ՀԱՑԻՆ ԿԵՂՏ ՉԻ ԿՊՆՈՒՄ / Անահիտ ԱՐՓԵՆ

Հեռախոսազանգ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ալո:

ԱՐՄԵՆ — Բարև:

ԱՆԴՐԱՆԻԿ — Բարև…

ԱՐՄԵՆ — Ինչպե՞ս ես:

ԱՆԴՐԱՆԻԿ — Լավ եմ, ի՞նչ կա… 

ԱՐՄԵՆ — Ասի զանգեմ` տեսնեմ ո՞նց ես:

ԱՆԴՐԱՆԻԿ — Մահապարտի ձայնո՞վ: Հո բան չի՞ պատահել: Որտե՞ղ ես:

Լռություն:

ԱՆԴՐԱՆԻԿ — Միայն չասես, թե հեռանում ես Հայաստանից:

Լռություն:

ԱՆԴՐԱՆԻԿ — Է՜յ… Ալո… (Հասկանալով:) Ախ, դու արդե՜ն հեռացել ես… Թաքո՛ւն-թաքո՛ւն: Հըմ:

ԱՐՄԵՆ — Կանչեցին, եկա:

Լռություն:

ԱՆԴՐԱՆԻԿ — (անսպասելի բղավելով): Խոպա՞ն: Նորից խոպա՞ն ես գնացել: (Դադար:) Արա, հո դու… խելքդ չե՞ս թռցրել: Ամեն քայլափոխին շինարարություն ա Երևանում, արա… Էլ տեղ չգտա՞ր գնալու:

ԱՐՄԵՆ — Անդ…

ԱՆԴՐԱՆԻԿ — (մեղմանալով, բայց դեռ զայրացած): Ուրեմն, դեռ խոպան գնացող կա… Դե էլ ինչի ենք զարմանում, որ… (Դադար: Քմծիծաղով:) Ես էլ ասում եմ՝ ուր ես կորել, չես երևում: 

ԱՐՄԵՆ  — Դու այնքան ես խրված աշխատանքի մեջ, որ զանգում եմ, գլխի էլ չես ընկնում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Մի ամիս կլինի՞ գնալդ:

ԱՐՄԵՆ — Դե… ո՞նց ասեմ…

ԱՆԴՐԱՆԻԿ — Պարզ է… Արդեն կարոտում ես… Կամ ավելի ճիշտ՝ դեռ կարոտում ես:

ԱՐՄԵՆ — Հա:

ԱՆԴՐԱՆԻԿ — Կընտելանաս: Էդ կողմերին ծանոթ ես… Մարդն ամեն ինչի ընտելանում է: Թվում է, թե ընտելացնում է, բայց իրականում ի՛նքն է ընտելացվում:

ԱՐՄԵՆ — Հա…

ԱՆԴՐԱՆԻԿ — Կարևորը գործ ունենաս: 

ԱՐՄԵՆ — Հա:

ԱՆԴՐԱՆԻԿ — Սրտովդ լինի…

ԱՐՄԵՆ — Հա…

ԱՆԴՐԱՆԻԿ — Աշխատո՞ւմ եք… Ո՞նց եք…

ԱՐՄԵՆ — Ոչինչ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ուրախ եմ… Լավ է, որ զանգեցիր, շնորհակալություն:

ԱՐՄԵՆ – Անդ, ախր…

ԱՆԴՐԱՆԻԿ – Էլ ի՞նչ՝ ախր:

ԱՐՄԵՆ — Օտարի նման ես խոսում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Խոսում եմ, ինչպես պատշաճ է խոսել հազար տարվա ընկերոջ հետ, ով ինձնից թաքուն է գնում երկրից, որովհետև գիտի, թե ուր է գնում, բայց չի հասկանում, թե ուր է խրվում…

ԱՐՄԵՆ — Դու դեմ էիր երկրից իմ հեռանալուն… 

ԱՆԴՐԱՆԻԿ – Երկրից է՜լ ես հեռացել… Պարզ է:

ԱՐՄԵՆ — Անդ… ես…

ԱՆԴՐԱՆԻԿ – Չե՞ս վախենում՝ բռնեն տանեն ռազմաճակատ… 

ԱՐՄԵՆ — Չէ, տենց բան չկա…

ԱՆԴՐԱՆԻԿ  Առայժմ կարող ա և չըլնի: Կամ էլ՝ է՛ս պահին չկա:

ԱՐՄԵՆ — Անդ… Մեր ընկերությունը…

ԱՆԴՐԱՆԻԿ — (նեղացած հեգնանքով): Ինչքան հիշում եմ, ես քեզ չեմ նեղացրել, որ մեր ընկերության հանդեպ էլ հույսերդ երերան:

ԱՐՄԵՆ — Չէ, դու ո՞նց կարող ես նեղացնել, դու քո մասին կյանքում մտածած չկաս:

ԱՆԴՐԱՆԻԿ – Պատահում է:

ԱՐՄԵՆ — Պատահո՜ւմ է: Տեսա՛կ ես: (Դադար:) Դու ուրիշ ես, ես՝ ուրիշ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Բայց դա չէր խանգարում, որ լավ ընկեր լինեինք:

ԱՐՄԵՆ — Անցյալով մի խոսա հետս: Էլի կլինենք… Չէ՞…

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա… Եթե ազատագրվես՝ գուցե: Լսիր… Գնա ուրիշ երկիր, ուր ուզում ես գնա, միայն թե դուրս արի էդ թակարդից: Փող աշխատի, գնա ազատվի: Հետո ուշ չլինի: 

ԱՐՄԵՆ — Եսիմ: Անդ…

ԱՆԴՐԱՆԻԿ – Խոստացի, որ գոնե կմտածես էդ մասին…

ԱՐՄԵՆ — Արդեն մտածում եմ… 

ԱՆԴՐԱՆԻԿ – Հը… Դե լավ… Ի՞նչ ասեմ… նախկին բախտակցիդ չմոռանաս:

ԱՐՄԵՆ — Քեզ մոռանալ կլինի՞:

ԱՆԴՐԱՆԻԿ — Կլինի: Կյանքում անհնար ոչինչ չկա: Լավ նայի քեզ:

ԱՐՄԵՆ — Հա:

ԱՆԴՐԱՆԻԿ — Զգույշ եղիր…

ԱՐՄԵՆ — Հա:

ԱՆԴՐԱՆԻԿ — …մինչև հասկանաս, թե ինչ ճահճում ես ու ինչը քեզ դուրս կքաշի: Մինչև սովորես քո՛ կյանքով ապրել, քե՛զ համար տքնել…

ԱՐՄԵՆ — Դու էլ…

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա: Բայց ես փախնելու տեղ չունեմ, ես գոնե իմ երկրում եմ… ի՛մ տիղմի մեջ:

ԱՐՄԵՆ – Ուրեմն, քեզ էլ ա դուրս քաշող պետք… (Դադար:) Լսի, Անդ… գիտեմ, որ իմ հեռանալը դուրդ չի գալիս, բայց ախր քո ընկերն եմ… ուզում եմ իմանաս, որ ես…

ԱՆԴՐԱՆԻԿ — Ինձ շա՛տ բան դուր չի գալիս մեր էս… թարս կյանքում, ինձնից լավ գիտես… դու քեզնից խոսա, ընկեր ջան:

ԱՐՄԵՆ — Ի՞նչ խոսամ, նորմալ բան չկա:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ի՞նչ մտքի ես…

ԱՐՄԵՆ — Ես բան չեմ կարող փոխել:

ԱՆԴՐԱՆԻԿ — Չե՞ս կարող, թե՞ չես ուզում:

ԱՐՄԵՆ — Չգիտեմ: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Տես, որ մրից մրջուրը չընկնես:

ԱՐՄԵՆ — Կարծում ես` ես այլևս կորա՞ծ մարդ եմ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Նայած, թե ինչ ուղի կբռնես:

ԱՐՄԵՆ — Այսինքն` թե ինչ կանեմ ազգիս համար:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ես նման բան չասացի:

ԱՐՄԵՆ — Դու այլ բան մտածելու ընդունակ չես, ինչ էլ ասես, դա է լինելու: (Դադար:) Չփոխվես… Թե չէ… Ավեր ու սով կլինի:

ԱՆԴՐԱՆԻԿ — Արդեն կա, էլի… Սովն էլ պոզով-պոչո՞վ է լինում: Մեզ միշտ թվում է, թե էդ հոգու սովը դեռ հետո է գալու… ատամների կրճտոցը հետո է լինելու… ուրիշ տեղ: Դժոխքը երկրի վրա է, ուրիշ տեղ չի: Ամեն օր, ամեն ժամ կրճտացնում ենք մեր ատամները, իսկ շուրջը ինչքան շատ են խժռում, այնքան հոգու սովից փորները բան չի ընկնում:

ԱՐՄԵՆ — Էլ մի ասա: Դե լավ, էլի կզանգեմ, Անդո ջան, գործի մեջ եմ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Քեզ լավ նայի, Արմեն: Մեզ լավ նայենք, ախպեր, որովհետև… 

ՄԻԱՍԻՆ — … օտարության մեջ ենք… 

ԱՆԴՐԱՆԻԿ — Այո: 

ԱՆԴՐԱՆԻԿ — (մեկուսի): Դժբախտաբար:

Հանդիպում ժամանակ անց:

ԱՐՄԵՆ — Ասում ես՝ ի՞նչ ժամանակնե՞ր են… 

ԱՆԴՐԱՆԻԿ – Արմե՞ն:

ԱՐՄԵՆ — Ախպե՛րս, բարև:

Գրկախառնվում են:

ԱՆԴՐԱՆԻԿ – Էս ո՞ւր ես, այ տղա, գնացիր ու գնացիր:

ԱՐՄԵՆ — Ասածներիդ վրա էի աշխատում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ե՞վ…

ԱՐՄԵՆ — Դեռ պարզ չի:

ԱՆԴՐԱՆԻԿ — Աշխատի մնայուն մի բան ստեղծես:

ԱՐՄԵՆ — Քեզ նման մեկը եթե լիներ կողքս…

ԱՆԴՐԱՆԻԿ — Ինձ նման մեկը չէ, էդտեղերից մեկն է պետք, որ գործդ առաջ գնա ու… կարողանաս հետո ժառանգություն թողնել:

ԱՐՄԵՆ — Միշտ սիրել եմ քո բնավորությունը:

ԱՆԴՐԱՆԻԿ — Բա ասում էիր` իմ բնավորությունը միայն դժվարացնում է կյանքս: 

ԱՐՄԵՆ — Չփոխվես:

ԱՆԴՐԱՆԻԿ — Դե՜… Արդեն երկրագունդը չի տափակի… 

ԱՐՄԵՆ — Էդ մեկը գոնե թող կլոր մնա, այ ախպեր….

Ծիծաղում են:

ԱՆԴՐԱՆԻԿ — Գլխի չեմ՝ նիիհարե՞լ ես, թե՞ հակառակը:

ԱՐՄԵՆ — Փոխվել եմ: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Չէ: Բայց տեսքդ վատ չի: Ապրես, որ եկել ես:

ԱՐՄԵՆ — Փոխվել եմ:

ԱՆԴՐԱՆԻԿ – Մնալո՞ւ ես, թե՞ էլի ես գնալու… 

ԱՐՄԵՆ — Այստեղ ինձ  ավելի հաստատ եմ զգում, բայց…

ԱՆԴՐԱՆԻԿ — Դե հա, այդպես էլ պիտի լիներ: Բա՞յց…

ԱՐՄԵՆ — Խոպանն իմ բանը չի, Անդո ջան:

Դադար:

ԱՆԴՐԱՆԻԿ – Վերջ: Էլ չենք խոսում, գնում ենք մեր տուն:

ԱՐՄԵՆ — Արի մի տեղ նստենք:

ԱՆԴՐԱՆԻԿ — Տնից լավ տե՞ղ պիտի նստենք:

ԱՐՄԵՆ — Ճիշտ որ: Գնացինք: Համ էլ… բան… Դե լավ, քեզնից խոսա:

ԱՆԴՐԱՆԻԿ – Գիտես, էլի՜, ի՞նչ պատմեմ… Ապրում ենք՝ անկախ մեզնից: Ամեն մեկս մեր կյանքով:

ԱՐՄԵՆ (մեղավոր): Հա…

ԱՆԴՐԱՆԻԿ (մեղադրական): Հա՜:

Տուն են մտնում:

ԱՐՄԵՆ — (կարոտով): Տնեցի՞ք ոնց են, երեխե՛քը, կի՛նդ…

ԱՆԴՐԱՆԻԿ – Լավ են, Փառք Աստծո: Նստի, մի-մի թաս խմենք, քանի երկուսով ենք: 

Դադար:

ԱՐՄԵՆ — Էս նկարի մեջ մե՞ծդ ա, թե՞ փոքրդ…

ԱՆԴՐԱՆԻԿ — (գինի բերելով): Մեկը մեծս ա, մյուսը՝ փոքրս… Էդ ի՞նչ ես նայում, իմոնք էս են… 

ԱՐՄԵՆ – Բախտավոր մարդ ես:

ԱՆԴՐԱՆԻԿ — (ժպտալով): Նախանձելու բան գտար: Դե լավ, արի նստի… Հը՞… Պատմի… Ի՞նչ չկա դրսերում…

ԱՐՄԵՆ — Հիշո՞ւմ ես… աղջիկների հետ գնացինք Աշտարակ՝ ամառանոց… 

ԱՆԴՐԱՆԻԿ – Էլի սկսեց: Հա, հիշում եմ. ընկել էիր տվայտանքների մեջ, ես էլ քեզ համոզում էի, որ ուշադրություն չդարձնես, կանցնի… վերջ տուր:

ԱՐՄԵՆ – Վերջը… Ամերիայում բժշկի գնացի…

ԱՆԴՐԱՆԻԿ – Ամերիկա՜ ես գնացել…

ԱՐՄԵՆ – Դե… գնացի-եկա: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Ներողություն, որ ընդհատեցի, հետո՞… հետո՞…

ԱՐՄԵՆ — Հետո-հետո: Բժիշկն ասեց` պատահում է. օդափոխություն, հանգիստ, ուրիշ բան պետք չի, կանցնի: Անցավ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Այ ախպեր, անցնելու բան չկար, որ անցներ: 

ԱՐՄԵՆ — Հիմա…

ԱՆԴՐԱՆԻԿ – Պատահում է, բոլորիս հետ էլ պատահում է, դու ամերիկաներից պատմի:

ԱՐՄԵՆ — Հիմա ամեն ինչ լավ է, բայց հիմա էլ ե՛ս չեմ ուզում:

ԱՆԴՐԱՆԻԿ – Որովհետև ուրիշ անտառներում ես որս անում, այ ախպեր: Մի՛ ժպտա, լո՛ւրջ եմ ասում: (Նմանակելով:) Չե՜մ ուզում… Վերջ տուր: Ինչն է շատ` սի-րո՜ւն աղ-ջիկ- նե՜րը… Հայուհի կընտրես ու ամեն ինչ տեղը կընկնի: Լսեցի՞ր: Հը՞…

ԱՐՄԵՆ — Հեչ, լավ, անցած լինի: (Դադար:) Գործերս խառն են…

ԱՆԴՐԱՆԻԿ – Հասկանում եմ, աշխարհի՛ մասշտաբով արդեն պիտի հաստատվես… 

ԱՐՄԵՆ — Կարելի է և այդպես ասել:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ուրախ եմ, որ խառնի մեջ ինձ էլ ես մեկ-մեկ հիշում… Կատակ եմ անում:

ԱՐՄԵՆ — Եթե բոլորը քեզ նման մտածեին:

ԱՆԴՐԱՆԻԿ — Աշխարհը… պետք չէ, որ բոլորը ինձ նման մտածեն… աշխարհը…. 

ԱՐՄԵՆ — Ի՞նչ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Լավ, հեչ: Կարևոր չէ:

ԱՐՄԵՆ — Բան էիր ուզում ասել:

ԱՆԴՐԱՆԻԿ — Էական բան չկա: Լավ է, որ դրսերում ընկեր ունեմ:

ԱՐՄԵՆ — Բայց ուրախ չես:

ԱՆԴՐԱՆԻԿ – Չէ, չէ, ուրախ եմ, որ լավ ես: 

ԱՐՄԵՆ — Էդ ի՞նչ ես գետինները տնտղում…

ԱՆԴՐԱՆԻԿ — Հացի կտոր ընկավ աչքովս, պստոյիս ձեռքից ընկած կլինի… ասի չթողնեմ մնա… (Դադար:) Գտա: Լավ է, որ լավ ես, ոչինչ, որ խառն ես: Գործի նշան է: Գոնե դուք լավ եղեք, թե չէ, որ դուք էլ ամերիկաներում վատ եղաք, իսկական մահ կլինի: «Մկների ժողով»-ի ասած՝ մեր մահը եկե՜լ է:

ԱՐՄԵՆ — Հեչ չես փոխվել, է՜:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ծերացել եմ: 

Դադար:

ԱՐՄԵՆ — Տատս միշտ ասում էր՝ հաց մի՛ գցեք գետնին` մեղք է: Հենց գետնին հաց էր տեսնում, վերցնում, մի բարձր տեղ էր դնում: Էլի ասում էր՝ մեղք է:

ԱՆԴՐԱՆԻԿ – Ճիշտ էր ասում, մեծերը միշտ իմաստուն են լինում, ավելի հեռուների մեծերն ավելի իմաստուն են եղել: Հացդ գետնին չպիտի գցես, սրբությունդ բարձր տեղ պիտի պահես: Այլապես մեղք ես գործում, կպատժվես: Թե չէ հացին կեղտ չի կպնում:

ԱՐՄԵՆ — Էլի սկսեցիր փիլիսոփայել:

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա՛: Մեկ-մեկ վերադառնում եմ ջահելություն: 

ԱՐՄԵՆ — Կարծում էի մեծերն են փիլիսոփայում, երբ իմաստնանում են:

ԱՆԴՐԱՆԻԿ — Որ իմաստնանան՝ այո: Իսկ ջահելները անպայման փիլիսոփայում են: 

ԱՐՄԵՆ — Դե որ ասում ես…

ԱՆԴՐԱՆԻԿ — Ես ասում եմ, դու էլ կշռադատի ասածս, արա…

ԱՐՄԵՆ – Ի՞նչ ասեմ, չեմ ուզում քեզ դեմ լինեմ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ինձ չես դեմ լինում, այլ իմ մտքերին կամ համաձայն ես կամ՝ ոչ: Համաձայն չես, դու էլ քո՛ մտածածն ասա…

ԱՐՄԵՆ — Տարբերությունը…

ԱՆԴՐԱՆԻԿ — Շատ մեծ է: Եվ արժի մտածել ասածներիս մասին: Գուցե խելքին մոտ են, գուցե դու էլ քո՞ ասելիքն ունես: Ընդհանուր առմամբ, դու ի՞նչ ես ուզում այս կյանք կոչվածից, որ չես գտնում:

ԱՐՄԵՆ — Շատ բան:

ԱՆԴՐԱՆԻԿ — Օրինակ:

ԱՐՄԵՆ — Որ ինձ սիրեն: 

ԱՆԴՐԱՆԻԿ – Դրսերում: Իրավունք ունես: Սիրեցին: Հետո՞:

ԱՐՄԵՆ — Լավ վերաբերվեն:

ԱՆԴՐԱՆԻԿ — Լավ էլ վերաբերվեցին: Հետո՞:

ԱՐՄԵՆ – Դե, որ լավ վերաբերվեն ու սիրեն, գործերս հաջող կընթանան:

ԱՆԴՐԱՆԻԿ — Գործերդ հաջող ընթանալու բոլոր նախապայմաններն ունես: Հետո՞:

ԱՐՄԵՆ — Էլ ի՞նչ հետո, ուրեմն արդեն ամեն ինչ լավ կլինի: Կյանքից ինչ ուզեմ՝ կլինի:

ԱՆԴՐԱՆԻԿ — Դու ինքդ ոչինչ չե՞ս տալու:

ԱՐՄԵՆ — Չէ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ափսոս:

ԱՐՄԵՆ — Ի՞նչն ես ափսոսում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Խոսելիք չկա քեզ հետ:

ԱՐՄԵՆ – Ինչո՞ւ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Որովհետև քեզ ասելիք չունեմ այլևս:

ԱՐՄԵՆ — Տարօրինակ մարդ ես:

ԱՆԴՐԱՆԻԿ – Ինչո՞ւ, որ ասելիք չունենալու դեպքում ավելորդ տեղը չե՞մ խոսում:

ԱՐՄԵՆ — Էլի մի սկսիր: Որպեսզի հեշտ ապրես…

ԱՆԴՐԱՆԻԿ — Եթե անտեղի ես խոսում, կյանքդ հեշտանո՞ւմ է… նո՞ր գյուտ է:

ԱՐՄԵՆ — Ավելի հեշտ է ապրելը, եթե ամեն ինչին շատ բծախնդիր չես վերաբերվում, մի քիչ էլ կարելի է թեթև նայել հարցերին: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Ձեռքի հետ, յոլա տանելով և նման բաներ: Մասնագիտական հարցերում դա կոչվում է դիլետանտիզմ, անձնական փոխհարաբերություններում…

ԱՐՄԵՆ — Փոխըմբռնում:

ԱՆԴՐԱՆԻԿ – Ո-ո՜չ:  Անտարբերությո՛ւն: Ոչ սրտացավ վերաբերմունք մերձավորիդ նկատմամբ: 

ԱՐՄԵՆ — Կարող է մերձավորիդ պետք է, որ մի քիչ անտարբե՞ր լինես իր հանդեպ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Այդպիսի մարդն ինձ չի կարող մերձավոր լինել: 

ԱՐՄԵՆ — Դո՛ւ իրեն…

ԱՆԴՐԱՆԻԿ — Ես իրեն` առավել ևս: Եվ ատում եմ, երբ հորդորում են` թեթև տանել:

ԱՐՄԵՆ — Ինչո՞ւ որ… Վա՞տ կլինի, եթե թեթև վերաբերվես պրոբլեմներին, կյանքը հեշտանա…

ԱՆԴՐԱՆԻԿ — Վատ է լինում, երբ պրոբլեմ կա ու պակասում է լուրջ վերաբերմունքը:

ԱՐՄԵՆ — Թեթև տանել, դեռ չի նշանակում անլուրջ վերաբերվել:

ԱՆԴՐԱՆԻԿ — Լուրջն արդեն թեթև լինել չի կարող:

ԱՐՄԵՆ — Հոգնեցրիր: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Դու էլ՝ ինձ:  Բա որ ասում էի՝ ասելիք չունեմ, նեղանում էիր… Չեղա՞վ, որ անտեղի խոսել պետք չէր:

ԱՐՄԵՆ — Հեչ չես փոխվել, է՜… (Դադար:) Անտեղի չէր… (Դադար:) Ամեն անգամ քեզ հետ շփվելիս զգում եմ, որ ապրելու մեջ ինչ-որ իմաստ կա… այնուամենայնի՛վ: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Արմե՛ն…

ԱՐՄԵՆ — Ասում ես` ինչու՞ հացին կեղտ չի կպնում: 

ԱՆԴՐԱՆԻԿ — Որովհետև սրբություն է: Ապրուստ ու վաստակ, կյանքի իմաստ ու ընտանիքի պատիվ…

ԱՐՄԵՆ (ժպիտախառը): Աաա՜… Հարցերի հարցը: Իսկ ես չգիտեմ՝ դա երևակայության արդյո՞ւնք է, թե՞ իրականում էլ է այդպես:

ԱՆԴՐԱՆԻԿ — Իրականում էլ է այդպես: Մի կյանքը չի բավականացնի հասկանալու համար: 

ԱՐՄԵՆ — Կյանքս անցավ, այդպես էլ շատ բան չիմացա…

ԱՆԴՐԱՆԻԿ – Չենք էլ իմանա, մի նեղվի: 

ԱՐՄԵՆ — Գուցե պետք էլ չի, որ իմանանք:

ԱՆԴՐԱՆԻԿ – Հա… Երևի ճիշտ ես ասում:

ԱՐՄԵՆ – Մեկ-մեկ էլ մենք ճիշտ լինենք: Կարելի է, չէ՞:

ԱՆԴՐԱՆԻԿ — Վերջ տուր:

ԱՐՄԵՆ — Մի նեղվի… Բան էր՝ ասացի:

ԱՆԴՐԱՆԻԿ — Խնդիրն այն է, որ երբեք, ոչ ոքի սխալ չեմ համարում, ուրիշներն ինչ անում են, մտածում եմ՝ երևի լավ են անում, ճիշտը դա է… երևի: Եվ նման զգացողություններ: 

ԱՐՄԵՆ — Բայց դու ամեն ինչ չես հավանում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա, իհարկե: Դժբախտաբար, շատ բան չեմ հավանում:

ԱՐՄԵՆ — Մանավանդ շաբլոն բաները:

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա՜, էդ հեչ, շաբլոն չեմ սիրում: Դեռ դպրոցից չեմ սիրել: Ես հուշում էի, ինչքան ասես, բայց ինքս մի հնչյուն չէի արտասանի ուրիշի հուշածով: Անընդունակ էի: Ահավոր:

ԱՐՄԵՆ — Համեմատություն գտար:

ԱՆԴՐԱՆԻԿ — Կարծում ես` կապ չկա՞:

ԱՐՄԵՆ — Ջանըմ, չըլնի էլ, դու կգտնես:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ձերոնք ո՞նց են:

ԱՐՄԵՆ — Ոչինչ: Կամաց-կամաց:

ԱՆԴՐԱՆԻԿ — Գիտե՞ս` ի՞նչ եմ սիրում: 

ԱՐՄԵՆ — (երգում է): «Սարերի՜ քամի՜… որտեղի՞ց ես գալիս և ո՞ւր ես գնում, ախ, սարերի քամի»…

ԱՆԴՐԱՆԻԿ — Ջա՜ն: Տասին խփեցիր: Ձայնիդ կարոտել եմ: 

ԱՐՄԵՆ — «Սարերի քամի՜»… Արա, քանի եկել եմ, բեր մի օր գնանք բնության մեջ, մի քիչ օդափոխվենք, թե չէ ամբողջ օրը աշխատանքից աչք չես բացում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա, իմոնք էլ են նեղանում, ոչ մի տեղ չեմ տանում: Էսպես չի լինի: 

ԱՐՄԵՆ — Ես գիտեմ, թե ինչու հացին կեղտ չի կպնում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Սրբություն է:

ԱՐՄԵՆ — Մաքրություն է, որ սրբություն է:

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա, իրավացի ես:

Դադար:

ԱՐՄԵՆ — Երևի նշանվեմ:

ԱՆԴՐԱՆԻԿ – Լո՞ւրջ ես ասում, ո՞ւմ հետ:

ԱՐՄԵՆ — Մեկը կա… Մի խոսքով, պապիս հարևանն են: Աչքովս ընկել էր, էն օրն էլ մերոնք, թե՝ լավ աղջիկ կա, չե՞ս ուզի ամուսնանաս, տես, թե հավանես, գնանք նշան դնենք, քանի եկել ես… Ախպեր, իմ հավանած աղջիկն էր:

ԱՆԴՐԱՆԻԿ — Էդ հո լրիվ քո բախտն է:

ԱՐՄԵՆ — Հա էլի՜, լուրջ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Հա էլի՜, բայց ինչո՞ւ այդպես դատապարտվածի տեսքով:

ԱՐՄԵՆ — Եսիմ, է՜:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ինձ նայիր: Ճիշտն ասա, ի՞նչ կա մեջտեղը: Հո ուրիշի չի՞ սիրում:

ԱՐՄԵՆ — Հը՞: Մտքովս չէր անցել:

ԱՆԴՐԱՆԻԿ — Բա ինչո՞ւ ես տխուր-տխուր խոսում: 

ԱՐՄԵՆ — Եսիմ, է՜:

ԱՆԴՐԱՆԻԿ – Եսիմ-մեսիմ չկա: Վե՛րջ: Ականջդ կտրել է պետք, որ կոտոշ չհանես: Մեզ սերունդ է պետք: Թե չէ մնացել, դարձել ես հազար տարեկան, հիմա որ չամուսնացար…

ԱՐՄԵՆ — Լավ դե, դու էլ, ի՞նչ ես հուսահատեցնում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Էդ ե՞ս եմ հուսահատեցնում: Դու քեզ կողքից տեսե՞լ ես: Հայելի տա՞մ: Մահապարտի ես նման: Երեսիդ գույն չկա: 

ԱՐՄԵՆ  — Դե հիմա:

ԱՆԴՐԱՆԻԿ — Խմենք… ու քեզ բարի բախտ, ախպերս: Դու որ իմ տանը երեխեքիս հետ հավեսով խաղում ես, քեզ լավ ես զգում, վա՞տ կլինի, որ քոնն ունենաս ու կողքդ էլ սիրածդ կինը լինի: 

ԱՐՄԵՆ — Սիրածս: Վատ չես ասում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ամեն ինչ քեզնից է կախված:

ԱՐՄԵՆ — Բա ճակատագիրը, բախտը, անհաջողությունները… 

ԱՆԴՐԱՆԻԿ — Վատ եղանակը, քամին, անձրևը… Ասա, ասա՛, մի՛ ամաչի: Տնաշե՜ն:

ԱՐՄԵՆ — Է՜… հետդ խոսել չի լինում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ի՞նչ ես ասում, որ ի՞նչ խոսենք:

ԱՐՄԵՆ — Վերջ, ես գնացի:

ԱՆԴՐԱՆԻԿ – Գնացիր՝ գնա, էլ ի՞նչ ասեմ: Քոնը դա է, հենց հարց կա լուծելու, վեր ես կենում ու գնում ես:

Դադար:

ԱՐՄԵՆ — Ես չեմ փախչում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Նման բան չասացի:

ԱՐՄԵՆ — Այնքան ես գնալուս առիթով ասել, որ ամբողջ կյանքիս համար հերիք կանի:

ԱՆԴՐԱՆԻԿ — Դե… փաստ է, որ փախուստը ելք չի:

ԱՐՄԵՆ — Ըհը:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ի՞նչ:

ԱՐՄԵՆ — Ես չեմ փախչում:

ԱՆԴՐԱՆԻԿ — Բա ի՞նչ ես անում:

ԱՐՄԵՆ — Փնտրում եմ:

ԱՆԴՐԱՆԻԿ — Ո՞ւ…

ԱՐՄԵՆ — Իմը չի:

ԱՆԴՐԱՆԻԿ — Աա՜…

ԱՐՄԵՆ — Ուրիշինը չեմ ուզում…

ԱՆԴՐԱՆԻԿ — Մերն էլ է արդեն ուրի՞շ…

ԱՐՄԵՆ — Մերն էլ ուրիշին չեմ ուզում տալ, բայց ախր…

ԱՆԴՐԱՆԻԿ — Ասում էի քեզ` մի՛ գնա:

ԱՐՄԵՆ — Ներիր, ետ գալ չեմ կարող այլևս:

ԱՆԴՐԱՆԻԿ — Դուք չեք կարող, մենք չենք կարող, Տեր Աստված… Չես կարող, մի արի, ի՞նչ ասեմ: Մեղադրելու չի… 

ԱՐՄԵՆ (արտասվելով): Շատ եմ կարոտում:

Դադար:

ԱՆԴՐԱՆԻԿ — Կարոտում ես, արի կարոտդ առ, գնա, բայց մի՛ ողբա… Ես էլ գլուխ կգովամ, որ ամերիկաներում ընկեր ունեմ…

ԱՐՄԵՆ — Հարց չկա, ախպեր: Լից, ճիշտ ես ասում: Լացեցինք, կարոտներս առանք ներսից ու դրսից: Լցրո՛ւ…

ԱՆԴՐԱՆԻԿ — Աշխարհում մեկ հատիկ անդավաճան երևույթ կա, անփոխելի ու հարատև՝ մայր հայրենիքը: Վերցրո՛ւ:

ԱՐՄԵՆ — Շեն կենաք: 

ՄԻԱՍԻՆ — Կենա՛ցդ, մա՛յր հող…

Հոկտեմբերի 18, 2024 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։