Միխաելա ՌՈՆՑՈՆԻ / 610 Bedford Drive
I’m an American
(Թատրերգություն մեկ գործողությամբ)
Կյանքը հանդուրժել…
Կյանքը մերժել…
Կյանքը հաղթահարել…
ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ
Ժամանակը` երկուշաբթի, 25-ը հունվարի 1943 թ.
Վայրը՝ Ֆրանց Վերֆելի տունը Լոս Անջելեսում, 610 North Bedford Drive
Ռուպերտի համար՝ երախտագիտությամբ
Թարգմանությունը՝ Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ
ՆԱԽԵՐԳ
Հանդիսասրահը մթնում է: Մատուցասեղանի մոտ կանգնած է Քլիֆֆորդ Օդեթսը: Նա հաղթանդամ տղամարդ է՝ կարճ կտրած մազերով և անշրջանակ, բաց նիկելափայլ ակնոցով: Կրում է բաց մոխրագույն, 35 դոլարանոց կոստյում, հագին կապույտ վերնաշապիկ է՝ նուրբ բրդյա կտորից, որի օձիքը նկատելիորեն մաշված է: Գունագեղ փողկապը ամենաթանկարժեք բանն է նրա հանդերձանքում: Նա խզբզելու պես գրում—ջնջում է ծոցատետրում՝ այս ու այնտեղ:
Խավարի միջից բեմ է դուրս գալիս Ֆրանց Վերֆելը: Երբ նա հասնում է բեմահարթակի կենտրոն, լուսաշիթ է ընկնում վրան՝ բեմապատկերը, սակայն, դույզն—ինչ չլուսազրկելով: Միաժամանակ մի լուսաշող էլ ընկնում է Օդեթսի վրա՝ մինչ վերջինս կհասցնի ընկալել իր շրջապատը:
Վերֆելը կրում է թանկարժեք կոստյում՝ ասեղնակար երիզով, որի բաճկոնակը և տաբատը տեղ—տեղ ուռչած են ու ճմրթված: Բաճկոնի կրծքագրպանում անշրջանակ, կլորավուն ակնոց է: Մատին կրում է վանող գոռոզամտությամբ ճառագող կնիքով մատանի: Ձեռքում սևակազմ տետրակ է:
ՎԵՐՖԵԼ
Դուք չե՛ք զլացել, տիկնայք և պարոնայք ու այստեղ եք եկել իմ շուրթերից լսելու որոշ արձակ էջեր և մի քանի բանաստեղծություններ: Ինձ այնպես էր պատկերանում, որ հիմա պարզապես բաց կանեմ իմ գիրքը և կսկսեմ ընթերցել, ինչպես որ արդեն հարյուրավոր անգամներ, քսան և հինգ տարիներ շարունակ, աշխարհիս բոլոր ծագերում արել եմ: (Բացում է տետրը, ձեռքն է առնում ակնոցը և ակնդետ նայում տետրին:)
ՕԴԵԹՍ
(Մինչ այդ՝ անխոս գրելով): Գրողը տանի, ես ինչպե՞ս դա պետք է գրի առնեմ: (Ջոն Ուեյնի ձայնին կարծես նմանակելով, միաժամանակ նշումներ կատարելով:) ՛՛Դուք հարցնում եք ինձ, թե ինչու եմ ես պաշտպան կանգնում ճնշվածների՞ն: Որովհետև ես այն սեփական մաշկիս վրա եմ զգացել և հետո՝ ՕՀարաներն ու փղիկները չեն մոռացվում՛՛: (Կրկնում է վերջին նախադասությունը:) Աստվա՜ծ իմ… (Պարպում է բրենդիի բաժակը:) Ի՞նչ է, այստեղ խմելու որևէ բան չի՞ տրվելու: Ե՛վս մեկ բրենդի…
ՎԵՐՖԵԼ
(Իր խաղաղ պահերից հետո՝ փակում է գրքույկը և հանում ակնոցը) Ներողություն եմ խնդրում: Ես այդ չեմ կարող: Մի մեծագույն ցանկություն դրդում է ինձ, անձնական նկատառումներից ելնելով, հայցելու Ձեր ներողամտությունը: Ինձ համար այնքան արտասովոր մի բան է՝ կանգնել այստեղ, այս սրահում և բարձրաձայն խոսել մի լեզվով, որն իմն է և ամեն ինչ է ինձ համար, որը սակայն, այլևս ինձ չի պատկանում: (Դադար:)
ՕԴԵԹՍ
Վերջապե՜ս… Ինչքա՜ն կարելի է սպասել… (Նորից մի ումպով պարպում է գավաթը:) Մեկ անգամ էլ կրկնեք:
ՎԵՐՖԵԼ
Ո՛չ, ես հիմա չէի ուզենա այս թմրամիջոցը կրկին ընդունել, որը մեր միջով գահավիժելով՝ այնքա՜ն կյանքեր է արմատից խլել: Մեկն այն հեշտությամբ է տանում, մյուսը՝ շատ ավելի ծանր: Յուրաքանչյուր ոք՝ ըստ իր կարողությունների: Եվ չես կարող բռնադատվածներից ու հետապնդվողներից պահանջել, որ նրանք հստակ գիտակցումով դառնության գավաթը դատարկեն: (Հայացքն ուղղում է որքան հնարավոր է հեռու՝ դեպի հանդիսատեսների դեմքերը:)
ՕԴԵԹՍ
Շնորհակալություն… (Կոնծում է բրենդիի բաժակը, մի դոլարանոց է դնում բար—մատուցարանի սեղանիկին🙂 Ճիշտ որ ճիշտ: (Ինքն իր հետ խոսելով՝ բարից հեռանալով:) Զարմանալի չէ, որ հնդիկները կյանքը մեղք են անվանում… (Դուրս է գալիս:)
ՎԵՐՖԵԼ
՛՛Տառապանք՛՛ բառը միջնադարյան գերմաներենում այլ բան չի նշանակում, քան ՛՛արտասահման՚՛՛
Լույսը հանգչում է, Վերֆելը տետրը դնում է լուսամուտի գոգին և դուրս է գալիս:
ՏԵՍԱՐԱՆ ԱՌԱՋԻՆ
Դեռ հազիվ էր Վերֆելը բեմը լքել՝ բեմապատկերը սկսում է դանդաղ լուսավորվել, բայց դեռևս բավականաչափ մութ է մնում: Բեմը դատարկ է:
Բեմահարթակը դարավանդ է՝ զարմանալիորեն համեստ, միհարկանի տան առջև: Ետևի ճակատամասում երկու դռնակներ դեպի տուն են առաջնորդում: Զույգ դռների միջև երկտեղանի նստարան է զետեղված՝ առանց բարձերի: Նրանից ձախ տեղադրված է մեծադիր բազկաթոռ՝ նույնպես առանց բարձ, իսկ աջ կողմում՝ ճոճաթոռ: Նստարանի առջև դրված է փոքրիկ, ցածրադիր սեղան: Բեմի աջ կողմում երևակվում է փոքրիկ որմնաելուստ, որն իբրև գրապահեստ է ծառայում: Հիմա նրա վրա լոկ սև թղթապանակն է ընկած: Դրա ետևում բացվում է մի երրորդ դուռ, որը տան մեջ ելումուտ անելու համար է գործածվում: Հարթակից ձգվող ճանապարհը ձախ կողմով դեպի դուրս է տանում: Սեղանի, նստարանի և բազկաթոռի միջև գորգի նման մի բան է փռված: Հատակը աղյուսակավ է հիշեցնում:
Առավոտյան ժամը իննի մոտերքն է, գարնանաշունչ հունվարյան մի օր Կալիֆորնիայում: Միապաղաղ անդորրի մեջ հնչում է ՛՛Ճակատագրի ուժը՛՛ օպերայի նախերգանքի ՛՛Andantino՛՛-ն: ՛՛Andante mosso՛՛-ում լույսը հասնում է առավոտվա բնական ուժին: Երաժշտության վերջին հնչյուններին զուգահեռ՝ տղամարդկային, ամերիկյան ռադիո—լրատվական ձայն աջակողմից սկսում է աստիճանաբար ուժգնանալ:
ՁԱՅՆԸ
….condemn in the strongest possible terms this bestial policy of cold-blooded extermination. They declare that such events can only strengthen the resolve of all freedom-loving peoples to overthrow the barbarous Hitlerite tyranny, They reaffirm their solemn resolution to insure that those responsible for these crimes shall not escape retribution, and to press on with the necessary practical measures to this end.
…դատապարտում են հնարավոր ամենախիստ արտահայտություններով սառնարյուն բնաջնջման այս գազանաբարո քաղաքականությունը: Նրանք հայտարարում են, որ այդ իրադարձությունները կարող են միայն ուժեղացնել խաղաղասեր մարդկանց ու ժողովուրդների վճռականությունը՝ տապալելու բարբարոսական հիտլերյան բռնապետությունը: Նրանք վերահաստատում են իրենց օրինական վճռադրությունը՝ ապահովելու համար այն, որ այդ ոճրագործությունների պատասխանատուները չկարողանան խուսափել հատուցումից և ճնշում գործադրել՝ անհրաժեշտ գործնական միջոցներով դրան հասնելու համար:
Բոլոր գրավյալ երկրներից հրեաները ամենածանր պայմաններում և ամենավայրագ մեթոդներով տեղափոխվում են դեպի Արևելյան Եվրոպա: Լեհաստանում, որը վերածվել է նացիստների գլխավոր սպանդանոցի, գերմանացի զավթիչների կողմից հիմնված հրեական գետտոներում հրեաները սիստեմատիկորեն ոչնչացվում են: Այդ արյունոտ դաժանությունների զոհերի թիվը հասնում է հարյուր հազարավորների՝ կատարելապես անմեղ տղամարդիկ, կանայք ու երեխաներ…
ՎԵՐՖԵԼ
(Բեմահարթակի աջակողմից): Եկեք այստե՛ղ, Օդեթս, դուրս գնանք աշխատելու: (Մտնում է բեմ: Կրում է նույն կոստյումը, ինչ և նախերգում, միայն մի տարբերությամբ՝ բաճկոնակին ձվի հետք կա: Երեք ակնոցներ են խրված բաճկոնի տարբեր գրպաններում: Թևքերի տակ սեղմած՝ երկու բարձ է բերում նստարանի համար: Բղավելով տան ուղղությամբ:) Դե վե՛րջ տուր… (Ինքն իրեն:) Ի՞նչ կարող ես անել մի այսպիսի կնոջ հետ: (Օդեթսը, հագին նույն կոստյումը, ինչ և նախերգում, բազկաթոռի բարձը ձեռքին, մյուսով մոխրամանը բռնած՝ մտնում է բեմ: Բարեկամական հայացքով՝ ուզում է ինչ—որ բան հասկանալ: Լուրերը վերջացել են🙂 Ինչ արած, չպե՛տք է մոռանալ, որ նա ընդամենը մի ծեր կին է:
ՕԴԵԹՍ
Սակայն, Դուք դա լո՞ւրջ եք ընդունում: (Վերֆելը ակնդետ նրան է նայում:) Ա՛յն, որ Ձեր կինը հենց նոր ասաց: Որ գերմանացիները պատերազմը կշահեն, որովհետև նրանք կարգուկանոն գիտեն և շատ ավելի խելամիտ են, քան ամերիկացիները:
ՎԵՐՖԵԼ
Ցավո՛ք, այն ամենը, ինչ նա բարձրաձայն ասում է, լուրջ մտքով է ասում…. իմ Ալմշին: Միայն թե Դուք շատ մի՛ վախեցեք, չարժե դրան այդքան կարևորություն տալ:
ՕԴԵԹՍ
Իսկ Դու՞ք, Դուք է՞լ եք Ձեր կնոջ կարծիքին:
ՎԵՐՖԵԼ
Բնականաբար ո՛չ: (Բարձը դնում է նստարանին:) Եթե կա մի քրիստոնյա, որը նեռի սրտի մինչև ամենախորը ընդերքն է թափանցել, ապա դա նախագահ Ռուզվելթն է: Եվ նա թույլ չի տա, որպեսզի ողջ հողագունդը մարդկային ցեղի մարդասպանների ձեռքն ընկնի: (Այս ընթացքում Օդեթսն արդեն տեղադրել էր բարձն ու մոխրամանը🙂
ՕԴԵԹՍ
Իսկապես, գերմանական զորամասերը, մոլեգնած անասունի նման, կուրացած աչքերով, ոտքերով ուժգին դոփում են Ստալինգրադի շրջակա ձյուների մեջ և Ռոմմելը գլխակորույս արագությամբ ետ է փախչում Հյուսիսային Աֆրիկայից: Չնայած դրան՝ մեզ մնում է միայն հուսալ, որ Գերմանիայի առանց նախապայմանների անձնատրությունը ո՛չ միայն ամերիկյա՛ն երազանք է:
ՎԵՐՖԵԼ
Վատթարագույնը պետք է որ անցած լինի: Անտարակույս, հիտլերյան ավազակախումբը կոչնչացվի: Ամերիկան կոչված է հաղթականորեն պաշտպանելու հավերժական արժեքներն ընդդեմ սատանայի նախաձեռնած կայծակնային պատերազմի:
ՕԴԵԹՍ
Եվ Հիտլերին Համանից ավելի բարձր կախելու… (Հայացքը գցում է Վերֆելի բաճկոնին:) Փխրուն միջուկ… Չորս րոպեանոց գործ… (Վերֆելը նրան չի հասկանում: Օդեթսը մատնացույց է անում բաճկոնի վրայի բիծը:) Ձեր նախաճաշի ձուն…
ՎԵՐՖԵԼ
(Նայում է բծին, ժպտում է, որ ասես այն պատկանելիս լիներ առավոտյան նախաճաշի ծիսակարգին, փորձում է այն քերելով հեռացնել, ապարդյուն): Նա այնքա՜ն հեշտ է կեղտոտվում…. այդ Վերֆելը:
ՕԴԵԹՍ
(Գրպանից դուրս է կորզում ծխախոտատուփը, միջից վերցնում է մի անֆիլտր գլանակ, տուփը մեկնում է Վերֆելին): Ուզո՞ւմ եք:
ՎԵՐՖԵԼ
Նիկոտինը չարիք է… շնորհակալություն: (Վերցնում է երեք հատիկ ծխախոտ և երկուսը դնում է գրպանը: Զգուշության նպատակով, սակայն, նայում է դռան ուղղությամբ, վստահ լինելու համար, որ չի բռնվի🙂 Բժիշկն արգելել է ինձ և իմ կինը արժանապատվորեն փոխարինում է նրան՝ վերջինիս բացակայությամբ… (Օդեթսը կրակ է առաջարկում:)
ՕԴԵԹՍ
Դուք սրտի կաթված եք տարել, այո՞:
ՎԵՐՖԵԼ
Չորս ամիս առաջ էր: Առողջական առումով իմ վիճակը շարունակում է զրոյական մակարդակում մնալ: (Ծխում է:) Մահը աչքիս առաջ եմ պառկում քնելու: (Օդեթսը հարցական նրան է նայում:) Բայց մի՛ անհանգստացեք: Ոչ ոք չգիտի, թե այդ ցավերը դեռ որքան երկար կարող են տևել: (Վայելելով՝ ծուխը դուրս է փչում ու նայում է ծխաշիթի ետևից: Ծխելիս Վերֆելը միշտ հաջողեցնում է մոխիրը թափել բաճկոնին, տաբատին և բարձին: Դառնալով Օդեթսին:) Ո՞վ է քեզ այդ մասին պատմել:
ՕԴԵԹՍ
՛՛ԳԻԼԴ՛՛ թատրոնի Լոուրենս Լանգները:
ՎԵՐՖԵԼ
Նա, որ Ձեզ հանձնարարություն է տվել:
ՕԴԵԹՍ
Այդպես ասենք:
ՎԵՐՖԵԼ
Ի՞նչ սպասելիքներ ունեն ՛՛ԳԻԼԴ՛՛ թատրոնի պարոնայք Ձեզանից: Ես վստահ եմ, որ Ձեզ այստեղ են ուղարկել միանգամայն հստակ ծրագրված հանձնարարությամբ:
ՕԴԵԹՍ
Այդպես էլ կա:
ՎԵՐՖԵԼ
Ե՞վ…
ՕԴԵԹՍ
Դուք հո գիտեք, խնդիրն ինչի մասին է: Ձեր ՛՛Յակոբովսկին՛՛ կարիք ունի հիմնարար նորոգության:
ՎԵՐՖԵԼ
Իսկ ինչպե՞ս եք դա պատկերացնում:
ՕԴԵԹՍ
Որպես ամերիկա-հրեական զվարճալի մոխրոտիկային մի պատմություն:
ՎԵՐՖԵԼ
Ահա՜ թե ինչ: Հետո՞:
ՕԴԵԹՍ
Ներողություն եմ խնդրում, պարոն Վերֆել: Չէ՞ որ դուք եք այդ պիեսը հանձնել ՛՛Գիլդ՛՛ թատրոնին:
ՎԵՐՖԵԼ
Իսկ ի՞նչ է, ես ուրիշ ընտրությու՞ն ունեի: Առանց ՛՛ԳԻԼԴ՛՛ թատրոնի Բրոդվեյում ներկայացում դնելու հնարավորությունները զրոյի են հավասար: Հուսահատեցուցիչ մի վիճակ…
ՕԴԵԹՍ
Բայց ինչո՞ւ է Ձեզ թվում, որ մեզանից ավելի լավ վիճակում պետք է լինեք:
ՎԵՐՖԵԼ
Ի՞նչ է, չլինի՞ թե ինձ օգնել եք ուզում՝ եվրոպական սոխից ամերիկյան վա՞րդ սարքել:
ՕԴԵԹՍ
Այն բանից հետո, երբ մերժեցիք Սեմ Բեհրմանին… (Բեհրմանի անունը լսելուց Վերֆելը զզվանքով դեմքը ծամածռում է:)
ՎԵՐՖԵԼ
Դրա բոլոր հիմքերը կային… ՛՛Թագուհի Քրիստինեում՛՛ միայն Գրետա Գարբոյի գեղեցկության շնորհիվ նրա երկխոսությունների թուլությունը քողարկվեց… Ի՞նչ կարծիքի եք նրա մասին:
ՕԴԵԹՍ
Սեմի՞: Երկուսս էլ թունդ ծխողներ ենք… Իսկ իմ մասին ամենուրեք դեռ խոսվում է, որ ներկա դրությամբ շուկայում հայտնի ամենատաղանդավոր երիտասարդ հեղինակն եմ:
ՎԵՐՖԵԼ
Եթե այդքան տաղանդավոր եք, ինչպես ասում եք, ինչո՞ւ Ձեր ժամանակը չեք տրամադրում սեփական գործերի ստեղծմանը:
ՕԴԵԹՍ
Իմ ուզածն այն է, որ կրկին հնարավորություն ստանամ առաջին աստիճանին բարձրանալու: Վերջին ժամանակներս, ճիշտն ասած, իմ մեջ նվազ հակում եմ բացահայտել հաջողության կրքին հագուրդ տալու առումով, ինչը բնավ բարենպաստ նախադրյալ չէ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար:
ՎԵՐՖԵԼ
Հաջողությունները շատ նման են կատուներին: Սրանք չեն մոտենում, երբ փաղաքշում ես իրենց և ցանկանում են առանց վաստակած լինելու… Ձեր անունից բացի՝ ես շատ քիչ բան գիտեմ Ձեր մասին, պարոն Օդեթս: (Օ տառը արտաբերում է փակ արտասանությամբ:)
ՕԴԵԹՍ
(Նրան ուղղելով): ՛՛Օուդեթս՛՛… Ճշգրիտ արտասանությունը ՛՛Օուդեթս՛՛ է:
ՎԵՐՖԵԼ
Ներող կլինեք իմ ձեռքբերովի անգլերենի համար: Բայց թույլ տվեք հարցնել, ինչպե՞ս է, որ այդքան լավ եք տիրապետում գերմաներենին:
ՕԴԵԹՍ
Իմ մայրը… և իմ կինը: (Նրբազգացողությունից չի վրիպում, որ կինը Օդեթսի սիրած թեման չէ: Զննում է, երբ նա անվստահ հազում է:) Իրականում գերմաներենն իմ մայրական լեզուն է: Մայրս չէր հանդուրժում, որ տանը անգլերեն խոսվեր:
ՎԵՐՖԵԼ
Ծագումով որտե՞ղով Ձեր մայրը:
ՕԴԵԹՍ
Վիեննայից: Բայց նա արդեն յոթը տարի է, ինչ մահացել է: Իմ հաջողությունը սպանեց նրան: Մահվանից քիչ առաջ նրան ցույց տվեցի լրագրում տպագրված իմ լուսանկարը: Նա քմծիծաղ տվեց ու ասաց՝ ՛՛Շատ լավ է՛՛: Դա վերջին խոսքն էր, որ ասաց ինձ:
ՎԵՐՖԵԼ
Լանգները ասում էր, որ Ձեզ անվանում են հրեական միջին դասակարգի բանաստեղծ:
ՕԴԵԹՍ
Այո… Թող որ այդպես լինի… Ինձ միշտ զգուշացրել են ձախ միտումներից… Ոմանք իմ գործերը որպես անհաջող պրոլետարական մարքսիզմի օրինակներ են դիտում: Բայց ի՞նչ են ուզում դրանով ասել:
ՎԵՐՖԵԼ
Ինչի՞ մասին եք գրում:
ՕԴԵԹՍ
Պայքարի մասին, այն մասին, թե ինչպես է կյանքը հանգամանքների բերումով ոչնչացվում, փոխարինվում կեղծ արժեքներով և նման բաներ:
ՎԵՐՖԵԼ
Ձեր գրածը քարոզչություն է:
ՕԴԵԹՍ
Ես հասարակությանը կոչ եմ անում հետևել ինձ:
ՎԵՐՖԵԼ
Դա պրոպագանդ է:
ՕԴԵԹՍ
Իսկ ի՞նչ էիք սպասում: Բոլոր ստեղծագործություններն էլ, ըստ էության, պրոպագանդ են՝ մեկ կամ մյուս տեսակի: Անկեղծ լինենք. բոլոր արվեստագիտական ձգտումները, Հոմերոսից մինչև Մորիս Շըվալիե, մեն մի նպատակ են հետապնդում՝ կյանքի ինչ-ինչ ճշմարտություններ հրամցնել մարդուս:
ՎԵՐՖԵԼ
Դուք կոմունի՞ստ եք:
ՕԴԵԹՍ
Նկատի ունենալով, որ միայն իմ անունը գիտեք, Դուք բավական լավ եք տեղեկացված…
ՎԵՐՖԵԼ
Ես նկատի ունեմ Ձեր անդամակցությունը կոմունիստական կուսակցությանը… (Օդեթսը մեկ ունքը վերև է բարձրացնում:) Լոուրենս Լանգները մի առիթով հիշատակում էր…
ՕԴԵԹՍ
Ահա՜ թե ինչ… Ձեզ պետք է հիասթափեցնեմ, այդ մասին չարժե խոսել… վեց ամիս հետո կրկին դուրս եկա այդ միությունից: Ես շատ շուտ նկատեցի, որ իմ մարքսիզմը ավելին չէր, քան ընդամենը մի հուսահատ հակազդեցություն մեր հասարակությանը պաշարած համընդհանուր ապակողմնորոշվածությանը:
ՎԵՐՖԵԼ
Մենք բոլորս փոքր-ինչ վրդովված էինք… Գուցե Ձեզ կհանգստացնի այն հանգամանքը, որ ես նույնպես մեկ անգամ հավատացել եմ բոլշևիզմի կողմից իրագործվելիք համաշխարհային հեղափոխությանը:
ՕԴԵԹՍ
Ես մշտապես գլխավոր դեմքն եմ եղել թատրոնում սկիզբ առած այսպես կոչված ձախ շարժման, բայց ես լիբերալ եմ և ոչ կոմունիստ:
ՎԵՐՖԵԼ
(Օդեթսի ասածին ասես ուշադրություն չդարձնելով): Ինչևէ, ես գիտեմ, որ կոմունիզմն ու ազգայնականությունը մարդկային ես-ի հաղթահարման ամենապարզամիտ աստիճանն են: Փոխարինող կրոններ:
ՕԴԵԹՍ
Ներողություն, դա ինձ համար շատ բարձր է… Ինձ հետաքրքրում է զանգվածների ծանր դրությունը, նույնիսկ եթե ես հաճույքն ունենայի ապրելու մի շատ գեղեցիկ տան մեջ և բավականություն զգայի գրպանումս շոշոփել բազմաթիվ զրոներով դոլարանոց թղթադրամներ:
ՎԵՐՖԵԼ
Ուրեմն Դուք անհույս իդեալի՞ստ եք:
ՕԴԵԹՍ
Չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Սա ի՞նչ է՝ պիեսի քննարկո՞ւմ, թե՞ հարցաքննություն: (Այս ընթացքում Վերֆելի կողմից դեռևս նստելու առաջարկություն չստանալով:) Կամ գուցե հոտնկայս ճաշկերո՞ւյթ:
ՎԵՐՖԵԼ
Կուզենայի միայն իմանալ, թե ում հետ գործ ունեմ… Ուզում եք նստե՞լ:
ՕԴԵԹՍ
Հաճույքով… (Վերֆելը նրան աթոռ է առաջարկում🙂 Շնորհակալություն: Ձեզ վրդովեցնո՞ւմ է, որ ես… ձախ հայացքների տեր եմ:
ՎԵՐՖԵԼ
Ինձ վրդովեցնում է, որ դրանով Դուք հոգևոր բնույթի սխալ եք գործում:
ՕԴԵԹՍ
(Հանդուգն ամբարտավանությամբ): Իսկապե՞ս:
ՎԵՐՖԵԼ
Մարքսիստական ուսմունքը անտարակույս կեղծ է և խեղաթյուրված:
ՕԴԵԹՍ
Իսկ ինչո՞ւ եք Դուք այդպես վստահ:
ՎԵՐՖԵԼ
Կոմունիզմն ու ազգայնականությունը հակակրոնական հավատի ձևեր են: Դրանք կուռքեր են: Ինչպես, ասենք՝ սիոնիզմը:
ՕԴԵԹՍ
Ինչ է, սիոնիզմից ավելի լավ իդեա՞լ գիտեք:
ՎԵՐՖԵԼ
Ցավալի է, սակայն սիոնիստները իրենց սկզբնավորումից ի վեր կրկնօրինակում են ազգայնամոլության ժամանակավրեպ սխալները: Հրեաները հավատալու պես կարծում էին, թե կկարողանան ապացուցել, որ իրենք ևս նույնը կարող են անել կամ լինել, ինչը ծաղրում ու արհամարհում էին մյուս ժողովուրդների մեջ:
ՕԴԵԹՍ
Ձեր գաղափարները մշտապես պտտվում են Պաղեստինի շուրջ…
ՎԵՐՖԵԼ
(Ասվածին ուշադրություն չդարձնելով): Ուրիշ ի՞նչ է իրենից ներկայացնում սիոնիզմը, եթե ոչ ուծացման ամենաարմատական տեսակը: Պետք է անպատճառ եբրայեցի դառնաս, որպեսզի այլևս դադարես հրեա լինելուց: Դրանով իսկ հրեաներն ինձ համար կորցրել են իրենց հրապույրը:
ՕԴԵԹՍ
(Վերֆելին կողքից զննելով): Դե ուրիշներն էլ փախչում և ապաստան են գտնում կաթոլիցիզմի մեջ… (Առաջին անգամը լինելով զգացվում է, որ Օդեթսը Վերֆելի մասին շատ ավելին գիտի, քան որ մինչ այդ ցույց է տվել🙂
ՎԵՐՖԵԼ
(Ոտքի է կանգնում, մոտենում է լուսամուտի գոգին, վերցնում է սև թղթապանակը և մեկնում Օդեթսին): Երեխա հասակից ինձ ստիպել են գրել այսօրինակ տետրերում, այդ ժամանակվանից ի վեր իմ քաղցր վրեժխնդրությունն է եղել նրանցում մշտապես գրել այն բաների մասին, ինչը ե՛ս եմ ուզում: (Օդեթսը վերցնում է:) Եթե ինչ-որ բան համոզիչ չթվա, ինձ իմաց տվեք:
ՕԴԵԹՍ
Պարոն Վերֆել, ես ծանոթ եմ Ձեր պիեսին: Ես այստեղ եմ եկել Ձեզ հետ քննարկելու… և կամ նրանում որոշ փոփոխություններ կատարելու համար: Որոշ բաներ ամերիկյան ճաշակով չեն:
ՎԵՐՖԵԼ
Ամերիկյան ճաշա՞կ: Եկեք ճաշակի հարցով չվիճենք… Ճաշակ կոչվածն այլ բան չէ, քան մի պարզագույն ընդունակություն սահմանազատվելու նրանցից, ովքեր դա ունեն: Իսկ ամերիկյան կոչվածի դեպքում՝ այդ մասին թերևս դեռ կարելի է վիճել: (Օդեթսը ուսերն է թոթվում: Նրան նայելով տեսնում ես, որ նա հենց միայն այն բանի համար է այստեղ, որպեսզի հնարավորին չափ շուտափույթ վերջացնի իր գործը:) Ուզում եմ ընդգծել, որ ոչ իմ գործերից որևէ մեկի, ոչ էլ իմ անձի առիթով երբևէ քննադատությունից չեմ պաշտպանվել կամ արդարացել: Ես այստեղ էլ չեմ պատրաստվում այլ կերպ վարվել:
ՕԴԵԹՍ
Ես ոչինչ չասացի…
ՎԵՐՖԵԼ
Սա Ձեզ համար ի գիտություն…
ՕԴԵԹՍ
Բայց ես իսկապե՛ս ոչինչ չասացի…
ՎԵՐՖԵԼ
Ես Ձեզ խնդրում եմ, ճիշտ հասկացեք ինձ:
ՕԴԵԹՍ
Խոսքը վերաբերում է լոկ Ձեր պիեսի առանձին մասերին:
ՎԵՐՖԵԼ
Ինչը մասերին է վերաբերում, վերաբերում է ամբողջին:
ՕԴԵԹՍ
Թող որ այդպես լինի… (Փոքր—ինչ անհամբերությամբ:) Պատմեք ՛՛Յակոբովսկին և գնդապետը՛՛ ստեղծագործության մասին:
ՎԵՐՖԵԼ
Կարծում էի, որ պիեսը պետք է Ձեզ քաջ հայտնի լիներ:
ՕԴԵԹՍ
Այդպես էլ կա, սակայն կուզենայի լսել այն, ինչը Ձեզ համար կարևոր է համարվում: Պատկերացրեք մի ռադիոհաղորդում. “Hello America! What’s the big idea?”. Ողջույն Ամերիկա… Ի՞նչ նոր գաղափար կա… Փորձեք պատմել դա մի անտեսանելի հասարակության…
ՎԵՐՖԵԼ
(Վարանելով): Դա մի պարզագույն ֆարս է… Ֆրանսիայի կործանումը որպես մի մռայլատես ու աղոտ ետնախորշ, վտարանդիների փախուստը: Ռայմունդյան ոճի մի հեքիաթ՝ համաշխարհային պատմության մեծագույն աղետի մասին: (Օդեթսը քննողաբար:) Ռայմո՜ւնդ… (Օդեթսը կրկնում է անունը:) Ես ուզում եմ ցույց տալ հրեական Յակոբովսկու և հակասեմիտ գնդապետի միջև եղած հակադրությունը, որոնք երկուսն էլ խորհրդանշական են որպես կերպարներ: Գնդապետի օպերետային բնույթի կերպարանքի և բոլոր իրավիճակներից ելք գտնող ինքն իրեն արարող Յակոբովսկու միջև առկա հակադրությունը տպավորվում է որպես երկու հանդիպակաց աշխարհների որոտընդոստ բախյուն: (Ավելի կրքոտ:) Եվ այդպես նրանք սևեռուն իրար են նայում փախուստի մեջ՝ վառվռուն ու կարմրատակած աչքերով: Ինչո՞ւ ես: Ինչո՞ւ դու: Ինչո՞ւ ես քեզ հետ միասին, հենց քե՛զ հետ, որին ես չեմ ճանաչում, ում լեզուն ես չեմ հասկանում, որի մտածելակերպը ես չեմ ըմբռնում, որի հետ ինձ ոչինչ չի կապում:
ՕԴԵԹՍ
Օ քեյ, բայց ո՞ւր մնաց գործողությունը:
ՎԵՐՖԵԼ
Ինչպե՞ս թե…
ՕԴԵԹՍ
Ինչի՞ մասին է խոսքը…
ՎԵՐՖԵԼ
Մեր սեփական փախուստի, պաշարած մահացու վախի մասին, իմ փախուստը Մարսելից դեպի Մարսել՝ այլ կերպարանքների հագուստ-հանդերձանքով:
ՕԴԵԹՍ
Դրանք զգացումներ են, Ձեր հիշողությունները, բայց գործողություն չկա:
ՎԵՐՖԵԼ
Գործողությունը հենց փախուստն է:
ՕԴԵԹՍ
Դա շատ քիչ է:
ՎԵՐՖԵԼ
Բրոդվեյի համար դա՛ էլ բավական է:
ՕԴԵԹՍ
Բրոդվեյը կարիքն ունի 5 ցենտանոց երկրաշարժի, որը կարող է Ձեր պիեսը լինել… Մեկ երկու փոփոխություններ այս ու այնտեղ… (Ավելի գործնական դարձած, պատրաստ ստեղծագործությանն անցնելու:) Եկեք, ուրեմն, կազմենք գնդապետի փաստաթղթային գիծը…
ՎԵՐՖԵԼ
Վախենամ, թե նորից Ձեզ չեմ հասկանում:
ՕԴԵԹՍ
(Թերթում է ձեռագիրը): Չէ՞ որ գնդապետը պետք է անպայման կարևորագույն փաստաթղթեր բերի Լոնդոն՝ լեհական վտարանդի կառավարության համար: (Վերֆելը գլխով համաձայնության նշան է անում:) Հենց այստեղ էլ մենք կանգ կառնենք: Սա կլինի մեր գլխավոր պատմությունը՝ Main Story-ն: Երրորդ Ռայխում տեղի ունեցած լրտեսական մի պատմություն, որն ավարտվում է ցնցող մի վերջաբանով: Յակոբովսկու շնորհիվ հնարավոր է լինում փաստաթղթերը անվտանգ տեղ հասցնել:
ՎԵՐՖԵԼ
Բայց ինչո՞ւ այդ փաստաթղթերը պետք է անպայման մի այնպիսի տեղ տարվեն, ուր դրանց բնավ չեն էլ սպասում:
ՕԴԵԹՍ
Բայց չէ՞ որ Յակոբովսկին լեհ է, երեխա հասակում իր հայրենիքից վտարված: Երբ նա տարիներ անց իր խելքի ու հնարամտության շնորհիվ վերահաստատի Լեհաստանի գոյությունը, ապա դա կցնցի…
ՎԵՐՖԵԼ
(Թերահավատ): Փոքր հրեա մարդուկի ցանկալի երազը: Յակոբովսկին փրկում է իր հայրենիքը՝ հակառակ որ վերջինս դա բնավ չի էլ ցանկացել: (Օդեթսը գլխով հավանություն է տալիս:) Բայց, արի ու տե՛ս, որ յուրաքանչյուր լեհ կգերադասի կործանվել, քան թե թույլ կտա, որ ինքը փրկվի մի հրեայի կողմից:
ՕԴԵԹՍ
(Զգում է, որ Վերֆելը դեռ հասունացած չէ նոր ՛՛փաստաթղթային գծի՛՛ համար, ձեռագրի էջերը սկսում է սահեցնել մատների մեջ): Դուք, ինչ է, չե՞ք ուզում Ձեր պիեսը տեսնել Բրոդվեյում…
ՎԵՐՖԵԼ
(Օդեթսի մտքերի ընթացքը որսալով): Բոլոր տեսակի թյուրիմացություններից խուսափելու համար… Հասկանում եմ, որ սա կարիք է զգում մի իսկական ամերիկյան պարզեցում-հարմարեցման, բայց ոչ բնավ կարկատումների՝ տվյալ նյութին անտեղյակ և օտար ձեռքերի կողմից, որոնք ոչնչացնում են նրա գրավչությունը:
ՕԴԵԹՍ
Միմիայն նրա համար, քանի որ նյութին անտեղյակ այդ ձեռքերը գիտեն, թե ինչը հաջողություն կարող է ունենալ Ամերիկայում… (Անդրդվելիորեն շարունակելով:) Դուք գերմանացիներին ավելի շատ պետք է հարվածի թիրախ դարձնեք՝ փոխանակ դաշնակիցների վրա հարձակումներ գործել տալու: Դա բնավ ամերիկյան ոճով չէ:
ՎԵՐՖԵԼ
Դեռ մի քանի շաբաթ առաջ հրեաների ծանր վիճակը Եվրոպայում լավագույն դեպքում բարեխնամ, բայց հպանցիկ խոսակցությունների նյութ էր ծառայում նեղ շրջանակներում տարվող ինչ-ինչ հավաք-հանդիպումների ժամանակ: Դուք դա համարում եք ամերիկյան ո՞ճ: (Վայելելով հնչեցնել է տալիս երկրների անունները:) Ավստրիա, Չեխոսլովակիա, Լեհաստան, Բելգիա, Հոլանդիա… Եվրոպայի կեսը Հիտլերի ոտքի տակ էր ընկած… Ամերիկան ժամանակ ուներ, շա՜տ ժամանակ…
ՕԴԵԹՍ
Ոչ մի քաղաքագետ չէր կարող 40-ի հունիսին ԱՄՆ-ին պատերազմի մեջ ներքաշել: Նոյեմբերին նախագահական ընտրություններն էին: Ռուզվելթի պատասխանը պետք է ՛՛ոչ՛՛ լիներ:
ՎԵՐՖԵԼ
Եվ Ֆրանսիան ընկավ… Եվս մեկ զոհ, հետո մեկ ուրիշը, ապա մեկն էլ…
ՕԴԵԹՍ
Պարոն Վերֆել, մենք իրար երևի լավ չենք հասկանում: Ես էլ գիտեմ, որ մենք շատ երկար սպասեցինք: Բայց 40-ին Հիտլերը հայտարարել էր. ՛՛Մենք հաղթեցինք՛՛: 41-ին արդեն ասվում էր՝ ՛՛Մենք հաղթելու ենք՛՛, անցյալ տարի ընդամենը՝ ՛՛Մենք պետք է հաղթենք՛՛ և արդեն մի քանի օր է, ինչ այլ բան չենք լսում, քան՝ ՛՛Մենք չենք զինաթափվելու՛՛: Այլևս ոչ մի խոսք հաղթանակի մասին: (Մատներով խաղում է ձեռագրի հետ:) But your fight is hier, not across the water. Բայց Ձեր պայքարն այստե՛ղ է, ոչ թե օվկիանոսից անդին, այստե՛ղ…
ՎԵՐՖԵԼ
Դուք, ի՞նչ է, ուզում եք շեղե՞լ խոսակցության նյութը:
ՕԴԵԹՍ
Ո՛չ, փող աշխատել: Ինչպես և Դուք…
ՎԵՐՖԵԼ
(փոքր—ինչ վիրավորված): ՛՛Անհավատարիմ դարձած երկնքով՛՛ և ՛՛Բերնարդետի երգով՛՛ այստեղ այնքան շատ հաջողություն ունեմ, որ ժամանակավորապես բոլոր տեսակի հոգսերից ազատված ենք:
ՕԴԵԹՍ
Դուք դա մի գերագնահատեք:
ՎԵՐՖԵԼ
Եվ սակայն…
ՕԴԵԹՍ
Միայն մի բարի խորհուրդ… Որպես ազատ մտածող հասարակություն անդամներ՝ այստեղ մարդիկ զարմանալիորեն հետաքրքրված են պարտություններով: Սկզբում մարդիկ մեծարում են գրողներին և ապա սպասում, որ փառքը նրանց այնպես կուրացնի, որպեսզի հաջորդ ստեղծագործության մեջ այն ակներև դառնա: Ես գիտեմ, ինչի մասին եմ խոսում: Այդ բորենիներին սեփական մաշկիս վրա եմ զգացել: 35-ը իմ բարձրակետն էր: Դրանից ընդամենը մեկ տարի առաջ ուշադրության կենտրոնում Օ՛ Նիլն էր, որի մասին խոսում էիք, իսկ մեկ տարի անց արդեն իմ մասին էին խոսում: (Շշնջալով, հնչյունները ծխօղակներին ագուցելով:) Նրան տեսել էին Թալլուլահ Բենքհեդի հետ միասին… նա պտույտի էր դուրս եկել Գերշվինի հետ և շաբաթավերջին Ֆաննի Բրայսի ընկերակցությամբ քաղաքից դուրս զբոսանքի էր ելել… Եվ որքա՜ն-որքա՜ն երեկույթների ժամանակ հարց էր տրվում. արդյո՞ք Քլիֆֆորդ Օդեթսը կկարողանա իր գլուխը պահել բոլոր այս ծափողջույնների բովում, թե՞ ցած կսահի հասարակական սանդուղքից՝ դեպի ժամը 5-ին տրվող հոլիվուդյան կոկտեյլները:
ՎԵՐՖԵԼ
Դուք հոլիվուդցի եք:
ՕԴԵԹՍ
Հոլիվուդը քաղցր-մեղցր քաղաք է, որն ինձ փորձում է տղամարդկությունից զրկել, ներքինացնել:
ՎԵՐՖԵԼ
Եթե մտահոգված եք Ձեր տղամարդկային ուժի առնչությամբ, էլ ինչո՞ւ եք այստեղ մնում:
ՕԴԵԹՍ
Ինչպե՞ս թե ինչու… Գիտե՞ք, մենք բոլորս ինչու ենք այստեղ, ինչո՞ւ ենք կրում այս հրաշագեղ, թանկարժեք փողկապները:
ՎԵՐՖԵԼ
Անճաշակությունից դրդվա՞ծ…
ՕԴԵԹՍ
Դա ռազմական մարտավարություն է: Դրանով հույս ենք փայփայում, որ մեր դեմքերը չեն ճանաչի:
ՎԵՐՖԵԼ
Եվ դա Ձեզ հաջողվու՞մ է…
ՕԴԵԹՍ
(Դառնալով Վերֆելի ցինիզմին): Բայց չեմ ուզում խաբեության մաս կազմել, այն, որ էկրանը տարիներ շարունակ մատուցում է հանդիսատեսին: Boy meets girl. Life is wonderful… Տղան հանդիպում է աղջկան: Կյանքը հրաշագեղ է… (Թվում է, անկարող է կանգ առնել:) Խնջույքներից մեկի ժամանակ Մոսս Հարթը մոտեցավ ինձ և ասաց, որ ես որոշ կինոսցենարիստների կոմունիստ եմ դարձրել: Հարցրեցի նրան. ՛՛Դուք նկատի ունեք, որ իմ գործերը նրանց այդ համոզմա՞նն են բերել՛՛: Դրան Մոսսը պատասխանեց. ՛՛Ո՛չ, Ձեր ռոճիկը՛՛: (Շրջվելով դեպի Վերֆելը:) Տեսնում եք, որ սա…
ՎԵՐՖԵԼ
(Նրան ընդհատելով): Պարոն Օդեթս, ի վերջո բավակա՛ն է ինքներդ Ձեր մասին խոսեք:
ՕԴԵԹՍ
(Վիրավորվածության զգացումով: Իրեն պահում է որպես կշտամբանքի արժանացած փոքրիկ երեխա և նրանից մի ինչ—որ սիրարգորով բան է լուսաճառագում): Պարզ է:
ՎԵՐՖԵԼ
(Հեռախոսը զնգում է): Ես ներողություն եմ խնդրում:
ՕԴԵԹՍ
Խնդրեմ, խնդրեմ:
ՎԵՐՖԵԼ
(Մոտենում է հեռախոսասարքին, որ կախված է տանը, բայց լսափողը հասնում է մինչև հարթակը): Այո, այո… (Հեռախոսազրույցի ընթացքում ցավակցա—կարեկցական հայացքն իր վրա ընկած միջոցին, Օդեթսը սկսում է գոլֆի հարվածներին նմանակող շարժումներ կատարել: Վերֆելի թռուցիկ ու թափանցիկ հայացքից կարելի է հասկանալ, որ նա լուրջ մարդու տեղ չի դնում այդ երիտասարդին🙂 Շնորհակալություն, պարոն Ռայնհարդտ, առաջվանից ավելի լավ: Յակոբովսկի՞ն: (Մի պահ կակազում է:) Ինչպես ամեն ինչ այս երկրում՝ նա էլ այս կամ այն չափով ՛՛կոմերցիալ սեփականություն՛՛ է, որին մասնակից է մարդկանց մի մեծ խաժամուժ: (Շեղակի նայելով Օդեթսին: Դադար:) Ո՞ւմ է պետք, որ պատումը և կերպարները մարտունակ լինեն… (Դադար:) Բոլորի կողմից սպասված կատակերգությո՛ւն… հասկանում եմ… (Դադար:) Ես էլ վստահ չեմ, որ Սեմյուել Բեհրմանը փայլուն ձևով կարող է գրի առնել անգլերեն երկխոսությունները, այդ իսկ պատճառով էլ այդ կիսապատրաստ գործը, ինչպես Դուք եք այն կոչում, ետ վերցրեցի: Ես գիտակցում եմ, որ դա ծանր հարված է Ձեզ համար, սակայն իմ որոշումը անբեկանելի է: (Դադար:) Շնորհակալություն, Ձեզ նույնպես… (Կախում է լսափողը, մի պահ դեռ նայում է հեռախոսին: Ներքին տարակուսանքը դրոշմված է դեմքին:)
ՕԴԵԹՍ
(Կտրելով նրան իր մտքերից): Ինչպե՞ս է իրեն զգում պարոն Ռայնհարդտը: (Վերֆելը նայում է նրան:) Կարելի՞ է մի հարց տալ: Ո՞րն էր Ձեր հրաժարվելու պատճառը: Փո՞ղը:
ՎԵՐՖԵԼ
(Ապշած—շվարած նրա տեղեկացվածության առիթով): Ահա՛ թե ինչ, Ամերիկայում փողը վստահաբար ամեն ինչ է նշանակում: Հարյուրավոր ճանաչված եվրոպացի արվեստագետներ ապրում են ողորմություն մուրալով: Մեզ համար չկա մեկ այլ իրական օգնություն, քան ամերիկյան հաջողությունը:
ՕԴԵԹՍ
Մեզ համար՝ նույնպես:
ՎԵՐՖԵԼ
Բայց ես պայքարում եմ ինձ պատկանող ՛՛սեփականության՛՛ համար:
ՕԴԵԹՍ
(Եկեղեցու ժամացույցը ժամը տասներկուսն է ազդարարում): Մարդկանց մեջ ինձ զարմացնում է, որ նրանք պատրաստ են քեզ սպանել երկաթի մի կտորի համար և 50 դոլար արժողության ծաղիկներ ուղարկել: (Հայացքը՝ զանգերին ուղղած:) Կարելի՞ է ուրեմն դրան ընտելանալ:
ՎԵՐՖԵԼ
Անծանոթ քաղաք ժամանելիս մշտապես ինձ օտար եմ զգում, այդ պատճառով միշտ նախընտրել եմ եկեղեցիների կողքին ապրել: Ինչպես Վենետիկում և Սանարի-սյուր-Մեռ-ում: Եվ ահա այստեղ՝ Բեդֆորդ Դրայվում… դա ինձ հիշեցնում է… (Սկսում է հաշվել զանգի հարվածները:) Կինս ատում է անճշտապահությունը: Դե, եկեք գնանք…
ՕԴԵԹՍ
Ո՞ւր:
ՎԵՐՖԵԼ
Ուտելու…
Երկուսով աջ կողմից մտնում են տուն:
ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ
1-ին և 2-րդ տեսարանների միջակայքում միջօրեի ժամը 12-ից լույսը փոխվում է ետկեսօրվա ժամը երեքին: Ետնախորշում հնչում է նախերգանքի „Allegro agitato e presto”-ն մինչև Tempo 1-ի առաջին երեք չափերը: Tempo 1-ին ընդելուզված միանում է „Pace, pace“ արիան: Վերֆելը և Օդեթսը հանել են բաճկոնակները: Վերֆելը մեջքին կապած է պահում կտորե թաշկինակը: Օդեթսը զննում է սիգարը, որ նրան Վերֆելն է տվել ճաշից հետո:
ՎԵՐՖԵԼ
