Չարլզ ԲՐԵՔԵԹ / ՍԱՆՍԵԹ ԲՈՒԼՎԱՐ
Մելոդրամա 5 պատկերով
Պիեսի հիմքում ամերիկյան հանրահայտ
՛՛Սանսեթ բուլվար՛՛ ֆիլմի սցենարն է,
գրված 1949 թվականին:
Թարգմանության և վարկածի հեղինակ՝
Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գործող անձինք
ՆՈՐՄԱ ԴԵՍՄՈՆԴ — կինոաստղ, 65 տարեկան
ՄԱՔՍ — տան աշխատողը, 70 տարեկան
ՋՈ ԳԻԼԼԻՍ – սցենարիստ, 35 տարեկան
ԲԵՏՏԻ ՇԵՖՖԵՐ – խմբագիր, 25 տարեկան
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Բեմը ներկայացնում է կահավորված նախասրահը (ներքևում) և Նորմա Դեսմոնդի նորաձև ննջասենյակը (վերևում)՝ զարդարված բազմաթիվ նկարներով։ Առանձնատունը գտնվում է Մայրամուտի բուլվարում: Շուրջբոլորը նկատելի է տան հնությունը: Տանտիրուհին ննջասենյակում է՝ լայն, թափվող տնային, բայց շքեղ հանդերձանքով, գլխին՝ չալմայի պես մի բան, դեմքի մեծ մասը ծածկում է հսկայական ակնոցը։ Նա նստած է բազմոցին և երգում է օրորոցային, ձեռքին՝ բարուրի նման փաթաթած վերմակ:
ՆՈՐՄԱ – (երգում է): Oh, Lullaby of Birdland
That’s all right.
Always say when you sigh:
Never in my Wordland
Could there be way to reveal
In oppress how I feel…
Դռան զանգը:
ՆՈՐՄԱ — Մա՜քս…
Հայտնվում է ՄԱՔՍԸ՝ տարեց տղամարդ, արտահագուստով։ Բացում է դուռը, որը գտնվում է բեմի խորքում։ Տուն է մտնում ՋՈ ԳԻԼԼԻՍԸ՝ բարձրահասակ, գեղեցկադեմ, երիտասարդ տղամարդ։ Ջոն հուզմունքից երբեմն շփոթվում է։
ՄԱՔՍ – Մաքրե՛ք ձեր ոտքերը։ Արդեն կես ժամ է՝ մենք ձեզ ենք սպասում։
ՋՈ – (զարմացած): Սպասո՞ւմ եք։ Ի՞նձ։
ՄԱՔՍ – Ինչ է, ձեզ թվում է՝ մենք մոռացե՞լ ենք։
ՋՈ – Բայց…
ՄԱՔՍ — Ասեմ, որ դուք մի փոքր սխալ եք հագնվել նման առիթի համար։
ՋՈ – Ես ձեզ չհասկացա։
ՄԱՔՍ – Լա՛վ։ Սպասե՛ք, հիմա տիկինը կիջնի։
Մաքսը գնում է: Ջոն ուսումնասիրում է տունը։
ՆՈՐՄԱ — (իջնում է աստիճաններով): Ես որոշեցի նրան թաղել մեր այգում։ Ոչինչ այլևս հնարավոր չէ անել, բայց գոնե այս կերպ միշտ նրա հետ կլինեմ։ Հուսով եմ՝ շատ չեք տխրում: Իհարկե, ես բավականին հարուստ եմ, բայց քո եղբայրը հաճախ օգտվում է այդ առիթից և երբեմն իրեն ճիշտ չի պահում։ Բայց, ո՛չ. դեռ ոչ մեկը չի խաբել Նորմա Դեսմոնդին:
ՋՈ — Դուք Նորմա Դեսմոնդն եք, ճի՞շտ է։ Այն միա՞կը։
ՆՈՐՄԱ – Ձեզ չե՞ն ասել, թե ով է կանչել:
ՋՈ – Դուք… դուք բազմաթիվ ֆիլմերում եք նկարահանվել, դուք աստղ եք եղել։
ՆՈՐՄԱ — Ի՞նչ է նշանակում «եղել»: Ի՞նչ բառ է դա ընդհանրապես: Եղել, Մա՛քս, նա ասաց, որ «եղել եմ»: Երիտասա՛րդ, ես չեմ եղել, ես ես եմ, ես կամ։ Ես այստեղ եմ ու կլինեմ դեռ շատ երկար. հիշի՛ր դա: Եթե ներկայումս ֆիլմերը որակազրկվել են, դա դեռ ոչինչ չի նշանակում։ Մենք կանք, մենք կենդանի ենք։ Մենք՝ Ֆերբենքսը, Գիլբերտը, Վալենտինոն և ես։ Մենք հավերժ կենդանի կլինենք. դա նույնպես հիշիր: Իսկ գուցե դու ընդհանրապես կինո չե՞ս դիտում։
ՋՈ — Իհարկե ոչ, ես…
ՆՈՐՄԱ – Հիմա դերասանները ընդամենը բացում են բերանները ու խոսում, խոսում, խոսում։ Զրո էմոցիա… Խաղ չկա…
ՋՈ – Այո՛, բայց երբեմն դերասաններն ասում են այն, ինչ ես գրում եմ։
ՆՈՐՄԱ — Ի՞նչ: Ի՞նչ ասացիր։
ՋՈ — Բանն այն է, որ ես… երբեմն… ֆիլմերի համար սցենարներ եմ գրում, որոնք, ինչպես դուք եք ասում, լրիվ իմաստազուրկ են։
ՆՈՐՄԱ – Թաղման բյուրոյի գործակալը սցենարնե՞ր է գրում: Հետաքրքիր է։
ՋՈ — Տեսեք, բանն այն է, որ… մի փոքր սխալմունք է տեղի ունեցել։ Այսինքն՝ ես…
ՆՈՐՄԱ — Այսինքն, դուք թաղման բյուրոյի գործակալ չե՞ք:
ՋՈ – Ո՛չ, ուղղակի ձեր աշխատողը…
ՆՈՐՄԱ — (բարձրաձայն): Մա՛քս, ճանապարհի՛ր այս երիտասարդին: Արա՜գ։
Մաքսը մոտենում է Ջոյին, ցույց տալիս դուռը։
ՋՈ — Կներեք, ես պարզապես մտածում էի…
ՆՈՐՄԱ — Ինձ չի հետաքրքրում, թե ինչ ես մտածում: (Աստիճաններով բարձրանում է:)
ՄԱՔՍ – Պարո՛ն…
ՋՈ — Դե … ես նույնիսկ չհասցրի ինքնագիր վերցնել:
ՄԱՔՍ — Հաջորդ անգամ։ Գնացինք: (Ջոյին ուղեկցում է դեպի դուռը:)
ՆՈՐՄԱ — (վերևից): Սպասե՛ք: Դուք իրո՞ք սցենարներ եք գրում: Դուք պրոֆեսիոնա՞լ եք, արտոնագիր ունե՞ք:
ՋՈ – Այո, ես պրոֆեսիոնալ սցենարիստների գիլդիայի անդամ եմ։
ՆՈՐՄԱ – Եվ ձեր գրածը հնչե՞լ է էկրաններից։
ՋՈ – Դե, այո, մի քանի անգամ։
ՆՈՐՄԱ – Լավ, սպասեք։ Մա՛քս, ուղեկցի՛ր նրան հյուրասենյակ, ես որոշ հարցեր պետք է պարզեմ։
ՋՈ – Թեկուզ հազար հարց։
ՆՈՐՄԱ – Այսպես, այսպես։ Ուրեմն… ասացեք խնդրեմ, այ, օրինակ, ի՞նչ տևողություն ունեն ֆիլմերն այսօր։
ՋՈ – Գիտեք, դա կախված է… կախված է, թե ում մասին է պատմում ֆիլմը։ Մի բան է պատմի Դոնալդ Բադիկի մասին, ուրիշ բան, եթե ֆիլմը լինի Ժաննա դ’ Արկի մասին։
ՆՈՐՄԱ – Իսկ եթե լինի Սալոմեի մասին։
ՋՈ – Սալոմեի մասի՞ն։
ՆՈՐՄԱ – Երիտասարդ, միթե՞ չեք լսել Սալոմեի մասին։
ՋՈ – Ուղղակի իմ մտքին եկավ Օսկար Ուայլդը։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ կապ ունի իմ ասածը Ուայլդի հետ։ Ես գրում եմ «Սալոմե» ֆիլմի սցենարը ռեժիսոր Սեսիլ դե Միլլի համար։ Հուսամ՝ լսել եք նրա մասին։
ՋՈ – Այո, բայց…
ՆՈՐՄԱ – Ի՞նչ բայց։ Ի՞նչ է նշանակում՝ բայց։ Միլլին գիտեն բոլորը։
ՋՈ – Դուք դերասանուհի եք։ Ավելի ճիշտ՝ աստղ։
ՆՈՐՄԱ – Ավելի ճիշտ՝ Նորմա Դեսմոնդն եմ, երիտասա՛րդ։
ՋՈ – Եվ դուք ֆիլմի սցենա՞ր եք գրում։
ՆՈՐՄԱ – Այո, գրում եմ, ինչ է, դու ինձնից խելո՞ք ես։
ՋՈ – Ոչ, բայց…
ՆՈՐՄԱ – Էլի ասաց բայց…
ՋՈ – Կներեք, բայց ամեն դեպքում սցենար պրոֆեսիոնալը պետք է գրի։
ՆՈՐՄԱ – Այնպիսիները, ինչպիսին դո՞ւ։
ՋՈ – Այո, քանի որ արդյունքը վստահաբար այլ կստացվի։
ՆՈՐՄԱ – Չէ, բայց ինչ լկտին ես դու։ Մաքս, հավանո՞ւմ ես այս երիտասարդին։
ՋՈ – Եկեք պատկերացնենք, որ, օրինակ, ես առանց կրթության նկարահանվեի ֆիլմերում։
ՆՈՐՄԱ – Սարսափելի կլիներ արդյունքը։
ՋՈ – Իհարկե։ Բնական է, որ ամեն մեկը պետք է զբաղվի իր գործով, ճիշտ չե՞մ, տիկին Դեսմոնդ։ Դերասանուհին պետք է նկարահանվի, իսկ սցենարիստը՝ գրի։
ՆՈՐՄԱ – Գիտե՞ս, քո խիզախությունն ինձ շատ է դուր գալիս։ Մի այլ տիպի լկտին ես դու, է՜։
ՋՈ – Շնորհակալ եմ, բայց…
ՆՈՐՄԱ – Էլի՛ բայց… Լսիր, իսկ դու ինչպե՞ս այստեղ հայտնվեցիր։
ՋՈ – (ցույց է տալիս): Մտա այն դռնով։ Ա՜յ, այն։ Ձեր աշխատողն ինձ դիմավորեց։
ՆՈՐՄԱ – Մենք սպասում էինք թաղման բյուրոյի գործակալին, որպեսզի կազմակերպեինք կապիկիս թաղումը, իսկ դու եկար ու խառնեցիր ամեն բան։
ՋՈ – Բայց ընդունեք, որ ես ճիշտ եմ։
ՆՈՐՄԱ – Բայց դու ինչո՞ւ ես այստեղ եկել։
ՋՈ – Գիտեք, բացատրելը երկար կտևի, բայց եթե կամենում եք… Բանն այն է, որ ես արդեն երեք անգամ աշխատավարձ եմ կորցրել ու…
ՆՈՐՄԱ – Ի՞նչ։ Երեք ամսվա աշխատավա՞րձ։ Այ քեզ դժբախտություն։
ՋՈ – Ո՛չ, ո՛չ, դուք սխալ հասկացաք։ Ես հիմա չունեմ մեքենա և ստիպված վերցրել եմ վարձույթով, իսկ դրա համար երեք ամսվա աշխատավարձս ծախսեցի։
ՆՈՐՄԱ – Հասկացա։ Կա՛րճ կապիր։
ՋՈ – Իսկ եթե կարճ՝ ես հիմա էլ վարձը մուծելու գումար չունեմ, այդ իսկ պատճառով գործակալներն ինձ հանգիստ չեն տալիս։ Հա, ի դեպ, հիմա իմ մեքենան ձեր ավտոտնակում է։
ՆՈՐՄԱ – Չէ՜, դու ոչ թե լկտի ես, այլ կատարյալ այլանդակ։
ՋՈ – Համաձայն չեմ։ Եթե լկտի լինեի, կկանգնեցնեի մեքենան և առանց տեղյակ պահելու կգնայի։
ՆՈՐՄԱ — Ա՜խ, Մա՛քս, խելքը լրիվ է կորցել։ Լավ, վերջապես կասե՞ս՝ ինչու որոշեցիր անհագստացնել ինձ։ Ուզում ես ասել, որ հիմա դու ընդհանրապես գումար չունե՞ս։
ՋՈ – Դե, հա։ Մի սցենար ունեմ, որ արդեն հաստատման վերջին փուլում է, բայց խմբագիրը հիմա ինչ-որ անհասկանալի խաղեր է տալիս։
ՆՈՐՄԱ – Օհո՜։ Այսինքն՝ քո ապագան բարակ թելից է կախված։
ՋՈ – Այո՛։
ՆՈՐՄԱ – Դու գումար չունես, աշխատանք՝ նույնպես։ Նշանակում է, որ հենց այս պահին կնստես ու կգրես «Սալոմե» ֆիլմի սցենարը։
ՋՈ – Բայց…
ՆՈՐՄԱ – Լսիր, այդ «բայց»-երդ ինձ արդեն հունից հանում են։ Դու կնստես, կգրես, իսկ ես վերջապես կհասկանամ, թե ինչ մակարդակի սցենարիստ ես։
ՋՈ – Հենց հիմա՞։ Հենց այս պահի՞ն։ Ինչքա՞ն կվճարեք։
ՆՈՐՄԱ – Մի՛ վախեցիր։ Նորմա Դեսմոնդը քեզ չի հիասթափեցնի։
ՋՈ – Իսկ որքա՞ն ժամանակ եք տրամադրում։
ՆՈՐՄԱ – Ժամանա՞կ։ Ժամանակ կտամ… կտամ մոտ մեկ շաբաթ։
ՋՈ – Նոր սցենար մեկ շաբաթո՞ւմ։
ՆՈՐՄԱ – Ինչո՞ւ նոր։ Որոշ բաներ կարող ես վերցնել իմ տարբերակից։ Ականջիդ օղ արա, փողի մասին չմտածես, լավ գրես՝ կվճարեմ այնքան, ինչքան սիրտդ ուզի։ Այդպիսի հոնորար նույնիսկ երազումդ տեսած չես։ Գնալու տեղ չունես, դուրս գաս մեքենայով, թե առանց՝ ոստիկանները, մեկ է, կտանեն։ Կարծում եմ, մտածելու բան էլ չկա։ Էլ ե՞րբ այսպիսի հնարավորություն կունենաս։ (Կարճ դադար:) Եվ ի՞նչ…
ՋՈ – Ես ռիսկի դիմող երիտասարդ եմ, այնպես որ՝ ի գործ։ Համաձայն եմ ձեր պայմաններին։
ՆՈՐՄԱ – Գերազանց է։ (Բարձր:) Մա՛քս, շամպայն։ Նաև՝ «Սալոմեն»։ Հենց հիմա էլ կսկսենք։
ՋՈ – Վատ սկիզբ չէ։
ՆՈՐՄԱ – Սա միայն սկիզբն է։ (Նստում է, ծխում:) Ի՞նչ կենդանակերպի նշանի տակ ես ծնվել։
ՋՈ – Չգիտեմ։
ՆՈՐՄԱ – Լսիր, ես արդեն խիստ կասկածում եմ քո գիտելիքների վրա։
ՋՈ – Իզուր։
ՆՈՐՄԱ – Ո՞ր ամսին։ Չգիտե՞ս։
ՋՈ – Ի՞նչը որ ամսին։
ՆՈՐՄԱ – Ո՞ր ամսին ես ծնվել, երիտասա՛րդ։
ՋՈ – Սեպտեմբերին։
ՆՈՐՄԱ – Փառք Աստծո։ Կենդանակերպը լավն է։ Նույնիսկ շատ լավը։ Աստղերի դասավորությունն էլ՝ խոստումնալից։
ՋՈ – Ուրախ եմ։
Մտնում է Մաքսը՝ սցենարով, շշով և երկու բաժակով։
ՆՈՐՄԱ – (Ջոյին): Բա՛ց շամպայնը։ (Ջոն փորձում է բացել. Չի ստացվում։) Մա՛քս, խնդրում եմ…
Մաքսը բացում է շիշը։
ՋՈ – Ի՜նչ հեշտ է։
ՆՈՐՄԱ – Հեշտ է, բայց ոնց հասկացա, ոչ քեզ համար։
ՋՈ – Ուղղակի լարվում եմ։ Ամեն դեպքում ես…
ՆՈՐՄԱ – Ա՜խ, նրա ձեռքերը կեղտոտ են։ Մա՛քս, ուղեկցիր երիտասարդին լոգարան։ Հա՜, ի դեպ, ի՞նչ է քո անունը։ Համենայնդեպս, իմանամ։ Թե չէ կդառնաս աստղ, իսկ ես չեմ հիշի՝ ում հետ եմ շամպայն խմել։
ՋՈ — Ջո, Ջո Գիլլիս։
ՆՈՐՄԱ – Յուրահատուկ անուն է։ Լավ, գնա՛։
Ջոն և Մաքսը գնում են։
ՆՈՐՄԱ — Բայց ո՞ւր մնաց թաղման բյուրոյի աշխատակիցը։
ՄԱՔՍ – (Ջոյին): Իմացի՛ր, նա մեծ արտիստ է։ Փառահեղ արտիստ։ Դու շատ երիտասարդ ես, որ հասկանաս նրա ֆիլմերը։ Նա ամեն օր ստանում է հազարավոր նամակներ իր երկրպագուներից։ Անգլիայի թագուհին հատուկ ժամանել է Մայրամուտի բուլվար, որ հանդիպի Նորմային։
ՋՈ – Հասկանում եմ, մեծ արտիստ է, փառահեղ արտիստ։ Լավ, շատ լավ։
Մթություն։ Երաժշտություն
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույնք, նույն սենյակում։ Կախված է էկրան, որի վրա թերթվում են երիտասարդ Նորմայի նկարները։ ՋՈՆ և ՆՈՐՄԱՆ տոնական կոստյումներով նստած են բազմոցին, դիտում են ֆիլմ։ Նորման ծխում է, ՋՈՆ՝ ադի բուդի է ուտում։
ՆՈՐՄԱ – Հիասքանչ է։ Ճիշտ եմ, չէ՞։
ՋՈ – Հիմարություն։
ՆՈՐՄԱ — Նայիր, տե՛ս՝ ինչ եմ անում։ Ահա տե՛ս։ Խենթանալ կարելի է։
ՋՈ – Ըհը…
Ջոն վերցնում է մոխրամանը և գնում։
Կարճ դադար։
ՆՈՐՄԱ – Ջո՛, դե արի։ Ո՞ւր կորար։ Այնպիսի կադրեր բաց թողեցիր։
ՋՈ – Իրո՞ք։
ՆՈՐՄԱ – Ո՞ւր է մոխրամանը։ Ո՞ւր տարար։
ՋՈ – Խոհանոց։
ՆՈՐՄԱ – Ահա, տե՛ս։ Շուտով կավարտվի։ Չէ՛, դու նայիր՝ ի՜նչ փայլ, ի՜նչ հմայք։ Ասա՛, ասա՛՝ ինչ լավն եմ։
ՋՈ – Ի՜նչ հմայք ու փայլ։
Ֆիլմն ավարտվում է։ Նորման տեղից վեր է կենում։ Դադար։
ՆՈՐՄԱ – Է՜։ Գիտես. ամեն անգամ նայելիս այնպես եմ հուզվում։ (Դադար:) Հա, ի դեպ, կոստյումը քեզ շատ է սազում, բայց մի բան պակասում է։ (Նայում է ծաղկամանի գույնզգույն ծաղիկներին:) Ա՜, տեսա։ Ծաղիկն է պակասում։ (Գնում է, վերցնում մեկ ծաղիկ, տեղադրում կոստյումի գրպանում:) Այ, հիմա ուրիշ բան։ Հիմա շատ նմանվեցիր Ադոլֆ Մենժուին։ Գիտես, չէ՞, Ադոլֆին։
ՋՈ – Ըհը։
ՆՈՐՄԱ – Նման ես, չէ՞։ Ի՞նչ կասես։
ՋՈ – Եթե անկեղծ, հիմա ավելի նման եմ հիմարի։
ՆՈՐՄԱ – Ոչինչ, կսովորես։ Ես այսօր շա՜տ երջանիկ եմ։ Մենք ավարտեցինք, մենք դա արեցինք։ Ես վստահ եմ, մենք ստացել ենք այն, ինչ պետք էր։ Կեցցես, երիտասա՛րդ։ (Համբուրում է այտը:) Քաղցրի՛կս։
ՋՈ – Ես փորձել եմ, փորձել եմ արդարացնել ինձ ու այն գումարը, որը վճարել եք։
ՆՈՐՄԱ – Հերիք է։ Գումար, գումար… Եվ խնդրում եմ, հերիք ծամոն ծամես։
ՋՈ – Մեկ է, ես միշտ շնորհակալ եմ լինելու։
ՆՈՐՄԱ – Եթե դու աշխատեիր միայն գումարի համար, աշխատանքը այսքան լավը չէր լինի։
ՋՈ – Իսկ հանուն ինչի՞, եթե ոչ գումարի։
ՆՈՐՄԱ – Եթե անկեղծ, կարծում եմ, որ Սալոմեի դերում տեսել ես ինձ, այդ իսկ պատճառով աշխատել ես այդքան ջանասիրաբար։ Հավատա՛, ես ճիշտ եմ։
ՋՈ – (շփոթված): Դե… երևի, չգիտեմ։ (Հանում է ծամոնը, դնում մոխրամանում:)
ՆՈՐՄԱ – Վերջապես։ Մա՛քս, երաժշտություն միացրու և բեր իմ սիրելի ֆրանսիական գինին։ Այսօր տոն է։
Դադար։ Մաքսը բերում է գինին, բաժակներ, գինու բացիչ և միացնում է գրամոֆոնը. Դուրս է գնում։ Ջոն բացում է գինին, Նորման լցնում է բաժակները։
ՋՈ – Ինչպես թե… Մենք հյուրերի չե՞նք սպասում։
ՆՈՐՄԱ – Խմենք մեր ու մեր ֆիլմի կենացը։ (Համբուրում է այտը, երկուսն էլ խմում են. Երաժշտություն:) Երիտասարդ, ես քեզ հրավիրում եմ պարի։ Արի՛։
ՋՈ – Բայց… բայց ես չգիտեմ։
ՆՈՐՄԱ – Ոչինչ, կրկնիր իմ շարժումները և վերջ։
Դանդաղ ու գեղեցիկ պար։ Նորման և՛ երջանիկ է, և՛ թախծոտ։
ՆՈՐՄԱ – Այսօր երեկոն մերն է, Ջո՛, մերը։
ՋՈ – Իսկ հյուրե՞րը։ Ո՞ւր մնացին։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ է նշանակում՝ մյուսները։ Չլինի՞ քեզ էլ ես հյուր համարում, Ջո՛։
ՋՈ – Դե… Ճիշտն ասած… Չգիտեմ։
ՆՈՐՄԱ – Լրիվ մտքիցս թռել էր։ (Վազում է դեպի իր սենյակը:) Ես արդեն գնել եմ, հիմա, սպասի՛ր։ Հիմա, հիմա, սպասի՛ր։ Ահա։ Ես քեզ շատ լավ սիգարներ եմ գնել, դե, մեկ-մեկ ծխում ես, չէ՞։
ՋՈ – Բայց արդեն իմ հասանելիքը ստացել եմ։
ՆՈՐՄԱ – Սա նվեր է։ Քեզ համար։ Հետո էլ մոռացել ես, որ փողից չեմ նեղվում։ Ես չեմ էլ հիշում, թե ինչքան ունեմ, բայց դու մի անհանգստացիր, դա կարևոր չէ։
ՋՈ – Իսկ դու չե՞ս կարծում, որ ուզում ես ինձ գնել։
ՆՈՐՄԱ – Ինչ անտաշն ես։ Քո գեղեցիկ աչքերի համար տամ նվերներ, դու էլ մտածես, թե ուզում եմ քեզ գնե՞լ։ Գնել կարող եմ ցանկացածին։
ՋՈ – Գիտես, Նորմա, ինձ թվում է, որ մեր հարաբերություններն արդեն այլ ուղիով են գնում։
ՆՈՐՄԱ – Գնում են այնտեղ, ուր պետք է։
ՋՈ – Քեզ ուրիշ մեկն է պետք, Նորմա։
ՆՈՐՄԱ – Գրկի՛ր ինձ, Ջո։
Ջոն անտարբեր գրկում է. դադար։
ՋՈ — Նորմա, իսկ քո մտքով չի՞ անցել, որ հնարավոր է՝ ես ընկերուհի ունեմ, ում շատ եմ սիրում։
ՆՈՐՄԱ – Իհարկե, անցել է։ Ահա ես եմ քո դիմաց։ Էլ ո՞վ կարող է լինել:
ՋՈ – Դե, օրինակ, խմբագիրը։ (Նորման ծիծաղում է։) Այն խմբագիրը, ով ամեն օր ինձնից նոր սցենարներ էր ուզում։ (Ծիծաղը շարունակվում է։) Մի՛ ծիծաղիր, լուրջ եմ ասում։ (Ծիծաղ։) Թե՞ մտածում ես՝ փակել ես ինձ քո դղյակում, ապահովել ամեն ինչով, ուրեմն քոնն եմ։ Ջո Գիլլիսը այնքան էլ քո պատկերացրած տղաներից չէ։
Նորման ապտակում է։ Ջոն լրջանում։
ՋՈ – Դե, գիտես…
ՆՈՐՄԱ – Ի՞նչ։ Ուշքի՛ արի։ Նորմա Դեսմոնդի հետ դեռ ոչ ոք չի համարձակվել այդպես խոսել։
ՋՈ – Դե հերիք է։ Հերիք է ինձ ստրկացնեք։ Ահա, վերցրե՛ք ձեր սիգարը և մոռացե՛ք իմ մասին։ (Տալիս է սիգարը, վազքով հասնում դռանը և դուրս է նետվում։)
Դադար։ Բեմի խորքից հայտնվում է Մաքսը։
ՆՈՐՄԱ – (հանգիստ): Մաքս, կարծես թե նա գնաց։ Նա գնաց ու ես նորից մենակ եմ։ Նորից մենակ, Մա՛քս, մենակ։
ՄԱՔՍ – Դու մենակ չես, Նորմա։
ՆՈՐՄԱ – Մա՛քս, դու հասկանո՞ւմ ես՝ նա գնաց։
ՄԱՔՍ – Լինելու բանը լինում է։
ՆՈՐՄԱ – Դու հասկանում ես՝ ինչ ես ասում։
ՄԱՔՍ – Այո։
ՆՈՐՄԱ – Հարկավոր է նրան շտապ ետ բերել։ Շտապ ետ բերել, Մա՛քս, շտապ։
ՄԱՔՍ – Հասկացա, Նորմա։
ՆՈՐՄԱ – Հենց այս վայրկյանին, արագ։
ՄԱՔՍ – Հասկանալի է։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ ես կանգնել։ Վազի՛ր և առանց նրա չվերադառնաս։
ՄԱՔՍ – Լավ։
Մաքսը գնում է։ Նորման մոտենում է սեղանին, վերցնում գինու շիշը և սկսում խմել։ Դադար։
ՆՈՐՄԱ – Նա իրո՞ք գնաց։ Բայց այդպես չի լինի։ Ինչպե՞ս կարող էր նա գնալ։ Հեռանալ Նորմա Դեսմոդի՞ց… ի՞նչ հիմարություն։ Ոչինչ, ոչինչ, Մաքսը նրան ետ կբերի։ Այլ կերպ հնարավոր չէ։ Եվ ամեն բան իր տեղը կընկնի։ Արևը մայր է մտնում։ Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ այսքան շուտ։ Լավ, ոչինչ։ Բայց իմ արևը, իմ փառքի արևը երբեք մայր չի մտնի։ Երբեք։
ՄԱՔՍ – (մտնելով): Ներիր, Նորմա։
ՆՈՐՄԱ – Ո՞ւր է նա։
ՄԱՔՍ – Ասաց, որ էլ երբեք այս տուն ոտք չի դնի։
ՆՈՐՄԱ – Նա համարձակվեց այդպիսի բա՞ն ասել։ Կրկնի՛ր բառ առ բառ, թե ինչ ասաց նա։
ՄԱՔՍ – Ես ասացի, որ տիկինը խնդրում է, որ վերադառնաք, իսկ նա պատասխանեց. «Ֆիլմն ավարտված է»։
ՆՈՐՄԱ – Ֆիլմն ավարտված է։ Հասկանո՞ւմ ես, Մաքս. ֆիլմն ավարտված է։ Ֆիլմը երբեք Նորմա Դեսմոնդի հետ չի՛ ավարտվի։ Երբեք, հասկացա՞ր, Մա՛քս։
ՄԱՔՍ – Հերիք է խմես, Նորմա, հերիք է, խնդրում եմ։
ՆՈՐՄԱ – Նա ասաց՝ ֆիլմն ավարտված է։ (Ծիծաղ:) Ֆիլմն ավարտված է։
ՄԱՔՍ – Հերիք է, Նորմա։
ՆՈՐՄԱ – (ծիծաղ, ընթացքում ընկնում է հատակին):
Մաքսը փորձում է օգնել։ Նորման անդադար ծիծաղում է, բայց ծիծաղը ինչ-որ չափով լաց է հիշեցնում։ Լույսերը մարում են։ Երաժշտություն։
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Ննջասենյակում՝ անկողնում, պառկած է Նորման։ Քարացած նայում է վեր։ Ներքևում Մաքսն է։ Կարգի է բերում սենյակը։
ՄԱՔՍ – Այսպիսի դեպքեր շատ են եղել։ Քսանյոթ… չէ, քսանվեց տարի առաջ, երբ դեռ նրա ամուսինն էի, մի վեճ էլ եղավ դը Միլլի հետ։ Այն ժամանակ դեռ երիտասարդ էր, գեղեցիկ, թարմ աղջնակ։ Մաշկը կարծես մետաքս լիներ։ Ես նրան դարձրի կինոաստղ, ես օգնեցի առաջ գնալ։ Նա մեծացել է, տարիքն առել։ Խեղճը չի հասկանում, որ էլ ոչ ոք չի ցանկանում իր քմահաճույքներով շարժվել։ Ժամանակին շատ պահանջված էր, օրը հինգ-վեց առաջարկ, իսկ հիմա փառասիրությունը նրան դարձրել է մենակ ու անգործ։ Չի հասկանում, որ հիմա իրեն գործ է պետք, որ ցրի տանջող մտքերը, տեսքի գա։ (Հեռախոսազանգ։) Ալո՛, լսում եմ։
ՋՈՅԻ ՁԱՅՆԸ – Մա՛քս, Ջոն է։ Ես ցանկանում եմ իրերս հետ վերցնել, բայց միայն այն իրերը, որոնք իմն են, ինչ Նորման է գնել, պետք չէ, չեմ վերցնելու։
ՄԱՔՍ – Իսկ դու գիտե՞ս, թե ինչ տեղի ունեցավ քո գնալուց հետո։
ՋՈՅԻ ՁԱՅՆԸ – Անկեղծ ասած՝ չի հետաքրքրում։
ՄԱՔՍ – Նորման գիտակցությունը կորցրել էր։
ՋՈՅԻ ՁԱՅՆԸ – Ամեն ինչ կարգի՞ն է։
ՄԱՔՍ – Դե, բժիշկը եկավ, բայց…
ՋՈՅԻ ՁԱՅՆԸ – Սպասիր, գալիս եմ։
ՄԱՔՍ – Կարծում եմ, քո գալն այդքան էլ ճիշտ չէ։
ՋՈՅԻ ՁԱՅՆԸ – Արդեն գալիս եմ։
ՄԱՔՍ – (անջատում է): Ա՜խ, երիտասարդ։ Ի՞նչ ես գտել նրա մեջ։ (Բարձր:) Նորմա, քնա՞ծ ես։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ է եղել։
ՄԱՔՍ – Վերցրու լսափողը։ Շտապ է։
ՆՈՐՄԱ – Լավ։ Ալո՛։
ՄԱՔՍ – (փոխում է ձայնը): Տիկին Նորմա Դեսմոնդ, բարև ձեզ։ Ձեզ հետ խոսում է Գորդոնը, Միլլի օգնականը։
ՆՈՐՄԱ – Արդեն ձեզ հետ խոսել եմ։
ՄԱՔՍ – Լավ է, որ հիշում եք ինձ։ Սցենարը շատ ենք հավանել, շատ լավ եք ներկայացրել «Սալոմեի» կերպարը։
ՆՈՐՄԱ – Իրո՞ք։ Ուրախ եմ։
ՄԱՔՍ – Միայն մի փոքր աշխատանք կա տանելու։ Պարոն Միլլը խնդրեց հարցնեմ՝ արդյո՞ք կհամաձայնեք մի փոքր էլ աշխատել։
ՆՈՐՄԱ – (ոգևորված): Իսկ հետո սցենարը կհաստատվի, ու ես…
ՄԱՔՍ – Եվ դուք կլինեք Սալոմեի դերում։ Ամեն բան արդեն հստակ է։
ՆՈՐՄԱ – Միայն թե հիմա մի փոքր վատառողջ եմ։
ՄԱՔՍ – Ժամանակ շատ ունենք։ Մի՛ անհանգստացեք։ Ձեզ կուղարկենք սցենարը և երեք շաբաթ անց կսկսենք աշխատանքները, նաև կստորագրենք պայմանագիրը։
ՆՈՐՄԱ – Պայմանագի՞րը։
ՄԱՔՍ – Այո՛, այո՛։
ՆՈՐՄԱ – Ասացեք խնդրեմ, ինչո՞ւ անձամբ պարոն Միլլը ինձ չի զանգահարել։
ՄԱՔՍ – Գիտեք, նա այնքան զբաղված է։ Նա ուղարկում է ջերմ ողջույններ՝ հնարավորինս շուտ հանդիպելու ակնկալիքով։
ՆՈՐՄԱ – Գիտեք, Գորդոն, ես ու քո շեֆը միասին ստեղծել ենք քսան ֆիլմ, հասկանո՞ւմ եք, քսան, և կարծում եմ՝ նրա համար դժվարություն չէր լինի զանգահարելը։
ՄԱՔՍ – Գիտեմ, գիտեմ, տիկին Դեսմոնդ, պարոն Միլլը ոգևորված սպասում է ֆիլմի աշխատանքների մեկնարկին։ Հուսով եմ՝ պայմանավորվեցինք։
ՆՈՐՄԱ – Հենց ավարտեմ, անմիջապես կկապվեմ ձեզ հետ։ Ողջույններ շեֆին։
ՄԱՔՍ – Շնորհակալ ենք, տիկին Դեսմոնդ։ Շուտափույթ ապաքինում։ (Կախում է լսափողը:)
ՆՈՐՄԱ – Վերջապես, վերջապես, Մա՛քս։ Մա՛քս, Միլլն էր, սցենարն ընդունվել է. լսո՞ւմ ես, Մաքս, ընդունվել է։ Իսկ ես… ես խաղալու եմ Սալոմե. ես՝ Նորմա Դեսմոնդս, նորից նկարահանվելու եմ ու փայլելու էկրաններին։
ՄԱՔՍ – Շատ ուրախ եմ, Նորմա։ Ես չէի էլ կասկածում։ Դու հավերժ ես։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ ես կարծում, երեք շաբաթում կապաքինվե՞մ։
ՄԱՔՍ – Չեմ էլ կասկածում։ Վստահ եմ՝ կապաքինվես։
ՆՈՐՄԱ – Ես խստորեն կպահպանեմ բժշկի ասած կանոնները. Չեմ խմի, չեմ ծխի, մերսումներ, սննդակարգ։
ՄԱՔՍ – Ամեն բան լավ կլինի։
ՆՈՐՄԱ – Բայց… բայց Ջոն գնաց… իսկ սցենարը…
ՄԱՔՍ – Մի՛ անհանգստացիր, նա րոպե առաջ շտապում է այստեղ։
ՆՈՐՄԱ – Իրո՞ք։ Չի կարող պատահել։ Բայց նա…
ՄԱՔՍ – Նա զանգեց և ասաց, որ գալիս է։
ՆՈՐՄԱ – Ի՜նչ լավ։ Իսկ ես արդեն մտածում էի…
ՄԱՔՍ – Ամեն բան լավ է լինելու, Նորմա, լավ է լինելու, կտեսնես։ (Զանգը հնչում է։) Ես ասացի, չէ՞, նա կգա։ (Շտապում է, բացում է դուռը:)
ՋՈ – (շտապելով): Ինչպե՞ս է նա։ Ուշքի եկա՞վ։
ՄԱՔՍ – Այո, լավ է։
ՋՈ – (հանում է բաճկոնը և ներս շտապում): Նորմա, ի՞նչ է պատահել, ինչո՞ւ քեզ չես հետևում։
ՆՈՐՄԱ – Ջո՛, արի՛։
ՋՈ – Ինչո՞ւ ես այդքան խմել։
ՆՈՐՄԱ – Ոչինչ, ոչինչ։ Գիտես… (Հազում է:)
ՋՈ – Ի՞նչ։
ՆՈՐՄԱ – Սցենարդ ընդունվել է, երիտասա՛րդ։ Շնորհավորում եմ։
ՋՈ – Չի կարող պատահել, կրկնի՛ր։
ՆՈՐՄԱ — Կարող է, կարող։ Ճիշտ է, մի քիչ էլ պիտի աշխատենք, բայց վստահ եմ՝ դու կարող ես։
ՋՈ – Ականջներիս չեմ հավատում։
ՆՈՐՄԱ – Այսօր տոն է, տոն է, Ջո՛։ (Ջոն նստում է կողքին։) Տո՛ւր ձեռքդ։ Ես շուտով ոտքի կկանգնեմ, ու իմ աստղը նորից կփայլի։ Հանդիսատեսը նորից կվայելի իր սիրելի Նորմա Դեսմոնդի խաղը։ Ասա՛, որ սիրում ես ինձ։ Ասա՛։ Ֆիլմն ավարտված չէ, Ջո՛։ Ֆիլմը Նորմա Դեսմոնդի համար երբեք չի ավարտվի, քանի դեռ ողջ եմ։
ՋՈ – Երբե՛ք, երբե՛ք չի ավարտվի։
Գրկախառնվում են։ Երաժշտություն։ Լույսերը մարում են։
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Ննջասենյակ. Նորման Սալոմեի կերպարային հագուստով դեր է փորձում։ Ջոն նստած է բազմոցին, ծամոն է ծամում հետևում պարին։ Նմանակումը ավարտվում է, Ջոն ծափահարում է։
ՆՈՐՄԱ – Հավանեցի՞ր։
ՋՈ – Ինչպես միշտ, փայլում էիր։ Լսիր, ինձ արդեն այս սպասողական վիճակը շատ է անհանգստացնում։ Խնդրում եմ, զանգիր դը Միլլին։ Արդեն հոգնեցրին, արդեն երկու շաբաթ է՝ սպասում ենք իրենց զանգին։
ՆՈՐՄԱ – Ջո, ես Նորմա Դեսմոնդն եմ։
ՋՈ – Իսկ ես՝ Ջո Գիլլիսը։ Քո փառասիրության պատճառով ամեն բան կարող է ջուրը ընկնել։
ՆՈՐՄԱ – Դեռ ոչ ոք չի հանդգնել այդպես խոսել Նորմա Դեսմոնդի հետ։
ՋՈ – Արդեն շատ սպասեցինք։ Տո՛ւր հեռախոսը։ (Դադար:) Նորմա, եթե չես ուզում խոսել Միլլի հետ, ես կզանգահրեմ սցենարային բաժին։ Հա՜, ի դեպ, համարն էլ ունեմ։
ՆՈՐՄԱ – Ո՞վ է այնտեղ աշխատում։
ՋՈ – Իմ… Իմ ծանոթներից մեկը։ Նա ինձ ավելի հստակ պատասխան կտա։
ՆՈՐՄԱ – Արա, ինչ ուզում ես։
ՋՈ – Բարի։ (Վերցնում է հեռախոսը:) Բարև ձեզ։ Փարամաունթ, ճի՞շտ եմ զանգել։ Խոսում է Ջո Գիլլիսը։ Կարո՞ղ եք միացնել Բետտի Շեֆֆերին։
ՁԱՅՆ – Հիմա, սպասեք։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ալո՛, լսում եմ։
ՋՈ – Ողջույն, Բետտի։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ջո՜, ինչ ուրախ եմ, որ զանգել ես։ Չես պատկերացնի՝ ինչքան եմ սպասել զանգիդ։
ՋՈ – Ինչպե՞ս են գործերդ։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Լավ են, լավ։ Գիտես՝ Արթին որոշեց գնալ Արիզոնա։
ՋՈ – Ես կարծում էի՝ դու պիտի տխրես, բայց ձայնդ այլ բան է հուշում։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Բայց ինչ հիմարն ես, հա։ Դու գիտես, որ նրան վաղուց բաց եմ թողել։
ՋՈ – Լավ, լսիր, քեզ ուրիշ հարցով եմ զանգել։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ասա, ինչո՞վ կարող եմ օգնել։
ՋՈ – Կասե՞ս, ի վերջո ե՞րբ են «Սալոմեի» սցենարը վերցնելու։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ինչպե՞ս։ Իսկ ինչո՞ւ պետք է վերցնեն։
ՋՈ – Բետտի՛, համբերությունս մի՛ չարաշահիր։ Ես արել եմ բոլոր փոփոխություններն ու պատրաստ սպասում եմ, որ գան ու վերցնեն։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Բայց սցենարում ոչինչ փոփոխման ենթակա չէր։
ՋՈ – Ինչպես թե։ Ինչ ընդգծած էր, ես փոխել եմ։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Մենք արդեն սցենարը ետ ենք ուղարկել։
ՋՈ – Այո՛։ Իսկ փոփոխություններից հետո պետք է գայիք ու վերցնեիք։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ջո՛, սցենարում ոչինչ ընդգծած չէր և փոփոխման կարիք չուներ։
ՋՈ – Երևի դու տեղյակ չես։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ես ամեն ինչից էլ տեղյակ եմ։ Հասկանո՞ւմ ես, ինձնից ոչինչ կախված չէ։ Ուղղակի այն Միլլին չի համապատասխանում։
ՋՈ – Դո՞ւ ես որոշել։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Չէ, ի՞նչ ես ասում։ Նա անձամբ։
ՋՈ – Քեզ չեմ հասկանում։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ է ասում։
ՋՈ – Սպասի՛ր։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Պարոն Միլլը ասաց, որ սցենարը նրան պետք չէ։ Դերակատարը ծեր է և դժվար կարողանա խաղալ ու դուրս գալ այդ ծանր բեռի տակից։ Ցավում եմ, որ այսպես ստացվեց, բայց մի լավ նորություն էլ ունեմ։ Քո «Սանսեթ բուլվար» սցենարը կարծես հավանության է արժանացել։ Արի գրասենյակ ու ես քեզ կասեմ, թե ինչն է պետք խմբագրել։ Խնդրում եմ, հնարավորինս շուտ արի։ Սպասում եմ։
ՋՈ – Լավ, շնորհակալ եմ, Արթի։ Ես քեզ կզանգահարեմ։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Արթի՞։ Այսինքն…
Ջոն անջատում է։ Դադար։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ էր ասում, ի՞նչ նորություն։
ՋՈ – Մի րոպե սպասիր։ (Իջնում է վար:)
ՆՈՐՄԱ – Այդ Արթին ի՞նչ ասաց, չհասկացա։
ՋՈ – Մա՛քս…
Հայտնվում է Մաքսը։
ՋՈ – Մաքս, դո՞ւ ես գնացել ու բերել սցենարը։
ՄԱՔՍ – Այո, այն հիմա քեզ մոտ է։
ՋՈ – Այնտեղ Միլլից նամակ կա՞ր։
ՄԱՔՍ – Ոչ, չկար։
ՋՈ – Վստա՞հ ես։
ՄԱՔՍ – Այո։
ՋՈ – Նրանք ուղղակի, առանց որևէ գրության վերադարձրի՞ն սցենարը։
ՄԱՔՍ – Այո, իսկ հետո տուն զանգեցին և պայմանավորվեցին Նորմայի հետ։
ՋՈ – Ո՞վ զանգեց։
ՄԱՔՍ – Օգնականն էր, կարծեմ։ Եթե չեմ սխալվում, Գորդոն Կոուլ։
ՋՈ – Նա չասա՞ց, որ Միլլը սցենարը չի վերցնում։
ՄԱՔՍ – Ոչ։
ՋՈ – Իսկ գուցե դո՞ւ ես այս թատրոնը սարքել։
ՄԱՔՍ – Ինչ ես խոսում, տղա՛։
ՋՈ – Ասա ինձ ճշմարտությունը։
ՄԱՔՍ – Ի՞նչ ճշմարտություն։
ՋՈ – Որ այս ամենը քո ձեռքի գործն է։ Արել ես այնպես, որ Նորման հանգստանա և իրեն կարգի հրավիրի։
ՄԱՔՍ – Ես հորինելու մասնագետ չեմ, դա քո գործն է։
ՋՈ – Ճշմարտությունն ասա։
ՄԱՔՍ – Բարի գիշեր, երիտասարդ։ (Գնում է:)
Դադար։
ՋՈ – Ես հիմար եմ։ Կատարյալ ապուշ։ Գիշերներ լուսացնեմ, սցենար գրեմ ֆիլմի համար, որը չի նկարահանվելու։ Իսկ հետո էլ նստեմ ու խմբագրեմ մի ամբողջ սցենար։ Ես ինձ եմ ձեռ առնում։ Նրանք ինձ մատների վրա են խաղացնում, իսկ ես… Ես հիմարի պես ենթարկվում եմ։ Փառք, հայտնիություն, հարստություն։ Լա՛վ, լա՛վ… Դուք դեռ կտեսնեք։ Դուք լավ չեք ճանաչում ինձ։
Բարձր երաժշտություն։ Նորման վերևում պարում է։ Լույսերը մարում են։
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Հյուրասենյակ։ Ջոն նստած է բազմոցին, ծամոն է ծամում։ Ննջասենյակում նստած է Նորման։ Զանգ։ Վերցնում է Ջոն։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ջո, վերջապես… անդադար զանգում էի քեզ տան համարով, չէիր պատասխանում։ Որոշեցի զանգել այս համարով, որ տվել էիր այն օրը։
ՋՈ – Նորություն ունե՞ս։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Այո, կա։ Ես խմբագրեցի սցենարը և կարծում եմ, որ արդեն պատրաստ է։ Ջո, ուղղակի ֆանտաստիկ է ստացվել։ Սյուժեն հաստատ կհետաքրքրի Միլլին։
ՆՈՐՄԱ – Հերիք է հեռախոսով խոսեք։ Որտե՞ղ եք դուք գտնվում։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ե՞ս։ Մաունթ Օլիմպուսից ոչ շատ հեռու։
ՆՈՐՄԱ – Լսեք, դա շատ մոտ է։ Թողեք ամեն բան ու շտապ եկեք ինձ մոտ։ Սանսեթ Բուլվար։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ո՞ւր…
ՆՈՐՄԱ – Սանսեթ Բուլվար 10-08-0։ Մենք սպասում ենք ձեզ։ Կարող եք տաքսով գալ, խնդիր չկա, կվճարեմ։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Այդ ո՞վ է, Ջո։ Ի՞նչ է նշանակում ՛՛մենք՛՛։
ՋՈ – Պատվիրատուս ուզում է, որ դու գաս։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Իսկ դու ուզո՞ւմ ես։ Խոսի՛ր, Ջո՛։
ՆՈՐՄԱ – Ուզում է, ուզում։ Էնպես որ արագ, սպասում ենք։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Բայց ես…
ՆՈՐՄԱ – Առանց «բայց»-երի։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Ջո՛, դու է՞լ ես ուզում, որ գամ։
ՋՈ – Այո, ուզում եմ։
ԲԵՏՏԻԻ ՁԱՅՆԸ – Դե լավ։ Ուրեմն ես մոտ…
ՆՈՐՄԱ – Սպասում ենք։ (Կախում է լսափողը։ Դադար:)
ՋՈ – (կախում է լսափողը): Հեռախոսով շփվելն այդքան էլ հաճելի չէ։
ՆՈՐՄԱ – Հաճելի չէ, բարձրացիր վերև։
ՋՈ – Սարը չի գնում Մուհամեդի մոտ։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ։
ՋՈ – Ոչինչ։ Խոսք է, ասացի։
ՆՈՐՄԱ – Կասե՞ս, խնդրեմ, ո՞վ էր այդ աղջիկը։ Չնայած կարիք չկա։ Հիմա կգա և կտեսնեմ, կհասկանամ քո ճաշակը։ (Շշից գինի է խմում:)
ՋՈ – Հերիք խմես։ Այն էլ շշով։ Ում հետ որ խոսում էի, Փարամաունթի խմբագիրն է։ Կգա և բոլոր հարցերդ նրան կտաս։
ՆՈՐՄԱ – Հիմա՛ր տղա։ Շահդ էլ չգիտես։
ՋՈ – Նո՛րմա Դեսմոնդ, փառահե՛ղ կինոաստղ, լսիր ու ականջիդ օ՛ղ արա։ Ոչ մի ռեժիսոր, անգամ Միլլը չի ցանկանում աշխատել պառավի հետ, որը ցանկանում է խաղալ երիտասարդ օրիորդների դերեր։
ՆՈՐՄԱ – Լռի՛ր, լռի՛ր, տխմա՛ր։ Դու ոչինչ չգիտես։ Զանգեց Գորդոնը՝ Միլլի օգնականը, ասաց, որ ամեն բան կարգին է, ուղղակի պետք են որոշ փոփոխություններ։ Նաև հավելեց, որ Սեսիլը անձամբ է ցանկացել ինձ տեսնել այդ դերում։
ՋՈ – Դա Գորդոնը չէր։ Դա քո Մաքսն էր։ Քո նախկին ամուսինը, այն ծերուկը, ով…
ՆՈՐՄԱ – Մա՞քսը։
ՋՈ – Այո՛, հենց Մաքսը։
ՆՈՐՄԱ – Մաքսը Փարամաունթի անունի՞ց։ Դու գժվե՞լ ես։
ՋՈ – Ի՞նչ Փարամաունթ, քո տնից, քո իսկ հեռախոսից։
ՆՈՐՄԱ – Մա՛քս, Մա՛քս, արի՛ այստեղ, շտա՛պ։
Մաքսն արագ գնում է ննջասենյակ։
ՆՈՐՄԱ – Մաքս, Ջոն ասում է, որ Փարամաունթից չեն զանգահարել, որ այս ամենի հեղինակը դու ես։ (Դադար:) Ինչո՞ւ ես լռում, խոսի՛ր։
ՄԱՔՍ – Ի՞նչ ես ուզում լսել։
ՆՈՐՄԱ – Ասա, որ սուտ է։
ՄԱՔՍ – Այո, սուտ է։
ՆՈՐՄԱ – Ի՞նչ կասես, Ջո։
ՋՈ – Ոչինչ։ Հիմա կգա Բետտին, ու ամեն բան պարզ կդառնա։
ՄԱՔՍ – Ամեն բան պարզ է, Նորմա։ Սցենարն ընդունված է ու շուտով կսկսվեն նկարահանումները։
ՆՈՐՄԱ – Լսեցի՞ր։
Դռան զանգ։
ՆՈՐՄԱ – Երևի Բետտին է։
Մաքսը գնում, բացում է դուռը։
ԲԵՏՏԻ – Բարի երեկո։ Ձեր կնոջ հետ խոսելու ժամանակ նա խնդրեց, որ գամ։ Ընկերս էլ այստեղ պետք է լինի։
ՆՈՐՄԱ – Մաքս, ուղեկցիր աղջկան։
Մաքսն ուղղորդում է Բետտիին հյուրասենյակ։
ՆՈՐՄԱ – Օ՜, աղջիկ եմ ասել, է՜։
ՋՈ – Մի՛ լսիր նրան, Բետտի։ Լսիր, ի՞նչ կասես՝ «Սալոմեի» սցենարի հետ կապված։
ՆՈՐՄԱ – Մաքս, բաժակներ բեր։ Ի՞նչ ենք խմելու, ինչի՞ համար ենք խմելու, Ջո՛։
ԲԵՏՏԻ – Ջո, ես ուզում եմ, որ մենք հնարավորինս շուտ լքենք այս տունը։ Այս տարեց տիկինը…
ՋՈ – Այս տարեց կինը, եթե չգիտես, Նորմա Դեսմոնդն է։
ՆՈՐՄԱ – Ո՞վ չգիտի Նորմա Դեսմոնդին։ (Մաքսը բերում է չորս բաժակ։) Եկեք խմենք նոր ֆիլմի, Նորմա Դեսմոնդի նոր ճանապարհի կենացը։ Խմում ենք բոլորս, մինչև վերջ։
Նորման, Ջոն, Մաքսը խմում են մինչև վերջ։ Բետտին միայն կում է անում։
ՆՈՐՄԱ – Օրիո՛րդ, ի՞նչ էիք ուզում ասել սցենարի վերաբերյալ։
ՋՈ – (չթողնելով՝ Բետտին խոսի): Սցենարի վերաբերյալ ես ամեն բան ասացի։
ԲԵՏՏԻ – Ջո, գնանք։
ՋՈ – Նորմա, վե՛րջ տուր այս կրկեսին։
ՆՈՐՄԱ – Կրկե՞ս, ի՞նչ կրկես։ Ես կրկեսում երբեք չեմ աշխատել։ (Լցնում է բաժակները:)
ՋՈ – Բետտի, ասա, որ ոչ մի «Սալոմե» էլ չի նկարահանվելու։
ՆՈՐՄԱ – Ինչպե՞ս թե՝ չի լինելու։ Լինելու է։ Ամեն բան իր հերթին։
ՋՈ – Իմ առաքելությունն այս տան մեջ ավարտված է։
ՆՈՐՄԱ – (Բետտիին): Այդ ի՞նչ առաքելության մասին է խոսքը։
ԲԵՏՏԻ – Ջո՛…
ՋՈ – Բետտի, թող մեզ մենակ, մի քանի րոպեով։
ԲԵՏՏԻ – Ջո՛…
ՋՈ – Ընդամենը երկու րոպեով, փոքրիկ խոսակցություն ունենք։
ԲԵՏՏԻ – Ես ամեն բան հասկացա։ (Հեգնանքով:) Պատվիրատու։ Պատվիրատուի տանն ապրում ես, իրերդ թողնում։ Ինչպե՞ս կարող էիր, Ջո՛։ (Փակում է դեմքը և հեռանում)։
Դադար։
ՋՈ – Ես՝ աստղ, ես՝ մեծ արտիստ, էկրանների փայլ։ Հերի՛ք է։ Եսասիրությունն էլ չափ ու սահման ունի։ Ես քեզ երբեք չեմ սիրել, Նորմա։ Հիմա դը Միլլի մոտ նոր սցենար է, բայց դու չես նկարահանվելու։ Ես ու շատ ռեժիսորներ չենք ուզում քեզ հետ աշխատել։
ՆՈՐՄԱ – Ինչե՞ր ես ասում, դու քեզ լսո՞ւմ ես։
ՋՈ – Ես գնում եմ, լուռ հեռանում։
ՆՈՐՄԱ – Դու դա չես անի, չես գնա, Ջո՛։
ՋՈ – Բետտին ինձ է սպասում, գնացի, լավ մնա։
ՆՈՐՄԱ – Բետտի՞, այն փոքրի՞կը…
ՋՈ – Հաջողություն, լավ մնա։ (Նորման վազում է, պահում Ջոյին։) Լսի՛ր, թող ինձ։ (Կռիվ, Ջոն հրում է Նորմային, Նորման ընկնում է։) Վերջ, ֆիլմն ավարտված է։
Նորման առաջ է ընկնում, կրակում Ջոյին թիկունքից։
ՋՈ – Դու… դու…
ՆՈՐՄԱ – Ջո, ես ուղղակի… ուղղակի… Քո Նորման ուղղակի… ուղղակի կատակում էր։ (Գրկում է, մոտեցնում բազմոցին:) Դե գնա՛, գնա՛… Հիմա մենք կպառկենք, կհանգստանանք, ամեն բան լավ կլինի…
ՋՈ – Նորմա… Դու…
ՆՈՐՄԱ – Ասա, որ ինձ սիրում ես, ասա՛, որ սիրում ես քո Նորմային։
Բեմի խորքում հայտնվում է Մաքսը։
ՋՈ – Նո՛րմա…
Ջոն ընկնում է։
ՆՈՐՄԱ – Քնիր, քնիր, փոքրի՛կ, քնի՛ր…
(Երգում է). Oh, Lullaby of Birdland
That’s all right.
Always say when you sigh:
Never in my Wordland
Could there be way to reveal
In oppress how I feel…
Հեռախոսի զանգ, Մաքսը հեռախոսի մոտ է։
ՄԱՔՍ – Նորմա, շտապ մոտեցիր հեռախոսին։
ՆՈՐՄԱ – Ո՞վ է։
ՄԱՔՍ – Սեսիլ դե Միլլը։
ՆՈՐՄԱ – Սեսի՞լը։ Հիմա, հիմա։
Նորման զգաստանում է, մոտենում հեռախոսին։
ՄԱՔՍ – (ձայնը փոխում է): Նորմա, Սեսիլն է։
ՆՈՐՄԱ – Սեսի՛լ, վերջապես։ Այնքան եմ սպասել քո զանգին։
ՄԱՔՍ – Խնդրում եմ, շտա՛պ արի Փարամաունթ։
ՆՈՐՄԱ – Հիմա՞, բայց…
ՄԱՔՍ — Արի, որ ստորագրենք պայմանագիրը։
ՆՈՐՄԱ – Պայմանագի՞ր։ Ի՞նչ պայմանագիր։
ՄԱՔՍ – Սկսում ենք «Սալոմեի» նկարահանումները, պակասում է միայն քո ստորագրությունը։
ՆՈՐՄԱ – Իհարկե կգամ, հենց հիմա։
ՄԱՔՍ – Չմոռանաս բերել սցենարը։
ՆՈՐՄԱ – Գալիս եմ, արդեն գալիս եմ։
Մաքսը անջատում է հեռախոսը։
ՆՈՐՄԱ – Նշանակում է՝ ես… ես վերջապես… վերջապես նկարահանվելու եմ։ (Բարձր:) Մա՛քս։ Գնում ենք Փարամաունթ։ Շտա՛պ։
ՄԱՔՍ – Ես պատրաստ եմ, Նորմա։
ՆՈՐՄԱ – Ահա, իմ աստեղնային ժամը նորից եկավ։ (Նայում է Ջոյին:) Իսկ դու կասկածում էիր։ Դու չէիր հավատում։ (Նայում է պատուհանից դուրս:) Ի՜նչ պայծառ է արևը։ Այն փայլում է և փայլելու է միշտ։ Մայր չի մտնի երբեք։ Նորմա Դեսմոնդի արևը երբեք մայր չի մտնի։ (Առաջանում է:) Լսո՞ւմ եք։ Իմ փայլը երբեք չի խամրի, երբեք, երբեք, երբե՜ք։
Մաքսը մոտենում է, թևանցուկ անում, միասին գնում են։ Լույսերը դանդաղ մարում են։
ՎԱՐԱԳՈՒՅՐ