IN MEMORIAM / Սամվել Խալաթյան
Առաջին անգամ քո մասին պիտի գրեմ անցյալով…
Չասեմ՝ դժվար է: Անկարելիից անդին է:
Մեզ կապող դրամատուրգիայի՝ ԱԶԳԱՅԻՆ ճակատագրի մասին մեր խոսքուզրույցները…
Հերթական պիեսիդ սպասումը և ստանալ-կարդալուց հետո քեզ զանգելու անհամբերությունը…
Դժվարին պահերին հարազատի հոգածությամբ իրար թիկունք կանգնելը…
Միմյանց հաջողությամբ անկեղծորեն ուրախանալը…
՛՛Դրամատուրգիա՛՛ հանդեսի գոյության առաջին օրերից
հանդեսի սպասված, մշտական ու հավատարիմ հեղինակ լինելը…
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ՝ նշանային անուն արդի հայ դրամատուրգիայում.
Քո ներկայությունը կա ու կշարունակվեի հայ բեմում և այստեղ՝
քո հարազատ ՛՛Դրամատուրգիայի՛՛ էջերում…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Այս ՛՛Մեկ հարցով հարցազրույցը՛՛ արվել է 2022 թվականի սեպտեմբերի 6-ին, թեման, ինչպես միշտ, ազգային թատրոնն ու ազգային դրամատուրգիան… Խոսքի ավարտին Սամվելը, իրեն հատուկ ոճով, ՛՛ձեռնոց նետեց բեմադրիչներին՝ ՛՛ Դե, ի՞նչ, թանկագին բեմադրիչներ, ձեզնից մեկը կցանկանա՞ սա բեմադրել, չէ՞ որ դուք ժամանակակից հայ դրամատուրգի ժամանակի շունչ ունեցող պիես եք փնտրում՛՛:
Եվ ընդամենը ամիսներ անց՝ դեկտեմբերին Կապանի դրամատիկական թատրոնում Հակոբ Ղազանչյանը բեմադրեց ՛՛Վերջին ծաղրածուն՛՛՝ Քո՛ ասելիքով ու Բեմադրիչի վարպետությամբ…
ՍԱՄՎԵԼ ԽԱԼԱԹՅԱՆ
ՇԵՔՍՊԻՐ ՓՆՏՐԵԼՈՒՑ ԱՌԱՋ ՆԱԽ «ԳԼՈԲՈՒՍ» ԹԱՏՐՈՆ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱԼ
Միշտ եմ ասել՝ դրամատուրգի համար պիեսի բեմադրությունը աղջիկ մարդու տալու պես բան է: Գնա՞ց, էլ քոնը չէ, ինքն իր ընտանիքն ունի՝ իր հարազատներով, սիրելիներով, իսկ դու, որպես հորական տուն, սառն աղբյուր ես նրա համար: Թե որքանով հաջող կլինի այդ «ամուսնությունը»՝ ճակատագրի հարց է: Թագավորի ուզեց՝ թագուհի կդառնա, նախրապանի՝ կթվորուհի:
Բայց ի՞նչ անել, երբ շեն-շնորհքով աղջիկդ տանն է մնում, որովհետև փեսացուները խելքները տալիս են Տանյա-Մանյաների, Ջենիֆերների կամ Ալիզների: «Աղջիկ մարդու տալն էլ մե փեշակ է»,- կասեր դասականը: Անշուշտ, ունենք բեմադրիչներ, ճշմարիտ արվեստագետներ, ովքեր արդի հայ դրամատուրգների լավագույն թատերագրություններին բեմական կյանք են տալիս: Սակայն մեծ մասը եվրոռուսական դրամատուրգիայի դռներն են ընկած և միջոցներ ու ժամանակ մսխելով բեմադրություններ են անում իրե՛նց համար և ոչ թե հանդիսատեսի: Ես շեշտում եմ վերջին բառը, որովհետև թատրոնի հանդիսատեսը հանրության էլիտար շերտն է և, իրավամբ, թատրոնն իր բեմականացումները հասցեագրում է նրան: Այսօր թատերասեր հանրությունը ևս ապրում է ժողովրդին պատած տագնապներով, հուզումներով, կորստի ցավով, ապագայի նկատմամբ հուսահատությամբ… Եվ եթե նկատի ունենանք, որ հանրության գիտակից, բարձրաճաշակ շերտը ամբոխի մեջ անգամ ունի կողմնացույցի իր դերը, ապա է՛լ ավելի է կարևորվում արվեստագետի պարտքի և պատասխանատվության պահանջը՝ ոգեղեն ուժ ներարկելու նրանց: Այս գործում թատրոնի դերն ու առաքելությունը անփոխարինելի են: Քանակի տոկոսային հարաբերությամբ դրամատուրգներն այդ պատասխանատվությունն ավելի են կարևորում, քան բեմադրիչները:
Պարզունակ մտածող մեր բեմադրիչներին, որոնք փոքր թիվ չեն կազմում, թվում է, թե դրանով իրենց մղում են դեպի ագիտթատրոն: Քավ լիցի: Նրանցից ակնկալիքը մեկն է՝ ծառայեցնել իրենց տաղանդը ազգային թատրոնի ազգայի՛ն դիմագիծը պահպանելու և զարգացնելու համար, քանզի համամարդկային արժեքներն արարվում ու պահպանվում են ոչ թե ուրիշներինը պատճենելով կամ նրանց կապկելով, այլ ժամանակի պահանջով ստեղծած քո ազգային արվեստը համամարդկային արժեքի հասցնելով: Ուսումնասիրեք թեկուզ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եվրոպական թատրոնների փորձը, ավերված երկրի՝ հուսալքված գերմանացիների փորձը, երբ ամեն մի բեմադրություն յուրօրինակ բանավեճ էր հակամարդկային ու հակազգային գաղափարախոսության հետ, իսկ դասականները ներկայացվում էին ժամանակակից հնչեղությամբ՝ արդիական բարոյահոգեբանական խնդիրները վեր հանելու սկզբունքով: Համեմատեք և կտեսնեք, թե որքա՜ն ենք հեռու մենք՝ մեր թատրոնի այսօրվա կենսական խնդիրներից, և որքան հեռու են ստեղծվող պատճենումները՝ հայ ժամանակակից կոչվելուց:
Անիրական է բեմադրիչների դժգոհությունը, թե՝ մեզանում չկան տաղանդավոր դրամատուրգներ: Ժամանակակից դրամատուրգների մեջ Շեքսպիր փնտրելուց առաջ նախ «Գլոբուս» թատրոն է պետք ունենալ:
Թատրոն-դրամատուրգ հավերժական վեճի հայկական տարբերակում, կարծում եմ, պետք է շեշտադրվի ոչ թե ժամանակակից դրամատուրգների գործերը գլխովին կամ շատ բեմադրելու պահանջ, դա սխալ ու շատ տխուր վիճակի կհանգեցներ, այլ բեմադրիչներից մեծ մասի, հատկապես երիտասարդների կողմից դրսևորվող՝ հայ արդի թատերգրության նկատմամբ քամահրանքի քաղքենիական կարծրատիպի վերացումը: Նախատրամադրվածությունը, թե՝ եթե հայ գրող ես, ուրեմն քո տաղանդով ու ասելիքով զիջում ես արևմտյան հեղինակներին, մոլորություն է:
Այս իրավճակում բնական է, որ մեր «շեն-շնորհքով աղջիկները» տանն են մնում:
Ինչպես ամեն մի հայ դրամատուրգ, ես էլ ունեմ մի քանի «տանը մնացածներ», բայց ուզում եմ խոսել հատկապես իմ «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիայի մասին:
Սա շատ հետաքրքիր ճակատագիր ունի: Գրվել է 2000 թվականին, 2001 թ.-ին հրատարակվել է «Դրամատուրգիա» հանդեսում, 2004-ին SIBIU միջազգային թատերական փառատոնի կողմից համարվել է լավագույն պիեսներից մեկը և անգլերեն ու ռումիներեն լեզուներով հրատարակվել Եվրոպայի տարվա լավագույնը ճանաչված դրամատուրգների Անթոլոգիայում, 2005 թ.-ին լույս է տեսել առանձին գրքով, 2006-ին հրատարակվել է «Ժամանակակից հայկական դրամա» անթոլոգիայում՝ անգլերեն, 2008 թ.-ին, առանձին գրքով լույս է տեսել Թեհրանում՝ պարսկերեն, 2019-ին՝ Վարշավայում, «Արդի հայ դրամատուրգիա» անթոլոգիայում՝ լեհերեն, թարգմանվել է նաև ռուսերեն, ֆրանսերեն և տեղ գտել ժանրային էլեկտրոնային գրադարաններում և այլն:
