ԳԱՐՈՒՆ Է ԳԱԼՈՒ / Մարջան ՊԵՏՐՈՍՅԱՆ
«ԿԱՄՔ. Վազգեն Սարգսյան գրական մրցույթը», որի արդյունքները ամփոփվեցին նոյեմբերի 3-ին, նվիրված էր Արցախյան պատերազմներին, նպատակը՝ պատերազմների թոհուբոհում ծնունդ առած անհատական պատմությունները գրական հարթակ բերելն է: Պատմություններ, որոնք վավերական և արժանահավատ լինելուն զուգահեռ գեղարվեստական լիցք և արժեք ունեն: Միայն փաստը, որ 64 մասնակիցներից 32-ը պատերազմների մասնակից են, արդեն մրցույթի նպատակային խնդրի լուծված լինելու վկայությունն է: Ներկայացված ստեղծագործությունների 50 տոկոսն արձակ էին, 50-ը՝ չափածո։ Եվ միայն մեկ հայտն էր դրամատիկական, որը թեև մրցանակի չարժանացավ, բայց հարկ համարեցի այն ներկայացնել մեր կայքում:
՛՛Գարուն է գալու՛՛ պիեսը Մարջան Պետրոսյանի թատերգական առաջին փորձն է:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Պիեսը նվիրվում է 44-օրյա պատերազմում զոհված
սիրելի քրոջորդուս՝ ՍԻՓԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ
և հերոս աշակերտներիս՝
ՄԵՍՐՈՊ ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, ՄԽԻԹԱՐ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ,
ԴԱՎԻԹ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻՆ, ՆԻԿՈԼԱՅ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ,
ՏԻԳՐԱՆ ԹՈՎՄԱՍՅԱՆԻՆ, ԱՐՄԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ,
ՍԱՐԳԻՍ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, ԳԵՎՈՐԳ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻՆ…
Գործող անձինք
ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ — 28 տարեկան, զինվորական
ՆԱՐԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ — 27 տարեկան, ուսուցչուհի
ԱՐՇԱԿ — Հայկի հայրը, գործարար
ՆԱՏԱԼՅԱ (ՆԱՏԱ) — Հայկի մայրը, բժշկուհի
ԳԵՎՈՐԳ (դեդո) — Նարեի պապը
ՆՈՒՆԵ — Հայկի հարևանուհին
ՍՈՒՍԱՆ — հիվանդանոցի ընդունարանի աշխատակից
ՏԻԳՐԱՆ — Հայկի զինվորը, Նունեի թոռը
ԴԱՎԻԹ, ՎԱՀԵ, ԿԱՐԵՆ — բժիշկներ
ԳՈՀԱՐ — բուժքույր
Բարձր դասարանների աշակերտներ
Ուստա ԱՐՏԱՇ — հիվանդանոցի տնտեսվարը, 60-65 տարեկան
ԶԻՆՎՈՐ 1
ԶԻՆՎՈՐ 2 (ԱՇՈՏ)
ԶԻՆՎՈՐ 3 (գյումրեցի)
ԶԻՆՎՈՐ 4 (ԱՐԱՄ)
Հիվանդանոցի սանիտարներ, բուժքույրեր
Զինվորականներ
Աշնանը թանկ սերմեր ենք պահ տվել հողին…
Գարուն է գալու…
Վահէ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
2020 թվական, սեպտեմբերի 23: Դեպքերը տեղի են ունենում Արցախում՝ Մարտակերտում: Դպրոցի բեմ: Միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 29-րդ ամյակին: Բեմի վրա՝ բարձր դասարանների աշակերտներ: Միջոցառումը մոտենում է ավարտին: Կենտրոնում կանգնած տղան երգում է:
1-ին աշակերտ – Ա՛խ, էն երկրի հողին մատաղ, պիտի գնանք վաղ թե ուշ,
Սիրով լինի, սրով լինի, պիտի գնանք վաղ թե ուշ,
Արարատի գլխին դրոշ պիտի դնենք վաղ թե ուշ,
Հերթով լինի, երթով լինի պիտի գնանք վաղ թե ուշ…
2-րդ աշակերտ — Գալու է այդ օրը, և Արարատի գլխին հպարտ փողփողալու է հայոց եռագույնը:
3-րդ աշակերտ — Այո՛, գալու է այդ օրը, և մենք ազգովի Արարատի լանջերին դեռ պարելու ենք մեր հաղթական քոչարին:
4-րդ աշակերտ — Գալու է այդ օրը, և Ղազանչեցոց եկեղեցու խաղաղության զանգերը միահյուսվելու են Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու՝ հաղթանակ ավետող զանգերին:
5-րդ աշակերտ — Այո՛, գալու է այդ օրը, և հաղթական ձայնելու են իրար Արարատ ու Արագած, Մռավ, Սիփան, Նեմրութ ու Խուստուփ, լեռները հայոց, թե՝ հե՜յ, Հա՛յ, ցնծա՛, ազատ է Հայրենիքդ, անկախ ու ինքնիշխան:
6-րդ աշակերտ — Ցնծա՛, Հայ, ու երգի՛ր երգը հաղթության, քանզի անմահ է, անպարտ ու հավերժ Հայաստան աշխարհը:
Ետնաբեմից աշակերտներին է մոտենում ուսուցչուհին՝ Նարեն:
ՆԱՐԵ — Սիրելի՛ հայրենակիցներ, մեր միջոցառումը մոտեցավ ավարտին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս անկախության տոնի առթիվ: Ինչպես Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ ՛՛Հայրենիք ենք հիմնել, հայրենիք ենք բարձրացնում՛՛: Ուստի չխնայենք մեր ջանքերն ու սերը և միասին կերտենք ազատ, անկախ, հզոր ու միացյալ Հայաստան: Ինչպես միշտ, այսօր էլ հյուրերի շարքում նստած են մեզ հարազատ դարձած զորամասի սպաներն ու զինվորները՝ մեր խաղաղության պահապանները: Այժմ սիրով բեմ ենք հրավիրում Մատաղիսի զորամասի կապի ստորաբաժանման հրամանատար, կապիտան Հայկ Գրիգորյանին:
Բեմ են բարձրանում Հայկն ու ժամկետային զինծառայող Տիգրանը, որի ձեռքին պատվոգիր է ու դաշտային ծաղիկների փունջ:
ՀԱՅԿ — Շնորհակալություն: Սիրելի՛ աշակերտներ և ներկաներ, ես նույնպես միանում եմ մեր հայրենիքի անկախության տոնի շնորհավորանքներին: Այո՛, հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, մեռնում են դրա պակասից: Մենք՝ բոլորս, այսօր այստեղ տեսանք և՛ հայրենասիրություն, և՛ հայրենաճանաչություն, և՛ հայրենապաշտություն: Ու պիտի ասեմ՝ այն սերունդը, որը դպրոցում նման ոգեղեն դասեր է սերտում, անպայման հաղթող է լինելու: Ապրեք, էրեխեք ջան: Օրիո՛րդ Պետրոսյան, մեկ անգամ չէ, որ ներկա ենք ձեր կազմակերպած միջոցառումներին, ասեմ, որ թե՛ ես, թե՛ զինակից ընկերներս մեծ բավականություն ստացանք. ձեզ և ձեզ նման ուսուցիչների շնորհիվ մեր երկրի ապագան հուսալի ձեռքերում է: Զորամասի անձնակազմի անունից հայտնում եմ ձեզ, աշակերտներին խորին շնորհակալություն: Զորամասի ղեկավարությունը, բարձր գնահատելով ձեր հայրենանվեր գործունեությունը, անկախության տոնի առթիվ ձեզ պարգևատրում է պատվոգրով: Շնորհավորում եմ:
Հայկը հանձնում է պատվոգիրը, Տիգրանը մեկնում է ծաղիկները:
ՏԻԳՐԱՆ – (կամաց): Ի դեպ, այս ծաղիկները պարոն կապիտանը անձամբ է հավաքել դաշտից:
ՀԱՅԿ — Զինվո՛ր:
ՏԻԳՐԱՆ — Լսում եմ, պարո՛ն կապիտան:
ՀԱՅԿ — Իսկույն իջե՛ք բեմից և զբաղեցրեք ձեր տեղը:
ՏԻԳՐԱՆ – Լսո՛ւմ եմ:
3-րդ աշակերտ — Պարո՛ն կապիտան, խնդրում եմ, կնկարվե՞ք մեզ հետ, թող զինվորն էլ նկարվի, հա՞:
ՀԱՅԿ — Ճիշտ է, նկարվել չեմ սիրում, բայց ձեր խնդրանքը չեմ մերժի: (Աշակերտները խմբվում են:) Իսկ օրիորդ Պետրոսյանը չի՞ ուզում մեզ հետ նկարվել:
ՆԱՐԵ — Սիրով կնկարվեմ:
3-րդ աշակերտ – (հեռախոսը տալիս է դահլիճում նստածներից մեկին): Խնդրում եմ, մեզ կնկարե՞ք: (Լուսանկարվում են, վերցնում, զննում է լուսանկարը:) Շատ լավ նկար ստացվեց, իրիկունը բոլորիդ կուղարկեմ:
ՆԱՐԵ — Դե ինչ, սիրելի հանդիսատես, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ միջոցառմանը: Մինչ նոր հանդիպում:
Աշակերտները խմբվում են Նարեի շուրջը:
5-րդ աշակերտ — Ընկեր Պետրոսյան, հո՞ւնց ա, հվնեցի՞ք, սկզբից էնքան էի լարվալ, ինձ թվում էր՝ ոչ մի պեն հիշում չեմ:
ՆԱՐԵ — Ամեն ինչ շատ լավ էր, ապրեք, էրեխեք ջան: Կարևորը, որ թե՛ դուք, թե՛ ներկաները մեծ բավականություն ստացան: Վաղը դասերից հետո կխոսենք, կքննարկենք, իսկ հիմա արագ օգնեք բեմը կարգի բերենք ու գնանք տուն:
ՀԱՅԿ – (գնալով բեմի անկյունը՝ զանգում է): Ալո, պարոն գնդապետ, կապիտան Գրիգորյանն է: Միջոցառումը հենց նոր ավարտվեց: Այո՛, ինչպես միշտ՝ ամեն ինչ գերազանց էր… Զինվորները սպաների հետ շուտով զորամասում կլինեն: Այո՛, ես այսօր մնալու եմ Մարտակերտում… Ո՛չ, վաղն եմ հերթապահության: Շնորհակալ եմ, պարո՛ն գնդապետ, ցտեսություն: (Մոտենում է Նարեին՝ կամաց:) Բակում քեզ կսպասեմ, արագ վերջացրու, գնանք ինձ մոտ:
ՆԱՐԵ — Չէ, դու գնա, հանգստացիր, հոգնած կլինես, գործերս արագ ավարտեմ, կգամ: Շատ չէ, մեկ ժամից քեզ մոտ կլինեմ:
ՀԱՅԿ — Մեկ ժամն արդեն շատ է, բայց դե՝ ճարս ինչ, գնացի, հանկարծ չուշանաս:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
Հայկի բնակարանը՝ համեստ կահավորված: Հայկ, Նունե:
ՆՈՒՆԵ — Հայկ ջան, հունց ասալ ըս, ամեն ինչ քո օզածով արալ-դրալ ըմ, սրտիդ օզածն էլ իփալ ըմ, Նարեիս հետ անուշ ըրեք, շորերդ էլ արդուկալ-շարալ ըմ, տոնն էլ տեղը տըղին մաքրալ ըմ: Թա ընելու պեն չոնիմ, քինամ: Ալբերտն էսա կիկյա:
ՀԱՅկ — Շնորհակալ եմ, Նունե ջան, կապիտան Գրիգորյանը քո արածը երբեք չի մոռանա: Երևանից քեզ հատուկ նվեր եմ բերելու:
ՆՈՒՆԵ — Է՜հ, Հա՛յկ ջան, հո նվերի համար չում անում, սրտանց ըմ անում, տու արժանի ըս: Բայց դե, տղաս, դյուզ ա՝ ինձ խոսք հասնում չի, բայց բիդի ասիմ՝ տու ու Նարեն շատ եք ուշացնում: Ծեր տարիքի մարդիկ կնոխանց ընտանիք ըն կազմալ, խոխատեր ըն: Հըսկացանք, գործը՝ գործ, բայց քեզ ըս պահին կնիկ ա պետք, հոգսդ՝ կիսող, տոնդ՝ ջերմացնող ա պետք: Վեր քու տեղը ինիմ, վիչ էլ սար ու ծոր կընկնիմ, հինչ հարսանիք, հինչ պեն. ասում ըս՝ միկա ետան Նարեն կյալա, չէ՞… Պարով կյա ու էլ չքիննա: Ծեր ծեռքը չի, Նարեի դեդոն կնոխանց ա ծեզ իր օրհնությունը տվալ, դե քու ծնողների օրհնանքն էլ չի ուշանա: Նարեն ոսկի է, քու մասին էլ, Հայկ ջան, է՛լ խոսում չում: Իմ Վարդանս էլ, գիդում ըս, քիզ պես զինվորական ա, մին օր ստեղ, մեկ էլ օրն էլ՝ Աստված ա գիդում: Որոշեց, մին օր էլ Անուշի ծեռքը պռնած եկավ տոն, թե՝ պա՝ ծեզ՝ հարս, ինձ ալ կնեգ ըմ բերել, օրհնեցե՛ք: Օրհնեցինք, տնավորվան, մհենգ ալ էրկու տղան ծառայում ըն: Հա՛յկ ջան, ինծանան քեզ խորհուրդ, ուշըցնիր մի, զինվորական ըս, հինչ ըս գիդում, էգուց հինչ ա իննան:
ՀԱՅԿ — Ի՞նչ պիտի լինի, Նունե ջան, ամեն ինչ էլ շատ լավ կլինի. երկիրը կամաց-կամաց պնդանում է, դե մենք էլ շուտով մեր քարը կդնենք ու մեզնից ինչ կախված է, կանենք: Մամաս էլ ամեն խոսելուց նույնն է ասում: Ամսի 26-ին ծնողներս գալու են Արցախ: Կիրակի օրը բոլորին անակնկալ եմ անելու: Նարեին կծանոթացնեմ ծնողներիս հետ ու ստանալով նրանց օրհնությունը՝ մոտ օրերս կամուսնանանք: Գիտես՝ երկուսս էլ ավելորդ բաներ չենք սիրում: Որոշել ենք, ամեն ինչ համեստի մեջ ա լինելու:
ՆՈՒՆԵ – (ուրախացած): Վա՜յ, Հայկ ջան, էս հինչ լավ պեն ըսեցիր: Ընտանիք կազմըլը Աստծուց ա, խաղաղության նշան ա: Էս հունց ուրխըցրիր ինձ, բալաս, Աստված տա, մեր երկրում նոր ընտանիքներ շատ-շատ կազմվեն: Տա խաղաղության նշան ա, օրհնվի՛ք, օխտը որդով սեղան նստիք: Փառքդ շատ, Տե՛ր Աստված, փառքդ շատ… (Վերջին բառերը ասելով՝ դուրս է գալիս:)
ՀԱՅԿ – (նստում է բազմոցին, հեռախոսում ՛՛թերթում՛՛ ՖԲ-ն): Ոչ մի նոր բան… նույն էժան բամբասանքները, սևերն ու սպիտակները, նախկիններն ու ներկաները…
Շեմին հայտնվում է Նարեն:
ՆԱՐԵ — Հա՞յկ…
ՀԱՅԿ – (ընդառաջ գնալով Նարեին՝ գրկում, համբուրում է): Վերջապես եկար, ինչո՞ւ ուշացար, չգիտե՞ս, քեզ սպասելիս ժամերը շատ դանդաղ են անցնում:
ՆԱՐԵ — Էլ մի, ասացի մեկ ժամ, բայց ավելի շուտ եկա: (Ձեռքի ծաղիկները դնում է սեղանին:)
ՀԱՅԿ — Նարե, ինչքա՜ն եմ քեզ սիրում, ինչքա՜ն եմ քեզ կարոտել…
ՆԱՐԵ — (ժպտալով): Ինչքա՞ն…
ՀԱՅԿ — Ինչքա՞ն… մի՞թե կարոտը կամ նրա չափը հնարավոր է բառերով նկարագրել:
ՆԱՐե — Հը՜մ… հնարավոր չէ, բայց կփորձեմ. ես նրան շատ լավ եմ ճանաչում: (Թիկունքից գրկում է Հայկին:)
Կարոտը, Հա՛յկ, իմ միայնակ օրերի հավատարիմ ընկերն ու բարեկամն է,
Ինձ հետ է ապրում
Ու երբեք անցյալ չի գնում…
Երբ դու գալիս ես, նա խելոք բացում է դուռը… գնում ապագա
Ու խելոք սպասում, որովհետև գիտի. դու էլի՛ գնալու ես,
Ու ինքը նորից դառնալու է ներկա…
(Կտրուկ հեռանալով Հայկից՝ վերցնում է սեղանին դրված ծաղիկները:) Որտեղի՞ց էիր հավաքել էս հրաշքներին, դնեմ ջրի մեջ, թե չէ ինձանից կխռովեն: (Գնում է խոհանոց, վերադառնում՝ ծաղիկները ծաղկամանի մեջ:) Հա, ի դեպ, համարձակ տղա էր:
ՀԱՅԿ — Ո՞վ:
ՆԱՐԵ — Զինվորը, որ փոխանցեց ծաղիկները:
ՀԱՅԿ — Հա՜, Տիգրա՞նը… Տանտիրոջս՝ Նունեի թոռն է, աղջկա տղան: Ռուսաստանում է ապրել ու մեծացել, Մոսկվայի տնտեսագիտական համալսարանն ավարտելուց հետո ինքնակամ եկել է Արցախ՝ հայրենիքին պարտքը տալու: Ասում է՝ եթե չգայի, ամբողջ կյանքս ամոթի զգացումով կապրեի, գողի նման:
ՆԱՐԵ — Ճիշտ է ասում, եթե յուրաքանչյուր հայ ունենար հայրենիքի նկատմամբ պարտքի նման զգացում, պատկերացնո՞ւմ ես, ինչքան հզոր ու երջանիկ պետություն կունենայինք:
ՀԱՅԿ — Իսկ դու սոված չե՞ս, ես որ սոված եմ: Նունեն խոհանոցում ամեն ինչ դասավորել է, արագ սեղան դիր, համ կուտենք, համ էլ կխոսենք:
ՆԱՐԵ – (գնում է խոհանոց, սեղան դնելու ընթացքում խոսում է): Նունեն ոսկի մատներ ունի, շատ անուշ է բուրում էս տոլման:
ՀԱՅԿ — Էսօր խմելու ենք, չէ՞: Պապիկիդ տված գինին պահել եմ հատուկ առիթների համար. շատ չէ, մի-մի բաժակ… Ըհը, էս էլ գինին: (Խոհանոցից բերում, սեղանին է դնում գինու շիշը:)
ՆԱՐԵ — Հայկ, ճիշտն ասա, միջոցառումը հավանեցի՞ր:
ՀԱՅԿ — Հավանելը ո՞րն ա, Մուրադի նման նստել, կողքերս էի նայում: (Լցնում է բաժակները:) Դե, քանի որ միջոցառումից խոսեցիր, արի՛ խմենք մեր հայրենիքի կենացը, թող մեր երկրում բոլոր առավոտները բացվեն խաղաղությամբ: Երջանիկ օրեր մեր ժողովրդին: (Խմում են:) Անմահական գինի է: Դեդոն գիտի,՞ որ ինձ մոտ ես:
