ՄԱՐԻՈ ՖՐԱՏՏԻ / ՄԱՅՐԵՐ ԵՎ ԴՈՒՍՏԵՐ

Պիես-թրիլլեր երկու գործողությամբ

Անգլերենից թարգմանությունը՝ Սամվել ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Գործող անձինք

ՄԱՅՐ – վաթսունն անց տիկին

ՊԵԳԳԻ — ավագ դուստրը

ԷՄԻԼԻ — կրտսեր դուստրը

ԲՈԲ — որդին

ԷՆՆ — Բոբի կինը

ՀԱՅՐ 

ՄԵՐ ՕՐԵՐ

Նրբաճաշակ բնակարան։ Մայրը հեռախոսով խոսում է։

ՄԱՅՐ — Լավ… Հասկանում եմ… Եթե պնդես… Լավ, հավատում եմ…

Պեգգին ներս է մտնում՝ դուռը բանալիով բացելով։ Մայրը նշաններով ցույց է տալիս, որ խոսում է։ Պեգգին դանդաղ մոտենում է՝ փորձելով չաղմկել։

ՄԱՅՐ — …Այո՛, հասկանում եմ… Ես միշտ կարող եմ ամեն ինչ հասկանալ, դու գիտես, որ… Այսքան տարի ամեն ինչի դիմացել եմ… Չափից շատ եմ դիմացել… Այո՛, ճիշտ լսեցիր, չափից շատ, և պատրաստ եմ դա միշտ կրկնել: Դու լավ գիտես, թե ինչ նկատի ունեմ: Լավ, լավ։ Ինձ պետք է պայմանագիրը մինչև ուրբաթ: Չմոռանաս… (Անհամբեր:) Այո՛… Այո՛… Իհարկե։ (Կախում է հեռախոսը: Շրջվում է դստեր կողմը:) Նա էր: (Սկսում է սպիտակ շապիկ հյուսել:)

ՊԵԳԳԻ — Ուրեմն զանգեցիր նրան։

ՄԱՅՐ — Դու ուշացար։

ՊԵԳԳԻ(զայրացած): Չէի՞ր կարող կես ժամ սպասել։ Նա գլխի կընկնի, չէ՞: Ամեն անգամ, երբ գնում եմ նրան տեսնելու, դու հանկարծ որոշում ես զանգել։ Դու նրան իմ մասին հարցրե՞լ ես։

ՄԱՅՐ — Իհարկե ոչ։ Հենց նոր բանակցում էի Մադրիդի այն շենքի համար նոր պայմանագիր կնքելու շուրջ։ (Մտահոգ:) Ի՞նչ ասաց նա քեզ:

ՊԵԳԳԻ — (ծխախոտ է վառում): Նստի՛ր ու հանգստացի՛ր:

Երկուսն էլ նստում են։ Մայրը փորձում է հանգստանալ և թուլանալ:

ՊԵԳԳԻ — Նա ապրում է մենակ, ինչպես վանական։ 

ՄԱՅՐ – Որտե՞ղ ես տեսել, որ վանականները միայնակ քնեն:

ՊԵԳԳԻ — Կանանց ներկայության հետքեր չկային։

ՄԱՅՐ – Համոզվա՞ծ ես։

ՊԵԳԳԻ — Նայեցի ամենուր։ Ննջասենյակ, լոգարան, զուգարան, նույնիսկ աղբամանի մեջ:

ՄԱՅՐ —  Խոհանոցը… Կեղտոտ լվացքի կույտեր։

ՊԵԳԳԻ – Ե՛վ խոհանոցը, և՛ լվացքը: Ասում եմ, չէ՞՝ մենակ է ապրում։

ՄԱՅՐ – Խաբեբան է, է՜։ Այդ դուրսպրծուկը գալիս է կեսգիշերին և հեռանում է վաղ առավոտյան։

ՊԵԳԳԻ — Տասանոց տվեցի վերելակավարին, նա ինձ ամեն ինչ ասաց։ Ոչ մի կին: Միայն տարեց սպասավորներ։

ՄԱՅՐ — Ինչպես միշտ։

ՊԵԳԳԻ – Նույնը։

ՄԱՅՐ — (դեռ կասկածամիտ): Վերելակավարին… Նա քսան է ստանում, որ բերանը փակ պահի։ Նա գիտի ինչպես գնել մարդկանց:

ՊԵԳԳԻ — Ամեն ինչ հնարավոր է. Եթե ​​ցանկանում ես ավելին իմանալ, վարձի՛ր հետախույզ:

ՄԱՅՐ – Ես երբեք, երբեք չեմ իջնի այդ մակարդակի: Չեմ ուզում, որ ամուսնուս լրտեսեն։

ՊԵԳԳԻ – Նախկին ամուսնուդ։

ՄԱՅՐ – Պեգգի՜…

ՊԵԳԳԻ – Ի՞նչ ես ուզում ինձնից։

ՄԱՅՐ — Հետն անկե՞ղծ ես խոսել։

ՊԵԳԳԻ — Ոչ միանգամից: Ես չէի ուզում առաջ անցնել։ Նախ զրուցեցինք Փարիզի, Հռոմի, Մադրիդի, հին ու բարի օրերի մասին…

ՄԱՅՐ — (դառնությամբ, հեգնանքով): «Հին ու բարի օրեր». այդ նա՞ այդպես ասաց:

ՊԵԳԳԻ – Նա։ Նա ասաց, որ մենք հրաշալի ընտանիք ենք ունեցել։

ՄԱՅՐ — Հենց այդպես էլ ասա՞ց.։

ՊԵԳԳԻ — Եվ ես կարոտ զգացի խոսքերի մեջ…

ՄԱՅՐ — Կեղծավորություն։ Ո՜նց է, է՜, աչքերիդ թոզ փչել: Եվ դու հավատացիր նրան: Ախր նա ընդունակ չէ կարոտի, անկարող է ընդհանրապես որևէ զգացմունքի։ Նրա համար ես «անցյալ եմ», ընդմիշտ գնացել եմ: Նա նույնիսկ չգիտի՝ ո՞ղջ եմ, թե՞ ոչ։

ՊԵԳԳԻ — Դու պետք է լսես նրան: Նա քեզ շատ գովեց…

ՄԱՅՐ — Ի՞նչն էր նրա գովասանքի պատճառ դարձել: Ինձ փաստեր են պետք։

ՊԵԳԳԻ — (զգուշությամբ): Արի իրատես լինենք…

ՄԱՅՐ — Ես իրատես եմ։ Ռեալիստ։ Եվ տե՛ս, թե ուր եմ հասել: Միայնակ եմ։ Երեսուն տարվա… երեսուն տարվա «ծառայությունից» հետո։

ՊԵԳԳԻ — Տպավորություն ունեի… Ուղղակի տպավորություն…

ՄԱՅՐ — (հույսով): Ո՞ր…

ՊԵԳԳԻ — Որ նրան հաճելի է մենակ մնալը… Նրան դուր է գալիս, և նա երջանիկ է… Նրան միայնություն է պետք… Նրա մոտ ամեն ինչ լավ է, նա ավելի շատ ու ավելի լավ է գրում:

ՄԱՅՐ — Ավելի լա՞վ։ Ե՞ս էի խանգարողը։

ՊԵԳԳԻ — Նրա համար այսպես ավելի հեշտ է։ Վաղ արթնացավ, խնդիր չկա… Ուղղակի կգրի։

ՄԱՅՐ — Ի՞նչ է նշանակում՝ խնդիր չկա: Ես անկողնում նրան նախաճաշ էի մատուցում:

ՊԵԳԳԻ — (զգույշ): Նախաճաշ, թերթեր, նամակներ, ընտանեկան գործեր… Եվ առավոտն անցավ։ Իսկ հիմա վեր է կենում ու գրում։

ՄԱՅՐ — Ուրեմն այդքա՞նն ասաց քեզ: Իմ նախաճաշը, ներկայությունս խանգարում էր նրան: Եվ դա ինձ, դեմքիս ասելու համար, նրա լեզուն ո՞ւր էր:

ՊԵԳԳԻ — (խուսափում է ավելորդություններից): Նա գրեթե ավարտել է նոր վեպը: Կարդաց մի գլուխ ինձ համար: Հիանալի էր:

ՄԱՅՐ – Եվ այդ ո՞ր մեկի մասին է գրում։

ՊԵԳԳԻ – Չէ՛, խոսքը մի գրողի մասին է, ով… 

ՄԱՅՐ — Ինչպես միշտ. միայն իր մասին։ Ոչ մի նոր բան։

ՊԵԳԳԻ — Բայց այս անգամ որոշ… խոնարհության երանգով:

ՄԱՅՐ – Ա՜յ նորություն։

ՊԵԳԳԻ — Զգացմունքայնություն, մարդասիրություն, խոնարհություն…

ՄԱՅՐ —  Այն ամենը, ինչ բացակայում է իր մոտ։

ՊԵԳԳԻ – Մամա՜։

ՄԱՅՐ — Ի՞նչ ասաց նա «տնաքանդի» մասին: Ընդհանրապես հիշե՞ց նրան:

ՊԵԳԳԻ – Խուսափում էր։ Քանի անգամ շոշափեցի այդ թեման, իսկ նա…

ՄԱՅՐ – Ի՞նչ է նա ասում։

ՊԵԳԳԻ — Սովորական արդարացումներ։ Նա զարգացրեց իր հին տեսությունը, որը նաև տեղ է գտել այս վեպում. մենք միշտ երիտասարդ ենք ներքուստ: Նա իրեն հոգում տասնութ տարեկան է զգում։

ՄԱՅՐ — Հին էծ։ Ի՞նչ ասաց «նրա» մասին:

ՊԵԳԳԻ — (ուշադիր): Նրա ցանկությունը, ավելի ճիշտ կարիքը՝ կնոջ մեջ է, երբ…

ՄԱՅՐ — Նա նրանցից երեքն ուներ այս տանը։ Երեք նվիրյալ աղախիններ։ Երեք հիմար ստրուկներ։

ՊԵԳԳԻ — Նա ասաց, և թվում է, անկեղծորեն, որ դադարեցրել է հարաբերությունները։ Գնաց ու մոռացավ: Նա երդվեց, որ այդպես է։

ՄԱՅՐ — Նա երդվեց իր մոր գերեզմանով, որ հավատարիմ է ինձ, և դա հենց այն ժամանակ էր, երբ նա… Չեմ ուզում հիշել: Դու գիտե՞ս, թե ում մասին եմ խոսում։

ՊԵԳԳԻ — Ասում եմ՝ այս անգամ կարծես թե անկեղծ էր։

ՄԱՅՐ — Նրա նման հայրը կարող է հեշտությամբ քեզ նման դստերը հիմարացնել:

ՊԵԳԳԻ – Ո՛չ։ Ատում եմ նրան այն ամենի համար, ինչ նա արեց քո և ամբողջ ընտանիքի հետ: Ես դա նրան շատ անգամ ասացի իր երեսին:

ՄԱՅՐ — Եվ հետո ես աղաչեցի, որ ներես ինձ դրա համար:

ՊԵԳԳԻ — Ես ուղղակի ներողություն էի խնդրում։ Չէ՞ որ նա հայրս է։ Եվ այս անգամ իսկապես զգացի, որ նա անկեղծ էր խոսում։

ՄԱՅՐ — (հեգնանքով): Ավելի անկեղծ, քան նախկինո՞Ւմ: Դժվար թե։ Նա երբեք անկեղծ չի եղել։

Լսվում է դռան զանգը:

ՄԱՅՐ — Բոբն ու Էնն են: Կանչեցի նրանց՝ քննարկելու այս պատմությունը։

Պեգգին գնում է դուռը բացելու։ Ներս է մտնում Էննը։

ՄԱՅՐ — (զարմացած): Որտե՞ղ է Բոբը:

ԷՆՆ – Լավ գիտես որդուդ: Նա մոռանում է ամեն ինչ։ Հենց այս ժամին ինչ-որ հանդիպում ուներ: Միգուցե… Գուցե ավելի ուշ գա այստեղ:

ՄԱՅՐ — (զայրացած, դառնացած): Դու իսկապես կարծում ես, որ նա այլ անելիք ունի՞:

ԷՆՆ — (անվստահ): Այո՛, ինչո՞ւ։

ՄԱՅՐ — Նա նման է իր հորը: Նույն ստախոսն է, ով ցանկանում է խուսափել ցանկացած պատասխանատվությունից:

ՊԵԳԳԻ — Նա գիտեր, որ մենք կարևոր ընտանեկան հանդիպում ունենք։

ԷՆՆ — Դա նրա մեղքը չէ: Նա ստիպված էր… 

ՄԱՅՐ – Զանգահարի՛ր նրան։ Ուզում եմ խոսել նրա հետ։

ԷՆՆ — (ինչ-որ բան է փնտրում): Գիտեմ այն տեղի հեռախոսահամարը, որտեղ որ նա է, բայց չգիտեմ՝ հարմա՞ր է…

ՄԱՅՐ — Ուզում եմ խոսել նրա հետ։ Ես նրա մայրն եմ:

Էննը հավաքում է համարը:

Էնն — (հեռախոսով): Ողջո՜ւյն… Էնն է… Խնդրում եմ, միացրե՛ք ամուսնուս… Բոբի՛, կներես, բայց մայրդ…

Մայրը ձեռքը մեկնում է լսափողին։

ԷՆՆ — Ահա…

ՄԱՅՐ – Բոբի՛, ես քեզ ասացի, թե որքան կարևոր է բոլորիս հավաքվելը, և… Այս մասին քեզ ասացի մեկ շաբաթ առաջ… Լավ, լավ… Շո՛ւտ արի: Դու այժմ տան միակ տղամարդն ես։ Մի՛ խուսափիր պարտականություններից:

Մայրը կախում է հեռախոսը: Լռություն։

ԷՆՆ — (ամաչելով): Բոբին ոչ մի բանից չի խուսափում, նա…

ՄԱՅՐ — (ընդհատում է): Նրան ճանաչում եմ քսանյոթ տարի։ Իսկ դու՝ մեկուկես տարի:

ԷՆՆ — Երեք տարի։ Կինը տեսնում և զգում է բաներ, որոնք մայրը երբեք չի կարող հասկանալ:

ՄԱՅՐ – Ինչե՞ր։ Ասա՛ ինձ մի բանի մասին, որը ես երբեք չեմ հասկանա:

ԷՆՆ — (ամաչելով): Նա ինձ ասաց… որ չի սիրում, երբ իրեն «տան տղամարդ» են համարում… Այս տանը… Նա հեռացավ այստեղից, քանի որ…

ՄԱՅՐ — (զայրացած ընդհատում է): Նա է այստեղ «տղամարդը»: Այն պահից, երբ նրա հայրը լքեց մեզ: Նա «այս տան տղամարդն է»։ Մեր տղամարդը։ (Շրջվում է՝ փորձելով թաքցնել արցունքները։)

ՊԵԳԳԻ — (մխիթարում է մորը): Հանգստացի՛ր, մա՛մ: Նա կգա։ Նա Էննին խոստացավ.

ՄԱՅՐ — Նա խոստացավ ԻՆՁ։

ՊԵԳԳԻ — (ուշադրություն չդարձնելով, կատակով): Եթե նա չհայտնվի, մենք Էննին կպահենք այստեղ՝ որպես պատանդ:

ԷՆՆ — (կատակով): Մեծագույն սիրով։ Պարզապես մի՛ ասա նրան այդ մասին, այլապես հաստատ չի գա:

ՄԱՅՐ — (շրջվում է): Նա գիտի՞, թե ինչու ենք այսօր այստեղ հավաքվում։

ԷՆՆ — (անորոշ): Կարծում եմ, այո՛… Նա ինձ ասաց…

ՄԱՅՐ — Ի՞նչ ասաց:

ԷՆՆ — Որ պատրաստվում եք խոսել իր հոր և ապագայի՝ ձեր ծրագրերի մասին…

ՄԱՅՐ — Նա գիտի՞ իր հոր մասին։

ԷՆՆ — Գիտի…

ՄԱՅՐ — Ի՞նչ գիտի նա։ 

ԷՆՆ — Տեսանք նրան… 

ՄԱՅՐ — (զարմացած): Որտե՞ղ։

ՊԵԳԳԻ — (միաժամանակ): Ո՞ւմ հետ։

ԷՆՆ — Մենք ռեստորանում էինք… Օպերայի դիմաց… Նա անցավ… Համերգ գնալու ճանապարհին էր…

ՄԱՅՐ – Ո՞ւմ հետ։

ԷՆՆ — Ավելի լավ է՝ թող Բոբին պատմի… 

ՄԱՅՐ – Կնոջ հե՞տ էր։ (Լռություն:) Այդ դուրսպրծուկի հետ։

ԷՆՆ — Բոբին ասաց, որ քարտուղարուհին է…

ՄԱՅՐ — Քարտուղարուհի, անկախ նրանից, թե ինչպիսի: Այդ ճուտիկը։ Դուք հետևե՞լ եք նրանց:

ԷՆՆ – Ես, ո՛չ… Բոբին… Նա սպասեց համերգի ավարտին, նստեց տաքսի ու…

ՄԱՅՐ — (լարված): Ո՞ւր գնացին։ 

ԷՆՆ — (անորոշ): Բոբին ամեն ինչ կպատմի…

ՄԱՅՐ – Սուտասա՜ն։ Դրա համար չցանկացավ այսօր գալ։ Նրան շատ լավ գիտեմ։ Նա չի կարող ճշմարտության երեսին նայել: (Էննին.) Դու ինձ ամեն ինչ կասես: Կանայք ավելի քաջ են: Ո՞ւր գնացին։

ՊԵԳԳԻ — (Էննին, ով ամաչում է): Ամաչելու պատճառ չկա։ Մաման գիտի…

ԷՆՆ — Այդ դեպքում ինչո՞ւ է ուզում լսել ինձնից:

ՊԵԳԳԻ — Փաստերի կարիք ունի:

ՄԱՅՐ — Նրանք գնացին հյուրանոց, չէ՞:

Էննը գլխով է անում։

ՄԱՅՐ — (լարված, Պեգգիին): Ասում էի, չէ՞։ Նրանք դեռ հանդիպում են: Այն գարշելի հյուրանոցում։ Ահա թե ինչու տանը ոչ մի հետք չգտար։