Բեմադրիչներից առաջինը, ով ուշադրության դարձրեց այս պիեսին՝ լուսահոգի Ալբերտ Մկրտչյանն էր: 2004 թվականին պիեսը բեմադրվեց «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում: Սակայն 2-3 ներկայացումից հետո, թե՛ ես, և թե՛ ինքը համոզվեցինք, որ բեմադրությունը չի ստացվել և որոշեցինք հանել խաղացանկից:
2019-ին «Վերջին ծաղրածուն» արժանացել էր Մարսելի «Տուրսկի թատրոնի» տնօրեն, բեմադրիչ և դերասան Ռիշար Մարտենի ուշադրությանը: Մեր նամակագրությունից ինձ համար պարզ դարձավ, որ հանրահայտ բեմադրիչը պիեսի բեմականացումը պատկերացնում է այդ օրերին Ֆրանսիայում ծայր առած «Դեղին բաճկոնների» շարժման և տրանսգենդերների նկատմամբ դրական դրսևորումներով, որոնց ես վճռականորեն դեմ էի և խնդրեցի պիեսը չբեմադրել:
Այսպես, չնայած «մարդամեջ» դուրս գալուն, «Վերջին ծաղրածուն» տրագիկոմեդիան, արդեն 22 տարի, սպասում է իր բեմադրիչին: Ինչո՞ւ: Ուղղակի ասեմ՝ պիեսը բեմական մեկնաբանության բազմաշերտ խորություններ ունի, որոնք կարող են հաղթահարվել միայն տաղանդավոր բեմադրիչի և նույնքան շնորհաշատ դերակատարների թիմով: Եղել են բեմադրելու ցանկություն ունեցող այդպիսի ռեժիսորներ, բայց նրանք դերակատարների ընտրության փակուղում են հայտնվել: Սա այն գործերից է, որի բեմադրությունը կամ շատ հաջողված է լինում, կամ տապալվում է: Երրորդ տարբերակը՝ «Հա, դե ոչինչ, լավն էր», «Բան չասինք…», «Վատը չէր» և այլն, բացառված է:
Ի՞նչ է իրենից ներկայացնում այդ պիեսը: Թագավորը վճիռ է արձակում լուսադեմին գլխատել տաղանդավոր բանաստեղծին, ով իր հասցեին ծաղրալից բանաստեղծություններ է գրում: Այդ վճռի հետ համաձայն չեն Թագուհին և մշտապես գահի տակ ծվարող Ծաղրածուն: Թալանից կեղեքվող ժողովուրդն ըմբոստանում է, հարևան երկիրն իր պարտքը ետ է պահանջում, Թագուհին, վիճելով բռնակալ ամուսնու հետ, ինքնասպան է լինում, սակայն խորամանկ ու նենգ թագավորը կարողանում է ձեռնածություններով դուրս գալ նեղ վիճակներից: Հետզհետե բացահայտվում է քստմնելի, վախկոտ, շահամոլ, եսասեր ու խաբեբա բռնակալի էությունը, ով պատրաստ է զոհել ամեն մեկին ու ամեն ինչ, միայն թե պահպանի իր թագն ու գահը: Հանուն դրա նա զոհում է անմեղ մարդկանց, պաշտոններ է տալիս էությամբ դահիճների, հարևան երկրին առաջարկում է պատերազմել և խոստանում գումարի դիմաց տարածքներ զիջել ու պարտվել: Եվ դեռ՝ «Ժողովրդի ծանր վիճակն իր բացատրությունը կունենա։ Պատերազմում տանուլ տալուց հետո այդ ո՞ր երկիրն է բարգավաճ ապրում…»,-մտորում է նա:
Պիեսի երկրորդ (բայց ոչ երկրորդական) գլխավոր կերպարը Ծաղրածուն է: Նա միմոսաբար բանավիճում, հակառակվում է թագավորին, միաժամանակ գիտակցում, որ Արքան իր էությամբ բռնակալ խեղկատակ է.
ԾԱՂՐԱԾՈՒ — Ամեն մի տիրակալի մեջ մի համբակ կա, մեկի մեջ՝ մե՜ծ, մյուսի մեջ՝ փոքր։ Իսկական տիրակալները իշխանության ուժով քողարկում են իրենց համբակին, մինչդեռ համբակները, սի՜ն փառամոլությամբ, ցուցադրում են իրենց միջի արքային։
ԱՐՔԱ — (լսածի վրա խորհում է։ Դավադիր)։ Իմ մեջի համբակը մե՞ծ է։
ԾԱՂՐԱԾՈՒ — Դու բացառություն ես։ Քո մեջինը համբակ չէ։
ԱՐՔԱ — (այնպիսի անհամբերությամբ, ասես ճշտում է՝ գիտե՞ն իր գաղտնիքը)։ Ի՞նչ է… իմ մեջինն ի՞նչ է։
ԾԱՂՐԱԾՈՒ — Ծաղրածու։
ԱՐՔԱ — Հըմ։ Իսկ քո միջի՞նը։
ԾԱՂՐԱԾՈՒ — Արքա՜ է։
Ծաղրածուն կատակ չի անում: Եվ ինչո՞ւ նա չհավակնի թագին, երբ տեսնում է, որ գահի վրա նստածը նույնպես ծաղրածու է:
Թագավորը վճռում է սպանել նրան: Վերջինս, գուշակելով թագավորի մտադրությունը, մենամարտում ու մահացու վիրավորում է թագավորին, հագնում նրա թիկնոցը:
Պատմողականությունից խուսափելով, որոշ կրճատումներով, մեջբերեմ պիեսի վերջին տեսարանը:
ԱՐՔԱ — (երերում է)։ Ծաղրածուն սպանեց իր թագավորին…
ԾԱՂՐԱԾՈՒ — (մոլեգին հրճվանքով)։ Ո՜չ… Թագավորը սպանեց իր ծաղրածուին։
ԱՐՔԱ — Ահա թե ինչու… բռնապետների գահը թափուր չի մնում… (Անշնչացած տապալվում է։)
ԾԱՂՐԱԾՈՒ — (ջղաձիգ ընկնավորությամբ)։ Արքան չկա՜… Արքան չկա՜… Այս ապուշը ծայրահեղականներ ստեղծեց և կործանեց ամեն-ամեն ինչ, կործանեց ինքն իրեն։ Այնինչ՝ միջակություն էր պետք… Միջակությո՜ւն… շատ են պետք նրանցից, շա՜տ… Դրվատո՜ղ, գովերգո՜ղ, փառաբանո՜ղ միջակությունը… Աշխատո՜ղ, մեջք ծռող միջակությո՜ւնը… Հարմարվո՜ղ, հնազա՜նդ միջակությունը… Քավության նոխազ, երդվյալ հիմարների միջակությունը։ Շա՜տ են պետք: (Գյուտ արածի պես։) Ես կբազմացնեմ նրանց… (Մոտենում է գահին։) Կարևորը սա՛ է, սա՜… (Պտտվում է գահի շուրջբոլորը։) Գա՜հը… Ոչ ոք, ո՜չ ոք չի նայում թագավորի դեմքին, ոչ ոք չգիտե՝ խելացի՞ է արքան, թե՞ հիմար… Քծնողները ոտքերին են նայում, փառամոլները՝ թագին: Իսկ թե ո՞վ է այդ թագի տակ, ո՞վ է նստած գահին՝ միևնույն է…
Ներս եկած իշխանները ծնկի են գալիս։
ԾԱՂՐԱԾՈՒ — Դժբախտությունը ետևում մնաց, իշխաններ։ Դավը ճնշվեց, դավաճանը սպանվեց։ Ահա թե ինչի է հասցնում ամբաստանողներին, խռովարարներին հանդուրժելը… (Հուզվում է։) Իմ խե՜ղճ թագուհի… (Ձայնը դողում, կերկերում է։) Ինչպե՜ս, ինչպե՜ս պատահեց, որ քո սիրտը գերեց այդ ողորմելի գրչակը… (Սթափվելով։) Արդ, օրեն չէ, երբ թագավորը ետ է վերցնում իր հրամանը, սակայն, Աստծո ողորմածությամբ, ես ստիպված եմ դա անել… Այս պահին իսկ, առանց լուսադեմին սպասելու, առանց մի վայրկյան հապաղելու, հե՛նց հիմա, բանաստեղծի՜ն… (Վերից՝ ստուգող նայում է խոնարհված իշխաններին, զննում է շուրջը։) Գլխատե՛լ։
ԴԱՀԻՃ – Հրամանդ ի կատար, արքա: (Դուրս է գնում։)
ԾԱՂՐԱԾՈՒ — (դանդաղ իջնում է գահաստիճանից, քայլում բեմառաջ։ Հանդիսատեսին)։ Դուք ի՞նչ եք աչքներդ պլշել վրաս։ Ի՞նչ եք ուզում… Արդարությո՞ւն, ազնիվ վաստա՞կ, ազատությո՞ւն… Սի՜ն գաղափարներ՝ հնարված միայն ձեզ համար… (Անզուսպ ծիծաղում է։) Լա՜վ է, որ այդպես լուռ եք, լա՜վ է… Իմ ուզածն ի՞նչ է… (Մատնացույց անելով իշխաններին։) Իշխանավորները խոնարհվում են։ Դա է նրանց փրկությունը: (Գալիս է բեմեզր։) Դա է նրանց պահում-պահպանում տիրակալի և ժողովրդի միջև։ Նրանք խոնարհվում են, իսկ դո՞ւք… (Գաղտնիք հայտնելու պես՝ կիսաձայն։) Իսկ դուք՝ լռո՜ւմ եք… (Հիստերիկ։) Բայց դա քի՛չ է, քի՜չ է, քի՜չ է… (Ուշադիր, մեկ առ մեկ նայելով հանդիսատեսին։) Ինձ ծափե՜ր են պետք, ծափե՜ր, ծափե՜ր… Չե՞ք ծափահարում, կարծում եք, թե վերջին խոսքը ձե՞րն է… Մոլորությո՜ւն… Դուք լուռ եկաք, լուռ էլ գնալու եք։ Ձեզ տրված է միայն մե՛կ ազատություն, մե՛կ իրավունք՝ ծափ տալու ազատությունը: (Պաթետիկ։) Եվ ես կստիպեմ ձեզ դա անել։
Դադար։ Վարագույրն սկսում է փակվել։ Դերակատարը դուրս գալով դերից՝ վաստակած, հոգնած գլուխ է տալիս։ Թվում է՝ ներկայացումն ավարտված է։ Հանդիսատեսի առաջին ծափերի հետ վարագույրը մնում է կիսաբաց՝ դերակատարը մտնում է դերի մեջ։
ԾԱՂՐԱԾՈՒ — (չարախինդ հրճվանքով)։ Ահա՜, սա՛ է իրականությո՜ւնը… իսկ ապագան շա՜տ հեռու է… (Մոլագար։) Դե, ծափահարե՛ք, ծափահարե՛ք, ծափահարե՜ք… (Կտրուկ շրջվում, փութով վերադառնում, բազմում է գահին։) Ծափահարե՜ք…
Թատրոնի գիտակներն անշուշտ կռահեցին, որ գլխավոր կերպարները երկպլան, նույնիսկ եռապլան են: Թագավորն էությամբ հեգնոտ ծաղրածու լինելով՝ շրջապատից իր նենգությունն ու դաժանությունը վարպետորեն թաքցնող խաղարկուն դերասան ու քաղաքական ձեռնածու է:
Ծաղրածուն՝ միմոս լինելով հանդերձ, խորամանկ է, պալատական խարդախությունների գիտակ, գաղտնամիտ ու դավադիր: Տարբերություն չկա, թե ով է գահին, երկուսն էլ բռնակալ են՝ իրենց վայրագությունն ու հափռողությունը ծանակի ու մեքենայությունների քողով կոծկող:
Դե, ի՞նչ, թանկագին բեմադրիչներ, ձեզնից մեկը կցանկանա՞ սա բեմադրել, չէ՞ որ դուք ժամանակակից հայ դրամատուրգի ժամանակի շունչ ունեցող պիես եք փնտրում: Մեր մոլորակում այսպիսի տիրան-ծաղրածուներ չե՞ն եղել, չկա՞ն: Եթե չկան, ինչպե՞ս են առաջանում պատերազմները, ժողովուրդների թշվառությունն ու թշնամությունը, ճգնաժամերը, զոհված միլիոնավոր զինվորների գերեզմանները… Դրանք արդեն մի ամբողջ հավիտենություն է, որ վկայում են՝ այո՛, բռնապետների գահը թափուր չի մնում, որ նրանք իրենց ազգի դժբախտությունն են ու մարդկությանը դժբախտություն բերողն են, պատմության մեջ ողբերգություն ստեղծող ծաղրածուներ՝ Ներոնից սկսած՝ մինչև մեր «Վերջին ծաղրածուն»