ՆԱՐԵ — Գիտի, ճանապարհին զանգեցի, չնայած երեկ ասել էի, որ էսօր գալու ես. նախօրոք ամեն ինչ եփել, պատրաստել էի:
ՀԱՅԿ — Հրաշք մարդ է պապդ՝ բարի, կամեցող, խաղաղասեր: Բայց ինչ ուզում ես ասա, երբ մարտական ընկերները պատմում են, թե ինչքան դաժան է վարվել թուրքերի հետ, զարմանում եմ: Ախր դեդոդն իսկի հավ չի մորթում:
ՆԱՐԵ – (տխուր ժպտալով): Ճիշտ ես, դեդոս աշխարհի ամենաբարի մարդն է, հավ էլ չի մորթում, բայց մի զարմացիր, թուրքը մարել է նրա օջախի լույսը, հասկանո՞ւմ ես, մարել է գազանաբար, անմարդկային ձևով…
ՀԱՅԿ — Շուտով մենք ընտանիք կկազմենք, բայց ինձ ծնողներիդ մասին չես պատմել, միշտ խուսափել ես, շրջանցել թեման. անգամ նրանց անունները ես չգիտեմ: Միայն կողքից լսել եմ, որ զոհվել են առաջին պատերազմի ժամանակ:
ՆԱՐԵ – (դադարից հետո): Հայկ, ցավոտ անցյալի դռները վաղուց եմ փակել: Ավելի ճիշտ, փակել ենք պապիկի հետ ու որոշել ետ չնայել: Չնայած, ասեմ, անթիվ գիշերներ կողքի սենյակից լսել եմ դեդոյիս խուլ հեկեկոցը: Մի անգամ իմ խնդրանքով պապիկն ինձ թողեց այդ դռներից ներս, այնտեղից փախա խելագարված… Գիտե՞ս, երբեք չեմ իմացել՝ ինչ է ծնողական ջերմությունը, սերը, ուշադրությունը: Ասեմ, որ այդ առումով Արցախում այնքան էլ տարբերվող երեխա չեմ եղել, որովհետև իմ տարեկիցներից շատերն են զրկված եղել ծնողական գուրգուրանքից ու սիրուց: Մի ամբողջ սերնդի դառը ճակատագիր: Գիտե՞ս, Արցախում գյուղեր կան, որտեղ 70-75 թվականներին ծնված ոչ մի տղամարդ չես գտնի, որովհետև բոլորն էլ զոհվել են առաջին պատերազմի ժամանակ: Իսկ ես իմ տարեկիցների մեջ մի քիչ ավելի դժբախտ էի, որովհետև երկկողմանի ծնողազուրկ էի: Ասում ես՝ չեմ հավատում, որ դեդոն դաժան է եղել, ասեմ, որ այդ դաժանությունը երբեմն ինձ էլ է համակում: Դեդոյիս աչքի առաջ թուրքերը գազանաբար սպանել են ծնողներիս ու եղբայրներիս: Նախ մորս են բռնաբարել պապիկի՛ս, հո՛րս, եղբայրների՛ս աչքի առաջ, հետո… բոլորին ողջ-ողջ այրել են, հռհռացել են ու հեռացել: Դեդոյիս էլ թողել են, որ… խելագարվի: Ես, երկու ամսական երեխա, տանը՝ օրորոցում քնած եմ եղել: Դեդոս ամբողջ ժամանակ աղոթել է, որ տուն չմտնեն, որ ես չլացեմ: Չեմ լացել ու փրկվել եմ՝ փրկելով նաև պապիս ապրելու, պայքարելու բզկտված հույսը:
ՀԱՅԿ — Տխուր է: Ես էլ քառօրյայի ժամանակ, թվում էր, խելագարվում էի, երբ վիրավոր թևով կրակի տակից մի կերպ դուրս էի բերում ընկերներիս սառած մարմինները… բայց ես էլ դիմացա: Դե, մի՛ լացիր: Ես ուզում եմ, որ միշտ ժպտաս: Ժպտա՛: (Սրբում է Նարեի աչքերը:) Մենք շատ երեխաներ կունենանք, Նարե, շատ-շատ: Պապիկիդ ծնկների վրա նրանք դեռ կխաղան, պապդ նրանց կպատմի իր հեքիաթը քաջության ու հաղթանակի մասին: Մենք մեր վրեժը թուրքից կլուծենք, կլուծենք ուժեղ, հզոր պետություն կառուցելով. ես, դու, ծնողներս, պապիկդ, քո աշակերտները, իմ զինվորները, բոլորով անպայման կկառուցենք երջանիկ Հայաստան: (Մոտենում է սեղանին, լցնում բաժակները:) Ճիշտ է, ասել էի՝ մի-մի բաժակ, բայց արի էս մեկն էլ խմենք… էս մեկն էլ դու ասա:
ՆԱՐԵ — Խմենք մեր կենացը:
Խմում են:
ՀԱՅԿ — Իսկ հիմա անակնկալ: Դու ՛՛Գուշակիր մեղեդին՛՛ խաղը խաղացե՞լ ես:
ՆԱՐԵ — Երբեք: Ի՞նչ, հիմա երաժշտությո՞ւն պիտի գուշակեմ:
ՀԱՅԿ — Այո, ուշադիր լսի՛ր: (Միացնում է հեռախոսը:)
ՆԱՐԵ – (ժպտում է): Հայկ, էս իմ հորինած երաժշտությունն է, մեր սիրո վալսը, էս ե՞րբ ես հասցրել գործիքավորել:
ՀԱՅԿ — Ես ձեզ հրավիրում եմ պարի:
Պարում են, Հայկը գրկում է Նարեին, պտտեցնում, համբուրում, գրկած բերում է բազմոցի մոտ…
Երաժշտության ձայնը բարձրանում է, դահլիճը՝ մթնում, հետո աստիճանաբար լուսավորվում: Նարեն գլուխը դրել է Հայկի ուսին:
ՀԱՅԿ — Ի՛մ լուսավոր… Ամսի 26-ին մերոնք գալիս են Արցախ: 27-ին մեր միությունը կօրինականցնենք: Լա՞վ: Փոքր խմբով, առանց ավելորդությունների, ոնց որ դու էիր ուզում: Համաձա՞յն ես:
ՆԱՐԵ — Ես իմ համաձայնությունը վաղուց եմ տվել:
ՀԱՅԿ – (վզից հանում է շղթան՝ ձեռագործ մեդալիոնով, որի վրա փորագրված է ՛՛Հայր մեր՛՛-ը, կախում աղջկա պարանոցից): Պապիկիս նվերն է, թող քեզ պահապան լինի:
ՆԱՐԵ — Ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար: Հայկ, քո շնորհիվ ես հիմա աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ աշխարհում: Ինչքան եմ քեզ սիրում, Հայկ: (Հեռախոսազանգ:) Դեդո՞… Լյա՞վ ըս… Հա, Հայկի մոտ եմ, էսա կի կյամ… Հա՛յկ, ինչքան էլ ուզում եմ մնալ, պիտի գնամ: Սեղանն արագ հավաքեմ, գնանք:
Հայկն օգնում է, սեղանը հավաքում են ու դուրս գալիս:
ՏԵՍԱՐԱՆ. Սեպտեմբերի 26: Հայկի բնակարանը: Արշակը նստած է բազմոցին՝ հեռախոսը ձեռքին: Նատան ծաղկամանի ծաղիկներն է ուղղում:
ՆԱՏԱ — Ուրիշ է Հայկս, ուրիշ: Գիտի, որ դաշտային ծաղիկներ շատ եմ սիրում: Ուշադիր է, նրբանկատ, ազնվական. էհ, կարոտել եմ տղայիս: Արշակ, չիմացա՞ր՝ երբ է գալու:
ԱՐՇԱԿ — Մի քանի րոպե առաջ եմ խոսել, ասաց՝ ճանապարհին է, ուր որ է կհասնի:
ՆԱՏԱ – (խոհանոցից): Որ ասում եմ՝ տղես ուրի՞շ է. սառնարանը ծփում է, դարակները մաքուր, դասավորված, կոկիկ: Արշակ, կարո՞ղ է՝ Հայկն էստեղ մեկը ունի, ախր շատ տեղը տեղին է ամեն ինչ:
ԱՐՇԱԿ — Դե, տղա է, ինչ կա՞ որ, ըստ իս՝ վատ չէր լինի:
ՆԱՏԱ — Ըստ քեզ՝ վատ չէր լինի, բայց ըստ իս՝ էնքան էլ լավ չի լինի: Երևանում աղջիկ չկա՞, որ Ղարաբաղ հասնենք:
ՀԱՅԿ – (ներս մտնելով): Ղարաբաղ չի, հազար եմ ասել՝ Արցախ է, Արցախ: Համ էլ Արցախի աղջիկները շատ սիրուն ու լավն են: Էս ո՞ւմ ամենաթանկերն են եկել:
ՆԱՏԱ — Վա՜յ, Հայկ ջան, եկա՞ր, ցավդ տանեմ… (Գրկախառնվում են:) Իսկական զինվորական՝ արևից սևացած, կոշտացած. մեռնեմ արևիդ… (Նորից գրկում է:)
ՀԱՅԿ — Պա՛պ ջան…
ԱՐՇԱԿ — Տղես… (Գրկախառնվում է:) Հայկ ջան, որ քեզ էսպես զինվորականի շորերով տեսնում եմ՝ ձիգ, խրոխտ, հոգիս փառավորվում է:
ՀԱՅԿ — Իմ հոգին էլ է փառավորվում, պա՛պ ջան… (Նորից գրկախառնվում են:)
ՆԱՏԱ — Փառավորվելու բան ես գտել, որ հիմա Երևանի նախարարություններից մեկում հագած-կապած նստած լիներ, չէի՞ր փառավորվի:
ՀԱՅԿ — Լավ էլի, մամ ջան, էդ դեռ թող, դրա մասին ամեն օր հեռախոսով ասում ես: Դուք էն ասեք, հաց կերե՞լ եք, ինձ չնայեք, ես կուշտ եմ: Համ էլ պատմեք, տեսնեմ՝ Երևանում ի՞նչ կա-չկա:
ՆԱՏԱ — Մենք էլ ենք կուշտ, մինչև Մարտակերտ հասնելը, մի կես ժամ առաջ ենք հաց կերել: Իսկ սուրճ կխմե՞ս:
ՀԱՅկ — Այ, սուրճից չեմ հրաժարվի, վաղուց իրար հետ սուրճ չենք խմել: (Նատան գնում է խոհանոց:) Պապ ջան, պատմիր տեսնեմ՝ ո՞նց եք:
ԱՐՇԱԿ — Ո՞նց պիտի լինենք, էս վիրուսի հետ կապված մի երեք ամիս մորդ երեսը ընդհանրապես չէի տեսնում, ամբողջ օրը հիվանդանոցում էր, դե, խանութի գործերն էլ նոր-նոր ընկել են հունի մեջ: Դժվար օրեր էին, բայց անցան: Քեզ մոտ ի՞նչ կա:
ՀԱՅկ — Ծառայություն է, ո՞նց պետք է լինի: Հուլիսին, Տավուշի դեպքերի հետ կապված, մի քիչ լարված էր, բայց հիմա ամեն ինչ նորմալ է:
ՆԱՏԱ – (բերում է սուրճը): Էս էլ սուրճը: Ասում ես՝ Երևանում ի՞նչ կա. ասեմ, Հայկ ջան, ինչ կա, կյանքը եռում է, ջահելություն կա, սիրուն աղջիկներ, ընկերներ, բարեկամություն: Իսկ դու էստեղ կյանքդ ես մաշում, մեզ էլ հետն ես մաշում: Ի՞նչ կլինի, մի անգամ էլ մորդ լսի, էլի, ջահել ես, արյունդ եռում է, շատ բան չես հասկանում: 30 տարի առաջ ես էլ էի հորդ պես ոգևորված… Ախր, արածդ հեչ բանի նման չէր: Մարդ մինուճար տղա ունենա, որ զինվորական դառնա՞: Ամիսներով երեսդ չենք տեսնում: Հա՛յկ ջան, տղա՛ս, ախր շատ եմ կարոտում:
ՀԱՅԿ — Իմ անուշիկ մայրիկ, հենց կարոտես, կգաս կտեսնես, հո Փարիզում չե՞մ ապրում: Համ էլ զինվորական դառնալու հետ կապված ասեմ, իմանաս. եթե նորից մասնագիտություն ընտրելու լինեմ, նույնն եմ ընտրելու: Ես իմ գործը սիրում եմ, սիրում եմ ձեզ, իմ զինվորներին, իմ հայրենիքը: Զինվորական լինելը կոչում է, մամ ջան, պատիվ ունեմ: Դուք պիտի միայն հպարտ լինեք: Ճիշտն ասա, հպարտ չե՞ս:
ՆԱՏԱ – Հպարտը՝ հպարտ եմ, դու ինձ միշտ ես հպարտանալու առիթ տալիս, բայց… Հայկ ջան, քո տարիքի տղաները Երևանում հենց հիմա կյանք են անում, իսկ դու դիրքերում անձրևին, ցրտին, քամուն, թուրքի դեմը կանգնած… որ ի՞նչ, էդ, ըստ քեզ կամ փառավորվող հայրիկիդ, ճի՞շտ է: Էն մեր հարևան Վաղոյի տղային՝ Գուգոյին հիշում ես, մի կարգին սովորող էլ չէր, ամբողջ տարին կնոջ հետ արտասահմաններն ա ման գալիս, իսկ դու էստեղ կյանքդ ես մաշում, թե՝ պատիվ ունեմ: Որ իմանամ՝ գոնե կգնահատվես, էլի կհասկանամ: Բայց ասա, 30 տարի առաջ կռիվ տված, հայրենիքի համար իրենց կյանքը դրած տղաներից ո՞ր մեկը փառքի հասավ, ո՞ր մեկը գնահատվեց, որ դու հասնես: Կաթը եռաց, թափվեց, սերուցքը գնաց զոհվեց, ով էլ եկավ՝ սարքելու փոխարեն աչքն էլ հանեց:
ՀԱՅԿ — Լա՛վ էլի, մամ, նախ ես փառքի համար չեմ էստեղ, երկրորդն էլ, ոնց տեսնում եմ, էս վեց ամիս տեղը-տեղին պատրաստվել ես: Արի թեման փոխենք, հա՞:
ՆԱՏԱ — Կփոխեմ, բայց իմացիր, սիրտս կտոր-կտոր է լինում: Էն տառ չիմացող ընկերներդ մի-մի աթոռ վերցրել-նստել են, իսկ դո՞ւ… Հա, էլի սիրիր հայրենիքդ, քեզ ով է բան ասում, բայց արի, Երևանից սիրիր, որ մենք էլ մի քիչ հանգիստ ապրենք:
ՀԱՅԿ — Մամ ջան, ես ձեր հանգիստ ապրելու համար եմ էստեղ: Մեր տան դուռը էստեղ է, հայրենիքը սկսվում է սահմանից. Երևանը սիրտն է, որպեսզի սիրտը առողջ, առույգ լինի, պիտի սահմանը ամուր ու պաշտպանված լինի: Տաք տեղերում նստած բոլորն էլ սիրում են հայրենիքը, կենաց են խմում, հայրենիքի ցավը տանում: Ես էլ էստեղից եմ սիրում, գործով եմ սիրում, վա՞տ է: Էս սահմանի վրա իմ ընկերներն արյուն են թափել: Ես երդվել եմ ապրել ու գործել նաև նրանց փոխարեն: էսօր էս սահմանին կանգնած են իմ զինվորները, տասնութ-տասնինը տարեկան տղաներ, որոնց ես պետք եմ, էս սահմանին ապրում են մարդիկ, որոնց կռիվը երբեք չի վերջանում, որովհետև դիմացները թուրքն է կանգնած ու իրենք պահում են նաև ձեզ՝ թիկունքում ապրողներիդ: Եկեք բոլորով հավաքվենք Երևանում ու կյանք անենք, բա մեր տան դուռը ո՞վ հսկի: Մամ ջան, ես մնալու եմ Արցախում, ու էս որոշումը վերջնական է:
ԱՐՇԱԿ — Հայկ ջան, ճիշտ է, քիչ եմ խոսում, բայց իմացիր, որ քեզ հետ եմ ու հարգում եմ քո որոշումը: Դու երբեք սխալ քայլեր չես անի, գործիր սրտիդ թելադրանքով:
ՆԱՏԱ – (հեգնանքով): Հա, Հայկ ջան, հայրդ ճիշտ է, սրտիդ թելադրանքին լսիր, մայրդ ո՞վ է, որ նրան լսես…
ՀԱՅԿ — Իմ սիրելի մայրիկ, քեզ միշտ եմ լսում, դու դեռ չգիտես, թե ինչքան լավ է լինելու ամեն ինչ, մեր ընտանիքի խաղաղ, երջանիկ օրերը առջևում են:
ՆԱՏԱ — Տա՛ Աստված, Հայկ ջան, իմ ուզածն էլ դա է, ամեն մի մայր իր զավակներին անհոգ, երջանիկ կյանք է ցանկանում: Եթե էդպես ես ուզում, թող էդպես լինի:
ՀԱՅԿ – (ժպտալով): Իսկ հիմա ամենակարևորի մասին: (Հեռախոսազանգ: Խոժոռված:) Զորամասից է, տեսնես ինչ է եղել… Կապիտան Գրիգորյանը լսում է: (Առանձնանում է, խոսում ցածր ձայնով:)
ՆԱՏԱ – Տեսնո՞ւմ ես, որ ասում ե՞մ, զինվորականը իր սեփական կյանքով չի ապրում, չի ապրում, էլի, հո զոռով չի:
ԱՐՇԱԿ – Ինչո՞ւ քո մասին չես խոսում, բժշկուհի՛, նույն էլ դուք եք, էլի, որ րոպեին զանգում են՝ վազում ես հիվանդանոց: (Նկատելով որդու անհանգստությունը:) Ի՞նչ է եղել, հո լուրջ բան չկա՞:
ՀԱՅԿ — Չէ, ամեն ինչ նորմալ է, բայց հենց հիմա պիտի շտապ մեկնեմ զորամաս: Լավ է, դեռ չէի փոխվել: Դուք տեսեք՝ ինչ եք անում, քնեք հանգստացեք, ես գնացի:
ՆԱԱ — Ա՛յ տղա ջան, երեսդ մի կարգին չտեսանք, հաց էլ չկերար: Գոնե մի կտոր բան դնեիր բերանդ: Էդպես ո՞նց կլինի:
ՀԱՅԿ — Մամ ջան, հիմա դրա ժամանակը չի: (Գրկում է մորը:)
ՆԱՏԱ — Բա ե՞րբ կգաս, Հայկ ջան:
ՀԱՅԿ — Չգիտեմ, մամ ջան, կզանգեմ, չնեղվես, ամեն ինչ շատ լավ է լինելու: Լավ մնացեք…
Հայկը շտապով դուրս է գալիս, Արշակը հետևում է նրան:
ԱՐՇԱԿ — Հա՛յկ, անհանգիստ ես:
ՀԱՅԿ — Պապ ջան, համար մեկ է տված, լավ հոտ չի գալիս, ամբողջ գծով շարժ կա: Եթե տեսնեք էն չի, հենց վաղն էլ ետ գնացեք Երևան:
ԱՐՇԱԿ — Բա ընտրածդ աղջի՞կը, մատանի՞ն…
ՀԱՅԿ — Էդ հետո, պապ ջան: Գնացի, ժամանակ չունեմ:
ԱՐՇԱԿ — Տա՛ Աստված, լուրջ բան չլինի: Զգույշ կլինես, Աստված ձեզ հետ:
Գրկախառնվում են, Հայկը գնում է, ծնողերը լուռ նստում են:
Բեմը մթնում է, ապա՝ լուսավորվում: Լսվում են խուլ պայթյունի ձայներ:
ՆԱՏԱ – (վեր թռչելով): Արշակ, լսեցի՞ր, էս ի՞նչ էր… լսո՞ւմ ես… ըհը, նորից: Տե՛ր Աստված, էս ի՞նչ ա կատարվում, Հայկս…
ԱՐՇԱԿ — Հանգստացի՛ր, երևի ուսումնական վարժանք է, մերոնք կլինեն:
