Վալերի ՓԻԼՈՅԱՆ / ՏԱԳՆԱՊՆԵՐ ՎԱՍՆ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ-2 ԿԱՄ ԱԴԱՄՈՐԴՈՒ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ

(Մ. Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» և 

Կ. Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսները)

Նախաբան: Գիրը ճշմարտության պահապանն է և կեղծիքի առհավատչյան: Գիրը հիշողության երաշխավորն է, միաժամանակ կարող է հաստատագրել մոռացումը, որի տարբերակներից մեկն էլ հորինված հիշողությունն է: Հր. Մաթևոսյանն է ասում. «Թուղթը սպիտակ է լինում, հետո ինչ գրում, էդպես հնազանդ էլ սևանում է» [13, 610]: Եվ երկար ժամանակի մեջ կերտվում է հիշողություն, որ կարող է ճշմարտություն, նաև կեղծիք պարունակել: Ի՞նչ ենք ակնկալում մեր մեկուսացող գրից, և ինչպե՞ս ենք պարտադրում մեր հիշողությունը այլոց, բայց և առաջին հերթին մեզ: Հարցը համադրական վերլուծությամբ փորձենք դիտարկել Մ. Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» և Կ. Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսների պարունակներում՝ նկատի առնելով նաև մեր օրերի (ան)խորհուրդ, հիշողությունից հրաժարվող իրականությունը:

Մ. Իշխանի «Մեռնիլը որքան դժվար է» երկը: Անդրադառնալով Մուշեղ Իշխանի թատերագրությանը՝ բանասիրության դոկտոր Սուրեն Դանիելյանն առանձնացնում է «փորձարար խաղարկումների դրաման» [1, 88] և լավագույն օրինակ է տեսնում «Մեռնիլը որքան դժվար է» երկը, ուր «Խաղարկւում են յիշողութիւնը, որը թոյլ է պետականութեան հիւսուած որոգայթներում եւ մանկուրթիզմին աղերսուող ամերիկեան լինելութիւնը, որը յենազուրկ է առնուազն, պատմական նշանառութեամբ, խաղարկւում են նոր քաղաքակրթութեան դռներ թակելու և մտնելու ներուժը, որտեղ Արամեանը եւ Իշխանը պաշտպանում են կորսւող հայկականը՝ վերջին ճիգով» [1, 89]:

Հեղինակը «փորձարար խաղարկումների դրամայի» շրջանակում իր թատերախաղի մեջ ձևավորում է պայմանականություն. ամերիկացի Ջոն Հելըրի ուղեղը հիվանդ է, տառապում է մանկամտությամբ, իսկ ամերիկաբնակ Ջեյմս Արամյանը ավտովթարից հետո հիվանդանոցում է հայտնվում մահամերձ, սակայն առողջ ուղեղով: Վիրաբույժ դոկտոր Հարիսընը վկայում է. «Ճոն Հելըրը հիվանդանոց ներկայացավ մանկամիտ, չըսելու համար անմիտ վիճակով: Քառասուն տարեկանին կը տառապեր ուղեղի կանխահաս ծերութենե: Հիշողության կորուստ, տրամաբանության քայքայում, ուրիշ խոսքով՝ ուղեղի մտածող կեղևը գրեթե փչացած» [2, 419]: Եվ՝ «Նույն օրերուն հիվանդանոց կը ներկայանար հիսունի մոտ անձ մը, որուն մարմինը վնասներ կրած էր արկածի մը հետևանքով: Ծագումով հայ այս ամերիկացին՝ Ճեյմս Արամյան, տնտեսագիտության դասախոս, փայլուն իմացականության տեր, դատապարտված էր անխուսափելի մահվան: Ահա այս մարդուն ուղեղն է, որ օգտագործեցինք իբրև պատվաստ» [2, 416]: Մեկ այլ բժիշկ՝ դոկտոր Շեփըրտը, մեկնաբանում է. «Ուրիշ խոսքով՝ փրկեցիք իր ուղեղը» [2, 414]: Նյութական աշխարհի ներկայացուցիչը կարող է ասել՝ «փրկեցիք ուղեղը»: Իսկ թե ավելի վերացարկենք` սփյուռքի ուղեղը դառնում է այլ երկրների «սեփականությունը», իսկ մարմինը, լեզուն, ոգին կերպափոխվում են, վերածվում այլ գոյի: Արդյունքում «երկու տարբեր անձերու միության բարդ խնդիրը» [2, 415] ստացավ հետևյալ պատասխանը. «Արամյանի հիշողությունները փոխադրվեցան Ճոն Հելըրի գանկին մեջ» [2, 415]: 

Մի առիթով նշել ենք, որ կա մարդու հիշողություն, ազգի հիշողություն և մարդկության հիշողություն [3, 128]: Իշխանի ստեղծած պայմանականության մեջ «մեր ազգային մտածողութեանը ուղղուած 20-րդ դարի մարտահրաւէրը, բարձրացնում ու առանցքային գիծ է դարձնում մարդու հիշողութիւնը՝ որպէս պարտադիր նախապայման հայի և ընդհանուր աշխարհի, ճշմարտութեան և տեսլականի, կեանքի ու երազի բախումներում» [1, 89-90]: Սակայն Իշխանի երկում մարդու հիշողությունը հավակնում է դառնալ այլ մարդու հիշողություն, որ չի դառնում մարդկության հիշողություն: «Ուղեղի պատվաստը» կամ ուղեղի օրինականացված գողությունն իր հերթին ենթադրում է հիշողության գողություն կամ մեխանիկական փոխանցում: Թե ով է Արամյանի ուղեղից և Հելըրի մարմնից կոնտամինացված այս նորված գոյը, հետո կանդրադառնանք: Հելըրը «ուղեղի փոխանակություն» կամ «ուղեղի սեփականացում» [2, 433] իրականացրեց, իսկ Արամյանը, որ կորցրել է իր մարմինը, կարծում է, թե եկել է երկնային արքայություն մեկնելու իր երկրային ժամանակը: Արամյանը, հայի բնավորության հանգույն, իր հետ երկնային թագավորություն է տանում գներն ընկած «քանի մը արժեթուղթեր», «դրոշմաթուղթերու հավաքածու» և «կարևոր ուսումնասիրություն մը — «Հայկական ցեղասպանությունը տնտեսական տվյալներու լույսին տակ»» [2, 411]՝ երկրային արժեքներ, որ անպետք են երկնքում, քանի որ Արամյանը երկնային տնտեսագիտություն չի ուսումնասիրել:

Պետրոս առաքյալի և Արամյանի զրույցը ընթերցող-հանդիսականին շատ իրողությունների է հասու դարձնում. «Դուք հայերդ առհասարակ կ’աճապարեք Երկնից Թագավորության քաղաքացի դառնալու: Եղավ ատեն մը, որ մեկ անգամեն միլիոններով եկաք. դժվարություն ունեցանք տեղավորելու» [2, 410]: Եվ Արամյանի պարզաբանումը. «Մենք չենք աճապարեր, վարը մարդիկ կան, որ մեզ աճապարել տվին»:

Պետրոս առաքյալը պիտի ընդունման-մուտքի թույլտվության գործողություն իրականացնի՝ ուսումնասիրելով Արամյանի տոմարը՝ «անձնական գործը». «Մեծ հայրը՝ Հայկազ Արամյան ընտանիքի անդամներուն մեծամասնության հետ նահատակված է Տեր-Զորի ճամբաներուն վրա՝ հանուն հավատի և հայրենյաց», «Մեծ մայրը, վերապրող իր միակ զավկին՝ Ռուբենի հետ հաջողած է Ամերիկա անցնիլ, ուր Ռուբեն տարիներ շարունակ գործարանի մը մեջ աշխատած է իբրև բանվոր» [2, 426], «Ռուբենի տղան՝ Ճեյմս Արամյան մեծ դժվարությամբ և ճակտի քրտինքով հաջողած է համալսարան ավարտել» [2, 426]: «Կ’ամուսնանա բնիկ ամերիկացի աղջկան մը հետ» [2, 427], «Արկածի ենթարկվելով՝ տառապալից վիճակի մեջ անկողին կ’իյնա», «Բժիշկներու կատարած բոլոր դարմանումները անօգուտ կ’անցնին և Արամյան կը տարուբերի կյանքի ու մահվան միջև» [2, 428]:

Վիրահատական միջամտությունից հետո Արամյանի մարմինը մահացած է: Սովորաբար ասում են, թե մեռած է, բայց թաղված չէ, այնինչ աստ. «Թաղված ես, այո՛, բայց չես մեռած», որովհետև «Հոգին ավանդած պահուն Արամյան իր ուղեղը տված է ամերիկացի գործատեր-առևտրական Ճոն Հելըրին, որ մտքի աղքատությամբ կը տառապեր» [2, 428]:

Արամյանը չի ցանկանում երկիր վերադառնալ. «Այս բարձունքներու մաքուր օդը շնչելե ետք, Արքայության սրբաշունչ մթնոլորտին քսվելե ետք, բոլոր հոգսերս ու ցավերս թոթափելե ետք, ես ինչպե՞ս երկիր դառնամ…» [2, 412]:

Պետրոս առաքյալը կարծում է, թե «մարդ ուղեղով է մարդ», և ներս չի ընդունում Արամյանին: Ըստ Պետրոս առաքյալի՝ Արամյանը չի մահացել, այդ պատճառով էլ վաղաժամ է երկնային թագավորություն նրա մուտքը, իսկ Արամյանն էլ կարծում է, որ «Ուղեղն ալ մարդով է ուղեղ» [2, 428]: Եթե ուղեղ բառը փոխարինենք հիշողություն բառով, ապա կստանանք «մարդը հիշողությամբ է մարդ» և «Հիշողությունն էլ մարդով է հիշողություն» դրույթները: Ասվածը նրանով է հիմնավորվում, որ Հելըրը տեր է դառնում նաև Արամյանի հիշողություններին, դրանք համարում իրենը: Այնինչ Արամյանի մարդկային հիշողությունը կրում է նաև ազգային հիշողությունը:

Եվ կարևորվում է «ուղեղը լվալու» խնդիրը՝ քաղաքակրթության (և քաղաքականության) ձեռքբերումներից մեկը: Իսկ այդ «ուղեղ լվալու գործողությունը բավական երկար ժամանակի կը կարոտի» [2, 417], այնինչ նորոգված Հելըրը խոսում է. «<…> ես գաղթական և տառապած ընտանիքի զավակ եմ, վարժ եմ ցավերս կրելու» [2, 418], «<…> աշխարհիս տագնապները չեն լուծվիր, եթե փոքր ազգերու դատին լուծում չգտնվի: Եվ ամենեն առաջ՝ հայ ժողովուրդի արդար դատին» [2, 419]: Շատ հաճախ Հելըրի միջից Արամյանն է խոսում. «Այս խեղճ Հելըրը պետք է օր առաջ մարդ դարձնեմ» [2, 437], կամ՝ «ես գաղթական և տառապած ընտանիքի զավակ, մեծ դժվարություններով տեղ հասած» [2, 445]: Ս. Դանիելյանի կարծիքով «Իշխանը հայտնում է իր անտարբեր վերաբերմունքը ամերիկեան տիպի անկարելի վերափոխման առիթով: Այդ փոփոխութիւնը միայն ֆիզիքական է, նրա բարբաջանքները ցեղասպանութեան, ժողովրդի իրաւունքի խորհուրդների սահմանագծում ներկայացնում են Արևմուտքի անտարբերութիւնն ու անհասողութիւնը, որ մեր կարծիքով, փորձարարական դրամայի գլխաւոր մեխն է» [1, 89]:

Թերևս այստեղից է ձևավորվում երկի կոնֆլիկտը. «<…> տեղի անտեղի Հելըր կը կրկնե, թե ինք գաղթական ընտանիքի զավակ է, թե ծնողները տառապած են, թե մեծ դժվարություններով տեղ հասած է» [2, 418], «<…> ներկայիս ամենեն շատ Հելըրի մտքին հաճախող գաղափարը փոքր ժողովուրդներու դատին արդար լուծումն է և հայ ժողովուրդի կրած ցեղասպանության հարցը» [2, 416]:

Ժամանակ անց տագնապ կա Հելըրի ընտանիքում՝ կնոջ՝ Անիդայի և մոր մոտ.

«Անիդա.- Ճոնը տանջողը Արամյան ինքն է:

Մայրը.- Ինչպե՞ս թե Արամյան ինքն է:

Անիդա.- (Խորհրդավոր) Այո, Արամյան չէ մեռած:

Մայրը.- Դո՞ւն ալ սկսար խենդ բաներ ըսել. ուղեղը հանված մարդը ողջ կը մնա՞:

Անիդա.- Ողջ է և այս տան մեջ կ’շրջի:

Մայրը.- Հիսուս Քրիստոս, ես շա՜տ կը վախնամ ուրվականներե…» [2, 468]:

Եթե Հելըրը վիրահատական միջամտության արդյունքում ստացավ Արամյանի ուղեղը՝ «պարունակյալը պարունակ փոխեց» [2, 430], ապա Արամյանի ուղեղը պահպանեց Արամյանի գենետիկ հիշողությունը, ասել է՝ «պարունակյալը պարունակ չփոխեց»: Ավելի ընդգրկուն տեսնելով խնդիրը՝ պարզ է դառնում, որ գենետիկ հիշողությունը չի դառնում մարդկության ընդհանուր հիշողության բաղկացուցիչ, ինչն էլ հայոց անցյալից արտածված, ներկայում բնավորված և ապագայի հեռանկարը չորոշակիացնող բարդույթի արտահայտությունն է:

Քանի որ մարդիկ «մարդիկ սկսան ավրշտկել Աստծո ձեռակերտ արարածներն ալ» [2, 429], ձևավորվել է «հրեշային խառնուրդ» [2, 429]: Այդ պատճառով էլ Արամյանը ո՛չ ապրողների ցուցակում է, ո՛չ մեռյալների. «Պիտի թափառես երկրի և երկինքի միջև» [2, 431]: Հաստատապես «Ոչ ապրելն է մի բան, ոչ մեռնելը» (Համո Սահյան):

Տխուր սրտի մխիթարանք է դառնում Պետրոս առաքյալի հորդոր-ապսպրանքը. «Քու մահդ իրեն համար նոր կյանք եղավ աշխարհի երեսին: Պիտի սպասես, որ իր մահն ալ քեզի կյանք ըլլա երկինքին մեջ», իսկ Արամյանի մեջ խոսում են ազգային մտածողությունն ու բարոյական սկզբունքը. «Ես չեմ ուզեր իմ կյանքս իր մահվան հետ կապել» [2, 431]: Էջեր անց իր գնացական վիճակին (ապրելուց հետո մեռնելուն) հասնելու համար Արամյանը պատրաստ է ինքնասպան լինել. «Եթե ուզեմ իսկ անձնասպան ըլլալ՝ չեմ կրնար: Անձնասպան ըլլալու համար պետք է մարդասպան դառնամ և սպանեմ Ճոն Հելըր կոչեցյալը» [2, 470]:

Մեղավորը հայն է: Այդ են վկայում Պետրոս առաքյալի մեղադրանքները. «Արամյան Ճեյմս: Ինչու տեր չեղար ուղեղիդ»: «Չէի՞ր գիտեր, թե քու նախնիներուդ քեզի թողած լավագույն ժառանգությունն էր ատիկա»: «Արամյան Ճեյմս, պիտի կրես հետևանքները» [2, 432]:

Հայի տագնապներին ևս մեկն ավելացավ. նմանատիպ իրավիճակում փաստորեն արգելվում է հայի մուտքը երկնային արքայություն, արգելվում է մեռնելը:

Երկիր, հավաքականություն, նյութական ու հոգևոր մշակույթ, լեզու, ուղեղ ու հիշողություն կորցնելուց զատ կա նաև հոգին կորցնելու տագնապը, որ բարձրաձայնում է ուսուցիչը. «Մարմինդ կորսնցուցիր, լեզուն կորսնցուցիր, ուղեղդ կորսնցուցիր. կը մնա միայն հոգիդ… Գիտե՞ս արդյոք թե հոգիի գողեր ալ կան: <…> Հոգեվարքիդ մեջ զգաստ պիտի ըլլաս, քունիդ մեջ՝ արթուն և մահվան մեջ՝ կենդանի, տեր կանգնելու համար քու էությանդ» [2, 454]: Մեր կեցության մեջ էական է մենության հարյուր (կամ մի քանի հարյուր) տարին, որ ազդել է նաև էության ու բնավորության վրա: Մնացել է մի բան` ձևակերպված մեկ այլ արձակագիր-թատերագրի կողմից. «Բայց գլուխ բարձրացնելու տեղ չի մնացել, բացի երկնքից, բացի Աստծուց… Եվ մենք այդպես` գլուխներս դեպի վեր, դեպի Բացարձակը, գոյում ենք երկար ժամանակ` սպասելով երկնային արքայության…» [10, 312]:

Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսը: Մուշեղ Իշխանի թատերախաղը եզրափակվում է «Մեռնիլը որքան դժվար է» թերասացությամբ, ուրեմն խնդիրը չի լուծվել, և ռուս դասականի «ի՞նչ անել» հարցումն էլի պատասխան է ակնկալում: Մուշեղ Իշխանի «փորձարարական դրամայի» մի արտահայտություն էլ «Սառնարանեն ելած մարդը» (1979) թատերախաղն է, ուր 20-րդ դարի վերջին անբուժելի հիվանդ Թոմին սառեցնում են, մինչև բուժման տարբերակ գտնվի, ինչը տեղի է ունենում հարյուր տարի անց: Իսկ ներկայից ապագա ժամանակային անցման փոխարեն Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսում, որ նույնպես փորձարարական դրամա է, տեսնում ենք ներկայից անցյալ և անցյալից ներկա ժամանակային փոխանցումները, և պարզ է դառնում, թե ի՞նչ կարելի է վերստեղծել հայ, հիշողություն, եղեռն, վիրաբուժություն… բաղադրիչներով:

Դրամայի «գործողությունը կարող է կատարվել Թուրքիայի ցանկացած քաղաքում, մեր օրերում» [4, 5], սակայն կատարվում է Կարին քաղաքում, որի մասին ասվում է. «Այս քաղաքը հիշողություն ունի» [4, 10]: Պիեսի վերնագիրը ճիշտ հասկանանք. սա ոչ թե հուշերի մեկժամյա տևողություն է, այլ նախնիների վերադարձ աղջնակի տեսքով ներկայացող մեծ տատի ուղեկցությամբ ու միջնորդությամբ: Հարյուրից ավելի տարիներ առաջ եղած իրականության սահք է ոչ վաղ ներկա՝ աղջնակի միջոցով: Աղջնակը Անդրեի մեծ տատն է՝ միակ փրկվածը այդ ընտանիքից, միջնորդը տարբեր սերունդների միջև և կապող օղակը, ըստ էության հիշողության կրիչը: Անդրեի մասնակցությունը գիտաժողովին ընդամենը միջոց է՝ գոնե մեկ ժամ հիշողության տեսքով վերադարձնելու պատմական ճշմարտությունը: Անդրեի հիշողությունն է վերակերտել մեծ տատին՝ Զապել աղջնակի տեսքով, որի օգնությամբ էլ «վերադարձել է» 1915-ին փողոտված ընտանիքը: Արամ մեծ պապի և Զապել տատի օրինական մերձեցումից սկզբնավորված սերունդների հերթական օղակն է Անդրեն, որ ցանկանում է ոչ միայն առերեսվել հիշողության հետ, այլ նաև հիշողությունը հասու դարձնել այլոց:

Հիշողության խնդիրներին նվիրված գիտաժողովին Անդրեն ներկայացել է որոշ հապաղումից հետո, սակայն եկել է, քանի որ արյան, գենի թե ուղեղի ինչ-որ ծալքերում եղած հիշողության կրիչը հանգիստ չի տալիս նրան:

Գիտաժողովի նպատակի վերաբերմամբ կերպարներից Մարի Դեշանելն ընդհանրացնում է. «<…>բոլորը կենտրոնացած են հիշողության վրա: Ամեն ինչ հանուն հիշողության» [4, 10]:

«Մեկ ժամ հիշողությունը» կարելի է թարգմանել «մեկ ժամ վերապրում» կամ գենետիկ հիշողության վերապրում, որ տեղի է ունենում ժամանակային անցումների կամ փոխանցումների միջոցով, ինչը հաճախադեպ է արդի արվեստի տարբեր արտահայտություններում: Նման օրինակ է հիշվում՝ կապված Լ. Պիրանդելլոյի «Հենրի Դ» պիեսի հետ [ 9, 107]: Հավելենք Մ. Տվենի «Կոննեկտիկուտցի յանկին Արթուր թագավորի արքունիքում» վիպակը, Ռեյ Բրեդբերիի գործերը, ընդհանրապես գիտաֆանտաստիկ կոչվող գրականությունը:

Այնուամենայնիվ մենք՝ հայերս, անուղղելի ռոմանտիկներ ենք, երբ կարծում ենք, որ կարող ենք ինչ-որ բան փոխել մեր դեմ ոճրագործածի հիշողության մեջ: Անդրեն կարծում է, թե «նրանք կարողացել են իրենց մոռացնել տալ, չեն հիշում, որովհետև իրենց հիշողությունից ջնջել են իմ ընտանիքի հետ կատարվածը» [4, 27], այդ պատճառով էլ ցանկանում է նրանց «ամբողջ ազգուտակի քնած հիշողությունն արթնացնել» [4, 27]: Նրանք հիշում են իրենց նախնիների իրականացրած ոճրագործությունը, բայց չեն ուզում խոստովանել անգամ իրենք իրենց: Հիշենք Անդրեի պատմության այն հատվածը, որ վերաբերում է պատահաբար հանդիպած ապահովագրական գործակալին. «<…> ինքս էլ չիմանալով՝ ինչու, նրան պատմում եմ մեծ պապիս պատմությունը: Սկզբում լսում էր մեծ հետաքրքրությամբ, հետո… հայացքը սրվեց, լարվեց ամբողջ մարմնով… Ու հանկարծ ասես թքեց երեսիս. «Սո՛ւտ է, այդպիսի բան չի եղել»: «Ինչպե՞ս թե,- կարկամեցի,- ընտանիքիս պատմությունն ու ես կենդանի վկայություն ենք…»: «Իսկ ես ասում եմ, որ սո՛ւտ է, հերյուրանք, դուք եք հորինել՝ ձեր ազգի պարտությունը մեզ վրա բարդելու համար» [4, 26]:

Եվ նրանք արդեն հազար տարի փորձում են ընդամենը մի բան հիշել՝ «գորշ գայլի» հոգեբանությունը, իսկ այդ հոգեբանությունը քաղաքակրթության հետ կապ չունի. դա գայլի՛ հոգեբանություն է: Ախր քո իրավ դասականն այդ մասին գրել է իր «Մեծամոր» խոհագրության մեջ, իսկ մեկ այլ դասական՝ Հակոբ Օշականը՝ «Մաթիկ Մելիքխանյան» վեպում, և բազմաթիվ այլ դասական-գրագետներ: Մենք դաս չենք առնում մեր դասականներից, ուրեմն՝ մենք էլ անկիրթ ենք: Իսկ նրանց մոտ  անգամ եվրոպական կրթությունը բան չի փոխում: Չի փոխում անգամ «արյան մաքրագործումը»: Ասում են՝ նրանք փոխվել են իրենց գեներով, նրանց դնթ-ն փոխվել է 98 տոկոսով, սակայն այդ մնացորդ թվացող 2 տոկոսը ավելի զորեղ է. «ներկրված» հայ-հույն-արաբ-սլավոն… և այլ արյուն-դնթ-ները անզոր են ինչ-որ բան փոխել:

Անդրեի ասածը, արածը և պիեսում պատկերվածն առաջին հերթին ինքնության փնտրտուք է, ազգային հիշողության որոնում, որ երբեմն ուզում ենք այլ մարդկանց հասու դարձնել: Անդրեի ձևակերպումը՝ «ուզում եմ վիրահատել մարդկային հիշողությունը» [5, 25], պիեսի կարևոր լեյտմոտիվներից է, որ նորից է արծարծվելու. «Մեկս մյուսիս ենք փոխանցել այդ անիմաստ ցանկությունը՝ կողքիդ ապրողներին՝ հարազատ լինի թե պատահական մեկը, պատմել ու դեմ առնել անհասկացող հայացքի կամ, լավագույն դեպքում, րոպեական կարեկցանքի: Իսկ ավելի հաճախ տեսնել, թե ինչպես են նրանք թոթվում ուսերն ու մտքում իրենց հարց տալիս՝ ինչքա՞ն կարելի է հետ նայել՝ այսօրն ու վաղը թողած…» [4, 26]: Հարյուրամյա հեռվից նման հարց տալիս են նաև մեզնից ոմանք՝ այդ կերպ հաստատելով, որ ամենակուլ ժամանակը խժռում է մարդկային հիշողությունը: Սա էլ ուղեղի լվացման մի տարբերակ է, որ մահ է, քանի որ «մահը դարանակալ չի սպասում առջևը՝ մի տեղ, այլ հուշիկ, գոյության հետքերը ջնջելով՝ գալիս է թիկունքից և երբ հասավ քեզ, առջևում ոչինչ չի լինելու» [5, 340]:

Մայքլ Առլեն Ավագն այս իմաստով ընդդիմախոսում էր՝ փորձելով սթափեցնել մեր տեսակին. «Արևմուտքի մարդիկ ի վիճակի չեն քեզ հրամցնել իրենց համար ձանձրալի դարձած խղճահարությունը քո քրիստոնեությունից, քո կոտորածներից, քո փնթփնթոցներից, քո գոյությունից» [7, 259]: Իսկ Լ.-Զ. Սյուրմելյանը փաստում էր. «Ամբողջ պատմությունը, կրկնում եմ, չի պատմվել ու չի էլ կարելի պատմել: Մեռելները ոչինչ չեն պատմում, իսկ վերապրողները տակավին մունջ են: «Մուսա լեռան քառասուն օրերը» հայի կողմից չգրվեց: Վերապրողներս ցրվեցինք աշխարհի չորս ծագերը ու դեռ թաքցնում ենք մեր վերքերը: Մենք վարպետ ենք ինքնախաբեության մեջ: Դիմակավորումն անհրաժեշտ է մեր հավասարակշռության և առօրյա գործերի բնականոն ընթացքի համար Լոս-Անջելոսում կամ Նյու Յորքում, Բուենոս Այրեսում կամ Սան-Պաոլոյում, Փարիզում կամ Բեյրութում: Մենք կարող ենք զայրույթով խոսել օրվա այս կամ այն լուրի առթիվ, բայց ոչինչ չասել մեզ ամենից ավելի մտատանջող բաների մասին, ծպտուն չհանել: Տարագիր հայը լի է չասված խոսքերով, ու նրա մեջ մեծ լռություններ կան: <…> Արևմուտքում, պետք է ասեմ, մոռացված ազգ ենք մենք: Վերջերս, երբ Անգլիայից եկած մի գիտնական լսեց, թե հայ եմ, ասաց՝ «Անհետացող մի ցեղ»» [8, 7-8]:

 Կ. Խոդիկյանի պիեսում մեռյալները խոսում են 100 տարի անց, որովհետև նրանց զարմի ընձյուղ Անդրեն փորձում է դուրս գալ իր մնջությունից: Այս իմաստով ուղղակի անհասկանալի է ձևակերպումը. «<…> շերտ առ շերտ բացահայտվում է Անդրեի կենսագրությունը, վերականգնվում է նրա գենետիկ հիշողության խաթարվածությունը» [4, 395]: Թերևս պիտի լինի խաթարված հիշողությո՞ւնը:

Դառնանք պիեսին: Անդրեն պատմում է իր ընտանիքի համառոտված պատմությունը՝ հար և նման Մուշեղ Իշխանի պիեսի Արամյանի պատմությանը՝ մեկ սերնդի հավելմամբ. «<…> մեծ պապիս ամերիկյան որբախնամ կազմակերպությունը տարավ Ամերիկա» [4, 24-25], «Մեծ պապս անգլերեն չգիտեր, տան մեջ միայն երկրի լեզվով էին խոսում: Նրա որդին՝ իմ պապը, ազատ խոսում էր անգլերենով ու մի քիչ՝ իր լեզվով: Մեծ պապիս թոռը՝ հայրս, մի քանի բառ ու նախադասություն գիտեր ու դրանք ինձ չսովորեցրեց, հիմա մտածում եմ, գուցե պատճառը անգլուհի մայրս էր…» [4, 25]: 

Ավագ եղբոր (որ անցյալից ներկայացած նահատակվածներից է) կարծիքով Անդրեն մոլորվել է հիշողության և ատելության միջև, ու կարևորում է սերունդների տարբերության հանգամանքը. «Գնացքում հանդիպած այդ մեկը քո կարկցանքին էր արժանի, ոչ թե ատելությանը: Դու պիտի ատես նրա մեջ պապին, ով գուցե եղել է քո գերդաստանի դահիճը, բայց նրա ծոռին պիտի խղճաս… Ու նա պիտի զգա, որ խղճում ես իրեն, որովհետև քո արյան մեջ զոհի հիշողությունն է, իսկ նրա արյան մեջ՝ դահճի ամոթը: Այսօրվա կարեկցանքը քեզ պիտի ուժ տա, որ չմոռանաս անցյալի ատելությունդ» [4, 31]: (Միջակյալ՝ ծոռն էլ խղճալու բան չէ):

Սերունդների տարբերությունից զատ կա նաև սերունդների հերթագայության հանգամանքը, որ շեշտվում է ոչ միայն այս պիեսներում, այլ նաև Մայքլ Առլեն Կրտսերի «Դեպի Արարատում». «Մեր ճամփորդությունից հետո շատ հաճախ եմ մտածում հորս մասին, թեև երազում շատ հազվադեպ եմ տեսնում նրան: Հիշում եմ, շատ վաղուց պատմել էր ինձ իր երազի մասին՝ միակ անգամը, երբ նկարագրել էր տեսած երազը: Նկարագրել էր մռայլ դժկամությամբ, երբ վատ էր քնում՝ հաճախ քնի մեջ խոսելով ու արթնանալով: Երազն իր հոր մասին էր: Գիտես, ճիշտ այնպիսին էր, ինչպես իրեն հիշում էի երեխա եղածս ժամանակ,- ասաց այդ առավոտ հայրս:- Բացի մազերից, որ սպիտակ էին ու խիտ: Երկարափեշ վերարկուով էր ու պողպատաշրջանակ ակնոցով: Մեր տան ճանապարհին կանգնած՝ խոսում էր հետս, կանչում էր ինձ: Բայց հայերեն էր խոսում, ու ես ոչինչ չէի հասկանում:

Երբեմն մտածում եմ, թե ժամանակի խզված շրջանակն է, որ հետագայում բացվում ու վերաբոլորվում է» [6, 234]: Պապ-հայր-որդի սերունդների վերաբոլորվող ու ամբողջացող շրջանակ, որ մեկուսացման մասին էլ է վկայում: Իսկ մեկուսացումից դուրս գալիս անխուսափելի կորուստներ էլ են արձանագրվում կամ ենթադրվում. հաճախ հայտնվում ես ոչ քո համակեցության մեջ, վերաձևվում ես օտարի: Եվ ինչքան էլ Անդրեն որոշի ապագա աղջնակին անվանակոչել Կարին, հեռու թե մոտ Ամերիկայում այն հնչելու է Քերըն:

Ընդհանրացումների փոխարեն: Եղեռնը, նրա մասին հիշողությունը, անկամք և անպատրաստ հակառակությունը դրան արդեն դարձել են հայ մարդու և հայ տեսակի հավաքական անգիտակցության բաղադրիչ: Այդ անգիտակացականից «վերադարձը» գիտակցություն հաճախ ձևավորում է նմանատիպ արդյունք ու վերաբերմունք, և տեղ է գտնում համազգային անլիարժեքության բարդույթ, որ նույնպես եղեռնի անմիջական արդյունք ու հետևանք է, այլ ոչ թե ազգային բնավորության գիծ: Այս բարդույթն ամենօրյա ներկայություն է և ավելի սարսափելի հետևանքներ ունի այսօր` արտագաղթի, ինքնօտարման տեսքով, գլոբալացման պարտադրանքներով, երբ քեզ պարտադրում են պարտվածի հոգեբանություն, և դու քեզ պարտադրում ես ուրացում: 

Մենք տագնապում ենք մարդկության հիշողության համար, սակայն ամենամեծ տագնապը կապվում է մեր անձնական գենետիկ հիշողության հետ, քանի որ ամեն անգամ մոռացումը կրկնություն է բերում, ամեն անգամ աղճատում է մեր հիշողության քարտեզը, բնական ու նախաստեղծ ներդաշնության յուրաքանչյուր խախտում հուշում է, որ մարդը հակադրվում է արարչական սկզբին, և Մուշեղ Իշխանի պիեսից Սուրհանդակը հիշեցնում է ըստ էության գլոբալացման և գիտության անասելի զարգացումից տագնապ. «Վարը, երկրին վրա հրեշային բաներ կը կատարվին, մարդոց ուղեղները սկսած են իրարու պատվաստել, նոր մարդ շինել: Ժողովականները հուշագիր պիտի ներկայացնեն Բարձրյալին բողոքելու համար եղածին դեմ: Պիտի հիշեցնեն որ իր շունչեն շունչ ունեցող ադամորդիները այլասերելու վրա են» (2, 455): Մարդը գործունեություն է իրականացնում, որ միայն ու միայն Արարչինն է կամ բնությանը վերաբերող ասպարեզ է, և յուրաքանչյուր «ձեռքբերում» իր հետ բերում է հակազդեցություն: Հակազդեցության տարբերակ է դառնում մոռացումը, ուղեղի լվացումը: «Այժմ Հայաստանում գոյացել է հասարակական մի շերտ, տգետ ու միամիտ, ինքնապաշտպանության բնազդը իսպառ կորցրած ստվար մի զանգված, որը հավատում է ներկա կառավարության «հանդուրժողականության», «խաղաղ գոյակեցության», «առանց նախապայմանների» հաշտության բարբաջանքներին, ու պատրաստվում է տրվել, ընդառաջ գնալ այդ խաբեությանը` մերկ ու անպաշտպան դաշտում արածող ոչխարի պես» [11]:

Այնինչ այդ մասին նախազգուշացրել է հայոց բանաստեղծության հսկան.

«Ու կանգնած ենք ահա ապագայի հանդեպ 

Զարմանալի՜ թեթև, զարմանալի՜ անդեմ`

Մերկության պես տկլոր ու անանցյալ…

Այդ մե՛նք ենք երևի այն ուղտը հաստակող,

Որ Հիսուսի առակին հակառակ –

Պիտի մտնենք` անգամ ասեղի նուրբ ծակով`

Ապագայի դրախտը անարատ…

Այդ մե՛նք ենք երևի այն հարուստը,

Որ անցյալի մեր այդ տկլորությամբ հարուստ-

Պիպի ժառանգենք մեր դարերի կորուստը,

Որ բոլո՜ր տկլորներին սահմանված է վերուստ…» [12, 215]:

Մտածենք մեր վաղվա մասին` չկորցնելով և այդ վաղվան փոխանցելով ազգային հիշողությունը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  1. Դանիէլեան Ս., Մուշեղ Իշխանի փորձարարական քայլերը թատերգութեան մէջ, Մուշեղ Իշխան. միջազգային գիտաժողովի զեկույցներ, Եր., Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2021, էջ 86-91:
  2. Իշխան Մուշեղ, Երկեր, Եր., «Նաիրի» հրատ., 1990:
  3. Փիլոյան Վ., Ժամանակի ձայները, Եր., «Լուսակն» հրատ., 2012:
  4. Խոդիկյան Կարինե, Մեծ եռագրություն (պիեսներ), Եր., «ՎՄՎ-ՊՐԻՆՏ» հրատ., 2015:
  5. Սիրադեղյան Վանո, Դուռը, Եր., հեղինակային հրատարակություն, 2021:
  6. Առլեն Մայքլ (Կրտսեր), Դեպի Արարատ, Եր., «Նաիրի» հրատ., 2000:
  7. Դանիէլեան Ս., Միջուկի տրոհումը: Սփյուռքահայ գրականության պատմություն. Գիրք 1: Ներածություն, Եր., Զանգակ-97, 2011:
  8. Սյուրմելյան Լ.-Զ., Ձեզ եմ դիմում, տիկիննե՛ր և պարոննե՛ր, Եր., «Սով. գրող» հրատ., 1980:
  9. Թիւֆէնքճեան Վիգէն, Տարաբնակ մարդը Մուշեղ Իշխանի թատերախաղերուն մէջ, Մուշեղ Իշխան. միջազգային գիտաժողովի զեկույցներ, Եր., Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2021, էջ 102-111:
  10. Այվազյան Աղասի, Եղած չեղածը` մի կյանք, Եր., Գրակ. և արվեստի թանգարանի հրատ., 2005:
  11. Ավետիքյան Հ., «Ազգ», 9 սեպտեմբեր, 2022, թիվ 32 (5720):
  12. Չարենց Եղ., Երկերի ժողովածու, հտ. 4, Եր., Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ., 1968:
  13. Մաթևոսյան Հրանտ, Վիպակներ, Եր.,  «Նաիրի» հրատ., 1990:

«ԵՐԿՈՒՆՔ», թիվ 1, հունվար 2024 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։