

Գալիս են Վարուժանը և Զարեհը` տոնական զգեստներ հագած։ 

Նրանց հետևում են քրմերը։

ՎԱՐՈՒԺԱՆ — Այսքան բազմություն դեռ Նպատ լեռը չէր տեսել երբեք։ Արքային տեսնելու փափագն է նրանց այստեղ ժողովել։ Տեսնո՞ւմ ես, Զարե՛հ, ծխի ուղությամբ` հենց գետի ափին ծածանվում է Մանդակունիների դրոշը, դրանից այս կողմ` Ռշտունյաց իշխանն է իջևանել, հաջորդը` Սունյաց նախարարի դրոշն է։ Բայց չեմ նշմարում հազարապետության և մաղխազության տան դրոշները, նրանք հավանաբար Վաղարշապատում` արքայի մոտ են։

ԶԱՐԵՀ — Ինչպե՞ս ես տարբերում նրանց դրոշները։

 ՎԱՐՈՒԺԱն — Զինանշաններով այս մոտեցողն էլ Մոկաց իշխանն է։ Նա ուշացել է և, հավանաբար, դեռ անտեղյակ է, որ Տրդատ արքան և քրմապետը բացակայում են և իր ընթացքի թիրախն է դարձրել քրմապետական զինանշանը։ Գնամ ընդառաջ։ Հետևի՛ր, Զարե՛հ, որ խառնաշփոթ չսարքեն այստեղ։

ԶԱՐԵՀ — Անհոգ կա՛ց, Վարուժա՛ն։ Ամեն բան կլինի` ինչպես հարկն է։ 

Վարուժանը գնում է։

ՆԱՆԵ — (դիմակավորված, պարելով մոտենում է)։ Սիրո՛ւն տղա, որդի՛ քրմապետի, ե՞րբ ես տղամարդ դառնալու։

ԶԱՐԵՀ — Գնա՛, խառնվի՛ր մարդկանց և ուրախացի՛ր։ Ինձ մի՛ խանգարիր։

Նանեն, պարելով, հեռանում է։ Մոտենում է մի քուրմ։

Ա ՔՈՒՐՄ — Որդի՛ քրմապետի, քո արտասանած Նավասարդի ուղերձը շատ էր գեղեցիկ։ «Իր հոր արժանի զավակն է» -, ասին բազմության միջից։

ԶԱՐԵՀ — Ավելի ճիշտ կլիներ, եթե ասեին, որ Վարուժանն իմ հոր արժանի ընկերն է և իմ լավ բարեկամը. ուղերձը նա էր գրել

Ա.ՔՈՒՐՄ — Բայց այդ ուղերձը դու հրաշալի արտաբերեցիր` շեշտադրելով ամեն վանկն այնպես, որ բազմությունն ի սկզբանե ազդվեց ճառից և քար լռությամբ կլանեց ամբողջ քո ասելիքը։ Լավ ձայն ունես, իսկական հռետորի ձայն է։  

ԶԱՐԵՀ — Բայց ձիերը, կարծեմ, չհավանեցին։ Նրանք մի քանի անգամ իրենց վրնջոցով ընդհատեցին ինձ։ Լսիր, եղբա՛յր, եթե լավ եմ արտասանում և լավ ձայն ունեմ, դարձյալ պարծենալու բան չունեմ, որովհետև, ինչպես կասեր Վարուժանը, մենք սեփական ոչինչ չունենք, ինչ ունենք, տվել են աստվածները Վերցրու այս ոսկին, գնա զվարճացիր, սա նույնքան իմն է, որքան քոնը (Քուրմը վերցնում է ոսկին, հեռանում): Բայց, կա՛ց, այս ի՞նչ է պատահել      

ԺՈՂՈՎՈՒՐԴ — (հեռվից): Մենք արքային ենք ուզում տեսնել… Որտե՞ղ է արքան… Ինչո՞ւ է լռում Քրմապետը, որտե՞ղ է արքան, ինչո՞ւ չի մասնակցում… 

Մոտենում են Ցուլը և քրմերի մի խումբ։

Բ ՔՈՒՐՄ — Որդի՛ քրմապետի, ժողովուրդը պահանջում է արքային, ի՞նչ ասենք։ 

ԶԱՐԵՀ — Ասե՛ք, որ արքան հիվանդացել է ոչ ավելի ճիշտ, ասե՛ք, որ արքան մի խիստ կարևոր գործի հետամուտ մեկնել է  Հռոմ Ոչ, ոչ Ճիշտ կլինի այդ մասին հարցնել Վարուժանին։ Նա մի համոզիչ և կշռադատված պատճառ կգտնի։

ՑՈՒԼ- Այդ գործն ինձ թողե՛ք, և ես այնպիսի պատճառ կգտնեմ, որը համոզիչ և կշռադատված լինելուց բացի, անշուշտ, օգտակար կլինի նաև։ 

Պարելով մոտենում է Նանեն։

ԶԱՐԵՀ — Թող այդպես լինի, բայց Վարուժանի հետ անպայման խորհի՛ր։

ՑՈՒԼ — (քրմերին)։ Ուրեմն, ի՛ գործ։ Ինձ հետևեցե՛ք։

Ցուլի գլխավորությամբ քրմերը գնում են։

ՆԱՆԵ — Էհե՜յ, որդի՛ քրմապետի, Աստղիկ դիցուհին Արածանի գետում արդեն լողացել և Նպատ լեռան կատարին բազմած սպասում է, որ տղամարդ դառնաս։          

ԶԱՐԵՀ — Թե դիմակի տակ նույքան գեղեցիկ դեմք ես թաքցրել, որքան ձայնդ է, ուրեմն տարին չտեսնված արգասաբեր կլինի։ Ե՛կ այստեղ, խնդրում եմ, և ցույց տուր դեմքդ։ (Փորձում է բռնել Նանեին):

ՆԱՆԵ — (խույս տալով Զարեհից): Հեծավ արի Արտաշես արքան իր ձին

ԶԱՐԵՀ (փորձելով ամբոխի միջից բռնել Նանեին): Եվ հանելով ոսկեօղ շիկափոկ 

պարանը

ՆԱՆԵ — Եվ անցնելով գետն իբրև սրաթև արծիվ 

ԶԱՐԵՀ — Եվ նետելով ոսկեօղ, շիկափոկ պարանը (Բռնում է Նանեին):

ՆԱՆԵ — Ձգեց մեջքը ալանաց օրիորդի

ԶԱՐԵՀ (գրկում է Նանեին, սեղմում իրեն): Եվ շատ ցավեցրեց փափուկ օրիորդի մեջքը2։ (Հանում է Նանեի դիմակը): Ո՞վ ես դու, գեղանի՛, ո՞ր իշխանի դուստրն ես։

ՆԱՆԵ — Բայց Արտաշեսը այր էր իսկական, ոչ թե հոր փառքի ծույլ շռայլողը։ 

ԶԱՐԵՀ — Դու գեղեցիկ ես, թույլ տուր համբուրեմ։

ՆԱՆԵ — Ի՞նչ մի արժանի գործ ես կատարել, որ հանդգնում ես համբույր խնդրել։ 

ԶԱՐԵՀ — Ի՞նչ անեմ, ասա՛, ուզո՞ւմ ես ասեմ, որ գուսանները իրենց երգերում քո գովքը անեն մինչև այգաբաց ու դարձյալ երգեն մինչև ուշ գիշեր ուզո՞ւմ ես, ասա՛։ 

ՆԱՆԵ — Եթե գուսաններն ինձ ներբող երգեն, նրանցից մեկին իմ սերը կտամ շրթունքներիս հետ ու քեզ թույլ կտամ, որ հեռվից նայես` ի հատուցումն քաշած նեղության։ Ավելին չարժե քո պարծեցածը։

ԶԱՐԵՀ — Ի՞նչ անեմ, ասա՛, քո ցանկությունը իրականություն կդառնա իսկույն։ Դու միայն ասա՛։

ՆԱՆԵ — Եթե այդպես է, ե՛կ Վաղարշապատ, հարցուփորձ արա՛, այնտեղ ինձ գտի՛ր  (Փախչում է):

ԶԱՐԵՀ Անունդ ասա՜, անո՜ւնդ

ՆԱՆԵ — (ամբոխի միջից): Նանե՜, Նանե՜

ԶԱՐԵՀ — (մեկուսի): Ես, անշուշտ, կգամ Վաղարշապատ` Տրդատ արքայի և գեղեցիկ Նանեի քաղաք։ Բայց հիմա ժամանակ չունեմ քո ետևից վազելու, չքնաղ Նանե, ինձ ամբողջ մի տոնախմբություն է վստահված (Լսվում է աղմուկ-աղաղակ, ծեծելով ներս են բերում մի ծերունու): Էհե ՜յ, սպասե՛ք, ինչո՞ւ եք ծեծում, կանգնե՛ք, ասում եմ։ 

Ա. ՔՈՒՐՄ — Նա քրիստոնյա է, որդի՛ քրմապետի։ Երբ Ցուլն ասաց, որ արքայի գալուստն իրենց դյութանքով կանխել են քրիստոնյաները, այս անպիտանը հանդգնեց ասել, որ դա մի սուտ է ու խաչակնքվեց, և ժողովուրդը, այդ նկատելով, հարձակվեց վրան։

ԶԱՐԵՀ — Եկ՛ այստեղ, ծերուկ։ (Ծերունին մոտենում է): Դու քրիստոնյա՞ ես։

ԾԵՐՈՒՆԻ — Այո՛, իսկ դու ո՞վ ես։

ԶԱՐԵՀ — Ես որդին եմ քրմապետի` Զարեհը։

ԾԵՐՈՒՆԻ — Երանի քեզ, Զարե՛հ, երանի քեզ։

ԶԱՐԵՀ – Ինչո՞ւ ես ինձ երանի տալիս։

ԾԵՐՈՒՆԻ — Կիմանաս մի օր, կիմանաս։ Ես մի որդի ունեի, անունը Զարեհ, ընկավ պատերազմի դաշտում։ Նա քաջ մարտիկ էր` իր կյանքով փրկեց արքայի կյանքը։  

 ԶԱՐԵՀ — Եթե քրիստոնյա ես, ինչո՞ւ ես մասնակցում Նավասարդյան տոներին։

ԾԵՐՈՒՆԻ — Ես եկա հրաժեշտ տալու իմ հավատակից քույրերին ու եղբայրեներին, որ պիտի խոշտանգվեն` բազմությանն ի տես։

ԶԱՐԵՀ — Ե՞րբ, ո՞վ է առանց ինձ այդպիսի արյունոտ վճիռ արձակել։  

Ա. ՔՈՒՐՄ — Ցուլը, որդի՛ քրմապետի։ 

ԶԱՐԵՀ — Նա սկսել է ինքնագլուխ գործել Ո՞ւր է Վարուժանը Անմիջապես հայտնի՛ր Ցուլին, որ ես հրամայում եմ` արձակել քրիստոնյաներին։ Իսկ դու, ծերունի՛, Արածանի գետի ջրերում լվացիր արյունոտ գլուխդ և տուն գնա՛, հրաժեշտ չես տալու հավատակից ընկերներիդ։ Ո՞ւր է Ցուլը 

Զարեհը և մյուս քրմերը գնում են։

ԾԵՐՈՒՆԻ — Աստված օրհնի՛ քեզ, Զարե՛հ, Աստված օրհնի՛ քեզ։ Նրանք փրկված են, փա՛ռք քեզ, Տե՛ր Աստված, փրկված են, փրկված են (Այս բառերն ասում է խանդաղատանքով, երկինք նայելով և գրեթե արտասվելով):      

ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ

Արքայասենյակի նախամուտքում։

ԱՐՁԱՆ — Ես պետք է տեսնեմ արքային, Խոռխոռունի՛։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Խորապես հարգում եմ քո անձը, քրմապե՛տ, բայց արքան հրամայել է` ոչ-ոքի ներս չթողնել։

ԱՐՁԱՆ — Դու պետք է հասկանայիր, որ դա ինձ չի վերաբերում։ Հայտնի՛ր նրան իմ գալստյան մասին։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Ցավում եմ, բայց դրանով ընդամենը կբարկացնեմ նրան։ 

ԱՐՁԱՆ – Խոռխոռունի՛, դու ինձ վիրավորում ես. հայտնի՛ր Տրդատին, որ ես ուզում եմ տեսնել իրեն։ 

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Բնավ վիրավորելու մտադրություն չունեմ, քրմապե՛տ, ես կատարում եմ արքայի հրամանը։ 

ԱՐՁԱՆ — Դու արքային պաշտպանիր լրտեսներից, որպեսզի աննկատ նրա մոտ չընկնեն։ Իսկ ինձ ոչ-ոք իրավունք չունի արգելել, ես ներս կմտնեմ։  

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Ստիպված եմ քեզ հետ պահել ուժով: 

ԱՐՁԱՆ — Ձեռքերդ հեռո՛ւ սրով ինձ համար ճամփա կբացեմ։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Պահի՛ր սուրդ, քրմապե՛տ, ես ինձ թույլ չեմ տա քո դեմ սուր հանել

ԱՐՁԱՆ — Հեռու՜, ասում եմ 

Արքայասենյակից դուրս է գալիս արքան։ Տիրում է լռություն։

ՏՐԴԱՏ — Այդ ո՞վ է այդպես բարձր հոխորտում և սուր գործածում արքունիքի մեջ։ Ո՞վ ես դու, ի՞նչ է ուզածդ։ Հա՜, հավանաբար դու բարեհաճել ես օգնել սպասավորներիս, որ արքունիքից դուրս նետեն այս ա՞ղբը։ Թեև պատկառելի տեսք ունես և խնամված մորուք, բայց երևում է` դու աղբ շատ ես սիրում։ (Ոտքով մի կողմ է շպրտում  Արամազդի արձանի  կոտրված գլուխը): Դա զզվելի սովորություն է։ Տանել չեմ կարող այդպիսիներին։

ԱՐՁԱՆ Ինձ համար հետաքրքիր է քեզ այս նոր դերում տեսնելը, Տրդա՛տ, բայց դրա համար չէ, որ ես այստեղ եմ։  Ուզում եմ քեզ հետ առանձին խոսել։

ՏՐԴԱՏ — Այո՛, կարելի է, ես ստեր շատ եմ սիրում, բայց խոստացի՛ր, որ դրանք  հանճարեղ կլինեն։ (Խոռխոռունուն, որն ուզում էր գնալ): Ի դեպ, Խոռխոռունի, պատերազմն ավարտվե՞լ է։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — (կանգնում է): Այո, արքա՛, մեր հաղթանակով։

ՏՐԴԱՏ — Դու համոզվա՞ծ ես։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Այո՛, մե՛ծ արքա, վկան Մծբինի դաշնագիրը և քո փառահեղ թագադրումը։   

ԱՐՁԱՆ — Այո՛, Տրդա՛տ, պատերազմից առաջ  մակաբերելով իմ մի երազը, ես ասել եմ, 

որ այս պատերազմից հետո քո տերությունն առաջինն է լինելու աշխարհում։ Ասել եմ, այո։ 

ՏՐԴԱՏ — Եթե պատերազմն ավարտվել է, Խոռխոռունի՛, ո՞րն է աշխարհի առաջին տերությունը։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Հռոմն է, արքա՛, դրանում ոչ ոք չի տարակուսում։

ՏՐԴԱՏ — Եթե այդպես է, ապա կարելի է եզրահանգել, որ աստվածները մեծ քրմի բերանով ստել են։ Իսկ աստվածները և մեծ քուրմը չեն ստում։ Ուրեմն` կամ պատերազմը չի ավարտվել կամ էլ իմ տերությունն առաջինն է աշխարհում, և դու չգիտես, Խոռխոռունի՛։ Շատ վատ է, դու խաբում ես քո արքային։   

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Քա՛վ լիցի, արքա՛, աստվածները վկա, առիթ չեմ տվել այդպես կարծելու։

ՏՐԴԱՏ — Ի՞նչ է, Խոռխոռունի՛, դու ուզում ես ասել, որ խաբում են աստվածները և քրմապե՞տը

ԱՐՁԱՆ — Պատերազմն ավարտվել է, Տրդա՛տ։ Բայց պե՛տք է գիտենաս, որ ինչպես երեկն էր այս պատերազմից հետո, այնպես էլ վաղը և մյուս օրը։

ՏՐԴԱՏ — Երկու օր ունե՞մ, ա՜խ, ինչ փութկոտն եմ։ Բայց ես կարող եմ դեռ չշտապել, քանզի հարյուր տարի անցը նույնպես այս պատերազմից հետո է, Արձա՛ն։ Հետոն հետո է, ինչ կարևոր է` այսօր, թե վաղը, թե մեկ դար հետո։ Իսկ եթե մեռնեմ, գուշակությունդ դարձյալ կարող է իրականանալ. իմ տերությունը կարող է մի օր առաջինը լինել, ինչ փույթ` այլևս իմը չի լինի։ Բայց տոթ է սաստիկ, գինի բերել տուր, որ այս նոր ստի կենացը խմեմ, թող սառը լինի, որ չհագենամ և երկար խմեմ. շատ արժեքավոր մի սուտ ես ձևել, որն ունի անթիվ ենթատեքստեր։ 

ԱՐՁԱՆ — Եթե մինչևիսկ սխալված լինեմ իմ գուշակությամբ, իրավունք չունես այդ մի մասնավոր սխալի համար պետության հիմքը քարուքանդ անել և աղբի նման փռել ոտքիդ տակ։ Թշնամիդ գիտեր կրոնի գինը, երբ որ ասում էր, թե սուրբ կրոնը պետության հիմքն է, իսկ պետությունը` նրա պաշտպանը3։ Դու արհամարհի՛ր քո բարեկամին ու ծաղրի՛ր այսպես ժանտ կատակներով, բայց ի ցույց մի՛ հանիր աստվածատյաց քո այս վարմունքը ի տես ամբոխի, որ դյուրավարժ է անկարգությանը և ծարավ դրսից այստեղ սպրդած այլադավանի ցնդաբանության։ Մի նվաստ զինվոր գուցե կարող էր տենչած-չհասած իր շահի համար մի ողջ պետության անկյունաքարը աղբի վերածել, բայց թագավորը պարտ է պաշտելու նույնիսկ գարշահոտ այն աղբակույտը, որ իր պետության  հիմքերի համար ատաղձ է կազմում։ Ամոթ է, Տրդա՛տ, եթե տաղանդդ չի մթագնել չբավարարված փառքի մոլուցքից, քմայքի մի՛ տուր մեր ժողովրդի այնքան երազած ազատությունը և պետությունը։ Դու երախտամոռ չես եղել այնքան, որ ոտքերիդ տակ տրորես գլուխն այն Արամազդի, որի ոտքերի մոտով է անցել այն գլուխը, որ ահա հասել է  միացյալ Հայասատանի արքայից արքա հռչակող թագին։ Գալով իմ արած գուշակությանը` նորից չեմ փորձի  հավատացնել, բայց ինչ ասել եմ, իսկությունը դրա պատրաստ եմ փաստել կյանքովս, եթե հարկ լինի։ Իսկ այժմ հա՛րկ է, որ դու իմանաս մեկ այլ վերահաս վտանգի մասին, որ հուշում են քեզ աստվածները։ Զգու՛յշ կաց, Տրդա՛տ, այդ կասկածելի Օտարականից։  

ՏՐԴԱՏ — (բաց պատշգամբից նայում էր մայրամուտին): Արևը, ահա, պռունկը քսել սարի ստինքին, մեղմիվ ծծում է լույսը աշխարհի։ Արևն է սարից լույսը կլանում, թե՞ սարն արևից, դա կարևոր չէ. օրը կմթնի սահմանված ժամին։ Բարի գիշեր, Արձա՛ն, բարի գիշեր ես մի լավ բարեկամ ունեի` մի մեծ բարեկամ Բարի գիշեր։ Խոռխոռունի՛, պահակներ կարգիր դռներիս վրա, որպեսզի ոչ ոք սենյակ չմտնի։ (Մտնում է արքայասենյակ, դռները փակում):

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Լավ հորդորեցիր, խոսքերդ դիպուկ նետերի նման մեխվեցին նրա սրտի մեջ, մե՛ծ քուրմ։ Նա հուզվեց կարծես։ Ինձ ներող եղի՛ր այն վեճի համար, որ մենք ունեցանք մինչ նրա գալը։ Շատ խստությամբ է նա վերաբերում ամեն թերացման և բարկանում է մոլեգնելու չափ։ Դու արքունիքիում դեռ պետք ես, մե՛ծ քուրմ։ Թեև գժտված, դեռ պահպանել ես այն իրավունքը, որ ունեիր դու որպես Տրդատի մեծն բարեկամ։ Դա թույլ է տալիս, որ ազատ խոսես արքայի առաջ` կանխելու համար նրա քմահաճ վարմունքը, մե՛ծ քուրմ։ Դու պետք ես այստեղ, խնդրում եմ, մնա՛, մինչև արքային կարգի կբերես։    

ԱՐՁԱՆ — Հազարապետն ո՞ւր է տրտում եմ սաստիկ նրա հետ պիտի խոհերս կիսեմ ես այլայլված եմ և հուսահատված

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Ո՛չ, մի՛ թուլանար, այդպես շվարած տեսք մի՛ ընդունիր, դու շատ 

ազդու ես։ Եթե ոչ դու, էլ ո՞վ կարող է նրան դեմ կանգնել։ Մի՛ հուսահատվիր 

ԱՐՁԱՆ — Թագուհին նրա մոտ ելումուտ ունի՞։ 

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Այո՛, մե՛ծ քուրմ։ Բայց թույլտվություն ստանալուց հետո։

ԱՐՁԱՆ — Չի՞ կարողանում նրան հորդորել։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Արքան թագուհուն նայում է որպես միամիտ աղջկա և մեղմ ժպտում է նրա խոսքերի իմաստի վրա։ Բայց սիրալիր է նրա նկատմամբ։  

Ներս է մտնում սպասավորը։

ՍՊԱՍԱՎՈՐ — Թույլ կտա՞ս, մե՛ծ քուրմ, հազարապետը քեզ խնդրում է, որ իր մոտ անցնես։ Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը նույնպես այնտեղ են։ 

ԱՐՁԱՆ — Գալիս եմ հիմա։ (Սպասավորը հեռանում է): Դե, Խոռխոռունի՛, աչալուրջ եղիր ու տեղյակ պահիր ինձ նրա բոլոր քայլերի մասին։ Դա կարևոր է, պիտի հետևենք, որ արքան վարի այս նոր պետության ձիակառքն այնպես, որ իր քմահաճ ընթացքից հանկարծ կառքը շուռ չգա։ Բարի գիշեր։   

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Այդպես վարվելով, թեկուզ վտանգեմ իմ անձը և այն վստահությունը, որ ունի արքան անձիս նկատմամբ, բայց լավ է այդպես, քան հայոց երկրի բախտը վտանգվի։ Բարի գիշեր, մե՛ծ քուրմ։ Ես էլ շտապեմ պահակներ կարգել արքայասենյակի դռների վրա և արքային էլ գինի հասցնեմ։  

Գնում են:

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Վաղարշապատում։ Գիշեր է։ Գալիս են Զարեհը և մի քուրմ։

ԶԱՐԵՀ — Մարդ ուղարկեցի` Վաղարշապատի բոլոր քրմերին այստեղ հավաքի։ Նրանք կիմանան, թե ով է Նանեն, որտեղ է ապրում։ Հենց կեսգիշերին ես նրան պիտի քնից վեր հանեմ ու ապշեցնեմ իմ հանկարծակի այցելությունով։ Թող նա իմանա` թեկուզ գիշերով, ես ի զորու եմ  գեթ մեկ անունով ու փոքրիկ խալով Վաղարշապատի բազում մարդկանց մեջ իմ սիրած մեկ հատ Նանեին գտնել Իսկ դու ի՞նչ արիր ի՞նչ լուր մյուսներից։ 

Ա ՔՈՒՐՄ — Դեռ մյուսներից ոչ մի լուր չունեմ։ Նրանց տեսել եմ արևամուտին` թեկուզ 

և հոգնած, սակայն ջանադիր շարունակում էին որոնումները։ Բայց ինքս արդեն մեկին տեսել եմ` Նանե անունով

ԶԱՐԵՀ — Գեղեցի՞կ էր նա։

Ա.ՔՈՒՐՄ — Շատ գեղեցիկ էր Վաղարշապատցի իմ ծանոթներից մեկը ինձ ասաց, որ այդ անունով մի աղջիկ գիտի և ինձ ուղեկցեց ուղիղ նրանց տուն։ Ձևացնելով, թե խիստ ծարավ ենք ` նա դուռը բացեց և ջուր խնդրեց

ԶԱՐԵՀ — Կարճ պատասխան տուր` նա էր, թե՞ նա չէր։ 

Ա ՔՈՒՐՄ -Հաստատ հիշո՞ւմ ես, խալը որ կողմն էր։ 

ԶԱՐԵՀ — Կզակի վրա` ձախ այտից ներքև։

Ա ՔՈՒՐՄ — Չէ, իմ տեսածը խալ չուներ դեմքին։

ԶԱՐԵՀ — Եթե խալ չուներ` ի՞նչ կարևոր է խալը որ կողմն է։ Դու հորանջո՞ւմ ես չենք քնի, Վրույր, չենք քնի քանի դեռ նրան չենք գտել։ 

Ա ՔՈՒՐՄ — Չենք քնի, իհարկե, չենք քնի, բայց գոնե հորանջել կարելի՞ է 

ԶԱՐԵՀ — Կարելի է։ Բայց այնպես` լուսինը կուլ չտաս։ Չէ՛, ուշանում են, գրողը տանի, ի՞նչ անեմ, Վրու՛յր, քնկոտ ու ծույլ են այստեղ քրմերը` մինչև առավոտ հազիվ հավաքվեն։     

Ա ՔՈՒՐՄ — Ես ելքը գտա։

ԶԱՐԵՀ — Ո՞րն է, շուտ ասա՛։ 

Ա ՔՈՒՐՄ — Ասում են, երբ որ մարդիկ մի բան են փնտրում, շատ են փնտրում ու չեն կարողանում փնտրածը գտնել, երազում նրանց հանկարծ հայտնվում է այն վայրը, որտեղ գտնվում է այն  

ԶԱՐԵՀ — Եթե քո փնտրածը քուն է, ապա, իսկապես, միայն երազում կգտնես։ Լսի՛ր, դու ավելի ծույլ ես, քան ես կարծել եմ, կամ էլ կատակելու անհարմար պահ ես ընտրել։

Ա ՔՈՒՐՄ – Մի՛ նեղացիր, Զարե՛հ, պարզապես շատ ենք հոգնած։ Եթե դու դեռ դիմանում ես, ապա Նանեի սիրուցն է, թե չէ արտևանունքներդ իրար ավելի շուտ կգրկեին, քան դու` Նանեին։ Բացի դա` նախ հարկավոր է մաքրվել ճանապարհի փոշուց։ Սա արքայանիստ Վաղարշապատն է, որտեղ քրմապետի որդին պետք է մաքրված ու պատշաճորեն ներկայանա։ Դու ես քրմապետի ժառանգորդը։ Մարդիկ քո մեջ տեսնում են աստվածների վաղվա կամագետին։ Իսկ դո՞ւ՝ փոշոտված, առանց հարդարանքի, հոգնածությունից ու անքնությունից խամրած աչքերով     

ՁԱՅՆԵՐ — Նանե՜, Նանե՜

ԶԱՐԵՀ – Սը՜սսս, լսո՞ւմ ես, հեռվում «Նանե» են կանչում

Ա ՔՈՒՐՄ — Մեր տղաներն են, նրանք ստիպված` հույսները կտրած արդեն փորձում են այդ կերպ որոնել։

ԶԱՐԵՀ — Դա խենթություն է, միջնաբերդի պահակազորը քաղաք կմտնի ու լավ դաս կտա` քաղաքի անդորրը խանգարելու համար։ Գնանք նրանց խելքի բերենք

Գնում են։ Բեմի հակառակ կողմից, «Նանե» կանչելով, գալիս են երկու քուրմ։

Բ և Գ ՔՐՄՔԵՐ — Նանե՜, Նանե՜

Գալիս է մի աղջիկ։

ԱՂՋԻԿ — Այդ ո՞վ է հանդգնում խանգարել արքայանիստ քաղաքի հանգիստը։ Եթե շարունակեք բղավել, ես ձեզ գրողի ծոցը կուղարկեմ, լսո՞ւմ եք։

Գ ՔՈՒՐՄ Եթե անունդ Նանե լիներ և կզակիդ` խալ, մենք այլևս չէինք բղավի, մանավանդ երբ հարց է` բղավում ենք, թե` հորանջում։ 

Բ ՔՈՒՐՄ — Մի՛ բարկանա, մեզ այդպես է հրամայել որդին քրմապետի։ Մենք փնտրում ենք նրա սիրածին` Նանե է անունը, եթե կարող ես` օգնիր մեզ։

ԱՂՋԻԿ — Քրմապետի որդին նորածիլ մորուքով այն պատանի՞ն է, որ կարմրում է աղջիկ տեսնելիս և հոխորտում է ինքնագոհաբար, չհասկանալով, որ, քրմապետի որդի լինելուց բացի, ուրիշ որևէ արժանիք չունի։ 

Գ ՔՈՒՐՄ — Նա հրաշալի տղա է, իզուր ես նրան վատաբանում, բայց իսկապես պատանի է` այնքան պատանի է, որ սիրահարվել է մի հիմար աղջկա ու մեզ ստիպում է, որ կեսգիշերին

ԱՂՋԻԿ — Հիմարը դու ես, անպատկառ

Գ ՔՈՒՐՄ — Ես քեզ չվիրավորեցի, գեղեցկուհի, ինչո՞ւ ես բարկանում

Բ ՔՈՒՐՄ — Գտանք, գտանք վերջապես

Գ ՔՈՒՐՄ — Ի՞նչ գտանք

Բ ՔՈՒՐՄ — Նա է, նա` խալը` կզակին,  չե՞ս տեսնումջահդ մոտ պահիր

Բ և Գ ՔՐՄԵՐ — Գտանք

Գալիս են Զարեհը և Ա քուրմը։

ԶԱՐԵՀ — Ի՞նչ եք բղավում, սա արվարձան չէ, սա շահաստանն է մայրաքաղաքի, ձեզ հանգիստ պահեք

Ա և Բ ՔՐՄԵՐ — Գտել ենք , Զարեհ, ահա Նանեն է  մեր առջև կանգնած։

ԶԱՐԵՀ — Նանե՞ն (Անակնկալի եկած` մոտենում է): Բարի այգաբաց, Նանե։

ՆԱՆԵ — Բարի կեսգիշեր, որդի քրմապետի։

ԶԱՐԵՀ — Այգի հայտնությամբ գիշերները միշտ տեղի են տալիս։  Սա այգաբաց է։ (Նանեի ձեռքերն առնում է իր ձեռքերի մեջ։)

ՆԱՆԵ Քո ընկերները խանգարում են մայրաքաղաքի անդորրը, որդի քրմապետի, դուք ձեզ լավ չեք պահում արքայանիստ քաղաքում։ 

ԶԱՐԵՀ — Ես կտեղափոխեմ մայրաքաղաքը, որ իմ ընկերներն այլևս չխանգարեն նրա անդորրը։ (Վերցնում է Նանեին ձեռքերի վրա ու տանում։)

ՆԱՆԵ — Դու քո ետևից հարդ ես շաղ տալիս` տես Ծիր կաթին է դառնում քո հարդը։  

ԶԱՐԵՀ — Այդ քո սիրուց է հրկիզվում հարդը և վերափոխվում աստղաբույլի ու երկինք նայող երկրավորնեին մատնում է ճամփան սիրահար զույգի։ Բայց դու մշուշով քողարկիր ճամփան, որ մարդիկ հանկարծ, մեզ հետևելով, չկարողանան զմայլվել տեսքով քո մերկ մարմնի4։

Հեռանում են։

Բ ՔՈՒՐՄ – Տեսնո՞ւմ եք սիրո ճանապարհը, հարգելի երկրավորներ։

Ա ՔՈՒՐՄ — Չէ, մշուշված է։

Բ ՔՈՒՐՄ — Ուրեմն մեզ մնում է բարձրանալ տանիքների վրա ու երգելով հարսին ու փեսային ուղեկցել դեպի առագաստ։ (Երգում է).

Էգ բարև, այ, էգ բարև,

Էգն արևուն տանք բարև,

            Տայ թագավորին շատ արև,

Գ ՔՈՒՐՄ — (միանում է  Բ քրմին):  Տայ թագուհուն շատ արև5։

Ա ՔՈՒՐՄ — Դե՛, դուք երգեք, իսկ ես գնամ հավաքված քրմերին ավետիս տանեմ, որ գնան քնեն։ (Գնում է):

Բ ՔՈՒՐՄ — (ետևից գոռում է): Տես, հա, հարդագողի ճանապարհով չգնաս։

Ա ՔՈՒՐՄ — Չէ, չեմ գնա

Գ ՔՈՒՐՄ — Նրան հիմա մահիճ տանող ճանապարհն ավելի է հետաքրքրում, քան հարդագողինը, անհոգ մնա։

Բ ՔՈՒՐՄ — Իսկ քեզ ի՞նչ է հետաքրքրում։ 

Գ ՔՈՒՐՄ — Նա ինձ անպատկառ անվանեց։

Բ  ՔՈՒՐՄ — Իսկ դու նրան` հիմար։ Բայց եթե իմանաս ում հիմար անվանեցիր, նեղանալու փոխարեն կվախենաս` նա մաղխազի դուստրն է։

Գ ՔՈՒՐՄ — Հա՞, ի՞նչ իմացար։

Բ ՔՈՒՐՄ — Արդուզարդից։ Նրա ապարանջանի վրա Խոռխոռունիների նախարարության զինանշանն էր, որ կրում են նախարարի զավակները, բա։ 

Գ ՔՈՒՐՄ — Չգիտեմ, ում դուստրն է, բայց գեղեցիկ է ու քաջ։

Բ ՔՈՒՐՄ — Նաև ճարպիկ է։ Դու հասկացա՞ր, թե նա ինչու էր Զարեհին դրդել Վաղարշապատով մեկ իրեն որոնել։

Գ ՔՈՒՐՄ – Ինչո՞ւ։

Բ ՔՈՒՐՄ — Որ վաղը քաղաքում իրար հարցուփորձ անեն, թե ով էր Նանեն, որին խենթացած փնտրում էր քրմապետի որդին։ Իսկ մյուս օրը Հայաստան աշխարհում կթնդա, որ Քրմապետի որդի Զարեհը սիրահարվել է Խոռխոռունու դուստր Նանեին։ Քանի նանեներ հուսախաբ կլինեն վաղը, երբ իմանան, որ իրենց չէինք որոնում Դեռ ավելին` նա հեշտ հանձնվողներից չէ։ Թեև հալվում է Զարեհի սիրուց, բայց մտացածին սեթևեթանքով` ջուր տալուց առաջ աղ է հրամցնում, որ մեր պատանու սիրո ծարավը շուտ չհագենա Ջահդ հանգչում է

Գ ՔՈՒՐՄ — Բայց իմացի՛ր` երբեմն երազելն ավելի հաճելի է, քան երազածին հասնելը. հենց որ Զարեհը նրան վայելի` սիրտը կհովանա ու կմոռանա։ Սա նրա կյանքում առաջին կինն է, դրա համար էլ դողում է վրան։ Մեհյանի հարճերից հեռու է մնում, ասում է, թե` ես դեռ չեմ հանդիպել այն գեղեցկուհուն, որը իմ սիրուն արժանի լինի Ջահս հուշում է, որ անմիտ խոսելու փոխարեն, պետք է քնել

Գնում են։ Բեմի ետևից լսվում է նրանց խոսակցությունը։

Բ ՔՈՒՐՄ — Այո՛, այս ամենից մեր միակ օգուտը այն կլինի, որ Նանեին գտնելու համար Զարեհը գոնե պարգևատրի։ 

Բեմը մթնում է։ 

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

Լուսաբաց։ Բեմի ետևից լսվում է Նանեի և Զարեհի խոսակցությունը։

ԶԱՐԵՀ — Եվս մեկ համբույր, և ես թուjլ կտամ, որ դու տուն գնաս։

ՆԱՆԵ — Տես, չմոռանաս ուլունքներ գնել։ 

ԶԱՐԵՀ — Չէ՛, չեմ մոռանա։ (Մտնում են բեմ։) Բայց ինչի՞դ են պետք հասարակ ապակուց այդ ուլունքները։ Ես կարող եմ քեզ ավելի շքեղ զարդեր նվիրել` քո տեսքին արժան։

ՆԱՆԵ — Այդ ուլունքերը սոսկ ուլունքներ չեն, դրանք օժտված են դյութիչ հատկությամբ: 

ԶԱՐԵՀ — Թե ինձ ես դյութում` դյութված եմ արդեն, ուլունքներ պետք չեն։

ՆԱՆԵ — Այդ ուլունքները իրենց դյութանքով քո սիրտը հավետ ամուր շղթայով սրտիս կկապեն, որ ոչ մի չար աչք, ոչ մի անջրպետ չբաժանեն մեզ մինչև հավիտյան։ 

ԶԱՐԵՀ — Չէ՛, չեն բաժանի մինչև հավիտյան։

ՆԱՆԵ — Բայց ուլունքները ինքդ կգնես, որ այդ դյութանքը շատ ուժեղ լինի։

ԶԱՐԵՀ — Ուժեղ կլինի, շատ ուժեղ, Նանե։ Որտեղի՞ց գնեմ։

ՆԱՆԵ — Մեր իսկ շուկայից։ Վաճառականը մի ծեր գուսան է, շուկա է գալիս հրակաթից հետո։ Դե, ցտեսություն։ Ես քեզ կսպասեմ իրիկնամուտին։

ԶԱՐԵՀ — Չէ, ավելի շուտ։ (Հեռանում է):

ՆԱՆԵ — (հեռանում է)։  Լավ, ավելի շուտ` նույն տեղում, Զարեհ։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Շուկա Վաղարշապատում։ Ժխոր է։ Տղամարդիկ և կանայք աշխույժ գնում-գալիս, առևտուրն են անում։ 

Ա. ՎԱճԱՌՈՂ — Գինի՜, գինի՜, յոթը տարվա ընտիր գինի…

Բ ՎԱՃԱՌՈՂ — Կուժ ու կարաս, ընտիր գավաթ…

Ա ԳՆՈՐԴ — (Բ վաճառողին): Ի՞նչ կավից է, լա՞վ ես թրծել: (Վերցնում է մի կուժ):

Բ ՎԱՃԱՌՈՂ — Ընտիր կավից` մեր դաշտերի։ Դե, թրծելն էլ, էլ մի՛ ասա, առ, տար` ինքդ կհամոզվես։     

Գ ՎԱՃԱՌՈՂ — Կացին, քլունգ ու շղթաներ, բահ ու բրիչ

Դ ՎԱՃԱՌՈՂ — Չէ, ախպեր ջան, լավ դարբին ես ու ապրանքդ էլ լավն է անշուշտ, բայց շուկայում այն ապրանքն է լավ սպառվում, որը, բացի լավ որակից, ունի նաև լավ վաճառող։ Բահ շինելը թե արհեստ է, վաճառելը՝ մեծ արվեստ է։ Տե՛ս, գալիս է. գլխի ամեն մի փուչ մազը գերանի տեղ կվաճառի։ (Գոռում է): Էհե՜յ, Գուսա՜ն, արի, էստեղ կանայք շատ են, արի՛։ 

ԳՈՒՍԱՆ — (մոտենալով): Հիմա, հիմա, դու չվանդ ծախիր, ախպե՛ր, վաղը ես նոր ուլունքներով շուկա կգամ, իսկ դու` այդ նույն չվաններով (Մի կնոջ): Դու գեղեցիկ կին ես իրոք, մեր դիցուհի Աստղիկի օրհնանք ունես դեմքիդ վրա, դից Վահագնի նրբաճաշակ աչքը վկա, ուլունքներն այս պարանոցիդ շատ սազ կգան։ 

Ա. ԿԻՆ — Վաճառական մարդ ես, էլի, փուչ ապրանքը կդարձնես դու անթերի։ Թե չլիներ քո այդ լեզուն, ո՞վ մոտ կգար այդ հասարակ ուլունքներին։

ԳՈՒՍԱՆ — Ի՞նչ, հասարակ դու ասացիր։ Չէ՛, դու անշուշտ կատակում ես, թե չէ քեզ պես փորձված կինը շատ լավ գիտի սրանց գինը։

Ա. ԿԻՆ — Ապա տեսնեմ։

ԳՈՒՍԱՆ — Խնդրեմ, վերցրու որը կուզես կարմի՞ր, դեղի՞ն հրաշալի ճաշակ ունես։ (Ուրիշ կնոջ): Քույրի՜կ, քույրի՜կ, այս կողմը եկ, գանձ եմ պահել ես քեզ համար։

Ա. ԿԻՆ — Ի՞նչ պիտի տամ։

ԳՈՒՍԱՆ — Ընդամենը երկու ոսկի։

Բ. ԿԻՆ — (մոտենալով): Ասա տեսնեմ, ո՞ւր է գանձդ։

ԳՈՒՍԱՆ — Ահա՛, մի տես։ Թե լինեիր դու Հռոմում, կտեսնեիր, թե այս տեսակ ուլունքները ում պարանոցն են զարդարում։ Ազնվական տիկնայք այնտեղ սրանցով են զուգվում միայն։   

Բ. ԿԻՆ — (լույսի տակ նայելով): Չէ, փայլ չունեն։ 

ԳՈՒՍԱՆ — (ականջին): Չամուսնացած աղջիկ ունե՞ս կամ էլ տղա, կամ էլ մի հոգս, որ տրտում է անում հոգիդ ահա ճարը՝ ում նվիրես բախտը անշուշտ  պիտի բերի, ինչ մտածես՝ կկատարվի ամեն հատը մի մի ոսկի, ա՛ռ ու գնա՝ չես փոշմանի։

Բ. ԿԻՆ — Ճի՞շտ ես ասում

ԳՈՒՍԱՆ — Ի՞նչ ես ասում, կախարդական ուլունքներ են հմայում են մեկից ավել չեմ կարող տալ, այս երկուսն էլ պիտի պահեմ, որ թագուհի մեր Աշխենին նվեր տանեմ Թե որ էլի կուզես, արի՛, վաղն  էստեղ եմ բարով մաշես։ 

Գ. ԿԻՆ — Ի՞նչ նվեր ես տանում, տեսնեմ

ԳՈՒՍԱՆ — Չէ՛, չեմ կարող, մի՛ համոզիր, խոսք եմ տվել բայց քեզ ինչպես, ախր, մերժեմ։ Մեկն ես ուզում, թե՞ երկուսը։

Գ.ԿԻՆ — Երկուսն էլ տուր

Դ ԿԻՆ — Չէ՛, մեկն ինձ տուր։ (Փախցնում է ձեռքից): Առ քո ոսկին։

ԳՈՒՍԱՆ — Հանգի՛ստ, հանգի՛ստ, մի՛ փախցրեք, վաղը էլի եմ բերելու։ 

Գալիս է Զարեհը։

ԶԱՐԵՀ — Գուսան, դե շուտ, էստե՛ղ արի։

ԳՈՒՍԱՆ — (զարմանալով և ուրախանալով` մոտենում է): Եթե աչքս ինձ չի խաբում, դու որդին ես քրմապետի։

ԶԱՐԵՀ — Չէ, չի խաբում, ես Զարեհն եմ։ Իսկ ո՞ւր են քո ուլունքրեը, ես ուզում եմ բոլորն առնել, առ քեզ ոսկի, ինչքան կուզես: (Նրան է մեկնում քսակը): Դե, ցույց տուր ինձ ուլունքներդ։

ԳՈՒՍԱՆ — Ոսկի պետք չէ, ներիր, որդի քրմապետի, ուլունքներս վերջացել են

ԶԱՐԵՀ — Գեթ մեկ վզնոց

ԳՈՒՍԱՆ — Վաղը` ծեգին տասը վզնոց ես կբերեմ, ուր որ ասես

ԶԱՐԵՀ — Չէ, այսօր է ինձ պետք, Գուսան, հասկանո՞ւմ ես արեգակը դեռ չմտած, ի՞նչ ես ապշել, պատասխան տուր։

ԳՈՒՍԱՆ — Ա-այո, որդի՛ քրմապետի, մտածում եմ մինչ իրիկուն ես կբերեմ, ուր որ ասես

ԶԱՐԵՀ — Դու որտեղի՞ց պիտի բերես կգամ քեզ հետ, հիմա է պետք: (Գուսանի թևից քաշելով` տանում է):

ԳՈՒՍԱՆ — Չէ, ամոթ է, ես կբերեմ, աղերսում եմ, ես կբերեմ, դու մի՛ արի

ԶԱՐԵՀ — Գնանք, գնանք, ոչ մի ամոթ, ամոթն այն է, որ ես դատարկ ձեռքով գնամ

ԳՈՒՍԱՆ — Չէ, խնդրում եմ, ես կբերեմ

Դուրս են գնում։ Երկու կին, որ մինչ այդ նայում էին Զարեհին ու Գուսանին և փսփսում, առաջ են գալիս։

Ա ԿԻՆ — Դու հասկացա՞ր, թե ինչու էր այս պատանին իրար խառնվել։

Բ ԿԻՆ — Նա ուլունք էր ուզում առնել։

Ա ԿԻՆ — Հա, ուլունք էր ուզում առնել, բայց ո՞ւմ համար։

Բ ԿԻՆ — Ի՞նչ իմանաս…

Ա ԿԻՆ — Ամբողջ քաղաքն այդ մասին է արդեն խոսում, դու չե՞ս լսել։

Բ ԿԻՆ — Ի՞նչ են խոսում։

Ա ԿԻՆ — Վաղարշապատ դեռ չհասած, ամբողջ գիշեր շահաստանում «Նանե-Նանե» գոռգոռալով, խիստ սիրահար, նա փնտրել է ինչ-որ մեկին, չկարծելով, որ իր Նանեն շահաստանում չի բնակվում։

Բ ԿԻՆ — Իսկ որտե՞ղ է նա բնակվում։

Ա ԿԻՆ — Բնակվում է միջնաբերդում

Բ ԿԻՆ — Խոռխոռունու դո՞ւստրն է նա

Ա ԿԻՆ — Կռահեցիր։ 

Բ ԿԻՆ – Ի՛նչ ես ասում Նա լավիկն է, շատ երջանիկ զույգ կստացվի։ Երանի քեզ, սիրո՛ւն Նանե։

Դուրս են գնում։

Վարագույր

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Արքունիքի սենյակներց մեկում։ 

ԱՐՁԱն — Ես համոզված եմ, որ այս Օտարականը մի վտանգավոր լրտես է, հազարապետ։

ՕՏԱ — Համակարծիք եմ, մեծ քուրմ։ Սա Տիզբոնի հերթական խարդավանքն է։ Սասանյան Ներսեհը գործի է դրել իր դինաստիային բնորոշ ստոր հնարը։ Պատերազմում կրած խայտառակ պարտության վրեժը փորձում է առնել դավադրությամբ։ 

ԱՐՁԱՆ — Թե այդպես լիներ, գյուղացուց բերած գինու տակառի մեջ մտնելու տեղակ, նա պարզապես կթունավորեր բոլոր տակառները։ Այդպես չէ, Օտա։ Սա դավադրության նախերգանքն է լոկ, ողբերգությանը ակնդետ կլինենք քիչ ավելի ուշ, եթե ձեռքներս ծալենք ու նստենք։

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Ինչ էլ որ անեք, նախ արքայի հավանությունը պիտի ստանաք։

ԱՐՁԱՆ — Սրանք պետական գործեր են, Խոսրովիդուխտ, եթե մենք դրանց ձեզ մասնակից ենք դարձնում` միայն, որպեսզի ստանանք ձեր աջակցությունը` մեր որոշումներն իրագործելիս։

ԽՈՍՐՈՎԴՈՒԽՏ — Ես էլ դա եմ ասում, մեծ քուրմ, պետական որոշումները առանց արքայի համաձայնության գործի չեն դրվում։

ԱՐՁԱՆ- Ես համոզված եմ, որ արքան իր հավանությունը կտար մեր որոշումներին, եթե հոգեկան նման վիճակում չլիներ։ 

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Պետությանը վերաբերող գործերի համար նա միշտ սթափ է։ Ոչ մի տրամադրություն չի կարող շեղել նրան։

ԱՐՁԱՆ — Բայց որ Հռոմից վերադառնալիս ճամփին մոլեգնել  և հայհոյել է Հռոմի կայսր Դիոկղետիանոսին, առանց զգուշանալու, որ Դիոկղետիանոսը ամենուր աչքեր և ունկեր ունի,  սթափությո՞ւն է պետական գործում։ Ինքս  փաստված երկյուղներ ունեմ, որ  Օտարականը   արքունիք է սողոսկել հենց  հայհոյանքի հետքերով, Խոսրովիդուխտ, ոչ թե Ներսեհի առաջադրանքով, ինչպես կարծում է հազարապետը։ Եթե Տրդատը քո եղբայրն է, նաև իմ բարեկամն է։  Բայց, նախևառաջ,  Հայոց պետության ճակատագիրն է։

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Այդ ճակատագրի հետ խաղացիք, մեծ քուրմ, երբ պատերազմի ուղևորելիս որոշեցիք, որ Տրդատին պետք է տեղյակ դարձնեք այն վտանգավոր գուշակությանը, որ  չկատարվեց։ Դա առիթ եղավ  Տրդատի սաստիկ հոգու խռովքի, և նա  հայհոյեց  Հռոմի կայսրին։ Այնպես որ, մեծ քուրմ, սթափ վիճակում հնարավոր է, որ դու ավելի սխալ վճռես, քան թե  Տրդատը` իր խռովքի մեջ։

ՀԱԶԱՐԱՊԵՏ — Դուստր իմ… 

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Ներիր, հազարապետ, դու, որ ինձ համար եղել ես մի շատ բարեխնամ հայր, գիտես այն չափը, որ համեստությունը դնում է լեզվիս։ Եթե ես հիմա համեստ չեմ, ապա պատճառը այն է, որ ճշմարտությունն ասելու համար համեստությունը հարմար չի գալիս։

ԱՇԽԵՆ — Քույր իմ, մի՞թե դու համամիտ չես, որ Տրդատի վարքն այժմ այն չէ, ինչ որ եղել է  պատերազմից առաջ։ 

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Համամիտ եմ, Աշխեն, բայց դա մեզ երբեք առիթ չի տալիս նրա փոխարեն հարցեր վճռելու, ոչ էլ մեզանից որևէ մեկը այնքան ունակ է, որ դա նրանից առավել անի։ Նա  այն Տրդատն է, որ կարողացավ, թեկուզ վրդովված, իրեն զուսպ  պահել  թագադրվելիս։ Եվ Հռոմի կայսեր ներկայացուցիչ Սիկորիոս Պռոբոսը արարողության հարգն ու կանոնը պահպանված տեսավ և շատ գոհ մեկնեց Վաղարշապատից։ Ամենավայրագ իր վարմունքի մեջ  հոգու անկյունում լուրջ գործի համար Տրդատը միշտ էլ աչալրջություն ունի ամբարած։

ԱՐՁԱՆ — Ես համամիտ եմ, որ Տրդատը միշտ զգոն է պետությանը վերաբերող հարցերում, բայց սա մի հարց է, որ վերաբերում է Տրդատի անձի անվտանգությանը, դրա պատճառով` և  պետությանը։ Իր անձի համար նրա չափից դուրս անհոգությունը վտանգավոր է։ Վստահ լինելով իր մտքին և իր գերազանց ուժին` ոչ մի կանխակալ քայլ չի ձեռնարկում ի շահ իր կյանքի ապահովության։ Մենք պետք է կանխենք Օտարականի հետ նրա շփումը։ Այս է,  Խոսրովիդուխտ, որ քո օգնությամբ ուզում ենք  վճռել` առանց Տրդատի համաձայնության։ Կարծում եմ, թանկ է մի քրոջ համար իր եղբոր կյանքը։

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Եթե լոկ դա  է ձեր նպատակը, ապա կարող եք այն իրագործել, ես միայն կհսկեմ, որ չարհամարհվի այն իրավունքը, որ բացառիկ է Տրդատի համար` իր մեծ ջանքերով Սասանյաններից ազատագրած Հայոց աշխարհը կառավարելիս։    

ՕՏԱ — Ինչպե՞ս ենք, մեծ քուրմ, կանխելու Օտարականի շփումը Տրդատի հետ։  

ԱՐՁԱՆ — Դա շատ բարդ գործ չէ։ Օտարականին պետք է հենց բանտում թունավորել։ 

ՕՏԱ — Բանտապահները դա մեզ թույլ չեն տա, առանց արքայից անձամբ հավաստիանալու։ Արքան շատ խիստ հսկողություն է սահմանել նրա նկատմամբ։ 

ԱՐՁԱՆ — Իսկ Խոռխոռունին կարո՞ղ է այս հարցում օգտակար լինել։         

ՕՏԱ — Չեմ կարծում։ Օտարականին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ արքան անձամբ է հրաման տալիս բանտապահներին…

Ներս է մտնում սպասավորը։

ՍՊԱՍԱՎՈՐ — Թույլ տվեք շտապ մի բան հաղորդել, որ պատվիրել է ինձ  Խոռխոռունին։

ԱՐՁԱՆ — Ի՞նչ է պատահել…

ՍՊԱՍԱՎՈՐ — Արքան հրամայել է, որ Օտարականին իր մոտ ուղեկցեն։

ԱՐՁԱՆ — Մեզանից մեկը հարկ է, որ ծածուկ ունկնդիր լինի նրանց զրույցին և հիշի, որ մեզ նույնը հաղորդի։ Այնպիսի մեկը, որ եթե նույնիսկ արքան իմանա, հարգանքից կամ էլ սիրուց դրդված իր խստությունը գործի չդնի նրա նկատմամբ։ Թե ով կանի դա… ճամփին կիմանանք։ Իսկ այժմ փութանք, որ նրանց զրույցից բառ չվրիպենք։ Նաև ուզում եմ այդ  խորհրդավոր եկվորին տեսնել։ 

Բոլորը շտապ գնում են։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Արքայասենյակում։  

ՏՐԴԱՏ — Դու ո՞ւմ լրտեսն ես։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ոչ նրա, ում կարծում ես։  

ՏՐԴԱՏ — Ի՞նչ լուր Տիզբոնից, ինչպե՞ս է Ներսեհի առողջությունը։

ՕՏԱՐԱԿԱՆ — Սարսափում է, երբ մտածում է, որ դու դեռ ողջ ես։

ՏՐԴԱՏ — Այդ սարսափից կարող էիր ազատել նրան՝ գինուն թույն խառնելով։

ՕՏԱՐԱԿԱՆ — Այդ սարսափից նա անշուշտ կազատվի։  Այլ կերպ կազատվի։ 

ՏՐԴԱՏ — Նշանակում է քո նպատակներն ավելի հեռուն են միտված։

ՕՏԱՐԱԿԱՆ — Շատ ավելի հեռուն։

ՏՐԴԱՏ — Մեռնելուց վախենո՞ւմ ես։

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո։

ՏՐԴԱՏ — Չե՞ս կարծում, որ թուլություններդ խոստովանելով` ինձ ես հանձնում այն բանալին, որով կիմանամ քեզ այստեղ ուղարկողի նպատակները։

ՕՏԱՐԱԿԱՆ — Երբ դռները բաց են` բանալիների կարիք չկա ։ Միակ բանալին քո լսելու կամքն է։

ՏՐԴԱՏ — Իսկ եթե չհավատա՞մ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Չես կարող։

ՏՐԴԱՏ — Ես քեզ լսում եմ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Դու տիրելու ես աշխարհը։

ՏՐԴԱՏ — (քահ-քահ ծիծաղում է): Քեզ պես հիմար ես էլի տեսել եմ։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Նա, ում տերությունն առաջինն է աշխարհում, կարող է աշխարհի տիրակալը չլինել։

ՏՐԴԱՏ — (չկարողանալով թաքցնել զարմանքը): Մի՞թե աշխարհի տիրակալը նա չէ, ում տերությունն առաջինն է աշխարհում։

ՕՏԱՐԱԿԱՆ — Զգույշ բառերից։ Այն, ինչ առաջինն է ժամանակի մեջ, առաջինը չէ հզորության իմաստով։  

ՏՐԴԱՏ — Անհասկանալի խոստովանելը նույնպես խոստովանել է։ Լավ, առաջ անցնենք։ Եթե գաղափար ունենայիր աշխարհի ներկա վիճակի մասին, կհասկանայիր, որ ես աշխարհի տիրակալ դառնալ չեմ կարող։  

ՕՏԱՐԱԿԱՆ — Մեծերի համար ամեն բան հնարավոր է։ Ես գաղափար ունեմ քո մեծության մասին։

ՏՐԴԱՏ — Իսկապե՞ս մեծ եմ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո՛, աշխարհակալ։

ՏՐԴԱՏ — Ավելի մեծ, քան Դիոկղետիանո՞սը։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ավելի մեծ, քան Հուլիոս Կեսարը, ավելի փառահեղ, քան Ալեքսանդրը, ավելի հզոր, քան Կյուրոսը։ Ահա քո մրցակիցները։

ՏՐԴԱՏ — Դու ծիծաղում ես, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Եվ այնքան ուժգին, որ դողալու է համայն աշխարհը։

ՏՐԴԱՏ — Դու ծիծաղում ես…

ՕՏԱՐԱԿԱՆ — Այնքան ահարկու, որ արձագանքը փառքիդ թևերով սավառնելու է դարերի վրա։ Այնքան փառահեղ, որ քո անունից գալիք աշխարհի բազում բեմերում քեզ կերպավորող ողբերգակների շուրթերից կհնչեն այնպիսի խոսքեր, որոնք թե լսես, ջանք պիտի անես հասկանալու համար, սակայն երբեմն ապարդյուն։ Հանդիսատես, ահա նա՝ ում երկրպագու դարձնելու համար կատարվել են աշխարհի մեծագույն սխրանքները, ում հիացմունքը վաստակելու տենչը մարդկանց մղում է խախտել սահմաններ, ուր սահմանապահ են աստվածները։

ՏՐԴԱՏ – Ինչո՞վ ենք հիացնելու այդ անմիտ ամբոխին։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ալեքսանդր Մակեդոնացին երկմտում էր. շարունակե՞լ արշավը, թե՞ վերադառնալ։ Նրա շուրթերից   մի վերջին անգամ աղերս էր հնչում առ աստվածներ, որ իրենից հետո չլինի մեկը, որը իր զորքով ավելի հեռուն անցնի, քան ինքը՝ Ալեքսանդրը։

ՏՐԴԱՏ — Եվ աստվածները լսեցին նրա աղերսանքը։       

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո՛, լսեցին, երկար լսեցին և տեսան նրա այլայլված դեմքը։ Եվ այն աչքունքը, որոնց շարժումով գծագրվում էին աշխարհի սահմանները, գծագրել էին մի անլուր ու անբավ սարսափ։     

ՏՐԴԱՏ — Անտանելի տեսարան է, երբ սարսափում է այդպիսի մեծությունը։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Եվ նրա աչքերի մեջ աստվածները տեսան արտացոլանքը նրա…

(Դադար):

ՏՐԴԱՏ – Ո՞ւմ արտացոլանքը…

ՕՏԱՐԱԿԱՆ — Սուրբ են իմ աչքերը, որովհետև արդ տեսնում են նրան. դու ես Ալեքսանդրի սարսափը. մատուցիր այն հանդիսատեսին։ Նվաճիր աշխարհը։

ՏՐԴԱՏ — Դա անհնար է։ Դեռ չնվաճած աշխարհի կեսը` մյուս կեսն անշուշտ  կապստամբի։ Թեկուզ նվաճես, միևնույն է, աշխարհը տիրել չես կարող։

ՕՏԱՐԱԿԱՆ Ազատություն։ Այս գաղափարով ստրկացրու աշխարհը։ Ահա հանճարեղ սուտը։ Արձակիր աշխարհի սանձափոկերը, փոխարենը գարին առջևից տար   այնտեղ, ուր կամենում ես։ Սա է ուղղորդելու կերպը։ Ստիպելու չափ ուսուցիր մարդկանց, թե նրանք ինչ են ազատ անելու և դարձրու նրանց քո հլու գերին։

Ազատության խոփով հերկիր երկիրը ու սերմիր այնտեղ ինչ որ կբուսնի. գեթ մշակներին քեզ մոտ պահելով` կհնձես այն, ինչ ինքդ կհաճես։ Այսպես կառավարիր։ Ազատություն, ահա կամովին և հիմնովին ստրուկ դառնալու լավագույն հնարավորությունը։ 

ՏՐԴԱՏՄի արատավորիր ազատության սուրբ գաղափարը ստրկության հետ առնչություններով։ Դու դաժան ես, Օտարական… Մի պղծիր մարդկային պատմությունը։ 

ՕՏԱՐԱԿԱՆ Մարդուն տրված միակ ազատությունն այն է, երբ ինքն է ընտրում իր ստրկության կերպը։ Ավելին. կասկածելի է՝ ունի՞ մարդն այդ ազատությունը, թե` ոչ։ 

ՏՐԴԱՏ Ահա նա, ում հուսախորտակ ու թախանձագին փափագում էր… հոգիս։ Քո դատողություններով դու ինձ վերջնականապես թաղում ես ունայնության մեջ։

ՕՏԱՐԱԿԱՆՃաշակիր կյանքի անհեթեթությունը իր ողջ խորությամբ, որ արհամարհես մարդուն ու նրա արարքները, և ակամա կառաջանա այս մրջնանոցի վրա ծիծաղելու անհաղթահարելի ցանկությունը։ Այսպես կստանձնես գործել ամենամեծ անհեթեթությունը՝ կնվաճես աշխարհը, կծիծաղես և նա կհիանա ու կփառաբանի քեզ։ Հա-հա-հա…

ՏՐԴԱՏ(ցավից բարձրաձայն հռհռում է, ապա լրջացած): Սանդարամետում ի՞նչ  պաշտոն ես զբաղեցնում:

ՕՏԱՐԱԿԱՆՀայելու՝ որտեղ մարդ կարող է տեսնել իր ողն ու ծուծը։

ՏՐԴԱՏ — (կարծես հայելու առջև կանգնած): Ես ողնուծուծով ստրուկ եմ, այնքան ստրուկ եմ, որ չեմ կարող չգործել այն, ինչը մեծագույն անհեթեթությունն եմ համարում։ (Բռնում է Օտարականի օձիքից): Շարունակիր արտացոլել, ցույց տուր, թե ով եմ ես։ (Վանում է Օտարականին): Ցույց տուր…

ՕՏԱՐԱԿԱՆ(ընկած տեղից): Դու մեծագույն ստրուկն ես, ում երբևէ տեսել է աշխարհը։

ՏՐԴԱՏԼռի՛ր, դև… (Լռություն։ Տրդատը վերցնում է գինու գավաթը, խմում է։) Ինչո՞ւ պղտորեցիր գինին, քեզանից տարիքով կլիներ։ Ախր գյուղացին էր ուղարկել իր հիվանդ արքայի համար։ Ափսոս էր։ Բայց դեռ մեկ ու կես տակառ ունեմ այս ոսկեփրփուր հեղուկից։ Մեկ ու կես տակառ թմբիր, հռհռոց, հետո լաց ու խորը քուն։ Փոշով ներծծված քրտինք… ինչո՞ւ պղծեցիր, անխիղճ։ (Նորից է գինի խմում): Լսիր, Օտարական, դու կարո՞ղ ես ասել՝ ինչի՞ համար եմ ծնվել, ո՞ւմ է պետք իմ գոյությունը, ո՞րն է իմ գոյության իմաստը… 

ՕՏԱՐԱԿԱՆ Հարցիդ պատասխանը հարցիդ մեջ է։ Ինչո՞ւ ես կարծում, որ դու մի բանի համար ես ծնվել։ Ինչո՞ւ ես քո գոյության իմաստը փնտրում քո գոյությունից դուրս։ Որովհետև, ինչպես այս տիեզերքի ցանկացած այլ գոյություն, մարդը համար է, ոչ թե նպատակ։ Կավը գավաթի համար է, գավաթը` գինու, գինին` մարդկանց, իսկ մարդիկ` աստվածների։

ՏՐԴԱՏԻսկ ես աստվածների ինչի՞ն եմ պետք։ Ի՞նչ են ուզում, որ ես անեմ իրենց համար։

ՕՏԱՐԱԿԱՆ Աստվածների կամքն իմանալու համար նայիր ցանկություններիդ։ Մարդկային ցանկությունների համադրումից կամ բախումից է գծվում աստվածների նախատեսած այն հետագիծը, որն անվանում ենք մարդկության պատմություն։ Ցանկության առկայությունը բացառում է կյանքի անիմաստության վերաբերյալ մտորումները։ Որովհետև, եթե կա ցանկություն, կա նպատակ, կա նպատակ, կա ապրելու և գործելու իմաստ։ Ցանկության բացակայությունը ծնում է կյանքի իմաստի վերաբերյալ հարցադրումներ և ունայնության զգացողություն, որովհետև մարդը դադարում է ծառայել աստվածներին։ Նա դուրս է գտնվում իր համար սահմանված հունից։ Վայ նրան, ում ցանկությունները մարել են կամ հասել է դրանց բավարարման սահմանագծին և անցել այն։  Փառք քեզ, քանզի քո ցանկությունները երիզում են տիեզերքը։ Վայ քեզ, դու պիտի հասնես ցանկություններիդ բավարարման եզրին և ճաշակես կյանքի անիմաստության անտանելի և վերջնական զգացումը. կյանքդ կզրկվի իմաստից և խոնջացած մարմինդ կհանգչի մինչ այդ աննշան մի այրքի վրա։ Բայց ոչ բնական կերպով, այլ աստվածների կամքով և դավադիր ձեռքով։ Դու ավարտած կլինես աստվածների սահմանած քո բաժին առաքելությունը։ Եվ կվարձատրվես անմար փառքով։ Փառատենչություն, ահա վեհագույնը մարդկային մղումներից, որին մեծերը կարող են զոհել մնացած բոլոր մանր կրքեը։ Ծառայիր դրան։ 

ՏՐԴԱՏԵվ դու կարծում ես, որ իմ ցանկությունը աշխարհը նվաճե՞լն է։  

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո, նվաճող։

ՏՐԴԱՏ — Իսկ դա աստվածների ինչի՞ն է պետք։

ՕՏԱՐԱԿԱՆ — Քեզ, որ ակնթարթի մասին դատելու համար, հավիտենությունը չի բավի, ակնթարթի մեջ փորձում ես դատել հավիտենի մասին։ Գինին չի հարցնում, թե ինչո՞ւ է հոսում քո որովայն։ Այն, ինչ անհեթեթ է գինու համար, իմաստ ունի քեզ համար։ Աստվածները ուզում են հարբել մարդկային արյամբ։ Միգուցե։ Ուրեմն հառաջ։ Նվաճիր աշխարհը։ 

ՏՐԴԱՏ — Աշխարհը նվաճելու ցանկություն կարող է ունենալ ցանկացած ոչնչություն, որը թագ ունի։ Բայց տվյալ պահին դա տրվում է միայն մեկին։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Եվ այդ մեկը դու ես։

ՏՐԴԱՏ — Դու ընդամենն ասում ես, բայց ինձ ապացույցներ են պետք, Օտարական, ապացույցներ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Աշխարհը լիքն է փաստերով` ցանկացած բան ապացուցելու կամ ժխտելու համար։ Քանզի այդ ապացույցները կամ ժխտումները կատարում է մարդկային սահմանափակ բանականությունը նույն բանականության առջև։ Իսկ մարդկային բանականությունը մարդկային հոգու վրա լողացող անղեկ մի նավ է, որի ուղղությունը որոշվում է հոգու մղումներով։ Այն, ինչ քեզ կասեմ, մի կիսախենթուկ կարող էր հեգնել, մինչդեռ խենթերը ընդունում են դա որպես ապացույց։ Մեծերի կյանքը բաժանվում է երկու մասի։ Բաժանարարը՝ մեծ ունայնություն։ Քո անցած կյանքը ուրվագծում է անցնելիք կյանքիդ փառահեղությունը։ Թվարկեմ կյանքիդ հիշարժան դեպքերը. տարիներ առաջ դու Հռոմի կրկեսում ձիարշավի ընթացքում հակառակորդի ճարպկությունից կառքից վայր ընկար, սակայն բռնելով կառքը`բարձրացար նորից, և այս արարքդ քեզ ավելի մեծ փառք բերեց, քան կբերեր հաղթանակը։

ՏՐԴԱՏ — Եվ ի՞նչ էր դրանով կանխահայտնվում։

ՕՏԱՐԱԿԱՆ — Այժմ դու Դիոկղետիանոսի ճարպկությունից վայր ես ընկել՝ ավելի մեծ փառք ձեռք բերելու համար։

ՏՐԴԱՏ — Այո, թեև ձիարշավի ընթացքում փառք ձեռք բերեցի, բայց չհաղթեցի։

ՕՏԱՐԱԿԱՆ — Իսկ այդ մեծ փառքը կանխորոշված է մեկ այլ դիպվածով։ Երբ Հռոմի կայսեր ծիրանին հագած, կայսեր կերպարով, մարտնչում էիր գոթերի հուժկու թագավորի հետ և հաղթում նրան, կանխորոշվում էր, որ դառնալու ես մի մեծ կայսրության անհաղթ տիրակալ, և քո ուսերին փողփողալու է այդ դեռ չլսված հսկա տերության կայսեր ծիրանին։ Հռոմը կծնկի քո առջև, Տրդատ։

ՏՐԴԱՏ — Իսկ Պարսկաստա՞նը։

ՕՏԱՐԱԿԱՆ – Հիշո՞ւմ ես քաջին, որը կրկեսում բռնելով երկու խոշոր ցուլերի՝ մեկին  կոտոշից, մյուսին՝ սմբակից, երկուսին մեկ տեղ հնազանդեցրեց։

ՏՐԴԱՏ — Այո հիշում եմ։ Տրդատ էր անունը ու ինձ նման էր, սակայն ավելի երիտասարդ էր ու զորեղ ոգով։ Մեկնաբանությո՞ւնը…  

ՕՏԱՐԱԿԱՆ — Հարկ չունես այլևս մեկնաբանության։

ՏՐԴԱՏ — Այդ երկու ցուլերից մեկը Հռոմն էր, մյուսը` Տիզբո՞նը…

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո, տիեզերակալ։

ՏՐԴԱՏ — Դու լավ ես խաբում, Օտարական։ Ես քեզ հավատում եմ։ Բայց մինչև մեծ ունայնություն՝ հուսահատվելով ես թույլ եմ տվել այնպիսի մի բան, որը, կարծում եմ, վայել չէ բնավ աշխարհակալին։ Կցնկանայի քո իսկ մեկնությամբ իմանալ, թե ի՞նչ է կանխագուշակում իմ այդ արարքը։ Բայց… չեմ կարող այն քեզ խոստովանել։ Կամ, ավելի ճիշտ, վախենում եմ, որ այդ թեթև քամուց հանկարծ խորտակվի հավատի հզոր այն աշտարակը, որ կառուցեցիր մտքիս ու հոգուս անապատներում։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Աշխարհի տիրակալը իր սուրը երբեք չէր դնի ինչ-որ կայսեր ոտքերի տակ։

ՏՐԴԱՏ(զարմացած): Այո, Օտարական, չէր դնի։

ՕՏԱՐԱԿԱՆ — Բայց նա վերադարձրեց այն սուրը, որ կաշկանդում էր բարեկամությամբ: Մեծ արշավանքից առաջ նա քանդում է բոլոր կապանքները։  