ՆԱՏԱ — Լավ էլի, Արշակ, երեխայի տեղ ես ինձ դրել, ի՞նչ վարժանք, Հայկին ինչո՞ւ կանչեցին… Աստվա՛ծ ջան, էդ շները հարձակված չլինե՞ն… Հեռախոսս, հեռախոսս ո՞ւր ա, ասա, ա՛յ Հայկ, գոնե մի հատ զանգի, էլի: (Բացում է հեռախոսը, հուզված:) Ի՞նչ, էս կարդացե՞լ ես, Արշա՛կ… ողջ շփման գծով Ադրբեջանի զինված ուժերը անցել են հարձակման… պատերազմ է, Արշա՛կ, էրեխես… Տե՛ր Աստված, քառօրյայի մղձավանջը դեռ չի անցել, էս ի՞նչ կրակ էր… (Լալիս է:)
Ներս է մտնում Նունեն:
ՆՈՒՆԵ — Պարի լույս, տըսա տոռն պաց ա, եկա, Հայկի ծնողնե՞րն ըք, չէ՞, ես էլ Նունեն ըմ, Հայկի հրեվանը: Ժղովուրդ ջան, ծեր ըստեղ մնալը վտանգավոր ա, քանի շուտ ա, քեցեք Հայաստան: Ասում ըն, շատ տղերան արդեն ժղովրդին տյուս ըն հանում են:
ՆԱՏԱ — Ա՜խ, Աստված իմ, գոնե շուտ վերջանա, զոհեր չունենանք: 16 թվականի վերքերը դեռ չեն սպիացել, ու հիմա նորից: Էլ դիմանալու չի:
ՆՈՒՆԵ — Գիդում չում, ժղովուրդ ջան, գիդում չում, թող Աստված մեր բանակին ոժ տա, զորություն, հաղթանակ տա, մեր խոխեքին էլ պահապան ինի: Տուք էլ իզուր ժամանակ մեք կորցընել. հինչքան շուտ քինաք, էնքան լյավ: Քինամ տըսնամ մունք հի՞նչ ընք անում: (Գնում է:)
ԱՐՇԱԿ — Մեր մնալն իրոք որ անիմաստ է: (Հեռախոսազանգ:) Հայկն է: Հա ջան… մենք լավ ենք… ձեզ մոտ ի՞նչ կա, նորմա՞լ է… հա, մի անհանգստացի, մի քիչ հետո դուրս կգանք: Եթե հարմար լինի, զանգի… դե, տալիս եմ մորդ: Զգույշ եղեք:
ՆԱՏԱ — Հայկ ջան… մաման ո՞նց պիտի լինի… հա, տղա ջան… չէ, չեմ լացում, մեռնեմ արևիդ… կարևորը դուք եք, զգույշ եղեք, խնդրում եմ… Աստված ձեզ հետ: (Հեռախոսն անջատում է:) Սիրտս պայթում էր, խոսեցի, մի քիչ հանգստացա: (Գլուխը բռնած նստում է:)
ԱՐՇԱԿ — Դե էլ մի՛ ուշացրու, վեր կաց, իրերը հավաքիր: (Նատան անշարժ նստած է:) Նատ, ես մնալու եմ:
ՆԱՏԱ — Ի՞նչ…
ԱՐՇԱԿ — Ասում եմ, ես մնալու եմ, Հայաստանից արդեն կամավորներ են գալիս: Կգնամ Հայկի մոտ: Քեզ կհասցնեմ Գորիս, ետ կգամ: Դու էնտեղից կգնաս: Ես Հայկին, էրեխեքին մենակ չեմ թողնի: Մի 4-5 օր հազիվ տևի: Ռուսաստան, բան կխառնվեն, չեն թողնի երկարի: (Նատան լուռ նստած է:) Նատա՞…
ՆԱՏԱ — Ի՞նչ:
ԱՐՇԱԿ — Չե՞ս լսում՝ ինչ եմ ասում:
ՆԱՏԱ — Լսում եմ… ես էլ եմ մնում:
ԱՐՇԱԿ — Ի՞նչ:
ՆԱՏԱ — Ես էլ եմ մնում, բժիշկներ էլ են կամավոր գալիս, ինձ հասցրու Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, դու գնա Հայկի մոտ: Էնտեղ ծանոթ բժշկուհի ունեմ: Իմ հարցերը ես կլուծեմ:
Նատան գնում է, գալիս փոքրիկ ճամպրուկը ձեռքին, Արշակը ծխում է, ընթացքում ծոցագրպանից հանում է մի տուփ, շուռումուռ տալիս, խոր հոգոց հանում:
ԱՐՇԱԿ — Նատ, էս պահիր մոտդ, Աստվա՛ծ տա, էս ամեն ինչը շուտ վերջանա, մի լավ քեֆ ենք անելու:
ՆԱՏԱ — (բացում է տուփը՝ տարակուսած): Էս ի՞նչ մատանի է:
ԱՐՇԱԿ — Հայկն էր պատվիրել, երկու օր առաջ մտա, վերցրի, ուզում էր մեզ անակնկալ անել: Մի աղջկա է էստեղ հավանել, էսօր պիտի մեզ ծանոթացներ, էն էլ…
ՆԱՏԱ — (լալիս է): Չգիտեմ, Տեր Աստված, չգիտեմ… Էս սև օրերը ինչքան պիտի շալակած տանենք, էսպես կիսատ-պռատ ինչքա՞ն պիտի ապրենք:
ԱՐՇԱԿ — (գրկում է կնոջը): Ինչո՞ւ ես լալիս: Սև օրերին լուսավոր օրեր կհաջորդեն, լացդ էլ չլսեմ… կտեսնես՝շատ շուտ կվերջանա… հաղթելու ենք…
ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ՏԵՍԱՐԱՆ. Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցի անհետաձգելի բուժօգնության ընդունարան: Վիրավոր զինվորներ են բերում: Անկյունում երկու զինվորական կանգնած ցածրաձայն զրուցում են:
Զինվոր 1 — (պառկած պատգարակի վրա՝ դիմում է պատգարակը տանող սանիտարին): Ա՜խ, մեջքս… ախպե՛ր, կամաց քշի էդ ավտոդ, շունչս կտրվում ա, կարտոշկա չես տանում…
ԴԱՎԻԹ – (պատգարակի կողքով քայլելով): Շտա՛պ, տարե՛ք ախտորոշման սենյակ…
Զիվոր 2 — (նստած է անվասայլակին): Քուր ջան, սիրտս թուլանում ա, մի կում ջուր տուր:
Նարեն շտապ ջուր է տալիս:
ՎԱՀԵ — (անվասայլակի զինվորի վերաբերյալ ցուցումներ է տալիս): Տիկին Նատա, զինվորին ցավազրկող ներարկեք, բատինկաները շատ զգուշությամբ հանեք: Նարե, դու կհանես. բեկորային վիրավորում է, շտապ բժիշկ Հովհաննիսյանին ասեք, թող գա առաջին վիրահատարան:
ԶԻՆՎՈՐ 2 – (Նատային, որը ներարկիչը ձեռքին մոտենում է): Բժշկուհի ջան, էդ վատությունը ինձ մի արա, էլի… վա՜խ, մամ ջան… լավ էլի, չէ… ավելի լավ է վրես սնարյադ ընկնի, քան էդ ասեղը ջանս մտնի: Վա՜խ…
ՆԱՏԱ — Ա՜յ քեզ բան, սնարյադից չես վախենում, ասեղից ես վախենո՞ւմ: Ըհը, ի՞նչ եղավ, հիմա քեզ ավելի լավ կզգաս: Մեծ տղա ես: Անունդ ի՞նչ է:
Զինվոր 2 — Աշոտ:
ՆԱՏԱ — Սիրած աղջիկ ունե՞ս:
Զինվոր 2 — Ունեմ, բայց ինքը չգիտի, չհասցրեցի ասել: Ես Ղափանից եմ, Լիլիթը, անունը Լիլիթ է, հինգ ամիս առաջ ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան, հա՜ ասի՝ զանգեմ, բայց… Էստեղից էլ մի քանի անգամ համարը հավաքել եմ, բայց մի բան միշտ ետ էր պահում: Վիրահատությունը հաջող անցնի՝ անպայման կզանգեմ:
Նարեն ընթացքում հանում է զինվորական կոշիկները:
ՆԱՐԵ — Հաջող է անցնելու, մեր բժիշկ Վահեն արդեն քառասուներորդ վիրահատությունն է անում, բոլորն էլ՝ հաջող: Հարսանիքիդ մեզ անպայման կհրավիրես:
Զինվոր 2 — Աչքիս վրա, արդեն հրավիրված եք:
ՆԱՏԱ — Արամ, զինվորին տար առաջին վիրահատարան: Աշոտ ջան, քեզ հաջող վիրահատություն:
Զինվոր 2 — Ապրե՛ք, շնորհակալ եմ:
ՍՈՒՍԱՆ — Բոլոր ինը վիրահատարաններում էս պահին վիրահատություն է, էսպես էլ տնաքանդությո՞ւն կլինի, էրեխեքը հաշմանդամ դարձան: Էն խեղճ բժիշկներն էլ մի ամիս ա ո՛չ քուն ունեն, ո՛չ դադար:
ՆԱՐԵ — Հա, տղաները՝ կռվի դաշտում, բժիշկներն էլ՝ էստեղ, առանց հանգստանալու, հերոսական աշխատանք են անում:
Գալիս են երեք կանայք՝ փոխարինելու:
ՍՈՒՍԱՆ — Աղջիկները եկան, գնանք, մի քիչ հանգստանանք, էրեկվանից մի վայրկյան չենք նստել: (Կանանցից մեկին համակարգչի մոտ ցուցումներ է տալիս ու դուրս գալիս:)
ՏԵՍԱՐԱՆ. Հանգստի սենյակ՝ սեղան, աթոռներ, երկու մահճակալ, պատին՝ հեռուստացույց, անկյունում՝ փոքրիկ սառնարան: Նարեն թեյ է լցնում:
ՍՈՒՍԱՆ — Նարե ջան, չորս օր ա էստեղ ես, մի կարգին չենք էլ ծանոթացել: Հենց Մարտակերտի միջի՞ց ես:
ՆԱՐԵ — Հա, Մարտակերտից եմ, պապիկիս հետ եմ ապրում, դպրոցում հայոց լեզու եմ դասավանդում: Մարտակերտի հոսպիտալում կամավոր էի, հոսպիտալը պայթեցնելուց հետո բժիշկ Վահեի հետ եկա էստեղ:
ՍՈՒՍԱՆ — Քույրս էլ է Մարտակերտից, տղաները կռվում են, ինքը հարսների, թոռների հետ հիմա Արտաշատում ա:
ՆԱՐԵ — Չէ, պապիկիս ինչ արինք-չարինք, տանից դուրս չեկավ: Ասաց՝ կմեռնեմ էլ, թող իմ տանը մեռնեմ: Ես թուրքից փախչող չեմ: Իսկ դուք, տիկին Սուսան, կռվի դաշտում հարազատներ չունե՞ք:
ՍՈՒՍԱՆ — Բա չունե՞մ, երկու տղաներս, երկու թոռներս բանակում են: Ամուսինս էլ կամավոր ա գնացել: Մեր բժշկուհի Նատայի տղան էլ է բանակում, կապիտան է, հենց ձեր կողմերում է, ամուսինն էլ կամավոր է, գնացել է տղայի մոտ:
ՆԱՏԱ — Այո, Հայկս կապիտան է, Հայկ Գրիգորյան, Մատաղիսում է: Իրեն տեսակցելու էինք եկել. մենք Երևանից ենք: Պատերազմը սկսվեց, մնացինք Արցախում: Ես էկա էստեղ, ամուսինս էլ գնաց տղայիս մոտ, ասաց՝ էրեխեքին մենակ չեմ թողնի:
ՆԱՐԵ — (լարված): Հա՞յկ Գրիգորյան…
ՆԱՏԱ — Հա, ճանաչո՞ւմ եք:
ՆԱՐԵ — Ճանաչում եմ, Մատաղիսի զորամասի սպաներն ու զինվորները մեր դպրոցի միջոցառումների մշտական հյուրերն են:
ՆԱՏԱ — Հա՞… Շատ եմ կարոտել տղայիս: Հայկս յուրահատուկ է, ազնվական խառնվածք ունի, պարզ, լուսավոր: Չմտածեք՝ տղաս է, գովում եմ. իրեն ճանաչողները կհաստատեն ասածս: Համալսարանը գերազանց ավարտեց, եկավ բանակ… Քառօրյային Հայկիս հրամանատարն ու երեք ընկերները զոհվեցին: Ինքը հրաշքով փրկվեց: Երկու ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր, մեկ էլ զանգեց տուն, ոչ ավել, ոչ պակաս, թե՝ մնում եմ բանակում, 5 տարով պայմանագիր եմ կնքել: Հիմա էլ որոշել է հիմնական մնալ, չեմ կարողանում համոզել: Արդեն ես էլ չգիտեմ, թե ո՞րն է ճիշտ, վաղը ինչ կլինի, Աստված գիտի:
ՍՈՒՍԱՆ — Էնքան անհանգիստ եմ, մերոնցից էսօր ոչ ոք չի զանգել. ձերոնք զանգե՞լ են:
ՆԱՏԱ — Հայկս լուսադեմին զանգեց, ասաց՝ ամեն ինչ նորմալ է: Բայց հո մենք գիտենք, որ նորմալ չէ: Մի ամիս է՝ կռիվը չի դադարում, հիվանդանոցներում տեղ չկա, ամեն օր սև ցուցակ են գցում, վերջը չի երևում, խավարի մեջ ենք, լույսը կորել է: (Հեռախոսազանգ:) Բժի՞շկ… Եղավ, հենց հիմա գալիս եմ: (Գնում է:)
ՆԱՐԵ – (հեռախոսազանգ): Հա՞յկ, բարև, լավ եմ, դու խոսիր… Հայկ, կարոտել եմ… Գիտեմ, խնդրում եմ, ուղղակի զգույշ եղեք, բոլորդ… Հա՛յկ… սիրում եմ քեզ: (Սրբում է աչքերը, անջատում է հեռախոսը, գլխահակ նստում:)
ՍՈՒՍԱՆ — Նարե՞…
ՆԱՐԵ — Հայկի հետ մեկ տարի է՝ ընկերություն եմ անում: Սեպտեմբերի 27-ին պիտի ծանոթացներ ծնողների հետ, պիտի դառնայինք ընտանիք, բայց… պապիկիցս ու Հայկից բացի աշխարհում ոչ ոք չունեմ: Տիկին Սուսան, ես ուժեղ մարդ եմ, բայց հիմա շատ եմ վախենում… Պատերազմը սեր, երջանկություն չի սիրում: Սարսափելի է…
ՍՈՒՍԱՆ — Աղջիկս, հիմա բոլորս էլ նույն նավի մեջ ենք՝ անորոշության ծովին հանձնված, դժվար օրեր են՝ ծանր, անտանելի, պիտի դիմանանք, խավարին միշտ էլ լույսն է հաջորդում. հավատով պիտի սպասենք:
Գալիս է Նատան, ձեռքին՝ կոնֆետի տուփ, կոնյակ, քիչ անց գալիս են երկու բուժքույր, մեկի ձեռքին՝ թխվածքի տուփ, ապա՝ Դավիթը, Վահեն, Կարենը: Դավիթի ձեռքին տնական թթի օղի է:
ՆԱՏԱ — Նարե ջան, էս տուփը բաց… Բժիշկ Դավիթը տղա է ունեցել, հավաքվենք, աչքալուսանք տանք: Էս համատարած տխրության մեջ հազիվ մի լուսավոր լուր լսեցինք:
ԲՈՒԺՔՈՒՅՐ ԳՈՀԱՐ — Էս թխվածքն էլ դնենք, թող սեղանը ճոխ լինի:
ՍՈՒՍԱՆ — Բա բժիշկներն ո՞ւր են:
ԳՈՀԱՐ – Գալիս են:
Գալիս են բժիշկները:
ԴԱՎԻԹ — Կարգին էլ սեղան եք դրել… էս էլ՝ տնական թթի օղի: Ուստա Արտաշի քաշածն ա:
ՎԱՀԵ — (լցնում է բաժակները, կանանց՝ կոնյակ, իրենց՝ օղի): Դե, վերցրեք բաժակները: Խմենք մեր փոքրիկի… Դավ, անուն ի՞նչ եք դրել…
ԴԱՎԻԹ — Մոնթե:
ՎԱՀԵ — Խմենք մեր փոքրիկ Մոնթեիի կենացը: Թող ձեզ, Դավ ջան, ու մեր ազգի համար արժանի զավակ լինի: Երջանիկ ծնողներ լինեք: Մեր հայրենիքին էլ՝ խաղաղություն:
ԿԱՐԵՆ — Դավ ջան, իսկը ժամանակին է ծնվել մեր Մոնթեն, մեզ էսօր Մոնթեներ, Նժդեհներ են պետք. շատ են պետք: Մահն ու ծնունդը կողք կողքի են: Աշխարհն էդպես եկել ա, էդպես էլ գնում ա: Մենք մենակ ծնունդներով մահին կհաղթենք՝ մեկի դիմաց հարյուր օրորոց դնելով: Թող մեր արնաքամ հայրենիքում սրանից հետո ծնունդների թիվը էլ ավելի շատանա: Բարով է ծնվել մեր Մոնթեն, աչքներս լույս:
Խմում են:
ԴԱՎԻԹ — Գոհար, ուստա Արտաշին չե՞ք կանչել:
ԳՈՀԱՐ — Կանչեցի, չեկավ, տխուր էր, ասաց՝ սիրտ չունեմ:
ՍՈՒՍԱՆ — Հիմա ուրախ մարդ չկա, բոլորս էլ տխուր ենք:
ԴԱՎԻԹ — Գոհար ջան, կանչի, ասա՝ դոխտուրը կնեղանա:
ՍՈՒՍԱՆ — Էհ, ապրելը դժվարացել է: Արտաշի թոռից տաս օր է, լուր չկա: Տղան քառօրյայի ժամանակ զոհվեց, էս թոռն էլ մինուճար է: Ասում են՝ վաշտով ընկել են շրջափակման մեջ…
ՆԱՏԱ — Վա՜խ, ով գիտի, գերի են ընկել, քոռանամ ես… Զարմանում եմ՝ ո՞նց չենք խելագարվում:
Գալիս են ուստա Արտաշն ու Գոհարը:
ԴԱՎԻԹ — Ուստա Արտա՞շ, բա էդպես կլինի՞, քո քաշած թթի օղիով կենաց ենք խմում, դու էստեղ չես: Հիշո՞ւմ ես, ամռանը տվեցիր, ասիր՝ պահի, հենց ձագը ծնվի, կխմենք: Դե, վերցրու, խմենք:
ԱՐՏԱՇ — Դոխտուր ջան, օրհնված ծնունդ ինի խոխան, Սիմոն դեդո տըռնա: (Խմում է:) Ա՜խ, ժղովուրդ ջան, տըմանալի չի, Սիփանս տանս ծոխն ըր, մադարս, էլ կա վուչ…
Ծանր լռություն:
ՏԵՍԱՐԱՆ. Ընդունարան: Սուսանը բժշկական պարագաներն է դասավորում սայլակի վրա: Վահեն պատգարակի վրա վիրավոր զինվորի է զննում:
Զինվոր 3 — (Գյումրիի բարբառով՝ բժշկի ձեռքը բռնած): Ախ, բժիշկ ջան, փրգե ընձի, ես թուրքի մաման պդի լացըցնեմ, տղերքի վրեժը հադիկ-հադիկ պդի լուծեմ, բժիշկ ջան, քանի օրեն ոտի կելնեմ…
ՎԱՀԵ — Մե շաբաթեն, ձագ ջան… Շտապ վիրահատարան տարեք:
Զինվոր — Լեննագանցի՞ ես, բժիշկ ջան:
ՎԱՀե — Տո բա ինչ եմ… Էլ մի՛ ուշացրեք, արագացրեք:
Կաղալով գալիս է մի զինվոր, ետևից՝ Նատան:
ՆԱՏԱ — Արման ջան, չեմ հասկանում, առողջությանդ հետ խա՞ղ ես անում: Վերքդ նոր է փակվել, էս ի՞նչ ես անում: Իմացիր մայրդ եմ, հենց հիմա գնա հիվանդասենյակ:
ԱՐՄԱՆ — Լավ էլի, բժշկուհի ջան, տղերքն ընդեղ մահի բերան, դու ինձ ասում ես՝ վերադարձիր հիվանդասենյակ: Էդ չլնող բան ա: Շտապօգնության տղերքի հետ գնալու եմ:
Գալիս է Նարեն:
ՆԱՐԵ — Արմա՞ն, էս ինչո՞ւ ես անկողնուց վեր կացել, ախր դեռ երեկ ջերմություն ունեիր:
ԱՐՄԱՆ — Էրեկ ունեի, էսօր չունեմ, արդեն լավ եմ, գնում եմ: Տղերքի համար հիմա դժվար է, մենակ են, գնամ հասնեմ: Հենա մեքենան էկավ, ես գնացի, լավ մնացեք:
ՆԱՏԱ — Աստված քեզ հետ, Արման ջան, անփորձանք:
ՆԱՐԵ – Հաղթանակի աչքալուսանքով հանդիպենք, Արման ջան: Բարով գնաս:
Արմանը գնում է, Նարեն ուղեկցում է նրան:
ՍՈՒՍԱՆ — Էս էրեխեքը կրակ են. երեկ էլ մի զինվոր, ինչ արինք-չարինք, չկարողացանք համոզել, որ բուժօգնություն ստանա: Ասում ա՝ ինձ ի՞նչ ա եղել, ես լավ եմ, թևս աշխատում ա, մի փոքր վերք ա, կլավանա: Նստավ մեքենան, ետ գնաց:
Հեռվից լսվում է շտապօգնության մեքենայի ազդանշանը: Սանիտարներից մեկը, բժիշկ Դավիթը բուժքրոջ ուղեկցությամբ դուրս են գալիս: Նարեն վերադառնում է:
ՆԱՐԵ — Էլի վիրավոր են բերել, ասում են՝ վիճակը ծանր է:
Պատգարակի վրա զինվորական համազգեստով տղամարդ են բերում:
ԴԱՎԻԹ — Արագացրե՛ք, պուլսը համարյա չի լսվում, երկու պակետ երկրորդ կարգ բացասական, արագացրեք: Շտապ տարեք ռեանիմացիոն բլոկ:
Տանելու պահին Նատան ուշադիր նայում է պատգարակի վրա պառկածին:
ՆԱՏԱ – (ճչում է): Արշա՛կ… Արշակ…
Նատան լալով վազում է պատգարակի ետևից: Բժիշկը փորձում է հանգստացնել նրան: Սուսանն ու Նարեն տարակուսած կանգնել են:
ԴԱՎԻԹ — Տիկին Նատա, հանգստացեք, մենք ամեն ինչ կանենք…
ՆԱՏԱ — Ես էլ եմ ուզում ներս գալ:
ԴԱՎԻԹ — Ոչ, թույլ չեմ տալիս, ձեր այնտեղ լինելը մեզ կխանգարի: Աղջիկնե՛ր, Նատային հանգստացնող տվեք… (Արագ ներս է գնում:)
ՏԵՍԱՐԱՆ. Հանգստի սենյակ: Սուսանն ու Նարեն օգնում են Նատային նստել, ջուր ու հաբեր են տալիս:
ՍՈՒՍԱՆ — Խմիր սա, քեզ ավելի լավ կզգաս: Հիմա դու պետք է ավելի ուժեղ լինես:
ՆԱՏԱ – (լալիս է): Է՜հ, ի՜նչ ուժեղ, էլ ո՞ւժ մնաց… Արշակը, Հայկս… տեսնես ո՞ւր է Հայկս, գիտի՞… Ա՜խ, Աստված իմ, էս սև օրերը ե՞րբ պիտի վերջանան… ե՞րբ…
ՍՈՒՍԱՆ — Հանգստացիր, Նատա ջան, ամեն ինչ լավ կլինի, սրանից բարդ դեպքեր են եղել, Աստված կանչի, որ Աստծուց չկտրվի:
ՆԱՏԱ — Երազս է… էսօր առավոտ աչքս երկու րոպե կպավ… ա՜խ, Տե՛ր Աստված… Երազիս Հայկս տուն էր եկել, շուրջբոլորը ամայի դաշտեր էին, խառը, փոշոտ ճամփաներ: Հայկս հոգնած ներս մտավ, երեսիս էլ չնայեց, առանց խոսք ասելու պառկեց բազմոցին: Ա՜խ… շորերը փոշոտ էին, կեղտոտ: Ասացի, Հայկ ջան, սոված չե՞ս, ասաց՝ չէ, հոգնած եմ, մամ, թող հանգստանամ: Ասացի՝ բա հայրդ ո՞ւր է, ինչո՞ւ էսքան ուշացաք, ասաց՝ չենք ուշացել, մամ, շուտով կգա… Ա՜խ, Աստված իմ, խնդրում եմ, բարին արա, ես չեմ դիմանա…
ՆԱՐԵ — (աչքերը սրբելով): Իսկ Հայկի հետ վերջին անգամ ե՞րբ եք խոսել:
ՆԱՏԱ — Ե՞րբ… երեկ առավոտյան: Էսօր հա՛ փորձել եմ, անհասանելի էին…
ԳՈՀԱՐ — Բժշկուհի ջան, բժիշկը կանչում է:
Նատան Գոհարի հետ դուրս է գնում:
ՆԱՐԵ — (փլվելով աթոռին): Տե՛ր, օգնիր, խնդրում եմ, Հայկին մենակ չթողնես… (Գլուխը դնում է սեղանին, լալիս է:)
ՍՈՒՍԱՆ — (զարմացած): Նարե, աղջիկս, Հայկը, ում հետ խոսում ես, Նատայի որդի՞ն է:
ՆԱՐԵ — Հա՛, տիկին Սուսան, Նատայի որդին է:
ՍՈՒՍԱՆ — Ա՛յ Նարե ջան, բա ինչո՞ւ չես ասում:
ՆԱՐԵ — Չգիտեմ, ոնց հասկացա, Հայկը իմ մասին ծնողներին չի պատմել, դրա համար էլ լռեցի, եսի՞մ…
ՍՈՒՍԱՆ — Պիտի ասեիր, Նատան կուրախանար: Տեսնենք ամուսինը ոնց է լինում, ես կասեմ:
ՆԱՐԵ — Չգիտեմ, արդեն չգիտեմ… Հայկն ինձ էլ երեկվանից չի զանգել…
Ներս է մտնում Նատան:
ՆԱՏԱ — Արշակին տեղափոխում են Երևան, կոմայի մեջ է: Ես էլ եմ գնում: Եկա ձեզ հրաժեշտ տամ: Լավ մնացեք: Նարե ջան, մի՛ լա, աղջիկս, էստեղ մնացողներդ պիտի ուժեղ լինեք: Մենակ Աստված կանչենք, որ էս դժոխքը շուտ վերջանա…
Դրսից տղամարդու ձայն — Բժշկուհի ջան, արագացրեք:
ՆԱՏԱ — Եկա, եկա: (Գրկախառնվում են:)
ՍՈՒՍԱՆ — Նատա ջան, պահը չի, բայց պիտի ասեմ: Նարեն, մեր Նարեն, էն աղջիկն է, որի հետ Հայկը ձեզ պիտի ծանոթացներ: Նարեն… Հայկի հարսնացուն է:
ՆԱՏԱ — Ի՞նչ… ո՞նց թե, Նարե, աղջիկս, բա ինչո՞ւ չէիր ասում: Ուրեմն Հայկս քեզ հետ պիտի ծանոթացներ: Ա՜խ, Աստված իմ, ո՞նց չեմ խելագարվում… (Գրկում է Նարեին:)
Դրսից տղամարդու ձայն — Բժշկուհի ջան, ձեզ ենք սպասում:
ՆԱՏԱ — Նարե ջան, քեզ լավ նայի՛, հանուն Հայկիս, խնդրում եմ… Հենց Արշակի վիճակը կայունանա, ետ կգամ, անպայման կգամ…
ՆԱՐԵ — Տիկին Նատա, Աստված ձեզ հետ, ես ամեն օր կաղոթեմ ձեզ համար, կաղոթեմ Հայկի ու բոլոր զինվորների համար:
Նատան գնում է, Նարեն գլխահակ նստում է: Սուսանը թեյ է տալիս Նարեին:
ՍՈՒՍԱՆ — Խմիր, աղջիկս, ձեռքերդ սառույցի մեջ են, խմիր, որ տաքանաս:
ՆԱՐԵ — Շնորհակալ եմ, տիկին Սուսան, ի՞նչ պիտի անեի առանց ձեզ:
ՍՈՒՍԱՆ — Դու պառկիր հանգստացիր, մի ժամից կգամ: Չլացես, ամեն ինչ լավ կլինի: Կտեսնես, Հայկդ ուր որ է կզանգի: (Նարեին ծածկոցով ծածկում, դուրս է գալիս:)
ՏԵՍԱՐԱՆ. Ներս է մտնում ուստա Արտաշը՝ ձեռքին ուտելիքով տոպրակներ: Սեղանի շուրջ նստած են Գոհարը, Սուսանը: Ընթացքում գալիս է Նարեն:
ԱՐՏԱՇ — Էս Հայաստանից ըն ղարկալ, պահեստան ըն տվալ, քաղցր-մաղցր ա, կոֆեի, չայի հետ կոտիք: Տըղան սաղ օրը պիրիններդ պեն չըք տինում: Սուսա՛ն, մին էն տելեվիզրը միացրու, տըսնանք հինչ կա: Ասում ըն թորքերը Շուշվա տակն ըն հասալ: Քանե կար հաղթում էինք, տակտիկական նահանջ ա, էնքան ըրեն մինչև թորքեն թողըցան եկավ-հըսավ Շուշի:
ԳՈՀԱՐ — Ուստա Արտաշ, ասում ա՝ էրխուն տեսնող ա եղել, հա՞:
ԱՐՏԱՇ — Էն մեր հրեվան Ռաֆոն ա տըսալ, մունք էլ նըհըտը խոսալ չընք էն օրվանան:
ՍՈՒՍԱՆ — (հեռուստացույցը միացնելով): 42 օր մեր երեխեքը կռիվ են տալիս թորքի, տեռորիստների դեմ, արունը հելալա երկինք-երկիր փակել, մեկը չկա, որ էդ շան դեմը առնի, սենց բան կլինի՞…
ԱՐՏԱՇ — Սաղ սոտ ա, այ Սուսան, հի՞նչ ՄԱԿ, ի՞նչ դաշնակից, հի՞նչ զահր ու զիբիլ: Աշխարհքս մինակ կարում ա մտահոգվի: Մընըտ ա, էն Բաքվի հայերի ջարդերի ժամանակ, գյոռբագյոռ Գորբաչովը վեր վընկացավ ու թա՝ նեսկոլկա մինուտ ապազդալի: Յարան տիրոջն ա ցավ տամ, կըռըվը քոն ա, տու բիտի անիս: Ամեն մինըն իրան շահն օնե, թե օզում ըս քիզ նըհըտ հաշվի նստին՝ ուժեղաց: Դպրոցդ հզորացրու, գիտությունդ հզորացրու, բանակդ հզորացրու, խըլքդ կլոխդ հավաքե, իմ ու քու մեր անիլ, մի բռունցք դարձի, որ բամփիցդ վախին. քեզ օգնողը մինակ տու ըս: Էսքան պեն: Նարե ջան, մին տրա սասյը պինցրացրա, տըսնանք՝ հի՞նչ կա:
Հաղորդավար — Շուշիի մոտ համառ մարտերը շարունակվում են, հայկական զինուժը ձախողում է թշնամու բոլոր հարձակումները՝ ապացուցելով, որ Շուշին անառիկ բերդաքաղաք է ու հավերժ հայկական է լինելու: Թշնամու թիրախում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն է: Քաղաքը հրետակոծվում է ՛՛Գրադ՛՛ և ՛՛Սմերչ՛՛ կայանքներից: Նախորդ գիշեր Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել: Արցախի տեղեկատվական շտաբը ցավով տեղեկացնում է, որ հայրենիքի պաշտպանության համար մղված համառ մարտերում երեկ հերոսաբար նահատակվել է Քառօրյա պատերազմի մասնակից, ՛՛Մարտական խաչ՛՛ 1-ին աստիճանի շքանշանակիր, կապիտան Հայկ Արշակի Գրիգորյանը:
ՆԱՐԵ — (քարացած լսում է, մրմնջում, ապա բարձր ձայնով հեկեկում): Սոտ ա, հրեշավոր սոտ ա… տա հնարավոր չի… Հա՜յկ… Հա՜յկ… բայց խե՞ Տեր Աստված… խե՞…
Նարեն փլվում է հատակին: Հնչում է Նարեի գրած ՛՛Սիրո վալսը՛՛: Ներս են վազում բժիշկներ, բուժքույրեր, փորձում են բուժօգնություն են ցույց տալ: Երաժշտության ձայնը բարձրանում է: Էկրանին հայտնվում է Հայկի նկարը, կենսագրությունը:
Հայկ Արշակի Գրիգորյանը ծնվել է 1992 թ. Երևանում: Գերազանց առաջադիմությամբ ավարտել է դպրոցը, ապա ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետը: 2016 թ. քառօրյա պատերազմի ժամանակ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած ակնառու խիզախության համար պարգևատրվել է ՛՛Մարտական խաչ՛՛ 1-ին շքանշանով: 2016 թ. հունիս ամսից՝ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո, աշխատանքի էր անցել ԱՀ զինված ուժերում:
ՏԵՍԱՐԱՆ. Հիվանդասենյակ: Մահճակալին պառկած է Նարեն, ճաշի ափսեն ձեռքին, կողքին նստած է Սուսանը:
ՍՈՒՍԱՆ — Նարե ջան, գոնե մի գդալ, ախր էդպես հաց չուտելով ի՞նչի պիտի հասնես:
ՆԱՐԵ — (թույլ ձայնով): Չեմ ուզում, ոչ ուտել, ոչ էլ ապրել եմ ուզում: Ինչո՞ւ է Աստված ամեն անգամ ինձ խնայում: Երանի երբեք չարթնանայի…
ՍՈՒՍԱՆ — Էլ նման բան չասես: Հիմա ամբողջ ժողովուրդն է էս վիճակում, աղջիկս, բոլորին էլ մեռնելը կփրկեր, բայց… Համազգային սուգ է, ողբերգություն, դաժան, դաժան իրականություն…
ՆԱՐԵ — Տիկին Սուսան, կռվից ի՞նչ կա…
ՍՈՒՍԱՆ — Է՜հ Նարե՛ ջան, ավելի լավ է չպատմեմ. երանի մեռնողներին, որ էս խայտառակությունը չտեսան…
ՆԱՐԵ — Ի՞նչ է պատահել…
ՍՈՒՍԱՆ — Ի՞նչ պիտի պատահի, երկինքը փուլ է եկել գլխներիս. էսքան ջահել-ջիվան կյանքեր, հետն էլ բզկտված Արցախ, այսինքն՝ էլ ի՞նչ Արցախ, մի բուռ նշխար օդից կախված. Շուշին, Հադրութը, Քարվաճառը, Քաշաթաղը էլ չկան, առանց մի կրակոցի տվին: Էլ ո՞րն ասեմ, խայտառակություն է, Նարե ջան, խայտառակություն: Ամբողջ Արցախն էլ ռուսով լցված է: Չեկան, չեկան, մեկ էլ ըհը՝ եկել են, որ մեզ պաշտպանեն: Սուգ, ողբ, ամոթ… ամեն ինչ խառնվել է իրար…
ՆԱՐԵ — Հայկը չէր դիմանա էս խայտառակությանը… Մենք պարտված… ահավոր է…
ՍՈՒՍԱՆ — Նարե ջան, մոռացել էի, պապիկիդ զանգի, խեղճ մարդը մեռավ զանգելով. շատ անհանգիստ էր, ասացի, որ ջերմություն ունես, հենց լավ լինես, կզանգես: Հեռախոսդ պայուսակիդ մեջ է…
ՆԱՐԵ — (մահճակալից կախված պայուսակից հանում է հեռախոսը): Դեդո ջան, բարև… Լյավ ըմ… (Լալիս է:) Հա, արդեն լյավ ըմ: Տու հո՞ւնց ըս, մհենգ շտե՞ղ ըս… Հա, դեդո ջան, լյավ ըմ… տու քեզ լյավ յեշի, սայաղ կաց, մինչև կյամ: (Հեռախոսն անջատելով:) Խեղճ մարդ, ինչերի միջով ասես, որ չանցավ, ինչ ասես՝ չտեսավ… (Պայուսակից հանում է Հայկի նվիրած մեդալիոնն ու լուսանկարը): Էս Հայկի նվիրած մեդալիոնն է, միակ հիշատակը, որ ունեմ Հայկից: Էս նկարն էլ պատերազմից մի քանի օր առաջ ենք նկարվել, միջոցառման ժամանակ. իմ աշակերտներն են, Հայկը, նրա զինվորը՝ Տիգրանն ու ես: Երանի այդ օրը: Ինչո՞ւ, Տեր Աստված, ինչո՞ւ ես էս ամենը հանդուրժում, ո՞նց ես հանդուրժում… Ես ո՞նց պիտի ապրեմ…
ՍՈՒՍԱՆ — Նարե ջան, իսկ եթե իմանաս, որ բացի էս մեդալիոնից, Հայկից էլի նվեր ունե՞ս, անգին նվեր, շատ անգին…
ՆԱՐԵ — (տխուր ժպիտով): Ամենամեծ նվերը Հայկի ողջ լինելը կլիներ, բայց էլ հրաշքների չեմ հավատում: Հրաշքներ չկա՛ն…
ՍՈՒՍԱՆ — Հավատա, աղջիկս, հրաշքներ լինում են… Հենց հիմա քո կրծքի տակ այդպիսի հրաշք է ծվարել… Նարե, աղջիկս, դու հղի ես…
ՆԱՐԵ — Ի՞նչ… ի՞նչ երեխա… ի՞նչ եք խոսում, տիկին Սուսան, չի կարող պատահել…
ՍՈՒՍԱՆ — Կարող է, աղջիկս, կարող է: Աստված մի դուռը փակում է, մեկը՝ բացում: (Նարեն լալիս է, Սուսանը գրկում է նրան:) Նարե ջան, Աստված դուռդ բացել է, որ հույսդ ապրի: Հիշո՞ւմ ես բժիշկ Կարենի ասածը՝ էս արհավիրքի դեմ միայն օրորոց դնելով կհաղթենք: Օրորոց պիտի դնենք, Նարե ջան, պիտի մեր հույսն օրորենք, պահենք, մեծացնենք ու զորացնենք… պիտի հզորանանք, որ հաղթենք… պիտի հաղթենք… Գարուն է գալու…
ՏԵՍԱՐԱՆ. 2021 թվական, մայիս: Նարեենց տան բակը: Բակում, ծաղկած ծառի տակ, սեղան է բացված: Նունեն սպասք է դնում սեղանին: Ձեռնափայտին հենված, նստել է Նարեի դեդոն՝ Գևորգը:
ԴԵԴՈ – (անհանգիստ): Նունե, վե՞ր զանգ տվեցիր, պատասխանալ ը՞ն:
ՆՈՒՆԵ — Հա, պատասխանալ ըն, շտեղ վեր ա, կհըսին:
ԴԵԴՈ — Հա՞, բայց հանցա ուշանում ըն, է՜: (Նայում է փողոցի կողմը, ուրախացած:) Նունե, մատաղ ընիմ քեզ, հանցա եկալ ըն… Նարես, Հայկս էկալ ըն, Նունե…
Լսվում է մեքենայի շարժիչ ձայնը, ապա ուրախ ձայներ: Բակ են մտնում Տիգրանը, Սուսանը, Նատան՝ երեխան գրկին, Նարեն՝ դաշտային ծաղիկները ձեռքին: Գրկախառնվում են:
ԴԵԴՈ — (գորովանքով նայելով փոքրիկի դեմքին): Առյուծ ա, առյուծ, պենդ տղա ա ըրվամ, դեդոն մատաղ ինի քեզ:
ՆՈՒՆԵ — Մեր տղեն վըննը թող խերավ ինի, խոր ծերություն ապրե: Դեդո՛, բաբո՛, ըչքերներդ լույս ինի, Նարե ջան, պերցդ բարի, երջանիկ ծնող ինիս:
ՏԻԳՐԱՆ — Տատ ջան, էս ամեն ինչ էկեք սեղանի մոտ ասենք, համ էլ մի-մի բաժակ աչքալուսանք կխմենք:
ԴԵԴՈ — Եկե՛ք, եկե՛ք, դյուզ ա ասում, բալա՛ս, մին հալա ստըքանները ածե՛:
Տիգրանը լցնում է բաժակները:
ԴԵԴՈ — Դե, հինչ ասիմ, ժըղովուրդ ջան, խնամե ջան, աչքներս լուս, մեր քանդած օջախների ծոխը երգինք հասցնող ա ծնվալ, բարով ա ծնվալ: Մեր կիսատված ընտանիքների հույսն ա ծնվալ, հայի օջախի սյունն ա ծնվալ. ես նրա ջանեն մատաղ ինիմ: Նատալյա ջան, ես ու տու էլ, հունցու մեր Արցախի դեդոն ու բաբոն, բիտի Նարեիս թև ու թիկունք ինինք: Եկ կողքս, բիդի քյոմագ ինինք, վեր մեր ձագը, մեր աղեղնավոր Հայկը, մըծանա, մըծանա ու ուժեղանա: Մեր Հայկի աղեղն էլ բիդի միշտ լարած պահինք, վեր հենց պահը կյա, էդ նետը մտցնե աչքածակ թշնամու աչքը: Արցախը հային իլալ ա, հային էլ կմնա: Հայի օջախում Հայկ ա ծնվալ, ծըզ մատաղ, մեր կոտրված ճեղնը, ժղովուրդ ջան, շիվ ա տվալ: Աշնանը անգին սերմեր էինք վղեն տակ տիրալ, թաղալ էինք ու մեր արյուն-արցունքավ ճիրալ: Մհենգ էդ սերմերը ծիլալ ըն… կյարունք ա եկալ, հայ ազգ, տռներդ պեց ըրա՛, ծռված մեջքդ դյուզացրո՛ւ ու վե՛ր կաց տոնդ սարքե՛, վը՛ր կաց հայ… կյարունք ա եկալ:
Ապրիլ-մայիս, 2021 թ.