(Արիայի առաջին 16 չափերի ընթացքում): Ես ամեն ինչ կտայի, եթե միայն կարողանայի Վերդի դառնալ: Եթե ոչ Վերդի, ապա գոնե Կարուզո: (Տեղավորվում է նստարանին, ընկողմանում և ակնհայտորեն վայելում է արիան, Օդեթսին հասկացնելով հանգիստ նստել և չխանգարել: Հետագա խոսակցությունները հարկ է, որ երաժշտությանը հարմարեցվեն: Վերֆելը հատվածաբար զուգերգում է Լեոնորի տեքստը: 24-րդ և 27-րդ տակտերի երաժշտական միջնախաղի արանքում:) Փորձեք Ձեզ վրա ստուգել, թե մեղեդու մեջ ինչն է Ձեզ վրա այնպես սքանչելիորեն ազդում: Ձեր ողջ էությունը լարվում ու ընդարձակվում է, ինքնազգացումն աճում է, այնպես որ ցածրագույն աստիճանի Ես-ը իր մանր-մունր հարակից ու զուգընթաց մտքերով տարրալուծվում-անհետանում է նրա մեջ: (Օդեթսը վառում է սիգարը, Վերֆելը պաղատագին հայացքով և ոգեշունչ կարոտով նրան է նայում: 36-37 տակտերի ընթացքում:) Ձեզ համար դժվար չի՞ լինի իմ կողքին նստել և ծուխը դեմքիս փչել: (Օդեթսը փոքր—ինչ զարմացած՝ ոտքի է կանգնում և նստում է Վերֆելի կողքին՝ նստարանի վրա և սկսում է ծուխը նրա դեմքին փչել: Վերֆելը վայելում է երաժշտությունն ու ծխախոտի ծուխը: Նրա դեմքն այնպես հանգիստ է թվում, ինչպես երբեք🙂
ՕԴԵԹՍ
(46-րդ տակտի ընդմիջմանը): Լա՞վ է այսպես:
ՎԵՐՖԵԼ
(Պաշտպանվելով Օդեթսից, ակնհայտորեն երաժշտության պարգևած երջանկության պահերը վայելելով, 49-րդ տակտի դադարի ժամանակ): Հոյակապ է… (52-րդ տակտի դադարի միջոցին:) Ունկն դրեք վերդիական նվագախմբին… (61/62-րդ տակտերի ընթացքում) հեծկլտացող, զուգահունչ… (Նրբորեն չափ է տալիս ձեռքերով, դառնալով Օդեթսին 68-ից մինչև 73-րդ տակտերի միջոցին:) Փչեք ինձ վրա անվարան ու անզուսպ: (Օդեթսը կրկում է, թեև այդ միջոցին իրեն այնքան էլ լավ չի զգում:) Բնավ զարմանալի չէ, որ պատմության ընթացքում մարդկային բոլոր տեսակները եղել են իշխանության ղեկին, ի բաց առյալ երաժիշտների: (Օդեթսը փորձում է դրան պատասխանել, սակայն դեռ հազիվ էր միայն բերանը բացել, Վերֆելը կոպտորեն ընդհատում է նրան: Արիայի վերջում Ալման անջատում է տանը տեղադրված նվագարկիչը🙂
ՎԵՐՖԵԼ
(Բղավում է): Ա՛լմա, միայն թե ո՛չ հիմա… (Մեներգն ավարտվում է: Կանչելով Ալմային՝ դեպի տան ներսը:) Հիմա… մեծ վարպետները հետնորդներ չեն ունենում:
ՕԴԵԹՍ
Ի՞նչ կասեիք, որ Յակոբովսկին փոխանակ գորգերի՝ մի մեծ գրամոֆոն գրկած փախուստ է տալիս Ֆրանսիայից: Հոգեկան հանգստության մեջ՝ ամենուր նա հնչեցնել է տալիս Մոցարտի իր սկավառակները:
ՎԵՐՖԵԼ
Մոցարտի՞:
ՕԴԵԹՍ
Կամ Բեթրովենի: (Մի պահ մտածելուց հետո:) Ավելի՛ լավ, Բեթրովենին ես ավելի շատ եմ սիրում: Ապա մի պատկերացրե՛ք այդ ցնցող տեսարանը… Գեստապոն դարանակալ հսկում է թփուտներում և հանկարծ հնչում է Բեթրովենի իններորդը: (Երգում է Ձոն Խաղաղությանը🙂 Հանդիսատեսները ծիծաղից ցած կտապալվեն: Ինչպե՞ս եք դա գտնում:
ՎԵՐՖԵԼ
Անհեթեթ և սենտիմենտալ… Երեխաներ ունե՞ք:
ՕԴԵԹՍ
Երեխանե՞ր: (Զարմացած Վերֆելի մտքի թռիչքից:) Դեռ ոչ, իսկ ինչո՞ւ:
ՎԵՐՖԵԼ
Ես կուզենայի իմանալ, թե ի՞նչ արժեքներ էիք նրանց քարոզելու…
ՕԴԵԹՍ
Դա ավելի շատ մորից կախված խնդիր է:
ՎԵՐՖԵԼ
Ձեր կինը Ձեր երեխաների իդեալական մայրը չի՞ լինելու:
ՕԴԵԹՍ
Լուիզն ու ես ամուսնալուծված ենք:
ՎԵՐՖԵԼ
Ես դա չգիտեի:
ՕԴԵԹՍ
I՛m fine. Don՛t worry. Ոչինչ, մի՛ անհանգստացեք: Մենք իրար համար չէինք ստեղծված: Չնայած որ նրա միջոցով հայտնաբերեցի, որ կյանքն ավելին է, քան սոսկ… Սակայն, ճիշտն ասած, նա ինձ հետ բնավ էլ ամուսնացած չի եղել:
ՎԵՐՖԵԼ
Ինչպե՞ս…
ՕԴԵԹՍ
Բարի և հին հոլիվուդյան բարքեր: Հոլիվուդը չզարմացավ, երբ արևելյան ափից հայտնված պրոլետարական գրչակը արժանացավ ամերիկյան ամենաբարձր մրցանակին՝ կինոաստղին տիրելով: Ոչ ոք մեզ երեք ամսից ավելի չէր պահում: Երեք տարի շարունակ մեր ամեն օրը վազքի մեջ անցկացրինք: Միջին ամերիկացու համար իմ ՛՛Ձախին սպասելիս՛՛ պիեսը չէր իմ իսկական հաղթանակը, այլ իմ ամուսնությունը Լուիզ Ռայների հետ:
ՎԵՐՖԵԼ Տարիներ առաջ նրան տեսել եմ Վիեննայում՝ Ռայնհարդտի մի պիեսում խաղալիս: Նա հրաշալի դերասանուհի է: Ես մի տեղ կարդացել եմ, որ ՛՛Պարամաունթում՛՛ նոր դեր է ստացել:
ՕԴԵԹՍ
Ուրախ եմ նրա համար: Հինգ տարի շարունակ նա ոչ մի ֆիլմում չի նկարահանվել: Մեր ամուսնությունը տեղի ունեցավ նրա ստացած երկու Օսկարների արանքում: Կարծում էի, որ դրանից ավելի լավ նախանշան դժվար էր պատկերացնել:
ՎԵՐՖԵԼ
Իսկապես որ:
ՕԴԵԹՍ
(Նեղսրտած՝ նայում է Վերֆելին): Ինքը ամուսնալուծության գործը կազմակերպեց՝ հոգեկան դաժանության մղումից դրդված: (Նմանակում է իր կնոջ վիեննական խոսվածքը:) ՛՛Քլիֆֆորդը փայլուն տղա է, գուցե մի հանճար, բայց ինչպես բոլոր այն մարդկանց հետ, որոնք ամբողջապես կլանված են իրենց աշխատանքով, նրա հետ ևս հնարավոր չէ ապրել՛՛: Դուք պետք է որ դա իմանաք, Բետտան ինձ ավելի է սազում: Մայիսին մենք ամուսնանալու ենք: (Պարծենալով:) Ասես Թեդ Լյուիսը լինի՝ կլարինետ նվագելիս… նրա խենթացնելու աստիճան բարձր նոտաներից մեկը: Հասկանո՞ւմ եք:
ՎԵՐՖԵԼ
Ենթադրում եմ, որ գեղեցիկ պետք է լինի:
ՕԴԵԹՍ
Նայում ես նրան և ուզում ես ոռնալ: Նա ասես ֆրանսերեն լեզուն լինի: (Ցույց է տալիս ֆրանսերենի թեթևահուն մեղեդայնությունը:) Իսկ Ձեր կինը՞:
ՎԵՐՖԵԼ
(Խուզարկու հայացքով նայում է դեպի դուռը, շշնջալով): Չգիտեմ նույնիսկ, թե նա իմ ամենամեծ երջանկությու՞նն է, թե՞ մեծագույն դժբախտությունը:
ՕԴԵԹՍ
Ինչո՞ւ եք այդքան կամաց խոսում: Չէ՞ որ առանց այն էլ ծանր է լսում: (Եղբայրաբար:) Նա հաստատապես Ձեր պիեսի Մարիաննայի նախակերպարը չէ, այնպես չէ՞: Ի դեպ, այդ կերպարը շատ լավն է: Ժամանակակից ՛՛Ֆիդելիո՛՛-Լեոնորա: Դա ամերիկացիներին ինչ-որ չափով կհետաքրքրի:
ՎԵՐՖԵԼ
Ինչո՞ւ շնորհավորական հեռագիր չեք ուղարկում Գոթֆրիդ Ռայնհարդտին: Մարիաննան նրա՛ հայտնագործությունն է:
ՕԴԵԹՍ
Ես կարծում եմ, որ նա… նա…
ՎԵՐՖԵԼ
(Ընդհատելով նրան): Մի՛ փորձեք փրկել այն, ինչը փրկվելու ենթակա չէ:
ՕԴԵԹՍ
Ես չէի ցանկանա նրան անձամբ հանդիպել:
ՎԵՐՖԵԼ
(Առաջին անգամը լինելով՝ իր ձայնին սպառնալից հնչերանգ է հաղորդում, ցույց տալով, որ հարձակումները իր աշխատանքի նկատմամբ որպես անձնական առճակատում է ընկալում) Մի՛ գերագնահատեք Ձեր կարողությունները, պարոն Օդեթս: Ո՛չ որպես մշակող, ո՛չ էլ որպես հեղինակ… դե ուրեմն լռե՛ք որպես մարդ:
ՕԴԵԹՍ
(Ինքն իրեն): Իմ բախտն էլ այդպես են գուշակել: (Կշտամբանքն ընդունելով:) Մենք պետք է պիեսը տեսարան առ տեսարա՞ն անցնենք:
ՎԵՐՖԵԼ
Եթե դա անհրաժեշտ եք դիտում…
ՕԴԵԹՍ
Իսկ Դուք ինչպե՞ս եք աշխատում:
ՎԵՐՖԵԼ
Մենակ: (Ցուցադրաբար գրառումներ է կատարում իր նոթատետրում: Օդեթսը մի քանի վայրկյան համրացած նստած է նրա կողքին, ապա կտրուկ ոտքի է կանգնում և ուզում է հեռանալ🙂 Այդ ո՞ւր եք գնում:
ՕԴԵԹՍ
Դուք հավատ չեք ընծայում իմ աշխատանքի նկատմամբ: Հիմա կզանգեմ Լոուրենս Լանգներին և կասեմ, որ նախագիծը հանվեց:
ՎԵՐՖԵԼ
(Հրամայական շեշտով): Մնացե՛ք, մի՛ք գնա:
ՕԴԵԹՍ
Ինչո՞ւ: Արդեն քանի ժամ է, որ ոչինչ չենք անում և ժամանակ սպանելով ենք զբաղված: (Հեռանում է:)
ՎԵՐՖԵԼ
(Աղաչական հնչերանգով, որը կանգնեցնում է Օդեթսին): Խնդրում եմ…
ՕԴԵԹՍ
Մինչև հիմա նույնիսկ վերնագրի մասին չենք խոսել:
ՎԵՐՖԵԼ
Ի՞նչ է, փոխելու խնդի՞ր կա:
ՕԴԵԹՍ
(Սկսում կոշտ հնչերանգ բանեցնել: Զգացվում է, որ համբերությունը աստիճանաբար հատնում է՝ դառնալով ավելի մերժողական): ՛՛Ճանապարհը հեռու է մինչև Սբ. Ժան դե Լուս կամ Յակոբովսկին և գնդապետը՛՛: Ցույց տվեք ինձ մի գովազդային ցուցանակ Բրոդվեյում, որն այդքան երկար լինի:
ՎԵՐՖԵԼ
(Արտաքուստ անվրդով): Դուք ի՞նչ եք առաջարկում:
ՕԴԵԹՍ
՛՛Յակոբովսկին և գնդապետը՛՛: Վերջակետ: Ավելին պետք չէ:
ՎԵՐՖԵԼ
Ձեր առաջարկն ընդունվա՛ծ է:
ՕԴԵԹՍ
Միևնույն է՝ ոչ ոք չգիտի, թե որտեղ է այդ անծանոթ, փախած բնակավայրը գտնվում…
ՎԵՐՖԵԼ
(Անբարեհամբույր կոպտությամբ): Ձեր առաջարկն ընդունվա՛ծ է: (Ցուցադրաբար ձեռագրից ջնջում է վերնագրի կեսը:)
ՕԴԵԹՍ
Չեմ հասկանում, ինչո՞ւ եք ինձ հրավիրել: Դուք բնավ չեք ուզում, որ Ձեզ օգնեմ:
ՎԵՐՖԵԼ
Պարզապես կասկածում եմ, թե Դուք դա կարող եք անել:
ՕԴԵԹՍ
Գրողը տանի, բայց ինչո՞ւ:
ՎԵՐՖԵԼ
Դուք այդ ամենը չեք վերապրել:
ՕԴԵԹՍ
Դա չափանիշ չէ: ՛՛Ձախին սպասելիս՛՛ պիեսում գրել եմ Նյու Յորքի տաքսիստների բողոքի գործադուլի մասին և իմ ողջ կյանքի ընթացքում որևէ գործադուլի կողքովն անգամ չեմ անցել… Ես գրի եմ առել, ինչ պատմել են տաքսու վարորդները: Եվ իմ այդ պիեսը մեծ հաջողությամբ բեմադրվել է Ամերիկայի 104 քաղաքներում: Գրազ գանք, որ այդքան քաղաքների անուններ անգամ չեք կարող իմանալ…
ՎԵՐՖԵԼ
Դուք ամերիկացի եք:
ՕԴԵԹՍ
Եվ ի՞նչ…
ՎԵՐՖԵԼ
Ավելի լավ է մնաք Ձեր նյու-յորքյան տաքսիստների պատմությանը:
ՕԴԵԹՍ
Ցավում եմ, որ պատահաբար ամերիկացի եմ: Ընդ որում՝ ես նույնիսկ այդ այսպես կոչված հարյուր տոկոսանոցներից էլ չեմ: Իմ նախնիները Mayflower-ը բաց թողեցին և միայն հաջորդ նավով կարողացան այստեղ գալ: (Այն բանից հետո, երբ Վերֆելը կատակի նկատմամբ անտարբեր է մնում:) Ի՞նչ է, Եվրոպայում ծիծաղել ասածը վերացե՞լ է:
ՎԵՐՖԵԼ
Մեզ մոտ ծիծաղում են միայն հաջողված կատակների դեպքում…
ՕԴԵԹՍ
(Անհամբեր): Չեմ հասկանում: Մենք շարունակելո՞ւ ենք, թե ոչ: Ցավոք, ես ժամավճարով չեմ աշխատում :
ՎԵՐՖԵԼ
Մեկ-մեկ սրտխառնուք եմ զգում այս ամենից:
ՕԴԵԹՍ Ես նույնպես, հավատացե՛ք ինձ: Բայց այս երկրում գրողը հանճար է գարնան կողմ և տխմարի մեկը՝ ձմռանը: Տվյալ պահին Ձեր պիեսի հարցում մենք խորը դեկտեմբերի մեջ ենք:
ՎԵՐՖԵԼ
(Այս ընթացքում Օդեթսին ընդհատելով): Այս թեմայից հնարավոր ամեն ինչ քամել եմ, մինչև ամենավերջին կաթիլը: Բայց չեմ ավելացրել ոչինչ, ինչը նրա մեջ չկար: Սա այն ամենն է, ինչ որպես այս կատակերգության հեղինակ կարող եմ անել:
ՕԴԵԹՍ
Որտե՞ղ եք այստեղ կատակերգություն տեսնում:
ՎԵՐՖԵԼ
(Հուսահատ՝ սկսում է ակնոցը մաքրել): Դուք ինչի՞ց եք ուզում սկսել:
ՕԴԵԹՍ
Յակոբովսկուց: (Շեղակի նայելով Վերֆելին): Ձեզ համար դժվար չի՞ լինի նվազ հուսահատությամբ նայել այդ երևույթին: (Վերֆելը ճգնում է հայացքին ՛՛երջանիկ՛՛ արտահայտություն տալ:) Շնորհակալություն: Յակոբովսկին պետք է դառնա հրեական ռադիո-տիպարային մի կերպար:
ՎԵՐՖԵԼ
Ձեզ չեմ հասկանում…
ՕԴԵԹՍ
(Զարմացած, որ Վերֆելն իրեն չի հասկանում) Ռադիո-տիպարային կերպար: Ինչպես Գոլդբերգսը ռադիոշոուից…
ՎԵՐՖԵԼ
Կներեք ինձ, բայց ես ոչ մի Գոլդբերգսի չեմ ճանաչում:
ՕԴԵԹՍ
Բոլորն են ճանաչում Գոլդբերգսին: Միայն նրա անունը լսելիս արդեն չես կարողանում ծիծաղդ զսպել:
ՎԵՐՖԵԼ
Յակոբովսկու վրա պետք է ծիծաղե՞լ, ինչ է՞:
ՕԴԵԹՍ
Իսկ ի՞նչ էիք կարծում:
ՎԵՐՖԵԼ
