ԹԱՏՐՈՆԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ /Գագիկ ՇԻՐՄԱԶԱՆ

Դեռևս 1883 թվականի փետրվարի 28-ին Ստեփանավանում տեղակայված Կուբանի կազակական գնդի սպաները Լոռու հայոց և ռուսաց ուսումնարանների համար  թատերական ներկայացումով են հանդես եկել: Նախաձեռնողները եղել են բժիշկ Պապլավսկին և պորուչիկ Պռոսկուրյակովը։ Ցավոք, պատմական աղբյուրները չեն նշում ներկայացման անվանումը և պիեսի հեղինակին: Այնուհանդերձ, գյուղաքաղաքում մշակութային կյանքը ստացել է իր հետագա զարգացումը և 1886 թ. հուլիսի 28-ին մի քանի թատերասերներ Մամիկոնյան ազգանունով ստեփանավանցի մի տիկնոջ աջակցությամբ, ով, պետք է ենթադրել, ազնվական ու մեծահարուստ է եղել, բարեգործական նպատակով ներկայացրել են Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» (Շուշանիկ՝ Հ․ Արշերյան, Կակուլի՝ Ս․ Տեր-Սարգսյան, Գիքո՝ Ն․ Հարութիունյան, Պեպո՝ Ա․ Սահակյան): Ստեփանավանը այն տարիներին սերտորեն կապված է եղել Թիֆլիս քաղաքի, նրա վաճառականների հետ, ծանոթ է եղել քաղաքային անցուդարձին, ուստի պատահական չէ, որ կատակերգությունը գրելուց 16 տարի անց այն բեմադրվել է հենց  Ստեփանավանում: Այդ տարիներին առանձնակի  ակտիվություն է նկատվում գյուղաքաղաքի թատերական կյանքում և արդեն 1887 թ. օգոստոսի 9-ին ամուսիններ Աբրահամյանները, տեղացի թատերասերների մասնակցությամբ, ներկայացրել են  պոլսահայ  բանաստեղծ և դրամատուրգ Թովմաս Թերզյանի «Սանդուխտ» ողբերգությունը և «Պեպոյի տկճորը» ներկայացումները: Եթե ողբերգության հետ ամեն ինչ կարծես թե պարզ է, քանի որ այն արևմտահայ դրամատուրգիայի առավել բեմադրած պիեսներից էր, ապա երկրորդ ներկայացման վերաբերյալ կարելի է ենթադրել, որ հնարավոր է՝ այն «Պեպո»-ի յուրահատուկ մեկնաբանությամբ է ներկայացվել: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանավանի զինվորական ակումբի դահլիճում բեմադրվել է «Արշակ Բ» ողբերգությունը: Հնարավոր է, որ այդ ողբերգությունը նույնպես Թովմաս Թերզյանինն է, քանի որ վերջինս գրել է հայկական առաջին օպերայի՝ «Արշակ Բ»-ի լիբրետոն, իսկ հետագայում տպագրել է «Արշակ Բ» երկը:  Այդ ժամանակահատվածում դերասան Աբրահամյանը և դերասանուհի Ֆասուլաճյանը, ստեփանավանցի թատերասերների մասնակցությամբ, խաղացել են «Կախարդական պրինց» և «Կըրթ-կըրթ» պիեսները: Ստեփանավանի, ինչպես նաև «Նոր դար» և «Մշակ» թերթերի պահոցային տվյալները այդ ներկայացումների և ստորև նշվող որոշ ներկայացումների վերաբերյալ այլ տեղեկություններ չեն պարունակում:

            Դարասկզբին՝ 1903 թ. հունիս-հուլիս ամիսներին, դերասան Մարիկյանը տեղի սիրողական երիտասարդների հետ բեմադրել է «Զոհի փոխարեն զոհ», «Ասլան Բալասի», «Ադամ ու Եվա», «Գասպար Ամի» և Ալեքսանդր Աբելյանի «Միկիչի հարսանիքը» ներկայացումները։ Հետաքրքիր է, որ «Ասլան Բալասի» անվան տակ բեկանացվել է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի»  վեպը, ըստ որի 1860-ական թվականներին գրվել է Պերճ Պռոշյանի «Աղասի» բեմականացումը: Ուշագրավ է, որ հատուկ մշակութային մթնոլորտ է ստեղծվել ներկայացումների ընդմիջումներին՝ Անուշավան Թումանյանցի քառաձայն երգչախմբի կատարումների շնորհիվ:

Ուշագրավ է, որ պահոցային տվյալներում հաճախակի նշվում է, որ բեմադրություններն իրականացրել են առանձին դերասաններ, իսկ այդ թվականների ռեժիսորների մասին ոչինչ չի ասվում: Այսպես, 1908 թ. հուլիսի 24-ին դերասան Սանթուրճյանը, տեղացի թատերասերների մասնակցությամբ, հայոց դպրոցի դահլիճում խաղացել է Շիրվանզադեյի 4 գործողությամբ «Պատվի համար» դրաման, իսկ վերջում միայն սիրողները խաղացել են ռուսերեն լեզվով Ժուկովսկու «Աչքակապուկ» և Չեխովի «Առաջարկություն» վոդեվիլները (դերասաններ Գալազյան, Ա․ Աբովյան, Ս․ Երզնկյան, Պ․ Ներսիսյան, Ա․ Թումանյան, Ս․ Զոհրաբյան, ռուսներից՝ Լիզկուսը)։ Հարկ է նշել, որ Ստեփանավանում դեռևս 1879 թ. Տիգրան Տեր-Դավթյանի կողմից բացվել էր քառամյա երկսեռ դպրոց, որը բացումից երկու ամիս անց արդեն հռչակվել էր որպես Լոռվա գավառի միակ բարեկարգ դպրոցը և որտեղ սովորել էր Մեծ Լոռեցին՝ Հովհաննես Թումանյանը: Անուշավան Աբովյանը «Լևոնի հեքիաթը» գրքում մանրամասն նկարագրում է, ինչպես են իրենք՝ Տիգրան Տեր-Դավթյանի դպրոցի սաները (հավանաբար 1881 թվականին) բեմադրել երկու գործողությամբ ներկայացում:

            Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից Ստեփանավանում տեղակայված զորամասը տեղափոխվել է Էրզրումի ռազմաճակատ և զիվորական ակումբում պարբերաբար, հատկապես ռուսերեն լեզվով,  բեմականացումները դադարեցվել են:

            Այնուհանդերձ, Հայաստանի խորհրդայնացումից հետո նախկինում ձևավորված ստեփանավանյան թատերական ավանդույթները շարունակվել են, ստեղծվել է ժողովրդական թատրոն, որտեղ  1925 թ. հուլիսի 5-ի երեկոյան, պիոներական կազմակերպության 4-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում խաղացվել է «Կովկասի տերեր» պիեսը։

            Անցյալ դարի 20-ական թվականներին մշակութային սերտ կապեր են հաստատվել Ստեփանավանի ժողովրդական թատրոնի և Ռուսաստանի որոշ թատերական խմբերի միջև, որի շնորհիվ, օրինակ, 1926 թ., 5 օր անընդմեջ, Ստեփանավանում է գտնվել մոսկվացի դերասան Կոժեվնիկովի դրամատիկական խումբը, որը հետաքրքիր ներկայացումներ է տվել քաղաքի թատերասեր բնակիչների համար:

Ստեփանավանի թատերասեր հասարակությունը մեծ ոգևորությամբ ողջունել է քաղաքում, 1934 թ., պետական թատրոնի բացումը, որը ընդհատումներով, իսկ 1937-ից հետո՝ առանց ընդհատումների, ակտիվ գործել է մինչև 1957 թվականը:

1937-ի հունիսին տեղի դերասանական կազմը, մասնակցությամբ վաստակավոր դերասան Բ. Մուրադյանի, դերասաններ Գ. Թավրիզյանի և Մ. Թավրիզյանի, բեմադրել են Նար-Դոսի «Սպանված աղավնի» դրաման 4 գործողությամբ: Նոյեմբերին ռեժիսոր, գեղմասվար, դերասան Արամայիս Կայծունու (թատրոնը գլխավորել է մինչև 1941 թվականի ապրիլ ամիսը) կողմից բեմադրվել է Կորնելյուկի «Պլատոն Կրեչետ» պիեսը, իսկ դեկտեմբերին բեմադրվել է «Պեպո»-ն (դերասաններ Ա. Բադալյան, Հ. Ծովիկյան, Աղվան Վիրաբյան, Մարիկյան, Ա. Գրիգորյան, Ս. Խանբեգյան, Խորենյան, Մարիկյան, Կարգանյան):

            Ստեփանավան հաճախակի են եկել հայ բեմի անվանի դերասաններ: Այսպես, 1937 թ. ԽՍՀՄ ժողովրդական դերասան Ավետ Ավետիսյանի և ժողովրդական դերասանուհի Հասմիկի մասնակցությամբ Ստեփանավանի պետական թատրոնում ներկայացվել են   Գ․ Սունդուկյանի «Պեպո» և «Խաթաբալա» պիեսները, իսկ հաջորդ՝  

1938-ի մարտի 26-ից 30-ը ՀԽՍՀ ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանի մասնակցությամբ բեմադրվել են «Կույր երաժիշտը», «Աննա Քրիստի» և «Բաղդասար Աղբար» պիեսները: Տեղի դերասաններից աչքի են ընկել Հրաչուկը (Հ. Վարթազարյան), Հ. Ծովիկյանը, Ս. Մելքոնյանը, Ս. Գրիգորյանը: Ձևավորումը կատարել է երիտասարդ նկարիչ Թորգոմ Պողոսյանը: Նույն սեպտեմբերին շրջանային թերթը հաղորդել է թատերաշրջանի փակման մասին, որի ընթացքում բեմադրվել է 97 ներկայացում: Նոյեմբերին Ա. Իբրահիմովի «Հայաթ» պիեսի բեմադրմամբ սկսվել է նոր թատերաշրջան, որի համար Բաքվից և Երևանից հրավիրվել են Մանուկզադեն, Մ. Մսրյանը, Ռոզա Լենկովսկայան: Հայտնվել է, որ նոր թատերաշրջանում շրջկենտրոնում բեմադրվելու են 80 ներկայացում, իսկ գյուղերում՝ 70-ը, հրավիրվելու են Հրաչյա Ներսիսյանը, Սուրեն Քոչարյանը, պետք է վաճառվեն մշտական տոմսեր: Այս տարիներին դպրոցահասակ ստեփանավանցի Սոս Սարգսյանը իր նորամուտն է կատարել  թատրոնում:

            Գնահատելով Ստեփանավանի թատրոնի եռանդուն գործունեությունը և հյուրախաղերի մեկնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ 1938 թվականին Ստեփանավանի պետական թատրոնին ավտոբուս է հատկացվել:

Ստեփանավանի պետական թատրոնի դերասանները 1938 թվականին, թատրոնին հատկացված ավտոբուսի կողքին:

            1946 թ. սկսվել է նախկին քանդված ռուսական Սուրբ Գեորգիի եկեղեցու տարածքում Ստեփանավանի կուլտուրայի պալատի շինարարությունը: Ի դեպ, այդ ռուսական եկեղեցում է նշանադրվել ռուս օկուլտիստ, փիլիսոփա և գրող, 1875 թ. թեոսոֆյան հասարակության հիմնադիրներից մեկը՝  Ելենա Բլավատսկայան:

            Մշակույթի պալատի շենքը շահագործման է հանձնվել 1951 թ. 600 նստատեղով և պտտվող բեմով: Այդ նույն թվականին Ստեփանավանի պետական թատրոնը ցուցադրել է Մոլիերի «Տարտյուֆ» կատակերգությունը, որը բեմադրել է Երևանի պետական թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի դիպլոմանտ Երվանդ Մանարյանը:

            Ստեփանավանը հին ու նոր տարբեր, այդ թվում՝ մշակութային կապերով սերտորեն միշտ կապված է եղել Կիրովականի (Վանաձոր) հետ: Այդ հանգամանքով, 1952 թվականին նորակառույց  թատրոնում Կիրովականի Հ. Աբելյանի անվան թատրոնի հետ Ստեփանավանում հյուրախաղերի ժամանակ Վահրամ Փափազյանը հանդես է եկել Շեքսպիրի «Օթելլո» և Շիլլերի «Ավազակներ» պիեսների գլխավոր դերերով: Ստեփանավանցիները արտակարգ ջերմությամբ են վերաբերվել ԽՍՀՄ ժողովրդական դերասան Հրաչյա Ներսիսյանի նկատմամբ և երբ նա հաճախել է այս գողտրիկ քաղաքը, նրան մշտապես հրավիրել են տարբեր խնջույքների: 1955 թ. Ստեփանավանի թատրոնում մեծանուն դերասանը հանդես է եկել Շեքսպիրի «Օթելլո» և Հ. Պարոնյանի «Պաղտասար աղբար» ներկայացումների գլխավոր դերերում:

Շուրջ 20 տարի գործելուց հետո Ստեփանավանի պետական թատրոնը ստացել է ինքնագործ խմբի՝ ժողովրդական թատրոնի կարգավիճակ: Եվ չնայած դրան, թատրոնը շարունակել է ակտիվ գործել, իր հանդիսատեսին ներկայացնելով նոր ու հետաքրքիր ներկայացումներ:

            1958 թ. օգոստոսի 15-ից 25-ը Ստեփանավանի թատրոնի շենքում ելույթ են ունեցել հյուրախաղերի ժամանած ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Գոհար Գասպարյանը և Տաթևիկ Սազանդարյանը, իսկ նույն  ժամանակահատվածում Սպենդիարյանի անվան պետական օպերայի և բալետի թատրոնում կայացել են Ստեփանավանի թատրոնի հյուրախաղերը:

            1959 թվականին Ստեփանավանի թատրոնի երկարամյա ռեժիսոր Սերգեյ Խանբեկյանը բեմադրել է Ջիակոմետտոյի «Ոճրագործի ընտանիքը» դրաման: Մի քանի օր անց Կորրադոյի դերում հանդես է եկել ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վահրամ Փափազյանը, որի պատվին Ստեփանավանի քաղսովետի գործկոմի նախագահ Ժիրայր Մովսիսյանը կազմակերպել է հատուկ ընդունելություն, ապա թատրոնի դերասանների հետ ուղեկցել է Փափազյանին մինչև Ստեփանավանի օդանավակայան, որտեղից էլ վերջինս մեկնել է Երևան:

Նկարում ձախից աջ՝ Լիլյա Վարթազարյան, բեմական իրերի ֆոնդապահը, Մարուսյա Մելքոնյան, Վ. Փափազյան, Հրաչուկ Վարթազարյան, Դոնարա Ջաղինյան, Կարինե Մելիքսեթյան, Հրայր Օճուրյան: Նստած է թատրոնի ռեժիսոր Սերգեյ Խանբեկյանը: Վ. Փափազյանից աջ կանգնած է Ստեփանավանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Ժիրայր Մովսիսյանը: (Լուսանկարը՝ Արմեն Տեր-Մովսիսյանի անձնական պահոցից):

1959-ին հանրապետական 2-րդ ստուգատեսին Ստեփանավանի ժողովրդական թատրոնը ներկայացրել է Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգությունը, որի համար արժանացել է  2-րդ մրցանակի և պարգևատրման՝ 4000 ռուբլով:

            1964 թ. սեպտեմբերի 21-ից 28-ը Մոսկվայում՝ Կրեմլյան թատրոնի գեղարվեստական ակադեմիական թատրոնի մասնաճյուղում, Ստեփանավանի ժողովրդական թատրոնը ներկայացրել է Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ» ներկայացումը (ռեժիսոր՝ Ս․ Խամբեկյան, նկարիչ՝ Թ․ Պողոսյան), որում փայլուն հանդես են եկել ստեփանավանցի դերասանները, իսկ նոյեմբերի 4-ին Մոսկվայում այդ ներկայուցումով հյուրախաղերի համար Ժողովրդական թատրոնը պարգևատրվել է ՀՍՍՌ Գերագույն Սովետի պատվոգրով։

            Ստեփանավանի թատրոնը շարունակել է ակտիվ գործել ընդհուպ մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը, որի ժամանակ  ավերվել է  մշակույթի պալատի շենքը: 2009 թ. շենքը վերանորոգվել է, որը սակայն անցած տարիների ընթացքում անբարեկարգ տեսք է ստացել և հիմնանորագման կարիք է առաջացել:

            Ներկայում, շնորվիվ պետության  և Ստեփանավան համայնքի ներդրումների,  հիմնովին վերանորոգվում է Ստեփանավանի մշակույթի պալատը, նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա վերջին, ինչին սրտատրոփ սպասում են բոլոր ստեփանավանցիները, միմյանց, հարցնելով. «Կարող ա՞ թատրոնն էլ վերականգնեն»…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։