ՏՐԴԱՏ — Այո, մեծ արշավանքից առաջ… իսկապես պետք է քեզ պես ամենագետ և իմաստուն խորհրդատու ունենալ։ Դու ընդունակ ես իմանալ բաներ, որոնք հայտնի են միայն Հռոմի արքունիքիում, այն էլ միայն Դիոկղետիանոսին։ Հրաշալի է։ Դու պարզապես հանճար ես… (Դադար, ապա՝ անսպասելի): Դու բացահայտված ես։ Ես քեզ ուշադիր լսում էի, թե ինձ ուր ես առաջնորդում, Օտարական, որպեսզի կռահեմ, թե ով է քեզ այստեղ ուղարկել և ինչ նպատակով։ Դու, ոգևորված, վրիպեցիր և ասացիր այնպիսի մանրամասներ, որից դատելով այժմ համոզված կարող եմ ասել. դու Հռոմի լրտեսն ես։ Հավանաբար նա քեզ ուղարկել է ճշտելու, թե ինչ էր նշանակում մեր բարեկամությունը խորհրդանշող սուրը ետ տալը։ Լավ ճշտեցիր, և ինչ որ իմացար՝ գլխումդ է։ Կարող ես չանհանգստանալ՝ առաջադրանքդ իր լրմանը կհասնի՝ գլուխդ ապահով կուղարկեմ Հռոմ՝ Դիոկղետիանոսին, իսկ մարմնիդ մասին… դեռ կմտածեմ… միգուցե կհոգան բորենիները։ Հա, հա, հա… Զվարճալի էր, շատ ուրախացանք… Իսկ այժմ կանչեմ դռնապահներիս, որ ուղեկցեն քեզ դեպ կառափնարան։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Դռնապահներդ տեղում չեն, արքա։ Նրանց թագուհիդ, մեծ քրմի դրդմամբ, հեռացրել է, որ ականջալուր լինի հանճարեղ կռահումներիդ։ Բայց զուր. այն, ինչ ասացիր, ավելին չէր, քան Աշխեն թագուհին կարող էր կարծել։

ՏՐԴԱՏ (անաղմուկ մոտենում է և բացում արքայասենյակի դռները։ Աշխեն թագուհին, որը հենվել էր դռանը և փորձում էր լսել, բացված դռներից ընկնում է Տրդատի վրա։ Զարմացած Տրդատը նայում է Օտարականին, ապա` Աշխենին): Դու այստեղ ի՞նչ ես անում, Աշխեն։

ԱՇԽԵՆ — Հսկում եմ, Տեր իմ։

ՏՐԴԱՏ — Իսկ պահակնե՞րը, որտե՞ղ են նրանք։ 

ՊԱՀԱԿՆԵՐ (վազելով մոտենում են): Այստեղ ենք, արքա, հրամայրիր։

ՏՐԴԱՏ — Այս խրտվիլակին… տարեք… (Դադար):

ՊԱՀԱԿԻՆԵՐ – Ո՞ւր տանենք, արքա։

ԱՇԽԵՆ — Կառափնարան… հասկանալի չէ՞…

ՏՐԴԱՏ — Ոչ, նորից բանտ տարեք։

Պահակները Օտարականին տանում են։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

ԱՇԽԵՆ – Ինչո՞ւ փոխեցիր վճիռդ, Տրդատ, ես վախենում եմ այդ խոժոռադեմ Օտարականից։ Զգույշ կաց, խնդրում եմ։ Դու քաջ ես, ուժեղ և իմաստուն, դրա համար կփորձեն քեզ դավել։ Իսկ դավը դյուրին է իրագործվում այնտեղ, որտեղ ինքավստահությունն արձակուրդ է տալիս զգոնությանը։ Զգոն եղիր, Տրդատ։ 

ՏՐԴԱՏ — Նա ինչպե՞ս իմացավ, որ դու գաղտնալսում ես, Աշխեն։

ԱՇԽԵՆ — Չգիտեմ…չգիտեմ…

ՏՐԴԱՏ — Դա ինձ համար խիստ անհրաժեշտ է… միգուցե նա քեզ նկատել է մինչև այս սենյակ մտնե՞լը։

ԱՇԽԵՆ — Միգուցե…

ՏՐԴԱՏ — Ինձ հստակ պատասխան տուր, Աշխեն, առանց միգուցեների։

ԱՇԽԵՆ — Ես հասա այն պահին, երբ նրա հետևից դռնապահները փակեցին դռները։ 

ՏՐԴԱՏ — Իսկ մինչ ա՞յդ։

ԱՇԽԵՆ — Մինչ այդ մենք թաքնված նայում էինք նրան։

ՏՐԴԱՏ — Հնարավո՞ր է, որ այդ պահին է նկատել քեզ` այս սենյակի ուղղությամբ շտապելիս։

ԱՇԽԵՆ — Ոչ, Տրդատ, մենք դեռ չէինք որոշել, թե մեզնից ով է ականջ դնելու ձեր զրույցին։

ՏՐԴԱՏ — Իսկ ինչո՞ւ հատկապես դու որոշեցիր գաղտնալսել։ 

ԱՇԽԵՆ — Ես վստահ էի, որ ինձ կներես, որովհետև մեր սերն ավելի մեծ է, քան այն զանցանքը, որը գործվեց հանուն նույն սիրո։ Իսկ եթե նույնիս չներես, Տրդատ, ես չեմ զղջալու արածիս համար։ Հանուն Տրդատի ապահովության, պատրաստ եմ կրել Տրդատի ցասումն ու կշտամբանքը։  

ՏՐԴԱՏ – Ինչո՞ւ դու չհեռացար դռների մոտից, երբ նա կռահել էր, որ ականջ ես դնում մեր զրույցին…  

ԱՇԽԵՆ — Ես այդ պահին զարմացած մտորում էի, թե նա ինչպես իմացավ իմ ներկայության մասին։ Եվ հետո, երբ ամեն ինչ բացահայտված էր, իմ հեռացումը վախկոտության կնմանվեր։ 

ՏՐԴԱՏ — Բայց գոնե զգաստ կանգնեիր, որպեսզի դուռը բացելիս ինձ վրա չընկնեիր։

ԱՇԽԵՆ — Երբ ձեր ձայնը կտրվեց, ես փորձում էի ավելի լավ լսել, թե ինչ է կատարվում ներսում՝ չկռահելով, որ դու մոտենում ես դռներին։ Քո ոտնաձայներն անլսելի էին։ Բայց ես ուրախ եմ, որ քո վրա ընկա, և դու ինձ գրկեցիր… երկար ժամանակ չէի վայելել քո գիրկը, Տրդատ։ Դու այն բաժին ես հանում միայն հարճերիդ։ Կարծես փորձում ես ցոփության և գինեմոլության մեջ խեղդել մռայլ տրամադրությունդ։ Բայց նվիրյալ սիրտը միայն կարող է մեղմել հոգու խռովքը։ Այս ի՞նչ է մազերիդ վիճակը, թույլ տուր հարդարեմ։ Բայց նախ պետք է հանեմ թագը։  

ՏՐԴԱՏ(կայծակնահար): Ոչ, ձեռք չտաս թագին, ես նրանով ծիծաղելի եմ և արհամարհելի, ձեռք չտաս… սա իմ անպատվությունն է, որ ուզում եմ մինչև վերջ վայելել։ Ինձ նույնիսկ հաճելի է քո դավաճանությունը, Աշխեն։ Նույնը չի կարելի ասել գգվանքներիդ մասին` դրանք անտանելին են։   

ԱՇԽԵՆ — Թող ների իմ արքան, որ իմ ներկայությամբ տհաճություն եմ պատճառում նրան։ Ինձ համար ծանր են քո վիրավորանքները, բայց ես սիրով ու ճակատագրով եմ դատապարտված կրելու դրանք։ Նախ և առաջ` սիրով։ Շարունակիր վիրավորել ինձ, ես պատրաստ եմ, Տրդատ, եթե դա քեզ դուր է գալիս։ 

ՏՐԴԱՏ — Իսկ ինչքա՞ն է գաղտնալսումների համար քեզ վճարում Արձանը։ Բայց քեզ համար կարելի էր պալատում այլ ծառայություն գտնել, ավելի բարձր վարձատրվող մեկ այլ ծառայություն, դրա համար ունես բոլոր նախադրյալները։ Ասենք, դու կարող էիր լինել Ներսեհի լրտեսը…  կամ նրա հարճը։ Կլինեիր, եթե Ներսեհը այս պալատում լիներ։ Դու արտասվե՞լ գիտես… մի բան, որ կարող է առաքինությամբ սքողել նույնիսկ իմ հարճերից ամենահետինին։ 

ԱՇԽԵՆ — (ընկնելով Տրդատի ոտքերը, լալով): Սպանիր ինձ, Տրդատ, սպանիր։

ՏՐԴԱՏ — Հեռու ինձանից… (Ոտքով հրում է Աշխենին): Քեզպեսներին չեն սպանում, քեզպեսներին վռնդում են…

ԱՇԽԵՆ — (վճռական ոտքի է կանգնում): Այո, վռնդում են։ Երբ Հռոմն է Հայաստանի հովանավորը, այլևս ինչ արժեն հանուն խաղաղության կնքված պայմանագրերը։ Մոռացել էի, որ ընդամենը պայմանագիր եմ, որին կարելի է պատռել և դեն նետել, երբ հանգամանքները նպաստավոր են։ Բայց ես ալանաց դուստրն եմ, Տրդատ, այն ալանաց, որոնց հետ կռվելը քեզ համար այնքան էլ հեշտ բան չէր, դրա համար ինձ կնության առար։ Թեև մի թուլակազմ կին եմ, բայց թույլ չեմ տա ինձ ստորացնել, նույնիսկ քեզ, լսում ես, հայոց արքա։ Եթե ես գաղտնալսում էի, ապա` քո կյանքի համար դողալով։    

ՏՐԴԱՏ — Դու շատ գեղեցիկ պայմանագիր ես, համարձակ պայմանագիր ես… Լսո՞ւմ ես, պայմանագիր, ասա այդ տրամաբանությանը, որ գաղտնալսումները չեն փրկի, ես անհագորեն դեպի կործանում եմ գնում, իսկ եթե գնացողը ես եմ, ո՞վ կարող է կասեցնել իմ ընթացքը։ Գնա, Աշխեն, գնա, ես ներում չեմ խնդրում քեզանից, բայց դու ներիր… պայմանգիր: (Վերցնում է գինու գավաթը):

ԱՇԽԵՆ – Ինչո՞ւ ես տանջում քեզ, Տրդատ, ես քեզ կհասկանամ, խոսիր ինձ հետ, խնդրում եմ։

ՏՐԴԱՏ — Դու դեռ այստե՞ղ ես, գնա, քանի դեռ ես ծիծաղում եմ

ԱՇԽԵՆ — (Տրդատի հայացքից վախեցած՝ շտապ դուրս է գնում)։

ՏՐԴԱՏ — (գոռում է): Այդ տրամաբանությանն ասա, որ ես կործանվում եմ, և ոչ ոք չհամարձակվի ինձ կասեցնել, լսո՞ւմ եք, էհեյ։ Ասա այդ տրամաբանությանը, որ վաղը նույնպես պատերազմից հետո է, բայց մեկ այլ՝ շռնդալից և աշխարհացունց պատերազմից հետո։ Ես կծիծաղեմ քեզ վրա, աշխարհ, կծիծաղեմ այնքան անհագորեն, մինչև որ ինքդ սկսես խնդալ։ Կվերափոխեմ քեզ, այնքան կայլափոխեմ, որ դու այլևս քեզ չես ճանաչի։ Բայց փոխարենը կճանաչես ինձ ու կճանաչես որպես աշխարհակալ։

Ո՞ւր է Հռոմի փառքը, կհարցնեն սերունդները։ 

Ու՞ր են նրա կեսարներն ու կայսրերը, որոնց ձիերի սլացքի փոշին նստում էր հակված գլուխների վրա։

Ո՞ւր են այն Պոմպեոսները, որոնց առջև ծերունի Տիգրաններն իրենց թագն էին հանում։

(Դեն է նետում թագը): 

Ո՞ւր են այն թագերը, որով թագադրվում էին հայոց արքաները` Հռոմի կամ էլ Տիզբոնի կամքով։ Ո՞ւր են (Հանում է սուրը):

Սրովս պիտի գրվեն նոթերը վասն խորտակման քո հաղթարշվի այս հեղգ աշխարհով, որ մինչև հիմա հանդուրժել է քեզ, սնապարծ Հռոմ։

(Հանդարտվում է)։ Եվ սա այն աշխարհն է, որի համար այնքան ջանադիր կռվում են աշխարհի թագավորները։ Եվ այդ աշխարհը ընդամենը սա է։ Բայց կռվիր` այն, ինչ անիմաստ է գինու համար, իմաստ ունի քեզ համար։ 

Դուրս է գնում։ 

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Հնձան` Վաղարշապատի արվարձաններում։ Հնձանի պատից աջ մի խումբ կանայք աղոթում են։ Նրանցից մեկի աղոթքն ավելի հստակ է լսվում։ 

ՄԱՅՐԱՊԵՏ Տեր, նայիր երկնքից` քո սրբարանից, որպեսզի չլինենք ավազի վրա շինված այն տան նման, որ խարխլեցին պես-պես փորձությունների նեղիչ խռովությունները, այլ հաստատիր խաղաղության Ավետարանի ճշմարտությամբ և առաջնորդիր մեզ ըստ քո կամքի։ Արժանի արա մեզ լույսի հարսանիքի գիշերին, երբ գիշերը ցերեկվա նման լուսավոր կդարձնես քո փառքի ճառագայթների ծագման ժամանակ։ Ապրեցրու մեզ քո թևերի տակ, և մենք կհասնենք քո կամքի նավահանգիստը։ Տուր մեզ հնարավորություն նահատակության բաժակը խմելու, որպեսզի փոխարենը առնենք պսակը արդար դատաստանի օրը, երբ քո փառքը հայտնվի6

Հնձանի պատից ձախ հայտնվում են Գուսանը և Զարեհը։

ԶԱՐԵՀ — Սա՞ է հնձանը։

ԳՈՒՍԱՆ — Սա է, որդի քրմապետի, ներսում օդը հեղձուցիչ է, չարժե ներս մտնել, ինքս կվերցնեմ և արագ կգամ։ 

ԶԱՐԵՀ — Դե շուտ` ներս գնա, այստեղ կսպասեմ։  

ԳՈՒՍԱՆ — (ներս է մտնում ու կանգնում։ Նա անտեսանելի է մնում կանանց համար։ Մեկուսի): Ես խիստ անպատեհ ժամի եմ եկել, ընդհատե՞մ նրանց… Չէ, չեմ ընդհատի… Այս ինչ փորձանք էր… փութկոտ պատանին էլ չի համբերի` հիմա ներս կգա ու կհասկանա, որ թաքցնում եմ խաչապաշտ կանանց մի ամբողջ խմբի և դա կլինի վախճանդ, Գուսան… Քեզ կհամարեն մի քրիստոնյա և շուկայի մեջ` գլխիդ խփելով դուրս կվռնդեն դեպի էն աշխարհ…    

ԶԱՐԵՀ — Ի՞նչ եղավ նրան, շատ է ուշանում` ներս մտնե՞մ, ինչ է…

ԳՈՒՍԱՆ — Քրիստոնյաների Աստված, փրկիր ինձ, խնդրում եմ, ու փրկիր նաև քեզ հավատացող այս կանանց խմբին… 

ՄԱՅՐԱՊԵՏ — Թող մեր աղոթքը սաղմոսով փակենք, եկ մեջտեղ, Հռիփսիմե, դու երգիր, իսկ մենք քեզ կձայնակցենք։

ՀՌԻՓՍԻՄԵ — (առաջ է գալիս։ Նրա մազերը գլխաշորի տակից ներքև են թափված։  Խաչակնքվում է և սկսում է երգել).

— Ով բնակիչներ Երուսաղեմի, 

Ո՞ւր է նորածին Փրկիչն աշխարհի։

Աստղը նրա շողաց երկնքում,  

Ծնունդն ավետեց մեզ արևելքում։

Բարի հովիվներ սուրբ Բեթղեհեմի,

Ձեր քաղաքում է ծնունդն Արքայի,

Աստծո օրհնանքը լինի ձեզ վրա,

Ասացեք, ո՞ւր է օրրանը նրա։

Կանանց մեջ օրհնյալ, ով սուրբ Տիրամայր,

Մենք ճանապարհ ենք անցել շատ երկար։

Զմուռս ենք բերել, կնդրուկ ու ոսկի` 

Մանկանդ առջև իջնում ենք ծնկի։ 

Միակ Ճանապարհ, քեզանով մեզ տար,

Տար երկնային Քո հանգրվանը։

Որ Քեզ հետ լինենք ու մեղքին` օտար 

Ու հար բնակվենք մեր Տիրոջ տանը։ 

Քերովբեներիդ ձայնակից արա,

Որ օրհնաբանենք Քո Սուրբ Անունը,

Դու մեզ հավիտյան փրկել ես չարից,

Մեզ համար թափել Քո Սուրբ արյունը7։ 

ԶԱՐԵՀ — (ներս է մտնում): Ինչ ես կանգնել, դե առաջ գնա, ումից ես վերցնում, վերցրու, շուտ արի։ 

ԳՈՒՍԱՆ — Սա նրանց համար աղոթքի ժամ է, ստիպված մի քիչ պետք է սպասենք։

ԶԱՐԵՀ — Աղո՞թք, ի՞նչ աղոթք… ի՞նչ անուշ ձայն է, այդ ո՞վ է երգում, կարո՞ղ եմ քիչ էլ ես առաջ գնալ…  

ԳՈՒՍԱՆ — Խնդրում եմ, այնպես, որ քեզ չտեսնեն…

ԶԱՐԵՀ — Ինչ գեղեցկություն… և դյութիչ վարսեր… աչքեր… շրթունքներ… Ո՞վ է նա, Գուսան, դիցանո՞ւշ է մի… երգիր, դիցանուշ, թող երգդ երբեք ավարտ չունենա…  քեզ մա՞յր է ծնել… քեզ ո՞վ է ծնել… 

ԳՈՒՍԱՆ — Կամաց, խնդրում եմ, ձայնդ ակամա բարձրացնում ես…

ԶԱՐԵՀ — Ձա՞յնս… ի՞նչ ձայն… ուլունքնե՞րը… այո… ինչ սև գիշեր է… Ես ուշանում եմ… 

ԳՈՒՍԱՆ — (արդեն ինքնավստահ): Եթե ուզում ես, կարող եմ նրան ընդահատել…

ԶԱՐԵՀ — Ընդհատե՞լ, երբեք, և դու գուսա՞ն ես… դու ավելի շուտ բիրտ վաճառական կարող ես լինել. անսիրտ մի էակ, որ հանուն շահի կարող է դավել երկիր ու արքա… Սա գուսանների կռավյունը չէ, նրա շուրթերով երկինքն է երգում… Ինչպիսի անուշ ներդաշնակություն… հոգիս խնդում է… նա անուն ունի՞։

ԳՈՒՍԱՆ — (վիրավորված և վիրավորելու մտադրությամբ): Բայց նա… քրիստոնյա է, որդի քրմապետի…

ԶԱՐԵՀ — Դա կարևոր չէ, անունն ինձ ասա… 

ԳՈՒՍԱՆ — Նրա անունը Հռիփսիմե է։

ԶԱՐԵՀ — Ի՞նչ … 

ԳՈՒՍԱՆ — Հռիփսիմե… Երգն ավարտեցին, խաչակնքվում են… Մայրապետն ահա այս կողմ է գալիս` նկատել է մեզ… Նրան մի նայիր այդպես կլանված, թե չէ կարող են քեզ վատ ընդունել… 

ՄԱՅՐԱՊԵՏ — Աստված օրհնի, եղբայր, և քեզ` պատանի, ի՞նչն է այս ժամին ձեզ հնձան բերել։

ԳՈՒՍԱՆ — Աստված բոլորիս պահապան, մայրապետ, նա մի բարի տղա է, կարող եք նրան վստահել։ Նա ուզում է ուլունքներ գնել սիրածի համար։ 

ԳԱՅԱՆԵ — Աստված օրհինի քեզ, ի՞նչ է անունդ, որդի։

ԶԱՐԵՀ — Զարեհ, մայրապետ։

ՄԱՅՐԱՊԵՏ — Ուլունքներ, կարծեմ, հինգ վզնոց ունենք, քեզ քանի՞սն է պետք, Զարեհ։

ԶԱՐԵՀ — Բոլորը, մայրապետ…

ՄԱՅՐԱՊԵՏ — Հիմա կվերադառնամ: (Գնում է):

ԶԱՐԵՀ — Գուսան, նա ինչո՞ւ այս կողմ չի նայում։

ԳՈՒՍԱՆ — Նա ուխտել է հավերժ կույս մնալ` նվիրաբերվելով իր Աստծուն…

ԶԱՐԵՀ — Դա նրանից է, որ իր գեղանի տեսքին արժանի որևէ մեկին դեռ չի հանդիպել։

ԳՈՒՍԱՆ — Չէ, ինչ ես ասում, նրան նույնիսկ Հռոմի կայսրն է փորձել կնության առնել, բայց նա մերժել է և այս կանանց հետ փախել մեր երկիր։

ԶԱՐԵՀ — Եվ ճիշտ է արել… այսպիսի դալար, քնքուշ ծաղիկը այս բուրաստանի համար է ծնվել: (Ցույց տալով սիրտը):

ԳՈՒՍԱՆ — Նա հռոմեական երևելի տնից է, Օգոստոս կայսեր թագավորական տոհմից…

ԶԱՐԵՀ — Բայց այն ի՞նչ խաչ է նրա ձյունաձիր վիզը զարդարում, որին նա այնպես երկյուղածությամբ ու ջերմ խնամքով փարել է ձեռքը։ 

ԳՈՒՍԱՆ — Նրանք պատմել են, որ դա մի խաչ է` պատրաստված իրենց Քրիստոս Աստծո սուրբ խաչափայտից և թաթախված է նրա արյունով։ Դա նրա համար մի շատ թանկագին մասունք է, Զարեհ, որ նա չի փոխի աշխարհի ոչ մի անգին զարդի հետ։

ԶԱՐԵՀ — Ես նախանձում եմ այդ փոքրիկ խաչին։ Երանի նրան, որ ծվարել է նրա սուրբ ձեռքի և ուրախ սրտի խանձարուրի մեջ։ Ես ծածուկ կերպով մի օր այդ խաչը պիտի գողանամ և պատրելով, թե խիստ մտահոգված որոնում եմ այն, իբր գտնելով նրան կհանձնեմ, որ գեթ ակնթարթ սիրտս ջերմանա նրա աչքերի երախտահատույց, ուրախ ցոլանքով։ Եվ խաչը նրան վերադարձնելիս, դիտավորությամբ, ես ձեռքս նրա ձեռքին կհպեմ։  

ԳՈՒՍԱՆ — Գալիս է, Զարեհ, այն կողմ մի նայիր…

ԶԱՐԵՀ — Ես պիտի նայեմ, շարունակ նայեմ, որ գոնե որսամ հայացքը նրա և իմ հայացքով նրա սրտի մեջ իմ սիրտը հեղեմ։

ԳՈՒՍԱՆ — Հայացքդ թեքիր, Մայրապետը եկավ։ (Մոտեցող մայրապետին): Տուր ինձ, Մայրապետ, արժեքը դրանց ես կվճարեմ առավոտ կանուխ։

ԶԱՐԵՀ — Ոչ, Գուսան, արժեքը դրանց ես կվճարեմ հենց հիմա, խնդրեմ մայրապետ… (Մայրապետին է պարզում քսակը։ Գուսանը լարված նախ նայում է քսակին, հետո` Մայրապետին։) 

ՄԱՅՐԱՊԵՏ — Ես կարծում եմ, որ այստեղ շատ ավելին է, քան պետք է վճարել։

ԶԱՐԵՀ — Ես վախենում եմ, որ երբեք այս ուլունքների արժեքը չեմ կարող վճարել, Մայրապետ, նույնիսկ կյանքս չի բավի դրանց դիմաց վճարելու համար։

ՄԱՅՐԱՊԵՏ — Այստեղ ավելին է, քան մեզ հարկավոր է, վերցրու, Գուսան, դրանք բաժանիր քեզ հանդիպող աղքատներին։

ԳՈՒՍԱՆ — Մի մերժիր պատանուն, մայրապետ, պահիր քսակը։ 

ՄԱՅՐԱՊԵՏ — Ես չեմ մերժում Զարեհին, ես այն վերցնում եմ, բայց տալիս եմ քեզ, Գուսան, որ բաժանես կարիքավոր մարդկանց։

ԳՈՒՍԱՆ — Պահիր վաղվա օրվա համար, մայարապետ, դուք բազում կարիքներ ունեք հոգալու։

ՄԱՅՐԱՊԵՏ — Հիշիր Տիրոջ խոսքը, Գուսան, օրվա հոգսն հոգա, և ոչ ավելին, վաղվա օրն իրեն հոգսը թող անի։

ԳՈՒՍԱՆ — Ամեն, Մայրապետ, ես կբաժանեմ նրանց, ում հարկն է։

ՄԱՅՐԱՊԵՏ — Գնաք խաղաղությամբ։

ԳՈՒՍԱՆ — Աստված ձեզ հետ, Մայրապետ։

ԶԱՐԵՀ — (խոնարհվում է): Աստված ձեզ հետ, Մայրապետ։

ՄԱՅՐԱՊԵՏ — Եվ քեզ հետ, որդի։

Դուրս են գնում։

ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Վաղարշապատի շահաստանում։ Գալիս է Նանեն։

ՆԱՆԵ — (մեկուսի): Թող ողջ քաղաքն իմանա, որ քրմապետի որդուն սիրահար, ես սպասում եմ ու դեռ կսպասեմ մինչև կյանքիս վերջ, եթե հարկ լինի։ Թեև մթնում է, բայց ես լուսնի հետ գիշերը կհսկեմ, որ մութը սիրո հույսը չմարի։ Եթե մի փորձանք նրան չի պատել, ուրեմն կգա, անպայման կգա։ Բայց ի՞նչ կարող է պատահած լինել։ Ասում են` այսօր շուկայում դարձյալ արյուն է թափվել, և դա տագնապ է ներշնչում հոգուս։ Քրմերի դրդմամբ վայրագ ամբոխը մի քրիստոնյա երիտասարդի պարտադրել է գլուխ խոնարհել Անահիտ աստծո բագինի առաջ։ Երիտասարդը հրաժարվել է և ի պատասխան խուժանի ճնշման` նա բարձր ձայնով փառաբանել է իր խաչված Աստծուն։ Եվ հենց այդ պահին քարե տարափ է տեղացել գլխին, ու խեղճը, «Հիսուս, Հիսուս» կանչելով, շունչը փչել է։ Նաև ասում են, որ մահանալիս դեմքը ժպիտով լուսավորվել է ու այդպես հանգչել։ Ես մտածում եմ, որ նա այդ պահին սիրած աղջկա հայացքն է հիշել։ Խեղճ աղջիկ, հոգին կտոր-կտոր կլինի, էլ ոնց կապրի… Օ, եթե Զարեհին այդպես անեին, բոլոր քրմերի գլուխը կջարդեի, սրախողող կանեի, ապա ցիներին կոչունք կհղեի… Ախ, ինչ անմիտն եմ`  ինչո՞ւ պետք է Զարեհին այդպես անեին։ Պատկերացնում եմ` քրմապետի որդին քրիստոնյա… ոչ, երբեք, Զարեհը ավելի շուտ, առյուծի նման մռնչալով, նրանց դես ու դեն կշպրտեր ու լավ դաս կտար… Ինչ եմ հիմարաբանում… էլ չեմ համբերում, գնամ, մարդ ղրկեմ` երեկ գիշեր նա, իսկ այս գիշեր` ես ամբողջ քաղաքում նրան կփնտրեմ ու հենց որ գտնեմ` շրթների անուշ, առնական փունջը սովից տոչորվող մտրուկի նման անվերջ կարածեմ։

ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

Գալիս են Զարեհը և Գուսանը։

ԳՈՒՍԱՆ — Ահա հատում ենք մենք արվարձանի սահմանը, Զարեհ, ո՞ր կողմ ես գնում։ 

ԶԱՐԵՀ — Ես ո՞ւր եմ գնում… Չէ, ես չեմ գնում, ձիս ինձ տանում է դեպի ուշացած ժամադրության։ Բայց ուր էլ տանի, անսիրտ եմ գնում, սիրտս պահ տվի ես մութ հնձանի լուսե տիրուհուն։ Այս ուղեշարձակ ծառերն էլ կարծես, Հռիփսիմեի վարսերից ուսած, թափվել են ճամփիս և, ուղեբեկիս աշտանակելով, ետ են դարձնում դեպի արվարձան, ուր հնձանի մեջ սիրո խաղողն է անվերջ տրորվում` գինի դառնալու փայփայված հույսով։ Տեսնո՞ւմ ես, Գուսան, լուսնյակն ինչպես է զեփյուռի անուշ դայլայլի ներքո պարում ջրի մեջ` այսպիսին էին Հռիփսիմեի աչքերը անշեջ։ 

ԳՈՒՍԱՆ — Դու ուլունքները ո՞ւմ պիտի տանես։ Էլ չե՞ս շտապում։

ԶԱՐԵՀ — Ուլունքներ, ահա ես քեզ կբերեմ, իմ անբախտ Նանե։ Ուլունքի թելը թեկուզ ամրակուռ մետաղից լինի` բազկիս հաստության և հազար քրմեր իրենց ծեսերով դյութանքով օծեն, դարձյալ անզոր են սիրտս քո սրտին գեթ մի ակնթարթ շղթաված պահել։ Այդ ո՞վ է ասել, որ ուլունքները իրենց դյութանքով սիրող սրտերը կապում են իրար, դո՞ւ, վաճառական… քո շահի համա՞ր… որ ուլունքները արագ վաճառե՞ս` ուզածդ գնով… (Իրեն մի կերպ զսպելով): Ախ,  ծերուկ Գուսան… և խեղճ աղջիկը հավատացել է։ Դրանք դյութում են… միայն հնձանում։ Այդ մեղքիդ համար, չգիտեմ, պատժեմ, թե շնորհակալ լինեմ ծնրադիր։ 

ԳՈՒՍԱՆ — Ես չէի ուզում քեզ հնձան բերել, բայց դու խենթացած ինձ քարշ տվեցիր, և ես ստիպված հնազանդվեցի։

ԶԱՐԵՀ — Լուսադեմին եմ անկողին մտել և հոգնած քնել։ Մինչև արթնացա և շուկա եկա, այնտեղ քեզ գտա` վերջին վզնոցը մի սևուկ կնոջ դու վաճառեցիր։ Բայց չէիր ուզում, որ ես հնձան գամ: (Հարցական նայում է Գուսանին): 

ԳՈՒՍԱՆ — Չէ, չէի ուզում։

ԶԱՐԵՀ — Իսկ ինչի՞ համար։

ԳՈՒՍԱՆ — Դու քրմապետի որդին ես, Զարեհ, նրանք` խաչապաշտ։ Ես մտածեցի, երբ որ իմանաս, իսկույն այդ կանանց գլխատել կտաս։

ԶԱՐԵՀ — Բայց երբ գլխատել չտվի նրանց, դու չզարմացա՞ր…

ԳՈՒՍԱՆ — Այո, զարմացա, բայց երբ հասկացա, որ Հռիփսիմեն քեզ շատ դուր եկավ, ես մտածեցի` հանուն այդ կույսի դու կխնայես և մյուսներին։

ԶԱՐԵՀ — Այո, դա էլ կա, բայց սիրուց բացի խաչապաշտներին խնայելու այլ պատճառ ունեմ։ Գուսան, դու գիտե՞ս, ո՞վ էր իմ մայրը, ի՞նչ պարագայում դեռ երիտասարդ նա շիրիմ իջավ։ 

ԳՈՒՍԱՆ — Այո, լսել եմ` օձի խայթոցից։

ԶԱՐԵՀ — Այդ պատմությունը ես էլ եմ լսել, նաև լսել եմ ես իմ դայակից, որ ունեցել է  նա մի աղախին, որը հարել է քրիստոնեից կրոնին, Գուսան։ Մայրս այս բանը գաղտնի է պահել` նրան չի հանձնել քրմերի դատին և կասկածելով, որ մայրս նույնպես քրիստոնյա է… օձը խայթել է։ Ես այդ ժամանակ շատ փոքր եմ եղել, դեմքը հիշում եմ շատ աղոտ կերպով… Երբ մայրապետը մեզ դիմավորեց և գորովագին իմ դեմքին նայեց, անունս տվեց, մորս կարոտը ինձ խեղդեց հանկարծ… Հիմա խոստացիր, որ նրանց տեղը գաղտնի կմնա բոլորի համար։ 

ԳՈՒՍԱՆ — Գաղտնի կմնա։

ԶԱՐԵՀ — Գաղտնի կմնա և իմ այս սերը։

ԳՈՒՍԱՆ — Գաղտնի կմնա, անհոգ կաց, Զարեհ, ես խոստանում եմ։ 

ԶԱՐԵՀ — Բայց նաև ասա, ինձ մի խորհուրդ տուր, ես ինչպե՞ս նորից հնձան այցելեմ, ի՞նչ պատրվակով և ինչպե՞ս նրա սիրտը նվաճեմ։ (Դադար։) Դե մի բան ասա, ի՞նչ ես մտածում։

ԳՈՒՍԱՆ — Միայն մի ելք կա` շատ վտանգավոր։

ԶԱՐԵՀ — Վտանգը սիրո արհամարհանքից սարսռում է, Գուսան, դու ելքը ասա։

ԳՈՒՍԱՆ — Այն ի՞նչ ‎ֆշշոց էր, լսեցի՞ր, Զարեհ, երևի օձ էր։

ԶԱՐԵՀ — Ոչինչ չեմ լսում, ծղրիդն է միայն անհոգ ճռճռում…

ԳՈՒՍԱՆ — Զգույշշշ, շշշատ զգույշշշ, նա մեզ կխայթի…

ԶԱՐԵՀ — Այնպես ես վախով աչքերիս նայում, կարծես այդ օձը աչքերիս մեջ է…

ԳՈՒՍԱՆ — Օհ, զգույշ, Զարեհ, թեկուզ որդին ես դու քրմապետի… քեզ չի խնայի…

ԶԱՐԵՀ — Ո՞վ չի խնայի…

ԳՈՒՍԱՆ – Ուզո՞ւմ ես վաղը քեզ հնձան տանեմ։

ԶԱՐԵՀ — Այո, ուզում եմ, ի՞նչ պատրվակով… 

ԳՈՒՍԱՆ — Դու քրիստոնյա մի պատանի ես, որ ցանկանում է շատ բան իմանալ Հիսուսի մասին…

ԶԱՐԵՀ — Այո… հասկացա, դա դժվար դեր է, որ պիտի խաղամ։

ԳՒՈՍԱՆ — Եվ վտանգավոր… նրանց հետ պետք է աղոթքի ծնկես։

ԶԱՐԵՀ — Աղոթքի ծնկե՞մ…

ԳՈՒՍԱՆ — Եվ ուրանալով քո աստվածներին` Արամազդ, Անահիտ, Աստղիկ, Վահագն… մի խոսքով, թողած դավանանք ու հայր, երկիր ու արքա, օտար մի Աստծո պիտի աղոթես… Վտանգավոր է… և այդ ամենը՝ մի կույսի համար… նվաստացուցիչ… դու չսարսռաս և ոչ էլ վախից կամ թե ամոթից կյանքիդ վերջ կտաս, երբ հանկարծ թվա, որ քրմապետը հնձանի դռնից հետևում է քեզ… սը՜սս… ծառերի միջից, ինձ թվաց՝ մեկը այս կողմ է նայում։  Մի սարսափազդու և խիստ անողորմ հայացք էր, Զարեհ…  (Ինչ-որ բան է ընկնում): Ոտնաձայներ են, մեզ հետևում են… փախչենք այստեղից…  

ԶԱՐԵՀ — (սուրը մերկացնելով): Կաց, չշարժվես,  լուսինն է այդպես սոսկալի նայում  քեզ սրիս շեղբից։

ԳՈՒՍԱՆ — (արդարանալով): Ես ոտնաձայներ լսեցի, Զարեհ…

ԶԱՐԵՀ — Դա ոտնաձայն չէր։ Մի հիմար գլուխ երևի ընկավ մեկի ուսերից կամ մի նեխած միրգ` դիմացի ծառից։  Ինձ երկար-բարակ բաներ մի պատմիր, այլ հակիրճ ասա, ես ինչպե՞ս նրա սերը նվաճեմ։ Այդ դերը ինչպե՞ս կօգնի այս հարցում։ 

ԳՈՒՍԱՆ — Դա պատրվակ է, դու այլ ելք չունես, միայն այդ դեպքում քեզ վստահելով հնձան կթողնեն։ Նաև իմացիր, պետք է չափազանց քեզ զգույշ պահես, որ եղնիկի պես նա չխրտնի։ Թե չէ կարող են բոլոր կույսերը, առնելով նրան, մի գիշերվա մեջ անհետ չքանալ։ Պետք չէ շարունակ նրա աչքերին աչքերդ հառել, ոչ էլ նրա հետ խոսքի բռնվելու հետամուտ լինել և սերդ պատմել։ Առիթը պետք է ինքնաբերաբար հայտնվի, Զարեհ։ Դու վայելչատես և ազնվազարմ մի պատանի ես, եթե նա քար չէ կամ թե կրծքի տակ դարբնի կերտած սիրտ չի ամփոփում, ուրեմն մի օր էլ չի դիմանա, ջահել արյունը դուրս կկայլակի, կխոսի քեզ հետ կամ նշան կտա, որ ինքը նույնպես այն նույն դյուրավառ նյութից է շինված, ինչ որ աշխարհի բոլոր ջահել ու սիրունիկ կանայք… 

ԶԱՐԵՀ — Դե գնա, Գուսան, էլ չեմ դիմանում, սիրտս փոթորկվեց Հռիփսիմեի նվաճված սիրուց, որ քո խոսքերում մատչելի մի բան ուրվագծեցիր։ Վաղը շուկայում ես քեզ կգտնեմ։ Իսկ հիմա խիղճս իր սուր խայթոցով ինձ ստիպում է հանդիպման գնալ և անվերջ ստել, որ հետո այդ նույն արարքի համար ինձ դարձյալ խայթի։ (Ձին խթանելով  դուրս է գնում։) Հեյ, ծերուկ Գուսան, հեյ, դու անպիտան, այս ինչ հրդեհ է, պաղ ջուր հասցրեք, լափում է, լափում…

ԳՈՒՍԱՆ — (ինքն իրեն): Դու այդպես վառված աշխարհի ծայրը մի աշխարհի չափ ետև կթողնես, եթե… նժույգդ աշխարհի ծայրին չսատկի հանկարծ… Ով ջահելության դյուրաթեք հոգի, որ  սիրո հողմից տարուբերվում ես կանանց ծովի մեջ և դեռ խարիսխդ նրանցից մեկի սրտում չձգած, իսկույն հանում ես` մեկ ուրիշ սրտում ձգելու համար։ Նա իր խենթ սիրով փորձանք կբերի… Ճար գտիր, Գուսան, գլուխդ ազատիր… ֆշշ, օձեր են վխտում այս թփերի տակ։ 

Գնում է։

ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ

Այգաբաց է, արքայական պուրակով քայլում են Տրդատը և Օտարականը։

ՏՐԴԱՏ — Մա՞րդ ես, թե՞ ուրու։ Մռայլադեմդ ցնցվո՞ւմ է արդյոք, երբ որ արեգը խայտում է կապույտ ջրերի վրա, երբ թռչունները ուրախ գեղգեղում և ավետում են նոր բացվող օրը։ (Ձեռքով դիպչելով ցողոտ ծառերին): Թե՞ անհաղորդ ես կանաչ թփերից, ծառերից կաթող արևի փշրանք վաղորդյան շաղի շենշող հմայքին։ (Ծառի ճյուղերի արանքից տեսնելով պուրակի մի անկյունում զբոսնող հարճերին): Կնոջ ստինքը ի՞նչ է քեզ համար` սնուցի՞չ մանկան, թե՞ իր ծփանքով այր մարդու սիրտը տռփանքով լցնող սիրո մատռվակ։ Գիտե՞ս արտասվել, հուզվել, բարկանալ կամ գոնե ժպտալ, թե՞ քեզ մարդկային ամեն բան խորթ է։ Այս ո՞ւմ ես հանձնել խորհրդականիդ պաշտոնը, Տրդատ, անհոգի մեկի՞ն, որ առաջնորդե քեզ դեպի վի՞հը։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Այն վիհը, ուր քեզ առաջնորդում եմ, ամենախորն է լինելու, Տրդատ։ Զի այնտեղ պիտի դու գահավիժես դեռ չնվաճված ամենաբարձր փառքի կատարից։  Եվ քո սրընթաց էջքից շիկացած` անդունդի խորքում կլուսարձակես ավելի թովիչ, քան ծառից կաթող վաղորդյան շաղը։ Եվ պոետները իրենց ողբերով գալիք դարերին պիտի ծանուցեն քո կործանումի ցնցող հմայքը` նրանց սրտերը լցնելով ցավի և ապշեցումի անուշ կսկիծով։ Այդքան գեղեցիկ ընկնելու համար, նախ հարկավոր է, որ բարձրանաս։

ՏՐԴԱՏ — Ես վիհերց չեմ վախենում, Օտարական, բայց ծիծաղելի է այն սողունը, որ փորձում է արծվի պես թռչել։ Ո՞ւր են նրա թևերը, ինչո՞վ ենք այդքան բարձր թռչելու։ Հռոմի օգնությամբ սասանյանների լծից հազիվ ազատագրված Հայաստան, որ դեռ չի հասցրել ինքն իրեն ճանաչել, որ իր մեջ բազում խնդիրներ ունի, անհաշտ նախարարներ, ինչպե՞ս կարող է իր ազատարարի վրա հարձակվել։ Ինչպե՞ս այս երախտագետ ժողովրդին հանել Հռոմի դեմ, երբ նա մտածում է, որ Հռոմն է իր փրկարարը։ Իսկ  կարո՞ղ եմ ես նախ ինքս դավել Դիոկղետիանոսին` օձը տաքացնողին է խայթում Թե նույնիսկ դավեմ, ի՞նչ կարող եմ անել այս նորատոտիկ Հայաստանով հաստատաքայլ Հռոմին Լսում եմ քրքիջդ, Սասանյան Ներսեհ։ Ուրախացիր. հայոց Տրդատ թագավորը գժվել է և ուզում է քեզ աշխարհին տեր դարձնել։               

ՕՏԱՐԱԿԱՆ — Դու պիտի անես ավելին, քան Ալեքսանդր Մակեդոնացին ու Հուլիոս Կեսարը։ Որովհետև  քո առջև է նրանց կյանքն ու  անցած ճանապարհը, փորձն ու նվաճած սահմանները։ Ահա այն սահմանված առավելագույնը, որ նոր առավելագույնով պիտի փոխարինես։ Մեծ մարդիկ մեծ նպատակներ են դնում իրենց առաջ, որն էլ մեծացնում է նրանց։ Այն բարձունքները, որոնց ձգտում ենք, մեզ թևեր կտան, որ հասնենք իրենց։

ՏՐԴԱՏ — Մինչև սողունը թևեր կունենա, արծիվն իր թևերով մի նոր բարձունք կնվաճի` սողունին անհաս։

ՕՏԱՐԱԿԱՆ — Սողունն իր աննկուն ցանկությամբ ավելի բարձր կարող է թռչել, քան արծիվն` իր թևերով։ Որովհետև առաջինն ապավինում է իր հավատին, երկրորդը` թևերին։ Հավատն է ամենազորը. դա այն զենքն է, որ ստիպում է աստվածներին ծառայել մարդկանց, ինչպես այգեպանն է ծառայում այն ծառին, որ ճեղքելով քարը` ձգտում է վերև։ Նա ազատում է ծառը քարից, փխրեցնում է հողը, պարարտացնում է ու ջրում, որպեսզի վայելի նրա պտուղները։ Իսկ ծառը, որ վարժված է քար ճեղքելուն, նոր պայմաններում ավելի արագ ու փարթամ է աճում ու տալիս է հաճելի պտուղներ։ Քարը ճեղքելու հանդգնությունն ունեցիր. ծիծաղիր անհնարինի վրա։ Երբ ինչ-որ բան թվում է անհնարին, ուրեմն եկել է մեծերի գործելու ժամանակը։

ՏՐԴԱՏ — Ես հանդուգն էի այն ժամանակ, երբ ցանկանում էի։ Այդ ցանկությունը  ահագնանում էր, երբ մտքումս հստակ ուրվագծվում էր նպատակակետ տանող ուղին։ Այն ժամանակ հնարավորության սահմանը իմ ցանկությունն էր։ Բայց հիմա իմ մեջ ամեն ինչ մարել է։ Եթե այլոց համար ունայնությունը լոկ գաղափար է, այն ինձ համար հոգեվիճակ է։ Չկա այլևս այն զորեղ ոգին, որն ինձ մղում էր հանդգնության Մի պահ ոգևորվում եմ, բայց հաջորդ պահն ինձ համար մղձավանջ է։ Իսկ առանց ցանկության հավատ չի լինում։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Կին, ահա սպեղանին քո մարած ցանկության։ Արթնացրու սերը քո մեջ և կարթնանան մյուս բոլոր ցանկությունները։ 

ՏՐԴԱՏ — Ոչ, Օտարական, կինն այլևս ինձ չի հրապուրում։ Ես փորձեցի տրվել ցոփության` կնոջ մարմնով լցնելու հոգուս պարապը և վերջնականապես հիասթափվեցի իմ բոլոր հարճերից։ Նրանք ինձ համար այժմ մի իր են` բնական պետքերը հոգալու համար։ Իսկ թագուհին` իր սիրով ու հոգատարությամբ, ինձ երբեմն նյարդայնացնում է երբեմն էլ` սփոփում, բայց չի ոգևորում։   

ՕՏԱՐԱԿԱՆ — Գեղեցկության առեղծված, ասել է մի ուժ, որ բխեցնում է մեր սրտերում   թաքնված կենարար աղբյուրները, բխեցնում հոգեպարար զմայլանք։ Տղամարդու մեջ է թաքնված կնոջ գեղեցկության առեղծվածը` գրգռիր այն աշխարհի ամենագեղեցիկ կույսի դեռևս  աննվաճ գեղեցկությամբ։

ՏՐԴԱՏ — Ո՞ւր է նա։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ահա գալիս է

Տրդատը լարում է ուշադրությունը և նայում պուրակի մուտքի կողմը։ Օտարականը գտնվում է թիկունքով դեպի մուտքը։ Ներս է մտնում սենեկապետը։

ՏՐԴԱՏ — Այս անգամ վրիպեցիր, Օտարական, դա իմ սենեկապետն է

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Թույլ տուր զեկուցեմ, արքա. պատվիրակներ Հռոմից։

ՏՐԴԱՏ Հռոմի՞ց կանչիր նրանց։ (Սենեկապետը հեռանում է): Մի՞թե իմ դավադիր մտադրությունները հասել են Հռոմ դու չափազանց երկար ապրեցիր, Օտարական, այնքան ապրեցիր, որ Հռոմն իմացավ իմ գաղտնիքը

Սենեկապետի հետ ներս են մտնում երկու պատվիրակներ։

Ա ՊԱՏՎԻՐԱԿ — Ողջույններ հայոց արքայից արքա Տրդատ թագավորին Հռոմի կայսր Դիոկղետիանոսից։ Մենք Հռոմից բերել ենք կայսեր բարեմաղթանքները և այս գիրը. համեցիր, արքա։ (Փաթաթված մագաղաթը տալիս է Տրդատին):

ՏՐԴԱՏ — (բացելով մագաղաթը): Ինչպե՞ս է իմ մեծ բարեկամ Դիոկղետիանոսը։    

Ա ՊԱՏՎԻՐԱԿ — (ժպիտով): Այնքան լավ է, որ ցանկանում է ամուսնանալ, արքա։

ՏՐԴԱՏ — (կարդալով): Ի՞նչ է, իր մեծ տերության հոգսերը քի՞չ են։

Բ ՊԱՏՎԻՐԱԿ — Համենայնդեպս, այս պահին ամենամեծ հոգսը գեղեցիկ հարսնացու գտնելն է, արքա։

Ա ՊԱՏՎԻՐԱԿ — Կամ ավելի ճիշտ` փախած հարսնացուին բռնելը։

ՏՐԴԱՏ — (շարունակելով կարդալ): Ի՞նչ, այդ կույսը այլ կույսերի հետ փախել է Հայաստան աշխա՞րհ։ (Աչքի տակով նայելով Օտարականին):

Ա ՊԱՏՎԻՐԱԿ — Տեղեկություններ կան, որ նրանք հասել են մինչև Վաղարշապատ։ Կույսի անունը Հռիփսիմե է։ Նա ծագում է իշխանական տնից, անչափ գեղեցիկ է, բայց հարում է քրիստոնյաների աղանդին։ Դրա համար չցանկացավ դառնալ կայսեր կինը և իր խմբի հետ փախել է այստեղ։  

ՏՐԴԱՏ — (մտածկոտ): Մենք կգտնենք նրան։ Եթե շատ գեղեցիկ լինի` կընդունենք կայսեր ընծան։ Սենեկապետ, հանգիստ տուր նրանց և կերակրիր, իսկ մունետիկներին արքունիք կանչիր։

ՍԵՆԵԿԱՊԵՏ — Ինչպես հրամայում ես, արքա։

Ա և Բ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ — Շնորհակալ ենք, արքա։ Իսկ ի՞նչ պատասխան տանենք կայսերը։

ՏՐԴԱՏ — Այստեղից կմեկնեք երկօրյա հանգստից հետո` մինչ այդ կիմանաք ձեր ասելիքը։

ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐ — Կայսեր հրամանն է` ենթարկվել քեզ և ընդունել Քո հովանավորությունը Հայաստան աշխարհում։ 

Պատվիրակենրը գլուխ են տալիս և սենեկապետի հետ հեռանում։

ՏՐԴԱՏ — Կայսրն ասում է, որ եթե նրա գեղեցկությունը քեզ դուր գա` պահիր քեզ, եթե 

ոչ` ուղարկիր ինձ։ Տարօրինակ է. անհագ ցնկություն ունեմ նրան տեսնելու` նա հրաժարվել է դառնալ կայսեր կինը և եկել է Հայաստան։ Սա ի՞նչ է նշանակում։ Կամ` Դիոկղետիանոսը ինչ-որ բան է նախապատրաստում.  ի՞նչ  Միտքս երկնում է միայն վարկածներ, որոնք առայժմ ինձ չեն համոզում, կամ էլ երկնքից նշան է տրվում` նա, ով կտիրի կույսին` կտիրի նաև աշխարհը (Քմծիծաղում է):    

ՕՏԱՐԱԿԱՆ — Ով է մեծությունը. նաև դեպքերի նպաստավոր ընթացքի կրողը։ Գեղեցկության հրապույրը` առեղծված է։ Եվ քան դեռ առեղծված է, կարող է բուժել քո թմրած ոգին։

ՏՐԴԱՏ — Ես անհամբեր եմ դառնում, Օտարական, ժամ առաջ ուզում եմ տեսնել այդ 

կույսի համբավավոր գեղեցկությունը և հպարտությունը, որ մերժում է կայսեր կին դառնալ։ Ես հոգնել եմ կամակատար կանանցից, ինձ անառիկ կին է հարկավոր։ Հետաքրքիր է, գնանք և անմիջապես հանձնարարենք մունետիկներին, որ ողջ քաղաքում կույսին որոնում հայտարարեն։ Կույսի տեղն հայտնողին ոսկի կտամ`շատ ոսկիդու ինձ սկսում ես դուր գալ, Օտարական (Քրքջում է): Երևում է այնքան էլ անհոգի չես` կանանցից հասկանում ես        

Նրանց գնալուց հետո հարճերից մեկը, որ թաքնված էր ծառերից մեկի ետևում, 

զգույշ դուրս է գալիս և արագ հեռանում։

ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ

Արքունիքի սենյակներից մեկում։ Արձանը և Զարեհը։

ԱՐՁԱՆ — Քեզ կանչել եմ անչափ կարևոր մի գործի համար։ Այդ գործի ելքից Հայոց աշխարհի բախտն է կախված։

ԶԱՐԵՀ — Պատրաստ եմ, հայր իմ, ծառայել երկրիս, թեկուզև նրա բախտը շտկելիս իմ բախտը ծռեմ կամ կյանքս տուժեմ։  

ԱՐՁԱՆ — Որ հայրենասեր և քաջ տղա ես, ես չեմ կասկածում։ Գիտեմ որ կյանքդ էլ հատուցում կտաս այս հողի վրա ծնվելուդ դիմաց։  Բայց 

ԶԱՐԵՀ — Բայց ի՞նչ, հայրինչո՞ւ ես այդպես խուզարկու նայում։ Ասա մտքինդ, ի՞նչ առիթ ունես այդ չափ կարևոր հանձնարարությունդ դանդաղեցնելու։   

ԱՐՁԱՆ — Ցուլն ինձ հայտնել է, որ Նավասարդյան տոներին դու արձակել ես քրիստոնյաներին և տուն ուղարկել։ Պատճառաբանիր վարմունքդ, Զարեհ, դա կարևոր է  

ԶԱՐԵՀ — Որովհետև Ցուլը վճռել էր քրիստոնյաներին տանջամահ անել` հարկ չհամարելով դրա համար նախ ինձնից հարցնել հավանությունս։ Նրա վճիռը արհամարհելով`ցանկացա ասել, որ երբ տոների ղեկավարումն ինձ է վստահված, ոչ ոք չի կարող քմահաճ գործել։ Իմ իրավունքը պնդելու համար միգուցե սխալ ուղի եմ ընտրել, բայց այդ վայրկյանին այլ բան վճռել չկարողացա։  

ԱՐՁԱՆ — Մի՞թե լոկ դա է այդպես վարվելուդ դրդապատճառը

ԶԱՐԵՀ — Այլ պատճառ չկա՝ դրանից բացի։

ԱՐՁԱՆ — Աչքերդ, տղաս, այլ բան են ասում

ԶԱՐԵՀ-  Ինչո՞ւ տխրեցիր, մի՞թե կարծում ես, թե ես կամազուրկ և անվճռական մի երեխա եմ, ում չի կարելի լուրջ գործ վստահել։ 

ԱՐՁԱՆ — Մորդ նման ես, խղճահարվող ես քո աչքերի մեջ նրան եմ տեսնում, որին սիրել եմ կաթոգին սիրով, սակայն երբ նա իր անմիտ վարմունքով հակառակ գնաց մեր աստվածներին, արհամարհեցի սերս և խիղճս և իմ մահացու, բիրտ հրամանի սլաքն աներկբա նրան ուղղեցի։ Թեև ես հետո շատ վիշտ կրեցի, սպանիչ կարոտ, անգութ տառապանք, բայց չզղջացի արարքիս համար։ Ինքս ինձ հարգեցի, որ հանուն բոլոր մեր աստվածների, հանուն հայրենյաց սերս զոհեցի, բայց ամաչում եմ, որ սիրտ չարեցի ներկա գտնվել նրա օրհասին։ Պարզապես նրան ես այդ վիճակում` մահից բռնված, ցավից գալարվող, աչքերս հառել չհանդգնեցի։ Նրանից հետո ուրիշ մի կնոջ ես չսիրեցի։ Եվ հաստատ գիտեմ` հոգուս թևերով նրան պինդ գրկած կերթամ մինչև մահ։  (Գրկում է Զարեհին։ Լռություն։)

ԶԱՐԵՀ — Մորս նման եմ, բայց ժառանգել եմ և իմ հոր կամքը, որ ընդունակ է պոկել իր սրտի փայփայած վարդը և ընծայել այն իր դավանանքին։ Հրաման տուր, հայր, ի՞նչ պիտի անեմ` սիրտս եռում է սխրագործության անհագ մղումից։ Եվ դու կհամոզվես, որ ես արծիվ եմ, ոչ թե աղավնի։

ԱՐՁԱՆ — Իմ հրամանով քեզ չեմ ստիպի սրտիցդ պոկել քո ծածուկ սերը` լսել եմ, Զարեհ, քո սիրո մասին Մի գունափոխվիր և մի երկյուղիր. թեև ինձանից գաղտնի ես պահել մաղխազի դստեր` Նանեի հանդեպ քո զգացումը, բայց հաճությունս ներդաշնակում է սրտիդ ընթացքին, և ես ներում եմ քո այդ արարքը։  Երբ այս ձեռնարկը մենք բարեհաջող ավարտին հասցնենք, ձեզ համար մի մեծ հարսանիք կանեմ, շքեղ հարսանիք և այնքան ուրախ, որ սիրտս պայթի ուրախությունից։ (Լրջանում է):  Լսե՞լ ես, Զարեհ, որ արքայի մոտ մի խորհրդավոր օտարական է  հանգրվան գտել։

ԶԱՐԵՀ — Այո, լսել եմ, սպանե՞մ նրան

ԱՐՁԱՆ — Այդքան միամիտ մի եղիր, որդիս, նա խիստ հսկվում է արքայի կողմից։ Լսե՞լ ես նաև Տրդատ արքայի հրովարտակը, որով փնտրում է մի քրիստոնյա գեղեցիկ կույսի, որի անունը Հռիփսիմե է և իբր Հռոմից այստեղ է փախել` խույս տալով կայսեր կինը դառնալուց։

ԶԱՐԵՀ — Այո, լսել եմ։ 

ԱՐՁԱՆ — Պետք է այդ կույսին շատ շտապ գտնել

ԶԱՐԵՀ — Որ արքան նրան կնությա՞ն առնի

ԱՐՁԱՆ — Որ արքան նրան կնության չառնի։

ԶԱՐԵՀ — Այսինքն ինչպե՞ս, ես չհասկացա։

ԱՐՁԱՆ — Ախ, դու պատանի, դեռ ինչքան խակ ես նման գործերում։ Ուրեմն լսիր, Օտարականին ոչնչացնել, ցավոք, չենք կարող։ Բայց գոնե նրա նպատակների իրագործումը մենք պետք է կանխենք։ Նա է արքային դրդել այն քայլին, որ ամուսնանա հենց այդ կույսի հետ։ Ես նպատակը հստակ չգիտեմ, բայց կռահում եմ, որ երբ այդ կույսը արքունիք մտնի կամ թե հանդիպի Տրդատ արքային, մի ողբերգություն տեղի կունենա, հայոց աշխարհին փորձանք կպատի, մի անլուր աղետ։ Ուրեմն փրկիր երկիրն աղետից, լսո՞ւմ ես, Զարեհ։     

ԶԱՐԵՀ — Բայց ինչպե՞ս, հայր իմ

ԱՐՁԱՆ — Սպանիր

ԶԱՐԵՀ – Ո՞ւմ, հայր

ԱՐՁԱՆ — (բռնկվելով): Ինձ, ինձ, բթամիտ, դու չե՞ս հասկանում, այդ կույսին, էլ ո՞ւմ։ Թե 

չես հասկանում, ես հիմա Ցուլին այստեղ կկանչեմ, կկարգեմ նրան այս գործի գլուխ, որ նա քեզ որպես իր ենթակայի հրամաններ տա (Գնալով դեպի դուռը):

ԶԱՐԵՀ — Չէ, չէ, հասկացա, ներիր ինձ, հայր իմ, ետ վերադարձիր։

ԱՐՁԱՆ — (վերադառնալով): Աչքերիս նայիր և ընդմիշտ հիշիր, որ աստվածների կամքն ու հայրենիքի բախտն ավելի բարձր են, քան մարդկային խիղճը։ Հասկացա՞ր։

ԶԱՐԵՀ — Հասկացա։ 

ԱՐՁԱՆ — Այս պահին դրսում երեսուն քրմեր քեզ են սպասում, որ տանես նրանց դեպի արվարձան։

ԶԱՐԵՀ — Լսում եմ, քրմապետ։ 

ԱՐՁԱՆ — Արվարձանում ձեզ քրմերի նոր խումբ կմիանա, որ ես կանչել եմ մոտիկ վայրերից։ 

ԶԱՐԵՀ — Այո, քրմապետ։

ԱՐՁԱՆ — Բոլոր քրմերին հինգ-հինգ բաժանիր և հրաման տուր, որ քաղաքի շուրջ որոնեն կույսին։ Նա իր խմբի հետ արվարձաններում կլինի հաստատ, ես համոզված եմ։ Որովհետև նա Դիոկղետիանոսից ցուցումներ ունի Տրդատի հանդեպ գործադրելու և սպասում է, որ արքունի զորքն իրեն որոնի և գտնի իսկույն։ Բայց զորքն արքունի, որքան ես գիտեմ, վաղը կսկսի իր որոնումը։ Իսկ դու մինչ գիշեր կամ մինչ առավոտ պիտ գտնես նրան, ուրկից որ լինի, որ զորքը հանկարծ նրան չհասնի, հասկացա՞ր, Զարեհ։           

ԶԱՐԵՀ — Այո, քրմապետ։

ԱՐՁԱՆ — Եվ ինձ կբերես նրա գլուխը։

ԶԱՐԵՀ — Կբերեմ գլուխը, անշուշտ, կբերեմ, քրմապետ։

ԱՐՁԱՆ — Եթե բռնվենք, որպես զանցառու հրովարտակի ինքս կկրեմ պատիժն արքայի` քեզ կդիտեն սոսկ իբրև կատարող իմ հրամանի։ Դե, գործի անցիր։ 

Զարեհը գլուխ է տալիս և հեռանում։

ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ

Գալիս են Զարեհը, Ցուլը և ուրիշ քրմեր։

ՑՈՒԼ — Այս կողմ նայիր, որդի քրմապետի, արվարձանի այս մասում  լքված շենքեր կան իրենց հնձաներով, եթե հրամայես, ես կխուզարկեմ և քեզ պատասխան կբերեմ փութով։

ԶԱՐԵՀ — Իզուր ժամանակ կվատնեք մենք, Ցուլ, ես հաստատ գիտեմ, որ այս կողմերում ոչ մի շունչ չկա։

ՑՈՒԼ- Եթե մենք այստեղ չգտնենք նրանց, ուրեմն այլևս անհույս է, Զարեհ, մեր որոնումը։ Ես խիստ կասկածներ ունեմ, խնդրում եմ, թուլ տուր խուզարկեմ։ 

Գալիս է Գուսանը։

ԳՈՒՍԱՆ — Էհեյ, հարգարժան իշխաններ, ես կարող եմ գովել ձեր խիզախությունը, եթե խիզախեք վարձատրել ինձ։

ԶԱՐԵՀ — Գործիդ գնա, դատարկաբան, դու ինքդ ինձ պետք է վարձատրես։

ԳՈՒՍԱՆ — Այդ ո՞ր ծառայության համար, իշխան։ 

ԶԱՐԵՀ — Որ քեզ վշտալի մի բան չպատմեմ, թե չէ կարող ես անվերջ հեկեկալ։

ՑՈՒԼ — Խիզախությունս գովելու պետք չունի, գուսան, բայց քեզ կվարձատրեմ մեկ այլ բանի համար։ Կարո՞ղ ես ասել, այս հնձաններում ովքե՞ր են ապրում։

ԳՈՒՍԱՆ — Այդ հնձաներում եթե ապրեին քո որոնած անձիք, արքան ավելի շուտ և ավելի շատ կվարձատրեր, քան դու, իշխան, և ես քո խիզախությունը գովելու պետք չէի ունենա։ Հետաքրքիր է, քաղաքի բոլոր բնակիչները կույսին գտնելու մարմաջից այնքան են հիմարացել, որ կարծում են, թե ես իմ օգուտն ու վնասը լավ չեմ հասկանում։     

ՑՈՒԼ — Մի ուրիշ դեպքում այդ խոսքիդ համար քո կյանքի դիմաց սուրս քեզ նվեր կտայի, գուսան, բայց հիմա ասում եմ` մենք քեզ ավելի շատ կվարձատրենք, ավելի շատ, քան արքան, միայն թե ասա, որտե՞ղ է կույսը։

ԳՈՒՍԱՆ — Ի՞նչ է, դուք փորձում եք նվաստացնել արքային ձեր շռայլությամբ։ Չլինի՞ ուզում եք կույսին խլել արքայից։ Այ թե խիզախն եք, հա։ Բայց ես քեզ ճանաչեցի, դու որդին ես քրմապետի, որի սիրո մասին ողջ քաղաքն է խոսում։ Ավելի ճիշտ խոսում էր մինչև կույսին գտնելու մասին արքայի հրովարտակը։ Մի՞թե քեզ բավ չէ Խոռխոռունու դուստր չքնաղ Նանեն։  

ԶԱՐԵՀ — (թաքուն՝ Ցուլին): Դու մեզ մատնում ես։ Առաջ գնացեք, իսկ ես այս խենթի սիրտը կշահեմ, որ արքունիքում չշատախոսի։   

ՑՈՒԼ — Սիրտը շահելու ավելի կարճ ձև կա։ (Ցույց տալով սուրը):

ԶԱՐԵՀ — Ոչ, Ցուլ, այս գործում նա մեզ պետք կգա։ Ես կհամոզեմ։ Դուք առաջ անցեք։

ԳՈՒՍԱՆ — Այդ ի՞նչ եք այդքան երկար փսփսում։  

ԶԱՐԵՀ — Դավ ենք նյութում քո դեմ։ (Ցուլին.) Դե, շարժվեք, ուշ է։

ԳՈՒՍԱՆ — Փախչե՞մ, թե՞ սպասեմ, որ ինձ սպանեք։

ԶԱՐԵՀ — Ոչ, կանգնիր, լեզվիս սուրը դեռ պետք է սիրտդ մխրճեմ։ 

ՑՈՒԼ- Բայց միևնույն է, այս հնձանները ինձ խիստ ձգում են, թույլ տուր ստուգեմ։  

ԶԱՐԵՀ — Ես հրամայում եմ, որ առաջ անցնես։ Այս գործի պատասխանատուն ես եմ և իմ հրամանները քննարկման ենթակա չեն։ 

ՑՈՒԼ- Լսում եմ, որդի քրմապետի, քո հրամանները քննարկման ենթակա չեն։ Ուզում եմ հուսալ, որ քո այս հրամանը չի քննարկվի նաև հետագայում։ 

Ցուլը մյուս քրմերի հետ հեռանում է։

ԶԱՐԵՀ — Քրմապետը հրամայել է արքունի զորքից առաջ գտնել Հռիփսիմեին և սպանել նրան, որ նա արքունիք չհասնի։ Հայրս կարծում է, որ Հռիփսիմեն մի չարագործ է, որն ուզում է արքային վնասել։

ԳՈՒՍԱՆ — Ես քո բացակայությունը պատճառաբանեցի քո հիվանդությամբ։ Նրանք աղոթեցին քո առողջության համար։ 

ԶԱՐԵՀ — Նա նույնպե՞ս…

ԳՈՒՍԱՆ — Նա նույնպես։

ԶԱՐԵՀ — Նա իմ տեսած արարածներից ամենաբարին ու անմեղն է։ Նա ոչ ոքի չի կարող վնասել։ Մի ճար գտիր, փրկիր նրանց, Գուսան։ Ես հրամանիս պարտադրանքով ինձ հետ եմ տանում քրմերի այս խմբին, բայց որոնող խմբերը շատ են` ինձանից հետո դեռ էլի կգան այս կողմ։ Իսկ վաղն առավոտյան որոնման դուրս կգա նաև արքունի զորքը։ 

ԳՈՒՍԱՆ — Ես այս ճանապարհի վրա կանգնած արդեն երկու օր շատերին եմ մոլորեցրել։ Բայց ելքը չեմ տեսնում։ Նրանց թաքուն տեղափոխելը անհնար է, այստեղ թողնելը` մահացու։  

ԶԱՐԵՀ — Ձգիր մինչև գիշեր, եթե ես մի ճար չգտա, ուրեմն կգամ կկանգնեմ այստեղ ու անձմաբ կպաշտպանեմ նրան քրմերից և արքունի զորքից։ Չէ, չեմ, թողնի, քանի բերանումս շունչ կա, երակներումս` արյուն, չեմ թողնի, որ սուրբ Հռիփսիմեին մատով իսկ դիպչեն։ Զազրելի են նրանց մատները։ Չեմ թողնի, Գուսան։ (Դադար): Երազում մորս տեսա. տխուր էր, նա ինձ համբուրեց ու իր գիրկն առավ։ Քրիստոս Աստված, խնդրում եմ, փրկիր նրանց, խնդրում եմ։   

ԳՈՒՍԱՆ — Ամեն, ամեն։

Քրմերի հեռացած խումբը հեռվից կանչում է .«Զարեհ, Զարեհ»

ԶԱՐԵՀ — Գալիս եմ (Հեռանալով` Գուսանին): Իսկ առայժմ այստեղից քաղաքի մյուսն կողմն եմ հեռացնում ամենավտանգավոր քրմին։ Այս գիշեր կհանդիպենք։ (Քրմերին.) Էհեյ, ագռավներ, սպասեք, գալիս եմ։ (Դուրս է գալիս):  

ԳՈՒՍԱՆ — Քրմերն ուզում են սպանել Հռիփսիմեին։ Փրկիր, Տեր Աստված, փրկիր նրանց։ (Ծնկում է, գլուխն առնում է ափերի մեջ ու մտածում, ապա արագ վեր է կենում ու հակառակ ուղղությամբ վազում։)

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Գալիս է Գուշակ քուրմը։

ԳՈՒՇԱԿ ՔՈՒՐՄ — Այո, զգում եմ քո մայրամուտը, աշխարհ հեթանոս, որ ուղեկցվում է մահվան թափորի ողբ ու կսկիծով, զուգվող էգերի և արուների թառանչանքներով և անջրպետված մարդկանց սրտերի օգնության կանչով, որ աղերսում են նոր զգացմունքներ իրենց դատարկ ու մենավոր հոգին լցնելու համար, զի հներն արդեն սպառել են իրենց։ Դե ինչ, կործանվիր, հեթանոս աշխարհ, գուցե փրկությունը քո կործանման մեջ է։ (Մնում է բեմում և հետևում իրադարձություններին։) 

Բեմը մթնում է, խորքում` կայծակից  ուրվագծվում է տեսարանը. ձիերի և մարդկանց ոտքերի տակ ճխլվող մարդանց աղաղակ, վայնասուն, երեխաների լաց։ Զինված մարդիկ մտրակում են քրիստոնյա կույսերին, որոնք փորձում են նրանց ձեռքից խլել Հռիփսիմեին. «Հեռու քաշվեք և ենթարկվեք արքայի հրամանին»… «Առ քեզ, կեղտոտ պառավ, այս սիրունիկ պատառը արքայի ախորժակով է» Խառնաշփոթին միանում են պատառիկներ հռիփսիմյան կույսերի աղոթքներից. «Եվ մի տանիր զմեզ ի փորձության»«Սուրբ եղիցի անուն Քո» «Նշանավ Խաչի Քո պահպանիր մեզ» «Էլի, էլի, լա՞մա սաբաքթանի» «Պահպանիր Քո հավատարիմ աղախնին և մի թող,  որ նրան պղծություն դիպչի»

Աղմուկին խառնվում են փողերի և թմբուկների հնչյունները։ Արքունի պահակազորը, քարշ տալով, բեմով տանում է Հռիփսիմեին։

Ա  ԶԻՆՎՈՐ — Հեռու քաշվեք… ճամփա տվեք Հայոց արքայից արքա Տրդատ Մեծի հարսնացուին…

Բ. ԶԻՆՎՈՐ — Ի՞նչ եք սոված շան նման աչքներդ չռել և լեզուներդ կախ գցել` նա ձեզ վայել պատառ չէ, նա արքայի հարսնացուն է։ Ոտքի տակ մի ընկեք…

ՀՌԻՓՍԻՄԵ — Տեր Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ։ Օգնիր ինձ, Տեր Հիսուս Քրիստոս, օգնիր ինձ…

Ա  ԱՐՀԵՍՏԱՎՈՐ — Իսկ ո՞ւր են մեր նոր թագուհու ոսկեպատ գահավորակները 

Բ  ԱՐՀԵՍՏԱՎՈՐ — Այդ ի՞նչ խղճալի հագուստ է կրում

Գ  ԱՐՀԵՍՏԱՎՈՐ — Նրա կլորիկ ոտքերն ափսոս են, քարին մի զարկեք

Ա  ԱՐՀԵՍՏԱՎՈՐ — Հարսն աննման է, բայց հարսանիքը չտեսնված անշուք

Ամբոխը հետևում է Հռիփսիմեին տանող  զինվորներին։

Գալիս է Հռիփսիմեին որոնող քրմերի մի խումբ։

Ա ՔՈՒՐՄ — Իսկ մեզ ասում էին, որ արքունի զորքը վաղը պետք է դուրս գար որոնման, ինչպե՞ս պատահեց, որ շուտ դուրս եկավ։   

Բ ՔՈՒՐՄ — Ես մտածում եմ, որ ինչ որ մեկը տեղն իմացել է և անմիջապես արքունիք հայտնել։

Գ ՔՈՒՐՄ — Բայց այդ կողմերով Զարեհն ու Ցուլը մեզանից առաջ իրենց խմբերով անցել են, կարծեմ։

Բ ՔՈՒՐՄ — Այո, անցել են։ Եվ չեմ հավատում, որ Ցուլի աչքից նրանց հնձանը վրիպած լինի։ Այստեղ մի բան կա, որ դեռ չգիտենք, բայց պարզ կդառնա, երբ քրմապետը բոլոր քրմերիս իր մոտ հավաքի։ Թող ձեզնից մեկը հիմա շտապի քրմապետի մոտ և նրան հայտնի եղելությունը։

Գ ՔՈՒՐՄ — Այդ դժվար գործը ինքս կստանձնեմ։

Բ ՔՈՒՐՄ — Շնորհակալ եմ։ Իսկ ես սլանամ, Զարեհին հայտնեմ, որ իր որոնած կույսին գտել են։ Թող փախչի հեռու, որ քրմապետի զայրույթը նրան չգտնի հանկարծ։

Ա ՔՈՒՐՄ — Իսկ ես ինչ անե՞մ։

Բ ՔՈՒՐՄ — Դու կանգնիր այստեղ և մեր որոնող խմբերին գուժիր այս չարագուշակ իրողությունը։ 

Հեռանում են։    

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

Արքայական սենյակում։ Հռիփսիմեն ծնկաչոք աղոթում է։ Աննկատ ներս է մտնում Օտարականը` իր սառը, խորհրդավոր հայացքով։   

ՀՌԻՓՍԻՄԵ — Դու ես ճշմարիտ Աստվածը, որ Դանիելին գազաններին որպես կերակուր նետելուց հետո` փրկեցիր ահավոր ժանիքներից և փառավորությամբ ապրեցրիր զրպարտյալին նեղիչների առջև։ Դու փրկեցիր նաև երեք մանուկներին, որոնց քեզ պաշտելու համար գցել էին այրելու և ողջ ու անարատ պահպանեցիր հրի մեջ, որպեսզի քո հրաշքները տեսնողները փառաբանեն քեզ։ Դու խոտաճարակ դարձրեցիր բաբելացիների խիստ, անօրեն թագավորին, որը չկարողացավ փառավորել քեզ այն հրաշքների համար, որ ցույց տվիր նրան։ Անասունի կերպարանք տվիր նրան, անապատի գազանների հետ բնակեցրիր և վայրի ցիռերի հետ նշանակեցիր նրա արոտավայրը։ Դու կրկին անգամ ապրեցրիր քո աղախին Շուշանին, երկու մահերից փրկելով, խայտառակամահ սատկեցրիր անօրեն թշնամիներին և արդար փառքի պսակ շնորհեցիր և կանգնեցրիր քեզ հուսացնողներին։ Դու նույն Ինքդ կաս և Քո տարիները չեն անցնի։ Դու, Տեր, Քո փառքը ուրիշներին չես տա։ Դու ես,  որ փառավորյալ ես ամբողջ տիեզերքի մեջ,  և թող հեթանոսները չպղծեն քո Սուրբ Անունը։ Դու կարող ես ինձ փրկել այս պղծությունից, որպեսզի կարողանամ սրբությամբ վախճանվել Քո Մեծ Անվան համար8     

ՕՏԱՐԱԿԱՆ — Դու աղոթում ես Աստծուն, որ նա քեզ փրկի՞ վերահաս պղծությունից։ 

ՀՌԻՓՍԻՄԵ — Իմ Աստված կփրկի ինձ այս պղծությունից։

ՕՏԱՐԱԿԱՆ — (մտահոգ): Ողբամ այն յոթանասուն կույսերին` ո՞վ կփրկի նրանց, ինչո՞ւ նրանք Հռոմից եկան հասան այս օտար երկիրը, ինչո՞ւ

ՀՌԻՓՍԻՄԵ — Իմ պատճառով` ես եմ մեղավոր։ Տե՛ր, ողորմյա՜, Տեր՛, ողորմյա՜ իմ բոլոր քույրերին, առաջնորդիր, հովվիր նրանց այս օտար երկրում, փրկիր, փրկիր նրանց, Տեր։

ՕՏԱՐԱԿԱՆ — Հավատն առանց գործերի մեռած է, դստրիկս, պետք է գործել

ՀՌԻՓՍԻՄԵ — Ի՞նչ պետք է անեմ, մարդ, ինչո՞ւ ես ինձ դատապարտում։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ես չեմ դատում, որ չդատվեմ։ Ես պարզապես ելք եմ փնտրում այն յոթանասուն կույսերին փրկելու համար, որոնք հանուն քեզ գաղթական դարձան, և որոնց կյանքը քո ձեռքերում է հիմա։

ՀՌԻՓՍԻՄԵ — Իմ ձեռքերո՞ւմ, ինչպե՞ս

ՕՏԱՐԱԿԱՆ — Ինչե՞ր չի կարող անել հայոց թագուհին։ Նա կարող է հրամայել, որ ոչ ոք չխանգարի յոթանասուն կույսերի աղոթքը և այս երկրի ողջ բնակչությանը կարող է դարձնել քրիստոնյա։ Օրհնված կլինի այդպիսի թագուհին։

ՀՌԻՓՍԻՄԵ – Ո՞ւր է այդ երանելի թագուհին, ես կարո՞ղ եմ հանդիպել նրան ու ծնկաչոք աղերսել, որ նա փրկի իմ քույրերին և երկիրը հեթանոսությունից դարձնի դեպի ճշմարիտ հավատը։ Կարո՞ղ ես ինձ ցույց տալ նրան։

ՕՏԱՐԱԿԱՆ — Նեղություն մի քաշիր, ես ինքս ծնկաչոք կաղերսեմ նրան։ (Ծնկում է Հռիփսիմեի առաջ): Խնդրում եմ, թագուհի, փրկիր քույրերիդ

ՀՌԻՓՍԻՄԵ — (սարսափած ետ փախչելով, հուզմունքից դողալով): Սրբապղծություն, սրբապղծությունհեռու ինձանից, այդ ինչ սրբապիղծ բաներ ես խոսում, հեռու ինձանից։

ՕՏԱՐԱԿԱՆ — Միգուցե դու այդպես կորսվես, բայց շատերի փրկության պատճառ կդառնաս։ Նմանվիր Տիրոջը, որ իր անձը զոհեց շատերի համար։ (Վեր է կենում):    

ՀՌԻՓՍԻՄԵ — (վճռական և խնդությամբ լցված): Նաև ինձ համար Տերը զոհեց իր անձը, որ ես չկորսվեմ, բայց դու ինձ առաջարկում ես խախտե՞լ այն ուխտը, որ կատարել եմ իմ Տիրոջ առաջ և հավիտենապես դատապարտվե՞մ։ Դա նշանակում է արհամարհել իմ Տիրոջ սուրբ արյունը, որ թափեց իրեն հավատացողների համար։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Բայց դու կարող ես, որպես թագուհի, այս ժողովրդին դարձի բերել և այդպես քավել ուխտազանցության ծանր մեղքը։ Հանուն Տիրոջ կատարած այդ մեծ գործի Աստված քեզ ներում կշնորհի։

ՀՌԻՓՍԻՄԵ — Մի ՞թե չգիտես, որ սրբությամբ նահատակված մեկ կույսն ավելի շատ բան կարող է անել Տիրոջ անվան համար, քան մեղավոր թագուհիների մի ամբողջ բանակ։

 ՕՏԱՐԱԿԱՆ — Իսկ քույրերիդ հիմա մահն է սպառնում։

ՀՌԻՁՍԻՄԵ — Դու մի մտահոգվիր քույրերիս համար, նրանք վստահելի ձեռքում են։ Իմ 

Տեր Հիսուս Քրիստոսը կփրկի նրանց։ Արդարության ճամփան բռնած քույրերս անցավոր կյանքի համար չեն դողում։ Երանի նրանց, որոնք հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Բայց դու քո մասին մտածիր, Լիկիանես, որ մկրտությամբ Մարկոս ես վերանվանվել, այդ ի՞նչ մեղքեր ես կուտակել սրտիդ։ Ինչո՞ւ ես փորձում Աստծուն հակառակ գնալ, մի՞թե չես հասկանում, որ Աստծո ծրագրերն անխափան են և արածներդ` անմտությունԻսկ ինձ խորհուրդ տալուց առաջ, կեղծավոր, նախ աչքիդ գերանը հանիր, որ աչքիս շյուղը լավ տեսնես։ Այս ամենը անհրաժեշտ էր, որ լիներ, բայց վայ նրան, ում ձեռքով որ լինում է։ Վայ քեզ, Լիկիանես, վայ քեզ։ Հիշիր մկրտությունդ, հիշիր այն սերը, որով նվիրաբերվել էիր Աստծուն  ու դառն հեկեկա 

ՕՏԱՐԱԿԱՆ — (սարսափած ետ-ետ է գնում ու դուրս գալիս):

ՀՌԻՓՍԻՄԵ — Փառք քեզ, Տեր իմ Աստված, խորամանկությունը Խոսքից պարտվեց, իսկ հիմա հերթը բիրտ ուժինն է։  

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Հռիփսիմեն ծնկի եկած աղոթում է։ Ներս է մտնում Տրդատ արքան և, հիացած Հռիփսիմեի գեղեցկությամբ, դիտում է նրան։ 

ՏՐԴԱՏ — (ակամա ինքն իրեն խոսելով): Ես դեռ չեմ տեսել, որ բնությունը կանանց կերտելիս այսքան պերճ լինի և այսքան նրբին։ Նա իր հմայքով վայել է միայն աշխարհակալին։  

ՀՌԻՓՍԻՄԵ — (նկատելով նրան, բարեկամաբար): Եկա՞ր, Տրդատ։

ՏՐԴԱՏ — (Հռիփսիմեի բարյացակամությունից քնքշացած): Այոեկա, որ թագուհիս դառնալուդ համար հաճությունդ խնդրեմ։ Բայց ո՞ւր ես սևեռել աչքերդ։ Ո՞ւմ ես որոնում այս պատերից դուրս։ (Հետապնդելով Հռիփսիմեին):

ՀՌԻՓՍԻՄԵ — (խույս տալով): Լսիր, Տրդատ, մի խնդրանք ունեմ

ՏՐԴԱՏ — Հրամայիր, որ նվաճեմ աշխարհը և քեզ թագուհի կարգեմ աշխարհի վրա

ՀՌԻՓՍԻՄԵ — Բեր ինձ համար այն հսկա քարերը։

ՏՐԴԱՏ — Ո՞ր հսկա քարերը։

ՀՌԻՓՍԻՄԵ — Արարատ լեռան փեշերիցպոկիր ու բեր։   

ՏՐԴԱՏ — Արարատ լեռան փեշերին թափված բազում քարեր կան։

ՀՌԻՓՍԻՄԵ — Բազում քարերից իմ քարերը բեր

ՏՐԴԱՏ – Ինչո՞ւ։

ՀՌԻՓՍԻՄԵ — Վկայարան պիտի կառուցես շիրիմիս վրա։

ՏՐԴԱՏ — Շիրիմի՞դ

ՀՌԻՓՍԻՄԵ — Այո, Տրդատ, պիտի հավաքես իմ նշխարները, արցունքով թրջես, ամփոփես հողում և վկայարան պիտի կառուցես։

ՏՐԴԱՏ — Քավ լիցի, ով կույս, թող շիրմի մեջ մահը ամփոփվի։ Երբ քո ծաղկատի գեղեցկությունը գնահատված է արքայի կողմից ու գտնվում է նրա զորավոր խնամքի ներքո, ոչ մահ, ոչ շիրիմ չեն կարող նույնիսկ քո մազին դիպչել ոտքերդ ինչու՞ են արյունոտվել։ 

ՀՌԻՓՍԻՄԵ — Քո հրամանով դեռ կարյունոտվի իմ ողջ մարմինը 

ՏՐԴԱՏ — Ես այդքան նվաստ չեմ կարող լինել։

ՀՌԻՓՍԻՄԵ — Մարմինս պիտի քառատեն, Տրդատ, ու ծվենները ցիրուցան անեն քո հրամանով։   

ՏՐԴԱՏ — Իմ հրամանով քեզ ամուսնական մեր առագաստն է հիմա սպասում, ուր սարսռագեղ մարմինդ, ով կույս, անհագ տենչանքով պիտի վայելեմ, ոչ թե քառատեմ։ 

ՀՌԻՓՍԻՄԵ — Մի համառիր, Տրդատ, բեր այդ քարերը

ՏՐԴԱՏ — Իսկ դու ինչո՞ւ ես լաց լինում։

ՀՌԻՓՍԻՄԵ — Քեզ համար, Տրդատ… Բեր այդ քարերը։ 

ՏՐԴԱՏ — Ինձ համա՞ր, ինչո՞ւ

ՀՌԻՓՍԻՄԵ — Ախ, Տրդատ, խնդրում եմ, բաց աչքերդ և տես. Արարատ լեռան փեշերին թափված քարեր կան` մեծ-մեծ, որ միայն հուժկու քո բազուկները կարող են շարժել   

ՏՐԴԱՏ — Դու գեղեցիկ ես և նույնիսկ այնքան, որ հոգնած հոգիս սթափվեց նիրհից։ Եթե մինչևիսկ մեռած լինեի, աճյունիս ուղղված քո մի հայացքից կամ մի հպումից մի ակնթարթում ես կյանք կառնեիոր քեզ սիրեի։ Ինչո՞ւ չես շիկնում այն կույսերի պես, որոնք թեպետև լռին այրվում են տռփանքի հրից, սակայն քաշվում են իմ արքայական ներկայությունից և խոնարհում են իրենց աչքերը։ Ես խենթանում եմ այդ տեսարանից, այդ մաքրությունից, որն հետո պիտի իմ ծանրությամբ պղծեմ հեշտագին։ Ինչո՞ւ ես լարվել էգ առյուծի պեսկորյուն ծնելու մարմա՞ջն է այդպես քո մեջ դող գցելԻ՞նչ ես շղարշել այս քուրձերի տակ, ով չնաշխարհիկ, լույսե՞ր են արդյոք, ճերմակ շուշաննե՞րդե հնազանդվիր, իմ համառ նժույգԴու չցանկացար, որ քեզ զարդարեն հարսի շորերով, փոխարենը ես քեզ կզարդարեմ իմ գգվանքներով… 

Տրդատը փորձում է գրկել Հռիփսիմեին, Հռիփսիմեն ամեհի ուժով այնպես է հրում, որ նա գետին է տապալվում։ Տրդատը, զարմացած և մոլեգնած, նոր թափով է հարձակվում։ Սկսվում է մի գոտեմարտ, որը շարունակվում է վարագույրի ետևում։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

Արքունիքի սենյակներից մեկում։ Վառվում է մեկ ջահ։ Քրմապետը լարված նայում է ջահին։

ԱՐՁԱՆ — Քեզ կհանգցնեմ, թեկուզ խարխափեմ ես խավարի մեջ։ (Ձեռքերը տանում է 

և ծածկելով ջահը` ուզում է հանգցնել, բայց ձեռքերը դողում, ետ են քաշվում): Դավաճան արյուն Դավաճան ձեռքեր, այդ երբ դուք այդպես դողդողջուն դարձաք և անընդունակ` իմ որոշումը իրագործելու։ Ո՞վ է ինձ այսպես անկամ դարձնում ու ահաբեկումԿարոտից սմքած,  միայնակ ու որբ այն ուրվակա՞նը, որ մղկտում է` աստվածներից որդի մուրալով։ Թշվառ մուրացկան, ցեխաջրերից որդեր հավաքիր, որ քաղցդ մարես Ի՞նչ արժե որդիդ այն աղետի դեմ, որ ինքն է նյութել, ի՞նչ արժե որդիդՆա հանցագործ է, նա  զանց է առել իմ հրամանը, արհամարհում է իր հայրենիքն ու աստվածներին, նա թուլակամ է և խղճին գերի։ Կարգն ու կանոնը սեփական անձից պետք է սկսել, հարազատ որդուց, որ վճիռներիդ արդարությանը չտարակուսեն, և հրամանիդ գործադրումը կատարյալ լինի։ Բայց ինչ տարաբախտ էակ եմ ծնվել` դավաճանները հենց իմ սեփական ծոցում են բուսնում, նրանց քաղհանը ցավոտ է սաստիկ, զի  արմատները հոգուս լարերին պինդ են հանգուցված։ (Բեմի խորքում ներս է մտնում Ցուլը, ջահը տեղադրում է ջահակալի վրա և անդրդվելի հայացքով անխոս առաջ է գալիս): Բայց հպարտ Արձան, դու խեղճությունդ քարանձավների մթում թաքցրու, որ քո կերպարի երկաթավունը հետևորդներիդ աչքում չխամրի։ (Ձեռքերը տանում է դեպի ջահը): Չէ, չպարտվես բնության ձայնին, հանգցրու, ԱրձանՄաղխազի դուստր, ճռնչա ցավից, դեմքդ ճանկռիր, մազերդ պոկիր նա արժան չեղավ քո անուշ գրկին   

ՑՈՒԼ Քրմապետ

ԱՐՁԱՆ — (հանկարծակիի եկած)։ Դու այստե՞ղ ես, Ցուլ (Անզգուշորեն դիպչում է ջահին, որն ընկնում ու սկսում է այրել քրմապետի թիկնոցի փեշերը: Վրա է հասնում Ցուլը և արագորեն մարում է ջահն ու թիկնոցի քղանցքը։ Քրմապետը  լարված, զարմացած նայում է մարած ջահին, ապա՝ Ցուլին):

ՑՈՒԼ — Քեզ վա՞տ ես զգում, քրմապետ։

ԱՐՁԱՆ — Ես կսպանեմ քեզ, Ցուլ, կսպանեմ, անսիրտ արարած, ինչո՞ւ հանգցրիր ջահը, ես գիտեմ` դիտավորյալ արեցիր։

ՑՈՒԼ — Հայտնի բան է, որ հավատարիմ ծառայության համար երբեմն սպանում են, քրմապետ, բայց դա ինձ ետ չի պահում քեզ և իմ աստվածներին անմնացորդ ծառայելուց։

ԱՐՁԱՆ — Լուր կա՞ նրանից։

ՑՈՒԼ — Ես իմացա, որ Զարեհը շատ կարճ ժամանակով եղել է հնձանում ու շտապ հեռացել արվարձանների խորքը, այլևս նրան ոչ ոք չի տեսել։ Իմ հրամանով մարդիկ են կանգնել արվարձանների բոլոր կողմերում, որ նրան տեսնեն ու շտապ հայտնեն։

ԱՐՁԱՆ — Կարո՞ղ ես նորից ինձ հստակ ասել, թե նա ինչ տեսակ ապրում ունեցավ, երբ որ լուրն առավ կույսին գտնելու։

ՑՈՒԼ — Նախ` նա զարմացավ, որ զորքն արքունի նախատեսվածից առաջ է ելել կույսին որոնման, ապա, շուռ տալով ձիու գլուխը, խելահեղ թափով ետ վերադարձավ դեպի հնձանը։

ԱՐՁԱՆ — Նրա հայացքում ափսոսանք տեսա՞ր, որ չի կատարել իմ հրամանը։

ՑՈՒԼ — Ափսոսանք տեսա, բայց դա կապ չուներ հրամանիդ հետ։ Նա ափսոսում էր, որ կույսին տարան` խորն էր ափսոսումԳլուխը կորցրած, խելագարի պես ձիու կողքերին այնպես էր զարկում, կարծես ուզում էր, որ ձին արծվի պես երկինք սլանա, շրջանցի քաղաքն, իրեն հասցնի Հռիփսիմեին։ 

ԱՐՁԱՆ — Ես այն հասկացա, որ նա այդ կույսին թաքցնում էր մեզնից ոչ թե այն մտքով, որ նրան հանձնի Տրդատ արքային, այլ

ՑՈՒԼ — Այլ հենց իր համար, ճիշտ ես հասկանում։ 

ԱՐՁԱՆ — Դե, Ցուլ, պարզ խոսիր, ասա ամեն ինչ, դու շատ բան գիտես։

ՑՈՒԼ — Շատ բան չգիտեմ, միայն այն գիտեմ, որ նա սիրել է Հռիփսիմեին։ Մեկն ինձ պատմում էր, որ նա, հասնելով հնձանի դուռը, հավաքված մարդկանց հարցում է արել, թե երբ են տարել Հռիփսիմեին, կհասնի՞ արդյոք նրա ետևից։ Երբ հասկացել է, որ արդեն ուշ է, ծնկի եկած դառն հառաչել է, կույսի անունն է շարունակ տվել

ԱՐՁԱՆ — Նա սիրո զոհ է, այդ ե՞րբ հասցրեց երկուսին սիրել, ինչպե՞ս է տեսել Հռիփսիմեին, ի՞նչ կապ կարող են նրանք ունենալ 

ՑՈՒԼ — ու խնդրել է  խաչված Հիսուսին, որ փրկի նրան։

ԱՐՁԱՆ — Ո՞վ է խնդրել

ՑՈՒԼ — Որդիդ, քրմապետ։ 

ԱՐՁԱՆ — Սուտ է վերջինը, այլանդակ սուտ է, որդիս չէր կարող «Հիսուս» անունը շուրթերին առնել։ Ատելություն կա քո հայացքի մեջ որդուս նկատմամբ։

ՑՈՒԼ — Այո, ատում եմ դավաճաններին, թուլակամներին, բայց ասելիքս զրպարտանքներով լրացնելու կարիք չեմ տեսնում։ Եթե մինչևիսկ սուտ է վերջինը, դրանից նրա դատավճիռը չի փոխվում կարծեմ։ Քրմական կարգը, որքան ես գիտեմ, բացառություններ չի նախատեսում` այն հավասար է բոլորի համար։ Մի բան հաստատ է` որդիդ խափանեց քո հրամանի իրագործումը։ Նա շատ լավ գիտեր` որտեղ էր կույսը, բայց, մեզ շեղելով, չթույլատրեց հնձանի ներսում նրան փնտրել։

ԱՐՁԱՆ — Այդ ո՞վ է ուզում քրմական կարգը ինձ հիշեցնել, դո՞ւ, դեղնակտուց Հանդգնությունդ նայել է արդյո՞ք իմ ապրած կյանքին, իմ հոգու ցավին։ Դու ի՞նչ ես դրել քո դավանանքի զոհասեղանին, սե՞րդ, զավակի՞դ, թե՞ ընտանիքդ ո՞ւմ ես դաս տալիս քրմության կարգով

ՑՈՒԼ — Ներիր, քրմապետ, իմ խոսքերի մեջ անզգույշ եղա, հպարտությունդ վիրավորելու նպատակ չունեմ, ես ակնածում եմ քո վեհությունից։ Մի պահ մոռացա, որ ուսուցիչս հենց դու ես եղել։ Քրմության կարգը քեզնից եմ ուսել, քո օրինակով։ Ներիր, ուսուցիչ։ Ես քո զայրույթում որսացի նաև դատավճիռդ։ Խիստ է, բայց`արդար։ Ես խոնարվում եմ քո կամքի առաջ, քարեղեն կամքի

Արագ վազելով` ներս է մտնում սպասավոր քուրմը։

ՍՊԱՍԱՎՈՐ ՔՈՒՐՄ — Արքան պարտվեց կույսին, քրմապետ, նա գետնատարած ընկած է հիմա… 

ԱՐՁԱՆ — Բայց ո՞ղջ է արքան։

ՍՊԱՍԱՎՈՐ ՔՈՒՐՄ — Այո, շնչում է` ամոթն աչքերում և այնքան հոգնած, որ ոտքի վրա չի կարող կանգնել։

ԱՐՁԱՆ — Իսկ կո՞ւյսը

ՍՊԱՍԱՎՈՐ ՔՈՒՐՄ — Իսկ կույսը փախավ այնպիսի թափով, որ ոչ մի զինվոր չկարողացավ նրա դեմ կանգել, նույնիսկ դռները անզոր ճռինչով ետ ընկրկեցին

ԱՐՁԱՆ — Հազարապետը որտե՞ղ է հիմա։

ՍՊԱՍԱՎՈՐ ՔՈՒՐՄ — Նախասրահում  

Քրմապետը ուզում է սպասավորի հետ արագ դուրս գալ, աչքը ընկնում է գետնին ընկած ջահին։ Ետ է դառնում, վերցնու, վառում է, դնում ջահակալին ու դուրս գալիս։ Ցուլը մոտենում  է քրմապետի վառած ջահին, մարում է, վերցնում է իր ջահն ու հեռանում։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐՐՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ

Արքայասենյակում հավաքված պալատականները երկյուղած նայում են գետնատարած արքային, ով, աչքերը փակած, ծանր շնչում է։ Նրա շնչառությունը հիշեցնում է վիրավոր առյուծի մռնչոց։ Արքան, աչքերը փակ, ամոթից գալարվում է։ Ներս է մտնում Դահճապետը` հետը բազմաթիվ դահիճներ, որոնց շարքը ձգվում է արքայասենյակից դուրս։ 

ԴԱՀՃԱՊԵՏ — Քո հրամանով այստեղ եմ բերել ընտիր դահիճներ, որոնք գիտակ են  մարդկանց տանջելու ընտիր ձևերի և վարպետորեն այնպես են գործում, որ նույնիսկ մահվան փափագած շեմին դատապարտյալը շարունակում է  անհույս բառաչել` ձգտելով փախչել դժոխք-մարմնից, սակայն դա նրան շուտ չի հաջողվում… Պատվիր գովելի իմ դահիճներին քո հրամանով։ Արյան խրախճանք նրանք շատ երկար չեն արել, արքա։ 

ՏՐԴԱՏ — Բռնեցեք կույսին, տանջեք, քառատեք, մորթազերծ արեք, բզկտեք նրան…

ԴԱՀՃԱՊԵՏ — Մյուս կույսերին ի՞նչ անենք, արքա։

ՏՐԴԱՏ — Նույնն արեք… շատ դաժան եղեք… հոգնածությունս հաղթում է, տարեք… ննջարան… ամոթ, շատ ամոթ… կանչեք այդ չարքին… Օտարականին կանչեք… սպանիր, դահիճ… մեռնել եմ ուզում… և մեռնելն անգամ զուր է և ամոթ… (Ուշագնաց է լինում։ Թիկնազորը տանում է արքային դեպի ննջարան։)

ԲՈԼՈՐԸ — (իրար անցած): Գտեք Օտարականին… անհապաղ գտեք… բոլոր մուտքերը 

փակեք` չփախչի… մի՞թե նա արդեն անհետացել է… խայտառակություն… փողեր հնչեցրեք, ողջ պահակազորը որոնման հանեք… հայոց երկիրը անպատիվ եղավ… վառեք ջահերը… մահ այդ լրտեսին… սա դավ էր իրավ… մորթեցեք բոլոր կույսերին… հառաջ…

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Վաղարշապատի մերձակա մի բլուր։ Վազքով ներս է մտնում Հռիփսիմեն։ Նրա հագուստը ճղճղված է, ոտքերն` արնոտ։ Հոգնած ծնկի է իջնում։ Աստիճանաբար շնչառությունը կարգավորվում է։  

ՀՌԻՓՍԻՄԵ — Շնորհակալ եմ, Տեր, որ փրկեցիր ինձ պղծությունից։ Հոգ տար քույրերիս 

համար, խնդրում եմ, Տեր։ Հոգ տար նաև այդ սարսափելի արքայի համար, ներիր նրան և օգնիր ինձ, որ ամբողջ հոգով ներեմ նրան… հոգնած եմ իսպառ, բայց հոգիս Քեզնով զորացած` անուշ խնդում է։ Մոտ է վախճանս և Քեզ հուսալով, այլևս անզոր փախչելու, ես հանձնվում եմ իմ դահիճներին։ Ներիր և նրանց։ Այս քարի վրա գլուխս դրած` մեռնելուց առաջ գեթ հանգիստ առնեմ, իմ անուշ Հիսուս… Հոգնած եմ սաստիկ… ախ, մայրապետս սաղմոսներ երգեր ու ես էլ գրկում` ննջեի մի քիչ… Բարի մայրապետ, քո դստրիկը մի վերջին անգամ մի սուրբ համբույրով կուզեր, որ քեզնից հրաժեշտ առներ… (Երգում է).

Կանանց մեջ օրհնյալ, ով սուրբ Տիրամայր,

Մենք ճանապարհ ենք անցել շատ երկար,

Զմուռս ենք բերել, կնդրուկ ու ոսկի,

Մանկանդ առջև իջնում ենք ծնկի… 

Քարի վրա հենված քնում է:

Լսվում են ձիերի դոփյուններ, ցավից տանջվող կանանց աղաղակներ, տնքոցներ, դահիճների հռհռոցներ, մտրակների սուլոցներ։ Մի խումբ դահիճներ արագ մոտենում են Հռիփսիմեին, տանջամահ են անում։

Օդում տագնապ կա, մահվան իշխանություն, արյան ծարավ դահիճներ, կոտրվող ոսկորներ ու մորթվող կույսեր։ Այս չարագուշակ աղմուկների ֆոնին լսվում է երկնային մեղեդի, որն աստիճանաբար բարձրանում է, կլանում աղմուկը և 

զուգորդվում բեմի դաժան տեսարանի հետ։

ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ

Ամեն ինչ խաղաղվում է։ Բեմին` դիեր… Գալիս է Օտարականը։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — (անցնում է դիակների վրայով` ինչ որ բան որոնելով): Նրանց մահը կարճ տևեց, բայց իմը վախճան չի ունենա, ես պիտի մի ամբողջ հավիտենականություն մեռնելով թափառեմ։ Այնտեղ պիտի լինի լաց և ատամների հավիտենական կռճտոց։ Ես ուզում էի այս հողը փրկել ճշմարտությունից, կանխել նրա մուտքը, որպեսզի մարդիկ ապրեն առանց մահվան սարսափի, եթե մինչև իսկ մահվան սահմանագծից այն  կողմ անվերջ մեռնելու են, միևնույն է, գոնե կարողանան կյանքի այս կարճ հատվածը  անհոգ ապրել։ Բայց ես պարտվում եմ, ինչպես Աստծո հետ պայքարող ամեն ոք։ Որովհետև սրբությամբ նահատակված մեկ կույսն ավելի շատ բան կարող է անել, քան մեղավոր թագուհիների մի ամբողջ բանակ։ (Գտնում է Հռիփսիմեի մասունքները, մի կտոր արնոտ  լաթ է պոկում): Ես վախենում եմ մեռնելուց, շատ եմ վախենում։ Ով սուրբ կույս, քնքուշ արարած, դու ինձ ցնցեցիր հավատիդ ուժով։ Ով սուրբ մասունք, կարո՞ղ ես ինձ զղջում պարգևել։ Ով սուրբ արյունով ներծծված լաթի կտոր, կարո՞ղ ես կամուրջ դառնալ այն անդունդի վրա, որ կա իմ և Նրա միջև, կարո՞ղ ես ինձ վերադարձնել այն ջերմեռանդ սերն ու նվիրումը, որ կորցրեցի կնոջ մարմնի լույսերում… (Այլ կողմ նայելով): Իսկ քո ժամանակը գալիս է. ես իմ անմիտ վարմունքով բերեցի այն, այլևս արևի լույսը աչքով ես տեսնելու, տարիների տիղմը և օձերի շնչառությունը քեզ չեն պարուրելու։ Քո հանգրվանը գիհու փչակում է լինելու, իսկ իմը… հա-հա-հա… (Հիստերիկ ու երկար քրքջում է): Ես հանգրվան չեմ ունենալու… 

Զրուցելով մոտենում են ինչ-որ մարդիկ, Օտարականը գաղտագողի հեռանում է:

ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ

Նույն վայրում։ Գալիս են Գուսանը և Զարեհը:

ԳՈՒՍԱՆ — Այս բլրի վրա նրան մորթեցին և խոշտանգեցին…

ԶԱՐԵՀ — Ինչպե՞ս կարող էր արքունի զորքը առանց որոնման, այդքան հեշտորեն գտնել հնձանը։  

ԳՈՒՍԱՆ — Դու չե՞ս հասկանում, որ մի սրիկա մատնել է նրան։ Մի ստոր արարած` անարժան նույնիսկ Հռիփսիմեի ոտնամաններին աչքը հառելու… Դավաճանություն, Զարեհ, դավաճանություն… բայց ես կարծում եմ, որ նա Հռիփսիմեի համար է արել…

ԶԱՐԵՀ — Հռիփսիմեի՞…

ԳՈՒՍԱՆ — Հռիփսիմեի փրկության համար։ Հապա մտածիր, եթե արքայի ուղարկած զորքը ճիշտ ժամանակին հնձան չհասներ, քրմերի հաջորդ որոնող խումբը հավանական է նրան կգտներ ու կգլխատեր։ Իսկ իմ անճարակ բարբաջանքները, որ քո օգնությամբ հազիվ շեղեցին Ցուլին հնձանից, գուցե այս անգամ էլ չօգնեին (Դիակները տեսնելով` կանգ է առնում): Ետ դառնանք, Զարեհ, լսո՞ւմ ես նրանց  հառաչանքերը և տնքոցները։  Այս դիակները ոռնում են ցավից, լսո՞ւմ ես, Զարեհ։ Ես ետ եմ դառնում, ես վախենում եմ… նրանք նվում են, ետ դառնանք, Զարեհ, նրանք ցավի մեջ ներում են, գնանք, գնանք այստեղից։

ԶԱՐԵՀ — Ես պիտի տեսնեմ նրա մարմինը` թեկուզ բզկտված, աչքերս սաստիկ ծարավ են, Գուսան, մի վերջին անգամ ուզում եմ տեսնել Հռիփսիմեին…

ԳՈՒՍԱՆ — Նույնիսկ ցիները և ագռավները նրանց չեն դիպչում, բորենիները հեռու են 

փախչում… Չէ, մի մոտեցիր, այստեղից նայիր…

ԶԱՐԵՀ — (ծնկի է իջնում Հռիփսիմեի բզկտված մարմնի մոտ։ Լուռ արտասվում է)։

ԳՈՒՍԱՆ — (հետևում է Զարեհին` ծնկի է իջնում): Նա ասում էր, որ մի օր բոլորը պիտի հարություն առնեն մեռելներից և Աստված պիտի դատի բոլորին և զատի արդարին մեղավորից։ 

ԶԱՐԵՀ — Դու գիտե՞ս նրանց Աստծո անունը։

ԳՈՒՍԱՆ — Քրիստոս, Հուդան մատնեց նրան։

ԶԱՐԵՀ — Ինչի՞ համար։

ԳՈՒՍԱՆ — Երեսուն արծաթի… մեկ կոտ ոսկու համար… ոչ, ավելի ճիշտ, նա մի ստահակ էր… Դե, երգիր, աղջիկս, երգիր քո Աստծուն, ախորժալուր ձայնդ մի ապերախտի կարող է բուժել, ագռավներն անգամ քու սուրբ մարմնին չեն իշխում դիպչել… գնահատում են, սիրտ ունեն. ոսկին նրանց ինչի՞ն է պետք։

ԶԱՐԵՀ — Գուսան, ո՞վ մատնեց Հռիփսիմեին…

ԳՈՒՍԱՆ — Ո՞վ մատնեց նրան… մի՞թե… չհավատաս… Ոչ, մի հավատա, ինչպե՞ս կարող էր… նա չէր կարող… չհավատաս, Զարեհ։

ԶԱՐԵՀ — Իսկ ինչու՞ մատնեց: (Դանդաղ ձեռքը տանելով սրին):

ԳՈՒՍԱՆ — Որդի քրմապետի, դու հավատո՞ւմ ես Հռիփսիմեի Աստծուն…

ԶԱՐԵՀ — (իրեն  մի կերպ  զսպելով և ձեռքը ետ քաշելով սրից): Այո, Գուսան, հավատում եմ… Ի՞նչ էր խոստացել արքան, որ ես չէի կարող տալ…

ԳՈՒՍԱՆ — Ապահովություն Հռիփսիմեին։ Դու չէիր կարող պաշտպանել նրան ոչ քրմապետից, ոչ էլ արքայից և, փոխարենը, կյանքդ ապարդյուն կկորցնեիր։

ԶԱՐԵՀ — Երանելի մահ, որից զրկել ես։ Բայց դու գիտեիր, որ Հռիփսիմեն ոչ մի պայմանով չէր հնազանդվի արքայի կամքին…

ԳՈՒՍԱՆ — Այո, գիտեի, բայց հույս ունեի, որ Տրդատ արքան կգնահատի գեղեցկությունը և չի սպանի Հռիփսիմեին։ Սխալվեցի, Զարեհ։ 

ԶԱՐԵՀ — Ազնիվ եղիր ու խոստովանիր, որ քեզ արքայի խոստացած ոսկին է մատնության դրդել։ Մի՞թե քիչ եմ քեզ ոսկի տվել։ Դարձյալ կտայի և ավելի շատ… խոսքեր չեմ գտնում քեզ հայհոյելու, դու նույնիսկ դրան արժանի չես, շուն… (Բռնում է Գուսանի կոկորդից և սկսում է խեղդել, ապա թողնում է): Շունն ազնվագույն կենդանի է…          

ԳՈՒՍԱՆ — (մի կերպ շունչը տեղը բերելով): Ոսկին կարևոր չէր, Զարեհ, կարևորն այն էր, որ տալիս էր արքան, կարևորն այն էր, որ հանդիպում ես արքային ու խոսք ես փոխանակում նրա հետ, նրա արքայական ունկերը քո ձայնի կարիքն ունեն։ Նրա արքայական հայացքը կշռում է քեզ, եթե նույնիսկ գտնում է, որ դու մի ողորմելի գուսան ես, միևնույն  է,  դու արժեք ունես նրա աչքում, թեկուզ քո ողորմելի լինելու չափ։ 

ԶԱՐԵՀ — Արժեքդ բարձրացնելու համար կարող էիր ոսկին չվերցնել, այլ ասել, որ արքայի սիրուց է, որ դու մատնում ես։  

ԳՈՒՍԱՆ — Դա էլ կա, խոստովանում եմ, ես թույլ մարդ եմ… Ես վաճառում էի նրանց  պատրաստած ապակյա ուլունքները և գոյացած ոսկու մի մասով սնունդ էի բերում նրանց։ Բայց մի անգամ  էլ ոսկին այնքան ինձ գայթակղեց, որ նրանց ոչինչ չտվեցի` ասացի, որ ճանապարհին ավազակները իբր հարձակվել ու թալանել են։ Նրանք այդ օրը սոված մնացին, ոչինչ չասացին, միայն  աղոթում էին Աստծուն, որ գոնե ես ողջ և առողջ եմ պրծել։ Նրանք կարող էին երկար սոված մնալ, բայց չտրտնջալ, այլ սիրով ժպտալ…

ԶԱՐԵՀ — (մերկացնում է սուրը):

ԳՈՒՍԱՆ — Բայց ո՞ւր է ոսկին, որ արքան տվեց… չկա, որովհետև այն իմ ինչի՞ն է պետք… ես այն շաղ տվեցի ճանապարհին… Հիշո՞ւմ ես, ինչպես էր նա երգում, ինչ քաղցր ձայնով… Դու ուզում ես սպանե՞լ ինձ, ոչ, դու ասացիր, որ հավատում ես Հռիփսիմեի Աստծուն, իսկ Նա ասում է` մի սպանիր, և հետո… (Զարեհը սուրն ավելի է մոտեցնում): Ոոոոոչ(Աչքն ընկնում է Հռիփսիմեի փոքրիկ խաչին): Խաչը, խաչը, ով հրաշք, սիրտս վառվում է և կեղեքվում է այն զորությունից, որ ճառագում է այդ փոքրիկ խաչից, թող տուր համբուրեմ իմ պիղծ շուրթերով… (Վերցնում է խաչը, համբուրում է): Ներիր ինձ, Աստված, ներիր ինձ, Քրիստոս, բայց ոչ`  ի՞նչ ներում, շանթ ու կրակ տուր, մոխիր դարձրու, ես դավաճան եմ, ես անարժան եմ ներմանդ, Հիսուս, ես անարժան եմ…

ԶԱՐԵՀ — (սուրը գցում է): Անզոր եմ, Գուսան, խեղճ ու անտուն եմ։ Ես կորցրեցի Հռիփսիմեին, կորցրեցի հորս և ընկերներիս… տուր ինձ այդ խաչը, որ ընկեր դառնա մենակության մեջ։ Ես ամբողջ կյանքում այն պիտի կրեմ իմ սրտի վրա, թեև կարծում եմ, որ այն շատ երկար չի բաբախելու… (Վերցնում է խաչը, համբուրում, սեղմում կրծքին, անցկացնում վզով):

ԳՈՒՍԱՆ — Մնաս բարով, Զարեհ, ես հեռանում եմ։

ԶԱՐԵՀ – Ո՞ւր, Գուսան, այդ ի՞նչ նոր միտք է գլուխդ մտել։

ԳՈՒՍԱՆ — Ես հեռանում եմ դեպի Վան, Զարեհ, դեպի Վանա լիճ` Վարագա լեռան ստորոտներում մինչ մահ ճգնելու։ Այս խաչը, որ դու կրում ես սրտիդ, կրկնօրինակն է այն սուրբ մասունքի, որ Հռիփսիմեն թողել է այնտեղ։ Սա նույնպես սուրբ է, բայց իսկականը, որ պատրաստված է Տիրոջ սուրբ խաչից, Վարագա լեռան մի քարայրի մեջ, անհայտ մի տեղում  հանգչում է հիմա9։ Այդ սուրբ մասունքի կարոտից էր, որ Հռիփսիմեն մի փոքրիկ փայտից այն կրկնօրինակել ու միշտ կրում էր իր սրտի վրա։ Ես կփնտրեմ այդ սուրբ մասունքը մինչև կյանքիս վերջ։ Եթե մինչև իսկ չգտնեմ, հույս ունեմ, որ իմ սևաթույր հոգին այդ որոնումից վանա կատվի պես ճերմակ կդառնա։

ԶԱՐԵՀ — Աստված քեզ հետ, Գուսան, ես ներում եմ քեզ։  Խնդրում Աստծուն, որ Նա էլ ների։ Իմ գիշերները ես այս սուրբ վայրում` Հռիփսիմեի ծվենների մոտ կլուսացնեմ։ Անվերջ կաղոթեմ ես իմ հոր համար, որին սիրում եմ ու կարոտում եմ։ Իսկ ցերեկները մութ խորշերի մեջ արտից գողացված գարի կծամեմ, որ հայրս  հանկարծ որդեսպան չդառնա, Գուսան. նա չի դիմանա իր վճռով նյութած կորստիս ցավին։  

ԳՈՒՍԱՆ — Աստված քեզ հետ, Զարեհ, Աստված քեզ հետ… (Գնում է):

ԶԱՐԵՀ — Բարի ճանապարհ, Գուսան։ 

ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Կիսամութի մեջ լսվում են քամու ուժգին սուլոցներ, զինվորների խրոխտ և համաչափ ոտնաձայներ, զենքերի շաչյուն։ Վազելով ներս է  մտնում Տրդատ արքան։ Նա այլայլված է և սարսափած, հագին վերարկու է, որը երկու ձեռքերով մի կերպ իրար վրա է բերում, որ քամին չտանի։ Ետևից հայտնվում է մի ամբողջ բանակ և գազազած ամբոխ, որոնք նկատելով Տրդատին` միաձայան բղավում են՝ «Մահ Բրուտոսին, մահ Բրուստոսին» ու սլանում նրա ետևից։ Տրդատը սարսափահար դուրս է փախչում։ Բանակը հետևում է նրան։  Բեմի մյուս կողմից վազելով դուրս է գալիս Տրդատը։ Նա մի կերպ կարծես ուզում է պատսպարվել ինչ-որ սյան ետևում, բայց այդ պահին լուսինը, ողջ տիեզերքի երախը դարձացած, բղավում է `«Մահ Բրուտոսին, մահ Բրուտոսին», ու քրքջում։ Նորից բանակն ու ամբոխը հասնում են Տրդատի ետևից ու քարերով, փայտերով, սրերով հալածում են, քաշում, գետնին տապալում, փորձում հանել վերարկուն, ոտնամանները ու դարձյալ բղավում` «Մահ Բրուտոսին, մահ Բրուստոսին»։ Լսվում են քրքջոցներ։ Տրդատը փորձում է պաշտպանվել` պահելով մերթ վերարկուն, մերթ` ոտնամանները։ 

ՏՐԴԱՏ — Ախ, ինչ Բրուտոս, ձեռք քաշեք ինձնից, թողեք, մի հրեք, ո՞ւր եք տանում ինձ,

տվեք, ախ, տվեք ոտնամաններս, թողեք փեշերը իմ վերարկուի, ուշանում եմ ես, թողեք ասում եմ, ի՞նչ եք ինձ կպել ու պոկ չեք գալիս…

ԱՄԲՈԽ — Մահ Բրուտոսին, մահ Բրուտոսին…հա… հա… հա…

Վազելով ներս է մտնում Աշխենը։ Ամեն ինչ խաղաղվում է։ Բեմը լուսավորվում է, 

երևում է արքունիքի պատշգամբը։ Աշխենին հետևում են Օտա հազարապետը,  

Արձան քրմապետը և սպասավորներ։

ԱՇԽԵՆ — Ի՞նչ է պատահել, Տրդատ, ինչո՞ւ ես բղավում։

ՏՐԴԱՏ — Գալիս են ինչ-որ զինված մարտիկներ, գալիս է ինչ որ գազազած ամբոխ, քաշում են, տանում, սպառնում են ինձ, ասում են, թե ես «Կեսար» անունով մարդ եմ սպանել… Ես եմ սպանել, մարդ եմ սպանել… «Կեսար» անունով… 

ԱՇԽԵՆ — Տրդատ, սիրելիս, դա թվում է քեզ։ Ողջ պահակազորը ահա այնտեղ է` քո դռների մոտ։ Ոչ ոք չի կարող ներս մտնել այստեղ, քեզ ահաբեկել, քեզ մեղադրել կամ թե վերարկուդ քեզանից խլել։ 

ՏՐԴԱՏ — Չէ, ուշ է արդեն, ցուրտ է սոսկալի, սաստիկ մրսում եմ, գնամ երևի։ (Օտային և Արձանին): Դե, ես գնում եմ, ձեզ բարի գիշեր, իսկ թե մահն էլ գա ու ինձ հարցնի՝ դուք նրան կասեք, որ գնացել եմ։ Իսկ թե՝ ո՞ւր, ինչո՞ւ, ի՞նչ նպատակով… Դուք խորհրդավոր կնայեք միմյանց և հետո մահին ու կքրքջաք… Եվ նա կհասկանա, որ գիտեք, սակայն իրեն չեք ասում… Գիտեմ, ես գիտեմ, նա շատ կտխրի, շատ կթախանձի, ձեռուոտ կընկնի, թե ասեք, ասեք… բայց, միևնույն է, նրան իմ մասին  ոչ մի բառ չասեք… դե ես գնում եմ, ձեզ բարի գիշեր… (Շրջվում, պատերի տակով գաղտագողի դուրս ելնում):

ԱՇԽԵՆ ԹԱԳՈՒՀԻ — (արցունքն աչքերին հետևում է Տրդատին)։

ՕՏԱ — (սպասավորներին): Հասեք նրա ետևից ու տարեք արքայասենյակ, թող հանգստանա, նա շատ հյուծված է… (Սպասավորները դուրս են գնում): Այդպես է մարդկայնին բնույթը. հոգեկան տառապանքի մեջ, թողած տառապանքի բուն պատճառը, մարդ մտածում է աննշան բաների մասին կամ իր վիշտն արտահայտում ուրիշի վշտով։ Այդպիսով մի կերպ տանելի դարձնում իրեն պատուհասած հոգեվիճակը։ Սա պատճառից անգիտակցաբար խույս տալու մի հնար է` հոգու ինքնապաշտպանություն։ Այն ստորացումն ու ամոթը, որի մեջ Տրդատն ակամա ընկավ, նրա վեհ հոգին չի կարող կրել։ Դա տառապանք է` վեր նրա ուժից։ Տրդատը Հռոմի  կայսեր բարեկամն է, ինչպես մի ժամանակ Բրուտոսը` Կեսարի։ Բայց Տրդատը Բրուտոս չէ, նա իր բարեկամին թիկունքից չի խոցել։ Այո, մտածել է Հռոմը ծնկի բերելու, Դիոկղետիանոսին հաղթելու մասին, բայց միայն մտածել է…     

ԱՐՁԱՆ — Քո հոգին նույնպես անցել է ինքնապաշտպանության, Օտա։ Թողած մեծ վիշտդ` խորհում ես անկարևոր բաների մասին։ Չես ուզում իրողությանը բաց աչքով նայել. Տրդատի մոտ հոգու ինքնապաշտպանություն չկա այլևս, նրա հոգին չդիմացավ, նա արդեն խելագարվել է, հասկանո՞ւմ ես, Օտա, խելագարվել է. Հայոց աշխարհը չունի էլ արքա:

ՕՏԱ — Չեմ ուզում հասկանալ, Արձան, ես շատ ծեր եմ դա հասկանալու համար։ Այն օրից սկսած, երբ իմացա, որ մանուկ Տրդատը փրկված է Սասանյանների ձեռքից և Հռոմում Լիկիանես զորավարի մոտ է կենում, ինձ համար նույնացան Հայաստան և Տրդատ բառերը։ Նա մեծացավ իմ հույսերի հետ բազկով` զորավոր, մտքով` իմաստուն և կամքով` արի, և մի օր կարողացա Խոսրով արքայի գահը հաստատված տեսնել… Երջանկությունս, ավաղ, երկար չտևց… Գահաժառանգը մանուկ է,  ինքս` չափազանց ծեր, իսկ Հայոց երկրի թշնամիները շատ են, Արձան, մեզ Տրդատ է պետք… (Արտասվում է):        

ԱՐՁԱՆ — Դու քեզ մի պահիր շինական հոր պես, որ իր զավակի մոտալուտ կորուստն է թուլացած սգում։ Դու հին զինվոր ես և ծերությունը արդարացում չէ վարմունքիդ համար։ Վայն ու ողբը թող Աշխեն թագուհուն և Խոսրովիդուխտին։ Դու պարտավոր ես նայել այս դեպքին ոչ իբրև վշտի, այլ իբրև խնդրի`առաջադրված հայոց պետության մի հենասյանը։ Լուծում տուր, Օտա, որպես փորձառու, իմաստուն մի այր։ 

ՕՏԱ — Իմ առաջարկած լուծումը դու ես, Արձան, դու ամուր նյութից ես կոփված և աստվածների խորհուրդը գիտես, ելքեր ես գտնում անելք թվացող իրավիճակում։ 

Վազելով ներս է մտնում Տրդատը։ Նրան հետևում են սպասավորները և Խոռխոռունին։

ՏՐԴԱՏ – Ո՞ւր է աղեղս, կապարճս տվեք, որսի եմ գնում, տագնապ բարձրացրեք, լարեք 

ցանցերը, բերեք թակարդները… Գնանք Շամբուտներ, կանչում են, փութով։  Ինչո՞ւ եք կանգնել, ի՞նչ է, չե՞ք լսում, ես դեռ արքա՞ եմ, թե՞ ախոռապան։ (Օտային.) Ծերուկ, լսո՞ւմ ես, սա հրաման է. արագ, ձի հեծեք(Նորից նույն թափով դուրս է գնում։  Սպասավորները հետևում են նրան):

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Նա ստիպում է, որ որսի գնանք։ Ի՞նչ անենք, ասա, հազարապետ։

ՕՏԱ — Որսը նրա սիրած զբաղմունքն է, Խոռխոռունի, գնացեք։ Միգուցե այդ զբաղմունքը նրա հոգուն սփոփանք բերի։ Այո, Գնացեք։ 

ԽՈՐԽՈՌՈՒՆԻ — Ճիշտն ասած, ես էլ եմ այդպես կարծում։ Ձեր կարծիքն ի՞նչ է, քրմապետ։ 

ԱՐՁԱՆ — Ես վախենում եմ նրա յուրաքանչյուր տեղաշարժից` նրան վտանգ է սպառնում։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Ի՞նչ վտանգ, քրմապետ, իմ ողջ պահակազորը նրան կուղեկցի։ Կարող եք անհոգ մնալ։ 

ԱՐՁԱՆ — Այո, կարծես թե իրականանում է այն վտանգավոր գուշակությունը, որի  կանխումը մեզ չի հաջողվում։ Բայց դու զբաղվիր Տրդատով, մաղխազ, իսկ մենք կփորձենք կանխել գուշակության երկրորդ մասը, որն այս երկրի օրհասն է գուժում։ Անհապաղ կանչենք սպարապետին և մյուս բոլոր նախարարներին, որպեսզի վճռենք մեր անելիքը։ 

Բոլորը գնում են։ 

ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ

Վաղարշապատի արվարձաններում։ Գալիս են Գուշակը և Նանեն։

ՆԱՆԵ — Ինձ մեր քաղաքի բոլոր քրմերը խորհուրդ են տվել քեզ դիմել, Գուշակ։ Նրանք ասում են, որ դու կարող ես օգնել այս հարցում։ 

ԳՈՒՇԱԿ — Ի՞նչ է խնդիրքդ, մաղխազի դուստր։  

ՆԱՆԵ — Արդեն երեք օր ես թափառում եմ ողջ քաղաքով մեկ, եղել եմ նույնիսկ  արվարձաններին հարող դաշտերում, բայց փնտրտուքս արդյունք չի տալիս։

ԳՈՒՇԱԿ – Ո՞ւմ ես փնտրում։

ՆԱՆԵ — Զարեհին, Գուշակ։

ԳՈՒՇԱԿ — Ըստ քրմապետի դատավճռի` նա մահապարտ է։

ՆԱՆԵ — Ես հենց այդպես էլ ենթադրում էի։

ԳՈՒՇԱԿ — Ինձ Ցուլն է ասել։

ՆԱՆԵ — Վայ ինձ, վայ նրան։ Գուշակ, կարո՞ղ ես նրա տեղն ասել։ 

ԳՈՒՇԱԿ — Ինչի՞դ է պետք, Նանե։ 

ՆԱՆԵ — Երբ ամեն գիշեր, որոնումներից ես իսպառ հոգնած, քունն ինձ հաղթում է, նա մոտս է գալիս մուրացկանի պես, ասում է` Նանե, ծարավ եմ, Նանե, մրսում եմ… անտուն եմ, Նանե… քաղցած եմ, Նանե, մի լքիր, Նանե։ Երբ ես ուզում եմ թևերս պարզել ու նրան գրկել, նա տխուր դեմքը վրաս է հառում ու հեռանում է։ Ես, հեկեկալով, քնից զարթնում եմ, թաքուն դուրս գալիս իմ ննջարանից ու  միջնաբերդի պարիսպների տակ, ականջս նրա ոտնաձայներին, տանջվում մինչև լույս։ Եվ ինձ թվում է, որ նա շատ դժվար կացության մեջ է` սոված է, ծարավ ու անօթևան։ Ուզում եմ նրան անպայման գտնել, օգնիր ինձ, Գուշակ։ Բայց դու ինչո՞ւ ես այդպես սարսափած, ի՞նչ է պատահել։  

ԳՈՒՇԱԿ — Ես էլ մի խնդիրք ունեմ, քեզ, Նանե։

ՆԱՆԵ — Քեզ կօգնեմ, Գուշակ, ինչով կամենաս, միայն թե ասա, ո՞ւր է Զարեհը։

ԳՈՒՇԱԿ — Օգնիր ազատվել այս մղձավանջից։ Հոգիս թնդում է տագնապի դողից։ Գլուխդ այստեղ, կրծիքս վրա դիր։ (Նանեն գլուխը դնում է գուշակի կրծքին): Լսո՞ւմ ես, Նանե։ 

ՆԱՆԵ — Ոչինչ չեմ լսում, բացի այն, որ սիրտդ արագ է զարկում։

ԳՈՒՇԱԿ — Վայրի խոզերի մի ամբողջ բոլուկ խառնվել է իրար ու մռնչում է, չե՞ս լսում, Նանե։

ՆԱՆԵ — Ոչինչ չեմ լսում։ 

ԳՈՒՇԱԿ — Հայոց սեգ արքան արդ խառնվել է Փառական Շեմակաց դաշտի վայրի խոզերին, փախչում է, Նանե։ Վայ հայոց երկրին, արքան խոզացած դոփում է, Նանե, սիրտս պատռվեց նրա տանջալի մռնչոցներից, ոչինչ չե՞ս լսում։ 

ՆԱՆԵ — (գլուխն հեռացնելով գուշակից ու վախեցած նայելով նրան): Չեմ լսում, Գուշակ, ու չեմ հասկանում թե ի՞նչ ես խոսում։ 

ԳՈՒՇԱԿ — Օգնիր ինձ, Նանե, ազատիր ծանր այս մղձավանջից։ Նա դիվահարվել ու խոզի նման թավալ է գալիս ճահճուտների մեջ։ Սիրտս պայթում է, օգնիր ինձ Նանե։ Վայ հայոց երկրին…

Լսվում են վայրի վարազների ճիչեր, ու զինվորների ձայներ։

ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՁԱՅՆԵՐ — Այս կողմ է արքան… ահա այս կողմ է … Ցանցն այս կողմ գցիր… Վայ, ափսոս, փախավ… տագնապ հնչեցրեք, թող արքունիքից օգնության հասնեն… Խայտառակություն… Էհեյ, զգույշ կաց, թեկուզև մեռնես, չզարկես հանկարծ… Վայ մեզ… Սա կույսի Աստծո ցասումն է…

Փողերի ձայներ։ Վարազների բոլուկը անցնում է բեմով, 

նրանց հետապնդում է արքունի թիկնազորը։

ՆԱՆԵ  — (զինվորներից մեկին): Այստեղ եկ, զինվո՛ր։ Ինչո՞ւ եք այսպես իրար խառնվել։ Ի՞նչ է պատահել։

ԶԻՆՎՈՐ — Ախ, Նանե, Նանե…

ՆԱՆԵ — Ի՞նչ ես կարկամել, դե խոսիր, զինվոր։

ԶԻՆՎՈՐ — Ախ, Նանե, Նանե…Արքան խորտակվեց…

ՆԱՆԵ — Ինչպե՞ս խորտակվեց, ի՞նչ է` նա մեռա՞վ։

ԶԻՆՎՈՐ — Ոչ, ավելի վատ, շատ ավելի վատ…

ՆԱՆԵ — Հրամայում եմ, քաջ եղիր, զինվոր, մի դողա վշտից և հասկանալի պատասխան տուր ինձ` ի՞նչ է պատահել։

ԶԻՆՎՈՐ — Որսի գնալիս նա հանկարծակի կառքից վայր թռավ, պատռեց բոլոր իր հագուստները և մռնչալով խառնվեց խոզերին։ Նա դիվահարված ու ամոթալի կերպարանք առած, վարազի նման սնունդ էր փնտրում ճահճուտների մեջ, կծոտում իրեն։ Ահա փորձում ենք մենք նրան բռնել, արքունիք տանել, բայց մռնչալով վրա է տալիս ու անհաղթ ուժով պատռում բոլոր որսացանցերը ու նորից խառնվում ստվար բոլուկին։ Ես այսքան վարազ երբեք մի տեղում չեմ տեսել, Նանե։ Նրանք կատաղած վազում են հիմա արվարձանով մեկ, ոտնատակ տալիս ու ավերում են ճամփին հանդիպած ամեն շինություն, ամեն ծառ ու թուփ։ Շատ մարդիկ ընկան նրանց ոտքի տակ, ձիեր սատկեցին։ Մեզնից շատերն էլ հիմա վիրավոր  ընկած են այնտեղ` շամբուտների մեջ։ Գնացի, Նանե, գնամ օգնության,  շատ զգույշ եղիր… (Դուրս է վազում):

ՆԱՆԵ — Ի՞նչ է կատարվում, ամեն եկող օր մի նոր աղետ է բերում։ Բայց, այ քեզ զարմանք, մարդկանց սրտերը կարծես վարժվել են այս աղետներին։ Մահն աչքի առաջ նրանք ապրում են, աշխատում, սիրում։ Նրանք այնքան են տագնապել, Գուշակ, որ նրանց սիրտը խիստ բթացել է վտանգի հանդեպ։ Եվ այս բոլորի պատճառը կույսն է, որին ես ինքս թեև ատում եմ, երբ մտածում եմ, որ նա Զարեհին խլել է ինձնից, բայցև սիրում եմ, որ այդքան քաջ է, այդքան անառիկ ու չնաշխարհիկ։ Ներում եմ նրան, զի նա մեռած է ու չի խանգարի իմ ձգտումներին, իմ գգվանքներին, իմ համբույրներին։ Ախ, Զարեհ, Զարեհ… Գուշակ, որտե՞ղ ես։ (Փնտրում է): Գուշակ, լսո՞ւմ ես։ 

ԳՈՒՇԱԿ — (անորոշ հայացքով ճեմում է): Նա քեզ համար է աղոթում, Նանե, որ ներես իրեն։

ՆԱՆԵ — Այդ ո՞ւմ մասին ես խոսում, Գուշակ։

ԳՈՒՇԱԿ — Նա աղերսում է, որ հոր կարծրացած սիրտը փափկանա, որ ների իրեն, որ որդեսպան չդառնա հանկարծ։

ՆԱՆԵ – Ո՞ւր է Զարեհը, նրան տեսնո՞ւմ ես… 

ԳՈՒՇԱԿ — Նա աղոթում է ուրիշ մի Աստծո, խաչակնքվում է… 

ՆԱՆԵ — Այդ որտե՞ղ, Գուշակ, խնդրում եմ, ասա։   

ԳՈՒՇԱԿ — Կույսի բզկտված դիակի առաջ…

ՆԱՆԵ — Ախ, դարձյա՞լ կույսի… ինչո՞ւ չեն թաղում նրա մարմինը, և այդ ինչպե՞ս է, որ 

այն չի դարձել ագռավներին կեր… Ասա ինձ, Գուշակ, ե՞րբ մենք կազատվենք այդ կույսից, ասա… կազատվե՞նք, թե՞ ոչ։  

ԳՈՒՇԱԿ — Կազատվենք, Նանե, միայն մի դեպքում… 

ՆԱՆԵ — Ո՞րն է այդ դեպքը…

ԳՈՒՇԱԿ — Եթե հավիտենությունը ավարտ ունենա… Մեռած կույսն ավելի զորեղ է, Նանե, անպարտելի է։ Բյուր-բյուր բերաններ դեռ պիտի նրա անունը գովեն, բյուր-բյուր սրտերից կյանքի աղբյուրներ պիտի բխեցնի, մի ողջ ժողովուրդ դարերի միջով նա կառաջնորդի հավիտենություն… նա վախճան չունի, նա չունի վախճան…

ՆԱՆԵ — Խնդրում եմ, Գուշակ, առաջնորդիր ինձ կույսի մարմնի մոտ։

ԳՈՒՇԱԿ — Երբ մենք տեղ հասնենք, Զարեհն այլևս այնտեղ չի լինի։

ՆԱՆԵ — Ուզում եմ նրա բզկտված մարմնին արցունքներ թափել։ Սիրտս լցված է, ուզում եմ նրա հետ խոհերս կիսել, ուզում եմ նրան ինձ քույր անվանել… Ախ, Հռիփսիմե, քույր իմ սիրելի…

Գնում են։     

ՏԵՍԱՐԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ

Արքունիքի սրահներից մեկում գլխիկոր շրջում են հայոց նախարարները, արքունիքի պաշտոնյաներ, Աշխեն թագուհին և Խոսրովիդուխտը` իրենց նաժիշտներով։

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Այդ ո՞վ որոշեց, որ արքան պիտի շամբուտներ գնա…

ՕՏԱ — Ես, սպարապետ, կարծելով, թե նա որսով կզբաղվի ու կխաղաղվի։ Բայց ծերությունը բթացրել է զգոնությունս… չմտածեցի, որ նա   խայտառակ կլինի այսպես… ես մեղավոր եմ` պարտավոր էի նրան հետ պահել… Այն վեհ Տրդատը այսպես անարգվա՞ծ… Ինչո՞ւ չմեռա` մնացի, որ այս անպատվությունը իմ ծույլ որոշմամբ լույս աշխա՞րհ բերեմ… Ախ, Տրդատ, Տրդատ… քո հիմարացած ծերուկն այլևս իր խորհուրդներով  չի կարող դարման անել քո մտքին …

ՄՈԿԱՑ ԻՇԽԱՆ — Էհ, հազարապետ, որսն այստեղ գուցե ոչ մի կապ չունի։ Դա մի սահմանված դժբախտություն էր, որ պիտի լիներ։ Իսկ երբ գալիս է դժբախտությունը, մենք ընդառաջ ենք վազում ակամա և օգնում, որ նա շտապ տեղ հասնի։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Հիմա քաղաքում շատերն ասում են, որ քրիստոնյաների Աստվածը 

հզոր է, Նա է պատժել Տրդատ արքային` կույսերին տանջամահ անելու համար։ Եվ շատ-շատերն են այդպես մտածում։ Սա վտանգավոր մտայնություն է, որ սպառնում է մեր պետությանը, մեր դավանանքին։ Շատերն են արդեն իրենց սրտերում Քրիստոս դավանում։ 

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Դրա համար է քրմապետն այդպես իրար խառնվել, որ իր աստվածների փառքը չմարի՞։ Ի՞նչ է, մենք այսպես պիտի ողբալով դատարկաբանե՞նք, իսկ արքան այնտեղ` ճահճուտների մեջ արմտի՞ք ուտի։ Ուրեմն ամոթ մեզ… Քրմապետն ո՞ւր է։ Ինչո՞ւ է նա մեզ այստեղ հավաքել…

Մտնում է քրմապետը։ Տիրում է լռություն։ Բոլորը սպասում են քրմապետի խոսքին։ Նա անցնում է ներկաների առջևով ու նայում յուրաքանչյուրի աչքերի մեջ։ 

Հասնում է Մանդակունուն։

ԱՐՁԱՆ — (Մանդակունուն): Սպարապետ, որտե՞ղ է արքան։

ԱԱՆԴԱԿՈՒՆԻ – Ինչո՞ւ ես հարցնում, քրմապետ։

ԱՐՁԱՆ — Հենց նոր ասացիր` իբր Տրդատը ճահճուտների մեջ արմտիք է ուտում։ Ուզում եմ իմանալ` դու քո աչքո՞վ ես հետևել նրան, թե՞ ինչ-որ մեկից լսել պարզապես։ 

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Ինձ Խոռխոռունին է այդ մասին ասել։ Նա է արքային տարել որսատեղ։

ԱՐՁԱՆ — Դու, Խոռխոռունի, տեսե՞լ ես Տրդատին վայրի խոզ դարձած։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Ես միայն տեսա, թե Տրդատն ինչպես դիվահարվելով, իր կառքից հանկարծ իրեն ցած նետեց ու մռնչալով կորավ խոզերի բոլուկների մեջ։ Բայց զինվորներից մեկը պատմում էր` իբր Տրդատը մի ակնթարթում կերպափոխվելով` այրի խոզ դարձավ։  

ԱՐՁԱՆ — Ես հարցնում եմ, կա՞ այստեղ մեկը, որ իր աչքով է տեսել արքային այդ կերպարանքով։ 

ԲՈԼՈՐԸ — (հարցական նայելով միմյանց աչքերի մեջ): Ոչ… ոչ… չենք տեսել… միայն լսել ենք…

ԱՐՁԱՆ — Խոռխոռունի, արդյունք տվեցի՞ն քո գլխավորած որոնումները եղեգնուտներում։

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Ոչ, քրմապետ, մենք շատ փնտրեցինք, բայց արքային այդպես էլ չհաջողվեց գտնել…

ԱՐՁԱՆ — Իսկ ո՞ւր է արքան։ Կարո՞ղ է այստեղ ձեզանից մեկը պարզորոշ ասել։ 

ԲՈԼՈՐԸ — (նայում են իրար աչքերի մեջ ու տարուբերում գլուխները)։  

ԱՐՁԱՆ — Մարդկային զգայարաններից ամենաբարձրը մեր մարմնի վրա տեղակայված է աչքը։ Նրա վկայությունն ամենաարժանահավատն է։ Եթե աչքերը չեն վկայում, իսկ մեր ականջներին չենք վստահում, ճշմարտությունը բացահայտելու համար պետք է ապավինենք այլ միջոցների` նայելով ավելի վեր։ Աչքից ավելի վեր տեղակայված է մեր միտքը, որը տրամաբանում է` քննելով տարբեր հանգամանքներ։ Դուք ավելի ներքևից եք սկսել։ Սկսել եք սրտից։ Դրա համար էլ խիստ հուզական եք դարձել, դրա համար էլ ցանկացած բամբասանք, ցնդաբանություն կարող է ձեզ ճշմարտանման թվալ։ Բայց ձեզանից յուրաքանչյուրի մեջ կա տրամաբանելու չտեսնված պաշար։ Դա ես զգում եմ ձեր աչքերին նայելով։ Ձեզանից յուրաքանչյուրը մի-մի հանճար է, եթե միայն չխաբվի սրտից ու ականջներից։ (Դադար):

ԲՈԼՈՐԸ — Խոսիր, քրմապետ, դու շատ բան գիտես…

ԱՐՁԱՆ — Եթե Տրդատի ներկան անհայտ է և մշուշոտ, ապա տեսնենք` ինչպիսին էին ուզում տեսնել այդ ներկան նրանք, ովքեր մանրամասն ծրագրել էին այս ամենը։ 

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Ծրագրե՞լ, կարծում ես` արքան դավադրության զո՞հ է։

ԱՐՁԱՆ — Այո, սպարապետ։ Վերջին ժամանակներս Վաղարշապատում շատ տարօրինակ բաներ պատահեցին։ Երբ դու այնտեղ` սահմաններում, ամրապնդում էիր երկրի անվտանգությունը, վտանգն այստեղ` երկրի սրտում` արքունիքի մեջ անվտանգ թափառում էր։ (Պարզելով ձեռքի մագաղաթը): Կարդացեք այս հրովարտակը, որ Դիոկղետիանոսն է ուղարկել Տրդատին։ Կարդացեք և շատ բան կհասկանաք, եթե բանականությունը և փաստերը համադրելու ունակությունը ձեզ դեռ չեն լքել։ Կարդա, գրագիր։ Այստեղ գրված է Հռիփսիմեի և այն կույսերի մասին, որոնք եկել են Վաղարշապատ…

ԳՐԱԳԻՐ — (կարդում է): «Արդ` փութաջան եղիր, եղբայր մեր, որպեսզի ուր էլ լինեն այդ կողմերում, կարողանաս նրանց գտնել, դայակով հանդերձ վրիժառությամբ մահվան արժանացնես, իսկ խաբված չքնագեղ կույսին այստեղ ինձ ուղարկես։ Իսկ եթե նրա գեղեցկությունը քեզ հաճո թվա, այդտեղ մոտդ կպահես, որովհետև նրա նմանը երբեք չգտնվեց մեր Հունաց աշխարհում» …10

ԱՐՁԱՆ — Ինչպիսի մեծահոգություն` նա պատրաստ է կույսին ընծայաբերել Տրդատ արքային այն դեպքում, երբ ամբողջ հունաց աշխարհում նրա նմանը երբեք չգտնվեց։ Նա հազիվ հավանել է մեկին, որին երկրե-երկիր հետապնդում է, որ կնության առնի, բայց պատրաստ է նրան զիջել Տրդատին, եթե նրա գեղեցկությունը արքային հաճո թվա։ Բարեկամության ինչպիսի հուզիչ արտահայտություն։ Հավատա՞նք այդ բարեկամությանը Իսկ իրականում ի՞նչ էր թաքնված այդ բարեկամության տակ։ Իմանալով Տրդատի կնասեր բնույթը` նա փորձում է գայթակղել նրան և հասնել իր նպատակին։ Իսկ դուք գիտե՞ք` ինչ էր քարոզում Օտարականն այն պահին, երբ ներս մտան  Դիոկղետիանոսի պատվիրակները` բերելով այս հրովարտակը… Ահա այստեղ եմ կանչել Տրդատի այն հարճին, որն այդ խոսակցության թաքուն ունկնդիրն է եղել։ (Հարճին.) Առաջ անցիր, կին։ Պատմիր լսածդ։  

ՀԱՐՃ — Նա ասում էր, որ Տրդատն իր հոգու տրտումությունը կթոթափի, եթե ունենա մի գեղեցիկ կին, այնքան գեղեցիկ, որ կարթնացնի նրա մարած ոգին։ Եվ նա խոսում էր աշխարհի ամենագեղեցիկ կույսի մասին, որը Տրդատին է լինելու։ Երբ մտան Հռոմի պատվիրակաները, Օտարականն ասաց` ահա նա` նկատի ունենալով կույսին։ Իհարկե, նա իր ասելիքն արտահայտում էր ավելի համոզիչ և գունագեղ լեզվով։

ԱՐՁԱՆ – Պատահականությո՞ւն է… լավ, համարենք այդպես է և անցնեք առաջ։ Եթե կույսերը փախչում էին Հռոմի կասեր հետապնդումներից, ինչո՞ւ  նրանք եկան, հասան արքայանիստ Վաղարշապատ։ Այստեղ քրիստոնյաների համար ավելի ապահով տե՞ղ է… 

Դադար:

ԲՈԼՈՐԸ — Ոչ, Մեծամորի կամուրջի մոտ քանի-քանի քրիստոնյաներ են  մորթվել… 

ԱՐՁԱՆ — Այդ դեպքում ինչո՞ւ եկան` քարոզելու իրենց հավատը՞ Եթե այո, ապա  ինչո՞ւ չէին քարոզում, ո՞ւմ էին սպասում… Իհարկե Օտարականին, որը նրանց ոչ թե քարոզելու, այլ արքային տապալելու հրահանգ պիտի տար։

ԽՈՌԽՈՌՈԻՆԻ — Բայց, քրմապետ, ինչպե՞ս կարող էր Օտարականը իր հրահանգը նրանց հասցնել, երբ ամբողջ ժամանակ արքունիքում է եղել` խիստ հսկողության ներքո։  

ԱՐՁԱՆ — Կեցցես, Խոռոխռունի, դու ապացուցում ես տրամաբանելու քո փայլուն կարողությունը։ Բայց նկատե՞լ ես, թե Հռոմի պատվիրակներն ինչպե՞ս էին թափառում Վաղարշապատով մեկ ու հիանում մեր քաղաքով։ Իրականում նրանց ոչ թե մեր քաղաքն էր հետաքրքրում, այլ կույսին էին հասցնում Օտարականի` գործի անցնելուն հրահանգը, որը նա տվել էր արքայի ներկայությամբ` աչքը թարթելով կամ այլ շարժումով։ Եվ այս ամենը այն բանից հետո, երբ ինքը` այդ վտանգավոր Օտարականը, պարզել էր Տրդատի թաքուն նպատակները։ Դա կարող է վկայել Աշխեն թագուհին, ով իր անձը վտանգի ենթարկելով` ունկնդիր եղավ Տրդատի և այդ խրտվիլակի զրույցին։

ԱՇԽԵՆ — (գլխի շարժումով հաստատում է և հոգոց հանում)։

ԱՐՁԱՆ — Իսկ ո՞ւր է Օտարականը, մտածել ե՞ք… նա չկա, որովհետև նա կատարեց  իրեն հանձնարարված դերը, ըստ որում՝ շատ փայլուն։ Եկավ աննկատելի և գնաց աննկատելի։ Ո՞ւր են Դիեկղետիանոսի պատվիրակները… նրանք էլ չկան, մի գիշերվա մեջ չքացան իսկույն։ Ո՞ւր է այն կաշառված գուսանը, որ արքային հուշել էր կույսերի կացարանի տեղը։ Նա էլ է չքվել Վաղարշապատից։  Սրանք փաստեր են, որոնք խոսում են և աղաղակում մի կազմակերպված դավադրության մասին, միայն պետք է համադրել և սթափ ուղեղով կշռադատել դրանք։ Դատեք ինքներդ` Օտարականը դրդում է Տրդատին ամուսնանալ, Հռոմի պատվիրակներն էլ  ասում են` ում հետ, իսկ գուսանն ասում է, թե որտեղ է հարսնացուն։ Այս բոլորը պատահականությո՞ւն է։ Երբեք… Այստեղ գործում է Դիոկղետիանոսն` իր խորամանկությամբ։ Ոչ, դավադրությունը միայն  Սասանյանների մենաշնորհը չէ, դրանից օգտվում է արքաներից նա, ով կարողանում է։ 

ՄՈԿԱՑ ԻՇԽԱՆ — Քրմապետ, շատ կուռ է քո տրամաբանությունը, բայց մի բան ինձ համար անորոշ է մնում. եթե Դիոկղետիանոսը պետք է տապալեր Տրդատին, էլ ինչո՞ւ օգնեց նրան գահ բարձրանալ։

ԱՐՁԱՆ — Շատ ապրես, իշխան, թող Մոկաց աշխարհը միշտ հպարտ զգա, որ քո իմաստուն ղեկավարության ներքո է ապրում։ Մեկընդմիշտ հիշեք՝ հենց այնպես թագավորություն ու գահ չեն նվիրում։ Իսկ եթե նվիրում են, ապա դավադրությամբ ետ խլելու պայմանով։ Միամիտնե՜ր, աշխարհը քանի՞ անգամ պիտի արարվի նորից, որ դուք հասկանաք այս ճշմարտությունը։ Բայց քո հարցադրումը շատ իմաստուն է, իշխան, և արժանի է ուշադրության։  Հայաստանը պետք է Հռոմին` Պարսկաստանի դեմ պատերազմելիս, դրա համար պետք էր մի ուժեղ ձեռք, որ Հայաստանը միավորեր ու հզորացներ։ Բայց եթե Հայաստանի արքան անհնազանդության նշաններ է ցույց տալիս Դիոկղետիանոսին` ուրեմն եկել է նրան տապալելու ժամանակը։ Տրդատը Դիոկղետիանոսին էր վերադարձել նրա նվիրած սուրը, որը նրանց միջև բարեկամության խորհրդանիշն էր։ 

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Ինչպե՞ս, արքան վերադարձրե՞լ էր այդ սուրը։ 

ԱՐՁԱՆ — Այո, սպարապետ։ Իսկ թե ի՞նչ էր նշանակում սուրը ետ տալը, Դիոկղետիանոսի համար անորոշ էր մնացել։ Այդ անորոշությունը պարզեց Օտարականը։ Ավելին, նա պարզեց, որ Տրդատը ոչ միայն մտադիր չէ հնազանդվել Հռոմին, այլև նրա նպատակներն ավելի հեռու են միտված։ Միտված են դեպի աշխարհի տիրակալի գահը։ Ահա սա էր, որ Հռոմը չհանդուրժեց ու չէր կարող հանդուրժել։   

ԽՈՌԽՈՌՈՒՆԻ — Լավ, իսկ ինչպե՞ս Հռիփսիմեն հաղթեց Տրդատին, սա է ամեն ինչ մշուշապատում, քրմապետ։ 

ԱՐՁԱՆ — Մեր դատողության մշուշից է դա։ Ձեզնից յուրաքանչյուրը գիտի մարտնչել առյուծի նման, բայց ո՞վ է այն քաջը, որը կարող էր գեթ յոթ ակնթարթ դիմադրություն ցույց տալ Տրդատին։ Կրկեսում նույնիսկ երկու ցուլերը միաժամանակ նրա ձեռքերում թուլացած ընկան։ Բայց այդ սովահար, դալկացած կույսը նրա հետ կռվեց յոթ ժամից ավել։ Ի՞նչ է, զարմանանք և հրաշագո՞րծ անվանենք կույսին։ (Քմծիծաղում է): Դավադրության ծրագրի մեջ այս մի դրվագը ամենապարզն է ու հասկանալին` աննշան մի բան։ Դրան հակառակ, չգիտես ինչու, բոլորն ապշել են ու դալուկ կույսին հրաշագործի դափնիներով են նկարազարդում, ասում են` իբր կույսի Աստվածը մերից զորեղ է։ Դուք զորությունը փնտրեք կույսի եղունգների տակ։ Քրիստոնյաները բազում ներգործող միջոցներ ունեն, որ ներազդում են մարդու մարմնի ու մտքի վրա և ուժազրկում։ Դա մի հնարք է, որ բազում անգամ օգտագործել են նենգադավ մարդիկ։ Եղունգների տակ թույնը պահելով` բավ է մեկ անգամ քերծել մարմինը ընտրված զոհի, և նա թուլացած կընկնի ոտքիդ տակ։ Արյան միջոցով այդ թույնը արագ տարրալուծվում է ողջ մարմնի մեջ, և ունենում ենք այն, ինչ որ ունենք` կույսից պարտված խղճուկ մի արքա։           

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Իսկ դու, քրմապետ, ի՞նչ ես մտածում` այդ կույսն իսկապե՞ս քրիստոնյա էր։

ԱՐՁԱՆ — Անշուշտ, սպարապետ։

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Այդ դեպքում ինչպե՞ս նա համաձայնեց ի կատար ածել Դիոկղետիանոսի առաջադրանքը։

ԱՐՁԱՆ — Որովհետև նա քրիստոնյա էր։ Ողջ երկրով մեկ այսօր թնդում է, որ քրիստոնյա թուլակազմ մի կույս հաղթել է հուժկու Տրդատ արքային։ Եվ այս ստահոդ լուրից ազդված` շատերն են արդեն ծածուկ բարբաջում, որ քրիստոնյաների Աստվածը հզոր է։ Նույնիսկ կան մարդիկ, որոնք հակված են ուրանալ իրենց աստվածներին և հնազանդվել կույսի Աստծուն։ Կույսին ցանկալի այս տեսարանը ուրվագծելով` դավադրության հեղինակները դարձրել են նրան իրենց գործակից։ Իսկ ի՞նչ կա քրիստոնյայի համար ավելի վեհ բան, քան իր Աստծո փառքին զոհվելը։ Չկա, իշխաններ։ Եվ այս մեկ քայլով երկու թիրախներ խոցեց Հռոմը` նախ հայոց գահը վնասազերծեց, ապա սասանեց մեր դավանանքը, որ անմիաբան ու անթագավոր, հլու-հնազանդ ծառայենք իրեն։ (Հուզվում է):  Եվ դեռ հարցնում եք` ո՞ւր է Տրդատը։ Ո՞ւր է Տրդատը, ձեզ եմ հարցնում… Եթե ձեր սրտում դեռ կասկածում եք ձեր մտքի վրա` որ այն կարող է և սխալ դատել, ապա ասում եմ, հիմա վեր նայենք, ավելի վերև, քան միտքն է մարդու, և լսենք ձայնը աստվածների։ Նրանք ասում են, որ արծիվն ընկավ ու շունչը փչեց։ Թույնը զորեղ էր ու հաղթեց նրան…

ԲՈԼՈՐԸ — Ողբա, Հայաստան… Թագուհին ընկավ… ջուր… ջուր հասացրեք… տարեք ննջարան… (Իրարանցում` Թագուհուն տանում են): Վայ, վայ մեր գլխին, վայ մեր աշխարհին…

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Իզուր եք ողբում, ինձ լսեք մարդիկ` իմ հազարապետ, իմ սպարապետ, դուք` նախարարներ, խնդրում եմ, լսեք` իզուր եք ողբում։

Տիրում է լռություն։

ՕՏԱ — Ի՞նչ է, դուստր իմ, տեսե՞լ ես նրան։ 

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Տրդատը ողջ է, թեև այսահար, խոզի կերպ առած թափառում է նա հիմա դաշտերում, բայց ողջ է, մարդիկ…

ԱՐՁԱՆ — Տեսե՞լ ես նրան…

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Ինձ տեսիլք երևաց այս գիշեր։ Մի մարդ` լույսի նմանությամբ, եկավ ու ինձ ասաց, որ մեզ վրա հասած հարվածներից բժշկություն կգտնենք, եթե մարդ ուղարկենք  Արտաշատ քաղաքը և Խոր վիրապից դուրս հանենք Գրիգորին։ Նա  ասաց, որ Գրիգորը կբժշկի արքային և ցույց կտա սպեղանին։ Երբ դուք զրուցում էիք, այդ նույն տեսիլքը նորից կրկնվեց` այդ լուսե մարդը նորից ինձ եկավ ու նույն բանն ասաց։ Խնդրում եմ, Օտա, գնանք Արտաշատ։

ԲՈԼՈՐԸ — Ո՞վ է Գրիգորը… այդ ինչ Գրիգորի մասին է խոսում… չլինի՞ նա էլ դիվահար եղավ… Գրիգորն ո՞վ է, ճանաչո՞ւմ եք նրան… 

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Նա, հազարապետ, Անակի որդին, այն քրիստոնյան, որին Տրդատը տանջելուց հետո գցել էր տվել Խոր վիրապի մեջ։  Չե՞ք հիշում նրան… 

ԱՐՁԱՆ — Լսեք, իշխաններ, Խոսրովիդուխտը հիմա խոսում է Խոսրով արքային դավով սպանած Անակի որդու` Գրիգորի մասին։  Բայց մոռանում է, որ տասնհինգ տարի առաջ են կերել նրան օձերը` հենց այն նույն պահին, երբ նրան գցին Խոր վիրապի մեջ։ Նույնիսկ դուք նրա ոսկորներն այլևս չեք գտնի այնտեղ։ Խոսրովիդուխտը վշտից թուլացած զառանցանքների գիրկն է ընկել, ջերմում է սաստիկ, տարեք ննջարան։ 

ԽՈՍՐՈՎԻԴՈՒԽՏ — Խնդրում եմ, Օտա, քեզ` սպարապետ, ես շատ առողջ եմ, հավատացեք ինձ, գնանք Արտաշատ, գնանք Խորվիրապ։ Նա հաստատ ողջ է։ Երբ նրան հանենք, Տրդատը իսկույն երևան կգա, ու Գրիգորը նրան կբուժի։ Գնանք, խնդրում եմ։   

ՕՏԱ — Գնանք, դուստր իմ, սիրտս ասում է, որ արքան ողջ է… պիտի համոզվեմ, ներիր ինձ, Արձան։ 

Օտան և Խոսրովիդուխտը հեռանում են աջ կողմով։

ԱՐՁԱՆ — Դա պարապ գործ է, գնացեք, Օտա։ Ծերությունն, իրոք, քեզնից խլել է դատողությունդ։ Իսկ նրանք, ովքեր դեռ չեն զառանցում ու չեն հավատում զառանցանքներին, թող պատրաստվեն նոր պատերազմի։ Հռոմն ուզում է մեզանից խլել անկախությունը։ Չպետք է թույլ տանք։ Վտանգավոր է, երբ օրիորդները  դողում են վշտից ու զառանցում են, իսկ ծերուկները արձագանքում են. «ցնդել ենք, ցնդել»…

Բոլորը ձախ կողմով գնում են քրմապետի հետևից։

ՏԵՍԱՐԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ

Վաղարշապատի շուկայում։ Երեք վաճառողներ գլխիկոր գնում-գալիս են։ 

Ա. ՎԱՃԱՌՈՂ — Քաղաքն ամայացել է։ Կարծես մարդիկ Վաղարշապատից գաղթել են… 

Բ. ՎԱՃԱՌՈՂ — Շատերը վախից ու վշտից փակվել են տներում ու տագնապած սպասում են նոր աղետների, մյուսներն էլ գնացել են քաղաքի դռների մոտ ու սպասում են, որ հազարապետը Արտաշատից բերի Գրիգորին։ 

Գ. ՎԱՃԱՌՈՂ – Է՜… խեղճ ծերունին վշտից խելքը թռցրել է։ Տասնհինգ տարվա մեռելին հանում է, որ խոզից արքա շինի։  

Ա. ՎԱՃԱՌՈՂ — Գրիգորի հայր Անակը պարսից արքայի դրդմամբ դավադրությամբ սպանեց Տրդատ արքայի հորը` Խոսրով արքային։ Իսկ հիմա Անակի որդի Գրիգորը պետք է բուժի Խոսրովի  որդի Տրդատին։  Իր հոր հանցանքի համար Գրիգորն այսպես վարձահատույց կլինի, ու արքան նրան  կների։ 

Գ. ՎԱՃԱՌՈՂ — Այդպիսի բան չի լինի, հո չգժվեցի՞ր։ Գրիգորին կերած օձերը վաղուց են սատկել։ Սատկել են նաև այդ օձերին կերած որդերը, այդ որդերին կերած որդերը… Խելքդ գլուխդ հավաքիր… 

Ա. ՎԱՃԱՌՈՂ — Թեկուզ ծիծաղեք վրաս, բայց ես կարծում եմ, որ Գրիգորը ողջ է։

Գ. ՎԱՃԱՌՈՂ — Եթե այս սգվոր քաղաքում ծիծաղելն անպատեհ չլիներ, քաղաքի պարիսպները գլխիդ փուլ կգային։ Տո դարբին, ուշքի արի, թե չէ քրմերի բաժին կդառնաս… Էդ ի՞նչ ես գլուխդ մտցրել, այ մարդ։

Ա. ՎԱՃԱՌՈՂ — Այս օրը հիշիր, չվանագործ, Գրիգորի առջև գլուխ ես խոնարհելու։

Գ. ՎԱՃԱՌԱԿԱՆ — Ե՞ս` անհնար է։ Եթե նա ողջ լինի` նրա փոխարեն գետինը կմտնեմ։

Բ. ՎԱՃԱՌՈՂ — Հերիք է վիճեք։ Հավաքեք ձեր իրերն ու տուն գնացեք։ Ուր գնում ես էս է` Գրիգոր, Գրիգոր։ Նա, որ երեկ մոռացված էր բոլորի կողմից, այսօր հանկարծ դարձել է բոլորի խոսքի նյութը։  Ե՞րբ է պարզվելու այս անորոշությունը։ Հոգնեցինք սպասելով։ 

Ա. ՎԱՃԱՌՈՂ — Հրես, Գուշակն է այս կողմ գալիս։ Նա շատ բան գիտի Գրիգորի մասին, տեսնենք նրա ասածն ինչ է։

Մոտենում է Գուշակը։

Գ. ՎԱՃԱՌՈՂ — Բան էլ չիմանա, գուշակ է` կասի, թե սրա վերջը ինչ է լինելու։ Էդ ո՞ւր, Գուշակ։

ԳՈՒՇԱԿ — Հիմա միայն մի տեղ կա գնալու։ Գնում եմ քաղաքի դռան մոտ, որ աչքս հառեմ Արտաշատի ճանապարհին։ 

Գ. ՎԱՃԱՌՈՂ — Չլինի՞ դու էլ ես Գրիգորին սպասում։ 

ԳՈՒՇԱԿ — Ճիշտն ասած` այո։

Գ. ՎԱՃԱՌՈՂ — Ասածդ գուշակությո՞ւն էր, թե՞ կարծիք։

ԳՈՒՇԱԿ — Գուշակությունից մնացել է միայն անունս։ Բայց համոզված եմ, որ Գրիգորը ողջ է ու նա կբուժի արքային։ 

Ա. ՎԱՃԱՌՈՂ — (Գ. վաճառողին): Տեսա՞ր, ես ասում էի, չէ՞։ Պատմիր, Գուշակ, պատմիր այս անհավատին, թող լսի` ինչպես Գրիգորը ողջ մնաց այնքան կտտանքներից հետո։ 

Գ. ՎԱՃԱՌՈՂ — Եվ սա ասում է քրմապետի գուշակը՞… Էդ ինչո՞ւ ես համոզված։ Ինչպե՞ս կարող է Գրիգորը ողջ լինել։

ԳՈՒՇԱԿ — Դե լսիր, գուցե թե դու էլ կհամոզվես։ Սրանից տասնհինգ տարի առաջ Եկեղյաց Գավառի Երիզա գյուղում, երբ արքան հրամայեց Գրիգորին` պսակներ ու ծառերի ճյուղեր նվիրաբերել Անահիտ դիցուհու բագինին, Գրիգորը հրաժարվեց` խոստովանելով, որ ինքը քրիստոնյա է։ Դրանից հետո  արքան հրամայեց նրան մեռնելու չափ խոշտանգել, բայց նա զարմանալի տոկունությամբ կրեց այդ անասելի կտտանքներն ու ողջ մնաց։ Դա զարմացրեց նույնիսկ արքային… 

Հեռվից ձայն է լսվում:

ՁԱՅՆ — Արքան բժշկվեց, արքան բժշկվեց, էհեյ ցնծացեք, քաղաքի մարդիկ, մեծ ուրախություն` արքան բժշկվեց, արքան բժշկվեց, բարի լուր տարեք Աշխեն թագուհուն, արքան բժշկվեց, բարի լուր տարեք և քրմապետին, արքան բժշկվեց, լալկան կնիկներ, թողեք սգալը, Գրիգորը սրբեց ձեր արցունքները։

Ա. ՎԱՃԱՌԱԿԱՆ – Լսո՞ւմ եք, մարդիկ, արքան բժշկվեց։ 

Գ. ՎԱՃԱՌԱԿԱՆ – Լսո՞ւմ ես, դարբին, Գրիգորը ողջ է` ամոթից փրկեց հայոց արքային։ Գնանք ընդառաջ այդ մունետիկին։

ԲՈԼՈՐԸ — (ուրախ): Արքան բժշկվեց, արքան բժշկվեց, դուրս եկեք մարդիկ, դուրս եկեք փողոց, արքան բժշկվեց, թողեք սուգ ու լաց, տոնական հագեք ու փողոց ելեք։ Փառք Գրիգորին` բուժեց արքային։ 

Բոլորը վազելով գնում են ձայնի ուղղությամբ։

Բեմի աջ և ձախ կողմերից փողոց են թափվում կանայք ու տղամարդիկ։

Ա. ԿԻՆ – Լսո՞ւմ եք, մարդիկ, արքան բժշկվեց…

Ա. ՏՂԱՄԱՐԴ – Լսո՞ւմ եք, ասում են Գրիգորն է բժշկել նրան…

Բ. ԿԻՆ — Տեսնես ինչպե՞ս է նա ողջ մնացել Խոր վիրապի մեջ…

«Արքան բժշկվեց, արքան բժշկվեց» գոռալով` ներս է գալիս մունետիկը։ 

Նրա ետևից` մարդկանց բազմություն։

Բ. ՏՂԱՄԱՐԴ — Մունետիկ, պատմիր, ինչպե՞ս բժշկվեց։

ՄՈՒՆԵՏԻԿ — Խոր վիրապից դուրս եկած Գրիգորը բուժեց նրան… Երբ հազարապետը և Խոսրովիդուխտը` Գրիգորին առած, արքայազորի ուղեկցությամբ մոտենում էին Վաղարշապատին, վարազների բոլուկից հանկարծ դուրս ելավ դիվահար արքան,  վազեց-կանգնեց Գրիգորի առաջ։ Գրիգորը ծնկի եկավ, աղոթեց իր Աստծուն և արքան իսկույն  բժշկվեց… 

Բ. ԿԻՆ — Իսկ Գրիգորը ինչպե՞ս էր ողջ մնացել Խոր վիրապի մեջ։

ՄՈՒՆԵՏԻԿ — Օտան պատմում էր, որ մի այրի կին Գրիգորի Աստծուց հրաման է ստացած եղել, որ ամեն օր մի նկանակ պատրաստելով` վայր գցի Խոր վիրապից։ Եվ այդպես` տասնհինգ տարի նա կերակրել է Գրիգորին։

ԲՈԼՈՐԸ — Իսկապես` Գրիգորի Աստված հզոր է…

Բ. ԿԻՆ — Այդ ինչպե՞ս է, որ օձերը նրան չեն կերել, մունետիկ։

ՄՈւՆԵՏԻԿ — Գրիգորի Աստված պահել է նրան…

Բ. ԿԻՆ — Փառք Գրիգորի Աստծուն… 

Բոլորը կասկածանքով ու վախով նայում են Բ. Կնոջն ու միմյանց:

ՁԱՅՆԵՐ ԲԵՄԻ ԵՏԵՎԻՑ — Ճանապարհ տվեք… Փառք արքային, փառք Գրիգորին, փառք Խոսրովիդուխտին, փառք հազարապետին… ճանապարհ տվեք… մի խռնվեք, մարդիկ… Արքան հոգնած է, նա վաղը կելնի շրջագայության…

ՄՈՒՆԵՏԻԿ — Շտապենք այնտեղ` արքային տանում են արքունիք…

Բոլորը, արքային և Գրիգորին փառք տալով, գնում են։ Լսվում են փողերի

ձայներ ու ամբոխի ուրախ բացականչությունները. «Փառք Գրիգորի Աստծուն, փառք Գրիգորին, փառք արքային…»

ՏԵՍԱՐԱՆ ԻՆՆԵՐՈՐԴ

Արքունիքի սենյակներից մեկում։

ՏՐԴԱՏ — Այս ի՞նչ պատահեց, ի՞նչ եղավ ինձ հետ… Ի՞նչ գործ ունեի, Տեր Աստված, քեզ հետ… Երազը այնպես խառնվել է կյանքիս, անիրականը իրական դարձել, որ իմ երբեմնի դատողությունը, որ մի ժամանակ ընթացք էր տալիս կյանքին յուր կամքով, հիմա դարձել է անզոր ու անպետք, շվարած մի բան և անընդունակ` իրերն իրարից զանազանելու։ Ու մինչ կհասցնեմ ես կողմնորոշվել, ինձ հետ կատարվածն իմաստավորել, հոգիս ինքնաբուխ ուժով մղում է ինձ դեպի Աստված… (Ներս է մտնում Գրիգորը և հերթով վառում ջահերը): Դո՞ւ ես, Գրիգոր, լավ է, որ եկար, ես կարիք ունեմ քեզ հետ խոսելու։ (Գրիգորը շարունակում է իր գործը): Դու ինձ լսո՞ւմ ես, Գրիգոր։

ԳՐԻԳՈՐ — Այո, Տրդատ։ 

ՏՐԴԱՏ – Ո՞վ է Քրիստոսը…

ԳՐԻԳՈՐ — Նա է, ով խաչի վրա աղաչում էր Աստծուն, որ ների իրեն խաչողներին։

ՏՐԴԱՏ — Ո՞վ է Քրիստոսը, Գրիգոր…

ԳՐԻԳՈՐ- Նա է, ով խաչի վրա զոհաբերվում էր` նաև իրեն խաչողների մեղքերի վարձքը վճարելու համար։

ՏՐԴԱՏ — (կերկերուն ձայնով՝ պատրաստ արտասվելու): Ո՞վ է Քրիստոսը, Գրիգոր… (Չկարողանալով զսպել իրեն` բարձր ձայնով լաց է լինում): 

ԳՐԻԳՈՐ — Նա սիրում է քեզ, Տրդատ։

ՏՐԴԱՏ — Ոչ, մի տանջիր ինձ, Գրիգոր, մի տանջիր ինձ, ես արժանի չեմ… ես հրամայեցի սպանել Հռիփսիմեին… քառատեցին նրան, տանջամահ արեցին և աղիները ցրիվ տվեցին… Ես եմ հրամայել, դու հասկանու՞մ ես, Գրիգոր, ես եմ հրամայել… Դու չես հասկանում… մարդ  սպանե՞լ ես… մի անուշ էակ` անչափ գեղեցիկ ու անչափ բարի… Ոչ, չես սպանել… անխռով ու հեզ։

ԳՐԻԳՈՐ- Հռիփսիմեն ներել է քեզ, Տրդատ, և սիրագորով քեզ ժպտում է այժմ,  հավիտենապես իր եղբայրն է համարում։ 

ՏՐԴԱՏ — Ոհ, մի տանջիր ինձ, այդ ի՞նչ ես անում, այս անտանելի երջանկությունը չապրելու համար ես ինձ ինքնակամ դժոխք կնետեմ… անտանելի է… դժոխքն եմ ուզում, Գրիգոր, դժոխք եմ ուզում… Եթե ճիշտ է դա և նա ժպտում է, եղբայր անվանում… Ոհ, փրկիր Գրիգոր, թող որ լեռները իրենց գետերով ողբան ծնունդս և ամփոփեն դիս ժեռ քարերի տակ… Քարե՜ր, քարե՜ր, քարեր եմ ուզում… (Ուժասպառ, ընկնում է գետնին ուշագնաց):

ԳՐԻԳՈՐ — Փառք քեզ, Տեր Հիսուս, որ քո զորությամբ այս քարե սիրտը գալարել գիտես։ Նա ճանաչեց իր մեղքերը, և զորավոր է զղջումը։ Ում վրա որ ընկնես, պիտի կոտրվի, և ով Քեզ վրա ընկնի, պիտի կոտրվի դարձյալ. Փառք քեզ, բարձրյալ Աստծո Որդի, փառք քեզ հավիտյանս հավիտենից… Սերդ զեղիր Հայոց աշխարհի վրա, բախիր դռները բոլոր սրտերի, խորտակիր բոլոր արգելքներն հոգու և բնակություն հաստատիր այնտեղ մինչև հավիտյան… Շնորհակալ եմ, Տեր, որ վկան դարձրիր Հայոց մեծ դարձի… շնորհակալ եմ…

ՏՐԴԱՏ — (դեմքին մեղմ ժպիտ կա, բացում է աչքերը): Նա լուսեպսակ ունի իր գլխին… ողջ և առողջ է… նա ժպտում է ինձ։

ԳՐԻԳՈՐ — Սթափվիր, Տրդատ, դեռ բազում գործեր ունես անելու։ Աստված քեզ ընտրեց, որ քո միջոցով իր փառքը հայտնի Հայոց աշխարհին…  

ՏՐԴԱՏ — Ես տեսա նրան, նրա սիրահորդ աչքերը տեսա։ Նա ինձ ներել է, Գրիգոր, ես ազատված եմ, թեթև է հոգիս և արդ ճախրում է… ճախրում է… ճախրում… Փառք քեզ, Տեր Հիսուս…

Ներս են մտնում Օտան և Մանդակունին։

ՕՏԱ — Վեր կաց, Տրդատ, մարդիկ հավաքվել են միջնաբերդի պարիսպների տակ։ Նրանք ուզում են տեսնել քեզ և լսել քո խոսքը։

Տրդատը վեր է կենում, մոտենում է Օտային։

ՏՐԴԱՏ — Նրանք թող քեզ տեսնեն ու լսեն, իմ հազարապետ, թող տեսնեն, թե ինչպես է քեզ ծերությունը պատվել ճերմակ մազերով և ակոսներով։ Ես առաջին անգամ եմ տեսնում այդ ճերմակի վեհությունը և ակոսների խորությունը։ Ես քեզ շատ եմ տանջել ու ակոսել, իմ բարի ծերունի, ներիր ինձ։ Տեսնում ես, աչքերս մանկան նման արցունքոտվում են, ու ես չեմ ամաչում դրանից։ Ես հիմա այլ մարդ եմ, Օտա, ես ճանաչում եմ Քրիստոսին։ Նա ինձ կյանք տվեց և ապրելու մղում։ Նա տոգորեց ինձ աստվածային սիրով։ Դու ճանաչո՞ւմ ես Նրան։  

ՕՏԱ — Այո, Տրդատ, ես Նրան զգացի Խոր վիրապի մոտ, երբ այնտեղից լսեցի Գրիգորի 

ձայնը։ Ամբողջ էությունս ցնցվեց այն հանկարծակի ուրախությունից, որ հորդեց Քրիստոսից իմ մեջ։

ՏՐԴԱՏ — Ես ուզում եմ, որ բոլորը ճանաչեն Նրան, Օտա, բոլորը դավանեն Նրան` Հայոց աշխարհում։ Ուզում եմ, որ բոլորը վայելեն այն սերն ու լույսը, որ բխում է Նրանից։ Լսում ես, Գրիգոր, բոլորն իմ տերության սահմաններում պետք է լուսավորվեն Խոր վիրապի մթությամբ։ Դու Լուսավորիչ պիտի կոչվես և քո անբիծ վարքով պիտի քարոզես և օգնես մարդկանց` թոթափելու իրենց մեղավոր սովորույթներն ու վարքը։ 

ՄԱՆԴԱԿՈՒՆԻ — Արքա, դու այժմ հյուծված ես և հուզված, դրա պատճառով քո որոշումը զգայական է և հապճեպ։ Խաղավիր, մի քանի օր կազդուրվիր։ Դու այդպես կարող ես վտանգել մեր երկրի ապագան։ Մենք այդ նոր հավատով աշխարհում մենակ կմնանք ու կդառնանք մշտական հարձակումների թիրախ։  

ՏՐԴԱՏ — Հայոց աշխարհի անվտանգությունն ու ապագան մեր հոգիներում նախ պետք է կառուցենք` այնտեղից հեռացնելով այն կուռքին, որը մեր եսի կերպարանքն է առել, սպարապետ։ Պիտի տապալենք այն սուտ աստվածների բագիններն ու մեհյանները, որոնց գերին ենք դարձել և ճշմարիտ հավատի օջախներ պիտի կառուցենք։  Իսկ ես, սպարապետ, խաղաղ եմ և կազդուրված, ինչպես երբեք։ Գնանք, Գրիգոր, դուրս գանք միջնաբերդից, մտնենք մարդկանց մեջ և Հայոց փոթորկված աշխարհին մասնակից դարձնենք այս խաղաղությանն ու ուրախությանը։

Արքան, Գրիգորը, Օտան դուրս են գնում։ Սպարապետը մի պահ հապաղում է, 

ապա հետևում է նրանց։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐՈՐԴ

Վաղարշապատի արվարձաններում։ Աղջամուղջի մեջ ուրվագծվում են գրկախառնված աղջիկ ու տղա։ Լսվում է աղջկա հեծկլտոցը։ 

ԶԱՐԵՀ — Նանե, ես արժանի չեմ քո արցունքներին։

ՆԱՆԵ — Այդ ինչքան ես նիհարել, աչքերդ սառել են։ Միանգամից հասուն մարդ ես դարձել։ Ինչո՞վ էիր սնվում, որտե՞ղ էիր գիշերում… Ո՞ւր է աչքերիդ կրակը, ո՞ւր է այն անհոգ պատանին…Վերջապես տեսնում եմ քեզ, Զարեհ, վերջապես։ Ինչքան եմ երազել այս պահը։ Դեմքդ թխացել է, ձեռքերդ կոշտացել են։ 

ԶԱՐԵՀ — Նանե, դու հիմա աշխարհում միակ մարդն ես, ով ինձ սպասում է։ Ուզում եմ 

համբուրել ձեռքերդ` դրանց մեջ ինչքան սեր կա, հոգատարություն, ջերմություն։ (Նանեի ձախ ձեռքը տանում է շուրթերին):

ՆԱՆԵ — (շոյում է Զարեհի գլուխը, ինչ որ բան հիշելով, մաղախից կերակուրներ է հանում): Ես նկանակներ եմ ինձ հետ վերցրել, ընկույզ, ծիրանի չիր, չամիչ, ոնց էի մոռացել, առ, կեր, ջուր էլ ունեմ, մաղախս լիքն է, գինի էլ ունեմ այս տիկի մեջ։ Սկսիր ուտել։ Արի, նստիր այս ծառի տակ։ 

Նստում են:

ԶԱՐԵՀ — (սկսում է ուտել): Նանե, երանի նրան, ով քեզ կին է վերցնելու։ 

ՆԱՆԵ — Երանի քեզ, Զարեհ։ 

ԶԱՐԵՀ — Երանի նրան, ով քո զավակների հայրն է լինելու։

ՆԱՆԵ — Երանի քեզ, Զարեհ։ 

ԶԱՐԵՀ — Երանի նրան, ում մայր ես լինելու։

ՆԱՆԵ — Երանի քեզ, Զարեհ։ 

ԶԱՐԵՀ — Երանի նրանց…

ՆԱՆԵ — Երանի քեզ, Զարեհ, ինչո՞ւ ես տխուր…

ԶԱՐԵՀ — (դադարում է ուտել): Նանե, խոյն ինչո՞ւ էր իր գառնուկի համար լաց լինում։ 

ՆԱՆԵ — Որտեղ, Զարեհ…

ԶԱՐԵՀ — Չգիտեմչգիտեմ, Նանե։ 

ՆԱՆԵ — Մոռացիր, Զարեհ, ամեն ինչ մոռացիր, Հայոց աշխարհում հիմա շատ բան է փոխվել։ Հիմա քեզ չար աչքով չեն նայի էլ։ Հիմա քեզ վտանգ էլ չի սպասվում։ 

ԶԱՐԵՀ — Նանե, կարո՞ղ ես ներել ինձ…

ՆԱՆԵ — Այո, Զարեհ։ Ես քեզ վաղուց եմ ներել…

ԶԱՐԵՀ — Նանե, կարո՞ղ ես չսիրել ինձ։

ՆԱՆԵ — Չեմ կարող, երբեք…

ԶԱՐԵՀ — Խոյն ինչո՞ւ էր այնքան հոգեմաշ լացում իր սպանված գառնուկի համար, ինչո՞ւ էր քարեքար զարնվում, ինչո՞ւ էր փորում գետինը…

ՆԱՆԵ — Որտե՞ղ, Զարեհ, ինչո՞ւ ես այդ մասին անընդհատ խոսում…

ԶԱՐԵՀ — Այդ ինչ հզոր սեր է դրել Աստված ծնողի մեջ իր զավակի նկատմամբ, ինչ քաղցր բան է ընտանիքը…

ՆԱՆԵ — Զարեհ, պարզ խոսիր, ի՞նչն է քեզ այդպես մտատանջում։

ԶԱՐԵՀ — Հայրս ո՞ւր գնաց, Նանե, տեսե՞լ ես նրան։ 

ՆԱՆԵ — Նա լքեց Վաղարշապատը, առավ իրեն հավատարիմ քրմերին և գնաց պաշտպանելու մեհյաններն ու բագիները արքայի հարձակումներից։ 

ԶԱՐԵՀ – Տեսե՞լ ես նրան։

ՆԱՆԵ — Այո, քաղաքի դռների մոտ։ Նա չլսեց արքայի հորդորը և մեկնեց։ Նա առաջվա նման պինդ էր ու աներեր։ Եվ ասում են` կատաղի կռիվներ է մղում մեհյանները քանդող արքայի զորքի դեմ։ 

ԶԱՐԵՀ — Պինդը նրա սկզբունքներն են, նրա հավատն է, Նանե։ Նա իր երկաթյա պատյանի մեջ քնքուշ սիրտ ունի, որին տարիներ շարունակ սպանում է, հուսով եմ` ապարդյուն։ Նա չափազանց միայնակ է հիմա։ Ես կարոտել եմ նրան, Նանե, շատ եմ կարոտել։ Ես նրա կողքին պետք է լինեմ, Նանե, թեկուզև հեռվից` պետք է հետևեմ նրան։ Մոտ չեմ գնա, որ նա… (Չի շարունակում): Գուցե նա վիրավորվի հանկարծ, ես պետք է խնամեմ նրան… Եկա, որ քեզնից հրաժեշտ առնեմ։ 

ՆԱՆԵ — Մի գնա, Զարեհ, խնդրում եմ, մի գնա, աղաչում եմ, մի լքիր ինձ…

ԶԱՐԵՀ — Ներիր ինձ, Նանե, չեմ կարող չգնալ… Տուր ինձ մաղախդ, ինձ պետք կգա։ Իսկ այս փայտյա փոքրիկ խաչը կրիր սրտիդ։ Աղոթիր ինձ համար, աղոթիր հորս համար։ Դու գիտե՞ս, որտեղ է նրա գերեզմանը։

ՆԱՆԵ — Գիտեմ, Զարեհ, Հռիփսիմեի գերեզմանի վրա հիմա հսկա քարեր են դրված։ Արքան է իր ձեռքով բերել Արարատ լեռան լանջերից։ 

ԶԱՐԵՀ — Այցելիր նրա գերեզմանին, Նանե, և աղոթիր ինձ ու քեզ համար, հորս համար։ 

Իսկ երբ ինձ շատ կկարոտես, համբուրիր խաչը, այն շատ է ներծծվել իմ արցունքներով, ապա վերև նայիր, նայիր աստղերին, որ զուլալ աչքերդի մեջ տեսնեմ ինձ սպասող քրոջս սիրտը և կարոտս առնեմ։ (Ողջագուրվում են։)  Հաջողություն քեզ, Նանե… խոյն ինչպես էր մղկտում իր ձագուկի համար… Քրիստոս քեզ հետ, Նանե…

ՆԱՆԵ — (հեծկլտալով): Քրիստոս քեզ հետ, Զարեհ…

ԶԱՐԵՀ — (հեռվից): Կնայես աստղերին,  կնայես աստղերին, ես քեզ կսպասեմ…

Նանեն գետնատարած լաց է լինում։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ

Տարոնի գավառում։ Գիշեր է։ Ժայռերի մեջ հսկում են Արձան քրմապետի զորքերը։ Արձանը, Ցուլը և Վարուժանը, շրջապատված քրմերի խմբով, զրուցում են։

ՎԱՐՈՒԺԱՆ — Ամբողջ Թորդանում և ոչ մի կանգուն մեհյան չմնաց։ Նրանք իրենց կրոնի սպասավորներ կարգեցին բոլոր գավառներում։ 

ԱՐՁԱՆ — Ո՞վ կա նրա հետ։

ՎԱՐՈՒԺԱՆ — Գրիգորին ուղեկցում են Արծրունյաց, Անձևացյաց և Անգեղ տան իշխանները`իրենց զորքերով, մեծ քուրմ։ 

ԱՐՁԱՆ — Որքա՞ն է նրանց թվաքանակը։

ՎԱՐՈՒԺԱՆ — Այս պահին քիչ են` մոտ երեք հարյուր, բայց նրանք օգնության սպասելիքներ ունեն։ Ապահունքի իշխանը նրանց է միանալու իր չորս հարյուր սուսերավորներով։    

ԱՐՁԱՆ — Լուր ուղարկիր, Ցուլ, Աշտիշատի և Վիշապ քաղաքի քրմերին, թող սպառազինված ու զենքի ողջ պաշարով մոտենան այս բլրին։ Իսկ մինչև նրանք տեղ կհասնեն, մենք կհարձակվենք։ Մեր սուրբ դավանանքի վերջին հանգրվանը պիտի պաշտպանենք։ Պիտի պատերազմի ելնենք ու վռնդենք նրանց Տարոնից։ Այս մեհյանները պիտի կանգուն պահենք, այս սուրբ հողը պիտի ոտնակոխ չլինի ուրացողներից։  Նախ թող հետախույզները գործի անցնեն և ճշտեն նրանց շարժման ուղղությունը, որպեսզի կարողանանք հարձակվել այնտեղից, որտեղից մեզ չեն սպասում։ Մեր հարձակումը հանկարծակի պետք է լինի ու կործանիչ։ Գործի անցիր, Ցուլ։ Լույսը չպիտի բացվի։ Նրանք անծանոթ են տեղանքին` չպետք է թույլ տանք կողմնորոշվեն։ Այս պատերազմը պետք է վերջ դնի մեր պարտություններին և սկիզբ` մեր հաղթանակներին։ Տարոնից սկսած մենք պետք է մաքրենք Հայոց երկիրը ուրացողներից։ 

ՑՈՒԼ — Հրամանքդ, քրմապետ։ Մենք հաղթելու ենք։ (Քրմերի ուղեկցությամբ գնում է):

ԱՐՁԱՆ — (վճռականությունը, որ կար հրամաններ արձակելիս, փոխվում է մտախոհության ու հուսահատության): Ո՞վ գիտի, Վարուժան, լուսաբացը կտեսնե՞մ, թե ոչ։ Մահն ինձ համար դարձել է սպասված մի բան։ Հոգիս ցավում է։ Կարծես ինչ-որ մեկին սպասում եմ։ Վախենում եմ օրհասս ավելի շուտ գա, քան այդ մեկը ու տագնապում եմ։ Դու լռում ես, Վարուժան, երևի չես հավատում այս գործի հաջողությանը։ Կարծում ես, որ սա անիմաստ պատերա՞զմ է։ Դու փոխվել ես, Վարուժան, շատ ես փոխվել։ Ես ուզում եմ ինքնամոռաց տրվել մարտին ու խեղդել նրա մեջ ամեն ինչ։ Ուզում եմ ողջ ցասումս ու գոյությանս անհեթեթությունը խառնել արյան հետ, մոլեգնաբար կռվել, խոցոտվել ու վիրավոր առյուծի նման մռնչալ, ճանկռել գետինը… (Բղավում է): Երկնիր, ճեղքվիր դու երկինք, դու երկիր երկունքով մռնչա… Զուր ցավեր, տքնանքներ երկունիքի… Դու հասկացա՞ր, Վարուժան, որ Տրդատը լրտես է… այո, այո մի զարմացիր` նա Հռոմի լրտեսն է։ Այս ամենը խաղ էր, լավ ծրագրված խաղ էր` մի ամբողջ երկիր խաբելու համար։ Այն ծրագրված էր դեռ տասնհինգ տարի առաջ։ Ինչքան միամիտն ենք։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Ո՞ր խաղը, մեծ քուրմ։

ԱՐՁԱՆ — Այս ամենը ծրագրված էր խնամքով։ Դիոկղետիանոսը հենց այնպես մեզ տերություն չէր նվիրի։ Սկզբից նա ուղարկեց Տրդատին ու Գրիգորին։

ՎԱՐՈՒԺԱՆ – Հետո՞, մեծ քուրմ…

ԱՐՁԱՆ — Հետո նրանց հանձնարարված էր խաղալ Գրիգորին չարչարելու և Խոր Վիրապ նետելու խաղը։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Ինչի՞ համար, մեծ քուրմ…

ԱՐՁԱՆ — Համբերիր Վարուժան։ Հետո Տրդատը իբր Մծբինի դաշնագրի պատճառով տվայտանքի մեջ ընկավ։ Հետո եկավ Օտարականը` իբր հանելու նրան այդ վիճակից։ Հետո Դիոկղետիանոսը ուղարկեց Հռիփսիմյան կույսերին, որ դարան մտնեն Վաղարշապատի արվարձաններում և սպասեն իրենց հերթին։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Հետո՞…

ԱՐՁԱՆ — Հետո, որպես սպեղանի` Օտարականը առաջարկեց Տրդատին աշխարհի ամենագեղեցիկ կույսի հետ ամուսնանալ և, իբր բռնի, Հռիփսիմեին բերեցին պալատ։ Հետո իբր սովից հյուծված Հռիփսիմեն հաղթեց անպարտելի Տրդատին, և գիտե՞ս ինչի համար։

ՎԱՐՈՒԺԱՆ — Ոչ, մեծ քուրմ, չեմ կարողանում կռահել։

ԱՐՁԱՆ — Փորձիր, Վարուժան, դու միշտ փայլել ես քո տրամաբանությամբ։ Փորձիր հասկանալ Դիոկղետիանոսի ծրագիրը` առանց թերագնահատելու նրա հանճարը։

ՎԱՐՈՒԺԱՆ — Որ ասեն, թե քրիստոնյաների Աստվածը հզոր է։

ԱՐՁԱՆ — Կեցցես, Վարուժան։ Եվ Տրդատը հրամայեց տանջամահ անել Հռիփսիմեին ու նրա հետ եկած կույսերին։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Եվ հետո, իբր Տրդատը նրանց տանջամահ անելու համար դիվահար եղավ և վարազի կերպարանք առավ, որ ասեն, թե քրիստոնյաների Աստվածն հզոր է։ 

ԱՐՁԱՆ — Այո, Վարուժան։ Եվ հետո ծրագրին տեղյակ ու մասնակից Խոսրովիդուխտին 

իբր տեսիլք երևաց, որ տասնհինգ տարի առաջ Խոր Վիրապ նետված Գրիգորը ողջ է, և միայն նա կարող է Տրդատին բուժել։ Բոլորը շունչները պահած աչքերը հառում են Խոր Վիրապին… Նյարդերի ինչպիսի՜ լարում…

ՎԱՐՈՒԺԱՆ — Եվ սպասումից գրգռված ամբոխին ցնցում են հրաշքով…

ԱՐՁԱՆ — Խոր Վիրապից ելած Գրիգորը բուժում է Տրդատին…

ՎԱՐՈՒԺԱՆ — Մարդկանց սրտերում հին հավատի սյուներն էլ ինչպես դիմանային այս նոր հրաշքի խորտակող ուժին…

ԱՐՁԱՆ — Ինչպիսի կատարյալ մտահղացում…

ՎԱՐՈՒԺԱՆ — Նրանք շարունակ հրաշքների էին մատուցում քրիստոնյաների Աստծո 

անունից, որ մեր ողջ ժողովրդին դարձնեն քրիստոնյա։

ԱՐՁԱՆ — Այո։ Դիոկղետիանոսը լավ է մտածել, որ հենց թագավորից է սկսել Հայաստանի հավատափոխությունը, որ մյուսներն ընդօրինակեն…

ՎԱՐՈՒԺԱՆ — Ուրեմն այս խաղի համա՞ր էին նրանք Տրդատին գահ նվիրել։ 

ԱՐՁԱՆ — Այո, Վարուժան, բայց հասկանո՞ւմ ես, նրանց ինչի՞ն էր պետք քրիստոնյա Հայաստանը։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Որ Հայաստան աշխարհը, քրիստոնյայի հեզությամբ, հլու-հնազանդ, հավերժ մնա Հռոմին վասալ…

ԱՐՁԱՆ — Կեցցես, Վարուժան, փայլում է միտքդ, կեցցես…

ՎԱՐՈՒԺԱՆ — Դու սարսափելի կույր ես, քրմապետ… կույր ես, քրմապետ։   

ԱՐՁԱՆ(հայացքի մեջ փլվում է նրա տրամաբանության վերջին կառույցը, որի վրա 

հենվում էր նրա հավատը)։

ՁԱՅՆԵՐ — Դետք, դետք, նրանք դետք են ուղարկել… շրջապատեք, չթողեք փախչի… Ախ… Կեցցես, Ցուլ, նետդ դիպուկ էր… 

Վազելով ներս է մտնում մի քուրմ։

ՔՈՒՐՄ — Մեծ քուրմ, թշնամին փորձում էր հետախուզել մեր դիրքերը։ Նրանք դետք էին ուղարկել մեր կողմ։ Դետքը քեզ էր ուշադիր զննում։ Բարեբախտաբար Ցուլի նետը շամփրեց նրան` աջ ուսից ներքև։ Ահա բերում են նրա մարմինը։ 

Ներս են բերում զարկվածին ու դնում գետնին։ Նրա դեմքը ծածկված է շորով։ Բոլորը գալիս են ու շրջապատում են նրան։ Նրանք, ովքեր բերել են մարմինը, տխուր են ու տագնապած։  Ցուլը սառն է և հաստատակամ։ Արձանի հայացքը մշուշոտ է։ Նա լուռ է։

ՎԱՐՈՒԺԱՆ — Նա դեռ տնքում է։ Ինչո՞ւ եք ծածկել նրա երեսը։ Ինչո՞ւ եք ապշել։ (Մոտենում, բացում է զարկվածի երեսը։ Բոլորը ճանաչում են Զարեհին։ Քար լռություն։)

ԶԱՐԵՀ — Հայրի՛կ… ո՞ւր է հայրս, Վարուժա՛ն… (Շունչը կտրվում է): Ու՞ր է հայրս, իմ բարի Վարուժան… (Շունչը դարձյալ կտրվում է։ Վարուժանը գրկում է նրա գլուխը և վեր  բարձրացնում): Հոգ տար… հորս համար… նա մեն… մենակ է… հոգ տար…  (Նկատելով Արձանին): Հայրիկ… հայրիկ… չտխրես… (Կարոտով ժպտում է ու պարզում է ձեռք դեպի Արձանը): Հայրի… (Մեռնում է):

Լռություն։ Վարուժանը դանդաղ թողնում է Զարեհի գլուխը, 

վեր է կենում ու ապշած նայում է Արձանին։

ԱՐՁԱՆ — (հայացքը կտրելով Զարեհից): Դետքերն ուշանում են։ 

ՑՈՒԼ — Նրանք քիչ առաջ ազդանշան տվին` հիմա կհասնեն։ 

Բուի կռնչոց։ Մտնում է մի երիտասարդ, արագ մոտենում Արձանին։

ԴԵՏՔ — (շնչակտուր): Քրմապետ, նրանք` մոտ երեք հարյուր հոգի, բարձրանում են բլուրը, բայց անտեղյակ են մեր գոյությանը։ Եթե ձախ կողմով մոտենանք, նրանց անակնկալի կբերենք։ Իսկ Կուռասի քրմերը դարան են մտել ներքևի անտառներում և սպասում են ազդանշանի, որ գործի անցնեն։ 

ԱՐՁԱՆ — (հայացքը ակամա թեքվում է դեպի Զարեհի մարմինը)։

ԴԵՏՔ(հետևելով Արձանի հայացքի ուղղությանը, նկատում է ընկած մարմինը, մոտենում): Ո՞ւմ կույր նետն է քեզ այսպես խոցել, իմ անուշ Զարեհ։ (Ծնկում է մարմնի կողքին): Ինչո՞ւ ես այսպես անտեր ու էժան, մի որբի նման տարածվել գետնին, իմ անգին ընկեր… արյանդ ամեն կաթիլը հողից բյուր արցուքներով պիտի ժողովվեր, իմ բարի Զարեհ, այնինչ փոշին է կլանում անփույթ` անհաղորդ նրա սուրբ էությանը… Դեմքիդ քարացած բարի ժպիտդ այդ ում ես ձոնել` այս քար աշխարհին, որ արտասուքի մի կաթիլ անգամ չի ցողում վրադ. ինչ ժլատություն… ախ  իմ որբ ընկեր, մորդ փոխարեն թող արցունք թափեմ մարմնիդ վրա… Իմ անուշ ընկեր, իմ անգին Զարեհ… (Գրկում է ու սկսում հեկեկալ): 

ԱՐՁԱՆ — (հուզմունքը կանխելու համար` բղավում է): Հեծեք նժույգները և պատերազմի փողեր հնչեցրեք, բղավեք ուժգին, որ մեր թշնամու սիրտը դող ընկնի։ Առյուծի նման ի մարտ նետվեցեք, իմ ռազմիկներ։ Կյանքը ուրացած` մահ դավանեցեք, որ ձեր քաջարի վարքից թշնամին սարսափած փախչի։ Թող ձեր նիզակի թիրախը լինի դավադիր Անակի դավադիր որդին` նենգ Գրիգորը։ Թող ձեր նետերը որոնեն նրա թշնամի սիրտն ու ոթեն արյունը բագինների վրա։ Նա է փափագված զոհն աստվածների։ Հանուն Արամազդի և Անահիտի, հանուն Վահագնի և Աստղիկի, հանուն  Միհրի և Վանատուրի, հանուն Գիսանեի և Դեմետրի,  հառաջ, իմ քաջեր…

Բոլորը բղավում են` «հառաջ» ու նետվում են բեմից դուրս։ Հնչում են պատերազմի փողեր։ Դետքը, որ կռացած էր Զարեհի մարմնի վրա, 

վեր է կենում ու փորձում է քաշելով տանել այն։

ԴԵՏՔ — Վեր կաց, իմ ընկեր, գնանք Վաղարշապատ ու մութ գիշերով Նանեին գտնենք, 

զարմացնենք նրան մեր հանկարծակի այցելությունով։ Դե, արի, Զարեհ, կգտնենք նրան` գեթ մեկ անունով ու փոքրիկ խալով, իմ ազնիվ ընկեր։ Չէ, մի վշտանա, նրան այս բոթը չենք հայտնի։ Ես քեզ կցանեմ այստեղ` հողի մեջ։ Իսկ երբ ծիլեր տաս ու վարդեր դառնաս, ես քեզ կփնջեմ ու կնվիրեմ քո սիրեցյալին։ Թող բույրդ առնի, թող քեզ զարդարի իր համբույրներով ու արցունքներով։ Իսկ հիմա գնանք, փորենք գետինը ու քեզ սերմանենք…

Դուրս է տանում մարմինը։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

Կիսամութի մեջ ուրվագծվում է ճակատամարտը՝ ձիերի վրնջոցներ ու սմբակների դոփյուներ, սրերի զնգոցներ, նետերի սուլոցներ, կոտրվող վահանների ձայներ ու վիրավորների հառաչանքներ։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

Բեմը լուսանում է։ Պատերազմի ձայները աստիճանաբար լռում են։ Քրմապետին շալակած ներս է մտնում Վարուժանը, նրան դնում գետնին։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Այս առվակի պաղ ջուրը կկանգնեցնի արյան հոսքը, քրմապետ, մի քիչ էլ դիմացիր։ Վերքդ խորը չէ։ Շուտ կապաքինվես…

ԱՐՁԱՆ — Դու տեսա՞ր Զարեհին, Վարուժան…

ՎԱՐՈՒԺԱՆ — Որտե՞ղ, քրմապետ։

ԱՐՁԱՆ — Հենց նոր։ Արթմնի, թե քնած` ես տեսա Զարեհին։ Նա եկավ, անցավ կողքովս,  

լուռ ինձ էր նայում։ Նրա մի ձեռքին արծիվ էր, մյուսին` աղավնի։ Ինձ թվաց, որ աղավնին Զարեհին շատ նման էր, իսկ արծիվը նման էր ինձ։ Համենայնդեպս ինձ այդպես թվաց… Հետո արծիվը Զարեհի ձեռքից թռավ ու մի ժայռի վրա շունչը փչեց։ Այնտեղ առու կար ու դեղին նարգիզներ։ Զարեհը և դեղին նարգիզներն աղոթում էին ինձ համար։ 

ՎԱՐՈՒԺԱՆ – Աղոթո՞ւմ…

ԱՐՁԱՆ — Այո, Վարուժան, աղոթում էին այն Աստծուն, ում հետ քիչ առաջ ինքս կռվում 

էի…

ՎԱՐՈՒԺԱՆ — Բոլորը «Հայր մեր» են աղոթում, բոլորը խաչակնքվում են, բոլորը մկրտվում են…

ԱՐՁԱՆ – Բոլո՞րը…

ՎԱՐՈՒԺԱՆ — Բոլորը, քրմապետ…

ԱՐՁԱՆ – Արև՞ն էլ… 

ՎԱՐՈՒԺԱՆ — Այո, քրմապետ։ 

ԱՐՁԱՆ — Բարձրացրու նայեմ այդ «Հայր մեր» աղոթող արևին։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — (բարձրացնում է Արձանի գլուխը)։

ԱՐՁԱՆ — Դու ո՞վ ես, ում բոլորը խոնարվում են, ում բոլորը դավանում են, դու ո՞վ ես, որ հաղթում ես բոլորին։ Դու, որ այդպես հեզորեն նայում ես ու ներում, հաղթում ես ու նվաճում, փառք քեզ, փառք քեզ… (Փակում է աչքերը։ Լռություն։)

ՎԱՐՈՒԺԱՆ — Քրմապետ, քրմապետ…

ԱՐՁԱՆ — (բացելով աչքերը և շուրջը նայելով): Ես մինչև հիմա չէի տեսել, թե որքան գեղեցիկ են այս նարգիզները։ Նրանց դեղին ժպիտից հոգիս ծաղկում է։ Տեսնո՞ւմ ես հավքերի այն երամը, Վարուժան, նրանց մեջ է իմ Զարեհը։ Նա թռչում է։ Ինչքան սեր ու լույս կա նրա ճախրանքի մեջ։ Սրտիս վրա ինչքան արցունքներ են սառել ու ծանրացել։ Առուն ինչ բարի է ու ինչ լավ է երգում։ Այն կարծես իմ հոգուց է հոսում։  Ես կյանքը ուշ եմ հասկանում` չափազանց ուշ… Զարեհ` որդիս, Նարգիզ` կին իմ, վերցրեք արցունքներիցս ձեր բաժինը։ Ես գնում եմ, Վարուժան, քեզ հանդիպող բոլոր մարդկանցից իմ անունից ներողություն կխնդրես, չգիտեմ ինչ համար, բայց ինձ թվում է, թե բոլորի առջև մեղավոր եմ, ներողություն խնդրիր նրանցից, որ ճիշտ չեմ ապրել։ Ես կյանքն ուշ հասկացա, երբ այն այլևս ինձ պետք չէ…  Նարգիզ, Նարգիզ… Կինս ինձ դեռ սիրում է, Վարուժան, նա մեկնել է իր ճերմակ ու տաք  ձեռքերը ու ինձ իր մոտ է տանում… Ինձ կթաղեք որդուս կողքին, ուզում եմ նրան շատ մոտ լինել, ուզում եմ ձուլվել նրան… Վարուժան, կասես Տրդատին, որ ամեն բան կատարվեց, որ իր տերությունն առաջինն է աշխարհում, իսկ արծիվն ընկավ…  (Մեռնում է): 

ՎԱՐՈՒԺԱՆ — Երկնիր, ճեղքվիր դու երկինք, դու երկիր երկունքով մռնչա… զուր ցավեր, տքնանքներ երկունքի…

Գալիս է դետքը, խոնարհվում է Արձանի մարմնի վրա։

ՎԱՐՈՒԺԱՆ – Ինչո՞ւ եկար։

ԴԵՏՔ — Եկա, որ իմ ձեռքերով թաղեմ քրմապետին։

ՎԱՐՈՒԺԱՆ – Ո՞ւր են մյուսները։

ԴԵՏՔ — Նրանք ընկան Ապահունիքի իշխանի սուսերավորների հետ կռվում։ 

ՎԱՐՈՒԺԱՆ – Բոլո՞րը։

ԴԵՏՔ — Ոչ, մի մասը հանձնվեց։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ Ցո՞ւլը…

ԴԵՏՔ — Նա ընկավ Սյունյաց իշխանի սրից։ Ցուլը սպանեց իշխանի որդուն և իշխանը նրան դաժանորեն պատժեց։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Իսկ ինչպե՞ս է, որ դու ողջ ես։ 

ԴԵՏՔ — Ես Զարեհին խոստում ունեմ տված։ Ես ասացի Ապահունքի իշխանին, որ գնում եմ թաղելու քրմապետին իր որդու կողքին։ Երբ նա իմացավ Զարեհի մահը, դառն հառաչեց։ 

ՎԱՐՈՒԺԱՆ — Այդ ո՞ւմ թիկնոցն է քո ձեռքին։

ԴԵՏՔ — Ապահունիքի իշխանինն է։ Նաև խնդրեց, որ իր թիկնոցով ծածկեմ քրմապետին 

ու հանձնեմ հողին։ Նա ասաց, որ քրմապետը մեծ մարդ էր, մեծ հայրենասեր ու լավ բարեկամ։ Նա աղոթեց իր Աստծուն քրմապետի համար։ 

Ապահունքի իշխանի թիկնոցով ծածկում են քրմապետի դին ու տանում։

ՏԵՍԱՐԱՆ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Բրուտի արհեստանոց՝ այլ պարագաների թվում նաև հնոց ու կավե տարատեսակ անոթներ։ Բրուտը հաստոցի վրա կավե անոթ է պատրաստում։ Ներս է մտնում Օտարականը։ 

ՕՏԱՐԱԿԱՆ (լարված նայում  է պատրաստվող կավե ամանին, որը բրուտի ձեռքերում կուժի տեսք է ստանում):

ԲՐՈՒՏ — Ի՞նչ ես փնտրում, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Մի փոքրիկ անկյուն, որը նման չլինի դրախտին, նման չլինի դժոխքին, ուր ես կարողանամ ծվարել ու հավերժ հեկեկալ…

ԲՐՈՒՏ — Զարեհը ինչո՞ւ մեռավ, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Նա փրկություն գտավ, Բրուտ։

ԲՐՈՒՏ — Արձանը ինչո՞ւ մեռավ, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Չգիտեմ ինչու մեռավ, բայց շատ բան արեցիր նրա փրկության համար։ 

Լռություն։ Օտարականը շարունակում  է լարված նայել մերթ բրուտին, 

մերթ նրա ձեռքերի մեջ ձև առնող կավե անոթին։

ՕՏԱՐԱԿԱՆ — Եվս մեկ հարցի եմ սպասում, Բրուտ։ 

ԲՐՈՒՏ — Ես մղկտում եմ, Օտարական, ես լաց եմ լինում Ցուլի համար…

ՕՏԱՐԱԿԱՆ — Իսկ քո կոպերում կգտնվի՞ գեթ մեկ կաթիլ ինձ համար, Բրուտ։

ԲՐՈՒՏ — Ցուլը փրկության շղթայի օղակներից էր, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Որն օգտագործելուց հետո դեն շպրտվեց, Բրուտ։

ԲՐՈՒՏ — Դու արցունքի կարի՞ք ունես, Օտարական։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Իմ կարիքները դրված են իմ մեջ ի վերուստ։

ԲՐՈՒՏ — Քո մեջ բազմաթիվ հարցեր են դրված, Օտարական։ 

ՕՏԱՐԱԿԱՆ – Ինչո՞ւ ես անպատվության անոթներ շինում, Բրուտ։ 

ԲՐՈՒՏ — Դու ցավո՞ւմ ես Ցուլի համար։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ես ինձ համար եմ ցավում, Բրուտ։

ԲՐՈՒՏ — Ի՞նչ պատահեց քեզ հետ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ես նորադարձ էի։ Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում։ Ամեն օր զգում 

էի իմ վերելքը, մաքրությունը, ես սիրով էի լցված, հեզ էի և խոնարհ, վայելում էի իմ անմեղության և փրկության բերկրանքը։  

ԲՐՈՒՏ — (Բրուտը վերցնում է պատրաստի կավե անոթը, մտցնում է հնոցը): Քո  մաքրությունը և անմեղությունը շատ փխրուն էր, Օտարական։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Թվացյալ էր, Բրուտ, չդիմացավ այն կնոջ գեղեցկության զորությանը։ Իմ կառուցվածքը թույլ էր` նախատեսված չէր այդպիսի հմայքին դիմակայելու համար։   

ԲՐՈՒՏ — Նա ցույց տվեց քո կառուցվածքի խորդուբորդերը, որոնք չէին ներդաշնակվում քո կերպարի սրբատաշ մասերին։  

ՕՏԱՐԱԿԱՆ — Նա ցույց տվեց, որ ես անպատվության անոթ եմ։ Ես հասկացա, որ այս ամենը ի վերուստ է և իմ կորուստը նախանշված է։ Ես շատ բան էի հասկացել և ճաշակել հավիտենությունից, որպեսզի կարողանայի առաջվա նման անհոգ ապրել։ Ես իմ հոգու մեջ կրում էի հավիտենական կորստի սարսափը։ Եվ զգալով Հայաստան աշխարհի մոտալուտ դարձն ու արթնությունը, որոշեցի պայքարել դրանց դեմ։ Պայքարել, որ մարդիկ չիմանան ճշմարտությունը և չապրեն այն ահավոր սարսափը, որ ինքս եմ ապրում։ Ես փորձեցի փակել այն գլխավոր ճանապարհը, որտեղով պիտի գար և եկավ ճշմարտությունը։ Ես ներշնչում էի արքային, որ ուժ գտնի իր մեջ, իրագործի իր թաքուն նպատակները և դուրս գա  փակուղուց։ Ապրելու իմաստ արժեցող նպատակների չիրագործվելուց առաջացած հոգեվիճակը մարդկանց մղում է կամ մահվան, կամ կյանքի այլ իմաստ փնտրելու։ Ես վախենում էի, որ արքան կգտնի ճշմարտությունը։ Բայց իմ անմիտ վարմունքով ես դարձա հայոց դարձի շղթայի մի օղակը։ 

ԲՐՈՒՏ — Դա կարևոր դեր է, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Որի համար պատժում են, Բրուտ։  

ԲՐՈՒՏ – Ո՞ւր է այն արնոտ լաթի կտորը։

ՕՏԱՐԱԿԱՆ — Ինչի՞դ է պետք, Բրուտ։

ԲՐՈՒՏ — Այդ կտորի վրա զղջման արցունքներ կան, որոնք շատ թանկ են, Օտարական։ Դու քո՞ կամքով էիր արտասվում։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Դա էլ էր ի վերուստ։

ԲՐՈՒՏ — Դու քո՞ կամքով էիր պայքարում ճշմարտության դեմ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Դա էլ էր ի վերուստ։

ԲՐՈՒՏ — Իսկ ո՞ւր ես դու, Օտարական։ Որտե՞ղ ես սկսվում և ավարտվում։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Չգիտեմ։

ԲՐՈՒՏ – Ո՞ւր է քո ազատ կամքը։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Չգիտեմ։

ԲՐՈՒՏ — Երբ դու ցավում էիր Ցուլի կորստյան համար, դա է՞լ էր ի վերուստ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո։

ԲՐՈՒՏ — Դու ի՞նչ ես ուզում, Օտարական։

ՕՏԱՐԱԿԱՆ — Որ բոլորը փրկվեն։ Անպատվության անոթներ մի շինիր։ Հավիտենական խավարը սարսափելի է։  

ԲՐՈՒՏ — Այդ ցանկությունն է՞լ է քո մեջ սերմանված ի վերուստ։

ՕՏԱՐԱԿԱՆ — Այո։

ԲՐՈՒՏ — Դո՛ւ ասացիր, Օտարակա՛ն։ 

ՕՏԱՐԱԿԱՆ — Ես խճճվեցի և հոգնեցի ինքնաորոնման այս շրջապտույտում։ Ես ուզում եմ հանգիստ առնել։ Կարո՞ղ եմ քեզ հետ ապրել, Բրուտ։  

ԲՐՈՒՏ Իմ տան դռները բաց են բոլորի առջև։ Հանգիստ առ, Մարկոս։ 

Օտարականը մեկնվում է Բրուտի ոտքերի մոտ ու աչքերը փակում։ Բրուտը հաստոցի վրա դնում է կավի նոր կույտ և սկսում նոր անոթ պատրաստել։

ՎԱՐԱԳՈՒՅՐ

  ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մագ. ԼԳ -Ո տայր… վիպական երգի հատվածը պահպանվել է 11-րդ դարի նշանավոր գրող և քաղաքական գործիչ Գր. Մագիստրոսի նամակներում։

2. Խորենացի, 2-րդ, Ծ-Արտաշես և Սաթենիկ-(պիեսի մեջ Զարեհը և Նանեն փոխնիփոխ տողեր են ասում այս ավանդապատումից)

3. Ըստ արաբական պատմագիր և աշխարհագիր Մասուդիի` պարսից թագավոր Արտաշիր Ա-ն իր որդի Շապուհին տվել է հետևյալ խորհուրդը. «Իմացիր, իմ որդի, որ կրոնը և թագավորությունը երկու քույրեր են, որոնցից և ոչ մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի. Որովհետև կրոնը թագավորության հիմքն է, իսկ թագավորությունը նրա պաշտպանն է»։

4.  Փոխակերպումները հայկական դիցաբանությունից են` Աստղիկի և Վահագնի 

առասպելներից։

5. Հեթանոսական ժամանակներից վանեցիների մոտ մնացած ժողովրդական երգ` նվիրված հարսին և փեսային (Ռաֆայել Համբարձումյան, Հայկական տոմար, Երևան 1992, էջ 24)։ 

6. Աղոթքի հատվածն ամբողջությամբ վերցված է Ագաթանգեղոսի Հայոց Պատմությունից։

7. Երգը գրել է հեղինակը։

8. Աղոթքի հատվածն ամբողջությամբ վերցված է Ագաթանգեղոսի Հայոց Պատմությունից։

9. Խոսքը Վարագա խաչի ավանդապատման մասին է, որին մեր եկեղեցին տոն ունի նվիրված։ 

10. Հատվածը նույնությամբ վերցված է Ագաթանգեղոսի Հայոց Պատմությունից։

11. Խորենացի, 1-ին, ԼԱ/ԼԲ-Վահագնի ծնունդը (պիեսի այս հատվածում օգտագործվում է մի հատված Վահագնի ծնունդից` փոխակերպված ձևով)։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։