Էննը զարմացած նայում է նրանց։ Նա չգիտեր նման մանրամասներ։

ՄԱՅՐ — (ինքն իրեն): Այն հյուրանոցում… Որտեղ բոլորը կարող էին տեսնել նրանց:

ՊԵԳԳԻ – Մա՛մ… Պետք է համակերպվել, քանի որ գործեր ունի նրա հետ, նրա կարիքն ունի… (Մայրը նայում է Պեգգիին։) …Որպես քարտուղարուհի։ Դու գիտես նրա սովորությունները: Գրում է գիշերը, երբեմն մինչև առավոտյան ժամը չորսը…

ՄԱՅՐ — Գրե՞լ, ննջարանո՞ւմ։

ՊԵԳԳԻ — Դու ինձ ասացիր, որ երբ երիտասարդ էիք ու աղքատ, նա…

ՄԱՅՐ — (ընդհատում է): Այդ սրիկան ​​այլևս աղքատ չէ։ Նա կարող է վարձել տասնյակ քարտուղարուհիներ։ Ում էլ ուզի, ցանկացած պահի կնստի իր աշխատասենյակում։

ՊԵԳԳԻ — Նա ինձ ասաց, որ… (Վարանում է շարունակել:)

ՄԱՅՐ — Էլ ի՞նչ ասաց։

ՊԵԳԳԻ — Նա խոստովանել է, որ հանդիպում է նրա հետ, բայց միայն որպես քարտուղարուհի։ Նա օգնում է խմբագրել տեքստերը՝ յուրովի լավություն անելով իրեն:

ՄԱՅՐ — Նրա հետ ուրիշ բաներ էլ է անում, այ միամի՛տ։

ՊԵԳԳԻ — Նա ինձ պատմեց նաև… որ այլևս չի կարողանում, տարիք է առել։

ՄԱՅՐ – Օհո՜։

ՊԵԳԳԻ — Նա բացատրեց, որ դա իրեն այլևս պետք չէ։ Նա հիմա այլ դասի մարդ է:

ՄԱՅՐ — Ուղեղս լվանալու կարիք չկա: Գիտեմ նրա սովորություններն ու ախորժակը, այդ չարաճճի կատվի…

ՊԵԳԳԻ — Նա ծերացել է։ Տարիներն անցնում են։

ՄԱՅՐ – Նրա համար՜ չէ՛։ Նա չէ՞ր, որ ասաց՝ իրեն զգում է տասնութ տարեկան։

ՊԵԳԳԻ — Հոգևոր առումով։

ՄԱՅՐ — Այդ անպիտանը գաղափար չունի, թե ինչ է «հոգևորությունը»: Նրան պարզապես պետք է զբաղմունք, այդ եսասերին այլ բան պետք չէ:

ՊԵԳԳԻ — Եթե այդքան եսասեր է… Դա մեծ կորուստ չէ:

ԷՆՆ — (հետաքրքրությամբ): Ինչո՞ւ եսասեր:

ՄԱՅՐ – Այս մեկը նույնպես սեռական դաստիարակության կարիք ունի:

ԷՆՆ — (ամաչում է): Դաստիարակությո՞ւն… (Պեգգիին.) Բացատրի՛ր՝ ինչ է ուզում ասել։

ՄԱՅՐ — (ծաղրում է): «Մամա»… Բոբին հավանաբար նման չէ իր հորը:

ԷՆՆ — (շփոթված): Այդպես չէ։ Նա ավելի երիտասարդ է, բարձրահասակ…

ՄԱՅՐ — (Պեգգիին): Ասա՛ նրան, որ լռի:

ՊԵԳԳԻ – Լռի՛ր։

ԷՆՆ — (նեղացած): Ինչո՞ւ։ Դուք խոսում եք ամուսնուս մասին: Բոբին ամենևին էլ եսասեր չէ։ Նա ինձ համար միշտ նվերներ է գնում: Տե՛ս՝ ի՜նչ շարֆ է. նա է գնել։

ՄԱՅՐ – Որտե՞ղ է քեզ այսպիսին գտել:

ԷՆՆ — Դու գիտես. սահում էի և…

ՄԱՅՐ — Եվ ընկար հետույքովդ սառույցին: Նա նկատեց դա, տղամարդիկ սիրում են նման կլորիկ, կապույտիկ և…

ԷՆՆ  — Ինչո՞ւ կապույտ: Իմ…

ՄԱՅՐ — Վարդագույն, ինչպես քո ուղեղը։ (Շրջվում է՝ փորձելով իրեն հավաքել:) Ես կսպանեմ սրանց: Կսպանեմ։

ԷՆՆ – Ո՞ւմ… (Պեգգիին.) Այսօր վատ տրամադրություն ունի:

ՊԵԳԳԻ — (խնդրում է, որ լռի): Երբ նրանց մասին է խոսում…

ԷՆՆ — (պնդում է): Ինձ թվում է՝ խոսքը սեռական եսասիրության մասին է։ Կարծում եմ, ես եսասեր չեմ…

ՊԵԳԳԻ — (տորթ է դնում բերանը): Մաման է թխել: Շա՜տ համով է։

ԷՆՆ —  Շնորհակալություն։ Կարո՞ղ եմ ևս մեկ բաժակ սուրճ խմել:

ՊԵԳԳԻ – Լցրո՛ւ ինքդ, ահա՜։

ՄԱՅՐ — Եվ վերջապես արթնացե՛ք: Տղամարդիկ օգտագործում են ձեզ նմաններին: Նրանք կարող են ոմանց հոտը հեռվից զգալ:

ԷՆՆ — (նեղացած): Ես ճուտիկ չեմ, և Բոբին սիրում է ինձ: Նա լավագույնն է:

ՄԱՅՐ — Լավ, Աստված ձեզ հետ: Ի՞նչ է ասում Բոբին այս ամենի մասին։ Դուք նույնիսկ անկողնում եք խոսում որևէ բանի մասին:

ԷՆՆ — Իսկ նախաճաշի՞ն, ճաշի՞ն…

ՄԱՅՐ — Ի՞նչ է ասում։

ԷՆՆ — Նա իրերին իրատեսորեն է նայում… Նա ասում է, որ եթե երկու հոգի իրար հետ չեն մերվում, ապա ինչո՞ւ միասին ապրեն։

ՄԱՅՐ — Դու նույնիսկ հասկանում ես, թե ինչ է ուզում ասել սրանո՞վ։

ԷՆՆ – Այն, որ եթե դու և քո ամուսինը…

ՄԱՅՐ — (ընդհատում է): Ոչ թե մենք: Այլ դու և նա։ Նա հող է պատրաստում։

ԷՆՆ — (մտահոգ): Ինչի՞ համար:

ՄԱՅՐ – Քեզ թողնելու, հիմարիկ։ Առանց զղջալու, ինչպես իր հայրը։ Միասին անցկացրած տարիներից հետո։ Ճիշտ են, երբ ասում են. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

ԷՆՆ — Բոբին հավատարիմ ամուսին է ու ես շատ գոհ եմ նրանից:

ՄԱՅՐ — Ավելի, քան գոհ եմ, ցտեսություն: Բայց երբ թողնի քեզ, կհասկանաս, թե ինչ է իրական նվաստացումը։

ՊԵԳԳԻ – Մամա՜…

ՄԱՅՐ — (ուշադրություն չդարձնելով): Եվ այս բամբասանքները: Հարևանությունը ծիծաղում է մեզ վրա:

ԷՆՆ — (վերցնում է ևս տորթի մի կտոր): Մենք հարևաններ չունենք։ Ինչպե՞ս ես այսպես համով թխել, մայրի՛կ։ Շատ լավն է:

ՄԱՅՐ – Հեշտությամբ։

ԷՆՆ – Իրո՞ք։ Բոբին ասում է, որ դու աշխարհի լավագույն խոհարարն ես։ Երբեք չէի կարողանա սա պատրաստել…

ՄԱՅՐ – Երբեք։ Վստահ եմ… Ասա՛ ինձ՝ ինչ են ասում Բոբիի ընկերները իմ ետևից։

ԷՆՆ — Մենք ընկերներ չունենք։ Այդքան մի՛ անհանգստացիր, մայրի՛կ: Ոչ ոք ոչինչ չգիտի։ Իսկ թերթերում ոչինչ չկար, նույնիսկ մի փոքրիկ գրություն։ 

ՄԱՅՐ — Նույնիսկ։ Այսքանը բավարար չէր, մի հատ էլ գրություն: (Ծաղրով:) Մեղավորը այդ ոջիլն է, որ ուտում է…

ՊԵԳԳԻ — (տագնապած): Մա՜մ…

Լռություն։ Մայրը պատրաստվում էր բացահայտել մի գաղտնիք, որը Էննը չպետք է իմանար:

ԷՆՆ — Ոջի՜լ։ Այն, որ մենք տեսանք, երկար ու ամուր էր։ Ճիշտ այնպես, ինչպես իրական ամազոնուհին:

ՊԵԳԳԻ — Ոջիլ՝ ինտելեկտուալ իմաստով… Ամազոնուհիները ուղեղ չունեն։

ԷՆՆ — Նրանք մեծ կուրծք ունեն, գիտեմ… Ուզում եմ ասել, որ այս բոլոր ֆիզիկական վարժությունները, աղեղներն ու նետերը… Ներողություն…

Մայրն ու Պեգգին զարմացած նայում են Էննին։ Էնն իրեն նեղ է զգում:

ԷՆՆ — Կներեք… Բայց երբ ասացիր՝ ոջիլ, անմիջապես պատկերացրի… (Ժեստով նշում է մեծ կուրծքը:) 

ՊԵԳԳԻ — Ուշադրություն մի՛ դարձրու մայրիկի խոսքերին։ Այսօր նա մի փոքր…

ԷՆՆ – Ի՜նչ մի քիչ…

ՊԵԳԳԻ – Հոգնել է։

Նորից լռություն։ Մայր ու դուստր նայում են Էննին։

ԷՆՆ — Դու ինձնից ինչ-որ բան ես թաքցնում… Նա սիրեկա՞ն ունի…

ՄԱՅՐ – Այո՛, նա ուներ նրանցից մինչև այս հաստլիկը… Նա շուտ էր թողնում բոլորին։ Բայց այս մեկի հետ… Արդեն երեք տարի է՝ այս մեկի հետ է:

ՊԵԳԳԻ — Աստված իր հետ, մա՛մ: Ինչո՞ւ է դա քեզ անհանգստացնում։

ՄԱՅՐ — Ինձ նա պետք չէ անկողնում: Ինձ նա պետք է տանը։

Լսվում է, թե ինչպես է բանալին պտտվում դռան մեջ: Էմիլին է՝ նա փոքր է Պեգիից։

ԷՆՆ — Բարև, Էմիլի՛։

ԷՄԻԼԻ – Բարև ձեզ։

Պեգգին թույլ ժպտում է նրան։ Մայրը նրան ուշադրություն չի դարձնում։ Լռություն։

ԷՄԻԼԻ — Ինչի՞ մասին ենք խոսելու։

ՊԵԳԳԻ – Գուշակի՛ր։

ԷՄԻԼԻ — Արդեն կռահեցի:

ԷՆՆ – Խելո՛ք աղջիկ։ Կուզե՞ս մամայի տորթից:

ԷՄԻԼԻ – Ո՛չ, շնորհակալություն։

ՊԵԳԳԻ — Էնն ու Բոբին տեսել են նրան… քարտուղարուհու հետ։

Մայրը շրջվում է՝ տեսնելու Էմիլիի արձագանքը։ Ոչ մի արձագանք. լռություն։

ՄԱՅՐ — (Էմիլիին): Կարծես դա քեզ չի զարմացնում:

ԷՄԻԼԻ — Ոչ մի նոր բան։

ՄԱՅՐ — (զայրացած): Երկու ժամ առաջ նա երդվել է Պեգիին, որ այլևս չի հանդիպի նրա հետ: Նորից ստում է, այդ օձը: Նա երբեք միայնակ չի մնում։

ԷՄԻԼԻ — Նա ապրում է միայնակ։ 

ՄԱՅՐ – Որտեղի՞ց գիտես։

ԷՄԻԼԻ — Մենք բոլորս գիտենք։

ՄԱՅՐ – Ո՞վ՝ մենք։

ԷՄԻԼԻի – Ընտանիքը, ինչպես միշտ ասում ես: Եվ ուրիշները։

ՄԱՅՐ — Ովքե՞ր են ուրիշները:

ԷՄԻԼԻ — (անորոշ): Տարբեր բամբասանքներ, մարդիկ, որ ուրիշ անելիք չունեն։ (Պատահաբար հայացք է նետում Էննին:)

ԷՆՆ — (դեռ տորթ է ուտում):  Ի՞նչ ես նայում։ Նույնիսկ չգիտեի, որ նա տասնյակ կանայք է փոխել, Օլգայից առաջ:

ՄԱՅՐ – ԷԼ ԵՐԲԵՔ ԱՅԴ ԱՆՈՒՆԸ ԱՅՍՏԵՂ ՉԼՍԵՄ:

ՊԵԳԳԻ – Երբե՛ք:

ԷՆՆ — Ներողություն…

ԷՄԻԼԻ — Տասը Օլգա…

Բոլորը նայում են Էննին:

ԷՄԻԼԻ — Դու շատ բան գիտես…

ԷՆՆ — Նրանք ինձ պատմեցին.

ՄԱՅՐ — (Էննին անտեսելով): Ե՞րբ ես վերջին անգամ տեսել նրան:

ԷՄԻԼԻ — Մի քանի ամիս առաջ.

ՄԱՅՐ – Որտե՞ղ։

ԷՄԻԼԻ — Աշխատանքի վայրում. նա եկավ ինձ տեսնելու։

ՄԱՅՐ — Նրան ի՞նչ էր պետք։

ԷՄԻԼԻ – Զրույցել էր  ուզում։

ՄԱՅՐ – Ինչի՞ մասին։

ԷՄԻԼԻ — Ինչպես միշտ։

ՄԱՅՐ — Ի՞նչ ասել է՝ ինչպես միշտ: Ավելի մանրամասն։

ԷՄԻԼԻ — (Պեգգին): Ինչի՞ մասին ես խոսում նրա հետ։ Օրինակ՝ այսօր։

ՊԵԳԳԻ — Մայրիկի մասին։

ԷՄԻԼԻ — (Էննին): Ինչի՞ մասին ես խոսում, երբ հանդիպում ես հայրիկին:

ՄԱՅՐ — (մինչ Էննը կպատասխանի): Ի՞ՆՉ ԱՍԵԼ Է՝ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ։

ԷՄԻԼԻ — (առանց շրջվելու): Նրա կյանքը սովորականի նման է։ Ես խոսում եմ Էննի հետ: (Էննին.) Ինչի՞ մասին ես խոսում:

ԷՆՆ — Բոբիի մասին, իր աշխատանքի, մեր բնակարանի մասին… թե երբ ենք նրան թոռներ պարգևելու։

ՄԱՅՐ(ընդհատում է); Կարիք չկա։

ԷՄԻԼԻ — (ուշադրություն չդարձնելով մորը՝ Էննին): Ու ե՞րբ։

ԷՆՆ — Մայրիկը կարծում է… Բոբին նույնպես… Պետք է սպասել…

ՄԱՅՐ — Պապիկ։ Նա կխեղդեր երեխային, որը նրան պապիկ կդարձներ՝ հիշեցնելով իր իսկական տարիքը։ Նա այդ երեխային կիջեցներ…

ՊԵԳԳԻ – Մա՜մ։

ՄԱՅՐ – Եվ դուք դա շատ լավ գիտեք։ Դուք գիտեք, թե ինչի է ընդունակ ձեր հայրը:

ԷՆՆ — Իմ կարծիքով…

ՄԱՅՐ — Ինձ չի հետաքրքրում քո կարծիքը։ (Էմիլիին.) Դուք միասին ճաշե՞լ եք:

ԷՄԻԼԻ — Այդ օրը՞։ Հիշե՞մ… Այո՛, մենք ճաշեցինք։

ՄԱՅՐ — Նա խոսու՞մ էր իմ մասին։

ԷՄԻԼԻ — (դանդաղ, փորձում է հիշել): Դե… Այո՛, իհարկե… Մենք խոսեցինք ամեն ինչի մասին։

ՄԱՅՐ – Ինչ ասել է՝ ամեն ինչ։

ԷՄԻԼԻ — (կորցնում է համբերությունը): Գիտե՞ս՝ ինչու եմ այդքան հազվադեպ այստեղ գալիս: Իսկ ինչո՞ւ եմ հազվադեպ հանդիպում հայրիկի հետ: Քանի որ երկուսդ էլ սարսափելի ձանձրալի եք:

ՄԱՅՐ — (նայում է Էմիլիին): Մենք երկուսս էլ… սարսափելի ձանձրալի ենք… Կարծում եմ՝ տարբեր ձևերով ձանձրալի ենք…

ԷՄԻԼԻ – Բնականաբա՜ր։ Դու տարբեր ես։

ՄԱՅՐ – Ի՞նչ առումով: 

ԷՄԻԼԻ — Դու ճանաչում ես նրան։

ՄԱՅՐ — Իրականում, ո՛չ: Այլևս ոչ:

ՊԵԳԳԻ — Ոչ մի մեծ կորուստ։

ԷՆՆ — Մեծ չէ… (Մայրը նրան նայում է հոգնած հայացքով։ Էննը հանգիստ չէ:) Կորուստ… Ինչպես ասում են… Երբ տղամարդը թողնում է քեզ նման հրաշալի կնոջը… կամ ինձ նման…

ՄԱՅՐ — (անտեսում է Էննին, դիմում Էմիլիին): Լավ, ի՞նչն է մեր մեջ հոգնեցուցիչ։

ԷՄԻԼԻ — Այն անվերջ հարցերում, հետաքրքրասիրության մեջ…

ՄԱՅՐ — Ի՞նչ հարցեր։

ԷՄԻԼԻ – Ահա, տեսնո՞ւմ ես: Դուք այնքան ընդհանուր բաներ ունեք:

ՄԱՅՐ — Մենք ընդհանուր ոչինչ չունենք։ Ոչի՜նչ։ Դու ասա՛, ի՞նչ հարցեր:

ԷՄԻԼԻ — Անառողջ.

ՄԱՅՐ — Սրիկան դեռ խանդո՞ւմ է։

ԷՄԻԼԻ — Բոլոր հայրերն էլ այդպիսին են։

ՄԱՅՐ — Նա բոլորի նման չէ, նա «հատուկ» է։ Նա նորից բղավում էր սեռական խնդիրների մասին:

ԷՄԻԼԻ — Դու գիտես նրա հին տեսությունը:

ԷՆՆ — Ի՞նչ հին տեսություն:

ՄԱՅՐ — (Էննին): Այն մասին, որ տղամարդը կարող է ծաղրել ցանկացածին։ (Էմիլիին.) Նա խոսե՞լ է իր սեռական «կարիքների» մասին:

Էննը մեծ հետաքրքրությամբ է հետևում զրույցին։ Պեգգին մտահոգված է այս հարցով և միջամտում է։

ՊԵԳԳԻ – Մամա… Էննը մեր հյուրն է:

ԷՆՆ – Հյո՞ւր։

ՄԱՅՐ — Նա ամուսնացած է քո վախկոտ եղբոր հետ: Ինչ նա գիտի, եղբայրդ էլ գիտի: (Հեգնանքով:) Նրանք խոսում են անկողնում։

ԷՆՆ — Ի՞նչ պետք է իմանամ:

ՄԱՅՐ – Ամեն ինչ։ Դու մեր ընտանիքի մի մասն ես:

Պեգգին շատ անհանգստացած է. նշան է տալիս մորը, որ իրեն զսպի ու ոչինչ չասի։

ԷՆՆ — Այնպես որ, ասեք ինձ ամեն բան։

ՄԱՅՐ – Սովորե՛ք լսել։ Եթե ​​այդքան հիմար չլինեիր, կհասկանայիր։

ԷՆՆ — (Պեգգին): Ի՞նչ նկատի ունի: Ես լավ լսում եմ։ Իսկ ի՞նչ պետք է հասկանամ։

ՊԵԳԳԻ — Առանձնապես ոչինչ։ Դու գիտես հայրիկի մասին: Մոռանալն ու ներելը այնքան էլ հեշտ չէ։ Մայրիկը չի կարող: Իսկ դու փորձի՛ր։

ԷՆՆ – Ի՞նչ փորձել: Ես շփոթված եմ։

ՊԵԳԳԻ — Մոռանալ և ներել: Մաման բարկացած է։

ԷՆՆ – Ի՞նձ վրա։ Ինչի՞ համար։

ՊԵԳԳԻ — Խնդրում եմ, լռի՛ր։

ԷՆՆ — Ո՛չ։ Իրավունք ունեմ իմանալու։

ՊԵԳԳԻ — (փորձում է փրկել իրավիճակը): Հայրիկը հանդիպում է այդ կնոջ հետ…

ՄԱՅՐ — Եվ ուրիշների հետ։ (Մայրը ատելությամբ նայում է Էմիլիին:) Նա է մեղավոր:

Լսվում է, թե ինչպես է բացվում դուռը: Ներս է մտնում Բոբին։ Նրա հագին սպիտակ շապիկ է, որ նման է մոր հյուսած շապիկին։

ՄԱՅՐ — Դուրսպրծուկն է մեղավոր:

Էննը վազում է Բոբի մոտ և համբուրում նրան:

ԷՆՆ – Ինչպե՞ս ես, սե՛ր իմ։

ԲՈԲ — (լսեց մոր վերջին խոսքերը): Ի՞նչ է այստեղ կատարվում։

Էննը թոթվում է ուսերը։ Նա չի ցանկանում նորից որևէ սխալ բան ասել:

ԲՈԲ — (մորը): Ի՞նչ ես ուզում ասել։ Ի՞նչ սխալ է արել Էմիլին։

Լռություն։ Բոլորն անշարժ են։

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Նույն բնակարանը՝ մի քանի օր անց։ Բոբին և Պեգգին մենակ են։ Պեգգին նյարդայնացած ծխում է։ Բոբի հագին այն շապիկն է, որը մայրը հյուսել է առաջին գործողության ժամանակ։

ԲՈԲ — Էննը պատմեց ինձ այդ տարօրինակ երեկոյին տեղի ունեցածի մասին…

ՊԵԳԳԻ – Այո, մի տեսակ լարված էր։ Դու գիտես, թե ինչն է անհանգստացնում մայրիկին:

ԲՈԲ — Ուրիշ բան էլ կար… Նոր բան… Էմիլիին ինչ-որ բանում մեղադրեց… չգիտեմ՝ ինչպես։ Էննը զգաց, որ վիճակը լարված է: Ի՞նչ էր պատահել։ Ինչո՞ւ մաման ասաց նրան. «Դա քո մեղքն է»: Ի՞նչ նկատի ուներ։

ՊԵԳԳԻ — Մայրիկը միշտ մեղադրում է բոլորին: Երբեմն՝ ինձ, երբեմն՝ քեզ: Հիմա էլ հայտնվեց Էմիլին: Նա ուզում էր ասել, որ երեքս էլ մեղավոր ենք։ Մենք պետք է փրկեինք մեր ընտանիքը:

ԲՈԲ — Ինչպե՞ս: Այստեղ մնացի մինչև քսանվեց տարեկան դառնալս։ Հրաշալի որդիէ բարի և համբերատար՝ իր հիստերիայի զոհը։

ՊԵԳԳԻ — Լավ է, որ քեզ չի լսում: Դու արդեն բավականաչափ վիրավորել ես նրան այդպիսի խոսքերով։ Ու չափից շատ ես վիճել հայրիկի հետ։ Մայրիկը բազմիցս ասել է այդ մասին: Նա կարծում է, որ եթե մեր ընտանիքում ավելի շատ ներդաշնակություն լիներ, պապան չէր հեռանա։

ԲՈԲ — Հրաշալի՜։ Փաստորեն, ես եմ մեղավոր, որ նրանք բաժանվեցին: Մեղքի իմ բաժինը քիչ թե շատ պարզ է, իսկ քո՞նը: Ի՞նչ ես արել հորդ համար:

ՊԵԳԳԻ — Նրան հաճախ էի վիրավորում, ինչպես մաման է ասում…

ԲՈԲ – Ճիշտ ես։ Նա ահավոր զայրացած էր։ 

ՊԵԳԳԻ — Իմ փախուստը՝ իր լավագույն ընկերոջ հետ: 

ԲՈԲ — Նույնիսկ ավելի վատ էր: Ինձ թվում էր, որ էլ երբեք չի խոսի քեզ հետ։

ՊԵԳԳԻ — Երկու տարի չէր խոսում։ Մաման կարծում է, որ սա վերջի սկիզբն էր:

ԲՈԲ — Ի՞նչ իմաստով։

ՊԵԳԳԻ — Նա կարծում է, որ ես թունավորել եմ իրենց հարաբերությունները՝ սիրահարվելով… վատ տղամարդկանց:

ԲՈԲ – Այո՛, նրանք վատն էին:

ՊԵԳԳԻ — Դե, ի՜նչ հայրը, ի՜նչ որդին … 

ԲՈԲ — Բայց ինչպե՞ս կարող էին քո այդ փախուստները ազդել նրանց հարաբերությունների վրա:

ՊԵԳԳԻ — Հին պատմություն է։ Քանի դեռ հնազանդ աղջիկ էի, ամեն ինչ լավ էր։ Բայց երբ սկսեցի ըմբոստանալ և ապստամբել…

ԲՈԲ — Ես նման արտահայտություններ չեմ սիրում։ 

ՊԵԳԳԻ – Ներողություն։ Մոռացել եմ, որ եղբայրս ես։ Երբ սիրահարվեցի, սկսեցին փոխադարձ մեղադրանքներ առաջ գալ։ «Լրիվ քո նմանակն է»- ասաց պապան։ «Ո՛չ, դու ես»,- պատասխանեց մաման:

ԲՈԲ – Լա՛վ։ Ես չափից շատ եմ խոսել, դու չափից դուրս բաներ ես արել, իսկ Էմիլի՞ն: Երեխա, փոքրիկ հրեշտակ: Ո՞րն է նրա մեղքը:

ՊԵԳԳԻ — Ինչ-որ առումով նույնիսկ ավելին է, քան մեր…

ԲՈԲ — Ի՞նչ իմաստով։

ՊԵԳԳԻ — Շատ շուտ գնաց տնից: Նա ինձնից փոքր էր։ Եվ մաման նրան չներեց դրա համար։ Դա վերջին կաթիլն էր՝ ըստ մամայի։

ԲՈԲ — Ինչո՞ւ։

ՊԵԳԳԻ — Կրտսեր դուստրը… Պապայի գանձը, հիշո՞ւմ ես:

ԲՈԲ — Իհարկե հիշում եմ. ինձ դուր չեկավ, որ նրա պատճառով ինձ անտեսեցին: Հետո հաշտվեցի դրա հետ։ Բոլոր հայրերը նախընտրում են փոքրերին:

ՊԵԳԳԻ — Երբ նա գնաց, ամեն ինչ վերջացավ, ինչպես մաման է ասում։

ԲՈԲ — Ինչպիսի՜ հաճոյախոսություն երկուսիս։ Մենք այստեղ էինք, երբ նա հեռացավ: Բայց դա կարևոր չէ:

ՊԵԳԳԻ — Դա էլ է մի քիչ կարևոր, չէ՞ որ նա մեզ էլ է մեղադրում։

Ներս է մտնում Էննը։ Նա մոր և Էմիլի հետ ննջարանում էր։

ԷՆՆ — Վերջապես հանգստացավ։ Արցունքներ, գրկախառնություններ…

ՊԵԳԳԻ – Շնորհակալություն։ Նրանք լսում են քեզ: 

ԲՈԲ — Որովհետև Էննը աշխարհի ամենաիմաստուն կինն է:

ԷՆՆ — (հեգնանքով): Ամենաիմաստունը։ Բայց նաև այն պատճառով, որ հյուր եմ։

ԲՈԲ – Հյո՞ւր։ Կինս ես։

ՊԵԳԳԻ — Մաման մի քանի անգամ օգտագործեց այդ բառը: Էննը ոչինչ չի կարողանում մոռանալ կամ ներել:

ԲՈԲ – Այո՛, գուցե… բայց նա ինձ միշտ ներում է:

ԷՆՆ — Իսկապե՞ս։ Ի՞նչ է պետք ներել։ Ինչի՞ մասին էր մայրիկը խոսում:

ԲՈԲ — Ինչի՞ մասին էր խոսում։

ՊԵԳԳԻ — Որ դու նման ես պապային։ Նույն Կազանովան ես։

ԲՈԲ — Մամայի առաջին հաճոյախոսությունն ինձ։ Ցավոք, դա այդպես չէ։

ԷՆՆ — Ցավոք սրտի։

ԲՈԲ — Կատակում եմ։ Գիտես ինձ։

ԷՆՆ – Արդյո՞ք ճանաչում եմ քեզ։ Բայց մայրդ չի կատակում: Նրա խոսքերը շատ կտրուկ են։ (Ցույց է տալիս ննջարանը:) Նա այնքան դաժան խոսեց Էմիլիի հետ: Իսկ հետո լաց եղավ…

ԲՈԲ – Մամա՞ն։ Նրան երբեք չեմ տեսել արցունքն աչքերին։

ՊԵԳԳԻ – Դու չես կարող լաց լինել որդուդ առաջ։

ԷՆՆ — Հավանաբար տեսել ես, որ լաց է լինում, երբ հայրդ…

ՊԵԳԳԻ – Բազմիցս։ Բայց վերջում նա քեզ կգրկի ու կների…

Ննջասենյակից ձայներ են լսվում. Մայրիկն ու Էմիլին նորից կռվում են։ 

ՄԱՅՐ և ԷՄԻԼԻ — …քեզ պետք էր… մեղավոր ես… սխալ ես… ամոթ… ամոթ է… ընտանիք… անխոհեմ… սեր… մի՛… չես սիրում… դու պետք է…

Էմիլին ներխուժում է սենյակ՝ վրդովված և զայրացած: Նրան հետևում է մայրը։

ՄԱՅՐ – Այստե՛ղ արի։ Հրաման է։ Մի՛ գնա, քանի դեռ քեզ ամեն ինչ չեմ ասել: (Էմիլին փորձում է ինչ-որ բան բացատրել։) Մի՛ ընդհատիր, երբ խոսում եմ քեզ հետ: Դուք պետք է հարգանքով վերաբերվեք ինձ: Ես ձեր մայրն եմ:

Էնն ու Պեգգին փորձում են հանգստացնել մայրիկին։ Էմիլին շտապում է Բոբի մոտ, ով պատրաստ է պաշտպանել նրան։

ԲՈԲ — (Էմիլիին բռնած): Ճիշտ ես, մայրի՛կ։ Ես հոգ կտանեմ Էմիլիի մասին։ (Նշան է տալիս երկուսին, որպեսզի ետ պահեն մորը:)

ՄԱՅՐ — Երախտամոռ։ Նա երեխաներիցս ամենաանշնորհակալն է։

ՊԵԳԳԻ և ԷՆՆ – Այո՛, այո՛, մա՛մ, դու ճիշտ ես…

ԲՈԲ — Կխոսեմ Էմիլիի հետ… Կբացատրեմ նրան, թե ինչ է մայրը…

ՄԱՅՐ — (երբ Էնն ու Պեգգին նրան տանում են ննջարան): Բացատրե՛ք նրան։ Բացատրի՛ր նրան, թե որքան է ինձ պարտական։ Ես ուզում եմ, որ այս տանը ինձ հարգեն ու պատվեն: Սա իմ տունն է առայժմ: Եվ միշտ իմը կլինի:

ԲՈԲ — Գիտեմ, որ դա մեր պարտականությունն է… Ամեն ինչ կբացատրեմ Էմիլիին… (Խիստ:) Էմիլի, դու… (Մատ է թափ տալիս նրա վրա:)

Մայրը կանանց ուղեկցությամբ դուրս է գալիս սենյակից՝ Բոբին ու Էմիլիին մենակ թողնելով։

ԲՈԲ — (հանդարտ տոնով): Ի՞նչ եղավ այս անգամ։ Ի՞նչ է ուզում քեզնից:

Լռություն։ Էմիլին ուզում է ինչ-որ բան ասել, բայց տատանվում է։

ԲՈԲ – Ասա՛ ինձ։ Դու գիտես, որ քո ընկերն եմ, եղբայրը։

ԷՄԻԼԻ — Գիտեմ։

ԲՈԲ — Ինչի՞ մեջ է քեզ մեղադրում:

ԷՄԻԼԻ — Սովորական բողոքներ… Նա միայնակ է, դժբախտ… Նրան պետք է մեղադրել մեկին… Ընտրեց ինձ:

ԲՈԲ — Պեգգին ինձ ասաց…

ԷՄԻԼԻ – Ի՞նչ ասաց։

ԲՈԲ – Բացատրեց։

ԷՄԻԼԻ — (տագնապած): Ի՞նչ բացատրեց։

ԲՈԲ — Պատճառը, թե ինչու է այդքան վիրավորվել մեզանից…

ԷՄԻԼԻ – Մեզանի՞ց։

ԲՈԲ — Երեքիցս…

ԷՄԻԼԻ — Դե… Որո՞նք են այդ պատճառները:

ԲՈԲ — Բոլորս գնացինք տնից… Մենք, ինչպես Պեգգին է ասում, քանդեցինք ընտանեկան ներդաշնակությունը։

ԷՄԻԼԻ — Մայրիկն է ասում, ոչ թե Պեգգին: 

ԲՈԲ – Պեգգին՝ նույնպես: Իսկ դու ի՞նչ ես կարծում։ 

ԷՄԻԼԻ — Մայրիկը մի քանի անգամ շեշտել է, որ…

ԲՈԲ — Ի՞նչ է շեշտել։

ԷՄԻԼԻ — Որ մենք՝ երեք եսասեր, փախել ենք տնից ու խնդիրներ ենք ստեղծել…

ԲՈԲ — Ի՞նչ խնդիրներ:

ԷՄԻԼԻ – Հարցրո՛ւ մորդ։ Ինքն է ստեղծել դրանք՝ մեղադրելով մեզ։

ԲՈԲ — Պեգգին ինձ ուրիշ բան էլ ասաց…

Լռություն, ուշադիր նայում են միմյանց:

ԷՄԻԼԻ — Դե խոսի՛ր։

ԲՈԲ — Դու գիտես, թե ինչ եմ ուզում ասել։

ԷՄԻԼԻ — Միգուցե։

ԲՈԲ — Խոսքը քո մասին է։

ԷՄԻԼԻ — Դե՞։

ԲՈԲ — Պեգգին ասում է, որ հիմնականում քո մեղքն է…

ԷՄԻԼԻ — Էլ ի՞նչ է ասում։

ԲՈԲ — Մայրիկն այնքան զայրացած է և ամբողջ մեղքը քեզ վրա է գցում, որովհետև դու մեզանից առաջ հեռացար տնից… Բայց դու ավելի երիտասարդ էիր: (Նայում են միմյանց:) Երեխա… Ընտանիքի ամենափոքրը… Չե՞ս կարծում, որ մայրիկը կարող է նախանձել հայրիկին։ Նա այնքան մեծ ուշադրություն դարձրեց քեզ… Ավելի շատ, քան բոլորիս միասին։

ԷՄԻԼԻ — Ու ես, իհարկե, պետք է ամաչեմ դրա համար։ Շնորհակալություն։

ԲՈԲ — Չե՞ս կարծում, որ նախանձում է քեզ:

ԷՄԻԼԻ — Տասը րոպե առաջ ինձ ասաց, որ խնդրեմ՝ հայրիկը վերադառնա: Որպեսզի բոլորս միասին ներում խնդրենք։ Նա չի խանդում:

ԲՈԲ — Դու նրան չես կարողանա համոզել։ Պեգգին փորձեց, ես փորձեցի։ Նա համառ է: Ամեն ինչի համար մեկ արդարացում ունի՝ նա գրող է։ Արդարացնում է նրա ցանկացած հանցագործություն, նույնիսկ սպանություն։ Նրան պետք է… (Սարկազմով և դառնությամբ:) «Բազմազանություն, տպավորություններ, կանայք»: Նա երբեք չի վերադառնա մայրիկի մոտ։

ԷՄԻԼԻ — Ես էլ եմ այդպես կարծում։ Նման վերամիավորումը լավ ավարտ չի ունենա։ Ասացի նրան։ Դա նրա կողմից ծանր պարտականություն կլինի։ Երևի խղճահարության նշան։

ԲՈԲ — Նրան կհարցնեմ։ Կփորձեմ, պարզապես մայրիկին գոհացնելու համար: Իհարկե, անօգուտ կլինի։ Նա չի ցանկանա: Նա չի ուզում կորցնել իր ազատությունը։ Ինչո՞ւ է դա նրան պետք:

ԷՄԻԼԻ — Ոչ այսօր։ Բայց եթե հնարավորություն ունես, փորձի՛ր համոզել մայրիկին…

ԲՈԲ – Ի՞նչ։

ԷՄԻԼԻ – Որ մեզ հանգիստ թողնի։

ԲՈԲ — Պետք է համբերատար լինել։ Նա տիպիկ «նահատակ» է։ Զայրացած կին, ում վրա պետք է ինչ-որ մեկը բղավի: Մենք մտերիմ էինք։

ԷՄԻԼԻ – Ես փորձեցի… չստացվեց: Նա հետևեց ու բռնեց ինձ: Ես թիվ մեկ զոհն եմ:

ԲՈԲ — Հուսանք՝ սա վերջին անգամն է։ Հայրիկը կասի՝ ո՛չ, բոլորին, և նա ստիպված կլինի ընդունել դա։

ԷՄԻԼԻ — Նա ծրագիր ունի այս երեկոյի համար:

ԲՈԲ – Ի՞նչ ծրագիր:

ԷՄԻԼԻ – Ների՛ր նրան: Խոստացիր… (Տատանվում է:)

ԲՈԲ — Ի՞նչ խոստանալ։

Ներս է մտնում Պեգգին։

ՊԵԳԳԻ — (Էմիլիին): Ի՞նչ ասացիր նրան: Նա անտանելի էր։

ԷՄԻԼԻ — (ցանկանում է խուսափել որոշակի պատասխաններից): Մենք կարճ ժամանակով դուրս ենք գալիս:

Էմիլին բռնում է Բոբի ձեռքը։ Նա զարմացած է։

ԲՈԲ — Մենք պատրաստվո՞ւմ ենք…

ՊԵԳԳԻ — (զարմացած): Հայրիկը կարող է գալ ցանկացած պահի: Խոստացանք, որ ամբողջ ընտանիքը այստեղ կլինի։

ԷՄԻԼԻ — Միայն տասը րոպեով։

ԲՈԲ — Հինգ րոպեով։ Մենք անմիջապես կվերադառնանք:

ՊԵԳԳԻ – Գնե՛ք հայրիկի սիրած ուտեստները: Օրինակ՝ ելակի պաղպաղակ։

ԷՄԻԼԻ — (որոշ հեգնանքով): Ելա՞կ։ Համոզվա՞ծ ես։

ՊԵԳԳԻ — (տարակուսած): Համոզված եմ։

ԷՄԻԼԻ — (ժպտալով): Կլինի ելակ:

Էմիլին և Բոբին դուրս են գալիս։ Պեգգին մի պահ տատանվում է, հետո վերցնում է հեռախոսը, հավաքում համարը։ Սպասում. մայրն ու Էննը ներս են մտնում։

ՄԱՅՐ — (տագնապած): Որտե՞ղ է Էմիլին:

ԷՆՆ — Իսկ Բոբի՞ն։

ՄԱՅՐ — Ո՞ւր գնացին։

ՊԵԳԳԻ — Պաղպաղակի ետևից, մայրի՛կ:

ՄԱՅՐ — Այս օրով ի՞նչ պաղպաղակ։

ՊԵԳԳԻ — Հայրիկի համար։ Դու գիտես, թե ինչ է նա սիրում…

ՄԱՅՐ — (կասկածելով՝ Պեգգիին): Ո՞ւմ ես զանգում:

ՊԵԳԳԻ — Հորս։ Պարզեմ՝ դո՞ւրս է եկել տնից։

ՄԱՅՐ — (շփոթված): Նա չէր ուզում գալ, չէր ուզում:

ԷՆՆ — Նա կգա։ Նա խոստացավ։

ՊԵԳԳԻ — Նա միշտ պահում է իր խոստումը։ 

ՄԱՅՐ — (դառնորեն): Իսկապե՞ս։

ՊԵԳԳԻ — Նման հարցերում՝ այո՛։ Ե՞րբ է հանդիպումը…

Լռություն։ Պեգգին ասաց ճակատագրական բառը, մայրը նայում է նրան։ Դռան զանգ: Մայրը նյարդայնացած ուղղում է մազերը։

ՊԵԳԳԻ — (մորը): Զգույշ եղիր։ Լռի՛ր։ Եթե ցույց տաս, որ հանգիստ ու ողջամիտ ես, հույս կլինի։

Պեգգին գնում է դուռը բացելու։ Հայրն է։ Վաթսունն անց տղամարդ։ Նրա դեմքին հաղթական ժպիտ է, հանգիստ է ու ինքնավստահ։ Նա հագել է ճիշտ նույն սպիտակ շապիկը, որ գործել է կինը։

ՀԱՅՐ – Ողջու՜յն բոլորին։ (Համբուրում է Պեգգիի այտը:)

ՄԱՅՐ — Ինչո՞ւ դուռը չբացեցիր քո բանալիով։

ՀԱՅՐ — Կներես, սիրելի՛ս: Կներես։ Մտքովս չանցավ։ Սովորություն… Հետո… (Զգում է, որ այս թեման շարունակելու կարիք չկա:) Որտե՞ղ են Էմիլին ու Բոբին:

ՊԵԳԳԻ — Գնացին քո սիրած պաղպաղակի ետևից: 

ՀԱՅՐ – Մրգային։ Ի՜նչ լավ է։

ՊԵԳԳԻ — (տարակուսած): Մրգային…

ՀԱՅՐ — Դու էլ ես հիշու՞մ։ Միակը, որ կարող եմ ուտել: (Համբուրում է Էննի այտը:) Ինչպե՞ս կարող է ապրել Բոբին առանց քեզ: Նույնիսկ հինգ րոպե: (Շոյում է նրա փորը:) Ե՞րբ ես ինձ պարգևելու առաջին թոռնիկիս:

ԷՆՆ — Երկու տարուց։

ՀԱՅՐ — (համբուրում է Պեգգիին): Դու ավելի լավ տեսք ունես, քան երբևէ: Շուտով ինչ-որ մեկը քեզ կփախցնի։ (Դանդաղ, զգույշ շարժվում է դեպի անշարժ կանգնած կինը։ Շփոթված նայում է նրան։ Համբուրում է այտը։) Իսկ մայրդ գնալով երիտասարդանում է… Կարծես քույրեր լինեք։

Լռություն։ Ոչ ոք չի համարձակվում խոսել։ Բոլորը լարված են։ Նստում է բազմոցին։

ՀԱՅՐ — Դե… Ասա՛ ինձ… Ի՞նչ նորություն կա:

ԷՆՆ — (խախտելով լռությունը): Բոբին առաջխաղացում է ունի։ Գրասենյակը լավ վիճակում է ու նա հիանալի հարաբերությունների մեջ է բոլորի հետ:

ՀԱՅՐ — Հիանալի: Նա սովորեց։

ԷՆՆ — Մենք երջանիկ ենք։

ՀԱՅՐ — Ի՞նչ կասես ձեր պլանների մասին։ Մի անգամ ասացիր, որ վերադառնում ես քոլեջ:

ԷՆՆ – Սեպտեմբերին։ Ուզում եմ գնալ մարդաբանության բաժին:

ՀԱՅՐ — Լավ ընտրություն։ Ինչքան շատ իմանաս մարդու մասին, այնքան լավ։

ՄԱՅՐ — Մարդը գազան է։

ՀԱՅՐ — Ամեն մարդու մեջ գազան կա։ Եվ հակառակը։

ՊԵԳԳԻ — (ամաչկոտ): Եվ հակառակը.

ՀԱՅՐ – Լավ, թողնենք։ Ինչպե՞ս ես, Պեգգի: Նոր բան գրե՞լ ես։

ՊԵԳԳԻ — Այն բանից հետո, երբ քննադատեցիր իմ վերջին պատմությունը, ոչ։

ՀԱՅՐ — Կներես, որ քեզ այդքան հուսահատեցրի։ Կարծում էի, քննադատությունս կառուցողական էր: Ինձ շատ դուր եկավ սկիզբը, քեզ ասացի այդ մասին: Պատմությունը գրեթե կատարյալ էր։

ՊԵԳԳԻ — Գրեթե։

ՀԱՅՐ — Ուզում ես, որ ստե՞մ։ Ես հայր եմ, ես քեզ սիրում եմ: Ով սիրում է, պետք է միշտ ասի միայն ճշմարտությունը:

ՄԱՅՐ — (հեգնանքով ու դառնությամբ): Հա՜։

ՀԱՅՐ — (ուշադրություն չդարձնելով): Ես չէի ուզում խաթարել հավատդ սեփական ուժերի հանդեպ: Ընդհակառակը, դու տաղանդ ունես։

ՊԵԳԳԻ — Այդ դեպքում ինչո:ւ ասացիր, որ ավարտը սարսափելի էր:

ՀԱՅՐ — Ես չասացի «սարսափելի»: Ասացի… ոչ հստակ գրված, ոչ շատ հետաքրքիր, ոչ…

ՊԵԳԳԻ — (ընդհատում է նրան): Բավական է։ Շնորհակալություն։ 

ՀԱՅՐ – Մի՛ հանձնվիր: Դու հաջողության կհասնես: Նոր բան կա՞ պոեզիայում:

ՊԵԳԳԻ — Մի փոքր…

ՀԱՅՐ – Ցույց տուր։

Պեգգին տատանվում է, հայրը քաջալերող ժպտում է։ Նա գրքից մի թուղթ հանում ու տալիս հորը։

ՀԱՅՐ — (կարդում է): Հետաքրքիր է… Վաղն առավոտյան արի՛, ինձ տե՛ս: Սա կքննարկենք, այստեղ մի երկու կասկածելի խոսք կա… Բայց ընդհանուր վատ չէ։

Թուղթը դնում է գրպանը։ Լռություն։ Բոլորը նորից զգում են լարվածությունը։

ՀԱՅՐ — (կնոջը): Ի՞նչ կա, սիրելիս: Ի՞նչ նորություն։

ՄԱՅՐ — Սպասում եմ։

Լարված լռություն։

ՀԱՅՐ — Բոլորս ենք ինչ-որ բանի սպասում, այս կամ այն ​​չափով… Հենց նոր հանձնեցի նոր վեպիս առաջին երեք գլուխները: Սպասում եմ արձագանքի… (Լարված լռություն։)

ՀԱՅՐ — (Պեգգիին): Մայրիկիդ պատմե՞լ ես նոր վեպիս մասին։

ՊԵԳԳԻ – Այո։

ՀԱՅՐ — (կնոջը): Սիրելի՛ս, խնդրում եմ… արի փորձենք լինել հանդուրժող, ավելի մարդասեր, ավելի հարգանքով… Ինձ հրավիրել ես ընտանեկան կարևոր հանդիպման։ Ես եկա։ Եկա ուրախությամբ և հույսով: Գիտե՞ս, թե որքան եմ հոգում ձեր բոլորի մասին… Որտե՞ղ են Էմիլին ու Բոբին:

ՊԵԳԳԻ — (պատուհանից դուրս է նայում): Ասացին, որ շուտ կվերադառնան: Ցանկացած պահի…

ԷՆՆ — Համոզված եմ, որ հիմա՝ ցանկացած պահի: Բոբին երբեք չի ուշանում։

Լարված լռություն։

ՀԱՅՐ — (կնոջը): Իսկ դու, սիրելի՛ս… Հաճա՞խ ես դուրս գալիս:

ՄԱՅՐ – Ո՛չ։

ՀԱՅՐ — Դու պետք է դուրս գաս։ Թատրոններ, համերգներ, մի փոքր զվարճանք…

ՄԱՅՐ — Այսօր ընտանեկան խորհուրդ ունենք… Էննը դեռ ոչինչ չգիտի… Բոբին ոչինչ չգիտեր մինչև վերջին րոպեն… (Լռություն:) Մենք… (ցույց է տալիս ամուսնուն ու Պեգգիին) բոլորս գիտենք, թե ինչու Էմիլին տնից դուրս է եկել տասնութ…

ՀԱՅՐ — (փորձում է ինչ-որ բան ասել)։ Ես պետք է… Ես իսկապես… 

ՄԱՅՐ — Ես քեզ ոչ մի բանում չեմ մեղադրում… Ամեն ինչ անցել է, ամեն ինչ մոռացվել է… Ասա՛ նրան, Պեգգի։

ՊԵԳԳԻ — (դժվարությամբ): Մայրիկը մտածում է… Նա հույս ունի, որ դու կվերադառնաս և նորից կապրես մեզ հետ, այստեղ, եթե…

ՄԱՅՐ — Ես նախընտրում եմ նստել տանը ու սպասել։

Լսվում է դռան բացվելը։ Էմիլին է: Հայրը շատ է ուրախանում՝ նրան տեսնելով, բարձրանում է ու համբուրում նրա ճակատը։

ՀԱՅՐ — Վերջապես, Էմիլի՛։ Արդեն սկսել էի անհանգստանալ։ Որտե՞ղ է պաղպաղակս:

ԷՆՆ — Որտե՞ղ է Բոբին:

ԷՄԻԼԻ — Իրեն այնքան էլ լավ չի զգում, ուժեղ գլխացավ ունի։ Նա սպասում է քեզ տանը:

ԷՆՆ — (չափազանց զարմացած): Գլխացա՞վ։ Նա երբեք գլխացավ չի ունեցել։ Երբեք՝ մեր համատեղ կյանքում։ (Շտապում է՝ հրաժեշտ տալով բոլորին:) Ցտեսություն, ցտեսություն։ (Համբուրում է հորը և հեռանում:)

Կրկին լարված լռություն.

ՊԵԳԳԻ — Որտե՞ղ է Բոբին:

ԷՄԻԼԻ — Չգիտեմ: Ես տեսա նրան, քայլում էր դեպի Գրանդ Հոթել։

ՀԱՅՐ — (զարմացած): Գրա՞նդ…

ՄԱՅՐ — (Էմիլիին): Ի՞նչ ասացիր նրան։

Նրանք նայում են միմյանց: Լռություն։

ԷՄԻԼԻ – Ամեն ինչ։

ՀԱՅՐ – Ի՞նչ է դա նշանակում։

ԷՄԻԼԻ — Նա հիմա ամեն ինչ գիտի։ Նա էլ երբեք ոտք չի դնի այս տուն։

Լռություն։

ՄԱՅՐ — Ավելի լավ: Երկու տղամարդ մեկ ընտանիքում… Վեճ երկու «եսերի» միջև. սա խնդիրներ կստեղծեր։

ՀԱՅՐ — Երկու տղամա՞րդ։

ՄԱՅՐ — Եթե… Շարունակի՛ր:

ԷՄԻԼԻ — Քո գաղափարն է: Դու պատմի՛ր։

ՄԱՅՐ(հորը): Մի անգամ ասացիր, որ չէիր հեռանա, եթե Էմիլին չփախչեր… Չէ՞։

ՀԱՅՐ — Դե… Այնքան դժվար էր… Անսպասելի… Կրտսեր դուստրս՝ փոքրիկ Էմիլին… Նա հեռացավ…

ՄԱՅՐ – Ընդունի՛ր, որ հեռացել ես հենց նրա պատճառով։

ՀԱՅՐ — Ինչ-որ չափով… Որոշիչ գործոնն էր… Վերջին կաթիլը… Ես դա ընդունում եմ։

ՄԱՅՐ — (Էմիլիին): Լսե՞լ ես։ Ասա՛ նրան մեր առաջարկի մասին։

ԷՄԻԼԻ — Մայրիկն ամեն ինչ գիտի… Մենք նրա հետ խոսեցինք այդ մասին…

ՊԵԳԳԻ — (Էմիլիին): Դու միշտ հերքել ես դա։ 

ԷՄԻԼԻ — Ես հերքել եմ՝ ընտանիքիս փրկելու համար։ Հիմա ընդունում եմ, որ փրկեմ ընտանիքս։

ՄԱՅՐ – Ասա՛ հայրիկին։

ԷՄԻԼԻ — (դժվարությամբ և դժկամությամբ): Ես պատրաստ եմ վերադառնալ… ապրելու տանը…

ՀԱՅՐ — (անորոշ): Վերադարձ…

ՄԱՅՐ – (ամուսնուն): Եթե ​​դու էլ վերադառնաս… Եվ ապրես մեզ հետ… (Լարված լռություն։ Էմիլիին:) Պատմի՛ր նրան…

ԷՄԻԼԻ — Մայրիկը գիտի մեր մասին… Նա ընդունում է… ամեն ինչ… ինչպես նախկինում էր:

ՄԱՅՐ — Ամեն ինչ այնպես, ինչպես նախկինում: Հանուն ընտանիքի։

Լռություն։ Բոլոր հայացքները հառված են հոր վրա։

ՄԱՅՐ — Վերջ… Եվ Էմիլին նույնպես ընդունում է հրավերը։ Ամեն ինչ նախկինի պես է։ Նրա կարիքը դու զգում ես… Նա քոնն է:

ՀԱՅՐ — (հուզված, շփոթված): Լավ… Եթե հանուն ընտանիքի… հանուն բոլորիս… Հասկանում եմ… (Սիրով նայում է Էմիլիին:) Համաձայն եմ: Ես կվերադառնամ։

ՊԵԳԳԻ — (հանկարծ շրջվում է, ձեռքին ատրճանակ): Այսպես։

Պեգգին կրակում է: Կարմիր բիծ սպիտակ շապիկին։ Հայրը մահացած է։

ՊԵԳԳԻ — (Էմիլիին): Դու շատ բաների միջով ես անցել, Էմիլի՛: Հիմա իմ հերթն է։

Նրանք նետվում են միմյանց գիրկը։ Մայրը քարացել է. լուռ տեսարան։

ՎԵՐՋ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։