Ինչպե՞ս կարելի է ծիծաղել ողբերգական կերպարի վրա, որը վեց անգամ վտարվել է իր հայրենիքից: (Թերթում է ձեռագիրը, մատնանշում է տարբեր կտորներ՝ որպես գրավոր ապացույցներ:) Ահա այստեղ… կամ այստեղ, ահա մեկն էլ… Ինչպե՞ս կարելի է ծիծաղել նման մարդկանց վրա:
ՕԴԵԹՍ
Հիմա ո՞վ է հասկանում ջարդերի այդ երկար իրարահաջորդող շարակցումը: Յակոբովսկին պետք է հերոս լինի: Փայլատակող մեկը:
ՎԵՐՖԵԼ
Յակոբովսկին նախ և առաջ այնքան հեռու է հերոսականությունից, որքան Դուք Չեխովից: (Օդեթսը շնորհակալություն է հայտնում վիրավորանքի համար:) Նա մի կատարյալ վախվորած հոգի է, բառիս ամենաբուն և պարզագույն իմաստով՝ կյանքից կառչած մեկը:
ՕԴԵԹՍ
Նրա բոլոր արարքները պետք է առանձնակի հերոսականությամբ տոգորված լինեն: Ինչո՞ւ է, օրինակ, փախուստի ժամանակ հնամաշ ու ճռճռացող սնդուկանման կառքով ճողոպրում:
ՎԵՐՖԵԼ
Ֆրանսիան գտնվում էր պատերազմի մեջ: Այլ ելք չէր մնում, քան…
ՕԴԵԹՍ
Իսկ ինչպե՞ս կդիտեիք, եթե փոխարենը մի Ռոլս Ռոյս ձեռքն ընկներ:
ՎԵՐՖԵԼ
Չլինի՞ թե Ռոթշիլդներից մեկին պատկանող:
ՕԴԵԹՍ
Ճի՛շտ այդպես… Հենց դա՛ էլ սպասվում է մի հնարամիտ հրեայից. Ռոթշիլդներին պատկանող մի Ռոլս Ռոյս:
ՎԵՐՖԵԼ
Ուրեմն պետք չէ զարմանալ, որ ատում են մեզ:
ՕԴԵԹՍ
Իմ նախագծում Յակոբովսկին հաջողեցնում է կնքել դարիս ամենանշանավոր առևտրական գործարքը:
ՎԵՐՖԵԼ
Ձեր այդ ՛՛նախագծային տարբերակին՛՛ հակառակ՝ ես Յակոբովսկուն կթողնեի մնար որպես մի շատ ապաշնորհ առևտրական, որն անհաշվենկատ ու վնասաբեր գործարքներ է կնքում:
ՕԴԵԹՍ
Հավատացե՛ք ինձ…
ՎԵՐՖԵԼ
Բայց ինչո՞ւ Ձեզ պետք է հավատամ: Մինչև հիմա դրա համար ինձ ոչ մի հիմք չեք տվել:
ՕԴԵԹՍ
Օքեյ, մոռացեք այդ ավտոմեքենան:
ՎԵՐՖԵԼ
Ուրիշ ի՞նչ առաջարկներ ունեք:
ՕԴԵԹՍ
Փախուստը, օրինակ… (Մի պահ նա մտածում է:) Պետք է ճոխ դահլիճով և զենքուզրահով զարդարուն ամրոց լինի, որտեղ նրանք կգիշերեն: Մի ապարանք, որ ժամանակին Լյուդվիգ XI-ի և Հայնրիխ II-ի նստավայրն է եղել:
ՎԵՐՖԵԼ
Ախ, ահա՜ թե ինչ… 20-րդ դարի կոտորածները անծանոթ են Ձեր հանդիսատեսին, սակայն 15 և 16-րդ դարերի ֆրանսիական թագավորների ծագումնաբանությանը նրանք քաջատեղյակ են…
ՕԴԵԹՍ
Պարոն Վերֆել, ես պարզապես հանպատրաստից հորինաստեղծում եմ:
ՎԵՐՖԵԼ
Ցավոք, դա անկարելի է չնկատել… Եվ իմ պիեսը ակներևաբար կերպափոխվում է գույնզգույն մի հեքիաթի՝ Հազար ու մի գիշերների շարքից, որում մի գազանաբարո պատերազմի միջոցին չորսբոլորը վխտալու պես շաղ են տրված շքեղաշուք լիմուզիններ ու պերճաշուք դղյակներ, որոնք հենց միայն իմ պարոն Յակոբովսկու կողմից հայտնաբերվելուն են սպասում:
ՕԴԵԹՍ
Բայց ամերիկյան հանդիսատեսը սիրում է այդ եվրոպական պերճաշուքությունը:
ՎԵՐՖԵԼ
Մի անչափելի ու մեծղի հիմարամտություն աճելով՝ պարուրում է ողջը: Նորմավորված ուղեղը իր հաղթանակն է տոնում: Եվ առաջին հերթին հենց այստեղ:
ՕԴԵԹՍ
Եթե այդքան ատում եք Ամերիկան, ինչու՞ եք այստեղ մնում:
ՎԵՐՖԵԼ
Այստեղ կլիման յուրահատուկ է, ուտելիքը գրեթե պատրաստ վիճակում կարող ես տանը ստանալ… (Օդեթսը սևեռուն նրան է նայում:)… Բացի այդ՝ Եվրոպայում ես անցանկալի եմ…
ՕԴԵԹՍ
Ես մտաբերում եմ մի ռադիոհաղորդում, կարծես թե NBC-ից, որում մի քաջ հայտնի Ֆրանց Վերֆել հայտարարում էր, որ Ամերիկան ավելին էր, քան պարզապես մի երկիր կամ ժողովուրդ, նրա հզորությունը և ազատամտությունը մեծապես տպավորել են իրեն: Այդ հաղորդումը կարծեմ կոչվում էր „I՛m an American“ ՛՛Ես ամերիկացի եմ՛՛:
ՎԵՐՖԵԼ
Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ասել է պատերազմ:
ՕԴԵԹՍ
Իհարկե, պատերազմը Ձեզ համար իրականության մաս է կազմում, ինչը մեզ համար այդպես չէ: Եթե Նյու-Յորքի շինությունների կեսը կործանված լինեին, մենք էլ կիմանայինք, թե ինչ է նշանակում պատերազմը…
ՎԵՐՖԵԼ
Ուրեմն Դուք գիտե՞ք:
ՕԴԵԹՍ
(վարանելով): Ո՛չ, չգիտեմ…
ՎԵՐՖԵԼ
Դե ուրեմն երբեք մի՛ք մոռանա, որ դա չգիտեք: Ի հակադրություն Ձեզ՝ ես գրում եմ այն պատմությունների մասին, որոնք անձամբ եմ վերապրել: Իմ պիեսի կերպարներին հանդիպել եմ իրական կյանքում: Առռասցի տիկնոջն, օրինակ, Նարբոննում եմ հանդիպել: (Հետևյալ տեսարանը նկարագրում է անչափ կրքոտությամբ, գունագեղ ու կենդանի աշխույժով: Սեփական վերապրումը տեսանելի արտահայտություն է գտնում:) Բոլոր հյուրանոցներում փախուստի օրերին մերժումի էինք հանդիպում: Ոչ մի տեղ ազատ սենյակ չէր գտնվում: Մինչև որ վերջապես տեղավորվեցինք փախստականների մի ապաստարանում, որը նախկինում մանկական հիվանդանոց էր ծառայել: Ես տղամարդկանց հետ տեղավորվեցի մի սենյակում, կինս՝ մեկ ուրիշում, ուր կանայք ու երեխաներ էին: Մենք պառկում էինք փայտե թախտերին՝ առանց վերմակի ու բարձերի: Ամենուր աղտոտություն էր: Հանկարծ, գիշերվա կեսին, սենյակներով մեկ տարածվեց մի կնոջ մինչև ոսկորները թափանցող ողբաձայնը: Նրան թվացել էր, թե գտնվում է ռմբակոծությունների տարափի տակ և շարունակ բղավում էր ու բղավում: Տղամարդկանցից շատերն իրենց կասկածելի գիշերազգեստներով եկել էին հանգստացնելու խելացնորված կնոջը: Այդ միջոցին մեկ այլ խելագարված խոսում էր ինձ հետ՝ շարունակ նույնը կրկնելով. ՛՛Այստեղ մենք տանիք ունենք մեր գլխավերևում: Այստեղ մենք տանիք ունենք մեր գլխավերևում՛՛: Մյուս կողմից էլ երեխաներն էին ճչոցներ արձակելով բղավում, բոլորը միասին: Դրա համեմատությամբ Բորդոյի անմարդաբնակ պոռնկատունը շքեղ կացարան կարող էր համարվել: Սա պատերազմ է, պարոն Օդեթս: Ես ճշմարտության մասին եմ գրում:
ՕԴԵԹՍ
Չեմ հասկանում, Դուք ճշմարտությո՞ւն եք ուզում վաճառել, թե՞ պիես:
ՎԵՐՖԵԼ
Մի ճշմարտացի ՛՛պատմություն՛՛, որն իմ կյանքի շատ տարիներ է արժեցել, ավելին, քան կարող եք պատկերացնել: Դուք չեք կարողանա պատկերացնել, որ մեծամասնության համար աքսորը դժբախտություն է և ոչ թե զբոսանք ծաղկուն բնապատկերների միջով:
ՕԴԵԹՍ
Բայց դա այն կատակերգությունը չէ, որ կարելի կլինի վաճառել Բրոդվեյում:
ՎԵՐՖԵԼ
Իսկ Ձեր կարծիքով ի՞նչն է, որ կարելի կլինի Բրոդվեյում վաճառել:
ՕԴԵԹՍ
Նկարազարդ տեսարաններ… Դե՛ ուրեմն ավելի պատկերազարդ դարձրեք տեսարանները…
ՎԵՐՖԵԼ
Շարունակե՛ք, ես լսում եմ:
ՕԴԵԹՍ
(Ներկայացնում է պիեսի սկզբնավորման իր տարբերակը): Սկզբում, օրինակ, բարձրանում է վարագույրը: Խավար է… Երկնքում սպառնալի շարժիչների աղմուկ: Կենտրոնում միայնակ և մեկուսի կանգնած է մեր պարոն Յակոբովսկին…
ՎԵՐՖԵԼ
Նա դեռևս ի՛մ պարոն Յակոբովսկին է…
ՕԴԵԹՍ
…Յակոբովսկին կանգնած է մեջտեղում ու հայացքն ուղղել է երկնքին: Ամպերի միջից ճախրելով՝ անաղմուկ գետնին են թափվում փոքրիկ թերթոններ: Յակոբովսկին վերցնում է մեկը և բարձրաձայն կարդում. ՛՛Փարիզի բնակիչնե՛ր: 48 ժամվա ընթացքում գերմանական բանակը մուտք կգործի Փարիզ: Մենք գալիս ենք որպես ֆրանսիացի ժողովրդի բարեկամներ և ազատարարներ: Ցանկացած դիմադրություն և նենգադուլ գործողություն կպատժվի մահով: Ստորագրված է՝ ֆելդմարշալ Գյորինգ՛՛:
ՎԵՐՖԵԼ
Բայց ե՞րբ են գերմանացիները զգուշացումներ հղել այն ժողովուրդներին, որոնց վրա հարձակվել են բոլոր ժամանակներում հավատի համար մղվող այս ամենադաժան պատերազմում: Ձեր թերթոնային տնտեսությունը ոչ մի կապ չունի իրականության հետ: Ձեր հուզիչ պատմությունը օգտագործեք տաքսիստների մասին պիեսներից մեկում:
ՕԴԵԹՍ
Թույլ տվեք հիշեցման կարգով հայտնել, որ մինչև հիմա չեք ընդունել իմ կատարած առաջարկություններից և ո՛չ մեկը:
ՎԵՐՖԵԼ
Արդարացի չեք: Ձեր առաջարկած վերնագրային կարճ տարբերակին հավանություն տվեցի:
ՕԴԵԹՍ
Բայց պիեսից և ո՛չ մի կտոր…
ՎԵՐՖԵԼ
Դուք արվեստագետի պես չեք նայում իմ պիեսին, սիրելիս… Եվ ոչ էլ մինչև հիմա Ձեր կողմից բարյացկամություն որևէ նշույլ եմ զգացել իմ տեսարանների հանդեպ:
ՕԴԵԹՍ
Վերֆե՛լ, Դուք պե՛տք է ավելի դրամատիկորեն մտածեք:
ՎԵՐՖԵԼ
Ի՞նչ է՝ փախուստն ինքնին արդեն բավականաչափ դրամատիկ չէ՞:
ՕԴԵԹՍ
Ողբերգական պարոնի մենախոսությունը դրամատի՞կ եք համարում:
ՎԵՐՖԵԼ
Իմ խորին համոզմամբ, ճաշակի վերաբերյալ դատողություններ անելը բնավ Ձեր առաջադրանքի մեջ չի մտնում և ոչ էլ՝ Ձեր ըմբռնումները որպես հեղինակավոր չափանիշ ինձ թելադրելու Ձեր մղումը: Սակայն խոստովանում եմ, որ փոքր-ինչ շատախոս լեզվով լեզու եմ բանեցնում: Ես ամենևին էլ կատակերգակ գրող չեմ:
ՕԴԵԹՍ
(Ինքն իրեն): Դա կարող եք բարձրաձայն ասել: (Վերֆելին.) Ինչո՞ւ է, օրինակ, ողբերգական սրախոսություններ անող կերպարը ժամերով պատմում այնպիսի անկարևոր բաների մասին, ինչպիսին փարիզյան ծառուղիներն են:
ՎԵՐՖԵԼ
Այդ ողբերգական սրախոսություններ անող կերպարը հենց ողբերգական պարոնն է և մարմնավորում է Ֆրանսիայի բռնաբարված հոգին: Նրա մենախոսությունն իր մեջ պարունակում է փախուստի մատնվածների խոսքա-լեզվային չափակշիռը: Փակեք Ձեր աչքերը և փորձեք միայն լսել… Փակե՛ք աչքերը:
Օդեթսը փակում է աչքերը, բայց շուտով բացում է՝ Վերֆելին նայելու համար: Ստակատտոյի ոճով Վերֆելը մեջբերում է մենախոսության առանձին հատվածները: Խոսելու պահին սկսում է քայլեր գցել, որոնք գլորվող գերանների պես ցած են տապալվում, քայլերը ավելի ու ավելի ուժգնանում են: Վերֆելը ներկայանում է որպես ողբերգական հերոս, կարծես ոչ թե Օդեթսի հետ է խոսում, այլ ողջ աշխարհի կամ ինքն իր հետ: Դեմքի արտահայտությունը ցույց է տալիս, որ նրա հիշողությունը վերստին արթնացել է, և կարծես այդ մենախոսությունը իր սեփական վերապրումն է արտացոլում:
ՎԵՐՖԵԼ
Փարիզի բնակիչները շարունակում են գնա՛լ, գնա՛լ, գնա՛լ: Նրանք ուղղություն են վերցնում դեպի երկաթուղային կայարանները: Սակայն կայարանները մեռած են: Այդժամ շրջում են իրենց ընթացքը և քայլում են ու քայլում երկար ու ընդարձակ արվարձանների շարքերով, հազարավորներով, տասնյակ, հարյուր-հազարներով, բոլորը՝ տուն ու տեղը կապկպած ու ճամպրուկներով բեռնավորված: (Որպես ռեժիսորական ցուցում՝ Օդեթսին պարզաբանելով:) Այս ընթացքում հյուրանոցի դռնից դուրս են գալիս հյուրերը, մենակ, զույգերով, ճամպրուկներով բեռնավորված: Սա կարծես մի արտասովոր բալետ լինի, որն ավելի տեսանելի է դարձնում ողբերգական պարոնի խոսքերը: (Ձևացնում է, թե քայլում է:) Ոտքերում այլևս ուժ չի մնացել, բայց այդ ոտքերը դեռ պետք է քայլեն ու քայլեն: Լսո՞ւմ եք, Դո՛ւք:
ՕԴԵԹՍ
Ի՞նչը:
ՎԵՐՖԵԼ
Սա տեքստի միայն մի մասն է:
ՕԴԵԹՍ
Sorry… Ներողություն…
ՎԵՐՖԵԼ
Դուք, ի՞նչ է, չե՞ք լսում: Դրանք ավտոմատ հրազեններ չեն, դրանք գլորվող վերջին կլոր գերաններն են, որոնք դղրդյունով բախվում են ցուցափեղկերին: Երբ որ բոշերը, այդ ֆրիցները ներս խուժեն, Փարիզը կդառնա մի կեղտոտ դագաղ, որի մեջ մի դիակ անգամ չես գտնի: Եվ ես պետք է գնամ ու գնամ մյուսների հետ, քանի որ երբ ոտքերդ են նվում, սիրտը ավելի քիչ է ցավ զգում: (Դանդաղ, լայն ու անճկուն քայլերով անհետանում է շքամուտքի ետևում:)
ՕԴԵԹՍ
(Նրա ետևից նայելով): Դա ինձ հիշեցնում է խնձորենու ծաղկումը Նորմանդիայում: (Վերֆելը վերադառնում և ուշադիր նայում է Օդեթսին՝ հասկանալու համար, թե նա ինչ էր ուզում ասել: Օդեթսը անշշունջ անդրդվելիությամբ անշարժացած է մնում նրա հայացքի առաջ🙂
ՎԵՐՖԵԼ
Դուք վերստին ճանաչեցի՞ք քայլերի ռիթմը խոսքերի մեջ:
ՕԴԵԹՍ
Փարիզի բնակիչները քայլո՛ւմ են ու քայլո՛ւմ… ոտքով և միայն պարոն Յակոբովսկին է, որ ավտոմեքենա ունի: Եթե, իհարկե, դա շատ ավելի անհավատալի չէ, քան իմ Ռոլս Ռոյսի պատմությունը:
ՎԵՐՖԵԼ
Դրա համար էլ այցելուների արտագաղթը միտումնավոր կերպով սյուռեալիստական է պատկերանում, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե ջհուդը սակարկություն է անում ավտոմեքենայի համար, մինչ մյուսները ոտքով են գնում… Դա կարող էր վտանգավոր հետևանքներ ունենալ:
ՕԴԵԹՍ
Ուղղակի անհասկանալի է… Պարոն Վերֆելն ու ես նույն կարծիքին ենք…
ՎԵՐՖԵԼ
Չպետք է մոռանալ, որ այս պիեսը տասը օրում եմ գրել:
ՕԴԵԹՍ
Այդ մասին չեմ հիշատակի ծրագրային ազդագրում: Իմ „Till the Day I Die“՝ ՛՛Մինչև իմ մեռնելու օրը՛՛ գործը նույնպես գլխից պրծացնելիք մի բան էր, այն չորս գիշերում թխեցի: Բայց մե՜ծ հաջողություն ունեցավ:
ՎԵՐՖԵԼ
Արի ու տե՛ս, որ բոլոր տեսակի աղբանոցային ու կոմերցիոն նպատակներով թխված գործերը զարմանալիորեն բարեհոգի ընդունելության են արժանանում, մինչդեռ հանճարեղ ստեղծագործություններն իրենց հանդեպ անհանդուրժողության ամպրոպներ են ճայթեցնում:
ՕԴԵԹՍ
Դուք ուզում եք ավելի լավ վերաբերմունքի՞ արժանանալ, քան ե՞ս: Ոջլոտ ու անարգ մի կաղապար եք օգտագործում Ձեր առավելությունը ներկայացնելու համար: (Հեգնախառն հնչերանգով:) Ինչպիսի մեծ պատիվ՝ Քլիֆֆորդ Օդեթսից ավելի տաղանդավո՜ր երևալ… (Երբ ակնհայտ է դառնում, որ Օդեթսը վիճաբանություն է սկսել ինքն իր հետ և առաջվա պես խոսքեր են սկսում տեղալ, որոնք նրան իր ճանապարհից ավելի են շեղում, քան որ սեփական ճակատը կարող է ընդունել, Վերֆելը հասկացողություն է հանդես բերում նրա նկատմամբ:)
ՎԵՐՖԵԼ
Ներեցե՛ք ինձ: Կարծում եմ, ՛՛Յակոբովսկին՛՛ այս պահին ինձնից շատ ավելի մեծ ուժ է պահանջում, քան ի զորու եմ տրամադրելու: (Մտերմություն որոնելով:) Գիտե՞ք, թե ով զանգահարեց ինձ մի քանի օր առաջ Նյու-Յորքից: (Օդեթսը անխոս նրան է նայում:) Ս. Լ. Յակոբովիչը, Լուրդի իմ սենյակի հարևանը: Նա զանգահարել էր ինձ հաղորդելու, որ սպասում է՝ ես իրեն փառահեղ առատաձեռնությամբ վարձատրեմ: Նա կարծում է, որ ինքն է Յակոբովսկու նախատիպը: (Օդեթսի հարցական հայացքը:) Բնականաբար, այդպես չէ: Ընդամենը երկու անեկդոտ եմ Յակոբովիչից օգտագործել: Աննշան մի քանի պատմություններ: Եվ անունների նմանության պատահականությունը Յակոբովիչը հակված է բացառապես վերագրելու իմ մտքի ծուլությանը: Ես շրջապատված եմ գիշակեր անգղերով: Սկզբում Գոթֆրիդ Ռայնհարդը և Սեմյուել Բեհրմանը, իսկ հիմա՝ Յակոբովիչը: Մի բանկիր… Զարմանալի չէ, որ հրեական բանկերը կորցնում են իրենց հավատարժանությունը…
ՕԴԵԹՍ
Նա, ինչ է, բողոքո՞ւմ է:
ՎԵՐՖԵԼ
Անգամ սպառնալիքներ է տեղում: Նրա ողջ էությունը մի բան պոկելն է, խլելը, վերցնելը: Դրան Լուրդում էլ ականատես եմ եղել:
ՕԴԵԹՍ
Եթե կարողանաք ապացուցել, որ Յակոբովիչից ավելին չկա այստեղ, քան այդ մի երկու աննշան պատմությունները, ապա նրա խաղաքարտերը վատ են դասավորված: Գոթֆրիդի ու Սեմի հարցում խնդիրն այլ է:
ՎԵՐՖԵԼ
Ինչո՞ւ:
ՕԴԵԹՍ
Սեմն ինձ պատմել է, որ Գոթֆրիդն ինքն է առաջարկել այս նյութից թատրերգություն սարքել…
ՎԵՐՖԵԼ
Այն բանից հետո, երբ Մաքս Ռայնհարդտի մոտ տրված մի ընթրիքի ժամանակ մի քանի անեկդոտ զիջեցի, որոնք իմ կարծիքով բավական զվարճալի էին, Գոթֆրիդն ինձանից պահանջեց նյութը վերամշակել: Նա կարծես հաջողության հոտն էր առնում, այն, ինչին իր հայրը տարիներ շարունակ սպասել էր. մի մեծ հաջողություն Բրոդվեյում: Դա իմ բնագավառը չէ, նման բան ես չեմ գրի, ասացի նրան: Այդ պատմությունը ավելի շատ իմ լեզվի վրա է, քան գրչիս մեջ:
ՕԴԵԹՍ
Բայց և այնպես այն փաստը, որ այն գրված է սևով սպիտակին, դրա համար երախտապարտ ենք Գոթֆրիդին:
ՎԵՐՖԵԼ
Ես ոչնչով երախտապարտ չեմ հայր և որդի Ռայնհարդտներին: Ոչ մի բանի համար… Երկուսն էլ իմ հանդեպ միանգամայն անհասկանալի են պահում: Խնդիրն ի սկզբանե ծանրաբեռնված էր անպարզություններով… Եվ հիմա հակամարտությունները սկսում են ծաղկել:
ՕԴԵԹՍ
Գուցե նրանից է, որ թատերագիր չեք անգլոսաքսոնական շուկայի համար: (Սառը:) Գուցե նույնիսկ ընդհանրապես թատերագիր չեք և ընդունակ չեք թատերական գործեր գրել:
ՎԵՐՖԵԼ
(Անձնական վիրավորանք զգալով: Օդեթսի խոսքում հնչած սառնությունն ու ճշմարտությունը նրա մեջ սարսուռ է առաջ բերում: Երկարատև սևեռուն հայացքը լարելուց հետո): Գիտե՞ք, թե Դուք ով եք:
ՕԴԵԹՍ
(Դեմքը ծամածռելով): Այո՛, պարոն Վերֆել, ես գիտեմ, թե ես ով եմ…
ՎԵՐՖԵԼ
(Կարողանալով զսպել ներքին վրդովմունքը): Պարոն Օդեթս, Դուք նորից գերագնահատում եք Ձեզ: Եթե Դուք ՛՛ե՛ս ե՛մ՛՛ լինեիք, ապա կկարողանայիք խոնարհումը շարունակելով ասել՝ ՛՛դո՛ւ ե՛ս՛՛: Բայց Դուք պաշտպանվում եք ՛՛մե՛նք ե՛նք՛՛-ից, քանի որ ցավալի է տեսնել, որ մեկ ուրիշն եք և ինքներդ չեք:
Նրանք քարացած իրար են նայում: Այս անգամ Օդեթսը ծանր վիրավորված է, թեև ակներևաբար նախադասության իմաստը լրիվ չէր հասկացել: Հանկարծ կարծես գիտակցեց սեփական փոքրությունը, պահի տակ իր կրած անհաջողությունը:
ՕԴԵԹՍ
Ո՞վ ասաց, որ ես ես չեմ: (Վերֆելը նայում է նրան, մտնում է տուն🙂 Մնացե՛ք այստեղ, Վե՛րֆել… (Հանկարծ համակվում է տարօրինակ, անվերահսկելի կատաղությամբ և խելագարի պես սկսում է ծիծաղել: Նախերգանքի ՙAndantino՚—ն սկսում է ծորալ: Լույսը հանգչում է🙂
ՏԵՍԱՐԱՆ ԵՐՐՈՐԴ
Andantino-ն շարունակվում է: Օդեթսը մենակ է հարթակի վրա, սկսում է կարդալ Յակոբովսկու ձեռագիրը, մատիտով այս ու այնտեղ նախադասություններ է ջնջում:
ՕԴԵԹՍ
Ի՞նչ է նշանակում Q.U.A.B.-ը:
Օդեթսը համառոտագրված բառակապակցությունը արտաբերում է բոլոր հնարավոր տարբերակներով, մինչև տպավորություն է ստեղծվում, թե նրա դեմքը հորդում է աղբյուրի նման: Դեմքի արտահայտությունը նման էր գորտի կամ շերեփուկի: Վերֆելը հարթակ է մտնում ուռուցիկ լիկյորի շիշը և երկու բաժակ ձեռքին: Շարժվում է ինքնավերահսկող հանգստությամբ: Մտահոգված՝ նայում է գորտակերպ Օդեթսին:
ՎԵՐՖԵԼ
Պարոն Օդեթս, իրար հոգու հետ փոխադարձաբար խաղալը քաջության նշան չէ… դա նացիզմի արմատներից մեկն է: Ես ուրախ կլինեի, որպեսզի իրար հասկանալ ուզենայինք՝ փոխանակ իրար հոգու մեջ նայելու: (Լիկյորը լցնում է զույգ բաժակների մեջ:)
ՕԴԵԹՍ
Իրավացի եք: (Դեռ փոքր—ինչ վրդովված է ու հուզախռով:) Ավելի, քան դուք եք մտածում… Գիտե՞ք, թե ինչ եմ ինքս ինձ հարցնում: Հարցնում եմ, թե ես ի՞նչ էի ուզում բոլոր այն տարիներին: Դառնալ նշանավոր հեղինա՞կ: Իմ գլուխը հավերժացա՞ծ տեսնել նամականիշի վրա: (Վերֆելը թողնում է, որ նա խոսի🙂 Այո՛, ես ուզում էի նշանավոր հեղինակ դառնալ:
ՎԵՐՖԵԼ
Ե՞վ… դարձա՞ք: (Օդեթսին է մեկնում բաժակը:)
ՕԴԵԹՍ
Ընդամենը միջակություն: (Առաջին անգամ որոշ մտերմություն ու փոխհասկացողություն է ծնունդ առնում երկու տղամարդկանց միջև:) Գիտե՞ք, ինչպես մտահղացա իմ առաջին պիեսը: Ես ցավ էի զգում ամեն ինչի հանդեպ… Ի՛մ, ինձ շրջապատող մարդկանց, իմ ողջ կյանքի հանդեպ… Ամեն երեկո կուչ եկած նստում էի մի փոքրիկ զգեստապահարանում և սպասում էի, որ Սպենսեր Թրեյսին տապալվեր, որպեսզի ես կարողանայի նրա դերը ստանձնել: Սակայն այդ դժոխքի ծնունդը ոչ մի ներկայացում բաց չէր թողնում: Ոչ մի անգամ մի հինգ րոպեով նույնիսկ չէր ուշանում, որպեսզի գոնե մի խաբուսիկ հույս թողներ ինձ… Այդպես սկսեցի գրել: Գրում էի, խմբագրում գրածս, նորից գրում: Երբ պիեսը վերջապես պետք է հրապարակ դուրս գար, Լի Ստրասբերգը իր սովորական տոնով ասաց ինձ. ՛՛Քլի՛ֆ, դու կարծես թե չես հասկանում: Քո պիեսը մեզ դուր չի գալիս՛՛: Հրաշալի ձմեռ էր…
ՎԵՐՖԵԼ
(Զգացմունքները կիսելով): Դերասա՞ն էիք:
ՕԴԵԹՍ
Ո՛չ, տասը տարի շարունակ փորձեցի այդպիսին դառնալ: Բայց եթե ինձ մի երկու տողանոց դեր տային խաղալու, այդժամ կիմանայի՝ այդպե՞ս է, թե ոչ: (Բարձրացնում է բաժակը և ողջունում Վերֆելին:) Ո՛ղջ լինես:
ՎԵՐՖԵԼ
Կենա՛ցդ: Բենեդիքտին: Ֆրանսիական լիկյոր է՝ քսանյոթ խոտերից պատրաստված: Իմ կինը հավատում է նրա բուժիչ ուժին: Այդպիսի միայն մեկը կա, որ իսկական է: D.O.M. Deo optimo maximo, լավագույն, մեծազոր Աստծուն պաշտելը:
ՕԴԵԹՍ
(Լիկյորը այնքան էլ նրա դուրը չի եկել): Եթե կոնծելու համար է, ապա, անկեղծ ասած, ես բրենդի կնախընտրեի:
ՎԵՐՖԵԼ
Ինձ համար էլ զարմալի էր… (Վեր է կենում, Օդեթսի համար տնից մի շիշ բրենդի է բերում՝ բաժակի հետ:)
ՕԴԵԹՍ
(Նրա ետևից կանչելով): D.O.M. Ո՞ր Աստվածն է հասկացվում դրա տակ:
ՎԵՐՖԵԼ
(Վերադառնալով և շիշն ու բրենդիի բաժակը ցուցադրաբար Օդեթսի առջևը դնելով, վերջինս ինքն իր համար լցնում է): Դուք նրանցից քանի՞սին գիտեք:
ՕԴԵԹՍ
Անձամբ ո՛չ մեկին: Հավատը իմ ամենաուժեղ կողմերից չէ:
ՎԵՐՖԵԼ
(Մինչ Օդեթսը երկրորդ բրենդին է իր համար լցնում): Դուք հավանաբար ծանոթ եք Լիխտենբերգի հոգեզմայլ տարբերակմանը, որը խոսելով մարդկանց մասին, ասում է, որ… Դե թողնե՛նք դա… (Մանրամասն զննում է Օդեթսին:) Լյարդն ու լեղին, ըստ անտիկ պատկերացման, մելամաղձության նստավայրն են, կյանքի հուսահատությունը: Հետաքրքիր է իմանալ, իսկ Ձեզ մոտ ինչպես է:
ՕԴԵԹՍ
Չգիտեմ՝ կհավատաք, թե ոչ, ես սկսել եմ որպես իդեալիստ… (Վերֆելը նայում է մի այնպիսի ժպտուն հայացքով, որ սովորաբար ունենում են այն մարդիկ, որոնք գիտեն, որ իրենց առջև դրած նպատակին երբեք չեն հասնելու:) Եվ այժմ 30-ականների ճերմակ հույսը խեղդում է իր մենակությունը բրենդիի մեջ… (Խմում է:) Ձեզ իսկապես հրեա՞ եք զգում:
ՎԵՐՖԵԼ
(Խնամքով մտմտալով պատասխանը): Մարմնով հրեա եմ, հոգով՝ քրիստոնյա… (Օդեթսը քննական նրան է նայում:) Ես վաղուց արդեն մոռացած կլինեի ինձ ծնունդ տվող համայնքը, եթե դրսում ժողովուրդն ինձ դեմքով չճանաչեր:
ՕԴԵԹՍ
Համայնքից դո՞ւրս եք եկել, հավատափո՞խ եք եղել: (Վերֆելը գլխով է անում:) Ինչո՞ւ:
ՎԵՐՖԵԼ
Համաձայնվե՛ք, որ շատ ավելի հեշտ է հավատալ մի աստծո, որը գամված է խաչի վրա ու կարեկցանք է առաջ բերում, քան մի հեռավոր Աստծո, որը վերահսկում է քո ամեն մի քայլը: (Հարևանցիորեն:) Եվ իմ կինը իրեն պատրաստ համարեց ինձ հետ ամուսնանալու: Ես պետք է խոստովանեմ, որ նա մշտապես մեծագույն արիությամբ է պայքարել իմ հոգու համար:
ՕԴԵԹՍ
Գոթֆրիդը Ձեզ կոչում է ծպտված քրիստոնյա…
ՎԵՐՖԵԼ
Նրա կարծիքն ինձ չի հետաքրքրում:
ՕԴԵԹՍ
Դուք նաև պաշտոնապե՞ս եք…
ՎԵՐՖԵԼ
Ո՛չ, քանի որ հրեականությունը ժամանակին ամենադաժան հալածանքների է ենթարկվել, ես չեմ կամենում ինձ հալածյալների երամից դուրս թողնել: Սակայն խոստովանում եմ, որ Հիտլերի երևույթը իմ դավանափոխությունը վիժեցնելով ի դերև հանեց: Պետք է ասել, որ մի կետում րաբբինական իրավունքն ու նացիոնալ սոցիալիստական օրենսդրությունը զարմանալիորեն նույնական են, հրեան մնում է հրեա: Դրանով իսկ ավելի քան անիմաստ է թվում երամից դուրս գալը:
ՕԴԵԹՍ
Այդ դեպքում ինչո՞ւ կրկին չվերադարձաք: Շյոնբերգը երեսունհինգ տարի անց վերստին հրեականություն ընդունեց:
ՎԵՐՖԵԼ
Բայց նա նաև չամուսնացավ իմ կնոջ հետ:
ՕԴԵԹՍ
Իրականում, ե՞րբ տեղի ունեցավ Ձեր խզումը հրեականությունից:
ՎԵՐՖԵԼ
Չգիտեմ, թե այդ կիրակնօրյա պատարագներն էին մեր դայակի ուղեկցությամբ, երբ մենք չորս-հինգ տարեկան էինք: Պրագայի Մայզել սինագոգի սոպրանիստուհու՝ մահացության աստիճան անվայելուչ ձա՞յնը: Մաքս Բրոդի հետ իմ ունեցած զրույցնե՞րը: Երբեք չեմ կարողացել այդ հարցին պատասխան գտնել…
ՕԴԵԹՍ
Բայց նաև հասկանում եք, որ դրանով իսկ կանգնած եք երկու կրոնների միջև:
ՎԵՐՖԵԼ
Այո՛, քանի դեռ կան հակասեմիտ քրիստոնյաներ, որպես մկրտված հրեա ես կլինեի ոչ ամենևին ուրախալի ու ինչ-որ աներես մի երևույթ: Հրեան մկրտության և հավատի միջոցով չի կարող փրկվել: Բայց ինչո՞ւ ես չեմ կարող հավատալ Քրիստոսի պատմական ճշմարտությանը և միաժամանակ հրեա մնալ:
ՕԴԵԹՍ
Այս դեպքում դուք հրեաներին դիտում եք որպես ոչ ամենևին ուրախալի մի երևո՞ւյթ:
ՎԵՐՖԵԼ
(Վերցնում է ձեռագիրը): Այդ իսկ պատճառով իմ Յակոբովսկու ավարտական տեսարանում ցույց եմ տալիս, որ քրիստոնեությունը հուդայականության նախակենդանի ձևն է, ավելին՝ գուցե վերջինիս բևեռացումը, հավերժական բողոքը…
ՕԴԵԹՍ
Այդ երբվանի՞ց է քրիստոնյաների համար քրիստոնեությունն իրենից մեկ այլ բան է սկսել ներկայացնել, քան պարզապես հուդայականության հաղթահարումը: (Վերֆելն ուզում է պատասխանել:) Եվ մի այդպիսի ինտելեկտուալ անհեթեթության միջոցով, ինչպիսին սուրբ Ֆրանցիսկուսի և թափառական հրեայի տեսարանն է, դեռ շարունակում եք պաշտպանե՞լ այդ գիծը… Ինչո՞ւ թույլ չեք տալիս, որ Ֆրանցիսկուսի և թափառական հրեայի փոխարեն հանդես գան Աստվածն ու Հիսուսը: Օրինակի համար, հենց թեկուզ մի երկթամբ հեծանիվի վրա նստած, իբրև հակադրամիասնություն:
ՎԵՐՖԵԼ
Աստվածն ու Հիսուսը երկթամբ հեծանիվի վրա՞, իբրև հակադրամիասնությո՞ւն: Ձեր կատակի իմաստը չեմ հասկանում:
ՕԴԵԹՍ
Որպես խորհրդանիշ երկու կրոնների համընդհանուր, միասնական արմատի…
ՎԵՐՖԵԼ
Իմ գիտությամբ դրանք մի և նույն Աստվածն են:
ՕԴԵԹՍ
Հենց դրա համար էլ Աստված նստած է առջևի թափքին և վարում է ղեկը:
ՎԵՐՖԵԼ
Իսկ արգելակո՞ղն ով է:
ՕԴԵԹՍ
Դե դա կարևոր չէ:
ՎԵՐՖԵԼ
Իսկ եթե փողոցը զառիվա՞յր է:
ՕԴԵԹՍ
Մենք կարող ենք նաև մոռանալ հեծանիվի պատմությունը, պարոն Վերֆել:
ՎԵՐՖԵԼ
Ո՛չ: Հեծանիվը Ձեր առաջին պիտանի գաղափարն էր: Սուրբ Ֆրանցիսկուսը և թափառական հրեան գալիս են հեծանիվին բազմած:
ՕԴԵԹՍ
Ոչ, Աստվածն ու Հիսուսն են հայտնվում հեծանիվով…
ՎԵՐՖԵԼ
Ո՛չ, սուրբ Ֆրանցիսկուսը և թափառական հրեան…
ՕԴԵԹՍ
Գոնե թույլ տվեք ներկայացնել այդ տեսարանը, ինչպես ե՛ս եմ այն պատկերացնում…
ՎԵՐՖԵԼ
(Դժկամ): Խնդրեմ…
ՕԴԵԹՍ
(Հեռանալով, արդեն դրսից ձայնում է): Աստվածն ու Հիսուսը հեծանիվով ընթանում են գյուղական ճանապարհով…
ՏԵՍԱՐԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Բեմը մի ակնթարթ դատարկ է մնում: Լույսը փոխվում է իրիկնային մթնշաղի տրամադրության:
ՕԴԵԹՍ
(Ներս մտնելով): Աստվածն ու Հիսուսը հրում են հեծանիվը…
Հաջորդ տեսարանում այնպիսի բեմանկար է օգտագործվում, որն ասես բեմի ամենաբնական բաղադրիչը լինի: Աստվածն ու Հիսուսը իրենց շարժուձևերում իրենց պահում են ակնհայտորեն աշխարհիկ: Աստվածը, ներկայացված Վերֆելի կողմից, Հիսուսը՝ Օդեթսի կողմից ներկայացված, բեմ են մտնում: Աստված հայտնվում է մորուքով և Հիսուսը՝ փշե պսակով: Աստված փոքր—ինչ մռայլատես է, մինչ Հիսուսը լուսաճառագ, մանկական նկարագրով է աչքի ընկնում:
Լույսի միջոցով ցուցադրվում է բեմական տեսարանի սյուրռեալիզմը: Աստվածն ու Հիսուսը հայտնվում են երկթամբ հեծանիվը հրելով: Հիսուսը սայթաքում է ոտքը երևակայական քարին խփելով ու մի կարճ ժամանակ մնում է պառկած:
ԱՍՏՎԱԾ
(Նայելով հատակին պառկած Հիսուսին): Ով իմաստուն է սրտով՝ ընդունում է պատվիրանը, իսկ ով տխմար խեղկատակի բերան ունի, ցած է տապալվում: Վե՛ր կաց, որդի՛ս…
ՀԻՍՈՒՍ
(Դանդաղորեն, աղմկաձայն—ճղճղալով ոտքի է կանգնում): Ինքդ էլ շատ լավ տեսա՞ր, թե ինչ եղավ:
ԱՍՏՎԱԾ
Դա ընդհանուր դարձվածք էր: Դրա նման հարյուրավորները կան սուրբ գրքում:
ՀԻՍՈՒՍ
Դու ինչո՞ւ չես ուզում հավատալ, որ ես քո որդին եմ:
ԱՍՏՎԱԾ
Քանի՞ անգամ ես Ձեզ պետք է բացատրեմ, որ ես ո՛չ մի որդի էլ չունեմ: Բացի այդ՝ ես չեմ կարողանում հիշել, որ Ձեզ առաջարկած լինեմ ինձ հետ դու-ով խոսել:
ՀԻՍՈՒՍ
(Երեխայի պես կամակոր): Իմ հորը ես դու-ով եմ դիմում…
ԱՍՏՎԱԾ
Խնդրում եմ, դա անիմաստ ու անհույս բան է: (Գլուխը տմբտմբացնում է՝ տափակած անվադողին հայացքն ուղղած:) Հիմա որտե՞ղ կարող ենք կարկատան գտնել: Ինչպիսի՜ ապուշություն, ես միշտ ուզում եմ աղետ-արհավիրհքներից խուսափել…
ՀԻՍՈՒՍ
(Զիջելու անպատրաստ): Գրքում գրված է, որ կույսը պետք է հղիանա և որդի ծնի և նրա անունը դնելու են Էմանուել…
ԱՍՏՎԱԾ
Ես կարծում էի, թե Ձեր անունը Հիսուս է:
ՀԻՍՈՒՍ
Հովսեփն է ինձ այդ անունը տվել:
ԱՍՏՎԱԾ
Հովսե՞փը…
ՀԻՍՈՒՍ
Իմ որդեգիր հայրը:
ԱՍՏՎԱԾ
Այդ դեպքում ես Ձեր ինչի՞ն եմ պետք:
ՀԻՍՈՒՍ
Ես իսկական հայր եմ ուզում ունենալ… Ինչպես բոլոր մյուսները: (Շեղակի հայացք գցելով Աստծո վրա՝ ջանում է չնկատելու տալով հարցնել:) Դու ճանաչո՞ւմ ես Մարիամ անունով մեկին:
ԱՍՏՎԱԾ
(Մի պահ մտածելով): Մարիա՞մ… Մարիամ անունով ծովի ավազի չափ շատերը կան: Շիկահե՞ր է:
ՀԻՍՈՒՍ
Նրա մազերը բավական թուխ են:
ԱՍՏՎԱԾ
Փարթա՞մ է մարմնով: (Հիսուսը գլխով բացասական շարժում է անում:) Նիհարուկ ու թխամա՞զ: Դա իմ ուզած տիպը չէ…
ՀԻՍՈՒՍ
Ծնվել է Փասսահ 3761-ին: Բեթղեհեմ, Նազարեթ, Յերուսաղեմ կամ ինչ-որ մի տեղ այդ կողմերում: Դու պե՛տք է որ հիշես:
ԱՍՏՎԱԾ
Խնդրու՜մ եմ Ձեզ, այդքա՜ն տարիներ են անցել… Սակայն դա կատարյալ անհեթեթություն է, այն, որ Դուք իմ որդին եք: Մատնանշե՛ք Սուրբ գրքում մի որևիցե տեղ, որով Դուք ինձ… որևէ կնոջ հետ կկարողանաք ցույց տալ:
ՀԻՍՈՒՍ
(Մտահոգ նրան է նայում): Ուրեմն դու ոչ մի կնոջ….
ԱՍՏՎԱԾ
(Նրա հարցը հասկանալով) Չեմ ասում, թե ես դա չեմ արել, այլ ասում եմ, որ դա իմ առնչությամբ անապացուցելի է: Գուցե նույնիսկ անհրաժեշտ է մեկ անգամ… Թե՞ Դուք հավատում եք անարատ հղիությանը:
ՀԻՍՈՒՍ
(Բարկանալով, խռովված): Ո՛չ, սակայն մայրիկը պնդում է, որ դա այդպես է եղել:
ԱՍՏՎԱԾ
Եվ Դուք հավատո՞ւմ եք նրան:
ՀԻՍՈՒՍ
Մայրիկը երբեք սուտ չի խոսում: Բացի այդ՝ հրեշտակն ասել էր իրեն. ՛՛Սուրբ հոգին քո վրա կգա և հզորագույնի ուժը կստվերի քեզ. դրա համար էլ այն սուրբը, որ քեզանից կծնվի, Աստծո որդի կկոչվի՛՛:
ԱՍՏՎԱԾ
Ուրեմն հրեշտա՜կը, այսպե՜ս, այսպե՜ս… Դուք մեկ անգամ Ձեզ նայեք: Ի՞նչը կարող է Ձեր մեջ սուրբ լինել: (Հանդարտեցնելով:) Ինչո՞ւ է Ձեզ համար այդքան կարևոր իմ որդին լինելը:
ՀԻՍՈՒՍ
Ես քեզ միշտ փառաբանել եմ երկրի վրա և կատարել ու ավարտին եմ հասցրել այն գործը, որ դու ես ինձ հանձնարարել, որպեսզի ես այն պարտադիր անեմ: Եթե դու իմ հայրը չես, ուրեմն այդ ամենը կատարելապես անիմաստ է եղել:
ԱՍՏՎԱԾ
Երիտասա՛րդ, ընդամենը մի քանի ժամ առաջ Ձեզ բնավ չէի ճանաչում: Մենք պատահաբար ենք հանդիպել իրար այս գյուղական ճանապարհին: (Թաքուն ձեռքն է առնում մի փոքրիկ հեռախոսագիրք և սկսում է այն ծածուկ թերթել🙂 Եվ այն միակ հանձնարարությունը, որը հաճույքով կուզենայի կատարված տեսնել, մեր երկանիվի համար մի նոր դող հայթայթելը կլիներ… Ձեր անունը չկա անգամ իմ հեռախոսագրքում: Ինքներդ էլ կարող եք համոզվել: (Հեռախոսագիրքը ցույց է տալիս Հիսուսին:) Յերեմիա, Յեսայիա, Յոել, Յոնա, Յոշուա, Հոբ, Հովնան: Ոչ մի տեղ, ոչ հո-երի, ոչ էլ հի-երի շարքում Հիսուսի մասին և ոչ մի հիշատակություն: Ահա այստեղ, այս շարքում, Դուք այստեղ պետք է լինեիք, եթե միայն իսկապես լինեիք, այնպես չէ՞:
ՀԻՍՈՒՍ
Ես Նոր Կտակարանում եմ:
ԱՍՏՎԱԾ
Ես դրան տեղյակ չեմ:
ՀԻՍՈՒՍ
(Խանդավառ թերթելով Աստվածաշունչը, որը կրում է՝ կախ տված տաբատի կապից): Մի բան էլ… (Բարձրաձայն կարդում է, Աստված նրա ձեռքից խլում է Աստվածաշունչը:) Օ՜ ոչ, ես դեռ անգիր չգիտեմ: (Կարդում է:) Մի՛ վախեցեք… ես ավետում եմ Ձեզ մեծ ուրախություն, որ պատահելու է ողջ ժողովրդին, որովհետև Ձեզ Փրկիչ է ծնվել, որ Քրիստոսն է, Ձեր Տերը՛՛:
ԱՍՏՎԱԾ
Այ քեզ բա՜ն… Այս ողջ աշխարհում տեսնես ո՞վ է այդ Քրիստոսը:
ՀԻՍՈՒՍ
Ե՛ս եմ: Ե՛ս եմ Քրիստոսը: Ինչպե՞ս կարող եմ քեզ համոզել:
ԱՍՏՎԱԾ
Այդպես ամեն ոք կարող է ասել: Հիսուս, Էմանուել, Քրիստոս: Ո՞վ եք Դուք: Խեղկատա՞կ:
ՀԻՍՈՒՍ
Մարդուս որդին կգա մի այնպիսի ժամի, որ դուք չեք մտածի:
ԱՍՏՎԱԾ
Այդ ո՞ւմ մասին եք խոսում:
ՀԻՍՈՒՍ
Մեսիայի, մարգարեի, որն այդպես է գուշակել:
ԱՍՏՎԱԾ
Ե՞վ…
ՀԻՍՈՒՍ
Հայրի՜կ, այդ ես եմ:
ԱՍՏՎԱԾ
(Հանկարծ փոխում է դեմքի արտահայտությունը: Դեմքին խիստ գծեր են հայտնվում): Հիսու՛ս, Դուք չպետք է կեղծ լուրեր տարածեք: Ոչ ոք չի գա դեպի հայրը, բայց միայն որդու միջոցով: Դե դա գուցե և այդպես է: Գուցե Դուք էլ հենց մեսիան եք, սակայն եթե անգամ Դուք նա եք, միևնույն է՝ միշտ էլ ես եմ որոշում, թե երբ եք Դուք աշխարհ գալու: Իսկ հիմա հեռացե՛ք… (Հիսուսը քրթմնջալով հեռանում է:) Դուք երևի չգիտեք այն օրենքի մասին, որն ասում է, թե ամեն ոք, ով իրեն Աստծո որդի է ներկայացնում, պետք է մահանա: Ուրեմն ուրախ եղեք, որ ես այդ մասին ոչ ոքի ոչինչ չեմ պատմի: Գնացե՛ք…
ՀԻՍՈՒՍ
Բայց հայրի՜կ…
Աստված նրան նշան է անում, որ հեռանա: Հիսուսը իջնում է հեծանիվից, Աստված պոկում է իր մորուքը: Լույսը վերափոխվում է գիշերային տրամադրության:
ՏԵՍԱՐԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Վերֆելը կանգնած է դարավանդին: Օդեթսը՝ իր իսկ նկարագրած տեսարանից ցնցված՝ ցած է տապալվում հարթակի վրա:
ՕԴԵԹՍ
Դե՛, ի՞նչ կասեիք իմ տեսարանի մասին:
ՎԵՐՖԵԼ
(Թախանձագին՝ դադարից հետո): Ի՞նչ եք ուզում լսած լինել: Որ ես պետք է երախտապարտ լինեմ, թե վերջապես մի քաջարի տղամարդ է գտնվել, որը կարեկցում ու խղճո՞ւմ է Յակոբովսկուն: Որ այդ ասպետը հրաշափառ Քլիֆֆորդ Օդեթսն է և որ այդ Թատրոնի Աստծուն շնորհակա՞լ պետք է լինեմ ինձ պարգևած այս կարճատև հուզումնալից պահերի համա՞ր: Ո՛չ, պարոն Օդեթս, Ձեր տեսարանը այլ բան չէ, քան իմ պիեսի խայտառակ անպատվությունը… Աստվածանարգություն: Թուղթն ափսոս է, որ դա իր վրա գրվի: (Օդեթսը կատաղությունից մոլեգնած հարձակվում է սև թղթապանակի վրա և սկսում է սուրբ Ֆրանցիսկուսի և թափառական հրեայի տեսարանը պատառոտել:) Ես դեռ ապարդյուն կերպով շարունակում եմ մի ամերիկացի խուլուհամրի նշանների լեզվի միջոցով հաղորդակից դարձնել եվրոպական տառապանքին: (Միջամտելով:) Դուք այդ ի՞նչ եք անում:
ՕԴԵԹՍ
Ձեր սրբազան տեսարանին պետք է այն նշանակությունը տրվի, ինչին որ նա արժանի է… (Սկսում է թուղթը մանրացնել՝ որքան որ միայն հնարավոր է:)
ՎԵՐՖԵԼ
Դուք կործանում եք իմ երկը:
ՕԴԵԹՍ
Իսկ Դուք ի՞նչ կարող եք ինձ անել: Ձեզ թվում է, թե ինձ համար մեծագույն հաճու՞յք է անընդմեջ դեմքով հող ու փոշու մեջ շրմփալը: Պարոն Վերֆել, դրա համար Ձեր կարիքը չունեմ: Ձեզանից առաջ այդ բանն ուրիշներն են արդեն հիմնավոր կերպով արել: Այդ հարցում դեռ այնքա՜ն փոքր եք, որ մերկ աչքով Ձեզ չի էլ կարելի տեսնել: (Մանրացված թղթի կտորտանքը շպրտում է նրա երեսին:) Ահա Ձեզ Ձեր թերթոնային տնտեսությունը:
ՎԵՐՖԵԼ
(Դեմքի գրեթե աղերսական արտահայտությամբ, ապա թղթի կտորները հատակից հավաքելով ու իրար կցմցելով:) Այս տեսարանը հրեականության և քրիստոնեության միջև առկա հակասության, նրանց հակադրության խորհրդանիշն է: Թողեք, որ այդ հակասությունները մի քիչ ավելի հնանան, և ապա կտեսնեք…
ՕԴԵԹՍ
(Մոլեգնության մեջ նրան ընդհատելով): Հակասություններ գոյություն չունեն: Ձեր այդ թվացյալ սուրբ հոգին կախ է ընկած այն զույգ կերպարներից, որոնք ցատկելով անցնում են քրիստոնեության վրայով:
ՎԵՐՖԵԼ
Դուք ոչինչ չեք հասկացել:
ՕԴԵԹՍ
Ախ, ուրեմն ոչինչ չե՞մ հասկացել… Ո՞վ է այդ հավերժական թափառաշրջիկ հրեան: Մի քրիստոնյա կերպարանք, որն իբր թե Ձեր Հիսուսի անեծքին է արժանացել՝ չմահանալ մինչև այդ Փրկչի երկրորդ գալուստը, որին այնպես հաճույքով կուզենայիք հավատալ, եթե միայն քրիստոնյաները Ձեզ թողնեին:
ՎԵՐՖԵԼ
Ես Քրիստոսին հավատում եմ, այո՛…
ՕԴԵԹՍ
(Արհամարհական): Ինչո՞ւ չեք մնում այն, ինչ որ կաք… պարզապես մի հրեա:
ՎԵՐՖԵԼ
Ես այն հրեաներից չեմ, որոնք մի-մի Կոլումբուսի կարիքն ունեն՝ իրենց սեփական հրեականությունը հայտնաբերելու համար:
ՕԴԵԹՍ
Նախ և առաջ՝ ես տեսնում եմ մի սողացող ու քծնող հրեայի, որն ուզում է խուսափել այն տպավորությունից, որ ինքը թողնում է շրջապատի վրա՝ պատեհապաշտությունից կամ վախկոտությունից դրդված: (Արհամարհական:) Ձեր ՛՛Յակոբովսկին՛՛ հրեաների առաջ վստահություն շահելու մի փորձ է, հրեաներ, որոնք Ձեզ վաղուց մոռացել են:
ՎԵՐՖԵԼ
Հրեաները բավարար չափով հանճար չունեն՝ գիտակցելու համար, որ իրենք քրիստոնեության վախճանից հետո դառնալու են նույնպիսի ավելորդ ժողովուրդ, ինչպես, օրինակ, լեհերը:
ՕԴԵԹՍ
(Կատարելապես շփոթահար, գլուխը կորցրած): Ինչպե՞ս: Ես լավ չլսեցի: Այդ գերմանացի և ավստրիացի քրիստոնյաները չե՞ն, որ նացիոնալ սոցիալիզմի քողածածկույթի տակ հետապնդում, հալածում, կոտորում են հրեաներին: Դուք ի՞նչ եք կարծում, ի՞նչ է տեղի ունենում նացիստների կողմից բռնագրավված Եվրոպայում: Երկու միլիոն սպանված հրեաներ:
ՎԵՐՖԵԼ
Իսկ ի՞նչ է անում պարոն Օդեթսը ընդդեմ հավատի համար մղված բոլոր ժամանակների այս ամենամեծ պատերազմի, քան որ Հոլիվուդում նստած հույս է փայփայում, թե իր վաղուց խորտակված ու խամրած աստղը վերստին հառնի պիտի:
ՕԴԵԹՍ
Ես դիմում ներկայացրեցի բանակ՝ զինվորագրվելու համար, ինչպես մյուսները: Միայն թե իմ շնչարգելության նոպաների պատճառով չընդունեցին: Եվ հավատացե՛ք ինձ, ես նացիստական կուսակցության բոլոր անդամներին, հարյուր հազարներով, պատերազմի ժամանակվա օրենքով սպանել կտայի: Բայց Դուք, պարոն Վերֆել, ի՞նչ եք Դո՛ւք անում Հիտլերի դեմ, միայն փախչե՞լ, փախչե՞լ, փախչե՞լ: Դուք ոչ մի զոհաբերության չեք գնում:
ՎԵՐՖԵԼ
Ես ո՞ւմ պետք է զոհաբերեմ: Ինչո՞վ եք հիմնավորում այդ մարդասիրության թմբիրի մեջ ծլարձակած կեղծիքը: Ես գիտեմ, թե ինչ է նշանակում գերության մկան թակարդից ազատության ծուղակն ընկնել, սակայն, չնայած դրան և հակառակ դրան՝ ողորմելի գոյություն քարշ տալը ես գերադասում եմ հերոսական մահից:
ՕԴԵԹՍ
Դուք Ձեր փոքրիկ դրախտն ունեիք այնտեղ, օվկիանոսի մյուս կողմում: Այժմ այն կորցրել եք: Սակայն դրախտը սկսվում է պատասխանատվությունից:
ՎԵՐՖԵԼ
Այո՛, դարձյա՛լ այո, ես թերացել եմ իմ պարտավորությունների մեջ, սակայն…
ՕԴԵԹՍ
(Հայացքում երևում է, որ կորցրել է դույզն—ինչ հարգանքը Վերֆելի նկատմամբ): Դուք ցանկանո՞ւմ եք լսել մշտապես և անընդմեջ սխալ-սխալի ետևից գործող պարոն Վերֆելի երկու հնարավորությունների մասին…
ՎԵՐՖԵԼ
Ո՛չ…
Հաջորդող մենախոսությունը ավելի ու ավելի սպառնալից է դառնում, Վերֆելը թվում է, թե հազիվ է կարողանում դրան դիմանալ: Տեսարանը նկատելիորեն ներգործուն է՝ որպես կենաց ու մահու մրցամարտ, մինչև որ Վերֆելը շնչակտուր է լինում օդի պակասից ու շնչահեղձության մոտալուտ վտանգից:
ՕԴԵԹՍ
Նա կամ նորից հրեությանն է վերադառնում, որպեսզի դուրս չմնա հալածյալների երամից, կամ հավատափոխվում է՝ քրիստոնեությունն ընդունելով: Եթե վերստին հրեա է դառնում, դա շատ լավ է… Հավատափոխվում, դառնում է քրիստոնյա, ապա երկու հնարավորություններ կան: Վերը հիշատակված Վերֆելը կամ րաբբինական օրենքով մնում է հրեա կամ որպես մկրտված հրեա դիտվում է որպես ոչ ամենևին ուրախալի ու աներես մի երևույթ: Եթե նա հրեա է մնում, դա շատ լավ է… Եթե որպես մկրտված հրեա՝ դիտվում է որպես ոչ ամենևին ուրախալի ու պնդերես մի երևույթ, ապա դրա համար կան երկու հնարավորություններ: Կամ նացիստները հավատում են, որ հիշատակված Վերֆելը մկրտության միջոցով փրկվել է կամ էլ կարծում են, որ եբրայական ցեղին է պատկանում: Եթե նրանք կարծում են, որ նա մկրտության միջոցով փրկվել է, դա շատ լավ է… Եթե կարծում են, որ եբրայական ցեղին է պատկանում, ապա կան երկու հնարավորություններ: Նրանք կամ սրախողխող են անում հրեական ոգին հիշատակված Վերֆելի մեջ կամ էլ….
Վերֆելը շնչահեղձ է լինում, բռնում է իր կուրծքը: Օդեթսը ընդհատում է իր մենախոսությունը և նետվում է դեպի Վերֆելը:
ՕԴԵԹՍ
Պարո՛ն Վերֆել: (Վախն աչքերում՝ սկսում է խռխռոցներ արձակող Վերֆելի վերնաշապիկի վերևի կոճակն արձակել:) Պարո՛ն Վերֆել… Բայց չէ՞ որ Դուք այդ բոլորը չեք վերապրել, որպեսզի հիմա այսպես հեշտությամբ…
ՎԵՐՖԵԼ
(Շշնջալով): Աղաչում եմ, մի՛ ժխտեք այն ամենը, ինչի համար ես, գուցե իմ սրտի ամենավերջին ճիգով, դեռ շարունակում եմ պայքարել:
ՕԴԵԹՍ
(Վազում է դեպի տուն): Տիկի՛ն Վերֆել… Տիկի՛ն Վերֆել…
Վերֆելը անշարժացած՝ պառկած է մնում: Լույսն արագորեն հանգչում է:
ՏԵՍԱՐԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ
Վերֆելը նստած է բազմոցին: Խիստ թուլացած է իր շարժումներում, սակայն շնչարգելությունն ու խեղդվելու վտանգն անցել են: Ծածկված է սավանով: Օդեթսը մտահոգ նրան է նայում: Նրա պահվածքը ցույց է տալիս իր իսկ կատարած մեղքի գիտակցումը:
ՕԴԵԹՍ
Ձեզ ավելի լա՞վ եք զգում: (Վերֆելը թուլացած տարուբերում է գլուխը:) Ձեր կինը տանը չէ, բայց կանչել եմ այն բժշկին, որը նշված էր Ձեր հեռախոսագրքում:
ՎԵՐՖԵԼ
(Հանգիստ): Շա՜տ եմ ցավում…
ՕԴԵԹՍ
Ո՛չ, ես եմ ցավում… (Անվստահ:) Ինչ-որ բան կարո՞ղ եմ Ձեզ համար անել:
ՎԵՐՖԵԼ
(Թույլ): Ո՛չ, շնորհակալություն….
ՕԴԵԹՍ
Ես… ես ուզում էի ասել, որ… որ… (Դռան զանգ:) Պետք է որ բժիշկը լինի: (Ոտքի է կանգնում, ուզում է հեռանալ, կարճ ժամանակով վերադառնում, իր գրպանից դուրս կորզում մի փոքրիկ, նիհարուկ գրքույկ:) ՛՛Դրախտ կորուսյալ՛՛: Սա իմ… իմ ամենասիրելի գործն է: Իմ երիտասարդությունը Բրոնքսում: Այստեղ ոչ մի հորինված բան չկա, դրանք իմ հիշողություններն են: (Սիրալիր ու ինքնաքննադատ ժպիտի թեթևակի կայծով:) Շատ է կցմցված, կարկատված… և դուրս է իր շրջանակներից, բայց ես շատ եմ սիրում: (Գրքույկը խցկում է Վերֆելի ձեռքը:) Կարդացեք հանգիստ ժամանակ… (Զանգը աղաղակաձայն է հնչում: Օդեթսը իր ծխախոտատուփից վերցնում է վերջին երեք գլանակը, դնում Վերֆելի գիրկը:) Գիտեմ, որ Ձեզ չի կարելի, բայց գուցե… Իմ կողմից ողջունեք Ձեր տիկնոջը… (Հեռանում է բեմահարթակից: Բեմը ավելի մթնում է, բայց այնպես, որ նիրհի մեջ ընկողմանած Վերֆելը տեսանելի է մնում:)
ՎԵՐՋԵՐԳ
Բեմի լույսը ավելի է թուլանում, սակայն նիրհի մեջ ընկղմված Վերֆելին դեռ կարելի է նշմարել: Ջիաննի Սքիքքիի “O mio bambino caro” մեներգի սկսվելուն հետ վերստին հայտնվում է Օդեթսը, նրա դեմքին հեգնախառն ժպիտ է խաղում:
ՕԴԵԹՍ
Ֆրանց Վերֆելը մերժեց իմ տարբերակը: Բայց չկարողացավ աշխատել նաև իմ հաջորդ Ջեդ Հարրիսի հետ: Ընդհանուր հաշվով նա չորս անգամ խմբագրեց ՛՛Յակոբովսկին և գնդապետը՛՛:
1944-ի մարտին Բրոդվեյի Մարտին Բեք թատրոնում կայացավ նրա պիեսի նախադիտումը: Այն վերնագրված էր՝ “Jacobowsky and the Colonel. An American Play by Sam Behrman. Based on an Original Play by Franz Werfel”: ՛՛Յակոբովսկին և գնդապետը: Ամերիկյան պիես, հեղինակ Սեմ Բեհրման: Հիմնված Ֆրանց Վերֆելի բնագիր տեքստի վրա՛՛:
Ես ներկա էի պրեմիերային: Այն մեծ հաջողություն ունեցավ: Սուրբ Ֆրանցիսկուսի և թափառական հրեայի տեսարանը հանված էր… (Դադար:) Այսօր առաջվա պես վստահ չեմ, թե ճի՞շտ էր արդյոք այդ տեսարանը ջնջելը: Այն Վերֆելի համար միշտ էլ հանդիսացել էր իր պիեսի հիմնական, բացահայտիչ տեսարանը: Դա այն էր, ինչին ինքը հավատում էր: Գուցե մեր արածն այլ բան չէր, քան նրա հոգու բռնադատումը…
Ես առաջվա պես Հոլիվուդում եմ: Գործերս հրաշալի են: Նրանք ինձ վճարում են 1000 դոլար շաբաթական, բայց առաջվա պես ոչ մի կերպ չեն կարողանում իմ անունը հիշել:
Երաժշտությունն ավարտվում է: Լույսը հանգչում է: