«ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՉԿԱ՝ ԹՈՂՏՎՈՒԹՅՈՒՆ Է…» / Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ
Նարինե ՍԱՐԳՍՅԱՆ
Արվեստագիտության թեկնածու
(«Փող: Կիրք: Իշխանություն:» ներկայացումը Կ․Ս․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում՝ Ի․Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի մոտիվներով)
«Եթե աստված չկա՝ թողտվություն է»,- իր վերջին խոսքերն է ասում «Փող: Կիրք: Իշխանություն:» ներկայացման գլխավոր հերոսը՝ Պյոտր Ադուևը և այդպիսով ամփոփում բեմադրության ասելիքը: Կ․Ս․Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի նոր ներկայացումը Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի մոտիվներով է (բեմականացման հեղինակներ՝ Ն. Ստեփանյան, Ս. Շահվերդյանի, բեմադրությունը՝ Ս. Շահվերդյանի): Գրեթե երկու հարյուրամյակ առաջ գրված այդ պատմությունը, պարզվում է, որ սովորական է նաև այսօր, և դա միանշանակ ապացուցում է դասական վեպի ազատ բեմականացման հիման վրա բեմադրված ներկայացումը, որի գործողությունները տեղի են ունենում մեր ժամանակներում: Այսօր այդ մոտեցումը թատերարվեստում լայն տարածում ունի բեմարվեստի տարբեր ժանրերում՝ դրամա, օպերա, բալետ: Կյանքը փոխվում է, փոխվում է կյանքի անտուրաժը, և ժամանակակից ատրիբուտներն ու էթիկետը թափանցում են դասական ստեղծագործություններ հանդիսատեսին ապացուցելու համար, որ ժամանակների հարափոփոխ հոսքում բարոյական հիմնախնդիրները մնում են նույնը։
«Փող: Կիրք: Իշխանությունը։» հայ թատերարվեստում դասական ստեղծագործության ժամանակակից փոխատեղման առաջին փորձը չէ: Հայացք գցելով մեր երկրի սահմաններից դուրս, պետք է ասել, որ նաև Ի․Գոնչարովի վեպի նմանօրինակ բեմականացման առաջին փորձը չէ: 2015 թ. ռուս հայտնի բեմադրիչ Կ. Սերեբրեննիկովը Մոսկվայի Գոգոլ-կենտրոնում բեմադրել է Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ իր իսկ բեմականացրած տարբերակը: 2015 թ. ինձ չի հաջողվել Մոսկվայում դիտել վերոհիշյալ բեմադրությունը (առկա է տեսագրված տարբերակը), սակայն նույն թվականին Մոսկվայի Լենկոմի թատրոնում ժամանակակից անտուրաժով մեկ ուրիշ ներկայացում եմ դիտել՝ Ա․Պուշկինի «Բորիս Գոդունովը» Բոգոմոլովի բեմադրությամբ: Այս վերջին ներկայացումը հիշեցի Ստանիսլավսկու թատրոնի «Սովորական պատմության» բեմական ձևավորման առնչությամբ (նկարիչ՝ Ա. Թադևոսյան): Ընդհանուրը այդ երկու բեմադրությունների ձևավորումների ընդամենը լայնէկրան մոնիտորի, նոթբուքերի, տեսախցիկի, ասել է թե՝ ժամանակակից կյանքը բնութագրող նորագույն տեխնոլոգիաների (միկրոֆոնը չհաշված) գործածությունն էր բեմում, որոնց դիմելով այսօր թատրոնները հաճախ են խաղին աջակցող միջավայր ստեղծում։
Վերադառնանք մեր ներկայացմանն ու ասենք, որ ծնվել է գեղագիտական առումով ճաշակով կառուցապատված ներկայացում, որի ասելիքը բեմադրիչը շեշտում է թե’ գլխավոր հերոսի ընդգծված խոսքով, որը ներկայացրինք հոդվածի սկզբում, և թե’ տեսարաններն ընդմիջելու և իրարով ամբողջացնելու մտահղացմամբ: Ժամանակ առ ժամանակ բեմում կարելի էր տեսնել աղբարկղների երթևեկություն՝ տեղափոխողների թունավոր ապրանքին դիմակայելու համարժեք հանդերձավորմամբ: Այդ տեսարանից-տեսարան անցումներն ուղեկցվում էին բեմի կենտրոնում տեղադրված էկրանի տեսաշարով՝ աղբանոցի բլուրներ, գործարաններից արտաթորվող թունավոր ծխի քուլաներ: Տեսաշարը ոչ միայն ակնհայտ պատկերացում էր տալիս գլխավոր գործող անձի հիմնական բիզնեսի մասին (էկրանին նաև պարբերաբար կարելի էր անգլատառ ընթերցել՝ Ադուևի հոլդինգը ոսկի է ստանում աղբից), այլ ուներ նաև փոխաբերական իմաստ: Այդպիսով արտահայտվում էր ներկայացման հեղինակների հայացքն՝ ուղղված սովորական մի պատմության, որտեղ գլխավոր դերակատարություն ունեին փողը, կիրքը, իշխանությունը:
Եվ այդ թունավոր միջավայր է ոտք դնում պայծառ մի երիտասարդ՝ գլխավոր հերոսի եղբորորդին, ռոմանտիկ ու լուսավոր իդեալներով (Ալեքսանդր Ադուև՝ Ս. Սարգսյան): Հաշվենկատ ու պրագմատիկ, կյանքի հորձանուտում թրծված ավագ Ադուևը երևի թե ջահելի մեջ իր անցյալն է տեսնում և իր խստաշունչ ու սառը վերաբերմունքով փորձում է պահ առաջ «դարձի» բերել երիտասարդին՝ ապրելու իր օրենքներին ենթարկելով:
Բեմի երկհարկանի, իրարից բաժանված փոքրիկ հարթակներում ընթանում են երիտասարդ հերոսի՝ դեպի անկում տանող սիրային պատմություններն ու ամեն անգամ նոր հիասթափության առաջ նրան կանգնեցնում: Ըստ բեմադրիչի՝ ամենը Ադուև ավագի քննախույզ հսկողության ներքո է։ Վերևի հարկում տեսախցիկները գործի են դրվում հերոսի սիրային անցուդարձը նկարահանող օպերատորի կողմից, որի ընթացքը մեծ էկրանին հետևում են Ադուևը՝ կնոջ (Թ․Խաչատրյան) ու իր մարդ-ռոբոտ օգնականի (Լ․Մուկուչյան) հետ միասին ու ներքևից ուղղություն տալիս: Իրական աշխարհում հերոսի վերապրած հիասթափություններն աստիճանաբար նրան թևաթափ են անելու և դեպի բարոյական անկման ճանապարհ են թեքելու, որտեղ ազնվությունն ու անկեղծությունը, առողջ զգացմունքներն ու փոխհարաբերությունները ոչ թե գնահատելի, այլ արգահատելի են։
Ադուևը երկու տարբեր դերակատար ունի․ Մ. Խաչատրյանի հերոսը սառնասիրտ ու ցինիկ է սկզբից մինչև վերջ, իսկ Գ. Համբարձումյանի հերոսի մոտ երբեմն մարդկային բնազդներ են արթնանում, նկատելի է դառնում խորը թաքնված կարեկցանքը թե’ եղբորորդու, թե’ կնոջ հանդեպ (Թ․Խաչատրյան): Սակայն երկուսն էլ՝ բարոյազրկված ու իքնագոհ, միևնույն պատմության պարագլուխներն են, որոնց համար դեռևս անհայտ է իրենց իսկ գծած ճանապարհի տխուր ավարտը:
Ներկայացման վերջին տեսարանում երկու հերոսներն իրենց տեղերով փոխվում են, ավագը ամենը կորցրած ու խեղճացած է, իսկ կրտսերը՝ հորեղբոր դասերն առած ճանապարհով հարստացած ու դրության տեր, այժմ ինքն է հորեղբորը ստորացուցիչ աշխատանք առաջարկելով «օգնության» ձեռք մեկնում: Իրար են հանդիպում անցյալն ու ներկան, ներկան ու ապագան, և պարզ է դառնում, որ կյանքի այդ թունավոր ու եղկելի ճանապարհի ընտրությունն ինքնաոչնչացման է տանելու:
Եթե առաջին գործողության ավարտին մաղձոտ շարժումներով ինքնագոհացման պար էր բռնել Ադուև ավագը, ապա ներկայացման ավարտին, բեմադրիչի մտահղացման վտանգավոր շրջապտույտի համաձայն, նույն պարը՝ սև ակնոցով վարագուրված աչքերով, դանդաղ շարժումներով ըմբոշխնում է կրտսեր Ադուևը: Միագիծ ռիթմիկ երաժշտական ձևավորումը նույնպես փաստում է կրկնվող սովորական ու դառնավարտ պատմությունների մասին: