Ծաղիկներ «Էլջերնոնի» համար․ մի քանի խոսք բեմադրության մասին / Արամ ԴՈՎԼԱԹՅԱՆ

Հուլիսի 27-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ևս մեկ անգամ բեմ բարձրացավ «Ծաղիկներ Էլջերնոնի համար» ներկայացումը: Պրեմիերան կայացել էր մայիսի 2-ին, և մեկ ամիս անց բեմադրությունը նույնպիսի բուռն ծափահարությունների արժանացավ՝ վերստին սրելով հանդիսատեսի հետաքրքրությունը ամերիկյան ժամանակակից գրականության այդ ինքնատիպ ստեղծագործության հանդեպ: 

    Պիեսի հիմքում Դենիել Քիզի համանուն վեպն է, որը Հայկ Ֆելեքյանի թարգմանությամբ 2016 թվականին լույս է տեսել «Անտարես» հրատարակչության կողմից և բավականին լայն տարածում գտել հայ ընթերցողի շրջանում: Վեպի հերոսը մտավոր անկումից դեպի զարգացում և ապա նորից դեպի անկում ընթացող Չարլի Գորդոնն է, ում կերպարում տեսնում ենք կաֆկայական «փոքրիկ մարդու» հավերժական մոդելը: Հերոսի՝ սոցիումի մասնիկ դառնալու և մարդկանց հետ հարաբերվելու խնդիրը բարձրաձայնում է այն բարոյաէթիկական հարցի մասին, թե արդյոք «խելացի» լինե՞լն է մարդկայնության կարևոր չափորոշիչը, թե՞ հենց բուն մարդկայնությունը:  

    Անդրադառնալով ներկայացմանը՝ պետք է նշել, որ վեպի ադապտացիան չէր հեռվացել սկզբնաղբյուրից, և պահպանվել էին հերոսների կերպարային բնութագրերն ու հիմնական սյուժետային գիծը: Բեմում պատկերված լաբորատորիայում տեսնում ենք բանտարկված Չարլի Գորդոնին (Արման Սիմիկյան) և մկնիկ Էլջերնոնին: Նրանք երկուսն էլ մեզ ներկայանում են իբրև «լաբորատոր փորձարարական կենդանիներ», որոնց շնորհիվ պետք է իրականություն դառնա գիտական առաջընթացի ևս մի նվաճումը:   

    Տեխնոլոգիական զարգացման հետևանքների և մարդկային բնության ձևափոխումները դրանցով պայմանավորելու խնդիրը գիտաֆանտաստիկ ժանրի ստեղծագործություններին հատուկ հոռետեսությամբ է ցույց տվել ռեժիսոր Սամսոն Մովսիսյանը՝ ներկայացման ամենասկզբից շեշտադրությունը դնելով Չարլիի ապագա կործանման անխուսափելիության վրա: Նույնիսկ սկզբնաղբյուրին անծանոթ հանդիսականների պարագայում լաբորատորիայի ճնշող միջավայրը, որտեղ տեսնում ենք Չարլիի անկողինը, Էլջերնոնի վանդակը, փակ պատուհաններն ու այդ ամենին կից բժիշկների աշխատասենյակն ի սկզբանե տպավորություն էին ձևավորել, որ ավարտը հուզիչ, միաժամանակ՝ չափազանց ցավոտ է լինելու: 

    Դերասան-հանդիսատես կապին նույնպես ոչ պակաս ուշադրություն էր դարձված՝ հաշվի առնելով, որ իր օրագրային գրառումներն ուղիղ խոսքով մեզ է ներկայացնում հենց ինքը՝ Չարլին: Չորրորդ պատը կոտրում է նաև դոկտոր Նեմուրը (Սերգեյ Ոսկանյան), ով հավաքվածներին է ներկայացնում գիտափորձի արդյունքները: 

    Գլխավոր դերակատարի՝ Արման Սիմիկյանի մասին ավելորդ չէ նշել, որ նա առավելագույնս լիարժեք փոխանցում է Չարլիի կերպարին բնորոշ թե՛ երգիծականությունը, թե՛ հուզականությունը: «Փոքրիկ մարդու» այդ կերպարը մտածելու տեղիք է տալիս՝ ծաղրանք և խղճահարություն հասկացություններն արդյոք նո՞ւյնը չեն: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ո՛ր հոգեվիճակն էր Չարլիի համար առավել նախընտրելի՝ լինել խելացի ու միայնա՞կ, թե՞ մտավոր հետամնաց ու մարդկանցով շրջապատված, իսկ միգուցե վերստին տկարամիտ դառնալը տեղ-տեղ նաև փրկությո՞ւն էր նրա համար, ողբերգական փրկություն, որը ենթադրում էր միայնության հաղթահարում՝ ծաղրի առարկայի վերածվելու պայմանով: Մարդկանց ուշադրությանն արժանանալու համար երբեմն պետք է մոռանաս ինքդ քեզ: Չարլին, նույնիսկ երբ մոռանում է այն մասին, որ մոռանալու է, թվում է, թե լոկ ցավի մասին չհիշելու ծանր միջոցով է «բուժվում» ցավից: Բուժում՝ ինքնամոռացության ծանր գնով…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։