ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՏՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
«Թատերական Երևան» ծրագրով Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հրատարակվել են համաշխարհային ճանաչում ունեցող պիեսների գրքեր։ Փարիզի Սորբոն համալսարանի դոկտոր, թարգմանիչ Լուսինե Աբգարյանի թարգմանությամբ լույս է տեսել ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ Ուաժդի Մուաուադի «Խոստման արյունը» պիեսների ժողովածուն։ Թարգմանիչը Tatron-drama.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել թարգմանական գործընթացից, անդրադարձել թարգմանական խնդիրներին և հայ դրամատուրգների ստեղծագործությունների հանրահռչակմանը։
Վովա Արզումանյան — Լուսինե, վերջերս Ձեր թարգմանությամբ հրատարակվեց Ուաժդի Մուաուադի «Խոստման արյունը» պիեսների ժողովածուն։ Ի՞նչը խթանեց թարգմանելու այս ֆրանսիացի ժամանակակից հեղինակի ստեղծագործությունները։
Լուսինե Աբգարյան — Ուաժդի Մուաուադն այսօր ամենահայտնի ֆրանսագիր թատերական հեղինակներից է, նրա ստեղծագործություններին վաղուց էի ծանոթ և, անկեղծ ասած, մեծ ցանկություն կար հայերեն թարգմանված տեսնել նրա թատերկերը, որոնց բեմադրությունները շատ հայտնի և սիրված են Ֆրանսիայում, և ոչ միայն։ Երբ Երևանի քաղաքապետարանի «Թատերական Երևան» նախագծում ներառված հեղինակների ցանկում տեսա նրա անունը, շատ զարմացա և ուրախացա, որ հայ թատրոնն ի վերջո հնարավորություն կունենա ծանոթանալ այս մեծ հեղինակի ստեղծագործությանը։
Մուաուադի գործերը թարգմանելու հիմնական խթանը Հայաստանի բեմադրիչներին, դերասաններին նվիրելն է մի հեղինակի բացահայտելու հնարավորություն, որն այնպիսի երանգներով է անդրադառնում ինքնության, հիշողության, պատերազմի, վերապրումի թեմաներին, որ զգացմունքային խտության և խորության շնորհիվ անհնար է կտրվել նրա էջերից և իր իսկ բեմադրություններից։ Ինքնությունների, հոգեցնցական փորձառությունների և մարդկային հարաբերությունների շուրջ նրա բացահայտումները խորապես արձագանքում են այսօրվա մեր համատեքստին։ Նրա թատերկերը թարգմանելն ինձ թույլ տվեց կիսել այս մտորումները հայ ընթերցողի հետ։
Վ. Ա. — Ուաժդի Մուաուադի պիեսները թարգմանելու ընթացքում ինչպիսի՞ խնդիրների եք հանդիպել։
Լ. Ա. — Մուաուադի լեզուն շատ պարզ է, կենդանի, զուրկ արհեստականությունից։ Թարգմանության ընթացքում առաջացած դժվարությունները լեզվական չեն եղել, այլ՝ հուզական։ Մուաուադի նախադասությունների ռիթմով համակարգչի ստեղնաշարի վրա ֆրանսերեն նախադասությունները վերափոխվում են հայերենի, և երկար նախադասությունների ավարտին միայն հասկանում ես, որ ընդամենը մեկ շունչ պահանջվեց նրա կես էջում ասված միտքը հայերեն արտահայտելու համար։ Անհրաժեշտ էր պահպանել Մուաուադի պարզ, բայց լարվածության մեջ պահող լեզվի ներուժը, որը նա ստանում է պոեզիայի և ռեալիզմի միախառնումից և որը, սակայն, զուրկ է նվազագույն պաթոսից։
Մուաուադը նաև երկխոսությունների արքա է։ Անհրաժեշտ էր պահպանել դրանց շատ հստակ և դինամիկ ռիթմը, բնագրի սահունությանն ու խտությանը հավատարիմ մնալու համար։
Վ. Ա. — Հեղինակի լեզուն և ոճը, անկասկած, ինքնատիպ է ու տրամադրող։ Սակայն, ֆրանսիական դրամատուրգիայի ընթացքին հետևելով, չենք կարող չնկատել խոսքի առատությունը, որը հաճախ զիջում է գործողություններին։
Լ. Ա. — Ֆրանսիական դրամատուրգիան, այո, այսօր ավելի հակված է դեպի խոսքը, թատրոնն ավելի խոսքի թատրոն է, և գործողությունները հաճախ ավելի շատ նկարագրվում են, քան՝ կատարվում։ Մուաուադի պարագայում խոսքը նաև բռնության մասին է, որը, թատրոնի օրենքներից և էթիկայից ելնելով, միշտ չէ, որ հնարավոր է լիովին, ինչպես դրամատուրգն է պատկերացնում այն, բեմադրել։ Բացի այդ, խոսքը, վկայությունը, եթե բռնությանն է վերաբերում այս պարագայում, հաճախ կարող է ավելի խորքային, ուժեղ և ազդեցիկ հնչել, քան բուն նկարագրվող գործողությունը կամ երևույթը բեմից տեսնելը, որը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ հանդիսատեսի մոտ։
Մուաուադը ականատես է եղել «Խոստման արյունը» ժողովածուի թատերկերում նկարագրվող բռնության որոշ տեսարանների, երբ վաղ մանկության տարիներին պատերազմական Լիբանանում է ապրելիս եղել։ Մասնավորապես «Հրդեհներից» որոշ տեսարանների, որոնց մասին հետագայում խոսել է հարցազրույցների ժամանակ։ Բայց ինչպե՞ս գործողության վերածել աննկարագրելին, ինչպե՞ս բեմադրել այն․․․
Վ. Ա. — Մուաուադի գործերն ընթերցելիս մի զգացողություն ունեցա․ դրամատուրգը կարծես փորձում է հաշտեցնել անհամատեղելին։ Խոսքս ոչ միայն երևույթների, իրավիճակների, այլև հոգեվիճակների մասին է։
Լ. Ա. — Այս քառաբանության մեջ բոլոր կերպարներն անհաշտ են, բոլորն անխտիր ունեն մութ պատմություններ, չլուծված՝ անցյալից եկող և հետապնդող հարցեր, հարցեր, որոնց պատասխաններն են փնտրում սկզբում և գտնում վերջում։ Բոլոր կերպարները փնտրում են հաշտեցում՝ իրենք իրենց հետ, իրենց ծնողների անցյալի հետ, իրենց և իրենց ծնողների միջև, իրենց և իրենց պատմության միջև։ Այո, Մուաուադը փնտրում է հաշտեցում և փորձում է բոլորի հարցերի պատասխանները տալ, որպեսզի իր կերպարները կարողանան վերագտնել իրենք իրենց և հաշտություն գտել հետհիշողության համատեքստում։
Վ. Ա. — Ի՞նչ եք կարծում, այս դրամատուրգի պարագայում մարդկային կեցությունն ու դրամատուրգի էությունը անջա՞տ են։
Լ. Ա. — Ուաժդի Մուաուադի պարագայում հեղինակի ինքնությունը, անշուշտ, որոշյալ դեր է խաղում և՛ թեմաների ընտրության, և՛ դրանց համատեքստի առումով։ Չնայած այն հանգամանքին, որ ժամանակատարածական առումով Մուաուադի թատերկերը չեն սահմանազատված, նրա ստեղծագործությունը, որը ողողված է պատերազմի թեմայով, անշուշտ, չի կարող անուղղակի հղումներ չկատարել նաև լիբանանյան պատերազմին։ Լինելով միգրանտների ընտանիքի երեխա՝ նրա գրականությունը խորապես առնչվում է ինքնության, պատկանելիության և հիշողության հարցերին։ Հեղինակային ես-ի փորձառությունը եթե չի կազմում ստեղծագործությունների առանցքը, ապա միանշանակ իր արտացոլումը գտնում է այն հիմնահարցերում, որոնք արծարծվում են թատերկերում։
Վ. Ա. — Այս պիեսներում պատերազմն առանցքային տեղ ունի։ Բայց դա միա՞կ փաստն է, որ այս պիեսները կարող են հայ բեմում լավագույնս մեկնաբանվել։
Լ. Ա. — Պատերազմի թեման, այո, առանցքային տեղ ունի այս քառաբանության ստեղծագործություններում։ Բայց հեղինակը նախընտրել է արծարծել մասնավորապես պատերազմի հետևանքների թեման՝ ծնող-երեխա փոխհարաբերությունների պրիզմայով՝ հոգեբանական նուրբ հարթություններում։ Հայ բեմում այս թեմաները շատ խորը կմեկնաբանվեն, քանի անմիջականորեն ապրված են Հայաստանում․․․
Վ. Ա. — Ընդհանրապես թեմաները տեղայնացնելու առումով ի՞նչ կասեք։ Մեր թատրոններն ունե՞ն այդ ներուժը։
Լ. Ա. – Անշուշտ, ունեն և ունեն նաև համամարդկային թեմաներում հայկական համատեքստ ներդնելու կամ գտնելու հետաքրքրվածությունը։ Կարծում եմ՝ այս հարցին ավելի հանգամանալի կերպով կարող են անդրադառնալ բեմադրիչները։
Վ. Ա. — Վերջին տարիներին թարգմանական աշխատանքներն ակտիվացել են, օատարազգի բազմաթիվ հեղինակներ են թարգմանվում հայերեն։ Նույն ակտիվությունը նկատելի չէ հայ հեղինակներին այլ լեզուներով ներկայացնելու պարագայում։ Ո՞րն է խնդիրը։ Դուք ունե՞ք նման հեռանկարային պլաններ։
Լ. Ա. — Դեպի հայերեն թարգմանական գործունեության ակտիվացման միտումը ողջունելի է, բայց հայ հեղինակների ստեղծագործությունները Հայաստանից դուրս ներկայացնելու հնարավորությունների պակասը մեզ ստիպում է մտածել, որ մեր մշակութային արժեքները դեռևս նոր պիտի ստանան իրենց արժանի ճանաչումը միջազգային հարթություններում։
Թարգմանիչներն այստեղ մեծ գործ ունեն անելու։ Ցավոք դեպի հայերեն թարգմանությունների ծավալը դեռևս ավելի մեծ է, քան հայերենից՝ օտար լեզուներ։ Կարծում եմ, որ այստեղ կարող են և պետք է դեր խաղան նաև պետական համապատասխան մարմինները՝ մշակելով արվեստի և գրականության հանրահռչակմանն ուղղված ավելի լայնածավալ ծրագրեր՝ ինչպես բազում այլ երկրներում, որոնք կօգնեն մեր թատերական հեղինակներին, թարգմանիչներին, բեմադրիչներին համագործակցել և Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել հայ հեղինակների գործերը։
Ես նմանատիպ մտահղացումներ ունեմ, բայց դրանք պահանջում են ավելի մեծ ջանքեր, ավելի շատ ժամանակ և ավելի լայն համագործակցություններ։
Վ. Ա. — Բազմաթիվ պիեսներ են թարգմանվում, որոնք կամ բեմադրվում են կամ չեն բեմադրվում։ Բայց Ձեր կարծիքով՝ այսօր շարունակվո՞ւմ է թատրոնի ու ընթերցողի դրամատուրգիական քաղցը։
Լ. Ա. — Դրամատուրգիական քաղցը, կարծում եմ, շարունակվում է։ 2017-ից ի վեր «Ավանսեն» ֆրանկոֆոն թատերական ասոցիացիայի Թատերական հանդիպումներ նախագծի շրջանակում ամեն տարի հրավիրում ենք ժամանակակից ֆրանկոֆոն դրամատուրգների, թարգմանում և հրատարակում ենք նրանց ստեղծագործությունները և ամեն տարի հետաքրքրությունը, մասնավորապես, երիտասարդ բեմադրիչների կողմից շարունակում է աճել։ Թատերկերից շատերը բեմադրվել են Երևանում, Գյումրիում, շարունակում են բեմադրվել և մեզնից շարունակում են պիեսներ խնդրել։
Ուստի կարծում եմ, որ կա մեծ պակաս և եթե դասական հեղինակները գուցե բավականաչափ թարգմանված են, ապա ժամանակակից լավ դրամատուրգիայի ետևից պիտի փորձենք ինքներս հասցնել։ Այսօր հանդիսատեսը սպասում է նոր մոտեցումների, նոր պատմությունների, որոնք կարող ենք պատմել իրենց մասին։
Բացի այդ կա մի երևույթ, որը նույնպես մեր՝ թարգմանիչների խնդիրն է նաև։ Երբեմն, մասնավորապես, ժամանակակից հեղինակների թատերկերը, որոնք մեր թարտրոնները ցանկանում են բեմադրել, «ենթարկվում են» միջնորդավորված թարգմանությունների։ Այսինքն՝ բեմադրիչը ինքն է թարգմանում տվյալ թատերկը, այն լեզվից, որն իրեն հասանելի է․ սա հանգեցնում է բնագրի շատ նրբերանգների, դետալների և երբեմն էլ կարևոր իմաստների կորստին, ինչը կարող է գործը շեղել ուղղությունից։ Ուստի կարծում եմ, որ թատրոնների և թարգմանիչների համագործակցությունը պետք է ավելի քան սերտ լինի՝ դրամատուրգիական քաղցը լրացնելու համար։
Զրուցեց՝ Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