ԴՈՒՔ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՉԵ՞Ք ՈՒԶՈՒՄ… / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
(Երգիծական մոնոպիես մեկ արարով)
Գործող անձինք
ՔԱՐՈԶԻՉ
ԽՐՏՎԻԿ — խրտվիլակ է, որի խոսքը չի լսվում, ենթադրվում է
Պատկեր
Մեկ բազկաթոռ և մի աթոռ` սեղանի շուրջը, բազմոցին բազմած է Քարոզիչը, աթոռին կծկված է Խրտվիկը, սեղանին` հայտնի քաղցրավենիքներից, Կոկա-կոլա ու նման բաներ, նաև` հաբեր, ներարկիչներ, պատերին` տարբեր դրոշներ:
ՔԱՐՈԶԻՉ — Դուք ինչ է` դեմոկրատիա չե՞ք ուզում, դուք դեմոկրատ չե՞ք… Չէ՞… Խոսեք, պարոն… Մտածո՞ւմ եք… Մտածեք, մտածեք… Բայց արա՛գացրե՛ք, մենք շատ ժամանակ չունենք, ժամանակը, ինչպես գիտեք կամ լսել եք, փող է, թե՞ չեք լսել… Թե՞ ձեզ փող պետք չէ… Ուստի կրկնում ենք` դուք դեմոկրատիա չե՞ք ուզում, դուք դեմոկրատ չե՞ք…
Դարձյալ եք հապաղում…
Օ քեյ, ուրեմն մենք կգանք ձեզ մոտ, կգանք ձեզ դեմոկրատացնելու, որպես առաջին քայլ` կգանք բարի խոսքով, բլիթներով, հյութերով, քաղցրավենիքով: Բայց եթե շարունակեք համառել, ժամանակ ձգել` ձեզ վրա արդեն կուղղվեն մեր թնդանոթների փողերը, այո, այնպես որ` արագացրեք…
Ի՞նչ (ականջը մոտեցնելով Խրտվիկի բերանին)… Դուք ձեր պատկերացումնե՞րն ունեք… Ծիծաղեցրիք, այ թե ծիծաղեցրիք… Նրանք իրենց պատկերացումներն ունեն, էլ ոնց կլիներ… Լռե՛ք, էլ չխոսեք… Այս ի՞նչ տարօրինակ են այս մարդիկ, իրենց համար ես անում` չեն ուզում, համառում են… Ձեր լավն ենք… ուզում, չէ՞, սա ակնառու է, ուստի մենք մեղք ունե՞նք, որ դուք չեք ցանկանում հասկանալ, ոտքներդ կախ եք գցել` այսպես ասած… Քաղաքակրթության առաջընթացի՞ն եք խոչընդոտում… Դե գիտե՞ք, սա արդեն աններելի է: Չնեղանաք, բայց մեր թնդանոթներն արդեն իսկ ձեզ վրա ենք ուղղելու, մեր ինքնաթիռները, մեր նավերը… Այո, ի՞նչ արած, ինքներդ եք ստիպում: Կասկածո՞ւմ եք, մե՞զ, մեր ծրագրերի՞ն, մեր գաղափարների՞ն… Դե ասում ենք, չէ՞, ասում ենք, որ բարբարոս եք, հնին կառչած բթամիտ բարբարոսներ: Ժամանակ չկա, նայեք` թե ինչ վիճակում է մեր խեղճ մոլորակը, մեր բռնաբարվող կենսոլորտը… Հո մե՞նք չենք արել, դո՛ւք եք հասցրել այս վիճակին, ձեր համառությամբ, ձեր բթությամբ: Ի՞նչ, մե՞նք ենք աղտոտում, մեր արտադրությո՞ւնը, մեր մեքենանե՞րը, մեր ինքնաթիռնե՞րը, նավե՞րը, թնդանոթնե՞րը… Հարգելիս, ականջներիդ օղ արեք, մեր արտադրությունը, մեր գործունեությունն առհասարակ, մաքուր է, անվնաս, ինչպես նորածնի շնչառություն, մեր թնդանոթները կրակում են` իսկի ծուխ դուրս չի գալիս… Այդ դուք եք` ձեր քարանձավային արտադրությամբ… Չեք արտադրո՞ւմ, ոչի՞նչ, համարյա՞ ոչինչ… Հոգ չէ, մե՛նք կանենք, կանենք` ձեզ էլ կթողնենք ինչ-որ բան… կօգնենք, բա ո՞նց: Հասկացեք, ձեր փրկությունը գլոբալացումն է, գլոբալացում, ազատականացում, դեմոկրատիա… Բացեք ձեր սահմանները, բացեք, մի վախեցեք… Դարձյալ կասկած ու վախ եմ տեսնում ձեր աչքերում… Ասեք, ասեք, մի պահեք… Նեոգաղութարարությո՞ւն… Վաուուու՜, այս ինչ եք խոսում, հարգելիս, միայն սա էր պակաս… Կատարյալ անմտություն է, ո՞վ է լցրել ձեր գլուխը, ինքնուրո՞ւյն… չեմ կարծում: Չկա այդպիսի բան, հարգելիս, չկա, վաղուց վերացված է: Չնեղանաք, բայց դուք պարզապես բութ կոճղ եք` անգլուխ, բայց արմատները դեռևս հողում պահած փտող կոճղ…
Ի՞նչ եղավ, է՛, նեղացա՞ք, չէ՞, հոգնեցի՞ք…
Լավ, փոքրիկ ընդմիջում անենք: (Սեղանը ցույց տալով). Ահա, թարմացնող ըմպելիք, համբուրգեր, պիցցա, հավի խրթխրթան թևիկներ, քաղցրավենիք… ընտրեք, վայելեք: Այս հաբն էլ կուլ տվեք, կուլ տվեք, անվնաս բան է, բայց կաշխուժացնի… Օ քեյ, շարունակում ենք:
Ապա լսեք, ձեր աչքերը կարող եք փակել, հենց միայն` աուդիոընկալմամբ, լսեք` Դեմոկրատացում… զգո՞ւմ եք հմայքը… Նորից` Դեմոկրատացում… Ազատականացում… Գլոբալացում… Պատկերացնելով լսեք, այսինքն` լսելով պատկերացրեք… Դեմոկրատացում… Հզոր է, չէ՞, խենթացնող է, չէ՞… Իսկ դուք ասում եք… Ի՞նչ էիք ասում… Ոչի՞նչ… Կեցցեք, խելքի եք գալիս ոնց որ: Ուրեմն, կրկնեմ` լիբերալ դեմոկրատիան, գլոբալացումն այլընտրանք չունեն, մի տանջեք ձեզ մտածելու վրա, մենք արդեն մանրամասնորեն մտածել, ճշտել-ճշգրտել ենք: Մեր առաջարկածը… Պարտադրանք չէ, առաջարկ է, չշփոթեք, թնդանոթներով ուղեկցվող, այո, բայց այդ թնդանոթները վաղը կարող են նաև ձերը դառնալ, պատկերացնո՞ւմ եք, հրաշալի է, չէ՞, գուցե ինքնաթիռ էլ տանք… Ուստի, մեր առաջարկը նախևառաջ ձեր փրկության համար է, հենց ձեր շահերից է բխում, թե չէ մեզ ի՞նչ, մենք ամեն բան էլ ունենք, ձե՛ր մասին ենք մտածում, մեզ ի վերուստ տրված առաքելությունն է` մտածել, հոգալ բոլորիդ մասին, կրտսեր եղբայրների` այսպես ասած: Ինչո՞ւ եք ծիծաղում… Եղբայր, խցկվել, լռվել-մնացել եք ձեր հազարամյա ազգային պատյանների մեջ, ինչների՞դ է, չեմ հասկանում, անկեղծ` չեմ հասկանում, լավ մտածեք, դուրս եկեք ձեր սարկոֆագներից ու լավ մտածեք` ինչների՞դ է, ի՞նչ է տալիս… Իսկ մեր առաջարկածն ամեն ինչ է տալիս, վայելե՛ք, սպառեք, շոպինգ, շոպինգ, շոպինգ… Թե չէ` ազգ, հայրենիք, երկիր, պատմություն, առասպել, ավանդույթ… Ծիծաղելի է, չէ՞… Չէ՞… Ծիծաղելի է, ծիծաղելի, դուք մեր բարձունքից եթե նայեք` կտեսնեք, որ ծիծաղելի է: Քիչ էլ մնա` կասեք եկեղեցի, հավատք… Ասացիք արդեն, աչքերից եմ տեսնում, նույնիսկ խաչակնքեցիք մտովի: Օ, մայ գադ, կփռթկամ հիմա: Աստված կա, չկա, չար, բարի… թողեք այդ անպտուղ մտահուզական չարչարանքը, հանգիստ թողեք, մոռացեք աստծուն, ազատ եղեք: Մարդու, անձի ազատություն, սա՛ է կարևոր, սրան ոչինչ չպետք է խոչընդոտի` եթե ուզում ես երջանիկ ապրել քեզ բաժին հասած կյանքը: Քեզնով զբաղվիր, եղբայր, քո կարիքներով, քո հոգսերով, սիրիր, կին սիրիր, տղամարդ սիրիր, կուզե՞ս` այծ սիրիր, հորթուկ սիրիր, խոճկոր… լավն է, չէ՞, խոճկորիկը, վարդագույն, թմբլիկ… կուզե՞ս` ռետինե մարմին սիրիր, փչովի, ջեռուցվող… Քո գործն է, քո անձնական խնդիրը, քո ինտիմը… (Գոռալով). Եվ ոչ ոք թող քիթը չխոթի իր հոտած, կեղծ բարոյապաշտական նկրտումներով, եթե խոճկորը դեմ չէ, այծը դեմ չէ` խնդրեմ, սիրիր, ոչ ոք քեզ դատելու իրավունք չունի: Վերջապես կարող ես սեռդ փոխել, մի խոժոռվիր, պատկերացրու, պատկերացրի՞ր… հրաշք է, չէ՞, երեկ տղամարդ էիր, այսօր` կին, տղամարդկային հաճույքները վայելել ես, հիմա էլ, խնդրեմ, կնոջային հաճույքները վայելիր. ընդգրկուն ապրիր, լիարյուն, ասա` ես ցանկանո՛ւմ եմ, ես կարո՛ղ եմ, և արարի՛ր… Թե չէ` աստված, Սատանա… Մոռացիր, չկա, վայելիր այն, ինչը կա, ինչը հնարավոր է, իսկ հնարավորություններիդ սահմանը մենք կընդարձակենք, համոզված եղիր, մենք կտանք քեզ լայն սպառման ազատությունը` վերցրու, սպառիր, վայելիր, զվարճացիր… Հետևեք մեզ, գրողը տանի, ինքներդ չեք ըմբռնում` մե՛զ հավատացեք, իսկ եթե չեք ուզում հավատալ` ուրեմն մեր… Մի սարսափիր, կատակում եմ, առայժմ: Սակայն նայիր` ինչ նրբագեղ են մեր թնդանոթները, կատարյալ ֆորմաներ, գրաֆիկա, դիզայն… ուտելու բան… Ուզես` դու էլ կունենաս, ասել եմ արդեն, կտանք` եթե մեր թիրախները համընկնեցնենք: Բա ո՞նց, թե չէ կպել ես քարերիդ, ասում ես` հարազատ են, իմն են, պապս է էստեղով անցել, նահապետս է էստեղ աղեղ ձգել` նետ արձակել… Պոկվիր, ազատվիր, մոռացիր` միֆեր, պատմություն, աստվածներ… Չէ, եթե շատ է կպած սրտիդ, դիր մի տեղ դարակների վրա, թող մնա, որ չտառապես, խաղաղվիր, էնտեղ են, թարեքներին ծերտի պես կպած, փոշիների մեջ, ծերանաս` կհանես, կպաչպչես, եթե ուզես իհարկե, բայց էլ չես ուզի, հավատա, զոմբին… Զոմբի` լավ իմաստով, այդպես մի նայիր… Օ քեյ, լավ, ուրիշ բան ասեմ` կոսմոպոլիտ, լավ է, չէ՞, ո՜նց է հնչում` ազատական կոսմոպոլիտ, աշխարհաքաղաքացի, աշխարհի անցուդարձի մասնակից… Անցիր-դարձիր, եղբայր, քեզ տալիս ենք այդ հնարավորությունը, գնա, շրջիր, որտեղ հավանեցիր` կանգ առ, մնա, ձանձրացա՞ր` նորից գնա, նորը տես, ուզեցիր ետ գաս` արի, թեև դժվար ուզես… Կարևորը` առողջ եղիր, բոլորի հետ ու բոլորի մեջ, ձուլվիր, համահարթվիր, մաքրիր ներսդ հնամենի աղբից, տեղ ազատիր նորի համար, թեթևության, վայելքների, հարմարավետության համար: Արի մեզ մոտ, հիվանդ, արի մեզ մոտ, քաղցած, արի մեզ մոտ, հոգնած, կբուժենք, կկերակրենք, կզվարճացնենք, և սպառիր, սպառիր, սպառիր…
Ընտանի՞ք… Դեհ, ինչ ասեմ… կարելի է, այո, ինչո՞ւ ոչ, ընտանիք… Բայց դե… Էլի հին պատկերացումների գերին եք մնում` կին, ամուսին, երեխա, ծնող, զառամյալ տատեր-պապեր, շռաններ-քաքլաններ, անդադար միմյանց վզից կախ, լալկան, բողոքող-պահանջող… Ինչների՞դ է, ազատ ապրեք, էլի, ի՞նչ եք ձեզ ընկղմում կապվածությունների ճահիճը: Ի դեպ, միասեռական ամուսնությունը կարող եք փորձել, նվազ հոգսաբեռն է, ընդամենը` զուգընկեր:
Ի՞նչ եղավ, ապուշացաք մի տեսակ… Հոգնեցի՞ք, դարձյա՞լ… Օ քեյ, հանգստացեք, ընդմիջում արեք, ահա` էներգետիկ ըմպելիք, արագ պատրաստվող կերակուր, համբուրգեր… Չաղացնո՞ւմ է… Ծիծաղելի բան եք ասում, պարոն, կաշի-ոսկորն է մնացել, դո՞ւք եք, որ չաղանալուց պիտի զգուշանաք, վերջապես չաղն ի՞նչ վատ է, չաղ ու բախտավոր` ձեր խոսքը չի՞ (հռհռում է)… Դե կեր, կեր-խմիր, հարգելիս, ամրացիր, առույգացիր, որ էլի շփվենք, դեռ ահագին տաշել-տաշտշելու տեղեր ունեք: Տեսնո՞ւմ եք, թե իմ թանկագին ժամանակը ոնց եմ շռայլում ձեզ վրա, գնահատե՛ք:
Պոպուլի՞զմ… Դա՞ որտեղից մեջտեղ բերեցիր, գլուխդ լեցուն է կարծրատիպերով, մնում-մնում` ինչ-որ բան դուրս ես նետում… Դե, ինչ ասեմ… կա, այո, կա, մերօրյա քաղաքականության ակտիվ դրսևորումներից է… Սակայն արատ չէ, անհրաժեշտ գործիքակազմ է: Առհասարակ` պիտի քննվի ստի էությունը, նոր մոտեցմամբ, այո, նոր, առաջադիմական մոտեցմամբ. հին կաղապարվածք է` թե սուտը սուտ է և վատ է բոլոր դեպքերում, և թե ճիշտը ճիշտ է և լավ է բոլոր դեպքերում, թե ճիշտը պիտի գովերգվի, սուտը պիտի պախարակվի, խարանվի ու նման բաներ: Հարկավոր է հասկանալ, թե խոսքը ինչ ստի մասին է, որ ստի, տարբերակել է պետք, կա սուտ և կա` սուտ: Վերջապես ի՞նչ է ճշմարտւթյունը, ինչ մի անանց արժեք է, որի համար կուրծք եք ծեծում… Այստեղ ևս, անշուշտ, անհրաժեշտ է հաշվի առնել ազատությունների սկզբունքը, յուրաքանչյուրի ազատ մեկնաբանության իրավունքը` թե՛ այսպես ասած ճշտի, թե՛ այսպես ասած ստի դեպքում: Կարծիքները կարող են տարբեր լինել, հաճախ` դիամետրալ, սակայն պետք է հարգվեն հավասարապես: Այնպես որ` սուտը կարող է ճիշտ լինել, ճիշտը` սուտ, նայած ով և որ կողմից է դիտարկում խնդիրը, նաև, որ շատ կարևոր է` հանուն ինչի, կարող է լինել սուտ` հանուն ճշմարտության… Պատմությո՞ւն… Պատմությունն ի՞նչ… Պատմությունն էլ նույն առաջադիմական մոտեցմամբ պիտի դիտարկվի, նորովի, բա ո՞նց: Կա, այո, կա մարդկության և թե բնության պատմության մի ինչ-որ չարչրկված առանցք, բայց դա չպետք է խոչընդոտ լինի, հո գերին չե՞նք, կրակը չե՞նք ընկել: Չէ, պատմությունները պիտի վերանայվեն, վերագրվեն, արդեն իսկ վերագրվում են, մենք պետք է տեսնենք` որքանո՞վ է պատմական այս կամ այն անցքը համապատասխանում, ծառայում մեր դեմոկրատական, ազատական, գլոբալական գաղափարներին ու ծրագրերին, պետք է ճշտվի, այո, այդպես մի նայեք, պիտի ճշտվի, ճշգրտվի… Ստվի՞… Դե մենք արդեն խոսեցինք, չէ՞, որ սուտը ճիշտ է և ճիշտը` սուտ, պատմությունը պետք է ճկուն գործիք լինի և ծառայի` ըստ իրադրության, իրադրությունը փոխվե՞ց, ուրի՞շ լուծում պահանջեց` կարելի է նորից ճշտել, հանուն խաղաղության, տոլերանտության, հանուն մարդու բարեկեցության, հանուն մարդու ազատությունների և իրավունքների… և ինչո՞ւ ոչ` նաև կենդանիների ազատությունների ու իրավունքների, խոսքը, այո, նաև բնության պատմությանն է վերաբերվում, նա էլ խոչընդոտ չպետք է հանդիսանա… Հո ձեռը կրակը չե՞նք ընկել:
Բթացար ոնց որ, պարոն… Ապա այս հաբն էլ խմի, խմի-խմի, ավելի բան կանի… կթարմացնի… Ահա… ապրես…
Ի՞նչ… Թվային մա՞րդ… Աչքիդ կիբորգնե՞ր երևացին: Թվային մարդ… Այ թե հնարել եք, սիրում եք պիտակել: Սակայն, թեկուզ այդպես, այո, թող լինի` թվային մարդ, ի՞նչ է եղել… Չէ՞ որ թիվը, օ՜, թիվը հրաշք է, հրաշալի վերացարկություն, որ ունակ է ռեալ մեծ գործեր կատարել, նոր, առաջադիմական, ապագային միտված: Այ դուք ասում եք` բառն էր ի սկզբանե և այն աստծուց էր, իսկ թիվը հետո էր ու` Սատանայից, ասում եք, չէ՞… Սակայն մենք վստահ ենք` նախ թիվն էր, թիվն էր ի սկզբանե, մարդը խոսելուց առաջ հաշվել է կարողացել, առանց խոսելու կապրեր, առանց հաշվելու` ոչ, այնպես չէ՞, ապա մտածեք… Մամոնտների հոտը տեսնելիս նա չի ասել` ՛՛Մամոնտ, մամոնտ…՛՛, հաշվել է: Թե չէ ասում եք` թվերի մեջ խճճված, թվային սարքերի էկրաններին սևեռված… Հա, ի՞նչ վատ է, մարդը շփվում է, տեղեկանում, խաղում, ինտելեկտը հարստացնում, դաստիարակվում նաև… Ուղղորդվո՞ւմ… Դեհ, անկեղծ լինենք, երբեմն ահրաժեշտ է, չուղղորդես` սխալ ուղղությամբ կգնա, գլխացավանքների մեջ կընկնենք, խնդիրներ կունենանք… Նայեք, նայեք նրան, ինքնամոռաց սոսնձված է, չես պոկի, ձեռքից առնես` կխելագարվի, բայց ինչո՞ւ առնես, նայեք` նա երջանիկ է… Նոր մարդն է, ժողովրդավարության, ազատականության, գլոբալացման պրոդուկտ, աշխարհաքաղաքացի: Նոր մարդը առաջադիմած մարդն է, նա չունի արմատներ, կտրել-ազատվել է, նա հասկացել է, որ ազգայինը երկրորդական է, տասներորդական է, հարյուրերորդական է, ազգային ինքնագիտակցություն, ազգային պետություն, ինքնիշխանություն ասվածը` ծիծաղելի հետամնացություն, դատարկաբանություն, կարևորը ազատությունն է, ինքն է կարևոր, ո՛չ անհատականությունը, ո՛չ, այլ իր պարզ գոյությունը, իր հարմարավետությունը, սպառման իր հնարավորությունները: Անտարբեր եսակենտրոն չէ, սխալվում եք, պարզապես քիթն ամեն տեղ չի խոթում անտեղի, բայց պետք եղավ` կարող է պայքարի ելնել, միայն մի թեթև հուշել է պետք, մի թեթև բզել` այսպես ասած, և նա կպոռթկա, կաղաղակի, կճչա` ՛՛ո՛չ կենսոլորտի աղտոտմանը՛՛, ՛՛ո՛չ պատերազմին՛՛… Բա ո՞նց… Ասեմ սակայն, որ, ցավոք, դեռևս հանդիպում են դեպքեր, երբ առանց պատերազմի ուղղակի անկարելի է, երբ պատերազմը պարզապես անհրաժեշտություն է: Եվ մեր նոր մարդը հասկանում է դա, կողմ է նման անհրաժեշտությանը, նա գիտակցում է` կա պատերազմ, և կա` պատերազմ, կա պատերազմ, որ ընդդեմ պատերազմի է…
Ի՞նչ եղավ, հարգելիս, ինչո՞ւ են արցունքվում ձեր աչուկները… պատերազմների պատճառո՞վ, խղճո՞ւմ եք մարդուն, մե՞ղք է… Օ մայ գադ, այս ի՜նչ սենտիմենտալ են այս հին ազգերը… Դե մի լացիր, մի լացիր, սիրելիս, ամեն բան լավ է լինելու… (Ճերմակ փոշի դեմ անելով). Ապա սա քաշիր քիթդ… Քաշիր` ասում եմ, համարձա՛կ, ես վատ բան չեմ տա… Անուուո՜ւշշշ… Լավ է, չէ՞… Դե գլուխդ մոտ բեր, դիր մեր լայն կրծքին… Դի՛ր, արի (սեղմելով կրծքին)… Մի ջղաձգվիր, արի, արի և մենք կմաքրենք աղբը քո գլխից, այսպես ասած` ռեստարտ կանենք, ֆորմատավորում… Թեթևանում ես, չէ՞, երջանկանում ես, չէ՞… Դե ժպտա, ժպտա, պստլիկս, տես, թե մեր կրծքին փարված մյուսները ոնց են ժպտում, լայն ժպտա, միշտ ժպտա, պահիր ժպիտդ, պահի՛ր, կեցցե՛ս…
Վերջ